Ոսկեծաղիկները

Գրապահարան-ից
Ոսկեծաղիկները

հեղինակ՝ Ջոն Սթայնբեք
թարգմանիչ՝ Ժաննա Թովմասյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ձմռան մոխրագույն ու թանձր մառախուղի թխպոտ ամպը մեկուսացրել էր Սալինասի հովիտը երկնքից և ամբողջ աշխարհից։ Այն խուփի պես ծածկել էր լեռները և հսկայական հովիտը վերածել մի փակ կաթսայի։ Ընդարձակ, տափարակ գետնի մաերեսով ձգվող արոտավայրերն ու հերկած արտերը լավ այրված էին։ Սև հողն այստեղ փայլում էր այն բոցի նման, որի մեջ խոփեր էին թրծվում։ Սալինաս գետի այն կողմում լեռնալանջի ագարակների դեղին, հնձած արտերը լող էին տալիս անգույն ու պաղ արևափայլի մեջ, ուր հիմա՝ դեկտեմբերին, արևը չէր շողում։ Գետի երկայնքով ձգվող մատղաշ ուռենիների թավուտը հուրհրում էր սրածայր տերևների վառ դեղնությունից։

Անդորրի և սպասումի պահ էր։ Օդը սառն էր ու հպանցիկ։ Հարավ֊արևմուտքից թույլ քամի էր փչում, և ֆերմերները ինչ֊որ տեղ հույս ունեին, որ մինչև իսկական ձմռնամուտը մի լավ կանձրևի, բայց թանձր մառախուղն իր հետ անձրև չի բերում։

Գետի այն կողմում՝ Հենրի Ալլենի լեռնալանջի ագարակում անելու քիչ բան կար, քանի որ խոտը հնձված էր ու պահ տրված, պտղատու այգիների հողն էլ փխրեցված՝ պատրաստ կլլելու թափվելիք անձրևը։ Բարձրավանդակում անասունների բուրդը խտանում էր ու կոշտանում։

Էլիզա Ալլենը աշխատում էր իր ծաղկանոցում, երբ նայեց ներքև՝ բակի այն կողմը ու տեսավ ամուսնուն՝ Հենրիին, արտահագուստ հագած երկու տղամարդու հետ զրուցելիս։ Նրանք կանգնած էին տրակտորի ծածկի մոտ՝ յուրաքանչյուրը կիսով չափ թեքված դեպի փոքրիկ ֆորդսոնը։ Տղամարդիկ ծխում էին և խոսելիս զննում մեքենան։

Էլիզան մի պահ ուշադիր նայեց նրանց, հետո նորից անցավ իր աշխատանքին։ Նա երեսունհինգ տարեկան էր, դեմքը նիհար ու ձգված, աչքերը՝ ջրի պես վճիտ։ Պարտեզի հագուստով Էլիզայի մարմինը պաշարված ու ծանր էր թվում։ Նա ճակատին էր քաշել տղամարդու սև գլխարկ, հագել էր ծանրաշարժ կոշիկներ, չթե նախշավոր զգեստ, որը համարյա ամբողջովին ծածկված էր չորս մեծ գրպան ունեցող շերտավոր թավշե կոշտ գոգնոցով։ Շիվերի կտորտանքները, բահիկը, եղանիկը, սերմերը և դանակը, որոնցով աշխատում էր Էլիզան, պահվում էի այդ գրպաններում։ Կաշվե հաստ ձեռնոցը պահպանում էր ձեռքերը աշխատելիս։ Կարճլիկ, պինդ մկրատով Էլիզան կտրտում էր նախորդ տարվա ոսկեծաղիկների ղողունները։ Ժամանակ առ ժամանակ նա նայում էր ներքև՝ տրակտորի ծածկի մոտ կանգնած տղամարդկանց։ Նրա հասուն, գեղեցիկ դեմքն ամբողջովին եռանդ էր։ Անգամ նրա աշխատանքը մկրատով ավելի էր, քան եռանդ, ավելի էր, քան զորություն, իսկ ոսկեծաղկի արմատները չափազանց փոքր ու դյուրին՝ նրա կորովի դիմաց։

Ձեռնոցով աչքի վրայի մազափունջը ետ տանելիս Էլիզայի այտին մի կտոր ցեխ քսվեց։ Իսկ նրա ետևում ճերմակ, կոկլիկ տունն էր՝ շրջապատված լուսամուտներին հասնող խորդենիներով։ Այն խնամքով փայլեցրած ապակիներով մաս֊մաքուր տնակ էր, որի առաջնասանդուղքին գցված էր կոշիկները սրբելու շորը։

Էլիզան նորից հայացք ձգեց տրակտորի ծածկի կողմը։ Անծանոթները նստում էին իրենց երկտեղանի ֆորդը։ Նա հանեց ձեռնոցը և իր ուժեղ մատները խրեց ոսկեծաղկի հին արմատների շուրջը բուսած նորածիլ, բայց խիտ ու կանաչ ընձյուղների մեջ։ Հետո մի կողմ տարավ տերևները և զննեց միմյանց մոտիկ աճած արմատները, ոչ մի ուտիճ, ոչ մի բզեզ, ոչ մի խխունջ, ոչ մի թրթուր։ Նրա բանուկ մատները ոչնչացնում էին բոլոր տեսակի միջատներին նախքան նրանց բազմանալը։

Ամուսնու ձայնից Էլիզան ցնցվեց։ Հենրին մոտեցել էր անշշուկ և կանգնել էր՝ թեքված դեպի ծաղկանոցը անասուններից, շներից և հավերից պատնեշող փշալարե ցանկապատը։

― Նորից նույն գործի վրա ես։ Այս տարի առողջ, հարուստ քաղոց ես ունենալու։

Էլիզան մեջքն ուղղեց, դրեց ձեռնոցը։

― Այո, այս տարի ոսկեծաղիկները առողջ կլինեն։

Նրա ձայնում և դեմքին փոքր֊ինչ ինքնագոհություն կար։

― Դու աճեցնելու շնորհք ունես, ― նկատեց Հենրին։ ― Այս դեղին ոսկեծաղիկներից մի քանիսը, որ նախորդ տարի աճեցրել էիր, տասը մատնաչափ բարձրություն ունեին։ Ես կուզեի, որ դու այգում աշխատեիր և այդ մեծության խնձորներ աճեցնեիր։

Էլիզայի աչքերը փայլեցին։

― Գուցե ես կարողանայի դա անել։ Ճիշտ է, աճեցնելու շնորհք ունեմ։ Մայրս էլ ուներ։ Նա կարող էր ամեն ինչ տնկել հողի մեջ և այնպես անել, որ աճի։ Նա ասում էր, որ տնկողի ձեռքեր ունենալն է օգնում գործին։

― Գուցե դա ծաղիկներին է վերաբերում։

― Հենրի, ովքե՞ր էին այն երկու տղամարդը։

― Ճիշտն ասած, հենց դրա համար էլ եկա։ Նրանք Արևմտյան Անասնաբուծական Ընկերությունից էին։ Այն երեսուն գլուխ երեք տարեկան եզները ծախեցի։ Համարյա իմ ուզած գինը տվեցին։

― Ինչ լա՜վ է։ Ապրե՛ս։

― Եվ ես մտածում էի, ― շարունակեց Հենրին, ― որ այսօր շաբաթ է, ու մենք կարող ենք գնալ Սալինաս՝ ռեստորանում ճաշելու, հետո էլ՝ կինո, որ նշենք, հը՞։

― Ինչ լա՜վ է, ― կրկնեց Էլիզան, ― շա՛տ լավ կլինի։

Հենրին անցավ կատակի։

― Այսօր երեկոյան վարձու ըմբշամարտ է լինելու։ Չգնա՞նք։

― Ո՛չ, ― ասաց Էլիզան շնչակտուր, ― ես վարձու ըմբշամարտ չե՛մ սիրում։

― Կատակ արի, Էլիզա՛։ Մենք կգնանք կինո։ Ուրեմն այսպես, հիմա ժամը երկուսն է։ Ես պետք է Սքոթիին տեսնեմ․ եզներին բլուրից ներքև ենք քշելու։ Երևի երկու ժամ կտևի։ Հինգի կողմերն էլ կգնանք քաղաք կճաշենք Քոմինոս հյուրանոցում։ Լա՞վ է։

― Դե, իհարկե, լավ է։ Լավ է, երբ տանը չես ճաշում։

― Դե, ուրեմն պայմանավորվեցինք։ Գնամ, մի֊երկու ձի թամբեմ։

― Ես էլ կհասցնեմ մի քանի տնկի սածիլել։

Էլիզան լսեց, թե ինչպես էր Հենրին Սքոթիին կանչում ամբարից։ Իսկ ավելի ուշ տեսավ երկու տղամարդկանց՝ ձիերով բաց դեղնավուն բլուրն ի վեր բարձրանալիս։

Ոսկեծաղիկներն արմատելու համար քառակուսի ավազոտ մի թումբ էր առանձնացրած։ Էլիզան բահիկով մի քանի անգամ շուռումուռ տվեց հողը, հարթեցրեց և ամուր տափակեցրեց։ Հետո միմյանց զուգահեռ ութ ակոս փորեց․ ետ գալով դեպի ոսկեծաղկի թումբը, հանեց փոքրիկ, փխրուն ընձյուղները, մկրատով կտրատեց տերևները և դրեց հավաք կույտի վրա։ Ճանապարհից անիվների ճռռոց և սմբակների դոփյուն լսվեց։ Էլիզան գլուխը բարձրացրեց։ Գյուղի ճանապարհն անցնում էր գետը երիզող ուռենիների ու ճերմակագագաթ կաղամախիների խիտ մացառուտի երկայնքով, և այս ճանապարհն ի վեր մի արտառոց, զարմանալիորեն ծռմռված փոխադրամիջոց էր շարժվում։ Այն մի հին, գարնանային սայլակառք էր՝ կլոր քաթանե ծածկով, որը քոչվորի տափաստանային սայլի ծածկոց էր հիշեցնում։ Մի ծեր աշխետ ձի և մի բաց֊մոխրագույն իշուկ քարշ էին տալիս սայլակառքը։ Երկարամազ մորուքով խոշոր մի մարդ նստած էր երկծայր ծածկի կենտրոնում և քշում էր սողացող լծվածքը։ Սայլակի տակով, ետևի անիվների մեջտեղով, վտիտ, թափառական բակապահ շունն էր անվրդով քայլում։ Քաթանի վրա կոպիտ ու ծռմռված բառեր էին նկարված՝ «Կաթսաներ, թավաներ, դանակներ, մկրատներ, եղաններ․ նորոգում եմ», թվարկված առարկաների երկու շարք, ներքևում՝ հաղթականորեն որոշակի «նորոգում եմ» բառը, իսկ յուրաքանչյուր տառի տակ՝ սև, ցայտուն, փոքր կետեր։

Գետնին պպզած Էլիզան գլուխը բարձրացրեց, որ տեսնի թե ինչպես է անցնելու այդ խախուտ, անկայուն սայլակառքը։ Բայց այն չանցավ, այլ շրջվեց դեպի Էլիզայի տան դիմացով անցնող ճանապարհը՝ ծռմռված անիվների ճռռոց֊ճղվզոցով։ Թափառական շունը դուրս պրծավ անիվների մեջտեղից ու առաջ վազեց։ Եվ անմիջապես ագարակի երկու հովվական շները թռան նրա վրա։ Հետո երեքն էլ կանգնեցին՝ ցցած, աշխուժորեն խաղացող պոչիկներով, ձգված, սլացիկ ոտքերով, դեսպանական արժանապատվությամբ և դանդաղորեն շրջան կազմելով սկսեցին նրբագեղորեն հոտոտել միմյանց։ Քարավանը դեմ առավ Էլիզայի փշալարե ցանկապատին։ Հիմա արդեն նորեկ շունը, իրեն հաշվից դուրս զգալով, պոչը կախ տվեց և մազերը բիզ֊բիզ, ատամները մերկացրած առանձնացավ սայլակառքի տակ։

Սայլապանը բղավեց․

― Այս շունը շատ վտանգավոր է, եթե կռվի մեջ մտնի։

Էլիզան ծիծաղեց․

― Իսկ շուտ֊շո՞ւտ է կռվի մեջ մտնում։

Տղամարդը որսաց Էլիզայի ծիծաղը և սրտանց արձագանքեց։

― Երբեմն շաբաթներով չի կռվում։

Հետո դժվարությամբ, ակի վրայով իջավ գետնին։ Ձին և էշը չջրված ծաղիկների նման գլուխները հակեցին։

Էլիզան տեսավ, որ նա շատ խոշոր տղամարդ է։ Չնայած մազերն ու մորուքը ճերմակում էին, բայց երիտասարդ տեսք ուներ։ Նրա մաշված սև կոստյումը ճմռթված էր, իսկ վրան յուղի հետքեր կային։ Հենց որ մարեց տղամարդու ծիծաղը, խինդն էլ դեմքից անմիջապես վերացավ։ Նրա մուգ աչքերում սայլապանին և նավաստուն հատուկ մտախոհություն կար․ փշալարե ցանկապատին իջած կոշտուկավոր ձեռքը ճաքճքած էր․ ամեն ճաքը մի սև գիծ էր։ Տղամարդը հանեց իր քրքրված գլխարկը։

― Ես շեղվել եմ ուղուց, տիկին։ Չե՞ք ասի, սա կտրում֊անցնո՞ւմ է գետը, որտեղից սկսվում է Լոս Անջելեսի գլխավոր ճանապարհը։

Էլիզան ուղղվեց և հաստ մկրատը խոթեց գոգնոցի գրպանը։

― Այո, կտրում֊անցնում է, բայց ուժեղ քամի է, գետն էլ ծանծաղ է։ Ես չեմ կարծում, թե ձեր լծվածքը կարող է ավազի միջով անցնել։

Տղամարդը փոքր֊ինչ կտրուկ պատասխանեց․

― Այն էլ ոնց կանցնի։

― Եթե իհարկե սկսի՞։

Մի պահ տղամարդը ծիծաղեց։

― Այո, եթե իհարկե սկսի։

― Դե լավ։ Ինձ թվում է, դուք ժամանակ կշահեք, եթե վերադառնաք Սալինաս և այնտեղից գնաք։

Տղամարդը ցուցամատը ծլնգոցով տարավ փշալարն ի վար։

― Ես չեմ շտապում, տիկի՛ն։ Ամեն տարի Սիթլից գնում եմ Սան Դիեգո և նորից վերադառնում։ Դա խլում է իմ ամբողջ ժամանակը։ Միայն Սիթլից Սան Դիեգո արդեն վեց ամիս է։ Ես լավ եղանակ եմ փնտրում։

Էլիզան հանեց ձեռնոցը և խցկեց գոգնոցի գրպանը։ Նա ձեռքը տարավ դեպի գլխարկը և շոշափեց այնտեղ պահ տված մազերը։

― Ապրելու գեղեցիկ ձև է։ Համենայն դեպս այդպես է հնչում, ― ասաց Էլիզան։

Տղամարդը թաքուն թեքվեց դեպի ցանկապատը։

― Դուք երևի նկատեցիք սայլակառքի վրայի գրությունը։ Ես կաթսաներ եմ նորոգում և դանակ֊մկրատ սրում։ Ինձ համար գործ չի՞ գտնվի։

― Ո՛չ, ― հապճեպ վրա բերեց Էլիզան։ ― Ձեզ համար գործ չկա։

Նրա աչքերը դիմադրում էին։

― Մկրատն ամենանուրբ բանն է, ― բացատրեց տղամարդը։ ― Մարդիկ մեծ մասամբ փչացնում են, երբ փորձում են սրել։ Իսկ ես սրելու ձևը գիտեմ։ Հատուկ գործիք ունեմ։ Այն մի պուճուրիկ պտուտակ է, բայց լավ է աշխատում։ Ե՛ս եմ հնարել։

― Իմ բոլոր մկրատները սո՛ւր են։

― Շատ լավ։ Այդ դեպքում կաթսա տվեք, ― շարունակեց նա լրջորեն, ― ծռված կամ ծակ կաթսա։ Ես այնպես կնորոգեմ, որ նորից չեն տարբերվի, և դուք ստիպված չեք լինի նորերը գնել, խնայողություն կանեք։

― Ասացի, նորոգելու ոչինչ չունեմ, ― կարճ կտրեց Էլիզան։

Տղամարդու դեմքը մռայլվեց, ձայնը թրթռաց։

― Այսօր ես ոչ մի գործ չեմ արել։ Երևի երեկոյան չեմ ընթրի։ Հասկանում եք, շեղվել եմ ուղուց։ Սիթլից Սան Դիեգո ընկած ճանապարհին ապրող բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Նրանք ինձ միշտ գործ են տալիս, որովհետև ես լավ աշխատող եմ և քիչ եմ փող վերցնում։

― Շատ ցավում եմ, ― հնչեց Էլիզայի վրդովված ձայնը, ― բայց նորոգելու ոչինչ չունեմ։

Տղամարդը աչքերը շրջեց Էլիզայից ու սկսեց զննել գետինը։ Նրա հայացքը այս ու այն կողմ էր թափառում, մինչև որսաց ոսկեծաղիկների թումբը, ուր Էլիզան աշխատում էր։

― Այս ի՞նչ տնկիներ են, տիկի՛ն։

Վրդովմունքն ու դիմադրությունը չքացան Էլիզայի դեմքից։

― Ոսկեծաղիկներ են, շատ մեծ, սպիտակ և դեղին։ Հարևաններից ոչ մեկը չի կարողանում ինձ պես աճեցնել։

― Ոսկեծաղիկը երկար արմատներով ծաղի՞կ է, ինչպես գունավոր ծխի երերուն քուլան։

― Հենց դա է, որ կա։ Ի՜նչ գեղեցիկ նկարագրեցիք։

― Նրանք մի տեսակ տհաճ հոտ են ունենում, մինչև որ սովորում ես ու էլ չես զգում։

― Բոլորովին էլ տհաճ չէ։ Ոսկեծաղիկը հաճելի դառը հոտ ունի, ― առարկեց Էլիզան։

Տղամարդն անմիջապես փոխեց խոսքը։

― Ես սիրում եմ նրանց հոտը։

― Այս տարի տասը մատնաչափ բարձրության ոսկեծաղիկներ ստացա։

Տղամարդը ավելի թեքվեց դեպի ցանկապատը։

― Գիտեք, ճանապարհից այն կողմ մի կին է ապրում։ Նրա պարտեզի նմանը ես դեռ չեմ տեսել։ Ինչ ծաղիկ ասես ունի, բացի ոսկեծաղկից։ Վերջին անգամ, երբ նորոգում էի նրա տաշտը (շատ դժվար աշխատանք էր, բայց լավ գլուխ հանեցի), նա ինձ ասաց․

― Եթե դուք երբևէ հանդիպեք գեղեցիկ ոսկեծաղիկների, ինձ մի քանի սերմ բերեք։

Էլիզան ոգևորվեց։

― Նա չէր կարող շատ բան իմանալ ոսկեծաղիկների մասին։ Սերմերից էլ կարելի է աճեցնել, բայց ավելի լավ է սածիլել ա՜յ այսպիսի փոքրիկ շիվերից։

― Վա՜յ։ Ուրեմն չեմ կարող գոնե մի շիվ տանել։

― Ինչու չէ։ Ես մի քանի շիվ կդնեմ խոնավ ավազի մեջ և կտամ ձեզ։ Նրանք արմատ կգցեն, եթե դուք ավազը խոնավ պահեք։ Իսկ հետո արդեն կարելի է սածիլել։

― Այդ կինը անպայման կուզենա ոսկեծաղիկ ունենալ։ Ասում եք, ձեր ոսկեծաղիկները գեղեցի՞կ են։

― Գեղեցիկ են, իսկապես գեղեցիկ։ Էլիզայի աչքերը փայլեցին։ Նա մի կողմ շպրտեց քրքրված գլխարկը, և գլխի շարժումից նրա հմայիչ թուխ մազերը թափվեցին ուսերին։

― Ես ոսկեծաղիկները կդնեմ թաղարի մեջ, և դուք այն կվերցնեք ձեզ հետ։ Եկեք գնանք բակ։

Մինչ տղամարդը դարպասից ներս կմտներ, Էլիզան հուզված վազեց խորդենիներով երիզված արահետն ի վեր՝ դեպի տան ետևի մասը և վերադարձավ մի մեծ կարմիր թաղար ձեռքին։ Ձեռնոցի մասին արդեն մոռացել էր։ Նա չոքեց գետնին՝ նորածիլ թմբի մոտ, մատներով փորեց ավազոտ հողը՝ լցնելով այն նոր, փայլուն թաղարի մեջ, հետո վերցրեց նոխօրոք պատրաստված շիվերի փոքրիկ կույտը, իր ուժեղ մատներով խրեց դրանք ավազի մեջ և տպտպացնելով ամրացրեց։ Տղամարդը կանգնած էր նրա գլխավերևում։

― Ես ձեզ կասեմ, թե ինչ անել, և դուք կհաղորդեք կնոջը, ― ասաց Էլիզան։

― Կաշխատեմ հիշել։

― Ուրեմն այսպես։ Մի ամսից այս շիվերը արմատ կտան, որից հետո ոսկեծաղիկները պետք է տեղափոխել պարարտ սևահողի մեջ՝ մեկը մյուսից մի ոտնաչափ հեռավորության վրա։

Էլիզան մի բուռ սևահող վերցրեց, որպեսզի ցույց տա տղամարդուն, թե ինչպիսի հող է անհրաժեշտ ծաղիկներին։

― Ոսկեծաղիկներն արագ կաճեն ու հասակ կառնեն։ Իսկ հիմա հիշեք․ հուլիսին պետք է կտրել դրանք՝ թողնելով միայն ութ մատնաչափ։

― Մինչև ծաղկե՞լը։

― Այո։

Էլիզայի դեմքը փայլում էր ոգևորությունից։

― Նրանք նորից կաճեն։ Իսկ սեպտեմբերի վերջին կբողբոջեն։

Նա լռեց․ ասես շվարեց։ Հետո տատանվելով ասաց․

― Հենց բողբոջելիս են ոսկեծաղիկները խնամք պահանջում։ Չգիտեմ, թե ինչպես բացատրեմ։

Էլիզան որոնողի աչքերով նայեց տղամարդուն, բերանը՝ կիսաբաց, ականջը՝ ձայնի։

― Ես կփորձեմ ձեզ բացատրել, ― շարունակեց նա։ ― Դուք երբևէ լսե՞լ եք աճեցնող ձեռքերի մասին։

― Չէի ասի։

― Ես ձեզ կարող եմ պատմել միայն, թե մարդ ինչ է զգում այդ ժամանակ։ Դա այն է, երբ դու պոկում ես բողբոջներ, որոնք քեզ պետք չեն։ Ամեն ինչ կենտրոնանում է քո մատների ծայրերին։ Դու հետևում ես քո մատների աշխատանքին։ Նրանք իրենք են ամեն ինչ անում։ Դու զգում ես այդ ամենը։ Մատները անընդհատ բողբոջներ են ընտրում։ Նրանք երբեք չեն սխալվում։ Նրանք ծաղկի հետ են։ Հասկանո՞ւմ եք։ Քո մատները և ծաղիկը։ Եվ դու դա զգում ես։ Նրանք գիտեն։ Նրանք երբեք չեն սխալվում։ Եվ դու էլ չես կարող սխալվել։ Հասկանո՞ւմ եք։ Դուք կարո՞ղ եք հասկանալ։

Նա ծնկաչոք նայում էր տղամարդուն․ նրա կուրծքը կրքից պրկվեց։

Տղամարդու աչքերը նեղացան․ նա ամոթխած մի կողմ նայեց։

― Գուցև գիտեմ, ― ասաց նա, ― երբեմն գիշերը սայլակառքում․․․

Էլիզայի ձայնը խռպոտեց։ Նա ընդհատեց տղամարդուն։

― Ես երբեք այնպես չեմ ապրել, ինչպես դուք, բայց կասեմ, թե դուք ինչ եք զգում։ Երբ մութ գիշեր է, աստղերը սրաթև են, և ամենուր լռություն է։ Իսկ դուք շարունակ բարձրանում եք ու բարձրանում․․․ Յուրաքանչյուր սրածայր աստղ մխրճվում է ձեր մարմնի մեջ։ Զգացողությունն այս է։ Այրող, հատու և հմայիչ։

Մնալով ծնկների վրա, Էլիզան ձեռքը տարավ դեպի տղամարդու ոտքերը, որոնք յուղոտ, սև տաբատի մեջ էին։ Նրա անվճռական մատները համարյա հպվեցին կտորին։ Հետո ձեռքը ընկավ գետնին։ Եվ նա սիրահոժար շան նման կուչ եկավ։

Տղամարդն ասաց․

― Այն, ինչ դուք ասում եք, շատ գեղեցիկ է։ Բայց երբ քաղցած ես, ամեն ինչ արդեն բոլորովին ուրիշ է։

Էլիզան կանգնեց, ձգվեց։ Նրա դեմքն ամոթահար էր։ Նա թաղարը մեկնեց տղամարդուն և քնքշորեն տեղավորեց նրա ձեռքերի մեջ։

― Ահա։ Դրեք այն սայլակառքում՝ նստատեղի վրա այնպես, որ աչքի առաջ լինի։ Սպասե՛ք։ Գուցե ձեզ համար մի գործ ճարվի։

Էլիզան քրքրեց տան ետևում դարսած չօգտագործվող ամանեղենի կույտը և երկու հին, ջարդված ալյումինե կաթսա գտավ։ Նա դրանք բերեց և տվեց տցամարդուն։

― Ահա։ Կարո՞ղ եք սրանք սարքել։

Տղամարդու վարվելակերպը փոխվեց։ Նա դարձավ գործնական։

― Ես կնորոգեմ կաթսաները և նրանք լրիվ նոր տեսք կստանան։

Սայլակառքի ետևում տղամարդը մի փոքրիկ սալիկ տեղավորեց և գործիքների յուղոտ արկղից հանեց մուրճը։ Էլիզան դարպասից դուրս եկավ, որպեսզի տեսնի, թե ինչպես է տղամարդը թակում ծռմռված կաթսաները։ Նրա դեմքը հետզհետե ինքնավստահ ու բանիմաց էր դառնում։ Աշխատանքի դժվար պահին նա կծում էր ներքևի շրթունքը։

― Դուք սայլակառքո՞ւմ եք քնում, ― հարցրեց Էլիզան։

― Սայլակառքում, տիկի՛ն։ Անձրև լինի, թե արև, ես ներսում լրիվ ապահով եմ։

― Ի՜նչ լավ է։ Երանի կանայք էլ կարողանային այդպիսի բաներ անել։

― Նման կյանքը կնոջ համար չէ։

Էլիզայի վերին շրթունքը մի փոքր բարձրացավ՝ ցուցադրելով ատամները։

― Ի՜նչ իմանաս։

― Չգիտեմ, տիկի՛ն, ― առարկեց տղամարդը։ ― Դե, իհարկե, չգիտեմ։ Ահա, ձեր նորոգված կաթսաները։ Նորերը գնելու կարիք չեք ունենա։

― Որքա՞ն պետք է վճարեմ։

― Հիսուն սենթ։ Ես էժան եմ վերցնում և լավ եմ նորոգում։ Դրա համար էլ գլխավոր ճանապարհի բոլոր հաճախորդները գոհ են ինձնից։

Էլիզան տնից հիսուն սենթանոց բերեց ու դրեց նրա ափի մեջ։

― Դուք երևի զարմանաք, եթե երբեմն հակառակորդի հանդիպեք։ Գիտեք, ես էլ եմ մկրատ սրում։ Ես էլ կարող եմ փոքրիկ կաթսաների քերթերը ուղղել։ Ես հաճույքով ցույց կտայի ձեզ, թե ինչի է ընդունակ կինը։

Տղամարդը մուրճը դրեց յուղոտ արկղի մեջ և սալիկը պահեց։

― Երբ ամբողջ գիշեր սայլակառքի տակ կենդանիներ են սողում, կյանքն ակամայից միայնակ ու սարսափելի է դառնում։ Իսկ կինն այդպես ապրել չի կարող։

Տղամարդը բարձրացավ կողափայտի վրա՝ ձեռքով հենվելով սպիտակ իշուկի սրբոսկրին։ Նա հարմար տեղավորվեց և վերցրեց սանձերը։

― Շատ շնորհակալ եմ, տիկի՛ն։ Ես կանեմ այնպես, ինչպես դուք ասացիք։ Կգնամ ետ ու կբռնեմ Սալինասի ճանապարհը։

― Հիշեք, եթե երկար մնաք ճանապարհին, ավազը խոնավ պահեք։

― Ավա՞զը․․․ Ախ, ավա՜զր։ Այո, իհարկե։ Դուք ոսկեծաղիկների ավազը նկատի ունեք։ Անպայման խոնավ կպահեմ։

Տղամարդը լեզվով կռթացրեց։ Կենդանիները վայելչորեն հագան իրենց վզնոցները։ Բակապահ շունը գրավեց իր տեղը ետևի անիվների մեջտեղում։ Սայլակառքը շրջվեց և դուրս սողաց դեպի գետի երկայնքով ձգվող այն ճանապարհը, որով եկել էր։

Էլիզան կանգնել էր փշալարե ցանկապատի առջևում և հետևում էր քարավանի դանդաղ ընթացքին։ Նրա մեջքը ձիգ էր, գլուխը՝ ետ ընկած, իսկ աչքերը՝ կիսախուփ, այնպես, որ տեսարանը նրան աղոտ էր պատկերանում։ Նրա շրթունքներն անձայն բառեր էին կազմում։

― Գնաս բարո՜վ․․․ գնաս բաո՜վ․․․

Ապա շշնջաց։

― Դա՛ է պայծառ ուղին։ Այնտեղ փա՛յլ կա։

Իր սեփական ձայնից Էլիզան սթափվեց։ Նա նայեց շուրջը՝ տեսնելու, թե արդյոք որևէ մեկը լսե՞լ էր իրեն։ Միայն շներն էին․․․ Նրանք գլուխները բարձրացրել էին փոշու միջից ու նայում էին կնոջը։ Հետո ձգեցին մռութները և նորից քնով ընկան։ Էլիզան շրջվեց, արագ վազեց դեպի տուն։

Խոհանոցում նա ձեռքը տարավ վառարանի ետևը և շոշափեց ջրամբարը, որի մեջ կեսօրյա խոհանոցային գործերից հետո դեռևս լիքը տաք ջուր կար։ Լողարանում Էլիզան պատառոտեց իր հողոտ շորերը և շպրտեց գետնին։ Հետո փոքր չեչաքարով այնքան շփեց սրունքները, ազդրերը, գոտկատեղը, կրծքավանդակը, ձեռքերը, մինչև որ մաշկը քերծվեց ու կարմրեց։ Ապա չորացրեց մարմինը, կանգնեց ննջարանի հայելու դիմաց ու սկսեց դիտել այն։ Նա ձգեց ստամոքսը, դուրս գցեց կրծքավանդակը, շրջվեց և ուսի վրայով նայեց իրեն ետևից։

Քիչ հետո սկսեց դանդաղ հագնվել։ Ընտրեց բոլորովին նոր ներքնաշորեր, շքեղ գուլպաներ, իր կանացի հմայքն ընդգծող զգեստ, խնամքով հարդարեց մազերը, հանեց հոնքերը և կարմրացրեց շրթունքները։

Դեռ չէր վերջացրել, երբ սմբակների թեթև դոփյուն հասավ ականջին և Հենրիի ու նրա օգնականի գոռգոռոցները, որոնք կարմիր եզներին փարախ էին քշում։ Դարպասը ուժեղ չրխկոցով փակվեց։ Էլիզան պատրաստվեց դիմավորել ամուսնուն։

Հենրիի քայլերը լսվեցին նախամուտքում։ Նա կնոջը կանչելով մտավ տուն։

― Էլիզա՛, որտե՞ղ ես։

― Իմ սենյակում, հագնվում եմ։ Ես դեռ պատրաստ չեմ։ Լողանալու համար տաք ջուր կա։ Գնա լողացիր։ Միայն թե շուտ արա, արդեն ուշ է։

Երբ ջրի ճողփյունը լսվեց լողարանից, Էլիզան մահճակալի վրա դրեց ամուսնու սև կոստյումը, վերնաշապիկը, գուլպաները և փողկապը, իսկ կողքին՝ փայլեցված կոշիկները։ Հետո գնաց նախամուտք և ձգված նստեց այնտեղ։ Ապա նայեց գետի երկայնքով անցնող ճանապարհին, որտեղ մոխրագույն ու թանձր մառախուղի ներքո՝ եղյամապատ ուռենիների շարանը դեղնին էր տալիս, հիշեցնելով արևի ճառագայթի մի բարալիկ ժապավեն։ Այս էր տխրամած կեսօրի միակ գույնը։ Երկար ժամանակ նա անշարժ նստած էր․ համարյա չէր թարթում աչքերը։

Հենրին եկավ դռները շրխկացնելով, քայլելիս փողկապը բաճկոնի մեջ խոթելով։ Էլիզան ուղղվեց։ Նրա դեմքը լարվեց։ Ամուսինն անմիջապես կանգ առավ և նայեց կնոջը։

― Էլիզա՛, դու այնքան գեղեցիկ տեսք ունես։

― Գեղեցի՞կ։ Դու գտնում ես, որ ես գեղեցիկ տե՞սք ունեմ։ Ի՞նչ նկատի ունես «գեղեցիկ» ասելով։

Հենրին պարզաբանեց անզգուշության հետևանքով ասված նախադասությունը։

― Չգիտեմ։ Տեսքդ ուրիշ է, մի տեսակ ուժ ու երջանկություն եմ տեսնում քո մեջ։

― Իմ մեջ ո՞ւժ։ Այո, ուժ։ Բայց ի՞նչ նկատի ունես «ուժ» ասելով։

Հենրին շփոթվեց։

― Դու ինչ֊որ խաղ ես խաղում իմ գլխին, ― ասաց նա անօգնական։ ― Սա խաղ է։ Դու ինձ այնքան ուժեղ ես թվում, որ ծնկով մի հորթ մեջտեղից երկու կես կանես, և այնքան երջանիկ, որ այդ հորթը կուտես, ու «օ՜ֆ» չես ասի։

Մի րոպե Էլիզան կորցրեց տոկունությունը։

― Հենրի, այդպես մի խոսիր։ Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ասում։ ― Բայց հետո նրա ձայնը նորից հաստատուն հնչեց։

― Ես ուժեղ եմ, ― պարծեցավ նա։ ― Առաջ չգիտեի, որ այսքան ուժեղ եմ։

Հենրին նայեց ներքև՝ տրակտորի ծածկի կողմը, և երբ հայացքը նորից ուղղեց Էլիզային՝ իրեն զգաց իր բնական վիճակում։

― Գնամ, մեքենան դուրս հանեմ։ Մինչև շարժիցը գործի դնեմ, վերարկուդ կհագնես։

Էլիզան մտավ տուն։ Նա լսեց, թե ինչպես Հերին մեքենան քշեց դեպի դարպասը և պատրաստ պահեց շարժիցը։ Էլիզային շատ ժամանակ էր պետք գլխարկը դնելու համար։ Նա մի կողմից ձգում էր այն, մյուս կողմից ներս սեղմում։ Երբ Հենրին անջատեց շարժիցը, Էլիզան հագավ վերարկուն և դուրս եկավ։

Գետի երկայնքի փոշոտ ճանապարհով ցատկոտելով, գնում էր փոքրիկ երկտեղանի մեքենան՝ թռչուններին վերև թռցնելով և ճագարներին թփերի մեջ քշելով։ Երկու կռունկ ուռենիների շարանի վրայով թևերը դժվարությամբ թափահարելով ընկան գետի հունը։

Հեռվում՝ ճամփամիջին Էլիզան մի մուգ կետ տեսավ։ Նա գիտեր, թե դա ինչ էր։

Մութ կետի կողքով անցնելիս նա փորձեց չնայել, բայց աչքերն իրեն չենթարկվեցին։ Եվ ինքն իրեն տխուր շշնջաց․

― Գոնե ճանապարհից դուրս գցած լիներ շիվերը։ Դա այնքան էլ դժվար բան չէր։ Բայց թաղարը պահել է, մտածել է՝ գուցեև պետք գա։

Երկտեղանի մեքենան թեքվեց ճանապարհի գալարով։ Առջևում քարավանն էր։ Էլիզան շրջվեց ամուսնու կողմը, որ փոքրիկ, ծածկված սայլակառքի կողքով անցնելիս չտեսներ խառնիճաղանջ անձնակազմը։

Մի ակնթարթ և վերջ։ Էլիզան ետ չնայեց։

Նա ձայնը բարձրացրեց, որպեսզի շարժիչը չխանգարի ամուսնուն իրեն լսել։

― Լավ երեկո կանցկացնենք։ Մի լավ կճաշենք։

― Հիմա դու նորից փոխվեցիր, ― տրտնջաց Հենրին։ Նա ձեռքը ղեկից հեռացրեց և տպտպացրեց Էլիզայի ծունկը։

― Քեզ ավելի հաճախ է պետք դրսում ճաշել։ Երկուսիս համար էլ լավ կլինի։ Թե չէ ագարակում շատ ենք թթվում։

― Հենրի, ճաշի հետ գինի խմելո՞ւ ենք։

― Իհարկե։ Հիանալի միտք է։

Մի պահ Էլիզան լռեց, ապա ասաց․

― Հենրի՛, այդ վարձու ըմբշամարտում մարդիկ միմյանց շա՞տ են վնասում։

― Երբեմն այո, բայց ոչ միշտ։ Ինչո՞ւ։

― Ես կարդացել եմ, թե ինչպես են նրանք ջարդում իրենց քթերը, և արյունը հոսում է կրծքավանդակի վրայով, թե ինչպես ըմբշամարտի ձեռնոցները ծանրանում են ու խոնավանում։

Հենրին շրջվեց և նայեց նրան։

― Ի՞նչ է պատահել, Էլիզա՛։ Ես չգիտեի, որ դու այդպիսի բաներ ես կարդում։

Նա մեքենան արգելակեց, հետո թեքվեց աջ ու քշեց Սալինաս գետի կամրջի վրայով։

― Երբևէ որևէ կին գնո՞ւմ է վարձու ըմբշամարտ դիտելու։

― Ոմանք՝ այո։ Ի՞նչ պատահեց, Էլիզա՛։ Դու է՞լ ես ուզում գնալ։ Չեմ կարծում, թե կհավանես, բայց եթե ուզում ես, կտանեմ։

Կինն անզոր ետ ընկավ մեքենայի նստատեղին։

― Ո՛չ, ո՛չ։ Չեմ ուզում։ Հաստատ գիտեմ, որ չեմ ուզում։

Էլիզան դեմքը շրջել էր ամուսնուց։

― Բավական է նաև այն, որ մենք գինի ենք խմելու։ Դա արդեն շատ է։ ― Էլիզան բարձրացրեց վերարկուի օձիքը, որպեսզի Հենրին չտեսնի, թե ինչպես է ինքը պառավ կնոջ պես անօգնական հեկեկում։