Changes

Ոսկյա Արշալույսը

Ավելացվել է 31 648 բայտ, 13:22, 1 Դեկտեմբերի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ոսկյա Արշալույսը |հեղինակ =[[Ջեկ Լոնդոն]] |թարգմանիչ = [[Էդուարդ Ավագյան]] |աղբյ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ոսկյա Արշալույսը
|հեղինակ =[[Ջեկ Լոնդոն]]
|թարգմանիչ = [[Էդուարդ Ավագյան]]
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}
Լոն Մաք֊Ֆեյնը մի քիչ զայրացած էր իր ծխախոտի քիսան կորցնելու պատճառով, թե չէ մինչև տեղ հասնելը Անսպասելի լճի մոտ զտնվող խրճիթի մասին մի բան կպատմեր։ Ամբողջ օրը անդադար, նորից ու նորից փոխարինելով իրար, մենք գնում էինք նարտերի առջևից, ձյան մեջ շների համար արահետ գցելով։ Ձյուն տրորելը դժվար աշխատանք է և նա շատախոսելու հնարավորություն չի տալիս, բայց էլի կեսօրին, երբ մենք կանգ առանք սուրճ եփելու համար, Լոն Մաք֊Ֆեյնը կարող էր շունչը ետ բերել ու մի որևէ բան պատմել։ Սակայն նա ոչինչ էլ չպատմեց։ Անսպասելի լի՞ճը։ Պարզվեց, որ ինձ համար դա Անսպասելի մի խրճիթ էր։ Ես մինչ այդ ոչինչ չէի լսել դրա մասին։ Խոստովանում եմ, որ մի քիչ հոգնել էի։ Ես անընդհատ սպասում էի, թե Լոնը երբ պետք է կարգադրի, որ գոնե մի ժամ կանգ առնենք հանգստանալու համար, բայց ես շատ հպարտ էի, որ առաջարկեի դադար առնել կամ հարցնեի, թե ի՞նչ է մտադիր անելու, չնայած, ի միջի այլոց, նա ծառայում էր ինձ մոտ և ես նրան քիչ փող չէի վճարում այն բանի համար, որ քշի իմ շները և կատարի իմ հրամանները։ Թե կուզեք իմանալ, ինքս էլ էի մի քիչ զայրացած։ Նա ոչինչ էլ չէր ասում, ես էլ որոշեցի ոչինչ չհարցնել, եթե մինչև անգամ ամբողջ գիշեր գնալու լինեինք։

Այդ խրճիթը բոլորովին անսպասելի հայտնվեց մեր առջևում։ Ուղևորության ամբողջ շաբաթվա ընթացքում մենք ոչ մի շունչ կենդանու չէինք հանդիպել և ինչ վերաբերում է ինձ, ապա ես մտածում էի, թե մենք շատ քիչ հույսեր ունենք եկող շաբաթ էլ որևէ մարդու հանդիպելու։ Եվ հանկարծ, հենց մեր քթների տակ, տեսանք այդ խրճիթը, որի լուսամատից մի թույլ լույս էր երևում, իսկ ծխնելույզից ոլոր-մոլոր ծուխ էր բարձրանում։

— Ինչո՞ւ ինձ չասացիք...— սկսեցի ես, բայց Լոնը ընդհատելով ինձ, փնթփնթաց.

— Անսպասելի լիճը... այստեղից մի կես մղոն կլինի, փոքրիկ գետակից այն կողմը։ Սա պարզապես լճակ է։

— Բայց այս խրճիթը... Ո՞վ է այնտեղ ապրում։

— Մի կին,— լսվեց պատասխանը։

Հենց այդ պահին էլ Լոնը թակեց դուռը և մի կանացի ձայն ներս հրավիրեց։

— Դուք վերջերս Դեյվին չե՞ք հանդիպել,— հարցրեց կինը։

— Ոչ,— անփույթ պատասխանեց Լոնը,— ես ուրիշ տեղերում էի, Սյորքլից այն կողմ։ Իսկ Դեյվը չէ՞ որ վերև, դեպի Դոուսոն է գնացել։

Կինը գլխով արեց և Լոնը սկսեց շների կապերը քանդել, իսկ ես բացեցի նարտերի վրա կապված քնապարկերը և խրճիթ բերեցի։ Խրճիթը մի մեծ սենյակ էր և կինը այստեղ մենակ էր ապրում։ Նա ցույց տվեց վառարանը, որի վրա ջուր էր եռում և Լոնը սկսեց ընթրիք պատրաստել, իսկ ես բացեցի չորացրած ձկան պարկը և կերակրեցի շներին։ Սպասում էի, որ Լոնը ինձ կներկայացնի տանտիրուհուն և զայրացա, որ նա այդ չարեց։ Ախր պարզ երևում էր, որ նրանք հին ծանոթներ են։

— Դուք չէ՞ որ Լոն Մաք-Ֆեյնն եք,— լսեցի կնոջ հարցը։— Ես հիշում եմ ձեզ։ Վերջին անգամ, կարծեմ, ձեզ շոգենավի վրա եմ տեսել։ Ես հիշում եմ...

Նա անսպասելի ձայնը կտրեց, ասես մի սարսափելի բան տեսավ։ Ես դա զգացի այն վախից, որը մի պահ փայլեց նրա աչքերում։ Զարմացա, որ կնոջ խոսքերն ու արարքը շատ հուզեցին Լոնին։ Նրա դեմքին հուսահատություն երևաց, բայց ձայնը շատ սրտագին ու մեղմ հնչեց.

— Վերջին անգամ մենք իրար հանդիպել ենք Դոուսոնում, երբ նշվում էր, ոչ այն է թագուհու հարսանիքի հոբելյանը, ոչ այն է ծննդյան տարեդարձը։ Մի՞թե չեք հիշում. գետի վրա կանոեների մրցություն էր, հետո էլ գլխավոր փողոցում շների մրցություն կազմակերպվեց՝ արգելքներով։

Սարսափը անհետացավ կնոջ աչքերից և նա բոլորովին ասես փոխվեց։

— Ախ, հա՜, ես հիմա բոլորը հիշեցի,— ասաց նա։— Եվ դուք լողի մեջ հաղթեցիք։

— Դեյվի գործերը ինչպե՞ս են։ Երևի մի նոր երակ է գտել,— հարցրեց Լոնը, ասես չլսելով թե իրեն ինչ են ասում։

Կինը ժպտաց ու գլխով արեց, հետո, նկատելով, որ ես քանդել եմ քնապարկերը, ցույց տվեց սենյակի հեռավոր անկյունը, ուր պետք է փռեի անկողինները։ Նրա մահճակալը, ինչպես նկատեցի, գտնվում էր մյուս անկյունում։

— Երբ ես շների հաչոց լսեցի, կարծեցի թե Դեյվն է վերադառնում,— ասաց նա։

Կինը այլևս ոչինչ չասաց, միայն նայում էր, թե Լոնը ինչպես է ընթրիք պատրաստում, և կարծես ականջ էր դնում, թե դրսից ջան ձայն չի՞ լսվում։ Պառկեցի անկողնու վրա և սկսեցի ծխել ու սպասել։ Գլխի էի ընկնում, որ այստեղ ինչ-որ գաղտնիք կա, բայց ոչինչ չէի կարողանում հասկանալ։ Սատանան գիտի, թե Լոնը ինչու մինչև տեղ հասնելը մի խոսք անգամ չասաց խրճիթի մասին։

Կինը չէր տեսնում, որ նայում եմ իրեն, իսկ ես նայում էի նրա դեմքին և ինչքան շատ էի նայում, այնքան աչքս նրանից չէի կարողանում կտրել։ Դա չտեսնված գեղեցիկ դեմք էր։ Կարող եմ ասել, որ նրանում ոչ երկրային մի բան կար, փայլում էր ինչ֊որ լույսից, հատուկ մի արտահայտությունից կամ էլ ինչ֊որ բանից, որը «չես կարող հանդիպել ո՛չ ցամաքի վրա, ո՛չ էլ ծովում»։ Վախը և սարսափը բոլորովին անհետացան և հիմա դեմքը բոլորովին անդորր էր ու հիասքանչ, եթե «անդորր» բառով կարելի է բնորոշել այն անըմբռնելի ու խորհրդավոր բանը, որը չես կարող ո՛չ փայլ, ո՛չ պայծառություն, ո՛չ էլ արտահայտություն կոչել։

Անսպասելի նա շրջվեց իմ կողմը և կարծես թե առաջին անգամ տեսավ իմ ներկայությանը։

— Դուք վերջերս Դեյվին տեսե՞լ եք,— հարցրեց նա։

Իմ լեզվի ծայրին էր արդեն՝ «Իսկ Դեյվը ո՞վ է»,— հարցը, որ հանկարծ Լոնը, տապակվող ճարպի ծխի մեջ կորած, հազաց։ Գուցե նա ծխից հազաց, բայց ես մտածեցի, որ դա ինչ-որ նշան է, և ես կուլ տվեցի իմ հարցը։

— Ո՛չ, չեմ տեսել,— պատասխանեցի,— ես այս տեղերում նոր մարդ եմ...

— Դուք իսկապես չե՞ք լսել Դեյվի մասին, Մեծ Դեյվ Ուոլշի մասին,— ընդհատեց նա ինձ։

— Գիտեք ինչ,— ասացի մեղավոր տոնով,— ես նոր մարդ եմ։ Ես մեծ մասամբ Ստորին հոսանքներում եմ ապրել, Նոմի մոտերքը։

— Նրան պատմեք Դեյվի մասին,— դարձավ նա Լոնին։

Երևի, այս խնդիրքը Ջոնին համբերությունից հանեց, բայց նա սկսեց պատմել այն նույն սրտագին ու մեղմ ձայնով, որը ես սկզբից էի նկատել։ Դա ինձ չափազանց սրտագին ու մեղմ թվաց և այդ բանը զայրացրեց ինձ։

— Օ՜, Դեյվը հիանալի տղա է,— սկսեց Լոնը։— Ոտից գլուխ իսկական տղամարդ, իսկ հասակը վեց ֆուտ ու չորս դյույմ կլինի, առանց կոշիկների։ Նրա խոսքը պարտամուրհակի պես հաստատ է։ Եվ եթե որևէ մեկը փորձի պնդել, թե Դեյվը թեկուզ մի անգամ սուտ է խոսել, ապա հենց ինքն է սուտ խոսողը։ Եվ այդ մարդը ստիպված կլինի ինձ հետ գործ ունենալ, իհարկե, եթե նրանից ինչ֊որ բան մնա, Դեյվի հաշիվ տեսնելուց հետո։ Որովհետև Դեյվը իսկական կռվող է։ Այո՛, այո՛, իսկական կռվող, որի նմանը հիմա չես հանդիպի։ Նա գրիզլի արջ էր որսացել քսանութ տրամաչափի խաղալիք հրացանով։ Ճիշտ է, արջը նրան մի քիչ գզել էր, բայց Դեյվը գիտեր, թե ինչ էր անում։ Նա դիտմամբ էր քարանձավ մտել, որ այնտեղից թրխկացնի այդ գրիզլիին։ Նա ոչնչից էլ լի վախենում։ Նա փողի վրա չի դողում, իսկ երբ փող չի ունենում, ապա պատրաստ է տալու իր վերջին շապիկը, վերջին լուցկին։ Մի՞թե նա չէր, որ երեք շաբաթվա մեջ չորացրեց Անսպասելի լիճը և այնտեղից ինը հարյուր հազարի ոսկի հանեց։

Կինը հպարտությունից կարմրած, գլխով արեց։ Նա մեծ հետաքրքրությամբ էր հետևում պատմողի յուրաքանչյուր բառին։

— Ես պետք է ասեմ,— շարունակեց Լոնը,— շա՜տ եմ տխրել, որ այսօր այստեղ չհանդիպեցի Դեյվին։

Լոնը ընթրիքը դրեց սեղանին, որը եղևնու տաշած փայտերից էր, և մենք սկսեցինք ուտել։ Կինը դրսից շան հաչոցի ձայն լսեց, մոտեցավ դռներին, բացեց և սկսեց ականջ դնել։

— Իսկ ո՞ւր է Դեյվ Ուոլշը,— ցածրաձայն հարցրեցի ես։

— Մեռել է,— պատասխանեց Լոնը։— Ո՞վ գիտի, հիմա դժոխքում է։ Ի՜նչ իմանամ։ Փակեք ձեր բերանը...

— Բայց չէ՞ որ հենց նոր ասացիք, թե հույս ունեիք այսօր նրան հանդիպել այստեղ,— ասացի ես։

— Վերջապես ձեր բերանը չե՞ք փակելու,— նույնպես ցածր ձայնով ասաց Լոնը։

Կինը ծածկեց դուռը և ետ եկավ։ Ես նստած մտածում էի այն մասին, թե այս մարդը, որը հրամայեց բերանս փակ պահել, ինձանից ամիսը երկու հարյուր հիսուն դոլար ռոճիկ ու դրա հետ էլ ուտելիք է ստանում։

Լոնը սկսեց լվանալ ամանները, իսկ ես ծխում ու նայում էի այդ կնոջը։ Նա ավելի հմայիչ էր թվում, չնայած նրա գեղեցկությունը զարմանալի էր ու անսովոր։ Աչքս չկտրելով նրանից, հինգ րոպե անընդհատ նայում էի, իսկ հետո ստիպեցի ինձ իրական աշխարհ վերադառնալ և նայել Լոն Մաք-Ֆեյնին։ Դա ինձ հնարավորություն տվեց անժխտելի կերպով հասկանալու այն փաստը, որ այդ կինը նույնպես իրական արարած է։ Սկզբում ես կարծում էի, որ նա Դեյվ Ուոլշի կինն է, բայց եթե, ինչպես Լոնն ասաց, Դեյվ Ուոլշը մեռել է, ապա այդ կինը նրա այրին է։

Մենք շուտ պառկեցինք քնելու, քանի որ առավոտյան մեզ ծանր աշխատանք էր սպասվում։ Հենց որ Լոնը մտավ վերմակի տակ, ես սիրտ արեցի նրան մի հարց տալ.

— Այդ կինը խելագա՞ր է։

— Նա ոնց որ լուսնոտ լինի,— պատասխանեց Լոնը։

Եվ մինչ ես կպատրաստեի մյուս հարցը, Լոն Մաք-Ֆեյնը, կարող եմ երդվել, արդեն քնած էր։ Նա միշտ այսպես էր քնում, մտնում էր վերմակի տակ, փակում աչքերը և պատրաստ է։ Միայն շնչառության թեթև գոլորշին էր երևում։ Լոնը երբեք էլ չէր խռմփացնում։

Առավոտյան մենք ոտքի վրա նախաճաշեցինք, շներին մի բան տվեցինք, բեռնեցինք նարտը և ճանապարհ ընկանք։ Մենք հրաժեշտ տվեցինք կնոջը։ Նա երկար ժամանակ կանգնած էր դռան շեմքին և հայացքով մեզ ճանապարհ էր դնում։ Ես ինձ հետ տարա այդ երկնային գեղեցկության պատկերը, նա կարծես թե տպավորվեց իմ աչքերում և բավական էր կոպերս փակեի, նրան նորից էի տեսնում։ Անսպասելի լիճը սովորական ճանապարհներից հեռու է ընկած և արահետներն այստեղ տրորված չէինք Լոնը և ես հերթով մեր լայն, հյուսովի դահուկներով առջևում տրորում էինք փխրուն ձյունը, որ շները չխրվեն։ Անընդհատ իմ լեզվի ծայրին մի հարց էր պտտվում. «Բայց չէ՞ որ դուք ասացիք, թե հույս ունեիք Դեյվ Ուոլշին խրճիթում հանդիպելու»։ Բայց ես զսպում էի ինձ։ Ես որոշեցի սպասել մեր կեսօրվա դադարին։ Բայց կեսօրին էլ մենք շարունակեցինք գնալ, որովհետև ինչպես Լոնը բացատրեց, Թիլիի ու մի ուրիշ գետակի միացման տեղում գտնվում է իշայծյամի որսորդների իջևանատեղը, և մենք լույսով կարող ենք այնտեղ հասնել։ Սակայն մինչև մութն ընկնելը մեզ չհաջողվեց հասնել, քանի որ մեր ուղեցույց շունը՝ Բրայթը, իր թիակը ջարդեց և մի ժամ չարչարվելուց հետո ստիպված եղանք խեղճին գնդակահարել։ Հետո, երբ մենք անցնում էինք սառած Թիլիով, գերանների կույտերի վրա մեր նարտը շուռ եկավ և ստիպված եղանք կանգ առնել ու նորոգել դահուկները։ Մինչ Լոնը զբաղված էր նորոգելով, ես ընթրիք պատրաստեցի և կերակրեցի շներին, իսկ հետո միասին գնացինք գիշերվա համար փայտ և սառույց հավաքելու։ Դրանից հետո նստոտեցինք մեր վերմակների վրա, մոկասինները կախեցինք ճյուղերից, կրակի դիմաց, որ չորանան, իսկ մենք սկսեցինք ծխել։

— Դուք այդ կնոջը չգիտեի՞ք,— անսպասելի հարցրեց Լոնը։

Ես բացասաբար շարժեցի գլուխս։

— Դուք ուշադրություն դարձրեցի՞ք նրա մազերի և աչքերի գույնին, նրա կազմվածքին։ Ահա դրանից էլ ստացել է իր անունը։ Նա նման է արևածագի առաջին ջերմ արշալույսին։ Նրան հենց այդպես էլ ասում են. Ոսկյա Արշալույս։ Մի՞թե երբեք նրա մասին չեք լսել։

Իմ հիշողության ծալքերում անորոշ ու աղոտ մի զգացում կար, որ կարծես թե ինչ֊որ Ժամանակ լսել եմ այդ անունը, բայց դա էլի ինձ ոչինչ չէր հուշում։

— Ոսկյա Արշալո՞ւյս,— կրկնեցի ես։— Ոնց օր պարուհու անուն լինի։

Լոնը գլուխը օրորեց։

— Չէ՛, նա, այնուամենայնիվ, կարգին կին էր, թեկուզ հենց այդ իմաստով, չնայած մի սարսափելի մեղք էր գործել։

— Իսկ ինչո՞ւ եք անցյալ ժամանակով պատմում, կարծեք մեռածի մասին եք խոսում։

— Որովհետև նրա գիտակցությունը խավարել է, և դա նույնն է, ինչ մահվան խավարը։ Ոսկյա Արշալույսը, որին ես գիտեի, որին գիտեր Դոուսոնը, իսկ ավելի վաղ՝ Քառասուներորդ Մղոնը, մեռել է։ Այդ լռակյաց, խելագար արարածը, որին երեկ տեսանք, Ոսկյա Արշալույսը չէ։

— Իսկ Դե՞յվը,— հարցրեցի ես։

— Նա՛ է կառուցել այս խրճիթը,— պատասխանեց Լոնը։- Նա այս խրճիթը կառուցել էր նրա... և իր համար։ Նա մեռավ։ Իսկ կինը սպասում է։ Նա համարյա թե համոզված է, որ Դեյվը կենդանի է։ Ո՞վ կարող է հասկանալ խելագար ուղեղի քմահաճույքը։ Գուցե և հաստատ համոզված է, թե նա չի մեռել։ Դրա համար էլ սպասում է այն խրճիթում որը նա է կառուցել։ Ինչո՞ւ անհանգստացնել մեռածներին։ Եվ ո՞վ պիտի արթնացնի կենդանի մարդուն, որը իսկապես մեռած է։ Այդ բանը, համենայն դեպս, ինձ պետք չէ և դրա համար էլ ձևացրեցի, որ իբր թե կարծում էի երեկ երեկոյան կհանդիպեմ Դեյվ Ուոլշին։ Գրազ եմ գալիս, ես նրանից ավելի շատ կզարմանայի, եթե իսկապես հանդիպեի նրան։

— Ոչինչ չեմ հասկանում,— ասացի ես։— Պատմեք ամբողջ պատմությունը սկզբից, ինչպես վայել է սպիտակամորթին։

Եվ Լոնը սկսեց պատմել։

— Մի ծերուկ ֆրանսիացի կար, Վիկտոր Շովե անունով, ծնվել էր Ֆրանսիայի հարավում։ Նա Կալիֆոռնիա եկավ ոսկու տենդի ժամանակ։ Առաջիններից մեկն էր։ Նա ոսկի չգտավ, բայց դրա փոխարեն սկսեց ոսկի ստանալ շշերից, կարճ ասած, սկսեց խաղող աճեցնել և գինի պատրաստել։ Նա գնում էր ոսկեխույզների հետևից։ Դրա համար էլ նա անցավ Չիլկութով և Յուքոնի հոսանքով գնաց մինչև Ալյասկա, Քարմաքի հայտնագործությունից դեռ շա՜տ առաջ։ Այն հողամասն, ուր փռված է Տասներորդ Մղոն բնակավայրը, Շովեն է հայտնաբերել։ Նա էր առաջին փոստը Արկտիկ֊սիթի բերել։ Նա էր, որ մոտ տասներկու տարի առաջ հայտ ներկայացրեց Փորքուփայնի քարածխահանքերի համար։ Նիպեննուքի երկրում նա հայտնաբերեց Լոֆտուսի հանքը։ Պետք է ասել, որ Վիկտոր Շովեն ջերմեռանդ կաթոլիկ էր, որը կյանքում երկու բան էր սիրում՝ գինի և կին։ Նա սիրում էր ամեն տեսակի գինի, իսկ կանանցից միայն մեկին, իսկ այդ մեկը Մարի Շովեի մայրն էր։

Այստեղ ես բարձրաձայն հոգոց հանեցի, ինքս ինձ վրա զայրանալով, երբ մտածեցի, որ այս մարդուն ամիսը երկու հարյուր հիսուն դոլար եմ վճարում։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Լոնը։

— Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց,— դժգոհ փնթփնթացի ես։— Կարծում էի, որ դուք կպատմեք Ոսկյա Արշալույսի մասին։ Ինձ պետք չէ ձեր այդ ծերուկ գինեմոլ ֆրանսիացու կյանքի նկարագրությունը։

Լոնը հանդարտ ծծեց ծխամորճը, ծուխը ներս քաշեց և մի կողմ դրեց։

— Բայց չէ՞ որ խնդրեցիք սկզբից պատմել,— ասաց նա։

— Այո,― ասացի ես,— հենց սկզբից։

— Իսկ Ոսկյա Արշալույսի կյանքի պատմության սկիզբը հենց ձեր գինեմոլ ֆրանսիացին է, որովհետև նա Մարի Շովեի հայրն է, իսկ Մարի Շովեն էլ հենց Ոսկյա Արշալույսն է։ Էլ ի՞նչ եք ուզում։ Վիկտոր Շովեի բախտը երբեք էլ իսկականից չէր բանում։ Նա մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում և մեծացնում էր Մարիին, որը հիշեցնում էր նրան իր միակ ու սիրալիր կնոջը։ Նա հոգին էլ չէր խնայում աղջկա համար։ Հենց նա էլ աղջկան այդպիսի քնքուշ անունով կնքեց՝ Ոսկյա Արշալույս։ Ոսկյա Արշալույս գետակը նրա պատվին է այդպես կոչվում, համանուն բնակավայրը՝ նույնպես։ Ծերուկը բնակավայրեր գտնելու մեծ վարպետ էր, միայն թե ինքը երբեք այնտեղ չէր ապրում։

Իսկ հիմա ազնվորեն ասեք,— շարունակեց Լոնը, իր սովորության համաձայն անսպասելի փոխելով տոնը,— ահա դուք տեսել եք նրան։ Ի՞նչ եք մտածում նրա մասին. նրա արտաքինը ես նկատի ունեմ։ Դուք ի՞նչ եք կարծում, նա գեղեցի՞կ է։

— Զարմանալի գեղեցկուհի է,— պատասխանեցի ես։— Կյանքումս նմանը չեմ տեսել։ Երեկ երեկոյան, չնայած գլխի ընկա, որ խելագար է, բայց չէի կարողանում աչքս նրանից կտրել։ Եվ դա հետաքրքրասիրություն չէր։ Ես ապշել էի, պարզապես ապշել նրա անսովոր գեղեցկությունից։

— Ուղեղը մթագնելուց առաջ նա ավելի գեղեցիկ էր,— մեղմ ձայնով ասաց Լոնը։— Իսկապես որ Ոսկյա Արշալույս էր։ Նա խոցում էր տղամարդկանց սրտերը, խելքից հանում։ Նա հազիվհազ հիշեց, որ Դոուսոնում կանոեների մրցության մամանակ հաղթեցի, բայց չէ՞ որ ես սիրում էի այդ կնոջը և ինքն էլ էր ասում, թե սիրում է ինձ։ Նրա գեղեցկությունը իրեն էր ենթարկում բոլոր տղամարդկանց։ Պարիսը, երևի, նրան կտար Էրիսի խնձորը և ոչ մի Տրոյական պատերազմ էլ չէր լինի, բայց նա էլի կլքեր Պարիսին։ Հիմա այդ կինը ապրում է խավարում։ Եվ նա, որ այդպես փոփոխամիտ բնավորություն ուներ, առաջին անգամ հավատարիմ է, հավատարիմ ստվերին, մեռածին, մի մարդու, որի մահվանը նա չի հավատում։

Եվ դա գիտե՞ք ինչպես եղավ։ Դուք հիշո՞ւմ եք, որ ես երեկ պատմեցի Դեյվ Ուոլշի, Մեծ Դեյվ Ուոլշի մասին։ Նա հենց այնպիսին էր, ինչպես պատմեցի և, թերևս, հազար անգամ ավելի լավը։ Նա այս կողմերը եկավ ութսունական թվականների վերջերին և ձեր համեմատությամբ, առաջիններից մեկն էր։ Այն ժամանակ քսան տարեկան էր։ Առողջ էր և ցուլի նման համարձակ։ Երբ լրացավ քսանհինգ տարին, նա կարողանում էր բարձրացնել ալյուրով լցված տասներեք պարկ, ամեն մեկը հիսուն ֆանտ քաշով։ Սկզբում սովը ամեն տարվա վերջին նրան քշում էր այստեղից։ Այն ժամանակ սա մի ամայի երկիր էր։ Ո՛չ գետային շոգենավեր կային, ո՛չ պարեն, ոչի՜նչ, բացի սաղմոնից և մեկ էլ ձյան վրա սփռված ճագարների հետքերից։ Բայց այն բանից հետո, երբ սովը նրան երեք անգամ քշեց, նա հայտարարեց, թե բավական է, և մյուս տարի մնաց տեղում։ Դեյվը, երբ որսը հաջող էր լինում, սնվում էր միայն մսով։ Նա այդ ձմեռ տասնմեկ շուն կերավ, բայց չհեռացավ։ Մյուս ձմեռ էլ մնաց և հաջորդ ձմեռն էլ։ Այդ ժամանակվանից սկսած, չէր հեռանում այս տեղերից։ Նա ցուլի պես առողջ էր։ Այնքան կարող էր աշխատել, որ աշխարհիս ամենաուժեղ տղամարդն էլ հալից կընկներ։ Նա ուզածդ չիլկութցի հնդկացուց էլ շատ բեռ կարող էր տանել։ Կարող էր սթիք հնդկացուց էլ լավ թիավարել, կարող էր ամբողջ օրը թաց ոտքերով ճանապարհ գնալ, երբ ջերմաչափը հիսուն աստիճանից ներքև էր ցույց տալիս, իսկ սա, պետք է ասել, մի բան նշանակում է։ Ձեր ոտքերը ցուրտը կտանի քսանհինգ աստիճան սառնամանիքի ժամանակ, եթե թրջեք և ոտնամաններդ չփոխեք։

Դեյվ Ուոլշը ցուլի պես ուժեղ էր։ Դրա հետ միասին նա հեզ ու պարզսիրտ մի տղա էր։ Ուզածդ մարդը կարող էր խաբել նրան, իջևանատեղի ամենավերջին սրիկան էլ կարող էր նրանից դուրս քաշել վերջին դոլարը։ «Դա ինձ չի վշտացնում,— ծիծաղում էր Դեյվը, երբ նրան ասում էին, թե ինքը անտարբեր մարդ է,— դրանից ես գիշերները չեմ արթնանում»։ Միայն թե մի՛ կարծեք, որ նա կամք չուներ։ Հիշո՞ւմ եք, ես պատմեցի, թե նա ինչպես մի ինչ֊որ քոսոտ հրացանով արջի վրա էր գնացել։ Երբ որ գործը տուրուդմփոցին էր հասնում, Դեյվը անզուսպ էր դառնում։ Նրան անկարելի էր կանգնեցնել, երբ կռվի մեջ էր մտնում։ Թույլերի նկատմամբ մեղմ էր ու բարի, բայց ուժեղը պետք է նրան ճանապարհ տար։ Մի խոսքով, այնպիսի տղամարդ էր, որին սիրում էին տղամարդիկ, իսկ սա ամենաբարձր գովեստն է։

Դեյվը բոլորի նման Դոուսոն չշտապեց, երբ Քարմաքը Բոնանցայում ոսկու երակի հանդիպեց։ Դեյվը այդ Ժամանակ գործ էր սկսել Մամմոն-քրիկում։ Նա այնտեղ ոսկու հանքեր էր հայտնաբերել։ Այդ ձմեռ ավազը լվանալուց հետո ութսունչորս հազարի ոսկի ստացավ և իր հողամասը ցցապատեց, որը խոստանում էր մյուս ձմեռ մի երկու հարյուր հազար էլ տալ։ Երբ ամառը եկավ և հողը փափկեց, նա Յուքոնի հոսանքով վեր՝ դեպի Դոուսոն գնաց, որպեսզի տեսնի, թե իրենից ի՞նչ է ներկայացնում Քարմաքի հողամասը։ Հենց այդտեղ էլ նա հան դիպեց Ոսկյա Արշալույսին։ Ես հիշում եմ այդ գիշերը։ Եվ երբեք չե՛մ մոռանա։ Դա եղավ բոլորովին անսպասելի։ Սարսափելի է մտածել, որ այդ ուժեղ մարդը դարձավ բոլորովին անօգնական այնպիսի մի թույլ, շիկահեր կնոջ քնքուշ հայացքի ներքո, ինչպիսին Ոսկյա Արշալույսն էր։ Դա պատահեց նրա հոր՝ ծերուկ Վիկտոր Շովեի խրճիթում։ Ընկերներից մեկը Դեյվին այնտեղ տարավ, որպեսզի խոսեն Մամմոն֊քրիկի վրա գտնվող բնակավայրերի դիրքի մասին։ Սակայն Դեյվը խոսում էր անտրամադիր և չմտածված։ Ասացի ձեզ, չէ՞ որ Ոսկյա Արշալույսի միայն տեսքը Դեյվին բոլորովին խելքից հանել էր։ Ծերուկ Վիկտոր Շովեն Դեյվի գնալուց հետո հավատացնում էր, որ նա հարբած էր։ Իսկ նա իսկապես որ հարբած էր։ Բայց այդ թունդ խմիչքը, որը շշմեցրել էր նրա գլուխը, Ոսկյա Արշալույսն էր։
Վստահելի
1318
edits