|աղբյուր = [[«Ոսկե բզեզը»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]][[Կատեգորիա:Դետեկտիվ]][[Կատեգորիա:Ամերիկյան գրականություն]]
:::::::::::::::::::<b>Ինչ էին երգում ծովահարսերը կամ
Ինչ վերաբերում է սպանությանը, ապա եկեք ինքնուրույն հետաքննություն սարքենք, նոր ապա եզրակացություն անենք։ Նման հետաքննությունը մեզ կզվաճացնի (ես մտածեցի, որ «կզվարճացնի»֊ն այն բառը չէր, բայց լռեցի)։ Բացի այդ, Լը Բոնը ժամանակին ինձ մի ծառայություն է մատուցել, որի համար մինչև այժմ պարտական եմ նրան։ Գնանք, ամեն ինչ մեր աչքերով տեսնենք։ Ոստիկանապետ Գ․֊ն հին ծանոթս է և չի զլանա թույլատրություն տալ։
Թույլատրություն ստացանք, և առանց հապաղելու ուղևորվեցինք Մորգ փողոցը։ Դա մեկն է այն խաղաղ, անբարետես փողոցներից, որոնք Ռիշելյեի փողոցը միացնում են Սեն֊Ռոկ փողոցին։ Մենք ապրում էինք քաղաքի մյուս ծայրում և միայն ժամը երեքի մոտ տեղ հասանք։ Տունն իսկույն աչքի ընկավ, քանի որ պարապ֊սարապ մարդկանց մի խումբ հակադիր մայթից դեռևս աննպատակ նայում էր փակ փեղկերին։ Փարիզյան սովորական առանձնատուն էր, դարպասատակով, կողքին կպած ապակեպատ մի պահատնակ, բարձրացնովի պատուհանով, այսպես կոչված Loge de concierge:<ref>Բարապանուհու բնակարան (ֆրանս․)։</ref> Ներս չմտնելով, մենք անցանք փողոցը, թեքվեցինք նրբանցքով, կրկին թեքվեցինք ու կանգ առանք շենքի ետնամասի դիմաց։ Դյուպենն այնպես ուշադիր էր զննում դաստակերտը և հարևան տները, որ ինձ միայն զարմանք էր պատճառում, քանի որ ուշագրավ ոչինչ չէի գտնում։
Վերադառնալով մուտքի մոտ, մենք զանգը խփեցինք։ Մեր հավատարմագրերը տպավորություն գործեցին, և հերթապահ ոստիկանը ներս թողեց մեզ։ Աստիճաններով բարձրացանք ննջասենյակ, ուր գտել էին օրիորդ Լ' Էսպանեին, իսկ հիմա դրված էին երկու դիակները։ Այստեղ, ինչպես հարկն է, ամեն բան մնացել էր անձեռնմխելի և նախկին քաոսն էր տիրում։ Ես տեսա «Gazette des Tribunaux»֊ում նկարագրված պատկերը, ուրիշ ոչինչ։ Այնինչ Դյուպենն ամեն ինչ մանրակրկիտ զննեց, այդ թվում և դիակները։ Մենք անցանք մյուս սենյակները ևս ու իջանք բակ, այդ ամենը ոստիկանի ուշադիր հայացքի տակ։ Զննումը տևեց մինչև երեկո, վերջապես մենք հրաժեշտ տվեցինք։ Վերադարձի ճանապարհին Դյուպենը մտավ առավոտյան լրագրերից մեկի խմբագրություն։
Ես արդեն պատմել եմ բարեկամիս բազմաբնույթ տարօրինակությունների մասին, նաև թե ինչպես je les me´nageais,<ref>Ես խրախուսում էի դա (ֆրանս․)։</ref> մեկ ուրիշ համապատասխան արտահայտություն չեմ կարողանում գտնել։ Այժմ պարզ երևում էր, որ նա տրամադիր չէ քննարկել սպանությունը և այդ մասին խոսք բացեց միայն հաջորդ օրը, կեսօրին։ Առանց նախաբանի սկսելով, նա ապշեցրեց ինձ մի հարցով․ անմարդկային դաժանության այդ պատկերում ինչ֊որ հատուկ բան չե՞մ նկատել։
«Հատուկ» բառը նա ասաց այնպիսի տոնով, որ ես ակամա ցնցվեցի։
― Ոչ, հատուկ ոչ մի բան, ― ասացի ես, ― իհարկե, եթե ելնենք թերթում մեր կարդացածից։
― Վախենամ, թե թերթի հաշվետվության մեջ բացակայում է ամենագլխավորը, ― առարկեց Դյուպենը, ― այսինքն՝ անպատմելի սարսափի այն զգացումը, որով ներծծված է տվյալ դեպքը։ Բայց աստված այդ հիմար թերթուկի և նրա պարապ֊սարապ ենթադրությունների հետ։ Ես կարծում եմ հանելուկն անլուծելի են համարել՝ ելնելով հենց այն հիմքից, որը օգնում է մեզ լուծել հանելուկը՝ ես նկատի ունեմ այն անսահման հրեշավորը, որ առկա է այստեղ ամեն բանում։ Ոստիկաններին շփոթեցնում է դրդապատճառների թվացյալ բացակայությունը, ոչ այնքան ինքնստինքյան սպանության, որքան դաժանության համար։ Բացի այդ, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել նման, կարծես թե անհամատեղելի հակասությունից՝ վկաները լսել են վիճող ձայներ, այնինչ վերևում ոչ ոչ չի եղել, սպնված օրիորդ Լ' Էսպանեից բացի։ Բայց մարդասպանները փախչել էլ չէին կարող՝ ուրիշ ելք չկա, վկաներն անպայման կտեսնեին նրանց, երբ աստիճաններով բարձրանում էին։ Ննջասենյակում՝ աներևակայելի քաոս, դիակ, որն ինչ֊որ մեկը հաջողացրել է խցկել ծխնելույզը, այն էլ գլխիվայր, պառավի ֆանտաստիկ չարչարումերը՝ այս ամենը վերոհիշյալ և մի շարք այլ հանգամանքների հետ մեկտեղ, որոնք չեմ թվարկի, բավական են եղել մեր իշխանությունների ոտքի տակի հողը խափանելու համար։ Նրանք տուրք են տվել կոպիտ, թեև խիստ տարածված մի սխալի, շփոթելով անսովորն անբացատրելիի հետ։ Իսկ չէ որ պարզից ու սովորականից կատարված շեղումներն են լուսավորում գիտակցության ճանապարհը ճշմարտությունը փնտրելիս։ Այսօր մեզ վիճակված հետաքննության դեպքում պիտի հարցնել ոչ թե «ի՞նչ է պատահել», այլ «ի՞նչ մի բան է պատահել, որ դեռ երբեք չի եղել»։ Եվ իրականում այն դյուրինությունը, որով ես հասնում եմ, եթե ուզում եք, հասել եմ, տվյալ հանելուկի լուծմանը, ուղիղ համեմատական չէ՞ արդյոք դժվարություններին, որոնք ծառանում են ոստիկանության առաջ։
Ես Դյուպենին նայեցի լուռ զարմանքով։
― Հիմա ես սպասում եմ, ― շարունակեց Դյուպենը, դռանը նայելով, ― սպասում եմ մի մարդու, որն այդ գազանությունների անմիջական մեղավորը չլինելով, ինչ֊որ չափով այնուամենայնիվ նպաստել է կատարվածին։ Կատարված հանցագործությունների ամենասարսափելի մասում, ամենայն հավանականությամբ, նա անմեղսակից է։ Հուսով եմ, որ ճշմարիտ ենթադրություն եմ անում, քանի որ դրա վրա է կառուցված խնդրի լուծումն ամբողջապես։ Ես այդ մարդուն սպասում եմ այստեղ, ուր որ է նա կգա։ Հասկանալի է, որ նա կարող է և չգալ, բայց ամենայն հավանականությամբ, կգա։ Եվ այդժամ անհրաժեշտ է նրան ձերբակալել։ Ահա ատրճանակները։ Եթե հարկ լինի, մենք երկուսով կարող ենք գործի դնել դրանք։
Մեքենայաբար վերցրեցի ատրճանակները, համարյա չգիտակցելով, թե ինչ եմ անում, չհավատալով ականջներիս, իսկ Դյուպենը շարունակում էր, ասես զմայլված մենախոսությամբ։ Ես արդեն ասել եմ ժամանակ առ ժամանակ նրան հատուկ վերացածության մասին։ Նա դիմում էր ինձ և, հետևաբար, բարձրաձայն չէր խոսում, բայց ինչ֊որ բան նրա ինտոնացիայում հնչում էր այնպես, ճիշտ կարծես նա դիմում էր հեռավոր մեկին։ Նրա դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքը հառած էր պատին։
― Ցուցմունքները հաստատում են, ― շարունակեց Դյուպենը, ― որ վիճաբանող ձայները, որոնք վկաները լսել են սանդուղքների վրա, չեն պատկանում երկու կանանց։ Ուրեմն, վարկածը, թե տիկին Լ' Էսպանեն է սպանել աղջկան, ապա ինքնասպան է եղել, շարքից դուրս է գալիս։ Այս մասին խոսում եմ, իմ մեթոդը ցուցադրելու համար․ տիկին Լ' Էսպանեն, իհարկե, այնքան ուժ չէր ունենա դստեր դիակը ծխնելույզի մեջ խցկելու, իսկ այն խոշտանգումները, որոնց ենթարկվել էր նա, բացառում են անձնասպանության մասին յուրաքանչյուր միտք։ Սրանից հետևում է, որ սպանությունը կատարված է կողմնակի մարդու կողմից․ վիճող ձայներից մեկը լիակատար ակնբախտությամբ այդ երրորդ կողմին է պատկանում։ Իսկ այժմ անդրադառնանք ոչ թե վիճող երկու ձայներին վերաբերող ցուցմունքներին ամբողջապես, այլ դրանց հայտնի յուրահատկությանը։ Ասացեք, ձեզ ոչինչ չի՞ զարմացրել։
― Բոլոր վկաները համաձայն են, ― ասացի ես, ― որ խռպոտ ձայնը ֆրանսիացու էր, այնինչ ճղճղան կամ, ինչպես մեկն արտահայտվել է, հատու ձայնի մասին կարծիքները տարբեր են։
― Դուք խոսում եք ցուցմունքների մասին ընդհանրապես, ― առարկեց Դյուպենը, ― և ոչ թե նրանց բնորոշ առանձնահատկության։ Դուք չեք նկատել ամենաբնորոշը։ Այնինչ հարկ էր նկատել։ Ինչպես ճիշտ ասացիք, բոլոր վկաները համաձայն են խռպոտ ձայնի վերաբերյալ՝ այստեղ լիակատար միաբանություն է։ Ինչ վերաբերում է ճղճղան ձայնին, ապա ինձ զարմացրած յուրահատկությունը ոչ թե տարբեր կարծիքներն են, այլ այն, որ իտալացին, անգլիացին, հոլանդացին և ֆրանսիացին՝ բոլորն էլ բնորոշում են դա որպես օտարերկրացու ձայն։ Ոչ ոք ճղճղան ձայնի ինտոնացիաներում հայրենակցի խոսք չի ճանաչել։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը մեզ մատնանշում է ոչ այն ազգը, որի լեզուն իրեն ծանոթ է, այլ ճիշտ հակառակը։ Ֆրանսիացին լսել է իսպանացու խոսք․ «Անհասկանալի էր, թե ինչ է ասում, իսկ ավելի շուտ լեզուն իսպաներեն էր»։ Հոլանդացու համար նա ֆրանսիացի էր, ի դեպ, ինչպես արձանագրված է, «ֆրանսերեն չի խոսում, հարցաքննվել է թարգմանչի միջոցով»։ Անգլիացու համար դա հնչում է որպես գերմանացու խոսք, ի դեպ, նա գերմաներեն ոչ մի բառ չգիտե։ Իսպանացին «հավատացած է», որ նա անգլիացի էր, ըստ որում նա անգլերեն ոչ մի խոսք չգիտե, դատում է ինտոնացիայից, անգլերենը նրա համար օտար է։ Իտալացին ռուսերեն է պատկերացրել, թեև ռուս մարդու հետ գործ ունենալ նրան չի վիճակվել։ Բացի այդ, երկրորդ ֆրանսիացին, ի տարբերություն առաջինի, «վստահ է, որ խոսողն իտալացի էր, չտիրապետելով տվյալ լեզվին, իսպանացու նման, նա նույնպես վկայակոչում է ինտոնացիան։ Իրոք, տարօրինակ պետք է հնչի նման դատողություններ առաջացրած լեզուն, որի հնչյուններում եվրոպական հինգ խոշորագույն երկրների ներկայացուցիչներից և ոչ մեկը իրեն ծանոթ ու հարազատ ոչինչ չի գտել։ Դուք կարող եք ասել, թե նա եղել է ասիացի կամ աֆրիկացի։ Ճիշտ է, Ասիայի կամ Աֆրիկայի բնակիչները հաճախ չեն հանդիպում Փարիզում, բայց նման հնարավորությունը չժխտելով անգամ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում երեք հանգամանքների վրա։ Վկաներից մեկին հայտնի ձայնը թվացել է «ավելի շուտ հատու, քան ճղճղան»։ Մյուս երկուսը բնորոշում են նրա խոսքը որպես շտապ֊շտապ ու անհավասար։ Եվ ոչ մեկին չի հաջողվել լսել որևիցե պարզորոշ բառ կամ թեկուզ հստակ հնչյուն։
― Չգիտեմ, ― շարունակեց Դյուպենը, ― թե ձեր վրա ինչ տպավորություն են թողնում իմ փաստարկները, բայց համարձակվում եմ պնդել, որ խռպոտ ու ճղճղան ձայների մասին ցուցմունքների այս մասից բխում են օրինական հետևություններ, ապա ենթադրություններ, որոնք կանխորոշում են մեր հետաքննության հետագա ամբողջ ընթացքը։ «Օրինական հետևություններ» ասելով, ես այնքան էլ ճիշտ չարտահայտվեցի։ Ցանկացա ասել, որ դրանք անխուսափելիորեն հանգեցնում են իմ ենթադրությանը, որպես միակ արդյունքի։ Թե դա ի՛նչ ենթադրություն է, առայժմ չեմ ասի։ Խնդրում եմ լոկ հիշել, որ ինձ համար դա այնքան համոզիչ է, որ պառավի ննջասենյակում իմ փնտրտումներին որոշակի ուղղություն և նույնիսկ որոշակի նպատակ հաղորդեց։
Մտովի տեղափոխվենք այդ ննջասենյակը։ Նախ և առաջ ինչ պիտի փնտրենք այդտեղ։ Իհարկե, այն ելքը, որից օգտվել է փախուստի դիմած մարդասպանը։ Փառք աստծո, ես և դուք հրաշքների չենք հավատում։ Վերջին հաշվով, չար ոգինե՞րն են տիկին և օրիորդ Լ' Էսպանեների վերջը տվել։ Հանցագործներն անկասկած նյութական աշխարհի էակներ են, և փախել են համաձայն այդ աշխարհի օրենքների։ Բայց ինչպե՞ս։ Բարեբախտաբար, այստեղ պահանջվում են ամենապարզ դատողություններ և դրանք մեզ պիտի հանգեցնեն ուղղակի և ստույգ պատասխանի։ Հերթականությամբ դիտենք առկա բոլոր ելքերը։ Պարզ է, որ երբ մարդիկ բարձրանում էին սանդուղքով, մարդասպանները գտնվում էին պառավի ննջասենյակում կամ, ծայրահեղ դեպքում, միջանցիկ սենյակում՝ նշանակում է, ելքը նույնպես պիտի փնտրել այդ սահմաններում։ Ոստիկանները բարեխղճորեն հետազոտել են հատակը, պատերն ու առաստաղը։ Գաղտնի և ոչ մի դուռ չէր սպրդի նրանց հայացքից։ Բայց չապավինելով դրանց, ես ամեն ինչ անձամբ ստուգեցի։ Սենյակից միջանցք տանող երկու դռներն էլ հուսալի կերպով փակված են եղել ներսից։ Դառնանք ծխնելույզներին։ Թեև ստորին մասում, բուխարու ելքից ութ֊տաս ոտնաչափ դրանք սովորաբար լայն են լինում, ապա դեպի վեր այնքան են նեղանում, որ դրանցով մի գեր կատու էլ չի կարող անցնել։ Այսպես, փախուստի այդ հնարավորությունները բացառվում են։ Մնում են պատուհանները։ Սենյակի՝ փողոցին նայող պատուհանները հաշվի չառնենք, քանի որ հավաքված ամբոխը կտեսներ փախստականներին։ Հետևաբար մարդասպանները պիտի փախչեին ննջասենյակի պատուհաններից։ Հանգելով տրամաբանական այս հետևությանը, մենք, որպես գիտակից մարդիկ, չպետք է հրաժարվենք դրանից այն հիման վրա, իբր դա լիովին անհնար է։ Ընդհակառակը, մենք կաշխատենք ապացուցել, որ «անհնարինությունն» այստեղ ոչ թե լիովին է, այլ թվացող։
Ննջասենյակը երկու պատուհան ունի։ Դրանցից մեկը ոչնչով պատնեշված չէ և երևում է տակից գլուխ։ Մյուսը ներքևից ծածկված է հսկայական մահճակալի գլխով։ Առաջին լուսամուտն ամրացված է ներսից։ Պատուհանը բարձրացնելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Պատուհանի շրջանակի ձախ կողմում ծակ է բացված, որի մեջ խորը, մինչև վերջ մի մեծ մեխ է խրված։ Երբ դարձանք մյուս պատուհանին, ապա դրա շրջանակի մեջ էլ նման մի մեխ գտանք։ Այդ պատուհանը ևս ոչ մի կերպ չբարձրացավ։ Նշված հանգամանքները համոզեցին ոստիկանությանը, որ հանցագործները չէին կարող փախչել այդ ճանապարհով։ Իսկ հենվելով դրա վրա, ոստիկանները հարկ չհամարեցին դուրս քաշել մեխերը և բացել պատուհանները։
Ես չսահմանափակվեցի մակերեսային զննումով՝ արդեն բացատրեցի թե ինչու։ Չէ որ ինձ հարկ էր ապացուցել, որ այստեղ «անհնարինությունը» լիովին չէ, այլ թվացող։
Ես սկսեցի դատել ապոստերիորի։<ref>Հակառակ կարգով (լատ․)։</ref> Մարդասպանները անկասկած փախել են այդ պատուհաններից մեկով։ Բայց այդ ժամանակ նրանք չէին կարող կրկին ամրացնել շրջանակը ներսից, իսկ չէ որ պատուհանները ամուր փակված էին, և այդ նկատառումն իր ակնբախությամբ ճնշել է ոստիկանների վրա և ընդհատել նրանց որոնումներն այդ ուղղությամբ։ Այո, պատուհանները փակ են եղել։ Ուրեմն, դրանք ավտոմատ կերպով են փակվում։ Նման լուծումն ընքնստինքյան է առաջանում։ Ես մոտեցա ազատ պատուհանին, դժվարությամբ հանեցի մեխը և փորձեցի բարձրացնել շրջանակը։ Ինչպես և կարծում էի, չստացվեց։ Այստեղ ես հասկացա, որ ինչ֊որ տեղ գաղտնի զսպանակ կա։ Նման ենթադրությունը ծայրահեղ դեպքում ուժի մեջ էր թողնում իմ ելակետը, որքան էլ հանելուկային լինեին այդ մեխերը։ Ուշադիր զննելուց հետո ես իսկապես գաղտնի զսպանակը հայտնաբերեցի։ Ես սեղմեցի դա և բավարարվելով գտածովս, շրջանակը չբարձրացրեցի։
Մեխը կրկին մտցրեցի անցքը և ուշադիր սկսեցի նայել։ Պատուհանից դուրս եկած մարդը կարող է դրսից իջեցնել շրջանակը, և սողնակն ինքն իրեն կփակվի, բայց մեխն ինքն իրեն իր տեղը չի մտնի։ Սրանից բխում էր մի հետևություն, որն առավել քան սահմանափակում էր իմ որոնումների հորիզոնը։ Մարդասպանները պետք է, որ փախած լինեին մյուս պատուհանից։ Բայց եթե, ինչպես հարկ էր սպասել, երկու պատուհաններում էլ սողնակները նույնն են, ապա տարբերությունը պիտի լիներ մեխերի, կամ ծայրահեղ դեպքում, դրանց տեղադրման միջև։ Բարձրանալով ներքնակի վրա և թեքվելով մահճակալի գլխի վրայով ես մանրազնին ուսումնասիրեցի շրջանակը, հետո ձեռքս մտցնելով շոշափեցի և սեղմեցի զսպանակը, որն ամեն ինչով նման էր հարևանին։ Ապա զբաղվեցի մեխով։ Դա նույնպիսի մեծ մեխ էր, ինչպես նախորդը, և նույնպես մինչև վերջ խրված էր անցքը։
Դուք, իհարկե, կկարծեք, թե ես մտահոգվեցի։ Ուրեմն վատ եք պատկերացնում մտածողության ինդուկտիվ մետոդը։ Մարզիկների լեզվով ասած, ես անվրեպ էի խփում գնդակին։ Ես ճիշտ հետքով էի գնում։ Իմ դիտողությունների շղթայում ոչ մի արատավոր օղ չկար, ես հետևել էի այդ շղթային մինչև վերջ և այդ վերջակետը մեխն էր։ Ես արդեն ասացի, որ ըստ ամենայնի դա նման էր հարևան պատուհանի մեխին, բայց այդ փաստ ի՜նչ էր (իր ողջ համոզչությամբ հանդերձ) համեմատած իմ այն հաստատ վստահությանը, որ հենց այդ վերջակետին է հասցնելու իմ ուղեցույց թելը։ «Ուրեմն, մեխը կարգին չէ», ― մտածեցի ես։ Եվ իրոք, հազիվ էի ձեռս տվել մեխին, երբ գլխիկն ու մեխի մի կտոր մնացին ձեռքումս։ Մեծ մասը մնաց անցքի մեջ, ուր և հավանաբար կոտրվել֊մնացել էր։ Կոտրվածքը հին էր․ այդ էր 109-112
կառչել վանդակին, պայմանով, եթե փեղկը մինչև վերջ բաց լիներ։ Ապա թողելով շանթարգելը և պատին հենվելով ոտքերով, նա կարող էր ուժով հրվել ու փակել փեղկը, այնուհետև, եթե ենթադրենք, թե պատուհանը բաց է եղել, լուսամտագոգից ուղիղ սենյակ մտնել։
Եվ այսպես, հիշեցեք, խոսքն այստեղ յուրահատուկ, արտակարգ ճարպկության մասին է, քանի որ լոկ այդ դեպքում է հնարավոր այդչափ հանդուգն ակրոբատիկ համար կատարել։ Ես մտադիր եմ ձեզ ապացուցել, որ նախ, նման թռիչք հնարավոր է, ապա գլխավորը, ցանկանում եմ, որ պատկերացնեք, թե ինչ արտասովոր, համարյա գերբնական ճարպկություն է պետք նման թռիչքի համար։
Դուք, իհարկե, կասեք, ինչպես մեր դատապաշտպաններն են արտահայտվում, թե ավելի շուտ «հօգուտ ինձ» կլիներ թաքցնել և ոչ թե լիովին ընդունել նման ճարպկության անհրաժեշտությունը։ Բայց եթե իրավաբանների բարքերն այդպիսին են, ապա բանականությունն այլ բանի է սովոր։ Իմ վերջնական նպատակը ճշմարտությունն է։ Իսկ առաջիկա խնդիրս՝ ձեր գիտակցության մեջ սկզբնավորել հետևյալ համադրությունը․ մի կողմից ապշեցուցիչ ճարպկությունը, որի մասին արդեն խոսեցի, մյուս կողմից՝ ծայրաստիճան յուրօրինակ, զիլ, մեկ ուրիշ վարկածով, հատու ձայնը, որի ազգային պատկանելության մասին կարծիքները տարբերվում են, այս ամենի հետ անըմբռնելի մրթմրթոց, որի մեջ հոգորոշ որևիցե վանկ զանաանելն անհնար է։
Այս խոսքերի հետ ինչ֊որ աղոտ ենթադրություն առկայծեց իմ ուղեղում։ Թվում էր, թե ևս մի ճիգ, ու ես կորսամ Դյուպենի միտքը։ Այդպես լինում է, երբ մարդ լարում է հիշողությունը որևիցե բան հիշելու համար ու չի կարողանում։ Մինչ այդ բարեկամս շարունակեց․
Նկատի ունեցեք, այն հարցից, թե հանցագործն ինչպես է թաքնվել, ես անցա այն հարցին, թե ինչպես է նա ներս մտել։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ թե մեկը, թե մյուսը կատարվել է նույն տեղում և նույն ճանապարհով։ Իսկ հիմա անդրադառնանք բնակարանին։ Ինչ տեսանք այդտեղ։ Պահարանի գզրոցներից, ուր հիմա էլ դեռ հագուստեղեն կա, ինչպես մեզ համոզում են, շատ բան հափշտակված է։ Անհեթեթություն չէ՞ արդյոք։ Օդից վերցված ենթադրություն է և չի կարելի ասել, թե խելոք է։ Ինչ գիտենք, գուցե և պահարանում ուրիշ ոչինչ չի եղել, քան ոստիկանության հայտնաբերածը։ Տիկին Լ' Էսպանեն և նրա աղջիկը փակ կյանք են վարել, ոչ ոքի չեն ընդունել և քիչ են դուրս եկել՝ նրանց ինչի՞ն էր պետք հարուստ հանդերձարան։ Գտնված հագուստներն էլ որոշակիորեն ամենավատը չեն եղել, որ կարող էին հագնել այդ կանայք։ Եվ եթե գողը հրապուրվել է կանացի հագուստներով, ապա ինչու է թողել հենց լավագույնները, վերջապես ինչո՞ւ չի հափշտակել բոլորը։ Եվ գլխավորը՝ հանուն ինչ֊որ լաթերի, ինչու է նա հրաժարվել չորս հազար ոսկե ֆրանկից։
Իսկ չէ որ դրամը նա չի վերցրել։ Համարյա ամբողջ ոսկին, որի մասին հայտնել է Մսյո Մինյոն, անձեռնմխելի է մնացել ու տոպրակներով թափված է եղել հատակին։ Դրա համար էլ ձեր գլխից դեն նետեք դրդապատճառների մասին յուրաքանչյուր միտք՝ հիմար միտք, որ առաջացել է ոստիկանների գլխում ցուցմունքների այն մասի ազդեցության տակ, ուր խոսք է գնում տուն բերված ոսկու մասին։ Տասն անգամ ավելի ապշեցուցիչ զուգադիպություններ, քան դրամը տուն բերելը և երեք օր անց ստացողի սպանությունն է, յուրաքանչյուր ժամ կատարվում է մեր աչքի առջև և մենք նույնիսկ չենք էլ նկատում։ Զուգադիպություններն ամենամեծ դավերն են մտածողների որոշակի տեսակի համար, որոնք հավանականության տեսության մասին գաղափար անգամ չունեն, իսկ իմացության կարևորագույն բնագավառները այդ տեսությանն են պարտական իրենց առավել փառահեղ հայտնագործություններով։ Բնականաբար, եթե դրամը պակասած լիներ, այն փաստը, որ դրամը տուն են բերել սպանության համարյա նախօրեին, ավելի մեծ նշանակություն կստանար, քան սովորական զուգադիպությունը։ Լիիրավ կերպով կառաջանար դրդապատճառների հարցը։ Տվյալ դեպքում հանցագործության գլխավոր պատճառը դրամը համարելը կնշանակեր հանգել այն եզրակացության, որ հանցագործը կատարյալ ապուշ է ու հիմար, քանի որ հենց դրամը՝ ուրեմն և իր դրդապատճառը, նա մոռացել է։
Իսկ հիմա, հաստատապես հիշելով այն երեք հանգամանքները, որոնց վրա ձեր ուշադրությունը հրավիրեցի՝ յուրօրինակ ձայնը, արտակարգ ճարպկությունը և դրդապատճառների զարմանալի բացակայությունը նման արտասովոր դաժան սպանության դեպքում, դիմենք ինքնին հանցագործության պատկերին։ Ահա մի զոհ, որին խեղդել են մերկ ձեռքերով, իսկ հետո գլխիվայր խցկել ծխնելույզը։ Սովորական հանցագործներն այդպես չեն սպանում։ Եվ բոլոր դեպքերում իրենց զոհերի դիակներն այդպես չեն թաքցնում։ Պատկերացրեք, թե ինչպես են մեռած մարմինը խցկել ծխնելույզ, ու կհամաձայնեք, որ դրա մեջ ինչ֊որ հրեշավոր, մարդկային արարքների մեր պատկերացումներին անհարիր ինչ֊որ բան կա, անգամ եթե հաշվի առնենք, որ գործ ունենք ամենավերջին տականքի հետ։ Միաժամանակ պատկերացրեք, թե ինչ աներևակայելի է ուժ է պետք մարմինն այնտեղ խցկելու համար, այն էլ ներքևից վերև, երբ սոսկ մի քանի հոգու համատեղ ջանքերով է հնարավոր եղել դուրս հանել մարմինը՝ վերևից ներքև։
Եվ վերջապես, այդ սարսափելի ուժի ուրիշ արտահայտություններ։ Բուխարու ցանցին գտնվել են մազափնջեր, արտասովոր խիտ, սպիտակած մազափնջեր, որոնք պոկված են եղել արմատից։ Դուք գիտեք, թե ինչ ուժ է պետք միանգամից թեկուզ քսան֊երեսուն մազ պոկելու համար։ Դուք, նաև ես, տեսել ենք այդ փնջերը։ Մազարմատների վրա, սարսափելի է ասելն անգամ, լերդացել են գանգամաշկով պլոկված արնաշաղախ մսի պատառիկներ՝ պերճախոս վկայություն, թե ինչ ջանքեր են պետք միանգամից մոտ կես միլիոն մազ պոկելու համար։ Պառավի կոկորդը պարզապես կտրած չէր, գլուխն ամբողջովին անջատված էր մարմնից, իսկ չէ որ մարդասպանի զենքը սովորական ածելի է եղել։ Խորհեցեք նաև այդ ոճրի գազանաբարո դաժանության մասին։ Ես դեռ չեմ խոսում տիկին Լ' Էսպանեի մարմնի կապտուցների մասին։ Մսյո Դյուման և նրա արժանավոր կոլեգան՝ մսյո Էտյենը գտնում են, որ հարվածները հասցվել են ինչ֊որ բութ գործիքով՝ և այդ խնդրում հարգարժան էսկուլապները<ref>Էսկուլապ ― բժիշկ։</ref> չեն սխալվել։ Տվյալ դեպքում բութ գործիքը սալահատակն է եղել, որի վրա դուրս են շպրտել դիակը մահճակալի մոտի պատուհանից։ Չէ որ դա պարզից պարզ է։ Բայց ոստիկանները դա էլ են աչքաթող արել, ինչպես աչքաթող են արել փեղկերի լայնությունը, քանի որ նրանց հերմետիկ փակ ուղեղներում չէր կարող առաջանալ այն միտքը, որ պատուհաններն այնուամենայնիվ բացվում են։
Եթե դուք սրան միացնեք ննջասենյակի քաոսային անկարգության պատկերը, ձեզ կմնա աներևակայելի ճարպկությունը, գերմարդկային ուժը, վայրագ արնախումությունը և բոլոր հասկացությունները գերազանցող հրեշավոր դաժանությունը համադրել ձայնի և ինտոնացիաների հետ, որոնք օտար են թվում ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչների, նաև այն մրթմրթոցի հետ, որը զուրկ է ամենայն հասկանալիությունից։ Ի՞նչ հետևության ենք հանգում։ Ձեր առջև ինչպիսի՞ կերպար է գծագրվում։
Վրաս քրտինք իջավ Դյուպենի այդ հարցից։
― Այդ ոճրագործը խելագար է, ― ասացի ես, ― դիվոտած մտագար, որ փախել է մոտակա գժատնից։
― Այնքան էլ վատ չէ, ― հավանություն տալով նկատեց Դյուպենը, ― ձեր ենթադրության մեջ ինչ֊որ բան կա։ Այդուհանդերձ խելագարի բղավոցները, անգամ մոլի կատաղության պահին, չեն համապատասխանում ինքնատիպ այն ձայնի նկարագրին, որ լսել են սանդուղքներով վեր բարձրացողները։ Ինչ էլ լինի, խելագարն էլ ազգություն, մայրենի լեզու ունի, իսկ նրա խոսքը, թեև անիմաստ, բայց և հասկանալի է։ Բացի այդ, խելագարի մազերը նույնպես նման չեն իմ ձեռքում եղած մազերին։ Ես սրանք հազիվ հանեցի տիկին Լ' Էսպանեի ջղաձգորեն սեղմած մատների արանքից։ Ի՞նչ կասեք սրա մասին։
― Դյուպեն, ― բացականչեցի ես, վերջնականապես շփոթված, ― սրանք ոչ միայն տարօրինակ մազեր են, սրանք մարդու մազ չեն։
― Իսկ ես չեմ էլ պնդում, ― առարկեց Դյուպենը։ ― Բայց նախքան ինչ֊որ եզրակացության գալը նայեք այս թղթի նկարին։ Ես այստեղ ճշտորեն վերարտադրել եմ այն, ինչ ցուցմունքների որոշ մասում բնորոշված է որպես «մուգ կապտուկներ և եղունգների հետքեր» օրիորդ Լ' Էսպանեի պարանոցի վրա, իսկ պարոնայք Դյումայի և Էտյենի եզրակացության մեջ հանդես է գալիս որպես «կապտակարմիր մի շարք բծեր, ըստ երևույթին, մատնահետքեր»։
― Նկարը, ինչպես կարող եք դատել, ― շարունակեց բարեկամս, իր դեմ, սեղանին դնելով թուղթը, ― պատկերացում է տալիս ամուր ու պինդ ձեռքի մասին։ Այս մատները մահացու են բռնել։ Դրանից յուրաքանչյուրն, ըստ երևույթին, մինչև զոհի վերջին շունչը պահպանել է այն հրեշավոր ուժը, որով կառչել է կենդանի մարմնին։ Իսկ այժմ փորձենք ձեր երկու ձեռքերի մատները միաժամանակ տեղադրել այստեղ նկարված ձեռնահետքերին։
Զուր ջանքեր։ Իմ մատները չէին համընկնում այդ հետքերին։
― Ոչ֊ոչ, համբերեք, ամեն ինչ անենք, ինչպես հարկն է, ― ինձ ընդհատեց Դյուպենը։ ― Թուղթը դրված է հարթ մակերեսի վրա, իսկ մարդու վիզը կլոր է։ Ահա այս փայտը նույն շառավիղն ունի, ինչ և վիզը։ Վրան դրեք նկարը և փորձեք։
Ես հնազանդվեցի, բայց գործն ավելի դժվարացավ։
― Բանից պարզվում է, ― վերջապես ասացի ես, ― որ սա մարդկային ձեռքի հետք չէ։
― Իսկ այժմ, ― ասաց Դյուպենը, ― կարդացեք Կյուվյեի<ref>Ժորժ Կյուվյե (1769-1832) ― ֆրանսիական գիտնական, որը հայտնի է համեմատական անատոմիայի, հնէաբանության և կենդանիների սիստեմատիկայի ասպարեզում ունեցած աշխատություններով։</ref> այս պարբերությունը։
Դա անատոմիական մանրամասն և ընդհանուր նկարագիրն էր աժդահա գորշ օրանգուտանգի, որը բնակվում է Արևելա֊հնդկական արշիպելագի կղզիներում։ Այդ կաթնասունների վիթխարի հասակը, աներևակայելի ուժն ու ճարպկությունը, անկոտրում չարությունը և նմանեցնելու անսովոր ընդունակությունը հանրահայտ են։
― Մատների նկարագրությունը, ― վերջացնելով կարդալը, ― ասացի ես, ― ճիշտ և ճիշտ համընկնում է նրան, ինչ տեսնում ենք ձեր նկարում։ Այժմ ես հասկանում եմ, որ միայն այստեղ նկարագրված օրանգուտանգը կարող էր թողնել այս հետքերը։ Մուգ ժանգագույն բուրդը հաստատում է նմանությունը։ Այնուամենայնիվ, ինչպես բացատրել ողբերգության բոլոր հանգամանքները։ Չէ որ վկաները լսել են երկու ձայն, և դրանցից մեկն անկասկած պատկանելիս է եղել ֆրանսիացու։
― Միանգամայն ճիշտ է։ Իհարկե, դուք էլ եք հիշում «mon Dieu» այն բացականչությունը, որ համարյա բոլորը վերագրում են ֆրանսիացու։ Տվյալ դեպքի համար օգտագործված այս բացականչությունը հաջողությամբ է մեկնաբանել վկաներից մեկը՝ խանութպան Մոնտանին, որպես բողոքի կամ դժգոհության արտահայտություն։ Այս երկու փաստերի վրա էլ հիմնված են խնդիրը լիովին լուծելու իմ հույսերը։ Մի ֆրանսիացի ականատես է եղել սպանությանը։ Գուցե, անգամ հավանական է, որ նա մեղսակից չէ գազանային այդ սպանությանը։ Ֆրանսիացին պետք է որ հետևած լինի նրան, մինչև հանցագործության վայրը։ Բայց միջամտել հետագայում կատարվածին նա, իհարկե անուժ է եղել։ Կապիկն այժմ էլ է ազատության մեջ։ Այլևս չեմ ծավալվի իմ եզրահանգումներով, քանի որ դրանք ընդամենը եզրահանգումներ են և անկայուն այն կշռադատումները, որոնց վրա հենված են դրանք, այնչափ թեթև են, որ բավականաչափ չեն համոզում անգամ ինձ, առավել ևս չեն համոզի ուրիշների։ Այսպիսով, դրանք անվանենք եզրահանգումներ և համապատասխանաբար գնահատենք։ Բայց եթե մեր ֆրանսիացին, ինչպես ենթադրում եմ, մասնակից չէ սպանությանը, ապա հայտարարությունը, որ ճանապարհին հանձնեցի «Le Monde»֊ի խմբագրություն, մի թերթ, որը մեր նավագնացության շահերն է պաշտպանում և շատ տարածված է ծովայինների միջև, ապա այդ հայտարարությունը նրան այստեղ կբերի անպայման։
Դյուպենն ինձ մեկնեց թերթը։ Ես կարդացի․
«Բռնված է Բուլոնյան անտառում, վաղ առավոտյան, այսինչ ամսի այսքանին (սպանության առավոտյան) վիթխարի չափերի մի գորշ օրանգուտանգ, Բոռնեո կղզում հանդիպող կապիկների տարատեսակից։ Կվերադարձվի տիրոջը (տեղեկությունների համաձայն՝ մալթիական նավի նավաստի) այն պայմանով, եթե ներկայացնի իր իրավունքների տեղեկանքը և վճարի կապիկին բռնելու և պահելու ծախսերը։ Դիմել հետևյալ հասցեով, Սեն֊Ժերմեն արվարձան ․․․․․ փողոց, N ․․․․․․ տուն, տեղեկանալ չորրորդ հարկում»։
― Իսկ ինչպես իմացաք, ― հարցրեցի ես, որ այդ մարդը մալթիական նավի նավաստի է։
― Ես այդ չգիտեմ, ― առարկեց Դյուպենը։ ― Ես լիովին էլ համոզված չեմ։ Բայց, նայեք այս ժապավենի կտորին, ինչպես է ճարպոտած, տեսքն էլ հենց այն է, ինչով որ նավաստիները կապում են մազերը, դուք գիտեք նավաստիների սիրած այդ queues<ref>Այստեղ՝ հյուսերը, տառացիորեն պոչերը (ֆրանս․)։</ref>֊ները։ Բացի այդ, նման հանգույցով կարող էր կապել միայն նավաստին, ավելի շուտ մալթիացին։ Այս ժապավենը շանթարգելի տակ գտա։ Հազիվ թե դա պատկանելիս լիներ սպանված կանանցից մեկնումեկին։ Բայց եթե անգամ սխալվում եմ և ժապավենի տերը մալթիացի ծովային չէ, ապա այնքան էլ վտանգավոր չէ, որ հայտարարության մեջ դա շեշտել եմ։ Եթե սխալվել եմ, նավաստին կմտածի, թե ինչ֊որ մեկն ինձ մոլորեցրել է, և այնքան էլ ուշադրություն չի դարձնի դրա վրա։ Եթե ես ճշմարիտ եմ, ապա դա հաղթաթուղթ է իմ ձեռքում։ Թեև սպանության ականատես, բայց ոչ մասնակից, ֆրանսիացին, իհարկե, երկար կմտածի, նախքան հայտարարության ետևից գալը։ Ահա թե ինչ կմտածի․ «Ես մեղավոր չեմ, բացի այդ աղքատ մարդ եմ։ Ընդհանրապես օրանգուտանգը թանգ արժե, իսկ ինձ համար դա մի ամբողջ կարողություն է, ինչու կորցնեմ այդ ամենը դատարկ կասկածամտության պատճառով։ Ձեռքս մեկնեմ, կհասնի։ Նրան գտել են Բուլոնյան անտառում, հանցագործության վայրից շատ հեռու։ Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ նման բաներ կարող է վայրի գազանն անել։ Ոստիկանությունը երբեք չի կռահի, թե դա ինչպես է պատահել։ Բայց եթե անգամ ոստիկանությունը հետևել է կապկին, փորձիր ապացուցել, որ ինչ֊որ բան գիտեմ, եթե իմանամ էլ, մեղավոր չեմ։ Գլխավորը՝ ինչ֊որ մեկին ես արդեն հայտնի եմ։ Հայտարարության մեջ ինձ այդպես էլ անվանում են՝ կապկի տեր։ Ով գիտե, թե այդ մարդիկ ինչ են պատմել իմ մասին։ Եթե ես չգնամ իմ սեփականության ետևից, իսկ կապիկը բավական փող արժե, հայտնի է նաև, որ տերը ես եմ, կապկի վրա կասկած կընկնի։ Իսկ ինձ բոլորովին պետք չէ կասկած ստեղծել ոչ իմ վրա, ոչ էլ այդ սրիկայի վրա։ Ավելի լավ կլինի գնամ հայտարարության ետևից, օրանգուտանգին վերցնեմ ու թաքցնեմ, մինչև որ ամեն ինչ կոծկվի֊վերջանա»։
Սանդուղքների վրա քայլեր լսվեցին։
― Ատրճանակները պատրաստ պահեք, ― նախազգուշացրեց Դյուպենը, ― միայն թե ցույց մի տվեք ու մի կրակեք՝ սպասեք ազդանշանի։
Շքամուտքի դուռը ներքևում բաց էր, այցելուն ներս մտավ առանց զանգելու և սկսեց բարձրանալ սանդուղքներով։ Բայց թերևս նա հապաղեց, մի րոպեի չափ կանգնեց ու սկսեց ետ իջնել։ Դյուպենը նետվեց դեպի դուռը, բայց անմիջապես լսեցինք, որ անծանոթը կրկին բարձրանում է։ Այլևս ետ դառնալու փորձ չարեց։ Մենք լսում էինք, թե ինչպես է նա վճռականությամբ վեր բարձրանում, ապա դուռը թակեցին։
― Մտեք, ― զվարթ և բարեհամբույր ձայնեց Դյուպենը։
Ներս մտավ բարձրահասակ, թիկնեղ, մկանոտ մի տղամարդ, դատելով ամեն ինչից՝ նավաստի, այնպիսի մի տեսքով, ասես սատանայից էլ չէր վախենում։ Ընդհանրապես հաճելի տպավորություն էր թողնում։ Կտրիճ այտամորուքները և mustachi<ref>Բեղեր ― (իտ․)։</ref>֊ները կեսից ավելին ծածկում էին նրա արևավառ դեմքը։ Ձեռքին ուներ ծանր մի մահակ, ըստ երևույթին, միակ զենքը։ Նավաստին անվարժ խոնարհվեց ու բարի երեկո ցանկացավ։ Նա մաքուր ֆրանսերեն էր խոսում, թեև նեշատելյան թեթևակի առոգանությամբ, բայց ամեն ինչից երևում էր, որ բնիկ փարիզեցի է։
― Նստեցեք, բարեկամս, ― ողջունեց նրան Դյուպենը։ ― Իհարկե, օրանգուտանգի համար եք եկել։ Ճշմարիտն ասած, ձեզ կարելի է նախանձել, հիանալի նմուշ է և հավանաբար թանկ արժի։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան կլինի նա։
Նավաստին թեթևացած շունչ քաշեց։ Ասես ուսերից ծանր բեռ ընկավ։
― Այդ արդեն չգիտեմ, ― պատասխանեց նա անտարբեր տոնով։ ― Մի չորս֊հինգ տարեկան, ոչ ավելի։ Նա այստե՞ղ է, տանը։
― Ի՜նչ եք ասում, մենք այդպիսի սենյակ չունենք։ Հանձնեցինք Դյուբուր փողոցի կառապանաբակ, այստեղ է, մոտ։ Եկեք վաղը վերցնելու։ Իհարկե, ձեզ համար դժվար չի լինի հաստատել ձեր իրավունքեըր։
― Այդ հարցում ոչ մի դժվարություն չկա, մսյո։
― Շատ ափսոս է նրանից բաժանվելը, ― շարունակեց Դյուպենը։
― Մսյո, չկարծեք թե իզուր եք չարչարվել, ― վստահեցրեց նավաստին։ ― Ես էլ խիղճ ունեմ։ Սիրով կվճարեմ, իհարկե, ուժերս ներածին չափ, ձեր արածի դիմաց։ Լեզու կգտնենք։
― Է՜, ինչ, ― ասաց բարեկամս, ― ձեր կողմից դա շատ օրինավոր բան է։ Եկեք մտածենք, թե ինչքան վերցնեմ ձեզնից։ Իսկ, իմիջիայլոց, ինձ փող պետք չէ, ավելի լավ կլինի մեզ պատմեք, թե ի՞նչ է հայտնի ձեզ Մորգ փողոցի սպանության մասին։
Վերջին խոսքերը նա ասաց մեղմաձայն, բայց շատ հանգիստ։ Այդպես հանգիստ էլ մոտեցավ դռանը, փակեց ու բանալին դրեց գրպանը, ապա մյուս գրպանից հանեց ատրճանակը և առանց աղմուկի ու հուզվելու դրեց սեղանին։
Նավաստու դեմքը շառագունեց, կարծես ցանկանում էր զսպել շնչահեղձությունը։ Բնազդաբար վեր թռավ, ու ձեռքը մեկնեց մահակին, բայց տեղնուտեղը փլվեց աթոռին, դողալով ամբողջ մարմնով, մահու չափ գունատ։ Նա ոչ մի բառ չարտասանեց։ Ամբողջ հոգով խղճում էի նրան։
― Իզուր եք վախենում, սիրելիս, ― հանգստացրեց նրան Դյուպենը։ ― Հավատացեք, ոչ մի վատ բան չենք անի ձեզ։ Ֆրանսիացու և կարգին մարդու խոսք եմ տալիս, որ մեր մտադրություններն անչափ բարի են։ Ինձ քաջ հայտնի է, որ Մորգ փողոցի սարսափների մեջ դուք մեղք չունեք։ Բայց հո չեք սկսի պնդել, թե բացարձակ անտեղյակ եք։ Ինչպես տեսնում եք, շատ բան արդեն հայտնի է ինձ, ընդ որում այնպիսի մի աղբյուրից, որի մասին դուք չեք էլ կասկածում։ Ընդհանրապես դրությունն ինձ համար պարզ է։ Դուք այնպիսի մի բան չեք արել, որի համար մեղադրեիք ինքներդ ձեզ կամ ինչի համար կարելի լիներ ձեզ պատասխանատվության կանչել։ Դուք նույնիսկ չգայթակղվեցիք ուրիշի փողերով, թեև դա ձեզ համար անպատիժ կմնար։ Դուք ոչինչ չունեք թաքցնելու և հիմք էլ չունեք թաքնվելու։ Բայց և այնպես խիղճը պարտավորեցնում է ձեզ պատմել այն ամենն, ինչ գիտեք գործի մասին։ Ձերբակալված է անմեղ մարդ, նրա վրա ծանրացել է կասկածը մի սպանության, որի իսկական մեղավորը հայտնի է ձեզ։
Դյուպենի խոսքերն ազդեցին՝ նավաստին տիրապետեց իրեն, բայց ո՜ւր կորավ նրա ամբարտավանությունը։
― Ինչ ուզում է, թող լինի, ― ասաց նա վերջապես։ ― Ինչ գիտեմ, կպատմեմ ձեզ։ Ու թող աստված օգնի ինձ։ Դուք, իհարկե, չեք հավատա, հիմար կլինեի, եթե հույս ունենայի, թե կհավատաք։ Բայց մեկ է, ես այդտեղ մեղք չունեմ։ Եվ թող ինձ կախեն, բայց ես ձեզ կպատմեմ բոլորն, ինչպես եղել է։
Նրա պատմածը մի խոսքով, հետևյալն էր։ Վերջերս նրան վիճակվեց լինել Հնդկական արշիպելագի կղզիներում։ Նավաստիների խմբի հետ նա իջավ Բոռնեո և զբոսանքի գնաց կղզու խորքերը։ Նրան և ընկերոջը հաջողվեց մի օրանգուտանգ բռնել։ Շուտով ընկերը մեռավ, և կապկի միակ տերը դարձավ ինքը։ Ետդարձի ճանապարհին, ինչեր ասես չքաշեց կապկի կատաղի բնավորության երեսից, մինչև հասցրեց տուն՝ Փարիզ։ Կապկին փակի տակ էր պահում, խուսափելով հարևանների աներես հետաքրքրասիրությունից, միաժամանակ սպասում էր, որ լավանա օրանգուտանքի փուշ մտած ոտքը։ Նավաստին մտադիր էր շահավետ վաճառել նրան։
Մի քանի օր առաջ ուրախ խնջույքից տուն դառնալիս, դա սպանության գիշերն էր, ավելի շուտ՝ լուսաբացը, նա օրանգուտանգին գտավ իր ննջասենյակում։ Բանից պարզվեց, որ կապիկը ջարդել է միջանցիկ մառանի պատը, ուր փակել էր նրան, որպեսզի չփախչի։ Զինված ածելիով և բոլոր կանոնների համաձայն երեսին օճառ քսած, կապիկը նստել էր հայելու դիմաց և պատրաստվում էր սափրվել տիրոջ նման, որին բազմիցս հետևել էր բանալու անցքից։ Վտանգավոր զենքը տեսնելով կատաղի գիշատչի ձեռքում և գիտենալով, որ նա կարող է դա գործածել, նավաստին առաջին պահ շփոթվեց։ Բայց արդեն վարժվել էր իր կալանավորի հախից գալուն և մտրակի օգնությամբ զսպում էր նրա կատաղության ամենաբուռն պոռթկումներն անգամ։ Այժմ կրկին ձեռքն առավ մտրակը։ Նկատելով այդ, օրանգուտանգը նետվեց դեպի դուռն ու ցած վազեց սանդուղքներով, ուր դժբախտաբար, բաց էր պատուհանը, այստեղից էլ փախավ փողոց։
Սարսափահար ֆրանսիացին վազեց նրա ետևից։ Ածելին ձեռքից չգցելով, կապիկն ստեպ֊ստեպ կանգ էր առնում, ծամածռություններ անում հետապնողի երեսին ու շատ մոտ թողնելով նրան, դարձյալ հեռու էր փախչում։ Երկար վազեց կապկի ետևից։ Առավոտյան ժամը երեքին մոտ կլիներ, փողոցներում մեռելային լռություն էր տիրում։ Մորգ նրբանցքում փախստականի ուշադրությունը գրավեց տիկին Լ' Էսպանեի ննջասենյակի լույսը՝ տան չորրորդ հարկում։ Մոտ վազելով և տեսնելով շանթարգելը, կապիկն անըմբռնելի արագությամբ վեր մագլցեց, կառչեց լրիվ բաց փեղկից ու դրա օգնութամբ ցատկեց մահճակալի գլխին։ Ակրոբատիկ այդ համարը մի րոպե էլ չպահանջեց։ Սենյակից մի աքացի հասցնելով նա կրկին բաց արեց փեղկը։
Նավաստին չգիտեր ուրախանալ, թե տխրել։ Նա հույս ուներ ծուղակն ընկած կապկին ետ բերել, փախչել նա կարող էր միայն շանթարգելի վրայով, իսկ այդտեղ նրան հեշտ էր բռնել։ Միայն թե տան մեջ այլանդակություններ չաներ։ Վերջին նկատառումը գերիշխեց ու ստիպեց նավաստուն՝ հետևել իր սանին։ Շանթարգելով վեր ելնելը, այն էլ նավաստու համար, դժվար չէ, բայց հավասարվելով պատուհանին, որը ձախ էր ընկած ու հեռու, նա ստիպված էր կանգ առնել։ Միակ բանը, որ կարող էր նա անել, մինչև փեղկը մեկնվելով, պատուհանից ներս նայելն էր։ Սարսափից քիչ էր մնացել ցած ընկներ։ Հենց այդ րոպեին էլ լսվեցին աղեկտուր ճիչերը, որոնք ոտքի հանեցին Մորգ փողոցի բնակիչներին։
Տիկին Լ' Էսպանեն և նրա աղջիկը, երկուսն էլ գիշերաշապիկներով, վերոհիշյալ փոքրիկ սնդուկը սենյակի մեջտեղը քաշած, հավանաբար միջի թղթերն էին ջոկջկում։ Սնդուկը բաց էր, պարունակությունը դրված հատակին։ Երկու կանայք, հավանաբար մեջքով նստած էին դեպի պատուհանը և միանգամից չտեսան գիշերային հյուրին, դատելով այն բանից, որ կապկի երևալու և ճիչերի միջև որոշ ժամանակ անցավ։ Նրանք, հավանաբար, կարծեցին, թե փեղկը քամին է փակել։
Երբ նավաստին սենյակ նայեց, հսկա օրանգուտանգը բռնել էր տիկին Լ' Էսպանեի ուսերին թափված մազերից (նա սանրում էր մազերը քնելուց առաջ) ածելին խաղացնում էր նրա առջև վարսավիրների նման։ Աղջիկն ընկած էր հատակին անշարժ, խոր ուշաթափության մեջ։ Պառավի ճիչերից ու դիմադրությունից հետո կապիկը պոկոտեց նրա մազերն ու, ըստ երևույթին, փոխեց նախապես խաղաղ իր մտադրությունները։ Նրա մեջ կատաղություն առաջացավ։ Մկանոտ ձեռքի ուժեղ թափով նա համարյա կտրեց֊պոկեց նրա գլուխը։ Արյան տեսքից գազանի կատաղությունը սաստկացավ։ Նրա աչքերը փայլում էին շիկացած ածուխների պես։ Ատամները կրճտացնելով նա հարձակվեց աղջկա վրա, սարսափելի ճիրաններով բռնեց կոկորդն ու սկսեց խեղդել, մինչև զոհը շունչը փչեց։ Կատաղությամբ դես ու դեն նայելով, կապիկը տեսավ սենյակի խորքում, մահճակալի գլխի վրա գծագրվող իր տիրոջ սարսափից քարացած դեմքը։ Ըստ երևույթին անխնա մտրակը դեռ չմոռացած գազանի մոլեգնությունը վայրկենապես վախով փոխարինվեց։ Իրեն մեղավոր զգալով և պատժից վախենալով, օրանգուտանգը հավանորեն ցանկացավ թաքցնել իր արյունալի արարքները և խուճապահար դես ու դեն ընկավ սենյակում, ջարդելով ու տապալելով կահկարասին, մահճակալի վրայից շպրտելով վերմակներն ու բարձերը։ Վերջապես նա վերցրեց աղջկա դիակն ու խցկեց բուխարու ծխնելույզը, ուր և հետո գտան նրան, իսկ պառավի դիակն, առանց երկար մտածելու, դուրս շպրտեց պատուհանից։
Երբ կապիկն իր տանջահար բեռով երևաց պատուհանի մեջ, նավաստին տեղնուտեղը քարացավ, և ոչ թե իջավ, այլ շանթարգելով ցած սղղաց ու գլխապատառ տուն փախավ, սարսափած արյունալի այդ սպանության հետևանքներից, իր սանի հետագա ճակատագրի տնօրինումը թողնելով ավելի լավ ժամանակների։ Սարսափահար ֆրանսիացու վախեցած բացականչություններն ու կատաղած գազանի չարագույժ մրթմրթոցը հենց այն ձայներն էին, որոնք լսեցին սանդուղքներով վեր ելնող մարդիկ։
Ահա և բոլորը։ Օրանգուտանգը պառավի ննջասենյակից շանթարգելով փախավ նախքան դուռը կոտրելը։ Ըստ երևույթին, նա էլ իր ետևից իջեցրեց պատուհանը։
Որոշ ժամանակ անց նավաստին բռնեց նրան ու մեծ գումարով վաճառեց Կենդանաբանական այգուն։ Իսկ Լը Բոնին անմիջապես ազատ արձակեցին, երբ ես ու Դյուպենը ներկայացանք ոստիկանապետին և ամեն ինչ պատմեցինք նրան, ըստ որում Դյուպենը մեկ֊երկու մեկնաբանություններ անելու հաճույքից չզրկեց իրեն։ Բարեկամիս նկատմամբ իր բարեհաճ տրամադրվածությամբ հանդերձ, սույն պաշտոնյան չթաքցրեց իր հուսախաբությունը նման շփոթության առթիվ, նույնիսկ մեկ֊երկու թունոտ ակնարկ հասցեագրեց մեզ այն մասին, որ վատ չէր լինի, եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր։
― Թող փնթփնթա, ― հետո ինձ ասաց Դյուպենը, այդպես էլ առանց պատասխանի թողնելով ոստիկանապետին։ ― Մարդ պետք է հոգին դատարկի՞, թե չէ։ Թող մխիթարվի։ Ինձ բավարարում է և այն, որ հակառակորդին հենց իր սահմաններում ջարդեցի։ Իմիջիայլոց, մեր ոստիկանապետն իզուր է զարմանում, որ իրեն չհաջողվեց լուծել հանելուկը։ Ճշմարիտն ասած, նա բավական խորամանկ է արմատին նայելու համար։ Նրա ողջ խորիմաստությունը բացառապես մակերեսային է։ Այդ խորիմաստությունը միայն գլուխ ունի, առանց մարմնի, ինչպես պատկերում են Լավերնա<ref>Լավերնա ― հին հռոմեական եկամուտի աստվածուհին, գողերի և խարդախությունների հովանավորը։</ref> աստվածուհուն, կամ լավագույն դեպքում՝ գլուխն ու ուսերը, ինչպես ձողաձուկը։ Բայց ինչ էլ լինի, նա լավ մարդ է, հատկապես ինձ հիացնում է այն ճարպկությունը, որով նա շատ խելացի մարդու համբավ է ձեռք գցել։ Նրա վարքագծի մասին ես ասում եմ «de nier ce qui est, et d' expliquer ce qui n'est pas»։<ref>«Ժխտել այն, ինչ կա և ճամարտակել այն մասին, ինչ գոյություն չունի բնության մեջ» (Ռուսսո, «Նոր էլոիզ»)։</ref>