Մարտին Իդեն, Գլուխ IX

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ VIII Մարտին Իդեն, Գլուխ X ▶


Մարտին Իդենը վերադարձավ նավարկությունից և սիրահարի անհամբերությամբ շտապեց գնալ Կալիֆորնիա։ Ութ ամիս առաջ ծախսելով իր բոլոր դրամները, նա ծառայության վարձվեց մի նավի վրա, որը գնում էր փնտրելու Սողոմոնյան կղզիների ինչ֊որ վայրում թաղված մի գանձ։ Երկար ու անհաջող որոնումներից հետո այդ ձեռնարկը ձախողված ճանաչվեց։ Նավաստիների հետ հաշիվ տեսան Ավստրալիայում, և Մարտինը անմիջապես վարձվեց աշխատանքի Սան Ֆրանցիսկո գնացող մի նավի վրա։ Այդ ութ ամսվա ընթացքում նա ոչ միայն բավականաչափ դրամ վաստակեց, որպեսզի ցամաքում ավելի երկար դիմանա, այլև կարողացավ ժամանակ գտնել շարունակելու իր պարապմունքները։

Նա ընդունակ էր սովորելու, ընդսմին նրան օգնում էին բնական հաստատակամությունն ու Ռութի նկատմամբ նրա տածած սերը։ Ուսումնասիրելով քերականությունը՝ նա մի քանի անգամ կրկնեց դա, և ի վերջո լիովին տիրապետեց։ Նա այժմ նկատում էր նավաստիների խոսակցության մեջ անճշտություններ և մտքում ուղղում էր նրանց սխալներն ու արտահայտության կոպտությունը։ Նա ուրախությամբ էր նկատում, որ իր ականջը շատ զգայուն է դարձել և որ իր մեջ զարգացել է քերականական նուրբ զգացողություն։ Խոսքի ամեն մի սխալ աններդաշնակ էր հնչում նրա ականջին, թեպետ սովորության պատճառով պատահում էր, որ նրա բերանից էլ էին թռչում նման անճշտություններ։ Երևում էր, որ ժամանակ էր հարկավոր՝ դրանից վերջնականապես ազատվելու համար։

Վերջացնելով քերականությունը՝ նա ձեռքն առավ բառարանը և իր համար կանոն սահմանեց ամեն օր քսան բառ ավելացնել իր բառապաշարին։ Դա հեշտ խնդիր չէր և կանգնելով հերթապահության կամ ղեկանվի մոտ՝ նա կրկնում էր սովորած բառերը և աշխատում արտասանել դրանք ինչպես հարկն է։ Նա հիշում էր Ռութի բոլոր հրահանգները և շատ զարմացավ, երբ շուտով հայտնաբերեց, որ սկսել է անգլերեն խոսել ավելի մաքուր և ճիշտ, քան սպաները և նավասենյակում նստող այն ջենտլմենները, որոնք ֆինանասվորում էին ամբողջ այդ արկածախնդիր գործը։

Նավապետի՝ ձկան աչքերով նորվեգացու մոտ, պատահաբար ճարվեց Շեքսպիրի երկերի լիակատար ժողովածուն, որը նա, իհարկե, ոչ մի անգամ աչքի չէր անցկացնում, և Մարտինը թույլտվություն ստացավ օգտվել այդ թանկագին գրքերից՝ փոխարենը լվանալով դրանց տիրոջ սպիտակեղենը։ Ողբերգությունների առանձին տողեր նրա վրա թողնում էին այնպիսի տպավորություն, որ նա առանց որևէ դժվարության մտաբերում էր դրանք, և միաժամանակ ամբողջ աշխարհը նրա աչքին պատկերանում էր եղիսաբեթյան շրջանի թատրոնի կերպարներով ու ձևերով, իսկ նրա մտքերը ինքնաբերաբար շարունակվում էին անհանգ ոտանավորների ձևով։ Դա մի օգտակար վարժություն էր նրա լսելիքի համար և նրան սովորեցրեց գնահատել անգլերենի վայելչությունը, թեպետ միաժամանակ նրա խոսակցական լեզվի մեջ ներմուծեց հնացած և չգործածվող շատ դարձվածքներ։

Մարտինը արդյունավետ անցկացրեց այդ ութ ամիսը։ Նա սովորեց ուղիղ խոսել ու մտածել և ավելի լավ ճանաչեց իրեն։ Մի կողմից՝ նա համեստորեն գիտակցում էր իր տգիտությունը, իսկ մյուս կողմից՝ իր մեջ զգում էր մեծ ուժ։ Նա տեսնում էր իր և իր ընկերների միջև ահագին տարբերություն, բայց բավական խելացի էր հասկանալու համար, որ այդ տարբերությունը ոչ թե արդեն ձեռք բերվածի մեջ է, այլ այն բանում, որ նա հնարավորություն ունի ձեռք բերելու։ Ինչ անում էր նա, կարող էին անել և նրանք, բայց ներքին մի ձայն հուշում էր, որ նա ընդունակ էր ավելի շատին։ Նա հիանում էր աշխարհի գեղեցկությամբ և ցանկանում էր, որ Ռութն էլ կարողանար իր հետ միասին սքանչանալ այդ գեղեցկությամբ։ Նա վճռեց նկարագրել Ռութին Խաղաղ օվկիանոսի վեհությունը։ Այդ միտքը նրա մեջ արթնացրեց ստեղծագործական գրգիռ, և նա ցանկացավ հաղորդել աշխարհի գեղեցկությունը ո՛չ միայն Ռութին։ Եվ այդ շլացուցիչ շողքում նա հղացավ մի վեհ գաղափար՝ ինքը պետք է գրի։ Նա կլինի մեկն այն աչքերից, որոնցով նայում է աշխարհը, մեկն այն ականջներից, որոնցով լսում է աշխարհը, մեկն այն սրտերից, որոնցով զգում է աշխարհը։ Նա կգրի ամեն ինչ՝ բանաստեղծություն և արձակ, վեպեր և ակնարկներ, նաև պիեսներ, ինչպես Շեքսպիրը։ Դա իսկական կարիերա է, և դա դեպի Ռութի սիրտն առաջնորդող ուղին է։ Չէ՞ որ գրողներն աշխարհի հսկաներն են, որոնց չի կարող հասնել մի ոմն միստր Բեթլեր, որը տարեկան երեսուն հազար է շահում և կարող է Գերագույն դատարանի անդամ դառնալ, եթե ուզենա։

Հազիվ հղացված՝ այդ գաղափարը ամբողջովին նվաճեց նրան, և նրա վերադարձը դեպի Սան-Ֆրանցիսկո նմանվեց մի երազի։ Նա հարբած էր իր ուժի գիտակցությամբ և այն զգացումով, որ կարող է անել ամեն բան։ Մեծ օվկիանոսի խաղաղ առանձնության մեջ նա ձեռք բերեց իրերի հեռանկարը։ Նա հիմա առաջին անգամ պարզ տեսավ Ռութին և նրան շրջապատող աշխարհը։ Այդ երևույթները Մարտինի մտքում ստացան որոշակի ձև, կարծես նա կարող էր ձեռքով վերցնել դրանք, շուռ տալ ամեն կողմ, զննել։ Այդ աշխարհում շատ բան անհասկանալի ու մշուշապատ էր, բայց նայում էր ամբողջին, ոչ թե մանրամասներին, միևնույն ժամանակ տեսնում էր նրանց բոլորին տիրանալու եղանակը։ Գրել․ այս միտքն այրում էր նրան կրակի պես։ Ինքը կսկսի գրել վերադառնալուց անմիջապես հետո։ Ամենից առաջ կնկարագրի գանձ որոնելու գնացած արշավախումբը։ Նա կուղարկի այդ պատմվածքը Սան-Ֆրանցիսկոյի որևէ հանդեսի, առանց ոչինչ ասելու Ռութին այդ մասին, և աղջիկը կզարմանա ու կուրախանա տեսնելով մամուլում նրա անունը։ Նա կարող է միաժամանակ գրել և սովորել․ չէ՞ որ օրը քսանչորս ժամ ունի։ Նա անհաղթելի է, որովհետև գիտե աշխատել, և բոլոր ամրոցները փուլ կգան նրա առաջ։ Նա արդեն կարիք չի ունենա ծովագնացությամբ պարապել իբրև սովորական նավաստի․․․ Երևակայությամբ նա հանկարծ տեսավ իր սեփական զբոսանավը։ Չէ՞ որ կան սեփական զբոսանավեր ունեցող գրողներ։ Իհարկե, նա կասեցնում էր իրեն, հաջողությունը միանգամից չի գա, լավ կլինի, որ սկզբնական շրջանում նա գրելով կարողանա շահել թեկուզ այնքան, որ բավական լինի ուսումը շարունակելու։ Իսկ հետո, որոշ ժամանակ անց (անորոշ ժամանակ անց), երբ սովորի և պատրաստվի, կսկսի գրել վեհ բաներ և իր անունը աշխարհահռչակ կդառնա։ Բայց դրանից ավելի կարևոր, ամենակարևորից էլ անսահմանորեն ավելի կարևորն այն կլինի, որ նա արժանի կդառնա Ռութին։ Փառքը ինքնըստինքյան լավ բան է, բայց այդ պատրանքները նրա մեջ ծնվեցին ոչ թե հանուն փառքի, այլ հանուն Ռութի։ Նա հետամուտ չէր փառքի, այլ միայն սիրատոչոր մի երիտասարդ էր։

Երբ Մարտինը Օքլենդ եկավ՝ գրպանում ունենալով բավականին դրամ, տեղավորվեց Բեռնարդ Գիգգինբոթամի տանը իր նախկին սենյակում և սկսեց աշխատել։ Նա չհաղորդեց Ռութին, որ վերադարձել է։ Նա վճռեց աղջկա մոտ գնալ միայն գանձ որոնողների մասին իր ակնարկը վերջացնելուց հետո։ Այդ որոշումը նա կայացրեց առանց դժվարության, որովհետև ամբողջովին համակված էր ստեղծագործական տենդով։ Բացի այդ. նրա գրած ամեն մի նախադասությունն իրեն մոտեցնում էր աղջկան։ Նա չգիտեր, թե ինչ ծավալ պիտի ունենա պատմվածքը, բայց հաշվեց բառերի քանակը մի ակնարկում, որը երկու սյունակ էր գրվել «Սան-Ֆրանցիսկոյի տեսարան» թերթի կիրակնօրյա հավելվածում, և որոշեց ղեկավարվել դրանով։ Երեք օր առանց հանգստանալու աշխատելուց հետո Մարտինը վերջացրեց իր ակնարկը, ապա խոշոր տառերով ու ամենամեծ խնամքով արտագրեց, որպեսզի ավելի ընթեռնելի դառնա։ Եվ հենց այդ ժամանակ գրադարանից վերցրած բանահյուսության դասագրքից իմացավ, որ գոյություն ունեն նոր տողեր ու չակերտներ․ իսկ ինքը այդ մասին չէր էլ մտածել։ Մարտինը իսկույն դարձյալ նստեց ակնարկն արտագրելու՝ շարունակ դիմելով այդ դասագրքի օգնությանը և մի օրվա ընթացքում այնքան շատ տեղեկություններ ձեռք բերեց շարադրության արվեստի մասին, որքան սովորական դպրոցականը ձեռք չի բերում մի տարում։ Երբ երկրորդ անգամ արտագրեց ակնարկը և զգուշությամբ գլանաձև ոլորեց, պատահմամբ կարդաց մի թերթում՝ սկսնակ հեղինակների համար դրված կանոնները, որոնց մեջ ասվում էր, որ չի կարելի գլանաձև ոլորել ձեռագիրը, և որ պետք է գրել թղթի միայն մի երեսին։ Նա խախտել էր այդ օրենքի երկու կետերն էլ։ Բայց նա կարդաց նաև, որ լավագույն հանդեսներում վճարում են ամեն մի սյունակի համար տասը դոլլարից ոչ պակաս։ Երրորդ անգամ արտագրելով՝ Մարտինը մխիթարվում էր նրանով, որ անվերջ բազմապատկում էր տասը սյունակը տասը դոլլարով։ Ամեն անգամ էլ միևնույն արդյունքն էր ստացվում՝ հարյուր դոլլար․ և նա վճռեց, որ դա, իբր նավաստի ծառայելուց շատ ավելի ձեռնտու է։ Եթե նա երկու անգամ չսխալվեր, պատմվածքը երեք օրում պատրաստ կլիներ։ Հարյուր դոլլար երեք օրում։ Նրան հարկավոր կլիներ երեք ամիս թափառել ծովերում այդպիսի գումար վաստակելու համար։ Մարդը հիմար պիտի լինի, որ ծառայի նավերի վրա, եթե կարող է գրել։ Սակայն դրամը ինքնըստինքյան առանձին նշանակության չուներ Մարտինի համար։ Դրամի նշանակությունը կայանում էր նրանում, որ այն կարող է ընձեռել ազատ ժամանակ, վայելուչ կոստյում գնելու հնարավորություն, իսկ այդ բոլորը միասին վերցրած՝ Մարտինին պետք է մոտեցներ բարեկազմ, դժգույն աղջկան, որը փոխակերպեց նրա ամբողջ կյանքը և ոգեշնչում էր նրան հետագա կատարելագործումների։

Մարտինը դրեց ձեռագիրը մի մեծ ծրարի մեջ, կնքեց և հասցեագրեց «Սան-Ֆրանցիսկոյի տեսարան» թերթի խմբագրին։ Նա այնպես էր պատկերացնում, թե խմբագրություն ուղարկած բոլոր նյութերն անմիջապես հրատարակվում են, և որովհետև ակնարկն ուղարկված էր ուրբաթ օրը, սպասում էր, որ լույս կտեսնի կիրակնօրյա համարում։ Հաճելի կլիներ այդ ձևով իմացնել Ռութին, որ ինքը վերադարձել է։ Նույն կիրակի էլ նա կգնա աղջկա մոտ։ Դրա հետ մեկտեղ նա մի նոր միտք հղացավ, որն արտակարգ սրամիտ, օգտակար և համեստ թվաց իրեն․ գրել արկածային պատմվածք երեխաների համար և վաճառել «Պատանեկության ուղեկից» հանդեսին։ Նա գնաց գրադարան և աչքի անցկացրեց «Պատանեկության ուղեկցի» մի քանի կոմպլեկտները։ Պարզվեց, որ մեծ պատմվածքներն ու վիպակները շարունակաբար են տպագրվում այդ շաբաթաթերթում՝ մոտավորապես երեք հազար բառ ամեն անգամ։ Ամեն մի վիպակ շարունակվում էր հինգ, մինչև անգամ յոթ համարներում, և նա վճռեց ելակետ ունենալ այդ հաշվարկը։

Մարտինը ժամանակին նավարկել էր Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում կետորսական նավով. այդ նավարկությունը պետք է տևեր երեք տարի, բայց նավաբեկության հետևանքով վեց ամսում ավարտվեց։ Թեպետ Մարտինը վառ երևակայություն ուներ, բայց նրա երևակայությունը միշտ էլ սնունդ էր ստանում ճշմարտությունից, և նա ուզում էր գրել միայն իրեն ծանոթ բաների մասին։ Նա շատ լավ գիտեր կետորսությունը և փաստացի նյութի վրա հիմնվելով՝ որոշեց պատմվածք գրել երկու անչափահաս տղաների մտացածին արկածների մասին։ Դա դժվար չէր, և շաբաթ երեկո նա արդեն գրեց պատմվածքի առաջին մասը՝ երեք հազար բառ, որով մեծ բավականություն պատճառեց Ջիմին, իսկ միստր Հիգգինբոթամը ճաշի Ժամանակ մի շարք բացահայտ հեգնական դիտողություններ արեց իրենց ընտանիքում հայտնված «թուղթ մրոտողի» մասին։

Մարտինը լուռ էր մնում և միայն հրճվում էր պատկերացնելով, թե ինչպես կզարմանա իր փեսան, երբ «Տեսաբանի» կիրակնօրյա համարը բաց անելով՝ կկարդա գանձ որոնողների մասին պատմվածքը։ Կիրակի օրն առավոտյան նա ինքը իջավ շքամուտքի թերթերի հետևից։

Մի քանի անգամ ուշադիր աչքի անցկացնելով թերթը՝ նա ծալեց ու դրեց տեղը, ուրախանալով, որ իր այդ փորձի մասին ոչ ոքի չի ասել։ Լավ մտածելուց հետո նա վճռեց, որ սխալվել է մամուլում պատմվածքների լույս տեսնելու արագության հարցում։ Հետո նրա ակնարկում հրատապ ոչինչ չկար և շատ կարելի է, որ խմբագիրը որոշել է նախօրոք գրել նրան իր նկատառումները։

Նախաճաշից հետո Մարտինը նորից զբաղվեց վիպակով։ Բառերը սահում էին նրա գրչի տակից, թեպետ նա հաճախ ընդմիջում էր աշխատանքը՝ բառարանը կամ բանահյուսության դասագիրքը նայելու համար։ Երբեմն այդպիսի դադարների ժամանակ նա կրկին ու կրկին կարդում էր գրված գլուխը, իրեն մխիթարելով, որ ստեղծագործական մեծ գործից կտրվելով, նա օգտվում է այդ ժամանակից, որպեսզի յուրացնի շարադրության կանոնները և սովորի արտահայտել ու շարահյուսել իր մտքերը։ Նա գրում էր մինչև մութն ընկնելը, ապա գնում էր ընթերցարան և պրպտում էր շաբաթաթերթերն ու ամսագրերը մինչև երեկոյան ժամը տասը, այսինքն՝ մինչև ընթերցարանի փակումը։ Այդ շաբաթվա համար դա էր նրա ծրագիրը։ Ամեն օր նա գրում էր երեք հազար բառ և ամեն երեկո գնում էր ընթերցարան, քրքրում էր հանդեսները աշխատելով պարզել, թե ինչպիսի ոտանավորներ, վիպակներ ու պատմվածքներ են դուր գալիս հրատարակիչներին։ Անկասկած էր մի բան, նա կարող էր գրել ամեն ինչ, որ գրել են այդ անհամար գրողները, բացի այդ, ժամկետ տվեք, և նա շատ կգրի այնպիսի բաներ, որ նրանք չեն կարող գրել։ Նա հաճույքով կարդաց «գրքերի բյուլետենում» հոնորարների մասին, ուր ասված էր, թե Կիպլինգը մի դոլլար է ստանում ամեն մի բառի համար, իսկ սկսնակ գրողների համար (դա առանձնապես հետաքրքրեց Մարտինին) առաջնակարգ հանդեսներում տալիս են առնվազն երկու սենթ։ «Պատանեկության ուղեկիցը» անկասկած առաջնակարգ ամսագիր է, այնպես որ իր ամեն օր գրած երեք հազար բառի համար ինքը պետք է ստանա վաթսունական դոլլար, այսինքն՝ այնքան, ինչքան նա կարող էր ստանալ նավարկության մեջ երկու ամսում։

Ուրբաթ երեկո նա ավարտեց իր վիպակը։ Դա բաղկացած էր ճիշտ քսանմեկ հազար բառից։ Եթե նույնիսկ երկու սենթ վճարեն բառին, նա կստանա չորս հարյուր քասն դոլլար։ Դա այնքան էլ բարձր վարձատրություն չէ մեկ շաբաթվա աշխատանքի դիմաց։ Նա իր ամբողջ կյանքում միանգամից այդքան դրամ չէր ունեցել։ Մինչև անգամ չէր հասկանում, թե ի՞նչ բանի վրա կարելի է ծախսել այդքան շատ դրամը։ Նա իսկական ոսկեհանք էր գտել։ Նա կարող էր անվերջ ոսկի հանել այնտեղից։ Մարտինը վճռեց ձեռք բերել վայելուչ հագուստ, բաժանորդագրվել շատ թերթերի և հանդեսների, գնել բոլոր անհրաժեշտ տեղեկագրերը, որոնց համար նա այժմ ստիպված էր վազել գրադարան։ Եվ սակայն չորս հարյուր քսան դոլլարից դեռևս մնում էր բավականին խոշոր մի գումար, և նա գլուխ էր ջարդում, թե ինչի վրա ծախսի այն, մինչև որ վերջապես որոշեց մի սպասուհի վարձել Գերտրուդայի համար և մի հեծանիվ գնել Մերիենի համար։

Մարտինն իր մեծածավալ ձեռագրերն ուղարկեց «Պատանեկության ուղեկցին» և շաբաթ երեկոյան մարգարիտի որսի մասին ակնարկի պլանը կազմելուց հետո, գնաց Ռութի մոտ։ Նա նախօրոք զանգահարել էր աղջկան, և ինքը՝ Ռութը բացեց դուռը։ Մարտինից բխող ուժի և առողջության զգացումը դարձյալ պարուրեց նրան ոտից մինչև գլուխ։ Թվում էր, թե այդ ուժը լցնում է աղջկա ողջ մարմինը՝ հոսելով նրա երակների մեջ և հուզմունքից սարսռեցնելով նրան։ Մարտինը բռնկվեց՝ շոշափելով նրա ձեռքը և նայելով նրա ծավի աչքերին, սակայն աղջիկը չնկատեց այդ նրա սևացած, ութ ամսում արևից կիզված դեմքին։ Բայց վզին՝ օձիքի քերծած շերտը չէր ծածկվել նույնիսկ արևայրուքից, և Ռութը, նկատելով այդ, հազիվ զսպեց իր ժպիտը։ Սակայն աղջկա ծիծաղելու ցանկությունն անցավ, երբ նայեց Մարտինի կոստյումին։ Տաբաթն այս անգամ հրաշալի նստած էր նրա վրա, դա նրա առաջին կոստյումն էր՝ պատվերով կտրած և Մարտինը դրա մեջ շատ ավելի բարեկազմ ու նուրբ էր երևում։ Բացի այդ, նա փոխարինել էր իր կեպին փափուկ գլխարկով, որն աղջիկը հրամայեց դնել ու չափել գլխին, և գովեց արտաքինը։ Ռութը երջանիկ էր ավելի, քան երբևէ։ Մարտինի արտաքինի այդ փոփոխությունը աղջկա գործն էր և, հպարտանալով այդ փոփոխությամբ, Ռութը ոգևորված էր նրան հետագայում ևս օգնելու պատվախնդրությամբ։

Բայց հատկապես մի հանգամանք, այն էլ ամենակարևորը, ուրախացնում էր աղջկան՝ երիտասարդի խոսակցական լեզվի փոփոխությունը։ Նա այժմ խոսում էր ոչ միայն ավելի կանոնավոր, այլև ավելի ազատ, և նրա բառապաշարը զգալիորեն հարստացել էր։ Ճիշտ է, հափշտակության րոպեներին նա մոռանում էր իրեն և դարձյալ սկսում էր գործածել ժարգոնային բառեր և բառերի վերջին բաղաձայնները կուլ էր տալիս։ Երբեմն նա կարկամում էր, երբ պատրաստվում էր արտասանել վերջերս սովորած բառերը։ Բայց նրա խոսակցությունը բարելավվել էր ոչ միայն արտաքնապես. նրա խոսակցությունը ավելի փայլ ու սրություն էր ստացել, և դա չափազանց ուրախացրեց Ռութին։ Հայտնաբերվում էր նրա բնածին հումորը, որի համար ընկերները միշտ սիրում էին նրան, բայց որը նա առաջներում չէր կարող երևան հանել աղջկա մոտ այն պատճառով, որ հարմար բառեր չէր գտնում։ Այժմ նա իրեն արդեն չէր զգում որպես օտարոտի տարր։ Բայց և այնպես նա շատ չափազանցված ձևով զգուշավոր էր և, Ռութին թողնելով սրամիտ խոսակցություն վարելը, թեև աշխատում էր ետ չմնալ նրանից, ոչ մի անգամ նախաձեռնությունը չէր վերցնում իր վրա։

Մարտինը պատմեց նրան, թե ինչով է զբաղված, բացատրեց գրականությամբ պարապելու իր պլանր՝ ապրուստ հայթայթելու համար և միաժամանակ շարունակելու իր ուսումը։ Սակայն նրան սպասում էր հիասթափություն՝ Ռութը չափազանց թերահավատ վերաբերվեց այդ պլանին։

— Գիտե՞ք,— ասաց նա անկեղծորեն,— գրականությունն էլ նույնպիսի արհեստ է, որպիսին է ամեն մի այլ արհեստ։ Իհարկե ես մասնագետ չեմ, պարզապես արտահայտում եմ ընդհանրապես ընդունված հայացքներ։ Չի կարելի դարբին լինել առանց նախապես սովորելու երեք, թերևս հինգ տարի։ Բայց գրողները դարբիններից շատ են վաստակում և այդ պատճառով շատ շատերն են ուզում գրող դառնալ և փորձում են իրենց ուժերը։

— Իսկ դուք ինչո՞ւ չեք ենթադրում, որ ես ընդունակություններ ունեմ այդ գործում,— հարցրեց Մարտինը՝ մտքում ուրախանալով, որ այդքան լավ արտահայտվեց, բայց անմիջապես նրա վառ երևակայությունը նկատեց հյուրասենյակում տեղի ունեցող այդ խոսակցության պատկերը, իսկ դրա կողքին կոպիտ ու զզվելի հարյուրավոր պատկերներ նրա նախկին կյանքից։

Բայց բոլոր այդ խայտաբղետ տեսիլքները մի ակնթարթում եկան ու անցան՝ առանց ընդհատելու նրա մտքի թելը, առանց դանդաղեցնելու խոսակցության տեմպը։ Մարտինն իր երևակայության էկրանում տեսավ դեմ առ դեմ իրեն և այդ հաճելի ու գեղեցիկ աղջկան՝ լավ անգլերենով զրուցելիս, հանգստավետ սենյակում, գրքերով ու նկարներով շրջապատված, ներդաշնակությամբ ու կուլտուրայով, և այդ բոլորը մեղմ հստակ լույսով ողողուն։ Իսկ շուրջը, էկրանի եզերքներին երևում և անհետանում էին բոլորովին այլ տեսարաններ, բայց նա, իբրև հանդիսատես, կարող էր նայել դրանց ըստ ցանկության։ Նա դիտում էր այդ բոլորը մշուշի քողի միջով, որ հանկարծ ցրվում էր վառ կարմրավուն լույսի ճառագայթներով։ Նա տեսավ գինետնում այրող վիսկի խմող քավբոյներին․ չորս կողմից լսվում էր անվայելուչ արտահայտություններով համեմված կոպիտ խոսակցություն, իսկ նա ինքը կանգնած էր ամենաթունդ թոկից փախածների մեջ և նույնպես խմում էր հայհոյելով ու գոռալով․ կամ նստած էր նրանց հետ սեղանին նավթի գարշահոտ լամպի տակ՝ բաժանելով խաղաքարտեր և զրնգացնելով մետաղադրամները։ Հետո ինքն իրեն տեսավ մինչև մեջքը մերկ, բռունցքները սեղմած, շիկակարմիր լիվերպուլցու հետ «Սասկվեհաննա» նավի տախտակամածի վրա նշանավոր մենամարտը սկսելուց առաջ․ ապա նա տեսավ «Ջոն Ռոջերսի» արյունլվա տախտակամածը այն ամպամած առավոտյան, երբ ծագեց ըմբոստությունը, տեսավ նավապետի ավագ օգնականին՝ հոգեվարքի գալարումներով այլանդակված, նավապետի ձեռքին՝ ատրճանակ, որ կրակ ու բոց էր արձակում, շուրջը նավաստիների բազմությունը՝ կատաղությունից գազազած դեմքերով, և նորից իր հայացքն ուղղելով հանդարտ ու խաղաղ, վառ լույսով պարուրված կենտրոնական տեսարանին՝ տեսավ Ռութին, որը զրուցում էր նրա հետ գրքերի և նկարների միջև, տեսավ մեծ դաշնամուրը, որ աղջիկը հետո կնվագի նրա համար, լսեց իր սեփական, կանոնավոր կազմած ու արտասանած նախադասությունը․ «Իսկ ինչո՞ւ դուք չեք կարծում, որ ես ընդունակ եմ այդ բանին»։

– Եթե մարդ նույնիսկ դարբին դառնալու ընդունակություններ էլ ունենա,— առարկեց աղջիկը ծիծաղելով,— մի՞թե դա բավական է։ Ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը դարբին դառնա առանց նախապես աշակերտություն անելու։

— Այդ դեպքում ուրեմն ի՞նչ խորհուրդ կտաք ինձ,— հարցրեց նա։— Բայց մի՛ մոռանաք, որ ես իրոք իմ մեջ գրելու կարողություն եմ զգում. չեմ կարող դա բացատրել, բայց այդպես է։

— Դուք հիմնական կրթություն պետք է ստանաք,— պատասխանեց աղջիկը,— անկախ նրանից գրող կդառնաք, թե ոչ։ Ձեզ անհրաժեշտ է կրթություն, ինչ ասպարեզ էլ որ ընտրեք, և այդ կրթությունը պիտի լինի սիստեմատիկ և ոչ թե պատահական։ Դուք պիտի հաճախեք միջնակարգ դպրոց։

— Այո․․․— սկսեց նա, բայց Ռութն ընդմիջեց նրան։

— Դուք կարող եք այն ժամանակ էլ շարունակել գրել։

— Կշարունակեմ,— ակամա պատասխանեց նա կոպիտ։

— Ինչո՞ւ այդպես։

Աղջիկը համարյա դժկամությամբ նայեց նրան չհավանելով, որ նա այդքան համառությամբ պնդում է իր ասածը։

— Որովհետև առանց դրամ չի լինի նաև միջնակարգ կրթություն։ Չէ՞ որ ես պետք է ուտեմ, գրքեր գնեմ, հագնեմ։

— Ես շարունակ մոռանում եմ այդ,— ասաց Ռութը ծիծաղելով։— Ինչո՞ւ դուք չծնվեցիք պատրաստի եկամուտով։

— Ես գերադասում եմ առողջությունն ու երևակայությունը,— պատասխանեց նա,— իսկ եկամուտն ինքն իրեն կգա։ Ես շատ բաներ կանեի...— քիչ էր մնում, որ ասեր «հանուն ձեզ»,— հանուն որևէ մեկի։

— Մի ասեք՝ «բաներ»,― բացականչեց աղջիկը կեղծ սարսափով,— դա սոսկալի է, գռեհիկ։

Մարտինը շփոթվեց։

— Դուք իրավացի եք,— ասաց նա,— ես ցանկանում եմ, որ դուք միշտ ուղղեք ինձ։

— Ես... ես ուրախությամբ,— պատասխանեց Ռութն անվստահ։— Ձեր մեջ շատ լավ գծեր կան, և ես կուզենայի, որ դրանք ավելի շատ լինեն։

Մարտինը նորից կավ դարձավ նրա ձեռքին և տենդագին ցանկանում էր, որ աղջիկը իրենից կաղապարի ինչ ուզում է. աղջիկը նույնպես բուռն կերպով ցանկանում էր նրանից կերտել տղամարդու այնպիսի կերպար, որը իդեալական էր թվում նրան։ Երբ աղջիկը նրան հաղորդեց, թե միջնակարգ դպրոցի ընդունելության քննությունները կսկսվեն երկուշաբթի, նա անմիջապես ասաց, որ կհանձնի այդ քննությունները։

Դրանից հետո աղջիկը նստեց դաշնամուրի առաջ և երկար նվագում ու երգում էր նրա համար, իսկ Մարտինը նրան նայում էր ագահ աչքերով, հիանալով նրանով և զարմանալով, թե ինչու Ռութի շուրջը չեն խռնվում հարյուրավոր երկրպագուներ՝ լսելու նրան և տոչորվելու նրա համար, ինչպես լսում ու տոչորվում է ինքը։