Հաղթական կամար - XV գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XIV գլուխ Հաղթական կամար - XVI գլուխ ▶


Ռավիկն արթնացավ կամաց-կամաց։ Որոշ ժամանակ նա դեռ պառկած էր երազի և իրականության ինչ-որ տարօրինակ կիսախավարում․․․ Քունը դեռ շարունակվում էր, շարունակվում էր գունատ ու ծվատված․․․ Բայց միևնույն ժամանակ Ռավիկը գիտեր, որ դա միայն երազ է։ Նա Շվարցվալդում էր, Գերմանիայի սահմանի մոտ գտնվող երկաթուղային փոքրիկ կայարանում։ Մոտակայքում ինչ-որ տեղ աղմկում էր ջրվեժը։ Լեռներից եղևնիների բուրմունք էր փչում։ Ամառ էր, հարթավայրում տարածվել էր խեժի և խոտերի հոտը։ Երկաթուղային ռելսերի վրա շողշողում էին մայրամուտի ցոլքերը․․․ թվում էր, թե այդ գծերով մի գնացք է սլացել՝ արյան հետքեր թողնելով իր հետևից։ Ես ի՞նչ եմ անում այստեղ,― մտածեց Ռավիկը։ Ի՞նչ եմ անում այստեղ՝ Գերմանիայում։ Չէ՞ որ ես Ֆրանսիայում եմ։ Փարիզում եմ գտնվում։ Փափուկ, երփներանգ մի ալիք վերցրեց նրան ու նորից սուզեց քնի մեջ։ Փարիզ․․․ Փարիզը սուզվեց մառախուղային գորշ մշուշի մեջ և անհետացավ։ Նա Փարիզում չէր։ Նա գտնվում էր Գերմանիայում։ Ինչո՞ւ էր նորից եկել այստեղ։

Ռավիկը քայլում էր փոքրիկ կայարանի կառամատույցով։ Լրագրային կրպակի մոտ կանգնել էր միջին տարիքի լիքը-լիքը դեմքով մի երկաթուղային և «Ֆյոլկիշեր բեոբախտեր» էր ընթերցում։

— Հաջորդ գնացքը ե՞րբ է ուղևորվում,— հարցրեց Ռավիկը։

Երկաթուղայինը ծուլորեն նայեց նրան։

— Ո՞ւր եք գնում։

Հանկարծ Ռավիկին ողողեց սարսափի մի տաք ալիք։ Որտե՞ղ էր նա գտնվում։ Ինչպե՞ս էր կոչվում այդ տեղը։ Ի՞նչ երկաթուղային կայարան էր այդ։ Չասի՞ նրան, որ ինքը Ֆրայբուրգ է մեկնում։ Գրողի ծոցը գնա այս բոլորը, ինչո՞ւ ինքը չգիտի, թե ուր է ընկել։ Նա նայեց կառամատույցի երկարությամբ։ Ոչ տեղի անուն կա գրած, ոչ որևէ ցուցանակ։ Ռավիկը ժպտաց։

— Ես արձակուրդում եմ,— ասաց նա։

— Իսկ ո՞ւր եք մեկնում,— հարցրեց երկաթուղայինր։

— Հենց այնպես, ուր պատահի, ուղղակի շրջում եմ։ Պատահաբար իջա։ Գնացքի լուսամուտից նայում էի, տեղը դուր եկավ, Բայց արդեն էլ դուր չի գալիս։ Ջրվեժ տանել չեմ կարողանում։ Հիմա ուզում եմ շարունակել ճամփաս։

— Բայց ո՞ւր եք ուզում գնալ։ Չէ՞ որ դուք պետք է իմանաք, թե ուր եք գնում։

— Ես վաղը չէ մյուս օրը պետք է Ֆրայբուրգում լինեմ։ Դրա համար դեռ ժամանակ կա։ Պարզապես հենց այնպես, աննպատակ թափառում եմ, դա ինձ հաճույք է պատճառում:

— Այս գիծը Ֆրայբուրգ չի տանում,— ասաց երկաթուղայինն ու նայեց Ռավիկին։

Ինչ հիմարություն եմ դուրս տալիս, մտածեց Ռավիկը։ Առհասարակ ինչո՞ւ եմ հարցեր տալիս։ Եվ ինչո՞ւ չէի կարող առանց զրույցի բռնվելու պարզապես սպասել։ Ինչպե՞ս ես ընկա այստեղ։

— Գիտեմ,— ասաց նա։— Բայց ես դեռ ահագին ժամանակ ունեմ։ Այս տեղերում խմելու համար բալաջուր չկա՞։ Շվարցվալդի իսկական բալաջուր։

— Այնտեղ, բուֆետում կա,— ասաց երկաթուղայինը, ուշադիր նայելով նրա հետևից։

Ռավիկը դանդաղ քայլեց կառամատույցով։ Կայարանի ծածկույթի տակ գտնվող ցեմենտե հատակի վրա լսվում էր նրա ոտնաձայների արձագանքը։ Առաջին և երկրորդ կարգի ուղևորների սպասասրահում նստել էին երկու տղամարդ։ Ռավիկն զգում էր իր հետևից նրանց հայացքները։ Երկու ծիծեռնակ ներս թռան ու սուրացին առաստաղի երկարությամբ։ Ռավիկը ձևացրեց, թե նայում է թռչող ծիծեռնակներին և աչքի պոչով սկսեց երկաթուղայինին հետևել։

Երկաթուղայինը լրագիրը ծալեց և շարժվեց Ռավիկի հետքերով։ Ռավիկը գնաց դեպի բուֆետ, որտեղից գարեջրի հոտ էր գալիս։ Բուֆետում հաճախորդներ չկային։ Ռավիկը դուրս եկավ այնտեղից։ Երկաթուղայինը կանգնած էր դրսում։ Նկատելով Ռավիկին, նա մտավ սպասասրահը։ Ռավիկը քայլերն արագացրեց։ Նա գլխի ընկավ, որ իրեն հետևում են։ Կայարանի շենքի անկյունում նա կանգ առավ ու ետ նայեց։ Կառամատույցում ոչ ոք չկար։ Նա շտապ անցավ ուղեբեռային բաժնի և դրամարկղային լուսամուտի արանքով, կուզեկուզ գնաց դեպի ուղեբեռային կանգնակը, որտեղ կաթի մի քանի բիդոններ էին դրված։ Հետո այդտեղից անցնելով պատուհանի տակով, որտեղից հեռագրային ապարատի տկտկոց էր գալիս, հայտնվեց շենքի մյուս կողմում։ Զգուշորեն նայելով շուրջը արագ-արագ անցավ գծերը և, ծաղկած մարգագետնի միջով վազելով ու թափելով կաթնուկների բմբուլները, հասավ եղեգնուտին։ Այդտեղ նա շրջվեց ու ետ նայեց։ Կայարանի կառամատույցին կանգնած էին երկաթուղայինն ու սպասասրահի երկու տղամարդը։ Երկաթուղայինը ցույց տվեց Ռավիկին, և մյուս երկուսը նետվեցին նրա հետևից։ Ռավիկը ճեղքելով եղեգնուտը, անցավ առաջ։ Փշոտ ճյուղերը շփշփալով մտրակում էին նրա երեսին։ Մեծ աղեղ տալով, նա կանգ առավ ու թեքվեց թփուտների մեջ, Ռավիկը լսում էր, թե ինչպես են նրանք մացառները ճեղքելով շարժվում առաջ։ Նա նորից սկսեց փախչել, անընդհատ կանգ առնելով ու ականջ դնելով հետապնդողների ոտնաձայներին։ Երբ աղմուկը դադարում էր, նա իսկույն թաքնվում էր ու լարված սպասում։ Իսկ երբ նորից էին լսվում ճյուղերի ճտճտոցը, վայրկենապես ցատկում էր ու փորսող տալով նետվում առաջ, աշխատելով որքան կարելի է քիչ աղմուկ հանել։ Ականջ դնելիս նա շունչը գցում էր փորը և բռունցքները սեղմում։ Այնպես էր ուզում տեղից վեր թռչել ու փախչել ինչքան ոտքերում ուժ կա, փախչել առանց ետ նայելու։ Բայց այդպես նա կարող էր մատնել իրեն, ցույց տալ, թե ինքը որտեղ է։ Շարժվել նա կարող էր միայն հետապնդողների հետ միաժամանակ, երբ նրանք նույնպես շարժվում էին։ Ռավիկը պառկել էր թավուտում լերդատունկի կապույտ ծաղիկների մեջ։ Hepatica triloba, մտածեց նա։ Hepatica triloba, եռաբլթակ լերդուկ։ Թվում էր, թև անտառը վերջ չունի։ Ճյուղերի ճտճտոցի ձայնը հիմա գալիս էր բոլոր կողմերից։ Նա զգում էր, թե ինչպես է քրտինքը հեղեղի նման դուրս հորդում մարմնի բոլոր ծակոտիներից։ Եվ հանկարծ ծնկներն այնպես սկսեցին ծալվել, կարծես հոդերը փափկել էին։ Նա փորձեց տեղից վեր կենալ, բայց թվաց, թե խրվում է հողի մեջ։ Չլինի՞ ճահճուտ է։ Նա շոշափեց հողը։ Ոտքերի տակ գետինն ամուր էր։ Պատճառը ոտքերն էին, պարզապես ոտքերը դարձել էին ռետինե։ Հետապնդողները մոտենում էին, գալիս էին ուղղակի նրա վրա։ Նա տեղից վեր թռավ, բայց ռետինե ծնկները նորից ծալվեցին։ Ռավիկը ոտքերը պրկեց, լարեց ամբողջ ուժը և սողաց առաջ։ Ճյուղերի ճարճատյունը նրա հետևում ավելի ու ավելի էր մոտենամ․․․ Սաղարթների միջից հանկարծ երևաց կապույտ երկինքը, առջևում մի բացատ հայտնվեց։ Ռավիկն զգաց, որ եթե ինքը արագ չկտրի ու չանցնի բացատը, արդեն կորած է։ Նա ոտքերը պրկում ու քարշ էր գալիս, լարելով ամբողջ ուժերը։ Հանկարծ ետ նայեց, հետևին տեսավ մեկի դեմքը․․․ դա Հաակեի նենգ, քմծիծաղող դեմքն էր․․․ Ռավիկը սուզվում էր․․․ սուզվում էր անզեն, անօգնական, շնչակտուր․․․ նա ձեռքերով ծվատում էր ճահիճ սուզվող իր կուրծքը․․․ տնքում էր․․․

Տնքո՞ւմ էր։ Որտե՞ղ էր նա։ Ռավիկն զգաց, որ ձեռքերր դրել է իր վզին։ Ձեռքերը թաց էին։ Վիզը նույնպես թաց էր, թաց էր նաև կուրծքը։ Թաց էր երեսը։ Նա աչքերը բացեց։ Մինչև հիմա չգիտեր, թե ինքը որտեղ է գտնվում — եղևնուտի ճահճուտո՞ւմ թե մի ուրիշ տեղ։ Նա դեռ ոչինչ չգիտեր Փարիզի մասին։ Ճերմակ մի լուսին խաչված կախվել էր անծանոթ երկրի վրա։ Սևին տվող խաչի հետևում գունատ մի լույս էր երևում, որ կարծես խաչված սրբի լուսապսակ լիներ։ Սպիտակ մեռած մի լույս անձայն ճչում էր գունաթափ երկաթագույն երկնքում։ Փարիզի «Ինտերնացիոնալ» հյուրանոցի սենյակներից մեկի լուսամատի խաչափայտի հետևում կախված լիալուսին։ Ռավիկը տեղից ելավ։ Այս ի՞նչ կատարվեց նրա հետ։ Արյունով լցված մի գնացք, մի գնացք, որից արյուն էր ծորում, մի գնացք, որն արյունոտված ռելսերով սուրում է ամառային երեկոյի մթնշաղի միջով։ Հարյուրերորդ անգամ արդեն կրկնված երազ, նա նորից Գերմանիայում է, հալածական, հետապնդված, ենթարկված արյունարբուների իշխանության դահիճների ճնշումներին, իշխանություն, որն սպանությանը օրինականության ուժ է տվել․․․ Որքա՜ն հաճախ է նա տեսել այդ երազը։ Ռավիկն անքթիթ նայում էր լուսնին, որն իր արտացոլած լույսով գունաթափում էր աշխարհի գույները։ Երազներ, որոնք լի են համակենտրոնացման ճամբարների սարսափներով, տանջամահ արված բարեկամների քարացած դեմքերով, անարցունք, լերդացած վշտով այն բոլոր մարդկանց, որոնք կենդանի էին մնացել, երազներ, որոնք լի էին բաժանման տառապանքով և տխրությամբ այնպիսի մենակության, որի դառնությունը երբեք բառերով չի արտահայտվի։ Ցերեկը դեռ հաջողվում էր ինչ֊որ պատնեշ կանգնեցնել, ստեղծել մի հողաթումբ, որի հետևում ծածկվում, չէր երևում անցյալը։ Երկար, տառապալից տարիների ընթացքում էր բարձրանում այդ թումբը, ցանկությունները խեղդվում էին ցինիզմով, հիշողությունները դաժանորեն տրորվում էին ու թաղվում, ամեն ինչ մարդ պոկում էր վրայից ու մի կողմ շպրտում, ընդհուպ մինչև անունը, զգացմունքները ցեմենտի նման քարանում էին։ Բայց բավական է մի պահ քեզ մոռացության մատնես, և անցյալի գունատ կերպարանքը նորից է հառնում քո դեմ, հառնում է քաղցրանուշ, ցնորական, կանչող, և մարդ ստիպված է լինում խեղդել այդ ամենը ալկոհոլի մեջ, խմելով մինչև գիտակցության կորուստը։ Այդպես լինում էր ցերեկը․․․ Իսկ գիշերները մարդ դառնում է բոլորովին անօգնական, թուլանում են ներքին կարգապահության արգելակները և մարդ սկսում է գլորվել ղեպի ցած։ Գիտակցության հորիզոնի հետևից նորից է ամեն ինչ հառնում դեպի վեր, նորից է վեր բարձրանում գերեզմաններից, սառած ջղաձգումը հալչում, ետ է գալիս, սողալով մոտենում են ստվերները, արյունն սկսում է գոլորշի արձակել, վերքերը բացվում են, և սև մրրիկը փոթորկվում է բոլոր բարիկադների ու ամրոցների վրա։ Մոռանա՜լ։ Դա հեշտ է, քանի դեռ կամքի լապտերը աշխարհը լուսավորում է, բայց երբ նրա լույսը հանգչում է, երբ լսվում է որդերի խլրտումը, երբ խորտակված անցյալը ջրասույզ Վինեաայի նման ալիքների միջից խոյանում է վեր և նորից կենդանանում,— այն ժամանակ ամեն ինչի բնույթը փոխվում է։ Այն ժամանակ մնում է միայն մի ելք․ խմել մինչև ծանր, կապարե թմբիրը, խմել երեկոն երեկոյի հետևից, խմել ու խլանալ․․․ գիշերները ցերեկ դարձնել, ցերեկները՝ գիշեր․․․ Ցերեկներն այլ երազներ էր տեսնում, տեսնում էր ոչ այդպիսի կորստաբեր և ամեն ինչից զրկող ու դուրս նետող երազներ։ Գիշերները նա աշխատում էր չքնել։ Հաճախ հյուրանոց էր վերադառնում այն ժամանակ, երթ լույսն արդեն սկսում էր բացվել և վաղորդյան աղջամուղջը սողում էր քաղաքի փողոցներով։ Կամ սպասում էր «Կատակոմբայում» և խմում պատահած մարդու հետ, ով չէր մերժում նրա այդ խնդրանքը։ Հետո «Շեհերազադեից» գալիս էր Մորոզովը, և Ռավիկը խմելը շարունակում էր նրա հետ անլուսամուտ սրահի արհեստական արմավենու տակ նստած, որտեղ միայն ժամացույցով կարելի էր որոշել դրսի լույս ու մութ լինելը։ Այդպիսի հարբեցողությամբ զբաղվում են միայն ստորջրյա նավերում։ Իհարկե, նման դեպքերում շատ հեշտ է գլուխն օրորել ու հանդիմանությամբ ասել, որ մարդ պետք է խելամիտ լինի։ Բայց սատանան տանի, իրականում ամենևին էլ հեշտ չէ կյանքը, ինչպես ուզում ես վերցրու, կյանք է։ Նա և անհրաժեշտ է և անսահման արժեքավոր։ Կյանքից կարելի է հրաժարվել, դա շատ հեշտ է։ Բայց չէ՞ որ հրաժարվելով կյանքից, մարդ հրաժարվում է նաև վրեժից, հրաժարվում է այն ամենից, ինչ ամեն օր և ամեն ժամ ծաղրուծանակի է ենթարկվում, ինչի վրա թքում են և արհամարհում, ինչը մոտավորապես հավատ է կոչվում դեպի մարդկայնությունը և մարդկությունը։ Այդ հավատն, այնուամենայնիվ, ապրում է, ճիշտ է, ապրածդ կյանքը դատարկ է, բայց հո չես կարող այն շպրտել դատարկ փամփուշտի նման։ Այդ կյանքը դեռ պետք կգա պայքարի համար, երբ ժամանակը գա, նա կարող է օգտակար լինել։ Ոչ թե անձնական հաշիվների համար, և ոչ էլ հանուն վրեժխնդրության, որքան էլ ուզում է ծարավի լինես վրեժի, ոչ էգոիզմի և ոչ նույնիսկ ալտրուիզմի համար, ինչ էլ ուզում է լինի, միևնույն է, այս աշխարհը պետք է դուրս քաշել արյան ու կեղտի միջից, թող որ այդ դուրս քաշածը լինի ընդամենը մի քանի վերշոկ, միևնույն է, կարևորն այստեղ այն է, որ մարդ կռվել է, կռվել է առանց դադարի, ուղղակի կռվել է, բաց չթողնելով պայքարի իր հեռանկարը, քանի դեռ կա և շնչում է։ Սակայն սպասումը լափում է մարդու։ Գուցե այդ սպասումն անհուսալի է։ Մանավանդ որ հոգու խորքում մարդ սարսափ է զգում, թե երբ վերջապես ժամանակը վրա հասնի, դու արդեն ջախջախված կլինես, քայքայված, ուժասպառ կլինես այդ անվերջանալի սպասումների հետևանքով, հոգնած կլինի և հյուծված քո մարմնի ամեն մի բջիջը, ուժ չես ունենա այլևս ոտքի կանգնելու և քայլելու մյուսների հետ միևնույն շարքում։ Մի՞թե այդ չէ պատճառը, որ մարդ ուզում է իր հիշողության մեջ տրորել այն ամենը, ինչ լափում է ջղերը, դաժանությամբ ոչնչացնել ամեն ինչ սարկազմով, ծաղրով և նույնիսկ մի առանձնահատուկ սենտիմենտալությամբ, փախչել, թաքնվել ուրիշ մարդու մեջ, ուրիշ «ես»-ում։ Բայց ահա մարդ նորից դառնում է անզոր ու անօգնական և տրվում քնի ողորմածությանն ու անցյալի պատրանքներին․․․

Հսկայական լուսինը սահեց լուսամուտի խաչափայտի տակ։ Նա այլևս նման չէր խաչված սրբի։ Դա ճարպոտ, անպարկեշտ մի լրտես էր, որը վավաշոտ հայացքով նայում էր ուրիշի սենյակներն ու անկողինները։ Ռավիկն արդեն լրիվ արթնացել էր։ Այս անգամ երազն այնքան էլ սարսափելի չէր։ Նրա տեսած երազների մեջ կային ավելի սարսափելիները։ Բայց երկար ժամանակ էր, ինչ նա առհասարակ երազ չէր տեսնում։ Երկար ժամանա՞կ։ Ռավիկն սկսեց մտածել, թե երբվանից․․․․․․ Այո, թերևս այն ժամանակից ի վեր, ինչ ինքը այլևս մենակ չէր քնում։

Նա ձեռքով շոշափեց մահճակալի կողքը։ Շիշը չկար։ Մի քանի ժամանակ էր, ինչ շիշը դրվում էր ոչ թե մահճակալի կողքը, այլ սենյակի անկյունում գտնվող սեղանի վրա։ Ռավիկը մի պահ տատանվեց։ Խմելը ամենևին էլ անհրաժեշտ չէր, նա գիտեր այդ։ Բայց նաև անհրաժեշտ չէր չխմելը։ Ռավիկը տեղից ելավ և բոբիկ ոտքերով մոտեցավ սեղանին։ Հետո մի բաժակ գտավ, բացեց շիշը և խմեց։ Դա հին կալվադոսի մնացորդն էր։ Նա բաժակը մոտեցրեց լուսամուտին։ Լուսնի շողերի տակ բաժակը ծիածանաքարի նման շողշողաց։ Օղին չի կարելի լույս տեղ դնել, մտածեց նա։ Ոչ արևի տակ և ոչ էլ լուսնի։ Վիրավոր զինվորները, որոնք ամբողջ գիշերը լիալուսնի ժամանակ դրսում էին մնում, ավելի էին թուլանում, քան մութ գիշերներին։ Ռավիկը գլուխն օրորեց և խմեց բաժակը։ Հետո նորից լցրեց։ Հայացքը շրջելով Ժոանի կողմը, Ռավիկը տեսավ, որ նա լայն բացած աչքերով իրեն է նայում։ Ռավիկը տեղում քար կտրեց։ Իսկապե՞ս Ժոանն արթնացել և իրեն է նայում։

— Ժոան,— ասաց նա։

— Ինչ է․․․

Ժոանն այնպես նայեց Ռավիկին, կարծես հենց նոր արթնացավ։

— Ռավիկ,— ասաց նա բոլորովին ուրիշ ձայնով,— այդ ի՞նչ ես անում այդտեղ։

— Սիրտս մի քիչ խմել ուզեց։

― Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել․․․— Ժոանը տեղում բարձրացավ։— Ասա, տեսնեմ ի՞նչ է եղել,— շփոթահար հարցրեց նա։— Բա՞ն է պատահել։

— Ոչինչ չի պատահել։

Ժոանը ճակատից մազերը ետ գցեց։

— Աստված իմ,— ասաց նա,— այնպե՜ս վախեցա։

— Ներիր, ես չէի ուզում քեզ արթնացնել։ Կարծում էի ամուր քնած ես։

— Ես հանկարծ տեսա, որ դու կանգնած ես այնտեղ․․․ անկյունում․․․ ամբողջովին փոխված․․․

— Շատ եմ ցավում, Ժոան, ներիր։ Ես չէի կարծում, թե դու կարթնանաս։

— Ես զգացի, որ դու այլևս կողքիս չես։ Մրսում էի։ Կարձես քամի էր փչում, Ես սարսափից սառեցի։ Հանկարծ տեսնեմ, դու այնտեղ կանգնած ես, անկյունում։ Բա՞ն է պատահել։

— Ոչ մի բան չի պատահել, Ժոան։ Պարզապես արթնացա և մի բան ուզեցի խմել։

— Մի կում էլ ինձ տուր։

Ռավիկը բաժակը լցրեց ու մոտեցավ մահճակալին։

— Դու հիմա ուղղակի երեխայի ես նման,— ասաց Ռավիկը։

Ժոանը երկու ձեռքով վերցրեց բաժակը և խմեց։ Խմում էր դանդաղ և բաժակի վրայով նայում Ռավիկին։

— Ինչո՞ւ արթնացար,— հարցրեց Ժոանը։

— Չգիտեմ։ Երևի լուսնի լույսից։

— Ատում եմ լուսնին։

— Անտիբում դու չես ատի նրան։

Ժոանը բաժակը ցած դրեց։

— Իրո՞ք գնալու ենք։

— Այո, իհարկե։

— Գնանք, հեռանանք այս անիծյալ մառախուղներից ու անձրևներից։

— Մի բաժակ էլ լցրու։

— Չե՞ս ուզում քնել։

— Ոչ։ Ժամանակն ափսոս է։ Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով։ Մի բաժակ տուր։ Սա այն լավ կալվադոսի՞ց է։ Չէ՞ որ մենք ուզում էինք սա հետներս վերցնել։

— Ոչինչ պետք չէ վերցնել։

Ժոանը նայեց նրան։

— Երբե՞ք։

— Երբեք։

Ռավիկը մոտեցավ լուսամուտին և վարագույրը քաշեց։ Վարագույրը ծածկում էր լուսամուտի միայն կեսը։ Լուսնի շողքը վարագույրի ճեղքից ներս էր ընկնում, բաժանելով սենյակը երկու խավար մասի։

— Ինչո՞ւ չես պառկում,— հարցրեց Ժոանը։

Ռավիկը կանգնած էր բազմոցի կողքին, որը Ժոանից բաժանված էր լույսի պատնեշով։ Նա հազիվ էր տեսնում անկողնու մեջ նստած Ժոանին, որի փոքր-ինչ փայլող մազերը ընկած էին ծոծրակին։ Ժոանը նստած էր մերկ։ Ռավիկի և նրա միջև հորդում էր պաղ, իրենից ելնող ու իր մեջ թափվող մի լույս։ Այդ լույսը թափվում էր սենյակի քառակուսու մեջ, որը լիքն էր քնի ջերմ բուրմունքով, անցնում էր սև, անօդ եթերի միջով անվերջանալի մի ճանապարհ, արևի բեկված մի լույս, անդրադարձած հեռավոր անկենդան մոլորակի շնորհիվ, որը կախարդանքով դարձել է կապարյա մի պաղ հոսանք։ Այդ լույսը հորդում էր ու հորդում, բայց մնում էր իր տեղում անշարժ և ոչ մի կերպ չէր լցնում սենյակի դատարկությունը։

— Ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ,— հարցրեց Ժոանը։

Ռավիկը քայլեց սենյակի միջով, անցավ խավարը և լույսը, հետո նորից գնաց խավարի միջով — ու թեև դա ընդամենը մի քանի քայլ էր, բայց նրան թվաց, թե ինքը հսկայական տարածություն անցավ։

— Շիշը բերի՞ր։

— Այո։

— Բաժա՞կ ես ուզում։ Ժամը քանի՞սն է։

Ռավիկը նայեց ժամացույցի փոքրիկ լուսավորվող թվահարթակին։

— Մոտավորապես հինգը։

— Հինգը։ Կարող էր նաև երեքը լինել։ Կամ յոթը։ Գիշերները ժամանակը կանգ է առնում։ Միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում։

— Այո։ Բայց, չնայած դրան, ամեն ինչ գիշերն է կատարվում։ Կամ այդ պատճառով։

— Ի՞նչը, օրինակ։

— Այն ամենը, ինչ ցերեկը կարող է տեսանելի լինել։

— Ինձ մի վախեցրու։ Ուզում ես ասել ամեն ինչ տեղի է ունենում առանց մարդկանց գիտությա՞ն։ Երբ նրանք քնա՞ծ են լինում։

— Այո։

Ժոանը նրա ձեռքից վերցրեց բաժակը և խմեց։ Նա շատ լավիկն էր, և Ռավիկն զգում էր, որ սիրում է նրան։ Ժոանը ոչ թե գեղեցիկ էր ինչպես արձան կամ նկար, նա գեղեցիկ էր ինչպես մարգագետինը, որը ծփում է վրայից անցնող քամուց։ Ժոանը կյանքի մարմնացումն էր, այն կյանքի, որը, պատահականորեն իրար զարնելով երկու բջիջ, ոչնչից մի արգանդում ստեղծեց նրան այն ձևով, ինչպես որ նա կա։ Դա նույն այն անըմբռնելի գաղտնիքն է, երբ սերմի մի աննշան հատիկի մեջ ամփոփված է լինում մի ամբողջ ծառ, դեռ քարացած, անշարժ, միկրոսկոպիկ մեծության, բայց և այնպես գոյություն ունեցող, նախապես կանխորոշված, այստեղ այդ ծառի և կատարը կա, և պտուղները, և ապրիլյան առավոտի ծաղկահեղեղը։ Սիրային մի գիշերից ստեղծվեց և դեմք, և ուսեր, և աչքեր — հենց նույն այդ աչքերը և այդ նույն ուսերը, որոնք վաղուց արդեն գոյություն ունեին երկրի երեսին, կորած ինչ֊որ տեղ, միլիոնավոր մարդկանց միջև, իսկ հետո, նոյեմբերյան մի գիշեր, Փարիզում, Ալմա կամուրջի վրա, հանկարծ ընդառաջ եկան քեզ․․․

— Ինչո՞ւ գիշերը,— հարցրեց ժոանը։

— Որովհետև,— ասաց Ռավիկը։— Մոտեցիր կպիր ինձ, սեր իմ, նորից պարգևված ինձ քնի անդունդից, վերադարձած պատահականության լուսնային մարգագետիններից․․․— Որովհետև գիշերն ու քունը դավաճաններ են։ Հիշում ես, թե ինչպես մենք այսօր քնեցինք իրար ամուր կպած, մենք այնքան էինք միմյանց մոտիկ, որքան կարող են մոտիկ լինել միայն մարդիկ։ Մենք իրար էինք ձուլվել դեմքով, մարմնով, խոհերով, շնչառությամբ․․․ Բայց ահա հանկարծ մեր միջև հայտնվեց քունը․․․ հայտնվեց աննկատելի, կամաց-կամաց թափանցելով մեր մեջ գորշ, անգույն․․․ սկզբում մի քանի բիծ, հետո ավելի ու ավելի․․․ ինչպես բորը նստեց մեր հիշողության վրա, թափանցեց մեր արյան մեջ անգիտակցության խավարից, կաթիլ առ կաթիլ մեր մեջ լցվեց կուրությունը, և հանկարծ մեզանից յուրաքանչյուրը մնաց մենակ, և այդպես միայնության մեջ մենք սկսեցինք ընթանալ մութ կանաչներով ինչ֊որ տեղեր, տրվելով անհայտ ուժերի և անդեմ սպառնալիքների իշխանությանը։ Երբ ես արթնացա, դու իմ դեմ էիր։ Բայց քնած։ Եվ գտնվում էիր հեռու հեռվում։ Դու սահել ու հեռացել էիր ինձանից։ Դու ոչինչ իմ մասին այլևս չգիտեիր։ Դու գտնվում էիր այնպիսի մի տեղ, ուր ես չէի կարող գալ քո հետևից։— Ռավիկը համբուրեց Ժոանի ձեռքը։— Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ՝ աչքերս փակելիս։

— Ես պառկած էի քո կողքին։ Քեզ ամուր կպած։ Քո գրկում։

— Դու ինչ-որ հեռավոր անծանոթ երկրում էիր՝ իմ կողքին։ Բայց հեռու էիր ավելի, քան եթե Սիրիուսի վրա լինեիր։ Եթե դու ցերեկը հեռանում ես ինձանից, այդպիսի զգացում ես չեմ ունենում։ Ցերեկն ամեն ինչ ինձ համար հասկանալի է։ Սակայն ո՞վ ինչ գիտե գիշերվա մասին։

— Ես քեզ մոտ էի։

— Ոչ, դու ինձ մոտ չէիր։ Դու միայն պառկած էիր իմ կողքին։ Մարդ ի՞նչ իմանա, թե ինքն ինչպես կվերադառնա այն երկրից, որտեղ գիտակցությունը հսկողությունից դուրս է։ Կվերադառնա փոխված, բայց առանց այդ նկատելու։

— Դու նույնպե՞ս։

— Այո, ես նույնպես,— ասաց Ռավիկը։— Իսկ հիմա բաժակ տուր ինձ։ Ես անմտություններ եմ դուրս տալիս, իսկ դու խմում ես։

Ժոանը բաժակը մեկնեց նրան։

— Լավ է, որ դու արթնացար, Ռավիկ։ Թող փառաբանվի լուսինը։ Առանց նրա մենք կմնայինք քնած և ոչինչ մեկս մյուսիս մասին չէինք իմանա։ Կամ մեզանից որևէ մեկի մեջ բուն դրած կլիներ բաժանման սաղմը՝ մինչ մենք անպաշտպան էինք։ Եվ այդ սաղմը կամաց-կամաց և աննկատելի կաճեր, կմեծանար, մինչև որ մի օր ճեղքեր ու դուրս գար լույս աշխարհ։

Ժոանը կամացուկ ծիծաղեց։ Ռավիկը նայեց նրան։

— Դու ինքդ էլ առանձնապես լուրջ չես վերաբերվում քո ասածին, ճի՞շտ է։

— Ոչ։ Իսկ դո՞ւ։

— Ես նույնպես։ Բայց դրանում մի բան կա։ Հենց այդ պատճառով է, որ մենք դա լուրջ չենք ընդունում։ Մարդը դրանով է մեծ։

Ժոանը նորից ծիծաղեց։

— Դա ինձ համար սարսափելի չէ։ Ես վստահում եմ մեր մարմիններին, Մարմիններն ավելի լավ գիտեն, թե իրենք ինչ են ուզում, շատ ավելի լավ, քան մեր գլուխները, որոնք գիշեր ժամանակ, աստված գիտե, թե ինչեր են մտածում։

Ռավիկն իր բաժակը խմեց։

— Համաձայն եմ,— ասաց նա։— Դա էլ է ճիշտ։

— Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք այս գիշեր այլևս չքնենք։

Ռավիկը լուսնի արծաթյա շողերի մեջ վեր բարձրացրեց շիշը։ Նրա մի երրորդը դեռ լիքն էր։

— Քիչ է մնացել,— ասաց նա։— Բայց կարող ենք փորձել։

Նա շիշը դրեց մահճակալի մոտ գտնվող սեղանին։ Հետո շրջվեց ու նայեց Ժոանին։

— Դու սքանչելի ես, ինչպես տղամարդու բոլոր երազանքները, բոլոր երազանքները, ավելացրած նաև մեկը, որը նրա մտքով չի էլ անցել։

— Լավ,— ասաց Ժոանը։— Ուրեմն, արի ամեն գիշեր արթնանանք։ Գիշերները ցերեկվա համեմատությամբ դու բոլորովին ուրիշ ես։

— Ավելի լա՞վն եմ։

— Ուրիշ ես։ Գիշերները դու մի տեսակ անսպասելի ես։ Միշտ ինչ֊որ տեղից ես գալիս, մարդ չգիտե, թե որտեղից։

— Իսկ ցերե՞կը։

— Ցերեկը՝ ոչ միշտ։ Երբեմն ես այդպես։

— Լավ խոստովանություն է,— ասաց Ռավիկը։— Մի քանի շաբաթ առաջ դու ինձ այդպես չէիր ասի։

— Գուցե։ Բայց մի քանի շաբաթ առաջ ես քեզ շատ ավելի քիչ էի ճանաչում։

Ռավիկը հայացքը բարձրացրեց նրա վրա։ Ժոանի դեմքը անկեղծություն էր արտահայտում։ Նա պարզապես ասում էր այն, ինչ մտածում էր, և դա շատ բնական էր նրա համար։ Նա չէր ուզում Ռավիկին ոչ վիրավորել և ոչ էլ արտակարգ ինչ֊որ բան ասել։

— Դա շատ լավ է,— ասաց Ռավիկը։

― Ինչո՞ւ։

— Որովհետև մի քանի շաբաթից հետո դու ինձ է՛լ ավելի լավ կճանաչես, և ես քեզ համար այլևս այդպես անսպասելի չեմ լինի։

— Ճիշտ այնպես, ինչպես և ես քեզ համար,— ասաց Ժոանը և ծիծաղեց։

— Քո բանն ուրիշ է։

— Ինչո՞ւ։

— Որովհետև դա հիսուն հազար տարվա բիոլոգիական հիմք ունի, որի ընթացքում մարդը զարգացել է։ Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է։

— Դու ինձ սիրո՞ւմ ես։

— Սիրում եմ։

— Դու շատ քիչ ես այդ մասին խոսում։

Ժոանը ճլմկոտաց։ Կարծես կշտացած կատու լինի, մտածեց Ռավիկը։ Կշտացած կատու, համոզված, որ զոհն իրենից չի փախչի։

— Երբեմն այնպես է լինում, որ ես կարող էի քեզ լուսամուտից դուրս շպրտել,— ասաց Ռավիկը։

— Իսկ ինչո՞ւ չես շպրտում։

Ռավիկը նայեց Ժոանին։

— Իսկ կարո՞ղ էիր,— նորից հարցրեց Ժոանը։

Ռավիկը դարձյալ չպատասխանեց։ Ժոանը ետ ընկավ բարձին։

― Ոչնչացնել մարդուն, որովհետև սիրո՞ւմ ես նրան։ Սպանել նրան, որովհետև չափազանց շա՞տ ես սիրում։

Ռավիկը ձեռքը մեկնեց շշին։

— Տե՜ր իմ աստված,— ասաց նա։— Ո՞ր մեղքիս համար եմ ես դրան արժանացել։ Գիշերն արթնանալ և նման բաներ լսել․․․

— Դա ճիշտ չէ՞։

— Ճիշտ է։ Երրորդ կարգի բանաստեղծների և կանանց համար, որոնց դա չի սպառնում։

— Նաև նրանց, ովքեր սպանում են։

— Թերևս։

— Իսկ դու կարո՞ղ էիր։

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Բավական է դուրս տաս։ Ես պիտանի չեմ նման բաների համար։ Արդեն շատ-շատերին եմ սպանել։ Եվ որպես սիրող և որպես պրոֆեսիոնալ։ Որպես զինվոր և որպես բժիշկ։ Դա մարդու արհամարհանք է ներշնչում, անտարբերություն և հարգանք դեպի կյանքը։ Սպանություններով մարդ քիչ բանի կարող է հասնել։ Ով հաճախ է սպանել, նա այլևս չի սպանի սիրո համար։ Այլապես մահը կդառնա ծիծաղելի և աննշան։ Մինչդեռ մահը երբեք ոչ աննշան է եղել և ոչ էլ ծիծաղելի։ Կանայք նույնպես նման հաշիվներում գործ չունեն։ Դա զուտ տղամարդկային գործ է։— Մի քանի վայրկյան նա լռեց։

— Մենք ինչի՞ մասին ենք խոսում,— ասաց Ռավիկն ու խոնարհվեց Ժոանի վրա։— Մի՞թե դու իմ անարմատ երջանկությունը չես։ Ամպի նման թեթև և լուսարձակի նման պայծառ երջանկությունը։ Թույլ տուր համբուրեմ քեզ․․․ Դեռ երբեք կյանքն այնքան թանկ չի եղել, որքան այսօր․․․ երբ նա այնքան էժան է գնահատվում։