Հաղթական կամար - XXVII գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXVI գլուխ Հաղթական կամար - XXVIII գլուխ ▶


Ծով։ Խավարի դղրդացող մի ծով, որ կատաղի շրխկոցով զարնվում է մարդու ականջներին։ Հետո սուր, ականջ ծակող զանգեր սուզվող, գոչյուն արձակող նավի բոլոր մեկուսամասերում։ Նորից զանգի ձայն — և գիշեր։ Անհետացող քնի միջից հայտնվում է գունաթափ ծանոթ լուսամուտը․․․ Դարձյալ նույն զանգը․․․ Հեռախոսն է։

Ռավիկը վերցրեց լսափողը։

— Ալլո․․․

— Ռավիկ․․․

— Ի՞նչ է պատահել։ Ո՞վ է խոսում։

— Ես եմ։ Մի՞թե չես ճանաչում։

— Հիմա արդեն ճանաչեցի։ Ի՞նչ է պատահել։

— Դու պետք է գաս։ Առանց ուշանալու։ Հենց այս րոպեիս։

— Ի՞նչ է պատահել։

— Արի, Ռավիկ։ Բան է պատահել։

— Ի՞նչ,

— Ինքս էլ չգիտեմ։ Ես վախենում եմ։ Արի, մի ուշացնի։ Հենց այս րոպեիս արի։ Արի օգնիր։ Ռավիկ, արի, շուտ արա։

Լսափողի մեջ մի բան չխկաց։ Ռավիկն սպասում էր։ Լսվեցին «չզբաղվածության» ազդանշանները՝ տու, տու։ Ժոանը լսափողը կախել էր։ Ռավիկը նույնպես ցած դրեց, հայացքը հառած գիշերվա սպիտակին տվող մթությանը։ Երեկոյան պառկելիս նա քնաբեր դեղ էր ընդունել, և հիմա գլուխը մի տեսակ տհաճորեն ծանրացած էր։ Սկզբում Ռավիկին թվաց, թե զանգահարողը Հաակեն է։ Հետո նայելով լուսամուտին, հասկացավ, որ ինքը «Ինտերնացիոնալ» հյուրանոցում է և ոչ թե «Ուելսի Պրինցում»։ Նա նայեց ժամացույցին։ Լուսավորվող սլաքները ցույց էին տալիս ժամը չորսն անց քսան րոպե։ Հանկարծ Ռավիկն անկողնուց ընդոստ վեր կացավ։ Երբ ինքը Հաակեին հանդիպեց ռեստորանում, Ժոանը նրան վտանգի, սարսափի մասին ինչ-որ բան էր ասել․․․ իսկ եթե․․․ Ամեն ինչ հնարավոր է։ Քի՞չ հիմարություններ կան աշխարհում։ Ռավիկն արագ-արագ հավաքեց ամենաանհրաժեշտ բաները և հագնվեց։

Փողոցի հաջորդ անկյունում նա մի տաքսի կանգնեցրեց։ Վարորդն իր հետ մի փոքրիկ պինչեր ուներ։ Շունն այնպես էր պառկել նրա ուսերին, կարծես մորթե օձիք լիներ։ Մեքենայի յուրաքանչյուր ցնցումից ցնցվում էր նաև պինչերը։ Դա քիչ էր մնացել Ռավիկին խելագարեցնի։ Նա հաճույքով շանը կգցեր նստիքի վրա։ Սակայն ինքը լավ գիտեր Փարիզի տաքսու վարորդների տարօրինակությունները։

Մեքենան աղմկելով սլանում էր հուլիսյան գիշերվա տաք խավարի միջով։ Զգացվում էր երկչոտորեն շնչող սաղարթների թույլ բուրմունքը։ Մոտերքում ինչ-որ տեղ թմբիներ էին ծաղկել։

Բացված հասմիկների նման երկինքը ծածկել էին աստղերը, որոնց միջև, կարմիր ու կանաչ լույսերը թարթելով, մի ինքնաթիռ էր աղմկում, ինչպես լուսատիտիկների պարսի մեջ ընկած ծանր ու սպառնագին մի կոյաբնդիռ։ Բաց-գորշագույն խավարի մեջ ձգվող փողոցներ, սուլող դատարկություն, երկու հարբած մարդ, որոնք ձայները գլուխները գցած, ինչ-որ երգ են երգում, մառանից եկող ակորդեոնի նվագ․․․ Եվ հանկարծ․․․ Ռավիկն սկսեց կարկամել։ Սարսափը պատեց նրան․․․ շուտ հասնելու գիտակցությունը սկսեց մտրակել․․․ Շո՛ւտ․․․ շո՛ւտ․․․ գուցե դեռ ուշ չէ․․․

Տուն։ Տաք, քնաբեր մութ։ Դանդաղորեն ցած սողացող վերելակ։ Անշտապ շարժվող, լույս արձակող մի միջատ։ Ռավիկն արդեն երկրորդ հարկում էր, երբ սթափվելով, շրջվեց ու նորից իջավ ցած։ Չնայած իր դանդաղ սողալուն, այնուամենայնիվ, վերելակն ավելի արագ էր շարժվում, քան ինքը։

Ա՜խ, Փարիզի այս խաղալիքային վերելակները։ Վեր ու վար անող այս բանտասենյակը, ճռճռան, խզզան, որ և վերից է բաց և կողերից, ընդամենը մի հատակ՝ երկաթյա մի երկու սյուներով, կիսով չափ սևացած, թռթռացող և հազիվհազ լույս տվող էլեկտրական մի լամպ, հետո՝ մի ուրիշը, որ մինչև վերջը չի մտած փամփուշտի մեջ․․․ ահա և վերջին հարկը։ Ռավիկը մի կողմ քաշեց դռան երկաթյա վանդակը, զանգը սեղմեց։

Ժոանը դուռը բացեց։ Ռավիկը նրան ոտից գլուխ վայրկենապես նայեց։ Արյան ոչ մի հետք․․․ դեմքը հանգիստ է․․․ տագնապի ոչ մի նշան։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա։— Ո՞ւր է։

— Դու եկար, Ռավիկ։

― Ասա, տեսնեմ, ի՞նչ է․․․ ի՞նչ ես արել։

Ժոանը ետ քաշվեց։ Ռավիկը մտավ սենյակ, նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։

— Որտե՞ղ է։ Ննջասենյակո՞ւմ։

— Ի՞նչը,— հարցրեց Ժոանը։

— Ննջասենյակում մա՞րդ կա։ Ո՞վ կա այստեղ։

— Ոչ։ Ո՞վ պետք է լինի։

Ռավիկը զարմացած նայեց Ժոանին։

— Մի՞թե ես քեզ կարող էի կանչել, եթե այստեղ մարդ լիներ,— ասաց Ժոանը։

Ռավիկը դեռ շարունակում էր նայել նրա աչքերին։ Ժոանը կանգնած էր նրա առաջ ողջ, առողջ և ժպտում էր։

— Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան անցնել քո մտքով։— Ժոանի ժպիտը ավելի ու ավելի տարածվեց շուրթերի վրա։— Ռավիկ,— ասաց նա, և Ռավիկին թվաց, թե կարկուտը խփում է երեսին, ուրեմն, նա մտածում է, որ ես խանդում եմ և վայելում է այդ հաճույքը։ Ռավիկի ձեռքի պայուսակը, որի մեջ իր գործիքներն էին, հանկարծ սոսկալի ծանրացավ։ Նա մոտեցավ աթոռներից մեկին ու պայուսակը ցած դրեց։

— Նողկալի սրիկա,— ասաց Ռավիկը։

― Ի՞նչ։ Ի՞նչ պատահեց քեզ։

— Դու նողկալի սրիկա ես,— կրկնեց Ռավիկը։— Իսկ ես էշի նման ընկել եմ քո խելքին։

Նա նորից ձեռքն առավ պայուսակը և, շրջվելով, շարժվեց դեպի դուռը։ Ժոանն իսկույն նետվեց նրա մոտ։

— Ի՞նչ պատահեց, Ռավիկ։ Մի՛ գնա։ Խնդրում եմ, մի՛ թողնի ինձ մենակ։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է ինձ պատահել, եթե ինձ մենակ թողնես։

— Ստախոս,— ասաց Ռավիկը։— Ողորմելի խաբեբա։ Դու խորամանկ խաբեբա ես, բայց դա դեռ ոչինչ, նողկալին այն է, որ դու ստում ես այդքան էժանագին ձևով։ Այդպիսի բաների հետ կատակ չեն անում։

Ժոանը դռնից նրան մի կողմ հրեց։

— Ապա մի նայիր, տես ինչ է կատարվել։ Տես, և ինքդ կհամոզվես։ Նայիր, տես ինչպես է կատաղած ամեն ինչ իրար գլխով տվել։ Վախենում եմ, նորից գա։ Դու չգիտես, թե նա ինչ կարող է անել։

Հատակին ընկած էր շրջված մի աթոռ, մի լապտեր, ջարդված ապակիների կտորներ։

— Կոշիկներդ հագիր, առանց կոշիկի ման չգաս սենյակում,— ասաց Ռավիկը,— որպեսզի ոտքերդ չճղես։ Ահա այն, ինչ ես կարող եմ քեզ խորհուրդ տալ։

Ապակու կտորների մեջ ընկած էր նաև մի լուսանկար։ Ռավիկը ոտքով ապակու փշրանքներր մի կողմ հրեց ու վերցրեց նկարը։

— Առ, վերցրու․․․ — նա լուսանկարը շպրտեց սեղանին։— Եվ ինձ արդեն հանգիստ թող։

Ժոանը Ռավիկի առաջ կանգնած, ամբողջովին այլայլվել ու անքթիթ նրան էր նայում։

— Ռավիկ,— ասաց նա կամաց ու ճնշված ձայնով։— Ինձ համար միևնույն է, թե դու ինչ ես անվանում ինձ։ Ես հաճախ եմ խաբել։ Հետագայում նույնպես պետք է խաբեմ։ Ձեզ այդպես է դուր գալիս։— Ժոանը, դառնացած, ձեռքով խփեց լուսանկարին։ Նկարը սեղանի վրայից սահեց ու ցած ընկավ երեսն ի վեր։ Ռավիկը տեսավ, որ դա այն մարդու նկարը չէ, որին ինքը տեսել էր Ժոանի հետ «Կլոշ դ'Օրում»։— Ձեր բոլորի ուզածն այդ արհամարհանքով շարունակեց Ժոանը։— Մի խաբիր, մի խաբիր։ Միայն ճիշտն ասա։ Բայց բավական է մարդ ձեզ ճշմարտությունն ասի, դուք արդեն ուժ չեք գտնում՝ այդ ճշմարտությունը տանելու։ Ոչ մեկը։ Բայց ես քեզ հաճախ չեմ խաբել։ Քեզ չէ։ Ես առհասարակ քեզ խաբել չեմ ուզեցել։

— Ինչ որ է,— ասաց Ռավիկը։— Արի այդ հարցին չանդրադառնանք։— Հանկարծ նա ինչ-որ առանձնահատուկ ձևով մի ցավ պատճառող խայթ զգաց։ Ինչ-որ բան Ռավիկին խոցեց։ Նա վրդովվեց ինքն իր վրա։ Չէր ուզում նորից զգալ այդ ցավը։

— Այո, ես քեզ խաբելու կարիքը չունեի,— կրկնեց Ժոանը և աղերսանքով նայեց Ռավիկին։

— Ժոան․․․

— Եվ հիմա նույնպես քեզ չեմ խաբում։ Չեմ խաբում ոչ մի չափով, Ռավիկ։ Այո, ճիշտ է, ես քեզ զանգել եմ, բայց զանգել եմ, որովհետև վախենում էի։ Լավ է, որ ես կարողացա նրան դուրս հրել ու փակել դուռը։ Դա իմ գլուխը եկած առաջին միտքն էր։ Մի՞թե ես վատ եմ արել։

— Դու զարմանալի հանգիստ էիր, երբ ես եկա։ Քո մեջ վախի ոչ մի զգացում չկար։

— Չկար, որովհետև նա արդեն հեռացել էր։ Եվ մտածում էի, որ դու կգաս, ինձ կօգնես։

— Թող այդպես լինի։ Հիմա ամեն ինչ անցած է, ես կարող եմ արդեն գնալ։

― Նա նորից կգա։ Սպառնաց, որ գալու է։ Հիմա որևէ տեղ նստած, երևի խմում է։ Ես դա հաստատ գիտեմ։ Իսկ եթե հարբած եկավ․․․ նա քեզ նման չէ․․․ Մարդավարի խմել չգիտի։

— Բավական է,— ասաց Ռավիկը։— Վերջ տուր այդ մասին։ Այդ բոլորն ուղղակի հիմարություններ են։ Քո սենյակի դուռն ամուր է։ Եվ այլևս այդպիսի բաներ չանես։

Ժոանն անշարժ կանգնած էր։

— Բա ի՞նչ անեմ,— հանկարծ դուրս թռավ նրա շուրթերից։

— Ոչ մի բան։

— Ես քեզ զանգում եմ․․․ Երեք, չորս անգամ, դու բոլորովին չես մոտենում հեռախոսին։ Իսկ մոտենալիս ասում ես, որ քեզ հանգիստ թողնեմ։ Դա ի՞նչ է նշանակում։

— Նույնը, ինչ որ ասել եմ մինչև հիմա, դու ինձ պետք է հանգիստ թողնես։

— Ես քեզ պետք է հանգի՞ստ թողնեմ։ Իսկ ինչպե՞ս պետք է հանգիստ թողնեմ։ Մենք հո ավտոմատներ չե՞նք, որոնց կարելի է լարել ու ցանկացած րոպեին կանգնեցնել։ Մենք մի գիշեր անց ենք կացնում միասին, ամեն ինչ հիանալի է, լցված ենք սիրով, և հանկարծ․․․ խնդրեմ, ինձ հանգիստ թող։

Տեսնելով Ռավիկի երեսը, Ժոանը լռեց։

— Ես այսպես էլ գիտեի,— ցածր ձայնով ասաց Ռավիկը։— Գիտեի, որ մի օր այսպես է լինելու։ Որ դու աշխատելու ես դա օգտագործել նպատակահարմար ձևով։ Ինչքա՜ն է դա քեզ սազական։ Դու գիտեիր, որ այն ժամանակ մենք հանդիպում ենք վերջին անգամ, գիտեիր, որ հենց դրանով էլ ամեն ինչ պետք է վերջանա։ Դու եկար ինձ մոտ, և որովհետև դա վերջին անգամն էր, այդ պատճառով էլ այնքան լավ և հաճելի անցավ հանդիպումը։ Մենք հրաժեշտ տվինք միմյանց, մեր հոգիներր լցված էին միմյանցով, և այդպես էլ դա մեր հիշողության մեջ կմնար։ Բայց դու ավելի լավ ոչինչ չկարողացար անել, բացի այդ փաստն օգտագործելուց և առևտրականի նման սպեկուլյացիայի դիմելուց։ Դու ամեն ինչ անում ես, որպեսզի նորից այդ ամենը շրջես, նորից ես ուզում մի կերպ, սողալով շարունակել այն, ինչը կյանքում լինում է մի անգամ և այլևս չի կրկնվում։ Եվ քանի որ ես այդ չեմ ուզում, դու ձեռքդ գցում ես այդ նողկալի տրյուկին, և հիմա նորից այդ բոլորը պետք է սկսենք ծամել, որի մասին հիշելը նույնիսկ արդեն անամոթություն է։

― Ես․․․

— Դու այդ գիտեիր,— ընդհատեց նրան Ռավիկը։— Նորից մի ստիր։ Ես չեմ ուզում կրկնել քո ասածը։ Ինձ համար դա ծանր է։ Մենք երկուսով էլ դա գիտեինք։ Դու գիտեիր, որ այլևս չպետք է գաս։

— Ես չեմ էլ եկել։

Ռավիկը նայեց Ժոանի երեսին։ Նա հազիվ կարողացավ զսպել իրեն։

— Չես եկել, բայց զանգահարել ես։

— Զանգահարել եմ, որովհետև վախենում էի։

― Տե՜ր աստված,— ասաց Ռավիկը։— Դա արդեն ամեն ապուշության սահմանն անցնում է։ Ես հանձնվում եմ։

Ժպիտը աստիճանաբար տարածվեց Ժոանի երեսին։

— Ես էլ եմ հանձնվում, Ռավիկ։ Մի՞թե դու չես տեսնում, որ իմ ուզածը հենց այն է, որ դու մնաս այստեղ։

— Դա հենց այն է, ինչ ես չեմ ուզում։

— Ինչո՞ւ։— հարցրեց Ժոանը, դեռ շարունակելով ժպտալ։

Ռավիկը կարծես ջարդված լիներ։ Ժոանը պարզապես հրաժարվում էր նրան հասկանալուց։ Իսկ եթե նորից սկսվեն բացատրությունները, աստված գիտե, թե ինչով դա կվերջանա։

— Դա ուղղակի սոսկալի անբարոյականություն է,— ասաց վերջապես Ռավիկը։— Եվ դու ինքդ էլ դա չես հասկանում։

— Ես հասկանում եմ,— դանդաղ ասաց Ժոանը։— Եվ շատ լավ եմ հասկանում։ Բայց, ասա, տեսնեմ, ի՞նչ է փոխվել անցյալ շաբաթվա համեմատությամբ։

— Ոչինչ էլ չի փոխվել։ Նույնն է։

Ժոանը լուռ նայում էր Ռավիկին։

— Ինձ չի հետաքրքրում, թե դու ի՛նչ անուն ես տալիս դրան, անբարոյականություն, թե՞ ուրիշ բան,— վերջապես ասաց Ժոանը։

Ռավիկը լուռ էր։ Նա զգում էր, որ Ժոանի առարկությունը խիստ տրամաբանված է։

— Ռավիկ,— ասաց Ժոանը, մոտենալով նրան։— Այո, ճիշտ է, ես այն ժամանակ ասացի, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է։ Ասացի, որ երբեք այլևս իմ մասին ոչինչ չես լսի։ Ես այդ ասացի, որովհետև դու էիր ուզում։ Բայց եթե ես, այնուամենայնիվ, հիմա ուրիշ կերպ եմ վարվում, մի՞թե դու այդ չես հասկանում։

Ժոանը նայեց Ռավիկին։

— Ոչ,— կոպտորեն պատասխանեց Ռավիկը։— Ես հասկանում եմ միայն մի բան, այն, որ դու ուզում ես երկու ամուսնու հետ քնել։

Ժոանը բոլորովին չշարժվեց։

— Դա ամենևին էլ այդպես չէ։— ասաց Ժոանը։— Իսկ եթե անգամ ընդունենք, որ հենց այդպես էլ կա, դա քո ի՞նչ գործն է։

Ռավիկը զարմացած նրան նայեց։

— Այո, այո, քո ի՞նչ գործն է,— կրկնեց Ժոանը։— Ես քեզ սիրում եմ։ Դա բավական չի՞ քեզ համար։

― Ոչ։

— Դու խանդելու պատճառ չունես։ Գոնե դու։ Եվ երբեք էլ չես խանդել․․․

— Ախ, այդպե՞ս։

— Այո։ Դու նույնիսկ չգիտես էլ, թե խանդն ինչ է։

— Իհարկե, չգիտեմ։ Որովհետև եթե իմանայի, ես էլ քեզ համար թատերական տեսարաններ կսարքեի, ինչպես քո դերասանը․․․․

Ժոանը ժպտաց։

— Ռավիկ,— ասաց նա։— Խանդում են նաև օդին, որն ուրիշն էլ է շնչում։

Ռավիկը չպատասխանեց։ Ժոանը կանգնել էր նրա առաջ և սևեռուն հայացքով նրան էր նայում։ Նայում էր և լռում։ Օդը, նեղ միջանցքը, աղոտ լույսը — հանկարծ ամեն ինչ լցվեց Ժոանով։ Լցվեց խելագար մի սպասումով, շունչ կտրվելու չափ քաղցր ու հրապուրանքով լի մի ձգումով, ինչպես հողն է ձգում, թեթև մի գլխապտույտ առաջացրած, երբ մարդ կախվում ու ցած է նայում որևէ աշտարակի բարձունքից։

Ռավիկը դա զգում էր, զգում էր և չէր ուզում այլևս թակարդն ընկնել։ Նա այլևս չէր մտածում ուղղակի հեռանալու մասին։ Եթե նա հենց այդպես գնա, ապա Ժոանն իրեն անվերջ հետապնդելու է։ Իսկ նա չէր ուզում, որ իրեն հետապնդեին։ Ուզում էր ամեն ինչի մեջ որոշակիություն մտցնի, որ մեկընդմիշտ վերջ տա այս ամենին։ Վաղը նրան պարզություն էր պետք։

— Խմելու որևէ բան չունե՞ս,— հարցրեց Ռավիկը։

— Ունեմ։ Ի՞նչ ես ուզում։ Կալվադոս բերե՞մ։

— Կոնյակ, եթե կա։ Ասենք, թող կալվադոս լինի։ Միևնույն է։

Ժոանը մոտեցավ փոքրիկ պահարանին։ Ռավիկը նայում էր նրա հետևից։ Հիմա նույնիսկ այդ թափանցիկ օդն էլ է ներծծված հրապուրանքի և գայթակղության անտեսանելի շողերով։ Ու թվում է, թե տարաձայնության ոչ մի նշույլ այլևս․․․ ահա հենց այստեղ մենք կհիմնենք մեր խրճիթը․․․ Զգացմունքների հին, հավիտենական խաբկանքն է․․․ Կարծես սիրտը երբևէ կարող է մի գիշերից ավելի երկար անդորրվել։

Խանդ։ Մի՞թե ինքը չի ունեցել այդ զգացումը։ Մի՞թե սիրո անկատարելիությանը ինքն անտեղյակ է եղել։ Մի՞թե չի զգացել սիրո պատճառած այն ցավը, որը այնքան ծանոթ է յուրաքանչյու մարդու։ Խանդը։ Մի՞թե դա չի առաջանում այն գիտակցությունից, թե սիրողներից մեկը պետք է մյուսից ավելի շուտ մահանա։

Ժոանը բերեց ոչ թե կալվադոս, այլ մի շիշ կոնյակ։ Ոչինչ, մտածեց Ռավիկը։ Երբեմն Ժոանը որոշ բաներ հասկանում է։ Ռավիկը հատակին ընկած լուսանկարը ոտքով մի կողմ հրեց, որպեսզի uեղանին դնի իր բաժակը։ Հետո կռացավ ու վերցրեց նկարը։ Կախարդանքից ազատվելու ամենահեշտ միջոցը փոխարինողին նայելն է։

― Դեմքեր հիշելու մեջ ես զարմանալի վատ հիշողություն ունեմ,— ասաց Ռավիկը։— Ես քո դերասանին բոլորովին ուրիշ տեսակ էի պատկերացնում։

Ժոանը շիշը դրեց սեղանին։

— Դա ամենևին էլ դերասանը չէ։

— Մի՞թե։ Արդեն ուրի՞շն է գտնվել։

— Բա իհարկե․․․ Այս ղալմաղալը հենց դրա համար էր։

Ռավիկը մի մեծ կում արեց։

— Դու պետք է գիտենաս, որ չի կարելի տղամարդկանց լուսանկարներով զարդարել սենյակը, երբ նախկին սիրածը հայտնվում է։ Եվ առհասարակ չի կարելի ամենուրեք լուսանկար շարել, դա անճաշակություն է։

— Ոչ մի տեղ էլ լուսանկար չէր դրված։ Նա ինքը փնտրեց, գտավ։ Իսկ լուսանկարները միշտ էլ պետք է պահել։ Դու այդ չես հասկանա։ Բայց կնոջ համար դա հասկանալի է։ Ես բոլորովին էլ չէի ուզում, որ նա տեսներ այդ։

— Այդ պատճառով էլ կռիվ է եղել։ Դու կախվա՞ծ ես նրանից։

— Ոչ։ Ես կոնտրակտ ունեմ։ Երկու տարվա համար։

— Նա՞ է միջամտել։

— Թեկուզև, իսկ ի՞նչ կա դրա մեջ։— Ժոանն անկեղծորեն զարմացած էր։— Դա որևէ բան նշանակո՞ւմ է։

— Ոչ, իհարկե։ Բայց այնպիսի մարդիկ կան, որոնց նման բաները վիրավորում են։

Ժոանն ուսերը վեր քաշեց։ Ռավիկն այդ տեսավ։ Եվ նրա մեջ մի հիշողություն, քաղցր մի կարոտ արթնացավ։ Ուսերը․․․ Մի Ժամանակ այդ ուսերը իր կողքին էին եղել․․․ կամաց, համաչափ նրանք վեր ու վար էին արել քնի մեջ շնչելիս։ Թռչող մի ամպ, թռչունների մի երամ, որոնք փայլփլում էին գիշերային կարմրին տվող երկնքում։ Մի՞թե դրանք արդեն հեռավոր անցյալ են դարձել։ Խոսակցություններ, հիշողություն, զգացմունքների անտեսանելի հաշվապահ։ Դրանք թաղվա՞ծ են, թե վերջին հազիվ նկատելի ցոլքերն են։ Է՛հ, ո՞վ կարող է այդ իմանալ։

Լուսամուտները լայն բացված էին։ Ինչ-որ թուխ, թրթռուն մի շորի կտոր ներս ընկավ, անվստահ օրորվելով պտույտ տվեց սենյակում և, նստելով լուսամփոփի վրա, փռեց իր ծիրանագույն, լազուր և դարչնին տվող թևերը։ Մետաքսյա լուսամփոփից նա կախվել էր ինչպես գիշերվա շքանշան, կախվել էր ով գիտի որտեղից թռած-եկած գիշերային այդ սիրամարգի աչքը։ Կամացուկ շնչում էին նրա թավշյա թևիկները, կամացուկ, ինչպես նրա դեմ-դիմացը կանգնած կնոջ կուրծքը՝ իր թեթև շորի տակ։ Այդ ե՞րբ էր արդյոք, որ դարձյալ այսպես էր․․․ վաղո՞ւց էր դա․․․ հարյուր տարի առա՞ջ։

Լուվրը։ Նիկան․․․ Ոչ, շատ ավելի առաջ։ Ինչ-որ հեռո՜ւ հեռավոր ժամանակներում, փոշու և ոսկու աղջամուղջի մեջ։ Տպազիոնե զոհասեղանի առջև բարձրացող ծուխ։ Հրաբուխների ահագնացող դղիրդ, ստվերների, տարփանքի և արյան ավելի ու ավելի մթին տվող վարագույր, դեռ շատ փոքր է իմացության մակույկը, անսահման եռուն ու փոթորկուն է ջրապտույտը, աներևակայելի հուրհրան է լավան, որը սև մագիլներով սողում է լանջերն ի վար, հեղեղելով ու լափելով կյանքը․․․ Եվ այդ ամենի վերևում կախված է Մեդուզայի հավիտենական ժպիտը։ Մեդուզայի, որի համար ոգու հուզմունքն ու տագնապները ոչ այլ ինչ են, եթե ոչ մի քանի թռուցիկ հիերոգլիֆներ ժամանակի ավազների վրա։

Թիթեռը հարժվեց, սահեց մետաքսյա լուսամփոփի տակ և սկսեց թափահարել թևերը ու զարնվել էլեկտրական տաք լամպին։ Թափվում է մանիշակագույն փոշի։ Ռավիկը բռնեց թիթեռին և, տանելով դեպի լուսամուտը, նետեց գիշերվա մեջ։

— Նորից կգա,— ասաց Ժոանը։

— Գուցեև չգա։

— Այդ թիթեռները ամեն գիշեր են գալիս։ Գալիս են զբոսայգիներից։ Միևնույն թիթեռներն են։ Բայց տարբեր երանգի։ Մի երկու շաբաթ առաջ դեղին լիմոնագույն էին։ Հիմա էլ սրանցից են։

— Այո։ Միևնույն թիթեռներն են։ Բայց միշտ տարբեր են։ Միշտ տարբեր են, բայց միևնույնն են։

Այդ ի՞նչ է ասում։ Նրա հետևին ինչ-որ բան էր խոսում։ Խոսում էր նրա փոխարեն։ Ձայնի ինչ-որ անդրադարձում էր, արձագանք, որ գալիս էր հեռո՜ւ հեռվից, վերջին հույսի այն կողմն ընկած սահմանից։ Բայց ինչի՞ վրա էր նա հույս դնում։ Ի՞նչը հանկարծ այդպես հարվածեց նրան իր այս թույլ ժամին, այդ ի՞նչը հերձադանակի նման խրվեց մարմնի հենց այն տեղը, որը, ինչպես իրեն թվում էր, արդեն սպիացել ու լավացել էր։ Մի՞թե նա ինքն իրեն խաբելով, դեռ ինչ-որ բան էր սպասում։ Մի՞թե այդ հույսը, դառնալով թրթուռ, դառնալով հարսնյակ, ձմեռային քուն մտնելով, դեռ պահպանել էր իր գոյությունը և մնացել կենդանի։ Ռավիկը լուսանկարը վերցրեց սեղանից։

— Ինչ-որ դեմք։ Ինչ-որ մեկի դեմքը։ Միլիոնավոր դեմքերից մեկը։

— Երբվանի՞ց ես սրա հետ,— հարցրեց նա։

— Դեռ նոր է։ Միասին ենք աշխատում։ Մի քանի օր է, ինչ ծանոթացել ենք։ Այն օրից, ինչ «Ֆուքե» ռեստորանում քեզ հանդիպեցի, հիշո՞ւմ ես, և դու․․․

Ռավիկը ձեռքը բարձրացրեց։

— Էլ մի՛ շարունակի։ Բավական է։ Արդեն հասկանալի է։ Ուզում ես ասել, որ եթե ես այն ժամանակ․․․ Դու գիտես, որ դա ճիշտ չէ։

Ժոանը մի պահ տատանվեց։

— Ոչ․․․ ճիշտ է․․․ — վրա բերեց նա։

— Դու ինքդ էլ գիտես, որ ճիշտ չէ։ Մի՛ ստի։ Եթե իսկապես դա քեզ համար կարևոր լիներ, այդքան շուտ շունչդ տեղը չէր ընկնի։

Ի՞նչ էր իր ուզածը։ Ինչի՞ համար էր այդ բոլորն ասում։ Չլինի՞ դեռ ուզում է որևէ գթասիրտ սուտ լսել։

— Դա և ճիշտ է և ճիշտ չէ,— ասաց Ժոանը։— Ես ինձ հետ ոչինչ անել չեմ կարող, Ռավիկ։ Կարծես մեկն ինձ ասում է, որ այդպես անեմ։ Ինձ թվում է, թե ես ինչ-որ բան ձեռքիցս բաց եմ թողնում։ Եվ ահա ուզում եմ այդ ինչ-որ բանը բռնել, ուզում եմ այնպես պահել, որ չփախչի այլևս, և պարզվում է, որ այդ բոլորը զուր է, հետո ես կրկին ձեռքս մի նոր բանի եմ գցում։ Նախապես գիտեմ, որ դա ևս վերջանալու է նույն ձևով, բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Կարծես մեկն ինձ դրդում է դրան, նետում է ինչ-որ տեղ, որոշ ժամանակ լցնում է ինչ-որ ցանկություններով, իսկ հետո բաց է թողնում, և ես նորից ամայանում եմ, դատարկվում, կարծես, սովից․․․ Եվ կրկին ամեն ինչ նորից է սկսվում։

Ես կորցրել եմ սրան, մտածեց Ռավիկը։ Կորցրել եմ ամբողջովին և մեկընդմիշտ։ Այլևս չի կարելի հուսալ, թե նա մոլորվել է, սխալ է թույլ տվել, որ նա դեռ կարող է սթափվել և վերադառնալ։ Լավ է, երբ մարդ ամեն ինչ իմանում է մինչև վերջը, մանավանդ երբ երևակայության գոլորշիներն սկսում են խավարեցնել բանականաթյան ոսպնյակները։

Փափուկ, անողոք, անսփոփանք քիմիա․․․ Արյունը, որ մի անգամ հորդել է ուրիշի մեջ, երբեք այլևս չի կարող ունենալ իր նախկին ուժը։ Այն, ինչը Ժոանին մինչև հիմա պահում էր, դա այն էր, որ Ռավիկի հոգում ինչ-որ անկյուն նա դեռ չէր թափանցել։ Եթե Ժոանը թափանցած լիներ նաև այդ վերջին անկյունը, ապա այլևս ոչինչ չէր կարող նրան պահել, նա կհեռանար, և կհեռանար մեկընդմիշտ։ Ո՞վ է դրան սպասելու։ Ո՞ւմ է դա բավականություն պատճառելու։ Ո՞վ է հանուն դրա իրեն զոհաբերելու։

— Ես կուզեի, ինքս էլ այնպես ուժեղ լինեի, ինչպես դու ես, Ռավիկ։

Ռավիկը ծիծաղեց։ Միայն դա՜ էր պակաս։

― Դու շատ ավելի ուժեղ ես, քան ես։

— Ոչ, դա այդպես չէ։ Դու ինքդ էլ ես տեսնում, թե ես ինչպես եմ ման գալիս քո հետևից։

— Բանն էլ հենց այդ է։ Դու կարող ես դա քեզ թույլ տալ։ Իսկ ես՝ չեմ կարող։

Ժոանը մի վայրկյան ուշադիր նայեց նրան։ Հետո հանկարծ հանգավ այն պայծառությունը, որով ողողված էր նրա դեմքը։

― Դու սիրել չգիտես,— ասաց Ժոանը։— Դու երբեք քեզ չես նետի հորձանուտի մեջ։

— Իսկ դու քեզ նետում ես։ Դրա համար է, որ միշտ մեկնումեկը քեզ փրկում է։

— Դու չե՞ս կարող ինձ հետ խոսելիս լուրջ լինել։

— Ես շատ լուրջ եմ խոսում քեզ հետ։

— Եթե ինձ միշտ մեկնումեկը փրկում է, այն դեպքում ես ինչո՞ւ չեմ կարողանում քեզանից հեռանալ։

— Դու հիանալի կարողանում ես ինձանից հեռանալ։

— Արի այդ մասին չխոսենք։ Դու լավ գիտես, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Եթե ես կարողանայի, հետևիցդ քարշ չէի գա։ Ուրիշներին ես մոռացել եմ։ Բայց քեզ չեմ կարողանում մոռանալ։ Ինչո՞ւ։

Ռավիկը մի կում խմեց։

— Երևի այն պատճառով, որ չկարողացար իմ գլխին նստել։

Ժոանի արյունը մի վայրկյան խփեց գլուխը։ Բայց իսկույն զսպեց իրեն և հանգիստ գլուխն օրորեց։

— Ես ուրիշների գլխին նույնպես չեմ նստել, ինչպես դու ես արտահայտվում։ Իսկ եղել են դեպքեր, երբ այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Բայց, չնայած դրան, ես նրանց մոռացել եմ։ Դժբախտ եմ եղել, բայց մոռացել եմ։

— Ինձ էլ կմոռանաս։

— Ոչ, քեզ չեմ մոռանա։ Ես անընդհատ քո մասին եմ մտածում։ Չեմ մոռանա։ Երբեք։

— Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ,— ասաց Ռավիկը։— Դա և մեծ բարիք է և սոսկալի չարիք։

— Դու մինչև հիմա դեռ ինձ չես ասել, թե ինչո՞ւ ենք մենք այսպես։

— Դա մեզանից և ոչ մեկը չի կարող բացատրել։ Ինչքան էլ ուզում է խոսենք, միևնույն է, իրար չենք հասկանալու։ Կան բաներ, որ մարդ ոչ կարող է հասկանալ և ոչ էլ բացատրել։ Փառք աստծո, որ մեր մեջ դեռ ինչ-որ մի մութ բան կա, մի կտոր ջունգլի․․․ Իսկ հիմա ես գնում եմ։

Ժոանն արագ տեղից վեր կացավ։

— Ինձ մենակ չթողնես։

― Դու ինչ է, ուզում ես ինձ հետ քնե՞լ։

Ժոանը նայեց Ռավիկին, բայց ոչինչ չասաց։

― Հույսով եմ, որ ոչ,— շարունակելով միտքը, ավելացրեց Ռավիկը։

— Ինչո՞ւ ես դա հարցնում։

― Զվարճության համար։ Գնա քնիր։ Արդեն լույսը բացվում է։ Ողբերգության համար ժամանակ չկա։

— Դու չե՞ս ուզում մնալ։

— Ոչ։ Եվ երբեք այլևս չեմ գա։

Ժոանը անշարժ կանգնած էր։

— Երբե՞ք։

— Երբեք։ Դու նույնպես երբեք այլևս ինձ մոտ չգաս։

Ժոանը դանդաղ օրորեց գլուխը։ Ապա ցույց տալով սեղանի վրայի լուսանկարը, հարցրեց․

— Սրա համա՞ր։

— Ոչ։

— Ես քեզ չեմ հասկանում։ Չէ՞ որ մենք կարող էինք․․․

— Ոչ,— իսկույն վրա բերեց Ռավիկը։— Մենք չէինք կարող։ Գիտեմ, ինչ ես ասելու։ Մնալ որպես բարեկամ։ Բանջարանոց շինել հանգած զգացմունքների սառած լավայի վրա։ Ոչ, դա մենք չենք կարող։ Այդպիսի բաները մեզ համար չեն։ Նման բաներն արվում են մանր-մունր ընդհարումների Ժամանակ։ Ընդ որում դա նույնպես միշտ չէ, որ հաջորդում է։ Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ։ Վերջը վերջ է։

— Բայց ինչո՞ւ հենց հիմա։

— Դու իրավացի ես։ Սա պետք է շուտ լիներ։ Երբ ես վերադարձա Շվեյցարիայից։ Բայց ամենագետ մարդ չկա։ Իսկ երբեմն մարդ չի էլ ուզում ամեն ինչ իմանալ։ Չէ՞ որ դա․․․ — նա հանկարծ կանգ առավ։

— Դու ի՞նչ, ի՞նչ էիր ուզում ասել, Ռավիկ։— Ժոանը կանգնել էր նրա առաջ, կարծես, ինչ-որ բան չհասկանալով, բայց որը անպայման ուզում էր հասկանալ։ Նա ամբողջովին սփրթնել էր, իսկ աչքերը դարձել էին թափանցիկ։

— Հը, ասա, դա ի՞նչ էր,— հարցրեց Ժոանը։

Նրա թիկունքում գտնվող կիսով չափ լուսավորված միջանցքը, որ կարծես երերում էր աղոտ լույսի մեջ, թվում էր, թե ինչ-որ մի ճանապարհ է, որ տանում է դեպի հեռու մի հանքահոր, որտեղ խոստումը և ցողաողող սերունդներն ու մշտապես վերածնվող հույսերը լույս են տալիս։

― Սեր․․․ — ասաց Ռավիկը։

— Սե՞ր։

— Այո, սեր։ Այդ պատճառով է, որ հիմա ամեն ինչ վերջացած է։

Ռավիկն իր հետևից փակեց դուռը։ Վերելակ։ Նա սեղմեց կոճակը։ Բայց չսպասեց վերելակի վար սողալուն։ Վախենում էր, Ժոանը հետևից գա։ Նա արագ-արագ աստիճաններով ցած իջավ, զարմանալով, որ բացվող դռան ձայն չի լսում։ Երկու հարկ ցած իջնելով, նա կանգ առավ և սկսեց ականջ դնել։ Ոչ մի շարժում չկար։ Նրա հետևից ոչ ոք չէր գալիս։


Տաքսին դեռ կանգնած էր տան առջև։ Այդ մասին Ռավիկն արդեն մոռացել էր։ Վարորդը երկու մատը մոտեցրեց գլխարկին և մտերմորեն քմծիծաղեց։

— Ինչքա՞ն է,— հարցրեց Ռավիկը։

— Տասնյոթ ու հիսուն։

Ռավիկը վճարեց։

— Չե՞ք վերադառնալու,— զարմացած հարցրեց վարորդը։

— Վերադառնալու եմ, բայց ոտքով։

— Շատ հեռու է, մեսյո։

— Գիտեմ։

— Այդ դեպքում զուր տեղը ինձ այդքան երկար սպասել տվիք։ Չէ՞ որ դա ձեզ վրա տասնմեկ ֆրանկ նստեց։

— Ոչինչ։

Վարորդը փորձեց վառել սիգարետի դեղնած և թաց մնացորդը, որը վերին շրթունքին էր կպել։

— Էհ, հույս ունեմ, որ ժամանակը հետաքրքիր անցկացրած կլինեք։

— Շա՜տ,— ասաց Ռավիկը։

Այգիները կանգնած էին վաղորդյան ցուրտ երկնքի տակ։ Օդն արդեն տաքացել էր, իսկ առավոտյան լույսը դեռ սառն էր։ Փոշով ծածկված թփեր, նստարաններ, որոնցից մեկի վրա մի մարդ էր քնել երեսը ծածկած «Պարի սուարի» համարով։ Դա հենց այն նստարանն էր, որի վրա այն անձրևոտ գիշերը ինքն էր նստել։

Ռավիկը մոտեցավ, նայեց քնած մարդուն։ «Պարի սուարը» փոքր-ինչ բարձրացել էր նրա ծածկված դեմքի վրայից, կարծես այդ ճմրթված թերթի կտորը ինչ-որ կենդանի էակ էր կամ մի թիթեռ, որ հիմա ուր որ է ուզում է թռչել ու երկինք հանել վերջին նշանավոր լուրերը։ Հանդարտորեն շնչում էր սև հաստ տառերով վերնագիրը․ «Հիտլերը հայտարարում է, որ բացի Դանցիգի միջանցքից, ուրիշ տերիտորյալ պահանջներ չունի»։ Իսկ անմիջականորեն դրա տակ․ «Լվացարարուհին տաք արդուկով սպանում է իր ամուսնուն»։ Փարթամ կրծքով և կիրակնօրյա զգեստով մի կին լուսանկարից Ռավիկին էր նայում։ Նրա կողքից բարձրանում և իջնում էր մի ուրիշ լուսանկար․ «Չեմբերլենը համարում է, որ խաղաղությունը կարելի է պահպանել»։ Նկարում պատկերված էր հովանոցով մի կլերկ, որը դեմքով երջանիկ ոչխարի էր նման։ Նրա ոտքերի տակ մանր տառերով մի վերնագիր էր խցկված․ «Սահմանի վրա հարյուրավոր հերոսներ են սպանված»։

Մարդը, որը գիշերային ցողից և առավոտյան լույսից ծածկվել էր «Պարի սուարով», քնած էր խոր և հանգիստ քնով։ Նրա հագին հին մաշված պարուսինե կոշիկներ էին, դարչնագույն շալից շալվար և ճղճղված մի պիջակ։ Աշխարհի բոլոր այդ իրադարձությունները նրան ամենևին էլ չէին հետաքրքրում։ Նա բարոյալքված էր այն աստիճան, որ այլևս ոչինչ նրան չէր հետաքրքրում, և նման էր օվկիանոսի խորքերում գտնվող ձկներին, որոնց բոլորովին չեն վերաբերում մակերեսին տեղի ունեցող փոթորիկները։

Ռավիկը վերադարձավ «Ինտերնացիոնալ»։ Նրա հոգին թեթև էր և պայծառ։ Հիմա նրան այլևս ոչինչ չէր խանգարում, ամեն ինչ արդեն հետևում էր մնացել։ Նա այսօր պետք է փոխադրվեր «Ուելսի Պրինց» հյուրանոցը։ Ճիշտ է, փոխադրվում էր երկու օր ժամանակից ավելի շուտ։ Բայց լավ էր Հաակեին սպասել ժամանակից շատ, քան ուշացումով։