Changes

Ոճիր և պատիժ, Երրորդ մաս

Ավելացվել է 43 323 բայտ, 14:22, 11 Հունվարի 2016
/* IV */
== IV ==
 
Այդ րոպեին դուռը կամաց բացվեց ու ներս մտավ մի աղջիկ՝ երկչոտ նայելով շուրջը։ Բոլորը զարմանքով ու հետաքրքրությամբ նայեցին նրան։ Ռասկոլնիկովը առաջին հայացքից չճանաչեց նրան։ Դա Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովան էր։ Ռասկոլնիկովը նախորդ օրը նրան տեսել էր առաջին անգամ, բայց այնպիսի ժամանակ, այնպիսի պայմաններում և այնպիսի հագուստով, որ նրա հիշողության մեջ ուրիշ անձնավորության կերպարն էր տպավորվել։ Այժմ դա համեստ և նույնիսկ աղքատ հագնված մի աղջիկ էր, դեռ շատ ջահել, համարյա փոքրիկ աղջկա նման, համեստ և վայելուչ շարժուձևով, պայծառ, բայց կարծես մի փոքր վախեցած դեմքով։ Նա հագել էր շատ հասարակ տնային շրջազգեստ, առաջվա ձևի հին գլխարկ դրել. միայն թե ինչպես նախորդ օրը, ձեռքին հովանոց կար։ Երբ տեսավ, որ սենյակը լեցուն է մարդկանցով, չէ թե շփոթվեց, այլ բոլորովին կորցրեց իրեն, երկչոտեց ինչպես փոքրիկ երեխա, և նույնիսկ փորձեց ետ դառնալ։
 
— Ախ... այդ դո՞ւք եք...— չափազանց զարմանալով ասաց Ռասկոլնիկովը ու հանկարծ ինքն էլ շփոթվեց։
 
Նա իսկույն մտածեց, որ մայրը և քույրը Լուժինի նամակից որոշ բան գիտեն «վատ վարքի տեր» ինչ֊որ աղջկա մասին։ Քիչ առաջ նա բողոքում էր Լուժինի զրպարտության դեմ և ասում, որ այդ աղջկան առաջին անգամ էր տեսել, ու հանկարծ վերջինս ինքն է հայտնվում։ Հիշեց նաև, որ բոլորովին չէր բողոքել «վատ վարքի տեր» արտահայտության դեմ։ Այս ամենը անորոշ կերպով ու վայրկենապես անցավ նրա մտքով։ Բայց ուշադիր նայելով, նա հանկարծ տեսավ, որ այդ նվաստացած էակը արդեն այնքան է նվաստացվել, որ հանկարծ խղճաց նրան։ Իսկ երբ աղջիկը վախից փորձեց դուրս փախչել, նրա՝ Ռասկոլնիկովի մեջ կարծես մի ինչ-որ բան տակնուվրա եղավ։
 
— Ես ձեզ բոլորովին չէի սպասում,— հապճեպ ասաց նա՝ հայացքով կանգնեցնելով աղջկան։— Խնդրեմ նստեք։ Դուք երևի Կատերինա Իվանովնայի կողմից եք եկել։ Ներեցեք, այդտեղ չէ, ա՛յ, այստեղ նստեցեք...
 
Երբ Սոնյան ներս մտավ, Ռազումիխինը, որ նստած էր Ռասկոլնիկովի երեք աթոռներից մեկին, հենց դռան կողքին, վեր կացավ, որ ճանապարհ տար նրան։ Ռասկոլնիկովը սկզբում աղջկան ցույց տվեց բազմոցի ծայրը, ուր քիչ առաջ նստել էր Զոսիմովը, բայց հիշելով, որ այդ բազմոցը ''շատ մոտիկ'' մարդու տեղ է և ինքը քնում է դրա վրա, շտապեց աղջկան ցույց տալ Ռազումիխինի աթոռը։
 
— Իսկ դու նստիր այստեղ,— ասաց նա Ռազումիխինին և նրան նստեցրեց բազմոցի ծայրին, Զոսիմովի տեղը։
 
Սոնյան նստեց համարյա դողալով վախից ու երկչոտ նայեց կանանց։ Երևում էր, որ նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես կարող էր նստել նրանց կողքին։ Ըմբռնելով այդ, նա այնքան վախեցավ, որ հանկարծ նորից վեր կացավ և բոլորովին շփոթված դիմեց Ռասկոլնիկովին.
 
— Ես․․․ ես... եկա մի րոպեով, ներեցեք, որ ձեզ անհանգստացրի,— կմկմալով ասաց նա։— Ես եկել եմ Կատերինա Իվանովնայի կողմից, ուրիշ մեկը չկար, որ նա ուղարկեր... Կատերինա Իվանովնան հրամայեց շատ խնդրել ձեզ, որ վաղը առավոտյան... պատարագից հետո լինեք հուղարկավորման վայրում... Միտրոֆանևյան գերեզմանոցում, հետո էլ մեզ մոտ... նրա մոտ... անուշ անելու․․․ նրան պատիվ անելու... նա պատվիրեց խնդրել ձեզ։
 
Սոնյան կմկմաց ու լռեց։
 
— Կաշխասոեմ անպայման․․․ անպայման գալ, — պատասխանեց Ռասկոլնիկովը, նա էլ վեր կացավ՝ նույնպես կմկմալով աւ չվերջացնելով խոսքը...— Բարի եղեք, նստեցեք,— հանկարծ ասաց նա,— ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Խնդրում եմ, դուք գուցե շտապում եք, շնորհ արեք, ինձ երկու րոպե նվիրեք...
 
Եվ նա աթոռը հրամցրեց աղջկան։ Սոնյան դարձյալ նստեց ու էլի երկչոտ, շփոթված, հապճեպ նայեց կանանց և հանկարծ կախեց գլուխը։
 
Ռասկոլնիկովի գունատ դեմքը շիկնեց. նա կարծես ցնցվեց ամբողջ մարմնով, աչքերը ճառագայթեցին։
 
— Մայրիկ,— ասաց նա կտրուկ և անհողդողդ,— նա Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովնան է, հենց այն դժբախտ պարոն Մարմելադովի դուստրը, որ երեկ իմ աչքերի առաջ կառքի տակ ընկավ և որի մասին ես արդեն ասել եմ ձեզ...
 
Պույլխերիա Ալեքսանդրովնան նայեց Սոնյային և մի քիչ կկոցեց աչքերը։ Չնայելով Ռոդյայի համառ ու սաստող հայացքի հանդեպ իր շփոթմունքին, նա ոչ մի կերպ չկարողացավ հրաժարվել այդ հաճույքից։ Դունեչկան լրջախոհ, ակնապիշ նայում էր խեղճ աղջկա հենց երեսին ու տարակուսանքով զննում նրան։ Լսելով Ռասկոլնիկովի խոսքերը, Սոնյան բարձրացրեց գլուխը, բայց առաջվանից է՛լ ավելի շփոթվեց։
 
— Ես ուզում էի ձեզ հարցնել, թե այսօր ձեզ մոտ ինչ եղավ,— դիմեց նրան Ռասկոլնիկովը,— հո ձեզ չանհանգստացրին, օրինակ, ոստիկանության կողմից։
 
— Ոչ, ամեն ինչ անցավ... Չէ՞ որ բոլորովին պարզ է, թե ինչից է եղել մահը․ չանհանգստացրին. միայն թե անվորներն են բարկանում։
 
— Ինչո՞ւ։
 
— Որ դիակը երկար է մնում տանը... հիմա հո շոգ է, տոթ... այնպես որ, այսօր, երեկոյան ժամերգության պահին կտանեն գերեզմանոց, մինչև վաղը կմնա մատուռում։ Կատերինա Իվանովնան սկզբում այդ չէր ուզում, իսկ հիմա ինքն էլ է տեսնում, որ չի կարելի տանը թողնել...
 
— Ուրեմն այսօ՞ր։
 
— Նա ձեզ խնդրում է պատիվ անել մեզ, վաղը գալ եկեղեցի, հուղարկավորման, հետո էլ գալ իր մոտ, հոգեհացի։
 
— Նա հոգեհա՞ց է պատրաստում։
 
— Այո, ուտելիք. նա պատվիրեց խորին շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք երեկ օգնեցիք մեզ... առանց ձեզ թաղման ոչ մի միջոց չէր լինի։— Աղջկա թե շրթունքները և թե կզակը հանկարծ ցնցվեցին, բայց նա սրտապնդվեց ու պահեց իրեն՝ դարձյալ խոնարհելով գլուխը ու նայելով հատակին։
 
Խոսակցության ժամանակ Ռասկոլնիկովը աչքերով զննում էր նրան։ Աղջկա փոքրիկ դեմքը նիհար էր, բոլորովին նիհար ու գունատ, բավական անկանոն և մի տեսակ սուր գծերով, սուր, փոքրիկ քթով և սուր կզակով։ Չէր կարելի նրան սիրունատես անվանել, բայց դրա փոխարեն երկնագույն աչքերը այնքա՜ն պայծառ էին, ու երբ դրանք աշխուժանում էին, դեմքը այնքան բարություն և պարզամտությոմւ էր արտահայտում, որ նա ակամայից ուշադրություն էր գրավում։ Բացի ղրանից, նրա դեմքին և նրա ամբողջ կերպարանքում կար առանձնահատուկ, բնորոշ մի գիծ. չնայած իր տասնութամյա հասակին, նա թվում էր համարյա դեռ փոքրիկ աղջիկ, իր տարիքից շատ ավելի փոքր, գրեթե բոլորովին երեխա, և դա երբեմն նույնիսկ ծիծաղելի կերպով էր արտահայտվում նրա որոշ շարժումներում։
 
— Բայց մի՞թե Կատերինա Իվանովնան կարող էր բավարարվել այդքան քիչ միջոցներով, նույնիսկ ուտելիք էլ պատրաստել,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ համառորեն շարունակելով խոսակցությունը։
 
— Լինելու է հասարակ դագաղ... ու ամեն ինչ էլ հասարակ, այնպես որ թանկ չի նստի... Ես ու Կատերինա Իվանովնան հաշիվ արեցինք, այնպես որ հոգեհացի համար էլ փող կմնա... Կատերինա Իվանովնան շատ է ուզում, որ այդպես լինի։ Այլ կերպ չի կարելի... դա սփոփանք է նրա համար... նա այդպես է, դուք հո գիտեք...
 
— Հասկանում եմ, հասկանում եմ... դե իհարկե... Հը՛, ի՞նչ եք դիտում սենյակս, մայրիկս ասում է, որ սա դագաղի է նման։
 
— Երեկ դուք ձեզ մոտ եղած ամբողջ փողը տվիք մեզ,— ինչ֊որ ուժեղ և արագ շշնջոցով հանկարծ պատասխանեց Սոնեչկան ու դարձյալ բոլորովին խոնարհեց գլուխը։ Նրա շրթունքները և կզակը դարձյալ ցնցվեցին։ Ռասկոլնիկովի աղքատիկ ապրելավայրը արդեն վաղուց էր ապշեցրել նրան, և հիմա այդ խոսքերը հանկարծակի, ինքնաբերաբար թռան նրա բերանից։ Տիրեց լռություն։ Դունեչկայի աչքերը մի տեսակ պայծառացան, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան նույնիսկ սիրալիրությամբ նայեց Սոնյային։
 
— Ռոդյա,— վեր կենալով ասաց նա,— մենք, իհարկե, միասին կճաշենք։ Դունեչկա, գնանք... Իսկ դու, Ռոդյա, գնայիր մի քիչ զբոսնելու, հետո էլ հանգստանայիր ու շուտ գայիր մեզ մոտ... Թե չէ մենք քեզ հոգնեցրինք, ես վախենում եմ...
 
― Այո, այո, կգամ,— արագ վեր կենալով պատասխանեց Ռասկոլնիկովը...— Ի միջի այլոց ես գործ ունեմ...
 
— Մի՞թե դուք միասին չեք ճաշելու,— գոչեց Ռազումիխինը՝ զարմացած նայելով Ռասկոլնիկովին,— դու ի՞նչ ես մտածում։
 
— Այո, այո, կգամ իհարկե, իհարկե... Իսկ դու կաց մի րոպե։ Սա այժմ հո ձեզ հարկավոր չէ՞, մայրիկ, կամ գուցե ես սրան խլո՞ւմ եմ ձեզնից։
 
— Օ, ոչ, ոչ։ Իսկ դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, բարի եղեք, եկեք ճաշելու։
 
— Խնդրում եմ եկեք,— ասաց Դունյան։
 
Ռազումիխինը գլուխ տվեց և թունդ կարմրեց։ Մի ակնթարթ բոլորն էլ հանկարծ ինչ-որ տարօրինակ անհարմարություն զգացին։
 
— Մնաս բարով, Ռոդյա, այսինքն ցտեսություն․ չեմ սիրում «մնաս բարով» ասել։ Մնաս բարով, Նաստասյա․․․ ախ, էլի «մնաս բարով» ասացի...
 
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուզում էր Սոնյային էլ գլուխ տալ, բայց ինչ֊որ չհաջողվեց, ու շտապելով, սենյակից դուրս ելավ։
 
Իսկ Ավդոտյա Ռոմանովնան կարծես հերթի էր սպասում, ու հետևելով մորը և անցնելով Սոնյայի կողքից, ուշադրությամբ, քաղաքավարի ու լիովին գլուխ տվեց նրան։ Սոնեչկան շփոթվեց, գլուխ ավեց մի տեսակ աճապարանքով և վախեցած, ու նրա դեմքին նույնիսկ ինչ֊որ հիվանդագին զգացում անդրադարձավ, կարծես թե Ավդոտյա Ռոմանովնայի քաղաքավարությունը և ուշադրությունը ծանր ու տանջող էին իր համար։
 
— Դո՛ւնյա, բարով գնաս,— արդեն սրահում գոչեց Ռասկոլնիկովը,— դե, տո՛ւր ձեռքդ։
 
— Ախր ես ձեռք տվի, մոռացա՞ր,— պատասխանեց Դանյան՝ սիրալիր ու անհարմար շուռ գալով նրա կողմը։
 
— Ինչ կա որ, էլի ձեռք տուր։
 
Եվ նա ամուր սեղմեց քրոջ մատները։ Դունեչկան ժպտաց, շիկնեց, հապճեպ ետ քաշեց ձեռքը ու գնաց մոր ետևիg. հայտնի չէ ինչու, նա էլ իրեն երջանիկ զգաց։
 
— Ահա և լավ է ամեն ինչ,— ասաց Ռասկոլնիկովը Սոնյային՝ վերադառնալով իր խուցը և ուշադիր նայելով նրան,— ողորմի մեռելների հոգուն, իսկ կենդանի մարդիկ գեռ պետք է ապրեն, այնպես չէ՞, հո այդպե՞ս է։
 
Սոնյան նույնիսկ զարմանքով էր նայում հանկարծակի պայծառացած նրա դեմքին, Ռասկոլնիկովը մի քանի ակնթարթ աչքերով լուռ և ուշադիր զննում էր նրան։ Նա այդ րոպեին հանկարծ վերհիշեց այն ամենը, ինչ որ Սոնյայի մասին պատմել էր վերջինիս մեռած հայրը։
 
 
— Տեր աստված,— փողոց դուրս գալուց հետո իսկույն ոկսեց խոսել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— Դունեչկա, հիմա ես ինքս էլ կարծես ուրախ եմ, որ գնացինք այնտեղից, սիրտս թեթևացավ։ Մի՞թե երեկ վագոնում մտքովս կանցներ, որ նույնիսկ դրա համար էլ պիտի ուրախանամ։
 
— Դարձյալ ասում եմ ձեզ, մայրիկ, որ նա դեռ շաա հիվանդ է։ Մի՞թե դուք չեք տեսնում. գուցե մեր կարոտը քաշելուց է տկարացել։ Հարկավոր է ներողամիտ լինել, կարելի է շատ, շաա բան ներել․․․
 
— Իսկ դու ներողամիտ չէիր,— տաքացած աւ խանդոտ վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գիտե՞ս, Դունյա, ես նայում էի երկուսիդ էլ, դու իսկ և իսկ նման ես նրան, և ոչ այնքան դեմքով, որքան հոգով. երկուսդ էլ մելամաղձոտ եք, երկուսդ էլ նոթոտ ու տաքարյուն, երկուսդ էլ գոռոզ ու մեծահոգի․․․ Չի կարող պատահել, որ նա եսամոլ լինի, այնպես չէ՞, Դունեչկա... Հենց որ մտածում եմ, թե այսօր երեկոյան մեզ մոտ ինչ է լինելու, սիրտս նվաղում է։
 
― Մի՛ անհանգստանաք, մայրիկ, կլինի այն, ինչ որ պեաք է լինի։
 
— Դունեչկա, հապա մաածիր, թե մենք հիմա ինչ դրության մեջ ենք, ի՞նչ կլինի, եթե Պյոտր Պեարովիչը մեզնից ձեռք քաշի,— հանկարծ անզգուշաբար ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
— Դրանից հետո նա ինչի՞ է պեաք,— կտրուկ և արհամարհանքով պատասխանեց Դունյան։
 
— Մենք լավ արեցինք, որ եկանք,— վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ընդհատելով աղջկան,— Ռոդյան շտապում էր գործով ինչ֊որ տեղ գնալ. թող ման գա, գոնե մաքուր օդ շնչի... նրա սենյակում սարսափելի տոթ է... Իսկ այստեղ որտեղի՞ց մաքուր օդ գտնես, այստեղ փողոցներում էլ այնպես է, ինչպես օդանցք չունեցող սենյակներում։ Տեր ասաված, այս ի՞նչ քաղաք է... Կաց, ճամփա տուր, թե չէ կճզմեն, այդ ի՞նչ են տանում, հա՛, դաշնամուր է․ տես, է՛, ոնց են հրմշտում իրար... Ես շատ եմ վախենում նաև այն աղջկանից...
 
— Ո՞ր աղջկանից, մայրիկ։
 
— Սոֆյա Սեմյոնովնայից, որ Ռոդյայի մոտ եկավ։
 
— Ինչո՞ւ ես վախենում։
 
— Նախազգացումս այդպես է, Դունյա։ Էհ, հավատո՞ւմ ես, հենց որ նա ներս մտավ, ես այդ նույն րոպեին մտածեցի, որ գլխավոր բանը այստեղ է որ կա...
 
— Ոչ մի գլխավոր բան,— սրտնեղելով գոչեց Դունյան։— Թողեք ձեր այդ նախազգացումները, մայրիկ։ Ռոդյան միայն երեկվանից է ծանոթ նրա հետ, ու երբ աղջիկը ներս մտավ, Ռռդյան չճանաչեց նրան։
 
— Այ, կտեսնես... նա շփոթեցնում է ինձ, կտեսնես, թե ինչ կլինի, ես խիստ վախեցա, նայում է ինձ, նայում է, և ինչ տեսակ աչքե՜ր ունի, ես հազիվ էի աթոռին նստած մնում, հիշո՞ւմ ես, երբ Ռոդյան հայտնեց, թե ով է նա։ Ես զարմանում եմ․ Պյոտր Պետրովիչը այդպիսի բաներ է գրում այդ աղջկա մասին, իսկ Ռոդյան նրան ծանոթացնում է մեզ հետ, այն էլ քեզ հե՜տ։ Ուրեմն այդ աղջիկը թանկ է նրա համար։
 
— Շատ էլ գրում է, մեր մասին էլ խոսում և գրում էին, մոռացե՞լ եք, ինչ է. ես հավատացած եմ, որ նա․․․ հիանալի աղջիկ է, և այդ բոլորը անհեթեթություն է։
 
— Աստված տա այդպես լինի։
 
— Իսկ Պյոտր Պետրովիչը անպետք զրպարտիչ է,— հանկարծ կտրուկ գոչեց Դունեչկան։
 
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուղղակի կուչ եկավ։ Խոսակցությունը ընդհատվեց։
 
 
— Ահա թե ինչ, ահա թե ես ինչ գործ ունեմ քեզ հետ․․․― ասաց Ռասկոլնիկովը՝ Ռազումիխինին տանելով դեպի պատուհանը։
 
— Ուրեմն ես կասեմ Կատերինա Իվանովնային, որ դուք կգաք․․․— ասաց Սոնյան և գլուխ տվեց, որպեսզի գնար։
 
— Հիմա, Սոֆյա Սեմյոնովնա, մենք գաղտնիքներ չունենք, դուք չեք խանգարում... Ես կուզենայի ձեզ էլի մի երկու խոսք ասել․․․ Ահա թե ինչ,— առանց խոսքը վերջացնելու նորից նա դիմեց Ռազումիխինին,— դու հո ճանաչում ես այն... ինչպես է անունը․․․ հա՛, Պորֆիրի Պետրովիչին։
 
— Ինչպե՛ս չէ, ազգական է։ Ի՞նչ կա որ,— ինչ-որ չարված հետաքրքրությամբ ավելացրեց Ռազումիխինը։
 
— Կարծեմ նա քննում է... այն սպանության գործը... այնպես չէ՞... երեկ դուք խոսում էիք այդ մասին։
 
— Այո... ի՞նչ կա որ։— Ռազումիխինը հանկարծ չռեց աչքերը։
 
— Նա հարցաքննում էր գրավ դնողներին, իսկ այնտեղ ես էլ գրավ դրած իրեր ունեմ, այնպես, էլի, հասարակ բաներ են,— քրոջս մատանին, որ նա նվիրել էր ինձ իբրև հիշատակ, երբ ես մեկնում էի Պետերբուրգ, ու հորս արծաթե ժամացույցը։ Դրանք արմեն ընդամենը հինգ֊վեց ռուբլի, բայց ինձ համար թանկ են, հիշատակ են։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Չեմ ուզում, որ այդ իրերը կորչեն, մանավանդ ժամացույցը։ Քիչ առաջ վախենում էի, որ մայրս ինձ կհարցնի ժամը, երբ խոսեցինք Դունեչկայի ժամացույցի մասին։ Միակ իրն է, որ հորիցս մնացել է ինձ։ Մայրս կսարսափի, եթե դա կորչի։ Դե՛, կանայք են, էլի՛։ Ի՞նչ կարելի է անել, սովորեցրու։ Դիտեմ, որ պետք է դիմել քաղաքամաս։ Ավելի լավ չէ՞ դիմել հենց Պորֆիրիին, հը՞։ Դու ի՞նչ ես կարծում։ Գործը ավելի շուտ գլուխ կգա։ Ա՛յ, կտեսնես, դեռ մինչև ճաշ մայրիկս կհարցնի ժամացույցի մասին։
 
— Պետք է դիմել ոչ թե քաղաքամաս, այլ անպայման Պորֆիրիին,— ինչ֊որ մի անսովոր հուզմունքով գոչեց Ռազումիխինը։— Էհ, որքա՜ն ուրախ եմ։ Դե գնանք հենց հիմա, բոլորովին մոտիկ է, հավանորեն կգտնենք նրան։
 
— Այո... գնանք․․․
 
— Նա մեծ, մեծ, մեծ ուրախությամբ կծանոթանա քեզ հետ։ Հաճախ ես նրան շատ բաներ եմ ասել քո մասին․․․ Երեկ էլ եմ ասել։ Գնանք... Ուրեմն դու ճանաչո՞ւմ էիր պառավին։ Հը՛մ... Հիանալի է այդ բոլորը... Հա՛․․․ Սոֆյա Իվանովնան․․․
 
— Սոֆյա Սեմյոնովնա,— ուղղեց Ռասկոլնիկովը։— Սո՛ֆյա Սեմյոնովնա, սա իմ ընկերն է, Ռազումիխինը, լավ մարդ է...
 
— Եթե դուք հիմա պետք է գնաք․․․— խոսքը չվերջացրեց Սոնյան, բոլորովին էլ չնայեց Ռազումիխինին և դրանից ավելի ևս շփոթվեց։
 
— Դե գնանք,— ասաց Ռասկոլնիկովը,— ես հենց այսօր կանցնեմ ձեզ մոտ, Սոֆյա Սեմյոնովնա, ասացեք, որտե՞ղ եք ապրում։
 
Ռասկոլնիկովը չէ՛ թե իրեն կորցնում էր, այլ հենց այնպես, կարծես թե շտապում էր և խուսափում աղջկա հայացքներից։ Սոնյան շիկնելով տվեց իր հասցեն։ Բոլորը միասին դուրս եկան։
 
— Բա դուռը չե՞ս փակում,— հարցրեց Ռազումիխինը՝ իջնելով նրանց ետևից։
 
— Երբեք․․․ Ի միջի այլոց, ահա արդեն երկու տարի է, որ ուզում եմ կողպեք գնել ու չի հաջողվում,— անփույթ ավելացրեց Ռասկոլնիկովը։— Բախտավոր են այն մարդիկ, որոնք փակելու ոչինչ չունեն,— ծիծաղելով դիմեց նա Սոնյային։
 
Նրանք կանգ առան դարպասի մոտ։
 
— Դուք ա՞ջ կողմն եք գնալու, Սոֆյա Սեմյոնովնա։ Հա՛, դուք ինչպե՞ս գտաք ինձ,— Հարցրեց Ռասկոլնիկովը՝ կարծես ցանկանալով ինչ֊որ բոլորովին այլ բան ասել աղջկան։ Նա շարունակ ուզում էր նայել Սոնյայի մեղմ, պայծառ աչքերին և դա այնքան էլ չէր հաջողվում...
 
— Չէ՞ որ դուք երեկ ձեր հասցեն ասել էիք Պոլեչկային։
 
— Պոլյայի՞ն։ Ախ, հա՛... Պոլեչկային։ Այն․․․ փոքրիկ աղջկան... Նա ձեր քո՞ւյրն է։ Ուրեմն ես հասցես նրա՞ն եմ տվել։
 
— Մի՞թե մոռացել եք։
 
— Ոչ... հիշում եմ...
 
— Ես ձեր մասին առաջ հանգուցյալից էլ եմ լսել... Միայն թե այն ժամանակ չգիտեի ձեր ազգանունը, նա ինքն էլ չգիտեր... երեկ իմացա ձեր ազգանունը, իսկ այսօր եկա, հարցրի՝ որտե՞ղ է ապրում պարոն Ռասկոլնիկովը... Չգիտեի, որ դուք էլ տնվորի բնակարանում եք ապրում... Ցտեսություն... Ես Կատերինա Իվանովնային կասեմ, որ դուք կգաք․․․
 
Սոնյան շաա ուրախ էր, որ վերջապես հեռացավ, գնաց գլխիկոր, շտապելով, որպեսզի մի կերպ շուտ չքանա նրանց աչքից, որպեսզի մի կերպ անցնի այդ քսան քայլը՝ մինչև աջ կողմը դարձող փողոցը և վերջապես մենակ մնա, ու այնուհետև քայլելով, շտապելով, ոչ ոքի չնայելով, ոչինչ չնկատելով, մտածի, հիշի ու կշռադատի յուրաքանչյուր ասված խոսքը, յուրաքանչյուր հանգամանքը։ Մի ամբողջ անհայտ ու անորոշ աշխարհ բացվեց նրա հոգու մեջ։ Նա հանկարծ հիշեց, որ Ռասկոլնիկովը ինքն էր ուզում նրա մոտ անցնել այդ օրը, գուցե և առավոտյան, գուցե և այդ ժամին։
 
— Միայն թե ոչ այսօր, խնդրում եմ, ոչ այսօր,— քրթմնջում էր նա սրտի նվաղումով, կարծես որևէ մեկին խնդրելով, ինչպես վախեցած երեխա։— Տե՛ր աստված, ինձ մո՛տ... այն սենյակը... նա ամեն ինչ կտեսնի... Օ, տեր աստված։
 
Եվ նա, իհարկե, այդ րոպեին չէր կարող նկատել իրեն անծանոթ մի պարոնի, որը համառորեն հետևում և կրնկակոխ ուղեկցում էր իրեն։ Պարոնը նրան ուղեկցում էր հենց դարպասից դուրս գալու պահից։ Այն րոպեին, երբ երեքն էլ՝ Ռազումիխինը, Ռասկոլնիկովը և Սոնյան, կանգ առան մայթի վրա, մի երկու խոսք ասելու, այդ պարոնը անցնելով նրանց կողքից, հանկարծ կարծես ցնցվեց՝ անսպասելիորեն, պատահաբար լսելով Սոնյայի հետևյալ խոսքերը՝ «հարցրի՝ որտե՞ղ է ապրում պարոն Ռասկոլնիկովը»։ Պարոնը արագ, բայց ուշադիր դիտեց երեքին էլ, մանավանդ Ռասկոլնիկովին, որին դիմում էր Սոնյան. հետո նայեց տանը և դա նկատի առավ։ Այդ բոլորը նա արեց մի ակնթարթում, քայլելիս, ու աշխատելով աննկատելի լինել, անցավ առաջ, դանդաղեցրեց քայլերը, կարծես ինչ-որ բան էր սպասում։ Նա հետամտում էր Սոնյային, նա տեսավ, որ նրանք միմյանց հրաժեշտ էին տալիս, և Սոնյան հիմա գնալու է ինչ-որ տեղ, երևի իր բնակարանը։
 
«Որտե՞ղ կլինի նրա բնակարանը։ Ինչ-որ մի տեղ տեսել եմ այդ դեմքը,— մտածում էր պարոնը՝ վերհիշելով Սոնյայի դեմքը․․․— հարկավոր է իմանալ»։
 
Հասնելով փողոցի անկյունը, նա անցավ դրա մյուս կողմը, շուռ եկավ ու տեսավ, որ Սոնյան արդեն գալիս է իր ետևից, նույն ճանապարհով, ու ոչինչ չի նկատում։ Հասնելով փողոցի անկյունը, նա էլ դարձավ դեպի մյուս փողոցը։ Պարոնը մյուս մայթից հետամտում էր նրան, աչքը չէր կտրում նրանից, գնալով մի հիսուն քայլ, նա անցավ այն կողմը, որով գնում էր Սոնյան, հասավ նրան ու քայլեց նրա ետևից, հինգ քայլ հեռավորությամբ։
 
Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր, միջահասակից բարձր, չաղ, լայն ու բարակ ուսերով, որ նրան մի փոքր կորացած տեսք էր տալիս։ Հագնված էր շքեղ ու վայելուչ և հոյակազմ բարինի տեսք ուներ։ Ձեռքին կար գեղեցիկ ձեռնափայտ, որով յուրաքանչյուր քայլն անելիս թխկացնում էր մայթին, ձեռքերին էլ բոլորովին նոր ձեռնոցներ կային։ Նրա լայն, այտոսկրոտ դեմքը բավական հաճելի էր, ու դեմքի գույնը թարմ էր, պետերբուրգյան գույն չէր։ Նրա մազերը, որ դեռ շատ խիտ էին, բոլորովին բաց-խարտյաշ էին և մի քիչ ալեխառն, իսկ լայն, խիտ մորուքը, որ բահի ձև ուներ, ավելի բաց գույնի էր, քան գլխի մազերը։ Աչքերը կապույտ-երկնագույն էին, սառն, ուշադիր և խոհուն նայվածքով, շրթունքները ալ կարմիր էին։ Ընդհանրապես նա հիանալի պահպանված մարդ էր և իր տարիքից շատ ավելի փոքր էր թվում։
 
Երր Սոնյան հասավ ջրանցքը, նրանք արդեն մայթի վրա իրար կողքի էին։ Դիտելով նրան, պարոնը կարողացավ նկատել, որ նա մտազբաղ է ու մտացրիվ։ Հասնելով իր տունը, Սոնյան շուռ եկավ դեպի դարպասը, պարոնը ասես մի քիչ զարմանալով, հետևեց նրան։ Սոնյան մտավ բակ, դարձավ աջ, անկյունը, ուր գտնվում էր նրա բնակարանը տանող սանդուղքը։ «Վահ»,— փնթփնթաց անծանոթ բարինը և սկսեց նրա ետևից բարձրանալ սանդուղքով։ Սոնյան միայն այստեղ նկատեց նրան։ Նա բարձրացավ երրորդ հարկ, անցավ միջանցք և զանգահարեց 9֊րդ համարը, որի դռան վրա կավճով դրված էր՝ ''դերձակ Կապերնաումով''։ «Վահ», դարձյալ ասաց անծանոթը՝ զարմանալով տարօրինակ զուգադիպությունից, ու զանգահարեց կողքի 8֊րդ համարը։ Երկու դռների միջև տարածությունը մոտ վեց քայլ էր։
 
— Դուք Կապերնաումովի մո՞տ եք ապրում,— նայելով Սոնյային ու ծիծաղելով, հարցրեց պարոնը։— Երեկ նա վերակարում էր իմ բաճկոնակը։ Ես էլ այստեղ եմ ապրում,― ձեր կողքին, մադամ Ռեսսլիխի, Հերտրուդա Կառլովնայի մոտ։ Ա՜յ քեզ անսպասելի բան։
 
Սոնյան ուշադրությամբ նայեց նրան։
 
— Հարևաններ ենք,— շարունակեց պարոնը մի ինչ֊որ ակնբախ ուրախությամբ։— Երրորդ օրն է միայն, որ ես գտնվում եմ քաղաքում։ Էհ, առայժմ ցտեսություն։
 
Սոնյան չպատասխանեց. դուռը բացին ու ներս մտավ։ Նա ամաչում էր ինչ֊որ մի բանից և կարծես երկչոտում...
 
 
Ռազումիխինը Պորֆիրիի մոտ գնալու ճանապարհին գտնվում էր առանձնապես հուզված վիճակում։
 
— Սա հիանալի է, աղբերացու,— մի քանի անգամ կրկնում էր նա,— ու ես ուրախ եմ, ուրախ։
 
«Ախր ինչո՞վ ես ուրախ»,— մտածում էր Ռասկոլնիկովը։
 
— Ես հո չգիտեի, որ դու էլ էիր իրեր գրավ դնում պառավի մոտ։ Եվ․․․ և... վաղո՞ւց է այդ եղել, այսինքն՝ դու ե՞րբ ես եղել նրա մոտ։
 
«Այ քեզ պարզամիտ հիմար»։
 
— Ե՞րբ...— Ռասկոլնիկովը մի քիչ կանգ առավ՝ լարելով հիշողությունը,— կարծեմ նրա մահից երեք օր առաջ եմ եղել։ Ի միջի այլոց, ես այժմ հո չեմ գնում իրերս ետ վերցնելու,— ավելացրեց նա իրերի վերաբերյալ ինչ֊որ հապճեպ և առանձնահատուկ հոգատարությամբ,— չէ՞ որ ինձ մոտ ընդամենը մեկ ռուբլի արծաթադրամ կա... երեկվա այն անիծված զառանցանքի պատճառով...
 
Նա առանձնապես շեշտեց «զառանցանք» բառը։
 
— Այո, այո, այո,— հայտնի չէ ինչի համար արագ-արագ «այո» ասաց Ռազումիխինը,— հապա ինչո՞ւ դու այն ժամանակ... մասամբ հուզվում էիր... գիտե՞ս, դու զառանցանքի մեջ էլ ինչ-որ մատանիներ ու շղթաներ էիր հիշատակում... Այո, այո... Դա պարզ է, հիմա ամեն ինչ պարզ է։
 
«Հը՛մ, ահա թե նրանց մեջ ինչպես է տարածվել այդ միտքը։ Այս մարդը ինձ համար խաչվելու կգնա, բայց շատ ուրախ է, որ ''ամեն ինչ պարզվել է'', քանի որ ես զառանցանքի մեջ մատանիների մասին էի խոսում։ Ա՛յ թե սրանք բոլորը ինչ մտքի են հանգել...»։
 
— Մենք նրան տանը կգտնե՞նք,— հարցրեց Ռասկոլնիկովը։
 
— Կգտնենք, կգտնենք,— հապճեպ վրա բերեց Ռազումիխինը։— Նա հիանալի երիտասարդ է, այ, կտեսնես։ Մի քիչ անճոռնի է, այսինքն՝ նա նրբակիրթ մարդ է, ես ուրիշ առումով եմ անճոռնի անվանում։ Խելացի է, խելացի, նույնիսկ շատ խելոք է, միայն թե մտքերի կերտվածքը յուրահատուկ է... Կասկածամիտ է, հոռետես, ցինիկ... Սիրում է խաբել, այսինքն՝ ոչ թե խաբել, այլ հիմարացնել... փողով շահվելու հին մեթոդն է կիրառում... Իսկ գործը գիտե, գիտե... Անցյալ տարի նա սպանության մի գործ պարզեց, որի համարյա բոլոր հետքերը կորած էին։ Շատ, շատ, շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։
 
— Ինչո՞ւ է այդքան շատ ցանկանում։
 
— Այսինքն․․․ գիտե՞ս, վերջին ժամանակներում, երբ դու հիվանդացար, ես հաճախ առիթ էի ունենում նրա հետ երկար խոսել քո մասին․․․ նա լսում էր․․․ ու երբ իմացավ, որ դու նյութական պատճառով չես կարողանում ավարտել իրավաբանական դասընթացը, ասաց՝ շատ ցավալի է։ Ես էլ պատշաճ եզրակացություն արեցի... այսինքն ոչ թե միայն այդ մասին, այլ այս ամբողջ պատմության վերաբերյալ, երեկ Զամետովն էր գլխից դուրս տալիս... Հա՛, Ռոդյա, երեկ, երբ ես ու դու տուն էինք գնում, ես հարբած վիճակում ինչ-որ բաներ էի ասում... Վախենում եմ, որ դու չափազանցնես այդ ամենը։
 
— Այսինքն ի՞նչ, որ ինձ խելագա՞ր են համարում։ Էհ, գուցե և դա ճշմարիտ է։
 
Ռասկոլնիկովը քահ-քահ ծիծաղեց։
 
— Այո, այո... թյո՛ւ, այսինքն ոչ... Ինչ որ ես ասում էի (նաև ուրիշ բաների մասին), բոլորը անհեթեթություն էր, հարբածությունից էր։
 
— Էլ ի՞նչ ես մեղա դալիս։ Օ, որքան ձանձրացրել է ինձ այդ ամենը,— սաստիկ ջղայնացած գոչեց Ռասկոլնիկովը։ Սակայն նա մասամբ կեղծում էր։
 
— Գիտեմ, գիտեմ, հասկանում եմ։ Հավատացած եղիր, որ հասկանում եմ։ Այդ մասին նույնիսկ խոսելն էլ ամոթ է։
 
— Եթե ամոթ է, ուրեմն մի խոսիր։
 
Երկուսն էլ լռեցին։ Ռազումիխինը ավելի քան ցնծության մեջ էր, ու Ռասկոլնիկովը նողկանքով էր այդ զգում։ Նրան անհանգստացնում էր նաև այն, ինչ որ Ռազումիխինը հիմա ասել էր Պորֆիրիի մասին։
 
«Նա էլ պետք է աղքատ Ղազարոս ձևանա,— գունատվելով ու սրտատրոփ մտածում էր Ռասկոլնիկովը,— անպայման պետք է ձևանա։ Այլ կերպ չի կարող լինել։ Ուրիշ բան չի լինի։ Ոչ, անշուշտ կեղծելու է... Էհ, տեսնենք հիմա... ինչ կլինի... Լա՞վ է, թե՞ լավ չէ, որ ես գնում եմ նրա մոտ։ Սիրտս խփում է, այ թե ինչն է վատ...»։
 
— Այս գորշ տանն է,— ասաց Ռազումիխինը։
 
«Ամենից կարևորն այն է, թե արդյոք Պորֆիրին գիտե՞, թե՞ չգիտե, որ ես երեկ եղել եմ այն վհուկ պառավի բնակարանում... ու հարցրել արյան մասին։ Հարկավոր է վայրկենապես, առաջին իսկ պահից այդ իմանալ, հենց որ ներս մտնեմ, դեմքից կիմանամ, այլապես... թեկուզ կկորչեմ, բայց կիմանամ»։
 
— Գիտե՞ս ինչ,— հանկարծ խորամանկ ժպիտով դիմեց նա Ռազումիխինին,— ես այսօր նկատեցի, որ դու առավոտից արտասովոր չափով հուզված ես։ Ճշմարի՞տ է։
 
— Ի՞նչ հուզմունք։ Ամենևին էլ հուզված չեմ,— նեղացավ Ռազումիխինը։
 
— Ոչ, բարեկամ, այդ նկատելի է։ Աթոռին այնպես էիր նստած, ինչպես երբեք չես նստում, տեղավորվել էիր աթոոի ծայրին, ու շարունակ ջղաձգաբար ցնցվում էիր։ Առանց որևէ առիթի վեր էին թռչում։ Մերթ բարկացած էիր լինում, մերթ էլ երեսդ շաքարի պես քաղցր արտահայտություն էր ստանում։ Նույնիսկ կարմրում էիր. առանձնապես թունդ կարմրեցիր, երբ քեզ ճաշի հրավիրեցին։
 
— Ոչ, ոչ դու ստում ես... Ախր ինչե՞ր ես ասում։
 
— Էլ ի՞նչ ես աշակերտի նման պատեպատ ընկնում։ Փո՛ւ, գրողը տանի, էլի կարմրեց։
 
— Բայց ի՜նչ խոզն ես։
 
— Ինչո՞ւ ես շփոթվում, Ռոմեո։ Սպասիր, այսօր ես մի տեղ կպատմեմ այս բոլորը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Այ թե ինչպես կծիծաղեցնեմ մայրիկին... նաև մյուսներին...
 
— Լսիր, լսիր, լսիր, չէ՞ որ դա լուրջ բան է... Ինչե՞ր ես մոգոնում, գրողը տանի,— Ռազումիխինը բոլորովին շշմեց, սարսռեց սարսափից։— Ի՞նչ ես պատմելու նրանց։ Ես, աղբերացու... թյո՛ւ, խոզի մեկը։
 
— Ուղղակի գարնանային վարդի պես ես կարմրում, օ՜, եթե գիտենայիր, թե դա որքա՜ն է քեզ սազում․ հենց Ռոմեո ես որ կաս։ Ոնց էլ լվացվել ես այսօր, մաքրել եղունգներդ, հը՞։ Ե՞րբ է այդպես եղել։ Հոգիս վկա պոմադ էլ ես քսել, խոստովանիր։
 
— Խոզ։
 
Ռասկոլնիկովը այնքան ծիծաղեց, որ թվում էր, թե այլևս անկարող է իրեն զսպել, այդպես էլ նրանք ծիծաղով մտան Պորֆիրի Պետրովիչի բնակարանը։ Ռասկոլնիկովին հենց այդ էր հարկավոր, սենյակներից կարելի էր լսել, որ նրանք ծիծաղով են ներս մտել ու դեռ քրքջում են նախասենյակում։
 
— Այստեղ ոչ մի խոսք, այլապես ես քո... գլուխը կջարդեմ,— կատաղությամբ շշնջաց Ռազումիխինը՝ ցնցելով Ռասկոլնիկովի ուսը։
== V ==
Վստահելի
1318
edits