Մարտին Իդեն, Գլուխ XXXV

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXIV Մարտին Իդեն, Գլուխ XXXVI ▶


Բրիսենդենը ոչ մի բացատրություն չտվեց Մարտինին իր երկարատև բացակայության մասին, Մարտինն իր կողմից հարցուփորձ չարեց այդ ուղղությամբ։ Նա գոհ էր տեսնելով, գրոգի բաժակներից բարձրացող գոլորշու միջով, իր բարեկամի դժգույն և նիհար դեմքը։

— Ես էլ ձեռքերս ծալած չէի նստել,— հայտարարեց Բրիսենդենը, երբ Մարտինը պատմեց նրան իր վերջին աշխատությունների մասին։

Նա իր վերարկուի ներսի գրպանից հանեց մի ձեռագիր և տվեց Մարտինին, որը կարդալով վերնագիրը, հետաքրքրությամբ նայեց նրան.

— Այո՛, այո՛,— ծիծաղեց Բրիսենդենը,— վատ վերնագիր չէ, ճի՞շտ է։ «Աստղաբաշխական օրագրություն»․․․ սրանից լավը չէիր գտնի։ Իսկ դա ձեր բառն է, հիշո՞ւմ եք, որ խոսում էիք մարդու մասին, ինչպես այդ «օրագրության վերջինի» մասին, վերակենդանացած մատերիայի մասին, որը ծնվել է ջերմությունից և պայքարում է ջերմաչափի սանդղակի վրա իր փոքրիկ տեղի համար։ Դա իմ մտքում խրվեց մնաց, և ինձ կարիք եղավ գրել մի ամբողջ պոեմ, որպեսզի վերջապես ազատվեմ դրանից։ Ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը դրա մասին։

Սկսելով կարդալ Մարտինը նախ կարմրեց, ապա գունատվեց հուզմունքից։ Դա գեղարվեստական ամենակատարյալ մի երկասիրություն էր։ Այստեղ ձևը հաղթանակում էր բովանդակությանը, եթե հնարավոր էր հաղթանակ համարել մտքի ու բանավոր արտահայտության այդ իդեալական համաձուլումը, դա այնքան կատարյալ էր, որ Մարտինի աչքերը հիացումից արտասվակալեցին, իսկ նրա սիրտը սկսեց ավելի ուժգին բաբախել։ Դա երկար, վեց կամ յոթ հարյուր տողանի պոեմ էր՝ տարօրինակ, ֆանտաստիկ, ահարկու պոեմ, թվում էր անհնարին, անիրական, բայց և այնպես դա գոյություն ուներ և գրված էր սպիտակ թղթի վրա սև թանաքով։ Այդ պոեմում պատկերվում էր մարդն իր բոլոր որոնումներով, անսահման տարածություն հաղթահարելու, ամենահեռավոր արևների-ոլորտներին մոտենալու անխոնջ ձգտումով։ Դա խելացնոր գինարբուք էր մահամերձի, որի սիրտը տրոփում էր վերջին, տկարացող բաբախումներով։ Պոեմի հաղթական ռիթմում լսվում էր մոլորակների թնդյունը, իրար բախվող գիսաստղերի որոտը, հրեղեն ամպերի լույսով փայլող մռայլ տարածությունների մեջ երկնային ուժերի կռվի աղմուկը, իսկ այդ բոլորի հետ լսվում էր մարդկային ձայնը՝ մեղմ ու խղճալի, որպես ողբ՝ կործանվող աշխարհների ահեղ դղրդոցի մեջ։

— Մինչև այժմ ոչ մի նման բան չի եղել գրականության մեջ,— մրմնջաց Մարտինը, երբ վերջապես կարողացավ խոսել,— սքանչելի է, ապշեցուցիչ. ես հարբել եմ դրանով։ Այդ վեհ հավերժական հարցը իմ մտքից դուրս չի գալիս։ Իմ ականջին միշտ հնչելու է՝ անհասանելիին հասնել փորձող այդ մարդու խղճալի ձայնը, որը իսկևիսկ նման է փղերի ուժեղ դռնչյունի ու առյուծների մռնչյունի միջև մոծակի ճղճիմ տզզոցին։ Բայց այդ տզզոցում լսվում է անհագ տենչը։ Հավանական է, որ հիմար բաներ եմ ասում, բայց այդ գրվածքն ամբողջովին նվաճեց ինձ։ Դուք... չգիտեմ ի՜նչ ասեմ... պարզապես հանճարեղ եք։ Բայց ինչպե՞ս կարողացաք ստեղծագործել։

Մարտինն ընդհատեց իր ներբողը լոկ նրա համար, որ պոռթկա նոր թափով։

— Ես այլևս երբեք չեմ գրի. ես պարզապես ողորմելի, կավից շինած մի գրչակ եմ։ Դուք ցույց տվեցիք ինձ, թե ինչ բան է իսկական վարպետությունը. դուք հանճար եք. ո՛չ, դուք հանճարից էլ բարձր եք. դա գերազանցում է հանճարը։ Դա խելացնորության հասնող ճշմարտություն է։ Դա՝ ինքը ճշմարտությունն է, դա մարդն է նրա բոլոր հատկանշական գծերով։ Գիտակցո՞ւմ եք, թե ոչ, որ դուք դավանաբան եք։ Մինչև անգամ գիտությունը չի կարող հերքել ձեզ։ Դա մարգարեական ճշմարտություն է՝ տիեզերքի երկաթից կոփված և գեղեցկության ու վեհության հնոցներում կուռ ձուլված. այլևս ոչինչ չեմ ասի։ Ես ընկճված եմ, ոչնչացա՛ծ։ Ո՛չ, ես կասեմ էլի մի բան. թույլ տվեք ինձ վաճառելու այդ պոեմը։

Բրիսենդենը հռհռաց։

— Մի՞թե ամբողջ քրիստոնեական աշխարհում կա թեկուզ մի հանդես, որը համարձակվի տպել այդպիսի մի բան. դուք ինքներդ շատ լավ գիտեք այդ։

— Ո՛չ, չգիտեմ։ Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհում չկա մի հանդես, որն ուրախությամբ չընդունի այդ։ Այդպիսի գործ ստեղծվում է հարյուր տարին մեկ անգամ, դա այսօրվա պոեմ չէ, դա նոր դարաշրջանի պոեմ է։

— Ես պատրաստ եմ բռնել ձեզ ձեր իսկ խոսքով։

— Ցինիկ մի՛ ձևանաք,— առարկեց Մարտինը։— Խմբագիրներն այնքան էլ ապուշ չեն, ես գիտեմ այդ։ Գրազ կգա՞ք, որ եթե ոչ առաջին անգամ, ապա երկրորդ անգամ կընդունեն «Աստղաբաշխական օրագրությունը»։

— Կա մի հանգամանք, որ խանգարում է ինձ օգտվել ձեր առաջարկից,— ասաց Բրիսենդենը և, մի պահ լռելուց հետո, ավելացրեց,— դա մեծ երկասիրություն է, ամենամեծը այն բոլորից, որ ես երբևէ գրել եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ դա իմ կարապի երգն է։ Չափազանց հպարտանում եմ այդ պոեմով, պաշտում եմ այդ, դա ինձ համար վիսկիից ավելի հաճելի է։ Դա այն կատարյալ ստեղծագործությունն է, որի մասին ես երազել եմ վաղ պատանեկության շրջանում, երբ մարդ դեռևս ձգտում է իդեալների և հավատում է պատրանքների։ Եվ ահա ես հասել եմ իդեալին, հասել եմ շիրիմի եզերքին կանգնած․․․ Մի՞թե ես տալու եմ այն, որպեսզի խոզերն անարգեն։ Ես գրազ չեմ գա ձեզ հետ. դա իմն է. ես ստեղծագործեցի այդ և դա կբաժանեմ միայն ձեզ հետ։

— Բայց մտածեցեք մնացած աշխարհի մասին,— բացականչեց Մարտինը.— չէ՞ որ գեղեցիկի նպատակն է ուրախացնել։

— Լավ, թող դա ուրախացնի ինձ։

— Մի՛ եղեք եսասեր։

— Ես ամենևին եսասեր չեմ։

Բրիսենդենը ծիծաղեց սառը և չարախինդ, կարծես նախօրոք ճաշակելով այն, ինչ պատրաստվում էին ասել նրա բարակ շրթունքները.

— Ես նույնքան այլասեր եմ, որքան սոված խոզը։

Մարտինն ապարդյուն կերպով փորձում էր նրան ետ կանգնեցնել ընդունած որոշումից։ Մարտինը հավաստում էր Բրիսենդենին, որ մամուլի նկատմամբ նրա ատելությունն անիմաստ ու ֆանատիկոսություն է, և որ նրա վարմունքը հազարապատիկ ավելի է ամոթալի, քան Եփեսոսի Դիանայի տաճարն այրող պատանի Հերոստրատոսինը։ Բրիսենդենը լսում էր մեղադրանքների այդ տարափը, գլխով հավանության նշաններ անելով և կում֊կում խմելով իր գրոգը, հաստատում էր, որ խոսակիցն իրավացի է ամեն բանում՝ բացի հանդեսների մասին ասածից։ Նրա ատելությունը խմբագիրների նկատմամբ անսահման էր, և նա Մարտինից ավելի մոլեգին էր անարգում նրանց.

— Ես ցանկանում եմ, որ արտատպեք սա ինձ համար,— ասաց Բրիսենդենը,— դուք հազար անգամ ավելի լավ կանեք այդ, քան որևէ մեքենագրուհի։ Իսկ հիմա ես ձեզ կտամ մի օգտակար խորհուրդ։— Բրիսենդենը գրպանից հանեց մի մեծածավալ գրվածք։— Ահա ձեր «Արևի ամոթանքը»։ Ես ոչ թե մի կամ երկու, այլ երեք անգամ եմ կարդացել այդ։ Դա ամենամեծ գովեստն է, որ ես կարող եմ շռայլել ձեզ։ «Աստղաբաշխական օրագրության» մասին ձեր ասածներից հետո ես, իհարկե, պետք է լռեմ։ Բայց ահա, թե ինչ կասեմ ձեզ, եթե «Արևի ամոթանքը» տպագրվի, անհավատալիորեն մեծ աղմուկ կհարուցի։ Նրա շուրջը անհավատալի բանավեճ կսկսվի, և դա ձեզ համար ամեն տեսակի ռեկլամից ավելի լավ կլինի։

Մարտինը քրքջաց։

— Ենթադրում եմ, որ ձեր երկրորդ խորհուրդը կլինի ուղարկել դա որևէ ամսաթերթի։

— Ոչ մի դեպքում, եթե ուզում եք, որ դա տպագրվի։ Առաջարկեցեք խոշոր հրատարակչություններից մեկին. թերևս այնտեղ մի որևէ գիժ կամ հիմնավորապես հարբած քննադատ կարդա և բարենպաստ գնահատական տա։ Այո՛, երևում է, որ դուք շատ գրքեր եք կարդացել։ Այդ բոլորը մարսվել է Մարտին Իդենի ուղեղում և արտահոսել է «Արևի ամոթանքում»․․․ Մարտին Իդենը մի օր շատ նշանավոր կդառնա, և նրա փառքի զգալի մասը կստեղծվի այդ գրվածքով։ Փնտրեցեք մի հրատարակչի, և ինչքան շուտ գտնեք, այնքան լավ։

Այդ երեկո Բրիսենդենը երկար նստեց Մարտինի մոտ։ Մարտինն ընկերակցեց նրան մինչև տրամվայը, և երբ Բրիսենդենը վագոն էր նստում, անսպասելիորն իր բարեկամի ձեռքը դրեց մի ճմռթած թուղթ։

— Վերցրե՛ք,– ասաց նա,— այսօր շահել եմ ձիարշավում։

Զանգը հնչեց, և տրամվայը շարժվեց՝ թողնելով Մարտինին կատարյալ տարակուսանքի մեջ, ճմռթված թուղթը ձեռքին։ Վերադառնալով իր սենյակը՝ նա պարզեց թուղթը և տեսավ, որ դա հարյուր դոլլարանոց թղթադրամ է։

Մարտինն օգտագործեց այն առանց քաշվելու։ Նա լավ գիտեր, որ կարող է պարտքը վճարել շատ շուտով։ Հաջորդ առավոտ նա հատուցեց իր բոլոր պարտքերը։ Մարիային նախօրոք վճարեց երեք ամսվա համար և լոմբարդից դուրս գրեց իր բոլոր իրերը։ Նա հարսանեկան նվեր գնեց իր քրոջ՝ Մերիենի համար, ծննդյան տոնի առթիվ նվերներ գնեց Ռութի ու Գերտրուդայի համար։ Բացի այդ բոլորից, Մարիայի բոլոր երեխաներին տարավ Օքլենդ և, կատարելով իր խոստումը (ճիշտ է՝ մի տարի անց), կոշիկներ գնեց ունվիրեց Մարիային և նրա բոլոր երեխաներին։ Նա գնեց նրանց համար նաև խաղալիքներ ու անուշեղեն, այնպես որ ծրարները դժվարությամբ էին տեղավորվել մանկական պստիկ ձեռքերում։

Այդ անսովոր թափորի գլուխն անցած մտնելով հրուշակարանը՝ Մարտինը պատահմամբ հանդիպեց Ռութին և միսիս Մորզին։ Վերջինս չափազանց վիրավորված զգաց իրեն. մինչև անգամ Ռութը շփոթվեց։ Նա մեծ նշանակություն էր տալիս մարդկանց արտաքինին, և նրան այնքան էլ հաճելի չէր տեսնել իր սիրածին՝ ցնցոտիներ հագած փորթուգալացի երեխաների մի ամբողջ բազմության ընկերակցությամբ։ Մարտինի մոտ հպարտության և ինքնահարգանքի այդ պակասը վշտացրեց նրան։ Այդ միջոցով Ռութը մի ավելորդ անգամ ապացուցված համարեց այն, որ Մարտինը չի կարող բարձրանալ իր շրջապատից վեր։ Դա արդեն ինքնըստինքյան բավական տհաճ էր և ոչ մի հիմք չկար պարծենալու դրանով ամբողջ աշխարհի՝ իր աշխարհի առաջ։ Թեև Ռութի և Մարտինի նշանդրեքը մինչ այժմ էլ գաղտնի էր պահվում, բայց նրանց հարաբերությունները գաղտնիք չէին կազմում ոչ ոքի համար, իսկ հրուշակարանում, հակառակի պես, խիստ շատ էին ծանոթները, և նրանք բոլորը հետաքրքրությամբ նայում էին միսս Մորզի սիրածի զարմանալի շրջապատին։ Ռութը չէր կարող բարձրանալ մարդկային բամբասանքներից վերև, և Մարտինի վարմունքը նրա համար պարզապես անհասկանալի էր։ Նրա տպավորվող բնավորությունը ամոթալի էր համարում այդ։ Այդ օրը գնալով Մորզերի տունը՝ Մարտինը գտավ Ռութին այնքան հուզված վիճակում, որ մինչև անգամ չհամարձակվեց գրպանից հանել նրա համար գնած նվերը։ Մարտինը նրան առաջին անգամ տեսավ արտասվելիս՝ ցասումի և վիրավորանքի արցունքներով, և այդ տեսարանն այնքան ցնցեց նրան, որ նա մտովին կոչեց իրեն կոպիտ անասուն, թեպետ ոչ բոլորովին պարզ էր հասկանում իր հանցանքը։ Մարտինի մտքովն էլ չանցավ ամաչել իր շրջանի մարդկանց համար, և նա Ռութին վիրավորող ոչ մի բան չտեսավ այն բանում, որ գնացել էր ծննդյան նվերներ գնելու Մարիայի երեխաների համար։ Բայց նա պատրաստ էր հասկանալ Ռութի վիրավորանքը՝ լսելով նրա բացականչությունները, և այդ ամբողջ միջադեպը մեկնաբանեց կանացի տկարությամբ, որը, ինչպես երևում է, հատուկ է և ամենալավ կանանց։