Կարմիր գետի ափին աղոթելիս

Գրապահարան-ից
Կարմիր գետի ափին աղոթելիս

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Կատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատու հանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին։

Երկու ամսվա ընթացքում դա արդեն երրորդ հանգուցյալն էր, որոնց դագաղի վրա լիալուսին գիշերներին հարձակվել էր։

Գիշերվա կեսին հրավիրված պաթոլոգոանատոմը գունավոր փոշի ներով, օխրայով ու կապույտ մածուկներով սարքեց դատավորի դեմքը։

Տոթից շնչահեղձվում էինք, վիճում էինք։ Տարբեր առաջարկություններ կային։ Ասում են․ «Դատավորը…»։ Կարեւոր խոր հուրդներով են գնում֊գալիս։ Լապտերները վառած՝ շտապ օգնությունն էլ եկավ, ներսից «վալիդոլ» է բուրում։ Բժշկուհու կոնքերին եմ նայում։ Ուշ ժամ է, գնում են տները։ Հետո լռություն է։

Վաչիկը կատվի տեղը գիտեր, տրամվայի շրջադարձից այն կողմ՝ փողոցի ծայրամասում, սեւ տուֆե տների բակում, աղբյուրի մոտ է տեսել։

Ֆորմալինի հոտ է կանգնել տաք օդի մեջ։ Մեկ֊երկու հրացան են վերցնում, մի քանի հոգով դուրս են գալիս, դատարանի աշխա տա կիցներից մեկն էլ է նրանց հետ գնում։

Չորս֊հինգ ժամ առաջ, այդպիսի ահարկու հարձակումից սարսա փած՝ դատավորի ութ տարեկան տղան ուշագնաց եղավ, լե զուն կուլ գնաց, հիմա էլ լեզուն է բռնվել, տարել են հիվանդանոց, կինը՝ Սուսանն էլ է այնտեղ։

Դատավորը մեր բարեկամն է, մեզ հորեղբոր տղա է գալիս, մի քանի հոգով մնացինք՝ վերջին գիշերն էինք նրա հետ անցկացնելու, եթե աղջիկն ու փեսան հասցնեին, հեռագրի համաձայն, Մոսկվայից գային։

Սուրենը՝ մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, մեզանից ոչ մե կի հետ ընդհանրապես համաձայն չէ։ Ուզում է հուղարկավորու թյունը անպայման «պետական գործչին» վայել, փողայիներաժշտու թյունով լինի։

Ասում է․ «Տերտեր֊մերտեր հրավիրեցինք՝ ես հաստատ գիտեմ՝ մարզպետը չի գա»։ Ինձ ասում է․ «Խոսիր, ի՞նչ ես սուսուփուս նստել, երբ որ խոսել է պետք, միշտ կողք ես կանգնում, մի բան ասա, գոնե ձայնդ լսենք,— ասում է, իսկ եթե տերտեր չհրավիրենք, կարող է մարզպետը գա։ Կգա, բոլորիս պատիվն է, միայն ինձ համար չէ։ Մի երկու երեխի էլ մի քանի բարձ֊մարձ կտանք ձեռները, թող ետեւից մեդալները բերեն։ Ինձ որ լսեք, մինչեւ անգամ մարտական զենքը կարելի է բարձի վրա տանել»։ Գալիս, կանգնում է իմ դիմաց, ասում է․ «Հիմա էլ պրծում չկա, սկսիր խոսել,— ասում է,— ես դիպլոմ չունեմ, դիպլոմավորները դուք եք, մեր հավատարմությունը տեսնելով՝ ձեզ աշխատանք կտան, ինձ՝ չէ»։ Ասում է․ «Ի՞նչ վերին գոյություն, չկա բնությունը հավասարակշռող այդպիսի ուժ․ չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել, ձեզ էլ ասեմ»։ Առարկություն չի ընդունում, մանավանդ իմը, մի բառ անգամ չի թողնում խոսեմ, լռեցնում է։ Ոչ մեկիս հետ համաձայն չէ, վիճում է։ Ասում է․ «Մեր աշխարհը, որտեղ ապրում ենք, խուփով ծածկված է, բնակվում ենք փակ համակարգի մեջ, ինչքան ուզում ես աղաղակիր, օգնություն կանչիր, ոչ ոք չի լսի։ Ջրհորի միջից որ կանչես, քեզ դրսից կլսե՞ն»։

Պաթոլոգանատոմն ընդհատում է աշխատանքը, ասում է․ «Սուրճ կա՞, թե՝ չե՞ք կարող մի հատ սուրճ տալ,— Սուրենին թե,— այդպես չեն ասի, այդպիսի բան կասե՞ն»։ Քանի որ հացը նման աշխատանքով էր վաստակում, մեր վերաբերմունքը արհա մարհական էր, չարձագան քեցինք։

Սուրենը՝ մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, ծխախոտը վառել է, դրսում ցանկապատի երկաթե դուռն է բացվում֊փակվում, ասում է․ «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ շատ եմ խոսել, հիմա էլ ասեմ։ Նավը ձեզ օրինակ՝ մեր երկրագունդը օվկիանոսում կորած նավի նման է, միայն թե առանց ղեկի ու շարժիչի սլանում է, ոչ մեկն էլ չգիտի, թե՝ ուր։ Հրեշտակ֊մրեշտակ էլ չկա։ Մոմ վառել, ծունկ ծալելն էլ իզուր է, երբ պիտի խելքի գանք ունայնության առաջ, դատարկություն, դատար կություն է։ Նորիկիս ժամանակ ետ֊առաջ եմ վազվզում գետի երկայնքով, օգնություն եմ կանչում, ձեռք եմ պարզում երկինք, աղա չում եմ, աղոթում եմ, ոչ մի բան… տասը տարեկան էր»։ Նորիկին անցյալ տարի Կարմիր գետը տարավ։ Երկու անգամ էլ կինը հղիու թյունը չպահեց, վիժեց, հետո հայտնի մի մարդու սիրուհին դարձավ։

Պաթոլոգանատոմը օխրայով ու կապտագույն մածուկով դատավորի դեմքն է սարքում, ասում է․ «Կռացած էնքան շնչեցի էս ֆորմալինի հոտը, ոնց որ արբած լինեմ, սուրճ չունե՞ք, մի հատ սուրճ տայիք, կամ եթե չկա՝ թունդ թեյ,— Սուրենին ասում է,— այդպես մի խոսիր, այդպես չեն արտահայտվի»։ Սուրենն ասում է․ «Քեզ ինչ կա, եղածը իմ հետ է եղել»։ Նրա մասնագիտության վերաբերյալ շատ վատ բան է ասում։ Ահագին ժամանակ վիճում են իրար հետ։

Ուշացած փողկապավոր տղամարդիկ, ծաղկեփնջերով կանայք են գալիս, մթից լույսի մեջ են հայտնվել, խոնավ պեծկլտացող աչքեր ունեն։ Կանգնել են, նորից են գնում մութի մեջ, ասում են․ «Դատա վո՜րը»։ Հենց հեռանում են, Սուրենը շարունակում է իր խոսքը, ասում է․ «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել»։ Կրթության մասին նրա քա մահրանքով արտահայտվելը իմ համալսարանական լինելուն էր վերաբերվում։ Տանել չի կարողանում խոսելս, առավել եւս՝ ցանկա ցած հարցի մասին կարծիք հայտնելս։

Ձեւացնում է, թե իրենց վեճին միջամտեցի, դրանից է նյարդայնացել, իրականում կնոջ՝ հայտնի մարդու սիրուհին լինելուց է անհաշտ վողականությունն իմ հետ։ Անընդհատ լռում եմ, որ հունից դուրս չգա, խուսափում եմ ուղիղ ինձ վերաբերվող խոսքին պատասխանել։

Հետո նորից է բոլորի հետ վիճում, կրկին անցնում է տիեզերական թեմային։ Կնոջ անունն է տալիս, թե նրա միամսյա անհայտ բացակա յության ժամանակ, թեկուզ լիներ որեւէ առող ֊ ջարանում բուժման նպատակով, ինքը գիշերուզօր երեսը բարձի մեջ խրած՝ խոսել է։ Ասում է․ «Անդունդի պես դատարկ է մեր շուրջ բոլորը, եւ թող մարդը հույս չունենա որեւէ տեղից,— ասում է,— ես այս մասին շատ եմ խոսել դատավորի հետ»։

Առարկություններ չի ընդունում, այդ թեմայով արդեն հայտնի, ձեւակերպված օրենքներն ու հասկացությունները նույնպես մերժում է։ Վեճը կիսատ է թողնում, ասում է․ «Ախպեր, այո, եթե այդպես է, դե թող արձագանքի»։ Աջ ձեռքի մատները ծալում է, ոսկրոտ մասով երեք անգամ հաստ պատն է ծեծում, ասում է․ «Ահա, դե թող պատաս խանի ձեր ասածը…»։ Քննախույզ՝ մեր աչքերը դիտում, սպաս ում է, քմծիծաղ կա ներքեւի շրթունքին։

Երեք անգամ, հատ առ հատ ընդմիջվելով, պատասխան թակվում է տան՝ դրսի, փողոցին զուգահեռ անցնող պատը։

Գիշերվա ժամը հինգին հայտնի լռությունն է, երբ քնում են անգամ ամենազգոն շները, տոթը պաղում է, մոմերի բոցի վրա դեռ գիշե րային թիթեռներ են ճտտոցով պայթում։

Աթոռին քնած Հովանը զարթնում է քնից, հարցնում է․ «Ի՞նչ»։ Սու րե նը՝ մեր ամենաավագ հորեղբոր տղան, ասում է․ «Այդքանով պրծավ ու գնա՞ց, մենք էլ հավատացինք»։ Հանկարծ ցատկում է տեղից, չորս անգամ դրսի պատն է ծեծում, ասում է․ «Եթե կա, դե թող հիմա էլ չորս անգամ պատասխան խփի»։

Այդ պահին Վաչիկն ու նրա հետ գնացածներն են վերադառնում։ Ասում է․ «Մեծը կուրացած էր, չտեսավ էլ՝ ինչպես մոտեցանք, երեւի դրանց սեւ կարիճն էր կծել, աղբյուրից չէին հեռանում, անընդհատ խմում էին, չորսին էլ տեղնուտեղը մեխեցինք պատին։ Ձագերը շատ սիրուն էին՝ մեկը կարմիր էր, մյուսը՝ դեղին, էն մեկը՝ կապույտ»։