Հաղթական կամար - XII գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XI գլուխ Հաղթական կամար - XIII գլուխ ▶


— Ոտքս կտրեցի՞ք,— հարցրեց Ժաննոն։

Նրա նիհար դեմքը արնապակաս էր և սպիտակ, ինչպես հին տան պատը։ Երեսի մուգ ցայտուն պեպենները թվում էին, թե չորացած ներկի ցայտքեր են։ Ոտքի ամպուտացված մասը դրված էր մետաղալարից գործած մի զամբյուղի մեջ և ծածկված ադյալով։

— Ցավո՞ւմ է,— հարցրեց Ռավիկը։

― Ոտքս։ Ոտքս շատ է ցավում։ Ես բուժքրոջը հարցրի։ Բայց այդ քավթառը ոչինչ չի ասում։

— Մենք քո ոտքը կտրեցինք,— ասաց Ռավիկը։

— Ծնկիս վերևից թե՞ ներքևից։

— Տասը սանտիմետր ծնկիցդ վերև։ Ծունկդ փշրվել էր, հնարավոր չէր փրկել։

― Լավ է,― ասաց ժաննոն։— Ուրեմն, հաշմանդամության նպաստը մի տաս տոկոսով ավելի կլինի։ Շատ լավ է։ Փայտե ոտքը փայտե ոտք է, ծնկից վերև է թե ներքև — ոչ մի նշանակություն չունի։ Բայց ավելորդ տասնհինգ տոկոսը կարգին փող է, որ մարդ ամեն ամիս գրպանը կարող է դնել։— Նա մի վայրկյան լռեց։— Ավելի լավ է դուք մորս առայժմ դեռ ոչինչ չասեք։ Միևնույն է, այս թութակի վանդակում ինքը չի նկատի, որ ոտքս չկա։

— Մենք նրան ոչինչ չենք ասի, ժաննո։

— Ապահովագրական կոմպանիան պետք է ինձ մինչև կյանքիս վերջը թոշակ վճարի։ Ճի՞շտ է։

— Ես կարծում եմ, որ այո։

Երեխայի շառագույն երեսը ժպտից կուչ եկավ։

— Մի տեսեք, թե ոնց են զարմանալու։ Ես ընդամենը տասներեք տարեկան եմ։ Դեռ երկար կվճարեն։ Դուք արդեն գիտե՞ք, որ կոմպանիան է։

— Դեռ ոչ։ Բայց մեքենայի համարը գիտենք։ Դու ինքդ ասացիր։ Ոստիկանությունից արդեն մարդ է եկել։ Ուզում էին քեզ հարցաքննել։ Դա առավոտյան էր։ Բայց դու դեռ քնած էիր։ Նա այսօր երեկոյան է գալու։

Ժաննոն մտքերի մեջ ընկավ։

― Վկաներ,— ասաց նա,— պետք է վկաներ ունենալ։ Դա շատ կարևոր է։ Վկաներ կա՞ն։

— Կարծում եմ, որ կլինեն։ Քո մոր մոտ երկու հասցե կար։ Ես նրա ձեռքին տեսա։

Տղան սկսեց անհանգստանալ։

— Մաման դա կկորցնի, եթե արդեն չի կորցրել։ Դուք ինքներդ էլ գիտեք, թե ծերերն ինչպես են։ Նա որտե՞ղ է հիմա։

— Մամադ ամբողջ գիշերը մինչև այսօր ժամը մեկը քո անկողնու մոտ նստած էր։ Հազիվ տուն ուղարկեցինք։ Բայց շուտով էլի կգա։

— Ես հույս ունեմ, որ մաման հասցեները կորցրած չի լինի։ Ոստիկանությունը...― Ժաննոն թույլ մի շարժում արեց հյուծված ձեռքով։― Խաբեբաներ են,— քթի տակ փնթփնթաց նա։— Բոլորը խորամանկ խաբեբաներ են։ Հո ոստիկանությունը, հո ապահովագրական կոմպանիան — բոլորն իրար հետ կապված են։ Բայց եթե մարդ լավ վկաներ ունենա... Իմ մաման ե՞րբ է գալու։

— Շուտով։ Դրա համար մի հուզվիր։ Ամեն ինչ լավ կլինի։

Ժաննոն ծնոտները այնպես շարժեց, կարծես ինչ֊որ բան ծամելիս լիներ։

— Երբեմն նրանք ամբողջ փողը միանգամից են վճարում։ Որպես վնասավարձ։ Ամսեամիս թոշակ վճարելու փոխարեն։ Եթե այդպես լինի, ես ու մամաս կարող ենք խանութ բացել։

— Հանգստացիր, հանգստացիր հիմա,— ասաց Ռավիկը։— Դրա մասին մտածելու ժամանակ դեռ շատ կա։

Ժաննոն գլուխն օրորեց։

— Այո, քեզ հանգստանալ է պետք, որպեսզի ոստիկանությունից մարդ գալու ժամանակ գլուխդ թարմացած լինի։

— Դա ճիշտ է, բայց ես ի՞նչ պետք է անեմ։

— Պետք է քնես։

— Բայց այն ժամանակ...

— Ոչինչ։ Քեզ կարթնացնեն։

— Կարմիր լույս էր։ Այո, ճիշտ եմ ասում... կարմիր լույս էր․․․

— Դա ճիշտ է, բայց հիմա փորձիր մի քիչ քնել։ Իսկ եթե որևէ բանի կարիք լինի — զանգիր քրոջը, զանգը սա է։

— Բժիշկ...

Ռավիկը շրջվեց նրա կողմը։

— Եթե ամեն ինչ հաջող անցնի... — Ժաննոն պառկել էր բարձին, և նրա ծերունու պես խելացի, ջղաձգված դեմքի վրայռվ ժպիտի պես մի բան սահեց։— Պետք է որ մարդու բախտ մի անգամ բերի, ճի՞շտ է։


Խոնավ և տաք երեկո էր։ Ծվեն-ծվեն եղած ամպերը ցածրորեն սահում-անցնում էին քաղաքի վրայով։ «Ֆուքե» ռեստորանի առջևում դրված էին կոքսի մի քանի կլոր վառարաններ, սեղաններ և աթոռներ։ Այդ սեղաններից մեկի մոտ նստած էր Մորոզովը։

Նա Ռավիկին գլխով արեց։

— Արի նստիր, մի բան խմենք։

Ռավիկը նստեց նրա սեղանի մոտ։

— Մենք չափազանց շատ ենք պատերի ներսում մնում նստած, դրսում համարյա չենք լինում,— բացատրեց Մորոզովը։― Դու դրան ուշադրություն դարձրե՞լ ես։

— Քո մասին դա չի կարելի ասել։ Չէ՞ որ դու ամբողջ օրը դրսում'՝ «Շեհերազադե»-ի առաջ կանգնած ես։

— Տղաս, դու թող քո խղճուկ տրամաբանությունը։ Երեկոները ես «Շեհերազադե»-ի առաջ պարզապես երկոտանի դռան նման մի բան եմ և ոչ թե ազատության մեջ գտնվող մարդ։ Մենք չափազանց շատ ենք մտածում տան պատերի միջև։ Շատ ենք ապրում ծածկի տակ։ Շատ ենք հուսահատվում փակ դռան հետևում։ Բա մարդ կարո՞ղ է դրսում այդքան հուսահատվել։

— Այն էլ ինչպե՜ս,— ասաց Ռավիկը։

— Եթե այն էլ ինչպես, ապա դարձյալ այն պատճառով, որ սենյակից դուրս չենք գալիս, որ ուղղակի ընտելացել ենք սենյակներին։ Իսկ դրսում, բնության գրկում այդ հուսահատությունը շատ ավելի կարգին է, քան խոհանոցով բնակարանում։ Նույնիսկ ավելի հարմարավետ է։ Չհակաճառես։ Հակադրվելը վկայում է ոգու սահմանափակության մասին, որը բնորոշ է Արևմուտքին։ Իրավացի չե՞մ։ Այսօր իմ երեկոն ազատ է, և ես ուզում եմ կյանքը վայելել։ Ի միջի այլոց նաև ասեմ, որ մենք չափազանց շատ ենք սենյակում խմում։

— Նաև չափազանց շատ ենք միզում սենյակում։

— Դու վերջ տուր քո ծաղրանքին։ Գոյության փաստերը պարզ և տափակ։ Միայն մեր ֆանտազիան է, որ նրանց կենդանություն է տալիս։ Մեր ֆանտազիան է, որ փաստերը՝ սպիտակեղեն փռելու թոկերով այդ ձողերը, դարձնում է ֆլագշտոկ, որի վրա ծածանվում է մեր երազանքների գունաթափ դրոշը։ Ճի՞շտ եմ ասում թե ոչ։

― Ոչ։

— Ինքնըստինքյան հասկանալի է, որ ոչ։ Ասենք ես չեմ էլ ուզում ճիշտ լինել։

— Այստեղ արդեն դու ճիշտ ես։

— Դե լավ, բավական է։ Բայց թույլ տուր նկատել, որ մենք նաև չափից շատ ենք քնում սենյակներում։ Մենք կամաց-կամաց դառնում ենք կահույք։ Քարե վիթխարի շենքերը շարդել են մեր ողնաշարերը։ Մենք դարձել ենք շրջիկ բազմոցներ, հարդարանքի սեղան, դարձել ենք սեյֆ, վարձակալական պայմանագրեր, ռոճիկ ստացողներ, դարձել ենք ճաշ եփելու կաթսա, վատերկլոզետներ։

— Ճիշտ է։ Մենք դարձել ենք կուսակցության շրջիկ ծրագրեր, դարձել ենք զինամթերք արտադրող գործարաններ, կույրերի ապաստարան և գժանոցներ։

— Դու ինձ մի ընդհատի։ Խմիր, լռիր և սիրիր, դու, սկալպելով մարդասպան։ Մի նայիր, թե մեզանից ի՞նչ դուրս եկավ։ Որքան ես գիտեմ, միայն հին հույներն էին, որ գինու և խրախճանքի աստվածներ ունեին, դա Բաքսոն ու Դիոնիսոսն էին։ Իսկ մենք նրանց փոխարեն ունենք Ֆրեյդ, անլիարժեքության կոմպլեքս և պսիխոանալիզ, վախ մեծ խոսքերի հանդեպ, երբ խոսքը սիրո մասին է, և հակվածություն դեպի մեծ-մեծ խոսելը քաղաքականության մեջ։ Տխուր սերունդ է, ճի՞շտ է։― Մորոզովը խորամանկորեն աչքով արեց։

— Երազանքներով ապրող ծեր, բարի ցինիկ,— ասաց Ռավիկը և նույնպես աչքով արեց։

Մորոզովը քմծիծաղ տվեց։

— Առանց իլյուզիայի խեղճ ռոմանտիկ, որ երկրային այս կարճ կյանքում ժամանակավորապես Ռավիկ են անվանվում։

— Շատ կարճ կյանքում։ Ինչ անունին է վերաբերում, ապա ես այդ անունով արդեն իմ երրորդ կյանքն եմ ապրում։ Դա լեհակա՞ն օղի է։

― Լատվիական է։ Ռիգայից։ Ավելի լավը չես գտնի։ Լցրու բաժակդ... և արի հանգիստ նստենք այստեղ ու նայենք աշխարհի ամենագեղեցիկ փողոցին, փառաբանենք այս մեղմ երեկոն և առանց վրդովմունքի թքենք հուսաբեկության սֆաթին։

Կրակը կոքսի վառարանում ճարճարտում էր։ Փողոցային մի ջութակահար կանգնեց մայթի եզրին և սկսեց նվագել «Aupres de ma blonde»։ Անցորդները նրան այս ու այն կողմ էին հրում։ Աղեղը սահում ու ծվծվում էր, բայց ջութակահարը այնպես էր շարունակում իր նվագը, կարծես շուրջը ոչ ոք չլիներ։ Ջութակի ձայնը բարակ էր և ամայի։ Թվում էր, թե նա մրսում է։ Երկու մարոկկացի սեղանների միջև այս ու այն կողմ էին շրջում, առաջարկելով նստածներին արհեստական մետաքսից գործած գունեղ գորգեր։ Լրագրավաճառ տղաները երեկոյան թերթերով անցան նրանց մոտով։ Մորոզովը գնեց «Paris soir» և «Intransigeant», աչքի անցկացրեց նրանց վերնագրերը և մի կողմ դրեց։

— Դրամանենգներ,― քթի տակ փնթփնթաց նա։— Դու նկատե՞լ ես, որ մենք դրամանենգների դարաշրջանում ենք ապրում։

— Ոչ։ Ինձ թվում է, որ մենք ապրում ենք պահածոների դարաշրջանում։

— Պահածոների՞։ Ինչո՞ւ։

Ռավիկը ցույց տվեց լրագրերը։

― Մենք այլևս մտածելու կարիք չունենք։ Ամեն ինչ նախապես մտածված է, նախապես ծամված և նախապես զգացված։ Պահածոնե՜ր։ Միայն մնում է բացել։ Օրը երեք անգամ մատակարարվում է տուն։ Ոչինչ պետք չէ՝ ոչ ցանել, ոչ աճեցնել, ոչ եփել հարցերի, կասկածանքների և կարոտի կրակի վրա։ Պահածոներ։— Նա քմծիծաղեց։— Մենք հեշտ չենք ապրում, Բորիս։ Էժան ենք ապրում։

— Մենք ապրում ենք դրամանենգների նման։— Մորոզովը լրագրերը վեր բարձրացրեց։— Ապա մի այստեղ նայիր։ Նրանք ռազմական գործարաններ են կառուցում, որովհետև խաղաղության են ձգտում։ Համակենտրոնացման ճամբարներ են ստեղծում, որովհետև սիրում են ճշմարտությունը։ Քաղաքական անհանդուրժողությունը հանդես է գալիս արդարության դիմակի տակ, քաղաքական գանգստերները իրենց մարդկության բարեկամներ են ձևացնում, ազատությունը ճչուն լոզունգ է դարձել իշխանություն տենչողների շուրթերին։ Կեղծ դրամ։ Հոզևոր կեղծ դրամ։ Պրոպագանդայի կեղծիք։ Խոհանոցային մակիավելլիզմ։ Տականքների ձեռքում գտնվող վեհ գաղափարներ։ Ինչպե՞ս կարելի է խոսել ազնվության մասին...

Նա ձեռքի մեջ տրորեց լրագրերը և շպրտեց։

— Մենք նաև չափազանց շատ թերթեր ենք կարդում սենյակներում,— ասաց Ռավիկը։

Մորոզովը ծիծաղեց։

— Այդպես էլ պետք է լինի։ Բնության գրկում լրագիրը պետք է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդ խարույկ է...


Մորոզովի խոսքը մնաց բերնին։ Ռավիկն այլևս կողքին չէր։ Նա տեղից հանկարծ ցատկեց և, սրճարանի առջևում կուտակված մարդկային ամբոխի մեջ սուզվելով, արագ֊արագ շարժվեց դեպի Գեորգ Հինգերորդի ավենյուն։

Մորոզովը շշմած մի պահ մնաց տեղում նստած։ Հետո վայրկենապես տեղից ցատկեց, դուրս քաշեց գրպանից մի թղթադրամ և, նետելով բաժակների տակ դրած հախճապակե ամանի մեջ, վազեց Ռավիկի հետևից։ Նա դեռ չգիտեր, թե ինչ պատահեց, բայց գնում էր նրա հետևից, որպեսզի կարիքի դեպքում օգնի նրան։

Ոչ ոստիկան էր երևում և ոչ էլ քաղաքացիական զգեստով նրանց գործակալներից։ Ռավիկին ոչ ոք չէր հետապնդում։ Մայթը լցված էր մարդկանցով։ Սա լավ է Ռավիկի համար, մտածեց Մորոզովը։ Եթե ոստիկաններից մեկնումեկը հանկարծ ճանաչել է, նա հեշտ կարող է թաքնվել։ Մորոզովն արդեն հասել էր Գեորգ Հինգերորդի ավենյուն, երբ Ռավիկը նորից նրա աչքով ընկավ։ Այդ րոպեին լուսանշանի լույսերը փոխվեցին, փողոցում կուտակված մեքենաների շարքերը, հորդելով առաջ, փակեցին Ռավիկի ճանապարհը։ Ռավիկն, այնուամենայնիվ, փորձեց փողոցն անցնել։ Մի տաքսի քիչ մնաց նրան տակը գցեր։ Կատաղած վարորդը հայհոյանքների տարափ տեղաց։ Մորոզովը, որ արդեն հասել էր Ռավիկին, հետևից բռնեց նրա ձեռքը և ետ քաշեց։

— Ցնդե՞լ ես, ինչ է,— բղավեց նա։— Թե՞ ուզում ես կյանքիդ վերջ տալ։ Ի՞նչ է պատահել։

Ռավիկը չպատասխանեց։ Նա անքթիթ հայացքով նայում էր փողոցի մյուս կողմը։ Մեքենաները չորս շարքով հոսում էին վազոցով, գրեթե մեկը մյուսին կպած, ոչ մի կերպ հնարավոր չէր անցնել մյուս կողմը։ Ռավիկը կանգնել էր մայթի պռնկին և, փոքր-ինչ առաջ հակված, լարվել ու նայում էր։

Մորոզովը ցնցեց նրան։

— Ի՞նչ է պատահել։ Ոստիկա՞ն է։

— Ոչ։

Ռավիկը աչքը չէր հեռացնում կողքից սուրացող մեքենայից։

— Ասա, տեսնենք ի՞նչ է պատահել, Ռավիկ։

— Հաակեն է...

— Ի՞նչ։— Մորողովի աչքերը կծկվեցին։— Ի՞նչ տեսք ունի։ Շուտ ասա։

— Մոխրագույն վերարկու է հագած...

Ելիսեյան դաշտերի կենտրոնից լսվեց փողոցային շարժումը կարգավորող ոստիկանի սուլոցի սուր ձայնը։ Ռավիկը նետվեց առաջ, անցնելով վերջին մեքենաների արանքներով։ Մուգ մոխրագույն վերարկու... միակ բանը, որ նա կարողացավ նկատել։ Ռավիկը կտրեց անցավ Գեորգ Հինգերորդի ավենյուն և Բասսանո փողոցը։ Հանկարծ նա նկատեց, որ շատերի հագին մոխրագույն վերարկուներ են։ Ռավիկը հայհոյեց և արագ առաջ անցավ։ Գալիլեյի փողոցում շարժումը կանգ էր առել։ Նա արագ֊արագ անցավ փողոցը և, հրմշտելով անցորդներին, շարժվեց Ելիսեյան դաշտերի երկարությամբ։ Ռավիկը հասավ Պրեսսբուր փողոցին, վազելով կտրեց խաչմերուկը և հանկարծ տեղում քարացավ — նրա առջևում տարածվում էր Էտուալ հրապարակը՝ վիթխարի, խճճված մարդկանց ու մեքենաների շարժումից, մի հրապարակ, որտեղից սկիզբ են առնում բոլոր ուղղություններով ձգվող տասնյակ փողողներ։ Կորավ։ Այստեղ այլևս ոչինչ հնարավոր չէ գտնել։

Ռավիկը շրջվեց և դանդաղ ետ վերադարձավ, ուշադիր զննելով անցորդների դեմքերը։ Հուզմունքն անցավ։ Նա հանկարծ իրեն մի տեսակ դատարկ և ամայի զգաց։ Նորի՞ց նա սխալվեց, թե Հաակեն երկրորդ անգամ գլուխն ազատեց նրանից։ Բայց մի՞թե մարդ երկու անգամն էլ կարող էր սխալվել։ Մի՞թե երկու անգամն էլ միևնույն մարդը կարող էր չքանալ գետնի երեսից։ Բայց չէ որ կային նաև տարբեր կողմեր գնացող ուրիշ փողոցներ։ Գուցե Հաակեն թեքվել է այդ փողոցներից մեկնումե՞կը։ Ռավիկը նայեց Պրեսսբուր փողոցի երկարությամբ։ Մարդկանց ու մեքենաների անվերջանալի հոսանք։ Երեկոյան երթևեկության լարված ժամերից էր։ Այլևս ոչ մի իմաստ չուներ շարունակել որոնումները։ Արդեն չափազանց ուշ է։

— Հը, չկա՞,— հարցրեց Մորոզովը, մոտենալով նրան։

Ռավիկը գլուխն օրորեց։

— Ըստ երևույթին, ես կրկին եմ ուրվական տեսնում։

— Դու նրան ճանաչեցի՞ր։

— Քիչ առաջ ես այն կարծիքին էի, որ այո, ճանաչեցի։ Իսկ հիմա․․․ հիմա ես կարծիք չունեմ։

Մորոզովը նայեց նրան։

― Աշխարհում իրար նման մարդիկ շատ կան։

— Դա ճիշտ է։ Բայց կան այնպիսի դեմքեր, որոնց մարդ չի մոռանում։

Ռավիկը կանգ առավ։

— Հիմա ի՞նչ ես ուզում անել,— հարցրեց Մորոզովը։

— Չգիտեմ։ Ինչ կա, որ ինչ անեմ։

Մորոզովը նայեց մարդկային բազմությանը։

— Անիծյալ անհաջողություն։ Եվ այն էլ այս ժամին, երբ աշխատանքային օրը արդեն վերջանում է։ Փողոցներում ուղղակի շարժվելու տեղ չկա...

— Հըմ...

— Մի կողմից էլ մութը։ Ուղղակի մարդ համարյա ոչինչ չի տեսնում։ Դու նրան տեսա՞ր, ինչպես պետքն է։

Ռավիկը չպատասխանեց։

Մորոզովը ձեռքը գցեց նրա թևին։

— Լսիր, թե ինչ եմ ասում,— վրա բերեց նա։— Հիմա այլևս ոչ մի միտք չունի փողոցներով այս ու այն կողմ ընկնել։ Մտնես մի փողոց, քեզ թվալու է, թե նա մյուս փողոցում է։ Գտնելու ոչ մի հեռանկար չկա։ Արի վերադառնանք «Ֆուքե» ռեստորանը։ Ամենաիսկական տեղը դա է։ Այնտեղից դու նրան ավելի լավ կհետևես, քան փողոցներում թափառելով։ Եթե վերադառնա, դու նրան «Ֆուքեից» ավելի շուտ կտեսնես։

Նրանք նստեցին մի կողմ ընկած սեղաններից մեկի մոտ, որի շուրջը ոչ ոք չկար և բոլոր կողմերը հիանալի երևում էր։ Նստեցին բավական երկար։

— Իսկ ի՞նչ ես անելու, եթե հանկարծ հանդիպես նրան,— վերջապես հարցրեց Մորոզովը։— Քեզ համար դա արդեն որոշե՞լ ես։

Ռավիկը գլուխն օրորեց։

— Ուրեմն, այդ մասին մտածիր։ Ավելի լավ է, երբ նախապես դու արդեն դա գիտես։ Թե չէ աննպատակ է, եթե քեզ կորցնես ու հիմարություններ թույլ տաս։ Դա անմտություն կլինի քո վիճակում գտնվող մարդու համար։ Չեմ կարծում, թե դու տարիներով բանտերում նստելու ցանկություն ունես։

Ռավիկը հայացքը վեր բարձրացրեց։ Նա լուռ նայեց Մորոզովին։

― Եթե ես քո տեղը լինեի,— ասաց Մորոզովը,— հազիվ թե ինձ համար անհանգստանայի... Բայց այստեղ բանը քեզ է վերաբերվում։ Ի՞նչ կանեիր, եթե նա հիմա հանկարծ հայտնվեր այն անկյունում։ Կհարձակվեի՞ր վրան։

― Չգիտեմ, Բորիս։ Իսկապես, չգիտեմ։

— Մոտդ ոչ մի զենք չկա։ Ճի՞շտ է։

— Ոչ մի։

— Եթե առանց երկար մտածելու, ցատկես ու հարձակվես վրան, մի րոպեից հետո կբաժանեն։ Քեզ քարշ կտան ոստիկանատուն, իսկ նա էլ, երևի, մի երկու կապտուկ կստանա ու վերջ... հասկանո՞ւմ ես։

— Այո հասկանում եմ։

Ռավիկը լարված նայում էր դեպի փողոց։

— Ամենաշատը կարող ես որևէ խաչմերուկում հրել, գցել մեքենայի տակ,— շարունակեց Մորոզովը։— Բայց դա նույնպես ոչինչ չի տա քեզ։ Մեկ էլ տեսար ամբողջ պատմությունը մի քանի աննշան քերծվածքներով վերջացավ։

— Ես նրան մեքենայի տակ չեմ գցի։

Ռավիկը փողոցից աչքը չէր հեռացնում։

— Հասկանում եմ։ Դա ես էլ չէի անի։ Իմաստ չունի:

Մորոզովը լռեց։

— Ռավիկ,— ասաց նա փոքր-ինչ հետո։— Եթե նա իսկապես Հաակեն է և եթե հանկարծ քո ճանկն ընկնի, ուրեմն, էլ չպետք է խնայես, պետք է գործես ամենայն վճռականությամբ։ Հասկանո՞ւմ ես։ Դա քո միակ հնարավորությունն է։

— Այո, ես գիտեմ։

Ռավիկը շարունակում էր նայել փողոց։

— Եթե տեսնես, հետևից գնա։ Հետքը բաց չթողնես, իմացիր, տես որտեղ է ապրում, ուրիշ ոչինչ։ Մնացածը կարող ես հետո մտածել, թե ինչ անես։ Բոլորովին չշտապես։ Եվ հիմարություններ թույլ չտաս, հասկանո՞ւմ ես։

— Հասկանումեմ, Բորիս,— ցրված ասաց Ռավիկը, աչքը փողոցից չկտրելով։

Պիստակ վաճառողը մոտեցավ սեղանին։ Նրա հետևից եկավ նաև մի փոքրիկ տղա՝ խաղալիք մկնիկները ձեռքին, որոնք պարում էին մարմարյա սեղանի վրա և վազելով բարձրանում թևերին։ Նորից հայտնվեց ջութակահարը։ Այժմ նա գլխին շլյապա էր դրել և նվազում էր «Parlez-moi d’amour» երգը։ Սիֆիլիսավորի քթով մի պառավ մանիշակ էր առաջարկում։ Մորոզովը նայեց ժամացույցին։

— Ութն է,— ասաց նա։— Սպասելն այլևս միտք չունի, Ռավիկ։ Երկու ժամից ավելի է, ինչ նստած ենք այստեղ։ Նա այլևս չի գա։ Ֆրանսիայում այս ժամին ամեն մարդ մի տեղ նստած իր ընթրիքն է անում։

— Դու հանգիստ գնա, Բորիս։ Եվ առհասարակ, իզուր էլ նստել ես ինձ հետ։

— Խոսքս այդ մասին չէ։ Ես կարող եմ այստեղ նստել քեզ հետ, ինչքան ուզում ես։ Բայց չեմ ուզում, որ դու, նրան սպասելով, ուղղակի խելագարվես։ Անիմաստ բան է ժամերով նստել ու սպասել։ Նրան հանդիպելու հավանականությունը հիմա ամեն տեղ նույնն է։ Առհասարակ, եթե ուզում ես իմանալ, հիմա նրան ավելի շուտ ռեստորաններում, գիշերային ակումբներում և բորդելներում կգտնես, քան որևէ այլ տեղ։

— Ես դա գիտեմ, Բորիս։

Մորոզովն իր հսկայական, մազոտ ձեռքը դրեց Ռավիկի թևին։

― Ռավիկ,— ասաց նա,— ինձ լսիր, թե ինչ եմ ասում։ Եթե քեզ վիճակված է այդ մարդուն տեսնել, ուրեմն, կտեսնես, իսկ եթե դա չի վիճակված, տարիներով էլ սպասես, միևնույն է, չես հանդիպի։ Դու գիտես, ես ինչ եմ ուզում ասել։ Միշտ սթափ եղիր, աչքերդ բաց, բոլոր անակնկալներին պատրաստ։ Իսկ առհասարակ քեզ այնպես պահիր, որ իբրև թե չես ճանաչել, սխալվել ես։ Ըստ երևույթին, հենց այդպես էլ կա։ Դա միակ բանն է, որ դու կարող ես անել։ Թե չէ, լավ իմացիր, ինքդ քո գլխին փորձանք կբերես։ Այդ հուզմունքները ինքս էլ եմ ունեցել։ Շատ տարիներ առաջ։ Գիտեմ ինչ բան է։ Ամեն րոպե ինձ թվում էր, թե ինչ֊որ մարդկանց եմ տեսնում։ Հալյուցինացիա է։— Նա խմեց իր բաժակի մնացորդը։— Անիծյալ հալյուցինացիաներ։ Իսկ հիմա արի գնանք։ Գնանք որևէ տեղ ընթրելու։

— Դու գնա, Բորիս։ Ես հետո կգամ։

— Ուզում ես մնա՞լ։

— Դեռ մի քիչ էլ կմնամ։ Հետո կգնամ ուղղակի հյուրանոց։ Գործ ունեմ։

Մորոզովը նայեց նրան։ Նա գիտեր, թե Ռավիկն ինչու է ուզում գնալ հյուրանոց։ Բայց գիտեր նաև այն, որ Ռավիկին համոզելը դժվար է։ Դա արդեն ինքը կորոշի։

— Դե լավ,— ասաց Մորոզովը։— Որ այդպես է, ես «Մէր Մարիում» կլինեմ։ Իսկ հետո՝ «Բուբլիչկիում»։ Զանգահարի և կամ ուղղակի արի։— Նա բարձրացրեց իր թփուտանման հոնքերը։— Ռիսկի մի դիմիր։ Դատարկ քաջությունը ոչ ոքի պետք չէ։ Եվ ոչ էլ ապուշությունը։ Կրակիր միայն այն դեպքում, երբ հաստատ համոզված ես, որ հետքդ չեն գտնի։ Սա ոչ մանկական խաղ է և ոչ էլ գանգստերական ֆիլմ։

— Գիտեմ, Բորիս, մի՛ անհանգստացիր։


Ռավիկը գնաց «Ինտերնացիոնալ» հյուրանոց և անմիջապես վերադարձավ։ Ճանապարհին, «Միլան» հյուրանոցի կողքով անցնելիս, նա հայացքը գցեց ժամացույցին։ Ժամը ութն անց կես էր։ Ժոանը դեռ կարող էր տանը լինել։ Այդպես էլ կար։ Դուռը բացելուն պես Ժոանն իսկույն ընդառաջ եկավ նրան։

— Ռավիկ,— զարմացած հարցրեց նա։— Եկա՞ր։ Ինձ մո՞տ։

— Այո...

— Գիտե՞ս, որ դու դեռ ոչ մի անգամ այստեղ չես եղել։ Այն օրից ի վեր, ինչ ինձ այստեղ բերիր։

Ռավիկը մտացրիվ ժպտաց։

— Ճիշտ է, Ժոան։ Ես ու դու տարօրինակ կյանք ենք վարում։

— Այո, ինչպես խլուրդները կամ չղջիկները։ Կամ էլ բվերը։ Մենք տեսնվում ենք միայն այն ժամանակ, երբ մութն է։

Ժոանը փափուկ, լայն քայլերով սենյակում այս ու այն կողմ էր գնում։ Նրա հագին կոնքերը ամուր գրկած, տղամարդու ձևածքի մուգ֊կապույտ գույն ունեցող խալաթ էր, գոտին վրայից ամուր կապած։ Մահճակալի վրա գցած էր նրա իրիկնային սև շորը, որը նա հագնում էր «Շեհերազադեում» ելույթ ունենալիս։ ժոանը նրան թվաց աներևակայելի գեղեցիկ և անսահման հեռու։

— Քո գնալու ժամանակը չէ՞, ժոան։

― Դեռ ոչ։ Մի կես Ժամից հետո։ Սրանք իմ ամենալավ ժամերն են։ Երբ դեռ մի կես ժամ ժամանակ կա՝ մինչև «Շեհերազադե» գնալս։ Մի տես, թե ինչեր ունեմ — և սուրճ, և ժամանակ։ Ինձ թվում է, թե աշխարհի ամբողջ ժամանակն իմն է։ Մանավանդ, որ դու էլ այստեղ ես։ Հա, նաև կալվադոս ունեմ։— Ժոանը նրան մեկնեց կալվադոսի շիշը։ Ռավիկը նրա ձեռքից շիշը վերցրեց և, առանց բացելու, դրեց սեղանին։ Հետո քնքշորեն բռնեց ժոանի ձեռքերից։

— Ժոան,— ասաց նա։

Ժոանի աչքերում լույսը հանգավ։ Նա կանգնած էր Ռավիկի դիմաց, գրեթե նրան սեղմված։

— Ասա, տեսնեմ, քեզ ի՞նչ է պատահել․․․

— Ի՞նձ։ Ի՞նչ պետք է պատահի։

— Չգիտեմ։ Ինչ-որ բան։ Երբ դու այդպես ես լինում, նշանակում է, մի բան պատահել է։ Դրա համա՞ր ես եկել։

Ռավիկն զգաց, որ նրա ձեռքերն իրենից հեռանում են։ ժոանը տեղից չէր շարժվում։ Ձեռքերը նույնպես անշարժ էին։ Թվում էր, թե ինչ-որ բան նրանից պոկվում, հեռանում է։

— Ժոան, դու կարող ես այսօր երեկոյան ինձ մոտ չգալ։ Գուցե նաև վաղը... և ընդհանրապես մի քանի օր...

— Կլինիկայո՞ւմ ես մնալու։

— Ոչ։ Ուրիշ բան կա։ Ասել չեմ կարող։ Բայց դա մի բան է, որ ինձ ու քեզ հետ ոչ մի առնչություն չունի։

Մի պահ Ժոանը անշարժ կանգնած էր։

— Լավ,— ասաց նա։

— Ինձ հասկացա՞ր։

— Ոչ։ Բայց եթե դու ասում ես, ուրեմն, պետք է։

— Հո չե՞ս նեղանում։

Ժոանը նայեց Ռավիկին։

— Ի սեր աստծո, Ռավիկ,— ասաց Ժոանը։— Մի՞թե երբևէ ես կարող եմ քեզանից նեղանալ։

Ռավիկն աչքերը բարձրացրեց։ Նրան թվաց, թե ինչ֊որ մի ձեռք ուժեղ սեղմեց իր սիրտը։ ժոանն այդ ասաց, առանց որևէ նկատառումի, սակայն նա, թերևս, ոչնչով ավելի չկարողանար ցնցել Ռավիկին, քան արեց իր այդ պատասխանով։ Ռավիկը լուրջ չէր ընդունում այն ամենը, ինչ Ժոանը անկապ-անկապ շշնջում էր գիշերները։ Այդ բոլորն իսկույն մոռացության էր մատնվում, հենց որ դրսում լուսամատի տակ սկսում էր ծխել գորշ առավոտը։ Ռավիկը գիտեր, որ ժոանի՝ կրքերով հրապուրվելը սեփական անձով հրապուրվել է, արբեցման թմբիր, պայծառ բռնկում, րոպեի տրամադրության տուրք, բայց երբեք ոչ ավելին։ Իսկ այժմ, առաջին անգամ, նման այն օդաչուին, որը փայլփլող ամպերի ճեղքերի միջով, որտեղ լույսն ու մութը թաքստոցի են խաղում, հանկարծ հեռու ներքևում կանաչ, շագանակագույն և շողշողուն հող է տեսնում,— այժմ առաջին անգամ նա տեսավ ինչ֊որ մի բան, որը շատ ավելին էր, քան մինչև այդ իր տեսածը։ Կրքերի հրապուրանքի հետևում նա զգում էր նվիրվածության, արբեցման թմբիրի հետևում՝ զգացմունք, խոսքերի ղողանջի հետևում մարդկային վստահություն։ Նա սպասում էր ամեն ինչ — կասկածանք, հարցեր, անըմբռնողություն, բայց ոչ երբեք այս։ Միշտ մանրունքներն են, որ բացատրում են ամեն ինչ, մեծ արարքները ոչինչ չեն բացատրում։ Մեծ արարքներում դրամատիկական ժեստերն ու էֆեկտները չափազանց շատ են, շատ է ստելու գայթակղությունը։

Սենյակ։ Հյուրանոցային մի սենյակ։ Մի քանի ճամպրուկ, մի մահճակալ, լույս, լուսամուտից դուրս գիշերվա և անցյալի մի սև ամայություն... իսկ այստեղ մոխրագույն աչքերով ու բարձր հոնքերով պայծառ մի դեմք, փարթամ մազերի համարձակ սանրվածքի խոպոպիկներ — կյանք, ճկուն մի կյանք, որն այնպես է ձգտում իրեն, ինչպես դափնեվարդի թուփն է ձգտում լույսին... Ահա նա կանգնել է, սպասում է, լռում է, կանչում է. «Տիրի՛ր ինձ։ Բռնի՛ր», Մի՞թե ինքը վաղուց արդեն չի ասել նրան. «Ես քեզ կբռնեմ»։ Ռավիկը վեր կացավ։

— Բարի գիշեր, Ժոան։

— Բարի գիշեր, Ռավիկ։


Ռավիկը նստել էր «Ֆուքե» սրճարանի առջևը։ Նստել էր այն նույն սեղանի մոտ, որտեղ և առաջին անգամ։ Նստել էր ժամեր շարունակ, թաղված անցյալի խավարի մեջ, որտեղ մեն-մենակ մի թույլ լույս էր առկայծում, վրեժի հույսը։

Նրան բանտարկել էին 1933 թվականի օգոստոսին։ Իր ընկերներից երկուսին, որոնց գեստապոն փնտրում էր, նա տասնչորս օր թաքցրել էր իր տանը, իսկ հետո օգնել էր նրանց, որպեսզի փախչեն։ 1917 թվականին այդ ընկերներից մեկը Բիքսշոոտի մատույցներում, Ֆլանդրիայում, նրա կյանքը փրկել էր, գնդացրային կրակի պաշտպանության տակ դուրս բերելով նրան ոչ ոքի չպատկանող տերիտորիայից, որտեղ ինքն ընկած դանդաղ արնաքամվելիս էր եղել։ Երկրորդը մի հրեա գրող էր, որի հետ երկար տարիների ծանոթներ էին։ Ռավիկին բերին հարցաքննության, ուզում էին իմանալ, թե ո՞ր կողմն են փախել այդ երկու մարդը, ինչպիսի՞ փաստաթղթեր ունեին և ո՞վ պետք է օգներ նրանց ճանապարհին։ Հարցաքննողն ինքը Հաակեն էր։ Առաջին ուշագնացությունից սթափվելով, Ռավիկը փորձել էր Հաակեի ձեռքից խլել ատրճանակը՝ գնդակը ճակատին մեխելու կամ պարզապես հարվածելով սպանելու համար։ Նրան թվաց, թե ինքը ցատկեց դղրդացող, բոսոր մի խավարի մեջ։ Դա անիմաստ մի փորձ էր չորս զինված, ուժեղ տղամարդու դեմ դուրս գալու համար։ Երեք օր շարունակ նա անվերջ ուշաթափությունների և դանդաղ սթափումների մեջ էր, դժոխային ցավերը տանջում էին նրան... և ապա նորից Հաակեի սառը, նենգորեն ժպտացող դեմքը։ Երեք օր միևնույն հարցերը, երեք օր միևնույն խոշտանգումները և այնպիսի տանջանքներ, որ նա այլևս ընդունակ չէր ոչ ցավ, ոչ տառապանք զգալու։ Իսկ այնուհետև, երրորդ օրը երեկոյան ներս բերին կնոջը, Սիբիլային, որը ոչ մի բանի մասին գաղափար չուներ։ Ռավիկին ցույց տվին կնոջը, որպեսզի վերջինիս հարկադրեն խոստովանելու։ Սիբիլան փարթամ, գեղեցիկ մի էակ էր, որը սովոր էր երես առած, թեթև կյանքի։ Ռավիկին թվաց, թե Սիբիլան հիմա ճիչ կարձակի ու կտապալվի գետին։ Բայց Սիբիլան դիմացավ։ Նա մոլեգնորեն հարձակվեց դահիճների վրա, նրանց երեսին շպրտեց մահացու խոսքեր։ Մահացու հենց իր համար, և նա գիտեր այդ։ Հաակեի երեսից ժպիտը չքացավ, նա իսկույն ընդհատեց հարցաքննությունը։ Հաջորդ օրը նա Ռավիկին բացատրեց, թե Աիբիլայի հետ ինչ տեղի կունենա կանացի համակենտրոնացման ճամբարում, եթե ինքը ամեն ինչ չխոստովանի։ Ռավիկը ոչ մի պատասխան չտվեց։ Այդ ժամանակ Հաակեն բացատրեց, թե ինչ կարող են անել Սիբիլային՝ մինչև համակենտրոնացման ճամբար ուղղարկելը։ Ռավիկը ոչինչ չխոստովանեց, նա խոստովանելու ոչինչ չուներ։ Ռավիկը փորձում էր Հաակեին համոզել, որ Սիբիլան ոչինչ իմանալ չի կարող, որ ինքը միայն թեթևակի ծանոթություն ունի նրա հետ, որ Սիբիլան իր կյանքում շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան որևէ գեղեցիկ նկար, որ ինքը երբեք չէր վստահի Սիբիլային՝ նրա հետ ինչ-որ գաղտնիքներ բաժանելու։ Այդ բոլորը ճիշտ էր։ Հաակեն միայն ժպտում էր։ Երեք օր հետո Սիբիլան մահացավ։ Նա կանանց համակենտրոնացման ճամբարում կախվել էր։ Դրանից մի օր հետո բերին փախստականներից մեկին։ Դա հրեա գրողն էր։ Ռավիկը նայեց նրան, բայց նույնիսկ ձայնն էլ չկարողացավ ճանաչել։ Հաակեի հարցաքննությունները շարունակվեցին ևս մի շաբաթ, մինչև որ գրողը մահացավ։ Այնուհետև Ռավիկի համար եկավ ինքը համակենտրոնացման ճամբարը․․․ Հետո հիվանդանոցը... և ապա փախուստը հիվանդանոցից․․․


Հաղթական կամարի վրա կախվել էր արծաթյա լուսինը: Ելիսեյան դաշտերի երկարությամբ քամուց օրորվում էին լապտերները։ Լուսնի շռայլ լույսը արտացոլվում էր սեղանին դրված բաժակների մեջ։ Ամեն ինչ անիրական էր թվում։ Բաժակները, լուսինը, փողոցը, գիշերը և գիշերային այդ ժամը, որ իր սառը շնչով շոյում էր ինձ, օտար և ծանոթ, կարծես դա մի անգամ եղել էր, եղել էր ուրիշ մի կյանքում, ուրիշ մի մոլորակի վրա... Անիրական էին թվում անցած-գնացած տարիների հիշողությունները, որոնք և կենդանի են և մեռած միաժամանակ, հիշողություններ, որոնք ֆոսֆորի փայլ են արձակում իմ ուղեղում և քարացել են խոսքերի մեջ․․․ Անիրական է թվում նաև այն, ինչ հոսում է իմ երակների մթին ուղիներով, անխոնջ ու առանց դադարի, 36,7 աստիճան ջերմությամբ, համով փոքր֊ինչ աղի, չորս լիտր գաղտնիք ու անկանգ մի շարժում, արյուն, որը հորդում է դեպի ներվային հանգույցները։ Ոչնչի մեջ տեղավորել են հիշողություն կոչվող անտեսանելի մի պահեստ, որից թռչում է դեպի վեր աստղը աստղի հետևից, տարին՝ տարու, մերթ պայծառ, մերթ արնագույն, ինչպես Մարսը՝ Բերրի փողոցի վրա, իսկ երբեմն էլ աղոտ կերպով առկայծող ու բծերով ծածկված... Ահա հիշողությունների երկինքը, որի կամարների տակ անհանգիստ ներկան իր խճճված գործերն է կատարում։

Վրեժի կանաչ լույս։ Քաղաք, որ դանդաղ լողում է նվաղող լուսնի հողերի ներքո և ավտոմոբիլային մոտորների հռնդյունի մեջ։ Տների երկար անվերջանալիորեն ձգվող շարքեր, լուսամուտների շարան, իսկ նրանց հետևում փողոցի ամբողջ երկարությամբ փռված մարդկային ճակատագրերի խրձեր։ Մարդկային միլիոնավոր սրտերի տրոփյուն, չընդհատվող տրոփյուն, որ կարծես միլիոնավոր ձիերի ուժ ունեցող մոտորի հռնդյուն լինի, դանդաղ, անշտապ մի շարժում՝ կյանքի ճանապարհի երկարությամբ, որը սրտի յուրաքանչյուր հարվածի հետ միլիմետրը միլիմետրի հետևից մոտեցնում է մահվանը։

Նա տեղից վեր կացավ։ Ելիսեյան դաշտերը գրեթե դատարկ էին։ Միայն մի քանի պոռնիկներ էին, որ անկյուններում դեռ թրև էին գալիս։ Նա փողոցով ցած իջավ և, անցնելով Ռյու Պիեր Շարդոնի, Ռյու Մարբոֆի, Ռյու Մարինյանի մոտով, հասավ Ռոն Պուենին, և ապա թեքվեց ու ետ գնաց դեպի հաղթական կամարը։ Այդտեղ նա մոտեցավ Անհայտ գինվորի գերեզմանին։ Ստվերում թրթռում էր փոքրիկ կապույտ մի լույս, որի առաջ դրված էր թառամած մի ծաղկեպսակ։ Ռավիկը կտրեց-անցավ Էտուալ հրապարակը և շարժվեց դեպի այն բիստրոն, որի առջևում, ինչպես իրեն թվում էր, նա առաջին անգամ տեսել էր Հաակեին։ Բիստրոյում ընդամենը մի քանի վարորդներ էին նստած։ Ռավիկը տեղավորվեց լուսամուտի կողքին գտնվող սեղաններից մեկի մոտ, որտեղ նա նախորդ անգամ էր նստել, և սուրճ պատվիրեց։ Փողոցում ոչ ոք չկար։ Վարորդները խոսում էին Հիտլերի մասին։ Նրանք Հիտլերին համարում էին ծիծաղելի և կանխագուշակում էին, որ շուտով նրա վերջը կլինի, եթե նա համարձակվի ձեռք մեկնել Մաժինոյի գծին։

Ռավիկը լուսամատից դուրս էր նայում։ Ինչո՞ւ եմ նստել այստեղ, մտածեց նա։ Այսպես ես կարող էի նստել Փարիզի ցանկացած տեղում և հավանականությունը նույնը կլիներ։ Նա նայեց ժամացույցին։ Երեքից պակաս էր մի քանի րոպե։ Արդեն շատ ուշ է։ Հաակեն (եթե իսկապես դա նա էր) այս ժամին հազիվ թե դուրս գար փողոց շրջելու։

Ռավիկը տեսավ, թե դրսում՝ մայթի վրա, ինչպես է թափառում մի պոռնիկ։ Հետո պոռնիկը մոտեցավ լուսամատին, ներս նայեց և շարունակեց իր ճանապարհը։ Եթե վերադառնա, վեր կկենամ ու կգնամ, մտածեց Ռավիկը։ Պոռնիկը վերադարձավ։ Ռավիկը տեղից չշարժվեց։ Եթե մի անգամ էլ գա, անպայման կգնամ, վճռեց նա։ Նշանակում է, Հաակեն Փարիզում չէ։ Պոռնիկը նորից վերադարձավ։ Նա գլխով արեց Ռավիկին ու շարունակեց իր ճանապարհը։ Ռավիկը դարձյալ տեղից չշարժվեց։ Պոռնիկը կրկին վերադարձավ։ Ռավիկը չէր գնում:

Քելները սկսեց բիստրոյի դահլիճը հավաքել, աթոռները դրեց սեղանների վրա։ Վարորդները վճարեցին ու դուրս գնացին։ Քելները անջատեց կանգնակների վերևի լույսը։ Դահլիճը սուզվեց վաղորդյան կեղտավուն խավարի մեջ։ Ռավիկը աչքածեց շուրջը։

— Եկեք, ստացեք,— ասաց նա, հայացքը շրջելով քելների կողմը։


Դրսում քամին սաստկացավ, եղանակը ցրտեց։ Ամպերը բարձրացան և սկսեցին սահել ավելի արագ։ Ռավիկը հասավ Ժոանի հյուրանոցին ու կանգ առավ։ Բոլոր լուսամուտները մութ էին, բացառությամբ մեկից, որի վարագույրների հետևում թարթում էր մի լույս։ Դա Ժոանի սենյակն էր։ Ռավիկը գիտեր, որ նա չի սիրում մութ սենյակ մտնել։ Ժոանը լույսը վառած էր թողել, նախապես իմանալով, որ ինքն այսօր Ռավիկի մոտ չի գնա։ Ռավիկը նայեց վերև և հանկարծ ինքն իրեն թվաց անհասկանալի։ Հետաքրքիր է, ինքն ինչո՞ւ չուզեց հանդիպել Ժոանին ։ Հիշողությունները Սիբիլայի մասին վաղուց արդեն մոռացության էին մատնվել, պահպանվել էին միայն այն հիշողությունները, որոնք կապված էին նրա մահվան հետ։

Իսկ մյուսը՞։ Հաակեի հայտնվելը Փարիզո՞ւմ։ Դա ի՞նչ կապ ունի Ժոանի հետ։ Ի՞նչ կապ ունի անգամ իր հետ։ Մի՞թե ինքը հիմար չէ։ Ընկել է ինչ֊որ պատրանքների, ինչ֊որ սարսափելի և խճճված սև հիշողությունների հետևից, ընկել է հոգու ինչ֊որ մութ շարժման իշխանության տակ... որն ինքը նորից է սկսել զգալ մեռյալ տարիների խարամի մեջ, որոնք վերակենդանացել են շնորհիվ անհեթեթ, անիծյալ նմանության... ինչո՞ւ քչփորել անցյալը, եթե կրկին է ցավում և արյունոտվում հազիվհազ բուժված վերքը։ Չէ՞ որ դրանով վտանգի տակ է դրվում այն ամենը, ինչ ինքը կառուցել է իր մեջ, վտանգի տակ է դրվում միակ այն մարդը, որն իսկապես կապված է իրեն։ Եվ առհասարակ ինչ կապ կա մեկի և մյուսի միջև, մի՞թե արժե մտածել անցյալի մասին։ Մի՞թե այդ նույնը ինքը չի ներշնչել իրեն անթիվ ու անհամար անգամ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր խուսափել դրանից։ Այլապես որտե՞ղ կարող էր մնացած լինել։

Ռավիկն զգաց, թե ինչպես է արճիճը հալվում իր մարմնի մեջ։ Նա խոր շունչ քաշեց։ Քամին ամբողջ թափով սուրում էր փողոցի երկարությամբ։ Ռավիկը նորից նայեց լուսավորված լուսամուտին։ Այնտեղ կար մեկը, որի համար ինքը ինչ֊որ բան է նշանակում, մեկը, որի համար ինքը թանկ է, մեկը, որի դեմքը փոխվում ու պայծառանում է իրեն տեսնելիս, և այդ ամենը նա քիչ մնաց զոհ դարձնի աղավաղված պատրանքներին, զոհ դարձնի մի մոլագարության, որը համբերությունը կորցրած ամեն ինչ ժխտում է հանուն վրեժի խաբուսիկ հույսի...

Սակայն ի՞նչ էր նրա ուզածը։ Ինչի՞ համար էր պաշտպանվում։ Ո՞ւմ դեմ էր ելնում։ Կյանքը տրվում էր իրեն, իսկ ինքը մերժում էր և հրաժարվում։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ տրվելիքը չափազանց քիչ էր, այլ այն, որ, ընդհակառակը, տրվում էր չափազանց շատ։ Ռավիկի գլխով, ըստ երևույթին, նախ պետք է անցներ արյունահեղ անցյալի մրրիկը, որպեսզի նա կարողանար այդ հասկանալ։ Նա ուսերը թոթվեց։ Սիրտս է, մտածեց նա։ Սիրտս է։ Ինչպիսի՜ պատրաստակամությամբ է նա ամեն ինչին արձագանքում։ Ինչպե՜ս է թպրտում։ Ահա լուսամուտը, մտածեց նա, լուսամուտը, որ միայնակ վառվում է գիշերային խավարի մեջ, որ ուրիշ կյանքի մի ցոլք է, կյանք, որն անզուսպ նետվել է նրան ընդառաջ, որն անկեղծ է, պատրաստակամ, և այնքան հավատով լեցուն, որ նա ինքն էլ բացեց իր սիրտը։ Տենչանքի բոց, քնքշության թափառող լույս, արյան վայրկենապես բռնկվող ամպրոպային շիկացած փայլատակումներ... Այդ ամենը ծանոթ էր, այդ ամենը վաղուց արդեն ծանոթ էր, այդ ամենը ծանոթ էր այնքան վաղուց, որ թվում էր, թե գիտակցությունը երբեք այլևս չի կարող խորտակել սիրո փափուկ, ոսկեգույն շփոթը... Եվ այնուամենայնիվ, նա գիշերը կանգնած է երրորդ կարգի մի հյուրանոցի առաջ, և նրան թվում է, թե ասֆալտից ծուխ է բարձրանում, և այդ ծուխը գալիս է հողագնդի մյուս կողմից, թվում է, թե Կոկսի կապույտ կղզիներից բարձրանում է տրոպիկական գարնան ջերմությունը, զտվում օվկիանոսների մեջ, անցնում բուստահատակի, լավայի և խավարի միջով, և հանկարծ իր ամբողջ թափով դուրս ժայթքում այստեղ։ Փարիզի մեջ, այս խղճուկ Պոնսելե փողոցում, վրեժով ու անցյալով լցված այս մութ գիշերին, բերելով իր հետ մուշկի և պատկառուկի բուրմունք... Եվ հանկարծ, չգիտես ինչ առեղծվածով, անդիմադրելի և անառարկելի վրա է հասնում խաղաղությունը։


«Շեհերազադեն» լցված էր մարդկանցով։ Ժոանը մի քանիսի հետ նստած էր սեղաններից մեկի շուրջը։ Նա Ռավիկին իսկույն նկատեց։ Ռավիկը կանգնած էր դռան շեմին։ Դահլիճը սուզվել էր ծխի և երաժշտության մեջ։ Ժոանը իր հետ նստածներին ինչ֊որ բան ասաց և շտապելով Ռավիկին ընդառաջ եկավ։

— Ռավիկ...

— Դու դեռ գո՞րծ ունես։

— Ինչո՞ւ։

— Ուզում եմ քեզ հետս տանել։

— Բայց չէ որ դու ասում էիր...

― Ինչ ասում էի, անցավ։ Ասա, այստեղ դեռ անելիք ունե՞ս, թե չէ։

— Չունեմ։ Միայն պետք է այն նստածներին ասեմ, որ ես գնում եմ։

— Դե շուտ արա, ես դրսում տաքսու մեջ քեզ սպասում եմ։

— Հիմա։— ժոանը կանգ առավ։— Ռավիկ․․․

Ռավիկը նրան նայեց։

— Դու ինձ համա՞ր եկար,— հարցրեց Ժոանը։

Ռավիկը մի պահ հապաղեց։

— Իհարկե, քեզ համար,— ասաց Ռավիկը հազիվ լսելի ձայնով։ Ժոանի հուզումնալից դեմքը ձգվեց նրան ընդառաջ։— Այո, Ժոան։ Քեզ համար, միայն քեզ համար։

Ժոանը արագ մի շարժում արեց։

— Որ այդպես է, արի գնանք,— ասաց նա։— Գործ չունենք սրանց հետ։


Տաքսին սլանում էր Լիեժ փողոցի երկարությամբ։

— Ի՞նչ է պատահել, Ռավիկ։

— Ոչ մի բան։

— Ես սոսկալի վախեցա։

— Մոռացիր այդ մասին։ Ոչինչ չի պատահել։

Ժոանը նայեց նրան։

— Ես կարծում էի դու այլևս չես գա։

Ռավիկը խոնարհվեց նրա կողմը և զգաց, թե նա ինչպես է դողում։

— Ժոան,— ասաց Ոավիկը։— Ոչնչի մասին ոչ մտածիր և ոչ էլ որևէ հարց տուր ինձ։ Տեսնո՞ւմ ես լապտերների լույսերը և դրսի սյդ հազարավոր խայտաբղետ ցուցանակները։ Մենք մեռնող մի ժամանակ ենք ապրում, իսկ այս քաղաքը ապրում է լիակատար կյանքով։ Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են։ Ես լուսնի վրա ինչ֊որ տեղ էի և ահա նորից վերադարձել եմ... Դու այստեղ ես, դու կյանքն ես։ Ոչինչ մի հարցրու այլևս։ Քո մազերի մեջ ավելի շատ գաղտնիքներ կան, քան հազարավոր հարցերում։ Մեր առջևում գիշեր է. մի քանի ժամ, ամբողջ մի հավիտենականությունից մինչև բացվող առավոտի աղմկելը լուսամուտի տակ։ Մարդիկ սիրում են միմյանց, և ամեն ինչ դրանում է։ Դա և հրաշագործություն է և ամենահասկանալի ու հասարակ բանը աշխարհի երեսին: Ես այսօր այդ զգացի... Երբ գիշերը հալվեց ու դարձավ ծաղկափթիթ մի թուփ, և քամին բերեց մորի բուրմունքը... Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։ Ուրեմն, էլ ինչո՞ւ ապրել։ Մարդ կարող է նաև նույն հաջողությամբ մեռնել...

Լապտերների լույսը տաքսու լուսամուտներից ներս էր խուժում, ինչպես փարոսի պտտվող լուսարձակի լույսն է խուժում նավային կայուտայի խավարի մեջ։ Ժոանի աչքերը նրա գունատ դեմքին մերթ թափանցիկ էին թվում, մերթ վերին աստիճանի սև։

— Մենք չենք մեռնում,— ասաց Ժոանը Ռավիկի թևին ընկած։

— Ոչ։ Չենք մեռնում։ Միայն ժամանակն է մեռնում։ Անիծյալ ժամանակը։ Ժամանակը մեռնում է միշտ։ Իսկ մենք ապրում ենք։ Ապրում ենք անընդհատ։ Երբ դու արթնանում ես, արդեն գարուն է, իսկ երբ աչքերդ փակում ես ու քնում, դրսում աշուն է արդեն, իսկ դրանց միջև ձմեռ է և ամառ, և եթե մենք սիրում ենք միմյանց, ուրեմն, հավիտենական ենք և անկործան, ինչպես սրտի բաբախյունը, անձրևը, քամին — և դա չափազանց շատ է։ Մենք նվաճում ենք օրերը, սիրելիս, և բաց ենք թողնում ու կորցնում տարիները։ Բայց ո՞վ է դրանով հետաքրքրվում, ո՞ւմ է վիշտ պատճառում դա։ Բերկրանքի ժամը — ահա որն է կյանքը։ Բերկրանքի ակնթարթն է, որ ամենից շատ է մոտ հավիտենականությանը։ Քո աչքերը առկայծում են, աստղերի փոշին ծորում է անսահմանության միջով, աստվածները ծերանում են, սակայն քո շրթունքները թարմ են ու երիտասարդ։ Մեր միջև թրթռում է մի հանելուկ — Ես-ը և Դու-ն, Կանչ-ը և Պատասխան֊ը, որոնք ծնունդ են առել երեկոներից, մթնշաղերից, բոլոր սիրահարների ցնծագին բերկրանքներից, կրքերի մոլեգին ճիչերից... որոնք այստեղ են հասնում ամենահեռավոր հեռու ժամանակներից... Եվ անվերջանալի այդ ճանապարհը սկիզբ է առնում ամյոբայից ու գալիս դեպի Ռութը, և դեպի Էաֆիրան, և դեպի Հելենեն, և դեպի Ասպազիան, դեպի ճանապարհամերձ մոտորների երկնագույն մադոննաները, սողուններից ու կենդանիներից դեպի քեզ և դեպի ինձ...

Ժոանը անշարժ սեղմվել էր նրան, գունատ, ինքնամոռաց նվիրվածությամբ, իսկ Ռավիկը խոնարհվել էր նրա վրա ու խոսում, խոսում էր անընդհատ ու անվերջ, և սկզբում նրան թվաց, թե ստվերի նման մեկը նայում է իր հետևից, նայում է ուսերի վրայով և խոսում է գրեթե անձայն, դեմքին անորոշ մի ժպիտ, խոսում է իր հետ... Եվ նա խոնարհվեց ավելի ցած և զգաց, թե ինչպես է այդ ստվերը ընդառաջ գալիս իրեն... Այդպես շարունակվեց ևս մի վայրկյան... և ապա ամեն ինչ ցնդեց ու անհետացավ․․․