Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 11 043 բայտ, 22:57, 10 Դեկտեմբերի 2015
— Պարոն Շիպմենը նրա մոտ է,— ասաց Անդրեն։— Նրանք միասին են աշխատում նրա այգում։
 
==Արատ կրողը==
 
Վերջին խոսքը, որ Էզրան ինձ ասաց Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցից հեռանալուց եւ Ռապալլո մեկնելուց առաջ, հետեւյալն էր․
 
— Հեմ, օպիում պարունակող այս սրվակը պահեցեք ձեզ մոտ եւ Դաննինգին կտաք, երբ նա դրա կարիքը իրոք զգա։
 
Դա կոլդկրեմի մի մեծ սրվակ էր եւ կափարիչը բացելով, ես այնտեղ տեսա գորշ ու կպչուն ինչ֊որ բան, որից շատ վատ զտված օպիումի հոտ էր գալիս։ Էզրան ասել էր, թե ինքը դա գնել է Իտալական բուլվարի մոտ, Օպերայի ավենյու֊ում, հնդկական մի առաջնորդից եւ շատ թանկ է վճարել։ Ես որոշեցի, որ այդ օպիումը ձեռք է բերվել «Պատի ծակ» հին բարից, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո դասալիքների ու նարկոտիկներ վաճառողների հանգրվանն էր։ «Պատի ծակ» բարը, որի կարմիր ֆասադը նայում էր Իտալական փողոցին, սովորական միջանցքից մի քիչ լայն, շատ անձուկ հաստատություն էր։ Մի ժամանակ այնտեղից գաղտնի մուտք էր տանում ուղիղ դեպի Փարիզյան կոյուղին, որով, ասում են, կարելի էր հասնել կատակոմբներին։ Դաննինգը՝ բանաստեղծ Ռալֆ Չիվեր Դաննինգն էր, որ օպիում էր ծխում եւ մոռանում սնվել։ Երբ նա չափազանց շատ էր ծխում, միայն կաթ էր խմում։ Նա գրել է տերցիններ, որոնց համար է հենց նրան սիրել Էզրան, որը, ինչեւէ, նրա պոեզիայում բարձր արժանիքներ էր գտնում։ Նա Էզրայի հետ բնակվում էր նույն բակում, եւ Փարիզից մեկնելուց մի քանի շաբաթ առաջ Էզրան ինձ կանչել էր, որովհետեւ Դաննինգը մեռնում էր։
 
«Դաննինգը մեռնում է,— երկտողում գրել էր Էզրան,— խնդրում եմ անհապաղ եկեք»։
 
Դաննինգը՝ կմախքի նման մաշված, պառկել էր անկողնում եւ վերջ ի վերջո, անշուշտ, կարող էր մեռնել հյուծվածությունից։ Բայց այժմ ինձ հաջողվեց Էզրային համոզել, որ մեռնողներից շատ քչերն են մահվան մահիճում խոսում այդքան սահուն ու գեղեցիկ, եւ մանավանդ ես չեմ լսել, որ որեւէ մեռնող խոսեր տերցիններով․ նույնիսկ Դանթեին հազիվ թե դա հաջողվեր։ Էզրան ասաց, որ Դաննինգը ամենեւին էլ տերցիններով չի խոսում, իսկ ես ասացի, թե հնարավոր է, ինձ տերցիններ են թվում այն պատճառով, որ երբ իմ ետեւից եկան, ես քնած էի։ Մահվան սպասող Դաննինգի անկողնու մոտ գիշերը անցկացնելուց հետո, վերջ ի վերջո նրանով զբաղվեց բժիշկը եւ նրան տարան մասնավոր հիվանդանոց, օպիումով թունավորվածությունը բուժելու համար։ Էզրան երաշխավորեց հաշիվների վճարումը եւ պոեզիայի՝ չգիտեմ ինչ երկրպագուների համոզեց օգնել Դաննինգին։ Իսկ ինձ հանձնարարված էր ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հանձնել օպիումի սրվակը։ Էզրայի յուրաքանչյուր հանձնարարությունը ինձ համար սուրբ գործ էր, եւ ինձ մնում էր միայն հուսալ, որ արժանի կլինեմ նրա վստահությանը եւ կկարողանամ ըմբռնել, թե հատկապես երբ կհասնի ծայրահեղ անհրաժեշտությունը։ Այն վրա հասավ մի գեղեցիկ կիրակի առավոտ․ սղոցարանում հայտնվեց Էզրայի բարապանուհին եւ բաց պատուհանից, որի առջեւ ես ուսումնասիրում էի ձիարշավների ծրագիրը, գոռաց․ «Monsieur Dunning est monté sur le toit et réfuse catégoriquement de descendre»<ref>Մսյո Դաննինգը բարձրացել է կտուրը եւ կտրականապես հրաժարվում է իջնել (ֆրանս․)։</ref>։
 
Այն, որ Դաննինգը բարձրացել է ստուդիայի կտուրը եւ կտրականապես հրաժարվում է ներքեւ իջնել, ինձ թվաց ծայրահեղ անհրաժեշտության իսկական արտահայտություն եւ վերցնելով օպիումի սրվակը, ես փողոց դուրս եկա բարապանուհու՝ վտիտ, անհանգիստ այդ կնոջ հետ, որին այդ ամենը խիստ հուզել էր։
 
— Մսյոն իր հետ վերցրե՞լ է այն, ինչ պետք է,— հարցրեց նա ինձ։
 
— Օ, այո,— ասացի,— ամեն ինչ լավ կլինի։
 
— Մսյո Պաունդը միշտ ամեն ինչի մասին հոգում է,— ասաց նա,— նա՝ ինքը բարիությունն է։
 
— Միանգամայն ճիշտ է,— ասացի,— ես ամեն օր հիշում եմ նրան։
 
— Հուսանք, որ մսյո Դաննինգը խելամիտ կլինի։
 
— Ես հետս վերցրել եմ հենց այն, ինչ դրա համար պահանջվում է,— հավաստիացրի նրան։
 
Երբ մենք մտանք բակը, բարապանուհին ասաց․
 
— Նա արդեն իջել է։
 
— Ուրեմն կռահել է, որ ես գալիս եմ,— ասացի։
 
Ես բարձրացա արտաքին սանդուղքով, որ տանում էր դեպի Դաննինգի սենյակը, եւ դուռը թակեցի։ Նա բացեց դուռը։ Անչափ նիհար էր եւ այդ պատճառով էլ շատ բարձրահասակ էր երեւում։
 
— Էզրան խնդրել է, որ ահա այս սրվակը ձեզ հանձնեմ,— ասացի ես եւ նրան մեկնեցի սրվակը,— նա ասել է, որ դուք գիտեք, թե դա ինչ է։
 
Դաննինգը վերցրեց սրվակը, տնտղեց նրա պարունակությունը։ Այնուհետեւ սրվակը նետեց ինձ վրա։ Այն դիպավ չեմ հիշում կրծքիս, թե ուսիս եւ աստիճաններով ներքեւ գլորվեց։
 
— Շան որդի,— ասաց նա,— գարշանք։
 
— Էզրան ասաց, որ դա կարող է ձեզ պետք գալ,— առարկեցի ես։
 
Ի պատասխան նա ինձ վրա նետեց կաթի շիշը։
 
— Դուք համոզվա՞ծ եք, որ դա ձեզ իրոք պետք չէ,— հարցրի ես։
 
Նա մի շիշ էլ նետեց։ Ես շրջվեցի, որ հեռանամ, եւ նա մեջքիս զարկեց մի շիշ եւս։ Հետո դուռը վրա բերեց։
 
Ես վերցրի սրվակը, որ մի քիչ ճաքել էր, եւ գրպանս դրի։
 
— Մսյո Պաունդի նվերը հավանաբար նրան պետք չէ,— ասացի բարապանուհուն։
 
— Գուցե նա հիմա հանգստանա,— ասաց նա։
 
— Գուցե նա այդ դեղը ունի,— ասացի ես։
 
— Խեղճ մսյո Դաննինգ,— ասաց նա։
 
Պոեզիայի երկրպագուները, որոնց միավորել էր Էզրան, ի վերջո օգնության հասան Դաննինգին։ Իսկ մենք պարաբանուհու հետ այդպես էլ ոչինչ չկարողացանք անել։ Ճաքած սրվակը, որի մեջ իբր օպիում կար, ես փաթաթեցի մոմաթերծում եւ խնամքով թաքցրի ձիազբոսանքի ժամանակ օգտագործվող հին սապոգի մեջ։ Երբ մի քանի տարի անց մենք Իվեն Շիպմենի հետ այդ բնակարանից տեղափոխում էինք իմ իրերը, սրվակը սապոգի մեջ չգտանք։ Չգիտեմ, թե Դաննինգը ինչու էր կաթի շշեր նետում ինձ վրա․ գուցե նա վերհիշել էր իմ սկեպտիցիզմը այն գիշեր, երբ նա մեռնում էր առաջին անգամ, իսկ գուցե դա ուղղակի անգիտակից զզվանք էր իմ անձի նկատմամբ։ Բայց ես հիշում եմ, թե Իվեն Շիպմենին ինչպիսի հրճվանք պատճառեց «Monsieur Dunning est monté sur le toit et réfuse catégoriquement de descendre» արտահայտությունը։ Նա դրա մեջ ինչ֊որ սիմվոլիկ բան էր տեսնում։ Չեմ ուզում դատել։ Գուցե Դաննինգը ինձ ընդունել էր արատ կրողի կամ թե ոստիկանության գործակալի տեղ։ Ես միայն գիտեմ, որ Էզրան ցանկանում էր բարի ծառայություն մատուցել Դաննինգին, ինչպես շատ֊շատերին էր մատուցում, եւ ես միշտ ուզում էի հավատալ, որ Դաննինգը իրոք այնպիսի լավ պոետ էր, ինչպիսին նրան համարում էր Էզրան։ Բայց պոետի համար նա չափազանց դիպում էր նետում կաթի շշերը։ Ինչեւէ, Էզրան եւս, որ արտակարգ մեծ բանաստեղծ էր, հիանալի թենիս էր խաղում։ Իվեն Շիպմենը, որը շատ լավ բանաստեղծ էր եւ միշտ անկեղծորեն անտարբեր այն բանի նկատմամբ, թե կտպագրվե՞ն արդյոք իր բանաստեղծությունները, կարծում էր, որ այդ գաղտնիքի լուծումը պետք չէ որոնել։
 
— Մեր կյանքում անհրաժեշտ են ավելի շատ իսկական գաղտնիքներ, Հեմ,— մի անգամ ասաց նա ինձ,— սնապարծությունից միանգամայն զերծ գրող եւ իրոք լավ, չհրապարակված բանաստեղծություններ՝ ահա թե մենք այժմ ամենից շատ ինչի կարիք ենք զգում։ Ճիշտ է, կա նաեւ մի այնպիսի պրոբլեմ, ինչպիսին է հոգսը առ հացն հանապազօրյա։
Վստահելի
593
edits