Հեռավոր երկրամասում

Գրապահարան-ից
Հեռավոր երկրամասում

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Երբ մարդ հեռավոր երկրներ է մեկնում, նա պետք է աչքի առաջ ունենա, որ ստիպված կլինի մոռանալ իր Նախկին սովորություններից շատերը և ձեռք բերել կյանքի փոփոխված պայմաններին համապատասխանող նոր սովորություններ։ Նա պետք է բաժանվի իր նախկին իդեալներից և հրաժարվի նախկին աստվածներից, իսկ հաճախ նաև հրաժարվի բարոյականության այն կանոններից, որոնցով մինչև այժմ ղեկավարվել էր իր արարքներում։ Նրանք, ովքեր հարմարվելու հատուկ ձիրք ունեն, կարող են նույնիսկ հաճույք գտնել նոր կացության մեջ։ Բայց նրանց համար, ովքեր քարացել են մանկուց ձեռք բերած սովորությունների մեջ, փոփոխված պայմանների ճնշումը անտանելի է։ Այդպիսիները տառապում են հողով ու մարմնով, չկարողանալով հասկանալ այն պահանջները, որ միջավայրը ներկայացնում է իրենց։ Այդ տառապանքները վատ հակումներ են ծնում և ամեն տեսակ փորձանք բերում մարդու գլխին։ Նա, ով չի կարողանում կյանքի նոր հունը մտնել ավելի լավ է անմիջապես վերադառնա հայրենիք, հապաղելու դեպքում նա կյանքով կհատուցի։

Հյուսիսի նախնադարյան պարզության և խստաշունչ ջահելության համար հին քաղաքակրթության բարիքներին հրաժեշտ տված մարդը կարող է համարել, որ հաջողության իր հեռանկարները հակադարձ համեմատական են անհուսալիորեն իր մեջ արմատավորված սովորությունների քանակին ու որակին։ Նա շուտով կտեսնի, եթե ընդհանրապես ընդունակ է դրան, որ կյանքի նյութական հարմարությունները դեռևս ամենակարևորը չեն։ Ընտիր կերակրատեսակների փոխարեն կոպիտ ու հասարակ ուտելիքով սնվել, կաշվե կոշիկների փոխարեն տձև փափուկ մոքասիններ հագնել, քնել ոչ թե փետուրե անկողնում, այլ՝ ձյան վրա, այս բոլորին, վերջ ի վերջո, կարելի է վարժվել։ Բայց ամենադժվարը իր մեջ ամբողջ շրջապատի նկատմամբ և, առանձնապես, մերձավորների նկատմամբ պատշաճ վերաբերմունք մշակելն է։ Որովհետև նա սովորական քաղաքավարությունը իր մեջ պետք է փոխարինի ներողամտությամբ, համբերատարությամբ և անձնազոհության պատրաստակամությամբ։ Այս ձևով, ու միայն այս ձևով կարող է նա արժանի լինել թանկագին պարգևին՝ իսկական ընկերական նվիրվածությանը։ Նրանից շնորհակալության խոսք չի պահանջվում, նա այդ պետք է ապացուցի գործով, բարության դիմաց բարություն անելով, կարճ ասած՝ արտաքին երևույթը փոխարինի էությամբ։

Երբ արկտիկական ոսկու լուրը տարածվեց աշխարհով մեկ և մարդկանց սրտերը անզուսպ կերպով ձգվեցին դեպի Հյուսիս, Քարտեր Ուեզերբին հրաժեշտ տվեց իր գրասենյակային տաքուկ տեղին, որտեղ աշխատում էր որպես գրագիր, խնայողության մի մասը փոխադրեց կնոջ անունով, իսկ մնացած փողով գնեց այն ամենը, ինչ հարկավոր էր իրեն ճանապարհորդության համար։ Նրա բնավորության մեջ ռոմանտիկա չկար․ առևտրով զբաղվելը նրա մեջ ոչնչացրել էր այդ հակումները․ նա պարզապես ձանձրացել էր գրասենյակային լուծը քաշելուց և համարձակվեց վտանգների դիմել, հուսալով, որ համարձակությունը իրեն կարդարացնի։ Ուրիշ շատ անմիտների պես, որոնք արհամարհել էին այն հին, փորձված ճանապարհները, որոնցով երկար տարիներ անցել էին Հյուսիսի ռահվիրաները, նա հենց գարնան սկզբին շտապեց Էդմոնտոն և այնտեղ, ի դժբախտություն իրեն, միացավ ոսկի որոնողների խմբին:

Այդ խումբը ոչ մի արտասովոր բան չուներ, բացառությամբ իր պլանների։ Նույնիսկ նրա վերջնական նպատակը, ինչպես բոլոր նման խմբերինը, Քլոնդայկն էր։ Բայց ընտրված էր այնպիսի երթուղի, որը կարող էր փակուղու մեջ դնել նույնիսկ Հյուսիս-Արևմուտքի՝ փորձանքների սովոր ամենախիզախ բնակչին։ Նույնիսկ Ժակ–Բատիստը՝ չիփևա ցեղի հնդկացի կնոջ որդին և voyageur[1], որ իր առաջին ճիչն արձակել էր եղջերուի մորթիներից պատրաստված վիգվամում, վաթսունհինգերորդ զուգահեռականից դեպի հյուսիս, և լռել էր, երբ բերանը հում ճարպակտոր էին խցկել, նույնիսկ Ժակ-Բատիստը ապշած էր մնացել։ Թեև նա իր ծառայությունները վաճառել էր այդ մարդկանց և համաձայնել էր նրանց ուղեկցել մինչև հավերժական սառույցները, բայց նա էլ չարագուշակ կերպով գլուխն օրորեց, երբ նրանից խորհուրդ հարցրին։

Թերևս հենց այն ժամանակ էլ ծագեց Փերսի Քաթֆերտի դժբախտ աստղը, քանի որ նա նույնպես միացավ արգոնավորդների[2] այդ խմբին։ Դա շատ սովորական մի մարդ էր, որի՝ բանկում ունեցած հաշիվը նույնքան պատկառելի էր, որքան և նրա կրթությունը, իսկ դա արդեն քիչ բան չէ։ Նա այդպիսի ձեռնարկման մասնակցելու ոչ մի հիմք չուներ, պարզապես ոչ մի հիմք, թերևս չհաշված այն, որ տառապում էր ավելորդ սենտիմենտալությամբ։ Նա սխալմամբ իր այդ գիծն ընդունեց որպես ռոմանտիկ արկածների կիրք։ Մարդիկ հաճախ են այդպիսի սխալ գործում և հետո դաժանորեն փոխհատուցում դրա դիմաց։

Խումբը գարնան առաջին օրերը դիմավորեց Էլք-ռիվերում, և հենց որ սառույցը շարժվեց, ճանապարհորդները ուղևորվեցին հոսանքով ներքև։ Դա մի ամբողջ նավատորմ էր,— քանի որ բեռները շատ էին,— կանանց ու երեխաներին իրենց հետ տանող մետիս-ուղեկցորդների խայտաբղետ բազմության ուղեկցությամբ։ Մարդիկ օրերով տանջվում էին թիակների վրա, մարտնչելով մոծակների ու զանազան մլակների դեմ, կորչում էին քրտինքի մեջ ու հայհոյում, երբ հարկ էր լինում նավակները քարշ տալ գետերի միջև ընկած տարածություններով։ Ծանր աշխատանքը մարդկային հոգին մերկացնում է մինչև խորքերը, և մինչ խումբը կանցներ Ատաբասկա լիճը, արշավախմբի անդամներից յուրաքանչյուրը ցույց տվեց իր իսկական բնավորությունը։

Պարզվեց, որ Քարտեր Ուեզերբին ու Փերսի Քաթֆերտը ծույլ մարդիկ և անուղղելի նվնվացողներ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր հիվանդություններից ու դժվարություններից ավելի շատ էր գանգատվում, քան մնացած բոլորը միասին վերցրած։ Երբեք չէր պատահում, որ նրանք կամավոր կերպով որևէ գործ անեին։ Հենց որ մի դույլ ջուր բերելու, մի գիրկ փայտ ջարդելու, ամանները լվանալու և սրբելու կամ իրերի կույտի մեջ որևէ բան փնտրելու անհրաժեշտություն էր լինում, քաղաքակրթության այդ երկու անզոր ժառանգները անմիջապես իրենց մեջ հայտնաբերում էին շտապ բուժում պահանջող կապանների լայնացում կամ փուչիկներ՝ ձեռքերի վրա։ Նրանք առաջինն էին պառկում քնելու, առանց իրենց հանձնարարված գործն ավարտելու, և առավոտյան վերջինն էին վեր կենում, թեև պահանջվում էր դեռևս նախաճաշից առաջ ամեն ինչ նախապատրաստել մեկնելու համար։ Նրանք առաջինն էին նստում ուտելու և վերջինը օգնում ճաշ պատրաստելուն, առաջինն էին լավագույն պատառը որսում և վերջինը նկատում, որ կերել են նաև հարևանի բաժինը։ Եթե նրանք հարկադրված էին լինում թիավարել, ապա թիակները պարզապես կախում էին ջրի մեջ, թողնելով, որ ուրիշները աշխատեն, իսկ նավակը ինքն իրեն լողա հոսանքով։ Նրանք կարծում էին, թե ոչ ոք այդ չի նկատում, բայց ընկերները լուռ ու մունջ անիծում էին նրանց և սկսում ատել, իսկ Ժակ-Բատիստը բացեիբաց ծաղրում էր նրանց և առավոտից իրիկուն հայհոյում․ ճշմարիտ, Ժակ-Բատիստը ջենտլմեն չէր։

Խումբը Մեծ Գերության լճի մոտ շներ գնեց և նավակները բերնեբերան բարձեց չորացրած ձկան ու պեմիկանի պաշարներով։ Այնուամենայնիվ, Մաքենզիի արագ հոսանքը թեթևությամբ վերցրեց նրանց ու տարավ դեպի Մեծ Անբերրի Հողը։ Ճանապարհին նրանք մանրազնին հետախուզում էին ամեն մի քիչ թե շատ խոստումնալից գետակ, բայց ոսկե միրաժը առաջվա նման նրանցից փախչում էր դեպի հյուսիս։ Ուղեցույցները, Մեծ Արջի լճի մոտ անծանոթ հողերի նկատմամբ հավիտենական սարսափին ենթարկվելով, սկսեցին հեռանալ ոսկի որոնողներից։ Բարեհուսո Ամրոցի մոտ նրանցից վերջինները և ամենախիզախները բռնեցին պարաններն ու իրենց նավակները քաշեցին գետի հոսանքն ի վեր, այն գետի, որին նրանք ղեռ քիչ առաջ վստահում էին։ Մնաց միայն Ժակ-Բատիսաը, բայց մի՞թե նա չէր երդվել, որ խմբին կուղեկցի մինչև հավերժական սառույցները։

Այժմ ուղևորները անընդհատ դիմում էին իրենց քարտեզներին, որոնք գլխավորապես կազմված էին լսածի հիման վրա։ Նրանք հասկանում էին, որ պետք է շտապել, քանի որ ամառային արևակայումը արդեն ավարտվել էր և դարձյալ սկսվում էր արկտիկական ձմեռը։ Շրջանցելով ծովածոցի ափերը, որտեղ Մաքենզին թափվում է հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրանք դուրս եկան Լիթլ-Փիլի գետաբերանը։ Այնուհետև սկսվեց հոսանքն ի վեր դժվարին ճանապարհը, և երկու «անպետքները» ավելի վատ էին գործ անում, քան առաջ։ Հարկ էր լինում պարանով քաշել նավակները, կեռաձողի ու թիակների օգնությամբ տեղափոխել դրանք, անցկացնել սահանքներով, քարշ տալ գետերի միջև ընկած տեղերով, և այդ փորձությանները նրանցից մեկի մեջ խորին զզվանք առաջացրին վտանգավոր մտահղացումների նկատմամբ, իսկ մյուսին պերճախոս կերպով ապացուցեցին, թե իրենից ինչ է ներկայացնում ռոմանտիկայի մյուս երեսը։ Մի օր էլ նրանք ըմբոստացան և, չնայած Ժակ-Բատիստի կատաղի հայհոյանքներին, տեղից չշարժվեցին։ Մետիսը նրանց երկուսին էլ մի լավ ծեծեց ու ստիպեց աշխատել։ Նրանցից յուրաքանչյուրի համար դա կյանքում առաջին ծեծն էր։

Նավակները Լիթլ-Փիլի ակունքի մոտ թողնելով՝ ճանապարհորդները ամառվա մնացորդն անցկացրին դժվարին անցում կատարելով Մաքենզի և Ուեստ-Ռետ գետերի ջրբաժանով։ Վերջինս Պորքյուփայն գետի վտակն է, որը իր հերթին Յուքոն է թափվում այնտեղ, որտեղ ջրային այդ մեծ ճանապարհը Հյուսիսից կտրում է Բևեռային շրջանագիծը։ Բայց ձմեռը նրանց կանխեց, և մի օր էլ նրանց լաստերը գամեց սառույցին, որից հետո նրանք անմիջապես ափ իջեցրին իրենց իրերը։ Գիշերը գետի վրա սառցակուտակումներ առաջացան, սառույցները ճեղքվեցին ճարճատյունով, առավոտյան կողմ մեն ինչ թաղված էր խոր քնի մեջ։


— Մենք ըստ երևույթին, Յուքոնից հեռու ենք չորս հարյուր մղոնից ոչ ավելի,— եզրափակեց Սլոուփերը և քարտեզի վրա այդ տարածությունը նշեց բութ մատի եղունգով։

Խորհրդակցությունը, որտեղ երկու «անպետքները» նվնվում էին ու գանգատվում անհաջողությունից, վերջանալու վրա էր։

— Մի Ժամանակ այստեղ հուդզոնի ծոցի Ընկերության կայանն է եղել։ Այժմ ոչինչ չկա,— ասաց Ժակ-Բատիստը, որի հայրը, որպես մորթեղենի ընկերության ծառայող, վաղ ժամանակներում ճանապարհորդել էր այդ տեղերով և կորցրել ոտքի երկու մատները։

— Նա խելքը թռցրե՜լ է,— լսվեց մի ձայն է— Մի՞թե այստեղ սպիտակամորթներ չկան։

— Ոչ մի հոգի,— կտրուկ հայտարարեց Սլոուփերը։— Բայց երբ հասնենք Յուքոն, մինչև Դոուսոն կմնա մի հինգ հարյուր մղոն։ Այնպես որ բոլորը միասին կարելի է հաշվել մոտ հազար մղոն։

Ուեզերբը և Քաթֆերտը միասին հոգոց հանեցին։

— Իսկ ինչքա՞ն ժամանակում կհասնենք, Բատիստ։

Մետիսը մի պահ մտածեց։

— Եթե մենք բոլորս աշխատենք սատանայի պես, և ոչ ոք դուրս չգա խաղից, ապա տասը, քսան, քառասուն, հիսուն օր։ Իսկ այս ծծկերների հետ,— նա գլխով արեց «անպետքների» կողմը,— նույնիսկ չեմ կարող ասել։ Գուցե երբ դժոխքը սառչի, կամ էլ գուցե՝ երբեք։

Մարդիկ, որ իրենց դահուկներն ու մոքասիններն էին նորոգում, աշխատանքը թողեցին։ Ինչ-որ մեկը անունով կանչեց արշավի բացակա մասնակցին, և սա, խարույկի մոտ գտնվող հին տնակից դուրս գալով, միացավ մնացածներին։ Այդ տնակը հյուսիսի անծայրածիր տարածություններում պահված բազում հանելուկներից մեկն էր։ Թե ով և երբ էր կառուցել այն, ոչ ոք չգիտեր։ Մուտքի մոտ գտնվող երկու գերեզմանները, որոնց վրա քարակույտեր էին բարձրանում, գուցե ամփոփում էին վաղ եկվորների գաղտնիքը։ Բայց ո՞ւմ ձեռքն էր դարսել այդ քարերը։

Հասավ վճռական պահը։ Ժակ-Բատիստը դադարեցրեց լծասարքի կարգավորումը և համառող շանը ստիպեց պառկել։ Խոհարարը հայացքով խնդրեց մի փոքր դանդաղել և, մի քանի կտոր խոզի ապխտած միս գցելով եռացող կաթսայի մեջ, պատրաստվեց լսելու։ Սլոուփերը ոտքի կանգնեց։ Նրա կազմվածքը առողջ տեսք ունեցող երկու «անպետքների» խիստ հակապատկերն էր։ Թուլակազմ, խիստ դեղին դեմքով, քանի որ բոլորովին վերջերս էր եկել հարավային Ամերիկայից, դուրս պրծնելով ինչ-որ ծակից, ուր տենդն էր մոլեգնում, նա, սակայն, չէր կորցրել իր ճաշակը ճանապարհորդությունների նկատմամբ ու դեռևս կարող էր մյուսների հետ հավասար աշխատել։ Նրա քաշը իննսուն ֆունտից ավելի չէր լինի, եթե նույնիսկ որսորդական ծանր դանակն էլ հաշվենք։ Ճերմակող մազերը վկայում էին, որ նրա երիտասարդությունն արդեն անցել է։ Ուեզերբիի և Քաթֆերթի երիտասարդ մկանների ուժը տասն անգամ գերազանցում էր նրա ուժին, բայց և այնպես նրանք չէին կարող նրա հետևից հասնել։ Նա ամբողջ օրվա ընթացքում նրանց համոզում էր կատարել հազար մղոնանոց անցումը, որը աներևակայելի դժվարություններ է խոստանում։ Նա իր ցեղի անխոնջության մարմնացումն էր, և տևտոնական վաղեմի համառությունը, յանկիի խելամտության ու եռանդի հետ միահյուսված, նրա մեջ զորավիգ էր ոգու ուժին։

— Նա, ով մտադիր է գետը վերջնականապես սառելուն պես շարունակել ճանապարհը, թոդ «այո» ասի։

— Այո,— պատասխանեցին ութ հոգի։ Այդ ձայները մեկ անգամ չէ, որ իրենց բախտն անիծել էին դժվարին ճանապարհի հարյուրավոր մղոնների վրա։

— Ով դեմ է՝ թող «ոչ» ասի։

— Ո՛չ։

Առաջին անգամ երկու «անպետքները» համաձայնության եկանք չհրաժարվելով յուրաքանչյուրի անձնական շահերից։

— Իսկ հիմա ինչպե՞ս եք որոշելու,— սպառնալից հարցրեց Ուեզերբին։

— Ձայների մեծամասնությամբ, ձայների մեծամասնությամբ,— բղավեցին խմբի մնացած անդամները։

— Ես գիտեմ, որ արշավախումբը կարող է անհաջողության մատնվել, եթե դուք մեզ հետ չգաք,— հաճոյաբար ասաց Սլոուփերը,— բայց ես կարծում եմ, որ եթե մենք շատ աշխատենք, ապա այդ դեպքում առանց ձեզ էլ յոլա կգնանք։ Ի՞նչ կասեք, տղաներ։

Ի պատասխան լսվեցին հավանության բացականչություններ։

— Բայց լսեցեք,— անվճռական ասաց Քաթֆերտը,— իսկ ես ի՞նչ անեմ։

— Մաադիր չե՞ս մեզ հետ գալ։

— Ոոո՜չ։

— Ուրեմն, գրողը տանի, արա՝ ինչ ուզում ես։ Ի վերջո, դա մեզ չի վերաբերում։

— Լավ կլինի ընկերոջդ հետ խորհրդակցես,— ասաց դաքոտացի մեկը։ Մատնացույց անելով Ուեզերբիին։— Երբ ճաշ եփելու կամ փայտ բերելու կարիք լինի, նա, հավանաբար, լավ խորհուրդներ կտա քեզ։

— Այդ դեպքում հաշվենք, որ ամեն ինչ կարգավորված է,— եզրափակեց Սլոուփերը։— Մենք ճամփա կելնենք վաղը։ Հինգ մղոն անցնելուց հետո կանգ կառնենք, որպեսզի վերջնականապես ստուգենք ու տեսնենք, թե արդյո՞ք որևէ բան չենք մոռացել։


Պողպատյա հիմնաձողերով սահնակը ճռռաց, և շները շարժվեցին տեղից, դանդաղ քաշելով լծասարքը, որի մեջ նրանց վիճակված էր ապրել ու մեռնել։ Ժակ-Բատիստը մի պահ դանդաղեց Սլոուփերի մոտ և հրաժեշտի մի հայացք գցեց տնակի վրա։ Ծխնելույզից հազիվ նկատելի ծուխ էր բարձրանում, վառվում էր յուքոնյան վառարանը։ Երկու «անպետքները», շեմին կանգնած, նայում էին հեռացողների հետևից։

Սլոուփերը ձեռքը դրեց մետիսի ուսին։

— Ժակ-Բատիստ, երբևէ լսե՞լ ես Քիլկենիի կատուների մասին։

Սա բացասաբար գլուխը շարժեց։

— Դե լսիր, բարեկամս, մի անգամ Քիլկենիում երկու կատու կռվեցին, և այնպես կռվեցին, իր կռվից հետո միայն մազափնջեր մնացին։ Այսպես ուրեմն։ Այդ երկուսը չեն սիրում աշխատել։ Նրանք չեն էլ աշխատի։ Դա հաստատ բան է։ Նրանք երկուսով այս տնակում կմնան ամբողջ ձմեռը, երկար ու խավար ձմեռը։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե Քիլկենիի կատուներին ինչու հիշեցի։

Բատիստ-հնդկացին չպատասխանեց, Բատիստ-ֆրանսիացին ի պատասխան ասերը թոթվեց, և, այնուամենայնիվ, դա մի պերճախոս շարժում էր, որը մարգարեություն էր պարունակում։

Առաջին օրերին տնակում ամեն ինչ լավ էր ընթանում։ Ընկերների կոպիտ կատակները Ուեզերբիին և Քաթֆերտին ստիպեցին հասկանալ փոխադարձ պատասխանատվությունը․ բացի այդ, երկու հաղթանդամ տղամարդու համար ի վերջո այնքան էլ շատ գործ չկար։ Ահեղ մետիսից և նրա պատժիչ ձեռքից ազատվելը լավ արդյունք տվեց։ Սկզբում նրանցից ամեն մեկն աշխատում էր գերազանցել մյուսին, ամեն տեսակ մանր աշխատանքները կատարելով այնպիսի ջանասիրությամբ, որը տեսնելով, շատ կզարմանային նրանց ընկերները, որոնք այդ ժամանակ երկար ու դժվարին ճանապարհ էին գնում հյուսիսային Մեծ Արահետով։

Այժմ բոլոր տագնապներն անցել էին։ Երեք կողմից տնակը երիզող անտառում փայտի անսպառ պաշար կար։ Տնակի դռնից մի քանի մետր այն կողմ քնած էր Պորքյուփայն գետը․ բավական էր մի անցք բացել նրա ձմեռային ծածկի մեջ և նրանք բյուրեղի պես մաքուր սառը ջուր կունենային։ Սակայն շուտով նրանք սկսեցին նեղվել այդ հասարակ պարտականությունից անգամ․ սառցանցքը անընդհատ սառչում էր, և հարկավոր էր նորից ու նորից գործի դնել կացինը։ Տնակի անհայտ կառուցողները մթերքը պահելու համար պահեստարան էին սարքել տնակի հետևում։ Այստեղ էր գտնվում արշավախմբի թողած պաշարների մեծ մասը։ Ուտելիք շատ կար՝ մի վեց մարդու կբավականացներ, բայց մթերքները ավելի շուտ պիտանի էին ուժերը պահպանելու ու մկանները զորացնելու համար և հազիվ թե կարող էին որպես համեղ պատառ ծառայել։ Ճիշտ է, շաքարը երկու հասուն տղամարդու համար բավականին շատ էր, Բայց այդ երկուսը քիչ բանով էին երեխաներից տարբերվում։ Նրանք շատ շուտ հասկացան, թե որքան համով է շաքարով տաք ջուրը․ պաքսիմատը թաթախում էին մեջը և առատորեն թանձր սպիտակ շաքարահյութ լցնում կարկանդակների վրա։ Մեծ քանակությամբ շաքար էր ոչնչացվում նաև սուրճի, թեյի և առանձնապես չորացած մրգեղենի հետ։ Եվ հենց շաքարն էլ դարձավ առաջին կռվի պատճառը։ Իսկ երբ երկու հոգի, որոնք ստիպված են իրենց ամբողջ ժամանակը միասին, միայն միասին անցկացնել, և սկսում են կռվել, նշանակում է գործերը վատ են։

Ուեզերբին միշտ սիրում էր շաղակրատել քաղաքականության մասին, մինչդեռ Քաթֆերտը, որը միշտ գերադասում էր կտրոններ կտրել, չխառնվելով պետական գործերին, կամ բոլորովին անտեսում էր նման խոսակցությունները, կամ էլ կծու արտահայտություններ տեղում ընկերոջ գլխին։ Բայց բնական բթամտությունը գրագրին խանգարում էր գնահատելու այն փայլուն ձևը, որով իր միտքն էր արտահայտում Քաթֆերտը, և սա չարանում էր, տեսնելով, որ անտեղի ուժ է վատնում, նա սովոր էր ունկնդիրներին շլացնելու իր պերճախոսությամբ և շատ էր տանջվում, որ լսողներ չկան։ Նա այդ ընկալում էր որպես անձնական վիրավորանք և նույնիսկ հոգու խորքում ընկերոջը մեղադրում էր մտավոր սահմանափակության մեջ։

Եթե չհաշվենք համակեցիկ կյանքը, ապա նրանք բացարձակապես ոչ մի ընդհանուր բան, շփման ոչ մի կետ չունեին։ Ուեզերբին ամբողջ կյանքում ծառայել էր գրասենյակում, և գրասենյակային աշխատանքից բացի ոչինչ չգիտեր ու չէր կարող անել։ Քաթֆերտը արվեստի մագիստրոս էր, ազատ ժամանակ յուղաներկով նկար էր անում և նույնիսկ ուժերը փորձում էր գրականության ասպարեզում։ Մեկը հասարակության ստորին խավին էր պատկանում, բայց իրեն ջենթլմեն էր հաշվում, իսկ մյուսը ջենտլմեն էր և իրեն ճանաչում էր այդպիսին։ Այստեղից հետևում է, որ ջենտլմեն կարելի էր լինել նաև առանց ընկերականության տարրական զգացումներ ունենալու։ Մեկը գռեհիկ զգացմունքային խառնվածք էր, մյուսը՝ էսթետ․ և գրագրի անվերջ սրատմությունները սիրային արկածների մասին, որ գերազանցապես երևակայության արդյունք էին, արվեստի նրբազգաց մագիստրոսի վրա ներգործում էին կեղտաջրի գարշահոտության պես։ Նա գրագրին համարում էր կեղտոտ անասուն, որի տեղը խոզանոցն է, և այդ մասին բացեիբաց ասում էր նրան։ Ի պատասխան Քաթֆերտի՝ հաղորդվում էր, որ նա «փալաս» է և «գյադա»։ Թե տվյալ դեպքում ինչ էր նշանակում «գյադա» բառը, Ուեզերբին ոչ մի դեպքում չէր կարողանա բացատրել, բայց այն հասնում էր նպատակին, իսկ դա, ի վերջո, թվում էր ամենակարևորը։

Սաստիկ կեղծելով, Ուեզերբին ժամեր շարունակ երգում էր «Բոստոնցի ավազակը», «Գեղեցիկ յունգան» կամ նմա ն երգեր, այնպես որ Քաթֆերտը, որը տառացիորեն լաց էր լինում կատաղաթյունից, ի վերջո չէր դիմանում և դուրս էր փախչում տնից։ Դրությունն անելանելի էր դառնում։ Սառնամանիքին դրսում երկար մնալ հնարավոր չէր, իսկ տասը ոտնաչափ լայնությամբ և տասներկու ոտնաչափ երկարությամբ փոքրիկ տնակը, որը տեղավորում էր երկու մահճակալ և մի սեղան, երկուսի համար խիստ նեղ էր։ Նրանցից ամեն մեկի համար մյուսի ներկայությունն իսկ արդեն անձնական վիրավորանք էր, և նրանք ժամանակ առ ժամանակ թաղվում էին մռայլ լռության մեջ, որը օրերի ընթացքին համեմատ, դառնում էր ավելի ու ավելի երկարատև ու խոր։ Լռության այդ պահերին նրանք աշխատում էին բոլորովին չնկատել միմյանց, բայց երբեմն չէին համբերում և իրենց թույլ էին տալիս աչքի պոչով նայել կամ արհամարհանքով ծռմռել դեմքը։ Եվ յուրաքանչյուրը հոգու խորքում անկեղծորեն զարմանում էր, թե ինչո՛ւ է աստված ստեղծել մյուսին։

Պարապությունից չգիտեին, թե ինչպես սպանեն ժամանակը, և այդ պատճառով էլ ավելի ծուլացան։ Նրանց վրա իջավ մի քնկոտ թմրություն, որը նրանք ի վիճակի չէին թոթափելու․ ամենաչնչին աշխատանքն իսկ կատարելու անհրաժեշտությունը կատաղեցնում էր նրանց։ Մի օր առավոտյան Ուեզերբին, իմանալով, որ այսօր նախաճաշ պատրաստելու հերթը իրենն է, վեր կացավ անկողնից և իր ընկերոջ խռմփոցի տակ կպցրեց ճրագը, իսկ հետո էլ օջախը վառեց։ Ամանների մեջ եղած ջուրը սառել էր, և լվացվել հնարավոր չէր։ Բայց դա նրան չշփոթեցրեց։ Սպասելով մինչև ամանների ջուրը հալվի, նա կտրատեց ապխտած միսը և դժկամությամբ սկսեց խմոր հունցել բլիթների համար։ Քաթֆերտը վերմակի տակից աչքի պոչով հետևում էր նրան։ Բանը վերջացավ հայհոյանքով ու մեծ կռվով, որոշվեց, որ այսուհետև ամեն մեկը նախաճաշ պատրաստի ինքն իր համար։ Մեկ շաբաթ հետո առավոտյան չլվացվելը արհամարհեց նաև Քաթֆերտը, գա նրան չխանգարեց, որ մեծ ախորժակով ուտի իր իսկ պատրաստած նախաճաշը։ Ուեզերբին միայն քթի տակ ծիծաղեց։ Դրանից հետո առավոտյան լվացվելու հիմար սովորությանը վերջ տրվեց ընդմիշտ։

Քանի որ շաքարի և մյուս համեղ ուտելիքների պաշարը արագորեն սպառվում էր, նրանցից յուրաքանչյուրն սկսեց վախենալ՝ չլինի թե մյուսն ավելի շատ ուտի և, կողոպտված չլինելու համար, ինքն աշխատում էր հնարավորին լավ, շատ կուլ տալ։ Այս մրցության մեջ տուժեցին ոչ միայն պարենի պաշարները , այլև նրանք, ովքեր ոչնչացնում էին մթերքը։ Թարմ բանջարեղենի բացակայության, ինչպես նաև անշարժ կյանք վարելու հետևանքով նրանց մոտ հյուծախտ սկսվեց, և մարմինները ծածկվեցին զզվելի կարմիր բծերով։ Բայց նրանք համառորեն չէին ուզում վտանգը նկատել։ Հետո այտուցներ առաջացան, սկսեցին ուռչել հոդերը, մաշկը սևացավ, իսկ բերաններն ու լնդերը թանձր մրուրի գույն ստացան։ Սակայն ընդհանուր դժբախտությունը նրանց չմերձեցրեց, ընդհակառակը, յուրաքանչյուրը թաքուն չարախնդությամբ հետևում էր մյուսի մոտ լնդախտի և այլ հիվանդությունների չարագուշակ նշանների հայտնվելուն։

Շուտով նրանք բոլորովին դադարեցին իրենց արտաքինին հետևելուց և մոռացան քաղաքավարության ամենատարրական կանոնները։ Տնակը վերածվեց իսկական խոզանոցի․ անկողինները չէին հավաքում, փշատերևի փռվածքները չէին փոխում և, եթե հնարավոր լիներ, հաճույքով դուրս չէին գա իրենց վերմակի տակից։ Անտանելի ցուրտ էր, և վառարանը շատ փայտ էր պահանջում։ Գլուխների մազերը կախվել էին խճճված երկար հյուսքերով, դեմքները մազակալել, իսկ հագուստից՝ հնոտիներ հավաքողն անդամ կխորշեր։ Բայց դա նրանց չէր հուզում։ Նրանք հիվանդ էին, նրանց ոչ ոք չէր տեսնում և, բացի դրանից, շարժվելը շատ տանջալից էր։

Այս բոլոր տառապանքներին ավելացավ մեկը ևս՝ Հյուսիսի սարսափը։ Այդ սարսափը Մեծ Ցրտի և Մեծ Լռության անբաժան ուղեկիցն է, նա ծնունդն է դեկտեմբերյան սև գիշերների, երբ արևը թաքնվում է հարավային հորիզոնի հետևում։ Այդ սարսափը նրանց վրա ներգործում էր տարբեր ձևով, յուրաքանչյուրի բնավորությանը համապատասխան։ Ուեզերբիի վրա սկսեցին իշխել բիրտ սնահավատությունները։ Նրան անընդհատ հետապնդում էր այն միտքը, թե ով է քնած այնտեղ, մոռացված գերեզմաններում։ Դա մի ինչ-որ տեսիլք էր։ Նրանք Ուեզերբիին երևում էին երազում, գալիս էին գերեզմանի մահաշունչ ցրտից, մտնում էին նրա վերմակի տակ և պատմում իրենց չարքաշ կյանքի ու հոգեվարքի տանջանքների մասին; Ուեզերբին ցնցվում էր ամբողջ մարմնով, փախչելով նրանց անդադար հպումներից, բայց նրանք ավելի էին մոտենում՝ շղթայելով նրան իրենց պաղ թևերով, ու չարագուշակ խոսքեր շշնջում նրա ականջին, և այն ժամանակ տնակը լցվում էր սարսափի հեկեկանքներով։ Քաթֆերտը ոչինչ չէր հասկանում (նա և Ուեզերբին արդեն վաղուց իրար հետ չէին խոսում) և ճչոցներից արթնանալով, միշտ ձեռքը գցում էր ատրճանակին։ Ջղային դողով բռնվաձ՝ նա նստում էր անկողնում և մնում նստած, ձեռքի զենքն ուղղած ուշակորույս պառկած մարդու վրա։ Քաթֆերտը մտածում էր, որ Ուեզերբին խելագարվում է, և սկսում էր երկյուղ կրել իր կյանքի համար։

Նրա սեփական հիվանդությունը արտահայտվում էր ավելի նվազ որոշակիությամբ։ Տնակի անհայտ կառուցողը կտուրի զարդաձիու վրա հողմացույց էր ամրացրել։ Քաթֆերտը նկատել էր, որ հողմացույցը միշտ ուղղված է դեպի հարավ, և մի անգամ, այդ համառ մշտականությունից գրգռված, ինքը այն դարձրեց դեպի արևելք։ Նա ագահ ուշադրությամբ հետևում էր նրան, բայց քամու ոչ մի հոսանք չանհանգստացրեց հողմացույցին։ Այն ժամանակ նա հողմացույցը շրջեց դեպի հյուսիս, ինքն իրեն երդվելով չդիպչել նրան ու սպասել, մինչև որ քամի փչի։ Ինչ-որ գերբնական, ահազդու բան կար օդի անշարժության մեջ, Քաթֆերտը հաճախ կեսգիշերին վեր էր կենում նայելու, թե արդյոք հողմացույցը չի՞ շարժվել։ Եթե նա գոնե մի տասը աստիճան շրջված լինե՜ր։ Բայց ոչ, նա կանգնած էր կտուրի վրա՝ ճակատագրի պես անդրդվելի։ Այն աստիճանաբար Քաթֆերտի համար դարձավ չար բախտի մարմնացում։ Երբեմն հիվանդ երևակայությունը Քաթֆերտին տանում էր այնտեղ, դեպի ուր շրջվում էր հողմացույցը, դեպի ինչ-որ մռայլ կիրճեր, և սարսափը պատում էր նրան։ Նա լինում էր անտեսանելիության ու անճանաչելիության աշխարհում, և նրա հոգին, կարծես, հոգնում էր հավերժության ծանրության տակ։ Այստեղ, Հյուսիսում, նրան ճնշում էր ամեն ինչ՝ կյանքի բացակայությունն ու անշարժաթյունը, խավարը, ննջող հողի անսահման անդորրը, հոդեմաշ լռությունը, որի մեջ սրտի բաբախյունն անգամ սրբապղծություն էր թվում, հանդիսավոր կանգնած անտառը, որը կարծես ինչ-որ անըմբռնելի, ահավոր գաղտնիք ուներ, մի գաղտնիք, որը հնարավոր չէ ընդգրկել մտքով և ոչ էլ արտահայտել խոսքով։

Աշխարհը, որը նա վերջերս թողել էր, աշխարհը, ուր ժողովուրդներ էին հուզվում ու կարևոր գործեր կատարվում, ինչ-որ մի շատ հեռավոր բան էր թվում նրան։ Երբեմն նա վերհիշում էր պատկերասրահները, աճուրդասրահները, մարդկանցով լցված վաղոցները, ֆրակները, աշխարհիկ պարտականությունները, բարի ընկերներին ու իր սրտին թանկ կանանց, որոնց նա ժամանակին ճանաչել էր․ բայց այդ աղոտ հիշողությունները վերաբերում էին մեկ ուրիշ կյանքի, որով նա ապրել էր շատ դարեր առաջ, ինչ-որ մեկ ուրիշ մոլորակի վրա։ Եվ տեսլապատկերը դառնում էր այժմ իրեն շրջապատող իրականություն։ Ներքևում, հողմացույցի տակ կանգնած և հայացքը բևեռային երկնքին հառած, նա չէր կարող հավատալ, որ գոյության ունի Հարավ, որ հենց այդ պահին ինչ-որ տեղ եռում է կյանքը։ Չկար Հարավ, չկային մարդիկ, որոնք ծնվում էին, ապրում, ամուսնանում։ Տխուր հորիզոնից այն կողմ ընկած էին անմարդաբնակ ընդարձակ տարածություններ, իսկ նրանցից այն կողմ վառվում էին ուրիշ տարածություններ՝ է՛լ ավելի անսահման ու ամայի։ Աշխարհում չկային երկրներ, ուր լուսավորում էր արևը, ու ծաղիկներն էին բուրում։ Այդ ամենը սոսկ դարավոր երազանք էր դրախտի մասին։ Արևաշող Արևմուտք՝ օծված Արևելքի անուշահամ բույրերով, երջանիկ Արկադիա՝ երանելիների օրհնված կղզինե՜ր։ Հա՜-հա՜-հա՜։ Ծիծաղը ճեղքեց դատարկությունը, և Քաթֆերտը իրեն վատ զգաց այդ անսովոր ձայնից, Այլևս արև չկար։ Կար տիեզերք՝ մեռյալ, սառը, խավարի մեջ թաղված, և ինքն էլ նրա միակ բնակիչն էր։ Ուեզերբի՞ն։ Այդպիսի պահերին նա հաշվի չէր առնվում։ Չէ որ դա Կալիբանն էր, մի հրեշավոր ուրվական, որը առհավետ իրեն՝ Քաթֆերտին էր գամված ինչ-որ մոռացված ոճրագործության համար։

Նա ապրում էր մահվան հետ կողք-կողքի և ստվերների մեջ, սեփական ոչնչության գիտակցումից ճնշված, ննջող դարերի կույր իշխանության ձեռքով ստրկացված։ Շրջապատի վեհությունը վախեցնում էր նրան։ Այն ամեն տեղ էր, ամեն ինչի մեջ՝ իրենից բացի․ քամու և շարժման լիակատար բացակայության մեջ, ձյունածածկ անապատի անսահմանության մեջ, երկնքի բարձրության և լռության խորության մեջ։ Իսկ այդ հողմացո՜ւյցը․ օ՜, եթե նա գոնե մի քի՜չ տատանվեր։ Թող որ պայթե՛ն երկնային բոլոր ամպրոպները կամ բոցո՛վ բռնվի անտառը։ Թո՛ղ պատռվի երկինքն ու ահեղ դատաստանի օրը հասնի։ Թող գոնե ինչ-որ բան, գոնե մի ինչ-որ բան կատարվի։ Ոչ, ոչ մի բան․․․ Ոչ մի շարժում։ Աշխարհը լցվել էր լռությամբ է և Հյուսիսի սարսափը սառցե մատներով սեղմում էր նրա սիրտը։

Մի անգամ Քաթֆերտը, մի նոր Ռոբինզոնի պես, հենց գետի մոտ նկատեց մի հետք՝ նապաստակի թաթերի թույլ դրոշմ նոր եկած ձյան վրա։ Դա հայտնաթյուն էր նրա համար, ուրեմն հյուսիսում կյանք կա։ Նա գնաց հետքով՝ աչքերն ագահորեն հառած վրան։ Մոռանալով իր ուռած ոտքերի մասին՝ նա, ինչ-որ անհեթեթ կանխազգացումից ծնված հուզմունքով, անցնում էր ձյունաթմբերի միջով։ Կարճատև մթնշաղը հանգավ, և անտառը կլանեց նրան, բայց Քաթֆերտը համառորեն շարունակիւմ էր գնալ ու գնալ, մինչև որ վերջին ուժերը սպառվեցին, և նա հոգնաբեկ ընկավ ձյան մեջ։ Եվ այն ժամանակ, տնքալով, նա անիծեց իր անխոհեմությունը, հասկանալով, որ այդ հետքը եղել է իր երևակայության արդյունքը։

Ուշ երեկոյան նա տնակ հասավ չորեքթաթ․ այտերը ցրտահարվել էին, ոտքերն էլ ինչ-որ ընդարմացել։ Ուեզերբին չարախնդաց, բայց օգնություն չառաջարկեց։ Քաթֆերտը ասեղներով ծակծկում էր ոտքերի մատները ու տաքացնում վառարանի մոտ։ Մի շաբաթ հետո նրա մոտ փտախտ սկսվեց։

Գրագիրն իր հոգսերն ուներ։ Մեռելներն ավելի ու ավելի հաճախ էին գերեզմանից դուրս գալիս և այժմ արդեն գրեթե չէին բաժանվում նրանից։ Նա սարսափով սպասում էր նրանց հայտնվելուն և ամեն անգամ դողով էր բռնվում, երբ անցնում էր քարերով պատած գերեզմանների կողքով։ Մի գիշեր նրանք եկան Ուեզերբիի մոտ, երբ նա քնած էր, տարան իրենց հետ և ստիպեցին ինչ-որ աշխատանք կատարել։ Նա աննկարագրելի սարսափով արթնացավ քարակույտերի մեջ և խելագարի պես վազեց դեպի տնակ։ Բայց նա, հավանաբար, որոշ ժամանակ մնացել էր այնտեղ պառկած, քանի որ ոտքերն ու այտերը ցրտահարվել էին։

Մեռելների այդ աներես հետապնդումը երբեմն նրան կատաղության էր հասցնում, և նա տնակում դեսուդեն էր ընկնում, թափահարելով կացինն ու փշրելով ձեռքի տակ ընկած ամեն ինչ։ Ուրվականների դեմ մղվող այդ ճակատամարտերի ժամանակ Քաթֆերտը թաքնվում էր վերմակի տակ և խելագարին հետևում ատրճանակը ձեռքին՝ պատրաստ սեղմելու ձգանը, եթե նա շատ մոտենար իրեն։ Խելագարության այդպիսի մի նոպայից հետո ուշքի գալով՝ գրագիրը նկատեց իր վրա ուղղված ատրճանակի փողը։ Նրա մեջ կասկածներ առաջացան, և այդ օրից նա նույնպես միշտ երկյուղ էր կրում իր կյանքի համար։ Նրանք զգուշորեն հետևում էին միմյանց, և ամեն մեկը տագնապով շրջվում էր, եթե մյուսը անցնում էր նրա հետևից։ Այդ երկյուղները վերածվեցին մտագարության, որից նրանք ազատվել չէին կարող նույնիսկ քնի մեջ։ Փոխադարձ վախը նրանց ստիպում էր, առանց պայմանավորվելու, գիշերը վառ թողնել ճրագը։ Բավական էր, որ նրանցից մեկը շարժվեր, որպեսզի արթնանար և մյուսը, նրանց լարված հայացքները հանդիպում էին, և երկուսն էլ իրենց վերմակների տակ ղողում էին վախից՝ մատը ատրճանակի ձգանի վրա պահած։

Հյուսիսի ահը, նյարդային լարվածությունը և կործանիչ հիվանդությունը հասցրին այնտեղ, որ նրանք կորցրին մարդկային ամեն մի կերպարանք և նմանվեցին հալածված գազանների։ Ցրտահարված այտերն ու քթերը սևացան, ոտքերի մատները սկսեցին հոդ առ հոդ պոկվել։ Յուրաքանչյուր շարժումը ցավ էր պատճառում, բայց վառարանը անկշտում էր և նրանց բզկտված մարմինները դատապարտում էր տանջանքների։ Նա ամեն օր, Շեյլոկի նման, իր մի ֆունտ միսն էր պահանջում, և նրանք, վերջին ճիգերը գործադրելով, քաշեքաշ հասնում էին անտառ, որպեսզի մի կերպ փայտ կոտորեն։ Մի անգամ, չոր ճյուղեր հավաքելու համար անտառ գնալով, նրանք մացառուտում անսպասելիորեն հանդիպեցին իրար։ Հանկարծ երկու դիակները դեմ առ դեմ ելան։ Տանջանքները նրանց երկուսին էլ այնպես էին կերպարանափոխել, որ նրանք իրար չճանաչեցին։ Սարսափի ճիչ արձակելով՝ նրանք վեր թռան և, խեղված ոտքերի վրա օրորվելով, հեռացան, իսկ հետո տնակի դռան մոտ ընկնելով, գզեցին ու ճանկռեցին իրար, մինչև որ հասկացան իրենց սխալը։


Բայց լինում էին օրեր, երբ նրանք ուշքի էին գալիս։ Եվ ահա այդպիսի մի օր նրանք հավասար բաժանեցին շաքարը՝ վեճերի գլխավոր առարկան։ Նրանք իրենց պաշարը պահում էին առանձին տոպրակներում և խնամքով պահպանում։ Ընդամենը մի քանի բուռ շաքար էր մնում, իսկ նրանք բոլորովին դադարել էին միմյանց վստահելուց։ Եվ ահա մի անգամ Քաթֆերտը սխալվեց։ Հազիվ շարժվելով, տանջալից ցավից թուլացած, նա, թիթեղյա ամանը ձեռքին, սողալով մտավ պահեստարան։ Նրա գլուխը պատվում էր, աչքերը գրեթե չէին տեսնում, և նա իր տոպրակի փոխարեն սխալմամբ վերցրեց Ուեզերբիի տոպրակը։

Դա տեղի ունեցավ հունվարի սկզբներին։ Արևն արդեն կատարել էր իր ձմեռային ճանապարհորդության կեսը և կեսօրին թույլ լույսի թեք շերտեր էր նետում դեպի հյուսիսային երկինքը։ Շաքարի հետ կապված սխալի հաջորդ օրը Քաթֆերտը իրեն լավ զգաց, հոգով ու մարմնով ավելի առույգ։ Կեսօրին մոտ, երբ սկսեց լուսանալ, նա դժվարությամբ դուրս եկավ տնակից՝ արևադարձը գուշակող գունատ ցոլքերով հրճվելու համար։ Ուեզերբին նույնպես մի փոքր լավ զգաց իրեն և նրանից անմիջապես հետո դուրս սողաց տնից։ Նրանք նստեցին ձյան վրա, անշարժ հողմացույցի տակ, ու սկսեցին սպասել։

Շուրջը մահվան լռություն էր տիրում։ Երբ մեկ ուրիշ երկրամասում բնությունն այդպես քարանում է, նրա անշարժությունը զսպված սպասում ունի իր մեջ, թվում է, թե ուր-որ է ինչ-որ մի թույլ ձայն կխանգարի լարված լռությունը։ Հյուսիսում ուրիշ է։ Երկուսը կարծես ահավոր լռության մեջ էին ապրել հավիտենապես։ Անցյալի ոչ մի մեղեդի չէին կարողանում վերհիշել, չէին կարողանում պատկերացնել ապագայի մեղեդիները։ Գերբնական լռությանը գոյություն ուներ միշտ։ Դա հավերժության անդորրություն էր։

Նրանք ակնդետ նայում էին դեպի հյուսիս։ Հետևում, հարավում վեր բարձրացող լեռնաշղթայից այն կողմ, անտեսանելի արևը դանդաղ շարժվում էր դեպի ուրիշ երկնակամարների զենիթը։ Նրանք՝ վեհաշուք տեսարանի միակ վկաները, հետևում էին, թե ինչպես աստիճանաբար կեղծ արշալույսն էր բոցավառվում երկնքում։ Գունատ հրացոլքը ավելի ու ավելի էր պայծառանում՝ փոփոխելով երանգները, նարնջագույնից դառնալով բոսոր, իսկ այնուհետև՝ կարմրադեղին։ Վերջապես լույսը երկնքում այնքան պայծառացավ , որ Քաթֆերտը մտածեց, «հիմա հրաշք կկատարվի, և արևը կծագի հյուսիսից»։

Հանկարծ, առանց նախանշանների և անցումների, տեսարանը խիստ փոխվեց։ Գույները երկնակամարից անհետացան, լույսը մարեց։ Նրանք շունչները պահեցին, պատրաստ լինելով հեկեկալու։ Բայց այս ի՞նչ է։ Օդը լցվեց կայծկլտացող սառը փոշով, և ձյան վրա, դեպի հյուսիս ձգվելով, երևացին հողմացույցի թույլ գծավորումները։ Ստվե՜ր։ Ստվե՜ր։ Դարձավ կեսօր։ Նրանք գլուխներն արագորեն շրջեցին դեպի հարավ։ Ձյունապատ լեռնաշղթայի վերևում հայտնվեց ոսկե սկավառակի եզրը, մի ակնթարթ ժպիտ պարգևեց նրանց ու նորից աչքից կորավ։

Նրանք նայեցին իրար, ու երկուսի աչքերում էլ արցունք երևաց։ Ինչ-որ մի հաշտություն էր իջել նրանց վրա։ Նրանք մի անհաղթահարելի մղում զգացին իրար նկատմամբ; Ուրեմն, արևը վերադառնո՜ւմ է։ Այն նրանց մոտ կգա վաղը, և՛ մյուս օրը, և՛ գալիք բոլոր օրերին։ Ու ամեն անգամ նա ավելի երկար կմնա երկնքում, մինչև հասնի այն ժամանակը, երբ կլուսավորի թե՛ ցերեկը, թե՛ գիշերը և այլևս չի կորչի հորիզոնի հետևում։ Այլևս գիշեր չի՛ չինի։ Սառույցներով շղթայված ձմեռը կհեռանա։ Քամիներ կփչեն, և անտառները նրանց կպատասխանեն իրենց աղմուկով։ Գետինը կողողվի օրհնյալ արևի լայսով, ու կյանքը կվերածնվի։ Նրանք իրենց վրայից կթոթափեն մղձավանջային քունը և միասին, ձեռք-ձեռքի տված, կվերադառնան տուն, Հարավ։ Երկուսն էլ անգիտակցաբար առաջ ձգվեցին, և նրանց ձեռքերը հանդիպեցին․ խե՜ղճ, հաշմված ձեռքեր։

Սակայն այդ հույսին վիճակված չէր իրականանալ։

Հյուսիսը Հյուսիս է, ու մարդկային սրտերն այստեղ ենթարկվում են այն օրենքներին, որ հեռավոր երկրներ չճամփորդած մարդիկ երբեք չեն կարող հասկանալ։


Մեկ ժամ անց Քաթֆերտը վառարանի մեջ դրեց բլիթներով թավան և սկսեց մտածել, թե արդյո՞ք բժիշկները կկարողանան բուժել իր ոտքերըէ երբ ինքը տուն վերադառնա։ Այժմ տունը այնքան էլ անհասանելի չէր թվում։ Ուեզերբին զբաղված էր պահեստարանում։ Հանկարծ այնտեղից անեծքներ լսվեցին և նույնքան հանկարձակի էլ լռեցին։ Գրագիրը նկատել էր, որ իր շաքարը գողացել են․․․ Եվ, այնուամենայնիվ, գործը վատ կվերջանար, եթե հենց այդ պահին մեռելները դուրս չգային իրենց քարե գերեզմաններից ու հայհոյանքները նրա կոկորդում չթողնեին։ Այնուհետև մեռելները նրան կամացուկ դուրս բերեցին պահեստարանից, որը նա մոռացավ ծածկել։ Դրաման մոտենում էր իր ավարտին, կատարվելու էր այն, ինչ նրանք երազում շշնշում էին նրա ականջին։ Ուրվականները կամաց, շատ կամաց նրան մոտեցրին փայտերի կույտին և ձեռքը կացին տվեցին, այնուհետև նրան օգնեցին բացելու դուռը և (նա հավատացած էր դրանում) նրանք էլ այն փակեցին իր հետևից, գոնե ինքր լսեցէ թե ինչպես չրթաց սողնակը։ Եվ նա գիտեր, որ նրանք դռան հետևում են, որ նրանք սպասում են, թե երբ ինքը իր գործը կանի։

— Քարտե՜ր։ Լսեցեք, Քարտե՜ր։

Գրագրի դեմքին նայելուց հետո Փերսի Քաթֆերտը իրեն վատ զգաց և շտապեց պատսպարվել սեղանի հետևում։

Քարտեր Ուեզերբին առաջ էր շարժվում դանդաղորեն և կարծես դժկամությամբ․ նրա դեմքին ո՛չ խղճահարություն կար, ոչ էլ հուզմունք։ Նրա մեջ կար բութ մտասևեռումը մի մարդու, որը պետք է որոշակի աշխատանք կատարի և այն կատարում է մեթոդաբար։

— Ի՞նչ պաաահեց քեզ, Քարտեր։

Գրագիրը մի քայլ ետ գնաց, փակելով Քաթֆերտի դուրս գալու ճանապարհը, բայց ոչ մի խոսք չասաց։

— Լսեցեք, Քարտեր, լավ կլինի խոսենք։ Խելամիտ եղեք․․․

Արվեստի մագիստրոսը տենդագին արագությամբ վերլուծում էր ստեղծված վիճակը։ Մի ճարպիկ շրջանցող շարժումով նա հասավ մահճակալին, ուր դրված էր իր սմիթ-ի-վեսենը։ Հետո, աչքը խելագարից չկտրելով, բարձի տակից դուրս քաշեց ատրճանակը։

— Քարտե՜ր։

Կրակի բռնկումը խփեց նրա դեմքին, բայց Ուեզերբին թափահարեց իր զենքն ու առաջ նետվեց։ Կացինը խոր խրվեց Քաթֆերտի մեշքը, և նա անմիջապես դադարեց իր ոտքերն զգալուց։ Այնուհետև գրագիրն ընկավ նրա վրա և թուլացող մատներով սկսեց սեղմել նրա կոկորդը։ Հարվածից ատրճանակն ընկավ Քաթֆերտի ձեռքից․ շնչահեղձ լինելով և աշխատելով ազատվել՝ նա անօգնական կերպով ատրճանակը որոնում էր վերմակի մեջ։ Եվ այդ պահին նա հիշեց։ Նրա ձեռքը սահեց դեպի գրագրի գոտին, որից կախված էր որսորդական դանակը, և հակառակորդները մի վերջին անգամ ամուր գրկեցին իրար։

Փերսի Քաթֆերտը զգում էր, թե ինչպես են ուժերը լքում իրեն։ Նրա մարմնի ներքևի մասը ասես քարացել էր։ Ուեզերբիի մարմինը իր ծանրությամբ ճնշում էր նրան․ նա թակարդն ընկած արջի պես մեխված էր տեղում։ Տնակը լցվում էր ծանոթ բուրմունքով․ բլիթներն էին այրվում։ Բայց ի՞նչ նշանակություն ունի։ Դրանք այլևս պետք չեն գա իրեն։ Իսկ պահեստարանում դեռ վեց աման շաքար կա, եթե ինքը նախօրոք իմանար այդ բոլորը, ապա վերջին օրերին այնքան խնայելու կարիք չէր լինի․․․

Արդյո՞ք երբևէ կշրջվի Հողմացույցը։ Գուցե այն շարժվե՞ց հենց այս պահին։ Շատ հնարավոր է։ Չէ որ այսօր արևը երևաց։ Այ, հիմա ինքը կգնա ու կնայի։ Ոչ, շարժվել հնարավոր չէ։ Ինքը չէր կարծում, թե Ուեզերբին այսքան ծանր է։

Որքա՛ն շուտ է ցրտում տնակը։ Երևի կրակը հանգել է։ Ցուրտը ավելի է սաստկանում: Հիմա, երևի, զրոյից ցածր է արդեն, և դուռն էլ աստիճանաբար սպիտակով է ծածկվում ներսի կողմից։ Նա այդ չի տեսնում, բայց գիտե, որովհետև զգում է, թե ինչպես է ընկնում ջերմաստիճանը։ Ներքևի ծխնին, հավանաբար, արդեն սառցապատվել է։ Արդյո՞ք մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվել այստեղ։ Ինչպե՞ս կվերաբերվեն դրան իր ընկերները։ Հավանականն այն է, որ սուրճի սեղանի շուրջ նստած կկարդան թերթում տպված լուրը և հետո կքննարկեն ինչ-որ տեղ, ակումբում։ Նա կարծես լսում էր՝ «Խեղճ Քաթֆերտ,— ասում էին նրանք։— Հիմնականում վատ տղա չէր»։ Քաթֆերտը քմծիծաղ տվեց այս գովասանքի վրա ու գնաց թուրքական բաղնիք որոնելու։ Նույն բազմությունն է փողոցներում։ Տարօրինակ է, որ իշայծյամի կաշվից կարված իր մոքասինները և բրդե ճղճղված գուլպաները ոչ ոք չի նկատում։ Թերևս ավելի լավ կլինի կառք վարձել։ Իսկ բաղնիքից հետո վատ չէր լինի սափրվել։ Ոչ։ Նախ ինքը մի բան կուտի։ Բիֆշտեքս, կարտոֆիլ և կանաչի․ որքա՜ն թարմ է ամեն ինչ։ Իսկ սա ի՞նչ է։ Խորիսխամեղր, թափանցիկ ու բուրավետ մեղր։ Բայց ինչո՞ւ այսքան շատ։ Հա՜-հա՜-հա՜։ Ինքը երբեք չի կարողանա այսքանն ուտել․․․ Մաքրե՞լ։ Այո՛, իհարկե։ Նա ոտքը դնում է արկղի վրա։ Կոշիկ մաքրողը զարմացած նայում է նրան, և նա հիշում է իշայծյամի կաշվից կարված իր մոքասինների մասին ու շտապ հեռանում:

Վը՜ժ։ Երևի հողմացույցը պատվեց։ Ո՛չ, պարզապես ականջներն են ձայն տալիս։ Ականջներն են ձայն տալիս և վերջ։ Սառույցը պետք է որ հասած լինի սողնակին։ Գուցե վերևի ծխնին ևս արդեն սառցակալել է։ Առաստաղի գերանների միջև, մամուռով խցկված ճեղքերում սկսել են փոքրիկ սառցապտեր հայտնվել։ Որքա՜ն դանդաղ են մեծանում դրանք։ Ո՛չ։ Այնքան էլ դանդաղ չէ, ահա մեկն էլ հայտնվեց, ա՛յ, այնտեղ նույնպես։ Երկու․․․ երեք․․․ չորս․․․ Այժմ դրանք այնքան արագ են հայտնվում, որ հաշվել հնարավոր չէ։ Ահա այնտեղ դուրս սողացին երկուսը միասին, և երրորդն էլ միացավ նրանց, հիմա արդեն առանձին պտեր չկան, նրանք բոլորը միաձուլվել են, առաստաղը ծածկելով համատարած քողով։

Ի՞նչ կա որ։ Ինքը մենակ չի լինի։ Եթե օրերից մի օր դատաստանափողի ձայնը խախտի Հյուսիսի լռությունը, ապա իրենք միասինք ձեռք ձեռքի տված, կկանգնեն հավիտենական դատավորի գահի առջև։ Եվ աստված նրանց կդատի․․․

Փերսի Քաթֆերտը աչքերը փակեց ու քուն մտավ։


  1. Պրոֆեսիոնալ ուղեկցորդ, գլխավորապես կանադական ֆրանսիացիներից (ֆրանս․)։
  2. Հին հունական դիցաբանական հերոսներ, որոնք «Արգո» նավով ուղևորվեցին Կոլխիդա՝ ոսկե գեղմը բերելու․ արգոնավորդները խիզախ և արկածախնդիր նավազներ էին։