Մարտին Իդեն, Գլուխ XXIII

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXII Մարտին Իդեն, Գլուխ XXIV ▶


Որ Ռութը մեծ հավատք չուներ Մարտինի գրական ընդունակությունների նկատմամբ, դա չփոխեց և չպակասեցրեց նրա սերն ու հարգանքը դեպի աղջիկը։ «Արձակուրդի» միջոցին Մարտինը շատ էր մտածել իր մասին և վերլուծել իր զգացումները։ Նա վերջնականապես համոզվեց, որ իր աչքում գեղեցկությունը փառքից ավելի արժե, և որ ինքը ուզում է փառքի տիրանալ միայն Ռութի համար։ Նրա սիրույն էր Մարտինն այնքան համառորեն ձգտում փառքի. երազում էր վսեմանալ աշխարհի աչքում, որպեսզի իր սիրած կինը կարողանա իրենով հպարտանալ և արժանավոր համարել իրեն։

Մարտինը այնքան էր սիրում գեղեցկությունը, որ նրան ծառայելու մեջ բավարար վարձատրություն էր գտնում իր համար, բայց Ռութին նա ավելի էր սիրում։ Սերը նրան թվում էր աշխարհում ամենագեղեցիկ բանը։ Մի՞թե Ռութը չէր, որ նրա հոգում առաջացրեց այդ մեծ հեղաշրջումը՝ անտաշ նավաստուց վերածելով նրան ուսանողի և արվեստագետի։ Էլ ինչո՞ւ զարմանալ, որ նրա աչքում սերն ավելի բարձր էր, քան գիտություններն ու արվեստները։ Մարտինն արդեն սկսել էր գիտակցել, որ մտքի մարզում նա ուժեղ է և՛ Ռութից, և՛ նրա եղբայրներից, և՛ նրա հորից։ Չնայած համալսարանական կրթության բոլոր առավելություններին, չնայած գեղեցիկ արվեստների բակալավրի իր կոչմանը, Ռութը չէր էլ կարող երազել աշխարհի, գեղարվեստի, կյանքի այնպիսի հասկացողության մասին, որն ուներ Մարտինը մի տարվա ինքնուսման պարապմունքներից հետո։

Այդ բոլորը նա գիտեր, բայց դա ամենևին չէր ազդում նրա սիրո վրա դեպի Ռութը, ոչ էլ Ռութի սիրո վրա դեպի նա։ Սերը չափազանց գեղեցիկ, չափազանց ազնիվ մի զգացում է, և Մարտինը, որպես իսկական սիրահար, անհնար էր համարում վիրավորել այդ զգացումը քննադատությամբ։ Ի՞նչ առնչություն ունի սերը՝ գեղարվեստի, ֆրանսիական հեղափոխության կամ ընդհանուր քվեարկության մասին Ռութի հայացքների հետ։ Այդ բոլորը բանականության հետ է կապված, իսկ սերը բանականությունից բարձր է։ Մարտինը չէր կարող ստորացնել սերը, որովհետև պաշտում էր դա։ Նա պատկերացնում էր, որ սերը բնակվում է լեռնային անհասանելի բարձունքներում բանականության դաշտավայրերից շատ վերև։ Սերը գոյության գերագույն պայմանն է, կյանքի բարձրագույն գագաթը, և ամեն մարդու չի վիճակվում։ Շնորհիվ իր սիրած փիլիսոփաների ուսումնասիրության, Մարտինը գիտեր սիրո կենսաբանական նշանակությունը, սակայն, շարունակելով զարգացնել իր համար այդ փիլիսոփաների հիմնական դրույթը, նա եկավ այն եզրակացության, որ հենց սիրո մեջ էլ մարդկային օրգանիզմը կատարում է իր բարձրագույն նպատակը, այդ պատճառով էլ սերը պիտի ընդունել առանց հարցաքննության, որպես կյանքի ամենամեծ վարձատրություն։ Մարտինը սիրահարվածին պատկերացնում էր իբրև բարձրագույն շնորհքով օժտված մի արարածի, և նրան հաճելի էր այն «սիրատոչոր երիտասարդի» կերպարը, որի համար արդեն անարժեք են երկրային բոլոր բարիքները ՝ հարստություն, գիտելիքներ, հաջողություն, արժեք չունի և կյանքը, քանի որ նա «պատրաստ է համբուրելիս մեռնել»։

Այսպիսի խոհեր Մարտինի մտքովն անցնում էին նաև առաջներում, բայց շատ բաներ նա ըմբռնեց միայն հիմա։ Սակայն այդ ընթացքում նա չէր դադարում աշխատելուց, վարելով սպարտական կյանք և իրեն թույլատրելով աշխատանքից կտրվել միայն Ռութի հետ տեսակցելու համար։ Փորթուգալացի Մարիա Սիլվա անունով մի կնոջ մոտ իր վարձած սենյակի համար Մարտինը վճարում էր ամսական երկուսուկես դոլլար։ Բավական կռվասեր բնավորության տեր այդ այրի փորթուգալուհին անխոնջ աշխատում էր՝ իր բազմաթիվ երեխաներին կերակրելու համար, երբեմն իր վիշտը «թրջելով» մի շիշ թթու գինով, որը գնում էր հարևան գինեվաճառանոցում տասնհինգ սենթով։ Սկզբում Մարտինը ատեց նրան, առանձնապես զայրացնում էր նրա լեզուն, բայց հետո սկսեց հիանալ այն համառությամբ, որով կինը դժնդակ պայքար էր մղում գոյության համար։ Այդ տնակում միայն չորս փոքր սենյակներ կային, որոնցից մեկը զբաղեցրեց Մարտինը։ Մյուսը հյուրասենյակի տեղ էր ծառայում, դրան զվարթ տեսք էր տալիս հատակը ծածկող գույնզգույն գորգը, բայց վախճանված երեխաներից մեկի դագաղում նկարված պատկերը տխուր մի տրամադրություն էր հաղորդում հյուրասենյակին։

Այդ սենյակը միայն հյուրերի համար էր, նրա փեղկերը միշտ փակ էին և ոտաբոբիկ երեխաների զորախմբին թույլ էր տրվում մտնել այնտեղ միայն առանձնապես հանդիսավոր դեպքում։ Փորթուգալուհին կերակուրը եփում էր խոհանոցում․ այնտեղ էլ ամբողջ ընտանիքն ուտում էր, այնտեղ էլ տանտիրուհին լվացք էր անում, արդուկում, առանց ձեռքերը ծալելու աշխատում ամեն օր, բացի կիրակիից։ Նա լվացք էր անում հարևանների համար, և դա նրա եկամտի գլխավոր աղբյուրն էր։ Ննջասենյակը նույնքան փոքր էր, որքան և Մարտինի գրաված սենյակը և այնտեղ պատսպարվել էր այդ կինը յոթ երեխաների հետ միատեղ։ Մարտինին անբացատրելի էր թվում, թե նրանք բոլորն ինչպես են տեղավորվում այնտեղ․ երեկոները Մարտինը լսում էր բարակ միջնորմի հետևից նրանց աղմուկը, ճչոցն ու ճվճվոցը, որը հիշեցնում էր թռչունների ծլվլոցը։ Մարիայի եկամտի մի այլ աղբյուրն էին կազմում երկու կովերը, որ նա կթում էր առավոտ ու երեկո, և որոնք արածում էին հարևան անբանուկ դաշտերում և կամ, մաքսանենգորեն ճամփի փոսերում աճող խոտն էին ճարակում։ Ցնցոտիներ հագած երկու տղա, տանտիկնոջ երեխաները, արածացնում էին կովերին, այսինքն՝ ուշադիր նայում էին, որ նրանք ոստիկանների աչքով չընկնեն։

Իր նեղլիկ սենյակում Մարտինը քնում էր, սովորում, գրում, մտածում, տնտեսությամբ զբաղվում։ Սանդուղքին նայող միակ պատուհանի առաջ դրած էր մի խոհանոցային սեղան, որը ծառայում էր միաժամանակ և՛ իբրև գրասեղան, և՛ գրադարակ, և՛ գրամեքենայի սեղանիկ։ Հետևի պատին կպած մահճակալը գրավում էր սենյակի երկու երրորդը։ Սեղանի կողքին դրված էր զգեստի փոքրիկ պահարան, որը ինչպես երևում է, պատրաստել էին՝ ավելի շուտ եկամուտ ստանալու, քան գործածողի հարմարության համար․ նրա վրայի բարակ դրվագաթերթը բոլորովին կորացած էր։ Այդ պահարանը դրված էր մի անկյունում, իսկ մյուս անկյունում խոհանոցն էր՝ օճառի մի արկղ, որի վրա կար մի նավթավառ, իսկ մեջը պահվում էին ամանեղեն և խոհանոցային առարկաներ․ պատի վրա՝ դարակ մթերքի համար, դրա կողքին ջրի մի դույլ, սենյակում ջրի ծորակ չկար, և Մարտինը ստիպված էր խոհանոց գնալ ջրի համար։ Մարտինը մահճակալից վերև կախել էր հեծանիվը։ Սկզբում նա փորձեց պահել դա ներքևում, բայց երեխաները անմիջապես փչացրին կաուչուկի դողը, և հարկ եղավ անվտանգության համար հեծանիվը բերել սենյակ և առաստաղից կախել։

Պատի փոքր պահարանում կախված էր զգեստ և դարսված էին այն գրքերը, որոնք արդեն չէին տեղավորվում ո՛չ սեղանի վրա, ո՛չ էլ սեղանի տակ։ Մարտինը սովորություն ուներ անել նոթագրություններ, որոնք այնքան շատ էին դիզվել, որ ստիպված եղավ ամբողջ սենյակի երկայնքով թոկեր կապել և նրանց վրա կախել տետրակները՝ չորացող սպիտակեղենի նման։ Այդ պատճառով սենյակում շարժվելը բավական դժվարացավ։ Նա չէր կարող դուռը բանալ, մինչև որ նախօրոք պահարանի դուռր չփակեր, և ընդհակառակը։ Սենյակում ուղիղ գծով անցնելու ճամփա չկար։ Դռնից մինչև մահճակալը հասնելու համար հարկ էր լինում բարդ զիգզագ ճամփա կտրել, մթության մեջ Մարտինը շարունակ կպչում էր ինչ-որ բանի։ Բարեհաջող անցնելով մուտքի դռնով և պահարանի դռնակի առաջով՝ կարիք էր լինում միանգամից ծռվել դեպի աջ, որպեսզի խոհանոցին չկպչի, հետո դառնալ դեպի ձախ՝ շրջանցելով մահճակալը, ընդսմին ուղղությունից ամենափոքր թեքումի հետևանքով կարող էր ընդհարվել սեղանի հետ։ Այդ մանյովրը վերջացնելուց հետո կարելի էր մտնել մի ջրանցք, որի մի ափը սեղանն էր, իսկ մյուսը՝ մահճակալը։ Բայց երբ միակ աթոռը դրված էր լինում իր տեղում՝ սեղանի առաջ, ջրանցքը դառնում էր անանցանելի։ Երբ աթոռը գործածության մեջ չէր, դրված էր լինում մահճակալին. բայց Մարտինը հաճախ կերակուր էր եփում նստած, որովհետև մինչև ջրի եփ գալը կամ մսի տապակվելը, նրան հաջողվում էր կարդալ երկու-երեք էջ։ Խոհանոցին հատկացված անկյունն այնքան փոքր էր, որ Մարտինը կարող էր, առանց աթոռից վեր կենալու, ձեռքով վերցնել ամեն անհրաժեշտ բան։ Կերակուրը եփել նստած՝ մինչև անգամ ավելի հարմար էր, իսկ երբ Մարտինը կանգնում էր, շարունակ խափանում էր լույսը։

Մարտինը գիտեր շատ կերակուրներ, որոնք միաժամանակ և՛ սննդարար էին, և՛ էժան, իսկ նրա հզոր ստամոքսը մարսում էր ամեն բան։ Նրա հիմնական սնունդը բաղկացած էր սիսեռի ապուրից, կարտոֆիլից և դարչնագույն բակլայից՝ մեքսիկական եղանակով պատրաստված։ Օրական առնվազն մի անգամ նրա սեղանին լինում էր խաշած բրինձ՝ այնպես, ինչպես չէր կարող պատրաստել ոչ մի ամերիկացի տանտիկին։ Յուղի փոխարեն Մարտինն ուտում էր հաց ու եփած չիր, որը թարմ մրգից ավելի էժան էր։ Երբեմն նա այլազանություն էր մուծում իր ճաշի մեջ մի կտոր մսով կամ ոսկորներից պատրաստած ապուրով։ Օրական երկու անգամ նա սուրճ էր խմում առանց սերուցքի կամ կաթի, իսկ երեկոյան թեյ էր խմում և այդ երկու ըմպելիքներն էլ նա պատրաստում էր հիանալի։

Մարտինը ստիպված էր ակամա խնայասեր լինել։ Նրա արձակուրդը համարյա կլանեց այն ամենը, ինչ նա վաստակել էր լվացքատանը, իսկ իր «շահաբեր» գրվածքները նա ուղարկեց այնքան հեռու, որ միայն մի քանի շաբաթ անց կարող էր պատասխան ստացվել։ Նա ճգնավորի կյանք էր վարում և իր միայնությունը խախտում էր միայն Ռութի հետ տեսակցելու և իր քրոջը՝ Գերտրուդային, այցելելու համար։ Մի օրում կատարում էր ամենաքիչը երեք մարդու գործ։ Առաջվա նման քնում էր միայն հինգ ժամ, և միայն նրա երկաթյա առողջությունը հնարավորություն էր տալիս նրան դիմանալու օրական տասնիննժամյա լարված աշխատանքին։ Մարտինը ոչ մի րոպե չէր կորցնում։ Նա հայելու վրա կախեց թերթիկներ մի շարք բառերի բացատրություններով և արտասանության ձևերով, ածիլվելու կամ սանրվելու ժամանակ նա կրկնում էր այդ բառերը։ Այդպիսի թերթիկներ կախված էին և նավթավառի վերևը, և նա բերանացի սովորում էր դրանք, երբ մի բան էր եփում կամ աման էր լվանում։ Այդ թերթիկները միշտ փոխվում էին։ Երբ ընթերցման ժամանակ մի անծանոթ բառ էր պատահում, անմիջապես նայում էր բառարանը և այդ բառը գրում թերթիկում, որը կախում էր պատից կամ հայելու առաջ։ Անծանոթ բառերի թերթիկները Մարտինը կրում էր գրպանում և նրանք աչքի էր անցկացնում փողոցում և կամ խանութում հերթի կանգնելիս։

Այդ աշխատանքում Մարտինը կանգ չառավ կես ճամփին։ Ընթերցելով հաջողություն ձեռք բերած հեղինակների գործերը՝ նա նշում էր դրանց ոճի բոլոր առանձնահատկությունները, բնորոշ արտահայտությունները, համեմատությունները, սրամտությունները․ մի խոսքով այն ամենը, ինչ կարող էր նպաստել նրանց հաջողությանը։ Այդ բոլորը նա ընդօրինակում և ուսումնասիրում էր։ Նա չէր ձգտում մեքենայական նմանողության, այլ փնտրում էր ինչ֊որ ընդհանուր սկզբունքներ։ Նա կազմում էր գրականության մեջ հնարքների՝ զանազան գրողներից վերցրած օրինակների երկար ցուցակներ, որոնք նրան հնարավորություն էին տալիս ընդհանուր եզրակացություններ հանել, և հենվելով դրանց վրա, մշակում էր իր սեփական, նոր և ինքնատիպ ձևերը և սովորեց կիրառել դրանք տակտով և չափավոր։ Նա նույնպես հավաքում և նշանակում էր առօրյա խոսակցության հաջող և պատկերավոր արտահայտություններ, որոնք կրակի պես վառում էին, և կամ, ընդհակառակը, շոյում էին լսելիքը ՝ վառ բծերի նման ջոկվելով քաղքենի շաղակրատության տխուր անապատից։ Մարտինը միշտ և ամենուրեք որոնում էր տվյալ երևույթի հիմքը կազմող սկզբունքները։ Նա աշխատում էր հասկանալ, թե ինչպես է գոյանում երևույթը, որպեսզի հնարավորություն ունենա ինքը երևույթ ստեղծել։ Նա չէր բավականանում գեղեցկության հրաշալի տեսքը դիտելով․ խոհանոցի մխով և տանտիկնոջ երեխաների աղաղակներով լցված իր նեղ խցիկում նա, ինչպես քիմիկոսը լաբորատորիայում, աշխատում էր վերլուծել գեղեցկության բաղկացուցիչ մասերը, հասկանալ նրա կառուցվածքը։ Դա պետք է օգներ նրան գեղեցկություն ստեղծելու գործում։

Մարտինն իր բնությամբ կարող էր աշխատել միայն գիտակցաբար։ Նա չէր կարող աշխատել, ինչպես կույրը՝ մթության մեջ, առանց իմանալու, թե ինչ է արտադրում, հույսը դնելով միայն պատահականության և տաղանդի երջանիկ աստղի վրա։ Պատահական հաջողությունները չէին բավարարում նրան։ Նա ուզում էր իմանալ «ինչպես» և «ինչու»։ Նրա հանճարը լրջամիտ էր և, ձեռնարկելով պատմվածքի կամ բանաստեղծության, Մարտինն արդեն պարզ պատկերացնում էր նրա վերջավորությունը և միտն էր պահում ամբողջ գրվածքի պլանը։ Առանց դրան՝ նրա փորձերը դատապարտված էին անհաջողության։ Մյուս կողմից՝ նա անուշադիր չէր թողնում այն պատահական բառերն ու նախադասությունները, որոնք հանկարծ բռնկվում էին նրա ուղեղում և հետագայում պատվով էին դուրս գալիս քննությունից՝ ոչ միայն չխանգարելով, այլ մինչև անգամ նպաստելով գրվածքի գեղեցկությանը և ամբողջականությանը։ Այդպիսի գյուտերի առաջ Մարտինը հիացած խոնարհվում էր՝ կռահելով, որ դրանք ստեղծված են մարդկային հասկացողության սահմաններից դուրս գտնվող ինչ֊որ բարձրագույն ստեղծագործ ուժով։ Եվ, հետազննելով գեղեցկությունը և ջանալով հասնել մինչև դրա հիմքերը, Մարտինը հասկանում էր, որ գեղեցկության մեջ կա ինչ-որ խորհրդավոր բան, ուր մինչև այժմ չի թափանցել ոչ մի մարդ, ինչքան էլ որ մեծ լինի։ Թեկուզ Սփենսերից նա գիտեր, որ մարդ արարածը չի կարող սպառիչ կերպով ըմբռնել իրերի էությունը, և գեղեցկության գաղտնիքը նույնքան անիմանալի է, որքան կյանքի գաղտնիքը, թերևս ավելի անիմաստ, որ գեղեցկությունն ու կյանքը զարմանալիորեն միախառնվում են, իսկ մարդն ինքը արևի ճառագայթների, աստղերի փոշու և էլի ինչ֊որ անհայտ բանի այդ հրաշալի միախառնումի մի մասնիկ է։

Այդ մտքերի ազդեցության տակ Մարտինը մի անգամ գրեց «Աստղերի փոշին» վերնագրով մի հոդված, որի մեջ նա հարձակվում էր ոչ թե ընդհանրապես քննադատության սկզբունքների, այլ զանազան քննադատների կիրառած ձևերի վրա։ Դա փայլուն, խորիմաստ, նրբությամբ և զավեշտով համեմված մի գրվածք էր։ Այնուամենայնիվ, դա էլ մերժեցին հանդեսները նույնքան արագ, ինչքան արագ գրել էր ինքը։ Բայց Մարտինը շարունակում էր ընթանալ իր ճամփով։ Նա արդեն վաղուց ընտելացել էր՝ ամեն բանից առաջ բազմակողմանի և հիմնական կերպով կշռադատել գրվածքի գաղափարը և միայն դրանից հետո նստել գրամեքենայի առաջ։ Նա առանձնապես չէր վշտանում, որ մինչև այժմ իր գրվածքներից ոչ մի տող չի տպված։ Գրելը նրա համար մտավոր բարդ պրոցեսի եզրափակիչ օղակն էր, վերջին հանգույցը, որով կապակցվում էին առանձին ցիրուցան մտքերը, կուտակված փաստերի և դրույթների հանրագումարը։ Գրելով հոդված՝ նա իր ուղեղում տեղ էր ազատում նոր գաղափարների և առեղծվածների համար։ Վերջին հաշվով դա շատ մարդկանց հատուկ մի տեսակ սովորույթ էր՝ պարբերաբար «թեթևացնել իր հոգին խոսքերով»,― սովորույթ, որը երբեմն օգնում է մարդկանց տանել և մոռանալ իսկական կամ մտացածին տառապանքները։