Մարտին Իդեն, Գլուխ XXVII

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXVI Մարտին Իդեն, Գլուխ XXVIII ▶


Երջանկության արևը ծագեց Մարտինի համար։ Ռութի այցելության հաջորդ օրն իսկ նա երեք դոլլարի չեք ստացավ Նյու-Յորքի բուլվարային մի փոքր ամսաթերթից՝ իր գրած երեք տրիոլետի համար։ Երկու օր անց Չիկագոյի մի թերթ ընդունեց նրա «Գանձ որոնողները», խոստանալով վճարել տասը դոլլար՝ հենց որ կտպվի։ Այդ գինը բարձր չէր, բայց չէ՞ որ դա նրա առաջին գրվածքն է՝ նրան հուզող մտքերը թղթի վրա արտահայտելու առաջին փորձը։ Վերջապես պատանիների համար գրած նրա արկածային վիպակն ընգունվեց «Պատանե կություն և չափահասություն» անունով մի ամսաթերթի կողմից։ Ճիշտ է վիպակը քսանմեկ հազար բառից էր բաղկացած, իսկ նրան ընդամենը տասնվեց դոլլար էին առաջարկել դրա համար, այսինքն՝ մոտավորապես յոթանասունհինգ սենթ հազար բառին, այն էլ տպվելուց հետո, բայց չէ որ դա նրա երկրորդ գրական փորձն է, և Մարտինն ինքը այժմ շատ լավ տեսնում է, թե որքան թերություններ ունի այդ գրվածքը։

Ասենք, մինչև անգամ նրա վաղ ժամանակի գրվածքներում միջակության նշաններ չկային։ Ավելի շուտ նրանց մեջ չափազանց շատ ուժ կար՝ սկսնակի ավելորդ ուժ, որով նա պատրաստ էր հրանոթներից կրակել ճնճղուկների վրա։ Մարտինն ուրախ էր, որ իրեն հաջողվեց թեկուզ էժան գնով վաճառել իր վաղ շրջանի գրվածքները։ Նա գիտեր նրանց իսկական արժեքը, և այդ բանը հասկանալու համար առանձնապես շատ ժամանակի կարիք չունեցավ։ Բոլոր հույսերը դրել էր իր վերջին գրվածքների վրա։ Նա ուզում էր լինել ոչ թե պարզապես ամսագրային հեղինակ, գրող, ուզում էր զինվել իսկական գեղարվեստական ստեղծագործության բոլոր եղանակներով․ բայց նա չէր ուզում զոհաբերել իր ուժը։ Ընդհակառակը, նրա գիտակցական նպատակն էր ավելի շատացնել այդ ուժը, սանձահարելով դրա չափազանցությունը։ Նա չկորցրեց նաև ռեալիզմի նկատմամբ իր սերը։ Իր բոլոր գրվածքներում նա ձգտում էր զուգակցել ռեալիզմը երևակայության ստեղծած հնարանքների ու գեղեցկությունների հետ։ Նա աշխատում էր ձեռք բերել մարդու և նրա ձգտումների նկատմամբ հավատքով համակված, ոգեշնչված մի ռեալիզմ։ Նա ուզում էր ցույց տալ կյանքն այնպես, ինչպես կա՝ խռովահույզ ոգու բոլոր որոնումներով։

Ընթերցելով գրքեր՝ Մարտինը եզրակացրեց, որ գոյություն ունեն գրական երկու դպրոց․ մեկը պատկերացնում է մարդուն, որպես ինչ֊որ աստվածություն՝ միանգամայն անգիտանալով նրա մարդկային բնությունը, իսկ մյուսը, ընդհակառակը, մարդու մեջ տեսնում էր միայն գազանը և չէր ուզում ճանաչել նրա հոգեկան ձգտումներն ու մեծ հնարավորությունները։ Մարտինը չէր կարող հարել այդ դպրոցներից և ոչ մեկին՝ համարելով դրանք չափազանց միակողմանի։ Նրա կարծիքով, հնարավոր էր ճշմարտության առավել մոտեցող մի կոմպրոմիս, որը, առանց հետևելու «աստվածության» դպրոցին, միաժամանակ չէր հարում և «անասունի» դպրոցի կենդանական կոպտությանը։

Իր «Արկած» պատմվածքում, որը ժամանակին կարդացել էր Ռութի համար, Մարտինը փորձեց իրագործել գեղարվեստական ճշմարտության իր իդեալը, իսկ «Աստված ու գազան» հոդվածում նա պարզել էր իր տեսական հայացքներն այդ մասին։

Սակայն «Արկածն» ու մյուս բոլոր պատմվածքները, որոնք նա համարում էր լավագույնները, շարունակում էին թափառել մի խմբագրությունից մյուսը, իսկ իր վաղ գրվածքներին Մարտինը ոչ մի նշանակություն չէր տալիս՝ միայն ուրախանալով նրանց համար ստացվող հոնորարի վրա․ նա առանձնապես բարձր չէր գնահատում նաև իր «սոսկալի» պատմվածնքերը, որոնցից երկուսը վերջերս ընդունեցին ամսաթերթերը։ Այդ պատմվածքները զուտ մտացածին բաներ էին, որոնց տրված էր իրականության տեսք, և դրանում էլ կայանում էր նրանց ուժը։ Ցնորականի ու անհավանականի ճշմարտանման պատկերացումը Մարտինը համարում էր մի ճարպիկ հնարանք, ուրիշ ոչինչ. այդպիսի գրվածքները չի կարելի դասել մեծ գրականության շարքը։ Նրանց գեղարվեստական արտահայտչությունը կարող էր մեծ լինել, բայց Մարտինը բարձր չէր գնահատում գեղարվեստական արտահայտչությունը, եթե նա չէր համապատասխանում կյանքի ճշմարտությանը։ Հնարանքը կայանում էր՝ արհեստական մտացածինին կենդանի կյանքի դիմակ հագցնելու մեջ, և Մարտինը դիմել է այդ հնարանքին իր կես դյուժին «սոսկալի» պատմվածքներում, որ նա գրել է նախքան «Արկածի», «Ուրախության», «Կաթսայի» և «Կյանքի գինու» բարձրության հասնելը։

Տրիոլետների համար ստացված երեք դոլլարով կարելի էր մի կերպ ապրել մինչև «Սպիտակ Մկան» չեքի ստացվելը։ Նա մանրեց այդ երեք դոլլարանոց չեքը կասկածոտ փորթուգալացու մոտ՝ վճարելով նրան իր պարտքի հաշվին մի դոլլար և մնացած երկու դոլլարը բաժանելով հացավաճառի և բանջարավաճառի միջև։ Մարտինը դեռ այնքան հարուստ չէր, որ միս ուտեր, և սնվում էր բավական աղքատիկ, երբ հանկարծ ստացվեց «Սպիտակ Մկան» անհամբերությամբ սպասվող չեքը։ Մարտինը չէր իմանում՝ ինչ անել։ Նա կյանքում ոչ մի անգամ չէր մտել բանկ, մանավանդ դրամական գործերով, և հիմա նա համակվեց երեխայական ցանկությամբ՝ մանրել այդ քառասուն դոլլորանոց չեքը Օքլենդի մեծ բանկերից մեկում։ Բայց գործնական առողջ բանականությունը խորհուրդ էր տալիս նրան մանրել այդ չեքը նպարավաճառի մոտ և այդ կերպով պահպանել ու ավելացնել իր վարկը։ Մարտինը մեծ դժկամությամբ գնաց նպարավաճառի մոտ և, չեքը մանրելով, ամբողջովին հատուցեց իր պարտքը։ Նա դուրս եկավ նրա մոտից՝ գրպանը դրամով լի, և գնաց հաշիվները մաքրելու իր մյուս պարտատերերի հետ, հաշիվ տեսավ հացավաճառի և մսավաճառի հետ, վճարեց Մարիային անցած ամսվա և այս ամսվա համար նախօրոք, դուրս գրեց հեծանիվը, կոստյումը, վճարեց գրամեքենայի համար։ Բոլոր այդ վճարումներից հետո նրա գրպանում մնաց միայն երեք դոլլար։

Բայց այդ փոքր գումարն էլ Մարտինին թվաց մի ամբողջ կարողություն։ Դուրս գրելով կոստյումը՝ նա անմիջապես գնաց Ռութի մոտ։ Ճանապարհին նա չէր կարողանում իրեն զսպել՝ մերթ ընդ մերթ գրպանի արծաթ դրամները զրնգացնելով։ Ինչպես որ սոված մարդը չի կարող հեռացնել իր հայացքը կերակուրից, այնպես էլ Մարտինը, որի գրպանում վաղուց ոչ մի սենթ չկար, չէր կարողանում իր ձեռքից բաց թողնել դրամները։ Նա ո՛չ ագահ էր, ո՛չ էլ կծծի, բայց դրամը նրա համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան դոլլարների և սենթերի որոշ քանակություն։ Դա նշանակում էր կյանքի հաջողություն, և դրամների վրա դրոշմված արծիվները Մարտինին թվում էին հաղթանակի թևավոր ավետաբերներ։

Աննկատելիորեն Մարտինին վերադարձավ իր այն համոզումը, թե աշխարհը սկսեց թվալ նրան մինչև անգամ ավելի գեղեցիկ։ Երկար շաբաթների ընթացքում դա մռայլ և տխուր աշխարհ էր, բայց հիմա, երբ բոլոր պարտքերը վճարված են, գրպանում դեռ զնգզնգում է երեք դոլլարը, իսկ սրտում ամրապնդվում է հաջողության հավատը, արևը Մարտինին նորից թվաց պայծառ ու կիզիչ, և մինչև անգամ հանկարծ սկսված տեղատարափ անձրևը միայն զվարթ ժպիտ առաջացրեց նրա դեմքին։ Քաղցելիս Մարտինը շարունակ մտածում էր՝ ամբողջ աշխարհում ցիրուցան հազարավոր սովածների մասին, իսկ հիմա, երբ կուշտ էր, նրանց մասին մտածելն արդեն չէր վրդովում նրա միտքը, հիմա համակված իր սիրով, նա սկսեց մտածել աշխարհում ապրող անհամար սիրահարների մասին։ Նրա ուղեղում աղոտ կերպով ծագեցին սիրո լիրիկայի մոտիվներ և, ստեղծագործական ավյունով տարված, նա տրամվայով երկու թաղ ավելի ճանապարհ գնաց։

Մորզերի տանը Մարտինը հանդիպեց շատ մարդկանց։ Սան֊Ռաֆայելից Ռութի մոտ հյուր էին եկել նրա մորաքրոջ երկու դուստրերր և, այդ պատրվակից օգտվելով, միսիս Մորզը վճռեց իրագործել իր ծրագիրը՝ շրջապատել Ռութին երիտասարդներով։ Այդ նենգ ծրագրի կենսագործումը սկսվեց Մարտինի հարկադրված բացակայության ժամանակ, և հիմա ռազմական գործողությունների արդեն ամենաթեժ ժամանակն էր։ Միսիս Մորզը նպատակ էր դրել իր տունը հրավիրել կարիերա անող կամ արած մարդկանց։ Այդպիսով, հյուրասենյակում գտնվում էին, բացի Դորոթիից և Ֆլորենսից, համալսարանի երկու պրոֆեսորներ, մեկը լատինագետ, իսկ մյուսը անգլիական բանասիրության մասնագետ, բանակի երիտասարդ մի սպա՝ Ռութի դպրոցական ընկերը, որ նոր էր վերադարձել Ֆիլիպինյան կղզիներից, Մելվիլ ազգանունով մի երիտասարդ՝ Սան֊Ֆրանցիսկոյի միացյալ տրեստների պետ Ջոզեֆ Փերկինսի անձնական քարտուղարը, վերջապես բանկի գանձապահ Չարլի Հեփգուդը՝ երիտասարդ տեսքով, երեսունհինգ տարեկան, Սթենֆորդի համալսարանի սան, Նեղոսի և Միացյալ ակումբների անդամ, հանրապետական կուսակցության լիգեր, որ առաջ է քաշվել վերջին ընտրություններին, մի խոսքով՝ ամեն տեսակետից շատ խոստումնալից։ Տիկիններից մեկը դիմանկարիչ էր, մյուսը՝ մասնագետ երաժիշտ, իսկ երրորդն ուներ սոցիոլոգիական գիտությունների դոկտորի աստիճան, որ անուն էր հանել Սան֊Ֆրանցիսկոյի խուլ անկյուններում իր կազմակերպչական գործունեությամբ։ Սակայն միսիս Մորզի պլանում կանայք առանձին դեր չէին խաղում, նրանք ինչ֊որ անհրաժեշտ լրացումներ էին։ Չէ՞ որ ինչ֊որ բանով պետք էր գրավել և տուն բերել կարիերա անող տղամարդկանց։

— Խոսակցության ժամանակ մի՛ տաքացեք,— շշնջաց Ռութը Մարտինին՝ նախքան նրան ներկաների հետ ծանոթացնելը։ Սկզբում Մարտինն իրեն զգում էր շատ անհարմար վիճակում․ նրան վերադարձավ իր նախկին սարսափը, որ իր շարժվելու ժամանակ կարող է վնասել ինչ֊որ կարասի կամ առարկա։ Բացի դրանից, այդ հասարակությունը նրան ճնշում էր։ Նա մինչ այդ երբեք չէր հանդիպել այդքան ընտիր մարդկանց։ Նրա վրա առանձնապես ուժեղ տպավորություն թողեց բանկի գանձապահ Հեփգուդը, և Մարտինը որոշեց նրա հետ ավելի մոտիկ ծանոթանալ, եթե առիթը ներկայանա։ Արտաքին ամաչկոտության տակ, Մարտինի մեջ առաջվա պես ուժեղ էր նրա հզոր «եսը», և նա անպայման ուզում էր չափել իր ուժերն այդ տղամարդկանց հետ և իմանալ, ինչ են սովորել նրանք գրքերում և կյանքում, և ինչ կարող է սովորել ինքը նրանցից։

Ռութը հաճախ նայում էր Մարտինին և շատ էր զարմացած և ուրախացած, որ նա համարձակ խոսակցում էր իր մորաքրոջ դուստրերի հետ։ Նա իրոք որ համարձակ էր զգում իրեն, բայց միայն քանի դեռ նստած էր, որովհետև կարող էր չվախենալ իր ուսերից։ Ռութը գիտեր, որ նրա մորաքրոջ երկու դուստրերն էլ խելացի և փայլուն խոսակիցներ են, և զարմանում էր, թե ինչպես նրանք, անկողին մտնելիս գովում էին Մարտինին։ Մարտինն ինքը իր շրջանակում վարժված լինելով սրախոսի և ընկերության սիրտն ու հոգին ներկայացնողի դերին, բոլոր երեկույթներում և կիրակնօրյա դաշտահանդեսներում, գտավ, որ այստեղ էլ կարելի է լինել ուրախ և սրախոսություններ անել։ Իսկ հաջողությունն ասես կանգնած էր իր թիկունքին, խրախուսիչ կերպով խփում էր իր ուսերին և խոստանում էր քաջալերում, այդ պատճառով էլ Մարտինը, բոլորովին առանց շփոթվելու, ծիծաղում էր ինքը և ծիծաղեցնում էր ուրիշներին։

Այնուամենայնիվ երեկույթի վերջում Ռութի երկյուղն արդարացավ։ Մարտինը խոսակցության բռնվեց պրոֆեսոր Քոլդուելի հետ ու թեպետ դեռ չէր շարժում ձեռքերը, բայց Ռութն արդեն նկատեց նրա աչքերում մի առանձնահատուկ փայլ, նկատեց, որ ձայնն աստիճանաբար բարձրանում է և այտերը շառագունում են։ Չկարողանալով պահել իրեն և զսպել իր տաքարյունությունը, Մարտինը երիտասարդ և զուսպ պրոֆեսորի խիստ հակապատկերն էր։

Սակայն Մարտինը մեծ կարևորություն չէր տալիս արտաքին տեսքին։ Նա միանգամից տեսավ, թե ինչքան կրթված է և ինչքան բազմակողմանի զարգացում ունի իր երիտասարդ խոսակիցը։ Բացի այդ, պրոֆեսոր Քոլդուելն այնպիսին չէր, ինչպես Մարտինը պատկերացնում էր անգլիական բանասիրության ամեն մի պրոֆեսորի։ Մարտինն անպայման ուզում էր ստիպել պրոֆեսորին խոսել իր մասնագիտության մասին, և թեպետ վերջինս սկզբում խուսափում էր այդ բանից, բայց Մարտինը վերջ ի վերջո իր նպատակին հասավ։ Մարտինը չէր հասկանում, թե ինչու հասարակության մեջ ընդունված չէ խոսել մասնագիտական նյութերի մասին։

— Չէ՞ որ դա արտառոց բան է,— ասում էր նա Ռութին այդ երեկույթից դեռ շատ առաջ,— ինչո՞ւ չի կարելի խոսել մասնագիտական նյութերի մասին։ Էլ ի՞նչ կարիք կա մարդկանց հավաքել մի տեղ, եթե ոչ նրա համար, որ նրանք հայտնաբերեն իրենց լավագույն կողմերը։ Իսկ մարդու մոտ լավագույնը միշտ այն է, ինչ որ լավ է հասկանում, ինչի մեջ նա մասնագիտացել է, ինչին հատկացրել է իր ամբողջ կյանքը, որի մասին մտածում և, մինչև անգամ երազում է գիշեր ու ցերեկ։ Երևակայեցեք, որ միստր Բեթլերը, ենթարկվելով ընդհանուրի կողմից ընդունված կանոններին, հանկարծ սկսեր պարզել իր հայացքները Պոլ Վեռլենի, գերմանական դրամայի կամ դ'Աննունցիոյի վեպերի մասին։ Բոլորը ձանձրույթից կմեռնեին։ Օրինակի համար, ես, եթե լսեի միստր Բեթլերին, կգերադասեի, որ նա խոսեր իր իրավագիտության մասին։ Վերջ ի վերջո այդ ասպարեզում նա ամենից լավն է։ Կյանքը շատ կարճ է, և ես ուզում եմ միշտ վերցնել մարդուց լավագույնը, որ կա նրա մեջ։

— Սակայն,— առարկել էր Ռութը,— կան այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրական են հավասարապես բոլորին։

— Ո՛չ, դուք սխալվում եք,— առարկել էր Մարտինն իր հերթին,— ընկերության մեջ ամեն մի մարդ և ամեն մի խմբակ միշտ օրինակ են վերցնում նրանցից, ովքեր դիրքով իրենցից բարձր են, իսկ ընկերության մեջ ո՞վ է գրավում ամենաբարձր դիրքը՝ դատարկապորտները, հարուստ դատարկապորտները։ Նրանք սովորաբար գաղափար էլ չունեն այն բաների մասին, որ ծանոթ են որևէ գործով զբաղվող մարդկանց։ Իհարկե, նրանց համար ձանձրալի է խոսել այդպիսի բաների մասին, և դրա համար էլ նրանք հայտարարում են, թե դա պրոֆեսիոնալ խոսակցություն է, որի շուրջն անհարմար է զրույց անել հասարակության մեջ։ Եվ նրանք էլ որոշում են, թե ինչի մասին կարելի է խոսակցել հասարակության մեջ։ Կարելի է խոսակցել նոր օպերայի, նոր վեպերի, խաղաքարտի, բիլիարդի, կոկտեյլների, ավտոմոբիլի, զբոսանավերի, ձիերի ցուցահանդեսների, կարմրախայտ որսալու և այլնի մասին, այսինքն՝ այն բոլորի մասին, նկատի ունեցեք, ինչի մասին դատարկապորտներն առհասարակ գաղափար ունեն։ Ըստ էության, դա դատարկապորտների մասնագիտական խոսակցությունն է։ Ամենից ծիծաղելին այն է, որ գիտնական կամ գիտական աստիճանի հավակնող մարդիկ այս դեպքում, ենթարկվում են հիմարների և դատարկապորտների կարծիքին։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուզում եմ մարդկանցից անպայման վերցնել այն, ինչ լավագույնն է նրանց մեջ։ Անվանեցեք այդ մասնագիտական խոսակցություն, գռեհկություն և կամ ինչ որ ուզում եք...

Սակայն Ռութը չէր հասկանում Մարտինին։ Նրա հարձակումները հանրության կողմից ընդունված բաների վրա Ռութը միշտ էլ համարում էր պարզապես կամակորություն և համառություն։

Այսպես թե այնպես, Մարտինը վարակեց պրոֆեսոր Քոլդուելին իր լրջությամբ և ստիպեց խոսել նրան ավելի մատչելի նյութերի մասին։ Ռութը, մոտենալով նրանց, լսեց, որ Մարտինն ասում էր․

— Բայց Կալիֆորնիայի համալսարանում դուք, հավանական է, չեք համարձակվում արտահայտել այդպիսի ըմբոստ մտքեր։

Պրոֆեսոր Քոլդուելը ուսերը թոթվեց։

— Ես ազնիվ հարկատու եմ և օրինապահ քաղաքական գործիչ։ Մեզ նշանակում է Սակրամենթոն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել Սակրամենթոն, հաշվի առնել նահանգի կառավարությունը, կուսակցական մամուլը և մինչև անգամ երկու կուսակցությունների մամուլը։

— Դա պարզ է, բայց դուք պիտի զգաք ձեզ ինչպես ջրից հանված ձուկ,— բացականչեց Մարտինը։

— Մեզ մոտ՝ համալսարանի ավազանում ինձ նմանները քիչ են։ Երբեմն ինձ թվում է, թե ես իրոք ցամաք դուրս գցված ձուկ եմ, և սկսում եմ մտածել, որ ինձ համար ավելի լավ և ազատ կլիներ ինչ֊որ տեղ Փարիզում։ Լատինական թաղի գինետանը, ուր հավաքվում է բոհեման ու քլարետ խմում։ Ես կճաշեի էժանագին ճաշարանում և կարտահայտեի ծայրահեղ համարձակ հայացքներ ամբողջ աշխարհաստեղծման մասին։ Երբեմն ինձ թվում է, թե ես ի ծնե ռադիկալ եմ, բայց, ավա՜ղ, կան այնքան շատ հարցեր, որոնց մեջ ոչ մի կերպ վստահ չեմ։ Ես երկչոտ եմ դառնում, երբ երես առ երես ընդհարվում եմ կյանքի հիմնական առեղծվածների՝ մարդկային կյանքի հետ։

Եվ նրան լսելով, Մարտինն ակամա հիշեց «Պասսատի երգը»։

Գիշեր լինի, թե ցերեկ,
Ես փքում եմ բոլոր առագաստները։

Եվ երգի բառերը կրկնելով, Մարտինը նայում էր պրոֆեսորին ու նրա մեջ գտնում էր ինչ֊որ ընդհանուր բան անփոփոխ, ցուրտ և ուժեղ հյուսիս֊արևելյան պասսատի հետ։ Պրոֆեսորը նույնպես հավասարակշռված էր ու հուսալի, սակայն նրանում կար ինչ֊որ խռովիչ բան։ Մարտինը մտածում էր, որ պրոֆեսորը, հավանական է, երբեք չի արտահայտվում մինչև վերջ ճիշտ այնպես, ինչպես հյուսիս֊արևելյան պասսատը երբեք չի փչում ամբողջ թափով, այլ միշտ ունենում է պահեստի ուժ, որը երբեք չի կիրառում։ Մարտինի երևակայությունն առաջվա պես վառ էր․ նրա ուղեղը կարծես փաստերի հիշողության և երևակայության ահագին շտեմարան էր, որի մուտքը բաց էր։ Ինչ էլ որ պատահելիս լիներ, Մարտինն իր այդ շտեմարանից մի ակնթարթում հանում էր ինչ֊որ նման կամ հակադիր բան և մարմնավորում էր այդ վառ տեսիլքներում։ Դա կատարվում էր միանգամայն ինքնաբերաբար, և իրական կյանքի ամեն մի դեպքին անվրեպ ուղեկցում էին երևակայությամբ ստեղծված պատկերները։ Ինչպես այն ժամանակ Ռութի աչքերի փայլը նրան հիշեցրեց լուսնկա գիշերվա փոթորիկը, այնպես էլ հիմա պրոֆեսոր Քոլդուելը ոգեկոչեց օվկիանոսի պատկերը, սպիտակ կատարներով կոհակները, մայր մտնող արևից ծիրանագույն ներկված, քշվում տարվում են հյուսիս֊արևելյան պասսատով։ Այդպես՝ ամեն րոպե նրա աչքի առաջ ներկայանում էին զանազան տեսիլքներ և ոչ միայն չէին խանգարում նրա մտքերի ընթացքը, այլ, ընդհակառակը, ավելի հասկանալի էին դարձնում դրանք։ Այդ տեսիլքները արձագանքն էին այն ամենի, ինչ ապրել է Մարտինը ժամանակին, ինչ նա տեսել է և կարդացել գրքերում, և դրանք միշտ, արթուն թե քնած ժամանակ, կուտակվում էին նրա ուղեղում։

Եվ հիմա, լսելով պրոֆեսոր Քոլդուելի՝ խելացի և զարգացած մարդու սահուն խոսքը, Մարտինն ակամա հիշեց իր անցյալը։ Նա տեսավ իրեն իր պատանեկության արշալույսին իբրև իսկական ստահակ, խիզախորեն ծռած սթեթսոնական գլխարկը և երկու շարք կոճակներով բաճկոն հագին, երբ իր իդեալն էին կոպտություն ու ամեն տեսակի անկարգություններ՝ այն չափով, որ թույլատրում էր ոստիկանությունը։ Մարտինը չէր փորձում որևէ բան մեղմացնել կամ կոկել այդ հիշողություններում։ Այո, իր կյանքի որոշ ժամանակաշրջանում նա ամենասովորական խուլիգաններից էր, ոստիկանության դեմ մարտնչող և բանվորական թաղի հարգելի տերերին ահաբեկող խմբի պարագլուխը։ Հիմա նրա իդեալը փոխվել է։ Նա նայում էր իր շուրջը, բարեկիրթ և լավ հագնված տղամարդկանց ու կանանց, շնչելով նրբին կուլտուրայի մթնոլորտը, և նրա պատանեկության ուրվականը, լայնեզր գլխարկով ու երկլանջ բաճկոնով, հյուրասենյակի գորգի վրայով ուղղակի գալիս էր դեպի նա։ Չէ որ նա՝ փողոցային խմբի կռվարար պարագլուխը, վերածվել է այն Մարտին Իդենին, որը հիմա նստած է փափուկ բազկաթոռին և խաղաղ զրուցում է համալսարանի պրոֆեսորի հետ։

Եվ, ճիշտն ասած, Մարտինը երբեք իր իսկական տեղը չէր գտել կյանքում։ Նա պարզապես լավ էր հարմարվում հանգամանքներին, միշտ եղել էր ընդհանուրի սիրելին, որովհետև ետ չէր մնում ո՛չ աշխատանքում, ո՛չ խաղում և ամենուրեք կարողանում էր պաշտպանել իրեն և հարգանք ներշնչել դեպի իր անձը, բայց երբեք և ոչ մի տեղ նա արմատ չէր գցում։ Լիովին բավարարելով իր ընկերակիցներին, ինքը՝ Մարտինը երբեք բավարարված չէր լինում։ Նա շարունակ տանջվում էր ինչ֊որ անհանգստությամբ. նա շարունակ լսում էր մի ձայն, որը կանչում էր նրան ինչ֊որ տեղ, և նա թափառում էր աշխարհում որոնելով, մինչև որ գտավ, վերջապես, գիրքը, գեղարվեստն ու սերը։ Եվ ահա նա հիմա գտնվում է այդ բոլորի մեջ, իր նախկին ընկերներից միակը, որ կարող էր առանց այլևայլի հյուր գալ այնպիսի մարդկանց մոտ, ինչպիսին Մորզերն էին։

Այս բոլոր մտքերը չէին խանգարում Մարտինին ուշադիր լսելու պրոֆեսորին։ Նա տեսնում էր, թե խոսակիցն ինչքան լայն զարգացում ունի, և մերթընդմերթ զգում էր իր զարգացման թերություններն ու բացերը, թեև շնորհիվ Սփենսերի, նրան ծանոթ էին գիտելիքների ընդհանուր հիմունքները։ Հարկավոր է միայն ժամանակ այդ բացերը լրացնելու համար։ «Այն ժամանակ կտեսնենք», մտածեց նա։ Իսկ առայժմ նստած էր կարծես պրոֆեսորի ոտքերի մոտ՝ ակնածանքով և ուշադրությամբ լսելով այն ամենը, ինչ ասում էր նա։ Սակայն Մարտինը աստիճանաբար սկսեց նկատել և իր խոսակցի թույլ կողմը, որը կարող էր աչքի չընկնել, եթե շարունակ չկրկնվեր։ Եվ երբ Մարտինը հասկացավ վերջապես, թե որն է այդ թույլ կողմը, նրանում միանգամից անհետացավ պրոֆեսորի հետ անհավասարության զգացումը։

Ռութը երկրորդ անդամ մոտեցավ նրանց հենց այն րոպեին, երբ Մարտինը սկսեց խոսել․

— Ես կասեմ ձեզ, թե դուք ինչում եք սխալվում կամ, ավելի ճիշտ, ինչում է ձեր դատողությունների թուլությունը,— ասաց նա։— Դուք անտեսում եք կենսաբանությունը։ Ձեր կենսահայեցողության մեջ դա բացակայում է։ Այսինքն՝ ես նկատի ունեմ իսկական գիտական կենսաբանությունը՝ սկսած անօրգանական բջիջը լաբորատորական փորձերով կենդանացնելուց մինչև սոցիալական և էսթետիկական ամենալայն ընդհանրացումները։

Ռութը բոլորովին ապշեց։ Նա երկու տարի շարունակ լսել էր պրոֆեսոր Քոլդուելի դասախոսությունները, և թվում էր, թե նա իմաստության մարմնացում է։

— Ես լրիվ չեմ հասկանում ձեզ,— անվճռականորեն ասաց պրոֆեսորը։

— Կփորձեմ բացատրել,— ասաց Մարտինը։— Հիշում եմ՝ Եգիպտոսի պատմության մեջ կարդացել եմ, որ չի կարելի հասկանալ եգիպտական արվեստը՝ առանց նախապես ուսումնասիրելու երկրի բնույթը։

— Շատ ճիշտ է,— համաձայնեց պրոֆեսորը։

― Եվ ահա ինձ թվում է,— շարունակեց Մարտինը,— իր հերթին չի կարելի ուսումնասիրել երկրի բնույթը՝ առանց նախօրոք իմանալու այն նյութը, որից ստեղծվել է կյանքը, ինչպես և այն, թե նա ինչպես է կազմվել։ Ինչպես կարող ենք մենք հասկանալ օրենքները, հաստատությունները, բարքերն ու կրոնը՝ առանց ճանաչելու նրանց ստեղծած մարդկանց, և առանց գիտենալու, թե այդ մարդիկ իրենք առհասարակ ինչից են ստեղծված։ Վերջ ի վերջո գրականությունն էլ մարդու ստեղծած բանն է, ինչպես եգիպտական արվեստը։ Մի՞թե տիեզերքում կա մի բան, որ չի ենթարկվում էվոլյուցիայի համաշխարհային օրենքին։ Գիտեմ, որ առանձին արվեստների էվոլյուցիայի պատմությունը մշակված է, բայց ինձ թվում է՝ դա մշակված է զուտ մեքենաբար, այդ բանում մարդը մի կողմ է մնում։ Հրաշալիորեն մշակված է նվագարանների էվոլյուցիան տավիղի, ջութակի, երաժշտության, պարի, երգի էվոլյուցիան։ Բայց ի՞նչ կարելի է ասել իրեն՝ մարդու էվոլյուցիայի մասին, այն օրգանների մասին, որոնք զարգացել են նրանում՝ նախքան նրա կողմից առաջին նվագարան շինելը կամ առաջին երգը երգելը։ Ահա այդ է, որ դուք մոռանում եք, իսկ ես հենց այդ էլ անվանում եմ կենսաբանություն։ Դա կենսաբանություն է բառի ամենալայն առումով։ Գիտեմ, որ մի քիչ անկապ եմ արտահայտվում, բայց ես, կարելի է ասել, ինքս եմ փորձում կոփել իմ գաղափարը։ Նա ծագեց իմ գլխում, երբ դուք խոսում էիք, և ինձ համար դժվար է միանգամից պարզ ձևակերպել դա։ Դուք ասացիք մարդկային սահմանափակվածության մասին, որը մարդուն հնարավորություն չի տալիս ընդգրկել բոլոր գործոնները։ Ահա հենց դուք, գոնե այդպես է թվում ինձ, անտեսում եք կենսաբանական գործոնը, այսինքն՝ բոլոր արվեստների հիմքերի հիմքը, գլխավոր նյութը, որից կառուցված է ի վերջո ամբողջ մարդկային կուլտուրան։

Ռութը զարմացավ, որ Մարտինը մի ակնթարթում չոչնչացվեց, պրոֆեսորը մինչև անգամ նայեց Մարտինին, ինչպես թվաց Ռութին, ներողամտաբար՝ ըստ երևույթին հաշվի առնելով նրա երիտասարդությունը։ Վերջապես կարճ լռությունից հետո, պրոֆեսորը սկսեց խոսել իր ոսկե շդթայիկի հետ խաղալով։

— Գիտե՞ք,— ասաց նա,— ինձ մի օր նույնպիսի կշտամբանքներ արեց մի մեծ մարդ՝ էվոլյուցիոնիստ գիտնական Ժոզեֆ Լեկոնտը. բայց նա մեռավ, և ես կարծում էի, թե այլևս ոչ ոք չի մերկացնի ինձ, իսկ հիմա հանձին ձեզ տեսնում եմ մի նոր մեղադրողի։ Հավանաբար, ես չեմ կարող չընդունել այդ․ ձեր մեղադրանքներում կա ճշմարտության բաժին, մինչև անգամ շատ մեծ բաժին։ Ես չափազանց տարվել եմ կլասիկայով և բավարար չափով չեմ հետևել բնական գիտությունների զարգացմանը։ Թերևս դա բացատրվում է եռանդի և աշխատունակության պակասով։ Հավանական է՝ դուք շատ կզարմանաք, եթե իմանաք, որ ես երբեք չեմ եղել ոչ մի լաբորատորիայում։ Սակայն փաստ է, որ Լեկոնտն իրավացի էր, ինչպես և դուք, միստր Իդեն, թեև չգիտեմ, թե ինչ չափով։

Ինչ-որ պատրվակով Ռութը մի կողմ տարավ Մարտինին և փսփսաց նրան.

— Դուք բոլորովին ձեր մենաշնորհը դարձրիք պրոֆեսոր Քոլդուելին․ թերևս մի ուրիշն էլ է ուզում խոսել նրա հետ։

— Ներեցե՛ք,— շփոթված մրմնջաց Մարտինը,— ես ստիպեցի նրան զրուցել, և նա այնքան հետաքրքիր էր, որ մոռացա ուրիշներին։ Պարզապես, մինչև այժմ առիթ չէի ունեցել հանդիպելու այդպիսի խելոք ու զարգացած մարդու։ Եվ, ի միջի այլոց, գիտե՞ք ինչ. ես առաջ կարծում էի, թե բոլոր համալսարան հաճախող կամ հասարակական կարևոր դիրքի տեր մարդիկ նույնպես խելացի և զարգացած են․․․

— Նա բացառություն է,— ընդհատեց նրան Ռութը։

— Ակներև է։ Հիմա ո՞ւմ հետ եք ուզում, որ ես խոսեմ։ Հա՛, ինձ տարեք այդ գանձապահի մոտ։

Մարտինը տասնհինգ րոպե խոսեց նրա հետ, և Ռութը անչափ ուրախացավ իր սիրածի վարմունքի վրա․ նրա աչքերը ոչ մի անգամ չփայլատակեցին, այտերը ոչ մի անգամ չբռնկվեցին, և Ռութը հիացած էր այն հանգստությամբ, որով խոսակցում էր Մարտինը։ Դրա փոխարեն Մարտինի աչքում բանկային գործիչների ամբողջ դասը կորցրեց իր հմայքը, և երեկույթի վերջում նա եկավ այն համոզման, որ բանկային գործիչը հոմանիշ է գռեհիկ մարդու։ Բանակային սպային նա գտավ շատ բարեհոգի, պարզ, առողջ, հավասարակշռված և գոհ՝ կյանքում իր գրաված դիրքով, որը տվել են իրեն իր ծագումն ու բախտը։ Իմանալով, որ նա էլ է համալսարանում սովորել երկու տարի շարունակ, Մարտինը շատ էր զարմացել և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ո՞ւր կորան նրա բոլոր գիտելիքները։ Այնուամենայնիվ, այս սպան ավելի դուր եկավ Մարտինին, քան Չարլի Հեփգուդը։

— Ինձ վրդովեցնում են ոչ թե այդ գռեհկությունները,— ասում էր հետագայում Մարտինը Ռութին,— ինձ ջղայնացնում է այն ամբարտավան, ինքնագոհ, ներողամիտ շեշտը, որով ճառում են նրանք։ Ես կարող էի Ռեֆորմացիայի ամբողջ պատմությունը շարադրել այդ բանիմաց մարդու համար այնքան ժամանակում, որը հարկավոր եղավ նրան՝ պատմելու համար ինձ, թե միացյալ բանվորական կուսակցությունը ձուլվել է դեմոկրատական կուսակցության հետ։ Գիտե՞ք, նա այնպես է շպրտում բառերը, ինչպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացողը բաժանում է խաղաթղթերը։ Մի անգամ ես այդ ցույց կտամ ձեզ մի օրինակով։

— Ես շատ եմ ափսոսում, որ դուք չհավանեցիք նրան,— պատասխանեց Ռութը,— նա միստր Բեթլերի սիրելին է։ Միստր Բեթլերն ասում է, թե նա ամենաազնիվ և վստահելի մարդն է, որին նա կոչում է ժայռ, վիմաքար, որի վրա կարելի է կանգնեցնել ուզածդ բանկային հաստատությունը։

— Ես չեմ կասկածում՝ մինչև անգամ դատելով սակավ բառերից, որ լսեցի նրանից. բայց ես հիմա կորցրի ամեն հարգանք բանկերի հանդեպ։ Դուք չե՞ք չարանում, սիրելիս, որ ես այդպես ուղղակի արտահայտում եմ իմ կարծիքը։

— Ամենևին, դա շատ հետաքրքրական է։

— Այո,— հաստատեց Մարտինը,— չէ՞ որ ես մի բարբարոս եմ, որն իր առաջին տպավորություններն է ստանում քաղաքակրթությունից։ Քաղաքակիրթ մարդու համար ես պետք է հանդիսանամ անկասկած մեծ հետաքրքրության առարկա։

— Իսկ ի՞նչ կասեք իմ մորաքրոջ աղջիկների մասին,— հարցրեց Ռութը։

— Նրանք մյուս կանանցից ավելի դուր եկան ինձ։ Նրանք շատ զվարթ են և իրենց պահում են պարզ, առանց հավակնությունների։

— Ուրեմն մյուս կանայք է՞լ են դուր եկել ձեզ։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։

— Այդ հասարակական գործիչ կինը պարզապես սոցիալական առեղծվածների մասին շաղակրատող մի թութակ է։ Ես պատրաստ եմ երդվել, որ եթե թափ տանք նրա ուղեղը, այնտեղ ոչ մի ինքնուրույն գաղափար չենք գտնի։ Դիմանկարչուհին անտանելիորեն ձանձրալի է․ նա և Հեփգուդը շատ հարմար ամուսիններ կլինեին։ Իսկ այդ երաժշտուհին․․․ Չգիտեմ, թերևս նրա նվագը հիանալի տեխնիկա ունի, նվագազարկը սահուն է, բայց նա երաժշտությունից ոչինչ չի հասկանում ։

— Բայց չէ՞ որ նա սքանչելի է նվագում,— փորձեց բողոքել Ռութը։

— Այո, արտանքապես նա նվագում է վիրտուոզի պես, բայց երաժշտության ներքին էությունը նրա համար մնում է բոլորովին անմատչելի։ Ես հարցրի, թե ի՞նչ ներքին իմաստ է գտնում երաժշտության մեջ (դուք գիտեք, որ այդ հարցը միշտ էլ հետաքրքրում է ինձ), և նա չկարողացավ ոչինչ պատասխանել բացի այն, որ նա պաշտում է երաժշտությունը, որ երաժշտությունը բոլոր արվեստներից ամենամեծն է և որ երաժշտությունը նրա համար կյանքից էլ թանկ արժե։

— Դուք բոլորին ստիպել եք խոսել մասնագիտական թեմաների շուրջը,— ասաց Ռութը կշտամբանքով։

— Չեմ ժխտում. բայց եթե դրանք այդ հարցի վերաբերյալ էլ խելոք մի բան չկարողացան ասել, երևակայեցեք, թե ես ինչպես կտանջվեի, եթե նրանք սկսեին խոսել ընդհանուր թեմաների շուրջը։ Իսկ ես կարծում էի, թե այստեղ, ուր մարդիկ օգտվում են մշակույթի բոլոր առավելություններից...

Մարտինը մի վայրկյան լռեց, և նրա աչքին նորից երևաց իր անցյալի ստվերը՝ սթեթսոն հագած մի տղա, որր քայլում էր սենյակում։

— Հա՛, ես առաջներում այնպես էի կարծում, թե այստեղ բոլոր տղամարդիկ ու կանայք փայլում են իրենց խելքով ու զարգացման մակարդակով. բայց այն քիչ բանից, որ ես տեսա, արդեն կարող եմ եզրակացնել, մարդկանց մեծամասնությունը բոլորովին տգետ է, իսկ մյուսների իննսուն տոկոսը անտանելիորեն ձանձրալի։ Սակայն պրոֆեսոր Քոլդուելը՝ դա բոլորովին այլ բան է։ Դա իսկական մարդ է։

Ռութի դեմքը ճառագայթեց բավականությունից։

— Պատմեցեք ինձ նրա մասին,— ասաց նա,— ո՛չ նրա փայլուն հատկությունների մասին. ինձ առանց այն էլ շատ լավ հայտնի են դրանք, այլ այն մասին, թե դուք նրանում ինչ պարսավելի բան գտաք. դա շատ հետաքրքրական է ինձ համար։

— Իսկ եթե ես հանկարծ խայտառակվե՞մ,— կատակով բողոքեց Մարտինը,— թերևս նախ դուք ասեք։ Թերևս դուք նրա մեջ միայն լա՞վն եք տեսնում։

— Ես նրա մոտ երկու դասընթաց եմ անցել և երկու տարի շարունակ ճանաչել եմ նրան, այդ պատճառով էլ հետաքրքըրվում եմ, թե ինչպիսի տպավորություն թողեց նա ձեզ վրա։

— Այսինքն, ձեզ հետաքրքրում է վա՞տ տպավորությունը. լավ։ Ես կարծում եմ, որ նա միանգամայն արժանի է ձեր հիացմանն ու հարգանքին։ Դա ամենախելացի և զարգացած մարդն է մինչև այժմ իմ տեսածների մեջ. բայց նրա խիղճը հանգիստ չէ։ Օ՜, ոչ մի վատ բան մի՛ մտածեք,— բացականչեց Մարտինը.— ուզում եմ ասել, որ նա ինձ վրա թողնում է այն մարդու տպավորությունը, որը նայել է իրերի խորքը և այնպես է վախեցել, որ ինքն իրեն ուզում է հավատացնել, թե ոչինչ չի տեսել։ Թերևս իմ միտքը պարզ չարտահայտեցի, կփորձեմ այլ կերպ բացատրել։ Պատկերացրեք մի մարդու, որը գտել է թավուտում ծածկված տաճարի կողմը տանող արահետը, բայց չի գնացել այդ արահետով։ Նա թերևս տեսել է և տաճարը, բայց հետո իրեն հավատացրել է, որ դա պարզապես տեսիլք է եղել։ Ահա և մի այլ բացատրություն։ Մի մարդ, որը կարող էր հիանալի գործ կատարել, բայց անհրաժեշտ չհամարեց դա և հիմա շարունակ ափսոսում է, որ չարեց այն, ինչ կարող էր։ Իր հոգու խորքում նա ծիծաղում է այն պարգևի վրա, որը կարող էր ստանալ իր գործերի համար, բայց ավելի ևս խորքում այդ պարգևի և կատարման վսեմ ուրախության կարոտն է քաշում։

— Ես այդ տեսակետից չեմ մոտեցել նրան,— ասաց Ռութը,— և, անկեղծ ասած, այնուամենայնիվ ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչ եք ուզում ասել։

— Դա նրանից է, որ ես ինքս շատ աղոտ եմ զգում այդ,— ասաց Մարտինը՝ կարծես արդարանալով,— ես չեմ կարող տրամաբանորեն հիմնավորել։ Դա միայն զգացում է, և շատ հավանական է, որ խաբում է ինձ։ Անկասկած դուք ինձանից ավելի լավ եք ճանաչում պրոֆեսորին։

Մորզերի տանը եղած այդ երեկույթից Մարտինը ստացավ տարօրինակ ու հակասական տպավորություններ։ Նա որոշ չափով հուսախաբվեց ձգտումների մեջ, հուսախաբվեց այն մարդկանց նկատմամբ, որոնց մակարդակին էր ուզում բարձրանալ։ Մյուս կողմից հաջողությունը խրախուսեց նրան։ Այդ մակարդակին բարձրանալն ավելի հեշտ կատարվեց, քան նա ակնկալում էր։ Մարտինը ոչ միայն հաղթահարել էր վերելքի դժվարություններր, այլև (նա կեղծ համեստության համար չէր թաքցնում այդ իրենից) ավելի էր բարձրացել, քան այն մարդիկ, որոնց մակարդակին էր ձգտում հասնել, բացառությամբ, իհարկե, պրոֆեսոր Քոլդուելի։ Մարտինն ավելի լավ գիտեր կյանքն ու գրքերը, քան բոլոր այդ մարդիկ, և նա միայն զարմանում էր, թե ո՞ր անկյուններում ու գետնահարկերում են թաքցրել նրանք իրենց կրթությունը։ Նրա մտքովն էլ չէր անցնում, թե ինքը օժտված է բացառիկ խելքով. չգիտեր նաև, որ իսկական և խոր մտածողներին բոլորովին էլ չպիտի փնտրել Մորզերի հյուրասենյակում, որ այդ մտածողները նման են երկնքի կապույտում՝ երկրից բարձր, առօրյա կյանքի ունայնությունից և գռեհկությունից հեռու միայնակ ճախրող արծիվներին։