Մայրը (Ջեյմս Ջոյս)

Գրապահարան-ից
Մայրը

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Վ․ Ավետիսյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Միստր Հոլհընը՝ «Էըրը Աբու» ընկերության քարտուղարը, համերգի նախապատրաստման պայմանագիրը ձեռքին մոտ մեկ ամիս թափառում էր Դուբլինում։ Նրա մի ոտքը կաղ էր, որի համար ընկերները «թռվռան» Հոլհըն էին դրել անունը։ Ամեն օր միստր Հոլհընը համառորեն վերուվար էր անում փողոցներում, ժամերով կանգնում բանուկ մասերում՝ կարծիքներ փոխանակելով, համերգի մասին ուշադրություն հրավիրելով, բայց իրականում միսիս Կերնին էր ամեն ինչ կարգավորում։

Միսս Դեվլինը միսիս Կերնի էր դարձել հանգամանքների բերումով։ Նա իր կրթությունն ստացել էր մի բարեհամբավ միաբանությունում, որտեղ երաժշտություն ու ֆրանսերեն էր սովորել։ Դպրոցում, իր բնական դալկության ու շիտակ վարվեցողության պատճառով, շատ քիչ ընկերներ ուներ։ Երբ Կեթլինի ամուսնանալու ժամանակը եկավ, նրան ուղարկեցին բազմաթիվ տներ այցելության, որտեղ աղջկա նվագն ու անբռնազբոս վարվեցողությունը շատերին սկսեց հրապուրել։ Այնուամենայնիվ, աղջիկը մնում էր իր սառը արժանապատվության շրջանակներում, անհամբեր սպասելով, այն համարձակ սիրեկանին, որը առաջարկություն կաներ և իրեն բարեկեցիկ կյանք կշնորհեր։ Բայց Կեթլինին հանդիպած տղաները շատ էին հասարակ, և կարևորություն չտալով նրանց, աղջիկը փորձում էր իր երազային ցանկությունները հագեցնել գաղտնորեն մեծ քանակությամբ թուրքական նաբաթ ուտելով։ Բայց երբ չափն անցկացրեց, իսկ ընկերներն սկսեցին բամբասել, միսս Դեվլինը փակեց նրանց բերանները՝ ամուսնանալով միստր Կերնիի հետ, որը կոշկակար էր Սրմընդ Քվեյում։

Միստր Կերնին տարիքով շատ մեծ էր կնոջից։ Նա միշտ լուրջ բաների մասին էր խոսում, ընդհատ֊ընդհատ՝ իր թավ, դարչնագույն մորուսի մեջ։ Ամուսնական կյանքի առաջին տարուց հետո, միսիս Կերնին համոզվեց, որ իր կոշկակար ամուսինը շատ ավելի լավ է, քան ռոմանտիկը։ Բայց երբեք չհրաժարվեց իր ռոմանտիկ գաղափարներից։ Միստր Կերնին ժուժկալ էր, հավասարակշռված ու բարեպաշտ։ Ամեն ուրբաթ եկեղեցի էր գնում՝ երբեմն կնոջ հետ, ավելի հաճախ՝ միայնակ։ Իսկ միսիս Կերնին էլ, իր հերթին, երբեք չէր թերանում բարեպաշտության մեջ և օրինավոր կին էր ամուսնու համար։ Որևէ անծանոթի տանը հյուր լինելիս, երբ կինը թեկուզ թեթևակի կիտում էր հոնքերը, միստր Կերնին տեղից ելնում, ներողություն էր խնդրում, և նրանք հեռանում էին, իսկ երբ ամուսնու հազն էր բռնում, կինը նրա ոտքերին բրդյա ծածկոց էր գցում ու թունդ պունշ պատրաստում։ Իր կողմից էլ, միստր Կերնին իսկական հոր տիպար էր։ Շաբաթական մի փոքրիկ գումար մուծելով վանքապետական միությանը, նա արդեն ապահովել էր երկու աղջիկների օժիտը՝ յուրաքանչյուրին հարյուր ֆունտ, երբ նրանք քսանչորս տարեկան դարձան։ Միստր Կերնին մեծ դստերը՝ Կեթլինին ուղարկեց բարեհամբավ մի վանք, որտեղ նա ֆրանսերեն ու երաժշտություն սովորեց, իսկ հետո վճարեց աղջկա՝ համալսարանում ուսանելու վարձը։ Ամեն տարի հուլիսին միսիս Կերնին պատեհ առիթ էր գտնում որևէ բարեկամի ասելու․

― Իմ սիրելի ամուսնյակը մի քանի շաբաթով մեզ ուղարկելու է Սկերիեզ։

Եթե ոչ Սկերիեզ, ապա՝ Հոութ կամ Գրեյսթոնզ։

Երբ Իռլանդիայի ազգայնական շարժումն սկսեց աչքի զարնել, միսիս Կերնին աղջկա անունը հռչակելու նպատակով տանը իռալանդացի ուսուցիչ վարձեց։ Կեթլինն ու նրա քույըր սկսեցին իրենց ընկերներին իռլանդական նկարազարդ բացիկներ ուղարկել․ վերջիններս էլ նույն կերպ էին պատասխանում։ Կիրակի օրերին, երբ միստր Կերնին ընտանիքով մայր եկեղեցի էր գնում, պատարագից հետո սովորաբար փոքր ամբոխ էր հավաքվում Կաթողիկե փողոցի անկյունում։ Նրանք բոլորը Կերնիների բարեկամներն էին․ երաժիշտներ, ազգայնականներ։ Երբ նրանց անլեգալ զրույցները վերջանում էին, իրար ձեռք սեղմելով բաժանվում էին՝ «ցտեսությունը» անպայման իռլանդերեն ասելով։ Շուտով միսս Կեթլին Կերնիի անունը ավելի հաճախ սկսեց լսվել մարդկանց շուրթերից։ Ասում էին, որ աղջիկը շատ ճարտար երաժիշտ էր, հրապուրիչ, ավելին՝ մայրենի լեզվի ջատագով։ Կերնին գոհ էր։ Ուստի, այնքան էլ չզարմացավ, երբ մի օր միստր Հոլհընը այցելեց նրան և առաջարկեց, որ Կեթլինը նվագակցի այն չորս մեծ համերգներին, որ իր կազմակերպությունը տալու էր «Էնթիենթ» համերգասրահում։ Միսիս Կերնին նրան հյուրասենյակ տարավ, աթոռ հրամցրեց, խմիչք ու արծաթե սկիհով թխվածք հյուրասիրեց։ Հետո ոգևորությամբ խորամուխ եղավ գործի մանրամասների մեջ, խորհուրդներ ու խոստումներ տվեց։ Վերջապես պայմանագիրը կնքվեց՝ ըստ որի Կեթլինը չորս ճոխ համերգներին նվագակցելու համար ստանալու էր ութ գինե։

Քանի որ միստր Հոլհընը սկսնակ էր աֆիշներ ձևավորելու, համերգի ծրագրեր կազմելու նուրբ գործերում, ուստի միսիս Կերնին էր նրան օգնում։ Նա տակտով կին էր։ Գիտեր, թե որ արտիստի անունն է նպատակահարմար մեծատառով գրել և ումը՝ փոքրատառով։ Տեղյակ էր, որ առաջին տենորը միստր Միդի խայտառակ ձախողումից հետո չէր ուզում բեմ դուրս գալ։ Ունկնդիրներին մշտատև հրապուրանքի մեջ պաելու նպատակով, նա գաղտնի կերպով համերգի կասկածելի ծրագրեր ուղարկեց իր հին մտերիմներին։ Միստր Հոլհընը ամեն օր պետք է այցելեր նրան՝ հրահանգներ ստանալու համար։ Միսիս Կերնին մշտապես բարեկամաբար էր վարվում նրա հետ, խորհուրդներ տալիս իր մտերիմի պես։ Նա մոտեցնում էր թխվածքների արծաթե սկիհը ու ասում․

― Հյուրասիրվե՛ք, հյուրասիրվե՛ք, միստր Հոլհըն․․․

Ու մինչ նա հյուրասիրվում էր, միսիս Կերնին ասում էր․

― Մի անհանգստացեք․․․ Մի անհանգստացեք այդ հարցում․․․ Ամեն ինչ բարեհաջող էր ընթանում։ Միսիս Կերնին աղջկա զգեստին ամրացնելու համար մի քանի վարդագույն ապարանջաններ գնեց։ Դրանք բավականին թանկ էին, բայց դե, հանգամանքներ կան, երբ ծախսն արդարացվում է։ Միսիս Կերնին երկու շիլինգանոց տասը հատ տոմս գնեց վերջին համերգի համար և ուղարկեց իր այն ընկերներին, որոնց վրա կասկածում էր, թե տոմս կգնեին ու համերգ կգային։ Մայրը ոչինչ չէր մոռանում և նրա շնորհիվ այն ամենը, ինչ հնարավոր էր անել, արդեն արված էր։

Համերգները տեղի էին ունենալու չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Երբ չորեքշաբթի երեկոյան միսիս Կերնին դստեր հետ գնաց «Էնթիենթ» համերգասրահ, նրան բոլորովին դուր չեկավ այն, ինչին ականատես եղավ։ Բաճկոններին վառ կապտավուն աստղանշաններ փակցրած մի քանի երիտասարդներ ծուլորեն կանգնել էին համերգասրահի մուտքի մոտ։ Նրանցից ոչ մեկը համերգի համար չէր հագնվել։ Միսիս Կերնին դստեր հետ անցավ նրանց կողքից ու սրահի դռնից ներս նայելով՝ հասկացավ, թե ինչու էին անհոգ կանգնել դրանիկները։ Սկզբում կասկածեց՝ գուցե դեռ շուտ է։ Ոչ, ութից քսան էր պակաս։

Հարդարասենյակում նա ծանոթացավ համերգի կազմակերպիչներից մեկի՝ միստր Ֆիթզփատրիկի հետ։ Միսիս Կերնին ժպտալով սեղմեց նրա ձեռքը։ Միստր Ֆիթզփատրիկը փոքրամարմին, գունատ, վերացած դեմքով տղամարդ էր։ Միսիս Կերնին նկատեց, որ դարչնագույն գլխարկը թեք էր դրված, իսկ առոգանությունը գեղջկական էր։ Հետո, խոսելիս, ծամում էր ծրագրի լխկած թուղթը։ Երևում էր, նա հանգիստ էր տանում համերգների ձախողումը։ Միստր Հոլհնը րոպեն մեկ հարդարասենյակ մտնելով հայտնում էր, թե ինչքան տոմս է վաճառվել։ Արտիստները զրուցում էին, երբեմն նայելով հայելուն՝ լարում, կամ թուլացնում էին երաժշտալարերը։ Երբ արդեն ժամը ութն անց կես դարձավ, համերգասրահում ունկնդիրներ սկսեցին անհանգիստ շարժումներ անել, իսկ մի քանիսն ուզում էին համերգի ձգձգվելու պատճառն իմանալ։ Միստր Ֆիթզփատրիկը դեմքին անտարբեր ժպիտ խաղացնելով ներս մտավ ու ասաց․

― Լեդիներ և ջենտլմեններ, կարծում եմ կարելի է սկսել։ Լսելով, թե միստր Ֆիթզփատրիկն ինչպես է արտասանում վերջին ձայնավորը, միսիս Կերնին արհամարհանքով նայեց նրան։ Առոգանությունը շատ էր գեղջկական։ Հետո քաջալերանքով դիմեց աղջկան․

― Պատրա՞ստ ես, սիրելիս։

Եվ, պատեհ առիթ գտնելով, մի կողմ տարավ միստր Հոլընին ու խնդրեց բացատրել, թե այս բոլորը ինչ էր նշանակում, ինչու էր համերգը ձգձվում։ Վերջինս ասաց, որ իր ընկերության հանձնաժողովը սխալվել էր չորս համերգի համար կարգադրություն անելով․ չորսը շատ շատ էր։

― Իսկ արտիստե՞րը, ― հարցրեց միսիս Կերնին։ ― Իհարկե, նրանք ուզում են հնարավորին չափ լավ նվագել, բայց ճիշտն ասած, այնքան էլ լավ երաժիշտներ չեն։

Միստր Հոլհընը համաձայնվեց, որ արտիստները լավ չէին կատարում։ Նա ասաց, հանձնաժողովը թույլատրել էր, որ առաջին երեք համերգներն ընթանան այնպես, ինչպես իրենք էին կամենում, իսկ բոլոր տաղանդներին պետք էր պահել շաբաթ երեկոյի համար։ Միսիս Կերնին ոչինչ չպատասխանեց, բայց երբ բեմի վրա մեկը մյուսին սկսեցին հաջորդել անհաջող կատարումները, իսկ դահլիճում առանց այն էլ քիչ ունկնդիրներն սկսեցին նոսրանալ, մայրը վշտացավ, չէ՞ որ համերգի պատճառով այդքան ծախսի տակ էր ընկել։ Նա դժգոհ էր երեկոյի անցուդարձից, իսկ միստր Ֆիթզփատրիկի անտարբեր ժպիտը ուղղակի անտանելի էր։ Այնուամենայնիվ, միսիս Կերնին չբողոքեց, սպասեց տեսնի, ինչ է լինելու վերջը։ Համերգը կարճ տևեց՝ մինչև տասը, և բոլորը արագ իրենց տները ցրվեցին։

Հինգշաբթի օրվա համերգը լավ էր նախապատրաստված, բայց միսիս Կերնին իսկույն նկատեց, որ համերգասրահը լցված է ծրագրերի պատառոտված կտորներով։ Ունկնդիրներն իրենց վայելուչ չէին պահում․ ասես այս համերգը գլխավոր փորձ լիներ։ Միստր Ֆիթզփատրիկը կարծես թե գոհ էր։ Նա բոլորովին անտեղյակ էր, որ իր վարմունքի պատճառով միսիս Կերնին արդեն բարձրահունչ նոտա էր վերցրել։ Բեմի անկյունում կանգնած, միստր Ֆիթզփատրիկը երբեմն գլուխը հանում էր վարագույրների ետևից ու ժպիտներ փոխանակում օթյակում կանգնած երկու ընկերների հետ։ Միսիս Կերնին այդ երեկոյի անցուդարձից հասկացավ, որ ուրբաթ օրվա համերգը տեղի չէր ունենալու, իսկ հանձնաժողովը պատրաստվում էր երկինքն ու երկիրը շուռ տալ՝ շաբաթ երեկոյան համերգասրահը ունկնդիրներով ապահովելու համար։ Լսելով այս մասին՝ նա սկսեց փնտրել միստր Հոլհընին։ Նրա օձիքից բռնեց այն պահին, երբ վերջինս լիմոնադի բաժակը ձեռքին, արագ ոստնելով, մոտենում էր հյուրասիրելու մանկամարդ մի լեդիի։ Մայրը հարցրեց՝ ճի՞շտ է, որ համերգը տեղի չի ունենալու։ Այո, ճիշտ է։

― Բայց դա իհարկե չի փոխի պայմանագիրը, ― ասաց միսիս Կերնին։ ― Որովհետև այն չորս համերգների համար է, այնպես չէ՞։

Միստր Հոլհընը ըստ երևույթին շատ էր շտապում։ Նա խորհուրդ տվեց այդ հարցով խորհրդակցել Ֆիթզփատրիկի հետ։ Միսիս Կերնին սկսեց անհանգստանալ։ Նա մի կողմ տարավ միստր Ֆիթզփատրիկին և բացատրեց, որ իր աղջիկը պայմանագիր է կնքել չորս համերգների համար, ուստի համաձայն այդ պայմանագրի, գումարը պետք է լրիվ ստանա, անկախ այն բանից, ընկերությունը չոր համե՞րգ կտա, թե՞ ոչ։ Միստր Ֆիթզփատրիկը, որն իսկույն չըմբռնեց հարցի էությունը, խոստացավ, որ այդ մասին կհայտնի հանձնաժողովի նիստին։ Ինքը միայնակ չի կարող որոշում կայացնել։ Միսիս Կերնիիի այտերը բարկությունից թրթռացին և, հազիվ իրեն սպելով, հարցրեց․

― Իսկ հանձնաժողովը կարո՞ղ է վճարել․․․

Հետո զգաց, որ դա լեդիի արարք չէ, ուստի լռեց։

Ուրբաթ օրը, վաղ առավոտյան, ազդագրերի կապոցները ձեռքերին, փոքրիկ տղաները շրջում էին Դուբլինի գլխավոր փողոցներում։ Երեկոյան բոլոր թերթերում փքուն հայտարարություններ երեվացին, երաժշտասեր հասարակությանը մի անգամ ևս հիշեցնելով, թե ինչ անսպասելի բերկրանք է նրա համար նախապատրաստված հաջորդ երեկոյին։ Միսիս Կերնին փոքր֊ինչ հանգստացել էր, բայց ի վերջո որոշեց ամուսնուն հայտնել իր կասկածանքների մի մասը։ Ամուսինը ուշադիր լսեց, հետո խորհուրդ տվեց՝ լավ կլինի, որ շաբաթ երեկոյին ինքն էլ գա։ Կինը համաձայնվեց։ Նա ամուսնուն հարգում էր ու վստահում այնպես, ինչպես «Փոստային Գլխավոր» ընկերության գրասենյակին։ Ամուսնու մեջ մի ապահով ու հաստատուն բան կար․ ու թեև քիչ բան գիտեր նրա ունակությունների մասին, այնուամենայնիվ գնահատում էր կողակցի տղամարդկային դատողությունները։ Մայրը մի անգամ էլ քննեց իր ծրագրերը։

Շաբաթ երեկոյան միսիս Կերնին ամուսնու ու դստեր հետ համերգասրահ գնաց համերգն սկսվելուց երեք քառորդ ժամ առաջ։ Այդ երեկո անձրև էր գալիս։ Միսիս Կերնին դստեր հագուստներն ու նոտաները թողնելով ամուսնու հսկողության տակ, ամբողջ սենյակով մեկ սկսեց փնտրել միստր Հոլհընին կամ միստր Ֆիփզփատրիկին։ Ոչ մեկին չկարողացավ գտնել։ Դրանիկներից մեկին հարցրեց՝ արդյոք հանձնաժողովի անդամներից որևէ մեկը դահլիճու չէ՞։ Երկար փնտրելուց հետո դրանիկը Բիրն անունով մի կնոջ գտավ, որին միսիս Կերնին բացատրեց, որ ուզում է տեսնել հանձնաժողովի անդամներից որևէ մեկին։ Միսիս Բիրնը հավաստիացրեց, որ նրանք ուր որ է կերևան։ Հետո հարցրեց՝ ինչո՞վ կարող է օգնել։ Միսիս Կերնին սևեռուն նայեց կնոջ ոգևորված, պատրաստակամ ու պառաված դեմքին և պատասխանեց․

― Ո՛չ, շնորհակալություն․․․

Փոքրամարմին կինը հույս հայտնեց, որ իրենք շատ ունկնդիրներ կունենան։ Նա դուրս նայեց այնքան, մինչև անձրևոտ փողոցի մելամաղձությունը խորշոմած դեմքից ցրեց ամբողջ ոգևորությունն ու ինքնավստահությունը։ Հետո հոգոց հանեց ու ասաց․

― Ահ, ինչ արած․․․ Աստված վկա, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք․․․

Միսիս Կերնին նորից հարդարասենյակ մտավ։

Արդեն հավաքվում էին արտիստները։ Բասն ու երկրորդ տենորը եկել էին։ Բասը՝ միստր Դագնը նիհար երիտասարդ էր՝ ցանցառ, սև բեղերով։ Նա քաղաքային համերգասրահի պահակի որդին էր։ Դեռ փոքր ժամանակ իր ծորուն բասով երգել էր արձագանքվող դահլիճում։ Այս խոնարհ վիճակից այնպիսի վերելք էր ապրել, որ դարձել էր առաջնակարգ արտիստ։ Միստր Դագնը նույնիսկ ելույթ էր ունեցել օպերայում։ Մի երեկո, երբ երգիչը հանկարծակի հիվանդանում է, «Մարիտան» օպերայում նա ստանձնում է թագավորի դերերգը «Թագավորական» օպերային թատրոնում։ Միստր Դագնը իր դերերգը կատարում է մեծ վերելքով, իսկ օթյակի ունկնդիրները ջերմորեն են ընդունում, բայց դժբախտաբար, նա փչացնում է այդ լավ տպավորությունը՝ մի երկու անգամ ձեռնոցով անխոհեմաբար մաքրելով քիթը։ Միստր Դագնը համեստ էր ու քչախոս։ Նա ձեզ֊ը այնքան քնքշորեն էր արտասանում, որ ոչ մեկը չէր լսում, հետո, ձայնի խաթեր, կաթից բացի ուրիշ ոչինչ չէր խմում։ Միստր Բելլը՝ երկրորդ տենորը, շիկահեր, փոքրամարմին տղամարդ էր, նա ամեն տարի «Ֆիս Սիոյլում» մասնակցում էր մրցույթներին։ Չորրորդ մրցույթին նրան բրոնզե մեդալ էր շնորհվել։ Ծայրահեղ ջղային ու նախանձ էր մյուս տենորների նկատմամբ և իր նախանձը թաքցնում էր ընկերասիրության ցուցամոլությամբ։ Միստր Բելլը սովորություն ուներ մարդկանց բացատրել, թե ինչ փորձություն է իր համար համերգը։ Այդ պատճառով, երբ տեսավ միստր Դագնին, մոտեցավ ու հարցրեց․

― Դուք է՞լ եք երգելու։

― Այո, ― ասաց միստր Դագնը։

Միստր Բելլը ծիծաղեց իր տառապյալ ընկերոջ վրա, ձեռքը մեկնեց ու ասաց․

― Թխի՛ր գա․․․

Անցնելով այս երկու երիտասարդների կողքով, միսիս Կերնին գնաց բեմեզր՝ վարագույրի արանքից համերգասրահը նայելու։ Նստարաններն արագորեն զբաղեցվում էին, և հաճելի շշուկ էր տարածվել դահլիճում։ Մայրը ետ եկավ և ամուսնուն մի կողմ տանելով, գաղտնի խոսեց հետը։ Խոսակցությունն ակներևաբար Կեթլինին էր վերաբերում, որովհետև հաճախ ակնարկներ էին նետում իրենց դստեր կողմը, որ շաղակրատում էր իր ազգայնական ընկերուհու՝ կոնտրալտո միսս Հիլլի հետ։ Անծանոթ մի կին քայլեց սենյակի միջով։ Կանայք սևեռուն հայացքով զննեցին նրա կապույտ, գունաթափ զգեստը, որ փռված էր նիհար մարմնին։ Ինչ֊որ մեկն ասաց, որ նա սոպրանո մադամ Գլինն է։

― Հետաքրքիր է, նրա՞ն որտեղից են գտել, ― Կեթլինը դիմեց միսս Հիլլին։ ― Անկասկած, ես առաջին անգամ եմ նրա անունը լսում։

Միսս Հիլլն ստիպված էր ժպտալ։ Այդ պահին թռվռալով հանդերձասենյակ մտավ միստր Հոլհընը, և երկու երիտասարդ լեդիները հարցրին՝ ո՞վ է անծանոթ կինը։ Միստր Հոլհընն ասաց, որ անծանոթուհին մադամ Գիլինն է՝ Լոնդոնից։ Մադամ Գլինը կանգնելու տեղ գտավ սենյակի անկյունում, աչքերի առաջ պահելով ոլորած նոտաները։ Ստվերը ծածկել էր նրա գունաթափ զգեստը։ Դահլիճում աղմուկը ավելի սաստկացավ։ Առաջին տենորն ու բարիտոնը միասին եկան։ Նրանք երկուսն էլ հագնվել էին վայելուչ, ինքնավստահ էին ու բարեկեցության շունչ էին սփռում շրջապատի վրա։

Միսիս Կերնին իր դստերը բերեց նրանց մոտ, սկսեց հետները սիրալիր զրուցել։ Նա ուզում էր լավ փոխհարաբերություն ունենալ այդ երգիչների հետ և, մինչ ճիգ էր թափում քաղաքավարի երևալ, աչքերն ակամա հետևում էին միստր Հոլհընին, որը դիվային ու խոտոր պտույտներ էր գործում սենյակում։ Հապշտապ ներողություն խնդրելով երգիչներից, մայրը հետևեց միստր Հոլհընին։

― Միստր Հորհըն, ուզում եմ մի րոպե խոսել ձեզ հետ, ― ասաց միսիս Կերնին։

Նրանք գնացին դեպի միջանցքի ազատ մասը։ Միսիս Կերնին հարցրեց, թե երբ են իր դստերը վճարելու։ Միստր Հոլհընը պատասխանեց, որ այդ հարցով միստր Ֆիթզփատրիկն է զբաղվում։ Մայրը բացատրեց, որ ինքը ոչ մի Ֆիթզփատրիկ էլ չի ճանաչում։ Իր աղջիկը նրանց ընկերության հետ ութ գինեի պայմանագիր է կնքել և նրան իսկույն պետք է վճարեն։ Միստր Հոլհընը ասաց, որ դա իր գործը չէ։

― Ինչպե՞ս թե ձեր գործը չէ, ― զարմացավ միսիս Կերնին։ ― Մի՞թե ինքներդ չբերեցիք աղջկաս պայմանագիրը։ Համենայն դեպս, եթե դա ձեր գործը չէ, ի՛մ գործն է, և ես ուզում եմ պարզել։

― Լավ կլինի խորհրդակցեք միստր Ֆիթզփատրիկի հետ, ― պարզ ու մեկեն բացատրեց միստր Հոլհընը։

― Ես ոչ մի Ֆիթզփատրիկ չեմ ճանաչում, ― պատասխանեց միսիս Կերնին։ ― Ես իմ պայմանագիրն ունեմ և ամեն միջոցի կդիմեմ, որ այն կատարվի։

Երբ նա հարդասենյակ վերադարձավ, այտերը թեթևակի շառագունել էին։ Սենյակում աշխուժություն էր տիրում։ Երկու տղամարդ, կրակարանի մոտ կանգնած մտերմորեն շաղակրատում էին միսս Հիլլի ու բարիտոնի հետ։ Մեկը «Ֆրիմանի» լրագրողն էր, մյուսը միստր Օ'Մադըն Բըրկը։ Լրագրողը ուղղակի մեկ րոպեով ներս էր մտել հայտնելու, որ ինքը չի կարող ներկա լինել համերգին․ նա հոդված պետք է գրի ամերիկացի մի քահանայի դասախոսության մասին, որը վերջինս կարդալու էր «Մենսիոն Հաուզում»։ Լրագրողն ալեխառն մազերով տղամարդ էր՝ հաճելի ձայնով ու զգուշավոր շարժուձևով։ Նրա ձեռքին հանգած սիգար կար, որի բուրմունքը տարածվել էր սենյակում։ Ոչ մի վայրկյան չի կարող մնալ, որովհետև համերգներն ու արտիստներն արդեն շատ էին ձանձրացնում։ Բայց դեռ շարունակում էր կռթնած մնալ կրակարանին։ Միսս Հիլլին նրա դիմաց կանգնած, խոսում ու ծիծաղում էր։ «Ֆրիմանի» լրագրողը բավականին ծեր էր, որ միսս Հիլլի սիրալիրությունն այլ կերպ ընդուներ, սակայն հոգով այնքան ջահել էր, որ զգում էր այդ պահը։ Կնոջ մարմնի տաքությունը, բույրն ու գույնը արթնացնում էին նրա ցանկությունները։ Եվ հաճույքով էր զգում, որ այդ պահին, ներքևում կամացուկ ելևեջող ստինքները իր համար էին, իսկ կնոջ ծիծաղը, բուրմունքն ու կանչող հայացքը իրեն էին նվիրված։ Երբ լրագրողն այլևս չդիմացավ երգչուհու կողքին կանգնել, ափսոսանքով գնալու թույլտվություն խնդրեց նրանից։

― Այս համերգի մասին հոդվածը Օ'Մադըն Բըրկը կգրի, ― հայտնեց նա միստր Հոլհընին, ― իսկ ես աչքի կանցկացնեմ։

― Շատ շնորհակալ եմ, միստր Հենդրիկ, ― ասաց միստր Հոլհընը։ ― Վստահ եմ, որ դուք այդ գործը կկարգավորեք։ Իսկ նախքան ձեր գնալը, չէի՞ք ուզի մի բաժակ․․․

― Վատ չէր լինի, ― ասաց միստր Հենդրիկը։

Նրանք քայլեցին ծուռումուռ միջանցքներով, բարձրացան մութ սանդուղքով ու մտան մեկուսի մի սենյակ, որտեղ սպասավորներից մեկը շշեր էր բացում մի քանի ջենթլմենների համար։ Նրանցից մեկը միստր Օ'Մադրն Բըրկն էր, որն այս սենյակը բնազդաբար էր գտել։ Նա հարգարժան ծերուկ էր, որը հանգստանալիս, իր վիթխարի մարմինը հավասարակշռում էր մետաքսե լայն հովանոցին։ Նրա արևմտյան ճոռոմ ազգանունը բարոյական հովանի էր, որին հաշվեկշռում էր իր նուրբ ֆինանսական խնդիրները։ Միստր Օ'Մադըն Բըրկը ամենուր մեծարվում էր։

Մինչ միստր Հոլհընը հյուրասիրում էր «Ֆիրմանի» թղթակցին, միսիս Կերին այնպես ոգևորված սկսեց խոսել ամուսնու հետ, որ վերջինս ստիպված խնդրեց, որ կինը ցածր խոսի։ Հարդարասենյակում մյուսների խոսակցությունն ավելի լարված բնույթ էր ստացել։ Միստր Բելլը՝ առաջին ելույթ ունեցողը, նոտաները ձեռքին պատրաստակամ սպասում էր, բայց նվագակցողը սկսելու նշան չէր անում։ Հավանաբար ինչ֊որ բան էր տեղի ունեցել։ Միստր Կերնին ուղիղ նայում էր առաջ՝ մորուսը հարթելով, իսկ նրա կինը անսովոր կարևորությամբ ինչ֊որ բան էր շշնջում Կեթլինի ականջին։ Դահլիճից ծափերի, քաջալերող խոսքերի ու ոտքերի շառաչ էր լսվում։ Առաջին տենորը, բարիտոնը և միսս Հիլլին հանգիստ սպասում էին, իսկ միստր Բելլը չափազանց հուզվել էր, չլինի՞ հանկարծ ունկնդիրները մտածեն, թե ինքը ուշ է եկել համերգին։

Միստր Հոլհընը և միստր Օ'Մադըն Բըրկը սենյակ մտան։ Այդ պահին միայն միստր Հոլհընը զգաց լռության իմաստը։ Նա մոտեցավ միսիս Կերնիին ու սկսեց խստորեն խոսել։ Այդ պահին դահլիճում աղմուկն ավելի սաստկացավ։ Միստր Հոլհընը չափազանց կարմրել և հուզվել էր։ Նա խոսում էր անսովոր եռանդով, բայց միսիս Կերնին կտրուկ ասաց․

― Մինչև իմ աղջիկը չստանա իր ութ գինեն, բեմ չի ելնի։

Միստր Հոլհընը հուսահատորեն մատնացույց արեց դահլիճը, որտեղ ունկնդիրները ծափահարում ու ոտքերը խփում էին հատակին։ Հետո բողոքեց միստր Կերնիին ու Կեթլինին։ Բայց միստր Կերնին շարունակեց մորուսը հարդարել, իսկ Կեթլինը գլուխը խոնարհելով՝ իր նոր կոշիկի քիթը տարուբերեց․ ինքը մեղավոր չէ։ Միսիս Կերնին կրկնեց․

― Նա չի շարունակի, մինչև իր փողը չստանա։

Անզիջում լեզվակռվից հետո միստր Հոլհընը կաղալով, արագ դուրս եկավ։ Սենյակում լռություն տիրեց։ Երբ այն փոքր֊ինչ անտանելի դարձավ, միսս Հիլլին բարիտոնին ասաց․

― Այս շաբաթ տեսե՞լ ես միսիս Փաթ Քեմբլին։

Բարիտոնը չէր հանդիպել նրան, բայց լսել էր, որ Փաթը հրաշալի է կատարել իր դերերգը։ Խոսակցությունն այլևս չշարունակվեց։ Առաջին տենորը գլուխը խոնարհեց, սկսեց հաշվել վզի շուրջ տարածված ոսկե շղթայի օղակները և ժպտալով ու պատահական նոտաներ դնդնալով, փորձում էր կոկորդի առաջնախոռոչը։ Երբեմն բոլորը նայում էին միսիս Կերնիին։

Հանդիսասարահում աղմուկը սաստկացել ու հասել էր աղաղակի։ Երբ միստր Փիթզփատրիկը սենյակ խուժեց, նրա ետևից շնչակտուր ներս ընկավ միստր Հոլհընը։ Հանդիսասրահում ծափերն ու ոտքերի շառաչն ուղեկցվում էին սուլոցներով։ Միստր Ֆիթզփատրիկի ձեռքին մի քանի բանկնոտներ կային։ Նա դրանցից չորսը հաշվեց, միսիս Կերնիի ափի մեջ դրեց, բացատրելով, որ մյուս կեսը նա կստանա ընմիջմանը։

― Չորս շիլլինգը քիչ է։

Բայց Կեթլինը հավաքեց շրջազգեստի փեշերն ու ասաց առաջին տենորին, որը կաղամախու պես դողում էր․

― Դե, գնացինք, միստր Բելլ․․․

Երգիչն ու նվագակցողը միասին բեմ ելան։ Դահլիճում աղմուկը հանդարտվեց։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց, հետո լսվեցին դաշնամուրի առաջին ակորդները։

Համերգի առաջին մասը շատ հաջող անցավ, բացի մադամ Գլինի դերերգից։ Խեղճ կինը երգեց անկենդան, հևասպառ ձայնով ու հնաոճ շարժուձևով, որը երգչուհու կարծիքով վայելչանք է հաղորդում երգին։ Կնոջ տեսքն այնպիսին էր, ասես հարություն էր առել հին բեմազգեստներից, իսկ դահլիճի մի քանի էժանագին տեղերից ծաղրեցին մադամ Գլինի բարձրահունչ, հեծկլտացող նոտաները։ Այնուամենայնիվ, առաջին տենորն ու կոնտրալտոն գերեցին հանդիսականներին։ Կեթլինը իռլանդական ժողովրդական մանրանվագների մի փունջ կատարեց, որն առատ ծափերի արժանացավ։ Համերգի առաջին մասն ավարտվեց երիտասարդ միլեդիի հայրենասիրական բանաստեղծությունների հուզավառ արտասանությամբ, որ նա կատարեց թատերային մեկնաբանությամբ։ Լեդիին արժանիորեն ծափահարեցին։ Ընդմիջմանը մարդիկ գոհ դուրս եկան։

Այս ամբողջ ժամանակ հարդարասենյակը նմանվում էր մեղվի փեթակի։ Սենյակի մի անկյունում կանգնած էին միստր Հոլհընը, միստր Ֆիթզփատրիկը, միսս Բիրնը, երկու դրանիկները, բարիտոնը, բասը, և միստր Օ'Մադըն Բըրկը։ Միստր Օ'Մադըն Բըրկն ասաց, որ նման խայտառակ սկանդալի ինքը չի հանդիպել։ Այսօրվանից միսս Կեթլին Կերնիի երաժշտական կարիերան Դուբլինում պետք է ավարտված համարել։ Բարիտոնին հարցրին, թե ի՞նչ է մտածում միսիս Կերնիի արարքի մասին։ Նա ոչինչ չէր ցանկանում ասել։ Նրան ինչպես հարկն է վճարել էին և երգիչն ուզում էր հաշտ ու խաղաղ ապրել մարդկանց հետ։ Այնուամենայնիվ ասաց, որ միսիս Կերնին մի գուցե արժանանար արտիստների ուշադրությանը։ Համերգի կազմակերպիչներն ու դրանիկները տաքացած վիճում էին, թե ինչպես պետք է վարվեին ընդմիջմանը։

― Ես համաձայն եմ միսս Բիրնի հետ, ― ասաց միստր Օ'Մադըն Բըրկը։ ― Միսս Կեթլինին ոչինչ չպետք է վճարել։

Սենյակի մյուս անկյունում միսիս Կերնին էր, նրա ամուսինը, միստր Բելլը, միսս Հիլլին ու այն երիտասարդ լեդին, որը հայրենասիրական բանաստեղծություններ էր արտասանել։ Միսիս Կերնին բողոքում էր։ Հանձնաժողովը նրա հետ անազնվորեն է վարվել։ Ինքը ոչ փող, ոչ էլ ջանք էր խնայել համերգին նախապատրաստվելու համար։ Եվ ահա թե ինչպես են վարձահատույց լինում նրա կազմակերպիչները։ Նրանք կարծում էին, թե գործ ունեն միայնակ ու անօգնական աղջկա հետ։ Եվ, ինչպես ուզեն, կարող են վարվել նրա հետ։ Բայց ինքը բոլորին էլ կհայտնի նրանց խաբեության մասին։ Աղջկա հետ չէին համարձակվի այդպես վարվել, եթե նա տղամարդ լիներ։ Ինքն ուզում է, որ Կեթլինի իրավունքները վերականգնվեն։ Նրանց մտքով երբեք թող չանցնի, թե կարող են իրեն հիմարի տեղ դնել։ Եթե համերգի կազմակերպիչները փողի մյուս կեսը չվճարեն, ամբողջ Դուբլինով մեկ կխայտառակի նրանց։ Իհարկե, ինքը ներողություն է խնդրում արտիստներից, բայց այլ կերպ չէր կարող վարվել։ Միսիս Կերնին գանգատվեց երկրորդ տենորին։ Վերջինիս կարծիքով տիկնոջ հետ անարդար էին վարվում։ Մայրը այնուհետև տրտնջաց միսս Հիլլին։ Վերջինս ուզում էր միանալ սենյակի մյուս անկյունում կանգնած խմբին, բայց միևնույն ժամանակ չէր համարձակվում, որովհետև Կեթլինն իր ամենամտերիմ ընկերուհին էր, և ինքը հաճախ էր հրավիրվում կերնիների տուն։

Հենց որ առաջին երգն ավարտվեց, միստր Ֆիթզփատրիկն ու միստր Հոլընը իսկույն մոտեցան միսիս Կերնիին ու բացատրեցին, որ մյուս չորս գինեն կվճարեն հաջորդ չորեքշաբթի օրը կայանալիք ժողովից հետո։ Եվ եթե նրա աղջիկը չնվագի համերգի երկրորդ բաժնում, հանձնաժողովը չեղյալ կհամարի պայմանագիրը ու ոչինչ չի վճարի։

― Ինչ է, պայմանագիրը կնքելիս ես հանձնաժողովի հե՞տ եմ հանդիպել, ― բարկացած գոչեց միսիս Կերնին։ ― Իմ աղջիկը պայմանագիր ունի։ Կամ նա առձեռն պետք է ստանա իր ութ ֆունտը, կամ էլ ոտքը երբեք չի դնի այս բեմին։

― Ես զարմանում եմ ձեզ վրա, միսիս Կերնի, ― ասաց միստր Հոլհընը։ ― Երբեք չէի սպասում, որ դուք այդ ձևով կվարվեիք մեզ հետ։

― Իսկ դուք ինչպե՞ս վարվեցիք ինձ հետ, ― հարցրեց միսիս Կերնին։

Մայրը զայրույթից գունատվել էր և այնպիսի տեսք ուներ, ասես ուզում էր մատներով ծվատել որևէ մեկին։

― Ես իմ իրավունքներն եմ պահանջում։

― Դուք կարող էիք ավելի պատշաճ լինել, ― ասաց միստր Հոլհընը։

― Ես այո՞․․․ Դե իհարկե․․․ Բայց երբ ես պահանջում եմ, որ աղջկաս վճարեք ու քաղաքավարի պատասխան չեմ ստանո՞ւմ․․․ ― Հանձնաժողովի հետ ինքներդ խոսեք։ Դա իմ գործը չէ։ Դուք ինձ խաբել եք ու փողերս յուրացրել․․․

― Իսկ ես կարծում էի, թե դուք լեդի էիք, ― ասաց միստր Հոլհընը, իսկույն հեռանալով նրանից։

Այդ դեպքից հետո միսիս Կերնիի վարմունքը ամենուր պախարակվեց։ Բոլորը հավանություն էին տալիս հանձնաժողովի որոշմանը։ Իսկ միսիս Կերնին, որի աչքերի տակը փոս էր ընկել բարկությունից, կանգնել էր դռան մոտ ու ձեռքերը թափահարելով վիճում էր ամուսնու և դստեր հետ։ Միսիս Կերնին սպասեց մինչև համերգի երկրորդ բաժինն սկսվելը, հուսալով, գուցե համերգի կազմակերպիչներից մեկնումեկը կմոտենա իրեն։ Բայց միսս Հիլլին սիրով համաձայնվել էր մի քանի համարներ նվագակցել։ Միսիս Կերնին մի կողմ քաշվեց, որ բարիտոնն ու նվագակցողը բեմ մտնեին։ Նա մի քիչ էլ կանգնած մնաց՝ ինչպես ցասկոտ արձան, իսկ երբ երգի առաջին հնչյունները հասան նրա ականջին, արագ վերցրեց դստեր վերարկուն ու հրամայեց ամուսնուն․

― Գնա կառք գտի՛ր․․․

Ամուսինը իսկույն դուրս եկավ։ Միսիս Կերնին վերարկուն գցեց Կեթլինի ուսերին և հետևեց ամուսնուն։ Դռան շեմով անցնելիս մայրը մի պահ կանգնեց ու աչքերը ոլորեց միստր Հոլըհընի վրա։


― Ես գործերս դեռ չեմ վերջացրել ձեր հետ։

― Իսկ ես արդեն վերջացրել եմ, ― ասաց միստրՀոլըհընը։

Կեթլինը հեզորեն քայլեց մոր ետևից։ Միստր Հոլըհընը սկսեց գնալ֊գալ սենյակում, որպեսզի զովացներ քրտնած մարմինը։

― Ինչ խոսք, նա հրաշալի՜ լեդի է․․․, նա հրաշալի լեդի է․․․

― Դուք ճիշտ վարվեցիք, Հոլհըն, ― ասաց միստր Օ'Մադըն Բըրկը՝ հաստատուն հենվելով իր հովանոցին։