Changes
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Մշուշապատի ճյուղավորումները, որ փրփրադեզ արծաթագույն ջրվեժների շարքով կիրճ էին գոյացրել, ձգվում էին դեպի արևելք մոտ մեկուկես լիգ, իսկ հետո Արծաթաջրի հունը լայնանում էր, և այն հանդարտ հոսում էր հովտով մինչև Մշուշապատի ստվերով կիսածածկված մի մեծ, ձվաձև լճի մեջ թափվելը: Լճի հարթ մակերեսը մուգ-մուգ էր՝ նույնիսկ արևելյան մասում, որն ստվերի տակ չէր ընկնում: Լճի հայելանման, առանց ծփանքի ջուրը նման էր երեկոյան երկնքի, ինչպես այն երևում է լուսավորված սենյակից: Լճի մուգ երկնագույն շրջանակը եզերում էին վառ կանաչ մարգագետինները:
— Հիշու՞մ եք, ես նրան հարցրի Օստրանւմ,— տխուր ասաց Ջիմլին ճամփորդներին. «Մի՞թե ինձ վիճակված է այդ երջանկությունը՝ տեսնել մեր նվիրական լիճը»: Ահա ես տեսնում եմ Հայելու լիճը, բայց ինձ որբացած ու դժբախտ եմ զգում:
Պահապանները քայլում էին վեցանկյուն ճաքճքված սալիկներով սալարկված հինավուրց ճանապարհով: Սալիկների ճեղքերում ու դրանց միացման տեղերում հավամրգի ու փշոտ մամուխ էր աճել: Ճանապարհն իջնում էր բլրաշատ հարթավայր, Հայելու լճի մոտ թեքվում էր հարավ-արևելք և հետո ձգվում Արծաթաջրի ափով: Ճանապարհի կողքերին, մերթ աջից, մեկ ձախից քարե ջարդված արձաններ էին ընկած: Լճի մոտ մի վիթխարի սյուն էր վեր բարձրանում, որի գագաթը քայքայված էր:
— Սա Դուրինի կոթո՜ղն է,— բացականչեց Ջիմլին: — Արագորն, կարելի՞ է իջնել լճի ափ:
— Միայն իսկույն վերադարձի՛ր,— երկնքին նայելով, պատասխանեց Արագորնը: — Արևը մի երեք ժամից մայր կմտնի: Ցերեկը օրքերը քարանձավներից դուրս չեն գալիս, իսկ գիշերը մեզ կհետապնդեն, այնպես որ պետք է հեռանանք: Հիմա լիալուսին է, գիշերը մութ կլինի, իսկ օրքերը մթության մեջ արտակարգ վտանգավոր են:
— Գնանք, դու պետք է տեսնես Քելեդ-Զարամը,— կանչեց Ֆրոդոյին թզուկը և վազեց ներքև:
Ֆրոդոն, հոգնածությունն ու անտարբերությունը հաղթահարելով, ոտքերը քարշ տալով իջավ Հայելու լճի մուգ ափը. տիրոջ հետևից իջավ նաև Սամը:
Կոթողի մոտ Ջիմլին ոտքը կախ գցեց, և երբ հոբիթները մոտեցան, ասաց.
— Տեսնու՞մ եք, այստեղ մորիերեն գրված է. ''«Դուրինն այստեղից առաջին անգամ նայեց Քելեդ-Զարամի խորքը»:''
Կոթողի վրա կիսաջնջված գաղտնագրեր կային, սակայն դրանք կարդալ հնարավոր չէր. ավազն ու քամին գաղտնագրերը ջնջել էին:
— Եկեք մենք էլ նայենք լճի խորքը,— դեպի ափ շրջվելով, առաջարկեց Ջիմլին:
Ճամփորդները կռացան մուգ ջրի վրա: Սկզբում նրանք ոչինչ չտեսան: Իսկ հետո կապտա-հայելանման մակերեսին երևացին աստղերի արծաթագույն ցոլքեր (թեպետ երկնքում արևն էր փայլում) և բարձր լեռների ձյունե գագաթներ: Ճամփորդներին, չգիտես ինչու, լիճը չարտացոլեց, և նրանք շփոթված հեռացան ափից:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոր խոնարհվելով, բացականչեց Ջիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Աստ հանգչի թագը Դուրինի: Այն սպասում է նրա զարթոնքին...
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սամին հարցրեց Փինը, երբ թզուկն ու հոբիթները հասան ջոկատին:
Բայց մտքերով տարված Սամը ոչինչ չպատասխանեց:
Մեծ, բլրապատ, սև ժայռաքար հիմքով ու բերրի հողաշերտով հովիտը հյուսիսից եզերում էր Արծաթաջուրը, իսկ հարավից՝ Սպիտակբաշը, դրա համար էլ գետերի հունը սև էր և հովիտն էլ հնուց Սրագետք էին անվանում, չնայած արևի ճառագայթներով լուսավորված երկու գետն էլ ուրախ արծաթին էին տալիս, իսկ սևանում էին միայն երեկոները և վատ եղանակին: Հնարավոր է, հովտի առաջին բնակիչները ամպամած օր էին եկել այստեղ:
Ճամփորդները քայլում էին Արծաթաջրի ափով:
— Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Սպիտակբաշի միացման տեղը տասը լիգ կլինի,— պատմում էր Արագորնը,— և այնտեղ անտառում մենք կգիշերենք: Այս ուղին մեզ համար նշել է Գանդալֆը, որ հետո դորս գանք դեպի Մեծ Գետը: Արծաթաջրի ու Սպիտակբաշի միացումից գոյանում է Ոսկե Կախարդուհի հորդառատ գետը, որը թափվում է Անդուին Մեծի մեջ: