Changes
/* Ստեղծագործություններ */
:թ․՝ Ս․ Պետրոսյան
===Կատուն===
:Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․
:-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։
:Եւ Մեծն Աստվածուհին ասաց․
:- Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։
:-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։
:-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։
:Եւ կատուն վերածվեց կնոջ:
:Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
:Եւ տղան էլ կատվին սիրեց։
:Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։
:Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։
:Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։
:Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
:Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:
===Տասնինը տարեկան աղջկան===
:Տասնինը տարեկան ես։
:Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ եւ ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։
:Դու տասնինը տարեկան ես։
:Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում եւ ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին․ «Առաջին հաղթանակը նաեւ առաջին քայլն է դեպի պարտություն»։
:Տասնինը տարեկան ես, եւ գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս եւ ահա՝ բարձրացել եմ։
:Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։
:Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների եւ աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ եւ հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։
:Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում եւ չես տեսնում ինձ․ դու տասնինը տարեկան ես։
:Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։