Գորշուկի ուսը դեռևս ցավում էր, և նա դեռ երկար ժամանակ կաղալով էր ման գալիս։ Բայց այդ ժամանակամիջոցում փոխվեց նրա վերաբերմունքը աշխարհի հանդեպ։ Հիմա նա մեծ վստահությամբ էր պահում իրեն, հպարտության զգացումով, որը ծանոթ չէր նրան լուսանի հետ մարտի բռնվելուց առաջ։ Նա համոզվեց, որ կյանքը դաժան է. նա մասնակցել էր գոտեմարտին, ատամները կոխել թշնամու մարմնի մեջ ու կենդանի մնացել։ Եվ դա համարձակություն տվեց նրան․ նրա մեջ երևան եկավ նույնիսկ տաքարյունություն, որն առաջ չկար։ Նա դադարեց անհամարձակ լինելուց և արդեն չէր վախենում փոքր գազաններից. սակայն անհայտը իր գաղտնիքներով ու սարսափներով առաջվա պես իշխում էր նրան ու չէր դադարում ընկճել։
Գորշուկն սկսեց ուղեկցել մորը որսի գնալիս և շատ անգամ տեսավ, թե ինչպես է նա սպանում որսը, և ինքն էլ էր մասնակցում դրան։ Նա տարտամորեն սկսում էր հասու լինել ավարառության օրենքին։ Կյանքում կա երկու ցեղ՝ իր սեփականը և օտարը։ Առաջինին պատկանում են ինքը ու մայրը, երկրորդին՝ մնացած բոլոր շարժվելու ունակությամբ օժտված արարածները։ Բայց դրանք էլ իրենց հերթին միասնական չեն։ Դրանց մեջ կան ոչ գիշատիչներ և մանր գիշատիչներ, որոնց սպանում և ուտում են իր ցեղակիցները. և կան թշնամիներ, որոնք սպանում և ուտում են իր ցեղակիցներին կամ իրենք են ընկնում դրանց ճանկը։ Այս սահմանագծումից էլ կազմվում է օրենքը։ Կյանքի նպատակը ավարառությունն է։ Կյանքի էությունը ավարառությունն է։ Կյանքր կյանքով է սնվում։ Աշխարհի բոլոր կենդանի արարածները բաժանվում են երկու մասի՝ այն, որոնք ուտում են, և այն, որոնց ուտում են։ Եվ այդ օրենքն ասում էր՝ '''կեր''' կամ '''քեզ կուտեն'''։ Գորշուկը չէր կարող հստակ ու որոշակի ձևակերպել այդ օրենքը և չէր փորձում եզրակացություն հանել դրանից։ Նա նույնիսկ չէր մտածում այդ մասին, այլ պարզապես ապրում էր ըստ նրա թելադրանքի։
Գորշուկն այդ օրենքի ազդեցությունը տեսնում էր ամենուրեք։ Նա կերել էր կաքավի ճուտերին։ Բազեն կերել էր դրանց մորը և ուզում էր ուտել իրեն՝ գորշուկին։ Հետագայում, երբ գորշուկն աճեց, ցանկացավ ուտել բազեին։ Նա կերավ լուսանի ձագին։ Մայր լուսանը կուտեր գորշուկին, եթե ինքը չսպանվեր և չուտվեր։ Այդպես էլ ընթանում էր դա։ Գորշուկի շուրջը եղած ամենայն կենդանի արարած ապրում էր ըստ այդ օրենքի, որի մի փոքրիկ մասնիկն էր և ինքը։ Գիշակեր էր նա, սնվում էր միայն մսով՝ կենդանի մսով, որը խույս էր տալիս նրանից, սլանում էր օդ, մագլցում ծառերը, թաքնվում գետնի տակ կամ կռվի բռնվում իր հետ, երբեմն էլ փախուստի մատնում նրան։
Ամեն մի օրը մի նոր բան էր բերում Սպիտակ Ժանիքին։ Քանի դեռ մայրը կապված էր ցցին, նա վազվզում էր ամբողջ ավանում, հետազոտում, ուսումնասիրում էր, փորձ կուտակում։ Նա արագ ծանոթացավ մարդկային արարածների սովորույթներին, սակայն այդպես մոտիկից ծանոթանալը արհամարհանք չառաջացրեց նրանց հանդեպ։ Որքան ավելի էր նա ճանաչում մարդկանց, այնքան ավելի էր համոզվում նրանց հզոր լինելուն։
Մարդը հոգեկան ցավ է զգում այն ժամանակ, երբ նրա աստվածներին տապալում են և խորտակում են իր իսկ ձեռքով կառուցված տաճարները, բայց գայլին ու վայրի շանը ծանոթ չէ այդ ցավը։ Ի հակադրություն մարդուն, որի աստվածները բնավ իրականություն չդարձող անուրջի թեթև ծուխ են, բարությամբ և ուժով օժտված ուրվականներ, նրա '''եսի''' թռիչքն են դեպի ոգու թագավորությունը, ի հակադրություն մարդուն գայլն ու վայրի շունը՝ տաքանալով մարդու վառած խարույկի մոտ, տեսնում են, որ իրենց աստվածները միս ու արյուն ունեն, շոշափելի են, որոշակի տեղ են գրավում տարածության մեջ և հասնում են իրենց նպատակներին, արդարացնում են իրենց դերը կյանքում՝ ենթարկվելով ժամանակի օրենքին։ Այդպիսի աստվածներին հեշտ է հավատալ, և ոչ մի բան չի կարող խախտել այդ հավատը։ Այդպիսի աստծուց չես կարող ազատվել։ Ահա կանգնած է նա ամբողջ հասակով, մահակը ձեռքին՝ ամենակարող, ցասումնալի ու բարի։ Նրա ներքին գաղտնիքն ու զորությունը պարուրված է մարմնով, որից արյուն է հոսում, երբ պատառոտում են, և որի համը բնավ էլ վատ չէ որևէ ուրիշ մսից։
Այդպես էլ եղավ Սպիտակ Ժանիքին։ Մարդկային արարածները թվում էին նրան աստվածներ, աներկբա և ամենահաս աստվածներ։ Եվ նա հնազանդվեց նրանց այնպես, ինչպես հնազանդվեց նրա մայրը՝ Կիչին, հենց որ լսեց իր անունը նրանց բերանից։ Սպիտակ Ժանիքը ճանապարհ էր տալիս նրանց։ Երբ սրանք կանչում էին իրեն, մոտենում էր, երբ քշում էին, շտապ փախչում էր, երբ սպառնում էին, կպչում էր գետնին, որովհետև նրանց ամեն մի շարժման տակ կար ուժ, որը երևան էր գալիս բռունցքի ու մահակի, օդում թռչող քարերի և մտրակի այրող հարվածների միջոցով։
Սպիտակ Ժանիքը շների հետ էլ չէր շփվում, բայց այդ շփումն արտահայտվում էր թշնամությամբ ու ատելությամբ։ Երբեք չէր խաղում նրանց հետ։ Կարողանում էր կռվել, և կռվում էր հարյուրապատիկը հատուցելով այն բոլոր խածնումների ու նեղությունների համար, որ ստիպված էր եղել կրել այն օրերին, երբ Լիփ֊Լիփը ոհմակի պարագլուխն էր։ Հիմա Լիփ֊Լիփը գլխավորում էր իրեն միայն այն ժամանակ, երբ երկար թոկի ծայրին լծված՝ վազում էր իր ընկերների և ձյան վրա ոստոստացող սահնակի առջևից։ Հանգրվանումների ժամանակ Լիփ֊Լիփը մոտ էր մնում Միթ֊Սային, Գորշ Ջրշունին և Կլու֊Քուչին, սիրտ չէր անում հեռանալ աստվածներից, որովհետև այժմ բոլոր շների ժանիքներն ուղղված էին նրա դեմ, և նա իր վրա զգում էր այն թշնամանքի դառնությունը, որ առաջ բաժին էր ընկնում Սպիտակ Ժանիքին։
Լիփ֊Լիփի անկումից հետո Սպիտակ Ժանիքը կարող էր դառնալ ոհմակի պարագլուխը, բայց նա դրա համար շատ էր մռայլ և ինքնամփոփ։ Լծակից ընկերները միայն խածնումներ էին ստանում նրանից, իսկ մնացած ամեն ինչում նա կարծես չէր նկատում դրանց։ Սպիտակ Ժանիքին հադիպելիս նրանք շեղում էին ճանապարհը, և ոչ մեկը, անգամ ամենահամարձակը, սիրտ չէր անում խլել նրանից մսի բաժինը։ Ընդհակառակը, աշխատում էին որքան կարելի է շուտ կուլ տալ իրենց բաժինը՝ վախենալով, որ նա հանկարծ կխլի իըենցից։ Սպիտակ Ժանիքը լավ էր յուրացրել '''ճնշիր թույլին և հնազանդվիր ուժեղին''' օրենքը։ Նա հապշտապ ուտում էր տիրոջ նետած կտորը և այն ժամանակ վա՜յ այն շանը, որը դեռ չէր վերջացրել ուտելը։ Ահեղ մռնչյուն, ցուցադրված ժանիքներ... և կիսակուշտ շանը մնում էր միայն մի բան՝ իր վրդովմունքը զեղել անտարբեր աստղերին, երբ Սպիտակ Ժանիքն ուտում պրծնում էր սրա բաժինը։
Ժամանակ առ ժամանակ մերթ այս, մերթ այն շունը ըմբոստանում էր Սպիտակ Ժանիքի դեմ, բայց սա արագ հանդարտեցնում էր դրանց։ Նա նախանձախնդրաբար պահում էր իր մեկուսացած դրությունը ոհմակում և հաճախ կռվով էր ձեռք բերում դա։ Բայց այդպիսի ընդհարումները երկարատև չէին լինում։ Շները չէին կարող չափվել նրա հետ։ Նա վերքեր էր հասցնում հակառակորդին՝ չթողնելով որ նա ուշքի գա, և շունն սկսում էր արնաքամ լինել դեռ ինչպես հարկն է կռիվ սկսելու ժամանակ չունեցած։
Այս դեպքից հետո Սպիտակ Ժանիքը վերջնականապես հավատաց իր ուժերին և խրոխտացավ։ Հիմա նա հանգիստ ման էր գալիս չափահաս շների մեջ, դարձավ ոչ այնքան զիջող։ Ոչ թե կռվելու առիթներ էր փնտրում, բնավ էլ ոչ, այլ պահանջում էր ուշադրություն դարձնեն իրեն։ Նա պաշտպանում էր իր իրավունքները և չէր ուզում նահանջել այլ շների առաջ։ Հարկ էր լինում հաշվի առնել նրան, ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չէր համարձակվում բանի տեղ չդնել նրան։ Լակոտների ճակատագիրն է դա, որի հետ ստիպված են հաշտվել լծվածքի բոլոր շները. լակոտներր ընկրկում էին չափահաս շներից, ճանապարհը զիջում նրանց, երբեմն էլ հարկադրված էին նրանց տալ իրենց բաժին միսը։ Սակայն շփվել չսիրող, միայնակ, մռայլ, ահեղ ու բոլորից խուսափող Սպիտակ Ժանիքին ընդունեցին չափահաս շների շրջանը որպես հավասարի։ Սրանք արագ հասկացան, որ նրան պետք է հանգիստ թողնել, պատերազմ չէին հայտարարում նրան և չէին փորձում բարեկամություն հաստատել նրա հետ։ Նույն ձևով էր վարվում նրանց հետ և Սպիտակ Ժանիքը, և մի քանի ընդհարումից հետո շները համոզվեցին, որ այդ իրադրությունը չտեսնված լավ է և բոլորի սրտով։
Ամռան կեսին մի անսպասելի բան պատահեց Սպիտակ Ժանիքին։ Իր անձայն ու մանր վազքով հասնելով ավանի ծայրը հետազոտելու նոր վիգվամը, որ հաստատել էին այն ժամանակ, երբ ինքը հնդկացիների հետ գնացել էր իշայծյամի որսի, Սպիտակ Ժանիքը պատահեց Կիչիին։ Կանգ առավ ու նայեց նրան։ Նա հիշում էր մորը տարտամորեն, բայց և այնպես '''հիշում էր''', իսկ Կիչին մոռացել էր որդուն։ Ահեղաձայն մռնչալով՝ Կիչին ատամները կրճտեց նրա վրա, և Սպիտակ Ժանիքը հիշեց ամեն բան։ Մանկությունն ու այդ մռնչոցի իմաստը հառնեցին նրա առաջ։ Նախքան աստվածներին պատահելը Կիչին Սպիտակ Ժանիքի համար տիեզերքի կենտրոնն էր։ Հին զգացմունքները վերադարձան ու համակեցին նրան։ Նա ցատկեց դեպի մայրը, որը սակայն երախաբաց դիմավորեց նրան ու ճեղքեց այտը մինչև ոսկորը։ Սպիտակ Ժանիքը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, և շփոթված ընկրկեց՝ այդպիսի ընդունելությունից շշմած։
Բայց Կիչին հանցավոր չէր․ էգ գայլերը մոռանում են իրենց ձագերին, որոնք արդեն մի տարեկան են կամ ավելի։ Այդպես էլ Կիչին էր մոռացել Սպիտակ Ժանիքին, սա նրա համար անծանոթ էր, օտար, և այն սերունդը, որ ունեցել էր այդ ժամանակամիջոցում, իրավունք էր տալիս թշնամաբար վերաբերվել այդպիսի անծանոթների հետ։
Անցյալը ոչ միայն չէր պարփակում այն նորը, ինչ հարկ եղավ իմանալ հիմա, այլև բացասում էր այդ նորը։ Կարճ ասած՝ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր շրջապատի իրադրությունն ըմբռնելու անհամեմատավելի մեծ հմտություն, քան այն, որով եկել էր հեռավոր Հյուսիսից և հոժարակամ ենթարկվել Գորշ Ջրշունի իշխանությանը։ Այն ժամանակ նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ լակոտ, որ դեռ չէր կազմավորվել ու պատրաստ էր ուզած ձևն ընդունել կյանքի ձեռքերի տակ։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ էր ընթանում։ Նախկին կյանքը շատ եռանդագին էր մշակել Սպիտակ Ժանիքին, դաժանացրել էր նրան, վերածել մի վայրագ, անզուսպ մարտական գայլի, որը երբեք չէր սիրել և ոչ էլ ուրիշի սերն էր վայելել։ Նրա համար վերածնվելը նշանակում էր անցնել ներքին կատարյալ հեղաշրջման միջով, դեն նետել նախկին բոլոր սովորույթները, և սա պահանջվում էր նրանից հիմա, երբ երիտասարդությունն անցել էր, երբ ճկունությունը կորսված էր և փափուկ հյուսվածքը անխորտակելի ամրություն էր ստացել, դարձել էր կոշտ ու երկաթի պես չհարմարվող, իսկ բնազդը մի անգամ ընդմիշտ սահմանել էր վարքի օրենքներն ու պահանջները։
Եվ այնուամենայնիվ նոր իրադրությունը, ուր ընկավ Սպիտակ Ժանիքը, նորից ձեռնամուխ եղավ նրա մշակմանը. դա մեղմացնում էր նրա դաժանությունը, կերտում էր նրանից մի այլ, ավելի կատարյալ ձև։ Ըստ էության ամեն ինչ կախված էր Ուիդոն Սքոթից. նա հասավ Սպիտակ Ժանիքի խառնվածքի խորքերը և փաղաքշանքով կենդանացրեց այն բոլոր զգացմունքները, որ նիրհում էին և արդեն կիսով չափ խլացել էին նրա մեջ։ Այսպես Սպիտակ Ժանիքն իմացավ, թե ինչ բան է սերը։ Սերը գրավեց '''հակման'''՝ աստվածների հետ շփվելու դեպքում իրենց մատչելի ամենաջերմ զգացմունքի տեղը։
Բայց սերը չի կարող գալ մեկ օրվա մեջ։ Սկիզբ առնելով հակումից՝ նա զարգանում էր խիստ դանդաղ։ Սպիտակ Ժանիքը հավանում էր իր նոր ձեռք բերած աստծուն ու չէր փախչում նրանից, թեև ամբողջ ժամանակ ազատ էր։ Նոր աստծու մոտ ապրելը անհամեմատ ավելի լավ էր, քան թե Սիրուն Սմիթի վանդակում, բացի դրանից, Սպիտակ Ժանիքը չէր կարող ապրել առանց աստվածության։ Նրա համար անհրաժեշտություն էր դարձել իր վրա մարդու իշխանությունն զգալը։ Մարդուց կախված լինելու կնիքը մնացել էր Սպիտակ Ժանիքի վրա այն հեռավոր օրերից, երբ նա լքեց հեռավոր Հյուսիսը և սողաց Գորշ Ջրշունի ոտքերի մոտ՝ հլու֊հնազանդ սպասելով ծեծի։ Այս անջինջ կնիքը դարձյալ դրվեց նրա վրա, երբ երկրորդ անգամ վերադարձավ հյուսիսից՝ սովից հետո և ձկան հոտ առավ Գորշ Ջրշունի ավանում։
Սկզբնական շրջանում այդ փաղաքշանքը միայն կասկած ու թշնամանք էր առաջացնում Սպիտակ Ժանիքի մեջ, բայց քիչ֊քիչ նա սկսեց հաճույք զգալ դրանից։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը իր մի սովորույթից չկարողացավ ոչ մի կերպ հրաժարվել. հենց որ մարդու ձեռքը դիպչում էր նրան, սկսում էր մռնչալ ու ձայնը չէր կտրում, մինչև Սքոթը չհեռանար։ Բայց այդ մռնչյունի մեջ երևան եկան նոր շեշտեր։ Կողմնակի մարդը չէր զգա դրանք, նրա համար Սպիտակ Ժանիքի մռնչոցը առաջվա պես մնացել էր սկզբնական վայրենության արտահայտությունը, որից մարդու արյունը սառչում է երակներում։ Այն հեռավոր օրերից, երբ Սպիտակ Ժանիքը մոր հետ ապրում էր անձավում և ցասման աոաջին նոպաները համակում էին նրան, նրա կոկորդը մռնչալուց կոպտացել էր, և նա արդեն չէր կարող այլ կերպ արտահայտել իր զգացմունքները։ Այնուամենայնիվ Սքոթի նուրբ լսողությունը այդ վայրագ մռնչյունի մեջ տարբերում էր նոր շեշտեր, որոնք միայն նրան հազիվ լսելի ասում էին, թե շունը հաճույք է զգում։
Ժամանակն անցնում էր, և '''հակումից''' սկիզբ առած սերը հետզհետե ավելի էր ամրանում։ Սպիտակ Ժանիքն ինքը սկսեց զգալ դա, թեկուզ և անգիտակցաբար։ Սերն իրեն զգալ էր տալիս այն դատարկության զգացողությամբ, որը համառորեն պահանջում էր լցնել։ Սերն իր հետ բերեց ցավ ու տագնապ, որոնք հանդարտվում էին միայն նոր աստծու ձեռքի հպումից։ Այդ րոպեներին սերը դառնում էր Սպիտակ Ժանիքի ամբողջ էությունը համակող ուրախություն։ Սակայն բավական էր, որ աստվածը հեռանար, որպեսզի վերադառնային ցավն ու տագնապը, և կրկին Սպիտակ Ժանիքին համակում էր դատարկության զգացողություն, տիրաբար հագեցում պահանջող քաղցի զգացողությունը։
Սպիտակ Ժանիքն աստիճանաբար գտնում էր իրեն։ Չնայած նրա հասուն տարիքին, չնայած ձևի խստությանը, որով ձուլել էր նրան կյանքը, նրա բնավորության մեջ առաջանում էին նորանոր գծեր։ Նրա մեջ ծնունդ էին առնում անսովոր զգացմունքներ ու մղումներ։ Հիմա Սպիտակ Ժանիքը բոլորովին այլ կերպ էր պահում իրեն։ Առաջ նա ատում էր անհարմարություններն ու ցավը և ամեն կերպ ջանում էր խուսափել դրանցից։ Հիմա ամեն ինչ փոխվել էր, ի սեր նոր աստծու Սպիտակ Ժանիքը հաճախ հանդուրժում էր անհարմարություններն ու ցավը։ Օրինակ՝ առավոտները փոխանակ թափառելու և սնունդ ճարելու կամ թե մի մեկուսի տեղ պառկելու, ժամեր շարունակ անց էր կացնում սառը անդաստակի վրա և սպասում Սքոթի երևալուն։ Ուշ երեկոյան, երբ սա վերադառնում էր տուն, Սպիտակ Ժանիքը դուրս էր գալիս ձնակույտի մեջ փորված տաքուկ բնից, որպեսզի զգա բարեկամական ձեռքի հպումը, լսի քաղցր խոսքեր։ Նա մոռանում էր ուտելիքը, նույնի՜սկ ուտելիքը, միայն թե մի քիչ մնա աստծու հետ, նրանից փաղաքշանք ստանա և կամ թե նրա հետ գնա քաղաք։