Հինգերորդ Բաժին: Շահույթի Տրոհումը Տոկոսի Ու Ձեռնարկուային Եկամտի: Տոկոսաբեր Կապիտալը
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Բովանդակություն
- 1 ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՏՐՈՀՈՒՄԸ ՏՈԿՈՍԻ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ։ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԸ
- 1.1 ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԸ
- 1.2 ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՏՐՈՀՈՒՄԸ։ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ։ ՏՈԿՈՍԻ «ԲՆԱԿԱՆ» ՆՈՐՄԱՆ
- 1.3 ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՈԿՈՍ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ
- 1.4 ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄԸ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎՈՎ
- 1.5 ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՐԿ ՈՒ ՖԻԿՏԻՎ ԿԱՊԻՏԱԼ
- 1.6 ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ. ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎՐԱ
- 1.7 ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՐԿԻ ԴԵՐԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- 1.8 ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ. ՏՈՒԿԻ ՈՒ ՖՈՒԼԼԱՐՏՈՆԻ ՀԱՅԱՑՔԸ
- 1.9 ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ
- 1.10 ԵՐԵՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ I
- 1.11 ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ II. (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
- 1.12 ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ III (ՎԵՐՋ)
- 1.13 ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
- 1.14 ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ Currency Principle [ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ] ԵՎ 1844 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.15 ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆ ՈՒ ՄՈՒՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ
- 1.16 ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԻՆՉԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՏՐՈՀՈՒՄԸ ՏՈԿՈՍԻ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ։ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԸ
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԸ
Շահույթի ընդհանրական կամ միջին նորմայի առաջին քննության ժամանակ (այս գրքի II բաժին) այն մենք աչքի առջև ունեինք դեռ ոչ իր պատրաստի կերպարանքով, որովհետև շահույթների հավասարումը դեռ ներկայանում էր լոկ իբրև տարբեր ոլորտներում ներդրված արդյունաբերական կապիտալների հավասարում։ Այս մենք լրացրինք նախընթաց բաժնում, որտեղ հետազոտվեց այս հավասարեցման մեջ առևտրային կապիտալի ունեցած մասնակցությունն ու առևտրային շահույթը։ Շահույթի ընդհանրական նորման ու միջին շահույթը հիմա ավելի նեղ սահմանների մեջ հանդես եկան, քան առաջ։ Շարադրանքի հետագա ընթացքում պետք է նկատի ունենալ, որ երբ մենք, այսուհետև խոսում ենք շահույթի ընդհանրական նորմայի կամ միջին շահույթի մասին, ապա այս լինում է վերջին իմաստով, ուրեմն խոսքը վերաբերում է միջին նորմայի պատրաստի կերպարանքին։ Որովհետև այս միջին նորման արդյունաբերական ու առևտրային կապիտալի համար միևնույնն է, ուստի, որչափով որ խոսքը լոկ այս միջին շահույթի մասին է, այլևս նաև հարկ չկա տարբերություն դնելու արդյունաբերական ու առևտրային շահույթի միջև։ Արդյոք կապիտալն արտադրության ոլորտո՞ւմ է ներդրված որպես արդյունաբերական կապիտալ, թե շրջանառության ոլորտում որպես առևտրային կապիտալ, միևնույն է,— նա pro rata [համապատասխան] իր մեծության՝ տարեկան միևնույն միջին շահույթն է բերում։
Փողը — որ այստեղ վերցվում է իբրև ինքնուրույն արտահայտություն արժեքային մի գումարի, անկախ նրանից, թե սա իրոք գոյություն ունի փողի ձևով թե ապրանքի ձևով — կարող է կապիտալիստական արտադրության հիմքի վրա կապիտալի փոխարկվել և այս փոխարկման հետևանքով նա տվյալ մի արժեքից դառնում է ինքնաճող, մեծացող արժեք։ Նա արտադրում է շահույթ, այսինքն կապիտալիստին ունակ է դարձնում մի որոշ քանակի անվճար աշխատանք, հավելյալ արդյունք ու հավելյալ արժեք դուրս կորզելու բանվորներից և յուրացնելու։ Սրանով նա, բացի այն սպառողական արժեքից, ունի իբրև փող, ձեռք է բերում մի ավելադիր սպառողական արժեք, այն է՝ իբրև կապիտալ գործելու սպառողական արժեք։ Նրա սպառողական արժեքն այստեղ հենց այն շահույթն է, որ նա արտադրում է, կապիտալի փոխարկվելով։ Պոտենցիալ կապիտալ լինելու, շահույթի արտադրման միջոց լինելու այս հատկությամբ նա դառնում է ապրանք, բայց մի sui generis [հատուկ տեսակի] ապրանք։ Կամ որ միևնույնին է հանգում, կապիտալը, իբր կապիտալ, ապրանք է դառնսւմ[1]։
Ենթադրենք, շահույթի տարեկան միջին նորման 20% է։ Այս դեպքում 100 ֆ. ստ. արժեք ունեցող մի մեքենա միջին պայմաններում և գործի ըմբռնման ու նպատակահարմար գործունեության միջին հարաբերություններում իբրև կապիտալ գործադրվելով կտար 20 ֆ. ստ.-անոց մի շահույթ։ Հետևաբար մի մարդ, որ 100 ֆ. ստ. ունի իր տրամադրության տակ, 100 ֆ. ստ.-ից 120 ֆ. ստ. ստանալու կամ թե՝ 20%-անոց մի շահույթ արտադրելու իշխանություն ունի իր ձեռին։ Նա իր ձեռքում բռնած ունի 100 ֆ. ստ.-անոց մի հնարավոր կապիտալ։ Եթե այս մարդը 100 ֆ. ստ.-ը մի տարով զիջում է մի ուրիշին, որն այն իրապես կիրառում է իբրև կապիտալ, ապա նա սրան տալիս է 20 ֆ. ստ. շահույթ արտադրելու իշխանություն, արտադրելու մի հավելյալ արժեք, որը նրա վրա ոչինչ չի նստում, որի համար նա ոչ մի էկվիվալենտ չի վճարում։ Եթե այս մարդը 100 ֆ. ստ.-ի տիրոջը տարեվերջին վճարում է, ասենք, 5 ֆ. ստ., այսինքն արտադրված շահույթի մի մասը, ապա նա սրանով վճարում է 100 ֆ. ստ.-ի սպառողական արժեքի համար, նրա, որպես կապիտալի, ֆունկցիայի, 20 ֆ. ստ. շահույթ արտադրելու ֆունկցիայի սպառողական արժեքի համար։ Շահույթի այն մասը, որ վճարվում է փողի տիրոջը, կոչվում է տոկոս։ Հետևաբար տոկոսն ուրիշ բան չէ, բայց եթե մի առանձնահատուկ անուն մի հատուկ ռուբրիկա շահույթի այն մասի համար, որ գործող կապիտալը, փոխանակ իր սեփական գրպանը դնելու, պետք է վճարի կապիտալի տիրոջը։
Պարզ է, որ 100 ֆ. ստ.-ի տիրությունն իր սեփականատիրոջ իշխանություն է տալիս տոկոսը, այսինքն իր կապիտալով արտադրված շահույթի մի որոշ մասը, իր կողմը քաշելու։ Եթե նա 100 ֆ. ստ.-ը չտար ուրիշին, ապա սա չէր կարող շահույթ արտադրել, ընդհանրապես չէր կարող այս 100 ֆ. ստ.-ի վերաբերմամբ իբրև կապիտալիստ գործել[2]։
Անմտություն է այստեղ բնական արդարության մասին խոսել Ջիլբերտի հետ միասին (տես ծանոթագրությունը)։ Արտադրության գործակալների միջև կատարվող գործարքների արդարությունը հիմնվում է այն բանի վրա, որ այս գործարքներն իբրև բնական հետևություն բխում են արտադրության հարաբերություններից։ Այն իրավական ձևերը, որով երևան են գալիս այս տնտեսական գործարքներն իբրև մասնակիցների կամքով թելադրված գործողություններ, իբրև նրանց ընդհանուր կամքի դրսևորումներ ու իբրև այնպիսի պայմանագրություններ, որ պետությունը պարտադիր է հաշվում կողմերի համար,— նրանք իբրև սոսկ ձևեր չեն կարող որոշել այս գործարքների բովանդակությունը։ Նրանք լոկ արտահայտում են վերջինս։ Այս բովանդակությունն արդարացի է, եթե համապատասխանում է արտադրության եղանակին, եթե նրան ադեկվատ է։ Նա անարդարացի է, եթե նրան հակասում է։ Ստրկությունը, արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա, անարդարացի է, նույնպես էլ ապրանքի որակում խաբելը։
100 ֆ. ստ.-ը նրանով է 20 ֆ. ստ. շահույթ արտադրում, որ գործում է իբրև կապիտալ, լինի սա արդյունաբերական, թե առևտրային, միևնույն է։ Բայց իբրև կապիտալ գործելու այս sine qua non-ը [անհրաժեշտ պայմանը] այն է, որ տվյալ գումարը ծախսվում է իբրև կապիտալ, որ ուրեմն փող է ծախսվում՝ արտադրամիջոցներ (արդյունաբերական կապիտալի դեպքում) կամ թե ապրանք (առևտրային կապիտալի դեպքում) գնելու համար։ Բայց որպեսզի փող ծախսվի, պետք է այդ փողն առկա լինի։ Եթե A-ն, 100 ֆ. ստ.-ի տերը, այդ գումարը կամ իր մասնավոր սպառման համար ծախսեր կամ թե չէ՝ այն իր մոտ պահեր իբրև գանձ, ապա հիշյալ գումարը չէր կարող B-ի, գործող կապիտալիստի, կողմից իբրև կապիտալ ծախսվել։ B-ն իր կապիտալը չի ծախսում, այլ A-ինը. բայց նա չի կարող A-ի կապիտալը ծախսել, եթե A-ն չկամենա։ Ուրեմն իրապես A-ն, է որ սկզբնապես 100 ֆ. ստ. ծախսում է իբրև կապիտալ, թեև նրա, իբրև կապիտալիստի, ամբողջ ֆունկցիան սահմանափակվում է այս 100 ֆ. ստ.-ն իբրև կապիտալ ծախսելով։ Որչափով այս 100 ֆ. ստ.-ն է նկատի առնվում, B-ն իբրև կապիտալիստ գործում է լոկ այն պատճառով, որ A-ն 100 ֆ. ստ.-ը զիջում է նրան և այդպիսով այն ծախսում իբրև կապիտալ։
Նախ քննենք տոկոսաբեր կապիտալի յուրահատուկ շրջանառությունը։ Հետո, երկրորդ հերթին, պետք է հետազոտել այն հատուկ եղանակը, որով կապիտալը ծախվում է իբրև ապրանք, այն է՝ փոխ է տրվում փոխանակ ընդմիշտ զիջվելու։
Ելակետն այն փողն է, որ A-ն փոխ է տալիս B-ին։ Այս կարող է տեղի ունենալ գրավականով կամ թե առանց սրան. սակայն առաջին ձևն ավելի հնամյա է, եթե բացառենք այն փոխատվությունները, որոնք կատարվում են ապրանքների կամ թե պարտաթղթերի, ինչպես, օրինակ, մուրհակների, ակցիաների և այլոց գրավադրությամբ։ Այստեղ մեզ չեն հետաքրքրում այս հատուկ ձևերը։ Մենք այստեղ գործ ունենք տոկոսաբեր կապիտալի հետ, երբ սա հանդես է գալիս իր սովորական ձևով։
B-ի ձեռքում փողն իրոք փոխարկվում է կապիտալի, կատարում է Փ—Ա—Փ´ շարժումը և հետո վերադառնում A-ի մոտ իբրև Փ´, իբրև Փ + ΔՓ, որտեղ ΔՓ-ն տոկոսն է ներկայացնում։ Պարզության համար մենք առայժմ անտեսում ենք այն դեպքը, երբ կապիտալն ավելի երկար ժամանակով է մնում B-ի ձեռքին, և տոկոսները ժամկետ առ ժամկետ են վճարվում։
Այսպիսով ուրեմն, շարժումը հետևյալն է.
Փ—Փ—Ա—Փ´—Փ´։
Այստեղ երկուական անգամ հանդես են գալիս 1) փողի, իբրև կապիտալի, ծախսումն ու 2) նրա, իբրև իրացված՝ կապիտալի ետհոսումն, ետհոսումը Փ´ կամ Փ + ΔՓ ձևով։
Առևտրային կապիտալի Փ—Ա—Փ´ շարժման ժամանակ միևնույն ապրանքը ձեռքից-ձեռք անցնում է երկու անգամ կամ թե, երբ վաճառականը ծախում է վաճառականի, մի քանի անգամ. բայց միևնույն ապրանքի ամեն մի այսպիսի տեղափոխություն ապրանքի փոխակերպություն, առք ու վաճառք է նշանակում, որքան էլ որ հաճախակի կրկնվի այս պրոցեսը մինչև վերջնականորեն սպառման ոլորտի մեջ ընկնելը։
Մյուս կողմից՝ Ա—Փ—Ա շարժման ժամանակ երկու անգամ միևնույն փողի տեղափոխություն է կատարվում, բայց այս նշանակում է ապրանքի լրիվ փոխակերպություն, ապրանքի, որը նախ փողի է փոխարկվում, իսկ այնուհետև փողից դարձյալ մի ուրիշ ապրանքի։
Ընդհակառակը, տոկոսաբեր կապիտալի համար Փ-ի առաջին տեղափոխությունը բնավ չի ներկայացնում ոչ ապրանքի փոխակերպության ու ոչ էլ կապիտալի վերարտադրության մի մոմենտ։ Այս տեղափոխությունը նման մոմենտ է դառնում միմիայն երկրորդ ծախսման ժամանակ, գործող կապիտալիստի ձեռքում, որը նրանով առևտուր է անում կամ թե այն արտադրողական կապիտալի է փոխարկում։ Փ-ի առաջին տեղափոխությունն այստեղ ուրիշ ոչինչ չի արտահայտում, բայց եթե նրա հանձնումն ու փոխանցումն A-ից B-ին, մի փոխանցում, որը սովորաբար կատարվում է իրավաբանական որոշ ձևերի ու պայմանների հետևելով։
Փողի, իբրև կապիտալի, այս երկակի ծախսումին, որից առաջինը սոսկ փոխանցումն է A-ից B-ին, համապատասխանում է նրա երկակի ետհոսումը։ Նա, իբրև Փ´ կամ Փ + ΔՓ, շարժումից ետ է հոսում դեպի գործող B կապիտալիստը։ Այն ժամանակ սա փողը նորից հանձնում է A-ին, բայց շահույթի մի մաս էլ հետը, հանձնում է իբրև իրացված կապիտալ, իբրև Փ+ ΔՓ, որտեղ ΔՓ-ն հավասար է ոչ թե ամբողջ շահույթին, այլ շահույթի լոկ մի մասին, որը տոկոս է։ Փողը ետ է հոսում B-ի մոտ, որովհետև B-ն է նրա ծախսողը, ետ է հոսում որպես գործող կապիտալ, որը սակայն, A-ի սեփականությունն է։ Որպեսզի փողի ետհոսումը լիակատար լինի, B-ն պետք է փողը նորից A-ին հանձնի։ Բայց B-ն, կապիտալի գումարից զատ, պետք է այն շահույթի մի մասը, որ նա ձեռք է բերել այս կապիտալի գումարով, A-ին հանձնի տոկոս անվան տակ, որովհետև սա փողը նրան տվել է միմիայն իբրև կապիտալ, այսինքն իբրև արժեք, որը ոչ միայն պահպանվում է շարժման մեջ, այլ մի հավելյալ արժեք է ստեղծում իր տիրոջ համար։ Փողը B-ի ձեռքին մնում է լոկ այնքան ժամանակ քանի դեռ գործող կապիտալ է։ Եվ երբ փողը ետ է հոսում — ժամկետի լրանալուց հետո — նա դադարում է իբրև կապիտալ գործելուց։ Բայց իբրև այլևս չգործող կապիտալ փողը պետք է վերադարձվի A-ին, որը չի դադարել նրա իրավական սեփականատերը լինելուց։
Վաճառքի ձևի տեղակ փոխատվության ձևը, որը հատուկ է այս ապրանքին՝ իբրև ապրանք ներկայացող կապիտալին և որը սակայն պատահում է ուրիշ գործարքների մեջ էլ,— բխում է արդեն այն որոշումից, որ կապիտալն այստեղ երևան է գալիս իբրև ապրանք կամ որ փողը, իբրև կապիտալ, ապրանք է դառնում։
Այստեղ պետք է տարբերել հետևյալը։
Մենք տեսանք (II գիրք, I գլուխ) և այստեղ համառոտ հիշեցնում ենք, որ կապիտալը շրջանառության պրոցեսում գործում է իբրև ապրանքային կապիտալ ու փողային կապիտալ։ Բայց երկու ձևում էլ կապիտալն ապրանք է դառնում ոչ իբրև կապիտալ։
Հենց որ արտադրողական կապիտալը փոխարկվում է ապրանքային կապիտալի, նա պետք է շուկա նետվի, ծախվի իբրև ապրանք։ Այստեղ նա գործում է պարզապես իբրև ապրանք։ Կապիտալիստն այստեղ հանդես է գալիս լոկ իբրև ապրանքի վաճառորդ, ինչպես և գնորդը՝ իբրև ապրանքի գնորդ։ Արդյունքն իբրև ապրանք պիտի շրջանառության պրոցեսում, իր վաճառքի միջոցով, իրացնի իր արժեքը, իր փոխակերպված կերպարանքն ընդունի, փողի կերպարանքը։ Այս պատճառով էլ ոչ մի տարբերություն չի ներկայացնում այն հանգամանքը, թե արդյոք այս ապրանքը մի սպառո՞րդ է գնում իբրև կենսամիջոց, թե՞ մի կապիտալիստ, իբրև արտադրամիջոց, իբրև կապիտալի բաղադրամաս։ Շրջանառության ակտում ապրանքային կապիտալը գործում է լոկ իբրև ապրանք, ոչ իբրև կապիտալ։ Տարբերվելով հասարակ ապրանքից՝ նա ապրանքային կապիտալ է, 1) որովհետև հղի է հավելյալ արժեքով, հետևաբար նրա արժեքի իրացումը հավելյալ արժեքի իրացում է միաժամանակ. բայց այս ամենևին չի փոխում այն իրողությունը, որ նա գոյություն ունի, իբրև սոսկական ապրանք, իբրև որոշ գին ունեցող արդյունք. 2) որովհետև նրա այս ֆունկցիան, իբրև ապրանքի ֆունկցիա, նրա վերարտադրության պրոցեսի, իբրև կապիտալի վերարտադրության պրոցեսի մի մոմենտ է, ուստի և նրա շարժումը, իբրև ապրանքի շարժում, քանի որ նրա կողմից կատարվող պրոցեսի մասնակի շարժումն է լոկ, նրա, իբրև կապիտալի, շարժումն է միաժամանակ. բայց նա այսպիսին դառնում է ոչ թե բուն իսկ վաճառքի հետևանքով, այլ այն կապի շնորհիվ, որ այս ակտն ունի արժեքի այս որոշ գումարի, իբրև կապիտալի, ամբողջ շարժման հետ։
Նմանապես էլ նա իբրև փողային կապիտալ իրոք գործում է պարզապես իբրև փող միայն, այսինքն իբրև ապրանքի (արտադրության տարրերի) գնման միջոց։ Որ այս փողն այստեղ միաժամանակ փողային կապիտալ, կապիտալի մի ձև է, այս առաջ է գալիս ոչ թե գնման ակտից, այն իրական ֆունկցիայից, որ նա այստեղ կատարում է իբրև փող, այլ այն կապից, որ այս ակտն ունի կապիտալի ամբողջ շարժման հետ, որովհետև այս ակտը, որ կապիտալը կատարում է իբրև փող, ներածական ակտ է արտադրության կապիտալիստական պրոցեսի համար։
Բայց որչափով որ նրանք, ապրանքային կապիտալն ու փողային կապիտալը, իրոք գործում են, պրոցեսում իրոք խաղում են իրենց դերը, ապրանքային կապիտալն այստեղ գործում է լոկ իբրև ապրանք, փողային կապիտալը՝ լոկ իբրև փող։ Փոխակերպության ոչ մի առանձին մոմենտում, ինքնըստինքյան քննած, կապիտալիստը գնորդին չի ծախում ապրանքն իբրև կապիտալ, թեև այս ապրանքը նրա համար կապիտալ է, կամ թե նա փողն իբրև կապիտալ չի հանձնում վաճառորդին։ Երկու դեպքում էլ նա ապրանքն օտարում է պարզապես իբրև ապրանք և փողը պարզապես իբրև փող, իբրև ապրանքի գնման միջոց։
Ամբողջ պրոցեսի կապակցության մեջ միայն, այն մոմենտում, երբ ելակետը միաժամանակ վերադարձի կետ է ներկայածում, Փ—Փ´-ի կամ թե Ա´—Ա´-ի մեջ է միայն, որ կապիտալը շրջանառության պրոցեսում հանդես է գալիս իբրև կապիտալ (այն ինչ արտադրության պրոցեսում նա իբրև կապիտալ հանդես է գալիս բանվորին կապիտալիստին ենթարկելու և հավելյալ արժեք արտադրելու միջոցով)։ Բայց վերադարձի այս մոմենտում միջնորդավորող պրոցեսը չքանում է։ Առկա եղածը Փ´-ն է կամ Փ + ΔՓ-ն, փողի մի գումար, որ հավասար է սկզբնապես կանխավճարած փողի գումարին, պլյուս սրանից զատ մի հավելույթ, իրացված հավելյալ արժեքը (ընդորում նշանակություն չունի, թե արդյոք արժեքի ΔՓ-ով ավելացած գումարը հիմա գոյություն ունի փողի, թե ապրանքի կամ թե արտադրության տարրերի ձևով)։ Եվ հենց այս վերադարձակետում, որտեղ կապիտալը գոյություն ունի իբրև իրացված կապիտալ, իբրև աճած արժեք, կապիտալն իր այս ձևով — որչափով որ հիշյալ կետը, երևակայորեն կամ թե իրապես սևեռացվում է, իբրև դադարակետ — երբեք չի մտնում շրջանառության մեջ, այլ, ընդհակառակը, հանդես է գալիս իբրև շրջանառությունից ետկորզված, իբրև ամբողջ պրոցեսի հետևանք։ Եթե նա նորից է ծախսվում, ապա նա ամենևին իբրև կապիտալ չի, որ օտարվում է մի երրորդի ձեռքը, այլ նրան ծախվում է իբրև սոսկ ապրանք կամ թե նրան տրվում է իբրև ապրանքի դիմաց վճարվող հասարակ փող։ Նա իր շրջանառության պրոցեսում երբեք երևան չի գալիս իբրև կապիտալ, այլ միմիայն իբրև ապրանք կամ փող, և տվյալ դեպքում այս է նրա գոյության միակ ձևն ուրիշների համար։ Ապրանքն ու փողը այստեղ կապիտալ են ոչ թե այն չափով, որչափով որ ապրանքը փողի է փոխարկվում, և փողը ապրանքի, ոչ թե գնորդի կամ վաճառորդի նկատմամբ ունեցած իրենց իրական հարաբերություններով, այլ սոսկ իրենց իդեալական այն հարաբերություններով, որ ունեն կամ բուն իսկ կապիտալիստի նկատմամբ (սուբեկտիվորեն քննած) և կամ իբրև վերարտադրության պրոցեսի մոմենտ (օբեկտիվորեն քննած)։ Կապիտալն իրական շարժման մեջ իբրև կապիտալ գոյություն, ունի ոչ թե շրջանառության պրոցեսում, այլ միմիայն արտադրության պրոցեսում, բանվորական ուժի շահագործման պրոցեսում։
Այլ է խնդիրը տոկոսաբեր կապիտալի նկատմամբ, և հենց այս է նրա մասնահատուկ բնույթը։ Այն փողատերը, որն ուզում է իր փողն օգտագործել իբրև տոկոսաբեր կապիտալ, փողն օտարում է մի երրորդի ձեռքը, նետում է շրջանառության մեջ, դարձնում է իբրև կապիտալ ներկայացող ապրանք, իբրև կապիտալ ոչ միայն իր համար, այլ և ուրիշների համար, հիշյալը կապիտալ է ոչ թե սոսկ նրա համար, ով այս օտարում է, այլ երրորդի ձեռքն է տրվում հենց այն գլխից իբրև կապիտալ, իբրև այնպիսի արժեք, որը հավելյալ արժեք, շահույթ ստեղծելու սպառողական արժեք ունի։ Այս փողն օտարվում է իբրև մի այնպիսի արժեք, որը պահպանվում է շարժման մեջ և իր գործելուց հետո վերադառնում է իր սկզբնական ծախսողի մոտ, այս դեպքում՝ փողատիրոջ մոտ. հետևաբար միմիայն ժամանակավորապես է հեռանում նրանից, իր սեփականատիրոջ տնօրինության տակից ելնելով լոկ առժամանակ է մտնում գործող կապիտալիստի տնօրինության տակ, ուրեմն ոչ վճարման համար է գործադրվում, ոչ էլ ծախվում է, այլ միմիայն փոխ է տրվում. միմիայն օտարվում է այն պայմանով, որ մի որոշ ժամկետից հետո նախ՝ վերադառնա իր ելակետը, իսկ երկրորդ՝ վերադառնա իբրև իրացված կապիտալ, իրացնելով իր սպառողական արժեքը՝ հավելյալ արժեք արտադրելու իր ընդունակությունը։
Այն ապրանքը, որ իբրև կապիտալ է փոխ տրվում, նայած իր հատկությանը՝ փոխ է տրվում իբրև հիմնող կան կամ թե շրջանառու կապիտալ։ Փողը կարող է փոխ տրվել երկու ձևով էլ, օրինակ, իբրև հիմնական կապիտալ, եթե նա ետ է վճարվում կենսառենտայի ձևով, այնպես որ տոկոսի հետ միասին կապիտալի մի մասն էլ է ետհոսում։ Որոշ ապրանքներ իրենց սպառողական արժեքի բնության համեմատ միշտ կարող են լոկ իբրև հիմնական կապիտալ փոխ տրվել, ինչպես, օրինակ, տները, նավերը, մեքենաները և այլն։ Բայց փոխ տրվող ամեն մի կապիտալ, ինչ էլ որ լինի նրա ձևը և ինչպես էլ որ նրա սպառողական արժեքի բնությունը կերպափոխի նրա ետվճարումը, միշտ փողային կապիտալի մի հատուկ ձև է միայն։ Որովհետև այստեղ փոխ տրվածը միշտ փողի մի որոշ գումար է լինում, և այս գումարի համեմատ էլ հենց տոկոսն է հաշվվում։ Եթե այն, ինչ որ փոխ է տրվում, ոչ փող է և ոչ էլ շրջանառու կապիտալ, ապա նա ետ է վճարվում այն եղանակով, որով հիմնական կապիտալն է ետհոսում։ Փոխատուն պարբերաբար ստանում է տոկոս ու բուն իսկ հիմնական կապիտալի գործադրված արժեքի մի մասը, պարբերական մաշվածքի էկվիվալենտը։ Փոխ տրված հիմնական կապիտալի չգործադրված մասը ժամկետի վերջում վերադարձվում է in nature [բնեղեն կերպարանքով]։ Եթե փոխ տրված կապիտալը շրջանառու կապիտալ է, ապա նա վերադառնում է փոխատուի մոտ նույնպես շրջանառու կապիտալի ետհոսման եղանակով։
Այսպիսով ուրեմն, ետհոսման եղանակը յուրաքանչյուր անգամ որոշվում է վերարտադրվող կապիտալի ու սրա առանձին տեսակների իրական շրջապտույտով։ Բայց ետհոսումը փոխ տրված կապիտալի վերաբերմամբ ետվճարման ձև է ընդունում, որովհետև նույն կապիտալի կանխավճարումը, օտարումը փոխատվության ձև ունի։
Այս գլխում մենք քննում ենք միմիայն բուն փողային կապիտալը, որից առաջացել են փոխ տրվող կապիտալի մյուս ձևերը։
Փոխ տրված կապիտալը երկու անգամ է ետ հասում. վերարտադրության պրոցեսում նա ետ է հոսում գործող կապիտալիստի մոտ, և ապա մի անգամ էլ այս վերադարձը կրկնվում է իբրև փոխանցում վարկատուի, փողային կապիտալիստի ձեռքը, իբրև ետվճարում նրա իսկական սեփականատիրոջը՝ նրա իրավաբանական ելակետին։
Շրջանառության իրական պրոցեսում կապիտալը միշտ երևան է գալիս լոկ իբրև ապրանք կամ փող, և նրա շարժումը հանգում է մի շարք առքերի ու վաճառքների։ Կարճ ասած՝ շրջանառության պրոցեսը հանգում է ապրանքի փոխակերպությանը։ Այլ բան է, եթե մենք քննում ենք վերարտադրության պրոցեսն իր ամբողջությամբ։ Եթե ելակետ ընդունենք փողը (և այս միևնույն է, թե ապրանքից ենք ելնում, որովհետև մենք այս դեպքում ելնում ենք նրա արժեքից, հետևաբար հենց ինքն ապրանքը դիտում ենք sub specie փողի [իբրև փող], ապա կտեսնենք, որ ծախսված է փողի մի որոշ գումար և սա մի հայտնի ժամանակաշրջանից հետո վերադառնում է, բերելով հետը մի աճ։ Վերադառնում է կանխավճարված փողային գումարի փոխհատուցումը, պլյուս հավելյալ արժեքը։ Փողի գումարը պահպանվել և մեծացել է մի հայտնի շրջանաշարժում կատարելու ընթացքում։ Բայց փողը, որ իբրև կապիտալ է փոխ տրվում, փոխ է տրվում հենց իբրև պահպանվող ու մեծացող այսպիսի փողային գումար, որը մի հայտնի ժամանակաշրջանից հետո վերադառնում է հավելուրդով և միշտ կարող է նորից կատարել միևնույն պրոցեսը։ Նա ոչ իբրև փող ու ոչ էլ իբրև ապրանք է ծախսվում, ուրեմն ոչ ապրանքի հետ է փոխանակվում, եթե կանխավճարվում է իբրև փող, ոչ էլ փողով է ծախվում, եթե կանխավճարվում է իբրև ապրանք, այլ ծախսվում է իբրև կապիտալ։ Եթե արտադրության կապիտալիստական պրոցեսն իբրև ամբողջություն ու միասնության, ենք նկատում, ապա կապիտալի հարաբերությունն ինքն իր հետ, հարաբերություն, որով նա ներկայանում է իբրև կապիտալ և որով հանդես է գալիս իբրև փող, որը թուխս նստելով փող է հանում, այդ հարաբերությունն այստեղ կցվում է փողին առանց միջնորդագործող միջակա շարժման, պարզապես իբրև նրա բնույթ, իբրև նրա որոշվածություն։ Եվ այս որոշվածությամբ նա օտարվում է, երբ փոխ է տրվում իբրև փողային կապիտալ։
Փողային կապիտալի դերի մի տարօրինակ ըմբռնում ունի Պրուդոնը («Gratuité du Crédit. Discussion entre m. Fr. Bastiat et m. Proudon», Paris, 1850)։ Փոխատվությունն այն պատճառով է չարիք թվում Պրուդոնին, որ վաճառք չի այն։ Տոկոսով փոխատվությունը «հնարավորություն է տալիս միևնույն առարկան մշտապես նորից ծախելու ու մշտապես նրա գինը նորից ստանալու, երբեք չզիջելով սեփականության իրավունքն այն արժեքի նկատմամբ, որը ծախվում է» (էջ 9)։ Առարկայի, փողի, տան և այլոց սեփականատերը չի փոխվում, ինչպես այդ կատարվում է առուծախի դեպքում։ Բայց Պրուդոնն աչքաթող է անում այն, որ փողը տոկոսաբեր կապիտալի ձևով փոխ տալու դեպքում նրա դիմաց ոչ մի էկվիվալենտ չի ստացվում։ Առքի ու վաճառքի ամեն մի ակտում, որչափով որ ընդհանրապես փոխանակության պրոցեսներ են կատարվում, օբեկտն անշուշտ օտարվում է։ Ծախված առարկայի սեփականությունից հրաժարվում են։ Բայց արժեքը չեն օտարում։ Վաճառքի ժամանակ հանձնվում է ապրանքը, բայց ոչ թե նրա արժեքը, որը վերադառնում է փողի ձևով, կամ — որն այստեղ փողի մի ուրիշ ձևն է միայն,— պարտագրի կամ վճարման տիտղոսի ձևով։ Գնման ժամանակ տրվում է փողը, բայց ոչ թե նրա արժեքը, որը փոխհատուցվում է ապրանքի ձևով։ Վերարտադրության ամբողջ պրոցեսի ընթացքում արդյունաբերական կապիտալիստն իր ձեռքում պահում է միևնույն արժեքը (մի կողմ թողած հավելյալ արժեքը), միայն թե տարբեր ձևերով։
Որչափով փոխանակություն, այսինքն առարկաների փոխանակություն է կատարվում, արժեքի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Միևնույն կապիտալիստը միշտ միևնույն արժեքն է պահած ունենում իր ձեռքին։ Իսկ որչափով հավելյալ արժեքը դեռ արտադրվում է կապիտալիստի կողմից ոչ մի փոխանակություն տեղի չի ունենում։ Երբ փոխանակությունը կատարվում է, հավելյալ արժեքն արդեն պարփակված է լինում ապրանքների մեջ։ Երբ մենք քննում ենք փոխանակության ոչ առանձին ակտերը, այլ կապիտալի ամբողջ շրջապտույտը, Փ—Ա—Փ´-ն, ապա տեսնում ենք, որ միշտ կանխավճարվում է արժեքի մի որոշ գումար և շրջանառությունից ետ է կորզվում արժեքի այս գումարը, պլյուս հավելյալ արժեքը կամ թե շահույթը։ Փոխանակության պարզ ակտերում անշուշտ տեսանելի չի այս պրոցեսի միջնորդագործումը։ Բայց Փ-ի, իբրև կապիտալի, հենց այս պրոցեսի վրա է, որ հիմնվում է փոխատու փողային կապիտալիստի տոկոսը և որից ծագում է սա։
«Որոք,— ասում է Պրուդոնը,— գդակագործը, որը գդակներ է ծախում, սրանց դիմաց ստանում է արժեքը, ոչ ավելի ու ոչ պակաս։ Իսկ փոխատու կապիտալիստը... միայն իր կապիտալը չի ետ ստանում առանց պակսելու. նա ստանում է ավելի, քան կապիտալն է, ավելի շատ, քան նետում է փոխանակության մեջ. նա կապիտալից զատ մի տոկոս է ստանում վրադիր» (էջ 169)։ Գդակաղործն այստեղ ներկայացնում է արտադրողական կապիտալիստին, որը հակադրվում է փոխատու կապիտալիստին։ Ակներև է, որ Պրուդոնը չի թափանցել այն գաղտնիքի մեջ, թև արտադրողական կապիտալիստն ինչպես է կարողանում ապրանքը ծախել իր արժեքով (հավասարեցումն ըստ արտադրության գների այստեղ որևէ դեր չի խաղում, նրա ըմբռնումով) և հենց սրա հետևանքով մի վրադիր շահույթ է ստանում այն կապիտալից զատ, որ նա նետում է փոխանակության պրոցեսի մեջ։ Ենթադրենք, 100 գդակի արտադրության գինը = 115 ֆ. ստ., և այս արտադրության գինը պատահաբար հավասար է գդակների արժեքին, ուրեմն այն կապիտալը, որ գդակներ է արտադրում, միջին հասարակական կառուցվածք ունի։ Եթե շահույթը = 15%, ապա գդակագործը նրանով է 15%-անոց մի շահույթ իրացնում, որ նա ապրանքները ծախում է իրենց արժեքով, 115 ֆ. ստ.-ով։ Նրա վրա սրանք լոկ 100 ֆ. ստ. են նստել։ Եթե նա արտադրել է իր սեփական կապիտալով, ապա 15%-անոց հավելույթն ամբողջովին դնում է իր գրպանը, իսկ եթե փախ առած կապիտալով, ապա 15 ֆ. ստ. կազմող շահույթից գուցե 5 ֆ. ստ. վճարում է իբրև տոկոս։ Այս պարագան ամենևին չի ազդում գդակների արժեքի վրա, այլ ազդում է այս արժեքի մեջ արդեն պարունակվող հավելյալ արժեքը տարբեր անձերի միջև բաշխելու վրա միայն։ Ըստ այսմ քանի որ տոկոսի վճարումը չի ազդում գդակների արժեքի վրա, ապա անմտություն է, երբ Պրուդոնն ասում է. «որովհետև առևտրի մեջ բանվորի աշխատավարձի վրա ավելանում է կապիտալի տոկոսը, որպեսզի միասին կազմեն ապրանքի գինը, ուստի անհնարին է, որ բանվորը կարողանա ետ գնել իր սեփական աշխատանքի արդյունքը։ Vivre en travaillant [աշխատելով ապրելը] մի այնպիսի սկզբունք է, որը տոկոսի տիրապետության ժամանակ մի հակասություն է պարունակում» (էջ 105)[3]։
Թե Պրուդոնը որքան քիչ է հասկացել կապիտալի բնությունը, ցույց է տալիս հետևյալ նախադասությունը, որտեղ նա կապիտալի շարժումն ընդհանրապես նկարագրում է իբրև տոկոսաբեր կապիտալին հատուկ մի շարժում. «Քանի որ տոկոսի կուտակման հետևանքով փողային կապիտալը, փոխանակության իր կատարած ամեն մի ակտից հետո, մշտապես վերադառնում է իր ակունքը, ուստի սրանից հետևում է, որ կրկնողաբար միևնույն անձի արած փոխատվությունը մշտապես միևնույն անձին է շահույթ բերում» (էջ 154)։
Ի՞նչն է, որ տոկոսաբեր կապիտալի յուրահատուկ շարժման մեջ առեղծվածային է մնում նրա համար։— «Գնում», «գին», «առարկաներ» կատեգորիաների չքացումն ու այն անմիջական ձևը, որով հանդես է գալիս հավելյալ արժեքն այստեղ. կարճ ասած՝ այն երևույթը, որ կապիտալն իբրև կապիտալ այստեղ ապրանք է դարձել և որ ուրեմն վաճառքը փոխարկվել է փոխատվության, գինն էլ՝ շահույթի մի բաժնի։
Կապիտալի վերադարձը դեպի իր ելակետը կապիտալի բնորոշ շարժումն է ընդհանրապես, երբ նա կատարում է իր ամբողջ շրջապտույտը։ Այս միայն տոկոսաբեր կապիտալի հատկանիշը չի ամենևին։ Նրան հատկանշողը վերադարձի արտաքին ձևն է, անջատված միջնորդական շրջապտույտից։ Փոխատու կապիտալիստն իր կապիտալը տալիս, հանձնում է արդյունաբերական կապիտալիստին՝ առանց էկվիվալենտ ստանալու։ Նրա հանձնումը կապիտալի շրջապտույտի իսկական պրոցեսի մի ակտ չի ընդհանրապես, այլ միմիայն ներածական է այս շրջապտույտի համար, որը գլուխ է բերվում արդյունաբերական կապիտալիստի ձեռքով։ Փողի այս առաջին տեղափոխությունը փոխակերպության ոչ մի ակտ չի արտահայտում, ոչ առք ու ոչ էլ վաճառք։ Սեփականությունը չի զիջվում, որովհետև ոչ մի փոխանակություն չի կատարվում, ոչ մի էկվիվալենտ չի ստացվում։ Փողի վերադարձն արդյունաբերական կապիտալիստի ձեռից փոխատուի ձեռքը սոսկ լրացնում է կապիտալի հանձնման առաջին ակտը։ Կանխավճարված լինելով փողի ձևով կապիտալը շրջապտույտի պրոցեսի հետևանքով կրկին փողի ձևով արդյունաբերական կապիտալիստի մոտ է վերադառնում։ Բայց որովհետև ծախսելու ժամանակ կապիտալը նրան չէր պատկանում, ուստի սա նրան չի կարող պատկանել նաև վերադարձի ժամանակ էլ։ Վերարտադրության պրոցեսով անցնելը երբեք չի կարող այս կապիտալը դարձնել արդյունաբերական կապիտալիստի սեփականություն։ Ուրեմն նա պետք է հիշյալը վերահատուցի փոխատուին։ Առաջին ծախսումը, որը կապիտալը փոխատուի ձեռքից փոխանցում է փոխառուի ձեռքը, մի իրավաբանական գործարք է, որ կապիտալի վերարտադրության իսկական պրոցեսի հետ ոչ մի առնչություն չունի, նրա ներածականն է միայն։ Ետվճարումը, որը ետհոսած կապիտալը փոխառուի ձեռքից կրկին փոխատուի ձեռքն է փոխանցում, իրավաբանական մի երկրորդ գործարք, առաջինի լրացումն է. առաջինը ներածական է իսկական պրոցեսի համար, երկրորդը նույնի վերջընթաց ակտն է։ Այսպիսով ուրեմն, փոխատրված կապիտալի ելակետն ու վերադարձակետը, հանձնումն ու ետհանձնումը, երևան են գալիս իբրև իրավաբանական գործարքներով միջնորդագործված կամածին շարժումներ, որոնք տեղի են ունենում կապիտալի իսկականն շարժումից առաջ ու հետո և որոնք բուն այդ շարժման հետ ոչ մի առնչություն չունեն։ Կապիտալի իսկական շարժման համար որևէ նշանակություն չէր ունենա, եթե կապիտալը հենց այն գլխից արդյունաբերական կապիտալիստին պատկաներ և հետևաբար իբրև նրա սեփականություն ետ հոսեր միմիայն նրա ձեռքը։
Առաջին, ներածական ակտում վարկատուն իր կապիտալը տալիս է վարկառուին։ Երկրորդ, վերջընթաց ու ավարտական ակտում վարկառուն կապիտալը ետ է դարձնում վարկատուին։ Որչափով որ հաշվի է առնվում երկուսի միջև կատարվող գործարքը միայն — և առայժմ մի կողմ թողնելով տոկոսը — որչափով որ ուրեմն հարցը վերաբերում է բուն իսկ վարկատրված կապիտալի այն շարժմանը միայն, որը կատարվում է վարկատուի ու վարկառուի միջև, այս երկու ակտը (որոնք միմյանցից բաժանված են այն ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակամիջոցով, որի ընթացքում տեղի է ունենում կապիտալի վերարտադրության իսկական շարժումը) ընդգրկում են այս ամբողջ շարժումը։ Եվ այս շարժումը — հանձնումը վերադարձնելու պայմանով — ներկայացնում է վարկատվության ու վարկառության շարժումն ընդհանրապես, փողը կամ թե ապրանքը լոկ պայմանաբար օտարելու այս մասնահատուկ ձևի շարժումը։
Ընդհանրապես կապիտալի բնորոշ շարժումը՝ փողի վերադարձը կապիտալիստի մոտ, կապիտալի վերադարձն իր ելակետին՝ հանձին տոկոսաբեր կապիտալի ընդունում է մի բոլորովին արտաքին, այն իսկական շարժումից անջատ կերպարանք, որի ձևն է նա։ A-ն իր փողը հանձնում է ոչ իբրև փող, այլ իբրև կապիտալ։ Այստեղ ոչ մի փոփոխություն չի կատարվում կապիտալի հետ։ Նա ձեռքից-ձեռք է անցնում միայն։ Նրա իսկական փոխարկումը կապիտալի տեղի է ունենում լոկ B-ի ձեռքում։ Բայց սա A-ի համար կապիտալ է դարձել սոսկ B-ին հանձնելու հետևանքով։ Կապիտալի իսկական վերադարձն արտադրության պրոցեսից ու շրջանառության պրոցեսից տեղի է ունենում B-ի համար միայն։ Բայց A-ի համար ետհոսումը տեղի է ունենում միևնույն ձևով, որով կատարվել է օտարումը։ Կապիտալը B-ի ձեռքից կրկին վերադառնում է A-ի ձեռքը։ Փողը մի հայտնի ժամանակով տալը, վարկատրելն ու նույնը տոկոսով (հավելյալ արժեքով) ետ ստանալն այն շարժման ամբողջ ձևն է, որը հատուկ է տոկոսաբեր կապիտալին, իբրև այսպիսու։ Իբրև կապիտալ վարկատրված փողի իսկական շարժումը մի գործառնություն է, որը տեղի է ունենում վարկատուի ու վարկառուի միջև կատարվող գործարքների շրջանակներից դուրս։ Այս գործարքների մեջ ջնջված է այս միջնորդագործումը, տեսանելի չի, անմիջաբար ներառված չի։ Կապիտալն իբրև հատուկ տեսակի ապրանք օտարման էլ մի առանձնահատուկ ձև ունի։ Ուստի վերադարձն այստեղ արտահայտվում է ոչ իբրև տնտեսական գործողությունների մի որոշ շարքի հետևություն ու արգասիք, այլ իբրև գնորդի ու վաճառորդի միջև կատարված իրավաբանական մի հատուկ գործարքի հետևանք։ Ետհոսման ժամանակը կախված է վերարտադրության պրոցեսի ընթացքից. տոկոսաբեր կապիտալի նկատմամբ թվում է, թե նրա՝ իբրև կապիտալի վերադարձը կախված է վարկատուի ու վարկառուի միջև կնքվող սոսկական համաձայնությունից։ Այնպես որ կապիտալի ետհոսումն այս գործարքի նկատմամբ այլևս ոչ թե իբրև արտադրության պրոցեսով պայմանավորված հետևանք է հանդես գալիս, այլ այնպես, որ կարծես թե վարկատրված կապիտալը երբեք չի կորցրել, թոթափել փողի ձևը։ Անշուշտ, կապիտալի իսկական ետհոսումներն են, որ փաստորեն որոշում են այս գործարքները։ Բայց այս շարժումը երևան չի գալիս բուն գործարքի մեջ։ Գործնականում էլ այս միշտ այսպես չի կատարվում։ Եթե իրական ետհոսումը տեղի չի ունենում իր ժամանակին, ապա վարկառուն ստիպված է լինում նոր օժանդակ աղբյուրներ փնտրելու, որպեսզի կատարի իր պարտավորությունները վարկատուի հանդեպ։ Կապիտալի մաքուր ձևը — փողը, որը ծախսվում է իբրև A գումար և մի որոշ ժամանակից հետո, առանց որևէ այլ միջնորդագործման, բացի այս ժամանակական միջնօղակից, վերադառնում է իբրև A + [math]\frac{1}{x}[/math]A գումար,— կապիտալի իսկական շարժման իռռացիոնալ ձևն է միայն։
Կապիտալի իրական շարժման մեջ վերադարձը վերարտադրության պրոցեսի մի մոմենտն է։ Փողը նախ փոխարկվում է արտադրության միջոցների. արտադրության պրոցեսը սրանց փոխարկում է ապրանքի. ապրանքի ծախվելու հետևանքով նա ետ է փոխարկվում փողի և այս ձևով վերադառնում է այն կապիտալիստի ձեռքը, որն առաջին անգամ կանխավճարել էր կապիտալը փողի ձևով։ Բայց տոկոսաբեր կապիտալի նկատմամբ վերադարձը, ինչպես և հանձնումը, հետևանք է մի իրավաբանական գործարքի, որ կատարվում է կապիտալի սեփականատիրոջ ու մի երկրորդ անձի միջև։ Մենք տեսնում ենք հանձնումն ու ետվճարումը միայն։ Այն բոլորը, ինչ որ սրանց միջև է կատարվում, չքանում է։
Բայց որովհետև իբրև կապիտալ կանխավճարված փողն այն հատկությունն ունի, որ վերադառնում է իրեն կանխավճարողի մոտ, որն այն իբրև կապիտալ է ծախսել. որովհետև Փ—Ա—Փ´-ն կապիտալի շարժման իմանենտ ձեն է, ուստի հենց այս պատճառով փողատերը կարող է փողը վարկատրել իբրև կապիտալ, իբրև մի այնպիսի մեծություն, որն իր ելակետին վերադառնալու, իր կատարած շարժման մեջ իբրև արժեք պահպանվելու և մեծանալու հատկությունն ունի։ Փողատերը տալիս է փողն իբրև կապիտալ, որովհետև սա իբրև կապիտալ գործադրվելուց հետո վերադառնում է իր ելակետին, հետևաբար մի որոշ ժամանակից հետո կարող է վարկառուի կողմից ետհատուցվել հենց այն պատճառով, որ փողը ետ է հոսում նրա մոտ։
Այսպիսով ուրեմն, փողի իբրև կապիտալի վարկատրումը — նրա հանձնումը՝ մի որոշ ժամանակից հետո վերահատուցելու պայմանով — ենթադրում է, որ փողն իրոք գործադրվում է իբրև կապիտալ, իրոք ետ է հոսում դեպի իր սկզբնակետը։ Հետևաբար փողի իբրև կապիտալի իսկական շրջապտուտային շարժումը նախադրյալ է այն իրավաբանական գործարքի, որի համաձայն վարկառուն փողը պետք է վերադարձնի վարկատուին։ Եթե վարկառուն փողը չի օգտագործում իբրև կապիտալ, այդ նրա գործն է։ Փողը վարկատուն իբրև կապիտալ է փոխ տալիս, և սա իբրև այսպիսին պետք է կատարի կապիտալի այն ֆունկցիաները, որոնք իրենց մեջ պարփակում են փողային կապիտալի շրջապտույտը, ներառյալ նրա վերադարձը փողի ձևով դեպի իր ելակետը։
Շրջանառության Փ—Ա ու Ա—Փ´ ակտերը, որոնցում արժեքի տվյալ գումարը գործում է իբրև փող կամ իբրև ապրանք, այդ արժեքային գումարի ամբողջ ակտն շարժման միջնորդագործող պրոցեսները, նրա առանձին մոմենտներն են միայն։ Նա իբրև կապիտալ կատարում է Փ—Փ´ ամբողջ շարժումը։ Նա կանխավճարվում է իբրև փող կամ իբրև որևէ ձևով գոյություն ունեցող արժեքի գումար և վերադառնում է իբրև արժեքի գումար։ Փողի վարկատուն այս չի ծախսում ապրանք գնելու համար, կամ եթե արժեքի գումարը գոյություն ունի ապրանքի կերպարանքով, նա այս չի ծախում փողով, այլ փողը կանխավճարում է իբրև կապիտալ, իբրև Փ—Փ´, իբրև արժեք, որը մի որոշ ժամկետում կրկին իր ելակետն է վերադառնում։; Գնելու կամ վաճառելու փոխարեն՝ նա վարկավորում է։ Հետևաբար այս վարկատրումն այն համապատասխան ձևն է, որով արժեքն իբրև փող կամ ապրանք օտարվելու փոխարեն օտարվում է իբրև կապիտալ։ Այստեղից ամենևին չի հետևում, թե վարկատրումը չի կարող նաև այնպիսի գործարքների ձև լինել, որոնք վերարտադրության կապիտալիստական պրոցեսի հետ որևէ առնչություն չունեն։
Մինչև հիմա մենք քննել ենք վարկատրվող կապիտալի այն շարժումը միայն, որը կատարվում է նրա տիրոջ ու արդյունաբերական կապիտալիստի միջև։ Այժմ պետք է հետազոտել տոկոսը։
Վարկատուն իր փողը ծախսում է իբրև կապիտալ. արժեքի այն գումարը, որ նա օտարում է մի ուրիշի ձեռքը, կապիտալ է, ուստի և ետ է հոսում վարկատուի մոտ։ Բայց սոսկ վարկատրված արժեքի գումարի վերադարձը նրա մոտ կներկայացներ ոչ թե կապիտալի ետհոսում, այլ լոկ վարկատրված արժեքի գումարի վերահատուցում։ Կանխավճարված արժեքի գումարն իբրև կապիտալ ետհոսելու համար պետք է ոչ միայն պահպանվի շարժման մեջ, այլ և պետք է մեծանա, իր արժեքի մեծությունը բարձրացնի, ուրեմն պետք է վերադառնա, մի հավելյալ արժեք հետը բերելով, իբրև Փ + ΔՓ, և այս ΔՓ-ն այստեղ տոկոսն է կամ միջին շահույթի այն մասը, որը ոչ թե մնում է գործող կապիտալիստի ձեռքին, այլ փողային կապիտալիստին է բաժին ընկնում։
Այն հանգամանքը, որ փողը նրա կողմից իբրև կապիտալ է օտարվել, նշանակում է, որ փողը պետք է նրան իբրև Փ + ΔՓ ետ տրվի։ Մենք հետո դեռ առանձին պետք է քննենք այն ձևը, երբ միջնակա ժամանակում տոկոսը ժամկետ առ ժամկետ է ետ հոսում, բայց առանց կապիտալի, որի ետվճարումը կատարվում է մի ավելի երկար ժամանակաշրջանի վերջում միայն։
Փողային կապիտալիստն ի՞նչ է տալիս վարկառուին, արդյունաբերական կապիտալիստին։ Նա իրոք ի՞նչ է օտարում սրա ձեռքը։ Եվ հենց օտարման ակտն է միայն, որ փողի վարկատվությունը դարձնում է փողի, իբրև կապիտալի, օտարում, այսինքն դարձնում է կապիտալի, իբրև ապրանքի, օտարում։
Այս օտարման ակտի միջոցով է միայն, որ փողով վարկ տվողի կապիտալն իբրև ապրանք կամ թե այն ապրանքը, որ նրա տնօրինության տակ է, իբրև կապիտալ հանձնվում է մի երրորդ անձի։
Սովորական վաճառքի ժամանակ ի՞նչ է օտարվում։ Օտարվողը ծախված ապրանքի արժեքը չէ, որովհետև սա փոխում է լոկ իր ձևը։ Արժեքն իդեալականորեն գոյություն ունի ապրանքի մեջ իբրև գին, նախքան փողի ձևով իրոք անցնում է վաճառորդի ձեռքը։ Միևնույն արժեքն ու արժեքի միևնույն մեծությունն այստեղ լոկ իրենց ձևն են փոխում։ Մի դեպքում նրանք գոյություն ունեն ապրանքի ձևով, մի ուրիշ դեպքում՝ փողի ձևով։ Ապրանքի սպառողական արժեքը, իբրև սպառողական արժեք ներկայացող ապրանքն է, որ իրոք օտարվում վաճառորդի կողմից և ըստ այնմ մտնում է գնորդի անհատական կամ թե արտադրողական սպառման մեջ։
Արդ, ի՞նչ է ներկայացնում այն սպառողական արժեքը, որ փողային կապիտալիստը վարկատվության ժամանակվա համար օտարում է, հանձնելով արտադրողական կապիտալիստին, փոխառուին։ Այս այն սպառողական արժեքն է, որ փողը ձեռք է բերում շնորհիվ նրա, որ ինքը կարող է կապիտալի փոխարկվել, կարող է գործել իբրև կապիտալ և որ ուրեմն իր շարժման ընթացքում իր սկզբնական արժեքի մեծությունը պահպանելուց զատ արտադրում է մի որոշ հավելյալ արժեք, միջին շահույթ (այն, ինչ որ սրանից վեր է կամ թե ցած, այստեղ իբրև պատահականություն է ներկայանում)։ Մնացած ապրանքների սպառողական արժեքը վերջիվերջո սպառվում է, և հենց սրանով չքանում է ապրանքի սուբստանցն ու սրա հետ էլ նրա արժեքը։ Որպես ապրանք հանդես եկող կապիտալը, ընդհակառակը, այն առանձնահատկությունն ունի, որ նրա սպառողական արժեքի սպառման հետևանքով նրա արժեքն ու նրա սպառողական արժեքը ոչ միայն պահպանվում, այլև մեծանում են։
Փողի իբրև կապիտալի այս սպառողական արժեքը, — միջին շահույթ արտադրելու ունակությունը — փողային կապիտալիստն օտարում է արդյունաբերական կապիտալիստի ձեռքն այնքան ժամանակվա համար, որի ընթացքում նա սրան է զիջում վարկատրված կապիտալի տնօրինությունը։
Սրա համաձայն այս կերպ վարկատրված փողը որոշ նմանություն ունի բանվորական ուժի հետ՝ որքան որ վերջինս դիտվում է արդյունաբերական կապիտալիստի նկատմամբ ունեցած իր հարաբերությամբ։ Տարբերությունն այն է սակայն, որ կապիտալիստը վճարում է բանվորական ուժի արժեքը, այնինչ փոխառու կապիտալի արժեքը նա պարզապես ետ է վճարում։ Բանվորական ուժի սպառողական արժեքն արդյունաբերական կապիտալիստի համար հետևյալն է.— իր սպառման պրոցեսում ավելի շատ արժեք (շահույթ) արտադրել, քան ինքն ունի և քան նստել է ինքը։ Արդյունաբերական կապիտալիստի համար արժեքի այս հավելույթը հենց բանվորական ուժի սպառողական արժեքն է։ Եվ ճիշտ այսպես էլ վարկատրվող փողային կապիտալի սպառողական արժեքը երևան է գալիս իբրև արժեք միացնող ու արժեք մեծացնող նրա ունակությունը։
Փողային կապիտալիստն օտարում է իրոք մի սպառողական արժեք, և սրա հետևանքով այն, ինչ որ նա հանձնում է իբրև ապրանք է հանձնում։ Եվ այս չափով ապրանքի հետ, իբրև այսպիսու հետ, ունեցած նմանությունը լիակատար է։ Առաջին՝ այս մի արժեք է, որը մի ձեռքից մի ուրիշ ձեռք է անցնում։ Հասարակ ապրանքի դեպքում գնորդի ու վաճառորդի ձեռքին ապրանքն իբրև այսպիսին միևնույն արժեքն է պահպանում, միայն թե տարբեր ձևերի մեջ պարուրված. մինչև առևտրական գործարքն ու այս գործարքից հետո գնորդն ու վաճառորդը երկուսն էլ ունեն միևնույն արժեքը, որը նրանք օտարում էին, մեկը՝ ապրանքի ձևով, մյուսը՝ փողի ձևով։ Տարբերությունն այն է, որ հարկատվության ժամանակ փողային կապիտալիստը միակ անձն է, որն այս գործարքում արժեք է տալիս ուրիշին. բայց նա այս արժեքը պահում է իրեն՝ ապագա ետվճարման միջոցով։ Վարկատվության ժամանակ լոկ մի կողմն է արժեք ստանում, որովհետև միմիայն մեկ կողմն է արժեք հանձնում։— Երկրորդ՝ մի իրական սպառողական արժեք մի կողմում օտարվում է և մյուս կողմում՝ ստացվում ու սպառվում։ Բայց ի տարբերություն սովորական ապրանքից՝ այս սպառողական արժեքն ինքը մի արժեք է, այսինքն այնպիսի արժեքային մեծության մի հավելույթ, որը փողի իբրև կապիտալի գործածությունից է ստացվում, գերազանցելով նրա սկզբնական արժեքի մեծությունից։ Շահույթն է այս սպառողական արժեքը։
Վարկատրված փողի սպառողական արժեքն այն է, որ իբրև կապիտալ գործել կարողանա և իբրև սյսպիսին միջին պայմաններում միջին շահույթ արտադրի[4]։
Հապա արդյունաբերական կապիտալիստն ի՞նչ է վճարում, և հետևաբար ո՞րն է վարկատրված կապիտալի գինը։ «Այն, ինչ որ մարդիկ տոկոսի ձևով վճարում են իրենց փոխ առածից օգտվելու համար, գրում է Մեսսին, «այն շահույթի մի մասն է, որ փոխ առածը կարող է արտադրել» [«An essay etc.», էջ 49][5]։
Մի սովորական ապրանքի գնորդը սրա սպառողական արժեքն է գնում, բայց վճարում է սրա արժեքը։ Փողի փոխառուն նրա, իբրև կապիտալի, նույնպես սպառողական արժեքն է գնում. իսկ ի՞նչ է վճարում նա։ Անտարակույս, ոչ նրա գինը կամ թե արժեքը, ինչպես մյուս ապրանքների դեպքում։ Վարկատուի ու փոխառուի միջև արժեքի մի ձևափոխություն չի, որ կատարվում է, ինչպես լինում է գնորդի ու վաճառորդի միջև, այնպես որ այս ապրանքը մի անգամին գոյություն է ունենում փողի ձևով, մյուս անգամին՝ ապրանքի ձևով։ Տրվող ու ետ ստացվող արժեքի նույնությունն այստեղ, վարկատվության դեպքում, հանդես է գալիս բոլորովին այլ եղանակով։ Արժեքի գումարը, փողը, տրվում է առանց էկվիվալենտի և մի որոշ ժամանակից հետո վերադարձվում է։ Վարկատուն միշտ մնում է միևնույն արժեքի սեփականատերը նույնիսկ այն բանից հետո, երբ այս արժեքը նրա ձեռքից անցել է փոխառուի ձեռը։ Պարզ ապրանքափոխանակության ժամանակ փողը գտնվում է միշտ գնորդի կողմում. բայց փոխատվության դեպքում փողը վաճառորդի կողմումն է։ Վաճառորդն է, որ փողը տալիս է մի հայտնի ժամանակվա համար, և կապիտալի գնորդն է, որ այս ստանում է իբրև ապրանք։ Բայց սա հնարավոր է այնչափով միայն, որչափով փողը գործում է իբրև կապիտալ և ուրեմն կանխավճարվում է։ Փոխառուն փոխառում է փողն իբրև կապիտալ, իբրև ինքնաճող արժեք։ Բայց սկզբում սա կապիտալ է ըստինքյան միայն, ինչպես ամեն մի կապիտալ իր ելակետում, իր կանխավճարման մոմենտին։ Միմիայն իր գործադրման պրոցեսում է, որ նա աճում է իր արժեքով, իրանում է իբրև կապիտալ։ Բայց փոխառուն պետք է այն ետվճարի իբրև իրացված կապիտալ, ուրեմն, իբրև արժեք, պլյուս հավելյալ արժեք (տոկոս). իսկ վերջինս կարող է փոխառուի իրացրած շահույթի լոկ մի մասը լինել։ Լոկ մի մասը, ոչ թե ամբողջը, որովհետև փոխառուի համար փողի սպառողական արժեքն այն է, որ սա նրա համար շահույթ է արտադրում։ Այլապես վարկատուի կողմից սպառողական արժեքի ոչ մի օտարում կատարված չէր լինի։ Մյուս կողմից՝ ամբողջ շահույթը չի կարող փոխառուին բաժին ընկնել։ Այլապես սա ոչինչ վճարած չէր լինի սպառողական արժեքի օտարման համար և վարկատրված փողը վարկատուին կվերադարձներ լոկ իբրև սոսկական փող, ոչ իբրև կապիտալ, որն արդեն իրացված է, որովհետև փողն իրացրած կապիտալ է լոկ իբրև Փ + ΔՓ։
Երկուսն էլ փողի միևնույն գումարն են ծախսում իբրև կապիտալ, թե վարկատուն ու թե փոխառուն։ Բայց միմիայն վերջինիս ձեռքում է նա գործում իբրև կապիտալ։ Շահույթը չի կրկնապատկվում այն հանգամանքի շնորհիվ, որ փողի միևնույն գումարն իբրև կապիտալ կրկնակի գոյություն ունի երկու անձի համար։ Նա կարող է երկուսի համար էլ իբրև կապիտալ գործել շահույթի բաժանքի շնորհիվ միայն։ Վարկատուին բաժին ընկնող շահույթի մասը կոչվում է տոկոս։
Ամբողջ գործարքը ենթադրության համաձայն տեղի է ունենում երկու տեսակ կապիտալիստների միջև՝ փողային կապիտալիստի ու արդյունաբերական կամ թե առևտրային կապիտալիստի միջև։
Երբեք չպետք է մոռանալ, որ այստեղ կապիտալը, իբրև կապիտալ, ապրանք է, կամ թե այն ապրանքը, որի մասին է այստեղ խոսքը, կապիտալ է։ Ուստի այն բոլոր հարաբերությունները, որոնք երևան են գալիս այստեղ, իռռացիոնալ կլինեին, եթե գործ ունենայինք հասարակ ապրանքի կամ թե կապիտալի հետ, որչափով որ վերջինս իր վերարտադրության պրոցեսում գործում է իբրև ապրանքային կապիտալ։ Վաճառքի ու գնման փոխարեն՝ փոխատվություն ու փոխառություն,— ահա այն տարբերությունը, որն առաջ է գալիս այս ապրանքի — կապիտալի — մասնահատուկ բնությունից։ Տարբերությունը նմանապես այն է, որ այստեղ վճարվում է տոկոս՝ ապրանքի գնի փոխարեն։ Եթե տոկոսը փողային կապիտալի գին անվանենք, ապա այս կլինի գնի իռռացիոնալ մի ձև, որը միանգամայն հակասում է ապրանքի գնի գաղափարին[6]։ Այստեղ գինը վեր է ածված իր զուտ վերացական ու անբովանդակ ձևին, այն իմաստով, թե նա փողի մի որոշ գումար է, որը վճարվում է մի այնպիսի բանի դիմաց, որն այսպես թե այնպես հանդես է գալիս իբրև սպառողական արժեք, այնինչ ըստ իր գաղափարի գինը հավասար է այս սպառողական արժեքի փողով արտահայտված արժեքին։
Տոկոսն իբրև կապիտալի գին հենց այն գլխից միանգամայն իռռացիոնալ արտահայտություն է։ Այս դեպքում ապրանքը երկակի արժեք ունի — նախ՝ արժեք ու երկրորդ՝ այս արժեքից տարբեր մի գին, այնինչ գինն արժեքի փողային արտահայտությունն է։ Փողային կապիտալն ամենից առաջ ոչ այլ ինչ է, բայց եթե փողի մի գումար կամ թե մի որոշ ապրանքային մասսայի արժեք, սևեռացված իբրև փողի գումար։ Եթե ապրանքը փոխ է տրվում իբրև կապիտալ, ապա այս փողային գումարի սքողված ձևն է միայն։ Որովհետև այն, ինչ որ փոխ է տրվում իբրև կապիտալ, ոչ թե այսքան ու այսքան ֆունտ բամբակ է, այլ այսքան փող է, որը գոյություն ունի բամբակի ձևով իբրև սրա արժեքը։ Ուստի կապիտալի գինը նրան հարաբերում է իբրև փողային գումարի, թեև ոչ իբրև «currency» |շրջանառության միջոցների], ինչպես պարոն Տորրենսն է կարծում (տես վերևում նշած 6-րդ ծանոթագրությունը)։ Արդ, արժեքի մի գումար ի՞նչպես կարող է մի գին էլ ունենալ՝ իր սեփական գնից զատ, այն գնից զատ, որն արտահայտվում է նույն արժեքի գումարի սեփական փողային ձևով։ Չէ՞ որ գինն ապրանքի արժեքն է (իսկ այս վերաբերում է նաև շուկայի գնին, որի տարբերությունն արժեքից որակային չի, այլ միմիայն քանակային է, վերաբերում է միմիայն արժեքի մեծությանը)՝ ի տարբերություն ապրանքի սպառողական արժեքից։ Գինը, որն արժեքից տարբերվում է որակապես, մի անհեթեթ հակասություն է[7]։
Կապիտալն իրեն իբրև կապիտալ հայտաբերում է իր արժեքի աճումով. նրա արժեքի այս աճման աստիճանն արտահայտում է այն քանակային աստիճանը, որով նա իրանում է իբրև կապիտալ։ Նրա արտադրած հավելյալ արժեքը կամ թե շահույթը — սրա նորման կամ բարձրությունը — կարելի է չափել կանխավճարված կապիտալի արժեքի հետ համեմատելով միայն։ Ուստի տոկոսաբեր կապիտալի արժեքի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մեծացումն էլ կարելի է չափել լոկ համեմատելով տոկոսի գումարը՝ ամբողջ շահույթից նրան բաժին ընկնող մասը՝ կանխավճարված կապիտալի արժեքի հետ։ Հետևաբար եթե գինն ապրանքի արժեքն է արտահայտում, ապա տոկոսն արտահայտում է փողային կապիտալի արժեքի մեծացումը և ուրեմն հանդես է գալիս իբրև այն գինը, որ այս կապիտալի համար վճարվում է վարկատուին։ Այստեղից հետևում է, թե հենց այն գլխից որքան անհեթեթ բան է՝ փոխանակության պարզ հարաբերությունը, առքի ու վաճառքի՝ փողով միջնորդավորվող հարաբերությունը, այստեղ ուղղակիորեն կիրառելու ցանկությունը, ինչպես այդ անում է Պրուդոնը։ Հիմնական նախադրյալը հենց այն է, որ փողը գործում է իբրև կապիտալ և ուրեմն կարող է իբրև ըստինքյան կապիտալ, իբրև պոտենցիալ կապիտալ մի երրորդ անձի հանձնվել։
Բայց ինքը կապիտալն այստեղ իբրև ապրանք հանդես է գալիս այն չափով, որչափով նա առաջարկվում է շուկայում, և որչափով փողի սպառողական արժեքն իրոք օտարվում է, իբրև կապիտալ։ Բայց նրա սպառողական արժեքը շահույթ արտադրելն է։ Փողի կամ թե ապրանքների, իբրև կապիտալի, արժեքը որոշվում է ոչ թե նրանց, իբրև փողի կամ թե ապրանքների, արժեքով, այլ հավելյալ արժեքի այն քանակով, որ նրանք արտադրում են իրենց տիրոջ համար։ Կապիտալի արդյունքը շահույթն է։ Արդյոք փողը ծախսվում է իբրև փող, թե կանխավճարվում է իբրև կապիտալ,— այս՝ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա փողի տարբեր կիրառումն է միայն։ Փողը, respective [համապատասխանորեն] ապրանքն ըստինքյան, պոտենցիալ կերպով կապիտալ է բոլորովին նույն կերպ, ինչպես բանվորական ուժն է պոտենցիալ կերպով կապիտալ։ Որովհետև 1) եթե փողը կարող է արտադրատարրերի փոխարկվել և նա, ինչպես այդ իրոք տեղի ունի, արտադրատարրերի լոկ վերացական արտահայտությունն է, սրանց, իբրև արժեքների, առկա կեցությունը [Dasein]. 2) եթե հարստության իրեղեն տարրերը պոտենցիալ կերպով արդեն կապիտալ լինելու առանձնահատկությամբ են օժտված, պատճառն այն է, որ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա առկա է նրանց լրացնող հակադրությունը, այն, ինչ որ կապիտալ է դարձնում նրանց — վարձու աշխատանքը։
Իրեղեն հարստության հասարակական հակադիր բնույթը — նրա հակադրությունն աշխատանքի, իբրև վարձու աշխատանքի, նկատմամբ,— արտադրության պրոցեսից անջատ, արդեն արտահայտում է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, իբրև այսպիսու, մեջ։ Արդ, արդեն այս մի մոմենտը, արտադրության բուն կապիտալիստական պրոցեսից անջատ, որի մշտական հետևանքն է նա և իբրև որի մշտական հետևանք նույն պրոցեսի մշտական նախադրյալն է, այս մոմենտն արտահայտվում է այն իրողության մեջ, որ փողը, ինչպես և ապրանքը, ըստինքյան, քողարկված, պոտենցիալ կերպով կապիտալ են, որ նրանք կարող են ծախվել իբրև կապիտալ և որ նրանք այս ձևի մեջ պարուրված՝ ներկայացնում են հրամանատարություն ուրիշի աշխատանքի նկատմամբ, պահանջախնդիր են ուրիշի աշխատանքի յուրացման նկատմամբ, հետևաբար ինքնաճող արժեք են։ Այստեղ պարզորեն հրապարակ է գալիս այն էլ, որ այս հարաբերությունն է ուրիշի աշխատանքը յուրացնելու հիմքն ու միջոցը և ոչ թե կապիտալիստի կողմից կատարվող մի որևէ աշխատանք, որն այդ յուրացվող աշխատանքի էկվիվալենտը ներկայացներ։
Այնուհետև, կապիտալն իբրև ապրանք հանդես է դալիս այն չափով, որչափով որ շահույթի տրոհումը տոկոսի ու բուն շահույթի կարգավորվում է պահանջարկով ու առաջարկով, ուրեմն մրցումով, ճիշտ այնպես, ինչպես ապրանքների շուկայի գները։ Բայց տարբերությունն այստեղ նույնքան ակնբախ է ներկայանում, որքան և նմանությունը։ Եթե պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար միմյանց ծածկում են, ապա ապրանքի շուկայի գինը համապատասխանում է նրա արտադրության գնին, այսինքն այս դեպքում նրա գինը կարգավորվում է կապիտալիստական արտադրության ներքին օրենքներով, մրցումից անկախ, որովհետև պահանջարկի ու առաջարկի տատանումներն ուրիշ բան չեն բացատրում, բայց եթե շուկայի գների շեղումներն արտադրության գներից — շեղումներ, որոնք փոխադարձորեն հավասարվում են իրար, այնպես որ որոշ, ավելի կամ պակաս երկարատև ժամանակաշրջաններում շուկայի միջին գները հավասար են լինում արտադրության գներին։ Երբ պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար միմյանց ծածկում են, այս ուժերը դադարում են ներգործելուց, մեկը մյուսին փոխադարձաբար վերացնում է և այն ժամանակ գնորոշման ընդհանրական օրենքը հրապարակ է գալիս նաև իբրև առանձին դեպքի օրենք. այն ժամանակ շուկայի գինն արդեն իր անմիջական առկա կեցությամբ, և ոչ թե լոկ իբրև շուկայի գների շարժման մի միջին մեծություն՝ համապատասխանում է արտադրության գնին, որը կարգավորվում է բուն իսկ արտադրության եղանակի իմանենտ օրենքներով։ Նույնը տեղի է ունենում նաև աշխատավարձի վերաբերմամբ։ Եթե պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են, ապա սրանց ներգործությունը դադարում է, և աշխատավարձը հավասարվում է բանվորական ուժի արժեքին։ Սակայն այլ է գործը փողային կապիտալի տոկոսի դեպքում։ Այստեղ մրցումը որոշում է ոչ թե օրենքի նկատմամբ կատարվող շեղումները, այլ բաժանման ոչ մի օրենք գոյություն չունի, բացի մրցման թելադրածից, որովհետև, ինչպես հետագայում դեռ կտեսնենք, տոկոսադրույքի ոչ մի «բնական» նորմա գոյություն չունի։ Ընդհակառակը, տոկոսադրույքի բնական նորմա ասելով հասկանում են ազատ մրցումով սահմանված նորման։ Տոկոսադրույքի նորմայի «բնական» սահմաններ գոյություն չունեն։ Որտեղ մրցումը լոկ շեղումներն, ու տատանումները չի որոշում, հետևաբար որտեղ հակագործող ուժերի հավասարակշռության դեպքում ընդհանրապես դադարում է ամեն մի որոշում, այնտեղ որոշելին ներկայացնում է մի այնպիսի բան, որն ինքնըստինքյան օրինաչափությունից դուրս է գտնվում, կամայական է։ Սրա վերաբերմամբ ավելի մանրամասն՝ հաջորդ գլխում։
Տոկոսաբեր կապիտալի նկատմամբ ամեն ինչ մակերեսորեն է ներկայանում. կապիտալի կանխավճարումը՝ որպես սրա սոսկական փոխանցվում վարկատուից փոխառուի ձեռքը, իրացված կապիտալի ետհոսումը՝ որպես փոխառուի կողմից կատարվող սոսկական ետփոխանցում, ետվճարում վարկատուին, տոկոսով։ Այսպես էլ արտադրության կապիտալիստական եղանակի իմանենտ այն որոշումը, թև շահույթի նորման որոշվում է ոչ միայն այն հարաբերությամբ, որ մի միակ պտույտում ձեռք բերված շահույթն ունենում է կանխավճարված կապիտալային արժեքի նկատմամբ, այլ և բուն իսկ այս պտուտաժամանակի տևողությամբ, հետևաբար որոշվում է իբրև շահույթ, որ արդյունաբերական կապիտալը մի որոշ ժամանակամիջոցում է տալիս։ Ահա այս էլ տոկոսաբեր կապիտալի նկատմամբ միանգամայն մակերեսորեն է երևան գալիս, այն իմաստով, թե վարկատուին որոշ ժամկետի համար որոշ տոկոս է վճարվում։
Ռոմանտիկական Ադամ Մյուլլերն իրերի ներքին կապի իր սովորական ըմբռնողությամբ ասում է («Elemente der Staatskunst», Berlin, 1809 [հ. III], էջ 138). «Իրերի գինը որոշելիս ժամանակի մասին չեն հարցնում, տոկոսը որոշելիս հաշվի է առնվում գլխավորապես ժամանակը»։ Նա չի տեսնում, թե ինչպես արտադրաժամանակն ու պտուտաժամանակը մտնում է ապրանքների գնի որոշման մեջ, և թե ինչպես սրանով որոշվում է շահույթի նորման կապիտալի մի տվյալ պտուտաժամանակի համար, իսկ մի տվյալ ժամանակի համար շահույթը որոշելուց էլ հենց բխում է տոկոսի որոշումը։ Այստեղ, ինչպես և միշտ, նրա խորամտությունը լոկ այն է, որ նա մակերեսի փոշու ամպերն է տեսնում և այս փոշեզանգվածի մասին հավակնոտությամբ դատում է իբրև մի խորհրդավոր ու նշանակալից բանի մասին։
ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՏՐՈՀՈՒՄԸ։ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ։ ՏՈԿՈՍԻ «ԲՆԱԿԱՆ» ՆՈՐՄԱՆ
Այս գլխի առարկան, ինչպես և վարկի այն բոլոր երևույթները որոնց մասին հետո ենք խոսելու, այստեղ չեն կարող հանգամանորեն հետազոտվել։ Վարկատուների ու փոխառուների միջև տեղի ունեցող մրցումը և փողային շուկայի այն հարաբերաբար կարճատև տատանումները, որոնք առաջ են գալիս իբրև այս մրցման հետևանք, մեր քննության շրջանակներից դուրս են մնում։ Այն շրջապտույտը, որ տոկոսի նորման կատարում է արդյունաբերական ցիկլի ընթացքում, իր բնութագրման համար ենթադրում է բուն իսկ այս ցիկլի բնութագրումը, որը նույնպես չի կարող այստեղ արվել։ Նույնը վերաբերում է նաև համաշխարհային շուկայում տոկոսադրույքն ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով մոտավորապես հավասարեցնելու գործին։ Այստեղ մեր խնդիրն այն պիտի չինի լոկ, որ պարզաբանենք տոկոսաբեր կապիտալի ինքնուրույն կերպարանքն ու տոկոսի անջատումը շահույթից։
Քանի որ տոկոսը շահույթի այն մասն է լոկ, որը մեր մինչայժմյան ենթադրության համաձայն արդյունաբերական կապիտալիստը պետք է վճարի փողային կապիտալիստին, ուստի իբրև տոկոսի առավելագույն սահման հանդես է գալիս բուն իսկ շահույթը, ընդորում այն մասը, որն այս դեպքում բաժին կընկներ գործող կապիտալիստին, = կլիներ 0-ի։ Մի կողմ թողած այն առանձին դեպքերը, երբ տոկոսը փաստորեն կարող է շահույթից ավելի մեծ լինել,— ընդորում այս դեպքում նա չի կարող շահույթից վճարվել,— գուցե կարելի էր իբրև տոկոսի առավելագույն սահման նկատել ամբողջ շահույթը, մինուս սրա այն մասը, որը հանգում է հսկման վարձին (wages of superintendence) և որը մենք հետո ներքևում պիտի քննենք։ Տոկոսի նվազագույն սահմանն ընդհանրապես որոշել չի կարելի։ Նա կարող է ընկնել մինչև ամեն մի հնարավոր մակարդակ։ Սակայն այս դեպքում միշտ էլի հանդես են գալիս հակագործող հանգամանքներ, և տոկոսը բարձրացնում այս հարաբերական մինիմումից վեր։
«Այն հարաբերությունը, որ գոյանում է մի կապիտալի գործառության համար վճարված գումարի ու բուն իսկ այս կապիտալի միջև, արտահայտում է տոկոսի նորման, փողով չափված»։ «Տոկոսի նորման կախված է 1) շահույթի նորմայից, 2) այն հարաբերությունից, որով ամբողջ շահույթը բաժանվում է վարկատուի ու փոխառուի միջև» («Economist», 1853, 22 հունվարի)։ «Որովհետև այն, ինչ որ իբրև տոկոս վճարվում է փոխ առածի գործածության համար, մի մասն է այն շահույթի, որ փոխ առածը ընդունակ է արտադրելու, ուստի այս տոկոսը միշտ պետք է կարգավորվի այն շահույթով» (Massie: «An essay on the governing causes of the natural rate of interests etc.», London, 1750, էջ 49)։
Նախ ընդունենք, թե մի հաստատուն հարաբերություն գոյություն ունի ամբողջ շահույթի ու սրա այն մասի միջև, որը պետք է իբրև տոկոս վճարվի փողային կապիտալիստին։ Այս դեպքում պարզ է, որ տոկոսը կբարձրանա կամ թե կիջնի ամբողջ շահույթի հետ միասին, իսկ վերջինս որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով ու սրա տատանումներով։ Եթե, օրինակ, շահույթի միջին նորման = լիներ 20%, և տոկոսը = շահույթի ¼-ին, ապա տոկոսադրույքը = 5%. եթե այն = լիներ 16%, ապա տոկոսը = 40%։ Շահույթի 20%-անոց նորմայի դեպքում տոկոսը կարող էր բարձրանալ 8%-ի, և արդյունաբերական կապիտալիստը դեռ միևնույն շահույթը ձեռք կբերեր, ինչպես այն դեպքում, երբ շահույթի նորման = 16% ու տոկոսադրույքը = 4%, այսինքն ձեռք կբերեր 12%։ Եթե տոկոսը բարձրանար միմիայն 6 կամ թե 7%, ապա արդյունաբերական կապիտալիստն այնուամենայնիվ դարձյալ շահույթի մի ավելի մեծ մասը կպահեր իր ձեռքին։ Եթե տոկոսը միջին շահույթի մի որոշ հաստատուն մասին հավասար լիներ, ապա կհետևեր այն, թե որքան ավելի բարձր է շահույթի ընդհանրական նորման, այնքան ավելի մեծ է ամբողջ շահույթի ու տոկոսի միջև եղած բացարձակ տարբերությունը, հետևաբար այնքան ավելի մեծ է ամբողջ շահույթի այն մասը, որը բաժին է ընկնում գործող կապիտալիստին, և ընդհակառակը։ Ենթադրենք, տոկոսը = միջին շահույթի [math]^1/_5[/math]-ին։ 10-ի [math]^1/_5[/math]-ը = 2. ամբողջ շահույթի ու տոկոսի տարբերությունը = 8։
20-ի [math]^1/_5[/math]-ը = 4. տարբերությունը = 20 — 4 = 16.
25-ի [math]^1/_5[/math]-ը = 5. տարբերությունը = 25 — 5 = 20.
30-ի [math]^1/_5[/math]-ը = 6. տարբերությունը = 30 — 6 = 24.
35-ի [math]^1/_5[/math]-ը = 7. տարբերությունը = 35 — 7 = 28։
Տոկոսի 4, 5, 6, 7%-անոց տարբեր նորմաներն այստեղ միշտ կարտահայտեին ամբողջ շահույթի լոկ [math]^1/_5[/math] — կամ 20%-ը։ Այսպիսով ուրեմն, եթե շահույթի նորմաները տարբեր են, ապա տոկոսի տարբեր նորմաները կարող են ամբողջ շահույթի միևնույն համամասնական բաժինը կամ ամբողջ շահույթի մեջ ունեցած միևնույն տոկոսաբաժինն արտահայտել։ Տոկոսի այսպիսի անփոփոխ հարաբերության դեպքում արդյունաբերական շահույթը (ամբողջ շահույթի ու տոկոսի միջև եղած տարբերությունը) այնքան ավելի մեծ կլիներ, որքան ավելի բարձր կլիներ շահույթի ընդհանրական նորման, և ընդհակառակը։
Մյուս բոլոր հանգամանքները հավասար ենթադրելով, այսինքն տոկոսի ու ամբողջ շահույթի միջև եղած հարաբերությունն ավելի կամ պակաս չափով հաստատուն ընդունելով, տեսնում ենք, որ գործող կապիտալիստն ընդունակ ու հոժար կլինի ավելի բարձր կամ թե ավելի ցած տոկաս վճարելու՝ շահույթի նորմայի բարձրության ուղիղ հարաբերությամբ[8]։ Ինչպես տեսանք, շահույթի նորմայի բարձրությունը հակառակ հարաբերական է կապիտալիստական արտադրության զարգացմանը, ուստի սրանից հետևում է, որ ավելի բարձր կամ թե ավելի ցածր տոկոսադրույքը մի երկրում նմանապես հակառակ հարաբերական է արդյունաբերական զարգացման բարձրության նկատմամբ, որչափով, իհարկե, տոկոսադրույքի տարբերությունը շահույթի նորմաների իրական տարբերություն է արտահայտում։ Հետո մենք կտեսնենք, թե ամենևին անհրաժեշտ չէ, որ միշտ այսպես լինի։ Այս իմաստով կարելի է ասել, որ տոկոսը կարգավորողը շահույթն է, ավելի ճիշտ՝ շահույթի ընդհանրական նորման է։ Եվ նրա կարգավորման այս եղանակն իր ուժը պահպանում է նույնիսկ նրա միջին բարձրության համար։
Համենայն դեպս, շահույթի միջին նորման պետք է տոկոսի վերջնական որոշիչ առավելագույն սահման նկատել։
Այն պարագան, թե տոկոսը հարաբերակցություն ունի միջին շահույթի հետ, մենք հիմա ավելի մոտիկից կքննենք։ Որտեղ որ պետք է մի տվյալ ամբողջական մեծություն, ինչպես, օրինակ, շահույթը, բաժանել երկուսի միջև, այնտեղ խնդիրը վերաբերում է ամենից առաջ այն ամբողջության մեծությանը, որը պետք է բաժանել, իսկ սա, շահույթի մեծությունը, որոշվում է իր միջին նորմայով։ Եթե տրված ենթադրենք շահույթի ընդհանրական նորման, ուրեմն այն շահույթի մեծությունը, որ հասնում է տվյալ մեծություն ունեցող, ասենք, 100-անոց մի կապիտալի, ապա ակներև է, որ տոկոսի փոփոխությունները հակառակ հարաբերական կլինեն շահույթի այն մասի փոփոխություններին, որը բաժին է մնում գործող, բայց փոխ առած կապիտալով աշխատող կապիտալիստին։ Իսկ այն հանգամանքները, որոնք բաժանելի շահույթի — անվճար աշխատանքի ստեղծած նոր արժեքի — մեծությունն են որոշում, շատ տարբեր են այն հանգամանքներից, որոնք որոշում են շահույթի բաշխումն այս երկու տեսակ կապիտալիստների միջև ու հաճախ էլ բոլորովին հակառակ ուղղությամբ են ներգործում[9]։
Եթե մենք քննենք պտույտի այն ցիկլերը, որոնցում շարժվում է արդի արդյունաբերությունը — հանդարտության կացություն, աճող աշխուժացում, ծաղկում, գերարտադրություն, փլուզում (Krach), լճացում, հանդարտության կացություն և այլն, ցիկլեր, որոնց ավելի մանրամասն վերլուծումը մեր հետազոտության շրջանակների մեջ չի մտնում,— ապա կգտնենք, որ տոկոսի ցածր մակարդակը մեծ մասամբ համապատասխանում է ծաղկման կամ թե արտակարգ շահույթի ժամանակաշրջաններին, տոկոսի բարձրացումը՝ ծաղկումից սրա շրջադարձին անցնելու ժամանակին, իսկ տոկոսի մաքսիմումը մինչև ամենածայրահեղ վաշխառության մակարդակը՝ ճգնաժամին[10]։ 1843 թվականի ամառվանից սկսվեց վճռական ծաղկում. տոկոսադրույքը, որ 1842 թվականի գարնանը դեռ 4½% էր, 1843 թվականի գարնանն ու ամառն ընկավ մինչև 2%[11], սեպտեմբերին նույնիսկ մինչև 1½% (Gilbert, I, էջ 166). հետագայում, 1847 թվականի ճգնաժամի ժամանակ, բարձրացավ մինչև 8% ու ավելի։
Իհարկե, մյուս կողմից՝ ցած տոկոսը կարող է զուգադիպել լճացմանը, իսկ չափավոր բարձրացող տոկոսը՝ աճող աշխուժացմանը։
Տոկոսադրույքն իր արտակարգ բարձրությանը հասնում է ճգնաժամերի ժամանակ, երբ ստիպված են լինում վճարելու համար փոխ առնելու՝ ինչ էլ որ արժենալիս լինի այս։ Միաժամանակ այս հանգամանքը — որովհետև տոկոսի բարձրանալուն համապատասխանում է արժեթղթերի գնի անկումը — իրենց տրամադրության տակ ազատ փողային կապիտալ ունեցող մարդկանց համար մի շատ հարմար առիթ է ներկայացնում՝ ծաղրագներով տիրանալու այնպիսի տոկոսաբեր թղթերի, որոնք իրերի կանոնավոր ընթացքի ժամանակ պետք է նորից հասնեն իրենց առնվազը միջին գներին, հենց որ տոկոսադրույքը նորից կիջնի[12]։
Բայց տոկոսադրույքի անկման մի տենդենց էլ գոյություն ունի, շահույթի նորմայի տատանումներից բոլորովին անկախ։ Եվ այս երկու գլխավոր պատճառով.
I. «Եթե ենթադրենք նույնիսկ, թե կապիտալը երբեք փոխ չի վերցվում այլ կերպ, բայց եթե արտադրողական ներդրման համար, ապա այնուամենայնիվ հնարավոր է, որ տոկոսադրույքը փոխվի, այնինչ համախառն շահույթի նորման որևէ փոփոխության չենթարկվի։ Որովհետև որչափով որ մի ժողովուրդ առաջադիմում է հարստության զարգացման ասպարեզում, առաջ է գալիս և ավելի ու ավելի է աճում այնպիսի մարդկանց մի դասակարգ, որոնք իրենց նախորդների ջանքերի շնորհիվ տեր են դառնում այնպիսի ֆոնդերի, որոնց սոսկ տոկոսով նրանք կարողանում են ապրել։ Շատերը, որոնք երիտասարդության ժամանակ ու հասուն հասակում ակտիվ մասնակցել են տնտեսության գործերին, ետ են քաշվում գործից՝ կուտակված գումարի տոկոսով ծեր հասակում հանգիստ ապրելու համար։ Այս երկու խավն էլ երկրի աճող հարստությանը զուգընթաց բազմանալու մի տենդենց ունեն. որովհետև նրանք, ովքեր միջին մեծության կապիտալով են սկսում, ավելի հեշտ են հասնում տնտեսապես մի անկախ դրության, քան նրանք, ովքեր փոքրով են սկսում։ Ուստի հին ու հարուստ երկրներում ազգային կապիտալի այն մասը, որի սեփականատերերը չեն ուզում այն անձամբ գործադրել, մի ավելի խոշոր համամասնություն է կազմում հասարակության արտադրողական ամբողջ կապիտալի նկատմամբ, քան նորամշակ ու աղքատ երկրներում։ Որքա՜ն մեծաթիվ է ռանտյեների դասակարգն Անգլիայում։ Նույն հարաբերությամբ, որով ռանտյեների դասակարգն է աճում, աճում է նաև կապիտալի վարկատուների դասակարգը, որովհետև սրանք երկուսն էլ միևնույնն են» (Ramsay: «Essay on the distribution of wealth» [Edinburgh, 1836], էջ 201)։
II. Տոկոսադրույքի վրա պետք է նմանապես ճնշում գործեն վարկային սիստեմի զարգացումը և արդյունաբերողների ու վաճառականների համար վարկային սիստեմի այս զարգացման հետ աճող հնարավորությունը՝ բանկիրների միջոցով տնօրինելու հասարակության բոլոր դասակարգերի փողային բոլոր խնայությունները, ինչպես և այս խնայությունների պրոգրեսիվ համակենտրոնացումը այնպիսի չափերով, որոնք նրանց հնարավորություն են տալիս գործելու իբրև փողային կապիտալ։ Սրա մանրամասնությունները՝ ներքևում։
Տոկոսի նորմայի որոշման առնչությամբ Ռամզեյն ասում է, թե նա «կախված է մասամբ համախառն շահույթի նորմայից, մասամբ էլ այն համամասնությունից, որով այս շահույթը բաժանվում է տոկոսի ու ձեռնարկուային եկամտի (profits of enterprise)։ Այս համամասնությունը կախված է կապիտալի վարկատուների ու փոխառուների միջև եղող մրցումից. այս մրցումն ազդվում է համախառն շահույթի հավանական նորմայից, բայց ոչ թե կարգավորվում է բացառապես սրանով[13]։ Մրցումը բացառապես սրանով չի կարգավորվում, որովհետև մի կողմից շատերը փոխառություն են անում՝ առանց արտադրողական ներդրման որևէ դիտում ունենալու և մյուս կողմից՝ որովհետև վարկատրելի ամբողջ կապիտալի մեծությունը փոփոխվում է երկրի հարստությանը զուգընթաց, համախառն շահույթի որևէ փոփոխությունից անկախ» (Ramsay, ն. տ., էջ 206, 207)։
Տոկոսի միջին նորման գտնելու համար պետք է հաշվել 1) տոկոսադրույքի միջին բարձրությունն այն փոփոխությունների պայմաններում, որոնց նա ենթարկվում է արդյունաբերական խոշոր ցիկլերում. 2) տոկոսադրույքն այնպիսի ներդրումների բնագավառում, որտեղ կապիտալը վարկատրվում է համեմատաբար երկար ժամանակով։
Տոկոսի՝ մի երկրում տիրող միջին նորման — տարբերվելով շուկայի մշտապես տատանվող նորմաներից — ամենևին չի կարող որոշվել ոչ մի օրենքով։ Այս բնագավառում տոկոսի ոչ մի բնական նորմա չկա այն իմաստով, որով տնտեսագետները խոսում են շահույթի բնական նորմայի ու աշխատավարձի բնական նորմայի մասին։ Արդեն Մեսսին լիակատար իրավունքով նկատում է այստեղ. «Միակ բանը, որ կարող է կասկած հարուցել տվյալ դեպքում, այն է, թե այս շահույթների որ մասն է իրավունքի համաձայն պատկանում փոխառուին ու որ մասը՝ փոխատուին. և այս բանը որոշելու ուրիշ եղանակ չկա, բացի փոխատուի ու փոխառուի կարծիքին դիմելն ընդհանրապես. որովհետև այս տեսակետից արդարացի ու անարդարացի է այն, ինչ որ ընդհանուր համաձայնությամբ է իբրև այսպիսին ընդունվում» (էջ 49)։ Այն, որ պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են — եթե շահույթի միջին նորման տրված ենք ենթադրում — այստեղ ոչինչ չի նշանակում ամենևին։ Այլապես այնտեղ, որտեղ ապավինում են այս ֆորմուլային (և այսպիսի դեպքում սա ճիշտ է նաև գործնականորեն), նա ծառայում է իբրև մի ֆորմուլա՝ գտնելու համար մրցումից անկախ ու, ընդհակառակը, մրցումը որոշող հիմնական կանոնը (կարգավորող սահմաններն ու սահմանակա մեծությունները). այսինքն սա մի ֆորմուլա է նրանց համար, ովքեր ընկղմված են մրցման պրակտիկայի, սրա արտաքին երևույթների ու այստեղից առաջացող պատկերացումների մեջ. նա ծառայում է իբրև մի ֆորմուլա՝ հասնելու համար թեկուզ դարձյալ մակերեսային մի այնպիսի պատկերացման, որը նշի մրցման մեջ երևան եկող տնտեսական հարաբերությունների ներքին կապը։ Այս մի մեթոդ է՝ մրցմանն ուղեկցող փոփոխություններից այս փոփոխությունների սահմաններին հասնելու համար։ Սակայն այս մեթոդը կիրառելի չի միջին տոկոսադրույքի նկատմամբ։ Ամենևին ոչ մի հիմք չկա նրա համար, որ մրցման միջին հարաբերությունները, վարկատուի ու վարկառուի միջև եղած հավասարակշռությունը, վարկատուին 3, 4, 5% և այլն մի տոկոսադրույք բերեր նրա կապիտալի համար, կամ թե չէ համախառն շահույթից՝ մի որոշ տոկոսաբաժին, 20% և կամ 50%։ Այն դեպքերում, երբ մրցումն իբրև այսպիսին վճռական նշանակություն ունի, որոշումն ինքնըստինքյան պատահական է, զուտ էմպիրիկ բնույթ է կրում, և միմիայն իմաստակությունն ու փողամոլությունը կարող են ձգտել այս պատահականությունն իբրև մի անհրաժեշտ բան ներկայացնելու[14]։ 1857 ու 1858 թվականների պառլամենտական այն հաշվետվությունների մեջ, որոնք վերաբերում են բանկային օրենսդրությանն ու առևտրային ճգնաժամին, ավելի ծիծաղելի բան չկա, քան Անգլիական բանկի դիրեկտորների, Լոնդոնի բանկիրների գավառական բանկիրների ու պրոֆեսիոնալ թեորետիկների անվերջ շաղակրատանքները «real rate produced»-ի («ռեալ կերպով ստեղծած նորմայի») մասին, ընդորում նրանք ավելի հեռու չեն գնում այնպիսի տափակ դատողություններից, ինչպես, օրինակ, «այն գինը, որ վճարվում է վարկատրելի կապիտալի համար, պետք է փոփոխվի այս կապիտալի առաջարկի հետ», «տոկոսի բարձր նորման ու շահույթի ցածր նորման չեն կարող երկար ժամանակ կողք-կողքի գոյություն ունենալ» և ուրիշ այսպիսի տափակություններ[15]։ Սովորությունը, օրինականացած ավանդությունը և այլն նույնքան շատ, որքան և հենց ինքը մրցումը, ազդում են այս տոկոսադրույքը որոշելու վրա, որչափով որ սա գոյություն ունի ոչ միայն իբրև միջին թիվ, այլ իբրև փաստական մեծություն։ Բազմաթիվ իրավաբանական դատավեճերի ժամանակ արդեն, որտեղ խնդիրը վերաբերում է տոկոսները հաշվելուն, ստիպված են լինում ընդունելու միջին տոկոսադրույքն իբրև օրինական։ Արդ, եթե հարց տանք այնուհետև, թե ինչու միջին տոկոսադրույքի սահմանները չեն կարող բխեցվել ընդհանրական օրենքներից, ապա սրա պատասխանը պարզապես պարփակված է տոկոսի բնության մեջ։ Սա միջին շահույթի մի մասն է լոկ։ Միևնույն կապիտալը հանդես է գալիս երկակի ձևով — իբրև վարկատրելի կապիտալ՝ վարկատուի ձեռքում, իբրև արդյունաբերական կամ թե առևտրային կապիտալ՝ գործող կապիտալիստի ձեռքին։ Բայց նա գործում է լոկ մի անգամ և շահույթն էլ միմիայն մի անգամ է արտադրում։ Բուն իսկ արտադրության պրոցեսում կապիտալի, իբրև վարկատրվող կապիտալի, բնույթը ոչ մի դեր չի խաղում։ Թե շահույթն իրենց միջև ինչպես կբաժանեն այն երկու անձը, որոնք պահանջներ ունեն նրա նկատմամբ, այս՝ պատահականի թագավորությանը պատկանող մի նույնպիսի զուտ փորձական իրողություն է, ինչպես մի ընկերովի ձեռնարկության տարբեր մասնակիցների միջև ընդհանուր շահույթի տոկոսային բաժանումը։ Այն բաժանման ժամանակ, որը տեղի է ունենում հավելյալ արժեքի ու աշխատավարձի միջև և որի վրա էապես հիմնվում է շահույթի նորմայի գոյացումը, երկու բոլորովին անջատ տարր են որոշիչ ներգործություն ունենում — բանվորական ուժն ու կապիտալը, որոնք ֆունկցիաներ են երկու անկախ փոփոխուն մեծության, որոնք փոխադարձորեն սահմաններ են դնում միմյանց հանդեպ. և սրանց որակային տարբերությունից է առաջ գալիս արտադրված արժեքի քանակային բաժանումը։ Մենք հետո կտեսնենք, որ նույնը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ հավելյալ արժեքը բաժանվում է ռենտայի ու շահույթի միջև։ Տոկոսի նկատմամբ նման ոչինչ տեղի չի ունենում։ Այստեղ որակային տարբերությունը, ինչպես իսկույն պիտի տեսնենք, առաջ է գալիս, ընդհակառակը, հավելյալ արժեքի միևնույն պատառի զուտ քանակային բաժանումից։
Մինչև հիմա շարադրածից հետևում է, որ տոկոսի ոչ մի «բնական» նորմա չկա։ Բայց եթե մի կողմից՝ ի հակադրություն շահույթի ընդհանրական նորմայի՝ միջին տոկոսադրույքը կամ տոկոսի միջին նորման, տարբերվելով տոկոսի մշտապես տատանվող շուկայի նորմաներից, ոչ մի ընդհանրական օրենքի միջոցով ամրակայվել չի կարող իր սահմաններում, քանի որ այստեղ խնդիրը վերաբերում է համախառն շահույթը կապիտալի երկու տիրոջ միջև տարբեր տիտղոսների տակ բաժանելուն միայն, ապա մյուս կողմից՝ տոկոսադրույքը՝ թե միջինը և թե նրա ամեն մի անգամվա շուկայի նորման, հանդես է գալիս, ընդհակառակը, բոլորովին այլ կերպ, իբրև մի հավասարաչափ, որոշակի ու շոշափելի մեծություն, բոլորովին այլ կերպ, քան այս տեղի է ունենում շահույթի ընդհանրական նորմայի նկատմամբ[16]։
Տոկոսադրույքը շահույթի նորմային հարաբերում է նույն կերպ, ինչպես ապրանքի շուկայագինը նրա արժեքին։ Որչափով որ տոկոսադրույքը որոշվում է շահույթի նորմայով, նա միշտ որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով ու ոչ թե շահույթի այն մասնահատուկ նորմաներով, որոնք կարող են իշխել առանձին արտադրաճյուդերում, ու ոչ էլ մանավանդ այն ավելադիր շահույթով, որ առանձին կապիտալիստը կարող է ձեռք բերել տնտեսական գործառնության մի հատուկ ոլորտում[17]։ Ուստի շահույթի ընդհանրական նորման իրականում իբրև էմպիրիկ, տրված փաստ նորից երևան է գալիս տոկոսի միջին նորմայի մեջ, չնայած որ վերջինս առաջինի զուտ ու հավաստի արտահայտությունը չի ամենևին։
Թեև ճիշտ է, որ ինքը տոկոսի նորման միշտ տարբեր է լինում, նայած փոխառուների կողմից տրված ապահովությունների տեսակներին ու փոխատվության տևողությանը, բայց և այնպես նա տվյալ մի մոմենտում այս տեսակներից յուրաքանչյուրի համար միակերպ է լինում։ Հետևաբար, այս տարբերությունը չի այլափոխում տոկոսադրույքի հաստատուն ու միատեսակ կերպարանքը[18]։
Միջին տոկոսադրույքն ամեն մի երկրում ավելի երկար ժամանակաշրջանների համար հանդես է գալիս իբրև հաստատուն մեծություն, որովհետև, շահույթի ընդհանրական նորման — չնայած շահույթի առանձին նորմաների մշտապես փոխվելուն, երբ, սակայն, մի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունը հավասարակշռվում է մի ուրիշ ոլորտում կատարվող փոփոխությամբ — միմիայն ավելի երկար ժամանակաշրջաններում է փոխվում։ Եվ շահույթի ընդհանրական նորմայի հարաբերական հաստատությունը երևան է գալիս միջին տոկոսադրույքի հենց այս ավելի կամ պակաս հաստատուն բնույթի մեջ (average rate or common rate of interest)։
Իսկ ինչ վերաբերում է տոկոսի մշտապես տատանվող շուկայի նորմային, ապա սա յուրաքանչյուր մոմենտում տրված է լինում իբրև հաստատուն մեծություն, ինչպես այդ տեղի ունի ապրանքների շուկայի գնի նկատմամբ, որովհետև փողային շուկայում ամբողջ փոխատու, կապիտալն իբրև ամբողջական մասսա միշտ հանդիպակայում է գործող կապիտալին, հետևաբար մի կողմից փոխատու կապիտալի առաջարկի, մյուս կողմից նրա պահանջարկի հարաբերությունը վճռում է տոկոսի ամեն անգամվա շուկայական մակարդակը։ Այս այնքան ավելի մեծ չափով է տեղի ունենում, որքան վարկային գործի զարգացումն ու սրա հետ շաղկապված նրա համակենտրոնացումն ավելի մեծ չափով են ընդհանրական հասարակական բնույթ տալիս փոխատու կապիտալին և այս կապիտալը մի անգամից, միաժամանակ փողային շուկա են նետում։ Ընդհակառակը, շահույթի ընդհանրական նորման գոյություն ունի միշտ իբրև տենդենց, իբրև շահույթի առանձին նորմաների հավասարեցման շարժում։ Կապիտալիստների մրցումը — որ հավասարեցման բուն իսկ այս շարժումն է ներկայացնում — այստեղ հենց նրանով է արտահայտվում, որ նրանք աստիճանաբար կապիտալը հանում են այն ոլորտներից, որտեղ շահույթը երկար ժամանակ միջինից ցածր է, և նմանապես աստիճանաբար կապիտալը բերում են այն ոլորտները, որտեղ շահույթը միջինից բարձր է. կամ թե նրանով է արտահայտվում, որ ավելադիր կապիտալը հետզհետե տարբեր համամասնություններով է բաշխվում այս ոլորտների միջև։ Այստեղ գործ ունենք կապիտալի առբերման ու հանման մշտական փոփոխության հետ այս տարբեր ոլորտների նկատմամբ և ոչ երբեք միաժամանակյա մասսայական ներգործության հետ, ինչպես տոկոսադրույքի որոշման դեպքում։
Ինչպես տեսանք, տոկոսաբեր կապիտալը, թեև ապրանքից բացարձակորեն տարբեր մի կատեգորիա է, փոխարկվում է sui generis (հատուկ տեսակի) ապրանքի, և այս պատճառով տոկոսը նրա համար դառնում է գին, որը սովորական ապրանքի շուկայի գնի նման ամեն անգամ սևեռվում է պահանջարկի և առաջարկի միջոցով։ Ուստի տոկոսի շուկայի նորման, թեև տատանվող է միշտ, յուրաքանչյուր տվյալ մոմենտում միշտ հանդես է գալիս իբրև հաստատուն ու միակերպ, ինչպես տվյալ ամեն մի դեպքում ապրանքի շուկայագինը։ Փողային կապիտալիստներն առաջարկում են այս ապրանքը, իսկ գործող կապիտալիստները գնում են այն, նրա պահանջարկ են գոյացնում։ Այս նույնը տեղի չի ունենում շահույթի հավասարեցման ժամանակ, որը հանգում է շահույթի ընդհանրական նորմայի։ Եթե ապրանքների գները մի ոլորտում ավելի ցածր կամ թե ավելի բարձր են արտադրության գնից (ընդորում մի կողմ են թողնվում այն տատանումները, որոնք հատուկ են առևտրական գործունեության, ամեն մի տեսակի և կապ ունեն արդյունաբերական ցիկլի տարբեր փուլերի հետ), ապա հավասարեցումը կատարվում է արտադրության ընդլայնման կամ սահմանափակման միջոցով, այսինքն արդյունաբերական կապիտալների կողմից շուկա նետվող ապրանքային, մասսաների բազմացման կամ նվազման միջոցով, իսկ այս գլուխ է բերվում նրանով, որ կապիտալն արտադրության առանձին ոլորտների նկատմամբ ներգաղթ կամ արտագաղթ է կատարում։ Ապրանքների միջին շուկայագների այս հավասարեցմամբ արտադրության գներ գոյացնելով է, որ սրբագրվում են շահույթի առանձին նորմաների շեղումները շահույթի ընդհանրական կամ միջին նորմայից։ Այս պրոցեսը երբեք հանդես չի գալիս այնպես ու երբեք չի կարող հանդես գալ այնպես, որ արդյունաբերական կամ առևտրային կապիտալը որպես այսպիսին նույն տեսակ ապրանք ներկայացնի գնորդի հանդեպ, ինչպես որ տոկոսաբեր կապիտալն է։ Որչափով այս պրոցեսը երևան է գալիս, երևան է գալիս այն տատանումների ու հավասարեցումների մեջ, որով ապրանքների շուկայագները վեր են ածվում արտադրության գների, և ոչ թե երևան է գալիս իբրև միջին շահույթի ուղղակի ամրակայում։
Շահույթի ընդհանրական նորման իրոք որոշվում է 1) այն հավելյալ արժեքով, որ ամբողջ կապիտալն է արտադրում, 2) այն հարաբերությամբ, որ այս հավելյալ արժեքն ունի ամբողջ կապիտալի արժեքի նկատմամբ ու 3) մրցմամբ, բայց լոկ այն չափով, որչափով որ սա այն շարժումն է, որի միջոցով այս հավելյալ արժեքից միահավասար դիվիդենդներ են ձգտում կորզելու արտադրության առանձին ոլորտներում ներդրված կապիտալները՝ իրենց հարաբերական մեծությունների համեմատ։ Այսպիսով ուրեմն շահույթի ընդհանրական նորման իրականում որոշվում է բոլորովին այլ ու շատ ավելի բարդ պատճառներով, քան տոկոսի շուկայի նորման, որն ուղղակի ու անմիջաբար որոշվում է պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ, ուստի և շահույթի ընդհանրական նորման այնպիսի շոշափելի ու առկա տրված իրողություն չի, ինչպես տոկոսադրույքը։ Արտադրության տարբեր ոլորտներում եղած շահույթի առանձին նորմաները հենց իրենք ավելի կամ պակաս չափով անկայուն են, բայց որչափով որ նրանք երևան են գալիս, երևան եկողը ոչ թե նրանց միակերպությունն է, այլ նրանց տարբերությունը։ Իսկ ինքը շահույթի ընդհանրական նորման հանդես է գալիս լոկ իբրև շահույթի նվազագույն սահման ու ոչ թե իբրև շահույթի իրական նորմայի էմպիրիկ, ուղղակի ըմբռնելի ձև։
Երբ նշում ենք տոկոսի նորմայի ու շահույթի նորմայի միջև եղած այս տարբերությունը, մենք դեռ մի կողմ ենք թողնում տոկոսադրույքի կայունացմանը նպաստող հետևյալ երկու հանգամանքները. 1) պատմականորեն արդեն մինչև այդ գոյություն է ունեցել տոկոսաբեր կապիտալը և առկա է եղել ավանդաբար սերնդից սերունդ անցնող ընդհանրական տոկոսադրույքը. 2) համաշխարհային շուկան, տվյալ ամեն մի երկրի արտադրապայմաններից անկախ, շատ ավելի մեծ անմիջական ազդեցություն ունի տոկոսադրույքի ամրակայման վրա, քան այն ազդեցությունը, որ նա ունի շահույթի նորմայի վրա։
Միջին շահույթը հանդես է գալիս ոչ թե իբրև անմիջաբար տրված իրողություն, այլ իբրև հակադիր տատանումների հավասարման վերջնական հետևանք, որը կարելի է հավաստել հետազոտման միջոցով միայն։ Այլ է խնդիրը տոկոսադրույքի վերաբերմամբ։ Սա իր, գոնե տեղական, ընդհանրական նշանակությամբ ամեն օր սևեռացվող իրողություն է, իրողություն, որն արդյունաբերական ու առևտրային կապիտալի համար նույնիսկ իբրև նախադրյալ ու հաշվարկման հոդված է ծառայում նրանց գործառնությունների ժամանակ։ Տոկոսադրույքը դառնում է 100 ֆ. ստ.-անոց ամեն մի փողային գումարի ընդհանրական կարողությունը բերելու 2, 3, 4, 5%։ Օդերևութաբանական տեղեկաթերթերն ավելի ստույգ չեն նշում ծանրաչափի ու ջերմաչափի բարձրությունը, քան բորսային տեղեկաթերթերն են նշում տոկոսադրույքի մակարդակը, և նշում են ոչ թե այս կամ այն կապիտալի համար, այլ փողային շուկայում գտնվող, այսինքն ընդհանրապես փոխատու կապիտալի համար։
Փողային շուկայում միմյանց դիմաց կանգնած են փոխատուն ու փոխառուն միայն։ Ապրանքը միևնույն ձևն ունի,— փող է։ Կապիտալի բոլոր առանձնահատուկ կերպարանքները, որ նա ունենում է համաձայն իր գործադրման արտադրության կամ թե շրջանառության ոլորտներում, ջնջված են այստեղ։ Նա այստեղ գոյություն ունի ինքնուրույն արժեքի տարբերազուրկ, յուրահավասար կերպարանքով, փողի կերպարանքով։ Առանձին ոլորտների մրցումը դադարում է այստեղ. նրանք բոլորը միակույտ խմբված են իբրև փողի փոխառուներ, իսկ կապիտալը դարձյալ նրանց բոլորի դեմ կանգնած է մի այնպիսի ձևի մեջ պարուրված, որում նա անտարբեր է իր կիրառման որոշ տեսակի ու եղանակի նկատմամբ։ Մինչդեռ արդյունաբերական կապիտալը լոկ առանձին ոլորտների միջև տեղի ունեցող շարժման ու մրցման մեջ է հանդես գալիս իբրև դասակարգի ընդհանուր կապիտալ ըստինքյան, տոկոսաբեր կապիտալն այստեղ հանդես է գալիս իրապես, իր ամբողջ ծավալով, կապիտալի պահանջարկի ու առաջարկի մեջ։ Մյուս կողմից՝ փողային կապիտալը փողային շուկայում այն կերպարանքն ունի իսկապես, որով նա իբրև այնպիսի ընդհանուր տարր, որն անտարբեր է իր առանձնահատուկ կիրառման նկատմամբ, բաշխվում է տարբեր ոլորտների միջև, կապիտալիստների դասակարգի միջև՝ ամեն մի առանձին ոլորտի արտադրական պահանջմունքների համեմատ։ Սրան ավելանում է այն, որ խոշոր արդյունաբերության զարգանալու հետ միասին փողային կապիտալը, որչափով որ երևան է գալիս շուկայում, ավելի ու ավելի մեծ չափերով ներկայացվում է ոչ թե առանձին կապիտալիստի միջոցով, շուկայում գտնվող կապիտալի այս կամ այն կոտորակամասի սեփականատիրոջ միջոցով, այլ հանդես է գալիս իբրև համակենտրոնացած, կազմակերպված մասսա, որն իրական արտադրությունից բոլորովին տարբեր կերպով է դրված հասարակական կապիտալը ներկայացնող բանկիրների վերահսկողության տակ։ Ուրեմն որքան որ խնդիրը վերաբերում է պահանջարկի ձևին, փոխատու կապիտալի դիմաց ելնում է մի ամբողջ դասակարգ. որքան որ խնդիրը վերաբերում է առաջարկին, նա ինքը հանդես է գալիս en masse [իր ամբողջ մասսայով], իբրև փոխատու կապիտալ։
Սրանք են մի քանիսը այն հիմունքներից, որոնց ազդեցության տակ շահույթի ընդհանրական նորման իբրև մի խուսափուկ ուրվատեսիլ է ներկայանում որոշակի տոկոսադրույքի կողքին, որը թեև տատանվում է ըստ իր մեծության, բայց շնորհիվ այն հանգամանքի, որ հավասարաչափ է տատանվում բոլոր փոխառուների համար, ուստի նրանց միշտ հանդիպակայում է իբրև հաստատուն, տրված մեծություն։ Ճիշտ այնպես, ինչպես փողի արժեքի փոփոխությունները չեն խանգարում, որ փողը բոլոր ապրանքների հանդեպ միահավասար արժեք ունենա։ Ճիշտ այնպես, ինչպես ապրանքների շուկայագներն ամեն օր տատանվում են, բայց այս չի խանգարում, որ սրանք ամեն օր նշադրվեն տեղեկաթերթերում։ Ճիշտ նույնն է նաև տոկոսադրույքի նկատմամբ, որը նույնպես կանոնավոր կերպով նշադրվում է իբրև «փողի գին»։ Պատճառն այն է, որ այստեղ հենց ինքը կապիտալն է իբրև ապրանք առաջարկվում, փողի ձևով. ուստի նրա գնի սևեռացումը նրա շուկայագնի սևեռացումն է, ինչպես որ է մյուս բոլոր ապրանքների նկատմամբ. այս պատճառով էլ տոկոսադրույքը միշտ ներկայանում է իբրև ընդհանրական տոկոսադրույք, իբրև այսքան փողի համար վճարելի այսքան փող, իբրև քանակապես որոշված մի մեծություն։ Իսկ շահույթի նորման, ընդհակառակը, մինչև անգամ միևնույն ոլորտի ներսում, ապրանքի միահավասար շուկայագների դեպքում, կարող է տարբեր լինել, նայած այն տարբեր պայմաններին, որոնցում առանձին կապիտալները միևնույն ապրանքն են արտադրում. որովհետև շահույթի նորման առանձին կապիտալի համար որոշվում է ոչ թե ապրանքի շուկայագնով, այլ շուկայագնի ու արտադրության ծախքի միջև եղած տարբերությամբ։ Եվ շահույթի այս տարբեր նորմաները կարող են — նախ միևնույն ոլորտի ներսում և հետո տարբեր ոլորտների միջև,— միմյանց հավասարվել մշտական տատանումների շնորհիվ միայն։
(Հավելագիր հետագա մշակման համար)։ Վարկի մի հատուկ ձև. հայտնի է, որ եթե փողը գործում է իբրև վճարման միջոց, և ոչ թե իբրև գնման միջոց, ապա ապրանքն օտարվում է բայց նրա արժեքը հետագայում է միայն իրացվում։ Եթե վճարումը տեղի է ունենում այն բանից հետո արդեն, երբ ապրանքը նորից ծախվել է, ապա ոչ թե այս վաճառքն է գնման հետևանք ներկայանում, այլ վաճառքի հետևանքով է, որ գնումն իրացվում է։ Կամ վաճառքը դառնում է գնման միջոց։— Երկրորդ՝ պարտաթղթերը, մուրհակները և այլն վարկատուի համար վճարման միջոցներ են դառնում։— Երրորդ՝ պարտաթղթերի փոխհատուցումը փոխարինում է փողին։
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՈԿՈՍ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ
Տոկոսը, ինչպես երկու նախընթաց գլխում տեսանք, սկզբնապես երևան է գալիս, սկզբնապես է և ոչ այլ ինչ է մնում իրոք, քան շահույթի, այսինքն հավելյալ արժեքի այն մասը, որ գործող կապիտալիստը, արդյունաբերողը կամ թե վաճառականը, որչափով որ սա ոչ թե իր սեփական կապիտալը, այլ փոխառած կապիտալ է գործադրում, պետք է վճարի այս կապիտալի սեփականատիրոջը՝ փոխատուին։ Եթե կապիտալիստը միմիայն սեփական կապիտալ է գործադրում, ապա շահույթի ոչ մի այսպիսի բաժանում տեղի չի ունենում. սա ամբողջովին նրան է պատկանում։ Իրապես, որչափով որ կապիտալի սեփականատերերը հենց իրենք են այն գործադրում վերարտադրության պրոցեսում, նրանք միմյանց հետ չեն մրցում տոկոսի նորման որոշելու համար, և այստեղից արդեն երևում է, թե տոկոսի կատեգորիան — որն անհնարին է առանց տոկոսադրույքի որոշման — որքան խորթ է ըստինքյան վերցրած արդյունաբերական կապիտալի շարժման համար։
«Տոկոսի նորման կարելի է որոշել իբրև այն համամասնական գումարը, որով բավականանում է փոխատուն և որը փոխառուն հոժարում է վճարելու՝ տարվա ընթացքում կամ թե ավելի երկար և կամ ավելի կարճ ժամանակաշրջանում փողային կապիտալի որոշ գումարից օգտվելու համար... երբ կապիտալի տերն իրոք այս գործադրում է վերարտադրության մեջ, ապա նա չի պատկանում այն կապիտալիստների թվին, որոնց՝ փոխառուների թվի նկատմամբ ունեցած հարաբերությամբ է որոշվում տոկոսի նորման» (The Tooke: „A history of prices”, London, 1838, հատ. II, էջ 355)։ Եվ իրոք, միայն կապիտալիստների տրոհումն է փողային կապիտալիստների ու արդյունաբերական կապիտալիստների, որ շահույթի մի մասը տոկոսի է փոխարկում ու որն ընդհանրապես տոկոսի կատեգորիան է ստեղծում, և կապիտալիստների այս երկու տեսակի միջև մղվող մրցումն է միայն, որ տոկոսադրույք է ստեղծում։
Քանի դեռ կապիտալը վերարտադրության պրոցեսի մեջ է գործում — նույնիսկ եթե ենթադրենք, որ սա արդյունաբերական կապիտալիստին է պատկանում, այնպես որ վերջինս ոչ մի վարկատուի չպետք է ետվճարի այն կապիտալիստն իբրև մասնավոր մարդ իր տրամադրության տակ ունենում է ոչ թե հենց նույն այդ կապիտալը, այլ շահույթը միայն, որը նա կարող է ծախսել իբրև եկամուտ։ Քանի դեռ նրա կապիտալը գործում է իբրև կապիտալ, սա վերարտադրության պրոցեսին է պատկանում, ամուր կապված է նրա հետ։ Թեև նա այս կապիտալի սեփականատերն է, բայց և այնպես այս սեփականությունը դեռ նրան ունակ չի դարձնում կապիտալն այլ եղանակով տնօրինելու, քանի դեռ նա այս օգտագործում է իբրև կապիտալ՝ աշխատանքը շահագործելու համար։ Ճիշտ նույնը պետք է ասել փողային կապիտալիստի վերաբերմամբ։ Քանի դեռ նրա կապիտալը փոխ է տրված և ուրեմն գործում է իբրև փողային կապիտալ, սա նրան բերում է տոկոս, շահույթի մի մասը, բայց նա չի կարող հիմնական գումարի վերաբերմամբ տնօրինություն անել։ Այս բանը երևան է գալիս ամեն անգամ, երբ նա իր փողային կապիտալը փոխ է տալիս, օրինակ, մի կամ թև ավելի տարով և որոշ ժամկետներից հետո տոկոս է ստանում, իսկ կապիտալը ետ չի վճարվում նրան։ Բայց նույնիսկ սրա ետվճարումն այստեղ ամենևին ոչինչ չի փոխում։ Եթե նա կապիտալը ետ է ստանում, ապա միշտ պետք է այդ կապիտալը նորից փոխատրի, որպեսզի սա նրա համար կապիտալի — տվյալ դեպքում փողային կապիտալի — դեր կատարի։ Քանի դեռ կապիտալը նրա ձեռքին է գտնվում, սա բնավ տոկոս չի բերում և չի գործում իբրև կապիտալ. իսկ քանի դեռ տոկոս է բերում և գործում իբրև կապիտալ, գտնվում է ոչ նրա ձեռքում։ Այստեղից էլ առաջ է գալիս կապիտալը հավիտյան փոխատրելու կարելիությունը։ Ուստի բոլորովին սխալ են Տուկի հետևյալ նկատողություններն ընդդեմ Բեզենկետի, որի մի աշխատությունից („Metallic, paper and credit currency”, London, 1842, էջ 73) նա մեջ է բերում հետևյալ քաղվածքը. «Եթե տոկոսադրույքն իջեցվեր մինչև 1%, ապա փոխառած կապիտալը գրեթե նույնահավասար գծի վրա (upon a par) դրված կլիներ սեփական կապիտալի հետ»։ Սրա նկատմամբ Տուկը հետևյալ բացատրությունն է տալիս. «Որ այս տոկոսադրույքով կամ նույնիսկ էլ ավելի ցած տոկոսադրույքով փոխառած կապիտալը կարող է գրեթե միևնույն գծի վրա կանգնած լինել սեփական կապիտալի հետ, այս այնքան օտարոտի մի պնդում է, որ սա ոչ մի ուշադրության արժանի չէր լինի, եթե չբխեր այնքան խելամիտ ու թեմայի առանձին կետերում այնքան լավատեղյակ մի հեղինակից։ Մի՞թե նա անտեսել է այն, պարագան կամ թե պակա՞ս նշանակալից է համարում այն, որ իր իսկ ենթադրությունն իր մեջ պարփակում է ետվճարում» (The. Tooke. „An inquiry into the currency principle”. II հրատ., London, 1844, էջ 80)։ Եթե տոկոսը լիներ = 0-ի, ապա այն արդյունաբերական կապիտալիստը, որը կապիտալ է փոխ վերցրել, միանման կացության մեջ կլիներ այն կապիտալիստի հետ, որը սեփական կապիտալով է գործում։ Երկուսն էլ նույնահավասար միջին շահույթ կստանային, իսկ կապիտալը (լինի փոխառած, թե սեփական, լոկ այն չափով է գործում իբրև կապիտալ, որչափով որ շահույթ է արտադրում։ Ետվճարման պայմանը ոչինչ չէր փոխի այս կետում։ Որքան ավելի է տոկոսադրույքը մոտենում զերոյին, ուրեմն իջնում, օրինակ, 1%-ի, փոխառած կապիտալն այնքան ավելի է միանման կացության մեջ դրվում սեփական կապիտալի հետ։ Քանի դեռ փողային կապիտալը գոյություն է ունենալու իբրև փողային կապիտալ, նա միշտ պետք է նորից ու նորից փոխատրվի և այն էլ՝ առկա տոկոսադրույքով, ասենք, 1%-ով ու միշտ էլ արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների միևնույն դասակարգին։ Քանի դեռ սրանք իբրև կապիտալիստներ են գործում, փոխառած կապիտալով գործողի ու սեփական կապիտալով գործողի տարբերությունը լոկ այն է, որ մեկը պետք է տոկոս վճարի, իսկ մյուսը՝ ոչ. մեկը գրպանում է ամբողջ p շահույթը, մյուսը՝ p—z, շահույթը, մինուս տոկոսը. որքան ավելի է z-ը մոտենում զերոյին, այնքան ավելի է p—z-ն մոտենում p-ին, ուրեմն այնքան ավելի են երկու կապիտալները միանման կացության մեջ դրվում։ Մեկը պետք է ետվճարի կապիտալը և նորից փոխ առնի, իսկ մյուսը, քանի որ նրա կապիտալը գործելու է, նույնպես միշտ պետք է կանխավճարի արտադրության պրոցեսի համար և իր կապիտալի նկատմամբ այս պրոցեսից անկախ տնօրինություն անելու ոչ մի հնար չունի։ Միակ դեռ մնացող մյուս տարբերությունն էլ ինքնըստինքյան հասկանալի այն տարբերությունն է, որ մեկն իր կապիտալի սեփականատերն է, իսկ մյուսը՝ ոչ։
Հիմա մեր հանդեպ ելնում է այս հարցը։ Ինչո՞վ բացատրել, որ շահույթի այս զուտ քանակային տրոհումն անխառն [netto] շահույթի ու տոկոսի՝ փոխարկվում է որակայինի։ Ուրիշ խոսքով՝ ի՞նչպես է լինում, որ նաև այն կապիտալիստը, որը լոկ իր սեփական, ոչ թե փոխ առած կապիտալն է բանեցնում, իր համախառն շահույթի մի մասը կարգում է տոկոսի առանձնահատուկ կատեգորիայի տակ և իբրև այսպիսին առանձին է հաշվում։ Եվ ինչի՞ց է այնուհետև, որ ամեն մի կապիտալ, ուզում է՝ փոխ առած լինի թե ոչ, իբրև տոկոսաբեր կապիտալ տարբերվում է ինքն իրենից, իբրև անխառն շահույթ բերող կապիտալից։
Հայտնի է, որ շահույթի այս եղանակով կատարվող ոչ ամեն պատահական քանակային տրոհում որակայինի է փոխարկվում։ Օրինակ, մի քանի արդյունաբերական կապիտալիստներ ընկերանում են մի ձեռնարկություն վարելու համար և հետո շահույթը բաշխում են միմյանց միջև՝ իրավաբանորեն հաստատված պայմանագրի համաձայն։ Մյուսներն իրենց ձեռնարկությունը վարում են իրենք իրենց, առանց ընկերակիցների։ Այս վերջիններս իրենց շահույթը երկու կատեգորիայի տակ չեն հաշվում, մի մասը՝ իբրև անհատական, շահույթ, մյուսը՝ իբրև ընկերական շահույթ՝ գոյություն չունեցող համընկերների համար։ Ուրեմն այստեղ քանակային տրոհումը չի փոխարկվում որակայինի։ Տրոհումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սեփականատերը պատահաբար կազմված է իրավական մի քանի անձերից, երբ այս հանգամանքը բացակայում է, տրոհում չի կատարվում։
Հարցին պատասխանելու համար մենք պետք է դեռ մի քիչ ավելի երկար կանգ առնենք տոկոսի գոյացման իրական ելակետի վրա, այն է՝ պետք է ելակետ ընդունենք այն ենթադրությունը, թե փողային կապիտալիստն ու արտադրողական կապիտալիստն իսկապես միմյանց հանդիպակայում են ոչ միայն իբրև իրավաբանորեն տարբեր անձեր, այլ և իբրև այնպիսի անձեր, որոնք բոլորովին տարբեր դերեր են խաղում վերարտադրության պրոցեսում, և կամ որոնց ձեռքում միևնույն կապիտալն իրոք մի երկակի ու լիովին տարբեր շարժում է կատարում։ Մեկը միմիայն փոխատրում է իր կապիտալը, մյուսը՝ արտադրողաբար կիրառում այն։
Արտադրողական կապիտալիստի համար, որը փոխ առած կապիտալով է գործում, համախառն շահույթը տրոհվում է երկու մասի — տոկոս, որ նա պետք է վճարի վարկատուին, ու տոկոսից վեր հավելույթ, որը կազմում է շահույթի նրա սեփական բաժինը։ Եթե շահույթի ընդհանրական նորման տրված է, ապա այս վերջին մասը որոշվում է տոկոսադրույքով. եթե տրված է տոկոսադրույքը, ապա այն որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով։ Այնուհետև. համախառն շահույթը, ամբողջ շահույթի արժեքի իրական մեծությունը, ամեն մի առանձին դեպքում ինչպես էլ որ շեղվելիս լինի միջին շահույթից, այնուամենայնիվ նրա այն մասը, որ գործող կապիտալիստին է պատկանում, որոշվում է տոկոսի միջոցով, որովհետև սա (մի կողմ թողած իրավաբանական առանձին պայմանադրությունները) սևեռացվում է ընդհանրական տոկոսադրույքի միջոցով և ենթադրվում է առաջուց տրված՝ նախքան արտադրության պրոցեսի սկսվելը, նախքան սրա հետևանքի, համախառն շահույթի ստացվելը։ Ինչպես տեսանք, կապիտալի բուն մասնահատուկ արդյունքը հավելյալ արժեքն է, կամ ավելի ստույգ որոշելու դեպքում՝ շահույթն է։ Բայց այն կապիտալիստի համար, որը գործում է փոխառած կապիտալով, այս արդյունքը ոչ թե շահույթն է, այլ շահույթը, մինուս տոկոսը, ուրեմն շահույթի այն մասը, որ նրան մնում է տոկոսը վճարելուց հետո։ Հետևապես շահույթի այս մասը նրան անհրաժեշտորեն պատկերանում է իբրև կապիտալի արդյունք, որչափով որ կապիտալը գործում է. և սա նրա համար հենց այսպիսին է իրոք, որովհետև նա կապիտալի, լոկ իբրև գործող կապիտալի, ներկայացուցիչն է։ Նա կապիտալի անձնավորումն է այն, չավով, որչափով որ կապիտալը գործում է, իսկ սա գործում է այն չափով, որչափով որ շահութաբեր կերպով է ներդրվում արդյունաբերության կամ թե առևտրի մեջ, և որչափով որ այն գործադրող կապիտալիստը նրանով ձեռնարկում է այնպիսի գործառնությունների, որոնք թելադրվում են համապատասխան ձեռնարկաճյուղերի կողմից։ Ի հակադրություն տոկոսի, որը նա պետք է համախառն շահույթից վճարի վարկատուին, շահույթի մնացած, նրան բաժին ընկնող մասն անհրաժեշտորեն ընդունում է ուրեմն արդյունաբերական կամ առևտրային շահույթի ձև, կամ թե՝ գործադրելով մի այնպիսի արտահայտություն, որ պարփակում է այս երկուսն էլ՝ ընդունում է ձեռնարկուային եկամտի ձև։ Եթե համախառն շահույթը հավասար է միջին շահույթին, ապա այս ձեռնարկուային եկամտի մեծությունը որոշվում է բացառապես տոկուսադրույքով։ Եթե համախառն շահույթը շեղվում է միջին շահույթից, ապա նրա ու միջին շահույթի միջև (երկու կողմից էլ տոկոսը հանելուց հետո) եղած տարբերությունը որոշվում է այն բոլոր կոնյունկտուրաներով, որոնք մի ժամանակավոր շեղում են պատճառում, ուզում է՝ այս լինի արտադրության մի առանձին ոլորտում եղած շահույթի նորմայի շեղում շահույթի ընդհանրական նորմայից, կամ թե մի որոշ ոլորտում մի անհատ կապիտալիստի ձեռք բերած շահույթի շեղում այս առանձին ոլորտի միջին շահույթից։ Բայց, ինչպես տեսանք, շահույթի նորման, բուն իսկ արտադրության պրոցեսի մեջ, կախված է ոչ միայն հավելյալ արժեքից, այլև ուրիշ շատ հանգամանքներից.— արտադրամիջոցների առքագներից, միջինից գերազանցող արտադրողական մեթոդներից, հաստատուն կապիտալի տնտեսումից և այլն։ Եվ արտադրության գինը մի կողմ թողած՝ հատուկ կոնյունկտուրաներից ու ամեն մի առանձին գործարք կնքելիս կապիտալիստի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ճարպկությունից ու ժրությունից է կախված այն , թե արդյոք ու որչափով է սա արտադրության գնից ավելի բարձր կամ թե ավելի ցածր գնում և կամ ծախում և ուրեմն շրջանառության պրոցեսում ամբողջ հավելյալ արժեքի մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասը յուրացնում։ Բայց համենայն դեպս համախառն շահույթի քանակային տրոհումն այստեղ փոխարկվում է մի որակային տրոհման, և այս մանավանդ այն պատճառով, որ քանակային տրոհումն ինքը կախված է նրանից, թե ինչը պետք է բաժանել, թե գործուն կապիտալիստն ինչպես է տնտեսագործում կապիտալով և թե սա նրան ինչպիսի համախառն շահույթ է տալիս, իբրև գործող կապիտալ, այսինքն կապիտալիստի, իբրև գործուն կապիտալիստի ֆունկցիաների հետևանքով է գործող կապիտալիստն այստեղ իբրև, կապիտալի ոչ-սեփականատեր է ենթադրվում կապիտալի սեփականությունը նրա հանդեպ ներկայանում է հանձին վարկատուի, փողային կապիտալիստի։ Այսպիսով ուրեմն, այն տոկոսը, որ վճարում է սրան գործուն կապիտալիստը, հանդես է գալիս իբրև համախառն շահույթի այն մասը, որ բաժին է ընկնում կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությանն իբրև այսպիսուն։ Սրան ի հակադրություն՝ շահույթի այն մասը, որ գործուն կապիտալիստին է բաժին ընկնում, հիմա ներկայանում է իբրև ձեռնարկուային եկամուտ, որը ծագում է բացառապես այն գործառնություններից կամ ֆունկցիաներից, որ նա կապիտալի միջոցով իրագործում է վերարտադրության պրոցեսում, ուրեմն հատկապես այն ֆունկցիաներից, որ նա կատարում է իբրև արդյունաբերության կամ առևտրի մեջ գործող ձեռնարկու։ Հետևաբար նրա հանդեպ տոկոսը ներկայանում է իբրև սոսկական պտուղ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, պտուղ ըստինքյան կապիտալի, որն անջատված, վերացականված [abstrahiert] կապիտալի վերարտադրության պրոցեսից, ուրեմն ներկայանում է իբրև կապիտալի պտուղ, որչափով որ սա չի «աշխատում», չի գործում. այնինչ ձեռնարկուային եկամուտը նրան ներկայանում է իբրև բացառիկ պտուղ այն ֆունկցիաների, որ նա կատարում է կապիտալով, իբրև պտուղ կապիտալի շարժման, իբրև հետևանք այն պարագայի, որ կապիտալը մի որոշ պրոցես է վերապրում, մի պրոցես, որը հիմա նրան ներկայանում է իբրև իր սեփական գործունեություն՝ ի հակադրություն փողային կապիտալիստի, որը չի գործում ու չի մասնակցում արտադրության պրոցեսին։ Համախառն շահույթի երկու մասի այս որակային անջատումն այն իմ աստով, որ տոկոսը պտուղ է ըստինքյան կապիտալի, պտուղ է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, վերցրած արտադրության պրոցեսից անկախ, իսկ ձեռնարկուային եկամուտը պտուղ է որոշ պրոցես կատարող, արտադրության պրոցեսում գործող կապիտալի, ուստի և պտուղ է այն գործուն դերի, որ արտադրության պրոցեսում խաղում է կապիտալ գործադրողը,— այս որակային անջատումը մի դեպքում փողային կապիտալիստի ու մյուս դեպքում արդյունաբերական կապիտալիստի լոկ սուբեկտիվ ըմբռնումը չի ամենևին։ Այս անջատումը հիմնվում է օբեկտիվ իրողության վրա, որովհետև տոկոսն առհոսում է փողային կապիտալիստի, վարկատուի մոտ, որը կապիտալի սոսկ սեփականատերն է, ուրեմն սոսկ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության ներկայացուցիչն է արտադրության պրոցեսից առաջ ու արտադրության պրոցեսից դուրս, այնինչ ձեռնարկուային եկամուտը առհոսում է սոսկ գործող կապիտալիստի մոտ, որը կապիտալի սեփականատեր չէ։
Սրանով թե արդյունաբերական, կապիտալիստի համար, որչափով որ սա փոխառած կապիտալով է աշխատում, ու թե փողային կապիտալիստի համար, որչափով որ սա ինքը չի կիրառում իր կապիտալը,— համախառն շահույթի սոսկ քանակային բաժանումը երկու տարբեր անձի միջև, որոնք երկուսն էլ տարբեր իրավաբանական տիտղոսներ ունեն միևնույն կապիտալի և ուրեմն սրա արտադրած շահույթի վերաբերմամբ, այդ քանակային բաժանումը որակային բաժանման է փոխարկվում։ Շահույթի մի մասը հիմա ներկայանում է տոկոսի ձևով, որպես կապիտալի ինքնըստինքյան հասանելի պտուղ, որը պայմանավորված է կապիտալի մի որոշումով. մյուս մասը հանդես է գալիս ձեռնարկուային եկամտի ձևով, որպես կապիտալի մասնահատուկ պտուղ, որը պայմանավորված է նրա մի հակադիր որոշումով. մեկը՝ իբրև կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության սոսկական պտուղ, մյուսը իբրև կապիտալով սոսկ գործելու պտուղ, իբրև մի որոշ պրոցես կատարող, կապիտալի պտուղ, կամ թե իբրև այն ֆունկցիաների պտուղ, որ գործուն կապիտալիստն է կատարում։ Եվ համախառն շահույթի երկու մասի այս ոսկրացումն ու փոխադարձ անջատումը մի այնպիսի ձևով, որ կարծես թե նրանք երկու էապես տարբեր աղբյուրից առաջ եկած լինեին, հիմա պետք է ամրակայվի կապիտալիստների ամբողջ դասակարգի ու ամբողջ կապիտալի համար։ Եվ այստեղ նշանակություն էլ չունի, արդյոք գործուն կապիտալիստի բանեցրած կապիտալը փոխառա՞ծ է, թե՞ ոչ, և կամ արդյոք փողային կապիտալիստին պատկանող կապիտալը ի՞նքն է գործածում, թե՞ ոչ։ Ամեն մի կապիտալից ստացվող շահույթը, ուրեմն և միջին շահույթը, որը հիմնվում է կապիտալների միջև կատարվող հավասարեցման վրա, բեկվում է կամ տրոհվում երկու որակապես տարբեր, միմյանց նկատմամբ ինքնուրույն ու միմյանցից անկախ մասերի, տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, որոնցից յուրաքանչյուրը որոշվում է հատուկ օրենքներով։ Այն կապիտալիստը, որն աշխատում է սեփական կապիտալով, ճիշտ նույն կերպ, ինչպես և նա, որ փոխառած կապիտալով է գործ անում, իր համախառն շահույթը բաժանում է տոկոսի, որը նրան հասնում է իբրև կապիտալի սեփականատիրոջ, իբրև ինքն իրեն կապիտալ վարկատրողի, ու ձեռնարկուային եկամտի, որը նրան բաժին է ընկնում իբրև ակտիվ, գործող կապիտալիստի։ Այսպիսով ուրեմն որակային բնույթ կրող այս բաժանման համար նշանակություն չունի, թե արդյոք կապիտալիստը պետք է մի ուրիշին իրո՞ք բաժին հանի, թե՞ ոչ։ Կապիտալ գործադրողը, նույնիսկ երբ սեփական կապիտալով է աշխատում տրոհվում է երկու անձի — կապիտալի սոսկական սեփականատիրոջ ու կապիտալը գործադրողի, ինքը, նրա կապիտալը, շահույթի այն կատեգորիաների նկատմամբ, որ նա բերում է, տրոհվում է սեփականություն ներկայացնող կապիտալի, արտադրության պրոցեսից դուրս գտնվող կապիտալի, որն ըստինքյան տոկոս է բերում, ու արտադրության մեջ եղող կապիտալի, որն իբրև պրոցես կատարող կապիտալ՝ ձեռնարկուային եկամուտ է բերում։
Հետևաբար տոկոսն այնպես է ամրակայվում, որ նա հիմա հանդես է գալիս ոչ իբրև համախառն շահույթի մի բաժանում, որն արտադրության համար որևէ նշանակություն չի ներկայացնում և որը տեղի է ունենում դիպվածաբար այն ժամանակ միայն, երբ արդյունաբերողն օտարի կապիտալով է աշխատում։ Նրա շահույթը տոկոսի ու ձեռնարկուային եկամտի է տրոհվում նույնիսկ այն ժամանակ, երբ նա իր սեփական կապիտալով է աշխատում։ Հենց սրանով էլ սոսկ քանակային բաժանումը փոխարկվում է որակայինի. այս տեղի է ունենում անկախ այն պատահական հանգամանքից, թե արդյունաբերողն իր կապիտալի սեփականատե՞րն է արդյոք, թե ոչ-սեփականատերը։ Տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը ոչ թե շահույթի մասեր են միայն, որոնք բաշխված են տարբեր անձերի միջև, այլ շահույթի երկու տարբեր կատեգորիա, որոնք տարբեր հարաբերություն ունեն կապիտալի նկատմամբ, ուրեմն յուրաքանչյուրը մի հատուկ հարաբերություն ունի կապիտալի որոշակի տարբեր ձևերի նկատմամբ։
Հիմա շատ պարզ երևան են գալիս այն հիմունքները, որոնց շնորհիվ համախառն շահույթի այս տրոհումը տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, երբ այս տրոհումն արդեն որակային է դարձել, որակային բաժանման այս բնույթը պահպանում է ամբողջ կապիտալի ու կապիտալիստների ամբողջ դասակարգի համար։
Առաջին՝ այս հետևում է այն հասարակ էմպիրիկ հանգամանքից արդեն, որ արդյունաբերական կապիտալիստների մեծամասնությունը, թեկուզ թվական տարբեր հարաբերությամբ, թե սեփական և թե փոխառած կապիտալով է աշխատում, և որ սեփական ու փոխառած կապիտալի միջև եղած հարաբերությունը փոխվում է տարբեր ժամանակաշրջաններում։
Երկրորդ՝ այն հանգամանքը, որ համախառն շահույթի մի մասը տոկոսի ձև է ընդունում, և սրա հետևանքով նրա մյուս մասը փոխարկվում է ձեռնարկուային եկամտի։ Իրապես այս վերջինս լոկ այն հակադիր ձևն է, որ ընդունում է համախառն շահույթի տոկոսից վեր մնացած հավելույթը, երբ տոկոսն արդեն գոյություն ունի իբրև հատուկ կատեգորիա։ Հարցի այս ամբողջ հետազոտությունը, թե համախառն շահույթն ինչպես է վերածվում տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, պարզապես հանգում է այն հարցի հետազոտությանը, թե ընդհանրապես համախառն շահույթի մի մասն ինչ կերպ է ոսկրանում և ինքնուրույնանում իբրև տոկոս։ Բայց տոկոսաբեր կապիտալն իբրև մի պատրաստի, ավանդված ձև, ուրեմն և տոկոսն իբրև կապիտալի արտադրած հավելյալ արժեքի պատրաստի ենթաձև պատմականորեն շատ ավելի առաջ գոյություն ունի, քան երևան են եկել արտադրության կապիտալիստական եղանակը և կապիտալի ու շահույթի նկատմամբ այդ եղանակին համապատասխանող պատկերացումները։ Ահա ինչու դեռ մինչև հիմա էլ ժողովրդի պատկերացմամբ հենց փողային կապիտալը, տոկոսաբեր կապիտալն է կապիտալ որպես այսպիսին, որպես par excellence [գերազանցորեն] կապիտալ։ Այստեղից էլ մյուս կողմից առաջ է եկել մինչև Մեսսիի ժամանակը գերիշխող այն պատկերացումը, թե հենց փողին, իբրև այսպիսուն է, որ տոկոս է վճարվում։ Այն պարագան, որ փոխ տրված կապիտալը տոկոս է բերում, անկախ նրանից, իսկապե՞ս գործադրվում է իբրև կապիտալ, թե՞ ոչ — նույնիսկ երբ փոխ է առնվում լոկ սպառման նպատակով — ամրապնդում է այն պատկերացումը, թե կապիտալի այս ձևը մի ինքնուրույն ձև է։ Ամենալավ ապացույցն այն ինքնուրույնության, որով արտադրության կապիտալիստական եղանակի առաջին ժամանակաշրջաններում տոկոսը հանդես է գալիս շահույթի դիմաց և տոկոսաբեր կապիտալը՝ արդյունաբերական կապիտալի դիմաց, այն է, որ 18-րդ դարի մեջերքում միայն (Մեսսիի և այնուհետև Յումի կողմից) հայտնագործվեց այն իրողությունը, որ տոկոսը համախառն շահույթի մի սոսկական մասն է, և որ ընդհանրապես կարիք կար մի այսպիսի հայտնագործություն անելու։
Երրորդ՝ արդյունաբերական կապիտալիստն արդյոք սեփակա՞ն, թե՞ փոխառած կապիտալով է աշխատում, միևնույն է, սրա հետևանքով ամենևին չի փոխվում այն հանգամանքը, որ հիշյալ կապիտալիստին հանդիպակայում է փողային կապիտալիստների դասակարգն իբրև կապիտալիստների մի առանձին տեսակ, փողային կապիտալը՝ իբրև կապիտալի մի ինքնուրույն տեսակ և տոկոսը՝ իբրև հավելյալ արժեքի ինքնուրույն ձևը, որ համապատասխանում է այս մասնահատուկ կապիտալին։
Որակապես քննած՝ տոկոսն այն հավելյալ արժեքն է, որ տալիս է կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականությունը, որ տալիս է կապիտալն ըստինքյան, թեև սրա սեփականատերը մնում է վերարտադրության պրոցեսից դուրս կանգնած, ուրեմն այն հավելյալ արժեքն է, որ տալիս է կապիտալն իր պրոցեսից մեկուսացած վիճակում։
Քանակապես քննած՝ շահույթի այն մասը, որ կազմում է տոկոսը, ներկայանում է այնպես, որ իբր կապված է ոչ թե արդյունաբերական կամ թե առևտրային կապիտալի, իբրև այսպիսու հետ, այլ փողային կապիտալի հետ, և հավելյալ արժեքի այս մասի նորման, տոկոսի նորման կամ տոկոսադրույքն ամրակայում է այս հարաբերությունը։ Որովհետև նախ՝ տոկոսադրույքը — չնայած իր կախումին շահույթի ընդհանրական նորմայից — որոշվում է ինքնուրույնորեն, և երկրորդ՝ նա, շահույթի խուսափուկ նորմայի հակառակ, ապրանքների շուկայագնի նման բոլոր փոփոխությունների ժամանակ հանդես է գալիս իբրև կայուն, միակերպ, շոշափելի ու միշտ տրված հարաբերություն։ Եթե ամբողջ կապիտալը գտնվեր արդյունաբերական կապիտալիստների ձեռքին, ապա ոչ տոկոս կլիներ ու ոչ էլ տոկոսադրույք։ Այն ինքնուրույն ձևը, որ ընդունում է համախառն շահույթի քանակային բաժանումը, առաջ է բերում որակային բաժանում։ Եթե արդյունաբերական կապիտալիստին համեմատում ենք փողային կապիտալիստի հետ, ապա նրան սրանից զանազանողը ձեռնարկուային եկամուտն է միայն, իբրև համախառն շահույթի միջին տոկոսից վեր մնացող հավելույթ, որը տոկոսադրույքի գոյության շնորհիվ հանդես է գալիս իբրև գործնականապես տրված մեծություն։ Եթե արդյունաբերական կապիտալիստը մյուս կողմից համեմատվում է այն արդյունաբերական կապիտալիստի հետ, որը փոխառած կապիտալի տեղակ գործում է սեփական կապիտալով, ապա սա նրանից տարբերվում է լոկ իբրև փողային կապիտալիստ, որովհետև տոկոսն ինքն է գրպանում փոխանակ ուրիշին վճարելու։ Երկու դեպքում էլ համախառն շահույթի տոկոսից տարբերվող մասը նրան ներկայանում է իբրև ձեռնարկուային եկամուտ, իսկ ինքը տոկոսը՝ իբրև մի այնպիսի հավելյալ արժեք, որ տալիս է կապիտալն ինքնըստինքյան ու որը հետևաբար կապիտալը կտար նաև առանց արտադրողական գործադրման։
Առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս ճիշտ է գործնականորեն։ Նրա ընտրությունից է կախված, թե արդյոք իր կապիտալն իբրև տոկոսաբեր կապիտալ կվարկատրվի՞, թե՞ այն իբրև արտադրողական կապիտալ գործադրելով, հենց ինքը կբարձրացնի նրա արժեքը, անկախ նրանից, թե նրա կապիտալն արդեն իր ելակետում որպես փողային կապիտալ գոյություն ունի, թե դեռ պետք է փոխարկվի փողային կապիտալի։ Սակայն ընդհանուր առմամբ վերցրած լինելով, այսինքն հասարակության, ամբողջ կապիտալի վերաբերմամբ կիրառելու դեպքում, ինչպես այս անում են գռեհիկ տնտեսագետներից ոմանք՝ ներկայացնելով այն նույնիսկ իբրև շահույթի հիմունք, այս դրույքն, իհարկե, մի անհեթեթություն է։ Ամբողջ կապիտալի փոխարկումը փողային կապիտալի, առանց այն մարդկանց մասնակցության, որոնք արժեքը մեծացնելու նպատակով գնում են արտադրամիջոցները, արտադրամիջոցներ, որոնց ձևով է առկա լինում ամբողջ կապիտալը, չհաշված սրա այն հարաբերաբար փոքր մասը, որը գոյություն է ունենում իբրև փող — այս անշուշտ անմտություն է։ Էլ ավելի մեծ անմտություն է պարփակվում այն ենթադրության մեջ, թե արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա կապիտալը տոկոս կբերեր, չգործելով որպես արտադրողական կապիտալ, այսինքն չստեղծելով հավելյալ արժեք, որի լոկ մի մասն է տոկոսը. անմտություն է ենթադրել, թե արտադրության կապիտալիստական եղանակն ընդունակ կլիներ իր պրոցեսը կատարելու՝ առանց կապիտալիստական արտադրության։ Եթե կապիտալիստների մի անչափ մեծ մասն ուզենար իր կապիտալը փողային կապիտալի վերածել, ապա հետևանքը կլիներ փողային կապիտալի արժե֊քի ու տոկոսադրուլյքի ահռելի անկումը. շատերի համար իսկույն անկարելի կդառնար իրենց տոկոսներով ապրելը, և հետևաբար նրանք ստիպված կլինեին նորից արդյունաբերական կապիտալիստների փոխարկվելու։ Բայց, ինչպես ասվեց, առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս իրողություն է։ Ուստի նա, նույնիսկ երբ սեփական կապիտալով է գործում, իր միջին շահույթի այն մասը, որը հավասար է միջին տոկոսին, անհրաժեշտորեն համարում է իր կապիտալի, իբրև այսպիսու, պտուղ, արտադրության պրոցեսից անկախ, և ի հակադրություն այս մասի, որն անջատվել է տոկոսի ձևով, համախառն շահույթի այն հավելույթը, որը մնում է տոկոսից վեր, նա համարում է սոսկ իբրև ձեռնարկուային եկամուտ։
Չորրորդ՝ {Այս կետի շարադրությունը ձեռագրում բացակայում է [— Ֆ. Է.]}։ Ինչպես տեսնում ենք, շահույթի այն մասը, որ գործող կապիտալիստը պետք է վճարի փոխառած կապիտալի սոսկական սեփականատիրոջը, փոխարկվում է շահույթի այն մասի մի ինքնուրույն ձևի, որ ամեն կապիտալ իբրև այսպիսին — փոխառած լինի, կամ թե ոչ — բերում է տոկոս անվան տակ։ Այս մասի մեծությունը կախված է միջին տոկոսադրույքի բարձրությունից։ Նրա ծագումը երևան է գալիս լոկ այն հանգամանքում դեռ, որ գործող կապիտալիստը, որչափով որ սա իր կապիտալի սեփականատերն է, չի մրցում — գոնե չի մրցում ակտիվորեն — տոկոսադրույքը որոշելու պրոցեսում։ Շահույթի զուտ քանակային տրոհումը երկու անձի միջև, որոնք տարբեր իրավաբանական տիտղոսներ ունեն նրա վերաբերմամբ, փոխարկվել է մի որակային բաժանման, որը թվում է, թե ծագում է հենց կապիտալի ու շահույթի բնությունից։ Որովհետև, ինչպես տեսանք, երբ ընդհանրապես շահույթի մի մասը տոկոսի ձև է ընդունում, միջին շահույթի ու տոկոսի միջև եղած տարբերությունը կամ շահույթի այն հավելութային մասը, որ մնում է տոկոսից վեր, փոխարկվում է տոկոսին հակադիր մի ձևի, ձեռնարկուային եկամտի ձևի։ Այս երկու ձևը, տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը գոյություն ունեն իրենց հակադրության մեջ միայն։ Հետևաբար նրանք երկուսն էլ որոշ հարաբերության մեջ են գտնվում ոչ թե հավելյալ արժեքի հետ, որի մասերն են նրանք՝ տարբեր կատեգորիաների, ռուբրիկաների ու անունների տակ սևեռացված լինելով, այլ հարաբերության մեջ են գտնվում միմյանց հետ։ Որովհետև շահույթի մի մասը փոխարկվում է տոկոսի, ապա մյուս մասը հանդես է գալիս իբրև ձեռնարկուային եկամուտ։
Շահույթ ասելով մենք այստեղ միշտ հասկանում ենք միջին շահույթը, որովհետև մեզ համար այստեղ բոլորովին նշանակություն չունեն ինչպես անհատական շահույթի, այնպես էլ արտադրության տարբեր ոլորտներում եղած շահույթի տատանումները, ուրեմն մրցման պայքարի ու այլ հանգամանքների հետ կապված ու տարբեր ուղղություններով կատարվող այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում միջին շահույթի կամ հավելյալ արժեքի բաշխման մեջ։ Այս մեր ասածն իր ուժը պահպանում է ներկա ամբողջ հետազոտության վերաբերմամբ։
Արդ տոկոսը, ինչպես Ռամսեյն է բնորոշում, այն զուտ շահույթն է, որ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունը, իբրև այսպիսին, բերում է մեկին, լինի սա սոսկ վարկատու, որ կանգնած է մնում վերարտադրության պրոցեսից դուրս, թե կապիտալի սեփականատեր, որն ինքն է իր կապիտալն արտադրողաբար բանեցնում։ Բայց այս վերջինին էլ կապիտալը զուտ շահույթ է բերում ոչ որպես գործող կապիտալիստի, այլ որպես փողային կապիտալիստի, որն իր սեփական կապիտալն իբրև տոկոսաբեր կապիտալ վարկատրել է ինքն իրեն՝ որպես գործող կապիտալիստի։ Ինչպես որ փողի և ընդհանրապես արժեքի փոխարկումը կապիտալի արտադրության կապիտալիստական պրոցեսի մշտական հետևանք է, նմանապես էլ նրանց գոյությունը, իբրև կապիտալի գոյություն, նույն պրոցեսի մշտական նախադրյալն է։ Արտադրամիջոցների փոխարկվելու իր ընդունակությամբ փողը մշտապես հրամանատարություն է անում անվճար աշխատանքի վրա, ուստի և ապրանքների արտադրության ու շրջանառության պրոցեսը դարձնում է իր տիրոջ համար հավելյալ արժեքի արտադրություն։ Հետևաբար տոկոսը լոկ արտահայտություն է այն բանի, որ արժեքն ընդհանրապես — առարկայացած աշխատանքն իր ընդհանրական հասարակական ձևով — արժեքը, որն արտադրության իրական պրոցեսում արտադրամիջոցների կերպարանք է ընդունում, իբրև ինքնուրույն իշխանություն հանդիպակայում է կենդանի աշխատանքին ու անվճար աշխատանք յուրացնելու միջոց է ներկայացնում, և որ նա մի այսպիսի իշխանություն է հանդիսանում շնորհիվ այն հանգամանքի, որ բանվորին հանդիպակայում է իբրև ուրիշի սեփականություն։ Սակայն մյուս կողմից՝ տոկոսի ձևում ջնջվում է այս հակադրությունը վարձու աշխատանքի հանդեպ, որովհետև տոկոսաբեր կապիտալն իբրև այսպիսին իր հակադրությունն ունի ոչ թե հանձին վարձու աշխատանքի, այլ հանձին գործող կապիտալի, վարկատրող կապիտալիստն իբրև այսպիսին վերարտադրության պրոցեսում ուղղակի հանդիպակայում է իրապես գործող կապիտալիստին, բայց ոչ վարձու բանվորին, որը հենց կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա է ունեզրկվել իր արտադրամիջոցներից։ Տոկոսաբեր կապիտալը սեփականություն ներկայացող կապիտալ է ընդդեմ ֆունկցիա ներկայացող կապիտալի։ Իսկ քանի դեռ կապիտալը չի գործում, նա բանվորներին չի շահագործում և ոչ մի հակադրության մեջ չի մտնում աշխատանքի նկատմամբ։
Մյուս կողմից՝ ձեռնարկուային եկամուտը ոչ մի հակադրություն ներկայացնում վարձու աշխատանքի նկատմամբ, այլ միմիայն տոկոսի նկատմամբ։
Առաջին՝ միջին շահույթն իբրև տրված ենթադրելով՝ ձեռնարկուային եկամտի նորման որոշվում է ոչ թե աշխատավարձով, այլ տոկոսադրույքով։ Այս նորմայի բարձր թե ցածր մակարդակը հակառակ հարաբերական է տոկոսադրույքի նկատմամբ[19]։
Երկրորդ՝ գործող կապիտալիստը ձեռնարկուային եկամտի վերաբերմամբ իր պահանջահիմքը, ուրեմն հենց ձեռնարկուային եկամուտն էլ բխեցնում է ոչ թե կապիտալի նկատմամբ իր ունեցած սեփականությունից, այլ կապիտալի ֆունկցիայից՝ ի հարկադրություն այն որոշակի ձևի, որով կապիտալը գոյություն է ունենում լոկ իբրև անգործուն սեփականություն։ Այս երևան է գալիս իբրև անմիջաբար առկա հակադրություն, հենց որ կապիտալիստը գործառում է փոխ առած կապիտալով, երբ ուրեմն տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը բաժին են ընկնում երկու տարբեր անձի։ Ձեռնարկուային շահույթն առաջ է գալիս կապիտալի ֆունկցիայից վերարտադրության պրոցեսում, ուրեմն այն ակտերի, այն գործունեության հետևանքով, որով արդյունաբերական ու առևտրային կապիտալի այս ֆունկցիաներն սպասավորում է գործող կապիտալիստը։ Բայց գործող կապիտալի ներկայացուցիչ լինելը սինեկուրա [ֆիկտիվ, բայց բարձր վարձատրվող պաշտոն] չի, ինչպես որ սինեկուրա է տոկոսաբեր կապիտալի ներկայացուցիչ լինելը։ Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա կապիտալիստը կառավարում է արտադրության պրոցեսը, ինչպես և շրջանառության պրոցեսը։ Արտադրողական աշխատանքի շահագործումը ճիգ ու ջանք է նստում, ուզում է՝ նա ինքն այս կատարի, թե ուրիշին կատարել տա իր անունով, միևնույն է։ Ուստի ի հակադրություն տոկոսի՝ ձեռնարկուային եկամուտը նրան պատկերանում է իբրև կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից անկախ մի բան, ավելի շուտ՝ իր իբրև ոչ-սեփականտաիրոջ, իբրև բանվորի ֆունկցիայի հետևանք։
Այս պատճառով նրա գլխում անհրաժեշտորեն զարգանում է այն պատկերացումը, թե իր ձեռնարկուային եկամուտը ոչ միայն վարձու աշխատանքի նկատմամբ որևէ հակադրություն չի կազմում, ոչ միայն ուրիշի լոկ անվճար աշխատանք չի ներկայացնում, այլ ընդհակառակը հենց ինքն աշխատավարձ, հսկման վարձ է, wages of superintendence of labour, ավելի բարձր վարձ, քան սովորական վարձու բանվորինն է, 1) որովհետև իր աշխատանքն ավել բարդ աշխատանք է, 2) որովհետև նա ինքն է իրեն աշխատավարձ վճարում։ Որ իր, իբրև կապիտալիստի, ֆունկցիան հավելյալ արժեք, այսինքն անվճար աշխատանք արտադրելն է ու այն էլ ամենատնտեսող պայմաններում,— այս լիովին մոռացվում է շնորհիվ այն հակադրության, որ տոկոսը բաժին է ընկնում կապիտալիստին, նույնիսկ երբ նա ոչ մի ֆունկցիա չի կատարում իբրև կապիտալիստ, այլ կապիտալի սոսկ սեփականատերն է, և որ, ընդհակառակը, ձեռնարկուային եկամուտը բաժին է ընկնում գործող կապիտալիստին, թեև նա սեփականատեր չէ այն կապիտալի, որով ինքը գործ է անում։ Այն երկու մասի հակադիր ձևի շնորհիվ, որին տրոհվում է շահույթը, ուրեմն հավելյալ արժեքը, մոռացվում է, որ երկուսն էլ հավելյալ արժեքի սոսկական մասեր են, և որ հավելյալ արժեքի տրոհումն ամենևին չի կարող փոխել նրա բնությունը, նրա ծագումն ու նրա գոյության պայմանները։
Գործող կապիտալիստը վերարտադրության պրոցեսում հանդես է գալիս վարձու բանվորների հանդեպ իբրև ուրիշի սեփականություն կազմող կապիտալի ներկայացուցիչ և փողային կապիտալիստը, ներկայացված լինելով գործող կապիտալիստի կողմից, մասնակցում է աշխատանքի շահագործմանը։ Որ գործուն կապիտալիստն ընդդեմ բանվորների լոկ իբրև արտադրամիջոցների ներկայացուցիչ կարող է կատարել իր ֆունկցիան՝ բանվորներին իր համար աշխատեցնելու կամ արտադրամիջոցներն իբրև կապիտալ գործադրելու ֆունկցիան,— այս մոռացվում է այն հակադրության շնորհիվ, որ գոյություն ունի վերարտադրության պրոցեսում գործող կապիտալի ֆունկցիայի և վերարտադրության պրոցեսից դուրս գտնվող՝ կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականության միջև։
Իրապես այն ձևի մեջ, որ շահույթի, այսինքն հավելյալ արժեքի երկու մասն ընդունում են իբրև տոկոս ու ձեռնարկուային եկամուտ, աշխատանքի նկատմամբ ոչ մի հարաբերություն չի արտահայտվում, որովհետև այս հարաբերությունը գոյություն ունի լոկ նրա ու շահույթի կամ թե, ավելի շուտ, հավելյալ արժեքի միջև, հավելյալ արժեքի, իբրև այս երկու մասի գումարի, ամբողջության, նրանց միասնության։ Այն համամասնությունը, որով բաժանվում է շահույթը, ու այն տարբեր իրավաբանական տիտղոսները, որոնց համեմատ կատարվում է այս բաժանումը, ենթադրում են շահույթն իբրև պատրաստի, ենթադրում են նրա առկայությունը։ Ուստի եթե կապիտալիստը սեփականատեր է այն կապիտալի, որով գործ է անում, ապա նա յուրացնում է ամբողջ շահույթը կամ հավելյալ արժեքը. բանվորի համար բոլորովին նշանակություն չունի, արդյոք կապիտալիստն այսպես է վարվում թե՞ շահույթի մի մասը պիտի վճարի մի երրորդ անձի, իբրև իրավաբանական սեփականատիրոջ։ Այսպիսով ուրեմն, այն հիմունքները, որոնց համաձայն շահույթը բաժանվում է երկու տեսակի կապիտալիստների միջև, աննկատելի կերպով փոխարկվում են այն բաժանելի շահույթի, այն հավելյալ արժեքի գոյության հիմունքների, որ կապիտալն իբրև այսպիսին, հետագա ամեն բաժանումից անկախ, դուրս է կորզում վերարտադրության պրոցեսից։ Եթե տոկոսը հակադրվում է ձեռնարկուային եկամտին և ձեռնարկուային եկամուտը՝ տոկոսին, եթե սրանք երկուսն էլ հակադրվում են միմյանց, բայց ոչ թե աշխատանքին, ապա սրանից հետևում է, որ ձեռնարկուային եկամուտը, պլյուս տոկոսը, այսինքն շահույթը, վերջիվերջո հավելյալ արժեքը, ինչի՞ վրա են հիմնվում։ — Նրա երկու մասի հակադիր ձևի վրա։ Բայց շահույթն արտադրվում է նախքան այս բաժանումը կկատարվի, նախքան այս բաժանման մասին կարող է խոսք լինել։
Տոկոսաբեր կապիտալը հարատևում է իբրև այսպիսին լոկ այն չափով, որչափով որ վարկատրված փողն իրոք փոխարկվում է կապիտալի, և արտադրվում է մի հավելույթ, որի մի մասն է տոկոսը։ Սակայն այս չի բացառում այն, որ տոկոսաբերությունն իբրև հատկություն սերտորեն աճված լինի նրա հետ, արտադրության պրոցեսից անկախ։ Չէ՞ որ բանվորական ուժն էլ իր արժեստեղծ զորությունը երևան է հանում այն ժամանակ միայն, երբ նա աշխատանքի պրոցեսում գործում է և իրանում. բայց այս չի բացառում, որ նա ըստինքյան, պոտենցիալ կերպով, իբրև ունակություն, արժեստեղծ գործունեություն լինի և որ իբրև այսպիսին ոչ թե նախ պրոցեսից ծագի, այլ, ընդհակառակը, նրա նախադրյալը լինի։ Աշխատույժը գնվում է իբրև արժեք ստեղծելու ունակություն։ Մեկը կարող է այս գնել առանց արտադրողաբար այն բանեցնելու, օրինակ, զուտ անձնական նպատակների, սպասավորման և այլոց համար։ Նույնն է նաև կապիտալի վերաբերմամբ։ Փոխառուի գործն է, թե նա արդյոք այս կոգտագործի՞ իբրև կապիտալ, ուրեմն հավելյալ արժեք արտադրելու նրա ներունակ հատկությունը գործի կդնի՞ իրոք։ Երկու դեպքում էլ նա վճարում է հավելյալ արժեքի համար, որն, ըստինքյան, հնարավորության մեջ, պարունակվում է իբրև ապրանք երևան եկող կապիտալի մեջ։
Հիմա մենք ավելի հանգամանորեն կանգ առնենք ձեռնարկուային եկամտի վրա։
Այն միջոցին, երբ արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում սևեռացվում է կապիտալի հասարակական մասնահատուկ որոշվածության մոմենտը — կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունը, որն ուրիշների աշխատանքի վրա հրամանատարություն անելու հատկություն ունի — ուստի և տոկոսը հանդես է գալիս իբրև հավելյալ արժեքի մի մասը, հավելյալ արժեքի, որ կապիտալն արտադրում է այս առնչությամբ, այդ միջոցին հավելյալ արժեքի մյուս մասը — ձեռնարկուային եկամուտը — անհրաժեշտորեն հանդես է գալիս այն կերպարանքով, որ իբր նա ծագում է ոչ թե իբրև կապիտալ գործող կապիտալից, այլ արտադրության պրոցեսից, անկախ սրա հասարակական մասնահատուկ որոշվածությունից, որը կապիտալին բաժին ընկնող տոկոսի արտահայտության մեջ արդեն իր գոյության մի առանձնահատուկ եղանակ է ձեռք բերել։ Բայց արտադրության պրոցեսը, կապիտալից անջատված, աշխատանքի պրոցես է ընդհանրապես։ Ուստի արդյունաբերական կապիտալիստը ի տարբերություն կապիտալի սեփականատիրոջից, հանդես է գալիս ոչ թե իբրև գործող կապիտալ, այլ իբրև գործակատար, կապիտալից անկախ, իբրև ընդհանրապես աշխատանքի պրոցեսի սոսկական կրիչ, իբրև բանվոր ու այն էլ իբրև վարձու բանվոր։
Տոկոսն ըստինքյան արտահայտում է աշխատապայմանների գոյությունն իբրև կապիտալի գոյություն՝ աշխատանքի նկատմամբ ստեղծված իրենց հասարակական հակադրության մեջ ու իրենց այն փոխակերպման մեջ, որով նրանք անձնական իշխանության են վերածվում ընդդեմ աշխատանքի ու աշխատանքի վրա։ Կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականությունը ներկայացվում է տոկոսի կողմից իբրև ուրիշի աշխատանքի արդյունքները յուրացնելու միջոց։ Բայց տոկոսը ներկայացնում է կապիտալի այս բնորոշ հատկությունն իբրև մի այնպիսի բան, որը նրան պատկանում է արտադրության պրոցեսից անկախ և որն արտադրության այս իսկ պրոցեսի մասնահատուկ կապիտալիստական որոշվածության հետևանքը չի ամենևին։ Տոկոսը ներկայացնում է կապիտալի այս բնորոշ հատկությունը, ոչ թե այն ուղղակի հակադրելով աշխատանքին, այլ, ընդհակառակը, առանց հարաբերության մեջ դնելու աշխատանքի հետ, լոկ իբրև երկու կապիտալիստի հարաբերություն։ Ուրեմն ներկայացնում է իբրև մի այնպիսի որոշվածություն, որը բուն իսկ աշխատանքի նկատմամբ կապիտալի ունեցած հարաբերության համար արտաքին է և նշանակություն չունի։ Այսպիսով ուրեմն, տոկոսի մեջ, շահույթի այս առանձնահատուկ ձևավորման մեջ, որում կապիտալի հակադիր բնույթը մի ինքնուրույն արտահայտություն է ստանում, նա այս ստանում է այնպես, որ այս հակադրությունը լիովին ջնջվում է նրա մեջ, և նրա նկատմամբ կատարյալ վերացականացում է տեղի ունենում։ Տոկոսը մի հարաբերություն է երկու կապիտալիստի միջև, և ոչ թե կապիտալիստի ու բանվորի միջև։
Մյուս կողմից՝ տոկոսի այս ձևը շահույթի մյուս մասին տալիս է ձեռնարկուային եկամտի, այնուհետև հսկման վարձի որակային ձևը։ Այն հատուկ ֆունկցիաները, որ պետք է կատարի կապիտալիստն իբրև այսպիսին, և որոնք բաժին են ընկնում կապիտալիստին՝ նրան ուղղակի տարբերելով բանվորներից ու հակադրելով բանվորներին, ներկայացվում են սոսկ իբրև աշխատանքի ֆունկցիաներ։ Այսինքն նա հավելյալ արժեք է ստեղծում ոչ այն պատճառով, որ իբրև կապիտալիստ է աշխատում, այլ այն պատճառով, որ նա,— մի կողմ թողած նրա կապիտալիստ լինելու հատկությունը,— նույնպես աշխատում է։ Հետևաբար հավելյալ արժեքի այս մասը հավելյալ արժեք էլ չի ամենևին, այլ նրա հակադրությունն է, կատարված աշխատանքի մի էկվիվալենտ։ Որովհետև կապիտալի տարանջատ բնույթը, աշխատանքի նկատմամբ ունեցած նրա հակադրությունը փոխադրվում է շահագործման իրական պրոցեսից այն կողմը, այն է՝ փոխադրվում է տոկոսաբեր կապիտալի մեջ, ուստի ինքը շահագործման այս պրոցեսը ներկայանում է իբրև աշխատանքի սոսկական պրոցես, որտեղ գործող կապիտալիստն աշխատում է, միայն թե այլ աշխատանք է կատարում, քան բանվորը։ Այնպես որ շահագործման աշխատանքն ու շահագործվող աշխատանքը, երկուսն էլ իբրև աշխատանք, նույնն են։ Շահագործման աշխատանքն աշխատանք է ճիշտ այնպես, ինչպես և այն աշխատանքը, որը շահագործվում է։ Տոկոսին վիճակվում է ընդունել կապիտալի հասարակական ձևը, բայց մի չեզոք ու անտարբեր եղանակով արտահայտված ձեռնարկուային եկամտին վիճակվում է ստանձնել կապիտալի տնտեսական ֆունկցիան, բայց այս ֆունկցիայի որոշ, կապիտալիստական բնույթից վերացականացված ձևով։
Կապիտալիստի գիտակցության մեջ այստեղ բոլորովին նույնն է կատարվում, ինչ որ կատարվում է փոխհատուցման հիմունքների դեպքում՝ շահույթը միջին շահույթի հավասարեցնելու առնչությամբ, ինչպես այդ նշված է այս գրքի II բաժնում [գլ. 12, § 3]։ Փոխհատուցման այս հիմունքները, որոնք որոշիչ ներգործություն ունեն հավելյալ արժեքի բաշխման վրա, պատկերացման կապիտալիստական եղանակի շնորհիվ փոխարկվում են բուն իսկ շահույթի ծագման հիմունքների ու շահույթի արդարացման (սուբեկտիվ) հիմունքների։
Ձեռնարկուային եկամտի պատկերացումը, որպես հսկման աշխատանքի վարձի պատկերացում, որը ծագում է ձեռնարկուային եկամտի ու տոկոսի հակադրությունից, մի նոր կռվան է գտնում այն հանգամանքի մեջ, որ շահույթի մի մասն իրոք կարող է առանձնացվել իբրև աշխատավարձ և իսկապես էլ առանձնացվում է իբրև այդպիսին, կամ թե ավելի շուտ, ընդհակառակը՝ որ աշխատավարձի մի մասն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա երևան է գալիս իբրև շահույթի անբաժանելի բաղադրամաս։ Այս մասը, ինչպես արդեն Ա. Սմիթն է ճշտորեն հայտնագործել, զուտ կերպարանքով, ինքնուրույնորեն ու ամբողջովին անջատված մի կողմից՝ շահույթից (իբրև տոկոսի ու ձեռնարկուային եկամտի գումարից), մյուս կողմից, շահույթի այն մասից, որը տոկոսը հանելուց հետո մնում է իբրև այսպես կոչված ձեռնարկուային եկամուտ,— հանդես է գալիս իբրև կառավարիչների ռոճիկ այնպիսի ձեռնարկություններում, որոնց ընդարձակ ծավալը և այլն թույլ են տալիս աշխատանքի մի այնպիսի բաժանում մտցնել, որ կառավարչի առանձին աշխատավարձ է սահմանվում։
Վերահսկողության ու ղեկավարման աշխատանքն անհրաժեշտորեն առաջ է գալիս ամենուրեք, որտեղ արտադրության անմիջական պրոցեսը կոմբինացիայի վրա հիմնված հասարակական պրոցեսի բնույթ է կրում, և ոչ թե հանդես է գալիս իբրև ինքնուրույն արտադրողների զատզատված աշխատանք[20]։ Բայց նա երկակի բնույթ ունի։
Մի կողմից՝ այն բոլոր աշխատանքների մեջ, որտեղ համագործում են շատ անհատներ, պրոցեսի ընդհանուր կապն ու միասնությունը ներկայացնող են հանդիսանում մի հրամանատար կամքն ու այն ֆունկցիաները, որոնք վերաբերում են ոչ թե մասնական աշխատանքներին, այլ արհեստանոցի ամբողջ գործունեությանը, ինչպես որ է մի նվագախմբի ղեկավարի դեպքում։ Այս մի արտադրողական աշխատանք է, որը պետք է կատարվի կոմբինացիայի վրա հիմնված արտադրության ամեն մի եղանակի միջոցին։
Մյուս կողմից,— բոլորովին մի կողմ թողած վաճառականական հատվածը,— վերահսկման այս աշխատանքն անհրաժեշտորեն ծագում է արտադրության այն բոլոր եղանակների ժամանակ, որոնք հիմնվում են բանվորների, իբրև անմիջական արտադրողների, ու արտադրամիջոցների սեփականատերերի միջև եղած հակադրության վրա։ Որքան ավելի մեծ է այս հակադրությունը, այնքան ավելի մեծ է այն դերը, որ խաղում է վերահսկման այս աշխատանքը։ Ուստի սա իր մաքսիմումին է հասնում ստրկատիրական սիստեմում[21]։ Բայց նա անհրաժեշտ է արտադրության կապիտալիստական եղանակի մեջ էլ, որովհետև այստեղ արտադրության պրոցեսը կապիտալիստի ձեռքով բանվորական ուժն սպառելու պրոցես է միաժամանակ։ Ճիշտ այնպես, ինչպես որ բռնակալական պետություններում, վերահսկության աշխատանքն ու կառավարության հանրակողմանի միջամտությունն ընդգրկում է երկուսն էլ՝ թե այն ընդհանուր գործերի կատարումը, որոնք բխում են ամեն մի հասարակության բնությունից, ու թե այն մասնահատուկ ֆունկցիաները, որոնք ծագում են կառավարության հակադրությունից ժողովրդական մասսաների նկատմամբ։
Անտիկ հեղինակների մոտ, որոնք ստրկատիրական սիստեմն ունեին իրենց աչքի առջև, վերահսկման աշխատանքի երկու կողմերը, ինչպես այդ տեղի ուներ գործնականում թեորիայում էլ անքակտորեն կապված էին միմյանց հետ։ Նույն երևույթին ենք հանդիպում արդի տնտեսագետների մոտ, որոնք արտադրության կապիտալիստական եղանակն արտադրության բացարձակ եղանակ են համարում։ Մյուս կողմից, ինչպես հիմա ցույց եմ տալու մի օրինակով արդի ստրկատիրական սիստեմի ջատագովները գիտեն բոլորովին նույն կերպ օգտագործել վերահսկման աշխատանքն իբրև ստրկությունն արդարացնելու հիմունք, ինչպես ուրիշ տնտեսագետները՝ իբրև վարձու աշխատանքի սիստեմն արդարացնելու հիմունք։
Կատոնի ժամանակվա villicus-ը. «Կալվածքի ստրուկներին (familia rustica) գլուխ էր կանգնած կառավարիչը (villicus՝ villa բառից), որն ընդունում էր և բաց թողնում, գնում էր և ծախում, ստանում էր տիրոջից հրահանգներ և նրա բացակայության ժամանակ կարգադրում և պատժում էր... Կառավարիչն, իհարկե, ավելի ազատություն էր վայելում, քան մնացած ստրուկները. Մադոնի գրքերը խորհուրդ են տալիս թուլատրել, որ նա ամուսնանա, գավակներ ծնի և փողի սեփական գումար ունենա, իսկ Կատոնը խորհուրդ է տալիս ամուսնացնել նրան կառավարչուհու հետ. միայն նա կարող էր հուսալ, որ լավ վարքի դեպքում տիրոջից ազատություն կստանա։ Ընդհանրապես բոլորը միասին սպասավորում էին տնտեսությունը, որին նրանք կցված էին... Ամեն մի ստրուկ, ինչպես և ինքը կառավարիչը, որոշ ժամկետներում իր ապրուստն ստանում էր տիրոջ հաշվին՝ հաստատուն դրույքների համաձայն, որով նա մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում... Ապրուստի միջոցների քանակը կարգավորվում էր ըստ աշխատանքի, այս պատճառով էլ, օրինակ, կառավարիչը, որ ավելի հեշտ աշխատանք ուներ, քան ստրուկները, սրանցից ավելի աղքատիկ բաժին էր ստանում» (Mommsen: „Römische Geschichte”, 1856, հ. I, էջ 809—810)։ [Համեմատ. ռուս. հրատ.— Моммзен „История Рима”, 1936, հատ. I, էջ 786—787]։
Արիստոտելը. «Որովհետև տերը» (կապիտալիստը) «դրսևորվում է իբրև այսպիսին ոչ թե ստրուկներ ձեռք բերելում» (ոչ թե կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության մեջ, որն աշխատանք գնելու իշխանություն է տալիս), «այլ ստրուկներին օգտագործելում» (բանվորներին, ներկայումս վարձու բանվորներին, արտադրության պրոցեսում օգտագործելում)։— «Բայց այս գիտության մեջ մեծ ու վսեմ ոչինչ չկա»։— «Նա պետք է իմանա հրամայել այն, ինչ որ ստրուկը կատարել պետք է իմանա»։— «Որտեղ տերերը սրանով իրենց նեղություն տալու անհրաժեշտությունը չունեն, այս պատիվն իր վրա է վերցնում վերակացուն, իսկ նրանք իրենք վարում են պետական գործերը կամ թե փիլիսոփայում են» (Aristoteles, «De Republica», հրատ. Բեկկերի, 1837, գիրք I, գլ. 7)։ [1911 թ. ռուս. հրատ. «Политика Аристотеля», էջ 18]։ Որ տիրապետությունն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառում իշխողների վրա դնում է տիրապետելու ֆունկցիաներ, այսինքն որ տնտեսական բնագավառում ուրեմն, նրանք պետք է իմանան, թե ինչպես պետք է սպառել բանվորական ուժը, Արիստոտելն այս ասում է կտրականորեն և ավելացնում է, որ հսկման այս աշխատանքին մի առանձին նշանակություն չպետք է տալ ամենևին, այս պատճառով էլ տերը, եթե բավական ունևոր է, այս նեղությունը քաշելու «պատիվը» վերակացուին է թողնում։
Ղեկավարման ու վերահսկման աշխատանքը, որչափով որ սա կոմբինացիայի վրա հիմնված հասարակական ամեն մի աշխատանքի բնությունից բխող մի հատուկ ֆունկցիա չի, այլ ծագում է արտադրամիջոցների սեփականատիրոջ ու սոսկ բանվորական ու սեփականատիրոջ միջև եղած հակադրությունից — ուզում է՝ այս բանվորական ուժը գնվելիս լինի բանվորի հետ միասին, ինչպես ստրկատիրական սիստեմումն է, կամ թե բանվորն ինքը ծախելիս լինի իր բանվորական ուժը, ուրեմն և արտադրության պրոցեսը ներկայացնի կապիտալի միջոցով նրա աշխատանքն սպառելու պրոցես, միևնույն է,— անմիջական արտադրողի ստրկացումից ծագող այս ֆունկցիան բավական հաճախ դարձվել է բուն իսկ այս հարաբերության, արդարացման հիմունք, և շահագործումը, ուրիշի անվճար աշխատանքի յուրացումը նույնքան հաճախ ներկայացվել է իբրև կապիտալի սեփականատիրոջը պատշաճորեն հասանելի աշխատավարձ։ Բայց այս երբեք ավելի լավ արտահայտված չի եղել, քան արտահայտվել է Միացյալ Նահանգներում ստրկատիրության մի պաշտպանի՝ Օ’Կոննոր անունով մի փաստաբանի կողմից, 1859 թվականի դեկտ. 19-ին Նյու-Յորքում կայացած մի միտինգում, «Արդարամտություն հարավի նկատմամբ» դրոշի ներքո։— «Now, gentlemen» [Ուրեմն, պարոնայք],— ասել է նա բուռն ծափահարությունների տակ, «հենց ինքը բնությունն է նեգրին նախանշել այս ստրկական կացության համար։ Նա ուժ ունի և զորեղ է աշխատանքի համար, բայց բնությունը, որ նրան տվել է այս ուժը, զլացել է նրան տալ ինչպես կառավարելու բանիմացությունը, այնպես էլ աշխատելու հոժարությունը (հավանություններ)։ Երկուսն էլ զլացված են նրան։ Եվ միևնույն բնությունը, որ նրան չի օժտել աշխատելու հոժարությամբ, նրան տվել է մի տեր՝ ստիպելու, որ նա հոժարի, ու այն կլիմայում, որի համար նա ստեղծված է, մի օգտակար ծառա դառնա ինչպես իր համար, այնպես էլ այն տիրոջ համար, որը նրան կառավարում է։ Ես պնդում եմ, որ ամենևին անարդարություն չէ նեգրին այն դրության մեջ թողնելը, որի մեջ նրան դրել է բնությունը, անարդարություն չի նրան մի տեր տալը, որը նրան կառավարում է. և նեգրին ոչ մի իրավունքից չեն զրկում, երբ նրան ստիպում են՝ տիրոջ համար մշտապես աշխատելու և իր տիրոջը մի արդարացի փոխհատուցում ընձեռելու այն աշխատանքի ու տաղանդների համար, որ նա գործադրում է նրան կառավարելու և նրան հենց իրեն համար ու հասարակության համար օգտակար դարձնելու [«New-York Tribune», 20 դեկտեմբերի 1859 թ., էջ 5]։
Ահա վարձու բանվորն էլ պետք է ստրկի նման ունենա մի տեր, որը նրան աշխատեցնի և նրան կառավարի։ Իսկ տիրապետության ու ստրկացման այս հարաբերությունը ենթադրելով՝ բնականոն բան է, որ վարձու բանվորը բռնադատվում է արտադրելու իր սեփական աշխատավարձն ու վրադիր՝ հսկման վարձը՝ մի փոխհատուցում իր վրա գործադրվող տիրապետության ու վերահսկման աշխատանքի համար, բռնադատվում է «իր տիրոջը մի արդարացի փոխհատուցում ընձեռելու այն աշխատանքի ու տաղանդների համար, որ նա գործադրում է նրան կառավարելու և նրան հենց իրեն համար ու հասարակության համար օգտակար դարձնելու»։
Վերահսկման ու ղեկավարման աշխատանքը, որչափով որ նա ծագում է հակադիր բնույթից, աշխատանքի վրա կապիտալի ունեցած տիրապետությունից և ուրեմն հատուկ է դասակարգային հակամարտության վրա հիմնվող արտադրական բոլոր եղանակներին, այդ թվում և կապիտալիստականին — այդ աշխատանքը կապիտալիստական սիստեմում էլ անմիջաբար ու անխզելիորեն զուգորդված է արտադրողական այն ֆունկցիաների հետ, որոնք կոմբինացիայի վրա հիմնած հասարակական ամեն մի աշխատանքի կողմից դրվում են առանձին անհատների վրա, իբրև հատուկ աշխատանք։ Աշխատավարձը, որ տրվում է մի epitropos [հին հունական վերահսկիչի] կամ régisseur-ի, ինչպես որ նա կոչվում էր ֆեոդալական Ֆրանսիայում, լիովին անջատվում է շահույթից և ընդունում է որակյալ աշխատանքի համար տրվող աշխատավարձի ձև, հենց որ ձեռնարկությունը վարվում է մի այսպիսի կառավարչի (manager) ռոճիկ վճարելու համար բավարար խոշոր մասշտաբով, թեև այս պայմանի առկայության դեպքում մեր արդյունաբերական կապիտալիստները «պետական գործեր վարելուց կամ թե փիլիսոփայելուց» դեռ շատ հեռու են։
Որ ոչ թե արդյունաբերական կապիտալիստները, այլ արդյունաբերական manager-ներն [կառավարիչներն] են «մեր արդյունաբերական սիստեմի հոգին», այս նկատել է դեռ պ. Յուրը[22]։ Ինչ վերաբերում է ձեռնարկության առևտրային մասին, ապա այս գծով ինչ որ անհրաժեշտ է, արդեն ասված է նախընթաց բաժնում։
Հենց ինքը կապիտալիստական արտադրությունը հասցրել է այն բանին, որ վերևից ղեկավարելու աշխատանքը, կապիտալի սեփականությունից լիովին անջատված, առկա վխտում է փողոցում։ Ուստի անօգուտ է դարձել, որ ղեկավարման այս աշխատանքը կապիտալիստը կատարի։ Ամենևին անհրաժեշտ չի, որ նվագախմբի ղեկավարը նվագախմբի գործիքների սեփականատեր լինի, ոչ էլ նրա, իբրև ղեկավարի, ֆունկցիայի մեջ է մտնում մնացած նվագածուների «վարձի» հետ որևէ գործ ունենալը։ Կոոպերատիվ գործարաններն ապացույց են տալիս, որ կապիտալիստն իբրև արտադրության ակտիվ գործիչ, նույնպես ավելորդ է դարձել, ինչպես որ նա ինքը, զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելով, ավելորդ է համարում խոշոր հողատիրոջ գոյությունը։ Որչափով որ կապիտալիստի աշխատանքն առաջ է գալիս ոչ թե արտադրության պրոցեսից, իբրև սոսկ կապիտալիստականից, ուրեմն, որչափով որ կապիտալի կործանման հետ ինքն այդ աշխատանքը չի վերանում, որչափով որ նա չի սահմանափակվում ուրիշի աշխատանքը շահագործելու ֆունկցիայով, հետևաբար որչափով որ նա առաջ է գալիս աշխատանքի, իբրև հասարակական աշխատանքի, ձևից, շատերի կոմբինացիայից ու կոոպերացիայից, կազմած մի ընդհանուր հետևանքի համար — այդ աշխատանքը բոլորովին նույն կերպ անկախ է կապիտալից, ինչպես ինքն այս ձևը, հենց որ նա պայթեցրել է իր կապիտալիստական պատյանը։ Ասել, թե այս աշխատանքն անհրաժեշտ է իբրև կապիտալիստական աշխատանք, իբրև կապիտալիստի ֆունկցիա, նշանակում է այն միայն որ vulgus-ը [գռեհիկ տնտեսագետը] չի կարող արտադրության կապիտալիստական եղանակի ծոցում զարգացած ձևերը սրանց կապիտալիստական հակամարտ բնույթից անջատ ու ազատագրված պատկերացնել։ Փողային կապիտալիստի հանդեպ արդյունաբերական կապիտալիստը բանվոր է, բայց բանվոր է իբրև կապիտալիստ, այսինքն իբրև ուրիշի աշխատանքը շահագործող։ Այն վարձը, որ նա պահանջում և ստանում է այս աշխատանքի համար, ճիշտ հավասար է ուրիշի աշխատանքի նրա կողմից յուրացրած քանակին և ուղղակի,— որչափով որ նա ինքն է ստանձնում շահագործման այս անհրաժեշտ նեղությունը,— կախված է այս աշխատանքի շահագործման աստիճանից, և ոչ թև այն ճիգ ու ջանքի աստիճանից, որ նրա վրա նստում է այս շահագործումը և որը նա չափավոր վճարով կարող է մի կառավարչի վզին փաթաթել։ Ամեն մի ճգնաժամից հետո Անգլիայի գործարանային շրջաններում կարելի է բավական թվով նախկին գործարանատերեր տեսնել, որոնք մի համեստ վարձով կառավարում են իրենց նախկին սեփական գործարաններն իբրև նոր սեփականատերերի, հաճախ իրենց վարկատուների[23], կառավարիչներ։
Կառավարման այն վարձը, որ տրվում է թե առևտրային ու թե արդյունաբերական ձեռնարկների կառավարիչներին, ձեւռնարկուային եկամտից լիովին անջատված է հանդես գալիս ինչպես բանվորների կոոպերատիվ գործարաններում, այնպես էլ կապիտալիստական ակցիոներական ձեռնարկություններում։ Կառավարման վարձի զատումը ձեռնարկուային եկամտից, որ այլուրեք պատահական է, այստեղ մշտապես է կատարվում։ Կոոպերատիվ գործարանում հսկման աշխատանքի հակամարտ բնույթը վերանում է, որովհետև կառավարիչն իր վճարն ստանում է բանվորներից՝ փոխանակ նրանց նկատմամբ իբրև կապիտալի ներկայացուցիչ հանդես գալու։ Ակցիոներական ձեռնարկությունները — զարգանալով վարկային գործին զուգընթաց — ընդհանրապես այն տենդենցն ունեն, որ կառավարման այս աշխատանքն իբրև ֆունկցիա ավելի ու ավելի են բաժանում կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից, լինի սա սեփական կամ թե փոխառած կապիտալ, միևնույն է, ճիշտ այնպես, ինչպես որ բուրժուական հասարակության զարգացման հետ միասին դատական ու կառավարման ֆունկցիաները բաժանվում են հողային սեփականությունից, որի ատրիբուտներն էին նրանք ֆեոդալական ժամանակաշրջանում։ Բայց երբ մի կողմից կապիտալի սոսկական սեփականատիրոջը, փողային կապիտալիստին հանդիպակայում է գործող կապիտալիստը, և վարկի զարգանալուն համընթաց այս փողային կապիտալն ինքը հասարակական բնույթ է ընդունում, համակենտրոնանում է բանկերում ու վարկատրվում է սրանց կողմից, և ոչ թե իր անմիջական սեփականատերերի կողմից. երբ, մյուս կողմից, սոսկական կառավարիչը, որը ոչ մի տիտղոսով կապիտալ չունի՝ ոչ փոխարինաբար վերցրած ու ոչ էլ որևէ այլ կերպ ձեռք բերած, երբ նա հոգում, կատարում է այն բոլոր իրական ֆունկցիաները, որոնք գործող կապիտալիստի, իբրև այսպիսու, բաժին են,— ապա մնում է միմիայն ծառայողը [der Funktionär], իսկ կապիտալիստը, իբրև ավելորդ անձ, չքանում է արտադրության պրոցեսից։
Անգլիայի կոոպերատիվ գործարանների հրապարակային հաշվետվություններից[24] երևում է, որ կառավարչի վարձը հանելուց հետո, որը ծախված փոփոխուն կապիտալի մի մասն է կազմում, Ճիշտ այնպես, ինչպես մնացած բանվորների վարձը,— շահույթն ավելի մեծ է եղել, քան միջին շահույթը, չնայած որ նրանք տեղ–տեղ շատ ավելի բարձր տոկոս են վճարել, քան մասնավոր գործարանները։ Այս բոլոր դեպքերում ավելի բարձր շահույթի պատճառը հաստատուն կապիտալի գործադրման մեջ արած ավելի մեծ տնտեսումն է եղել։ Բայց ընդսմին մեզ հետաքրքրում է այն, որ այստեղ միջին շահույթը (= տոկոս + ձեռնարկուային եկամուտ) փաստապես ու շոշափելիորեն ներկայանում է իբրև կառավարման վարձից միանգամայն անկախ մեծություն։ Որովհետև շահույթն այստեղ ավելի մեծ էր, քան միջին շահույթը, ուստի ձեռնարկուային եկամուտն է՛լ ավելի մեծ էր, քան այլ դեպքերում։
Միևնույն իրողությունը երևան է գալիս նաև մի քանի կապիտալիստական ակցիոներական ձեռնարկություններում, օրինակ, ակցիոներական բանկերում (Joint Stock Banks)։ «London and Westminster Bank»-ը 1863 թվականին վճարեց 30% տարեկան դիվիդենդ, «Union Bank of London»-ն ու մյուսները՝ 15%։ Համախառն շահույթից այստեղ հանվում է, բացի կառավարիչների վարձից, նաև այն տոկոսը, որը վճարվում է ավանդների [դեպոզիտների] համար։ Բարձր շահույթն այստեղ բացատրվում է նրանով, որ ներդրած կապիտալը մի աննշան համամասնություն է կազմում ավանդների համեմատությամբ։ Օրինակ, «London and Westminster Bank»-ում ներդրած կապիտալը 1863 թվականին 1 000 000 ֆ. ստ. էր, ավանդները՝ 14 540 275 ֆ. ստ., «Union Bank of London»-ում 1863 թ. ներդրած կապիտալը՝ 600 000 ֆ. ստ., ավանդները՝ 12 384 173 ֆ. ստ.։
Ձեռնարկուային եկամուտը հսկման ու կառավարման վարձի հետ շփոթելն սկզբնապես առաջ է եկել այն հակամարտ ձևից, որ ընդունում է տոկոսից վեր եղած շահույթի հավելույթն՝ ի հակադրություն տոկոսին։ Այդ շփոթումն էլ ավելի զարգացավ այն ջատագովական դիտավորության հետևանքով, որը ճգնում էր շահույթը ներկայացնել ոչ թե իբրև հավելյալ արժեք, այսինքն անվճար աշխատանք, այլ իբրև իրեն իսկ կապիտալիստի աշխատավարձ, որ վճարվում է նրա կատարած աշխատանքի համար։ Ընդորում սոցիալիստների կողմից սրան հանդիպադրվեց այն պահանջը, որ շահույթը փաստապես հանգեցվի այն, մեծությանը, իբրև որպիսին նա ներկայացվում է թեորիապես, այսինքն հանգեցվի սոսկ հսկման վարձին։ Եվ այս առաջարկն այնքան ավելի անհաճո կերպով էր դեմ դուրս գալիս թեորիական գեղազարդմանը, որքան արդյունաբերական ու առևտրային կառավարիչների մի թվաշատ դասակարգի գոյացման հետ միասին[25] — հսկման այս վարձը մի կողմից ավելի ու ավելի էր իր որոշակի մակարդակն ու իր որոշակի շուկայագինը գտնում, ինչպես ամեն մի այլ աշխատավարձ, և մյուս կողմից՝ որքան հսկման այս վարձը, որակյալ աշխատանքի համար վճարվող ամեն մի վարձի նման ավելի էր ընկնում ընդհանրական զարգացման հետևանքով, որը գցում է առանձնապես կրթություն ստացած բանվորների ու ծառայողների բանվորական ուժի արտադրածախքերը[26]։ Բանվորների շրջանում կոոպերացիայի զարգացումն ու բուրժուազիայի շրջանում ակցիոներական ձեռնարկությունների զարգացումը տապալեց այն վերջին պատրվակն էլ, որով ձեռնարւկուային եկամուտը շփոթում էին կառավարման վարձի հետ, և շահույթը գործնականորեն էլ, ինչպես այդ անժխտելի էր թեորիապես, հանդես եկավ իբրև սոսկական հավելյալ արժեք, իբրև մի արժեք, որի դիմաց ոչ մի էկվիվալենտ չի վճարված, իբրև իրացված անվճար աշխատանք. այնպես որ գործող կապիտալիստն իրոք շահագործում է աշխատանքը, և նրա շահագործման պտուղը, եթե նա փոխառած կապիտալով է աշխատում, բաժանվում է տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, ընդորում վերջինս շահույթի այն հավելույթն է, որ ստացվում է տոկոսից վեր։
Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ակցիոներական ձեռնարկություններում զարգանում է կառավարման վարձի հետ կապված մի նոր խաբեբայություն. իսկական կառավարչի կողքին ու նրանից վեր հանդես է գալիս վարչությունների ու հսկման խորհուրդների անդամների մի բազմություն, որոնց համար կառավարելն ու հսկելն իրապես ակցիոներների կողոպտման և ինքնահարստացման լոկ պատրվակ են։ Այս մասին շատ պերճախոս մանրամասնություններ ենք գտնում «The City or the Physiology of London Business; with Sketches on Change, and the Coffee Houses»-ում, London, 1845։ «Թե բանկիրներն ու վաճառականներն ինչ են շահում, մասնակցելով ութ կամ ինը տարբեր ընկերությունների վարժության մեջ, կարելի է տեսնել հետևյալ օրինակից. պարոն Թիմոսի Աբրահամ Կերտիսի մասնավոր հաշվեկշիռը, որ նրա սնանկանալուց հետո ներկայացված էր սնանկության գործերի դատարանին, դիրեկտորություն վերնագրով հոդվածի տակ ցույց էր տալիս տարեկան 8—900-անոց մի եկամուտ։ Որովհետև պարոն Կերտիսն Անգլիական բանկի ու Արևելահնդկական ընկերության դիրեկտորն էր, ուստի ամեն մի ակցիոներական ընկերություն իրեն երջանիկ էր համարում, երբ կարողանում էր նրան հրավիրել, իբրև դիրեկտորի (էջ 81, 82)։ Այսպիսի ընկերությունների դիրեկտորների վարձատրությունը շաբաթական ամեն մի նիստի համար առնվազն մի գինեա (21 մարկ) է։ Սնանկության գործերի դատարանում տեղի ունեցող վիճաբանությունները ցույց են տալիս, որ հսկման այս վարձը, իբրև ընդհանուր կանոն, հակառակ հարաբերական է այս անվանական դիրեկտորների իսկապես կատարած հսկման աշխատանքին։
ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄԸ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎՈՎ
Կապիտալիստական հարաբերությունը տոկոսաբեր կապիտալի մեջ հասնում է իր ամենաարտաքին ու ամենաֆետիշիստական ձևին։ Մենք այստեղ ունենք Փ—Փ´, փող, որն ավելի մեծ քանակի փող է ծնում, ունենք ինքնաճող արժեք՝ առանց այն պրոցեսի, որը միջնորդագործում է երկու ծայրաթևի միջև։ Վաճառականական կապիտալում, Փ—Ա—Փ´-ի մեջ, գոնե առկա է կապիտալի շարժման ընդհանրական ձևը, թեև նա գտնվում է շրջանառության ոլորտում միայն, ուստի շահույթը ներկայանում է սոսկ իբրև օտարման շահույթ. բայց այնուամենայնիվ նա ներկայանում է իբրև հասարակական հարաբերության արդյունք, ու ոչ թե իբրև մի սոսկական իրի արդյունք։ Վաճառականական կապիտալի ձևն այնուամենայնիվ ներկայացնում է մի պրոցես հակադիր փուլերի մի միասնություն, մի շարժում, որը տրոհվում է երկու հակադիր ակտի, ապրանքների առքի ու վաճառքի։ Փ—Փ´-ի մեջ, կապիտալի լոկ տոկոսաբեր ձևում, այս շարժումը բացառվում է։ Եթե կապիտալիստը փոխ է տալիս, օրինակ, 1 000 ֆ. ստ., և տոկոսադրույքը 5% է, ապա 1 000 ֆ. ստ.-ի իբրև կապիտալի արժեքը մի տարվա համար = C + Cz´, որտեղ C-ն կապիտալն է, իսկ z´-ն՝ տոկոսադրույքը. ուրեմն այստեղ 5% = [math]\frac{5}{100}[/math] = [math]\frac{1}{20}[/math], 1 000 + 1 000 · [math]\frac{1}{20}[/math] = 1 050 ֆ. ստ.։ 1 000 ֆ. ստ.-ի, իբրև կապիտալի, արժեքը = 1 050 ֆ. ստ., այսինքն կապիտալը հասարակ մեծություն չի ամենևին։ Նա մեծությունների հարաբերություն է, հիմնական գումարի, իբրև տրված արժեքի, հարաբերություն հենց իր հետ, իբրև ինքնաճող արժեքի հետ, հարաբերություն հիմնական գումարի հետ, որը հավելյալ արժեք է արտադրել։ Եվ ինչպես արդեն տեսանք, կապիտալն իբրև այսպիսին, ներկայանում է իբրև անմիջաբար ինքնաճող արժեք բոլոր ակտիվ կապիտալիստներին, ուզում է՝ սրանք գործելիս լինեն սեփական կամ թե փոխառած կապիտալով, միևնույն է։
Փ—Փ´. մենք այստեղ մեր առջև ունենք կապիտալի սկզբնական ելակետը, Փ—Ա—Փ´ ֆորմուլայի մեջ եղած փողը, որը վեր է ածված Փ—Փ´, երկու ծայրաթևերին, սրտեղ Փ՛ = Փ + ΔՓ, փող որ ավելի շատ փող է ստեղծում։ Սա կապիտալի սկզբնական ու ընդհանրական ֆորմուլան է, հասցրած մի անմիտ ռեզումեի։ Սա պատրաստի կապիտալն է, արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնությունը, ուրեմն կապիտալ է, որը մի որոշ ժամանակաշրջանում որոշ հավելյալ արժեք է բերում։ Տոկոսաբեր կապիտալի ձևում այս պարագան հանդես է գալիս անմիջաբար, առանց արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միջնորդագործության։ Կապիտալը ներկայանում է որպես տոկոսի, որպես իր սեփական աճման խորհրդավոր ու ինքնաստեղծիչ աղբյուր։ Իրը (փող, ապրանք, արժեք) հիմա իբրև սոսկական իր արդեն կապիտալ է, իսկ կապիտալը ներկայանում է իբրև սոսկական իր. վերարտադրության ամբողջ պրոցեսի հետևանքը թվում է մի իրի ըստինքյան պատկանող հատկություն. փողի, այսինքն մշտապես իր փոխանակելի ձևով հանդես եկող ապրանքի տիրոջից է կախված, թև արդյոք նա ուզում է փողն իբրև փ՞ղ ծախսել, թե՞ իբրև կապիտալ փոխ տալ։ Ուստի տոկոսաբեր կապիտալում վերջնականորեն ձևավորված ու իր զուտ կերպարանքով հանդես է գալիս այս ավտոմատիկ ֆետիշը, այս ինքնաճող արժեքը, փող ծնող փողը, և այս ձևի մեջ նա այլևս իր ծագման ոչ մի հետք չի կրում։ Հասարակական հարաբերությունը լիավարտ ձև է ընդունել, իբրև մի իրի, փողի՝ հենց իր հետ ունեցած հարաբերություն։ Փողի՝ իրապես կապիտալ դառնալու փոխարեն այստեղ երևան է գալիս այս փոխակերպման անբովանդակ ձևը միայն։ Ինչպես բանվորական ուժի դեպքում, այստեղ էլ փողի սպառողական արժեք է դառնում արժեք ստեղծելը, ավելի մեծ արժեք ստեղծելը, քան պարունակվում է հենց իր՝ փողի մեջ։ Փողն իբրև այսպիսին պոտենցիալ կերպով արդեն ինքնաճող արժեք է և փոխ է տրվում իբրև այսպիսին, մի բան, որ յուրահատուկ ապրանքի վաճառքի ձևն է։ Արժեք ստեղծելը, տոկոս բերելը փողի հատկությունն է դառնում ճիշտ այնպես, ինչպես տանձ տալը տանձենու հատկությունն է։ Եվ փոխատուն իր փողը ծախում է իբրև այսպիսի տսկոսաբեր իր։ Այս բավական չէ։ Ինչպես տեսանք, փաստորեն գործող կապիտալն էլ այնպես է ներկայանում, որ իբր նա տոկոս է բերում ոչ թե որպես գործող կապիտալ, այլ որպես կապիտալ ինքնըստինքյան, որպես փողային կապիտալ։
Այլաշրջվում է այս հարաբերությունն էլ.— մինչդեռ տոկոսը լոկ մի մասն է շահույթի, այսինքն հավելյալ արժեքի, որ բանվորից քամում է գործող կապիտալիստը, հիմա այդ նույն տոկոսը ներկայանում է, ընդհակառակը, իբրև կապիտալի սեփական պտուղ, իբրև հենց սկզբնականը, այն ինչ շահույթը, որ այժմ փոխարկվել է ձեռնարկուային եկամտի ձևի, ներկայանում է իբրև վերարտադրության պրոցեսում միախառնված վրադիր ու կցորդ։ Կապիտալի ֆետիշային կերպարանքն ու կապիտալ-ֆետիշի պատկերացումն արդեն առկա պատրաստ են այստեղ։ Փ—Փ´-ի մեջ մենք ունենք կապիտալի իռռացիոնալ ձևը, արտադրական հարաբերությունների այլաշրջումն ու իրեղենացումն ամենավերին աստիճանի բարձրացրած, այն է՝ տոկոսաբեր կերպարանքը, կապիտալի այն հասարակ կերպարանքը, որով նա իր սեփական վերարտադրության պրոցեսի նախադրյալն է հանդիսանում, մենք ունենք մեր առջև փողի, համապատասխան դեպքերում ապրանքի ընդունակությունը իր սեփական արժեքը թերարտադրությունից անկախ մեծացնելու — կապիտալի միստիֆիկացիան ամենացայտուն ձևով։
Գռեհիկ տնտեսագիտության համար, որն ուզում է ներկայացնել կապիտալն իբրև արժեքի, արժեքի ստեղծման ինքնուրույն աղբյուր, իհարկե, այս ձևը մի իսկական գյուտ է, մի ձև, որով պարուրված շահույթի աղբյուրն այլևս ճանաչելի չի և որով արտադրության կապիտալիստական պրոցեսի հետևանքը — բուն իսկ պրոցեսից անջատված — ինքնուրույն գոյություն է ստանում։
Փողային կապիտալի ձևում է միայն, որ կապիտալը դառնում է մի այնպիսի ապրանք, որի իր արժեքը մեծացնելու հատկությունը մի հաստատուն գին ունի, և այս գինը տվյալ ամեն մի դեպքում նշվում է տոկոսադրույքով։
Իբրև տոկոսաբեր կապիտալ ու մանավանդ տոկոսաբեր փողային կապիտալի իր անմիջական ձևով (տոկոսաբեր կապիտալի մյուս ձևերը, որոնցով մենք այտեղ չենք զբաղվում, դարձյալ այս ձևից են բխեցվում և այս ձևն են նախադրյալ ենթադրում), կապիտալն ստանում է իր զուտ ֆետիշային ձևը։ Փ—Փ´-ն իբրև սուբեկտ, իբրև վաճառելի իր։ Առաջին՝ այս բխում է այն պարագայից, որ նա հարատև գոյություն ունի փողի ձևով, մի ձև, որի մեջ ջնջված են նրա բոլոր բնորոշ գծերը և անտեսանելի են նրա ռեալ տարրերը։ Փողը հենց ճիշտ այն ձևն է, որում ջնջված է ապրանքների իբրև սպառողական արժեքների տարբերությունը, հետևաբար նաև արդյունաբերական կապիտալների տարբերությունը, որոնք այս ապրանքներից ու սրանց արտադրապայմաններից են կազմված. փողն այն ձևն է, որի մեջ արժեքը — իսկ այստեղ կապիտալը — գոյություն ունի իբրև ինքնուրույն փոխանակային արժեք։ Կապիտալի վերարտադրության պրոցեսում փողային ձևը մի չքացող, մի սոսկական անցումնային մոմենտ է։ Փողային շուկայում, ընդհակառակը, կապիտալը միշտ այս ձևով գոյություն ունի։ Երկրորդ՝ կապիտալի արտադրած հավելյալ արժեքը, այստեղ դարձյալ փողի ձևով, թվում է, թե պատկանում է կապիտալին, իբրև այսպիսուն։ Ինչպես որ աճումը հատուկ է ծառերին, այնպես էլ փողի ծնումը (τόκος) [տոկոս և աճոն] հատուկ է թվում այս ձևով գոյություն ունեցող կապիտալին, իբրև փողային կապիտալի։
Տոկոսաբեր կապիտալում սղած, կրճատած է կապիտալի շարժումը. միջնորդագործող պրոցեսը բաց է թողնված, և այսպիսով մի կապիտալ, որ = 1 000, սևեռացվում է իբրև մի իր, որ ըստինքյան = 1 100-ի և մի որոշ ժամանակաշրջանում դառնում է 1 100, ինչպես որ գինին մառանում մի որոշ ժամանակաշրջանից հետո բարձրացնում է իր սպառողական արժեքը։ Կապիտալն իր է հիմա, բայց իբրև իր՝ կապիտալ է։ Փողը հիմա հղիացած է մի ինչ-որ ուժով [das Geld hat jetzt Lieb im Liebe]։ Հենց որ փողը փոխատրվում է կամ թե ներդրվում է վերարտադրության պրոցեսի մեջ (քանի դեռ նա գործող կապիտալիստին, իբրև իր սեփականատիրոջը տոկոս է բերում ձեռնարկուային եկամտից զատ), քնած, թե արթուն, տանը թե ճանապարհին, ցերեկ լինի, թե գիշեր, նրա վրա տոկոս է ավելանում։ Այսպիսով տոկոսաբեր փողային կապիտալը (իսկ ամեն կապիտալ, ըստ իր արժեքային արտահայտության փողային կապիտալ է, կամ թե փողային կապիտալի արտահայտությունն է համարվում հիմա) իրականացնում է գանձարարի բարեպաշտ բաղձանքը։
Ահա տոկոսի այս ներաճումն է փողային կապիտալի մեջ մի այնպիսի եղանակով, որ կարծեք մի իր է գոյանում (իսկ հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալի կողմից այստեղ հենց իբրև այսպիսին է ներկայանում), այս ներաճումն է, որ այնպես սաստիկ զբաղեցնում է Լութերին, երբ նա միամտորեն աղմկահարում է վաշխառության դեմ։ Զարգացնելով իր միտքն այն մասին, որ տոկոսը կարող էր պահանջվել այն ժամանակ, երբ փոխատուի համար, որն ինքն էլ վճարումներ ունի, վնասներ են առաջ գալիս այն հանգամանքից, որ փոխառած գումարը փոխառուն ժամկետին նրան չի վերադարձնում, կամ թե երբ նա բոլորովին կորցնում է այն շահույթը, որ նա կարող էր ձեռք բերել, օրինակ, մի այգի գնելով,— Լութերը շարունակում է. «Նրանով, որ ես քեզ փոխ եմ տվել այն (100 գուլդեն), դու ինձ կրկնակի վնաս ես հասցնում, որովհետև ես այլևս չեմ կարող ոչ այստեղ տալիքս վճարել, ոչ էլ այնտեղ մի բան գնել և այս պատճառով ես պետք է երկու տեղում էլ վնաս կրեմ, ինչպես ասում են՝ duplex interesse, damni emergantis et lucri cessantis [կրկնակի կորուստ՝ այստեղից առաջացող վնասի և հնարավոր օգուտն ստանալու անհնարինության հետևանքով] ... Լսելով, որ մի ոմն Հանս իր փոխ տված հարյուր գուլդենով վնաս է կրել և իր վնասի արդար հատուցումն է պահանջում, մարդիկ օգտվում են այս հանգամանքից և ամեն մի հարյուր գուլդենի վրա ավելացնում են հիշյալ երկու վնասը, այսինքն վճարման հետաձգելուց և այգին չգնելուց առաջացող վնասը, կարծես թե հիշյալ երկու վնասը բնականորեն ձուլված են հարյուր գուլդենի հետ, այնպես որ որտեղ առկա հարյուր գուլդեն կա, այդ գումարը շրջանառության մեջ է դրվում և նրա վրա ավելացվում է այն երկու վնասի գումարը, որ մարդիկ չեն կրել։ Ահա այս պատճառով էլ դու վաշխառու ես, քանի որ քո մերձավորի փողով փոխհատուցում ես քո հնարած այն վնասները, որ ոչ ոք չի հասցրել քեզ և որը դու չես կարող ոչ ապացուցել, ոչ էլ հաշվել։ Իրավաբաններն այսպիսի վնասը կոչում են non verum, sed phantasticum interesse [ոչ թե իսկական, այլ հնարովի վնաս]։ Մի վնաս, որ ամեն ոք հնարում է ըստ իր հայեցողության... Ուստի չպետք է ասել՝ կարող էին վնասներ պատահել այն պատճառով, որ ես չէի կարող ոչ վճարել և ոչ էլ գնել։ Ապա թե ոչ՝ այս նշանակում է ex contingente necessarium, գոյություն չունեցածը ներկայացնել որպես մի բան, որ անհրաժեշտորեն պետք է գոյություն ունենա, անհայտը դարձնել արժանահավատ։ Այսպիսի վաշխառությունը չի՞ լափի արդյոք աշխարհս մի-երկու տարումը... փոխառուին, իր կամքի հակառակ, վիճակվում է մի պատահական քամբախտություն, նա կարող էր ոտի կանգնել, բայց առևտրի մեջ այլ կարգեր են տիրում և մինչև իսկ ընդհակառակն է, որովհետև մարդիկ փնտրում և հնարում են կարոտյալ մերձավորների վրա դրվելիք վնասներ, ուզում են այսպիսով ուռճանան և հարստանան, ծույլ ու պարապ ուտեն-թափեն և ցոփանան ուրիշ մարդոց աշխատանքով, առանցի հոգս, առանցի փորձանք ու վնաս. նստեմ օջախի մոտ և իմ հարյուր գուլդենը հանեմ երկրումը շահեցնելու, ինձ համար և, քանի որ սա փոխ տված փող է, անշուշտ ես ետ կդարձնեմ և կդնեմ քսակս՝ առանց ամենայն փորձանքի ու հոգսի. սիրելիդ իմ, ո՞վ չէր ուզի այս անել» (M. Luter, «An die Pfarherrn wider den Wucher zu predigen etc.», Wittenberg, 1540)։
Պատկերացումն այն մասին, թե կապիտալն ինքն իրեն վերարտադրվող ու վերարտադրության պրոցեսում աճող արժեք է, իր բնածին հատկության շնորհիվ — ուրեմն սխոլաստիկների ընդունած խորհրդավոր ներքին հատկության շնորհիվ — մշտնջենապես հարատևող ու աճող արժեք է,— այս պատկերացումը բերել, հասցրել է դոկտոր Պրայսին այն առասպելահոդ մտածումներին, որոնք ալխիմիկների երևակայություններն իրենցից շատ ու շատ ետ են թողնում, մտածումներ, որոնց լրջորեն հավատում էր Պիտտը և որը նա իր ֆինանսական տնտեսության սյուները դարձրեց sinking fund-ին [պետական պարտքի մարմանը] վերաբերյալ իր օրենքներում։
«Այն փողը, որ տոկոսի վրա տոկոս է բերում, սկզբում դանդաղ է աճում. բայց որովհետև աճման նորման արագանում է շարունակ, ուստի մի որոշ ժամանակից հետո նա դառնում է այնքան արագ, որ գերազանցում է ամեն մի երևակայությունից։ Մի պենսը, եթե մեր փրկչի ծննդյան ժամանակ փոխ տրված լիներ 5%-ով, ապա տոկոսի տոկոսով, հիմա արդեն դարձած կլիներ մի ավելի խոշոր գումար, քան կպարունակեր 150 միլիոն հատ երկրագունդ, բոլորն էլ զուտ ոսկուց շինած։ Բայց պարզ տոկոսով արված լինելու դեպքում նա միևնույն ժամանակում կդառնար 7 շիլլինգ 4½ պենս միայն։ Մինչև այժմ մեր կառավարությունն իր ֆինանսները բարելավելու համար գերադասել է այս վերջին ճանապարհն առաջինի փոխարեն[27]։
Է՛լ ավելի վեր է ճախրում նա իր «Observations on reversionary payments etc.», London, 1772, աշխատության մեջ. «Եթե մեր Փրկչի ծննդյան օրերին» (ուրեմն հավանորեն Երուսաղեմի տաճարում) «փոխ տրված լիներ 1 շիլլինգ 6%-ով և տոկոսը տոկոսի վրա գալով, ապա աճելով նա մի ավելի խոշոր գումար կդառնար, քան կարող էր պարունակել ամբողջ արեգակնային սիստեմը, եթե փոխարկվեր Սատուրնի ուղեգծին հավասար տրամագիծ ունեցող մի գնդի։— «Այս պատճառով էլ պետությունը երբեք չի կարող դժվարությունների մեջ գտնվել, որովհետև ամենափոքրիկ խնայություններով նա կարող է ամենամեծ պարտք վճարել մի այնքան կարճ ժամանակում, որքան նրա շահը պահանջել կարող է» (էջ XIII, XIV)։ Թեորիական որքա՜ն սքանչելի ներածություն Անգլիայի պետական պարտքի համար։
Պրայսը պարզապես կուրացել էր այն թվի ահռելիությունից որն ստացվում է երկրաչափական պրոգրեսիայից։ Որովհետև նա, առանց նկատի ունենալու վերարտադրության ու աշխատանքի պայմանները, կապիտալը դիտում էր իբրև մի ինքնագործ ավտոմատ, իբրև սոսկ ինքն իրեն աճող մի թիվ (ճիշտ այնպես, ինչպես Մալթուսն էր իր երկրաչափական պրոգրեսիայում դիտում մարդկանց), ուստի երևակայեց, թե կապիտալի աճման օրենքը գտել է s = c (1 + z)[math]^n[/math] ֆորմուլայի մեջ, որտեղ s = կապիտալի գումարին + տոկոսի տոկոսը, c = կանխավճարված կապիտալին, z = տոկոսադրույքին (100–ի համամասնական մասերով արտահայտած) ու n-ն = այն տարիների շարքին, որոնց ընթացքում կատարվում է պրոցեսը։
Դոկտոր Պրայսի այս միստիֆիկացիան Պիտտը միանգամայն լուրջ է ընդունում։ 1786 թվականին համայնքների պալատը վճռել էր գանձել 1 միլիոն ֆ. ստ. հասարակական կարիքները ծածկելու համար։ Ըստ Պրայսի, որին հավատում էր Պիտտը, ուրիշ ոչ մի ավելի լավ միջոց չկար, իհարկե, քան ժողովրդին հարկելն այն նպատակով, որ այս կերպ գանձած գումարը «կուտակեն» և այսպիսով պետական պարտքը փարատեն տոկոսի վրա եկող տոկոսի խորհրդածեսի կախարդանքով։ Համայնքների պալատի այս բանաձևին շուտով հաջորդեց Պիտտի մտցրած մի օրենք, որը 250 000-ական ֆ. ստ. կուտակում էր սահմանում «մինչև որ այդ ֆոնդը, ազատված կենսառենտաներն էլ հետը հաշված, աճելով հասնի տարեկան 4 000 000 ֆ. ստ.-ի» (Գեորգ III-ի թագավորության 26-րդ տարում ընդունած օրենք № 31)։ 1792 թվականի իր այն ճառում, որով Պիտտն առաջարկում էր մարման ֆոնդին հատկացված գումարը մեծացնել, նա Անգլիայի առևտրային գերակշռության պատճառների շարքում հիշատակում է մեքենաները, վարկը և այլն, իսկ «իբրև ամենից լայնատարած ու ամենահարատև պատճառ՝ կուտակումը։ Այս սկզբունքը լիովին զարգացրած ու բավարար չափով լուսաբանված է Սմիթի, այս հանճարի աշխատության մեջ... Կապիտալների այս կուտակումը գլուխ կբերվեր նրանով, որ տարեկան շահույթի գոնե մի մասը ետ կդրվեր՝ հիմնական գումարն աճեցնելու համար, որը հետագա տարիներում նույն եղանակով գործադրելի կլիներ և այս կերպով մի հաջորդական շահույթ կտար»։ Այսպիսով Պիտտը դոկտոր Պրայսի միջոցով Սմիթի կուտակման թեորիան դարձնում է պարտքերի կուտակմամբ մի ժողովուրդ հարստացնելու թեորիա և հանգում է փոխառությունների՝ փոխառությունները վճարելու համար կատարվող փոխառությունների անվերջ շարքի հաճելի առաջատվությանը։
Իոսիա Չայլդի, արդի բանկիրների նախահոր, մոտ արդեն գտնում ենք այն դրույթը, թե «100 ֆ. ստ.-ը 10%-ով 70 տարում, տոկոսի տոկոսով հաշվելու դեպքում, կտար 102 400 ֆ. ստ. («Traité sur le commerce etc. par J. Child, traduit etc.», Amsterdam et Berlin, 1754, էջ 115։ Գրված է 1669 թ.)։
Թե դոկտոր Պրայսի հայացքն ինչպես է անգիտակցորեն սողոսկում արդի տնտեսագիտության մեջ, ցույց է տալիս «Economist»-ից վերցրած հետևյալ հատվածը. «Քանի որ տնտեսված կապիտալի ամեն մի մասը բարդ տոկոս է բերում ապա կապիտալը դարձել է ամեն ինչ ընդգրկող մի այնպիսի ուժ, որ աշխարհի ամբողջ հարստությունը, որից քաղվում են եկամուտները, վաղուց արդեն վեր է ածվել կապիտալի տոկոսի... Այժմ ամեն մի ռենտա հանդիսանում է այն կապիտալի տոկոսի վճարոմը, որը մեր օրերից առաջ ներդրվել է հողի մեջ» («Economist», 19 հուլիսի 1855 թ.)։ Կապիտալին, որպես տոկոսաբերության հատկությամբ օժտված կապիտալի, պատկանում է ամբողջ հարստությունը, որն ընդհանրապես կարող է արտադրվել, և այն ամենը, ինչ կապիտալն ստացել է մինչև հիմա, նրա ամենակուլ ախորժակին մշտապես մատուցվող պարբերական վճարումն է միայն։ Կապիտալի բնածին օրենքների համաձայն նրան է պատկանում ամեն մի հավելյալ աշխատանք, որ մարդկային ցեղը երբևէ կարող է արտադրել։ Մոլոխ։
Եվ վերջապես «ռոմանտիկական» Մյուլլերի հետևյալ բանդագուշանքը. «Տոկոսի վրա եկող տոկոսի կամ մարդկային ուժերի ինքնինքյան արագացող կուտակման այն ահռելի աճումը, որ նկարագրել է դոկտոր Պրայսը, իր վիթխարի ներգործությունները թողնելու համար ենթադրում է բազմաթիվ դարեր հարատևող մի անբաժան ու անխորտակ միակերպ հասարակական կարգեր։ Հենց որ կապիտալը մասնատվում, բաժանվում է բազմաթիվ առանձին, ինքնուրույնորեն աճող ընձյուղների, ապա ուժերի կուտակման ամբողջ պրոցեսը նորից է սկսվում։ Ուժերի պրոգրեսիվ կուտակման համար բնությունը սահմանել է 20-ից մինչև 25 տարի տևող մի ժամանակաշրջան, որը միջին հաշվով վիճակվում է ամեն մի առանձին բանվորի (!)։ Այս ժամանակաշրջանն անցնելուց հետո բանվորը թողնում է իր գործունեության ասպարեզը և հիմա պետք է աշխատանքի տոկոսի տոկոսով ձեռք բերած կապիտալը հանձնի մի նոր բանվորի, մեծ մասամբ բաժանի մի քանի բանվորների կամ թե զավակների միջև։ Սրանք իրենց բաժին ընկած կապիտալը, նախքան սրանից սեփական տոկոսի տոկոս կորզելը, պետք է առաջ կենդանացնել ու գործադրել սովորեն։ Այնուհետև, կապիտալի մի վիթխարի մասսա, որ ձեռք է բերում քաղաքացիական հասարակությունը, նույնիսկ ամենից անհանգիստ հասարակություններում երկար տարիներ շարունակ կուտակվում է հետզհետե և չի գործադրվում աշխատանքի անմիջական ընդլայնման համար, այլ, ընդհակառակը, հենց որ մի զգալի գումար է կուտակվում, փոխառության անվան տակ հանձնվում է մի բանվորի, մի բանկի, պետության, որից հետո փոխառուն՝ կապիտալն իսկական շարժման մեջ դնելով՝ նրանից տոկոսի տոկոս է կորզում և հեշտությամբ կարող է փոխատուին պարզ տոկոս վճարելու պարտավորություն ստանձնել։ Վերջապես հիշյալ ահռելի առաջատվությանը, որով կարող էին բազմանալ մարդկանց ուժերն ու նրանց արդյունքը, եթե գործուն նշանակություն ունենար արտադրման կամ թե խնայողության օրենքը միայն,— հակազդում է սպառման, բաղձանքների, շռայլման օրենքը, որը նույնքան խորը արմատացած է մարդկային բնության մեջ» (A. Müller: «Die Elemente der Staatkunst», 1809, մ. III, էջ 147—149)։
Անկարելի բան է մի քանի տողում ավելի քստմնելի անմտություն դուրս տալ։ Դեռ չհիշատակելով բանվորի ու կապիտալիստի, բանվորական ուժի արժեքի ու կապիտալի տոկոսի ծիծաղաշարժ շփոթումը և այլն, տոկոսի վրա եկող տոկոսի գանձումն ի միջի այլոց պետք է նրանով բացատրվի, որ կապիտալը փոխատրվում է այն նպատակով, որ հետո տոկոսի վրա տոկոս բերի։ Մեր Մյուլլերի մեթոդը բնորոշ է ռոմանտիկայի համար բոլոր պրոֆեսիաներում։ Սրա բովանդակությունը կազմվում է ընթացիկ նախապաշարմունքներից, որոնք քաղվում են իրերի ամենամակերևութային արտաքին արտահայտությունից։ Այս սխալ ու տափակ բովանդակությունը պետք է արտահայտման մի միստիֆիկացիոն եղանակով աձնուհետև «վեհացվի» և բանաստեղծականացվի։
Կապիտալի կուտակման պրոցեսը կարող է իբրև տոկոսի վրա եկող տոկոսի կուտակում ըմբռնվել այն չափով, որչափով շահույթի (հավելյալ արժեքի) այն մասը, որը ետ է փոխարկվում կապիտալի, այսինքն նոր հավելյալ աշխատանք ծծելուն է ծառայում,— կարող է տոկոս կոչվել։ Բայց—
1) Մի կողմ թողած բոլոր պատահական խանգարումները, առկա կապիտալի մեծ մասը վերարտադրության պրոցեսի ընթացքում ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը, որովհետև ապրանքների արժեքը որոշվում է ոչ թե բանվորական. այն ժամանակով, որքան նստում է նրանց արտադրությունն սկզբնապես, այլ բանվորական այն ժամանակով, որքան նրանց վերարտադրությունն է նստում, իսկ վերջինն աշխատանքի հասարակական արտադրողականության զարգացման հետևանքով շարունակ նվազում է։ Ուստի հասարակական արտադրողականության զարգացման ավելի բարձր աստիճանի վրա ամեն առկա կապիտալ, փոխանակ ներկայանալու իբրև կապիտալի կուտակման մի երկար պրոցեսի հետևանք, ներկայանում է իբրև վերարտադրության մի համեմատաբար շատ կարճ ժամանակվա հետևանք[28]։
2) Ինչպես ցույց է տրված այս գրքի III բաժնում, շահույթի նորման ընկնում է կապիտալի աճող կուտակման համեմատ ու սրան համապատասխանող՝ հասարակական աշխատանքի աճող արտադրողականության համեմատ, իսկ արտադրողականության այս աճումն արտահայտվում է հենց նրանով, որ կապիտալի փոփոխուն մասը հարաբերաբար ավելի ու ավելի է փոքրանում կապիտալի հաստատուն մասի համեմատությամբ։ Եթե մի բանվորի կողմից շարժման մեջ դրվող հաստատուն կապիտալը տասնապատկվում է, ապա շահույթի միևնույն նորման առաջ բերելու համար հավելյալ աշխատանքի ժամանակն էլ պետք է տասնապատկվեր, և շուտով ամբողջ բանվորական ժամանակը, հենց օրվա 24 ժամն էլ բավական չէր լինի սրա համար, նույնիսկ եթե կապիտալը յուրացներ այս ամբողջ ժամանակը։ Իսկ այն պատկերացումը, թե շահույթի նորման չի ընկնում, կազմում է Պրայսի պրոգրեսիայի ու ընդհանրապես «all engrossing capital, with compound interest»-ի [«ամեն ինչ կլանող և բարդ տոկոս բերող կապիտալի»] հիմքը[29]։
Հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նույնացումը կապիտալի կուտակման հանդեպ դնում է մի որակային սահման — ամբողջ բանվորական օրը, արտադրողական ուժերի ու բնակչության տվյալ ամեն մի զարգացում, որը սահմանափակում է միաժամանակ շահագործելի բանվորական օրերի թիվը։ Եվ ընդհակառակը, եթե հավելյալ արժեքը վերցվում է տոկոսի իռռացիոնալ ձևով, ապա սահմանը դառնում է լոկ քանակային և կապիտալի կուտակումը գերազանցում է ամեն մի երևակայությունից։
Բայց տոկոսաբեր կապիտալի մեջ ավարտվում է կապիտալ-ֆետիշի պատկերացումը, այն պատկերացումը, որն աշխատանքի կուտակված արդյունքին, ու այն էլ աշխատանքի իբրև փող սևեռվացված արդյունքին վերադրում է երկրաչափական պրոգրեսիայով հավելյալ արժեք արտադրելու զորություն, արտադրելու մի բնածին խորհրդավոր հատկության միջոցով, իբրև զուտ ավտոմատ, այնպես որ աշխատանքի այս կուտակված արդյունքը, ինչպես «Economist»-ն է կարծում, վաղուց արդեն վճարազեղչել է բոլոր ժամանակների ամեն մի հարստություն, որն իրավունքի համաձայն իրեն է պատկանում ու իրեն բաժին է ընկնում։ Անցյալ աշխատանքի արդյունքը, հենց ինքն անցյալ աշխատանքն ինքնինքյան այստեղ հղի է ներկա կամ թե ապագա կենդանի հավելյալ աշխատանքի մի պատառով։ Իսկ մենք գիտենք, ընդհակառակը, որ անցյալ աշխատանքի արդյունքների արժեքի պահպանումն ու այս չափով էլ այդ արժեքի վերարտադրությունը կենդանի աշխատանքի հետ նրանց շփվելու լոկ հետևանքն է, և երկրորդ՝ որ անցյալ աշխատանքի արդյունքների տիրապետությունը կենդանի հավելյալ աշխատանքի վրա շարունակվում է այնքան միայն, քանի հարատևում է կապիտալիստական հարաբերությունը — այս առանձնահատուկ սոցիալական հարաբերությունը, որի պայմաններում անցյալ աշխատանքն ինքնուրույնորեն հանդիպակայում է կենդանի աշխատանքին ու այս աշխատանքն իրեն է ենթարկում։
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՐԿ ՈՒ ՖԻԿՏԻՎ ԿԱՊԻՏԱԼ
Վարկային գործի ու սրա կողմից իր համար ստեղծվող գործիքների (վարկային փող և այլն) մանրամասն վերլուծումը մեր պլանից դուրս է։ Այստեղ պետք է նշենք փոքրաթիվ մի քանի կետեր միայն, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես արտադրության կապիտալիստական եղանակի բնորոշման համար։ Ընդսմին մենք գործ կունենանք առևտրային ու բանկային վարկի հետ միայն։ Այս վարկի զարգացման ու հասարակական վարկի զարգացման միջև եղած կապը մնում է մեր քննությունից դուրս։
Ես առաջ արդեն ցույց եմ տվել (I գիրք, III գլ., 3, b), թե ինչպես պարզ ապրանքային շրջանառությունից առաջ է գալիս փողի, իբրև վճարման միջոցի, ֆունկցիան և սրա հետ միասին՝ վարկատուի ու պարտապանի մի հարաբերություն ապրանք արտադրողի ու ապրանքի առևտրականի միջև։ Առևտրի ու արտադրության կապիտալիստական եղանակի զարգանալու հետ,— իսկ այս եղանակի պայմաններում արտադրվում է միմիայն շրջանառությունը նկատի ունենալով,— վարկային սիստեմի այս բնաճուն հիմքն ընդլայնվում, ընդհանրականանում, զարգանում է։ Ընդհանրապես փողն այստեղ գործում է լոկ իբրև վճարման միջոց, այսինքն ապրանքը ծախվում է ոչ թե փողով, այլ մի որոշ ժամկետում վճարելու գրավոր խոստումով ու վճարման այս պարտավորությունները մենք կարող ենք կարճառոտության համար բոլորը միասին ընդգրկել մուրհակների ընդհանուր կատեգորիայի տակ։ Մինչև իրենց ժամկետային օրն ու վճարման օրն այսպիսի մուրհակները հենց իրենք շրջանառում են դարձյալ իբրև վճարման միջոց և հենց նրանք էլ կազմում են բուն առևտրային փողը։ Որչափով որ նրանք պահանջի ու պարտքի հավասարեցմամբ վերջիվերջո փոխադարձաբար միմյանց մարում են, նրանք գործում են բացարձակորեն իբրև փող, որովհետև շարժման վերջում բոլորովին տեղի չի ունենում նրանց փոխարկումը փողի։ Ինչպես որ արտադրողների ու վաճառականների միջև տեղի ունեցող այս փոխադարձ կանխավճարումները կազմում են վարկի բուն հիմքը, այնպես էլ նրանց շրջանառության գործիքը, մուրհակը, կազմում է բուն վարկային փողի, բանկնոտաների և այլոց պատվանդանը։ Սրանց հիմքը ոչ թե փողի շրջանառությունն է, լինի սա մետաղյա փող կամ թե պետական թղթե փող, միևնույն է,— այլ մուրհակների շրջանառությունը։
W. Leatham (Յորկշիրի բանկիր)։ „Letters on the currency” II հրատ., London, 1840. «Ես կարծում եմ, որ մուրհակների ամբողջ գումարը 1839 թվականին 528 493 842 ֆ. ստ. էր» (օտարերկրյա մուրհակների գումարը նա հաշվում է ընդհանուրի մոտավորապես [math]^1/_5[/math]-ը), «իսկ միևնույն տարում միաժամանակ շրջանառող մուրհակների գումարը՝ 132 123 460 ֆ. ստ.» (էջ 56)։— «Մուրհակները շրջանառության գումարի մեջ մի շատ ավելի խոշոր բաղադրամաս են ներկայացնում, քան մյուս բոլոր բաղադրամասերը միասին առած» (էջ 3)։— «Մուրհակներից կազմված այս վիթխարի վերնաշենքը հանգչում է (!) բանկնոտաների ու ոսկու գումարից գոյացած պատվանդանի վրա, և եթե իրադարձությունների ընթացքում այս հիմքը նեղանում է, ապա սրա կայունությունն ու մինչև անգամ սրա գոյությունը վտանգվում է» (էջ 8)։— «Եթե գնահատում ենք ամբողջ շրջանառությունը» (նա նկատի ունի բանկնոտաները) «և բոլոր բանկերի այն պարտավորությունների գումարը, որոնց համար կարող է անհապաղ կանխիկ փողով վճարում պահանջվել, ապա իմ հաշվով ստացվում է 153 միլիոնի մի գումար, որի ոսկու փոխարկվելը կարող է պահանջվել օրենքի համաձայն, այնինչ, ընդհակառակը, այս պահանջը բավարարելու համար միայն 14 միլիոնի ոսկի կա» (էջ 11)։— «Մուրհակները չեն կարող վերահսկության տակ դրվել որովհետև դրանով նախ և առաջ կարգելվի ավելադիր փողի ու ցածր տոկոսի կամ թե զեղչի առաջացումը, որի ծնունդ է մուրհակների մի մասը և որը զարկ է տալիս նրանց այս մեծ ու վտանգավոր տարածմանը։ Անհնարին է որոշել, թե մուրհակներից որքանն է առաջացել իրական գործարքների, օրինակ, իրական գնումների ու վաճառքների հետևանքով, և որ մասն է արհեստականորեն ստեղծված (fictitious) ու լոկ արուրամուրհակներից կազմվածք այսինքն երբ մի մուրհակ տրվում է՝ ընթացիկ մի ուրիշ մուրհակ վճարման ժամկետից առաջ արանքից հանելու, և այսպիսով սոսկական շրջանառության միջոցներ հորինելով ֆիկտիվ կապիտալ ստեղծելու համար։ Ես գիտեմ, որ գերառատ ու էժան փողի ժամանակշրջաններում այս տեղի է ունենում վիթխարի չափերով» (էջ 43, 44)։ J. W. Bosanquet „Metallic, paper and credit currency”, London, 1842։ Clearing house [զեղչման պալատ]-ում, [որտեղ Լոնդոնի բանկիրները միմյանց հետ փոխանակում են վճարման ենթակա չեկերն ու ժամկետահաս մուրհակները.— Ֆ. Է.] առևտրի ամեն մի օրում կատարված վճարումների միջին գումարը 3 միլիոն ֆ. ստ.-ից ավելի է, իսկ այս նպատակի համար անհրաժեշտ փողի օրական պաշարը 200 000 ֆ. ստ.-ից միայն մի քիչ ավելի է (էջ 86), [1889 թվականին Clearing house-ի ամբողջ պտուտագումարն անում էր 7618¾ միլիոն ֆ. ստ. կամ կլոր թվով առևտրի 300 օրում օրական միջին հաշվով 25½ միլիոն։—Ֆ. Է.]։— «Մուրհակներն անվիճելիորեն շրջանառության միջոց (currency) են, փողից անկախ, որչափով որ նրանք սեփականությունը ձեռքից-ձեռք են փոխանցում՝ փոխանցագրի միջոցով» (էջ 92—93) — «Միջին հաշվով պետք է ընդունել, որ շրջանառող ամեն մի մուրհակ երկու փոխանցագիր է կրում և որ միջին հաշվով յուրաքանչյուր մուրհակ հետևաբար երկու վճարում է կատարում, նախքան իր ժամկետի լրանալը։ Ըստ այսմ երևում է, որ 1839 թվականի ընթացքում մուրհակները միմիայն փոխանցագրի միջոցով երկու անգամ 598 միլիոն կամ 1 056 միլիոն ֆ. ստ. արժեքի սեփականության մի փոխանցում են իրագործել, այսինքն օրական 3 միլիոնից ավելի։ Հետևաբար հավաստի է, որ մուրհակներն ու ավանդները միասին, սեփականությունն առանց փողի օժանդակության ձեռքից ձեռք փոխանցելով, օրական առնվազը 18 միլիոն մի գումարի հասնող փողային ֆունկցիաներ են կատարում» (էջ 93)։
Տուկը հետևյալն է ասում վարկի մասին ընդհանրապես. «Իր ամենապարզ արտահայտությամբ վարկը լավ կամ թե վատ հիմնավորված այն վստահությունն է, որ մեկին դրդում է մի ուրիշին ընձեռելու կապիտալի մի որոշ գումար փողով և կամ այնպիսի ապրանքներով, որոնք գնահատված են լինում մի որոշ փողային արժեքով, որպիսի գումարը միշտ ենթակա է վճարման մի որոշ ժամկետ անցնելուց հետո։ Երբ կապիտալը փոխատրվում է փողով, այսինքն բանկնոտաներով կամ թե կանխիկ վարկով և կամ մի թղթակցի վրա տված պատվիրագրով, ապա կապիտալից օգտվելու համար այսքան ու այսքան տոկոսի մի վրադիր է ավելացվում ետվճարելի գումարի վրա։ Իսկ եթե վարկը կատարվում է ապրանքների միջոցով, որոնց փողային արժեքը սահմանվում է գործարքակիցների կողմից ու որոնց հանձնումը մի վաճառք է նշանակում, ապա սահմանված այն գումարը, որ պետք է վճարվի, իր մեջ պարփակում է մի վարձատրություն կապիտալից օգտվելու համար և մինչև ժամկետի հասնելն ստանձնած ռիսկի փոխարեն։ Որոշ ժամկետօր ունեցող գրավոր պարտավորությունները մեծ մասամբ տրվում են այսպիսի վարկերի համար։ Եվ այս հանձնելի պարտագրերը կամ թե պրոմեսները կազմում են այն միջոցը, որով վարկատուները, եթե առիթ են գտնում իրենց կապիտալի գործադրության համար, լինի սա փողի կամ թե ապրանքների ձևով, սովորաբար ի վիճակի են լինում այս մուրհակների ժամկետը հասնելուց առաջ ավելի էժան պարտք վերցնելու կամ թե գնելու, որովհետև նրանց սեփական վարկն ամրապնդվում է մուրհակի վրա արված երկրորդ անվան վարկի միջոցով» („Inquiry into the currency principle”, էջ 87)։
Ch. Coquelin: „Du crédit et des banques dens l’industrie”, „Revue des deux modes”, 1842, հատ. XXXI, [էջ 797]. «Ամեն մի երկրում վարկային գործարքների մեծամասնությունը կատարվում է բուն իսկ արդյունաբերական հարաբերությունների շրջանում... Հումքն արտադրողն այս կանխավճարում է վերամշակող գործարանատիրոջը և նրանից ստանում է հաստատուն ժամկետ ունեցող վճարման մի պարտագիր։ Գործարանատերն աշխատանքի իր բաժինը կատարելուց հետո դարձյալ ու նույն պայմաններով իր արդյունքը կանխավճարում է մի ուրիշ գործարանատիրոջ, որը պետք է շարունակի այս վերամշակել, և այսպիսով վարկը ծավալվում է ավելի ու ավելի՝ մեկից մյուսը մինչև սպառորդը։ Մեծածախ առևտրականն ապրանքային փոխատվություն է ընձեռում մանրածախ առևտրականին, այնինչ ինքն էլ այսպիսի փոխատվություն ստանում է գործարանատիրոջից կամ թե կոմիսիոներից։ Յուրաքանչյուրը պարտք է վերցնում մի ձեռքով և փոխարկում է մյուսով, երբեմն փող, իսկ շատ ավելի հաճախ՝ արդյունքներ։ Արդյունաբերական հարաբերությունների շրջանում այս եղանակով կատարվում է փոխատվությունների մի անընդհատ փոխանակություն, փոխատվությունների, որոնք համակցվում են և ամեն ուղղությամբ խաչաձևվում։ Այս փոխադարձ փոխատվությունների բազմապատիկ դառնալն ու աճումն է հենց կազմում վարկի զարգացումը, և հենց այստեղ է նրա հզորության իսկական պատվանդանը»։
Վարկային գործի մյուս կողմն օղակվում է փողի առևտրի զարգացման հետո, որը կապիտալիստական արտադրության մեջ, իհարկե, համաքայլ է ընթանում ապրանքային առևտրի զարգացման հետ։ Նախընթաց բաժնում (XIX գլուխ) մենք տեսանք, թե ինչպես վաճառականների պահեստի ֆոնդի պահպանումը, փող ընդունելու և վճարելու, ինչպես և միջազգային վճարումների տեխնիկական գործառնություններն ու սրանց հետ միասին ձուլ-առևտուրը համակենտրոնանում են փողի առևտրով զբաղվող վաճառականների ձեռքում։ Փողի այս առևտրի կապակցությամբ զարգանում է վարկային գործի մյուս կողմը, տոկոսաբեր կապիտալի կամ փողային կապիտալի կառավարումն իբրև փողի առևտրականների հատուկ ֆունկցիա։ Փողի փոխառնությունն ու փողի փոխատվությունը դառնում է նրանց առանձնահատուկ զբաղմունքը։ Նրանք հանդես են գալիս իբրև միջնորդներ փողային կապիտալի իսկական վարկատուի ու փոխառուի միջև։ Ընդհանրապես արտահայտած՝ այս կողմից բանկային գործն այն է, որ փոխատրելի կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացվում է բանկերում, այնպես որ առանձին փողային փոխատուի փոխարեն բանկիրներն են իբրև բոլոր փողային փոխատուների ներկայացուցիչներ հանդիպակայում արդյունաբերական ու առևտրային կապիտալիստներին։ Նրանք դառնում են փողային կապիտալի ընդհանրական կառավարիչները։ Մյուս կողմից՝ նրանք բոլոր փոխատուների հանդեպ համակենտրոնացնում են փոխառուներին, որովհետև բանկիրները փոխառում են ամբողջ առևտրային աշխարհի համար։ Բանկը մի կողմից ներկայացնում է փողային կապիտալի, վարկատուների կենտրոնացումը, մյուս կողմից՝ փոխառուների կենտրոնացումը։ Նրա շահույթն այն է կազմում ընդհանրապես, որ նա փոխատրում է ավելի բարձր տոկոսով, քան այն տոկոսը, որով նա փոխառում է։
Այն փոխատրելի կապիտալը, որը գտնվում է բանկիրի տրամադրության տակ բազմազան եղանակներով է առհոսում նրանց մոտ։ Որովհետև նրանք արդյունաբերական կապիտալիստների կասսիրներն են, ուստի նրանց ձեռքում ամենից առաջ համակենտրոնանում է այն փողային կապիտալը, որ ամեն մի արտադրող ու վաճառական պահում է իբրև պահեստի ֆոնդ կամ թե որն իբրև վճարում առհոսում է նրա մոտ։ Այս ֆոնդերն այսպիսով վեր են ածվում փոխատրելի փողային կապիտալի։ Սրա հետևանքով առևտրային աշխարհի պահեստի ֆոնդը, որովհետև համակենտրոնանում է իբրև հասարակական ֆոնդ, սահմանափակվում է անհրաժեշտ մինիմումով, և փողային կապիտալի մի մասը, որն այլ պայմաններում, իբրև պահեստի ֆոնդ, անգործ պառկած կլիներ, փոխատրվում է, գործում է իբրև տոկոսաբեր կապիտալ։ Երկրորդ՝ բանկերի փոխատրելի կապիտալը գոյանում է փողային կապիտալիստների ավանդներից, որոնք բանկիրին են թողնում սրանց փոխատրումը։ Բանկային սիստեմի զարգանալու հետ միասին, մանավանդ, երբ բանկերն սկսում են ավանդների համար տոկոս վճարել, բոլոր դասակարգերի փողային խնայություններն ու առժամապես անգործ մնացած փողը բանկերումն է ավանդատրվում։ Մանր գումարները, որոնցից ամեն մեկն ըստինքյան անկարող է իբրև փողային կապիտալ գործելու, միացվում են իբրև խոշոր մասսաներ և այսպիսով փողային ուժ գոյացնում։ Մանր գումարների այս հավաքումն իբրև բանկային սիստեմի հատուկ արդյունք պետք է տարբերել բուն փողային կապիտալիստի ու փոխառուի միջև կատարվող բանկային միջնորդությունից։ Վերջապես, բանկերում ավանդատրվում են նաև այն եկամուտները, որոնք պետք է միայն մաս-մաս սպառվեն։
Փոխատվությունը (մենք այստեղ գործ ունենք բուն առևտրային վարկի հետ միայն) կատարվում է մուրհակների զեղչմամբ — մուրհակներն իրենց ժամկետին հասնելուց առաջ փող դարձնելով — ու զանազան ձևերի փոխատվություններով, որոնք են՝ ուղղակի փոխատվություններ անձնական վարկի կարգով, գրավատնային փոխատվություններ տոկոսաբեր թղթերի դիմաց, պետական արժեթղթերի, ամեն տեսակի ակցիաների դիմաց, իսկ մասնավորապես նաև փոխատվություններ բեռնագրերի, նավաբեռնագրերի ու հավաստագրված ապրանքային սեփականաթղթերի դիմաց, ավանդների փոխանցմամբ և այլն։
Իսկ այն վարկը, որ տալիս է բանկիրը, կարող է տրվել տարբեր ձևերով, օրինակ, մյուս բանկերի վրա հղված մուրհակներով, նրանց վրա տրվող չեկերով, նույն տեսակի վարկ բանալով, վերջապես այն բանկերի կողմից, որոնք բանկնոտաների թողարկ ունեն, բանկի սեփական նոտաներով։ Բանկնոտան ուրիշ բան չի, բայց եթե բանկիրի վրա տրված մի մուրհակ, որով պետք է ներկայացնողին վճարվի ամեն մի ժամանակ և որով բանկիրը փոխարինում է մասնավոր մուրհակները։ Վերջին ձևը գործին անտեղյակ մարդկանց հատկապես ապշելի ու կարևոր է թվում նախ այն պատճառով, որ վարկային փողի այս տեսակը սոսկական առևտրային շրջանառությունից ոտք է դնում ընդհանրական շրջանառության մեջ և այստեղ գործում է իբրև փող. այլ և այն պատճառով, որ երկրների մեծամասնության մեջ գլխավոր բանկերը, որոնք բանկնոտաներ են թողարկում, իբրև ազգային բանկի ու մասնավոր բանկի տարօրինակ խառնուրդ՝ իրապես ազգային վարկն ունեն իրենց թիկունքում, իսկ նրանց բանկնոտաներն ավելի կամ պակաս չափով օրինական վճարման միջոցներ են. որովհետև այստեղ ակներև է դառնում, որ այն, ինչով բանկիրն առևտուր է անում, հենց ինքը վարկն է, և ընդսմին բանկնոտան մի շրջանառւ վարկանիշ է միայն։ Բայց բանկիրն առուտուր է անում մյուս բոլոր ձևերի վարկով էլ, նույնիսկ երբ նա կանխիկ փոխատրում է իր մոտ ավանդատրված փողը։ Բանկնոտան իսկապես լոկ դրամ է խոշոր առևտրի համար, իսկ ավանդն է, որ իբրև գլխավոր տարր միշտ մեծ կշիռ ունի բանկերի մոտ։ Սրա լավագույն ապացույցը տալիս են շոտլանդական բանկերը։
Մեր նպատակների տեսակետից կարիք չկա ավելի հանգամանորեն քննելու ինչպես վարկի առանձնահատուկ հիմնարկները, այնպես էլ բանկերի անձնահատուկ ձևերը։
«Բանկիրները երկակի գործ ունեն... 1) հավաքել կապիտալը նրանցից, ովքեր ոչ-մի անմիջական գործադրություն չեն գտնում նրա համար, և այս կապիտալը բաշխել ու հանձնել ուրիշներին, ովքեր կարող են այն օգտագործել. 2) իրենց կլիենտների եկամուտներից կազմված ավանդներ ընդունել և գումարներ վճարել նրանց՝ սպառման ծախսերի համար հարկավոր եղածի չափով։ Առաջինը կապիտալի շրջանառություն է, վերջինը՝ փողի [շրջանառության միջոցների] շրջանառություն (currency)»։— «Մեկը կապիտալի համակենտրոնացում է մի ձեռքում ու նույնի բաշխումը մյուս ձեռքով, մյուսը շրջանառության կարգավորումն է տվյալ երկրամասի տեղական կարիքների համար»— Tooke: „Inquiry into the currency principle”, էջ 36, 37։ Մենք այս հատվածին կվերադառնանք XXVIII գլխում։
„Reports of Committees” հատ. VIII, „Commercial Distress”, հատ. II, մասն I, 1847—1848։ Վկայությունների արձանագրություններ։— (Հետագայում քաղբերվում է իբրև „Commercial Distress”, 1847—1848)։ Քառասնական թվականներին Լոնդոնում մուրհակների զեղչման ժամանակ անթիվ դեպքերում բանկնոտաների փոխարեն ընդունվում էին մի բանկի՝ մի ուրիշ բանկի վրա տված ու 21 օրվա ժամկետ ունեցող մուրհակներ։ (Ջ. Պիիզի, գավառական բանկիրի, վկայությունը. № 4636 ու 4645)։ Նույն հաշվետվության համաձայն` բանկիրները սովորություն ունեին, երբ փողը սակավագյուտ էր դառնում, վճարման ժամանակ իրենց կլիենտներին կանոնավորապես այսպիսի մուրհակներ տալու։ Եթե ստացողը բանկնոտաներ էր ուզում, ապա պետք է այս մուրհակը նորից զեղչեր։ Բանկերի համար այս համազոր էր փող բաց թողնելու մի արտոնության։ Պարոնայք Ջոնսը, Լոյդը և Ընկ.-ն «անհիշելի ժամանակներից» սկսած այս եղանակով էին վճարում, երբ փողը սակավագյուտ էր դառնում, իսկ տոկոսը՝ 5%-ից բարձր։ Կլիենտն ուրախությամբ էր ընդունում բանկային այսպիսի մուրհակներ, որովհետև Ջոնս, Լոյդ և Ընկ.-ն մուրհակներն ավելի հեշտ զեղչելի էին, քան իր սեփական մուրհակները, ընդորում հիշյալ մուրհակները հաճախ 20—30 ձեռքից էին անցնում (նույն տեղում, № № 901 մինչև 905, 992)։
Այս բոլոր ձևերը ծառայում են այն նպատակին, որ վճարումն ստանալու իրավունքը փոխհանձնելի դարձնեն։ «Չկա վարկին վիճակված մի որևէ ձև, որով պարուրված նա ժամանակ առ ժամանակ փողի ֆունկցիա չկատարի, ուզում է՝ այս ձևը լինի մի բանկնոտա կամ թե մի մուրհակ, և կամ մի չեկ, պրոցեսն էապես միևնույնն է, և հետևանքը միևնույնն է էապես»։— Fullarton: „On the regulation of currencies”, II հրատ., Լոնդոն, 1845, էջ 38.— «Բանկնոտաները վարկի համար մանր փող են ներկայացնում» (էջ 51)։
Հետևյալը բերում ենք J. W. Gilbart-ի գործից. „The history and principles of banking”, London, 1834։ «Բանկի կապիտալը կազմված է երկու մասից — հիմնական կապիտալից (invested capital) ու բանկային կապիտալից (banking capital), որը փոխ է առված» (էջ 117)։ «Բանկային կապիտալը կամ փոխառած կապիտալը երեք ճանապարհով է ստացվում. 1) ավանդներ ընդունելով, 2) սեփական բանկնոտաներ թողարկելով, 3) մուրհակներ տալով։ Եթե մեկը հոժարում է ինձ 100 ֆ. ստ. փոխ տալ անվճար, և ես այս 100 ֆ. ստ.-ը տոկոսով փոխատրում եմ մի ուրիշի 4%-ով ապա ես տարվա ընթացքում այս գործարքով կշահեմ 4 ֆ. ստ.։ Նմանապես եթե մեկն իմ վճարախոստումը» (I promise to pay — ես խոստանում եմ վճարել — անգլիական բանկնոտաների նկատմամբ գործադրվող սովորական բանաձևն է) «հոժարում է ընդունել և տարվա վերջում ինձ վերադարձնել այս ու փոխարենը 4% վճարել ինձ ճիշտ այնպես, եթե ես նրան 100 ֆ. ստ. փոխատրած լինեի, ապա այս գործարքով ես կշահեմ 4 ֆ. ստ. և դարձյալ, եթե մեկը մի գավառաքաղաքում 100 ֆ. ստ. բերի ինձ այն պայմանով, որ ես 21 օր հետո այս գումարը Լոնդոնում վճարեմ մի երրորդ անձի, ապա յուրաքանչյուր տոկոս, որ ես այդ ժամանակամիջոցում կարող եմ ստանալ այն փողից, իմ շահույթը կլինի։ Այս է իրերի դրությունից բխող՝ բանկի այն գործառնությունների ու այն ճանապարհի էությունը, որով ավանդների, բանկնոտաների ու մուրհակների միջոցով բանկային մի կապիտալ է ստեղծվում» (էջ 117)։ Բանկիրի շահույթը, ընդհանրապես վերցրած, համամասնական է լինում նրա փոխ առած կամ բանկային կապիտալի գումարի նկատմամբ։ Բանկի իսկական շահույթը հավաստելու համար պետք է հիմնական կապիտալի տոկոսը հանել համախառն շահույթից։ Մնացորդը բանկային շահույթն է» (Էջ 118)։ «Իր կլիենտներին ընձեռած փոխատվությունները բանկիրը կատարում է ուրիշների փողով» (էջ 146)։ «Հենց այն բանկիրները, որոնք ոչ մի բանկնոտա չեն թողարկում, բանկային կապիտալ են ստեղծում մուրհակները զեղչելով։ Նրանք շատացնում են իրենց ավանդները՝ զեղչման իրենց գործառնությունների միջոցով։ Լոնդոնի բանկիրները զեղչում են լոկ այն ֆիրմաների մուրհակները, որոնք իրենց մոտ ընթացիկ հաշիվ ունեն» (էջ 119)։ Մի ֆիրմա, որը մուրհակներ է զեղչում իր բանկում և այս մուրհակների ամբողջ գումարի համար տոկոսներ է վճարել, ստիպված է այս գումարի գոնե մի մասը թողնելու բանկի ձեռքին՝ առանց սրա համար տոկոս ստանալու։ Այս ճանապարհով բանկիրն ընթացիկ տոկոսադրույքից ավելի բարձր տոկոս է ստանում վարկատրած փողի համար և բանկային կապիտալ է ստեղծում իր ձեռքում մնացած մնացորդի միջոցով» (էջ 120)։ Պահեստաֆոնդի, ավանդների, չեկերի տնտեսում.— «Զեղչման բանկերը պարտքերի փոխանցման միջոցով տնտեսում են շրջանառության միջոցի գործածությունը և խոշոր գումարի գործարկները գլուխ են բերում իսկական փողի մի փոքրիկ գումարով։ Այս եղանակով ազատարձակված փողը բանկիրները գործադրում են՝ զեղչման ու այլ միջոցներով իրենց կլիենտներին վարկատրելու համար։ Ուստի պարտքերի փոխանցումը բարձրացնում է ավանդների սիստեմի ներգործությունը» (էջ 123)։ «Նշանակություն չունի, թե արդյոք երկու կլիենտ, որոնք գործ են անում իրար հետ, իրենց հաշիվը միևնույն, թէ՞ տարբեր բանկիրների մոտ են պահում։ Որովհետև բանկիրներն իրենց չեկերը միմյանց միջև փոխանակում են Clearing house-ում [զեղչման պալատում]։ Այսպիսով ավանդների սիստեմը կարող էր պարտքերի փոխանցման միջոցով այն աստիճան ընդարձակվել, որ լիովին վտարեր մետաղե փողի գործածությունը։ Եթե ամեն մեկը բանկում ընթացիկ հաշիվ պահեր և իր բոլոր վճարումները չեկերով կատարեր, ապա այս չեկերը շրջանառության միակ միջոցը կդառնային։ Այս դեպքում պետք էր ենթադրել, որ փողը բանկիրների ձեռքումն է, այլապես չեկերը ոչ մի արժեք չէին ունենա» (էջ 124)։ Տեղական շրջանառության կենտրոնացումը բանկերի ձեռքում կատարվում է 1) բանկերի ֆիլիալների միջոցով։ Գավառական բանկերն իրենց ֆիլիալներն ունեն գավառի ավելի փոքրիկ քաղաքներում, Լոնդոնի բանկերը՝ Լոնդոնի տարբեր քաղաքամասերում։ 2) Գործակալության միջոցով։ «Գավառական ամեն մի բանկ մի գործակալ ունի Լոնդոնում՝ այնտեղ իր բանկնոտաները կամ թե մուրհակները վճարելու և այն փողն ստանալու համար, որ Լոնդոնում բնակվողները վճարում են գավառում բնակվողների հաշվի դիմաց» (էջ 127)։ Յուրաքանչյուր բանկիր հավաքում է մյուսների բանկնոտաները և այլևս չի դուրս տալիս սրանք։ Ամեն մի խոշոր քաղաքում նրանք շաբաթական մեկ կամ թե երկու անգամ հավաքվում են և բանկնոտաները փոխանակում։ Մնացորդը վճարվում է Լոնդոնի վրա պատվիրագիր տալով (էջ 134)։ «Բանկերի կոչումն առևտրային գործարքների հեշտացումն է։ Այն ամենը, որ հեշտացնում է առևտուրը, հեշտացնում է նաև սպեկուլացիան։ Առևտուրը և սպեկուլացիան շատ դեպքերում այնպես սերտ են շաղկապված միմյանց հետ, որ դժվար է ասել, թե որտեղ է դադարում առևտուրը և որտեղ սկսվում սպեկուլացիան... Ամենուրեք, որտեղ բանկեր կան, ավելի հեշտ ու ավելի էժան կարելի է կապիտալ ստանալ։ Կապիտալի էժանությունը զարկ է տալիս սպեկուլացիային, ճիշտ այնպես, ինչպես մսի ու գարեջրի էժանությունից զարկ է ստանում շատակերությունն ու հարբեցողությունը» (էջ 137, 138)։ «Որովհետև այն բանկերը, որոնք սեփական բանկնոտաներ են թողարկում, միշտ այս բանկնոտաներով են վճարում, ապա կարող է թվալ, թե նրանց զեղչման գործարքը կատարվում է բացառապես այս եղանակով ձեռք բերած կապիտալով, բայց այս այսպես չի։ Բանկիրը շատ լավ կարող է իր զեղչած բոլոր մուրհակներն իր սեփական բանկնոտաներով վճարել, և այնուամենայնիվ նրա տնօրինության տակ գտնված մուրհակների [math]^9/_{10}[/math]-ը կարող է իրական կապիտալ ներկայացնել։ Որովհետև, չնայած որ նա ինքն այս մուրհակների համար իր սեփական թղթե փողն է միայն տվել, բայց կարիք չկա, որ իր թղթե փողը շրջանառության մեջ մնա մինչև մուրհակների ժամկետի հասնելը։ Մուրհակները կարող են դեռ երեք ամիս էլ ունենալ մինչև ժամկետը, բանկնոտաները կարող են երեք օրում ետ գալ» (էջ 172)։ «Կլիենտների միջոցով հաշիվ փակելը գործարքային նորմալ ակտ է։ Սա այն նպատակն է իրոք, որի համար երաշխավորվում է կանխիկ վարկը... Կանխիկ վարկերը երաշխավորվում են ոչ միայն անձնական ապահովությամբ, այլ և արժեթղթերի ավանդատրությամբ» (էջ 174, 175)։ «Ապրանքների գրավադրությամբ փոխատրված կապիտալը նույն ներգործությունն ունի, ինչպես և այն կապիտալը, որը փոխատրվում է մուրհակների զեղչմամբ։ Եթե մեկը 100 ֆ. ստ., պարտք է վերցնում իր ապրանքների ապահովմամբ, ապա այս միևնույնն է, եթե նա այս ապրանքները ծախեր 100 ֆ ստ.-անոց մի մուրհակ ստանալով և այս վերջինս զեղչեր բանկիրի մոտ։ Բայց փոխատվությունը նրան հնարավորություն է տալիս իր ապրանքները պահելու մինչև գների բարձրացումը շուկայում և խուսափելու, այն զոհերից, որ այլապես նա պիտի տար, որպեսզի անհետաձգելի գործարքների համար փող ստանար» (էջ 180, 181)։
„The currency theory reviewed etc.” [Edinburgh, 1845], էջ 62, 63. «Անվիճելի ճշմարտություն է, որ այն 1 000 ֆ. ստ.-ը, որն այսօր ես ավանդադրում եմ A-ի մոտ, վաղը նորից դուրս կտրվեն և մի ավանդ կկազմեն B-ի մոտ։ Մյուս օրը նույն գումարը կարող է նարից դուրս տրվել B-ի կողմից, ավանդ կազմել C-ի մոտ, և այսպես անվերջ։ Այսպիսով ուրեմն, միևնույն 1 000 ֆ. ստ. փողը կարող է մի շարք փոխհանձնումների միջոցով բազմապատկվելով վերածվել ավանդների մի բացարձակապես անսահմանելի գումարի։ Ուստի հնարավոր է, որ Անգլիայի բոլոր ավանդների իննը տասերորդն ամենեվին գոյություն չունի՝ բանկիրների մատյանների տոմարակալական հոդվածներում գտնվելուց զատ, բանկիրների, որոնցից ամեն մեկը, սակայն, պնդում է, որ իր մասը գոյության ունի... Այսպես, Շոտլանդիայում, որտեղ շրջանառու փողը (այն էլ համարյա միմիայն թղթե փող) երբեք 3 միլիոն ֆ. ստ.-ից ավելի չի, ավանդները 27 միլիոն են։ Քանի դեռ ավանդների մի ընդհանրական, հանկարծակի ետպահանջում (a run on the banks) հրապարակ չի եկել, միևնույն 1 000 ֆ. ստ.-ը, ետ-ետ ճանապարհորդելով, միևնույն հեշտությամբ կարող է մի նույնպես անսահմանելի գումար գոցել։ Որովհետև միևնույն 1 000 ֆ. ստ.-ը, որով ես այսօր գոցում եմ իմ այն պարտքը, որ տալիք եմ մի առևտրականի, վաղը կարող է փակել սրա այն պարտքը, որ սա տալիք է մի ուրիշ վաճառականի, իսկ մյուսը՝ նրա պարտքը բանկին, և այսպես անվերջ. ուստի միևնույն 1 000 ֆ. ստ.-ը կարող է անցնել ձեռքից-ձեռք ու բանկից-բանկ և ծածկել ավանդների ամեն մի հնարավոր գումար»։
[Ինչպես վերևում տեսանք, Ջիլբերտն արդեն 1834 թվականին իմանում էր, որ «այն ամենը, որ հեշտացնում է առևտուրը, հեշտացնում է նաև սպեկուլյացիան. առևտուրը և սպեկուլացիան շատ դեպքերում այնպես սերտ են շաղկապված միմյանց հետ, որ դժվար է ասել, թե որտեղ է դադարում առևտուրը և սրտեղ սկսվում սպեկուլացիան»։ Որքան ավելի հեշտ է փոխատվություններ ստանալ չծախված ապրանքների դիմաց, այնքան ավելի շատ են վերցվում այսպիսի փոխատվություններ, այնքան ավելի մեծ է ապրանքներ արտադրելու կամ թե արդեն արտադրված ապրանքները հեռավոր շուկաներ նետելու գայթակղությունը, և սրա նպատակը լոկ այն է ամենից առաջ, որ հիշյալների դիմաց փողով փոխատվություն ստանան։ Թե ինչպես մի երկրի ամբողջ առևտրային հասարակությունը կարող է բռնվել այսպիսի մոլուցքով, և թե սա ինչով է վերջանում հետո, այս մասին մեզ մի ակնբախ օրինակ է տալիս անգլիական առևտրի 1845—1847 թվականների պատմությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչեր կարող է անել վարկը։ Հետագա օրինակների պարզաբանման համար նախ անենք մի քանի համառոտ նկատողություններ միայն։
1842 թվականի վերջում սկսեց թուլանալ այն ճնշումը, ոը 1837 թվականից սկսած գրեթե անընդհատ ծանրացած էր անգլիական արդյունաբերության վրա։ Հաջորդ երկու տարում է՛լ ավելի բարձրացավ արտասահմանի պահանջարկն Անգլիայի արդյունաբերական ապրանքների նկատմամբ. 1845—1846 թվականներն ամենաբարձր ծաղկման ժամանակաշրջան էին։ 1843 թվականին ափիոնի պատերազմը Չինաստանը բաց արեց անգլիական առևտրի առջև։ Նոր շուկան մի նոր զարկ տվեց մանավանդ բամբակեղենի արդյունաբերության ընդարձակմանը, որն արդեն լրիվ թափ էր ընդունել։ «Մենք ի՞նչպես կարող ենք ավելի քան շատ արտադրել։ Մենք պետք է 300 միլիոն մարդ հագցնենք»,— այս տողերը գրողին այն ժամանակ ասում էր Մանչեստրի մի գործարանատեր։ Սակայն բոլոր նորակառույց գործարանաշենքերը, շոգե- ու մանամեքենաները և մանածագործական հաստոցները բավական չէին կլանելու Լանկաշիրի զանգվածորեն ներհոսող հավելյալ արժեքը։ Նույն մոլեգնությամբ, որով արտադրությունն էր բարձրացնում, նետվեցին երկաթուղիներ շինելու. գործարանատերերի ու վաճառականների սպեկուլատիվ տենչն ամենից առաջ այստեղ գոհացում գտավ, ու այն էլ արդեն 1844 թվականի ամառվանից սկսած։ Բաժնեգրվում էին ակցիաների, որքան շատ որ կարողանում էին, այսինքն ինչքան որ փողը բավարարում էր առաջին մուծանքները ծածկելու համար. մնացած գումարի համար մի ելք կգտնվի արդեն։ Այնուհետև, երբ վրա հասան մուծանքների ժամկետները — «Commercial Distress»-ի 1848/57-ի 1059-րդ հարցմունքի համաձայն 1846/47 թվականներին երկաթուղիների շինարարության մեջ ներդրված կապիտալն անում էր 75 միլիոն ֆ. ստ. — այն ժամանակ ստիպված էին դիմելու վարկի օգնությանը, և սրա հետևանքով ֆիրմաների սեփական գործերը մեծ մասամբ պետք է տուժեին։
Իսկ սեփական ձեռնարկությունները շատ ու շատ դեպքերում արդեն գերաբեռնված էին։ Հրապուրիչ բարձր շահույթները նրանց քաշել էին անչափ ավելի ընդարձակածավալ գործառնությունների մեջ, քան նրանց տրամադրության տակ եղած ազատ միջոցներն այդ ներում էին։ Բայց վարկը հո կար, այն էլ հեշտ ձեռք բերելի ու էժան։ Բանկային զեղչը ցածր էր.— 1844 թվականին՝ 1¾–2¾%, 1845-ին մինչև հոկտեմբեր՝ 3%-ից ցած, հետո մի կարճ ժամանակ բարձրացավ մինչև 5% (1846 թ. փետրվար), ապա նորից ընկավ մինչև 3¼% 1846 թվականի դեկտեմբերին։ Բանկը չլսված գումարի հասնող ոսկու պաշար ուներ իր նկուղներում։ Բոլոր ներերկրային բորսային արժեքներն այնքան բարձր էին կանգնած, որքան բարձր երբեք չէին եղել առաջ։ Ուրեմն ինչո՞ւ ձեռքից բաց թողնեն հիանալի առիթը, ինչո՞ւ մի պինդ չկպչեն գործին։ Ինչո՞ւ անգլիական ֆաբրիկատների կարոտը քաշող օտար երկրներ չուղարկեն այն բոլոր ապրանքները, որ կարելի էր արտադրել։ Եվ ինչո՞ւ պետք է ինքը գործարանատերը չքաղեր այն երկակի շահույթը, որ առաջ էր գալիս մանվածքն ու գործվածքը հեռավոր Արևելքում ծախելուց և սրա փոխարեն ստացած ապրանքն Անգլիայում վաճառելուց։
Այսպես ծագեց կանխավճարման դիմաց կոնսիգնացիայի կարգով դեպի Հնդկաստան ու Չինաստան կատարվող մասսայական առաքումների սիստեմը, որը շատ շուտով զարգանալով դարձավ սոսկ կանխավճարման սիրուն կատարվող կոնսիգնացիոն առաքումների մի սիստեմ, ինչպես այս հանգամանորեն նկարագրված է հաջորդ շարադրության մեջ և ինչպես որ հիշյալն անհրաժեշտորեն պետք է վերջանար շուկաների մասսայական գերալցումով ու ընդհանուր փլուզումով։
Այս փլուզումը պայթեց 1846 թվականի անբերրության հետևանքով։ Անգլիան ու հատկապես Հոլանդիան կարիք ունեին կենսամիջոցների, մանավանդ հացահատիկի ու կարտոֆիլի վիթխարի ներմուծման։ Բայց այն երկրները, որոնք մատակարարում էին այս կենսամիջոցները, սրանց լոկ ամենաչնչին մասի դիմաց կարող էին, իբրև վճար, անգլիական արդյունաբերության արդյունքներ ընդունել. պետք է իբրև վճար ազնիվ մետաղ տրվեր. առնվազն 9 միլիոնի ոսկի գնաց արտասահման։ Այս գումարից ամբողջ 7½ միլիոնը վերցվեց Անգլիայի բանկի կանխիկ գանձապահեստից, որի հետևանքով հիշյալ բանկի գործունեության ազատությունն զգալի կերպով ջլատվեց փողային շուկայում. մնացած բանկերը, որոնց պահեստի գումարներն Անգլիայի բանկում էին պահ դրված և փաստորեն նույնանում են այս բանկի պահեստի գումարի հետ, հիմա նույնպես պետք է սահմանափակեին իրենց փողային գործառնությունները. վճարումների արագ ու հեշտությամբ կատարվող հոսանքը կանգ առավ նախ այստեղ ու այնտեղ, հետո էլ՝ ամենուրեք։ Բանկային զեղչը, որ 1847 թվականի հունվարին դեռ 3—3½% էր, ապրիլին, երբ պայթեց առաջին խուճապը, բարձրացավ 7%-ի. հետո ամառը է՛լի մի վաղանցուկ փոքր թեթևացում վրա հասավ, բայց հենց որ նոր բերքը ձախողվեց, խուճապը բռնկվեց նորից ու էլ ավելի ուժգնորեն։ Բանկի պաշտոնական նվազագույն զեղչը հոկտեմբերին բարձրացավ 7%-ի, նոյեմբերին՝ 10-ի, այսինքն մուրհակների խոշոր մեծամասնությունը կարող էր զեղչվել վաշխառուական վիթխարի տոկոսներով միայն կամ թե այլ ևս չէր կարող զեղչվել ընդհանրապես. վճարման ընդհանրական, կանգառումը մի շարք առաջնակարգ ֆիրմաներ ու բազմաթիվ միջին ու մանր ֆիրմաներ սնանկության հասցրեց. հենց ինքը բանկը, 1844 թվականի բանկային խորամանկ օրենքի դրած սահմանափակումների հետևանքով, անխուսափելիորեն սնանկանալու վտանգի մեջ էր,— այն ժամանակ կառավարությունը, ընդհանրական պահանջներից ազդված, հոկտեմբերի 25-ին փոխեց բանկային օրենքը և սրանով վերացրեց բանկի վրա օրենքով դրված անհեթեթ կապանքները։ Հիմա բանկը կարող էր իր պահեստի բանկնոտաներն անարգելորեն շրջանառության մեջ դնել. որովհետև այս բանկնատաների վարկը փաստորեն երաշխավորված էր ազգի վարկով, ուրեմն անխախտ էր, ուստի իսկույն փողի հետ կապված դժվարությունների վճռական թեթևացում առաջացավ. իհարկե, անհուսալիորեն գլուխ փախցրած խոշոր ու մանր ֆիրմաների մի բազմություն էլ դեռ սնանկացավ, բայց ճգնաժամի բարձրակետն արդեն հաղթահարված էր, բանկային զեղչն ընկնելով սեպտեմբերին նորից հասավ 5%-ի, և արդեն 1848 թվականի ընթացքում նախապատրաստվեց գործերի այն նոր աշխուժացումը, որը 1849 թվականին վիժեցրեց մայր ցամաքի ռևոլուցիոն շարժումները և առաջին անգամ հիսնական թվականներին հասցրեց մինչև այդ չլսված արդյունաբերական ծաղկման, բայց հետո էլ 1857 թվականի փլուզումին։— Ֆ. Է.
I. 1847 թվականի ճգնաժամի ընթացքում պետական արժեթղթերի ու ակցիաների արժեքների վիթխարի անկման մասին տեղեկություն է տալիս լորդերի պալատի 1848 թվականին լույս ընծայած մի փաստաթուղթ։ Սրա համաձայն 1847 թվականի հոկտեմբերի 23-ին արժեքների անկումը, նույն տարվա փետրվարի դրության հետ համեմատած, անում էր—
Անգլիական պետական արժեթղթերի վերաբերմամբ | 93 824 217 | ֆ. | ստ. | |
Դոկերի ու ջրանցքների ակցիաների վերաբերմամբ | 1 358 288 | » | » | |
Երկաթուղային ակցիաների վերաբերմամբ | 19 579 820 | » | » | |
Ընդամենը՝ | 114 762 325 | ֆ. | ստ. |
II. Արևելահնդկական առևտրի մեջ եղած խաբեբայության մասին, որտեղ մուրհակը տալիս էին այլևս ոչ թե այն պատճառով, որ ապրանք էր գնվել, այլ ապրանք գնում էին այն պատճառով, որ կարողանան զեղչելի, փողի փոխարկելի մուրհակ տալ,— 1848 թվականի նոյեմբ. 24-ի իր համարում „Manchester Guardian”-ը հաղորդում է.
Լոնդոնում գտնվող A-ն B-ի միջոցով Մանչեստրի C գործարանատիրոջից ապրանք է գնում Արևելյան Հնդկաստան D-ին նավառաքելու համար։ B-ն C-ին վճարում է այն վեցամսյա մուրհակներով, որ C-ն տվել էր B-ին։ Սա նույնպես իր հաշիվը փակում է A-ից գանձելի վեցամսյա մուրհակ ստանալով։ Հենց որ ապրանքը նավառաքվամ է, A-ն ուղարկված բեռնագրի դիմաց ստանում է D-ից գանձելի նմանապես վեցամսյա մուրհակ։ «Այսպիսով ուրեմն, գնորդն ու առաքողը երկուսն էլ ֆոնդի տեր են ապրանքների փողն իրենց կողմից վճարելուց շատ ամիսներ առաջ, և շատ սովորական բան էր, որ այս մուրհակները ժամկետների հասնելուց հետո նորոգվում էին այն պատրվակով, թե մի այսպիսի երկարատև գործարքի դեպքում պետք է ժամանակ տալ իրացման համար։ Բայց ցավալին այն է, որ մի այսպիսի գործում կրած կորուստները տանում էին ոչ թե դեպի հիշյալ գործի սահմանափակումը, այլ հենց դեպի նրա ընդարձակումը։ Որքան ավելի էին աղքատանում մասնակիցները, այնքան նրանց համար ավելի մեծ էր լինում գնելու կարիքը, և այս գնման նպատակն այն էր, որ նոր վարկերով փոխհատուցում գտնեն նախկին սպեկուլացիաների ժամանակ կորցրած կապիտալի դիմաց։ Հիմա գնումներն այլևս չէին կարգավորվում պահանջարկով ու առաջարկով, նրանք դարձել էին մի որոշ ֆիրմայի ֆինանսական գործառնությունների ամենակարևոր մասը։ Բայց այս լոկ գործի մի կողմն է։ Ինչ որ այստեղ լինում էր մանուֆակտուրային ապրանքների արտահանման վերաբերմամբ, այնտեղ կատարվում էր արդյունքների գնման ու նավառաքման վերաբերմամբ։ Հնդկաստանի այն ֆիրմաները, որոնք բավական վարկ ունեին իրենց մուրհակները զեղչել տալու համար՝ շաքար, լեղակ, մետաքս կամ թե բամբակ էին գնում ոչ այն պատճառով, որ առքագները Լոնդոնի վերջին գների համեմատությամբ մի շահույթ էին խոստանում, այլ այն պատճառով, որ Լոնդոնի ֆիրմայի գանձելի նախկին փոխգրերի ժամկետները շուտով հասնում էին և անհրաժեշտ էր դրանք մարել։ Իսկ ինչ կա ավելի հեշտ, քան մի բեռնվածք շաքար գնել, սրա գինը վճարել Լոնդոնի ֆիրմային տրվող տասամսյա մուրհակով ու բեռնագիրը փոստով Լոնդոն ուղարկել։ Երկու ամիս չանցած, այս դեռ նոր նավառաքված ապրանքների բեռնագրերն ու սրանով էլ հենց իրենք ապրանքները գրավադրվում էին Լոմբարդ Ստրիտում, և Լոնդոնի ֆիրման ստանում էր փողը հիշյալ ապրանքների դիմաց տրված մուրհակների ժամկետը հասնելուց ութ ամիս առաջ։ Եվ այս բոլորը հարթ էր ընթանում, առանց ընդհատման կամ թե դժվարության, քանի դեռ զեղչման պալատները գերառատորեն փող էին գտնում բեռնագրերի ու նախաբեռնագրերի դիմաց փոխատվություն անելու համար և Հնդկական ֆիրմաների՝ անսահման գումարների հասնող այն մուրհակները զեղչելու համար, որոնք տրված էին լինում Մինսինգ Լեն-ում գտնվող «մեծալուրջ» ֆիրմաների վրա»։
[Խաբեբայության այս պրոցեդուրան գործում էր ամբողջ թափով, քանի դեռ Հնդկաստանից բերվող ու Հնդկաստան ուղարկվող ապրանքները պետք է առագաստանավով փոխադրվեին՝ Կապի հրվանդանով պտտվելով։ Այն ժամանակվանից սկսած, երբ ապրանքներն ուղարկվում են Սուեզի ջրանցքով ու այն էլ շոգենավերով, ֆիկտիվ կապիտալ սարքելու այս մեթոդի տակից խլվել է նրա հիմքը — ապրանքների ուղեգնացության երկար ժամանակը։ Իսկ այն ժամանակվանից դեսը, երբ հեռագիրը հենց միևնույն օրն Անգլիայի վաճառականին տեղեկացնում է հնդկական շուկայի դրության մասին և Հնդկաստանի վաճառականին՝ անգլիական շուկայի դրության մասին, այս մեթոդը միանգամայն անհնարին դարձավ։— Ֆ. Է.]։
III. Հետևյալը հանված է „Commercial Distress”-ի 1847—48 թվականների արդեն քաղբերված հաշվետվությունից.— «1847 թվականի ապրիլի վերջին շաբաթվա մեջ Անգլիայի բանկը տեղեկացրեց Royal Bank of Liverpool [Լիվերպուլի Թագավորական բանկին], որ ինքն այսուհետև կրճատելու է վերջինիս հետ ունեցած զեղչային գործարքները գումարի կեսի չափով։ Այս հաղորդումը շատ վատ ներգործություն ունեցավ, որովհետև Լիվերպուլում վերջերումս վճարումներն ավելի շատ կատարվում էին մուրհակներով, քան թե կանխիկ փողով, և մեկ էլ այն պատճառով, որ այն վաճառականները, որոնք սովորաբար մեծաքանակ կանխիկ փող էին բերում բանկին, իրենց հոժարագրերը վճարելու համար է վերջին ժամանակներում կարողանում էին բերել այնպիսի մուրհակներ միայն, որ հենց իրենք էին ստացած լինում իրենց բամբակի կամ թե ուրիշ արդյունքների համար։ Այս երևույթը սաստիկ տարածվել էր, և նրա հետ էլ՝ գործի դժվարությունը։ Այն հոժարագրերը, որ պետք է բանկը վճարեր վաճառականների փոխարեն, մեծ մասամբ տրված էին արտասահմանի վրա և մինչև այժմ գոցվում էին արդյունքների համար ստացած վճարումներով։ Այն մուրհակները, որ առաջվա կանխիկ փողի փոխարեն հիմա բերում էին վաճառականները, տարբեր ժամանակամիջոց ունեցող ու տարբեր տեսակի մուրհակներ էին. սրանց մի նշանավոր մասը երեք ամսվա վճարման ժամկետ ունեցող բանկային մուրհակներ էին, նրանց մի խոշոր մասն էլ կազմում էին բամբակի դիմաց տրված մուրհակները։ Այս մուրհակները, եթե բանկային մուրհակներ էին, հոժարագրված էին լինում Լոնդոնի բանկիրների կողմից, իսկ եթե ոչ՝ բրազիլիական, ամերիկյան, կանադական, արևմտահնդկական և այլ ֆիրմաների հետ կապված ամեն տեսակի վաճառականների կողմից... ոչ թե վաճառականներն էին մեկը մյուսի վրա մուրհակներ տալիս, այլ ներերկրային այն կլիենտները, որոնք արդյունքները գնած էին լինում Լիվերպուլում, սրանց հաշիվը փակում էին Լոնդոնի բանկերի վրա տրվող մուրհակներով, կամ թե Լոնդոնի այլ ֆիրմաների վրա տրվող մուրհակներով և կամ որևէ ուրիշի վրա արվող մուրհակներով։ Անգլիայի բանկի ազդարարումն այն հետևանքն ունեցավ, որ կրճատվեց օտարերկրյա արդյունքների դիմաց տրվող մուրհակների ժամկետը, որն առաջ հաճախ երեք ամսից ավելի էր» (էջ 26, 27)։
1844—47 թվականների ծաղկման ժամանակաշրջանն Անգլիայում, ինչպես արդեն նշված է վերևում, շաղկապված էր երկաթուղային առաջին խոշոր մոլուցքի հետ։ Ընդհանրապես առևտրային գործի վրա արած նրա ներգործության մասին հետևյալն է պարունակում մեջ բերված հաշվետվությունը. «1847 թվականի ապրիլին վաճառականական գրեթե բոլոր ֆիրմաներն սկսել էին ավելի կամ պակաս չափով ուժասպառ անել իրենց ձեռնարկությունները (to starve their business)՝ իրենց առևտրային կապիտալի մի մասը երկաթուղիների մեջ ներդրելով (էջ 42)։— Երկաթուղային ակցիաները մասնավոր մարդկանց, բանկիրների ու ապահովագրական ընկերությունների մոտ գրավադրելով փոխառություններ էլ էին տրվում բարձր տոկոսներով, օրինակ, 8%-ով (էջ 66)։ Այս առևտրական ֆիրմաների կողմից երկաթուղիներին տրվող այնքան խոշոր այս փոխատվությունները նրանց հարկադրում էին իրենց հերթին անչափ շատ կապիտալ վերցնել բանկերից մուրհակների զեղչման միջոցով, որ նրանով իրենց սեփական գործը շարունակեն (էջ 67)։ (Հարց). «Կարո՞ղ էիք ասել, թե երկաթուղային ակցիաների համար արվող մուծանքները շատ նպաստեցին այն ճնշմանը, որը փողային շուկայում իշխում էր 1847 թվականի ապրիլին ու հոկտեմբերին»։ (Պատասխան). «Ես կարծում եմ, որ նրանք հազիվ թե որևէ կերպ նպաստած լինեն ապրիլին եղած ճնշմանը։ Իմ հայացքով՝ նրանք մինչև ապրիլ ու գուցե մինչև բուն ամառն ավելի շուտ ուժեղացնում էին բանկիրներին, քան թուլացնում։ Որովհետև փողի իրական գործադրումն ամենևին տեղի չէր ունենում նույն արագությամբ, որով կատարվում էին մուծանքները, սրա հետևանքով բանկերի մեծամասնությունը տարվա սկզբին երկաթուղային ֆոնդի բավական խոշոր գումար ուներ իր ձեռքին»։ (Այս հաստատվում է բանկիրների բազմաթիվ վկայություններով, „Commercial Distress”-ի հանձնաժողովում 1848—57 [Ֆ. Է.])։ «Այս ֆոնդն աստիճանաբար հալվեց ամառը և առ 31-ն դեկտեմբերի զգալի չափով նվազել էր։ Հոկտեմբերի ճնշման պատճառներից մեկը բանկերի ձեռքին եղած երկաթուղային ֆոնդի ընդհանրական նվազումն էր. ապրիլի 22-ի ու դեկտեմբերի 31-ի արանքում մեր ձեռքին եղած երկաթուղային հաշվեմնացորդները նվազել էին մի երրորդականի չափով։ Երկաթուղային մուծանքներն այս ներգործությունն ունեցան ամբողջ Մեծ Բրիտանիայում. նրանք հետզհետե քամեցին բանկերի ավանդները» (էջ 43, 44)։— Այսպես է ասում նաև Սամյուել Գարնեյը (Overend Gurney and C[math]^o[/math] հռչակավոր ֆիրմայի պետը). «1846 թվականին երկաթուղիների համար գործադրվող կապիտալի շատ մեծ պահանջ կար, բայց նա չբարձրացրեց տոկոսադրույքը։ Տեղի ունեցավ մանր գումարների ձուլումը խոշոր գումարների, և այս խոշոր գումարները գործադրվեցին մեր շուկայում, այնպես որ ընդհանուր առմամբ ներգործությունն այն էր, որ ավելի շատ փող էր նետվում Սիտիի փողային շուկան, քան այդ շուկայից դուրս էր կորզվում [էջ 159]։
Ա. Հոջսոնը, Լիվերպուլի Joint Stock Bank-ի դիրեկտորը, վկայում է, թե որքան մեծ չափով կարող են մուրհակները պահեստներ կազմել բանկիրների համար.— «Մեր սովորությունն էր՝ առնվազն [math]^9/_{10}[/math]-ը մեր բոլոր ավանդների ու այն ամբողջ փողի, որ մենք ստացած էինք լինում ուրիշ անձերից, մեր պորտֆելում պահել օրեցօր ժամկետահաս մուրհակների ձևով... ու այնքան մեծ քանակությամբ, որ ճգնաժամի ժամանակ ամենօրյա ժամկետահաս մուրհակների գումարը գրեթե հավասարվում էր մեր վրա տված վճարման պահանջների գումարին» (էջ 53)։
Սպեկուլատիվ մուրհակներ.— «№ 5092. Գլխավորապես ովքե՞ր էին հոժարագրում (ծախված բամբակի դիմացի տրված մուրհակները»։— (Ռ. Գարդները, մեր այս աշխատության մեջ շատ անգամ հիշատակված՝ բամբակեղենի գործարանատերը, ասում է). «Հոժարագրում էին ապրանքային մակլերները, մի վաճառական գնում է բամբակը, այս հանձնում է մակլերին, որից մուրհակ է վերցնում և մուրհակը զեղչում է»։ «№ 5094. Եվ այս մուրհակները գնում են Լիվերպուլի բանկերը և այնտեղ գեղչվո՞ւմ։— Այո, զեղչվում են այդտեղ և ուրիշ տեղեր էլ... Եթե չլիներ այս համաձայնեցումը, որին հոժարեցին գլխավորապես Լիվերպուլի բանկերը, ապա իմ կարծիքով անցյալ տարի բամբակը ֆունտին 1½ պենս կամ 2 պենս ավելի էժան կլիներ»։— «№ 600. Դուք ասացիք, թե շրջանառության մեջ կար մուրհակների մի ահռելի քանակ, որ սպեկուլանտները տվել էին Լիվերպուլի բամբակի մակլերների վրա. միևնույնը վերաբերում է արդյոք այն մուրհակների հաշվին արած փոխատվություններին էլ, որոնք հանձնված են, բացի բամբակից, գաղութային ուրիշ արդյունքների դիմաց»։— (Ա. Հոջսոնը՝ Լիվերպուլի բանկիրը, ասում է [Ֆ. Է.]). «Այս վերաբերում է ամեն տեսակի գաղութային արդյունքներին, հատկապես մեծ չափով՝ բամբակին»։— «№ 601. Արդյոք դուք իբրև բանկիր, ձգտո՞ւմ եք հեռու մնալու այս տեսակ մուրհակներից»։— «Ամենևին, մենք այդ մուրհակները համարում ենք բոլորովին օրինական մուրհակներ, եթե սրանք ձեռք են բերվում չափավոր քանակով... Այս տեսակի մուրհակների ժամկետը հաճախ երկարացվում է»։
Սրիկայություններ արևելահնդկակսւն և չինական շուկայում 1847 թվականին։— Չառլզ Տերները (Լիվերպուլի արևելահնդկական անդրանիկ ֆիրմաներից մեկի պետն) ասում է. «Մենք բոլորս գիտենք այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Մավրիկյան կղզիների հետ կապված առևտրի ու նման գործերի առնչությամբ։ Մակլերները սովորություն էին դարձրել փոխատվություններ ձեռք բերել ապրանքների դիմաց ոչ միայն սրանց գալուց հետո միայն, որ փակեն այս ապրանքների դիմաց տրված մուրհակների հաշիվը,— մի բան, որ լիովին օրինական է,— և փոխատվություններ ստանալ բեռնագրերի դիմաց, այլ և նրանք փոխատվություններ էին ձեռք բերում արդյունքի դիմաց նախքան սրա նավառաքումը, ու մի քանի դեպքերում էլ՝ նախքան սրա արտադրվելը։ Ես, օրինակ, մի մասնահատուկ դիպվածով Կալկաթայում գնել էի 5—7 000 ֆ. ստ.-ի մուրհակներ. այս մուրհակներից կորզած ստացույթը գնաց Մավրիկյան կղզիները՝ շաքարի մշակույթին այնտեղ օժանդակելու համար. մուրհակները եկան Անգլիա, և սրանց կեսից ավելին բողոքարկվեց. հետո, երբ վերջապես տեղ հասան շաքարի նավառաքումները, որոնցով պետք է վճարվեին այս մուրհակները, ապա պարզվեց, որ այս շաքարն արդեն գրավադրված է եղել երրորդ անձերի մոտ նախքան սրա նավառաքվելը, մինչև անգամ իսկապես գրեթե ավելի առաջ, քան շաքարը կարտադրվեր» (էջ 78)։ «Արևելահնդկական շուկայի համար նախանշված ապրանքների գինը հիմա պետք է կանխիկ վճարվի գործարանատիրոջը. բայց այս պահանջի բավարարումը որևէ դժվարություն չի ներկայացնում, որովհետև, եթե վաճառականը Լոնդոնում որևէ վարկ ունի, ապա նա մուրհակ է առնում Լոնդոնի վրա և մուրհակը զեղչել է տալիս Լոնդոնում, որտեղ զեղչը հիմա շատ ցած է. ստացած փողով նա վճարում է գործարանատիրոջը... անցնում է առնվազը տասներկու ամիս, մինչև որ Հնդկաստան ապրանքներ նավառաքողը կարողանում է իրեն հասանելիք գումարն ստանալ այնտեղից... 10 000 կամ 15 000 ֆ. ստ.-ով Հնդկաստանի հետ առևտուր սկսող վաճառականը կարող է Լոնդոնի ֆիրմաներից մեկի մոտ մի զգալի գումարի վարկ ձեռք բերել. նա այս ֆիրմային կվճարեր 1% և մուրհակներ կտար այս ֆիրմայի վրա, այն պայմանով, որ Հնդկաստան առաքած ապրանքների ստացույթն ուղարկվի Լոնդոնի այս ֆիրմային, ընդորում, սակայն, երկու կողմն էլ լռելյայն համաձայնած են լինում, որ Լոնդոնի ֆիրման ոչ մի իրական կանխիկ փոխատվություն պիտի չանի, այսինքն մուրհակների ժամկետը երկարացվում է, մինչև որ ստացվում է ապրանքի վաճառքից գոյացած փողի գումարը։ Մուրհակները զեղչվում էին Լիվերպուլում, Մանչեստրում, Լոնդոնում, նրանցից մի քանիսը շոտլանդական բանկերի ձեռքին են» (էջ 79)։— «№ 730. Ահա մի ֆիրմա, որ նորերումս սնանկացավ Լոնդոնում. մատյանների քննությունը երևան բերեց հետևյալը. մի ֆիրմա եղել է Մանչեստրում, և մի ուրիշը՝ Կալկաթայում. նրանք Լոնդոնի մի ֆիրմայի մոտ 200 000 ֆ. ստ.-ի վարկ էին բացել, այսինքն այս Մանչեստրի ֆիրմայի կլիենտները, որոնք Կալկաթայի ֆիրմային Գլազգոյից ու Մանչեստրից կոնսիգնացիայի կարգով ապրանք էին ուղարկում, Լոնդոնի ֆիրմայի վրա փոխանակագրում էին մինչև 200 000 ֆ. ստ. գումարի չափով. միաժամանակ պայմանավորվել էին, որ Կալկաթայի ֆիրման դարձյալ 200 000 ֆ. ստ.-ի մուրհակ է տալիս Լոնդոնի ֆիրմայի վրա. այս մուրհակները ծախվում էին Կալկաթայում, ստացած գումարով ուրիշ մուրհակներ էին գնվում և Լոնդոն ուղարկվում, որպեսզի այստեղի ֆիրմային հնարավորություն տան Գլազգոյից կամ Մանչեստրից ներկայացրած առաջին մուրհակները վճարելու։ Այսպիսով Լոնդոնի ֆիրմայի այս գործառնության շնորհիվ լույս աշխարհ էր հանվել 600 000 ֆ. ստ. մուրհակ»։— «№ 971. Ներկայումս, եթե Կալկաթայի մի ֆիրմա մի նավաբեռ է գնում» (Անգլիայի համար) «և սրա համար վճարում է Լոնդոնի իր թղթակցի վրա տված իր սեփական փոխգրով, և բեռնագրերն էլ ուղարկվում են այստեղ, ապա այս բեռնագրերն իսկույն օգտագործվում են Լոմբարդ Ստրիտում վարկեր ստանալու համար. ուրեմն նրանք ութ ամիս շարունակ կարող են փողն օգտագործել, նախքան իրենց թղթակիցը մուրհակները կվճարի»։
IV. 1843 թվականին վերին պալատի մի գաղտնի հանձնաժողով նիստեր էր ունենում 1847 թվականի ճգնաժամի պատճառները հետազոտելու համար։ Սակայն վկաների այս հանձնաժողովին տված ցուցմունքները հրապարակվեցին 1857 թվականին միայն („Minutes of evidence, taken before the secret committee of the House of Lords appointed to inquire into the causes of distress etc.” 1857. այստեղ քաղբերվում է իբրև „Commercial Distress” 1848/57, կամ իբրև „C. D.” 1848/57)։ Այդ հանձնաժողովում պարոն Լիստերը, Union Bank of Liverpool-ի դիրեկտորը, վկայել է ի միջի այլոց.
«2444. Վարկը մի չլսված տարածում ստացավ 1847 թվականի գարնանը... որովհետև առևտրականներն իրենց կապիտալն առևտրից հանելով փոխադրում էին երկաթուղիների գործի մեջ և այնուամենայնիվ ուզում էին առևտուրը հին ծավալով շարունակել։ Ամեն մեկն սկզբում կարծում էր հավանորեն, թե կկարողանա երկաթուղային ակցիաները շահույթով ծախել և այսպիսով փողը վերադարձնել գործի մեջ։ Ինչպես երևում է, երբ պարզվեց այս ծրագրի իրականացման անհնարինությունը, նրանք սկսեցին իրենց ձեռնարկների համար վարկ վերցնել այնտեղ, որտեղ առաջ կանխիկ էին վճարում։ Այստեղից էլ առաջ եկավ վարկի ընդլայնումը»։
«2500. Այս մուրհակները, որոնցից վնասույթ կրեցին այն բանկերը, որ ընդունել էին հիշյալները, արդյոք այս մուրհակները տրված էին գլխավորապես հացահատիկի, թե բամբակի դիմաց»...— «Մուրհակները տրված էին ամեն տեսակի արդյունքների դիմաց՝ հացահատիկի, բամբակի ու շաքարի և ամեն տեսակի այլ արդյունքների։ Այն ժամանակ, թերևս միայն յուղը չհաշված, գրեթե ոչ մի ապրանք չկար, որի գինն ընկած չլիներ»։— «2506. Մակլերը, որը մի մուրհակ է հոժարագրում, չի հոժարագրում այս, եթե փակելու բավարար երաշխիք չունի, նաև հենց այն ապրանքի գնի անկման դեմ, որն իբրև փակում է ծառայում»։
«2512. Արդյունքների դիմաց երկու տեսակ մուրհակներ են տրվում։ Աոաջին տեսակին պատկանում է սկզբնական մուրհակը, որ դրսից տրվում է ներմուծորդի վրա... այն մուրհակների ժամկետները, որոնք այսպիսով տրվում են արդյունքների դիմաց, հաճախ ավելի վաղ են հասնում, քան արդյունքները ժամանում են։ Այս պատճառով վաճառականը, եթե ապրանքը տեղ է հասնում, իսկ ինքը բավարար կապիտալ չունի, ստիպված է լինում հիշյալը գրավադրելու մակլերի մոտ, մինչև որ ապրանքը ծախել կարողանա։ Այն ժամանակ իսկույն Լիվերպուլի վաճառականի կողմից մակլերին մյուս տեսակի մուրհակ է տրվում, որն ապահովվում է այն ապրանքով... այս դեպքում արդեն բանկիրի գործն է՝ հավաստիանալ մակլերից, թե արդյոք սրա մոտ ապրանք կա և որքան է փոխատրել այս ապրանքի դիմաց։ Նա պետք է համոզվի, որ մակլերը երաշխավորող փակում ունի՝ վնասույթի դեպքում գործն ուղղելու համար»։
«2516. Մենք ստանում ենք մուրհակներ նաև արտասահմանից... Մեկն Անգլիայի վրա տրված մի մուրհակ է գնում արտասահմանում և այն ուղարկում է Անգլիա մի ֆիրմայի, մենք մուրհակից չենք կարող տեսնել, թե արդյոք նա տրված է խելամտորեն թե անմտորեն, արդյունքներ է ներկայացնում, թե դատարկ քամի»։
«2533. Դուք ասացիք, թե համարյա բոլոր տեսակի արտասահմանյան արդյունքները ծախվեցին խոշոր վնասույթով։ Կարծո՞ւմ եք դուք, որ այս հետևանք էր արդյունքների շուրջը տեղի ունեցած, բայց չարդարացած սպեկուլացիայի»։— «Այս վնասն առաջ եկավ մի շատ մեծ ներմուծման հետևանքով, այնինչ համապատասխան սպառում չկար, որ կլաներ ապրանքների այդ քանակը։ Ամեն ինչ վկայում է, որ սպառումը պակասել է շատ զգալի չափերով»։— «2537. Հոկտեմբերին... արդյունքները գրեթե չէին ծախվում»։
Թե ինչպես փլուզումս իր գագաթնակետին հասնելու մոմենտին մի ընդհանրական ճիչ է բարձրանում, sauve qui peut (ով կարող է, թող ազատի իր գլուխը), միևնույն հաշվետվության մեջ այս մասին խոսում է առաջին կարգի իրազեկ մի մարդ, մեծ փորձառություն ունեցող պատվարժան քվակեր Սամյուել Գարնեյը՝ Overend Gurney and C[math]^o[/math] ֆիրմայից.— «1262. Երբ խուճապ է տիրում, առևտրականն իրեն հարց չի տալիս, թե ինչ գնով կարող է ներդրել իր բանկնոտաները և կամ 1 թե՞ 2% կկորցնի իր սերտիֆիկատները կամ թե եռատոկոս ռենտաները ծախելիս։ Բավական է, որ նա սարսափի ազդեցության տակ է, էլ նրա հոգը չի շահույթն ու վնասույթը. նա ճգնում է իրեն ապահովելու. մնացած աշխարհը, ինչ ուզում է, թող անի»։
V. Ստորին պալատի այն հանձնաժողովի առջև, որն զբաղվում էր 1857 թվականի բանկային օրենքով (վերջինս մենք քաղբերում ենք իբրև „Bank Committee”, 1857) երկու շուկայի փոխադարձ գերալցման մասին հետևյալն է ասում պարոն Ալեքսանդերը արևելահնդկական առևտրին մասնակցող վաճառականը. «4330. Ներկա մոմենտին, եթե ես Մանչեստրում վճարեմ 6 շիլլինգ, Հնդկաստանում ետ կստանամ 5 շիլլինգ. եթե Հնդկաստանում վճարեմ 6 շիլլինգ, Լոնդոնում ետ կստանամ 5 շիլլինգ»։ Այսպիսով ուրեմն, Հնդկական շուկան Անգլիայի միջոցով ու անգլիականը Հնդկաստանի միջոցով գերալցվում են միահավասար չափով։ Եվ այս տեղի ունեցավ հենց 1857 թվականի ամառը, 1847 թվականի դառը փորձից հազիվ տասը տարի անց։
ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ. ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎՐԱ
«Անգլիայում տեղի է ունենում նորաստեղծ հարստության մի մշտական կուտակում, որը վերջում փողի ձև ընդունելու տենդենցն ունի։ Բայց փող ձեռք բերելու ցանկությանը համառորեն հետևում է փողից դարձյալ ազատվելու ցանկությունը մի որևէ այնպիսի ներդրման միջոցով, որը տոկոս կամ թե շահույթ է բերում, որովհետև փողն իբրև փող ոչինչ չի բերում։ Ուստի եթե հավելութային կապիտալի այս մշտական առհոսմանը զուգընթաց նրա գործունեության դաշտի մի աստիճանական ու բավարար ընդարձակում տեղի չի ունենում միաժամանակ, ապա մենք պետք է ականատես լինենք ներդրում փնտրող փողի պարբերական կուտակումների, որոնք, նայած պարագաներին, ավելի մեծ կամ ավելի փոքր չափեր են ընդունում։ Մի երկար շարք տարիների ընթացքում պետական փոխառություններն Անգլիայի հավելութային հարստության ծծման գլխավոր միջոցն էին։ Այն ժամանակվանից հետո, երբ պետական պարտքը 1816 թվականին իր մաքսիմումին հասավ և դադարեց ծծել հավելութային հարստությունը, յուրաքանչյուր տարի առնվազը 27 միլիոնի մի գումար էր մնում, որը ներդրման մի ուրիշ պատեհություն էր փնտրում։ Բացի սրանից, կապիտալի տարբեր ետվճարումներ տեղի ունեցան... Այն ձեռնարկությունները, որոնք իրենց գործունեության համար կարիք ունեն խոշոր կապիտալի և որոնք ժամանակ առ ժամանակ դեպի իրենց են գրավում չզբաղված կապիտալի հավելույթը... գոնե մեր երկրում բացարձակորեն անհրաժեշտ են, որպեսզի մեջտեղից հեռացնեն հասարակության հավելութային հարստության այն պարբերական կուտակումները, որոնք ներդրման սովորական ճյուղերում իրենց համար տեղ գտնել չեն կարողանում», («The currency theory reviewed», London, 1845, էջ 32—34)։ Նույն տեղում 1845 թվականի մասին ասված է. «Մի շատ կարճ ժամանակաշրջանում գները դեպրեսիայի ամենացածր կետից վեր սլացան... պետական եռատոկոս փոխառությունը գրեթե al pari [նոմինալ արժեքի մակարդակի վրա] է կանգնած... Անգլիայի Բանկի նկուղներում եղած ոսկին գերազանցում է առաջներում որևէ ժամանակ այնտեղ կուտակված գումարից։ Ամեն տեսակի ակցիաների համար գոյացել են այնպիսի գներ, որոնք համարյա ոչ մի ժամանակ լսված չէին, և տոկոսադրույքն այնքան է իջել, որ նա գրեթե անվանական է... Ամեն ինչ ապացույց է այն բանի, որ հիմա Անգլիայում դարձյալ առկա է չզբաղված հարստության մի ծանրակիր կուտակում և որ մոտիկ ապագայում մեր հանդեպ նորից ելնելու է սպեկուլյատիվ տենդի մի ժամանակաշրջան» (ն. տեղ., էջ 36)։
«Թեև ոսկու ներմուծումը բնավ ստույգ ցուցանիշ չի արտաքին առևտրի մեջ ձեռք բերած շահույթի, բայց և այնպես ներմուծվող այս ոսկու մի մասը, այլ ցուցանիշների բացակայության պարագայում, prima facie [ակներևորեն] նշանակում է այսպիսի շահույթ»։ (J. G. Hubbard: «The currency and the country», London, 1843, էջ 40—41)։ «Ենթադրենք, հարատև լավ գործի, շահաբեր գների ու հորդալիր փողային շրջանառության մի ժամանակաշրջանում վատ բերքն առիթ կտար 5 միլիոն ոսկի արտահանելու և նույն գումարի հացահատիկ ներմուծելու։ Շրջանառությունը» {այս, ինչպես իսկույն կերևա, նշանակում է ոչ թե շրջանառության միջոցներ, այլ չզբաղեցրած փողային կապիտալ.— Ֆ. Է.} «կնվազի միևնույն գումարի չափով։ Մասնավոր մարդիկ որքան էլ ապահովված լինեն շրջանառության միջոցներով, այնուամենայնիվ բանկերում պահ տված վաճառականների ավանդները, բանկերի հաշվեմնացորդներն իրենց փողային մակլերների մոտ ու պահեստի գումարները բանկերի կասսաներում — սրանք բոլորը կնվազեն և չզբաղված կապիտալի գումարի այս նվազման անմիջական հետևանքը կլինի տոկոսադրույքի մի բարձրացում օրինակ, 4%-ից մինչև 5%։ Որովհետև գործերն առողջ կացության մեջ են, վստահությունը չի խախտվի, բայց վարկն ավելի բարձր կգնահատվի» (ն. տ., էջ 42)։ «Եթե ընկնում են ապրանքների գներն ընդհանրապես, ապա հավելութային փողը աճած ավանդների ձևով ետ է հոսում բանկերը, չգործադրված կապիտալի գերառատությունը գցում է տոկոսադրույքը մինչև մինիմում, և իրերի այս դրությունը հարատևում է այնքան, մինչև որ բարձր գները կամ առևտրի աշխուժացումը գործի են դնում նիրհող փողը կամ թե չէ այս վերջինս կլանվում է, ներդրվելով արտասահմանյան արժեթղթերի ու կամ արտասահմանյան ապրանքների մեջ» (էջ 68)։
Հետևյալ քաղվածքները 1847—48 թվականների «Commercial distress»-ին [առևտրական ճգնաժամին] վերաբերյալ պառլամենտական հաշվետվությունից են դարձյալ։— 1846—47 թվականների անբերրիության ու սովի հետևանքով հարկավոր եղավ սննդամիջոցների մի խոշոր ներմուծում։ «Սրանից առաջ եկավ ներմուծման խոշոր հավելույթ արտահանման համեմատությամբ... Սրանից առաջ եկավ փողի մի մեծ տարհոսում բանկերից ու մուրհակներ զեղչագների մի ուժեղ խռնում զեղչման մակլերների մոտ. մակլերներն սկսում են ավելի խիստ պայմանով ընդունել մուրհակները։ Մինչև այժմ բացած վարկերը խստորեն սահմանափակվեցին, և թույլ ֆիրմաների շրջանում ծայր տվին սնանկությունները։ Նրանք, որոնք ամբողջովին գործում էին վարկի միջոցով, խորտակվեցին։ Այս սաստկացրեց արդեն առաջ էլ զգացվող անհանգստությունը. բանկիրները և ուրիշները տեսան, որ նրանք միևնույն վստահությամբ չէին կարող իրենց մուրհակներն ու այլ արժեթղթերը բանկնոտաների փոխարկելու վրա հույս դնել այն նպատակով, որ իրենց պարտավորությունները կատարեն. նրանք վարկատրումն է՛լ ավելի սահմանափակեցին և հաճախ դադարեցնում էին բոլորովին. շատ դեպքերում նրանք իրենց բանկնոտաները փականքի տակ էին պահում՝ իրենց սեփական պարտավորությունների ապագա հաշվեփակման համար. նրանք գերադասում էին ամենևին դուրս չտալ բանկնոտաները։ Անհանգստությունն ու շփոթությունն աճում էին օրեցօր, և եթե Լորդ Ջոն Ռասսելի նամակը չլիներ, ընդհանրական սնանկությունը պատրաստ էր» (էջ 74, 75)։ Ռասսելի նամակը դադարեցրեց բանկային օրենքը։— Վերևում հիշատակված Չառլզ Տերները վկայում է. «Մի քանի ֆիրմաներ խոշոր միջոցներ ունեին, բայց այդ միջոցներն ազատ չէին։ Նրանց ամբողջ կապիտալն ամուր ներդրված էր Մավրիկյան կղզու հողագույքի մեջ կամ թե լեղակի ու շաքարի արտադրության մեջ։ 500 000—600 000 ֆ. ստ. գումարի պարտավորությունների տակ մտնելուց հետո նրանք ոչ մի ազատ միջոց չունեին իրենց մուրհակները վճարահատուցելու համար, և վերջիվերջո պարզվեց, որ նրանք իրենց մուրհակները կարող էին վճարահատուցել իրենց վարկի միջոցով միայն ու այն չափով, որչափով որ սա բավականացնում էր» (էջ 81)։ Հիշյալ Ս. Գարնիյը ասում է. [1864]. «Ներկայումս (1848 թ.) իշխում է շրջանառության սահմանափակում ու փողի մեծ գերառատություն»։— «№ 1763. Ես չեմ կարծում, թե կապիտալի պակաս լինելն էր, որ այնպես վեր մղեց տոկոսադրույքը. պատճառը սարսափն էր (the alarm), բանկնոտաներ ստանալու դժվարությունը»։
1847 թվականին Անգլիան արտասահմանին ոսկով առնվազը 9 միլիոն ֆ. ստ. վճարեց ներմուծված սննդամիջոցների համար։ Սրանից 7½ միլիոնը վերցրած է Անգլիայի բանկից ու 1½-ը այլ աղբյուրներից (էջ 245) — Մորրիսն, Անգլիայի բանկի կառավարիչը, ասում է. «1847 թվականի հոկտեմբերի 23-ին պետական ֆոնդերը և ջրանցքների ու երկաթուղիների ակցիաներն արդեն գնազրկված էին 114 752 225 ֆ. ստ.-ի չափով» (էջ 312)։ Միևնույն Մորրիսը վկայում է՝ լորդ Ջ. Բենտինկի կողմից հարցափորձվելով հետևյալի մասին. «Արդյոք ձեզ հայտնի չէ՞, որ ամեն տեսակի արժեթղթերի ու արդյունքների մեջ ներդրված ամբողջ կապիտալի արժեքն ընկել էր միևնույն եղանակով, որ հումքը, բամբակը, մետաքսը, բուրդը մայր ցամաք ուղարկվեցին նույն ծայրահեղ ցածր գներով և որ շաքարը, սուրճն ու թեյը ծախծխվեցին աճուրդներով»։— «Անխուսափելի էր այն, որ ազգը մի զգալի զոհաբերություն աներ՝ հակազդելու համար ոսկու այն տարհոսմանը, որը սննդամիջոցների վիթխարի ներմուծման հետևանքն էր»։— «Դուք չե՞ք կարծում, որ ավելի լավ կլիներ օգտագործել այն 8 միլիոն ֆ. ստ., որ դրված կար բանկերի պահեստներում, քան փորձել այսպիսի զոհերով ոսկին ետ վերադարձնել»։— «Ես այդ չեմ կարծում»։— Հիմա մի մեկնաբանություն այս հերոսության վերաբերմամբ։ Դիզրաելին հարցաքննում է պարոն Վ. Վ. Կոտտոնին, Անգլիայի բանկի դիրեկտորին ու նախկին կառավարչին։ «Ինչքա՞ն էր այն դիվիդենդը, որ բանկի ակցիոներներն ստացան 1844 թվականին»։— «Տարեկան 7% էր այն»։— «Իսկ 1847 թվականի՞ դիվիդենդը»։— «9%»։— «Ընթացիկ տարում բանկը վճարո՞ւմ է իր ակցիոներների եկամտային հարկը»։— «Անշուշտ»։— «Նա այս արեց 1844 թվականի՞ն էլ»։— «Ոչ»[30]։— «Այս դեպքում ուրեմն բանկային այս (1844 թ.) օրենքը շատ շահավետ էր ակցիոներների համար... Հետևանքն այն էր այսպիսով, որ նոր օրենքը մտցնելուց հետո ակցիոներների դիվիդենդը 7%-ից բարձրացել է 9%-ի՞, և բացի սրանից, հիմա բա՞նկն է վճարում եկամտային հարկը, մինչդեռ առաջ պետք է ակցիոները վճարեր»։— «Այդ միանգամայն ճիշտ է»— (№№ 4356—4361)։
Միստեր Պիիզը, գավառական մի բանկիր, 1847 թվականի ճգնաժամի պահին բանկերում կուտակված պահեստի գումարների մասին ասում է. «4605. Որովհետև բանկն ստիպված էր ավելի ու ավելի բարձրացնելու իր տոկոսադրույքը, ուստի երկյուղն ընդհանուր դարձավ. գավառային բանկերը շատացրին իրենց փողի պաշարները, ինչպես և բանկնոտաների գումարները. և մեզանից շատերը, որոնք սովորաբար հոգում էին, գուցե մի քանի հարյուր ֆունտ ստերլինգ միայն պահած ունենալ ոսկով կամ, թե բանկնոտաներով, իսկույն հազարներ կուտակեցին փողի պահարաններում ու գրասեղաններում, որովհետև կատարյալ անհայտություն էր իշխում զեղչի վերաբերմամբ ու մուրհակների շրջողունակության վերաբերմամբ շուկայում, և այսպիսով տեղի ունեցավ փողի պաշարի մի ընդհանրական կուտակում»։ Հանձնաժողովի մի անդամ նկատում է». «4691. Ըստ այսմ, անկախ նրանից, թե ինչով էին պայմանավորվում վերջին 12 տարվա դեպքերը, համենայն դեպս հետևանքը շատ ավելի նպաստավոր էր վաշխառուի ու փողի առևտրականի համար, քան արտադրող դասակարգի համար ընդհանրապես»։
Թե փողի առևտրականները որքան սաստիկ են շահագործում ճգնաժամի ստեղծած պայմանները (վկայում է Տուկը «Ուորվիկշիրի ու Ստաֆորդշիրի մետաղի արտադրության մեջ 1847 թվականին ապրանքների բազմաթիվ պատվերներ մերժվեցին, որովհետև այն տոկոսը, որ գործարանատերը պիտի վճարեր իր մուրհակները զեղչել տալու համար, իր ամբողջ շահույթից ավելի խոշոր գումար կկլաներ» (№ 5451)։
Հիմա վերցնենք վերևում արդեն քաղբերված պառլամենտական մի ուրիշ հաշվետվություն «Report of Select Committee on Bank Acts, communicated from the Commons to the Lords, 1857» (ներքևում մենք քաղբերում ենք իբրև «B. C.» 1857)։ Այդտեղ պարոն Նորմենը, Անգլիայի բանկի դիրեկտորն ու գլխավոր լուսատուն currency principle սկզբունքի կողմնակիցների չարքերում, վկայում է հետևյալը.
«3635— Դուք ասացիք, որ այն հայացքին եք, թե տոկոսադրույքը կախված է ոչ թե բանկնոտաների մասսայից, այլ կապիտալի պահանջարկից ու առաջարկից։ Կհաճեի՞ք բացատրել, թե կապիտալ ասելով ինչ եք հասկանում բացի բանկնոտաներից ու մետաղե փողից»։ «Ես կարծում եմ, որ կապիտալի սովորական որոշումն այս է. «կապիտալը ներկայացնում է ապրանքներ կամ թե ծառայություններ, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։— «3636. Դուք բոլո՞ր ապրանքներն եք ընդգրկում կապիտալ բառով, երբ խոսում եք տոկոսադրույքի մասին»։— «Այո, այն բոլոր ապրանքները, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։— «3637. Դուք այս բոլո՞րն եք հասկանում կապիտալ բառի տակ, երբ խոսում եք տոկոսադրույքի մասին»։— «Այո։ Ընդունենք, բամբակեղենի մի գործարանատեր իր գործարանի համար բամբակի կարիք ունի. նա իր պահանջը հավանորեն նրանով կբավարարի, որ փոխառություն կանի իր բանկիրի մոտ և այս կերպով ձեռք բերած բանկնոտաներով կմեկնի Լիվերպուլ և բամբակ կգնի։ Նա իսկապես բամբակի կարիք ունի. իսկ բանկնոտաների կամ թե ոսկու կարիք ունի միմիայն նրա համար, որ սրանք բամբակ ստանալու միջոց են։ Կամ թե նա միջոցների կարիք ունի՝ իր բանվորներին վարձատրելու համար. այս դեպքում նա դարձյալ փոխառություն է անում բանկնոտաներով և իր բանվորների վարձը վճարում այս բանկնոտաներով. իսկ բանվորներն էլ իրենց հերթին կարիք ունեն սննդի ու բնակարանի, և փողը միջոց է սրանց վճարման համար»։— «3638. Բայց չէ՞ որ փողի համար տոկոս է վճարվում»։— «Անշուշտ, տոկոսը վճարվում է առաջին հերթին. բայց վերցրեք մի ուրիշ դեպք։ Ընդունենք, որ նա բամբակը գնում է վարկով և ուրեմն այս նպատակով բանկից փող չի վերցնում. այս դեպքում այն տարբերությունը, որ գոյանում է կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին, կներկայացնի հենց տոկոսի չափանիշը։ Տոկոսը գոյություն կունենար, եթե փող նույն իսկ չլիներ ընդհանրապես»։
Այս ինքնագոհ ափեղցփեղությունը լիովին պատշաճ է currency principle-ի այս սյանը։ Ամենից առաջ՝ այն հանճարեղ հայտնագործությունը, թե բանկնոտաները կամ ոսկին մի բան գնելու միջոց են և թե մարդիկ սրանք փոխ են վերցնում ոչ հենց սրանց սիրուն։ Եվ սրանից պետք է հետևի, թե տոկոսադրույքն ինչո՞վ է կարգավորվում։— Ապրանքների պահանջարկով ու առաջարկով, որոնց մասին մինչև այժմ այն գիտեինք լոկ, որ նրանք ապրանքների շուկայի գներն են կարգավորում։ Բայց ապրանքների անփոփոխ շուկայի գների հետ համատեղելի են տոկոսի բոլորովին տարբեր նորմաներ։— Իսկ հետո էլ այս հնարամտությունը։ Այն ճիշտ նկատողությանը, թե «փողի համար է սակայն տոկոս վճարվում», մի նկատողություն, որն, իհարկե, իր մեջ պարփակում է հետևյալ հարցը — «այս ապրանքների հետ ի՞նչ կապ ունի այն տոկոսը, որ ստանում է բանկիրը, բանկիր, որն ապրանքների առուտուրով չի զբաղվում ամենևին և հավասար տոկոսադրույքով փող չե՞ն ստանում արդյոք այն գործարանատերերը, որոնք փողը ծախսում են բոլորովին տարբեր շուկաներում, հետևաբար այնպիսի շուկաներում, որտեղ արտադրության մեջ գործածվող ապրանքների պահանջարկի ու առաջարկի միանգամայն տարբեր հարաբերություն է իշխում»։ Այս հարցմունքին ի պատասխան այս հաղթական հանճարը նկատում է. երբ գործարանատերը բամբակը վարկով է գնում, «այս դեպքում այն տարբերությունը գոյանում է կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին, կներկայացնի հենց տոկոսի չափանիշը»։ Ընդհակառակը։ Տոկոսի գոյություն ունեցող նորման, որի կարգավորումը պետք է պարզաբանի Նորմենի հանճարը, մասշտաբն է հենց այն տարբերության, որ գոյանում է գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին։ Կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում նախ պետք է բամբակը ծախել իր գնով ու կանխիկ վճարելով, իսկ այդ գինը որոշվում է շուկայի գնով, որն ինքը կարգավորվում է պահանջարկի ու առաջարկի պայմաններով։ Ասենք՝ գինը = 1 000 ֆ. ստ.։ Սրանով փակվում է գործարանատիրոջ ու բամբակի մակլերի միջև կատարվող գործարքը, որ չափով որ խոսքն առքին ու վաճառքին է վերաբերում։ Բայց սրան ավելանում է մի երկրորդ գործարք, որը կատարվում է վարկատուի ու փոխառուի միջև։ 1 000 ֆ. ստ.-անոց արժեքը գործարանատիրոջը փոխատրվում է բամբակի ձևով, և նա պետք է այս ետվճարի փողի ձևով, ասենք, երեք ամսում։ Եվ այն ժամանակ երեք ամսում 1 000 ֆ. ստ. համար տրվող տոկոսը, որը որոշվում է տոկոսի շուկայի նորմայով, կազմում է կանխիկ վճարվող գնի վրա դրվող հավելուրդը։ Բամբակի գինը որոշվում է պահանջարկով ու առաջարկով։ Սակայն բամբակի փոխադրված արժեքի գինը, 1 000 ֆ. ստ. գինը երեք ամսվա ընթացքում, որոշվում է տոկոսի նորմայով։ Եվ այս հանգամանքը, որ բամբակն ինքն այսպիսով փողային կապիտալի է փոխարկվում, պարոն Նորմենի աչքում ապացույց է այն բանի, որ տոկոսը գոյություն կունենար, եթե փող նույնիսկ չլիներ ընդհանրապես։ Եթե ընդհանրապես փող չլիներ, տոկոսի ընդհանրական նորմա համենայն դեպս գոյություն չէր ունենա։
Ամենից առաջ այն գռեհիկ պատկերացման մասին, որպես թե կապիտալը ներկայացնում են այն «ապրանքները, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։ Որչափով որ այս ապրանքները երևան են գալիս իբրև կապիտալ, նրանց, իբրև կապիտալի, արժեքը, ի տարբերություն նրանց իբրև ապրանքների, արժեքից, արտահայտվում է շահույթի մեջ, որը ձեռք է բերվում նրանց արտադրողական կամ առևտրային գործածությունից։ Եվ շահույթի նորման միշտ էլ անպայման մի որոշ առնչություն ունի գնված ապրանքների շուկայի գնի հետ և նրանց պահանջարկի ու առաջարկի հետ, բայց նա դեռ բոլորովին ուրիշ հանգամանքներով է որոշվում։ Եվ որ տոկոսի նորման ընդհանրապես իր սահմանն է գտնում շահույթի նորմայում, սրանում ոչ մի կասկած չկա։ Բայց պարոն Նորմենը թող մեզ ուղղակի ասի, թե այս սահմանն ինչպես է որոշվում։ Իսկ սա որոշվում է փողային կապիտալի պահանջարկով ու առաջարկով, ի տարբերություն կապիտալի բոլոր մյուս ձևերից։ Հիմա կարող է հետագա հարցը արվել։— Ի՞նչպես են որոշվում փողային կապիտալի պահանջարկն ու առաջարկը։ Որ մի գողտուկ կապակցություն կա իրեղեն կապիտալի առաջարկի ու փողային կապիտալի առաջարկի միջև, այս մասին ոչ մի կասկած. ինչպես և այն մասին, որ փողային կապիտալի նկատմամբ արդյունաբերական կապիտալիստների առաջադրած պահանջարկը որոշվում է իրական արտադրության պայմաններով։ Մեզ այս կետը լուսաբանելու փոխարեն պ. Նորմենը այն իմաստությունն է մեզ հրամցնում, թե փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը նույնը չի, ինչ որ է փողի, իբրև այսպիսու, նկատմամբ առաջադրվող պահանջարկը, և միմիայն այս իմաստությամբ էլ նա սահմանափակվում է, որովհետև նրա, Օվերստոնի և currency principle-ի մյուս մարգարեների հոգեկան խորքում միշտ դարանած է չար խիղճը, որից մղված նրանք ձգտել են արհեստական օրենսդրական միջամտությամբ շրջանառության միջոցները, իբրև այսպիսիները, կապիտալ դարձնելու և տոկոսադրույքը բարձրացնելու։
Հիմա դառնանք լորդ Օվերստոնին, որը նույնպես կոչվում է Սամյուել Ջոնս Լոյդ, և տեսնենք՝ սա ինչ կերպ պիտի բացատրի, թե ինչո՞ւ է 10% առնում իր «փողի» համար քանի որ «կապիտալն» այնքան հադվադեպ է երկրում։
«3653. Տոկուսի նորմայի տատանումներն առաջ են գալիս երկու պատճառից մեկն ու մեկից — կապիտալի արժեքի մեջ տեղի ունեցած փոփոխությունից» (հիանալի՜ է. կապիտալի արժեքն, ընդհանրապես ասած, չէ՞ որ հենց նույն տոկոսադրույքն է։ Ուրեմն տոկոսի նորմայի փոփոխությունն այստեղ առաջ է գալիս տոկոսի նորմայի փոփոխությունից։ «Կապիտալի արժեքը», ինչպես ցույց ենք տվել առաջ, երբեք այլ կերպ չէ հասկացվում, կամ թե չէ՝ պարոն Օվերստոնը կապիտալի արժեք ասելով շահույթի նորման է հասկանում. այս դեպքում ուրեմն խորիմաստ մտածողը վերադառնում է այն դրույթին, թե տոկոսի նորման, կարգավորվում է շահույթի նորմայով) «և կամ երկրում առկա փողի գումարի մեջ տեղի ունեցած փոփոխությունից։ Տոկոսադրույքի բոլոր մեծ տատանումները — մեծ՝ կամ ըստ տատանման տևողության ու կամ ըստ տատանման լայնածավալության — կարող են պարզորոշաբար հանգեցվել կապիտալի արժեքի փոփոխություններին։ Այս իրողության ամենից ակնբախ գործնական լուսաբանումը կարող է տալ տոկոսադրույքի բարձրացումը 1847 թվականին ու դարձյալ վերջին երկու տարում (1855–1856 թվականներին), տոկոսադրույքի ավելի մանր տատանումները, որոնք առաջ են գալիս փողի առկա գումարի փոփոխությունից, փոքր են թե ըստ իրենց ծավալի ու թև ըստ իրենց տևողության։ Նրանք հաճախ են պատահում և որքան ավելի հաճախադեպ են, այնքան ավելի ներգործող են իրենց նպատակի տեսակետից», այսինքն Օվերստոնի տիպի բանկիրներին հարստացնելու տեսակետից։ Սիրելի բարեկամ Սամյուել Կարնեյն այս մասին շատ միամիտ կերպով է արտահայտվում լորդերի պալատի հանձնաժողովի առջև, «C. D.» 1848/57. «1324. Դուք այն հայացքի՞ն եք արդյոք, որ տոկոսադրույքի այն մեծ տատանումները, որոնք տեղի ունեցան անցյալ տարի, շահավետ էին բանկիրների ու փողի առևտրականների համար, թե՞ ոչ»։— «Ես կարծում եմ, որ նրանք շահավետ էին փողի առևտրականների համար։ Տնտեսական կյանքում կատարվող բոլոր տատանումները շահավետ են այն մարդկանց համար, որոնք այդ գործերում եփված են (to the knowing men)»։— «1325. Սակայն բարձր տոկոսադրույքի դեպքում արդյոք բանկիրը վերջիվերջո կորուստ չպիտի՞ ունենա իր լավագույն կլիենտների աղքատանալու հետևանքով»։ «Ոչ, ես այն հայացքին չեմ, թե այս ներգործությունը նկատելի աստիճանի է հասնում»։— violà ce que parler veut dire [ահա ձեզ շաղակրատանքի ամբողջ իմաստը]։
Մենք դեռ կվերադառնանք այն ներգործությանը, որ փողի առկա գումարն ունենում է տոկոսադրույքի վրա։ Բայց այժմ արդեն պետք է նկատել, որ Օվերստոնը այստեղ դարձյալ մի quad pro qua [խառնաշփոթություն] է առաջ բերում։ 1847 թվականին (հոկտեմբերից առաջ բոլորովին հոգս չէին քաշում փողի սակավադիպության համար, կամ ինչպես նա ասում է վերևում, «փողի առկա քանակի» համար) փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն աճում էր տարբեր պատճառներով. հացահատիկի թանկացում, բամբակի բարձրացող գներ, շաքարի չծախվելը գերարտադրության, պատճառով, երկաթուղային սպեկուլացիա ու փլուզում, արտաքին շուկաների գերալցում բամբակեղեն ապրանքներով, վերևում նկարագրված՝ սաստկացրած արտահանություն դեպի Հնդկաստան ու սաստկացրած ներմուծում Հնդկաստանից՝ սոսկ արուրամուրհակներ ձեռք բերելու նպատակով։ Այս բոլոր պարագաները՝ գերարտադրությունն արդյունաբերության ասպարեզում, ինչպես և թերարտադրությունը երկրագործության մեջ, ուրեմն, բոլորովին տարբեր պատճառներ, փողային կապիտալի նկատմամբ, այսինքն վարկի ու փողի նկատմամբ առաջադրվող պահանջարկի բարձրացում պատճառեցին։ Փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի բարձրանալն իր պատճառներն ուներ բուն իսկ արտադրության պրոցեսի ընթացքի մեջ։ Բայց, ինչն էլ որ լիներ պատճառը, փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն էր, որ բարձրացնել տվեց տոկոսադրույքը, փողային կապիտալի արժեքը։ Եթե Օվերստոնն ուզում է ասել, թե փողային կապիտալի արժեքը բարձրացավ, որովհետև այդ արժեքը բարձրացավ, ապա այս նույնաբանություն է։ Իսկ եթե նա «կապիտալի արժեք» ասելով այստեղ հասկանում է շահույթի նորմայի բարձրացումն իբրև տոկոսադրույքի բարձրացման պատճառ, ապա այս դրույթի սխալ լինելն իսկույն երևան կբերվի։ Փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը և ուրեմն «կապիտալի արժեքը» կարող է բարձրանալ, չնայած, որ շահույթն ընկնում է. հենց որ փողային կապիտալի հարաբերական առաջարկն ընկնում է, նրա «արժեքը» բարձրանում է։ Օվերստոնն ուզում է ապացուցել այն, որ 1847 թվականի ճգնաժամն ու տոկոսի այն բարձր նորման, որ ուղեկցում էր նրան, ամենևին կապ չունեին «փողի առկա քանակի» հետ, այսինքն Օվերստոնի ոգեշնչած՝ 1844 թվականի բանկային օրենքի որոշումների հետ. թեև սրանք իրոք կապ ունեին այդ որոշումների հետ, որչափով որ բանկային պահեստի գումարի — Օվերստոնի այդ ստեղծագործության — սպառվելու վախը 1847/48 թվականների ճգնաժամի վրա նաև փողային խուճապ էր ավելացնում։ Բայց այստեղ հարցն այդ չի։ Առկա էր փողային կապիտալի մի կարիք, որի պատճառը գործառնությունների անչափ մեծությունն էր եղած միջոցների համեմատությամբ և որը հանգեց մի պայթյունի վերարտադրության պրոցեսի խանգարման հետևանքով, իսկ սա արդյունք էր անբերության, երկաթուղային ուռճացած շինարարության, գերարտադրության, մանավանդ բամբակեղեն ապրանքների գերարտադրության և հնդկական ու չինական խաբեբայական առևտրի, սպեկուլացիայի, շաքարի գերներմուծման և այլն։ Այն մարդկանց, որոնք հացահատիկ էին գնել, երբ սրա քվարտերը 120 շիլլինգ էր, մինչև 60 շիլլինգ ընկնելու դեպքում պակասում էր հենց 60 շիլլինգ, որ նրանք ավելի էին վճարել, պակասում էր նաև համապատասխան վարկը սրա չափով՝ հացահատիկի գրավադրությամբ։ Բանկնոտաների պակասությունը չէր ամենևին, որ նրանց խանգարում էր իրենց հացահատիկը փողի փոխարկել 120 շիլլինգով՝ հին գնով։ Նույնպես այս չէր խանգարում և այն մարդկանց, որոնք գերներմուծել էին շաքար, որը չծախված էր մնացել։ Նույն դրության մեջ էին նաև այն պարոնները, որոնք իրենց շրջանառու կապիտալը (floating capital) ամուր կերպով ներդրել էին երկաթուղիների մեջ և իրենց «օրինական» գործում հիշյալ կապիտալը փոխարինելու համար դիմել էին վարկի օգնության։ Այս բոլորն Օվերստոնի աչքում արտահայտվում է իբրև «իր փողի բարձրացած արժեքի մի բարոյական գիտակցում» («a moral sense of the enhanced value of his money»)։ Բայց փողային կապիտալի այս բարձրացած արժեքին մյուս կողմում հենց ուղղակի համապատասխանում էր իրական կապիտալի (ապրանքային կապիտալի ու արտադրողական կապիտալի) իջած փողային արժեքը։ Մի ձևի կապիտալի արժեքը բարձրանում էր, որովհետև մյուս ձևի կապիտալի արժեքն իջնում էր։ Իսկ Օվերստոնը ճգնում է կապիտալի տարբեր տեսակների այս երկու արժեքը նույնացնել իբրև ընդհանրապես կապիտալի մի միակ արժեք ու այն էլ նրանով, որ երկուսն, էլ հանդիպադրում է շրջանառության միջոցների, կանխիկ փողի պակաս լինելուն։ Բայց փողային կապիտալի միևնույն գումարը կարող է փոխատրվել շրջանառության միջոցների շատ տարբեր զանգվածներով։
Հիմա վեր առնենք 1847 թվականի նրա օրինակը։ Բանկային պաշտոնական տոկոսադրույքն էր հունվարին՝ 3—3½%, փետրվարին՝ 4—4½%, մարտին՝ մեծ մասամբ 4%, ապրիլին (խուճապ)՝ 4—7½%, մայիսին՝ 5—5½%, հունիսին՝ ընդհանրապես 5%, հուլիսին՝ 5%, օգոստոսին՝ 5—5½%, սեպտեմբերին՝ 5%, սակայն 5¼, 5½, 6%-ի հասնող մանր փոփոխակներով, հոկտեմբերին՝ 5, 5½, 7%, նոյեմբերին՝ 7—10%, դեկտեմբերին՝ 7—5%։ Այս դեպքում տոկոսը բարձրանում էր, որովհետև ընկնում էր շահույթը, անչափ ընկնում էին նաև ապրանքների փողային արժեքները։ Ուրեմն եթե Օվերստոնն այստեղ ասում է, թե 1847 թվականին տոկոսադրույքը բարձրանում էր, որովհետև կապիտալի արժեքն էր բարձրանում, ապա նա կարող է կապիտալի արժեք ասելով այստեղ հասկանալ փողային կապիտալի արժեքը միայն, իսկ փողային կապիտալի արժեքը հենց ինքը տոկոսադրույքն է և ուրիշ ոչ մի բան։ Բայց հետո դուրս է ցցվում աղվեսի պոչը, և կապիտալի արժեքը նույնացվում է շահույթի նորմայի հետ։
Ինչ վերաբերում է այն բարձր տոկոսադրույքին, որ վճարվում էր 1857 թվականին, ապա Օվերստոնն իրոք չգիտեր, որ սա մասամբ հայտանիշ է այն բանի, թե երևան է եկել վարկային ասպետների այն տեսակը, որը տոկոսը վճարում է ոչ թե շահույթից, այլ ուրիշի կապիտալից. նա 1857 թվականի ճգնաժամից լոկ մի քանի ամիս առաջ պնդում էր, թե «տնտեսական գործերը միանգամայն, առողջ ընթացք ունեն»։
Այնուհետև նա վկայում է. «3722. Այն պատկերացումը, թե ձեռնարկուային շահույթը ոչնչանում է տոկոսադրույքի բարձրացման հետ միասին, վերին աստիճանի սխալ է։ Նախ՝ տոկոսադրույքի բարձրացումը հազվադեպ է երկարատև լինում. երկրորդ՝ եթե նա երկարատև է լինում ու զգալի չափեր է ընդունում, ապա ըստ էության նա կապիտալի արժեքի բարձրացում է նշանակում։ Իսկ ինչո՞ւ է բարձրանում կապիտալի արժեքը։ Որովհետև շահույթի նորման բարձրացել է։ Այսպիսով ուրեմն, մենք այստեղ վերջապես իմացանք, թե ինչ իմաստ ունի «կապիտալի արժեք» արտահայտությունը։ Սակայն շահույթի նորման կարող է երկար ժամանակ բարձր մնալ, իսկ ձեռնարկուային շահույթը՝ ընկնել և տոկոսադրույքը բարձրանալ, այնպես որ տոկոսը կկլանի շահույթի մեծագույն մասը։
«3724. Տոկոսադրույքի բարձրացումը մեր երկրի առևտրային գործի վիթխարի ընդարձակման ու շահույթի նորմայի մեծապես բարձրանալու հետևանք էր և եթե գանգատվում են, թե բարձրացած տոկոսադրույքը խորտակում է նույն այն երկու բանը, որոնք նրա սեփական պատճառն են եղել, ապա այս մի տրամաբանական անհեթեթություն է, որի մասին չես իմանում, թե ինչ ասես»։— Այս ճիշտ նույնքան տրամաբանական է, որքան եթե նա ասեր.— շահույթի բարձրացած նորման հետևանք էր ապրանքային գների բարձրացման, որ կատարվում էր սպեկուլացիայի միջոցով, և եթե գանգատվում են, թե գների բարձրացումը խորտակում է իր սեփական պատճառը, այն է՝ սպեկուլացիան, ապա այս մի տրամաբանական անհեթեթություն է և այլն։ Որ մի իր վերջիվերջո կարող է խորտակել իր սեփական պատճառը, այս մի տրամաբանական անհեթեթություն է բարձր տոկոսադրույքի վրա սիրահարված վաշխառուի համար միայն։ Հռոմայեցիների հզորությունը նրանց տիրակալությունների պատճառն էր, և նրանց տիրակալությունները խորտակեցին նրանց հզորությունը։ Հարստությունը պերճանքի պատճառն է, և պերճանքը խորտակիչ կերպով է ներգործում հարստության վրա։ Ի՜նչ խորամանկն է, հատը չկա։ Այժմյան բուրժուական աշխարհի իդիոտիզմը ոչ մի բանով այնպես լավ չի ցուցանշվում, քան այն հարգանքով, որ ամբողջ Անգլիային ներշնչում էր «միլիոնատիրոջ», այս dung-hill aristocrat-ի [աղբակույտի արիստոկրատի] «տրամաբանությունը»։ Սակայն եթե շահույթի բարձր նորման ու ձեռնարկոունների ընդարձակումը կարող են բարձր տոկոսադրույքի պատճառները լինել ապա սրանից չի հետևում ամենևին, թե բարձր տոկոսադրույքը բարձր շահույթի պատճառ է։ Եվ հարցն էլ այն է հենց, թե որ այս բարձր տոկոսը (ինչպես իրոք երևան եկավ ճգնաժամի ժամանակ) չի հարատևել արդյոք կամ թե մինչև իր գագաթնակետը մղվել այն բանից հետո միայն, երբ շահույթի բարձր նորմայի հետքը վաղուց արդեն չքացել էր։
«3718. Ինչ վերաբերում է զեղչատոկոսի նորմայի մեծապես բարձրանալուն, ապա այս մի հանգամանք է, որ լիովին ու ամբողջապես առաջ է գալիս կապիտալի բարձրացած արժեքից, իսկ կապիտալի արժեքի այս բարձրացման պատճառը, կարծում եմ, կարող է լիակատար պարզությամբ հայտնագործվել ամեն ոք։ Ես արդեն հիշատակել եմ այն իրողությունը, որ այն 13 տարվա ընթացքում, երբ ուժի մեջ էր բանկային այս օրենքը, Անգլիայի առևտուրն աճելով 45-ից հասել էր 120 միլիոն ֆ. ստ.-ի։ Խորհրդածեք այն բոլոր անցքերի մասին, որ այս հակիրճ թվական տվյալը պարփակում է իր մեջ. մտածեցեք կապիտալի նկատմամբ առաջադրվող այն վիթխարի պահանջարկի մասին, որն առևտրի մի այնքան հսկայական աճում առաջ բերեց, և միաժամանակ հաշվի առեք, որ այս մեծ պահանջարկի դիմաց մատուցվող առաջարկի բնական աղբյուրը, այն է՝ երկրի տարեկան խնայողությունները, վերջին երեք կամ թե չորս տարում սպառվել է ռազմական նպատակների համար արված անշահութաբեր ծախսումով։ Խոստովանում եմ՝ ես ապշած եմ, որ տոկոսադրույքն է՛լ ավելի բարձր չի կամ թե ուրիշ խոսքով՝ ես ապշած եմ, որ կապիտալի շուրջն ստեղծված դժվարություններն այս հսկայական գործառնությունների հետևանքով է՛լ ավելի սաստիկ չեն, քան դուք արդեն տեսել եք»։
Մեր վաշխառուական տրամաբանի կողմից բառերի ի՜նչ զարմանալի խառնաշփոթում։ Նա այստեղ նորից հանդես է գալիս նույն երգով՝ կապիտալի բարձրացած արժեքով։ Ըստ երևույթին նա երևակայում է, թե մի կողմում կատարվում էր վերարտադրության պրոցեսի այս վիթխարի ընդարձակումը, հետևաբար իսկական կապիտալի կուտակումը, իսկ մյուս կողմում կանգնած էր մի «կապիտալ», որի նկատմամբ երևան էր գալիս «վիթխարի պահանջարկ»՝ առևտրի այս հսկայական աճումը գլուխ բերելու համար։ Բայց մի՞թե արտադրության այս հսկայական աճումը հենց բուն իսկ կապիտալի աճում չէր ներկայացնում, և եթե նա պահանջարկ էր ստեղծում, մի՞թե միաժամանակ չէր ստեղծում նաև առաջարկ ու միաժամանակ հենց բուն իսկ փողային կապիտալի բարձրացած առաջարկ։ Եթե տոկոսադրույքը բարձրանում էր շատ վեր, ապա չէ՞ որ այն պատճառով միայն, որ փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն էլ ավելի արագ էր աճում, քան առաջարկը. ուրիշ խոսքով՝ այն պատճառով, որ արդյունաբերական արտադրության ընդարձակման հետ ընդարձակվում էր նաև վարկային սիստեմի պատվանդանի վրա կատարվող նրա վարումը։ Այլ կերպ ասած՝ արդյունաբերության իրական ընդարձակումն առաջացնում էր «փոխատվության» նկատմամբ առաջադրվող մի բարձրացած պահանջարկ, իսկ այս վերջին պահանջարկն ակներևորեն այն է, ինչ որ մեր բանկիրն է հասկանում «կապիտալի նկատմամբ առաջադրվող վիթխարի պահանջարկ» ասելով։ Անտարակույս, կապիտալի նկատմամբ առաջադրվող սոսկական պահանջարկի ընդարձակումը չէր, որ արտահանման առևտուրը 45-ից բարձրացրեց 120 միլիոնի։ Եվ այնուհետև ի՞նչ է ուզում ասել Օվերստոնը, երբ պնդում է, թե երկրի տարեկան այն խնայողությունները, որ Ղրիմի պատերազմն էր կլանում, կազմում են այս մեծ պահանջարկի դիմաց մատուցվող առաջարկի բնական աղբյուր։ Նախ՝ հապա ի՞նչ միջոցներով էր կուտակում Անգլիան 1792-ից մինչև 1815 թվականները, երբ մի բոլորովին այլ պատերազմ էր մղվում, քան Ղրիմի փոքրիկ պատերազմը։ Երկրորդ՝ եթե բնական աղբյուրը չորացել էր, հապա ի՞նչ աղբյուրից էր հոսում կապիտալը։ Հայտնի է, որ Անգլիան ուրիշ ազգերից փոխ չէր առնում։ Բայց եթե բնական աղբյուրի կողքին արհեստական աղբյուր էլ կա, ապա չէ՞ որ մի ազգի համար ամենադուրեկան մեթոդը կլիներ՝ բնական աղբյուրը գործադրել պատերազմական նպատակներով, իսկ արհեստական աղբյուրը առևտրում։ Սակայն եթե առկա էր հին փողային կապիտալը միայն կարո՞ղ էր նա իր ներգործությունը կրկնապատկել բարձր տոկոսադրույքի միջոցով։ Պարոն Օվերստոնը, ըստ երևույթին, կարծում է, թև երկրի տարեկան խնայողությունները (որոնք այս դեպքում, սակայն, սպառվել են ըստ երևույթին) սոսկ փողային կապիտալի են փոխարկվում։ Բայց եթե իրական ոչ մի կուտակում, այսինքն արտադրության բարձրացում ու արտադրամիջոցների շատացում տեղի չունենար, ի՞նչ օգուտ փողի ձևով առաջադրվող այն պարտապահանջումների կուտակումից, որոնք արվում են այս արտադրության նկատմամբ։
«Կապիտալի արժեքի» այն բարձրացումը, որ առաջ է գալիս շահույթի բարձր նորմայից, Օվերստոնը շփոթում է այն բարձրացման հետ, որը փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող աճած պահանջարկից է բխում։ Այս պահանջարկը կարող է բարձրանալ այնպիսի պատճառներով, որոնք բոլորովին անկախ են շահույթի նորմայից։ Նա հենց ինքն իբրև օրինակ բերում է այն, որ 1847 թվականին այդ պահանջարկը բարձրացավ իրական կապիտալի արժեքի անկման հետևանքով։ Նայած թե իր համար ինչն է ավելի հարմար, նա կապիտալի արժեքը վերագրում է իրական կապիտալին կամ թե չէ՝ փողային կապիտալին։
Բանկային մեր լորդի անազնվությունը, նրա բանկիրական կարճամիտ տեսակետի հետ, որ նա շեշտում է ուսուցողաբար, այնուհետև երևան է գալիս հետևյալում. 3728. (Հարցմունք) «Դուք ասացիք, թե ձեր հայացաքով զեղչման նորման ոչ մի էական նշանակություն չունի վաճառականի համար։ Կհաճեի՞ք ասել, թե ինչն եք շահույթի սովորական նորմա նկատում»։ Պարոն Օվերստոնը հայտարարում է, թե այս հարցմունքին պատասխանելն «անհնարին է»։ 3729. «Ընդունենք, թե շահույթի միջին նորման 7—10% է. այս դեպքում զեղչման նորմայի բարձրացումը 2%ից 7 կամ թե 8%-ի պետք է էապես ազդի շահույթի նորմայի վրա, ճիշտ չէ՞»։ (Հենց ինքը հարցմունքի հեղինակը միմյանց հետ շփոթում է ձեռնարկուային եկամտի նորման ու շահույթի նորման և աչքաթող է անում, որ շահույթի նորման տոկոսի ու ձեռնարկուային եկամտի ընդհանուր աղբյուրն է։ Տոկոսի նորման կարող է անփոփոխ թողնել շահույթի նորման, բայց ոչ ձեռնարկուային եկամուտը։ Օվերստոնը պատասխանում է). «նախ ձեռնարկուները չեն վճարի զեղչման մի այնպիսի նորմա, որը կլանում է նրանց շահույթի մի զգալի մասը, նրանք ավելի շուտ կդադարեցնեն իրենց գործը»։ (Այո՛, եթե միայն նրանք կարող են այս անել առանց իրենց կործանելու։ Քանի դեռ նրանց շահույթը բարձր է, նրանք զեղչ վճարում են, որովհետև ցանկանում են վճարել, իսկ երբ շահույթը ցած է, նրանք զեղչ վճարում են, որովհետև ստիպված են վճարել)։ «Ի՞նչ է նշանակում զեղչ։ Ինչո՞ւ է որևէ մեկը մուրհակ զեղչում։ Որովհետև նա ցանկանում է մի ավելի մեծ կապիտալ ստանալ» (այստեղ կանգ առ. որովհետև նա ցանկանում է կանխել ամուր ներդրած իր կապիտալի ետհոսումը փողի ձևով ու իր գործի կանգառումից խուսափել։ Որովհետև նա պետք է իր ժամկետահաս վճարումները կատարի։ Նա աճած կապիտալ ուզում է լոկ այն ժամանակ, երբ գործը լավ է գնում, և կամ եթե նա սպեկուլացիա է անում ուրիշի կապիտալով՝ նույնիսկ երբ գործը վատ է գնում։ Զեղչը լոկ գործի ընդարձակման միջոց չի ամենևին)։ «Իսկ ինչո՞ւ է նա ցանկանում մի ավելի մեծ կապիտալ ձեռք բերել։ Որովհետև նա ցանկանում է այս կապիտալը բանեցնել։ Իսկ ինչո՞ւ է ուզում այս կապիտալը բանեցնել։ Որովհետև սա շահավետ է։ Բայց նույնը նրա համար շահավետ չէր լինի, եթե զեղչը կլաներ նրա շահույթը»։ Այս ինքնագոհ տրամաբանը ենթադրում է, թե մուրհակները զեղչվում են գործն ընդարձակելու համար միայն, և որ գործն ընդարձակվում է այն պատճառով, որ շահութաբեր է։ Առաջին ենթադրությունը սխալ է։ Սովորական ձեռնարկուն զեղչում է՝ իր կապիտալի փողային ձևը կանխակայելու և սրանով վերարտադրության պրոցեսի հոսանքը հարատև պահելու համար. ոչ թե գործն ընդարձակելու կամ թե ավելադիր կապիտալ ճարելու համար, այլ այն վարկը, որ ինքն է տալիս, հավասարակշռելու այն վարկով, որ վերցնում է ինքը։ Եվ եթե նա ցանկանում է իր գործը վարկով ընդարձակել, ապա մուրհակներ զեղչելը նրան քիչ կօգնի. չէ՞ որ զեղչն արդեն իր ձեռքին գտնվող փողային կապիտալի սոսկ մի փոխարկումն է մի ձևից մեկ ուրիշի. նա կգերադասի հաստատուն փոխառություն վերցնել ավելի երկար ժամանակով։ Վարկային ասպետը, անտարակույս, իր արուրամուրհակները զեղչում է իր գործն ընդարձակելու համար, իր մի անկայուն գործը մի ուրիշով փակելու, համար. ոչ թե շահույթ ձեռք բերելու, այլ ուրիշի կապիտալն իր տնօրինության տակ առնելու համար։
Այն բանից հետո, երբ պարոն Օվերստոնը զեղչը նույնացնում է ավելադիր կապիտալի փոխառության հետ (փոխանակ նույնացնելու կապիտալ ներկայացնող մուրհակները կանխիկ փողի փոխարկելու հետ), նա իսկույն նահանջում է, հենց որ նրան պատին են սեղմում։— «3730. (Հարցմունք) Արդյոք այն վաճառականները, որոնք մի անգամ արդեն մտել են գործի մեջ, չպե՞տք է մի որոշ ժամանակ իրենց գործառնությունները շարունակեն, չնայած տոկոսադրույքի ժամանակավոր բարձրացմանը»։— (Օվերստոն) «Կասկած չկա, որ մի որևէ առանձին գործարքի ժամանակ, եթե մեկը կարող է մի ավելի բարձր տոկոսադրույքի փոխարեն ավելի ցածր տոկոսադրույքով կապիտալ ձեռք բերել, այս սահմանափակ տեսակետից վերցրած՝ նման դեպքը հաճելի է նրա համար»։— Սրա հակառակ, մի անսահմանափակ տեսակետ է երևան գալիս, երբ անսպասելի կերպով պարոն Օվերստոնը «կապիտալ» ասելով հիմա միմիայն իր բանկային կապիտալն է հասկանում, ուստի և այն մարդուն, որը մուրհակ է զեղչում նրա մոտ, համարում է կապիտալ չունեցող մարդ, որովհետև սրա կապիտալը գոյություն ունի ապրանքային ձևով, կամ թե սրա կապիտալի փողային ձևը մի մուրհակ է, որը պարոն Օվերստոնը փոխարկում է փողային մի ուրիշ ձևի։
«3732. Կարո՞ղ եք 1844 թվականի բանկային օրենքի առնչությամբ մատնանշել, թե բանկի ոսկեպահեստի նկատմամբ տոկոսադրույքն ինչ մոտավոր հարաբերության մեջ էր գտնվում. ճի՞շտ է, որ երբ բանկում 9 կամ թե 10 միլիոնի ոսկի կար, տոկոսադրույքը 6 կամ թե 7% էր, իսկ երբ ոսկու գումարը բարձրացավ մինչև 16 միլիոն, տոկոսադրույքը հազիվ 3-ից մինչև 4% էր»։ (Հարցատուն ուզում է նրան ստիպել, որ նա տոկոսադրույքը, որչափով որ սրա վրա ազդում է բանկում եղած ոսկու քանակը, բացատրի տոկոսադրույքով, որչափով որ սրա վրա ազդում է կապիտալի արժեքը)։— «Ես չեմ ասում, թե այդ այդպես է... բայց եթե այդպես է, ապա մենք պետք է, իմ հայացքով, է՛լ ավելի խիստ միջոցների ձեռնարկենք, քան 1844 թվականինն էին. որովհետև եթե ճիշտ լիներ այն, թե որքան ավելի մեծ է ոսկեպահեստը, այնքան ավելի ցած է տոկոսադրույքը, ապա խնդրի նկատմամբ ունեցած այս հայացքի համաձայն մենք պետք է գործի դիմեինք ու ոսկեպահեստը հասցնեինք մի անսահմանափակ գումարի, և այն ժամանակ մենք տոկոսադրույքն իջեցրած կլինեինք զերոյի»։ Հարցատու Կեյլին, այս հոռի սրամտությունից չազդվելով, շարունակում է. «3733. Եթե այդպես լիներ, եթե, օրինակ, բանկին վերադարձվեր 5 միլիոն ոսկի, ապա մոտակա վեց ամսվա ընթացքում ոսկեսպահեստը կկազմեր մոտ 16 միլիոն, և ընդունենք, որ այսպիսով տոկոսադրույքը կիջներ մինչև 3-ի կամ 4%-ի, այն ժամանակ ի՞նչպես կարելի էր պնդել, թե տոկոսադրույքի անկումը գործի մի մեծ կրճատման հետևանք է»։— «Ես ասացի, որ տոկոսադրույքի նորերումս տեղի ունեցած մեծ բարձրացումն ու ոչ թե նրա անկումն է սերտորեն շաղկապված գործի մեծ ընդարձակման հետ։— Բայց Կեյլիի ասածը հետևյալն է. եթե տոկոսադրույքի բարձրանալը ոսկու պաշարի նվազման հետ միասին գործի ընդարձակման ցուցանիշ է, ապա տոկոսադրույքի անկումը, ոսկու պաշարի ընդարձակման հետ միասին, պետք է գործի կրճատման ցուցանիշ լինի։ Սրան Օվերստոնը ոչ մի պատասխան չունի։ «3736. (Հարցմունք) Ես մտաբերում եմ, որ դուք» (բնագրում միշտ գործ է ածվում Your Lordship [ձերդ լորդային պայծառափայլություն] «ասացիք, թե փողը գործիք է կապիտալ ձեռք բերելու համար»։ (Անհեթեթությունը հենց այն է, որ փողն ըմբռնվում է իբրև գործիք. փողը կապիտալի ձև է)։ (Անգլիայի բանկի) «ոսկու պաշարի կրճատման դեպքում մեծ դժվարությունն այն չի՞, ընդհակառակը, որ կապիտալիստները չեն կարողանում փող ստանալ։— (Օվերստոն). «Ո՛չ, այդ կապիտալիստները չեն, այլ ոչ-կապիտալիստներն են, որ ճգնում են փող ձեռք բերել. իսկ ինչո՞ւ են ճգնում նրանք փող ձեռք բերել... Որովհետև փողի միջոցով նրանք իրենց տնօրինության տակ են առնում կապիտալիստների կապիտալը, որպեսզի այն մարդկանց գործը վարեն, որոնք կապիտալիստներ չեն»։ Այստեղ նա ուղղակի բացատրում է, թե գործարանատերերն ու վաճառականները կապիտալիստներ չեն, և որ կապիտալիստների կապիտալը փողային կապիտալն է միայն։— «3737. Միթե մարդիկ, որոնք մուրհակ են տալիս, կապիտալիստներ չե՞ն»։— «Մարդիկ, որոնք մուրհակ են տալիս, գուցե կապիտալիստներ են, բայց գուցե և ոչ»։ Այստեղ նա պինդ խրվում է։
Հիմա նրանից հարցնում են, թե արդյոք վաճառականների մուրհակները չեն ներկայացնում այն ապրանքները, որ նրանք ծախել կամ թե նավառաքել են։ Օվերստոնը ժխտում է այն, որ այս մուրհակները ներկայացնում են ապրանքների արժեքը ճիշտ այնպես, ինչպես բանկնոտաները՝ ոսկին (3740, 41)։ Այս արդեն անամոթություն է։
«3742. Արդյոք վաճառականի նպատակը չի՞ փող ստանալը»։— «Ո՛չ, մուրհակ տալու ժամանակ նպատակը փող ստանալը չի. փող ստանալը նպատակ է մուրհակը զեղչելու ժամանակ»։ Մուրհակատվությունն ապրանքի փոխակերպումն է վարկային փողի մի ձևի, ինչպես որ մուրհակի զեղչումն այս վարկային փողի փոխակերպումն է մի ուրիշ փողի, այն է՝ բանկնոտաների։ Համենայն դեպս պարոն Օվերստոնն այստեղ համաձայնում է, որ մուրհակների զեղչման նպատակը փող ստանալն է։ Առաջ նա թույլ էր տալիս զեղչել ոչ թե կապիտալը մի ձևից մի ուրիշ ձևի փոխարկելու համար, այլ միմիայն լրացուցիչ կապիտալ ստանալու համար։
«3743. Մի այնպիսի խուճապի ճնշման տակ, որպիսին, ձեր վկայության համաձայն, տեղի է ունեցել 1825, 1837 ու 1839 թվականներին, առևտրա-արդյունաբերական ձեռնարկուների խոշորագույն բաղձանքը ո՞րն է. նրանք նպատակադրում են տիրանալ կապիտալի՞, թև՞ վճարման օրինական փողի»։— «Նրանք նպատակադրում են ձեռք բերել կապիտալ իրենց գործը շարունակելու համար»։— Վարկի վերահաս սակավության պատճառով նրանք ձգտում են հենց իրենց վրա տրված ժամկետահաս մուրհակների համար վճարման միջոցներ ձեռք բերել, որպեսզի ստիպված չլինեն իրենց ապրանքը գնից ցած ծախծխելու։ Եթե նրանք իրենք կապիտալ չունեն ընդհանրապես, ապա վճարման միջոցների հետ միասին նրանք բնականաբար կապիտալ են ձեռք բերում միաժամանակ, որովհետև նրանք արժեք են ստանում առանց էկվիվալենտի։ Փողի իբրև այսպիսու պահանջը միշտ հանգում է այն ցանկությանը միայն, որ ապրանքի կամ թե պարտապահանջման ձևից արժեքը կարողանան փոխարկել փողի ձևին։ Հենց այստեղից էլ, նույնիսկ մի կողմ թողնելով ճգնաժամերը, առաջ է գալիս մեծ տարբերությունը կապիտալի փոխառության ու զեղչի միջև, որը միայն իրականացնում է փողի պահանջումների փոխարկումը մի ձևից մի ուրիշ ձևի կամ թե իսկական փողի։
{Ես — հրատարակիչս — այստեղ թույլ եմ տալիս ինձ մի միջանկյալ նկատողություն։
Նորմենի, ինչպես և Լոյդ-Օվերստոնի մոտ բանկիրը միշտ ներկայանում է իբրև մեկը, որ «կապիտալ է փոխատրում», իսկ նրա կլիենտը իբրև այն անձը, որ «կապիտալ» է պահանջում նրանից։ Այսպես, Օվերստոնն ասում է, թե մեկը բանկիրի միջոցով մուրհակ է զեղչել տալիս, «որովհետև նա ցանկանում է կապիտալ ստանալ» (3729) և այսպիսի մարդու համար հաճելի բան է, եթե նա կարող է մի ավելի ցածր տոկոսադրույքով կապիտալ ձեռք բերել» (3730)։ «Փողը գործիք է կապիտալ ձեռք բերելու համար» (3736) և խուճապի դեպքում առևտրա-արդյունաբերական ձեռնարկուների խոշորագույն բաղձանքն է «ձեռք բերել կապիտալ» (3743)։ Սակայն և այնպես այն ամբողջ խառնաշփոթման հետ միասին, որ Լոյդ-Օվերստոնն ունի այն կետի վերաբերմամբ, թե ինչ է կապիտալը, նրա ասածից պարզվում է գեթ հետևյալը՝ այն, ինչ որ բանկիրը տալիս է իր կլիենտին, նա անվանում է կապիտալ, մի կապիտալ, որ նրա կլիենտն առաջ չուներ, որ այժմ փոխատրված է նրան և լրացուցիչ է այն կապիտալի նկատմամբ, որ նա մինչև այժմ ուներ իր տնօրինության տակ։
Բանկիրն այն աստիճան է ընտելացել փողի ձևով գոյություն ունեցող ազատ հասարակական կապիտալը — փոխատվության ձևով — բաշխելու ֆունկցիայով հանդես գալուն, որ ամեն մի ֆունկցիա, որի կապակցությամբ նա փող է բաց թողնում, փոխատվություն է երևում նրան։ Նրա վճարած փողային ամեն մի գումար փոխատվություն է թվում նրան։ Եթե փողը ծախսված է ուղղակի փոխատվության վրա, ապա այս բառացի ճիշտ է։ Եթե փողը գործադրված է մուրհակների զեղչման վրա, ապա հենց իր բանկիրի համար այն փոխատվություն է իրոք՝ մինչև մուրհակի ժամկետի հասնելը։ Այսպիսով նրա գլխում ամրապնդվում է այն պատկերացումը, թե նա չի կարող ոչ մի այնպիսի վճարում կատարել, որը փոխատվություն չլինի։ Եվ այն էլ փոխատվություն ոչ թե լոկ այն իմաստով, որ առկա կամ թե շահույթ ստանալու նպատակով արված փողի յուրաքանչյուր ներդրում տնտեսականորեն մի փոխատվություն է նկատվում, որ համապատասխան փողատերն իբրև մասնավոր մարդ անում է ինքն իրեն իբրև ձեռնարկուի այլ փոխատվություն այն որոշակի իմաստով, որ բանկիրն իր կլիենտին փոխարինաբար հանձնում է մի գումար, որը վերջինիս տնօրինության տակ գտնվող կապիտալն ավելացնում է նույն չափով։
Հենց այս պատկերացումն է, որ բանկի գրասենյակից քաղաքատնտեսության մեջ փոխադրվելով ստեղծել է շփոթեցնող այն վիճահարցը, թե արդյոք այն, ինչ որ բանկիրը դնում է իր կլիենտի տնօրինության տակ իբրև կանխիկ փող, կապիտա՞լ է, թե՞ լոկ փող, շրջանառության միջոց currency։ Այս — իր հիմքում պարզ — վիճահարցը լուծելու համար մենք պետք է կանգնենք բանկի կլիենտի տեսակետի վրա։ Խնդիրը կախված է նրանից, թե այս կլիենտն ինչ է պահանջում և ինչ է ստանում։
Եթե բանկը հոժարում է իր կլիենտին մի փոխառություն տալու՝ պարզապես նրա անձնական վարկին վստահացած, առանց նրա կողմից ապահովում ներկայացնելու, ապա հարցը պարզ է։ Նա անպայման որոշ արժեմեծությամբ մի փոխատվություն է ստանում իբրև մինչև հիմա բանեցրած իր կապիտալի լրացում։ Նա այդ փոխատվությունն ստանում է փողի ձևով, ուրեմն ստանում է ոչ թե լոկ փող, այլ նաև փողային կապիտալ։
Եթե նա փոխատվությունն ընդունում է արժեթղթեր գրավադրելու դիմաց, ապա այս փոխատվություն է այն իմաստով, որ նրան փող է վճարվել ետվճարելու պայմանով։ Բայց այս՝ կապիտալի փոխատրում չի, որովհետև արժեթղթերն էլ են կապիտալ ներկայացնում, այն էլ մի ավելի մեծ գումարի, քան փոխատրված գումարն է։ Հետևաբար ընդունողն ավելի քիչ կապիտալային արժեք է ստանում, քան տալիս է իբրև գրավ նրա համար այս՝ ավելադիր կապիտալ հայթայթել չի ամենևին։ Նա այս գործարքը կատարում է ոչ թե այն պատճառով, որ կապիտալի կարիք ունի — չէ՞ որ նա կապիտալ ունի հանձին իր արժեթղթերի,— այլ այն պատճառով, որ նա փողի կարիք ունի։ Այսպիսով ուրեմն, մենք այստեղ գործ ունենք փողի, բայց ոչ թե կապիտալի փոխատվության հետ։
Եթե փոխատվությունն ընդունվում է մուրհակների զեղչի դիմաց ապա չքանում է փոխատվության ձևն էլ։ Այստեղ լոկ առք ու վաճառք է կատարվում։ Մուրհակը փոխանցագրով դառնում է բանկի սեփականություն, իսկ փողը կլիենտի սեփականություն. սրա կողմից ետվճարելու մասին՝ ոչ մի խոսք։ Երբ կլիենտն իր մուրհակով կամ թե վարկի նման այլ գործիքներով կանխիկ փող է գնում, ապա այս, ոչ ավելի ու ոչ պակաս, նույնպիսի մի փոխատվություն է, որպիսին հանդես է գալիս այն դեպքում, երբ նա կանխիկ փող է գնում իր այլ ապրանքով՝ բամբակով, երկաթով, հացահատիկով։ Եվ այստեղ ամենից քիչ կարող է խոսք լինել կապիտալի փոխատվության մասին։ Առևտրականի ու առևտրականի միջև կատարվող ամեն մի առք ու վաճառք կապիտալի փոխհանձնումն է։ Իսկ փոխատվությունն առկա է այնտեղ միայն, որտեղ կապիտալի հանձնումը փոխադարձ չի, այլ միակողմանի է ու ժամկետով։ Հետևաբար մուրհակների զեղչման միջոցով կապիտալի փոխատվություն կարող է տեղի ունենալ լոկ այնտեղ, որտեղ մուրհակը մի արուրամուրհակ է, որը ծախված ապրանքներ չի ներկայացնում ամենևին և որը ոչ մի բանկիր չի վերցնում հենց, որ իմանում է, թե այն ինչ տեսակի մուրհակ է։ Այսպիսով ուրեմն, զեղչման սովորական գործարքի դեպքում բանկի կլիենտը ոչ մի փոխատվություն չի ստանում ոչ իբրև կապիտալ ու ոչ էլ իբրև փող, այլ փող է ստանում ծախած ապրանքի փոխարեն։
Այն դեպքերը, երբ կլիենտը կապիտալ է պահանջում բանկից և կապիտալ է ստանում, այսպիսով շատ որոշակի տարբերվում են նրանցից, երբ նա փոխառությամբ սոսկ փող է ստանում կամ թե փող է գնում բանկից։ Եվ որովհետև պարոն Լոյդ-Օվերստոնը սովորություն ուներ միմիայն ամենահազվագյուտ դեպքերում իր ֆոնդերը փոխատրելու առանց փոխփակման (նա Մանչեստրի իմ ֆիրմայի բանկիրն էր), ուստի պարզ է նմանապես, որ նրա գեղեցիկ նկարագրությունները կապիտալի այն զանգվածների մասին, որ մեծահոգի բանկիրները փոխատրում են կապիտալի կարոտ գործարանատերերին — վատթար փչոցներ են։
XXXII գլխում Մարքսը, սակայն, միևնույնն է ասում ըստ էության. «Վճարման միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկը փողի վերածելու նպատակով առաջադրվող սոսկական պահանջարկ է, որչափով որ վաճառականներն ու արտադրողները կարող են կանոնավոր ապահովումներ ներկայացնել. նույնը փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկ է, որչափով որ այս ապահովումը չկա, ուրեմն որչափով որ վճարման միջոցների մի փոխատվություն ոչ միայն փողային ձևն է տալիս, նրանց, այլև վճարելու համար նրանց ձեռքին պակասող էկվիվալենտը, ինչ ձև էլ որ ունենալիս լինի սա»։ Հետո XXXIII գլխում. «Զարգացած վարկային գործի ժամանակ, երբ փողը բանկերի ձեռքում է համակենտրոնանում, սրանք են, գոնե անվանապես, որ փող են փոխատրում։ Այս փոխատվությունը չի վերաբերում շրջանառության մեջ գտնվող փողին։ Այս՝ շրջանառության միջոցների փոխատվություն է, ոչ թե այն կապիտալների փոխատվություն, որոնք հիշյալ միջոցների կողմից շրջանառության մեջ են դրվում»։— Պարոն Չեպմենն էլ, որը պետք է այս գիտենա, հաստատում է զեղչման գործի վերևի ըմբռնումը. «B. C.» 1857 — «Բանկիրը մուրհակ ունի բանկիրը մուրհակ է գնել»։ Վկայություններ. հարցմունք 5139։
Սակայն XXVIII գլխում մենք նորից կվերադառնանք այս թեմային։ Ֆ. Է.}
«3744. Կհաճեինք նկարագրել, թե կապիտալ արտահայտության տակ իսկապես ինչ եք հասկանում»։— (Օվերստոնի պատասխանը). «Կապիտալը կազմված է տարբեր ապրանքներից, որոնց միջոցով գործը պահվում է իր շարժընթացքի մեջ (capital consists of various commodities, by the means of which trade is carried on). կա հիմնական կապիտալ, և կա շրջանառու կապիտալ։ Ձեր նավերը, ձեր նավանոցները, ձեր նավաշինարանները հիմնական կապիտալ են. ձեր կենսամիջոցները, ձեր հագուստները և այլն շրջանառու կապիտալ են»։
«3745. Ոսկու տարհոսումը դեպի արտասահման վնասակար հետևանքներ ունի՞ Անգլիայի համար»։— «Ոչ, քանի դեռ այս բառի հետ մի բանական իմաստ է շաղկապված»։ (Այստեղ երևան է գալիս Ռիկարդոյի փողի հին թեորիան)... «Իրերի բնական պայմաններում ամբողջ աշխարհի փողը հայտնի համամասնություններով բաշխվում է աշխարհիս տարբեր երկրների վրա. այս համամասնություններն այն բնույթն են կրում, որ» (փողի) «այսպիսի բաշխման հետևանքով մի կողմից՝ մի որևէ երկրի ու մյուս կողմից՝ աշխարհիս մյուս բոլոր երկրների միջև եղած հարաբերությունը մի սոսկական փոխանակային հարաբերություն է ներկայացնում. բայց կան խափանիչ ազդեցություններ, որոնք ժամանակ առ ժամանակ ներգործում են այս բաշխման վրա, և երբ այս ազդեցություններն առաջ են գալիս, տվյալ երկրի փողի մի մասը տարհոսում է ուրիշ երկրներ»։— «3746. Դուք հիմա գործ եք ածում «փող» արտահայտությունը։ Եթե ես առաջ ճիշտ եմ հասկացել ձեզ, ապա դուք փողն անվանեցիք կապիտալի մի կորուստ»։— Ի՞նչը ես անվանեցի կապիտալի մի կորուստ»։— «3747. Ոսկու տարհոսումը»։— «Ոչ, ես այդ չեմ ասել։ Եթե դուք ոսկին իբրև կապիտալ եք բանեցնում, ապա, անկասկած, այդ՝ կապիտալի մի կորուստ է. այդ՝ նշանակում է զրկվել ազնիվ մետաղի մի որոշ մասից որից համաշխարհային փողն է կազմված»։— «3748. Դուք առաջ չէ՞իք ասում, թե զեղչի նորմայի փոփոխությունը կապիտալի արժեքի փոփոխության լոկ մի ցուցանիշ է»։— «Այո»։— «3749. Եվ զեղչի նորման ընդհանրապես փոփոխվում է Անգլիայի բանկում եղած ոսկու «պահեստի հետ զուգընթա՞ց»։— «Այո՛, բայց ես արդեն ասացի, որ շատ չնչին են տոկոսադրույքի այն փոփոխությունները, որոնք ծագում են մի երկրում փողի քանակի փոփոխությունից...» (ուրեմն սրա տակ նա այստեղ իրական ոսկու քանակն է հասկանում)։
«3750. Ուրեմն դուք ուզում եք ասել, որ կապիտալի նվազում է կատարվել, եթե տեղի է ունեցել զեղչի երկարատև, բայց և այնպես լոկ ժամանակավոր բարձրացում սովորական դրույքից վեր։— «Նվազում բառիս մի հայտնի իմաստով։ Կապիտալի ու սրա նկատմամբ առաջադրվող պահանջարկի միջև եղած հարաբերությունը փոխվել է. բայց հնարավոր է, որ փոխվել է աճած պահանջարկի հետևանքով, և ոչ թե կապիտալի քանակի նվազման հետևանքով»։ (Բայց չէ որ նոր միայն կապիտալը = էր փողին կամ ոսկուն, և չէ՞ որ ավելի առաջ տոկոսադրույքի բարձրացումը բացատրվեց շահույթի բարձր նորմայով, որն առաջ էր գալիս առևտրական գործի կամ թե կապիտալի ընդարձակումից ու ոչ թե սահմանափակումից)։
«3751. Այդ ի՞նչ կապիտալ է, որ դուք հատկապես աչքի առաջ ունեք այստեղ։— «Այս ամբողջովին կախված է նրանից, թե ինչ կապիտալ է հարկավոր ամեն մի առանձին մարդի։ Այս այն կապիտալն է, որ ազգն իր տնօրինության տակ ունի իր գործերը շարունակելու համար, և եթե այս գործերը կրկնապատկվում են, ապա պետք է հանդես գա պահանջարկի մի խոշոր ավելացում այն կապիտալի նկատմամբ, որով շարունակվելու է գործը»։ (Այս խորամանկ բանկիրը նախ կրկնապատկում է գործը ու հետո էլ՝ այն կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը, որով կրկնապատկվելու է գործը։ Նա միշտ իր առջև տեսնում է իր կլիենտին միայն, որը պարոն Լոյդից մի խոշոր կապիտալ է պահանջում, իր գործը կրկնապատկելու համար)։— «Կապիտալը նույնն է, ինչ որ է ամեն մի ուրիշ ապրանք» (բայց չէ՞ որ հենց ըստ պարոն Լոյդի՝ կապիտալը ոչ այլ ինչ է, բայց եթե ապրանքների միագումարությունը). «նա իր գինը փոխում է նայած պահանջարկին ու առաջարկին» (ուրեմն ապրանքներն իրենց գինը փոխում են երկու անգամ, մի անգամ՝ որպես ապրանքներ, մյուս անգամ՝ որպես կապիտալ)։
«3752. Զէղչի նորմայի տատանումներն ընդհանրապես կապված են բանկի պահեստներում գտնվող ոսկու գումարի տատանումների հետ։ Ա՞յս է այն կապիտալը, որ դուք նկատի ունեք»։— «Ոչ»։— «3753. կարո՞ղ եք մի օրինակ բերել, երբ Անգլիայի բանկում կապիտալի խոշոր պաշար է եղել կուտակված, և միաժամանակ զեղչի նորման բարձր է եղել»։— «Անգլիայի բանկում ոչ թե կապիտալ է կուտակվում, այլ փող»։— «3754. Դուք վկայեցիք, որ տոկոսադրույքը կախված է կապիտալի քանակից. կհաճեի՞ք մատնանշել, թե դուք ինչ կապիտալ նկատի ունեք, և արդյոք կարո՞ղ եք մի օրինակ բերել, երբ բանկում ոսկու մի խոշոր պաշար է պառկած, և միաժամանակ տոկոսադրույքը բարձր է կանգնած»։— «Շատ հավանական է (ըհը՜), «որ ոսկու կուտակումը բանկում կարող է զուգադիպել ցածր տոկոսադրույքի հետ, որովհետև կապիտալի նկատմամբ» (այն է՝ հենց փողային կապիտալի նկատմամբ. այն ժամանակը, որի մասին է այստեղ խոսքը, 1844 ու 45 թվականները, ծաղկման ժամանակներ էին) «առաջադրվող ավելի թույլ պահանջարկի ժամանակաշրջանը մի ժամանակաշրջան է, երբ բնականորեն կարող է կուտակվել այն միջոցը կամ գործիքը, որի օգնությամբ մարդ կարող է հրամանատարություն անել կապիտալի վրա»։— «3755. Ուրեմն դուք կարծում եք, որ ոչ մի կապ չկա՞ զեղչի նորմայի ու բանկի պահեստում գտնվող ոսկու քանակի միջև»։— «Կարող է մի այդպիսի կապ լինել, բայց սկզբունքային կապ չի այս». (բայց 1844 թվականի նրա բանկային օրենքն Անգլիայի բանկի հենց սկզբունքն է դարձնում տոկոսադրույքի կարգավորումը նրա տնօրինության տակ գտնվող ոսկու քանակի համաձայն). «այդ երևույթները կարող են միաժամանակ գոյություն ունենալ» («there may be a coincidence of time»)։— «3758. Ուրեմն դուք կամենում եք ասել, թե այստեղ, երկրում, փողասակավ ժամանակաշրջանում, զեղչի բարձր տոկոսի հետևանքով, վաճառականների համար դժվարությունը կապիտալ ստանալն է, և ոչ թե փող ստանալը»։— «Դուք միմյանց հետ շփոթում եք երկու բան, որ ես չեմ միացնում այս ձևով. դժվարությունը կապիտալ ստանալն է և նմանապես դժվարությունը փող ստանալն է... «Փող ստանալու դժվարությունն ու կապիտալ ստանալու դժվարությունը միևնույն դժվարությունն է, վերցրած շարժման, երկու տարբեր մոմենտներում»։— Այստեղ ձուկը նորից պինդ զարկվում է կարթին։ Առաջին դժվարությունը մուրհակ զեղչելն է կամ թե ապրանքի գրավադրությամբ փոխատվություն ստանալը։ Կապիտալ, կամ թե կապիտալի արժեքի մի առևտրանիշ փողի վերածելն է դժվարությունը։ Եվ այս դժվարությունն ի միջի այլոց արտահայտվում է բարձր տոկոսադրույքի մեջ։ Բայց երբ փողն արդեն ստացված է, ո՞րն է հապա երկրորդ դժվարությունը։ Եթե խոսքը վերաբերում է վճարելուն միայն, որևէ մեկը դժվարություն կունենա՞ իր փողից օձիքն ազատելու։ Իսկ եթե խնդիրը վերաբերում է գնելուն, ե՞րբ է որևէ մեկը ճգնաժամի շրջանում ապրանք գնելու դժվարության հանդիպել։ Եվ եթե հենց ենթադրենք էլ, թե այս վերաբերում է հացահատիկի, բամբակի և այլոց թանկացման մի առանձին դեպքի, ապա չէ՞ որ այս դժվարությունը կարող էր երևան գալ ոչ թե փողային կապիտալի արժեքի մեջ, այսինքն տոկոսադրույքի մեջ, այլ ապրանքի գնի մեջ. և չէ՞ որ այս դժվարությունը հաղթահարված է նրանով, որ կլիենտն ապրանք գնելու համար հիմա փող ունի։
«3760. Բայց չէ՞ որ զեղչի ավելի բարձր նորման, մի սաստկացած դժվարություն է փող ստանալու համար»։— «Նա մի սաստկացած դժվարություն է փող ստանալու համար, բայց գլխավորը փողը չի, որին տիրանալու մասին է խոսքը. փողը լոկ այն ձևն է» (և այս ձևը շահույթ է բերում լցնում բանկիրի գրպանը), «որով հանդես է գալիս կապիտալ ստանալու սաստկացած դժվարությունը մի քաղաքակիրթ հասարակության բարդ հարաբերություններում»։
3763. (Օվերստոնի պատասխանը). «Բանկիրն այն միջնորդն է, որը մի կողմից ավանդներ է ընդունում և մյուս կողմից գործադրում է այս ավանդները՝ սրանք կապիտալի ձևով վստահելով այն անձերի ձեռքը, որոնք և այլն»։
Այստեղ մենք ահա տեսնում ենք վերջապես, թե նա ինչ է հասկանում կապիտալ ասելով։ Նա փողը դարձնում է կապիտալ, երբ նա այս «վստահում է», կամ — ավելի պակաս նրբությամբ արտահայտած, երբ նա այս փոխատրում է տոկոսով։
Այն բանից հետո, երբ պարոն Օվերստոնն առաջ ասել էր, թե զեղչի նորմայի փոփոխությունն էական կապ չունի բանկի ոսկու պահեստի գումարի կամ թե առկա փողի քանակի փոփոխության հետ, այլ, շատ-շատ, ժամանակակցության կապ ունի,— նա կրկնում է.
«3804. Եթե տարհոսման հետևանքով փողը քչանում է երկրում, նրա արժեքը բարձրանում է, և Անգլիայի բանկը պետք է հարմարվի փողի արժեքի այս փոփոխությանը» (ուրեմն պետք է հարմարվի փողի, իբրև կապիտալի, արժեքի փոփոխությանբ, ուրիշ խոսքով, տոկոսադրույքի փոփոխությանը, որովհետև փողի, իբրև փողի, արժեքն ապրանքների համեմատությամբ մնում է միևնույնը)։ «Սրա տեխնիկական արտահայտությունն այն է, որ բանկը բարձրացնում է տոկոսադրույքը»։
«3819. Ես երկուսը չեմ խառնում միմյանց հետ»։— Այսինքն՝ փողն ու կապիտալը չի խառնում միմյանց հետ, և այս՝ այն հասարակ պատճառով, որ նա հիշյալները միմյանցից երբեք չի տարբերում։
«3834. Այն շատ մեծ գումարը, որ պետք եղավ վճարելու երկրի անհրաժեշտ ապրուստի համար» (1847 թվականին հացահատիկի համար) «և որն իրապես կապիտալ էր»։
«3841. Զեղչի նորմայի տատանումներն անկասկած մի շատ մոտիկ առնչություն ունեն» (Անգլիայի բանկի) «ոսկու պահեստի դրության հետ, որովհետև պահեստի դրությունը երկրում եղած փողի քանակի ավելանալու կամ թե նվազելու ցուցանիշն է. և այն համամասնությամբ, որով ավելանում կամ թե նվազում է փողը երկրում, ընկնում կամ թե բարձրանում է փողի արժեքը, իսկ սրան էլ զեղչի բանկային նորման է հարմարվում»։— Այսպիսով ուրեմն, նա այստեղ խոստովանում է այն, ինչ որ 3755-ի իր վկայության մեջ մի անգամ ընդմիշտ ժխտում էր։— «3842. Մի սերտ առնչություն կա երկուսի միջև»։— Որոնք են՝ ոսկու քանակն Issue department-ում [անգլիական բանկի էմիսիոն բաժնում] ու պահեստի բանկնոտաների քանակը Banking department-ում [բանկային օպերացիաների բաժնում]։ Նա տոկոսադրույքի փոփոխությունն այստեղ բացատրում է փողի քանակի փոփոխությամբ։ Ընդսմին ինչ որ նա ասում է, սխալ է։ Պահեստի գումարը կարող է նվազել, որովհետև երկրում շրջանառու փողը շատանում է։ Այս պատահում է, երբ հասարակությունն ավելի շատ բանկնատաներ է վերցնում, և մետաղե փողի պահեստը չի նվազում։ Բայց այս դեպքում բարձրանում է տոկոսադրույքը, որովհետև 1844 թվականի օրենքի համաձայն Անգլիայի բանկի բանկային կապիտալը սահմանափակված է։ Բայց այս մասին նա չպետք է խոսի, որովհետև այս օրենքի հետևանքով բանկի երկու բաժինը միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն։
«3859. Շահույթի մի բարձր նորմա միշտ կծնի կապիտալի նկատմամբ առաջադրվող մեծ պահանջարկ, կապիտալի նկատմամբ առաջադրվող մեծ պահանջարկը կբարձրացնի նրա արժեքը»։— Ուրեմն այստեղ ահա տեսնում ենք շահույթի բարձր նորմայի ու կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի միջև եղած կապը, ինչպես որ Օվերստոնն է պատկերացնում այն։ Այնինչ, օրինակ, 1844—45 թվականներին բամբակեղենի արդյունաբերության մեջ իշխում էր շահույթի մի բարձր նորմա այն պատճառով, որ բամբակեղեն ապրանքների սաստիկ պահանջարկի պարագայում հում բամբակն էժան էր և էժան էլ մնաց։ Կապիտալի արժեքը (իսկ վերևում առաջ բերած մի հատվածի համաձայն Օվերստոնը կապիտալ անվանում է այն, ինչի կարիք որ ունի ամեն մեկը իր գործում), այստեղ ուրեմն հում բամբակի արժեքը գործարանատերերի համար չբարձրացավ։ Թող շահույթի բարձր նորման բամբակեղենի մի գործարանատիրոջ դրդած լինի իր գործի ընդլայնման համար փող փոխ առնելու։ Սրա հետևանքով կբարձրանար նրա պահանջարկը փողային կապիտալի նկատմամբ, և ուրիշ ոչինչի նկատմամբ։
«3889. Ոսկին կարող է փող լինել և կամ ոչ, ճիշտ ինչպես որ թուղթը կարող է մի բանկնոտա լինել և կամ ոչ»։
«3895. Ուրեմն ես ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ետ եք վերցնում 1840 թվականին ձեր գործածած այն դրույթը, թե Անգլիայի բանկի շրջանառու բանկնոտաների քանակի տատանումները պետք է հետևեն ոսկու պահեստի գումարի տատանումներին»։— «Ես հիշյալը ետ եմ վերցնում այն չափով... որ մեր գիտելիքների այժմյան դրության համեմատ մենք շրջանառու բանկնոտաների վրա պետք է ավելացնենք դեռ այն բանկնոտաներն էլ, որոնք պառկած են Անգլիայի բանկի բանկային պահեստում»։ Սքանչելի է։ Այն քմահաճ որոշումը, որի համաձայն բանկն այնքան թղթե բանկնոտաներ է պատրաստում, որքան ոսկի ունի պահեստում ու 14 միլիոն էլ ավելի, բնականորեն պայմանավորում է այն, որ նրա բանկնոտաների թողարկը տատանվում է ոսկու պահեստի տատանումների հետ միասին։ Բայց որովհետև «մեր գիտելիքների այժմյան դրությունը» պարզ ցույց տվեց, որ բանկնոտաների այն քանակը, որ բանկը կարող է պատրաստել ըստ այսմ (և որը Issue department-ը [էմիսիոն բաժինը] հանձնում է Banking department-ին [բանկային օպերացիաների բաժնին],— որ ոսկու պահեստի տատանումների հետ տատանվող ու Անգլիայի բանկի երկու բաժինների միջև կատարվող այս շրջանառությունը որոշիչ ներգործություն չունի Անգլիայի բանկի պատերից դուրս կատարվող՝ բանկնոտաների շրջանառության տատանումների նկատմամբ, ուստի այս վերջին, իրական շրջանառությունը հիմա բանկի վարչության աչքում կորցնում է ամեն մի նշանակություն, և միակ վճռական դառնում է բանկի երկու բաժնի միջև կատարվող շրջանառությունը, որի տարբերությունն իրական շրջանառությունից երևան է գալիս պահեստի գումարի վիճակում։ Այս ներքին շրջանառությունն արտաքին աշխարհի համար կարևոր է լոկ այն չափով, որ պահեստի գումարը ցույց է տալիս, թե բանկը որքան է մոտեցել իր բանկնոտաների թողարկի օրինասահմանված մաքսիմումին և բանկի կլիենտները դեռ որքան կարող են ստանալ Banking department-ից։
Օվերստոնի mala fides [անազնվության] մասին ՝ հետևյալ փայլուն օրինակը.
«4243. Ձեր հայացքով արդյոք կապիտալի քանակն ամսե-ամիս տատանվո՞ւմ է այն աստիճան, որ այդ տատանման հետևանքով նրա արժեքը փոխվի այնպես, ինչպես վերջին տարիներում տեսել ենք զեղչի նորմայի տատանումների օրինակով»։— «Կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի ու առաջարկի հարաբերությունն անկասկած կարող է տատանվել նույնիսկ կարճ ժամանակամիջոցներում էլ... Եթե Ֆրանսիան վաղը հայտարարի, թե նա ուզում է մի խոշոր փոխառություն կնքել, ապա այս, անկասկած, իսկույն փողի արժեքի, այսինքն կապիտալի արժեքի մի մեծ փոփոխություն առաջ կբերի Անգլիայում»։
«4245. Եթե Ֆրանսիան հայտարարի թե ինքը մի անգամից որևէ նպատակի համար 30 միլիոնի ապրանքների պահանջ ունի, ապա — եթե մի ավելի գիտական ու ավելի պարզ արտահայտություն գործ ածենք — կապիտալի մի խոշոր պահանջարկ կառաջանա»։
«4246. Կապիտալը, որ Ֆրանսիան կցանկանար գնել իր փոխառությամբ, մի բան է. փողը, որով Ֆրանսիան կգնի այս կապիտալը, մի ուրիշ բան է. իր արժեքը փոխողը փո՞ղն է, թե՞ ոչ»։ — «Մենք նորից գալիս ենք հին հարցին, և ես կարծում եմ, որ սա ավելի հարմար է մի գիտնականի կաբինետի համար, քան այս հանձնաժողովի նիստերի դահլիճի համարի»։ Եվ այս ասելով նա հեռանում է, բայց ոչ դեպի գիտնականի կաբինետը[31]։
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՐԿԻ ԴԵՐԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այն ընդհանրական դիտողությունները, որ մինչև այժմ մեզ առիթ տվեց անելու վարկային գործը, հետևյալներն էին.
I. Վարկի անհրաժեշտ գոյացումը՝ միջնորդագործելու համար շահույթի նորմայի հավասարեցումը կամ թե այս հավասարեցման շարժումը, որի վրա հանգչում է կապիտալիստական ամբողջ արտադրությունը։
II. Շրջանառության ծախքերի կրճատումը։
1). Շրջանառության գլխավոր ծախքերից մեկը հենց ինքը փողն է, որչափով որ սա ինքն էլ արժեք է։ Փողը վարկի միջոցով անտեսվում է եռակի եղանակով.
A. Գործարքների մի մեծ մասի համար փողն ավելորդ է դառնում։
B. Շրջանառության միջոցների շրջանառությունն արագանում է[32]։
Այս մասամբ համընկնում է այն դրույթի հետ, որ պետք է զարգացնենք 2) կետում։ Մի կողմից՝ ինքն այդ արագացումը տեխնիկական է. այսինքն սպառումը միջնորդագործող իրական ապրանքապտույտների նույնահավասար մեծության ու քանակի դեպքում միևնույն ծառայությունը մատուցում է փողի կամ թե փողանիշի մի ավելի փոքր մասսա։ Այս կապ ունի բանկային գործի տեխնիկայի հետ։ Մյուս կողմից՝ վարկն արագացնում է ապրանքների փոխակերպության տեմպերն ու սրա հետ միաժամանակ՝ փողի շրջանառության տեմպերը։
C. Ոսկե փողի փոխարինումը թղթե փողով։
2) Շրջանառության առանձին փուլերի կամ թե ապրանքների փոխակերպության, այնուհետև՝ կապիտալի փոխակերպության արագացումը վարկի միջոցով ու միաժամանակ՝ ընդհանրապես վերարտադրության պրոցեսի արագացումը (մյուս կողմից՝ վարկը թույլ է տալիս առքի ու վաճառքի ակտերը երկար ժամանակով անջատել իրարից, ուստի և սպեկուլացիայի համար իբրև պատվանդան է ծառայում)։ Պահեսատֆոնդի կծկումը, որը կարող է դիտվել երկակի տեսակետից՝ մի կողմից՝ իբրև շրջանառու միջոցների նվազում շրջանառության պրոցեսում, մյուս կողմից իբրև կապիտալի այն մասի սահմանափակում, որը միշտ պետք է փողի ձևով գոյություն ունենա[33]։
III. Ակցիոներական ընկերությունների կազմակերպումը։ Սրա հետևանքով
1) Արտադրության ծավալի ահռելի ընդարձակում ու այնպիսի ձեռնարկությունների առաջացում, որոնք անհնարին էին առանձին անհատների կապիտալների համար։ Միաժամանակ այնպիսի ձեռնարկություններ, որոնք առաջ կառավարական ձեռնարկություններ էին, շնորհիվ ակցիոներական ընկերությունների դառնում են հասարակական։
2) Կապիտալը, որն ըստինքյանն հանգչում է արտադրության հասարակական եղանակի վրա և արտադրամիջոցների ու բանվորական ուժի հասարակական համակենտրոնացում է ենթադրում, այստեղ (անմիջաբար հասարակական կապիտալի (անմիջաբար ընկերակցած անհատների [assoziierter Individuen] կապիտալի) ձև է ընդունում՝ հակադրվելով մասնավոր կապիտալին, իսկ նրա ձեռնարկությունները հանդես են գալիս իբրև, հասարակական ձեռնարկություններ՝ հակադրվելով մասնավոր ձեռնարկություններին։ Այս՝ կապիտալի, իբրև մասնավոր սեփականության, վերացումն է արտադրության բուն իսկ կապիտալիստական եղանակի սահմաններում։
3) Իրապես գործող կապիտալիստը դառնում է սոսկ կառավարիչ, ուրիշների կապիտալի ղեկավար, ու կապիտալի սեփականատերը՝ սոսկ սեփականատեր, լոկ փողային կապիտալիստ։ Նույնիսկ եթե նրանց ստացած դիվիդենդներն իրենց մեջ պարունակում են տոկոս ու ձեռնարկուային եկամուտ, այսինքն պարունակում են ամբողջ շահույթը (որովհետև կառավարչի ռոճիկն է՝ կամ թե պետք է լինի ճարտարահմուտ աշխատանքի մի այնպիսի տեսակի սոսկական աշխատավարձ, որի գինը բանվորական շուկայում կարգավորվում է ամեն մի ուրիշ աշխատանքի գնի նման), ապա այս ամբողջ շահույթն այնուամենայնիվ ստացվում է տոկոսի ձևով միայն, այսինքն իբրև սոսկ վարձատրություն կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, որը վերարտադրության իրական պրոցեսում լիովին անջատված է բուն ֆունկցիայից այնպես, ինչպես այս ֆունկցիան, հանձին կառավարչի, անջատված է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից։ Այսպիսով շահույթը (այլևս ոչ միայն սրա մի մասը, տոկոսը, որն իր արդարացումն ստանում է փոխառուի շահույթում) ներկայանում է իբրև ուրիշի հավելյալ աշխատանքի սոսկական յուրացում, որը ծագում է արտադրամիջոցների կապիտալ դառնալուց, սրանց՝ իսկական արտադրողների նկատմամբ օտարվելուց, այսինքն այն հակադրությունից, որով արտադրամիջոցներն իբրև ուրիշի սեփականություն հանդիպադրվում են արտադրությանն մեջ իրապես գործող բոլոր անհատներին, կառավարչից սկսած մինչև վերջին օրավարձ բանվորը։ Ակցիոներական ընկերություններում ֆունկցիան անջատված է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից, ուրեմն աշխատանքն էլ բոլորովին անջատված է արտադրամիջոցների ու հավելյալ աշխատանքի նկատմամբ ունեցած սեփականությունից։ Այս՝ կապիտալիստական արտադրության բարձրագույն զարգացման արգասիքն է, մի անհրաժեշտ անցումնակետ է դեպի կապիտալի ետփոխարկումն արտադրողների սեփականության, բայց այլևս երևան չի գալիս իբրև առանձնացած արտադրողների մասնավոր սեփականություն, այլ նրանց, իբրև ընկերակցած, ասոցիացիայի մեջ գտնվող արտադրողների սեփականություն, իբրև անմիջաբար հասարակական սեփականություն։ Մյուս կողմից ակցիոներական ընկերությունները մի անցումնակետ են ներկայացնում դեպի այն մոմենտը, երբ վերարտադրության պրոցեսում դեռ մինչև հիմա կապիտալին վերաբերյալ սեփականության հետ շաղկապված բոլոր ֆունկցիաները փոխարկվում են ընկերակցած, ասոցիացիայի մեջ գտնվող արտադրողների սոսկական ֆունկցիաների հասարակական ֆունկցիաների։
Նախքան առաջ գնալը պետք է նշել տնտեսապես մի կարևոր կետ էլ. որովհետև շահույթն այստեղ պարզապես տոկոսի ձև է ընդունում, այսպիսի ձեռնարկությունները հնարավոր են դեռ այն ժամանակ էլ, երբ սրանք սոսկ տոկոս են բերում, և այս՝ մեկն է այն պատճառներից, որոնք կասեցնում են շահույթի ընդհանրական նորմայի անկումը, քանի որ այս ձեռնարկությունները, որտեղ հաստատուն կապիտալն այնպիսի ահռելի համամասնություն է կազմում փոփոխունի նկատմամբ, շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանն անհրաժեշտորեն չպետք է մասնակցեն։
{Հայտնի է, որ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, արդյունաբերական ձեռնարկությունների նոր ձևեր են զարգացել, որոնք ակցիոներական ընկերության երկրորդ ու երրորդ աստիճանն են ներկայացնում։ Օրեցօր աճող այն արագությանը, որով այսօր կարող է արտադրությունը բարձրացվել խոշոր արդյունաբերության բոլոր ճյուղերում, հանդիպակայում է այս բազմացած արդյունքների համար շուկան ընդարձակելու մշտապես աճող դանդաղությունը։ Այն, ինչ որ արտադրությունը պատրաստում է ամիսների ընթացքում, շուկան, հազիվ կարող է տարիների ընթացքում սպառել։ Սրան ավելանում է հովանավորող մաքսային քաղաքականությունը, որով արդյունաբերական, ամեն մի երկիր իրեն պատնեշափակում է ուրիշ երկրների ու հատկապես Անգլիայի հանդեպ և դեռ արհեստականորեն էլ բարձրացնում հայրենի արտադրության հնարավորությունները։ Հետևանքներն են՝ ընդհանրական, խրոնիկական գերարտադրությունը ցած գները, ընկնող ու մինչև անգամ չքացող շահույթը. կարճ ասած՝ մրցման վաղուց իվեր փառաբանված ազատությունը հոգևարքի մեջ է, և նա ինքն ստիպված է իր բացահայտ խայտառակ սնանկությունը խոստովանելու։ Այս սնանկությունն արտահայտվում է նրանում, որ ամեն մի երկրում մի որոշ ճյուղի խոշոր արդյունաբերողները միանալով կազմում են մի կարտել՝ արտադրությունը կարգավորելու համար։ Կարտելի կոմիտեն ամուր սահմանում է յուրաքանչյուր ձեռնարկության արտադրանքի քանակը և վերջին ինստանցում բաշխում է ստացվող պատվերները։ Առանձին դեպքերում երբեմն առաջանում են նույնիսկ միջազգային կարտելներ, ինչպես, օրինակ, անգլիական ու գերմանական երկաթի արդյունաբերության միջև։ Բայց արտադրության հասարակականացման այս ձևն էլ չի բավարարում այլևս։ Առանձին ֆիրմաների շահերի հակադրությունը շատ հաճախ է պայթեցնում այդ ֆիրմաները և նորից վերականգնում մրցումը։ Այն ժամանակ որոշեցին՝ առանձին ճյուղերում, որտեղ արտադրության զարգացման աստիճանն այս թույլ էր տալիս, այս ճյուղի ձեռնարկությունների ամբողջ արտադրությունը համակենտրոնացնելով կազմել ակցիոներական մի մեծ ընկերություն միասնական ղեկավարությամբ։ Ամերիկայում այս արդեն իրագործված է շատ անգամ, Եվրոպայում ամենամեծ օրինակը մինչև այժմ «United Alkali Trust»-ն է [կալիումի միացյալ տրեստը], որը կալիումի ամբողջ բրիտանական արտադրությունը կենտրոնացրել է մի միակ արդյունաբերական ֆիրմայի ձեռքում։ Առանձին գործարանների նախկին տերերը — երեսունից ավելի — իրենց բոլոր ներդրումների համար ակցիաներ ստացան սակարժեքի համեմատ, ընդամենը 5 միլիոն ֆ. ստ.-ի, որը տրեստի հիմնական կապիտալն է ներկայացնում։ Տեխնիկական ղեկավարությունը մնում է նախկին տերերի ձեռքում, այնինչ ընդհանուր առևտրաարդյունաբերական ղեկավարությունը [die geschäftliche Leitung] համակենտրոնացած է գլխավոր վարչության ձեռքում։ Շրջանառու կապիտալը (floating capital), մոտ մի միլիոն ֆ. ստ., հասարակությանն առաջարկվեց բաժնեգրվելու համար։ Ուրեմն, ամբողջ կապիտալը՝ 6 միլիոն ֆ. ստ.։ Այսպիսով ուրեմն, այս ճյուղում, որը քիմիական ամբողջ արդյունաբերության հիմքն է կազմում, Անգլիայում մրցմանը փոխարինել է մոնոպոլիան, և այս ճյուղն ամենագոհացուցիչ կերպով նախապատրաստված է ամբողջ հասարակությանն, ազգի, ձեռքով կատարելիք ապագա սեփականազրկման համար։— Ֆ. Է.}
Այս՝ արտադրության կապիտալիստական եղանակի վերացումն է արտադրության հենց կապիտալիստական եղանակի շրջանակներում, ուստի և ինքն իրեն վերացնող մի հակասություն, որն ամենից առաջ ներկայանում է իբրև դեպի մի նոր արտադրաձև տանող սոսկական անցումնակետ։ Իբրև այսպիսի հակասություն, նա այնուհետև հանդես է գալիս իր դրսևորման մեջ էլ։ Հայտնի ոլորտներում նա վերականգնում է մոնոպոլիան, ուստի և պետության միջամտությունն է պահանջում։ Նա վերարտադրում է մի նոր ֆինանսական արիստոկրատիա, մակաբույծների մի նոր տեսակ՝ հանձին պրոժեկտերների, գրյունդերների ու լոկ անվանական դիրեկտորների, ինչպես և խարդախության ու խաբեբայության մի ամբողջ սիստեմ, որ կապված է նոր ձեռնարկությունների հիմնադրման, ակցիաների թողարկման ու ակցիաների վաճառման գործի հետ։ Այս՝ մասնավոր արտադրություն է առանց մասնավոր սեփականության վերահսկության։
IV. Մի կողմ թողնելով ակցիոներական գործը — որը կապիտալիստական մասնավոր արդյունաբերության վերացումն է բուն իսկ կապիտալիստական սիստեմի պատվանդանի վրա ու այնչափով, որչափով որ նա ընդարձակվում է և արտադրության նոր ոլորտներ ընդգրկում, ոչնչացնում է մասնավոր արդյունաբերությունը,— վարկն առանձին կապիտալիստին կամ թե նրան, ով կապիտալիստ է համարվում, հայտնի սահմաններում մի բացարձակ տնօրինություն է ընձեռում ուրիշի կապիտալի և ուրիշի սեփականության վրա ու սրանով էլ՝ ուրիշի աշխատանքի վրա[34]։ Հասարակական, ոչ սեփական կապիտալի վրա ունեցած տնօրինությունը նրան տնօրինություն է ընձեռում հասարակական աշխատանքի վրա։ Բուն իսկ այն կապիտալը, որ մեկն իրապես կամ թե հասարակության կարծիքով ունի, վարկային վերնաշենքի պատվանդան է միայն դառնում։ Այս վերաբերում է մանավանդ մեծածախ առևտրին, որի ձեռքով է անցնում հասարակական արդյունքի ամենախոշոր մասը։ Բոլոր չափանիշները, արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում արդարացման դեռ ավելի կամ պակաս չափով իրավազորված բոլոր հիմունքները չքանում են այստեղ։ Սպեկուլացիայով զբաղվող մեծածախ առևտրականը ռիսկ է անում ոչ թե իր սեփականությամբ, այլ հասարակական սեփականությամբ։ Նմանապես անմիտ է դառնում կապիտալի ծագումը խնայողությանը վերագրող ֆրազը, որովհետև կապիտալիստի պահանջածը հենց ուղղակի այն է, որ իր համար ուրիշները խնայողություն անեն։ {Ինչպես որ նորերումս ամբողջ Ֆրանսիան մեկ ու կես միլիարդ խնայել, հավաքել էր Պանամայի ավանտյուրայի համար։ Այստեղ որքան ճիշտ է պատկերացված Պանամայի ամբողջ ավանտյուրան՝ սրա կատարվելուց լրիվ քսան տարի առաջ։— Ֆ. Է.}։ Ժուժկալությանը վերաբերյալ մյուս ֆրազի ուղղակի ճակատին հարվածում է կապիտալին հատուկ պերճանքը որը հենց ինքն էլ հիմա վարկի միջոց է դառնում։ Այն պատկերացումները, որոնք կապիտալիզմի պակաս զարգացած պայմաններում դեռ որևէ իմաստ ունեին, հիմա դառնում են բոլորովին անիմաստ։ Հաջողությունն ու անհաջողությունն այստեղ հավասար չափով տանում են դեպի կապիտալների կենտրոնացում, ուրեմն և դեպի սեփականազրկում ամենավիթխարի մասշտաբով։ Այստեղ սեփականազրկումն անմիջական, արտադրողներից տարածվում է բուն իսկ մանր ու միջակ կապիտալիստների վրա։ Այս սեփականազրկումն արտադրության կապիտալիստական եղանակի ելակետն է. նրա իրագործումը կապիտալի նպատակն է, և այն էլ վերջին հաշվով՝ բոլոր անհատների սեփականազրկումն արտադրամիջոցներից, որոնք հասարակական արտադրության զարգացման հետ միասին դադարում են մասնավոր արտադրության միջոցներ ու մասնավոր արտադրության արդյունքներ լինելուց և որոնք ընկերակցված, ասոցիացիայի անդամներ հանդիսացող արտադրողների ձեռքում միայն կարող են արտադրամիջոցներ, ուրեմն և նրանց հասարակական սեփականությունը լինել, ինչպես որ նրանց հասարակական արդյունքն են հենց։ Բայց այս սեփականազրկումը բուն իսկ կապիտալիստական սիստեմի պայմաններում երևան է գալիս հակադիր կերպարանքով, իբրև հասարակական սեփականության յուրացում սակավաթիվների կողմից. և վարկն ավելի ու ավելի է այս սակավաթիվներին զուտ բախտախնդիր ասպետների բնույթ տալիս։ Որովհետև սեփականությունն այստեղ գոյություն ունի ակցիաների ձևով, ուստի նրա շարժումն ու փոխանցումը դառնում է բորսային խաղի զուտ հետևանք, մի խաղի, որի ընթացքում մանր ձկները կուլ են գնում շնաձկներին, և ոչխարները՝ բորսային գայլերին։ Ակցիոներական գործում արդեն գոյություն ունի հակադրություն հին ձևի նկատմամբ, որի մեջ հասարակական արտադրամիջոցները երևան են գալիս իբրև անհատական սեփականություն. բայց հենց ինքը ակցիայի ձևի փոխարկման պրոցեսը դեռ պարփակված է մնում կապիտալիստական ճզմիչ շրջանակներում. ուստի փոխանակ հաղթահարելու այն հակադրությունը, որ կա երկու ձևի հարստության՝ հասարակական ու մասնավոր հարստության բնույթի միջև, նա այս հակադրությունը զարգացնում է լոկ նոր կերպարանքով։
Բուն իսկ բանվորների կոոպերատիվ գործարանները, հին ձևի սահմաններում, անդրանիկ ճեղքվածքն են հին ձևի, թեև նրանք ամենուրեք, իրենց իրական կազմակերպության մեջ, իհարկե վերարտադրում են և պետք է վերարտադրեն առկա սիստեմի բոլոր թերությունները։ Բայց կապիտալի ու աշխատանքի հակադրությունը վերացված է կոոպերատիվ գործարանների ներսում, թեև սկզբում այն ձևով միայն, որ բանվորները, իբրև ասոցիացիա, իրենք իրենց սեփական կապիտալիստն են, այսինքն արտադրամիջոցները գործադրում են հենց իրենց սեփական աշխատանքի օգտագործման համար։ Կոոպերատիվ գործարանները ցույց են տալիս, թե ինչպես նյութական արտադրողական ուժերի զարգացման մի հայտնի աստիճանի վրա ու սրան համապատասխանող հասարակական արտադրաձևերի պայմաններում արտադրության մի եղանակից բնականորեն ծագում և զարգանում է արտադրության մի նոր եղանակ։ Եթե արտադրության կապիտալիստական եղանակից ծագող գործարանային սիստեմը չլիներ, չէր կարող զարգանալ կոոպերատիվ գործարանը, նմանապես եթե չլիներ արտադրության նույն եղանակից ծագող վարկային սիստեմն էլ։ Վերջինս ինչպես որ գլխավոր պատվանդանն է կազմում կապիտալիստական մասնավոր ձեռնարկությունների աստիճանական փոխարկման կապիտալիստական ակցիոներական ընկերությունների, ճիշտ այնպես էլ միջոցներ է ընձեռում կոոպերատիվ ձեռնարկությունների աստիճանական ընդարձակման համար, ընդարձակման, որ կատարվում է ավելի կամ պակաս չափով ազգային մասշտաբով։ Կապիտալիստական ակցիոներական ձեռնարկությունները, ինչպես և կոոպերատիվ գործարանները պետք է դիտել իբրև անցումնաձևեր արտադրության կապիտալիստական եղանակից ասոցիացիայի վրա հանգչող եղանակի, միայն թե առաջիններում հակադրությունը վերացված է բացասաբար, երկրորդներում՝ դրական եղանակով։
Մենք մինչև, հիմա վարկային սիստեմի զարգացումը — և այդ զարգացման պրոցեսում քողարկված կերպով կատարվող կապիտալիստական սեփականության վերացումը — քննեցինք գլխավորապես արդյունաբերականն կապիտալի առնչությամբ։ Հաջորդ գլուխներում մենք վարկը քննում ենք տոկոսաբեր կապիտալի, իբրև այսպիսու, առնչությամբ, թե այն ներգործությունը, որ ունենում է վարկը տոկոսաբեր կապիտալի վրա, ու թե այն ձևը, որ նա այստեղ ընդունում է։ Այս կապակցությամբ մենք դեռ պետք է ընդհանրապես մի քանի մասնահատուկ տնտեսագիտական նկատողություններ էլ անենք։
Առ այժմ հետևյալը.
Եթե վարկային գործը հանդես է գալիս իբրև գերարտադրության գլխավոր լծակ ու առևտրի ասպարեզում իբրև անչափ սպեկուլացիայի գլխավոր լծակ, ապա լոկ այն պատճառով, որ վերարտադրության պրոցեսը, որն իր բնության համաձայն առաձգական է, այստեղ լարվածության ծայրահեղ աստիճանի է հասնում, և այս լարվածությունը հետևանք է լինում այն հանգամանքի, որ հասարակական կապիտալի մի խոշոր մասը գործադրվում է սրա ոչ-սեփականատերերի ձեռքով, որոնք հենց այս պատճառով իրենց գործունեության մեջ շատ ավելի համարձակություն են ցուցաբերում, քան վախվխելով իր մասնավոր կապիտալի շրջանակները կշռող սեփականատերը, որչափով որ սա ինքն է գործում։ Սրանով երևան է գալիս լոկ այն, որ կապիտալի արժեքի մեծացումը, որը հիմնված է կապիտալիստական արտադրության հակամարտ բնույթի վրա, իրական, ազատ զարգացում թույլ է տալիս մինչև մի հայտնի կետ միայն, ուրեմն իսկապես ստեղծում է արտադրության մի իմանենտ կապանք ու սահման, որը շարունակ ճեղքվում է վարկի միջամտությամբ[35]։ Ուստի վարկն արագացնում է արտադրողական ուժերի նյութական զարգացումն ու համաշխարհային շուկայի ստեղծումը, որոնք — իբրև նոր արտադրաձևի նյութական հիմքեր — մինչև զարգացման մի որոշ բարձր աստիճան հասցնելն արտադրության կապիտալիստական եղանակի պատմական խնդիրն է։ Միաժամանակ վարկն արագացնում է այս հակասության բռնի պայթյունները, ճգնաժամերը, և սրանով էլ՝ արտադրության հին եղանակի փլուզման տարրերի վերահասը։
Վարկային սիստեմին ներհատուկ երկակի բնույթը — մի կողմից՝ զարգացնելով կապիտալիստական արտադրության շարժիչ ուժը, ուրիշի աշխատանքի շահագործմամբ կատարվող հարստացումը՝ այս դարձնել մոլեխաղի ու խաբեբայության ամենազուտ ու ամենահսկայական մի սիստեմ և հասարակական հարստությունը շահագործող քչերի թիվն ավելի ու ավելի սահմանափակել, բայց մյուս կողմից՝ դեպի արտադրության մի նոր եղանակը տանող անցումնաձևը կազմել,— այս երկակիությունն է, որ վարկի գլխավար մունետիկներին, Լոյից սկսած մինչև Իսահակ Պերեյրը — նրանց հատուկ՝ խաբեբայի ու մարգարեի խառնուրդի հաճելի բնույթն է տալիս։
ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ. ՏՈՒԿԻ ՈՒ ՖՈՒԼԼԱՐՏՈՆԻ ՀԱՅԱՑՔԸ
Շրջանառության միջոցների ու կապիտալի միջև եղած տարբերությունը, ինչպես այս պատկերացնում են Տուկը[36], Վիլսոնն ու մյուսները, ընդսմին խառնիխուռն միմյանց հետ շփոթելով այն տարբերությունները, որ կան շրջանառության միջոցների որպես փողի, որպես ընդհանրապես փողային կապիտալի ու տոկոսաբեր կապիտալի (moneyed capital անգլիական իմաստով) միջև,— հանգում է հետևյալ երկու կետին։
Շրջանառության միջոցը մի կողմից շրջանառում է իբրև դրամ (փող), որչափով որ այդ միջոցն սպասավորում է եկամտի ծախսումը, ուրեմն այն փոխանակությունը, որ կատարվում է անհատական սպառորդների ու մանրածախ առևտրականների միջև, որպիսի կատեգորիայի տակ պետք է հաշվել այն բոլոր վաճառականներին, որոնք ծախում են սպառորդներին — անհատական սպառորդներին, ի տարբերություն արտադրողական սպառորդներից կամ արտադրողներից։ Այստեղ փողը շրջանառում է դրամի ֆունկցիայով, թեև նա շարունակ կապիտալ է փոխհատուցում։ Մի երկրում եղած փողի մի որոշ մասը միշտ այս ֆունկցիային է հատկացվում, թեև այս մասը կազմված է լինում մշտապես փոփոխվող առանձին փողային միավորներից։ Ընդհակառակը, որչափով որ փողը կապիտալի փոխհանձնումն է սպասավորում, լինի այդ գնման միջոցի (շրրջանառության միջոցի), թև վճարման միջոցի ձևով, միևնույն է,— նա կապիտալ է։ Հետևաբար փողի ոչ իբրև գնման միջոցի ու ոչ էլ իբրև վճարման միջոցի ֆունկցիան չէ, որ նրան տարբերում է դրամից [Münze, монета], որովհետև փողն իբրև գնման միջոց կարող է գործել առևտրականի ու առևտրականի միջև էլ, որչափով որ սրանք կանխիկ են գնում միմյանցից, իսկ որպես վճարման միջոց կարող է գործել առևտրականի ու սպառորդի միջև էլ, որչափով որ վարկ է տրվում և եկամուտը նախ սպառվում և հետո է վճարվում։ Ուրեմն, տարբերությունն այն է, որ երկրորդ դեպքում այս փողը ոչ միայն կապիտալ է փոխհատուցում մի կողմի, վաճառորդի համար, այլ և մյուսի կողմից, գնորդի կողմից իբրև կապիտալ է ծախսվում, կանխավճարվում։ Հետևաբար տարբերությունն իրոք եկամտի փողային ձևի ու կապիտալի փողային ձևի տարբերությունն է, բայց ոչ թե շրջանառության միջոցի ու կապիտալի տարբերությունը, որովհետև որպես միջնորդ առևտրականների միջև, նմանապես էլ որպես միջնորդ սպառորդների ու առևտրականների միջև շրջանառում է փողի քանակորեն որոշյալ մի մասը, և սրա հետևանքով այս փողը երկու ֆունկցիայում էլ շրջանառության միջոց է հավասարապես։ Բայց այստեղ Տուկի ըմբռնման մեջ մուտք է գործում տարբեր տեսակի խառնաշփոթություն.
1) Ֆունկցիոնալ որոշումների շփոթման հետևանքով.
2) Երկու ֆունկցիայում միասին վերառած՝ շրջանառու փողի քանակի հարցը ներգրավելու հետևանքով.
3) Երկու ֆունկցիայով շրջանառող, ուրեմն և վերարտադրության պրոցեսի երկու ոլորտում շրջանառող՝ շրջանառության միջոցների քանակի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերական համամասնության հարցը ներգրավելու հետևանքով։ Նախ կանգ առնենք առաջին կետի, ֆունկցիոնալ որոշումների շփոթման վրա, իբր թե փողը մի ձևում շրջանառության միջոց (currency) է, իսկ մյուս ձևում՝ կապիտալ։ Որչափով որ փողը երևան է գալիս երկու ֆունկցիաներից մեկով կամ մյուսով, լինի եկամտի իրացման համար, թե կապիտալի փոխհանձնման համար, միևնույն է, նա առուծախի մեջ և վճարման ժամանակ գործում է իբրև գնման միջոց կամ թե վճարման միջոց և բառի ավելի լայն իմաստով՝ իբրև շրջանառության միջոց։ Այն հետագա որոշումը, որ փողն ստանում է իրեն ծախողի կամ թե ընդունողի հաշվի մեջ այն իմաստով, որ նա սրա աչքում կապիտալ կամ եկամուտ է ներկայացնում այստեղ բացարձակորեն ոչինչ չի փոխում, և այս երևան է գալիս երկակի կերպով։ Թեև փողի այն տեսակները, որոնք շրջանառում են երկու ոլորտում, տարբեր են, բայց և այնպես փողի միևնույն միավորը, օրինակ, հինգ ստերլինգանոց մի բանկնոտան մի ոլորտից անցնում է մյուսը և փոփոխակի կատարում է երկու ֆունկցիան էլ. մի բան, որ անխուսափելի է արդեն այն պատճառով, որ մանրածախ առևտրականն իր կապիտալին փողի ձև կարող է տալ այն դրամի ձևով միայն, որ նա ստանում է իր գնորդներից։ Կարելի է ընդունել, որ բուն մանրացման դրամի շրջանառության հանրության կենտրոնը մանրածախ առևտրի բնագավառում է գտնվում. մանրածախ առևտրականը միշտ նրա կարիքն ունի մանրելու համար, և նա միշտ իր կլիենտներից ետ է ստանում այն վճարման ժամանակ։ Բայց նա ստանում է նաև փող, այսինքն դրամ մի մետաղից, որն արժեքի չափանիշ է, ուրեմն Անգլիայում ստերլինգներ ու նույնիսկ բանկնոտաներ, այն է՝ մանր գումարի բանկնոտաներ, օրինակ, 5 ու 10 ֆունտանոց։ Նա այս ոսկեդրամներն ու բանկնոտաներն ավելորդ եղած մանրացման դրամի հետ միասին ամեն օր կամ ամեն շաբաթ ավանդադրում է իր բանկում և սրանցով վճարում իր գնումները դուրս գրելով չեկեր իր բանկային ավանդի դիմաց։ Բայց նույն այս ոսկեդրամներն ու բանկնոտաներն սպառող ամբողջ հասարակությունն իբրև իր եկամտի փողային ձև նույնպես շարունակ հանում է բանկերից ուղղակի կամ անուղղակի կերպով (օրինակ իբրև մանր փող՝ գործարանատերերի ձեռքով աշխատավարձ վճարելու համար), և սրանք մշտապես ետ են հոսում մանրածախ առևտրականների մոտ, որոնց համար նրանք այսպիսով նորից իրացնում են նրանց կապիտալի, բայց միաժամանակ և նրանց եկամտի մի մասը։ Այս վերջին պարագան կարևոր է, բայց Տուկի կողմից բոլորովին անտեսվում է։ Այն ժամանակ միայն, երբ փողը ծախսվում է իբրև փողային կապիտալ, վերարտադրության պրոցեսի սկզբում (II գիրք, I բաժին), կապիտալային արժեքը գոյություն ունի զուտ կերպարանքով, իբրև այսպիսին։ Որովհետև արտադրված ապրանքի մեջ պարունակվում է ոչ միայն կապիտալ, այլ արդեն նաև հավելյալ արժեքը. ապա ապրանքը ոչ միայն կապիտալ է ըստինքյան, այլ արդեն իրականացած կապիտալ է, կապիտալ է իրեն միացած եկամտային աղբյուրի հետ միասին։ Հետևաբար, այն ապրանքը, որ մանրածախ առևտրականը տալիս է դեպի իրեն ետհոսող փողի փոխարեն, նրա համար կապիտալ պլյուս շահույթ, կապիտալ պլյուս եկամուտ է։
Բայց հետո, երբ շրջանառու փողը ետ է հոսում մանրածախ առևտրականի մոտ, նա սրա կապիտալի փողային ձևը դարձյալ վերականգնում է։
Այսպիսով, ուրեմն, կատարյալ անհեթեթություն է, երբ այն տարբերությունը, որ կա շրջանառության իբրև եկամտի շրջանառության ու շրջանառության իբրև կապիտալի շրջանառության միջև, փոխարկում են շրջանառության միջոցի ու կապիտալի միջև եղած տարբերության։ Տուկի մոտ արտահայտության այս եղանակն առաջ է գալիս նրանից, որ նա պարզապես կանգնում է այն բանկիրի տեսակետի վրա, որը սեփական բանկնոտաներ է թողարկում։ Նրա բանկնոտաների այն գումարը, որը (թեկուզ միշտ հենց ուրիշ բանկնոտաներից կազմված) շարունակ հասարակության ձեռքին է գտնվում և իբրև շրջանառության միջոց գործում, նրա վրա վրա ոչինչ չի նստում, բացի թղթից ու տպագրական ծախսից։ Բանկնոտաները հենց նրա բանկիրի վրա հանված պարտագրեր (մուրհակներ) են, որոնք, սակայն, փող են բերում և այսպիսով ծառայում են իբրև միջոց՝ նրա կապիտալի արժեքը մեծացնելու համար։ Բայց նրանք տարբերվում են բանկիրի կապիտալից, անկախ այն հանգամանքից, թե այդ կապիտալը նրա սեփական կապիտալն է, թե փոխ է առած։ Այստեղից էլ բանկիրի համար ծագում է շրջանառության ու կապիտալի մի մասնահատուկ տարբերություն, որը, սակայն, ոչ մի առնչություն չունի այդ գաղափարների բովանդակության հետ, իբրև այսպիսիների հետ, և ամենից քիչ՝ այն բովանդակության հետ, որ նրանց Տուկն է վերագրում։
Այն տարբեր ֆունկցիաները, որ փողը կատարում է իբրև եկամտի կամ կապիտալի փողային ձև, ամենից առաջ բոլորովին չեն փոխում փողի, իբրև շրջանառության միջոցի, բնույթը. այս բնույթը փողը պահպանում է, անկախ նրանից, թե տվյալ դեպքում իր ֆունկցիաներից որն է կատարում։ Համենայն դեպս, եթե փողը երևան է գալիս եկամտի փողային ձևով, նա ավելի շատ իբրև բուն շրջանառության միջոց (դրամ, գնման միջոց) է գործում՝ այս առքերի ու վաճառքների մանրատման հետևանքով, ինչպես և այն պատճառով, որ եկամուտը ծախսողների մեծամասնությունը, բանվորները, հարաբերաբար քիչ կարող են վարկով գնել. այնինչ առևտրային աշխարհի շրջանառության մեջ, որտեղ շրջանառության միջոցը կապիտալի փողային ձևն է, փողը — մասամբ համակենտրոնացման հետևանքով, մասամբ էլ վարկային սիստեմի տիրապետության հետևանքով — գլխավորապես իբրև վճարման միջոց է գործում։ Բայց այն տարբերությունը, որ կա փողի իբրև վճարման միջոցի ու փողի իբրև գնման միջոցի (շրջանառության միջոցի) միջև, բուն իսկ փողին հատուկ մի տարբերություն է, և ոչ թե փողի ու կապիտալի միջև եղած տարբերություն։ Այն պարագայից, որ մանրածախ առևտրի մեջ ավելի շատ պղնձե ու արծաթե դրամ է շրջանառում, մեծածախ առևտրում՝ ավելի շատ ոսկե դրամ, չի կարելի հետևցնել, որ մի կողմից արծաթե ու պղնձե դրամի և մյուս կողմից ոսկե դրամի միջև եղած տարբերությունը փոխարկվում է, շրջանառության միջոցի ու կապիտալի տարբերության։
Երկրորդ կետի մասին, որ վերաբերում է շրջանառու փողի՝ երկու ֆունկցիայում միասին վեր առած քանակի հարցի ներգրավմանը։ Որչափով որ փողը շրջանառում է կամ իբրև գնման միջոց և կամ իբրև վճարման միջոց — միևնույն է՝ երկու ոլորտից որ մեկում և եկամուտ կամ կապիտալ իրացնելու իր ֆունկցիայից անկախ — նրա շրջանառու մասսայի քանակի համար իրենց ուժը պահպանում են այն օրենքները, որոնք շարադրված են I գրքում, գլ. III, 2, b, պարզ ապրանքաշրջանառությունը քննելիս։ Շրջանառության արագության աստիճանը, ուրեմն տվյալ մի ժամանակամիջոցում փողի միևնույն միավորի կողմից գնման միջոցի ու վճարման միջոցի միևնույն ֆունկցիայով հանդես գալու կրկնությունների թիվը, միաժամանակյա առքերի ու վաճառքների, ուրեմն համապատասխան վճարումների քանակը, շրջանառու ապրանքների գների գումարը, վերջապես վճարման այն հաշվեկշիռները, որոնք միևնույն, ժամանակում պետք է փակվեն, երկու դեպքում էլ որոշում են շրջանառու փողի, currency-ի մասսան։ Այս կերպ գործող փողն արդյոք իր վճարողի կամ ընդունողի համար կապիտալ է ներկայացնում, թե եկամուտ, նշանակություն չունի, գործի դրության մեջ բացարձակորեն որևէ փոփոխում չի մտցնում է փողի մասսան պարզապես որոշվում է իբրև գնման միջոց ու վճարման միջոց հանդես գալու նրա ֆունկցիայով։
Երրորդ կետի մասին, որը վերաբերում է երկու ֆունկցիայով շրջանառող, ուրեմն և վերարտադրության պրոցեսի երկու ոլորտում շրջանառող՝ շրջանառության միջոցների քանակի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերական համամասնությանը։ Շրջանառության երկու ոլորտը մի ներքին կապ ունեն, որովհետև մի կողմից՝ ծախսելի եկամուտների քանակն արտահայտում է սպառման ծավալը, իսկ մյուս կողմից՝ արտադրության ու առևտրի մեջ շրջանառող կապիտալի մասսայի մեծությունն արտահայտում է վերարտադրության պրոցեսի ծավալն ու արագությունը։ Բայց և այնպես միևնույն հանգամանքները տարբեր ու նույնիսկ հակառակ ուղղությամբ են ներգործում երկու ֆունկցիայով շրջանառող կամ թե երկու ոլորտում շրջանառող փողի մասսայի վրա և կամ, ինչպես անգլիացիներն են այս արտահայտում բանկային դարձվածքով, շրջանառության քանակի վրա։ Եվ այս նոր առիթ է տալիս Տուկին՝ շրջանառության միջոցն ու կապիտալի գռեհիկ կերպով միմյանցից տարբերելու։ Այն պարագան, որ currency theory-ի կողմնակից պարոնները շփոթում են երկու տարբեր բաներ, ամենևին հիմք չի տալիս հիշյալները ներկայացնելու իբրև տարբեր ըմբռնումներ։
Ծաղկման և ուժեղ էքսպանսիայի (տարածման, ընդարձակման) ժամանակաշրջաններում, վերարտադրության պրոցեսի արագացման և հորդեռանդության ժամանակաշրջաններում բանվորները լիովին զբաղված են լինում։ Աշխատավարձն էլ մեծ մասամբ բարձրանում է և ուրեմն որոշ չափով հավասարակշռվում է սրա այն անկումը միջին մակարդակից ցած, որ տեղի էր ունեցել առևտրա-արդյունաբերաւկան ցիկլի ուրիշ ժամանակաշրջաններում։ Միաժամանակ նշանավոր չափով աճում են կապիտալիստների եկամուտները։ Սպառումը բարձրանում է ամենուրեք։ Կանոնավոր կերպով բարձրանում են նաև ապրանքային գները գոնե տնտեսության զանազան վճռական ճյուղերում։ Սրա հետևանքով աճում է շրջանառու փողի քանակը, աճում է առնվազն որոշ սահմաններում, քանի որ շրջանառության ավելի մեծ արագությունն իր հերթին շրջանառության միջոցների մասսայի աճման առջև սահմաններ է դնում։ Որովհետև հասարակական եկամտի այն մասը, որն աշխատավարձից է կազմված, սկզբնապես արդյունաբերական կապիտալիստի կողմից կանխավճարում է փոփոխուն կապիտալի ձևով ու միշտ էլ փողի ձևով, ուստի ծաղկման ժամանակներում իր շրջանառության համար այդ մասը փողի ավելի մեծ գումար է պահանջում։ Բայց մենք չպետք է այս փողը երկու անգամ հաշվենք — մի անգամ որպես փող, որ հարկավոր է փոփոխուն կապիտալի շրջանառության համար, մի անգամ էլ որպես փող, որ հարկավոր է բանվորների եկամտի շրջանառության համար։ Բանվորներին իբրև աշխատավարձ վճարված փողը ծախսվում է մանրածախ առևտրի մեջ և այսպիսով գրեթե ամեն շաբաթ վերադառնում է բանկերն իբրև մանրածախ առևտրականների ավանդ, նախապես մանր շրջապտույտների մեջ սպասավորելով նաև մի շարք զանազան միջակա գործարքներ։ Ծաղկման ժամանակներում փողի ետհոսումը հարթ է ընթանում արդյունաբերական կապիտալիստների համար, և այսպիսով փողով վարկ ստանալու նրանց պահանջմունքն աճում է ոչ այն բանի հետևանքով, որ նրանք ավելի շատ աշխատավարձ պետք է վճարեն, որ իրենց փոփոխուն կապիտալի շրջանառության համար ավելի շատ փողի կարիք ունեն։
Ընդհանուր հետևանքն այն է, որ ծաղկման ժամանակաշրջաններում շրջանառության միջոցների այն մասսան, որ ծառայում է եկամուտների ծախսելուն, վճռականորեն աճում է։
Իսկ ինչ վերաբերում է այն շրջանառությանը, որ հարկավոր է կապիտալի փոխհանձնման համար, ուրեմն բուն իսկ կապիտալիստների միջև միայն, ապա գործերի այս բանուկ շրջանը միաժամանակ ամենից առաձգական և ամենահեշտ վարկի ժամանակաշրջան է։ Կապիտալիստի ու կապիտալիստի միջև կատարվող շրջանառության արագությունը կարգավորվում է ուղղակի վարկի միջոցով, և շրջանառության միջոցի այն քանակը, որ պահանջվում է վճարումները փակելու ու նույնիսկ կանխիկ գնումների համար, այդպիսով հարաբերաբար է նվազում։ Նա կարող է բացարձակորեն աճել, բայց ամեն պարագայում նվազում է հարաբերաբար, համեմատած վերարտադրության պրոցեսի ընդարձակման հետ։ Մի կողմից խոշոր մասսայական վճարումները լուծարվում են առանց փողի որևէ միջնորդության. մյուս կողմից՝ պրոցեսի մեծ աշխուժության հետևանքով ավելի արագ է կատարվում թե իբրև գնման միջոց ու թե իբրև վճարման միջոց հանդես եկող փողի միևնույն քանակի շարժումը։ Փողի միևնույն մասսան առանձին կապիտալների մի ավելի մեծ թվի ետհոսումն է սպասավորում։
Ընդհանրապես այսպիսի ժամանակաշրջաններում փողի շրջանառությունը հանդես է գալիս լեփ-լեցուն (full), թեև նրա II ճյուղը (կապիտալի փոխհանձնումը), գոնե հարաբերաբար, կծկվում է, այնինչ I ճյուղը (եկամուտների ծախսումը) բացարձակորեն ընդարձակվում է։
Փողի ետհոսումներն արտահայտում են ապրանքային կապիտալի ետփոխարկումը փողի, Փ—Ա—Փ՛, ինչպես այդ տեսանք II գրքի I բաժնում, վերարտադրության պրոցեսը քննելիս։ Փողի ձևով ետհոսումը վարկի շնորհիվ անկախ է դառնում իրական ետհոսման ժամկետից, թե արդյունաբերական կապիտալիստի ու թե վաճառականի համար։ Սրանցից յուրաքանչյուրը ծախում է վարկով, ուրեմն սրանց ապրանքն օտարվում է, նախքան սրանց համար փողի է փոխարկվում, ուրեմն նախքան փողի ձևով սրանց մոտ է ետհոսում։ Մյուս կողմից՝ սրանցից յուրաքանչյուրը գնում է վարկով, և սրանց ապրանքի արժեքն այդպիսով արդեն ետ է փոխարկվում կամ արտադրողական կապիտալի և կամ ապրանքային կապիտալի է նախքան այս արժեքի փոխարկումը փողի, նախքան ապրանքագնի վճարաժամկետի հասնելն ու վճարվելը։ Ծաղկման այսպիսի ժամանակներում կապիտալի ետհոսումը հեշտ ու հարթ է ընթանում։ Մանրածախ առևտրականը վստահությամբ վճարում է մեծածախ առևտրականին սա՝ գործարանատիրոջը, գործարանատերը՝ հումքի ներմուծորդին և այլն։ Որովհետև վարկի միջոցով կատարվող ետհոսումները փոխարինում են իրական ետհոսումներին, ուստի կապիտալի արագ ու ապահով ետհոսումների երևութականությունը, մի անգամ արդեն իր հունի մեջ մտած՝ վարկի շնորհիվ դեռ երկար ժամանակ պահպանվում է այն բանից հետո, երբ նրա իրական լինելն արդեն ցնդել է։ Բանկերն սկսում են վտանգի հոտն առնել, հենց որ նրանց կլիենտներն սկսում են ավելի մուրհակներով վճարել, քան փողով։ Տես Լիվերպուլի բանկի դիրեկտորի վերևում բերված վկայությունը 401 էջում։
Այստեղ պետք է ավելացնել այն էլ, որ ես ավելի առաջ եմ նշել. «Վարկի գերիշխանության շրջաններում փողի շբջանառության արագությունն ավելի ուժեղ տեմպերով է աճում, քան բարձրանում են ապրանքների գները. այնինչ վարկի սահմանափակման դեպքում ապրանքների գներն ավելի դանդաղ են ընկնում, քան շրջանառության արագությունը» («Zur Kritik der politischen Oekonomie», 1859, էջ 83—84 [«Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», 1932 թ. հրատ., էջ 159)]։
Ճգնաժամի շրջանում ընդհակառակն է տեղի ունենում։ № I շրջանառությունը կծկվում է, գներն ընկնում են, ընկնում է նաև աշխատավարձը. զբաղված բանվորների թիվը սահմանափակվում է, պտույտների մասսան նվազում։ № II շրջանառության մեջ, ընդհակառակը, նվազող վարկին զուգընթաց աճում է փողային փոխառությունների պահանջմունքը,— մի կետ, որի վրա մենք հիմա կանգ կառնենք ավելի մանրամասնորեն։
Ոչ մի կասկածի ենթակա չի այն, որ վարկի սահմանափակման հետ միասին, որը զուգադիպում է վերարտադրության պրոցեսի կանգառմանը, նվազում է շրջանառության միջոցների այն մասսան, որը պահանջվում է № I-ի, եկամտի ծախսման համար, այնինչ № II-ի, կապիտալի փոխհանձնման համար պահանջվող շրջանառության միջոցների մասսան մեծանում։ Բայց պետք է հետազոտել, թե այս դրույթը որքան է նույնանում Ֆուլլարտոնի ու մյուսների առաջադրած դրույթի հետ. «Փոխառու կապիտալի նկատմամբ առաջադրվաւծ պահանջարկն ու շրջանառության ավելադիը միջոցների նկատմամբ առաջադրված պահանջարկը բոլորովին տարբեր բաներ են և միատեղ երևան են գալիս ոչ հաճախ[37]»։
Ամենից առաջ պարզ է, որ վերոհիշյալ երկու դեպքից առաջինում, ծաղկման ժամանակաշրջանում, երբ շրջանառության մեջ գտնվող շրջանառու միջոցների քանակը պետք է աճի, բարձրանում է շրջանառու միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկը։ Բայց նմանապես պարզ է, որ եթե մի գործարանատեր բանկում ունեցած իր գումարից ոսկով կամ բանկնոտաներով սովորականից ավելի է վերցնում, որովհետև ավելի շատ կապիտալ պիտի ծախսի փողի ձևով, ապա սրա հետևանքով կապիտալի նկատմամբ ունեցած նրա պահանջարկը չի աճում, այլ աճում է լոկ նրա պահանջարկն այս հատուկ ձևի նկատմամբ, որով նա ծախսում է իր կապիտալը։ Պահանջարկը վերաբերում է այն տեխնիկական ձևին միայն, որով նա իր կապիտալը նետում է շրջանառության մեջ։ Հենց այնպես, ինչպես, օրինակ, վարկային գործի տարբեր զարգացման պայմաններում միևնույն փոփոխուն կապիտալը, աշխատավարձի միևնույն քանակը մի երկրում շրջանառության միջոցների ավելի մեծ մասսա է պահանջում, քան մի ուրիշում. Անգլիայում, օրինակ, ավելի, քան Շոտլանդիայում, Գերմանիայում ավելի, քան Անգլիայում։ Նույնպես էլ գյուղատնտեսության մեջ միևնույն կապիտալը, որը գործում է վերարտադրության պրոցեսում, տարվա տարբեր եղանակներում փողի տարբեր քանակ է պահանջում իր ֆունկցիան կատարելու համար։
Բայց հակադրությունն այն դրվածքով, որ Ֆուլլարտոնն է տալիս, ճիշտ չի։ Փոխառությունների նկատմամբ եղած ուժեղ պահանջարկը չի ամենևին, որ կանգառման ժամանակաշրջանը տարբերում է ծաղկման ժամանակաշրջանից, ինչպես որ Ֆուլլարտոնն է ասում, այլ այն հեշտությունը, որով բավարարվում է այս պահանջարկը ծաղկման ժամանակաշրջանում, ու այն դժվարությունը, որով այն բավարարվում է վերահաս կանգառումից հետո։ Չէ՞ որ հենց վարկային սիստեմի վիթխարի զարգացումը ծաղկման ժամանակաշրջանում, ուրեմն և փոխառական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի հսկայական բարձրացումն ու այն, պատրաստակամությունը, որով նման ժամանակաշրջաններում առաջարկն իրեն դնում է նրա տրամադրության տակ,— սրանք են, որ կանգառման ժամանակաշրջանում վարկը փակուղու մեջ են գցում։ Հետևաբար, փոխառությունների նկատմամբ եղած պահանջարկի մեծության տարբերությունը չի, որ բնորոշում է երկու ժամանակաշրջանը։
Ինչպես առաջ նշել ենք արդեն, երկու ժամանակաշրջանն իրարից, տարբերվում են ամենից առաջ նրանով, որ ծաղկման ժամանակաշրջանում գերիշխում է պահանջարկը շրջանառության այն միջոցների նկատմամբ, որոնք գործում են սպառորդների ու առևտրականների միջև, իսկ ճնշման ժամանակաշրջանում՝ պահանջարկը շրջանառության այն միջոցների նկատմամբ, որոնք գործում են կապիտալիստների միջև։ Գործերի կանգառման ժամանակաշրջանում առաջին պահանջարկը նվազում է, երկրորդը՝ աճում։
Ֆուլլարտոնին ու մյուսներին վճռապես կարևոր թվացողն այն երևույթն է, որ այնպիսի ժամանակներում, երբ Անգլիայի բանկի ձեռքում ավելանում են securities — փոխատվության դիմաց ընդունած գրավներն ու մուրհակները — նրա բանկնոտաների շրջանառությունը նվազում է, և ընդհակառակը։ Բայց securities-ի քանակն արտահայտում է փողային գործառնությունների, զեղչված մուրհակների ու վարուն արժեթղթերի դիմաց ընձեռած փոխատվությունների ծավալը։ Այսպես, վերևում, 440 էջի 91-րդ ծանոթագրության մեջ Ֆոլլարտոնն ասում է. «Անգլիայի բանկի տնօրինության տակ եղած արժեթղթերի (securities) քանակը սովորաբար փոփոխվում է նրա բանկնոտաների շրջանառությանը հակառակ ուղղությամբ, և այս հաստատում է մասնավոր բանկերի վաղուց փորձված այն դրույթը, թե ոչ մի բանկ չի կարող իր բանկնոտաների թողարկը բարձրացնել մի հայտնի գումարից վեր, որը որոշվում է նրա կլիենտների պահանջմունքով. իսկ եթե բանկն ուզում է փոխատվություններ անել այս գումարից վեր, ապա նա սրանք պետք է անի իր կապիտալից, ուրեմն կամ պետք է արժեթղթեր հանի շրջանառության մեջ և կամ թե այս նպատակով գործադրի փողային ստացույթներ, որ այլապես կներդրեր արժեթղթերի մեջ»։
Բայց այստեղ պարզվում է նաև, թե Ֆուլլարտոնն ինչ է հասկանում կապիտալ ասելով։ Ի՞նչն է կապիտալ կոչվում այստեղ։ Այն, որ բանկն այլևս չի կարող փոխատվություններ անել իր սեփական բանկնոտաներով, վճարման խոստումներով, որոնք նրա վրա ոչինչ չեն նստել իհարկե։ Բայց այս դեպքում ինչո՞վ է նա փոխատվություններ անում։ Նրանով, ինչ որ ստանում է պահեստի securities-ի, այսինքն պետական արժեթղթերի, ակցիաների ու այլ տոկոսաբեր արժեթղթերի վաճառքից։ Բայց ինչի՞ դիմաց է նա ծախում այս թղթերը։— Փողի, ոսկու և կամ բանկնոտաների դիմաց, որչափով որ վերջիններս վճարման օրինական միջոցներ են, ինչպես Անգլիայի բանկինը։ Այսպիսով, ուրեմն, այն, ինչ որ նա փոխատրում է, բոլոր պարագաներում փող է։ Բայց այս փողը հիմա նրա կապիտալի մի մասն է։ Եթե նա ոսկի է փոխատրում, ապա այս ակներև է։ Եթե փոխատրում է բանկնոտաներ, ապա այս բանկնոտաները հիմա կապիտալ են ներկայացնում, որովհետև բանկը նրանց դիմաց մի իրական արժեք է օտարել՝ տոկոսաբեր թղթեր։ Մասնավոր բանկերում այն բանկնոտաները, որոնք նրանց մոտ են հոսում արժեթղթեր ծախելու հետևանքով, մեծ մասամբ կարող են Անգլիայի բանկի կամ թե իրենց սեփական բանկնոտաները միայն լինել, որովհետև ուրիշ բանկնոտաներ դժվարությամբ են ընդունվում արժեթղթերի դիմաց վճարումներ անելիս։ Բայց եթե այս գործառնությունը հենց ինքն Անգլիայի բանկն է կատարում, ապա այս դեպքում նրա սեփական բանկնոտաները, որ ետ է ստանում ինքը, նրա համար կապիտալ, այսինքն տոկոսաբեր թուղթ արժեն։ Բացի սրանից, նա սրանով իր սեփական բանկնոտաները հանում է շրջանառությունից։ Եթե նա նորից դուրս է տալիս այս բանկնոտաները կամ թե սրանց փոխարեն միևնույն գումարի նոր բանկնոտաներ, ապա ուրեմն նրանք հիմա կապիտալ են ներկայացնում։ Եվ ընդսմին նրանք միակերպ կապիտալ են ներկայացնում թե այն ժամանակ, երբ գործադրվում են կապիտալիստներին փոխատվություններ անելու համար, ու թե այն ժամանակ, երբ հետագայում, այսպիսի փողային փոխատվությունների պահանջարկը նվազելու դեպքում, նորից գործադրվում են արժեթղթեր ձեռք բերելու համար։ Այս բոլոր պարագաներում «կապիտալ» բառն այստեղ գործ է ածվում բանկերում ընդունված իմաստով միայն, այսինքն նշանակում է, որ բանկիրն ստիպված է ավելի շատ փոխատվություններ ընձեռելու, քան իր սոսկական վարկն է։
Հայտնի է, որ Անգլիայի բանկն իր բոլոր փոխատվություններն անում է իր բանկնոտաներով։ Իսկ եթե, չնայած սրան, բանկի բանկնոտային շրջանառությունը, որպես կանոն, նվազում է այն հարաբերությամբ, որով աճում է զեղչված մուրհակների ու փոխատվական գրավների քանակն իր ձեռքում, ուրեմն որով աճում է և իր արած փոխատվությունների գումարը, հապա ի՞նչ է կատարվում շրջանառության մեջ նետած բանկնոտաների հետ, ի՞նչպես են նրանք դեպի բանկը ետհոսում։
Ամենից առաջ, եթե փողային փոխատվության նկատմամբ եղած պահանջարկը ծագում է ազգային աննպաստ վճարահաշվեկշռից և ուրեմն ոսկու տարհուսում է առաջ բերում, ապա խնդիրը շատ պարզ է։ Մուրհակները զեղչվում են բանկնոտաներով։ Բանկնոտաները հենց բանկում, issue department-ում [էմիսիոն բաժնում], փոխանակվում են ոսկու հետ, և ոսկին արտահանվում է։ Այս միևնույն է, թե հենց մուրհակները զեղչելիս բանկն առանց բանկնոտաների միջնորդության, ուղղակի ոսկի վճարեր։ Մի այսպիսի բարձրացող պահանջարկ — որը որոշ դեպքերում 7-ից մինչև 10 միլիոն ֆունտ ստերլինգի է հասնում — երկրի ներքին շրջանառության վրա ոչ մի հատուկ հինգստերլինգանոց բանկնոտա էլ չի ավելացնում իհարկե։ Իսկ եթե ասվում է, թե բանկն այս դեպքում կապիտալ է փոխատրում, ու ոչ թե շրջանառության միջոց, ապա այս երկակի իմաստ ունի։ Առաջին՝ այն, որ բանկը փոխ է տալիս ոչ թե վարկ, այլ իրական արժեք, իր սեփական կապիտալի կամ թե իր մոտ ավանդադրած կապիտալի մի մասը։ Երկրորդ՝ այն, որ նա ոչ թե ներերկրային շրջանառության համար, այլ միջազգային շրջանառության համար է փող վարկատրում, համաշխարհային փող է վարկատրում, և այս նպատակի համար փողը միշտ պետք է գոյություն ունենա գանձի ձևով, իր մետաղյա մարմնավորությամբ, մի ձևով, որում նա ոչ միայն արժեքի ձև է, այլ հենց ինքը հավասար է այն արժեքին, որի փողային ձևն է նա։ Չնայած որ այս ոսկին ինչպես բանկի, այնպես էլ ոսկին արտահանող առևտրականի համար կապիտալ է ներկայացնում՝ բանկիրական կապիտալ կամ թե վաճառականական կապիտալ, բայց և այնպես նրա նկատմամբ պահանջարկը ծագում է ոչ իբրև կապիտալի նկատմամբ, այլ իբրև փողային կապիտալի բացարձակ ձևի նկատմամբ։ Այս պահանջարկը ծագում է ճիշտ այն մոմենտին, երբ օտարերկրյա շուկաները գերալցված են իրացվելու հնարավորություն չունեցող անգլիական ապրանքային կապիտալով։ Ուրեմն, պահանջվում է կապիտալ ոչ իբրև կապիտալ, այլ կապիտալ իբրև փող, այն ձևով, որով փողը համաշխարհային շուկայի ընդհանրական ապրանք է հանդիսանում, իսկ սա փողի սկզբնական ձևն է, որպես ազնիվ մետաղ։ Հետևաբար ոսկու տարհոսումը ոչ թե «a mere question of capital» [«լոկ կապիտալի հարց»] է, ինչպես ասում են Ֆուլլարտոնը, Տուկը և այլն, այլ «a question of money» [«փողի հարց»] է, թեև մի մասնահատուկ ֆունկցիայով։ Այն հանգամանքը, որ սա ներերկրային շրջանառության հարց չի, ինչպես այս պնդում են currency-theory-ի ներկայացուցիչները, ամենևին չի ապացուցում, թե սա լոկ question of capital [կապիտալի հարց] է, ինչպես կարծում են Ֆուլլարտոնն ու մյուսները։ Սա a question of money [փողի հարց] է այն ձևով, որով փողը վճարման միջազգային միջոց է հանդիսանում։ «Այդ կապիտալը (միլիոնավոր քվարտեր օտարերկրյա ցորենի առքագինը երկրի ներսում պատահած անբերությունից հետո) արդյոք ապրանքներով է փոխհանձնվում թե կանխիկ փողով՝ այս հանգամանքն ամենևին չի ազդում գործարքի բնույթի վրա» (Fullarton, ն. տ., էջ 131)։ Բայց այս շատ կարևոր նշանակության ունի այն հարցի համար, թե ոսկու մի տարհոսում արդյոք տեղի է ունենո՞ւմ, թե՞ ոչ։ Կապիտալը փոխհանձվում է ազնիվ մետաղի ձևով, որովհետև նա կամ բոլորովին չի կարող փոխհանձնվել ապրանքների ձևով և կամ թե չի կարող փոխհանձնվել առանց մեծ կորուստների։ Այն վախը, որ արդի բանկային սիստեմն ունի ոսկու տարհոսման հանդեպ, գերազանցում է այն ամենից, ինչ որ երազել են մոնետար սիստեմի ներկայացուցիչները, որոնց աչքում ազնիվ մետաղը միակ իսկական հարստությունն է։ Վեր առնենք, օրինակ, Անգլիայի բանկի կառավարչի, Մորրիսի, հետևյալ վկայությունը պառլամենտական հանձնաժողովի առջև 1847-48 թվականների ճգնաժամի վերաբերմամբ. «3846. (Հարցմունք) Եթե ես խոսում եմ պաշարների (stock) ու հիմնական կապիտալի արժեզրկման մասին, արդյոք ձեզ հայտնի՞ չէ, որ ամեն տեսակի պաշարների ու պարենավորման արդյունքների մեջ ներդրված ամբողջ կապիտալն արժեզրկվել էր միևնույն եղանակով. որ հում բամբակը, հում մետաքսը, հում բուրդը մայր-ցամաք են ուղարկվել միևնույն ծայրահեղ ցածր գներով, և որ շաքարը, սուրճն ու թեյը ծախվել են մեծամեծ զոհաբերություններով, ինչպես այդ տեղի է ունենում ստիպողական աճուրդների ժամանակ»։— «Երկիրն անխուսափելիորեն պետք է մի զգալի զոհաբերություն աներ՝ կանխելու համար ոսկու տարհոսումը, որն առաջացել էր սննդամիջոցները մասսայորեն ներմուծելու հետևանքով»։— «3848. Դուք այն հայացքին չե՞ք, որ ավելի լավ կլիներ օգտագործել այն 8 միլիոն ֆունտ ստերլինգը, որ գտնվում է բանկի պահեստարաններում, քան փորձել ոսկին ետ ստանալու այսպիսի զոհաբերություններով»։— «Ոչ, ես այդ կարծիքին չեմ»։— Ոսկին է, որ այստեղ միակ իսկական հարստություն է համարվում։
Ֆուլլարտոնի կողմից քաղբերած Տուկի այն հայտնագործությունը, թե «ընդամենը մի կամ երկու բացառություններով, որոնք բավարար կերպով բացատրելի են, կուրսի ամեն մի նկատելի անկում, որին ուղեկից է ոսկու տարհոսումը և որը տեղի է ունեցել վերջին հիսնամյակում, միշտ համընկել է շրջանառության միջոցների (of the circulating medium) համեմատաբար ցած մակարդակի հետ և vice versa [ընդհակառակը]» (Fullarton, էջ 121) — այս հայտնագործությունն ապացուցում է, որ ոսկու նման տարհոսումները մեծ մասամբ կատարվում են աշխուժացման ու սպեկուլացիայի մի ժամանակաշրջանից հետո իբրև «արդեն սկսված փլուզումի ազդանշան... իբրև շուկաների գերալցման արտահայտություն, իբրև ցուցանիշ օտարերկրյա պահանջարկի ընդհատման մեր արդյունքների նկատմամբ, շրջանառության դանդաղման և որպես այս ամենի անհրաժեշտ հետևանք՝ անվստահության տարածման առևտրի մեջ, գործարանների փակման, բանվորների սովալլկման և արդյունաբերության ու տնտեսական շինարարության ընդհանուր կանգառման» (էջ 129)։ Այս, իհարկե, միաժամանակ ամենալավ առարկությունն է currency-ի թեորիայի ներկայացուցիչների այն պնդման դեմ, թե «լիուլի շրջանառությունն առաջ է բերում ոսկու տարհոսում, այնինչ թույլ շրջանառությունը ոսկին ներս է քաշում»։ Ընդհակառակը, թեև Անգլիայի բանկում մեծ ոսկեպահեստ է լինում ընդհանրապես ծաղկման ժամանակաշրջանում, բայց այս պաշարը միշտ գոյանում է լճացման ու անշարժության այն ժամանակաշրջանում, որը հաջորդում է փոթորկին։
Այսպիսով ուրեմն, ոսկու տարհոսման առնչությամբ ամբողջ իմաստությունը հանգում է այն բանին, որ շրջանառության ու վճարման միջազգային միջոցների նկատմամբ եղած պահանջարկը տարբեր է շրջանառության ու վճարման ներերկրային միջոցների նկատմամբ եղած պահանջարկից (որից ինքնըստինքյան հետևում է նաև այն, որ «տարհոսման առկայությունն անհրաժեշտորեն չի ենթադրում ներքին պահանջարկի նվազում շրջանառության միջոցների նկատմամբ», ինչպես ասում է Ֆուլլարտոնը, էջ 112) և որ ազնիվ մետաղների երկրից դուրս ուղարկելը, միջազգային շրջանառության մեջ նետելը չի նույնանում բանկնոտաները կամ թե դրամները ներերկրային շրջանառության մեջ նետելու հետ։ Սակայն ես արդեն առաջ [հատ. I, գլ. III, գ.] ցույց եմ տվել, թե այն գանձի շարժումը, որը համակենտրոնացվում է իբրև պահեստաֆոնդ միջազգային վճարումների համար, ինքնըստինքյան ոչ մի կապ չունի փողի, իբրև շրջանառության միջոցի, շարժման հետ։ Անշուշտ, մի բարդացում է մուտք գործում այն բանի հետևանքով, որ գանձի այն տարբեր ֆունկցիաները, որ ես հետևեցրել եմ փողի բնությունից — նրա ֆունկցիան, իբրև վճարման միջոցների պահեստաֆոնդ, երկրի ներսում ժամկետահաս վճարումները կատարելու դեպքում, նրա ֆունկցիան իբրև շրջանառության միջոցների պահեստաֆոնդ, վերջապես նրա ֆունկցիան իբրև համաշխարհային, փողի պահեստաֆոնդ — այս բոլոր ֆունկցիաները բարդվում են մի միակ պահեստաֆոնդի վրա. այստեղից հետևում է նաև այն, որ հայտնի պարագաներում ոսկու տարհոսումը բանկից դեպի երկրի ներսը կարող է համակցվել նրա տարհոսման հետ դեպի արտասահման։ Իսկ այն երկրներում, որտեղ զարգացած է վարկային սիստեմն ու վարկային փողը, մի հետագա բարդացում է առաջանում այն պարագայի հետևանքով, որ այս գանձի վրա բոլորովին քմահաճորեն դրվում է մի ուրիշ ֆունկցիա՝ բանկնոտաների կոնվերսիայի համար իբրև երաշխավորության ֆոնդ ծառայելու ֆունկցիան։ Եվ վերջապես այս բոլորին ավելանում է՝ 1) ազգային պահեստաֆոնդի համակենտրոնացումը մի միակ գլխավոր բանկում, 2) այս ֆոնդն իր հնարավոր մինիմումին հասցնելը։ Այստեղից էլ առաջ է գալիս Ֆուլլարտոնի տրտունջը (էջ 143)։ «Չի կարելի տեսնել այն լիակատար հանդարտությունն ու այն հեշտությունը, որով կուրսի (of the exchange) փոփոխությունները սովորաբար անցնում են մայր-ցամաքային երկրներում, համեմատած այն տենդային անհանգստության ու աղմուկի հետ, որոնք բարձրանում են Անգլիայում ամեն անգամ, երբ թվում է, թե մոտենում է բանկի կանխիկ ֆոնդի լիակատար սպառման մոմենտը՝ այդ ամենը չի կարելի տեսնել ու չապշել այն խոշոր առավելության առթիվ, որ այս տեսակետից ունի մետաղյա փողային շրջանառությունը»։
Բայց եթե մենք մի կողմ թողնենք ոսկու տարհուսումը, հապա այս դեպքում ի՞նչպես կարող է մի բանկ, որ բանկնոտաներ է թողարկում, օրինակ, Անգլիայի բանկը, բարձրացնել իր ընձեռած փողային վարկատվությունների գումարը առանց բարձրացնելու իր բանկնոտաների թողարկումը։
Բանկի պատերից դուրս գտնվող բոլոր բանկնոտաները, շրջանառելիս լինեն նրանք, թե մասնավոր պահեստարաններում ընկած, միևնույն է,— բանկի տեսակետից գտնվում են շրջանառության մեջ, այսինքն նրա տնօրինությունից դուրս։ Հետևաբար, եթե բանկն ընդարձակում է զեղչման ու լոմբարդային իր գործարքները, securities-ի (արժեթղթային ապահովումների) դիմաց ընձեռվող փոխատվությունները, այս նպատակով բաց թողած բանկնոտաները պետք է դարձյալ ետհոսեն նրա մոտ, որովհետև այլապես նրանք մեծացնում են շրջանառության միջոցների գումարը, մի բան, որը հենց չպետք է տեղի ունենա։ Այս ետհոսումը կարող է կատարվել երկակի եղանակով։
Առաջին. Բանկն A-ին բանկնոտաներ է վճարում արժեթղթերի դիմաց. A-ն սրանցով վճարում է B-ին ժամկետահաս մուրհակների դիմաց, իսկ B-ն բանկնոտաները նորից ավանդադրում է բանկի մոտ։ Սրանով այս բանկնոտաների շրջանառությունն ավարտվում է, բայց փոխառությունը մնում է։ («Փոխառությունը մնում է, իսկ շրջանառության միջոցը, եթե նրա կարիքը չի զգացվում, ետ է գնում փոխատուի մոտ»։ Fullarton, էջ 97)։ Այն բանկնոտաները, որ բանկը փոխ էր տվել A-ին, հիմա վերադարձան նրա մոտ. բայց միաժամանակ բանկը A-ի կամ թե այն անձի վարկատուն է, որի վրա հանված է A-ի կողմից զեղչված մուրհակը, և B-ի պարտապանն է այս բանկնոտաներում արտահայտված արժեքի գումարի չափով, իսկ B-ն սրանով տնօրինություն է ձեռք բերում բանկի կապիտալի մի համապատասխան մասի վրա։
Երկրորդ. A-ն վճարում է B-ին, B-ն ինքը կամ C-ն, որին նա իր հերթին վճարում է բանկնոտաներով, այս բանկնոտաներով ուղղակի կամ անուղղակի կերպով վճարում է ժամկետահաս՝ մուրհակների դիմաց բանկին։ Այս դեպքում բանկին վճարած են լինում նրա սեփական բանկնոտաներով։ Եվ այստեղ գործարքը սրանով ավարտվում է (մինչև A-ի կողմից բանկին ետվճարելը)։
Արդ, ո՞րչափով պետք է բանկի փոխատվությունն A-ին իբրև կապիտալի փոխատվություն և որչափով իբրև վճարման միջոցների վարկափոխատվություն նկատել[38]։
{Այս կախված է փոխատվության բնույթից։ Ընդսմին պետք է հետազոտել երեք դեպք։
Առաջին դեպք։— A-ն բանկից փոխ է ստանում մի որոշ գումար իր անձնական վարկի հաշվին՝ առանց փոխարենը որևէ ապահովում ներկայացնելու։ Այս դեպքում նա փոխ է ստանում ոչ միայն վճարման միջոցներ, այլ անպայման նաև նոր կապիտալ, որը նա մինչև ետվճարումը կարող է իր գործում բանեցնել իբրև ավելադիր կապիտալ ու նրա արժեքը բարձրացնել։
Երկրորդ դեպք։— A-ն բանկում գրավադրել է արժեթղթեր, պետական պարտագրեր կամ ակցիաներ և սրանց դիմաց ստացել է փոխատվություն կանխիկ փողով, ասենք, նրանց կուրսային արժեքի մինչև երկու երրորդի չափով։ Այս դեպքում նա ստանում է վճարման միջոցներ, որոնց կարիք ունի, բայց ոչ թե ավելադիր կապիտալ, որովհետև նա բանկին մի ավելի մեծ կապիտալային արժեք է տալիս, քան նրանից ստանում է։
Բայց այս ավելի մեծ կապիտալային արժեքը նա մի կողմից չէր կարող բանեցնել իր ընթացիկ պահանջմունքների համար — իբրև վճարման միջոց — որովհետև նա մի որոշ ձևով գործադրել է այս կապիտալային արժեքը տոկոս ստանալու համար, մյուս կողմից՝ A-ն իր հիմունքներն ուներ՝ այս կապիտալային արժեքը վաճառքի միջոցով ուղղակի վճարման չդարձնելու համար։ Նրա արժեթղթերն ի միջի այլոց կոչված էին իբրև պահեստի կապիտալ գործելու, և նա սրանց ստիպել է գործել իբրև այսպիսի կապիտալ։ Այսպիսով, ուրեմն, A-ի ու բանկի միջև կապիտալի ժամանակավոր ու փոխադարձ հանձնում է տեղի ունեցել, այնպես որ A-ն ոչ մի ավելադիր կապիտալ չի ստացել (ընդհակառակը), բայց, իհարկե, ստացել է պետք եղած վճարման միջոցները։ Ընդհակառակը, բանկի համար այս գործարքը փողային կապիտալի մի ժամանակավոր լուրջ օգտագործում էր փոխառության ձևով, փողային կապիտալի փոխարկում մի ձևից մի ուրիշ ձևի, իսկ այս փոխարկումը բանկային գործի էական ֆունկցիան է հենց։
Երրորդ դեպք։— A-ն բանկում մի մուրհակ է զեղչել և սրա դիմաց հասանելի գումարը կանխիկ ստացել է՝ զեղչը հանելուց հետո։ Այս դեպքում նա փողային կապիտալը սրա ոչ հոսանուտ, ոչ ազատ ձևով ծախում է բանկին՝ հոսանուտ, ազատ ձև ունեցող արժեքային գումարով, դեռ ժամկետ ունեցող մուրհակը ծախում է կանխիկ փողով։ Մուրհակը բանկի սեփականությունն է հիմա։ Գործն ամենևին չի փոխվում նրանից, որ վճարումը տեղի չունենալու դեպքում վերքին փոխանցագրող A-ն է պատասխանատու բանկի առջև. այս պատասխանատվությանը նա մասնակից է մյուս փոխանցագրողների ու մուրհակատուի հետ միասին, որոնց իր ժամանակին նա կարող է համապատասխան պահանջ ներկայացնել։ Ուրեմն այստեղ ոչ մի փոխատվություն չկա, այլ կա մի բոլորովին սովորական առուծախ։ Ուստի A-ն այլևս որևէ վճարելիք չունի բանկին. սա իր ծախսածը փակում է նրանով, որ ժամկետը հասնելիս ստանում է մուրհակի գումարը։ Այստեղ էլ կապիտալի փոխադարձ հանձնումն է տեղի ունեցել A-ի ու բանկի միջև, ու այն էլ բոլորովին նույն կերպ, ինչպես ամեն մի ուրիշ ապրանքի առուծախի դեպքում, և հենց այս պատճառով A-ն ոչ մի ավելադիր կապիտալ չի ստացել։ Նա կարիք ուներ վճարման միջոցի ու այս էլ ստացավ, և ստացավ այն հանգամանքի շնորհիվ, որ բանկը նրա փողային կապիտալի մի ձևը — մուրհակը — նրա համար փոխարկեց մի ուրիշ ձևի — փողի։
Հետևաբար, կապիտալի իսկական փոխատվության մասին խոսք կարող է լինել առաջին դեպքում միայն։ Երկրորդ ու երրորդ դեպքում, շատ-շատ, այն իմաստով միայն, ինչ իմաստով որ կապիտալի ամեն մի ներդրման ժամանակ խոսվում է «կապիտալի կանխադրման» մասին։ Այս իմաստով բանկը փողային կապիտալ է փոխատրում A-ին, բայց A-ի համար սա փողային կապիտալ է ամենաշատն այն իմաստով, որ սա նրա կապիտալի մի մասն է ընդհանրապես։ Եվ նա ուզում է ձեռք բերել այս և գործադրել ոչ թե հատկապես իբրև կապիտալ, այլ հատկապես իբրև վճարման միջոց։ Ապա թե ոչ հարկ կլիներ ամեն մի սովորական ապրանքավաճառք, որով վճարման միջոց է ձեռք բերվում, դիտել որպես փոխատրական կապիտալի ստացում։— Ֆ. Է.}։
Բանկնոտաներ թողարկող մասնավոր բանկերի մոտ տարբերությունն այն է, որ այն դեպքում, երբ բանկնատաները ոչ տեղային շրջանառության մեջ են մնում և ոչ էլ բանկերն են վերադառնում ավանդների ձևով կամ թե ժամկետը հասած մուրհակների վճարման միջոցով, նրանք ընկնում են այնպիսի մարդկանց ձեռքը, որոնց բանկն այս բանկնոտաների փոխարեն պետք է ոսկի կամ թե Անգլիայի բանկի բանկնոտաներ վճարի։ Այսպիսով ուրեմն, բանկնոտաների փոխատվությունը մասնավոր բանկերի կողմից այս դեպքում ներկայացնում է իրապես Անգլիայի բանկի բանկնոտաների փոխատվություն և կամ, որ բանկերի համար միևնույնն է, ոսկու, ուրեմն նրանց բանակային կապիտալի մի մասի, փոխատվություն։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքին, երբ Անգլիայի բանկն ինքը կամ թե որևէ այլ բանկ, որը բանկնոտաներ թողարկելու մաքսիմումի օրենքին է ենթակա, ստիպված է արժեթղթեր ծախելու, որպեսզի իր սեփական բանկնոտաները հանի շրջանառությունից և սրանք նորից օգտագործի փոխատվության նպատակով. այստեղ բանկի սեփական բանկնոտաները մոբիլիզացիայի ենթարկված նրա բանկային կապիտալի մի մասն են ներկայացնում։
Եթե շրջանառությունը մինչև անգամ զուտ մետաղյա լիներ, ապա կարող էր միաժամանակ 1) ոսկու մի տարհոսում բանկի գանձարանը դատարկել {այստեղ ակներևորեն նկատի է առնվում ոսկու մի այնպիսի տարհոսում, որը գոնե մասամբ արտասահման է գնում։ Ֆ. Է.}, և 2) որովհետև բանկից ոսկին կպահանջվեր վճարումների մնացորդը փակելու համար միայն (անցյալ գործարքներն ավարտելու նպատակով), ուստի արժեթղթերի դիմաց ընձեռվող բանկի փոխատվությունները կարող էին շատ աճել, բայց դեպի բանկը կվերադառնային ավանդների ձևով կամ թե ժամկետահաս մուրհակների ետ վճարման ձևով. այնպես որ մի կողմից՝ բանկի պորտֆելում արժեթղթերի ավելանալու հետ միաժամանակ նրա ընդհանուր ոսկեպաշարը կնվազեր և մյուս կողմից՝ միևնույն գումարը, որ բանկն առաջ պահած էր ունենում իբրև սեփականատեր, հիմա կպահեր իբրև իր ավանդատուների պարտապան, և շրջանառու միջոցի ընդհանուր գումարը վերջիվերջո կնվազեր։
Մինչև հիմա ենթադրել ենք, որ փոխատվություններն արվում են բանկնոտաներով, ուրեմն ուղեկցվում են բանկնոտաների թողարկման գոնե ժամանակավոր, թեկուզ հենց իսկույն նորից չքացող մեծացումով։ Բայց այս անհրաժեշտություն չի։ Բանկնոտաներ տալու փոխարեն բանկը կարող է A-ին վարկ բանալ իր սեփական հաշվեմատյանով, և այս դեպքում ուրեմն A-ն, բանկի պարտապանը, դառնում է նրա կարծեցյալ ավանդատուն։ A-ն իր պարտատերերին վճարում է բանկի վրա արված չեկերով, իսկ այս չեկերն ընդունողը հիշյալները վճարում է այնուհետև իր բանկիրին, որը սրանք Clearing house-ում [զեղչման պալատում] փոխանակում է իր վրա տրված չեկերի հետ։ Այս դեպքում բանկնոտաների միջամտություն տեղի չի ունենում ամենևին, և ամբողջ գործարքը սահմանափակվում է նրանով, որ բանկն իր կատարելիք պահանջմունքը մնացորդափակում է հենց իր վրա տրված չեկերով, իսկ նրա իսկական փոխհատուցումը կատարվում է վարկի վերադարձի պահանջումով, ուղղած A-ին։ Այս դեպքում բանկն իր բանկային կապիտալի մի մասն է փոխ տվել A-ին, որովհետև սրան տվել է իր սեփական պարտապահանջումները։
Որչափով որ փողի փոխատվության այս պահանջարկը կապիտալի պահանջարկ է, նա պահանջարկ է միայն փողային կապիտալի, կապիտալի՝ բանկիրի տեսակետից, այն է՝ ոսկու — ոսկին արտասահման տարհոսելու ժամանակ, կամ թե վերաբերում է ազգային բանկի այն բանկնոտաներին, որ մասնավոր բանկը միայն գնումով՝ էկվիվալենտի միջոցով — կարող է ձեռք բերել — հետևաբար մասնավոր բանկի համար նրանք կապիտալ են ներկայացնում։ Կամ թե վերջապես գործը վերաբերում է տոկոսաբեր արժեթղթերին, պետական ֆոնդը կազմող արժեթղթերին, ակցիաներին և այլն, որոնք պետք է ծախվեն, որպեսզի ոսկին և կամ բանկնոտաները հոսեն դեպի բանկը։ Բայց եթե սրանք պետական արժեթղթեր են, ապա կապիտալ են ներկայացնում նրա համար միայն, ով այդ արժեթղթերը գնել է, ուրեմն ում համար որ նրանք իրենց առքագինը, իրենց մեջ ներդրված կապիտալն են ներկայացնում. բայց ինքնըստինքյան նրանք կապիտալ չեն, այլ սոսկ պարտապահանջումներ. եթե նրանք հիպոթեկներ [անշարժ կայքի գրավադրման տոմսեր] են, ապա սոսկական պահանջագրեր են հետագայում ստացվելիք հողային ռենտայի նկատմամբ, իսկ եթե այլ ակցիաներ են, ապա սոսկ սեփականության տիտղոսներ են, որոնք իրավազոր են դարձնում ապագայում հավելյալ արժեք ստանալու։ Սրանք բոլորն իսկական կապիտալ չեն, կապիտալի ոչ մի բաղադրամաս չեն կազմում և ինքնըստինքյան ոչ մի արժեք էլ չեն։ Նման գործարքների միջոցով կարելի է նաև այն փողը, որ բանկին է պատկանում, ավանդի փոխարկել, այնպես որ բանկը փոխանակ այդ փողի սեփականատերը լինելու՝ կդառնա նրա նկատմամբ պարտապան և իր ձեռքում այդ փողը կպահի մի ուրիշ տիտղոսի հիման վրա։ Որքան էլ կարևոր է բանկի համար, բայց իրերի այս դրությունը բոլորովին չի փոխում երկրում եղած պահեստի կապիտալի ու հենց նույնիսկ փողային կապիտալի քանակը։ Հետևաբար կապիտալն այստեղ երևան է գալիս լոկ իբրև փողային կապիտալ, իսկ եթե իսկական փողային ձևով գոյություն չունի, ապա սոսկ կապիտալի տիտղոս է ներկայացնում։ Այս շատ կարևոր է, որովհետև բանկային կապիտալի սակավագյուտ լինելն ու նրա նկատմամբ եղած սաստիկ պահանջարկը շփոթվում է իսկական կապիտալի նվազման հետ, կապիտալի, որն այսպիսի դեպքերում, ընդհակառակը, արտադրամիջոցների ու արդյունքների ձևով առկա է լինում գերառատորեն և ճնշում է շուկաները։
Այսպիսով, ուրեմն, շատ հասարակ կերպով է բացատրվում այն, թե ինչպես բանկի կողմից իբրև ապահովում պահված արժեթղթերի մասսան կարող է աճել, հետևաբար թե ինչպես փողի փոխատվության նկատմամբ աճող պահանջարկը կարող է բավարարվել բանկի կողմից՝ շրջանառության միջոցների անփոփոխ կամ թե նվազող ընդհանուր քանակի պայմաններում։ Եվ ընդսմին այս ընդհանուր քանակը փողի հետ կապված դժվարությունների այսպիսի ժամանակաշրջաններում որոշ սահմանների մեջ պահվում է երկակի եղանակով. 1) ոսկու տարհոսման միջոցով, 2) փողի, իբրև սոսկ վճարման միջոցի, նկատմամբ եղած պահանջարկի միջոցով, երբ թողարկած բանկնոտաներն իսկույն ետ են հոսում, կամ թե երբ գործարքը կատարվում է բանկի հաշվեմատյանային վարկի միջոցով՝ առանց բանկնոտաների որևէ թողարկման. երբ ուրեմն մի հասարակ վարկային գործարք սպասավորում է այն վճարումները, որոնց կատարումը գործի միակ նպատակն էր։ Փողի համար բնորոշ է այն, որ երբ նա գործում է վճարումների սալդոն ծածկելու համար միայն (իսկ ճգնաժամի պահին փոխառումը կատարվում է ոչ թե գնելու, այլ վճարելու նպատակով, ոչ թե նոր գործարքներ սկսելու, այլ հներն ավարտելու նպատակով), նրա շրջանառությունը բոլորովին աննշան է, նույնիսկ այն ժամանակները սալդոյի այս ծածկումը տեղի է ունենում ոչ սոսկ վարկային գործառնության միջոցով, առանց փողի որևէ միջնորդության. ուրեմն փողի փոխառման նկատմամբ եղած մեծ պահանջմունքի ժամանակ կարող են վիթխարի թվով այսպիսի գործարքներ կատարվել՝ առանց շրջանառությունն ընդլայնելու։ Բայց հենց լոկ այն իրողությունը, որ Անգլիայի բանկի շրջանառությունը կայուն է մնում կամ թե մինչև անգամ նվազում է նրա ընձեռած փողային մեծ փոխատվության հետ միաժամանակ, ամենևին չի ապացուցում prime facie [ակներևորեն], ինչպես Ֆուլլարտոնը, Տուկն ու մյուսներն են ընդունում (իրենց այն մոլորության հետևանքով, ըստ որի փողի փոխատվությունը նույնն է, ինչ որ capital on loan-ի, ավելադիր կապիտալի փոխառությունը),— ամենևին չի ապացուցում, թե վճարման միջոցի ֆունկցիայով հանդես եկող փողի՝ (բանկնոտաների) շրջանառությունը չի աճում ու չի ընդլայնվում։ Որովհետև գործերի կանգառման ժամանակ, երբ այսպիսի խոշոր փոխատվություն է պահանջվում, բանկնոտաների, իբրև գնման միջոցների, շրջանառությունը նվազում է, ուստի նրանց, իբրև վճարման միջոցների, շրջանառությունը կարող է աճել, իսկ շրջանառության ամբողջ գումարը, իբրև գնման միջոց ու իբրև վճարման միջոց գործող բանկնոտաների գումարն այնուամենայնիվ կարող է կայուն մնալ ու նույնիսկ նվազել։ Իբրև վճարման միջոց գործող այն բանկնոտաների շրջանառությունը, որոնք իսկույն ետ են հոսում դեպի թողարկող բանկը, հիշյալ տնտեսագետների աչքում ամենևին շրջանառություն չի։
Եթե փողի, իբրև վճարման միջոցի, շրջանառությունն աճեր ավելի մեծ չափով, քան նվազելիս լիներ նրա՝ իբրև գնման միջոցի շրջանառությունը, ապա ամբողջ շրջանառությունը կաճեր, թեև որպես գնման միջոց գործող փողի քանակը նվազած լիներ զգալի չափով։ Եվ այս երևույթին իսկապես հանդիպում ենք ճգնաժամի որոշ մոմենտներում, այն է՝ վարկի կատարյալ փլուզման դեպքում, երբ ոչ միայն ապրանքներն ու արժեթղթերը չեն ծախվում, այլև մուրհակները չեն զեղչվում, և երբ ամեն ինչ կորցնում է իր նշանակությունը, բացի կանխիկ վճարումից, կամ թե, ինչպես վաճառականն է ասում, բացի կասսայից։ Որովհետև Ֆուլլարտոնն ու մյուսները չեն ըմբռնում, որ բանկնոտաների, իբրև վճարման միջոցների, շրջանառությունը փողի կարիքի այսպիսի ժամանակաշրջանների բնորոշ գիծն է, ուստի նրանք այս երևույթը պատահական են համարում։ «Գալով այն օրինակներին, որոնք վերաբերում են բանկնոտաներ ստանալու շուրջը կատարվող ուժեղ մրցմանը, որը բնորոշ է խուճապի ժամանակների համար և որը, ինչպես 1825 թ. վերջերին, կարող է առաջացնել էմիսիայի հանկարծակի, թեև լոկ ժամանակավոր մի մեծացում, ոսկու նույնիսկ երկարատև տարհասման պայմաններում՝ կարծում եմ, այս չպետք է այն երևույթներից մեկը նկատել, որոնք բնականորեն կամ թե անհրաժեշտաբար ուղեկցում են ցածր կուրսին. այսպիսի դեպքերում պահանջարկը ոչ թե շրջանառության միջոցների» (պետք էր ասել՝ շրջանառության միջոցների, իբրև գնման միջոցների) «նկատմամբ եղած պահանջարկ է, այլ գանձի նկատմամբ եղած պահանջարկ, տագնապած բանկիրների ու կապիտալիստների մի մասի պահանջարկ, որը ծագում է սովորաբար ճգնաժամի վերջին ակտի ժամանակ» (հետևաբար վճարման միջոցների պահեստի նկատմամբ), «երկարատև տարհոսումից հետո և սրա վերջանալու նախագուշակն է» (Fullarton, ն. տ., էջ 130)։
Փողն իբրև վճարման միջոց քննելիս մենք արդեն բացատրել ենք (I գիրք, գլուխ III, 3, b), թե ինչպես վճարումների շղթայի մի խիստ ընդհատման դեպքում ապրանքների նկատմամբ փողն արժեքի մի սոսկ իդեալական ձևից փոխարկվում է արժեքի մի իրային ու միաժամանակ բացարձակ ձևի։ Սրա մի քանի օրինակը մենք բերել ենք հենց այնտեղ, 100 ու 101–րդ ծանոթագրություններում։ Այս ընդհատումն ինքը վարկի ցնցման ու սրան ուղեկցող հանգամանքների — շուկաների գերալցման, ապրանքների արժեքի անկման, արտադրության ընդհատման և այլոց — մասամբ հետևանք է, մասամբ՝ պատճառ։
Բայց պարզ է, որ Ֆուլլարտոնն այն տարբերությունը, որ կա փողի, իբրև գնման միջոցի, ու փոդի, իբրև վճարման միջոցի, միջև, փոխարկում է currency [շրջանառության միջոցի] ու կապիտալի միջև դրվող սխալ տարբերության։ Ընդսմին սրա հիմքը դարձյալ կազմում է շրջանառության մասին բանկիրի ունեցած նեղմիտ պատկերացումը։
Կարող էր դեռ հարց տրվել, թե այսպիսի նեղվածք ժամանակներում ինչի՞ պակասություն է զգացվում՝ կապիտալի՞, թե՞ փողի, որը հանդես է գալիս վճարման միջոցի որոշակի ձևով։ Ինչպես հայտնի է, հենց այս է վեճը։
Ամենից առաջ, որչափով նեղվածքը երևան է գալիս ոսկու տարհոսման մեջ, պարզ է, որ պահանջվածը վճարման միջազգային միջոցն է հենց։ Բայց փողը վճարման միջազգային միջոցի իր որոշակի ձևով ներկայացնում է ոսկի՝ սրա մետաղյա ռեալ գոյությամբ, իբրև արժեքով լեփ-լեցուն սուբստանց, իբրև արժեքային մասսա։ Նա միաժամանակ կապիտալ է, բայց կապիտալ է ոչ թե իբրև ապրանքային կապիտալ, այլ իբրև փողային կապիտալ, կապիտալ է ոչ թե ապրանքի ձևով, այլ փողի ձևով (ու այն էլ փողի՝ բառի այն առավելագույն իմաստով, որով նա գոյություն ունի որպես համաշխարհային շուկայի ընդհանրական ապրանք)։ Փողի, իբրև վճարման միջոցի նկատմամբ եղած պահանջարկի ու կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի հակադրություն չկա այստեղ։ Հակադրությունը փողի ձևով ներկայացող կապիտալի ու ապրանքի ձևով ներկայացող կապիտալի միջև է, և այն ձևը, որով նա պահանջվում է այստեղ և որով միայն կարող է գործել, նրա փողային ձևն է։
Մի կողմ թողնելով ոսկու (կամ թե արծաթի) նկատմամբ եղած այս պահանջարկը, չի կարելի ասել, թե ճգնաժամի այսպիսի ժամանակաշրջաններում կապիտալի պակասություն է զգացվում որևէ կերպ։ Արտակարգ պարագաներում, ինչպես հացահատիկի թանկացումը, բամբակի պակասությունը և այլն, այս կարող է պատահել, բայց սրանք այսպիսի ժամանակաշրջանների անհրաժեշտ ու սովորական ուղեկիցները չեն ամենևին, ուստի և կապիտալի մի այսպիսի պակասության գոյությունը չի կարելի հենց այն գլխից բացատրել նրանով, որ փողի փոխառման ուժեղ պահանջմունք կա։ Ընդհակառակը։ Շուկաները գերալցված են, ապրանքային կապիտալով հեղեղված։ Համենայն դեպս ապրանքային կապիտալի պակասությունը չի ուրեմն, որ նեղվածք է առաջացնում։ Հետագայում կվերադառնանք այս հարցին։
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ
Հիմա մենք պետք է ավելի մոտից քննարկենք, թե ինչից է կազմված բանկային կապիտալը։
Մենք հենց նոր տեսանք, որ Ֆուլարտոնը և ուրիշները փողի որպես շրջանառության միջոցի ու փողի որպես վճարամիջոցի (այլև իբրև համաշխարհային փողի, որչափով որ ուշադրության է առնվում ոսկու տարհոսումը) տարբերությունը վեր ածում շրջանառության (currency) ու կապիտալի տարբերության։
Այն առանձնահատուկ դերը, որ կապիտալը խաղում է այստեղ, ստեղծում է իրերի մի դրություն, երբ որ նույնպիսի հոգատարությամբ, ինչպես որ լուսամիտ տնտեսագիտությունն էր տքնում ներշնչել, թե փողը չէ, նույնպիսի հոգատարությամբ բանկիրական այս տնտեսությունը ներշնչում է, թե իրոք փողը կապիտալ par excellence (գերազանցորեն)։
Սակայն հետագա ուսումնասիրության ընթացքում մենք ցույց կտանք, որ այստեղ փողային կապիտալը շփոթում են moneyed capital-ի հետ՝ տոկոսաբեր կապիտալի իմաստով, այնինչ իր առաջին իմաստով փողային կապիտալը կապիտալի լոկ մի անցումնաձևն է միշտ՝ տարբերվելով կապիտալի ապրանքային կապիտալից ու արտադրողական կապիտալից։ Բանկային կապիտալը կազմված է 1) կանխիկ փողից, ոսկուց կամ բանկնոտաներից, 2) արժեթղթերից։ Սրանք կարող են բաժանվել դարձյալ երկու մասի՝ առևտրաթղթեր, մուրհակներ, որոնք ընթացիկ են, որոնց ժամկետը հասնում է ժամանակ առ ժամանակ և որոնց զեղչումը կաղմում է բանկիրի բուն զբաղմունքը, ու հանրային արժեթղթեր, ինչպես պետական գանձարանատոմսեր, ամեն տեսակի ակցիաներ, կարճ ասած՝ զանազան տոկոսաբեր թղթեր, որոնք սակայն էապես տարբերվում են մուրհակներից։ Սրանց շարքում կարող են հաշվվել հիպոթեկներն էլ։ Այս իրեղեն բաղադրամասերից կազմվող կապիտալը նորից տրոհվում է բուն իսկ բանկիրի ներդրած կապիտալի ու ավանդների, որոնք կազմում են նրա Banking capital-ը [բանկային կապիտալը] կամ փոխառած կապիտալը։ Բանկնոտների թողարկում ունեցող բանկերում հիշյալների վրա ավելանում են բանկնոտներն էլ։ Առայժմ մենք ուշադրության չենք առնի ավանդներն ու բանկնոտները։ Այսքանը պարզ է, որ բանկի իրական կապիտալի իրական բաղադրամասերը — փող, մուրհակներ, ավանդաթդթեր — ամենևին չեն փոխվում այն բանի հետևանքով, թե արդյոք այս տարբեր տարրերը ներկայացնում են բանկիրի սեփակա՞ն կապիտալը, թե՞ ավանդներ՝ ուրիշ մարդկանց կապիտալը։ Կապիտալի այս բաժանումը մնում է նույնը, անկախ նրանից, թե իր ձեռնարկությունը բանկիրը վարում է միմիայն սեփական կապիտալով, թե սոսկ իրեն մոտ ավանդադրած կապիտալով։
Տոկոսաբեր կապիտալի ձևը կապված է այն երևույթի հետ, որ ամեն մի որոշ կանոնավոր փողային եկամուտ հանդես է գալիս իբրև կապիտալի տոկոս, այդ եկամուտը ծագելիս լինի մի կապիտալից, թե ոչ, միևնույն է։ Նախ փողային եկամուտը վերածվում է տոկոսի, և ապա տոկոսի հետ գտնվում է նաև այն կապիտալը, որից ծագում է տոկոսը։ Նմանապես, տոկոսաբեր կապիտալի առկայության դեպքում արժեքի ամեն մի գումար ներկայանում է որպես կապիտալ, քանի որ նա չի ծախսվում իբրև եկամուտ. այն է՝ նա ներկայանում Է իբրև գլուխ-գումար (principal)՝ հակադրվելով հնարավոր կամ իրական այն տոկոսին, որ կարող է բերել նա։
Այստեղ գործ ունենք մի պարզ խնդրի հետ։ Դնենք, թե միջին տոկոսադրույքը 5% է տարեկան։ Հետևաբար, 500 £-անոց մի գումար, եթե տոկոսաբեր կապիտալի է փոխարկվում, տարեկան կբերեր 25 £։ Ուստի 25 £-անոց յուրաքանչյուր կայուն տարեկան եկամուտ նկատվում է իբրև 500 £-անոց մի կապիտալի տոկոս։ Սակայն սա մի զուտ պատրանքային պատկերացում է և մնում է որպես այդպիսին, բացի այն դեպքից, երբ 25 £ եկամտի աղբյուրը — լինի սա հիմա մի սոսկական գույքատիտղոս թե պարտապահանջում, կամ թե լինի մեկ իսկական արտադրատարր, ինչպես, ասենք, մի հողամաս,— կարող է ուղղակի փոխանցվել ձեռքից ձեռք կամ ստանում է մի այնպիսի ձև, որով նա փոխանցելի է դառնում։ Իբրև օրինակ վերցնենք պետական պարտքը և աշխատավարձը։
Պետությունը իր վարկատուներին տարեկան վճարելու է որոշ քանակով տոկոս, փոխառած կապիտալի դիմաց։ Այստեղ վարկատուն չի կարող իր պարտապանից ետ պահանջել իր տված կապիտալը, այլ միմիայն կարող է իր պարտապահանջը, իր սեփականության գույքատիտղոսը ծախել։ Պետությունը կերել, ծախսել է բուն կապիտալը։ Սա այլևս գոյություն չունի։ Ինչ վերաբերում է պետական վարկատուին, նա իր ձեռին ունի՝ 1) պետության վրա հասցեագրված մի պարտաթուղթ, ասենք, 100 £-անոց. 2) այս պարտաթուղթը նրան տալիս է պետության տարեկան եկամուտների, այսինքն հարկերի տարեկան գումարի մի որոշ պահանջաբաժին, ասենք, 5 £ կամ 5%. 3) նա կարոդ է 100 £-անոց այս պարտաթուղթը ծախել իր ուզած ուրիշ անձերի։ Եթե տոկոսադրույքը 5% է և պետության վճարունակությունը ապահովված է ենթադրվում, ապա պարտաթղթի A տերն ընդհանրապես կարող է այն ծախել B-ին 100 £-ով, որովհետև B-ի համար միևնույնն է, արդյոք նա 100 £-ը փոխատրում է տարեկան 5%-ով, թե 100 £ վճարելով նա իրեն համար ապահովում է պետությունից գանձվող տարեկան մի հարկ 5 £ գումարով։ Բայց բոլոր այս դեպքերում այն կապիտալը, որի իբրև ընձյուղ (տոկոս) է նկատվում պետական վճարը, մնում է պատրանքային, ֆիկտիվ կապիտալ։ Ո՛չ միայն այն պատճառով, որ պետությանը փոխատրած գումարն այլևս գոյության չունի։ Այդ գումարն ընդհանրապես երբեք նախանշված չի եղել ծախսվելու, ներդրվելու, որպես կապիտալ, այն ինչ իբրև կապիտալ ներդրվելով միայն նա կարող էր ինքն իրեն պահպանող արժեքի փոխարկվել։ Սկզբնական A վարկատուի համար տարեկան հարկերից նրան բաժին ընկնող մասը ներկայանում է նրա կապիտալի տոկոսը, ճիշտ այնպես, ինչպես որ վաշխառուի համար ներկայանում է վատնողի կարողության այն մասը, որ վաշխառուին է բաժին ընկնում, թեև փոխատրած փողի գումարը երկու դեպքում էլ չի ծախսվել իբրև կապիտալ։ Պետությանը հասցեագրված պարտաթուղթը ծախելու հնարավորությունը գլուխ-գումարի հնարավոր ետհոսումն է ներկայացնում A-ի համար։ Ինչ վերաբերում է B-ին, ապա սրա մասնավոր տեսակետից իր կապիտալը ներդրված է որպես տոկոսաբեր կապիտալ։ Գործի էությունն այն է, որ B-ն լոկ բռնել է A-ի տեղը, գնել է սրա կողմից պետությանը հասցեագրված պարտապահանջումը։ Որքան էլ բազմապատիկ դառնան այս գործարքները, պետական պարտքի կապիտալը մնում է զուտ ֆիկտիվ կապիտալ, և հենց այն րոպեից, երբ պարտաթղթերն անվաճառելի դառնային, այս կապիտալի երևութքն էլ կչքանար։ Այնուամենայնիվ, ինչպես իսկույն կտեսնենք, այս ֆիկտիվ կապիտալը իր սեփական շարժումն ունի։
Արդ, մենք հիմա կքննենք բանվորական ուժը, ի հակադրություն պետական պարտքի կապիտալի, երբ իբրև կապիտալ հանդես է գալիս մի բացասական մեծություն,— ինչպես որ տոկոսաբեր կապիտալն ընդհանրապես բոլոր շրջված ձևերի մայրն է, այնպես որ, օրինակ, բանկիրի պատկերացման մեջ պարտքերը կարող են իբրև ապրանքներ երևալ։ Աշխատավարձն այստեղ որպես տոկոս է ըմբռնվում, և հետևաբար բանվորական ուժն էլ՝ իբրև այն կապիտալը, որ տալիս է այս տոկոսները։ Եթե, օրինակ, մի տարվա աշխատավարձը = 50 £, իսկ տոկոսադրույքը կանգնած է 5%-ի վրա, ապա բանվորական ուժը հավասար է համարվում 1 000 £-անոց մի կապիտալի։ Պատկերացման կապիտալիստական եղանակի անհեթեթությունն այստեղ հասնում է իր գագաթնակետին, որովհետև կապիտալի արժեքի աճը բանվորական ուժի շահագործումով բացատրելու փոխարեն, ընդհակառակն, բանվորական ուժի արտադրողականությունը նրանով է բացատրվում, որ հենց այդ բանվորական ուժն ինքն այս միստիկական (խորհրդավոր) իրն է, տոկոսաբեր կապիտալն է։ 17-րդ դարի երկրորդ կեսում սա մի սիրված պատկերացում էր (օրինակ, Պետտիի մոտ), բայց մեր օրերում էլ ամենայն լրջությամբ այն դավանում են մասամբ գռեհիկ տնտեսագետները, մասամբ էլ ու գլխավորապես գերմանական ստատիստիկները[39]։ Ցավոք սրտի, այստեղ հանդես են գալիս այս անմիտ պատկերացումը ջրող երկու անհաճո հանգամանք. առաջին, որ բանվորը պետք է աշխատի՝ այս տոկոսն ստանալու համար, և երկրորդ, որ նա իր բանվորական ուժի կապիտալային արժեքը չի կարող ուրիշին փոխանցելով հնչուն դրամի վերածել։ Չէ՞ որ նրա բանվորական ուժի տարեկան արժեքը հավասար է նրա տարեկան միջին աշխատավարձին, և նա իր գնորդին իր աշխատանքով պետք է փոխհատուցի հենց այս արժեքը, պլյուս հավելյալ արժեքը, նույնի արժեքի աճը։ Ստրկության սիստեմում բանվորն ունի կապիտալային մի որոշ արժեք, այն է՝ իր առքագինը։ Եվ երբ նա վարձու է տրվում, վարձողը պետք է նախ նրա առքագնի տոկոսը վճարի ու բացի սրանից՝ կապիտալի տարեկան մաշվածքը փոխհատուցի։
Ֆիկտիվ կապիտալի գոյացումը անվանում են կապիտալացում։ Կապիտալացնում են ամեն մի կանոնավորապես կրկնվող եկամուտ, ընդ որում սա հաշվում են միջին տոկոսադրույքի համաձայն, իբրև մի եկամուտ, որ կտար այս տոկոսադրույքով փոխատրված մի կապիտալ. օրինակ, եթե տարեկան եկամուտը = 100 £, իսկ տոկոսադրույքը = 5%-ի, ապա 100 £-ը կլիներ 2 000 £-ի տարեկան տոկոսը, և այս 2 000 £-ը հիմա համարվում է տարեկան 100 £-ի իրավական գույքատիտղոսի կապիտալային արժեքը։ Այն մարդու համար, ով գնում է այս գույքատիտղոսը, 100 £ տարեկան եկամուտն այս դեպքում իրոք ներկայացնում է 5%-ով ներդրված իր կապիտալի տոկոսը։ Այսպիսով, կապիտալի աճման իսկական պրոցեսի հետ ունեցած ամեն կապի վերջին հետքն անգամ չքանում է, և ամրապնդվում է պատկերացումը կապիտալի մասին իբրև հենց ինքն իր արժեքը աճեցնող ավտոմատի մասին։
Նույնիսկ այնտեղ, որտեղ պարտաթուղթը — արժեթուղթը զուտ պատրանքային կապիտալ չի ներկայացնում, ինչպես որ է պետական պարտքերի դեպքում, այս թղթի կապիտալային արժեքը զուտ պատրանքային է։ Մենք վերևում տեսանք, թե ինչպես վարկային գործը հավաքական կապիտալ [assoziiertes Kapital] է ստեղծում։ Թղթերը համարվում են գույքատիտղոսներ, որոնք այս կապիտալն են ներկայացնում։ Երկաթուղային լեռնագործական, նավագնացական և այլ ընկերությունների ակցիաները ներկայացնում են իրական կապիտալ, այն է՝ այս ձեռնարկություններում ներդրված ու գործող կապիտալ կամ փողի այն գումարը, որ բաժնեկիցների կողմից կանխավճարված է՝ այս ձեռնարկություններում որպես կապիտալ ծախսվելու համար։ Ընդսմին բոլորովին չի բացառվում այն, որ ակցիաներն էլ լոկ սնամեջ ձեռնարկություն են։ Բայց այս կապիտալը երկակի գոյություն չունի, մի անգամ իբրև գույքատիտղոսների, ակցիաների կապիտալային արժեք և մյուս անգամ էլ որպես հիշված ձեռնարկություններում իրոք ներդրված կամ թե ներդրելի կապիտալ։ Կապիտալը գոյություն ունի հիշյալ վերջին ձևով միայն, լոկ ակցիան ուրիշ բան չի, բայց եթե մի գույքատիտղոս, pro rata [համեմատաբար], նրանով իրացվելի հավելյալ արժեքի վերաբերմամբ։ A-ն կարող է այս իրավունքը ծախել B-ին, և B-ն էլ այն ծախել C-ին։ Այս գործարքներն ամենևին չեն փոխում գործի էությունը։ A-ն կամ թե B-ն իրենց իրավատիտղոսը փոխարկում են կապիտալի, իսկ C-ն կապիտալը փոխարկում է մի սոսկական գույքատիտղոսի այն հավելյալ արժեքի նկատմամբ, որն սպասվում է ակցիոներական կապիտալից։
Այս գույքատիտղոսների ոչ միայն պետական ֆոնդերի, այլև ակցիաների արժեքի ինքնուրույն շարժումը հաստատում է այն իլուզիան, որ իբր նրանք իրական կապիտալ են կազմում այն կապիտալի կամ թե բաժնեպահանջի կողքին, որոնց տիտղոսն են նրանք գուցե։ Այն է՝ նրանք դառնում են ապրանքներ, որոնց գինը մի յուրահատուկ շարժում ունի և որոշվում է յուրահատուկ ձևով։ Նրանց շուկայական արժեքը նրանց անվանական արժեքից տարբեր մի որոշումն է ստանում, ընդ որում իրական կապիտալի արժեքը չի փոխվում, (թեև սրա արժեքի աճը փոխվում է)։ Մի կողմից՝ ակցիաների շուկայական արժեքը տատանվում է այն եկամուտների բարձրության կամ թե ապահովության զուգահեռ, որոնց տիրանալու իրավունք են տալիս նրանք։ Եթե տվյալ ակցիայի անվանական արժեքը, այսինքն՝ ներդրված այն գումարը, որ սկզբնապես ներկայացնում էր ակցիան, 100 £ է, և եթե ձեռնարկությունը 5%-ի փոխարեն 10% է բերում, ապա ակցիայի շուկայական արժեքն այլ անփոփոխ հանգամանքներում ու 5%-անոց տոկոսադրույքի դեպքում բարձրանում է 200 £-ի, որովհետև 5%-ի հիման վրա կապիտալացվելով՝ նա հիմա ներկայացնում է 200 £-անոց մի ֆիկտիվ կապիտալ։ Ով այն գնում է 200 £-ով, այս կապիտալաներդրումից ստանում է 5% եկամուտ։ Հակառակն է լինում, երբ ձեռնարկության եկամուտը նվազում է։ Այս թղթերի շուկայական արժեքը մասամբ սպեկուլատիվ բնույթ ունի, որովհետև սա որոշվում է ոչ միայն իրական եկամուտով, այլև սպասվող, առաջուց հաշվված եկամուտով։ Բայց իրական կապիտալի արժեքի աճը հաստատուն ենթադրելով կամ այնտեղ, որտեղ ոչ մի կապիտալ գոյություն չունի, ինչպես որ է պետական պարտքերի դեպքում, տարեկան եկամուտն օրենքով սահմանված ու համենայն դեպս բավարար չափով ապահով ենթադրելով՝ այս արժեթղթերի գինը բարձրանում և ընկնում է տոկոսի շարժման հակառակ ուղղությամբ։ Եթե տոկոսադրույքը 5-ից բարձրանում է 10%-ի, ապա այն արժեթուղթը, որը 5 £-անոց եկամուտ է ապահովում, միմիայն 50 £-անոց կապիտալ է ներկայացնում այլևս։ Եթե տոկոսադրույքն ընկնելով հասնում է 2½%-ի, ապա միևնույն արժեթուղթը 200 £-անոց կապիտալ է ներկայացնում։ Նրա արժեքը լոկ կապիտալացված եկամուտ է միշտ, այսինքն՝ այն եկամուտը, որ հաշվվում է պատրանքային կապիտալի նկատմամբ՝ գոյություն ունեցող տոկոսադրույքի համաձայն։ Այսպիսով, փողի շուկայում ստեղծվող նեղվածության ժամանակ այս արժեթղթերի գները կրկնակի կընկնեն. առաջին՝ այն պատճառով, որ տոկոսադրույքը բարձրանում է, ու երկրորդ՝ այն պատճառով, որ արժեթղթերը մասսայորեն շուկա ևն նետվում՝ նրանց արժեքը փողով իրացնելու համար։ Գների այս անկումը տեղի է ունենում անկախ այն հանգամանքից, թև արդյոք այն եկամուտը, որ այս թղթերն ապահովում են իրենց տերերի համար, հաստատուն է, ինչպես պետական ֆոնդերի դեպքում, նաև անկախ այն հանգամանքից, թե արդյոք իրական կապիտալի արժեքի մեծացումը, որը ներկայացնում են նրանք, ինչպես արդյունաբերական ձեռնարկությունների դեպքում, գուցե փոփոխվում է վերարտադրության պրոցեսի խափանման հետևանքով։ Վերջին դեպքում արժեքի հիշյալ անկման վրա ավելանում է դեռ մի նորն էլ։ Հենց որ փոթորիկն անցնում է, այս թղթերն էլի վեր դիմելով հասնում են իրենց առաջվա բարձրությանը, որչափով նրանք ձախողված կամ թե սնամեջ ձեռնարկություններ չեն ներկայացնում։ Ճգնաժամի ժամանակ առաջացող նրանց գնազրկումը ներգործում է իբրև հզոր միջոց՝ փողային գույքը կենտրոնացնելու համար[40]։
Որչափով որ այս թղթերի արժեքազրկումը կամ թե արժեքի բարձրացումն անկախ է այն իրական կապիտալի արժեքի շարժումից, որը ներկայացնում են նրանք, որևէ ազգի հարստությունը ճիշտ նույնքան է մնում, որքան որ էր արժեքազրկումից կամ թե արժեքի բարձրացումից առաջ. «Առ 1847 թվականի հոկտեմբերի 23-ը պետական ֆոնդերը և ջրանցքային ու երկաթուղային ակցիաներն արդեն արժեքազրկվել էին 114 725 225 £-ով»։ (Մորրիս, Անգլիայի բանկի կառավարիչ, վկայություն 1847—48 Commercial Distress-ի [առևտրային ճգնաժամի] վերաբերյալ հաշվետվության մեջ)։ Որչափով որ ակցիաների արժեքազրկումը չէր արտահայտում արտադրության և երկաթուղային ու ջրանցքային երթևեկության իրական կանգառում կամ թե նոր սկսված ձեռնարկությունների դադարեցում և կամ կապիտալի աննպատակ ծախսումն իրապես արժեքազուրկ ձեռնարկությունների վրա, ազգը մի կոպեկով անգամ չաղքատացավ անվանական փողային կապիտալի այս սապնափամփուշտների պայթելու հետևանքով։
Իրականում այս բոլոր թղթերը ուրիշ ոչինչ չեն ներկայացնում, քան ապագա արտադրության նկատմամբ կուտակված բաժնեպահանջներ, իրավատիտղոսներ, որոնց փողային կամ թե կապիտալային արժեքը կամ ոչ մի կապիտալ չի ներկայացնում, ինչպես որ է պետական պարտքերի դեպքում, կամ թե չէ՝ կարգավորվում է անկախ այն իրական կապիտալի արժեքից, որը ներկայացնում են այդ թղթերը։
Կապիտալիստական արտադրության բոլոր երկրներում գոյություն ունի այսպես կոչված տոկոսաբեր կապիտալի կամ moneyed capital-ի մի վիթխարի քանակ այս ձևում պարուրված։ Եվ փողային կապիտալի կուտակում ասելով մեծ մասամբ ուրիշ բան չպիտի հասկանալ, բայց եթե արտադրության նկատմամբ եղող այս բաժնեպահանջների կուտակում, այս բաժնեպահանջների շուկայական գնի, պատրանքային կապիտալային արժեքի կուտակում։
Արդ, բանկիրական կապիտալի մի մասը ներդրված է լինում այսպես կոչված տոկոսաբեր այս թղթերի մեջ։ Սա է հենց պահեստակապիտալի այն մասը, որը չի մտնում իսկական բանկային գործառնությունների մեջ։ Նրա խոշորագույն մասը կազմված է մուրհակներից, այսինքն՝ արդյունաբերական կապիտալիստների կամ վաճառականների վճարախոստումներից։ Փողը փոխատրողի համար այս մուրհակները տոկոսաբեր թղթեր են, այսինքն՝ երբ նա գնում է սրանք, գումարից հանում է այն ժամանակվա տոկոսը, որ դեռ ունեն հիշյալ մուրհակները։ Հենց այս է, որ զեղչել է կոչվում։ Հետևաբար, ամեն մի անգամվա տոկոսադրույքից է կախված մուրհակի ներկայացրած գումարից արվող հանուրդի մեծությունը։
Վերջապես, բանկիրի կապիտալի վերջին մասը կազմված է նրա պահեստի փողից՝ ոսկու, կամ թե բանկնոտների ձևով։ Ավանդները, եթե սրանք պայմանագրորեն բանկին ամրակցված չեն ավելի երկար ժամանակի համար, միշտ առկա պատրաստ են լինում ավանդատուներին տրամադրելու համար։ Նրանք գտնվում են մշտական ծփման մեջ։ Բայց երբ նրանք վերցվում են ոմանց կողմից, հատուցվում են ուրիշների կողմից, այնպես որ միջին ընդհանուր գումարը գործերի նորմալ ընթացքի ժամանակներում քիչ է տատանվում։
Զարգացած կապիտալիստական արտադրության երկրներում բանկերի պահեստաֆոնդերը միշտ արտահայտում են իբրև գանձ առկա եղող քանակությունը, ըստ որում այս գանձի մի մասը կազմված է լինում դարձյալ թղթերից, ոսկու սոսկական վկայագրերից, որոնք սակայն ոչ մի ինքնարժեք չունեն։ Ուստի բանկիրական կապիտալի ամենամեծ մասը միանգամայն ֆիկտիվ է և կազմված է պարտապահանջումներից (մուրհակներից), պետական թղթերից (որոնք անցյալ կապիտալ են ներկայացնում) ու ակցիաներից (ապագա եկամտի վկայագրերից)։ Ընդ սմին չպետք է մոռանալ, որ բանկիրների զրահապատ պահարաններում գտնվող այս թղթերում մարմնացած կապիտալի փողային արժեքը միանգամայն ֆիկտիվ է նույնիսկ այն դեպքում, երբ նրանք լիովին ապահով եկամուտների վկայագրեր են (ինչպես պետական թղթերը) կամ թե երբ նրանք իսկական կապիտալի գույքատիտղոսներ են (ինչպես ակցիաները) և որ այդ փողային արժեքը կարգավորվում է անկախ այն իրական կապիտալի արժեքից, որը գոնե մասամբ ներկայացնում են հիշյալ թղթերը. իսկ եթե նրանք եկամուտների սոսկական պահանջ են ներկայացնում ու ոչ թե կապիտալ, ապա միևնույն եկամտի պահանջն արտահայտվում է մշտապես փոփոխվող ֆիկտիվ փողային կապիտալի մեջ։ Սրա վրա ավելանում է դեռ այն հանգամանքն էլ, որ բանկիրի այս ֆիկտիվ կապիտալը մեծ մասամբ իր կապիտալը չէ, այլ ներկայացնում է հասարակության կապիտալը, հասարակություն, որը բանկիրի մոտ ավանդադրում է կամ տոկոսով ու կամ առանց տոկոսի։
Ավանդներն արվում են միշտ փողով՝ ոսկով կամ թե բանկնոտներով և կամ սրանց հատկացագրերով։ Բացառությամբ պահեստաֆոնդի, որը կծկվում կամ թե ընդարձակվում է իրական շրջանառության պահանջմունքների համեմատ, իրականում այս ավանդները միշտ գտնվում են մի կողմից՝ արդյունաբերական կապիտալիստների ու վաճառականների ձեռին, որոնք իրենց մուրհակները զեղչում են նրանցով և կանխավճարումներ են ստանում, մյուս կողմից՝ արժեթղթերի առևտրով զբաղվող վաճառականների (բորսային միջնորդների) ձեռին կամ թե այն մասնավոր անձերի ձեռին, որոնք ծախել են իրենց արժեթղթերը, կամ թե չէ՝ կառավարության ձեռին (գանձարանային տոմսերի ու նոր փոխառությունների դեպքում)։ Ավանդներն իրենք երկակի դեր են խաղում։ Մի կողմից՝ նրանք, ինչպես արդեն հիշատակվեց, փոխատրվում են իբրև տոկոսաբեր կապիտալ և, հետևաբար, չեն գտնվում բանկերի դրամարկղներում, այլ հանդես են գալիս բանկերի մատյաններում միայն որպես ավանդատուների ունեցվածք։ Մյուս կողմից՝ ավանդները գործում են իբրև այսպիսի սոսկական մատենահոդվածներ, որչափով որ ավանդատուների փոխադարձ պահանջները մարվում են իրենց ավանդների հաշվին տրվող չեկերով և փոխադարձաբար դուրս են գրվում. ընդ որում բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք ավանդները միևնույն բանկիրի մոտ են դրված, այնպես որ սա տարբեր հաշիվները փոխադարձաբար դուրս է գրում իրարից, թե՞ այս կատարվում է տարբեր բանկերի միջոցով, որոնք իրենց չեկերը փոխադարձորեն փոխանակում են և լոկ տարբերություններն են վճարում միմյանց։
Տոկոսաբեր կապիտալի ու վարկային սիստեմի զարգացման հետ միասին ամեն կապիտալ ներկայանում է կրկնապատկված ու տեղ-տեղ էլ՝ եռապատկված, և այս առաջանում է այն տարբեր եղանակների շնորհիվ, որոնցով միևնույն կապիտալը կամ նույնիսկ միևնույն պարտապահանջումը հանդես է գալիս տարբեր ձեռքերում տարբեր ձևերով[41]։
Այս «փողային կապիտալի» ամենամեծ մասը միանգամայն ֆիկտիվ է։ Բոլոր ավանդները, բացառությամբ պահեստաֆոնդի, ուրիշ բան չեն, քան բանկիրի պարտագրեր, և երբեք գոյություն չունեն կանխիկ։ Որչափով որ նրանք ծառայում են ժիրո-գործարքների համար, նրանք գործում են իբրև կապիտալ բանկիրների համար, երբ վերջինների կողմից փոխ են տրվում։ Բանկիրները միմյանց վճարում են գոյություն չունեցող ավանդների վկայագրերով՝ այս պարտքերը փոխադարձաբար դուրս գրելով իրենց հաշիվներից։
Այն դերի վերաբերմամբ, որ կապիտալը խաղում է փողային փոխատվության մեջ, Ա. Սմիթն ասում է. «Սակայն նույնիսկ փողային-փսխատվական գործարքի ժամանակ փողը մի տեսակ վկայագիր է լոկ, որը մի ձեռից մեկ ուրիշ ձեռք է փոխանցում այն կապիտալները, որոնք չեն գործադրվում իրենց սեփականատերերի կողմից։ Այս կապիտալները կարող են գրեթե ուզած չափով գերազանցել փողի այն գումարը, որն իբրև գործիք է ծառայում նրանց փոխանցման համար. միևնույն դրամները հաջորդաբար ծառայում են բազմաթիվ տարբեր փոխառությունների ժամանակ, ինչպես և բազմաթիվ տարբեր գնումների ժամանակ։ Օրինակ, A-ն փոխ է տալիս W-ին 1 000 £, որով W-ն իսկույն 1 000 £-ի ապրանք է գնում B-ից։ Որովհետև B-ն ինքը ոչ մի գործադրություն չի ունենում հիշյալ փողի համար, ուստի նա միևնույն դրամները փոխ է տալիս X-ին, որով X-ն անմիջապես կրկին 1 000 £-ի ապրանք է գնում C-ից։ Միևնույն եղանակով ու միևնույն հիմունքով C-ն փոխ է տալիս փողը Y-ին, որը նրանով դարձյալ ապրանք է գնում D-ից։ Այսպիսով ոսկե կամ թղթե միևնույն փողը կարող է սակավաթիվ օրերի ընթացքում իբրև միջնորդ ծառայել երեք տարբեր փոխառությունների ու երեք տարբեր գնումների համար, ըստ որում այդ գործարքներից յուրաքանչյուրն ըստ արժեքի հավասար է այս փողի ամբողջ գումարին։ A, B ու C երեք փողատերերը W, X ու Y երեք փոխառուներին հանձնում են այս գնումներն անելու իշխանությունը միայն։ Հենց այս իշխանությունն է կազմում տվյալ փոխառությունների թե արժեքը և թե նրանց օգտակարությունը։ Երեք փողատերերի կողմից փոխ տված կապիտալը հավասար է այն ապրանքների արժեքին, որոնք այս կապիտալով գնվել կարող են, և երեք անգամ ավելի մեծ է այն փողի արժեքից, որով կատարվում են այդ գնումները։ Բայց և այնպես այս բոլոր փոխատվությունները կարող են լիովին ապահովված լինել, որովհետև տարբեր պարտապանների կողմից նրանցով գնված ապրանքներն այնպես են գործադրվում, որ սրանք իր ժամանակին ոսկի ու թղթե փողում մարմնացած մի նույնահավասար արժեք են ետ բերում՝ մի շահույթ էլ հետը։ Եվ ինչպես որ միևնույն դրամները կարող են ծառայել մինչև իրենց եռապատիկ կամ թե նույնիսկ երեսնապատիկ արժեքն ունեցող տարբեր փոխառությունները միջնորդագործելու համար, ճիշտ նույնպես էլ նրանք կարող են հաջորդաբար ծառայել իբրև այդ փոխառությունների ետվճարման միջոց» ([A. Smith: „Wealth of Nations”], գիրք II, գլուխ IV)։
Որովհետև փողի միևնույն միավորը, նայած սրա շրջանառության արագությանը, կարող է տարբեր գնումներ կատարել, ապա նա կարող է մի քանի տարբեր փոխառություններ էլ գլուխ բերել, որովհետև գնումներն անց են կացնում փողի այդ միավորը մեկ ձեռից մի ուրիշը, իսկ փոխառությունը լոկ մի այնպիսի փոխանցում է մեկ ձեռից մի ուրիշը, որը ոչ մի գնմամբ չի միջնորդագործվում։ Փողը վաճառորդներից ամեն մեկի համար ներկայացնում է նրա ապրանքի փոխակերպված ձևը. ներկայումս, երբ յուրաքանչյուր արժեք իբրև կապիտալային արժեք է արտահայտվում, փողը տարբեր փոխառությունների ժամանակ հաջորդաբար ներկայացնում է տարբեր կապիտալներ. սա լոկ մի ուրիշ արտահայտություն է առաջվա այն դրույթի, թե փողը կարող է հաջորդաբար տարբեր ապրանքային արժեքներ իրացնել։ Միաժամանակ փողը ծառայում է որպես շրջանառության միջոց՝ իրեղեն կապիտալները մի ձեռից ուրիշ ձեռքեր անցկացնելու համար։ Փոխառության ժամանակ փողը ձեռից ձեռ է անցնում ոչ իբրև շրջանառության միջոց։ Քանի դեռ փողը գտնվում է փոխատուի ձեռքում, նա սրա ձեռին շրջանառության միջոց չէ, այլ նրա կապիտալի արժեքի գոյության ձևը։ Եվ փոխատուն այս ձևով այն փոխանցում է փոխառության ժամանակ մի երրորդ անձի։ Եթե A-ն փողը փոխ տար B-ին, և B-ն էլ C-ին՝ առանց գնումների միջնորդագործման, ապա փողի միևնույն գումարը երեք կապիտալ չէր ներկայացնի, այլ սոսկ մեկը, լոկ մեկ կապիտալային արժեք։ Թե փողը քանի կապիտալ է իրոք ներկայացնում, այս կախված է նրանից, թե որքան հաճախ է նա գործում իբրև ապրանքային տարբեր կապիտալների արժեքի ձև։
Ա. Սմիթն ինչ որ ասում է փոխատվությունների մասին ընդհանրապես, նույնը վերաբերում է ավանդներին էլ, որոնք չէ՞ որ լոկ մի առանձին անունն են այն փոխատվությունների, որ հասարակությունը տրամադրում է բանկիրին։ Փողի միևնույն քանակը կարող է իբրև գործիք ծառայել՝ ուզածդ թվով ավանդներ կատարելու համար։
«Անվիճելիորեն ճիշտ է, թե այն 1 000 £-ը, որ մի մարդ ավանդադրում է A-ի մոտ, վաղը նորից դուրս է տրվում և B-ի մոտ դրած մի ավանդ է կազմում։ Մի օր անց, B-ի կողմից վճարվելով ուրիշին՝ այդ փողը կարող է ավանդ կազմել C-ի մոտ և այսպես անվերջ։ Ուստի և միևնույն 1 000 £ փողը մի շարք փոխանցումների շնորհիվ կարող է բազմապատկվելով կազմել ավանդների մի բացարձակորեն անորոշելի գումար։ Այդպիսով՝ հնարավոր է, որ Միացյալ Թագավորության բոլոր ավանդների [math]^9/_{10}[/math]-ը այլ կերպ գոյություն չունի, բայց եթե որպես բանկիրների մատյաններում ավանդները հավաստագրող մատենահոդվածներ, որոնք իրենց հերթին պետք է փոխադարձ հաշվարկումներ կատարեն... Այսպես, օրինակ, Շոտլանդիայում, որտեղ շրջանառության մեջ գտնվող փողի քանակը երբեք 5 միլիոն £-ից չի գերազանցել, ավանդների գումարը սակայն 27 միլիոն է։ Արդ, եթե ավանդների ետստացման համար բանկերի վրա մի ընդհանրական խուճապագրոհ չի առաջանում, ապա միևնույն 1 000 £ գումարն, իր ուղին հակառակ ուղղությամբ անցնելով, կարող է նույնպիսի հեշտությամբ դարձյալ մարել նույնպես անորոշելի մի գումար։ Որովհետև միևնույն 1 000 £-ը, որով մեկը այսօր մարում է առևտրականին աճացած պարտքը, վաղը կարող է մարել սրա՝ խոշոր վաճառականից արած պարտքը, մեկ օր հետո էլ՝ վաճառականի առած պարտքը բանկից և այսպես անվերջ, ուստի միևնույն 1 000 £-ը կարող է ձեռից ձեռ ու բանկից բանկ թափառել և մարել ավանդների ամեն մի երևակայելի գումար»։ («The Currency Question Reviewed», էջ 162, 163)։
Ինչպես որ վարկային այս սիստեմում ամեն ինչ կրկնապատկվում ու եռապատկվում է և սոսկ ուրվականի փոխարկվում, այնպես էլ այս վերաբերում է նաև «պահեստաֆոնդին», որի նկատմամբ վերջապես կարծում են, թե մի սոլիդ բան են հայտաբերել։
Լսենք դարձյալ պարոն Մորրիսին, Անգլիայի բանկի կառավարչին. «Մասնավոր բանկերի պահեստաֆոնդերը գտնվում են Անգլիայի բանկի ձեռին որպես ավանդներ։ Թվում է, թե ոսկու տարհոսման առաջին ներգործությունը պետք է դիպչի Անգլիայի բանկին միայն. սակայն այդ տարհոսումը կներգործեր մյուս բանկերի պահեստների վրա նմանապես, որովհետև սա այն պահեստների մի մասի տարհոսումն է, որ բանկերն ունեն մեր բանկում։ Ճիշտ նույնպես էլ տարհոսումը կներգործեր գավառական բոլոր բանկերի պահեստների վրա» («Commercial Distress», 1847—1848)։ Այսպիսով ուրեմն իրականում պահեստաֆոնդերը վերջիվերջո լուծվում են Անգլիայի բանկի պահեստաֆոնդի մեջ[42]։ Սակայն այս պահեստաֆոնդն էլ դարձյալ երկակի ձևով գոյություն ուներ։ Բանկային բաժանմունքի [banking department] պահեստաֆոնդը հավասար է բանկնոտների այն ավելցուկին, որ բանկն իրավազոր է թողարկելու՝ շրջանառության մեջ գտնվող բանկնոտներից վեր։ Թողարկելի բանկնոտների օրինական մաքսիմումը = 14 միլիոնի (որի համար ոչ մի մետաղապահեստ չի պահանջվում. սա բանկից պետության առած պարտքի մոտավոր գումարն է) պլյուս բանկի ազնիվ մետաղների պաշարի գումարը։ Հետևաբար, եթե այս պաշարը = է 14 միլիոն £-ի, ապա բանկը կարող է 28 միլիոն £-ի բանկնոտներ թողարկել, և եթե սրանից 20 միլիոնը շրջանառության մեջ է, ուրեմն banking department-ի [բանկային բաժանմունքի] պահեստաֆոնդը = 8 միլիոնի։ Այս դեպքում այս 8 միլիոնի բանկնոտները կազմում են այն օրինական բանկիրական կապիտալը, որը տնօրինելու իրավունք ունի բանկը, և միաժամանակ հանդիսանում են նրա ավանդների պահեստաֆոնդը։ Արդ, եթե ոսկու տարհոսումն է տեղի ունենում, որը մետաղապաշարը պակսեցնում է 6 միլիոնով,— որի դիմաց պետք է նույնքան բանկնոտներ ոչնչացվեն,— ապա banking department-ի պահեստը 8-ից կիջնի 2 միլիոնի։ Մի կողմից՝ բանկը իր տոկոսադրույքը շատ բարձրացրած կլիներ, մյուս կողմից՝ նշանավոր չափերով կնվազեր Անգլիայի բանկի պահեստաֆոնդը, որով ապահովվում են բանկերի և այլ ավանդատուների ավանդները։ 1857 թվին Լոնդոնի չորս ամենամեծ ակցիոներական բանկեր սպառնում էին, որ եթե Անգլիայի բանկը ձեռք չբերի «կառավարական հրամանագիր»՝ 1844 թվի բանկային օրենքը կախակայելու համար[43], ապա իրենք ետ կպահանջեն իրենց ավանդները, որով banking department-ը կսնանկանար։ Այսպիսով banking department-ը կարող է սնանկանալ, ինչպես 1847 թվին, մինչդեռ issue department-ում [էմիսիոն բաժնում] պառկած են մնում բազմաքանակ միլիոններ (օրինակ, 1847 թվին՝ 8 միլիոն), իբրև շրջանառող բանկնոտների փոխարկելիության երաշխիք։ Բայց այս էլ դարձյալ պատրանքային է։
«Ավանդների մեծ մասը, որոնք անմիջականորեն պետք չեն բանկիրներին իրենց, ընկնում է billbroker-ների (տառացի՝ մուրհակային միջնորդների, ըստ էության՝ կես բանկիրների) ձեռքը, որոնք բանկիրին, իբրև նրանից ստացած փոխատվության ապահովություն, այնպիսի առևտրամուրհակներ են տալիս, որ իրենք Լոնդոնում ու գավառում արդեն զեղչել են զանազան մարդկանց համար։ Billbroker-ը բանկիրի առջև պատասխանատու է այս money at call-ի (ըստ պահանջման իսկույն ետվճարելի փողի) ետվճարման համար. և այս գործարքներն այնպիսի վիթխարի ծավալով են կատարվում, որ պարոն Նիվը՝ {Անգլիայի} բանկի այժմյան կառավարիչը, որպես վկա տված իր ցուցմունքի մեջ ասում է. «Մենք գիտենք, որ մի broker [միջնորդ] ուներ 5 միլիոն, և մենք հիմք ունենք ենթադրելու, որ մեկ ուրիշը 8-ից 10 միլիոն ուներ. մեկն ուներ 4, մի ուրիշը՝ 3½, երրորդը՝ 8-ից ավելի։ Իմ խոսքը broker-ների մոտ եղած ավանդների մասին է» («Report of Committee on Bank Acts», 1857—58, էջ 5, հատված № 8)։
«Լոնդոնի billbroker-ներն իրենց վիթխարի գործառնությունները վարում էին առանց որևէ կանխիկ պահեստի, նրանք իրենց հույսը դնում էին իրենց հետզհետե ժամկետահաս մուրհակներից սպասվող ստանալիքների վրա, կամ թե, կարիքի դեպքում, իրենց կողքից արդեն զեղչված մուրհակները գրավադրելով Անգլիայի բանկում, սրանից փոխատվություններ ստանալու հնարավորության վրա»։— Լոնդոնի billbroker-ների երկու ֆիրմա 1847 թվին իրենց վճարումները դադարեցրին. երկուսն էլ հետագայում վերսկսեցին գործը։ 1857 թվին նրանք դարձյալ կախակայեցին վճարումները։ Մի ֆիրմայի պասսիվը 1847 թվին կլոր թվով 2 683 000 £ էր, իսկ նրա կապիտալը՝ 180 000 £. 1857 թվին նրա պասսիվը կազմում էր 5 300 000 £, այն ինչ կապիտալը 1847 թվին եղած կապիտալի մեկ քառորդից ավելի չէր հավանորեն։ Մյուս ֆիրմայի պասսիվները երկու դեպքումն էլ 3-ից մինչև 4 միլիոն էին՝ 45 000 £-ից ոչ ավելի կապիտալով»։ (Ն. տ., էջ XXI, հատված № 52)։
ԵՐԵՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ I
Վարկային գործին վերաբերող միակ դժվար հարցերը, որոնց մենք հիմա մոտենում ենք, հետևյալներն են.
Առաջին. բուն փողային կապիտալի կուտակումը։ Սա որչափով կարող է և որչափով չի կարող նշանացույց ծառայել կապիտալի իրական կուտակման, այսինքն՝ ընդլայնված մասշտաբով վերարտադրության։ Կապիտալի այսպես կոչված plethora-ն՝ գերառատությունը,— մի արտահայտություն, որ միշտ գործ է ածվում միմիայն տոկոսաբեր կապիտալի, այսինքն փողային կապիտալի վերաբերմամբ,— այդ plethora-ն արդյունաբերական գերարտադրությունն արտահայտելու մի առանձին եղանակ է լոկ, թե՞ նրա կողքին կազմում է մի հատուկ երևույթ։ Արդյոք փողային կապիտալի այս գերառատությունը, այս գերառաջարկը համընկնում է լճացած փողային մասսայի (ձույլ ոսկի և արծաթ, ոսկեփող, բանկնոտների առկայության հետ, այնպես որ իսկական փողի այս ավելցուկը փոխատու կապիտալի հիշյալ գերառատության արտահայտությունն է ու նրա դրսևորման ձևը։
Եվ, երկրորդ, փողի նկատմամբ առաջացած նեղվածությունը, այսինքն փոխատու կապիտալի այս պակասությունը որչափով է իրական կապիտալի (ապրանքային կապիտալի ու արտադրողական կապիտալի) պակասություն արտահայտում։ Մյուս կողմից՝ փողային նեղվածությունը ո՞րչափով է համընկնում փողի՝ իբրև այսպիսու, պակասության հետ, շրջանառության միջոցների պակասության հետ։
Որչափով որ մինչև հիմա քննարկում էինք ընդհանրապես փողային կապիտալի ու փողային գույքի կուտակման յուրահատուկ ձևը, մենք տեսանք, որ կուտակման այս ձևը հանգում է այն բաժնեպահանջների կուտակմանը, որ սեփականությունն առաջադրում է աշխատանքի նկատմամբ։ Ինչպես պարզվեց, պետական պարտքի կապիտալի կուտակումն ուրիշ ոչինչ չի նշանակում, քան շատացում պետական վարկատուների դասակարգի, որոնք իրավազորված են հարկերի ընդհանուր քանակից մի հայտնի գումար յուրացնելու իրենց համար[44]։ Այն իրողության մեջ, որ նույնիսկ պարտքերի կուտակումը կարող է ներկայանալ իբրև կապիտալի կուտակում, երևան է գալիս իրական հարաբերությունների այն լիակատար այլաշրջումը, որ տեղի է ունենում վարկային սիստեմի պայմաններում։ Այս պարտաթղթերը, որոնք տրված են լինում սկզբնապես փոխատրված ու վաղուց արդեն ծախսված կապիտալի համար, ոչնչացված կապիտալի այս թղթե դուպլիկատներն իրենց տերերի համար իբրև կապիտալ գործում են այն չափով, որչափով որ նրանք ծախելի ապրանքներ են և, ուրեմն, կարող են ետփոխարկվել կապիտալի։
Հասարակական ձեռնարկությունների, երկաթուղիների, հանքարանների և այլոց գույքատիտղոսները, ճիշտ է, ինչպես մենք հենց նոր տեսանք, իրական կապիտալի տիտղոս են իրոք։ Սակայն նրանք այս կապիտալը տնօրինելու հնարավորություն չեն տալիս։ Այն չի կարելի մեջտեղից հանել։ Նրանք սրանից ձեռբերելի հավելյալ արժեքի մի մասի նկատմամբ իրավապահանջներ են տալիս միայն։ Բայց այս տիտղոսներն իրական կապիտալի թղթե դուբլիկատներ են դառնում ճիշտ այնպես, ինչպես բեռնագիրը մի արժեք ստանար բեռի կողքին ու սրա հետ միաժամանակ։ Նրանք դառնում են գոյություն չունեցող կապիտալների անվանական ներկայացուցիչներ։ Որովհետև իրական կապիտալը գոյություն ունի հիշյալ տիտղոսների կողքին և ամենևին ձեռից ձեռ չի անցնում այն բանի հետևանքով, որ այս դուբլիկատներն անցնում են ձեռից ձեռ։ Նրանք տոկոսաբեր կապիտալի ձևեր են դառնում ո՛չ թե լոկ այն պատճառով, որ որոշ եկամուտներ են ապահովում, այլ և այն պատճառով, որ ծախվելու դեպքում նրանց համար փող են վճարում, որպես իրական կապիտալային արժեքների համար։ Որչափով որ այս թղթերի կուտակումը երկաթուղիների, հանքարանների, շոգենավերի և այլոց կուտակումն է արտահայտում, նա արտահայտում է իրական վերարտադրության պրոցեսի ընդլայնում, ճիշտ այնպես, ինչպես որ, օրինակ, շարժական գույքի հարկաթերթի մեծանալը տվյալ շարժական գույքի ծավալումն է ցույց տալիս։ Բայց դուբլիկատների նման, որոնք հենց իրենք վաճառելի են իբրև ապրանքներ և ուրեմն հենց իրենք էլ շրջանառում են որպես կապիտալային արժեքներ, նրանք պատրանքային են, և նրանց արժեքի գումարը կարող է ընկնել կամ բարձրանալ այն իրական կապիտալի արժեքի շարժումից անկախ, որի տիտղոսն են նրանք։ Նրանց արժեքի գումարը, այսինքն՝ նրանց կուրսը բորսայում, անհրաժեշտորեն միտում ունի բարձրանալու՝ տոկոսադրույքի ընկնելու հետ զուգահեռ, որչափով որ սա, փողային կապիտալի յուրահատուկ շարժումից անկախ, շահույթի նորմայի ընկնելու տենդենցի սոսկական հետևանքն է։ Այսպիսով, այս երևակայական հարստությունը, որի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասն ըստ արժեքային արտահայտության իր որոշակի սկզբնական անվանական արժեքն ունի, հենց նոր միայն նշած պատճառով ընդարձակվում է կապիտալիստական արտադրության զարգացման ընթացքին զուգահեռ[45]։
Այս գոյքատիտղոսների գնատատանունների հետևանքով շահումն ու կորուստը, ինչպես և նրանց կենտրոնացումը երկաթուղային արքաների և այլոց ձեռին՝ գործի էության համաձայն ավելի ու ավելի է դառնում հետևանք այն խաղի, որն այսպիսով բռնում է աշխատանքի տեղը՝ ներկայանալով իբրև կապիտալիստական սեփականություն ձեռք բերելու սկզբնական եղանակ, այլև գրավում է ուղղակի բռնության տեղն էլ։ Փողային ֆիկտիվ գույքի այս տեսակը կազմում է ոչ միայն մասնավոր անձերի փողային գույքի, այլև, ինչպես արդեն հիշել ենք, բանկիրական կապիտալի մի շատ նշանավոր մասը։
Փողային կապիտալի կուտակում ասելով,— մենք այս հիշատակում ենք նրա համար, որ շուտ հրաժեշտ տանք այս հարցին,— կարող էր հասկացվել նաև հարստության կուտակումը բանկիրների (զբաղմունքով փող փոխատվողների) ձեռին, որոնք միջնորդ են մի կողմից՝ մասնավոր փողային կապիտալիստների ու մյուս կողմից, պետության, համայնքների ու վերարտադրող փոխառուների միջև. ընդ սմին վարկային սիստեմի ամբողջ վիթխարի ընդարձակումը, ընդհանրապես ամբողջ վարկը այդ բանկիրների կողմից շահագործվում է իբրև իրենց մասնավոր կապիտալ։ Այս մարդկանց կապիտալն ու եկամուտը հանդես են գալիս միշտ փողի ձևով կամ փողի ուղղակի պահանջումների ձևով։ Այս դասակարգի մոտ հարստության կուտակումը կարող է կատարվել իրական կուտակումից շատ տարբեր ուղղությամբ, բայց համենայն դեպս ապացուցում է, թե այս դասակարգը իր գրպանն է դնում իրական կուտակման մի նշանավոր մասը։
Քննարկվող հարցն ավելի նեղ սահմանների մեջ դնելու համար պետք է ասենք.— պետական ֆոնդերը, ինչպես նաև ակցիաներն ու ամեն տեսակի այլ արժեթղթերը, ներդրման ոլորտներ են փոխատրելի կապիտալի համար, այն կապիտալի, որը նախանշված է տոկոսաբեր դառնալու համար։ Նրանք կապիտալը փոխատրելու ձևեր են։ Բայց նրանք իրենք այն փոխատու կապիտալը չեն, որը ներդրված է նրանց մեջ։ Մյուս կողմից՝ որչափով որ վարկն ուղղակի դեր է խաղում վերարտադրության պրոցեսում, պետք է նկատի ունենալ հետևյալը. արդյունաբերողը կամ թե վաճառականը, երբ ուզում է մուրհակներ զեղչած լինել կամ թե փոխառություն ստանալ, ոչ ակցիաների կարիք է ունենում ու ոչ էլ պետական թղթերի։ Նա փողի կարիք ունի։ Ահա ինչու նա գրավադրում է կամ ծախում է նշված արժեթղթերը, եթե ուրիշ կերպ չի կարողանում իրեն համար փող ճարել։ Ահա հենց այս փոխատու կապիտալի կուտակման մասին է, որ մենք այստեղ պիտի խոսենք ու այն էլ հատկապես՝ փոխատրելի փողային կապիտալի մասին։ Այստեղ խոսքը չի վերաբերում տների, մեքենաների կամ մի ուրիշ հիմնական կապիտալի փոխառությանը։ Այստեղ խոսքը չի վերաբերում նաև այն փոխատվություններին, որ արդյունաբերողները կամ վաճառականներն իրար ընձեռում են ապրանքներով ու վերարտադրության պրոցեսի շրջանակներում, թեև մենք այս կետը նախապես պետք է ավելի մանրամասն հետազոտենք. խոսքը բացառապես վերաբերում է այն փողային փոխառություններին, որոնք արվում են արդյունաբերողներին ու վաճառականներին բանկիրների որպես միջնորդների ձեռով։
Այսպես ուրեմն, ամենից առաջ վերլուծենք վաճառականական վարկը, այսինքն այն վարկը, որ վերարտադրության մեջ զբաղված կապիտալիստներն են մատուցում միմյանց։ Նա կազմում է վարկային սիստեմի պատվանդանը։ Նրա ներկայացուցիչը մուրհակն է, որոշակի վճարաժամկետ ունեցող պարտաթուղթը, document of deferred payment [հետաձգված վճարման փաստաթուղթ]։ Ամեն մեկը մի ձեռով վարկ է տալիս ու մյուսով վարկ է ընդունում։ Առայժմ մի կողմ թողնենք բանկիրական վարկը, որը բոլորովին ուրիշ, էապես տարբեր մոմենտ է կազմում։ Որչափով որ այս մուրհակները կրկին որպես վճարամիջոցներ են շրջանառում հենց վաճառականների միջև՝ մեկի կողմից մեկ ուրիշի հասցեով փոխգրվելով, առանց զեղչի միջնորդության, ապա հիշյալն ուրիշ բան չէ, քան պարտապահանջման փոխանցումն A-ից B-ին, և սա ամենևին չի փոխում գործի էությունը։ Այս գործարքը լոկ մի անձի դնում է մի ուրիշի տեղ։ Եվ նույնիսկ այս դեպքում լուծարքը կարող է առանց փողի միջամտության տեղի ունենալ։ Օրինակ, A մանագործարանատերը պետք է մի մուրհակով վճարի B բամբակամիջնորդին, սա էլ՝ C ներմուծորդին։ Արդ, եթե C-ն մանվածք է արտահանում միաժամանակ, որ բավական հաճախ է պատահում, ապա նա կարող է մուրհակով մանվածք գնել A-ից, և A մանածագործը կարող է B միջնորդին ունեցած պարտքը գոցել սրա սեփական, C-ից իբրև վճար ստացած մուրհակով, ընդ որում, փողով վճարելու է մնում, ամենաշատը, մնացորդը։ Այս ամբողջ գործարքը միջնորդագործում է միայն բամբակի ու մանվածքի փոխանակությունը։ Արտահանորդը ներկայացուցիչն է լինում լոկ մանագործարանատիրոջ, բամբակամիջնորդը՝ բամբակաբույծի։
Արդ, այս սուտ վաճառականական վարկի պտույտը քննելիս՝ պետք է նկատել երկու բան։
Առաջին. այս փոխադարձ պարտապահանջումների մարումը կախված է կապիտալի և ետհոսումից, այսինքն Ա—Փ ակտից, որը հետաձգված է միայն։ Եթե մանագործարանատերը մուրհակ է ստացել չթագործարանատիրոջից, ապա այս վերջինը կարող է վճարել այն ժամանակ միայն, եթե շուկայում ունեցած նրա չիթը ծախվել է ադեն։ Եթե հացահատկի սպեկուլանտը մուրհակ է տվել իր հանձնակատարի վրա, ապա հանձնակատարը փողը կարող է վճարել, երբ նույն միջոցին հացահատիկը ծախվել է սպասված գնով։ Հետևաբար, այս վճարումները կախումն ունեն վերարտադրության, այսինքն արտադրության պրոցեսի ու սպառման պրոցեսի հոսունությունից։ Բայց քանի որ վարկերը փոխադարձ են, ուստի ամեն մեկի վճարունակությունը միաժամանակ կախված է մի ուրիշի վճարունակությունից. որովհետև իր մուրհակը տալու ժամանակ հիշյալ անձը կարող է հույս դրած լինել կամ իր սեփական ձեռնարկության մեջ եղած կապիտալի ետհոսման վրա, կամ էլ մի երրորդ անձի ձեռնարկության մեջ ետոհոսման վրա, որն այդ միջոցում նրան պետք է մուրհակով ետհոսումների վրա դրած հույսը մի կողմ թողնենք, ապա վճարումը կարող է հնարավոր դառնալ այն պահեստակապիտալի միջոցով միայն, որ մուրհակատուն իր տրամադրության տակ ունի՝ ետհոսումների դեպքում իր պարտավորությունները մարելու համար։
Երկրորդ. այս վարկային սիստեմը չի վերացնում կանխիկ փողով վճարելու անհրաժեշտությունը։ Նախ և առաջ՝ ծախսումների մի խոշոր մասը միշտ պետք է կանխիկ վճարել, ինչպես օրինակ աշխատավարձը, հարկերը և այլն։ Այնուհետև. օրինակ, B-ն, որը C-ից վճարի փոխարեն մի մուրհակ է ստացել՝ նախքան այս մուրհակի ժամկետի լրանալը, ինքը մի ժամկետահաս մուրհակ ունի D-ին վճարելու, և սրա համար B-ն պետք է կանխիկ փող ունենա։ Վերարտադրության մի այնպիսի լիակատար շրջապտույտ, ինչպիսին վերևում ենթադրեցինք բամբակաբույծից սկսած՝ մինչև բամբակամանագործարանատերն ու ընդհակառակը, լոկ իբրև բացառություն կարող է լինել և միշտ պետք է ընդհատվի շատ կետերում։ Վերարտադրության պրոցեսի քննարկման ժամանակ մենք տեսանք (II գիրք, III բաժին), որ հաստատուն կապիտալ արտադրողները մասամբ իրար հետ են փոխանակում հաստատուն կապիտալը։ Հենց այս պատճառով մուրհակներն ավելի կամ պակաս չափով կարող են իրար մարել։ Նույնն է նաև արտադրության վերընթաց գծի ժամանակ, երբ բամբակ վաճառողը մուրհակ է տալիս մանագործարանատիրոջ վրա, մանագործարանատերը՝ չթագործարանատիրոջ վրա, սա՝ արտահանորդի վրա, սա էլ՝ ներմուծորդի (գուցե կրկին բամբակի ներմուծորդի) վրա։ Սակայն այստեղ բացակայում է գործարքների շրջապտույտը, ուստի և պահանջաշարքի վերջափակումը։ Օրինակ, մանագործարանատիրոջ պահանջը մանածագործարանատիրոջից՝ չի կարող գոցվել ածխամատակարարի՝ մեքենաշինարարին ուղղած պահանջով. մանագործարանատերը իր ձեռնարկության մեջ երբեք հնարավորություն չունի հակապահանջ անելու մեքենաշինարարից, որովհետև նրա արդյունքը, մանվածքը, երբեք չի կարող մտնել մեքենաների վերարտադրության պրոցեսի մեջ որպես բաղկացուցիչ տարր։ Ուստի այսպիսի պահանջները փողով պետք է մարվեն։
Այս վաճառականական վարկի սահմանները, եթե նրանք քննարկենք, ինքնըստինքյան, հետևյալներն են. 1) արդյունաբերողների և վաճառականների հարստությունը, այսինքն կապիտալի ձգձգվող ետհոսումների դեպքում իրենց տրամադրության տակ պահեստի կապիտալ ունենալը. 2) հենց իրենց այս ետհոսումները։ Սրանք կարող են առժամանակ ձգձգվել, կամ ապրանքների գները կարող են նույն ժամանակամիջոցում ընկնել և կամ ապրանքը կարող է չծախված մնալ հանկարծ՝ գործարքների կանգառման հետևանքով շուկայում։ Որքան ավելի երկարաժամկետ է մուրհակը, այնքան ավելի մեծ պետք է լինի պահեստի կապիտալը և այնքան ավելի մեծ է ետհոսման նվազելու կամ թե հետաձգվելու հնարավորությունը՝ գների անկման կամ թե շուկայում ստեղծված գերառաջարկի հետևանքով։ Եվ ապա, ետհոսումներն այնքան ավելի անապահով են, որքան ավելի է սկզբնական գործարքը պայմանավորված եղել ապրանքագների բարձրանալու կամ ընկնելու վրա հույս դրած սպեկուլացիայով։ Բայց պարզ է, որ աշխատանքի արտադրողական ուժի և ուրեմն խոշոր մասշտաբով արտադրության զարգացման հետ՝ 1) շուկաներն ընդարձակվում են և հեռանում արտադրավայրից, 2) ուստի վարկերը պետք է ավելի երկարաժամկետ լինեն, և հետևաբար 3) սպեկուլատիվ տարրն ավելի ու ավելի պետք է իշխի գործարքների մեջ։ Խոշոր մասշտաբով ու հեռավոր շուկաների համար կատարվող արտադրությունն ամբողջ արդյունքը նետում է առևտրականների ձեռքը. սակայն անհնարին է, որ ազգի կապիտալը կրկնապատկվի, այնպես որ առևտրականներն իրենք իրենց ի վիճակի լինեն սեփական կապիտալով ազգային ամբողջ արդյունքը գնելու և ապա նորից ծախելու։ Հետևաբար, վարկն այստեղ անխուսափելի է, և վարկն այստեղ, ըստ իր ծավալի, աճում է արտադրության արժեքի աճման հետ և ավելի ու ավելի երկարաժամկետ է դառնում՝ վաճառահանման շուկաների աճող հեռավորության հետ։ Այստեղ փոխազդեցություն է կատարվում։ Արտադրության պրոցեսի զարգացումն ընդլայնում է վարկը, իսկ վարկն էլ տանում է դեպի արդյունաբերական ու առևտրային գործառնությունների ընդարձակում։
Եթե մենք այս վարկը քննենք բանկիրական վարկից անջատ, ապա ակներև է, որ նա աճում է բուն իսկ արդյունաբերական կապիտալի ծավալի աճման հետ միասին։ Փոխատուական կապիտալն ու արդյունաբերական կապիտալն այստեղ նույնն են. փոխատրված կապիտալներն ապրանքային կապիտալներ են, որոնք նախանշված են անհատական կամ վերջնական սպառման համար, կամ թե արտադրողական կապիտալի հաստատուն տարրերի փոխարինման համար։ Հետևաբար այն, որ այստեղ ներկայանում է իբրև փոխատրված կապիտալ, մի այնպիսի կապիտալ է միշտ, որը գտնվում է վերարտադրության պրոցեսի մեկ որոշ փուլի մեջ, բայց առուծախի միջոցով մի ձեռից անցնում է մեկ ուրիշ ձեռ, ընդ որում նրա էկվիվալենտը լոկ հետագայումն է վճարվելու, գնորդի կողմից, պայմանավորված ժամկետում։ Օրինակ, բամբակը մուրհակով անցնում է մանագործարանատիրոջ ձեռը, մանվածքը մուրհակով՝ չթագործարանատիրոջ ձեռը, չիթը մուրհակով՝ վաճառականի ձեռը, սրա ձեռից մուրհակով՝ արտահանորդի ձեռը, արտահանորդի ճեռից դարձյալ մուրհակով Հնդկաստանի մի վաճառականի ձեռը, որը ծախում է այն և փոխարենը հնդիկոն է գնում և այլն։ Մի ձեռքից մի ուրիշն այսպես անցնելու դեպքում բամբակը կերպարանափոխվում է չթի, իսկ չիթը վերջիվերջո փոխադրվում է Հնդկաստան և փոխանակվում հնդիկոնի հետ, որը ուղարկվում է Եվրոպա և այնտեղ դարձյալ մտնում է վերարտադրության պրոցեսի մեջ։ Վերարտադրության պրոցեսի տարբեր փուլերն այստեղ միջնորդագործվում են վարկով, ընդ որում մանագործարանատերը կանխիկ վճար չի մտցնում բամբակի համար, չթագործարանատերը՝ մանվածքի համար, վաճառականը չթի համար և այլն։ Պրոցեսի առաջին գործողությունների ժամանակ ապրանք-բամբակն անցնում է արտադրության տարբեր փուլերով, և այս անցումը կատարվում է վարկի միջոցով։ Բայց հենց որ բամբակն արտադրության մեջ ստացավ իր ավարտական ձևն իբրև ապրանք, նույն այս ապրանքային կապիտալը դեռ անցնում է տարբեր վաճառականների ձեռով միայն, որոնց միջոցով կատարվում է նրա փոխադրումը դեպի հեռավոր շուկա և որոնցից վերջինը հիշյալ ապրանքը վերջիվերջո ծախում է սպառորդին և փոխարենը գնում է մի այնպիսի ապրանք, որը կա՛մ սպառման մեջ է մտնում, կա՛մ էլ՝ վերարտադրության պրոցեսի մեջ։ Հետևաբար, այստեղ պիտի տարբերել երկու շրջան. առաջինում վարկը միջնորդագործում է տվյալ առարկայի արտադրության իրական հաջորդական փուլերը, երկրորդում նա միջնորդագործում է նույն առարկայի անցնումը մի վաճառականի ճեռից մի ուրիշի ձեռն, ընդ որում այս շրջանն իր մեջ պարփակում է փոխադրանքն էլ, ուրեմն իրագործվում է շրջանառության Ա—Փ ակտը։ Բայց այստեղ էլ ապրանքը համենայն դեպս գտնվում է առնվազն շրջանառության պրոցեսում, հետևաբար՝ վերարտադրության պրոցեսի մի որոշ փուլում։
Հետևաբար, այն, ինչ որ փոխատրվում է այստեղ, անզբաղ կապիտալը չի երբեք, այլ մի կապիտալ է, որը իր տիրոջ ձեռքում պետք է իր ձևը փոխի, որը գոյություն ունի մի այնպիսի ձևով, որով նա տիրոջ համար սոսկ ապրանքային կապիտալ է, այսինքն այնպիսի կապիտալ, որը պետք է ետփոխարկվի և ամենից առաջ գոնե փող դարձվի։ Այստեղ ուրեմն վարկով միջնորդագործվում է ապրանքի փոխակերպությունը, ո՛չ միայն Ա—Փ-ն, այլև Փ—Ա-ն և արտադրության իրական պրոցեսը։ Եթե մի կողմ թողնենք բանկիրական վարկը, ապա վերարտադրողական շրջապտույտի սահմաններում եղած վարկի առատությունը չի նշանակում ազատ կապիտալների առատություն, որոնք սպասում են փոխատվության և շահութաբեր ներդրումն են որոնում, այլ նշանակում է վերարտադրության պրոցեսում զբաղված կապիտալների առատություն։ Ուրեմն վարկն այստեղ՝ 1) որչափով խոսքը վերաբերում է արդյունաբերական կապիտալիստներին, միջնորդագործում է արդյունաբերական կապիտալի անցումը մի փուլից մի ուրիշը, արտադրության միևնույն կարգի պատկանող ու միմյանց մեջ ներթափանցող ոլորտների կապը. 2) որչափով խնդիրը վերաբերում է վաճառականներին, միջնորդագործում է ապրանքների փոխադրանքն ու անցումը մի ձեռից մի ուրիշը՝ մինչև նրանց վերջնական վաճառքը փողով կամ թե մինչև նրանց փոխանակումը մի ուրիշ ապրանքի հետ։
Վարկի մաքսիմումն այստեղ արտահայտում է արդյունաբերական կապիտալի ամենալրիվ զբաղվածությունը, այսինքն նրա վերարտադրության ուժի ամենից արտակարգ լարումը՝ առանց հաշվի առնելու սպառման սահմանները։ Սպառման այս սահմաններն ընդլայնվում են բուն իսկ վերարտադրության պրոցեսի լարման հետևանքով. սա մի կողմից ուժեղացնում է եկամուտի սպառումը բանվորների ու կապիտալիստների կողմից, մյուս կողմից էլ նույնանում է արտադրողական սպառման լարումի հետ։
Քանի դեռ վերարտադրության պրոցեսը կատարվում է անխափան և այդ պատճառով էլ կապիտալի ետհոսումն ապահովված է մնում, այս վարկը հարատևում է ու ընդլայնվում, և նրա ընդլայնումը հենվում է բուն իսկ վերարտադրության պրոցեսի ընդլայնման վրա։ Հենց որ շրջանառության պրոցեսում արգելակներ են առաջանում՝ կապիտալի ձգձգված ետհոսումների, շուկաների գերալցման, գների անկման հետևանքով, ապա ստեղծվում է արդյունաբերական կապիտալի մի ավելցուկ, բայց մի այնպիսի ձևով, որով նա չի կարող իր ֆունկցիաները կատարել։ Գոյանում է ապրանքային կապիտալի մի բազմություն, բայց նա գնորդներ չունի։ Գոյանում է հիմնական կապիտալի մի բազմություն, բայց սա վերարտադրության կանգառման հետևանքով մեծ մասամբ անզբաղ է։ Վարկը սեղմվում է՝ 1) որովհետև, այս կապիտալն անզբաղ է, այսինքն կանգ է առել իր վերարտադրության մի փուլում, որովհետև նա չի կարող իր փոխակերպությունն իրականացնել. 2) որովհետև վերարտադրության պրոցեսի հոսունության նկատմամբ վստահությունը խախտված է. 3) որովհետև այս վաճառականական վարկի նկատմամբ եղած պահանջարկը նվազում է։ Մանագործարանատերը, որը սահմանափակում է իր արտադրությունը և չծախված մանվածքի մի բազմություն ունի պահեստանոցում, ոչ մի կարիք չունի վարկով բամբակ գնելու. վաճառականը կարիք չունի վարկով ապրանք գնելու, որովհետև նա առանց այն էլ պետք եղածից շատ ավելի ապրանք ունի։
Հետևաբար, եթե կանգառումն է տեղի ունենում վերարտադրության պրոցեսի այս ծավալման կամ թե հենց միմիայն նորմալ լարման մեջ, ապա սրանով առաջ է գալիս նաև վարկի պակասություն. ավելի դժվար է լինում վարկով ապրանքներ ստանալ։ Կանխիկ վճարում պահանջելն ու ապառիկով ծախելուց զգուշանալը բնորոշ է արդյունաբերական ցիկլի հատկապես այն փուլի համար, որը հաջորդում է կրախին։ Բուն իսկ ճգնաժամի ժամանակ, երբ յուրաքանչյուրը ձգտում է ծախելու, բայց չի կարող ծախել, և սակայն պետք է ծախի՝ վճարելու համար, ոչ թե անզբաղ, զետեղելի կապիտալի, այլ իր վերարտադրության պրոցեսում արգելակված կապիտալի մասսան ամենից մեծ է լինում հենց ճիշտ այն ժամանակ, երբ վարկի պակասությունն էլ ամենից սաստիկ է (և ուրեմն բանկիրական վարկի ժամանակ զեղչի նորման էլ ամենաբարձրն է)։ Արդեն գործի մեջ ներդրված կապիտալն այն ժամանակ իրոք անզբաղ է մնում մասսայորեն, որովհետև վերարտադրության պրոցեսը կանգ է առնում։ Գործարանները կանգ են առնում, հում նյութերը կիտվում, պատրաստի արդյունքներն իբրև ապրանքներ գերալցում են շուկան։ Հետևաբար չկա ավելի սխալ բան, քան այսպիսի կացությունն արտադրողական կապիտալի պակաս լինելուն վերագրելը։ Հենց այդ ժամանակ առկա է լինում արտադրողական կապիտալի ավելցուկ՝ մասամբ վերարտադրության նորմալ, բայց առժամապես սեղմված մասշտաբի կապակցությամբ, մասամբ էլ՝ թուլացած սպառման կապակցությամբ։
Մի րոպե ենթադրենք, որ ամբողջ հասարակությունը կազմված է միայն արդյունաբերական կապիտալիստներից ու վարձու բանվորներից։ Այնուհետև, մի կողմ թողնենք գների տատանումները, որոնք ամբողջ կապիտալի խոշոր բաժնեմասերին արգելում են իրենց միջին համամասնությունների համաձայն փոխարինվելու և որոնք ամբողջ վերարտադրության պրոցեսի բաղկացուցիչ մասերի ընդհանրական կախման պարագայում, որը զարգանում է հատկապես վարկի շնորհիվ, պետք է ժամանակավոր ընդհանրական կանգառումներ առաջ բերեն։ Մի կողմ թողնենք նաև ֆիկտիվ ձեռնարկություններն ու սպեկուլատիվ գործառնությունները, որոնց զարկ է տալիս վարկային սիստեմը։ Այս դեպքում ճգնաժամը կարող էր բացատրվել միայն արտադրության տարբեր ճյուղերի անհամամասնությամբ և հենց իրենց կապիտալիստների սպառման ու նրանց կուտակման անհամամասնությամբ։ Բայց իրերի տվյալ պայմաններում՝ արտադրության մեջ ներդրված կապիտալների փոխարինումը մեծ մասամբ կախված է ոչ-արտադրողական դասակարգերի սպառունակությունից, այնինչ բանվորների սպառունակությունը սահմանափակված է մասամբ աշխատավարձի օրենքներով և մասամբ էլ նրանով, որ բանվորները բանեցվում են այնքան ժամանակ միայն, որքան ժամանակ որ կարող են շահույթով բանեցվել կապիտալիստների դասակարգի համար։ Բոլոր իսկական ճգնաժամերի վերջին պատճառ միշտ մնում է մասսաների աղքատությունն ու նրանց սպառման սահմանափակությունը, մի պարագա, որ խոչընդոտում է կապիտալիստական արտադրության ձգտումը՝ արտադրողական ուժերն այնպես զարգացնել, որ կարծես թե միմիայն հասարակության բացարձակ սպառունակությունը կազմելիս լիներ այդ ուժերի զարգացման սահմանները։
Արտադրողական կապիտալի իրոք պակաս լինելու մասին, գոնե կապիտալիստորեն զարգացած ազգերի մոտ, խոսք կարող է լինել ընդհանրական անբերությունների դեպքում միայն, լինեն սրանք գլխավոր սննդամիջոցների, թե ամենակարևոր արդյունաբերական հումքերի անբերություններ, միևնույն է։
Բայց այս վաճառականական վարկին ավելանում է բուն փողային վարկը։ Արդյունաբերողների ու վաճառականների՝ միմյանց ընձեռած փոխադարձ վարկատվությունը խառնահյուսվում է այն փողային փոխատվությունների հետ, որ նրանք ստանում են բանկիրներից ու փողով վարկատվություն անողներից։ Մուրհակի զեղչման դեպքում փոխատվությունը լոկ անվանական է։ Գործարանատերը իր արդյունքը ծախում է մուրհակով և այս մուրհակը զեղչում է մեկ billbroker-ի [մուրհակամիջնորդի] մոտ։ Սա իրականում փոխ է տալիս իր բանկիրի վարկը միայն, որը նրան, իր հերթին, փոխատրում է իր ավանդատուներից ստացած փողային կապիտալը, իսկ ավանդատուներ հանդիսանում են բուն իսկ արդյունաբերողներն ու վաճառականները, բայց նաև բանվորները (խնայդրամարկղների միջոցով), հողային ռենտա ստացողներն ու անարտադրողական այլ դասակարգերը։ Այսպիսով ահա ամեն մի անհատական գործարանատիրոջ կամ վաճառականի համար մեջտեղից վերանում է թե՛ մի սոլիդ պահեստակապիտալի անհրաժեշտությունը և թե՛ կապիտալի իրական ետհոսումներից կախված լինելը։ Բայց մյուս կողմից՝ ամբողջ պրոցեսն այնքան է բարդանում մասամբ պարզապես փքուն մուրհակատվությամբ, մասամբ էլ սոսկական մուրհակասարքման նպատակով արվող ապրանքագործարքներով, որ շատ սոլիդ ձեռնարկության երևութքն ու կապիտալի աշխույժ ետհոսումները դեռ հանգիստ կարող են շարունակել իրենց գոյությունն այն բանից հետո էլ, երբ ետհոսումներն իրականում երկար ժամանակից ի վեր արդեն կատարվելիս են լինում մասամբ խաբված փողավարկատուների, մասամբ էլ խաբված արտադրողների հաշվին։ Այս պատճառով ահա ձեռնարկությունը միշտ գրեթե չափազանց առողջ է թվում կրախից հենց անմիջապես առաջ։ Դրա լավագույն ապացույց տալիս են օրինակ, 1857 և 1858 թվերի «Reports on Bank Acts», որտեղ բանկերի բոլոր կառավարիչները, վաճառականները, կարճ ասած՝ բոլոր հրավիրված փորձագետները, իրենց գլուխ ունենալով լորդ Օվերստոնին, փոխադարձորեն միմյանց շնորհավորում էին գործերի ծաղկման ու առողջ զարգացման առթիվ՝ 1857 թվի օգոստոսին պայթած ճգնաժամից ճիշտ մի ամիս առաջ։ Եվ ապշեցուցիչ է, որ Տուկը իր History of Prices-ում վերստին տարվում է այս պատրանքով յուրաքանչյուր առանձին ճգնաժամի պատմական նկարագրությունն անելիս։ Ձեռնարկությունը միշտ կատարելապես առողջ է լինում և գործերն ընթանում են ամենափայլուն կերպով, մինչև որ հանկարծ բռնկում է փլուզումը։
Հիմա մենք վերադառնում ենք փողային կապիտալի կուտակմանը։
Փոխատրելի փողային կապիտալի ամեն մի շատացում դեռ չի նշանակում կապիտալի իրական կուտակում կամ վերարտադրության պրոցեսի ընդլայնում։ Այս ամենից պարզ երևան է գալիս արդյունաբերական ցիկլի այն փուլում, որն անմիջապես հաջորդում է նոր միայն վերապրած ճգնաժամին, երբ փոխատուական կապիտալը մասսայորեն պարապ ընկած է լինում։ Այսպիսի մոմենտներում, երբ արտադրության պրոցեսը սահմանափակված է (անգլիական արդյունաբերական մարզերում արտադրությունը 1847 թվի ճգնաժամից հետո մեկ երրորդով կրճատվել էր), երբ ապրանքի գները հասնում են իրենց ամենացած մակարդակին, երբ ձեռներեցության ոգին հաշմացել է, այսպիսի մոմենտներում տոկոսադրույքի ավելի ցած մակարդակ է իշխում, որն այստեղ ուրիշ բան չի ցույց տալիս, քան փոխատրելի կապիտալի շատացում արդյունաբերական կապիտալի հենց սեղմվելու և անգործության մատնվելու հետևանքով։ Ըստինքյան ակներև է, որ շրջանառության ավելի քիչ միջոցներ են պահանջվում ընկած ապրանքագների, քչացած գործառնությունների ու աշխատավարձի վրա ծախսվող կապիտալի սեղմվելու հետ զուգահեռ. որ մյուս կողմից՝ արտասահմանին ունեցած պարտքերը մասամբ ոսկու տարհոսման ու մասամբ էլ սնանկությունների միջոցով լուծարելուց հետո ոչ մի լրացուցիչ փող չի պահանջվում իբրև համաշխարհային փող գործելու համար. վերջապես որ մուրհակազեղչման գործի ծավալը կրճատվում է հենց նույն այս մուրհակների թվի ու նրանց արժեքային գումարների հետ զուգահեռ։ Այսպիսով նվազում է պահանջարկը փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ թե իբրև շրջանառության միջոցի ու թե իբրև վճարամիջոցի (նոր կապիտալաներդրման մասին դեռ խոսք չկա), ուստի և փոխատուական կապիտալը համեմատաբար առատ է լինում։ Բայց այսպիսի հանգամանքներում դրականորեն աճում է նաև փոխատուական փողային կապիտալի առաջարկը, ինչպես հետագայում ցույց կտանք։
Այսպես, 1847 թվի ճգնաժամից հետո իշխում Էր «գործառնությունների սահմանափակում ու փողի խոշոր ավելցուկ»։ „Comm. Distress”, 1847—1848, վկայություն № 1664), տոկոսադրույքը շատ ցածր էր «առևտրի գրեթե լիակատար ոչնչացման ու փող ներդրելու հնարավորություն համարյա բոլորովին չլինելու պատճառով» (ն. տ., էջ 45. Հոջսոնի՝ Royal Bank Of Liverpool-ի [Լիվերպուլի թագավորական բանկի] կառավարվի ցուցմունքը)։ Թե այս երևույթն իրենց պարզաբանելու համար ինչպիսի անմտություններ էին հորինում այս պարոնները (և Հոջսոնը սրանց մեջ ամենալավերից մեկն է դեռ), կարելի է տեսնել հետևյալ ֆրազից. «Նեղվածությունը (1847 թվին) պայմանավորվում էր երկրում եղած փողային կապիտալի իրական քչացումով, որի պատճառը մասամբ բոլոր աշխարհամասերից արված ներմուծումները ոսկով վճարելու անհրաժեշտությունն էր և մասամբ էլ շրջանառու կապիտալի (floating capital) փոխարկումը հիմնական կապիտալի»։ Թե շրջանառու կապիտալի հիմնական դառնալն ի՛նչպես կարող է երկրի փողային կապիտալը քչացնել,— այս ամենևին հասկանալի չէ, որովհետև, օրինակ, երկաթուղիների կառուցման դեպքում,— որոնց մեջ էր հենց գլխավորապես կապիտալ ներդրվում այն ժամանակ,— ո՛չ ոսկի ու ո՛չ էլ թուղթ է բանեցվում ջրանցույցների ու ռելսերի համար, իսկ երկաթուղային ակցիաների վաճառումից ստացված փողը, որչափով որ սա ավանդադրվում էր իբրև մուծանքներ այդ բաժնետոմսերի հատուցման դիմաց, գործում էր ճիշտ այն կերպ, ինչպես բանկերում ավանդադրված ամեն ուրիշ փող, և ժամանակավորապես նույնիսկ շատացնում էր փոխատրելի փողային կապիտալը, ինչպես արդեն ցույց ենք տվել վերևում, բայց որչափով որ այդ փողն իրոք ծախսվում էր կառուցման վրա, նա երկրում շրջանառում էր իբրև գնելամիջոց ու վճարամիջոց։ Լոկ որչափով որ հիմնական կապիտալն արտահանելի առարկա չի ներկայացնում, հետևաբար, արտահանելու անհնարինության հետ վերանում է այն անզբաղ կապիտալն էլ, որը ճարվում է արտահանված առարկաների համար ստացվող ետվճարումներով, ուրեմն և կանխիկ կամ թև ձույլերով կատարվող ետվճարումներով,— լոկ այնչափով կարող է փողային կապիտալը փոփոխություններ կրել, եթե շրջանառու կապիտալը վերածվում է հինական կապիտալի։ Բայց այն ժամանակները անգլիական արտահանման առարկաներն էլ չծախված պառկած էին մասսայորեն արտասահմանյան շուկաներում։ Ճիշտ է, Մանչեստրի և այլ վայրերի վաճառականների ու գործարանատերերի համար, որոնք իրենց ձեռնարկությունների նորմալ կապիտալի մի մասը ներդրել էին երկաթուղային ակցիաների մեջ, ուստի և իրենց ձեռնարկությունները վարելու գործում կախման մեջ էին ընկել փոխատուական կապիտալից, իրականում անշարժացրել էին իրենց floa1ing capital-ը և այս պատճառով ստիպված էին դրա հետևանքները կրելու։ Սակայն նույն հետևանքը կստացվեր, եթե նրանք իրենց ձեռնարկություններին պատկանող, բայց նրանցից դուրս հանած կապիտալը երկաթուղիների փոխարեն ներդրած լինեին, օրինակ, հանքագործարանների մեջ, որոնց արդյունքը հենց դարձյալ floating capital է՝ երկաթ, ածուխ, պղինձ և այլն։ Ազատ փողային կապիտալի իրական քչացումն անբերության, հացահատկի ներմուծման ու ոսկու արտահանման հետևանքով մի այնպիսի իրողություն էր, որն, իհարկե, ոչ մի գործ չուներ երկաթուղային սպեկուլացիաների հետ։— «Գրեթե բոլոր վաճառականական տներն սկսեցին իրենց ձեռնարկություններն ավելի կամ պակաս չափով ուժասպառ անել երկաթուղիների մեջ փող ներդրելու համար»։ «Այսպիսի ընդարձակ փոխատվությունները, որ երկաթուղիներին ընձեռում էին առևտրական տները, սրանց դրդում էին մուրհակազեղչի դիմելով անչափ շատ հենվելու բանկերի վրա և այս միջոցով առաջ վարելու իրենց առևտրական գործերը (նույն Հոջսոնը, ն. տ., էջ 67)։ «Մանչեստրում վիթխարի կորուստներ տեղի ունեցան երկաթուղային գործում արվող սպեկուլացիաների հետևանքով» (I գրքում, գլ. XIII, 3, c, ու այլուր շատ անգամ մեջբերված Ռ. Գարդները. ցուցմունքի համարը՝ 4877, ն. տ.)։
1847 թվի ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը շուկաների հսկայական գերալցումն ու անսահման սպեկուլացիան էր արևելահնդկական ապրանքների առևտրում։ Բայց ուրիշ հանգամանքներ էլ այս ճյուղի շատ հարուստ տներ սնանկացման հասցրին։ «Նրանք հարուստ միջոցներ ունեին, բայց այդ միջոցները ազատորեն տնօրինել չէին կարող։ Նրանց ամբողջ կապիտալն ամուր ներդրված էր Մավրիկյան կղզում հողադույքի մեջ կամ թե հնդիկոնի ու շաքարի գործարաններում։ Երբ նրանք այնուհետև իրենց վրա 500—600 000 £ պարտավորություններ վերցրին, նրանք այլևս շրջանառու միջոցներ չունեին իրենց մուրհակները վճարելու համար, և վերջիվերջո պարզվեց, որ իրենց մուրհակները վճարելու համար նրանք ամբողջովին պետք է իրենց վարկին ապավինեին» (Չ. Տերներ, արևելահնդկական խոշոր վաճառական Լիվերպուլում, № 730, ն. տ.)։ Այնուհետև Գարդները ցույց է տալիս (№ 4872, ն. տ.). «Չինական պայմանագրից անմիջապես հետո երկիրն այնպիսի մեծ հույսեր դրեց Չինաստանի հետ ունենալիք մեր առևտրի հզոր ընդարձակման վրա, որ բազմաթիվ խոշոր գործարաններ շինվեցին հատկապես չինական շուկայում ամենից ավելի վարուն բամբակագործվածքներ պատրաստելու նպատակով, և ահա այս գործարաններն էլ ավելացան արդեն եղած բոլոր գործարանների վրա։— 4874. Ի՞նչ հետևանքներ ունեցավ այս ձեռնարկությունը։— Վերին աստիճանի կործանարար ազդեցություն ունեցավ, այնպես որ գրեթե անկարելի է նկարագրել։ Ես չեմ կարծում, որ 1844 ու 1845 թվերին դեպի Չինաստան ուղղված բոլոր առաքումների գումարի [math]^2/_3[/math]-ից ավելին վերադարձած լինի. որովհետև թեյը ետարտահանման գլխավոր առարկան է և որովհետև այնքան մեծ սպասելիքներ էին ներշնչել, ապա մենք, գործարանատերերս, վստահության հույս էինք դրել թեյի մաքսի խոշոր իջեցման վրա»։ Եվ հիմա հաջորդում է անգլիական գործարանատիրոջ բնորոշ credo-ն [հավատո հանգանակը]՝ միամիտ ձևով արտահայտած. «Արտասահմանյան շուկայի հետ ունեցած մեր առևտուրը սահմանափակված չէ ապրանքներ գնելու նրա ունակությամբ, այլ հիշյալ առևտուրը սահմանափակված է այստեղ, մեր երկրում այն արդյունքներն սպառելու մեր ունակությամբ, որ մենք իբրև ետվճարումներ ստանում ենք արտասահմանյան շուկաներում մեր արդյունաբերական արդյունքների փոխարեն»։ (Համեմատաբար աղքատ երկրները, որոնց հետ Անգլիան առևտուր է տնում, անկասկած կկարողանային ամեն մի հնարավոր գումարի անգլիական ֆաբրիկատներ վճարահատուցել ու սպառել, բայց հարուստ Անգլիան, դժբախտաբար, չի կարողանում մարսել այն արդյունքները, որ ստանում է իր արտահանած ապրանքների փոխարեն)։ «4876. Ես սկզբում արտահանեցի մի քանի ապրանք, և սրանք մոտ 15% կորուստով ծախվեցին. ըստ որում ես լիովին համոզված էի, որ այն գինը, որով իմ գործակալները կարող էին թեյ գնել վերավաճառքի ժամանակ այստեղ մի այնպիսի մեծ շահույթ կտար, որ հիշյալ կորուստը կգոցվեր. բայց շահույթ ստանալու փոխարեն ես երբեմն կորցնում էի 25 ու մինչև 50%։— 4877. Գործարանատերերն արտահանում էին իրե՞նց հաշվին։— Գլխավորապես։ Վաճառականները, ինչպես երևում է, շատ շուտով տեսան, որ ձեռնարկած գործից ոչինչ դուրս չի գալիս, և նրանք ավելի խրախուսում էին գործարանատերերին ինքնուրույնաբար ապրանքառաքումներ անելու, քան թե իրենք էին մասնակցում սրանց»։— Ընդհակառակը, 1857 թվին կորուստներն ու սնանկությունները բաժին ընկան առավելապես վաճառականներին, որովհետև այս անգամ գործարանատերերը նրանց վերապահեցին օտար շուկաները «սեփական հաշվին» գերալցելը։
Փողային կապիտալը կարող է մեծանալ շնորհիվ այն հանգամանքի, որ բանկային գործի ծավալվելու հետևանքով (տես հետո ներքևում Իպսվիչի օրինակը, որտեղ 1857 թվից անմիջապես առաջ սակավաթիվ տարիների ընթացքում ֆերմերների ավանդները քառապատկվեցին) այն, ինչ որ առաջ մասնավոր անձի գանձ էր կամ դրամի պահեստ, որոշ ժամանակով միշտ փոխարկվում է փոխատրելի կապիտալի։ Բայց փողային կապիտալի այսպիսի աճումը նույնքան քիչ է արտահայտում արտադրողական կապիտալի աճումը, որքան այդ նույնը քիչ էին արտահայտում աճող ավանդները Լոնդոնի ակցիոներական բանկերում, երբ սրանք սկսեցին ավանդների համար տոկոսներ վճարել։ Քանի դեռ արտադրության մասշտաբը մնում է անփոփոխ, այս աճումն առաջ է բերում փոխատրելի փողային կապիտալի առատություն՝ արտադրողական կապիտալի համեմատությամբ։ Այստեղից էլ առաջ է գալիս ավելի ցած տոկոսադրույքը։
Եթե արտադրության պրոցեսը նորից հասնում է ծաղկած դրության, որը նախորդում է չափազանց լարված կացությանը, ապա վաճառականական վարկը հասնում է արտակարգ մեծ ընդարձակման, որն այս դեպքում իրոք էլի «առողջ» պատվանդան է ունենում կապիտալի հեշտ կատարվող ետհոսումների ու ընդարձակված արտադրության համար։ Գործերի այս վիճակում տոկոսադրույքը դեռ ցած է լինում, թեև նա իր մինիմումից վեր է բարձրանում։ Իրականում այս միակ ժամկետն է, երբ կարող է ասվել, թե ցած տոկոսադրույքը և, ուրեմն, փոխատրելի կապիտալի հարաբերական առատությունը համընկնում է արդյունաբերական կապիտալի իրական ընդարձակման հետ։ Կապիտալի ետհոսումների դյուրությունն ու կանոնավորությունը, զուգորդվելով ընդարձակված վաճառականական վարկի հետ, ապահովում է փոխատուական կապիտալի առաջարկը՝ չնայած ուժեղացած պահանջարկին և արգելք է լինում տոկոսադրույքի մակարդակի բարձրանալուն։ Մյուս կողմից՝ միմիայն հիմա են նկատելի աստիճանով մեջտեղ գալիս այն ասպետները, որոնք աշխատում են առանց պահեստակապիտալի կամ ընդհանրապես առանց կապիտալի, ուստի և ամբողջովին գործառում են, հենարան ունենալով փողային վարկը։ Այժմ հիշյալների վրա ավելանում է նաև հիմնական կապիտալի մեծ ընդարձակումը հնարավոր բոլոր ձևերով ու մեծածավալ նոր ձեռնարկությունների մասսայական բացումը։ Տոկոսը հիմա վեր ելնելով հասնում է իր միջին բարձրությանը։ Իր մաքսիմումին նա հասնում է դարձյալ, հենց որ պայթում է նոր ճգնաժամը, վարկը դադարում է հանկարծակի, վճարումները կանգ են առնում, վերարտադրության պրոցեսը հաշմանում է և, վերևում հիշատակված բացառություններով, փոխատուական կապիտալի գրեթե բացարձակ պակասության կողքին հրապարակ է գալիս անզբաղ մնացած արդյունաբերական կապիտալի ավելցուկը։
Այսպիսով, ուրեմն, փոխատուական կապիտալի շարժումը, ինչպես որ սա արտահայտվում է տոկոսադրույքի տատանումների մեջ, ընդհանուր առմամբ ընթանում է արդյունաբերական կապիտալի շարժման հակառակ ուղղությամբ։ Այն փուլը, որում ցած, բայց իր մինիմումից բարձր կանգնած տոկոսադրույքը համընկնում է ճգնաժամին հաջորդող «բարելավման» և աճող վստահության հետ, և մանավանդ այն փուլը, որում տոկոսադրույքն իր միջին բարձրությանն է հասնում, այն միջինին, որը հավասարապես հեռու է նրա մինիմումից ու մաքսիմումից,— լոկ այս երկու մոմենտներն են արտահայտում փոփատուական կապիտալի համընկնումն արդյունաբերական կապիտալի առատության հետ։ Բայց արդյունաբերական ցիկլի սկզբին ցած տոկոսադրույքը համընկնում է արդյունաբերական կապիտալի կծկման հետ, իսկ ցիկլի վերջում բարձր տոկոսադրույքը՝ արդյունաբերական կապիտալի առատության հետ։ «Բարելավմանն» ուղեկցող ցած տոկոսադրույքը վկայում է այն մասին, որ վաճառականական վարկը լոկ փոքր չափով կարիք ունի բանկային վարկի, որովհետև ինքը դեռ իր սեփական ոտների վրա է կանգնած։
Այս արդյունաբերական ցիկլի բնորոշ հատկանիշն այն է, որ միևնույն շըջապտույտը, մի անգամ որ առաջին զարկը տրված է, պարբերաբար պետք է վերարտադրվի[46]։ Դեպրեսիայի (Abspannung) ժամանակ արտադրությունն ընկնում է այն աստիճանի ցցած, որին հասել էր նախընթաց ցիկլում և որի համար այժմ տեխնիկական պատվանդան է ստեղծված։ Ծաղկման փուլում՝ միջին պարբերաշրջանում արտադրությունը շարունակում է զարգանալ այդ միևնույն պատվանդանի վրա։ Գերարտադրության և սպեկուլացիայի պարբերաշրջանում նա արտադրողական ուժերը լարում է ծայրահեղ աստիճանի, դուրս գալով արտադրության պրոցեսի կապիտալիստական սահմաններից։
Որ ճգնաժամի պարբերաշրջանում վճարման միջոցների պակասություն է զգացվում, այս ակներև է ինքնին։ Մուրհակների փոխարկելիությունը բռնում է բուն իսկ ապրանքների փոխակերպության [Metamorphose] տեղը և հենց այսպիսի ժամանակ այնքան ավելի մեծ չափերով, որքան ավելի մեծ է առևտրականների թիվը, որոնք սոսկ վարկով են աշխատում։ Իրերի այս դրությունը չհասկացող և անհեթեթ բանկային օրենսդրությունը, ինչպես 1844—1845 թվականներինն էր, կարող է այս փողային ճգնաժամի համար ավելի ծանր պայմաններ ստեղծել։ Բայց բանկային օրենսդրության և ոչ մի տեսակը չի կարող ճգնաժամը վերացնել։
Արտադրության մի սիստեմում, որտեղ վերարտադրության պրոցեսի բոլոր փոխհարաբերությունները վարկի վրա են հիմնված, եթե այդ սիստեմում վարկը հանկարծակի դադարում է և միմիայն կանխիկ վճարումն է իր զորությունը պահպանում, ակներև է, որ պետք է մեջտեղ գա մի ճգնաժամ, մի ուժգին վազք վճարման միջոցների ետևից։ Ուստի ամբողջ ճգնաժամն առաջին հայացքից ներկայանում է իբրև վարկի ճգնաժամ ու փողի ճգնաժամ։ Եվ իրոք, խնդիրը վերաբերում է միայն մուրհակների փոխարկելիությանը փողի։ Բայց այս մուրհակները մեծամասնությամբ ներկայացնում են իրական առուծախեր, որոնք ընդարձակվում են հասարակական պահանջմունքից շատ ու շատ գերազանցող չափերով և վերջիվերջո այդ ընդարձակումն է, որ ամբողջ ճգնաժամի հիմքն է կազմում։ Սակայն միաժամանակ այս մուրհակների մի վիթխարի քանակ էլ սոսկական սնամեջ գործարքներ է ներկայացնում, որոնք հիմա պարզվում են և ճայթում. այնուհետև՝ օտար կապիտալով վարվող, բայց ձախողած սպեկուլացիաներ. վերջապես ապրանքային կապիտալներ, որոնք արժեքազրկված կամ բոլորովին անվաճառելի են, և կամ կապիտալի ետհոսումներ, որոնք այլևս երբեք չեն կարող իրագործվել։ Վերարտադրության պրոցեսի բռնի ընդարձակման այս ամբողջ արհեստական սիստեմն իհարկե չի կարող նրանով բուժվել, որ մի բանկ, ասենք Անգլիայի բանկը, իր թղթերի միջոցով բոլոր սպեկուլտնտներին կապահովի պակասող կապիտալով և արժեքազրկված բոլոր ապրանքները կդնի նրանց հին անվանական արժեքներով։ Սակայն այստեղ ամեն ինչ այլաշրջված է երևում, որովհետև այս թղթե աշխարհում ոչ մի տեղ հանդես չեն դալիս իրական գինն ու սրա իրական մոմենտները, այլ միմիայն ձույլեր, մետաղե փող, բանկնոտներ, մուրհակներ, արժեթղթեր։ Այս այլաշրջումն առանձնապես դրսևորվում է այն կենտրոններում, որտեղ խիտ համախմբված է երկրի փողային գործը, ինչպիսին է Լոնդոնը. ամբողջ պրոցեսն այստեղ անըմբռնելի է դառնում. արտադրության կենտրոններում արդեն ավելի քիչ է նկատվում այդ այլաշրջումը։
Արդյունաբերական կապիտալի գերառատության առնչությամբ, որը նկատվում է ճգնաժամերի ժամանակ, պետք է նկատել նաև հետևյալը. ապրանքային կապիտալն ըստինքյան [an sich] փողային կապիտալ է միաժամանակ, այսինքն արժեքի մի որոշ գումար, որն արտահայտված է ապրանքի գնի մեջ։ Իբրև սպառողական արժեք ապրանքային կապիտալը սպառման որոշ առարկաների որոշ քանակ է, որը ճգնաժամի պահին առկա է լինում գերառատորեն։ Բայց որպես փողային կապիտալ ըստինքյան [an sich], որպես պոտենցիալ փողային կապիտալ նա ենթակա է մշտական ընդարձակման ու կծկման։ Ճգնաժամի նախօրյակին ու նրա ընթացքում ապրանքային կապիտալը, որպես պոտենցիալ փողային կապիտալ, կծկվում է։ Նա իր տիրոջ ու սրա վարկատուների համար (ինչպես և իբրև մուրհակների ու փոխառությունների ապահովություն) ավելի քիչ փողային կապիտալ է ներկայացնում, քան այն ժամանակ, երբ այդ ապրանքային կապիտալը գնվում էր և երբ սրա վրա հիմնված զեղչումների ու գրավագործարքներն էին կատարվում։ Եթե այս է այն պնդման իմաստը, թե մի երկրի փողային կապիտալը նեղվածության ժամանակներում քչանում է, ապա այս պնդումը նույնանում է այն դրույթի հետ, թե ապրանքների գներն ընկել են։ Սակայն գների այսպիսի փլուզումը լոկ համակշռում է նրանց նախկին փքունացումը։
Անարտադրողական դասակարգերի ու բոլոր նրանց եկամուտները, ովքեր ապրում են հաստատուն եկամուտներով, մեծ մասամբ անփոփոխ են մնում գների փքունացման ժամանակ, որը ձեռ ձեռի տված է ընթանում գերարտադրության ու գերսպեկուլացիայի հետ։ Ուստի նրանց սպառողական ունակությունը նվազում է համեմատաբար և ընդ սմին նվազում է նաև նրանց ունակությունը՝ փոխհատուցելու վերարտադրության այն ամբողջ մասը, որը նորմալ պայմաններում պետք է նրանց սպառման մեջ մտներ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նրանց պահանջարկն անվանապես նույնն է մնում, իրականում նա նվազում է։
Ներմուծման ու արտահանման վերաբերմամբ պետք է նկատել, որ բոլոր երկրներն էլ շարքով ներքաշվում են ճգնաժամի մեջ, և այս դեպքում պարզվում է, որ նրանք բոլորը, սակավ բացառությամբ, շատ շատ են արտահանել և ներմուծել, ուրեմն վճարման բալանսը բոլորի համար աննպաստ է, հետևաբար իսկապես վճարման բալանսը չէ այս երևույթի պատճառը։ Օրինակ, Անգլիան տառապում է ոսկու տարհոսումից։ Նա չափազանց շատ է ներմուծել։ Բայց միաժամանակ մյուս բոլոր երկրները գերալցված են անգլիական ապրանքներով։ Ուրեմն նրանք էլ են չափազանց շատ ներմուծել կամ նրանց մոտ չափազանց շատ են ներմուծել ուրիշները։ (Անշուշտ, մի տարբերություն կա վարկով արտահանող երկրի ու այն երկրների միջև, որոնք վարկով ամենևին չեն արտահանում կամ թե միայն քիչ են արտահանում վարկով։ Բայց վերջիններս այս դեպքում ներմուծում են վարկով և, այս բանը տեղի չի ունենում լոկ այն ժամանակ, երբ ապրանքներն այնտեղ ուղարկվում են միջնորդառաքմամբ)։ Ճգնաժամը կարող է ամենից առաջ Անգլիայում բռնկվել, այն երկրում, որն ամենից ավելի է վարկ տալիս ու բոլորից քիչ է վարկ վերցնում, որովհետև վճարման բալանսը, բալանսը ժամկետահաս վճարումների համար, որոնք իսկույն պետք է լուծարվեն, նրա համար աննպաստ է, թեև ընդհանուր առևտրային բալանսը նրա համար նպաստավոր է։ Այս վերջին հանգամանքը բացատրվում է մասամբ Անգլիայի կողմից մատուցվող վարկով, մասամբ էլ արտասահմանին փոխատված նրա կապիտալների քանակով, որի հետևանքով ապրանքային մասսաների ետհոսումներ են կատարվում դեպի Անգլիա, չհաշված բուն առևտրական գործառնություններով պայմանավորված ետհոսումները։ (Բայց երբեմն ճգնաժամը բռնկում է ամենից առաջ Ամերիկայում էլ, այն երկրում, որն առևտրային վարկի ու կապիտալավարկի մեծ մասն Անգլիայից է վերցնում։) Անգլիայում կրախը, որը սկսվում և ուղեկցվում է ոսկու տարհոսումով, հավասարակշռում է Անգլիայի վճարման բալանսը մասամբ իր ներմուծորդների սնանկությամբ (որի մասին հետո ներքևում), մասամբ իր ապրանքային կապիտալի մեկ մասն էժան գներով արտասահման ուղղելով, մասամբ օտարերկրյա արժեթղթերը ծախելով, անգլիականները գնելով և այլն։ Բայց ահա հերթը գալիս է մի ուրիշ երկրի։ Վճարման բալանսը տվյալ րոպեին նպաստավոր էր սրա համար. բայց վճարման բալանսի ու առևտրային բալանսի ժամկետերի միջև նորմալ ժամանակներում գոյություն ունեցող տարբերությունն այժմ վերացել է կամ թե չէ՝ կրճատվել է ճգնաժամի հետևանքով։ Բոլոր վճարումները պետք է միանգամից կատարվեն։ Անգլիան հիմա ոսկու ետհոսում ունի, մյուս երկիրը՝ ոսկու տարհոսում։ Այն, որ մի երկրում ներկայանում է իբրև գերներմուծում, մեկ ուրիշում ներկայանում է որպես գերարտահանում, և ընդհակառակը։ Բայց գերներմուծում ու գերարտահանում տեղի է ունեցել բոլոր երկրներում էլ (մենք այստեղ չենք խոսում անբերությունների և այլոց մասին, այլ ընդհանրական ճգնաժամի մասին), այսինքն տեղի է ունեցել գերարտադրություն, որին զարկ է տվել վարկն ու գների սրան ուղեկցող ընդհանրական փքունացումը։
1857 թվին ճգնաժամը բռնկվեց Միացյալ Նահանգներում։ Տեղի ունեցավ ոսկու տարհոսում Անգլիայից Ամերիկա։ Բայց հենց որ Ամերիկայում փքունացած գները պայթեցին, հետևեց ճգնաժամն Անգլիայում ու ոսկու տարհոսումն Ամերիկայից Անգլիա։ Նույնը կատարվեց Անգլիայի ու մայր-ցամաքի միջև։ Վճարման բալանսն ընդհանրական ճգնաժամի պահին աննպաստ է ամեն մի ազգի համար, համենայն դեպս՝ առևտրապես զարգացած յուրաքանչյուր ազգի համար, բայց այս անբարենպաստ վճարման բալանսը, ինչպես վաշտային հրաձգության ժամանակ, առաջանում է մեկ ազգի մոտ մյուսի ետևից, հենց որ վճարման հերթը նրան է գալիս. և Անգլիայում, օրինակ, պայթած ճգնաժամը միմյանց հետևող այս ժամկետները սեղմում-խցկում է բոլորովին կարճ մի պարբերաշրջանի մեջ։ Հենց այդ ժամանակ էլ պարզվում է, որ այս բոլոր ազգերը միաժամանակ և չափազանց շատ են արտահանել (ուրեմն գերարտադրել են) և չափազանց շատ ներմուծել (հետևաբար գերագնել), որ բոլորի մոտ էլ գները չափազանց փքվել էին, իսկ վարկը գերլարված էր։ Եվ բոլորի մոտ էլ տեղի է ունենում միևնույն կրախը։ Ապա ոսկու տարհսսման երևույթը կատարվում է հերթով բոլոր երկրներում, և հենց իր ընդհանրականությամբ ապացուցում է, 1) որ ոսկու տարհոսումը ճգնաժամի սոսկական մեկ երևույթն է և ոչ թե նրա պատճառը, 2) որ այն հաջորդականությունը, որով տարբեր ազգերի մոտ հանդես է գալիս ոսկու տարհոսումը, լոկ այն է նշում, թե երկնքի հետ իրենց հաշիվը վերջացնելու հերթը երբ է վրա հասնում յուրաքանչյուրի համար, թե ճգնաժամի ժամկետը երբ է լրանում նրանց համար և ճգնաժամի ներթաքուն տարրերը նրանց մոտ երբ են պայթման մոմենտին հասնում։
Անգլիական տնտեսագետ հեղինակների համար,— իսկ հիշատակության արժանի տնտեսագիտական գրականությունը 1830 թվից դեսը հանգում է գլխավորապես currency-ի [փողի շրջանառության], վարկի, ճգնաժամերի վերաբերյալ գրականության,— բնորոշ է այն, որ նրանք ճգնաժամի պահերին ազնիվ մետաղի արտահանությունը, չնայած մուրհակային կուրսերի փոփոխվելուն, դիտում են սոսկ Անգլիայի տեսակետից իբրև զուտ ազգային երևույթ և իրենց աչքերը վճռականորեն փակում են այն իրողության հանդեպ, որ երբ Անգլիական բանկը ճգնաժամի պահին տոկոսադրույքը բարձրացնում է, եվրոպական մյուս բոլոր բանկերն էլ նույնն են անում, և որ եթե այսօր Անգլիայում է հնչում տրտունջը ոսկու տարհոսման առթիվ, վաղը նա թնդալու է Ամերիկայում, մյուս օրը՝ Գերմանիայում ու Ֆրանսիայում։
1847 թվին «Անգլիան պետք է մարեր ընթացիկ պարտավորությունները» {մեծ մասամբ հացահատկի դիմաց}։ «Դժբախտաբար նրանք մարվում էին մեծ մասամբ սնանկություններով»։ {Հարուստ Անգլիան իր գլխի ճարը տեսնում էր մայր-ցամաքի ու Ամերիկայի նկատմամբ հայտարարած սնանկությամբ}։ «Իսկ որչափով որ պարտավորությունների խնդիրը սնանկությամբ էր լուծվում, նրանք մարվում էին ազնիվ մետաղների արտահանությամբ» («Report of Committee on Bank Acts.», 1857)։ Ուրեմն, որչափով որ ճգնաժամը Անգլիայում սաստկանում է բանկային օրենսդրության շնորհիվ, այս օրենսդրությունը մեկ միջոց է՝ սովի ժամանակներում հացահատիկ արտահանող ազգերին խաբելու՝ նախ նրանց հացահատկի շուրջը ու այնուհետև այդ հացահատկի համար վճարելիք փողի շուրջը։ Հետևաբար, այն երկրների համար, որոնք ավելի կամ պակաս չափով տառապում են թանկությունից, այսպիսի ժամանակներում հացահատկի արտահանման արգելքը պայքարի մի շատ բանական միջոց է Անգլիայի բանկի այս պլանի դեմ, ըստ որի հացահատկի ներմուծման դիմաց ստանձնած «պարտաավորությունները մարվում են» «սնանկություններով»։ Այս դեպքում շատ ավելի լավ է, որ հացահատիկ արտադրողներն ու սպեկուլանտները իրենց շահույթի մի մասը կորցնեն հօգուտ երկրի, քան իրենց կապիտալները կորցնեն՝ հօգուտ Անգլիայի։
Ասածներիցս հետևում է, որ ապրանքային կապիտալը պոտենցիալ փողային կապիտալ ներկայացնելու իր հատկությունը մեծ չափով կորցնում է ճգնաժամի պահին ու ընդհանրապես գործերի կանգառումների ժամանակ։ Միևնույնը վերաբերում է նաև ֆիկտիվ կապիտալին, տոկոսաբեր թղթերին, որչափով որ սրանք էլ իբրև փողային կապիտալներ են շրջանառում բորսայում։ Տոկոսի բարձրացմանը զուգահեռ ընկնում է նրանց գինը։ Սա այնուհետև ընկնում է վարկի ընդհանրական պակասության հետևանքով, որը նրանց տերերին ստիպում է տոկոսաբեր թղթերը շուկայում մասսայորեն ծախծխել իրենց համար փող ճարելու նպատակով։ Վերջապես ակցիաների գինն ընկնում է մասամբ այն եկամուտների նվազման հետևանքով, որոնց ստացման վկայագրեր են նրանք, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ նրանց ներկայացրած ձեռնարկությունները բավական հաճախ սնամեջ են լինում։ Այս ֆիկտիվ փողային կապիտալը ճգնաժամերի պահին արտակարգ չափով փոքրանում է, և սրա հետ միասին նվազում է նաև նրանց տերերի՝ շուկայում նրանցով փող ձեռ բերելու կարողությունը։ Սակայն այս արժեթղթերի փողով արտահայտած անունների նվազումը կուրսային բյուլետենում ամենևին չի դիպչում այն իրական կապիտալին, որը ներկայացնում են նրանք, այնինչ, ընդհակառակը, սաստիկ դիպչում է նրանց տերերի վճարունակությանը։
ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ II. (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Մենք դեռ ևս չենք ավարտել այն հարցի քննարկումը, թե կապիտալի կուտակումը փոխատրելի փողային կապիտալի ձևով որքան է համընկնում իրական կուտակման հետ, վերարտադրության պրոցեսի ընդլայնման հետ։
Փողի փոխարկումը փոխատրելի փողային կապիտալի մի շատ ավելի հասարակ պատմություն է, քան փողի փոխարկումն արտադրողական կապիտալի։ Սակայն այստեղ մենք պետք է տարբերենք երկու բան.
1) փողի սոսկական փոխարկումը փոխատուական կապիտալի,
2) կապիտալի կամ եկամուտի փոխարկումն այնպիսի փողի, որը իր հերթին փոխատրելի կապիտալ է դառնում։
Միմիայն այս վերջին կետում նշած պայմանը կարող է իր մեջ պարփակել փոխատուական կապիտալի մի այնպիսի դրական կուտակում, որը համընկնում է արդյունաբերական կապիտալի իրական կուտակման հետ։
1) ՓՈՂԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՓՈԽԱՏՈՒԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ
Մենք արդեն տեսանք, որ կարող է տեղի ունենալ փոխաաուական կապիտալի մի կուտակում, մի գերառատություն, որն արտադրողական կուտակման հետ կապ ունի լոկ այն չափով, որչափով որ հակառակ հարաբերական է սրա նկատմամբ։ Այս տեղի է ունենում արդյունաբերական ցիկլի երկու փուլում, այսինքն, առաջին՝ այն ժամանակ, երբ արդյունաբերական կապիտալը, արտադրողական կապիտալի ու ապրանքային կապիտալի երկու ձևում, սեղմվում է, ուրեմն ճգնաժամին հաջորդող ցիկլի սկզբին, ու երկրորդ՝ այն ժամանակ, երբ գործերի լավացումն է սկսվում, բայց վաճառականական վարկը դեռ քիչ է դիմում բանկային վարկին։ Առաջին դեպքում փողային կապիտալը, որը առաջ կիրառվում էր արտադրության ու առևտրի մեջ, հանդես է գալիս իբրև անզբաղ փոխատուական կապիտալ. երկրորդ դեպքում նա հանդես է գալիս որպես բարձրացող չափով կիրառվող կապիտալ, բայց գործածվում է շատ ցած տոկոսադրույքով, որովհետև հիմա արդյունաբերական ու առևտրային կապիտալիստն է պայմաններ թելադրում փողային կապիտալիստին։ Աոաջին դեպքում փոխատուական կապիտալի գերառատությունն արտահայտում է արդյունաբերական կապիտալի լճացումը, իսկ երկրորդ դեպքում վաճառականական վարկի՝ բանկային վարկի նկատմամբ ունեցած հարաբերական անկախությունը, որը հիմնվում է կապիտալի անարգել ետհոսանքի, կարճ վարկաժամկետների ու գլխավորապես սեփական կապիտալով կատարվող աշխատանքների վրա։ Սպեկուլանտները, որոնք հույսները դնում են ուրիշի վարկային կապիտալի վրա, դեռ մարտադաշտ չեն դուրս եկել. մարդիկ, որոնք սեփական կապիտալով են աշխատում, դեռ շատ հեռու են գործառնություններից, որոնք համարյա լիովին վարկի միջոցով են կատարվում։ Առաջին փուլում փոխատուական կապիտալի գերառատությունն արտահայտում է իրական կուտակման ճիշտ հակառակը։ Երկրորդ փուլում նա համընկնում է վերարտադրության պրոցեսի նոր ընդարձակման հետ, ուղեկցում է սրան, բայց սրա պատճառը չէ։ Փոխատուական կապիտալի գերառատությունն արդեն նվազում է, միայն հարաբերական է՝ պահանջարկի հետ համեմատած։ Կուտակման իրական պրոցեսի ընդարձակմանը երկու դեպքում էլ նպաստում է այն հանգամանքը, որ ցած տոկոսը, որն առաջին դեպքում զուգադիպում է ցած գներին, իսկ երկրորդ դեպքում զուգադիպում է դանդաղորեն բարձրացող գներին, մեծացնում է շահույթի այն մասը, որը ձեռնարկուային շահույթի է փոխարկվում։ Այս է՛լ ավելի մեծ չափով տեղի է ունենում բարձր ծաղկման ժամանակաշրջանում, երբ տոկոսը բարձրանալով հասնում է իր միջին մակարդակին և երբ նա թեև աճած է լինում, բայց ոչ այնքան մեծ չափով, որքան շահույթը։
Մյուս կողմից՝ մենք տեսանք, որ փոխատուական կապիտալի կուտակումը կարող է տեղի ունենալ առանց որևէ իրական կուտակման, սոսկ տեխնիկական այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ բանկային գործի ընդարձակումն ու համակենտրոնացումը, շրջանառության պահեստի կամ մասնավոր անձերին պատկանող վճարման միջոցների պահեստաֆոնդի տնտեսումը, որոնք սրա հետևանքով շարունակ փոխարկվում են կարճ ժամկետներով փոխատուական կապիտալի։ Թեև այս փոխատուական կապիտալը, որը հենց այս պատճառով կոչվում է հոսուն կապիտալ (floating capital), միշտ միմիայն կարճ պարբերաշրջանների համար է փոխատուական կապիտալի ձև ընդունում (ինչպես և հենց միմիայն կարճ պարբերաշրջանների համար կարող է զեղչվել), այնուամենայնիվ նա միշտ առհոսում և ետհոսում է։ Եթե մեկը ստանում, մեջտեղից հանում է այս կապիտալը, մյուսը մուծում, մեջտեղ է բերում։ Այսպիսով, փոխատրելի փողային կապիտալի մասսան (մենք այստեղ խոսում ենք ընդհանրապես ոչ թե տարիներ տևող փոխառությունների, այլ այն կարճատև փոխառությունների մասին միայն, որոնք տրվում են մուրհակների ու գրավի դիմաց, իսկապես աճում է իրական կուտակումից բոլորովին անկախ։
B. C. 1857. հարցմունք 501. «Դուք ի՞նչ եք հասկանում floating capital ասելով»։ {Պարոն Վեգելինը՝ Անգլիայի բանկի կառավարիչը} «Այս այն կապիտալն է, որ կիրառելի է կարճ ժամանակով տրվող փողային փոխառությունների համար... (502) Անգլիայի բանկի... գավառական բանկերի բանկնոտներն ու երկրում առկա փողի գումարը»։— {Հարցմունք}. «Հանձնաժողովի ձեռին եղած վկայացուցմունքների համաձայն՝ երբ Դուք floating capital ասելով հասկանում եք ակտիվ շրջանառությունը {այն է՝ Անգլիայի բանկի բանկնոտները}, չի՞ թվում արդյոք, թե այս ակտիվ շրջանառության մեջ ինչ-որ շատ խոշոր տատանումն է տեղի ունենում»։ {Բայց շատ մեծ տարբերություն կա, նայած թե ակտիվ շրջանառությունն ով է ավանսավորում՝ արդյոք փողային վարկատո՞ւն, թե՞ հենց վերարտադրող կապիտալիստն ինքը։— Վեգելինի պատասխանը} «Ես floating capital-ի մեջ մտցնում եմ բանկիրների այն պահեստները, որոնց մեջ խոշոր տատանումն է լինում»։ Այս նշանակում է, ուրեմն որ խոշոր տատանում տեղի է ունենում ավանդների այն մասի նկատմամբ, որ բանկիրները նորից չեն փոխատրել, այլ որը գործում է իբրև սրանց պահեստ, իսկ մեծ մասամբ նաև որպես պահեստ Անգլիայի բանկի, որի մոտ նրանք ավանդատրված են։ Վերջապես, միևնույն պարոնն ասում է, իբր թե floating capital-ը bullion-ն է, այսինքն, ներկայացնում է ձույլեր ու մետաղե փող (503)։ Ընդհանրապես ապշեցուցիչ է, թե ինչպես փողային շուկայի այս վարկային խժդժաբանությունների մեջ քադաքատնտեսության բոլոր կատեգորիաները ուրիշ իմաստ և ուրիշ ձև են ստանում։ Floating capital-ն այնտեղ մի այլ արտահայտություն է circulating capital-ի [շրջանառու կապիտալի] համար, որն իհարկե բոլորովին ուրիշ բան է, և money-ը [փողը] capital է, և bullion-ը [ձույլերը] capital է, և բանկնոտները circulation [շրջանառություն] են, և կապիտալը a commodity [ապրանք] է, և պարտքերը commodities են, և fixed capital-ն [հիմնական կապիտալը] այն փողն է, որը ներդրվում է դժվար ծախվելիք թղթերի մեջ։
«Լոնդոնի ակցիոներական բանկերն... իրենց ավանդները 1847 թվի 8 850 774 £-ից ավելացնելով հասցրել են 1857 թվին 43 100 724 £-ի... Հանձնաժողովի ձեռի տակ եղած տվյալներն ու վկայացուցմունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ այս ահռելի գումարի մի խոշոր մասը վերցված է այնպիսի աղբյուրներից, որոնք առաջներում օգտագործելի չէին այս նպատակի համար, և որ բանկիրի մոտ հաշիվ բանալու և նրա մոտ փող ավանդադրելու սովորությունը տարածվել է բազմաթիվ դասակարգերի վրա, որոնք առաջներում այս եղանակով չէին գործադրում իրենց կապիտալը (!)։ Պարոն Ռոդուելլը, որը նախագահն է գավառական մասնավոր բանկերի միության {սրանք տարբերվում են ակցիոներական բանկերից} «և միության կողմից պատվիրակ է ուղարկված՝ հանձնաժողովի առջև ցուցմունքներ տալու, հաղորդում է, որ Իպսվիչի մարզում այս սովորությունը նորերումս համարյա քառապատիկ ավելացել է այդ շրջանի ֆերմերների ու մանր առևտրականների միջև. որ գրեթե բոլոր ֆերմերները, նույնիսկ նրանք, ովքեր տարեկան միմիայն 50 £ կապալավարձ են վճարում, հիմա ավանդներ են պահում բանկերում։ Այս ավանդների բազմությունն իրեն համար իհարկե ճանապարհ է գտնում ձեռնարկությունների մեջ գործադրվելու համար և ձգվում է հատկապես դեպի Լոնդոն, դեպի առևտրային գործունեության կենտրոնը, որտեղ նա ամենից առաջ գործածություն է գտնում մուրհակազեղչման մեջ ու Լոնդոնի բանկիրների կլիենտներին արվող ուրիշ փոխատվությունների մեջ։ Սակայն այդ ավանդների մեծ մասը, որի նկատմամբ բանկիրներն իրենք անմիջական պահանջարկ չունենք անցնում է billbroker-ների ձեռը, որոնք բանկիրներին փոխարենը տալիս են այնպիսի առևտրամուրհակներ, որ մի անգամ արդեն նրանք զեղչել են Լոնդոնում ու գավառներում զանազան մարդկանց համար»։ (B. C. 1858, էջ V.)։
Երբ բանկիրն այն մուրհակների դիմաց, որոնք billbroker-ը մի անգամ արդեն զեղչել է, այս billbroker-ին փոխատվություններ է ընձեռում, փաստորեն նա վերազեղչում է այդ մուրհակները. բայց իրականում այս մուրհակներից շատ շատերն արդեն վերազեղչած են լինում billbroker-ները, և միևնույն փողով, որով բանկիրը վերազեղչում է billbroker-ի մուրհակները, սա վերազեղչում է նոր մուրհակներ։ Ահա թե ինչի է հասցնում այս. «Ընդարձակված ֆիկտիվ վարկեր են ստեղծվում զեղչամուրհակների ու բլանկային վարկերի միջոցով, մի բան, որ շատ հեշտացավ գավառական ակցիոներական այն բանկերի գործելակերպի շնորհիվ, որոնք այսպիսի մուրհակները զեղչում էին և հետո էլ նույն մուրհակները Լոնդոնի շուկայում վերազեղչել էին տալիս billbroker-ների մոտ ու այն էլ միմիայն բանկի վարկունակության վրա հենված՝ հաշվի չառնելով մուրհակների մնացյալ որակները (ն. տ.)։
Այս վերազեղչման ու այն օժանդակության վերաբերմամբ, որ փոխատրելի փողային կապիտալի այս լոկ տեխնիկական ավելացումը ցույց է տալիս վարկային սպեկուլացիաների ժամանակ, հետաքրքրական է «Economist»-ից քաղած հետևյալ հատվածը. «Շատ տարիների ընթացքում կապիտալը {այն է՝ փոխատրելի փողային կապիտալը} երկրի մի քանի մարզերում կուտակվում էր ավելի արագ, քան կիրառվել կարող էր, այնինչ ուրիշ մարզերում նրա կիրառման միջոցներն ավելի արագ էին աճում, քան կապիտալն ինքը։ Մինչդեռ երկրագործական շրջաններում բանկիրները հնարավորություն չէին գտնում իրենց ավանդները շահութաբեր կերպով ու ապահովաբար ներդրելու իրենց սեփական մարզում, արդյունաբերական շրջանների ու առևտրական քաղաքների բանկիրները կապիտալի նկատմամբ պահանջարկ ավելի շատ էին ստանում, քան իրենք կարող էին մատակարարել։ Տարբեր մարզերում այս տարբեր դրությունների ներգործությունն այն հետևանքն ունեցավ, որ առաջ եկավ ու սրարշավ արագությամբ տարածվեց կապիտալի բաշխմամբ զբաղված ֆիրմաների մի նոր դասակարգ, որոնք թեև billbroker-ներ են կոչվում սովորաբար, իրականում սակայն ամենամեծ մասշտաբի բանկիրներ են։ Այս ֆիրմաների գործն այն է, որ որոշ ժամկետներով ու որոշ տոկոսներով վերցնում են ավելցուկային կապիտալ այն մարզերի բանկերից, որտեղ հիշյալ կապիտալը չէր կարող կիրառվել, այլ և ակցիոներական ընկերությունների ու վաճառականական տների ժամանակավորապես պարապ ընկած միջոցները, և այս ձևով ստացած փողն ավելի բարձր տոկոսով փոխատրում են այն մարզերի բանկերին, որտեղ կապիտալի պահանջն ավելի մեծ է, սովորաբար իրենց կլիենտների մուրհակները վերազեղչելու միջոցով... Այսպիսով ահա Lombardstreet-ը* [Տես 46 ծան. հետո] դարձավ այն մեծ կենտրոնը, որտեղ կատարվում է պարապ ընկած կապիտալի փոխանցումը երկրի այն մասից, որտեղ այն չի կարող օգտակար կերպով կիրառվել, դեպի մի ուրիշ մաս, որտեղ պահանջարկ կա նրա նկատմամբ. ըստ որում այս վերաբերում է ինչպես տարբեր մարզերին, այնպես էլ նման վիճակում գտնվող անհատներին։ Սկզբում այս ձեռնարկությունները գրեթե բացառապես սահմանափակված էին բանկի համար ընդունելի գրավի դիմաց տրվող փոխատվություններով ու փոխառություններով։ Բայց այնչափով, որով երկրի կապիտալն արագ աճեց և հիմնվող բանկերի շնորհիվ ավելի ու ավելի տնտեսվեց, այս զեղչատների տրամադրության տակ եղած ֆոնդերն այնքան մեծացան, որ հիշյալ զեղչատներն սկսեցին փոխատվություններ անել նախ dock warrants-ների (նավարաններում եղած ապրանքների պահեստանոցագրերի) ու հետո էլ այն բեռնագրերի դիմաց, որոնք դեռ բոլորովին տեղ չհասած արդյունքներ էին ներկայացնում, չնայած որ շատ անգամ, թեև ոչ իբրև կանոն, նրանց դիմաց արդեն մուրհակներ էին տրված լինում ապրանքամիջնորդների վբա։ Այս պրակտիկան շուտով փոխեց անգլիական առևտրի ամբողջ բնույթը։ Lombardstreet-ում այսպիսով ընձեռված դյուրությունները չափազանց ուժեղ դիրք տվին Mincing Lane-ում** [Տես 46 ծան. հետո] գործող ապրանքամիջնորդներին. սրանք էլ իրենց հերթին ամբողջ առավելությունը տվին ներմուծող վաճառականներին. այս վերջիններս այնքան բուռն կերպով մասնակցեցին հիշյալ գործին, որ մինչդեռ 25 տարի առաջ իր բեռնագրի կամ նույնիսկ իր dock warrants-ի դիմաց վերցրած փոխառությունը վաճառականի վարկը բոլորովին կկործաներ, վերջին տարիներում այս պրակտիկան այնքան ընդհանրական դարձավ, որ այն կարելի է ընդհանուր կանոն համարել ու ոչ թե հազվադեպ բացառություն, ինչպես որ էր 25 տարի առաջ։ Դեռ ավելին. այս սիստեմն այնչափ լայնորեն տարածվեց, որ Lonbardstreet-ում խոշոր գումարներ են վերցվում այնպիսի մուրհակներով, որոնք տրված են հեռավոր գաղութների դեռ չհնձած բերքի գրավադրությամբ։ Վարկային այս դյուրությունների հետևանքին այն եղավ, որ ներմուծող վաճառականներն ընդլայնեցին իրենց արտասահմանյան գործարքներն և իրենց հոսուն (floating) կապիտալը, որով նրանք մինչև հիմա վարել էին իրենց գործը, ներդրին բոլոր ձեռնարկություններից ամենախոտելիների մեջ՝ գաղութային պլանտացիաների մեջ, որոնց վրա նրանք քիչ վերահսկություն կարող էին ունենալ կամ թե բոլորովին չէին կարող ունենալ։ Այսպիսով մենք տեսնում ենք վարկերի ուղղակի շղթայակցումը։ Երկրի այն կապիտալը, որը մեր երկրագործական շրջաններում է ժողովված լինում, փոքրիկ գումարներով իբրև ավանդներ դրվում է մարզային բանկերի մեջ և բանեցվելու համար կենտրոնացվում է Lombardstreet-ում։ Բայց հիշյալ կապիտալը, տեղական բանկերին տրված մուրհակները վերազեղչելու միջոցով, օգտագործելի է դարձվել նախ մեր լեռնագործական ու արդյունաբերական շրջաններում գործն ընդարձակելու համար, իսկ հետո էլ՝ dock warrant-ների ու բեռնագրերի դիմաց ընձեռվող փոխատվություններով է՛լ ավելի մեծ դյուրություններ ապահովելու արտասահմանյան արդյունքներ ներմուծողների համար. այս ամենի հետևանքով ֆիրմաների՝ արտասահմանյան ու գաղութային ձեռնարկություններում ունեցած վաճառականական «օրինական» կապիտալը ազատվում է և կիրառվում ներդրման ամենախոտելի տեսակների՝ անդրօվկիանյան պլանտացիաների մեջ» («Economist», 1847, էջ 1334)։ Ահա այս է վարկերի «գեղեցիկ» խառնահյուսումը։ Գյուղացի ավանդատուն երևակայում է, թե ավանդադրում է իր բանկիրի մոտ միայն. այնուհետև նա երևակայում է, թե երբ այդ բանկիրը վարկ է տալիս, այս անում է միայն բանկիրին ծանոթ մասնավոր անձերին։ Բայց ավանդատուն ամենահեռավոր պատկերացում անգամ չի ունենում այն մասին, որ իր ավանդն այս բանկիրը դնում է Լոնդոնի մեկ billbroker-ի տրամադրության տակ, որի գործառնությունների վրա երկուսն էլ ամենաչնչին վերահսկություն անգամ չունեն։
Մենք արդեն տեսել ենք, թե հասարակական խոշոր ձեռնարկությունները, օրինակ, երկաթուղային շինարարությունը, ինչպես կարող են ժամանակավորապես ավելացնել փոխատուական կապիտալը նրանով, որ մուծված գումարները, մինչև սրանց իրական գործադրումը, միշտ բանկիրների տրամադրության տակ են թողնում մի որոշ ժամանակ։
Փոխատուական կապիտալի մասսան սակայն բոլորովին տարբեր է շրջանառության քանակից։ Շրջանառության քանակ ասելով մենք այստեղ հասկանում ենք տվյալ երկրում գտնվող և շրջանառող բանկնոտների ու ամբողջ մետաղե փողի, ներառյալ նաև ազնիվ մետաղի ձույլերի գումարը։ Այս քանակի մի մասը կազմում է բանկերի պահեստը, որը միշտ փոփոխվում է ըստ իր մեծության։
«1857 թվի նոյեմբերի 12-ին {1844 թվի բանկային օրենքի ժամանակավոր կասեցման օրը} Անգլիայի բանկի, մեջն առած բոլոր բաժանմունքների, ամբողջ պահեստը կազմում էր ընդամենը 580 751 £. ավանդների գումարը նույն ժամանակ հավասար էր 22½ միլիոն £-ի, որից մոտ 6½ միլիոնը Լոնդոնի բանկիրներին էր պատկանում»։ (B. A. 1858, էջ LVII.)։
Տոկոսադրույքի տատանումները (մի կողմ թողնելով ավելի երկար պարբերաշրջաններում կատարվող փոփոխությունները կամ թե տարբեր երկրների տոկոսադրույքի տարբերությունը. առաջինները պայմանավորված են շահույթի ընդհանրական նորմայի փոփոխություններով, երկրորդները՝ շահույթի նորմայի ու վարկի զարգացման տարբերություններով) կախված են (մյուս բոլոր հանգամանքները՝ վստահության աստիճանը և այլն, նույնը ենթադրելով) փոխատուական կապիտալի առաջարկից, այսինքն կապիտալի, որը փոխատրվում է փողի՝ մետաղե փողի ու բանկնոտների ձևով ի տարբերություն արդյունաբերական կապիտալից, որն իբրև այսպիսին, ապրանքի ձևով, առևտրային վարկի միջոցով փոխատրվում է բուն վերարտադրության գործակալների շրջանում։
Բայց և այնպես այս փոխատրելի փողային կապիտալի մասսան տարբեր է և անկախ է շրջանառող փողի մասսայից։
Եթե, օրինակ, 20 £-ն օրական հինգ անգամ փոխատրվեր, ապա փոխատրված կլիներ 100 £-անոց մի փողային կապիտալ, և այս միաժամանակ կնշանակեր որ այս 20 £-ը, բացի սրանից, առնվազը չորս անգամ իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց գործած կլիներ. որովհետև եթե այս կատարվեր առանց գնման ու վճարման միջնորդագործման, այնպես որ նա առնվազը չորս անգամ չներկայացներ կապիտալի (ապրանքի, սրա տակ հասկանալով բանվորական ուժն էլ) փոխակերպված ձեր, ապա նա ոչ թե 100 £-անոց մի կապիտալ կկազմեր, այլ 20-ական £-անոց հինգ պահանջ միայն։
Զարգացած վարկ ունեցող երկրների նկատմամբ մենք կարող ենք ընդունել, որ փոխատվության համար տրամադրելի ամբողջ փողային կապիտալն ավանդների ձևով գտնվում է բանկերի ու այն անձանց մոտ, որոնք փող են փոխատրում։ Այս վերաբերում է վարկային գործառնություններին գոնե ընդհանրապես ու ամբողջությամբ առած։ Բացի սրանից՝ գործերի լավ ժամանակներում, քանի դեռ չի ծավալվել բուն սպեկուլացիան, հեշտությամբ վարկեր ստանալու և աճող վստահության միջոցին շրջանառության ֆունկցիաների ամենամեծ մասը գլուխ է բերվում վարկի հասարակ փոխանցմամբ, առանց մետաղե կամ թղթե փողի միջամտության։
Մեծ ավանդագումարների գոյացման սոսկական հնարավորությունը, շրջանառության միջողների համեմատաբար փոքր քանակի դեպքում, կախված է բացառապես.
1) այն գնումների ու վճարումների թվից, որոնք կատարվում են փողի միևնույն միավորի միջոցով,
2) փողի միավորի այն վերադարձերի թվից, որով նա իբրև ավանդ ետ է գալիս բանկերը, ըստ որում նրա որպես գնելամիջոցի ու վճարամիջոցի կրկնվող ֆունկցիան կենսագործվում է նրա մի նոր փոխարկումով ավանդի։ Օրինակ, մի մանրածախ առևտրական բանկիրի մոտ փողով ավանդադրում է շաբաթական 100 £. բանկիրը սրանով հատուցում է գործարանատիրոջ ավանդի մի մասը. գործարանատերն այս վճարում է իր բանվորներին. սրանք նրանով վճարում են մանրածախ առևտրականին, որն այդ գումարը նորից ավանդադրում է բանկում։ Այսպիսով ուրեմն մանրածախ առևտրականի ավանդադրած 100 £-ը ծառայել է առաջին՝ գործարանատիրոջ ավանդը հատուցելու, երկրորդ՝ բանվորներին վճարելու, երրորդ՝ հենց մանրածախ առևտրականին իրեն վճարելու, չորրորդ՝ միևնույն մանրածախ առևտրականի փողային կապիտալի մի նոր մասն ավանդադրելու համար. ըստ այսմ 20 շաբաթվա վերջում, եթե նա ոչինչ ետ չգանձեր այս փողի դիմաց, միևնույն 100 £-ով բանկիրի մոտ այսպիսով ավանդադրած կլիներ 2 000 £։
Թե այս փողային կապիտալը որ չափով է անզբաղ մնում, երևում է բանկերի պահեստաֆոնդի արտահոսումից ու ներհոսումից միայն։ Այստեղից պարոն Վեգելինը, Անգլիայի բանկի 1857 թվի կառավարիչը, եզրակացնում է, թե Անգլիայի բանկում եղած ոսկին «միակ» պահեստակապիտալն է.— «1258. Իմ կարծիքով՝ զեղչանորման փաստորեն որոշվում է անզբաղ կապիտալի այն քանակով, որն առկա է երկրում։ Անզբաղ կապիտալի գումարը ներկայացնում է Անգլիայի բանկի պահեստը, որը փաստորեն ոսկու պահեստ է։ Հետևաբար, երբ ոսկին արտահոսում է, սրանով նվազում է անզբաղ կապիտալի գումարը երկրում և այս պատճառով բարձրացվում է նրա մնացած մասի արժեքը։— 1364. Անգլիայի բանկի ոսկու պահեստը հիրավի այն կենտրոնական պահեստն է կամ կանխիկ փողի պահեստը, որի պատվանդանի վրա հոսում է երկրի ամբողջ կյանքը... Այս է այն պաշարը կամ պահեստամբարը, որի վրա միշտ ներգործություն է անում արտասահմանյան մուրհակակուրսը»։ («Report on Bank Acts», 1857)։
Իսկական կապիտալի, այսինքն արտադրողական ու ապրանքային կապիտալի կուտակման մասշտաբը տալիս է արտահանման ու ներմուծման վիճակագրությունը։ Եվ այստեղ անգլիական արդյունաբերության՝ տասնամյա ցիկլերով ընթացող զարգացման պարբերաշրջանների (1815—1870) համար միշտ պարզվում է, որ յուրաքանչյուր անգամ ճգնաժամից առաջ եղած վերջին ծաղկման փուլի մաքսիմումը երևան է գալիս իբրև հաջորդ ծաղկման փուլի մինիմում, որպեսզի հետո մի նոր, շատ ավելի բարձր մաքսիմումի հասնի։
Մեծ Բրիտանիայից ու Հոլանդիայից արտահանված արդյունքների իրական կամ թե հայտարարված արժեքը ծաղկման տարում, 1824 թվին, 40 396 300 £ էր։ Այնուհետև, 1825 թվի ճգնաժամի կապակցությամբ, արտահանման ծավալն ընկնում է այս գումարից ցած և տատանվում է տարեկան 35 ու 39 միլիոնների միջև։ 1834 թվին վերադարձող ծաղկման հետ նա բարձրանում է առաջվա ամենաբարձր մակարդակից վեր՝ հասնելով 41 649 191 £-ի, իսկ 1836 թվին հասնում է 53 368 571 £-անոց նոր մաքսիմումի։ 1837 թվին նա նորից ընկնում է մինչև 42 միլիոն, այնպես որ նոր մինիմումն արդեն ավելի բարձր է կանգնած, քան հին մաքսիմումը, և այնուհետև տատանվում է 50 ու 53 միլիոնների միջև։ Ծաղկման վերադարձը 1844 թվին բարձրացնում է արտահանման գումարը՝ հասցնելով 58½ միլիոնի, որ 1836 թվի մաքսիմումից արդեն էլի շատ է գերազանցում։ 1845 թվին արտահանումն հասնում է 60 111 082 £-ի. հետո 1846 թվին ընկնում է մինչև 57 միլիոնից մի քիչ ավելի, 1847 թվին՝ համարյա 59 միլիոն, 1848 թվին՝ մոտ 53 միլիոն, 1849 թվին բարձրանալով հասնում է 63½ միլիոնի, 1853 թվին՝ համարյա 99 միլիոն, 1854 թվին՝ 97 միլիոն, 1855 թվին՝ 94½ միլիոն, 1856 թվին՝ համարյա 116 միլիոն, իսկ 1857 թվին հասնում է մաքսիմումին՝ 122 միլիոնի։ 1858 թվին արտահանումն ընկնում է մինչև 116 միլիոն, բայց արդեն 1859 թվին բարձրանում է 130 միլիոնի. 1860-ին՝ համարյա 136 միլիոն, 1861 թվին՝ ընդամենը 125 միլիոն (այստեղ նոր մինիմումը դարձյալ բարձր է նախորդ մաքսիմումից), 1863 թվին՝ 146½ միլիոն։
Միևնույնը կարող էր հավաստվել իհարկե ներմուծման վերաբերմամբ ևս, որը ցույց է տալիս շուկայի ընդարձակումը. այստեղ մենք գործ ունենք լոկ արտադրության մասշտաբի հետ։ {Ինքնըստինքյան հասկանալի է, որ Անգլիայի վերաբերմամբ այս ճիշտ է փաստական արդյունաբերական մոնոպոլիայի ժամանակաշրջանի համար միայն. բայց այս ճիշտ է նաև արդի խոշոր արդյունաբերություն ունեցող երկրների ամբողջության վերաբերմամբ ընդհանրապես, քանի դեռ համաշխարհային շուկան ընդարձակվում է։— Ֆ. Է.}։
2) ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՓՈՂԻ, ՈՐԸ ՓՈԽԱՏՈՒԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ.
Մենք այստեղ քննարկում ենք փողային կապիտալի կուտակումը, որչափով որ նա ո՛չ վաճառականական վարկի ընթացքի կանգառման արտահայտություն է, ո՛չ էլ սակայն մի անտեսման արտահայտություն, լինի սա վերարտադրությամբ զբաղված գործակալների իրոք շրջանառող միջոցների, թե նրանց պահեստակապիտալի տնտեսում, միևնույն է։
Բացի այս երկու դեպքից փողային կապիտալի կուտակումը կարող է առաջ գալ ոսկու արտասովոր առհոսման հետևանքով, ինչպես այդ տեղի ունեցավ 1852 ու 1853 թվերին ավստրալիական ու կալիֆորնիական նոր ոսկու հանքարանների հայտնագործման հետևանքով։ Այս ոսկին ավանդադրվում էր Անգլիայի բանկում։ Ավանդատուները ոսկու փոխարենը վերցնում էին բանկնոտներ, որոնք նորից չէին ավանդադրում ուղղակի բանկիրների մոտ։ Սրա հետևանքով արտակարգորեն ավելանում էր շրջանառող միջոցների քանակությունը (Վեգելինի ցուցմունքը, B. C. 1857, № 1329)։ Բանկն աշխատում էր այս ավանդներն օգտագործել՝ զեղչը 2% իջեցնելով։ Բանկում կուտակված ոսկու մասսան 1853 թվի վեց ամսում բարձրացավ 22—23 միլիոնի։
Փող փոխատրող կապիտալիստների մոտ կուտակումն, ինքնին հասկանալի է, միշտ կատարվում է անմիջաբար փողի ձևով, այնինչ մենք արդեն տեսել ենք, արդյունաբերական կապիտալիստների մոտ իսկական կուտակումն իբրև կանոն տեղի է ունենում վերարտադրողական կապիտալի տարրերի մեծացման միջոցով։ Այսպիսով, վարկի զարգացումն ու փողի փոխատրման գործի վիթխարի համակենտրոնացումը խոշոր բանկերում պետք է ինքնըստինքյան արդեն արագացնեն փոխատրելի կապիտալի կուտակումն իբրև իսկական կուտակումից տարբեր մի ձև։ Հետևաբար, փոխատուական կապիտալի այս արագ զարգացումն իսկական կուտակման մի արգասիք է, որովհետև նա վերարտադրության պրոցեսի զարգացման հետևանք է, իսկ շահույթը, որն այս փողային կապիտալիստների կուտակման աղբյուրն է կազմում, լոկ մի հանուրդ է վերարտադրողների կորզած հավելյալ արժեքից (միաժամանակ՝ ուրիշների խնայությունների տոկոսների մի մասի յուրացումը)։ Փոխատուական կապիտալը կուտակվում է արդյունաբերողների ու առևտրականների հաշվին միաժամանակ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես արդյունաբերական ցիկլի անբարենպաստ փուլերում տոկոսադրույքը կարող է այն աստիճան բարձրանալ, որ ժամանակավորապես կլանի մի քանի հատկապես ձախող պայմանների մեջ դրված ձեռնարկաճյուղերի շահույթն ամբողջովին։ Միաժամանակ ընկնում են պետական ֆոնդերի և ուրիշ արժեթղթերի գները։ Սա այն մոմենտն է, երբ փողային կապիտալիստները մեծաքանակ գնում են այս արժեքազրկված թղթերը, որոնք հետագա փուլերում շուտով էլի բարձրանում են մինչև իրենց նորմալ մակարդակն ու սրանից էլ վեր։ Այն ժամանակ այդ թղթերը նորից ծախծխվում են, և այսպիսով հասարակության փողային կապիտալի մի մասը յուրացվում է։ Թղթերի այն մասը, որը չի ծախծխվում, իր տերերին ավելի բարձր տոկոսներ է բերում, որովհետև գնից ցած է գնվել։ Բայց այն ամբողջ շահույթը, որ կորզում են փողային կապիտալիստները և որը նրանք կապիտալի են ետփոխարկում, նրանք ամենից առաջ դարձնում են փոխատրելի փողային կապիտալ։ Ուստի վերջինիս կուտակումն իբրև իսկական կուտակումից տարբեր, թեև նրանով պայմանավորված, հանդես է գալիս արդեն, որքան որ խոսքը վերաբերում է միայն փողային կապիտալիստներին, բանկիրներին և այլն, լոկ որպես կապիտալիստների այս առանձին դասակարգի կուտակում։ Եվ փողային կապիտալի կուտակումը պետք է աճի վարկային գործի ամեն մի ընդարձակման հետ, որն ուղեկցում է վերարտադրության պրոցեսի իրական ընդլայնմանը։
Եթե տոկոսադրույքը ցած է կանգնած, ապա փողային կապիտալի այս արժեքազրկումը դիպչում է գլխավորապես ավանդատուներին, բայց ոչ բանկերին։ Բաժնետիրական բանկերի զարգացումից առաջ Անգլիայում բոլոր ավանդների ¾-ը անտոկոս պառկած էին լինում բանկերում։ Եթե հիմա նրանց համար տոկոս է վճարվում, սա առնվազը 1%-ով ավելի պակաս է օրվա տոկոսադրույքից։
Ինչ վերաբերում է փողի կուտակմանը կապիտալիստների մնացած դասակարգերի կողմից, ապա մենք մի կողմ ենք թողնում կապիտալի այն մասը, որը ներդրվում է տոկոսաբեր թղթերի մեջ և կուտակվում է այս ձևով։ Մենք քննարկում ենք սոսկ այն մասը, որն իբրև փոխատրելի փողային կապիտալ շուկա է նետվում։
Մենք այստեղ մեր առջև ունենք նախ շահույթի այն մասը, որը չի ծախսվում որպես եկամուտ, այլ նախանշվում է կուտակելու համար, բայց որի համար արդյունաբերական կապիտալիստները միառժամանակ ոչ մի գործադրություն չեն գտնում իրենց սեփական ձեռնարկության մեջ։ Այս շահույթն անմիջաբար մտնում է ապրանքային կապիտալի մեջ, որի արժեքի մի մասն է կազմում նա և որի հետ իրացվելով, փողի է փոխարկվում։ Եթե շահույթը (մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականին, որի մասին առանձին խոսելու ենք) ետ չի փոխարկվում ապրանքային կապիտալի արտադրատարրերի, ապա նա պետք է մի առժամանակ իր գոյությունը շարունակի փողի ձևով։ Այս մասսան աճում է բուն իսկ կապիտալի մասսային զուգընթաց, նույնիսկ շահույթի նորմայի անկման դեպքում։ Այն մասը, որը ծախսվելու է իբրև եկամուտ, աստիճանաբար սպառվում է, բայց միջնակա ժամանակում որպես ավանդ փոխատուական կապիտալ է գոյացնում բանկիրի մոտ։ Այսպիսով ուրեմն, շահույթի մինչև անգամ իբրև եկամուտ ծախսվող մասի աճումն հանդես է գալիս որպես փոխատուական կապիտալի աստիճանական, մշտապես կրկնվող մի կուտակում։ Նույնը պետք է ասել մյուս մասի մասին, որը նախանշված է կուտակման համար։ Հետևաբար, վարկային գործի ու սրա կազմակերպության զարգանալու հետ հենց եկամտի աճումն, այսինքն՝ արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների սպառման աճումն արտահայտվում է իբրև փոխատուական կապիտալի կուտակումն։ Եվ այս ճիշտ է բոլոր եկամուտների վերաբերմամբ, որչափով որ նրանք կամաց-կամաց սպառվում են, ուրեմն հողային ռենտայի, իր ավելի բարձր ձևերով հանդես եկող աշխատավարձի, անարտադրողական դասակարգերի եկամուտների և այլոց վերաբերմամբ։ Նրանք բոլորը մի որոշ ժամանակի համար փողային եկամուտի ձև են ընդունում, ուստի և կարող են փոխարկվել ավանդների ու սրանով էլ՝ փոխատուական կապիտալի։ Բոլոր եկամուտների վերաբերմամբ,— նախանշած լինեն սրանք սպառման, թե կուտակման համար, միևնույն է,— քանի որ նրանք գոյություն են ունենում որևէ փողային ձևով, ճիշտ է այն դրույթը, թե դրանք ապրանքային կապիտալի արժեքի՝ փողի փոխարկված մեկ մասն են և ուրեմն իսկական կուտակման արտահայտություն ու հետևանք են, և ոչ թե բուն իսկ արտադրողական կապիտալ։ Եթե մանագործարանատերը իր մանվածքը փոխանակել է բամբակի հետ, իսկ այն մասը, որ եկամուտ է կազմում, փողի հետ, ապա նրա արդյունաբերական կապիտալի իրական կեցությունը մանվածքն է, որն անցել է մանածագործի կամ թե հենց, ասենք, մասնավոր սպառորդի ձեռը, և ընդ սմին մանվածքը,— սա վերարտադրության համար լինի, թե սպառման համար, միևնույն է,— թե՛ կապիտալային արժեքի ու թե նրանում պարունակվող հավելյալ արժեքի կեցությունն է։ Փողի փոխարկված հավելյալ արժեքի մեծությունը կախված է մանվածքում պարունակված հավելյալ արժեքի մեծությունից։ Բայց հենց որ հավելյալ արժեքը փողի է փոխարկված, ապա փողը հանդիսանում է այդ հավելյալ արժեքի արժեքային կեցությունը [das Werthdasein] միայն։ Եվ իբրև այսպիսին նա դառնում է փոխատուական կապիտալի մի մոմենտ։ Սրա համար ուրիշ ոչինչ հարկավոր չէ, բացի նրանից, որ այդ փողը ավանդի փոխարկվի, եթե այն արդեն չի փոխատրվել հենց իր տիրոջ ձեռով։ Իսկ արտադրողական կապիտալի ետփոխարկվելու համար, փողի այդ գումարը պետք է, ընդհակառակը, հասած լինի մի որոշ նվազագույն սահմանի։
ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ III (ՎԵՐՋ)
Փողի այն մասսան, որ նախանշված է այս եղանակով կապիտալի ետփոխարկվելու, վերարտադրության մասսայական պրոցեսի հետևանք է, բայց ըստինքյան քննած, իբրև փոխատուական կապիտալ, նա վերարտադրողական կապիտալի բուն իսկ մասսա չէ։
Մինչև հիմա շարադրածից ամենակարևորն այն է, որ եկամտի այն մասի ընդարձակումը, որը նախանշված է լինում սպասման համար (ընդ որում բանվորին մի կողմ ենք թողնում, որովհետև նրա եկամուտը = է փոփոխուն կապիտալին),— ներկայանում է ամենից առաջ իբրև փողային կապիտալի կուտակում։ Հետևաբար, փողային կապիտալի կուտակման մեջ մտնում է մեկ մոմենտ, որն էապես տարբեր է արդյունաբերական կապիտալի իսկական կուտակումից, որովհետև տարեկան արդյունքի այն մասը, որը նախանշված է սպասման համար, կապիտալ չի դառնում ոչ մի կերպ։ Նրա մի մասով փոխհատուցվում է կապիտալը, այն է՝ սպառման միջոցներ արտադրողների հաստատուն կապիտալը, բայց որչափով որ նա իրոք կապիտալի է փոխարկվում, նա գոյություն է ունենում այս հաստատուն կապիտալն արտադրողների եկամտի բնաձևով։ Միևնույն փողը, որ եկամուտ է ներկայացնում և որը ծառայում է իբրև սպասման սոսկական միջնորդ, որոշ ժամանակամիջոցի համար կանոնավորապես փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի։ Որչափով որ այս փողն աշխատավարձ է ներկայացնում, նա փոփոխուն կապիտալի փողային ձևն է միաժամանակ. իսկ որչափով որ սպասման միջոցներ արտադրողների հաստատուն կապիտալն է փոխհատուցում, նա այն փողային ձևն է, որ ժամանակավորապես ընդունում է նրանց հաստատուն կապիտալը և ծառայում է նրանց փոխարինելի հաստատուն կապիտալի բնատարրերը գնելու համար։ Նա ոչ մեկ ու ոչ էլ մյուս ձևում կուտակում չի արտահայտում, թեև նրա մասսան աճում է վերարտադրության պրոցեսի ծավալի հետ։ Բայց նա փոխատրելի փողի, ուրեմն փողային կապիտալի ֆունկցիա է կատարում ժամանակավորապես։ Հեաևաբար, այս կողմից նայած՝ փողային կապիտալի կուտակումը միշտ պետք է կապիտալի մի ավելի մեծ կուտակում արտացոլի, քան իրականում կատարվող կուտակումն է, որովհետև անհատական սպառման ընդարձակումը, փողով միջնորդագործվելու հետևանքով, երևան է գալիս իբրև փողային կապիտալի կուտակում, որովհետև նա փողային ձև է մատակարարում իսկական կուտակման համար, փողի համար, որը կապիտալի ներդրման նոր ասպարեզներ է բացում։
Այսպիսով, ուրեմն, փոխատրելի փողային կապիտալի կուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում մասամբ, բայց եթե այն իրողությունը, որ յուրաքանչյուր փող, որին փոխարկվում է արդյունաբերական կապիտալը իր շրջապտույտի պրոցեսում, ընդունում է ոչ թե այն փողի ձևը, որ վերարտադրողները կանխավճարում են, այլ այն փողինը, որ նրանք պարտք են վերցնում. այնպես որ իրականում փողի այն կանխավճարումը, որը պետք է կատարվի վերարտադրության պրոցեսում, հանդես է գալիս իբրև փոխատրած փողի կանխավճարում։ Վաճառականական վարկի պատվանդանի վրա իրապես մեկը մյուսին փոխատրում է այն փողը, որի կարիքը նա ունի վերարտադրության պրոցեսում։ Բայց այս պարագան այնպիսի ձև է ընդունում, որ բանկիրը, որին փող է փոխատրում վերարտադրողների մի մասը, հիշյալը փոխատրում է վերարտադրողների մի ուրիշ մասին, ընդ որում բանկիրն այս դեպքում ներկայանում է իբրև ամեն բարիք շնորհող և միաժամանակ այս կապիտալի տնօրինությունն ամբողջովին ընկնում է բանկիրների որպես միջնորդ անձերի ձեռը։
Հիմա պիտի նշել փողային կապիտալի կուտակման մի քանի հատուկ ձևեր էլ։ Կապիտալն ազատվում է, օրինակ, արտադրատարրերի, հումքերի և այլոց գնի անկման հետևանքով։ Եթե արդյունաբերողն անմիջապես չի կարող իր վերարտադրության պրոցեսն ընդարձակել, ապա նրա փողային կապիտալի մի մասն իբրև ավելցուկ դուրս է շպրտվում շրջապտույտից և վերածվում է փոխատրելի փողային կապիտալի։ Բայց, բացի դրանից, կապիտալն ազատվում է փողի ձևով, հատկապես վաճառականի մոտ, երբ ընդհատումներ են վրա հասնում նրա գործում։ Եթե վաճառականը մի շարք գործարքներ է կատարել և այսպիսի ընդհատումների հետևանքով կարող է ուշ միայն գործարքների մի նոր շարք սկսել, ապա իրացված փողը նրա համար լոկ գանձ, ավելցուկ կապիտալ է ներկայացնում։ Բայց այդ փողը միաժամանակ ու անմիջաբար ներկայացնում է փոխատրելի փողային կապիտալի կուտակում։ Առաջին դեպքում փողային կապիտալի կուտակումն արտահայտում է վերարտադրության պրոցեսի մի կրկնություն ավելի նպաստավոր պայմաններում, մինչ այդ կապված կապիտալի մի մասի իսկական ազատարձակում, հետևաբար, վերարտադրության պրոցեսը միևնույն փողային միջոցներով ընդլայնելու հնարավորություն։ Իսկ երկրորդ դեպքում, ընդհակառակն, արտահայտում է գործարքների հոսանքի սոսկական ընդհատում։ Սակայն երկու դեպքում էլ փողը փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի, սրա կուտակումն է ներկայացնում, հավասարապես ներգործում է փողային շուկայի ու տոկոսադրույքի վրա, թեև առաջին դեպքում արտահայտում է իսկական կուտակման պրոցեսի առաջմղում, երկրորդ դեպքում՝ նույնի արգելակում։ Վերջապես, փողային կապիտալի կուտակում մեջտեղ է գալիս այն մարդկանց քանակության շնորհիվ, որոնք մի գիրուկ կարողություն են դիզած լինում և թողնում են վերարտադրության ասպարեզը։ Որքան ավելի շատ շահույթներ են ստացվում արդյունաբերական ցիկլի ընթացքում, այնքան ավելի մեծ է այդ մարդկանց թիվը։ Փոխատրելի փողային կապիտալի կուտակումն այստեղ արտահայտում է մի կողմից՝ իսկական կուտակում (ըստ իր հարաբերական ծավալի), մյուս կողմից՝ արտահայտում է լոկ այն չափը, որով արդյունաբերական կապիտալիստները սոսկական փողային կապիտալիստներ են դառնում։
Արդ, ինչ վերաբերում է շահույթի այն մյուս մասին, որը չի նախանշված իբրև եկամուտ՝ սպառման համար, ապա այդ մասը փողային կապիտալի փոխարկվում է այն դեպքում միայն, երբ չի կարողանում անմիջաբար կիրառվել ձեռնարկությունն ընդլայնելու համար արտադրության այն ոլորտում, որտեղ ձեռք է բերվել։ Այս կարող է երկու պատճառից առաջ գալ։ Կա՛մ նրանից, որ այս արտադրության ոլորտը հագեցած է կապիտալով։ Կա՛մ էլ նրանից, որ կուտակված գումարը իբրև կապիտալ գործել կարողանալու համար նախ պետք է մի հայտնի չափի հասած լինի, նայած այս որոշ ձեռնարկության մեջ նոր կապիտալի ներդրման քանակային հարաբերություններին։ Հետևաբար, կուտակված գումարը նախ փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի և ծառայում է ուրիշ ոլորտներում եղած արտադրությունն ընդլայնելու համար։ Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով՝ շահույթի այն մասսան, որը նախանշված է կապիտալի ետփոխարկվելու համար, կախումն ունի ստացված ամբողջ շահույթի մասսայից և, ուրեմն, բուն իսկ վերարտադրության պրոցեսի ընդարձակումից։ Իսկ եթե այս նոր կուտակված գումարն իր գործադրման ասպարեզում բախվում է դժվարությունների, ներդրման ոլորտների պակասության, ուրեմն, եթե արտադրության ճյուղերի գերալցում ու փոխատուական կապիտալի գերառաջարկ է տեղի ունենում, ապա փոխատրելի փողային կապիտալի այս գերառատությսւնն ուրիշ ոչինչ չի ապացուցում, քան կապիտալիստական արտադրության սահմանափակ բնույթը։ Հաջորդող վարկային աժիոտաժը երևան է հանում, որ այս ավելցուկ կապիտալի գործադրման համար ոչ մի դրական արգելք չկա։ Բայց մի արգելք կա կապիտալի արժեքի մեծացման օրենքների հետևանքով, այն սահմանների հետևանքով, որոնց շրջանակներում կապիտալը կարող է որպես կապիտալ իր արժեքով մեծանալ։ Փողային կապիտալի իբրև այսպիսու գերառատությունը չի արտահայտում անհրաժեշտորեն գերարտադրություն, ոչ էլ լոկ կապիտալի կիրառման ոլորտների պակասություն։
Փոխատուական կապիտալի կուտակումը պարզապես այն է, որ փողը տակն է սուզվում իբրև փոխատրելի փող։ Այս պրոցեսը բոլորովին տարբեր է իսկապես կապիտալի փոխարկվելուց. այս՝ փողի կուտակումն է լոկ մի այնպիսի ձևով, որով նա կարող է կապիտալի փոխարկվել։ Բայց այս կուտակումը, ինչպես ցույց ենք տվել, կարող է արտահայտել այնպիսի մոմենտներ, որոնք շատ տարբեր են իսկական կուտակումից։ Իսկական կուտակման մշտական ընդլայնման պայմաններում փողային կապիտալի այս ընդլայնված կուտակումը կարող է մասամբ նրա հետևանքը լինել, մասամբ՝ նրան ուղեկցող մոմենտների հետևանքը, ընդ որում այս մոմենտները բոլորովին տարբեր են նրանից, մասամբ էլ վերջապես՝ իսկական կուտակման նույնիսկ կանգառումների հետևանքը։ Արդեն հենց այն պատճառով, որ փոխատուական կապիտալի կուտակումը ընդլայնվում է այսպիսի մոմենտների հետևանքով, որոնք անկախ են իսկական կուտակումից, բայց և այնպես ուղեկցում են սրան,— պետք է ցիկլի որոշ փուլերում փողային կապիտալի գերառատություն տեղի ունենա, և այս գերառատությունը պետք է զարգանա վարկի զարգանալու հետ։ Ուրեմն, այս գերառատության հետ միաժամանակ պիտի սաստկանա արտադրության պրոցեսը իր կապիտալիստական սահմաններից դենը մղելու անհրաժեշտությունը՝ գերառևտուր, գերարտադրություն, գերվարկ։ Միաժամանակ այս միշտ կատարվելու է անխուսափելիորեն այնպիսի ձևերով, որոնք հակաշարժում են ասպարեզ կոչում։
Ինչ վերաբերում է հողային ռենտայից, աշխատավարձից և այլնից գոյացող փողային կապիտալի կուտակմանը, ապա այդ հարցի վրա կանգ առնելն այստեղ ավելորդ է։ Միմիայն պետք է ընդգծել այն մոմենտը, որ (գանձահավաքների ձեռքով կատարվող) իսկական տնտեսման ու ժուժկալման գործը, որչափով որ սա կուտակման տարրեր է մատակարարում, կապիտալիստական արտադրության առաջադիմելու ընթացքում աշխատանքի բաժանման հետևանքով թողնվում է նրանց, ովքեր այսպիսի տարրերի մինիմումն են ստանում և բավական հաճախ կորցնում են դեռ իրենց խնայածն էլ, ինչպես օրինակ բանվորները՝ բանկերի սնանկությունների դեպքում։ Մի կողմից՝ արդյունաբերական կապիտալիստի կապիտալը նրա ձեռով չի «տնտեսում», այլ այս կապիտալիստը իր կապիտալի մեծության համեմատ տնօրինում է ուրիշների տնտեսումները. մյուս կողմից՝ փողային կապիտալիստն ուրիշների տնտեսումները դարձնում է իր կապիտալը և իր մասնավոր հարստացման աղբյուր է դարձնում այն վարկը, որ վերարտադրողական կապիտալիստները տալիս են միմյանց, իսկ սրանց տալիս է հասարակությունը։ Սրանով խորտակվում է կապիտալիստական սիստեմի այն վերջին պատրանքը, որ իբր թե կապիտալը սեփական աշխատանքի ու տնտեսման պտուղ է։ Ո՛չ միայն շահույթն է ուրիշի աշխատանքի յուրացում, այլև կապիտալը, որով ուրիշի այս աշխատանքը շարժման մեջ է դրվում և շահագործվում, կազմված է ուրիշի սեփականությունից, որ փողային կապիտալիստը դնում է արդյունաբերական կապիտալիստի տրամադրության տակ և որի դիմաց նա իր հերթին շահագործում է սրանց։
Մեզ մնում է մի քանի նկատողություն անել վարկային կապիտալի մասին։
Թե փողի միևնույն միավորը որքան հաճախ կարող է գործել իբրև փոխատուական կապիտալ, այս, ինչպես վերևում արդեն շարադրել ենք, ամբողջովին կախված է նրանից, թե՝
1) նա որքան հաճախ է ապրանքարժեքներ իրացնում վաճառման կամ թե վճարման ժամանակ, այսինքն որքան հաճախ է փոխանցում կապիտալը, իսկ հետո նրանից, թե որքան հաճախ է նա եկամուտ իրացնում։ Հետևաբար, թե որքան հաճախ է նա ուրիշի ձեռք անցնում իբրև իրացված արժեք, լինի սա կապիտալի, թե եկամտի արժեք, միևնույն է,— այս ակներևորեն կախված է իրական շրջանառությունների ծավալից ու նրանց թվից։
2) սա կախված է վճարումների տնտեսումից և վարկային գործի զարգացումից ու կազմակերպությունից։
3) վերջապես, վարկերի փոխադարձ կապակցությունից ու նրանց գործելու արագությունից, այնպես որ երբ փողը մի կետում նստում-սուզվում է իբրև ավանդ, մի ուրիշ կետում նա իսկույն նորից երևան է գալիս որպես փոխատվություն։
Եթե նույնիսկ ենթադրենք, թե այն ձևը, որով գոյություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողի՝ ոսկու կամ արծաթի ձևն է, այն ապրանքների ձևը, որոնց նյութն իբրև արժեքների չափանիշ է ծառայում, ապա կտեսնենք, որ ամեն անգամ այս փողային կապիտալի մի խոշոր մասն էլ անհրաժեշտորեն ֆիկտիվ է լինում, այսինքն արժեքի լոկ տիտղոս է ներկայացնում ճիշտ այնպես, ինչպես ամեն մի արժենիշ։ Որչափով որ փողը գործում է կապիտալի շրջապտույտում, նա թեև միառժամանակ կազմում է փողային կապիտալ, բայց չի փոխարկվում փոխատրելի փողային կապիտալի) այլ կա՛մ փոխանակվում է արտադրողական կապիտալի տարրերի հետ, կամ էլ եկամտի իրացման ժամանակ վճարվում է իբրև շրջանառության միջոց և ուրեմն չի կարող իր տիրոջ համար փոխատուական կապիտալ դառնալ։ Իսկ որչափով որ նա փոխատուական կապիտալի է փոխարկվում, և փողի միևնույն գումարը փոխատուական կապիտալ է ներկայացնում կրկին ու կրկին, պարզ է, որ նա միմիայն մեկ կետում է որպես մետաղյա փող գոյություն ունենում. մյուս բոլոր կետերում նա գոյություն ունի կապիտալի նկատմամբ առաջացող իրավապահաջի ձևով միայն։ Այսպիսի իրավապահանջների կուտակումը, մեր արած ենթադրության համաձայն, ծագում է իսկական կուտակումից, այսինքն ապրանքային կապիտալի և այլոց արժեքը փողի է փոխարկվում. և այնուամենայնիվ այս իրավապահանջների կամ արժեքի տիտղոսների կուտակումն իբրև այսպիսին տարբեր է թե՛ իսկական կուտակումից, որից նա ծագում է, ու թե ապագա կուտակումից (արտադրության նոր պրոցեսից), որը կատարվում է փողի փոխատվության միջոցով։
Prima facie [նախ և առաջ] փոխատուական կապիտալը գոյություն ունենում է միշտ փողի ձևով[47], հետո էլ փողի նկատմամբ առաջացող իրավապահանջի ձևով, ընդ որում այն փողը, որի ձևով սկզբնապես գոյություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողաձևով հիմա գտնվում է փոխատուի ձեռին։ Վարկատուի համար փոխատուական կապիտալը փոխարկվել է փողի նկատմամբ եղող իրավապահանջի, գույքատիտղոսի։ Հետևաբար, իսկական փողի միևնույն մասսան կարող է փողային կապիտալի շատ տարբեր մասսաներ ներկայացնել։ Սոսկական փողը, սա իրացված կապիտալ ներկայացնելիս լինի, թե իրացված եկամուտ, միևնույն է,— հենց միայն փոխատվության ակտի շնորհիվ, ավանդի փոխարկվելու շնորհիվ դառնում է փոխատուական կապիտալ, որքան որ մենք քննարկում ենք նրա ընդհանրական ձևը զարգացած վարկային սիստեմի ժամանակ։ Ավանդը փողային կապիտալ է ավանդատուի համար։ Բայց նա բանկիրի ձեռին կարող է լինել միմիայն պոտենցիալ փողային կապիտալ, որը պարապ ընկած է սրա գանձարկղում՝ փոխանակ իր տիրոջ գանձարկղում լինելու[48]։
Իրեղեն հարստության աճման հետ աճում է փողային կապիտալիստների դասակարգը. մի կողմից՝ աճում է գործերից ետ քաշվող կապիտալիստների, այն է՝ ռենտատերերի թիվն ու հարստությունը, իսկ մյուս կողմից՝ զարկ է ստանում վարկային ճիստեմի զարգացումը, և սրա շնորհիվ բազմանում է բանկիրների, փոխատուների, ֆինանսիստների և այլոց թիվը։ Ազատ փողային կապիտալի զարգացման հետ ավելանում է տոկոսաբեր թղթերի, պետական թղթերի, ակցիաների և այլոց մասսան, ինչպես շարադրել ենք վերևում։ Բայց սրա հետ միաժամանակ աճում է ազատ փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն էլ, ընդ որում բորսային գայլերը [Jobbers], որոնք այս թղթերով սպեկուլացիա են կատարում, գլխավոր դերն են սկսում խաղալ փողային շուկայում։ Եթե այս թղթերի բոլոր առուծախերը միմիայն կապիտալի իսկական ներդրման արտահայտություն լինեինք ապա մենք իրավունք կունենայինք ասելու, թե նրանք չեն կարող ներգործել փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի վրա, որովհետև երբ A-ն ծախում է իր թղթերը, նա հենց ճիշտ այնքան փող է դուրս հանում, որքան որ B-ն ներդրում է թղթերի մեջ։ Մինչդեռ նույնիսկ այն դեպքում, երբ թուղթը գոյություն ունի, բայց ոչ այն կապիտալը (գոնե ոչ իբրև փողային կապիտալ), որի ներկայացուցիչն էր նա սկզբնապես, ապա հիշյալ թուղթը pro tanto [համապատասխան չափով] միշտ այսպիսի փողային կապիտալի նոր պահանջարկ է առաջ բերում։ Բայց համենայն դեպս այստեղ գործ ունենք փողային մի կապիտալի հետ, որն առաջ B-ի տնօրինության տակ էր, իսկ հիմա A-ի։
B. A. 1857. № 4886. «Ձեր կարծիքով՝ զեղչանորման որոշող պատճառների ճի՞շտ նշում կլինի արդյոք, եթե ասեմ, թե նա կարգավորվում է շուկայում գտնվող այն կապիտալի քանակով, որը կարող է գործադրվել առևտրամուրհակների զեղչման համար, տարբերվելով արժեթղթերի այլ տեսակներից։— {Chapman} Ո՛չ, ես այն կարծիքին եմ, որ տոկոսադրույքի վրա ազդում են բոլոր արժեթղթերը, որոնք հեշտությամբ փողի են փոխարկվում (all convertible securities of a current character). անիրավացի կլիներ հարցը պարզապես մուրհակազեղչումով սահմանափակելը, որովհետև երբ փողի մեծ պահանջարկ կա կոնսոլների կամ թե նույնիսկ գանձարանատոմսերի {գրավադրության} միջոցով, ինչպես այդ նորերումս հենց տեղի ունեցավ լայն չափերով ու այն էլ շատ ավելի բարձր մի տոկոսով, քան առևտրային տոկոսադրույքն է, ապա անհեթեթ բան կլիներ ասել, թե մեր առևտրական աշխարհը չի ազդվում նրանից. նա շատ էական չափերով ազդվում է նրանից։— 4890. Եթե շուկայում կան լավ ու վարուն արժեթղթեր, որ բանկիրները ճանաչում են իբրև այսպիսիք, և եթե տերերն ուզում են նրանց դիմաց փող ստանալ, ապա այս հանգամանքը առանց որևէ կասկածի իր ներգործությունն է ունենում առևտրամուրհակների վրա. ես չեմ կարող, օրինակ, ակնկալել, որ առևտրամուրհակով ինձ 5%-ով փող կտանք եթե այս փողը միաժամանակ կարող է 6%-ով վարկատրվել կոնսոլների գրավադրությամբ. այս մեզ վրա ազդում է նույն եղանակով. ոչ ոք չի կարող ինձանից պահանջել, որ նրա մուրհակը 5½ տոկոսով զեղչեի, եթե կարող եմ իմ փողը 6%-ով փոխատրել։— 4892. Այն մարդկանց մասին, ովքեր 2 000 £-ի կամ թե 5 000 £-ի և կամ 10 000 £-ի արժեթղթեր են գնում, համարելով այդ կապիտալի կայուն ներդրումներ, մենք չենք կարող ասել, որ իբր թե նրանք էապես ներգործում են փողային շուկայի վրա։ Եթե դուք ինձնից հարցնում եք կոնսոլների {գրավադրության} միջոցով կատարվող փոխատվությունների տոկոսադրույքի մասին, ապա ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք հարյուրհազարանոց գումարի գործարքներ են կատարում, այսպես կոչված jobber-ների [միջնորդների] մասին, որոնք հանրային փոխառությունների խոշոր գումարներ են ստորագրում կամ թե շուկայում գնում, իսկ հետո այս թղթերը ստիպված են պահելու, մինչև որ նրանց շահույթով կվաճառեն. այս մարդիկ ստիպված են տվյալ նպատակի համար պարտքով «փող վերցնել»։
Վարկային գործի զարգանալու հետ ստեղծվում են փողի խոշոր կենտրոնացված այնպիսի շուկաներ, ինչպիսին Լոնդոնն է, որոնք միաժամանակ հանդիսանում են այս թղթերի առևտրի գլխավոր կենտրոնավայրը։ Բանկիրներն այս առևտրականների հրոսախմբի տրամադրության տակ դնում են հասարակության փողային ահագին կապիտալներ և այսպիսով աճում է խաղացողների այս զարմը։ «Ֆոնդային բորսայում փողը սովորաբար ավելի էժան է, քան որևէ ուրիշ տեղ», ասում էր 1848 թվին Անգլիայի բանկի այն ժամանակվա կառավարիչը՝ լորդերի գաղտնի կոմիտեի առջև («Commercial Distress», 1848, տպագրած է 1857 թ. № 219)։
Տոկոսաբեր կապիտալի քննարկման ժամանակ արդեն ցույց ենք տվել, որ միջին տոկոսը երկար շարք տարիների համար, այլ անփոփոխ հանգամանքներում, որոշվում է շահույթի, և ոչ թե ձեռնարկուային եկամտի, միջին նորմայով, որովհետև ինքն այդ եկամուտն ուրիշ բան չէ, քան շահույթը, մինուս տոկոսը։
Որ առևտրային տոկոսի փոփոխությունների համար էլ,— այն տոկոսի, որ առևտրական աշխարհի շրջանակներում փողի փոխատվությամն զբաղվող կապիտալիստներն հաշվում են զեղչումների ու փոխառությունների վերաբերմամբ,— արդյունաբերական ցիկլի ընթացքում հասնում է մի փուլ, երբ տոկոսադրույքը գերազանցում է իր մինիմումից և հասնում է միջին բարձրությանը (որից էլ ապա անցնում է հետագայում) և երբ այս շարժումը շահույթի բարձրանալու հետևանք է,— այս էլ արդեն հիշատակել ենք և դեռ հետազոտելու ենք հանգամանորեն։
Սակայն այստեղ երկու հանգամանք պետք է նշել։
Առաջին. եթե տոկոսադրույքը երկար ժամանակ բարձր կանգնած է մնում (մենք այստեղ խոսում ենք մի որոշ երկրի տոկոսադրույքի մասին, ինչպիսին, օրինակ, Անգլիան է, որտեղ միջին տոկոսադրույքը տրված է երկար ժամանակվա համար և արտահայտվում է ավելի երկար պարբերաշրջաններում արվող փոխառությունների համար վճարվող տոկոսի մեջ էլ, որ կարելի է մասնավոր տոկոս անվանել),— ապա այս prima facie [նախ և առաջ] ապացույց է, որ տվյալ ժամանակվա ընթացքում շահույթի նորման բարձր է, բայց անհրաժեշտորեն չի ապացուցում, թե ձեռնարկուային եկամտի նորման էլ բարձր է։ Այս վերջին տարբերությունն ավելի կամ թէ պակաս չափով վերանում, է այն կապիտալիստների համար, որոնք առավելապես սեփական կապիտալով են գործ անում, նրանք իրացնում են շահույթի բարձր նորմա, որովհետև հենց իրենք են տոկոս վճարում իրենց։ Ավելի երկարատև բարձր տոկոսադրույքի հնարավորությունը,— մենք այստեղ չենք խոսում բուն նեղվածության փուլի մասին,— պայմանավորվում է շահույթի բարձր նորմայով։ Բայց հնարավոր է, որ շահույթի այս բարձր նորման, տոկոսի բարձր նորման նրանից հանելուց հետո, ձեռնարկուային եկամտի լոկ մի ցածր նորմա է թողնում։ Այս վերջինը կարող է կրճատվել, մինչդեռ շահույթի բարձր նորման հարատևում է։ Այս հնարավոր է այն պատճառով, որ մի անգամ արդեն գործի անցած ձեռնարկությունները չեն կարող չշարունակել իրենց աշխատանքը։ Այս փուլում շատ ու շատ գործ են տեսնում վարկային կապիտալով (ուրիշի կապիտալով), և շահույթի բարձր նորման կարող է տեղ-տեղ սպեկուլատիվ բնույթ կրել, ապագա օգուտների ակնկալության վրա հիմնված լինել։ Բարձր տոկոսանորմա կարող է վճարվել շահույթի բարձր նորմայի դեպքում, ընդ որում միաժամանակ ձեռնարկուային եկամուտը նվազում է։ Նա կարող է վճարվել,— և այս մասամբ պատահում է սպեկուլացիայի ժամանակաշրջաններում,— ոչ թե շահույթից, այլ հենց ուրիշից փոխառած կապիտալից, և այս կարող է շարունակվել մի առժամանակ։
Երկրորդ. այն դրույթը, թե փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, ուրեմն նաև տոկոսանորման աճում է այն պատճառով, որ շահույթի նորման բարձր է, նույնանիշ չէ այն դրույթի հետ, թե արդյունաբերական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն աճում է, և այս պատճառով տոկոսի նորման բարձր է։
Ճգնաժամի պարբերաշրջաններում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն ու սրա հետ էլ տոկոսանորման հասնում է իր մաքսիմումին. շահույթի նորման ու սրա հետ միասին արդյունաբերական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը համարյա չքացած է լինում։ Այսպիսի ժամանակներում ամեն մեկը փոխառություն է կատարում միմիայն վճարումներ անելու համար, արդեն ստանձնած պարտավորությունների տակից դուրս գալու համար։ Եվ ընդհակառակը. ճգնաժամից հետո, վերաշխուժացման ժամանակներում, փոխատուական կապիտալը պահանջվում է գնումներ անելու համար. փողային կապիտալն արտադրողական կամ առևտրային կապիտալի փոխարկելու համար։ Եվ այն ժամանակ այս փոխատուական կապիտալը պահանջում է կա՛մ արդյունաբերական կապիտալիստը, կամ վաճառականը։ Արդյունաբերական կապիտալիստն այս գործադրում է արտադրամիջոցներ ու բանվորական ուժ ձեռք բերելու համար։
Բանվորական ուժի նկատմամբ եղած բարձրացող պահանջարկն ըստինքյան բնավ չի կարող բարձրացող տոկոսադրույքի համար հիմք լինել, որչափով որ վերջինս շահույթի նորմայով է որոշվում։ Ավելի բարձր աշխատավարձը բնավ ավելի բարձր շահույթի հիմք չէ, չնայած որ նա, արդյունաբերական ցիկլի առանձին փուլերում կարող է ավելի բարձր շահույթի հետևանքներից մեկը լինել։
Բանվորական ուժի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել, եթե աշխատանքի շահագործումը կատարվում է հատկապես բարենպաստ պայմաններում, բայց բանվորական ուժի նկատմամբ և ուրեմն փոփոխուն կապիտալի նկատմամբ եղած բարձրացող պահանջարկն ըստինքյան չի ավելացնում շահույթը, այլ այն pro tanto [համապատասխանորեն] քչացնում է։ Եվ այնուամենայնիվ սրա հետևանքով կարող է փոփոխուն կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, ուրեմն և փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը բարձրանալ, իսկ սրա հետևանքով կարող է բարձրանալ տոկոսադրույքը։ Այն ժամանակ բանվորական ուժի շուկայական գինը բարձրանում է իր միջին մակարդակից վեր, բանվորների միջին թվից ավելի շատ մի թիվ աշխատանք է գտնում, և միաժամանակ բարձրանում է տոկոսադրույքը, որովհետև նշած պարագաների հետ բարձրանում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։ Բանվորական ուժի նկատմամբ եղած պահանջարկի բարձրացումը թանկացնում է այս ապրանքն ամեն մի ուրիշ ապրանքի նման, բարձրացնում է նրա գինը, բայց չի ավելացնում շահույթը, որը գլխավորապես հիմնվում է հենց այս ապրանքի հարաբերական էժանության վրա։ Բայց նա ենթադրած հանգամանքներում միաժամանակ բարձրացնում է տոկոսանորման, որովհետև բարձրացնում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։ Եթե փողային կապիտալիստը, իր փողը փոխատրելու փոխարեն, դառնար արդյունաբերող, ապա այն հանգամանքը, որ նա աշխատանքի համար ավելի թանկ պիտի վճարի, ըստինքյան չի բարձրացնի նրա շահույթը, այլ pro tanto կպակասեցնի։ Կարող է մի այնպիսի կոնյունկտուրա ստեղծվել, որ թեև նրա շահույթը կբարձրանա, բայց ոչ երբեք այն պատճառով, որ նա աշխատանքի համար ավելի թանկ է վճարում։ Բայց այս վերջին պարագան, որչափով որ սա ավելացնում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, բավական է տոկոսանորման բարձրացնելու համար։ Եթե աշխատավարձը որևէ պատճառով բարձրանար այլ աննպաստ կոնյունկտուրաների ժամանակ, ապա աշխատավարձի այդ բարձրանալը շահույթի նորման կիջեցներ. սակայն կբարձրացներ տոկոսանորման այն չափով, որով կուժեղացներ փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։
Աշխատանքը մի կողմ թողած, տեսնում ենք հետևյալը. Օվերստոնի նշած՝ «կապիտալի նկատմամբ պահանջարկը» պահանջարկ է միայն ապրանքների նկատմամբ։ Ապրանքների նկատմամբ առաջացող պահանջարկը բարձրացնում է նրանց գինը թե՛ այն դեպքում, երբ պահանջարկը գերազանցում է միջին պահանջարկից, և թե՛ այն դեպքում, երբ առաջարկը միջինից ցած է ընկնում։ Եթե արդյունաբերական կապիտալիստը կամ թե վաճառականը վճարելու է, օրինակ, 150 £ ապրանքի այն նույն մասսայի համար, որի դիմաց առաջ 100 £ էր վճարում, ապա նա պետք է 150 £-ի փոխառություն կատարի առաջվա 100 £-ի փոխարեն և ուրեմն 5%-ի դեպքում 7½ £ տոկոս կվճարի առաջվա 5 £-ի փոխարեն։ Նրա վճարելի տոկոսի մասսան կաճի, որովհետև աճել է նրա փոխառած կապիտալի մասսան։
Պարոն Օվերստոնի ամբողջ ձգտումն այն է, որ փոխատուական կապիտալի ու արդյունաբերական կապիտալի շահերը նույնացնի, մինչդեռ նրա բանկային օրենքն ուղղված է հենց այն նպատակին, որ այս շահերի տարբերությունն օգտագործվի փողային կապիտալի օգտին։
Հնարավոր է, որ այն դեպքում, երբ ապրանքների առաջարկը միջինից ցած է ընկել, ապրանքների նկատմամբ եղած պահանջարկն ավելի շատ փողային կապիտալ չկլանի, քան առաջ։ Պահանջվում է միևնույն գումարը, գուցե մի ավելի փոքր գումար, վճարել ապրանքների ընդհանուր արժեքի համար, բայց սպառողական արժեքների մի ավելի փոքր քանակ է ստացվում միևնույն գումարի դիմաց։ Այս դեպքում փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը նույնը կմնա, ուրեմն տոկոսադրույքը չի բարձրանա, չնայած որ կաճի ապրանքի նկատմամբ եղած պահանջարկը նրա առաջարկի համեմատությամբ, ուրեմն կբարձրանա նաև ապրանքի գինը։ Տոկոսադրույքը կարող է ազդեցություն կրել այն դեպքում միայն, երբ փոխատուական կապիտալի նկատմամբ եղած ընդհանուր պահանջարկն է աճում, իսկ վերն արած ենթադրությունների դեպքում այս բանը տեղի չի ունենում։
Բայց տվյալ առարկայի առաջարկը կարող է միջինից էլ ցած ընկնել, ինչպես, օրինակ, հացահատկի, բամբակի և այլոց վատ բերքի ժամանակ, սակայն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել, որովհետև սպեկուլատիվ միջոցներով ձգտում են գներն է՛լ ավելի բարձրացնել, իսկ գները բարձրացնելու ամենահասարակ միջոցն այն է, որ առաջարկի մի մասը ժամանակավորապես հեռացվի շուկայից։ Իսկ որպեսզի գնած ապրանքը վճարեն՝ առանց այն ծախելու, փողը ճարում են վաճառականական «մուրհակային գործառնությունների» միջոցով։ Այս դեպքում աճում է փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, և տոկոսադրույքը կարող է բարձրանալ ապրանքի առաջարկը շուկայում արհեստականորեն արգելակելու այս փորձի հետևանքով։ Ավելի բարձր տոկոսադրույքն այս դեպքում արտահայտում է ապրանքային կապիտալի առաջարկի արհեստական քչացում։
Մյուս կողմից՝ մի որոշ առարկայի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել այն պատճառով, որ աճել է նրա առաջարկը, և առարկայի միջինից ցած է կանգնած։
Այս դեպքում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կարող է միևնույնը մնալ կամ թե նույնիսկ ընկնել, որովհետև փողի նույն գումարով ավելի շատ ապրանք կարելի է ձեռք բերել։ Բայց կարող է ապրանքի պաշար գոյանալ նաև սպեկուլատիվ նպատակներով՝ մասամբ նպաստավոր մոմենտն արտադրության գծով օգտագործելու համար, մասամբ էլ գների հետագա բարձրացում առաջացնելու համար։ Փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն այս դեպքում կարող է աճել, և բարձրացած տոկոսադրույքը կարտահայտեր այսպիսով կապիտալի այն ներդրումը, որ կատարվում է արտադրողական կապիտալի տարրերից հավելութային պաշար ստեղծելու համար։ Մենք այստեղ քննարկում ենք միայն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, որչափով որ սրա վրա ազդում են ապրանքային կապիտալի պահանջարկն ու առաջարկը։ Արդեն առաջ ցույց ենք տվել, թե փոխատուական կապիտալի առաջարկի վրա ինչպես են ներգործում վերարտադրության պրոցեսի փոփոխումները, որոնք տեղի են ունենում արդյունաբերական ցիկլի փուլերում։ Այն տափակ դրույթը, թե տոկոսադրույքի շուկայական նորման որոշվում է (փոխատուական) կապիտալի առաջարկով ու պահանջարկով։ Օվերստոնը խորամանկորեն շփոթում է իր սեփական այն ենթադրության հետ, ըստ որի փոխատուական կապիտալը նույնացվում է կապիտալին ընդհանրապես, և այսպիսով նա ճգնում է վաշխառուին դարձնել մի կապիտալիստ ու նրա կապիտալը՝ միակ կապիտալ։
Փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը նեղվածության ժամանակաշրջաններում վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկ է և ուրիշ ոչինչ. նա փողի որպես գնելամիջոցի պահանջարկ չէ ամենևին։ Ընդ սմին տոկոսադրույքը կարող է շատ վեր բարձրանալ՝ անկախ նրանից, թե իրական կապիտալը,— արտադրողական ու ապրանքային կապիտալը,— գերառատ չափով է առկա, թե աղքատիկ։ Վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկը կապիտալը փողի փոխարկելու սոսկական պահանջարկ է, որչափով որ վաճառականներն ու արտադրողները հուսալի ապահովումներ կարող են տալ։ Պահանջարկը վճարման միջոցների նկատմամբ պահանջարկ է փողային կապիտալի նկատմամբ, որչափով որ այս ապահովումը բացակայում է, ուրեմն որչափով որ վճարման միջոցների ավանսավորումը նրանց մատակարարում է ո՛չ միայն փողային ձևը, այլև նրանց պակասող էկվիվալենտը, ինչ ձև էլ որ սա ունենա՝ վճարումները կատարելու համար։ Այս այն կետն է, որում շրջուն թեորիայի երկու ուղղություններն էլ իրավացի ու անիրավացի են ճգնաժամերի քննարկման բնագավառում։ Նրանք, ովքեր ասում են, թե սոսկ վճարամիջոցների պակասություն գոյություն ունի, կամ աչքի առաջ ունեն միմիայն bona fide [վստահելի] ապահովումների տերերին, կամ այնքան տխմար են, որ կարծում են, թե բանկը պարտականությունն ու զորություն ունի թղթատոմսեր բաց թողնելով բոլոր սնանկացած սպեկուլանտներին վճարունակ, սոլիդ կապիտալիստներ դարձնելու։ Նրանք, ովքեր ասում են, թե գոյություն ունի կապիտալի պակասություն միայն, կամ սոսկական բառախաղերով են զբաղվում, որովհետև հենց այսպիսի ժամանակներում փողի չփոխարկվող կապիտալ է մասսայորեն առկա լինում գերներմուծման ու գերարտադրության հետևանքով, կամ թե նրանք խոսում են լոկ վարկի այն ասպետների մասին, որոնք հիմա իրոք այնպիսի հանգամանքների մեջ են դրվում, որ այլևս չեն կարողանում ուրիշի կապիտալ ստանալ՝ իրենց գործառնությունները կատարելու համար և ահա ուզում են, որ բանկը ոչ միայն օգնի կորցրած կապիտալն իրենց վերադարձնելու, այլև իրենց ունակ դարձնի սպեկուլացիան շարունակելու։
Կապիտալիստական արտադրության հիմքն այն իրողությունն է, որ փողն, իբրև արժեքի ինքնակա ձև, հանդեպ է ելնում ապրանքին, կամ այլ խոսքով՝ փոխանակային արժեքը գոյության ինքնակա ձև պետք է ընդունի հանձին փողի, իսկ այս հնարավոր է այն դեպքում միայն, երբ տվյալ որոշակի ապրանքը դառնում է այն նյութեղենը, որի արժեքով չափվում են մյուս բոլոր ապրանքները, որ հիշյալ ապրանքը հենց այս պատճառով դառնում է ընդհանրական ապրանք, ապրանք par excellence [գերազանցորեն]՝ հակադրվելով բոլոր մյուս ապրանքներին։ Այս երևան է գալիս երկու ուղղությամբ, մանավանդ կապիտալիստորեն զարգացած ազգերի մոտ, որոնք փողը մեծ չափերով փոխարինում են մի կողմից՝ վարկային գործառնություններով, մյուս կողմից՝ վարկային փողով։ Նեղվածության պարբերաշրջաններում, երբ վարկը կծկվում է կամ թե բոլորովին դադարում, փողը հանկարծակի ու բացարձակորեն հանդիպադրվում է ապրանքներին իբրև միակ վճարամիջոց ու արժեքի ճշմարիտ կեցություն։ Այստեղից առաջ է գալիս ապրանքների ընդհանրական արժեքազրկումը, այդ ապրանքները փողի փոխարկելու, այսինքն իրենց սեփական զուտ երևակայական ձևին փոխարկելու դժվարությունը, նույնիսկ անկարելիությունը։ Եվ երկրորդ՝ վարկային փողն ինքը փող է լոկ այնչափով, որչափով որ իր անվանական արժեքի գումարով բացարձակորեն իրական փող է փոխարինում։ Ոսկու տարհոսման հետ առեղծվածային է դառնում վարկային փողի փոխարկումը փողի, այսինքն վերանում է նրա և իրական ոսկու նույնությունը։ Ահա ինչու նման պարագաներում դիմում են հարկադրական միջոցառումների, բարձրացնում են տոկոսադրույքը և այլն ոսկով փոխարկելու համար պահանջվող պայմաններն ապահովելու նպատակով։ Այս դրությունը կարող է իր ծայրահեղ սրությանը հասցվել սխալ օրենսդրության միջոցով, որը հիմնվում է փողի վերաբերյալ սխալ թեորիաների վրա և որն ազգի վզին է փաթաթվում փողի առևտրով զբաղվողների, Օվերստոնի ու նմանների շահերը պաշտպանելու համար։ Բայց այս հարաբերությունների հիմքը արված է բուն իսկ արտադրության եղանակի հիմքի հետ միասին։ Վարկային փողի արժեքազրկումը (բոլորովին չխոսելով նրա փողային հատկությունների վերացման մասին, վերացման, որը լոկ կարծեցյալ է) կխարխլեր առկա բոլոր հարաբերությունները։ Ուստի ապրանքների արժեքը զոհաբերում են, որպեսզի ապահովեն այս արժեքի՝ փողում մարմնացած երևակայական ու ինքնակա կեցությունը։ Իբրև փողային արժեք նա ընդհանրապես ապահովված է այնքան ժամանակ միայն, քանի դեռ ապահովված է փողը։ Հետևաբար, մի երկու միլիոն փողի համար պետք է զոհաբերվեն շատ միլիոնավոր ապրանքներ։ Այս անխուսափելի է կապիտալիստական արտադրության պայմաններում և կազմում է նրա սքանչելիություններից մեկը։ Արտադրության նախկին եղանակների ժամանակ այս երևույթը չի նկատվում, որովհետև այն նեղ հիմնախարիսխը, որի վրա հաստատված նրանք շարժվում են, անհնարին է դարձնում և՛ վարկի, և՛ վարկային փողի զարգացումը։ Քանի դեռ աշխատանքի հասարակական բնույթը հանդես է գալիս իբրև ապրանքի փողային կեցություն և ուրեմն իբրև մի իր, որը գտնվում է իսկական արտադրությունից դուրս, անխուսափելի են փողային ճգնաժամերը, որոնք բռնկվում են իսկական ճգնաժամերից անկախ կամ թե ներկայացնում են նրանց սրացումը։ Մյուս կողմից՝ պարզ է, որ քանի դեռ տվյալ բանկի վարկը չի խախտված, նա վարկային փողի քանակը բազմացնելու միջոցով այսպիսի դեպքերում մեղմացնում է խուճապը, իսկ նույնի կրճատումով խուճապը սաստկացնում է։ Արդի արդյունաբերության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուր երկրի ներսում արտադրությունը կազմակերպված լիներ, իրապես մետաղ կպահանջվեր միայն միջազգային առևտրի բալանսից բխող տարբերությունները վճարելու համար, երբ նրա հավասարակշռությունը տվյալ րոպեին խախտվեր։ Որ երկրի ներսում հենց հիմա արդեն մետաղե փողի կարիք չի զգացվում, ապացուցում է այսպես կոչված ազգային բանկերի կողմից գործադրվող՝ կանխիկ վճարումների կախակայումը, որին, իբրև միակ փրկարար միջոցի, ձեռք են պարզում բոլոր ծայրահեղ դեպքերում։
Երկու անհատների վերաբերմամբ ծիծաղելի կլիներ ասելը, թե իրար հետ ունեցած հարաբերությունների ժամանակ երկուսի էլ վճարման հաշվեկշիռն իրենց դեմ է։ Եթե նրանք փոխադարձաբար պարտապան ու վարկատու են միմյանց հանդեպ, ապա ակներև է, որ երբ նրանց պահանջները չեն հավասարակշռվում, մնացորդի համար նրանցից միայն մեկը մյուսի պարտապանը պետք է լինի։ Ազգերի նկատմամբ այս դրույթը ամենևին կիրառելի չէ։ Եվ որ այս վերջին դեպքում մի այլ հարաբերություն է առաջանում, բոլոր տնտեսագետների կողմից ճանաչված է հանձին այն դրույթի, թե վճարման բալանսը կարող է մի ազգի օգտին կամ թե նրա դեմ լինել, թեև նրա առևտրային բալանսը վերջիվերջո հավասարակշռվելու է։ Վճարման բալանսը նրանով է տարբերվում առևտրային բալանսից, որ նա մի որոշակի ժամանակամիջոցում վճարելի առևտրային բալանս է։ Արդ, ճգնաժամերի դերն այն է, որ վճարման ու առևտրային բալանսի միջև եղած տարբերությունը խցկում են մի ավելի կարճ ժամկետի մեջ. իսկ այն որոշ կացությունները, որոնք ծավալվում են մի ազգի շարքերում, որի մոտ տարածվում է ճգնաժամը, ուրեմն որի համար հիմա վրա է հասնում վճարման ժամկետը,— այս կացություններն իրենց հետ արդեն բերում են փոխմարման ժամանակաշրջանի մի այսպիսի կրճատում։ Առաջին՝ ազնիվ մետաղների տարառաքումը, հետո՝ միջնորդներին հանձնած ապրանքների էժան գնով ծախծխումը, ապրանքների արտահանումը՝ սրանք ծախծխելու համար կամ թե երկրի ներսում նրանց դիմաց փողային փոխատվություններ ստանալու համար. տոկոսադրույքի բարձրացում, վարկատրած գումարների ետպահանջում, արժեթղթերի կուրսի անկում, օտարերկրյա արժեթղթերի ծախծխում, օտարերկրյա կապիտալների առձգում այս արժեքազրկված թղթերի մեջ ներդրելու համար, վերջապես սնանկությունը, որ մարում է պահանջների մի մեծ քանակ։ Ընդ սմին հաճախ մետաղն ուղարկվում է այն երկիրը, որտեղ բռնկվել է ճգնաժամը, որովհետև նրա վրա քաշված մուրհակներն անապահով են, ուրեմն վճարումն ամենից ապահով հնչուն դրամով է կատարվում։ Սրան ավելանում է այն հանգամանքը, որ Ասիայի վերաբերմամբ բոլոր կապիտալիստական ազգերը մեծ մասամբ միաժամանակ, ուղղակի կամ թե անուղղակի, նրա պարտապաններն են լինում։ Հենց որ այս բոլոր տարբեր պարագաներն իրենց լրիվ ներգործությունն անում են մյուս մասնակից ազգի վրա, սրա մոտ էլ սկսվում է ոսկու և արծաթի արտահանումը, կարճ ասած՝ վրա է հասնում վճարաժամկետը, և միևնույն երևույթները կրկնվում են։
Վաճառականական վարկի դեպքում տոկոսն իբրև վարկագնի ու կանխիկ գնի տարբերություն լոկ այնքանով է մտնում ապրանքի գնի մեջ, որչափով որ մուրհակը սովորականից ավելի երկար ժամանակով է տրվում։ Հակառակ դեպքում այդ տեղի չի ունենում։ Եվ այս բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուրը մի ձեռով ընդունում է այսպիսի վարկ և մյուսով՝ մի ուրիշին տալիս։ {Այս չի համերաշխում իմ փորձի հետ.— Ֆ. Է.}։ Իսկ որչափով որ այս ձևով կատարվող մուրհակների զեղչն երևան է գալիս այստեղ, նա կարգավորվում է ո՛չ թե այսպիսի վաճառականական վարկով, այլ փողային շուկայով։
Եթե փողային կապիտալի պահանջարկն ու առաջարկը, որոնք որոշում են տոկոսադրույքը, նույնը լինեին, ինչ որ իսկական կապիտալի պահանջարկն ու առաջարկն է, ինչպես Օվերստոնն է պնդում, ապա տոկոսը պետք է միաժամանակ ցածր ու բարձր լիներ՝ նայած տարբեր ապրանքներին կամ թե այն տարբեր փուլերին, որոնցում գտնվում է տվյալ ապրանքը (հումք, կիսաֆաբրիկատ, պատրաստի արդյունք)։ 1844 թվին Անգլիայի բանկի տոկոսադրույքը տատանվում էր 4%-ի (հունվարից մինչև սեպտեմբեր) և 2½ ու 3%-ի միջև նոյեմբերից մինչև տարեվերջը)։ 1845 թվին նա 2½, 2¾, 3% էր հունվարից մինչև հոկտեմբեր, 3%-ի ու 5%-ի արանքումն էր վերջին ամիսներում։ Fair Orleans բամբակի միջին գինը 1844 թվին 6¼ պենս էր, իսկ 1845 թվին՝ 4⅞ պենս։ 1844 թվի մարտի 3-ին Լիվերպուլում բամբակի պաշարը 627 042 հակ էր, իսկ 1845 թվի մարտի 3-ին՝ 773 800 հակ։ Եթե դատենք բամբակի ցածր գնով, տոկոսադրույքը 1845 թվին պետք է ցածր լիներ, ինչպես այդ իրոք տեղի ուներ այս ժամանակաշրջանի ամենամեծ մասում։ Իսկ եթե դատենք մանվածքով, ապա տոկոսադրույքը պիտի բարձր լիներ, որովհետև գները հարաբերաբար, իսկ շահույթները բացարձակորեն բարձր էին։ Ֆունտը 4 պենսանոց բամբակից 1845 թվին կարող էր 4 պենս մանելածախքով մի մանվածք մանվել (№ 40 լավ secunda mule twist տեսակը), որը մանագործարանատիրոջ վրա ուրեմն 8 պենս կնստեր և որը սա կարող էր 1845 թվի սեպտեմբերին ու հոկտեմբերին ֆունտը 10½ կամ թե 11½ պենսով ծախել։ (Տե՛ս Wylie-ի ցուցմունքները ներքևում)։
Ամբողջ խնդիրը կարող է լուծման հասցվել հետևյալով.
Փոխատուական կապիտալի պահանջարկն ու առաջարկը նույնը կլիներ ընդհանրապես վերցրած կապիտալի պահանջարկի ու առաջարկի հետ (թեև այս վերջին ֆրազն անհեթեթություն է. արդյունաբերողի կամ վաճառականի համար ապրանքը նրա կապիտալի ձևն է, բայց և այնպես նրա ցանկացածը երբեք կապիտալը չէ իբրև այսպիսին, այլ միշտ այս մասնահատուկ ապրանքն է որպես այսպիսին, և նա գնում ու վճարում է այս՝ իբրև ապրանք՝ հացահատիկ կամ բամբակ և այլն, անկախ այն դերից, որ սա խաղալու է իր կապիտալի շրջապտույտի մեջ), եթե փողով փոխատվություն անողներ իսպառ գոյություն չունենային, և սրանց փոխարեն լինեին մեքենաների, հումքի և այլոց տերեր՝ փոխատրող կապիտալիստներ, որոնք հիշյալները փոխ տային կամ վարձով տային,— ինչպես հիմա տներն են տալիս,— արդյունաբերական կապիտալիստներին, որոնք իրենք էլ այս առարկաների մի մասի սեփականատերերն են։ Այսպիսի հանգամանքներում փոխատուական կապիտալի առաջարկը կնույնանար արդյունաբերական կապիտալիստներին մատակարարվող արտադրատարրերի, վաճառականներին մատակարարվող ապրանքների առաջարկի հետ։ Բայց միանգամայն պարզ է, որ այս դեպքում շահույթի բաշխումը վարկատուի ու վարկառուի միջև ամբողջովին կախված կլիներ ամենից առաջ այն երկու կապիտալների հարաբերությունից, որոնցից մեկը փոխ է տրվել, իսկ մյուսն այն կապիտալիստի սեփականությունն է, որը նրանից օգտվում է։
Պարոն Վեգելինի ասելով (B. A. 1857), տոկոսադրույքը որոշվում է «անզբաղ մնացած կապիտալի մասսայով (252) «լոկ այն անզբաղ մնացած կապիտալի մասսայի ցուցանիշն է, որը ներդրումն է որոնում» (271). այս անզբաղ մնացած կապիտալն այնուհետև նրա մոտ անվանվում է «floating capital» (485), և սրա տակ նա հասկանում է «Անգլիայի բանկի բանկնոտներն ու երկրում եղած շրջանառության այլ միջոցները. օրինակ, գավառական բանկերի բանկնոտներն ու երկրում առկա դրամը... ես floating capital-ի մեջ մտցնում եմ բանկերի պահեստի ֆոնդերն էլ» (502, 503), իսկ հետո ավելացնում է նաև ձույլ ոսկին (503)։ Այսպես, միևնույն Վեգելինն ասում է, թե Անգլիայի բանկը տոկոսադրույքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն ժամանակաշրջաններում, «երբ մենք» {Անգլիայի բանկը} «փաստորեն մեր ձեռին ունենում ենք անզբաղ մնացած կապիտալի ամենամեծ մասը» (1198), այնինչ պարոն Օվերստոնի վերևում մեր մեջբերած ցուցմունքների համաձայն Անգլիայի բանկը «կապիտալի հետ որևէ առնչություն չունի»։ Այնուհետև Վեգելինն ասում է. «Իմ կարծիքով՝ զեղչանորման կարգավորվում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակով։ Անզբաղ մնացած կապիտալի քանակը ներկայացվում է որպես Անգլիայի բանկի պահեստ, որը փաստորեն մետաղապահեստ է։ Հետևաբար, եթե ազնիվ մետաղի պաշարը նվազում է, սրա հետևանքով նվազում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակը և ուրեմն բարձրանում է դեռ առկա մնացորդի արժեքը» (1258)։ Ջ. Ստուարտ Միլլն ասում է (2102). «Բանկը իր banking department-ը [բանկային բաժանմունքը] գործունակ պահելու համար ստիպված է ամեն հնարավոր միջոցի դիմելու, որ այս department-ի պահեստը լրացնի. ուստի և հենց որ նկատում է, որ տարհոսումն է սկսվում, նա պետք է իրեն համար պահեստ ապահովի և կամ իր զեղչումները սահմանափակի, կամ էլ սկսի արժեթղթերը ծախել»։— Պահեստը, որչափով որ սոսկ banking department-ն է նկատի առնվում, պահեստ է ավանդների համար միայն։ Օվերստոնի ասելով՝ banking department-ը պետք է գործի լոկ որպես բանկիր՝ առանց հաշվի առնելու բանկնոտների «ավտոմատիկ» թողարկումը։ Բայց իսկական նեղվածության ժամանակաշրջաններում Անգլիայի բանկը, banking department-ի պահեստից անկախ, որը սոսկ բանկնոտներից է լինում կազմված, շատ արթուն հսկում է մետաղի պահեստին և պետք է հսկի, եթե չի ուզում սնանկանալ։ Որովհետև միևնույն չափով, որով չքանում է մետաղի պաշարը, չքվում է նաև բանկնոտների պահեստը, և այս բանը ոչ ոք ավելի լավ չպիտի իմանար, քան պարոն Օվերստոնը, որն այնքան իմաստուն կերպով սարքել էր այս գործը 1844 թվականի իր բանկային օրենքի միջոցով։
ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
«Շրջանառության արագության մեծ կարգավորիչը վարկն է։ Այստեղից պարզվում է, թե ինչու փողային շուկայում առաջացող սուր նեղվածությունը սովորաբար զուգադիպում է գերալցված շրջանառությանը» («The Currency Question Reviewed», էջ 65)։ Այս պետք է երկու կերպ հասկանալ։ Մի կողմից՝ այն բոլոր մեթոդները, որոնք տնտեսում են շրջանառության միջոցները, վարկի վրա են հիմնված։ Իսկ երկրորդ՝ վերցնենք, օրինակ, 500 £-անոց մի բանկնոտ։ A-ն մեկ մուրհակ վճարելու համար այս բանկնոտն այսօր տալիս է B-ին, B-ն միևնույն օրն այն ավանդադրում է իր բանկիրի մոտ. սա էլի նույն օրը մի մուրհակ է զեղչում նրանով C-ի համար. C-ն այն վճարում է իր բանկին, բանկն այն տալիս է billbroker-ին իբրև փոխատվություն և այլն։ Այն արագությունը, որով շրջանառում է բանկնոտն այստեղ, գնումների կամ թե վճարումների համար ծառայելով, պայմանավորվում է այն արագությամբ, որով նա ավանդի ձևով նորից վերադառնում է որևէ մեկի մոտ և փոխատվության ձևով էլի անցնում մի ուրիշի ձեռը։ Շրջանառության միջոցների սոսկական տնտեսումն իր զարգացման ամենաբարձր ձևով երևան է գալիս Clearing House-ում [հաշվեհարդարի պալատում], ժամկետահաս մուրհակների սովորական փոխանակման մեջ և փողի այն գերակշռող ֆունկցիայի մեջ, որով սա հանդես է գալիս որպես վճարամիջոց՝ սոսկական ավելցուկների մարման համար։ Բայց այս մուրհակների գոյությունն իր հերթին դարձյալ հիմնվում է այն վարկի վրա, որ արդյունաբերողներն ու վաճառականները տալիս են իրար։ Եթե այս վարկը նվազում է, ապա նվազում է մուրհակների, մանավանդ երկարաժամկետ մուրհակների թիվը, ուրեմն նվազում է նաև փոխմարումների այս մեթոդների ներգործունությունը։ Եվ այս տնտեսումը, որի էությունը կազմում է փողի վտարումը շրջանառության ոլորտից և որն ամբողջովին հիմնվում է փողի որպես վճարամիջոցի ֆունկցիայի վրա, իսկ սա իր հերթին՝ վարկի վրա (մի կողմ թողնելով այս վճարումների համակենտրոնացման ավելի կամ պակաս զարգացած տեխնիկան), այս տնտեսումը կարող է լինել երկու տեսակի միայն.— փոխադարձ պարտապահանջումները, որոնք ներկայանում են մուրհակների ու չեկերի ձևով, փոխադարձաբար մարվում են կամ միևնույն բանկիրի մոտ, որը պահանջը մեկի հաշվից լոկ դուրս է գրում մի ուրիշի հաշվի մեջ, կամ էլ տարբեր բանկիրներ այն փոխադարձաբար մարում են իրենց միջև[49]։ 8—11 միլիոնի մուրհակների համակենտրոնացումը մի billbroker-ի ձեռքում, ինչպիսին է, օրինակ, Overend, Gurney and C° ֆիրման, վճարումների այս շիջուցման մասշտաբը տեղապես ընդլայնելու գլխավոր միջոցներից մեկն էր։ Այս տնտեսունացմամբ սաստկացվում է շրջանառության միջոցի ներգործունությունը, որչափով որ նրա մի ավելի փոքր քանակ է պահանջվում հաշվեկշռի սոսկական մնացորդը փակելու համար։ Մյուս կողմից՝ իբրև շրջանառության միջոց պտույտ գործող փողի արագությունը (որի շնորհիվ էլ է տնտեսվում) լիովին կախված է առուծախերի հոսանքից, ինչպես նաև վճարումների շղթայակցումից, որչափով որ սրանք փողով են կատարվում՝ հաջորդաբար։ Բայց վարկը միջնորդագործում է և այսպիսով սաստկացնում շրջանառության արագությունը։ Առանձին դրամը կարող է, օրինակ, միմիայն հինգ պտույտի սպասարկել և — իբրև շրջանառության միջոց՝ առանց վարկի միջամտության — ավելի երկար է մնում ամեն մի առանձին ձեռքում. եթե A-ն, դրամի սկզբնական տերը, գնումն է անում B-ից, B-ն՝ C-ից, C-ն՝ D-ից, D-ն՝ E-ից, E-ն՝ F-ից, ուրեմն դրամի՝ մի ձեռից մի ուրիշ ձեռ անցնելը կենսագործվում է իրական առուծախերով միայն։ Իսկ եթե B-ն A-ից իբրև վճար ստացած փողն ավանդադրում է իր բանկիրի մոտ, և սա մուրհակազեղչի ձևով այն տալիս է C-ին, սա գնումն է անում D-ից, D-ն այն ավանդադրում է իր բանկիրի մոտ, իսկ սա այն փոխատրում է E-ին, որը գնումն է անում F-ից, ապա փողի որպես սոսկական շրջանառության միջոցի (գնելամիջոցի) արագությունն էլ կենսագործվում է մի քանի վարկային գործառնություններով, որոնք են՝ B-ի ավանդադրումը իր բանկիրի մոտ, սրա կատարած մուրհակազեղչումը C-ի համար, D-ի ավանդադրումը իր բանկիրի մոտ, սրա կատարած մուրհակազեղչումը E-ի համար. ուրեմն չորս վարկային գործառնություն։ Առանց վարկային այս գործառնությունների փողի միևնույն միավորը չէր կարող հաջորդաբար կատարել հինգ գնում տվյալ ժամանակամիջոցում։ Որ դրամը ձեռից ձեռ է անցել առանց իսկական առուծախի միջնորդագործության,— որպես ավանդ ու որպես զեղչ,— այս հանգամանքն այստեղ արագացրել է նրա ձեռից ձեռ անցնելն առուծախի իսկական առևտրական գործառնությունների շարքում։
Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչպես միևնույն բանկնոտը կարող է ավանդներ կազմել տարբեր բանկիրների մոտ։ Նա կարող է նմանապես տարբեր ավանդներ կազմել միևնույն բանկիրի մոտ։ Սա այն բանկնոտով, որ A-ն է ավանդադրել, զեղչում է B-ի մուրհակը, B-ն վճարում է այն C–ին, C-ն միևնույն բանկնոտն ավանդադրում է նույն այն բանկիրի մոտ, որը դուրս էր տվել այդ։
Փողի պարզ շրջանառությունը քննարկելու ժամանակ (I գիրք, III գլուխ, արդեն ցույց ենք տվել, որ շրջանառության արագությունն ու վճարումների տնտեսումն իբրև տվյալ ենթադրելիս, իրապես շրջանառող փողի մասսան որոշվում է ապրանքների գներով ու գործարքների թվով։ Միևնույն օրենքն է իշխում բանկնոտների շրջանառության ժամանակ։
Հետևյալ աղյուսակում նշված են Անգլիայի բանկի բանկնոտների տարեկան միջինն ամեն մի տարվա համար, որչափով որ բանկնոտները հասարակության ձեռին էին գտնվում, ընդ որում բերված են 5 ու 10 ֆնտանոց բանկնոտների, 20—100 £-անոց բանկնոտների ու ավելի բարձր, 200—1000 £-անոց բանկնոտների գումարները, ինչպես և շրջանառության մեջ գտնվող տոմսերի ընդհանուր գումարի և այս ռուբրիկաներից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը։ Գումարները տրված են հազարներով, ընդ որում վերջին երեք կարգի թվանշանները ջնջված են։
Թվական | 5-10 £-անոց բանկնոտներ |
% | 20-100 £-անոց բանկնոտներ |
% | 200-1000 £-անոց բանկնոտներ |
% | Ընդամենը £ |
1844 | 9 263 | 45,7 | 5 735 | 28,3 | 5 253 | 26,0 | 20 241 |
1845 | 9 698 | 46,9 | 6 082 | 29,3 | 4 942 | 28,6 | 20 723 |
1846 | 9 918 | 48,9 | 5 771 | 28,5 | 4 590 | 22,6 | 20 286 |
1847 | 9 591 | 50,1 | 5 498 | 28,7 | 4 066 | 21,2 | 19 155 |
1848 | 8 732 | 48,3 | 5 046 | 27,9 | 4 307 | 23,8 | 18 085 |
1849 | 8 692 | 47,2 | 5 234 | 28,5 | 4 777 | 24,3 | 18 403 |
1850 | 9 164 | 47,2 | 5 587 | 28,8 | 4 646 | 24,0 | 19 398 |
1851 | 9 362 | 48,8 | 5 554 | 28,5 | 4 577 | 23,4 | 19 473 |
1852 | 9 839 | 45,0 | 6 161 | 28,2 | 5 856 | 26,8 | 21 856 |
1853 | 10 699 | 47,3 | 6 393 | 28,2 | 5 541 | 24,5 | 22 653 |
1854 | 10 565 | 51,0 | 5 910 | 28,5 | 4 234 | 20,5 | 20 709 |
1855 | 10 628 | 53,6 | 5 706 | 28,9 | 3 459 | 17,5 | 19 793 |
1856 | 10 680 | 54,4 | 5 645 | 28,7 | 3 324 | 16,9 | 19 648 |
1857 | 10 659 | 54,7 | 5 567 | 28,6 | 3 241 | 16,7 | 19 467 |
(B. A. 1858, էջ XXVI) Հետևաբար, շրջանառող բանկնոտների ընդհանուր գումարը 1844 թվից մինչև 1857 թիվը պակասել է դրականապես, թեև արտահանման ու ներմուծման թվերի ցույց տված առևտրային շրջանառությունը կրկնապատկից ավելի է շատացել։ Ավելի փոքր 5 £-անոց ու 10 £-անոց բանկնոտներն, ինչպես աղյուսակաթերթն է նշում, 1844 թվի 9 263 000 £-ից ավելանալով հասել են 1857 թվին 10 659 000 £-ի։ Եվ այս եղել է հենց այն պահին՝ ոսկու շրջանառության այնքան սաստիկ ավելանալու հետ միաժամանակ։ Ընդհակառակն, ավելի բարձր գումարանոց (200—1000 £-անոց) բանկնոտները նվազելով 1852 թվի 5 865 000 £-ից հասնում են 1857 թվին 3 241 000 £-ի։ Ուրեմն ավելի քան 2½ միլիոն £-ի նվազում։ Այո բացատրվում է հետևյալ կերպով. «Լոնդոնի մասնավոր բանկիրները 1854 թվի հունիսի 5-ին ակցիոներական բանկերին մասնակից դարձրին Clearing House-ի [հաշվեհարդարի պալատի] գործունեությանը և շուտով այնուհետև վերջնական clearing-ը (հաշվեհարդարը) մտցվեց Անգլիայի բանկում։ Ամենօրյա հաշվեհարդարներն արվում են փոխգրանցելով այն հաշիվների մեջ, որ տարբեր բանկեր ունեն Անգլիայի բանկում։ Այս սիստեմը մտցնելու հետևանքով ավելորդ դարձան բարձր գումարանոց բանկնոտները, որոնցից բանկերն առաջ օգտվում էին իրենց փոխադարձ հաշիվները մարելու համար (B. A. 1858, էջ V)։
Թե մեծածախ առևտրի մեջ փողի գործածությունն ինչպես է մի փոքրիկ մինիմումի հասցվել, այս մասին հմմտ. այն աղյուսակը, որ տպագրված է I գրքում, III գլուխ, 103-րդ ծանոթագրություն և որը բանկային հանձնաժողովին տվել է Morrison Dillon and C° ֆիրման՝ Լոնդոնի այն ժամանակվա ամենամեծ ֆիրմաներից մեկը, որտեղից կարող էր մանրածախ առևտրականը գնել ամեն տեսակի ապրանքների իր ամբողջ պաշարը։
Վ. Նյումարչի՝ 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև տված № 1741 ցուցմունքի համաձայն շրջանառության միջոցների անտեսմանը նպաստում էին դեռ ուրիշ հանգամանքներ էլ — պեննիանոց նամակածախքը, երկաթուղիները, հեռագրագծերը, կարճ ասած՝ հաղորդակցության կատարելագործված միջոցները, այնպես որ Անգլիան հիմա բանկնոտների գրեթե միևնույն շրջանառությամբ կարող է հնգապատիկ ու վեցապատիկ ավելի գործառնություններ կատարել։ Բայց էապես սրանով է պայմանավորվում նաև այն, որ 10 £-անոցից ավելի բարձր բանկնոտները վտարվել են շրջանառությունից։ Նյումարչին թվում է, թե սա մի բնական բացատրություն է այն բանի, որ Շոտլանդիայում ու Իռլանդիայում, որտեղ 1 £-անոց բանկնոտներ էլ են շրջանառում, բանկնոտների շրջանառությունը աճել է մոտ 31%-ով (1747)։ Նրա ասելով, բանկնոտների ամբողջ շրջանառության գումարը, 1 £-անոց բանկնոտներն էլ մեջը հաշված, Միացյալ Թագավորության մեջ 39 միլիոն £ է (1749)։ Ոսկու շրջանառության գումարը = 70 միլիոն £ (1750)։ Շոտլանդիայում բանկնոտների շրջանառությունը 1834 թվին 3 120 000 £ էր, 1844 թվին՝ 3 020 000 £, 1854 թվին՝ 4 050 000 £ (1752)։
Այստեղից բխում է արդեն, որ բանկնոտներ թողարկող բանկերն ամենևին չեն կարող ըստ իրենց հայեցողության շրջանառող բանկնոտների թիվն ավելացնել, քանի դեռ այս բանկնոտներն ամեն ժամանակ կարող են փոխանակվել փողի հետ։ {Այստեղ խոսքն ընդհանրապես անփոխարկելի թղթե փողի մասին չէ. անփոխարկելի բանկնոտները կարող են շրջանառության ընդհանրական միջոցներ դառնալ այն դեպքում միայն, եթե նրանք փաստորեն ապահովված են պետական վարկով, ինչպես, օրինակ, ներկայումս Ռուսաստանում։ Այսպիսով նրանք ընկնում են պետական անփոխարկելի թղթե փողի օրենքների տակ, որոնք արդեն շարադրված են (I գիրք, գլուխ III, 2, c. «Ստակը, արժենիշը»)։— Ֆ. Է.}։
Շրջանառող բանկնոտների քանակը կարգավորվում է շրջանառության պահանջմունքներով, և ամեն մի ավելորդ բանկնոտ իսկույն վերադառնում է իր թողարկողի մոտ։ Որովհետև Անգլիայում միմիայն Անգլիայի բանկի բանկնոտներն են ընդհանրապես շրջանառում իբրև օրինական վճարամիջոցներ, ուստի մենք այստեղ կարող ենք բոլորովին անտեսել գավառական բանկերի թողարկած բանկնոտների աննշան ու լոկ տեղական շրջանառությունը։
Պարոն Նիվը, Անգլիայի բանկի կառավարիչը, 1858 թվի բանկային հանձնաժողովի առջև վկայում է. «№ 947 (Հարց.) Դուք ասում եք, թե ինչ միջոցների էլ որ ձեռնարկեիք, հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը կմնար միևնո՞ւյնը, այսինքն 20 միլիոն £։— Սովորական ժամանակներում հասարակության գործածությունն ըստ երևույթին պահանջում է մոտ 20 միլիոն։ Տարվա մեջ պարբերապես կրկնվող որոշ ժամանակաշրջաններում բանկնոտները ավելանում են 1 կամ 1½ միլիոնով։ Եթե հասարակությունն ավելի մեծ գումարի կարիք ունի, ապա նա, ինչպես ասացի, կարող է Անգլիայի բանկից ստանալ բանկնոտներ։— 948. Դուք ասացիք, թե խուճապի ժամանակ հասարակությունը չէր ուզում ձեզ թույլ տալ, որ բանկնոտների գումարը քչացնեք. հաճեցեք այս հիմնավորել։— Խուճապի ժամանակաշրջաններում հասարակությունն, ինչպես թվում է ինձ, լիակատար հնարավորություն ունի բանկնոտներ ճարելու իրեն համար. և բնականորեն, քանի որ բանկը պարտավորություն ունի, հասարակությունը կարող է, այս պարտավորության վրա հիմնված, բանկնոտներ ստանալ բանկից։— 949. Ինչպես երևում է ուրեմն, ամե՞ն ժամանակ են Անգլիայի բանկի մոտավորապես 20 միլիոնի բանկնոտներ պահանջվելու։— Հասարակության ձեռին՝ 20 միլիոնի բանկնոտ. այս փոփոխվում է. լինում է 18½, 19, 20 միլիոն և այլն. բայց միջին հաշվով 19—20 միլիոն կարող եք ընդունել»։
Թոմաս Տուկի ցուցմունքը լորդերի հանձնաժողովի առջև Commercial Distress-ի [առևտրային ճգնաժամի] վերաբերյալ (C. D. 1848/57). № 3094. «Բանկը ոչ մի հնարավորություն չունի իր ուզածի համաձայն ավելացնելու հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը. նա հնարավորություն ունի քչացնելու հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը, բայց խիստ բռնի գործառնության միջոցով միայն»։
Ջ. Կ. Ռայտը, 30 տարուց ի վեր Նոտտինգհամի բանկիր, մանրամասն պարզելով, թե գավառական բանկերը հնարավորություն չունեն շրջանառության մեջ երբեմն ավելի շատ բանկնոտներ պահելու, քան հասարակությունը կարիք ունի և կամենում է, Անգլիայի բանկի բանկնոտների մասին ասում է (C. D. 1848/57) № 2844. «Անգլիայի բանկի համար ես (բանկնոտներ թողարկելու) ոչ մի սահման չեմ պատկերացնում, բայց շրջանառության ամեն մի ավելցուկ կփոխարկվի ավանդների և այսպիսով մի այլ ձև կընդունի»։
Միևնույնը վերաբերում է նաև Շոտլանդիային, որտեղ գրեթե մենակ թղթե փող է շրջանառում, որովհետև այնտեղ, ինչպես և Իռլանդիայում մի ֆնտանոց բանկնոտներ են թույլատրված և որովհետև «the scotch hate gold» («Շոտլանդացին ատում է ոսկին»)։ Կեննեդին, շոտլանդական մի բանկի կառավարիչ, հայտարարում է, թե բանկերը չէին կարող մինչև անգամ պակասեցնել իրենց բանկնոտների շրջանառությունը, և «այն կարծիքին է, թե քանի դեռ երկրի ներսում գործարքների կնքումը հաջողեցնելու համար բանկնոտներ կամ ոսկի է պահանջվում, բանկիրները պետք է շրջանառության այնքան միջոցներ մատակարարեն, որքան պահանջում են այս գործարքները, լինի սա իրենց ավանդատուների պահանջով, թե որևէ ուրիշ կերպ, միևնույն է... Շոտլանդական բանկերը կարող են իրենց գործարքները սահմանափակել, բայց նրանք չեն կարող ոչ մի վերահսկողություն ունենալ իրենց բանկնոտների թողարկման վրա» (ն. տ. № 3446—48)։ Նույն իմաստով է խոսում Անդերսոնը, Union Bank of Scotland-ի կառավարիչը, ն. տ. № 3578. «Արդյոք {շոտլանդական բանկերի միջև տեղի ունեցող}՝ բանկնոտների փոխադարձ փոխանակության սիստեմն արգելք չի՞ հանդիսանում բանկնոտների գերթողարկմանը որևէ առանձին բանկի կողմից։— Այո, ի հարկե. բայց մեր տրամադրության տակ մի ավելի ներգործուն միջոց կա, քան բանկնոտների փոխանակությունն է» {որն իրապես բոլորովին գործ չունի հիշյալ նպատակի հետ, սակայն ապահովում է յուրաքանչյուր առանձին բանկի բանկնոտների շրջանառությունն ամբողջ Շոտլանդիայում}, «և այս միջոցն է՝ բանկային հաշիվ ունենալու ընդհանրական սովորությունը Շոտլանդիայում. ամեն մի մարդ, ով որևէ փող ունի, նաև հաշիվ ունի մի բանկում և օրը օրին այնտեղ է մուծում այն ամենը, որի կարիքն անմիջապես չունի ինքը, այնպես որ ամեն մի գործարքային օրվա վերջում ամբողջ փողը բանկերում է լինում, բացի այն փողից, որ յուրաքանչյուրն ունենում է իր գրպանում»։
Նույնն է նաև Իռլանդիայի վերաբերմամբ. տե՛ս Իռլանդիայի բանկի կառավարիչ Մակդոնելլի ու Provincial Bank Of Ireland-ի կառավարիչ Մյորրեի ցուցմունքները միևնույն հանձնաժողովի առջև։
Բանկնոտների շրջանառությունն ինչպես Անգլիայի բանկի կամքից կախում չունի, նույնպես էլ անկախ է բանկի նկուղներում գտնվող այն ոսկու պաշարի վիճակից, որն ապահովում է այս բանկնոտների փոխարկելիությունը։ «1846 թվի սեպտեմբերի 18-ին Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունը 20 900 000 £ էր, իսկ նրա մետաղապաշարը՝ 16 273 000 £. 1847 թվի ապրիլի 5-ին բանկնոտների շրջանառությունը 20 815 000 £ էր, իսկ մետաղապաշարը՝ 10 246 000 £։ Ուրեմն, չնայած 6 միլիոն £ ազնիվ մետաղի արտահանությանը՝ բանկնոտների շրջանառության ոչ մի կրճատում տեղի չունեցավ» (J. G. Kinnear: «The Crisis and the Currency», Ld. 1847, էջ 5.)։ Սակայն հասկանալի է ինքնին, որ այս ճիշտ է Անգլիայում այսօր իշխող պայմաններում միայն և այստեղ էլ լոկ այնչափով, որչափով որ օրենսդրությունը ուրիշ բան չի հրամանագրում բանկնոտների թողարկման ու մետաղապաշարի հարաբերության վերաբերյալ։
Հետևաբար, բուն իսկ շրջանառության պահանջմունքներն են միայն, որ ազդեցություն են գործում շրջանառու փողի,— բանկնոտների ու ոսկու,— քանակի վրա։ Այստեղ ամենից առաջ պետք է նշել այն պարբերական տատանումները, որոնք կրկնվում են յուրաքանչյուր տարի, ինչ էլ որ լինի գործերի ընդհանրական վիճակը, այնպես որ վերջին 20 տարիների ընթացքում «շրջանառությունը մի որոշ ամսում բարձր է լինում, մյուսում՝ ցածր, մի երրորդ ամսում միջին կետի վրա է կանգնում» (Նյումարչ, B. A. 1857, № 1650.)։
Այսպես, յուրաքանչյուր տարվա օգոստոսին Անգլիայի բանկից մի քանի միլիոն,— մեծ մասամբ ոսկով,— մտնում է երկրի ներսում կատարվող շրջանառության մեջ՝ հնձի ծախքերը վճարելու համար, որովհետև խնդիրը գլխավորապես վերաբերում է աշխատավարձերը վճարելուն, ուստի այս դեպքում բանկնոտներ ավելի քիչ են գործածելի Անգլիայում։ Մինչև տարեվերջն այս փողը էլի ետ է հոսում բանկը։ Շոտլանդիայում սովերենների [մի ֆնտանոց ոսկե դրամների] փոխարեն գրեթե միմիայն ֆնտանոց բանկնոտներ են գործածվում, ուստի այնտեղ համապատասխան դեպքերում, ու այն էլ տարվա մեջ երկու անգամ, մայիսին ու նոյեմբերին, բանկնոտների շրջանառությունն ընդարձակվելով հասնում է 3 միլիոնից 4 միլիոնի. 14 օրից հետո արդեն տեղի է ունենում ետհոսումը. սա մի ամսում գրեթե ավարտվում է (Անդերսոն, ն. տ. № 3595—3600)։
Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունը երեք ամիսը մի անգամ ժամանակավոր տատանում էլ է կրում «դիվիդենդների», այսինքն պետական պարտքի տոկոսների եռամսյա վճարման հետևանքով, որով բանկնոտները նախ դուրս են կորզվում շրջանառությունից և հետո էլի նետվում հասարակության մեջ. բայց նրանք շատ շուտով նորից ետ են հոսում բանկը։ Վեգելինը հավաստում է (B. A. 1857, № 38), թե բանկնոտների շրջանառության հիշյալ պատճառով կրած տատանումը 2½ միլիոն է։ Իսկ ընդհակառակը, պարոն Չեպմենը՝ Օվերենդ, Գարնեյ և Ընկ. տխրահռչակ ֆիրմայի ներկայացուցիչը, հիշյալ պատճառից փողային շուկայում «Առաջացած խանգարումը շատ ավելի բարձր է հաշվում։ «Եթե դուք շրջանառությունից 5 կամ 7 միլիոն եք վերցնում հարկերի ձևով, որ սրանով դիվիդենդները վճարեք, ապա պետք է որևէ մեկը լինի, որը տվյալ ժամանակամիջոցում տրամադրի այս գումարը» (B. A. 1857, № 5196)։
Շատ ավելի նշանավոր ու երկարատև են շրջանառող միջոցների քանակի այն տատանումները, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի տարբեր փուլերին։ Այս մասին լսենք հիշյալ ֆիրմայի մի ուրիշ associé-ին [բաժնետիրոջը], մեծահարգ քվակեր Սամյուել Գարնեյին (C. D. 1848/57, № 2645). «Հոկտեմբերի վերջին (1857 թ.) հասարակության ձեռին կային 20 800 000 £ բանկնոտներ։ Այն ժամանակ փողային շուկայում բանկնոտներ ձեռք բերելը շատ դժվար բան էր։ Այս առաջ էր գալիս այն ընդհանրական երկյուղից, թե 1844 թվի բանկային օրենքի սահմանափակման հետևանքով հնարավոր չի լինի բավարար չափով բանկնոտներ ճարել։ Ներկայումս {1848 թ. մարտ} հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը... 17 700 000 £ է, բայց որովհետև հիմա առևտրային տագնապ չի իշխում ամենևին, ուստի այս գումարը շատ ավելի է, քան հարկավոր է։ Լոնդոնում ոչ մի բանկիր կամ փողի առևտրական չկա, որը ավելի բանկնոտներ չունենա, քան կարող է գործադրել։— 2650. Բանկնոտների քանակը..., բացի Անգլիայի բանկում գտնվածից, շրջանառության ակտիվ վիճակի բոլորովին անբավարար ցուցանիշ է ներկայացնում, եթե միաժամանակ հաշվի չի առնվում առևտրական աշխարհի ու վարկի վիճակը նույնպես։— 2651. Այն զգացումը, թե մենք շրջանառության ներկա ծավալի պայմաններում հասարակության ձեռին բանկնոտների ավելցուկ ունենք, մեծ չափով առաջ է գալիս խոշոր լճացման մեր այժմյան դրությունից։ Բարձր գների ու գործերի աշխուժացման դեպքում այդ նույն 17 700 000 £-ը մեր մեջ առաջ կբերեր փողի սակավության զգացում»։
{Քանի դեռ գործերի դրությունն այնպես է, որ արված ավանսավորումների դիմաց վճարվող ետհոսումները կատարվում են կանոնավորապես և ուրեմն վարկն անխախտ է մնում, շրջանառության ընդարձակումն ու կծկումը պարզապես կարգավորվում է արդյունաբերողների ու վաճառականների պահանջմունքներով։ Քանի որ ոսկին, գոնե Անգլիայում, դեր չի խաղում մեծաքանակ առևտրի համար, և ոսկու շրջանառությունը, եթե մի կողմ թողնենք տարվա որոշ եղանակներում առաջացած տատանումները, ավելի երկար ժամանակի համար կարող է բավական հաստատուն մեծություն նկատվել, ապա Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունն այս փոփոխությունների բավական ստույգ աստիճանացույց է տալիս։ Ճգնաժամին հաջորդող հանդարտ ժամանակներում ամենից քիչ են շրջանառում միջոցները. պահանջարկի վերակենդանացման հետ հրապարակ է գալիս շրջանառության միջոցների ավելի մեծ կարիք, որը սաստկանում է վերընթաց ծաղկման հետ. շրջանառության միջոցների քանակն իր գագաթնակետին հասնում է արտադրության չափազանց ու չափազանց սպեկուլացիայի պարբերաշրջանում.— այն ժամանակ պայթում է ճգնաժամը, և մի ակնթարթում շուկայից չքանում են դեռ երեկ այնքան առատությամբ գտնվող բանկնոտները, ու սրանց հետ էլ մուրհակներ զեղչողները, արժեթղթերի գրավադրությամբ փոխատվություն անողները, ապրանքների գնորդները։ Անգլիայի բանկը պետք է օգնության հասնի,— բայց նրա ուժերն էլ շուտով սպառվում են, 1844 թվի բանկային օրենքը նրան ստիպում է իր բանկնոտների շրջանառությունը սահմանափակելու հենց ճիշտ այն մոմենտին, երբ ամբողջ աշխարհը բանկնոտներ է պահանջում, երբ ապրանքատերերը չեն կարողանում ծախել և, չնայած դրան, պետք է վճարեն, ուստի և պատրաստ են ամեն զոհաբերություն անելու, միայն թե բանկնոտներ ճարեն։ «Տագնապի ժամանակ,— ասում է վերևում հիշատակված բանկիր Ռայտը, ն. տ., № 2930,— երկիրը երկու անգամ ավելի մեծ շրջանառության կարիք ունի, քան սովորական ժամանակներում, որովհետև բանկիրները և ուրիշներն ամբարում են շրջանառության միջոցները»։
Հենց որ ճգնաժամը պայթում է, բոլորին զբաղեցնողը դառնում է վճարամիջոցներ ճարելը։ Բայց որովհետև այս վճարամիջոցների ստացման տեսակետից ամեն մի մարդ ուրիշից է կախված, և ոչ ոք չգիտի, թե մյուսն ի վիճակի կլինի՞ արդյոք ժամկետօրում վճարելու, ուստի մի կատարյալ մրցարշավ է բռնկվում շուկայում գտնվող վճարամիջոցների համար, այսինքն՝ բանկնոտների համար. ամեն մեկը ջանում է այնքան բանկնոտ կուտակել, որքան կարող է ստանալ, և այսպիսով շրջանառությունից չքանում են բանկնոտները հենց այն օրը, երբ մարդիկ նրանց ամենածայրահեղ կարիքն ունեն։ Սամյուել Գարնեյը (C. D. 1848/57, № 1166) հավաստում է, թե խուճապի րոպեին այսպես փականքի տակ դրված բանկնոտների թիվը 1847 թվի հոկտեմբերին 4—5 միլիոն £ էր։— Ֆ. Է.}։
Այս առնչությամբ առանձնապես հետաքրքրական է Գարնեյի համընկերոջ, արդեն հիշատակված Չեպմենի ցուցմունքը 1857 թվի բանակային հանձնաժողովի առջև։ Այստեղ քննարկվող հարցի կապակցությամբ ես այստեղ տալիս եմ այդ ցուցմունքների գլխավոր բովանդակությունը, թեև նրա մեջ քննարկվում են մի քանի այնպիսի կետեր էլ, որ մենք միմիայն հետո ենք հետազոտելու։
Պարոն Չեպմենի ցուցմունքը հետևյալն է.
«4963. Ես առանց որևէ տատանման վստահում եմ ասելու, որ անիրավացի եմ համարում իրերի այն դրությունը, երբ փողի շուկայի վրա իշխանություն է հաստատում այս կամ այն անհատական կապիտալիստը (նմանները կան Լոնդոնում), որը կարող է փողի վիթխարի պակասություն ու նեղվածություն առաջ բերել հենց այն ժամանակ, երբ շրջանառությունը շատ ցածր է կանգնած... Այս հնարավոր է... մեծ է այն կապիտալիստների թիվը, որոնք կարող են շրջանառության ոլորտից 1 կամ 2 միլիոն £-ի բանկնոտներ դուրս կորզել, եթե սրանով իրականացվում են նրանց նպատակները։— 4965. Խոշոր սպեկուլանտը կարող է 1 կամ 2 միլիոնի կոնսոլներ ծախել և այսպիսով փողը շուկայից հանել։ Նման մի բան հենց նորերումս պատահեց. այս առաջ է բերում «արտակարգ սաստիկ նեղվածություն»։
4967. Բանկնոտներն այս դեպքում անշուշտ անարտադրողական են։ «Բայց ոչ մի նշանակություն չունի, եթե դրանով մի մեծ նպատակ է կենսագործվում. իսկ մեծ նպատակն այն է, որ ֆոնդերի գները ցած գցի, փողի նկատմամբ նեղվածություն առաջ բերի, և համապատասխան մարդիկ այս անելու լիակատար կարողություն ունեն»։ Մի օրինակ, մի անգամ փողի մեծ պահանջարկ կար ֆոնդային բորսայում. ոչ ոք պատճառը չգիտեր. մի մարդ դիմեց Չեպմենին, նրանից 50 000 £-ի փոխառություն խնդրելով 7%-ով։ Չեպմենն ապշած էր, նրա տոկոսադրույքը շատ ավելի ցածր էր, և նա իսկույն համաձայնեց։ Շուտով այնուհետև նույն մարդը վերադարձավ, վերցրեց նորից 50 000 £ 7½%-ով, հետո՝ 100 000 £ 8%-ով և ուզում էր է՛լ ավելի մեծ գումար ստանալ 8½%-ով։ Այն ժամանակ նույնիսկ Չեպմենը վախ զգաց։ Հետագայում պարզվեց, որ փողի մի նշանավոր գումար էր դուրս կորզվել շուկայից։ Բայց,— ասում է Չեպմենը,— «ես դարձյալ մի նշանավոր գումար փոխատրեցի 8%-ով. ավելի դենը գնալուց վախեցա. ես չէի իմանում, թև ինչ տեղի կունենար»։
Երբեք չպետք է մոռանալ, որ թեև բավական հարատև կերպով 19-ից մինչև 20 միլիոնի բանկնոտներ են լինում իբր թե հասարակության ձեռին, սակայն և այնպես մի կողմից՝ այս բանկնոտների այն մասը, որ իրոք շրջանառում է, մյուս կողմից՝ այն մասը, որ բանկերում պարապ մնում է իբրև պահեստ, միշտ ու նշանավոր չափով փոփոխվում են իրենց հարաբերությամբ։ Եթե այս պահեստը խոշոր է, ուրեմն իսկական շրջանառության մակարդակը ցածր է կանգնած, ապա փողի շուկայի տեսակետից այս նշանակում է, թե շրջանառության ոլորտը լեփ-լեցուն է (the circulation is full, money is plentifull [շրջանառությունը հագեցված է, փող էլ շատ կա] եթե պահեստը փոքր է, ուրեմն իսկական շրջանառության մակարդակը լեփ-լեցուն է, ապա փողի շուկան ասում է, թե նա ցածր է (the circulation is low, money is scarce [շրջանառությունը ցածր մակարդակի վրա է, փող քիչ կա]) իսկապես այն մասն է մի փոքր գումար կազմում, որը պարապ փոխատուական կապիտալ է ներկայացնում։ Արդյունաբերական ցիկլի փուլերից անկախ առաջացող՝ շրջանառության իսկական ընդարձակումը կամ սեղմումը,— բայց այնպես, որ հասարակությանը հարկավոր գումարը միևնույնն է մնում նրա ձեռին,— տեղի է ունենում լոկ տեխնիկական պատճառներով, օրինակ, հարկերի կամ թե պետական պարտքի տոկոսների վճարման ժամկետներին։ Հարկերի վճարման ժամանակ բանկնոտներն ու ոսկին հոսում են Անգլիայի բանկը սովորականից գերազանցող չափով և փաստորեն կրճատում են շրջանառությունը՝ վերջինիս պահանջմունքից անկախ։ Ընդհակառակն է լինում, երբ պետական պարտքի դիվիդենդներն են վճարվում։ Առաջին դեպքում փոխառություններ են արվում բանկից՝ շրջանառության միջոցներ ստանալու համար։ Երկրորդ դեպքում մասնավոր բանկերի տոկոսադրույքն ընկնում է՝ նրանց պահեստների ժամանակավոր ավելացման պատճառով։ Այս երևույթը ոչ մի կապ չունի շրջանառության միջոցների բացարձակ մասսայի հետ, այլ վերաբերում է այն բանկային ֆիրմային միայն, որը շրջանառության մեջ է դնում իր այս շրջանառու միջոցները, որի համար այս պրոցեսը փոխատուական կապիտալի օտարումն է ներկայացնում ու որն ուրեմն յուրացնում է սրանից ստացած շահույթը։
Մի դեպքում տեղի է ունենում սոսկ ժամանակավոր տեղափոխություն շրջանառող միջոցի, որն Անգլիայի բանկը նրանով է հավասարակշռում, որ եռամսյա հարկերի ու նմանապես եռամսյա դիվիդենդների վճարման ժամկետից քիչ առաջ կարճատև փոխատվություններ է անում ցածր տոկոսներով. այս եղանակով դուրս տրված այս գերաթիվ բանկնոտները հիմա նախ լցնում են այն պակասները, որ պատճառում է հարկերի վճարումը, մինչդեռ նրանց՝ այնուհետև շուտով բանկին ետվճարելը վերականգնում է բանկնոտների այն ավելցուկը, որը հասարակության մեջ նետվել էր դիվիդենդների վճարմամբ։
Մյուս դեպքում ցածր կամ թե բարձր մակարդակի շրջանառությունը միշտ շրջանառության միջոցների միևնույն քանակի լոկ ուրիշ բաշխումն է ակտիվ շրջանառության ու ավանդների, այսինքն փոխատվությունների գործիքի միջև։
Մյուս կողմից՝ եթե, օրինակ, ոսկու՝ դեպի Անգլիայի բանկն առհոսելու հետևանքով շատանում է նրա դիմաց դուրս տրված բանկնոտների թիվը, ապա սրանք օժանդակում են բանկից դուրս զեղչումներ անելուն և ետ են հոսում փոխառությունները ետվճարելու պրոցեսում, այնպես որ շրջանառող բանկնոտների բացարձակ քանակը մեծանում է լոկ ժամանակավորապես։
Եթե շրջանառությունը լեփ-լեցուն է գործերի ընդարձակման պատճառով (որը հնարավոր է հարաբերաբար ավելի ցածր գների ժամանակ էլ), ապա տոկոսադրույքը կարող է հարաբերաբար բարձր լինել՝ շնորհիվ փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի, որը պայմանավորվում է աճող շահույթով և կապիտալի ավելի խոշոր ներդրումներով։ Եթե շրջանառությունը ցածր է գործերի սեղմվելու պատճառով կամ վարկ ձեռք բերելու դյուրացման շնորհիվ, ապա տոկոսադրույքը կարող է ցածր լինել բարձր գների ժամանակ էլ։ (տես Հեբբարտ)։
Շրջանառության բացարձակ քանակը տոկոսադրույքի վրա որոշիչ կերպով ներգործում է նեղվածության ժամանակներում միայն։ Կա՛մ լեփ-լեցուն շրջանառության նկատմամբ եղած պահանջարկն այստեղ արտահայտում է գանձագոյացման միջոցների նկատմամբ եղած պահանջարկ միայն (մի կողմ թողնելով այն պակասած արտադրությունը, որով շրջանառում է փողը և որով փողի միևնույն միավորները շարունակ փոխատուական կապիտալի են փոխարկվում) այնպիսի վարկազրկության պատճառով, ինչպիսին 1847 թվականինն էր, երբ բանկային օրենքի կախակայումը շրջանառության ոչ մի ընդարձակում առաջ չբերեց, բայց բավական էր կուտակված բանկնոտները դարձյալ լույս աշխարհ դուրս բերելու և շրջանառության մեջ նետելու համար։ Կա՛մ թե չէ՝ որոշ հանգամանքներում իրոք կարող են շրջանառության ավելի շատ միջոցներ պահանջվել, ինչպես որ 1857 թվին, երբ շրջանառությունը բանկային օրենքի կախակայումից հետո մի առժամանակ իսկապես աճեց։
Ուրիշ դեպքերում շրջանառության բացարձակ քանակը չի ազդում տոկոսադրույքի վրա, որովհետև առաջին՝ նա,— երբ շրջանառության տնտեսումն ու արագությունն անփոփոխ ենք ենթադրում,— որոշվում է ապրանքների գներով, գործարքների քանակով (ընդ սմին այդ մոմենտներից մեկը սովորաբար ջլատում է մյուսի ներգործությունը) և վերջապես վարկի վիճակով, այնինչ, ընդհակառակը, վերջիններս ամենևին չեն որոշվում շրջանառության բացարձակ քանակով. իսկ երկրորդ՝ որովհետև ապրանքագներն ու տոկոսը ոչ մի անհրաժեշտ կապակցության մեջ չեն գտնվում։
Bank Restriction Act-ի գործադրման ընթացքում (1797—1820 թվերին) տեղի ուներ currency-ի [շրջանառության միջոցների] ավելցուկ. տոկոսադրույքը շատ ավելի բարձր էր միշտ, քան կանխիկ վճարումները վերականգնելուց դեսը։ Հետագայում տոկոսադրույքն արագորեն ընկավ բանկնոտների թողարկումը սահմանափակելուն և բարձրացող մուրհակակուրսին զուգընթաց։ 1822, 1823, 1832 թվականներին ընդհանուր շրջանառությունը ցածր էր, ցածր էր նաև տոկոսադրույքը։ 1824, 1825, 1836 թվականներին շրջանառությունը բարձր էր, տոկոսադրույքը բարձրացավ։ 1830 թվի ամռանը շրջանառությունը բարձր էր, իսկ տոկոսադրույքը՝ ցածր։ Ոսկու նոր հանքարանների հայտնագործումից հետո փողի շրջանառությունն ընդարձակվեց ամբողջ Եվրոպայում, տոկոսադրույքը բարձրացավ։ Ուրեմն տոկոսադրույքը կախված չէ շրջանառող փողի քանակից։
Շրջանառության միջոցների թողարկման ու կապիտալի փոխատվության տարբերությունն ամենից լավ երևում է իսկական վերարտադրության պրոցեսի ժամանակ։ Մենք արդեն իմանում ենք (II գիրք, III բաժին), թե արտադրության տարբեր բաղադրամասերն ինչպես են փոխանակվում։ Օրինակ, փոփոխուն կապիտալն առարկայապես կազմված է բանվորների կենսամիջոցներից, ներկայացնում է նրանց սեփական արդյունքի մի մասը։ Բայց սա մաս-մաս է նրանց վճարվում փողով։ Այս փողը պետք է կապիտալիստը կանխավճարի, իսկ վարկային գործի կազմակերպությունից շատ է կախված այս, թե արդյոք կապիտալիստը հաջորդ շաբաթում էլի կարող է նոր փոփոխուն կապիտալը վճարել այն հին փողով, որով նա վճարեց նախորդ շաբաթում։ Նույնը վերաբերում է նաև փոխանակության այն ակտերին, որոնք կատարվում են հասարակական ամբողջ կապիտալի տարբեր բաղադրամասերի միջև, օրինակ, սպառման միջոցների ու նույն այս սպառման միջոցների արտադրության միջոցների միջև։ Սրանց շրջանառության համար անհրաժեշտ փողն, ինչպես տեսանք, պետք է կանխավճարի փոխանակության երկու կողմերից մեկը, կամ թե երկուսն էլ։ Այնուհետև փողը մնում է շրջանառության ոլորտի մեջ, բայց ավարտված փոխանակությունից հետո նա շարունակ վերադառնում է նրա մոտ, ով կանխավճարել է այն, որովհետև կանխավճարված փողը չէր մտնում կապիտալիստի իրոք զբաղված արդյունաբերական կապիտալի մեջ (տես II գիրք, 20-րդ գլուխ)։ Զարգացած վարկային գործի ժամանակ, երբ փողը համակենտրոնանում է բանկերի ձեռին, սրանք են կանխավճարում այն, գոնե անվանապես։ Այսպիսի կանխավճարումը վերաբերում է միմիայն շրջանառության մեջ գտնվող փողին։ Այս՝ շրջանառության միջոցների կանխավճարումն է, ոչ թե այն կապիտալների կանխավճարումը, որոնք սրա շնորհիվ շրջանառության մեջ են դրվում։
Չեպմեն.— «5062. Կարող են վրա հասնել այնպիսի ժամանակներ, երբ բանկնոտները հասարակության ձեռին շատ մեծ գումար են կազմում, և այնուամենայնիվ նրանք չի կարելի ձեռք գցել»։ Փող լինում է խուճապի ժամանակ էլ, բայց յուրաքանչյուր մարդ զգուշանում է փողը փոխատրելի կապիտալի, փոխատրելի փողի վերածել. ամեն մեկն այս ամուր պահում է իրեն մոտ՝ իսկական վճարապահանջմունքի համար։
«5099. Գյուղական մարզերի բանկերն իրենց անզբաղ ավելցուկներն ուղարկում են ձեզ ու Լոնդոնի այլ ֆիրմաներին։— Այո, ի հարկե։ 5100. Մյուս կողմից՝ Լանկաշիրի ու Յորկշիրի գործարանային մարզերն իրենց մուրհակները ձեզ մոտ զեղչում են իրենց գործարքային նպատակների համար։— Այո, ի հարկե։— 5101. Այնպես որ մի երկրամասի ավելցուկ փողն այս ճանապարհով օգտագործվում է մի ուրիշ երկրամասի պահանջների համար։— Միանգամայն ճիշտ է։
Չեպմենն ասում է, թե բանկերը սովորություն ունեն իրենց ավելցուկ փողային կապիտալը կարճ ժամանակով գործադրել կոնսոլներ ու գանձարանատոմսեր գնելու համար և որ այդ պրակտիկան վերջին ժամանակներումս շատ է նվազել. հիմա ավելի գործածական է դառել փոխատրել այս փողն at call (օրը օրին, ամեն ժամանակ ետպահանջելու պայմանով)։ Նա ինքն այսպիսի թղթերի գնումը իր ձեռնարկության համար վերին աստիճանի աննպատակահարմար է համարում։ Այս պատճառով նա փողը ներդրում է վստահելի մուրհակների մեջ, որոնցից օրական մի մասի ժամկետը հասնում է, այնպես որ նա միշտ գիտե, թե ի՛նչ քանակությամբ ազատ փողի վրա կարող է ամեն օր հույս դնել {5001—5005}։
Նույնիսկ արտահանության աճումն ավելի կամ պակաս չափով ամեն մի երկրի համար, մեծ մասամբ հենց այն երկրի համար, որը վարկ է մատակարարում, արտահայտվում է որպես երկրի ներքին փողային շուկայի աճող պահանջ, ըստ որում սակայն այդ պահանջը, որպես այսպիսին, միմիայն նեղվածության ժամանակներում է զգացվում։ Այն ժամանակաշրջաններում, երբ արտահանությունն աճում է, բրիտանական ֆաբրիկատների միջնորդառաքման դիմաց գործարանատերերը սովորաբար երկարաժամկետ մուրհակներ են տալիս արտահանող վաճառականների վրա (5126)։ «5127. Արդյոք հաճախ չի՞ պատահում, որ այս մուրհակները ժամանակ առ ժամանակ նորոգելու համաձայնություն է լինում։— {Չեպմեն}.— Սա մի այնպիսի բան է, որը նրանք մեզնից գաղտնի են պահում. մենք ոչ մի այսպիսի մուրհակ չէինք ընդունի... Անշուշտ այս կարող է պատահել, բայց այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»։ {Անմե՜ղ Չեպմեն}։— «5123. Եթե արտահանության մեծ ավելացում է տեղի ունենում, ինչպես որ հենց մենակ վերջին տարում 20 միլիոն £-ի եղավ, արդյոք սա ինքնըստինքյան չի՞ հասցնում այն հետևանքին, որ կապիտալի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջ գալիս այն մուրհակները զեղչելու համար, որոնք այս արտահանումն են ներկայացնում։— Անկասկած։— 5130. Քանի որ Անգլիան իր ամբողջ արտահանության համար արտասահմանին վարկ է տալիս սովորաբար, արդյոք այս չէ՞ր պայմանավորի համապատասխան ավելադիր կապիտալի կլանում այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ հարատևում է այս վարկը։— Անգլիան վիթխարի վարկ է տալիս. բայց փոխարենը նա վարկ է վերցնում իր գնած հումքերի համար։ Մեզ վրա մուրհակ են քաշում Ամերիկայից միշտ 40 օրվա ժամկետով և ուրիշ երկրներից՝ 90 օրվա։ Մյուս կողմից՝ մենք ենք վարկ տալիս՝ երբ մենք Գերմանիա ապրանքներ ենք ուղարկում, վարկը տևում է 2 կամ երեք ամիս»։
Վիլսոնը հարցնում է Չեպմենին (5131), թե արդյոք այս ներմուծվող հումքերի ու գաղութային ապրանքների դիմաց հենց արդեն սրանց բեռնման հետ միաժամանակ մուրհակներ չե՞ն քաշվում Անգլիայի վրա և արդյոք նրանք հենց արդեն բեռնագրերի հետ միաժամանակ չե՞ն տեղ հասնում։ Չեպմենը ենթադրում է, որ այդ հնարավոր է, բայց որովհետև ինքը ոչինչ չի հասկանում «վաճառականական» այս գործերից, առաջարկում է հարցնել ավելի իրազեկ մարդկանցից։— Ամերիկա արտահանելիս,— ասում է Չեպմենը,— «ապրանքները խորհրդանշվում են տրանզիտի մեջ». այս խժդժաբանությունը պետք է նշանակի, թե անգլիական արտահանող վաճառականն ապրանքների դիմաց քառամսյա մուրհակ է քաշում Լոնդոնի ամերիկյան բանկային խոշոր ֆիրմաներից մեկի վրա, և բանկային ֆիրման գոցումն ստանում է Ամերիկայից։
«5136. Հեռավոր երկրների հետ տրվող գործերը սովորաբար չի վարում վաճառականը, որը իր կապիտալին սպասում է՝ մինչև ապրանքների վաճառքը։— Կարող են մասնավոր մեծ հարստություն ունեցող ֆիրմաներ լինել, որոնք ի վիճակի են իրենց սեփական կապիտալը ներդրելու՝ առանց ապրանքների գրավադրությամբ փոխատվություններ վերցնելու, բայց այս ապրանքները մեծ մասամբ փոխատվությունների են փոխարկվում՝ լավ հայտնի ֆիրմաների հոժարագրերի միջոցով։— 5137. Այս ֆիրմաները գտնվում են... Լոնդոնում, Լիվերպուլում և այլ վայրերում։— 5138. Արդյոք ֊գործարանատերը իր սեփական փողն է բանեցնում, թե նա Լոնդոնում կամ Լիվերպուլում մի վաճառական է ճարում, որը կանխավճարում է այդ գումարը,— այս ոչ մի տարբերություն չի՞ անում. ուրեմն այս գործարքը միշտ էլ մնում է Անգլիայում արված կանխավճարում։— Միանգամայն ճիշտ է։ Գործարանատերը լոկ սակավաթիվ դեպքերում որոշ առնչություն ունի սրա հետ {այնինչ 1847 թվին, ընդհակառակը, այսպես էր գրեթե բոլոր դեպքերում}։ «Ֆաբրիկատների վաճառականը, օրինակ, Մանչեստրում, ապրանքներ է գնում և Լոնդոնի մի սոլիդ ֆիրմայի միջոցով նավով ուղարկում է արտասահման. հենց որ Լոնդոնի ֆիրման համոզվեց, թե համաձայնության համեմատ ամբողջ ապրանքը բեռնած է, ապա վաճառականը Հնդկաստան, Չինաստան կամ թե այլ վայրեր գնացող այս ապրանքների դիմաց վեցամսյա մուրհակ է առնում Լոնդոնի ֆիրմայի վրա. այն ժամանակ մեջտեղ է գալիս բանկային աշխարհը, և նրա համար զեղչում է այս մուրհակը. այնպես որ այն ժամկետին, երբ նա պետք է վճարի այս ապրանքների համար, նա հիշյալ մուրհակի զեղչման շնորհիվ արդեն փող ունի պատրաստ դրած։— 5139. Բայց եթե նա հիմա փող ունի, այնուամենայնիվ բանկիրը չէ՞, որ նրան կանխավճարել է։— Բանկիրը մուրհակ ունի ձեռին. բանկիրը մուրհակը գնել է. նա բանկային կապիտալը բանեցնում է այս ձևով, այն է՝ առևտրային մուրհակները զեղչելու ձևով»։ {Ուրեմն Չեպմենն էլ մուրհակների զեղչումը ոչ թե իբրև կանխավճարում է նկատում, այլ իբրև ապրանքագնումն։ Ֆ. Է.}։— «5140. Բայց և այնպես այս կազմում է Լոնդոնի փողային շուկայում առաջադրվող պահանջների մի մա՞սը։— Անկասկած. սա փողային շուկայի ու Անգլիայի բանկի էական զբաղմունքն է։ Անգլիայի բանկը նույնպես ուրախ է լինում այս մուրհակներն ստանալու համար, ինչպես և մենք. նա գիտե, որ սրանք փողի լավ ներդրումն են։— 5141. Այս ձևով, ինչպես որ արտահանման գործն է աճում, պահանջարկն է՞լ է աճում փողային շուկայում։— Այն չափով, որով աճում է երկրի ծաղկումը, մենք {Չեպմենները} ևս մասնակցում ենք նրան։ 5142. Հետևաբար, եթե կապիտալի ներդրման այս տարբեր բնագավառները հանկարծակի ընդարձակվում են, ապա բնական հետևանքը լինում է տոկոսադրույքի բարձրացո՞ւմ։ Այս մասին ոչ մի կասկած»։
5143. Չեպմենը չի կարողանում կանոնավոր «հասկանալ, թե ինչպես, չնայած մեր խոշոր արտահանությանը, մենք այնքան շատ էինք ոսկի գործածում»։
5144. Հարգարժան Վիլսոնը հարցնում է. «Չի՞ կարող պատահել, որ մենք մեր արտահանության դիմաց ավելի խոշոր վարկեր ենք տալիս, քան ստանում ենք մեր ներմուծման դիմաց։— Ես անձամբ կասկածում եմ, որ այդ կարող է տեղի ունենալ։ Եթե մեկը Հնդկաստան ուղարկած իր մանչեստրյան ապրանքների դիմաց ստացած մուրհակը հոժարագրել է տալիս, ապա Դուք չեք կարող 10 ամսից պակաս ժամանակով հոժարագրել։ Մենք պետք է,— իսկ այս միանգամայն հաստատ է,— Ամերիկային իր բամբակի համար վճարենք մի քիչ ավելի առաջ, քան Հնդկաստանն է մեզ վճարում. բայց հետազոտել, թե այս ինչպես է ներգործում,— սա մի բավական փափուկ կետ է։— 5445. Եթե մենք, ինչպես անցյալ տարի, մանուֆակտուրային ապրանքների արտահանության 20 միլիոն £-անոց մի ավելացում ունենայինք, ապա մենք պետք է արդեն դրանից առաջ հումքերի ներմուծման մի շատ նշանակալից ավելացո՞ւմ ունեցած լինենք» [և այս իմաստով արդեն գերարտահանությունը նույնանում է գերներմուծման հետ, իսկ գերարտադրությունը՝ գերառևտրի հետ]` «ապրանքների այս շատացած քանակն արտադրելու համաբ։— Անկասկած. մենք պետք է մեկ շատ նկատելի բալանս վճարած լինենք, այսինքն բալանսը մի որոշ ժամանակ պիտի մեր դեմ եղած լինի, բայց Ամերիկայի հետ ունեցած մուրհակային կուրսն ավելի երկար ժամանակի ընթացքում մեր օգտին է լինում, և մենք երկար ժամանակից ի վեր ազնիվ մետաղների նշանակալից ներմուծում ենք ստացել Ամերիկայից»։
5148. Վիլսոնը հարցնում է վաշխառուապետ Չեպմենին, թե արդյոք սա իր բարձր տոկոսները բարձր ծաղկման ու բարձր շահույթների նշան չի՞ համարում։ Չեպմենն ակներևորեն ապշելով այո սիկոֆանտի միամտության վրա ի հարկ է դրական պատասխան է տալիս, սակայն և այնպես բավական անկեղծ է գտնվում՝ հետևյալ վերապահությունն անելու համար. «Կան մարդիկ, որոնց համար ուրիշ ելք չկա. նրանք պարտավորություններ ունեն կատարելու և պետք է կատարենք այս շահութաբեր լինի, թե ոչ, միևնույն է. բայց եթե նա» {բարձր տոկոսադրույքը} «հարատևում է, ապա այդ արդյունաբերական ծաղկումն կնշանակեր»։ Երկուսն էլ մոռանում են, որ բարձր տոկոսադրույքը կարող է նաև այն նշանակել, որ, ինչպես 1857 թվին պատահեց, վարկի թափառական ասպետները խախտում են երկրի ֆինանսական դրությունը, նրանք կարողանում են բարձր տոկոս վճարել, որովհետև ուրիշի գրպանից են վճարում (ընդ սմին նպաստելով այդ տոկոսադրույքի սահմանմանը բոլորի համար) և այդ միջոցին շռայլ կյանք են վարում կանխակայված շահույթների հաշվին։ Սակայն միաժամանակ իրերի հենց այս դրությունը կարող է իրապես շատ շահութաբեր լինել գործարանատերերի և այլոց համար։ Կապիտալների ետհոսումները փոխատվությունների սիստեմի շնորհիվ լիովին խաբեպատիր են դառնում։ Սրանով բացատրվում են հետևյալ երևույթներն էլ, որոնք Անգլիայի բանկի կապակցությամբ ոչ մի բացատրության կարիք չունեն, քանի որ այս բանկը բարձր տոկոսադրույքի դեպքում էլ ավելի ցածր դրույքով է զեղչում, քան մյուսները։
«5156. Ես կարող եմ պնդել,— ասում է Չեպմենը,— որ ներկա վայրկյանում, երբ մենք այնքան երկար ժամանակ բարձր տոկոսադրույք ունեինք, մեր զեղչագումարներն իրենց մաքսիմումին են հասել»։ {Չեպմենն այս ասում էր 1857 թվի հուլիսի 21-ին, կրախից մեկ-երկու ամիս առաջ}։— «5157. 1852 թվին» {երբ տոկոսը ցածր էր} «զեղչագումարներն այնպես բարձր լինելուց շատ հեռու էին»։ Որովհետև այն ժամանակ գործերի դրությունը դեռ շատ ավելի առողջ էր իրապես։
«5159. Եթե շուկան փողով գերլցված լիներ... և բանկազեղչը՝ ցածր, մենք մուրհակների նվազում կունենայինք... 1852 թվին մենք բոլորովին ուրիշ փուլում էինք գտնվում։ Երկրի արտահանումն ու ներմուծումն այն ժամանակ բոլորովին աննշան էին՝ այսօրվա հետ համեմատած։— 5161. Զեղչի այս բարձր նորմայով կատարած մեր զեղչումները նույնքան խոշոր են, որքան և 1854 թվին» {երբ տոկոսը 5—5½ էր}։
Չեպմենի վկայացուցմունքի մեջ վերին աստիճանի զվարճալին այն է, թե ինչպես այս մարդիկ հասարակության փողն իրենց սեփականություն են նկատում և կարծում են, թե իրենց կողմից զեղչված մուրհակները միշտ իրավունք ունեն փողի փոխարկելու։ Հարցերի ու պատասխանների միամտությունը մեծ է։ Օրենսդրության վրա պարտականություն է դրվում խոշոր ֆիրմաների կողմից հոժարագրված մուրհակները միշտ փոխարկել փողի, այն մասին հոգալ, որ Անգլիայի բանկն այդ մուրհակները բոլոր պարագաներում նորից վերազեղչի billbroker-ների համար։ Այնինչ 1857 թվին երեք այսպիսի billbroker սնանկացան մոտ 8 միլիոնի չափ, իսկ այս պարտքերի դիմաց նրանց սեփական կապիտալը մի բոլորովին չնչին գումար էր։— «5177. Արդյոք դրանով դուք չե՞ք ուզում ասած լինել, թե ձեր կարծիքով նրանք {Բերինգների կամ Լոյդերի հոժարագրերը} պետք է պարտադիր կերպով զեղչելի լինեն, ինչպես Անգլիայի բանկի բանկնոտներն են հիմա պարտադիր կերպով ոսկու հետ փոխանակելի։— Ես այն հայացքին եմ, որ շատ ողբալի բան կլիներ, եթե հոժարագրերը զեղչելի չլինեին. վերին աստիճանի արտակարգ դրություն կստեղծվեր, եթե մարդիկ ստիպված լինեին իրենց վճարումները դադարեցնելու, որովհետև իրենց ձեռին կան Սմիտ, Պէյն և Ընկ. կամ թե Ջոնս, Լոյդ և Ընկ. ֆիրմաների հոժարագրերը, և այս վերջինները նրանք չեն կարող զեղչել։— 5178. Արդյոք Բերինգի հոժարագիրը մի պարտավորություն չէ՞ փողի որոշ գումար վճարելու, երբ մուրհակի ժամկետը լրանում է։— Այդ բոլորովին ճիշտ է. բայց պարոնայք Բերինգները, երբ այսպիսի պարտավորություն են ստանձնում, ինչպես և ամեն մի վաճառական, որը հանձն է առնում այսպիսի պարտավորություն, ամենևին չեն էլ կարող երևակայել, թե իրենք պետք է սովերեններով վճարեն. նրանք հույսները դնում են այն բանի վրա, որ հոժարագրերը պետք է Clearing House-ում [Հաշվեհարդարի պալատում] հատուցվեն։—5180. Հետո, դուք չե՞ք կարծում, թե պետք է մի տեսակ մեխանիզմ հնարվի, որի օգնությամբ հասարակությունը իրավունք ունենար մուրհակի ժամկետը լրանալուց առաջ փող ձեռք բերելու այն հանգամանքի շնորհիվ, որ մի ուրիշը ստիպված լիներ մուրհակը զեղչելու։— Ո՛չ, հոժարագրողները չեն զեղչելու. բայց եթե դուք սրանով ուզում եք ասել, թե մենք հնարավորություն չպիտի ունենանք առևտրային մուրհակները զեղչված ստանալու, ապա մենք պետք է իրերի ամբողջ հորինվածքը փոխենք։— 5182. Դուք կարծում եք ուրեմն, թե նա {առևտրային մուրհակ} պետք է փողի փոխարկելի լինի ճիշտ այնպես, ինչպես Անգլիայի բանկի բանկնո՞տը պիտի ոսկու փոխարկելի լինի։— Բոլորովին անկասկած, որոշ պարագաներում։— 5184. Հետևաբար, դուք կարծում եք, թե currency-ի [փողի շրջանառության] կանոնադրությունը պետք է այնպես ձևավորված լինի, որ անկասկածելի սոլիդություն ունեցող առևտրային մուրհակները ամեն ժամանակ նույն հեշտությամբ փոխանակելի լինեն փողի հետ, ինչպես բանկնոտնե՞րը։— Այո, ես այդպես էլ կարծում եմ։— 5185. Դուք այնքան հեռու չե՞ք գնում արդյոք, որ ասեք, թե կամ Անգլիայի բանկը, կամ թե որևէ մի ուրիշ հիմնարկ պետք է օրենքով հարկադրվեր առևտրային մուրհակը փողի փոխանակելու։— Ես համենայն դեպս այնքան հեռու եմ գնում, որ ասում եմ, թե երբ մենք օրենք ենք ընդունում currency-ն կարգավորելու համար, ապա պիտի համապատասխան միջոցներ ձեռք առնեինք, որոնք կանխեին այնպիսի մոմենտի առաջանալու հնարավորությունը, երբ առաջ է գալիս երկրի ներսում եղած առևտրային մուրհակների անփոխարկելիությունը փողի հետ, որքան որ խոսքը վերաբերում է անկասկած սոլիդ ու օրինական մուրհակներին։— Սա առևտրային մուրհակի փոխարկելիությունն է՝ բանկնոտների փոխարկելիությանը զուգահեռ։
«5189. Փողի առևտրականները երկրում փաստորեն ներկայացնում են հասարակությունը միայն»,— ինչպես հետագայում պարոն Չեպմենը հայտարարեց երդվյալ դատավորների առջև Դավիսոնի գործի քննության ժամանակ։ Տես «Great City Frauds»-ը։
«Ամեն մի եռամսյակում» {երբ դիվիդենդներն են վճարվում} «բացարձակապես... անհրաժեշտ է, որ մենք Անգլիայի բանկի աջակցությանը դիմենք։ Եթե դուք շրջանառությունից 6 կամ 7 միլիոնի պետական եկամուտներ եք դուրս հանում՝ դիվիդենդները վճարելու համար, ապա որևէ մեկը պիտի լինի, որ միջնակա ժամանակի ընթացքում այս գումարը մատակարարի»։ {Հետևաբար, այս դեպքում խոսքը վերաբերում է փող առաջարկելուն և ոչ թե կապիտալ կամ փոխատուական կապիտալ առաջարկելուն}։
«5169. Ամեն մեկը, ով ծանոթ է մեր առևտրական աշխարհին, պետք է իմանա, թե երբ մենք մի այնպիսի դրության մեջ ենք լինում, որ գանձարանի տոմսերն անվաճառելի են դառնում, արևելահնդկական ընկերության պարտատոմսերը լիովին անօգտակար են լինում, ամենալավ առևտրային մուրհակները զեղչել չի հաջողվում, ապա մեծ հոգսի մեջ են ընկնում այն մարդիկ, որոնց գործը նրանց թելադրում է՝ առաջին պարզ պահանջ արվելու դեպքում վայրկենապես շրջանառության սովորական միջոցներով վճարումներ կատարել, և այս վերաբերում է բոլոր բանկիրներին։ Հետևանքն այն է լինում, որ ամեն մարդ կրկնապատկում է իր պահեստը։ Դե հիմա տեսեք, թե սա ինչ ներգործություն է անում ամբողջ երկրի վրա, եթե յուրաքանչյուր գավառական բանկիր,— իսկ սրանց թիվը մոտ 500 է,— Լոնդոնի իր թղթակցին հանձնարարի, որ իրեն 5 000 £ փոխադրի բանկնոտներով։ Եթե մենք նույնիսկ մի այսպիսի չնչին գումարն ենք վերցնում իբրև միջին թիվ, որ միանգամայն անհեթեթություն է արդեն, ապա ստանում ենք 2½ միլիոն £, որը պետք է դուրս հանվի շրջանառությունից։ Ինչպե՞ս պիտի փոխարինենք այս գումարը»։
Մյուս կողմից՝ մասնավոր կապիտալիստները և այլն, որոնք փող ունեն, ոչ մի տոկոսով չեն ուզում փող տալ, որովհետև նրանք դատում են, ինչպես Չեպմենը. «5194. Մենք գերադասում ենք ամենևին ոչ մի տոկոս չստանալ, քան կասկածանքի մեջ ընկնել, թե արդյոք մենք կարո՞ղ ենք փող ստանալ այն դեպքում, երբ սրա կարիքն ունենանք»։
«5173. Մեր սիստեմն այս է. մենք ունենք 300 միլիոն £-ի պարտավորություններ, որոնց վճարումը կարող է պահանջվել երկրում շրջանառություն ունեցող ընթացիկ դրամով որոշ տվյալ րոպեում. այնինչ երկրում գտնվող այս դրամի գումարը, եթե մենք հիշյալն ամբողջովին այս նպատակին ծառայեցնենք, անում է 23 միլիոն £ կամ թե սրա չափ մի բան. միթե սա մի այնպիսի կացություն չէ՞, որը մեզ կարող է ամեն վայրկյան ցնցումներով սպառնալ»։ Այս պատճառով ահա ճգնաժամերի պահին վարկային սիստեմը հանկարծակի փոխարկվում է մոնետար սիստեմի։
Մի կողմ թողնելով ճգնաժամերի պահին երկրի ներսում ծավալվող խուճապը՝ փողի քանակի մասին կարող է խոսք լինել լոկ այն չափով, որչափով այս վերաբերում է մետաղին, համաշխարհային փողին։ Իսկ Չեպմենը հենց այս է բացառում. նա խոսում է 23 միլիոն բանկնոտների մասին միայն։
Միևնույն Չեպմենը.— «5218. Փողի շուկայի խանգարվելու {1847 թվի ապրիլին ու հետո էլ՝ հոկտեմբերին} սկզբնական պատճառն, անկասկած, փողի այն քանակն էր, որը պահանջվում էր մուրհակային կուրսերը կարգավորելու համար՝ տվյալ տարվա արտակարգ ներմուծումների հետևանքով»։
Նախ՝ համաշխարհային շուկայի փողի այս պաշարն այն ժամանակ իր մինիմումին էր վերածված։ Երկրորդ՝ նա միաժամանակ ծառայում էր իբրև ապահովություն վարկային փողի, բանկնոտների փոխարկելիության համար։ Այսպիսով նա կատարում էր երկու բոլորովին տարբեր ֆունկցիաներ, որոնք սակայն երկուսն էլ փողի բնությունից են բխում, որովհետև իսկական փողը միշտ համաշխարհային շուկայի փողն է, իսկ վարկային փողը միշտ հիմնվում է համաշխարհային շուկայի փողի վրա։
1847 թվականին առանց 1844 թվի բանկային օրենքի կախակայմանն «Clearing Houses [Հաշվեհարդարի պալատները] չէին կարող իրենց գործարքները կատարել»։ (5221)։
Բայց և այնպես Չեպմենը մի նախազգացում ուներ առաջիկա ճգնաժամի վերաբերմամբ.— «5326. Գոյություն ունեն փողային շուկայի հայտնի դրություններ (և ներկա դրությունը շատ հեռու չէ սրանից, երբ փող ճարելը շատ դժվար է լինում, և մարդ ստիպված է իր ապաստանը բանկում գտնելու»։
«5239. Ինչ վերաբերում է այն գումարներին, որ մենք վերցրինք բանկից ուրբաթ, շաբաթ ու երկուշաբթի, 1847 թվի հոկտեմբերի 19-ին, 20-ին ու 22-ին, ապա մենք միմիայն շատ շնորհակալ կլինեինք, եթե հաջորդ չորեքշաբթի կարողանայինք մուրհակները ետ ստանալ. փողը վայրկենապես ետ հոսեց դեպի մեզ, հենց որ խուճապն անցավ»։— Երեքշաբթի, հոկտեմբերի 23-ին, կախակայվեց բանկային օրենքը, և սրանով ճգնաժամը բեկվեց։
Չեպմենը կարծում է, 5274, որ Լոնդոնի վրա տրված ընթացիկ մուրհակների գումարը տվյալ ամեն մի մոմենտում անում է 100—120 միլիոն £։ Սրա մեջ չեն մտնում գավառական վայրերի վրա տրված տեղական մուրհակները։
«5287. Թեև 1856 թվի հոկտեմբերին հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը բարձրացել էր 21 155 000 £-ի, այնուամենայնիվ չափազանց դժվար էր փող ստանալ։ Չնայած որ հասարակության ձեռին շատ փող կար, մենք չէինք կարողանում ձեռք գցել այն»։ Այս պատահեց հատկապես մի նեղվածության առաջ բերած ահուդողի հետևանքով, նեղվածության, որի մեջ միառժամանակ (1856 թվի մարտին) գտնվել էր Eastern Bank-ը։
5190—92. Հենց որ խուճապն անցավ, «բոլոր բանկիրները, որոնք իրենց շահույթը տոկոսից են քաղում, իսկույն սկսեցին իրենց փողը գործի դնել»։
5302. Բանկային պահեստի նվազելու հետևանքով առաջացած անհանգստությունը Չեպմենը բացատրում է ոչ թե ավանդների նկատմամբ ունեցած վախով, այլ նրանով, որ բոլոր նրանք, ովքեր կարող են հանկարծակի փողի խոշոր գումարներ վճարելու դիպվածի մեջ ընկնել, լավ գիտեն, որ փողային շուկայում եղած նեղվածության ժամանակ նրանք կարող են հարկադրված լինել դիմելու բանկին, իբրև օգնության վերջին աղբյուրին, և «եթե բանկը շատ փոքր պահեստ ունի, ապա նա ուրախ չի լինի մեզ ընդունելու, այլ ընդհակառակը»։
Հետաքրքրական է, ի միջի այլոց, թե բանկային պահեստն իբրև փաստական մեծություն, ինչպես է չքանում։ Բանկիրներն իրենց ընթացիկ գործերի համար անհրաժեշտ մի մինիմում են պահում մասամբ իրենց մոտ, մասամբ էլ՝ Անգլիայի բանկում։ Billbroker-ները «երկրի ազատ բանկային փողը» պահում են իրենց մոտ առանց որևէ պահեստի։ Իսկ Անգլիայի բանկը նրանց ավանդապարտքերի դիմաց, որպես ապահովություն, պահում է բանկիրների և ուրիշների պահեստները միայն՝ public deposits-ի [հասարակական ավանդների] և այլոց հետ միասին, ընդ որում այդ պահեստը նա իջեցնում է մինչև ամենացածր կետն, օրինակ, մինչև 2 միլիոն։ Ուստի, բացի այս 2 միլիոն թղթից, նեղվածության ժամանակներում (իսկ սա քչացնում է պահեստը, որովհետև բանկնոտները, որոնք մուծվում են տարհոսող մետաղի փոխարեն, պետք է ոչնչացվեն) այս ամբողջ մոլուցքը բացարձակապես ոչ մի ուրիշ պահեստ չունի բացի մետաղապաշարից, և այս պատճառով սրա ամեն մի քչացումը ոսկու տարհոսման հետևանքով՝ սաստկացնում է ճգնաժամը։
«5306. Եթե փող չլիներ՝ Clearing House-ում [Հաշվեհարդարի պալատում] փոխմարումները կատարելու համար, ապա ես չեմ տեսնում, թե մեզ ուրիշ ինչ բան կմնար անելու, քան ընդհանուր համաձայնության գալ ու մեր վճարումներն անել առաջնակարգ մուրհակներով՝ պետական գանձարանին, Սմիտ, Պայն և Ընկ. ֆիրմաներին և այլոց արված մուրհակներով։— 5307. Ուրեմն այն դեպքում, եթե կառավարությունը ի վիճակի չլիներ շրջանառության միջոցներ մատակարարելու Ձեզ, դուք ինքնե՞րդ այն կստեղծեիք Ձեզ համար։— Հապա ի՞նչ կարող ենք անել մենք։ Հասարակությունը մեջտեղ է գալիս և մեր ձեռից առնում է շրջանառության միջոցները. սրանք այլևս գոյություն չունեն։— 5308. Հետևաբար դուք Լոնդոնում լոկ այն կանեիք, ինչ որ Մանչեստրո՞ւմ են անում ամեն օր։— Այո՛ ի հարկե»։
Շատ լավ է Չեպմենի պատասխանն այն հարցին, որ Կէյլին (ատտվուդյան դպրոցին պատկանող Birmingham-man* [Տես 49 ծան. հետո] տալիս է Օվերստոնի՝ կապիտալի մասին ունեցած պատկերացման կապակցությամբ.— «5315. Հանձնաժողովի առջև ցուցմունք տրվեց, թե նեղվածության ժամանակ, ինչպիսին 1847 թվին էր, ոչ թե փողի պակասություն է զգացվում, այլ կապիտալի. ո՞րն է ձեր կարծիքն այս մասին։— Ես հասկանում ձեր ասածը. մենք միմիայն փողով ենք գործ անում. ես չեմ ըմբռնում, թե դուք ի՞նչ եք ուզում ասել դրանով։— 5316. Եթե դուք նրա տակ {վաճառականական կապիտալի տակ} հասկանում եք ձեռնարկատիրոջը պատկանած այն փողը, որ նա ներդրում է իր ձեռնարկության մեջ, եթե այս եք կապիտալ անվանում, ապա սա շատ ու շատ դեպքերում կազմում է մի շատ չնչին մասն այն փողի, որից օգտվում է ձեռնարկատերը իր գործարքների ժամանակ, շնորհիվ այն վարկի, որ հասարակությունն է տալիս նրան»,— այսինքն Չեպմենների միջնորդությամբ։
«5339. Արդյոք հարստության պակասություն է այն, որ մենք կախակայում ենք մեր կանխիկ վճարումները [դադարեցնելով բանկնոտների փոխարինումը]։— Ամենևին... մենք հարստության ոչ մի պակասություն չունենք, բայց մենք շարժվում, գործում ենք վերին աստիճանի արհեստական սիստեմի շրջանակներում, և երբ մենք մի վիթխարի սպառնալից (superincumbent) պահանջարկ ենք առաջադրում մեր շրջանառության միջոցների նկատմամբ, ապա կարող են մեջտեղ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք մեգ արգելք են լինում շրջանառության այս միջոցները ձեռք բերելուն։ Մի՞թե այս պատճառով պետք է ջլատվի երկրի ամբողջ առևտրային գործունեությունը։ Մի՞թե մենք պիտի գործարարության բոլոր մուտքերը կողպենք։— 5338. Եթե մեր առջև դրվեր այն հարցը, թե ի՞նչը կուզենայինք պահպանել՝ կանխիկ վճարումները [բանկնոտների փոխարինումը], թե՞ երկրի արդյունաբերությունը, ապա կիմանայիք թե երկսից որն է զոհաբերվելու»։
Ինչ վերաբերում է բանկնոտների կուտակմանը՝ «նեղվածությունը սրելու և հետևանքներից օգուտներ քաղելու դիտավորությամբ» [5358], նա ասում է, որ այս կարող է շատ հեշտ պատահել։ Սրա համար բավական կլինեին երեք խոշոր բանկ։ «5383. Արդյոք Ձեզ, իբրև մեր մայրաքաղաքի խոշոր գործառնություններին լավատեղյակ մի մարդու, հայտնի չպետք է լինի, որ կապիտալիստներն այս ճգնաժամերն օգտագործում են արտակարգ շահույթներ կորզելու այն մարդկանց կործանումից, որոնք ընկնում են իբրև ճգնաժամի զոհ։— Այս մասին ոչ մի կասկած չի կարող լինել»։ Եվ պարոն Չեպմենին մենք պետք է այս կետում լիակատար հավատ ընծայենք, չնայած որ նա «զոհերի կործանումից արտակարգ շահույթներ կորզելու» փորձի վրա վերջիվերջո իր վիզը կոտրել է՝ բառիս վաճառականական իմաստով։ Որովհետև երբ նրա համընկեր Գարնեյն ասում է, թե գործի ամեն մի փոփոխություն օգտաբեր է նրա համար, ով գործից բան է հասկանում, ապա Չեպմենն ասում է. «Հասարակության մի մասը ոչինչ չգիտե մյուսի մասին. ահա, օրինակ, այն գործարանատերը, որն արտահանում է դեպի մայր-ցամաքը կամ թե հումք է ներմուծում, նա ոչինչ չի իմանում այն մարդու մասին, որը ոսկու ձույլերով է գործ անում» (5046)։ Եվ ահա այդպես էլ պատահեց. դուրս եկավ, որ հենց իրենք՝ Գարնեյն ու Չեպմենը «իրազեկ չէին գործին» և մի գեղեցիկ օր նրանք երկուսն էլ խայտառակ կերպով սնանկացան։
Մենք վերևում տեսանք արդեն, որ բանկնոտների թողարկումն ամեն դեպքում չի նշանակում կապիտալի փոխատվություն։ Տուկի՝ հիմա հաջորդող ցուցմունքը 1848 թվի լորդերի C. D. [ճգնաժամի խնդիրը քննարկող] հանձնաժողովի առջև՝ լոկ այն է ապացուցում, որ կապիտալի փոխատրումը, նույնիսկ երբ բանկն այս իրականացնում է նոր բանկնոտներ թողարկելով, առանց այլևայլության չի նշանակում շրջանառող բանկնոտների քանակի ավելացում։
«3099. Կարծում եք դուք, որ, օրինակ, Անգլիայի բանկը կարող էր իր փոխատվությունները նշանավոր չափով ընդլայնել, առանց բանկնոտների ավելացրած թողարկման դիմելու։— Շատ մեծ թվով իրողություններ կանք որոնք ապացուցում են այս։ Ամենափայլուն օրինակներից մեկը 1835 թվականին էր, երբ բանկն արևմտահնդկական ավանդներն ու արևելահնդկական ընկերությունից վերցրած փոխառությունը գործածեց հասարակությանը տրամադրվող փոխատվություններն ընդլայնելու համար. հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը հենց նույն այն ժամանակ մի քիչ պակասեց փաստորեն... Նման բան նկատելի եղավ 1846 թվին՝ երկաթուղային ավանդները բանկ մուծելիս. [զեղչած ու գրավադրած] արժեթղթերը բարձրացան մինչև մոտ 30 միլիոն գումարի, այնինչ ոչ մի նկատելի ներգործություն տեղի չունեցավ հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարի վրա»։
Բայց մեծաքանակ առևտուրը բանկնոտների կողքին ունի շրջանառության մի երկրորդ ու նրա համար շատ ավելի կարևոր միջոց — մուրհակները։ Պարոն Չեպմենը մեզ ցույց է տվել, թե գործի կանոնավոր ընթացքի համար որքան էական է, որ հուսալի մուրհակներն ընդունվեն վճարման համար ամենուրեք և ամեն մի պարագայում.
Gilt nicht mehr der Tausves Jontof,
Was soil gelten, Zeter, Zeter!
[Եթե Տաուսֆես Իոնտոֆն էլ անզոր է,
Ի՞նչն է ապա զորավոր։ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք]։** [Տես 49 ծան. հետո]
Ջիլբերտն ասում է սրա վերաբերմամբ. «Բանկնոտների շրջանառության գումարի սահմանափակումը կանոնավորապես ավելացնում է մուրհակների շրջանառության ծավալը։ Մուրհակները լինում են երկու տեսակի — առևտրային մուրհակներ ու բանկիրական մուրհակներ —... եթե փողը հազվագյուտ է դառնում, ապա փողով փոխատվություն անողներն ասում են. «Դուք մուրհակ քաշեցեք մեղ վրա, իսկ մենք կհոժարագրենք», և երբ գավառական մի բանկիր իր կլիենտի համար մի մուրհակ է զեղչում, ապա նա սրան տալիս է ոչ թե կանխիկ փող, այլ 21 օրվա ժամկետով իր սեփական փոխադրական մուրհակը՝ Լոնդոնի իր գործակալին հասցեագրված։ Այս մուրհակները ծառայում են իբրև շրջանառության միջոցներ»։ (J. W. Gilbart «An Inquiry into the Causes of the Pressure և այլն, էջ 31)։
Այս, մի քիչ կերպափոխված ձևով, հաստատում է Նյումարչը, B. A. 1857, № 1426.—
«Ոչ մի կապ չկա շրջանառող մուրհակների ու շրջանառող բանկնոտների գումարների տատանումների միջև... միակ քիչ թե շատ հավասարաչափ հետևանքն այն է... որ փողի շուկայում հենց որ ամենափոքրիկ նեղվածություն է հրապարակ գալիս, որը դրսևորվում է զեղչի նորմայի բարձրացումով, այն ժամանակ մուրհակների շրջանառության ծավալը նշանակալից չափով մեծանում և ընդհակառակը»։
Բայց այսպիսի ժամանակներում քաշված մուրհակները լոկ այն կարճաժամկետ բանկային մուրհակները չեն ամենևին, որոնք հիշատակվում են Ջիլբերտի կողմից։ Ընդհակառակը. նրանք մեծ մասամբ բարեկամական մուրհակներ են, որոնք ոչ մի իսկական գործարք չեն ներկայացնում, կամ թե ներկայացնում են այնպիսի գործարքներ միայն, որոնք ձեռնարկվում են լոկ նրա համար, որ սրանց շնորհիվ մուրհակներ քաշել կարողանան. երկսի վերաբերմամբ էլ մենք բավական օրինակներ տվել ենք։ Ուստի Economist-ը (Վիլսոն), համեմատելով այսպիսի մուրհակների ապահովությունը բանկնոտների ապահովության հետ, գրում է։ «Ներկայացնելու դեպքում վճարելի բանկնոտները երբեք չեն կարող չափից ավելի քանակով բանկից դուրս մնալ, որովհետև ավելցուկը միշտ ետ կհոսեր դեպի բանկը՝ փոխարինվելու համար, այնինչ երկամսյա մուրհակները չափից շատ մեծ քանակով կարող են թողարկվել, որովհետև ոչ մի միջոց չկա թողարկմանը վերահսկելու համար, քանի դեռ նրանց վճարման ժամկետը չի լրացել, երբ նրանք գուցե արդեն նորից ուրիշ մուրհակներով են փոխարինված։ Թե ինչու մի ազգ կարող է ապագա որևէ ժամկետում վճարելի մուրհակների շրջանառության ապահովությանը վստահել և ընդհակառակը՝ տարակուսանքներ ունենալ ներկայացնելու դեպքում վճարելի թղթե փողի շրջանառության նկատմամբ,— այս մեզ համար բոլորովին անհասկանալի է» («Economist», 1847, էջ 575)։
Այսպիսով ուրեմն շրջանառող մուրհակների քանակը, ինչպես և բանկնոտների քանակը որոշվում է բացառապես շրջանառության պահանջմունքներով. հիսունական թվականներին Միացյալ Թագավորության մեջ սովորական ժամանակներում 39 միլիոնի բանկնոտների կողքին շրջանառում մոտ 300 միլիոնի մուրհակներ, սրանցից 100—120 միլիոնը մենակ Լոնդոնում։ Մուրհակների շրջանառության ծավալը ոչ մի ազդեցություն չի անում բանկնոտների շրջանառության ծավալի վրա և այս վերջինիցս ազդվում է փողի սակավության ժամանակներում միայն, երբ մուրհակների քանակն ավելանում է, իսկ նրանց որակը՝ վատանում։ Վերջապես, ճգնաժամի րոպեին մուրհակային շրջանառությունը բոլորովին հրաժարվում է ծառայելուց. ոչ մի մարդու պետք չեն վճարելու խոստումները, որովհետև ամեն մեկը լոկ կանխիկ վճար է ուզում ստանալ. միմիայն բանկնոտն է, որ,— գոնէ մինչև հիմա Անգլիայում,— պահպանում է իր շրջանառության ունակությունը, որովհետև ազգը իր ամբողջ հարստությամբ հենարան է ներկայացնում Անգլիայի բանկի համար։
Մենք տեսանք, թե ինչպես նույնիսկ պարոն Չեպմենը, որն ինքը 1857 թվին մի մագնատ [իշխան] էր փողի շուկայում, դառնագին գանգատվում է այն մասին, թե Լոնդոնում մի քանի խոշոր փողային կապիտալիստներ կան, որոնք բավականաչափ հզոր են՝ ամբողջ փողային շուկան որոշ մոմենտի կազմալուծելու և փողի ավելի մանր առևտրականներին ամենախայտառակ կերպով արյունաքամ անելու համար։ Եվ իրոք մի քանի այսպիսի խոշոր շնաձկներ կան, որոնք կարող են նեղված դրությունը նշանակալից չափով սաստկացնել նրանով, որ 1—2 միլիոնի կոնսոլներ են ծախում և այս միջոցով բանկնոտների (միաժամանակ նաև ազատ փոխատուական կապիտալի) մի նույնահավասար գումար են դուրս հանում շուկայից։ Որպեսզի նման մի մանյովրով նեղվածությունը խուճապի փոխարկվի, բավական կլիներ երեք խոշոր բանկի միատեղ գործողությունը։
Լոնդոնում կապիտալի ամենամեծ ուժն իհարկե Անգլիայի բանկն է, որը սակայն, իբրև կիսով չափ պետական հիմնարկ, իր այս դիրքի պատճառով այնպիսի պայմանների մեջ է դրված, որ հնարավորություն չունի իր տիրապետությունն այսքան բիրտ եղանակով զգալ տալու։ Չնայած սրան՝ նա էլ բավական միջոցներ ու ճանապարհներ գիտե — մանավանդ 1844 թվի բանկային օրենքից դեսը — իր նպատակներն իրագործելու հա մար։
Անգլիայի բանկն ունի 14 553 000 £-ի կապիտալ և բացի սրանից նրա տրամադրության տակ կա մոտ 3 միլիոն £-ի «մնացորդ», այսինքն չբաշխված շահույթներ, ինչպես և հարկերի ու այլոց դիմաց կառավարությանը վճարվող փողի բոլոր գումարները, որոնք պետք է բանկում ավանդադրվեն՝ մինչև իրենց գործադրվելը։ Եթե սրա վրա հաշվենք փողային մյուս ավանդադրումների գումարն էլ (սովորական ժամանակներում շուրջ 30 միլիոն £) և առանց ապահովության թողարկվող բանկնոտները, ապա դեռ բավական չափավոր կգտնենք Նյումարչի գնահատությունը, որն այդ առթիվ ասում է (B. A. 1857, № 1889). «Ես համոզվել եմ, որ {Լոնդոնի} փողային շուկայում շարունակ զբաղված ֆոնդերի ընդհանուր գումարը կարող է հաշվվել մոտ 120 միլիոն £, իսկ այս 120 միլիոնից Անգլիայի բանկի տրամադրության տակ գտնվում է մի շատ խոշոր մասը, շուրջ 15—20%»։
Որչափով որ բանկը բանկնոտներ է թողարկում, որոնք չեն ապահովվում նրա նկուղներում եղած մետաղի պաշարով, նա ստեղծում է արժենիշեր, որոնք նրա համար կազմում են ոչ միայն շրջանառության միջոցներ, այլ և միաժամանակ ավելադիր — թեև ֆիկտիվ — կապիտալ՝ այս չապահովված բանկնոտների արժեքի անվանական գումարի չափով։ Եվ այս ավելադիր կապիտալը բանկին ավելադիր շահույթ է բերում։— B. A. 1857, Վիլսոնը հարցնում է Նյումարչին. «1563. Որևէ բանկի սեփական բանկնոտների շրջանառությունը, այսինքն՝ հասարակության ձեռին միջին թվով մնացող գումարը մի հավելում է կազմում հիշյալ բանկի գործող կապիտալի նկատմամբ, այնպես չէ՞։— Միանգամայն ճիշտ է։— 1564. Հետևաբար, այն ամբողջ շահույթը, որ բանկը քաղում է այս շրջանառությունից, մի այնպիսի շահույթ է, որը ծագում է վարկից և ոչ թե նրա իսկապես ունեցած կապիտալից։— Միանգամայն ճիշտ է»։
Միևնույնը վերաբերում է, իհարկե, նաև բանկնոտներ թողարկող մասնավոր բանկերին։ Նյումարչը իր № 1866—68 պատասխաններում մասնավոր բանկերի թողարկած այս բոլոր բանկնոտների երկու երրորդը (վերջին մեկ երրորդի համար այս բանկերը պետք է մետաղե ապահովություն ունենան) համարում է «նույն մեծության կապիտալի ստեղծում», որովհետև մետաղե փող է տնտեսվում այս գումարի չափով։ Սրա հետևանքով բանկիրի շահույթը կարող է ավելի մեծ չլինել, քան ուրիշ կապիտալիստների շահույթն է։ Բայց իրողությունն այն է, որ նա շահույթ է քաղում մետաղե փողի այս ազգային տնտեսումից։ Այն հանգամանքը, որ ազգային տնտեսումը վերածվում է մասնավոր շահույթի, ամենևին չի հուզում բուրժուական տնտեսագետներին, որովհետև շահույթն առհասարակ ազգային աշխատանքի յուրացումն է։ Ավելի անհեթեթ բան կա՞ արդյոք, քան, օրինակ, 1797—1817 թվականների Անգլիական բանկը, որի բանկնոտները վստահություն էին վայելում միմիայն պետության շնորհիվ և որը միաժամանակ ստիպում էր, որ պետությունը, ուրեմն հասարակությունը, պետական փոխառությունների տոկոսների ձևով բանկին վճարի պետության կողմից նրան տրված այն կարողության համար, որով բանկը նույն այս բանկնոտները թղթից փոխարկում է փողի և ապա հիշյալները փոխատրում է պետությանը։
Սակայն բանկերը կապիտալ ստեղծելու դեռ ուրիշ միջոցներ էլ ունեն։ Միևնույն Նյումարչի ասելով՝ գավառական բանկերը, ինչպես արդեն հիշատակված է վերևում, սովորություն ունեն իրենց ավելորդ ֆոնդերը (այսինքն Անգլիայի բանկի բանկնոտները) Լոնդոնի billbroker-ներին ուղարկելու, որոնք դրա փոխարենը նրանց ուղարկում են զեղչված մուրհակներ։ Բանկն այս մուրհակներով սպասարկում է իր կլիենտներին, որովհետև նրա համար կանոն է՝ իր տեղական կլիենտներից ստացած մուրհակները դուրս չտալ նորից, որպեսզի այս կլիենտների ձեռնարկած գործառնությունները հայտնի չդառնան սրանց մոտիկ շրջանում։ Լոնդոնից ստացած այս մուրհակները միմիայն նրա համար չեն ծառայում, որ տրվեն այն կլիենտներին, որոնք ուղղակի վճարումներ ունեն անելու Լոնդոնում այն դեպքում, եթե նրանք չեն գերադասում բանկից սեփական հատկացագիր հանել տալ Լոնդոնի վրա. մուրհակները ծառայում են նաև գավառում վճարումներ անելու համար, որովհետև բանկիրի փոխանցագիրը տեղական վարկ է ապահովում նրանց։ Այսպիսով նրանք, օրինակ, Լանկաշիրում շրջանառությունից վտարել են տեղական բանկերի բոլոր սեփական բանկնոտներն ու Անգլիայի բանկի բանկնոտների մի խոշոր մասը (ն. տ., 1568—1574)։
Մենք տեսնում ենք այստեղ, ուրեմն, թե ինչպես բանկերը վարկ ու կապիտալ են ստեղծում՝ 1) սեփական բանկնոտներ թողարկելով, 2) Լոնդոնի վրա մինչև 21 օր ընթացաժամանակով հատկացագրեր տալով, որոնք սակայն տրվելու ժամանակ իսկույն կանխիկ վճարվում են, 3) վճարումներ կատարելով զեղչված մուրհակներով, որոնց վարկունակությունն ամենից առաջ ու էապես, գոնէ համապատասխան տեղական շրջանի համար — հավաստված է բանկի փոխանցագրով։
Անգլիայի բանկի ուժը երևան է գալիս այն բանում, որ նա կարգավորում է տոկոսադրույքի շուկայական նորման։ Գործերի նորմալ ընթացքի ժամանակներում կարող է պատահել, որ Անգլիայի բանկը չկարողանա մետաղապահեստից ոսկու չափավոր տարհոսմանն արգելք լինել զեղչի նորման[50] բարձրացնելու միջոցով, որովհետև վճարամիջոցների կարիքը բավարարվում է մասնավոր ու ակցիոներական բանկերի և billbroker-ների կողմից, որոնք վերջին երեսուն տարվա ընթացքում, իբրև կապիտալիստներ, նշանավոր զորություն են ձեռք բերել։ Անգլիայի բանկն այն ժամանակ պետք է ուրիշ միջոցներ գործադրի։ Բայց կրիտիկական մոմենտների վերաբերմամբ դեռ ճիշտ է այն, ինչ որ բանկիր Գլինը (Գլին, Միլլս, Կերրի և ընկ. ֆիրմայից) վկայել է 1848/57 C. D.-ի առջև. «1709. Երկրում ծագած մեծ նեղվածության ժամանակներում Անգլիայի բանկն է թելադրում տոկոսադրույքը։— 1710. Արտակարգ նեղվածության ժամանակներում... երբ մասնավոր բանկերի կամ broker-ների զեղչումները համեմատաբար սահմանափակվում են, սրանք բաժին են ընկնում Անգլիայի բանկին, և այս դեպքում նա ուժ է ստանում սահմանելու տոկոսադրույքի շուկայական նորման»։
Բայց և այնպես Անգլիայի բանկն, իբրև պետական հովանավորության տակ գտնվող ու պետական արտոնություններով օժտված պաշտոնական հիմնարկություն, չի կարող իր այս ուժն այնպես անգթորեն օգտագործել, ինչպես այս իրենց կարող են թույլ տալ մասնավոր ձեռնարկությունները։ Ահա ինչ ու Հեբբարդը բանկային հանձնաժողովի առջև, B. A. 1857, ասում է. «2844. [Հարց.—] Արդյոք չի՞ պատահում, որ, երբ զեղչման տոկոսն ամենից բարձր է, այն ժամանակ Անգլիայի բանկն սպասարկում է ամենից էժան, իսկ երբ նա ամենացածրն է, այն ժամանակ broker-ներն են ամենից էժան սպասարկում։— [Հեբբարդը] Այս միշտ տեղի է ունենում, որովհետև Անգլիայի բանկը երբեք զեղչատոկոսն այնքան ցած չի մղում, ինչպես իր մրցորդները, և եթե նորման ամենաբարձրն է, նա երբեք այնպես չի բարձրացնում, ինչպես նրանք»։
Բայց այնուամենայնիվ գործարարական կյանքում լուրջ անցք է հանդիսանում այն, երբ նեղվածության ժամանակներում Անգլիայի բանկը, ընթացիկ արտահայտությամբ ասած, պտուտակը սեղմում է, այսինքն միջին մակարդակից արդեն բարձր կանգնած տոկոսադրույքն է՛լ ավելի բարձր է մղում։ «Հենց որ Անգլիայի բանկը պտուտակը սեղմում է, արտասահման արտահանելու համար կատարվող բոլոր գնումները դադարում են... Արտահանորդներն սպասում ենք մինչև որ գների անկումը հասնի ամենացածր կետին, և միայն այն ժամանակ և ոչ ավելի վաղ, նրանք գնումներ են անում։ Սակայն երբ արդեն հասած է լինում այս կետը, կուրսերն էլի դարձյալ կարգավորվում են — ոսկին դադարում է արտահանվելուց՝ նախ քան գները հասած են լինում անկման այս ամենացածր կետին։ Արտահանման համար կատարվող ապրանքագնումները գուցե կարող են արտասահման ուղարկված ոսկու մի մասը ետ բերել, բայց նրանք շատ ուշ են ասպարեզ գալիս, որպեսզի կարողանան տարհոսումն արգելել» (J. W. Gilbert, An Inquiry into the Causes of the Pressure on the Money Market», London, 1840, էջ 35)։ «Շրջանառության միջոցներն արտասահմանյան մուրհակային կուրսերի միջոցով կարգավորելու մի ուրիշ ներգործությունն էլ այն է, որ հիշյալ կարգավորումը նեղվածության ժամանակներում վիթխարի տոկոսադրույք է առաջ բերում» (ն. տ., էջ 40)։ «Այն ծախքերը, որոնք մուրհակային կուրսերի վերականգնումից են ծագում, երկրի արտադրողական արդյունաբերության վրա են ընկնում, մինչդեռ, այս պրոցեսի ընթացքում Անգլիայի բանկի շահույթը դրականապես աճում է այն բանի շնորհիվ, որ նա իր գործը շարունակում է ազնիվ մետաղի մի ավելի փոքր քանակով»։ (ն. տ., էջ 52.)։
Բայց, ասում է մեր բարեկամ Սեմյուել Գարնեյը,— «տոկոսադրույքի այս խոշոր տատանումներն օգտաբեր են բանկիրների ու փողի առևտրականների համար — գործի բոլոր տատանումներն օգտաբեր են նրա համար, ով գործից բան է հասկանում»։ Եվ թեև Գարնեյներն են գործերի նեղ դրության անխնա շահագործման սերուցքը քաշում, իսկ Անգլիայի բանկն այս բանը չի կարող միևնույն ազատությամբ իրեն թույլ տալ, այնուամենայնիվ սրան էլ են շատ հաճելի շահույթներ բաժին ընկնում,— էլ չենք խոսում այն մասնավոր շահույթների մասին, որոնք հենց իրենք իրենց են մտնում պարոնայք կառավարիչների ծոցը՝ այն բան է հետևանքով, որ սրանք գործերի ընդհանրական դրության մասին տեղեկություններ ստանալու բացառիկ պատեհություն ունեն։ Լորդերի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն, 1817 թվին կանխիկ վճարումները վերսկսելիս, Անգլիայի բանկի՝ 1797—1817 թվականների ամբողջ ժամանակաշրջանում ձեռք բերած այս շահույթները կազմում էին.—
Bonuses and increased dividends [պրեմիաներ և աճած դիվիդենդներ] | 7 451 136 |
New stock divided among proprietors [ակցիոներներին բաշխած նոր ակցիաներ] | 7 276 500 |
Increased value of capital [կապիտալի աճած արժեքը] | 14 553 000 |
Գումարը | 29 280 636 |
11 642 100 £-անոց մի կապիտալի վրա հաշված՝ 19 տարվա մեջ (D. Hardcastle, «Banks and Bankers», 2[math]^{nd}[/math] ed., London 1843, էջ 120.)։ Եթե մենք միևնույն սկզբունքով հաշվենք ամբողջ շահույթն Իռլանդիայի բանկի, որը նույնպես կախակայեց կանխիկ վճարումները 1797 թվականին, ապա կստանանք հետևյալ արդյունքը.
Dividends as by returns due 1821 [դիվիդենդներն ըստ հաշվետվությունների մինչև 1821 թ.] | 4 736 085 |
Declared bonus [Հայտարարած պրեմիաները] | 1 225 000 |
Increased assets [Ակտիվների աճը] | 1 214 800 |
Increased value of capital [Կապիտալի աճած արժեքը] | 4 185 000 |
Գումարը | 11 360 885 |
3 միլիոն £-անոց մի կապիտալի վրա հաշված (ն. տ., էջ 363—364)։
Եվ դեռ խոսո՜ւմ են կենտրոնացման մասին։ Վարկային սիստեմը, որ իր կենտրոնակետն ունի հանձին այսպես կոչված ազգային բանկերի և նրա շուրջը խմբված՝ փողի առևտրով զբաղվող խոշոր վաճառականների ու վաշխառուների, մի վիթխարի կենտրոնացում է և մակաբույծների այս դասակարգին առասպելական ուժ է տալիս՝ ոչ միայն արդյունաբերական կապիտալիստներին պարբերաբար կողոպտելու, այլև ամենավտանգավոր եղանակով միջամտելու իսկական արտադրությանը,— իսկ այս հրոսախումբը ոչինչ չգիտե արտադրության մասին և ոչ մի կապ չունի նրա հետ։ 1844 ու 1845 թվականների օրենքներն ապացույցներ են այս հրոսակների աճող ուժի, հրոսակներ, որոնց հարում են ֆինանսիստներն ու stockjobber-ները [տոկոսային թղթերի առուծախով զբաղվող միջնորդները]։
Իսկ եթե մեկն ու մեկը դեռ կասկածում է, թե այս արգոյապատիվ բանդիտներն ազգային ու միջազգային արտադրությունը շահագործում են լոկ ի շահ արտադրության ու բուն իսկ շահագործվողների, ապա նրա աչքերն անշուշտ կբացվեն բանկիրների բարձր բարոյական արժանիքներին վերաբերող հետևյալ էքսկուրսի միջոցով. «Բանկային հիմնարկները կրոնական ու բարոյական հաստատություններ են։ Ո՜րքան հաճախ է պատահել, որ իր բանկիրի արթուն ու պախարակող հայացքից նկատվելու վախը երիտասարդ առևտրականին ետ է պահել աղմկող ու շվայտ ընկերների հասարակությունից։ Ի՜նչպիսի ահուդողի մեջ է նա՝ բանկիրի աչքում լավ համարում ունենալու, միշտ պատվարժան երևալու համար։ Բանկիրի ճակատի կնճիռներն ավելի շատ ազդեցություն են ունենում նրա վրա, քան իր բարեկամների բարոյական քարոզները. նա դողում է կասկածանքի չենթարկվելու որևէ խաբեության կամ ամենափոքր անճիշտ արտահայտության մեջ մեղադրվելու համար՝ վախենալով, թե այս կարող է կասկած հարուցել և սրա հետևանքով նրա բանկային վարկը կարող է սահմանափակվե՜լ կամ դադարեցվե՜լ։ Բանկիրի խորհուրդը նրա համար ավելի կարևոր է, քան հոգեվորականինը»։ (Գ. Մ. Բելլ, շոտլանդական բանկի կառավարիչ. «The Philosophy of Joint Stock Bankings, London 1840, էջ 46, 47)։
ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ Currency Principle [ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ] ԵՎ 1844 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
{Նախկին աշխատություններից մեկում[51] արդեն հետազոտել ենք Ռիկարդոյի թեորիան փողի արժեքի մասին՝ ապրանքների գների հարաբերակցությամբ. ուստի մենք այստեղ կարող ենք ամենից անհրաժեշտով սահմանափակվել։ Ռիկարդոյի ասելով, փողի — մետաղե փողի — արժեքը որոշվում է նրա մեջ առարկայացած աշխատանքի ժամանակով, սակայն այս դրույթը նա ճիշտ է համարում այնքան ժամանակ միայն, քանի դեռ փողի քանակը ճիշտ հարաբերություն ունի շրջանառող ապրանքների քանակի ու գնի նկատմամբ։ Եթե փողի քանակը գերազանցում է այս հարաբերությունից, ապա նրա արժեքն ընկնում է, ապրանքագները բարձրացնում են. եթե փողի քանակն ընկնում է այս ճիշտ հարաբերությունից ցած, ապա նրա արժեքը բարձրանում է, իսկ ապրանքագներն ընկնում են — այլ անփոփոխ հանգամանքներում։ Առաջին դեպքում այն երկիրը, որտեղ գոյացել է ոսկու այս ավելցուկը, կարտահանի իր արժեքից ցած իջած ոսկին և ապրանքներ կներմուծի. երկրորդ դեպքում ոսկին կհոսի դեպի այն երկրները, որտեղ նա իր արժեքից բարձր է գնահատվում, մինչդեռ արժեքից ցած գնահատված ապրանքներն այնտեղից հոսում են մյուս շուկաները, որտեղ նրանք կարող են նորմալ գներով վաճառվել։ Որովհետև այս նախադրյալների դեպքում «ոսկին ինքը, լինի սա որպես դրամ, թե որպես ձույլ, կարող է դառնալ իր սեփական արժեքից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մետաղարժեքի արժեքանիշ, ապա ինքնին հասկանալի է, որ շրջանառող փոխարկելի բանկնոտները միևնույն բախտին են ենթարկվում։ Թեև բանկնոտները փոխարկելի են, հետևաբար նրանց իրական արժեքը համապատասխանում է իրենց անվանական արժեքին, այնուամենայնիվ շրջանառող փողի ամբողջ մասսան,— ոսկին ու բանկնոտները,— (the aggregate currency consisting of metal and of convertible notes) կարող է ավելի բարձր կամ ավելի ցած գին ստանալ, նայած թե նրա ամբողջ քանակը, արդեն շարադրված պատճառներով, բարձրանում է այն մակարդակից վեր կամ ընկնում է ցած այն մակարդակից, որը որոշվում է շրջանառող ապրանքների փոխանակային արժեքով ու ոսկու, որպես մետաղի, արժեքով... Այս գնազրկումը վերաբերում է ոչ թե թղթին ոսկու հանդեպ, այլ ոսկուն ու թղթին միասին վերցրած, այսինքն տվյալ երկրի շրջանառության միջոցների ամբողջ մասսայի գնազրկումը Ռիկարդոյի գլխավոր գյուտերից մեկն է, որ լորդ Օվերստոնն ու ընկ.-ն իրենց նպատակների համար օգտագործեցին և 1844 ու 1845 թվականներին սըր Ռոբերտ Պիլի բանկային օրենսդրության հիմնական սկզբունքը դարձրին» (ն. տ., էջ 155)։
Ռիկարդոյի թեորիայի անճշտության մասին միևնույն տեղում մեջբերված ապացույցը մենք կարիք չունենք այստեղ կրկնելու։ Մեզ հետաքրքրում է լոկ այն եղանակը, որով Ռիկարդոյի ուսմունքի դրույթները վերամշակվեցին բանկային թեորետիկների դպրոցի կողմից, որը թելադրեց վերոհիշյալ բանկային օրենքները։
«19-րդ դարի առևտրային ճգնաժամերը, մանավանդ 1825 ու 1836 թվականների մեծ ճգնաժամերը Ռիկարդոյի փողային թեորիայի հետագա զարգացում առաջ չբերին, այլ նրան նոր կիրառում տվին։ Նրանք այլևս առանձին տնտեսական երևույթներ չէին, ինչպես Յումի ժամանակ ազնիվ մետաղների գնազրկումը 16-րդ ու 17-րդ դարերում, կամ թե ինչպես Ռիկարդոյի ժամանակ՝ թղթե փողի գնազրկումը 18-րդ դարում ու 19-րդի սկզբին, այլ համաշխարհային շուկայի մեծ փոթորիկներ էին, որտեղ դուրս էր պոռթկում բուրժուական արտադրապրոցեսի բոլոր տարրերի հակամարտությունը և որոնց ծագումն ու նրանցից պաշտպանվելու միջոցը որոնում էին այս պրոցեսի ամենամակերևութային ու ամենավերացական ոլորտում, փողային շրջանառության ոլորտում։ Բուն թեորիական այն նախադրյալը, որից չվում է եղանակի տնտեսագետ-կախարդների այս դպրոցը, իրականում ուրիշ բան չէ, քան այն դոգման, թե Ռիկարդոն հայտնագործել է զուտ մետաղե շրջանառության օրենքները։ Նրանց անելիք մնում էր լոկ այն, որ վարկային շրջանառությունը ու բանկնոտների շրջանառությունը ենթարկեին այս օրենքներին։
«Առևտրային ճգնաժամերի ամենից ընդհանրական ու ամենից ակնբախ երևույթն ապրանքագների հանկարծական, ընդհանուր անկումն է, որը հաջորդում է նրանց ավելի երկարատև, ընդհանրական բարձրացմանը։ Ապրանքագների ընդհանրական անկումը կարող է արտահայտվել իբրև փողի հարաբերական արժեքի բարձրացում բոլոր ապրանքների համեմատությամբ. իսկ գների ընդհանրական բարձրացումն, ընդհակառակը, որպես փողի հարաբերական արժեքի անկում։ Արտահայտության երկու եղանակն էլ միմիայն նաշում են երևույթը, բայց չեն բացատրում... Տարբեր ֆրազաբանությունն անփոփոխ է թողնում խնդիրը ճիշտ այնպես, ինչպես այն չէր փոխի նրա թարգմանությունը գերմաներենից անգլերեն։ Ուստի Ռիկարդոյի փողի թեորիան անչափ տեղին էր հանդես գալիս, որովհետև նա նույնաբանությանը պատճառական հարաբերության երևութքն է տալիս։ Ո՞րտեղից է առաջ գալիս ապրանքագների պարբերական ընդհանուր անկումը։ Փողի հարաբերական արժեքի պարբերական բարձրացումից։ Իսկ որտեղից է առաջ գալիս, ընդհակառակն, ապրանքագների պարբերական, ընդհանուր բարձրացումը։ Փողի հարաբերական արժեքի պարբերական անկումից։ Նույնքան իրավացի կլիներ ասել, թե գների պարբերական բարձրացումն ու անկումն առաջ է գալիս նրանց պարբերական բարձրացումից ու անկումից... Բայց մի անգամ որ թույլատրված է նույնաբանության փոխարկումը պատճառական հարաբերության, ապա դժվար չէ ուզածդ ամեն մի եզրակացության հանգել։ Ապրանքագների բարձրացումն առաջ է գալիս փողի արժեքի անկումից։ Իսկ փողի արժեքի անկումը, ինչպես Ռիկարդոյից գիտենք, առաջ է գալիս գերլեցուն շրջանառությունից, այսինքն նրանից, որ շրջանառող փողի մասսան բարձրանում է այն մակարդակից վեր, որը փողի սեփական իմմանենտ [ներակա] արժեքով ու ապրանքագների իմմանենտ արժեքով է որոշված։ Նույնպես էլ և ընդհակառակը. ապրանքագների ընդհանրական անկումը տեղի է ունենում փողի արժեքի՝ իր իմմանենտ արժեքից վեր բարձրանալու շնորհիվ, իսկ այս լինում է մի թերալցուն շրջանառության հետևանքով։ Հետևաբար, գները բարձրանում և ընկնում են պարբերաբար, որովհետև պարբերաբար անչափ շատ կամ թե անչափ քիչ փող է շրջանառում։ Եթե, ասենք, ապացուցվի, թե գների բարձրացումը զուգադիպել է փողի նվազած շրջանառությանը, իսկ գների անկումը ավելացած շրջանառությանը, ապա այնուամենայնիվ կարելի է պնդել, թե շրջանառող ապրանքային մասսայի մի որոշ չափի — նույնիսկ վիճակագրորեն միանգամայն անապացուցելի — նվազման կամ ավելացման հետևանքով թեև ոչ բացարձակորեն, բայց համեմատաբար ավելանում կամ պակասում է շրջանառող փողի քանակը։ Մենք տեսանք, որ Ռիկարդոյի ասելով՝ գների այս ընդհանրական տատանումները պետք է տեղի ունենան զուտ մետաղե շրջանառության ժամանակ էլ, սակայն նրանք հավասարակշռվում են իրենց հերթափոխության շնորհիվ, երբ, օրինակ, թերալեցուն շրջանառությունն առաջ է բերում ապրանքագների անկում, ապրանքների արտահանություն դեպի արտասահման, իսկ այս արտահանումը՝ ոսկու ներմուծում դեպի երկիրը, իսկ փողի այս ներհոսումը իր հերթին՝ դարձյալ ապրանքագների բարձրացում։ Հակառակն է լինում գերլեցուն շրջանառության ժամանակ, երբ ներմուծվում են ապրանքներ, և արտահանվում է ոսկի։ Արդ որովհետև, չնայած բուն իսկ Ռիկարդոյան մետաղաշրջանառության էությունից բխող այս գնատատանումներին, նրանց ինտենսիվ և ուժգին ձևը, ճգնաժամի ձևը վերաբերում է զարգացած վարկային սիստեմին, ուստի լույսի պես պարզ է, որ բանկնոտների թողարկումը մետաղե շրջանառության օրենքներով չի կարգավորվում լիովին։ Մետաղե շրջանառությունը իր բուժամիջոցն ունի հանձին ազնիվ մետաղների ներմուծման ու արտահանման, որոնք դրամի ձևով իսկույն մտնում են շրջանառության մեջ և այսպիսով իրենց ներհոսման կամ արտահոսման միջոցով գցում են և կամ բարձրացնում ապրանքագները։ Ապրանքագների վրա միևնույն ներգործությունը պետք է ունենան հիմա բանկերն արհեստականորեն՝ մետաղաշրջանառության օրենքներին հետևելով։ Եթե փողը ներհոսում է արտասահմանից, ապա այս մի ապացույց է, թե շրջանառությունը թերալեցուն է, փողի արժեքը շատ բարձր է, իսկ ապրանքագները շատ ցածր են կանգնած, և ուրեմն պետք է շրջանառության մեջ բանկնոտներ նետվեն նոր ներմուծված ոսկու քանակի համեմատ։ Եվ ընդհակառակը, նրանք պիտի դուրս հանվեն շրջանառությունից այն համամասնությամբ, որով ոսկին արտահոսում է երկրից։ Ուրիշ խոսքով ասած՝ բանկնոտների թողարկումը պետք է կարգավորվի ազնիվ մետաղների ներմուծման ու արտահանման համաձայն կամ թե մուրհակակուրսի համեմատ։ Ռիկարդոյի սխալ նախադրյալը, թե ոսկին միմիայն դրամ է, ուրեմն ներմուծված ամբողջ ոսկին ավելացնում է շրջանառող փողի քանակը և հետևապես բարձրացնում է գները, ոսկու արտահանված յուրաքանչյուր քանակ քնացնում է դրամի քանակը և ընդ սմին գցում գները, այս թեորիական նախադրյալը դառնում է այստեղ գործնական էքսպերիմենտ՝ այնքան դրամ մտցնելու շրջանառության մեջ, որքան ոսկի գոյություն ունի յուրաքանչյուր անգամ։ Լորդ Օվերստոնը (Ջոնս Լոյդ ֆիրմայի բանկիր), գնդապետ Տորրինսը, Նորմանը, Կլեյը, Արբութնոտն ու մի շարք այլ հեղինակներ, որոնք Անգլիայում հայտնի են «Currency Principle»-ի [«Փողի շրջանառության սկզբունքի»] դպրոցի անունով, ոչ միայն քարոզում էին այս դոկտրինան, այլև սըր Պիլի 1844 ու 1845 թվականների բանկային օրենքների միջոցով այն դարձրել են անգլիական ու շոտլանդական բանկային օրենսդրության հիմք։ Այդ դոկտրինայի թեորիական, ինչպես և գործնական խայտառակ ֆիասկոն, ազգային ամենամեծ մասշտաբով կատարած էքսպերիմենտներից հետո, կարող է քննարկվել միմիայն վարկի ուսմունքի մեջ» (ն. տ., էջ 165—168)։
Այս դպրոցի քննադատությունը տվել են Թոմաս Տուկը, Ջեմս Վիլսոնը (1844—47 թվականների «Economist»-ում) ու Ջոն Ֆուլլարտոնը։ Բայց թե ինչպես սրանք էլ պակասավոր էին ըմբռնում ոսկու բնությունը և ինչպես աղոտ էին պատկերացնում փողի ու կապիտալի հարաբերությունը, այս մենք տեսել ենք շատ անգամ, այս գրքի հատկապես XXVIII գլխում։ Հիմա մի քանի տվյալ էլ այստեղ բերում ենք ստորին պալատի 1857 թվականի հանձնաժողովի գործերից, որոնք վերաբերում են Պիլի բանկային օրենքին (B. C. 1857.)— Ֆ. Է.}։
Ջ. Գ. Հեբբարդը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչը, վկայում է. «2400.— Ոսկու արտահանումը... բոլորովին չի ներգործում ապրանքագների վրա։ Եվ ընդհակառակը, ոսկու արտահանումը շատ խոշոր ներգործություն է անում արժեթղթերի գների վրա, որովհետև այն չափով, որով տոկոսադրույքն է փոխվում, անհրաժեշտորեն զորեղ ազդեցություն է կրում այն ապրանքների արժեքը, որոնք մարմնացնում են այո տոկոսը»։ Նա 1834—43 ու 1845—53 թվականների վերաբերմամբ երկու աղյուսակ է մեջբերում, որոնք ապացուցում ենք թե առևտրի ամենանշանավոր առարկաներից տասնհինգի գների շարժումը բոլորովին անկախ է եղել ոսկու տարհոսումից ու առհոսումից և տոկոսադրույքից։ Իսկ ընդհակառակը, նրանք ցույց են տալիս, որ սերտ կապ կա ոսկու,— որը ներդրում որոնող մեր կապիտալի ներկայացուցիչ» է իրոք,— տարհոսման ու առհոսման և տոկոսադրույքի միջև։— «1847 թվականին ամերիկյան արժեթղթերի մի շատ խոշոր գումար ետ փոխադրվեց Ամերիկա, նույնպես էլ ռուսական արժեթղթեր՝ Ռուսաստան, և ուրիշ մայր-ցամաքային թղթեր էլ դեպի այն երկրները, որոնցից մենք հացահատիկ ենք ստանում»։
Հեբբարդի հետևյալ աղյուսակների հիմքում դրված 15 գլխավոր առարկաները սրանք են. բամբակ, բամբակամանվածք, բամբակե գործվածք, բուրդ, մահուդ, վուշ, կտավ, հնդիկոն, թուջ, թիթեղ, պղինձ, ճարպ, շաքար, սուրճ, մետաքս։
I. 1834-ից 1843 թվականը. | |||||||||
Թվական | Բանկի մետաղապաշարը | Զեղչի շուկայական նորման | 15 գլխավոր առարկաներից | ||||||
Քանիսի՞ գինն է բարձրացել | Քանիսի՞նն է ընկել | Անփոփոխ է մնացել | |||||||
1834, | մարտի | 1-ին | 9 104 000 | £ | 2¾ | % | — | — | — |
1835, | » | 1-ին | 6 274 000 | » | 3¾ | » | 7 | 7 | 1 |
1836, | » | 1-ին | 7 918 000 | » | 3¼ | » | 11 | 3 | 1 |
1837, | » | 1-ին | 4 079 000 | » | 5 | » | 5 | 9 | 1 |
1838, | » | 1-ին | 10 471 000 | » | 2¾ | » | 4 | 11 | — |
1839, | սեպտ. | 1-ին | 2 684 000 | » | 6 | » | 8 | 5 | 2 |
1840, | հունիսի | 1-ին | 4 571 000 | » | 4¾ | » | 5 | 9 | 1 |
1840, | դեկտեմբ. | 1-ին | 3 642 000 | » | 5¾ | » | 7 | 6 | 2 |
1841, | » | 1-ին | 4 873 000 | » | 5 | » | 3 | 12 | — |
1842, | » | 1-ին | 10 603 000 | » | 2½ | » | 2 | 13 | — |
1843, | հունիսի | 1-ին | 11 566 000 | » | 2¼ | » | 1 | 14 | — |
II. 1844-ից 1853 թվականը. | |||||||||
Թվական | Բանկի մետաղապաշարը | Զեղչի շուկայական նորման | 15 գլխավոր առարկաներից | ||||||
Քանիսի՞ գինն է բարձրացել | Քանիսի՞նն է ընկել | Անփոփոխ է մնացել | |||||||
1844, | մարտի | 1-ին | 16 162 000 | £ | 2¼ | % | — | — | — |
1845, | դեկտեմբ. | 1-ին | 13 237 000 | » | 4½ | » | 11 | 4 | — |
1846, | սեպտեմբ. | 1-ին | 16 366 000 | » | 3 | » | 7 | 8 | — |
1847, | » | 1-ին | 9 140 000 | » | 6 | » | 6 | 6 | 3 |
1850, | մարտի | 1-ին | 17 126 000 | » | 2½ | » | 5 | 9 | 1 |
1851, | հունիսի | 1-ին | 13 705 000 | » | 3 | » | 2 | 11 | 2 |
1852, | սեպտեմբ. | 1-ին | 21 853 000 | » | 1¾ | » | 9 | 5 | 1 |
1853, | դեկտեմբ. | 1-ին | 15 093 000 | » | 5 | » | 14 | — | 1 |
Այս մասին Հեբբարդը հետևյալ նկատողությունն է անում. «Ինչպես 1834—1843 թվականների, այնպես էլ 1844—1853 թվականների տասնամյակում բանկի ոսկու տատանումներին յուրաքանչյուր դեպքում ուղեկից է եղել զեղչով կանխավճարվող փողի փոխատրելի արժեքի ավելացում կամ պակասում. իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում ապրանքագների փոփոխությունները ցույց են տալիս լիակատար անկախություն շրջանառության ծավալից, որքան որ սա երևան է գալիս Անգլիայի բանկի ոսկու պահեստի տատանումների մեջ»։ («Bank Acts Reports, 1857, II, էջ 290 ու 291)։
Որովհետև ապրանքների պահանջարկն ու առաջարկն են սրանց շուկայական գները կարգավորում, ուստի պարզ է այստեղ, թե որքան սխալ է Օվերստոնի դրույթը, երբ նա նույնացնում է փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը (կամ, ավելի շուտ, առաջարկի շեղումները պահանջարկից), ինչպես այն երևան է գալիս զեղչի տոկոսադրույքում, և իսկական «կապիտալի» նկատմամբ եղած պահանջարկը։ Այն պնդումը, թե ապրանքագները կարգավորվում են շրջանառության ծավալի տատանումներով, սքողվում է հիմա այն ֆրազով, թե զեղչանորմայի տատանումներն արտահայտվում են իսկական իրային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի տատանումների մեջ՝ տարբերվելով փողային կապիտալից։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես Նորմանն, այնպես էլ Օվերստոնը իրոք այս էին պնդում միևնույն հանձնաժողովի առջև և թե ինչպիսի անզոր խուսափանքների էին ստիպված դիմելու նրանք, մանավանդ Օվերստոնը, մինչև որ սա վերջիվերջո բոլորովին խճճվեց (XXVI գլուխ)։ Այս այն հին բարբանջանքն է իրոք, իբր թե առկա ոսկու քանակի փոփոխությունները, շատացնելով կամ քչացնելով երկրում եղած շրջանառության միջոցների քանակը, այս երկրի ապրանքագները պետք է բարձրացնեն և կամ ցածրացնեն։ Եթե ոսկին արտահանվում է, ապա այս Currency [փողի շրջանառության] թեորիայի համաձայն պետք է ապրանքների գները բարձրանան այն երկրում, ուր գնում է ոսկին, և սրա հետ էլ բարձրանա ոսկի արտահանող երկրի արտահանության արժեքը ոսկի ներմուծող երկրի շուկայում. իսկ ընդհակառակը, վերջինիս արտահանության արժեքը կընկներ առաջինի շուկայում, այնինչ նա կբարձրանար իր սկզբնական երկրում, ուր գնում է ոսկին։ Բայց իրականում ոսկու քանակի քչացումը լոկ տոկոսադրույքն է բարձրացնում, այնինչ նրա շատացումը գցում է տոկոսադրույքը. և եթե տոկոսադրույքի այս տատանումները հաշվի չառնվեին արտադրության ծախքերը սահմանելիս կամ պահանջարկն ու առաջարկը որոշելիս, ապա նրանք ապրանքագների վրա չէին ազդի բոլորովին։
Միևնույն հաշվետվության մեջ Ն. Ալեքսանդերը, Հնդկաստանում գործ անող մի խոշոր ֆիրմայի պետը, հետևյալ կերպով է արտահայտվում այն մասին, թե 50-ական թվականների մեջերքին արծաթի սաստիկ տարհոսում տեղի ուներ դեպի Հնդկաստան ու Չինաստան, մասամբ չինական քաղաքացիական պատերազմի հետևանքով, որը դադարեցրեց անգլիական գործվածքների վաճառահանումը դեպի Չինաստան, մասամբ էլ Եվրոպայում շերամի հիվանդության պատճառով, որը մեծ չափով սահմանափակեց իտալական ու ֆրանսիական շերամաբուծությունը։
«4337. Տարհոսումը դեպի Չինաստան է կատարվում, թե՞ դեպի Հնդկաստան։— Դուք արծաթը Հնդկաստան եք ուղարկում և սրա խոշոր մասով առնում եք ափիոն, որը ամբողջովին դեպի Չինաստան է գնում՝ կազմելով մետաքսի գնման ֆոնդեր. իսկ Հնդկաստանի շուկաների կացությունը (չնայած արծաթի այնտեղ կուտակվելուն) վաճառականի համար ավելի շահութաբեր է դարձնում այնտեղ արծաթ, քան թե գործվածքներ և ուրիշ բրիտանական ֆաբրիկատներ ուղարկելը։— 4338. Արդյոք խոշոր տարհոսում տեղի չունեցավ Ֆրանսիայից, որի հետևանքով մենք ստացանք արծաթը։— Այո, ի հարկե, մի շատ խոշոր տարհոսում։ 4344. Ֆրանսիայից ու Իտալիայից մետաքս ներմուծելու փոխարեն մենք ենք այնտեղ մեծ քանակությամբ մետաքս ուղարկում, ինչպես բենգալյան, այնպես էլ չինական մետաքս»։
Հետևաբար, դեպի Ասիա ապրանքների փոխարեն ուղարկվում էր արծաթ — այս աշխարհամասի փողային մետաղը, ոչ այն պատճառով, որ այս ապրանքների գները բարձրացել էին այն երկրում, որն արտադրում է հիշյալ ապրանքները (Անգլիա), այլ որովհետև նրանք ընկել էին — գերներմուծման հետևանքով ընկել էին — այն երկրում, որը ներմուծում է այս ապրանքները, չնայած որ Անգլիան այս արծաթը Ֆրանսիայից է ստացել, և մասամբ էլ ոսկով պիտի վճարի Currency թեորիայի համաձայն՝ այսպիսի ներմուծման դեպքում գներն Անգլիայում պետք է ընկնեին, իսկ Հնդկաստանում ու Չինաստանում՝ բարձրանային։
Մի ուրիշ օրինակ։ Լորդերի պալատի հանձնաժողովի առջև (C. D. 1848/1857) Վիլին, Լիվերպուլի առաջնակարգ վաճառականներից մեկը, հետևյալն է վկայում. «1994. Ոչ մի ավելի օգտաբեր գործ չկար 1845 թվի վերջին, և չկար այնպիսին, որ այնքան խոշոր շահույթներ տար {ինչպես բամբակամանագործությոլնը}։ Բամբակապաշարը մեծ էր, և գործածելի լավ բամբակը կարելի էր ճարել ֆունտը 4 պենսով, իսկ այսպիսի բամբակից կարելի է մանել լավ secunda mule twist № 40` նույնպես 4 պենս ծախս անելով, ուրեմն մանագործարանատիրոջ համար ընդհանուր ծախսն անում էր մոտ 8 պենս։ Այս մանվածքը մեծ քանակներով ծախվեց 1845 թվի սեպտեմբերին ու հոկտեմբերին, և մատակարարման նույնպես խոշոր պայմանագրեր կնքվեցին՝ ֆունտը 10½ ու 11½ պենսով. իսկ մի քանի դեպքում մանագործարանատերերն իրացրին մի այնպիսի շահույթ, որը հավասար էր բամբակի առքագնին։— 1996. Գործն օգտաբեր մնաց մինչև 1840 թվի սկիզբը։— 2000. Բամբակապաշարը {627 042 հակ} 1844 թվի մարտի 3-ին կրկնակի շատ էր այսօրվանից {1848 թվի մարտի 7-ին, երբ այդ պաշարը 301 070 հակ էր}, և այնուամենայնիվ գինը ֆնտին 1¼ պենս ավելի թանկ էր»։ {5 պենսի դիմաց՝ 6¼ պենս։} Միաժամանակ մանվածքը լավ secunda mule twist № 40-ը — 11½—12 պենսից ընկնելով հասավ 1847 թվի հոկտեմբերին 9½ պենսի, իսկ դեկտեմբերի վերջում՝ 7¾ պենսի։ Մանվածքը ծախվեց այն բամբակի առքագնով, որից մանվել էր (ib. № 2021, 2022)։ Այս երևան է հանում Օվերստոնի՝ շահագրգռումից բխող այն իմաստությունը, թե փողը պետք է «թանկ» լինի այն պատճառով, որ կապիտալը «սակավագյուտ» է։ 1844 թվի մարտի 3-ին բանկային տոկոսադրույքը կանգնած էր 3%-ի վրա. 1847 թվի հոկտեմբերին ու նոյեմբերին նա բարձրանալով հասավ 8 ու 9%-ի, իսկ 1848 թվի մարտի 7-ին դարձյալ կանգնած էր 4%-ի վրա։ Վաճառահանման լիակատար կանգառման ու խուճապի պատճառով բամբակագները, խուճապին համապատասխանող բարձր տոկոսադրույքի հետ միասին, շատ ավելի ցած գլորվեցին, քան առաջարկի ծավալին համապատասխանող նրանց գինն էր։ Սրա հետևանքը եղավ մի կողմից՝ ներմուծման վիթխարի քչացումը 1848 թվին, և մյուս կողմից՝ արտադրության նվազումն Ամերիկայում. այստեղից էլ՝ բամբակագների նոր բարձրացում 1849 թվին։ Օվերստոնի ասելով՝ ապրանքները չափազանց թանկ էին, որովհետև անչափ շատ փող կար երկրում։
«2002. Բամբակի արդյունաբերության դրության մեջ նորերումս առաջացած վատացումը չի կարելի վերագրել հումքի պակասությանը, որովհետև գինն ավելի ցած է, թեև հում բամբակի պաշարը նշանավոր չափով պակասել է»։ Բայց Օվերստոնը հիանալի է, երբ նա շփոթում է ապրանքի գինը, կամ համապատասխանորեն արժեքը փողի արժեքի, այն է՝ տոկոսադրույքի հետ։ 2026-րդ հարցի պատասխանում Վիլին իր ընղհանուր կարծիքն է տալիս Currency թեորիայի վերաբերմամբ, որի վրա հիմնվելով Կարդուելլը և սըր Չառլզ Վուդը 1847 թվի մայիսին «պնդել էին, թե անհրաժեշտ է 1844 թվի բանկային օրենքը իր լրիվ բովանդակությամբ գործադրել»։— «Ինձ թվում է, թե այս սկզբունքներն այն տեսակի են, որ նրանք փողին պետք է արհեստականորեն բարձր արժեք տան, իսկ բոլոր ապրանքներին՝ արհեստական, կործանիչ կերպով ցածր արժեք»։ Այնուհետև նա բանակային այս օրենքի՝ ընդհանուր գործերի վրա արած ներգործության մասում է. «Որովհետև միմիայն խոշոր զոհաբերություններով էին կարողանում զեղչվել այն քառամսյա մուրհակները, որոնք գնված ու Միացյալ Նահանգների համար նախանշված ապրանքների դիմաց գործարանային քաղաքների կողմից արված կանոնավոր փոխգրեր են՝ վաճառականներին ու բանկիրներին հասցեագրված, ուստի պատվերների կատարումն արգելակվեց նշանավոր չափով՝ ընդհուպ մինչև հոկտեմբերի 25-ի կառավարական հրամանագիրը» (բանկային օրենքի կախակայումը), «երբ այս քառամսյա մուրհակները նորից զեղչելի դարձան» (2097)։ Հետևաբար բանկային այս օրենքի կախակայումը գավառում էլ ներգործեց ինչպես մի փրկություն։— 2102. Անցյալ հոկտեմբերին {1847 թ.} ամերիկյան գրեթե բոլոր մեծագնորդները, որոնք այստեղ ապրանքներ են գնում, իսկույն սահմանափակեցին իրենց պատվերները, որքան հնարավոր էր, և երբ փողի թանկացման լուրն Ամերիկա հասավ, բոլոր նոր պատվերները դադարեցին։— 2134. Հացահատիկն ու շաքարը մասնահատուկ դեպքեր էին։ Հացահատկի շուկայի վրա ազդեցին բերքի ակնկալությունները, իսկ շաքարի շուկայի վրա ազդեցին վիթխարի պաշարներն ու ներմուծումը։— 2163. Ամերիկայի հանդեպ մեր ունեցած վճարապարտավորություններից... շատերը լուծարվեցին միջնորդառաքված ապրանքների բռնի վաճառքներով, իսկ շատերն էլ, վախենում եմ, թե ոչնչացվեցին այստեղի սնանկություններով։— 2196. Եթե չեմ սխալվում, մեր ֆոնդային բորսայում 1847 թվի հոկտեմբերին տոկոսադրույքը հասնում էր մինչև 70%-ի։
{1837 թվի ճգնաժամը իր երկարատև ու հիվանդագին հետևանքներով, 1842 թվին սրան միացած մի նոր լիակատար հետնաճգնաժամ էլ, շահագրգռված կուրացումը արդյունաբերողների ու վաճառականների, որոնք ամենևին ոչ մի գերարտադրություն չէին ուզում ճանաչել — չէ՞ որ գերարտադրությունը, վուլգար տնտեսագիտության ասելով, անմտությո՜ւն ու անկարելիությո՜ւն էր — վերջապես առաջ բերին մարդկանց գլուխներում այն խառնաշփոթությունը, որը Currency դպրոցին հնարավորություն տվեց իր դոգման ազգային մասշտաբով փոխադրելու գործնական կյանքի մեջ։ 1844—1845 թվի բանկային օրենսդրությունն ընդունվեց պառլամենտի կողմից։
1844 թվի բանկային օրենքն Անգլիայի բանկը բաժանում է բանկնոտների թողարկման բաժնի ու բանկային բաժնի։ Առաջինն ստանում է 14 միլիոնի ապահովություններ — մեծ մասամբ պետական պարտքի տոմսերով — ու ամբողջ մետաղապաշարը, որը պետք է, ամենաշատը, ¼-ի չափով կազմված լինի արծաթից, և երկսի ամբողջ գումարի դիմաց թողարկում է բանկնոտների նույնահավասար գումար։ Որչափով որ այս բանկնոտները հասարակության ձեռին չեն գտնվում, նրանք բանկային բաժնում են պառկած լինում և ամենօրյա գործածության համար անհրաժեշտ մի քիչ (մոտ մեկ միլիոն) դրամի հետ կազմում են բանկային բաժնի միշտ պատրաստի պահեստը։ Էմիսիոն բաժինը հասարակությանը տալիս է ոսկու դիմաց բանկնոտներ ու բանկնոտների դիմաց ոսկի. հասարակության հետ ունենալիք մնացած հարաբերությունները բանկային բաժինն է հոգում։ Անգլիայում և Ուելսում սեփական բանկնոտներ թողարկելու իրավազորված մասնավոր բանկերը 1844 թվին պահպանեցին այս իրավունքը, սակայն նրանց բանկնոտների թողարկումը սահմանափակվում է. եթե այս բանկերից մեկը դադարում է սեփական բանկնոտներ թողարկելուց, ապա Անգլիայի բանկը կարող է իր ապահովված բանկնոտների գումարը շատացնել մուծված կոնտինգենտի [math]^2/_3[/math]-ի չափով. հիշյալ բանկնոտների գումարն այս ճանապարհով մինչև 1892 թվականը 14-ից բարձրացավ 16½ միլիոն £-ի (ստույգը՝ 16 450 000 £)։
Այսպես ուրեմն, ոսկու յուրաքանչյուր հինգ ֆունտ ստեռլինգի փոխարեն, որը դուրս է հոսում բանկի պահեստից, մի հինգֆնտանոց բանկնոտ վերադառնում է էմիսիոն բաժինը և ոչնչացվում այնտեղ. պահեստը մտնող յուրաքանչյուր հինգ սովերենի փոխարեն հինգֆնտանոց մի նոր բանկնոտ է մտնում շրջանառության մեջ։ Սրանով գործնականորեն իրականանում է Օվերստոնի իդեալական թղթաշրջանառությունը, որը ճշտորեն հարմարեցված է մետաղե շրջանառության օրենքներին, և, սրանով, Currency պաշտպանների պնդումների համաձայն, ճգնաժամերն ընդմիշտ անհնարին են դարձվում։
Իրականում սակայն բանկը երկու անկախ բաժնի տրոհելը վարչությանը զրկեց վճռական րոպեներում իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն ազատորեն տնօրինելու հնարավորությունիցդ այնպես որ կարող էխն վրա հասնել այնպիսի դեպքեր, երբ բանկային բաժինը կանգնած էր լինում սնանկության առջև, մինչդեռ էմիսիոն բաժինը իր ձեռին անգործ ունենում էր մի քանի միլիոն ոսկով ու, բացի սրանից, 14 միլիոն էլ՝ իր ապահովությունները։ Եվ իրերի այս գրությունը հեշտությամբ կարող է վրա հասնել հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր ճգնաժամի հատուկ է մեկ փուլ, երբ տեղի է ունենում ոսկու մի սաստիկ տարհոսում դեպի արտասահման, տարհոսում, որը գլխավորապես պիտի գոցել բանկի մետաղի պաշարով։ Բայց յուրաքանչյուր հինգ ֆունտ ստեռլինգի փոխարեն, որը տվյալ դեպքում արտասահման է հոսում, մեկ հինգֆնտանոց բանկնոտ է դուրս հանվում ներքին շրջանառությունից, ուրեմն շրջանառության միջոցների քանակը պակասում է հենց ճիշտ այն վայրկյանին, երբ նրա կարիքն ամենից ավելի ու ամենից ստիպողաբար է զգացվում։ Հետևաբար, 1844 թվի բանկային օրենքն ուղղակի գրգռում է ամբողջ առևտրաշխարհին, որ սա վերահաս ճգնաժամի պահին բանկնոտների մի պաշար ետ գնի, ուրեմն ճգնաժամն արագացնի և սրի. փողային փոխատվությունների, այսինքն վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի՝ վճռական վայրկյանում զգալի դարձող արհեստական այս բարձրացումը, երբ միաժամանակ սահմանափակված է հիշյալների առաջարկը, ճգնաժամերի պահին տոկոսադրույքը հասցնում է մինչև այն ժամանակ չլսված բարձրության, հետևաբար, ճգնաժամերը վերացնելու փոխարեն նա, ընդհակառակը, սրանք ուժեղացնում է այն աստիճան, որ պետք է փուլ գա կա՛մ ամբողջ արդյունաբերական աշխարհը, կա՛մ թե բանկային օրենքը։ Երկու անգամ, 1847 թվի հոկտեմբերի 25-ին ու 1857 թվի նոյեմբերի 12-ին, ճգնաժամը սաստկանալով հասավ այս բարձրության. այն ժամանակ կառավարությունն ազատեց բանկը իր բանկնոտների թողարկման սահմանափակումից՝ կախակայելով 1844 թվի օրենքը, և այս ձեռնարկումը երկու անգամն էլ բավական եղավ ճգնաժամը բեկելու համար։ Այն վստահությունը, թե առաջնակարգ ապահովության դիմաց հիմա էլի կաբելի է բանկնոտներ ձեռք բերել, 1847 թվին բավական եղավ, որ կուտակված 4—5 միլիոն բանկնոտները նորից լույս աշխարհ բերվեն և շրջանառության մեջ դրվեն. 1857 թվին մոտ մեկ միլիոնի բանկնոտներ թողարկվեցին օրինական քանակից վեր, սակայն բոլորովին կարճ ժամանակի համար միայն։
Պետք է այն էլ հիշատակել, որ 1844 թվի օրենսդրության մեջ դեռ նշմարվում են հարյուրամյակի առաջին քսան տարվա հուշերի հետքերը՝ կանխիկ վճարումները դադարեցնելու և բանկնոտների արժեքազրկման ժամանակվա հուշերի հետքերը։ Այն երկյուղը, թե բանկնոտները կարող են իրենց վարկը կորցնել, դեռ շատ նկատելի է. մի շատ ավելորդ երկյուղ, որովհետև շրջանառությունից հանված մեկ ֆնտանոց բանկնոտների գտնված մի հին պաշարի թողարկումն արդեն 1825 թվականին բեկել էր ճգնաժամը և սրանով ապացուցել, թե բանկնոտների վարկը նույնիսկ այն ժամանակ, նույնիսկ ամենից ընդհանրական ու ամենասաստիկ անվստահության պահին, անխախտ էր մնում։ Եվ այս միանգամայն հասկանալի է. չէ՞ որ այս արժենիշերի թիկունքում փաստորեն կանգնած է ամբողջ ազգը իր վարկով միասին։— Ֆ. Է.}։
Հիմա լսենք մի երկու վկայություն բանկային օրենքի ներգործության վերաբերմամբ։ Ջ. Ստ. Միլլը կարծում է, թե 1844 թվի բանկային օրենքը զսպում էր ծայրահեղ սպեկուլացիան։ Այս իմաստուն մարդը խոսում էր բարեբախտաբար 1857 թվի հունիսի 12-ին։ Չորս ամիս անց պայթեց ճգնաժամը։ Նա տառացի շնորհավորում է «բանկերի կառավարիչներին ու ընդհանրապես առևտրային հասարակությանն» այն բանի համար, որ նրանք «առաջվանից շատ ավելի լավ են հասկանում առևտրաճգնաժամի բնությունն ու այն շատ մեծ վնասը, որ նրանք հասցնում են հենց իրենց ու հասարակությանը՝ օժանդակելով ծայրահեղ սպեկուլացիային» (B. C. 1857, № 2031)։
Իմաստուն Միլլը կարծում է, որ եթե 1 £-անոց բանկնոտներ են թողարկվում «իբրև փոխատվություններ գործարանատերերին և այլոց, որոնք աշխատավարձեր են վճարում... ապա այդ բանկնոտները կարող են ընկնել ուրիշ մարդկանց ձեռը, որոնք հիշյալները ծախսում են սպառման նպատակների համար, իսկ այս դեպքում բանկնոտները հենց իրենց մեջ մարմնացնում են ապրանքների նկատմամբ եղած պահանջարկը և կարող են ժամանակավորապես գների բարձրացման տենդենց ունենալ»։ Ուրեմն, պարոն Միլլն ընդունում է, թե գործարանատերերն ավելի բարձր աշխատավարձ կվճարեն այն պատճառով, որ նրանք ոսկու փոխարեն թղթով են վճարում։ Թե՞ նա կարծում է, որ եթե գործարանատերը իր փոխառությունն ստանում է 100 £-անոց բանկնոտներով, այս փոխում է ոսկու, ապա աշխատավարձն ավելի քի՞չ պահանջարկ է կազմում, քան եթե սա անմիջապես 1 £-անոց բանկնոտներով վճարվեր։ Եվ նա միթե չգիտե՞ որ, օրինակ, լեռնագործական որոշ շրջաններում աշխատավարձը վճարում էին տեղական բանկերի բանկնոտներով, այնպես որ մի քանի բանվորներ միասին մեկ 5 £-անոց բանկնոտ էին ստանում։ Այս շատացնո՞ւմ է նրանց պահանջարկը։ Թե՞ բանկիրները գործարանատերերին մանր բանկնոտներով ավելի հեշտությամբ ու ավելի շատ փող կփոխատրեն, քան խոշորներով։
{Մեկֆնտանոց բանկնոտների հանդեպ Միլլի ունեցած այս տարօրինակ երկյուղն անբացատրելի կլիներ, եթե քաղաքատնտեսությանը վերաբերող նրա ամբողջ երկը չցուցաբերեր մի էկլեկտիզմ, որը չի ընկրկում ոչ մի հակասության առջև։ Մի կողմից՝ նա շատ խնդիրներում հավանություն է տալիս Տուկին ընդդեմ Օվերստոնի, մյուս կողմից՝ հավատում է, թե ապրանքագները որոշվում են առկա փողի քանակով։ Հետևաբար, նա ամենևին համոզված չէ, թե թողարկած յուրաքանչյուր մեկֆնտանոց բանկնոտի փոխարեն — մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս — մեկ սովերեն է վերադառնում բանկի պահեստը. նա վախենում է, որ շրջանառության միջոցների մասսան կարող է շատանալ ու սրա հետևանքով արժեքազրկվել, այսինքն կարող է ապրանքների գները բարձրացնել։ Վերևում հիշված վարանումների ետևում այս է թաքնված և ուրիշ ոչինչ։— Ֆ. Է.}։
Բանկը երկու բաժնի տրոհելու վերաբերմամբ ու բանկնոտները փոխանակելու համար ցուցաբերած չափազանց կանխահոգության մասին Տուկն այսպես է արտահայտվում 1848/57-ի C. D.-ի առջև.
1847 թվի տոկոսադրույքի ավելի մեծ տատանումները 1837 ու 1839 թվականների համեմատությամբ՝ առաջ եկան բացառապես բանկը երկու բաժնի տրոհելու հետևանքով (3010)։— Բանկնոտների փոխանակության ապահովությունը փոփոխություն չկրեց ո՛չ 1825 թվին և ո՛չ էլ 1837 թվին ու 1839 թվին (3015)։— Ոսկու նկատմամբ եղած պահանջարկը 1825 թվին լոկ նպատակ ուներ լցնելու այն դատարկ տեղը, որ գոյացել էր գավառական բանկերի 1 £-անոց բանկնոտների լիակատար վարկազրկումից. այս դատարկ տեղը միմիայն ոսկով կարող էր լցվել, մինչև որ Անգլիայի բանկն, իր հերթին, սկսեց 1 £-անոց բանկնոտներ թողարկել (3022)։— 1825 թվի նոյեմբերին ու դեկտեմբերին ոսկու ամենափոքրիկ պահանջարկ չկար արտահանելու համար (3023)։
«Ինչ վերաբերում է բանկի վարկազրկվելուն երկրի ներսում ու արտասահմանում, ապա դիվիդենդների ու ավանդների վճարման կախակայումը շատ ավելի ծանր հետևանքներ կունենար, քան բանկնոտների վճարման կախակայումը (3028)»։
«3035. Արդյոք դուք չէի՞ք ասի, թե ամեն մի հանգամանք, որը վերջին հաշվով վտանգում է բանկնոտների ազատ փոխարկելիությունը, առևտրային նեղվածության մոմենտին կարող էր նոր ու լուրջ դժվարություններ առաջ բերել։— Բնավ երբեք»։
1847 թվի ընթացքում «բանկնոտների ավելացրած թողարկումը գուցե կնպաստեր բանկի ոսկե պահեստը նորից լցնելուն, ինչպես այդ տեղի ուներ 1825 թվին» (3058)։
1857 թվի B. A.-ի առջև Նյումարչը վկայում է. «1357. (Բանկն) այսպես երկու բաժնի տրոհելու և սրանից անհրաժեշտորեն բխող՝ ոսկեպահեստի երկտրոհման... առաջին վատթար ներգործությունն այն էր, որ Անգլիայի բանկի բանկային գործը, ուրեմն նրա գործառնությունների այն ամբողջ ճյուղը, որը նրան ուղղակի կապակցության մեջ է դնում երկրի առևտրի հետ, հետագայում կարող էր շարունակվել առաջվա պահեստի գումարի միմիայն կեսով։ Պահեստի այս տրոհման հետևանքով առաջ եկավ այն դրությունը, որ բանկային բաժնի պահեստը հենց որ լոկ ամենափոքրիկ չափով քչանում էր, բանկն ստիպված էր լինում զեղչի նորման բարձրացնելու։ Ուստի այս պակասած պահեստը պատճառ եղավ զեղչի նորմայի մի շարք ջղաձգական փոփոխությունների։— 1358. Սկսած 1844 թվականից {մինչև 1857 թվականի հունիսն} այսպիսի փոփոխություններ եղել են թվով մոտ 60 հատ, մինչդեռ 1844 թվից առաջ նույնահավասար ժամանակաշրջանում նրանց թիվը հազիվ մի դյուժին էր անում»։
Առանձնապես հետաքրքրական է այն վկայությունը, որ լորդերի C. D. հանձնաժողովի առջև (1848/57) տվել է Պալմերը, 1811 թվականից սկսած՝ Անգլիայի բանկի դիրեկտորը ու մի առժամանակ էլ նույնի կառավարիչը.
«828. Բանկը 1825 թվի դեկտեմբերին ոսկու մնացորդ ուներ միայն մոտ 1 100 000 £։ Նա այն ժամանակ միանգամայն անկասկածորեն լիովին սնանկանալու էր, եթե այս օրենքը {1844 թվինը} այն ժամանակ գոյություն ունեցած լիներ։ Դեկտեմբերին բանկը մի շաբաթվա մեջ թողարկեց, կարծում եմ, 5 կամ 6 միլիոնի բանկնոտ, և սա նշանավոր չափով մեղմացրեց այն ժամանակվա խուճապը։
«825. Առաջին պարբերաշրջանը {1825 թվի հուլիսի 1-ից դեսը}, երբ ներկայիս բանկային օրենսդրությունը կխորտակվեր, եթե բանկը փորձեր մի անգամ ձեռնարկած գործարքները մինչև վերջը հասցնել, 1837 թվի փետրվարի 25-ին էր. այն ժամանակ բանկի տիրության տակ կար 3 900 000 £-ից մինչև 4 միլիոն £, և նա այս դեպքում միմիայն 650 000 £ կարող էր պահել իբրև պահեստ։ Մյուս պարբերաշրջանը 1839 թվականն է, և տևել է հուլիսի 9-ից մինչև դեկտեմբերի 5-ը։— 826. Պահեստի գումարն ի՞նչքան էր այս դեպքում։ Սեպտեմբերի 5-ին պահեստը կազմված էր ընդամենը 200 000 £-ի հասնող մի դեֆիցիտից (the reserve was minus altogether 200 000 £)։ Նոյեմբերի 5-ին նա բարձրանալով հասավ 1-ից մինչև մոտ 1½ միլիոնի։— 830. 1844 թվի օրենքը բանկին կարգելեր 1837 թվի ամերիկյան գործերին օժանդակելու։ 831. Ամերիկյան երեք ամենագլխավոր ֆիրմա սնանկացան... Ամերիկյան գործերով զբաղվող գրեթե ամեն մեկ ֆիրմա վարկից զրկված էր, և եթե այն ժամանակ բանկն օգնության չգար նրանց, ապա ես չեմ կարծում, թե 1 կամ թե 2 ֆիրմայից ավելին դիմանալ կարողանար։— 836. 1837 թվի նեղվածությունն ամենևին չի կարելի համեմատել 1847 թվի նեղվածության հետ։ 1837 թվինը սահմանափակվում էր գլխավորապես ամերիկյան գործերով»։— 835. (1837 թվի հունիսի սկզբին բանկային վարչության մեջ քննարկվում էր այն հարցը, թե ինչպես թեթևացնեն նեղվածությունը։) «Այս առթիվ մի քանի պարոն այն կարծիքն էին պաշտպանում... թե ճիշտ սկզբունքը կլիներ տոկոսադրույքը բարձրացնել, որի հետևանքով ապրանքագները կընկնեին, կարճ ասած՝ փողը թանկացնել ու ապրանքներն էժանացնել, որով գլուխ կբերվեր արտասահմանին հատուցելիք վճարումը (by which the foreign payment would be accomplished)։— 906. 1844 թվի օրենքով բանկի լիազորությունների արհեստական սահմանափակում մտցնելը՝ նրա լիազորության հին ու բնական սահմանի, նրա մետաղապաշարի իսկական գումարի փոխարեն, առաջ է բերում գործերի արհեստական դժվարացում և սրանով էլ ներգործություն է անում ապրանքագների վրա, իսկ այս բոլորովին անհրաժեշտ չէր լինի, եթե հիշյալ օրենքը չլիներ։— 968. 1844 թվի օրենքի գործելու ժամանակ չէր կարելի բանկի մետաղապաշարը սովորական պայմաններում կրճատելով իջեցնել 9½ միլիոնից շատ ավելի ցած։ Այս առաջ կբերեր ճնշում գների ու վարկի վրա, իսկ հիշյալ ճնշումն իր հետ պիտի բերեր արտասահմանյան մուրհակակուրսերի մի այնպիսի հեղաշրջում, որ ոսկու ներմուծումը կավելանար և սրա հետևանքով կաճեր էմիսիոն բաժնում եղած ոսկու գումարը։—996. Այժմյան սահմանափակման պայմաններում դուք» [բանկը] «իշխանություն չունեք այն արծաթի վրա, որը պահանջվում է այն ժամանակաշրջաններում, երբ արծաթի կարիք է լինում արտասահմանյան կուրսի վրա ներգործելու համար։— 999. Ո՞րն էր այն հրամանագրի նպատակը, որը բանկի արծաթապաշարը սահմանափակում է բանկի մետաղապաշարի [math]^1/_5[/math]-ով։— Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»։
Նպատակն էր՝ փողը թանկացնել, ճիշտ այնպես, ինչպես, մի կողմ թողած Currency թեորիան, նույն նպատակն ուներ բանկը երկու բաժինների տրոհելը և շոտլանդական ու անգլիական բանկերին ստիպելը, որ մի որոշ նորմայից վեր կատարած բանկնոտների թողարկման դիմաց ոսկի պահեն իբրև պահեստ։ Այսպիսով առաջ եկավ մետաղի ազգային պահեստի ապակենտրոնացում, որը թուլացնում էր այդ պահեստի ընդունակությունն՝ անբարենպաստ մուրհակակուրսը սրբագրելու։ Տոկոսադրույքի բարձրացման նպատակին են ուղղված այս բոլոր որոշումները.— թե Անգլիայի բանկը միլիոնից ավելի բանկնոտներ պետք է թողարկի ոչ այլ կերպ, բայց եթե ոսկու պահեստով ապահովելով. թե բանկային բաժինը պիտի կառավարվի որպես սովորական բանկ՝ փողի հավելույթի ժամանակաշրջաններում տոկոսադրույքն իջեցնելով, նեղվածության ժամանակաշրջաններում վեր մղելով այն. արծաթի պաշարի — իբրև մայր-ցամաքի ու Ասիայի հետ ունեցած մուրհակակուրսը կարգի բերելու գլխավոր միջոցի — սահմանափակումը. հրամանագրերը՝ շոտլանդական ու իռլանդական բանկերին վերաբերող, որոնք երբեք փողը չեն գործածում որպես արտահանության առարկա և որոնք հիմա ստիպված են փող պահելու՝ իրենց բանկնոտների փաստորեն զուտ պատրանքային փոխարկելիության պատրվակով։ Իրողությունն այն է, որ առաջին անգամ 1844 թվի օրենքն էր, որ ոսկի ստանալու խուճապագրոհ հարուցեց շոտլանդական բանկերի վրա 1857 թվականին։ Բանկային նոր օրենսդրությունը ոչ մի տարբերություն չի դնում նմանապես ոսկու՝ դեպի արտասահման ու դեպի երկրի ներսը տարհոսելու միջև, թեև սրանց ներգործությունը, ինքնըստինքյան հասկանալի է, բոլորովին տարբեր է։ Այստեղից առաջ են գալիս տոկոսի շուկայական նորմայի մշտական զորեղ տատանումները։ Երկու անգամ պատասխանելով արծաթի վերաբերյալ 992 և 994 հարցերին, Պալմերն ասում է, թե Անգլիայի բանկը արծաթ կարող է գնել բանկնոտներով միմիայն այն դեպքում, երբ մուրհակակուրսը նպաստավոր է Անգլիայի համար, երբ ուրեմն արծաթի ավելցուկ է գոյացել, որովհետև՝ «1003. Միակ նպատակը, որի համար կարելի է մետաղի պահեստի մեկ նշանակալից մասը պահել որպես արծաթ, արտասահմանյան վճարումները հեշտացնելն է այն ժամանակաշրջաններում, երբ մուրհակակուրսն Անգլիայի համար աննպաստ է։— 1008. Արծաթը մի այնպիսի ապրանք է, որը մնացած ամբողջ աշխարհում փող հանդիսանալով, ամենահարմար ապրանքն է... այս նպատակի համար» {արտասահմանյան վճարումների համար}։ «Լոկ Միացյալ Նահանգներն են վերջին ժամանակաշրջանում բացառապես ոսկի ընդունել»։
Նրա հայացքով բանկը նեղվածության ժամանակաշրջաններում, քանի դեռ ոչ մի անբարենպաստ մուրհակակուրս ոսկին չի քաշում արտասահման, կարիք չուներ տոկոսադրույքը 5%-անոց հին մակարդակից վեր բարձրացնելու։ Եթե 1844 թվի օրենքը չլիներ, ապա այս դեպքում բանկը առանց դժվարության կարող էր զեղչել առաջին կարգի այն բոլոր մուրհակները (first class bills), որոնք ներկայացվում էին նրան {1018—1020}։ Բայց 1844 թվի օրենքի գոյության պայմաններում ու իր այն դրությամբ, որի մեջ գտնվում էր բանկը 1847 թվի հոկտեմբերին, «չկար մի այնպիսի տոկոսադրույք, որ բանկը կարողանար պահանջել վարկունակ ֆիրմաներից և որը նրանք հոժարակամ չհատուցեին՝ իրենց վճարումները շարունակելու համար»։ Եվ այս բարձր տոկոսադրույքն էր հենց օրենքի նպատակը։
«1029. Տոկոսադրույքի ազդեցությունն արտասահմանյան պահանջարկի վրա {ազնիվ մետաղի նկատմամբ} ես խստորեն տարբերում եմ տոկոսի այն բարձրացումից, որն առաջ է բերվում երկրի ներսում վարկի պակասության պարբերաշրջանում, բանկի վրա խուժող պահանջներն արգելակելու նպատակով։— 1023. 1844 թվի օրենքից առաջ, երբ կուրսերը նպաստավոր էին Անգլիայի համար, իսկ երկրում անհանգստություն ու նույնիսկ դրականապես խուճապ էր տիրում, ոչ մի սահման չէր դրված բանկնոտների թողարկման համար. սրանով միայն կարող էր նեղվածության այս վիճակը թեթևացվել»։
Այսպես խոսում է մի մարդ, որը 39 տարի շարունակ նստած է եղել Անգլիայի բանկի վարչության մեջ։ Հիմա լսենք մի մասնավոր բանկիրի, Տուելսին, որը 1801 թվից դեսը Սպուներ, Ատվուդ և ընկ. ֆիրմայի ղեկավարներից մեկն է եղել։ 1857 թվի B. C.-ի առջև ցուցմունք տվող բոլոր վկաների մեջ նա միակն է, որ հնարավորություն է տալիս մեկ հայացքով նկատելու, երկրի իսկական կացությունը և տեսնում է, որ ճգնաժամը վրա է հասնում։ Մնացածում նա Բիրմինգհամի little shilling [փոքրացրած շիլլինգ] ուղղության ներկայացուցիչների մի տեսակն է, ինչպես և իր համընկերները, եղբարք Ատվուդները, որոնք այս դպրոցի հիմնադիրներն են (տես «Zur Kritik der pol. Oek. [1859]. S. 59)։ Նա վկայում է. «4488. Ձեր կարծիքով 1844 թվի օրենքն ի՞նչպիսի ներգործություն ունեցավ։— Եթե ես ձեզ իբրև բանկիր պատասխանեի, ապա կասեի, թե նա գերազանց ներգործություն է ունեցել, որովհետև բանկիրներին ու ամեն տեսակի [փողային] կապիտալիստներին մի առատ հունձ է հասցրել։ Բայց նա շատ վատ ներգործություն է ունեցել ազնիվ, աշխատասեր գործարար մարդկանց համար, որոնք զեղչի նորմայի կայունության կարիք ունեն՝ իրենց ձեռնարկությունները վստահությամբ վարել կարողանալու համար... հիշյալ օրենքը փողի փոխատվությունը մի վերին աստիճանի շահութաբեր գործ է դարձրել։— 4489. Նա {բանկային օրենքը} Լոնդոնի ակցիոներական բանկերին ունակ է դարձնում 20—22 տոկո՞ս վճարելու ակցիոներներին։— Այս բանկերից մեկը նորերումս վճարեց 18%, և մի ուրիշն էլ, կարծեմ, 20%. նրանք ամեն հիմք ունեն ամենավճռական կերպով բանկային օրենքը պաշտպանելու։— 4490. Մանր գործարար մարդկանց ու պատվելի վաճառականներին, որոնք խոշոր կապիտալ չունեն, բանկային օրենքը շատ է ճնշում... Միակ միջոցը, որ ունեմ՝ այս իմանալու համար, այն է, որ ես նրանց հոժարագրերի այնքան զարմանալի մասսա եմ տեսնում, որ չի կարող վճարվել։ Այս հոժարագրերը միշտ մանր են, մոտ 20—100 £. նրանցից շատերը չեն վճարված և չվճարվելով ետ են դառնում դեպի երկրի բոլոր կողմերը, իսկ սա... մանր առևտրականների միջև տիրող ճնշվածության նշան է միշտ»։ 4494-րդ կետում նա հայտարարում է, թե գործերը հիմա շահութաբեր չեն։ Նրա հետևյալ նկատողությունները կարևոր են, որովհետև նա տեսնում էր ճգնաժամի ներթաքուն գոյությունն այն ժամանակ, երբ մնացածներից դեռ ոչ ոք չէր կռահում այս մասին։
«4494. Mincing Lane-ում [թեյի ու շաքարի բորսայում] գները շատ թե քիչ դեռ կանգուն ենք բայց արդեն ոչինչ չի ծախվում, ոչ մի գնով ծախել չի լինում. անվանական գներն են պահպանվում»։— 4495. Նա պատմում է մի դեպք. մի ֆրանսիացի Mincing Lane-ի մեկ միջնորդի ապրանքներ է ուղարկում 3 000 £-ի՝ որոշ գնով ծախելու համար։ Միջնորդը չի կարող նշանակված գինն ստանալ, ֆրանսիացին չի կարող այդ գնից ցած ծախել։ Ապրանքը մնում է պառկած, իսկ ֆրանսիացին փողի պետք անի։ Ուստի միջնորդը նրան 1 000 £ է փոխատրում այս եղանակով. ֆրանսիացին ապրանքներն իբրև ապահովություն գրավադրելով՝ 1 000 £-անոց մի մուրհակ է քաշում միջնորդի վրա 3 ամիս ժամկետով։ Երեք ամիս անց մուրհակի ժամկետը հասնում է, բայց ապրանքները դեռ անծախ են մնացել։ Այս դեպքում մուրհակը պետք է միջնորդը վճարի, և չնայած որ նա 3 000 £-ի փոխգոցում ունի, բայց չի կարողանում իրացնել այն ու ընկնում է դժվարությունների մեջ։ Այսպիսով մեկը մյուսին իր հետը քաշում է ցած։— 4496. «Ինչ վերաբերում է զորեղ արտահանություններին... եթե գործերը երկրի ներսում ճնշված դրության մեջ են, ապա այս հանգամանքը անհրաժեշտորեն առաջ է բերում նաև զորեղ արտահանություն։— 4497. Արդյոք դուք կարծում եք, որ երկրի ներսում սպառումը պակասել է։— Շատ նշանավոր չափով... ուղղակի վիթխարիորեն... այս դեպքում լավագույն հեղինակությունը մանր առևտրականներն են։— 4498. Եվ այնուամենայնիվ ներմուծումները շատ մեծ են. արդյոք այս չի՞ մատնանշում մի ուժեղ սպառում։— Այո՛, ի հարկե, եթե կարողանում եք ծախել, բայց ապրանքի շատ պահեստանոցներ լիքն են այս իրերով. այն օրինակում, որը հենց նոր պատմեցի, 3 000 £-ի ապրանքները ներմուծվել էին և անծախ մնացել»։
«4514. Եթե փողը թանկ է, դուք կասե՞իք արդյոք, թե կապիտալն էժան է այս դեպքում։— Այո՛, ի հարկե»։— Հետևաբար, մարդն Օվերստոնի կարծիքին չէ ամենևին, թե բարձր տոկոսադրույքը միևնույնն է, ինչ որ թանկ կապիտալը։
Թե գործերը հիմա ինչպես են վարվում. «4616... Ուրիշները գործում են մեծ եռանդով, արտահանության ու ներմուծման ասպարեզում հսկայական գործ են անում, որը շատ է գերազանցում այն չափից, որը նրանց թույլատրում է իրենց կապիտալը. այս մասին ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել։ Սա կարող է հաջողվել այս մարդկանց. նրանք որևէ բախտավոր դիպվածով կարող են խոշոր կարողություններ ձեռք բերել և ամեն ինչ հատուցել։ Մեծ մասամբ սա է այն սիստեմը, որով ներկայումս վարվում է գործարքների մի նշանավոր մասը։ Այսպիսի մարդիկ հոժարությամբ կորցնում են 20, 30 ու 40% մի նավ առաքման ժամանակ. հաջորդ գործարքը կարող է կորուստը ետ բերել նրանց։ Եթե նրանք մի երկու անգամ իրար ետևից վրիպում ենք ապա նրանց վիճակը որոշված է. և հենց ճիշտ այս դեպքն է, որ մենք վերջին ժամանակներումս դիտել ենք հաճախ. ձեռնարկատները սնանկացել են՝ առանց ակտիվում մեկ շիլլինգ անգամ թողնելու»։
«4791. Ավելի ցած տոկոսադրույքը {վերջին 10 տարում} համենայն դեպս աննպաստ է բանկիրների համար, բայց առանց հաշվեմատյանները ձեզ ներկայացնելու՝ ինձ համար շատ դժվար կլիներ ձեզ բացատրել, թե շահույթը {նրա սեփական շահույթը} որքան բարձր է առաջվա համեմատությամբ։ Եթե տոկոսադրույքը ցածր է՝ բանկնոտների չափազանց մեծ թողարկման հետևանքով, ապա մենք նշանակալից չափով ավանդներ ենք ունենում. եթե տոկոսադրույքը բարձր է, ապա այս մեզ ուղղակի շահույթ է բերում։— 4794. Եթե չափավոր տոկոսադրույքով կարելի է լինում փող ձեռք բերել, ապա մենք շատ ենք պահանջարկ ունենում փողի նկատմամբ. մենք շատ ենք փոխատրում. սա է լինում այս դեպքում հետևանքը {մեզ, բանկիրներիս համար}։ Եթե տոկոսադրույքը բարձրանում է, ապա մենք մեր փոխատվության համար ավելին ենք ստանում, քան այդ թույլատրելի է. մենք ստանում ենք ավելի, քան պետք է ունենայինք»։
Մենք արդեն տեսանք, թե ինչպես Անգլիայի բանկի բանկնոտների վարկը բոլոր իրազեկ մարդկանց աչքում անխախտելի է։ Չնայած սրան՝ բանկային օրենքը ոսկով 9—10 միլիոն է բացարձակապես ամրակցում նրանց փոխարինելիությունն ապահովելու համար։ Սրանով գանձի սրբությունն ու անձեռնմխելիությունը բոլորովին այլ կերպ է իրականացվում, քան հին գանձահավաքների ժամանակ։ Վ. Բրաունը (Լիվերպուլ) վկայում է C. D. 1847/58, 2311. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս փողը {էմիսիոն բաժնի մետաղագանձն} ինչ օգուտ էր բերում այն ժամանակ, ապա միևնույն հաջողությամբ այն կարելի էր ծովը նետել. չէ՞ որ նրա ամենափոքր քանակն անգամ չէր կարելի գործադրել, չխախտելով պառլամենտի օրենքը»։
Շինարար ձեռնարկու Է. Կեպպսը, նույն անձը, որին արդեն վկայակոչել ենք առաջ և որի ցուցմունքից ենք վերցրել Լոնդոնի շինարարության արդի սիստեմի նկարագրությունը (II գիրք, XII գլուխ), 1844 թվի բանկային օրենքի վերաբերյալ իր հայացքն ամփոփում է հետևյալ կերպով {B. A. 1857}. «5508. Ուրեմն դուք այն կարծիքի՞ն եք ընդհանրապես, որ {բանկային օրենսդրության} այժմյան սիստեմը մի ճարպիկ հիմնարկություն է՝ արդյունաբերության շահույթները պարբերաբար վաշխառուների քսակը մտցնելու համար։— Իմ կարծիքն այդ է։ Ես գիտեմ, որ նրա ազդեցությունն այս է եղել շինարարության գործում»։
Ինչպես արդեն հիշատակել ենք, շոտլանդական բանկերը 1845 թվի բանկային օրենքի կողմից հարկադրվել են ընդունելու մի սիստեմ, որը մոտենում էր անգլիականին։ Նրանց վրա դրվեց այն պարտավորությունը, որ յուրաքանչյուր բանկի համար սահմանված գումարից վեր լինելիք բանկնոտների թողարկման համար պետք է ոսկի պահեն իբրև պահեստ։ Թե ինչ ներգործություն ունեցավ այս, բերում ենք այստեղ մի քանի վկայություններ սրա մասին, որոնք տրված են 1857-ի B. C.-ի առջև։
Կեննեդի, շոտլանդական մի բանկի կառավարիչ. «3375. Արդյոք 1845 թվի օրենքի մուծումից առաջ Շոտլանդիայում կա՞ր որևէ մի այնպիսի բան, որը կարելի լիներ ոսկու շրջանառություն անվանել։— Ոչինչ նման բան չկար։— 3376. Իսկ այն ժամանակվանից դեսն արդյոք ոսկու քանակն աճե՞լ է շրջանառության մեջ։— Ամենևին ո՛չ. ժողովուրդը չի ուզում ոսկի ունենալ (the people dislike gold)»։— 3450. Մոտ 900 000 £ այն ոսկին, որ շոտլանդական բանկերը պարտավոր են պահելու 1845 թվականից դեսը, նրա հայացքով լոկ վնասակար է և «անշահութաբեր կերպով կլանում է Շոտլանդիայի կապիտալի մի նույնահավասար մասը»։
Այնուհետև՝ Անդերսոնը, Union Bank of Scotland-ի կառավարիչը. «3558. Արդյոք ոսկու նկատմամբ եղած միակ սաստիկ պահանջարկը, որ շոտլանդական բանկերի կողմից առաջադրվեց Անգլիայի բանկին, տեղի ունեցավ արտասահմանյան մուրհակակուրսի՞ հետևանքով։— Հենց այդպես է. և այս պահանջարկը չպակասեց այն բանի շնորհիվ, որ մենք ոսկի ենք պահում Էդինբուրգում։— 3590. Քանի դեռ մենք արժեթղթերի միևնույն գումարը պառկած ենք պահում Անգլիայի բանկում {կամ Անգլիայի մասնավոր բանկերում}, մենք առաջվա նման դարձյալ հնարավորություն ունենք Անգլիայի բանկի ոսկու տարհոսում առաջ բերելու»։
Վերջապես «Economist»-ի մի հոդված էլ (Վիլսոնի). «Շոտլանդական բանկերն անզբաղ թողած կանխիկ գումարները պահում են Լոնդոնի իրենց գործակալների մոտ. սրանք հիշյալները պահում են Անգլիայի բանկում։ Այս հանգամանքը շոտլանդական բանկերին հնարավորություն է տալիս, հիշյալ գումարների սահմաններում, տնօրինելու Անգլիայի բանկում եղած մետաղի պահեստը, և այստեղ նա միշտ առկա է այն ամեն դեպքերում որտեղ նա գործ է ածվում, երբ արտասահմանյան վճարումներ պետք է անել»։ Այս սիստեմը խախտվեց 1845 թվի օրենքով. «1845 թվին Շոտլանդիայի համար ընդունած օրենքի հետևանքով վերջին ժամանակներումս տեղի ունեցավ ոսկեդրամի զորեղ տարհոսում Անգլիայի բանկից՝ Շոտլանդիայում կանխելու համար սոսկ հնարավոր մի պահանջարկ, որը գուցե երբեք էլ հանդես չէր գա... Այս ժամանակվանից սկսած՝ մի նշանակալից գումար իբրև կանոն ամրակցված պահվում է Շոտլանդիայում, և մի ուրիշ նշանակալից գումար էլ միշտ ճանապարհին գնում-գալիս է Լոնդոնի ու Շոտլանդիայի միջև։ Եթե վրա է հասնում մի ժամանակ, երբ շոտլանդական մեկ բանկիր ուժեղ պահանջարկ է ակնկալում իր բանկնոտների նկատմամբ, ապա ոսկով լի մի արկղ է ուղարկվում այնտեղ Լոնդոնից. եթե այս ժամանակն արդեն անցած է լինում, ապա միևնույն արկղը, սովորաբար նույնիսկ առանց բացվելու, Լոնդոն է վերադառնում» («Economist» 23 հոկտ. 1847 թ.)։
{Իսկ ի՞նչ է ասում այս բոլորի մասին բանկային օրենքի հայրը, բանկիր Սեմյուել Ջոնս Լոյդը, alias [այլ կերպ] լորդ Օվերստոնը։
Նա արդեն 1848 թվին լորդերի C. D. հանձնաժողովի առջև կրկնել է, թե «նեղվածությունը փողի շուկայում ու բարձր տոկոսադրույքը, որոնց պատճառը բավարար չափով կապիտալի բացակայությունն է, չեն կարող դարմանվել բանկնոտների շատացած թողարկումով» (1514), թեև կառավարության 1847 թվի հոկտեմբերի 25-ի հրամանագրով նրանց ուժեղացրած թողարկման սոսկ թույլատրումը բավական եղավ ճգնաժամի սուր արտահայտությունները ճնշելու համար։
Նա շարունակում է պնդել, որ «տոկոսադրույքի բարձր նորման ու գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն անհրաժեշտ հետևանքն էին այն նյութական կապիտալի քչացման, որը կիրառելի էր արդյունաբերական ու վաճառականական նպատակների համար»։ (1604)։ Եվ սակայն գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն ամիսներ շարունակ հենց այն էր, որ նյութական ապրանքային կապիտալը գերառատորեն լիքն էր ամբարներում և ուղղակի անվաճառելի էր, ու հենց այս պատճառով նյութական արտադրողական կապիտալն ամբողջովին կամ թե կիսով չափ պարապ պառկած էր մնում, որպեսզի անվաճառելի ապրանքային կապիտալ է՛լ ավելի շատ չարտադրվի։
Իսկ 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև նա ասում է. «1844 թվի օրենքի հիմնական դրույթները խստորեն ու ստուգաբար կիրառելու շնորհիվ ամեն բան ընթանում է կանոնավոր ու հեշտ. փողային սիստեմը կայուն է և անխախտ. երկրի ծաղկումն անվիճելի է. հասարակության վստահությունը 1844 թվի օրենքի վերաբերմամբ օրեցօր սաստկանում է։ Եթե հանձնաժողովը նորանոր ապացույցներ է ուզում այն սկզբունքների առողջ լինելու վերաբերմամբ, որոնց վրա հանգչում է այս օրենքը, ու այն բարերար հետևանքների վերաբերմամբ, որոնք ապահովել է նա, ապա ճշմարիտ ու բավարար պատասխանն այս է. նայեցեք շուրջներդ. դիտեցեք մեր երկրի գործերի այժմյան դրությունը, դիտեցեք ժողովրդի գոհությունը, դիտեցեք հասարակության բոլոր դասակարգերի հարստությունն ու ծաղկումը, և այս բոլորն անելուց հետո հանձնաժողովն ի վիճակի կլինի վճռելու, թե արդյոք նա պե՞տք է արգելք լինի մի այնպիսի օրենքի հարատևելուն, որի շնորհիվ նման հաջողությունների ենք հասել» (B. C. 1857, № 4189.)։
Այս ներբողին, որ Օվերստոնը երգեց հանձնաժողովի առջև հուլիսի 14-ին, իբրև դարձյակ պատասխանեց միևնույն տարվա նոյեմբերի 12-ի նամակը, ուղղված բանկի վարչությանը, որով կառավարությունը կախակայում էր 1844 թվի հրաշագործ օրենքը՝ փրկելու համար այն, ինչ որ դեռ կարելի էր փրկել։
ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆ ՈՒ ՄՈՒՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ
I. ՈՍԿԵՊԱՀԵՍՏԻ ՇԱՐԺՈՒՄԸ
Նեղվածության շրջաններում բանկնոտները կուտակելու վերաբերմամբ պետք է նկատել, որ այստեղ ազնիվ մետաղներից գանձը գոյանում է նույնպես, ինչպես այդ տեղի է ունեցել հասարակության գոյության ամենասկզբնական փուլերի անհանգիստ ժամանակաշրջաններում։ 1844 թվի օրենքը իր ներգործություններով հետաքրքրական է նրանով, որ այդ օրենքն ուզում է երկրում գտնվող ամբողջ ազնիվ մետաղը շրջանառության միջոցների փոխարկել. նա ձգտում է ոսկու տարհոսումը նույնացնել շրջանառության միջոցների սահմանափակմանը, իսկ ոսկու առհոսումը՝ շրջանառության միջոցների ընդարձակմանը։ Բայց օրենքի գործադրման պրակտիկան հենց ընդհակառակի ապացույցը տվեց։ Մի միակ բացասությամբ, որ մենք իսկույն կհիշատակենք, Անգլիայի բանկի շրջանառող բանկնոտների քանակը 1844 թվից հետո երբեք այն մաքսիմումին չի հասել, որ բանկն իրավունք ուներ թողարկելու։ Իսկ 1857 թվի ճգնաժամն ապացուցեց, մյուս կողմից, որ որոշ պարագաներում այս մաքսիմումը բավարար չէ։ 1857 թվի նոյեմբերի 13-ից մինչև 30-ը շրջանառող բանկնոտների գումարը միջին հաշվով օրական 488 830 £-ով գերազանցում էր այս մաքսիմումից (B. A. 1858, էջ XI)։ Օրինական մաքսիմումն այն ժամանակ 14 475 000 £ էր, պլյուս բանկի նկուղներում գտնվող մետաղի պաշարի գումարը։
Ազնիվ մետաղի տարհոսման ու առհոսման վերաբերմամբ պետք է նկատել հետևյալը.
Առաջին. պետք է տարբերել մի կողմից՝ մետաղի զանազան ուղղությամբ շարժվելն այն մարզում, որը ոսկի ու արծաթ չի արտադրում, իսկ մյուս կողմից՝ ոսկու և արծաթի հոսանքն իրենց արտադրության աղբյուրներից տարբեր մյուս երկրները և այս նոր ստացույթի բաշխումը վերջիններիս միջև։
Ռուսական, կալիֆորնյան և ավստրալիական ոսկեհանքարանների ներգործությունից առաջ այս հարյուրամյակի սկզբից առբերումը բավականացնում էր միայն մաշված դրամների փոխարինման համար, սովորական գործածության համար պերճանքի առարկաներ պատրաստելու գործում ու արծաթն Ասիա արտահանելու համար։
Սակայն այն ժամանակվանից դեսը, Ամերիկայի ու Եվրոպայի ասիական առևտրի աճման հետ միասին, արտակարգորեն աճեց ամենից առաջ արծաթի արտահանումը դեպի Ասիա։ Եվրոպայից արտահանված արծաթը մեծ մասամբ փոխարինվում էր ավելադիր ոսկով։ Այնուհետև, նոր առբերված ոսկու մի մասը կլանում էր ներքին փողային շրջանառությունը։ Հաշվում են, որ մինչև 1857 թվականը մոտ 30 միլիոնի ոսկի է ավելադրաբար մտել Անգլիայի ներքին շրջանառության մեջ[52]։ Այնուհետև, 1844 թվից դեսը, մետաղի պահեստների միջին մակարդակը բարձրացավ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի բոլոր կենտրոնական բանկերում։ Միևնույն ժամանակ երկրի ներքին փողային շրջանառության աճումը այն հետևանքն ունեցավ, որ խուճապն անցնելուց հետո, նրան հաջորդող հանդարտության պարբերաշրջանում, բանկային պահեստն արդեն ավելի արագ էր աճում՝ երկրի ներքին շրջանառության միջից դուրս շպրտված ու անշարժացված ոսկեդրամի մի խոշոր գումար գոյանալու հետևանքով։ Վերջապես նոր ոսկեհանքարանների հայտնագործումներից դեսը ազնիվ մետաղների գործածությունը պերճանքի առարկաների համար շատացավ աճած հարստության հետևանքով։
Երկրորդ. ոսկի ու արծաթ չարտադրող երկրների միջև ազնիվ մետաղը տարհոսում է և առհոսում. միևնույն երկիրը միշտ ներմուծում է այդ մետաղները և նույնպես միշտ էլ արտահանում է։ Շարժման՝ դեպի այս կամ թե այն կողմը գերակշռելն է միայն, որը վճռում է, թե վերջիվերջո տարհոսո՞ւմ, թե՞ առհոսումն է տեղի ունենում, որովհետև սոսկ տատանվող ու հաճախ զուգահեռ շարժումները մեծ մասամբ չեզոքացնում են իրար։ Բայց հենց այս պատճառով էլ, քանի որ հաշվի են առնում միայն շարժման այս հետևանքը, երկու շարժումների մշտականությունն ու ընդհանրապես զուգահեռ ընթացքն անտեսվում է։ Այս երևույթը լոկ այնպես է ըմբռնվում միշտ, որ իբր թե ազնիվ մետաղների հավելյալ ներմուծում ու հավելյալ արտահանումն ապրանքների ներմուծման ու արտահանման հարաբերության ներգործություն ու արտահայտություն են միայն, մինչդեռ նրանք միաժամանակ ազնիվ մետաղի ներմուծման ու արտահանման հարաբերության արտահայտություն են՝ ապրանքային առևտրից անկախ։
Երրորդ. ներմուծման գերակշռումն արտահանումից, ու ընդհակառակը, չափվում է ընդհանրապես կենտրոնական բանկերում եղած մետաղապահեստի ավելանալովն ու պակասելովը։ Թե այս աստիճանացույցը որքան շատ կամ որքան քիչ է ճշգրիտ, ամենից առաջ ի հարկե կախված է նրանից, թե որքան է կենտրոնացված բանկային գործն ընդհանրապես։ Որովհետև սրանից է կախված այն, թե այսպես կոչված ազգային բանկում ամբարված ազնիվ մետաղը ո՛ր աստիճան է ներկայացնում մետաղի ազգային պաշարն ընդհանրապես։ Բայց եթե ենթադրենք, որ այս այսպես է, այնուամենայնիվ աստիճանացույցը ճշգրիտ չէ, որովհետև որոշ պարագաներում ավելադիր ներմուծումը կլանվում է երկրի ներքին շրջանառության կողմից ու ոսկու և արծաթի աճող գործադրումով պերճանքի առարկաների համար, և ապա այն պատճառով, որ ավելադիր ներմուծման բացակայության դեպքում ներքին շրջանառությունը կարող է դուրս կորզել ոսկե դրամների մի մասը, և հետևապես մետաղի պաշարը կարող է նվազել, այնինչ արտահանումը միաժամանակ չի ընդարձակվի։
Չորրորդ. մետաղի արտահանումը տարհոսման (drain) կերպարանք է ընդունում, եթե նվազման հանգող շարժումը երկար ժամանակ է տևում, այնպես որ նվազումը ներկայանում է իբրև շարժման տենդենց, և բանկի մետաղապահեստը նշանակալից չափով իջնում է իր միջին մակարդակից ներքև, մինչև որ հասնում է այս պահեստի միջին մինիմումին։ Այս վերջինը սահմանվում է ավելի կամ պակաս չափով քմահաճորեն, որովհետև բանկնոտների և այլոց կանխիկ վճարման փոխգոցման չափը որոշող օրենսդրությունը յուրաքանչյուր առանձին դեպքում տարբեր է լինում։ Քանակային այն սահմանների մասին, որոնց կարող է հասնել մի այսպիսի տարհոսում Անգլիայում, Նյումարչն ասում է 1857 թվի B. A.-ի առջև, վկայություն № 1494. «Ելնելով փորձից, պետք է շատ անհավանական համարել, որ արտասահմանյան գործերի որևէ տատանման հետևանքով մետաղի տարհոսումը կարող է գերազանցել 3 կամ 4 միլիոն £-ից։ 1847 թվին Անգլիայի բանկի ոսկեպահեստի ամենացած մակարդակը հոկտեմբերի 23-ին էր՝ 1846 թվի դեկտեմբերի 26-ի համեմատությամբ 5 198 156 £-ով պակաս ու 1846 թվի (օգոստոսի 29-ի) ամենաբարձր մակարդակի համեմատությամբ 6 453 478 £-ով պակաս։
Հինգերորդ. այսպես կոչված ազգային բանկի մետաղապահեստը երեք տեսակի նախանշում ունի, ընդ որում այդ նախանշումը մեաաղապահեստի մեծության միակ կարգավորիչը չէ ամենևին, քանի որ նա կարող է աճել ներքին կամ արտաքին գործարքների սոսկ կաղալու հետևանքով։ Այդ նախանշումներն են. 1) Պահեստային ֆոնդեր՝ միջազգային վճարումների համար, մի խոսքով՝ համաշխարհային փողի պահեստային ֆոնդեր։ 2) Պահեստային ֆոնդեր երկրի ներքին մետաղե շրջանառության համար, որը փոփոխակի ընդարձակվում ու սեղմվում է։ 3) Պահեստային ֆոնդեր ավանդների վճարման ու բանկնոտների փոխարկելիության համար — մի բան, որը կապված է բանկային ֆունկցիաների հետ և ոչ մի առնչություն չունի փողի որպես սոսկական փողի ֆունկցիաների հետ։ Ուստի նա կարող է փոփոխվել նաև այն պայմանների հետևանքով, որոնք ազդում են այս երեք ֆունկցիաներից ամեն մեկի վրա, ուրեմն կարող է փոփոխվել իբրև միջազգային ֆոնդ՝ վճարման բալանսի ազդեցության հետևանքով, ինչ պատճառներ էլ որ որոշելիս լինեն այս, և ինչ էլ որ լինի նրա հարաբերությունն առևտրային բալանսի նկատմամբ. իբրև երկրի ներքին մետաղե շրջանառության պահեստային ֆոնդ՝ այդ նույն շրջանառության ընդարձակման կամ կծկվելու հետևանքով։ Երրորդ ֆունկցիան — երաշխավորության ֆոնդի ֆունկցիան — թեև չի որոշում մետաղապահեստի ինքնակա շարժումը, բայց ներգործում է երկակի կերպով։ Եթե բանկնոտներ են թողարկվում, որոնք երկրի ներքին շրջանառության մեջ փոխարինում են մետաղե փողը (ուրեմն նաև արծաթե դրամն այն երկրներում, որտեղ արծաթն արժեքի չափանիշ է), ապա երկրորդ կետում նշված պահեստաֆոնդի ֆունկցիան վերանում է։ Եվ ազնիվ մետաղի մի մասը, որը հիշյալ ֆունկցիային է ծառայել, հարատևորեն կհոսի դեպի արտասահման։ Այս դեպքում մետաղե փողը բանկից դուրս չի հանվում երկրի ներքին շրջանառության համար, և միաժամանակ ավելորդ է դառնում մետաղապահեստի պարբերական ուժեղացումը՝ շրջանառության մեջ գտնվող և դրամի վերածված մետաղի մի մասի անշարժացման միջոցով։ Այնուհետև. եթե ամեն պարագայում պետք է մետաղի պահեստի մի որոշ մինիմում պահվի ավանդների վճարման ու բանկնոտների փոխարկելիության համար, ապա սա յուրահատուկ կերպով է ազդում ոսկու տարհոսման ու առհոսման հետևանքների վրա. նա ներգործում է պահեստի այն մասի վրա, որ բանկը պարտավոր է պահելու ամեն պարագայում, կամ թե այն մասի վրա, որից իբրև անօգուտ մասից բանկն ուրիշ ժամանակ պետք է ձգտեր ազատվել։ Զուտ մետաղե շրջանառության ու բանկային գործի համակենտրոնացման պայմաններում բանկը իր մետաղի պահեստը նույնպես պետք է որպես երաշխիք նկատեր իր ավանդները վճարելու համար, և մետաղի տարհոսման դեպքում կարող էր նույնպիսի խուճապ առաջանալ, ինչպես որ այդ տեղի ունեցավ 1857 թվին Համբուրգում։
Վեցերորդ. բացի 1837 թվականից, իսկական ճգնաժամը միշտ պայթում էր մուրհակակուրսի շրջադարձից հետո միայն, այսինքն՝ հենց որ ազնիվ մետաղի ներմուծումը նորից գերակշռություն էր ձեռք բերում արտահանության նկատմամբ։
1825 թվին իսկական կրախը վրա հասավ այն բանից հետո, երբ ոսկու տարհոսումը դադարել էր։ 1839 թվին ոսկու տարհոսում տեղի ունեցավ՝ առանց կրախի հասնելու։ 1847 թվին ոսկու տարհոսումը դադարեց ապրիլին, իսկ կրախը վրա հասավ հոկտեմբերին։ 1857 թվին ոսկու տարհոսումը դեպի արտասահման դադարել էր նոյեմբերի սկզբից. հետո միայն նոյեմբերին պայթեց կրախը։
Առանձնապես որոշակի այս երևան է գալիս 1847 թվի ճգնաժամում, երբ ոսկու տարհոսումն ապրիլին արդեն դադարեց՝ առաջ բերելով համեմատաբար մեղմ նախնական ճգնաժամ [Vorkrise], և հետո, հոկտեմբերին միայն, պայթեց իսկական արդյունաբերական ճգնաժամը [Geschaftskrise]։
Ստորև բերվող վկայությունները տրված են Secret Committee of the House of Lords on Commercial Distress* [Տես 52 ծան. հետո] 1848-ի առջև վկայացուցմունքները (evidence) տպագրվեցին միմիայն 1857 թվին (մեջ ենք բերել նաև իբրև C. D. 1848/57)։
Տուկի վկայությունները։ 1847 թվի ապրիլին առաջ եկավ նեղվածություն, որը, խստորեն ասած, համազոր էր խուճապի, բայց համեմատաբար կարճ տևողություն ունեցավ, և նրան ուղեկից չեղան շատ թե քիչ խոշոր առևտրային սնանկություններ։ Հոկտեմբերին նեղվածությունը շատ ավելի ինտենսիվ էր, քան որևէ մի մոմենտի ապրիլին, ըստ որում չլսված թվով առևտրային սնանկություններ տեղի ունեցան (2196)։— Ապրիլին մուրհակակուրսերը, հատկապես Ամերիկայի նկատմամբ, մեզ կանգնեցրին այն անհրաժեշտության առաջ, որ ոսկու մի նշանակալից քանակ արտահանենք՝ արտակարգորեն խոշոր ներմուծումը վճարելու համար. բանկն անչափ բռնի մի լարումով միայն կանգնեցրեց ոսկու տարհոսումը և վեր մղեց կուրսը (2197)։— Հոկտեմբերին մուրհակակուրսերն Անգլիայի համար նպաստավոր էին (2198)։— Մուրհակակուրսերում շրջադարձն սկսվեց ապրիլի երրորդ շաբաթվա մեջ (3000)։— Նրանք տատանվում էին հուլիսին ու օգոստոսին. օգոստոսի սկզբից նրանք միշտ նպաստավոր էին Անգլիայի համար (3001)։— Օգոստոսին ոսկու տարհոսումն առաջ եկավ ներքին շրջանառության համար արվող պահանջարկից։
Մորրիսը, Անգլիայի բանկի կառավարիչը. Թեև 1847 թվի օգոստոսից դեսը մուրհակակուրսն Անգլիայի համար նպաստավոր էր դարձել և այս պատճառով ոսկու ներմուծումն էր տեղի ունեցել, այնուամենայնիվ բանկում մետաղապաշարը պակասեց։ «2 200 000 £ ոսկով բանկից ելնելով մտան երկրի մեջ՝ ներքին պահանջարկի հետևանքով» (137)։ Այս բացատրվում է մի կողմից նրանով, որ ավելի շատ բանվորներ զբաղմունք էին գտնում երկաթուղային կառուցումների մեջ, մյուս կողմից նրանով, որ «բանկիրները ցանկանում էին իրենց սեփական ոսկեպահեստն ունենալ ճգնաժամի ժամանակաշրջանում» (147)։
Պալմերը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչն ու 1811 թվականից նրա դիրեկտորը. «684. 1847 թվի ապրիլի կեսից մինչև 1844 թվի բանկային օրենքի կախակայման օրը տևած ամբողջ պարբերաշրջանում մուրհակակուրսերը նպաստավոր էին Անգլիայի համար»։
Հետևաբար, մետաղի տարհոսումը, որը 1847 թվի ապրիլին ինքնուրույն փողային խուճապ է առաջ բերում, այստեղ, ինչպես և միշտ, հանդես է գալիս լոկ որպես ճգնաժամի կարապետը և արդեն դեպի շրջադարձ է դիմել նախքան այդ ճգնաժամի պայթելը։ 1839 թվին գործերի մեծ ճնշման ժամանակ մետաղի շատ զորեղ տարհոսում տեղի ունեցավ — հացահատկի և այլոց վճարման համար — բայց առանց ճգնաժամի ու փողային խուճապի։
Յոթերորդ. հենց որ ընդհանրական ճգնաժամերը հանգչում են, ոսկին ու արծաթը — մի կողմ թողած նոր ազնիվ մետաղների առհոսումն իրենց արտադրության երկրներից — նորից բաշխվում են տարբեր երկրների միջև այն համամասնություններով, որով նրանք գոյություն ունեին իբրև այդ երկրների առանձին գանձ՝ սրանց հավասարակշիռ կացության ժամանակ։ Այլ անփոփոխ հանգամանքներում գանձի հարաբերական մեծությունն ամեն մի երկրում որոշվում է համաշխարհային շուկայում այդ երկրի ունեցած գերով։ Այն երկրից, որը ազնիվ մետաղի, ավելի մեծ պաշար ունի, քան նրա նորմալ բաժինն է, ազնիվ մետաղը տարհոսում է դեպի ուրիշ երկրներ. առհոսման ու տարհոսման այս շարժումնները լոկ վերականգնում են գանձի սկզբնական բաշխումը տարբեր ազգերի միջև։ Այս վերաբաշխումը սակայն տեղի է ունենում տարբեր հանգամանքների ներգործությամբ, որոնք կհիշատակվեն մուրհակակուրսերը քննարկելիս։ Հենց որ նորմալ բաշխումը նորից վերականգնվում է, այս կետից դենն ահա հանդես է գալիս ազնիվ մետաղի քանակի նախ աճումը և ապա նրա նոր տարհոսումը։ {Ըստինքյան հասկանալի է, որ այս վերջին դրույթը վերաբերում է Անգլիային միայն, իբրև համաշխարհային փողային շուկայի խոշորագույն կենտրոնին։— Ֆ. Է.}
Ութերորդ. մետաղի տարհոսումները մեծ մասամբ արտասահմանյան առևտրի դրության մեջ կատարվող փոփոխության հայտանիշն են, և այս փոփոխությունը իր հերթին մի նախագուշակ է այն բանի, որ իրերի ընդհանուր դրությունը նորից հասունանում է ճգնաժամի համար[53]։
Իններորդ. վճարման բալանսը կարող է Ասիայի համար նպաստավոր և Եվրոպայի ու Ամերիկայի համար աննպաստ լինել[54]։
Ազնիվ մետաղի ներմուծումը տեղի է ունենում առավելապես երկու մոմենտում։ Մի կողմից՝ ցած տոկոսադրույքի առաջին փուլում, որը հաջորդում է ճգնաժամին և արտադրության սահմանափակման արտահայտություն է, և հետո երկրորդ փուլում, երբ տոկոսադրույքը բարձրանում է, բայց դեռ չի հասել իր միջին բարձրությանը։ Այս այն փուլն է, երբ կապիտալների ետհոսումները հեշտ են կատարվում, վաճառականական վարկն առատ է, և ուրեմն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն ավելի դանդաղ է աճում, քան տեղի է ունենում արտադրության ընդարձակումը։ Երկու փուլերում էլ, երբ փոխատուական կապիտալը համեմատաբար առատ է, տոկոսադրույքի վրա և սրանով էլ ամբողջ գործի ընթացքի վրա պետք է նշանավոր չափով ներգործի այն կապիտալի հավելութային առհոսումը, որը գոյություն ունի ոսկու և արծաթի ձևով, ուրեմն այնպիսի ձևով, որով նա կարող է ամենից առաջ գործել միայն իբրև փոխատուական կապիտալ։
Մյուս կողմից. ազնիվ մետաղի տարհոսում, շարունակական սաստիկ արտահանումն է տեղի ունենում, երբ կապիտալի ետհոսումը դանդաղել է, շուկաները գերալցված ենք և վարկի շնորհիվ է միայն, որ դեռ կանգուն է պահվում երևութական ծաղկումը, հետևաբար երբ արդեն գոյություն ունի մի շատ սաստկացած պահանջարկ փոխատուական կապիտալի նկատմամբ, և ըստ այնմ տոկոսադրույքն էլ առնվազն իր միջին բարձրության է հասել։ Հենց ազնիվ մետաղի տարհոսման մեջ արտացոլվող այս հանգամանքներում նշանավոր չափով սաստկանում է մի այնպիսի ձև ունեցող կապիտալի շարունակական դուրսկորզումը, որով նա ուղղակի գոյություն է ունենում իբրև փոխատրելի փողային կապիտալ։ Այս պետք է ուղղակի ներգործի տոկոսադրույքի վրա։ Բայց տոկոսադրույքի բարձրացումը վարկային գործարքները սահմանափակելու փոխարեն ընդլայնում է սրանք և նպաստում սրանց բոլոր օժանդակ միջոցների գերլարմանր։ Ուստի այս պարբերաշրջանը նախորդում է կրախին։
Նյումարչին հարցնում են (B. A. 1857). «1520. Ուրեմն շրջանառող մուրհակների գումարը ավելանո՞ւմ է տոկոսադրույքի հետ միասին։— Այդպես է երևում։— 1522. Հանդարտ, սովորական ժամանակներում գլխավոր մատյանը փոխանակության իրական գործիքն է. բայց երբ դժվարություններ են ծագում, երբ, օրինակ, այն պարագաներում, որ ես հիշատակել եմ վերևում, բանկի զեղչանորման բարձրանում է... այն ժամանակ գործարքները ինքնըստինքյան վեր են ածվում մուրհակներ դուրս գրելուն, այս մուրհակները միայն ավելի պիտանի են կնքված գործարքների համար օրինական ապացույցի դեր կատարելու, այլև շատ հարմար են հետագա գնումներ անելու համար և ամենից առաջ գործածելի են իբրև վարկամիջոց՝ կապիտալ ստանալու համար»։— Սրան ավելանում է դեռ հետևյալ հանգամանքը. հենց որ քիչ թե շատ սպառնալից պայմաններում բանկը իր զեղչանորման բարձրացնում է,— որով միաժամանակ հավանական է դառնում, որ բանկը իր կողմից զեղչվելիք մուրհակների ընթացաժամանակը սահմանափակման է ենթարկելու,— ընդհանրական երկյուղ է առաջ գալիս, թե այս դրությունը կընթանա crescendo [արագորեն բարձրանալով]։ Ուստի յուրաքանչյուր ոք, և ամենից առաջ վարկի ասպետը, հանում է զեղչել ապագան [die Zukunft zu diskontieren] և տվյալ րոպեին որքան կարելի է ավելի շատ վարկային միջոցներ ունենալ իր տնօրինության տակ։ Վերը շարադրված հիմունքներից ելնելով, գտնում ենք ուրեմն, որ թե՛ ներմուծված ու թե՛ արտահանված ազնիվ մետաղի սոսկ քանակը ներգործում է ոչ իբրև այսպիսին, այլ նա ներգործում է առաջին՝ ազնիվ մետաղի որպես փողի ձև ունեցող կապիտալի մասնահատուկ բնույթի շնորհիվ և երկրորդ՝ նա ներգործում է այն փետուրի նման, որը կշռաթաթի մեջ գտնվող ծանրության վրա ավելացվելով՝ բավական է լինում տատանվող կշռաթաթը վերջնականորեն մի կողմի վրա թեքելու, ներգործում է այն պատճառով, որ նա հանդես է դալիս այնպիսի հանգամանքներում, երբ դեպի այս կամ այն կողմը կատարվող որևէ ավելացում վճռական նշանակություն է ունենում։ Առանց այս ներգործող մոմենտների բոլորովին անհասկանալի կլիներ, թե ինչպես, ասենք, 5—8 միլիոն £ ոսկու տարհոսումը կարող էր քիչ թե շատ նշանավոր ներգործություն ունենալ, իսկ մինչայժմյան փորձի համաձայն, տարհոսումն այս սահմաններից դուրս չի գալիս, կապիտալի այս չնչին շատացումը կամ քչացումը, որն Անգլիայում միջին հաշվով շրջանառող 70 միլիոն £ ոսկու համեմատությամբ անգամ աննշան է թվում, իրոք անհայտացմանը մոտեցող մի չնչին մեծություն է անգլիականի ծավալն ունեցող մի արտադրության մեջ[55]։ Բայց վարկային սիստեմի ու բանկային սիստեմի զարգացումն է հենց, որը մի կողմից ձգտում է փողային ամեն մի կապիտալ արտադրությանը ծառայեցնել (կամ, որ միևնույնին է հանգում, ձգտում է փողային ամեն մի եկամուտ կապիտալի վերածել) և որը մյուս կողմից ցիկլի որոշ փուլում մետաղապահեստը մի այնպիսի մինիմումի է հասցնում, որով սա իրեն բաժին ընկնող ֆունկցիաներն այլևս չի կարողանում կատարել,— զարգացած այս վարկային սիստեմն ու բանկային սիստեմն է հենց, որ առաջ է բերում ամբողջ օրգանիզմի այս գերզգայունությունը։ Արտադրության ավելի պակաս զարգացած աստիճաններում գանձի քչացումը կամ շատացումը իր միջին չափի նկատմամբ՝ համեմատաբար նշանակություն չունեցող բան է։ Նմանապես և, մյուս կողմից, ոսկու նույնիսկ մի շատ նշանավոր տարհոսում համեմատաբար չնչին ներգործություն է ունենում, եթե նա հանդես է գալիս արդյունաբերական ցիկլի ոչ կրիտիկական պարբերաշրջանում։
Տվյալ պարզաբանության ժամանակ մենք անտեսել ենք այն դեպքերը, երբ մետաղի տարհոսումը վրա է հասնում անբերության և այլոց հետևանքով։ Այստեղ արտադրության հավասարակշռության խոշոր ու հանկարծական խախտումը, որի արտահայտությունն է ոսկու տարհոսումը, իր ներգործության հետագա պարզաբանության կարիք չունի։ Այս ներգործությունն այնքան ավելի ուժեղ է, որքան ավելի է այսպիսի խախտումը հանդես գալիս մի այնպիսի պարբերաշրջանում, երբ արտադրությունը գործում է բարձր ճնշման տակ։
Այնուհետև մենք մի կողմ ենք թողել մետաղապահեստի ֆունկցիան իբրև բանկնոտների փոխարկելիության երաշխիքի ու ամբողջ վարկային սիստեմի առանցքի։ Կենտրոնական բանկը վարկային սիստեմի առանցքն է։ Իսկ մետաղապահեստը իր հերթին բանկի առանցքն է[56]։ Վարկային սիստեմի փոխարկվելը մոնետար սիստեմի անհրաժեշտություն է, ինչպես արդեն ներկայացրել եմ I գրքում, III գլուխ, վճարամիջոցների խնդիրը քննարկելիս։ Որ իրական հարստության մեծագույն զոհեր են հարկավոր՝ կրիտիկական մոմենտում մետաղե բազիսը պահպանելու համար, այս խոստովանել է ինչպես Տուկն, այնպես էլ Լոյդ-Օվերստոնը։ Վեճը պտտվում է մի պլյուսի կամ մինուսի շուրջը և այդ անխուսափելիության նկատմամբ ավելի կամ պակաս չափով ռացիոնալ վերաբերմունք ունենալու շուրջը միայն[57]։ Մետաղի մի որոշ, ամբողջ արտադրության համեմատությամբ աննշան քանակ որպես ամբողջ սիստեմի առանցք է ճանաչվում։ Այստեղից էլ ծագում է թեորիական սիրուն դուալիզմը,— դեռ մի կողմ թողած նրա սարսափելի դրսևորումները ճգնաժամերի ժամանակ, երբ նա հանդես է գալիս իր այս բնույթով, որպես «առանցք»։ Քանի դեռ լուսավորված տնտեսագիտությունը «կապիտալի մասին» խոսում է ex professo [մասնագիտորեն, ելնելով գիտական հիմունքներից], նա մեծագույն արհամարհանքով է նայում ոսկու և արծաթի վրա իբրև կապիտալի մի ձևի վրա, որն իրոք զուրկ է որևէ նշանակությունից և վերին աստիճանի անօգտակար է։ Հենց որ նա բանկային գործի մասին է խոսում, ապա ամեն ինչ շուռ է գալիս, և ոսկին ու արծաթը դառնում են կապիտալ par excellence [գերազանցորեն], որի պահպանման համար պետք է զոհաբերվի կապիտալի ու աշխատանքի ամեն մի ուրիշ ձև։ Արդ, ոսկին ու արծաթն ինչո՞վ են տարբերվում հարստության մյուս տեսակներից [Gestalten]։ Ոչ թե արժեքի մեծությամբ, որովհետև սա որոշվում է նրանց մեջ առարկայացած աշխատանքի քանակով։ Նրանք տարբերվում են իբրև հարստության ինքնակա մարմնացումներ, իբրև նրա հասարակական բնույթի արտահայտություններ։ {Հասարակության հարստությունը գոյություն ունի լոկ որպես հարստություն առանձին անհատների, որոնք նրա մասնավոր սեփականատերերն են։ Այս հարստությունը նրանով է պահպանում իր հասարակական բնույթը, որ այս առանձին անհատներն իրենց պահանջմունքները բավարարելու համար միմյանց հետ փոխանակում են որակով տարբեր սպառողական արժեքներ։ Կապիտալիստական արտադրության պայմաններում նրանք կարող են այս կատարել միմիայն փողի միջոցով։ Այսպիսով, լոկ փողի միջոցով է, որ առանձին անհատների հարստությունն իրականանում է որպես հասարակական հարստություն. փողի մեջ, այս իրի մեջ է մարմնացած այս հարստության հասարակական բնությունը։— Ֆ. Է.}։ Հետևաբար, նրա այս հասարակական կեցությունը երևան է գալիս իբրև անդրկողմյան [Jenseits], որպես իր, առարկա, ապրանք՝ հասարակական հարստության իրական տարրերի կողքին ու սրանցից դուրս։ Քանի դեռ արտադրությունը նորմալ է ընթանում, այս մոռացվում է։ Վարկն իբրև հարստության նույնպես հասարակական ձև դուրս է քշում փողը և բռնագրավում է նրա տեղը։ Արտադրության հասարակական բնույթի նկատմամբ եղած վստահության շնորհիվ է, որ արդյունքների փողային ձևը երևան է գալիս իբրև լոկ վաղանցուկ ու իդեական մի բան, իբրև սոսկ պատկերացում։ Բայց հենց որ վարկը խարխլվում է,— իսկ այս փուլն անհրաժեշտորեն միշտ մտնում է արդի արդյունաբերության ցիկլի մեջ,— ապա ամեն իրական հարստություն պետք է իսկապես ու հանկարծակի վերածվի փողի, ոսկու և արծաթի, մի խելագար պահանջ, որը սակայն անհրաժեշտորեն բուն իսկ կապիտալիստական սիստեմից է բխում։ Ընդ սմին այն ամբողջ ոսկին ու արծաթը, որը պիտի բավարարություն տա այս վիթխարի պահանջներին, հազիվ մի քանի միլիոն է կազմում բանկի նկուղներում[58]։ Այսպիսով ուրեմն այն հանգամանքը, որ արտադրությունը հասարակական վերահսկությանն իրոք ենթակա չէ որպես հասարակական արտադրություն, ոսկու տարհոսման ներգործությունների մեջ ակնառու երևան է գալիս այն ձևով, որ հարստության հասարակական ձևը գոյություն ունի նրանից անկախ ու նրանից դուրս, որպես մի իր։ Այս կողմից կապիտալիստական սիստեմն իրոք նման է արտադրության նախկին սիստեմներին, որչափով որ սրանք ապրանքային առևտրի ու մասնավոր փոխանակության վրա էին հիմնվում։ Բայց այդ երևույթը միմիայն կապիտալիստական սիստեմի մեջ է հանդես դալիս անհեթեթ հակասության ու անմտության ամենից ակնառու և ամենահրեշավոր ձևով, որովհետև՝ 1)կապիտալիստական սիստեմում ամենալիակատար կերպով է վերացված [aufgehoben ist] անմիջական սպառողական արժեքի համար կատարվող, արտադրողների սեփական գործածության համար կատարվող արտադրությունը, հետևաբար հարստությունը գոյություն ունի որպես հասարակական մի պրոցես միայն, որն արտահայտվում է իբրև արտադրության ու շրջանառության խառնահյուսում. 2) որովհետև վարկային սիստեմի զարգանալով կապիտալիստական արտադրությունը անընդհատ ձգտում է վերացնելու այս մետաղյա սահմանապատնեշը,— որը հարստության ու սրա շարժման իրեղեն ու երևակայական սահմանապատնեշն է միաժամանակ,— բայց միշտ նորից ու նորից ջարդում է իր գլուխը, այս սահմանապատնեշին զարկվելով։
Ճգնաժամի պահին առաջ է գալիս այն պահանջը, որ բոլոր մուրհակները, արժեթղթերը, ապրանքները մեկ անգամից ու միաժամանակ փոխարկվեն բանկային փողի, իսկ այս ամբողջ բանկային փողն էլ իր հերթին փոխարկվի ոսկու։
II. ՄՈԻՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ
{Ինչպես հայտնի է, փողային մետաղների միջազգային շարժման ծանրաչափը մուրհակակուրսն է։ Եթե Անգլիան ավելի շատ վճարումներ ունի անելու Գերմանիային, քան Գերմանիան Անգլիային, ապա Լոնդոնում բարձրանում է մարկի գինը՝ ստեռլինգով արտահայտած, իսկ Համբուրգում ու Բեռլինում ընկնում է ստեռլինգի գինը, մարկով արտահայտած։ Եթե Գերմանիայի նկատմամբ Անգլիայի ունեցած վճարապարտավորությունների այս գերակշռությունը նորից չի համահավասարվում, օրինակ, Գերմանիայի կողմից Անգլիայում կատարած գերակշիռ գնումներով, ապա Գերմանիայի վրա մարկաներով տրված մուրհակների գինը, ստեռլինգներով արտահայտած, պետք է բարձրանալով հասնի այն կետին, երբ շահավետ է լինում Անգլիայից վճարման համար մուրհակների փոխարեն Գերմանիա ուղարկել մետաղ՝ ոսկե փող կամ ձույլեր։ Գործերի տիպիկ ընթացքն այս է։
Եթե ազնիվ մետաղի այս արտահանությունն ավելի լայն ծավալ ու ավելի երկար տևողություն է ստանում, ապա նա ներգործում է Անգլիայի բանկային պահեստի վրա, և անգլիական փողային շուկան, ամենից առաջ Անգլիայի բանկը, պետք է պաշտպանության միջոցների ձեռնարկի։ Ինչպես մենք արդեն տեսանք, այդ միջոցները գլխավորապես նրանում են կայանում, որ տոկոսադրույքը բարձրացվում է։ Ոսկու նշանակալից տարհոսման դեպքում փողային շուկայի դրությունը սովորաբար ծանր է լինում, քանի որ փողի ձև ունեցող փոխատուական կապիտալի պահանջարկը խոշոր չափով գերակշռում է առաջարկից, իսկ այստեղից ինքնըստինքյան բխում է ավելի բարձր տոկոսադրույքը. Անգլիայի բանկի կողմից դեկրետագրված զեղչանորման համապատասխանում է իրերի դրությանը և կենսագործվում է շուկայում։ Բայց պատահում են դեպքեր էլ, երբ մետաղի տարհոսումն առաջ է գալիս գործարքների սովորականից տարբեր կոմբինացիաներից (օրինակ, օտար պետություններին տրվող փոխառությունների, կապիտալի արտասահմանյան ներդրման և այլոց հետևանքով), երբ Լոնդոնի փողային շուկան իբրև այդպիսին ամենևին չի արդարացնում տոկոսի նորմայի էական բարձրացումը. Անգլիայի բանկն այս դեպքում պետք է «բաց շուկայում» խոշոր փոխառություններ անելով, ինչպես արտահայտվում են, «փողը հազվագյուտ դարձնի», որպեսզի արհեստականորեն ստեղծի մի դրություն, որն արդարացնում կամ անհրաժեշտ է դարձնում տոկոսի բարձրացումը, մի մանյովր, որը տարեցտարի ավելի դժվար է դառնում նրա համար։—Ֆ. Է.}։
Արդ, թե տոկոսի նորմայի այս բարձրացումն ինչպես է ներգործում մուրհակակուրսի վրա, ցույց են տալիս ստորին պալատի հանձնաժողովի առջև տրված հետևյալ վկայությունները 1857 թվի բանկային օրենսդրության վերաբերմամբ։ (Մեջ ենք բերում իբրև B. A., կամ B. C., 1857)։
Ջոն Ստյուարտ Միլլ. «2176. Երբ գործերը դժվարանում են... վրա է հասնում արժեթղթերի կուրսի նշանակալից անկում... Օտարերկրացիները այստեղ Անգլիայում գնել են տալիս երկաթուղային ակցիաներ, կամ թե արտասահմանյան երկաթուղային ակցիաների անգլիացի սեփականատերերը հիշյալները ծախում են արտասահմանում... համապատասխանորեն վերացվում է ոսկին արտասահման փոխադրելու անհրաժեշտությունը։— 2182. Բանկիրների ու արժեթղթերի առուծախով զբաղվող առևտրականների մի մեծ ու հարուստ դասակարգ, որի միջոցով սովորաբար կատարվում է տոկոսադրույքի ու վաճառականական ծանրաչափի ճնշման (pressure) հավասարեցումը տարբեր երկրների միջև... միշտ աչք է տնկում այնպիսի արժեթղթեր գնելու, որոնք գների բարձրացում են խոստանում... նրանց համար, գնման տեսակետից, ամենալավ տեղը կլինի այն երկիրը, որը ոսկի է ուղարկում արտասահման։—2183. Կապիտալի այս ներդրումները 1847 թվին տեղի ունեցան նշանավոր մասշտաբով, որը բավական եղավ ոսկու տարհոսումը պակասեցնելու համար»։
Ջ. Գ. Հեբբարդը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչն ու 1838 թվականից սկսած՝ վարչության անդամն, ասում է. «2545. Եվրոպական արժեթղթերի խոշոր քանակներ կան... որոնք եվրոպական մասշտաբով շրջանառություն ունեն ամենատարբեր փողային շուկաներում, և այս արժեթղթերը, հենց որ մի շուկայում 1 կամ 2%-ով նրանց արժեքն ընկնում է, իսկույն գնվում են այն շուկաներն ուղարկվելու համար, որտեղ նրանց արժեքը դեռ կանգուն է մնացել։— 2565. Արտասահմանյան երկրներն արդյոք նշանակալից չափով պարտք չե՞ն Անգլիայի վաճառականներին։ ...Շատ նշանակալից չափով։— 2566. Ուրեմն մենակ այս պարտքերի գանձումը կարող էր բավական լինել բացատրելու կապիտալի շատ խոշոր կուտակումն Անգլիայում։—1847 թվականին մեր դիրքը վերջիվերջո նրանով վերականգնվեց, որ մենք հաշիվների միջից ջնջեցինք այսքան ու այսքան միլիոն, որ Ամերիկան ու Ռուսաստանն առաջ պարտք էին Անգլիային»։ {Այն ժամանակ Անգլիան այդ միևնույն երկրներին պարտ էր հացահատկի դիմաց «այսքան ու այսքան միլիոն» և իր հերթին չզլացավ նաև նրանց մեծ մասը «հաշիվների միջից ջնջելն անգլիական պարտապանների սնանկությունների միջոցով։ Տես 1857 թվականի բանկային օրենքին վերաբերյալ հաշվետվությունը վերևում, գլուխ XXX, էջ 33-34. Ֆ. Է.}։— «2572. Անգլիայի ու Պետերբուրգի միջև կուրսը 1847 թվին շատ բարձր էր կանգնած։ Երբ հրապարակվեց կառավարության այն հրամանագիրը, որ բանկին լիազորում էր բանկնոտներ թողարկելու՝ չկաշկանդվելով» [ոսկեպահեստից վեր] «14 միլիոնի օրենքով որոշված սահմանով, պայմանն այն էր, որ զեղչը պետք է 8%-ի վրա կանգնած պահպանվեր։ Այն մոմենտին ու այդպիսի զեղչանորմայի ժամանակ շահութաբեր գործարք էր ոսկին Պետերբուրգից նավառաքել Լոնդոն և այս ստացվելուց հետո փոխ տալ 8%-ով՝ մինչև այն եռամսյա մուրհակների ժամկետների հասնելը, որոնք տրվում էին ծախած ոսկու դիմաց։— 2573. Ոսկու բոլոր գործառնությունների ժամանակ պետք է բազմաթիվ մոմենտներ կշռադատության առնել. այս վերաբերում է նաև մուրհակակուրսին ու այն տոկոսադրույքին, որով կարելի է փող ներդրել մինչև {նրա դիմաց տրված.— Ֆ. Է.} մուրհակի ժամկետի հասնելը»։
ԱՍԻԱՅԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՄՈՒՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ
Հետևյալ կետերը կարևոր են, մի կողմից՝ որովհետև նրանք ցույց են տալիս, թե Անգլիան, երբ Ասիայի հետ ունեցած նրա մուրհակակուրսն աննպաստ է, ինչպես պետք է վարձատրվի ուրիշ երկրների հաշվին, որոնց ներմուծումն Ասիայից վճարվում է Անգլիայի միջնորդությամբ։ Իսկ երկրորդ՝ որովհետև պարոն Վիլսոնն այստեղ դարձյալ անհեթեթ փորձ է անում՝ այն ներգործությունը, որ ունենում է ազնիվ մետաղի արտահանությունը մուրհակակուրսի վրա, նույնացնելու այն ներգործության հետ, որ ընդհանրապես կապիտալի արտահանությունն է ունենում այս կուրսի վրա,— ըստ որում երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է ոչ թե իբրև վճարամիջոց կամ գնելամիջոց կատարվող, այլ կապիտալաներդրման համար կատարվող արտահանությանը։ Ամենից առաջ հասկանալի է ըստինքյան, որ եթե այսքան ու այսքան միլիոն £ Հնդկաստան է ուղարկվում ազնիվ մետաղի կամ թե երկաթուղային ռելսերի ձևով՝ այնտեղի երկաթուղային շինարարության մեջ ներդրելու համար, ապա երկուսն էլ կապիտալի միևնույն գումարը մի երկրից մեկ ուրիշը փոխադրելու տարբեր ձևեր են լոկ, և այն էլ կապիտալի մեկ այնպիսի փոխադրում, որը սովորական առևտրային գործարքների հաշվի մեջ չի մտնում և որի դիմաց արտահանող երկիրն ուրիշ ոչ մի ետհոսում չի սպասում, քան այս երկաթուղիների մուտքից հետագայում ստացվելիք տարեկան եկամուտը։ Եթե այս արտահանությունը կատարվում է ազնիվ մետաղի ձևով, ապա նա, որովհետև ազնիվ մետաղ է և իբրև այդպիսին անմիջաբար փոխատրելի փողային կապիտալ է ու ամբողջ փողային սիստեմի բազիսը, ապա այդ արտահանությունը,— ոչ անհրաժեշտորեն բոլոր պարագաներում, այլ վերևում շարադրածս հանգամանքներում,— ուղղակի կներգործի այս ազնիվ մետաղն արտահանող երկրի փողային շուկայի ու սրանով էլ՝ տոկոսադրույքի վրա։ Նա նույնպես ուղղակի ներգործում է նաև մուրհակակուրսի վրա։ Ազնիվ մետաղը փոխադրվում է այն ժամանակ ու այնչափով, երբ և որչափով Լոնդոնի փողային շուկայում առաջարկվող և Հնդկաստանի վրա տրված մուրհակները, օրինակ, բավական չեն այս արտակարգ վճարումները կատարելու համար։ Հետևաբար հանդես է գալիս Հնդկաստանի վրա արված մուրհակների նկատմամբ առաջարկը գերազանցող մի պահանջարկ, և այսպիսով կուրսը վայրկենապես ուղղվում է Անգլիայի դեմ՝ ոչ այն պատճառով, որ Անգլիան պարտ է Հնդկաստանին, այլ որովհետև նա արտակարգ գումարներ պետք է ուղարկի Հնդկաստան։ Եթե ազնիվ մետաղի դեպի Հնդկաստան կատարվող մի այսպիսի առաքումը տևական է դառնում, նա պետք է ներգործի այն ուղղությամբ, որ հնդկական պահանջարկը անգլիական ապրանքների նկատմամբ ուժեղանա, որովհետև հիշյալ առաքումն անուղղակի կերպով բարձրացնում է Հնդկաստանի սպառողական ունակությունը եվրոպական ապրանքների նկատմամբ։ Եվ ընդհակառակը. եթե կապիտալն արտահանվում է ռելսերի և այլոց ձևով, ապա նա կարող է ամենևին ազդեցություն չունենալ մուրհակակուրսի վրա, որովհետև Հնդկաստանն այդ կապիտալի դիմաց ոչ մի ետվճարում չունի անելու։ Հենց այս պատճառով էլ նա կարող է ոչ մի ազդեցություն չունենալ փողային շուկայի վրա։ Վիլսոնր ճգնում է մի այսպիսի ազդեցություն բխեցնել նրանից, որ նման արտակարգ ծախսումն առաջ կբերի արտակարգ պահանջարկ փողային փոխատվության նկատմամբ և այսպիսով կներգործի տոկոսադրույքի վրա։ Այս կարող է պատահել, բայց պնդել, թե այս պետք է որ տեղի ունենա բոլոր հանգամանքներում, միանգամայն սխալ է։ Ուր էլ որ ուղարկվեն ռելսերը և որտեղ էլ որ դրվեն նրանք, անգլիական հողի վրա, թե հնդկական, միևնույն է, նրանք ուրիշ բան չեն, քան անգլիական արտադրության որոշ ընդարձակում որոշ ոլորտում։ Պնդել, թե արտադրության ընդարձակումը, նույնիսկ շատ լայնածավալ սահմաններով, չի կարող տեղի ունենալ առանց տոկոսադրույքի բարձրացման, անհեթեթություն է։ Կարող է պատահել, որ աճեն փողային փոխատվությունները, այսինքն այն գործարքների գումարը, որոնց մեջ մտնում են վարկային գործառնությունները. բայց այս գործառնությունները կարող են աճել նաև տվյալ տոկոսադրույքն անփոփոխ մնալու դեպքում։ Այս իրոք տեղի ուներ Անգլիայում երկաթուղամոլության ժամանակ 40-ական թվականներին։ Տոկոսադրույքը չբարձրացավ։ Եվ ակներև է, որ ինչ չափով իրական կապիտալն, այսինքն այստեղ ապրանքներն են նկատի առնվում, փողային շուկայի վրա ունեցած ներգործությունը բոլորովին միևնույնն է մնում, անկախ այն հանգամանքից, թե այս ապրանքներն արտասահմանի համար են նախանշված, թե ներքին սպառման համար։ Այն ժամանակ միայն կարող էր տարբերություն ստացվել, եթե անգլիական կապիտալի ներդրումներն արտասահմանում սահմանափակող ներգործություն անեին նրա առևտրային արտահանության վրա,— այն արտահանության, որը պետք է վճարվի, ուրեմն կապիտալի ետհոսումն է առաջ բերում,— կամ թե որչափով որ կապիտալի այս ներդրումներն ընդհանրապես վարկի գերլարման ու սկսվող սպեկուլատիվ գործառնությունների հայտանիշ էին արդեն։
Այնուհետև հարցնում է Վիլսոնը, պատասխանում է Նյումարչը.
Արևելյան Ասիայի կողմից արծաթի նկատմամբ եղած պահանջարկի մասին դուք առաջ ասացիք, թե ձեր կարծիքով Հնդկաստանի հետ ունեցած մուրհակակուրսը նպաստավոր է Անգլիայի համար, չնայած շարունակ դեպի Արևելյան Ասիա է ուղարկվում նշանավոր չափերով մետաղի պաշար. դուք հիմքեր ունեք սրա համար։— Անշուշտ... Ես գտնում եմ, որ 1851 թվին Միացյալ Թագավորությունից դեպի Հնդկաստան կատարած արտահանության իրական արժեքը անում էր 7 420 000 £. սրան պիտի ավելացնել India House-ի* [Տես 58 ծան. հետո] մուրհակների, այսինքն այն ֆոնդերի գումարները, որ Արևելահնդկական ընկերությունը կորզում է Հնդկաստանից՝ իր սեփական ծախսերը գոցելու համար։ Այս փոխգրերը հիշյալ տարում կազմում էին 3 200 000 £, այնպես որ Միացյալ Թագավորության ամբողջ արտահանությունը դեպի Հնդկաստան կազմում էր 10 620 000 £։ 1855 թվին ապրանքի արտահանության իրական արժեքը բարձրացավ 10 350 000 £-ի. India House-ի փոխգրերը 3 700 000 £ էին. ուրեմն ամբողջ արտահանությունը՝ 14 050 000 £։ 1851 թվականի վերաբերմամբ, ես կարծում եմ, մենք ոչ մեկ միջոց չունենք հավաստելու Հնդկաստանից Անգլիա ներմուծած ապրանքի իրական արժեքը, բայց 1854 ու 1855 թվերի վերաբերմամբ, այո՛, ունենք։ 1855 թվին Հնդկաստանից Անգլիա ներմուծած ապրանքի ամբողջ իրական արժեքը 12 670 000 £ էր, իսկ այս գումարը, համեմատած արտահանության 14 050 000 £ գումարի հետ, երկու երկրի միջև կատարվող ուղղակի առևտրից հօգուտ Անգլիայի 1 380 000 £-ի սալդո է տալիս»։
Վիլսոնը սրա վերաբերմամբ նկատում է, թե մուրհակակուրսերը փոփոխվում են նաև անուղղակի առևտրի շնորհիվ։ Այսպես, օրինակ, Հնդկաստանից դեպի Ավստրալիա ու Հյուսիսային Ամերիկա կատարվող արտահանությունը վճարվում է Լոնդոնի վրա տված փոխգրերով, ուստի և ներգործում է մուրհակակուրսի վրա ճիշտ այնպես, կարծես թե ապրանքները Հնդկաստանից ուղղակի առաքված են եղել Անգլիա։ Այնուհետև, եթե Հնդկաստանն ու Չինաստանը միասին վերցվեն, ապա բալանսն ի վնաս Անգլիայի կլինի, որովհետև Չինաստանն ափիոնի համար շարունակ պետք է նշանակալից վճարումներ անի Հնդկաստանին, իսկ Անգլիան էլ պետք է վճարումներ անի Չինաստանին, այնպես որ գումարներն այս զարտուղի ճանապարհով Անգլիայից գնում են Հնդկաստան (1787, 1788)։
1791. Վիլսոնը այնուհետև հարցնում է, թե արդյոք մուրհակակուրսի վրա արվող ներգործությունը միևնույնը չի՞ լինի հավասարապես, եթե երկրից կապիտալն «արտահանվում է երկաթուղային ռելսերի ու շոգեկառքերի ձևով, կամ թե մետաղե փողի ձևով»։ Սրան Նյումարչը պատասխանում է բոլորովին ճիշտ. այն 12 միլիոն £-ը, որ վերջին տարիներում Հնդկաստան է ուղարկվել երկաթուղային շինարարության համար, ծառայել է այն տարեկան ռենտան գնելու համար, որ Հնդկաստանը պիտի կանոնավոր ժամկետներով վճարի Անգլիային։ «Որչափով որ խոսքը վերաբերում է ազնիվ մետաղի շուկայի վրա արած անմիջական ներգործությանը, ապա 12 միլիոն £-ի ներդրումը կարող է մի այդպիսի ներգործություն ունենալ լոկ այնչափով, որչափով պետք է մետաղ արտահանվեր՝ փողով իրական ներդրում անելու համար»։
1797. {Վեգելինը հարցնում է} «Եթե ոչ մի ետհոսում տեղի չի ունենում այս երկաթի (ռելսերի) դիմաց, ապա ի՞նչպես կարելի է ասել, թե այս ներգործում է մուրհակակուրսի վրա։— Ես չեմ կարծում, թե ծախսման այն մասը, որ ապրանքների ձևով է արտահանվում, փոփոխում է մուրհակակուրսի մակարդակը... երկու երկրների միջև գոյություն ունեցող կուրսի մակարդակը փոփոխվում է, կարելի է ասել, բացառապես այն պարտատոմսերի կամ մուրհակների քանակի շնորհիվ, որոնք առաջարկվում են մի երկրում, համեմատած այն քանակի հետ, որը նրանց դիմաց առաջարկվում է մյուս երկրում. այս է մուրհակակուրսի ռացիոնալ թեորիան։ Ինչ վերաբերում է 12 միլիոնը փոխադրելուն, ապա այս 12 միլիոնը նախ այստեղ են ստորագրվել. արդ, եթե մի այնպիսի գործարք կատարվեր, որ այս ամբողջ 12 միլիոնը Կալկաթայում, Բոմբեյում ու Մադրասում իբրև հնչուն դրամ ներդրվեին... ապա այս հանկարծական պահանջարկը ցնցողաբար կներգործեր արծաթագնի ու մուրհակակուրսի վրա ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե Արևելահնդկական ընկերությունը վաղն ազդարարեր, թե նա իր փոխգրերը 3-ից բարձրացնում է 12 միլիոնի։ Բայց այս 12 միլիոնի կեսը ծախսվում է... Անգլիայում ապրանքներ... երկաթառելսեր ու փայտ և ուրիշ մատերիալներ գնելու վրա... սա անգլիական կապիտալի ծախսումն է բուն իսկ Անգլիայում որոշ ապրանքատեսակի վրա, որը Հնդկաստան է ուղարկվում, և սրանով էլ գործն ավարտվում է։— {Վեգելինը հարցնում է.} Բայց երկաթուղիների համար անհրաժեշտ այս ապրանքների, երկաթի ու փայտի արտադրությունն առաջ է բեռում արտասահմանյան ապրանքների ուժեղ սպառում, իսկ այս կարո՞ղ էր ազդել մուրհակակուրսի վրա։— Անշուշտ»։
Վիլսոնը կարծիք է հայտնում, թե երկաթը գլխավորապես աշխատանք է ներկայացնում, իսկ այս աշխատանքի համար վճարված վարձը մեծ մասամբ ներկայացնում է ներմուծված ապրանքներ (1799), և ապա հարցնում է.
«1801. Բայց ընդհանրապես ասած՝ եթե այն ապրանքները, որոնք արտադրվել են այս ներմուծված ապրանքների սպառման միջոցով, արտահանվում են այն եղանակով, որ մենք նրանց դիմաց ոչ մի փոխվճար չենք ստանում, լինի արդյունքների ձևով կամ թե որևէ այլ կերպ,— արդյոք սա կուրսը մեգ համար աննպաստ դարձնող ներգործություն չէ՞ր ունենա։— Այս դրույթը ճշգրիտ կերպով համապատասխանում է այն կացությանը, որ ստեղծվել էր Անգլիայում երկաթուղային խոշոր կառուցումների ժամանակ {1845} Երեք, չորս կամ հինգ տարի իրար ետևից դուք երկաթուղիների վրա ծախսել եք 30 միլիոն £ և գրեթե այդ ամբողջ գումարը ծախսվել է աշխատավարձի վրա։ Երեք տարվա ընթացքում դուք երկաթուղիների, շոգեկառքերի, վագոնների ու կայարանների շինարարության մեջ պահել եք ժողովրդի մի ավելի մեծ բազմություն, քան բոլոր գործարանային մարզերը միասին վերցրած։ Այս մարդիկ... իրենց աշխատավարձը ծախսում էին թեյ, շաքար, ոգելից խմիչքներ ու արտասահմանյան այլ ապրանքներ գնելու վրա. այս ապրանքները պիտի ներմուծվեին. և սակայն անկասկած է, որ այն ժամանակվա ընթացքում, երբ կատարվում էր այս խոշոր ծախսումը, Անգլիայի ու մյուս երկրների միջև եղած մուրհակակուրսերը էապես չխախտվեցին։ Ազնիվ մետաղների տարհոսում տեղի չունեցավ, ընդհակառակը, ավելի շուտ նրանց առհոսում տեղի ունեցավ»։
1802. Վիլսոնը պնդում է այն դրույթի վրա, թե Անգլիայի ու Հնդկաստանի միջև եղած առևտրային բալանսի հավասարակշռություն և կուրսի պարիտետ ստեղծվելու դեպքում երկաթի ու շոգեկառքերի արտակարգ առաքումը «պետք է որ փոփոխի Հնդկաստանի հետ ունեցած մուրհակակուրսը»։ Նյումարչը չի կարող այս ընդունել, քանի որ արտահանվող ռելսերը կապիտալի ներդրում են ներկայացնում Հնդկաստանի համար, և Հնդկաստանը ոչ մի ձևով չպետք է վճարի նրանց համար. նա ավելացնում է. «Ես ընդունում եմ այն դրույթը, որ ոչ մի երկիր երկարատև ժամանակ չի կարող աննպաստ մուրհակակուրս ունենալ այն բոլոր երկրների հետ, որոնց հետ առուտուր է անում. մեկ երկրի հետ ունեցած աննպաստ մուրհակակուրսն անխուսափելիորեն առաջ է բերում նպաստավոր մուրհակակուրս մեկ ուրիշ երկրի հետ»։ Նրան այս մասին առարկում է Վիլսոնը հետևյալ տափակությամբ. «1803. Բայց կապիտալի փոխադրումը միևնույնը չէ՞ր լինի, անկախ նրանից, թե կապիտալն ա՞յս, թե՞ այն ձևով է արտահանվում։— Այո՛, իհարկե, որչափով որ խնդիրը պարտային հանձնառություններին է վերաբերում։— 1804. Այսպիսով ուրեմն, անկախ նրանից, ազնիվ մետաղ եք արտահանում թե ապրանքներ, Հնդկաստանում կատարվող երկաթուղային շինարարության ներգործությունը կապիտալի մեր ներքին շուկայի վրա միևնույնը կլիներ ուրեմն, և կապիտալի արժեքը կբարձրացներ նույնպես, ինչպես այն դեպքում, եթե ամբողջ գումարն ազնիվ մետաղի ձևով արտահանված լիներ»։
Եթե երկաթի գները չեն բարձրացել, ապա համենայն դեպս այս մի ապացույց է այն բանի, որ ռելսերի մեջ պարունակվող «կապիտալի արժեքն» էլ չի ավելացել։ Խոսքն այստեղ վերաբերում է փողային կապիտալի արժեքին, տոկոսադրույքին։ Վիլսոնը կուզենար նույնացնել փողային կապիտալն ու կապիտալն ընդհանրապես։ Պարզ իրողությունն այն է ամենից առաջ, որ Անգլիայում ստորագրել էին 12 միլիոն Հնդկական երկաթուղիների համար։ Այս պարագան ոչ մի ուղղակի կապ չունի մուրհակակուրսի հետ, և 12 միլիոնի նպատականշումն էլ նույնպես նշանակություն չունի փողային շուկայի համար։ Եթե փողային շուկան նպաստավոր դրության մեջ է, ապա այս պարագան կարող է ընդհանրապես որևէ ներգործություն չանել նրա վրա, ինչպես 1844 ու 1845 թվականներին անգլիական երկաթուղային ակցիաների տարածումը նույնպես չազդեց փողային շուկայի վրա։ Եթե փողային շուկան որոշ չափով դժվար կացության մեջ է արդեն, ապա անշուշտ այս կարող էր ազդել տոկոսադրույքի վրա, սակայն լոկ սրա բարձրացման ուղղությամբ, այնինչ Վիլսոնի թեորիայի համաձայն պետք է Անգլիայի համար նպաստավոր կերպով ներգործեր կուրսի վրա, այսինքն արգելակեր ազնիվ մետաղի արտահանության տենդենցը, եթե ոչ դեպի Հնդկաստան, ապա դեպի որևէ ուրիշ երկիր։ Պարոն Վիլսոնը մի օբեկտից թռչկոտում է մյուսին։ 1802-րդ հարցում նա պնդում է, թե պետք է որոշ փոփոխման ենթարկվեին մուրհակակուրսերը, № 1804-ում, թե պետք է փոփոխություն կրի «կապիտալի արժեքը» — երկու շատ տարբեր բաներ։ Տոկոսադրույքը կարող է ներգործել մուրհակակուրսերի վրա, և մուրհակակուրսերը տոկոսադրույքի վրա, այնուամենայնիվ կուրսերի փոփոխման դեպքում կարող է տոկոսադրույքը հաստատուն մնալ, և տոկոսադրույքի փոփոխման դեպքում կարող են կուրսերը հաստատուն մնալ։ Վիլսոնի գլուխը չի մտնում, որ արտասահման կապիտալ ուղարկելու ժամանակ ներգործության մի այսպիսի տարբերություն առաջ է բերում կապիտալի հենց այն սոսկական ձևը, որով նա արտահանվում է, այսինքն կապիտալի ձևի տարբերությունն է, այն էլ նրա հենց փողային ձևը, որից բխում է այս կարևորությունը։ Այս դրույթը շատ խիստ հակասում է լուսավորյալ տնտեսագիտության հայացքներին։ Նյումարչը Վիլսոնին միակողմանի պատասխան է տալիս, որչափով որ նրա ուշադրությունը բոլորովին չի դարձնում այն բանի վրա, որ նա այնպես հանկարծակի ու առանց հիմունքի մուրհակակուրսից թռավ տոկոսադրույքի վրա։ Նյումարչը հիշյալ 1804-րդ հարցին պատասխանում է անվստահ ու տատանվելով. «Եթե պետք է 12 միլիոն ճարվի, ապա կասկած չկա, որ, որչափով ընդհանրական տոկոսադրույքն է նկատի առնվում, ապա ոչ մի կարևորություն չի ներկայացնում այն հանգամանքը, թե այս 12 միլիոնն արդյոք ազնիվ մետաղի, թե մատերիալների ձևով են արտահանվում։ Բայց և այնպես կարծում եմ» {լա՜վ անցում է այս «բայց և այնպես»-ը՝ ճիշտ հակառակն ասելու համար}, «որ բոլորովին էլ ոչ-էական բան չէ այս» {այս էական չէ, բայց և այնպես ոչ-էական չէ} «որովհետև մի դեպքում 6 միլիոն £-ն իսկույն կհոսեր ետ, մյուս դեպքում՝ այնքան արագ ետ չէր հոսի։ Ուստի մի որոշ {ինչպի՜սի որոշություն} «տարբերություն կաներ, նայած թե 6 միլիոնն այստեղ երկրում կծախսվեր, թե՞ ամբողջովին կարտահանվեր»։ Ի՞նչ է նշանակում, թե 6 միլիոնն իսկույն կհոսի ետ։ Որչափով որ 6 միլիոն £-ն Անգլիայումն է ծախսվում, նա գոյություն ունի հանձին այն ռելսերի, շոգեկառքերի և այլոց, որոնք ուղարկվում են Հնդկաստան, որտեղից նրանք չեն վերադառնում, իսկ նրանց արժեքը վերադառնում է լոկ շիջուցման միջոցով, ուրեմն շատ դանդաղ, մինչդեռ 6 միլիոն ազնիվ մետաղը շատ արագ վերադառնում է in natura [իր բնական ձևով]։ Որչափով որ 6 միլիոնն աշխատավարձի վրա է ծախսվել, այդ գումարն արդեն կերված է. բայց այն փողը, որի ձևով այդ 6 միլիոնը կանխավճարվել էր, երկրում շրջանառում է առաջվա նման կամ պահեստ է կազմում։ Միևնույնը վերաբերում է ռելսեր արտադրողների շահույթներին ու 6 միլիոնի այն մասին, որը նրանց հաստատուն կապիտալն է փոխհատուցում։ Ուրեմն, կապիտալի ետհոսմանը վերաբերող երկիմաստ ֆրազը Նյումարչը գործ է ածում լոկ նրա համար, որ ուղղակի չասի, թե՝ փողը մնացել է երկրում և որչափով նա իբրև փոխատրելի փողային կապիտալ է գործում, տարբերությունը (մի կողմ թողած այն հանգամանքը, որ, ասենք, շրջանառությունը կարող էր ավելի շատ մետաղե փող կլանել) փողային շուկայի համար այն է միայն, որ այդ փողը ծախսվում է A-ի հաշվին և ոչ թե B-ի հաշվին։ Այս տեսակի ներդրումը, երբ կապիտալն ուրիշ երկրներ փոխադրվում է ապրանքների ու ոչ թե ազնիվ մետաղի ձևով, լոկ այն չափով կարող է ներգործել մուրհակակուրսերի վրա (ու այն էլ ոչ այն երկրի նկատմամբ, որտեղ կապիտալը ներդրվում է), որչափով որ արտահանվող այս ապրանքների արտադրությունն արտասահմանյան ուրիշ ապրանքների արտակարգ ներմուծումն է պահանջում։ Տվյալ դեպքում արտադրությունն անզոր կլինի այս արտակարգ ներմուծումը լուծարելու։ Բայց նույնը տեղի է ունենում վարկով կատարած ամեն մի արտահանության դեպքում, լինի սա կապիտալի ներդրման համար, թե սովորական առևտրական նպատակների համար, միևնույն է։ Բացի սրանից, այս արտակարգ ներմուծումը կարող է նաև ետադարձորեն ազդելով՝ անգլիական ապրանքների արտակարգ պահանջարկ առաջ բերել, օրինակ, գաղութների կամ Միացյալ Նահանգների կողմից։
Նյումարչն առաջ ասում էր, թե Արևելահնդկական ընկերության փոխգրերի ազդեցության հետևանքով Անգլիայի արտահանությունը դեպի Հնդկաստան ավելի մեծ է, քան նրա ներմուծումը Հնդկաստանից։ Սըր Չառլզ Վուդն այս կետի վերաբերմամբ նրան խաչաձև հարցափորձի է ենթարկում։ Այս ավելցուկը, որով անգլիական արտահանությունը դեպի Հնդկաստան գերազանցում է այդ նույն երկրից կատարվող նրա ներմուծումից, փաստորեն իրագործվում է Հնդկաստանի մի այնպիսի արտահանությամբ դեպի Անգլիա, որի համար Անգլիան ոչ մի էկվիվալենտ չի վճարում. Արևելահնդկական ընկերության (ներկայումս Արևելահնդկական կառավարության) փոխգրերը վեր են ածվում տուրքի, որն առնվում է Հնդկաստանից։ Օրինակ, 1855 թվին Անգլիայի ներմուծումը Հնդկաստանից 12 670 000 £ էր, անգլիական արտահանությունը դեպի Հնդկաստան՝ 10 350 000 £։ Բալանսը հօգուտ Հնդկաստանի՝ 2 250 000 £։ Եթե խնդիրը սրանով սպառվեր, ապա այս 2 250 000 £-ը մի որևէ ձևով պետք կլիներ Հնդկաստան փոխադրել։ Բայց այստեղ մեջտեղ են գալիս India House-ի [Արևելահնդկական ընկերության վարչության] պահանջները։ India House-ն հայտարարում է, թե նա ի վիճակի է Հնդկաստանում գործող տարբեր անգլիական լիազոր ներկայացուցչությունների [Präsidentschaften] հասցեով փոխգրեր դուրս տալ 3 250 000 £ գումարի չափով։ {Այս գումարը գանձվում էր Արևելահնդկական ընկերության Լոնդոնի ծախսերը ծածկելու և նրա ակցիոներներին հասնող դիվիդենդները վճարելու համար}։ Իսկ սա ոչ միայն լուծարում է 2 250 000 £-անոց բալանսը, որն առաջացել էր առևտրային ճանապարհով, այլև դեռ մեկ միլիոն էլ ավելցուկ է տալիս» (1917)։
1922. {Վուդն ասում է}. «Ապա ուրեմն, India House-ի այս փոխգրերի ներգործությունն այն է, որ նրանք ոչ թե ընդլայնում են Անգլիայի արտահանությունը դեպի Հնդկաստան, այլ pro tanto [հարաբերաբար] այն կրճատում են»։ {Այս պետք է նշանակի, թե քչացնում են Անգլիայի ներմուծումը Հնդկաստանից նույն գումարի անգլիական արտահանությամբ գոցելու անհրաժեշտությունը}։ Պարոն Նյումարչն այս բացատրում է նրանով, որ անգլիացիները այս 3 700 000 £-ի դիմաց «լավ կառավարություն» են ներմուծում Հնդկաստան (1925)։ Վուդը, որն իբրև Հնդկաստանի գործերի մինիստր շատ լավ ծանոթ էր անգլիացիների կողմից Հնդկաստան ներմուծվող «լավ կառավարության» այդ տեսակին, իրավացի ու հեգնորեն նկատում է. 1926. «Այս դեպքում այն արտահանությունը, որն, ինչպես դուք եք ասում, առաջ է գալիս India House-ի փոխգրերից օգտվելու հետևանքով, լավ կառավարման ու ոչ թե ապրանքների արտահանություն է»։ Որովհետև Անգլիան «այս եղանակով» շատ է արտահանում «լավ կառավարման» համար ու արտասահմանյան երկրներում կապիտալի ներդրումներ անելու համար, ապա նա ստանում է այնպիսի ներմուծումներ, որոնք բոլորովին անկախ են գործերի սովորական ընթացքից, ստանում է տուրքեր՝ մասամբ արտահանված «լավ կառավարման» դիմաց, մասամբ իբրև եկամուտ այն կապիտալից, որ ներդրված է գաղութներում և այլ երկրներում, ընդ որում այս տուրքերի դիմաց Անգլիան ոչ մի էկվիվալենտ չի վճարում։ Այստեղից պարզ է, որ մուրհակակուրսերը փոփոխություն չեն կրում, քանի որ Անգլիան այս տուրքերը պարզապես ուտում է՝ առանց հանդիպական արտահանության. պարզ է այն էլ, որ կուրսերը փոփոխությանն չեն կրում նաև այն դեպքում, երբ նա այս տուրքերը դարձյալ ներդրում է ոչ թե Անգլիայում, այլ արտասահմանում, անկախ նրանից, թե այդ ներդրումը արտադրողական թե անարտադրողական նպատակներով է կատարվում, օրինակ, երբ նա հիշյալի դիմաց ռազմապիտույք է ուղարկում Ղրիմ։ Ընդ սմին, որչափով որ Անգլիայի ներմուծումներն արտասահմանից մտնում են նրա եկամուտների մեջ,— իսկ նրանք ի հարկե վճարվելու են կա՛մ իբրև տուրք, երբ ոչ մի էկվիվալենտ հարկավոր չէ, կամ էլ այս չվճարվող տուրքերի հետ փոխանակվելով, կամ առևտրի սովորական կարգով,— ապա Անգլիան կարող է այս ներմուծումները կամ սպառել, կամ նորից ներդրել իբրև կապիտալ։ Ոչ մեկն ու ոչ էլ մյուսը չեն ներգործում մուրհակակուրսերի վրա, իսկ այս աչքաթող է անում իմաստուն Վիլսոնը։ Արդյոք հայրենի՞, թե՞ օտար արդյունքն է կազմում եկամտի մի որոշ մասը, ընդ որում վերջին դեպքը ենթադրում է հայրենի արդյունքների լոկ փոխանակություն արտասահմանյան արդյունքների հետ,— այս եկամտի սպառումը, լինի արտադրողաբար, թե անարտադրողաբար, միևնույն է, ամենևին չի փոփոխում մուրհակակուրսերը, նույնիսկ եթե ազդում է արտադրության մասշտաբի վրա։ Դրա համաձայն էլ պետք է կշռադատել հետևյալը։
1934. Վուդը նրան հարցնում է, թե ռազմամթերքների առաքումը դեպի Ղրիմ ինչպես կփոփոխեր Թյուրքիայի հետ ունեցած մուրհակակուրսը։ Նյումարչը պատասխանում է. «Ես չեմ հասկանում, թե ռազմամթերքների սոսկական առաքումն ինչու պետք է անհրաժեշտորեն փոփոխեր մուրհակակուրսը. բայց ազնիվ մետաղի առաքումն անշուշտ կներգործեր կուրսի վրա»։ Ուրեմն այստեղ փողի ձևով կապիտալը նա տարբերում է կապիտալի այլ ձևերից։ Բայց Վիլսոնը հիմա հարցնում է.
«1935. Եթե դուք որևէ առարկայի արտահանություն եք անում խոշոր ծավալով, որի դիմաց համապատասխան ներմուծություն տեղի չի ունենում» {պարոն Վիլսոնը մոռանում է, որ Անգլիայի վերաբերմամբ տեղի է ունենում շատ նշանավոր ներմուծում, որի դիմաց համապատասխան արտահանություն տեղի չի ունեցել երբեք, բացի «լավ կառավարման» արտահանությունից, կամ թե ներդրման նպատակով առաջ արտահանված կապիտալից. համենայն դեպս տեղի չի ունենում ոչ մի այնպիսի ներմուծում, որը մտներ կանոնավոր առևտրային շարժման մեջ։ Բայց այս ներմուծման առարկաները դարձյալ փոխանակվում են, օրինակ, ամերիկյան արդյունքի հետ, և եթե ամերիկյան արդյունքն արտահանվում է առանց համապատասխան ներմուծման, այս ամենևին չի վերացնում այն ճշմարտությունը, որ այս ներմուծման արժեքը կարող է սպառվել առանց դեպի արտասահման կատարվող էկվիվալենտային արտահանության, նա ստացվել է առանց համապատասխան արտահանության, և ուրեմն կարող է նաև գործածվել՝ առանց առևտրային հաշվեկշռի մեջ մտնելու}, «ապա դուք չեք վճարում արտասահմանյան այն պարտքը, որ գոյացել է ձեր ներմուծման հետևանքով»։ {Բայց եթե դուք այս ներմուծումն առաջ արդեն վճարել եք, օրինակ, արտասահմանում տրամադրված վարկով, ապա դուք հիշյալ ներմուծմամբ ոչ մի պարտք չեք անում, և հարցը ոչ մի առնչություն չունի միջազգային բալանսի հետ. նա հանգում է արտադրողական կամ թե անարտադրողական ծախսման, անկախ նրանից, թե գործածվող արդյունքները երկրի ներսում են արտադրված, թե օտարերկրյա արդյունքներ են}, «և այս պատճառով դուք այս գործարքով պիտի ներգործեք մուրհակակուրսի վրա, որովհետև օտարերկրյա պարտքը չի վճարվում, քանի որ ձեր արտահանությունը համապատասխան ոչ մի ներմուծումով չի ուղեկցվում։— Զանազան երկրների վերաբերմամբ ընդհանրապես այս ճիշտ է»։
Վիլսոնի դասախոսությունը հանգում է այն դրույթին, թե առանց համապատասխան ներմուծման կատարվող ամեն մի արտահանություն առանց համապատասխան արտահանության արվող ներմուծում է միաժամանակ. որովհետև արտահանվող առարկաների արտադրության մեջ մտնում են օտարերկրյա, ուրեմն ներմուծված ապրանքներ։ Ենթադրությունն այն է, որ ամեն մի այսպիսի արտահանում հիմնված է անվճար ներմուծման վրա կամ առաջ է բերում վերջինս,— ուրեմն ստեղծում կամ ենթադրում է պարտք արտասահմանին։ Այս սխալ է, նույնիսկ եթե անտեսենք հետևյալ երկու հանգամանքը. 1) Անգլիան ունի ձրի ներմուծում, որի դիմաց նա ոչ մի էկվիվալենտ չի վճարում, օրինակ, իր հնդկական ներմուծման մի մասի դիմաց։ Նա կարող է այն փոխանակել ամերիկյան ներմուծման արդյունքների հետ, և վերջիններս արտահանել առանց համապատասխան ներմուծման. համենայն դեպս, ինչ վերաբերում է արժեքին, Անգլիան լոկ այն է արտահանել, ինչ որ նրա վրա ոչինչ չի նստել։ Եվ՝ 2) Անգլիան կարող է արդեն վճարած լինել ներմուծումները, օրինակ, ամերիկյանները, որոնք հավելութային կապիտալ են կազմում. եթե նա այս սպառում է անարտադրողաբար, օրինակ ռազմապիտույքի վրա, ապա այս ոչ մի պարտք չէ Ամերիկայի հանդեպ և չի փոփոխում Ամերիկայի հետ ունեցած մուրհակակուրսը։ Նյումարչն ինքն իրեն հակասում է 1934-րդ ու 1935-րդ ցուցմունքներում և սրա վրա նրա ուշադրությունն է հրավիրում Վուդը 1938-րդ հարցում. «Եթե ոչ մի մասն այն ապրանքների, որոնք գործադրվում են այնպիսի առարկաներ պատրաստելու վրա, որ մենք արտահանում ենք առանց ետհոսում ստանալու {ռազմածախս}, չի ծագում այն երկրից, ուր ուղարկվում են այս ապրանքները, ապա ինչպե՞ս է այս հանգամանքն ազդում այս երկրի հետ ունեցած մուրհակակուրսի վրա։ Ընդունենք, թե Թյուրքիայի հետ ունեցած առևտուրը հավասարակշռության սովորական վիճակի մեջ է. Անգլիայի ու Թյուրքիայի միջև եղած մուրհակակուրսն ինչպե՞ս է փոփոխություն կրում դեպի Ղրիմ ռազմամթերքներ արտահանելու հետևանքով»։— Այստեղ Նյումարչը կորցնում է իր հոգեկան հավասարակշռությունը. նա մոռանում է, որ ինքը միևնույն հասարակ հարցին արդեն ճիշտ պատասխանել է № 1934 ցուցմունքում, և ասում է. «Ինձ թվում է՝ մենք արդեն սպառել ենք գործնական հարցը և հիմա թևակոխում ենք մետաֆիզիկական վիճաբանության մի շատ վերամբարձ բնագավառ»։
{Վիլսոնը դեռ մի ուրիշ եղանակով էլ է հիմնավորում իր այն պնդումը, թե մուրհակակուրսը փոփոխություն է կրում կապիտալի մի երկրից մեկ ուրիշ երկիր կատարած յուրաքանչյուր փոխադրման հետևանքով, սա տեղի ունենալիս լինի ազնիվ մետաղի, թե ապրանքների ձևով, միևնույն է։ Վիլսոնն իհարկե գիտե, որ մուրհակակուրսի վրա ազդում է տոկոսադրույքը, հատկապես այն երկու երկրում գոյություն ունեցող տոկոսանորմաների հարաբերությունը, որոնց փոխադարձ մուրհակակուրսը խնդրի առարկա է։ Եթե նա կարողանա հիմա ապացուցել, թե ընդհանրապես կապիտալի ավելցուկն, ամենից առաջ ուրեմն բոլոր տեսակի ապրանքների ներառյալ նաև ազնիվ մետաղի ավելցուկն է, որ այլ հանգամանքների հետ միասին որոշող ներգործություն է ունենում տոկոսադրույքի վրա, ապա նա արդեն մի քայլ ավելի մոտ է գալիս իր նպատակին. այս կապիտալի մի նշանակալից մասի փոխադրումը մի ուրիշ երկիր պետք է այս դեպքում տոկոսադրույքը փոփոխի երկու երկրներում էլ ու այն էլ՝ հակադարձ ուղղությամբ և սրանով էլ, երկրորդ հերթին, պետք է փոփոխի նաև երկու երկրների միջև եղած մուրհակակուրսը։— Ֆ. Է.։}
Արդ, այն ժամանակ իր խմբագրած «Economist»-ում (1847, էջ 475) նա ասում է.
«Պարզ է, որ կապիտալի մի այսպիսի ավելցուկ, որի ցուցանիշն են ամեն տեսակի խոշոր պաշարները, ներառյալ ազնիվ մետաղն էլ, անհրաժեշտորեն պետք է հասցնի ոչ միայն ընդհանրապես ապրանքների ցածր գների, այլ և կապիտալի գործադրման համար առնվող ավելի ցածր տոկոսադրույքի [math]^1[/math])։ Եթե մենք ապրանքների այնպիսի պաշար ունենք ձեռքներիս, որը բավական է գալիք երկու տարում երկրի կարիքները բավարարելու համար, ապա տվյալ պարբերաշրջանի համար այս ապրանքների տնօրինությունը ձեռք կբերվի շատ ավելի ցած տոկոսանորմայով, քան այն դեպքում, եթե պաշարը հազիվ բավականացներ երկու ամսվա համար [math]^2[/math])։ Փողով արված բոլոր փոխառությունները, ինչ ձևով էլ որ կատարվելիս լինեն, ապրանքների տնօրինության լոկ փոխանցումն են մեկից մի ուրիշին։ Ուստի եթե ապրանքներն առատ են, ապա փողի տոկոսը պետք է ցածր լինի, եթե նրանք հազվագյուտ են, փողի տոկոսը պիտի բարձր լինի [math]^3[/math])։ Եթե ապրանքներն առատորեն են առհոսում, ապա վաճառորդների թիվը կավելանա գնորդների թվի համեմատությամբ, և այնչափով, որչափով ապրանքների քանակը գերազանցում է անմիջական սպառման պահանջմունքներից, նրանց ավելի ու ավելի մեծ մասը պիտի պահվի հետագա գործածության համար։ Այս հանգամանքներում ապրանքատերը ավելի անշահավետ պայմաններով կծախի իր ապրանքը՝ ապագա վճարմամբ կամ վարկով, ավելի անշահավետ, քան եթե նա վստահ լիներ որ իր ամբողջ պաշարը մի քանի շաբաթվա մեջ կծախծխվեր»[math]^4[/math])։
Առաջին դրույթի վերաբերմամբ պետք է նկատել, որ ազնիվ մետաղի սաստիկ առհոսում կարող է տեղի ունենալ արտադրության սահմանափակման հետ միաժամանակ, ինչպես այս միշտ պատահում է ճգնաժամին հաջորդող ժամանակաշրջանում։ Հետագա փուլում ազնիվ մետաղը կարող է առհոսել այն երկրներից, որոնք ազնիվ մետաղ են արտադրում առավելապես. մյուս ապրանքների ներմուծումն այս պարբերաշրջանում սովորաբար համակշռվում է արտահանությամբ։ Այս երկու փուլում տոկոսադրույքը ցածր է և լոկ դանդաղ է բարձրանում. թե ինչո՛ւ է այդպես լինում, արդեն տեսել ենք։ Այս ցածր տոկոսադրույքը ամենուրեք իր բացատրությունն է գտել՝ առանց «ամեն տեսակի խոշոր պաշարների» որևէ ներգործության։ Եվ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ այս ներգործությունը։ Օրինակ, բամբակի ցածր գինը հնարավոր է դարձնում, որ մանածագործարանատերը և այլն բարձր շահույթներ ունենան։ Արդ, ինչո՞ւ է տոկոսադրույքը ցածր։ Անշուշտ ոչ այն պատճառով, որ բարձր է այն շահույթը, որը կարող է կորզվել փոխառած կապիտալի միջոցով։ Այլ միմիայն ու բացառապես այն պատճառով, որ առկա հանգամանքներում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը չի աճում այս շահույթի համապատասխան համամասնությամբ. հետևաբար, փոխատուական կապիտալն ուրիշ շարժում ունի, քան արդյունաբերական կապիտալը։ Այնինչ «Economist»-ը ձգտում է ապացուցել ճիշտ հակառակը. իբր թե նրա շարժումը նույնական է արդյունաբերական կապիտալի շարժման հետ։
Երկրորդ դրույթն ապրանքային շուկայի գերալցումն է ենթադրում, եթե մենք երկու տարվա համար առաջուց գոյություն ունեցող պաշարի անհեթեթությունը մեղմացնենք մինչև որևէ միտք ստանալու հնարավորության աստիճան։ Այս առաջ կբերեր գների մի անկում։ Հարկավոր կլիներ ավելի քիչ փող վճարել մի հակ բամբակի համար։ Սրանից ամենևին չի հետևում, թե մի հակ բամբակ գնելու փողն էլ ավելի էժան կարելի էր ճարել։ Այս կախված է փողային շուկայի դրությունից։ Եթե փողը կարելի է լինում ավելի էժան ձեռք բերել, ապա լոկ այն պատճառով, որ վաճառականական վարկն այնպիսի դրության մեջ է գտնվում, որ նա ավելի քիչ է հարկադրված բանկային վարկի օգնությանը դիմելու, քան սովորական ժամանակ։ Շուկան գերալցող ապրանքները կենսամիջոցներ են կամ արտադրության միջոցներ։ Սրանց երկսի ցածր գինը բարձրացնում է արդյունաբերական կապիտալիստների շահույթը։ Նա ինչո՞ւ պիտի իջեցնի տոկոսը, եթե ոչ այն հակադրության,— ու ոչ թե նույնության,— հետևանքով, որը գոյություն է ունենում արդյունաբերական կապիտալի առատության ու փողային փոխատվության նկատմամբ եղած պահանջարկի միջև։ Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ վաճառականն ու արդյունաբերողն ավելի հեշտ կարող են միմյանց վարկ տալ. վաճառականական վարկի այս հեշտանալու հետևանքով ինչպես արդյունաբերողը, այնպես էլ վաճառականը ավելի քիչ կարիք ունեն բանկային վարկի. ուստի տոկոսադրույքը կարող է ցած լինել։ Այս ցած տոկոսադրույքը ոչ մի կապ չունի ազնիվ մետաղի առհոսման հետ, թեև երկու երևույթն էլ կարող են զուգահեռ ընթանալ, և միևնույն պատճառները, որոնք ներմուծման առարկաների ցած գներ են առաջ բերում, կարող են ներմուծված ազնիվ մետաղի ավելցուկ էլ գոյացնել։ Եթե ներմուծման շուկան իրապես գերլցված լիներ, ապա այս կապացուցեր, թե ներմուծման ապրանքների նկատմամբ եղած պահանջարկը նվազել է, մի բան, որը ցած գների դեպքում ուրիշ կերպ չէր կարող բացատրվել, քան իբրև հայրենի արդյունաբերական արտադրության սահմանափակման հետևանք. իսկ այս դարձյալ անբացատրելի կլիներ ցած գներով կատարված չափազանց մեծ ներմուծման դեպքում։ Բացահայտ անհեթեթություններ, որոնց նպատակն է ապացուցել, թե գների անկումը = տոկոսադրույքի անկմանը։ Սրանք երկուսն էլ կարող են միաժամանակ գոյություն ունենալ կողք կողքի։ Այս դեպքում սակայն որպես արտահայտություն այն ուղղությունների հակադրության, որով ընթանում է արդյունաբերական կապիտալի շարժումն ու փոխատրելի փողային կապիտալի շարժումը, և ոչ թե իբրև արտահայտություն նրանց նույնության։
Թե ինչու համաձայն երրորդ դրույթի՝ փողի տոկոսը պետք է ցած լինի, երբ ապրանքն առատ է, նույնիսկ այս մանրամասն շարադրանքից հետո չի պարզվում։ Եթե ապրանքներն էժան են, ապա նրանց մի որոշ քանակ գնելու համար ես առաջվա 2 000-ի փոխարեն կարիք ունեմ, ասենք, 1 000 £-ի։ Բայց գուցե ես հիմա էլ 2 000 £ եմ ծախսում ու սրանով գնում եմ առաջվանի համեմատությամբ ապրանքների կրկնակին և իմ ձեռնարկությունն ընդլայնում եմ նույն այն կապիտալը կանխավճարելով, որը գուցե ստիպված էի փոխ վերցնել։ Ես հիմա առաջվա պես գնում եմ 2 000 £-ի ապրանք։ Հետևաբար, իմ պահանջարկը փողային շուկայում նույնն է մնում, թեև իմ պահանջարկն ապրանքային շուկայում ապրանքագների անկման հետ բարձրանում է։ Բայց եթե վերջինս ընկնում է, այսինքն արտադրությունը չի ընդլայնվում ապրանքագների անկման հետ, մի բան, որ կհակասեր «Economist»-ի բոլոր օրենքներին, ապա փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կնվազեր, թեև շահույթը կավելանար. այս ավելացող շահույթը սակայն առաջ կբերեր պահանջարկ փոխատուական կապիտալի նկատմամբ։ Բայց և այնպես ապրանքագների ցածությունը կարող է ծագել երեք պատճառից։ Առաջին՝ պահանջարկի պակասությունից։ Այս դեպքում տոկոսադրույքը ցածր է, որովհետև արտադրությունը թուլացել է, և ոչ թե այն պատճառով, որ ապրանքներն էժան են, քանի որ այս էժանությունը նշած թուլացման արտահայտություն է սոսկ։ Կամ որովհետև առաջարկը շատ մեծ է պահանջարկի համեմատությամբ։ Այս կարող է տեղի ունենալ շուկաների գերալցման հետևանքով և այլն, որը դեպի ճգնաժամ է տանում և կարող է հենց ճգնաժամի միջոցին զուգադիպել բարձր տոկոսադրույքի հետ. կամ թե այս կարող է պատահել այն պատճառով, որ ապրանքների արժեքն ընկել է, ուրեմն միևնույն պահանջարկը կարող է բավարարություն գտնել ավելի ցածր գներով։ Վերջին դեպքում հապա ի՞նչու պետք է ընկնի տոկոսադրույքը։ Արդյոք այն պատճառով, որ շահույթն աճում է։ Եթե այն պատճառով, որ միևնույն արտադրողական կապիտալը կամ թե ապրանքային կապիտալն ստանալու համար ավելի քիչ փողային կապիտալ է անհրաժեշտ, ապա այս կապացուցեր լոկ այն, որ շահույթն ու տոկոսը միմյանց հետ հակառակ հարաբերության մեջ են։ Համենայն դեպս, «Economist»-ի ընդհանուր դրույթը սխալ է։ Ապրանքների ցածր փողային գներն ու ցածր տոկոսադրույքը չեն համընկնում անհրաժեշտորեն։ Ապա թե ոչ, ամենից աղքատ երկրներում, որտեղ արդյունքների փողային գներն ամենից ցած են, տոկոսադրույքն էլ պետք է ամենացածրը լիներ, իսկ ամենահարուստ երկրներում, որտեղ երկրագործական արդյունքների փողային գներն ամենաբարձրն են, տոկոսադրույքն էլ ամենաբարձրը լիներ։ «Economist»-ը խոստովանում է ընդհանրապես, որ եթե փողի արժեքն ընկնում է, ապա այս ոչ մի ազդեցություն չի անում տոկոսադրույքի վրա։ 100 £-ն առաջվա պես բերում է 105 £. եթե 100 £-ն ավելի քիչ արժե հիմա, ապա 5 £ տոկոսն էլ նմանապես։ Հարաբերությունը չի փոխվում բուն գումարի արժեքի բարձրացման կամ նրա արժեքազրկման հետևանքով։ Ըստ արժեքի քննելով՝ մի որոշ ապրանքաքանակ հավասար է մի հայտնի փողային գումարի։ Եթե ապրանքաքանակի արժեքը բարձրանում է, ապա նա ավելի մեծ փողային գումարի է հավասար. ընդհակառակն է, եթե հիշյալ արժեքն ընկնում է։ Եթե արժեքը = 2 000, ապա 5% = 100. եթե նա = 1 000, ապա 5% = 50։ Բայց այս ամենևին չի փոխում տոկոսի նորման։ Ճիշտն այն է միայն, որ եթե 2 000 £ է հարկավոր՝ ապրանքների միևնույն քանակը վաճառելու համար, ապա այս դեպքում փողի ավելի խոշոր փոխատվություն է պահանջվում, քան եթե լոկ 1 000 £ է հարկավոր։ Բայց սա այստեղ ցույց է տալիս միայն շահույթի ու տոկոսի միջև եղած հակառակ հարաբերությունը։ Որովհետև շահույթն աճում է հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարրերի էժանացման հետ, իսկ տոկոսն ընկնում է։ Բայց հակառակն էլ կարող է պատահել և հաճախ հենց պատահում է։ Օրինակ, կարող է բամբակն էժան լինել այն պատճառով, որ ոչ մի պահանջարկ չկա մանվածքի ու գործվածքի նկատմամբ. նա կարող է համեմատաբար թանկ լինել այն պատճառով, որ բամբակի արդյունաբերության մեջ գոյացող մեծ շահույթը մեծ պահանջարկ է առաջ բերում նրա համար։ Մյուս կողմից՝ արդյունաբերողների շահույթը կարող է բարձր լինել հենց այն պատճառով, որ բամբակի գինը ցածր է։ Հեբբարդի աղյուսակը ցույց է տալիս, որ տոկոսադրույքն ու ապրանքագներն իրարից բոլորովին անկախ շարժումներ են կատարում, այնինչ տոկոսադրույքի շարժումները ճիշտ համապատասխանում են մետաղի պահեստի ու մուրհակակուրսերի շարժումներին։
«Հետևաբար, եթե չափազանց մեծ չափով ապրանքներ կան, ապա փողի տոկոսը պետք է ցածր լինի»,— ասում է «Economist»-ը։ Ճիշտ հակառակն է տեղի ունենում ճգնաժամերի ընթացքում, ապրանքներն ավելցուկ են մնացել, չեն կարողանում փոխարկվել փողի, ուստի և տոկոսադրույքը բարձր է. ցիկլի մի ուրիշ փուլում իշխում է մեծ պահանջարկ ապրանքների նկատմամբ, ուրեմն կապիտալի ետհոսումները հեշտությամբ են տեղի ունենում, բայց միաժամանակ ապրանքագները բարձրանում են, և հեշտ ետհոսումերի հետևանքով էլ՝ տոկոսադրույքն ավելի ցած է լինում։ «Եթե նրանք {ապրանքները} հազվագյուտ են, ապա տոկոսադրույքը պետք է բարձր լինի»։ Դարձյալ հակառակն է տեղի ունենում ճգնաժամին հաջորդող դեպրեսիայի [Abspannung] ժամանակաշրջանում։ Ապրանքները հազվագյուտ են՝ բացարձակորեն ասած և ոչ թե պահանջարկի տեսակետից նայելով. իսկ տոկոսադրույքը ցածր է։
Չորրորդ դրույթի նկատմամբ պետք է նկատել հետևյալը, որ գերալցված շուկայի դեպքում ապրանքատերը ավելի էժան կծախի,— եթե նա ընդհանրապես կարող է ծախել,— քան այն դեպքում, երբ առկա պաշարների արագ սպառումն է նախատեսվում,— այս բավական պարզ է։ Բայց ավելի քիչ է պարզ, թե տվյալ պայմաններում ինչու պիտի տոկոսադրույքն ընկնի։
Եթե շուկան գերալցված է ներմուծվող ապրանքներով, ապա տոկոսադրույքը կարող է բարձրանալ փոխատուական կապիտալի այն սաստկացած պահանջարկի հետևանքով, որն առաջադրում են սեփականատերերն այն նպատակով, որ ստիպված չլինեն ապրանքները շուկա նետելու։ Տոկոսադրույքը կարող է ընկնել այն պատճառով, որ վաճառականական վարկ ստանալու դյուրինությունը դեռ համեմատաբար ցածր մակարդակի վրա է պահում բանկային վարկի նկատմամբ եղած պահանջարկը։
«Economist»-ը հիշատակում է 1847 թվի կուրսի վրա արված այն արագ ներգործությունը, որ տեղի ունեցավ տոկոսադրույքը բարձրանալու և փողային շուկայի վրա ազդած այլ տեսակի ճնշման հետևանքով։ Բայց չպիտի մոռանալ, որ, չնայած կուրսի փոփոխությանը, ոսկին մինչև ապրիլի վերջը շարունակում էր տարհոսել. շրջադարձն այստեղ սկսվեց մայիսի սկզբին միայն։
1847 թվի հունվարի 1-ին բանկի մետաղապահեստը 15 066 691 £ էր, տոկոսադրույքը՝ 3½% եռամսյա մուրհակի կուրսը Փարիզի վրա տրված՝ 25,75, Համբուրգի վրա՝ 13,10, Ամստերդամի վրա՝ 12,3¼։ Մարտի 5-ին մետաղապահեստն ընկնելով հասել էր 11 595 535 £-ի. զեղչի տոկոսը բարձրանալով հասել էր 4%-ի. մուրհակակուրսն ընկել էր՝ Փարիզի վրայինը մինչև 25,67½, Համբուրգի վրայինը 13,9¼, Ամստերդամի վրայինը 12,2½։
Ոսկու տարհոսումը շարունակվում էր. տես հետևյալ աղյուսակը.
1847 թվական | Անգլիայի բանկի ազնիվ մետաղի պաշարը |
Փողային շուկան | 3-ամսյա մուրհակների ամենաբարձր կուրսերը | |||||
Փարիզ | Համբուրգ | Ամստերդամ | ||||||
Մարտի | 20 | 11 231 630 | £ | Բանկի զեղչը | 4% | 25,67½ | 13,09¾ | 12,2½ |
Ապրիլի | 3 | 10 246 410 | » | » | 5% | 25,80 | 13,10[math]^1/_3[/math] | 12,3½ |
» | 10 | 9 867 053 | » | Փողը շատ հազվագյուտ է | 25,90 | 13,10[math]^1/_3[/math] | 12,4½ | |
» | 17 | 9 329 941 | » | Բանկի զեղչը | 5½% | 26,02½ | 13,10¾ | 12,5½ |
» | 24 | 9 213 890 | » | Ճնշվածություն | 26,05 | 13,13 | 12,6 | |
Մայիսի | 1 | 9 337 716 | » | Սաստկացող ճնշվածություն | 26,15 | 13,12¾ | 12,6½ | |
» | 8 | 9 588 759 | » | Մեծագույն ճնշվածություն | 26,27½ | 13,15½ | 12,7¾ |
1847 թվականին ազնիվ մետաղի ամբողջ արտահանությունն Անգլիայից անում էր 8 602 597 £։
Սրանից | դեպի | Միացյալ Նահանգներ | գնացել է | 3 226 411 | £ |
» | » | Ֆրանսիա | » | 2 479 892 | » |
» | » | Հանզայի քաղաքները | » | 958 781 | » |
» | » | Հոլանդիա | » | 247 743 | » |
Չնայած կուրսերի փոփոխմանը մարտի վերջում, ոսկու տարհոսումը շարունակվում է դեռ մի ամբողջ ամիս էլ, հավանորեն դեպի Միացյալ Նահանգները։
«Մենք այստեղ տեսնում ենք» {ասում է «Economist»-ը 1847, էջ 984}, «թե բարձրացող տոկոսադրույքի ու սրան հաջորդող փողային նեղվածության ներգործությունը որքան արագ ու վճռական է անբարենպաստ կուրսը սրբագրելու և ոսկու հորձանքը շուռ տալու գործում, այնպես որ վերջինս դարձյալ դեպի Անգլիա հոսեց։ Այդ ներգործությունն առաջ բերվեց վճարման բալանսից բոլորովին անկախ։ Ավելի բարձր տոկոսադրույքն առաջ բերեց ինչպես անգլիական, այնպես էլ արտասահմանյան արժեթղթերի ավելի ցածր գին և առիթ տվեց արժեթղթերի խոշոր գնումներ կատարելու արտասահմանի հաշվին։ Այս շատացրեց Անգլիայի տված մուրհակների գումարը, մինչդեռ մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքի պայմաններում փող ճարելու, դժվարությունն այնքան մեծ էր, որ այս մուրհակների նկատմամբ եղած պահանջարկն իջավ, մինչդեռ նրանց գումարը ավելացավ։ Միևնույն պատճառից ծագեց այն, որ օտարերկրյա ապրանքների պատվերները չեղյալ հայտարարվեցին, իսկ արտասահմանյան արժեթղթերում զետեղված անգլիական կապիտալաներդրումներն իրացվեցին, և փողն Անգլիա բերվեց ներդրման համար։ Այսպես, օրինակ, մայիսի 20-ի «Rio de Janeiro Prices Current»-ում կարդում ենք. «Մուրհակակուրսը {Անգլիայի վրայինը} նոր վայրէջք է ունեցել, որի պատճառը շուկայի վրա արած այն ճնշումն է գլխավորապես, որը հանդես է գալիս {Բրազիլյան} պետական արժեթղթերի՝ Անգլիայի հաշվին կատարված նշանավոր վաճառքների ստացույթների վերադարձումներից»։ Անգլիական այն կապիտալը, որ արտասահմանում ներդրված էր տարբեր արժեթղթերի մեջ այն ժամանակ, երբ տոկոսադրույքն այստեղ շատ ցած էր, այսպիսով ետ բերվեց այն միջոցին, երբ տոկոսադրույքը բարձրացել էր։
ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱԼԱՆՍԸ
Մենակ Հնդկաստանը պետք է 5 միլիոն տուրք վճարի «լավ կառավարման» դիմաց, այնուհետև բրիտանական կապիտալի տոկոսներ ու դիվիդենդներ և այլն, ընդ որում սրա մեջ ամենևին չեն հաշվված այն գումարները, որոնք ամեն տարի Անգլիա են ուղարկվում մասամբ պաշտոնյաների կողմից՝ իբրև իրենց ռոճկի տնտեսումներ, մասամբ էլ անգլիական վաճառականների կողմից՝ իբրև իրենց շահույթների բաժին, որպեսզի Անգլիայում ներդրվեն։ Անգլիական ամեն մի գաղութ միևնույն պատճառներով պետք է շարունակ փողի խոշոր առաքումներ կատարի։ Ավստրալիայի, Արևմտահնդկաստանի, Կանադայի բանկերի մեծամասնությունը բրիտանական կապիտալով է հիմնված, այնպես որ դիվիդենդները պետք է Անգլիայում վճարվեն։ Բացի դրանից՝ Անգլիայի ձեռին նմանապես կան արտասահմանյան,— եվրոպական, հյուսիսամերիկյան ու հարավամերիկյան,— պետական շատ արժեթղթեր, որոնցից նա տոկոսներ ունի ստանալու։ Այնուհետև սրան դեռ ավելանում է նրա մասնակցությունն արտասահմանյան երկաթուղիներին, ջրանցքներին, հանքարաններին և այլն՝ համապատասխան դիվիդենդներով։ Այս բոլոր գումարների դիմաց հասանելի վճարառաքումնեըը գրեթե բացառապես արդյունքներով են կատարվում, որոնք ավելցուկ են կազմում անգլիական արտահանության համեմատությամբ։ Մյուս կողմից այն գումարները, որ Անգլիայից արտասահման են գնում անգլիական արժեթղթերի տերերին, ինչպես և անգլիացիների կողմից արտասահմանում սպառվող գումարները, այդ ստացույթների հետ համեմատած, մի բոլորովին աննշան մեծություն են ներկայացնում։
Հարցը, որչափով որ սա վերաբերում է առևտրային բալանսին ու մուրհակակուրսերին, «յուրաքանչյուր տվյալ րոպեում ժամանակի հարց է։ Իբրև կանոն... Անգլիան երկարատև վարկեր է տալիս իր արտահանության համար, այնինչ ներմուծումները կանխիկ են վճարվում։ Ժամկետների այս տարբերությունը որոշ մոմենտներում նշանակալից ներգործություն է ունենում կուրսերի վրա։ Մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր արտահանությունները շատ զգալի չափով ավելանում են, ինչպես 1850 թվին, պետք է բրիտանական կապիտալի ներդրումների մի շարունակական ընդարձակում տեղի ունենա... այսպիսով 1850 թվի վճարառաքումները կարող են կատարվել այն ապրանքների դիմաց, որոնք 1849 թվին են արտահանվել։ Բայց եթե 1850 թվին արտահանությունները 6 միլիոնով գերազանցում են 1849 թվի արտահանություններից, ապա գործնական հետևանքն այն պիտի լինի, որ այսքան գումարի ավելի շատ փող է ուղարկվել երկրից դուրս, քան ետ է հոսել միևնույն տարում. և այս եղանակով ներգործություն է արվել կուրսերի ու տոկոսադրույքի վրա։ Ընդհակառակը, հենց որ մեր գործերի համար ճգնաժամի միջոցին ծանր կացություն է ստեղծվում, և մեր արտահանությունը շատ սահմանափակվում է, նախընթաց տարիների ավելի խոշոր արտահանությունների դիմաց կատարվող ժամկետահաս վճարառաքումները շատ նշանավոր չափով գերազանցում են մեր ներմուծման արժեքից, կուրսերը սրա համապատասխան շուռ են գալիս մեր օգտին, կապիտալն արագ կուտակվում է երկրի ներսում, և տոկոսադրույքն ընկնում է» («Economist», 1851, հունվարի 11)։
Արտասահմանյան մուրհակակուրսը կարող է փոփոխվել—
1) տվյալ մոմենտի վճարման բալանսի ներգործության հետևանքով, ինչ պատճառներով էլ որ որոշվելիս լինի սա՝ զուտ առևտրային պատճառներով, արտասահմանում արվող կապիտալաներդրումով, կամ թե չէ պատերազմների և այլոց դեպքում կատարվող պետական ծախսերով, որչափով որ ընդ սմին կանխիկ վճարումներ են արվում արտասահմանում, միևնույն է։
2) Տվյալ երկրում գործող փողի արժեքազրկման հետևանքով, լինի սա մետաղե թե թղթե փող, միևնույն է։ Այս փոփոխությունը զուտ անվանական մի բան է։ Եթե 1 £-ն առաջվանի միմիայն կեսի չափ է փող ներկայացնում, ինքնըստինքյան հասկանալի է, որ 25 ֆրանկի փոխարեն 12½ է ֆրանկ կհաշվվեր այն։
3) Որտեղ խոսքը վերաբերում է այն երկրների միջև եղած կուրսին, որոնցից մեկը որպես «փող» արծաթ է բանեցնում, մյուսը՝ ոսկի, ապա մուրհակակուրսը կախված է այս երկու մետաղի հարաբերական արժեքների տատանումներից, որովհետև այս տատանումներն ակներևորեն փոփոխում են երկու մետաղների միջև եղած պարիտետը։ Վերջինիս օրինակ կարող են ծառայել 1850 թվի կուրսերը, նրանք ի վնաս Անգլիա էին, թեև նրա արտահանությունն արտակարգորեն աճեց. այնուամենայնիվ ոսկու տարհոսում տեղի չունեցավ։ Այս հետևանք էր արծաթի արժեքի հանկարծական բարձրացման՝ ոսկու արժեքի համեմատությամբ (Տես «Economist», 1857 թվի նոյեմբերի 30)։
Մուրհակակուրսի պարիտետը 1 £ ստեռլինգի համար՝ Փարիզի վրա 25 ֆրանկ 20 սանտիմ է, Համբուբգի վրա՝ 13 մարկ, բանկո [բանկային կուրսով]— 10½ շիլլինգ, Ամստերդամի վրա՝ 11 ֆլորին 97 ցենտ։ Այն համամասնությամբ, որով Փարիզի վրայի մուրհակակուրսը գերազանցում է 25,20-ից, նա ավելի ու ավելի նպաստավոր է դառնում Ֆրանսիային պարտք մնացած անգլիական պարտապանների կամ ֆրանսիական ապրանքների գնորդների համար։ Երկու դեպքումն էլ սրանք ավելի փոքրաքանակ ֆունտ ստեռլինգների կարիք ունեն՝ իրենց նպատակներին հասնելու համար։— Հեռավոր երկրներում, որտեղ հեշտ չէ ազնիվ մետաղ ստանալը, եթե մուրհակները հազվագյուտ են և բավական չեն Անգլիային անելիք վճարումների համար, բնական հետևանքը լինում է այն արդյունքների գների բարձրացումը, որոնք սովորաբար Անգլիա են ուղարկվում, ընդ որում սրանց նկատմամբ հիմա առաջ է գալիս ավելի մեծ պահանջարկ՝ մուրհակների փոխարեն հիշյալ արդյունքներն Անգլիա ուղարկելու համար. այս երևույթը հաճախ նկատվում է Հնդկաստանում։
Աննպաստ մուրհակակուրս և նույնիսկ ոսկու տարհոսում կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Անգլիայում իշխում է փողի վիթխարի գերառատություն, ցածր տոկոսադրույք ու արժեթղթերի բարձր կուրս։
1848 թվի ընթացքում Անգլիան արծաթի խոշոր քանակներ ստացավ Հնդկաստանից, որովհետև լավ մուրհակները հազվագյուտ էին, իսկ միջակները դժկամությամբ էին ընդունվում 1847 թվի ճգնաժամի հետևանքով ու հնդկական գործարքների համար մատակարարվող վարկի ուժեղ անկման պատճառով։ Այս ամբողջ արծաթը, հազիվ Անգլիա հասած, շուտով ճանապարհ գտավ դեպի մայր-ցամաք, որտեղ ռեվոլուցիան ամենուրեք գանձի կուտակում առաջ բերեց։ Միևնույն արծաթը 1850 թվին մեծ մասամբ վերադարձի ուղին բռնեց դեպի Հնդկաստան, որովհետև մուրհակակուրսի մակարդակը հիմա այս էր շահութաբեր դարձրել։
Մոնետար սիստեմն առավելապես կաթոլիկական, վարկային սիստեմն՝ առավելապես բողոքական սիստեմ է։ «The Scotch hate gold» [«շոտլանդացին ատում է ոսկին»]։ Ապրանքների փողային կեցությունը թղթե փողում լոկ հասարակական կեցություն է։ Հավատն է, որ երանելի է դարձնում։ Հավատը փողային արժեքի վերաբերմամբ՝ իբրև ապրանքների իմմանենտ ոգու, հավատն արտադրության եղանակի ու նրա նախասահմանված կարգի վերաբերմամբ, հավատն արտադրության առանձին գործակալների վերաբերմամբ իբրև ինքն իր արժեքը մեծացնող կապիտալի սոսկական անձնավորումների։ Սակայն, որքան որ բողոքականությունը քիչ է ազատագրված կաթոլիկության հիմունքներից, նույնքան էլ վարկային սիստեմը քիչ է ազատագրված մոնետար սիստեմի բազիսից։
ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԻՆՉԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տոկոսաբեր կապիտալը կամ, ինչպես մենք այն կարող ենք անվանել իր հնադարյան ձևով, վաշխառուական կապիտալը իր երկվորյակի, վաճականական կապիտալի հետ միասին պատկանում է կապիտալի անդրջհեղեղյան ձևերին, որոնք վաղուց հետե նախորդում են արտադրության կապիտալիստական եղանակին և պատահում են ամենատարբեր տնտեսական-հասարակական ֆորմացիաներում։
Վաշխառուական կապիտալի գոյությունն ուրիշ ոչինչ չի պահանջում, բացի այն, որ արդյունքների առնվազը մի մասն ապրանքների փոխարկված լինի և միաժամանակ փողն ապրանքային առևտրի հետ զարգացրած լինի իր տարբեր ֆունկցիաները։
Վաշխառուական կապիտալի զարգացումը զուգակցվում է վաճառականական կապիտալի ու մասնավորապես փողառևտրային կապիտալի զարգացման հետ։ Հին Հռոմում, ռեսպուբլիկայի վերջին ժամանակներից սկսած, երբ մանուֆակտուրան իր զարգացման անտիկ միջին մակարդակից շատ ցած էր կանգնած, վաճառականական կապիտալը, փողառևտրային կապիտալն ու վաշխառուական կապիտալը,— անտիկ ձևերի սահմաններում,— հասել էին զարգացման ամենաբարձր կետին։
Մենք տեսանք, թե ինչպես փողի հետ անհրաժեշտորեն երևան է գալիս գանձի գոյացման պրոցեսը։ Սակայն պրոֆեսիոնալ գանձարարը կարևոր նշանակություն ստանում է լոկ այն ժամանակ, երբ վաշխառու է դառնում։
Վաճառականը փող է պարտք վերցնում՝ նրա միջոցով շահույթ ձեռք բերելու համար, այն իբրև կապիտալ կիրառելու, այսինքն ծախսելու համար։ Հետևաբար զարգացման նախկին ձևերումն էլ փողի վարկատուն վաճառականի հետ նույն հարաբերության մեջ է, ինչպես արդի կապիտալիստի հետ։ Այս սպեցիֆիկ հարաբերությունն զգում էին արդեն կաթոլիկ համալսարանները։ «Ալկալայի, Սալամանկայի, Ինգոլշտադտի, Բրայսգաուի, Ֆրայբուրգի, Մայնցի, Քյոլնի և Տրիրի համալսարաններն իրար ետևից ընդունեցին առևտրային փոխառությունների համար տրվող տոկոսների օրինականությունը։ Այս սանկցիաներից առաջին հինգը մուծվել են Լիոն քաղաքի կոնսուլատի արխիվը և տպագրվել են հետևյալ հրատարակության հավելվածում. «Traité de l’usure et des intérêts», Lyon, Bruyset Ponthus. (տես M. Augier: «Le Crédit public etc.», Paris 1843, էջ 206)։ Այն բոլոր ձևերում, որտեղ ստրկային տնտեսությունը (ոչ նահապետականը, այլ հունական ու հռոմեական ավելի ուշ ժամանակներինը) հարստացման միջոց է, որտեղ ուրեմն փողը միջոց է՝ ստրուկներ, հող և այլն գնելով ուրիշի աշխատանքը յուրացնելու,— հենց այն պատճառով, որ փողը կարող է ներդրվել այս եղանակով, նա սկսում է գործադրվել որպես կապիտալ, սկսում է տոկոս բերել։
Սակայն բնորոշ այն ձևերը, որոնցով գոյություն է ունենում վաշխառուական կապիտալն արտադրության կապիտալիստական եղանակին նախորդող ժամանակաշրջաններում, երկու տեսակ են։ Ես ասում եմ՝ բնորոշ ձևեր։ Միևնույն ձևերը կրկնվում են կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա, բայց իբրև սոսկ ստորադաս ձևեր։ Այստեղ նրանք այլևս այն ձևերը չեն, որոնք որոշում են տոկոսաբեր կապիտալի բնույթը։ Այս երկու ձևն են. առաջին՝ վաշխառություն այն փողային փոխատվության միջոցով, որն ընձեռվում է շռայլող մեծամեծներին, առավելապես հողատերերին. երկրորդ՝ վաշխառություն այն փողային փոխատվության միջոցով, որն ընձեռվում է իրենց աշխատանքի սեփական պայմանների տեր հանդիսացող մանր արտադրողներին, որոնց մեջ հաշվվում է նաև արհեստավորը, բայց հատկապես ու առաջին հերթին գյուղացին, որովհետև մինչկապիտալիստական հարաբերությունների ժամանակ, որչափով որ սրանք թույլատրում են մանր ինքնակա առանձին արտադրողներ, գյուղացիների դասակարգը պիտի կազմի նրանց ամենախոշոր մեծամասնությունը։
Երկուսն էլ, ինչպես հարուստ հողատերերին վաշխառությամբ կործանելը, այնպես էլ մանր արտադրողներին քամելը բերում-հասցնում է խոշոր փողային կապիտալների գոյացմանն ու համակենտրոնացմանը։ Բայց թե այս պրոցեսն ի՞նչ չափով է վերացնում արտադրության հին եղանակը, ինչպես որ այս տեղի ունեցավ արդի Եվրոպայում, և թե արդյոք նրա տեղը բռնո՞ւմ է արտադրության կապիտալիստական եղանակը, այս ամբողջովին կախված է պատմական զարգացման աստիճանից ու սրա հետ կապված կոնկրետ հանգամանքներից։
Վաշխառուական կապիտալն, իբրև տոկոսաբեր կապիտալի բնորոշ ձև, համապատասխանում է մանր արտադրության՝ ինքնաշխատ գյուղացիների ու մանր արհեստավոր վարպետների տիրապետության շրջանին։ Որտեղ, ինչպես արտադրության զարգացած կապիտալիստական եղանակի պայմաններում, աշխատանքի պայմաններն ու նրա արդյունքը հակադրվում են բանվորին իբրև կապիտալ, բանվորը որպես արտադրող ոչ մի կարիք չունի փող պարտք վերցնելու։ Եթե նա պարտք է առնում, ապա այս լինում է, ինչպես գրավատանը, անձնական կարիքի համար։ Իսկ որտեղ բանվորն, ընդհակառակը, իր աշխատանքի պայմանների և իր արդյունքի իսկական կամ անվանական սեփականատերն է, նա, իբրև արտադրող, հարաբերության մեջ է գտնվում փողային վարկատուի կապիտալի հետ, որը նրա հանդեպ է ելնում իբրև վաշխառուական կապիտալ։ Նյումենն այս փաստն արտահայտում է շատ տափակորեն, երբ ասում է, թե բանկիրը մեծարանք է վայելում, այնինչ վաշխառուին ատում են և արհամարհում, որովհետև բանկիրը հարուստներին է վարկատրում, իսկ վաշխառուն՝ աղքատներին։ (F. W. Newman, «Lectures on Pol. Econ.», London էջ 44)։ Նա աչքաթող է անում, որ այստեղ տարբերությունն արտադրության երկու հասարակական եղանակների ու սրանց համապատասխանող հասարակական կարգերի մեջ է, և որ խնդիրը չի սպառվում հարուստի ու աղքատի հակադրությամբ։ Ընդհակառակը. այն վաշխառությունը, որն աղքատ մանր արտադրողներին է քամում, ձեռ-ճեռի տված է ընթանում այն վաշխառության հետ, որը հարուստ խոշոր հողատերերին է քամում։ Երբ հռոմեական պատրիկների վաշխառությունը լիովին կործանեց հռոմեական պլեբեյներին, մանր գյուղացիներին, շահագործման այս ձևին վերջ դրվեց, և զուտ ստրկատիրական տնտեսությունը բռնեց մանր-գյուղացիական տնտեսության տեղը։
Տոկոսի ձևով վաշխառուն այստեղ կարող է կլանել արտադրողների ամենից անհրաժեշտ գոյամիջոցներից (հետագայի աշխատավարձի գումարից) վեր եղած ամբողջ ավելցուկը (որը հետագայում հանդես է գալիս իբրև շահույթ և հողային ռենտա), և հետևաբար վերին աստիճանի անհամ բան է՝ այնտեղ, որտեղ վաշխառուն տոկոսի ձևով յուրացնում է ամբողջ հավելյալ արժեքը, բացի սրա այն մասից, որ պետությանն է բաժին հասնում, այս տոկոսի բարձրությունը համեմատել արդի տոկոսադրույքի բարձրության ձետ, երբ տոկոսը,— գոնե նորմալ տոկոսը,— այս հավելյալ արժեքի լոկ մի մասն է կազմում։ Ընդ սմին մոռացվում է, որ վարձու բանվորն արտադրում և իրեն բանեցնող կապիտալիստին է հանձնում շահույթը, տոկոսն ու հողային ռենտան, կարճ ասած՝ ամբողջ հավելյալ արժեքը։ Կերին այս անհամ բաղդատությունն անում է այն նպատակով, որ ցույց տա, թե բանվորի համար որքան օգտավետ է կապիտալի զարգացումն ու տոկոսադրույքի այն անկումը, որն ուղեկցում է հիշյալ զարգացմանը։ Այնուհետև, եթե վաշխառուն իր զոհի հավելյալ աշխատանքը դուրս քամելով չբավականացած՝ հետզհետե իր ձեռքն է գցում բուն իսկ նրա աշխատանքի պայմանների՝ հողի, տան և այլոց գույքատիտղոսները և միշտ այն բանով է զբաղված, որ այսպիսով նրան սեփականազրկի, ապա տվյալ դեպքում դարձյալ մոռացվում է, որ բանվորին իր աշխատանքի պայմաններից այսպես լիովին սեփականազրկելը ոչ թե հետևանք է, որին ձգտում է արտադրության կապիտալիստական եղանակը, այլ պատրաստի նախադրյալ, որից նա ելնում է։ Վարձու ստրուկը ճիշտ նույնպես, ինչպես և իսկական ստրուկը, իր դրության շնորհիվ բացառված է,— գոնե իբրև արտադրող,— պարտքի ստրուկ դառնալու հնարավորությունից. նա կարող է պարտքի ստրուկ դառնալ մեկ դեպքում միայն՝ իբրև սպառորդ։ Վաշխառուական կապիտալն այս ձևում, որով նա յուրացնում է իրոք անմիջական արտադրողի ամբողջ հավելյալ աշխատանքը առանց փոխելու արտադրության եղանակը, որտեղ էական նախադրյալ է արտադրողների սեփականությունը կամ տիրությունը աշխատանքի պայմանների նկատմամբ ու սրան համապատասխանող առանձին-առանձին վարվող մանր արտադրությունը, որտեղ ուրեմն կապիտալն անմիջաբար իրեն չի ենթարկում աշխատանքը և հետևաբար սրա հանդեպ չի ելնում իբրև արդյունաբերական կապիտալ,— այս վաշխառուական կապիտալը թշվառացնում է արտադրության այս տվյալ եղանակը, ջլատում է արտադրողական ուժերը սրանք զարգացնելու փոխարեն և միաժամանակ հավերժացնում է այս ողորմելի վիճակը, որի ժամանակ աշխատանքի հասարակական արտադրողականությունը չի զարգացվում բուն իսկ աշխատանքի հաշվին, ինչպես այդ տեղի ունի կապիտալիստական արտադրության պայմաններում։
Այսպիսով, վաշխառությունը կործանիչ ու խորտակիչ ներգործություն է ունենում մի կողմից՝ անտիկ ու ֆեոդալական հարստության և անտիկ ու ֆեոդալական սեփականության վրա։ Մյուս կողմից՝ նա կործանում և ավերում է մանր-գյուղացիական ու մանր-բուրժուական արտադրությունը, կարճ ասած՝ այն բոլոր ձևերը, որտեղ արտադրողը դեռ հանդես է գալիս իբրև իր արտադրամիջոցների սեփականատեր։ Արտադրության զարգացած կապիտալիստական եղանակում բանվորը սեփականատեր չէ արտադրության պայմանների, այն արտի, որ մշակում է նա, այն հումքի, որ վերամշակում է նա, և այլն։ Բայց այստեղ արտադրության պայմանների օտարացմանն արտադրողից՝ համապատասխանում է բուն իսկ արտադրության եղանակի իրական հեղաշրջումը։ Առանձնացված բանվորները միացվում են խոշոր գործանոցներում՝ առանձին-առանձին, իրար հետ սերտ կապված ֆունկցիաներ կատարելու համար, աշխատանքի գործիքը դառնում է մեքենա։ Հենց ինքն արտադրության եղանակն այլ ևս չի հանդուրժում արտադրամիջոցների այս մանրատումը, որ շաղկապված է մանր սեփականության հետ, ճիշտ այնպես, ինչպես չի թույլատրում բուն իսկ բանվորի մեկուսացումն էլ։ Կապիտալիստական արտադրության մեջ վաշխառությունն այլ ևս չի կարող արտադրության պայմաններն անջատել արտադրողից, որովհետև նրանք անջատված են արդեն։
Այնտեղ, որտեղ արտադրամիջոցները մանրատված են, վաշխառությունը կենտրոնացնում է փողային գույքը։ Նա չի փոխում արտադրության եղանակը, այլ մակաբույծի նման պինդ կպչում է սրանից, ծծում և թշվառացնում է նրան։ Նա ծծում է սրա բոլոր հյութերը, ուժասպառ անում և հարկադրում է, որ վերարտադրությունը կատարվի ավելի ու ավելի խղճուկ պայմաններում։ Ահա այստեղից էլ առաջ է գալիս ժողովրդական ատելությունը վաշխառության նկատմամբ։ Այս ատելությունն իր ամենաբարձր աստիճանին էր հասել անտիկ աշխարհում, որտեղ արտադրողներն իրենց արտադրության պայմանների սեփականատերեր էին և սեփականության այս եղանակը միաժամանակ քաղաքական հարաբերությունների, քաղաքացու ինքնակայության պատվանդանն էր։
Քանի դեռ ստրկությունն է տիրում, կամ քանի դեռ ֆեոդալ իշխանն ու նրա ծառայախումբն է ուտում հավելյալ արդյունքը, և վաշխառության ցանցն են ընկնում ստրկատերը կամ ֆեոդալը, արտադրության եղանակն էլ միևնույնն է մնում, միայն թե արտադրության եղանակն ավելի դաժանորեն է ճնշում բանվորներին։ Պարտքերով ծանրաբեռնված ստրկատերը կամ ֆեոդալ սենյորը ավելի է դուրս ծծում, որովհետև հենց նրանից էլ ավելի շատ են դուրս ծծում։ Կամ վերջիվերջո նա իր տեղը զիջում է վաշխառուին, որն ինքը դառնում է հողատեր կամ ստրկատեր, ինչպես հեծյալները հին Հռոմում։ Հին շահագործողի տեղը, որի շահագործումն ավելի կամ պակաս չափով նահապետական էր, որովհետև գլխավորապես քաղաքական իշխանության միջոց էր, հանդես է գալիս մի խստասիրտ, փողատենչ նորելուկ։ Բայց ինքը՝ արտադրության եղանակը չի փոխվում։
Վաշխառությունն արտադրության բոլոր մինչկապիտալիստական եղանակներում ռեվոլուցիոն կերպով է ներգործում լոկ նրանով, որ նա խորտակում և քայքայում է սեփականության այն ձևերը, որոնց կայուն պատվանդանի ու մշտապես միևնույն ձևով կատարվող վերարտադրության վրա է խարսխվում երկրի քաղաքական կարգը։ Ասիական ձևերի ժամանակ վաշխառությունը կարող է շատ երկար հարատևել առանց որևէ ուրիշ բան առաջ բերելու, բացի տնտեսական անկումից և քաղաքական ապականությունից։ Լոկ այնտեղ ու այն ժամանակ միայն, որտեղ և երբ առկա են արտադրության կապիտալիստական եղանակի մնացյալ պայմանները, վաշխառությունը հանդես է գալիս իբրև արտադրության նոր եղանակի կազմիչ միջոց, մի կողմից՝ ֆեոդալ իշխաններին ու մանր արտադրողներին ավերածության ենթարկելով, մյուս կողմից՝ աշխատանքի պայմանները կենտրոնացնելով և նրանք կապիտալի վերածելով։
Միջնադարում ոչ մի երկրում ընդհանրական տոկոսադրույք չէր իշխում։ Եկեղեցին հենց այն գլխից արգելում էր տոկոսաբեր ամեն տեսակ գործարք։ Օրենքներն ու դատարանները քիչ էին ապահովում փոխառությունները։ Ուստի այնքան ավելի բարձր էր տոկոսի նորման առանձին դեպքերում։ Չնչին փողային շրջանառությունը, վճարումները մեծ մասամբ կանխիկ փողով կատարելու անհրաժեշտությունը հարկադրում էին փողային փոխառությունների դիմելու այնքան ավելի, որքան ավելի քիչ էր զարգացած մուրհակային գործը։ Ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ վաշխառութան ըմբռնումների մեծ տարբերություն էր իշխում։ Կառլոս Մեծի ժամանակաշրջանում վաշխառուական համարվում էր այն, երբ մեկը 100% էր վերցնում։ Բոդենզեեի մոտի Լինդաուում տեղական քաղաքացիները 1348 թվականին առնում էին 216[math]^2/_3[/math]%։ Ցյուրիխում խորհուրդը սահմանել էր 43[math]^1/_3[/math]% որպես օրինական տոկոս։ Իտալիայում երբեմն պետք էր լինում 40% վճարել ու, թեև 12-ից մինչև 14-րդ դարերում սովորական դրույքը 20%-ից չէր գերազանցում։ Վերոնան 12½%-ն էր սահմանել օրինական տոկոս։ Ֆրիդրիխ II կայսրը սահմանեց 10%, բայց այս միմիայն հրեաների համար։ Քրիստոնեաների նկատմամբ նա գերադասում էր լռել։ Հռենոսյան Գերմանիայում 10%-ն արդեն 13-րդ դարում սովորական մի նորմա էր (Hüllmann, Geschichte des Städtewesens, II, էջ 55—57.)։
Վաշխառուական կապիտալին հատուկ է կապիտալի համար բնորոշ շահագործման եղանակն առանց նրա համար բնորոշ արտադրության եղանակի։ Այս հարաբերությունը կրկնվում է նաև բուրժուական տնտեսության սահմաններում՝ արդյունաբերության հետամնաց ճյուղերի մեջ կամ այնպիսիներում, որոնք դիմադրում են արտադրության արդի եղանակին անցնելուն։ Եթե ուզենանք, օրինակ, անգլիական տոկոսադրույքը համեմատել հնդկականի հետ, ապա դրա համար չպետք է Անգլիայի բանկի տոկոսադրույքը վերցնենք, այլ, օրինակ, այն տոկոսը, որ վերցնում են տնային արդյունաբերության մանր արտադրողներից մարդիկ, որոնք նրանց մանր մեքենաներ են փոխատրում։
Սպառող հարստության հակառակ՝ վաշխառությունը պատմականորեն կարևոր է հենց իբրև կապիտալի ծագման պրոցես։ Վաշխառուական կապիտալն ու վաճառականի կարողությունը ծառայում են իբրև միջոց՝ հողային սեփականությունից անկախ փողային հարստություն ստեղծելու համար։ Որքան ավելի քիչ է զարգացած արդյունքի բնույթն իբրև ապրանք, որքան ավելի քիչ է փոխանակային արժեքը նվաճել արտադրությունը նրա ամբողջ լայնությամբ ու խորությամբ, այնքան ավելի լայն չափով է փողը հանդես գալիս որպես բուն հարստություն, հարստություն իբրև այդպիսին, իբրև ընդհանրական հարստություն՝ հակադրվելով հարստության արտահայտման սահմանափակ ձևերին սպառողական արժեքների միջոցով։ Սրա վրա է հիմնվում գանձի գոյացումը։ Մի կողմ թողած փողը որպես համաշխարհային փող և որպես գանձ՝ հենց վճարամիջոցների ձևումն է հատկապես, որ փողը հանդես է գալիս իբրև ապրանքի բացարձակ ձև։ Եվ փողի, որպես վճարամիջոցի, ֆունկցիան է հենց, որ զարգացնելով առաջ է բերում տոկոսն ու սրա հետ էլ միասին փողային կապիտալը։ Շռայլող ու ապականիչ հարստության ուզածը փողն է իբրև փող, փողը որպես ամեն բան գնելու միջոց (նաև պարտքերի վճարման համար)։ Մանր արտադրողն ամենից առաջ փողի կարիք ունի՝ վճարումները կատարելու համար։ (Հողատիրոջն ու պետությանը հատուցվող բնապարտույթների ու բնամատակարարումների փոխարկումը փողային ռենտայի ու փողային հարկերի՝ այստեղ մեծ դեր է խաղում)։ Երկու դեպքումս էլ փողը գործ է ածվում իբրև փող։ Մյուս կողմից՝ գանձագոյացումը առաջին անգամ դառնում է իրական, մարմնացնում է իր երազանքը հանձին վաշխառության։ Գանձատիրոջ տենչացածը ոչ թե կապիտալն է, այլ փողն իբրև փող. բայց տոկոսի օգնությամբ նա այս փողային գանձը իրեն համար դարձնում է կապիտալ մի այնպիսի միջոց, որով նա իր ձեռքն է գցում հավելյալ աշխատանքն ամբողջովին կամ մասամբ, այլև բուն իսկ արտադրության պայմանների մի մասը, թեև սրանք շարունակում են նրան անվանապես հանդիպակայել իբրև ուրիշի սեփականություն։ Վաշխառուն ապրում է, այսպես ասած՝ արտադրության ծակոտիներում, ինչպես որ Էպիկուրի աստվածներն ապրում էին միջտիեզերական անջրպետներում։ Փող ձեռք բերելն այնքան ավելի դժվար է լինում, որքան ավելի քիչ է ապրանքաձևը արդյունքի ընդհանրական ձև դարձել։ Ուստի վաշխառուն ուրիշ ոչ մի սահման չի ճանաչում ամենևին, բացի փողի կարիք ունեցողների գործունակությունից ու դիմադրության ունակությունից։ Մանր-գյուղացիական ու մանր-բուրժուական արտադրության մեջ փողն իբրև գնելամիջոց գործ է ածվում գլխավորապես այն ժամանակ, երբ բանվորը (որն արտադրության այս եղանակում գերակշռորեն դեռ արտադրության պայմանների սեփականատերն է) պատահականությունների կամ որևէ արտակարգ ցնցումների հետևանքով կորցնում է արտադրության պայմանները և կամ գոնե չի կարողանում վերարտադրության սովորական ընթացքի ժամանակ հիշյալները փոխարինել նորերով։ Կենսամիջոցներն ու հումքերը կազմում են արտադրության այս պայմանների էական մասը։ Սրանց թանկանալը կարող է անհնարին դարձնել այն, որ սրանք փոխհատուցվեն արդյունքի ստացույթից, ինչպես հասարակ անբերությունը կարող է արգելք լինել, որ գյուղացին իր սերմացուն in natura փոխարինի։ Նույն այն պատերազմները, որոնցով հռոմեական պատրիկները ավերում էին պլեբեյներին՝ ռազմական ծառայությունների հարկադրելով սրանց, և որոնք արգելք էին լինում, որ պլեբեյներն իրենց աշխատանքի պայմանները վերարտադրեն, պատերազմները, որոնք պլեբեյներին աղքատացրին (իսկ աղքատացումը, վերարտադրության պայմանների նվազումն ու կորուստը տիրապետող ձևն է այստեղ), պատրիկների ամբարներն ու նկուղները լցրին ավարած պղնձով, այն ժամանակվա փողով։ Պլեբեյներին պետք եկած ապրանքները՝ հացահատիկ, ձիեր, եղջյուրավոր անասուն, ուղղակի տալու փոխարեն պատրիկները նրանց փոխատրում էին իրենց համար անօգտակար պղինձը և այս դրությունն օգտագործում էին վաշխառուական վիթխարի տոկոսներ քամելու համար, որով նրանք պլեբեյներին իրենց պարտապանները դարձրին, և որպես այդպիսիների՝ ստրկացրին։ Կառլոս Մեծի ժամանակ ֆրանկ գյուղացիները նույնպես ավերվեցին պատերազմների շնորհիվ, այնպես որ նրանց համար ուրիշ ոչ մի ելք չմնաց, քան պարտապանից ճորտ դառնալը։ Հռոմեական պետության մեջ, ինչպես հայտնի է, հաճախ էր պատահում, որ ազատ մարդիկ սովից դրդված ծախում էին իրենց զավակներին ու հենց իրենց էլ էին իբրև ստրուկներ վաճառում հարուստներին։ Այսքանն՝ ընդհանրական շրջադարձերի վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է առանձին դեպքերի, ապա մանր արտադրողների համար արտադրության պայմանների պահպանումն ու կորուստը կախված է հազարավոր պատահականություններից, և ամեն մի այսպիսի պատահականություն կամ կորուստ աղքատացում է նշանակում և դառնում է մի կետ, որտեղից վաշխառու մակաբույծը կարող է կպչել։ Բավական է միայն, որ մանր գյուղացու կովը սատկի, և ահա նա այլևս անկարող է իր վերարտադրությունը հին մասշտաբով վերսկսելու։ Սրանով նա ընկնում է վաշխառուի ճանկը, իսկ մի անգամ նրա ճանկն ընկնելով՝ այլևս երբեք չի ազատվում։
Սակայն վաշխառության բուն, խոշոր ու յուրահատուկ ասպարեզը փողի, որպես վճարամիջոցի, ֆունկցիան է։ Որոշակի ժամկետում հատուցելի յուրաքանչյուր փողային պարտավորություն,— կապալավարձ, տուրք, հարկ և այլն,— իր հետ բերում է փողով վճարելու անհրաժեշտությունը։ Ուստի վաշխառությունը հին հռոմայեցիներից սկսած մինչև արդի ժամանակաշրջանները մեծ մասամբ անբաժան է պետական հարկերի կապալառուներից, fermiers généraux receveurs généraux [հարկերի գլխավոր կապալառուներ, գլխավոր հարկահավաքներ]։ Այնուհետև առևտրի զարգացման ու ապրանքային արտադրության ընդհանրականանալու հետ զարգանում է գնման ու վճարման անջատումն իրարից՝ ըստ ժամանակի։ Փողը պետք է որոշ ժամկետում հատուցել։ Թե այս հանգամանքն ինչպես կարող է այնպիսի դրություն ստեղծել, երբ փողային կապիտալիստն ու վաշխառուն դեռ այսօր էլ միաձուլվում են իրար հետ, ապացուցում են արդի փողային ճգնաժամերը։ Բայց նույն վաշխառությունը գլխավոր միջոց է դառնում փողի որպես վճարամիջոցի անհրաժեշտությունն է՛լ ավելի ծավալելու, ընդ որում նա ավելի ու ավելի խորն է թաղում արտադրողին պարտքերի մեջ և նրան զրկում է սովորական վճարամիջոցներից նրանով, որ նա հենց տոկոսաբեռն ավելացնելով՝ անհնարին է դարձնում նրա կանոնավոր վերարտադրությունը։ Այստեղ վաշխառությունը վեր է ընձյուղում փողից իբրև վճարամիջոցից և ընդլայնում է փողի այս ֆունկցիան, իր ամենից իսկական ասպարեզը։
Վարկային գործի զարգացումը կատարվում է որպես վաշխառության դեմ ուղղված հակազդեցություն։ Բայց այս չպետք է սխալ հասկանալ և ամենևին չվերցնել անտիկ հեղինակների, եկեղեցական հայրերի, Լութերի կամ թե վաղօրյա սոցիալիստների իմաստով։ Այս նշանակում է ոչ ավելի և ոչ պակաս, քան այն, որ տոկոսաբեր կապիտալը ենթարկվում է արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններին ու պահանջմունքներին։
Ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ տոկոսաբեր կապիտալն արդի վարկային սիստեմի պայմաններում հարմարվում է կապիտալիստական արտադրության պայմաններին։ Վաշխառությունն իբրև այդպիսին ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև զարգացած կապիտալիստական արտադրություն վարող ժողովուրդների մեջ ազատագրվում է այն պատնեշներից, որ նրա առջև քաշել էին բոլոր ավելի հին օրենսդրությունները։ Տոկոսաբեր կապիտալը պահպանում է վաշխառուական կապիտալի ձևը տվյալ անձերի ու դասակարգերի հանդեպ այն ժամանակ կամ այն հարաբերությունների դեպքում, երբ պարտք վերցվում է և կամ կարող է վերցվել ոչ թե արտադրության կապիտալիստական եղանակի իմաստով. երբ պարտք վերցվում է անհատական կարիքից դրդված, ինչպես գրավատնից վերցնելիս, երբ պարտք վերցնում են վայելող հարուստները՝ շռայլության համար, կամ թե երբ արտադրողը ոչ-կապիտալիստական արտադրող է, մանր գյուղացի, արհեստավոր և այլն, ուրեմն իբրև անմիջական արտադրող դեռ իր սեփական արտադրության պայմանների տերն է. վերջապես, երբ հենց ինքը՝ կապիտալիստորեն արտադրողն այնքան փոքր մասշտաբով է գործառում, որ մոտենում է հիշյալ ինքնաշխատ արտադրողներին։
Տոկոսաբեր կապիտալը, որչափով որ սա արտադրության կապիտալիստական եղանակի մի էական տարրն է կազմում, վաշխառուական կապիտալից տարբերողն ամենևին այս կապիտալի բնությունը կամ թե բնույթը չէ։ Տարբերություն առաջ բերողն այն փոփոխված պայմաններն են միայն, որոնցում գործում է հիշյալ կապիտալը, և ուրեմն ամբողջովին այլաշրջված կերպարանքն այն փոխառուի, որը ելնում է փողային վարկատուի հանդեպ։ Նույնիսկ այն դեպքում, երբ մի չունևոր մարդ է վարկ ստանում իբրև արդյունաբերող կամ վաճառական, ապա այս լինում է այն հուսով, որ նա վարկատրված կապիտալով գործելու է իբրև կապիտալիստ, յուրացնելու է անվճար աշխատանք։ Վարկը նրան տրվում է որպես պոտենցիալ կապիտալիստի։ Եվ տնտեսագետ-ջատագովներին այնքան շատ հիացնող այս հանգամանքը, որ առանց հարստության, բայց եռանդով, սոլիդությամբ, ընդունակությամբ ու գործահմտությամբ օժտված մի մարդ այս եղանակով կարող է կապիտալիստ դառնալ,— չէ՞ որ արտադրության կապիտալիստական եղանակում ամեն մեկի առևտրային արժեքն ավելի կամ պակաս չափով ճիշտ է գնահատվում ընդհանրապես,— այս հանգամանքը, որքան էլ որ նա շարունակ նպաստում է ասպարեզ գալու նոր արկածախնդիրների մի անցանկալի շարքի՝ գոյություն ունեցող առանձին կապիտալիստների դեմ, այնուամենայնիվ ամրապնդում է բուն իսկ կապիտալի տիրապետությունը, ընդլայնում է նրա պատվանդանը և նրան միշտ հնարավորություն է տալիս նոր ուժեր հավաքակոչելու հասարակության ներքնախավերից։ Ճիշտ այնպես, ինչպես որ կաթոլիկ եկեղեցին միջնադարում իր հոգևոր կադրերը հավաքում էր ժողովրդի մեջ եղած լավագույն գլուխներից՝ առանց նայելու դասին, ծննդյանն ու հարստությանը,— պարագա, որ տերտերների տիրապետությունն ամրապնդելու և աշխարհականներին ճնշելու գլխավոր միջոցն էր։ Որքան ավելի ընդունակ է տիրապետող դասակարգը ճնշված դասակարգերի ամենանշանավոր մարդկանց իր շարքերն ընդունելու, այնքան ավելի հաստատուն ու այնքան ավելի վտանգավոր է նրա տիրապետությունը։
Այսպիսով ուրեմն փոխանակ տոկոսաբեր կապիտալի դեմ ընդհանրապես բանադրանք ու անեծք ուղղելու, ընդհակառակը, նրա բացահայտ ճանաչումն է այն ելակետը, որից չվում են արդի վարկային սիստեմի նախաձեռնողները։
Մենք այստեղ չենք խոսում վաշխառության դեմ ծագած այն հակազդեցության մասին, որը ճգնում էր աղքատներին պաշտպանել նրանից, ինչպես ուզում էին անել Monts-de-piété-ները [փոխատուական կասսաները] (1350 թվին Ֆրանշ-Կոնտեում — Սառլենում, հետո Իտալիայում — Պերուջիայում ու Սավոնայում 1400 ու 1479 թվականներին)։ Սրանք ուշագրավ են լոկ նրանով, որ ցույց են տալիս պատմության այն հեգնանքը, որով բարի ցանկություններն իրենց իրագործման ընթացքում ճիշտ իրենց հակադրության են փոխարկվում։ Չափավոր հաշվարկման համաձայն՝ Անգլիայի բանվոր դասակարգը 100% է վճարում գրավատներին, Monts-de-piété-ների այս ժառանգորդներին[59]։ Մենք նույնպես չենք խոսում, օրինակ, որևէ դոկտոր Լյու Չեմբեռլենի, կամ Ջոն Բրիսկոյի վարկային ֆանտազիաների մասին, որոնցով 17-րդ դարի վերջին տասնամյակում անգլիական արիստոկրատիային ուզում էին ազատագրել վաշխառությունից հողային բանկի միջոցով, որը պետք է հողային սեփականությունով երաշխավորած թղթադրամ թողարկեր[60]։
Այն վարկային ընկերությունները, որոնք կազմվում էին Վենետկում ու Ճենովայում 12-րդ և 14-րդ դարերում, առաջ էին գալիս ծովային առևտրի ու սրա վրա հիմնված խոշոր առևտրի պահանջմունքից՝ ազատագրվել հնաձև վաշխառության, ու փողի առևտրի մոնոպոլիստների տիրապետությունից։ Եթե իսկական բանկերը, որոնք հիմնվել էին այս քաղաք-ռեսպուբլիկաներում, միաժամանակ ներկայանում էին իբրև հանրային վարկի հիմնարկներ, որոնցից պետությունը փոխատվություններ է ստանում առնելիք հարկերի երաշխիքով, ապա չպետք է մոռանալ, որ այն վաճառականները, որոնք կազմում էին հիշյալ միությունները, այդ պետությունների առաջին մարդիկն էին և նույնպես շահագրգռված էին թե՛ իրենց կառավարությանն ու թե՛ հենց իրենց ազատագրելու վաշխառությունից[61] և միաժամանակ այս միջոցով պետությունն ավելի մեծ չափերով ու ավելի ապահովաբար իրենց ենթարկելու։ Հենց այս պատճառով էլ, երբ պետք է Անգլիայի բանկը հիմնվեր, տորիներն առարկում էին, թե «բանկերը ռեսպուբլիկական հաստատություններ են։ Ծաղկող բանկեր գոյություն ունեն Վենետկում, Ճենովայում, Ամստերդամում և Համբուրգում»։ Իսկ ո՜վ է երբևէ լսել Ֆրանսիայի կամ թե Սպանիայի բանկի մասին»։
Ամստերդամի բանկը (հիմնված է 1609 թ.), ինչպես և Համբուրգի բանկը (1619 թ.) չէին նշում արդի վարկային գործի զարգացման մի նոր դարաշրջան։ Սրանցից առաջինը մի զուտ ավանդաբանկ էր։ Այն բոները, որ թողարկում էր բանկը, դրամով կամ ձույլով ավանդադրած ազնիվ մետաղի լոկ ստացագրեր էին իրոք և շրջանառում էին նրանց ստացողների փոխանցագրով միայն։ Սակայն Հոլանդիայում առևտրի ու մանուֆակտուրայի հետ զարգացել էր վաճառականական վարկն ու փողի առևտուրը, ըստ որում տոկոսաբեր կապիտալը բուն իսկ զարգացման ընթացքի շնորհիվ ստորադրվել էր արդյունաբերական ու առևտրային կապիտալին։ Այս երևան էր գալիս արդեն տոկոսադրույքի ցածության մեջ։ Բայց Հոլանդիան 17-րդ դարում համարվում էր տնտեսական զարգացման տեսակետից օրինակելի երկիր, ինչպես Անգլիան հիմա։ Աղքատության վրա հիմնած հնաձև վաշխառության մենաշնորհը իրեն-իրեն ասպարեզից չքացավ։
Ամբողջ 18-րդ դարի ընթացքում հնչվում է այն աղաղակը,— և օրենսդրությունն էլ գործում է այս իմաստով,— որը մատնանիշ լինելով Հոլանդիայի վրա, պահանջում է տոկոսադրույքի բռնի իջեցում՝ տոկոսաբեր կապիտալն առևտրային ու արդյունաբերական կապիտալին ստորադրելու նպատակով, ոչ թե ընդհակառակը։ Գլխավոր պարագլուխը սըր Ջոզայ Չայլդն էր, նորմալ մասնավոր բանկային գործի հայրն Անգլիայում։ Նա ճառաբանում է վաշխառուների մենաշնորհի դեմ ճիշտ այնպես, ինչպես պատրաստի հագուստեղեն արդյունաբերող Մոզես և որդի խոշոր ֆիրման աղաղակում է իր մասին, իբրև «մասնավոր դերձակների» մենաշնորհի դեմ կռվողի մասին։ Այս նույն Ջոզայ Չայլդն անգլիական stockjobber-ների [տոկոսաբեր թղթերի առևտրականներ] հայրն է միաժամանակ։ Այսպես նա, Արևելահնդկական ընկերության ինքնակալը, նրա մենաշնորհն է պաշտպանում՝ հանուն առևտրի ազատության։ Թոմաս Մենլիի («Interest of Money mistaken») [Լոնդոն, 1668] դեմ նա ասում է. «Իբրև վաշխառուների վախկոտ ու գողացող ավազակախմբի առաջամարտիկ նա իր գլխավոր մարտկոցը հաստատում է այն կետում, որը ես հայտարարել եմ, թե ամենաթույլն է... նա ուղղակի ժխտում է, թե ցածր տոկոսադրույքը հարստության պատճառն է, և վստահացնում է, թե առաջինը երկրորդի հետևանքն է միայն» («Traités sur le Commerc etc.» 1669. Trad. Amsterdam et Berlin 1754)։ «Եթե առևտուրն է երկիրը հարստացնում, և եթե տոկոսի իջեցումը ընդլայնում է առևտուրը, ապա տոկոսի իջեցումը կամ վաշխառության սահմանափակումն, անկասկած, արդի հարստությունների գլխավոր արդյունավետ պատճառն է։ Անհեթեթություն չի ամենևին ասելը, թե միևնույն բանը միաժամանակ կարող է պատճառ լինել հայտնի հանգամանքներում, իսկ ուրիշ հանգամանքներում՝ հետևանք(ն. տ., էջ 55)։ «Ձուն հավի պատճառն է, հավն էլ՝ ձվի պատճառը։ Տոկոսի կրճատումը կարող է հարստության ավելացում առաջ բերել, և հարստության ավելացուկն էլ կարող է տոկոսի է՛լ ավելի մեծ կրճատում առաջ բերել» (ն. տ., էջ 156)։ «Ես աշխատասիրության պաշտպանն եմ, իսկ իմ հակառակորդը ծուլությունն ու դատարկապորտությունն է պաշտպանում» (էջ 179)։
Վաշխառության դեմ մղած այս բուռն պայքարը, տոկոսաբեր կապիտալն արդյունաբերական կապիտալին ստորադրելու այս պահանջը լոկ նախակարապետն է այն օրգանական փոփոխությունների, որոնք կապիտալիստական արտադրության այս պայմանները կենսագործում են արդի բանկային գործի կերպարանքով, որը մի կողմից վաշխառուական կապիտալից խլում է սրա մենաշնորհը՝ փողի անգործության մատնած բոլոր պահեստները համակենտրոնացնելով ու փողային շուկա նետելով, մյուս կողմից սահմանափակում է բուն իսկ ազնիվ մետաղների մենաշնորհը՝ վարկային փող ստեղծելով։
Ինչպես այստեղ Չայլդի մոտ, նույնպես էլ 17-րդ դարի վերջին երրորդամասում ու 18-րդի սկզբին Անգլիայում բանկային գործի վերաբերմամբ լույս տեսած բոլոր աշխատություններում կարելի է հանդիպել հարձակումների վաշխառության դեմ՝ առևտուրն ու արդյունաբերությունը, ինչպես և պետությունը վաշխառությունից ազատագրելու պահանջ։ Միաժամանակ՝ վիթխարի պատրանքներ վարկի հրաշագործ ազդեցության, ազնիվ մետաղների մենաշնորհի վերացման, սրանք թղթե փողով փոխարինելու նկատմամբ և այլն։ Շոտլանդացի Վիլլիամ Պատերսոնը, Անգլիայի բանկի ու Շոտլանդիայի բանկի հիմնադիրը, միանգամայն իրավունք ունի Լո Առաջին տիտղոսը կրելու։
Անգլիայի բանկի դեմ «բոլոր ոսկերիչներն ու գրավադիրները մի կատաղի ոռնոց բարձրացրին» (Macaulay, «History of England», IV, էջ 499)։— «Առաջին 10 տարում բանկը պետք է մեծ դժվարությունների դեմ կռվեր, մեծ թշնամություն դրսից. նրա բանկնոտներն անվանական արժեքից շատ ավելի ցած էին միայն ընդունվում... ոսկերիչները (որոնց ձեռքում ազնիվ մետաղների առևտուրը ծառայում էր իբրև պատվանդան բանկային պրիմիտիվ գործառնությունների համար) մեծ դավեր էին լարում բանկի դեմ, որովհետև սրա շնորհիվ նրանց գործը պակասել էր, նրանց զեղչատոկոսն իջել էր և կառավարության հետ ունեցած նրանց գործառնություններն այս հակառակորդի ձեռն էին անցել» (J. Francis, ն. տ., էջ 73)։
Անգլիայի բանկի հիմնադրումից առաջ, արդեն 1683 թվին մի ազգային վարկային բանկի պլան ծագեց, որի նպատակն ի միջի այլոց այն էր, որ գործարար մարդիկ, եթե նրանք ապրանքների մի նշանավոր քանակ ունեն, այս բանկի օժանդակությամբ կարողանան իրենց ապրանքներն ավանդադրել և իրենց անծախ պառկած պաշարների գրավադրությամբ վարկ ձեռք բերել, իրենց ծառայողներին զբաղմունք տալ ու իրենց ձեռնարկություններն ընդարձակել, մինչև որ ապրանքները կորուստով ծախելու փոխարեն մի լավ շուկա գտնեն»։ Շատ ջանքերից հետո այս Bank of Credit-ը [վարկային բանկը] հիմնվեց Devonshire House-ում Bishopsgate Street-ի վրա։ Այս բանկը արդյունաբերողներին ու վաճառականներին մուրհակներով փոխատվություններ էր անում՝ ավանդադրված ապրանքների երաշխիքով, սրանց արժեքի ¾-ի չափով։ Այս մուրհակների շրջանառությունն ապահովելու նպատակով ձեռնարկությունների յուրաքանչյուր ճյուղում որոշ թվով մարդկանց միացնելով մի ընկերություն էին կազմում, որից այսպիսի մուրհակների ամեն մի տեր կարող էր փոխարենն ապրանքներ ստանալ նույնպիսի հեշտությամբ, որպես թե կանխիկ վճար առաջարկելիս լիներ։ Բանկի գործերը փայլուն վիճակի մեջ չէին։ Մեխանիզմը չափազանց բարդ էր, ռիսկը ապրանքների գնազրկման դեպքում՝ չափազանց մեծ։
Եթե մենք նայենք հիշյալ աշխատությունների իրական բովանդակությանը, որոնք թեորիապես ուղեկցում և խրախուսում էին Անգլիայում արդի վարկային գործի կազմակերպումը, ապա նրանց մեջ ուրիշ ոչինչ չենք գտնի, քան այն պահանջը, թե տոկոսաբեր կապիտալը, փոխատրելի արտադրամիջոցներն ընդհանրապես, պետք է ստորադրել արտադրության կապիտալիստական եղանակին իբրև սրա պայմաններից մեկը։ Իսկ եթե նայենք սոսկ ֆրազին, ապա սեն-սիմոնիստների բանկային ու վարկային պատրանքների հետ ունեցած նմանությունը, մինչև անգամ արտահայտությունն էլ, հաճախ ապշելի է։
Ճիշտ ինչպես որ ֆիզիոկրատների մոտ cultivateur-ը [հողագործ] ոչ թե իսկական հողագործ է նշանակում, այլ խոշոր ֆերմեր, այնպես էլ Սեն-Սիմոնի ու որոշ դեպքերում նրա աշակերտների մոտ էլ travailleur-ր [աշխատավոր, բանվոր] ոչ թե բանվոր է նշանակում, այլ արդյունաբերական ու առևտրական կապիտալիստ։ «Travailleur-ը կարիք ունի օգնականների, աշխատակիցների, բանվորների [d’ouvriers]. նա փնտրում է խելամիտ, հմուտ և նվիրված օգնականներ, նա նրանց գործի է դնում, և նրանց աշխատանքն արտադրողական է»։ («Religion saint-simonienne. Economie politique et Politique», Paris 1831, էջ 104)։ Ընդհանրապես չպետք է մոռանալ, որ Սեն-Սիմոնը միմիայն «Nouveau Christianisme» իր վերջին գրվածքում է ուղղակի հանդես գալիս իբրև բանվոր դասակարգի ջատագով և նրա ազատագրումը հայտարարում իր ձգտման վերջնական նպատակը։ Նրա նախկին բոլոր գրվածքներն իրապես լոկ փառաբանություն են արդի բուրժուական հասարակության՝ ի հակադրություն ֆեոդալականի, կամ փառաբանություն են արդյունաբերողների ու բանկիրների՝ ի հակադրություն նապոլեոնյան ժամանակաշրջանի մարշալների ու օրենքներ արհեստագործող իրավաբանների։ Ի՜նչպիսի տարբերություն՝ համեմատած Օուենի նույն շրջանում լույս տեսած գրվածքների հետ[62]։ Նրա հետևորդների մոտ էլ, ինչպես արդեն ցույց տվեց մեջբերածս հատվածը, արդյունաբերական կապիտալիստը մնում է travailleur par excellence [առավելապես աշխատավոր]։ Եթե նրանց աշխատությունները քննադատորեն կարդանք, ապա չենք զարմանա, որ նրանց վարկային ու բանկային երազանքների իրականացումը էքս-սեն-սիմոնիստ Էմիլ Պերեյրի հիմնած Crédit mobilier-ն էր* [Տես 62 ծան. հետո], մի ձև, որը սակայն կարող էր իշխող դառնալ Ֆրանսիայի նման մեկ երկրում միայն, որտեղ ո՛չ վարկային սիստեմը և ոչ էլ խոշոր արդյունաբերությունը չէին հասել արդի բարձրության։ Անգլիայում ու Ամերիկայում այսպիսի մի բան անկարելի կլիներ։— «Doctrine de St.-Simon. Exposition. Premiêre année. 1828—1829, 3[math]^e[/math] éd., Paris 1831» աշխատության հետևյալ հատվածներում արդեն կարելի է տեսնել Crédit mobilier-ի սաղմը։ Հասկանալի է, որ բանկիրն ավելի էժան կարող է վարկատրել, քան կապիտալիստը կամ մասնավոր վաշխառուն։ Հետևաբար, այս բանկիրների համար «հնարավոր է արդյունաբերողներին շատ ավելի էժան, այսինքն ավելի ցածր տոկոսներով գործիքներ հայթայթել, քան այդ կարող էին անել հողատերերն ու կապիտալիստները, որոնք ավելի հեշտ կարող են խաբվել փոխառուների ընտրության գործում» (էջ 202)։ Բայց հեղինակները հենց իրենք ծանոթագրության մեջ ավելացնում են. «Այն օգուտը, որ պիտի ստացվեր բանկիրի միջնորդելուց պարապների ու travailleur-ների միջև, հաճախ հավասարակշռվում և նույնիսկ ոչնչանում է այն հանգամանքի շնորհիվ, որ մեր կազմալուծված հասարակությունը հարմար առիթներ է ընձեռում եսասիրությանը, որպեսզի սա իրեն դրսևորի խաբեբայության ու սրիկայության զանազան ձևերով, բանկիրները հաճախակի խցկվում են պարապների ու travailleur-ների արանքը՝ երկսին էլ ի վնաս հասարակության շահագործելու համար»։ Այստեղ «travailleur» գործ է ածված «capitaliste industriel»-ի [արդյունաբերական կապիտալիստի] փոխարեն։ Սակայն սխալ բան է պարապների միջոցներ համարել այն միջոցները, որ տնօրինում են արդի բանկերը։ Առաջին՝ այս միջոցները մասն են այն կապիտալի, որ արդյունաբերողներն ու վաճառականները ժամանակավորապես պարապ են պահում փողի ձևով, իբրև պահեստի փող կամ դեռ նոր ներդրելի կապիտալ. ուրեմն այս պարապ կապիտալ է, բայց ոչ թե պարապների կապիտալ։ Երկրորդ՝ հիշյալ միջոցներն ամեն տեսակ եկամուտների ու խնայողությունների այն մասն են, որը հարատև կամ վաղանցուկ կերպով նախանշված է կուտակման համար։ Բանկային սիստեմի բնույթը որոշելու համար այս երկու մասն էլ կարևոր են։
Բայց ամենևին չպետք է մոռանալ առաջին՝ այն, որ փողը — ազնիվ մետաղների ձևով — մնում է այն պատվանդանը, որից վարկային գործը ըստ իր բնության, երբեք չի կարող բաժանվել։ Երկրորդ՝ այն, որ վարկային սիստեմի նախադրյալը արտադրության հասարակական միջոցների մենաշնորհն է մասնավորների ձեռին (կապիտալի ու հողային սեփականության ձևով), որ հենց նույն վարկային սիստեմը մի կողմից՝ արտադրության կապիտալիստական եղանակի ներհատուկ մի ձևն է, իսկ մյուս կողմից՝ նրա զարգացման շարժիչ ուժն է, որ տանում է դեպի նրա համար հնարավոր բարձրագույն ու վերջին ձևը։
Բանկային սիստեմը, որն, ինչպես արդեն 1697 թվականին է ասված «Some Thoughts of the Interests of England» գրվածքում ըստ իր ձևական կազմակերպության ու կենտրոնացման, ամենաճարտար ու ամենակատարելագործված այն արդյունքն է, որին արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես կարող է հասնել։ Այստեղից առաջ է գալիս մի այնպիսի հաստատություն, ինչպիսին Անգլիայի բանկն է, վիթխարի իշխանությունն առևտրի ու արդյունաբերության վրա, թեև սրանց իրական շարժումն ամբողջովին մնում է նրա բնագավառից դուրս, այնպես որ նա կրավորաբար է վերաբերվում հիշյալ շարժմանը։ Բանկային սիստեմի հետ անշուշտ տրվում է հասարակական հաշվետարության ու արտադրամիջոցները հասարակական մասշտաբով բաշխելու ձևը, սակայն ձևը միայն։ Մենք տեսանք, որ անհատ կապիտալիստի կամ ամեն մի առանձին կապիտալի միջին շահույթը որոշվում է ոչ թե այն հավելյալ աշխատանքով, որ այս կապիտալն է յուրացնում անմիջաբար, այլ ամբողջ հավելյալ աշխատանքի այն քանակով, որ ամբողջ կապիտալն է յուրացնում և որից ամեն մի առանձին կապիտալ իր դիվիդենդն է վերցնում լոկ իբրև ամբողջ կապիտալի համամասնական բաժին։ Կապիտալի այս հասարակական բնույթը կենսագործվում և լիովին իրականանում է վարկային սիստեմի ու բանկային սիստեմի լիակատար զարգացման շնորհիվ միայն։ Մյուս կողմից՝ սա է՛լ ավելի է առաջ գնում։ Սա արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների տրամադրության տակ է դնում հասարակության բոլոր տրամադրելի ու նույնիսկ պոտենցիալ, դեռ ակտիվորեն չգործարկված կապիտալը, այնպես որ այս կապիտալի ոչ վարկատրողն ու ոչ էլ կիրառողը նրա սեփականատերը կամ արտադրողը չեն հանդիսանում։ Վարկային սիստեմն այս միջոցով վերացնում է կապիտալի մասնավոր բնույթը և այսպիսով իր մեջ բովանդակում է, բայց հենց միմիայն իր մեջ, բուն իսկ կապիտալի վերացումը։ Բանկային գործի շնորհիվ կապիտալի բաշխումն առանձին զբաղմունք, որպես հասարակական ֆունկցիա, խլվում է մասնավոր կապիտալիստների ու վաշխառուների ձեռից։ Բայց սրա հետևանքով բանկն ու վարկը միաժամանակ դառնում են կապիտալիստական արտադրությունն իր սեփական սահմաններից դենը մղելու ամենազորեղ միջոցը և ճգնաժամերի ու սպեկուլացիաների տարածման ամենահզոր լծակներից մեկը։
Այնուհետև, բանկային սիստեմը փոխարինում է փողը շրջանառող վարկի տարբեր ձևերով և դրանով ցույց է տալիս, որ փողն իրոք ուրիշ ոչինչ չէ, բայց եթե աշխատանքի ու սրա արդյունքների հասարակական բնույթի մի առանձնահատուկ արտահայտություն, ըստ որում այս բնույթը, հակադրվելով մասնավոր արտադրության պատվանդանին, վերջին հաշվով միշտ պետք է ներկայանա իբրև մի իր, իբրև մի հատուկ ապրանք մյուս ապրանքների կողքին։
Վերջապես ոչ մի կասկածի ենթակա չէ այն, որ վարկային սիստեմն իբրև մի հզոր լծակ է ծառայելու արտադրության կապիտալիստական եղանակից կոլեկտիվ աշխատանքի [der assoziierten Arbeit] արտադրության եղանակին անցնելու ժամանակ, սակայն լոկ իբրև մի տարր, կապակցված բուն իսկ արտադրության եղանակի օրգանական մյուս մեծ հեղաշրջումների հետ։ Իսկ ընդհակառակը, վարկային ու բանկային գործի հրաշագործ զորության վերաբերյալ բոլոր պատրանքները, սոցիալիստական իմաստով առած, ծագում են արտադրության կապիտալիստական եղանակի ու վարկային գործի, որպես նրա ձևերից մեկի, լիակատար անհասկացողությունից։ Հենց որ արտադրության միջոցները կդադարեն կապիտալի փոխարկվելուց (սրա մեջ ներառված է հողային մասնավոր սեփականության վերացումն էլ), վարկն իբրև այսպիսին այլևս ոչ մի իմաստ չի ունենա, մի բան, որը սակայն հասկացել են նույնիսկ սեն-սիմոնիստները։ Մյուս կողմից՝ քանի դեռ հարատևում է արտադրության կապիտալիստական եղանակը, տոկոսաբեր կապիտալն էլ է հարատևում որպես նրա ձևերից մեկը, և իրապես կազմում է նրա վարկային սիստեմի պատվանդանը։ Միևնույն սենսացիոն հեղինակը, Պրուդոնը, որն ուզում էր պահպանել ապրանքային աըտադրությունը և փողը վերացնել[63], միմիայն նա էր, որ ընդունակ էր երազելու ձրի վարկի (crédit gratuit) անհեթեթ մտապատրանքը, մանր-բուրժուական տեսակետից բխող բարի ցանկությունների այս կարծեցյալ իրականացումը։
«Religion saint-simonienne, Economie et Politique.» գրվածքում, էջ 45, ասված է. «Մի հասարակության մեջ, որտեղ ոմանք արդյունաբերության գործիքների տեր են՝ առանց այդ գործիքները բանեցնելու ընդունակություն կամ ցանկություն ունենալու, և որտեղ մյուսները, աշխատասեր մարդիկ աշխատանքի գործիքներ բոլորովին չունեն,— վարկն այն նպատակն ունի, որ այս գործիքներն ըստ կարելույն ամենահեշտ եղանակով առաջինների, գործիքների տերերի, ձեռից փոխադրի մյուսների ձեռը, որոնք իմանում են գործիքները բանեցնել։ Նկատենք, որ այս բնորոշման համաձայն՝ վարկը մի հետևանք է այն կերպի ու եղանակի, որով կազմավորված է սեփականությունը»։ Ուրեմն վարկը չքանում է սեփականության այս կազմավորման չքանալու հետ։ Այնուհետև, էջ 98, ասված է. այժմյան բանկերն «իրենց կոչումն են համարում լոկ հետևել այն շարժմանը, որն ընթացքի մեջ դնողը բանկերից անկախ առաջացած ձեռնարկություններն են, բայց բնավ չեն ձգտում հենց իրենց կողմից նրանց մղում տալ, ուրիշ խոսքով՝ բանկիրն այն travailleur-ների վերաբերմամբ, որոնց կապիտալներ են փոխատրում նրանք, կապիտալիստի դեր են կատարում»։ Այն մտքի մեջ, թե բանկերը պետք է հենց իրենք ղեկավարություն ստանձնեն և աչքի ընկնեն «իրենց կառավարած հիմնարկների ու իրենց կողմից շարժման մեջ դրված աշխատանքների թվով ու օգտակարությամբ» (էջ 101),— ներթաքուն կերպով պարունակվում է Crédit mobilier-ը։ Շառլ Պեկյորը նմանապես պահանջում է, որ բանկերը (որոնք սեն-սիմոնիստների մոտ Système général des banques [բանկային ընդհանուր սիստեմ] անունն են կրում) «կառավարեն արտադրությունը»։ Ընդհանուր առմամբ Պեկյորն էապես սեն-սիմոնիստ է, թեև շատ ավելի արմատական։ Նա ուզում է, որ «վարկային հիմնարկը... ղեկավարի ազգային արտադրության ամբողջ շարժումը»։ — «Փորձեցեք ստեղծել մի ազգային վարկային հիմնարկ, որը տաղանդավոր ու ծառայություններ մատուցած չունեվորին միջոցներ է փոխատրում՝ առանց սակայն այս փոխառուներին զոդելու արտադրության ու սպառման մարզերում իրար միջև ունենալիք մի բռնի համերաշխությամբ, այլ, ընդհակառակն, այնպես, որ նրանք հենց իրենք որոշեն իրենց փոխանակությունն ու իրենց արտադրությունը։ Այս ճանապարհով դուք կհասնեք այն հետևանքին միայն,— որին հիմա հասնում են արդեն մասնավոր բանկերը,— կհասնեք անիշխանության, արտադրության ու սպառման անհամամասնության, ոմանց հանկարծակի կործանմանն ու մյուսների անակնկալ հարստացմանը. այնպես որ ձեր հիմնարկը երբեք ավելի հեռուն չի գնա, քան ոմանց համար բարեկեցության մի այնպիսի գումար ստեղծելու, որը հավասար կլինի ուրիշների կրած դժբախտության գումարին... միայն թե դուք այն վարձու բանվորներին, որոնք փոխատվությունների ձևով օժանդակություն են ստացել ձեզանից, միջոցներ տված կլինեք նույն այն մրցումը մղելու իրար դեմ, որը հիմա մղում են նրանց կապիտալիստ տերերը» (Ch. Pecqueur «Théorie Nouvelle d’Economie Soc. et Pol.», Paris 1842, էջ 434.)։
Մենք արդեն տեսանք, որ վաճառականական կապիտալն ու տոկոսաբեր կապիտալը կապիտալի ամենահին ձևերն են։ Բայց հենց գործի էությունից է բխում այն, որ ժողովրդի պատկերացման մեջ տոկոսաբեր կապիտալը ներկայանում է իբրև կապիտալի ձև par excellence [առավելորեն]։ Վաճառականական կապիտալի շարժման պրոցեսում տեղի է ունենում միջնորդող մի գործունեություն, մեկնաբանվի այն որպես խաբեբայություն, աշխատանք, կամ թե ուրիշ որևէ կերպ, միևնույնն է։ Իսկ ընդհակառակը, տոկոսաբեր կապիտալի մեջ կապիտալի ինքնավերարտադրող բնույթը, ինքնինքյան աճող արժեքը, հավելյալ արժեքի արտադրությունը պարզապես ներկայանում է իբրև կապիտալի գաղտնախորհուրդ որակ։ Ահա հենց սրանից է առաջ գալիս այն էլ, որ նույնիսկ քաղաքատնտեսների մի մասը, հատկապես այն երկրներում, որտեղ արդյունաբերական կապիտալը դեռ լիովին զարգացած չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, համառորեն պնդում են, թե տոկոսաբեր կապիտալը կապիտալի հիմնական ձևն է և, օրինակ, հողային ռենտան ըմբռնում են իբրև տոկոսաբեր կապիտալի ձևերից մեկը միայն, որովհետև այստեղ էլ գերիշխում է փոխատվության ձևը։ Սրանով արտադրության կապիտալիստական եղանակի ներքին կազմավորումը բոլորովին սխալ է հասկացվում և միանգամայն աչքաթող է արվում այն, որ հողը, ինչպես և կապիտալը, միմիայն կապիտալիստներին է փոխատրվում։ Փողի փոխարեն ի հարկե կարող են փոխատրվել արտադրության միջոցները in natura, ինչպես, օրինակ, մեքենաները գործարանային շենքերը և այլն։ Բայց այս դեպքում սրանք ներկայացնում են փողի մի որոշ գումար, և եթե տոկոսից զատ մի որոշ գումար էլ վճարվում է մաշվածքի համար, սա բխում է կապիտալի այս տարրերի սպառողական արժեքից, նրանց մասնահատուկ բնական ձևից։ Վճռականն այստեղ դարձյալ այն է, թե արդյոք արտադրության հիշյալ միջոցները փոխատրվում են անմիջական արտադրողների՞ն, մի բան, որ արտադրության կապիտալիստական եղանակի բացակայություն է ենթադրում, գոնե այն ոլորտում, որտեղ այս փոխատրումը տեղի է ունենում, թե՞ նրանք փոխատրվում են արդյունաբերական կապիտալիստին, մի պայման, որ հենց ենթադրվում է արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա։ Է՛լ ավելի անտեղի ու անիմաստ բան է ստացվում, երբ անհատական սպառման համար տների և այլոց փոխատրումն այս ռուբրիկայի մեջ է մտցվում։ Որ բանվոր դասակարգն այս ձևով էլ է խաբեբայության ենթարկվում ու այն էլ՝ աղաղակող կերպով, սա բացահայտ իրողություն է. բայց այս անում է այն մանր առևտրականն էլ, որը նրան կենսամիջոցներ է մատակարարում։ Այս երկրորդ հերթի մի շահագործումն է, որն ուղեկցում է. սկզբնական շահագործմանը, իսկ սա տեղի է ունենում անմիջաբար արտադրության պրոցեսում։ Գնման ու փոխատրման տարբերությունն այստեղ ամենևին նշանակություն չունի ու ձևական է, և ինչպես արդեն ցույց ենք տվել, իրական հարաբերությունների լիակատար անգիտակության հետևանքով է միայն, որ իբրև էական է ներկայանում։
Վաշխառությունն, ինչպես և առուտուրը, շահագործում են արտադրության տվյալ եղանակը, չեն ստեղծում այն, արտաքուստ են հարաբերում նրան։ Վաշխառությունն ուղղակի ձգտում է այն պահպանելու, որպեսզի նորից ու նորից կարողանա շահագործել այն. վաշխառությունը պահպանողական է, նա լոկ թշվառացնում է արտադրության տվյալ եղանակը։ Որքան ավելի քիչ են արտադրատարրերն իբրև ապրանքներ մտնում արտադրության պրոցեսի մեջ և սրանից դուրս գալիս իբրև ապրանքներ, այնքան նրանց ծագումը փողից ավելի է իբրև առանձնահատուկ ակտ ներկայանում։ Որքան ավելի աննշան է այն դերը, որ շրջանառությունը խաղում է հասարակական վերարտադրության մեջ, այնքան ավելի է ծաղկում վաշխառությունը։
Այն հանգամանքը, որ փողային գույքը զարգանալով դառնում է մի առանձնահատուկ գույք, վաշխառուական կապիտալի նկատմամբ այն է նշանակում, որ նա իր բոլոր պահանջներին փողային պահանջների ձև է տալիս։ Վաշխառուական կապիտալն այնքան ավելի ուժեղ է զարգանում տվյալ երկրում, որքան արտադրության մասսան ավելի է նատուրալ բնույթ կրում, հետևաբար, որքան ավելի է սպառողական արժեքով սահմանափակվում։
Այսպիսով, վաշխառությունը երկու դեր է կատարում. առաջին՝ ընդհանրապես, վաճառականական կապիտալին զուգահեռ ստեղծում է ինքնակա փողային գույք. երկրորդ՝ յուրացնում է աշխատանքի պայմանները, այսինքն՝ աշխատանքի հին պայմանների տերերին կործանում. այս դերը կատարելով՝ նա մի հզոր լծակ է հանդիսանում արդյունաբերական կապիտալի նախադրյալներ ստեղծելու գործում։
ՏՈԿՈՍԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
«Միջնադարում բնակչությունը զուտ երկրագործական էր։ Եվ այս պայմաններում, ֆեոդալական կարգերի տիրապետության ժամանակ, լոկ սակավ շրջանառություն, և ուրեմն լոկ սակավ էլ շահույթ կարող էր լինել։ Ահա ինչու միջնադարում վաշխառության վերաբերյալ օրենքները կյանքի պահանջ էին։ Սրա վրա ավելանում է այն հանգամանքը, որ երկրագործական երկրում հազվադեպ անգամ է որևէ մեկն այն դրության մեջ ընկնում, որ փող պարտք վերցնի, բացի այն դեպքերից, երբ մեկը աղքատության ու թշվառության է հասած լինում... Հայնրիխ VIII-ը տոկոսը սահմանափակում է 10%-ով. Հակոբ I-ը՝ 8%-ով, Կառլ II-ը 6%-ով, Աննան 5%-ով... Այն ժամանակներում փոխատուները եթե ոչ իրավաբանորեն, ապա փաստորեն մոնոպոլիստներ էին, ուստի և անհրաժեշտ էր, որ նրանք էլ ուրիշ մոնոպոլիստների նման սահմանափակման ենթարկված լինեին... Մեր ժամանակներում շահույթի նորման է կարգավորում տոկոսի նորման. այն ժամանակաշրջաններում տոկոսի նորման էր կարգավորում շահույթի նորման։ Եթե փողի վարկատուն բարձր նորմայի տոկոս էր բարդում վաճառականի վրա, ապա վաճառականն էլ ստիպված էր ավելի բարձր նորմայի շահույթ գալու իր ապրանքների վրա։ Այսպիսով փողի խոշոր գումար էր վերցվում գնորդների գրպաններից՝ փողի վարկատուների գրպանները մտցնելու համար» (Gilbart, «History and Princ. of Banking», էջ 164, 165)։
«Ինձ ասում են, որ հիմա Լայպցիգի ամեն մի տոնավաճառին առնում են 10 գուլդեն, այս անում է հարյուրին 30* [Տես 63 ծան. հետո]. ոմանք սրան միացնում են Նոյենբուրգի տոնավաճառը, այնպես որ ստացվում է հարյուրին 40. արդյոք այսպես է, թե ոչ, ես չգիտեմ։ Թո՜ւ ձեզ, վերջիվերջո դեպի որ սատանի ծոցը կտանի այս... Ով հիմա Լայպցիգում 100 ֆլորին ունի, նա տարեկան առնում է 40, այս նշանակում է՝ մեկ տարում մի գյուղացի կամ թե քաղաքացի լափած լինել։ Եթե նա 1 000 ֆլորին ունի, ապա տարեկան առնում է՝ 400. այս նշանակում է՝ մեկ տարում մի ասպետ կամ մի հարուստ ազնվական խժռել։ Եթե նա ունի 10 000, ապա տարեկան առնում է 4 000. այս նշանակում է՝ մեկ տարում մի հարուստ կոմս լափել։ Եթե նա ունի 100 000, ինչպես որ այս լինում է խոշոր առևտրականների մոտ, ապա նա տարեկան առնում է 40 000, այս նշանակում է՝ մեկ տարում մի հարուստ մեծ իշխան լափել։ Եթե նա ունի 1 000 000, ապա տարեկան առնում է 400 000. այս նշանակում է՝ մեկ տարում մի մեծ թագավոր խժռել։ Եվ սրա համար նրան չի սպառնում ոչ մի վտանգ, ոչ անձին ու ոչ էլ գանձին. ոչ մի աշխատանք չի անում. նստում է բուխարիկի մոտ և խնձոր է խորովում. այսպես, մի հեզահոգի ավազակ կարող է նստել տանը և 10 տարում մի ամբողջ աշխարհ կլանել»։ (Այս քաղում ենք «Bücher vom Kaufhandel und Wucher» գրվածքից, 1524։ Տես Լութերի երկերի 6-րդ մասը Վիտտենբերգ, 1589)։
«Ես 15 տարի առաջ գրել եմ վաշխառության դեմ, որովհետև նա արդեն այն ժամանակ այնպես ուժգին էր արմատակալել, որ ես ոչ մի բարելավման հույս չունեի։ Այն ժամանակվանից դեսը նա այնպես է գլուխը բարձրացրել, որ էլ երբեք չի ուզում արատ, մեղք ու խայտառակություն համարվել, այլ փառաբանվում է իբրև զուտ առաքինություն ու պատիվ, կարծեք թե մարդկանց նկատմամբ մեծ սեր ցուցաբերելիս ու քրիստոնեական ծառայություն մատուցելիս լիներ։ Փրկության էլ ի՞նչ ելք կա հիմա, քանի որ խայտառակությունը պատիվ է դարձել և արատն՝ առաքինություն» («An die Pfarherrn wider den Wucher zu predigen», Wittenberg 1540)։
«Հրեաները, լոմբարդացիները, վաշխառուներն ու տզրուկները մեր առաջին բանկիրներն էին, մեր սկզբնական բանկային շահագետները. նրանց արհեստը պետք է խայտառակության մատնել... Սրանց ընկերացան հետո Լոնդոնի ոսկերիչները։ Ընդհանուր առմամբ... մեր սկզբնական բանկիրները... մի շատ վատ հասարակություն էին, նրանք ագահ վաշխառուներ էին, քարասիրտ արնախումներ» (J. Hardcastle, «Bank and Bankers». 2[math]^{nd}[/math] ed., London 1843, էջ 19, 20)։
«Այսպիսով, Վենետկի տված օրինակին (բանկ հիմնելուն) արագ հետևեցին ուրիշները, բոլոր ծովամերձ քաղաքներն ու ընդհանրապես այն բոլոր քաղաքները, որոնք իրենց անկախությամբ ու իրենց առևտրով անուն էին հանել, հիմնեցին իրենց անդրանիկ բանկերը։ Նրանց նավերի վերադարձը, որին հաճախ հարկավոր էր լինում երկար սպասել, անխուսափելիորեն առաջացրեց վարկատվության սովորությունը, որն է՛լ ավելի ուժեղացավ Ամերիկայի հայտնագործմամբ ու սրա հետ ունեցած առևտրի շնորհիվի։ (Այս գլխավոր կետն է։) Ապրանքների նավառաքումներն ստիպում էին խոշոր փոխառություններ անելու, մի բան, որ հնադարում արդեն եղել էր Աթենքում և ընդհանրապես Հունաստանում։ 1380 թվականին հանզեյան Բրյուգգե քաղաքն արդեն ուներ ապահովագրության պալատ (M. Augier, ն. տ., էջ 202, 203)։
Թե ինչպես նույնիսկ դեռ Անգլիայում սաստիկ գերակշռում էր հողատերերին, և ուրեմն ընդհանրապես վայելող հարուստներին, փոխատվություն անելը 17-րդ դարի վերջին երրորդամասում, արդի վարկային սիստեմի զարգացումից առաջ, կարելի է տեսնել ի միջի այլոց սըր Դեդլի Նորսի աշխատությունից, որը ոչ միայն անդրանիկ անգլիական վաճառականներից մեկն է, այլև իր ժամանակաշրջանի ամենանշանավոր թեորետիկ-տնտեսագետներից մեկը. նա գրում է. «Մեր ժողովրդի մեջ տոկոսով տրվող փողի դեռ տասերորդ մասից էլ շատ ավելի աննշան մասն է տրվում գործարար մարդկանց, որ սրանք իրենց գործերը վարեն, մեծ մասամբ փոխատրվում է պերճանքի առարկաների համար, այն մարդկանց ծախսերի համար, որոնք թեև խոշոր հողատերեր են, սակայն ավելի արագ են փող ծախսում, քան բերում է նրանց հողագույքը. և որովհետև նրանք խուսափում են իրենց կայքերը ծախելուց, ուստի ավելի հոժարում են իրենց կայքերի գրավադրությամբ պարտաբեռնվելու («Discourses upon Trade», London 1691, էջ 6, 7)։
18-րդ դարում Լեհաստանում՝ «Վարշավան մուրհակային խոշոր գործարքներ էր անում, որոնց հիմքն ու նպատակը բանկիրների վաշխառուական շահերի բավարարումն էր գլխավորապես։ Փող ճարելու համար, որը նրանք կարող էին 8 ու ավելի տոկոսով փոխատրել շռայլ մեծամեծներին, նրանք որոնում և գտնում էին երկրից դուրս բլանկային մուրհակավարկ, այսինքն՝ այնպիսի վարկ, որն ամենևին չէր հենվում ապրանքային առևտրի վրա, բայց որը համբերությամբ հոժարագրում էր արտասահմանյան փոխգրողը, քանի դեռ շարունակում էին ստացվել մուրհակային մախինացիաներով հայթայթված վճարառաքումները։ Սրա համար ծանրապես տուժեցին արտասահմանյան փոխդրողները Տապպերի և Վարշավայի մյուս մեծահարգ բանկիրների սնանկությունների հետևանքով» (J. G. Büsch: «Theoretisch-praktische Darstellung der Handlung etc.» 3. Auflage, Hamburg 1808, Band II, էջ 232, 233)։
ԵԿԵՂԵՑՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ՏՈԿՈՍԻ ԱՐԳԵԼՈՒՄԻՑ
«Եկեղեցին արգելել էր տոկոս առնելը, բայց չէր արգելել սեփականության վաճառքը կարիքի դեպքում ելք գտնելու համար. չէր արգելել մինչև անգամ միևնույն սեփականությունը որոշ ժամկետով ու մինչև պարտքի վճարումը փոխատուին զիջելը, որպեսզի սա հանձին նրա իր ապահովությունը գտներ, այլև այդ սեփականությունը ձեռին ունենալով սրա օգտագործմամբ կարողանար իրենից պարտք վերցրած փողի փոխհատուցումը վայելել... Եկեղեցին ինքը կամ նրան պատկանող համայնքներն ու pia corpora [բարեպաշտ միաբանությունները] այս դրությունից մեծ օգուտներ էին քաղում, հատկապես խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում։ Այս պարագան ազգային հարստության մի շատ խոշոր մասը կենտրոնացրել էր այսպես կոչված «մեռյալ ձեռքի» տիրության տակ, մանավանդ այն պատճառով, որ հրեաները չէին կարող այս ճանապարհով վաշխառություն անել, քանի որ այսպիսի հաստատուն գրավին տիրանալը նրանք չէին կարող թաքցնել... Եկեղեցիներն ու վանքերն առանց տոկոսն արգելելու երբեք չէին կարող այնքան հարստությունների տեր դառնալ» (ն. տ., էջ 55)։
- ↑ Այստեղ պետք էր մի քանի հատվածներ մեջ բերել, որոնցում տնտեսագետները հենց այսպես են ըմբռնում հարցը։ «Դուք (Անգլիայի բանկը) կապիտալ կոչված ապրանքով գործ անող շատ խոշոր առևտրական եք։ — „Reports on bank Acts”-ի (House of Commons, 1-57 [էջ 104, № 1194]) կապակցությամբ կատարված վկաների քննության ժամանակ այսպիսի հարց է տրվել այս բանկի դիրեկտորներից մեկին։
- ↑ «Որ մի մարդ, որը փող է փոխ առնում սրանից շահույթ կորզելու դիտումով, պետք է շահույթի մի մասը վարկատուին տա,— այս բնական արդարության ինքնըստինքյան հասկանալի մի սկզբունք է» (Gilbert: „The History and Principles of Banking”, London, 1834, էջ 203)։
- ↑ Ուրեմն, եթե դատենք ըստ Պրուդոնի, ապա «տունը», «փողը» և այլն պետք է ոչ թե փոխ տրվեն իբրև «կապիտալ», այլ օտարվեն իբրև «ապրանք... արտադրության ծախքի համաձայն» (էջ 44)։ Լութերը մի քիչ ավելի բարձր էր կանգնած Պրուդոնից։ Նա արդեն գիտեր, որ շահույթի հայթայթումը կախում չունի փոխատվության կամ թե վաճառքի ձևից։ «Առուծախն էլ են վաշխառություն դարձնում։ Բայց ամեն ինչի համար չափ ու սահման կա։ Երբ մենք այժմս պետք է խոսենք մի այն տեսակ բանի մասին, ինչպիսին վաշխառությունն է փոխատվության գործի մեջ, քանի որ մենք այս քարկոծ ենք արել (վերջերքս), ուստի ուզում ենք պատասխանատվության կանչել առուտուրի վաշխառությունն էլ»։ (M. Luther: „An die Pfarherrn wider den Wucher zu predigen”, Wittenberg, 1540 [Luters Werke, Wittenberg, 1589, VI Teil, S. 307])։
- ↑ «Տոկոս ստանալու արդարացիությունը կախված է ոչ թե այն բանից, արդյոք այս-ինչ մարդը շահույթ արտադրում է, թե ոչ, այլ նրա (փոխ առածի) «ունակությունից՝ կանոնավոր գործադրության պայմաններում շահույթ արտադրել» („An essay on the governing causes of the rate of interest, wherein the sentiments of sir W. Petty and Mr. Locke on that head, are considered”. London, 1750, էջ 49։ Անանուն այս աշխատության հեղինակը Ջ. Մեսսին է)։
- ↑ «Հարուստ մարդիկ փոխանակ այն բանի, որ իրենք գործադրեն իրենց փողը... այս փոխ են տալիս ուրիշներին, որ սրանք շահույթ արտադրեն՝ տերերին հատկացնելով այս կերպ արտադրած շահույթի մի մասը» (ն. տ., էջ 23—24)։
- ↑ «Արժեք (value) արտահայտությանը currency-ի [շրջանառության միջոցների] վերաբերմամբ կիրառվելիս երեք նշանակություն ունի... 2) currency actually in hand [շրջանառության միջոցները, որոնք առկա են ձեռքին] համեմատած currency-ի այն գումարի հետ, որ հետագա օրերից մեկում է մեջտեղ գալու։ Այս վերջին դեպքում նրանց արժեքը չափվում է տոկոսադրույքով, իսկ տոկոսադրույքը որոշվում է փոխ տրվող ամբողջ կապիտալի ու սրա նկատմամբ եղած պահանջարկի հարաբերությամբ» (գնդապետ R. Torrens: „On the operation of the bank charter act of 1844 etc.”, 2-րդ հրատ.), [London], 1847 [էջ 5—6])։
- ↑ «Փողի արժեք ու շրջանառության միջոցի արժեք տերմինների երկիմաստությունը, տերմինների, որոնք գործ են ածվում անխտիր թե ապրանքների փոխանակային արժեքն ու թե կապիտալի սպառողական արժեքը նշանակելու համար,— շփոթման մի մշտական աղբյուր է» (Tooke: „Inquiry into the currency principle” [London, 1844], էջ 77)։ Բայց Tooke-ը [Տուկը] չի նկատում գլխավոր շփոթումը (որը հենց գործի էության մեջ է), այն, որ արժեքն իբրև այսպիսին (տոկոսը) դառնում է կապիտալի սպառողական արժեք։
- ↑ «Տոկոսի բնական նորման կառավարողն առանձին ձեռնարկության շահույթն (profits of trade) է» (Massie, ն. տ., էջ 51)։
- ↑ Այստեղ հետևյալ նկատողությունը կա ձեռագրում. «Այս գլխի ընթացքից երևում է, որ ավելի լավ կլիներ, նախքան շահույթի բաշխման օրենքների հետազոտումը, շարադրել, թե ինչպես քանակային բաժանումը փոխարկվում է որակայինի։ Նախորդ գլխից սրան անցնելու համար ուրիշ ոչինչ չի պահանջվում, քան ներկայացնել նախ և առաջ տոկոսը, որպես շահույթի մի համապատասխան մասը առանց այս վերջինը ճշտապես որոշելու»։— Ֆ. Է.։
- ↑ «Առաջին ժամանակաշրջանում, ճնշման ժամանակից անմիջապես հետո, փողն առատ է, սպեկուլացիա չկա. երկրորդ ժամանակաշրջանում փողն առատ է, և սպեկուլացիան ծաղկում է. երրորդ ժամանակաշրջանում սպեկուլացիան սկսում է թուլանալ, և փողը փնտրում են. չորրորդ ժամանակաշրջանում փողը հազվագյուտ է, և վրա է հասնում ճնշումը» (Gilbert, I, էջ 149)։
- ↑ Տուկն այս բացատրում է հավելադիր կապիտալի կուտակմամբ, որն ուղեկից է լինում կապիտալի շահավետ կիրառման թույլ չափերին նախորդ տարիներում, փողի պաշարի ազատարձակումով ու առևտրի ծաղկման հույսերի վերածնունդով» („History of prices from 1839 to 1847”, London, 1848, էջ 54)։
- ↑ «Մի բանկիր հրաժարվեց իր հին կլիենտին 200 000 ֆ. ստ.-անոց արժեքավոր գրավաթղթի դիմաց փոխառություն տալուց։ Երբ սա պատրաստվում էր արդեն հեռանալու և հայտարարելուց թե դադարեցնում է վճարումները, բանկիրը սրան ասաց, թե այդ քայլն անելու անհրաժեշտություն չի լինի, եթե կլիենտն իր արժեթուղթը վաճառի բանկիրին 150 000 ֆ. ստ.-ով» („The theory of the exchanges. The bank charter act of 1844 etc.“ London, 1864, էջ 80)։
- ↑ Որովհետև տոկոսադրույքն ընդհանուր առմամբ որոշվում է շահույթի միջին նորմայով, ուստի շատ հաճախ ցածր տոկոսադրույքի հետ կարող են շաղկապված լինել արտակարգ սպեկուլատիվ մախինացիաներ։ Օրինակ, 1844 թվականի երկաթուղային սպեկուլացիան։ Անգլիական բանկի տոկոսադրույքը 1844 թվականի հոկտեմբերի 16-ին միայն բարձրացվեց մինչև 3%։
- ↑ Այսպես է վարվում, օրինակ, G. Opdyke-ն „A treatise on political economy”, New-York, 1851 աշխատության մեջ մի վերին աստիճանի անհաջող փորձ անելով՝ 5%-անոց տոկոսադրույքի ընդհանրականությունը հավիտենական օրենքներով բացատրելու։ Անհամեմատ ավելի միամիտ է պարոն Կարլ Արնդտը „Die naturgemässe Volkswirkschaft gegenüber dem Monopoliengeiste und dem Kommunismus etc.”, Hanau, 1845 գրքում։ Այստեղ կարելի է կարդալ հետևյալը. «Բարիքների արտադրության բնական ընթացքի մեջ միայն մի երևույթ կա, որը լիովին մշակված երկրներում կարծեք թե կոչված է տոկոսադրույքը որոշ աստիճան կարգավորելու. այս՝ այն համամասնությունն է, որով ավելանում են եվրոպական երկրների անտառների փայտեղենի մասսաներն իրենց տարեկան աճի հետևանքով։ Այս աճը, նրանց փոխանակային արժեքից բոլորովին անկախ, տեղի է ունենում 3-ից մինչև 4 առ հարյուր հարաբերությամբ» (որքա՜ն զավեշտական է ծառերի մասին ասել, թե նրանք աճ են տալիս իրենց փոխանակային արժեքից անկախ)։ «Սրա համաձայն» (որովհետև ծառերի աճը միանգամայն անկախ է նրանց փոխանակային արժեքից, ուստի այդ փոխանակային արժեքն է՛լ ավելի կարող է կախված լինել նրանց աճից) «չէր կարելի ուրեմն տոկոսադրույքի մի անկում սպասել այն մակարդակից ցած, որ նա» (տոկոսադրույքը) «ներկայումս ունի ամենահարուստ երկրներում» (էջ 124)» Այս տոկոսադրույքն արժանի է «անտառազարմ տոկոսադրույք» կոչվելու, իսկ սրա հայտնագործողը միևնույն աշխատության մեջ է՛լ ավելի մեծ ծառայություն է մատուցում «մեր գիտությանն» իբրև «շնահարկի փիլիսոփա»։
- ↑ Անգլիական բանկը, նայած ոսկու մերձհոսմանն ու տարհոսմանը, բարձրացնում կամ թե իջեցնում է իր դիսկոնտի նորման, թեև բնականաբար միշտ նկատի ունի բաց շուկայում տիրապետող նորման։ «Ընդորում բանկային նորմայի փոփոխությունները կանխակայելու վրա հիմնված զեղչախաղը հիմա դարձել է փողային կենտրոնի» — այսինքն Լոնդոնի փողային շուկայի — «խոշոր կապիտալիստների գլխավոր զբաղմունքներից մեկը» („The theory of the exchanges etc.”, էջ 113)։
- ↑ «Ապրանքների գինը միշտ տատանվում է. նրանք բոլորը տարբեր տեսակի սպառման համար են հատկացված. իսկ փողը ծառայում է ամեն մի նպատակի։ Ապրանքները, նույնիսկ միևնույն տեսակի ապրանքները տարբերվում են ըստ լավորակության, կանխիկ փողը միշտ միևնույն արժեքն ունի կամ թե պետք է ունենա։ Սրանից է, որ փողի գինը, որ մենք նշանակում ենք տոկոս բառով, ավելի մեծ կայունություն ու հավասարաչափություն ունի, քան յուրաքանչյուր այլ առարկայի գինը»։ (J. Stuart: „Principles of political economy”, ֆրանս. թարգմ. 1789, IV, էջ 27)։
- ↑ «Այնուամենայնիվ շահույթների բաժանման այս օրենքը չի կարող կիրառվել ամեն մի փոխատուի ու փոխառուի վերաբերմամբ առանձին-առանձին, բայց նա կարող է կիրառվել փոխատուների ու փոխառուների վերաբերմամբ ընդհանրապես... առանձնապես մեծ ու փոքր շահույթները ճարտարության կամ թե անհասկացողության համար տրվող պարգև են կամ թե պատիժ, որոնց հետ գործ չունի փոխատուն, որովհետև եթե նա մի դեպքում չի տուժում, ապա մյուս դեպքում էլ չպետք է օգուտ քաղի։ Այն, ինչ որ ասվեց միևնույն գործով զբաղվող առանձին անձերի մասին, կիրառելի է նաև գործի տարբեր տեսակների վերաբերմամբ։ Եթե արդյունաբերության որևէ ճյուղում զբաղվող վաճառականներն ու արդյունաբերողները փոխ առած կապիտալի օգնությամբ ավելի շատ են ստանում, քան այն սովորական շահույթը, որ միևնույն երկրում արտադրում են մյուս վաճառականներն ու արդյունաբերողները, ապա արտակարգ շահույթը նրանց է պատկանում, թեկուզ այն ստանալու համար սովորական ճարտարություն ու հասկացողություն միայն պահանջվեր, և ոչ թե պատկանում է փող տրամադրող վարկատուներին... Վարկատուներն իրենց փողը սովորականից ավելի նպաստավոր պայմաններով չէին տա որևէ արդյունաբերական կամ թե առևտրային ձեռնարկության, ուստի նրանք չպետք է հիշյալից ավելի ստանան, ինչքան էլ որ լինի այն շահույթը, որ ձեռք է բերված նրանց փողի օգնությամբ» (Masse: „An essay etc.”, էջ 50, 51)։
- ↑
Բանկային նորմա 5% Դիսկոնտի շուկայական նորմա 60 օրվա համար 3⅝% Նույնը 3 ամսվա համար 3½% Նույնը 6 ամսվա համար 3[math]^5/_{16}[/math]% Փոխատվություններ մուրհակային մակլերներին` օրական 1-2% Նույնը շաբաթական 3% Արժեթղթերի մակլերներին տրվող ամենացած նորմա երկու շաբաթվա համար 4¾—5% Ավանդներ ցպահանջ (բանկեր) 3½% Նույնը (դիսկոնտային հիմնարկներ) 3—3¼%
Թե այս տարբերությունը որքան մեծ կարող է լինել միևնույն օրվա մեջ, ցույց են տալիս տոկոսի նորմային վերաբերյալ վերը բերած տվյալները Լոնդոնի փողային շուկայում 1889 թվականի դեկտեմբ. 9-ին։ Այդ տվյալները քաղում ենք դեկտեմբ. 10-ի „Daily News”-ի Սիտիին նվիրված հոդվածից։ Մինիմումը 1% է, մաքսիմումը՝ 5%։— Ֆ. Է. - ↑ «Ձեռնարկության շահույթը կախված է կապիտալի զուտ շահույթից և ոչ թե վերջինս առաջնից» (Ramsay „An essay on the distribution of wealth”, էջ 214։ Ռամսեյի մոտ զուտ շահույթը միշտ = տոկոսի)։
- ↑ «Վերահսկումն այստեղ (գյուղացի հողատիրոջ մոտ) բոլորովին ավելորդ է» (J. E. Cairnes: „The slave power”, London, 1862, էջ 48)։
- ↑ Եթե աշխատանքի բնությունը պահանջում էր, որ բանվորները (այն է՝ ստրուկները) բաշխվեն մեծ տարածության վրա, ապա համամասնորեն պետք է աճի վերակացուների թիվը, ուրեմն և այս վերահսկության պահանջած աշխատանքի վարձատրման ծախսը» (Cairnes, ն. տ., էջ 44)։
- ↑ „A. Ure, Philosophy of manufactures”, ֆրանս. թարգմ. 1836 թ., I հ., էջ 67, որտեղ գործարանատերերի այս Պինդարոսը միաժամանակ վկայում է, որ գործարանատերերից շատ շատերն ամենափոքր պատկերացում անգամ չունեն այն մեխանիզմի մասին, որ նրանք գործադրում են։
- ↑ Ինձ հայտնի է մի դեպք, երբ 1868 թվականի ճգնաժամից հետո մի սնանկացած գործարանատեր դարձավ իր նախկին սեփական բանվորների վճարովի վարձու բանվորը։ Այն է՝ սնանկացումից հետո գործարանը շարունակեց բանեցնել բանվորների մի ընկերություն, և նախկին տերը կարգվեց կառավարիչ։— Ֆ. Է.։
- ↑ Այստեղ նշած հաշվետվությունները հասնում են, ամենաշատը, մինչև 1894 թվականը, որովհետև վերևում ասածը գրվել է 1885 թվականին։— Ֆ. Է.։
- ↑ «Վարպետները նույնպիսի բանվորներ են, ինչպես և սրանց արհեստանոցների բանվորները։ Այս կողմից նրանց շահերը բոլորովին նույնն են, ինչ որ նրանց բանվորներինը։ Բայց նրանք նաև կապիտալիստներ կամ թե կապիտալիստների գործակալներ են, և այս տեսակետից նրանց շահերը խիստ հակադիր են բանվորների շահերին» (էջ 27)։ «Այս երկրի բանվոր-մեխանիկների շարքերում կրթության լայն տարածումը, շատացնելով մասնագետների թիվը, օր օրվա վրա քչացնում է գրեթե բոլոր վարպետների ու ձեռնարկուների աշխատանքի ու հմտության արժեքը» (էջ 30. Hodgskin, „Labour defended against the claims of capital etc.”, London, 1825)։
- ↑ «Պայմանական պատնեշների ընդհանուր խարխլումը, կրթություն ստանալու աճող հնարավորությունը տենդենց ունի որակյալ աշխատանքի վարձը ցածացնելու՝ փոխանակ այն բանի, որ բարձրացնի անորակ աշխատանքի վարձը» J. St. Mill, „Principles of political economy”, 2-րդ հրատ., London, 1849, հատ. I, էջ 479։ [Համեմատ. ռուս. հրատ. Дж. Ст. Милль, „Основания политической экономии”, 1896, էջ 350]։
- ↑ Richard Price, „An appeal to the public on the subject of the national debt”, II հրատ. London, 1774 [էջ 18 և հաջ.]։ Նա հետևյալ միամիտ սրամտությանն է անում. «Մարդ պետք է փողը փոխ առնի պարզ տոկոսով, որպեսզի այն շատացնի՝ փոխ տալով ուրիշներին բարդ տոկոսով»։ (Տես R. Hamilton, „An inquiry into the rise and progress of the national debt of Great Britain”, II hրատ., Edinburgh, 1814, էջ 133)։ Ըստ այսմ փոխառությունը մասնավոր մարդկանց համար էլ ընդհանրապես հարստացման ամենից ապահով միջոցը կլիներ։ Բայց եթե ես, օրինակ, 100 ֆ. ստ. եմ վերցնում տարեկան 5 տոկոսով, ապա տարվա վերջում ես պետք է վճարեմ 5 ֆ. ստ., և եթե ենթադրենք, որ այս փոխառությունը հարատևում է 100 միլիոն տարի, ապա այս ժամանակամիջոցում ես յուրաքանչյուր տարի կարող եմ միմիայն նույն 100 ֆ. ստ. փոխ տալ և յուրաքանչյուր տարի նմանապես 5% պետք է վճարեմ։ Այս եղանակին հետևելով ես երբեք չեմ հասնում այն դրությանը, որ ես 100 ֆ. ստ. վերցնելով՝ կարողանամ փոխ տալ 105 ֆ. ստ.։ Իսկ ո՞րտեղից պետք է ես վճարեմ 5%-ը։ Նոր փոխառություններ անելով, և կամ եթե ես պետություն եմ՝ հարկերի միջոցով։ Բայց եթե փողը արդյունաբերական կապիտալիստն է փոխ վերցնում, ապա նա, ասենք, 15%-անոց շահույթի դեպքում պետք է 5%-ը վճարի իբրև տոկոս, 5%-ն ինքն սպառի (թեև նրա ախորժակն աճում է իր եկամտին զուգընթաց) և 5%-ը կուտակի։ Ուրեմն արդեն 15% շահույթ է ենթադրվում, որպեսզի միշտ հնարավոր լինի 5 տոկոս վճարել։ Եթե պրոցեսը շարունակվում է, ապա շահույթի նորման մեր արդեն պարզաբանած հիմունքներով 15%-ից ընկնում է, ասենք, 10%-ի։ Բայց Պրայսը բոլորովին մոռանում է, որ 5%-անոց տոկոսադրույքը շահույթի 15%-անոց նորմա է ենթադրում, և շարունակում է այս վերջինս միևնույնը թողնել նաև կապիտալի կուտակման դեպքում։ Նա ընդհանրապես գործ չունի կուտակման իրական պրոցեսի հետ, նրա հոգը փողը փոխ տալն է այն նպատակով, որ սա ետ հոսի տոկոսի տոկոսն էլ վրան։ Թե այս ինչպես է կատարում, նրա համար բոլորովին նշանակություն չունի, որովհետև չէ՞ որ սա տոկոսաբեր կապիտալի բնածին հատկությունն է։
- ↑ Տես Միլլին ու Կերիին, այլ և այն թյուրիմաց մեկնաբանությունը, որ գրել է Ռոշերը սրա վերաբերմամբ։
- ↑ Պարզ է, որ ոչ մի աշխատանք, ոչ մի արտադրողական ուժ, ոչ մի տաղանդ ու ոչ մի արվեստ չի կարող բավարարել բարդ տոկոսի ամեն ինչ կլանելու պահանջները։ Բայց ամեն մի խնայողություն կազմվում է կապիտալիստի եկամտից, ուստի այս պահանջներն իսկապես միշտ են առաջադրվում, և աշխատանքի արտադրողական ուժը երբեք բավարարություն չի տալիս նրանց։ Այս պատճառով մի որոշ հավասարակշռություն մշտապես խախտվում է» („Labour defended against the claims of capital” Հոդսկինի, էջ 23)։
- ↑ Այսինքն ասածներում նախ սահմանվում էր դիվիդենդը և ապա ամեն մի ակցիոների վճարելիս՝ այս դիվիդենդից հանվում էր եկամտային հարկը, իսկ 1844 թվականից հետո նախ վճարվում էր հարկը բանկի ամբողջ շահույթի համար և ապա բաշխվում free of income tax [եկամտային հարկից ազատ] դիվիդենդը։ Ուրեմն վերջին դեպքում միևնույն անվանական տոկոսներն ավելի բարձր էին հարկի գումարի չափով։— Ֆ. Է.։
- ↑ Կապիտալի հարցերի վերաբերմամբ ըմբռնումների օվերստոնյան խառնաշփոթման մասին՝ XXXII գլխի վերջում»։- [Ֆ. Է.]։
- ↑ «Ֆրանսիայի բանկի բանկնոտաների միջին շրջանառությունը 1812 թվականին 106 538 000 ֆրանկ էր, 1818-ին՝ 101 205 000 ֆրանկ, այնինչ փողի շրջանառությունը, բոլոր մուծումների ու վճարումների ամբողջ գումարը 1812 թվականին 2 837 712 000 ֆրանկ էր, 1818-ին՝ 2 665 030 000 ֆրանկ։ Այսպիսով ուրեմն, Ֆրանսիայի 1818 թվականի շրջանառության ծավալը հարաբերում է 1812-ին, ինչպես 3 : 1-ին։ Շրջանառության արագության մեծ կարգավորիչը վարկն է... Սրանով պետք է բացատրել, թե ինչու փողի շուկայի վրա արվող զորեղ ճնշումը սովորաբար զուգադիպում է մի գերալցված շրջանառության» („The currency theory reviewed etc.”, էջ 65)։— «1833 թվականի սեպտեմբերի ու 1843 թվականի սեպտեմբերի միջև Մեծ Բրիտանիայում մոտ 300 բանկ կազմակերպվեց, որոնք սեփական բանկնոտաներ էին թողարկում. հետևանքը եղավ բանկնոտաների սահմանափակումը շրջանառության մեջ 2½ միլիոնով. այս շրջանառությունը 1833 թվականի սեպտեմբերի վերջում 36 035 244 ֆ. ստ. էր, իսկ 1843-ի սեպտեմբերի վերջում՝ 33 518 544 ֆ. ստ. (ն. տ., էջ 53) — «Շոտլանդական շրջանառության զարմանալի ինտենսիվությունը նրան ունակ է դարձնում 100 ֆ. ստ.-ով փողային գործարքների նույնպիսի քանակ գլուխ բերելու, որն Անգլիայում 420 ֆ. ստ. է պահանջում։ (ն. տ., էջ 55)։ Այս վերջինը միմիայն գործառնությունների տեխնիկական կողմին է վերաբերում)։
- ↑ «Բանկերի հիմնարկումից առաջ շրջանառության միջոցների ֆունկցիաների կիրառման տամար պահանջված կապիտալի գումարը միշտ ավելի մեծ էր, քան այս պահանջում էր իրական ապրանքաշրջանառությունը» („Economist”, 1845, էջ 238)։
- ↑ Աչքի անցկացրեք, օրինակ, ճգնաժամի մի այնպիսի տարվա, որպիսին 1857 թվականն էր, սնանկացածների ցանկերը „Times”-ում և համեմատեցեք սնանկացածների սեփական գույքերը նրանց պարտքերի գումարի հետ։— «Այն մարդկանց գնողական ուժը, որոնք կապիտալ ու վարկ ունեն, ճշմարիտ որ շատ-շատ է գերազանցում այն ամենից, ինչ որ պատկերացնել կարող են նրանք, ովքեր ոչ մի գործնական ծանոթություն չունեն սպեկուլատիվ շուկաների հետ» (Tooke, „Inquiry into the currency principle”, էջ 73)։ Մի մարդ, որն իր մշտական գործի համար բավարար կապիտալ ունեցողի համբավ ունի և որն իր ճյուղում լավ վարկ է վայելում, եթե իր արտադրած ապրանքի բարձրացող կոնյունկտուրայի նկատմամբ սանգվինիկ հայացքներ ունի, և եթե նրա սպեկուլատիվ գործունեության սկզբում ու այդ գործունեության ընթացքում հանգամանքները նպաստում են նրան, կարող է իր կապիտալի համեմատությամբ ուղղակի վիթխարի չափերի հասնող գնումներ գլուխ բերել։ (ն. տ., էջ 136)։— «Գործարանատերերը, վաճառականները և այլն, բոլորը կատարում են իրենց կապիտալից շատ գերազանցող գործեր... Կապիտալը ներկայումս ավելի շուտ մի հիմք է, որի վրա կառուցվում է լավ վարկը, քան թե որևէ առևտրային ձեռնարկի պտույտների սահմանանիշը» („Economist”, 1847, էջ 333)։
- ↑ The Chalmers [„On political economy etc.”, London, 1882]։
- ↑ Մենք այստեղ տալիս ենք 630-րդ էջում Տուկից բերած քաղվածքի գերմաներեն համապատասխան հատվածի սկզբնագիրը. „The business of bankers, setting aside the issue of promissory notes payable on demand, may be divided into two branches, corresponding with the distinction pointed out by Dr. (Adam) Smith of the transactions between dealers and dealers, and between dealers and consumers. One branch of the bankers’ business is to collect capital from those who have not immediate employment for it, and to distribute or transfer it to those who have. The other branch is to receive deposits of the incomes of their customers, and to pay out the amount, as it is wanted for expenditure by the latter in the objects of their consumption... the former being a circulation of capital, the latter of currency” [«Բանկիրի գործը, մի կողմ թողնելով ըստ պահանջի վճարվող բանկնոտաների թողարկը, կարելի է բաժանել երկու ճյուղի, որոնք համապատասխանում են դոկտոր (Ադամ) Սմիթի սահմանած այն բաժանմանը, որի համաձայն կան առևտրականների ու առևտրականների միջև կատարվող և առևտրականների ու սպառորդների միջև կատարվող գործարքներ։ Բանկիրի գործի մի ճյուղն այն մարդկանցից կապիտալ հավաքելն է, որոնք սրա համար անմիջական գործադրություն չեն գտնում, և այս կապիտալն այն մարդկանց միջև բաշխելը կամ թե նրանք հանձնելն է, ովքեր այն օգտագործել կարող են։ Մյուս ճյուղն այն է, որ իրենց կլիենտների եկամուտներից ավանդներ ընդունեն և նրանց գումարներ վճարեն, երբ հարկավոր կլինի սպառման առարկաների համար... Առաջինը կապիտալի շրջանառություն է, երկրորդը՝ շրջանառության միջոցների շրջանառություն»։]— Tooke։ „Inquiry into the currency principle”, London» 1844, էջ 36—37։ Առաջին գործառնությունն է „the concentration of capital on the one hand and the distribution of it on the other” [«մի ձեռքով կապիտալ համակենտրոնացնելն ու մյուսով բաշխելը»], երկրորդ գործառնությունն է „administering the circulation for local purposes of the district” [«շրջանառության կարգավորումը տվյալ երկրամասի տեղական կարիքների համար»] (ն. տ., էջ 37)։— Շատ ավելի է մոտենում ճիշտ ըմբռնմանը Կիննիրը հետևյալ հատվածում. «Փողը գործ է ածվում երկու էապես տարբեր գործառնություններ կատարելու համար։ Իբրև փոխանակության միջոց առևտրականի ու առևտրականի միջև՝ նա այն գործիքն է, որով կատարվում են կապիտալի փոխհանձնումները, այսինքն փողի ձևով գոյություն ունեցող կապիտալի մի որոշ գումարի փոխանակությունն ապրանքների ձևով գոյություն ունեցող կապիտալի մի նույնահավասար գումարի հետ։ Բայց այն փողը, որ ծախսվում է աշխատավարձ վճարելու և առևտրականի ու սպառորդի միջև կատարվող առուծախի վրա, ոչ թե կապիտալ է, այլ եկամուտ, ամբողջ հասարակության եկամտի այն մասը, որ գործադրվում է ամենօրյա ծախսերի համար։ Այս փողը շրջանառում է ամենօրյա անընդհատ գործածության ասպարեզում, և միմիայն այս փողն է, որ բառի ստույգ իմաստով կարող է շրջանառության միջոց (currency) անվանվել։ Կապիտալի վարկատվությունները կախված են բացառապես բանկի կամ թե մյուս կապիտալիստների կամքից — որովհետև փոխառուներ միշտ կգտնվեն, բայց շրջանառության միջոցի գումարը կախված է այն հասարակության պահանջմունքներից, որի սահմաններում փողը շրջանառում է օրական ծախսման նպատակով» (J. G. Kinnear: „The crisis and the currency”, London, 1847 [էջ 3—4])։
- ↑ „A demand for capital on loan and a demand for additional circulation are quite distinct things, and no often found associated” (Fullarton. „On the regulation of currencies”, London, 1845, էջ 82, 5-րդ գլխի վերտառություն։) — «Մեծ մոլորություն է, իսկապես, երևակայելը, թե փողի փոխանակության» (այսինքն կապիտալի փոխառության) «նկատմամբ առաջադրվող պահանջարկը նույնանում է շրջանառության ավելադիր միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկի հետ, և կամ թե մեկն ու մյուսը հաճախակի երևան են գալիս միասին։ Նրանցից յուրաքանչյուրը ծագում է իրեն առանձնապես պայմանավորող հանգամանքներից և բոլորովին տարբեր է մյուս պահանջարկից։ Երբ ամեն ինչ երևան է գալիս ծաղկման վիճակում, երբ աշխատավարձը բարձր է, գները բարձրանում են և գործարանները բանում են, այն ժամանակ սովորաբար շրջանառության միջոցների (currency) լրացուցիչ առաջարկ է պահանջվում այն ֆունկցիաները կատարելու համար, որոնք անխզելոիրեն կապված են ավելի խոշոր ու ավելի բազմաթիվ դարձած վճարումներ անելու անհրաժեշտության հետ. այնինչ առևտրա-արդյունաբերական ցիկլի գլխավորապես ավելի հետին փուլում, երբ սկսում են հրապարակ գալ դժվարությունները, երբ շուկաները գերալցված են և փողի ետհոսումը հապաղում է, այն ժամանակ տոկոսը բարձրանում է, և բանկերին կապիտալի փոխատվության ուժեղացված պահանջարկ է առաջադրվում։ Անկասկած է, որ բանկնոտաներ թողարկելուց զատ բանկը չունի մի ուրիշ միջոց, որով սովորաբար կարողանում է կապիտալ փոխատրել, և որ եթե նա մերժում է բանկնոտաներ տալ, նշանակում է՝ մերժում է փոխատվությունը։ Բայց երբ փոխատվությունն արդեն թույլ է տրված ամեն ինչ համակերպվում է շուկայի պահանջմունքներին. փոխառությունը մնում է, իսկ շրջանառության միջոցը, եթե գործադրում չի գտնում, նորից վերադարձվում է փոխատուին։ Ըստ այսմ պառլամենտական հաշվետվությունների վրա նետվող նույնիսկ ամենամակերևութային հայացքը կարող է համոզել ամեն մեկի, որ Անգլիայի բանկի տնօրինության տակ եղած արժեթղթերի քանակն ավելի հաճախ տատանվում է շրջանառության մեջ նրա ունեցած բանկնոտաների նկատմամբ հակառակ ուղղությամբ, քան նրանց հետ միևնույն ուղղությամբ, և որ ուրեմն այս խոշոր հիմնարկի օրինակը չի ընձեռում ոչ մի բացառություն այն դրույթից, որի վրա այնքան համառորեն պնդում են գավառական բանկիրները, այսինքն այն դրույթից, որ ոչ մի բանկ չի կարող շատացնել շրջանառության մեջ գտնվող իր բանկնոտաների քանակը, եթե վերջինս արդեն բավարարում է բանկնոտաների շրջանառության սովորական նպատակին. բայց եթե բանկի փոխատվությունն անցնում է այս սահմանից, ապա փոխատվության ամեն մի մեծացում հարկ է լինում կատարելու նրա կապիտալից՝ վաճառելով պահեստում գտնվող արժեթղթերի մի մասը կամ թե հրաժարվելով նոր արժեթղթեր ձեռք բերելուց ի հաշիվ փողային նոր ներմուծումների։ 1833—1840 թվականների ժամանակամիջոցին վերաբերող պառլամենտական հաշվետվությունների համաձայն կազմած այն աղյուսակը, որից ես օգտվեցի նախորդ էջում, շարունակ այս ճշմարտությունը հաստատող օրինակներ է տալիս. բայց նրանցից երկուսն այնքան նշանակալից են, որ չեմ կարող նրանց վրայից անցնել։ 1837 թվականի հունվարի 3-ին, երբ բանկի փողային ռեսուրսները վերին աստիճանի լարված էին, վարկը կանգուն պահելու և փողային շուկայի դժվարություններին հակազդելու համար, մենք գտնում ենք, որ նրա փոխատվություններն ու զեղչը հասել էին 17 022 000 ֆ. ստ. ահռելի գումարի, մի գումար, որին հազիվ թե հասած լինեն պատերազմից (1793—1815) հետո և որը գրեթե հավասար էր թողարկած բանկնոտաների ամբողջ գումարին, այնինչ վերջինս անշարժ մնում էր այնպիսի ցած մակարդակի վրա, որպիսին է 17 076 000 ֆ. ստ.-ը։ Մյուս կողմից՝ 1833 թվականի հունիսի 4-ի համար մենք ունենք շրջանառության մեջ 18 892 000 ֆ. ստ. բանկնոտաներ, այնինչ մասնավոր ապահովումների հաշիվն ավելի ցած է, եթե ոչ ամենացածր վերջին հիսնամյակում, և չի գերազանցում 972 000 ֆ. ստ.-ից» (Fullarton, ն. տ., էջ 97, 98)։ — Որ „demand for pecunary accomodation” [փողային փոխատվությունների պահանջարկը] „demand for gold”-ի [ոսկու պահանջարկի] հետ նույնացնելու բնավ կարիք չկա (Վիլսոնը, Տուկն ու մյուսները ոսկին կապիտալ են անվանում),— այս երևում է պարոն Վեգելայնի, Անգլիայի բանկի կառավարչի հետևյալ, վկայություններից. «Մինչև այս գումարի» (երեք օր իրար հետևից օրական մեկ միլիոնի) «մուրհակներ զեղչելը չէր քչացնի» (բանկնոտաների) «պահեստը, եթե հասարակությունն ակտիվ շրջանառության մի ավելի խոշոր գումար չպահանջեր։ Մուրհակների զեղչման ժամանակ դուրս տրված բանկնոստաները բանկերի ու ավանդների միջոցով ետ կհոսեին։ Եթե այս գործարքների նպատակը ոսկու արտահանությունը չի, կամ եթե երկրի ներսում մի այնպիսի խուճապ չի տիրում, երբ հասարակությունը պինդ պահում է իր բանկնոտաները՝ փոխանակ նրանց միջոցով բանկերին վճարումներ կատարելու, ապա շրջանառության այսպիսի վիթխարի գումարները չէին ազդի պահեստի վրա»։— «Բանկը կարող է օրական մեկ ու կես միլիոն գումարի զեղչել, և այս կատարվում է շարունակ՝ առանց ամենափոքր չափով ազդելու նրա պահեստի վրա։ Բանկնոտաները ետ են գալիս իբրև ավանդներ, և միակ փոփոխությունը, որ տվյալ դեպքում տեղի է ունենում, պարզապես մի հաշվից մի ուրիշ հաշիվ փոխանցելն է» („Reports on Bank Acts”, 1857, վկայություններ №№ 241, 500)։ Այսպիսով, ուրեմն, բանկնոտաներն այստեղ լոկ իբրև վարկերի փոխանցման միջոց են ծառայում։
- ↑ Բնագրի այստեղ հաջորդող հատվածը տվյալ կապակցությամբ անհասկանալի է և մինչև փակագծի փակումը նորից վերամշակվել է խմբագրի կողմից։ Այս կետն այլ կապակցությամբ արդեն շոշափվեց XXVI գլխում։— Ֆ. Է.։
- ↑ «Բանվորն ունի կապիտալային արժեք, որը մենք կգտնենք, եթե նրա տարեկան վաստակի փողային արժեքն իբրև տոկոսագումար քննենք... Եթե միջին օրավարձի դրույքները կապիտալացնենք 4%-ով, ապա արական սեռի մի գյուղատնտեսական բանվորի միջին արժեք կստանանք՝ գերմանական Ավստրիայում 1 500 թալեր, Պրուսիայում 1 500, Անգլիայում 3 750, Ֆրանսիայում 2 000, Ներքին Ռուսաստանում 750 թալեր»։ (Von Reden, „Vergleichende Kulturstatistik”, Berlin, 1848, էջ 134)։
- ↑ {Փետրվարյան ռեվոլուցիայից անմիջապես հետո, երբ Փարիզում ապրանքների ու արժեթղթերի գներն արտակարգ չափով ընկել էին, ընդ որում այդ նույն ապրանքներն ու արժեթղթերը բնավ գնորդներ չէին գտնում, մի շվեյցարական վաճառական Լիվերպուլում, պարոն Ռ. Ցվիլխենբարտը (որն այս պատմել է իմ հորը) կանխիկ փող դարձրեց այն բոլորը, ինչ որ կարող էր, և այդ փողերն հետն առած ուղեվորվեց Փարիզ և դիմեց Ռոտշիլդին, սրան առաջարկելով, որ միասին մի սպեկուլատիվ գործ սարքեն։ Ռոտշիլդն անքթիթ նայեց նրան, նետվեց դեպի նա՝ երկու ուսից բռնելով. „Aves-vous de l’argent sur vous?” — „Oui, M. le baron!” — „Alors vous êtes mon homme!” — «Ունե՞ք կանխիկ փող»։ — «Այո, տեր բարոն»։ — «Ուրեմն դուք հենց իմ փնտրած մարդն եք»։— Եվ նրանք երկուսով իրոք մի փայլուն գործ գլուխ բերին։— Ֆ. Է.}։
- ↑ {Կապիտալի այս կրկնապատկումն ու եռապատկումը վերջին տարիներում է՛լ ավելի նշանավոր չափով է զարգացել, օրինակ, ֆինանսական տրեստների շնորհիվ, որոնք Լոնդոնի բորսայի հաշվետվության մեջ արդեն մի առանձին սյունակ են գրավում։ Կազմվում է մի ընկերություն՝ որոշ տեսակի տոկոսաբեր թղթեր, ասենք, արտասահմանյան պետական թղթեր, անգլիական քաղաքային կամ թե ամերիկյան պետական պարտաթղթեր, երկաթուղային ակցիաներ և այլն գնելու համար։ Ասենք, 2 միլիոն £-անոց կապիտալը հավաքվում է ակցիաներին բաժնեգրվելով, վարչությունը գնում է համապատասխան արժեքներ կամ շատ թե քիչ չարաշահում է նրանցով և տոկոսներից կազմվող տարեկան եկամուտը, ծախքերը հանելուց հետո, որպես դիվիդենդ բաշխում է ակցիոներների միջև։— Այնուհետև, ակցիոներական որոշ ընկերություններում ընդունված է՝ սովորական ակցիաները բաժանել երկու կարգի — preferred և deferred [արտոնյալ և երկրորդական]։ Preferred ակցիաները բերում են մի հաստատուն տոկոս, ասենք 5%, ենթադրելով, ի հարկե, որ ձեռնարկության ընդհանուր շահույթը թույլ է տալիս այս. հետո եթե մի բան էլ դեռ մնում է, ապա այն բաշխում են deferred ակցիոներների միջև։ Այս եղանակով ահա preferred ակցիաների մեջ ներդրած «սոլիդ» կապիտալները շատ թե քիչ անջատվում են deferred-ների միջոցով կատարվող բուն սպեկուլացիայից։ Բայց որովհետև առանձին խոշոր ձեռնարկություններ չեն ուզում այս նոր մոդային հետևել, ուստի սկսել են ընկերություններ կազմվել, որոնք մեկ կամ մի քանի միլիոն £ ձեռնարկությունների ակցիաների մեջ ներդրելով՝ ապա այս ակցիաների անվանական արժեքի դիմաց նոր ակցիաներ են թողարկում, բայց կեսը preferred ու մյուս կեսը՝ deferred։ Այս դեպքում սկզբնական ակցիաների քանակը կրկնապատկվում է, որովհետև նրանք իբրև հիմք են ծառայում ակցիաների նոր թողարկման համար։— Ֆ. Է.}։
- ↑ {Թե այն ժամանակվանից դեսը որքան է պարզացել այդ պրակտիկան, ապացուցում են Լանդոնի ամենախոշոր տասնհինգ բանկերի բանկապահեստների՝ 1892 թ. նոյեմբերի հետևյալ պաշտոնական տվյալները, որ մենք քաղում ենք 1892 թ. դեկտ. 15-ի „Daily News”-ից.
Բանկի անունը Պասսիվ Կանխիկ
պահեստներըՏոկոսներով City £ 9 317 629 £ 746 551 8,01 Capital and Counties » 11 392 744 » 1 307 483 11,47 Imperial » 3 987 400 » 447 157 11,21 Lloyds » 23 800 937 » 2 966 806 12,46 London and Westminster » 24 671 559 » 3 818 885 15,50 London and S. Western » 5 570 268 » 812 353 13,58 London Joint Stock » 12 127 993 » 1 288 977 10,62 London and Midland » 8 814 499 » 1 127 280 12,79 London and County » 37 111 035 » 3 600 374 9,70 National » 11 163 829 » 1 426 225 12,77 National Provincial » 41 907 384 » 4 614 780 11,01 Parrs and the Alliance » 12 794 489 » 1 532 707 11,93 Prescott and C° » 4 041 058 » 538 517 13,07 Union of London » 15 502 618 » 2 330 084 14,84 Wiliams, Deacon and Manchester and C° » 10 452 381 » 1 317 628 12,60 Ընդամենը £ 232 655 823 £ 27 845 807 11,97 Այս գրեթե 28 միլիոնանոց պահեստից առնվազն 25 միլիոնն ավանդադրված է Անգլիայի բանկում, իսկ իբրև կանխիկ փող ամենաշատը 3 միլիոնն է գտնվում հենց իրենց՝ 15 բանկերի կասսաներում։ Սակայն Անգլիայի բանկի բանկային բաժանմունքի կանխիկ պահեստաֆոնդը նույն 1892 թվականի նոյեմբերին ոչ մի անգամ չէր կազմում լրիվ 16 միլիոն։— Ֆ. Է.}։
- ↑ 1844 թվականի բանկային օրենքի կախակայումը բանկին հնարավորություն է տալիս բանկնոտներ թողարկել ցանկացած չափով, հաշվի չառնելով սրանց գոցման համար նախանշված ու իր ձեռին գտնվող ոսկեպաշարը, հետևաբար հնարավորություն է տալիս ստեղծելու թղթյա ֆիկտիվ փողային կապիտալի ուզածդ քանակությունը սրանով էլ փոխատվություններ ընձեռելու բանկերին ու մուրակամիջնորդներին ու սրանց միջոցով էլ՝ առևտրին։
- ↑ «Պետական ֆոնդերն ուրիշ բան չեն, քան երևակայական կապիտալ, որը ներկայացնում է ամենամյա եկամտի՝ պարտքի վճարման համար նախանշված մասը։ Նրանց համապատասխանող կապիտալը արդեն ծախսված է. նա իրմով որոշել է փոխառության գումարը, բայց պետական արժեթղթերը հիշյալ կապիտալը չեն ներկայացնում, որովհետև այս կապիտալն ամենևին գոյություն չունի արդեն։ Այնինչ նոր հարստություններ պետք է ստեղծվեն արդյունաբերական աշխատանքով. ամեն տարի այս հարստնությունների մի մասը առաջուց նախանշվում է նրանց համար, ովքեր փոխատրել են այն կապիտալը, որը հիմա ոչնչացված է արդեն, այս մասը հարկերի միջոցով կորզվում է հարստություններ արտադրողներից՝ պետության վարկատուներին տալու համար, ընդ որում կապիտալի ու սրա բերած տոկոսների միջև եղած այն համամասնության համեմատ, որը սովորական է տվյալ երկրի համար, ենթադրվում է մի երևակայական կապիտալ՝ հավասար այն կապիտալին, որով կարող էր արտադրվել վարկատուների ստացած ամենամյա ռենտան»։ (Sismondi: „Nouveaux Principes”, B. II, էջ 230. [տես Сисмонди. „Новые начала полит. экономии”, հ. II, 1937, էջ 111—112].
- ↑ Կուտակված փողային կապիտալի փոխատրելի մասն արդյունաբերական կապիտալի սոսկական արտահայտություն է իրոք։ Եթե, օրինակ, Անգլիան 1857 թվին 80 միլիոն £ ներդրեց ամերիկյան երկաթուղիների և ուրիշ ձեռնարկությունների մեջ, ապա գրեթե ամբողջովին կատարվեց անգլիական ապրանքներ արտահանելով, որոնց դիմաց ամերիկացիները ոչ մի ետվճարում չունեին անելու։ Անգլիական արտահանորդն այս ապրանքների դիմաց մուրհակներ էր ստանում Ամերիկայի վրա հասցեագրված, ակցիաների անգլիական բաժանորդները գնում էին այս մուրհակները և Ամերիկա էին ուղարկում՝ իբրև ակցիաների արժեքի վճար։
- ↑ {Ինչպես մի ուրիշ տեղ ես արդեն նշել եմ, վերջին մեծ ընդհանրական ճգնաժամից դեսն այստեղ մի որոշ շրջադարձ է կատարվել։ Պարբերական պրոցեսի սուր ձևն իր մինչայժմյան տասնամյա ցիկլով, ըստ երևույթին, տեղի է տվել ավելի խրոնիկական, ավելի երկար ձգձգվող և տարբեր ժամանակներում արդյունաբերական տարբեր երկրների վրա տարածվող մի հերթափոխության, որն արտահայտվում է գործերի համեմատաբար կարճ, թույլ լավացումով ու համեմատորեն ավելի երկարատև, լուծումն չգտնող ճնշումով։ Սակայն գուցե խնդիրը վերաբերում է միայն ցիկլի տևողության երկարանալուն։ Համաշխարհային առևտրի մանկության ժամանակ, 1815—1847, թվերին, կարելի է մոտավորապես հնգամյա ճգնաժամեր մատնանշել. 1847—1867 թվերին ցիկլը վճռականորեն տասնամյա է. արդյոք մենք չլսված ուժգնություն ունեցող մի նոր համաշխարհային կրախի նախապատրաստական պարբերաշրջանո՞ւմ չենք գտնվում։ Շատ բան, ըստ երևույթին, այդ է մատնանշում։ Վերջին, 1867 թվի, ընդհանրական ճգնաժամից դեսը խոշոր փոփոխություններ են առաջացել։ Հաղորդակցության միջոցների վիթխարի ընդարձակումը — օվկիանոսյան շոգենավեր, երկաթուղիներ, էլեքտրական հեռագրագծեր, Սուեզի ջրանցք — նոր միայն իրոք համաշխարհային շուկա ստեղծեց։ Առաջներում արդյունաբերության մոնոպոլիստ հանդիսացող Անգլիայի կողքին հրապարակ է եկել մրցող արդյունաբերական երկրների մի շարք. եվրոպական ավելցուկ կապիտալի ներդրման առջև բոլոր աշխարհամասերում անհունորեն ավելի մեծ ու ավելի բազմազան մարզեր են բացված, այնպես որ հիշյալ կապիտալը շատ ու շատ ավելի է տարաբաշխված, և տեղական չափազանց մեծ սպեկուլացիան ավելի հեշտ է հաղթահարվում։ Այս բոլորի շնորհիվ ճգնաժամի հին օջախների ու նրա առաջացման առիթների մեծամասնությունը վերանում է կամ սաստիկ թուլանում։ Պետք է նաև նշել, որ մրցումը ներքին շուկայում նահանջում է կարտելների ու տրեստների հանդեպ, մինչդեռ արտաքին շուկայում մրցումը սահմանափակվում է հովանավորական մաքսերով, որոնցով իրենց շրջապատում են արդյունաբերական բոլոր մեծ երկրները բացի Անգլիայից։ Բայց այս հովանավորական մաքսերն իրենք ուրիշ բան չեն, բայց եթե սպառազինումներ արդյունաբերության վերջնական ընդհանրական ռազմարշավի համար, որը պետք է վճռի, թե ումն է պատկանելու գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Այսպիսով, ուրեմն, յուրաքանչյուր տարր, որը հակամարտում է հին տիպի ճգնաժամերի կրկնվելու դեմ, իր մեջ կրում է գալիք շատ ու շատ ավելի ճգնաժամի սաղմը։— Ֆ. Է.}։
* Լոնդոնի մի փողոց, որտեղ կենտրոնացած էին բանկիրային գրասենյակները.— Խմբ.։
** Լոնդոնի մի բորսա, որը զբաղվում էր գաղութային ապրանքների {թեյի, սուրճի և այլն) առևտրով.— Խմբ.։ - ↑ B. A. 1857. բանկիր Twells-ի ցուցմունքները. «4516. Իբրև բանկիր դուք գործարքները կապիտալո՞վ եք կատարում, թե՞ փողով։— Մենք փողով ենք գործառում։— 4517. Ավանդներն ինչպե՞ս են մուծվում ձեր բանկը։— Փողով։— 4518. Ինչպե՞ս են նրանք վճարվում։— Փողով։— Ուրեմն կարելի՞ է ասել, թե նրանք փողից տարբերվող մի բան են։— Ո՛չ։
Օվերստոնը (տե՛ս XXVI գլուխ) շարունակ շփոթում է «capital»-ը և «money»-[«կապիտալը» և «փողը»]։ «Value of money» [«փողի արժեքը»] նրա մոտ նշանակում է նաև տոկոսը, բայց լոկ այնչափով, որչափով որ հիշյալը որոշվում է փողի մասսայով. «value of capital»-ը [«կապիտալի արժեքը»] պետք է նշանակի տոկոս, որչափով որ սա որոշվում է արտադրողական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկով ու այն շահույթով, որ բերում է այս կապիտալը։ Նա ասում է. «4140. «Կապիտալ» բառը պետք է զգուշությամբ գործածել։ 4148. Ոսկու արտահանումն Անգլիայից՝ նշանակում է փողի նվազումն երկրում, և սա ի հարկէ ընդհանրապես պիտի ավելի բարձր պահանջարկ առաջ բերի փողային շուկայում {նրա կարծիքով ուրեմն ոչ կապիտալի շուկայում}։— «4112. Այն չափով, որով փողը դուրս է գնում երկրից, նրա քանակը երկրի ներսում նվազում է։ Երկրում մնացած փողի քանակի այս քչացումն առաջ է բերում նրա արժեքի բարձրացումն»։ {Նրա թեորիայով՝ սկզբնապես այս նշանակում էր փողի արժեքի բարձրացում շրջանառության սեղմվելու հետևանքով, փողի արժեքի, որպես փողի ապրանքների արժեքի համեմատությամբ, ընդ որում հետևաբար փողի արժեքի այս բարձրացումը հավասար է լինելու ապրանքների արժեքի ընկնելուն։ Բայց որովհետև ժամանակի ընթացքում նույնիսկ Օվերստոնի համար անառարկելիորեն ապացուցվեց, որ շրջանառու փողի մասսան չի որոշում գները, ուստի հիմա փողի որպես շրջանառության միջոցի նվազումը նրա համար պիտի լինի այն պատճառը, որը բարձրացնում է փողի որպես տոկոսաբեր կապիտալի արժեքն ու սրա հետ էլ՝ տոկոսադրույքը}։ Եվ դեռ մնացած փողի արժեքի այս բարձրացումն էլ կանգնեցնում է նրա հետագա տարհոսումը և շարունակում է հարատևել, մինչև որ այնքան փող է ետ բերվում, որքան հարկավոր է հավասարակշռությունը վերականգնելու համար»։— Օվերստոնի հակասությունների շարունակությունը կտեսնենք ներքևում։ - ↑ Այստեղ ահա երևան է գալիս հասկացողությունների այն շփոթումը, թե սրանք երկուսն էլ «փող» են — թե՛ ավանդն իբրև իրավապահանջ՝ բանկիրի կողմից լինելիք վճարման նկատմամբ ու թե՛ ավանդադրված փողը բանկիրի ձեռին։ Բանկիր Twells-ը 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև ցուցմունքներ տալու ժամանակ հետևյալ օրինակն է վերցնում. «Ես իմ գործն սկսում եմ 10 000 £-ով։ 5 000 £-ով ես ապրանքներ եմ գնում և դարսում եմ իմ պահեստանոցում։ Մյուս 5 000 £-ն ավանդադրում եմ մի բանկիրի մոտ՝ կարիքի համեմատ նրանից օգտվելու համար։ Բայց ես միշտ էլ ամբողջն իմ կապիտալն եմ համարում, չնայած որ նրանից 5 000 £-ը գտնվում է ավանդի կամ փողի ձևում» (4528)։ Այստեղից ահա ծայր է առնում հետևյալ սիրուն վիճաբանությունը «4531. Ուրեմն դուք ձեր 5 000 £-ը բանկնոտների ձևով ավել եք մի ուրիշի՞ն։— Այո՛։— 4532 Այս դեպքում այդ մյուս անձը 5 000 £ ավա՞նդ ունի։— Այո՛, իհարկե։— 4533. Բայց դուք է՞լ ունեք 5 000 £ ավանդ։— Շատ ճիշտ է։—4534. Նա ունի 5 000 £՝ փողով, և դուք է՞լ ունեք փողով 5 000 £։— Այո՛, իհարկե։— 4535. Բայց չէ՞ որ սա ուրիշ բան չէ վերջիվերջո, բայց եթե փող։— Ո՛չ։»— Շփոթումը մասամբ ահա ինչից է առաջ գալիս. A-ն, որն ավանդադրել է 5 000 £-ը, կարող է վերցնել այդ գումարից, տնօրինել այդ գումարը ճիշտ այն պես, ինչպես այն դեպքում, եթե դեռ իր ձեռին լիներ այն։ Այս իմաստով ավանդադրած փողը գործում է նրա համար իբրև պոտենցիալ փող։ Բայց այն բոլոր դեպքերում, երբ նա վերցնում է ավանդից, pro tanto [նույն չափով էլ] ոչնչացնում է իր ավանդը։ Եթե նա բանկից իսկական փող է վերցնում, ըստ որում իր փողն արդեն ուրիշներին է փոխատրված, ապա նրան վճարում են ոչ թե իր սեփական փողը, այլ մի ուրիշի ավանդադրած փողը։ Եթե նա պարտք է վճարում B-ին իր բանկիրի վրա տված չեկով, և B-ն այս չեկն ավանդադրում է իր բանկիրի մոտ, իսկ A-ի բանկիրն էլ նույնպես մի չեկ ունի՝ B-ի բանկիրի վրա տրված, այնպես որ երկու բանկիրները լոկ փոխանակում են չեկերը, ապա A-ի ավանդադրած փողը երկու անգամ է փողի ֆունկցիա կատարած լինում. առաջին՝ նրա ձեռին, ով ստացել է A-ի ավանդադրած փողը, երկրորդ՝ հենց իրեն A-ի ձեռին։ Երկրորդ ֆունկցիան պարտապահանջման փոխմարումն է առանց փողի միջամտության (A-ի պարտապահանջումն իր բանկիրից ու վերջինիս պարտապահանջումը B-ի բանկիրից)։ Այստեղ ավանդը երկու անգամ է որպես փող գործում, այն է՝ մեկ անգամ իբրև իսկական փող ու հետո էլ՝ որպես փողի իրավապահանջ։ Փողի սոսկական իրավապահանջները կարող են փողի տեղ հանդես գալ պարտապահանջումները փոխմարելու շնորհիվ միայն։
- ↑ Միջին թիվն այն օրերի, որոնց ընթացքում բանկնոտը շրջանառության մեջ է մնում.
թվական 5 £ բանկնոտ 10 £ 20—100 £ 200—500 £ 1 000 £ բանկնոտ 1798 ? 236 209 31 22 1818 148 137 121 18 13 1846 79 71 34 12 8 1856 70 58 27 9 7 (Անգլիայի բանկի, կասսիր Մարշալլի տվյալները «Report on Bank Acts»-ում, 1857, II հավելված, էջ 300—301)։
* Հմտ՝ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկերի ռուս. հրատ. հատ. XII, մասն 1, էջ 67—68. Խմբ.։
** Հ. Հայնեի «Disputation» («Դիսպուտ») բանաստեղծությունից»։— «Տաուսֆես Իոնտոֆ» — հրեաների կրոնական գրքերից մեկը։— Խմբ.։ - ↑ Union Bank of London-ի ակցիոներների 1894 թվի հունվարի 17-ի ընդհանուր ժողովում նախագահ պարոն Ռիտչին հաղորդեց, թե Անգլիայի բանկը 1893 թվին զեղչը 2½%-ից (հուլիսին) բարձրացրեց օգոստոսին 3 ու 4%-ի և ապա, չնայած որ բանկը չորս շաբաթում ամբողջ 4½ միլիոն £ ոսկի կորցրեց, բարձրացրեց 5%-ի, որից հետո ոսկին ետ հոսեց, և բանկային նորման իջեցվեց սեպտեմբերին 4%-ի, հոկտեմբերին՝ 3%-ի։ Բայց այս բանկային նորման շուկայում չընդունվեց։ «Երբ բանկային նորման 5% էր, զեղչման նորման 3½% էր, իսկ նորման փողի համար՝ 2½%. երբ բանկային նորման ընկնելով հասավ 4%-ի, զեղչման տոկոսը 2⅜% էր, իսկ փողի համար՝ 1¾%. երբ բանկային նորման 3% դարձավ, զեղչման տոկոսը 1½% էր, իսկ նորման փողի համար՝ մի քիչ ավելի ցածր» («Daily News», 1894, հունվարի 18 )— Ֆ. Է.։
- ↑ K. Marx «Zur Kritik der politischen Oekonomie», Berlin 1859, S. 150 ff. [Կարլ Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 205—215]։
- ↑ Թե այս ինչպես էր ներգործում փողային շուկայի վրա, ցույց են տալիս Նյումարչի հետևյալ վկայությունները. «1509. 1853 թվի վերջերին հասարակության մեջ զգալի երկյուղներ առաջացան, սեպտեմբերին Անգլիայի բանկը իր զեղչը բարձրացրեց երեք անգամ իրար ետևից... հոկտեմբերի առաջին օրերում անհանգստությունն ու խուճապը հասարակության մեջ մի նշանակալից աստիճանի հասան։ Այս երկյուղներն ու այս անհանգստությունը մեծ մասամբ վերացան նոյեմբերի վերջում և գրեթե բոլորովին չքացան այն պարագայի հետևանքով, որ 5 միլիոնի ազնիվ մետաղ եկավ Ավստրալիայից։ Միևնույնը կրկնվեց 1854 թվի աշնանը, երբ հոկտեմբերին ու նոյեմբերին մոտ 6 միլիոնի ազնիվ մետաղ ստացվեց։ Նույնը կրկնվեց 1855 թվի աշնանը, որը հայտնի է իբրև հուզմունքի ու անհանգստության մի ժամանակաշրջան, երբ մոտ 8 միլիոնի ազնիվ մետաղ եկավ սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին։ 1856 թվի վերջերին տեսնում ենք նույն երևույթի կրկնումը։ Կարճ ասած՝ ես կարող էի լիովին դիմել հանձնաժողովի գրեթե ամեն մի անգամի փորձին, ստուգելու համար, թե մենք արդեն սովորույթ չե՞նք դարձրել ֆինանսական յուրաքանչյուր նեղվածության դեպքում բնական ու լիակատար փրկություն փնտրել ոսկով բեռնված նավի գալուստի մեջ»։
* Առևտրային ճգնաժամի խնդիրները քննարկող լորդերի պալատի գաղտնի հանձնաժողով։— Խմբ.։ - ↑ Նյումարչի ասելով, ոսկու տարհոսումը դեպի արտասահման կարող է ծագել երեք կարգի հանգամանքներից, այն է՝ 1) զուտ առևտրային պատճառներից, այսինքն եթե ներմուծումն ավելի մեծ է եղել, քան արտահանումը, ինչպես 1836 ու 1844 թվերի միջև, և դարձյալ նորից 1847 թվին, երբ հացահատկի ներմուծումը առանձնապես մեծ է եղել, 2) միջոցներ հայթայթելու անհրաժեշտությունից՝ արտասահմանում անգլիական կապիտալ ներդրելու համար, ինչպես 1857 թվին՝ Հնդկաստանում երկաթուղիներ կառուցելու համար, և 3) կապիտալը արտասահմանում վերջնականապես ծախսելու հետևանքով. ինչպես այդ տեղի ունեցավ 1853 և 1854 թվերին՝ Արևելքում մղվող պատերազմի ծախսը ծածկելու համար։
- ↑ 1918. Նյումարչ. «Եթե դուք Հնդկաստանն ու Չինաստանը միասին վերցնեք, հաշվի առնեք Հնդկաստանի ու Ավստրալիայի միջև տեղի ունեցած առևտրապտույտները և Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև կատարվող է՛լ ավելի կարևոր առևտրապտույտները,— իսկ այս դեպքերում առևտրային կապերը երեքկողմանի են լինում, և հաշվեհարդարը տեղի է ունենում մեր միջնորդությամբ...— ապա կպարզվի, որ առևտրային բալանսը ոչ միայն ի վնաս Անգլիայի էր, այլև ի վնաս Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների։— (B. A. 1857)։
- ↑ Տես, օրինակ, Վեգելինի ծիծաղելի պատասխանը, որտեղ նա ասում է, թե տարհոսած 5 միլիոն ոսկին նշանակում է կապիտալի քչացում նույն գումարով և սրանով ուզում է բացատրել այնպիսի երևույթներ, որոնք գների անհունորեն ավելի խոշոր բարձրացումների կամ անկումների ժամանակ, իսկական արդյունաբերական կապիտալի ընդարձակվելու կամ կծկվելու ժամանակ հանդես չեն գալիս։ Մյուս կողմից՝ պակաս ծիծաղելի չէ, երբ վարձում են այս երևույթներն ուղղակի բացատրել որպես իրական կապիտալի (սրա նյութեղեն տարրերի կողմից քննած) մասսայի ընդարձակվելու կամ կծկվելու հայտանիշներ։
- ↑ Նյումարչը (B. A. 1857) ասում է. «1304. Անգլիայի բանկի մետաղապահեստը հիրավի... այն կենտրոնական պաշարն է կամ կենտրոնական մետաղագանձը, որի հիման վրա տարվում է երկրի առևտրաարդյունաբերական ամբողջ գործը։ Նա, այսպես ասած, այն առանցքն է, որի շուրջը պետք է պտտվի երկրի ամբողջ տնտեսական կյանքը. երկրի մյուս բոլոր բանկերն Անգլիայի բանկը նկատում են իբրև այն կենտրոնական գանձարանը կամ պահեստամբարը, որից նրանք քաղելու են հնչուն դրամի իրենց պաշարը, և արտասահմանյան մուրհակակուրսի ներգործությունը միշտ ընկնում է հենց այս գանձարանի ու այս պահեստամբարի վրա»։
- ↑ «Այսպիսով ուրեմն, գործնականորեն նրանք երկուսն էլ, Տուկն ու Լոյդը, ոսկու նկատմամբ եղած չափազանց մեծ պահանջարկը թուլացնելու համար կձգտեին՝ տոկոսադրույքի բարձրացման ու կապիտալի փոխատվությունների քչացման միջոցով վարկերը վաղօրոք սահմանափակել։ Միայն թե Լոյդը իր պատրանքներով առաջ է բերում նեղություն պատճառող ու նույնիսկ վտանգավոր {օրենսդրական} սահմանափակումներ ու հրամանագրեր» («Economist», 1847, էջ 1417)։
- ↑ «Դուք լիովին համաձայն եք, որ ոսկու պահանջարկը կերպափոխելու ուրիշ ոչ-մի ճանապարհ չկա, քան տոկոսադրույքի բարձրացումը։— Չեպմենը {Խոշոր billbroker-ների՝ Օվերենդ, Գարնեյ և ընկ. ֆիրմայի կոմպանյոնը} պատասխանում է. Իմ կարծիքն այդ է։ Եթե մեր ոսկու պաշարը նվազում է մինչև մի որոշ կետ, ապա ամենալավն այն կլինի, որ մենք իսկույն ահազանգ հնչեցնենք և ասենք, մենք դեպի անկում ենք դիմում, և ով որ ուզում է ոսկին արտասահման ուղարկել, այս պետք է իր սեփական ռիսկով անի»։— B. A. վկայություն № 5057։
* Արևելահնդկական ընկերության վարչությունը.— Խմբ.։ - ↑ «Որովհետև հաճախակի գրավադրումներ ու փրկագնումներ են լինում միևնույն ամսում, և մի առարկա գրավադրում են՝ մի ուրիշը գրավաթափելու և ընդ սմին փողի մի փոքր տարբերություն ձեռք բերելու համար, ուստի սրա հետևանքով է, որ գրավական տոկոսն այնպես արտակարգորեն բարձր է։ Լոնդոնում 240 թույլատրված գրավատներ կան՝ իսկ գավառներում՝ մոտ 1450։ Նրանց ներդրած կապիտալը հաշվվում է մոտ մեկ միլիոն։ Սա տարվա մեջ պտույտ է գործում առնվազը երեք անգամ և ամեն անգամին բերում է միջին հաշվով 33½%, այնպես որ Անգլիայի ստորին դասակարգերը տարեկան 100% են վճարում մեկ միլիոնի ժամանակավոր փոխատվության համար, մի կողմ թողած դեռ այն կորուստը, որ նրանք ունենում են գրավադրած առարկաների փրկագնման ժամկետն անցկացնելով» (J. D. Tuckett «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1840, I, էջ 114.)։
- ↑ Նրանց երկերի նույնիսկ վերնագրերն իբրև գլխավոր նպատակ նշում էին «հողատերերի ընդհանուր բարեկեցությունը, հողային սեփականության արժեքի մեծ բարձրացումը, խոշոր ու մանր ազնվականության և այլոց ազատագրումը հարկերից, նրանց տարեկան եկամտի ավելացումը և այլն»։ Կորուստ կունենային միմիայն վաշխառուներր, ազգի այս ամենավատթար թշնամիները, որոնք ազնվականությանը և սեփականատեր գյուղացիներին ավելի շատ են վնասներ պատճառել, քան այդ կարող էր հասցնել Ֆրանսիայից ներխուժող մի բանակ։
- ↑ «Օրինակ, դեռևս Անգլիայի թագավոր Կառլ II-ը պետք է «ոսկերիչներին» (բանկիրների նախորդներին) վճարեր վիթխարի վաշխառուական տոկոսներ ու լաժ, 20—30%-ի չափով։ Այսպիսի շահութաբեր գործն ավելի ու ավելի էր «ոսկերիչներին» դրդում փոխատվություններ ընձեռելու թագավորին, բոլոր հարկային եկամուտները կանխակայելու, պառլամենտի կողմից բաց թողած փողի ամեն մի հատկացագիր գրավ վերցնելու, հենց որ նա արվում էր, այլև bill-երը, order-ներն ու tallie-ները [մուրհակներ, հատկացագրեր, հարկային փաստաթղթեր] գնելում ու գրավ վերցնելում իրար հետ մրցելու, այնպես որ պետական բոլոր եկամուտներն իրականում նրանք ձեռքով էին անցնում» (John Francis, History of the Bank of England, London 1848, I, էջ 31.)։ «Առաջ էլ արդեն մի քանի անգամ նախագծվել էր բանկ հիմնել։ Վերջապես նա անհրաժեշտ դարձավ» (ն. տ., էջ 38), «Բանկն արդեն անհրաժեշտ էր հենց մենակ նրա համար, որ վաշխառուներից քամված կառավարությանը հնարավորություն տար տանելի տոկոսադրույքով փող ստանալու՝ պառլամենտական հատկացումների երաշխիքով» (ն. տ., էջ 59, 60)։
- ↑ Ձեռագիրը վերամշակելիս Մարքսն այս տեղն անպայման սաստիկ կփոխեր։ Այս տեղը գրված է այն դերի տպավորության տակ, որ էքս-սեն-սիմոնիստները խաղացին երկրորդ կայսրության ժամանակ Ֆրանսիայում, որտեղ ճիշտ այն պահին, երբ Մարքսը գրում էր վերևի հատվածը, սեն-սիմոնյան դպրոցի տիեզերափրկիչ վարկային ֆանտազիաները պատմության հեգնանքով իրականանում էին որպես մինչև հիմա չլսված թափ ունեցող մի սպեկուլացիա։ Հետագայում Մարքսը լոկ զարմանքով էր խոսում Սեն-Սիմոնի հանճարի ու էնցիկլոպեդիական պատրաստականության մասին։ Եթե Սեն-Սիմոնն իր նախկին աշխատությունների մեջ անտեսում էր բուրժուազիայի ու Ֆրանսիայում հենց նոր միայն ծնունդ առնող պրոլետարիատի հակադրությունը, եթե նա արտադրությամբ զբաղվող բուրժուազիային travailleur-ների շարքն էր դասում, ապա այս համապատասխանում է Ֆուրյեի ըմբռնմանը, որն ուզում էր կապիտալն ու աշխատանքն իրար հետ հաշտեցնել, և բացատրվում է այն ժամանակվա Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական դրությամբ։ Եթե Օուենը այս կետում ավելի հեռուն էր տեսնում, սրա պատճառն այն էր լոկ, որ նա ապրում էր մի ուրիշ միջավայրում, արդյունաբերական ոեվոլուցիայի արդեն սաստիկ սրվող դասակարգային հակասությունների պայմաններում։— Ֆ. Է.։
* Տես Կ. Մարքսի «Crédit mobilier» հոդվածը, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերի ռուս. հրատ., հատ. XI, մասն I, էջ 19—36.— Խմբ.։ - ↑ Karl Marx, «Misère de la Philosophie». Bruxelles et Paris. 1847.— Karl Marx, «Zur Kritik der Polit. Oekonoraie», էջ 64։
* Պարտքի տոկոսը վճարվում էր երեք ժամկետում, որոնք որոշվում էին Լայպցիգում տարեկան 3 անգամ կազմակերպվող տոնավաճառների ժամանակով։— Խմբ.։