Changes
/* V */
== V ==
Այդ րոպեին դուռը կամաց բացվեց ու ներս մտավ մի աղջիկ՝ երկչոտ նայելով շուրջը։ Բոլորը զարմանքով ու հետաքրքրությամբ նայեցին նրան։ Ռասկոլնիկովը առաջին հայացքից չճանաչեց նրան։ Դա Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովան էր։ Ռասկոլնիկովը նախորդ օրը նրան տեսել էր առաջին անգամ, բայց այնպիսի ժամանակ, այնպիսի պայմաններում և այնպիսի հագուստով, որ նրա հիշողության մեջ ուրիշ անձնավորության կերպարն էր տպավորվել։ Այժմ դա համեստ և նույնիսկ աղքատ հագնված մի աղջիկ էր, դեռ շատ ջահել, համարյա փոքրիկ աղջկա նման, համեստ և վայելուչ շարժուձևով, պայծառ, բայց կարծես մի փոքր վախեցած դեմքով։ Նա հագել էր շատ հասարակ տնային շրջազգեստ, առաջվա ձևի հին գլխարկ դրել. միայն թե ինչպես նախորդ օրը, ձեռքին հովանոց կար։ Երբ տեսավ, որ սենյակը լեցուն է մարդկանցով, չէ թե շփոթվեց, այլ բոլորովին կորցրեց իրեն, երկչոտեց ինչպես փոքրիկ երեխա, և նույնիսկ փորձեց ետ դառնալ։
— Ախ... այդ դո՞ւք եք...— չափազանց զարմանալով ասաց Ռասկոլնիկովը ու հանկարծ ինքն էլ շփոթվեց։
Նա իսկույն մտածեց, որ մայրը և քույրը Լուժինի նամակից որոշ բան գիտեն «վատ վարքի տեր» ինչ֊որ աղջկա մասին։ Քիչ առաջ նա բողոքում էր Լուժինի զրպարտության դեմ և ասում, որ այդ աղջկան առաջին անգամ էր տեսել, ու հանկարծ վերջինս ինքն է հայտնվում։ Հիշեց նաև, որ բոլորովին չէր բողոքել «վատ վարքի տեր» արտահայտության դեմ։ Այս ամենը անորոշ կերպով ու վայրկենապես անցավ նրա մտքով։ Բայց ուշադիր նայելով, նա հանկարծ տեսավ, որ այդ նվաստացած էակը արդեն այնքան է նվաստացվել, որ հանկարծ խղճաց նրան։ Իսկ երբ աղջիկը վախից փորձեց դուրս փախչել, նրա՝ Ռասկոլնիկովի մեջ կարծես մի ինչ-որ բան տակնուվրա եղավ։
— Ես ձեզ բոլորովին չէի սպասում,— հապճեպ ասաց նա՝ հայացքով կանգնեցնելով աղջկան։— Խնդրեմ նստեք։ Դուք երևի Կատերինա Իվանովնայի կողմից եք եկել։ Ներեցեք, այդտեղ չէ, ա՛յ, այստեղ նստեցեք...
Երբ Սոնյան ներս մտավ, Ռազումիխինը, որ նստած էր Ռասկոլնիկովի երեք աթոռներից մեկին, հենց դռան կողքին, վեր կացավ, որ ճանապարհ տար նրան։ Ռասկոլնիկովը սկզբում աղջկան ցույց տվեց բազմոցի ծայրը, ուր քիչ առաջ նստել էր Զոսիմովը, բայց հիշելով, որ այդ բազմոցը ''շատ մոտիկ'' մարդու տեղ է և ինքը քնում է դրա վրա, շտապեց աղջկան ցույց տալ Ռազումիխինի աթոռը։
— Իսկ դու նստիր այստեղ,— ասաց նա Ռազումիխինին և նրան նստեցրեց բազմոցի ծայրին, Զոսիմովի տեղը։
Սոնյան նստեց համարյա դողալով վախից ու երկչոտ նայեց կանանց։ Երևում էր, որ նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես կարող էր նստել նրանց կողքին։ Ըմբռնելով այդ, նա այնքան վախեցավ, որ հանկարծ նորից վեր կացավ և բոլորովին շփոթված դիմեց Ռասկոլնիկովին.
— Ես․․․ ես... եկա մի րոպեով, ներեցեք, որ ձեզ անհանգստացրի,— կմկմալով ասաց նա։— Ես եկել եմ Կատերինա Իվանովնայի կողմից, ուրիշ մեկը չկար, որ նա ուղարկեր... Կատերինա Իվանովնան հրամայեց շատ խնդրել ձեզ, որ վաղը առավոտյան... պատարագից հետո լինեք հուղարկավորման վայրում... Միտրոֆանևյան գերեզմանոցում, հետո էլ մեզ մոտ... նրա մոտ... անուշ անելու․․․ նրան պատիվ անելու... նա պատվիրեց խնդրել ձեզ։
Սոնյան կմկմաց ու լռեց։
— Կաշխասոեմ անպայման․․․ անպայման գալ, — պատասխանեց Ռասկոլնիկովը, նա էլ վեր կացավ՝ նույնպես կմկմալով աւ չվերջացնելով խոսքը...— Բարի եղեք, նստեցեք,— հանկարծ ասաց նա,— ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Խնդրում եմ, դուք գուցե շտապում եք, շնորհ արեք, ինձ երկու րոպե նվիրեք...
Եվ նա աթոռը հրամցրեց աղջկան։ Սոնյան դարձյալ նստեց ու էլի երկչոտ, շփոթված, հապճեպ նայեց կանանց և հանկարծ կախեց գլուխը։
Ռասկոլնիկովի գունատ դեմքը շիկնեց. նա կարծես ցնցվեց ամբողջ մարմնով, աչքերը ճառագայթեցին։
— Մայրիկ,— ասաց նա կտրուկ և անհողդողդ,— նա Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովնան է, հենց այն դժբախտ պարոն Մարմելադովի դուստրը, որ երեկ իմ աչքերի առաջ կառքի տակ ընկավ և որի մասին ես արդեն ասել եմ ձեզ...
Պույլխերիա Ալեքսանդրովնան նայեց Սոնյային և մի քիչ կկոցեց աչքերը։ Չնայելով Ռոդյայի համառ ու սաստող հայացքի հանդեպ իր շփոթմունքին, նա ոչ մի կերպ չկարողացավ հրաժարվել այդ հաճույքից։ Դունեչկան լրջախոհ, ակնապիշ նայում էր խեղճ աղջկա հենց երեսին ու տարակուսանքով զննում նրան։ Լսելով Ռասկոլնիկովի խոսքերը, Սոնյան բարձրացրեց գլուխը, բայց առաջվանից է՛լ ավելի շփոթվեց։
— Ես ուզում էի ձեզ հարցնել, թե այսօր ձեզ մոտ ինչ եղավ,— դիմեց նրան Ռասկոլնիկովը,— հո ձեզ չանհանգստացրին, օրինակ, ոստիկանության կողմից։
— Ոչ, ամեն ինչ անցավ... Չէ՞ որ բոլորովին պարզ է, թե ինչից է եղել մահը․ չանհանգստացրին. միայն թե անվորներն են բարկանում։
— Ինչո՞ւ։
— Որ դիակը երկար է մնում տանը... հիմա հո շոգ է, տոթ... այնպես որ, այսօր, երեկոյան ժամերգության պահին կտանեն գերեզմանոց, մինչև վաղը կմնա մատուռում։ Կատերինա Իվանովնան սկզբում այդ չէր ուզում, իսկ հիմա ինքն էլ է տեսնում, որ չի կարելի տանը թողնել...
— Ուրեմն այսօ՞ր։
— Նա ձեզ խնդրում է պատիվ անել մեզ, վաղը գալ եկեղեցի, հուղարկավորման, հետո էլ գալ իր մոտ, հոգեհացի։
— Նա հոգեհա՞ց է պատրաստում։
— Այո, ուտելիք. նա պատվիրեց խորին շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք երեկ օգնեցիք մեզ... առանց ձեզ թաղման ոչ մի միջոց չէր լինի։— Աղջկա թե շրթունքները և թե կզակը հանկարծ ցնցվեցին, բայց նա սրտապնդվեց ու պահեց իրեն՝ դարձյալ խոնարհելով գլուխը ու նայելով հատակին։
Խոսակցության ժամանակ Ռասկոլնիկովը աչքերով զննում էր նրան։ Աղջկա փոքրիկ դեմքը նիհար էր, բոլորովին նիհար ու գունատ, բավական անկանոն և մի տեսակ սուր գծերով, սուր, փոքրիկ քթով և սուր կզակով։ Չէր կարելի նրան սիրունատես անվանել, բայց դրա փոխարեն երկնագույն աչքերը այնքա՜ն պայծառ էին, ու երբ դրանք աշխուժանում էին, դեմքը այնքան բարություն և պարզամտությոմւ էր արտահայտում, որ նա ակամայից ուշադրություն էր գրավում։ Բացի ղրանից, նրա դեմքին և նրա ամբողջ կերպարանքում կար առանձնահատուկ, բնորոշ մի գիծ. չնայած իր տասնութամյա հասակին, նա թվում էր համարյա դեռ փոքրիկ աղջիկ, իր տարիքից շատ ավելի փոքր, գրեթե բոլորովին երեխա, և դա երբեմն նույնիսկ ծիծաղելի կերպով էր արտահայտվում նրա որոշ շարժումներում։
— Բայց մի՞թե Կատերինա Իվանովնան կարող էր բավարարվել այդքան քիչ միջոցներով, նույնիսկ ուտելիք էլ պատրաստել,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ համառորեն շարունակելով խոսակցությունը։
— Լինելու է հասարակ դագաղ... ու ամեն ինչ էլ հասարակ, այնպես որ թանկ չի նստի... Ես ու Կատերինա Իվանովնան հաշիվ արեցինք, այնպես որ հոգեհացի համար էլ փող կմնա... Կատերինա Իվանովնան շատ է ուզում, որ այդպես լինի։ Այլ կերպ չի կարելի... դա սփոփանք է նրա համար... նա այդպես է, դուք հո գիտեք...
— Հասկանում եմ, հասկանում եմ... դե իհարկե... Հը՛, ի՞նչ եք դիտում սենյակս, մայրիկս ասում է, որ սա դագաղի է նման։
— Երեկ դուք ձեզ մոտ եղած ամբողջ փողը տվիք մեզ,— ինչ֊որ ուժեղ և արագ շշնջոցով հանկարծ պատասխանեց Սոնեչկան ու դարձյալ բոլորովին խոնարհեց գլուխը։ Նրա շրթունքները և կզակը դարձյալ ցնցվեցին։ Ռասկոլնիկովի աղքատիկ ապրելավայրը արդեն վաղուց էր ապշեցրել նրան, և հիմա այդ խոսքերը հանկարծակի, ինքնաբերաբար թռան նրա բերանից։ Տիրեց լռություն։ Դունեչկայի աչքերը մի տեսակ պայծառացան, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան նույնիսկ սիրալիրությամբ նայեց Սոնյային։
— Ռոդյա,— վեր կենալով ասաց նա,— մենք, իհարկե, միասին կճաշենք։ Դունեչկա, գնանք... Իսկ դու, Ռոդյա, գնայիր մի քիչ զբոսնելու, հետո էլ հանգստանայիր ու շուտ գայիր մեզ մոտ... Թե չէ մենք քեզ հոգնեցրինք, ես վախենում եմ...
― Այո, այո, կգամ,— արագ վեր կենալով պատասխանեց Ռասկոլնիկովը...— Ի միջի այլոց ես գործ ունեմ...
— Մի՞թե դուք միասին չեք ճաշելու,— գոչեց Ռազումիխինը՝ զարմացած նայելով Ռասկոլնիկովին,— դու ի՞նչ ես մտածում։
— Այո, այո, կգամ իհարկե, իհարկե... Իսկ դու կաց մի րոպե։ Սա այժմ հո ձեզ հարկավոր չէ՞, մայրիկ, կամ գուցե ես սրան խլո՞ւմ եմ ձեզնից։
— Օ, ոչ, ոչ։ Իսկ դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, բարի եղեք, եկեք ճաշելու։
— Խնդրում եմ եկեք,— ասաց Դունյան։
Ռազումիխինը գլուխ տվեց և թունդ կարմրեց։ Մի ակնթարթ բոլորն էլ հանկարծ ինչ-որ տարօրինակ անհարմարություն զգացին։
— Մնաս բարով, Ռոդյա, այսինքն ցտեսություն․ չեմ սիրում «մնաս բարով» ասել։ Մնաս բարով, Նաստասյա․․․ ախ, էլի «մնաս բարով» ասացի...
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուզում էր Սոնյային էլ գլուխ տալ, բայց ինչ֊որ չհաջողվեց, ու շտապելով, սենյակից դուրս ելավ։
Իսկ Ավդոտյա Ռոմանովնան կարծես հերթի էր սպասում, ու հետևելով մորը և անցնելով Սոնյայի կողքից, ուշադրությամբ, քաղաքավարի ու լիովին գլուխ տվեց նրան։ Սոնեչկան շփոթվեց, գլուխ ավեց մի տեսակ աճապարանքով և վախեցած, ու նրա դեմքին նույնիսկ ինչ֊որ հիվանդագին զգացում անդրադարձավ, կարծես թե Ավդոտյա Ռոմանովնայի քաղաքավարությունը և ուշադրությունը ծանր ու տանջող էին իր համար։
— Դո՛ւնյա, բարով գնաս,— արդեն սրահում գոչեց Ռասկոլնիկովը,— դե, տո՛ւր ձեռքդ։
— Ախր ես ձեռք տվի, մոռացա՞ր,— պատասխանեց Դանյան՝ սիրալիր ու անհարմար շուռ գալով նրա կողմը։
— Ինչ կա որ, էլի ձեռք տուր։
Եվ նա ամուր սեղմեց քրոջ մատները։ Դունեչկան ժպտաց, շիկնեց, հապճեպ ետ քաշեց ձեռքը ու գնաց մոր ետևիg. հայտնի չէ ինչու, նա էլ իրեն երջանիկ զգաց։
— Ահա և լավ է ամեն ինչ,— ասաց Ռասկոլնիկովը Սոնյային՝ վերադառնալով իր խուցը և ուշադիր նայելով նրան,— ողորմի մեռելների հոգուն, իսկ կենդանի մարդիկ գեռ պետք է ապրեն, այնպես չէ՞, հո այդպե՞ս է։
Սոնյան նույնիսկ զարմանքով էր նայում հանկարծակի պայծառացած նրա դեմքին, Ռասկոլնիկովը մի քանի ակնթարթ աչքերով լուռ և ուշադիր զննում էր նրան։ Նա այդ րոպեին հանկարծ վերհիշեց այն ամենը, ինչ որ Սոնյայի մասին պատմել էր վերջինիս մեռած հայրը։
— Տեր աստված,— փողոց դուրս գալուց հետո իսկույն ոկսեց խոսել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— Դունեչկա, հիմա ես ինքս էլ կարծես ուրախ եմ, որ գնացինք այնտեղից, սիրտս թեթևացավ։ Մի՞թե երեկ վագոնում մտքովս կանցներ, որ նույնիսկ դրա համար էլ պիտի ուրախանամ։
— Դարձյալ ասում եմ ձեզ, մայրիկ, որ նա դեռ շաա հիվանդ է։ Մի՞թե դուք չեք տեսնում. գուցե մեր կարոտը քաշելուց է տկարացել։ Հարկավոր է ներողամիտ լինել, կարելի է շատ, շաա բան ներել․․․
— Իսկ դու ներողամիտ չէիր,— տաքացած աւ խանդոտ վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գիտե՞ս, Դունյա, ես նայում էի երկուսիդ էլ, դու իսկ և իսկ նման ես նրան, և ոչ այնքան դեմքով, որքան հոգով. երկուսդ էլ մելամաղձոտ եք, երկուսդ էլ նոթոտ ու տաքարյուն, երկուսդ էլ գոռոզ ու մեծահոգի․․․ Չի կարող պատահել, որ նա եսամոլ լինի, այնպես չէ՞, Դունեչկա... Հենց որ մտածում եմ, թե այսօր երեկոյան մեզ մոտ ինչ է լինելու, սիրտս նվաղում է։
― Մի՛ անհանգստանաք, մայրիկ, կլինի այն, ինչ որ պեաք է լինի։
— Դունեչկա, հապա մաածիր, թե մենք հիմա ինչ դրության մեջ ենք, ի՞նչ կլինի, եթե Պյոտր Պեարովիչը մեզնից ձեռք քաշի,— հանկարծ անզգուշաբար ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Դրանից հետո նա ինչի՞ է պեաք,— կտրուկ և արհամարհանքով պատասխանեց Դունյան։
— Մենք լավ արեցինք, որ եկանք,— վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ընդհատելով աղջկան,— Ռոդյան շտապում էր գործով ինչ֊որ տեղ գնալ. թող ման գա, գոնե մաքուր օդ շնչի... նրա սենյակում սարսափելի տոթ է... Իսկ այստեղ որտեղի՞ց մաքուր օդ գտնես, այստեղ փողոցներում էլ այնպես է, ինչպես օդանցք չունեցող սենյակներում։ Տեր ասաված, այս ի՞նչ քաղաք է... Կաց, ճամփա տուր, թե չէ կճզմեն, այդ ի՞նչ են տանում, հա՛, դաշնամուր է․ տես, է՛, ոնց են հրմշտում իրար... Ես շատ եմ վախենում նաև այն աղջկանից...
— Ո՞ր աղջկանից, մայրիկ։
— Սոֆյա Սեմյոնովնայից, որ Ռոդյայի մոտ եկավ։
— Ինչո՞ւ ես վախենում։
— Նախազգացումս այդպես է, Դունյա։ Էհ, հավատո՞ւմ ես, հենց որ նա ներս մտավ, ես այդ նույն րոպեին մտածեցի, որ գլխավոր բանը այստեղ է որ կա...
— Ոչ մի գլխավոր բան,— սրտնեղելով գոչեց Դունյան։— Թողեք ձեր այդ նախազգացումները, մայրիկ։ Ռոդյան միայն երեկվանից է ծանոթ նրա հետ, ու երբ աղջիկը ներս մտավ, Ռռդյան չճանաչեց նրան։
— Այ, կտեսնես... նա շփոթեցնում է ինձ, կտեսնես, թե ինչ կլինի, ես խիստ վախեցա, նայում է ինձ, նայում է, և ինչ տեսակ աչքե՜ր ունի, ես հազիվ էի աթոռին նստած մնում, հիշո՞ւմ ես, երբ Ռոդյան հայտնեց, թե ով է նա։ Ես զարմանում եմ․ Պյոտր Պետրովիչը այդպիսի բաներ է գրում այդ աղջկա մասին, իսկ Ռոդյան նրան ծանոթացնում է մեզ հետ, այն էլ քեզ հե՜տ։ Ուրեմն այդ աղջիկը թանկ է նրա համար։
— Շատ էլ գրում է, մեր մասին էլ խոսում և գրում էին, մոռացե՞լ եք, ինչ է. ես հավատացած եմ, որ նա․․․ հիանալի աղջիկ է, և այդ բոլորը անհեթեթություն է։
— Աստված տա այդպես լինի։
— Իսկ Պյոտր Պետրովիչը անպետք զրպարտիչ է,— հանկարծ կտրուկ գոչեց Դունեչկան։
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուղղակի կուչ եկավ։ Խոսակցությունը ընդհատվեց։
— Ահա թե ինչ, ահա թե ես ինչ գործ ունեմ քեզ հետ․․․― ասաց Ռասկոլնիկովը՝ Ռազումիխինին տանելով դեպի պատուհանը։
— Ուրեմն ես կասեմ Կատերինա Իվանովնային, որ դուք կգաք․․․— ասաց Սոնյան և գլուխ տվեց, որպեսզի գնար։
— Հիմա, Սոֆյա Սեմյոնովնա, մենք գաղտնիքներ չունենք, դուք չեք խանգարում... Ես կուզենայի ձեզ էլի մի երկու խոսք ասել․․․ Ահա թե ինչ,— առանց խոսքը վերջացնելու նորից նա դիմեց Ռազումիխինին,— դու հո ճանաչում ես այն... ինչպես է անունը․․․ հա՛, Պորֆիրի Պետրովիչին։
— Ինչպե՛ս չէ, ազգական է։ Ի՞նչ կա որ,— ինչ-որ չարված հետաքրքրությամբ ավելացրեց Ռազումիխինը։
— Կարծեմ նա քննում է... այն սպանության գործը... այնպես չէ՞... երեկ դուք խոսում էիք այդ մասին։
— Այո... ի՞նչ կա որ։— Ռազումիխինը հանկարծ չռեց աչքերը։
— Նա հարցաքննում էր գրավ դնողներին, իսկ այնտեղ ես էլ գրավ դրած իրեր ունեմ, այնպես, էլի, հասարակ բաներ են,— քրոջս մատանին, որ նա նվիրել էր ինձ իբրև հիշատակ, երբ ես մեկնում էի Պետերբուրգ, ու հորս արծաթե ժամացույցը։ Դրանք արմեն ընդամենը հինգ֊վեց ռուբլի, բայց ինձ համար թանկ են, հիշատակ են։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Չեմ ուզում, որ այդ իրերը կորչեն, մանավանդ ժամացույցը։ Քիչ առաջ վախենում էի, որ մայրս ինձ կհարցնի ժամը, երբ խոսեցինք Դունեչկայի ժամացույցի մասին։ Միակ իրն է, որ հորիցս մնացել է ինձ։ Մայրս կսարսափի, եթե դա կորչի։ Դե՛, կանայք են, էլի՛։ Ի՞նչ կարելի է անել, սովորեցրու։ Դիտեմ, որ պետք է դիմել քաղաքամաս։ Ավելի լավ չէ՞ դիմել հենց Պորֆիրիին, հը՞։ Դու ի՞նչ ես կարծում։ Գործը ավելի շուտ գլուխ կգա։ Ա՛յ, կտեսնես, դեռ մինչև ճաշ մայրիկս կհարցնի ժամացույցի մասին։
— Պետք է դիմել ոչ թե քաղաքամաս, այլ անպայման Պորֆիրիին,— ինչ֊որ մի անսովոր հուզմունքով գոչեց Ռազումիխինը։— Էհ, որքա՜ն ուրախ եմ։ Դե գնանք հենց հիմա, բոլորովին մոտիկ է, հավանորեն կգտնենք նրան։
— Այո... գնանք․․․
— Նա մեծ, մեծ, մեծ ուրախությամբ կծանոթանա քեզ հետ։ Հաճախ ես նրան շատ բաներ եմ ասել քո մասին․․․ Երեկ էլ եմ ասել։ Գնանք... Ուրեմն դու ճանաչո՞ւմ էիր պառավին։ Հը՛մ... Հիանալի է այդ բոլորը... Հա՛․․․ Սոֆյա Իվանովնան․․․
— Սոֆյա Սեմյոնովնա,— ուղղեց Ռասկոլնիկովը։— Սո՛ֆյա Սեմյոնովնա, սա իմ ընկերն է, Ռազումիխինը, լավ մարդ է...
— Եթե դուք հիմա պետք է գնաք․․․— խոսքը չվերջացրեց Սոնյան, բոլորովին էլ չնայեց Ռազումիխինին և դրանից ավելի ևս շփոթվեց։
— Դե գնանք,— ասաց Ռասկոլնիկովը,— ես հենց այսօր կանցնեմ ձեզ մոտ, Սոֆյա Սեմյոնովնա, ասացեք, որտե՞ղ եք ապրում։
Ռասկոլնիկովը չէ՛ թե իրեն կորցնում էր, այլ հենց այնպես, կարծես թե շտապում էր և խուսափում աղջկա հայացքներից։ Սոնյան շիկնելով տվեց իր հասցեն։ Բոլորը միասին դուրս եկան։
— Բա դուռը չե՞ս փակում,— հարցրեց Ռազումիխինը՝ իջնելով նրանց ետևից։
— Երբեք․․․ Ի միջի այլոց, ահա արդեն երկու տարի է, որ ուզում եմ կողպեք գնել ու չի հաջողվում,— անփույթ ավելացրեց Ռասկոլնիկովը։— Բախտավոր են այն մարդիկ, որոնք փակելու ոչինչ չունեն,— ծիծաղելով դիմեց նա Սոնյային։
Նրանք կանգ առան դարպասի մոտ։
— Դուք ա՞ջ կողմն եք գնալու, Սոֆյա Սեմյոնովնա։ Հա՛, դուք ինչպե՞ս գտաք ինձ,— Հարցրեց Ռասկոլնիկովը՝ կարծես ցանկանալով ինչ֊որ բոլորովին այլ բան ասել աղջկան։ Նա շարունակ ուզում էր նայել Սոնյայի մեղմ, պայծառ աչքերին և դա այնքան էլ չէր հաջողվում...
— Չէ՞ որ դուք երեկ ձեր հասցեն ասել էիք Պոլեչկային։
— Պոլյայի՞ն։ Ախ, հա՛... Պոլեչկային։ Այն․․․ փոքրիկ աղջկան... Նա ձեր քո՞ւյրն է։ Ուրեմն ես հասցես նրա՞ն եմ տվել։
— Մի՞թե մոռացել եք։
— Ոչ... հիշում եմ...
— Ես ձեր մասին առաջ հանգուցյալից էլ եմ լսել... Միայն թե այն ժամանակ չգիտեի ձեր ազգանունը, նա ինքն էլ չգիտեր... երեկ իմացա ձեր ազգանունը, իսկ այսօր եկա, հարցրի՝ որտե՞ղ է ապրում պարոն Ռասկոլնիկովը... Չգիտեի, որ դուք էլ տնվորի բնակարանում եք ապրում... Ցտեսություն... Ես Կատերինա Իվանովնային կասեմ, որ դուք կգաք․․․
Սոնյան շաա ուրախ էր, որ վերջապես հեռացավ, գնաց գլխիկոր, շտապելով, որպեսզի մի կերպ շուտ չքանա նրանց աչքից, որպեսզի մի կերպ անցնի այդ քսան քայլը՝ մինչև աջ կողմը դարձող փողոցը և վերջապես մենակ մնա, ու այնուհետև քայլելով, շտապելով, ոչ ոքի չնայելով, ոչինչ չնկատելով, մտածի, հիշի ու կշռադատի յուրաքանչյուր ասված խոսքը, յուրաքանչյուր հանգամանքը։ Մի ամբողջ անհայտ ու անորոշ աշխարհ բացվեց նրա հոգու մեջ։ Նա հանկարծ հիշեց, որ Ռասկոլնիկովը ինքն էր ուզում նրա մոտ անցնել այդ օրը, գուցե և առավոտյան, գուցե և այդ ժամին։
— Միայն թե ոչ այսօր, խնդրում եմ, ոչ այսօր,— քրթմնջում էր նա սրտի նվաղումով, կարծես որևէ մեկին խնդրելով, ինչպես վախեցած երեխա։— Տե՛ր աստված, ինձ մո՛տ... այն սենյակը... նա ամեն ինչ կտեսնի... Օ, տեր աստված։
Եվ նա, իհարկե, այդ րոպեին չէր կարող նկատել իրեն անծանոթ մի պարոնի, որը համառորեն հետևում և կրնկակոխ ուղեկցում էր իրեն։ Պարոնը նրան ուղեկցում էր հենց դարպասից դուրս գալու պահից։ Այն րոպեին, երբ երեքն էլ՝ Ռազումիխինը, Ռասկոլնիկովը և Սոնյան, կանգ առան մայթի վրա, մի երկու խոսք ասելու, այդ պարոնը անցնելով նրանց կողքից, հանկարծ կարծես ցնցվեց՝ անսպասելիորեն, պատահաբար լսելով Սոնյայի հետևյալ խոսքերը՝ «հարցրի՝ որտե՞ղ է ապրում պարոն Ռասկոլնիկովը»։ Պարոնը արագ, բայց ուշադիր դիտեց երեքին էլ, մանավանդ Ռասկոլնիկովին, որին դիմում էր Սոնյան. հետո նայեց տանը և դա նկատի առավ։ Այդ բոլորը նա արեց մի ակնթարթում, քայլելիս, ու աշխատելով աննկատելի լինել, անցավ առաջ, դանդաղեցրեց քայլերը, կարծես ինչ-որ բան էր սպասում։ Նա հետամտում էր Սոնյային, նա տեսավ, որ նրանք միմյանց հրաժեշտ էին տալիս, և Սոնյան հիմա գնալու է ինչ-որ տեղ, երևի իր բնակարանը։
«Որտե՞ղ կլինի նրա բնակարանը։ Ինչ-որ մի տեղ տեսել եմ այդ դեմքը,— մտածում էր պարոնը՝ վերհիշելով Սոնյայի դեմքը․․․— հարկավոր է իմանալ»։
Հասնելով փողոցի անկյունը, նա անցավ դրա մյուս կողմը, շուռ եկավ ու տեսավ, որ Սոնյան արդեն գալիս է իր ետևից, նույն ճանապարհով, ու ոչինչ չի նկատում։ Հասնելով փողոցի անկյունը, նա էլ դարձավ դեպի մյուս փողոցը։ Պարոնը մյուս մայթից հետամտում էր նրան, աչքը չէր կտրում նրանից, գնալով մի հիսուն քայլ, նա անցավ այն կողմը, որով գնում էր Սոնյան, հասավ նրան ու քայլեց նրա ետևից, հինգ քայլ հեռավորությամբ։
Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր, միջահասակից բարձր, չաղ, լայն ու բարակ ուսերով, որ նրան մի փոքր կորացած տեսք էր տալիս։ Հագնված էր շքեղ ու վայելուչ և հոյակազմ բարինի տեսք ուներ։ Ձեռքին կար գեղեցիկ ձեռնափայտ, որով յուրաքանչյուր քայլն անելիս թխկացնում էր մայթին, ձեռքերին էլ բոլորովին նոր ձեռնոցներ կային։ Նրա լայն, այտոսկրոտ դեմքը բավական հաճելի էր, ու դեմքի գույնը թարմ էր, պետերբուրգյան գույն չէր։ Նրա մազերը, որ դեռ շատ խիտ էին, բոլորովին բաց-խարտյաշ էին և մի քիչ ալեխառն, իսկ լայն, խիտ մորուքը, որ բահի ձև ուներ, ավելի բաց գույնի էր, քան գլխի մազերը։ Աչքերը կապույտ-երկնագույն էին, սառն, ուշադիր և խոհուն նայվածքով, շրթունքները ալ կարմիր էին։ Ընդհանրապես նա հիանալի պահպանված մարդ էր և իր տարիքից շատ ավելի փոքր էր թվում։
Երր Սոնյան հասավ ջրանցքը, նրանք արդեն մայթի վրա իրար կողքի էին։ Դիտելով նրան, պարոնը կարողացավ նկատել, որ նա մտազբաղ է ու մտացրիվ։ Հասնելով իր տունը, Սոնյան շուռ եկավ դեպի դարպասը, պարոնը ասես մի քիչ զարմանալով, հետևեց նրան։ Սոնյան մտավ բակ, դարձավ աջ, անկյունը, ուր գտնվում էր նրա բնակարանը տանող սանդուղքը։ «Վահ»,— փնթփնթաց անծանոթ բարինը և սկսեց նրա ետևից բարձրանալ սանդուղքով։ Սոնյան միայն այստեղ նկատեց նրան։ Նա բարձրացավ երրորդ հարկ, անցավ միջանցք և զանգահարեց 9֊րդ համարը, որի դռան վրա կավճով դրված էր՝ ''դերձակ Կապերնաումով''։ «Վահ», դարձյալ ասաց անծանոթը՝ զարմանալով տարօրինակ զուգադիպությունից, ու զանգահարեց կողքի 8֊րդ համարը։ Երկու դռների միջև տարածությունը մոտ վեց քայլ էր։
— Դուք Կապերնաումովի մո՞տ եք ապրում,— նայելով Սոնյային ու ծիծաղելով, հարցրեց պարոնը։— Երեկ նա վերակարում էր իմ բաճկոնակը։ Ես էլ այստեղ եմ ապրում,― ձեր կողքին, մադամ Ռեսսլիխի, Հերտրուդա Կառլովնայի մոտ։ Ա՜յ քեզ անսպասելի բան։
Սոնյան ուշադրությամբ նայեց նրան։
— Հարևաններ ենք,— շարունակեց պարոնը մի ինչ֊որ ակնբախ ուրախությամբ։— Երրորդ օրն է միայն, որ ես գտնվում եմ քաղաքում։ Էհ, առայժմ ցտեսություն։
Սոնյան չպատասխանեց. դուռը բացին ու ներս մտավ։ Նա ամաչում էր ինչ֊որ մի բանից և կարծես երկչոտում...
Ռազումիխինը Պորֆիրիի մոտ գնալու ճանապարհին գտնվում էր առանձնապես հուզված վիճակում։
— Սա հիանալի է, աղբերացու,— մի քանի անգամ կրկնում էր նա,— ու ես ուրախ եմ, ուրախ։
«Ախր ինչո՞վ ես ուրախ»,— մտածում էր Ռասկոլնիկովը։
— Ես հո չգիտեի, որ դու էլ էիր իրեր գրավ դնում պառավի մոտ։ Եվ․․․ և... վաղո՞ւց է այդ եղել, այսինքն՝ դու ե՞րբ ես եղել նրա մոտ։
«Այ քեզ պարզամիտ հիմար»։
— Ե՞րբ...— Ռասկոլնիկովը մի քիչ կանգ առավ՝ լարելով հիշողությունը,— կարծեմ նրա մահից երեք օր առաջ եմ եղել։ Ի միջի այլոց, ես այժմ հո չեմ գնում իրերս ետ վերցնելու,— ավելացրեց նա իրերի վերաբերյալ ինչ֊որ հապճեպ և առանձնահատուկ հոգատարությամբ,— չէ՞ որ ինձ մոտ ընդամենը մեկ ռուբլի արծաթադրամ կա... երեկվա այն անիծված զառանցանքի պատճառով...
Նա առանձնապես շեշտեց «զառանցանք» բառը։
— Այո, այո, այո,— հայտնի չէ ինչի համար արագ-արագ «այո» ասաց Ռազումիխինը,— հապա ինչո՞ւ դու այն ժամանակ... մասամբ հուզվում էիր... գիտե՞ս, դու զառանցանքի մեջ էլ ինչ-որ մատանիներ ու շղթաներ էիր հիշատակում... Այո, այո... Դա պարզ է, հիմա ամեն ինչ պարզ է։
«Հը՛մ, ահա թե նրանց մեջ ինչպես է տարածվել այդ միտքը։ Այս մարդը ինձ համար խաչվելու կգնա, բայց շատ ուրախ է, որ ''ամեն ինչ պարզվել է'', քանի որ ես զառանցանքի մեջ մատանիների մասին էի խոսում։ Ա՛յ թե սրանք բոլորը ինչ մտքի են հանգել...»։
— Մենք նրան տանը կգտնե՞նք,— հարցրեց Ռասկոլնիկովը։
— Կգտնենք, կգտնենք,— հապճեպ վրա բերեց Ռազումիխինը։— Նա հիանալի երիտասարդ է, այ, կտեսնես։ Մի քիչ անճոռնի է, այսինքն՝ նա նրբակիրթ մարդ է, ես ուրիշ առումով եմ անճոռնի անվանում։ Խելացի է, խելացի, նույնիսկ շատ խելոք է, միայն թե մտքերի կերտվածքը յուրահատուկ է... Կասկածամիտ է, հոռետես, ցինիկ... Սիրում է խաբել, այսինքն՝ ոչ թե խաբել, այլ հիմարացնել... փողով շահվելու հին մեթոդն է կիրառում... Իսկ գործը գիտե, գիտե... Անցյալ տարի նա սպանության մի գործ պարզեց, որի համարյա բոլոր հետքերը կորած էին։ Շատ, շատ, շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։
— Ինչո՞ւ է այդքան շատ ցանկանում։
— Այսինքն․․․ գիտե՞ս, վերջին ժամանակներում, երբ դու հիվանդացար, ես հաճախ առիթ էի ունենում նրա հետ երկար խոսել քո մասին․․․ նա լսում էր․․․ ու երբ իմացավ, որ դու նյութական պատճառով չես կարողանում ավարտել իրավաբանական դասընթացը, ասաց՝ շատ ցավալի է։ Ես էլ պատշաճ եզրակացություն արեցի... այսինքն ոչ թե միայն այդ մասին, այլ այս ամբողջ պատմության վերաբերյալ, երեկ Զամետովն էր գլխից դուրս տալիս... Հա՛, Ռոդյա, երեկ, երբ ես ու դու տուն էինք գնում, ես հարբած վիճակում ինչ-որ բաներ էի ասում... Վախենում եմ, որ դու չափազանցնես այդ ամենը։
— Այսինքն ի՞նչ, որ ինձ խելագա՞ր են համարում։ Էհ, գուցե և դա ճշմարիտ է։
Ռասկոլնիկովը քահ-քահ ծիծաղեց։
— Այո, այո... թյո՛ւ, այսինքն ոչ... Ինչ որ ես ասում էի (նաև ուրիշ բաների մասին), բոլորը անհեթեթություն էր, հարբածությունից էր։
— Էլ ի՞նչ ես մեղա դալիս։ Օ, որքան ձանձրացրել է ինձ այդ ամենը,— սաստիկ ջղայնացած գոչեց Ռասկոլնիկովը։ Սակայն նա մասամբ կեղծում էր։
— Գիտեմ, գիտեմ, հասկանում եմ։ Հավատացած եղիր, որ հասկանում եմ։ Այդ մասին նույնիսկ խոսելն էլ ամոթ է։
— Եթե ամոթ է, ուրեմն մի խոսիր։
Երկուսն էլ լռեցին։ Ռազումիխինը ավելի քան ցնծության մեջ էր, ու Ռասկոլնիկովը նողկանքով էր այդ զգում։ Նրան անհանգստացնում էր նաև այն, ինչ որ Ռազումիխինը հիմա ասել էր Պորֆիրիի մասին։
«Նա էլ պետք է աղքատ Ղազարոս ձևանա,— գունատվելով ու սրտատրոփ մտածում էր Ռասկոլնիկովը,— անպայման պետք է ձևանա։ Այլ կերպ չի կարող լինել։ Ուրիշ բան չի լինի։ Ոչ, անշուշտ կեղծելու է... Էհ, տեսնենք հիմա... ինչ կլինի... Լա՞վ է, թե՞ լավ չէ, որ ես գնում եմ նրա մոտ։ Սիրտս խփում է, այ թե ինչն է վատ...»։
— Այս գորշ տանն է,— ասաց Ռազումիխինը։
«Ամենից կարևորն այն է, թե արդյոք Պորֆիրին գիտե՞, թե՞ չգիտե, որ ես երեկ եղել եմ այն վհուկ պառավի բնակարանում... ու հարցրել արյան մասին։ Հարկավոր է վայրկենապես, առաջին իսկ պահից այդ իմանալ, հենց որ ներս մտնեմ, դեմքից կիմանամ, այլապես... թեկուզ կկորչեմ, բայց կիմանամ»։
— Գիտե՞ս ինչ,— հանկարծ խորամանկ ժպիտով դիմեց նա Ռազումիխինին,— ես այսօր նկատեցի, որ դու առավոտից արտասովոր չափով հուզված ես։ Ճշմարի՞տ է։
— Ի՞նչ հուզմունք։ Ամենևին էլ հուզված չեմ,— նեղացավ Ռազումիխինը։
— Ոչ, բարեկամ, այդ նկատելի է։ Աթոռին այնպես էիր նստած, ինչպես երբեք չես նստում, տեղավորվել էիր աթոոի ծայրին, ու շարունակ ջղաձգաբար ցնցվում էիր։ Առանց որևէ առիթի վեր էին թռչում։ Մերթ բարկացած էիր լինում, մերթ էլ երեսդ շաքարի պես քաղցր արտահայտություն էր ստանում։ Նույնիսկ կարմրում էիր. առանձնապես թունդ կարմրեցիր, երբ քեզ ճաշի հրավիրեցին։
— Ոչ, ոչ դու ստում ես... Ախր ինչե՞ր ես ասում։
— Էլ ի՞նչ ես աշակերտի նման պատեպատ ընկնում։ Փո՛ւ, գրողը տանի, էլի կարմրեց։
— Բայց ի՜նչ խոզն ես։
— Ինչո՞ւ ես շփոթվում, Ռոմեո։ Սպասիր, այսօր ես մի տեղ կպատմեմ այս բոլորը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Այ թե ինչպես կծիծաղեցնեմ մայրիկին... նաև մյուսներին...
— Լսիր, լսիր, լսիր, չէ՞ որ դա լուրջ բան է... Ինչե՞ր ես մոգոնում, գրողը տանի,— Ռազումիխինը բոլորովին շշմեց, սարսռեց սարսափից։— Ի՞նչ ես պատմելու նրանց։ Ես, աղբերացու... թյո՛ւ, խոզի մեկը։
— Ուղղակի գարնանային վարդի պես ես կարմրում, օ՜, եթե գիտենայիր, թե դա որքա՜ն է քեզ սազում․ հենց Ռոմեո ես որ կաս։ Ոնց էլ լվացվել ես այսօր, մաքրել եղունգներդ, հը՞։ Ե՞րբ է այդպես եղել։ Հոգիս վկա պոմադ էլ ես քսել, խոստովանիր։
— Խոզ։
Ռասկոլնիկովը այնքան ծիծաղեց, որ թվում էր, թե այլևս անկարող է իրեն զսպել, այդպես էլ նրանք ծիծաղով մտան Պորֆիրի Պետրովիչի բնակարանը։ Ռասկոլնիկովին հենց այդ էր հարկավոր, սենյակներից կարելի էր լսել, որ նրանք ծիծաղով են ներս մտել ու դեռ քրքջում են նախասենյակում։
— Այստեղ ոչ մի խոսք, այլապես ես քո... գլուխը կջարդեմ,— կատաղությամբ շշնջաց Ռազումիխինը՝ ցնցելով Ռասկոլնիկովի ուսը։
## V
Ռասկոլնիկովը արդեն մտնում էր սենյակները։ Նա այնպիսի տեսքով էր, որ կարծես ամբողջ ուժով մեկ աշխատում էր մի կերպ զսպել ծիծաղը։ Նրա ետևից, ցասկոտ դեմքը բոլորովին բարձր պահած, ամաչելով, ալ վարդի պես շառագունած, երկար ու անճոռնի հասակով մեկ ներս մտավ Ռազումիխինը։ Նրա դեմքը և ամբողջ կերպարանքը այդ րոպեին իսկապես որ ծիծաղելի էին և արդարացնում էին Ռասկոլնիկովի ծիծաղը։ Ռասկոլնիկովը, դեռ չծանոթացած, գլուխ տվեց սենյակի մեջտեղում կանգնած և հարցականորեն նրանց նայող տանտիրոջը, ձեռքը մեկնեց ու սեղմեց նրա ձեռքը՝ դեռևս նկատելի, լարված ճիգ թափելով, որպեսզի զսպեր իր քրքիջը և գոնե երկու-երեք բառով հայտներ իր ով լինելը։ Բայց հենց որ նա լուրջ տեսք ընդունեց և ինչ֊որ բան փնթփնթաց, կարծես ակամայից դարձյալ նայեց Ռազոլմիխինին ու այլևս չկարողացավ զսպվել. ճնշած ծիծաղը ժայթքեց նույնքան անզսպելիորեն, որքան ուժեղ թափով զսպվում էր մինչև հիմա։ Արտասովոր զայրացկոտությունը, որով Ռազումիխինը ընդունում էր այդ «մտերմական» ծիծաղը, ամենաանկեղծ զվարճության և որ գլխավորն է, բնականության երանգ էր տալիս այդ ամբողջ տեսարանին։ Ռազումիխինը հակառակի պես այդ ամենը է՛լ ավելի զվարճալի դարձրեց։
— Թյու, սատանա,— մռնչաց նա ձեռքը թափ տալով ու խփելով փոքրիկ, կլոր սեղանին, որի վրա թեյի դատարկ բաժակ էր դրված։ Այդ ամենը շրխկոցով ընկավ հատակին։
— Ինչո՞ւ աթոռները ջարդել, պարոններ, չէ՞ որ դա վնաս է հասցնում պետությանը,— ուրախ բացականչեց Պորֆիրի Պետրովիչը։
Տեսարանը հետևյալ պատկերն էր ներկայացնում․ Ռասկոլնիկովը իր ձեռքը տանտիրոջ ձեռքից դեռ ետ չտարած, շարունակում էր ծիծաղեի բայց գիտենալով չափը, սպասում էր այդ ամենը շուտով և բնականորեն վերջացնելու պահին։ Ռազումիխինը, որ վերջնականապես շփոթվել էր սեղանի ընկնելուց և բաժակը ջարդվելուց, մռայլ նայեց դրա կտորներին, թքեց և կտրուկ շուռ եկավ պատուհանի կողմը, որտեղ և կանգնեց մեջքը դեպի ներկաները, խիստ մռայլված, նայելով պատուհանից դուրս և ոչինչ չտեսնելով։ Պորֆիրի Պետրովիչը ծիծաղում էր ու ցանկանում էր ծիծաղել, բայց ակներև էր, որ նրան բացատրություններ էին հարկավոր։ Մի անկյունում, աթոռի վրա նստել էր Զամետովը։ Երբ հյուրերը ներս մտան, նա վեր կացավ ու կանգնեց սպասողական վիճակում, բայց տարակուսանքով և նույնիսկ կարծես կասկածոտ էր դիտում ամբողջ տեսարանը, իսկ Ռասկոլնիկովին նույնիսկ ինչ-որ շփոթմունքով էր նայում։ Զամետովի անակնկալ ներկայությունը անախորժ զարմանք պատճառեց Ռասկոլնիկովին։
«Այդ դեռ պետք է կշռադատել»,— մտածեց նա։
— Ներեցեք խնդրեմ,— խիստ շփոթվելով ասաց նա,— Ռասկոլնիկով։
— Ինչ եք ասո՜ւմ, շատ հաճելի է, դուք էլ այնպես հաճելի ներս մտաք․․․ Ի՞նչ է, նա բարևել է՞լ չի ուզում,— Պորֆիրի Պետրովիչը գլխով ցույց տվեց Ռազումիխինին։
— Աստված վկա չգիտեմ, թե նա ինչո՞ւ է այդպես բարկացել ինձ վրա։ Ճանապարհին ես միայն ասացի, որ նա Ռոմեոյին է նման... և ապացուցեցի, ու կարծեմ էլ ուրիշ, ոչինչ չեղավ։
— Խո՛զ,— առանց շուռ գալու ասաց Ռազումիխինը։
— Նշանակում է շատ լուրջ պատճառներ է ունեցել, որ այդպես բարկացել է հենց միայն մի խոսքի համար,— ծիծաղեց Պորֆիրին։
— Գիտենք, էլի, դու քննիչ ես... Էհ, գրողը տանի ձեզ բոլորիդ էլ,— ասաց Ռազումիխինը ու հանկարծ ինքն էլ ծիծաղեց, ժպտադեմ մոտեցավ Պորֆիրի Պետրովիչին, կարծես ոչինչ չէր պատահել։
— Վե՛րջ, բոլորը հիմարներ են, անցնենք գործի. սա, ընկերս, Ռոդյոն Ռոմանովիչ Ռասկոլնիկովը, նախ՝ շատ է լսել քո մասին և ցանկացել է ծանոթանալ, երկրորդ, քեզ հետ մի փոքրիկ գործ ունի։ Վա՛հ, Զամետո՛վը։ Ո՞նց է, որ դու այստեղ ես։ Մի՞թե դուք ծանոթ եք, վաղո՞ւց եք հանդիպում։
«Ա՛յդ էր պակաս»,— մտածեց Ռասկոլնիկովը։
Զամետովը կարծես շփոթվեց, բայց ոչ այնքան նկատելի։
— Երեկ հենց քեզ մոտ ծանոթացանք,— անփույթ ասաց նա։
— Ուրեմն աստված փրկել էր գլխացավանքից. անցյալ շաբաթ շատ էր խնդրում ինձ, որ մի կերպ ծանոթացնեի քեզ հետ, Պորֆիրի, իսկ դուք առանց ինձ էլ գտել եք իրար... Որտե՞ղ է ծխախոտդ։
Պորֆիրի Պետրովիչը տնային հագուստով էր, խալաթով, բավական մաքուր սպիտակեղենով ու ծռմռված տուֆլիներով։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր, միջահասակից ցածր, չաղ և նույնիսկ մի քիչ հաստափոր, մաքուր սափրված, առանց բեղերի և այտամորուքի, մեծ ու կլոր գլխի մազերը բոլորովին խուզած, ծոծրակի կողմում գլուխը մի տեսակ կորնթարդ֊կլորավուն ձև ուներ։ Նրա թմփլիկ, կլոր և մի քիչ կարճաքիթ դեմքը հիվանդագին, մուգ֊դեղնավուն գույն ուներ, բայց բավական զվարթ էր և նույնիսկ հեգնանք էր արաահայտում։ Այն նույնիսկ բարի կթվար, եթե դրան չխանգարեր ինչ-որ տամուկ, ջրջրոտ փայլ ունեցող աչքերի արտահայտությունը, որոնք սքողված էին գրեթե սպիտակ, ասես մեկին նշան անող արտևանունքներով։ Այդ աչքերի նայվածքը ինչ֊որ տարօրինակությամբ չէր ներդաշնակվում նույնիսկ մի տեսակ կանացիություն ունեցող ամբողջ կերպարանքի հետ և դրան շատ ավելի լուրջ տեսք էր տալիս, քան կարելի էր սպասել առաջին հայացքից։
Պորֆիրի Պետրովիչը հենց որ լսեց, որ իր հետ «գործ» ունի, իսկույն նրան խնդրեց նստել բազմոցին, ինքը նստեց նրա մոտ և աչքերը հառեց նրան, անմիջապես սպասելով գործը շարադրելուն, այն լարված և խիստ ուշադրությամբ, որը հենց սկզբից նույնիսկ ճնշում է ու շփոթեցնում ձեզ, մանավանդ եթե ծանոթ չեք գործը լսողի հետ և մանավանդ եթե ձեր պատմածը հենց ձեր կարծիքով բնավ համեմատական չէ ձեզ ցույց տրվող, արտասովոր կերպով նշանակալից ուշադրության հետ։ Բայց Ռասկոլնիկովը կարճ և կապակցված խոսքերով պարզ ու որոշակի բացատրեց իր գործը և ինքն իրենից այնքան գոհ մնաց, որ նույնիսկ կարողացավ բավական լավ զննել Պորֆիրիին։ Պորֆիրի Պետրովիչը նույնպես ամբողջ ժամանակվա ընթացքում ոչ մի անգամ աչք չկտրեց նրանից։ Ռազումիխինը նստելով նրանց դիմաց, նույն սեղանի մոտ, հետաքրքրությամբ և անհամբերությամբ հետևում էր գործի շարադրանքին, ամեն րոպե նայում մերթ մեկին ու մերթ մյուսին, որ արդեն մի քիչ անցնում էր չափից։
«Հիմար»,— մտքում նրան նախատեց Ռասկոլնիկովը։
— Դուք պետք է դիմում տաք ոստիկանությանը,— միանգամայն լուրջ տեսքով պատասխանեց Պորֆիրին,— պետք է հայտնեք, որ տեղեկանալով այսինչ դեպքի, այսինքն՝ այդ սպանության մասին, դուք ձեր հերթին խնդրում եք ծանուցել գործը քննող քննիչին, որ այսինչ իրերը ձեզ են պատկանում, և դուք ցանկանում եք դրանք ետ գնել... կամ թե չէ... ասենք, ձեզ կգրեն։
— Հենց բանն էլ այն է, ար ես այժմ փողի նեղություն եմ քաշում...— ասաց Ռասկոլնիկովը՝ աշխատելով որքան կարելի է շփոթված երևալ,— և նույնիսկ այդ չնչին գումարն էլ չեմ կարող վճարել... Ես, գիտե՞ք, հիմա կցանկանայի միայն հայտնել, որ դրանք իմ իրերն են, ու երբ փող լինի, կվերցնեմ...
— Այդ միևնույն է,— պատասխանեց Պորֆիրի Պետրովիչը՝ սառնությամբ լսելով ֆինանսների վերաբերյալ բացատրությունը,— սակայն, եթե ուզենաք, կարող եք գրել ուղղակի ինձ, նույն իմաստով, այսինքն՝ թե տեղեկանալով այսինչ բանի մասին և հայտարարելով, որ այսինչ իրերը իմն են, խնդրում եմ...
— Կարելի՞ է հասարակ թղթի վրա գրել,— շտապեց ընդհատել Ռասկոլնիկովը, որին դարձյալ հետաքրքրում էր գործի ֆինանսական մասը։
— Օ, ամենահասարակ թղթի վրա,— ու հանկարծ Պորֆիրի Պետրովիչը ակներև հեգնանքով նայեց Ռասկոլնիկովին, կկոցեց աչքերը ու կարծես նրան աչքով արեց։ Սակայն գուցե դա այդպես թվաց Ռասկոլնիկովին, որովհետև միայն մի ակնթարթ տևեց։ Գոնե ինչ֊որ այդպիսի մի բան կար։ Ռասկոլնիկովը կերդվեր, որ Պորֆիրին նրան աչքով արեց, սատանան գիտե թե ինչի համար։
«Գիտե»,— կայծակնաթափ անցավ նրա մտքով։
— Ներեցեք, որ անհանգստացրի այսպիսի դատարկ բաներով,— մի քիչ շփոթված շարունակեց նա,— իմ իրերը ընդամենը հինգ ռուբլի արժեն, բայց ինձ համար առանձնապես թանկ են իբրև հիշատակ այն մարդկանցից, որոնցից մնացել են, ու խոստովանում եմ, հենց որ իմացա այդ դեպքի մասին, խիստ վախեցա...
— Հենց բանն էլ այդ է, որ դու երեկ ցնցվեցիր, երբ ես Զոսիմովին ասացի, որ Պորֆիրին հարցաքննում է գրավ դնողներին,— ակներև դիտավորությամբ միջամտեց Ռազումիխինը։
Այդ արդեն անտանելի էր։ Ռասկոլնիկովը դա չհանդուրժեց և կատաղություն ու զայրույթ արտահայտող իր սև աչքերը հառեց նրա վրա։
— Դու, բարեկամ, երևի ինձ ձեռ ես առնում, հա՞,— դիմեց նա Ռազումիխինին՝ ճարպկությամբ ջղայնացած ձևանալով։— Ես համաձայն եմ, որ գուցե չափից դուրս մտահոգվում եմ քո աչքում չնչին այդ իրերով, բայց հո չի՞ կարելի դրա համար ինձ եսամոլ ու ագահ համարել, իմ աչքում այդ երկու չնչին իրերը կարող են ամենևին էլ անպետք չլինել։ Ես քեզ արդեն ասել եմ, որ այդ արծաթե ժամացույցը, որը գրոշի արժեք ունի, միակ իրն է, որ մնացել է իմ հորից։ Ծիծաղիր ինձ վրա, բայց ինձ մոտ մայրս է եկել,— Ռասկոլնիկովը հանկարծ դարձավ դեպի Պորֆիրին,— ու եթե նա իմանա,— նա էլի դիմեց Ռազումիխինին՝ առանձնապես աշխատելով, որ ձայնը դողա,— եթե իմանա, որ ժամացույցը կորել է, երդվում եմ, որ շատ կվշտանա։ Դե՛, կանայք են, էլի։
— Բնավ ոչ, ես ամենևին էլ այդ չէի ուզում ասել, ընդհակառակը,— գոչեց նեղացած Ռազումիխինը։
«Լա՞վ էր արդյոք։ Բնակա՞ն էր։ Հո չչափազանցրի՞,— վախվխելով մտածում էր Ռասկոլնիկովը։— Ինչո՞ւ ասացի՝ «կանայք են, էլի»»։
— Ձեր մա՞յրն է եկել,— ինչ-որ բանի համար հարցրեց Պորֆիրի Պետրովիչը։
— Այո։
— Ե՞րբ,
— Երեկ երեկոյան։
Պորֆիրին մի փոքր լռեց, ասես ինչ֊որ մտքով էր զբաղված։
— Ձեր իրերը ոչ մի դեպքում չէին կարող կորչել,— հանգիստ, սառը տոնով շարունակեց նա։— Ես այստեղ վաղուց էի ձեզ սպասում։
Եվ նա նույնպիսի հանգստությամբ ու քաղաքավարությամբ մոխրամանը հրամցրեց Ռազումիխինին, որը պապիրոսի մոխիրը անխնա թափում էր գորգի վրա։ Ռասկոլնիկովը ցնցվեց, բայց Պորֆիրին կարծես թե չէր էլ նայում նրան, դեռ էլի մտահոգված էր Ռազումիխինի պապիրոսով։
— Ի֊ի՞նչ, սպասո՞ւմ էիր, մի՞թե դու գիտեիր, որ սա էլ էր այնտեղ իրերը գրավ գնում,— գոչեց Ռազումիխինը։
Պորֆիրի Պետրովիչը ուղղակի դիմեց Ռասկոլնիկովին։
— Ձեր երկու իրերը, մատանին և ժամացույցը ''այն պառավի'' տանը մի թղթով էին փաթաթված, իսկ թղթի վրա մատիտով պարզ գրված էր ձեր անունը, ինչպես և ամսաթիվը, երբ նա դրանք ստացել էր ձեզնից...
— Որքան դուք ընդունակ եք, դիտող,— անհարմար քմծիծաղ տվեց Ռասկոլնիկովը՝ առանձնապես աշխատելով ուղիղ նայել Պորֆիրիի աչքերին, բայց չկարողացավ դիմանալ ու հանկարծ ավելացրեց.
— Ես այդ ասացի, որովհետև գրավ դնողները հավանորեն շատ են եղել... այնպես որ ձեզ համար դժվար կլիներ նրանց բոլորին հիշել... իսկ դուք, ընդհակառակը, այդպես պարզ հիշում եք նրանց բոլորին, և... և...
«Հիմարություն է, անտեղի է, ինչո՞ւ ես այդ ավելացրի»։
— Հիմա արդեն համարյա բոլոր գրավադիրները հայտնի են, այնպես որ միայն դուք չէիք բարեհաճել ինձ մոտ գալ,— հազիվ նկատելի հեգնանքով պատասխանեց Պորֆիրին։
— Ես այնքան էլ առողջ չէի։
— Այդ մասին էլ էի լսել։ Նույնիսկ լսել էի, որ դուք ինչ֊որ պատճառով խիստ հուզված եք եղել։ Դուք հիմա էլ կարծես գունատ եք։
— Ամենևին էլ գունատ չեմ... ընդհակառակը, բոլորովին առողջ եմ,— կոպիտ ու բարկացկոտ ասաց Ռասկոլնիկովը՝ հանկարծ փոխելով տոնը։ Նրա բարկությունը սաստկանում էր, և նա չէր կարողանում այն զսպել։ «Բարկացած վիճակում բերանիցս խոսք կթռցնեմ, անցավ նրա մտքով։ Ինչո՞ւ են սրանք ինձ տանջում...»։
— Այնքան էլ առողջ չես,— վրա բերեց Ռազումիխինը։— Այ թե ինչ անհեթեթ բան ասացիր։ Մինչև երեկ զառանցում էիր համարյա ուշագնաց վիճակում․․․ Հավատո՞ւմ ես, Պորֆիրի, հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց հենց որ ես ու Զոսիմովը գնացինք, հագնվեց, ծածուկ դուրս եկավ տանից ու թրևեց համարյա մինչև կեսգիշեր, և պետք է քեզ ասեմ, որ բոլորովին զառանցանքի մեջ էր, կարո՞ղ ես այդ երևակայել։ Ուշագրավ երևույթ։
— Մի՞թե ''բոլորովին զառանցանքի'' մեջ էր։ Ա՛յ քեզ բան,— մի տեսակ կանացի շարժումով գլուխն օրորեց Պորֆիրին։
— Դատարկ բան է, մի հավատաք, ասենք դուք հո առանց այն էլ չեք հավատում,— է՛լ ավելի չարացած վրա բերեց Ռասկոլնիկովը։ Բայց Պորֆիրի Պետրովիչը կարծես թե չլսեց այդ տարօրինակ խոսքերը։
— Դու ինչպե՞ս կարող էիր դուրս գալ, եթե չէիր զառանցում,— հանկարծ տաքացավ Ռազումիխինը։— Ինչո՞ւ դուրս եկար, ինչի՞ համար... Եվ ինչո՞ւ ծածուկ։ Մի՞թե խելքդ տեղն էր։ Հիմա, երբ ամբողջ վտանգը անցել է, ես այդ պարզ եմ ասում քեզ։
— Երեկ նրանք շատ ձանձրացրին ինձ,— հանկարծ դիմեց Ռասկոլնիկովը Պորֆիրիին, լկտի ու գրգռիչ քմծիծաղ տալով,— ու ես նրանցից փախա, գնացի բնակարան վարձելու, որ էլ ինձ չգտնեն, հետս էլ շատ փող վերցրի։ Ա՛յ, պարոն Զաամետովը տեսավ փողը։ Ի՞նչ կասեք, պարոն Զտմետով։ Երեկ խելքս տե՞ղն էր, թե՞ զառանցում էի, հապա՛, լուծեք վեճը։
Թվում էր, որ նա այդ րոպեին տեղնուտեղը կխղդեր Զամետովին։ Վերջինս շարունակ նայում էր նրան ու լռում, և դա դուր չէր գալիս Ռասկոլնիկովին։
— Իմ կարծիքով դուք միանգամայն խելամտորեն և նույնիսկ խորամանկաբար էիք խոսում, միայն թե չափազանց ջղայնոտ էիք,— սառը պատասխանեց Զամետովը։
— Իսկ այսօր Նիկոդիմ Ֆոմիչը ինձ ասաց, որ երեկ, արդեն ուշ ժամին, ձեզ հանդիպել էր կառքի տակ ընկած մի աստիճանավորի բնակարանում...— միջամտեց Պորֆիրի Պետրովիչը։
— Այ, վերցնենք թեկուզ այդ աստիճանավորի բնակարանում գտնվելը,— վրա բերեց Ռազումիխինը,— մի՞թե այնտեղ խելքդ գլխիդ էր։ Վերջին փողերդ տվիր այրիացած կնոջը, թաղման համար։ Ուզեցիր օգնել, թող տայիր տասնհինգ, քսան ռուբլի, գոնե քեզ թողնեիր մի երեք ռուբլի, իսկ դու ունեցածդ ամբողջ քսանհինգ ռուբլին ավիր նրան։
— Գուցե ես մի տեղ գանձ էի գտել, դու այդ չգիտես։ Դրա համար էլ երեկ այդպես առատաձեռն էի․․․ Այ, պարոն Զամետովը գիտե, որ ես գանձ էի գտել... Դուք խնդրեմ ներեցեք, որ մենք ահա կես ժամ ձեզ անհանգստացնում ենք այսպիսի դատարկ բաներով,— դողդոջ շրթունքներով դիմեց Ռասկոլնիկովը Պորֆիրիին։— Հո ձանձրացրինք, այնպես չէ՞։
— Ի՞նչ եք ասում, ընդհակառակը, ընդ-հա֊կա-ռակը։ Օ, եթե գիտենայիք, թե որքան եք ինձ հետաքրքրում։ Ուշագրավ է թե նայել և թե լսել... ու ես, խոստովանում եմ, շատ ուրախ եմ, որ դուք, վերջապես, բարեհաճեցիք շնորհ անել...
— Գոնե թեյ տուր, է՛, կոկորդս չորացավ,— գոչեց Ռազումիխինը։
— Հիանալի՜ միտք։ Գուցե բոլորդ էլ խմեք։ Իսկ դու չե՞ս ուզում թեյից առաջ... ավելի էական բան։
— Կորի-գնա։
Պորֆիրի Պետրովիչը դուրս եկավ թեյ պատվիրելու։
Ռասկոլնիկովի գլխում մրրկի նման պտտվում էին մտքերը։
«Գլխավորն այն է, որ նույնիսկ չեն էլ թաքցնում իրենք մտածածը, չեն էլ ուզում քաշվել։ Եթե դու ինձ բոլորովին չես ճանաչում, այդ ինչպե՞ս է, որ Նիկոդիմ Ֆոմիչի հետ իմ մասին էիր խոսում, հը՞։ Ուրեմն չեն էլ ուզում թաքցնել, որ հետամտում են ինձ շների ոհմակի պես։ Հը՛մ, այդպես բացեիբաց թքում են սֆաթիդ, դողում էր նա կատաղությունից։ Դեհ, ուղղակի խփեցեք և ոչ թե խաղ արեք ինչպես կատուն մկան հետ։ Չէ՞ որ դա անքաղաքավարություն է, Պորֆիրի Պետրովիչ, չէ՞ որ ես գուցե այդ թույլ չեմ տա... Վեր կկենամ ու բոլորիդ երեսին կշպրտեմ ամբողջ ճշմարտությունը, ու կտեսնեք, թե որքան եմ ձեզ արհամարհում...— Ռասկոլնիկովը դժվարությամբ շունչ առավ։ Գուցե այդ միայն թվո՞ւմ է ինձ, գուցե դա պատրա՞նք է ու ես բոլորովին սխալվո՞ւմ եմ, անփորձությանս պատճառով չարանո՞ւմ, չե՞մ դիմանում ստոր դերիս։ Գուցե նրանք չունե՞ն որևէ դիտավորություն։ Նրանց բոլոր խոսքերը սովորական են, բայց դրանց մեջ ինչ-որ բան կա... Այդ ամենը միշտ էլ կարելի է ասել, բայց այստեղ ինչ-որ բան կա։ Ինչո՞ւ Պորֆիրին ուղղակի ասաց՝ «այն պառավի տանը»։ Ինչո՞ւ Զամետովը ավելացրեց, թե ես ''խորամանկաբար'' էի խոսում։ Ինչո՞ւ նրանք այդպիսի տոնով են խոսում։ Այո... այդպիսի տոնով... Ռազումիխինը նստած էր այստեղ, ինչո՞ւ նա կասկածանք չի արտահայտում։ Այդ անմեղ ապուշը երբեք և ոչ մի կասկածանք չի արտահայտում։ Դարձյալ տենդ... Քիչ առաջ Պորֆիրին ինձ աչքո՞վ արեց, թե ոչ։ Դատարկ բան է. ինչի՞ համար պիտի աչքով աներ։ Ուզում են գրգռե՞լ ջղերս, ինչ է, թե՞ ինձ ձեռ առնել։ Կամ այս բոլորը պատրանք է, կամ ''գիտեն''... նույնիսկ Զամետովն էլ հանդուգն է... Արդյո՞ք հանդուգն է Զամետովը։ Գիշերվա ընթացքում Զամետովը կշռադատել է ամեն ինչ։ Ես հո նախազգում էի, որ կշռադատելու էր։ Նա այստեղ մոտիկ մարդ է, բայց իբր թե առաջին անգամն է։ Պորֆիրին նրան հյուր էլ չի համարում, նստում է մեջքը նրա կողմը դարձրած։ Խոսքները մեկ են արել, անպայման ''իմ նկատմամբ'' խոսքները մեկ են արել։ Մինչև մեր գալը անպայման խոսել են իմ մասին... Արդյոք որևէ բան գիտե՞ն այն բնակարանը իմ գնալու մասին։ Էհ, թող սա շուտ վերջանա... Երբ ես ասացի, թե երեկ գնացել էի բնակարան վարձելու, Պորֆիրին ուշադրություն չդարձրեց, ոչինչ չասաց... Ես լավ արեցի, որ մեջտեղ բերի բնակարանը... Հետո պետք կգա... Իբր թե զառանցում էի... Քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Պորֆիրին գիտե այն ամենը, ինչ որ եղել է երեկ երեկոյան։ Մորս ժամանելու մասին բան չգիտեր... Վհուկ պառավը մատիտով ամսաթիվն էլ էր գրել... Սխալվում եք, չեմ հանձնվի։ Չէ՞ որ փաստեր չկան, կա միայն պատրանք։ Հապա՛, փաստեր բերեք։ Բնակարանն էլ փաստ չէ, այլ զառանցանք է. ես գիտեմ, թե ինչ կասեմ նրանց... Արդյոք բան գիտե՞ն բնակարանի մասին։ Մինչև չիմանամ, չեմ գնա։ Ինչո՞ւ եկա։ Հիմա ես վրդովվում եմ, թերևս դա փաստ է։ Թյու, որքան ջղայնոտ եմ։ Գուցե և դա լավ է, որ հիվանդի դերում եմ... Պորֆիրին տնտղում է ինձ։ Շշկլեցնելու է։ Ինչո՞ւ եկա։
Այս ամենը կայծակի արագությամբ անցավ Ռասկոլնիկովի մտքով։
Պորֆիրի Պետրովիչը իսկույն վերադարձավ։ Նա հանկարծ ուրախ տեսք ընդունեց։
— Երեկվանից գլուխս տրաքվում է... ամբողջ մարմինս մի տեսակ թուլացել է,— ծիծաղելով, բոլորովին ուրիշ տոնով դիմեց նա Ռազումիխինին։
— Ի՛նչ է, հետաքրքի՞ր էր։ Երեկ ես հեռացա, երբ ամենահետաքրքիր կետն էր քննարկվում։ Ո՞վ հաղթեց։
— Դե իհարկե, ոչ ոք։ Հավիտենական հարցեր էին շոշափում, ճախրում էին օդում։
— Պատկերացնո՞ւմ ես, Ռոդյա, թե երեկ հավաքվածները ինչի մասին էին խոսում, արդյոք ոճիր կա՞ թե չկա. ի՛նչ ասես որ դուրս չէին տալիս։
— Զարմանալու ի՞նչ կա, սովորական սոցիալական հարց է,— մտացրիվ պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Հարցը այդպես չէր ձևակերպված,— վրա բերեց Պորֆիրին։
— Այո, ճշմարիտ է,— իսկույն համաձայնեց Ռազումիխինը՝ ըստ իր սովորության աճապարելով ու տաքանալով։— Տեսնո՞ւմ ես, Ռոդիոն․ լսիր և ասա քո կարծիքր։ Ես այդ ուզում եմ։ Ես երեկ նրանց հետ կաշվից էի դուրս գալիս ու քեզ էի սպասում, ես նրանց ասում էի, որ դու կգաս... Վեճը սկսվեց սոցիալիստների հայացքից. հայտնի է այդ հայացքը, ոճիրը բողոք է սոցիալական կառուցվածքի աննորմալության դեմ, պրծավ-գնաց, էլ ուրիշ ոչինչ, էլ ուրիշ ոչ մի պատճառ, ոչինչ...
— Այ, ստեց,— գոչեց Պորֆիրի Պետրովիչը։ Նայելով Ռազումիխինին, նա բավական աշխուժանում էր և ամեն րոպե ծիծաղում, որով էլ ավելի էր բորբոքում նրան։
— Ուրիշ ոչ մի պատճառ, չեմ ստում...— տաքացած ընդհատեց նրան Ռազումիխինը։— Ես քեզ ցույց կտամ նրանց գրքերը․ նրանք գտնում են, որ «միջավայրն է պատճառը», և ուրիշ ոչինչ։ Սիրված ֆրազ է։ Այստեղից ուղղակի հետևում է, որ եթե հասարակությունը նորմալ կառուցվի, ապա միանգամից կչքանան բոլոր ոճիրները, քանի որ բողոքելու կարիք չի լինի, և բոլորը մի ակնթարթում արդարներ կդառնան։ Բնականությունը հաշվի չի առնվում, բնականությունը արտաքսվում է, բնականությանը տեղ չի տրվում։ Նրանց ասելով, ոչ թե մարդկությունը մինչև վերջ զարգանալով պատմական, ''կենդանի'' ճանապարհով, ի վերջո ինքնին կդառնա նորմալ հասարակություն, այլ ընդհակառակը, սոցիալական սիստեմը, ծագելով որևէ մաթեմատիկական մտքից, անմիջապես կկազմակերպի ամբողջ մարդկությանը ու մի ակնթարթում նրան արդար ու անմեղ կդարձնի, և դա կկատարվի ամեն մի կենդանի պրոցեսից առաջ, առանց որևէ պատմական ու կենդանի ճանապարհ անցնելու։ Հենց դրանից է, որ նրանք այդպես բնազդորեն չեն սիրում պատմությունը, «դրա մեջ միայն այլանդակություններ և հիմարություններ կան» ու ամեն ինչ միայն հիմարությունով է բացատրվում։ Դրանից է, որ այնպես էլ չեն սիրում կյանքի ''կենդանի'' պրոցեսը. ''կենդանի հոգի'' հարկավոր չէ, կենդանի հոգին կյանք կպահանջի, կենդանի հոգին չի հնազանդվի մեխանիկային, կենդանի հոգին կասկածելի է, կենդանի հոգին հետադիմական է։ Իսկ այստեղ թեպեաև մեռելոտիի հոտ է փչում, կարելի է կաուչուկից կերտել, բայց կենդանի չէ, կամազուրկ է, ստրկական է, չի ըմբոստանա։ Եվ ի վերջո դուրս է գալիս, որ ամեն ինչ հանգեցրել են հենց միայն ֆալանսաերի (կոմունայի՝ ֆալանգի բնակաշենքի) աղյուսները շարելուն և միջանցքների ու սենյակների դասավորությանը։ Ֆալանստերը հո պատվաստ է, բայց դրա համար ձեր նատուրան դեռ պատրաստ չէ, կյանք է ուզում, կենսական պրոցեսը դեռ չի ավարտել, գերեզմանոց տանելը վաղ է։ Միայն տբամաբանությամբ չի կարելի նատուրայի վրայից ցաակել։ Տրամաբանությունը նախագուշակում է երեք դեպք, իսկ դրանք միլիոն են։ Զատե՜լ ամբողջ միլիոնը և ամեն ինչ հենց միայն կոմֆորտի հարցին հանգեցնել։ Ահա քեզ խնդրի ամենահեշտ լուծումը։ Միանգամայն պարզ է և մտածել էլ պետք չէ։ Գլխավորն այն է, որ հարկավոր չէ մտածել։ Ամբողջ կենսական գաղտնիքը երկու տպագրական թերթում է տեղավորվում։
— Ա՛յ թե ինչպես է լեզու թափում, թմբկահարում, հարկավոր է բռնել ձեռքերը,— ծիծաղում էր Պորֆիրին,— այդպես էր ճառում նաև երեկ երեկոյան, իր սենյակում, և դեռ նախապես փունջ էլ խմեցրեց, կարո՞ղ եք պատկերացնել։ Ոչ, բարեկամ, դու ստում ես. «միջավայրը» ոճիրի հարցում շատ բան է նշանակում. ես սա հաստատապես եմ քեզ ասում։
— Ինքս էլ գիտեմ այդ նշանակությունը, բայց դու այ թե ինչ ասա. քառասուն տարեկանը պատվազուրկ է անում տասնամյա աղջկան, ուրեմն միջավա՞յրն է նրան մղում դեպի այդ բանը, ինչ է։
— Ի՛նչ կա որ, իսկապես ասած, թերևս միջավայրն է մղում,— զարմանալի ծանրակշռությամբ պատասխանեց Պորֆիրին,— աղջկա դեմ կատարած ոճիրը նույնիսկ իրավամբ կարելի է «միջավայրով» բացատրել։
Ռազումիխինը քիչ մնաց կատաղեր։
— Հա, էլի։ Այդ միևնույն է, եթե ես քեզ ասեմ՝ արտևանունքներդ սպիտակ են հենց միայն այն պատճառով, որ Իվան Մեծի զանգակատունը երեսունհինգ սաժեն բարձրություն ունի։ Ուզո՞ւմ ես հիմա ես քեզ ''ջրի երես հանեմ'', մերկացնեմ, այն էլ պարզ, ճշգրիտ, պրոգրեսիվ կերպով, նույնիսկ լիբերալ երանգավորումով։ Դա հանձն եմ առնում։ Ուզո՞ւմ ես, գրազ եմ գալիս։
— Համաձայն եմ։ Հապա՛, լսենք, թե ինչպես է մերկացնում։
— Ախր շաբանակ կեղծում է, գրողը տանի,— բղավեց Ռազումիխինը, վեր թռավ ու թափահարեց ձեռքը։— Մի՞թե արժե քեզ հետ խոսել։ Ախր նա այդ ամենը դիտմամբ է անում, դու նրան դեռ չես ճանաչում, Ռոդիոն։ Երեկ էլ նրանց կողմը անցավ հենց միայն բոլորին հիմարացնելու համար։ Եվ ինչե՜ր էր ասում երեկ, տե՛ր աստված։ Նրանք էլ ուրախանում էին դրա համար... Երկու շաբաթը մի անգամ փոխում է միտքը։ Անցյալ տարի չգիտես ինչու մեզ հավատացրեց, թե միանձն է դառնալու։ Երկու ամիս այդպես էր ասում։ Վերջերս խելքին փչեց մեզ հավատացնել, թե ամուսնանում է, թե արդեն ամեն ինչ պատրաստ է պսակի համար։ Նույնիսկ նոր հագուստ կարել տվեց։ Մենք սկսեցինք շնորհավորել։ Բայց նույնիսկ հարսնացու էլ չկար, դա միայն պատրանք էր։
— Ստում ես։ Ես դրանից առաջ էի հագուստ պաավիրել։ Հենց նոր հագուստի առթիվ էլ մտքովս անցավ ձեզ բոլորիդ մի քիչ խաբել։
— Իսկապե՞ս դուք այդպես ձևացող եք,— անփույթ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Իսկ դուք այդպես չէի՞ք կարծում։ Սպասեցեք, ես ձեզ էլ կխաբեմ, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Ոչ, գիտե՞ք, ես ձեզ կասեմ ամբողջ ճշմարտությունը։ Այդ բոլոր հարցերի, ոճիրների, միջավայրի, աղջիկների կապակցությամբ հիմա ես վերհիշեցի ձեր մի հոդվածը, որը, սակայն, միշտ էլ հետաքրքրում էր ինձ, հոդվածի վերնագիրն էր «Ոճիրի մասին․․․», թե ինչ, մոռացել եմ, չեմ հիշում։ Երկու ամիս առաջ բախտ ունեցա կարդալու «''Պերիոդիչեսկայա րեչ''»-ում։
— Իմ հոդվա՞ծը։ «''Պերիոդիչեսկայա րեչ''»֊ում,— զարմանքով հարցրեց Ռասկոլնիկովը,— կես տարի առաջ, երբ համալսարանից դուրս եկա, իսկապես մի հոդված գրեցի մի գրքի առթիվ, բայց այն ժամանակ տարա ոչ թե «''Պերիոդիչեսկայա րեչ''»֊ին, այլ «''Եժենեդելնայա րեչ''» թերթին։
— Բայց տպվել էր «Պերիոդիչեսկայա»֊ում։
― «Եժենեդելնայա րեչ»֊ը դադարեցրեց իր գոյությունը, այս պատճառով էլ չտպվեցին...
— Այդ ճիշտ է. բայց դադարեցնելով իր գոյությունը, «Եժենեդելնայա րեչ»֊ը միացավ «Պերիոդիչեսկայա րեչ»֊ին, այս պատճառով էլ ձեր հոդվածը երկու ամիս առաջ տպվել է «''Պերիոդիչեսկայա րեչ''»-ում։ Դուք այդ չգիտեի՞ք։
Ռասկոլնիկովը իրոք ոչինչ չգիտեր։
— Գիտե՞ք ինչ, դուք կարող եք հոդվածի համար նրանցից փող պահանջել։ Այ թե ինչ տեսակ բնավորություն ունեք. այնքան մեկուսացած եք ապրում, որ չգիտեք անմիջականորեն ձեզ վերաբերող բաները։ Այդ հո փաստ է։
— Կեցցես, Ռոդյա։ Ես էլ չգիտեի,— գոչեց Ռազումիխինը։— Հենց այսօր վազ կտամ ընթերցարան ու կխնդրեմ այդ համարը։ Երկու ամիս առա՞ջ։ Ո՞ր օրը։ Միևնույն է, կգտնեմ։ Ա՛յ քեզ լավ բա՜ն։ Գոնե ասեի ր, էլի՛։
— Դուք որտեղի՞ց իմացաք, որ հոդվածը իմն է, չէ՞ որ մի տառով էր ստորագրված։
— Պատահմամբ իմացա, այն էլ օրերս։ Խմբագիրը ասաց. ծանոթ է... Խիստ հետաքրքրվեցի։
— Հիշում եմ, հոդվածում ես քննարկում էի ոճրագործի հոգեբանական վիճակը ոճիր կատարելու ամբողջ ընթացքում։
— Այո, ու պնդում եք, որ ոճրագործության կատարման ակտը միշտ ուղեկցվում է հիվանդությամբ։ Շատ, շատ օրիգինալ է, բայց... իսկապես ասած, ինձ հետաքրքրեց ձեր հոդվածի ոչ թե այդ մասը, այլ հոդվածի վերջում արտահայտված միտքը, որը դուք, ցավոք, շոշափում եք հարևանցիորեն, ոչ պարզ... Մի խոսքով, եթե կհիշեք, որոշ ակնարկ է արվում, որ իբր թե աշխարհում գոյություն ունեն այնպիսի որոշ անձնավորություններ, որոնք կարող են ամեն տեսակ անկարգություններ և ոճրագործություններ կատարել... այսինքն՝ ոչ թե կարող են, այլ դրա համար լիակատար իրավունք ունեն, և իբր թե նրանց համար օրենք էլ գոյություն չունի։
Ռասկոլնիկովը քմծիծաղ տվեց իր գաղափարի կոպիտ ու դիտավորյալ աղավաղման վրա։
— Ինչպե՞ս։ Այդ ի՞նչ է։ Ոճրագործության իրավո՞ւնք։ Բայց երևի ոչ այն պատճառով, որ «միջավայրն է ստիպում»,— նույնիսկ ինչ-որ վախով ասաց Ռազումիխինը։
— Ոչ, ոչ, ամենևին էլ ոչ այդ պատճառով,— պատասխանեց Պորֆիրին։— Ամբողջ բանն այն է, որ նրա հոդվածում բոլոր մարդիկ ինչ֊որ «սովորականների» և «արտասովորների» են բաժանվում։ Սովորականները պեաք է ապրեն հնազանդության վիճակում և իրավունք չունեն զանցառել օրենքը, որովհետև նրանք սովորական մարդիկ են։ Իսկ արտասովորները իրավունք ունեն ամեն աեսակ ոճիրներ կատարել և ամեն կերպ զանցառել օրենքը, որովհետև նրանք արտասովոր մարդիկ են։ Կարծեմ դուք այսպիոի միտք եք արտահայտում, այնպես չէ՞, եթե միայն չեմ սխալվում։
— Այդ ինչպե՞ս կարող է լինել, անկարելի է,— տարակուսանքով քրթմնջում էր Ռազումիխինը։
Ռասկոլնիկովը դարձյալ քմծիծաղ տվեց։ Նա իսկույն հասկացավ, թե ինչումն է բանը, և իրեն դեպի ուր են մղում, նա հիշում էր իր հոդվածը։ Որոշեց ըստ արժանվույն պատասխան տալ։
— Իմ հոդվածում գրեթե այդպիսի բան չկա,— անփույթ ու համեստորեն սկսեց նա։— Սակայն խոստովանում եմ, որ դուք համարյա ճիշտ շարադրեցիք այն, եթե ուզում եք, նույնիսկ բոլորովին ճիշտ... (նրա համար կարծես հաճելի էր համաձայնել, որ դա բոլորովին ճիշտ էր)։ Տարբերությունը միայն այն է, որ ես բոլորովին չեմ պնդում, թե արտասովոր մարդիկ անպայման պետք է միշտ և ամեն տեսակ անկարգություններ անեն և պարտավոր են այդ անել, ինչպես դուք եք ասում։ Ինձ նույնիսկ թվում է, որ մամուլում այդպիսի հոդված չէին էլ զետեղի։ Ես պարզապես ակնարկել եմ, որ «արտասովոր» մարդը իրավունք ունի... այսինքն՝ ոչ թե պաշտոնական, այլ անձնապես իրավունք ունի իր խղճին թույլ տալ անտեսելու որոշ արգելքներ, միայն այն դեպքում, եթե իր գաղափարի կատարումը (որ գուցե երբեմն փրկարար է ամբողջ մարդկության համար), այդ է պահանջում։ Դուք բարեհաճում եք ասել, թե իմ հոդվածը պարզ չէ։ Ես պատրաստ եմ այն պարզաբանել, որքան այդ հնարավոր է։ Ես գուցե չեմ սխալվի, ենթադրելով, որ դուք էլ կարծեմ հենց այդ եք ուզում. հաճեցեք լսել։ Իմ կարծիքով եթե Կեպլերի և Նյուտոնի հայտնագործությունները որևէ կոմբինացիաների հետևանքով ոչ մի կերպ չկարողանային մարդկանց հայտնի դառնալ այլ կերպ, քան այդ հայտնագործությունները խանգարող կամ խոչնդոտող մեկ, տասը, հարյուր և ավելի շատ մարդկանց կյանքի զոհաբերությամբ, ապա Նյուտոնը իրավունք կունենար և նույնիսկ պարտավոր կլիներ․․․ ''մեջտեղից վերացնել'' այդ տասը կամ հարյուր մարդուն, որպեսզի իր հայտնագործությունները հայտնի դարձներ ամբողջ մարդկության։ Սակայն սրանից բնավ չի հետևում, թե Նյուտոնը իրավունք կունենար ում ասես սպանել կամ ամեն օր շուկայում գողություն անել։ Այնուհետև, ինչպես հիշում եմ, ես իմ հոդվածում արծարծում էի այն միտքը, որ բոլորը... օրինակ, թեկուզ օրենսդիրները և մարդկության բախտը տնօրինողները, սկսած ամենահին դեմքերից և վերջացրած Լիկուրգներով, Սոլոններով, Մահմեդներով, Նապոլեոններով և այլն՝ բոլորը, առանց բացառության, ոճրագործներ էին թեկուզ հենց նրանով, որ տալով նոր օրենք, այդ կերպ խախտում էին հնադարյան, հասարակության կողմից սրբությամբ պահպանվող և հայրերից մնացած օրենքը, և իհարկե չէին խորշում արյուն թափելուց, եթե միայն արյունը (երբեմն բոլորովին անմեղ և հին օրենքի համար խիզախությամբ թափվող) կարող էր նրանց օգնել։ Նույնիսկ ուշագրավ է, որ այդ բարերարները և մարդկության բախտը տնօրինողները առանձնապես սարսափելի արյուն թափողներ էին։ Մի խոսքով, ես հետևեցնում եմ, որ բոլորն էլ, ոչ միայն մեծերը, այլև որոշ չափով աչքի ընկնող մարդիկ, այսինքն՝ որևէ նոր բան ասելու մի քիչ ընդունակները ըստ իրենց բնության պետք է որ անպայման ոճրագործներ լինեն, իհարկե, շատ կամ քիչ չափով։ Այլապես նրանց համար դժվար է աչքի ընկնել, իսկ նրանք դարձյալ ըստ իրենց բնության, իհարկե, չեն կարող համաձայնել անհայտ մնալ, ու իմ կարծիքով նույնիսկ պարտավոր էլ են չհամաձայնել։ Մի խոսքով, դուք տեսնում եք, որ մինչև այժմ այստեղ առանձնապես ոչ մի նոր բան չկա։ Սա հազար անգամ տպվել է ու կարդացվել։ Ինչ վերաբերում է իմ կողմից մարդկանց սովորականների և արտասովորների բաժանելուն, ապա ես համաձայն եմ, որ դա մի փոքր կամայական է, բայց ես հո չեմ էլ պնդում ճշգրիտ թվերի վրա։ Ես միայն իմ գլխավոր մտքին եմ հավատում։ Դա այն է, որ ըստ բնության օրենքի, մարդիկ առհասարակ երկու կարգի են բաժանվում, ստորին (սովորական) մարդիկ, այսինքն, այսպես ասած, այն նյութը, որը ծառայում է միայն իր նմանների ծնունդ առնելու համար, ու իսկն ասած, մարդիկ, այսինքն՝ իրենց միաջավայրում ''նոր խոսք'' ասելու ձիրք կամ տաղանդ ունեցողներ։ Հասկանալի է, որ այստեղ ստորաբաժանումները անվերջ են, բայց երկու կարգերի տարբերիչ գծերը բավական ցայտուն են։ Առաջին կարգը, այսինքն նյութը, ընդհանրապես ասած, իր բնությամբ պահպանողական է, այս կարգի մարդիկ բարեպատշաճ են, ապրում են հլու֊հնազանդ և սիրում են հնազանդ լինել։ Իմ կարծիքով նրանք պարտավոր էլ են հնազանդ լինել, որովհետև այդ է նրանց դերը և այստեղ նրանց համար բնավ որևէ ստորացուցիչ բան չկա։ Երկրորդ կարգի մարդիկ բոլորն էլ զանցառում են օրենքը, նրանք խորտակում են հինը կամ դրան հակամետ են, նայած իրենց ընդունակություններին։ Հասկանալի է, որ այս մարդկանց հանցագործությունները հարաբերական են և բազմատեսակ, մեծ մասամբ նրանք խիստ բազմապիսի հայտարարություններով պահանջում են ներկայի խորտակում հանուն լավագույնի։ Բայց եթե նրանց հարկավոր է իրենց գաղափարի իրագործման համար թույլ տալ սպանություն, արյունահեղություն, ապա իմ կարծիքով նրանք կարող են ներքուստ, ըստ իրենց խղճի, իրենց թույլ տալ արյունահեղություն, սակայն նայած գաղափարին և դրա չափին, սա նկատի ունեցեք։ Ես իմ հոդվածում միայն այս իմաստով եմ խոսում ոճրագործության նկատմամբ նրանց իրավունքի մասին։ (Դուք հիշեցեք, իր մեր վեճը իրավաբանական հարցից սկսվեց)։ Սակայն շատ անհանգստանալու հարկ չկա. մասսան համարյա երբեք չի ճանաչում նրանց այդ իրավունքը, նրանց մահապատժի է ենթարկում, կախում (շատ թե քիչ չափով) և դրանով միանգամայն արդարացիորեն կատարում է իր պահպանողական դերը, սակայն հետևյալ սերունդների օրով այդ նույն մասսան մահապատժի ենթարկվածներին մեծարում է ու երկրպագում (շատ թե քիչ չափով)։ Առաջին կարգը միշտ ներկայի տերն է, երկրորդ կարգը՝ ապագայի տերը։ Առաջինները պահպանում են աշխարհը և քանակով բազմապատկում այն, երկրորդները առաջ են մղում աշխարհը և տանում դեպի նպատակը։ Երկուսն էլ գոյություն ունենալու բոլորովին միատեսակ իրավունք ունեն։ Մի խոսքով, բոլորն էլ հավասարազոր իրավունք ունեն, և vive la guerre éternelle<ref>Կեցցե մշտնջենական պատերազմը (ֆրանս․)։</ref>, իհարկե մինչև նոր Երուսաղեմ։
— Ուրեմն դուք այնուամենայնիվ հավատո՞ւմ եք նոր Երուսաղեմին։
— Հավատում եմ,— կտրուկ պատասխանեց Ռասկոլնիկովը, այս ասելիս և իր երկար ճառի ընթացքում նայում էր հատակին, գորգի վրա իր ընտրած կետին։
— Աստծուն է՞լ եք հավատում։ Ներեցեք, որ այսպես հետաքրքրվում եմ։
— Հավատում եմ,— կրկնեց Ռասկոլնիկովը՝ բարձրացնելով գլուխը և նայելով Պորֆիրիին։
— Աղքատ Ղազարոսի հարությանն է՞լ եք հավատում։
— Հա, հավատում եմ։ Ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը։
— Տառացիորե՞ն եք հավատում։
— Տառացիորեն։
— Ահա թե ի՜նչ... այնպես, էլի հետաքրքրվեցի։ Ներեցեք։ Բայց թույլ տվեք, անդրադառնում եմ քիչ առաջ ձեր ասածներին, նրանց հո միշտ չե՞ն մահապատժի ենթարկում․ ոմանք ընդհակառակը...
— Հաղթանակո՞ւմ են կենդանության ժամանակ։ Օ, իհարկե, ոմանք կենդանության ժամանակ էլ են դրան հասնում, և այդ դեպքում...
— Իրե՞նք են սկսում մահապատիժ տալ։
— Եթե այդ հարկավոր է, ու գիտե՞ք, մեծ մասամբ այդպես է լինում։ Առհասարակ ձեր դիտողությունը սրամիտ է։
— Շնորհակալ եմ։ Բայց այ թե ինչ ասացեք, այդ արտասովորներին ինչո՞վ կարելի է տարբերել սովորականներից։ Ծնվելի՞ս են այդպիսի նշաններ ունենում, թե ինչ։ Ես սա ասում եմ այն իմ աստով, որ այստեղ ավելի շատ ճշմարտություն, այսպես ասած, ավելի շատ արտաքին որոշակիություն է հարկավոր, ներեցեք գործնական և բարեմիտ մարդու իմ բնական անհանգստությունը, բայց արդյոք չի՞ կարելի այստեղ, օրինակ, առանձին հագուստ սահմանել, կրել որևէ բան, դրոշմներ, թե ինչ... որովհետև, գիտե՞ք, եթե խառնաշփոթություն առաջանա և մի կարգից որևէ մեկը երևակայի, թե ինքը մյուս կարգին է պատկանում, ու սկսի «վերացնել բոլոր արգելքները», ինչպես դուք միանգամայն հաջող արտահայտվեցիք, ապա ի՞նչ հետևանք կստացվի...
— Օ, դա շատ հաճախ է լինում։ Ձեր այդ դիտողությունը նույնիսկ ավելի սրամիտ է, քան նախորդ դիտողությունը։
— Շնորհակալ եմ...
— Չարժե. բայց նկատի առեք, որ սխալը հնարավոր է միայն առաջին կարգի, այսինքն՝ «սովորական» մարդկանց կողմից (ինչպես ես գուցե շատ անհաջող անվանեցի նրանց)։ Չնայած հնազանդվելու նրանց բնածին հակումին, բնության ինչ֊որ խաղի հետևանքով, որը հատուկ է նույնիսկ կովին, նրանցից շատ շատերը նույնիսկ սիրում են իրենց երևակայել առաջավոր մարդիկ, «հինը խորտակողներ», ու «նոր խոսք» ասելու փորձ անել, այն էլ միանգամայն անկեղծորեն։ Իրականում նրանք միևնույն ժամանակ ''նորերին'' շատ հաճախ չեն նկատում և նույնիսկ արհամարհում են որպես հետամնաց և ստորացուցիչ կերպով մտածող մարդկանց։ Բայց, իմ կարծիքով, այստեղ մեծ վտանգ չի կարող լինել, և դուք, իրավ, չպետք է անհանգստանաք, որովհետև նրանք երբեք հեռու չեն գնում։ Իսկ եթե հեռու գնան, իհարկե, կարելի է երբեմն նրանց ձաղկել, որպեսզի նրանց հիշեցնել իրենց տեղը, ուրիշ ոչինչ. այստեղ նույնիսկ կատարածու էլ հարկավոր չէ. նրանք իրենք կձաղկեն իրենց, որովհետև խիստ բարեբարո մարդիկ են. ոմանք միմյանց այդպիսի ծառայություն են մատուցում, ոմանք էլ սեփական ձեռքերով իրենք են իրենց ձաղկում... ընդսմին զանազան բացահայտ ապաշխարանքների են դիմում, գեղեցիկ ու խրատական բան է դուրս գալիս, մի խոսքով, դուք չպետք է անհանգստանաք... Այդպիսի օրենք կա։
— Էհ, գոնե այդ կողմից դուք ինձ մի քիչ հանգստաքցրիք․ բայց ահա դարձյալ մի հարց, ասացեք խնդրեմ, արդյոք շա՞տ են այդպիսի մարդիկ, այդ «արտասովորները», որոնք ուրիշներին մորթելու իրավունք ունեն։ Ես, իհարկե, պատրաստ եմ խոնարհվելու, բայց համաձայնեցեք, ահավոր բան է, եթե դրանք խիստ շատ են, այնպես չէ՞։
— Օ, դրանից էլ մի անհանգստանաք,— նույն տոնով շարունակեց Ռասկոլնիկովը։— Ընդհանրապես նոր մտքի մարդիկ, գրեթե որևէ ''նոր'' բան ասելու թեկուզ մի քիչ ընդունակները չափազանց քիչ, նույնիսկ տարօրինակության չափ քիչ են ծնվում։ Պարզ է միայն մի բան. մարդկանց և այդ բոլոր կարգերի ու ստորաբաժանումների ծնունդը պետք է որ հաստատ ու ճշգրիտ որոշված լինի բնության որևէ օրենքով։ Հասկանալի է, որ այդ օրենքը հիմա անհայտ է, բայց ես հավատում եմ որ դա գոյություն ունի և հետագայում կարող է հայտնի դառնալ։ Մարդկանց հսկայական մասսան, նյութը, հենց միայն նրա համար գոյություն ունի աշխարհում, որպեսզի վերջապես, ինչ֊որ ճիգով, մինչև այժմ խորհրդավոր ինչ֊որ պրոցեսով, սերունդների ու ցեղերի որևէ խաչասերման միջոցով, լարելով ուժերը, աշխարհ բերի գեթ հազարից մեկին, գեթ որևէ չափով ինքնուրույն մարդուն։ Էլ ավելի լայն ինքնուրույնությամբ է ծնվում գուցե տասը հազարից մեկը (ես սա ասում եմ իբրև օրինակ, պարզության համար)։ Էլ ավելի լայն ինքնուրույնությամբ՝ հարյուր հազարից մեկը։ Հանճարեղ մարդիկ միլիոններից մեկն են լինում, իսկ մեծ հանճարները, մարդկությանը կատարելագործողները թերևս ծնվում են աշխարհից բազմահազար միլիոններով մարդկանց անցնելուց հետո։ Մի խոսքով, ես չեմ նայել այն թորանոթը, որի մեջ կատարվում է այդ ամենը։ Բայց որոշակի օրենք անպայման կա և պետք է լինի, այստեղ պատահականություն չի կարող լինել։
— Դե՛, երկուսդ էլ կատակո՞ւմ եք, ինչ է,― ի վերջո գոչեց Ռազումիխինը։— Ի՞նչ եք իրար գլուխ տանում։ Նստել են ու ձեռ են առնում միմյանց։ Դու այդ բոլորը լո՞ւրջ ես ասում, Ռոդյա։
Ռասկոլնիկովը բարձրացրեց իր դալուկ և համարյա տխուր դեմքը և նրան ոչինչ չպատասխանեց։ Ռազումիխինին տարօրինակ թվաց, որ այդ մեղմ ու տրտում դեմքի հանդեպ առկա է Պորֆիրիի չթաքցրած, սևեռուն, գրգռող և ''անքաղաքավարի'' խայթողությունը։
— Էհ, սիրելիս, եթե իրոք դա լուրջ է, ապա․․․ Դու, իհարկե, իրավացի ես, ասելով, որ դա նորություն չէ և նման է այն ամենին, ինչ որ մենք հազար անգամ կարդացել ենք և լսել, բայց ինչ որ իրոք ''օրիգինալ'' է այդ ամենի մեջ և իրոք միայն քեզ է պատկանում, ի սարսափ իմ, այն է, որ ''խղճով'' արյուն թափել ես թույլ տալիս, այն էլ նույնիսկ այդպիսի ֆանատիկոսությամբ... ներիր ինձ։ Ուրեմն այդ է քո հոդվածի գլխավոր միտքը։ ''Խղճով'' արյուն թափելու այդ թույլտվությունը... իմ կարծիքով ավելի սարսափելի է, քան արյուն թափելու պաշտոնական, օրինական թույլտվությունը...
— Միանգամայն ճիշտ է, ավելի սարսափելի,— ասաց Պորֆիրին։
— Ոչ, Ռոդյա, դու մոլորվել ես։ Այստեղ սխալ կա։ Ես կկարդամ... Դու մոլորվել ես։ Դու չես կարող այդպես մտածել... Կկարդամ։
— Հոդվածում չկա այդ ամենը, կան միայն ակնարկներ,— ասաց Ռասկոլնիկովը։
— Այդպես, այդպես,— վրա բերեց անհանգիստ նստած Պորֆիրին,— հիմա ինձ համար գրեթե պարզ է, թե դուք ինչպես եք բարեհաճում նայել հանցագործությանը, բայց... ներեցեք իմ պնդերեսությունը (շատ եմ անհանգստացնում ձեզ, անհարմար եմ զգում ինձ), գիտե՞ք, քիչ առաջ դուք ինձ հանգստացրիք երկու կարգերի իրար խառնվելու դեպքերի նըկատմամբ, բայց... ինձ դարձյալ զանազան գործնական հարցերն են անհանգստացնում։ Ասենք թե մի որևէ մարդ, որևէ երիտասարդ կերևակայի, թե ինքը Լիկուրգ է կամ Մահմեդ... իհարկե, ապագա, ու կսկսի վերացնել դրան խանգարող բոլոր արգելքները․․․ Կասի՝ հարկավոր է երկար ճանապարհորդություն կատարել, իսկ դրա համար փող է հարկավոր․․․ ու կսկսի փող ճարել ճանապարհորդության համար․․․ գիտե՞ք։
Անկյունում նստած Զամետովը հանկարծ փռթկացրեց։ Ռասկոլնիկովը նույնիսկ չնայեց նրան։
— Ես պետք է համաձայնեմ, որ այդպիսի դեպքեր իրոք լինում են,— հանգիստ պատասխանեց նա։— Այդ կերպ ծուղակ են ընկնում հիմարներն ու սնափառները, մանավանդ երիտասարդությունը։
— Այդպես է, այո։ Հապա ո՞նց կլինի բանը։
— Նույնպես էլ կլինի,— քմծիծաղեց Ռասկոլնիկովը,— դրա համար ես չեմ մեղավորը։ Այդպես է ու միշտ էլ այդպես կլինի։ Այ, սա (նա գլխով ցույց տվեց Ռազումիխինին) հիմա ասում էր, որ ես սպանություն եմ թույլ տալիս։ Դե ի՞նչ կա որ։ Հասարակությունը հո միանգամայն ապահովված է աքսորներով, բանտերով, դատական քննիչներով, տաժանակիր աշխատանքներով, էլ ինչո՞ւ անհանգստանալ։ Դե փնտրեցեք գողին...
— Լավ, իսկ եթե գտնե՞նք։
— Թող պատժվի։
— Դուք տրամաբանորեն եք խոսում։ Լա՛վ, իսկ նրա խղճի նկատմամբ ի՞նչ կասեք։
— Դուք ի՞նչ գործ ունեք նրա խղճի հետ։
— Այնպես, էլի, մարդասիրության նկատառումով։
— Ով խիղճ ունի, կտուժի, երբ կգիտակցի սխալը։ Հենց այդ էլ կլինի նրա պատիժը, բացի տաժանակիր աշխատանքներից։
— Իսկ իրոք հանճարեղ մարդիկ, նրանք, որոնց իրավունք է տված սպանելու, նրանք բոլորովի՞ն չպիտի տուժեն, նույնիսկ արյուն թափելու համար է՞լ չպիտի պատժվեն,— հոնքերը կիտած հարցրեց Ռազումիխինը։
— Ինչո՞ւ ասել ''չպիտի պատժվեն''։ Այստեղ ոչ թույլտվություն կա, ոչ էլ արգելք։ Թող տանջվի, եթե խղճում է զոհին... Տանջանքն ու ցավը միշտ էլ պարտադիր են լայն գիտակցության և խոր սրտի համար։ Ինձ թվում է, որ իրոք մեծ մարդիկ աշխարհում պետք է մեծ տխրություն զգան,— ավելացրեց Ռասկոլնիկովը մտածմունքի մեջ ընկած, նույնիսկ խոսակցությանը անհարիր տոնով։
Նա բարձրացրեց գլուխը, մտածկոտ նայեց բոլորին, ժպտաց ու վերցրեց գլխարկը։ Նա շատ ավելի հանգիստ էր, քան մինչև այստեղ մտնելը, ու զգում էր այդ բանը։ Բոլորը վեր կացան։
— Էհ, ուզում եք նախատեք ինձ, ուզում եք բարկացեք, բայց ես չեմ կարող համբերել,— ասաց Պորֆիրի Պետրովիչը,— թույլ տվեք էլի մի հարց (ես ձեզ շատ եմ անհանգստացնում)։ Ուզում էի մի փոքրիկ իդեա շոշափել՝ հենց միայն դա չմոռանալու համար․․․
— Լավ, ասացեք ձեր իդեան։— Ռասկոլնիկովը լուրջ ու դալկադեմ կանգնել էր Պորֆիրիի առաջ, սպասողական վիճակում։
— Հա՛․․․ ուղղակի չգիտեմ, թե ինչպես ավելի հաջող արտահայտվեմ... այդ իդեան խիստ ուշագրավ է․․․ հոգեբանական է... Երբ դուք գրում էիք ձեր հոդվածը, չէր կարող պատահել, որ ինքներդ ձեզ գոնե աննշան չափով չհամարեիք նույնպես «արտասովոր» և «նոր խոսք» ասող մարդ, այսինքն՝ ձեր հոդվածի իմաստով, քա՛հ-քա՛հ֊քա՛հ․․․ Այդպե՞ս է։
— Շատ հավանական է,— արհամարհանքով պատասխանեց Ռասկոլնիկովը։ Ռազումիխինը շարժում արեց։
— Եթե այդպես է, մի՞թե դուք ինքներդ կորոշեիք ինչ-որ կենսական ձախորդությունների և նեղությունների պատճառով կամ ամբողջ մարդկությանը որևէ կերպ օժանդակելու համար զանցառել արգելքը․․․ օրինակ, սպանել և կողոպտել․․․
Ու Պորֆիրին Ռասկոլնիկովին հանկարծ էլի նշան արեց ձախ աչքով և ծիծաղեց, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ։
— Եթե ես զանցառեի արգելքը, իհարկե, ձեզ չէի ասի,— գրգռիչ, գոռոզ քամահրանքով պատասխանեց Ռաակոլնիկովը։
— Ոչ, սրանով ես հետաքրքրվում եմ հենց այնպես, իսկն ասած՝ ձեր հոդվածը ըմբռնելու համար, միայն գրական տեսակետից...
«0ֆ, որքան դա պարզորոշ է ու լկտի», նողկանքով մտածեց Ռասկոլնիկովը։
— Թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես ինձ չեմ համարում Մահմեդ կամ Նապոլեոն... ոչ էլ նման անձանցից որևէ մեկը, հետևաբար, չլինելով այդպիսի մարդ, չեմ կարող ձեզ բավարար բացատրություն տալ, թե ինչպես կվարվեի,— սառը պատասխանեց նա։
— Դե լավ, էլի, հիմա մեզնում, Ռուսաստանում, ով ասես, որ իրեն Նապոլեոն չի համարում,— սարսափելի անպարկեշտությամբ հանկարծ ասաց Պորֆիրին։ Նույնիսկ նրա ձայնի ելևէջներում էլ այս անգամ ինչ-որ պարզ բան կար։
— Արդյո՞ք մի որևէ ապագա Նապոլեոն չէր, որ անցյալ շաբաթ կացնով ջնջխեց մեր Ալյոնա Իվանովնային,— հանկարծ բերանից թռցրեց անկյունում նստած Զամետովը։
Ռասկոլնիկովը լուռ էր և ակնապիշ, սևեռուն նայում էր Պորֆիրիին։ Ռազումիխինը մռայլվել էր, կիտել հոնքերը։ Նրան արդեն առաջ էլ կարծես ինչ-որ կասկած էր տանջում։ Նա բարկացկոտ նայեց շուրջը։ Անցավ մռայլ լռության մի րոպե։ Ռասկոլնիկովը շուռ եկավ, որ գնար։
— Դուք արդեն գնո՞ւմ եք,— փաղաքուշ ասաց Պորֆիրին՝ չափազանց սիրալիր մեկնելով ձեռքը։— Շատ, շատ ուրախ եմ, որ ծանոթացանք։ Իսկ ձեր խնդրանքի կատարման մասին չկասկածեք։ Գրեցեք այնպես, ինչպես որ ես ձեզ ասացի։ Ամենից լավ է մոտ օրերս... թեկուզ հենց վաղը ինքներդ անցեք այնտեղ... ինձ մոտ։ Ես այնտեղ կլինեմ երևի ժամը տասնմեկին։ Ամեն ինչ կհաջողացնենք․․․ Կխոսենք... Դուք, որպես այնտեղ վերջին անգամ եղածներից մեկը, գուցե կարողանայիք մեզ որևէ բան ասել,— բարեսիրտ տեսքով ավելացրեց Պորֆիրին։
— Դուք ուզում եք ինձ պաշտոնապես, բոլոր կանոնների համաձայն հարցաքննությա՞ն ենթարկել,― խիստ տոնով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Ինչո՞ւ, առայժմ դա բնավ չի պահանջվում։ Դուք ինձ սխալ հասկացաք։ Ես, գիտե՞ք, առիթը բաց չեմ թողնում և... արդեն խոսել եմ բոլոր գրավադիրների հետ... ոմանցից ցուցմունքներ եմ վերցրել... Դուք վերջիններից եք... Հա՛, միտս եկավ,— գոչեց Պորֆիրին՝ հանկարծ ինչ֊որ առիթով ուրախացած,— հիշեցի,― շուռ եկավ նա դեպի Ռազումիխինը,— դու այն ժամանակ շատ էիր խոսում Նիկոլայի մասին...— Պորֆիրին դարձավ դեպի Ռասկոլնիկովը,— ես ինքս էլ գիտեմ, ինքս էլ գիտեմ, որ այդ տղան անմեղ է, բայց ի՛նչ արած, հարկ եղավ Միտկային էլ անհանգստացնել․․․ այ թե ինչումն է բանը, գործի ամբողջ էությունը, այն ժամանակ սանդուղքով բարձրանալիս․․․ ներեցեք, դուք ժամը ութի՞ն էիք այնտեղ գնացել։
— Ութին,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ նույն վայրկյանին անհաճելիորեն զգալով, որ կարող էր այդ չասել։
— Այդպես, ժամը ութին սանդուղքով բարձրանալիս գոնե դուք երկրորդ հարկում, բաց բնակարանում չտեսա՞ք երկու աշխատողներին կամ գոնե նրանցից մեկին։ Հիշո՞ւմ եք։ Նրանք ներկում էին հատակը, չնկատեցի՞ք, սա շատ, շատ կարևոր է նրանց համար։
— Ներկարարների՞ն։ Ոչ, չեմ տեսել․․․— դանդաղ և կարծես հուշերը քրքրելով պատասխանեց Ռասկոլնիկովը՝ նույն ակնթարթում լարվելով իր ամբողջ էությամբ և ճիգ թափելով որքան կարելի է շուտ կռահել, թե իր դեմ ինչ ծուղակ է պատրաստվում և չլինի՞ թե ինքը որևէ բան աչքաթող անի։— Ոչ, չեմ տեսել, այդպիսի բաց բնակարան էլ չեմ նկատել․․․ Իսկ չորրորդ հարկում (նա արդեն հասկացել էր ծուղակը և ցնծության մեջ էր), հիշում եմ, մի աստիճանավոր տեղափոխվում էր իր բնակարանից, որը գտնվում էր Ալյոնա Իվանովնայի բնակարանի դիմաց․․․ հիշում եմ․․․ Ես այդ պարզ հիշում եմ... զինվորները ինչ-որ բազմոց էին տանում և ինձ սեղմեցին պատին․․․ Իսկ ներկարարներ կային, թե ոչ, այդ չեմ հիշում․․․ Կարծեմ բաց բնակարան էլ ոչ մի հարկում չկար։ Այո, չկար...
— Դու ինչ ես անում, է՛,— հանկարծ գոռաց Ռազումիխինը՝ կարծես ուշքի գալով ու գլխի ընկնելով,— ներկարարները աշխատել են հենց սպանության օրը, իսկ սա երեք օր առաջ է այնտեղ եղել, ինչե՞ր ես հարցնում։
— Թյու, շփոթվեցի,— Պորֆիրին մատը խփեց ճակատին։— Գրողը տանի, այդ գործից ես խելքս եմ թռցնում,— կարծես նույնիսկ ներողություն խնդրելով, դիմեց նա Ռասկոլնիկովին,— մեզ համար խիստ կարևոր է իմանալ, թե որևէ մեկը նրանց չի՞ տեսել դատարկ բնակարանում, ժամը ութին, իսկ հիմա ես կարծում էի, թե դուք էլ կկարողանայիք մի բան ասել... բոլորովին շփոթվեցի։
— Ուրեմն պետք է ավելի ուշադիր լինել,— մռայլ պատասխանեց Ռազումիխինը։
Վերջին խոսքերը ասվեցին նախասենյակում։ Պորֆիրի Պետրովիչը նրանց շատ սիրալիր ուղեկցեց մինչև դուռը։ Երկուսն էլ մռայլադեմ ու նոթոտ դուրս եկան փողոց և մի քանի քայլ ոչ մի բառ չասացին։ Ռասկոլնիկովը խոր շունչ առավ...
== VI ==