Հաղթական կամար - XXXI գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXX գլուխ Հաղթական կամար - XXXII գլուխ ▶


Ռոլանդեի հանդիսավոր հրաժեշտը սկսվեց ուղիղ ժամը վեցին և տևեց մեկ ժամ։ Ժամը յոթին «Օզիրիսը» կրկին պատրաստ էր հաճախորդներ ընդունելու։

Սեղանը գցված էր առանձին սրահում։ Պոռնկուհիները բոլորը հագել էին մետաքսյա սև շրջազգեստներ։ Ռավիկը, որ նրանց միշտ մերկ էր տեսել բժշկական քննություններին կամ թափանցիկ զգեստներով, շատերին դժվարությամբ էր ճանաչում։ Տնօրենը հույժ անհրաժեշտ դեպքերի համար աղջիկներից հինգ-վեց հոգի թողել էր մեծ սրահում։ Սակայն ժամը յոթին նրանք նույնպես պետք է հագնվեին և գային Ռոլանդեին հրաժեշտ տալու։ Նրանցից ոչ մեկը չէր համաձայնի անպատշաճ զգեստով ներկայանալ հանդեսին։ Դա ոչ թե տնօրենի պահանջն էր, այլ աղջիկներն իրենք էին ուզել այդպես։ Ռավիկն այլ կերպ չէր էլ սպասում։ Նա գիտեր, որ պոռնկուհիների միջավայրում էթիկետը շատ ավելի խիստ է, քան բարձրաշխարհիկ հասարակության մեջ։

Աղջիկները բոլորը միասին փող էին հավաքել, գնել վեց հյուսածո բազկաթոռներ և նվիրեցին Ռոլանդեին՝ նրա ապագա սրճարանի համար։ Տնօրենը մատուցեց դրամարկղային մի ապարատ՝ չեք դուրս գրելու համար, Ռավիկը՝ երկու մարմարե սեղան՝ հյուսածո բազկաթոռների համար։ Հանդիսավոր արարողությանը մասնակցողների մեջ նա միակ կողմնակի մարդն էր։ Եվ միակ տղամարդը։

Ճաշկերույթն սկսվեց ժամը վեցն անց հինգ րոպեին։ Արարողությունը նախագահում էր տնօրենը, որը նստած էր սեղանի գլխին։ Նրա աջ կողմից Ռոլանդեն էր, ձախից՝ Ռավիկը։ Հետո գալիս էին՝ նոր վերակացուն, նրա օգնականը և ապա՝ աղջիկները։

Սեղանին գերազանց ուտեստներ էին մատուցված։ Սագի լյարդից ստրասբուրգյան ձևով պատրաստած պաշտետ, մսով պիրոգ, հին շերրի֊բրենդի։ Ռավիկի առաջը դրին մի շիշ օղի։ Շերրին նա ատում էր։ Հետո մատուցեցին գերազանց պատրաստած ձկնեղեն, հատկապես տյուրբո։ 1933 թվականի բերքի սպիտակ «մերսոյի» հետ։ Ձուկը պատրաստած էր գրեթե «Մաքսիմի» որակով։ Գինին ոչ թունդ էր և ոչ էլ շատ հին։ Դրանից հետո մատուցվեց դալար, թխլիկ ծնեբեկ, շշերի վրա խորոված հավի թմբլիկ ճուտեր, սքանչելի սալաթ, որից թեթևակիորեն սխտորի հոտ էր գալիս, և «շատո-սենտ-էմիլիոն»։ Սեղանի մյուս ծայրում, որտեղ տնօրենն էր նստած, մի շիշ 1921 թվի «ռոմանե կոնտի» էին խմել։

— Աղջիկները սա գնահատողը չեն,— ասաց տնօրենը։

Իսկ Ռավիկն, ընդհակառակը, գնահատեց ինչպես պետքն է, և, հրաժարվելով շամպայնից ու քաղցր գինուց, «ռոմենի» երկրորդ շիշն ստացավ։ Նա տնօրենի հետ առանց կարագի հացով մածուցիկ բրի էր ուտում և վրան գինի խմում։

Սեղանի շուրջը տարվող խոսակցությունը ազնվական օրիորդների պանսիոնում տեղի ունեցող զրույց էր հիշեցնում։ Հյուսածո բազկաթոռները զարդարված էին ժապավեններով։ Չեկեր դուրս զրող դրամարկղային ապարատը փայլփլում էր, մարմարե սեղանները կաթնագույն ցոլք էին արձակում։ Սրահը համակված էր թեթև մի տխրությամբ։ Տնօրենը սև զգեստով էր։ Նրա վրա կայծկլտում էին ադամանդները, թեև թվով շատ չէին։ Ընդամենը մի բրոշ էր և մի մատանի, որոնք նրբին, երկնագույն վճիտ քարեր ունեին։

Նա գոհարակուռ վարսակալը չէր դրել, թեև արդեն դարձել էր կոմսուհի։ Տնօրենը նրբաճաշակ կին էր, սիրում էր ադամանդեղենները։ Նա բացատրում էր, որ սուտակն ու զմրուխտը կասկաձելի քարեր են, դրանց գնումը ռիսկի հետ է կապված, իսկ ադամանդը ազնիվ է և որոշակի։ Նա անընդհատ շաղակրատում էր մերթ Ռոլանդեի, մերթ Ռավիկի հետ, և շատ կարդացած կին էր։ Զրուցում էր անկաշկանդ, առանց ճիգերի, հետաքրքիր և սրամիտ, մեջբերումներ էր անում Մոնտենից, Շատորրիանից և Վոլտերից։ Նրա խելացի, հեգնական դեմքը երիզում էին ներկած սպիտակ շողշողուն մազերը, որոնց նա թեթևակի կապույտ երանգ էր տվել։

Ժամը յոթին, սուրճից հետո, բոլոր աղջիկները պանսիոնի դաստիարակված հնազանդ օրիորդների նման սեղանի մոտից վեր կացան։ Նրանք քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեցին տնօրենին և հրաժեշտ տվին Ռոլանդեին։ Տնօրենը դեռ որոշ ժամանակ մնաց նստած։ Նա կարգադրեց «արմանյակ» բերեն և հյուրասիրեց Ռավիկին, որից նա երբեք չէր խմել։ «Հույժ անհրաժեշտության համար» ներքևում մնացած աղջիկները մոտեցան սեղանին։ Նրանք բոլորը լվացվել էին, հագել իրիկնային զգեստներ և շպարվել, բայց ոչ այնպես ցայտուն, ինչպես սովորաբար անում էին ծառայության մեջ եղած Ժամանակ։ Տնօրենը չհեռացավ այնքան ժամանակ, մինչև որ աղջիկներին տյուրբո մատուցեցին։ Նա յուրաքանչյուրի հետ մի քանի խոսք փոխանակեց և, շնորհակալություն հայտնելով նրանց, որ չմերժեցին այդ մի ժամը զոհաբերել իր համար, նրբորեն խոնարհվելով, հրաժեշտ տվեց։

― Մինչև ձեր մեկնելը, Ռոլանդե, կարծում եմ, որ մենք դեռ կտեսնվենք,— ասաց նա։

— Անպայման, մադամ։

— Ինձ թույլ կտա՞ք «արմանյակը» թողնել ձեզ համար,— հարցրեց նա Ռավիկին։

Ռավիկը շնորհակալություն հայտնեց։ Տնօրենը հեռացավ։ Նա ոտից մինչև մազերի ծայրը բարձրաշխարհիկ կին էր։

Վերցնելով «արմանյակի» շիշը, Ռավիկը մոտ նստեց Ռոլանդեին։

— Հիմա ե՞րբ ես մեկնելու,— հարցրեց նա։

— Վաղը ճաշից հետո, ժամը չորսն անց յոթ րոպե։

— Ես կգամ կայարան ճանապարհ դնելու։

— Պետք չէ, Ռավիկ։ Չի կարելի։ Իմ փեսացուն այսօր երեկոյան գալու է։ Մենք միասին ենք մեկնելու։ Ինքդ էլ ես հասկանում, որ դա միտք չունի։ Դա միայն կարող է նրան զարմացնել։

— Հասկանալի է։

— Վաղը առավոտյան մենք պետք է որոշ գնումներ անենք և մինչև մեր գնալը բագաժ հանձնենք։ Այսօր ես փոխադրվելու եմ «Ռելֆոր» հյուրանոցը։ Հարմար է, էժան և մաքուր։

— Նա՞ էլ է այնտեղ իջևանելու։

― Չէ, ինչ ես ասում,— զարմացած պատասխանեց Ռոլանդեն։— Մենք դեռ ամուսնացած չենք։

Ռավիկը գիտեր, որ Ռոլանդեն ոչ թե կոտրատվում է, այլ անկեղծ է։ Նա իր կայուն հայացքներն ունեցող քաղքենի կին էր, որի համար միևնույն էր, թե որտեղ է աշխատում — ազնվական օրիորդների պանսիոնում, թե պոռնկատանը։ Ուներ որոշակի պարտականություններ և կատարում էր այդ պարտականությունները։ Հիմա նա ազատվել էր իր գործը կատարելու պարտականություններից և մեկնում էր իր բուրժուական միջավայրը, լրիվ անջատվելով այն աշխարհից, որտեղ ժամանակավորապես ապրել էր։ Այդպես էին վարվում նաև պոռնկուհիներից շատերը։ Հաճախ նրանք ամուսնանում էին և իրենց ամուսինների համար հիանալի կին էին դառնում։ Պոռնկուհու արհեստը նրանք ծանր գործ էին համարում, բայց ոչ երբեք արատ։ Այդ համոզմունքը նրանց փրկում էր բարոյական դեգրադացիայից։

Ռոլանդեն «արմանյակի» շիշը ձեռքն առավ և նորից լցրեց Ռավիկի բաժակը։ Հետո պայուսակից ինչ֊որ թուղթ հանեց։

— Եթե դու երբևէ Փարիզից ուզենաս դուրս գալ ― ահա մեր հասցեն։ Ուզածդ ժամանակ կարող ես գալ, մեր դուռը միշտ բաց է քեզ համար։

Ռավիկը նայեց հասցեին։

— Այստեղ երկու ազգանուն է գրված,— ասաց Ռոլանդեն։— Առաջին երկու շաբաթը կգրես իմ ազգանունով, իսկ նրանից հետո՝ փեսացուիս։

Ռավիկը հասցեն դրեց գրպանը։

— Շնորհակալ եմ, Ռոլանդե։ Առայժմ ես դեռ Փարիզից տեղ չեմ գնալու։ Եվ, բացի այդ, ի՞նչ կարող է մտածել քո փեսացուն, եթե ես հանկարծ հայտնվեմ ձեր տանը։

— Դու այդ ասում ես, որովհետև քեզ ասացի, վաղը կայարան չգա՞ս։ Դա բոլորովին ուրիշ է։ Ես հասցես քեզ եմ տալիս այն դեպքի համար, եթե դու ստիպված լինես Փարիզից դուրս գալ։ Անսպասելի։ Դրա համար։

Ռավիկը նայեց նրան։

— Ինչո՞ւ։ Ի՞նչը նկատի ունես։

— Ռավիկ,— ասաց Ռոլանդեն։— Դու փախստական մարդ ես։ Իսկ փախստականները հաճախ են նեղ վիճակի մեջ ընկնում։ Լավ է, երբ մարդ նախապես գիտի, թե որտեղ կարող է պատսպարվել, առանց ոստիկանությունից վախենալու։

— Դու որտեղի՞ց գիտես, որ ես փախստական եմ։

— Գիտեմ։ Բայց ես ոչ ոքի դա չեմ ասել։ Եվ ո՞ւմ ինչ գործն է։ Իսկ եթե պետք լինի, արի առանց անհարմար զգալու։ Մեզ մոտ ոչ ոք ոչինչ չի հարցնի։

— Լավ, Ռոլանդե, շնորհակալություն։

— Մի երկու օր սրանից առաջ մեզ մոտ՝ «Օզիրիս», ոստիկանությունից մի մարդ էր եկել։ Ինչ-որ գերմանացու էր հարցնում։ Ուզում էր իմանալ, նա այստեղ եղե՞լ է թե չէ։

— Հա՞,— զգուշանալով հարցրեց Ռավիկը։

— Այո։ Երբ դու վերջին անգամ «Օզիրիս» եկար, այստեղ իսկապես մի գերմանացի կար։ Երևի մոռացել ես։ Հաստ, ճաղատ գլխով մարդ էր։ Իվոննայի ու Կլերի հետ էր նստած։ Ոստիկանը հարցնում էր, թե որևէ գերմանացի չի՞ եղել արդյոք «Օզիրիսում», և այդ նույն ժամանակ ուրիշ է՛լ ով է եղել։

― Գաղափար չունեմ,— ասաց Ռավիկը։

— Դու երևի նրա վրա ուշադրություն չես դարձրել։ Ես, իհարկե, չասացի, որ այդ նույն իրիկունը դու մի րոպեով մտար մեզ մոտ ու դուրս եկար։

Ռավիկը գլխով արեց։

— Այդպես ավելի լավ է,— բացատրեց Ռոլանդեն։— Մարդ այդ ոստիկանական լրտեսներին առիթ չպետք է տա, որ անմեղ մարդկանց այսուայն կողմ քաշքշեն ու անձնագրերը ստուգեն․․․

— Ի՜նչ խոսք։ Իսկ ոստիկանը չասա՞ց ինչ է պատահել։

Ռոլանդեն ուսերը թոթվեց։

— Բան չասաց։ Էհ, մեր ի՞նչ գործն է, թե ինչ է պատահել։ Ես ասացի, որ այստեղ ոչ ոք չի եղել։ Մեզ մոտ ընդունված հին կանոն գոյություն ունի․ երբեք ոչինչ չգիտենք։ Ամենալավը դա է։ Ասենք, նա ինքն էլ առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում։

— Մի՞թե։

Ռոլանդեն ժպտաց։

— Ռավիկ, ֆրանսիացիների շատ պետք չէ, թե ինչ կարող է պատահել մի տուրիստ գերմանացու։ Մենք ինքներս էլ քիչ հոգսեր չունենք։— Ռոլանդեն տեղից կանգնեց։— Ես արդեն պետք է գնամ։ Էհ, ցտեսություն, Ռավիկ։

— Ցտեսություն, Ռոլանդե։ Առանց քեզ այստեղ, իհարկե, այն չի լինի, ինչ առաջ էր։ Տխուր կլինի։

Ռոլանդեն նորից ժպտաց։

— Գուցե, սկզբնական շրջանում։ Բայց կամաց֊կամաց սովորական կդառնա։

Ռոլանդեն գնաց աղջիկներին հրաժեշտ տալու։ Անցնելիս նա մի անգամ էլ աչքը գցեց չեկ դուրս գրող դրամարկղային ապարատին, հյուսածո բազկաթոռներին և սեղաններին։ Դրանք բոլորն էլ գործնական նվերներ էին։ Ռոլանդեն մտովի պատկերացրեց, թե ինչպես են դրանք դրված իր ապագա սրճարանում։ Հատկապես դրամարկղային ապարատը, որը եկամուտ էր մարմնավորում, ընտանեկան ապահովություն, հարմարավետություն և բարեհաջողություն։ Ռոլանդեն ոտքը մի րոպե կախ գցեց, ապա, վերադառնալով դեպի դրամարկղային ապարատը, պայուսակից ինչ-որ փող հանեց, դրեց փայլփլող դրամարկղի մոտ և սեղմեց կոճակները։ Ապարատը ղրթմրթաց, և հաշվիչը ցույց տվեց երկու ֆրանկ հիսուն սանտիմ։ Ռոլանդեն երջանիկ մանկան նման ժպտաց և դրամը դրեց արկղը, որ փաստորեն ինքն իրենից էր ստացել։

Աղջիկները հետաքրքրված շրջապատեցին դրամարկղը։ Ռոլանդեն նորից սեղմեց ապարատի կոճակները։ Մեկ ֆրանկ յոթանասունհինգ սանտիմ։

— Իսկ ի՞նչ կարելի է ստանալ ձեզ մոտ մի ֆրանկ յոթանասունհինգ սանտիմով,— հարցրեց Մարգարիտան, որի մականունը Ձի էր։

Ռոլանդեն մի րոպե մտածեց։

― Մի բաժակ «դյուբոնե» և երկու պերնո։

— Իսկ ի՞նչ արժե մի բաժակ «ամերպիկոնը» և մի գավաթ գարեջուրը։

— Յոթանասուն սանտիմ։

Դրամարկղը ղրթմրթաց։ Զրո ֆրանկ, յոթանասուն սանտիմ։

— Էժան է,— ասաց Ձին։

— Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի էժան պետք է լինի, քան Փարիզում,— բացատրեց Ռոլանդեն։

Աղջիկները ետ հրեցին մարմարե սեղանների մոտ գրված հյուսածո բազկաթոռները և զգուշորեն նստեցին նրանց մեջ։ Ուղղելով և հարդարելով իրենց իրիկնային զգեստները, նրանք հանկարծ վերափոխվեցին ու դարձան Ռոլանդեի ապագա սրճարանի հաճախորդներ։

— Մադամ Ռոլանդե, մեզ տվեք, խնդրեմ, երեք բաժակ թեյ՝ անգլիական բիսկվիտի հետ,— ասաց Դեզին, նուրբ, խարտիշահեր մի աղջիկ, որը հատկապես դուր էր գալիս ամուսնացած տղամարդկանց։

— Յոթ ֆրանկ տասնութ սանտիմ։— Ռոլանդեն սեղմեց դրամարկղի կոճակները։ Մեքենան ղրթմրթաց։— Բայց, դժբախտաբար, անգլիական բիսկվիտը շատ թանկ է։

Ձի կոչվող Մարգարիտան նստած էր կողքի սեղանի մոտ։ Լարված մտածելուց հետո նա գլուխը բարձրացրեց դեպի Ռոլանդեի կողմը։

— Երկու շիշ «պոմմերի»,— հանդիսավորությամբ պատվիրեց նա։ Մարգարիտան սիրում էր Ռոլանդեին և ուզում էր որևէ հաճելի բան անել նրա համար։

— Իննսուն ֆրանկ։ Հիանալի «պոմմերի» է։

— Եվ չորս կոնյակ,— փնչացրեց Ձին։— Այսօր իմ ծննդյան օրն է։

— Չորս ֆրանկ քառասուն։

Դրամարկղը ղրթմրթաց։

— Եվ չորս սուրճ՝ բեզեի հետ։

— Երեք ֆրանկ վաթսուն։

Ձին զմայլված նայեց Ռոլանդեին։ Այլևս չգիտեր ինչ ասեր։

Աղջիկները խմբվեցին դրամարկղի շուրջը։

— Քանի՞ ֆրանկի առևտուր արիք, մադամ Ռոլանդե։

Ռոլանդեն ցույց տվեց չեկը։

— Հարյուր հինգ ֆրանկ, ութսուն սանտիմի։

— Իսկ մաքուր օգուտն ինչքա՞ն է։

— Մոտավորապես երեսուն ֆրանկ։ Եվ դա հիմնականում շամպայնի հաշվին։ Ամենամեծ օգուտը դրանից է գալիս։

— Շատ լավ է,— ասաց Ձին։— Թող միշտ այսպիսի հաջողության մեջ լինեք, ինչպես այսօր։

Ռոլանդեն վերադարձավ Ռավիկի մոտ։ Նրա աչքերը շողշողում էին, ինչպես կարող են շողշողալ սիրեկանների և հաջողակ առևտրականների աչքերը։

— Էհ, մնաս բարով, Ռավիկ։ Ասածս չմոռանաս։

— Չեմ մոռանա, Ռոլանդե։ Գնաս բարով։

Ռոլանդեն գնաց։ Նա գնում էր հաստատ քայլերով, կեցվածքը ուղիղ, վստահ։ Ապագան նրան չէր սարսափեցնում, իսկ կյանքը հրաշալի էր։


Ռավիկը Մորոզովի հետ նստած էր «Ֆուքե» ռեստորանի առաջ։ Երեկոյան ժամը ինն էր։ Տերրասը լեփ-լեցուն էր հաճախորդներով։ Հեռվում, հաղթական կամարից այն կողմ, սպիտակ սառը լույսով երկու լապտեր էին վառվում։

― Կռիսաները Փարիզից ծլկում են,— ասաց Մորոզովը։― «Ինտերնացիոնալում» երեք սենյակ արդեն դատարկ են։ 1933 թվականից այս կողմը այդպիսի բան չէր եղել։

— Ուրիշ էմիգրանտներ կգան, կլցվեն։

— Ի՞նչ էմիգրանտներ։ Ռուսներ կան, իտալացիներ, լեհեր, իսպանացիներ, գերմանացիներ կան․․․ էլ որտեղի՞ց պետք է գան։

— Ֆրանսիայից,— ասաց Ռավիկը։— Սահմանամերձ շրջաններից։ Ինչպես վերջին պատերազմի ժամանակ։

Մորոզովը բարձրացրեց իր բաժակը և տեսավ, որ դատարկ է։ Նա գլխի շարժումով քելներին մոտ կանչեց։

— Մի գրաֆին «պույի՛» էլ բերեք․․․ Քո օրն ի՞նչ է լինելու, Ռավիկ․․․— ասաց Մորոզովը։

— Որպես կռի՞սա։

— Ճիշտ գլխի ընկար։

— Հիմա կռիսաներին նույնպես անձնագիր ու վիզա է պետք։

Մորոզովը հանդիմանանքով նայեց Ռավիկին։

— Իսկ մինչև հիմա ունեցե՞լ ես։ Բայց, չնայած դրան, ապրել ես Վիեննայում, Ցյուրիխում, Իսպանիայում և Փարիզում։ Իսկ հիմա ծլկելու ժամանակն է, պետք է գնաս։

— Ո՞ւր,— հարցրեց Ռավիկը։ Նա վերցրեց քելների բերած գրաֆինը և սառը, քրտնած բաժակը գինի լցրեց։― Գուցե ասես Իտալիա։ Այնտեղ հենց սահմանում ինձ գեստապոն է սպասում։ Իսպանի՞ա։ Այնտեղ էլ ֆալանգիստներ են։

— Շվեյցարիա։

― Շվեյցարիան չափազանց փոքր է։ Ես երեք անգամ արդեն եղել եմ այնտեղ։ Եվ յուրաքանչյուր անգամ ուղիղ մի շաբաթից հետո ոստիկանությունր բռնել է և նորից ետ ուղարկել Ֆրանսիա։

— Այդ դեպքում գնա Անգլիա։ Բելգիայից կարող ես անցնել որպես գաղտնի ուղևոր։

— Դա էլ է բացառված։ Նավահանգստում իսկույն օձիքիցդ կբռնեն ու նորից ետ կուղարկեն Բելգիա։ Իսկ Բելգիան էմիգրանտների տեղ չէ։

— Ամերիկա, իհարկե, չես կարող։ Իսկ եթե Մեքսի՞կա։

— Այնտեղ փախստականներով լեփ-լեցուն է։ Էլ չեմ ասում այն, որ Մեքսիկա ընկնելու համար գոնե որևէ փաստաթուղթ պետք է ունենաս։

― Իսկ դու առհասարակ որևէ փաստաթուղթ չունե՞ս։

— Այն բանտերում, որտեղ ես տարբեր ազգանուններով նստած եմ եղել սահմանը գաղտնի անցնելու համար, բաց թողնելիս տալիս էին տեղեկանքներ։ Բայց ինքդ էլ ես հասկանում, որ դրանք այնքան էլ հաճելի փաստաթղթեր չէին, և ես իսկույն ևեթ ոչնչացնում էի։

Մորոզովը ոչինչ չասաց։

Փախուստով փրկվելը վաղ թե ուշ մի օր դառնում է անհնար։

— Այլևս փախչելու տեղ չկա, ծերուկ,— ասաց Ռավիկը։

— Իսկ դու գիտե՞ս, թե քո վիճակն այստեղ ինչ է լինելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի։

— Իհարկե, գիտեմ։ Ֆրանսիական համակենտրոնացման ճամբար։ Եվ կարելի է պատկերացնել, թե դրանք ինչ զարհուրելի բաներ են լինելու։ Չէ՞ որ այդ բոլորը լինելու է հանպատրաստից։

— Հետո՞։

Ռավիկն ուսերը վեր քաշեց։

— Ժամանակից շուտ այդ մասին մտածելու կարիք չկա։

— Լավ։ Բայց դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ այստեղ խառնվի իրար և դու էլ համակենտրոնացման ճամբարում լինես։ Ամենից առաջ դու կարող ես գերմանացիների ճանկն ընկնել։

— Ոչ միայն ես, այլև շատ-շատերը։ Դա հնարավոր բան է։ Բայց ո՞վ գիտի, մեկ էլ տեսար ժամանակից շուտ բաց թողին։

— Իսկ դրանից հետո՞։

Ռավիկը գրպանից մի սիգարետ հանեց։

— Արի այդ մասին չխոսենք, Բորիս։ Ես չեմ կարող Ֆրանսիայից դուրս գնալ։ Մնացած բոլոր տեղերը իմ ապրելու համար կամ վտանգավոր է, կամ բոլորովին անհնար։ Եվ, վերջապես, ես ինքս էլ չեմ ուզում այլևս որևէ տեղ փախչել։

— Չես ուզում գնա՞լ։

— Ոչ։ Ես շատ եմ մտածել այդ մասին։ Չեմ կարող դա քեզ բացատրել։ Բացատրելու բան չէ։ Պարզապես չեմ ուզում այստեղից հեռանալ։

Մորոզովը լուռ էր, Նա հայացքը գցել էր շուրջը նստած մարդկային բազմության վրա։

― Ժոանն այնտեղ նստած է,— ասաց նա Ռավիկին։

Ժոանը իրենցից բավական հեռու նստած էր մի տղամարդու հետ Գեորգ Հինգերորդի ավենյուին նայող տերրասում։

― Հետի տղամարդուն ճանաչո՞ւմ ես,― հարցրեց Մորոզովը Ռավիկին։

Ռավիկր հայացքը լարեց նրանց կողմը։

― Ոչ։

— Ինչպես երևում է, նա տղամարդկանց շուտ-շուտ է փոխում,— նկատեց Մորոզովը։

— Շտապում է ապրել,— անտարբերությամբ ասաց Ռավիկը։— Ինչպես մեզանից շատերը։ Շնչակտուր են լինում, վախենալով, չլինի թե որևէ բան բաց թողնեն։

— Կարելի է նաև ուրիշ կերպ բացատրել։

— Կարելի է, իհարկե։ Բայց էությունը դրանից չի փոխվի։ Հոգու անհանգստություն է, ծերուկ։ Դա մարդկության վերջին քսանհինգ տարիների հիվանդությունն է։ Ոչ ոք այլևս չի հավատում, թե ինքը կարող է խաղաղ պայմաններում ապրել իր խնայողություններով ու հասնել ծերության։ Յուրաքանչյուրն այրվածի հոտ է զգում և աշխատում է կյանքից պոկել այն ամենը, ինչ կարող է։ Իհարկե, դա քեզ չի վերաբերում։ Դու փիլիսոփա ես։ Դու հասարակ հաճույքների կողմնակից ես։

Մորոզովը ոչինչ չպատասխանեց։

― Ժոանը գլխարկներից բան չի հասկանում,— ասաց Ռավիկը։— Մի տես, թե ի՜նչ է խրել գլուխը։ Նա առհասարակ վատ ճաշակ ունի։ Եվ ուժը հենց դրա մեջ է։ Կուլտուրան մարդուն թուլացնում է։ Վերջին հաշվով ամեն ինչ հանգում է ամենապրիմիտիվ կենսական պահանջների բավարարմանը։ Դու ինքդ դրա փայլուն օրինակն ես։

Մորոզովը քմծիծաղ տվեց։

— Խնդրում եմ, իմ անազնիվ հաճույքները ինձ թողնես, բարձունքներում թափառող բարեկամ։ Անքմաճաշակ մարդուն գոհացնելը հեշտ է։ Նա երբեք անգործ չի մնում։ Ով վաթսուն տարեկան հասակում սիրո հետևից է ընկնում, նա պարզապես ապուշ է, և ուզում է տանել մի խաղում, որտեղ բոլորը նշան արած թղթերով են խաղում։ Լավ բորդելը մարդուն հոգեկան անդորր է տալիս։ Այն տանը, որտեղ ես հաճախ լինում եմ, տասնվեց երիտասարդ կին կա։ Աննշան փողերով ես ինձ այնտեղ փաշա եմ զգում։ Քնքշանքները, որ ես ստանում եմ այնտեղ, շատ ավելի անկեղծ են, քան այն կանանց քնքշանքները, ում համար սիրո որոշ ստրուկներ կարոտից մեռնում են։ Կրկնում եմ։ Սիրո ստրուկ։

— Հասկացա, Բորիս։

— Դե լավ։ Որ այդպես է, արի խմենք այս թույլ սառը գինին ու շնչենք Փարիզի արծաթյա օդը, քանի դեռ չեն թունավորել։

— Արի խմենք։ Դու նկատե՞լ ես այս տարի շագանակենիները երկրորդ անգամ են ծաղկում։

Մորոզովը գլխով արեց։ Հետո նայելով դեպի երկինքը, ցույց տվեց մութ տանիքների վրա առկայծող կարմրավուն մեծ աստղը, Մարս մոլորակը։

— Այո, նկատել եմ։ Իսկ Մարսը տեսնո՞ւմ ես, ասում են, նա երբեք երկրին այնքան մոտ չի գտնվել, ինչքան այս տարի։— Մորոզովը քրքջաց։— Շուտով թերթերում կկարդանք, որ ինչ֊որ տեղ մի երեխա է ծնվել, որի վրայի խալը սրի է նման։ Եվ կամ թե չէ՝ արյան անձրև է տեղացել։ Ուղղակի միջնադարյան խորհրդավոր գիսաստղն է պակասում, որպեսզի կանխագուշակությունները լրիվ լինեն։

— Գիսաստղ էլ կա։ Ահա, նայիր,— Ռավիկը ցույց տվեց թերթի խմբագրության շենքի վերևում վազող լուսային բառերը, որոնք թվում էին, թե իրար հետևից են ընկել։ Իսկ ներքևում մարդիկ հավաքվել էին ու, գլուխները ետ գցած, լուռ նայում էին լուսային այդ հոսքին։

Նրանք որոշ ժամանակ լուռ նստած էին սեղանի շուրջը։ Փողոցային մի ակորդիոնիստ կանգնել էր մայթի եզրին և նվագում էր «Պալոման»։ Հետո ապրանքը ուսներին դրած հայտնվեցին մետաքսյա գորգեր վաճառող առևտրականները։ Փոքրիկ մի տղա, սեղանների միջև այս ու այն կողմ գնալով, պիստակ էր առաջարկում։ Ամեն ինչ շարժվում էր իր սովորական ընթացքով, քանի դեռ չէին հայտնվել լրագրավաճառները։ Թարմ լրագրերը ձեռքից ձեռք անցան, և մի րոպե անց տերրասը բոլոր կողմերում բացած թերթերի տակ այնպիսի տեսք ստացավ, կարծես վրան փռված լիներ վիթխարի, սպիտակ, անարյուն թիթեռների հսկայական մի պարս, որոնք, կամացուկ թափահարելով իրենց թևերը, ագահորեն նստում էին զոհի վրա։

— Ահա, Ժոանը գնում է,― ասաց Մորոզովը։

— Ո՞ւր է։

— Նայիր դիմացդ։

Ժոանը շեղակի անցնում էր փողոցը, գնալով դեպի կանաչ գույնի ծածկը բացած մի մեքենա, որը կանգնած էր Ելիսեյան դաշտերում։ Ռավիկին նա չէր տեսել։ Ժոանի հետ քայլող տղամարդը, որ առանց շլյապայի էր և բավական երիտասարդ, շրջանցեց մեքենան և նստեց ղեկի մոտ։ Հետո հմտորեն այս ու այն կողմը պտտելով ղեկը, սպորտային տիպի «դելաե» մեքենան դուրս բերեց մյուսների արանքից։

— Գեղեցիկ մեքենա է,— նկատեց Ռավիկը։

— Գուցե նաև ասես, որ ակները նույնպե՞ս գեղեցիկ են,— վրա բերեց Մորոզովր և հայհոյեց։— Քաջ, երկաթյա Ռավիկ,— զայրացած ավելացրեց նա։— Բարեկիրթ արևմտաեվրոպացի։ Եթե կեղտոտ սրիկա ասեիր, ես կհասկանայի, թե չէ՝ գեղեցիկ մեքենա՜ է․․․

Ռավիկը ժպտաց։

— Դա ի՞նչ նշանակություն ունի, նողկալի է թե սուրբ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է մարդ ինքը վերաբերվում դրան։ Դու բորդելների խաղաղասեր հաճախորդ, որ տասնվեց կանանց փաղաքշանքներ ես վայելում,— դու չես հասկանա։ Սերն առևտրական չէ, որ ձգտի իր ներդրած գումարի օգուտներն ստանալուն։ Իսկ երևակայության համար բավական է մի քանի մեխ, որպեսզի կարողանա նրանցից իր ծածկոցները կախել։ Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե դրանք ինչ մեխեր են — ոսկո՞ւց են, երկաթի՞ց, ժանգոտա՞ծ են․․․ Որտեղ վիճակված է, այնտեղ էլ կխճճվի։ Ուզածդ թուփը — լինի դա մասրենու թե վարդի — «Հազար ու մեկ գիշերի» հրաշքն է դառնում, եթե նրա վրա գցես լուսնի շողերից հյուսած ու մարգարիտներով զարդարած ծածկոց։

Մորոզովը բաժակից մի կում խմեց։

— Դու չափազանց շատ ես խոսում,— ասաց նա։— Դրան ավելացրած այն, որ քո ասածները ճիշտ չեն։

— Ես դա գիտեմ, բայց համատարած խավարում թափառող լույսը նույնպես լույս է, Բորիս։

Էտուալ հրապարակից արծաթյա ոտքերով մի զովություն եկավ։ Ռավիկը ձեռքը դրեց սառը գինուց քրտնած բաժակի բերանին։ Նա սառնությունը ձեռքով զգաց։ Սիրտը նույնպես սառն էր։ Գիշերվա խոր շունչն էր բերում այդ սառնությունը, որի հետ գալիս էր նաև խոր մի անտարբերություն դեպի սեփական ճակատագիրը։ Ճակատագիր և ապագա։ Այդ ե՞րբ էր, որ ինքը նման մի բան զգաց։ Հա, Անտիբում էր, հիշեց։ Երբ կռահեց, որ Ժոանը լքելու է իրեն։ Այն ժամանակ համակվել էր ինչ-որ մի անտարբերությամբ, որը կամաց-կամաց փոխվեց, դարձավ սառը հանգստություն։ Ճիշտ այնպես, ինչպես այժմյան վճիռը — չհեռանալ Փարիզից։ Եվ առհասարակ այլևս ոչ խուսափել և ոչ էլ փախչել։ Այդ բոլորը մեկը մյուսի հետ կապված բաներ են։ Նա և՛ վրեժ ճաշակեց, և՛ սեր։ Արդեն բավական է։ Իհարկե, դա այն ամենը չէ, ինչ տղամարդը կարող է պահանջել կյանքից, սակայն դա նույնպես բավական է։ Չէ որ ինքը հույսը լրիվ կտրել էր թե՝ մեկից և թե մյուսից։ Նա Հաակեին սպանեց, և մնաց Փարիզում։ Եվ կմնա, ոտքը այլևս դուրս չի դնի Փարիզից։ Այդպես էլ պետք է լիներ։ Որևէ բան շահողը կարող է նաև տարվել։ Ոչ, դա մտածված ինքնահրաժարում չէր կյանքից։ Դա տրամաբանության հակառակ կայացրած վճռի դրսևորված հանգստությունն է։ Վերջացան թափառումները, հասել է վերջապես այն հանգրվանը, որտեղ պետք է կանգ առնել։ Ինչ֊որ բան կարգավորվեց, ընկավ իր տեղը։ Պետք է սպասել, կենտրոնանալ, ուշադիր նայել շուրջը։ Կարծես ինչ֊որ միստիկական վստահություն է հայտնվել, ներկայացել է մի դադար, երբ պետք է գոտեպնդվել, հավաքել ամբողջ ուժերը։ Ոչինչ այլևս կարևոր չէր։ Բոլոր գետերը կանգ էին առել։ Գիշերվա խավարում գոյացել էր մի լիճ, որը գնալով տարածվում և ուռճանում էր․․․ Առավոտը միայն ցույց կտա, թե ուր են հոսելու այդ ջրերը։

— Ես գնամ,— ասաց Մորոզովը, նայելով ժամացույցին։

― Գնա, Բորիս։ Ես դեռ մի քիչ կմնամ։

— Չլինի՞ ուզում ես աստվածների կործանումից առաջ վայելել վերջին երեկոների հմայքը։

— Այո, այս ամենը այլևս չի կրկնվի։

— Իսկ մի՞թե դա վատ է։

— Ոչ, ինչո՞ւ է վատ։ Չէ որ մենք նույնպես չենք կրկնվելու։ Անցած օրը կորած է, ոչ արցունքը և ոչ աղերսանքը այլևս ետ չի բերի։

— Դու չափազանց շատ ես խոսում,— Մորոզովը տեղից ելավ։— Շնորհակալ եղիր, որ քեզ վիճակվել է սեփական աչքերով տեսնել դարի վերջը։ Սա վատ դար էր։

— Վատ էր թե լավ, մերն էր։ Իսկ դու չափազանց քիչ ես խոսում, Բորիս։

Մորոզովն իր բաժակի մեջ մնացածը խմեց ոտքի վրա։ Հետո շատ զգուշորեն բաժակը դրեց սեղանին, կարծես դա դինամիտի գլանիկ լիներ, և սրբեց մորուքը։ Քաղաքացիական ամենօրյա կոստյումով նա կանգնել էր Ռավիկի առաջ հզոր և վիթխարի։

― Չկարծես, թե չեմ հասկանում, դու ինչու չես ուզում գնալ,— ասաց նա դանդաղորեն։— Ես դա շատ լավ եմ հասկանում, ֆատալիստ֊սնղչի։


Ռավիկը շուտ վերադարձավ հյուրանոց։ Նախասրահում նա տեսավ մի փոքրիկ միայնակ կերպարանք, որը նստած էր բազմոցի վրա։ Ռավիկի հայտնվելուն պես անծանոթը տեղից վեր ցատկեց ու տարօրինակ կերպով թափահարեց ձեռքերը։ Ռավիկը նկատեց, որ նա մի ոտք չունի։ Ոտքի փոխարեն շալվարի թայի միջից ցցվել էր մի կեղտոտ, չոր փայտի կտոր։

— Բժի՛շկ, բժի՛շկ։

Ռավիկն ուշադիր նայեց անծանոթին։ նախասրահի աղոտ լույսի տակ նա ճանաչեց ամբողջ դեմքով ժպտացող տղային։

― Ժաննո՜,— բացականչեց զարմացած Ռավիկը։— Իհարկե՜, Ժաննոն է։

― Ճիշտ եք ճանաչել։ Ես ամբողջ երեկոն այստեղ նստած ձեզ եմ սպասում։ Այսօր ճաշից հետո եմ իմացել որտեղ եք ապրում։ Մի քանի անգամ փորձել եմ կլինիկայի ավագ քրոջից ձեր հասցեն իմանալ, բայց այդ վհուկը միշտ ասում էր, որ դուք այլևս Փարիզում չեք լինում։

— Մի ժամանակ ես իսկապես էլ Փարիզում չէի։

— Այսօր վերջապես ճաշից հետո ասաց, որ դուք այստեղ եք ապրում։ Ես էլ, ինչպես տեսնում եք, իսկույն թռա եկա։― Ժաննոն ցնծում էր։

— Հը՜, չլինի՞ ոտքիդ որևէ բան է եղել,— հարցրեց Ռավիկը։

— Չէ, ի՞նչ բան լինել․․․— Ժաննոն ձեռքով այնպես թփթփացրեց փայտե ոտքը, կարծես իր հավատարիմ շան մեջքը շոյելիս լիներ։— Բոլորովին ոչինչ չի եղել։ Անթերի ծառայում է։

Ռավիկն աչքը գցեց փայտե ոտքին։

— Ինչպես տեսնում եմ, քո ուզածն էլ վերցրել ես։ Ինչպե՞ս գործը վերջացավ ապահովագրական կոմպանիայի հետ։

— Վատ չվերջացավ։ Նրանք վճարեցին մեխանիկական պրոթեզի համար, իսկ խանութը փողը վճարեց ինձ, պահելով միայն տասնհինգ տոկոսը։ Պրծավ գնաց։

— Իսկ կաթնամթերային խանո՞ւթդ։

— Ես հենց դրա համար եմ եկել։ Մենք արդեն կաթնամթերային խանութ ենք բացել։ Ճիշտ է, փոքր է, բայց յոլա է տանում։ Մաման հաճախորդներին է սպասարկում, իսկ ես ապրանքներ եմ գնում և հաշիվները պահում։ Առած ապրանքներս շատ լավն են։ Ուղղակի գյուղից է։

Ժաննոն կաղին տալով ետ գնաց դեպի հնամաշ բազմոցը և վերցրեց նրա վրա դրած ամուր֊ամուր փաթաթած ու կապաձ դարչնագույն փաթեթը։

― Բժիշկ, սա ձեզ համար է։ Ես եմ բերել։ Առանձնապես մի մեծ բան չի, բայց բոլորը մեր սեփական խանութից է — մի քիչ հաց է, կարագ, պանիր, ձու։ Եթե դուրս գնալու տրամադրություն չունենաք, շատ լավ կարող եք ընթրել, ճի՞շտ է։

Ժաննոն նվիրվածությամբ նայեց Ռավիկի աչքերին։

― Ուր էր մարդ միշտ այսպիսի ընթրիք ունենար,— ասաց Ռավիկը։

Ժաննոն գոհունակությամբ գլուխը տմբացրեց․

― Ես հույս ունեմ, որ պանիրը ձեզ դուր կգա։ Բրի է և մի քիչ պոն լ'էվեք։

― Դրանք հենց իմ սիրած բաներն են։

— Հիանա՜լի է,— ցնծությունից բացականչեց Ժաննոն և ձեռքի ամբողջ ուժով խփեց կտրած ոտքի մնացորդին։— Պոն լ'էվեքը մաման է ձեզ ուղարկել, իսկ ես կարծում էի, թե ձեզ բրին ավելի շատ դուր կգա։ Բրին ավելի շատ տղամարդու պանիր է։

— Երկուսն էլ շատ լավն են։ Ավելի լավ բան չէիք էլ գտնի։— Ռավիկը վերցրեց փաթեթը։— Շատ շնորհակալ եմ, Ժաննո։ Պացիենտները հազվադեպ են հիշում բժիշկներին։ Մեծ մասամբ նրանք գալիս են հոնորար սակարկելու համար, որպեսզի ինչքան կարելի է քիչ տան։

— Այդպիսի բաները հարուստներն են անում, ճիշտ է։— Ժաննոն արհամարհանքով տմբտմբացրեց գլուխը։— Չէ, մենք այդպիսին չենք։ Չէ՞ որ մենք ձեզ ենք պարտական։ Եթե իմ ոտքը մնար փայտացած, չծալվեր, մենք ոչինչ չէինք ստանա։

Ռավիկը նայեց Ժաննոյին։ Մի՞թե Ժաննոն կարծում էր, թե ես իր ոտքը սիրալիրությունից եմ կտրել, մտածեց նա։

— Ուրիշ ելք չկար, Ժաննո, մենք ուզեինք-չուզեինք ոտքդ պետք է կտրեինք,— ասաց Ռավիկը։

— Իհարկե․․․ գիտեմ,— գլխով արեց Ժաննոն։— Դա պարզ բան է։— Նա գլխարկն ավելի խոր քաշեց ճակատին։— Ես արդեն գնամ։ Մայրս հիմա սպասում է։ Շուտվանից եմ տանից դուրս եկել։ Մի մարդ կա, նրա հետ էլ պետք է խոսեմ՝ ռոքֆորի մի նոր տեսակի մասին։ Էհ, ցտեսություն, բժիշկ։ Հույսով եմ, մեծ ախորժակով կուտեք։

— Ցտեսություն, Ժաննո։ Շատ շնորհակալություն։ Եվ հաջողություն եմ ցանկանում։

― Հաջողություն արդեն կլինի։

Ժաննոն գլխով արեց ու, գոհունակ ժպիտը երեսին, կաղին տալով շարժվեց դեպի ելքը։


Բարձրանալով իր սենյակը, Ռավիկը Ժաննոյի բերած փաթեթը բացեց, հետո ման եկավ, գտավ իր հին սպիրտայրոցը, որը վաղուց ի վեր չէր օգտագործել, գտավ տուփով ինչ-որ տեղ պահպանված չոր սպիրտը և թավան։ Այնուհետև վերցնելով երկու կտոր չոր սպիրտ, դրեց սպիրտայրոցի վրա և վառեց։ Բարակ կապտավուն բոցը սկսեց ծածանվել։ Նա թավայի մեջ մի կտոր կարագ գցեց և երկու ձու ջարդեց վրան։ Հետո թարմ սպիտակ ու կսկուծ հացը կոտորեց բարակ֊բարակ, սեղանի վրա մի քանի թերթ փռեց, թավան դրեց վրան, բացեց բրին, մի շիշ «վուվրե» բերեց և սկսեց ուտել։ Երկար ժամանակ էր, ինչ ինքն իր ձեռքով ոչինչ չէր պատրաստել։ Եվ որոշեց, որ հենց վաղը մի քանի տուփ չոր սպիրտ գնի։ Սպիրտայրոցը դժվար չէր լինի ճամբար տանել, մանավանդ որ ծալովի էր։

Ռավիկն ուտում էր առանց շտապելու։ Նա վերցրեց նաև մի կտոր պոն լ՚էվեք՝ համը տեսնելու համար։ Ժաննոն իրավացի էր — իսկապես որ հիանալի ընթրիք է։