Մեծազարմ ամուրին
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Լորդ Սենտ֊Սայմոնի ամուսնությունը, որ վերջացավ այդքան զարմանալի ձեւով, վաղուց դադարել էր զբաղեցնել այն բարձր հասարակությանը, որի հետ շփվում էր տարաբախտ փեսացուն։ Նորանոր աղմկոտ պատմություններն իրենց ավելի գրգռիչ մանրամասնություններով մթագնեցին այդ դրաման ու շեղեցին նրանից սալոնային շաղակրատների ուշադրությունը, մանավանդ, որ այդ օրվանից արդեն անցել է չորս տարի։ Բայց քանի որ ես հիմք ունեմ կարծելու, թե շատ փաստեր այդպես էլ չեն հասել լայն հասարակությանը, և քանի որ այդ գործը պարզվեց գլխավորապես իմ բարեկամ Շերլոկ Հոլմսի շնորհիվ, գտնում եմ, որ առանց այդ ուշագրավ էպիզոդի համառոտ նկարագրության հիշողություններս նրա մասին լրիվ չէին լինի։
Մի անգամ ցերեկը, իմ սեփական հարսանիքից մի քանի շաբաթ առաջ, երբ Հոլմսի հետ դեռ ապրում էի Բեյքր֊ստրիտում, նրա անունով մի նամակ եկավ։ Հոլմսը տանը չէր, նա ճաշից հետո թափառում էր ինչ֊որ տեղ, իսկ ես ամբողջ օրը նստած էի սենյակումս, որովհետև եղանակը հանկարծ փչացավ․ ուժեղ քամի բարձրացավ, անձրև եկավ, և ոտքիս մեջ մնացած մեծակալիբր գնդակը, որ ես ինձ հետ բերել էի որպես աֆղանական արշավանքի հիշատակ, իրեն զգացնել էր տալիս անընդհատ ու բութ ցավով։ Հարմար ձևով ընկղմելով մի բազկաթոռի մեջ ու ոտքերս դնելով մյուսի վրա, ես ինձ շրջապատեցի լրագրերի մի ամբողջ կույտով, բայց օրվա հրատապ նորություններից կշտացած, լրագրերը շպրտեցի մի կողմ ու, պարապությունից դրդված, սկսեցի շուռումուռ տալ ու նայել սեղանին ընկած նամակը։ Հսկայական գերբն ու մոնոգրամը զարդարում էին ծրարը, և ես ծուլորեն մտածում էի, թե այդ ինչ մեծամեծ անձնավորություն է, որ բարեկամիս հետ նամակագրություն ունի։
― Ձեզ սպասում է բարձր դասակարգի մի մարդու ուղերձը, ― նկատեցի ես, երբ Հոլմսը մտավ սենյակ։ ― Իսկ առավոտյան փոստը, եթե չեմ սխալվում, ձեզ բերեց ձկնավաճառի ու մաքսատան ծառայողի նամակները, այնպես չէ՞։
― Իմ փոստային գրագրության ամբողջ հմայքը հենց նրա բազմազանության մեջ է, ― ժպտալով պատասխանեց բարեկամս, ― և մեծ մասամբ՝ ինչքան համեստ է նամակի հեղինակը, այնքան նամակը հետաքրքիր է։ Իսկ ա՜յ, սա, իմ կարծիքով, այն անտանելի պաշտոնական հրավերներից մեկն է, որոնք մարդու ստիպում են կամ իրեն հանձնել ահավոր ձանձրույթի հոշոտմանը, կամ դիմել ստի։
Նա փշրեց կնիքն ու արագ աչքի անցկացրեց նամակը։
― Չէ, չէ՜, այստեղ պետք է որ մի հետաքրքիր բան լինի։
― Ուրեմն դա հրավեր չէ՞։
― Ոչ, նամակը հույժ գործնական է։
― Նշանավոր կլիենտի՞ց։
― Անգլիայի ամենանշանավոր մարդկանցից մեկից է սա։
― Շնորհավորում եմ, սիրելի բարեկամ։
― Երդվում եմ, Ուո՛տսըն, և հավատացեք սա ձևացնել չի, որ կլիենտիս հասարակական դիրքն ինձ համար շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան նրա գործը։ Սակայն այս դեպքը կարող է ուշագրավ լինել։ Կարծեմ դուք վերջին ժամանակներս բավականին եռանդով էիք կարդում լրագրերը։
― Ինչպես տեսնում եք, ― տրտում պատասխանեցի, ցույց տալով լրագրերի կույտն անկյունում։ ― Ուրիշ բան չունեի անելու այլևս։
― Շատ էլ ժամանակին է։ Գուցե դուք ինձ հաղորդակից անեք ձեր գիտելիքներին։ Չէ՞ որ ես քրեական քրոնիկոնից ու առաջին էջի անվանականչից[1] բացի ոչինչ չեմ կարդում։ Ա՜յ, այնտեղ ուսանելի բաներ են լինում։ Իսկ եթե դուք այդքան ուշադիր հետևել եք դեպքերին, ապա, հավանաբար, կարդացած կլինեք լորդ Սենտ֊Սայմոնի ու նրա հարսանիքի մասին։
― Այո՜․․․ Եվ մեծ հետաքրքրությամբ։
― Հրաշալի է։ Այս նամակը լորդ Սենտ֊Սայմոնից է։ Հիմա ես կկարդամ, իսկ դուք մի անգամ էլ աչքի անցկացրեք լրագրերն ու պատմեցեք այն բոլորը, ինչ վերաբերում է այդ գործին։ Ահա թե ինչ է գրում լորդը․ «Հարգելի միստր Շերլոկ Հոլմս․ լորդ Բեկվոտերն ինձ ասաց, որ ես կարող եմ միանգամայն վստահ լինել Ձեր խորաթափանցությանն ու Ձեր ջենտելմենական պատրաստակամությանը ուրիշների գաղտնիքները պահելու գործում։ Դրա համար էլ որոշեցի դիմել Ձեզ՝ խորհուրդ հարցնելու այն վերին աստիճանի վշտալի իրադարձության վերաբերյալ, որ տեղի ունեցավ իմ հարսանյաց կապակցությամբ։ Սքոտլենդ֊Յարդի գործակալ միստր Լեստրեյդը արդեն հետաքննություն է վարում այդ գործով, բայց դեմ չի Ձեր աշխատակցությանը, ենթադրելով, որ այդ մասնակցությունը կարող է նույնիսկ օգտակար լինել։ Ես Ձեզ մոտ կլինեմ այսօր ցերեկվա ժամը չորսին և հույս ունեմ, որ, նկատի ունենալով գործիս արտակարգ լրջությունը, դուք կհետաձգեք բոլոր գործնական տեսակցությունները, եթե այդպիսիները դուք նշանակել եք հիշյալ ժամին։ Ձեզ հարգող Ռոբերտ Սենտ֊Սայմոն»։ Նամակն ուղարկված է Գրոսվենորի առանձնատնից և գրված է սագի փետուրով, ըստ որում ազնվատոհմ լորդը դժբախտություն է ունեցել թանաքոտել աջ ճկույթի դրսի կողմը, ― ասաց Հոլմսը, ծալելով նամակը։
― Նա գրել է, որ կգա ժամը չորսին։ Հիմա երեքն է։ Մի ժամ հետո նա այստեղ կլինի։
― Ուրեմն, ձեր օգնությամբ ես լրիվ կհասցնեմ թափանցել գործի բոլոր հանգամանքների մեջ։ Աչքի անցկացրեք լրագրերն ու ժամանակագրական հերթականությամբ դասավորեցեք ռեպորտյորական նյութերը, իսկ ես առայժմ կտեսնեմ, թե մեր կլիենտն իրենից ինչ է ներկայացնում։
Հոլմսը գրադարակից վերցրեց մի կարմրակազմ հաստ գիրք, որը գտնվում էր ուրիշ տեղեկատուների շարքում։
― Գտա, ― ասաց նա, նստելով բազկաթոռին ու ծնկների վրա բացելով գիրքը։ ― «Ռոբերտ Ուոլսինգեմ դե Վիր Սենտ֊Սայմոն, Բալմորալի դուքսի երկրորդ տղան»։ Հը՜մ․․․ «Գերբը՝ երկնագույն ֆոն, սամույրի մորթու շերտի վերևը ուղտափուշի երեք աստղիկ։ Ծնվել է 1846֊ին»։ Ուրեմն, նա քառասունմեկ տարեկան է․ բավականաչափ հասուն տարիք է ամուսնության համար։ Գաղութների մինիստրության նախկին կազմում մինիստրի օգնական էր։ Դուքսը՝ նրա հայրը, մի ժամանակ արտաքին գործերի մինիստրն է եղել։ Արական գծով Պլանտահենետների սերունդն է, իգական գծով՝ Թյուդորների։ Այսպե՜ս․․․ Այս բոլորը մեզ ոչինչ չի տալիս։ Հույս ունեմ, որ դուք, Ուո՛տսըն, որևէ ավելի էական բան եք պատրաստել։
― Ինձ համար բոլորովին դժվար չէր գտնել այն, ինչ փնտրում էի, ― ասացի ես, ― քանի որ այդ իրադարձությունները վաղուց չէ ինչ տեղի են ունեցել ու ես միանգամից ուշադրություն դարձրի դրանց վրա։ Միայն թե չէի պատմում, որովհետև դուք շատ էիք զբաղված ինչ֊որ հետաքննությամբ, իսկ ես գիտեմ, թե դուք ինչքան չեք սիրում, երբ ձեր ուշադրությունը շեղում են։
― Հա, դուք նկատի ունեք Գրոսվենոր֊սկվերում կահույք տեղափոխող ֆուրգոնի հետ պատահած այն չնչին դե՞պքը։ Այդ պատմությունը լրիվ պարզված է, դե՜, դա ասենք հենց սկզբից էլ պարզ էր։ Հապա, հաղորդակից արեք ինձ ձեր լրագրային նորություններին։
― Ահա ձեզ առաջին հոդվածը։ Սա զետեղված է «Մորնինգ Պոստում», «Աշխարհիկ կյանքի քրոնիկոն» բաժնում, և, ինչպես տեսնում եք, լույս է տեսել մի քանի շաբաթ առաջ․ «Կայացավ նշանդրեք, ու, եթե լուրերին հավատանք, շուտով կկայանա լորդ Ռոբերտ Սենտ֊Սայմոնի՝ Բալմորալի դուքսի երկրորդ որդու, և Սան֊Ֆրանցիսկոյի էսկվայր Ալոիզի Դորանի միակ դստեր միսս Հետտի Դորանի պսակադրությունը․ Կալիֆորնիա, ԱՄՆ»։
― Կարճ և կտրուկ, ― նկատեց Հոլմսը, ավելի մոտեցնելով կրակին իր երկար ու բարակ ոտքերը։
― Անցյալ շաբաթ աշխարհիկ լրագրերից մեկում մի սյունակ կար, որտեղ ավելի հանգամանորեն էր խոսվում այդ գործի մասին․․․ Ըհը՛, գտա․ «Շուտով հարկավոր կլինի հրատարակել մի օրենք մեր պսակադրության շուկայի պահպանության վերաբերյալ, որովհետև ազատ առևտրի սկզբունքը, որ թագավորում է այժմ, շատ վնասակար ազդեցություն է ունենում մեր հայրենի արտադրանքի վրա։ Մեծ Բրիտանիայի ազնվագույն տոհմերի շառավիղների վրա ունեցած իշխանությունը աստիճանաբար անցնում է անդրատլանտյան գեղատեսիլ կուզինաների թաթիկները։ Այդ հմայիչ նվաճողների զավթած ավարների ցուցակն անցյալ շաբաթ լրացավ չափազանց թանկարժեք մի ձեռքբերումով։ Լորդ Սենտ֊Սայմոնը, որ քսան տարուց ավելի անխոցելի էր Ամուրի նետերի համար, օրերս հայտնեց իր մտադրությունը՝ ամուսնանալ կալիֆորնիական միլիոնատերի զմայլեցուցիչ դստեր՝ Հետտի Դորանի հետ։ Միսս Դորանը, որի վայելչակազմ ֆիգուրան և հիասքանչ դեմքը ֆուրոր առաջացրին Վեստբերի֊Հաուզի բոլոր պարահանդեսներում, մինուճար դստրիկ է, և ասում են, թե նրա օժիտը սահմանվում է ավելի քան վեցանիշ թվով, էլ չենք խոսում արդեն, թե ինչպիսի տեսք կունենա դա ապագայում։ Եվ որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բորմարալի դուքսը վերջին տարիներին ստիպված էր ծախծխել նկարների իր հավաքածուն, իսկ լորդ Սենտ֊Սայմոնը իր սեփական կարողությունը չունի, եթե չհաշվենք ոչ այնքան մեծ կալվածքը Բերչմուրում, պարզ է, որ այդ միությունից, որը ռեսպուբլիկայի սովորական քաղաքացուհուն հեշտ ու արագ կդարձնի անգլիական տիտղոսավոր լեդի, կշահի ոչ միայն Կալիֆորնիայի ժառանգորդուհին»։
― Էլի՞ բան կա, ― հարցրեց Հոլմսը հորանջելով։
― Այո՛, և այն էլ անչափ շատ։ Ահա մի ուրիշ հոդված։ Այստեղ ասվում է, որ հարսանիքը շատ համեստ կլինի, որ պսակադրությունը կկայանա Հանովեր֊սկվերի սուրբ Գևորգ եկեղեցում, և որ հրավիրված կլինեն ամենամոտիկ բարեկամներից միայն հինգ֊վեց հոգի, իսկ հետո բոլոր հարսանիքավորները կմեկնեն Լանկաստեր֊հեյթի կահավորված առանձնատունը, որը վարձել է միստր Ալոիզի Դորանը։ Երկու օր անց, այսինքն՝ անցյալ չորեքշաբթի, հրապարակվեց մի կարճ հաղորդում, թե պսակադրությունը կայացել է, և որ երիտասարդ զույգը մեղրամիսը կանցկացնի լորդ Բեկվոտերի Պիտերսֆիլդի մոտ գտնվող կալվածքում։ Ահա այն բոլորը ինչ տպագրված է լրագրերում մինչև հարսնացուի անհետանալը։
― Ինչ ասացի՞ք, ― հարցրեց Հոլմսը վեր թռչելով տեղից։
― Մինչև նորապսակ օրիորդի անհետանալը, ― կրկնեցի ես։
― Այդ ե՞րբ է անհետացել։
― Հարսանեկան ճաշկերույթի ժամանակ։
― Ահա թե ի՜նչ․․․ Գործն ավելի քան հետաքրքիր է դառնում։ Շատ դրամատիկական է․․․
― Հա, ինձ էլ թվաց, որ սա ինչ֊որ սովորական բան չի։
― Շատ անգամ կանայք անհետանում են մինչև պսակադրության արարողությունը, երբեմն էլ մեղրամիսի ընթացքում, բայց ես չեմ կարող հիշել մի դեպք, երբ անհետացումը տեղի ունենար այդքան արագընթաց։ Ավելի մանրամասն պատմեցեք, խնդրում եմ։
― Զգուշացնում եմ, որ պատմածներս բավականին թերի են։
― Դե՛, գուցե, հենց մեզ հաջողվի լրացնել դրանք։
― Երեկ այդ մասին մի հոդված լույս տեսավ առավոտյան լրագրում, և ուրիշ ոչինչ։ Հիմա ես դա կկարդամ։ Հոդվածի վերնագիրն է․ «Զարմանալի դեպք բարձրաշխարհիկ հարսանիքում»․․․ «Լորդ Ռոբերտ Սենտ֊Սայմոնի ընտանիքը ցնցված է նրա ամուսնության հետ կապված խորհրդավոր ու վերին աստիճանի ծանր իրադարձությունից։ Պսակադրությունն իրոք կայացավ երեկ առավոտյան, ինչպես այդ մասին համառոտակի հաղորդվեց երեկվա լրագրերում․ բայց միմիայն այսօր կարող ենք հաստատել այն տարօրինակ լուրերը, որ այդպես համառորեն շրջում են հասարակության մեջ։ Չնայած բարեկամների փորձերին՝ կոծկել այդ դեպքը, սա այնպես է գրավել հասարակության ուշադրությունը, որ միտք չունի լռության մատնել այն, ինչի մասին խոսում են բացարձակապես բոլորը։ Հարսանիքը շատ համեստ էր և կատարվում էր սուրբ Գևորք եկեղեցում։ Ներկա էին միայն հարսնացուի հայրը՝ միստր Ալոիզի Դորանը, Բալմորալի դքսուհին, լորդ Բեկվիստերը, լորդ Յուսատեսն ու լեդի Կլարա Սենտ֊Սայմոնը (փեսացուի կրտսեր եղբայրն ու քույրը), ինչպես նաև լեդի Ալիսիա Ուիտտինգտոնը։ Պսակադրությունից հետո ամբողջ հասարակությունը գնաց Լանկաստեր֊հեյթ, որտեղ միստր Ալոիզի Դորանի տանը նրանց սպասում էր ճաշը։ Ըստ լուրերի, այնտեղ մի փոքր դեպք տեղի ունեցավ։ Մի անհայտ կին, որի անունն այդպես էլ չիմացվեց, փորձում էր հարսանեկան թափորի հետևից ներխուժել տուն, պնդելով, թե ինքը ինչ֊որ իրավունքներ ունի լորդ Սենտ֊Սայմոնի նկատմամբ։ Եվ միայն երկարատև ու ծանր տեսարաից հետո ծառայապետին ու լակեին հաջողվեց դուրս անել այդ անձնավորությանը։ Բարեբախտաբար հարսնացուն տուն էր մտել մինչև այդ տհաճ ներխուժումը։ Նա սեղան նստեց մյուսների հետ միասին, բայց շուտով գանգատվեց հանկարծակի տկարությունից ու գնաց իր սենյակը։ Քանի որ նա երկար ժամանակ չէր վերադառնում, հյուրերն սկսեցին տարակուսանք հայտնել։ Միստր Ալոիզի Դորանը գնաց դստեր հետևից, բայց օրիորդի նաժիշտը հայտնեց, որ միսս Հետտին միայն մի րոպեով մտավ սենյակ, ուսերին գցեց ճանապարհորդական երկար վերարկուն, գլխարկը դրեց ու շտապեց դեպի ելքը։ Լակեյներից մեկը հաստատեց, որ վերարկու հագած ու գլխարկ դրած ինչ֊որ կին իրոք դուրս եկավ տնից, բայց ինքը ոչ մի կերպ չկարողացավ իմանալ, որ դա իր տիրուհին է, հավատացած լինելով, թե տիրուհին այդ ժամանակ հյուրերի հետ սեղան է նստած։ Միստր Ալոիզի Դորանը համոզվելով, որ իր դուստրն անհետացել է, նորափեսայի հետ անհապաղ ուղևորվեց ոստիկանատուն, և սկսվեցին եռանդուն որոնումները, որոնք հավանաբար շատ շուտով լույս կսփռեն այդ զարմանալի դեպքի վրա։ Սակայն առայժմ պարզված չէ, թե որտեղ է անհետացած լեդին։ Լուրեր են պտտվում, թե այստեղ ինչ֊որ շանտաժ է տեղի ունեցել։ Ասում են, թե իբր ոստիկանությունը ձերբակալել է տուն ներխուժող այն կնոջը, հնարավոր համարելով, որ խանդից կամ ուրիշ դրդապատճառներից ստիպված նա մեղսակից եղած լինի նորապսակ կնոջ խորհրդավոր անհետացման մեջ»։
― Ա՞յդ է բոլորը։
― Մի փոքրիկ հոդված էլ կա առավոտյան մի ուրիշ լրագրում․ թերևս այդ մեկը ձեզ որոշ նյութ տա։
― Ինչի՞ մասին է։
― Այն մասին, որ միսս Ֆլորա Միլլարը, այդ սկանդալի մեղավորը, իսկապես որ ձերբակալված է։ Կարծեմ նա առաջ պարուհի է եղել «Ալեգրո»֊ում և մի քանի տարի շարունակ հանդիպել է լորդ Սենտ֊Սայմոնի հետ։ Ուրիշ մանրամասնություններ չկան, այնպես որ այժմ դուք այդ դեպքի մասին գիտեք այն ամենը, ինչ տպագրված է լրագրերում։
― Եվ դա ինձ պատկերանում է որպես մի արտակարգ հետաքրքիր դեպք։ Շատ կվշտանայի, եթե այդ գործն իմ կողքով անցներ․․․ Բայց ինչ֊որ մեկը զանգ է տալիս, Ուոտսըն։ Ժամը շուտով հինգը կլինի, և ես չեմ կասկածում, որ սա մեր գերազնիվ կլիենտն է գալիս։ Միայն թե չմտածեք հեռանալ, գուցե և ինձ հարկավոր լինի մի վկա, թեկուզ նրա համար, որ ոչինչ չմոռանամ։
― Լորդ Ռոբերտ Սենտ֊Սայմոնն է, ― հանդիսավորությամբ հայտնեց մեր երիտասարդ ծառան, լայն բանալով դուռը։
Ներս մտավ մի ջենտլմեն՝ դուրեկան, նուրբ դիմագծերով, գունատ դեմքով, խոշոր քթով, շրթունքների անբարտավան արտահայտությամբ և այնպիսի մարդու ծանր ու բաց հայացքով, որին երջանիկ բախտ է վիճակվել կառավարել և հանդիպել հնազանդության։ Նրա շարժումները թեթև և աշխույժ էին, բայց որոշ կորացածության ու քայլելիս ծնկները ծալելու սովորության հետևանքով, նա իր տարիքից ավելի մեծ էր թվում։ Նրա քունքերի մոտի մազերը սպիտակել էին, իսկ երբ նա եզրերը վեր ծալած գլխարկը հանեց, պարզվեց, որ բացի դրանից գագաթի մազերը խիստ նոսրացել էին։ Նրա կոստյումը այնքան նրբագեղ էր, որ մոտենում էր ինքնագոհ պճնամոլի զգեստի սահմանին․ բարձր օսլայած օձիք, սև սերթուկ՝ սպիտակ ժիլետի հետ, դեղին ձեռնոցներ, լաքած կոշիկներ ու բաց գույնի զանգապաններ։ Նա դանդաղ մտավ սենյակ ու չորս կողմը նայեց, թափահարելով ոսկե լորնետի քղիկը։
― Բարի օր, լորդ Սենտ֊Սայմոն, ― սիրալիր ասաց Հոլմսը, բարձրանալով տեղից ու գնալով նրան ընդառաջ։ ― Խնդրեմ, նստեցեք այստեղ, այս հյուսկեն բազկաթոռին։ Սա իմ բարեկամն է և կոլեգան, դոկտոր Ուոտսընը։ Մոտեցրեք ձեր աթոռը կրակին, ու մենք կզրուցենք ձեր գործից․․․
― ․․․ ավելի քան տանջալից ինձ համար, մի՛ստր Հոլմս։ Ես ցնցված եմ։ Հասկանալի է, դուք առաջին անգամ չէ, որ նրբաբնույթ գործեր եք վարում, սը՛ր․ բայց հազիվ թե ձեր կլիենտները պատկանելիս լինեին հասարակության այն դասակարգին, որին ես պատկանում եմ։
― Այո՛, դուք ճիշտ եք ասում, սա ինձ համար մի աստիճան ցածր է։
― Ներեցե՞ք։
― Այս տեսակի գործով իմ վերջին կլիենտը թագավոր էր։
― Ահա թե ի՜նչ․․․ Չգիտեի։ Իսկ ո՞ր թագավորը։
― Սկանդինավիայի թագավորը։
― Ինչ է, նրա կինն էլ է՞ր կորել։
― Հուսով եմ, դուք հասկանում եք, որ մյուս իմ կլիենտների գործերի նկատմամբ ես նույնքան գաղտնապահ եմ, ինչպես և խոստանում եմ լինել ձեր գործի նկատմամբ, ― ամենապարկեշտ տոնով արտահայտվեց Շերլոկ Հոլմսը։
― Օ՜, իհարկե, իհարկե՜։ Դուք իրավացի եք, խնդրում եմ՝ ներեք ինձ։ Ինչ վերաբերում է ինձ հետ կապված դեպքին, ես պատրաստ եմ ձեզ հաղորդել ցանկացած տեղեկությունը, ինչը կարող է օգնել ձեզ՝ կարծիք կազմելու պատահածի մասին։
― Շնորհակալ եմ։ Ես արդեն ծանոթացել եմ այն բոլոր նյութերին, ինչ լրագրերում կա, բայց ոչինչ ավելի չգիտեմ։ Կարելի՞ է ենթադրել, որ նրանց հաղորդումներն ստույգ են։ Թեկուզ և այս հաղորդագրությունը, հարսնացուի անհետացման մասին։
Լորդ Սենտ֊Սայմոնը հապճեպ աչքի անցկացրեց այն։
― Այո՛, սա շատ թե քիչ ստույգ է։
― Բայց որպեսզի կարողանամ որոշակի կարծիք հայտնել այս գործի վերաբերյալ, էլի շատ լրացուցիչ տվյալներ հարկավոր կլինեն ինձ։ Թերևս, ավելի լավ կլինի, եթե ես ձեզ մի շարք հարցեր տամ։
― Պատրաստ եմ ծառայել ձեզ։
― Դուք ե՞րբ ծանոթացաք միսս Հետտի Դորանի հետ։
― Մի տարի առաջ Սան֊Ֆրանցիսկոյում։
― Դուք ճանապարհորդում էիք Միացյալ Նահանգներո՞ւմ։
― Այո՛։
― Դուք դեռևս այնտե՞ղ նշանվեցիք նրա հետ։
― Ո՛չ։
― Բայց սիրահետո՞ւմ էիք նրան։
― Ինձ համար հաճելի էր նրա ընկերակցությունը, և ես այդ բանը չէի թաքցնում։
― Նրա հայրը շա՞տ հարուստ է։
― Նա ամբողջ Խաղաղ օվկիանոսի ափին ամենահարուստ մարդն է համարվում։
― Իսկ ի՞նչ ճանապարհով է նա հարստացել։
― Ոսկու հանքերի շահագործմամբ։ Մի քանի տարի առաջ նա դեռ ոչինչ չուներ։ Հետո նրա բախտը բերեց՝ ոսկու հարուստ երակ գտավ, հաջողությամբ գործադրեց կապիտալն ու արագորեն առաջ գնաց։
― Իսկ չե՞ք կարող դուք նկարագրել ձեր տիկնոջ՝ երիտասարդ լեդիի բնավորությունը։ Ինչպիսի՞ մարդ է նա ձեր կարծիքով։
Լորդ Սենտ֊Սայմոնն սկսեց ավելի արագ տարուբերել լորնետն ու նայեց կրակին։
― Գիտե՞ք ինչ, մի՛ստր Հոլմս, ― ասաց նա, ― կինս արդեն քսան տարեկան էր, երբ նրա հայրը հարուստ մարդ դարձավ։ Մինչ այդ, Հետտին ազատ վազվզում էր հանքում և թափառում անտառներում ու սարերում, այնպես որ նրա դաստիարակությամբ ավելի շուտ զբաղված էր բնությունը, քան թե դպրոցը։ Նա իսկական «թոկից փախած է», ինչպես մենք Անգլիայում անվանում ենք նման աղջիկներին․ ուժեղ և ազատասեր խառնվածքի տեր է, չկաշկանդված ոչ մի տրադիցիայով։ Նա պոռթկուն է և թափով․ ուղղակի ինչ որ մի հրաբուխ է։ Որոշումները կայացնում է արագ և ինչ որ մտքին գնում է, խիխզախորեն տանում է մինչև վերջը։ Մյուս կողմից ես նրան չէի տա այն անունը, որ պատիվ ունեմ կրելու (այս ասելով լորդը արժանապատվությամբ հազաց), եթե հավատացած չլինեի, որ, ըստ էության, նա ազնվագույն մի էակ է։ Հաստատ գիտեմ, որ նա հերոսական անձնազոհության ընդունակ է և որ ամեն մի անազնիվ բան նրան վանում է։
― Նրա լուսանկարն ունե՞ք։
― Բերել եմ հետս։
Լորդ Սենտ֊Սայմոնը բաց արեց մեդալյոնն ու մեզ ցույց տվեց կանացի մի հմայիչ դեմք։ Դա ոչ թե լուսանկար էր, այլ մի մանրաքանդակ փղոսկրից։ Նկարչին հաջողվել էր արտահայտել սև ու փայլուն մազերի, խոշոր թուխ աչքերի, նրբագեղորեն ուրվագծված բերանի հմայքը։ Հոլմսը երկար և ուշադիր նայեց նրան, ապա մեդալյոնը փակեց ու վերադարձրեց լորդ Սենտ֊Սայմոին։
― Իսկ հետո երիտասարդ օրիորդը եկավ Լոնդոն, և դուք վերականգնեցիք ծանոթությունը նրա հե՞տ։
― Այո՛, այս սեզոնին հայրը նրան բերեց Լոնդոն, մենք սկսեցինք հանդիպել, նշանվեցինք, և ահա այժմ ես ամուսնացա նրա հետ։
― Նրան հավանաբար կարգին օժիտ տվին, չէ՞։
― Հիանալի՜ օժիտ․ բայց դա ամենասովորական բանն է մեր ընտանիքում։
― Եվ քանի որ ձեր ամուսնությունն արդեն «կատարված փաստ է», օժիտը կմնա, իհարկե, ձեր տրամադրության տակ։
― Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Դրա մասին ես ոչ մի տեղեկություն չեմ հավաքել։
― Լավ, հասկանալի է։ Ասացեք, պսակադրության նախօրյակին տեսնվե՞լ եք միսս Դորանի հետ։
― Այո՛։
― Իսկ ինչպե՞ս էր նա իրեն զգում։
― Ավելի քան լավ։ Անընդհատ ծրագրեր էր կազմում մեր ապագա համատեղ կյանքի։
― Ահա թե ի՜նչ․․․ Չափազանց ուշագրավ է։ Իսկ հարսանիքի օրվա առավո՞տը։
― Նա շատ ուրախ էր, համենայն դեպս, մինչև արարողության վերջանալը։
― Իսկ հետո դուք նրա մեջ ինչ֊որ փոփոխությո՞ւն նկատեցիք։
― Այո՛, ճիշտն ասած, այդ պահերին ես առաջին անգամ առիթ ունեցա համոզվելու նրա բնավորության որոշ անհամաչափության մեջ։ Ասենք այս էպիզոդն այնքան աննշան է, որ չարժե նույնիսկ պատմել։ Դա մեր գործի համար ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։
― Ինչ էլ լինի պատմեցեք, խնդրում եմ։
― Լավ, բայց դա մի այնպիսի երեխայություն է․․․ Երբ ես ու նա հեռանում էինք եկեղեցու բեմից, նա ծաղկեփունջը ձեռքից գցեց։ Հենց այդ րոպեին մենք հավասարվել էինք առջևի նստարանին, և ծաղկեփունջը սահեց ընկավ նստարանի տակ։ Տեղի ունեցավ րոպեական մի շփոթություն, բայց մի ինչ֊որ ջենտլմեն, որ նստած էր նստարանին, ծաղկեփունջն անմիջապես մատուցեց նրան․ ծաղիկներն ընկնելուց չէին վնասվել։ Չնայած դրան, երբ ես խոսք բաց արի այդ մասին, հարսնացուս կոպիտ կերպով ընդհատեց իմ խոսքը և հետո, երբ կառեթ նստած տուն էինք գնում, անհեթեթության աստիճանի հուզված էր երևում այդ աննշան դեպքից։
― Ահա թե ի՜նչ․․․ Նշանակում է, նստարանին մի ինչ֊որ ջենտլմե՞ն էր նստած։ Ուրեմն, եկեղեցում, համենայն դեպս, կողմնակի հասարակությո՞ւն կար։
― Դե՜, իհարկե։ Դա անխուսափելի է, երբ որ եկեղեցին բաց է։
Եվ այդ ջենտլմենը ձեր տիկնոջ ծանոթների թվին չէ՞ր պատկանում։
― Օ ո՛չ․․․ Ես միայն քաղաքավարությունից դրդված անվանեցի նրան «ջենտլմեն»։ Նա հասարակ դասակարգին պատկանող մարդու տեսք ուներ։ Նրան կարգին էլ չնայեցի։ Բայց ի՞նչ կարիք կա իսկապես, նրա մասին խոսել ու շեղվել մեր խոսակցության նյութից։
― Այսպիսով, լեդի Սենտ֊Սայմոնը եկեղեցուց վերադարձավ ոչ լավ տրամադրությամբ, այնպես չէ՞։ Ի՞նչ էր անում նա, երբ հոր տուն եկավ։
― Ինչ֊որ բանի մասին խոսում էր իր նաժիշտի հետ։
― Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից նրա նաժիշտը։
― Նրա անունն Ալիսա է։ Նա ամերիկուհի է և կնոջս հետ եկել է Կալիֆորնիայից։
― Հավանաբար նա օգտվում է ձեր կնոջ վստահությունից, այո՞։
― Ու, թերևս, չափազանց մեծ վստահությունից։ Ինձ միշտ թվում էր, որ նրա տիրուհին չափազանց շատ է թույլ տալիս նրան։ Բայց, գիտե՞ք ինչ, Ամերիկայում այլ կերպ են նայում այդ բաներին։
― Ձեր տիկնոջ և նաժիշտի զրույցն ինչքա՞ն ժամանակ տևեց։
― Իսկապես ասած՝ չգիտեմ, մի քանի րոպե։ Ես ուրիշ հոգսեր ունեի և դրանով զբաղվելու ժամանակ չկար։
― Չլսեցի՞ք էլ, թե ինչի մասին էին խոսում։
― Լեդի Սենտ֊Սայմոնն ինչ֊որ բան ասաց «ուրիշի հողամասը զավթելու մասին։ Նա միշտ էլ օգտագործում է ժարգոնային նման բառիկներ։ Գաղափար անգամ չունեմ, թե ինչը նկատի ուներ նա։
― Ամերիկյան ժարգոնը երբեմն շատ արտահայտիչ է լինում։ Իսկ ի՞նչ էր անում ձեր տիկինը աղախնի հետ ունեցած խոսակցությունից հետո։
― Նա ճաշասենյակ գնաց։
― Ձեզ թևանցուկ արա՞ծ։
― Ո՛չ, մենակ։ Նա միշտ էլ արտակարգ անկախ էր այդպիսի մանրուքներում։ Մի րոպե հետո նա հապճեպ վեր կացավ, քթի տակ ինչ֊որ ներողություն ասաց ու ճաշասենյակից դուրս գնաց։ Նրան այլևս չտեսա։
― Եթե չեմ սխալվում, նաժիշտ Ալիսան ցուցմունք է տվել, թե տիրուհին մտավ իր սենյակը, պսակադրության շորի վրա գցեց երկար ճանապարհորդական վերարկուն, գլխարկը դրեց ու գնաց։
― Շատ ճիշտ է։ Իսկ հետո նրան տեսել էին Հայդ֊պարկում։ Այնտեղ նա զբոսնելիս է եղել Ֆլորա Միլլարի ընկերակցությամբ, մի կին, որն այժմ ձերբակալված է և որը նույն օրվա առավոտյան սկանդալ է սարքել միստր Դորանի տանը։
― Ախ հա, պատմեցեք խնդրեմ, այդ երիտասարդ կնոջ և ձեր ու նրա հարաբերությունների բնույթի մասին։
Լորդ Սենտ֊Սայմոնը ուսերը թոթվեց ու բարձրացրեց հոնքերը։
― Մի քանի տարի շարունակ ես ու նա բարեկամական, ես նույնիսկ կասեի շատ մեծ բարեկամական հարաբերությունների մեջ էինք։ Նա պարում էր «Ալեգրո»֊ում։ Ես նրա հետ վարվեցի այնպես, ինչպես վայել է ազնվաբարո մարդուն, և նա իմ նկատմամբ ոչ մի հավակնություն ունենալ չի կարող, բայց դուք, ախր, կանանց ճանաչում եք, մի՛ստր Հոլմս։ Ֆլորան դյութիչ փոքրիկ մի էակ է, բայց սաստիկ պոռթկուն է և խենթանալու աստիճան սիրում է ինձ։ Իմանալով, որ ես պատրաստվում եմ ամուսնանալ, նա սկսեց սարսափելի նամակներ գրել ինձ, և, անկեղծ ասած, ես հենց նրա համար էլ այդքան համեստ հարսանիք արեցի, վախենում էի՝ եկեղեցում աղմուկ լինի։ Հազիվ էինք տուն եկել պսակադրությունից հետո, երբ նա վազեց եկավ միստր Դորանի տան մոտ ու փորձ արեց ներս թափանցել, ըստ որում կնոջս հասցեին վիրավորանքներ և նույնիսկ սպառնալից բացականչություններ էր անում։ Սակայն, կանխատեսելով նման բանի հնարավորությունը, ես համապատասխան ցուցմունքներ էի տվել ծառաներին, և նրանք արագ դուրս տարան նրան։ Դա դժվար չեղավ․ Ֆլորան միանգամից խաղաղվեց, հենց որ հասկացավ, թե աղմուկ֊աղաղակով գործին չես օգնի։
― Այդ բոլորը լսե՞ց ձեր տիկինը։
― Բարեբախտաբար՝ ոչ։
― Իսկ հետո հենց այդ կնոջ հե՞տ են նրան տեսել փողոցում։
― Այո՛։ Ա՛յ, հենց այդ փաստը Սկոտլենդ֊Յարդից եկած միստր Լեյստրեդը ամենալուրջն է համարում։ Նա ենթադրում է, թե Ֆլորան խաբելով տնից դուրս է տարել կնոջս ու որևէ սոսկալի թակարդ է սարքել նրա համար։
― Ի՜նչ կա որ, հնարավոր է։
―Ուրեմն դո՞ւք էլ նույն կարծիքին եք։
― Ես ասացի, որ դա հնարավոր բան է, բայց չեմ ասում, թե հավանական է։ Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք դրա մասին։
― Համոզված եմ, որ Ֆլորան ճանճին անգամ վիրավորելու ընդունակ չէ։
― Սակայն խանդը երբեմն միանգամայն փոխում է մարդու բնավորությունը։ Կուզենայի իմանալ, թե դուք ինքներդ ինչպե՞ս եք բացատրում կատարվածը։
― Ես եկել եմ այստեղ, որ բացատրություն ստանամ և ոչ թե նրա համար, որ իմ սեփական բացատրությունն առաջարկեմ։ Ես շարադրեցի բոլոր փաստերը, ինչ կարող էի։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է իմ տեսակետը, կարող եմ ասել։
― Այնպես եմ կարծում, թե այն հուզմունքը, որ ունեցավ կինս իր կյանքում կատարված վիթխարի փոփոխության կապակցությամբ, այն գիտակցությունը, թե ինչպես ինքը այդքան հանկարծակի անցավ բարձր ազնվականության շրջանը, լեդի Սենտ֊Սայմոնի մեջ կարող էր առաջացնել ներվային թեթև խանգարում։
― Կարճ ասած, դուք կարծում եք, թե նա հանկարծակի խելքը կորցրե՞լ է։
― Եթե կուզեք՝ այո՛։ Երբ մտածում եմ, որ նա կարող էր երես դարձնել․․․ Չեմ ուզում ասել՝ ինձանից, այլ այն ամենից, ինչ որ իզուր երազում էին շատ ուրիշ կանայք, ապա դժվարանում եմ այլ բացատրություն գտնել։
― Ի՞նչ կա որ, դա էլ, իհարկե, միանգամայն ընդունելի հիպոթեզ է, ― պատասխանեց Շերլոկ Հոլմսը ժպտալով։ ― Իսկ այժմ, լորդ Սենտ֊Սայմոն, ես ունեմ թերևս գրեթե բոլոր ինձ պետքական տեղեկությունները։ Միայն մի բան ասացեք․ հարսանեկան սեղան նստած դուք կարո՞ղ էիք լուսամուտից տեսնել այն ամենը, ինչ փողոցում կատարվում էր։
― Մեզ համար տեսանելի էին դիմացի մայթն ու պարկը։
― Շատ լավ։ Այսպիսով, այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում ձեզ այստեղ պահելու։ Ես ձեզ կգրեմ։
― Միայն թե դուք բախտ ունենաք լուծելու այս առեղծվածը, ― ասաց մեր կլիենտը, վեր կենալով տեղից։
― Ես արդեն լուծեցի։
― Ի՞նչ․․․ Կարծեմ՝ սխալ լսեցի։
― Ասացի, որ լուծեցի առեղծվածը։
― Այդ դեպքում ո՞ւր է իմ կինը։
― Շատ շուտով այդ հարցին էլ կպատասխանեմ։
Լորդ Սենտ֊Սայմոնը տարուբերեց գլուխը։
― Վախենում եմ, որ այս գործի վրա քիչ չտանջվեն ավելի իմաստուն գլուխներ, քան իմն ու ձերն են, ― նկատեց նա և ըստ պահանջված կարգի գլուխ տալով, արժանապատվությամբ հեռացավ։
Շերլոկ Հոլմսը ծիծաղեց։
― Լորդ Սենտ֊Սայմոնը մե՜ծ պատիվ արեց ինձ, գլուխս դասելով իր գլխին հավասար․․․ Գիտե՞ք ինչ կա, դեմ չէի լինի, եթե այս խաչաձև հարցաքննությունից հետո սոդայով վիսկի խմեինք ու մի֊մի սիգար ծխեինք։ Ինչ վերաբերում է իմ եզրակացությանն այս գործի մասին, ապա դա գլխիս մեջ կազմվել էր մինչև մեր կլիենտի սենյակ մտնելը։
― Դե լա՜վ, բավական է, Հո՛լմս։
― Իմ նոթերի մեջ մի քանի նման դեպքեր կան, չնայած որ, ինչպես ասացի, անհայտացումները տեղի են ունեցել ոչ այսքան շուտափույթ։ Իսկ լորդ Սենտ֊Սայմոնի հարցաքննությունը ենթադրություններս համոզմունք դարձրին։ Կողմնակի հանգամանքները երբեմն շատ համոզիչ են լինում։
― Սակայն չէ՞ որ ես նույն բանը լսեցի, ինչ֊որ դուք, Հո՛լմս։
― Այո՛, բայց դուք առաջվա դեպքերին ծանոթ չեք, որոնք հիանալի ծառայություն մատուցեցին ինձ։ Գրեթե նույնպիսի պատմություն տեղի ունեցավ Աբերդինում մի քանի տարի առաջ, և շատ նման մի դեպք՝ Մյունխենում, Ֆրանս֊պրուսական պատերազմից մի քանի տարի հետո։ Սա գրեթե նույնպիսի դեպք է, բայց․․․ Ահա և Լեստրեյդը։ Բարև ձեզ, Լեստրեյդ։ Ա՛յ, այնտեղ՝ պահարանում, գինի կա, ասյտեղ՝ արկղի մեջ սիգարներ։
― Հապա՞, հանգամանորեն պատմեցեք, թե ի՞նչ է պատահել, ― հարցրեց Հոլմսը խորամանկության կրակն աչքերում։ ― Դժգոհ մարդու տեսք ունեք։
― Եվ իրոք որ դժգոհ եմ։ Գրողը տանի այդ Սենտ֊Սայմնին էլ, իրա հարսանիքն էլ։ Բան չեմ կարողանում հասկանալ նրա անիծյալ գործից։
― Մի՞թե։ Դուք ինձ զարմացնում եք։
― Կյանքիս մեջ ավելի խճճված պատմություն չեմ հանդիպել։ Ծայրը չես կարողանում գտնել։ Ամբողջ օրը զբաղվել եմ այս գործով։
― Եվ ինչպես երևում է, դա ձեզ բավականաչափ թրջել է, ― ասաց Հոլմսը ձեռք տալով խուզարկուի սիսեռագույն կուրտկային։
― Այո՛, ես տակնուվրա արեցի Սերպանթայնի[2] հատակը։
― Ի՞նչ, ձեր ինչի՞ն էր պետք այդ։
― Լեդի Սենտ֊Սայմոնի դիակը գտնելու համար։
Շերլոկ Հոլմսը ետ ընկավ բազկաթոռի թիկնակին ու զվարթ քրքջաց։
― Իսկ Տրաֆալգար֊սկվերի շատրվանի ավազանը տակնուվրա անել չմոռացա՞ք, ― հարցրեց նա։
― Տրաֆալգար֊սկվերի՞․․․ Ի՞նչ եք ուզում ասել։
― Այն, որ այստեղ լեդիին գտնելու նույնպիսի շանսեր ունեք, ինչպիսին՝ այնտեղ։
Լեյստրեդը զայրալից մի հայացք գցեց բարեկամիս վրա։
― Երևում է, դուք արդեն ծանոթ եք այդ գործին, հա՞, ― հեգնաբար հարցրեց նա։
― Հենց նոր պատմեցին ինձ այդ գործի մասին, բայց իմ կարծիքն արդեն կազմված է։
― Մի՞թե․․․ Ուրեմն համարում եք, որ Սերպանթայն այստեղ ոչ մի դեր չի՞ խաղում։
― Գտնում եմ, որ ոչ մի։
― Այդ դեպքում, շատ եմ խնդրում բացատրեք, թե ինչպես է, որ մենք կարողացանք այնտեղ գտնել այս բանը։ ― Լեստրեյդը բացեց սակվոյաժն ու հատակին թափեց հարսանեկան մետաքսյա զգեստը, մի զույգ սպիտակ ատլասի փոքրիկ կոշիկներ և պսակ՝ քողի հետ միասին․ բոլորն էլ ցեխոտ ու ամբողջովին թաց վիճակում։ ― Համեցե՛ք, ― ասաց Լեստրեյդը այդ կույտի վրա դնելով նշանի բոլորովին նոր մատանին։ ― Դե գլուխ հանեք այս գործից, մի՛ստր Հոլմս։
― Ահա թե ի՜նչ, ― ասաց Հոլմսը, բաց թողնելով ծխի կապտավուն օղակներ։ ― Եվ այս բոլոր իրերը հանել եք լճակի՞ց։
― Ո՛չ, այդ բոլոր իրերը լողում էին ափի մոտ, պահակն է գտել։ Լեդի Սենտ֊Սայմոնի բարեկամները ճանաչեցին և՛ զգեստը, և՛ բոլոր մնացած իրերը։ Ըստ իս, եթե այնտեղ հագուստ կար, ապա մի ինչ֊որ տեղ՝ մոտակայքում կգտնվի նաև մարմինը։
― Եթե ելնել այդ սրամիտ տեսությունից, յուրաքանչյուր մարդու մարմինը պետք է գտնեք նրա հագուստեղենի պահարանի կողքին։ Ուրեմն ի՞նչ հույսեր ունեք, ի՞նչ եք ուզում իմանալ լեդի Սենտ֊Սայմոնի իրերի օգնությամբ, կուզենայի լսել։
― Մի որևէ մերկացնող հանգամանք, որն ապացուցի նրա անհետացման մեջ Ֆլորա Միլլարի մեղսակից լինելը։
― Վախենում եմ, որ դա հեշտ չի լինի։
― Վախենո՞ւմ եք, ― դառնությամբ բացականչեց Լեստրեյդաը։ ― Իսկ ես, Հո՛լմս, վախենում եմ, որ դուք ձեր մշտական եզրակացություններով ու մտահոգումներով կյանքից բոլորովին կտրվել եք։ Մի քանի րոպեի ընթացքում դուք երկու կոպիտ սխալ կատարեցիք։ Այս շորն անկասկած մերկացնում է միսս Ֆլորա Միլլարին։
― Այդ ինչպե՞ս։
― Շորի մեջ մի գրպան կա․ գրպանում գտնվել է ծոցատետր․ իսկ ծոցատետրում՝ երկտող։ Ահա երկտողը։ ― Լեստրեյդը երկտողը շպրտեց սեղանին։ ― Լսեցեք, թե ինչ է գրված այստեղ․ «Կտեսնվենք, երբ ամեն ինչ պատրաստ լինի։ Անմիջապես դուրս եկեք։ Ֆ․ Հ․ Մ․»։ Ես հենց այդպես էլ կարծում էի, որ Ֆլորա Միլլարը որևէ պատրվակով լեդի Սենտ֊Սայմոնին խաբեությամբ տնից դուրս է քաշել և, պարզ է, որ գործակիցների հետ միասին, նրա անհայտացման մեղսակիցն է հանդիսանում։ Եվ ահա, առկա է երկտողը, երկտող նրա ինիցիալներով, որ նա անկասկած խոթել է լեդի Սենտ֊Սայմոնի գրպանը տան դռան առաջ, որպեսզի նրան գցի իր ցանցի մեջ։
― Շատ լավ է, Լեյստրեդ, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Իսկապես ասած՝ շատ ճարպկորեն են հորինել այս բոլորը։ Հապա մի ցույց տվեք երկտողը։
Հոլմսն անփութորեն վերցրեց թուղթը, բայց նրա դեմքի անտարբեր արտահայտությունը հանկարծ փոխվեց։
― Այո՛, սա իսկապես որ շատ կարևոր է, ― գոչեց նա։
― Ըհը՜, հիմա համոզվեցի՞ք։
― Չափազանց կարևոր է։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, Լեստրեյդ։
Լեստրեյդը հաղթողի ուրախությամբ վեր թռավ տեղից ու թեքվեց երկտողի վրա։
― Այս ի՞նչ է, ― զարմացավ նա, ― չէ՞ որ դուք երկտողի հակառակ կողմն եք զննում։
― Ոչ, հենց այնտեղ եմ նայում, ուր որ պետք է։
― Խելագարվե՜լ եք, ճիշտ եմ ասում։ Շուտ տվեք թուղթը։ Չէ՞ որ գրությունը մատիտով գրված է թղթի մյուս երեսին։
― Այո, բայց այստեղ ես տեսնում եմ հյուրանոցի հաշվի մի հատվածը, որն ինձ խորապես հետաքրքրում է։
― Դրա մեջ առանձին բան չկա։ Ես ձեզանից շուտ եմ տեսել․ «Հոկտ 4֊ին․ Սենյակը 8 շիլ։ Նախաճաշ՝ 2 շիլ․ 6 պենս։ Կոկտեյլ՝ 1 շիլ․ ճաշ՝ 2 շիլ․ 6 պենս։ Մի բաժակ խերես՝ 8 պենս։ Ահա բոլորը։ Ոչ մի հետաքրքրիր բան չեմ տեսնում։
― Դե իհարկե՝ չեք տեսնում։ Մինչդեռ սա մեծ նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է երկտողին, ապա սա էլ նշանակություն ունի, համենայն դեպս՝ գրողի ինիցիալներն են։ Այնպես որ մի անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, Լեստրեյդ։
― Դե՛, բավական է ժամանակ կորցնենք, ― ասաց խուզարկուն, վեր կենալով տեղից։ ― Գիտե՞ք ինչ, ես գտնում եմ, որ պետք է գործ անել և ոչ թե նստել բուխարիկի մոտ և զանազան տեսություններ զարգացնել։ Ցտեսություն, Միստր Հոլմս։ Տեսնենք թե ով առաջիինը կհասնի այս գործի էությանը։
Լեստրեյդը հավաքեց իր ունեցած֊չունեցածը, խցկեց սակվոյաժի մեջ ու քայլեց դեպի դուռը։
― Միայն մի դիտողություն, Լեստրեյդ, ― դանդաղ արտասանեց Հոլմսը, դիմելով իր հեռացող մրցակցի մեջքին։ ― Ես կարող եմ ձեր գործի լուծումն ասել։ Լեդի Սենտ֊Սայմոնը միֆ է։ Նա չկա և երբեք չի եղել բնության մեջ։
Լեստրեյդը շուռ եկավ և տխրությամբ նայեց բարկամիս։ Ապա նայեց ինձ, երեք անգամ մատով կտկտացրեց ճակատը, բազմանշանակ օրորեց գլուխն ու շտապ դուրս ելավ։
Հենց որ նրա հետևից դուռը փակվեց, Հոլմսը վեր կացավ ու հագավ վերարկուն։
― Այդ արարածի ասածի մեջ որոշ ճշմարտություն կա, ― նկատեց նա։ ― Չի կարելի միշտ նստել տանը, հարկավոր է աշխատել։ Դրա համար էլ ես կարճ ժամանակով ձեզ պետք է թողնեմ մենակ՝ ձեր լրագրերի հետ, Ուո՛տսըն։
Շերլոկ Հոլմսը թողեց ինձ հինգն անց կես, բայց ես մենակ չմնացի, որովհետև նրա գնալուց մի ժամ չանցած, մեզ մոտ եկավ գաստրոնոմիական խանութի ապրանքաբերը՝ մի մեծ տուփ ձեռքին։ Իր հետ եկած տղայի օգնությամբ նա բացեց տուփը և, ի զարմանս իմ, մեր փոքրիկ բնակարանի համեստ ճաշասեղանին հայտնվեց փառահեղ սառն ընթրիքը։ Ընթրիքի մեջ կային՝ մի զույգ սառը անտառակտցար, փասիան, սագի լյարդից պատրաստված պաշտետ և փոշոտ, սարդոստյանով ծածկված մի քանի շիշ գինի։ Այդ բոլոր համեղ ուտելիքները դասավորելուց հետո, երկու այցելուն ել անհետացան, ինչպես «Հազար ու մեկ գիշերների» ոգիները, հազիվ հասցնելով ասել, որ պատվիրատուն ցույց է տվել այս հասցեն և որ ամեն ինչի համար էլ վճարված է։
Ժամը իննին մոտ, առույգ քայլերով սենյակ մտավ Հոլմսը։ Նրա դեմքը լուրջ էր, բայց աչքերում փայլում էր կրակը, որն անմիջապես ասաց ինձ, թե բարեկամս իր ենթադրությունների մեջ չի սխալվել։
― Ա՜, ընթրիքն արդեն սեղանի՞ն է, ― ասաց նա շփելով ձեռքերը։
― Ուրեմն դուք հյուրերի՞ եք սպասում։ Նրանք հինգ հոգու սեղան են բացել։
― Այո՛, կարծում եմ, որ մեկն ու մեկը կարող է գալ, ― պատասխանեց նա։ ― Զարմանում եմ, որ լորդ Սենտ֊Սայմոնը դեռևս չկա․․․ Ահա, կարծես թե սանդուղքին նրա ոտնաձայներն եմ լսում։
Բարեկամս չսխալվեց։ Արագ քայլերով սենյակ մտավ մեր առավոտվա այցելուն, առաջվանից ավելի ուժգին թափահարելով լորնետի քղիկը։ Նրա միշտ խաղաղ դեմքը շատ ուժեղ շփոթմունք էր արտահայտում։
― Ուրեմն իմ սուրհանդակը ձեզ տա՞նը գտավ։
― Այո՛, բայց խոստովանում եմ, որ նամակի բովանդակությունը ինձ չափազանց զարմացրեց։ Արդյոք ապացույցներ ունե՞ք այն ամենի, ինչ հաղորդել եք ինձ։
― Ունեմ, և շատ ծանրակշիռ։
― Լորդ Սենտ֊Սայմոնը ընկմվեց բազկաթոռի մեջ և ձեռքով շփեց ճակատը։
― Ի՜նչ կասի դուքսը․․․ ― շշնջաց նա։ ― Ի՜նչ կասի նա, երբ իմանա այն ստորացման մասին, որին ենթարկվեց իր ընտանիքի անդամներից մեկը․․․
― Բայց չէ՞ որ սա մաքուր պատահականություն է։ Ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել, թե այստեղ ստորացուցիչ որևէ բան կա։
― Ա՛խ, դուք այդպիսի բաներին նայում եք այլ տեսակետից։
― Ես բացարձակապես չեմ տեսնում, որ այս գործում որևէ մեկը մեղավոր լինի։ Ինձ թվում է, որ այդ կինը պարզապես այլ կերպ վարվել չէր կարող։ Իհարկե, նա չափից անց կտրուկ է գործել, բայց չէ՞ որ նա մայր չունի, և չկա մեկը, որի հետ այդպիսի կրիտիկական րոպեին խորհրդակցեր։
― Դա անպատվություն էր, սը՛ր, անպատվություն հրապարակորեն, ― ասաց լորդ Սենտ֊Սայմոնը, մատներով թմբկահարելով սեղանը։
― Սակայն դուք պիտի հաշվի առնեք այն բացառիկ վիճակը, որի մեջ ընկավ խեղճ օրիորդը։
― Ինչ էլ ուզում է լինի, ես չեմ պատրաստվում հաշվի առնել։ Ինձ հետ անազնիվ են վարվել։ Ես զայրույթից ուղղակի ինձ կորցրել եմ։
― Կարծեմ զանգը տալիս են, ― նկատեց Հոլմսը։ ― Այո՛, հարթակում ոտնաձայներ եմ լսում․․․ Ի՜նչ արած, եթե ես ուժ չունեմ ձեզ համոզելու, լորդ Սենտ֊Սայմոն, որ դուք ավելի զիջող լինեք ամբողջ պատահածի նկատմամբ, ապա կարող է պատահել դա հաջողվի փաստաբանին, որ հրավիրել եմ։
Հոլմսը լայն բացեց դուռն ու ներս թողեց մի տիկնոջ և պարոնի։
― Լորդ Սենտ֊Սայմոն, ― ասաց նա, ― թույլ տվեք ներկայացնել ձեզ միստր և միսսիս Ֆրենսիս Հեյ Մաուլտոններին։ Միսսիս Մաուլտոնին դուք, կարծեմ, արդեն ճանաչում եք։
Նոր այցելուներին տեսնելուն պես մեր կլիենտը վեր թռավ տեղից։ Նա կանգնել էր ձգված, աչքերը խոնարհած, ձեռքը դրած սերթուկի լանջեզրի արանքը․ վիրավորված արժանապատվության մի մարմնացում էր նա։ Տիկինը վազեց դեպի նա և պարզեց ձեռքերը, բայց լորդը համառորեն չէր բարձրացնում աչքերը։ Այդպես թերևս ավելի լավ էր նրա համար, եթե ուզում էր անհողդողդ մնալ․ կնոջ դեմքին այնպիսի պաղատանք էր արտահայտված, որ հազիվ թե որևէ մեկը կարողանար դիմանալ դրա դեմ։
― Դուք բարկանո՞ւմ եք, Ռոբերտ, ― ասաց կինը։ ― Ի՞նչ արած, ես հասկանում եմ, դուք չբարկանալ չեք կարող։
― Շնորհ արեք, մի՛ արդարացեք մի առջև, ― դառնությամբ արտասանեց լորդ Սենտ֊Սայմոնը։
― Այո՛, այո՛, գիտեմ, մեղավոր եմ ձեր առաջ։ Ես պետք է խոսեի ձեզ հետ՝ մինչև հեռանալս, բայց ասես խելագարվեցի, և այն րոպեին, երբ հանկարծ տեսա Ֆրենկին, արդեն չէի գիտակցում, թե ինչ էի անում և ինչ էի խոսում։ Դեռ զարմանալի է, թե այդ ինչպես էր, որ ուշագնաց չեղա հենց եկեղեցու բեմի առաջ։
― Տիկի՛ն, գուցե դուք ցանկանում եք, որ մենք՝ ես ու բարեկամս, հեռանանք այնքան ժամանակ, մինչև որ կբացատրվեք լորդ Սենտ֊Սայմոնի հե՞տ, ― հարցրեց Հոլմսը։
― Եթե ինձ թույլատրվի արտահայտել իմ կարծիքը, ― միջամտեց մսիտր Մաուլտոնը, ― ապա կասեմ, որ բավական է այն, ինչքան մենք գաղտնի պահեցինք այս պատմությունը։ Ինձ որ հարցնեք, ապա, ես կուզենայի, որ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան լսեին վերջապես ամբողջ ճշմարտությունը։
Մաուլտոնը ամրակազմ, արևից սևացած, գրեթե միջահասակ երիտասարդ էր, սուր դիմագծերով ու արագ շարժուձևով։
― Դե լավ, այդ դեպքում ես կպատմեմ, թե բանն ինչպես եղավ, ― ասաց նրա ուղեկցուհին։ ― Ես ու Ֆրենկը ծանոթացանք 1881 թվականին Ժայռոտ լեռների մոտ գտնվող Մակ֊Կվայի հանքատեղում, որտեղ հայրս շահագործում էր մի հանքամաս։ Մենք միմյանց խոսք տվինք։ Բայց մի անգամ էլ հայրս ոսկեբեր հարուստ երակ հայտնաբերեց ու հարստացավ, իսկ խեղճ Ֆրենկի հանքամասն օրեցօր նվազում էր ու վերջ ի վերջո բոլորովին դադարեց որևէ բան տալուց։ Ինչքան հայրս հարստանում էր, այնքան աղքատանում էր Ֆրենկը։ Հայրս արդեն լսել անգամ չէր ուզում մեր ամուսնանալու մասին և ինձ տարավ Ֆրիսկո։[3] Բայց Ֆրենկն անձնատուր չէր լինում։ Նա իմ հետևից եկավ Ֆրիսկո, ու մենք հայրիկից թաքուն շարունակեցինք տեսնվել։ Հայրս սաստիկ կբարկանար, եթե իմանար այդ, դրա համար էլ մենք ինքներս վճռեցինք ամեն ինչ։ Ֆրենկն ասաց, թե ինքը կմեկնի և նույնպես կապիտալ կվաստակի, և որ կգա ինձ տանելու միայն այն ժամանակ, երբ ինքը նույնքան փող կունենա, որքան հայրս։ Իսկ ես խոստացա, որ կսպասեմ իրեն ինչքան էլ պետք լինի, և չեմ ամուսնանա ուրիշի հետ, քանի ինքը կենդանի է։ «Եթե այդպես է, ― ասաց Ֆրենկը, ― ինչո՞ւ հենց հիմա չամուսնանանք։ Ես ավլեի վստահ կլինեմ քո նկատմամբ, իսկ պահանջներս չեմ առաջադրի, քանի դեռ չեմ վերադարձել»։ Այդպես էլ արեցինք։ Ֆրենկն ամեն ինչ շատ լավ կազմակերպեց․ քահանան մեզ պսակեց, ու նշանածս գնաց բախտ որոնելու, իսկ վերադարձա հորս մոտ։
Որոշ ժամանակ հետո իմացա, որ Ֆրենկը Մոնտանում է․ հետո նա գնաց Արիզոնա՝ ոսկի փնտրելու, իսկ հետևյալ լուրը մրա մասին ես ստացա արդեն Նյու֊Մեքսիկոյից։ Հետո հրապարակվեց այն երկար հոդվածը հանքատեղի վրա հնդիկ ապաչիների հարձակվելու մասին, ու իմ Ֆրենկի անունը կարդացի սպանվածների ցուցակում։ Ես կորցրի գիտակցությունս և մի քանի ամիս ծանր հիվանդացա։ Հայրս արդեն կարծում էր, թե թոքախտ եմ ընկել, ու տարավ ինձ Ֆրիսկոյի բոլոր բժիշկների մոտ։ Մի տարուց ավելի Ֆրենկի մասին ոչ մի բառ չլսեցի և լրիվ համոզված էի, որ նա մեռել է։ Այդ ժամանակ Ֆրիսկո եկավ լորդ Սենտ֊Սայմոնը, հետո ես ու հայրս մեկնեցինք Լոնդոն․ սկսվեցին խոսակցություններ հարսանիքի մասին, և հայրս շատ գոհ էր, բայց ես ամբողջ ժամանակ զգում էի, որ աշխարհում և ոչ մի տղամարդ չի կարող սրտումս գրավել այն տեղը, որ գրավել էր իմ խեղճ Ֆրենկը։
Բայց և այնպես, եթե ամուսնանայի լորդ Սենտ֊Սայմոնի հետ, հավատարիմ կին կլինեի։ Սիրո հարցում մենք ազատ չենք, բայց մեր արարքները ղեկավարել կարող ենք։ Ես նրա հետ գնում էի դեպի եկեղեցու բեմը՝ պարտքս կատարելու հաստատ համոզմամբ, ինչքան որ ուժերս ներում էին։ Բայց պատկերացրեք, թե ինչ զգացի ես, երբ բեմին մոտենալիս ետ նայեցի ու հանկարծ տեսա Ֆրենկին․ նա կանգնել էր առաջին նստարանի կողքին և ուղիղ նայում էր ինձ։ Սկզբում կարծեցի, թե դա ուրվական է։ Բայց երկրորդ անգամ նայեցի, տեսա որ նա կանգնած է այնտեղ, ինչպես մինչ այդ և իր հայացքով կարծես հարցնում էր՝ ուրա՞խ եմ, որ տեսնում եմ իրեն, թե՞ ոչ։ Զարմանում եմ, թե ինչպես ուշագնաց չեղա։ Շուրջս ամեն ինչ պտտվում էր, և քահանայի բառերն ինձ հասնում էին մեղվի բզզոցի պես։ Չգիտեի՝ ինչ անեմ։ Դադարեցնել պսակադրության արարողությո՞ւնը, եկեղեցում աղմուկ֊աղաղա՞կ բարձրացնել։ Կրկին նայեցի նրան, և ըստ երևույթին նա կարդաց մտքերս, որովհետև մատը դրեց շրթունքներին, ասես խորհուրդ տալով, որ լռեմ։ Հետո տեսա, թե ինչպես նա շտապ֊շտապ ինչ֊որ բան էր գրում թղթի պատառի վրա, և հասկացա, որ այդ երկտողն ինձ է ուղղված։ Ֆրենկի նստարանի կողքով անցնելիս, նրա ոտքերի տակ գցեցի ծաղկեփունջը։ Վերադարձնեոլով ծաղիկները, նա հասցրեց երկտողը դնել բուռս։ Այդ թղթի վրա միայն մի տող կար։ Ֆրենկը խնդրում էր, որ ես դուրս գամ ու մոտենամ իրեն, հենց որ ինքը նշան անի։ Կասկածի նշույլ անգամ չունեի, իհարկե, որ այդ րոպեից իմ առաջին պարտքն է՝ հպատակվել նրան ու կատարել այն, ինչ որ նա կասի։
― Երբ տուն վերադարձա, ամեն ինչ պատմեցի իմ աղախնուն, որը ճանաչում էր Ֆրենկին դեռ Կալիֆորնիայից և շատ էր սիրում նրան։ Պատվիրեցի ոչ ոքի ոչ մի բան չասել, ամենաանհրաժեշտ իրերից որոշ բան դասավորել և պատրաստել վերարկուս։ Գիտեմ, որ լավ կլիներ, եթե խոսեի լորդ Սենտ֊Սայմոնի հետ, բայց նրա մոր և այդ բոլոր մեծամեծ հյուրերի ներկայությամբ այդ բանն անելը այնքա՜ն դժվար էր․․․ Ես էլ որոշեցի՝ դեռ կփախչեմ, իսկ հետո արդեն բացատրություն կտամ նրան, երբ հնարավոր լինի։ Տասը րոպե չկար, ինչ սեղան էինք նստել, երբ լուսամուտից տեսա Ֆրենկին, որ կանգնած էր հանդիպակաց մայթին։ Նա գլխով նշան արեց ինձ ու քայլեց դեպի այգին։ Ես դուրս եկա սենյակից, վերարկուս գցեցի ուսերիս ու գնացի նրա հետևից։ Փողոցում ինձ մոտեցավ ինչ֊որ կին ու սկսեց ինչ֊որ բան պատմել լորդ Սենտ֊Սայմոնի մասին։ Ես գրեթե չէի լսում նրան, բայց այսպես թե այնպես, ինձ համար պարզ դարձավ, որ մինչև ամուսնությունը լորդն էլ է ինչ֊որ գաղտնիք ունեցել։ Շուտով ինձ հաջողվեց պոկվել այդ կնոջից, և ես հասա Ֆրենկին։ Մենք կեբ նստեցինք ու գնացինք Գորդոն֊սկվեր, ուր նա արդեն հասցրել էր բնակարան վարձել․ և դա եղավ իմ իսկական հարսանիքը այդքան տարվա սպասումից հետո։ Բանից պարզվեց, որ Ֆրենկը ապաչիներին գերի է ընկած եղել, փախել է, գնացել է Ֆրիսկո, այնտեղ իմացել է, որ ես իրեն մեռած կարծելով մեկնել եմ Անգլիա, շտապել է իմ հետևից գալ այստեղ ու վերջապես գտել ինձ երկրորդ հարսանիքիս օրը։
― Լրագրում կարդացի դրա մասին, ― պարզաբանեց ամերիկացին․ ― այնտեղ ցույց էր տրված եկեղեցու և հարսնացուի անունները, բայց վերջինիս հասցեն չկար։
― Հետո մենք սկսեցինք խորհրդակցել, թե ինչպես վարվենք։ Հենց սկզբից Ֆրենկն այն կարծիքին էր, որ ոչ մի բան չպետք է թաքցնենք․ բայց ես այնպե՜ս էի ամաչում, որ ուզում էի ընդմիշտ անհետանալ և այլևս երբեք չտեսնել այդ մարդկանցից որևէ մեկին․ միգուցե միայն հորս գրեի մի քանի խոսք, որպեսզի իմանար իմ կենդանի լինելու մասին։ Սարսափով պատկերացնում էի, թե ինչպես այդ բոլոր լորդերն ու լեդիները նստած են հարսանեկան սեղանի շուրջը և սպասում են իմ վերադարձին։ Դրա համար էլ Ֆրենկը վերցրեց պսակադրության զգեստս ու մնացած իրերը, մի կապոց դարձրեց, որպեսզի ոչ ոք չհայտնաբերի ինձ, և տարավ այնպիսի մի տեղ, որ ոչ մի մարդ գտնել չէր կարող։ Ամենայն հավանականությամբ մենք հենց վաղը կմեկնեինք Փարիզ, եթե այս երեկոյան այս սիրելի ջենտլմենը չգար մեզ մոտ, միստր Հոլմսը․ թե ի՞նչ հրաշքով նա մեզ գտավ, ուղղակի մտածելու բան է։ Նա շատ համոզիչ ու շատ նրբորեն ապացուցեց, որ ես ճշմարիտ չէի, իսկ Ֆրենկի ասածը ճիշտ է, և որ մենք ինքներս մեզ կվնասենք, եթե շարունակենք թաքնվել։ Հետո նա ասաց, թե կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի մենք առանց վկաների ներկայության խոսենք լորդ Սենտ֊Սայմոնի հետ, և մենք անհապաղ եկանք այստեղ։ Հիմա, Ռո՛բերտ, դուք ամեն ինչ գիտեք։ Ես շատ, շատ եմ ցավում, եթե ձեզ վիշտ պատճառեցի, բայց հուսով եմ, որ դուք իմ մասին այնքան էլ վատ կարծիք չեք ունենա։
Լորդ Սենտ֊Սայմոնն այս ամբողջ երկար պատմությունը լսում էր էլի նույն լարված ու սառը տեսքով։ Նա կիտել էր հոնքերը, իսկ շրթունքները սեղմել։
― Խնդրում եմ՝ ներեք ինձ, ― ասաց նա, ― բայց ուժերիցս վեր է կողմնակի մարդկանց ներկայությամբ քննել իմ ամենաինտիմ գործերը։
― Ուրեմն դուք ինձ չե՞ք ներում, չե՞ք ուզում սեղմել ձեռքս մեկնելուցս առաջ։
― Ինչո՞ւ չէ, եթե դա ձեզ հաճույք կպատճառի։
Եվ նա սառնասիրտ կերպով սեղմեց իրեն պարզած ձեռքը։
― Ես հույս ունեի, ― սկսեց Հոլմսը, ― որ դուք չեք հրաժարվի ընթրել մեզ հետ և երեկոն անցակացնել մտերմական զրույցով։
― Իսկապես ասած, դուք ինձանից անչափ շատ բան եք պահանջում, ― առարկեց արժանապատիվ լորդը։ Ստիպված եմ հաշտվել հանգամանքների հետ, բայց հազիվ թե կարելի լինի սպասել, որ ես կուրախանամ կատարվածով։ Ձեր թույլտվությամբ բոլորիդ հաճելի երեկո եմ ցանկանում։
Նա գլուխ տվեց բոլորին և հանդիսավորությամբ հեռացավ։
- * * *
Հետաքրքիր բան դուրս եկավ, ― նկատեց Հոլմսը, երբ հյուրերը գնացին։ ― Այս դեպքն ակնառու կերպով ապացուցում է, թե ինչքա՜ն հասարակ ձևով կարելի է բացատրել փաստերը, որոնք առաջին հայացքից գրեթե անբացատրելի են թվում։ Ի՞նչը կարող է լինել ավելի պարզ ու բնական, քան այն իրադարձությունները, որոնց մասին պատմեց մանկամարդ լեդին․ իրադարձություններ, որոնք ամենատրամաբանական ձևով բխում են մեկը մյուսից։ Եվ ի՞նչը կարող է ավելի զարմանալի լինել այն եզրահանգություններից, քան այն ինչից կարելի է հետևություն անել այդ դեպքերից, եթե իրերին նայենք, ասենք թե, Սկոտլենդ֊Յարդից ուղարկված միստր Լեստրեյդի տեսակետից։
― Սպասե՜ք, ուրեմն դուք ճիշտ ճանապարհի վրա էիք հենց սկզբի՞ց։
― Ինձ համար հենց սկզբից պարզ ու որոշ էին երկու փաստ․ մեկն այն էր, որ հարսնացուն պսակադրության էր գնում միանգամայն կամավոր, և երկրորդը այն՝ որ պսակադրությունից անմիջապես հետո նա արդեն զղջում էր, այսպիսի արարք կատարելու համար։ Ցերեկվա լույսի պես պարզ է, որ այդ ժամանակամիջոցում կատարվել էր մի բան, որն այդպիսի փոփոխություն առաջացրեց նրա ներսում։ Ի՞նչ կարող էր լինել դա։ Տնից դուրս որևէ մեկի հետ խոսել նա չէր կարող, որովհետև փեսացուն մի վայրկյան անգամ նրանից չէր հեռանում։ Բայց գուցե նա տեսել էր որևէ մեկի՞ն։ Եթե այդպես է, ապա այդ մեկը միայն ամերիկացի կարող էր լինել․ հարսնացուն Անգլիայում չափազանց քիչ էր ապրել, և հազիվ թե այստեղ մեկնումեկը արդեն կարողացել էր նրա վրա այնպիսի ազդեցություն ունենալ, որ մի անգամ լեդիի աչքին երևալով, ստիպեր նրան փոխել իր բոլոր պլանները։ Այսպիսով, բացառման մեթոդով մենք եկանք այն եզրակացության, որ տիկինը կարող էր տեսնել ամերիկացու։ Բայց ո՞վ էր այդ ամերիկացին և ինչո՞ւ նրա հետ հանդիպելն այդպես ազդեց հարսնացուի վրա։ Դա կարող էր լինել կամ սիրեցյալը կամ ամուսինը։ Օրիորդի պատանեկությունն, ինչպես հայտնի է, անցել է վայրի միջավայրում ու շատ յուրահատուկ իրադրության մեջ։ Այս բոլորը ես իմացա լորդ Սենտ֊Սայմոնի պատմելուց առաջ։ Իսկ երբ լորդը հաղորդեց եկեղեցում հանդիպած տղամարդու մասին, և այն մասին, թե ինչպես հարսնացուն փոխեց իր վերաբերմունքը նրա նկատմամբ, թե ինչպես հարսնացուն գցեց ձեռքից ծաղկեփունջը, որ երկտող ստանալու փորձված ձև է․ լորդի պատմածը լեդի Սենտ֊Սայմոնի ու սիրելի նաժիշտի խոսակցության մասին և լեդիի բազմանշանակ ակնարկի մասին ուրիշի հանքամասը զավթելու վերաբերյալ (իսկ ոսկու հանքատերերի լեզվով դա նշանակում է ձեռք մեկնել այն բանին, որ տարել է ուրիշը), այս բոլորը լսելուց հետո, ինձ համար ամեն ինչ միանգամայն պարզ դարձավ։ Լեդին փախել է տղամարդու հետ․ և այդ տղամարդը կամ նրա սիրեցյալն էր, կամ ամուսինը, ըստ որում, վերջինն ավելի հավանական էր թվում։
― Սակայն ի՞նչ հրաշքով հաջողվեց ձեզ գտնել նրանց։
― Դա թերևս մի փոքր դժվար լիներ, բայց իմ բարեկամ Լեստրեյդը, ինքն էլ չիմանալով, իր ձեռքում էր պահում ամենաարժեքավոր ցուցումը։ Ինիցիալներն էլ, հասկանալի է, մեծ նշանակություն ունեին, բայց ավելի կարևոր էր իմանալ, որ այս շաբաթ այդպիսի ինիցաիալներով մեկը իջևանել էր Լոնդոնի ամենալավ հյուրանոցներից մեկում։
― Իսկ ինչպե՞ս իմացաք, որ այդ հյուրանոցը լավագույններից մեկն է։
― Շատ հասարակ ձևով՝ գներով։ Ութ շիլլինգ համարի և ութ պենս մի բաժակ խերեսի համար վերցնում են միայն առաջնակարգ հյուրանոցներում, իսկ այդպիսիները Լոնդոնում այնքան էլ շատ չեն։ Արդեն երկրորդ հյուրանոցում, ոըը գտնվում է Նորսամբերլընդ֊ավենյուի վրա, եկվորների մատյանից իմացա, որ Ամերիկայից եկած միստր Ֆրենսիս Հ․ Մաուլտոնն այնտեղից մեկնել է հենց նախօրյակին։ Երբ նայում էի նրա հաշիվները, գտա ճիշտ ու ճիշտ այն թվերը, ինչ որ տեսել էի հաշվի պատճենի վրա։ Իր նամակները նա կարգադրել էր ուղարկել Գորդոն֊սկվեր 226 հասցեով, ուր և գնացի ես։ Բախտս բերեց, սիրահարված զույգին տանը գտա և համարձակություն ունեցա հայրական մի քանի խորհուրդ տալ երիտասարդներին։ Ինձ հաջողվեց ապացուցել, որ հենց իրենց համար ամեն տեսակետից էլ լավ կլինի, եթե ամբողջ հասարակությանը, և հատկապես լորդ Սենը֊Սայմոնին պարզաբանեն ստեղծված դրությունը։ Նրանց հրավիրեցի այստեղ, խոստանալով հանդիպեցնել լորդի հետ և, ինչպես տեսաք, ինձ հաջողվեց նրան էլ համոզել գալ այդ տեսակցությանը։
― Բայց տեսակցության արդյունքները փայլուն չեն, ― նկատեցի ես։ ― Լորդ Սենտ֊Սայմոնը այնքան էլ սիրալիր չէր։
― Ա՛խ, Ուո՛տսըն, ― ժպտալով առարկեց Հոլմսը։ ― Երևի դուք էլ այնքան սիրալիր չլինեիք, երբ սիրահարվելուց և հարսանիքի հետ կապված բոլոր գլխացավանքներից հետո, հանկարծ մնայիք և՛ առանց կնոջ, և՛ առանց կարողության։ Իմ կարծիքով մենք ծայր աստիճան զիջող պիտի լինենք լորդ Սենտ֊Սայմոնի նկատմամբ և շնորհակալ լինենք մեր բախտից, որ ամենայն հավանականությամբ երբեք նրա վիճակի մեջ չենք լինի․․․ Տվեք ինձ ջութակս ու մոտիկ նստեցեք։ Չէ՞ որ մեզ համար միայն մի պրոբլեմ մնաց չլուծցած․ ինչպես ժամանակ սպանել աշնան այս մութ երեկոներին։