Սպանություն Մորգ փողոցում

Գրապահարան-ից
Սպանություն Մորգ փողոցում

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Ա․ Հովհաննիսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ոսկե բզեզը»

Ինչ էին երգում ծովահարսերը կամ
ինչ անվան տակ էր թաքնվում Աքիլեսը
կանանց մեջ՝ որքան դժվար հարցեր են
թվում սրանք, բայց այս դեպքում էլ
ինչ֊որ լուծում հնարավոր է։
Սըր Թոմաս Բրաուն[1]


Մեր մտքի, այսպես կոչված վերլուծական ընդունակությունները ինքնըստինքյան դժվար մատչելի են վերլուծության։ Դրանց մասին մենք դատում ենք սոսկ արդյունքներից ելնելով։ Հայտնի է, որ այդ տեսակետից ծայրաստիճան օժտված մարդու համար վերլուծման շնորհքը կենդանի հաճույքի աղբյուր է։ Ինչպես մարզիկն է հրճվում իր ուժով ու ճարպկությամբ և հաճույք գտնում վարժությունների մեջ, որոնք ստիպում են գործի դնել մկանները, այնպես էլ վերլուծող մարդն է հպարտ՝ ցանկացած առեղծվածը մեկնելու իր ունակությամբ։ Յուրաքանչյուր, թեկուզ ամենահասարակ զբաղմունք, որ նրա տաղանդից կայծեր է կորզում, հաճելի է նրան։ Նա անչափ սիրում է հանելուկներ, ռեբուսներ, գաղտնագրեր լուծել, ի հայտ բերելով մի խորաթափանցություն, որ շարքային գիտակցությանը համարյա թե գերբնական է թվում։ Մեթոդի էությամբ ու ոգով ծնված նրա եզրահանգումներն, իրոք հայտնատեսության հրաշքներ են թվում։

Դատելու այդ ունակությունը բավական շահում է մաթեմատիկայով, հատկապես բարձրագույն այն բաժնով զբաղվելուց, որն անօրինաչափորեն և միայն գործողությունների հակադիր բնույթի շնորհիվ է կոչվում վերլուծություն, այսպես ասած par excellence[2] վերլուծություն։ Ընդ որում, հաշվարկելը, հաշվի առնելն ինքնըստինքյան դեռ չի նշանակում վերլուծել։ Օրինակ, շախմատիստը հաշվում է, բայց բոլորովին էլ չի վերլուծում։ Իսկ սա նշանակում է, որ զուտ թյուրիմացության վրա է հիմնված շախմատի, որպես մտքի համար բացառիկ օգտակար խաղի մասին եղած պատկերացումը։ Եվ քանի որ ձեր առջև, ընթերցող, ոչ թե տրակտատ է, այլ սոսկ պատահական մի քանի խորհրդածություն, որոնք նախաբան պիտի հանդիսանան իմ ոչ այնքան սովորական պատմվածքին, ապա առիթից օգտվելով հայտնում եմ, որ շաշկի պարզ խաղը մտածելու շատ ավելի բարձր կարողություն է պահանջում և մտքին առավել բարդ և օգտակար խնդիրներ է առաջարկում, քան կարծեցյալ նրբին շախմատը։ Շախմատի ֆիգուրները հավասարարժեք չեն և դրանց վերագրված են ամենաբազմազան ու քմահաճ քայլեր, և բարդությունը (ինչպես հաճախ պատահում է) սխալ կերպով ընդունվում է որպես խորություն։ Այնինչ, այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը։ Բավական է թուլացնել ուշադրությունը, և դուք սխալ եք կատարում, որը և հանգեցնում է սխալի կամ պարտության։ Եվ քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլ նաև բազմանիշ, ապա սխալ թույլ տալու շանսերը համեմատաբար աճում են, և տասից ինը դեպքում շահում է ոչ թե ավելի ընդունակ, այլ ավելի կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է շաշկին, ուր թույլատրվում է միայն մեկ քայլ, սոսկ աննշան տարբերակներով։ Վրիպելու շանսերն այստեղ շատ ավելի քիչ են, ուշադրությունն առանձնահատուկ դեր չի խաղում, և հաջողությունը գլխավորապես կախված է խաղացողի խորաթափանցությունից։ Պարզության համար պատկերացնենք շաշկիի մի պարտիա, ուր մնացել են միայն չորս դամա, և նշանակում է ոչ մի վրիպման մասին խոսք լինել չի կարող։ Ակներև է, որ այստեղ (՛խաղացողների հավասար ուժերի դեպքում) հաղթանակը կախված է հաջող քայլից, անսպասելի և սրամիտ լուծումից։ Այլ հնարավորությունների բացակայության պատճառով վելուծող մարդը ջանում է թափանցել հակառակորդի մտքերի մեջ, իրեն դնում է նրա տեղը և հաճախ մի հայացքից նկատում այն միակ (երբեմն անչափ պարզ) կոմբինացիան, որը կարող է մղել սխալի կամ հանգեցնել վրիպման։

Վաղուց ի վեր վիստը[3] հայտնի է որպես հաշվառելու արվեստի հիանալի դպրոց։ Հայտնի է նաև, որ կարկառուն շատ մտքեր, թվում է, թե անբացատրելի թուլություն են ունեցել վիստի նկատմամբ և արհամարհել շախմատը, որպես պարապ զբաղմունք։ Իրականում ուրիշ ոչ մի խաղ վերլուծության նման ընդունակություն չի պահանջում։ Աշխարհի լավագույն շախմատիստը շախմատիստ է, և ուրիշ ոչինչ, այն դեպքում, երբ վիստի վարպետ խաղը շաղկապված է հաղթանակի հասնելու կարողությանը մարդկային գործունեության նաև այն առավել կարևոր մարզերում, որոնցում միտքը մրցում է մտքի հետ։ «Վարպետ խաղ» ասելով նկատի ունեմ կատարելության այն աստիճանը, որի դեպքում օրինաչափ հաղթանակի համար խաղացողը տիրապետում է բոլոր միջոցներին։ Այդ միջոցները ոչ միայն բազմաթիվ են, այլ նաև բազմազան ու հաճախ մարդկային հոգու այնպիսի իմացություն են ենթադրում, որն անմատչելի է միջին ունակությունների տեր խաղացողի համար։ Ով ուշադիր հետևում է, հստակ կարող է հիշել, հետևաբար յուրաքանչյուր կենտրոնացած խաղացող շախմատիստ կարող է հաջողություն ակնկալել վիստում, քանի որ Հոյլի[4] ձեռնարկը (հիմնված խաղի պարզ մեխանիկայի վրա) բոլորին հասկանալի ու մատչելի է, և վիստ լավ խաղալու համար, ըստ տարածված կարծիքի, բավական է «հետևել տառին», լավ հիշողություն ունենալ։ Մինչդեռ վերլուծող մարդու արվեստը հանդես է գալիս հենց այնտեղ, ուր խաղի կանոններ չեն նախատեսված։ Իր համար ինչպիսի՜ հետևություններ ու դիտումներ է անում նա։ Գուցե նույնն են անում նաև նրա խաղընկերները, բայց այս երկկողմանի հետախուզության մեջ առավելությունը կախված է ոչ այնքան ճիշտ հետևություններից, որքան դիտարկումների որակից։ Իհարկե, կարևոր է գիտենալ, թե ինչի վրա ուշադրություն դարձնել։ Բայց մեր այդ խաղացողն իրեն ոչնչով չի սահմանափակում։ Եվ, չնայած նրա անմիջական գործը խաղն է, նա չի խորշում նաև ամենահեռավոր ցուցումներից։ Նա ուումնասիրում է խաղընկերոջ դեմքը և համեմատում է հակառակորդների դեմքերի հետ։ Նկատում է, թե հարևանն ինչպես է խաղաթղթերը դասավորում ձեռքում և հաճախ կռահում է հաղթաթուղթը հաղթաթղթի ետևից, օնյորն[5] օնյորի ետևից, ելնելով հայացքներից, որ խաղացողը ձգում է դրանց վրա։ Խաղի ընթացքում հետևում է մարդկանց դիմախաղին ու բազում եզրակացություններ անում, նկատելով վստահության, զարմանքի, ցնծության կամ զայրույթի բոլոր երանգները, որ փոխարինում են միմյանց։ Դատելով այն բանից, թե ինչպես է մարդը վերցնում «ձեռքը», նա եզրակացնում է՝ դրան կհետևի՞ հաջորդը։ Խաղաթուղթը գցելու եղանակից գլխի է ընկնում, որ հակառակորդը խորամանկում է և որ քայլն արված է աչքակապության համար։ Պատահաբար կամ ակամա դուրս պրծած խոսքը, պատահական ընկած կամ բացված խաղաթուղթը և թե ինչպես ես այն թաքցնում՝ երկյուղով թե հանգիստ, «ձեռքերի» հաշվումն ու դրանց տեղադրումը, շփոթությունը, տատանումները, անհամբերությունը կամ վախը՝ ոչինչ չի սպրդում վերլուծող մարդու թվացյալ հայտնատեսական ընկալումից։ Առաջին երկու ռոբբերներից[6] հետո արդեն պատկերացնում է, թե ում ձեռքին ինչ կա և խաղում է այնքան վստահ, ասես բոլոր խաղաթղթերը բացվել են։

Հարկ չկա վերլուծելու ընդունակությունը շփոթել սովորական հնարամտության հետ, քանի որ վերլուծողը միշտ հնարամիտ է, այնինչ հնարամիտ մարդը հաճախ ընդունակ չի լինում վերլուծման։ Հորինելու և համակցելու ունակությունը, ուր սովորաբար դրսևորվում է հնարամտությունը և որի համար ֆրենոլոգները[7] (ըստ ինձ, բոլորովին իզուր) այդ հատկությունն առաջնային համարելով, հատուկ օրգան են առանձնացնում, հաճախ նկատվում է և նրանց մոտ, ում մտավոր մակարդակը մյուս բոլոր բաներում բթամտության է հասնում, ինչը բազմիցս նշել են կենցաղ ու բարքեր նկարագրող գրողները։ Վերլուծական ու հնարամիտ մտքի միջև գոյություն ունի շատ ավելի մեծ տարբերություն, քան երևակայության ու պատկերացումի միջև, բայց դա միևնույն կարգի տարբերություն է։ Իրականում, դժվար չէ նկատել, որ հնարամիտ մարդիկ մեծ ֆանտազյորներ են և որ իսկապես հարուստ երևակայություն ունեցող մարդը միշտ հակված է վերլուծության։

Ընթերցողի համար հետագա պատմությունը յուրօրինակ իլյուստրացիա կհանդիսանա վերոհիշյալ դիտողություններին։

18․․․ թվականի գարունը և ամռան մի մասը ես անցկացրեցի Փարիզում, ուր ծանոթացա ոմն մսյո Շ․ Օգյուստ Դյուպենի հետ։ Ազնվական, անգամ հանրահռչակ տոհմի այդ հետնորդը դեռ պատանեկության շրջանում ճաշակել էր բախտի քմահաճույքներն ու ընկել այնքան ողբալի հանգամանքների մեջ, որ կորցրել էր բնական ամբողջ եռանդը, կյանքում ոչնչի չէր ձգտում, չէր էլ մտածում երբեմնի հարստությունը վերադարձնելու մասին։ Պարտատերերի բարեսրտությունը Դյուպենին թողել էր հորենական ժառանգության փոքր մասը, և ապրելով տոկոսներով ու հետևելով խստագույն տնտեսման, նա մի կերպ ծայրը֊ծայրին էր հասցնում, անտարբեր՝ կյանքի խայծերին։ Միակ ճոխությունը, որ թույլ էր տալիս իրեն, գրքերն էին, իսկ դա մատչելի է Փարիզում։

Առաջին անգամ մենք հանդիպեցինք Մոնմարտր փողոցի մի աննշան գրախանութում, և քանի որ երկուսս էլ պատահաբար միևնույն գիրքն էին փնտրում՝ արտակարգ հազվագյուտ և ուշագրավ մի հրատարակություն, բնականաբար զրույցի բռնվեցինք։ Դրանից հետո հաճախ էինք հանդիպում։ Ես հետաքրքրվեցի Դյուպենի ընտանեկան պատմությամբ, և նա, իր մասին խոսող յուրաքանչյուր ֆրանսիացուն հատուկ բացսրտությամբ պատմեց բոլորը։ Ինձ ապշեցրեց Դյուպենի համակողմանի կարդացածությունը, իսկ գլխավորը՝ չէի կարողանում չհիանալ նրա երևակայության ամեհի կրակով ու թարմությամբ։

Այն ժամանակ Փարիզում ապրում էի բացարձակապես հատուկ հետաքրքրություններով, և զգալով, որ նման մարդու ընկերակցությունն ինձ համար անգին գանձ է, անհապաղ և անկեղծորեն հայտնեցի նրան այդ մասին։ Շուտով մենք վճռեցինք իմ Փարիզում գտնված ժամանակ ապրել միասին, և քանի որ պայմաններս քիչ ավելի լավ էին Դյուպենից, ապա նրա համաձայնությամբ Սեն֊Ժերմեն արվարձանի խաղաղ անկյուններից մեկում տարօրինակ ճարտարապետությամբ ու ժամանակից բավական տուժած մի տուն վարձեցի և կահավորեցի երկուսիս էլ շատ դուր եկած ռոմանտիկ մելանխոլիայի ոճով։ Տանտերերը լքել էին այդ տունը սնոտիապաշտ ինչ֊ինչ պատմություններից ելնելով, որոնց էության մեջ չխորացանք՝ դա ինչ֊որ անկման էր հանգում։

Եթե տարածվեր ու հայտնի դառնար այն ապրելակերպը, որ վարում էինք այդ կացարանում, ապա մեզ մտագարներ կհամարեին, թեև անվնաս մտագարներ։ Մեր առանձնացումը լիակատար էր։ Ոչ ոքի չէինք կամենում տեսնել։ Ընկերներիցս թաքցրեցի իմ նոր հասցեն, իսկ Դյուպենը վաղուց էր կապերը խզել Փարիզի հետ, ասենք Փարիզն էլ չէր հիշում նրան։ Մենք ապրում էինք լոկ ինքներս մեր մեջ ու մեզ համար։

Իմ ընկերոջ երևակայություններից մեկը, չգիտեմ, ուրիշ կերպ ինչպես անվանել՝ սիրահարվածությունն էր գիշերին, նրա յուրահատուկ հմայքին, ու ես հնազանդորեն ընդունեցի այդ hizarerie֊ն,[8] ինչպես և մյուսները, ինքնամոռացությամբ անձնատուր լինելով բարեկամիս քմայքներին։ Մթներես աստվածուհին ստեպ֊ստեպ թողնում էր մեզ, և նրա գթությունից չզրկվելու համար խաբեության էինք դիմում, վաղորդյան առաջին շողերի հետ փակում էինք հին տան ծանր փեղկերը և վառում երկու֊երեք կանթեղ, որոնք անուշահոտություն ծխելով, արձակում էին աղոտ և տեսլային լույս։ Դրանց գունատ լույսի տակ մենք անձնատուր էինք լինում անուրջների, կարդում էինք, գրում, զրուցում, մինչև որ ժամացույցի զանգերը ազդարարում էին իրական Խավարի գալուստը։ Իսկ այդ ժամանակ, թևանցուկ փողոց էինք ելնում, շարունակելով ցերեկվա խոսակցությունը կամ աննպատակ թափառելով մինչև ուշ գիշեր, մեծ քաղաքի ցոլցլացող լույսերի ու ստվերների մեջ գտնում էինք մտավոր հիացումների համար այն անվերջանալի սնունդը, որ մեզ է ընծայում հանգիստ հայեցողականությունը։

Նման րոպեներին չէի կարող չզմայլվել Դյուպենի փայլուն վերլուծական մտքով, թեև դրա մեջ նրա մտահայեցական ընդունակությունների ավելորդ հաստատումն էի տեսնում սոսկ։ Ասենք, հենց ինքն էլ էր սիրում, եթե չասենք փայլել, ապա զբաղվել այդ շնորհքով, և առանց ձևականությունների խոստովանում էր, թե որքան բերկրանք է դա իրեն պատճառում։ Գոհ քմծիծաղով Դյուպենը հաճախ էր պարծենում, որ նրա համար մարդիկ բաց արած գրքի են նման, և տեղնուտեղը ապշեցուցիչ ապացույցներ էր բերում, թե ինչպես պարզորոշ կարդում է հոգումս կատարվածը։ Այդպիսի դեպքերին ինձ թվում էր, թե նրա մեջ ինչ֊որ սառնություն և վերացածություն կա, նրա դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքն ուղղված էր լինում հեռուները, իսկ ձայնը՝ հյութեղ տենոր, անցնում էր ֆալցետի և համարյա քմահաճ կհնչեր, եթե չլիներ հստակ առոգանությունը և հանգիստ տոնը։ Այդ րոպեներին նրան նայելով, հաճախ էի հիշում հոգու երկվության հնագույն ուսմունքը և զվարճանում երկու Դյուպենի մասին ունեցած մտքից՝ երկու Դյուպեն, ստեղծող և մասնատող։

Այդուհանդերձ, ինձ ճիշտ հասկացեք․ ես չեմ պատրաստվում ինչ֊որ գաղտնիք հայտնել ձեզ, նմանապես մտադիր չեմ Դյուպենից ֆանտաստիկ վեպի հերոս սարքել։ Ֆրանսիացի բարեկամիս բնավորության այստեղ նկարագրած գծերը լոկ գերգրգռված, եթե ոչ հիվանդ խելքի հետևանք էին։ Բայց և այնպես նրա դիտողությունների բնույթի մասին ավելի լավ է կենդանի օրինակով պատմել։

Մի երեկո մենք զբոսնում էինք անսովոր երկար ու արտակարգ կեղտոտ մի փողոցով, Պալե֊Ռոյալից քիչ հեռու։ Ըստ երևույթին, յուրաքանչյուրս իրենն էր մտածում, ու քառորդ ժամ և ոչ մեկս ոչ մի բառ չէինք արտասանել։ Հանկարծ Դյուպենը, ասես պատահմամբ, ասաց․

― Տեսնես ի՞նչ է մտածում այդ տխեղծը։ Ո՜ւր է ոտք մեկնում։ Ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։

― Ճիշտ որ, ― պատասխանեցի մեքենայորեն։

Այնպես էի խորասուզված մտքերի մեջ, որ միանգամից գլխի չընկա, թե Դյուպենի խոսքերն ինչպիսի հաջողությամբ համընկան մտքերիս։ Բայց և իսկույն ուշքի եկա, և զարմանքիս չափ ու սահման չկար։

― Դյուպեն, ― ասացի լրջորեն, ― սա արդեն վեր է իմ հասկացողությունից։ Անկեղծորեն ասած, ես ապշած եմ, պարզապես ականջներիս չեմ հավատում։ Ինչպես կարող էիք կռահել, որ ես մտածում եմ․․․ ― Ես դադար տվեցի, համոզվելու համար, որ նա գիտե, թե ում մասին էի մտածում։

― ․․․ Շանթիլյիի մասին, ― ավարտեց նա։ ― Ինչո՞ւ չշարունակեցիք։ Ինքներդ ձեզ ասում էիք, որ մարմնի նման կազմվածքով նա չպետք է փորձի ողբերգակ դառնալ։

Այո, հենց դա էր իմ մտածմունքի առարկան։ Շանթիլյին, Սեն֊Դընի փողոցի quondam[9] կոշկակարը, թատրոնով խելագարված, վերջերս բեմել էր ունեցել Քսերքսեսի[10] դերում, Քրեբիյոնի համանուն ողբերգության մեջ և, չնայած իր բոլոր ջանքերին, խիստ սուլոցներից բացի ոչինչ չէր վաստակել։

― Ի սեր աստծո, ինձ բացատրեք ձեր մեթոդը, ― պնդեցի ես, ― եթե միայն ունեք մեթոդ և եթե դրա՛ օգնությամբ այդպես անսխալ կարդացիք մտքերս։ ― Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնիսկ ջանում էի կոծկել զարմանքիս աստիճանը։

― Բանջարավաճառը, ― պատասխանեց բարեկամս, ― ձեզ նա հանգեցրեց այն մտքին, որ մեր փինաչին շատ փոքր է Քսերքսեսի et id genus omne֊ի[11] համար։

― Բանջարավաճա՞ռը, ― զարմացա ես։ ― Ես ոչ մի բանջարավաճառ չեմ ճանաչում։

― Ինչպե՜ս թե, այն դմբոն, որը վրա պրծավ ձեզ, երբ քառորդ ժամ առաջ շրջվեցինք այս փողոցը։

Այստեղ ես հիշեցի, որ խնձորով լի մի մեծ զամբյուղը գլխին մի բանջարավաճառ, իրոք, քիչ մնաց վայր գցեր ինձ, հենց որ նրբանցքից ելանք մարդաշատ փողոց։ Բայց թե ինչ կապ ուներ դրա հետ Շանտիլյին, այդպես էլ չկարողացա հասկանալ։

Իսկ Դյուպենի պահվածքը մազաչափ անգամ նման չէր նրան, ինչ ֆրանսիացիք charlatanerie[12] են անվանում։

― Թույլ տվեք, բացատրեմ, ― ընդհատեց նա։ ― Իսկ որպեսզի ավելի լավ հասկանաք ինձ, եկեք վերականգնենք ձեր մտքերի ողջ ընթացքը այն պահից ի վեր, երբ սկսեցի խոսել ձեզ հետ, մինչև այդ տխրահռչակ բանջարավաճառին բախվելը։ Հիմնական ուղենիշներն են Շանտիլյին, Օրիոնը, դոկտոր Նիկոլսը,[13] Էպիկուրը, ստերեոտոմիան, գլաքարը և բանջարանավաճառը։

Հազիվ թե գտնվի մեկն, ում մտքով գեթ մի անգամ անցած չլինի հաճույքի համար առ քայլ հետևել այն ամենին, ինչ իրեն հանգեցրել է որևէ եզրակացության։ Երբեմն դա խիստ գրավիչ զբաղմունք է, և նա, ով առաջին անգամ է ձեռք զարնում, կապշի, թե ինչ տարածություն է ընկած ելակետի և վերջնական եզրակացության միջև և որքան քիչ են դրանք համապատասխանում միմյանց։ Զարմանքով ունկնդրեցի Դյուպենին, բայց չէի կարող չընդունել նրա խոսքերի ճշմարտացիությունը։

― Մինչև անկյունադարձը, որքան հիշում եմ, մենք խոսում էինք ձիերի մասին։ Այդտեղ մեր զրույցն ընդհատվեց։ Երբ ճանապարհն անցնելով մենք ելանք այս փողոցը, որտեղից֊որտեղ բսնած բանջարավաճառը, խնձորի մեծ զամբյուղը գլխին, արագ անցավ և շտապելուց հրեց ձեզ գլաքարերի կույտի վրա, որ թափված էր այնտեղ, ուր նորոգում էին սալահատակը։ Դուք գայթեցիք քարի վրա, թեթևակի ձգվեցին ձեր ջլերը, զայրացաք, համենայն դեպս կնճռոտվեցիք, ինչ֊որ բան մրթմրթացիք, մեկ անգամ էլ նայեցիք գլաքարի կույտին և լուռ շարունակեցիք ճանապարհը։ Չեմ ասի, թե հետևում էի ձեզ, պարզապես դիտողականությունը վերջերս դարձել է իմ երկրորդ բնավորությունը։

Դուք համեստորեն չէիք բարձրացնում ձեր աչքերը և միայն խեթ֊խեթ նայում էիք մայթի փոսերին և ճեղքերին (որից կռահեցի, որ դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հավասարվեցինք այն նրբանցքին, որը կրում է Լամարթինի[14] անունը և նոր ձևով է սալահատակված՝ շախմատաձև դասավորված, կիպ հագցված սալերով։ Դուք նկատելիորեն զվարթացաք, իսկ ձեր շրթունքների շարժումից ես կռահեցի «ստերեոտոմիա» բառը, մի տերմին, որով մի առանձին շուքի համար կնքել են սալահատակման այդ եղանակը։ Ես հասկացա, որ «ստերեոտոմիա» բառը ձեզ պիտի հանգեցնի ատոմների, ի դեպ նաև Էպիկուրի ուսմունքի շուրջ մտքին։ Եվ քանի որ վերջերս մեր խոսակցության թեման դա էր՝ ես պատմում էի ձեզ, թե այդ ազնիվ հույնի աղոտ եզրահանգումներն ինչ զարմանալիորեն են հաստատվում ժամանակակից տիեզերածնության հետևություններով՝ երկնային միգամածությունների ասպարեզում, և որ դեռ ոչ ոք արժանին չի հատուցել նրան, ապա սպասում էի նաև, որ ձեր հայացքը կուղղեք Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը։ Եվ դուք, իրոք, վեր նայեցիք, ապացուցելով, որ ես անսխալ գնում եմ ձեր հետքերով։ Ի դեպ, երեկվա «Musée»֊ում ոմն զոիլոս[15] Շանթիլյիի դեմ թունոտ հարձակման մեջ բավական անարժան կերպով ակնարկելով, որ բեմակոշիկ հագած կաշկակարը ջանացել է փոխել իր անունն իսկ, մեջ է բերել լատինական հեղինակի մի տողը, որին մենք հաճախ ենք դիմել մեր զրույցների ընթացքում։ Ես նկատի ունեմ հետևյալ բանաստեղծությունը․ Perdidit antiguum litera prima sonum.[16]

Ինչ֊որ առիթով ձեզ պատմել եմ, որ այստեղ նկատի է առնված Օրիոնը, որ մի ժամանակ գրվել է Ուրիոն։ Մենք դեռ կատակեցինք այդ առթիվ, այնպես որ դա հիշվող դեպք է։ Ես հասկացա, որ Օրիոնը ձեզ կհանգեցնի Շանթիլյիի մասին մտքի, և ձեր ժպիտը դա հաստատեց։ Դուք հոգոց հանեցիք ի զենումն հանձնված խեղճ զոհի համար։ Այդ ամբողջ ընթացքում դուք քայլում էիք կռացած, իսկ այստեղ ուղղվեցիք հասակով մեկ։ Իսկ ես վճռեցի, որ դուք մտածում էիք վտիտ կոշկակարի մասին։ Այդտեղ էլ ես ընդհատեցի ձեր մտորումները, նկատելով, որ մեր Շանթիլյին իսկապես էլ հասակ չի քաշել և ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։

Դրանից անմիջապես հետո, «Gazette des Tribunaux»֊ի[17] երեկոյան թողարկումն աչքի անցկացնելիս, հանդիպեցինք հետևայլ հոդվածին․

Չլսված հանցագործություն

Այսօր առավոտյան ժամը երեքի մոտ Սեն֊Ռոկ թաղամասի բնակիչների խաղաղ քունը խանգարվեց աղեկտուր ճիչերից։ Իրար հաջորդող անընդմեջ այդ ճիչերն, ըստ երևույթին, գալիս էին Մորգ փողոցի վրա գտնվող տան չորրորդ հարկից, ուր, ինչպես հայտնի է տեղի բնակիչներին, մենակ ապրում էր ոմն տիկին ԼʼԷսպանե իր չամուսնացած դստեր՝ Քամիլլայի հետ։ Գոց դարպասի մոտ քիչ հապաղելուց հետո, մի տասնյակ հարևաններ լինգով ջարդեցին դուռը և երկու ժանդարմի ուղեկցությամբ մտան նախամուտք։ Բղավոցներն արդեն հանդարտվել էին, բայց մի խումբ համարձակներ նոր էին բարձրացել առաջին միջնասանդուղքը, երբ վերևից լսվեց երկու, հնարավոր է նաև երեք ձայների փոխադարձ վեճ ու կռիվ, ձայները հնչում էին հատու և զայրացած։ Մինչև երրորդ հարկ հասնելը կտրվեցին այդ ձայներն էլ, և տիրեց լիակատար լռություն։ Մարդիկ ցրվեցին տնով մեկ, մի սենյակից մյուսը վազելով։ Երբ հերթը հասավ անկյունի ընդարձակ ննջասենյակին՝ չորրորդ հարկ, պատուհանները դեպի բակ (ներսից փակ դուռը նույնպես ջարդեցին), մարդիկ սարսափով ու զարմանքով ընկրկեցին իրենց դեմ բացված տեսարանից։

Այստեղ ամեն ինչ տակնուվրա էր արված, դեսուդեն էր շպրտված կոտրատած կահույքը։ Սենյակում միայն մի մահճակալ կար, բայց առանց անկողնի, բարձը և վերմակը շպրտված էին գետին։ Աթոռին ընկած էր արյունոտ շեղբով ածելին։ Երկար ու սպիտակ մազերի երկու֊երեք խիտ փունջ, ըստ երևույթին արմատից պոկված և միմյանց կպած արյունով, կախված էին բուխարու ցանկապատից։ Հատակին, ոտքերի տակ, գտնված են չորս նապոլեոնդոր, տպազիոնով մի ականջօղ, ճաշի արծաթե երեք և թեյի մելքիորե երեք գդալ և ոսկեդրամների երկու փոքրիկ տոպրակ՝ ընդհանուր հաշվով շուրջ չորս հազար ֆրանկ։ Անկյունի պահարանի գզրոցները դուրս էին հանված, կողոպտիչներն, ըստ երևույթին քրքրել էին դրանք, թեև ոչ բոլորն են տարել։ Երկաթե փոքրիկ սնդուկը, որ հայտնաբերվել է անկողնի, և ոչ թե մահճակալի տակ, բաց էր, բանալին դրված էր տեղում, բայց դրա մեջ ոչինչ չէր մնացել, բացի դեղնած նամակներից և անպետք այլ թղթերից։

Տիկին ԼʼԷսպանեի հետքը ոչ մի տեղ չկար։ Ինչ֊որ մեկը բուխարու մեջ մոխրի մեծ կույտ տեսավ, սկսեցին փորփրել ծխնելույզը և, ո՜վ սարսափ, գլխիվայր դուրս հանեցին աղջկա դիակը։ Պետք է որ նրան գլխիվայր, ընդ որում բավական խորը, ներս խցկած լինեին նեղ ծխնելույզի մեջ։ Մարմինը դեռ տաք էր, ինչպես պարզվեց զննումից, կաշին բազմաթիվ տեղերում պլոկված էր՝ պարզ հետևանքն այն ճիգերի, որով դիակը խցկել էին ծխնելույզ, իսկ հետո դուրս հանել այնտեղից։ Դեմքը սարսափելի ճանկռոտած է, վզի վրա կապտա֊կարմրավուն կապտուքներ և եղունգի խոր հետքեր կան, կարծես մարդուն խեղդել են։

Այն բանից հետո, երբ վերից վար փնտրտեցին ողջ տունը և նոր ոչինչ չգտան, բոլորն իջան ներքև, սալարկած բակը և այնտեղ դեմ ընկան մահացած պառավ կնոջը՝ ածելիով այնպես էին կտրել գլուխը, որ դիակը բարձրացնելու առաջին իսկ փորձից գլուխն ընկավ։ Ե՛վ մարմինը, և՛ դեմքն այլանդակված էին, հատկապես մարմինը, մարդկային որևէ բան չէր պահպանվել։

Ահա, հիրավի, սարսափելի մի հանցագործություն, որն առայժմ անթափանց գաղտնիքով է պարուրված»։

Հաջորդ օրը թերթը հետևյալ լրացուցիչ տեղեկությունները հայտնեց․

Ողբերգություն Մորգ փողոցում

Իր անլուր դաժանությամբ ամբողջ Փարիզն ալեկոծել է այս սպանությունը, հարցաքննված են մի շարք վկաներ, բայց գաղտնիքը բացահայտող ոչինչ դեռ չի գտնված։ Ստորև համառոտակի շարադրված են առավել էական ցուցմունքները․

Պոլինա Դյուբուր, լվացարարուհի, վկայում է, որ հանգուցյալ կանանց ճանաչում էր վերջին երեք տարիների ընթացքում, նրանց համար լվացք էր անում։ Ծեր տիկինն ու դուստրն, ըստ երևույթին, ապրում էին համերաշխ, սիրով։ Վճարում էին ճիշտ և ժամանակին։ Նրանց ապրելակերպի և միջոցների մասին ոչինչ չի կարող ասել։ Ենթադրում է, որ տիկին ԼʼԷսպանեն գուշակուհի էր, դա էլ նրանց ապրուստի միջոցն էր։ Լսել է, որ տիկինը փող ունի։ Սպիտակեղեն վերցնելիս կամ վերադարձնելիս ոչ ոքի չի հանդիպել տանը։ Հաստատ գիտե, որ ծառայող չէին պահում։ Որքան իրեն հայտնի է, կահավորված է եղել միայն չորրորդ հարկը։

Պիեռ Մորո, ծխախոտի կրպակի տեր, վկայում է, որ չորս տարի շարունակ տիկին ԼʼԷսպանեին փոքր տուփերով քթախոտ և ծխախոտ է վաճառել։ Ինքը բնիկ փարիզցի է։ Հանգուցյալն ու դուստրը վեց տարուց ավելի բնակություն են հաստատել այդ տանը, ուր և նրանց սպանված են գտել։ Մինչ այդ այստեղ ապրում էր մի ոսկերիչ, որը վարձով էր տալիս վերևի սենյակները։ Տունը պատկանում էր տիկին ԼʼԷսպանեին։ Պառավը ոչ մի կերպ չկարողացավ գլուխ դնել իր կենվորի հետ, որը վարձով էր տալիս սենյակները, ապա ինքը տեղափոխվեց վերևի հարկը, իսկ ազատ սենյակները վարձով տալուց իսպառ հրաժարվեց։ Կարծես թե խելքը թռցրեց։ Այս բոլոր տարիների ընթացքում վկան մի հինգ֊վեց անգամ է տեսել դստերը։ Երկու կանայք էլ ապրում էին առանձնացած, ասում էին, որ նրանք պահած փող ունեն։ Ասում էին նաև, իբր տիկին Լ֊ն գուշակությամբ է զվաղվում, բայց ինքը չի հավատում։ Ոչ մի անգամ չի տեսել, որ մեկնումեկը մտնի տուն, բացի տիկնոջից ու աղջկանից, երբեմն էլ բարապանից, դեպքից դեպք էլ բժիշկն է այցելել։

Մոտավորապես նույնն են վկայել մյուս հարևանները։ Ոչ ոք չի նկատել, որ հանգուցյալներին ինչ֊որ մեկը հենց այնպես այցելի։ Ինչ֊որ տեղ հարազատներ կամ ընկերներ ունեցել են, թե ոչ, նույնպես ոչ ոք չի լսել։ Փողոց նայող փակոցափեղկերը բացվում էին հազվադեպ, իսկ բակի կողմից բոլորն էլ մեխած էին, բացի չորրորդ հարկի մեծ սենյակից։ Տունը դեռ հին չէ, ամուր շինություն է։

Իզիդոր Մյուզե, ժանդարմ, վկայում է, որ իրեն կանչել են առավոտյան ժամը երեքի մոտ։ Տան մոտ տեսել է շուրջ քսան֊երեսուն մարդուց կազմված բազմություն, որոնք պաշարել էին դուռը։ Կողպեքը ջարդել է ինքը, ոչ թե լինգով, այլ սվինով։ Դուռը հեշտ է բացվել, երկփեղկ է, ոչ վերևից, ոչ ներքևից չի փակվում։ Ամբողջ ժամանակ բղավոցներ էին լսվում, մինչ դուռը բացելը, ապա իսկույն ընդհատվեցին։ Բղավում էին (զանազանել հնարավոր չէր՝ մեկը, թե երկուսը) ասես մահվան սարսափից, բղավում էին բարձր ու երկար, ոչ թե ընդհատ֊ընդհատ և խռպոտ։ Վկան առաջինն է վեր բարձրացել։ Հասնելով սանդղահարթակ, լսել է, թե ինչպես երկու հոգի բարկացած ու բարձրաձայն վիճում են․ մեկը խուլ, իսկ մյուսը՝ կարծես թե ճղճղան, մի տեսակ տարօրինակ ձայնով։ Առաջինից մի երկու բառ լսել է։ Դա ֆրանսիացի էր։ Ոչ, ոչ մի դեպքում կին չէր կարող լինել։ Նա տարբերել է «sacré» և «diable»[18] բառերը։ Ճղճղան ձայնով խոսողն օտարերկրացի էր։ Հնարավոր չէ ասել՝ կին, թե տղամարդ։ Անհասկանալի էր, թե ինչ է ասում, իսկ ավելի շուտ, լեզուն իսպաներեն էր։ Պատմելով, թե ինչ վիճակում գտան սենյակն ու դիակները, վկան ոչ մի նոր բան չի ավելացրել երեկվա մեր հայտնածին։

Անրի Դյուվալ․ հարևանը, մասնագիտությամբ արծաթագործ, վկայում է, որ տուն է մտել առաջին խմբի հետ։ Ամբողջապես հաստատում է Մյուզեի ցուցմունքը։ Նախամուտք մտնելուն պես, նրանք իսկույն փակել են դուռը, որպեսզի ներս չթողնեն հետզհետե աճող բազմությանը, թեև ուշ գիշեր էր։ Վկայի տպավորությունն այն է, որ ճղճղան ձայնը պատկանում էր իտալացու։ Համոզված է, որ ֆրանսիացի չէր։ Ձայնից դատելով չի կարող ասել, որ դա անպայման տղամարդ էր, գուցեև կին էր։ Իտալերեն չգիտե, բառերը չի հասկացել, բայց դատելով ինտոնացիայից, վստահ է, որ խոսողն իտալացի էր։ Տիկին Լ֊ի և դստեր հետ անձամբ ծանոթ էր։ Հաճախ է զրուցել երկուսի հետ էլ։ Համոզված է, որ ոչ մեկը, ոչ մյուսը ճղճղան ձայն չունեին։

Օդենհայմեր, ռեստորանատեր, վկան ինքն է ցանկացել ցուցմունք տալ։ Ֆրանսերեն չի խոսում, հարցաքննվել է թարգմանչի միջոցով։ Ամստերդամի բնակիչ է։ Անցնում էր տան մոտով, երբ այնտեղից ճիչեր լսվեցին։ Բղավում էին երկար ժամանակ, մի քանի րոպե, գուցե և տասը։ Ճիչերը երկար ու ձիգ էին, բարձր, հոգեցունց և սահմռկեցուցիչ։ Տուն է մտել առաջինների հետ։ Հաստատում է նախորդ ցուցմունքները կետ առ կետ, բացի մեկից․ համոզված է, որ ճղճղան ձայնը տղամարդու էր, ընդ որում ֆրանսիացու։ Ոչ, բառեր չի զանազանել, խոսում էին շատ բարձր և արագ֊արագ, ասես խեղդվելով, ոչ այն է զայրույթից, ոչ այն է սարսափից։ Ձայնը եղել է կտրուկ, ավելի շուտ կտրուկ, քան ճղճղան։ Ոչ, ճղճղան չի լինի ասել։ Խռպոտ ձայնը մի գլուխ կրկնում էր «sacre» և «diable», մի անգամ էլ ասաց «mon Dieu».[19]

Ժյուլ Մինյո, բանկատեր, «Մինյո և որդիներ» ֆիրմա, Դելորեն փողոցի վրա։ Ինքը՝ ավագ Մինյոնն է։ Տիկին ԼʼԷսպանեն մի փոքրիկ կապիտալ ուներ։ Իրենց գրասենյակում տիկինը հաշիվ է բաց արել այսինչ թվականի գարնանը (ութ տարի առաջ)։ Հաճախակի նոր մուծում էր կատարում՝ փոքր գումարներով։ Չեկերով դրամ դուրս չէր գրում, բայց մահից ուղիղ երեք օր առաջ վերցրել է չորս հազար ֆրանկ։ Դրամը նրան վճարվել է ոսկով և տուն է հասցված բանկի աշխատողի միջոցով։

Ադոլֆ Լը Բոն, «Մինյո և որդիներ» ֆիրմայի գրասենյակային աշխատող, վկայում է, որ վերոհիշյալ օրը, ժամը տասներկուսի մոտ, տիկին ԼʼԷսպանեին ուղեկցել է մինչև տուն, բերելով չորս հազար ֆրանկ, դրված երկու տոպրակի մեջ։ Դուռը բացել է օրիորդ ԼʼԷսպանեն, որն իրենից վերցրել է մի տոպրակը, իսկ մյուսը վերցրել է պառավը։ Որից հետո հրաժեշտ է տվել ու հեռացել։ Այն ժամանակ ինքը փողոցում ոչ ոքի չի տեսել։ Այդ փողոցը խաղաղ է և անմարդ։

Ուիլյամ Բոյրդ, դերձակ, վկայում է, որ մյուսների հետ մտել է տուն։ Անգլիացի է։ Փարիզում ապրում է երկու տարի։ Առաջիններից մեկն է, որ բարձրացել է աստիճաններով։ Լսել է, թե ինչպես են երկու հոգի վիճում։ Խռպոտ ձայնը պատկանում էր ֆրանսիացու։ Առանձին բառեր կարելի էր զանազանել, բայց ամեն բան նա չի հիշում։ Պարզ լսել է «sacre» և «mon Dieu» բառերը, որոնք ուղեկցվում էին քաշքշոցի, թփթփոցի և իրարանցման աղմուկով, ասես մի քանի մարդ էին կռվում։ Սուր ձայնը հնչում էր շատ բարձր, շատ ավելի բարձր, քան խռպոտը։ Վստահ է, որ անգլիացի չէ։ Ավելի շատ՝ գերմանացի։ Գուցե և կին է։ Ինքը գերմաներեն չի խոսում։

Նշված վկաներից չորսը կրկնակի հարցաքննության ժամանակ վկայել են, որ ննջասենյակի դուռն, ուր գտել են օրիորդ Լ֊ի դիակը, ներսից է փակված եղել, բայց ոչ փակ։ Նախասենյակից միջանցք տանող դուռը փակ է եղել, բանալին անցքում է եղել ներսից։ Փողոցին նայող պատուհաններով միջանցքի վերջում ընկած փոքրիկ սենյակի դուռը փակ չի եղել, այլ կիսաբաց։ Այդտեղ են եղել հին մահճակալներ, արկղներ և զանազան հնոտիք։ Իրերը դուրս են բերվել ու մանրակրկիտ զննվել։ Ամբողջ տունը փնտրտել են տակից գլուխ։ Ծխնելույզները ստուգել են «ծխնելույզ մաքրողներով»։ Տունը չորս հարկանի է, չհաշված ձեղնահարկի սենյակները (mansardes): Տանիք է տանում դռնանցքը, որը մեխած է և ըստ երևույթին, վաղուց անգործության մատնված։ Ժամանակը, որի ընթացքում վկաները լսել են վիճաբանությունը մինչև մուտքի դուռը կոտրելը, չափվում է ոչ միակերպ՝ երեքից հինգ րոպե։ Դուռը կոտրելը քիչ ջանք չի պահանջել։

Ալֆոնսո Գարսիս, դագաղագործ, վկայում է, որ ապրում է Մորգ փողոցի վրա։ Ծնունդով իսպանացի է։ Մյուսների հետ եղել է տանը։ Վերև չի բարձրացել։ Թույլ նյարդերի տեր է և նրան արգելված է հուզվել։ Լսել է, թե ինչպես են երկու մարդ վիճում, խռպոտ ձայնն անկասկած ֆրանսիացու է պատկանում։ Թե ինչի մասին էին վիճում՝ չի հասկացել։ Ճղճղան ձայնով խոսողն անգլիացի է։ Ինքն անգլերեն ոչ մի բառ չգիտի, դատում է ինտոնացիայից ելնելով։

Ալբերտո Մոնտանի, պատրաստի հագուստեղենի խանութի տեր, վկայում է, որ առաջիններից մեկն է վերև վազել։ Ձայներ լսել է։ Խռպոտ ձայնով խոսողը ֆրանսիացի էր։ Ինչ֊որ բան կարելի էր հասկանալ։ Խոսողն ինչ֊որ բանում հանդիմանում էր մյուսին։ Երկրորդի բառերը չի զանազանել։ Երկրորդը խոսում էր արագ֊արագ, փաթ ընկնող լեզվով։ Նման էր ռուսի։ Մնացած բոլոր բաներում վկան հաստատում է նախորդ ցուցմունքները։ Ինքն իտալացի է։ Ռուս մարդու հետ երբեք գործ չի ունեցել։

Վկաներից ոմանք կրկնակի հարցաքննության ժամանակ հաստատել են, որ չորրորդ հարկի ծխնելույզները շատ նեղ են և մարդը չի կարող մտնել այնտեղ։ «Ծխնելույզ մաքրող» ասելով նրանք նկատի ունեն գլանաձև խողովակները, որպիսիք օգտագործվում են ծխնելույզներ մաքրելիս։ Տանը մեկ ուրիշ օժանդակ սանդուղք չկա, որով կարող էին փախչել ոճրագործները, երբ հետապնդողները վեր էին բարձրանում։ Օրիորդ ԼʼԷսպանեի դիակը այնպես էր խցկված ծխնելույզի մեջ, որ միայն չորս֊հինգ մարդու համատեղ ջանքերով հնարավոր եղավ այն դուրս քաշել։

Պոլ Դյումա, բժիշկ, վկայում է, որ առավոտյան, լուսադեմին, իրեն կանչեցին հավաստելու սպանված կանանց դիակները։ Դիակները դրված են եղել հին ներքնակի վրա, որը հանված էր այն սենյակի մահճակալի վրայից, ուր գտնվել է օրիորդ Լ֊ն։ Դստեր մարմինն ամբողջովին ծածկված է կապտուկներով և ճմլվածքներով։ Դա լիովին բացատրվում է այն հանգամանքով, որ դիակը խցկել են նեղ ծխնելույզը։ Հատկապես տուժել է վիզը։ Անմիջապես ծնոտի տակ մի քանի խոր ճանկռվածք կա և կապտա֊կարմիր կապտուկներ՝ հավանաբար մատնահետքեր են։ Դեմքը ծածկված է սարսափելի կապտուցներով, աչքերը դուրս են պրծած։ Լեզուն համարյա կծած֊կտրած է մեջտեղից։ Մի մեծ արնազեղում որովայնի ստորին շրջանում ցույց է տալիս, որ այստեղ սեղմել են ծնկով։ Մսյո Դյումայի կարծիքով, օրիորդ ԼʼԷսպանեն խեղդված է՝ մարդասպանը ըստ երևույթին, մենակ չի եղել։ Մոր մարմինը հրեշավոր կերպով խեղանդամված է։ Աջ ձեռքի ու ոտքի բոլոր ոսկորները կոտրված են և մասամբ փշրված։ Ճաքած է ձախ tibia֊ն,[20] նույնպես և ձախ կողերը։ Ամբողջ մարմինը պատված է կապտուկներով և ճղվածքներով։ Դժվար է ասել, թե ինչով են հասցված վնասվածքները։ Ծանր մահակ, կամ երկաթյա լինգ, բազմոցի ոտք, ճիշտն ասած, յուրաքանչյուր ծանր առարկա ահավոր ուժի տեր մարդու ձեռքին կարող էր դա անել։ Կինը ի վիճակի չէր լինի նման խեղումներ հասցնել։ Սպանվածի գլուխը, երբ նրան տեսել է բժիշկը, անջատված է եղել մարմնից և նույնպես խիստ այլանդակված է եղել։ Կոկորդը կտրված է սուր սայրով, գուցե ածելիով։

Ալեքսանդր Էտյեն, վիրաբույժ, Մսյո Դյումայի հետ մեկտեղ կանչվել է հավաստելու դիակները։ Լիովին համամիտ է մսյո Դյումայի ցուցմունքներին և եզրակացություններին։

Էական ոչինչ այլևս չի հաջողվել հաստատել, թեև հետաքննվել են նաև ուրիշները։ Փարիզում չեն կատարվել սպանություններ մշուշապատ և բոլոր տեսակետներից հանելուկային նման հանգամանքներում։ Բայց արդյո՞ք սպանություն է սա։ Փարիզյան փորձառու ոստիկանությունն իրար է անցել։ Ուղեցույց ոչ մի թել, հնարավոր լուծման ոչ մի նշույլ։

Թերթի երեկոյան թողարկումը հայտնում էր, որ Սեն֊Ռոկ թաղամասում նախկին խիստ հուզված վիճակն է, բայց ո՛չ տան նոր խուզարկումը, ո՛չ վկաների կրկնակի հարցաքննությունները ոչնչի չեն հանգեցրել։ Լրացուցիչ հայտնվում էր, որ ձերբակալված և բանտարկված է Ադոլֆ Լը Բոնը, չնայած, բացի արդեն հայտնի փաստերից, ոչ մի նոր, ծանրացուցիչ հանցանշաններ չեն հայտնաբերվել։

Ըստ ամենայնի ես տեսնում էի, որ Դյուպենը ծայրաստիճան հետաքրքրված է հետաքննության ընթացքով, չնայած նա ձեռնպահ էր մեկնաբանություններից։ Եվ երբ միայն հայտնի դարձավ Լը Բոնի բանտարկության լուրը, նա ցանկացավ իմանալ, թե ինչ եմ մտածում այդ սպանության առթիվ։

Ես միայն կարող էի ամբողջ Փարիզի հետ դա անլուծելի հանելուկ համարել։ Մարդասպանի հետքը գտնելու նվազագույն հնարավորություն անգամ չէի տեսնում։

― Իսկ դուք մի դատեք ելնելով հետաքննությունից, ― առարկեց Դյուպենը։ ― Դա կատարյալ պարոդիա է, Փարիզի ոստիկանությունը շահում է միմիայն խորամանկությամբ, կռահելու նրա գոված ունակությունը զուտ կատակ է։ Նրա գործողություններում սիստեմ չկա, եթե սիստեմ չհամարենք րոպեի թելադրած առաջին իսկ բանից կպչելու սովորությունը։ Նրանք բղավում են իրենց միջոցառումների մասին, բայց այդ միջոցառումներն այնքան հաճախակի են վրիպում, որ ակամա հիշում ես Ժուրդենին,[21] որը պահանջում է իրեն տաք խալաթ տալ pour mieux entendre la musique:[22] Եթե նրանք երբեմն ինչ֊որ բանի հասնում էլ են, ապա բացառապես ճիգ ու ջանքով։ Այնտեղ, ուր տվայլ հատկությունները բավարար չեն, նրանց աշխատանքը զուր է անցնում։ Օրինակ, Վիդոկն[23] ուներ կռահելու ունակություն ու համառություն և բոլորովին զուրկ էր սիստեմատիկ մտածելու կարողությունից։ Նրա փնտրտուքի տաքարյունությունն ինքնին դավաճանում էր նրան և հաճախ հիմար կացության մեջ էր ընկնում։ Նա առարկան այնքան էր մոտեցնում աչքերին, որ դա խեղում էր հեռանկարը։ Թող որ նա հստակորեն տարբերում էր այս կամ այն բանը, դրա փոխարեն ամբողջը սպրդում էր նրանից։ Խորիմաստությամբ հեշտ է իմաստակություն անել։ Ճշմարտությունը միշտ չէ ջրհորի հատակում։ Առօրյա հարցերում դա ավելի շատ մակերեսին է լինում, իմ կարծիքով։ Մենք փնտրում ենք կիրճի խորքերում, իսկ նա մեզ է սպասում լեռան կատարին։ Նման սխալների բնույթը և դրանց պատճառն ըմբռնելու համար դառնանք երկնային մարմինների դիտարկումներին։ Աստղի վրա նետեք թռուցիկ հայացք, նայեք նրան ցանցենու անկյունից, որն առավել զգայուն է լուսային թույլ գրգիռների նկատմամբ, և դուք լուսատուն կտեսնեք լիակատար պարզությամբ և կկարողանաք գնահատել նրա փայլը, որը խամրում է աստիճանաբար, երբ դուք շրջվում եք նրան դեմ֊հանդիման նայելու համար։ Վերջին դեպքում աչքի վրա ավելի շատ ճառագայթ կընկնի, դրա փոխարեն առաջին դեպքում ընկալունակությունը շատ ավելի սուր է։ Չափից դուրս խորությունը սոսկ շփոթում և մշուշում է միտքը։ Չափազանց կենտրոնացած, համառ ու հետևողական հայացքը կարող է անգամ Վեներան փախցնել երկնքից։

Ինչ վերաբերում է սպանությանը, ապա եկեք ինքնուրույն հետաքննություն սարքենք, նոր ապա եզրակացություն անենք։ Նման հետաքննությունը մեզ կզվաճացնի (ես մտածեցի, որ «կզվարճացնի»֊ն այն բառը չէր, բայց լռեցի)։ Բացի այդ, Լը Բոնը ժամանակին ինձ մի ծառայություն է մատուցել, որի համար մինչև այժմ պարտական եմ նրան։ Գնանք, ամեն ինչ մեր աչքերով տեսնենք։ Ոստիկանապետ Գ․֊ն հին ծանոթս է և չի զլանա թույլատրություն տալ։


Թույլատրություն ստացանք, և առանց հապաղելու ուղևորվեցինք Մորգ փողոցը։ Դա մեկն է այն խաղաղ, անբարետես փողոցներից, որոնք Ռիշելյեի փողոցը միացնում են Սեն֊Ռոկ փողոցին։ Մենք ապրում էինք քաղաքի մյուս ծայրում և միայն ժամը երեքի մոտ տեղ հասանք։ Տունն իսկույն աչքի ընկավ, քանի որ պարապ֊սարապ մարդկանց մի խումբ հակադիր մայթից դեռևս աննպատակ նայում էր փակ փեղկերին։ Փարիզյան սովորական առանձնատուն էր, դարպասատակով, կողքին կպած ապակեպատ մի պահատնակ, բարձրացնովի պատուհանով, այսպես կոչված Loge de concierge:[24] Ներս չմտնելով, մենք անցանք փողոցը, թեքվեցինք նրբանցքով, կրկին թեքվեցինք ու կանգ առանք շենքի ետնամասի դիմաց։ Դյուպենն այնպես ուշադիր էր զննում դաստակերտը և հարևան տները, որ ինձ միայն զարմանք էր պատճառում, քանի որ ուշագրավ ոչինչ չէի գտնում։

Վերադառնալով մուտքի մոտ, մենք զանգը խփեցինք։ Մեր հավատարմագրերը տպավորություն գործեցին, և հերթապահ ոստիկանը ներս թողեց մեզ։ Աստիճաններով բարձրացանք ննջասենյակ, ուր գտել էին օրիորդ Լ' Էսպանեին, իսկ հիմա դրված էին երկու դիակները։ Այստեղ, ինչպես հարկն է, ամեն բան մնացել էր անձեռնմխելի և նախկին քաոսն էր տիրում։ Ես տեսա «Gazette des Tribunaux»֊ում նկարագրված պատկերը, ուրիշ ոչինչ։ Այնինչ Դյուպենն ամեն ինչ մանրակրկիտ զննեց, այդ թվում և դիակները։ Մենք անցանք մյուս սենյակները ևս ու իջանք բակ, այդ ամենը ոստիկանի ուշադիր հայացքի տակ։ Զննումը տևեց մինչև երեկո, վերջապես մենք հրաժեշտ տվեցինք։ Վերադարձի ճանապարհին Դյուպենը մտավ առավոտյան լրագրերից մեկի խմբագրություն։

Ես արդեն պատմել եմ բարեկամիս բազմաբնույթ տարօրինակությունների մասին, նաև թե ինչպես je les me´nageais,[25] մեկ ուրիշ համապատասխան արտահայտություն չեմ կարողանում գտնել։ Այժմ պարզ երևում էր, որ նա տրամադիր չէ քննարկել սպանությունը և այդ մասին խոսք բացեց միայն հաջորդ օրը, կեսօրին։ Առանց նախաբանի սկսելով, նա ապշեցրեց ինձ մի հարցով․ անմարդկային դաժանության այդ պատկերում ինչ֊որ հատուկ բան չե՞մ նկատել։

«Հատուկ» բառը նա ասաց այնպիսի տոնով, որ ես ակամա ցնցվեցի։

― Ոչ, հատուկ ոչ մի բան, ― ասացի ես, ― իհարկե, եթե ելնենք թերթում մեր կարդացածից։

― Վախենամ, թե թերթի հաշվետվության մեջ բացակայում է ամենագլխավորը, ― առարկեց Դյուպենը, ― այսինքն՝ անպատմելի սարսափի այն զգացումը, որով ներծծված է տվյալ դեպքը։ Բայց աստված այդ հիմար թերթուկի և նրա պարապ֊սարապ ենթադրությունների հետ։ Ես կարծում եմ հանելուկն անլուծելի են համարել՝ ելնելով հենց այն հիմքից, որը օգնում է մեզ լուծել հանելուկը՝ ես նկատի ունեմ այն անսահման հրեշավորը, որ առկա է այստեղ ամեն բանում։ Ոստիկաններին շփոթեցնում է դրդապատճառների թվացյալ բացակայությունը, ոչ այնքան ինքնստինքյան սպանության, որքան դաժանության համար։ Բացի այդ, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել նման, կարծես թե անհամատեղելի հակասությունից՝ վկաները լսել են վիճող ձայներ, այնինչ վերևում ոչ ոչ չի եղել, սպնված օրիորդ Լ' Էսպանեից բացի։ Բայց մարդասպանները փախչել էլ չէին կարող՝ ուրիշ ելք չկա, վկաներն անպայման կտեսնեին նրանց, երբ աստիճաններով բարձրանում էին։ Ննջասենյակում՝ աներևակայելի քաոս, դիակ, որն ինչ֊որ մեկը հաջողացրել է խցկել ծխնելույզը, այն էլ գլխիվայր, պառավի ֆանտաստիկ չարչարումերը՝ այս ամենը վերոհիշյալ և մի շարք այլ հանգամանքների հետ մեկտեղ, որոնք չեմ թվարկի, բավական են եղել մեր իշխանությունների ոտքի տակի հողը խափանելու համար։ Նրանք տուրք են տվել կոպիտ, թեև խիստ տարածված մի սխալի, շփոթելով անսովորն անբացատրելիի հետ։ Իսկ չէ որ պարզից ու սովորականից կատարված շեղումներն են լուսավորում գիտակցության ճանապարհը ճշմարտությունը փնտրելիս։ Այսօր մեզ վիճակված հետաքննության դեպքում պիտի հարցնել ոչ թե «ի՞նչ է պատահել», այլ «ի՞նչ մի բան է պատահել, որ դեռ երբեք չի եղել»։ Եվ իրականում այն դյուրինությունը, որով ես հասնում եմ, եթե ուզում եք, հասել եմ, տվյալ հանելուկի լուծմանը, ուղիղ համեմատական չէ՞ արդյոք դժվարություններին, որոնք ծառանում են ոստիկանության առաջ։

Ես Դյուպենին նայեցի լուռ զարմանքով։

― Հիմա ես սպասում եմ, ― շարունակեց Դյուպենը, դռանը նայելով, ― սպասում եմ մի մարդու, որն այդ գազանությունների անմիջական մեղավորը չլինելով, ինչ֊որ չափով այնուամենայնիվ նպաստել է կատարվածին։ Կատարված հանցագործությունների ամենասարսափելի մասում, ամենայն հավանականությամբ, նա անմեղսակից է։ Հուսով եմ, որ ճշմարիտ ենթադրություն եմ անում, քանի որ դրա վրա է կառուցված խնդրի լուծումն ամբողջապես։ Ես այդ մարդուն սպասում եմ այստեղ, ուր որ է նա կգա։ Հասկանալի է, որ նա կարող է և չգալ, բայց ամենայն հավանականությամբ, կգա։ Եվ այդժամ անհրաժեշտ է նրան ձերբակալել։ Ահա ատրճանակները։ Եթե հարկ լինի, մենք երկուսով կարող ենք գործի դնել դրանք։

Մեքենայաբար վերցրեցի ատրճանակները, համարյա չգիտակցելով, թե ինչ եմ անում, չհավատալով ականջներիս, իսկ Դյուպենը շարունակում էր, ասես զմայլված մենախոսությամբ։ Ես արդեն ասել եմ ժամանակ առ ժամանակ նրան հատուկ վերացածության մասին։ Նա դիմում էր ինձ և, հետևաբար, բարձրաձայն չէր խոսում, բայց ինչ֊որ բան նրա ինտոնացիայում հնչում էր այնպես, ճիշտ կարծես նա դիմում էր հեռավոր մեկին։ Նրա դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքը հառած էր պատին։

― Ցուցմունքները հաստատում են, ― շարունակեց Դյուպենը, ― որ վիճաբանող ձայները, որոնք վկաները լսել են սանդուղքների վրա, չեն պատկանում երկու կանանց։ Ուրեմն, վարկածը, թե տիկին Լ' Էսպանեն է սպանել աղջկան, ապա ինքնասպան է եղել, շարքից դուրս է գալիս։ Այս մասին խոսում եմ, իմ մեթոդը ցուցադրելու համար․ տիկին Լ' Էսպանեն, իհարկե, այնքան ուժ չէր ունենա դստեր դիակը ծխնելույզի մեջ խցկելու, իսկ այն խոշտանգումները, որոնց ենթարկվել էր նա, բացառում են անձնասպանության մասին յուրաքանչյուր միտք։ Սրանից հետևում է, որ սպանությունը կատարված է կողմնակի մարդու կողմից․ վիճող ձայներից մեկը լիակատար ակնբախտությամբ այդ երրորդ կողմին է պատկանում։ Իսկ այժմ անդրադառնանք ոչ թե վիճող երկու ձայներին վերաբերող ցուցմունքներին ամբողջապես, այլ դրանց հայտնի յուրահատկությանը։ Ասացեք, ձեզ ոչինչ չի՞ զարմացրել։

― Բոլոր վկաները համաձայն են, ― ասացի ես, ― որ խռպոտ ձայնը ֆրանսիացու էր, այնինչ ճղճղան կամ, ինչպես մեկն արտահայտվել է, հատու ձայնի մասին կարծիքները տարբեր են։

― Դուք խոսում եք ցուցմունքների մասին ընդհանրապես, ― առարկեց Դյուպենը, ― և ոչ թե նրանց բնորոշ առանձնահատկության։ Դուք չեք նկատել ամենաբնորոշը։ Այնինչ հարկ էր նկատել։ Ինչպես ճիշտ ասացիք, բոլոր վկաները համաձայն են խռպոտ ձայնի վերաբերյալ՝ այստեղ լիակատար միաբանություն է։ Ինչ վերաբերում է ճղճղան ձայնին, ապա ինձ զարմացրած յուրահատկությունը ոչ թե տարբեր կարծիքներն են, այլ այն, որ իտալացին, անգլիացին, հոլանդացին և ֆրանսիացին՝ բոլորն էլ բնորոշում են դա որպես օտարերկրացու ձայն։ Ոչ ոք ճղճղան ձայնի ինտոնացիաներում հայրենակցի խոսք չի ճանաչել։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը մեզ մատնանշում է ոչ այն ազգը, որի լեզուն իրեն ծանոթ է, այլ ճիշտ հակառակը։ Ֆրանսիացին լսել է իսպանացու խոսք․ «Անհասկանալի էր, թե ինչ է ասում, իսկ ավելի շուտ լեզուն իսպաներեն էր»։ Հոլանդացու համար նա ֆրանսիացի էր, ի դեպ, ինչպես արձանագրված է, «ֆրանսերեն չի խոսում, հարցաքննվել է թարգմանչի միջոցով»։ Անգլիացու համար դա հնչում է որպես գերմանացու խոսք, ի դեպ, նա գերմաներեն ոչ մի բառ չգիտե։ Իսպանացին «հավատացած է», որ նա անգլիացի էր, ըստ որում նա անգլերեն ոչ մի խոսք չգիտե, դատում է ինտոնացիայից, անգլերենը նրա համար օտար է։ Իտալացին ռուսերեն է պատկերացրել, թեև ռուս մարդու հետ գործ ունենալ նրան չի վիճակվել։ Բացի այդ, երկրորդ ֆրանսիացին, ի տարբերություն առաջինի, «վստահ է, որ խոսողն իտալացի էր, չտիրապետելով տվյալ լեզվին, իսպանացու նման, նա նույնպես վկայակոչում է ինտոնացիան։ Իրոք, տարօրինակ պետք է հնչի նման դատողություններ առաջացրած լեզուն, որի հնչյուններում եվրոպական հինգ խոշորագույն երկրների ներկայացուցիչներից և ոչ մեկը իրեն ծանոթ ու հարազատ ոչինչ չի գտել։ Դուք կարող եք ասել, թե նա եղել է ասիացի կամ աֆրիկացի։ Ճիշտ է, Ասիայի կամ Աֆրիկայի բնակիչները հաճախ չեն հանդիպում Փարիզում, բայց նման հնարավորությունը չժխտելով անգամ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում երեք հանգամանքների վրա։ Վկաներից մեկին հայտնի ձայնը թվացել է «ավելի շուտ հատու, քան ճղճղան»։ Մյուս երկուսը բնորոշում են նրա խոսքը որպես շտապ֊շտապ ու անհավասար։ Եվ ոչ մեկին չի հաջողվել լսել որևիցե պարզորոշ բառ կամ թեկուզ հստակ հնչյուն։

― Չգիտեմ, ― շարունակեց Դյուպենը, ― թե ձեր վրա ինչ տպավորություն են թողնում իմ փաստարկները, բայց համարձակվում եմ պնդել, որ խռպոտ ու ճղճղան ձայների մասին ցուցմունքների այս մասից բխում են օրինական հետևություններ, ապա ենթադրություններ, որոնք կանխորոշում են մեր հետաքննության հետագա ամբողջ ընթացքը։ «Օրինական հետևություններ» ասելով, ես այնքան էլ ճիշտ չարտահայտվեցի։ Ցանկացա ասել, որ դրանք անխուսափելիորեն հանգեցնում են իմ ենթադրությանը, որպես միակ արդյունքի։ Թե դա ի՛նչ ենթադրություն է, առայժմ չեմ ասի։ Խնդրում եմ լոկ հիշել, որ ինձ համար դա այնքան համոզիչ է, որ պառավի ննջասենյակում իմ փնտրտումներին որոշակի ուղղություն և նույնիսկ որոշակի նպատակ հաղորդեց։

Մտովի տեղափոխվենք այդ ննջասենյակը։ Նախ և առաջ ինչ պիտի փնտրենք այդտեղ։ Իհարկե, այն ելքը, որից օգտվել է փախուստի դիմած մարդասպանը։ Փառք աստծո, ես և դուք հրաշքների չենք հավատում։ Վերջին հաշվով, չար ոգինե՞րն են տիկին և օրիորդ Լ' Էսպանեների վերջը տվել։ Հանցագործներն անկասկած նյութական աշխարհի էակներ են, և փախել են համաձայն այդ աշխարհի օրենքների։ Բայց ինչպե՞ս։ Բարեբախտաբար, այստեղ պահանջվում են ամենապարզ դատողություններ և դրանք մեզ պիտի հանգեցնեն ուղղակի և ստույգ պատասխանի։ Հերթականությամբ դիտենք առկա բոլոր ելքերը։ Պարզ է, որ երբ մարդիկ բարձրանում էին սանդուղքով, մարդասպանները գտնվում էին պառավի ննջասենյակում կամ, ծայրահեղ դեպքում, միջանցիկ սենյակում՝ նշանակում է, ելքը նույնպես պիտի փնտրել այդ սահմաններում։ Ոստիկանները բարեխղճորեն հետազոտել են հատակը, պատերն ու առաստաղը։ Գաղտնի և ոչ մի դուռ չէր սպրդի նրանց հայացքից։ Բայց չապավինելով դրանց, ես ամեն ինչ անձամբ ստուգեցի։ Սենյակից միջանցք տանող երկու դռներն էլ հուսալի կերպով փակված են եղել ներսից։ Դառնանք ծխնելույզներին։ Թեև ստորին մասում, բուխարու ելքից ութ֊տաս ոտնաչափ դրանք սովորաբար լայն են լինում, ապա դեպի վեր այնքան են նեղանում, որ դրանցով մի գեր կատու էլ չի կարող անցնել։ Այսպես, փախուստի այդ հնարավորությունները բացառվում են։ Մնում են պատուհանները։ Սենյակի՝ փողոցին նայող պատուհանները հաշվի չառնենք, քանի որ հավաքված ամբոխը կտեսներ փախստականներին։ Հետևաբար մարդասպանները պիտի փախչեին ննջասենյակի պատուհաններից։ Հանգելով տրամաբանական այս հետևությանը, մենք, որպես գիտակից մարդիկ, չպետք է հրաժարվենք դրանից այն հիման վրա, իբր դա լիովին անհնար է։ Ընդհակառակը, մենք կաշխատենք ապացուցել, որ «անհնարինությունն» այստեղ ոչ թե լիովին է, այլ թվացող։

Ննջասենյակը երկու պատուհան ունի։ Դրանցից մեկը ոչնչով պատնեշված չէ և երևում է տակից գլուխ։ Մյուսը ներքևից ծածկված է հսկայական մահճակալի գլխով։ Առաջին լուսամուտն ամրացված է ներսից։ Պատուհանը բարձրացնելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Պատուհանի շրջանակի ձախ կողմում ծակ է բացված, որի մեջ խորը, մինչև վերջ մի մեծ մեխ է խրված։ Երբ դարձանք մյուս պատուհանին, ապա դրա շրջանակի մեջ էլ նման մի մեխ գտանք։ Այդ պատուհանը ևս ոչ մի կերպ չբարձրացավ։ Նշված հանգամանքները համոզեցին ոստիկանությանը, որ հանցագործները չէին կարող փախչել այդ ճանապարհով։ Իսկ հենվելով դրա վրա, ոստիկանները հարկ չհամարեցին դուրս քաշել մեխերը և բացել պատուհանները։

Ես չսահմանափակվեցի մակերեսային զննումով՝ արդեն բացատրեցի թե ինչու։ Չէ որ ինձ հարկ էր ապացուցել, որ այստեղ «անհնարինությունը» լիովին չէ, այլ թվացող։

Ես սկսեցի դատել ապոստերիորի։[26] Մարդասպանները անկասկած փախել են այդ պատուհաններից մեկով։ Բայց այդ ժամանակ նրանք չէին կարող կրկին ամրացնել շրջանակը ներսից, իսկ չէ որ պատուհանները ամուր փակված էին, և այդ նկատառումն իր ակնբախությամբ ճնշել է ոստիկանների վրա և ընդհատել նրանց որոնումներն այդ ուղղությամբ։ Այո, պատուհանները փակ են եղել։ Ուրեմն, դրանք ավտոմատ կերպով են փակվում։ Նման լուծումն ընքնստինքյան է առաջանում։ Ես մոտեցա ազատ պատուհանին, դժվարությամբ հանեցի մեխը և փորձեցի բարձրացնել շրջանակը։ Ինչպես և կարծում էի, չստացվեց։ Այստեղ ես հասկացա, որ ինչ֊որ տեղ գաղտնի զսպանակ կա։ Նման ենթադրությունը ծայրահեղ դեպքում ուժի մեջ էր թողնում իմ ելակետը, որքան էլ հանելուկային լինեին այդ մեխերը։ Ուշադիր զննելուց հետո ես իսկապես գաղտնի զսպանակը հայտնաբերեցի։ Ես սեղմեցի դա և բավարարվելով գտածովս, շրջանակը չբարձրացրեցի։

Մեխը կրկին մտցրեցի անցքը և ուշադիր սկսեցի նայել։ Պատուհանից դուրս եկած մարդը կարող է դրսից իջեցնել շրջանակը, և սողնակն ինքն իրեն կփակվի, բայց մեխն ինքն իրեն իր տեղը չի մտնի։ Սրանից բխում էր մի հետևություն, որն առավել քան սահմանափակում էր իմ որոնումների հորիզոնը։ Մարդասպանները պետք է, որ փախած լինեին մյուս պատուհանից։ Բայց եթե, ինչպես հարկ էր սպասել, երկու պատուհաններում էլ սողնակները նույնն են, ապա տարբերությունը պիտի լիներ մեխերի, կամ ծայրահեղ դեպքում, դրանց տեղադրման միջև։ Բարձրանալով ներքնակի վրա և թեքվելով մահճակալի գլխի վրայով ես մանրազնին ուսումնասիրեցի շրջանակը, հետո ձեռքս մտցնելով շոշափեցի և սեղմեցի զսպանակը, որն ամեն ինչով նման էր հարևանին։ Ապա զբաղվեցի մեխով։ Դա նույնպիսի մեծ մեխ էր, ինչպես նախորդը, և նույնպես մինչև վերջ խրված էր անցքը։

Դուք, իհարկե, կկարծեք, թե ես մտահոգվեցի։ Ուրեմն վատ եք պատկերացնում մտածողության ինդուկտիվ մետոդը։ Մարզիկների լեզվով ասած, ես անվրեպ էի խփում գնդակին։ Ես ճիշտ հետքով էի գնում։ Իմ դիտողությունների շղթայում ոչ մի արատավոր օղ չկար, ես հետևել էի այդ շղթային մինչև վերջ և այդ վերջակետը մեխն էր։ Ես արդեն ասացի, որ ըստ ամենայնի դա նման էր հարևան պատուհանի մեխին, բայց այդ փաստ ի՜նչ էր (իր ողջ համոզչությամբ հանդերձ) համեմատած իմ այն հաստատ վստահությանը, որ հենց այդ վերջակետին է հասցնելու իմ ուղեցույց թելը։ «Ուրեմն, մեխը կարգին չէ», ― մտածեցի ես։ Եվ իրոք, հազիվ էի ձեռս տվել մեխին, երբ գլխիկն ու մեխի մի կտոր մնացին ձեռքումս։ Մեծ մասը մնաց անցքի մեջ, ուր և հավանաբար կոտրվել֊մնացել էր։ Կոտրվածքը հին էր․ այդ էր 109-112


կառչել վանդակին, պայմանով, եթե փեղկը մինչև վերջ բաց լիներ։ Ապա թողելով շանթարգելը և պատին հենվելով ոտքերով, նա կարող էր ուժով հրվել ու փակել փեղկը, այնուհետև, եթե ենթադրենք, թե պատուհանը բաց է եղել, լուսամտագոգից ուղիղ սենյակ մտնել։

Եվ այսպես, հիշեցեք, խոսքն այստեղ յուրահատուկ, արտակարգ ճարպկության մասին է, քանի որ լոկ այդ դեպքում է հնարավոր այդչափ հանդուգն ակրոբատիկ համար կատարել։ Ես մտադիր եմ ձեզ ապացուցել, որ նախ, նման թռիչք հնարավոր է, ապա գլխավորը, ցանկանում եմ, որ պատկերացնեք, թե ինչ արտասովոր, համարյա գերբնական ճարպկություն է պետք նման թռիչքի համար։

Դուք, իհարկե, կասեք, ինչպես մեր դատապաշտպաններն են արտահայտվում, թե ավելի շուտ «հօգուտ ինձ» կլիներ թաքցնել և ոչ թե լիովին ընդունել նման ճարպկության անհրաժեշտությունը։ Բայց եթե իրավաբանների բարքերն այդպիսին են, ապա բանականությունն այլ բանի է սովոր։ Իմ վերջնական նպատակը ճշմարտությունն է։ Իսկ առաջիկա խնդիրս՝ ձեր գիտակցության մեջ սկզբնավորել հետևյալ համադրությունը․ մի կողմից ապշեցուցիչ ճարպկությունը, որի մասին արդեն խոսեցի, մյուս կողմից՝ ծայրաստիճան յուրօրինակ, զիլ, մեկ ուրիշ վարկածով, հատու ձայնը, որի ազգային պատկանելության մասին կարծիքները տարբերվում են, այս ամենի հետ անըմբռնելի մրթմրթոց, որի մեջ հոգորոշ որևիցե վանկ զանաանելն անհնար է։

Այս խոսքերի հետ ինչ֊որ աղոտ ենթադրություն առկայծեց իմ ուղեղում։ Թվում էր, թե ևս մի ճիգ, ու ես կորսամ Դյուպենի միտքը։ Այդպես լինում է, երբ մարդ լարում է հիշողությունը որևիցե բան հիշելու համար ու չի կարողանում։ Մինչ այդ բարեկամս շարունակեց․

Նկատի ունեցեք, այն հարցից, թե հանցագործն ինչպես է թաքնվել, ես անցա այն հարցին, թե ինչպես է նա ներս մտել։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ թե մեկը, թե մյուսը կատարվել է նույն տեղում և նույն ճանապարհով։ Իսկ հիմա անդրադառնանք բնակարանին։ Ինչ տեսանք այդտեղ։ Պահարանի գզրոցներից, ուր հիմա էլ դեռ հագուստեղեն կա, ինչպես մեզ համոզում են, շատ բան հափշտակված է։ Անհեթեթություն չէ՞ արդյոք։ Օդից վերցված ենթադրություն է և չի կարելի ասել, թե խելոք է։ Ինչ գիտենք, գուցե և պահարանում ուրիշ ոչինչ չի եղել, քան ոստիկանության հայտնաբերածը։ Տիկին Լ' Էսպանեն և նրա աղջիկը փակ կյանք են վարել, ոչ ոքի չեն ընդունել և քիչ են դուրս եկել՝ նրանց ինչի՞ն էր պետք հարուստ հանդերձարան։ Գտնված հագուստներն էլ որոշակիորեն ամենավատը չեն եղել, որ կարող էին հագնել այդ կանայք։ Եվ եթե գողը հրապուրվել է կանացի հագուստներով, ապա ինչու է թողել հենց լավագույնները, վերջապես ինչո՞ւ չի հափշտակել բոլորը։ Եվ գլխավորը՝ հանուն ինչ֊որ լաթերի, ինչու է նա հրաժարվել չորս հազար ոսկե ֆրանկից։

Իսկ չէ որ դրամը նա չի վերցրել։ Համարյա ամբողջ ոսկին, որի մասին հայտնել է Մսյո Մինյոն, անձեռնմխելի է մնացել ու տոպրակներով թափված է եղել հատակին։ Դրա համար էլ ձեր գլխից դեն նետեք դրդապատճառների մասին յուրաքանչյուր միտք՝ հիմար միտք, որ առաջացել է ոստիկանների գլխում ցուցմունքների այն մասի ազդեցության տակ, ուր խոսք է գնում տուն բերված ոսկու մասին։ Տասն անգամ ավելի ապշեցուցիչ զուգադիպություններ, քան դրամը տուն բերելը և երեք օր անց ստացողի սպանությունն է, յուրաքանչյուր ժամ կատարվում է մեր աչքի առջև և մենք նույնիսկ չենք էլ նկատում։ Զուգադիպություններն ամենամեծ դավերն են մտածողների որոշակի տեսակի համար, որոնք հավանականության տեսության մասին գաղափար անգամ չունեն, իսկ իմացության կարևորագույն բնագավառները այդ տեսությանն են պարտական իրենց առավել փառահեղ հայտնագործություններով։ Բնականաբար, եթե դրամը պակասած լիներ, այն փաստը, որ դրամը տուն են բերել սպանության համարյա նախօրեին, ավելի մեծ նշանակություն կստանար, քան սովորական զուգադիպությունը։ Լիիրավ կերպով կառաջանար դրդապատճառների հարցը։ Տվյալ դեպքում հանցագործության գլխավոր պատճառը դրամը համարելը կնշանակեր հանգել այն եզրակացության, որ հանցագործը կատարյալ ապուշ է ու հիմար, քանի որ հենց դրամը՝ ուրեմն և իր դրդապատճառը, նա մոռացել է։

Իսկ հիմա, հաստատապես հիշելով այն երեք հանգամանքները, որոնց վրա ձեր ուշադրությունը հրավիրեցի՝ յուրօրինակ ձայնը, արտակարգ ճարպկությունը և դրդապատճառների զարմանալի բացակայությունը նման արտասովոր դաժան սպանության դեպքում, դիմենք ինքնին հանցագործության պատկերին։ Ահա մի զոհ, որին խեղդել են մերկ ձեռքերով, իսկ հետո գլխիվայր խցկել ծխնելույզը։ Սովորական հանցագործներն այդպես չեն սպանում։ Եվ բոլոր դեպքերում իրենց զոհերի դիակներն այդպես չեն թաքցնում։ Պատկերացրեք, թե ինչպես են մեռած մարմինը խցկել ծխնելույզ, ու կհամաձայնեք, որ դրա մեջ ինչ֊որ հրեշավոր, մարդկային արարքների մեր պատկերացումներին անհարիր ինչ֊որ բան կա, անգամ եթե հաշվի առնենք, որ գործ ունենք ամենավերջին տականքի հետ։ Միաժամանակ պատկերացրեք, թե ինչ աներևակայելի է ուժ է պետք մարմինն այնտեղ խցկելու համար, այն էլ ներքևից վերև, երբ սոսկ մի քանի հոգու համատեղ ջանքերով է հնարավոր եղել դուրս հանել մարմինը՝ վերևից ներքև։

Եվ վերջապես, այդ սարսափելի ուժի ուրիշ արտահայտություններ։ Բուխարու ցանցին գտնվել են մազափնջեր, արտասովոր խիտ, սպիտակած մազափնջեր, որոնք պոկված են եղել արմատից։ Դուք գիտեք, թե ինչ ուժ է պետք միանգամից թեկուզ քսան֊երեսուն մազ պոկելու համար։ Դուք, նաև ես, տեսել ենք այդ փնջերը։ Մազարմատների վրա, սարսափելի է ասելն անգամ, լերդացել են գանգամաշկով պլոկված արնաշաղախ մսի պատառիկներ՝ պերճախոս վկայություն, թե ինչ ջանքեր են պետք միանգամից մոտ կես միլիոն մազ պոկելու համար։ Պառավի կոկորդը պարզապես կտրած չէր, գլուխն ամբողջովին անջատված էր մարմնից, իսկ չէ որ մարդասպանի զենքը սովորական ածելի է եղել։ Խորհեցեք նաև այդ ոճրի գազանաբարո դաժանության մասին։ Ես դեռ չեմ խոսում տիկին Լ' Էսպանեի մարմնի կապտուցների մասին։ Մսյո Դյուման և նրա արժանավոր կոլեգան՝ մսյո Էտյենը գտնում են, որ հարվածները հասցվել են ինչ֊որ բութ գործիքով՝ և այդ խնդրում հարգարժան էսկուլապները[27] չեն սխալվել։ Տվյալ դեպքում բութ գործիքը սալահատակն է եղել, որի վրա դուրս են շպրտել դիակը մահճակալի մոտի պատուհանից։ Չէ որ դա պարզից պարզ է։ Բայց ոստիկանները դա էլ են աչքաթող արել, ինչպես աչքաթող են արել փեղկերի լայնությունը, քանի որ նրանց հերմետիկ փակ ուղեղներում չէր կարող առաջանալ այն միտքը, որ պատուհաններն այնուամենայնիվ բացվում են։

Եթե դուք սրան միացնեք ննջասենյակի քաոսային անկարգության պատկերը, ձեզ կմնա աներևակայելի ճարպկությունը, գերմարդկային ուժը, վայրագ արնախումությունը և բոլոր հասկացությունները գերազանցող հրեշավոր դաժանությունը համադրել ձայնի և ինտոնացիաների հետ, որոնք օտար են թվում ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչների, նաև այն մրթմրթոցի հետ, որը զուրկ է ամենայն հասկանալիությունից։ Ի՞նչ հետևության ենք հանգում։ Ձեր առջև ինչպիսի՞ կերպար է գծագրվում։

Վրաս քրտինք իջավ Դյուպենի այդ հարցից։

― Այդ ոճրագործը խելագար է, ― ասացի ես, ― դիվոտած մտագար, որ փախել է մոտակա գժատնից։

― Այնքան էլ վատ չէ, ― հավանություն տալով նկատեց Դյուպենը, ― ձեր ենթադրության մեջ ինչ֊որ բան կա։ Այդուհանդերձ խելագարի բղավոցները, անգամ մոլի կատաղության պահին, չեն համապատասխանում ինքնատիպ այն ձայնի նկարագրին, որ լսել են սանդուղքներով վեր բարձրացողները։ Ինչ էլ լինի, խելագարն էլ ազգություն, մայրենի լեզու ունի, իսկ նրա խոսքը, թեև անիմաստ, բայց և հասկանալի է։ Բացի այդ, խելագարի մազերը նույնպես նման չեն իմ ձեռքում եղած մազերին։ Ես սրանք հազիվ հանեցի տիկին Լ' Էսպանեի ջղաձգորեն սեղմած մատների արանքից։ Ի՞նչ կասեք սրա մասին։

― Դյուպեն, ― բացականչեցի ես, վերջնականապես շփոթված, ― սրանք ոչ միայն տարօրինակ մազեր են, սրանք մարդու մազ չեն։

― Իսկ ես չեմ էլ պնդում, ― առարկեց Դյուպենը։ ― Բայց նախքան ինչ֊որ եզրակացության գալը նայեք այս թղթի նկարին։ Ես այստեղ ճշտորեն վերարտադրել եմ այն, ինչ ցուցմունքների որոշ մասում բնորոշված է որպես «մուգ կապտուկներ և եղունգների հետքեր» օրիորդ Լ' Էսպանեի պարանոցի վրա, իսկ պարոնայք Դյումայի և Էտյենի եզրակացության մեջ հանդես է գալիս որպես «կապտակարմիր մի շարք բծեր, ըստ երևույթին, մատնահետքեր»։

― Նկարը, ինչպես կարող եք դատել, ― շարունակեց բարեկամս, իր դեմ, սեղանին դնելով թուղթը, ― պատկերացում է տալիս ամուր ու պինդ ձեռքի մասին։ Այս մատները մահացու են բռնել։ Դրանից յուրաքանչյուրն, ըստ երևույթին, մինչև զոհի վերջին շունչը պահպանել է այն հրեշավոր ուժը, որով կառչել է կենդանի մարմնին։ Իսկ այժմ փորձենք ձեր երկու ձեռքերի մատները միաժամանակ տեղադրել այստեղ նկարված ձեռնահետքերին։

Զուր ջանքեր։ Իմ մատները չէին համընկնում այդ հետքերին։

― Ոչ֊ոչ, համբերեք, ամեն ինչ անենք, ինչպես հարկն է, ― ինձ ընդհատեց Դյուպենը։ ― Թուղթը դրված է հարթ մակերեսի վրա, իսկ մարդու վիզը կլոր է։ Ահա այս փայտը նույն շառավիղն ունի, ինչ և վիզը։ Վրան դրեք նկարը և փորձեք։

Ես հնազանդվեցի, բայց գործն ավելի դժվարացավ։

― Բանից պարզվում է, ― վերջապես ասացի ես, ― որ սա մարդկային ձեռքի հետք չէ։

― Իսկ այժմ, ― ասաց Դյուպենը, ― կարդացեք Կյուվյեի[28] այս պարբերությունը։

Դա անատոմիական մանրամասն և ընդհանուր նկարագիրն էր աժդահա գորշ օրանգուտանգի, որը բնակվում է Արևելա֊հնդկական արշիպելագի կղզիներում։ Այդ կաթնասունների վիթխարի հասակը, աներևակայելի ուժն ու ճարպկությունը, անկոտրում չարությունը և նմանեցնելու անսովոր ընդունակությունը հանրահայտ են։

― Մատների նկարագրությունը, ― վերջացնելով կարդալը, ― ասացի ես, ― ճիշտ և ճիշտ համընկնում է նրան, ինչ տեսնում ենք ձեր նկարում։ Այժմ ես հասկանում եմ, որ միայն այստեղ նկարագրված օրանգուտանգը կարող էր թողնել այս հետքերը։ Մուգ ժանգագույն բուրդը հաստատում է նմանությունը։ Այնուամենայնիվ, ինչպես բացատրել ողբերգության բոլոր հանգամանքները։ Չէ որ վկաները լսել են երկու ձայն, և դրանցից մեկն անկասկած պատկանելիս է եղել ֆրանսիացու։

― Միանգամայն ճիշտ է։ Իհարկե, դուք էլ եք հիշում «mon Dieu» այն բացականչությունը, որ համարյա բոլորը վերագրում են ֆրանսիացու։ Տվյալ դեպքի համար օգտագործված այս բացականչությունը հաջողությամբ է մեկնաբանել վկաներից մեկը՝ խանութպան Մոնտանին, որպես բողոքի կամ դժգոհության արտահայտություն։ Այս երկու փաստերի վրա էլ հիմնված են խնդիրը լիովին լուծելու իմ հույսերը։ Մի ֆրանսիացի ականատես է եղել սպանությանը։ Գուցե, անգամ հավանական է, որ նա մեղսակից չէ գազանային այդ սպանությանը։ Ֆրանսիացին պետք է որ հետևած լինի նրան, մինչև հանցագործության վայրը։ Բայց միջամտել հետագայում կատարվածին նա, իհարկե անուժ է եղել։ Կապիկն այժմ էլ է ազատության մեջ։ Այլևս չեմ ծավալվի իմ եզրահանգումներով, քանի որ դրանք ընդամենը եզրահանգումներ են և անկայուն այն կշռադատումները, որոնց վրա հենված են դրանք, այնչափ թեթև են, որ բավականաչափ չեն համոզում անգամ ինձ, առավել ևս չեն համոզի ուրիշների։ Այսպիսով, դրանք անվանենք եզրահանգումներ և համապատասխանաբար գնահատենք։ Բայց եթե մեր ֆրանսիացին, ինչպես ենթադրում եմ, մասնակից չէ սպանությանը, ապա հայտարարությունը, որ ճանապարհին հանձնեցի «Le Monde»֊ի խմբագրություն, մի թերթ, որը մեր նավագնացության շահերն է պաշտպանում և շատ տարածված է ծովայինների միջև, ապա այդ հայտարարությունը նրան այստեղ կբերի անպայման։

Դյուպենն ինձ մեկնեց թերթը։ Ես կարդացի․

«Բռնված է Բուլոնյան անտառում, վաղ առավոտյան, այսինչ ամսի այսքանին (սպանության առավոտյան) վիթխարի չափերի մի գորշ օրանգուտանգ, Բոռնեո կղզում հանդիպող կապիկների տարատեսակից։ Կվերադարձվի տիրոջը (տեղեկությունների համաձայն՝ մալթիական նավի նավաստի) այն պայմանով, եթե ներկայացնի իր իրավունքների տեղեկանքը և վճարի կապիկին բռնելու և պահելու ծախսերը։ Դիմել հետևյալ հասցեով, Սեն֊Ժերմեն արվարձան ․․․․․ փողոց, N ․․․․․․ տուն, տեղեկանալ չորրորդ հարկում»։

― Իսկ ինչպես իմացաք, ― հարցրեցի ես, որ այդ մարդը մալթիական նավի նավաստի է։

― Ես այդ չգիտեմ, ― առարկեց Դյուպենը։ ― Ես լիովին էլ համոզված չեմ։ Բայց, նայեք այս ժապավենի կտորին, ինչպես է ճարպոտած, տեսքն էլ հենց այն է, ինչով որ նավաստիները կապում են մազերը, դուք գիտեք նավաստիների սիրած այդ queues[29]֊ները։ Բացի այդ, նման հանգույցով կարող էր կապել միայն նավաստին, ավելի շուտ մալթիացին։ Այս ժապավենը շանթարգելի տակ գտա։ Հազիվ թե դա պատկանելիս լիներ սպանված կանանցից մեկնումեկին։ Բայց եթե անգամ սխալվում եմ և ժապավենի տերը մալթիացի ծովային չէ, ապա այնքան էլ վտանգավոր չէ, որ հայտարարության մեջ դա շեշտել եմ։ Եթե սխալվել եմ, նավաստին կմտածի, թե ինչ֊որ մեկն ինձ մոլորեցրել է, և այնքան էլ ուշադրություն չի դարձնի դրա վրա։ Եթե ես ճշմարիտ եմ, ապա դա հաղթաթուղթ է իմ ձեռքում։ Թեև սպանության ականատես, բայց ոչ մասնակից, ֆրանսիացին, իհարկե, երկար կմտածի, նախքան հայտարարության ետևից գալը։ Ահա թե ինչ կմտածի․ «Ես մեղավոր չեմ, բացի այդ աղքատ մարդ եմ։ Ընդհանրապես օրանգուտանգը թանգ արժե, իսկ ինձ համար դա մի ամբողջ կարողություն է, ինչու կորցնեմ այդ ամենը դատարկ կասկածամտության պատճառով։ Ձեռքս մեկնեմ, կհասնի։ Նրան գտել են Բուլոնյան անտառում, հանցագործության վայրից շատ հեռու։ Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ նման բաներ կարող է վայրի գազանն անել։ Ոստիկանությունը երբեք չի կռահի, թե դա ինչպես է պատահել։ Բայց եթե անգամ ոստիկանությունը հետևել է կապկին, փորձիր ապացուցել, որ ինչ֊որ բան գիտեմ, եթե իմանամ էլ, մեղավոր չեմ։ Գլխավորը՝ ինչ֊որ մեկին ես արդեն հայտնի եմ։ Հայտարարության մեջ ինձ այդպես էլ անվանում են՝ կապկի տեր։ Ով գիտե, թե այդ մարդիկ ինչ են պատմել իմ մասին։ Եթե ես չգնամ իմ սեփականության ետևից, իսկ կապիկը բավական փող արժե, հայտնի է նաև, որ տերը ես եմ, կապկի վրա կասկած կընկնի։ Իսկ ինձ բոլորովին պետք չէ կասկած ստեղծել ոչ իմ վրա, ոչ էլ այդ սրիկայի վրա։ Ավելի լավ կլինի գնամ հայտարարության ետևից, օրանգուտանգին վերցնեմ ու թաքցնեմ, մինչև որ ամեն ինչ կոծկվի֊վերջանա»։

Սանդուղքների վրա քայլեր լսվեցին։

― Ատրճանակները պատրաստ պահեք, ― նախազգուշացրեց Դյուպենը, ― միայն թե ցույց մի տվեք ու մի կրակեք՝ սպասեք ազդանշանի։

Շքամուտքի դուռը ներքևում բաց էր, այցելուն ներս մտավ առանց զանգելու և սկսեց բարձրանալ սանդուղքներով։ Բայց թերևս նա հապաղեց, մի րոպեի չափ կանգնեց ու սկսեց ետ իջնել։ Դյուպենը նետվեց դեպի դուռը, բայց անմիջապես լսեցինք, որ անծանոթը կրկին բարձրանում է։ Այլևս ետ դառնալու փորձ չարեց։ Մենք լսում էինք, թե ինչպես է նա վճռականությամբ վեր բարձրանում, ապա դուռը թակեցին։

― Մտեք, ― զվարթ և բարեհամբույր ձայնեց Դյուպենը։

Ներս մտավ բարձրահասակ, թիկնեղ, մկանոտ մի տղամարդ, դատելով ամեն ինչից՝ նավաստի, այնպիսի մի տեսքով, ասես սատանայից էլ չէր վախենում։ Ընդհանրապես հաճելի տպավորություն էր թողնում։ Կտրիճ այտամորուքները և mustachi[30]֊ները կեսից ավելին ծածկում էին նրա արևավառ դեմքը։ Ձեռքին ուներ ծանր մի մահակ, ըստ երևույթին, միակ զենքը։ Նավաստին անվարժ խոնարհվեց ու բարի երեկո ցանկացավ։ Նա մաքուր ֆրանսերեն էր խոսում, թեև նեշատելյան թեթևակի առոգանությամբ, բայց ամեն ինչից երևում էր, որ բնիկ փարիզեցի է։

― Նստեցեք, բարեկամս, ― ողջունեց նրան Դյուպենը։ ― Իհարկե, օրանգուտանգի համար եք եկել։ Ճշմարիտն ասած, ձեզ կարելի է նախանձել, հիանալի նմուշ է և հավանաբար թանկ արժի։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան կլինի նա։

Նավաստին թեթևացած շունչ քաշեց։ Ասես ուսերից ծանր բեռ ընկավ։

― Այդ արդեն չգիտեմ, ― պատասխանեց նա անտարբեր տոնով։ ― Մի չորս֊հինգ տարեկան, ոչ ավելի։ Նա այստե՞ղ է, տանը։

― Ի՜նչ եք ասում, մենք այդպիսի սենյակ չունենք։ Հանձնեցինք Դյուբուր փողոցի կառապանաբակ, այստեղ է, մոտ։ Եկեք վաղը վերցնելու։ Իհարկե, ձեզ համար դժվար չի լինի հաստատել ձեր իրավունքեըր։

― Այդ հարցում ոչ մի դժվարություն չկա, մսյո։

― Շատ ափսոս է նրանից բաժանվելը, ― շարունակեց Դյուպենը։

― Մսյո, չկարծեք թե իզուր եք չարչարվել, ― վստահեցրեց նավաստին։ ― Ես էլ խիղճ ունեմ։ Սիրով կվճարեմ, իհարկե, ուժերս ներածին չափ, ձեր արածի դիմաց։ Լեզու կգտնենք։

― Է՜, ինչ, ― ասաց բարեկամս, ― ձեր կողմից դա շատ օրինավոր բան է։ Եկեք մտածենք, թե ինչքան վերցնեմ ձեզնից։ Իսկ, իմիջիայլոց, ինձ փող պետք չէ, ավելի լավ կլինի մեզ պատմեք, թե ի՞նչ է հայտնի ձեզ Մորգ փողոցի սպանության մասին։

Վերջին խոսքերը նա ասաց մեղմաձայն, բայց շատ հանգիստ։ Այդպես հանգիստ էլ մոտեցավ դռանը, փակեց ու բանալին դրեց գրպանը, ապա մյուս գրպանից հանեց ատրճանակը և առանց աղմուկի ու հուզվելու դրեց սեղանին։

Նավաստու դեմքը շառագունեց, կարծես ցանկանում էր զսպել շնչահեղձությունը։ Բնազդաբար վեր թռավ, ու ձեռքը մեկնեց մահակին, բայց տեղնուտեղը փլվեց աթոռին, դողալով ամբողջ մարմնով, մահու չափ գունատ։ Նա ոչ մի բառ չարտասանեց։ Ամբողջ հոգով խղճում էի նրան։

― Իզուր եք վախենում, սիրելիս, ― հանգստացրեց նրան Դյուպենը։ ― Հավատացեք, ոչ մի վատ բան չենք անի ձեզ։ Ֆրանսիացու և կարգին մարդու խոսք եմ տալիս, որ մեր մտադրություններն անչափ բարի են։ Ինձ քաջ հայտնի է, որ Մորգ փողոցի սարսափների մեջ դուք մեղք չունեք։ Բայց հո չեք սկսի պնդել, թե բացարձակ անտեղյակ եք։ Ինչպես տեսնում եք, շատ բան արդեն հայտնի է ինձ, ընդ որում այնպիսի մի աղբյուրից, որի մասին դուք չեք էլ կասկածում։ Ընդհանրապես դրությունն ինձ համար պարզ է։ Դուք այնպիսի մի բան չեք արել, որի համար մեղադրեիք ինքներդ ձեզ կամ ինչի համար կարելի լիներ ձեզ պատասխանատվության կանչել։ Դուք նույնիսկ չգայթակղվեցիք ուրիշի փողերով, թեև դա ձեզ համար անպատիժ կմնար։ Դուք ոչինչ չունեք թաքցնելու և հիմք էլ չունեք թաքնվելու։ Բայց և այնպես խիղճը պարտավորեցնում է ձեզ պատմել այն ամենն, ինչ գիտեք գործի մասին։ Ձերբակալված է անմեղ մարդ, նրա վրա ծանրացել է կասկածը մի սպանության, որի իսկական մեղավորը հայտնի է ձեզ։

Դյուպենի խոսքերն ազդեցին՝ նավաստին տիրապետեց իրեն, բայց ո՜ւր կորավ նրա ամբարտավանությունը։

― Ինչ ուզում է, թող լինի, ― ասաց նա վերջապես։ ― Ինչ գիտեմ, կպատմեմ ձեզ։ Ու թող աստված օգնի ինձ։ Դուք, իհարկե, չեք հավատա, հիմար կլինեի, եթե հույս ունենայի, թե կհավատաք։ Բայց մեկ է, ես այդտեղ մեղք չունեմ։ Եվ թող ինձ կախեն, բայց ես ձեզ կպատմեմ բոլորն, ինչպես եղել է։

Նրա պատմածը մի խոսքով, հետևյալն էր։ Վերջերս նրան վիճակվեց լինել Հնդկական արշիպելագի կղզիներում։ Նավաստիների խմբի հետ նա իջավ Բոռնեո և զբոսանքի գնաց կղզու խորքերը։ Նրան և ընկերոջը հաջողվեց մի օրանգուտանգ բռնել։ Շուտով ընկերը մեռավ, և կապկի միակ տերը դարձավ ինքը։ Ետդարձի ճանապարհին, ինչեր ասես չքաշեց կապկի կատաղի բնավորության երեսից, մինչև հասցրեց տուն՝ Փարիզ։ Կապկին փակի տակ էր պահում, խուսափելով հարևանների աներես հետաքրքրասիրությունից, միաժամանակ սպասում էր, որ լավանա օրանգուտանքի փուշ մտած ոտքը։ Նավաստին մտադիր էր շահավետ վաճառել նրան։

Մի քանի օր առաջ ուրախ խնջույքից տուն դառնալիս, դա սպանության գիշերն էր, ավելի շուտ՝ լուսաբացը, նա օրանգուտանգին գտավ իր ննջասենյակում։ Բանից պարզվեց, որ կապիկը ջարդել է միջանցիկ մառանի պատը, ուր փակել էր նրան, որպեսզի չփախչի։ Զինված ածելիով և բոլոր կանոնների համաձայն երեսին օճառ քսած, կապիկը նստել էր հայելու դիմաց և պատրաստվում էր սափրվել տիրոջ նման, որին բազմիցս հետևել էր բանալու անցքից։ Վտանգավոր զենքը տեսնելով կատաղի գիշատչի ձեռքում և գիտենալով, որ նա կարող է դա գործածել, նավաստին առաջին պահ շփոթվեց։ Բայց արդեն վարժվել էր իր կալանավորի հախից գալուն և մտրակի օգնությամբ զսպում էր նրա կատաղության ամենաբուռն պոռթկումներն անգամ։ Այժմ կրկին ձեռքն առավ մտրակը։ Նկատելով այդ, օրանգուտանգը նետվեց դեպի դուռն ու ցած վազեց սանդուղքներով, ուր դժբախտաբար, բաց էր պատուհանը, այստեղից էլ փախավ փողոց։

Սարսափահար ֆրանսիացին վազեց նրա ետևից։ Ածելին ձեռքից չգցելով, կապիկն ստեպ֊ստեպ կանգ էր առնում, ծամածռություններ անում հետապնողի երեսին ու շատ մոտ թողնելով նրան, դարձյալ հեռու էր փախչում։ Երկար վազեց կապկի ետևից։ Առավոտյան ժամը երեքին մոտ կլիներ, փողոցներում մեռելային լռություն էր տիրում։ Մորգ նրբանցքում փախստականի ուշադրությունը գրավեց տիկին Լ' Էսպանեի ննջասենյակի լույսը՝ տան չորրորդ հարկում։ Մոտ վազելով և տեսնելով շանթարգելը, կապիկն անըմբռնելի արագությամբ վեր մագլցեց, կառչեց լրիվ բաց փեղկից ու դրա օգնութամբ ցատկեց մահճակալի գլխին։ Ակրոբատիկ այդ համարը մի րոպե էլ չպահանջեց։ Սենյակից մի աքացի հասցնելով նա կրկին բաց արեց փեղկը։

Նավաստին չգիտեր ուրախանալ, թե տխրել։ Նա հույս ուներ ծուղակն ընկած կապկին ետ բերել, փախչել նա կարող էր միայն շանթարգելի վրայով, իսկ այդտեղ նրան հեշտ էր բռնել։ Միայն թե տան մեջ այլանդակություններ չաներ։ Վերջին նկատառումը գերիշխեց ու ստիպեց նավաստուն՝ հետևել իր սանին։ Շանթարգելով վեր ելնելը, այն էլ նավաստու համար, դժվար չէ, բայց հավասարվելով պատուհանին, որը ձախ էր ընկած ու հեռու, նա ստիպված էր կանգ առնել։ Միակ բանը, որ կարող էր նա անել, մինչև փեղկը մեկնվելով, պատուհանից ներս նայելն էր։ Սարսափից քիչ էր մնացել ցած ընկներ։ Հենց այդ րոպեին էլ լսվեցին աղեկտուր ճիչերը, որոնք ոտքի հանեցին Մորգ փողոցի բնակիչներին։

Տիկին Լ' Էսպանեն և նրա աղջիկը, երկուսն էլ գիշերաշապիկներով, վերոհիշյալ փոքրիկ սնդուկը սենյակի մեջտեղը քաշած, հավանաբար միջի թղթերն էին ջոկջկում։ Սնդուկը բաց էր, պարունակությունը դրված հատակին։ Երկու կանայք, հավանաբար մեջքով նստած էին դեպի պատուհանը և միանգամից չտեսան գիշերային հյուրին, դատելով այն բանից, որ կապկի երևալու և ճիչերի միջև որոշ ժամանակ անցավ։ Նրանք, հավանաբար, կարծեցին, թե փեղկը քամին է փակել։

Երբ նավաստին սենյակ նայեց, հսկա օրանգուտանգը բռնել էր տիկին Լ' Էսպանեի ուսերին թափված մազերից (նա սանրում էր մազերը քնելուց առաջ) ածելին խաղացնում էր նրա առջև վարսավիրների նման։ Աղջիկն ընկած էր հատակին անշարժ, խոր ուշաթափության մեջ։ Պառավի ճիչերից ու դիմադրությունից հետո կապիկը պոկոտեց նրա մազերն ու, ըստ երևույթին, փոխեց նախապես խաղաղ իր մտադրությունները։ Նրա մեջ կատաղություն առաջացավ։ Մկանոտ ձեռքի ուժեղ թափով նա համարյա կտրեց֊պոկեց նրա գլուխը։ Արյան տեսքից գազանի կատաղությունը սաստկացավ։ Նրա աչքերը փայլում էին շիկացած ածուխների պես։ Ատամները կրճտացնելով նա հարձակվեց աղջկա վրա, սարսափելի ճիրաններով բռնեց կոկորդն ու սկսեց խեղդել, մինչև զոհը շունչը փչեց։ Կատաղությամբ դես ու դեն նայելով, կապիկը տեսավ սենյակի խորքում, մահճակալի գլխի վրա գծագրվող իր տիրոջ սարսափից քարացած դեմքը։ Ըստ երևույթին անխնա մտրակը դեռ չմոռացած գազանի մոլեգնությունը վայրկենապես վախով փոխարինվեց։ Իրեն մեղավոր զգալով և պատժից վախենալով, օրանգուտանգը հավանորեն ցանկացավ թաքցնել իր արյունալի արարքները և խուճապահար դես ու դեն ընկավ սենյակում, ջարդելով ու տապալելով կահկարասին, մահճակալի վրայից շպրտելով վերմակներն ու բարձերը։ Վերջապես նա վերցրեց աղջկա դիակն ու խցկեց բուխարու ծխնելույզը, ուր և հետո գտան նրան, իսկ պառավի դիակն, առանց երկար մտածելու, դուրս շպրտեց պատուհանից։

Երբ կապիկն իր տանջահար բեռով երևաց պատուհանի մեջ, նավաստին տեղնուտեղը քարացավ, և ոչ թե իջավ, այլ շանթարգելով ցած սղղաց ու գլխապատառ տուն փախավ, սարսափած արյունալի այդ սպանության հետևանքներից, իր սանի հետագա ճակատագրի տնօրինումը թողնելով ավելի լավ ժամանակների։ Սարսափահար ֆրանսիացու վախեցած բացականչություններն ու կատաղած գազանի չարագույժ մրթմրթոցը հենց այն ձայներն էին, որոնք լսեցին սանդուղքներով վեր ելնող մարդիկ։

Ահա և բոլորը։ Օրանգուտանգը պառավի ննջասենյակից շանթարգելով փախավ նախքան դուռը կոտրելը։ Ըստ երևույթին, նա էլ իր ետևից իջեցրեց պատուհանը։

Որոշ ժամանակ անց նավաստին բռնեց նրան ու մեծ գումարով վաճառեց Կենդանաբանական այգուն։ Իսկ Լը Բոնին անմիջապես ազատ արձակեցին, երբ ես ու Դյուպենը ներկայացանք ոստիկանապետին և ամեն ինչ պատմեցինք նրան, ըստ որում Դյուպենը մեկ֊երկու մեկնաբանություններ անելու հաճույքից չզրկեց իրեն։ Բարեկամիս նկատմամբ իր բարեհաճ տրամադրվածությամբ հանդերձ, սույն պաշտոնյան չթաքցրեց իր հուսախաբությունը նման շփոթության առթիվ, նույնիսկ մեկ֊երկու թունոտ ակնարկ հասցեագրեց մեզ այն մասին, որ վատ չէր լինի, եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր։

― Թող փնթփնթա, ― հետո ինձ ասաց Դյուպենը, այդպես էլ առանց պատասխանի թողնելով ոստիկանապետին։ ― Մարդ պետք է հոգին դատարկի՞, թե չէ։ Թող մխիթարվի։ Ինձ բավարարում է և այն, որ հակառակորդին հենց իր սահմաններում ջարդեցի։ Իմիջիայլոց, մեր ոստիկանապետն իզուր է զարմանում, որ իրեն չհաջողվեց լուծել հանելուկը։ Ճշմարիտն ասած, նա բավական խորամանկ է արմատին նայելու համար։ Նրա ողջ խորիմաստությունը բացառապես մակերեսային է։ Այդ խորիմաստությունը միայն գլուխ ունի, առանց մարմնի, ինչպես պատկերում են Լավերնա[31] աստվածուհուն, կամ լավագույն դեպքում՝ գլուխն ու ուսերը, ինչպես ձողաձուկը։ Բայց ինչ էլ լինի, նա լավ մարդ է, հատկապես ինձ հիացնում է այն ճարպկությունը, որով նա շատ խելացի մարդու համբավ է ձեռք գցել։ Նրա վարքագծի մասին ես ասում եմ «de nier ce qui est, et d' expliquer ce qui n'est pas»։[32]











  1. Սըր Թոմաս Բրաուն (1605֊1682) ― անգլիացի բժիշկ և գրող։
  2. Առավելապես (ֆր․)։
  3. Վիստ ― թղթախաղ։
  4. Էդմոն Հոյլ (1672 ― 1762) ― «Վիստ խաղի համառոտ ձեռնարկի» հեղինակը։
  5. Օնյոր ― որոշ թղթախաղերում հաղթաթուղթը՝ տասնոցից վեր մինչև ասը։
  6. Ռոբբեր ― երեք առանձին խաղերից կազմված խաղաշրջան։
  7. Ֆրենոլոգիա ― կեղծ ուսմունք մարդու հոգեբանական հատկությունների և գանգի կառուցվածքի մասին։
  8. Տարօրինակություն, խենթություն (ֆրանս․)։
  9. Երբեմնի (լատ․)։
  10. «Քսերքսես» (1714) ― ֆրանսիացի թատերագիր Պրոսպեր ժոլիո֊Քրերիյոն ավագի (1674֊1762) ողբերգությունը։
  11. Եվ նմանների (լատ․)։
  12. Աչքակապություն (ֆր․)։
  13. Նիկոլո ― տպարանատերերի և անտիկվարների ընտանիք։
  14. Ալֆոնս Լամարթին (1791֊1869) ֆրանսիական պոետ, պատմաբան և քաղաքական գործիչ։
  15. Զոիլոս ― չար, մանրախնդիր քննադատ։
  16. Նախկին հնչումն է կորցրել տառն առաջին» (լատ․)։
  17. «Դատական թերթ»։
  18. «Նզովք», «սատանա» (ֆր․)։
  19. «Աստված իմ» (ֆր․)։
  20. Սրունքի ոսկոր։
  21. Ժուրդեն ― Մոլիերի «Քաղքենին ազնվական» կատակերգության հերոսը։
  22. Որպեսզի ավելի լավ լսի երաժշտությունը(ֆրանս․)։
  23. Վիդոկ Էժեն Ֆրանսուա (1775֊1857) ― ֆրանսիական լրտես, նախկին ավանտյուրիստ և գող։
  24. Բարապանուհու բնակարան (ֆրանս․)։
  25. Ես խրախուսում էի դա (ֆրանս․)։
  26. Հակառակ կարգով (լատ․)։
  27. Էսկուլապ ― բժիշկ։
  28. Ժորժ Կյուվյե (1769-1832) ― ֆրանսիական գիտնական, որը հայտնի է համեմատական անատոմիայի, հնէաբանության և կենդանիների սիստեմատիկայի ասպարեզում ունեցած աշխատություններով։
  29. Այստեղ՝ հյուսերը, տառացիորեն պոչերը (ֆրանս․)։
  30. Բեղեր ― (իտ․)։
  31. Լավերնա ― հին հռոմեական եկամուտի աստվածուհին, գողերի և խարդախությունների հովանավորը։
  32. «Ժխտել այն, ինչ կա և ճամարտակել այն մասին, ինչ գոյություն չունի բնության մեջ» (Ռուսսո, «Նոր էլոիզ»)։