Changes
/* III */
== III ==
Գլխավորն այն էր, որ նա մինչև վերջին րոպեն այդպիսի վախճան ոչ մի կերպ չէր սպասում, նա հոխորտում էր մինչև վերջին սահմանը, նույնիսկ մտքովն էլ չանցկացնելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են դուրս գալ իր իշխանության տակից։ Այդ համոզմունքին շատ էին օգնում սնափառությունը և այն աստիճանի ինքնավստահությունը, որն ավելի լավ է ինքնասիրահարվածություն անվանել։ Պյոտր Պետրովիչը, որ դուրս էր եկել ողորմելի վիճակից ու մարդ դարձել, հիվանդագին սովորություն ուներ զմայլվել իրենով, բարձր էր գնահատում իր խելքը և ընդունակությունները ու երբեմն, մենության րոպեներին նայելով հայելուն, նույնիսկ զմայլվում էր իր դեմքով։ Բայց աշխարհում ամենից շատ նա թանկ էր գնահատում աշխատանքով ու ամեն տեսակ միջոցներով ձեռք բերած իր փողերը, դրանք իրեն հավասարեցնում էին այն ամենի հետ, ինչ որ իրենից բարձր էր եղել։
Այժմ դառնությամբ հիշեցնելով Դունյային, որ չնայած վերջինիս վատ համբավին, ինքը որոշել էր առնել նրան, Պյոտր Պետրովիչը միանգամայն անկեղծորեն էր խոսում և նույնիսկ խորին զայրույթ էր զգում նրա այդ «սև ապերախտության» դեմ։ Այնինչ ուզելով Դունյային, նա բոլորովին համոզված էր այդ բոլոր բամբասանքների անհեթեթության մեջ, բամբասանքներ, որոնք հրապարակավ հերքել էր ինքը Մարֆա Պետրովնան և որոնք մոռացել էր ամբողջ քաղաքը՝ ջերմորեն արդարացնելով Դունյային։ Պյոտր Պետրովիչը հիմա ինքն էլ չէր ժխտի, որ այն ժամանակ էլ գիտեր այդ բոլորը։ Եվ այնուամենայնիվ նա բարձր էր գնահատում իր վճռականությունը՝ Դունյային բարձրացնել մինչև իր մակարդակը, և դա սխրագործություն էր համարում։ Հիմա այդ բանը ասելով Դունյային, նա արտահայտում էր իր փայփայած գաղտնի միտքը, որով ինքը հաճախ զմայլվում էր և չէր կարողանում հասկանալ, թե ուրիշները ինչպես կարող էին չհիանալ իր սխրագործությամբ։ Օր առաջ այցելելով Ռասկոլնիկովին, նա ներս է մտել բարերարի զգացումով, պատրաստ լինելով պտուղներ քաղել և խիստ հաճելի կոմպլիմենտներ լսել։ Եվ իհարկե, այժմ, իջնելով սանդուղքից, նա իրեն վերին աստիճանի վիրավորված և չճանաչված էր համարում։
Դունյան շատ և շատ էր հարկավոր նրան, Դունյայից հրաժարվելը աներևակայելի էր նրա համար։ Արդեն վաղուց, արդեն մի քանի տարի նա խանդաղատանքով երազում էր ամուսնանալու մասին, շարունակ փող էր կուտակում և սպասում։ Նա խանդավառությամբ, իբրև խոշորագույն գաղտնիք, մտածում էր այնպիսի աղջկա մասին, որը լիներ բարեկիրթ և աղքատ (անպայման աղքատ), շատ ջահել, շատ սիրունիկ, ազնիվ ու կրթված, շատ երկչոտ, չափազանց շատ դժբախտտություններ տեսած և իր առջև միանգամայն խոնարհվող, այնպիսին, որը իր ամբողջ կյանքում նրան համարեր իր փրկությունը, խորապես հարգեր նրան, ենթարկվեր նրան, հիանար նրանով և միայն նրանով։ Անդորրության մեջ հանգստանալով գործերից, նա քանի՜֊քանի տեսարաններ, քանի՜֊քանի գայթակղիչ ու հաճելի էպիզոդներ էր պատկերացնում իր երևակայության մեջ։ Եվ ահա այդքան տարիների երազանքը համարյա արդեն իրականանում էր. Ավդոտյա Ռոմանովնայի գեղեցկությունը և կրթությունը ապշեցրել էին նրան. այդ աղջկա անօգնական վիճակը ծայրահեղության չափ գրավիչ էր նրա համար։ Այստեղ նույնիսկ ավելի շատ բան կար, քան երազել էր նա, աղջիկը սիգապանծ էր, ուժեղ կամքի տեր, շնորհալի, դաստիարակությամբ և զարգացմամբ նրանից բարձր (նա այդ զգում էր), և այդպիսի մի էակ իր ամբողջ կյանքում ստրկաբար շնորհակալ կլինի նրա սխրագործության համար ու երկյուղածությամբ կխոնարհվի նրա առաջ․ իսկ նա, Պյոտր Պետրովիչը, անսահմանորեն ու անվերապահորեն իշխելու է նրա վրա... Եվ միանգամայն պատեհ առիթին էր, որ Պյոտր Պետրովիչը այդ ժամանակներում, երկար կշռադատումներից ու ակնկալություններից հետո, վերջապես որոշել էր փոխել իր կարիերան ու թևակոխել գործունեության ավելի լայն շրջան ու դրա հետ մեկտեղ հետզհետե մտնել ավելի բարձր հասարակության մեջ, որի մասին նա արդեն վաղուց էր կրքոտությամբ երազում... Մի խոսքով, նա որոշել էր փորձել Պետերբուրգը։ Նա գիտեր, որ կանանց միջոցով կարելի է «միանգամայն և միանգամայն» շատ բան շահել։ Սիրունատես, շնորհալի և կրթված կնոջ հմայքը կարող էր սքանչելիորեն գեղազարդել նրա ճանապարհը, մարդկանց դեպի իրեն գրավել, լուսապսակ ստեղծել... և ահա ամեն ինչ խորտակվեց։ Հիմա այդ հանկարծակի, այլանդակ պառակտումը կայծակի պես պայթեց նրա գլխին։ Այդ մի ինչ֊որ այլանդակ կատակ էր, անհեթեթություն։ Նա միայն մի քիչ էր գոռոզացել, նա նույնիսկ չկարողացավ լիովին արտահայտվել, նա ուղղակի կատակեց, տարվեց դրանով, իսկ բանը այդպես լուրջ վերջացավ։ Վերջապես, նա հո նույնիսկ յուրովի դիրում էր Դունյային, իր երազանքներում իշխում էր նրա վրա, ու հանկարծ... Ոչ, վաղը, հենց վաղը պնտք է վերականգնել այդ ամենը, բուժել, ուղղել, և որ գլխավորն է, ոչնչացնել այդ համբակ, ամբարտավան տղային, որը այդ ամենի պատճառն էր։ Պյոտր Պետրովիչը մի տեսակ ակամայից, հիվանդագին զգացումով էր մտաբերում Ռազումիխինին... սակայն, այդ կողմից նա շուտով հանգստացավ։ «Այդ էր պակաս, որ նրանից էլ վտանգ սպասեի»։ Բայց եթե կար մեկը, որից նա լրջորեն վախենում էր, դա Սվիդրիգայլովն էր... Մի խոսքով, շատ գլխացավանք էր լինելու...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
— Ոչ, բոլորիցդ շատ ես եմ մեղավոր,— ասում էր Դունեչկան՝ գրկելով ու համբուրելով մորը,— ես հրապուրվեցի նրա փողերով, բայց, եղբայրս, երդվում եմ, ես չէի էլ երևակայում, թե նա այդպիսի անարժան մարդ է։ Եթե ես առաջ նրան լավ ճանաչեի, ոչ մի դեպքում չէի հրապուրվի։ Եղբայրս, մի մեղադրի ինձ։
— Աստված ազատեց, աստված ազատեց,— փնթփնթում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց մի տեսակ անգիտակցորեն, կարծես դեռ այնքան էլ չհասկանալով այն ամենը, ինչ որ պատահել էր։
Բոլորն էլ ուրախացել էին, հինգ րոպե հետո նույնիսկ ծիծաղում էին։ Միայն երբեմն Դունեչկան, հիշելով պատահածը, գունատվում էր ու կիտում հոնքերը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երևակայել անգամ չէր կարող, որ ինքն էլ է ուրախանալու. Լուժինի հետ գժտվելը դեռ առավոտյան նրան սարսափելի էր թվում։ Ռազումիխինը ցնծության մեջ էր՝ նա դեռ չէր համարձակվում դա լիովին արտահայտել, բայց ամբողջ մարմնով դողում էր ասես տենդից, կարծես նրա սրտից հինգ փթանոց մի քար էր ընկել։ Այժմ նա իրավունք ունի նրանց նվիրել իր ամբողջ կյանքը, ծառայել նրանց... Եվ ի՛նչ ասես, որ այժմ չի լինելու։ Սակայն նա դեռ երկչոտությամբ վանում էր հետագա մտքերը և վախենում էր իր երևակայությաւնից։ Միայն Ռասկոլնիկովը նույն տեղում նստած, համարյա մռայլ էր և նույնիսկ մտացրիվ։ Նա, որ բոլորից ավելի շատ էր պահանջում Լուժինի հեռացումը, կարծես, հիմա բոլորից ավելի քիչ էր հետաքրքրվում պատահածով։ Դունյան ակամա մտածեց, որ նա դեռ էլի բարկանում է իր վրա, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան վախենալով էր նայում որդուն։
— Քեզ ի՞նչ ասաց Սվիդրիգայլովը,— հարցրեց Դունյան՝ մոտենալով Ռասկոլնիկովին։
— Ախ, հա՛֊հա,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
Ռասկոլնիկովը բարձրացրեց գլուխը։
— Նա ուզում է անպայման քեզ նվիրել տասը հազար ռուբլի և ցանկություն է հայտնում մի անգամ քեզ տեսնել իմ ներկայությամբ։
— Տեսնե՜լ, ոչ մի դեպքում,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— և ինչպե՞ս է նա համարձակվում Դունեչկային փող առաշարկել։
Այնուհետև Ռասկոլնիկովը հաղորղեց (բավական սառն տոնով) իր խոսակցությունը Սվիդրիգայլովի հետ՝ բաց թողնելով Մարֆա Պետրովնայի ուրվականը, որպեսզի խուսափեր ավելորդ նյութից, ու զգալով զզվանք ամեն մի խոսակցության նկատմամբ, բացի այն, ինչ որ առավելապես անհրաժեշտ էր։
— Դու նրան ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց Դունյան։
— Սկզբում ասացի, որ քեզ ոչինչ չեմ հաղորդի։ Նա հայտարարեց, թե ինքը ամեն կերպ կձգտի տեսնվել քեզ հետ։ Նա հավատացնում էր, որ քո նկատմամբ իր սերը քմահաճույք է եղել, և ինքը հիմա դեպի քեզ ոչ մի զգացմունք չի տածում... Նա չի ուզում, որ դու ամուսնանաս Լուժինի հետ... Ընդհանրապես նա կցկտուր էր խոսում։
— Դու ինչպե՞ս ես նրան հասկանում, Ռոդյա, նա քեզ ինչպե՞ս թվաց։
— Խոստովանում եմ, որ չավ չեմ հասկանում։ Առաջարկում է տասը հազար ու ինքն էլ ասում է, որ հարուստ չէ։ Հայտարարում է, թե ուզում է մեկնել ինչ-որ տեղ, ու տասը րոպե հետո մոռանում է, որ խոսել է այդ մասին։ Հանկարծ նաև ասում է, թե ուզում է ամուսնանալ և արդեն իրեն համար հարսնացու են ուզում... Իհարկե, նա նպատակներ ունի, ամենայն հավանականությամբ վատ նպատակներ։ Բայց տարօրինակ կլինի ենթադրել, որ նա այդպես հիմարաբար ձեռնամուխ լինի գործին, եթե քո նկատմամբ վատ նպատակներ ունենա... Ես, իհարկե, քո փոխարեն առմիշտ հրաժարվեցի այդ փողից։ Առհասարակ նա ինձ խիստ տարօրինակ թվաց և կարծես թե․․․ նույնիսկ... խելագարության նշաններ էին նկատվում։ Բայց ես կարող էի սխալվել, գուցե այստեղ յուրատեսակ խաբեբայություն կար։ Թվում է, որ Մարֆա Պետրովնայի մահը ազդել է նրա վրա։
— Աստված ողորմի Մարֆա Պետրովնայի հոգուն,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— միշտ, միշտ նրա համար աղոթելու եմ աստծուն։ Դունյա, առանց այդ երեք հազարի հիմա ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Տեր աստված, կարծես դա երկնքից ընկավ։ Ախ, Ռոդյա, առավոտյան մեզ մոտ ընդամենը երեք ռուբլի էր մնացել, ես ու Դունեչկան հույս էինք դրել ժամացույցը որևէ տեղ շուտով գրավ դնելու վրա, որպեսզի փող չուզեինք այդ մարդուց, մինչև որ ինքը գլխի ընկներ և տար։
Սվիդրիգայլովի առաջարկը չափազանց զարմացրել էր Դունյային։ Նա դեռ կանգնած էր մտազբաղ։
— Սվիդրիգայլովը ինչ֊որ սարսափելի մտադրություն ունի,— ասաց նա համարյա շշնջալով, գրեթե ցնցվելով։
Ռասկոլնիկովը նկատեց այդ թունդ վախը։
— Թվում է, որ ես դեռ էլի պետք է տեսնեմ նրան,— ասաց նա Դունյային։
— Կհետամտենք, ես կգտնեմ նրա տեղը,— կտրուկ բացականչեց Ռազումիխինը։— Աչքիցս չեմ փախցնի։ Ինձ Ռոդյան է թույլ տվել։ Նա ինձ այսօր ասաց՝ «պաշտպանիր քրոջս»։ Իսկ դուք այդ թույլ կտա՞ք, Ավդոտյա Ռոմանովնա։
Դունյան ժպտաց ու ձեռքը մեկնեց Ռազումիխինին, բայց դեմքը դեռ մտահոգություն էր արտահայտում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ նայում էր աղջկան, սակայն երեք հազարը ըստ երևույթին հանգստացրել էր նրան։
Քառորդ ժամից բոլորն էլ աշխույժ զրուցում էին։ Ռասկոլնիկովը թեև չէր խոսում, բայց որոշ ժամանակ ուշադրությամբ լսում էր։ Ռազումիխինը ճառաբանում էր։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ դուք մեկնեք,— ցնծությամբ պերճախոսում էր նա,— ի՞նչ պիտի անեք փոքրիկ քաղաքում։ Գլխավորն այն է, որ դուք այստեղ բոլորդ միասին եք և միմյանց հարկավոր եք, շատ եք հարկավոր, հասկացեք ինձ։ Թեկուզև կարճ ժամանակով․․․ Ինձ վերցրեք իբրև բարեկամ և ընկերակից, ու հավատացնում եմ, որ հիանալի գործ կձեռնարկենք։ Լսեցեք, ես ձեզ մանրամասն կբացատրեմ ամեն ինչ, ամբողջ նախագիծը։ Առավոտյան, երբ դեռ ոչինչ չէր պատահել, դա ծագեց գլխումս... Ահա թե ինչումն է բանը, ես հորեղբայր ունեմ (ձեզ կծանոթացնեմ, մեղմաբարո և հարգարժան մարդ է), նա հազար ռուբլու կապիտալ ունի, իսկ ինքը կենսաթոշակով է ապրում և դրա կարիքը չունի։ Երկրորդ տարին է, որ նա ինձ համոզում է վերցնել այդ հազարը, իսկ ես նրան վեց տոկոս վճարեմ։ Ես տեսնում եմ, որ նա ուղղակի ուզում է օգնել ինձ․ անցյալ տարի այդ ինձ հարկավոր չէր, իսկ այս տարի ես սպասում էի նրան ու որոշել էի վերցնել։ Հետո էլ դուք կտաք ձեր երեք հազարից մեկ հազարը, և ահա սկզբում դա բավական կլինի, ու մենք կմիանանք։ Ի՞նչ ենք անելու։
Ռազումիխինը սկսեց մեկնաբանել իր նախագիծը ու երկար բացատրել, որ համարյա մեր բոլոր գրավաճառները և հրատարակիչները քիչ բան են հասկանում իրենց ապրանքից, դրա համար էլ սովորաբար վատ հրատարակիչներ են, այնինչ կարգին հրատարակությունները առհասարակ ծածկում են ծախքերը ու նույնիսկ երբեմն զգալի տոկոս են տալիս։ Ռազումիխինը հենց հրատարակչական գործունեության մասին էր երազում, արդեն երկու տարի էր, որ աշխատում էր այդ ուղղությամբ ու բավականաչափ գիտեր եվրոպական երեք լեզու, թեև վեց օր առաջ Ռասկոլնիկովին ասել էր, թե գերմաներենից «կաղում է», ուզում էր համոզել Ռասկոլնիկովին, որ սա վերցնի թարգմանական աշխատանքի կեսը ու երեք ռուբլի գրավական. այն ժամանակ նա սաում էր, և Ռասկոլնիկովը գիտեր, որ նա ստում է։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ մենք աչքաթող անենք մեր ունեցած հնարավորությունը, երբ ունենք ամենագլխավոր միջոցներից մեկը, այսինքն՝ փող,— ոգևորվում էր Ռազումիխինը։— Իհարկե, շաա աշխատանք է հարկավոր, բայց դուք, Ավդոտյա Ռոմանովնա, ես, Ռոդիոնը, բոլորս էլ կաշխատենք... Որոշ հրատարակություններ այժմ հիանալի տոկոս են տալիս։ Գործի գլխավոր հիմքը այն է, որ կգիտենանք, թե հատկապես ինչ պեաք է թարգմանել։ Թե՛ կթարգմանենք, թե՛ կհրատարակենք ու միևնույն ժամանակ կսովորենք։ Հիմա ես կարող եմ օգտակար լինել, որովհետև փորձ ունեմ։ Ահա արդեն երկու տարի է, որ ես հրատարակիչների մոտ եմ լինում և գիտեմ նրանց բոլոր գաղտնիքները, հավատացեք, նրանք հասարակ գործ չեն անում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ անտեսել համեղ պատառը։ Ես գիտեմ ու գաղտնի եմ պահում երկու-երեք այնպիսի երկեր, որոնք թարգմանելու և հրատարակելու համար կարելի է վաստակել հարյուր ռուբլի, իսկ դրանցից մեկի համար ես հինգ հարյուր էչ չեմ վերցնի։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ես այս բանը հաղորդեմ մեկ ուրիշին, կարող է և կասկած հայտնել։ Ինչ վերաբերում է տպարանին, թղթին, վաճառքին, այդ ինձ հանձնարարեք։ Բոլոր գործերը գիտեմ։ Քչից կսկսենք, շատ բանի կհասնենք, գոնե ապրելու միջոց կլինի, համենայն դեպս կվերադարձնենք մեր դրած փողը։
Դունյայի աչքերը փայլեցին։
— Ինչ որ դուք ասում եք, ինձ շատ է գուր գալիս, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա։
— Ես, իհարկե, դրանից ոչինչ չեմ հասկանում,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գուցե և դա լավ գործ է, բայց դե ինչ իմանաս, աստված գիտե։ Նոր բան է, անհայտ է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք մնանք այստեղ, թեկուզև կարճ ժամանակով...
Նա նայեց Ռոդյային։
— Դու ի՞նչ ես կարծում, եղբայրս,— հարցրեց Դունյան։
— Ես կարծում եմ, որ սա շատ լավ բան է մտածել,— պատասխանեց Ռոդյան։— հասկանալի է, որ չպետք է նախօրոք երազել ձեռնարկություն ունենալու մասին, բայց իրոք կարելի է անկասկածելի հաջողությամբ մի հինգ-վեց գիրք հրատարակել։ Ես ինքս էլ գիտեմ մի երկ, որը անպայման կվաճառվի։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ Ռազումիխինը կարող է գլուխ բերել գործը, այդ մասին կասկած չի կարող լինել․ նա գիտե այդ գործը... Սակայն մենք դեռ ժամանակ կունենանք համաձայնության գալու...
— Ուռա՛,— բացականչեց Ռազումիխինը,— հիմա լսեք, այստեղ, հենց այս տանը կա մի բնակարան, որը պատկանում է նույն տանտիրոջը։ Բնակարանը առանձին է, այս համարների հետ կապված չէ, կահավորված է, երեք սենյակից է, գինը մատչելի է։ Առայժմ վերցրեք այդ բնակարանը։ Վաղը ես գրավ կդնեմ ժամացույցը ու կբերեմ փողը, հետո էլ ամեն ինչ կկարգավորվի։ Գլխավորն այն է, որ երեքդ էլ կարող եք միասին ապրել, Ռոդյան ձեզ հետ կլինի... Հը՛, ո՞ւր ես գնում, Ռոդյա։
— Ո՞նց թե, Ռոդյա, դու արդեն գնո՞ւմ ես,— նույնիսկ վախեցած հարցրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այն էլ այսպիսի րոպե՞ին,— գոչեց Ռազումիխինը։
Դունյան անվստահություն արտահայտող զարմանքով էր նայում եղբորը։ Ռասկոլնիկովը վերցրել էր գլխարկը, նա պատրաստվում էր գնալ։
— Դուք կարծես թե թաղում եք ինձ կամ առմիշտ հրաժեշտ եք տալիս,— ինչ֊որ տարօրինակությամբ ասաց նա։
Նա կարծես թե ժպտաց, բայց դա կարծես ժպիտ չէր։
— Դե ո՛վ գիտե, գուցե և վերջին անգամ ենք տեսնվում,― անզգուշաբար ավելացրեց նա։
Նա այդ միայն մտածել էր, սակայն բառերը ինքնաբերաբար դուրս թռան իր բերանից։
— Ի՞նչ պատահեց քեզ,— գոչեց մայրը։
— Ո՞ւր ես գնում, Ռոդյա,— տարօրինակ տոնով հարցրեց Դունյան։
— Այնպես, էլի, շատ է հարկավոր գնալ,— անորոշ պատասխանեց Ռասկոլնիկովը՝ կարծես չգիտենալով, թե ինչ էր ուզում ասել։ Բայց նրա գունատ դեմքը ինչ-որ խիստ վճռականություն էր արտահայտում։
— Ես ուզում էի ասել... գալով այստեղ... ես ուզում էի ասել ձեզ, մայրիկ․․․ քեզ էլ ասել, Դունյա, որ ավելի լավ կլիներ առժամանակ մենք բաժանվեինք։ Ես ինձ լավ չեմ զգում, ես անհանգիստ եմ․․․ Ես հետո կգամ, ինքս կգամ, երբ․․․ կարելի լինի։ Ես ձեզ հիշում եմ և սիրում... Թողեք ինձ, թողեք ինձ մենակ, դեռ առաջ էլ ես այսպես էի որոշել․․․․ Ես այդ հաստատ էի որոշել․․․ Ինչ էլ որ ինձ պատահի, մեռնեմ, թե ոչ, ուզում եմ մենակ լինել։ Բոլորովին մոռացեք ինձ։ Դա ավելի լավ է... Իմ մասին մի՛ տեղեկացեք։ Երբ հարկավոր լինի, ես ինքս կգամ, կամ... կկանչեմ ձեզ։ Գուցե ամեն ինչ հարություն առնի... Իսկ հիմա, եթե սիրում եք ինձ, հրաժարվեցեք ինձնից... Այլապես ես ձեզ կատեմ, ես այդ զգում եմ... Մնաք բարով։
— Տեր աստված,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
Թե մայրը և թե քույրը սարսափելի վախեցած էին. Ռազումիխինը նույնպես։
— Ռոդյա, Ռոդյա, հաշտվիր մեզ հետ, լինենք առաջվա պես,— բացականչեց խեղճ մայրը։
Ռասկոլնիկովը դանդաղ շուռ եկավ և դանդաղ քայլեց դեպի դուռը։ Դունյան հասավ նրա ետևից։
— Եղբայրս, այդ ինչպե՞ս ես վարվում մորդ հետ,— շշնջաց նա, ու նրա աչքերում առկայծում էր զայրույթը։
Ռասկոլնիկովը ծանր նայեց նրան։
— Ոչինչ, ես կգամ, ես կգամ,— կամացուկ փնթփնթաց նա, ասես այնքան էլ չգիտակցելով, թե ինչ է ուզում ասել, ու սենյակից դուրս ելավ։
— Անզգա՛, չարասի՛րտ եսամոլ,— ճչաց Դունյան։
— Նա խե-լա֊գար է և ոչ թե անզգա։ Նա խելացնոր է, մի՞թե դուք այդ չեք տեսնում։ Որ այդպես է, դուք եք անզգա...— ջերմորեն շշնջաց Ռազումիխինը Դունյայի ականջին՝ պինդ սեղմելով նրա ձեռքը։
— Ես հիմա կգամ,— գոչեց նա՝ դիմելով սարսափահար Պույլխերիա Ալեքսանդրովնային, ու սենյակից դուրս թռավ։
Ռասկոլնիկովը նրան սպասում էր միջանցքի ծայրում։
— Ես այդպես էլ գիտեի, որ դու կվազես իմ ետևից,— ասաց նա։— Վերադարձիր նրանց մոտ ու եղիր նրանց հետ... Վաղն էլ... միշտ էլ եղիր նրանց մոտ։ Ես... գուցե գամ... եթե կարելի լինի։ Մնաս բարով։
Եվ նա առանց ձեռք տալու գնաց։
— Ախր ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, ի՞նչ է պատահել քեզ։ Մի՞թե կարելի է այդպես վարվել...— քրթմնջում էր բոլորովին շփոթված Ռազումիխինը։
Ռասկոլնիկովը մի անգամ էլ կանգ առավ։
— Մի անգամ ե առմիշտ ասում եմ քեզ՝ երբեք և ոչ մի բանի մասին ինձ մի հարցնի։ Ես քեզ պատասխանելու ոչինչ չունեմ... Ինձ մոտ մի գա։ Գուցե և ես գամ այստեղ․․․ Թող ինձ, իսկ նրանց մի ''թող''։ Հասկանո՞ւմ ես ինձ։
Միջանցքում մութն էր. նրանք կանգնած էին լամպի մոտ։ Մի րոպե լուռ նայում էին միմյանց։ Ռազումիխինը իր ամբողջ հետագա կյանքում հիշում էր այդ րոպեն։ Ռասկոլնիկովի առկայծող ու սևեռուն հայացքը կարծես յուրաքանչյուր ակնթարթ է՛լ ավելի էր փայլում, թափանցում նրա հոգու և գիտակցության մեջ։ Հանկարծ Ռազումիխինը ցնցվեց։ Կարծես մի ինչ֊որ տարօրինակ բան հայտնվեց նրանց միջե... երևան եկավ մի ինչ֊որ միտք, կարծես ակնարկ, ինչ-որ զարհուրելի, այլանդակ բան, որ հանկարծ երկուսն էլ հասկացան... Ռազումիխինը գունատվեց մեռելի նման։
— Հիմա հասկանո՞ւմ ես,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, և նրա դեմքը հիվանդագին ծոմռվեց...— Վերադարձիր, գնա նրանց մոտ,— հանկարծ ավելացրեց նա ու արագ շուռ գալով, դուրս ելավ տանից...
Հիմա չեմ նկարագրի, թե այդ երեկո ինչ կատարվեց Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ, ինչպես Ռազումիխինը վերադարձավ նրանց մոտ, ինչպես էր հանգստացնում նրանց, ինչպես էր պնդում, թե հարկավոր է Ռոդյային հանգիստ թողնել հիվանդության ժամանակ, երդվում, թե Ռոդյան անպայման կգա, ամեն օր կգա, թե նա շատ, շատ է վրդովված, հարկավոր չէ նրան ջղայնացնել, ասում էր, որ ինքը՝ Ռազումիխինը, կհետևի նրան, լավ, լավագույն բժիշկ, մի ամբողջ կոնսիլիում կհրավիրի նրա համար... Մի խոսքով, այդ երեկոյից Ռազումիխինը Պույլխերիա Ալեքսանդրովնայի որդին և Դունյայի եղբայրը դարձավ։
== IV ==