Պերսի Գրիմ

Գրապահարան-ից
Պերսի Գրիմ

հեղինակ՝ Ուիլյամ Ֆոլքներ
թարգմանիչ՝ Ա․ Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ջեֆերսոն քաղաքում ապրում էր Պերսի Գրիմ անունով մի երիտասարդ։ Նա մոտ քասնհինգ տարեկան էր և ուներ նահանգի Ազգային գվարդիայի կապիտանի կոչում։ Գրիմը ծնվել ու իր ամբողջ կյանքը անց էր կացրել այդ քաղաքում, բացառությամբ ամառվա այն ամիսների, երբ մասնակցել էր ճամբարային հավաքներին։ Շատ երիտասարդ լինելու պատճառով չէր մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին և միայն 1921, թե 22 թվականին հասկացավ, որ դա երբեք չի ների իր ծնողներին։ Հայրը, որ երկաթե իրերի վաճառական էր, անկարող էր նման բան հասկանալ։ Նրան թվում էր, թե որդին պարզապես ծույլ է և շուտով կատարյալ անբան է դառնալու։ Իսկ իրականում տղան սարսափելի ողբերգություն էր ապրում, ողբերգություն մի մարդու, որը ծնվել է շատ ուշ, սակայն ոչ այնքան ուշ, որ կարողանա սկզբնաղբյուրներից տեղեկություններ ստանալ անցած֊գնացած այն ժամանակների մասին, երբ երեխա մնալու փոխարեն տղամարդ կարող էր դառնալ։ Եվ ահա, երբ անցել էին ռազմամոլության ժամանակները, երբ նրանք, ովքեր բոլորից բարձր էին աղաղակում, նույնիսկ հերոսները, որոնք ծառայել էին բանակում և տուժել, երբ նույնիսկ նրանք էին սկսել ծուռ նայել իրար, չկար մեկը, որի հետ խոսեր Գրիմը, բաց աներ սիրտը։

Նրա առաջին լուրջ կռիվը իրականում եղավ այն ընդհարումը, որ ունեցավ մի նախկին զինվորի հետ։ Վերջինս հայտարարեց՝ եթե նորից պատերազմ սկսվի, այս անգամ կռվելու է Գերմանիայի կողմից՝ ընդդեմ Ֆրանսիայի։

Գրիմը իսկույն կպավ նրան։

Ուրեմն Ամերիկայի դեմ նույնպե՞ս, ― հարցրեց նա։

― Անշուշտ, եթե մերոնք հիմարաբար կրկին սկսեն օգնել Ֆրանսիային, ― պատասխանեց զինվորը։ Առանց երկար մտածելու Գրիմը խփեց նրան։ Նա ավելի կարճահասակ էր, քան զինվորը․ տակավին քսան տարեկան չկար։ Թեև Գրիմը լավ էր հասկանում, թե ով էր տուժելու այդ կռվում, այնուամենայնիվ համառորեն դիմադրեց, մինչև որ զինվորն ինքը խնդրեց ներկաներին՝ ետ պահել այդ տղային։ Այդ կռվից մնացած սպիներով նա նույնքան էր հպարտանում, որքան հետագայում՝ այն համազգեստով, որի համար այդքան կուրորեն կռվել էր։

Նրան փրկեց միայն քաղաքացիական ինքնապաշտպանությանը վերաբերող նոր օրենքը։ Գրեմը հիշեցնում էր մի մարդու, որը երկար ժամանակ կուրորեն թափառել էր ճահճուտներում։ Թվում էր, թե նա ոչ միայն ոչ մի ճանապարհ չէր նշմարում իր առջևում, այլ գիտեր, որ այդպիսի ճանապարհ ընդհանրապես գոյություն չունի։ Եվ անսպասելիորեն նրա առջև բացվեց պարզ ու որոշակի մի ամբողջ կյանք։ Կորցրած տարիները, որոնց ընթացքում նա ոչ մի ընդունակություն չէր ցուցաբերել դպրոցում և հայտնի դարձել որպես ծույլ, համառ ու փառամոլությունից զուրկ մի տղա, մնացել էին ետևում, մոռացվել։ Նա հիմա տեսնում էր իր պարզ ու աննպատակ կյանքը, որը նման էր եղել դատարկ միջանցքի՝ մշտապես մտածելու կամ որոշում կայացնելու անհրաժեշտությունից զերծ, տեսնում էր այն ծանր բեռը, որ թեթևությամբ էր տանելու իր ուսերին՝ փայլուն, անկշիռ, մարտական, ինչպես իր տարբերանշանները․ վեհ հավատ ֆիզիկական քաջության նկատմամբ, կույր հնազանդություն և համոզվածություն, որ սպիտակ ռասսան բարձր է մնացած բոլորից, որ ամերիկյան համազգեստ կրող մարդիկ բարձր են աշխարհի բոլոր մարդկանցից, և, վերջապես, որպես այդ համոզվածության առանձնաշնորհման վարձատրություն իրենից կարող են պահանջել սոսկ իր սեփական կյանքը։

Քիչ թե շատ զինվորական բնույթ կրող յուրաքանչյուր ազգային տոնի ժամանակ նա հագնում էր կապիտանի իր համազգեստը և գնում քաղաք։ Եվ երբ սնայպերի նշանով (նա գերազանց կրակող էր) ու նշանատրեզներով փայլելով, ռազմամոլ ու տղայական արտահայտությունը դեմքին, խիստ ու բարեկազմ, քայլում էր քաղաքացիների շրջանում, ով հանդիպում էր նրան, հիշում էր իր կռիվը նախկին զինվորի հետ։

Որ նա ամերիկյան Լեգեոնի անդամ չէր, այդ բանում մեղավորը ոչ թե ինքն էր, այլ՝ ծնողները։ Այնուամենայնիվ, այդ շաբաթ երեկոյան, երբ մուլաթ Ջո Քրիսթմասին քարշ տվին Մոթոթաունից, մեղադրելով նրան միսս Ջոաննա Բրդնի սպանության մեջ, Պերսի Գրիմն արդեն հասցրել էր լինել տեղի Լեգեոնի պահակետի հրամանատարի մոտ։ Նա միանգամայն պարզ ու անկեղծորեն արտահայտեց իր միտքը։

― Մենք պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը, ― հայտարարեց նա։ ― Թող օրենքը գործի իր հերթին։ Օրենք և ազգ։ Քաղաքացիներից ոչ մեկը իրավունք չունի որևէ մեկի դատապարտել մահվան։ Այդ մասին պետք է հոգանք մենք՝ Ջեֆերսոնի զինվորներս։

― Իսկ ո՞վ ասաց, որ որևէ մեկը այլ պլաններ ունի, ― հարցրեց Լեգեոնի հրամանատարը, ― դու որևէ բան լսե՞լ ես։

― Ո՛չ։ Ոչինչ չեմ լսել։

Գրիմը չէր ստում։ Նա չափազանց քիչ նշանակություն էր տալիս քաղաքացիների ասածներին, որպեսզի ստեր։

― Բանն այդ չէ, այլ այն, թե որպես համազգեստ կրող զինվորներ մտադի՞ր ենք արդյոք առաջինը հայտնել մեր տեսակետը, թե՝ ոչ։ Այդ մարդկանց պետք է անմիջապես հասկացնել, թե որն է ամերիկյան կառավարության տեսակետը, այնպես որ պատասխանելու իսկ կարիք չզգացվի։

Նրա պլանը շատ պարզ էր․ Լեգեոնի ջոկատից իր հրամանատարությամբ մի դասակ կազմել, ինչպես վայել էր իր կոչմանը։

― Եթե չեն ուզում, որ իրենց հրամանատարը լինեմ, այլ բան է․ կարող եմ հրամանատարի օգնական, սերժանտ կամ կապրալ լինել։

Դրանք դատարկ խոսքեր չէին։ Նա չէր ձգտում սին փառքի։ Չափազանց անկեղծ էր, այնքան անկեղծ ու հումորից զուրկ, որ Լեգեոնի հրամանատարը հազիվ զսպեց իրեն, որպեսզի հանկարծ թեթևամտորեն չմերժեր նրան։

― Համենայնդեպս, ինձ թվում է, դրա կարիքը չկա, իսկ եթե լինի էլ, մենք բոլորս ստիպված կլինենք գործել որպես քաղաքացիներ։ Ես չեմ կարող նման նպատակների համար օգտագործել ջոկատը։ Վերջին հաշվով մենք հիմա զինվորներ չենք։ Չեմ կարծում, որ այդպես կվարվեի, եթե նույնիսկ կարողանայի։

Գրիմը նայեց նրան առանց զայրույթի, ինչպես կնայեր ինչ֊որ փայտոջիլի։

― Բայց չէ որ մի ժամանակ դուք էլ եք համազգեստ կրել, ― ասաց նա համբերատարությամբ։ ― Հուսով եմ, չեք օգտագործի ձեր իշխանությունը՝ խանգարելու ինձ, որ խոսեմ նրանց հետ։ Պարզապես՝ որպես մասնավոր անձինք։

― Ոչ։ Ասենք, ես այդքան իշխանություն էլ չունեմ։ Սակայն կատի ունեցիր, միայն՝ որպես մասնավոր անձինք։ Բոլոր դեպքերում իմ անունը չտաս։

Այստեղ Գրիմը առանց երկար֊բարակ մտածելու խայթող տոնով ասաց․

― Մտադիր էլ չեմ։

Եվ հեռացավ։ Շաբաթ օր էր, կեսօրվա ժամը չորսը։ Օրվա մնացած մասը նա անցկացրեց շրջելով այն կրպակներն ու գրասենյակները, որտեղ աշխատում էին Լեգեոնի զինվորները, այնպես որ երեկոյան նրա մոտ հավաքվեցի բավական մեծ թվով իր նման բորբոքված մարդիկ, որոնցից կարելի էր մի լավ դասակ կազմել։ Գրիմն անխոնջ էր, զուսպ, հաստատակամ։ Ինչ֊որ գերող ու մարգարեական բան կար նրա մեջ։ Բոլոր նորակոչիկները համաձայն էին իրենց հրամանատրի հետ թերևս մի բանում․ Լեգեոնը այստեղ ոչ մի պաշտոնական դեր չունի։ Հետո, իր համար բոլորովին անսպասելիորեն, Գրիմը հասավ իր սկզբնական նպատակին, դարձավ հրամանատար։ Ճաշից առաջ նա հավաքեց բոլորին, բաժանեց ջոկերի, կազմեց շտաբ, նշանակեց սպաներ, ընդ որում, նրանք, ովքեր ավելի երիտասարդ էին և Ֆրանսիայում չէին կռվել, արդեն հասցրել էին խանդավառվել։

Գրիմը դիմեց նրանց հակիրճ ճառով․

― Կարգ․․․ արդարադատություն․․․ թող բոլորը տեսնեն, որ մենք կրում ենք Միացյալ Նահանգների համազգեստ․․․ Եվ մի բան ևս․․․ ― Մի պահ նա բարեհաճ դարձավ, ինչպես իր զինվորներին անուններով ճանաչող գնդի հրամանատարը։ ― Դա ես ձեզ եմ թողնում, տղաներ։ Ինչպես ասեք, այնպես էլ կանեմ։ Իմ կարծիքով, ավելի լավ կլինի, որ ես համազգեստս չհանեմ մինչև այս գործը վերջանա։ Թող բոլորը տեսնեն, որ այս գործում խառն է անձամբ Քեռի Սեմը, ոչ թե սոսկ նրա ոգին։

― Բայց նա այստեղ չէ, ― իսկույն առարկեց ինչ֊որ մեկը (նա միաբան էր իր հրամանատարի հետ, որն, ի դեպ, բացակայում էր)։ ― Առայժմ կառավարությունը ոչ մի գործ չունի դրա հետ։ Այդ խաղը կարող է դուր չգալ Քենեդուն։ Այս գործը Ջեֆերսոնին է վերաբերում, ոչ թե Վաշինգտոնին։

― Կստիպենք, որ դուր գա, ― ասաց Գրիմը։ ― Ինչի՞ համար է ձեր լեգեոնը, եթե ոչ՝ Ամերիկայի և ամերիկացիների պաշտպանության համար։

― Ոչ, ― պատասխանեց նա, ― իմ կարծիքով, չարժե այս գործի պատճառով երթ կազմակերպել։ Առանց դրա էլ մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Ավելի լավ, ճիշտ չէ՞, տղաներ։

― Լավ, ― պատասխանեց Գրիմը, ― կանեմ այնպես, ինչպես ուզում եք։ Բայց բոլորդ պետք է ատրճանակ ունենաք։ Մի ժամ հետո կստուգենք զենքերը։ Կհավաքվենք այստեղ։

― Իսկ Քենեդին ի՞նչ կասի ատրճանակների մասին, ― հարցրեց նրանցից մեկը։

― Այդ մասին ինքս կհոգամ, ― պատասխանեց Գրիմը։ ― Ուղիղ մի ժամ հետո հավաքվենք այստեղ, զենքերով։

Գրիմը հրամայեց նրանց ցրվել և խաղաղ հրապարակով գնաց շերիֆի գրասենյակ։ Նրան ասացին, որ շերիֆը տանն է։

― Տա՞նը, ― կրկնեց Գրիմը, ― հիմա՞։ Ի՞նչ է անում տանը այս ժամին։

― Հավանաբար ճաշում է։ Նրա նման կարևոր անձնավորությունը օրը մի քանի անգամ պետք է ճաշի։

― Տանը, ― մի անգամ էլ կրկնեց Գրրիմը։ Նրա աչքերը չփայլեցին արհամարհանքից․ դեմքին նորից երևաց այն սառն ու անկիրք արտահայտությունը, որով նայել էր Լեգեոնի հրամանատարին։ ― Ճաշո՜ւմ է․․․

Նա արագ քայլերով դուրս եկավ և կրկին անցավ խաղաղ հրապարակով, որտեղ ոչ ոք չկար։ Խաղաղ քաղաքի խաղաղ բնակիչները խաղաղ ճաշում էին իրենց սեղանների շուրջ։

Գրիմը գնաց ուղիղ շերիֆի տուն։ Շերիֆն իսկույն ասաց՝ ոչ։

― Որ տասնհինգ֊քսան մարդ թափառեն հրապարակում՝ ատրճանակները գրպաններո՞ւմ։ Ոչ և ոչ։ Չի ստացվի։ Ես այդ չեմ կարող թույլ տալ։ Չի ստացվի։ Ինձ մի խանգարիր, ինքս այդ գործից գլուխ կհանեմ։

Գրիմը մի պահ նահեց շերիֆին, հետո շրջվեց ու արագ հեռացավ։

― Շատ լավ, ― ասաց նա, ― ինչպես ուզում եք։ Այդ դեպքում ես ձեզ չեմ խանգարի, դուք էլ՝ ինձ։

Դա սպառնալիք չէր։ Այդ բառերն արտասանվեցին չափազանց հանգիստ, չափազանց վճռական տոնով ու անկիրք։ Նա շարունակեց արագ հեռանալ։ Շերիֆը մի պահ նայեց նրա ետևից, հետո ձայն տվեց։ Գրիմը շրջվեց։

― Դու էլ ատրճանակը տանը թող, լսո՞ւմ ես։

Գրիմը չպատասխանեց։ Նա շարունակեց ճանապարհը։ Մռայլվելով՝ շերիֆը նայեց նրա ետևից, մինչև Գրիմը կորավ տեսադաշտից։

Այդ երեկո, ճաշից հետո շերիֆը վերադարձավ քաղաք, մի բան, որ չէր արել արդեն շատ տարիներ, բացի բացառիկ դեպքերից։ Բանտի մոտ նա Գրիմի մարդկանցից բաղկացած մի ուղեկալ տեսավ։ Երկրորդ ուղեկալը դատարանի շենքում էր, երրորդը հսկում էր հրապարակն ու հարակից փողոցները։ Շերիֆին ասացին, որ մնացածները՝ հերթափոխի մարդիկ, գտնվում են բամբակի վաճառքի գրասենյակում, որտեղ ծառայում էր Գրինը։ Այնտեղ է նրանց շտաբն ու գրասենյակը։ Շերիֆը Գրինին հանդիպեց փողոցում։ Նա ստուգում էր պահակետեըը։

― Այստեղ արի, այ տղա, ― ասաց Շերիֆը։

Գրիմը կանգնեց, բայց տեղից չշարժվեց։ Շերիֆը ստիպված ինքը մոտեցավ։ Նա իր չաղլիկ ձեռքով թփթփացրեց Գրիմի կողքին։

― Քեզ չասացի՞, որ սա տանը թողնես, ― ասաց նա։ Գրիմը չպատասխանեց։ Հանգիստ նայեց շերիֆին։ Շերիֆը հոգոց հանեց։

― Դե ինչ, քանի որ չես ուզում, ստիպված եմ քեզ նշանակել շերիֆի հատուկ օգնական։ Բայց չպետք է ատրճանակդ ցույց տաս որևէ մեկի, մինչև չկարգադրեմ։ Լսո՞ւմ ես։

― Իհարկե լսում եմ, ― ասաց Գրիմը։ ― Դուք չեք ուզում, որ ատրճանակս հանեմ, երբ դրա կարիքը չկա։

― Քեզ ասում եմ, չհանես, մինչև որ չկարգադրեմ։

― Անպայման, ― պատասխանեց Գրիմը անկիրք, հանդարտ ու համբերատար տոնով, ― ես էլ հենց այդ եմ ասում։ Մի անհանգստացեք, ես տեղում կլինեմ։

Ավելի ուշ, երեկոյան, երբ քաղաքը խաղաղվեց, երբ կինոթատրոնը դատարկվեց և դեղատները մեկը մյուսի ետևից փակվեցին, Գրիմի դասակի տղաները սկսեցին նույնպես ցրվել։ Նա չընդդիմացավ, միայն սառնասրտությամբ նայեց նրանց։ Նրանք մի քիչ վախեցան ու պաշտպանողական դիրք գրավեցին։ Անգիտակցաբար Գրիմն այս անգամ էլ գործի դրեց իր վերջին հաղթաթուղթը։ Քանի որ վախեցել էին, զգացին, որ դեռ շատ հեռու են՝ հասնելու համար նրա անկիրք եռանդին, այդ իսկ պատճառով վաղն ևեթ վերադառնալու էին, թեկուզ նրա համար, որ ապացուցեին Գրիմին այդ բանը։

Մի քանիսը մնացին․ չէ որ վերջապես շաբաթ երեկո էր։ Ինչ֊որ մեկը մի քանի աթոռ էլ ճարեց, և նրանք սկսեցին փոկեր խաղալ։ Խաղը տևեց ամբողջ գիշեր։ Ժամանակ առ ժամանակ Գրիմը (նա խաղին չէր մասնակցում, ոչ էլ թույլ էր տալիս խաղալ իր օգնականին, որն աստիճանով միակն էր, որ հավասար էր իրեն), ջոկատ էր ուղարկում հրապարակում պարեկություն անելու։ Այժմ նրանց էր միացել գիշերապահ ոստիկանը, թեև նա էլ խաղին չէր մասնակցում։

Կիրակին խաղաղ էր։ Խաղը շարունակվեց ամբողջ օրը։ Երբեմն ընդհատվում էր սոսկ այն ժամանակ, երբ պահակախմբի անդամները փոխվում էին։ Մեղմ ղողանջում էին եկեղեցու զանգերը, և ծխականները ամառային գունագեղ զգեստներով խմբվում էին փողոցներում։

Հրապարակում արդեն հայտնի էր, որ վաղը տեղի էր ունենալու Գրանդ Ժյուրիի հատուկ նիստ։ Այդ երկու բառերը սքողում էին ինչ֊որ սրբազան, անառարկելի մի բան, ասես այդ անվան տակ թաքնվում էր խորհրդավոր ու ամենակարող մի էակ, ամենատես մի աչք, որը հսկում էր մարդկանց արարքները, և այդ բանի ազդեցության տակ Գրիմի մարդիկ սկսեցին համոզվել, որ իրենց խաղը նշանակալից է։ Մարդկային հոգու պոռթկումներն այնքան անմիջական են ու անսպասելի, որ քաղաքի բնակիչները իրենք էլ չգիտակցելով՝ սկսեցին Գրիմին նայել հարգանքով, նույնիսկ ահով, և հանկարծ այնպիսի խորին վստահությամբ համակվեցին նրա նկատմամբ, ասես նրա կանխատեսությունը, հայրենասիրությունն ու հարազատ քաղաքի հանդեպ ունեցած սերը ինչ֊որ անհասկանալի ձևով դարձան ավելի կենսունակ ու սրտամոտ, քան իրենց սեփականը։

Համենայն դեպս նրա մարդիկ հասկացան և ընդունեցին այդ ամենը։ Լարված ու անքուն գիշերից հետո, տոնի նախօրյակին նրանց կամքն այնքան էր թուլացել ու լարվածությունը հասել այն աստիճանի, որ կամովին ինքնակիզման գնացող հնդիկի այրու նման պատրաստ էին, առաջին իսկ առիթով, հանուն Գրիմի զոհել իրենց կյանքը։ Այժմ նրանք շարժվում էին մռայլ արտացոլքով մի լույսի մեջ, որը նույնքան նկատելի էր, որքան այն գորշ֊կանաչավուն համազգեստը, որ Գրիմը ցանկանում էր հագցնել նրանց․ կարծես ամեն անգամ պահակասենյակ վերադառնալով՝ վերազգեստավորվում էին նրա խստաշունչ երազանքների պատառիկներով։

Այդպես անցավ կիրակի օրը։ Փոկերի խաղը շարունակվում էր։ Նախկին անսովորությունն ու խորհրդավորությունն այժմ փոխվել էին չափազանց հանգիստ ու անխռով վստահության, ուր պարծենկոտության նշույլ իսկ չէր մնացել։ Երեկոյան, երբ աստիճանների վրա լսվեցին հերթապահ ոստիկանի ոտնաձայները, նրանցից մեկն ասաց․ «Ոստիկանությունը, զգույշ»։ Նրանք հաստատուն, որոշակի և վճռականություն արտահայտող հայացքներ փոխանակեցին, և մեկը գոչեց․ «Դո՛ւրս շպրտեք վիժվածքին», իսկ մեկ ուրիշը, շրթունքներն ուռեցնելով, արհամարհանքով սուլեց։ Հաջորդ օրը՝ երկուշաբթի առավոտյան, երբ քաղաքում սկսեցին խռնվել գյուղական առաջին մեքենաներն ու սայլերը, դասակը հավաքվեց լրիվ կազմով։ Այժմ բոլորը համազգեստով էին, բայց բանը դրանում չէր, այլ՝ նրանց դեմքերի արտահայտություններում։ Նրանց մեծ մասը միևնույն տարիքի էր, միևնույն սերնդի ներկայացուցիչ, միևնույն կենսափորձով։ Սակայն նրանց համախմբել էր մի ինչ֊որ ավելի կարևոր բան։

Լի մռայլ վճռականությամբ, խիստ ու անկիրք, կանգնած էին նրանք ամբոխի մեջ՝ սառն ու դատարկ հայացքները հառած շրջապատի մարդկանց, մարդիկ, որոնք ամեն ինչից անտեղյակ, սակայն ինչ֊որ բան կանխազգալով, ուշադիր նրանց նայելով, անցնում էին նրանց կողքով։ Փոխարինելով իրար, մարդիկ դանդաղ առաջ էին շարժվում, այնպես, որ նրանց շուրջը միշտ էլ տնկված էին լինում դատարկ, անշարժ ու բութ, կովի մռութներ հիշեցնող կերպարանքներ։ Ամբողջ առավոտ ձայներն արձագանքում էին իրար․ «Ահա նա, այն ատրճանակով երիտասարդը։ Նրանց կապիտանն է․ նահանգապետի կողմից հատուկ ուղարկված սպա։ Նա է ամեն ինչ ղեկավարում։ Շերիֆն այստեղ գործ չունի անելու»։

Հետո, երբ արդեն ուշ էր, Գրիմը շերիֆին ասաց․

― Դուք պետք է լսեիք ինձ։ Նրան բանտից դուրս կբերեի տաս հոգուց բաղկացած պահակախմբով։ Իսկ դուք թույլ տվեցիք, որ նա գնա հրապարակով շերիֆի օգնականի ուղեկցությամբ միայն, առանց ձեռնաշղթայի, այն էլ այդ ամբոխի միջով, և այդ ցանցառ Բյուֆորդը, որ համարձակություն չունի ցախանոցի դռանն անգամ կրակել, բաց թողեց նրան։

― Որտեղի՞ց իմանայի, որ կփախչի, այն էլ հրապարակից․ չէ որ Ստիվենն ասաց, որ նա ուզում է ընդունել իր հանցանքը և համաձայն է ցմահ բանտարկության, ― պատասխանեց Շերիֆը։

Բայց արդեն ուշ էր։ Ամեն ինչ վերջացել էր։ Դա պատահեց հրապարակի մեջտեղում, մայթի ու դատարանի շենքի միջև ընկած ճանապարհի կեսին, ինչպես շուկայի օրերին, խռնված ամբոխի մեջ։ Գրիմն այդ մասին իմացավ այն ժամանակ, երբ շերիֆի օգնականը երկու անգամ կրակեց օդում։ Նա իսկույն գլխի ընկավ, թե բանն ինչ է, թեև այդ պահին դատարանի շենքում էր գտնվում։ Նրա վերաբերմունքը եղավ անմիջական ու որոշակի․ վազեց կրակոցի ուղղությամբ, հասցնելով միայն ուսի վրայով ձայն տալ այն մարդուն, ով արդեն երկու օր էր, ինչ չէր հեռանում նրա կողքից և կատարում էր ոչ այն է համհարզի, ոչ այն է սպասավորի դեր։

― Միացրու հրշեջ շչակը։

― Շչա՞կը, ― կրկնեց համհարզը, ― ինչո՞ւ․․․

― Միացրու հրշեջ շչակը, ― բղավեց Գրիմը։ ― Կարևոր չէ, թե ինչ կմտածեն, միայն թե բոլորը հասկանան, որ․․․ ― Նա առաջ նետվեց, չհասցնելով վերջացնել։

Վազելով անցավ բոլորին, չէ որ նպատակ ուներ, իսկ մյուսները վազում էին աննպատակ․ և սև մեծ ատրճանակը գութանի խոփի նման ամբոխի միջով ճանապարհ էր հարթում նրա համար։ Մարդիկ նայում էին Գրիմի լարված, դաժան դեմքին, գունատված ու սարսափից բաց բերաններով։ Հանկարծ լսվեց տևական ու խռպոտ մի ձայն․ «Այնտե՜ղ․․․ Նա այն կողմ փախավ․․․»։ Սակայն Գրիմն արդեն նկատել էր շերիֆի վազող օգնականին՝ ատրճանակը ձեռքին բարձր պահած։ Գրիմը նայեց շուրջը և կրկին առաջ նետվեց։ Ամբոխի մեջ, որը հավանաբար հրապարակավ ուղեկցել էր շերիֆի օգնականին ու կալանավորին, նա նկատեց «Վեսթ Յունիոն» ընկերության համազգեստով ծանրաշարժ փոստատարին, որը, ինչպես հնազանդ կովի կոտոշներից, քարշ էր տալիս իր հեծանիվը։ Գրիմը ատրճանակը խրեց պատյանը, ձայն տվեց տղային և ոչ մի վայրկյան չկորցնելով՝ թռավ հեծանվի վրա։

Հեծանիվը ոչ զանգ ուներ, ոչ էլ շչակ, սակայն մարդիկ ինչ֊որ ձևով զգում էին նրա մոտենալը և ճանապարհ տալիս։ Թվում էր, թե այստեղ ևս նրան օգնում էր կույր վստահությունը, իր գործողությունների օրինական ու անսխալական լինելու նկատմամբ ունեցած կույր ու անհոգ վստահությունը։ Հասնելով շերիֆի օգնականին, նա դանդաղեցրեց ընթացքը։ Շարունակելով վազել, շերիֆի օգնականը նրա կողմը դարձրեց իր քրտնած դեմքը և բղավեց․

― Նա շրջվեց դեպի այն նրբանցքը։

― Գիտեմ, ― պատասխանեց Գրիմը, ― ձեռնաշղթա կա՞ր ձեռքերին։

― Այո, ― պատասխանեց շերիֆի օգնականը, և հեծանիվն անցավ նրա կողքով։

Որ այդպես է՝ հեռու չի գնա, մտածեց Գրիմը։ Շուտով ստիպված կլինի որևէ տեղ թաքնվել։ Նա արագորեն թեքվեց դեպի նրբանցք։ Նրբանցքում երկու տուն կար, մի կողմում տախտակե ցանկապատ էր։

Եվ այստեղ առաջին անգամ հնչեց շչակի սուլոցը։ Գնալով այն դարձավ ավելի սուր, փոխվելով մեղմ ու համառ ճղճղոցի, և վերջապես դարձավ լսողության համար բոլորովին անհասանելի, զգացվելով որպես օդի անձայն տատանում։ Գրիմը առաջ էր ընթանում։ Նրա միտքն աշխատում էր արագ, մի տեսակ դաժան ու զուսպ զմայլանքով։ Նրա առաջին ցանկությունը կլինի թաքնվել, մտածում էր նա՝ նայելով շուրջը։ Նրբանցքի մի կողմում բաց տարածություն էր, մյուս կողմում՝ վեց ֆուտ բարձրություն ունեցող փայտե ցանկապատ։ Ցանկապատը վերջանում էր փայտե դարպասով, որից այն կողմ արոտավայր էր և խոր ձորակ, որը որպես սահման էր ծառայում քաղաքի համար։ Ձորակի հատակին աճած բարձր ծառերի կատարները հազիվ էին երևում նրա եզրերից։ Այնտեղ կարող էր թաքնվել և լայնակի շարժվել հեծելազորային մի ամբողջ գունդ։

― Ա՜, ― բացականչեց Գրիմը։

Առանց կանգնելու և ընթացքը դանդաղեցնելու, նա ետ շրջվեց և վերադարձավ այն փողոց, որտեղից քիչ առաջ էր դուրս եկել։ Շչակի սուլոցը արդեն մարում էր, և նրա ցածր ձայնը դարձյալ լսելի դարձավ։ Երբ Գրիմը մտավ փողոց, նկատեց վազող մարդկանց և իր ետևից հասնող մի ավտոմեքենա։ Նա ամբողջ ուժով սեղմում էր ոտնակները, բայց և այնպես ավտոմեքենան հասավ նրան, և ուղևորները, գլուխները դուրս հանելով մեքենայի լուսամուտից, բղավեցին ուղիղ նրա առաջ ձգված դեմքին․

― Բարձրացի՛ր մեքենա, բարձրացի՛ր։

Գրիմը չպատասխանեց։ Նույնիսկ չնայեց նրանց։ Ավտոմեքենան սլացավ առաջ, դանդաղեցրեց ընթացքը։ Գրիմը լուռ առաջ անցավ, համաչափ ընթացքով, և ավտոմեքենան կրկին արագություն վերցնելով՝ անցավ նրանից։ Մարդիկ մեքենայից դուրս կախվելով նայում էին իրենց դիմաց։ Գրիմը նույնպես ընթանում էր արագ, լուռ ու ուրվականի սահուն արագությամբ, անխուսափելի, ինչպես ճակատագիրը։ Նրա ետևում դարձյալ հնչեց շչակի խլացուցիչ սուլոցը։ Երբ ավտոմեքենայի մեջ նստած մարդիկ նորից ետ նայեցին, նա արդեն անհետացել էր։

Լրիվ ընթացքով Գրիմը շրջվեց դեպի հաջորդ նրբանցք։ Նրա անողոք, անշարժ դեմքը դեռևս փայլում էր մռայլ ու անմիտ սխրագործության ուրախությունից։ Այս նրբանցքը ավելի երկար էր ու խորդուբորդ, քան առաջինը։ Վերջապես նա դուրս եկավ մի լերկ բլրակ, ցատկեց հեծանվից, և, երբ հեծանիվը սլացավ ներքև, նրա առջև տարածվեց ձորակն իր ամբողջ լայնությամբ։ Ձորակի երկայնքով այս ու այն կողմ ընկած էին մի քանի նեգրական տնակ։ Միայնակ, չարագուշակ, ինչպես ճակատագիրը, անշարժ ինչպես սահմանասյուն, կանգնած էր նա ձորակի եզրին։

Նրա թիկունքում, քաղաքից դարձյալ լսվեց ցածր սուլոցը։

Եվ հենց այդ պահին Գրիմը տեսավ Քրիստմասին։ Նկատեց, թե ինչպես հեռվում, ձորակի եզրին երևաց նրա փոքրիկ ֆիգուրան, դաստակներն իրար վրա, և երբ արևի ճառագայթներն ընկան ձեռնաշղթային, այն փայլեց հելիոգրաֆի բռնկման պես, ու նրան թվաց, թե նույնիսկ այն տեղից, ուր կանգնած էր, լսվում էր նեգրի հուսահատ ու ծանր շնչառությունը։ Հետո փոքրիկ ֆիգուրան նորից վազեց ու անհետացավ մոտակա նեգրական հյուղակի ետևում։

Գրիմը նույնպես վազեց։ Նա վազում էր արագ, անշտապ ու առանց լարվածության։ Ոչ վրեժխնդրություն, ոչ վրդովմունք, ոչ էլ զայրույթ կար նրանում։ Այդ հասկացավ և Քրիստմասը, երբ նրանք նայեցին գրեթե ուղիղ իրար երեսի։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ Գրիմը վազելով թեքվեց դեպի խրճիթի անկյուն։ Այդ վայրկյանին Քրիստմասը ինչ֊որ հրաշքով դուրս թռավ խրճիթի ետևի լուսամուտից և նրա վեր պարզված շղթայված ձեռքերը փայլփլեցին ինչպես կրակի ցոլքերում։ Մի վայրկյան նրանք նայեցին իրար, մեկը թռիչքից հետո բարձրանալով մի պահ կանգ առավ, մյուսը՝ վազելիս մի ակնթարթ սառեց տեղում, նախքան իներցիայով կանցներ անկյունը։ Այդ ակնթարթում նա հասցրեց նկատել, որ նիկելապատ ծանր ատրճանակ կար Քրիստմասի ձեռքին։ Գրիմը հողմի արագությամբ ետ շրջվեց, դուրս թռավ անկյունից և հանեց ատրճանակը։

Նրա միտքը գործում էր արագ, որոշակի ու սառն ուրախությամբ։ Քրիստմասը կանի երկուսից մեկը․ կամ նորից կնետվի դեպի ձորակ, կամ կթաքնվի տան ետևում, մինչև մեզանից մեկնումեկը սպանվի։ Իսկ ձորակը տան այս կողմում է։ Նա իսկույն որոշում կայացրեց․ կատաղի արագությամբ նետվեց այն անկյունը, որտեղից հենց նոր էր դուրս եկել։ Այնպես էր գործում, ասես նրան հսկում էր ինչ֊որ կախարդական մի զորություն կամ նախախնամություն, կամ էլ հենց այնպես, կարծես գիտեր, որ Քրիստմասը այնտեղ իրեն չէր սպասում ատրճանակը ձեռքին։ Առանց դադարի նա շարունակեց վազել մինչև հաջորդ անկյունը։

Հայտնվելով ձորակի եզրին, Գրիմն անսպասելիորեն քար կտրածի պես կանգ առավ։ Ատրճանակի բութ ու սառը փողի վերևում նրա դեմքը փայլում էր այն ոչ երկրային անվրդով խաղաղությամբ, ինչպիսին ունենում են եկեղեցիների լուսամուտներին պատկերված հրեշտակները։ Չհասցնելով կանգնել, նա անցավ առաջ՝ հնազանդորեն ու կուրորեն ենթարկվելով այն անհայտ Խաղացողին, որը շախմատի զինվորի նման շարժում էր նրան խաղատախտակի վրա։ Նա վազեց դեպի ձորակը։ Սակայն թփածածկ զառիթափով ներքև թռչելիս անսպասելիորեն շրջվեց և կառչեց մացառներից։ Եվ այստեղ նկատեց, որ խրճիթը երկու ֆուտ բարձր էր գետնից, ցցերի վրա, մի բան, որ շտապելիս չէր նկատել։ Հիմա նոր հասկացավ, որ Քրիստմասին հնարավորություն էր տվել մի միավորով իրենից առաջ անցնելու, որ նա ամբողջ ժամանակ խրճիթի տակից նայել էր իր ոտքերին։

Գրո՜ղը տանի, ― բացականչեց նա։

Գրիմը թռավ, գլորվեց ներքև ու դժվարությամբ կարողացավ կանգնել ու ետ մագլցել։ Նա այնքան անխոնջ էր, ասես միս ու արյունից չլիներ, ասես Խաղացողը, որը զինվորի պես նրան շարժում էր խաղատախտակի վրա, միաժամանակ կյանք էր ներշնչում նրան։ Առանց կանգ առնելու, նույն թափով, որով դուրս էր եկել ձորակից, նա շարունակեց վազել։

Երբ դուրս եկավ խրճիթի ետևից, Քրիստմասը նրանից երեք հարյուր յարդ հեռավորության վրա ցատկում էր ցանկապատի վրայով։ Գրիմը չկրակեց, քանզի Քրիստմասն արդեն վազում էր փոքրիկ այգու միջով ուղիղ դեպի տուն։ Շարունակելով վազել, նա տեսավ թե ինչպես Քրիստմասը ցատկեց ետնամասի սանդուղքին և թաքնվեց տան մեջ։

― Ահա՜ թե ինչ, ― բացականչեց Գրիմը, ― դա քարոզիչ Հայթաուերի տունն է։

Առանց քայլերը դանդաղեցնելու, նա շրջվեց, շրջանցեց տունը և վազեց փողոց։ Ավտոմեքենան, որն անցել էր նրա մոտով և տեսադաշտից կորցրել, վերադարձել էր և հայտնվել ճիշտ այնտեղ, ուր պետք է որ լիներ, որտեղ Խաղացողը նախատեսել էր, որ գտնվեր։ Առանց Գրիմի որևէ նշանի մեքենան կանգնեց և այնտեղից դուրս եկան երեք մարդ։ Գրիմը լուռ շրջվեց և անցնելով բակը, վազեց դեպի խրճիթ, ուր մեն֊մենակ ապրում էր նախկին կրոնավորը։ Երեք մարդ նրա ետևից ներս խուժեցին, կանգնեցին, և նրանց հետ սենյակի մենաստանային կիսախավար թափանցեց ամառվա արևի վայրագ պայծառությունը։

Այդ անամոթ վայրագությունը թափանցել էր նաև նրանց մեջ, դարձել նրանց էության մի մասը։ Այդ փայլով լուսավորված նրանց դեմքերը, թվում էր, թե անջատվել էին մարմիններից և, լուսապսակով պարուրված, կախվել գետնին, երբ կռացան, որպեսզի հատակից բարձրացնեն արյունոտված Հայթաուերին․ ― նրան գետին էր տապալել Քրիստմասը, որը դատավճիռ կայացնող մոլեգնած ու վրժխնդիր աստվածության նման անցել էր դահլիճով՝ ատրճանակը վեր պարզած հրե սլաքներով փայլող շղթայված ձեռքերում։

Նրանք օգնեցին ծերունուն բարձրանալու։

― Ո՞ր սենյակում է նա, ծերուկ, ― հարցրեց Գրիմը, ցնցելով նրան, ― ո՞ր սենյակում։

― Եղբայրնե՛ր, ― ասաց Հայթաուրեը, ― չէ որ դուք մարդիկ եք, մարդիկ։

― Ո՞ր սենյակում է, ― բղավեց Գրիմը։

Նրանք պահում էին Հայթաուերին, որ վայր չընկնի։ Արևի պայծառ լույսից հետո, մռայլ ու մութ սենյակում, իր ճաղատ գլխով, խոշոր ու գունատ, արյունոտված դեմքով նա նույնպես սարսափելի էր։

― Լսեք ինձ, մարդիկ, ― բացականչեց Հայթաուերը, ― այդ գիշեր նա այստեղ էր։ Նա ինձ մոտ էր, երբ տեղի ունեցավ սպանությունը։ Երդվում եմ աստծով․․․

― Տեր աստված, ― գոչեց Գրիմը։ Նրա երիտասարդ ձայնը ցասումնալից էր ու հստակ, ինչպես երիտասարդ քրմի ձայն։ ― Մի՞թե Ջեֆերսոնի բոլոր քահանաներն ու պառաված օրիորդները գթասիրտ են դարձել այդ դեղնակտուց վիժվածքի տեսքից։ ― Նա մի կողմ հրեց ծերունուն և վազեց առաջ։

Թվում էր, նա միայն սպասում էր, թե Խաղացողը երբ նորից կտեղաշարժի իրեն, քանզի նույն անդավաճան վստահությամբ վազեց ուղիղ խոհանոց, նետվեց դեպի դուռը և, նախքան սենյակի անկյունում կողքի շրջված սեղանի ետևում կծկված մարդու փայլող ձեռքերը տեսնելը, սկսեց կրակել։

Գրիմը ատրճանակի ամբողջ պարունակությունը պարպեց սեղանի մեջ։ (Պարզվեց, որ գնդակների բացած հինգ անցքերը այնքան մոտիկ էին իրար, որ կարելի էր ծալված թաշկինակով ծածկել)։

Սակայն խաղացողը տակավին չէր ավարտել իր խաղը։

Երբ խոհանոց մտան մյուսները, տեսան, որ սեղանը նետված էր մի կողմ, իսկ Գրինը կռացել էր դիակի վրա։ Ավելի մոտենալով, նրանք տեսան, որ մարդը դեռևս կենդանի է, և երբ հասկացան, թե ինչ էր անում Գրիմը, նրանցից մեկը խեղդվող ձայնով ճչաց, օրորվեց, հենվեց պատին և սիրտ թափեց։ Այդ ժամանակ Գրինը ևս ետ ցատկեց, նետելով արյունոտված դանակը։

― Հիմա դու նույնիսկ դժոխքում չես հանդիպի սպիտակ կանանց, ― ասաց նա։

Հատակին մեկնված մարդը չէր շարժվում։ Նա հանգիստ պառկած էր․ նրա բաց աչքերում արտացոլվել էին կյանքի թույլ նշաններ, իսկ բերանի շուրջը գոյացել էր թեթևակի մի ստվեր։

Նա նայում էր նրանց երկար, խաղախ, անհատակ ու ճնշող հայացքով։ Հետո նրա դեմքը, մարմինը, ամբողջ ֆիգուրան կարծես թե փլվեց, փոս ընկավ, և սև արյան շիթը վերջին շնչի նման դուրս ցայտեց գոտկատեղում և ազդրերի վրա ծվատված հագուստի տակից։ Վեր բարձրացող հրթիռի հրե պոչի պես այն դուրս էր հորդում նրա գունատ մարմնից, և թվում էր, թե սև հեղուկից մարդը վեր էր հառնում, մեկընդմիշտ մխրճվելու նրանց հիշողության մեջ։ Ոչ մի տեղ, ― ոչ խաղաղ հովիտներում, ոչ ծերության մեղմ ու անխռով օրերին, ոչ մանկական աչքերի ջինջ հայելում, որտեղ նրանք տեսնելու են անցած աղետների ու ապագա հույսերի արտացոլումը, ― ոչ մի տեղ նրանց չի լքելու այդ հիշողությունը։ Այն կմնա նրանց հետ, ― մտախոհ, հանգիստ, հաստատուն, չխամրող և նույնիսկ ոչ այնքան ահեղ, սակայն ինքնին անխռով ու հաղթական։

Իսկ քաղաքից կրկին լսվեց շչակի ոռնոցը։ Սենյակի պատերի մեջ փոքր֊ինչ խլանալով, այն հասավ անհավատալի կրեշչենդոյի և անցավ լսողության սահմանները։