Հաղթական կամար - XVI գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XV գլուխ Հաղթական կամար - XVII գլուխ ▶


Լույսը։ Նորից ու նորից նույն լույսը։ Ճերմակ փրփուրի նման նա թռչում գալիս էր հորիզոնից, որտեղ ծովի խոր կապույտը ձուլվում էր բիլ երկնքի հետ։ Նա թռչում գալիս էր, կարծես շունչը պահած և միևնույն ժամանակ խոր շնչառությամբ, գալիս էր որպես բռնկում և անդրադարձման ցոլանք... Գալիս էր որպես պարզ, նախաստեղծ մի երջանկություն — այդքան պայծառ լինել, այդպես առկայծել, այդքան անշոշափելի և անկշիռ սավառնել...

Ինչպե՜ս է փայլփլում նրա գլխավերևում, մտածեց Ռավիկը։ Կարծես գունատ լուսապսակ լինի։ Տարածություն՝ առանց հեռանկարի։ Ինչպե՜ս է գրկում, ողողում նրա ուսերը։ Քանաանի կաթ, շողերից հյուսած մետաքս։ Այս լույսի տակ մերկություն չի զգացվում։ Մաշկն իսկույն բռնում է, ետ շպրտում, ինչպես առափնյա ժայռն է ետ շպրտում իր մոտ վազող ալիքներին։ Լույսի փրփուր, մրրիկ, որ թափանցելի է, վճիտ մշուշից հյուսված նրբագույն զգեստ․․․

— Արդեն ինչքա՞ն ժամանակ է, ինչ մենք ապրում ենք այստեղ,— հարցրեց Ժոանը։

— Ութ օր։

— Կարծես արդեն ութ տարի լինի, քեզ այդպես չի՞ թվում։

— Ոչ,— ասաց Ռավիկը։— Թվում է, թե ութ ժամ է անցել։ Ութ ժամ և երեք հազար տարի։ Այդ տեղը, որտեղ հիմա դու կանգնած ես, երեք հազար տարի առաջ նույն ձևով կանգնած էր մի երիտասարդ էտրուսկ աղջիկ։ Իսկ Աֆրիկայից քամին փչում էր ճիշտ նույն ձևով և լույսին իր առաջը գցած քշում էր ծովի վրայով։

Ժոանը Ռավիկի կողքին նստեց ժայռի վրա։

― Ե՞րբ ենք Փարիզ վերադառնալու։

― Դա կորոշվի այսօր երեկոյան կազինոյում։

— Մենք շահե՞լ ենք։

— Քիչ։

— Դու այնպես ես խաղում, կարծես ամբողջ կյանքդ խաղացած լինես։ Գուցե հենց այդպե՞ս է։ Չէ՞ որ ես քո մասին ոչինչ չգիտեմ։ Այդ ինչպե՞ս է, որ կրուպյեն քեզ այդքան սիրալիր ողջունեց, կարծես ռազմական խոշոր արդյունաբերողի էր ողջունում։

― Նա ինձ շփոթեց մի ռազմական գործարանատիրոջ հետ։

― Ճիշտ չես ասում։ Դու նրան նույնպես ճանաչեցիր։

— Ես քաղաքավարությունից դրդված այդպես արի։

— Վերջին անգամ դու ե՞րբ ես եղել այստեղ։

— Չգիտեմ, արդեն մոռացել եմ։ Շատ տարիներ առաջ։ Մի տես, թե ինչպես ես արդեն սևացել։ Դու միշտ պետք է սևացած լինես, դա քեզ սազում է, Ժոան։

— Ուրեմն, ես պետք է միշտ այստեղ ապրեմ։

— Իսկ դու դա կուզեի՞ր:

— Ոչ մշտապես: Բայց կուզեի միշտ ապրել այս ձևով, ինչպես հիմա եմ ապրում։— Ժոանը մազերը ուսերի վրայով ետ գցեց։— Քեզ դա թեթևամտություն է թվում, ճի՞շտ է։

— Չէ, ինչո՞ւ,— առարկեց Ռավիկը։

Ժոանը Ժպտաց ու շրջվեց նրա կողմը։

— Ես գիտեմ, որ դա թեթևամտություն է, սեր իմ, բայց մի՞թե դու չգիտես, որ մեր այս անիծյալ կյանքում շատ քիչ ժամանակ ենք ունեցել թեթևամտության համար։ Ինչե՜ր ասես, որ չեն եղել,— պատերազմ, սով, հեղաշրջում, ինֆլացիա... ինչքան ուզում ես թվիր։ Բայց ապահովություն, անհոգ կյանք, հանգստություն և ազատ ժամանակ — երբեք չենք ունեցել։ Իսկ հիմա դու ասում ես, որ նորից պատերազմ է լինելու։ Մեր ծնողներն իսկապես որ շատ ավելի թեթև են ապրել, քան մենք, Ռավիկ։

— Այո, ճիշտ ես ասում։

― Մարդու ունեցած-չունեցածը ընդամենը մի կարճ կյանք է, այն էլ այս ձևով է անցնում։— Ժոանը ձեռքերը կպցրեց տաք ժայռին։— Ես, ըստ երևույթին, դատարկ կին եմ, Ռավիկ։ Ապրում եմ այսպիսի մի պատմական ժամանակաշրջանում, և դա ինձ ոչ մի չափով չի հուզում։ Ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ, որ կյանքն այսքան ծանր ու դժվար չլիներ, ուրիշ ոչինչ։

— Իսկ ով է, որ դա չի ուզում, ժոան։

— Դո՞ւ էլ ես ուզում։

— Իհարկե, ուզում եմ։

Այդ կապո՜ւյտը, մտածեց Ռավիկը։ Հորիզոնի գրեթե անգույն այդ կապույտը, որաեղ երկինքր սուզվում է ջրերի մեջ։ Եվ լույսի այդ փոթորիկը, որ բռնել է ամբողջ ծովը, և երկնակամարը, և այդ աչքերը, որոնք Փարիզում երբեք այնպես կապույտ չեն եղել, ինչքան այստեղ...

— Ես կուզեի, որ այդպես ապրեինք, իրար հետ,— ասաց Ժոանը։

— Մենք հենց այդպես էլ ապրում ենք, համենայն դեպս, այդպես ապրում ենք հիմա։

— Այո, հիմա այդպես ենք ապրում։ Ընդամենը մի քանի օր։ Որից հետո կրկին կվերադառնանք Փարիզ, գիշերային ակումբ, որտեղ ամեն ինչ նույնի կրկնությունն է, նույն տաղտկալի կյանքը, նույն կեղտոտ հյուրանոցը...

— Դու չափազանցում ես։ Քո հյուրանոցը կեղտոտներից չէ։ Իմը՝ արդեն ուրիշ բան է, դա իսկապես կեղտոտ է, չհաշված իմ զբաղեցրած համարը։

Ժոանը ձեռքերով հենվեց ժայռին։ Քամին խաղում էր նրա մազերի մեջ։

— Մորոզովն ասում է, որ դու հիանալի բժիշկ ես։ Ափսոս, որ կյանքդ այս ձևով է դասավորվել։ Այլապես, որպես վիրաբույժ, դու կարող էիր մեծ փողեր աշխատել։ Պրոֆեսոր Դյուրանը...

— Դու որտեղի՞ց գիտես Դյուրանին։

— Նա երբեմն «Շեհերազադե» է գալիս։ Մեր օբեր-քելներ Ռենեն ասում է, որ Դյուրանը տասը հազար ֆրանկից պակաս լինելու դեպքում մատը մատին չի տալիս։

— Ռենեն, ըստ երևույթին, ճիշտ տեղեկություններ ունի։

— Իսկ, երբեմն էլ մի օրում երկու, երեք վիրահատություն է կատարում։ Սքանչելի տուն ունի, «պաքարտ»...

Տարօրինակ է, մտածեց Ռավիկը։ ժոանի դեմքի արտահայտությունը ոչնչով չէր փոխվում, թեև այնպիսի հիմարություններ էր դուրս տալիս, ինչպիսին դարեր շարունակ դուրս չէին տվել մինչև նա եղած բոլոր կանայք միասին վերցրած։ Ավելին, նրա դեմքը դառնում էր նույնիսկ ավելի հրապուրիչ։ Հիմա նա նման էր ծովագույն աչքերով մի ամազոնուհու, որը, թխսի բնազդ ունենալով հանդերձ, բանկիրական իդեալներ էր քարոզում։ Բայց մի՞թե նա իրավացի չէր։ Այսքան գեղեցկությունը կարո՞ղ է իրավացի չլինել։ Մի՞թե աշխարհի բոլոր ներումները այդ գեղեցկության համար չեն։

Փրփրաբաշ ալիքների վրա Ռավիկը մոտորով մի նավակ տեսավ, որն իրենց կողմն էր գալիս։ Բայց տեղից չշարժվեց։ Նա գիտեր նավակի գալու նպատակը։

— Ահա, քո բարեկամներն են գալիս,— ասաց նա Ժոանին։

— Ո՞ւր է,— հարցրեց Ժոանը, թեև վաղուց էր նավակը նկատել։— Իսկ ինչո՞ւ են իմ բարեկամները։ Նրանք ինձանից առաջ քո բարեկամներն էին։ Քեզ հետ ավելի շուտ են ծանոթացել, քան՝ ինձ։

— Այո, տասը րոպե ավելի շուտ։

— Ինչ որ է։

Ռավիկը ծիծաղեց։

— Թող այդպես լինի, Ժոան։

— Ես նրանց մոտ գնալու կարիք չունեմ։ Եվ չեմ գնա։ Ինչ ուզում է լինի, չեմ գնա։

— Իհարկե, չես գնա։

Ռավիկը ձգվեց ժայռի վրա ու աչքերը փակեց։ Արևը իսկույն նրա համար դարձավ ոսկյա տաք մի վերմակ։ Նա գիտեր, թե ինչ է լինելու դրանից հետո։

— Մենք առանձնապես քաղաքավարի չենք,— փոքր֊ինչ լռելուց հետո ասաց Ժոանը։

— Սիրահարվածները երբեք այդպիսին չեն լինում։

— Չէ՞ որ նրանք երկուսն էլ հատուկ մեզ համար են եկել, որպեսզի տանեն։ Եթե մենք չենք ուզում գնալ, դու գոնե պետք է ցած իջնեիր և նրանց ասեիր այդ մասին։

— Լավ։— Ռավիկը կիսով չափ աչքերը բացեց։— Արի կարճ կտրենք։ Իջիր ցած և ասա, որ ես պետք է աշխատեմ։ Իսկ ինքդ հետները գնա, ինչպես երեկ։

― Աշխատե՞մ։ Չէ՞ որ դա առնվազն ծիծաղելի է հնչում։ Ո՞վ է այստեղ աշխատում։ Ինչո՞ւ պարզապես չես ուզում հետները գնալ։ Դու երկուսին էլ շատ դուր ես եկել։ Առանց այն էլ նրանք երեկ շատ վշտացած էին, որ դու չուզեցիր գնալ, մնացիր ափում։

— Տե՜ր իմ աստված։— Ռավիկն աչքերը լրիվ բացեց։— Ինչո՞ւ են բոլոր կանայք սիրում այս ապուշային խոսակցությունները։ Դու ուզում ես նավով զբոսնել, իսկ ես նավակ չունեմ, կյանքը կարճ է, մեզ մնացել է ընդամենը մի երկու օր ապրել այստեղ, ես ինչո՞ւ պետք է մեծահոգություն խաղամ և քեզ ստիպեմ անել այն, ինչ դու, միևնույն է, անելու ես... Միայն նրա համար, որ դու քեզ լա՞վ զգաս։

— Պետք չէ, որ դու ինձ ստիպես։ Ես կարող եմ ինքս վարվել այնպես, ինչպես ուզում եմ։

Ժոանը նայեց Ռավիկին։ Ժոանի աչքերը սովորականի նման վճիտ էին և շողշողուն, միայն շուրթերն էին, որ վայրկենապես ցցնվեցին, և այդ արտահայտությունը նրա երեսից այնքան արագ չքացավ, որ Ռավիկին թվաց, թե ինքը սխալվում է։ Բայց նա գիտեր, որ չի սխալվում։

Ծովը շրմփալով զարնվում էր նավամատույցի մոտ գտնվող ժայռերին։ Ջրի ցայտքերը փոշի դարձած բարձրացան, և քամին այդ շողշողուն փոշին քշեց-բերեց նրանց կողմը։ Ռավիկն զգաց, թե ինչպես մաշկը վայրկենապես փշաքաղվեց։

— Դա քո ալիքն էր,— ասաց Ժոանը,— այն հեքիաթի ալիքը, որի մասին դու ինձ պատմում էիր Փարիզում։

— Դու այդ մի՞տդ ես պահել։

— Այո, իհարկե։ Բայց դու ժայռ չես։ Դու բետոնե բլոկ ես։

Ժոանր գնաց ներքև դեպի նավամատույց, և ամբողջ անծայրածիր երկինքը նստեց նրա գեղեցիկ ուսերի վրա։ Թվում էր, թե Ժոանը հիմա կնստի սպիտակ մակույկը, մազերը հողմերին տված, իսկ ես՝ ապուշս, կմնամ այստեղ, փոխանակ հետը գնալու, մտածեց Ռավիկը։ Բայց այդպիսի դերեր կատարելու համար ես դեռ պիտանի չեմ։ Իմ մեջ դեռ նստած է վաղուց անցած ժամանակների հիմար հպարտությունը, դոնկիխոտությունը։ Սակայն ի՞նչ է մնալու մեզ, բացի դրանից։ Լուսնյակ գիշերներում ծաղկող թզենի, Սենեկայի և Սոկրատեսի փիլիսոփայություն, Շումանի թավջութակային կոնցերտ և կորուստը կանխատեսելու կարողություն։

Ռավիկը ներքևից լսեց Ժոանի ձայնը։ Հետո ականջին հասավ մոտորի խուլ հռնդյունը։ Նա տեղից փոքր֊ինչ բարձրացավ։ Ըստ երևույթին, Ժոանը խելին է նստած։ Ծովում ինչ֊որ տեղ մի կղզի կա, իսկ կղզում մի վանք։ Ժամանակ առ ժամանակ այնտեղից աքաղաղի կանչի ձայն է գալիս... Աչքերի կոպերի տակից արևն այնքա՜ն կարմիր է թվում։ Մանկության դալար մարգադետիններ։ Ծածկված սպասումով լեցուն արյան կարմիր ծաղիկներով։ Ծովի հավիտենական օրորոցային երգ։ Վինետայի զանգակներ։ Չմտածելու կախարդական երջանկություն։ Քունը իսկույն հաղթեց նրան։


Ճաշից հետո Ռավիկը մեքենան դուրս բերեց գարաժից։ Դա «Տալբո» մակնիշի մի մեքենա էր, որը Մորոզովն էր վարձով վերցրել նրա համար Փարիզում։ Հենց դրանով էլ նա Ժոանի հետ այստեղ էր եկել։

Ռավիկի մեքենան սլանում էր ափի երկարությամբ։ Արևոտ, պայծառ օր էր։ Նա մտավ Նիցցա, Մոնտե֊Կառլո և ապա Վիլ-Ֆրանշ։ Ռավիկը սիրում էր այդ հին, փոքրիկ նավահանգիստը և մի քիչ նստեց առափնյա բիստրոներից մեկի առաջ։ Հետս սկսեց թափառել Մոնտե֊Կառլո կազինոյի առջևի զբոսայգում և ծովից վերև գտնվող ինքնասպանների գերեզմանատանը։ Այստեղ ինչ֊որ գերեզման գտավ, նա երկար կանգնեց այդ գերեզմանի առաջ և ժպտաց։ Ապա նորից նստելով մեքենան, հին Նիցցայի նեղլիկ փողոցներով, հուշարձաններով զարդարված հրապարակները կտրելով հասավ նոր քաղաքը։ Հետո վերադարձավ Կանն և Կաննից ծովափով մեկնեց այն վայրերը, որտեղ կարմիր ժայռերն են գտնվում և բիբլիական անուններ ստացած ձկնորսական ավանները։

Ռավիկը մոռացել էր Ժոանին։ Մոռացել էր նույնիսկ ինքն իրեն։ Նա պարզապես ամբողջովին տրվել էր այդ պարզ օրին՝ արևի, ծովի և երկրի այդ եռաղողանջին, որն ամբողջ ծովափի երկարությամբ ծաղիկներ էր սփռել այն ժամանակ, երբ նրանց վերևում ընկած լեռնային կածանները դեռ ծածկված էին ձյունով։ Ֆրանսիայի վրա կախվել էին անձրևի ամպերը, Եվրոպայի վրա աղմկում էր փոթորիկը, սակայն հողագնդի այդ նեղլիկ ծովափնյա շերտը թվում էր, թե այդ ամենից գաղափար էլ չունի։ Հողագնդի այդ փոքրիկ կտորը կարծես բոլորը մոռացության էին մատնել։ Այստեղ դեռ կյանքը ընթանում էր իր ձևով, ուներ իրեն հատուկ զարկերակը։ Եվ եթե լեռների այն կողմը գտնվող ամբողջ երկիրը պատել էր կարիքի, դժբախտության կանխագուշակումների և ապագա վտանգի գորշ մշուշը, ապա այստեղ ամբողջ եռանդով փայլփլում էր արևը, որի կենարար շողերի տակ կուտակվում էր մեռնող աշխարհի վերջին քափը։

Վերջին լույսի շուրջը հավաքված թիթեռների ու մժեղների պար... դատարկ, չնչին, ինչպես յուրաքանչյուր մժեղի պար, խելառ ու անմիտ, ինչպես կաֆեներից հնչող թեթև երաժշտություն... Ավելորդ, իր դարն արդեն ապրած աշխարհ, ինչպես թիթեռը հոկտեմբերին, որի փոքրիկ սիրտը արդեն կծկվել է աշնանային սառնամանիքից։ Եվ այդ ամենը պարում է, շաղակրատում, ֆլիրտում, սիրում, դավաճանում, խեղկատակում, քանի դեռ վրա չի հասել մրրկաշունչ հողմը և չի զնգացել մահվան գերանդին։

Ռավիկը մեքենան շրջեց դեպի Սեն-Ռաֆայել։ Փոքրիկ, քառանկյուն նավահանգիստը լիքն էր առագաստանավերով ու մոտորավոր նավակներով։ Առափնյա կաֆեները ամենուրեք տնկել էին խայտաբղետ հովանոցներ։ Սեղանների մոտ նստել էին արևից սևացած կանայք։ Որքա՜ն է ծանոթ այս ամենը, մտածեց Ռավիկը։ Կյանքի թեթև, քնքուշ պատկեր։ Ուրախ գայթակղություններ, անհոգություն, խաղ... Որքա՜ն է այս ամենը ծանոթ, թեև վաղուց արդեն անցյալի գիրկն է անցել։ Մի ժամանակ ես ինքս էլ եմ այսպես ապրել, թիթեռի նման թռվռացել անհոգ և կարծել, թե կյանքը հենց դրա մեջ է... Մեքենան թեք ոլորանից վեր բարձրացավ խճուղի և սլացավ դեպի հուրհրացող մայրամուտը։


Ռավիկը վերադարձավ հյուրանոց և Ժոանից տեղեկություն ստացավ։ Նա զանգահարել էր և խնդրել հաղորդեն Ռավիկին, որ ընթրիքի համար իրեն չսպասի։ Ռավիկը ցած իջավ «Իդեն Ռոկ» ռեստորանը, որտեղ ընդամենը մի քանի հոգի էին։ Երեկոները մեծ մասամբ ժողովուրդը գնում էր ժյուան լե Պեն կամ Կանն։ Նա նստեց տերրասում դրվաձ սեղաններից մեկի մոտ, տերրասը պատրաստված էր ժայռի վրա և նավի տախտակամածի էր նման։ Ցածում փրփրում էին ծովի ջրերը։ Մայրամուտի շողերով բռնկված հեռվից դեպի ափ էին թավալվում մուգ-կարմիր և կանաչավուն-կապույտ ալիքները, որոնք, հասնելով ափին, հետզհետե դառնում էին ավելի բաց, գրեթե ոսկեգույն կարմիր կամ նարնջագույն և, աղջամուղջն առնելով իրենց ճկուն շալակները, երփներանգ փրփուր էին շպրտում դեպի առափնյա ժայռերը։

Ռավիկը երկար նստեց տերրասում։ Նա ներքին մի ցուրտ էր զգում և մի խոր միայնություն։ Միտքը պայծառ էր, և անաչառ կերպով խորհում էր ապագայի մասին։ Նա գիտեր, որ ինքը դեռ կարող է որոշ ժամանակ ձգձգել, հազար ու մի տեսակ խորամանկություններ և շախմատային քայլեր գոյություն ունեն աշխարհի երեսին։ Բայց նա գիտեր նաև, որ ինքը երբեք դրանցից ոչ մեկին չի դիմի։ Բանը բանից արդեն չափազանց անցած էր։ Խորամանկությունները լավ էին մանր-մունր գործերի համար։ Իսկ այստեղ միայն մի ելք էր մնում — դիմանալ, ազնվորեն դիմանալ, առանց սեփական անձին խաբելու և առանց դիմելու խորամանկությունների։

Ռավիկը լույսի դեմ բարձրացրեց Պրովանսի վճիտ, թույլ գինու բաժակը։ Զով գիշերը, ծովի աղմուկի մեջ սուզված տերրասը, հրաժեշտ տվող արևի ժպիտներով ողողված երկինքը, որ լեցուն է հեռավոր աստղերի ղողանջներով... իսկ իմ մեջ, մտածեց նա, լուսարձակի մի սառը լույս է, որը ապագայի խավարի միջից դուրս է քաշում համր ամիսները, սահում է նրանց վրայով և նորից իջնում խավարի մեջ, և ես արդեն ամեն ինչ գիտեմ, թեև դեռ ցավ չեմ զգում, բայց հաստատ գիտեմ, որ դա առանց ցավ չի մնա, և իմ կյանքը նման է ձեռքիս բաժակին, թափանցիկ է և լիքը օտար գինով, որը երկար անշարժ չի մնա նրա մեջ, որովհետև կթթվի, կդառնա քացախ։ Կրքի անշարժ մնացած հոտած քացախ։ Եվ այն ժամանակ ոչինչ չի դիմանա, ամեն ինչ կկործանվի։ Նրա կյանքում, որն այնքան օտար է, շատ բան դեռ նոր է սկսվում։ Մի՞թե կարող ես պահել նրան։ Անմեղ ու ինքնակամ, ինչպես լույսին գնացող բույսը, նա ձգտում է դեպի հրապուրանքները, դեպի կյանքի թեթև ու խայտաբղետ բազմազանությունը։ Նա ապագա է ուզում, իսկ ես նրան կարող եմ տալ միայն ողորմելի ներկայի չնչին փշրանքներ։ Ճիշտ է, դեռ ոչինչ տեղի չէր ունեցել։ Բայց դա նաև անհրաժեշտ չէր։ Միշտ ամեն ինչ նախապես է կանխորոշված, միայն թե մարդիկ դա չգիտեն, և դրամատիկական վախճանի պահը ընդունում են որպես վճռական ժամ, թեև դա ամիսներ առաջ անձայն արդեն խփել է։

Ռավիկն իր բաժակը խմեց։ Գինու համը նախկինի համեմատությամբ հիմա բոլորովին ուրիշ էր։ Նա նորից լցրեց բաժակը և խմեց։ Փրփրուն և ոսկեգույն գինին այս անգամ արդեն նախկին համն ուներ։

Նա վճարեց, տեղից ելավ և գնաց Կաննում գտնվող կազինոն։


Ռավիկը խաղում էր հանգիստ և փոքրիկ խաղագումարներ դնելով։ Նա շարունակում էր զգալ ներքին ցուրտը իր մեջ և գիտեր, որ խաղն ինքը կտանի, քանի դեռ միջի այդ ցուրտը չի անցել։ Խաղաց վերջին տասներկուսի վրա, քսանյոթի քառակուսու վրա և քսանյոթի վրա էլ առանձին։ Մի ժամից հետո նա արդեն երեք հազար ֆրանկ տարել էր։ Այդպիսով խաղագումարը կրկնապատկեց քառակուսու վրա և չորս համարի վրա էլ առանձին դրեց։

Ռավիկը նկատեց, որ Ժոանը ներս մտավ։ Նա շորերը փոխել էր և, ըստ երևույթին, հյուրանոց էր վերադարձել Ռավիկի դուրս գալուց անմիջապես հետո։ Ժոանի հետ էին այն երկու տղամարդը, որոնք մոտորավոր նավակով նրան զբոսանքի էին տարել։ Ռավիկը նրանց գիտեր որպես բելգիացի Լեկլերկի և ամերիկացի Նաջենտի։ Ժոանը սքանչելի տեսք ուներ։ Նրա հագին մոխրագույն մեծ ծաղիկներով իրիկնային սպիտակ շոր էր։ Ռավիկը դա գնել էր նրա համար մեկնելու նախօրեին։ Տեսնելով շորը, ժոանը ուրախության մի ճիչ էր արձակել ու նետվել դեպի Ռավիկը։ «Որտեղի՞ց քեզ իրիկնային զգեստների այսպիսի նուրբ ճաշակ»,— հարցրեց Ժոանը։— «Սա շատ ավելի լավն է, քան իմը»։— Եվ հայացքը նորից գցելով նվերին, ավելացրեց. «Եվ ավելի թանկ է»։ Թռչնակ, մտածեց Ռավիկը։ Դեռ իմ ճյուղերին է նստած, բայց թևերն արդեն բացել է թռչելու համար։

Կրուպյեն դեպի Ռավիկը շարժեց մի քանի խաղանիշ։ Նրա չորս համարներից մեկը տարավ։ Տարած փողերը նա վերցրեց, թողնելով միայն նախկին խաղադրամը։ Ժոանը գնաց բակկարա խաղացողների սեղանի կողմը։ Ռավիկը չգիտեր, Ժոանն իրեն նկատե՞լ է թե ոչ։ Մի քանիսը, որոնք չէին խաղում, նայեցին Ժոանի հետևից։ Նա քայլում էր սովորականի նման փոքր-ինչ այնպես թեքված առաջ, կարծես քամուն հակառակ գնալիս լիներ և ոտքերն այնպես էր գցում, ոնց որ չգիտեր, նրանք իրեն ուր են տանում։ Գլուխը ետ շրջելով, Ժոանը ինչ-որ բան ասաց Նաջենտին, և Ռավիկը հանկարծ խաղանիշները շպրտելու անդիմադրելի մի ցանկություն զգաց, նա ուզեց մի կողմ հրել այդ կանաչ սեղանը, վեր թռչել տեղից, գրկել Ժոանին ու վազելով փախցնել նրան այդ մարդկանց ու դռների միջով, տանել հեռավոր մի կղզի, թեկուզև այն կղզին, որը երևում է հորիզոնում՝ Անտիբյան հեռավոր ծովածոցում,— փախցնել, տանել այնտեղ, թաքցնել բոլորից և պահել միայն իր համար։

Ռավիկը նորից խաղագումար դրեց։ Յոթը դուրս եկավ։ Կղզիները չեն կարող թաքցնել։ Սրտի տագնապները սահման չունեին։ Մարդ հեշտությամբ կորցնում է այն, ինչ ձեռքին է, երբ ինքն է թողնում, կորուստն արդեն չի զգում։ Գնդիկը դանդաղ գլորվեց։ Տասներկու։ Նա դարձյալ խաղագումար դրեց։

Աչքերը վեր բարձրացնելով, Ռավիկը հանդիպեց Ժոանի հայացքին։ Վերջինս սեղանի մյուս կողմը կանգնած իրեն էր նայում։ Ռավիկը գլխով արեց նրան և ժպտաց։ Ժոանը անքթիթ Ռավիկին էր նայում: Ռավիկը ցույց տվեց ռուլետը և ուսերը վեր քաշեց։ Դուրս եկավ տասնինը։

Նա նորից խաղադրամ դրեց ու բարձրացրեց հայացքը։ Ժոանն այլևս չկար։ Նա մնաց տեղում նստած և, ձեռքը մեկնելով, կողքը դրած ծխախոտատուփից մի սիգարետ վերցրեց։ Ծառան իսկույն կրակ տվեց նրան։ Դա լրիվ ճաղատացած, ցմփոր և լիվրեով մի մարդ էր։

— Հիմա ուրիշ ժամանակներ են,— ասաց նա։

— Այո,— հաստատեց Ռավիկը։

Ծառան Ռավիկին անծանոթ էր։

— Այ քսանինը թվին բոլորովին ուրիշ էր...

— Իհարկե, ինչ խոսք...

Ռավիկը չգիտեր, ծառան 1929 թվին եղե՞լ էր Կաննում, թե՞ պարզապես ուզում էր խոսել։ Նա տեսավ, որ դուրս եկածը չորսն է։ ՔԻչ էր մնացել չնկատի, և փորձեց նորից կենտրոնանալ խաղի վրա։ Բայց ոչինչ դուրս չեկավ։ Ինչ հիմարության մտածեց նա։ Կազինո գալ գրպանում ընդամենը մի քանի ֆրանկ և խաղալ լոկ նրա համար, որպեսզի մի քանի օր ավելի երկար մնալ Անտիբում։ Իսկ ինչի՞ համար։ Եվ առհասարակ ինչո՞ւ է եկել այստեղ։ Միայն անիծյալ փոքրոգության պատճառով, ուրիշ ոչինչ։ Սերը հիվանդության պես մի բան է, նա լուռ և կամաց֊կամաց քայքայում է մարդու, և դա նկատելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդ ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը դավաճանում են իրեն։ Մորոզովն իրավացի է։ Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհն այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որն հետագայում ինքն ապահովել չի կարող։ Այսպիսի դեպքերում կինն աշխատում է նորից ապրել նման կյանքով, բայց այս անգամ արդեն մի այնպիսի մարդու հետ, որն ընդունակ է մշտապես ապահովել նրա համար այդ կյանքր։ Ես Ժոանին ասելու եմ, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, մտածեց Ռավիկը։ Ես Փարիզում նրանից կհեռանամ, քանի դեռ չափազանց ուշ չէ։

Ռավիկը մտքում տալիս-առնում էր, թե արժի՞ արդյոք նստել ուրիշ սեղանի մոտ և խաղը շարունակել։ Բայց հանկարծ զգաց, էր այլևս տրամադրություն չունի։ Մարդ երբեք չպետք է փոքրանա այն գործերում, որտեղ միշտ մեծ է մնացել։ Ռավիկը նայեց իր շուրջը։ Ժոանը չէր երևում։ Նա մտավ բար, մի բաժակ կոնյակ խմեց։ Հետո գնաց դեպի մեքենաների կանգառը, որպեսզի մեքենան վերցնի և մի քիչ զբոսնի։

Ռավիկը մեքենան արդեն գործի էր գցել, երբ նկատեց, որ Ժոանը արագ֊արագ մոտենում է իրեն։ Մեքենայից իջավ։

— Դու ուզում էիր առանց ի՞նձ տուն գնալ,— հարցրեց Ժոանը։

— Ես ուզում էի մի ժամվա չափ լեռներում զբոսնել, հետո վերադառնալ։

— Սուտ ես ասում։ Դու չէիր ուզում վերադառնալ։ Ուզում էիր այս ապուշների հետ ինձ այստեղ թողնել։

— Դու հիմա կարող ես նաև ասել, որ իմ մեղքով ես այդ ապուշների հետ ժամանակ անցկացնում, Ժոան,— ասաց Ռավիկը։

— Այո, հենց քո մեղքով։ Չէ՞ որ ես զայրույթի պատճառով գնացի նրանց մոտ։ Ինչո՞ւ չէիր հյուրանոցում սպասել մինչև իմ գալը։

— Իսկ չէ՞ որ դու քո ապուշներին խոսք էիր տվել իրենց հետ ընթրել։

Ժոանը մի վայրկյան շփոթվեց։

— Ես այդ արել էի միայն այն պատճառով, որ դու ինձ հյուրանոցում չէիր սպասել։

— Ինչ որ է, Ժոան,— ասաց Ռավիկը,— արի այդ մասին այլևս չխոսենք։ ժամանակդ ուրա՞խ անցավ։

― Ոչ։

Մեղմ գիշերվա կապույտ խավարում Ժոանը կանգնել էր նրա առաջ զայրույթից բորբոքված։ Արագ շնչառությունից նրա կուրծքը անընդհատ բարձրանում և իջնում էր։ Լուսնի շողերը խաղում էին նրա մազերի մեջ, իսկ մուգ֊կարմիր շրթունքները գունատված և համարձակ դեմքին գրեթե սևին էին տալիս։ 1939 թվականի փետրվարն էր։ Փարիզում կգա անխուսափելին — կգա դանդաղ, սողեսող, ամեն տեսակի մանրմունր ստերով, ստորացումներով և ճղճիմ վեճերով։ Ռավիկն ուզում էր նրանից իր գլուխն ազատել ավելի շուտ, քան դրանք կսկսեին։ Բայց նրանք դեռ այստեղ էին... այդպես մի քանի օր էր մնացել...

— Ո՞ւր ես ուզում գնալ,— հարցրեց Ժոանը։

— Ոչ մի տեղ, պարզապես ուզում եմ մի քիչ շրջել,— ասաց Ռավիկը։

— Ես էլ եմ գալիս քեզ հետ։

— Իսկ քո ապուշներն ի՞նչ կմտածեն։

— Ոչինչ էլ չեն մտածի։ Ես նրանց հրաժեշտ տվի և եկա։ Ասացի, որ դու ինձ սպասում ես։

— Դա էլ վատ չէ,— ասաց Ռավիկը։— Դու խելամիտ երեխա ես։ Սպասիր մեքենայի ծածկը բարձրացնեմ։

— Թող բաց մնա։ Հագինս տաք վերարկու է։ Եվ արի դանդաղ գնանք։ Բոլոր այդ կաֆեների մոտով, որտեղ նստած մարդիկ ընդամենը մի հոգս ունեն — երջանիկ լինել և ոչ մի փաստարկ չփնտրել իրենց արդարացնելու համար։

Ժանը նստեց Ռավիկի կողքին և համբուրեց նրան։

— Ես առաջին անգամ եմ Ռիվիերայում, Ռավիկ,— ասաց Ժոանը։— Հասկացիր ինձ։ Եվ առաջին անգամն է, որ մենք իսկականից իրար հետ ենք։ Հիմա գիշերները այլևս ցուրտ չեն, և ես ինձ երջանիկ եմ զգում։

Ռավիկը մեքենան դուրս բերեց խիտ հոսանքի միջից, անցավ «Կառլտոն» հյուրանոցը և շարժվեց դեպի Ժյուան լե Պանը։

— Առաջին անգամն է,— կրկնում էր Ժոանը։— Առաջին անգամը, Ռավիկ։ Եվ ես գիտեմ, թե դու ինչ կարող ես ասել, բայց դա առնչություն չունի ինձ հետ։

Ժոանը սեղմվեց Ռավիկին ու գլուխը նրա ուսին դրեց։

— Մոռացիր, ինչ եղել է այսօր։ Եվ մի մտածիր այլևս այդ մասին։ Դու գիտե՞ս, որ սքանչելի մեքենա ես վարում։ Նոր ուղղակի հիանալի էիր քշում քաղաքով։ Այն ապուշներն էլ նույնը ասացին։ Նրանք երեկ են քեզ տեսել ղեկին նստած... Քեզ հետ սարսափելի է... Դու անցյալ չունես։ Մարդ քո մասին ոչինչ չգիտի։ Ես արդեն հարյուր անգամ այդ ապուշների կյանքի մասին ավելի շատ գիտեմ, քան՝ քո։ Քո կարծիքով այս կողմերում որևէ տեղ մի բաժակ կալվադոս չի՞ գտնվի։ Այսօրվա հուզմունքներից հետո անպայման ուզում եմ մի բաժակ խմել։ Շատ դժվար է քեզ հետ ապրելը։

Մեքենան սլանում էր խճուղու երկարությամբ, ինչպես ծանր թռչող թռչուն։

— Հո շատ արագ չե՞մ գնում,— հարցրեց Ռավիկը։

— Ոչ։ Ավելի արագացրու։ Այնպես արա, որ քամին իմ միջով անցնի, ինչպես անցնում է ծառի սաղարթների միջով։ Մի տես, թե գիշերն ինչպես է սուլում ականջներիս։ Սերն այնպես է ինձ ծակծկել, որ թվում է, թե ես կարող եմ այդ անցքերից նայել, թե ինչ կա իմ ներսում։ Ես այնպես եմ քեզ սիրում, որ սիրտս ուղղակի ուզում է փռվել քո առաջ, ինչպես տղամարդու հայացքից կարող է փռվել կնոջ մարմինը ցորենի դաշտում։ Սիրտս ուզում է փռվել գետնին, ուզում է տարածվել այս մարգագետինների վրա։ Այնպե՜ս է ուզում փռվել, այնպե՜ս է ուզում թռչել։ Սիրտս խելագարվել է։ Սիրտս սիրում է քեզ, երբ դու մեքենա ես քշում։ Արի այլևս Փարիզ չվերադառնանք։ Մի ճամպրուկ լիքը բրիլյանտ գողանանք կամ թալանենք մի բանկ և, այս մեքենան վերցնելով, թողնենք ու հեռանանք, մեկընդմիշտ մոռանալով Փարիզը։

Ռավիկը կանզ առավ մի փոքրիկ ռեստորանի առաջ։ Մոտորի աղմուկը դադարեց, և հեռվից իսկույն լսվեց ծովի մեղմ ու խոր շունչը։

— Գնանք,— ասաց Ռավիկը։— Քո կալվադոսից այստեղ կգտնվի։ Այսօր ինչքա՞ն ես արդեն խմել։

— Անչափ շատ։ Եվ դա քո պատճառով։ Մյուս կողմից էլ այդ ապուշների զավզակությունն էր դարձել անտանելի։

— Իսկ ինչո՞ւ չթողիր եկար ինձ մոտ։

— Ես եկա քեզ մոտ։

— Այո, եկար, բայց այն ժամանակ, երբ մտածեցիր, որ ես որոշել եմ քեզնից հեռանալ։ Որևէ բան կերե՞լ ես։

— Շատ քիչ։ Արդեն սոված եմ։ Խաղդ ինչպե՞ս վերջացավ, տարա՞ր։

— Տարա։

— Այդ դեպքում արի ավելի թանկ ռեստորան գնանք, որտեղ կարելի է ձկան խավիար ուտել, շամպայն խմել, մի խոսքով, լինել այնպես, ինչպես մեր ծնողներն են եղել մինչև այս պատերազմները — անհոգ, սենտիմենտալ, վախ չունեցող, անկաշկանդ, անճաշակ, արցունքով, լուսնով, դափնեվարդով, ջութակով, ծովով, սիրով։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք կունենանք երեխաներ, այգի, տուն, իսկ դու՝ անձնագիր և ապագա, որ ես քեզ համար հրաժարվել եմ փայլուն կարիերայից, որ նույնիսկ քսան տարի հետո մենք միմյանց սիրում ու խանդում ենք, որ ես առաջվա նման գեղեցիկ եմ քեզ համար, որ քունը չի կարողանում փակել իմ աչքերը, քանի դեռ գիշերը դու տուն չես վերադարձել և...

Ռավիկը տեսավ, որ Ժոանի երեսը ողողված է արցունքներով, թեև ժպտում է։

— Այդ բոլորը մեկը մյուսի հետ է կապված, սեր իմ... այդ ամենը վատ ճաշակի նշան է։

— Գնանք,— ասաց Ռավիկը,— գնանք «Շատո Մադրիդ»։ Դա լեռներում է գտնվում։ Այնտեղ ռուսական գնչուներ կան, և կգտնվի այն ամենը, ինչ սիրտդ ուզում է։


Վաղ առավոտ էր։ Հեռու ներքևում փռվել էր խաղաղ ու գորշ ծովը։ Երկինքն անամպ էր և անգույն։ Հորիզոնում ծովից վեր բարձրացավ արծաթյա նեղլիկ մի շերտ։ Այնպիսի մի լռություն էր, որ նրանցից յուրաքանչյուրը լսում էր մյուսի շնչառությանը։ Նրանք ռեստորանի վերջին հաճախորդներն էին և վերջինն էլ դուրս գնացին։ Գնչուները, որ արդեն նստել էին մի հին «ֆորդի» մեջ, ոլորապտույտ ճանապարհով ցած սլացան։ Քելներները գնացին «սիտրոեններով»։ Խոհարարը մթերքի մեկնեց 1929 թվականի վեցտեղանոց մի «դելաեով»։

— Ահա և բացվեց օրը,— ասաց Ռավիկը,— իսկ ինչ֊որ տեղ՝ երկրագնդի մյուս ծայրին դեռ գիշեր է։ Մի օր ինքնաթիռներ կհայտնվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել այդ գիշերներին։ Նրանց արագությունը հավասար է լինելու երկրագնդի պտույտների արագությանը։ Եվ եթե դու ինձ սիրես գիշերվա ժամը չորսին, մենք կարող ենք այնպես անել, որպեսզի միշտ ժամը չորսը լինի։ Ժամանակի հետ միասին մենք կթռչենք երկրագնդի շուրջը, և ժամանակը կանգ կառնի մեզ համար։

Ժոանը սեղմվեց նրան։

— Դա սքանչելի կլիներ... Այնքա՜ն լավ... Սիրտ պայթելու չափ հաճելի։ Դու կարող ես ծիծաղել ինձ վրա...

— Դա իսկապես որ լա՞վ է, ժոան։

Ժոանը նայեց Ռավիկին։

— Իսկ ո՞ւր է այդ ինքնաթիռը, որի մասին դու խոսում ես։ Մինչև դա հնարեն, մենք արդեն ծերացած կլինենք, սեր իմ։ Իսկ ես չեմ ուզում ապրել մինչև ծերություն։ Դո՞ւ։

— Ես կուզեի։

— Իսկապե՞ս։

— Այո։ Ծերանալ ինչքան հնարավոր է։

— Ինչո՞ւ։

— Ես ուզում եմ տեսնել, թե ինչ է լինելու մեր մոլորակը։

— Ես չեմ ուզում հասնել ծերության։

— Դու չես էլ ծերանա։ Կյանքը քո երեսին հետք անգամ չի թողնի։ Նա միայն շատ թեթևակի կկպչի քո դեմքին, որից դու ավելի կգեղեցկանաս։ Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում։

Ռավիկը չպատասխանեց։ Թողնել, մտածեց նա։ Քեզ թողնե՞լ։ Ինչպե՞ս կարող էր դա մի քանի ժամ առաջ Կաննում անցնել իմ մտքով։

Ժոանը, որ հենված էր Ռավիկի թևին, շարժվեց։

— Արդեն տոնը վերջացավ,— ասաց նա,— և ես քեզ հետ տուն եմ գնում, որտեղ մենք միասին կմտնենք անկողին։ Ինչքա՜ն է դա լավ։ Ինչքա՜ն է լավ, երբ մարդն իր ամբողջությամբ է սիրում և ոչ թե ինչ֊որ մի փոքրիկ մասով։ Երբ մարդ լցված է եզրեեզր և այլևս տեղ չունի ուրիշ ոչ մի բանի համար։ Եկ, եկ գնանք տուն, մեր պարտք վերցրած «տունը», այն սպիտակ հյուրանոցը, որը պարտեզում կառուցած տնակի է նման։

Մեքենան գրեթե առանց գազ տալու ցած էր գլորվում ոլորապտույտ ճանապարհով։ Կամաց֊կամաց լույսը բացվում էր։ Գետնից վաղորդյան ցողի բուրմունք էր բարձրանում։ Ռավիկը մեքենայի լույսերը հանգցրեց։ Երբ դուրս եկան Կորնիշ, նրանց առաջ ելավ ծաղիկներ և բանջարեղեն բարձած մի սայլակ, որ գնում էր Նիցցա։ Քիչ հետո նրանք իրենց հետևում թողին հեծելազորային մի ջոկատ։ Մոտորի գռգռոցի միջից լսվում էր ձիերի անհամաչափ դոփյունը և պայտերի անբնականորեն հնչեղ չխկչխկոցը խճուղու վրա։ Բուռնուս հագած ձիավորների դեմքերը սևին էին տալիս։

Ռավիկը նայեց Ժոանին։ Ժոանը ժպտաց։ Նրա դեմքն ավելի էր գունատ, հոգնած և նուրբ, քան սովորաբար։ Իր քնքուշ խոնջությամբ նա Ռավիկին թվում էր ավելի գեղեցիկ, քան երբևէ մինչ այդ, նրա դեմքին անսահման մի հրապուրանք կար այդ կախարդական, մթին տվող ու խաղաղ առավոտյան, որի առաջ արդեն սուզվել ու անհետացել էր երեկը, և որը դեռ ոչ մի որոշակի ժամով չէր հաստատվել որպես այսօրվա օր։ Նա խաղաղ սավառնում էր երկրի վրա, չունենալով ոչ ժամ, ոչ սարսափ և ոչ էլ կասկած...

Անտիբյան ծովածոցի վիթխարի աղեղը հայտնվելով հորիզոնում, շարժվեց նրանց վրա։ Օրը գնալով բացվում էր։ Կապտավուն օրվա լույսի տակ բարձրանում էին ծովածոցում կանգնած չորս ռազմական նավերի գորշ մետաղագույն ստվերները — մի հածանավի և երեք էսմինեցների։ Ըստ երևույթին, նրանք եկել էին գիշերը։ Ցածր, սպառնացող, անձայն նրանք կանգնած էին մեր առջև ետ նահանջող երկնքի ֆոնի վրա։ Ռավիկը նայեց Ժոանին։

Ժոանը գլուխը իր ուսին դրած քնել էր։