Ձմռան իրիկուն
հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |
Հողմն է միգով երկինքն առնում –
Գալարելով բուքը ձյան,
Մերթ գազանի նման ոռնում,
Մերթ լալիս է մանկաձայն,
Մերթ խարխլիկ կըտրին հանկարծ
Ծղոտախառն աղմկում,
Մերթ, ճամփորդի պես ուշացած,
Հենց լուսամուտն է թակում:
Մեր հյուղակը հնատարիք
Համ տխրել է, համ մթնել.
Դու՞ ինչի ես, իմ պառավիկ,
Պատուհանի մոտ սսկվել:
Թե՞ հոգնել ես, ընկե՛ր իմ թանկ,
Վայնասունից մրրիկի,
Թե նիրհում ես, բզզոցի տակ
Քո սեփական իլիկի:
Խմե՜նք, բարի՛ հարեհասդ
պատանության իմ անխեր,
Խմենք դարդից, ու՞ր է թասդ,
Զվարթանա սիրտը մեր:
Երգի՛ր երգն այն, որ թռչնիկը
Ծովից անդին էր կենում,
Երգի՛ր երգն այն, որ աղջիկը
Կանուխ ջրի էր գնում:
Հողմն է միգով երկինքն առնում –
Գալարելով բուքը ձյան,
Մերթ գազանի նման ոռնում,
Մերթ լալիս է մանկաձայն:
Խմե՜նք, բարի՛ հարեհասդ
պատանության իմ անխեր,
Խմենք դարդից, ու՞ր է թասդ,
Զվարթանա սիրտը մեր: