Changes

Պահապանները

Ավելացվել է 5581 բայտ, 19:24, 14 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Ամենից առաջ նայիր այնտեղ...
Ֆրոդոն հնազանդ նայեց արևելք և հեռվում տեսավ մի ոչ բարձր բլուր, կամ ոչ թե բլուր, այլ վիթխարի ծառերից կազմված պուրակ՝ ոսկեզօծ գմբեթներորով ու արծաթագույն դղյակներով մի քաղաք: Ինչպես Ֆրոդոյին թվաց, բլուրը լուսավոր, անհաղթահարելի ձգողական ուժ էր ճառագում, այն նույն ուժը, որը զգացվում էր այստեղ ամեն տեղ, բայց բլրի վրա էր գտնվում ուժի աղբյուրը: Ֆրոդոն հանկարծ հասկացավ, որ ուզում է թևեր առնել, բարձրանալ թափանցիկ օդ և թռչել դեպի այդ պայծառ բլուրը, որը նրա սրտին հանգիստ ու խաղաղություն էր խոստանում: Հետո նա նայեց արևելք և տեսավ այնտեղ տարածված Ոսկի Անտառը, որի միջով հանդարտ հոսում էր Անդուին Մեծ գետը թափվող Կախարդուհին: Նա ուշադիր նայեց և զարմանքով նկատեց, որ Անդուին Մեծի ձախ ափը և մյուս՝ արևելյան ափի ցածրադիր մարգագետինները թեթևակի ծածկված են մոխրասպիտակ շղարշով. այնտեղ ձմեռ էր: Մարգագետիններում տեղ-տեղ թփուտներ էին ցցված, իսկ հորիզոնից այն կողմ, ցածրիկ բլուրների մյուս կողմում ահարկու մթին պատ էր: Թվում էր արևն այնտեղ իշխանություն չունի. Լոթլորիենը ոսկեզօծող իրիկնային արևի ճառագայթները դժգունում ու մարմրում էին բլուրների վրա տարածված մոխրագույն մշուշում:
Հալդիրը նայեց Անդուինին և ասաց.
 
— Քիչ այն կողմ, այդ բլուրներից հետո սկսվում է Չարքանտառի Հմայաթավուտքը, որտեղ եղևնիներն ու սոճիերը դեպի լույսը ձգվելով, անողոքաբար խեղդում են իրենց ազգակիցներին, իսկ ներքևում, հեղձուկ ու խոնավ կիսամութի մեջ, գետնին կպած, կանաչ-կանաչ փտում են դրանց ստորին ճյուղերը: Այնտեղ, բարձր բայց ճահճապատ բլրի վրա կանգնած է Դուլ Գուլդուրի անառիկ ամրոցը, որտեղ մի ժամանակ թաքնվում էր Թշնամին, իսկ այժմ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում: Մենք վախենում ենք, որ ամրոցը նորից բնակելի է դարձել: Ամրոցի գլխին վերջերս հաճախ սև ամպեր են կուտակվում և կայծակներ են փայլատակում: Այստեղից՝ վերևից, լավ երևում է երկու ուժերի պայքարը: Բայց թե ինչ ուժեր են հակամարտում այնտեղ՝ առայժմ հայտնի չէ նույնիսկ մեր տիրուհուն: — Հալդիրը լռեց և ցած իջավ, Ֆրոդոն ու Սամը հետևեցին էլֆին:
 
Դամբանաբլուրի ստորոտում նրանք տեսան Արագորնին. վերջինս կանգնած էր անշարժ ու լուռ, ասես ինքն էլ վերածված լիներ հացենու: Ձեռքին մի արծաթավուն էլանոր էր, իսկ աչքերում՝ երջանկության հուշերի ցոլքեր: Ֆրոդոն հասկացավ, որ իրենց ուղեկցորդը Լորիենի անփոփոխականությամբ հարատևող մի լուսավոր պահ է ապրում՝ վաղուց անցած և անվերադարձ մի պահ: Թվում էր, թե նա ինքն էլ հիմա այնտեղ է. Արագորնի խիստ դեմքն այժմ երիտասարդ էր ու գեղեցիկ, իսկ նրա ճամփորդական խունացած թիկնոցը արևի շողերից ոսկեգույն էր երևում: Ֆրոդոյի առջև նումենորցի դյուցազն էր կանգնած: «Արքայի որդի»,— ակամայից մտածեց հոբիթը: Եվ հանկարծ Արագորնի շուրթերը շարժվեցին:
 
— Արվեն վանիմելդա, նամարիէ,— արտաբերեց Արագորնը, հառաչեց և, ուշքի գալով, ժպտաց հոբիթներին: — Մշտապես այստեղ է ձգտում իմ սիրտը,— տխուր ժպտալով ասաց նա: — Եթե մեր ուղին հաղթանակով չավարտվի, այն այստեղ կհանգի հավիտյանս: Գնացինք... — Արագորնը բռնեց հոբիթների ձեռքերը և միացավ մյուսներին: Այս կյանքում նա այևս երբեք այստեղ չեղավ:
 
=== Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին ===
 
Հալդիրը Պահապաններին առաջ տարավ: Արևը թեքվեց Մշուշապատ լեռների կողմը, իսկ արևելքում սկսեցին թանձրանալ երեկոյան ստվերները: Արահետը խորացավ հացենու անտառում, որտեղ կիսամութն արդեն գիշեր էր դառնում: Էլֆերը վառեցին աղոտ լապտերները:
Վստահելի
1342
edits