Մարտին Իդեն, Գլուխ VI

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ V Մարտին Իդեն, Գլուխ VII ▶


Քաղցի տանջանքին նմանվող մի անհագստություն համակեց Մարտին Իդենին։ Նա մաշվում էր աղջկան նորից տեսնելու ցանկությունից․ աղջկան, որի քնքուշ ձեռքերը անսպասելի ուժգնությամբ բռնեցին իր ամբողջ կյանքը։ Նա չէր համարձակվում գնալ այդ աղջկա մոտ, վախենում էր, որ դա չափազանց շուտ կլինի և այդպիսով կխախտվեր քաղաքավարություն կոչված ահարկու կանոնագիրքը։ Նա ժամերով մնում էր Օքլենդի և Բերքլիի գրադարաններում, որոնց անդամագրվեց իր, Գերտրուդայի, Մերիենի անուններով, մինչև անգամ Ջիմի անունով, որը համաձայնեց, երբ Մարտինը նրան շռայլորեն հյուրասիրեց գարեջրով։ Այդ չորս բաժնեգրություններով էլ գրքեր կուտակեց, և նրա սենյակում գրեթե ամբողջ գիշեր վառ էր մնում գազը, որի համար միստր Հիգգինբոթամին ամսական հիսուն սենթ ավելի դրամ էր վճարում։

Սակայն կարդացած գրքերը միայն ավելացնում էին նրա անհանգստությունը։ Նոր գրքի յուրաքանչյուր էջ նրան սողանցք էր թվում դեպի գիտելիքների այգիները։ Այդ գրքերը կարդալուց նրա քաղցն ավելի էր սաստկանում։ Նա չգիտեր նաև, թե ինչի՞ց պիտի սկսել, և շարունակ տանջվում էր նախապատրաստական կրթություն չունենալուց։ Նա չէր իմանում մինչև անգամ ամենահասարակ բաները, որոնք պետք է գիտենա ամեն մարդ, ով գիրք է վերցնում կարդալու։ Նույնը կարելի էր ասել և բանաստեղծության մասին, որր արտասովոր հափշտակությամբ էր կարդում Մարտինը։ Սուինբեռնից նա կարդաց ոչ միայն Ռութի տված գրքույկի մեջ եղած գործերը, այլև «Դոլորեսը» և հիանալի հասկացավ այդ ամենը։ Թերևս Ռութը չի հասկանում այդ երկասիրությունը, վճռեց նա։ Ապրելով այդպիսի նուրբ կյանք՝ Ռութը ինչպե՞ս կարող էր հասկանալ դա։ Հետո նրա ձեռքն անցան Կիպլինգի բանաստեղծությունները, և նա դյութվեց ծանոթ բաների մասին նրա գրած տողերի երաժշտականությամբ, ռիթմով, կախարդական պատկերավորությամբ։ Նա հիացավ Կիպլինգի բոլոր բանաստեղծություններում արտացոլվող կյանքի սիրով և հոգեբանության նրբությամբ։ Հոգեբանությունը մի նոր բան էր Մարտին Իդենի բառապաշարում։ Նա գնեց մի բառարան և դրանով ջլատեց իր ֆինանսները, կրճատեց ցամաքում մնալու իր ժամկետը, և բացի այդ, կատաղեցրեց միստր Հիգգինբոթամին, որն այդ դրամը կգերադասեր ստանալ որպես սենյակի վարձ։

Ցերեկով Մարտինը նույնիսկ չէր համարձակվում մոտենալ Ռութի բնակարանին, իսկ գիշերները գողի նման դեգերում էր Մորզերի տան շուրջը՝ գողունի նայելով լուսավորված պատուհաններին և քնքշություն զգալով մինչև անգամ այդ տան պատերի նկատմամբ։ Քանիցս նա քիչ էր մնում երես երեսի հանդիպեր Ռութի եղբայրներին, իսկ մի անգամ նա երկար քայլեց միստր Մորզի հետևից՝ փողոցի լապտերների լույսի տակ ուսումնասիրելով նրա դեմքը և բուռն կերպով ցանկանալով, որ այդ պատվարժան ջենտլմենը ենթարկվի մահացու վտանգի, որպեսզի Մարտինը առիթ ունենա փրկելու նրա կյանքը։ Մի այլ անգամ նա հանկարծ տեսավ Ռութին երկրորդ հարկի պատուհանի առջև։ Երևում էին միայն նրա գլուխը, ուսերն ու ձեռքերը, ըստ երևույթին աղջիկը սանրվում էր հայելու առաջ։ Դա տևեց միայն մի պահ, բայց այդ էլ բավական էր բորբոքելու նրա արյունը՝ կարծես գինու ազդեցության տակ։ Ճիշտ է աղջիկն իսկույն իջեցրեց պատուհանի վարագույրը, բայց նա իմացավ, թե որտեղ է աղջկա սենյակը. դրանից հետո նա ժամերով կանգնում էր դիմացի մայթին՝ ծառի տակ և գլանակ գլանակի հետևից ծխում։ Մի անգամ նա տեսավ աղջկա մորը բանկից դուրս գալիս և ավելորդ անգամ ևս համոզվեց, որ իրեն՝ աղջկանից բաժանում է անսահման մի տարածություն։ Ռութը պատկանում էր այն մարդկանց, որոնք բանկում են պահում իրենց դրամը։ Նա համոզված է, որ այդպիսի հիմնարկներ հաճախում են միայն շատ հարուստ և շատ հզոր մարդիկ։

Որոշ առումով նա բարոյական մի հեղափոխություն էր ապրում։ Աղջկա մաքրությունն ու անարատությունը նրա վրա այնպիսի տպավորություն էին գործել, որ նա որոշեց՝ ինչ էլ որ լինի, նույնպես մաքուր լինել։ Նա պետք է մաքուր լինի, եթե ուզում է արժանանալ աղջկա հետ միևնույն օդը շնչելուն։ Նա մաքրում էր ատամները և խոհանոցի խոզանակով շարունակ քերում էր ձեռքը, մինչև որ մի անգամ խանութներից մեկի ցուցափեղկում տեսավ եղունգների խոզանակ և գուշակեց, թե դա ինչ բանի համար է գործածվում։ Վաճառողը նայելով նրա եղունգներին, առաջարկեց նրան նաև եղունգմաքրիչ, և այդպիսով նրա հարդարանքի ժողովածուն հարստացավ մի առարկայով ևս։ Նա գրադարանից վերցրեց առողջապահության մի գիրք և այնտեղ կարդաց, որ անհրաժեշտ է ամեն առավոտ լողանալ սառը ջրով։ Դա մեծ հիացմունք պատճառեց Ջիմին, և սաստիկ վրդովեցրեց միստր Հիգգինբոթամին, որը չհամակրելով այդպիսի տարօրինակությունները, սկսեց լրջորեն քննարկել այն հարցը, թե արդյոք հարկավոր չէ՞ Մարտինից ստանալ առանձին վճար ջրի համար։ Առաջադիմության ճանապարհի հետևյալ քայլը տաբաթի ձևի մասին հոգալն էր։ Հետաքրքրվելով այդ հարցով՝ Մարտինը շուտով նկատեց բանվորների պարկանման տաբաթների և բարձր դասակարգի մարդկանց տաբաթների միջև եղած տարբերությունը, վերջինների ուղիղ ծալքը մինչև ներբանը։ Գուշակելով, թե ինչումն է գաղտնիքը, Մարտինը գնաց իր քրոջ խոհանոցը՝ արդուկ և արդուկելու տախտակ բերելու։ Բայց առաջին փորձը անհաջող վերջացավ․ նա վառեց իր տաբաթը և ստիպված գնեց նորը՝ դրանով ավելի ևս մոտեցնելով նավագնացության մեկնելու իր ժամկետը։

Բայց բանը չսահմանափակվեց այդ արտաքին բարեփոխումներով, ռեֆորմներով։ Նա շարունակում էր ծխել, իսկ խմելը թողեց։ Մինչև այժմ նա գտնում էր, որ հարբեցողությունը տղամարդու համար ամենահարմար զբաղմունքն է․ մինչև անգամ շատ էր հպարտանում իր պինդ գլխով, որը նրան թույլ էր տալիս շարունակել խմել, երբ իր ընկերներից շատերն արդեն սեղանի տակ թավալվում էին։ Սան֊Ֆրանցիսկոյում նախկին նավարկություններից շատ ընկերներ ուներ նա, որոնց հանդիպելիս առաջվա պես հյուրասիրում էր գինով, իսկ իր համար պատվիրում էր միայն մի գավաթ գարեջուր կամ թույլ «Էյլ» և բարեմտորեն հանդուրժում էր բոլոր ծաղրանքները։ Նա հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչպես նրանք հարբելով, հետզհետե նմանվում էին անասունի, և ուրախանում էր, որ ինքը նրանց նման չէ։ Նրանցից ամեն մեկն իր ցավերն ուներ, և գինին օգնում էր նրանց մոռանալ իրականությունը և փոխադրվել երազների ու երևակայության աշխարհը։ Բայց Մարտինին ալկոհոլ արդեն հարկավոր չէր։ Նա գտնվում էր ավելի խոր հարբեցման վիճակում․ նա հարբել էր Ռութով, որը նրա մեջ սեր վառեց, ձգտում՝ մի նոր ավելի լավ կյանքի։ Նա հարբած էր գրքերով, որոնք նրա մեջ զարթեցրին բյուրավոր չհագեցված ցանկություններ, հարբած էր սեփական մաքրության մտքով, որը նրան տվեց առողջություն՝ առաջվանից ավելի լրիվ զգացողություն և նրա ամբողջ մարմինը ստիպեց թրթռալ գոյության ֆիզիկական ուրախությունից։

Մի երեկո Մարտինը թատրոն գնաց Ռութին այնտեղ տեսնելու աղոտ հույսով և երկրորդ հարկի պատշգամբից իրոք տեսավ նրան։ Ռութն անցնում էր պարտերով, Արթուրի և ինչ-որ տարօրինակ, ակնոցավոր, ֆուտբոլիստի մազերով երիտասարդի ընկերակցությամբ, որը Մարտինի մեջ իսկույն խռովք ու խանդ առաջացրեց։ Ռութը նստեց առաջին կարգում, և Մարտինն ամբողջ երեկոյի ընթացքում համարյա ոչինչ չէր տեսնում, բացի նրա բարեկազմ ուսերից և ոսկեգույն մազերից, որոնք հեռվից թվում էին ծխապարուր։ Բայց և այնպես նա մի երկու անգամ նայեց իր չորս կողմը և նկատեց իրենից մի քանի աթոռ հեռու նստած երկու աղջիկների, որոնք ժպտալով աչքով արին իրեն։ Նա միշտ էլ ուրախությամբ էր ծանոթանում և արդեն բնավորություն էր դարձել անպատասխան չթողնել ուշադրության այդպիսի նշաններ։ Դեռ վերջերս նա անպայման կժպտար նրանց ի պատասխան և ավելի հեռուները կգնար։ Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Ճիշտ է, նա ժպտաց, բայց անմիջապես երեսը դարձրեց և աշխատում էր չնայել նրանց կողմը։ Սակայն մի քանի անգամ մոռանալով երկու աղջիկների գոյությունը, նա իր հայացքով որսաց նրանց ժպիտը։ Դժվար էր մի օրում փոխվել, բացի այդ, նա բնությունից քաղաքավարի էր և այդ պատճառով ակամա ժպիտով էր պատասխանում այդ աղջիկներին, ժպտում էր պարզ, ընկերաբար։ Այդ բոլորը նույնքան հին էր, որքան աշխարհը։ Նա գիտեր, որ նրանք իր հետ սովորական կանացի խաղ են խաղում։ Սակայն նրա համար այժմ ամեն բան այլ բնույթ էր ստացել։ Այնտեղ, հեռվում, առաջին կարգում նստել է մի կին, աշխարհում միակը, որը նման չէ, անհունորեն նման չէ իր դասակարգի այն երկու աղջիկներին, որոնց նկատմամբ արդեն միայն խղճահարություն էր զգում։ Մարտինը սրտանց ցանկանում էր, որ նրանք գեթ աննշան չափով ունենային Ռութի աստվածային գեղեցկութչունը։ Նա ոչ մի գնով չէր կշտամբի նրանց այն բանի համար, որ չափազանց համարձակ խաղ են անում իր հետ։ Սակայն դա Մարտինի ինքնասիրությունը չէր շոյում։ Եվ աղջիկների ամեն նայվածքից նա զգում էր, թե ինչպես իր աշխարհի կպչուն շոշափուկները գալարվում են իր շուրջը և քաշում են դեպի ցած։

Մարտինը վեր կացավ իր նստած տեղից վերջին գործողության ավարտից մի քիչ առաջ՝ ցանկանալով տեսնել Ռութին թատրոնից դուրս գալիս։ Թատրոնի դռանը միշտ էլ հավաքվում էին բազմաթիվ բերանբացներ, այնպես որ կարելի է աննկատելի մնալ կեպին ցած իջեցնելով ճակատին և որևէ մեկի հետևը թաքնվելով։ Մարտինր դուրս եկավ բոլորից շուտ և խառնվեց բազմությանը, բայց հենց որ նա իր դիտակետում դիրք գրավեց, եկան այն երկու աղջիկները։ Նա գիտեր, որ նրանք փնտրում են իրեն, և այդ պահին անիծում էր այն ուժը, որ դեպի իրեն է ձգում կանանց։ Սկզբում նրանք կարծես թե չնկատեցին Մարտինին, բայց նա շուտով հասկացավ, որ դա պարզապես մանյովր է։ Ավելի մոտենալով, նրանք դանդաղեցրին իրենց քայլերը և վերջապես նրանցից մեկը մոտով անցնելիս, ուսով դիպավ Մարտինին և ետ նայեց այնպես ձևացնելով, որ հենց նոր ճանաչեց նրան։ Դա վայելչակազմ ու թխադեմ մի աղջիկ էր՝ սև, խորամանկ աչքերով։ Երկու աղջիկները դարձյալ ժպտացին, և Մարտինը նույնպես պատասխանեց նրանց ժպիտով։

― Հե՜լլո,— ասաց նա։

Նա ասաց դա բոլորովին մեքենաբար, ինչպես սովոր էր արտասանել նման դեպքերում։ Ի միջի այլոց, բնական բարեկեցությունն ու սիրալիրությունը չէին թույլատրի նրան այլ կերպ վարվել։ Սևաչյա աղջիկը ուրախ և գրգռիչ կերպով ժպտաց և իր ընկերուհու թևը բռնելով ցանկացավ կանգնել. ընկերուհին քթի տակ ծիծաղեց և նույնպես կանգնելու նշաններ ցույց տվեց։ Մարտինը սարսափեց. Ռութը կարող էր մոտով անցնել և տեսնել, որ նա խոսակցում է այդ աղջիկների հետ։ Նա գնաց պարզապես դեպի այդ սևաչյա աղջիկը, կարծես այդպես էլ հարկավոր էր, և սկսեց նրա հետ միասին քայլել։ Այստեղ նրա բառերն ու շարժուձևերը չէին կարող անվայել թվալ։ Այստեղ նա զգում էր իրեն, ինչպես իր սեփական տանը, կարող էր ի հայտ բերել իր սրամտությունն ու խաղ անել ժարգոնային բառերով, կարող էր ծիծաղել և խոսել ամեն բանի մասին՝ օգտվելով շուտափույթ և պատահական ծանոթության բոլոր առավելություններից։ Հասնելով անկյունը նա փորձեց ետ մնալ առաջ շարժվող բազմությունից և ծռվել դեպի նրբանցքը։ Սակայն սևաչյա աղջիկը բռնեց նրա արմունկը՝ առանց իր ընկերուհու ձեռքը բաց թողնելու, և բացականչեց.

— Կաց, Բիլլ, ո՞ւր ես շտապում, մի՞թե ուզում ես փախչել մեզանից։

Մարտինը կանգ առավ և ծիծաղելով երեսը դարձրեց նրանց կողմը։ Աղջիկների հետևից, փողոցի լապտերների պայծառ լույսի տակ, գնում էր մարդկային հոսանքը։ Այնտեղ, ուր նրանք կանգնած էին, համեմատաբար մութն էր, և նա կարող էր աննկատելի մնալով տեսնել Ռութին, եթե նա անցնի իր կողքով։ Իսկ Ռութն անպայման այստեղով պիտի անցներ, որովհետև այդ ճանապարհն էր տանում դեպի նրանց տուն։

— Ի՞նչ է նրա անունը,— հարցրեց Մարտինը ցույց տալով սևաչյա աղջկան և դիմելով նրա ծիծաղող ընկերուհուն։

— Իրեն հարցրեք,— պատասխանեց նա քրքջալով։

— Լա՛վ, ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց նա՝ դառնալով դեպի սևաչյան։

— Իսկ դուք ասացի՞ք ինձ ձեր անունը,— առարկեց նա։

— Դուք չհարցրիք,— ասաց Մարտինը ծիծաղելով,— բայց դուք գուշակեցիք. իմ անունը իրոք Բիլլ է․ ճիշտ եմ ասում, ճի՜շտ։

— Բավակա՜ն է։— Աղջիկը նայեց նրան երկար, հրավիրող ու բացահայտ կրքոտ հայացքով։— Անկեղծ, ասացե՛ք։

Եվ Աղջիկը նորից նայեց նրան։ Նրա հայացքում պերճախոս կերպով արտահայտվում էր դարերով ամփոփոխ մնացած կանացի էությունը։ Մարտինը անհոգ չափեց նրան՝ գիտենալով, որ աղջիկը հիմա կսկսի հեզ ու փափկանկատորեն նահանջել պատրաստ լինելով ամեն րոպե հարձակվելու, երբ զգա, որ տղայի մեջ հետապնդելու եռանդը սառչում է։ Ինչ էլ լինի, ինքը տղամարդ է, ակամա ձգտում է դեպի աղջիկը, իսկ սրա կրքոտ հայացքը փաղաքշում էր իր ինքնասիրությունը։ Օ՜, նա շատ լավ էր ճանաչում այդ աղջիկներին, թափանցել էր նրանց ամբողջ էության մեջ։ Նրանք պատվական, լավ աղջիկներ էին, որքանով կարող էին լավ լինել այդ դասակարգի աղջիկները, որոնք ծանր աշխատանքով հազիվ կարողանում են ապրել։ Լինելով չափազանց հպարտ՝ իրենց փաղաքշանքը վաճառելու համար նրանք իրենց կենցաղային անապատում որոնում էին գեթ մի քիչ երջանկություն՝ աշխատելով չնայել այն անդունդին, որը կոչվում է ապագա․ ուր նրանց սպասում է կամ դժնդակ ու անվերջ աշխատանքը, կամ ավելի լավ վճարվող, բայց սոսկալի ճանապարհը։

— Իմ անունը Բիլլ է,— պատասխանեց նա դարձյալ գլուխը շարժելով,— Բիլլ, ուրիշ անուն չունեմ։

— Կատակո՞ւմ եք,— նորից հարցրեց աղջիկը։

— Իսկի էլ Բիլլ չէ,— միջամտեց մյուս աղջիկը։

— Իսկ դուք որտեղի՞ց գիտեք. դուք ինձ չեք էլ տեսել։

— Կարիք էլ չկա տեսնելու, ես այնպես էլ գիտեմ, որ դուք ստում եք։

— Լավ, ուրեմն ի՞նչ, Բի՞լլ,— հարցրեց առաջին աղջիկը։

— Թող Բիլլ լինի, վնաս չունի,— ասաց Մարտինը սիրալիր։ Աղջիկը բռնեց նրա ուսից և ուժգին ցնցեց։

— Ես այդպես էլ գիտեի, որ դուք ստում եք։ Այնուամենայնիվ ինձ թվում է, որ դուք լավիկն եք։

Մարտինը սեղմեց աղջկա որոնող ձեռքերը և շոշափեց իրեն ծանոթ ճանկռվածքներն ու ճեղքվածքները։

— Վաղո՞ւց է՝ հեռացել եք պահածոների գործարանից,— հարցրեց Մարտինը։

— Ինչպե՞ս հասկացաք այդ, դուք հո գուշակ չե՞ք,— բացականչեցին աղջիկները։

Եվ նրանց հետ զանազան հիմար կատակներ փոխանակելով՝ նա հանկարծ մտքով տեսավ իր առջև գրադարանի ահագին հատորները՝ դարերի պահպանվող իմաստությունը։ Նա դառնորեն ժպտաց այժմ բոլորովին անտեղի այդ տեսիլքին և տարակույսները դարձյալ պաշարեցին նրան։ Բայց բոլոր այդ մտքերի ու խոսքերի հետ միասին, նա իր հայացքը չէր հեռացնում փողոցով անցնող բազմության հոսանքից։ Եվ ահա նա տեսավ Ռութին՝ լապտերների վառ լույսի տակ։ Նա գնում էր եղբոր և մի անծանոթ ակնոցավոր երիտասարդի հետ։ Մարտինի սիրտը նվաղեց։ Նա երկար սպասել էր այդ պահին։ Նա կարողացավ նկատել Ռութի գլխին ինչ֊որ թեթև, օդեղեն բան, նրա մարմնի բարեկազմ ուրվագծերը, նրա քայլվածքի նրբությունը, փողոցն անցնելիս շրջազգեստը բռնելու շարժումը։ Եվ ահա Ռութը անցավ, իսկ ինքը մնաց այդ երկու բանվորուհիների հետ, կանգնել ու նայում էր նրանց խղճուկ զգեստին, որ կրում էր զարդարվելու համար նրանց թափած ողորմելի հուսահատ ջանքերի հետքերը, նայում էր նրանց էժանագին կոշիկներին, էժան ժապավեններին, կոպիտ մատներին դրած նրանց էժան մատանիներին։ Ինչ֊որ մեկը դիպավ նրա ձեռքին. և նա լսեց մի ձայն, որն ասաց.

— Զարթնեցե՛ք, Բիլլ, ի՞նչ պատահեց ձեզ։

— Ինչ ասացի՞ք,— հարցրեց նա։

— Հենց այնպես, առանձնապես ոչինչ,— պատասխանեց սևաչյան՝ ցնցելով իր գլուխը,— ես միայն մտածում էի...

— Ի՞նչ։

— Վատ չէր լինի, որ դուք մի ընկեր էլ գտնեիք նրա համար,— նա ցույց տվեց իր ընկերուհուն,— և մենք մի տեղ կգնայինք սուրճ խմելու և պաղպաղակ ուտելու։

Հանկարծ Մարտինը հոգեկան սրտխառնուք զգաց։

Շատ կոպիտ էր անցումը Ռութից դեպի այս ամենը։ Այդ աղջկա հրավիրող աչքերի կողքին Մարտինը հանկարծ տեսավ Ռութի լուսաշող, հստակ աչքերը, որոնք նայում էին իրեն մաքրության անհասանելի բարձունքից։ Եվ Մարտինը իր մեջ զգաց մի մեծ ուժ։ Նա այդ բոլորից բարձր էր։ Նրա համար կյանքը ավելի արժե, քան տղամարդկանց ու պաղպաղակի մասին երազող աղջիկների համար։ Նա հիշեց, որ առածներում էլ ինքը մտովի ապրում էր առանձին, թաքուն կյանքով։ Մարտինը երբեմն փորձում էր այդ մտքերը վստահել ուրիշներին, բայց մինչև այժմ չգտնվեց ոչ մի կին, որ ընդունակ լիներ հասկանալու դրանք, ինչպես և ոչ մի տղամարդ։ Եթե բարձրաձայն էր արտահայտում այդ մտքերը, լսողները ապշած նայում էին նրան։ Այո, եթե նրա մտքերը անմատչելի են դրանց համար, նշանակում է, որ ինքը դրանցից բարձր է կանգնած։ Նա իր մեջ ուժ զգաց և սեղմեց բռունցքները։ Եթե կյանքը նրա համար ավելի արժե, նա իրավունք ունի նրանից պահանջելու ավելին, բայց ոչ այստեղ, իհարկե, ոչ այս մարդկանց հետ հարաբերվելով։ Այդ սև աչքերը իրեն ոչինչ տալ չեն կարող։ Ինքը գիտե, թե ինչ երազանք է արտացոլվում նրանց հայացքում՝ պաղպաղակի և այլ բաների մասին։ Իսկ Ռութի չքնաղ հայացքը նրան խոստացել է այն բոլորը ինչին նա ձգտում է, և դեռ անսահմանորեն շատ բան։ Այդ հայացքը նրան խոստացել է գրքեր, նկարներ, գեղեցկություն և անդորրություն, վսեմ ու նուրբ կյանքի շքեղություն։ Իսկ այս սև աչքերի հետևը տեղի ունեցող մտածողությունը ծանոթ էր Մարտինին բոլոր մանրամասնություններով։ Դա նման էր ժամացույցի մեխանիզմին, որի ամեն մի անիվի շարժմանը նա կարող էր հետևել։ Այդ աչքերը կոչ էին անում ստոր, չնչին զվարճությունների՝ նույնքան նեղ, ինչպես գերեզման։ Իսկ այն չքնաղ հայացքը կոչ էր անում թափանցել անհասանելի գաղտնիքը, հավիտենական կյանքի հրաշքը։ Այդ հայացքում Մարտինը տեսնում էր Ռութի հոգու ցոլացումը, նույնպես և իր հոգու ցոլացումը։

— Այդ ծրագրին միայն մի բան է խանգարում,— ասաց նա բարձրաձայն,— ես այսօր զբաղված եմ։

Աղջկա աչքերը արտահայտեցին հուսահատություն։

— Ենթադրում եմ, որ դուք ուզում եք այցելել ձեր հիվանդ բարեկամին, այո՞,— խայթեց աղջիկը։

— Ոչ, ազնիվ խոսք, իսկական ժամադրություն ունեմ,— կմկմաց նա,— մի աղջկա հետ։

— Չե՞ք ստում,— հարցրեց աղջիկը խստորեն։

— Ազնի՛վ խոսք, ճիշտ եմ ասում, բայց մենք կարող ենք հանդիպել մի այլ անգամ։ Ինչպե՞ս է ձեր անունը, որտե՞ղ եք բնակվում։

— Իմ անունը Լիզզի է,— պատասխանեց աղջիկը՝ սեղմելով նրա ձեռքը և իր ամբողջ մարմնով կռանալով դեպի Մարտինը։— Լիզզի Քոննոլլի։ Ես ապրում եմ հինգերորդ փողոցի Մարքեթ-սթրիթի անկյունում։

Նրանք շարունակեցին զրուցել մի հինգ րոպե ևս, որից հետո Մարտինը հրաժեշտ տվեց նրանց։ Նա չէր ուզում միանգամից տուն վերադառնալ։ Նա ուղղվեց դեպի ծանոթ ծառը՝ կանգնեց սովորական տեղում՝ Ռութի պատուհանի տակ և հուզմունքով շշնջաց․

— Ես ժամադրություն ունեմ ձեզ հետ, Ռութ։ Այլ ժամադրություն չեմ ուզում։