Մարտին Իդեն, Գլուխ XIII

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XII Մարտին Իդեն, Գլուխ XIV ▶


Բանվոր դասակարգից ելած զրուցասեր սոցիալիստների և փիլիսոփաների խմբակը, որ շոգ օրերին հավաքվում էր Սիթի-Հոլլ զբոսայգում, պատահաբար նրան մղեց մի մեծ հայտնագործության։ Ամիսը երկու անգամ, գրադարան գնալիս, անցնելով զբոսայգու միջով, Մարտինն իջնում էր հեծանվից, լսում էր նրանց վիճաբանությունը և ամեն անգամ էլ դժվարությամբ էր բաժանվում նրանցից։ Այդ վիճաբանաթյունների ընդհանուր տոնն այն չէր, ինչ միստր Մորզի սեղանի շուրջը տեղի ունեցող խոսակցությունը։ Վիճողներն աչքի ընկնող և իրենց արժանապատվության գիտակից մարդիկ չէին։ Նրանք ազատություն էին տալիս իրենց կրքերին և վիրավորական մականուններով հորջորջում իրար, փոխանակում էին հայհոյանք և թունալից ակնարկություններ։ Մի երկու անգամ բանը հասավ նույնիսկ տուրուդմբոցի։ Այնուամենայնիվ Մարտինը, առանց պարզ հաշիվ տալու իրեն, այդ բոլոր բանավեճերում զգում էր ինչ-որ կենդանի հիմք․ դրանք ավելի ուժգին էին ազդում նրա վրա, քան միստր Մորզի հանդարտ հավասարակշռությունն ու դոգմատիզմը։ Այդ մարդիկ, որոնք չարաչար աղճատում էին անգլերեն լեզուն, գժերի շարժուձևեր էին անում և նախնադարյան մարդու կատաղությամբ հարձակվում էին իրենց գաղափարական հակառակորդների վրա, այդ մարդիկ նրան թվում էին ավելի կենդանի, քան միստր Մորզը և նրա բարեկամ միստր Բեթլերը։

Զբոսայգու այդ հավաքույթներում Մարտինը մի քանի անգամ լսեց Հերբերթ Սփենսերի անունը, մի օր էլ այնտեղ երևաց նրա աշակերտն ու հետևորդը, մի ողորմելի թափառաշրջիկ՝ հագին պատառոտված բաճկոնակ, որն ամբողջովին կոճկված էր ծածկելու համար տիրոջ անշապիկ լինելը։ Անվերջ գլանակների ծխի և ծամվող ծխախոտի թքի հեղեղի մեջ սկսվեց ընդհանուր ճակատամարտը, որի ընթացքում թափառաշրջիկը ճարպկորեն ետ էր մղում բոլոր հարվածները, նույնիսկ այն դեպքում, երբ մի բանվոր սոցիալիստ հեգնորեն գռռաց. «Չկա աստված, բացի Անիմանալիից, Հերբերթ Սփենսերը՝ նրա մարգարեն է»։ Մարտինը չհասկացավ, թե ինչի մասին են վիճաբանում, բայց հետաքրքրվեց Հերբերթ Սփենսերով և գրադարան մտնելով՝ ուզեց «Հիմնական սկզբունքները», որովհետև թափառաշրջիկը տաք վիճաբանության ընթացքում հաճախ հիշատակում էր այդ երկասիրությունը։ Դա էր մեծ գյուտի սկիզբը։ Մարտինը մի անգամ արդեն փորձել էր կարդալ Սփենսերին, բայց որովհետև ընտրել էր «Հոգեբանության հիմունքները», անհաջողության մատնվեց, ինչպես այդ պատահել էր և տիկին Բալավատսկայայի հետ։ Նա ոչինչ չհասկացավ այդ գրքից և առանց կարդալու վերադարձրեց։ Իսկ այդ գիշեր, հանրահաշվից և ֆիզիկայից հետո և սոնետի հետ երկար պայքարից հետո, նա մտավ անկողին և բացեց «Հիմնական սկզբունքները»։ Արդեն առավոտ էր, բայց նա շարունակում էր կարդալ. քունը չէր տանում։ Այդ օրը նա մինչև անգամ չգրեց. պառկած կարդում էր մինչև այն ժամանակ, երբ կողերն սկսեցին ցավել․ նա իջավ անկողնուց, պառկեց մերկ հատակին և շարունակեց կարդալ՝ գիրքը բռնած գլխի վերևը կամ արմունկին հենված։ Այդ գիշեր նա քնեց և առավոտյան նստեց գրելու, բայց հրապուրանքն այնքան մեծ էր, որ շուտով դարձյալ սկսեց կարդալ՝ մոռանալով աշխարհում ամեն բան, մինչև անգամ այն, որ այս երեկո իրեն սպասում է Ռութը։ Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ Բերնարդ Հիգգինբոթամը դուռը բաց անելով հարցրեց. գուցե նա կարծում է, թե իրենք ճաշարա՞ն են պահում։

Մարտին Իդենը միշտ էլ աչքի էր ընկնում իր հարցասիրությամբ։ Նա ուզում էր ամեն բան գիտենալ և մասամբ դրա համար էլ տարվեց համաշխարհային թափառաշրջիկի՝ նավաստու մասնագիտությամբ։ Բայց հիմա, Սփենսեր կարդալով, նա հասկացավ, որ ոչինչ չգիտի, որ երբեք ոչ մի բան չի գիտենա, ինչքան էլ որ դեգերի ծովերի վրա։ Նա միայն հարևանցի նայել է իրերին, դիտելով առանձին երևույթներ, կուտակելով առանձին փաստեր, երբեմն կատարելով փոքրիկ, մասնակի ընդհանրացումներ, այդ բոլորը՝ առանց փորձելու կապ հաստատել նրանց միջև, առանց սիստեմի վերածելու աշխարհը, որը նա պատկերացնում էր որպես պատահականությունների քմահաճ շաղկապում։ Դիտելով թռչուններին՝ նա հաճախ խորհրդածում էր նրանց թռիչքի մեխանիզմի մասին, բայց երբեք չէր ընդհանրացնում այդ երևույթը, չէր մտածում առհասարակ թռիչքի մեխանիզմի մասին և զարգացման այն պրոցեսի մասին, որը առաջացրել է թռչող կենդանի էակներին։ Նա մինչև անգամ չէր կասկածում այդպիսի պրոցեսի գոյության մասին։ Թռչունների «լինելիությունը» նրա մտքովն էլ չէր անցնում։ Նրանք «կային», և դրանով էլ հարցը փակվում է. այդպես է եղել, ուրիշ ոչինչ։

Այն, ինչ տեղի է ունեցել թռչունների հետ, կատարվել է մնացյալ ամեն բանի հետ։

Փիլիսոփայական եզրակացություններ անելու նրա փորձերը ձախողվում էին գիտելիքների պակասի և մտածելու ունակության բացակայության պատճառով։ Կանտի միջնադարյան մետաֆիզիկան ոչ մի բան չբացեց նրա առաջ, այլ միայն ստիպեց տարակուսել իր մտավոր ուժերի մասին։ Նույնպիսի ձախողանք կրեց նա, երբ սկսեց ուսումնասիրել էվոլյուցիայի տեսությունը Ռոմենսի չափազանց մասնագիտական գրքով։ Միակ բանը, որ նա եզրակացրեց այդ ընթերցումից, դա այն էր, որ պատկերացրեց էվոլյուցիան, որպես անվերծանելի լեզվով բացատրվող չոր ու ցամաք պեդանտների անհիմն, մտացածին մի տեսություն։ Իսկ այժմ նա տեսնում էր, թե դա բնավ էլ դատարկ տեսություն չէ, այլ զարգացման ընդունված մի օրենք, և որ եթե այդ հարցի շուրջը դեռևս վիճաբանություններ են ծագում, դա լոկ էվոլյուցիայի ձևերին վերաբերող մասնավոր հարցերի շուրջն է։

Եվ ահա երևան եկավ մի մարդ՝ Սփենսերը, որ սիստեմի է վերածել այդ ամենը, միացրել, եզրակացություններ հանել և Մարտինի ապշահար հայացքին ներկայացրել այդ կոնկրետ և կարգի բերված աշխարհն այնպես, պարզ ու հասկանալի, որ նա հիշեցնում էր Մարտինին նավերի փոքրիկ մոդելները, որ նավաստիները շինում և դնում են ապակե բանկաների մեջ։ Այստեղ չկան ո՛չ քմահաճույքներ և ո՛չ էլ պատահականություններ, ամեն ինչում օրենքն է իշխում։ Այդ օրենքին ենթարկվելով է, որ թռչունը թռչում է, նույն օրենքին ենթարկվելով է, որ անձև պլազման սկսել է շարժվել, գալարվել, ստացել է թևեր ու թաթիկներ, և այդպիսով աշխարհում առաջացել է թռչունը։

Մարտինն իր մտավոր կյանքում ընթանում էր մի բարձունքից մյուսը և այժմ հասավ դրանցից ամենաբարձրին։ Նա հանկարծ թափանցեց իրերի գաղտնի էության մեջ, և բնության գաղտնիքների ճանաչումը հարբեցրեց նրան։ Գիշերը քնած ժամանակ, տարվելով վեհ տեսիլքներով, նա ապրում էր աստվածների հետ, ցերեկը նա թափառում էր որպես լուսնոտ՝ իր մոլոր հայացքից առաջ տեսնելով միայն այն աշխարհը, որ նրա առաջ բացեց Սփենսերը։ Ճաշի ժամանակ կենցաղային զանազան մանրուքների մասին տեղի ունեցող խոսակցություններն ու վիճաբանություեները նա չէր լսում, որովհետև նրա միտքը շարունակ լարված աշխատում էր՝ իր առջև գտնվող ամեն բանում բացահյատելով պատճառական կապը։ Պնակում գտնվող մսի մեջ նա գուշակում էր արևի ճառագայթներ և բոլոր ձևափոխությունների միջով նա որոնում էր նրանց սկզբնաղբյուրը տանող ճանապարհը, որ միլիոնավոր մղոններով հեռու էր գտնվում, և կամ մտածում էր այն ուժի մասին, որը շարժում է նրա ձեռքի մկանները՝ ստիպելով միս կտրատել, և մկաններին հրաման ուղարկող ուղեղի մասին՝ մինչև որ վերջ ի վերջո դարձյալ հասնում էր արևի էներգիային։ Մարտինն այնքան տարված էր իր մտքերով, որ չէր լսում, թե ինչպես Ջիմը քրթմնջաց. «Խելքը թռցրել է», առանց նկատելու քրոջ անհանգիստ հայացքները և առանց ուշադրություն դարձնելու Բերնարդ Հիգգինբոթամի մատին, որը նա մի քանի անգամ արտահայտիչ կերպով պտտեցրեց քունքի մոտ։

Մարտինին ամենից շատ ապշեցրեց գիտությունների՝ բոլոր գիտությունների փոխադարձ կապը։ Նա միշտ էլ ծարավի էր գիտելիքների, և այն գիտությունները, որ նրան հաջողվում էր ձեռք բերել, կարծես դասավորվում էին առանձին-առանձին նրա հիշողության խորշերում։ Այսպես․ մի խորշում բազմաթիվ կիսատ-պռատ տեղեկություններ նավագնացության մասին, մյուս խորշում՝ կանանց մասին։ Բայց այդ երկու խորշերը ոչ մի կապ չունեին իրար հետ։ Այն միտքը, թե կարելի է կապ սահմանել կնոջ հիստերիկայի և փոթորկի ժամանակ նավի ճոճման միջև, Մարտինին արտառոց և անհնարին կթվար։ Իսկ Հերբերթ Սփենսերն ապացուցեց ոչ միայն այն, որ ոչ մի արտառոց բան չկա դրանում, այլ, ընդհակառակը, այդ երկու երևույթների միջև չի կարող կապ չլինել։ Աշխարհում բոլոր երևույթները կապված են իրար հետ՝ երկնային տարածությունների ամենահեռավոր աստղից մինչև մարդու ոտնատակի ավազի ամենափոքր հատիկը։

Մարտինի համար դա զարմանքի մշտական աղբյուր էր, և նա այժմ շարունակ զբաղված էր գտնելով իրերի և երևույթների կապակցությունը մեր մոլորակում, ինչպես և մյուս մոլորակներում։ Նա կազմում էր բոլորովին այլատեսակ իրերի վիթխարի ցուցակներ և չէր կարողանում հանգստանալ, մինչև որ նրանց միջև կապ չսահմաներ։ Օրինակ, նա կապ էր հաստատում սիրո, բանաստեղծության, երկրաշարժի, կրակի, բոժոժավոր օձի, ծիածանի, թանկագին քարերի, այլանդակության, մայրամուտի, առյուծի մռնչյունի, լուսագազի, մարդակերության, գեղեցկության, սպանության, սիրահարների, լծակների հենման կետի և ծխախոտի միջև։ Հիմա տիեզերքը ներկայացավ որպես մի ամբողջություն, և նա դեգերում էր նրա ծակուծուկերում, փակուղիներում ու խոռոչներում ոչ իբրև մոլորված ճամփորդ, որը խորհրդավոր թավուտի միջով դժվարությամբ առաջ է ընթանում դեպի անհայտ նպատակը, այլ իբրև փորձառու ճամփորդ ու դիտող, որը աշխատում է ոչինչ աչքաթող չանել և ամեն ինչ նշում է քարտեզում։ Եվ ինչքան շատ էր իմանում, այնքան շատ էր հիանում աշխարհով ու կյանքով և այդ աշխարհում իր սեփական կյանքով։

— Ա՜յ դու տխմար,— գոռում էր նա հայելու միջի իր արտացոլմանը,— դու ուզում էիր գրել, և գրում էիր, իսկ գրելու բան չունեիր։ Դե, ի՜նչ ունեիր դու։ Երեխայական հասկացողություններ, տհաս զգացումներ, գեղեցկության մասին աղոտ պատկերացում, տգիտության ահագին սև մի զանգված, սիրուց պայթելու պատրաստ սիրտ, քո սիրո չափ ուժեղ ինքնասիրություն՝ նույնքան անհույս, որքան քո տգիտությանը։ Եվ դու ուզում էիր գրե՞լ, բայց չէ՞ որ քո մեջ նոր է միայն հայտնաբերվել գրելու բան։ Դու ուզում էիր ստեղծել գեղեցկություն, բայց ինքդ ոչինչ չգիտեիր գեղեցկության բնույթի մասին, ուզում էիր գրել կյանքի մասին, իսկ ինքդ հասկացողություն չունեիր կյանքի էության մասին, ուզում էիր գրել աշխարհի մասին, իսկ աշխարհը քեզ համար չինական հանելուկ էր, և ինչ էլ որ գրեիր, միայն մի ավելորդ անգամ կստորագրեիր քո տգիտության տակ։ Բայց մի՜ վհատվիր, Մարտին, տղաս։ Դու դեռ պիտի գրես։ Արդեն որոշ բաներ գիտես, ճիշտ է, դեռ շատ քիչ բան, բայց արդեն ուղիղ ճամփով ես գնում և շուտով շատ բան կգիտենաս։ Եթե բախտդ բանի, կգա ժամանակ, երբ դու կգիտենաս համարյա ամեն բան, ինչ հնարավոր է գիտենալ, և այն ժամանակ դու կգրես։

Մարտինը Ռութին հաղորդեց իր մեծ գյուտը՝ մտադրվելով բաժանել նրա հետ իր ուրախությունն ու զարմանքր։ Բայց աղջիկը շատ հանգիստ վերաբերվեց։ Եվ Մարտինին չզարմացրեց այդ վերաբերմունքը, որովհետև հասկանում էր, որ Ռութի համար այդ ամենը նորություն չէ, ինչպես իր համար։ Արթուրը և Նորմանը, ինչպես նրան հաջողվեց պարզել, կողմնակից էին էվոլյուցիոն տեսությանը և երկուսն էլ կարդացել էին Հերբերթ Սփենսերի գործերը, թեպետ նա, ըստ երևույթին, նրանց վրա այնքան խոր տպավորություն չի թողել, իսկ ակնոցավոր երիտասարդը՝ Վիլլ Օլնեյը, երբ հիշատակվեց Սփենսերի անունը, անախորժ ծիծաղեց և կրկնեց Մարտինին արդեն ծանոթ սրախոսությունը․ «Չկա աստված, բացի Անիմանալիից, և Հերբերթ Սփենսերը նրա մարգարեն է»։

Սակայն Մարտինը ներեց այդ ծաղրը, որովհետև սկսեց համոզվել, որ Օլնեյը ամենևին էլ սիրահարված չէ Ռութին։ Հետագայում զանազան մանր փաստերի հիման վրա նա համոզվեց, որ Օլնեյը ոչ միայն սիրահարված չէ Ռութին, այլև բացահայտ թշնամությամբ է վերաբերվում նրան։ Մարտինը չէր կարողանում հասկանալ այդ։ Դա այնպիսի մի ֆենոմեն էր, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում կապակցել տիեզերքի մյուս երևույթների հետ։ Նա մինչև անգամ խղճում էր այդ պատանուն, որին ակներևաբար ինչ֊որ բնածին թերություն խանգարում էր գնահատել Ռութի գրավչությանն ու գեղեցկությունը։ Նրանք բոլորը շատ հաճախ կիրակի օրերը միասին զբոսանքի էին դուրս գալիս հեծանիվներով, և Մարտինը այդ պտույտների ժամանակ համոզվեց, որ Ռութը և Օլնեյը զինված հաշտության վիճակումն են իրար հանդեպ։ Օլնեյը ամենից շատ մտերմական հարաբերության մեջ էր Նորմանի հետ՝ թողնելով, որ Ռութը, Արթուրն ու Մարտինը ընկերություն անեն իրար հետ, և դրա համար Մարտինը շատ շնորհապարտ էր նրան։

Այդ կիրակիները Մարտինի համար կրկնակի տոներ էին, որովհետև հնարավորություն ուներ անցկացնել Ռութի հետ և, բացի այդ, վարժվել նրա դասակարգին պատկանող երիտասարդների հասարակությանը։ Թեև այդ մարդիկ կանոնավոր կրթություն էին ստացել, բայց Մարտինը տեսնում էր, որ մտավորապես ետ չի մնում նրանցից, իսկ նրանց հետ զրույցը իր համար բերանացի խոսակցության հիանալի մի պրակտիկա է։ Նա արդեն վաղուց դադարել էր վարվելակերպի կանոնների մասին գրված գրքեր կարդալուց՝ վճռելով հույսը դնել իր դիտողականության վրա։ Բացի այն դեպքերից, երբ տարված էր լինում որևէ բանով, նա շարունակ ուշադիր հետևում էր իր ուղեկիցների վարվեցողությանը՝ ջանալով հիշել նրանց՝ իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքի զանազան մանրամասնությունները։

Մարտինը զարմանում էր, որ Սփենսերին առհասարակ քիչ են կարդում։

«Հերբերթ Սփենսերը,— ասաց գրադարանի տեղեկատու սեղանի աշխատակիցը,— օ՜, նա շատ խելոք մարդ է»։ Սակայն, ինչպես երևում է, աշխատակիցը այդ խելոք մարդու երկերի մասին շատ քիչ բան գիտեր։ Մի օր, Մորզերի մոտ ճաշելիս, միստր Բեթլերի ներկայությամբ, Մարտինը խոսք բացեց Հերբերթ Սփենսերի մասին։ Միստր Մորզը խստիվ դատապարտեց անգլիացի փիլիսոփայի ագնոստիցիզմը, սակայն միաժամանակ խոստովանեց, որ «Հիմնական սկզբունքները» չի կարդացել, իսկ միստր Բեթլերը հայտարարեց, որ Սփենսերը տաղտուկ է պատճառում իրեն, որ նրա երկերից ոչ մի էջ չի կարողացել կարդալ մինչև վերջ և առանց դրան հիանալի յոլա է գնում։ Մարտինի գլխում տարակույսներ ծագեցին, և եթե նա այդքան ինքնուրույն չլիներ, կենթարկվեր ընդհանուր կարծիքին և կհրաժարվեր Սփենսերի հետ հետագա ծանոթությունից։ Բայց որովհետև աշխարհի մասին Սփենսերի հայացքները նրան անվիճելի ճշմարտություն էին թվում, նրանցից հրաժարվելը Մարտինի համար նույնքան անհնար էր, որքան ծովագնացի համար կողմնացույցն ու քարտեզը ծովը գցելը։ Այդ պատճառով էլ Մարտինը շարունակում էր ուսումնասիրել էվոլյուցիայի տեսությունը ավելի ու ավելի տիրապետելով այդ առարկան և Սփենսերի հայացքների հաստատումը գտնելով հազարավոր այլ գրողների մոտ։ Որքան առաջ էր ընթանում նա իր պարապմունքներում, նույնքան ավելի բացվում էին նրա առաջ գիտելիքների չհետազոտված մարզերը, և նա ավելի հաճախ էր ափսոսում, որ օրը միայն քսանչորս ժամ ունի։

Մի անգամ օրվա կարճատևությունը նկատի ունենալով՝ Մարտինը վճռեց թողնել հանրահաշիվն ու երկրաչափությունը, իսկ եռանկյունաչափությունը նա դեռևս չէր էլ ձեռնարկել։ Հետո նա իր օրացուցակից ջնջեց նաև քիմիան՝ թողնելով միայն ֆիզիկան։

— Պարզ է, ես մասնագետ չեմ,— ասաց նա Ռութին՝ իրեն արդարացնելու համար,— և չեմ էլ պատրաստվում մասնագետ դառնալ։ Չէ՞ որ գիտություններն այնքան շատ են, որ մարդու կյանքը բավական չէ այդ բոլորը ուսումնասիրելու համար։ Ես ուզում եմ ընդհանուր կրթություն ստանալ։ Երբ ինձ մասնագիտական գիտելիքներ հարկավոր լինեն, կարող եմ դիմել գրքերին։

— Բայց գա ամենևին չի նշանակում, որ դուք ինքներդ տիրապետում եք այդ գիտելիքներին,— բողոքեց աղջիկը։

— Իսկ ինչո՞ւ պետք է տիրապետել դրանց։ Մենք միշտ էլ օգտվում ենք մասնագետների աշխատանքներից։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն նրանք։ Ձեզ մոտ մտնելիս ես տեսա ծխնելույզ մաքրողներին աշխատանքի ժամին։ Նրանք նույնպես մասնագետներ են, և երբ իրենց գործն անեն, դուք կօգտվեք մաքրած խողովակներից, մինչև անգամ առանց որևէ բան գիտենալու վառարանների կառուցվածքի մասին։

— Դե՜, դա բացահայտ բռնազբոսիկություն է․․․

Ռութը դժկամությամբ նայեց նրան, և Մարտինը նրա նայվածքում և խոսելու շեշտում կշտամբանք կարդաց․ սակայն նա համոզված էր, որ իրավացի է ինքը։

— Ընդհանուր հարցերի մասին միտք հոգնեցնող բոլոր մտածողները, բոլոր մեծագույն գլուխները փաստորեն միշտ էլ օգտվել են մասնագետների երկերից։ Հերբերթ Սփենսերն էլ ճիշտ նույնն է արել։ Նա ընդհանրացրել է բազմահազար ուսումնասիրողների հայտնագործումները։ Նրան հարկավոր կլիներ հազար կյանք ապրել, որպեսզի անձամբ ձեռք բերեր այդ բոլորը։ Նույնն է տեղի ունեցել նաև Դարվինի հետ։ Նա օգտագործել է այն, ինչ ուսումնասիրել են այգեգործներն ու անասնաբույծները։

— Դուք իրավացի եք, Մարտին,— ասաց Օլնեյը,— դուք դիտեք, թե ինչ եք ուզում, իսկ Ռութը չգիտե։ Նա մինչև անգամ չգիտե, թե ինչ է հարկավոր իրեն։ Այո՛, այո՛,— շարունակեց նա՝ առանց միջոց տալու, որ Ռութը առարկի։— Ես գիտեմ, որ դուք անվանում եք այդ ընդհանուր կուլտուրա, բայց եթե ուզում ենք ձեռք բերել այդ ընդհանուր կուլտուրան, միևնույն չէ՞, թե ինչ ենք սովորում։ Դուք կարող եք ուսումնասիրել ֆրանսերեն, գերմաներեն կամ էսպերանտո լեզուն, միևնույն է՝ կունենաք այդ ընդհանուր «կուլտուրան»․ և կամ զբաղվեցեք լատիներենով և հունարենով, թեպետ այդ երկու լեզուներն էլ երբեք հարկավոր չեն լինի ձեզ, իսկ կուլտուրականություն դուք ձեռք կբերեք։ Երկու տարի առաջ Ռութը սովորեց անգլոսաքսոն լեզուն, մինչև անգամ շատ հաջող սովորեց, իսկ հիմա ոչինչ չի հիշում՝ բացի մի տողից. «Երբ ապրիլն իր շռայլ անձրևներով»։ Կարծեմ՝ այդպես է, չէ՞։ Եվ դա ձեզ տվել է «ընդհանուր կուլտուրա»,— ծիծաղեց նա, դարձյալ Ռութին հնարավորություն չտալով առարկելու։— Գիտեմ, գիտեմ. չէ՞ որ ես և դուք միևնույն դասընթացումն էինք սովորում։

— Դուք այնպես եք խոսում կուլտուրայի մասին, կարծեք դա միջոց է, և ոչ թե նպատակ,— բացականչեց Ռութը։ Նրա աչքերը փայլատակեցին, իսկ այտերը կարմրեցին։— Կուլտուրան ինքնանպատակ է։

— Սակայն այդ չէ, որ պետք է Մարտինին։

— Իսկ դուք որտեղի՞ց գիտեք։

— Ի՞նչ է պետք ձեզ, Մարտին,— հարցրեց Օլնեյը՝ միանգամից դառնալով դեպի նա։

Մարտինը չափազանց անհարմար զգաց և պաղատագին նայեց Ռութին։

― Այո՛, ասացեք, ի՞նչ է պետք ձեզ,— ասաց Ռութը։— Դա կվճռի մեր վեճը։

— Իհարկե, ինձ կուլտուրա է հարկավոր,— ասաց Մարտինը անվճռական։— Ես սիրում եմ գեղեցկությունը, իսկ կուլտուրան հնարավորություն է տալիս ինձ ավելի լավ հասկանալ ու գնահատել այն։

Ռութը գլխով հավանության նշան արեց հաղթական տեսքով։

— Դատարկ բան է։ Եվ ինքներդ շատ լավ գիտեք այդ,― հայտարարեց Օլնեյը։— Մարտինը ձգտում է կարիերայի և ոչ թե կուլտուրայի։ Որ նրա հարցում կարիերան կապված է կուլտուրայի հետ, դա պարզ զուգադիպություն է։ Եթե նա ուզենար քիմիկոս դառնալ, կուլտուրան հարկավոր չէր լինի նրան։ Մարտինը ուզում է գրող դառնալ, բայց վախենում է ասել այդ, որպեսզի դուք չպարտվեք մեր վեճում։ Իսկ ինչո՞ւ Մարտինն ուզում է գրող դառնալ,— շարունակեց նա,— որովհետև նա նյութապես ապահովված չէ։ Ինչո՞ւ դուք լցրել եք ձեր գլուխը սաքսոն լեզվով և «ընդհանուր կուլտուրայով»։ Նրա համար, որ դուք կարիք չունեք մտահոգվելու ձեր ապագայի մասին, դրա համար հոգում է ձեր հայրը։ Նա գնում է ձեզ համար զգեստ, նա կանի ձեզ համար և մնացած բոլոր բաները։ Ի՞նչ օգուտ այն կրթությունից, որ ստացել եք դուք, ինչպես և ես, Արթուրն ու Նորմանը։ Մինչև մեր ուղնուծուծը մենք լցված ենք «ընդհանուր կուլտուրայով», իսկ եթե մեր հայրերը վաղը սնանկանան, մենք չենք կարող քննություն բռնել մինչև անգամ դպրոցական ուսուցչի պաշտոնի համար։ Լավագույն դեպքում՝ Ռութը կարող էր հույս ունենալ տեղավորվելու իբրև գյուղական ուսուցչուհի և կամ կանանց պանսիոնում իբրև երաժշտության դասատու։

— Իսկ ի՞նչ կանեիք դուք,— հարցրեց Ռութը։

— Առանձնապես ոչ մի լավ բան։ Կարող էի օրական մեկուկես դոլլար վաստակել ֆիզիկական աշխատանքով կամ մտնել Հանլեյի միավորման ճյուղը իբրև հրահանգիչ. ասում եմ «մտնել», որովհետև, հավանական է, որ ինձ մի շաբաթ հետո կվռնդեին որպես բոլորովին անպետք մի մարդու։

Մարտինը լռելյայն լսում էր զրույցը և ընդունելով, որ Օլնեյն իրավացի է, միաժամանակ դատապարտում էր նրան Ռութի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։ Այդ վեճի ժամանակ նրա գլխում նոր հայացքներ էին ծագում սիրո մասին։ Բանականությունը չպետք է միջամտի սիրային գործերին։ Սիրած կինը ուղիղ է դատում, թե սխալ՝ միևնույն է։ Սերը բանականությունից բարձր է։ Տվյալ դեպքում Ռութը, ինչպես երևում է, չէր հասկանում, թե ինչքան կարևոր է կարիերան Մարտինի համար, բայց դա պատճառ չէ, որ աղջիկը նվազ հրապուրիչ դառնա։ Նա հիանալի էր, և նրա մտածելակերպը ոչ մի առնչություն չուներ այդ հրապուրանքի հետ։

— Ինչ ասացի՞ք,— հարցրեց Մարտինը Օլնեյին, որը անակնկալ հարցումով ընդհատեց նրա մտքի թելը։

— Ասում եմ, որ դուք հավանական է, չեք սկսի լատիներեն սովորել։

— Լատիներենը ոչ միայն կուլտուրա է տալիս,— ընդմիջեց Ռութը,— այլև մարզում է միտքը։

— Լավ, Մարտին, դո՞ւք ինչ եք կարծում, սովորելո՞ւ եք լատիներենը,— համառեց Օլնեյը։

Մարտինը չափազանց դժվարին վիճակում էր։ Նա տեսավ, որ Ռութը անհամբեր սպասում է իր պատասխանին։

— Վախենում եմ, որ ժամանակ չունենամ դրա համար,— պատասխանեց նա վերջապես․— ես կսկսեի սովորել, բայց ժամանակ չեմ ունենա։

— Տեսնո՞ւմ եք։ Մարտինին իսկի էլ հարկավոր չէ ձեր «ընդհանուր կուլտուրան»,― հայտարարեց Օլնեյը հաղթական։— Նա գիտի, թե ինչ է հարկավոր իրեն, գիտի նաև, թե ինչպես պիտի ձեռք բերել այդ։

— Այո, բայց չէ՞ որ դա մտամարզանք է, մտավոր կարգապահություն։ Լատիներենը կարգապահության է վարժեցնում միտքը։— Այդ ասելիս Ռութը նայեց Մարտինին, կարծես խնդրելով, որ նա փոխի իր դատողությունը։— Տեսե՞լ եք, թե ինչպես ֆուտբոլիստները խաղից առաջ մարզանք են անում։ Նույնն է լատիներենը մտածողների համար․ դա մարզանք է։

— Ի՜նչ անմտություն։ Այդ բանը մեր գլուխն էին մեխում մանկության տարիներին․ բայց կա մի ճշմարտություն, որը մոռացել են ներշնչել մեզ իր ժամանակին։— Օլնեյը մի պահ լռեց, առավել ազդու դարձնելու համար իր խոսքը, և հանդիսավոր շեշտով ասաց.— ջենտլմենը պետք է սովորի լատիներեն, բայց ոչ ջենտլմենը չպետք է իմանա լատիներեն։

— Դա անազնիվ է,— բացականչեց Ռութը,— ես այդպես էլ գիտեի, որ դուք ամբողջ այդ խոսակցուրյունը կատակի կվերածեք։

— Բայց համաձայնեցեք, որ սրամիտ կատակ է,— գոչեց նա։— Միաժամանակ դա ճիշտ է։ Լատիներեն գիտցող միակ մարդիկ դեղագործներն են, փաստաբաններն ու լատիներենի դասատուները։ Եթե Մարտինն ուզում է լինել դրանցից մեկը, ես լռում եմ։ Սակայն այս հարցում առհասարակ ի՞նչ գործ ունի Հերբերթ Սփենսերը։ Մարտինը հենց նոր է գտել Սփենսերին և խելակորույս հիացմունք զգացել նրա նկատմամբ։ Ինչո՞ւ, որովհետև Սփենսերը տվել է նրան մի բան։ Սփենսերը ոչինչ չի կարող տալ ոչ ձեզ, ոչ էլ ինձ, որովհետև ուրիշ բան մեզ հարկավոր էլ չէ։ Դուք մի գեղեցիկ օր կամուսնանաք, իսկ ես առհասարակ ոչ մի գործ չեմ ունենալու, որովհետև իմ փոխարեն ամեն ինչ անելու են զանազան գործակալներ, որոնք հոգ կտանեն իմ կապիտալի մասին, երբ ես դա կժառանգեմ հորիցս։

Օլնեյը դեպի դուռն էր ուղղվում, բայց կանգ առավ և իր վերջին լիցքն արձակեց.

– Մարտինին հանգիստ թողեք, Ռութ։ Նա ինքը շատ լավ գիտի, թե ինչ է պետք իրեն։ Նայեցեք, թե նա արդեն ինչե՜ր է կարողացել ձեռք բերել։ Երբեմն նա ինձ կարմրացնում է, ստիպում, որ ամաչեմ ինքս ինձնից։ Նա հենց հիմա էլ շատ ավելի բան գիտի աշխարհի, կյանքի և մարդու կոչման մասին, քան Արթուրը, Նորմանը, ես կամ դուք՝ չնայած բոլոր մեր լատիներենին, ֆրանսերենին ու անգլոսաքսոներենին, չնայած մեր ամբողջ, այսպես ասած, կուլտուրային։

— Բայց Ռութն իմ ուսուցչուհին է,— ասպետորեն առարկեց Մարտինը,— եթե ես որևէ բան էլ գիտեմ, ապա միայն նրա շնորհիվ։

— Դատա՜րկ բան,— Օլնեյը Ռութին նայեց ինչ֊որ անբարյացակամությամբ,— դուք հիմա ինձ կասեք, թե սկսել եք Սփենսեր կարդալ նրա խորհրդով։ Բայց չէ՞ որ Դարվինի և էվոլյուցիայի մասին նա նույնքան գիտե, որքան ես Սողոմոն թագավորի ալմաստի հանքերի մասին։ Հիշո՞ւմ եք, սրանից մի քանի օր առաջ դուք մեզ շշմեցրիք Սփենսերի անորոշի, անորսալիի և միատարրի վերաբերյալ մի հատվածի ձեր մեկնաբանմամբ։ Փորձեցեք այդ բացատրել Ռութին և կտեսնեք, նա կհասկանա՞, թե ոչ։ Չէ՞ որ դա «կուլտուրա» չէ, օհո՜-հո՜։ Լսեք Մարտին, եթե դուք սկսեք անգիր անել լատիներենը, ես պարզապես կկորցնեմ հարգանքս ձեր նկատմամբ։

Ուշադրությամբ հետևելով այդ խոսակցությանը, Մարտինը միաժամանակ ինչ֊որ տհաճություն էր զգում։ Խոսքը վերաբերում էր սովորելուն և դասերին, գիտելիքների հիմունքներին, և վեճի այդ մակերեսային բնույթը չէր համապատասխանում այն մեծ խնդիրներին, որոնք հուզում էին Մարտինին, ստիպում էին նրան ամուր բռնել բոլոր կենսական երևույթները և ինչ֊որ տիեզերական թրթիռով թրթռալ իր արթնացող ուժի գիտակցությունից։ Նա մտովի իրեն համեմատում էր անծանոթ ափ նետված այն բանաստեղծի հետ, որը ցնցված է շրջապատի գեղեցկությամբ և զուր ճգնում է գովերգել այն վայրերի բնիկների՝ իրեն անծանոթ լեզվով։ Այդպես էր և նրա հետ։ Նա իր մեջ զգում էր տանջալից ձգտում՝ ճանաչելու համաշխարհային մեծ ճշմարտություններ, իսկ դրա փոխարեն պետք է լսեր մանկական առարկություններ այն մասին՝ հարկավո՞ր է արդյոք ուսումնասիրել լատիներենը, թե՞ հարկավոր չի։

— Գրո՛ղը տանի, ո՞ւմ է պետք այդ լատիներենը,— ասում էր նա ինքն իրեն այդ երեկո, հայելու առաջ կանգնած։— Թող մեռելները մեռած մնան, ես ի՞նչ կապ ունեմ այդ մեռելների հետ։ Գեղեցկությունը հավիտենական է և միշտ կենդանի։ Լեզուները ստեղծվում են և անհետանում։ Նրանք մեռածների փոշին են։

Նա հենց այդտեղ մտածեց, որ սովորել է լավ ձևակերպել իր մտքերը և, անկողին մտնելով, ճգնում էր հասկանալ, թե ինչու է կորցնում այդ ընդունակությունը Ռութի ներկայությամբ։ Նրա ներկայությամբ ինքը դառնում էր աշակերտ և խոսում էր աշակերտի լեզվով։

— Ժամանակ տվեք ինձ,— ասաց նա բարձրաձայն,— միայն ժամանակ տվեք ինձ։

Ժամանա՜կ, ժամանա՜կ, ժամանա՜կ․ դա նրա մշտական աղերսն էր։