Կնոջ արիությունը

Գրապահարան-ից
Կնոջ արիությունը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Տխուր աչքերով, ամբողջովին եղյամով պատած գայլամռութը, վրանի եզրերը մի կողմ տանելով, ներս խցկվեց։

― Հե՜յ, Սիվաշ։ Կորի՛ր, սատանայի ծնունդ,— միաբերան գոռացին վրանի բնակիչներր։ Բեթլզը անագե թասով խփեց շան մռութին, և գլուխն անմիջապես անհետացավ։ Լուի Սավոյը ամրացրեց մուտքը ծածկող բրեզենտե պաստառը և, ոտքով շուռ տալով տաք թավան, սկսեց ձեռքերը տաքացնել նրա վրա։

Խիստ սառնամանիք էր։ Երկու օր առաջ սպիրտային ջերմաչափը վաթսունութ աստիճան սառնամանիք ցույց տալով, պայթեց, մինչդեռ քանի գնում ավելի էր ցրտում, դժվար էր ասել, թե դեռ ինչքան կշարունակվեն այդ սաստիկ սառնամանիքները։ Միայն աստված ինքը կարող է ստիպել, որ մարդ այդպիսի եղանակին հեռանա վառարանի մոտից։ Լինում են կտրիճներ, որոնք համարձակվում են դուրս գալ այդպիսի սառնամանիքի ժամանակ, բայց դա սովորաբար վերջանում է թոքերի բորբոքումով, մարդն սկսում է խեղդվել չոր հազից, որն առանձնապես ուժեղանում է, երբ մոտերքում խոզաճարպ են տապակում։ Իսկ հետո, գարնանը կամ ամռանը, սառած հողը տաքացնելով, ինչ֊որ տեղ գերեզման են փորում։ Դիակն իջեցնում են փոսը և, վրան մամուռ լցնելով, թողնում այդպես, հաստատ հավատալով, թե սառնամանիքի մեջ պահպանված ննջեցյալը ահեղ դատաստանի օրը մեռած տեղից ոտքի կկանգնի ողջ և առողջ։ Այդ մեծ օրը ֆիզիկական հարությանը չհավատացող կասկածամիտներին դժվար է մեռնելու համար ավելի հարմար տեղ հանձնարարել, քան Քլոնդայկն է։ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե Քլոնդայկում նույնքան լավ է նաև ապրելը։

Վրանում այնքան ցուրտ չէր, ինչքան դրսում, բայց շատ էլ տաք չէր։ Միակ առարկան, որը կարող էր այստեղ կահույք համարվել, դա վառարանն էր, և մարդիկ առանց քաշվելու կպել էին նրան։ Վրանի հատակը կիսով չափ ծածկված էր սոճու ճյուղերով։ Դրանց տակ ձյուն էր, իսկ վրան փռված էին մորթե վերմակներ։ Վրանի մյուս կեսում, որտեղ ձյունը տրորված էր մոքասիններով, թափված էին ճաշամաններ, թավաներ և բևեռային ճամբարի այլ իրեր։ Կարմրության աստիճան շիկացած վառարանում ճարճատում էր փայտը, բայց նրանից երեք քայլ հեռավորության վրա արդեն ընկած էր սառցի բեկորը, այնքան ամուր ու չոր, որ կարծես նոր էին կտրել գետակում։ Սառը օդի հոսանքից վրանի ամբողջ ջերմությունը բարձրանում էր վերև։ Հենց վառարանի վերևում, որտեղ ծխնելույզը դուրս էր գալիս առաստաղի միջով, սպիտակին էր տալիս չոր բրեզենտի շրջանակը, այնուհետև գալիս էր խոնավ բրեզենտի շրջանակը, որից գոլորշի էր բարձրանում, իսկ նրանից հետո՝ թաց բրեզենտի շրջանակը, որից ջուր էր կաթում, և, վերջապես, վրանի առաստաղի մնացած մասը ու պատերը ծածկված էին կես դյույմ հաստությամբ սպիտակ, չոր եղյամաշերտով։

― Օ֊օ՜ֆ։ Օ֊օ՜ֆ։ Օ֊օ՜ֆ,— քնի մեջ տնքաց մորթե վերմակների տակ պառկած երիտասարդը։ Նրա նիհար, տանջված դեմքը մազակալած էր։ Չարթնանալով՝ նա ավելի ու ավելի բարձրաձայն և տանջալից էր տնքում ցավից։ Վերմակի տակից կիսով չափ դուրս եկած նրա մարմինը ջղաձգորեն ցնցվում էր ու կծկվում, կարծես նա եղինջե մահճում պառկած լիներ։

― Ապա մի տղային շուռ տվեք,— հրամայեց Բեթլզը։— Նորից ջղաձգություն է սկսվել։

Եվ ահա վեց ընկերները պատրաստակամությամբ բարձրացրին հիվանդին և սկսեցին անողոքաբար այս ու այն կողմ շուռ տալ, տրորել, սեղմել, մինչև որ նոպան անցավ։

― Գրողը տանի այդ կածանը,— փնթփնթաց երիտասարդը՝ վերմակը մի կողմ նետելով և անկողնի մեջ նստելով։— Ես երեք ձմեռ շարունակ շրջել եմ երկրով մեկ. թվում էր, թե արդեն կարող էի կոփված լինել։ Բայց ահա ընկա այս անիծյալ երկիրը և պարզվեց, որ արիության նշույլ անդամ չունեցող ինչ֊որ կնանման աթենացի եմ։

Նա ավելի մոտեցավ կրակին ու սկսեց գլանակ փաթաթել։

― Չկարծեք, թե սիրում եմ նվնվալ։ Ոչ, ես ամեն ինչ կարող եմ տանել։ Բայց պարզապես ինքս ինձնից ամաչում եմ, այս է։ Ընդամենը մի երեսուն մղոն եմ անցել և այնքան ջարդված եմ զգում ինձ, ինչպես ռախիտով հիվանդ ծծկերը՝ հինդ մղոն զբոսանքից հետո։ Զզվելի է... Ո՞վ լուցկի ունի։

― Մի՛ տաքանա, տղաս,— Բեթլզը լուցկու փոխարեն վառվող փայտը երկարեց նրան ու հայրական տոնով շարունակեց։— Դա քեզ ներելի է, բոլորն էլ անցնում են այդ ճանապարհով։ Հոգնել ես, տանջվել։ Իսկ մի՞թե ես մոռացել եմ իմ առաջին ճանապարհորդությունը։ Չե՞ս կարող ուղղվել։ Պատահել է, որ խմել եմ սառցանցքից, իսկ հետո տասը րոպե կծկվել ու նոր միայն ոտքի կանգնել։ Բոլոր հոդերս ճտճտում են, ոսկորներս այնպես են ցավում, որ խելագարվել կարելի է։ Ջղաձգումնե՞ր։ Պատահել է՝ այնպես է ոլորել, որ ամբողջ ճամբարը մի ամբողջ կեսօր չարչարվել է ինձ ուղղելու համար։ Թեև դու նորեկ ես, բայց կեցցես, լավ տղա ես։ Ընդամենը մեկ տարի հետո դու կծալես բոլոր ծերուկներիս։ Գլխավորն այն է, որ դու համապատասխան կազմվածք ունես. չունես ավելորդ ճարպ, որի պատճառով շատ ու շատ հաղթանդամ երիտասարդներ ժամանակից շուտ իրենց պապերի մոտ են գնացել։

― Ճա՞րպ։

― Այո՛, այո՛։ Ով շատ ճարպ ու միս ունի՝ նա դժվարությամբ է դիմանում ճանապարհին։

― Այ դա չգիտեի՜։

― Չգիտեի՞ր։ Դա փաստ է, կարող ես չկասկածել։ Այդպիսի հսկան որևէ բան կարող է անել միայն հանպատրասաից, իսկ տոկունություն չունի բոլորովին։ Ամենաանկայուն ժողովուրդն է։ Միայն մկանուտ, նիհարավուն մարդիկ են, որ ամրակազմ են․ մի բանից որ կպան՝ էլ չես պոկի, ինչպես շան բերանից ոսկորը։ Չէ՛, չէ՛, գիրուկները այդպիսի բանի համար պիտանի չեն։

― Ճիշտ ես ասում,— խոսակցության մեջ մտավ Լուի Սավոյը։— Մի երիտասարդի գիտեի, առողջ էր եզան պես։ Եվ ահա, երբ Հյուսիսային գետակի մոտ հողամասերն էին սյունանշում, նա Լոն Մաքֆեյնի հետ գնաց այնտեղ։ Հիշո՞ւմ եք Լոնին։ Այսպիսի մի փոքրիկ շիկահեր իռլանդացի էր, միշտ ժպտում էր։ Դե գնացին նրանք, գնացին՝ մի ամբողջ օր ու գիշեր գնացին։ Գիրուկը հալից ընկավ ու պառկեց ձյան վրա, լղարիկ իռլանդացին հրում է նրան, բոթբոթում, իսկ սա լալիս է, ոնց որ երեխա։ Եվ այդպես՝ ամբողջ ճանապարհին Լոնը քարշ է տվել նրան ու բոթել, մինչև հասել էին իմ իջևանին։ Նա ինձ մոտ երեք օր պառկեց անկողնում։ Մտքովս չէր անցնում, թե տղամարդը կարող է այդպիսի կնիկ լինել։ Ահա թե ճարպն ինչ է անում մարդուն։

― Իսկ Ակսել Գունդերսո՞նը,— հարցրեց Փրինսը։ Հսկա սկանդինավցին ու նրա ողբերգական մահը ուժեղ տպավորություն էին գործել երիտասարդ ինժեների վրա։— Նա պառկած է այնտեղ, ինչոր տեղում․․․— Եվ Փրինսը ձեռքով անորոշ շարժում արեց դեպի խորհրդավոր արևելքի կողմը։

― Խոշոր մարդ էր, ամենախոշորն ու ամենաքաջը բոլոր նրանցից, ովքեր երբևէ եկել են այստեղ Աղի Ջրի ափերից ու իշայծյամի որս արել,— համաձայնեց Բեթլզը։— Բայց նա այն բացառությունն է, որը հաստատում է կանոնը։ Իսկ նրա կնոջը՝ Ունգային, հիշո՞ւմ ես։ Ընդամենը հիսուն կիլոգրամ քաշ ուներ։ Միայն մկան և ոչ մի ունցիա ավելորդ ճարպ։ Իսկ նրա քաջությունն ավելի շատ էր, քան ամուսնունը։ Եվ այդ կինը տարել է ամեն ինչ ու հոգացել միայն ամուսնու մասին։ Ոչ այն, ոչ էլ այս աշխարհում չի եղել մի բան, որ նա արած չլինի իր ամուսնու համար։

― Դե ինչ կա որ, նա սիրել է ամուսնուն,— առարկեց ինժեները։

― Բայց մի՞թե բանը դա է։ Նա...

― Լսեք, եղբայրներ,— միջամտեց ուտելեղենի արկղի վրա նստած Սիտկա Չարլին։— Դուք այստեղ խոսեցիք ավելորդ ճարպի մասին, որ թուլացնում է մեծ, առողջ տղամարդկանց, խոսեցիք կանանց արիության ու սիրո մասին, և ձեր պատմությունները հրաշալի էին։ Եվ ահա ես հիշեցի մի տղամարդու և մի կնոջ, որոնց ծանոթ էի դեռ այն ժամանակվանից, երբ այս երկրամասը երիտասարդ էր, իսկ խարույկները՝ հազվադեպ, ինչպես աստղերը երկնքում։ Տղամարդը հաղթանդամ էր և առողջ, բայց թերևս նրան խանգարում էր այն, ինչ դու ավելորդ ճարպ անվանեցիր։ Կինը փոքրիկ էր, բայց սիրտը մեծ էր, տղամարդու ցլասրտից էլ մեծ։ Նա շատ քաջն էր։ Մենք գնում էինք Աղի Ջուր, ճանապարհը դժվար էր, իսկ մեր ուղեկիցներն էին դաժան սառնամանիքը, խոր ձյունն ու տանջալից սովը։ Բայց այդ կինը ամուսնուն սիրում էր զորեղ սիրով. միայն այդպես կարելի է անվանել այդ սերը։

Սիտկան լռեց։ Կացնով կողքին ընկած բեկորից մի քանի կտոր սառույց պոկելով, գցեց վառարանի վրա դրված ոսկու լվացման թասի մեջ. այսպես էին նրանք խմելու ջուր ստանում։ Տղամարդիկ ավելի մոտեցան, իսկ հիվանդ երիտասարդը դժվարությամբ փորձեց ավելի հարմար նստել, որպեսզի ջղաձգումներից կծկված մարմինր չտնքա։

― Եղբայրներ,— շարունակեց Սիտկա Չարլին,— իմ երակներում սիվաշների կարմիր արյունն է հոսում, բայց սիրտս սպիտակ է։ Առաջինը իմ հայրերի մեղքն է, իսկ երկրորդը՝ իմ բարեկամների ծառայությունը։ Երբ ես դեռ փոքրիկ տղա էի, մի տխուր ճշմարտություն բացահայտվեց ինձ համար։ Ես իմացա, որ ամբողջ երկրագունդը պատկանում է ձեզ, որ սիվաշները ի վիճակի չեն կռվելու սպիտակների դեմ և ոչնչանալու են ձյուների մեջ, ինչպես արջերն ու եղջերուներն են ոչնչանում։ Եվ ահա ես եկա դեպի տաքությունը, նստեցի ձեզ հետ, ձեր օջախի մոտ ու դարձա ձեզնից մեկը։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում։ Ես շատ տարօրինակ բաներ իմացա ու շատ ճանապարհներ անցա տարբեր ցեղերի մարդկանց հետ։ Սկսեցի մարդկանց ու նրանց գործերի մասին դատել այնպես, ինչպես դուք, և ձեր ձևով էլ սկսեցի մտածել։ Ուստի, եթե խիստ եմ խոսում որևէ սպիտակամորթի մասին, գիտեմ՝ դուք չեք նեղանա ինձանից։ Եվ երբ ես իմ նախնիների ցեղից որևէ մեկին գովում եմ, դուք չեք ասի. «Սիտկա Չարլին սիվաշ է, նրա աչքերը ծուռ են տեսնում, իսկ լեզուն անազնիվ է»։ Այդպես չէ՞։

Լսողները խուլ քրթմնջյունով հաստատեցին, որ համաձայն են նրա հետ։

― Այդ կնոջ անունր Պասսուկ էր։ Ես նրան ազնվաբար գնել էի այն ցեղից, որն ապրում էր ափին, աղի ծովաջրի ծոցերից մեկի մոտ։ Սիրտս չէր կպչում այդ կնոջը, և իմ աչքերի համար հաճելի չէր նրան նայելը։ Նրա հայացքը միշտ խոնարհված էր, և նա ամաչկոտ ու վախկոտ էր թվում, ինչպես օտար մարդու գիրկը նետված ամեն մի աղջիկ, որը երբեք չի տեսել այդ մարդուն։ Արդեն ասացի, որ նա իմ սրտում տեղ չուներ, բայց ես հեռավոր ճանապարհորդության էի պատրաստվում, և մեկը հարկավոր էր ինձ, որպեսզի իմ շներին կերակրեր ու երկար գետանցումների ժամանակ օգներ ինձ թիավարելու։ Չէ որ մի վերմակը երկուսին էլ կարող է ծածկել, և ես ընտրեցի Պասսուկին։

Ձեզ ասացի, որ այն ժամանակ ես կառավարական ծառայության մեջ էի գտնվում։ Այդ պատճառով էլ ինձ սահնակով, շներով և պարենամթերքի պաշարով վերցրին ռազմանավի վրա. ինձ հետ էր նաև Պասսուկը։ Մենք նավարկեցինք դեպի հյուսիս, դեպի Բերինգյան ծովի ձմեռային սառույցները, և այնտեղ ափ իջեցրին մեզ ինձ, Պասսուկին ու շներին։ Որպես պետական ծառայող ես ստացա փող, այն տեղերի քարտեզները, ուր մինչ այդ մարդու ոտքը չէր կոխել, և նամակներ։ Նամակները կնքված էին ու լավ պաշտպանված վատ եղանակից, ևս դրանք պետք է հասցնեի կետորսական նավերին, որոնք սառույցների մեջ սեղմված կանգնած էին մեծ Մաքենզիի մոտ։ Աշխարհում մեկ ուրիշ այդպիսի մեծ գետ չկա, եթե չհաշվենք մեր հարազատ Յուքոնը, որը բոլոր գետերի հայրն է։

Բայց այս բոլորն այնքան էլ կարևոր չէ, որովհետև այն, ինչ ուզում եմ պատմել, կապ չունի ոչ կետորսական նավերի, ոչ էլ այն խստաշունչ ձմռան հետ, որ ես անցկացրի Մաքենզիի ափերին։ Գարնանը, երբ օրերը երկարեցին, ձնհալից հետո ես ու Պասսուկը մեկնեցինք հարավ, դեպի Յուքոնի ափերը։ Դա ծանր, հոդնեցուցիչ ճանապարհորդություն էր, բայց արևը նշում էր մեր ուղին։ Այդ երկիրը, ինչպես արդեն ասացի, այն ժամանակ դեռ բոլորովին ամայի էր, և մենք նավարկում էինք հոսանքն ի վեր, գործի դնելով մերթ կեռաձողերը, մերթ թիակները, մինչև որ հասանք Քառասուներորդ Մղոնին։ Հաճելի էր նորից սպիտակ դեմքեր տեսնել, և մենք ափ ելանք։

Ձմեռը շատ դաժան էր։ Վրա հասան ցուրտն ու մառախուղը, իսկ նրանց հետ եկավ նաև սովը։ Ընկերության գործակալը յուրաքանչյուրին քառասուն ֆունտ ալյուր և քսան ֆունտ խոզաճարպ էր տվել։ Բակլա բոլորովին չկար։ Շներն անընդհատ ոռնում էին, իսկ մարդիկ փորները բռնած՝ կծկվում էին, և խոր կնճիռներն էին ակոսել նրանց դեմքերը։ Ուժեղները թուլանում էին, թույլերը՝ մեռնում։ Ավանում մոլեգնում էր լնդախտը։

Մի անգամ երեկոյան եկանք պահեստ և դատարկ դարակները տեսնելով՝ էլ ավելի մեծ դատարկություն զգացինք մեր փորում։ Մենք ցածրաձայն զրուցում էինք օջախի լույսի տակ, որովհետև մոմերը պահված էին նրանց համար, ովքեր կկարողանային ապրել մինչև գարուն։ Եվ ահա որոշվեց, որ մեկնումեկին պետք է ուղարկել Աղի Ջուր, որպեսզի հաղորդի, թե ինչպիսի թշվառության մեջ ենք մենք։ Այս խոսքի վրա բոլորի գլուխները շրջվեց ին իմ կողմը, մարդիկ ինձ էին նայում հուսալից աչքերով. բոլորը գիտեին, որ ես փորձված ճանապարհորդ եմ։

― Մինչև ծովափին ընկած Հեյնսի առաքելությունը յոթ հարյուր մղոն է,— ասացի ես,— և ամբողջ ճանապարհը պետք է բացել դահուկներով։ Ինձ տվեք ձեր լավագույն շներին և լավագույն սննդի պաշար, ու ես կգնամ։ Ինձ հետ կգա Պասսուկը։

Մարդիկ համաձայնեցին։ Բայց այդ պահին վեր կացավ Երկար Ջեֆը, մի հաղթանդամ, առողջ յանկի։ Նա պարծենկոտ էր։ Ջեֆն ասաց, թե ինքը նույնպես հրաշալի ճանապարհորդ է, թե ինքը կարծես հենց դահուկներով քայլելու համար է ստեղծված և գոմշի կաթով է սնվել։ Նա ասաց, որ կգա ինձ հետ, և եթե ես մեռնեմ ճանապարհին, ապա ինքը կհասնի առաքելություն և հանձնարարությունը կկատարի։ Ես այն ժամանակ երիտասարդ էի և յանկիներին վատ էի ճանաչում։ Ի՜նչ իմանայի, թե պարծենկոտ խոսքը թուլության առաջին նշանն է, իսկ նրանք, ովքեր մեծ գործերի են ընդունակ, լեզուն իրենց են պահում։ Եվ ահա մենք վերցրինք լավագույն շներին, ուտելիքի պաշար ու ճանապարհ ընկանք երեքով՝ Պասսուկը, Երկար Ջեֆը և ես։

Դուք բոլորդ էլ կածան եք բացել ձյունածածկ խոպանում, գործել եք դարձաձողանով և անցել սառցակուտակումների միջով, ուստի ես շատ չեմ պատմի ճանապարհի դժվարությունների մասին։ Միայն կասեմ, որ երբեմն օրական տասը մղոն էինք անցնում, երբեմն էլ երեսուն, բայց, այնուամենայնիվ, ավելի հաճախ՝ տասը մղոն։ Լավագույն ուտելիքը, որ տվել էին մեզ, այնքան էլ լավը չէր և, բացի այդ, մենք ստիպված եղանք ճանապարհի հենց առաջին իսկ օրից խնայել այն։ Իսկ ամենալավ շները հազիվ էին ոտքի վրա մնում, ու մենք մեծ դժվարությամբ էինք նրանց ստիպում քաշելու սահնակը։ Երբ հասանք Ուայթ֊ռիվեր, մեր ունեցած երեք լծվածքից արդեն երկուսն էր մնացել, իսկ չէ որ մենք ընդամենը երկու հարյուր մղոն էինք անցել։ Ճիշտ է, մենք ոչինչ չկորցրեցինք, սատկած շները մտան կենդանի մնացածների փորերը։

Ոչ մի տեղ չկար ոչ մարդկային ձայն, ոչ էլ ծխի քուլա՝ այնքան ժամանակ, մինչև հասանք Պելլի։ Ես հույս ունեի այնտեղ լրացնել մեր պաշարը, ինչպես նաև տեղում թողնել Երկար Ջեֆին, որը ճանապարհին թուլացել էր և անընդհատ նվնվում էր։ Բայց Պելլիի ֆակտորիայի պահեստները գրեթե դատարկ էին, Ընկերության գործակալը խիստ հազում էր ու շնչահեղձ լինում, աչքերը փայլում էին տենդից։ Նա մեզ ցույց տվեց առաքելականի դատարկ տնակն ու նրա գերեզմանը, որը ծածկված էր քարերով, որպեսզի շները չկարողանային դիակը հանել։ Մենք այնտեղ հանդիպեցինք մի խումբ հնդկացիներիհ, բայց նրանց մեջ արդեն չկային ո՛չ երեխաներ, ո՛չ էլ ծերունիներ։ Ու մեզ համար պարզ դարձավ, որ մնացածներից էլ շատերը մինչև գարուն չեն ապրի։

Այսպես ուրեմն, մենք ճանապարհը շարունակեցինք դատարկ փորով ու ծանր սրտով։ Մինչև Հեյնսի առաքելությունը մնում էր դեռևս հինգ հարյուր մղոն ճանապարհ, որն անցնում էր հավերժական ձյուների լռության միջով։ Տարվա ամենամութ ժամանակն էր և նույնիսկ կեսօրին արևը չէր լուսավորոլմ հարավային հորիզոնը։ Բայց սառցակուտակումները պակասել էին և գնալը ավելի հեշտացել։ Ես անընդհատ քշում էի շներին, ու մենք առաջ էինք գնում գրեթե առանց դադար առնելու։ Ինչպես և ենթադրում էի, մենք ստիպված էինք անընդհատ դահուկներով գնալ։ Իսկ դահուկներից մեր ոտքերը խիստ ցավում էին և չլավացող ճաքեր ու վերքեր էին առաջացել նրանց վրա։ Այդ վերքերն օրեցօր ավելի ու ավելի մեծ տանջանք էին պատճառում մեզ։ Եվ ահա մի անգամ առավոտյան, երբ դահուկներն էինք կապում, Երկար Ջեֆը երեխայի պես լաց եղավ։ Ես նրան ուղարկեցի փոքր սահնակի համար ճանապարհ բացելու, բայց նա, որպեսզի ավելի հեշտ լինի, դահուկները հանեց։ Այդ պատճառով ճանապարհը չէր տրորվել, նրա մոքասինները մեծ փոսեր էին առաջացրել, և շները խրվում էին դրանց մեջ։ Իսկ շներն այնքան նիհար էին, որ ոսկորները ցցվել էին, նրանց համար շատ ծանր էր շարժվելը։ Ես Ջեֆին մի լավ հայհոյեցի, ու նա խոստացավ դահուկները չհանել, բայց խոսքը չկատարեց։ Այն ժամանակ ես մտրակով խփեցի նրան, ու միայն դրանից հետո շներն այլևս ձյան մեջ չէին թաղվում։ Ջեֆը իրեն երեխայի պես էր պահում. ճանապարհի հարուցած չարչարանքները և այն, ինչ դու ավելորդ ճարպ անվանեցիր, նրան երեխա էին դարձրել։

Իսկ Պասսո՞ւկը։ Այն ժամանակ, երբ տղամարդը պառկում էր խարույկի մոտ ու լաց էր լինում, նա կերակուր էր պատրաստում, առավոտյան ինձ օգնում էր շները լծելու, իսկ երեկոյան՝ արձակելու նրանց։ Պասսուկն էր փրկում մեր շներին։ Նա միշտ առաջից էր գնում, դահուկներով ճանապարհ բացում։ Պասսուկը... ի՜նչ ասեմ ձեզ։ Ես այն ժամանակ գտնում էի, որ այդպես էլ պետք է լինի, ու ոչ մի բանի մասին չէի մտածում։ Գլուխս զբաղված էր ուրիշ բանով, բացի դրանից, ես երիտասարդ էի ու կանանց քիչ էի ճանաչում։ Եվ միայն հետո, այդ ժամանակները հիշելով, ես հասկացա, թե ինչ կին էի ունեցել։

Այժմ Ջեֆը սոսկ բեռ էր։ Շներն առանց այն էլ ուժ չունեին, իսկ նա երբ ետ էր ընկնում, գաղտնի պառկում էր սահնակում։ Պասսուկն ինքը սկսեց սահնակը վարել, և Ջեֆն այլևս ոչ մի անելիք չուներ։ Ամեն առավոտ ես ազնվաբար ուտելիքի իր բաժինն էի տալիս իրեն, ու նա մենակ առաջ էր գնում, իսկ մենք իրերն էինք հավաքում, բեռնում սահնակի վրա ու շները լծում։ Կեսօրին, երբ արևը ծաղրում էր մեզ, մենք հասնում էինք Ջեֆի հետևից, նա քարշ էր տալիս ոտքերը, լալիս, և արցունքները սառչում էին նրա այտերի վրա. ու մենք առաջ էինք գնում։ Գիշերը կանգ էինք առնում հանգստանալու, առանձնացնում էինք Ջեֆի ուտելաբաժինը և փռում նրա մորթե վերմակը։ Մենք մեծ խարույկ էինք վառում, որպեսզի նա հեշտությամբ նկատի մեզ։ Եվ մի քանի ժամ հետո կաղալով գալիս էր նա, սրտաճմլիկ լացով ուտում իր բաժինը և քնում։ Սա կրկնվում էր ամեն օր։ Այդ մարդը հիվանդ չէր, նա պարզապես հոգնել էր, տանջվել և սովից թուլացել։ Բայց չէ՞ որ ես ու Պասսուկը նույնպես հոգնել էինք, տանջվել ու սովից թուլացել, մինչդեռ մենք էինք կատարում ամբողջ աշխատանքը, իսկ նա չէր աշխատում։ Բայց երևում է, ամբողջ գաղտնիքը այն ավելորդ ճարպի մեջ էր, որի մասին ասաց եղբայր Բեթլզը։ Իսկ չէ որ մենք միշտ ազնվաբար նրան էինք տալիս ուտելիքի իր բաժինը։

Մի անգամ ճանապարհին պատահեցինք Սպիտակ Լռության մեջ թափառող երկու ուրվականների՝ մի տղամարդու և մի տղայի։ Նրանք սպիտակամորթներ էին։ Լե-Բարժ լճում սկսվել էր սառցահոսքը և նրանց ամբողջ գույքը քշել տարել էր, միայն ամեն մեկի ուսին մի վերմակ կար։ Գիշերները նրանք խարույկ էին վառում և կծկված պառկում մինչև լուսաբաց։ Նրանց մոտ դեռ մնում էր մի քիչ ալյուր, որը խառնում էին տաք ջրի հետ ու խմում։ Տղամարդն ինձ ցույց տվեց ութ բաժակ ալյուր, այն ամենը, ինչ մնացել էր իրենց, իսկ մինչև Պելլի, որտեղ նույնպես արդեն սով էր սկսվել, դեռևս երկու հարյուր մղոն կար։ Ճանապարհորդները մեզ պատմեցին, որ իրենց հետ մի հնդկացի էր եղել, և իրենք ուտելիքը ազնվաբար բաժանում էին նրա հետ, բայց նա չկարողացավ հասնել իրենց հետևից։ Ես չհավատացի, որ նրանք ուտելիքը ազնվաբար են բաժանել հնդկացու հետ, այդ դեպքում ինչո՞ւ է նա ետ մնացել։

Ես նրանց ոչինչ տալ չէի կարող։ Նրանք փորձեցին մեզնից գողանալ ամենայուղոտ շանը (որը նույնպես շատ նիհար էր), բայց ես ատրճանակով սպառնացի նրանց ու հրամայեցի հեռանալ։ Ու նրանք՝ այդ երկու ուրվականները, գնացին հարբածի պես օրորվելով, գնացին դեպի Սպիտակ Լռությունը, Պելլիի ուղղությամբ։

Այժմ ինձ մնում էր միայն երեք շուն և մի սահնակ, իսկ շների միայն կաշին ու ոսկորն էր մնացել։ Երբ փայտը քիչ է՝ կրակը վատ է վառվում, և տնակը ցուրտ է. այդպիսին էր և մեր վիճակը։ Մենք շատ քիչ էինք ուտում, այդ պատճառով էլ սառնամանիքը խիստ ազդում էր մեզ վրա, դեմքներս ցրտահարվել էին և այնպես սևացել, որ մեր հարազատ մայրն անգամ մեզ չէր ճանաչի։ Մեր ոտքերը սաստիկ ցավում էին։ Առավոտները, երբ ճամփա էինք ելնում, ես հազիվ էի զսպում ճիչս, քանի որ դահուկները ուժեղ ցավ էին պատճառում։ Պասսուկը, շուրթերը սեղմած, գնում էր առջևից ու ճանապարհ բացում։ Իսկ յանկին անընդհատ տնքում էր ու նվնվում։

Երեսուն մղոնանոց գետի հոսանքն արագընթաց է, այն մի քանի տեղում տակից ողողել էր սառույցը, և շատ ջրափոսեր ու ճեղքեր էին հանդիպում մեզ, երբեմն էլ համատարած ջուր էր ելնում մեր դիմաց։ Եվ ահա մի անգամ, սովորականի պես, հասանք Ջեֆին, որը ավելի շուտ էր գնացել և այժմ հանգստանում էր։ Մեզ բաժանում էր ջուրը։ Նա այն շրջանցել էր սառցաշերտի վրայով, բայց սահնակի համար սառցաշերտը շատ բարակ էր։ Մենք մի ավելի ամուր սառցաշերտ գտանք։ Առաջինը գնաց Պասսուկը, ձեռքում բռնած դարձաձողանը, որը, սառույցը կոտրվելու դեպքում, կարող էր նրան օգնել։ Պասսուկը թեթև քաշ ուներ, դահուկներն էլ լայն էին, ու նա բարեհաջող անցավ, հետո կանչեց շներին, բայց շները ոչ ձողափայտ ունեին, ոչ էլ դահուկ, նրանք թաղվեցին, և հոսանքն անմիջապես իր մեջ առավ նրանց։ Ես ամուր կպա սահնակի հետևից ու պահեցի այն, բայց ձգափոկերը կտրվեցին, ու շները սառցի տակ անցան։ Շները շատ էին նիհարել, բայց ես, այնուամենայնիվ, հույս էի դրել նրանց վրա, որպես մի շաբաթվա ուտելիքի, և ահա նրանք չքացան։

Հաջորդ առավոտյան մնացած ամբողջ մթերքը բաժանեցի երեք մասի և Երկար Ջեֆին ասացի՝ թող գա մեզ հետ կամ մնա, ինչպես ուզում է, այժմ մենք թեթև ենք և արագ կգնանք։ Նա սկսեց գոռգոռալ և գանգատվել ցավող ոտքերից ու ամեն տեսակ հիվանդություններից և ինձ կշտամբեց այն բանի համար, որ ես վատ ընկեր եմ։ Բայց չէ որ թե՛ Պասսուկի, թե՛ իմ ոտքերը նույնպես ցավում էին, դեռ ավելի շատ, քան նրանը, որովհետև մենք ճանապարհ էինք բացում շների համար, մեզ համար նույնպես դժվար էր։ Երկար Ջեֆը երդվեց, որ ինքը կմեռնի, բայց առաջ չի գնա։ Պասսուկը լուռ վերցրեց մորթե վերմակը, իսկ ես՝ ճաշամանն ու կացինը, և պատրաստվեցինք գնալու։ Բայց կինը նայեց Ջեֆի համար առանձնացված մթերաբաժնին և ասաց. «Հիմարություն է այս ծծկերի համար ուտելիք թողնելը։ Ավելի լավ է՝ նա մեռնի»։ Ես գլուխս օրորեցի և ասացի. «Ո՛չ, ընկերը միշտ մնում է ընկեր»։ Այն ժամանակ Պասսուկը ինձ հիշեցրեց Քառասուներորդ Մղոնի մարդկանց մասին, այնտեղ իսկական տղամարդիկ էին, և նրանք շատ էին, նրանք օգնություն էին սպասում ինձնից։ Երբ ես նորից «ոչ» ասացի, նա գոտկիցս դուրս քաշեց ատրճանակը, և Երկար Ջեֆը սահմանված ժամանակից շուտ գնաց իր պապերի մոտ, ինչպես այստեղ եղբայր Բեթլզն ասաց։ Ես հայհոյեցի Պասսուկին, բայց սա բոլորովին չզղջաց և վշտացած էլ չէր։ Եվ ես հոգուս խորքում զգում էի, որ նա իրավացի է։

Սիտկա Չարլին լռեց ու նորից մի քանի կտոր սառույց գցեց վառարանի վրա գրված թասի մեջ։ Տղամարդիկ լուռ էին, նրանց մարմինները փշաքաղվում էին շների տխուր ոռնոցից, որոնք ասես գանգատվում էին ահավոր սառնամանիքից։

― Ամեն օր մեր ճանապարհին հանդիպում էին հանգած խարույկներ, որտեղ ուղղակի ձյան վրա գիշերել էին այն երկու ուրվականները, և ես գիտեի, որ մենք դեռ շատ կուրախանանք այդպիսի գիշերատեղի համար, մինչև Աղի Ջուր հասնենք։ Այնուհետև մենք հանդիպեցինք երրորդ ուրվականին՝ մի հնդկացու, որը նույնպես Պելլի էր գնում։ Նա մեզ պատմեց, որ մի տղամարդ ու մի տղա ուտելիքը բաժանելիս իրեն քիչ են տվել և ահա երեք օր է, ինչ ինքը ալյուր չունի։ Ամեն գիշեր նա կտրում էր իր մոքասիններից մի կտոր, եփում և ուտում։ Հիմա արդեն մոքասիններից գրեթե ոչինչ չէր մնացել։ Այդ հնդկացին ծնունդով առափնյայից էր և ինձ հետ խոսում էր Պասսուկի միջոցով, որը հասկանում էր նրա լեզուն։ Նա երբեք չէր եղել Յուքոնում ու ճանապարհը չգիտեր, բայց և այնպես՝ գնում էր այնտեղ։ Ինչքա՞ն է հեռու։ Երկու քնել֊զարթնե՞լ։ Տա՞սը։ Հարյո՞ւր։ Նա չգիտեր, բայց գնում էր Պելլի։ Վերադառնալու համար շատ երկար ճանապարհ պետք էր անցնել, և նա միայն կարող էր առաջ գնալ։

Նա մեզնից ուտելիք չխնդրեց, որովհետև տեսավ, որ մեր վիճակն էլ ծանր է։ Պասսուկը մերթ հնդկացուն էր նայում, մերթ ինձ, կարծես չիմանալով անելիքը, ինչպես մի կաքավ, որի ձագուկները փորձանքի մեջ են ընկել։ Ես շրջվեցի դեպի նա և ասացի.

― Այս մարդու հետ անազնիվ են վարվել։ Մեր պաշարի մի մասը չտա՞նք նրան։

Ես տեսա, որ նրա աչքերում ուրախություն փայլեց, բայց նա երկար նայեց մերթ նրան, մերթ ինձ, բերանը խիստ ու վճռականորեն սեղմվեց, և վերջապես ասաց.

― Ո՛չ։ Մինչև Աղի Ջուր դեռ հեռու է, և ճանապարհին ամեն տեղ մահն է սպառնում մեզ։ Ավելի լավ է թող նա վերցնի այս օտար մարդուն և կենդանի թողնի իմ ամուսին Չարլիին։

Եվ հնդկացին Պելլիի ուղղությամբ գնաց դեպի Սպիտակ Լռությունը։

Իսկ գիշերը Պասսուկը լալիս էր։ Առաջ ես երբեք նրա արցունքները չէի տեսել։ Եվ դա խարույկի ծխից չէր, քանի որ փայտը բոլորովին չոր էր։ Ինձ զարմացրեց նրա տխրությունը, և ես մտածեցի, որ խավարն ու ցավը ընկճել են նրա արիությունը։

Կյանքր տարօրինակ բան է։ Ես շատ եմ մտածել, շատ եմ խորհել նրա մասին, բայց օրեցօր այն ավելի ու ավելի անհասկանալի է թվում ինձ։ Ինչո՞ւ կյանքի այսպիսի ծարավ կա մեր մեջ։ Չէ որ կյանքը խաղ է, որից մարդ երբեք հաղթանակով դուրս չի գալիս։ Ապրել՝ նշանակում է չարքաշ կերպով աշխատել ու տառապել, մինչև գողունի վրա կհասնի ծերությունը, և այն ժամանակ մենք ձեռքներս իջեցնում ենք հանգած խարույկների սառը մոխրի վրա։ Դժվա՜ր է ապրելը։ Տանջանքով ծնվում է երեխան, տանջանքով ծերունին վերջին շունչն է փչում, և մեր բոլոր օրերն էլ տխրությամբ ու հոգսերով են լեցուն։ Եվ, այնուամենայնիվ, մարդ դժկամությամբ է գնում դեպի մահվան բաց գիրկը, սայթաքելով, ընկնելով, ետ նայելով, մինչև վերջին շունչը կռվելով։ Բայց չէ որ մահը բարի է։ Միայն կյանքն է, որ տառապանքներ է պատճառում։ Բայց մենք սիրում ենք կյանքը և ատում մահը։ Դա շա՜տ տարօրինակ է։

Մենք՝ Պասսուկը և ես, քիչ էինք խոսում։ Գիշերը մեռածի պես պառկում էինք ձյան մեջ, իսկ առավոտյան շարունակում մեր ճանապարհը՝ նույնպես մեռելի նման լուռ։ Եվ մեր շուրջն էլ ամեն ինչ մեռած էր։ Չկային ոչ կաքավներ, ոչ սկյուռներ, ոչ նապաստակներ՝ ոչինչ։ Գետը լուռ էր իր սպիտակ ծածկոցի տակ։ Նույնիսկ ծառերի մեջ եղած հյութն էր քարացել։ Եվ սառնաւմանիքն էլ այնպիսին էր, ինչպես հիմա։ Գիշերը աստղերը թվում էին մոտիկ ու խոշոր, նրանք թռչկոտում էին ու պարում, իսկ ցերեկը արևն էր մեզ ծաղրում այնքան ժամանակ, մինչև որ թվում էր, թե մենք շատ արևներ ենք տեսնում, օդը փայլատակում էր ու կայծկլտում, իսկ ձյունը ոնց որ ալմաստի փոշի լիներ։ Շուրջր ոչ խարույկ կար, ոչ ձաչն. միայն ցուրտ և Սպիտակ Լռություն։ Մենք կորցրել էինք ժամանակի հաշիվը ու գնում էինք մեռելների պես։ Մեր աչքերը ուղղված էին Աղի Ջրի կողմը, մեր մտքերը գամված էին Աղի Ջրին, իսկ մեր ոտքերը իրենք էին մեզ տանում դեպի Աղի Ջուր։ Մենք կանգ առանք հենց Տակհինի մոտ և չճանաչեցինք այն։ Մեր աչքերը նայում էին Ուայթ Հորսի սահանքներին ու չէին տեսնում դրանք։ Մեր ոտքերը քայլում էին Կանյոնի հողի վրայով ու չէին զգում այն։ Մենք ոչինչ չէինք տեսնում։ Հաճախ ընկնում էինք ձյան մեջ, բայց նույնիսկ ընկնելիս՝ նայում էինք Աղի Ջրի կողմը։

Ուտելիքը, որը մենք միշտ հավասար բաժանում էինք, վերջացավ, և Պասսուկը ավելի ու ավելի հաճախ էր ընկնում։ Եվ ահա Եղջերվի Լեռնանցքի մոտ ուժերը դավաճանեցին նրան։ Առավոտյան մենք պառկել էինք մեր միակ վերմակի տակ ու վեր չէինք կենում ճանապարհ ընկնելու։ Ես ուզում էի մնալ այնտեղ ու մահը դիմավորել Պասսուկի հետ ձեռք-ձեռքի տված, որովհետև արդեն մեծացել էի ու սկսել էի հասկանալ, թե ինչ է կնոջ սերը։ Դեռևս ութսուն մղոն կար մինչև Հեյնսի առաքելությունը, և հեռվում, անտառներից վերև, փոթորիկներից բզկտված իր կատարն էր ցցել մեծ Չիլկութը։ Եվ ահա Պասսուկը խոսեց ինձ հետ՝ կամացուկ, շուրթերը կպցնելով ականջիս, որպեսզի ես կարողանամ լսել իրեն։ Այժմ, երբ նա արդեն իմ զայրույթից չէր վախենում, սկսեց իր սիրտը բացել իմ առջև, ինձ ասում էր իր սիրո մասին և շատ ու շատ ուրիշ բաների մասին, որոնք ես առաջ չէի հասկանում։

Նա ասաց.

― Դու իմ ամուսինն ես, Չարլի, և ես լավ կին եմ եղել քեզ համար։ Ես վառել եմ քո խարույկը, ուտելիք պատրաստել քեզ համար, կերակրել եմ քո շներին, թիավարել եմ, ճանապարհ եմ բացել ու երբեք չեմ գանգատվել։ Ես երբեք չեմ ասել, թե իմ հոր վիգվամում ավելի տաք էր կամ թե մեզ մոտ՝ Չիլկութում ավելի շատ ուտելիք կար։ Երբ դու խոսել ես, ես լսել եմ, երբ հրամայել ես՝ հնազանդվել եմ։ Այնպես չէ՞, Չարլի։

Եվ ես պատասխանեցի.

― Այո, այդպես է։

Նա շարունակեց.

― Երբ դու առաջին անգամ մեզ մոտ՝ Չիլկութ եկար և նույնիսկ առանց նայելու գնեցիր ինձ, ինչպես շուն են գնում, ու տարար քեզ հետ, իմ սիրտը ըմբոստացավ քո դեմ և լի էր դառնությամբ ու վախով։ Բայց այդ օրվանից շատ ժամանակ է անցել։ Դու խղճում էիր ինձ, Չարլի, ինչպես բարի մարդն է շանը խղճում։ Քո սիրտը մնում էր սառը, և այնտեղ ինձ համար տեղ չկար։ Բայց դու միշտ արդարացի ես եղել իմ նկատմամբ և վարվել ես այնպես, ինչպես հարկավոր էր վարվել։ Ես քեզ հետ եմ եղել, երբ դու համարձակ գործեր ես կատարել և մեծ վտանգներին ընդդեմ գնացել։ Ես քեզ համեմատում էի ուրիշ տղամարդկանց հետ ու տեսնում, որ դու շատ-շատերից լավն ես, որ դու գիտես քո պատիվը պահել ու քո իասքերր իմաստուն են, իսկ լեզուդ՝ ճշմարտացի։ Ու ես սկսեցի հպարտանալ քեզնով։ Եվ ահա եկավ մի ժամանակ, որ դու լցրեցիր իմ սիրտը և իմ ամբողջ մտածմունքը միայն դու էիր։ Դու ինձ համար եղել ես ինչպես արևը ամռան թեժ պահին, երբ նա շարժվում է ոսկե կածանով ու ոչ մի րոպե չի իջնում երկնքից։ Ուր էլ որ շրջվել են աչքերս, ես ամենուրեք տեսել եմ իմ արևը։ Բայց քո սրտում, Չարլի, սառնություն է եղել և այնտեղ ինձ համար տեղ չի եղել։

Եվ ես պատասխանեցի.

― Այո՛, այդպես է եղել։ Եմ սիրտը սառն է եղել և նրանում տեղ չի եղել քեզ համար։ Բայց այդպես է եղել առաջ։ Հիմա իմ սիրտը նման է գարնանային ձյանը, երբ արևը վերադառնում է։ Իմ սրտում ամեն ինչ հալչում է, այնտեղ աղմկում են գետակները, ամեն ինչ կանաչում է ու ծաղկում։ Լսվում են կաքավների ձայներ, լուսահավքերի երգեր և երաժշտությունն է հնչում, որովհետև ձմեռը պարտված է, Պասսուկ, և ես ճանաչել եմ կնոջ սերը։

Պասսուկը ժպտաց և ավելի ամուր սեղմվեց ինձ։ Իսկ հետո ասաց.

― Ուրախ եմ։

Դրանից հետո նա երկար ժամանակ պառկեց լուռ, ծանր շնչելով, գլուխը կրծքիս դրած։ Հետո շշնջաց.

― Իմ ճանապարհն ավարտվում է այստեղ, ես հոգնել եմ։ Բայց դեռ ուզում եմ մի քանի բան պատմել քեզ։ Շա՜տ֊շա՜տ վաղուց, երբ ես փոքրիկ աղջիկ էի, հաճախ մենակ էի մնում Չիլկութի հորս վիգվամում, որովհետև տղամարդիկ որսի էին գնում, իսկ կանայք ու տղաները սպանված որսն էին բերում անտառից։ Եվ ահա մի անգամ գարնանը ես մենակ էի ու վազում էի մորթիների վրա։ Հանկարծ մի մեծ գորշ արջ, նիհար ու սոված, որը նոր էր արթնացել ձմեռային քնից, գլուխը ներս կոխնց վիգվամ ու մրթմրթաց՝ «Ո՜ւ֊ո՜ւհ»։ Հենց այդ պահին եղբայրս որսով բեռնված առաջին սահնակն էր բերել։ Նա օջախից դուրս քաշեց վառված խանձողը և համարձակորեն կռվի բռնվեց արջի հետ, իսկ շները, հենց լծված էլ, սահնակը հետևից քարշ տալով, ընկան արջի վրա։ Մեծ կռիվ ու շատ աղմուկ եղավ։ Նրանք գլորվեցին կրակի մեջ, դեսուդեն ցրեցին մորթիները ու շուռ տվեցին վիգվամը։ Ի վերջո արջը շունչը փչեց, բայց եղբորս մատը մնաց նրա բերանում, արջի ճանկերի հետքերը մնացին տղայի գեմքին։ Դու նկատեցի՞ր, որ Պելլի գնացող հնդկացու այն ձեռքի վրա, որը նա տաքացնում էր կրակին բռնած, բութ մատը չկար... Դա իմ եղբայրն էր։ Բայց ես հրաժարվեցի նրան ուտելիք տալուց, և նա առանց ուտելիքի գնաց դեպի Սպիտակ Լռությունը։

Ահա, եղբայրներս, թե ինչպիսին էր Պասսուկի սերը, որը մեռավ Եղջերվի լեռնանցքի ձյուների մեջ։ Դա մեծ սեր էր։ Չէ որ կինը իր եղբորը զոհաբերեց հանուն այն տղամարդու, որը դժվարին ճանապարհով նրան տանում էր դեպի դառն վախճանը։ Նրա սերն այնքան ուժեղ էր, որ նա զոհաբերեց իրեն։ Վերջին անգամ աչքերը փակելուց առաջ Պասսուկը բռնեց իմ ձեռքը ու դրեց սկյուռի մորթուց կարված իր հագուստի տակ։ Ես նրա գոտկի տակ մի լիքը տոպրակ շոշափեցի և ամեն ինչ հասկացա։ Մենք ամեն օր մինչև վերջին կտորը հավասար բաժանել էինք մեր պաշարը, բայց նա միայն կեսն էր կերել։ Մնացած կեսը նա պահել էր այդ տոպրակի մեջ, ինձ համար։

Պասսուկն ասաց.

― Ահա և Պասսուկի համար ճանապարհը վերջացավ. իսկ քո ճանապարհը, Չարլի, չի վերջացել, այն գնում է հեռո՜ւ, անցնում մեծ Չիլկութով, դեպի ծովափին ընկած Հեյնսի առաքելությունը։ Այն գնում է ավելի ու ավելի հեռու, դեպի շատ արևների լույսը, անցնում օտար հողերով և անծանոթ ջրերով, և այդ ճանապարհին քեզ սպասում են կյանքի երկար տարիներ, պատիվ ու մեծ փառք։ Նա քեզ կբերի շատ կանանց, լավ կանանց տնակի դուռը, բայց դու երբեք չես հանդիպի ավելի մեծ սիրո, քան Պասսուկի սերն է եղել։

Եվ ես գիտեի, որ նա ճշմարտությունն է ասում։ Խելագարությունը համակեց ինձ։ Ես դեն նետեցի լիքը տոպրակը ու երդվեցի, որ իմ ճանապարհն ավարտված է, ու ես մնում եմ իր հետ։ Բայց Պասսուկի հոգնած աչքերը արցունքով լցվեցին, և նա ասաց.

― Մարդկանց մեջ Սիտկա Չարլին միշտ ազնիվ է համարվել, ու նրա ամեն մի խոսքը ճշմարտացի է եղել։ Մի՞թե նա հիմա մոռացավ իր պատվի մասին, որ անտեղի խոսքեր է ասում Եղջերվի լեռնանցքում։ Մի՞թե նա մոռացել է Քառասուներորդ Մղոնի մարդկանց, որոնք իրենց լավագույն ուտելիքը, իրենց լավագույն շները տվեցին նրան։ Պասսուկը միշտ հպարտացել է իր ամուսնով։ Թող նա վեր կենա, կապի դահուկներն ու ճանապարհ ընկնի, որպեսզի Պասսուկը առաջվա պես կարողանա հպարտանալ նրանով։

Երբ նրա մարմինը սկսեց սառչել իմ գրկում, ես վեր կացա, գտա լիքը լցված տոպրակը, դահուկներս կապեցի և օրորվելով՝ ճանւապարհ ընկա։ Ես թուլություն էի զգում ծնկներիս մեջ, գլուխս պտտվում էր, ականջներս դժժում էին, իսկ աչքերիս առջև կայծեր էին բռնկվում։ Մանկությանս մոռացված պատկերներն էին անցնում իմ առջևով։ Ես նստած էի փոտլաչում, քլթքլթացող կաթսաների մոտ, երգում էի ու պարում տղամարդկանց և աղջիկների երգեցողության տակ, ծովացուլի կաշվից պատրաստված թմբուկի հնչյունների տակ, իսկ Պասսուկը բռնել էր ձեռքս և անընդհատ քայլում էր ինձ հետ։ Երբ ես քնում էի՝ նա արթնացնում էր ինձ։ Երբ ես սայթաքում էի և ընկնում՝ նա բարձրացնում էր ինձ։ Երբ ես խրվում էի խոր ձյուների մեջ՝ նա ինձ ճանապարհ էր դուրս բերում։ Եվ ահա, ինչպես բանականությունը կորցրած մի մարդ, որը տարօրինակ տեսիլքներ է տեսնում, որովհետև նրա գլուխը պտտվում է գինուց, ես հասա ծովափին ընկած Հեյնսի առաքելությունը։

Սիտկա Չարլին վեր կացավ և, վրանի փեշերը մի կողմ գցելով, դուրս եկավ։ Կեսօր էր։ Հարավում կախվել էր արևի սառը սկավառակը՝ պայծառորեն ողողելով Հենդերսոնի լեռնաշղթան։ Նրա երկու կողմերում փայլատակում էին կեղծ արևները։ Օդը նման էր փայլուն եղյամից հյուսված սարդոստայնի, իսկ առջևում, ճանապարհի մոտ նստել էր եղյամապատ բրդոտ շունը և, դունչը վեր ցցած, աղեկտուր ոռնում էր։