Կորած երեխաների մոլորակը

Գրապահարան-ից
Կորած երեխաների մոլորակը

հեղինակ՝ Քրիստիան Պինո
թարգմանիչ՝ Սուսսաննա Գաբրիելյան
աղբյուր՝ «Կորած երեխաների մոլորակը»

Առաջին մաս

Միջմոլորակային արբանյակը

Ամեն ինչ սկսվեց մի սովորական չարաճճիությունից։ Փոքրիկ Պուպոնեն որոշել էր անկախ ապրել, այսուհետև թռչել իր սեփական թևերով։ Յոթ տարեկան երեխայի մոտ այդ թևերը դեռ այնքան էլ զարգացած չեն լինում, բայց մեր այս հերոսը անկարողությունից ու դժվարություններից շուտ վհատվողը չէր։

— Եթե ստիպված լինես հաշվի առնել այն դժվարությունները, որ մեծերի երեվակայությունն է ստեղծում,— մտածում էր նա,— պետք է հրաժարվես բոլոր ուրախություններից, զրկվես խաղերից և մինչև կյանքիդ վերջը դպրոց գնաս։

Այդ օրը մայրը Պուպոնեին դեղին բաճկոն էր հագցրել և նույն գույնի էլ կիսագուլպաներ։ Հեռվից նայելիս փոքրիկին կարելի էր հավի ճտի նմանացնել։

—Ճաշից չուշանաս,— ասել էր մայրը, երբ նա դուրս էր գալիս տնից,-տատիկի մոտից վերադառնալիս ճանապարհդ չշեղես։ Եվ տես, հա՜, փշալարերի կողմը չգնաս, թե չէ բաճկոնդ կպատռես։

Փշալարերը, ավելի ճիշտ, այն ամենը, ինչ փշալարերի հետևում էր գտնվում, կարևոր դեր էին խաղում Պուպոնի կյանքում։ Փոքրիկ չարաճճին, հենց որ ազատ ժամանակ էր ունենում, իսկույն վազգում էր փշալարերի մոտ, որ գոնե հեռվից տեսնի, թե ինչ է կատարվում դեղնած խոտով ծածկված հրապարակում, ուր մարդիկ զբաղված էին խորհրդավոր գործերով։ Նա տեսնում էր մետաղյա ծածկերը, որոնց տակ փայլուն առարկաներ էին կիտված, հսկայական փայտամածը, որը շրջափակել էր երկար, ուղղահայաց դիրքով կանգնեցված խողովակը․ այդ խողովակի կոնաձև գագաթը երկինք էր խոյանում։