Changes
: Հողը փափուկ էր, բեղմնավորված, լուռ: Երկնագույն ալպիական մարգագետնից անդին վեր էին ձգվում հսկա կապույտ եղևնիները, սպիտակ առու-գետը, մեկ ձախ, մեկ աջ սեղմվելով, դրանք իրարից հեռացնում, ցրում էր, ասես ցած էր քշում եղևնիների այդ երամակը… Խստաշունչ անտառն սկսում էր կլորանալ, գանգրանալ՝ թափվելով թեթևակի ծփացող տերևախիտ ծովը, և հովտի խորունկ շափյուղերանգ կոնքը լուռ ու համակ ընկողմանել էր ամենախորքում, իսկ դրա ետևում նույնքան դանդաղորեն ուրվագծվում էին լեռները: Եվ սիրտս քաղցր ծխում էր հայացքիս ետևից, երբ ես իմ դիտակետից սահուն հետևում էի աշխարհի հոսքին և անբարբառ երկնքի միջով վերադառնում ետ՝ ինքս ինձ մոտ: Ինքս չէի կարող տեսնել ինձ: Եվ այնժամ զարմացած նայում էի ձեռքիս, որ համոզվեմ: Ձեռքս: Այն դեռ չէր հպվել այս աշխարհին: Այն դեռ ոչինչ չէր արարել նրա մեջ: Դեռ չէր բանել: Ձեռքս, մանկան նման շարժում էր մատիկները՝ աչքերը չռած աշխարհի վրա, որ դեռ տրվելու էր իրեն:
: Ասես ձեռքիցս բռնած` ինձ բերել-հասցրել էին այստեղ… Նայեցի ու թառանչեցի, իսկ երբ հիշեցի ու շուռ եկա, Նա արդեն չկար: Եվ միայն թափուր ափն էր դեռ պահպանում հպումը նրա, ով բերել էր մեզ: Ափս դատարկ էր:
: …Կյանքումս մի քանի տաճար եմ տեսել, որ ցնցել են երևակայությունս: Երևակայություն, բառի այն իմաստով, որ դեռ տարանջատ չէր իրականությունից, այլ խորհրդանշում էր մտապատկերի արագությունը… Ո՛չ ֆանտազիան, այլ հենց երևակայությունը: Պատկերը հառնում էր իմ առջև:
: Այդ դիտարկումը ասես միշտ իմ տեղն էր դնում ինձ, այսինքն՝ ես կորցնում էի այն, ինչ ապարդյուն վերագրում էի ինքս ինձ: Դա երկար չէր տևում: Ես անզոր էի լինում երկարաձգել վիճակը, երբ տաճարն այլևս չէի տեսնում: Նման տաճարը միշտ գտնվելիս էր լինում բնության մեջ, հեռանկարի ֆոնի վրա՝ ձուլվում բնությանը` մարդու և նրա ձեռակերտ գործերով չպատնեշված: Եվ ես արդեն հասկանում էի, որ տաճարի տեղի ընտրությունը թերևս նրա ճարտարապետական գլխավոր հղացումն է: Ինչպես տայգայի անվերջության մեջ հանկարծ հանդիպում ես գորշ եռանկյունավորման կետի, այսինքն՝ տեղագրական հանգուցակապի, այդպես էլ ճշգրտորեն, բացառապես այնտեղ կառուցված տաճարը, որ միշտ ինձ թվում էր մարդու հանգուցակապի կետի նման մի բան, բայց արդեն ոչ թե մակերեսին, այլ տիեզերքում, մարդուն հիշեցնում էր, թե որտեղ է ինքը, եթե հայացքը բարձրացնելու լինի հանապազօրյա հացից: Կային վեհանիստ ու փառահեղ տաճարներ: Դրանք ճնշում կամ խռովում, տարրալուծում կամ վսեմացնում էին հոգին՝ մեկ ցույց տալով նրան իր տեղը Աստծո հայացքի ներքո մեկ` Աստծո կողքին: Շինարարը իր ստեղծագործության մեջ մարմնավորվում էր այնպիսի լրիվությամբ, ինչպես չէր հաջողվել և ոչ մի աշխարհական ճարտարապետի: Շինարարը տարբեր կերպ էր կերտում իր տաճարը՝ Աստված և ես, ես և Աստված, միայն Աստված… Բայց դեռ երբեք ես չէի տեսել արարումի մեջ ստեղծագործության տարրալուծվելու գաղափարին այսքան ենթակա մի տաճար: Այսպիսի բացակայության ես դեռ չէի հանդիպել: Որքան կարելի է աննկատ, հանդարտ, շշուկով… Շինանարն իր ուրվագծերը հեռացնում էր մեր հայացքից ու շեղում մեր հայացքը, որպեսզի տեսնենք ոչ թե տաճարը, ո՛չ,– այն ունայն, ձեռակերտ գործ է, շինություն, այլ որ տեսնենք, թե որտե՛ղ է այն կանգնած, որտե՛ղ ենք մենք ապրում, Աստծո դեմքի արտացոլումը նրա սեփական արարչագործության մեջ: Քանզի դրանից լավ ի՞նչը կարող էր արտացոլել այն:
: Ինչպե՜ս էր նա հոգացել իմ մասին… Որպեսզի ես երկար բարձրանայի հմտորեն ընտրված ճանապարհով, որպեսզի հայացքս որսալով կարճանար, հանգստանար և ավելի քիչ տեսներ, որպեսզի նպատակակետիս հասնեի հենց այն տեղում, ուր հեռանկարը կրճատվում էր վերջնականապես, որպեսզի մնացած կառույցները չգրգռեին ու չթովեին աչքս, այլ շարունակեին փակել հեռուն, որպեսզի, շուրջս նայելով, ես այլևս չկարողանայի տեսնել այն, ինչ հենց նոր տեսա, որպեսզի բթացնեին ուշադրությունս և սպասումս ու ինձ, մանկան նման ձեռքիցս բռնած, բերեին հասցնեին այնտեղ, որտեղից… ճիշտ այն ժամանակ, երբ:
: Բառեր չկային: Դրանք ասես չէին եղել:
: Այստեղ պետք էր վերստին լեզու սովորել, ծնել այն, իրարից դժվարությամբ անջատել շուրթերը, թոթովել համակ արիության այն ջանքով, որով համարձակվել էիր լայն բանալ աչքերդ և արտասանել առաջին բառը, միակը, որպեսզի անվանեիր այն, ինչը տեսնում ենք՝ աշխարհը: Այնուհետև՝ վանկ առ վանկ, այբբենարանի թոթովանքով, էլի ծայրից բռնված: Սա աշխարհն է: Սա է համայնը: Ամեն ինչ իմ առջև է: Աշխարհը բացվել էր իմ առջև: Ես քարացել էի շեմին: Աշխարհ տանող դարպասներ: Աշխարհի դարպասները: Ես կանգնած եմ շեմին: Այդ ես եմ կանգնած: Սա՝ ես եմ:
[[Կատեգորիա:Արձակ]]