Նոյի ագռավը

Գրապահարան-ից
Նոյի ագռավը

հեղինակ՝ Մուրացան

Ա

Օգոստոսի սիրուն առավոտներից մինն էր, երբ ես ու ընկերս, կանխավ արած մեր որոշման համաձայն, դուրս եկանք քաղաքից ձիով՝ հայրենի գավառակի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներ անձամբ տեսնելու։

Մենք պատկանում էինք «տուն վերադարձող» այն նորեկների թվին, որոնք ընտանիքի հացը հայթայթելու համար ստիպված են լինում տարիներով ապրել մեծ քաղաքում, ծծել միշտ նրա անառողջ օդը, սնվել ավելի փոշիով, քան թե կերակրով և հետևապես կարոտիլ այնպիսի բարիքների, որ բնության մեջ ապրող մարդը վայելում է առատորեն, առանց, սակայն, նրանց արժեքը գնահատել կարենալու։

Ի՞նչ բան է, օրինակ, մաքուր օդը, դաշտի կանաչը, հովտի առվակը, անտառի զովը... միթե կարելի է կարոտիլ դրանց, կամ ցանկացած ժամին չվայելել։ Լեռնցի գեղջուկը, որ կարիք բառը հասկանում է միայն նյութականի վերաբերմամբ, անշուշտ կծիծաղեր, եթե իմանար թե՝ մեր զրկանքը կազմում է այդ չնչին, հազիվ երբեմն յուր կարիքը լցուցանող բաները։

Բայց ով տարիներով ապրել է մեծ քաղաքում, միշտ միևնույն նեղ փողոցի վրա, նույն ապականված մթնոլորտի մեջ և գործել շարունակ լույսից ու օդից զուրկ մի գրասենյակում, որի բոլոր հրապույրը կազմում են եղել չոր հաշվեմատյանները, երկաթե պահարանը և անմիտ համրիչը, իրեր, որոնք առնչություն ունին միայն փողի և հաշվի հետ, բայց որոնց անծանոթ է սիրտը և ավելի ևս զգայուն հոգին, իրեր, որոնք մարդու ուղեղը բթացնում, աշխույժը մարում և հոգին նվաստացնում են… այդպիսին, հարկավ, կարոտելով կկարոտի այն ամենին, ինչ որ անարժեք է բնության զավակի համար կկարոտի նրա դաշտին ու մարգին, նրա հովտին ու առվակին, նրա անտառի անուշ հովերին։

Մենք էլ, ահա, այդ կարոտյալներից էինք։ Ընկերս վերադարձել էր Մոսկվայից, իսկ ես Թիֆլիսից։ Երկուսս այժմ միացած՝ գնում էինք բնության քաղցրություններից մեր կարոտն առնելու։

Պետրոս Մինարյանը (այս էր ուղեկցիս անունը) հայոց հոգևոր դպրոցի սան էր, տակավին երիտասարդ, միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ։ Բնավորությամ բավական անհամբեր և դյուրագրգիռ էր, երբեմն նույնիսկ հանդուգն ու անքաղաքավար, բայց սրտով բարի և անկեղծ։ Ուներ տարօրինակ հայացքներ, որոնք յուր խոսակիցներին մերթ զայրույթ և հաճախ՝ զվարճություն էին պատճառում։ Սիրում էր խառնվել ուրիշների գործին, կամ հաճախ ինքնակոչ դատավոր հանդիսանալ։ Սիրում էր վիճաբանել, ազատ մտքեր հայտնել, բայց երբեմն ավելի հակառակելու, քան մի ճշմարտություն ասելու համար։ Այսուամենայնիվ, այս բոլոր տարօրինակությունների հետ միասին, ճանապարհի լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, կամ արար և սակավապետ։

Բավական ժամեր էին անցել, ինչ ելել էինք քաղաքից, և թեպետ առավոտը զով էր ու հեշտալի, այսուամենայնիվ, քանի արևը բարձրանում էր, այնքան ավելի օդը ջերմանում և նեղացնում էր մեզ։ Միջօրեի մոտ մենք գտնվում էինք արդեն բաց դաշտի վրա։ Արևի ճառագայթները այրում էին. չկար ոչ հովի շունչ, ոչ ծառերի շքարան։ Այդ պատճառով աշխատում էինք ժամ առաջ հասնել գյուղը, որ գտնվում էր մեր հանդեպ եղող լեռան գեղագիր լանջի վրա։

Չնայելով, որ քաղաքից ելածներս միջոցին ընկերս պատմում էր թե՝ մի օր հիացմունքով էր մտածում այն ժամի ու վայրկյանի մասին, երբ մայրաքաղաքից հեռացած գտնվում կլիներ հայրենիքում, նրա ազատ օդի ու դաշտերի մեջ և չնայելով, որ այդ ժամին նրա փափագն արդեն կատարված էր, այսուամենայնիվ, նկատում էի, որ երիտասարդի համբերությունը ենթարկվում է փորձության։ Տոթից, ըստ երևույթին, նա շատ էր նեղանում, ուստի և հաճախ գանգատվում էր։

Երբ մի ձորակի գետակն անցնելով՝ սկսանք դեպի գյուղը տանող առապարը բարձրանալ, միջօրեի տապը ավելի ևս զգալի դարձավ, որովհետև արևի ճառագայթներից զատ՝ այրել սկսան մեզ նաև, կեծացած ժայռերը, որոնք եզերում էին առապարը երկու կողմից։

— Ա՛խ, մի հասնեինք այն սոսիներին,— բացականչեց հանկարծ ընկերս այնպիսի մի կարոտով, որ կարծես գտնվում էր Սահարայի անապատում և ուր որ է խորշակը շնչասպառ պիտի աներ իրեն։

— Համբերություն, բարեկամ, սոսիներին էլ կհասնենք,— նկատեցի ես։

— Համբերություն... միշտ համբերություն,— շշնջաց Պետրոսը, դժգոհ իմ խոսքից և ապա դառնալով ինձ՝ հարցրեց. — ի՞նչ ես կարծում, ո՞վքեր են համբերում։

— Ինչպես թե ովքեր, համբերատարները,— պատասխանեցի ես։

— Իսկ ես չեմ կամենում համբերատար կոչվել։

— Ինչո՞ւ,— հարցրի նրան։

— Որովհետև համբերում են միայն թույլերն ու տկարները, այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն չարիքը սեփական ուժով իրենցից հեռացնել չկարենալով՝ տանում են սրա պատճառած նեղությունները ստրկաբար։ Եվ որպեսզի այդ անարգանք չհամարվի իրենց՝ ասում են թե՝ «համբերում ենք»։

— Էհ, եթե չհամբերես, ի՞նչ պիտի անես, կարո՞ղ ես արևի հրավառ գունդը հեռացնել քո գլխից, կամ այս շիկացած ժայռերը հովանավոր ծառերի փոխել։

— Չեմ կարող։

— Ինչո՞ւ ուրեմն, իզուր աղմուկ ես հանում։

— Նրա համար, որ ցույց տամ թե՝ անզգա արարածին մեկը չեմ, թե իմ մեջ կյանք ու կենդանություն կա, թե հեշտությունն ինձ հաճույք, իսկ նեղությունը՝ դժգոհություն է պատճառում։

— Իսկ դրա օգո՞ւտը։

— Այն, որ մարդիկ ճանաչելով ինձ՝ զգաստ լինեն իմ վերաբերմամբ և զգուշությամբ վարվեն հետս։ Ինքդ էլ հո գիտես, որ աշխույժ ու չսանձահարվող ձիուն մոտենում են երկյուղով ու փաղաքշանքով և հազիվ, ուրեմն, կարողանում հեծնել, մինչդեռ համբերատար իշին ականջներից քաշելով բարձում են միշտ որքան կամենում են, առանց նրա կամքն ու ցանկությունը հարցնելու։

Ես ծիծաղեցի։

— Դու այս կարծիքին չե՞ս,— հարցրեց ընկերս։

— Ոչ,— ասացի։

— Ինչո՞ւ։

— Որովհետև համբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, քան ինչ որ դու տալիս ես նրան։ Էշերի ու ձիաների ընկերության մեջ, հավանական է, որ համբերությունը համարվի անարգ ունակություն, բայց մարդկային հասարակության մեջ ճանաչվում է այն իբր առաքինություն։

— Միջնադարյան վարդապետների կարծիքով,— ընդհատեց Պետրոսը։

— Նույնիսկ դարավերջի փիլիսոփաների կարծիքով,— հարեցի ես։

— Պատճա՞ռը։

— Որովհետև համբերությունը բարիք է արտադրում, մինչդեռ անհամբերությունից միայն չարիք է առաջանում։

— Ինչպե՞ս։

— Աշխարհում համբերում են, առհասարակ, կամքի ուժ, հոգվո արիություն և սրտի կորով ունեցողները, հետևապես, մեծ գործերն էլ ստեղծում են դրանք։ Կարդա պատմությունը և կտեսնես, որ աշխարհի բոլոր նշանավոր գյուտերը, բոլոր մեծամեծ գործերը արդյունք են եղել դժվարատար նեղությանց ու հերոսական համբերությանց։ Անհամբերությունն, ընդհակառակը, նշան է թուլության և անզորության։ Ուստի երբեք չէ տեսնված, որ անհամբերին մեկը կարողանար մարդկության համար ստեղծել մի մեծ բարիք։ Այս է, ահա, պատճառը, որ համբերությունը համարվում է առաքինություն, և բարոյախոսներից մինը, մինչև անգամ, ավելի մեծ փառք է համարում մարդու համար մեծամեծ նեղությանց համբերելը, քան մեծ գործեր կատարելը։

— Այդ գուցե այդպես է, բայց երբ արևն այրում է, հո կարելի է նրա դեմ տրտնջալ։ Չէ՞ որ տրտունջը թեթևացնում է մարդու նեղությունը։

(Ընդհակառակը, պետք է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ չտրտնջալ, այլ դրա փոխարեն աշխատել նեղության պատճառը մեջտեղից հեռացնել։ Ծույլ ու անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը բարձրացնելու և նրան քշելու։

— Ճանճը կարելի է քշել, արևը ո՞րտեղ քշենք։

— Այդ դեպքում էլ արևը քշելու փոխարեն քո ձին պետք է քշես և մի կես ժամ առաջ հասնես տուն. համբերատար և գործունյա մարդու համար միշտ փրկության ճանապարհ կա։

Ընկերս լուռ էր։ Չգիտեմ՝ համաձայնե՞ց ինձ հետ, թե չկամեցավ անզոր երևալ իմ աչքում։ Այսուամենայնիվ, ոչ մի նոր առարկություն չանելով, շարունակեց ճանապարհը, առանց այլևս տրտնջալու արևի դեմ, որ այրում էր մեզ, արդարև, անողորմաբար։

Քիչ ժամանակից հետո մենք գյուղը հասանք և ուղղակի դիմեցինք ընկերոջս ազգական գյուղացու տունը։ Վերջինի հովանավոր սրահը և հյուրընկալի քաղցր ընդունելությունը շուտով մոռացրին մեզ ճանապարհի շոգից կրած մեր նեղությունը։

Բ

Հետևյալ օրը, նախաճաշ անելուց հետո, դուրս եկանք տանից՝ գյուղն ու նրա շրջակաները դիտելու։ Հարկ չկա ասել, որ ամենից առաջ այցելեցինք գյուղի եկեղեցին, որ գտնվում էր շինություններից դուրս, մի առանձնացած բլրակի լանջի վրա, որտեղից բացվում էր մեր առաջ թե գյուղի և թե շրջակաների տեսարանը։ Եկեղեցին մի անպաճույճ շինություն էր՝ մամռապատ կտուրով և փայտե խարխուլ զանգակատնով։ Տեսնելու արժանի ոչինչ չուներ յուր շուրջը, բացի փոքրիկ բանջարանոցը, որ գտնվում էր եկեղեցու առաջ և ոռոգվում բավական հորդ առվակով։ Մեզ ուղեկցող հյուրընկալի ասելով այդ բանջարանոցը ծառայում էր տեղական քահանային և տալիս էր նրան ուտելու սոխ, կանաչեղեն, մի քանի տասնյակ վարունգ և ձմեռվա համար մի քանի հատ դդում։

— Այս ջրով կարելի էր դրախտ ստեղծել այստեղ, իսկ ձեր քահանան միայն սոխով ու վարունգո՞վ է բավականանում,— նկատեցի ես հյուրընկալիս։

— Էդ ջրով, հրամանք ես, շատ բան կշինվեր ըստի, ամա ինչ արած, որ դերը (քահանան) էշխ (աշխույժ) չունի,— պատասխանեց գյուղացին։

— Դուք շինեցեք,— վրա ընկավ ընկերս։

— Մենք ի՞նչ շինենք։

— Ծառեր տնկեցեք, վազեր շարեցեք, զբոսնելու ճանապարհ բացեք, եկեղեցին իո դերինը չէ՞։

— Դերինը չի, գիդամ, ժողովրդինն ա, ամա որ դերը չթողնի, մենք ինչ կարանք անել։

— Ինչպես թե չթողնի, ի՞նչ իրավունք ունի արգիլելու,— բացականչեց Պետրոսը և տեսնելով, որ քահանան եկեղեցու կողմից իջնում է դեպի մեզ, ավելացրեց,— սա՞ է ձեր քահանան, թող մի գա այստեղ, տես ինչպե՞ս եմ հանդիմանում։

— Թո՛ղ, այ մարդ, ի՞նչ գործ ունիս, ի՞նչ հանդիմանության ժամանակ է. դեռ առաջ մի ծանոթացիր մարդուն,— նկատեցի ես։

— Ի՞նչ ծանոթություն, բան չունիս,— պատասխանեց ընկերս և կռվելու պատրաստվող աքաղաղի նման հարձակողական դիրք բռնեց։

— Թո՛ղ, քե մատաղ, խոսալ մի, դերն ինձանից կնեղանա,— խնդրեց հյուրընկալը։

Բայց Պետրոսն արդեն մի քայլ առաջացել էր դեպի քահանան, որը մոտենում էր։

Սա տարիքով հիսունի մոտ, առողջակազմ, հաստամարմին, ալեխառն մորուքով և բարի դեմքով մի մարդ էր։ Հագած էր սև մահուդից կարած մի պարեգոտ, որը հնությունից արդեն մաշվել, գունատվել էր։ Ծածկած էր գառան մորթուց պատրաստված գլխարկ, ոտքերին ուներ քոշեր, իսկ ձեռքին՝ դեղնափայտի գավազան։

Միջանկյալ ասենք, որ տարիներ առաջ, քանի դեռ լուսավորության ճառագայթները այսքան չէին մոտեցել մեր եկեղեցու շեմքերին, հայ քահանան հայր էր համարվում ամեն մի հայ քրիստոնեի. նրանք միմյանց պատահելուց սիրով ողջունում էին իրար, առանց նայելու թե՝ ծանո՞թ են միմյանց, թե` ոչ։ Այժմ, իհարկե, այդ գեղեցիկ և բուն քրիստոնեական սովորությունը մոռացության է տրված՝ իբրև անպետք հնություն։ Քաղաքներում, մանավանդ, անհրաժեշտ է, որ այսինչ հային անպատճառ մի երկրորդը ծանոթացնե պաշտոնապես այնինչ քահանային, որպեսզի այնուհետև առաջինը բարեհաճե ողջունել վերջինին, երբ պատահե նրան ճանապարհին, կամ որևէ հասարակության մեջ։

Տեր Մակուչը (գյուղի քահանայի անունն էր) անծանոթ էր, իհարկե, քաղաքներում ընդունված այս սովորության, ուստի հեռվից տեսած լինելով մեզ, իբրև հայ քահանա, շտապել էր մեզ ողջունելու և, իբրև նորեկների, բարի գալուստ մաղթելու։

Այդ իմանալով՝ ես շտապեցի Պետրոսից առաջ անցնել և գլխարկս հանելով՝ «օրհնյա՛, տեր» ասել։

— Աստված օրհնեսցե, բարի լինի գալներդ,— պատասխանեց տեր հայրը և ձեռքը նախ ինձ, ապա՝ Պետրոսին տալով՝ ողջունեց մեզ սիրով և այնպիսի մտերմությամբ, որ կարծես թե հին բարեկամներ էինք։

Պետրոսը, որ անհամբերությամբ էր սպասում ողջույնի այս ծիսակատարության, հանկարծ, առանց որևէ առաջաբանի, հարցրեց.

— Տեր հայր, ի՞նչ է նշսւնակում ավետարանի այս խոսքը՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանեն՝ չտայք թոյլ մտանել»։

Քահանան, որ այսպիսի անակնկալ հարցի չէր սպասում, նախ շփոթվեց, ապա ինքն իրան գալով՝ ժպտաց և մեղմով հարցրեց.

— Ինչի՞ համար ես հարցնում։

— Ինչպես թե՝ ինչի համար, քահանա ես, շատ անգամ ժողովրդի առաջ կարդում ես ավետարանի այդ խոսքերը, այժմ կամենում եմ իմանալ թե՝ հասկանո՞ւմ ես դրանց նշանակությունը, թե՞ ոչ։

— Բաս, որ չհասկանանք, ո՞նց կարանք կարդալ, որդի,— պատասխանեց տեր հայրը։

— Դեհ, որ հասկանում ես, թարգմանիր տեսնեմ։

— Ո՞նց թարգմանեմ, ավետարանը ըստի պտի, որ կարդամ, թարգմանեմ,— առարկեց քահանան ժպտալով։

— Այ, ես բերան ասում եմ, էլի՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ», դեհ, թարգմանիր։

— Սաքի դու դրա միտքը իմանում չե՞ս։

— Իմանում եմ։

— Բա խի ես հարցնում։

— Հարցնում եմ տեսնեմ՝ դու էլ իմանո՞ւմ ես, թե՞ ոչ։

— Ա Մուքի (Միքայել), էս մեր Մինարանց Ակոբի տղան չի՞ — դարձավ քահանան մեր հյուրընկալին։

— Հա, ա դեր, Ակոբ աղի տղան ա,— պատասխանեց գյուղացին։

— Աստոծ պահի, լավ մեծացել ա, հորը քյոմակ կըլի (կօգնի), հարեց քահանան, աշխատելով այս միջանկյալ հաճոյախոսությամբ ազատվել Պետրոսի հետապնդությունից։

Բայց վերջինս անխիղճ պարտատիրոջ պես, տեր հոր օձիքը չթողեց։

— Այդ իմացանք, տեր հայր, դու իմ հարցին պատասխանիր,— կրկնեց նա, քահանայի թևից քաշելով։

Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական հայացք ձգելուց հետո դարձավ մեր հյուրընկալին։

— Ա Մուք, ղոնաղդ (հյուրդ) կռվարար մարդ ա րևում (երևում)։

— Չէ, ա դեր, լավ տղա յա, ասենք մի քիչ հանաքչի ա,— պատասխանեց գյուղացին, աշխատելով արդարացնել Պետրոսին։

— Տո, տնածա՛կ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել թե՝ հենց դու ես որ պտի թարգմանես։ Խի՞, ես Սողոմոն իմաստո՞ւնն եմ։

Մենք սկսանք ծիծաղել։

— Այ, տեսնո՞ւմ ես, տեր հայր, եթե մի փոքր առաջ խոստովանեիր, թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեի,— դարձավ Պետրոսը քահանային,— այժմ բացատրեմ, լսիր. «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ» կնշանակե թե՝ դուք չեք մտնում, և ովքեր էլ որ մտնում են, նրանց չեք թողնում...

— Գիտում եմ, գիտում,— ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով, այսուամենայնիվ, բոլորովին տգետ երևալ մեր աչքում,— Քրիստոս էդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնութենի մեջ չեք մտնում ու հով որ էլ ուզում ա մտնի, նրան թողում չեք։

— Վա՛յ, տունդ չծակվի, տերտեր,— բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց, նրան հետևեցի և ես։

— Խի՞ եք ծիծաղում, բա ըսե՞նց չի,— հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ։

— ՉԷ, չէ, տեր հայր,— մեջ մտա ես. — Քրիստոս արքայության համար է խոսում, և դպիրներին ու փարիսեցիներին է ասում թե՝ դուք արքայություն չեք մտնում և ովքեր էլ որ կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց։

— Դե, հեր օրհնած, ամուսնությունն էլ արքայության նման բան ա, ես ըսկի շատ չեմ յանղլիշ եկել (սխալվել),— ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին՝ հարցրեց.

— Մի ասա տեսնեմ՝ ինձ խի՞ ես ըտենց հարցուփորձ անում։

— Ա՛յ, թե ինչու։ Մենք եկել ենք ձեր եկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս ողորմելի բանջարանոցը, որի մեջ միայն մի քանի ածուներ ունիս դու։ Միևնույն ժամանակ այստեղ հոսում է այս հորդ առվակը, որից դու կարող էիր օգտվել և եկեղեցու առաջ, այս ահագին տարածության վրա ծառեր տնկել, զբոսարան շինել, իսկ այդ ծառերը օգուտ կբերեին թե քեզ, թե եկեղեցուն և թե ժողովրդին։ Բայց դու չես արել, որովհետև, ինչպես Մուքին ասում է, էշխ չունիս։ Հարցնում ենք սրան թե՝ ինչու դուք՝ գյուղացիներդ, չեք անում, պատասխանում է թէ՝ «տեր հայրը չի թողիլ»։ Ա՛յ, հենց դրա համար էլ կամեցա հասկացնել քեզ թե՝ Քրիստոսի այն խոսքը, որ ասում է՝ «դուք չեք մտնում և ովքեր էլ որ մտնում են, չեք թողնում», հենց ձեզ նման հովիվների համար է ասված։

Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին ասաց.

— Հեր օրհնած, էս եղցումը (եկեղեցում), ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռել։ Դիփունանց գերեզմաններն էլ, հրես, ըստի, եղցու քամակին ա, ուզո՞ւմ եք, գնանք մի-մի շանց (ցույց) տամ։ Ընդոնցից որն ա ըստի մի չոփ (ոստի կտոր) տնկել, որ ես տնկեմ։

— Նրանք չեն արել, դու արա, դոԼ բարի օրինակ եղիր քեզանից հետո եկողներին։

— Միթոմ էդ ի՞նչ օգուտ պտի բերի ինձ, յա (կամ), եղցուն։

— Նախ այն, որ այս չոր գետինը կծածկվի ծառերով, իսկ ծառաստանը ավելի լավ է, քան թե չոր տափաստանը։ Երկրորդ՝ եկեղեցու շրջապատի օդը ավելի մաքուր և առողջարար կլինի, իսկ տեսարանը՝ դյուրական. երրորդ՝ տնկածդ ծառերը պտուղ կբերեն, որից թե դու կօգտվես և թե եկեղեցին։ Չորրորդ…

— Դե, մի խրե (մի քիչ) սպասեիր,— ընդհատեց քահանան Պետրոսին, և ապա կռթնելով գավազանի վրա, մի առանձին, հեղինակավոր եղանակով շարունակեց,— որդի, գիտաս՝ ինչ կա, խոսիլը հեշտ ա, քանց անիլը։ Մի բան պատմեմ՝ լսիր։ Մի քսան օր սրանից առաջ մեր հաջորդը վանքն էր գնում, քաղաքից գալիս վեր գեղովն անցավ. շնորհակալ եմ, պատվեց, եկավ մեր տանը դինջացավ (հանգստացավ), հաց կերավ, վերջը ասաց.(«Տեր Մակուչ, գնանք մի ձեր եղցին տեսնենք» — ծառա եմ, ասացի, հայր սուրբ, գնանք։ Վեր կացանք եկանք։ Քյոխվեն էլ մեզ հետ էր, սուդիան էլ, մի երկու էլ գեղի իշխան (առաջավոր) մարդիկ։ Վարդապետը հենց որ եղցին մտավ, աչքերը մի դեսուդեն գցեց, ինքն իրան փնթփնթաց ու ասեց. «Տեր Մակուչ, էս խի՞ եղցին անզարդ ես պահում»։ — Ոնց եմ անզարդ պահում, հայր սուրբ, հարցրի ես. — «էնենց ես անզարդ պահում, ասեց, որ այ, էս սուրբ սկիհի տակը մի աբրեշում աղլուխ չես գցում. էս ավետարանը մի զառ շորում չես փաթաթում, էս ատենին կազմել չես տալիս, յա չէ էս ի՞նչ պատկեր ա, որ դրել ես սեղանի վրա, ըսենց Քրիստոս կըլի՞, էս հու դուխաբոր մալական ա»։ Ինչ մեղքս ծածկեմ, շատ նիկացա (վրդովվեցա), ամա ինչ կարի անիլ, իշխանավոր էր, ասում էր, պտի սուս կենայի։ Վերջը երբ որ խոսքը կտրեց, ասեցի,— Հայր սուրբ, ծառա եմ կարգիդ, իրավունք կտա՞ս, որ խոսեմ,— հա՛, խոսիր,— ասեց, թե քեզ արդարացնելու բան ունիս, ասա,— էն ա ես էլ էս առակն ասեցի։ — Մին անգամ, հայր սուրբ, ասեցի, մոլլա Նասրեդինի կնիկը գնում ա շահին գանգատվում, թե շահն ապրած կենա, իմ մարդը ինձ կուշտ փորով հաց չի տալի, ինձ հմար շոր չի առնում, այ, տեսնում ես, տկլոր եմ, ասում ա, էս եմ, էն եմ. կնիկը հո գիտաս, որ խրսիլը կցեց էլ տազ չի անիլ (չի լռիլ)։ Շահը բարկանում ա ու էն սհաթին ֆարրաշ ղըրկում, մոլլա Նասրեդինին բերել տալիս։ — Էյ, մոլլա, ասում ա, նե՞ յուչուն արվադնա խորակ ալմըրսան,— հրամանքդ թուրքերեն գիտաս,— խոսքն ընդհատելով հարցրեց քահանան Պետրոսին։

— Ոչ, լավ չեմ հասկանում,— պատասխանեց վերջինս։

— Լավ, քեզ հայերեն կասեմ, ամա հայր սուրբին թուրքերեն պատմեցի. — հա՛, ասում ա, ա՛յ մոլլա, խի կնկանդ հմար կերակուր չես առնում, որ մի կուշտ ուտի, խի նրա հմար մը քանի ձեռք շոր չես առնում, որ մինը մաշելուց մեկելը հագնի։ Մոլլան պատասխանում ա,— Շահն ապրած կենա, ասում ա, դրա հմար օխտը մանի (պատճառ) ունեմ։ — Ո՞րն ա օխտը մանին, մեկ-մեկ ասա,— հրամայում ա շահը, առաջինն էն ա, ասում ա մոլլան, որ ջիբումս մի շահի փող չկա, երկրորդը… — Մնացած վեց մանին գլխիդ տված,— ասում ա շահը,— կորի գնա ։ Հմի դուն ես, ասեցի, հայր սուրբ, ախր փող որ չկա, ես ո՞րդիան աբրեշում աղլուխ առնեմ, որդիան զառ ճոթ գտնեմ, ոնց դուխաբոր մալականը վեր ունեմ, տեղն օրինավոր Քրիստոս դնեմ։ — Խի՞,— ասում ա հայր սուրբը,— էսքան ժողովուրդ ունես, կարում չես մնին մի աղլուխ առնիլ տալ, մնին մի զառ ճոթ, յա խի՞ Վեդունց Սարգսի աղին գրում չես, հրեն Թիֆլիսս նստած ա, մին լավ Քրիստոս առնի ղրկի։ Ասում եմ, հայր սուրբ, ծառա եմ քե, ախր «էն վաղ էր, որ էշը կաղ էր», հմի էլ ով ա տերտերի խոսքին մտիկ տալի, էլ որդիան ա հավատ մնացել, բարեպաշտութին մնացել, առաջ դրուստ ա, քահանաներն ին ժողովրդին պլոկում, ամա հմի ժողովուրդն ա քահանի վրեն ընկել՝ ուզում ա հագի փարաջեն հանի, յա չէ, գլխի գդակը թռցնի։ Մի կտոր հացը որ ուտում են, հենց գիտում են թե՝ հարամ ա, տեղից վեր կացողը մեր գլխին ա բոմփում (խփում), էլ ասում չեն, թե ինչ ենք տվել էս խեղճերին, որ էսքան պահանջում ենք։ Հմի, ասում եմ, էս այամումը (ժամանակում), որ եղբայրն ուզում ա եղբորը խեղդի, որդին ուզում ա հորը ծախի, մարդ կարա՞ բարեգործութենի անուն տալ։ Հայր սուրբը տեսավ, որ դրուստ եմ ասում, էն ա՝ սուս կացավ։

( Հմի դու ես, որդի,— դարձավ քահանան Պետրոսին,— ասում ես՝ ըստի բաղ շինի, բախչա շինի։ Խոսք չունեմ, լավ, ես ասում, ապա պրտի էն էլ մտածես թե էս քյասիբ դերը ո՞րդիան ըտունք անի։ Ախր ըստի հող փորիլու, ծառ տնկիլու, չափար (ցանկապակ) քաշիլու հմար փո՞ղ ա հարկավոր, թե ոչ։ Տա ես փող ո՞րդիան գտնեմ, փող որ ունենամ, խի դհենց դարտակ բաների կտամ, հրեն, այ, Խոչա Մարութը թումանին իրեք շահի շահ ա տալիս, ասում ա՝ ա՛ դեր, թե որ հարյուր մանեթ բերես, քեզ տարին տասնութ մանեթ շահ կտամ։ Տասնութ մանեթը գիտաս, մի տուն քյուլփաթ (ընտանիք) կկառավարի, ամա հարյուր, մանեթն ինձ ով ա տվել։

— Երեկ դու ինձ համբերություն էիր քարոզում,— դարձավ ընկերս ինձ՝ ռուսերեն լեզվով,— այժմ ասա, խնդրում եմ, ինչպես անեմ, որ չհայհոյեմ այս մարդուն։

— Հայհոյել, ինչո՞ւ,— հարցրի ես զարմանալով։

— Ինչպես, թե ինչո՞ւ. մի՞թե քեզ չեն զայրացնում սրա առարկությունները։

— Բնավ։

— Եվ ոչ էլ այն որ սա տոչորվում է հարյուր ռուբլի ունենալու և այն շահեցնելու տենչով։

— Եվ ոչ էլ այդ։

— Դու ինձ վրդովում ես։

— Եթե արդարությամբ մտածես, չես վրդովվիր։ Քահանան մեղավոր չէ, որ տգետ է այդ աստիճան։

— Բայց հո մեղավո՞ր է, որ տգետ լինելով՝ դիմել է քահանայության։

— Ոչ էլ այդ դեպքումն է մեղավոր։ Մարդուն հաց էր հարկավոր, և ահա այդ հացը ձեռք բերելու համար նա ընտրել է քահանայությունը։

— Բայց ախր նա իրավունք չուներ։

— Իրավունք ճանաչելու համար, մարդ, նախ և առաջ, տգետ չպետք է լինի։ Միթե դու կարող ես իրավունքի տեսակետից մեղադրել քո եզին, եթե նա հարևանի բակում փափուկ խոտ տեսնելով մոտենա և ուտե։ Այդ դեպքում հանցավորը ոչ թե եզը, այլ դու կլինիս, որ չես կապել անբանին, կամ թե քո հարևանը, որը չէ փակել յուր դուռը։

— Այդ ասելովդ մենք ովքե՞ր ենք։

— Դու եպիսկոպոսն ես, որ ձեռնադրել ես տեր Մակուչին, իսկ հարևանդ՝ ժողովուրդը, որ իրեն հանձնել է նրա ձեռքը։

— Էդ խոմ ինձանից եք խոսում,— յուր անունը լսելուն պես, մեջ մտավ քահանան,— դե հայեվար խոսեցեք, ես էլ հասկանամ։

— Այո՛, տեր հայր, քեզանից ենք խոսում,— պատասխանեց Պետրոսը։

— Բա ի՞նչ եք խոսում։

— Ասում ենք՝ վա՛յ էն ժողովրդին, որի քահանան տեր Մակուչն է։

— Խի եք ըդենց ասում, որդի,— հարցրեց քահանան այնպիսի մի ճնշված ձայնով, որ ես խղճահարվեցա։

— Որովհետև դու տգետ ես,— պատասխանեց Պետրոսը կոշտ սառնասրտությամբ։

— Այդ արդեն չափազանց է, պարոն,— նկատեցի կամացուկ և միևնույն ժամանակ վրդովվելով։

— Ընդհակառակը դեռ քիչ է,— հարեց Պետրոսը և ապա դառնալով քահանային հարցրեց. — Դու նեղանո՞ւմ ես, որ ես տգետ եմ ասում քեզ։

— Խի եմ նեղանում, որդի, ջահել ես, ասում ես, որ ահիլ (հասակավոր) լինիս, կմտածես, թե էս մարդն ինչ մեղավոր ա, որ աստոծ սրան անուսում ա ստեղծել։

— Ինչու, աստված ո՞րին է ուսումով ստեղծել։

— Ոնց թե որին, այ մինը հենց քեզ, մինն էլ քո ընկերին, հրեն քաղաքն էլ լիքն ա ձեզ նմաններով։

— Մենք էլ քեզ պես անուսում ենք ծնվել, բայց հետո մեծանալով, աշխատել ենք, չարչարվել և ուսում առել։

— Խի՞ ես ըտենց ասում, Պետրե ջան,— մեջ մտավ մեր հույրընկալը — թե որ քու հերը. Ակոբ աղան չըլեր, դու ոնց կարիր հուսում առնիլ։

— Այ, քու հորն օղորմի, ա Մուք, մի ըտենց խոսա է, տեսնում ես քու դերին նեղն են լծել,— քաջալերեց քահանան գյուղացուն և ինքն էլ, կարծես, սիրտ առնելով… դարձավ Պետրոսին.

— Հը՞ ըստուր ինչ պատասխան ունես, դե տուր։

— Ի՞նչ պատասխան պիտի ունենամ։ Իմ հայրը, իհարկե, վճարել է իմ ուսման վարձը, բայց ես էլ հո աշխատել ու չարչարվել եմ, օրերս պարապ չե՞մ անցրել։

— Դե լավ, հմի լսիր։ Քո հերը փող ա ունեցել, քեզ կարդացրել ա, բա իմ հերը, որ փող չուներ, որդիան կարդացներ։ Ինքը մի խեղճ նախրապան ա լել. քարով, կարկուտով (մեծ դժվարությամբ) մի կտոր հաց ա ճարել, մեզ ուտացրել, մի գազ կտավ ա գտել, ծակել, մեր ճիտը գցել, վերջն էլ հանդումը շատ բաց պառկելուց, արևի ու անձրևի հետ կռվելուց ու հազար ու մի չարքաշութին անելուց հիվանդացել, մեռել ա ու մեզ էլ անտեր, անտիրական թողել։ Աստոծ ա իմանում, թե մենք ու մեր խեղճ մերը ինչ օրեր ենք տեսել, ինչ նեղություններ ենք քաշել։ Մեր ամեն մի թիքա հացը լեղի ու արտասուք ա լել։ Դժար բան ա աղքատութինը, էն էլ գեղի միջումը, աստոծ ոչ շանց տա ձեզ... Հմի, ո՛րդի, ես որ էն խեղճ դրութենում էսքան էլ գրաճանաչ եմ դառել, գրել կարդալ եմ սովորել, քանի տարի վանքումը տիրացութին արել ու վերջը էս մենծ գեղի վրա քահանա դառել, էս քիչ բան ա։ Թե որ մինը քեզ վրա խարջած փողն ինձ վրա խարջեր, ո՞վ գիդա՝ հմի փիլիսովա կլեի դառած։ Ամա դու, տեսնո՞ւմ ես, ըսկի մարիփաթին (քաղաքավարությամբ) խոսալն էլ չես սովորել։ Կբաշխես, որ էս խոսքը երեսիդ ասում եմ. ամա ես քու հոր տեղն եմ. հախկ (իրավունք) ունեմ։ Ընչի հմար եմ ասում, գիտա՞ս. այ, դու ղարիբ (օտար) տղա ես, եկել ես մեր գեղը, ես էլ ըստեղի քահանան եմ. շնորհակալ եմ, մենծ ու պստիկ պատվում են։ Բայց ես, ոնց որ Քրիստոս ասում ա, որ խոնարհեցցե զանձն, բարձրացցե, ես էլ խոնարհվեցի, եկա, որ բարի գալուստ ասեմ ձեզ, ու օրհնեմ, ամա դու իմ գեղականի առաջ ինձ անպատիվ արիր։ Ասում ես՝ վայ էն գեղին, որ դու նրա քահանան ես, ասում ես՝ դու տգետ ես. քիչ ա մնում, որ ասես, թե հայվան ես։ Ախր ըսենց չեն խոսիլ, որդի, աշխարհումը մինը տգետ կըլի, մինը՝ հուսումնական, մինը աղքատ կըլի, մինը՝ հարուստ, ամա, բոլորի աստոծը մեկ ա. ոչ հարուստն ու հուսումնականը պիտի հմպարտանան, ոչ էլ տգետն ու աղքատը ոտի տակ ընկնեն։ Ինչ մեղքս ծածկեմ, որդի, առաջ մի քիչ դարդ էի անում, որ Վեդունց Սարգսի խոսքին լսեցի ու որդիքս հուսման չղրկեցի։ Ամա հմի փառք եմ տալիս աստծուն, որ ղրկել չեմ. չուն (որովհետև) տեսնում եմ, որ հուսումը մարդին հրեշտակ շինելու տեղ՝ սատանա ա շինում։ Դե որ ըտենց ա, ախպեր, խի եմ հուսման ղրկում, որ վերջը փոշմանեմ։

Տեր հոր վերջին խոսքերը տպավորություն արին Պետրոսի վրա, և նա լռեց։ Բայց ես քահանայի սիրտը ամոքելու համար, կամեցա խոսակցությունը մեղմով վերջավորել, ուստի հարցրի.

— Դու, ուրեմն, որդինե՞ր ունիս։

— Ոնց չէ, չորս հատ,— պատասխանեց երեցը, կարծես, պարծենալով։

— Հասակավո՞ր են նրանք։

— Մենծը քսանութ տարեկան ա, մնացած երեքը մինը մնից երկու տարով պակաս են։ Չորսն էլ աժդահա (հսկա) տղամարդիկ են։ Երկուսին պսակել եմ. երկուսին էլ, թե որ աստոծ հաջողի, գյալաջաղ (գալ տարի) պիտի պսակեմ։

— Չորսին էլ, ուրեմն, անուսում ես թողե՞լ։

— Չէ, վանահոր մոտ քիչ ու միչ կարդացել են, ընենց որ իրանց բանը յոլա կտանեն։

— Դու, ուրեմն, չէի՞ր կարող, գոնե, քաղաքի դպրանոցը ուղարկել նրանց,— կրկին մեջ մտավ Պետրոսը և այս անգամ արդեն գրգռված։

— Խի՞ չէի կարող։

— Բա ինչո՞ւ չուղարկեցիր, մեղք չէ, որ չորս աժդահա տղամարդ, ինչպես որ դու ես անվանում նրանց, անուսում ես թողել։

— Ընդուր որ… ամա չէ՛, ըտուր մասին էլ Վեդունց Սարգիսը կասի։

Տեր հայրը դիտմամբ խույս տվավ Պետրոսին պատասխանելուց, որպեսզի նորեն վեճի չբռնվի նրա հետ։

— Ո՞վ է Վեդունց Սարգիսը,— հարցրի ես։

— Հրեն, ա՛յ, տունն ընդի ա, էն մենծ-մենծ չընարուցը տակին,— ասաց քահանան, ցույց տալով գյուղի հարավակողմը, ուր մի ընդարձակ դարևանդի վրա բարձրանում էին մի խումբ գեղուշեղ սոսիներ։

— Որդիքը քոնն են, ինչու դու չես բացատրում թե՝ ինչու ես նրանց անուսում թողել,— հարցրեց Պետրոսը։

— Որդիքն իմն են, ըտենց ա, ամա Սարգիսն էր սաբաբ (պատճառ), որ նրանց ուսման չղրկեցի։ Այ, թե ուզում եք, գնացեք, հարցրեք։ Նա խելոք մարդ ա, սուտ չի խոսիր Ղորդ ա, գեղացի ա, ամա հարիր քաղաքացու խելք ունի գլխումը։ Հարցրեք, նա ամեն ինչ տեղն ու տեղը կասի ձեզ։ Դեհ, շատ խոսեցի, որդիք, գլուխներդ ցավացրի, կբաշխեք, հմի ես գնամ, բարով եք եկել, բարով էլ գնաք...

Այս ասելով տեր հայրը ողջանեց մեզ վերջին անգամ և երեսը դարձնելով՝ ծանրաքայլ հեռացավ։

Գ

Ցանկանալով շարունակել մեր պտույտը, մենք իջանք դեպի ձորակն, ուր հոսում էր գյուղի լեռնային վտակը։ Չնայելով ջրի փոքրության, նա շարունակ խոխոջում, աղմուկ էր հանում, որովհետև իջնում էր աստիճանավոր բարձրություններից, որոնցից յուրաքանչյուրը, առաձին առած, ներկայացնում էր մի զատ գեղանկար պատկեր։ Վտակի ափերը քերելով, մենք հետզհետե դիտում էինք այդ պատկերները և զվարճանում։ Մի տեղ ժայռերը, միմյանց վրա կուտակված, փորձում էին, կարծես, վտակի հոսանքն արգիլել, իսկ սա ավազով ու խճով նրանց խորշերը լցած՝ յուր փրփրուն ալիքները գահավիժում էր ժայռերի բարձունքից։ Մի ուրիշ տեղ մոշենին, վայրի վարդը կամ նռնենին, գետակի կրկին ափերը գրաված, իրենց ճկուն ոստերը դեպ իրար ձգելով և իրար շաղապատելով, կազմում էին ջրի վրա կանաչազարդ մի կամուրջ և այդպիսով հոսանքը մեր աչքերից ծածկում։ Մի երրոդ տեղ ուռենին, կանաչագեղ ոստերն աջ ու ձախ տարածելով, հովանավորում էր մի փոքրիկ ու վճիտ լճակ, որի ջուրը, կարծես, կարկաչելուց հոգնած, հանգստանում էր այդտեղ, ժայռերի խորշում և յուր ջինջ հանելու մեջ արտացոլում թե ափի կանաչազարդ ուռենին, թե ժայռերն ու թուփերը և թե երկնքի կապուտակը։ — Տեր աստված, ինչու մարդիկ այս գեղազվարճ վայրերը թողած, շնչասպառ են լինում ապականությամբ լի քաղաքներում։ Միթե նրանցից ամեն մեկի համար չի գտնվիլ վայելչության մի անկյուն այս ազատ լեռների մեջ, այս սիրուն ջրերի ափին, այս կապուտակ երկնքի տակ,— բացականչեց ընկերս շրջապատող տեսարաններից զմայլվելով։

— Իսկ դու կարծում ես թե՝ բնության այս գեղեցկությունները անաղարտ կմնային, եթե մարդիկ հաստատվեին՝ այստեղ,— հարցրի ես։

— Բնության գեղեցկություննե՞րը… ինչու չէ, ո՞վ կաղարտեր նրանց։

— Նույն ինքը մարդը։ Նա չի կարող ապրել առանց այդ գեղեցկություններն եղծանելու, առանց յուր շուրջն ավեր ու ապականություն սփռելու։ Ընդհակառակն, ավելի լավ է, որ մարդկանց մեծամասնությունը խռնված է քաղաքներում, այդպիսով, գոնե, բնությունը ավելի քիչ է տուժում, և նրա գեղեցկություններն ավելի քիչ են աղարտվում, իսկ սրանցով զմայլիլ գիտցող սակավաթիվ մարդկանց համար բնության մեջ տակավին մնում է մի բան, որը գոնե նրանք կարող են վայելել։

— Դու իրավունք ունիս... — պատասխանեց ընկերս՝ մի փոքր մտածելուց հետո,— մարդը, արդարև, բնության եղծանիչն է. իզուր են կեղծավորները «բնության զարդ» անվանել նրան, իմ կարծիքով խոզը ավելի քիչ է վնաս պատճառում բնությանը, քան մարդը։ Ի՞նչ ես կարծում, Մուքի,— դարձավ ընկերս հյուրընկալին,— եթե վեց ամիս շարունակ հարյուր խոզ պահեիք այս ձորում, նրա՞նք շուտ կփչացնեին այս տեղերը, թե եթե այդքան ժամանակում հարյուր մարդ ապրեր այստեղ։

— Հեր օրհնած, խոզն ի՞նչ ա, որ ինչ փչացնի,— պատասխանեց գյուղացին ժպտալով,— նա մի խեղճ հայվան ա, թե կաթուկից–բանից գտավ կուտի, թե չէ, էն ա՝ սաղ օրը խռխռալով ման ա գալու ու իրա հմար արածի, ծառը չի պոկելու, քարը չի շուռ տալու։ Ամա թե որ ըստեղ հարիր մարդ ապրի, վեց ամիս չէ, վեց շաբթումն էլ վերանա (ավերակ), կանի սաղ ձորը։ Քոլերը կրակ կտա, ծառերը կկոտրատի, կանաչը կմուռտառի (կապականեի)։ Ես ո՞ր մեկն ասեմ։

Այսպես խոսակցելով մենք անցանք ուրիշ կողմեր, դիտեցինք հինավուրց ջրաղացը յուր հնատարազ շենքով ու կազմությամբ, պտտեցինք գյուղացվոց մի քանի պարտեզներ, որոնք ընկած էին գետի տափարակի ուղղությամբ, նայեցինք դրանց մեջ գտնվող մեղվանոցները, իրենց հնաձև, շաղախապատ փեթակներով, և, վերջապես, նորեն շրջան առնելով՝ բարձրացանք դեպի գյուղը։

— Երեկ, հիշո՞ւմ ես, երբ արևը այրում էր, ահա այս սոսիներին էի ուզում հասնել,— սկսավ խոսել Պետրոսը, երբ մոտեցանք այն դարևանդին, որի վրա քահանայի ցույց տված սոսիներն էին բարձրանում,— այժմ էլ բավական հոգնած ենք, անցնենք այս լանջի վերը և հանգստանանք այդ սիրուն ծառերի տակ։

— Անցնենք,— ասացի ես և ապա դառնալով մեր հյուրընկալին հարցրի. — ո՞րինն են այդ սոսիները։

— Սոսին ո՞րն ա։

— Այ, այս ծառերը։

— Բա էդ չընար ա, դու խի սոսի ես ասում,— հարցրեց նա։

— Հայերեն չինարին սոսի կասեն,— բացատրեցի ես։

— Որ ըտենց ա, բաս չընարը թուրքերեն ա՞։

— Այո ,— հաստատեցի ես։

Գյուղացին գլուխը շարժեց և ապա նորեն դառնալով մեզ՝ հարցրեց։

— Էս մենք որ չընարու անունն էլ հայեվար ասելը գիտում չենք, մեր ճարն ինչ կըլի, հավատաս, քանի գնանք՝ էնքան էվելի հայվան կդառնանք։

— Ինչո՞ւ, բարեկամ, մի բառ չիմանալով՝ մարդ հայվան կդառնա,— հարցրի ես ժպտալով։

— Աղբաթիխեր, էսօր մի բառը կմոռանանք, էգուց էրկուսը, գալ օրն իրեքը, մին էլ էն ա կտեսնես, որ խոսքի կեսը հայեվար ենք խոսում, կեսը՝ թուրքեվար։ Մարդ որ իրա ազգի լեզվով խոսիլը գիտա ոչ հայվան չի, բա ինչ ա։

Ընկերս նայեց ինձ խորհրդավոր հայացքով և հարցրեց.

— Ինչպե՞ս ես գտնում այս գյուղացու կարծիքը։

— Շատ բանավոր,— պատասխանեցի ես. ապա Մուքիին դառնալով՝ նկատեցի,— ինչո՞ւ չասացիր թե՝ ո՞ւմն են պատկանում այս սոսիները։

— Էս սոսիքը Վեդունց Սարգսինն են,— պատասխանեց նա։

— Հապա ո՞րն է նրա տունը,— հետաքրքրվեցա ես։

— Հենց, այ, ծառերից դենը, կտուրն ըստիան էրևում ա,— ցույց տվավ գյուղացին։

— Ի դեպ, այդ Վեդունց Սարգսից մի հարցնենք թե ինչու է քահանային արգիլել յուր որդիքը ուսման ղրկելու,— խոսեց Պետրոսը։

— Անշուշտ կհարցնենք, երևի մի պատճառ է ունեցել, բայց նախ հանգստանանք այս սիրուն ծառերի տակ,— հարեցի ես։

— Լավ կըլի, գնացեք, էդ ծառերի տակը որ նստեք, կմխիթարվեք, ես էլ մի մեր գյումովն (գոմովն) ընցնեմ, էլ շուտ եդ կգամ տուն,— ասաց հյուրընկալը։

— Դու, ուրեմն, չե՞ս գալիս մեզ հետ,— հարցրեց ընկերս։

— Չէ, ձեզ մատաղ, էս անգամ դուք մենակ գնացեք,— պատասխանեց գյուղացին և ճանապարհը ծռեց։

Ըստ երևույթին, նա չկամեցավ ընկերանալ մեզ, վախենալով թե մի գուցե Պետրոսը դարձյալ յուր անտակտ հարցուփորձով ամաչեցնե իրեն Վեդունց Սարգսի առաջ, որի ով լինելը, սակայն, մենք չգիտեինք։

Երբ այս մասին իմ կարծիքը հայտնեցի Պետրոսին, նա ուսերը թոթվելով ասաց,

— Շատ կարելի է… բայց և այնպես, նա ինչու պիտի ամաչի, եթե ես, մինչև անգամ, շատ հիմար բաներ խոսեմ։

— Կամաչի նրա համար, որ դու յուր հյուրն ես։ Չես լսել հայկական առածը թե՝ «գիժը չի ամաչիլ, գժի տերը կամաչի»։

Պետրոսը հառեց աչքերը վրաս, կարծես կամենալով հարցնել թե՝ մի՞թե ինքը այնքան անմտաբար է խոսում, որ ամաչեցնում է նույնիսկ մի հյուրընկալ գյուղացու։

— Այդպես է, բարեկամ,— շարունակեցի ես,— անհամբերությունը վնասում է ամենքին, իսկ քեզ առավել ևս։ Խորհուրդ եմ տալիս չշտապել երբեք կարծիքներ հայտնելու, եթե գիտես դրա համար ժամանակ ունիս դեռ։ Հին փիլիսոփաների պատվերը՝ «քիչ խոսիր և շատ լսիր», ամենից ավելի դու պիտի կատարես։

— Այս անգամ պիտի աշխատեմ բոլորովին չխոսել, միայն թե դու կարողանաս ինձ հետաքրքրող հարցերն առաջարկել այդ գյուղացուն։ Ճիշտն ասած, ես շատ եմ ցանկանում իմանալ թե ինչու նա յուր հարևաններին այդպիսի հետադեմ խորհուրդներ է տալիս։ Ես շատ հայ գյուղերում եմ եղել և միշտ էլ զրույցներ ունեցել գյուղացիների հետ, բայց ինձ երբեք չի պատահել հայ գեղջուկ, որ ուսման և կրթության դեմ խոսեր։ Ընդհակառակն, ամեն մինի փափագը եղել է այն, որ կարողանա ուսում տալ յուր որդուն։ Եվ այդ ես համարել եմ հայ գյուղացու բնավորության համակրելի գծերից մինը։ Այժմ ինձ թվում է թե՝ այդ Սարգիսը, որի մասին խոսում ենք, նախապաշարյալ ապուշին մեկն է լինելու։

— Դու դարձյալ շտապեցիր քո կարծիքը հայտնելու, առանց այդ մարդուն տեսած կամ լսած լինելու,— նկատեցի ես։

— Ով որ ընկերին խորհուրդ է տալիս թողնել որդուն անուսում, նրան կարելի է ապուշ անվանել, նույնիսկ առանց նրան տեսած կամ լսած լինելու։

— Բայց կարող է պատահել, որ այդպիսի խորհուրդ տալու համար մարդ ունենա մի բանավոր պատճառ։

— Բանավոր պատճա՞ռ... խելագարվել ես, ի՞նչ է, մի՞թե կարելի է դրա համար բանավոր պատճառ ունենալ։

— Գուցե այդ Սարգիսն ունի։

— Անկարելի է։ Մի մարդ, որ պաշտպան է հանդիսանում տգիտության, նա չի կարող որևէ ուրիշ պատճառ ունենալ, բացի այն, որ կլինի ապուշ կամ խելագար։ Իսկ այդ Սարգիսը եթե ապուշ չէ, անշուշտ այն ցեցերից մինն է, որոնք այսպիսի անհայտ անկյուններում ապրելով զվարճություն են համարում իրենց համար ժողովրդի միտքն ու հոգին թունավորելը։ Մի՞թե, արդարև, կարելի է ուսման ու գիտության դեմ խոսել, այդ միևնույն է, թե ասես՝ խավարն ավելի դյուրական է, քան լույսը։

— Երբեմն խավարը ոչ միայն դյուրական, այլև ավելի օգտավետ է լինում,— նկատեցի ես ժպտալով։

— Լռի՛ր, լռի՛ր, խելքդ ցնդել է. լավ է, որ ոչ ոք չէ լսում մեզ, այդ իմաստությունը ո՞րտեղից ես ամբարել... — իրար ետևից վրա տվավ Պետրոսը։

— Տեսա՞ր, որ էլի շտապեցհր։

— Հապա ի՞նչ անեմ, միթե խավարը, երբևիցե կարող է դյուրական, կամ օգտավետ լինել մարդուն։

— Իսկ եթե մարդու աչքերը հիվա՞նդ, կամ վնասվա՞ծ լինեն։

— Այդ ուրիշ բան է, դու նյութական լույսի ու խավարի մասին ես խոսում։ Չափազանց պայծառ լույսը, այո, հաճելի չէ լինում վնասված աչքերին։

— Հոգվո ու մտքի աչքերն էլ երբեմն վնասվում կամ հիվանդանում են։

Ուրեմն դրանց էլ հոգեկան կամ մտավո՞ր խավարն է օգնում։

— Եթե չէ օգնում, գեթ, հանգստություն է բերում։ Կան դեղեր, որոնք չեն բուժում սուր ցավ պատճառող հիվանդությունը, բայց առ ժամանակ թմրեցնում են սրա պատճառած կսկիծը։ Հիվանդն այդպիսի դեղը հաճությամբ է ընդունում։

— Այդ մեկի միտքը չեմ հասկանում։

— Այդ էլ կհասկացնեմ Վեդունց Սարգսի կարծիքները լսելուց հետո։

Այսպես խոսակցելով մենք ավարտեցինք դարիվերը և մոտեցանք սոսիներին։ Դրանք հինավուրց ծառեր էին, թվով մի քանի հատ, որոնք իրարից անջատ բուսած էին գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա։ Նրանց վիթխարի բուները բարձ ու գեղուղեշ բազուկներով և լայնատարած ոստերով գրավել էին հարթավայրի մեծագույն մասը։ Սաղարթախիտ ճյուղերի հովանին ծածկում էր ոչ միայն կանաչազարդ տափարակն ու դարևանդի լանջերը, այլև Վեդունց Սարգսի տունը, որ գտնվում էր հարթավայրի արեգընդդեմ կողմը և արտաքինով զանազանվում էր գյուղի հասարակ տներից։ Նա արդեն ուներ ընդարձակ բակ, որի մի մասում զետեղված էին գոմն ու հորթանոցը, իսկ ետևից՝ պտղատու ծառերի մի պարտեզ, որ ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով։

— Ի՞նչ հրաշալի հովանոց է, ճիշտ որ աստվածաշեն,— բացականչեց ընկերս և նստելով փոքրիկ կոճղի վրա, որ դրված էր սոսիներից մինի տակ իբրև նստարան, հանեց գլխարկը, ճակատի քրտինքը սրբելով, շարունակեց,— նստիր, բարեկամ, և բացատրիր ինձ թե՝ ինչու «անտառի լավ տանձը արջն է ուտում»։

— Ո՞ր տանձի և որ արջի մասին է խոսքը,— հարցրի ես՝ նստելով նույնպես կոճղի վրա։

— Ահա այս սիրուն հովանոցի, որ արժանի էր գեղանի մի իշխանուհու սեփականությունը լինելու, բայց որ վիճակվել է մի ապուշ գյուղացու։

— Մի գեղանի իշխանուհո՞ւ. այո՛, իրավունք ունիս,— հարեցի ես ժպտալով,— և, անշուշտ, այնպիսի իշխանուհու, որ լիներ նորատի, քնքուշ և գեղահասակ, գրավիչ դեմքով, կախարդող աչքերով և միևնույն ժամանակ, անմեղ՝ ինչպես հովտի շուշանը և կյանքով լի՝ ինչպես գարնան առավոտը։

— Դրանք արդեն ավելորդ մանրամասնություններ են։

— Հոգ չէ, լսիր։ Եվ այդ գեղեցկուհին ապրում լիներ այստեղ հոյակապ դղյակի մեջ շրջապատված գեղանի նաժիշտներով։ Եվ մի գեղեցիկ օր, դու քո որսորդական հագուստներդ հագած, որսողի մախաղն ու հրացանը ուսիդ, որսկան շունը ետևիցդ ձգած՝ անսպաս կերպով հայտնվեիր այստեղ։

— Կատակդ թող։

— Եվ տեսնեիր, որ այս սոսիների հովանում, շքեղ գահավորակի վրա հանգստանում է դղյակի մանկամարդ տիրուհին, և. Մորփեոսը իր քնաբեր թևերով նինջ է սփռել նրա գեղանի աչերին, իսկ լեռնից իջնող այս առվակը օրոր է երգում նրա ականջին...։ Դու, իհարկե, իսկույն հիացմունքից այլայլված, ետ կքաշվեիր այս բնի ետևը և գողունի հայացքով դիտելով գեղեցկուհուն՝ քեզ ու քեզ կասեիր. — «Օ՛, եթե ես իրավունք ունենայի չոքել սրա առաջ և աղոթել»...Եվ ապա մտածելով, որ դու այդ կարող ես անել, առանց գեղեցկուհուց տեսնվելու և նրանից նախատվելու, կչոքեիր և աղոթեիր…

Քո այդ վարմունքը, իհարկե, կզարմացներ քո շանը և նա յուր այդ զգացմունքը արտահայտելու համար՝ կսկսեր հաչել։ Այդ անսպաս ձայնից կզարթներ գեղեցկուհին և տեսնելով քեզ յուր առաջ ծնկաչոք, բարկացայտ ձայնով կբացականչեր,— «Ով ես դու հանդուգն արարած, որ համարձակվում ես խանգարել իմ մենավոր հանգստությունը»։ Եվ մի ակնթարթում դուրս կթափվեին դղյակից նաժիշտներն ու ծառաները և պարանով կապկպելով քեզ, կառաջնորդեին դեպի դղյակի զնդանը...

— Լավ բավական է։

— Սպասիր, վերջացնեմ։ Հետո, մի սիրուն օր, գեղանի իշխանուհին յուր պարտիզում զբոսնելիս կլսեր, որ մինը երգում է յուր զնդանում մի շատ տխուր, բայց հրաշալի երգ։ Նա հանկարծ կմտաբերեր բանտարկյալ որսորդին, բերել կտար նրան յուր մոտ և մանրամասն հարցաքննելով՝ կիմանար, որ դու չոքել էիր իր առաջ ոչ թե իրեն անարգելու, այլ պաշտելու նպատակով։ Ապա քո արկածներով լի անցյալի պատմությունը լսելով՝ կգորովվեր քեզ վրա, կսիրահարվեր և հետդ ամուսնանալով քեզ յուր սրտի և դղյակի իշխան կկարգեր։

— Ինչի համար է այդ կատակը,— հարցրեց ընկերս, այս անգամ արդեն մի քիչ բարկանալով։

— Նրա համար, որ դու և քեզ հետ էլ շատերն այն երիտասարդներից, որոնք, իրենց ասելով, գիշեր ու ցերեկ ժողովրդի ցավերը դարմանելու վրա են մտածում, որոնց մշտական զրույցը գիտության վերքի խոսքի, բարձր գաղափարների և ազատ մտքերի համար է լինում, չեն կարողանում հանդուրժել, երբ տեսնում են, որ խեղճ արջին մեկը անտառում գտել է մի տանձ և ուտում է, չեն կարողանում ներել, որ այդ սիրուն սոսիները պատկանում լինին մի խեղճ գյուղացու և ոչ թե մի գեղանի իշխանուհու։ Կարծես, բավական չէ, որ այդ իշխանուհի կոչվածները և գեղեցիկ են, և հարուստ, և բախտից գուրգուրված, դեռ նրանք պետք է տիրեն նաև երկրագնդի բոլոր գեղեցիկ անկյուններին։ Կա արդյոք այդ խոսքի մեջ խելք, արդարություն, կամ ազատ մտածություն, որով սիրում եք դուք ամեն տեղ պարծենալ։

— Սպասի՛ր` բարեկամ, դու ասածս չհասկացար, ուստի և իմ վերաբերմամբ արած դիտողությունդ անտեղի է։ Ես, իհարկե, միշտ կցանկանամ, որ երկրագնդի վրա գտնված լավագույն անկյունները, պարարտ հողերը, պտղաբեր հովիտները և այլն, պատկանեն միայն խեղճերին, ճակատի քրտինքով ապրողներին և ոչ թե բախտից երես առած մարդկանց։ Սակայն սոսիների մասին ասածս բացառիկ նշանակություն ուներ, հետևապես և դու ուրիշ կերպ պիտի հասկանայիր։ Ես ուզում էի ասել թե՝ որովհետև Վեդունց Սարգիսը մի խավարամիտ և ուսման ու գիտության դեմ խոսող ու գործող մարդ է, ուրեմն չարժե, որ այս գեղավայրը պատկանե նրան։

— Լավ, ենթադրենք, թե այդպես է, հապա ինչո՞ւ չասացիր թե՝ լավ կլիներ, որ այս սոսիները պատկանեին մեր հյուրընկալ Մուքին, կամ մի ուրիշ, քո կարծիքով ավելի ուսումնասեր գյուղացու, այլ ցանկացար, որ նա լինի մի գեղանի իշխանուհու սեփականություն։

— Ասացի հենց այնպես, առանց մտածելու։

— Ուրեմն ասել ես ավելի անկեղծորեն, քան կարող էիր ասել եթե մտածեիր։ Առաջին դեպքում դու արտահայտել ես քո իսկական զգացմունքը, մինչդեռ երկրորդ դեպքում պիտի աշխատեիր վարագուրել այդ զգացմունքը և ասել այն, ինչ որ, առհասարակ, ընդունված է ասել՝ լուսամիտ և ազատախոհ երևալու համար։

— Սխալվում ես։

— Ինձ համար նշանակություն ունի այն, ինչ որ ասացիր առանց մտածելու։ Մի աշխատիր արդարանալ։ Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ։ Թե դու և թե նրանք, որոնք հրապարակն աղմկում են արդարության և ազատամտության անունով, ստում են միշտ ու կեղծում։ Եվ դուք մեղավոր չեք։ Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել։ Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե այն բարիքները, ինչ որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում։ Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն։ Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»։ Այս ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ։ Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար։ Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան։ Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում։ Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է պատկանում։ Ինչո՞ւ է այս այսպես նրա համար, որ «կաթի հետ» միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր «հոգու հետ պիտի դուրս գան»։

— Դու չափազանցնում ես։

— Չեմ չափազանցնում, այլ ասում եմ ճշմարտությունը։ Եվ այդ դեպքումն էլ, ինչպես ասացի, անպայման չեմ մեղադրում ո՛չ քեզ, ո՛չ քո նմաններին։ Իզուր է աշխարհը հայհոյում հրեաներին, թե նրանք չեն պարապում ծանր աշխատանքով, թե նրանք երկչոտ են, խաբող, վաշխառու և այլն։ Այդ հո իրենք չեն այդպես արել իրենց, այլ աշխարհի բռնապետությունը։ Եթե այսօրվա հրեան, որի նախահայրերը, ըստ Մաքս Նորդաուի, «շիտակ են եղել և հպարտ», փախչում է աշխատանքից, այդ նրա համար է, որ նրա երակներում դեռ վազում է եգիպտացվոց աղյուսե գործարաններում չարաչար աշխատող հրեայի արյունը։ Եթե՝ նա ստում է ու թաքցնում, այդ նրա համար է, որ հրեական արուները խեղդող Փարավոնի և Երուսաղեմի գերյալներն այրող նաբուգոդոնոսորի ներշնչած սարսափը դեռ հալածում է նրան։ Եթե նա խնամում և պինդ է բռնում ոսկու քսակը, այդ նրա համար է, որ նույն ոսկու զորությամբ հին բռնակալների, կատաղությունը մեղմող և խարուկահանդեսների կրակը մարող հրեաների հոգիները դեռ շշնջում են այսօրվա հրեայի ականջին թե՝ «ոսկու մեջ է միայն քո փրկությունը»։ Այս տեսակետից էլ կարող ենք նայել մեր բարոյական շատ թերությունների վրա։ Եթե իրավ է, որ դարերի ընթացքում մեր հայրերն ու պապերը հեծել են անլուր բռնությունների տակ և նրանց թոռներն ու թոռնորդիները շարունակ ծառայել անիրավությամբ ու անարդարությամբ իշխող բռնակալների կամքին, ինչու պիտի զարմանանք, եթե նրանց որդիներից մինը, թեկուզ Պետրոս Մինարյան անունով, այնքան մեծ նշանակություն տա իշխանին, կամ իշխանուհուն, որ մինչև անգամ ցանկանա Վեդունց Սարգսի սոսիները հատկացնել նրանց։

— Եթե իմանամ, թե իմ մեջ խոսել է ստրկամտության հոգին, հուսահատությունից ինձ կսպանեմ։

— Ինչու ես հուսահատվում, դու հո մենակ չես, քեզ նման հազարավորները կան։ Բացի այդ, ես քեզ կարող եմ մխիթարել նաև մի ուրիշ բացատրությամբ։ Այդ այն է, որ մարդ արարածը, որքան էլ որ զարգանում է և գիտության լույսով լուսավորվում է, այսուամենայնիվ, նա իր մեջ դեռ կրում է բնազդներն այն հին մարդի, որը վայրենության դարաշրջաններում ապրելով՝ վախենում էր փայլակից ու որոտից, որ ստեղծում էր յուր համար գերբնական և անտեսանելի ուժեր ու նրանց երկրպագում ու զոհում։ Այն ժամանակներից սկսած մարդը սովորել է հպատակել գերազանց ուժին և նրա վրա նայել հիացմունքով։ Այդ հպատակության ու հիացման մեջ նա գոհություն է գտնում, և շատ տկարամիտներ, մինչև անգամ, անհանգստանում են, երբ տիրող կամ բռնացող ուժը վերանում է մեջտեղից։ Այդ առաջ է գալիս նրանից, որ տկարամիտը վախենում է թե՝ մի գուցե ազնվատոհմ գազանի տեղը բռնե իրեն հավասար մի ոչխար... Ես տեսել եմ զարգացած և ինքն իրեն ազատախոհ համարող մարդ, որ դառնացել ու սրտմտել էր իմանալով, որ սեփական աշխատասիրությամբ հառաջադիմող անտոհմիկ մի գավառացի գնել է Թիֆլիսում՝ անհաշիվ շռայլությամբ հոր գույքը վատնող մի իշխանի կալվածքը։ Նա սրտմտում էր ոչ թե նրա համար, որ իշխանը շվայտ էր կամ անառակ, այլ նրա համար, որ անտոհմիկ գավառացին տիրում է իշխանական կալվածքին։ Ուրեմն զարգացած մարդը չէր մեծադրում աշխատասիրությունն ու գործունեությունը, որովհետև նա այդ տեսնում էր անտոհմիկ գավառացու մեջ, չէր էլ գարշում անառակությունից ու շվայտությունից, որովհետև դա յուր աչքում մեծ համարվող իշխանի ունակությունն էր։ Այսպիսով, ուրեմն, այդ զարգացած մարդու մեջ միաժամանակ գործում էին՝ թե նախկին վայրենի ստրկական բնազդը և թե գռեհիկ նախանձը, որը թույլ չէր տալիս նրան ծագումով իրեն հավասար գավառացուն տեսնել իշխանական կալվածքի տեր։ Այս տեսակետով էլ ես բացատրում եմ քո արտահայտած ցանկության միտքը։ Պետրոսը լուռ էր և չէր պատասխանում։ Նա, երևի, որոճում էր իմ ասածները՝ նրանց մեջ հերքելի կետեր գտնելու համար։ Բայց երբ ես հարցրի՝ համաձա՞յն ես ինձ հետ, թե ոչ, նա պատասխանեց.

— Քո ենթադրությունները վիճելի կետեր շատ ունին, բայց որպեսզի մեր խոսքը չերկարի, ես առարկություն չեմ անում, այդ մասին կխոսենք ուրիշ ժամանակ։ Այժմ դեռ այցելենք սոսիների տիրոջը։

Այս ասելով՝ նա վեր կացավ տեղից։ Ես ևս հետևեցի նրան։

Դ

Վեդունց բակը մտնելով՝ մենք ոչ ոքի չպատահեցանք։ Այդտեղ լռություն էր տիրում։ Եթե գոմի դռան մոտ կապած ուլը չլիներ, որը թե առջևի թափած խոտը ուտում և թե մեզ էր նայում, այլև պառավ, ուժազուրկ շունը, որ սրահի շքարանից ելնելով՝ մի երկու բերան ծուլաբար հաչեց և ապա նորեն բակի մեջ ընկած հին սայլի տակը մտավ, մենք կկարծեինք, թե այս տան մեջ կենդանի շունչ չկա։ Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այդ հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն էին բռնում, տունն էլ, ըստինքյան, գրավում էր ընդարձակ տեղ և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով։ Նա բաղկացած էր մի մեծ, բարձրաշեն օդայից և երկու ուրիշ, նույնպես բարձրադիր սենյակներից։ Նրանց մեջտեղում գտնվում էր ընդարձակ, սյունազարդ սրահ։ Վերջինի սյուները տաշված էին կաղնու հաստ գերաններից և ունեին, մինչև անգամ, խոյակներ, որոնք թեպետ ծխից ու հնությունից սևացած, այսուամենայնիվ, իրենց վրա կրում էին հյուսնի ձեռքերի ճարտարության նշաններ, այն է զանազան քանդակներ, որոնք ներկայացնում էին կենդանիներ, բույսեր և այլ նկարներ։ Բակի, գոմի և հորթանոցի ընդարձակությունը ցույց էր տալիս, որ այդ տունն ունեցել է մի օր բազմաթիվ անասուններ։ Իսկ թոնրատան՝ տնից հեռու գտնվելը, արդեն ապացույց էր. որ Վեդունք շեն օջախ լինելով՝ միշտ ունեցել են հյուրեր, որոնց ծխից ազատ պահելու համար թոնիրը ոչ թե ուրիշների պես տան սրահում, այլ բակի մի անկյունումն են զետեղել։ Չնայելով այս բոլորին, այսուամենայնիվ, երևում էր՝ ոչ միայն նախկին կյանքը չէր եռում այդ տան մեջ, այլև մի ավերիչ ձեռք ծանրացել է նրա վրա։ Որովհետև տան կտուրը մի կողմից արդեն ծռվել էր, իսկ բաշերի հողը մի քանի տեղ թափվել։ Երկու սենյակների պատուհանները մեծ մասամբ ապակիներից զուրկ՝ ծածկված էին ձեթած թղթով, գոմի դուռը կրնկահան եղած ընկած էր պատի տակ, իսկ հորթանոցը, մինչև անգամ, զուրկ էր այդ բանից։

— Այստեղ մարդ չէ երևում, վերադառնանք,— ասացի ընկերոջս։

— Չէ, թող մի անգամ էլ հնչակը քաշենք, գուցե մեկը երևա,— պատասխանեց նա։

— Հնչակը ո՞րն է,— հարցրի ես զարմանալով։

— Գյուղացու հնչակը, չգիտե՞ս, սա է, այ, տես՝ ինչպես լավ է հնչում։ — Այդ ասելով նա գետնից մի քար վերցրեց և նետեց սայլի տակ պառկած շան վրա։ Վերջինս վեր կացավ տեղից և այս անգամ սկսավ հաչել ավելի աշխույժով։ Մի քանի րոպեից, արդարև, օդայի դուռը բացվեցավ և այդտեղից դուրս եկավ աղքատ հագնված մի պառավ, որը հուշիկ հառաջանալով, մոտեցավ ու կանգնեց սրահի սյուների մեջտեղը։ Սա մոտ վաթսուն տարեկան կին էր, միջահասակ ու վտիտ մարմնով, խորշոմած երեսով, կկոցված աչքերով՝ բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ։

Տեսնելով մեզ բակում, նա ձախ ձեռքով հովանի արավ աչքերին՝ կարծես, աշխատելով ճանաչել մեզ և ապա հարցրեց.

— Ո՞ւմ եք ուզում։

— Վեդունց Սարգսի տունը սա՞ է,— հարցրի ես, իբր չճանաչելով։

— Հա, էս ա,— պատասխանեց պառավը։

— Սարգիս ապերը տա՞նն է։

— Հրեն բախչումը (պարտեզ) ծառի տակ բհում (փորում) ա։

— Բախչան ո՞րտեղից գնանք,— հարցրի ես։

— Այ, կյումի կողքով վեր անցեք, դուռն ընտի ա,— հայտնեց պառավը։

Հազիվ թե մենք շուռ եկանք, նա ավելացրեց,

— Ամոթ չըլի հարցնիլը, դուք հո՞վ եք։

— Օտար մարդիկ ենք, եկել ենք ձեր գյուղը տեսնելու. — – ասացի ես։

— Բա որդիան եք գալի,— հետաքրքրվեց նա։

— Շատ հեռու տեղից,— պատասխանեցի ես։

— Էլ հա, հո աշխարհքի էն ճնդիցը (ծայրիցը )չեք գալի, մին ասացեք տեսնամ՝ ո՞ր շհարից եք։

— Ես Թիֆլիսից եմ գալի, իսկ իմ այս ընկերը՝ Մոսկովից։

— Դու Թիֆլիսից ես գալի, վա՛յ, քե մատաղ ըլեմ, բա խի՞ շուտ չես ասում... — Այս խոսքերով պառավը մոտեցավ և ձեռքը տալով ինձ ողջունեց այնպես սիրով, որ ասես թե, յուր քեռորդուն, կամ որևէ հարազատին էր պատահել, և ապա հարցրեց. — Մի ասա, քե մատաղ, մեր Վանուն էլ (Հովհաննեսին) տեսար։

— Ձեր Վանո՞ւն... կներես, նանի, չեմ ճանաչում,— ասացի։

— Ճանաչում չե՛ս... բա մեր Վանուն արարած աշխարհը ճնաչում ա, էդ ո՞նց ա, որ դու ճնաչում չես։

— Ո՞րտեղ է լինում։

— Սուդումն ա ըլում, քե մատաղ, ատվակատ ա, գողերին ու մարդասպաններին նա ա Սիբիրից ազատում։ Դու խի՞ չես ճնաչում։

Պառավի վերջին տեղեկությունը օգնեց հիշողությանս։

— Այո՛, այո՛, ճնաչում եմ, այնտեղ նրան Վեդով են ասում։

— Հա, քե մատաղ, ո՞նց ա, սաղ, սալամա՞թ ա։

— Տեսել եմ, նանի, շատ առողջ է, միամիտ եղիր,— ապահովացրի պառավին։

— Մատաղ ըլեմ քո աչքերին, էս ա՝ հինգ տարի ա, երեսը տեսել չեմ… քոռանա ինձ նման մերը,— ասաց պառավն ու լացակումեց։

— Ինչո՞ւ չես տեսել, այստեղ չի՞ գալիս,— հարցրեց Պետրոսը։

— Չէ, քե մատաղ, գալիս չի։ Ասում ա՝ գամ գեղումն ինչ շինեմ։ Ասում եմ, որդի, եկ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ, եկ, որ ամեն օր էրեսդ տեսնեմ, բոյիդ բուսաթիդ յաշեմ… Ախր աչքումս մազ ա կանաչել, որ քե էդ օրին եմ հասցրել... Ասում ա, նանի, ասիլ մի, էդ ըլելու բան չի։

Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի խորշոմած դեմքի վրա։ Նա գլխափաթաթի ծայրով աչքերը սրբեց.

— Ինչու ես լաց լինում, նանի, որդիդ, փառք աստծո, ողջ առողջ է, գործն էլ հաջողակ, քո ուզածն էլ այդ պիտի լինի,— սիրտ տվի ես պառավին։

— Հա, քե մատաղ, բա ի՞նչ ա. որտեղ ըլում ա ըլի թաքի (միայն թե) սաղ ըլի... Ի՞նչ անեմ, թե ես ըստի իրա կարոտը քաշում եմ… — պատասխանեց պառավը, աշխատելով յուր վիշտը ծածկել։ Բայց մի փոքր հետո ավելացրեց,— Շատ վախտ ա գիր չենք ստացել, աստված պահի քե, որ իմ Վանուցը խեր խաբար (բարի լուր) բերիր… — Ապա տեսնելով, որ ընկերս շարժվում է դեպի առաջ, ասաց,— կուզե՞ք, ըստի էյվանումը նստեցեք, ես գնամ մեր հալևորին կանչեմ։

— Չէ, նանի, մի նեղանար, մենք ինքներս կերթանք, ձեր բախչեն էլ կտեսնենք,— ասացի ես և ողջունելով պառավին, առաջ անցա Պետրոսի հետ։

— Այս ի՞նչ հանելուկ է,— հարցրեց վերջինս, երբ մենք հեռացանք։ — Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ է տալիս անուսում թողնել իր չորս որդիներին, մինչդեռ ինքն յուր որդուն բարձր կրթություն է տվել և փաստաբան շինել։

— Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր էլ համբերենք՝ ծերունուն լսենք,— պատասխանեցի ես։ Պետրոսը ոչինչ չխոսաց, և մենք միասին պարտեզ մտանք։

Դա մի ընդարձակ տարածություն էր, որի մեծ մասը ծածկում էին մի քանի շարք պտղատու ծառեր, այն է՝ խնձորենիներ, տանձենիներ, սալորենիներ և սերկևիլներ, ամենքն էլ, գրեթե, պտուղներով ծանրաբեռնված։

Պարտեզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով կապած փորում էր կիսաչոր մի դեղձենու շուրջը։

— Անշուշտ սա է Վեդունց Սարգիսը,— ասացի ես Պետրոսին և նրա հետ միասին առաջացա դեպի նրան։

Սա հաղթանդամ, բարձրահասակ, բայց մի փոքր կորաքամակ ծերունի էր, մոտավորապես յոթանասուն տարեկան։ Թաշկինակով կապած գլխի շուրջը մազ չէր երևում, բայց ընչացքն ու կարճ մորուքը բոլորովին ճերմակ էին։ Նրա դեմքի արտահայտությունը խիստ էր, բայց ոչ չար, իսկ աչքերը, թեպետ ծածկված թավամազ հոնքերով, սակայն ցոլացնում էին խելք և բարություն։ Նա հագած էր կոշտ կտավե շապիկ՝ կապույտ նաշուրի օձիքով, իսկ դրա վրայից՝ սև ղադաքի, մի հնամաշ արխալուղ։ Վարտիքը, որ կարած էր գյուղում գործված բրդե շալից, ուներ նույնպես մի քանի կարկատան և սրունքների մոտ սեղմված էր սև տոլաղներով։ Ոտքերին ամրացրած էին հասարակ կաշվի տրեխներ, իսկ մեջքը սեղմած սև կտավի մի գոտիով։

Նշմարելով մեզ մի քանի քայլ հեռավորության վրա, նա իսկույն գործելուց դադարեց և բահը դեղձենու բնին հենելով առաջացավ դեպի մեզ։

— Բարի աջողում, Սարգիս ապեր,— ասացի ես առաջին անգամ և մոտենալով, ձեռքս պարզեցի դեպի ծերունին։

— Ա՛յ, աստծո բարին, բարով եք եկել,— պատասխանեց նա ժպտալով և յուր կոշտ աջով մեր ձեռքը թոթվելուց հետո շարունակեց,— հավատաս (երևի), դուք եք Սհարանց Մուքու ղոնաղները։

Ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ մի օր առաջ հյուրեր են եկել Սհարենց Մուքու տունը, և մեզ, ահա այդ անունով էր ընդունում ծերունին։

— Այո, Սարգիս ապեր, մենք ենք։

— Բարով եք եկել, հազար բարով, կըլի որ լավ բանի հմար ըլեք եկած, աստոծ աջողի։

— Մի առանձին բան չունինք, հենց ման գալու համար ենք եկել։

— Ինչ որ ա, բարի ըլի։ Աշխարհի շառն (չարն) էնքան շատացել ա, որ մարդ ջուր խմելու հմար էլ թե տեղիցը վեր կենա, պտի աստոծ կանչի, որ բարի ըլի։ Ձեզանից ո՞րն ա Մինարենց Ակոբի տղեն։

— Ես եմ,— պատասխանեց Պետրոսը։

— Հա , քու հերը լավ մարդ ա, լավ էլ հայ ա, ղադրը (երախտիքը) գիտում ես, պատիվ ես տալի։

— Ինչպե՞ս կարող եմ պատիվ չտալ, քանի որ նա իմ հայրն է։

— Ի՞նչ գիտամ, էս այամումը ըսկի որդին հորը ճնաչում չի։ Էդ շլապեն ում գլխին տեսնում եմ, հենց գիտում եմ հոր տանիցը՝ ջուդա ընկած (տարագիր եղած) ա։

— Չէ, ես ծնողներիս շատ եմ սիրում և հենց նրանց տեսնելու համար է, որ Մոսկովից վեր եմ կացել, եկել։

— Հա՞, որ ըտենց ա, շատ ապրես, աստոծ պահի քեզ. բարի ժառանգ ըլես. — օրհնեց ծերունին և ապա դառնալով ինձ՝ հարցրեց,— կբաշխես, քե ճանաչում չեմ, դու ումա՞նցից ես (որոնցից)։

— Ես էլ տեր Օվանեսի թոռն եմ,— պատասխանեցի ես։

— Ասատուրի տղե՞ն։

— Այո։

— Դե շուտ ասա, հեր օրհնած, ախր քու ողորմած հոգի հերը իմ տան լավ բարեկամն ա լել, առանց իրար թիքա չենք կտրել։ Քանի-քանի անգամ էս բախչումը նստել, քեֆ ենք արել, քանի անգամ մեր չինարուցը տակին զուռնա-ղավալով մարաքա ենք սարքել… Օղորմի քո հոգուն, Ասատուր... ասում էր, ա Սարգիս, էս չնարիքը, որ քունն ա, լավ կըլի որ տանդ գլխին մին ատած (հարկ) էլ շինես ու առաջը լեն ու բոլ մի թախտապանդ (պատշգամբ), ընենց ըլի, որ չինարուցը ճղները կռանան թախտապանդի վրեն շուք անեն։ Էն չախը (ժամանակ), ասում էր, տունդ ամարաթի (պալատի) նման մի բան կդառնա, հենց որ թախտապանդին նստես, էն սարերին մտիկ տաս, յա չէ սարինն (զովը) ընկած վախտը ընտի մի ստաքան չայ խմես, հենց կիմանաս, թե դրախտումն ես։ — Եվ, իրավ, լավ է ասել, մեզ էլ հենց այսօր ձեր չինարիքն են բերել այստեղ։ Ափսոս չէ, որ այդ գեղեցիկ ծառերի առաջ դուք երկհարկանի մի տուն չունիք,— հարեցի ես։

Ծերունին նայեց ինձ վրա քննական հայացքով, կարծես ստուգելու համար թե՝ արդյոք յուր սիրտը ցավեցնելու համար ասացի այս խոսքերը։ Բայց ես, իհարկե, ասել էի միամտաբար, առանց իմ խոսքերին մի առանձին նշանակություն տալու։ Սակայն հետո իմացա, որ դրանք ծերունու սիրտը խոցած պիտի լինեին։

— Լավ ես ասում, որդի, լավ կըլեր, որ շինի, ամա ինչ անես, որ…

— Հա, ինչո՞ւ չշինեցիր։

Ծերունին փոխանակ պատասխանելու, նայեց յուր շուրջը, ապա դառնալով մեզ ասաց.

— Էս խի ենք ըստի կաղնել, գնանք էյվանումը թախտի վրեն նստենք, եդո կխոսանք։ Կբաշխեք, մարդ որ ծերանում ա, մարիֆաթով (քաղաքավարությամբ) ժաժ գալն էլ ա մոռանում... գնանք, ըսենց կաղնած կնեղանաք։

— Չէ, Սարգիս ապեր, այստեղ ավելի լավ է, այ, այս սիրուն ծառի տակը կնստենք,— ասացի ես։

— Լավ, որ ըտենց ա, թող մի խալիչա բերեն... Ախչի, հե՛յ, ա Սավգյուլ, մի խալիչա ղրկի ըստեղ,— ձայն տվավ ծերունին դեպի տան կողմը։

Մի քանի րոպեից հետո, մի փոքրիկ, աղքատ հագնված աղջիկ, մի հին գորգ քաշ տալով բերավ փռեց ծերունու ցույց տված տեղը։ Վերջինի հրավերով մենք նստանք գորգի վրա։

— Հա, ասում ես թե՝ խի չշինեցիր,— շարունակեց ծերունին ընդհատված խոսակցությունը,— լավ ես առում, որդի, որ շինած ըլեի, հմի էս ա որ եկել եք, կտանի ու կնստեցնի ձեզ էն հովահար թախտապանդումը ու մի թիքա հաց կդնի առաջներիդ... ամա դե կարացի ոչ...

— Երևի փող չունեիք,— հարցրեց Պետրոսը։

— Փո՞ղ... ընչի չունեի, փող էնքան ունեի, որ մի ատաժ չէ, երկուսն էլ կշինեի։

— Հապա ինչո՞ւ չշինեցիր,— հետաքրքրվեցա ես։ Նոյի ագռավը չթողեց, որդի, նոյի ագռավը։

— Նոյի ագռավը։

— Հա՛։

— Ո՞րն է Նոյի ագռավը,— հարցրի ես զարմանալով։

— Նոյի ագռավը գիտում չես՝ որն ա։

— Ոչ։

— Բաս դու սկի հուսումնարանում կարդացել չե՞ս։

— Կարդացել եմ։

— Դե, էն ա՝ վարժապետը ասած կըլի, թե հով ա Նոյի ագռավը, էլ խի ես ասում՝ գիտում չես։

— Ջրհեղեղի ժամանակի Նոյի ագռավն ես ասում։

— Հա , բա էլ ուրիշ ի՞նչ նոյի ագռավ կա։

— Այն ագռավն է, որ չի թողել քեզ տունդ շինելու։

— Հա՛, հենց համին (իսկ և իսկ) էն ագռավը։

Ես դժվարությամբ էի ծիծաղս զսպում, իսկ Պետրոսը արդեն քահ-քահ ծիծաղում էր։

— Խի՞ ես ծիծաղում, որդի,— հարցրեց ծերունին ընկերիս։

— Հապա ինչ անեմ, որ չծիծաղեմ, ասում ես՝ նոյի ագռավը չի թողել, որ տունդ շինես։ Առաջինը ագռավը ոնց կարող է արգելել քեզ քո տունը շինելու, երկրորդ՝ Նոյի ագռավը մինչև այսօր ապրո՞ւմ է, որ քեզ արգելի։

— Բաս չի՞ ապրում։

— Իհարկե, ոչ։

Ծերունին ժպտաց։ Սակայն նրա այդ ժպտի մեջ այնքան ծաղր կար, ուղղված դեպի ընկերս, որ ես չկարողացա իմ հետաքրքրությունը զսպել։

— Բացատրիր, աղաչում եմ, ի՞նչ ագռավ է այդ, կամ ո՞ւմն ես դու ագռավ անվանում,— խնդրեցի ես։

— Առաջ դու ինձ ասա՝ էդ ագռավի պատմությունը գիտո՞ւմ ես, թե չէ։

— Ինչպե՞ս չէ։

— Դե պատմիր։

— Ի՞նչ պատմեմ, ջրհեղեղի պատմությո՞ւնը։

— Չէ, էդ ես քեզանից լավ եմ իմանում։ Չասես թե` Սարգիս ապերը գեղացի ա, զատ չի գիտալ։ Վանքումը իրեք տարի կարդացել եմ, իրեք տարի էլ կեսդերություն (տիրացություն) եմ արել։ Աստվածաշունչը երկու անգամ անց եմ կացել (կարդացել եմ)։

— Ուրեմն միայն ագռավի պատմությո՞ւնն ես ուզում։

— Հա՛։

— Էհ, նա մեծ պատմություն չունի։ Երբ Նոյի տապանը Արարատ սարի վրա կանգնեց, այդ ժամանակից քառասուն օր անցած՝ Նոյը տապանի պատուհանը բացավ և դուրս թողեց ագռավին, որպեսզի իմանա, թե ջրերը ցամաքել են, թե ոչ։ Բայց ագռավը գնաց, ետ չդարձավ։

— Խաբար չբերե՞ց Նոյին։

— Այո՛։

— Բա խի՞ ետ չդարձավ։

— Հայտնի չէ. դրա համար աստվածաշնչումը բան չկա գրած։

— Գիտում եմ բան չկա գրած, ամա դու ի՞նչ ես փիքր անում, խի ետ չեկավ։

— Ագռավը ծանրամարմին թռչուն է, երևի շատ թռչելուց հոգնելով՝ ընկավ ջրի մեջ ու խեղդվեցավ,— հարեց Պետրոսը։

— Հը՞... — ժպտաց ծերունին,( էդ ա ձեր հուսումնարանումը ըդենց խամ են թողնում ձեզ, է՛, ագռավը խեղդվո՛ղ ջանավար (գազան) ա։

— Ապա, ձեր կարծիքով, ինչո՞ւ չվերադարձավ,— հարցրի ես։

— Նրա համար, որ քերձերի գլխին, յա չէ, սարերի դոշին մարդի, յա հեյվանի ջամդաք (լեշ) տեսավ, վրան ընկավ ու սկսեց լափիլը։ Խի, ագռավը մտածելու էր, թե ընտեղ տապանումը Նոյը, աչքը ջուր կտրած (ակնկառույց)՝ իրան ա ըսպասում։

— Կարելի է` այդպես է։

— Ոչ թե կարելի ա, հենց դրուստ էս ա որ ասում եմ։

— Թող այդպես լինի, միայն ասա տեսնենք՝ այդ ագռավն ինչպես արգելեց քեզ քո տունը շինելու,— հարցրի ես։

— Ինչպե՞ս արգելեց, մի քիչ մաջալ (միջոց) տու, ասեմ։

— Այս խոսքերով ծերունին գլխի թաշկինակը հանեց և կոշտ ձեռքով ճաղատ գլուխը շոյելով ու զովացնելով՝ շարունակեց.

— Գիտո՞ւմ եք, ի՞նչ կա։ Աշխարհումս առանց աստծու բան լի ըլում։ Ըսկի տերևն էլ ծառիցը տափը չի ընկնում։ Հալբաթ էս էլ աստծու կամքն էր, որ ըսենց ըլավ։

Ծերունին դարձյալ լռեց, ապա նորեն գլխի թաշկինակը կապելով շարունակեց։

— Ինչ որ պտի պատմեմ, հնուց բան ա, կըլի որ քսանհինգ տարի ըլի, յա չէ էրսուն, էն չախը ես հլա բաբաթ (բավական) ջահել ի։ Մի օր Օսեփ վարդապետը եկավ մեր տուն։ Օսեփ վարդապետի անումը լսած կա՞ք,— հարցրեց ծերունին։

— Ո՛չ,— պատասխանեցի ես։

— Հա, լսած չեք ըլի, դուք ջահել եք։ Նրա մեռնիլը, հավատաս, տասը յա տասներկու տարի ըլի։ Աստոծ հոգին լուսավորի, արդար մարդ էր, ասիլ (ազնիվ) հոգևորական։ Վանքի վանահայրն էր. շուտ-շուտ կգար մեր տուն. կնըստինք էս ծառերի շուքումը, զրից կանինք։ Օղորմած հոգի քու հերն էլ շատ կսիրեր նրան։ Էն ա մի օր եկավ տեսավ, որ գերաններ եմ բերել տվել, որ տախտակ քաշել տամ. գեղականի հետ էլ խոսում եմ, որ քար ու կիր բերի։ — Ա՛ Սարգիս, ասեց, էդ ընչի համար ես թադարիք (պատրաստություն) տեսնում։ — Հայր սուրբ, ասեցի, ծառա եմ քե, ուզում եմ տանս գլուխը շինել տալ։ Մեր աղա Ասատուրն էլ ա խորհուրդ տալի։ Ես էլ տեսնում եմ, որ լավ կըլի։ Ափսոս ա, որ էս լաչին (գեղուղեշ) չնարուցը առաջին երկու ատաժանի մի տուն չըլի, որ եկող գնացողը նրա հովհար թախտապանդումը նստի, մի սհաթ էլ ա քեֆ քաշի։ Էս խոսքի միջումը մեր Վանին հորթի եդից վազելով՝ եկավ, որ մեր մոտիցը անց կենա՝ թե ինչ ա, հորթի առաջը կտրի, բռնի ու վրեն նստի։ Էն չախը նա հլա տասը տարեկան էր։ Էն ա հայր սուրբը րեխի ձեռքը բռնեց ու ասեց.( ա Սարգիս, գիտաս ի՞նչ կա, տանդ գլուխը մի շինիլ. այ, սրա գլուխը շինիր։ Էն փողը, որ խարջելու ես, թե ինչ ա՝ տանդ վրան մի ատաժ ավելացնես, լավն էն ա, որ խարջես ու էս րեխի գլխումը ուսում ու գիտություն մտցնես։ — Ասեցի՝ հայր սուրբ, րեխին հո անուսում չեմ թողնիլ. մի քիչ վախտից եդը վանքը պտեմ ղրկիլ, որ լավ կարդալ սովրացնես։ Վա՛յ ինձ, հենց գիտում ի թե՝ հայր սուրբը նրա համար ա ասում, որ րեխին իրա մոտ ղրկեմ, հինչ ա մեզանե խերվի (օգտվի)։ Ամա օղորմած հոգին պատասխանեց. — ա Սաք, ասեց, ես ի՞նչ հուսում յա գիտութին ունեմ, որ դրան ինչ տամ։ Հրեն ղարկի Թիֆլիս, գիմյազումը կարդի, լավ հուսում ստանա։ Ընդիան եդն էլ ղրկի Մոսկով, յա չէ Պետրպոլկ, որ ունիվերս մտնի, ընտեղի մեծ հուսումն էլ առնի, փիլիսոփ դառնա։ Էն չախը կգա, էս գեղի միջումը մին հատ մարդ կըլի։ Համ իրա ձեռովը տանդ գլուխ կշինի, համ էլ միջումը հուսումնարան կբանա, խեղճ են էս գեղըցիքը, խավար մնացել են, խավար էլ պտի մեռնեն, սրանց րեխեքը կհավաքի, հուսում կտա, ու մի քանի տարեն ետը սաղ գեղը կլուսավորի։ Էս բանը համ աստծուն դուր կգա, համ բանդին (մարդկանց )։ — Հայր սուրբն էս որ ասեց, խելքումս նստեց։ Ասեցի, հայր սուրբ, լավ ես ասում, թող տանս գլուխը հին մնա, ինձ հո՞վ ա տնազ անելու (ծաղրելու), թաք ըլի՝ իմ Վանու գլուխը զարդարվի։ Ասենք, ինչ մեղքս ծածկեմ, ես էլ հենց էն գլխիցը հուսում ի ու գիտության գերի էի։ Երբ մի հուսումնական մարդ կգար մեր գեղը, ում տան էլ որ վեր գար, կգնայի զոռով ղոնաղ կբերի մեզ մոտ, թե ինչ ա, աշխարհի էն լավ-լավ բաներիցը մին էրկու բերան խոսա, լսենք, բան իմանանք։ Մեր հայր սուրբը մի լավ Չամչյան ուներ։ Նրա համար շուտ-շուտ վանք կգնայի, թե ինչ ա, կշտիս նստի, մին-մին գլուխ կարդա։ Էն Հայկի, Արամի, յա չէ Վարդան զորավարի լավ-լավ պատմութինը, որ կլսի, հոգիս կմխիթարվեր։ Շատ վախտ էլ սիրտս էն հանգի կլցնվեր, որ լաց կըլեի, ու արտասուքս ջրի նման կթափվեր։ Ինչ երկարացնեմ, տեսա, որ հայր սուրբի խորհուրդը լավն ա, վճռեցի որ տանս շինությունը թողամ ու րեխին Թիֆլիս ղըրկելու թադարիքը տեսնամ։ Երբ որ էս բանը մեր տնացուն (կնոջը) ասեցի, քիչ մնաց, որ խեղճը խելքիցն ընկնի։ Ինչ լաց, ինչ շիվան, ինչ գլուխ թակիլ։ Ա մարդ, ասում ա, էդ խի ըտենց անաստոծ բան ես բռնում, բա, մենք ճար ու ճրագ մի տղա ունենք, էն ոնց վեր ունինք, ղրկենք ղարիբ տեղ ու մենք երկու հոգի, մնանք ըստի բայղուշ. — ա կնիկ, ասում եմ, տղին հո ծախում չենք, ղրկում ենք, որ հուսում առնի, մարդ դառնա ու էլ նոր եդ գա, մեր օջախը լուսավորի։ Ղորթ ա, էս ասում ի, ամա մեր օղլուշաղին (կնոջը) էլ ղնամիշ անիլ (մեղադրել) չէր ըլիլ։ Ախր աստոծ մեզ չորս րեխա էր տվել ու էլ ետ իրեքին տարել, մին էդ էր մնացել, որ դիփունանցից պուճուրն (փոքրն) էր։ Ի՞նչ մեր ըլեր, որ լսեր, թե իրա մինուճար րեխին ուզում են ձեռիցը խլել, ջանը կրակը չգցեր, որ տանեն։ Կնիկարմատը, ղորթ ա, խելքը կարճ ա, ամա սիրտը բարակ ա, ըսենց ցավին դժվար ա դիմանում։ Նրա համար լավ ա, որ իրա տղան սաղ սալամաթ իր աչքի առաջը կանգնած ըլի, թեկուզ հենց չոբան (հովիվ), յա հորթարած ըլի, քանզ գնա, երկրե երկիր, հուսում առնի, յա փիլիսոփա դառնա։ Ամա դե ես տնացոց լաց ու շիվանին մտիկ չարի, իմ թադարիքը տեսա ու Վանին իմ ձեռքովը տարա Թիֆլիս, թափշուր արի (հանձնեցի) մեր կնքավորի տղին։ Նա էլ ընտեղ լավ վաճառական էր, ծանոթ բարեկամ ուներ, րեխին պատրաստել տվավ ու մի տարեն եդը գիմյազը տվավ, որ րեխան գշեր-ցերեկ ընտեղ մնա, համ էլ կարգի։

Էդ օրից դենը Վանին դառավ իմ դարդն ու ղեիդը (ցավն ու հոգսը)։ Ղորթ ա, րեխին սաղ սալամաթ թողեցի եկա, ամա օր ու գիշեր հենց նրա վրեն ի մտածում։ Յարաբ, ասում ի, րեխաս հո չմրսեց, յա չհիվանդացավ։ Յարաբ, յադի (օտար) տանը րեխի սիրտը հո չկոտրվեց։ Ես որ մինն ասեմ, ինսան ենք, էլի՞, մտածմունքը աստոծ մեզ ա տվել։ Ամա ինչ որ նրա մերն էր անում, բերանով ասվիլ չի ըլի։ Խեղճը ոչ գիշեր քուն ուներ, ոչ ցերեկը ղարար (հանգստություն)։ Տափը, ասես, տեղ չէր տալի, որ նստի, էն ա ամեն մի ներս ու դուրս անիլով ընենց էր ախ քաշում, որ ասես ջիգյարը պոկ ա գալու։ Րեխի սիրած շունը, որ տեսնում էր, թե հոտոտելով դեսուդեն ա գնում, ասում էր Ղաթար, Վանու՞ն ես մանգալի, ըստի չի, քե մատաղ, էն ա՝ օխտը սարի քմակին, ասում էր ու լաց ըլում։ Նախիրը որ հանդումը եդանում էր, հորթերը բռանչում ին, ասում էր. — ջա՛ն յարաբ իմ րեխեն էլ ձեզ նման անսեր մնացած բռանչո՞ւմ ա, ու ձենը լսող չկա... Եփ որ մտնում էր էս բախչեն հու տեսնում ծառերը տանձ ու խնձորով լիքը, ասում էր — ձեր աչքը քոռանա, էդ ո՛ւր եք ըդենց կանանչ-կարմիր լցվել, ճռնքոտել (ծանրաբեռնվել), ախր որ Վանին ըստի չի՞, խի՞ չեք չորանում, վեր թափում։ Խուլասա (վերջապես) ես որ մինն ասեմ։ Շատ վախտ էլ ականջներս ծածկում ի հու փախչում, ինչ ա խեղճի լացն ու արտասուքը չտեսնեմ։ Գիտո՞ւմ եք, ծնող ըլիլը հեշտ բան չի. րեխի տեր պտի ըլեք, որ էս ցավը քաշեք հո։ Իմանաք, թե ինչ դժար բան ա։ Ամա դե ես էլի դիմանում ի. րեսանց րևցնում չի, հլա Սավգյուլին էլ սիրտ ի տալի, ասում ի, աղջի, ըտենց վրվթալ (մրմնջալ) մի։ Էս ա՝ րեխան հուսումը կպրծնի կգա. էնչախը ուրախութինդ տասնապատիկ կըլի։ Ղորթ ա, հմի նեղութին ես քաշում, ամա դե էն վախտը, որ տեսնես, թե քու տղեն գեղի միջումը մին հատ ա, ու դիփունանք նրա զուլումն են (ծառայությունում) կանգնած, տեսնես, որ սրանց էլ հերերն ու մերերը նրա արևովս են երգում ուտում, սիրտդ կփառավորվի, քաշած ցավերդ կմոռանաս...։ Խեղճ կնիկը, ղորթ ա, էս խոսքերով մին օր հանգստանում էր, ամա էլ էգսը իրա ցավն իրա հետ էր։

Վրա էրկու ամառն էր գնում, որ մենք մեր օրերը ըսենց դժվարութինով անց ինք կացնում։ Մին օր վանքումը Օսեփ հայր սուրբին տեսա։ Հա՛, մոռացիլ ի ասեմ ձեզ, թե էն օրից, որ Վանին տարել ի Թիֆլիս, հայր սուրբն իրա ոտը մեր տանից կտրացրել էր։ Չուն լսել էր, որ Սավգյուլն ասել ա թե՝ «իմ րեխին էդ սևագլուխը ղարիբութին գցեց, էլ իմ աչքը դրան տեսնա ոչ»։ Խեղճն էն ա՝ սրա հմար էլ մեր տուն չէր գալի։ Էդ օրը, վանքում պտահեցի, ասեցի. «Հայր սուրբ, մատաղ ըլիմ կարգիդ, ախր մեր տանեցին ինձ դինջութին (հանգստություն) չի տալի, կարում չի դիմանա։ Չի՞ ըլի, որ Վանուն էլ եդ բերել տանք»։ Ասեց՝ ա Սաք, խելքդ կորցրե՞լ ես, բա րեխեն անջախ (հազիվ) ա հուսումի վրեն տաքացել, բերում ես, որ ինչ անես, չոբան պիտի շինես։ Ասեցի բա ո՞նց անենք, որ մոր սիրտը դիմանում չի։ Ասեց, հեր օրհնած, դե էն ա՝ տարին իրեք ամիս պռազնիկ ա. խի չեք էն վախտը բերել տալի։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, պռազնիկի բանը սկի լսել չի։ Ասեցի, հայր սուրբ, պռազնիկը ի՞նչ բան ա։ Ասեց՝ ըսենց, ըսենց, ըսենց։ Վա՛յ, աստծու խեր խաբարը քե, ասեցի, հայր սուրբ, բա էդ խի՞ մինչև հմի ասել չե՞ս։ Դե շուտ մի գիր գրի մեր կնքավորենց տղին, որ րեխին ղրկի։ Էս որ ասում եմ, մայիսի միջումն էր։ Էն ա հայր սուրբը, աստոծ հոգին լուսավորի, գիրը գրեց ու մի քսան օրից ետը րեխան էկավ։

Դե հմի դուք ըստեղ պտի ըլեիք, որ տեսնիք թե՝ մերը ոնց էր գնում տղի առաջը։ Ըսկի մոռանալ չեմ։ Իրիկվան չախըն (դեմն) էր. նախիրը նոր էր հանդիցը էկել։ Սավգյուլը կովկիթը ձեռին՝ Սոնա անումով մի սիրուն կով ունինք, նրա առաջը չոքած՝ կթում էր։ Հենց որ չլսեց, որ րեխան գալիս ա, կովկիթը ձեռեն վեր գցեց, ու գժի նման վազ տվավ։

— Սավգյուլ, Սավգյուլ, աղջի, էդ ո՞ւր ես վազ տալիս, րեխեն հլա հեռու ա,— կանչեցի եդիցը, ամա լսեց ոչ։ Աղջի, կացի, ես էլ գամ, մենակ գնալ մի, բղավում ի եդիցը. ամա Սավգյուլի ականջումը որ թոփ էլ տրաքեր, լսելու չէր։ Ճարս կտրեց, ես էլ վեր կացա ու եդիցը վազեցի։ Գեղրցիք, բանից բեխաբար (անգիտակ), կտրներիցը յա էյվաններիցը մտիկ են տալի մեզ ու արմանում։ Հենց գիտում են թե՝ կնիկս պելացել (գժվել), տանիցս փախչում ա, ու ես էլ եդիցը վազում եմ, որ բռնեմ։ Էդ սհաթումն հով էր կանգնելու, թե ինչ ա, նրանց բան հասկացնի։ Ինչկլի մին վերստաչափ ըսենց իրար եդից վազ տվինք։ Հենց էն ա, էլի (հասարակաց) ճամփին հասուհաս ինք, որ թումբի եդիցը րեխան րևաց։ Սավգյուլը, որ ինչ կըլի էն՝ ղուշի նման թռչում էր, հու ես եդիցը կարում չի հասնեմ, հմի որ րեխին տեսավ ոչ, ասես տեղն ու տեղը մեխվեց. «Վանի ջան, բալա ջան, դու եկա՞ր, մայամ (ուրեմն) ես քե տենա՞լ պտի...» ասեց ու ծնկները թուլացած ճամփի միջումը չոքեց։ Րեխան ձիի վրիցը թռավ, վազ տվավ, մոր ճտովն ընկավ։ Էլ հով կաա պատմիլ, թե ինչ էր անում ըստեղ մերը տղին։ «Վանի ջան, բալա ջան» էր ասում ու գլխիցն ինչկլի ոտը պաչում, լիզլիզատում, թողնում չէր, որ դոշիցը պուկ գա, թե ինչ ա, մի հատ էլ ես խտտեմ (գրկեմ), էրեսիցը պաչեմ, որ սիրտս հովանա... Ուզում էր... ասես, սիրտն էն մնութին (րոպեին) ճղի ու րեխեն միջումը դնի, լա չէ, աչքի լիսերն հանի, որ Վանու ոտի տակը գցի... Ի՞նչ երկարացնեմ, էս թահրով րեխին վեր կալանք, եկանք տուն։

Ծերունին լռեց։ Ապա ձեռքը դեպի ճակատը տանելող նորեն գլխակապը հանեց, ճաղատ գլուխը շոյեց և կրկին շարունակեց.

— Հմի դուք կասեք, էս հալևորը ինչ ա ըսենց էրկեն բարակ խոսում, մենք ուզեցինք, որ Նոյի ագռավի բանն իմանանք, սա իրա տղի պատմությունն ա կցել։

— Չէ, պատմիր, մենք սիրով լսում ենք,— ապահովացրի ես ծերունուն։

— Հա, ինչկլի հմի պատմեցի թե՝ ծնողն ի՞նչ ցավ ու կրակի մեջ ա ըլում, եփ իրա րեխին ղարիբութին ա ղրկում։ Հմի էլ մի ուրիշ ցավ պատմեմ։ — Քիչ առաջ, եփ ընկերդ ասեց՝ տունդ խի չշինեցիր, կըլի, որ փող չունիր. ասեցի՝ ինչի չունի, փող էնքան ունեի, որ մինը չէ, էրկու ատամ էլ կշինի, թե որ ուզի։ Սրանով ուզում ի ասեմ թե՝ ես հարուստ եմ։ Ամա դե գեղական հարստութինն ի՞նչ ա։ Մին հազար, յա էրկու հազար մանեթ որ ունենում ա, յա չէ մի քսան, էրսուն գլուխ տավար, մին պուճուր իլխի (ջոկ) ձի, մին քանի ուլախ (գրաստ), էն ա ասում էն, թե մեծ դովլաթի (հարստության) տեր ա։ Ես էլ ըտենց հարուստ ի։ Եփ Օսեփ հայր սուրբն ասեց՝ փողդ խարջի րեխին հուսում տու, ես հենց գիտացի թե՝ իմ նաղդ (կանխիկ) փողը բավական կըլի դրան։ Ասեցի՝ էն լավ ա՝ իմ Վանին հուսումնական ըլի, քանզ ես հազար, յա էրկու հազար մանեթի տեր։ Փողը նրա գլխին մատաղ, իմ բաղն ու բախչեն, իմ տունն ու ջրաղացը, իմ տավարն ու ձիանը, որ ինձ մնան, էն էլ ինձ հերիք ա։ Ամա դե որ փողի ճնդիցը կցեցի ոչ խարջի՞լը — հեշտ բան չգիտաք գեղականի հմար տարին իրեք հարյուր մանեթ գիմյազը փող ղրկի,— էն ա տեսա, որ օխտը տարվա մեջ էլած փողս ձեռքես դուրս էկավ ու ես մնացի դարդակ։ Էդ տարին Վանին գիմնազը պրծել էր։ Գրեց, թե, ա՛, հեր, ինձ պտիս օգնես, որ գնամ ունիվերս։ Էս բանը ինձ փիքրի մեջ գցեց, ընդուր որ տեսնում ի, թե օրս փիս տեղ ա մթնում։ Գնացի վանահոր մոտ խորհուրդի։ Հայր սուրբ, ասեցի, ախր, ձեռիս փողը դուրս էկավ, րեխեն էլ գրում ա թե ինձ ունիվերս ղրկի։ Ես ի՞նչ անեմ։ Ուզում եմ Վանին բերել տամ. բոլ ա (բավական է) որքան հուսում առավ։ Հայր սուրբը, հախ աստծու (ճիշտն ասած) իմ ղոլը (կողմը) խոսաց։ ( Ա Սաք, ասեց, թե որ փող չունես, գիմնազի հուսումն էլ ա բավական, գրի թող գա։ Էն ա, ես էլ գրեցի։ Ամա դե Վանին թարսի ձին նստեց, էլ վեր չէկավ (հակառակվեց)։ «Ա հեր, գրում ա ինձ, դու մի բաղ ես տնկել, պահել, բջարել (մշակել), ծառերը հասցրել, մին ջուր տվել ես, մնացել ա մեկելը, որ բաղը հասնի, պտուղը քաղես։ Հմի դու էդ ջուրը բեվախտ (անժամանակ) կտրում ես, պտուղը խակ թողնում, էդ աստոծ վեր չունի։ Իմ ընկերները դիփ գնացին, որը Մոսկվա, որը Պետըրպոլկ, մենակ ես եմ մնացել ձեռս ծոցումս, գլուխս քաշ։ Եկ էդ բանը դու մի անիլ, իմ վիզը մի կտրիլ...»։ Դե, ձեզ եմ հարցնում, մի հեր, որ իրա մինուճար րեխիցը ըսենց նամակ ստանա, ինչ կանի։

— Իհարկե, բոլոր էլած-չէլածը կծախե, նրան կուղարկե,— արագ պատասխանեց Պետրոսը։

— Հա, ապրես, ես էլ ըդենց արի։ Ինչ որ ջեբումս, յա սանդուխումս վաղ էր մնացել, էն հվաքեցի, ղրկեցի Վանուն, ասեցի, որդի, էս քե՝ ճնապարի խարջլուխ, գնա, աստոծ քե հետ. հուսումի ու ապրուստի փողն էլ կղրկեմ։ Սրանից եդը՝ հորենական մի թթի բաղ ունինք, էն ծախեցի քաչալ Մոսու տղի վրեն ութ հարյուր մանեթի ու փողը յավաշ-յավաշ ղըրկեցի Վանուն։ Էդ հերիք չարավ։ Եդո մեր էս ջրի վրա մի ջաղաց ունինք, կըլի որ տեսած ըլիք։

— Այո՛, տեսել ենք,— հաստատեցի ես։

— Հա, էն ջաղացը ծախեցի խոջա Մարութի վրեն չորս հարյուր մանեթի ու փողն էլ ղրկեցի Վանուն։ Սա էլ իմ քոռ բախտիցը, ունիվերսի մի կլասումը իրար վրա, էրկու տարի մնաց։ Գրում էր թե, միթոմ, վարժապետները փախլութին են արել (նախանձել էին), որ ինքն ընենց լավ կարդում ա ու ջըգրու մին տարի ավելին պահել էն կլասումը։ Ամա դե, ուրիշներն էլ ասել ին մեր կնքավորենց տղին թե Վանին մի նախշուն աղջկա սեր ա տվել, եդիցն ընկել, դեսուդեն շուռ եկել, ու դրա համար ա կլասումը մնացել։ Սուտն ու ղորթը աստոծ ա իմանում, անջախ էս կա, որ էդ մին տարվա խաթրին ջաղացի փողը քոռ ու փուչ էլավ (ոչնչացավ)։ Էն ա ջլիզ (բոլորովին) դայամիշ ի ըլել (հոգնել էի), գնացի հայր սուրբի մոտ, ասեցի, ա վարդապետ, ախր էլ դիմանալու ուժ չունեմ, ինչ անեմ։ Ասեց, ա՛ Սաք, շատին դիմացել ես, քչին էլ դիմաց, ձիանդ ծախե, եզներդ ծախհ, փող հասցրու։ Դու սկի վախիլ մի, տղադ որ եդ դառնա, իրա սովորած թահրովը լավ բաղ էլ ա տնկելու, նոր ղայդի (տեսակի) ջաղաց էլ ա շինելու, եզներդ ու ձիանըդ էլ ա շատացնելու։ Ուսում առած տղան որ կա, Նոյի աղավնին ա, որ ձիթենու շիվը բերանումն եդ ա գալիս ու բախտավորութենի խաբարը բերում ծնողին։ Ինչ երկարացնեմ, հայր սուրբի խոսքերը սիրտ տվին ինձ, ես էլ կցեցի առաջ ձիաներիցս, վերջը եզներիցս մի-մի ծախել ու փող ղրկել Վանին։ Էն ա վերջին տարին էր. ամառը Վանին ամեն բան պտի վերջացներ ու եդ գար գեղը։ Խոսք չկա, որ ես էլ օրեր եմ հմբարում (համարում) թե՝ եփ ա րեխեն եդ գալու, որ համ էս դժար հոգսիցը մեզ ազատի, համ էլ իրեն տենանք ու կարոտնիս առնենք։

Մին էլ էս ա մին գիր եմ ստանում թե՝ ա հեր, հուսումս վերջացրել պրծել եմ, ամա ըստեղ պարտք ունիմ, բաց չեն թողնում ինձ, որդիան որ ա, մին երկու հարյուր մանեթ հասցրու, որ էս պարտքը թափեմ ու գամ։ Ղորթ ա, պարտքի անումը որ լսեցի սիրտս շատ կոտրվեց, ամա դե ասեցի դյուշան աղլամազ» (ընկնողը լաց չի լինիլ), թող էս մինն էլ յոլա տանենք։ Գնացի խոջա Մարութից էրկու հարիր մանեթ պարտք արի, թումանին մի աբասի շահով (24%) ու մին ամիս ժամանակով։ Էդ փողն էլ ղրկեցի Վանուն։ Մտքումս էլ ասըմ ի թե, էս ա րեխես կգա, համ էս պարտքը կտա, համ էլ իրա ծռացրած բաները կդրստի։ Հենց գիտում ի թե՝ Վանին որ իրա հուսումովը գեղ մտնի, էն ա փողը երկնքիցը վեր ա թափվիլու։

Անց կացավ մին ամիս, էրկու ամիս, Վանուցը խաբար չկա։ Մեծ փքրի մեջ ընկա։ Յարաբ էս ի՞նչ էավ. Վանին որդի մնաց, չըլի մի քամբախտութին պատահեց, յա չէ Պետըրպոլկումը բռնեցին րեխիս, չուն ըսենց բաներ շատ ի լսել։ Մի խոսքով` սիրտս ճաքում էր։

Մին էլ էս ա մի օր Վանիցը գիր եմ ստանում, գրում ա թե՝ ա հեր, աչքդ լիս ըլի, էկել եմ Թիֆլիս ու մի սիրուն աղջըկա հետ պսակվում եմ, հալի հալբաթ (անպատճառ) քո ու նանի օրհնությունը ղուշի թևովը հասցրու ինձ։

Ոնց որ մարդու գլխին մի թոփ տրաքի, ընենց էս խաբարը տրաքեց իմ գլխին ու ինձ շշմեցրեց։ Սաղ մին քանի օր ես, կնիկս ջլիզ պելացել, ընկել ինք ըստեղերք, ոչ արածներս ինք իմանում, ոչ չարածներս։ Շատ մտածելուց ու փիքր անելուց եդը՝ վեր եմ կենում գրում տղիս թե` «ա որդի, ախր հլա քո ինչ պսակվելու վախտն ա, հլա նոր ես հուսումդ վերջացրել, մին եկ քե տենենք, մեր կարոտն առնենք, մեր ցավերիցը խոսանք ախր քու աբովն (հուսով) էլած չէլած ծախել, պարտքի տակ եմ ընկել, եկ իմ ցավին մի ճար արա, էլ եդ գնա պսակվիր»։

Հմի դուք փիքր կանեք թե՝ գեղացին իրա տղին պսակում ա տասնհինգ, յա չէ տասնվեց տարումը, էս խի Սաքի ապերը ուզում չէր, որ իրա քսանչորս տարեկան տղեն պսակվի։ Դրա մանին, դրուստն ասած, մին էն էր, որ ես Թիֆլիսի աղջըկերանցից վախում ի. չուն դրանցից շատ բաներ ի լսել։ Մտածում ի թե չըլի՞ տղիս գլխից հանեն ու մին քոռ ու քաչալ զատ գլխին կապեն։ Ջահելը, հո գիտա՞ք, քոռ կըլի. ասում ի ընենց ըլի որ մինուճար տղիս անբախտ չանեն, մին էլ էն էր, որ գիտում ի Վանին Թիֆլիսում պսակվելուց եդը էլ մեզ մոտ չի գալու, վաթանն (հայրենիքն) էլ ա մտքիցը գցելու, հոր տունն էլ։ Էս ցավին, գիտա՞ք, դմանալ չէր ըլիլ։

Իմ գրին տղես պատասխանում ա թե՝ ա հեր, էս աղջըկանը Պետրպոլկից եմ սեր տվել, ինչկլի հեդը չպսակվեմ կարալ չեմ գեղը գալ, հալի հալբաթ քու օրհնութինը ղրկի։

«Գրում եմ, ա՛ որդի, ախր մին ասես էլ ա՛ էդ ինչ աղջիկ ա։ Ինչ ազգի որդի ա. հա՞յ ա, ռո՞ւս ա, ջհո՞ւդ ա։ Ախր, ես ոնց իմ օրհնութինը ղրկեմ էն հարսին, որի էրեսը տեհել չեմ, ձենը լսել չեմ»։ Գրում ա թե՝ — ա հեր, խի՞ ես էդ բանը հարցնում. ես հո թուրքի, յա ջհուդի աղջիկ չեմ ուզելու։ Գիտում չե՞ս, որ ուզածս քրիստոնի աղջիկ կըլի։ Ամա մի երկու օր եդը մեր կնքավորենց տղեն գրում ա (չուն նրան էլ ի հարցրել), թե՝ ասիլ չես, Վանին պսակվում ա մի գյուրջու (վրացու) աղջկա հետ...։

Հմի ձեզ եմ հարցնում, մին հեր, որ էս բանը լսի ինչ կանի։ Հը՞։ Ամա ո՞ւր եմ հարցնում, դուք ի՞նչ գիտաք։ Էն ա կցեցի գլխիս վայ տալն ու ախ ու վաշ անիլը։ Ամա դե էլ ո՞ւր կհասներ։ Բանը բանից անցել էր։

— Ուրեմն քո օրհնությունը չուղարկեցի՞ր,— հարցրի ես։

— Չէ, չղարկեցի։ Ամա ինքը առանց դրան էլ պսակվել պրծել էր։ Եդո էլ ինձ վրա ուռած, փքված գրում ա թե՝ «ա՛ հեր, դու որ քու օրհնութինը ինձ չղարկեցիր ու էս իշխան մարդկանց միջումն ինձ խայտառակեցիր, էլ հորես դենը ես քու որդին չեմ»։

— Հետո դու ի՞նչ պատասխանեցիր։

— Ոչինչ։ Մենակ էն արի, որ նրա գիրը վեր կալա, գնացի վանքը։ Էն վախտը Օսեփ հայր սուրբը մեռել էր։ Գնացի նրա գերեզմանի ռաջին չոքեցի, քարը համբուրեցի ու լաց ըլելով ասեցի — «Օսեփ հայր սուրբ, լուս դառնաս դու հողովդ ու քարովդ, ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ. բա խի՞ ըտենց չիլավ...ախր Վանին հմի նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. սրա ճարն ի՞նչ կըլի...»։

Ծերունին լռեց, կարծես այլևս չկամենալով խոսել։

Բայց Պետրոսը, որ ըստ երևույթին, չէր նկատում ծերունու հուզմունքը, հարցրեց.

— Վերջը ինչպե՞ս եղավ, տղադ պսակվելուց հետո գյուղը չեկա՞վ։

— Եկավ հինգ տարուց ետը, կնիկն էլ բերավ, մի երեք էլ գյուրջու ճտեր հետը։

— Հետո՞։

— Հետո էլ ինչ. մի տասն օր մնաց, սաքի (որպես թե) մեր խաթրը առնիլու հմար ու էլ եդ գնաց։

— Բաս ըսկի չհարցրիր, թե ինչու է այդ աղջկա հետ պսակվել։

— Հարցրի։ Ասեց սրա հերը ընտի մեծ ղուլուղում (պաշտոնի մեջ) ա, պսակվեցի որ ինձ էլ կռան տակը քաշի ու մենծ մարդկանց ջարգը (շարքը) գցի։

— Այնուամենայնիվ, դու քո նպատակին հասել ես, տղիդ բարձր ուսում ես տվել՝ ու Թիֆլիսի նման քաղաքում հայտնի մարդկանց շարքը գցել` այդ էլ մեծ բան է,— նկատեց ընկերս։

— Ա քե մատաղ, բա ես իմ էլած-չելածը փչացրել, Վանին հուսում իմ տվել, որ նա Թիֆլիսի՞ն պետք գա. խի, Թիֆլիսումը նրա նմանները քիչ կան. յա չէ իմ սիրտը շա՞տ էր ցավում էդ բարբադի (քանդվածի) հմար... Ես իմ տղին հուսում եմ տվել, որ առաջ իմ օջախը շինի, իմ հանգած ճրագը վառի, իմ տունը հարս բերիլով՝ ինձ ու իմ պառավին ուրախացնի, եդն էլ իրա հուսումով էս խավար գեղը լուսավորի, մեր խեղճ ու հայվան շինականին կոռից, բեգառից ազատի... Թիֆլիսումը Վանին թող հենց երկնքից հրեշտակ վեր բերի, ինձ ի՞նչ... հրեն, որ երկրում, որ լուսավոր, յա չէ փանգ ու փիլով (հնարագետ) մարդ կա, հենց դպա Թիֆլիս ա վազ տալի, դուք մեր էս խեղճ գեղի դարդը քաշեցեք, որ ոչ տեր ունի, ոչ սրտացավ...։ — Վանին գոնե փող ուղարկո՞ւմ է քեզ,— հարցրի ես ծերունուն։

— Չէ, չի ղարկում, մեր կնքավորի տղին ասել ա թե ապուն ասա ինձանից նեղանա ոչ. խարջս շատ ա մենծ. տարին 3 — 4 հազար մանեթը հերիք չանում, ես էլ անջախ (հազիվ) էդքան եմ աշխատում։

— Իսկ խոջա Մարութի պարտքը վճարե՞ց։

— Չէ՛, քեզ մատաղ, նրան էլ երկու գոմշակովս տվի, հոգիս ազատեցի։

— Հապա երբ այստեղ եկավ, իսկի չասացիր, թե ինչո՞ւ գոնե յուր համար արածդ պարտքը չի վճարում։

— Ասեցի, ասում ա, ա հեր դիփ մեկ չի՞, ինչ ունես չունես ծախիր կեր. եփ որ կդարտակվես, կգաս Թիֆլիս իմ տանը կապրես։

— Դու ի՞նչ ասեցիր։

— Ասեցի, յանղլիշ ես, որդի, որ իմանամ քաղցած մեռնելու եմ իմ ոտն իմ գեղիցը դուրս չեմ դնիլ, ըստեղ ծնվել եմ, ըստեղ էլ պտի մեռնեմ, իրա վաթանը մոռացողը, հոր տունն աչքից ու մտքից քցողը մարդ չի, հայվան ա։

— Եվ այդ դրության մեջ ուրեմն դու ոչ մի մխիթարություն չունի՞ս,— հարցրի ես ծերունուն, ի սրտե ցավակցելով նրան։

— Ունեմ, ո՞նց չունեմ,— պատասխանեց նա հուզված ձայնով — իմ մխիթարությունն էլ էն ա, որ եփ լսում եմ թե մեր գեղականին մինը ուզում ա իրա տղին քաղաք ղրկի հուսում առնելու, էն սհաթին գնում եմ կռնիցը բռնում, բերում մեր հայաթումը կանգնեցնում ու ասում,— – տես, որդի, էս Վեդունց Սարգսի շեն օջախն ա, որ էսօր վերանա (ավերակ) ա դառել։ Ա՛յ, տես, կտուրը ծռվել ա, պեշերը թափվել են, գերանը կախ ա ընկել, գյումը դատարկվել ա, ու մեզ թացան (թաց կերակուր) տվողը մի էծ (այծ) ա մնացել... Մենք էլ, տեսնում ես, մարդ ու կնիկ ծերացել մնացել ենք անտեր, ոչ ձեռք կա, որ մեր դուռը բանա, ոչ ձեն կա, որ սիրտներս ուրախացնի... էս դիփ նրա մեղն ա, որ ես իմ տղին հուսումի ղրկեցի... Վախի՛ր էդ բանիցը, որդի, րեխեդ քու կըշտին պահիր, տանիցդ մի հեռացնիր, որ իմ Վանու նման Նոյի ագռավ չդառնա...։

— Բայց դուք հո դրանով չարիք եք գործում,— բացականչեց Պետրոսը վրդովվելով։

— Չարիք խի՞ եմ գործում,— պատասխանեց ծերունին եռանդով,— լավն էն չի որ մեր գեղը հիսուն վար անող տղամարդ ավելի ունենա, քան թե հարիր Նոյի ագռավ։ Վար անողը հլա հաց կբերի տուն, քյուլփաթի (զավակների) ռուզին կըշտացնի. Նոյի ագռավն ինչի՞ ա պետք։ Յա չէ, հո՞վ ա մեղավոր, որ ես հմի ըսենց եմ խրատում մարդկանց, ես, թե՝ իմ տղեն։ Մի սհաթ առաջ գնացել եք տեր Մուկուչի յախեն (օձիիքը) բռնել թե էս խի դու գիտուն չես, էս խի՞ տղերանցդ հուսումի չես ղրկել... Խեղճն էն սհաթին եկավ ինձ գանգատվեց։ . Ասեցի, ո՞ւր ա, էդ շլյապավոր տղերանց մի ղրկի ըստեղ՝ ես էլ նրանց իմ հարցմունքն անեմ։ Հմի հազիր եկել եք. խնդրում, եմ որ ասեք. — հո՞վ ա մեղավոր, որ գեղի քահանան տեր Մուկուչն ա, հո՞վ ա մեղավոր, որ եղցու առաջը անապատ ա. հո՞վ ա մեղավոր, որ գեղը կեղտոտ ա, տները տափից կպած, հայաթները թրքով լիքը, քուչեքը ծուռումուռ... ասեցեք տենամ, հո՞վ ա մեղավոր, խեղճ գեղակա՞նը, թե Նոյի ագռավները։ Ախր ինչկլի հմի էս գեղարանքից մի տասը, քսան տղա գնացել են հուսում առել, լուսավորվել, հմի ո՞ւր են, ընչի նրանցից մինն ու մինը եդ չեկավ, որ իրա հոր օջախը վառի, իրա վաթանը պայծառացնի, որ գեղացին հենց մին օրինակ էլ ա տեսնի ու ասի թե՝ «ղորթ ա, հուսումը լավ բան ա, եկեք մենք քար ու քացախ ուտենք, ամա մեր րեխանց հուսում տանք, լուսավորենք...»։

Ծերունին լռեց, իսկ մենք պատասխանելու ոչինչ չունեինք։

Բարեբախտաբար այդ միջոցին պարտիզի դռնում երևաց մեր հյուրընկալը, որ եկել էր մեզ ճաշի կանչելու։ Օգուտ քաղելով առիթից, վեր կացանք տեղից և ողջունելով ծերունուն, հեռացանք ծանր տպավորության տակ։

Երբ իջնում էինք սոսիների զառիվայրով՝ հարցրի Պետրոսին թե՝ — արդյոք հիշո՞ւմ է այն խոսքը, որ ասում էի թե «կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»։

— Հիշում եմ,— ասաց նա,— և այս ծերունին այդ հիվանդներից մինն է։

— Այո, սակայն նրա միտքն առողջ և հոգին կայտառ է եղել, երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին,— հարեցի ես։

— Անշուշտ,— պատասխանեց ընկերս և այս անգամ արդեն խոր համոզմունքով։