Changes

Պահապանները

Ավելացվել է 5748 բայտ, 16:12, 15 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
— Մենք ի սկզբանե գիտեինք, որ Քարադրասի խորքերում թաքնված է ահեղ բոսոր թշնամին,— Ջիմլիին նայելով, ասաց Սելեբորնը: — Ուրեմն թզուկները նորից են հրահրել նրան... Ափսոս, որ քեզ թույլատրեցի Լորիեն մտնել... Քեզ և բոլոր նրանց, ովքեր քեզ հետ եկել են: Իսկ Գանդալֆին հարկ է խելագար կոչել, քանզի Մորիա իջնել կարող էր միայն խելագարը... Բայց նա իմաստուն էր... Եվ ես չէ, որ պետք է որոշեմ, արդյոք վերջում համակե՞լ էր նրան խելագարություն, թե՞ ոչ:
 
— Գանդալֆ Մոխրագույնը,— միջամտեց Գալադրիելը,— երբեք խելագար արարքներ թույլ չի տվել, իսկ նրանց, ում անց է կացրել Մորիայով, անհայտ էին նրա բոլոր մտահղացումները՝ նրանք պատասխանատու չեն նրա փոխարեն: Եվ համենայն դեպս, Գանդալֆի արարքների համար կարելի է մեղադրել միայն Գանդալֆին... Իսկ թզուկները... Մի՛ զղջա, օ՜ իմաստուն, որ թզուկին Լորիեն ես թողել: Ասա, եթե Լորիենի ժողովուրդն ստիպված լիներ թողնել Օրհնյալ երկիրը և շատ տարիներ հետո մեզանից որևէ մեկը, օրինակ՝ տիրակալ Սելեբորն Իմաստունը, կարողանար նորից լինել Լորիենում, մի՞թե բաց կթողներ այդպիսի հնարավորությունը, եթե նույնիսկ այն վերածված լիներ վիշապների որջի: — Գալադրիելը լռեց, իսկ հետո խոսեց՝ ասես հիշելով հին տարեգրությունը. — Անթափանցելի մութ է Քելեդ-Զարամի ջուրը և սառույցի պես պաղ են Քիբել-Նալայի աղբյուրները: Բայց քանի դեռ չէր արթնացել Ընդերքի Սարսափը, փառահեղ Քազադ-Դումի հրաշալի սրահները լուսավորված էին և տաքացված... Ի՞նչը կարող էր քարե թագավորությունից ավելի սքանչելի լինել ավագ դարաշրջանի օրերին... — Տիրուհու կարկաչուն խոսքն ընդհատվեց, բայց նրա շուրթերին ժպիտ ծաղկեց:
 
Զայրացած, խոժոռված Ջիմլին, լսեով թզուկների լեզվով ասված անունները, բարձրացրեց գլուխը, նայեց Գալադրիելին և հանկարծ իր երևակայական թշնամիների աչքերում բարեկամական ցավակցություն և կարեկից սեր տեսավ: Նա շփոթված, իսկ հետո շնորհակալ ժպտաց, վեր կացավ և, խոնարհվելով, զրնգուն պատասխանեց.
 
— Սակայն Լորիենի Ոսկի անտառները Մորիայի մարմարե սրահներից գեղեցիկ են, իսկ Մորիական թագավորության շողշողուն գանձերը խամրում են Լորիենի տիրուհու գեղեցկության առջև...
 
Էլֆերն ու Պահապանները երկար ժամանակ լուռ էին: Վերջապես Սելեբորնը նորից խոսեց.
 
— Ներեցեք ինձ կոպիտ խոսքերի համար... Դրանք ցավի ու տագնապի ծնունդ են: Մենք կաշխատենք օգնել բոլորիդ, ձեզնից յուրաքանչյուրին, և հատկապես նրան, ով իր վրա է վերցրել ամենածանր բեռը:
 
— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանք դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով, ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գանդալֆն անտեղի չէր համառորեն Պահապաններին բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որոնք դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ ոք չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոտրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր, պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գանդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը և դուք, իսկ ձեզ հետ միասին ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
 
 
Վստահելի
1342
edits