Changes
Նրա պատմածը մի խոսքով, հետևյալն էր։ Վերջերս նրան վիճակվեց լինել Հնդկական արշիպելագի կղզիներում։ Նավաստիների խմբի հետ նա իջավ Բոռնեո և զբոսանքի գնաց կղզու խորքերը։ Նրան և ընկերոջը հաջողվեց մի օրանգուտանգ բռնել։ Շուտով ընկերը մեռավ, և կապկի միակ տերը դարձավ ինքը։ Ետդարձի ճանապարհին, ինչեր ասես չքաշեց կապկի կատաղի բնավորության երեսից, մինչև հասցրեց տուն՝ Փարիզ։ Կապկին փակի տակ էր պահում, խուսափելով հարևանների աներես հետաքրքրասիրությունից, միաժամանակ սպասում էր, որ լավանա օրանգուտանքի փուշ մտած ոտքը։ Նավաստին մտադիր էր շահավետ վաճառել նրան։
Մի քանի օր առաջ ուրախ խնջույքից տուն դառնալիս, դա սպանության գիշերն էր, ավելի շուտ՝ լուսաբացը, նա օրանգուտանգին գտավ իր ննջասենյակում։ Բանից պարզվեց, որ կապիկը ջարդել է միջանցիկ մառանի պատը, ուր փակել էր նրան, որպեսզի չփախչի։ Զինված ածելիով և բոլոր կանոնների համաձայն երեսին օճառ քսած, կապիկը նստել էր հայելու դիմաց և պատրաստվում էր սափրվել տիրոջ նման, որին բազմիցս հետևել էր բանալու անցքից։ Վտանգավոր զենքը տեսնելով կատաղի գիշատչի ձեռքում և գիտենալով, որ նա կարող է դա գործածել, նավաստին առաջին պահ շփոթվեց։ Բայց արդեն վարժվել էր իր կալանավորի հախից գալուն և մտրակի օգնությամբ զսպում էր նրա կատաղության ամենաբուռն պոռթկումներն անգամ։ Այժմ կրկին ձեռքն առավ մտրակը։ Նկատելով այդ, օրանգուտանգը նետվեց դեպի դուռն ու ցած վազեց սանդուղքներով, ուր դժբախտաբար, բաց էր պատուհանը, այստեղից էլ փախավ փողոց։
Սարսափահար ֆրանսիացին վազեց նրա ետևից։ Ածելին ձեռքից չգցելով, կապիկն ստեպ֊ստեպ կանգ էր առնում, ծամածռություններ անում հետապնողի երեսին ու շատ մոտ թողնելով նրան, դարձյալ հեռու էր փախչում։ Երկար վազեց կապկի ետևից։ Առավոտյան ժամը երեքին մոտ կլիներ, փողոցներում մեռելային լռություն էր տիրում։ Մորգ նրբանցքում փախստականի ուշադրությունը գրավեց տիկին Լ' Էսպանեի ննջասենյակի լույսը՝ տան չորրորդ հարկում։ Մոտ վազելով և տեսնելով շանթարգելը, կապիկն անըմբռնելի արագությամբ վեր մագլցեց, կառչեց լրիվ բաց փեղկից ու դրա օգնութամբ ցատկեց մահճակալի գլխին։ Ակրոբատիկ այդ համարը մի րոպե էլ չպահանջեց։ Սենյակից մի աքացի հասցնելով նա կրկին բաց արեց փեղկը։
Նավաստին չգիտեր ուրախանալ, թե տխրել։ Նա հույս ուներ ծուղակն ընկած կապկին ետ բերել, փախչել նա կարող էր միայն շանթարգելի վրայով, իսկ այդտեղ նրան հեշտ էր բռնել։ Միայն թե տան մեջ այլանդակություններ չաներ։ Վերջին նկատառումը գերիշխեց ու ստիպեց նավաստուն՝ հետևել իր սանին։ Շանթարգելով վեր ելնելը, այն էլ նավաստու համար, դժվար չէ, բայց հավասարվելով պատուհանին, որը ձախ էր ընկած ու հեռու, նա ստիպված էր կանգ առնել։ Միակ բանը, որ կարող էր նա անել, մինչև փեղկը մեկնվելով, պատուհանից ներս նայելն էր։ Սարսափից քիչ էր մնացել ցած ընկներ։ Հենց այդ րոպեին էլ լսվեցին աղեկտուր ճիչերը, որոնք ոտքի հանեցին Մորգ փողոցի բնակիչներին։
Տիկին Լ' Էսպանեն և նրա աղջիկը, երկուսն էլ գիշերաշապիկներով, վերոհիշյալ փոքրիկ սնդուկը սենյակի մեջտեղը քաշած, հավանաբար միջի թղթերն էին ջոկջկում։ Սնդուկը բաց էր, պարունակությունը դրված հատակին։ Երկու կանայք, հավանաբար մեջքով նստած էին դեպի պատուհանը և միանգամից չտեսան գիշերային հյուրին, դատելով այն բանից, որ կապկի երևալու և ճիչերի միջև որոշ ժամանակ անցավ։ Նրանք, հավանաբար, կարծեցին, թե փեղկը քամին է փակել։
Երբ նավաստին սենյակ նայեց, հսկա օրանգուտանգը բռնել էր տիկին Լ' Էսպանեի ուսերին թափված մազերից (նա սանրում էր մազերը քնելուց առաջ) ածելին խաղացնում էր նրա առջև վարսավիրների նման։ Աղջիկն ընկած էր հատակին անշարժ, խոր ուշաթափության մեջ։ Պառավի ճիչերից ու դիմադրությունից հետո կապիկը պոկոտեց նրա մազերն ու, ըստ երևույթին, փոխեց նախապես խաղաղ իր մտադրությունները։ Նրա մեջ կատաղություն առաջացավ։ Մկանոտ ձեռքի ուժեղ թափով նա համարյա կտրեց֊պոկեց նրա գլուխը։ Արյան տեսքից գազանի կատաղությունը սաստկացավ։ Նրա աչքերը փայլում էին շիկացած ածուխների պես։ Ատամները կրճտացնելով նա հարձակվեց աղջկա վրա, սարսափելի ճիրաններով բռնեց կոկորդն ու սկսեց խեղդել, մինչև զոհը շունչը փչեց։ Կատաղությամբ դես ու դեն նայելով, կապիկը տեսավ սենյակի խորքում, մահճակալի գլխի վրա գծագրվող իր տիրոջ սարսափից քարացած դեմքը։ Ըստ երևույթին անխնա մտրակը դեռ չմոռացած գազանի մոլեգնությունը վայրկենապես վախով փոխարինվեց։ Իրեն մեղավոր զգալով և պատժից վախենալով, օրանգուտանգը հավանորեն ցանկացավ թաքցնել իր արյունալի արարքները և խուճապահար դես ու դեն ընկավ սենյակում, ջարդելով ու տապալելով կահկարասին, մահճակալի վրայից շպրտելով վերմակներն ու բարձերը։ Վերջապես նա վերցրեց աղջկա դիակն ու խցկեց բուխարու ծխնելույզը, ուր և հետո գտան նրան, իսկ պառավի դիակն, առանց երկար մտածելու, դուրս շպրտեց պատուհանից։
Երբ կապիկն իր տանջահար բեռով երևաց պատուհանի մեջ, նավաստին տեղնուտեղը քարացավ, և ոչ թե իջավ, այլ շանթարգելով ցած սղղաց ու գլխապատառ տուն փախավ, սարսափած արյունալի այդ սպանության հետևանքներից, իր սանի հետագա ճակատագրի տնօրինումը թողնելով ավելի լավ ժամանակների։ Սարսափահար ֆրանսիացու վախեցած բացականչություններն ու կատաղած գազանի չարագույժ մրթմրթոցը հենց այն ձայներն էին, որոնք լսեցին սանդուղքներով վեր ելնող մարդիկ։
Ահա և բոլորը։ Օրանգուտանգը պառավի ննջասենյակից շանթարգելով փախավ նախքան դուռը կոտրելը։ Ըստ երևույթին, նա էլ իր ետևից իջեցրեց պատուհանը։
Որոշ ժամանակ անց նավաստին բռնեց նրան ու մեծ գումարով վաճառեց Կենդանաբանական այգուն։ Իսկ Լը Բոնին անմիջապես ազատ արձակեցին, երբ ես ու Դյուպենը ներկայացանք ոստիկանապետին և ամեն ինչ պատմեցինք նրան, ըստ որում Դյուպենը մեկ֊երկու մեկնաբանություններ անելու հաճույքից չզրկեց իրեն։ Բարեկամիս նկատմամբ իր բարեհաճ տրամադրվածությամբ հանդերձ, սույն պաշտոնյան չթաքցրեց իր հուսախաբությունը նման շփոթության առթիվ, նույնիսկ մեկ֊երկու թունոտ ակնարկ հասցեագրեց մեզ այն մասին, որ վատ չէր լինի, եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր։
― Թող փնթփնթա, ― հետո ինձ ասաց Դյուպենը, այդպես էլ առանց պատասխանի թողնելով ոստիկանապետին։ ― Մարդ պետք է հոգին դատարկի՞, թե չէ։ Թող մխիթարվի։ Ինձ բավարարում է և այն, որ հակառակորդին հենց իր սահմաններում ջարդեցի։ Իմիջիայլոց, մեր ոստիկանապետն իզուր է զարմանում, որ իրեն չհաջողվեց լուծել հանելուկը։ Ճշմարիտն ասած, նա բավական խորամանկ է արմատին նայելու համար։ Նրա ողջ խորիմաստությունը բացառապես մակերեսային է։ Այդ խորիմաստությունը միայն գլուխ ունի, առանց մարմնի, ինչպես պատկերում են Լավերնա<ref>Լավերնա ― հին հռոմեական եկամուտի աստվածուհին, գողերի և խարդախությունների հովանավորը։</ref> աստվածուհուն, կամ լավագույն դեպքում՝ գլուխն ու ուսերը, ինչպես ձողաձուկը։ Բայց ինչ էլ լինի, նա լավ մարդ է, հատկապես ինձ հիացնում է այն ճարպկությունը, որով նա շատ խելացի մարդու համբավ է ձեռք գցել։ Նրա վարքագծի մասին ես ասում եմ «de nier ce qui est, et d' expliquer ce qui n'est pas»։<ref>«Ժխտել այն, ինչ կա և ճամարտակել այն մասին, ինչ գոյություն չունի բնության մեջ» (Ռուսսո, «Նոր էլոիզ»)։</ref>