Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
Լոն Մաք֊Ֆեյնը մի քիչ զայրացած էր իր ծխախոտի քիսան կորցնելու պատճառով, թե չէ մինչև տեղ հասնելը Անսպասելի լճի մոտ զտնվող խրճիթի մասին մի բան կպատմեր։ Ամբողջ օրը անդադար, նորից ու նորից փոխարինելով իրար, մենք գնում էինք նարտերի առջևից, ձյան մեջ շների համար արահետ գցելով։ Ձյուն տրորելը դժվար աշխատանք է և նա շատախոսելու հնարավորություն չի տալիս, բայց էլի կեսօրին, երբ մենք կանգ առանք սուրճ եփելու համար, Լոն Մաք֊Ֆեյնը կարող էր շունչը ետ բերել ու մի որևէ բան պատմել։ Սակայն նա ոչինչ էլ չպատմեց։ Անսպասելի լի՞ճը։ Պարզվեց, որ ինձ համար դա Անսպասելի մի խրճիթ էր։ Ես մինչ այդ ոչինչ չէի լսել դրա մասին։ Խոստովանում եմ, որ մի քիչ հոգնել էի։ Ես անընդհատ սպասում էի, թե Լոնը երբ պետք է կարգադրի, որ գոնե մի ժամ կանգ առնենք հանգստանալու համար, բայց ես շատ հպարտ էի, որ առաջարկեի դադար առնել կամ հարցնեի, թե ի՞նչ է մտադիր անելու, չնայած, ի միջի այլոց, նա ծառայում էր ինձ մոտ և ես նրան քիչ փող չէի վճարում այն բանի համար, որ քշի իմ շները և կատարի իմ հրամանները։ Թե կուզեք իմանալ, ինքս էլ էի մի քիչ զայրացած։ Նա ոչինչ էլ չէր ասում, ես էլ որոշեցի ոչինչ չհարցնել, եթե մինչև անգամ ամբողջ գիշեր գնալու լինեինք։
Դեյվը բոլորի նման Դոուսոն չշտապեց, երբ Քարմաքը Բոնանցայում ոսկու երակի հանդիպեց։ Դեյվը այդ Ժամանակ գործ էր սկսել Մամմոն-քրիկում։ Նա այնտեղ ոսկու հանքեր էր հայտնաբերել։ Այդ ձմեռ ավազը լվանալուց հետո ութսունչորս հազարի ոսկի ստացավ և իր հողամասը ցցապատեց, որը խոստանում էր մյուս ձմեռ մի երկու հարյուր հազար էլ տալ։ Երբ ամառը եկավ և հողը փափկեց, նա Յուքոնի հոսանքով վեր՝ դեպի Դոուսոն գնաց, որպեսզի տեսնի, թե իրենից ի՞նչ է ներկայացնում Քարմաքի հողամասը։ Հենց այդտեղ էլ նա հան դիպեց Ոսկյա Արշալույսին։ Ես հիշում եմ այդ գիշերը։ Եվ երբեք չե՛մ մոռանա։ Դա եղավ բոլորովին անսպասելի։ Սարսափելի է մտածել, որ այդ ուժեղ մարդը դարձավ բոլորովին անօգնական այնպիսի մի թույլ, շիկահեր կնոջ քնքուշ հայացքի ներքո, ինչպիսին Ոսկյա Արշալույսն էր։ Դա պատահեց նրա հոր՝ ծերուկ Վիկտոր Շովեի խրճիթում։ Ընկերներից մեկը Դեյվին այնտեղ տարավ, որպեսզի խոսեն Մամմոն֊քրիկի վրա գտնվող բնակավայրերի դիրքի մասին։ Սակայն Դեյվը խոսում էր անտրամադիր և չմտածված։ Ասացի ձեզ, չէ՞ որ Ոսկյա Արշալույսի միայն տեսքը Դեյվին բոլորովին խելքից հանել էր։ Ծերուկ Վիկտոր Շովեն Դեյվի գնալուց հետո հավատացնում էր, որ նա հարբած էր։ Իսկ նա իսկապես որ հարբած էր։ Բայց այդ թունդ խմիչքը, որը շշմեցրել էր նրա գլուխը, Ոսկյա Արշալույսն էր։
Գործը վճռեց այն առաջին հայացքը, որ Դեյվը գցեց աղջկա վրա։ Դեյվը մի շաբաթ հետո Յուքոնով ներքև չգնաց, ինչպես մտադիր էր։ Նա այդտեղ մնաց մեկ ամիս, երկու ամիս, ամբողջ ամառը։ Իսկ մենք, որ տանջվում էինք այդ աղջկա թովչանքից, ամեն ինչ հասկանում էինք և գուշակում, թե այդ բոլորը ինչով կվերջանա։ Մենք չէինք կասկածում, որ Ոսկյա Արշալույսը վերջապես գտել է իր սրտի տիրոջը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Դեյվ Ուոլշի մասին առասպելներ էին պատմում։ Նա Մամմոն֊քրիկի թագավորն էր, մարդ, որը գտել էր Մամմոն-քրիկի ոսկու հանքերը, հին խմորի ոսկեխույզ, այս երկրամասի առաջին հետախույզներից մեկը։ Տղամարդիկ շրջվում էին, երբ նա անցնում էր իրենց մոտից և հարգալից շշնջում էին. «Սա Դեյվ Ուոլշն է»։ Ինչո՞ւ չէ։ Նա վեց ֆուտ ու չորս դյույմ հասակ ուներ, շիկահեր գանգուրները ընկնում էին ուսերին։ Մի հոյակապ խարտյաշ հսկա էր, որը արդեն երեսունմեկ տարեկան էր։
Դեյվը դուր եկավ Ոսկյա Արշալույսին։ Աղջիկը երեկույթներին միշտ նրա հետ էր պարում և ամառվա վերջերին հայտնի դարձավ, որ նրանք նշանվել են։ Եկավ աշունը և Դեյվը պիտի Մամմոն-քրիկ վերադառնար ձմեռային աշխատանքների համար, բայց Ոսկյա Արշալույսը ցանկացավ հարսանիքը մի քիչ հետաձգել։ Դեյվը Դասքի Բերնսին ուղարկեց Մամմոն-քրիկի ոսկու հանքերում աշխատելու, իսկ ինքը մնաց Դոուսոնում։ Բայց դրանից քիչ օգուտ կար։ Աղջկա գլուխն էր մտել մի քիչ ժամանակ իր ազատությոմէը պահպանելու միտքը և նա որոշել էր ամուսնությունը հետաձգել մինչև հաջորդ տարին։ Դրա համար էլ հենց որ գետը մի քիչ սառեց, Դեյվն իր շնասահնակով Յուքոնի հոսանքով ցած գնաց, հավատացած, որ հարսանիքը կլինի, երբ մյուս տարի հենց առաջին իսկ շոգենավով վերադառնա։
Դեյվը հյուսիսային աստղի պես հաստատուն էր, իսկ աղջիկն այնպես փոփոխական, ինչպես մագնիսային սլաքը երկաթի մոտ։ Դեյվն այնքան հաստատուն ու հավատարիմ էր, որքան աղջիկը փոփոխական էր ու թեթևսոլիկ և ահա նա, որը բոլորին էլ հավատում էր, սկսեց կասկածել աղջկան։ Գուցե դա խանդ էր, գուցե ինչ֊որ բան էր կանխագուշակում, բայց Դեյվը շատ էր վախենում նրա փոփոխական բնավորությունից։ Նա երկյուղ էր կրում, որ աղջիկը մինչև հաջորդ տարին հավատարիմ չի մնա, վախենում էր հավատալ նրան և գլուխը կորցրել էր։ Ես հետո ծերուկ Վիկտոր Շովեից իմացա և բոլոր լուրերը համեմատելով հասկացա, որ Դեյվի հետ, շներով հյուսիս մեկնելուց առաջ, այնտեղ ինչ-որ դեպք է պատահել։ Ոսկյա Արշալույսի կողքին կանգնած, Դեյվը ծեր ֆրանսիացուն հայտարարել էր, որ իրենք պատկանում են մեկը մյուսին։ Ծերուկ Վիկտորը պատմում էր, թե Դեյվի տեսքը շատ դրամատիկական էր, աչքերը փայլում էին։ Նա ասել էր, թե՝ «Միայն մահը կարող է իրենց բաժանել», և Վիկտորը հատկապես հիշում էր, թե Դեյվը իր հսկայական թաթով ինչպես էր բռնել Մարիի ուսից ու դեպի իրեն քաշել, և թե ինչպես քիչ էր մնացել աղջիկը գետին գլորվեր և ավելացրել էր. «Մեռնելուց հետո էլ դու ինձ պիտի պատկանես և քո հետևից կգամ մինչև անգամ գերեզմանից»։ Ծերուկը շատ պարզ հիշում էր այս խոսքերը. «Մեռնելուց հետո էլ դու ինձ պիտի պատկանես և քո հետևից կգամ մինչև անգամ գերեզմանից»։ Նա հետո ինձ պատմեց, որ Ոսկյա Արշալույսը սարսափելի վախեցել էր, և դրանից հետո ծերուկը Դեյվին մի կողմ էր տարել ու ասել, թե այդ ճանապարհով չի կարելի նվաճել Ոսկա Արշալույսի սիրտը, որ եթե ուզում է պահել նրան, ապա պետք է հարմարվի և հետը ավելի փափուկ վարվի։
Ես բոլորովին էլ չեմ կասկածում, թե Ոսկյա Արշալույսը շատ էր վախեցել։ Նա շատ դաժան էր վերաբերվում տղամարդկանց հետ, իսկ տղամարդիկ տարվում էին նրանով, քնքուշ արարած էին համարում, այնքա՜ն քնքուշ, որ ոչ ոք նրան վիրավորել չէր համարձակվում։ Նա այնքան ժամանակ չգիտեր, թե կոպտությունը ի՞նչ բան է, մինչև որ վեց ֆուտից ավելի հասակ ունեցող այդ հսկան իր մեծ թաթով բռնեց նրա ուսից և երդվեց, որ նա իրեն է պատկանում մինչև մահը և մինչև անգամ դրանից հետո։ Այնինչ, այդ ձմեռ Դոուսոն էր եկել մի իտալացի երաժիշտ՝ քաղցրավուն ձայնով, մակարոն ուտողներից մեկը, և Ոսկյա Արշալույսը սիրահարվեց նրան։ Գուցե նա միայն երևակայում էր, թե սիրահարվել է, ես այդ չգիտեմ։ Երբեմն ինձ թվում է, որ իսկապես սիրում էր Դեյվ Ուոլշին։ Գուցե այդպես պատահեց այն պատճառով, որ Դեյվը շատ վախեցրեց, հայտարարելով, թե նա իրեն է պատկանում մինչև մահը և ինքը կգա նրա հետևից անգամ գերեզմանից։ Գործը ինչպես եղավ, չգիտեմ, բայց վերջ ի վերջո աղջիկը իր բարեհաճությունը նվիրաբերեց այդ իտալացի երաժշտին։ Ի միջի այլոց, այդ բոլորը ենթադրություններ էին, իսկ մեզ փաստեր են հայտնի։ Նա ոչ թե իտալացի էր, այլ ռուս կոմս։ Դա ճշմարիտ էր։ Ոչ էլ պրոֆեսիոնալ երաժիշտ էր։ Նա ջութակ էր նվագում, դաշնամուր, երգում էր, լա՛վ էր երգում, միայն հանուն սեփական բավականության և ուրիշներին էլ բավականություն պատճառելու համար։ Բացի դրանից, նա շատ փող էր ունենում, բայց այստեղ ես պետք է ասեմ, որ Ոսկյա Արշալույսը փողի հետևից չէր վազում։ Նա, ճիշտ է, փոփոխական բնավորություն ուներ, բայց շահասեր չէր։
Բայց լսեք շարունակությունը։ Նա նշանվել էր Դեյվի հետ և Դեյվը պիտի հենց առաջին շոգենավով գար և ամուսնանար։ Դա ինը հարյուր ութսուն թվականի գարնանն էր և առաջին շոգենավին սպասում էին հուլիսի կեսերին։ Իսկ, Ոսկյա Արշալույսը վախենում էր Դեյվի հետ կապերը խզելուց և դրանից հետո նրան հանդիպելուց։ Եվ հենց այստեղ էր, որ նա մի օյին մտածեց։ Ռուս երաժիշտը՝ կոմսը, նրա հլու ստրուկն էր։ Այնպես, որ այդ բոլորը Ոսկյա Արշալույսն էր հնարել, ես գիտեմ։ Հետո, ես բոլորը պարզեցի ծերուկ Վիկտորի մոտ։ Կոմսը, կատարելով աղջկա հրամանը, տոմս վերցրեց առաջին շոգենավի համար, որը գետի հոսանքով ներքև պիտի գնար։ Դա «Ոսկյա հրթիռն» էր։ Ոսկյա Արշալույսն հենց այդ շոգենավը նստեց։ Այնտեղ էի և ես։ Սյորքլ-սիթի էի գնում և բոլորովին շշմեցի, երբ նավի վրա հանդիպեցի Ոսկյա Արշալույսին։ Ուղևորների ցուցակում ես չէի հանդիպել նրա անվանը։ Նա ամբողջ ժամանակ կոմսի հետ էր, ուրախ ու բախտավոր և ես իմացա, որ ուղևորների ցուցակում կոմսի անունը գրված էր իր կնոջ հետ։ Այնտեղ էլ հենց նշված էր նավասենյակի համարը և մյուս բաները։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ իմացա, թե կոմսը ամուսնացած է, միայն թե նրա կնոջը չտեսա... եթե Ոսկյա Արշալույսին նրա կինը չհամարենք։ Ես մտածեցի, գուցե, որ նրանք ամուսնացել են ճանապարհորդության դուրս գալուց առաջ։ Հասկանո՞ւմ եք, Դոուսոնում նրանց մասին զանազան լուրեր էին պտտվում, ինչ-որ մեկը մինչև անգամ գրազ էր եկել, որ կոմսը Ոսկյա Արշալույսին խլել է Դեյվի ձեռքից։ Ես խոսեցի շոգենավի տնտեսի հետ։ Սակայն նա ինձանից էլ շատ չգիտեր ու, ընդհանրապես, ոչինչ էլ չէր լսել Ոսկյա Արշալույսի մասին և մահու չափ հոգնած էր իր պարտականություններից։ Դուք գիտեք չէ՞, թե ի՜նչ բաներ են Ցուքոնի շոգենավերը, բայց դուք չեք կարող պատկերացնել, թե ի՛նչ էր կատարվում «Ոսկյա հրթիռի» վրա, երբ նա դուրս եկավ Դոուսոնից 1898 թվականի հուլիսին։ Իսկական մեղվանոց էր։ Քանի որ դա առաջին ուղևորությունն էր, ապա շոգենավի վրա էին հավաքվել հիվանդանոցի բոլոր ցինգայով հիվանդները և խեղանդամները։ Բացի դրանից, նավով տանում էին մոտ երկու միլիոնի ոսկու ավազ ու բնակտորներ, էլ չեմ խոսում այն ուղևորների մասին, որոնք նավասենյակներում այնպես էին թափված իրար վրա, ինչպես տառեխը՝ տակառում, աներևակայելի քանակությամբ տախտակամածային ուղևորների, անհաշիվ հնդկացիների մասին, իրենց սքվոներով ու շներով։ Նավամբարները լցված էին ապրանքներով ու բեռներով։ Բեռների լեռները կիտված էին և ներքևի տախտակամածին ու շոգենավի ամեն մի կանգառի ժամանակ այդ լեռները մեծանում էին։ Ես տեսա, թե ինչպես Թիլիի ծանծաղուտներում նավի վրա մի արկղ բարձեցին։ Ես գուշակում էի, թե դա ինչի համար է, չնայած, որ բոլորովին էլ մտքովս չէր անցնում, թե ինչ անակնկալ է թաքնված դրա մեջ։ Արկղը գլորեցին ներքևի տախտակամածի մյուս բեռների վրա և, մինչև անգամ, ինչպես որ պետք է, չկապեցին։ Նավապետի օգնականը մտածում էր արկղով հետո զբաղվել, բայց մոռացավ։ Ինձ դեռ այն ժամանակ ծանոթ թվաց այն մեծ, էսկիմոսյան շունը, որը վեր մագլցեց և պառկեց արկղի կողքին։ Շուտով մենք հանդիպեցինք «Գլենդեյլին», որը գնում էր վեր, դեպի Գոուսոն։ Երբ «Գլենդեյլը» մեզ ողջունեց իր սուլիչով, ես մտածեցի Դեյվի մասին, որն այդ նավով երևի շտապում էր Դոուսոն՝ Ոսկյա Արշալույսի մոտ։ Ես շրջվեցի և նայեցի աղջկան։ Նա կանգնած էր նավակողին։ Նրա աչքերը փայլում էին, բայց տեսնելով այդ շոգենավը, երևի, մի թեթև վախեցավ և սեղմվեց կոմսին, ասես պաշտպանություն փնտրելով նրա մոտ։ Նա պետք է այդպես սեղմվեր կոմսին, իսկ ես չպետք է այդպես համոզված մտածեի այն հիասթափության մասին, որը պիտի պատեր Դեյվին, երբ նա Դոուսոն հասներ։ Բանն այն էր, որ Դեյվ Ուոլշը «Գլենդեյլի» վրա չէր։ Ես չգիտեի այն բոլորը, որն ինձ վիճակված էր հետո իմանալ։ Չգիտեի, օրինակ, որ այս երկուսը բոլորովին էլ ամուսիններ չէին, սակայն մի կես ժամ էլ չէր անցել, որ սկսվեց պսակադրության պատրաստությունը։ Կենտրոնական նավասենյակում պառկած էին հիվանդները և «Ոսկյա հրթիռի» գերբնակվածության ժամանակ այդ արարողության միակ հարմար տեղը ներքևի տախտակամածի առաջամասն էր, ուր ազատ տեղ կար, իսկ կողքին բարձրանում էր բեռների սարը, որի կատարին էլ գտնվում էր այն մեծ արկղը և կողքին քնած շունը։ Շոգենավի վրա մի առաքելական գտան, որը Իգլ էր գնում և քանի որ մինչև Իգլ միայն մեկ կանգառ էր մնացել, ապա անհրաժեշտ էր շտապել։ Ահա, պարզվում է, թե նրանք ինչ էին մտածել՝ ամուսնանալ շոգենավի վրա։ Սակայն ես առաջ եմ ընկնում։ Դեյվ Ուոլշը «Գլենդեյլի» վրա չէր, այն պատճառով, որ գտնվում էր «Ոսկյա հրթիռի» վրա։ Բանն ահա այսպես եղավ։ Ոսկյա Արշալույսի պատճառով Դոուսոնում ուշանալով, Դեյվը սառույցների վրայով ճանապարհ ընկավ դեպի Մամմոն-քրիկ։ Այնտեղ նա տեսավ, որ Դասքի Բերնսը այնպես լավ է գործը գլուխ բերել, որ ոչ մի անհրաժեշտություն էլ չկա հանքերում մնալու։ Այդ ժամանակ նա նարտը բեռնեց մթերքներով, լծեց շները, իր հետ էլ մի հնդկացի վերցրեց և ճանապարհ ընկավ դեպի Անսպասելի լիճը։ Նրան միշտ էլ գրավում էին այդ տեղերը։ Դուք, երևի, չգիտեք, որ այդ վտակը չնչին բան էր, իսկ այն ժամանակ կարծում էին, թե մեծ ապագա ունի։ Եվ Դեյվը որոշեց այնտեղ մի խրճիթ կառուցել իր և Ոսկյա Արշալույսի համար։ Դա հենց այն խրճիթն էր, որ մենք գիշերեցինք։ Վերջացնելով խրճիթի գործը, Դեյվը հնդկացու հետ գնաց դեպի Թիլի գետաբաժանը, իշայծամներ որսալու։
Եվ ահա թե ինչ պատահեց։ Վրա հասավ ճքճքան սառնամանիքը։ Սնդիկը ջերմաչափում իջավ մինչև քառասուն աստիճան, զրոյից ներքև, հետո մինչև հիսուն, հետո՝ վաթսուն։ Ինչպես հիմա, հիշում եմ այդ սառնամանիքները,— ես այն ժամանակ Քառասուներորդ Մղոնում էի, մինչև անգամ օրն եմ հիշում։ Առավոտվա ժամը տասնմեկի մոտ Ն. Ա. Թ. և Թ. ընկերության կրպակի մոտ գտնվող ջերմաչափը ցույց տվեց յոթանասունհինգ աստիճան՝ զրոյից ներքև։ Այդ առավոտ Դեյվը հնդկացու հետ, թող անիծվի նա, իշայծյամ էր որսում Թիլիի գետաբաժանում։ Ես բոլորը հետո իմացա այդ հնդկացուց, մեզ վիճակվեց միասին սառույցների վրայով մինչև Դայա գնալ։ Եվ ահա, այդ առավոտ պարոն հնդկացին սառցաճեղքի մեջ ընկավ և մինչև գոտին թրջվեց։ Իհարկե, նա անմիջապես սկսեց սառչել։ Իսկապես, պետք է շտապ կրակ անել։ Բայց չէ՞ որ Դեյվ Ուոլշը կամակոր մարդ էր։ Մինչև իջևանատեղը, ուր բոցկլտում էր խարույկր, մի կես մղոն էր մնացել։ Նա պարոն հնդկացուն դրեց ուսերին և կես մղոն վազեց, երբ ջերմաչափը զրոյից յոթանասունհինգ աստիճան ցածր էր ցույց տալիս։ Դուք գիտեք, թե դա ի՜նչ է նշանակում։ Ինքնասպանություն, ահա թե ի՛նչ։ Այլ կերպ չես կարող կոչել։ Քոսոտ հնդկացին երկու հարյուր ֆունտից ավելի կլիներ և Դեյվը նրան ուսին դրած՝ կես մղոն վազ տվեց։ Բնական է, որ նա մրսեցրեց իր թոքերը։ Թոքերը, երևի, պարզապես փայտացել ու սառույց էին դարձել։ Դա աններելի հիմարություն էր։ Ինչևիցե, մի երկու շաբաթ պառկելուց հետո, Դեյվ Ուոլշը մեռավ։
Հնդկացին չգիտեր, թե ի՛նչ աներ։ Եթե նա գործ ունենար մի սովորական մարդու հետ, պարզապես կթաղեր և վե՜րջ։ Բայց հնդկացին գիտեր, որ Դեյվ Ուոլշը մե՜ծ մարդ է, շա՜տ փող ունի և սպիտակ մարդկանց մեջ կարևոր դեմք է։ Նա շատ անգամ էր տեսել, թե ինչպես ամբողջ երկրով մեկ տանում էին մեռած սպիտակ մարդկանց դիակները, կարծես թե դրանք ինչ֊որ արժեք էին ներկայացնում իրենցից։ Եվ ահա, որոշեց Դեյվի դիակը տանել Քառասուներորդ Մղոն, որը Դեյվի հիմնական իջևանատեղն էր։ Գիտե՞ք, թե այստեղ ճիմը ինչպես է ցրտից քարանում։ Ահա՛, հնդկացին Դեյվի մարմինը ծածկեց մի ոտնաչափ հաստություն ունեցող հողի շերտով, այլ կերպ ասած, դրեց սառույցի մեջ։ Դեյվը այդպես կարող էր հազար տարի էլ մնալ և մի փոքր անգամ չփոխվել։ Դե, ոնց որ սառնարանում։ Հետո այդ հնդկացին Անսպասելի լճի մոտ գտնվող խրճիթից բերեց սղոցը և տախտակներ կտրատեց։ Սպասելով տաքերը ընկնելուն, նա շարունակեց իր որսորդությունը և տասը հազար ֆունտ իշայծյամի միս հավաքեց, որը նույնպես սառույցի մեջ դրեց։ Սկսվեց ձնհալը։ Թիլին ազատվեց սառույցներից։ Այդ ժամանակ նա մի լաստ սարքեց, բարձեց սառեցրած միսը, արկղը, որի մեջ Դեյվի մարմինն էր, Դեյվի շներին և Թիլիի հոսանքով գեպի ցած գնաց։
Լաստը դեմ ընկավ գետի մեջ հավաքված գերանների կույտերին և երկու օր այդպես մնաց։ Սկսվեցին շոգերը և քիչ մնաց, որ պարոն հնդկացու ամբողջ միսը փչանար։ Եվ այսպես, երբ նա հասավ Թիլիի ծանծաղուտներին, գլխի ընկավ, որ շոգենավով Քառասուներորդ Մղոն ավելի շուտ կհասնի, քան իր լաստով։ Նա իր բոլոր ունեցած-չունեցածը բարձեց շոգենավի վրա։ Եվ ահա թե ի՜նչ ստացվեց. «Ոսկյա հրթիռի» ներքևի տախտակամածին Ոսկյա Արշալույսը պատրաստվում էր պսակվել, իսկ նրա վրա ընկնում էր մեծ արկղի ստվերը, որի մեշ Դեյվ Ուոլշի դիակն էր։ Հա, մի բան էլ մոռացա պատմել։ Ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ Թիլիի ծանծաղուտներում շոգենավին բարձած շունը ինձ ծանոթ թվաց։ Դա Փիլաթն էր, Դեյվի շնալուծի առաջնորդը և նրա սիրելին։ Միաժամանակ շատ կատաղի և կռվարար մի շուն։ Նա պառկած էր արկղի կողքին։
Ոսկյա Արշալույսը նկատելով ինձ, մոտ կանչեց, բարևեց և ներկայացրեց կոմսին։ Ոսկյա Արշալույսը շատ էր չքնաղ։ Նրան տեսնելով, առաջվա նման խելքս թռցրեցի։ Նա ժպտաց ինձ և ասաց, որ պետք է իր վկաներից մեկը դառնամ։ Մերժել չէի կարող։ Նա միշտ էլ նույն երեխան էր, դաժան, ինչպես բոլոր երեխաները։ Բացի դրանից, նա ասաց, թե շամպայնի երկու շշերի բախտավոր տիրուհին է, միակը ամբողջ Դոուսոնում, ավելի ճիշտ նրանց, որոնք անցյալ երեկոյան Դոուսոնում էին։ Ես դեռ չէի հասցրել ուշքս գլուխս հավաքել, երբ արդեն ինձ մտցրել էին այն մարդկանց ցուցակի մեջ, որոնք պետք է խմեին նորապսակների առողջության կենացը։ Բոլոր ուղևորները խռնվել էին մեր շուրջը՝ շոգենավի նավապետի գլխավորությամբ, որը անվերջ աշխատում էր առաջ խցկվել, երևի, գինու համար։ Դա մի տարօրինակ հարսանիք էր։ Վերևի տախտակամածում հավաքվել էին հիվանդները, որոնք մեկ ոտքով, իսկ շատերն էլ երկու ոտքով արդեն գերեզմանի մեջ էին, և ներքև էին նայում։ Շուրջը խռնվել էին հնդկացիները՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ, չհաշված գռմռացող շները, որոնք այստեղ մի քսանհինգ հատ կլինեին։ Առաքելականը խնդրեց ամուսնացողներին կանգնել իրար կողքի և սկսեց արարողությունը։ Եվ հենց այդ պահին էլ վերևում, բեռների կույտի վրա, սկսվեց մեծ արկղի մոտ պառկած Փիչաթի և հնդկացիներից մեկին պատկանող կատաղի սպիտակ շան գզվռտոցը։ Գզվռտոցը միանգամից չսկսվեց։ Շները դեռ հեռվից գռմռացին իրար վրա, դե ինքներդ գիտեք, թե դա ինչպես է լինում, կարծես թե մեկը մյուսին մարտահրավեր էին նետում։ Այդ աղմուկը խանգարում էր, իհարկե, բայց առաքելականի ձայնը, այնուամենայնիվ, լսվում էր։
Շներին քշելը հեշտ գործ չէր, նրանց կարելի էր հասնել կույտի մյուս կողմից։ Այնտեղ ոչ ոք չկար, բոլորը, իհարկե, հավաքվել էին այստեղ, որ նայեն արարողությանը։ Գործը գուցե լավ կվերջանար, եթե նավապետը շների վրա չնետեր իր մահակը։ Դրանից էլ հենց սկսվեց։ Հա՛, եթե նավապետը շների վրա մահակը չնետեր, ոչինչ էչ չէր պատահի։
Հենց որ առաքելականը սկսեց ասել այս խոսքերը. «... հիվանդության և առողջ ժամանակ» և հետո՝ ամինչև մահը չբաժանի ձեզ», հենց այդ ժամանակ էլ նավապետը նետեց մահակը։ Ես ամեն ինչ իմ աչքերով տեսա։ Մահակը կպավ Փիչաթին և հենց այդ պահին էլ սպիտակ շունը հարձակվեց նրա վրա։ Մահակը կարծես թե նշան տվեց, որ գզվռտոցը սկսվի։ Շները իրար բռնած, հրեցին արկղը, որը սկսեց մի կողմով դանդաղ դեպի ցած սահել» Դա մի մեծ, երկար արկղ էր։ Արկղը շարունակում էր դանդաղ ցած սահել, մինչև որ դեմ առնելով հատակին, ուղղահայաց դիրք ընդունեց։ Այդտեղ հավաքված մարդիկ հասցրեցին մի կողմ փախչել։ Ոսկյա Արշալույսը և կոմսը կանգնած էին շրջանակի հակառակ կողմում, դեմքով դեպի արկղը, իսկ առաքելականը կանգնած էր մեջքով։ Արկղը ցած սահեց տասը ֆուտ բարձրությունից և ցից տնկվեց տախտակամածի վրա։
Մի բան հաշվի առեք, որ ոչ ոք չգիտեր, թե Դեյվ Ուոլշը մեռել է։ Մենք հավատացած էինք, որ նա, Դոուսոն գնացող «Գլենդեյլի» վրա էր։
Առաքելականը մի կողմ թռավ և այսպիսով Ոսկյա Արշալույսը մնաց ուղիղ արկղի դիմաց։ Այնպես մաքուր ստացվեց, ինչպես թատրոնում։ Ավելի լավ բան մտածել չէր կարելի։ Արկղը կանգնեց մի կողի վրա, հենց այն կողի, որը պետք էր, կափարիչը մի կողմ թռավ և այնտեղից դուրս ընկավ Դեյվ Ուոլշը։ Նա փաթաթված էր վերմակի մեջ և նրա շեկ մազերը դողում էին ու փայլփլում արևի շողերի տակ։ Նա կարձես թե արկղից դուրս թռավ ուղիղ Ոսկյա Արշալույսի վրա։ Աղջիկը չգիտեր, որ Դեյվը մեռել է, բայց արդեն պարզ էր. չէ՞ որ նա երկու օր պառկած էր սառույցների մեջ և հիմա էլ մեռելների միջից վեր է կացել և գերեզմանից եկել է իրեն տանելու։ Երևի, նա հենց այդպես էլ մտածեց։ Համենայն դեպս, քարացավ Դեյվին տեսնելով։ Ոսկյա Արշալույսը չէր կարողանում շարժվել տեղից, միայն գլուխը կորցրած նայում էր, թե Դեյվ Ուոլշը ինչպես է գալիս իր վրա։ Նա եկել է իրեն տանելու։ Այնպես թվաց, կարծես թե նա ուզում է աղջկան գրկել։ Դա այդպե՞ս եղավ, թե՞ ոչ, բայց տախտակամածին գլորվեցին երկուսով։ Որպեսզի նրան ազատեինք, մենք ստիպված էինք սկզբում մի կողմ քաշել Դեյվ Ուոլշի դիակը։ Աղջկա ուշքը գնացել էր և, թերևս, ամենալավ բանը կլիներ, որ երբեք էլ ուշքի չգար, որովհետև հենց սթափվեց, սկսեց խելագարի պես ճչալ։ Նա մի քանի ժամ անընդհատ ճչում էր, մինչև հալից ընկավ։ Այո՜, նա հիմա առողջացել է։ Դուք երեկ նրան տեսաք և գիտեք, թե ինչպես է առողջացել։ Նա կատաղի խելագար չէ, բայց խելքը մի քիչ մշուշված է։ Ոսկյա Արշալույսը հավատացած է, թե Դեյվ Ուոլշը կենդանի է և նրան սպասում է այն խրճիթում, որը կառուցել էր աղջկա համար։ Հիմա նա զարմանալի հավատարիմ է։ Ահա ինը տարի է, որ նա հավատարիմ է Դեյվ Ուոլշին և, ինչպես երևում է, մինչև իր կյանքի վերջն էլ հավատարիմ կմնա։
Լոն Մաք֊Ֆեյնը բարձրացրեց վերմակի ծայրը և պատրաստվեց անկողին մտնել։
— Մենք ամեն տարի նրան մթերքներ ենք բերում ավելացրեց նա,— և ընդհանրապես խնամում ենք նրան։ Չնայած նա երեկ առաջին անգամ ճանաչեց ինձ։
— Ովքե՞ր են այդ մենքը,— հարցրեցի ես։
— Հը՜մ... Այն կոմսը, ծերուկ Վիկտոր Շովեն և ես,— հետևեց պատասխանը։— Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, այս պատմության մեջ միակ մարդը, որը տուժեց, դա կոմսն է։ Չէ՞ որ Դեյվ Ուոլշը այնպես էլ չիմացավ, որ Ոսկյա Արշալույսը խաբել է իրեն։ Ախր աղջիկն էլ չի տանջվում։ Խելագարությունը նրան փրկում է։
Մի քանի րոպե ես լուռ պառկած էի վերմակի տակ։
— Իսկ ի՞նչ է, կոմսը դեռ ապրո՞ւմ է այստեղ,— հարցրեցի ես։
Ի պատասխան, ես լսեցի հանդարտ ու խոր շնչառության ձայնը և հասկացա, որ Լոն Մաք֊Ֆեյնը արդեն քնել է։