Մարտին Իդեն, Գլուխ XV

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XIV Մարտին Իդեն, Գլուխ XVI ▶


— Առաջին ընդհարումը տեղի ունեցավ,— ասաց Մարտինը տասն օր հետո նայելով հայելուն,—բայց տեղի կունենան և երկրորդը, երրորդը, մինչև որ․․․

Առանց նախադասությունը վերջացնելու նա դիտեց իր խցիկը և նրա հայացքը տխրությամբ կանգ առավ անկյունում թափված ծրարների կույտի վրա։ Նա դրամ չուներ փոստանիշներ գնելու, որպեսզի ուղարկեր դրանք նոր հասցեներով, իսկ մի շաբաթվա ընթացքում այդ գրվածքների մի ամբողջ դեզ է գոյացել։ Նրանք ստացվելու են և վաղը, և մյուս օրը, մինչև որ բոլորը վերադառնան իրենց տիրոջ մոտ։ Եվ նա արդեն չի կարող ուղարկել դրանք այլ տեղեր։ Արդեն մի ամիս է, որ նա չի վճարել գրամեքենայի վարձը և չի էլ կարող վճարել, որովհետև ունեցած դրամը հազիվ բավեր հատուցելու ապրուստի ծախսը և մուծելու միջնորդ գրասենյակի վճարը։

Նա նստեց և մտածկոտ նայեց իր սեղանին, որի վրա երևում էին թանաքի բծեր, և Մարտինը հանկարծ քնքշությամբ համակվեց դեպի սեղանը։

— Սիրելի, վաղեմի սեղան,— ասաց նա,— ես շատ երջանիկ ժամեր եմ անցկացրել քո առաջ, և դու միշտ իմ հավատարիմ բարեկամն ես եղել։ Դու երբեք չես վանել ինձ, երբեք չես վիրավորել անարդարացի մերժումներով, երբեք չես գանգատվել աշխատանքի ծանրությունից։

Նա արմունկով հենվեց սեղանին և ձեռքերով ծածկեց դեմքը։ Արցունքները խեղդում էին նրան։ Նա հիշեց իր առաջին կռիվը, երբ վեց տարեկան հասակում, արտասվաթոր աչքերով, պաշտպանվում էր իրենից երկու տարով մեծ տղայից, որը բռունցքներով խփում էր նրան ուժասպառ անելու աստիճան։ Նա տեսավ իրենց շրջապատած տղաներին, որոնք վայրենի գոռոց բարձրացրին, երբ նա վերջ ի վերջո ընկավ՝ կուլ տալով ջարդված քթից հոսող արյունը և աչքերից արտասուք թափելով։

— Խե՜ղճ փոքրիկ,— մրմնջաց նա,— հիմա քեզ նորից ջարդեցին. այնպես ջարդեցին, որ այլևս ոտքի չես կանգնի։

Սակայն այդ առաջին ճակատամարտի հիշողությունը չէր անհետանում, և դրան հաջորդած բոլոր կռիվները հերթով անցան Մարտինի աչքի առաջով։ Կես տարի անց Ճարպոտ Մռութը (տղային այդպես էին անվանում) դարձյալ հարձակվեց նրա վրա, բայց այս անգամ Մարտինն էլ կապտեցրեց նրա աչքի տակը։ Դա որոշակի հաջողություն էր։ Նա հիշեց իրար հետևից իր բոլոր մարտերը, Ճարպոտ Մռութը միշտ էլ հաղթում էր։ Սակայն Մարտինը ոչ մի անգամ փախուստ չտվեց։ Նա հպարտություն զգաց՝ հիշելով այդ։ Նա միշտ էլ տոկում էր մինչև վերջ, թեպետ հետո նա ստիպված էր լինում բուժել իր վերքերը։ Ճարպոտ Մռութը ստոր հակառակորդ էր, միշտ անողոք, բայց Մարտինը դիմանում էր։ Նա միշտ էլ դիմացել է մինչև վերջ։

Հետո Մարտինի աչքին պատկերացավ՝ հին կարկասե տների շարքերի միջև մի նեղ նրբափողոց, որի վերջում գտնվում էր մի աղյուսաշեն միհարկանի տուն, որտեղից լսվում էր «Համբավաբեր» օրաթերթը տպող մեքենաների աղմուկը։ Այն ժամանակ Մարտինը տասնմեկ տարեկան էր, իսկ Ճարպոտ Մռութը տասներեք տարեկան, երկուսն էլ լրագրավաճառ էին։ Այդ պատճառով էլ նրանք սպասում էին տպարանի դռան առաջ կանգնած։ Հասկանալի է, որ Ճարպոտ Մռութն անմիջապես կռվի բռնվեց Մարտինի հետ, բայց մարտի ելքը անորոշ մնաց, որովհետև ժամը չորսից քառորդ պակաս տպարանի դարպասը բացվեց և տղաների բազմությունը ներս վազեց թերթեր ստանալու։

— Ես քեզ վաղը կջարդեմ,— խոստացավ նրան Ճարպոտ Մռութը, և Մարտինը արցունքից դողդոջուն ձայնով հայտարարեց, որ վաղը կլինի այստեղ։

Հաջորդ օրը նա վազեց եկավ դպրոցից՝ Ճարպոտ Մռութից երկու րոպե առաջ հասնելով ճակատամարտի վայրը։ Մյուս տղաները գովեցին Մարտինին և նրան այնպիսի խորհուրդներ տվեցին, որոնց հետևելով նա անպայման պետք է ջախջախեր հակառակորդին։ Սակայն նույն տղաները նույնպիսի խորհուրդներ տալիս էին նաև Ճարպոտ Մռութին։ Ինչպես էին հրճվում այդ ձրի դիտողները... Մարտինը կանգ առավ այդ հիշողության վրա և մինչև անգամ նախանձում էր այն տղաներին՝ մտածելով, թե ինչպիսի բավականություն էին ստանում նրանք այն ժամանակ։ Մարտը սկսվեց և շարունակվեց կես Ժամ՝ մինչև տպարանի դռան բացվելը։

Մարտինը կրկին ու կրկին տեսավ իրեն որպես երեխա, որն ամեն օր դպրոցից շտապում էր գնալ տպարան։ Նա չէր կարողանում արագ վազել։ Նա կռացել ու կաղում էր մշտական կռիվների հետևանքով։ Նրա ձեռքերն ամբողջովին կապտած էին, ամբողջ մարմինը պատած էր ճանկռվածքներով, և վերքերից մի քանիսը սկսել էին թարախակալել։ Մղկտում էին նրա ոտքերն ու ձեռքերը, մղկտում էր կռնակը, մղկտում էր ամբողջ մարմինը, կապարի պես ծանրացած գլուխը մառախլապատ էր։ Դպրոցում նա արդեն չէր կարողանում խաղալ. չէր էլ սովորում։ Մինչև անգամ ամբողջ օրը նստարանի առաջ հանգիստ մնալը նրա համար տանջանք էր։ Թվում էր, թե դարեր են անցել այն օրից, երբ սկսվեցին այդ ամենօրյա կռիվները և ժամանակը երկարում էր, ինչպես մղձավանջ, նորանոր ընդհարումների մշտական սպասման մեջ։ «Ինչո՞ւ չի կարելի ջախջախել Ճարպոտ Մռութին», մտածում էր Մարտինը։ Դա միանգամից կազատեր նրան բոլոր չարչարանքներից։ Բայց երբեք մտքովն էլ չէր անցնում անձնատուր լինել և ընդունել, որ Ճարպոտ Մռութն իրենից ավելի ուժեղ է։

Եվ այդպես նա ամեն օր քարշ էր գալիս դեպի տպարանի դուռը, հոգով ու մարմնով խոշտանգված, սովորելու այն մեծ գիտությունը, որի անունն է համբերություն և հաստատակամություն և այնտեղ հանդիպում էր իր հավիտենական թշնամուն՝ Ճարպոտ Մռութին, որը նույնպես խոշտանգված էր, ինչպես և ինքը, և հոժարակամ կդադարեցներ ծեծկռտուքը, եթե չգրգռեին լրագրավաճառ երեխաները, որոնց առաջ նա չէր ուզում ամոթով մնալ։ Մի օր, քսան րոպե տևող հուսահատ կռվամարտից հետո, կռվի բոլոր պայմանները հարգելով (ոտքերով չկռվել և գետին ընկածին չխփել), Ճարպոտ Մռութն առաջարկեց վերջացնել այն «ոչ ոքի»։ Մարտինն այժմ էլ ցնցվեց այդ հիշողության քաղցրությունից. շնչասպառ և պատռած շրթունքից հոսող արյունից խեղդվելով նա նետվեց Ճարպոտ Մռութի վրա, թքեց արյունը, որը խանգարում էր խոսել, և գոռաց, որ համաձայն չէ վերջացնել «ոչ ոքի», և եթե Ճարպոտ Մռութն ուժասպառվել է, թող անձնատուր լինի. բայց Ճարպոտ Մռութը չէր ուզում հանձնվել, և կռիվը շարունակվեց։

Հաջորդ օրը կռիվը վերսկսվեց, և առաջվա պես շարունակվում էր ամեն օր։ Ամեն անգամ ծեծկռտուքի սկզբին Մարտինը շատ էր տառապում ցավից, բայց հետո ցավը բթանում էր, և նա կռվում էր կատաղությունից կուրացած, կարծես քնի մեջ, իր առաջ տեսնելով միայն Ճարպոտ Մռութի լայն այտոսկրերը և նրա վառվող, գազանային աչքերը։ Նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց այդ կերպարանքի վրա, իսկ մնացած բոլոր բաները դադարեցին գոյություն ունենալուց։ Աշխարհում ոչինչ չկար, բացի այդ կերպարանքից, և Մարտինը գիտեր, որ կհանգստանա այն ժամանակ միայն, երբ այդ կերպարանքը կվերածի անձև, արյունաշաղախ մի զանգվածի և կամ իր դեմքը կդառնա նույնպիսի արյունլվա մի զանգված։ Այն ժամանակ կարելի է դադարեցնել մրցությունը։ Իսկ համաձայնել «ոչ ոքի», ինքը՝ Մարտինը համաձայնի՜ «ոչ ոքի», դա անկարելի էր։

Մի օր այնպես պատահեց, որ սովորական ժամանակ գալով տպարանի դուռը՝ Մարտինն այնտեղ չգտավ Ճարպոտ Մռութին։ Նա այդպես էլ չերևաց։ Երեխաները շնորհավորում էին Մարտինին՝ հավաստիացնելով, որ Ճարպոտ Մռութն անձնատուր եղավ։ Բայց Մարտինը չբավարարվեց այդպիսի ելքով։ Ինքը դեռ չի հաղթել Ճարպոտ Մռութին, Ճարպոտ Մռութն էլ չի հաղթել իրեն․ վեճը չի լուծված։ Հետագայում պարզվեց, որ այդ նույն օրը Ճարպոտ Մռութի հայրը հանկարծամահ էր եղել։

Մարտինը մտովի թռավ մի քանի տարի ետ և տեսավ իրեն նստած թատրոնում, վերնասրահում։ Նա տասնյոթ տարեկան էր, նոր էր վերադարձել նավարկությունից։ Հանդիսատեսների միջև կռիվ ծագեց. ինչ-որ մարդ մի ուրիշին հրեց։ Մարտինը միջամտեց և հանդիպեց բոցավառ աչքերով իր վաղեմի թշնամուն՝ Ճարպոտ Մռութին։

— Ներկայացումից հետո ես քեզ կջարդեմ,— շշնջաց նա Մարտինին։

Մարտինը գլխով հավանության նշան արեց։

Վերնասրահում կարգուկանոն պահպանողը շտապում էր իրարանցման վայրը։

— Երբ վերջանա, մենք կհանդիպենք ելքի մոտ,— փսփսաց Մարտինը՝ շարունակելով նայել բեմին։

Կարգուկանոն պահպանողը նայեց նրանց ու հեռացավ։

— Դու ընկերներո՞վ ես այստեղ,— հարցրեց Մարտինը Ճարպոտ Մռութին, երբ արարվածը վերջացավ։

— Իհարկե։

— Ես էլ կկանչեմ մի քանի հոգու,— հայտարարեց Մարտինը։

Ընդմիջման ժամանակ նա հավաքագրեց իր կողմնակիցներին. երեք բարեկամ մեխի գործարանից, երկաթգծի մի հրշեջ, կես դյուժին նավաստիներ և նույնքան կտրիճներ՝ շուկայի հրապարակի նշանավոր շայկայից։

Ներկայացումից հետո երկու խմբերը գնացին փողոցի տարբեր կողմերով։ Հասնելով փողոցի խուլ մասը՝ նրանք միացան և ռազմական խորհուրդ արեցին։

— Ամենահարմար վայրը Ութերորդ փողոցի կամուրջն է,— ասաց մի շիկակարմիր պատանի Ճարպոտ Մռութի շայկայից,— դուք կկռվեք մեջտեղում, էլեկտրական լապտերի տակ, իսկ մենք կհսկենք փարավոնների հայտնվելուն։ Եթե նրանք երևան մի կողմից, մենք կփախչենք մյուս կողմը։

— Լավ, համաձայն ենք, — ասաց Մարտինը՝ յուրայինների հետ խորհրդակցելուց հետո։

Սան֊Անտոնիոյի գետաբերանի մի թևի վրա ձգված՝ Ութերորդ փողոցի կամուրջը երկարությամբ հավասար է երեք թաղի։ Կամուրջի մեջտեղը և երկու ծայրերին վառվում էին էլեկտրական լապտերները. ոչ մի ոստիկան չէր կարող աննկատելի մոտենալ։ Մարտինի աչքին այժմ բոլոր մանրամասնություններով պատկերացավ կռվի հարմար այդ վայրը։ Նա տեսավ երկու շայկաները, մռայլ և թշնամական, դեմ առ դեմ կանգնած, ամեն մեկն իր մարտիկի թիկունքում։ Մարտինն ու Ճարպոտ Մռութը մերկացան մինչև մեջքը։ Հսկողները գրավեցին իրենց դիտակետերը՝ կամուրջի ծայրերին։ Նավաստիներից մեկը Մարտինից վերցրեց բաճկոնը, շապիկն ու գլխարկը, որպեսզի ոստիկանների գալու դեպքում նրանց հետ միասին փախչի մի ապահով տեղ։ Մարտինը պարզ տեսավ իրեն, թե ինչպես է գնում մարտադաշտի մեջտեղը, նայում է ուղիղ Ճարպոտ Մռութի աչքերին և, բռունցքը բարձրացնելով, ասում է.

– Սա խաղալիք չէ, հասկացա՞ր․ պիտի կռվենք մինչև վերջ, հասկացա՞ր, ոչ մի հնարք չի օգնի։ Ես և դու հին հաշիվներ ունենք և պետք է լրիվ մաքրենք դրանք, հասկացա՞ր։

Ճարպոտ Մռութը տատանվեց, Մարտինը նկատեց այդ, բայց Ճարպոտը ինքնասեր էր և չէր ուզում խայտառակվել այդքան դիտողների ներկայությամբ։

— Թող այդպես լինի, դո՛ւրս արի,— գոռաց նա,— ինչո՞ւ ես շատ խոսում. թող լինի մինչև վերջը։

Նրանք իսկույն, բռունցքները սեղմած, հարձակվեցին իրար վրա պատանեկության ամբողջ ավյունով, ինչպես երկու մատղաշ մոզիներ՝ տոչորված զարկելու, ջարդելու, խեղելու ցանկությամբ։ Այն ամենը, ինչ ձեռք է բերել մարդկությունը իր երկար ու դժվարին ճամփին, մի ակնթարթում փուլ եկավ։ Միայն էլեկտրական լապտերն էր կանգնած որպես առաջադիմության մոռացված սահմանանիշ։ Մարտինն ու Ճարպոտ Մռութը քարե դարի վայրենիներ էին, որոնք բնակվում էին քարանձավներում և ծառերի վրա։ Նրանք ավելի ու ավելի մխրճվում էին նախնադարյան գոյության ճահճուտը, կուրորեն իրար էին բախվում, ինչպես ատոմներ, որոնք մշտնջենապես ձգում են և մշտնջենապես վանում իրար։

— Աստվա՜ծ իմ, ի՜նչ անասուններ ենք եղել մենք, ի՜նչ վայրենի գազաններ,— հառաչեց Մարտինը՝ հիշելով այդ կռվի մանրամասնությունները։ Շնորհիվ իր երևակայության անսովոր ուժի, նա այնքան վառ գույներով էր տեսնում այդ բոլորը, կարծես կինոյում նստած լիներ։ Նա միաժամանակ և՛ ըմբշամարտիկ էր, և՛ հանդիսատես։ Երկար ամիսների ընթացքում նրա ձեռք բերած կուլտուրան և գիտելիքները սարսռեցնում էին նրան, երբ հիշում էր այդ կռիվը, բայց շուտով անցյալը նրա հիշողությունից ետ մղեց ներկան. նա նորից դարձավ նախկին Մարտին Իդենը և, նավարկությունից դեռ նոր վերադարձած, նա կռվում էր Ճարպոտ Մռութի հետ Ութերորդ փողոցի կամրջի մեջտեղում։ Նա տառապում էր, տանջվում, արյունլվա էր լինում, հրճվում էր, երբ նրա բռունցքները նշանակետին էին հասնում։

Թվում էր, թե դրանք մարզիկ չէին, այլ իրար վրա հարձակված երկու կատաղի մրրիկ։ Ժամանակն անցնում էր, և երկու խմբերը կանգնած էին միանգամայն խաղաղ և շունչները պահած։ Այդպիսի կատաղություն նրանք դեռ չէին տեսել, և դա նրանց երկյուղ էր ներշնչում։ Նրանց աչքի առաջ կռվում էին երկու գազաններ, գազաններից էլ վայրագ։

Երբ սկզբնական պատանեկան մոլեգնությունը անցավ, հակառակորդները սկսեցին կռվել ավելի զգույշ և մտածված։ Նրանցից ոչ մեկը չէր հաղթում։

— Ոչ ոքի կլինի,— այդ բառերը հասան Մարտինի ականջին։

Նա պատահաբար ինչ֊որ անհաջող շարժում արեց և նույն պահին ահռելի մի հարված ստացավ դեմքին, որ ծակեց այտը մինչև ոսկորը։ Անզեն բռունցքը չէր կարող այդպիսի վերք պատճառել։ Մարտինը լսեց զարմանքի բացականչություններ և զգաց, որ այտից արյուն է ցայտում, բայց նա ձևացավ, որ չի էլ նկատում այդ։ Անմիջապես զգուշացավ, որովհետև գիտեր, թե ում հետ գործ ունի և կարելի է ամեն ստորություն սպասել նրանից։ Նա սկսեց ուշադիր հետևել իր հակառակորդին և, նշմարելով մետաղի փայլը, ճարպիկ մի շարժումով բռնեց նրա ձեռքը։

— Ցո՛ւյց տուր ձեռքդ,— աղաղակեց նա,— դու կաստետով խփեցիր ինձ։

Երկու խմբերն էլ բղավոցով ու հայհոյանքներով խոյացան իրար վրա. մի վայրկյան էլ, և տեղի կունենար ընդհանուր տուրուդմբոց, և Մարտինը չէր հագեցնի վրեժի իր ծարավը։ Նա կորցրել էր իրեն։

— Է՜, մի՛ խառնվեք,— որոտաց նա,— թո՛ղ ոչ ոք չխառնվի, հասկանալի՞ է։— Խմբերը ընկրկեցին․ նրանք գազան էին, իսկ Մարտինը գերգազան, և նրա ներշնչած սոսկումը ստիպեց նրանց ենթարկվել իրեն։

— Դա իմ գործն է, և թող ոչ ոք չխառնվի։ Է՜յ, տուր այստե՛ղ կաստետը։

Ճարպոտ Մռութը, մի քիչ վախեցած, հնազանդվեց և դավաճանական զենքը տվեց նրան։

— Դո՛ւ տվեցիր նրան կաստետը, շիկակարմի՛ր անզգամ,— շարունակեց Մարտինը՝ կաստետը շպրտելով ջուրը,— ես տեսա, թե դու ինչպես էիր քսմսվում այստեղ և ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ էիր ուզում։ Եթե դու մի անգամ էլ քիթդ խոթես, ես քեզ շան սատակ կանեմ, հասկացա՞ր։

Կռիվը վերսկսվեց, և թեպետ երկու հակառակորդներն էլ ուժասպառության վերջին սահմաններն էին հասել, բայց և այնպես շարունակում էին հարվածներ տեղալ իրար վրա, մինչև որ նրանց շրջապատող գազանների ոհմակը, հագեցնելով իր արյան ծարավը, երկյուղ զգաց և սկսեց նրանց համոզել, որ դադարեցնեն կռիվը։ Ճարպոտ Մռութը, որ հազիվ էր կարողանում կանգնած մնալ, այդ սոսկալի, մարդկային կերպարանքը կորցրած հրեշը, կանգ առավ անվճռական, բայց Մարտինը խուժեց նրա վրա՝ նորանոր հարվածներ հասցնելով։ Թվում էր, թե նրանք արդեն մի ամբողջ հավիտենականություն կռվում էին, և Ճարպոտ Մռութը նկատելիորեն սկսեց թուլանալ, բայց հանկարծ լսվեց ուժեղ կրճկրճոց, և Մարտինի աջ թևը անզոր կախ ընկավ։ Ոսկորը կոտրվել էր։ Բոլորն էլ լսեցին, բոլորն էլ հասկացան այդ։ Ճարպոտ Մռութը որպես վագր, հարձակվեց նրա մյուս թևի վրա՝ ամբողջ ուժով հարվածներ հասցնելով նրան։ Մարտինի խումբը վրա ընկավ նրան ազատելու համար։ Առողջ ձեռքով պաշտպանվելով հարվածներից՝ Մարտինը բղավեց, որ նրանք չխառնվեն, առանց դադարեցնելու անեծքներ թափելն ու միաժամանակ կատաղության և հուսահատության հառաչներ արձակելը, և շարունակ խփում էր միակ ձախ ձեռքով, առանց գիտակցելու որևէ բան, թակում էր, հա թակում։ Կարծես հեռվից նրա ականջին հասնում էին վախի փսփսոցներ, հետո նա լսեց, որ ինչ֊որ մեկը դողդոջուն ձայնով ասաց․ «Տղերք, դա կռիվ չէ, դա սպանություն է, պետք է բաժանել նրանց»։

Սակայն ոչ մեկը չհամարձակվեց մոտենալ, իսկ Մարտինը շարունակում էր խփել ձախ ձեռքով՝ ամեն անգամ դիպչելով ինչոր կակուղ, արյունոտ, սոսկալի և մարդկային դեմքի հետ ոչ մի առնչություն չունեցող բանի, և այդ ինչ֊որ բանը անձնատուր չէր լինում և շարունակում էր շարժվել նրա պղտորած աչքի առաջ։ Նա խփում էր, խփում էր ավելի ու ավելի մեղմ, աստիճանաբար կորցնելով կենսական եռանդի վերջին մնացորդները, խփում էր կարծես ամբողջ դարեր, հազարամյակներ, մինչև որ այդ անձև, արյունլվա զանգվածը տապալվեց կամրջի տախտակների վրա։ Այն Ժամանակ Մարտինը կանգնեց նրա վրա, հարբածի պես, երերալով, հենակետ որոնելով օդում և շարունակելով հարցնել խռպոտ ձայնով.

― Էլի՞ ես ուզում, ասա... էլի՞ ես ուզում։

Նա շարունակ հարցնում էր՝ համառորեն պատասխան պահանջելով, և հանկարծ զգաց, որ ընկերները բռնում են նրան, քարշ տալիս, փորձում են հագցնել նրա շապիկը։ Այդ պահին նա հանկարծ ուշագնաց եղավ։

Սեղանի վրա զարթուցիչը հնչեց, բայց Մարտինը չլսեց այդ և շարունակեց նստած մնալ, ձեռքերով փակելով դեմքը։ Նա ոչինչ չէր լսում, նա ոչնչի մասին չէր մտածում։ Այնքան վառ կերպով նա վերապրեց այդ ամենը, որ դարձյալ ուշքը կորցրեց, ինչպես Ութերորդ փողոցի կամարջի վրա այն գիշերը։ Մի քանի րոպե նրան պատեցին խավարն ու դատարկությունը։ Հետո, կարծես կենդանացած դիակ, նա վեր թռավ՝ փայլատակող աչքերով, ճակատին կպած մազերով։

— Այնուամենայնիվ ես քեզ ջախջախեցի, Ճարպոտ Մռութ,— աղաղակեց նա․— դրա համար ինձ հարկավոր եղավ վեց տարի, բայց ես ջարդեցի քեզ։

Նրա ոտքերը դողում էին, գլուխը պատվում էր և, տատանվելով, ստիպված եղավ նստել անկողնին։ Նա դեռևս անցյալի իշխանության տակ էր գտնվում։ Նա ապշած նայեց չորս կողմը, կարծես չհասկանալով, թե որտեղ է գտնվում, մինչև որ վերջապես տեսավ անկյունում թափված ծրարների կույտը։ Եվ նրա հիշողության անիվներն ավելի արագ սկսեցին դառնալ, անցկացրին նրան չորս տարվա ժամանակամիջոցի վրայով, և նա հիշեց գրքերը, հիշեց այն աշխարհը, որ նրանք բաց արին իր առաջ, հիշեց իր երազներն ու պատվախնդրությունները և իր սերը՝ դեպի գունատ, զգայուն և քնքուշ աղջիկը, որը սարսափից կմեռներ, եթե թեկուզ մի ակնթարթ ականատես լիներ այն բանին, որ ինքը նոր վերապրեց. թեկուզ մի ակնթարթ տեսներ, թե կյանքի ինչպիսի տականքներում էր թավալվում նա։

Նա ոտքի կանգնեց և հայելու մեջ նայեց իրեն։

― Հիմա դու այդ ցեխից դուրս ես եկել, Մարտին,— հանդիսավոր կերպով ասաց նա իրեն,— աչքերդ բացվել են պայծառ լույսի դեմ, ուսերովդ աստղերին ես դիպչում, լիարժեք կյանքով ես ապրում և նվաճում ես դարերի ամենաթանկագին ժառանգությունը մարդկանցից, որոնք տիրում են դրան։

Մարտինը ուշադիր նայեց իրեն և ծիծաղեց։

— Մի քիչ հիստերիկա և մելոդրամա, այնպես չէ՞։ Ինչ կա որ. դա նշանակություն չունի։ Ժամանակին դու հաղթեցիր Ճարպոտ Մռութին, ճիշտ այդպես էլ կհաղթես հրատարակիչներին, մինչև անգամ եթե դու կարիք ունենաս վատնել երեք անգամ վեց տարի։ Դու չես կարող կանգ առնել, հիմա դու պետք է առաջ գնաս։ Իմացիր, որ պիտի պայքարես մինչև վերջ։