Changes

Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս

Ավելացվել է 61 870 բայտ, 17:33, 15 Հունվարի 2016
/* IV */
== IV ==
 
Ռասկոլնիկովը գնաց ջրանցքի ափին գտնվող մի տուն, որտեղ ապրում էր Սոնյան։ Տունը երեք հարկանի էր, հին, և կանաչ գույն ուներ։ Ռասկոլնիկովը գտավ դռնապանին և նրանից անորոշ ցուցումներ ստացավ, թե որտեղ է ապրում դերձակ Կապերնաումովը։ Բակի մի անկյունում գտնելով նեղլիկ ու խավար սանդուղքի մուտքը, նա, վերշապես, բարձրացավ երկրորդ հարկ ու մտավ բակի կողմի մի սրահ։ Մինչդեռ նա շրջում էր խավարում և տարակուսանքով փնտրում Կապերնաումովի բնակարանի մուտքը, հանկարծ նրանից մի երեք քայլ հեռավորությամբ ինչ-որ դուռ բացվեց․ նա մեքենայաբար կառչեց այդ դռանը։
 
— Ո՞վ է,— անհանգիստ հարցրեց կանացի մի ձայն։
 
— Ես եմ... ձեզ մոտ եմ եկել,— պատասխանեց Ռասկոլնիկովը ու մտավ փոքրիկ նախասենյակը։ Այստեղ, խարխլված աթոռի վրա, պղնձե ծռմռված մոմակալով մոմ էր դրված։
 
— Այդ դո՞ւք եք, օ, տեր աստված,— թույլ գոչեց Սոնյան և տեղնուտեղը քարացավ։
 
— Ինձ մո՞տ, ո՞ւր, այստե՞ղ։
 
Ու Ռասկոլնիկովը աշխատելով չնայել նրան, շուտով անցավ սենյակ։
 
Մի րոպե հետո մոմը ձեռքին ներս մտավ նաև Սոնյան, մոմը դրեց սեղանին ու կանգնեց նրա առջև, բոլորովին շփոթված, անասելի հուզված և ըստ երևույթին նրա անսպասելի այցելությունից վախեցած։ Հանկարծ նրա գունատ դեմքը շիկնեց, աչքերում նույնիսկ արցունքներ երևացին... Այդ ամենը նրա համար և՛ ծանր էր, և՛ ամոթալի, և քաղցր... Ռասկոլնիկովը արագ շուռ եկավ, նստեց սեղանի մոտ դրված աթոռին։ Նա հարևանցիորեն դիտեց սենյակը։
 
Այդ մի մեծ, բայց չափազանց ցածլիկ սենյակ էր, միակ սենյակը, որ Կամպերնաումովները վարձով էին տալիս։ Ձախ կողմում գտնվում էր նրանց բնակարանը տանող, փակված դուռը։ Աջ կողմում կար նաև մի ուրիշ, միշտ էլ պինդ փակված դուռ։ Դրա հետևում ուրիշ, հարևան բնակարանն էր, ուրիշ համարով։ Սոնյայի սենյակը կարծես մարագ լիներ, խիստ անկանոն քառանկյունի էր հիշեցնում, և դա սենյակին ինչ-որ այլանդակ տեսք էր տալիս։ Ջրանցքի կողմի պատը, որ երեք լուսամուտ ուներ, կառուցված էր շեղակի ուղղությամբ, և այս պատճառով սենյակի մի անկյունը, որ շատ սուր էր, գտնվում էր դրա խորքում, այնպես որ թույլ լուսավորության դեպքում նույնիսկ պարզ չէր երևում. մյուս անկյունը այլանդակության չափ բութ էր։ Այդ մեծ սենյ ակում համարյա թե բոլորովին կահույք չկար։ Անկյունում, աջ կողմում գտնվում էր մահճակալը, կողքին, դռան մոտ՝ աթոռ։ Նույն պատի տակ, ուր մահճակալն էր, ուրիշի բնակարանը տանող դռան մոտ դրված էր տախտակե մի հաաարակ սեղան, կապույտ սփռոցով ծածկված, սեղանի մոտ՝ երկու գործած աթոռ։ Այնուհետև, հակադիր պատի տակ, սուր անկյանը մոտիկ դրված էր հասարակ փայտից շինած մի փոքրիկ կոմոդ, որը ասես կորել էր դատարկության մեջ։ Ահա այն ամենը, որ կար սենյակում։ Դեղնավուն, մաշված ու ճղճղված պաստառները սևացել էին բոլոր անկյուններում, երևի ձմռանը այստեղ խոնավություն և ածխահոտ էր լինում։ Աղքատությունը ակներև էր, նույնիսկ մահճակալն էլ վարագուրված չէր։
 
Սոնյան լուռ նայում էր իր հյուրին, որը ուշադրությամբ և առանց քաշվելու դիտում էր նրա սենյակը։ Սոնյան, վերջապես, սկսեց նույնիսկ դողալ վախից, կարծես կանգնած էր դատավորի և իր բախտը տնօրինողի առաջ։
 
— Ես ուշ եկա․․․ ժամը տասնմեկը կլինի՞,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ դեռ էլի չնայելով նրան։
 
— Կլինի,— քրթմնջաց Սոնյան։— Ախ՛, հա՛, կլինի,— հանկարծ հապճեպորեն ավելացրեց նա, կարծես թե դրանումն էր ամբողջ ելքը,— քիչ առաջ խփեց տանտերերի ժամացույցը... Ես ինքս լսեցի... Կլինի։
 
— Ես ձեզ մոտ եկել եմ վերջին անգամ,— նոթոտ շարունակեց Ռասկոլնիկովը, թեև հիմա էլ առաջին անգամ էր եկել,— ես գուցե ձեզ էլ չտեսնեմ...
 
— Դուք... մեկնո՞ւմ եք։
 
— Չգիտեմ... վաղը կպարզվի․․․
 
— Ուրեմն դուք վաղը չե՞ք լինի Կատերինա Իվանովնաղի մոտ,— Սոնյայի ձայնը դողաց։
 
— Չգիտեմ։ Ամեն ինչ վաղը առավոտյան... բանը այդ չէ. ես եկել եմ մի խոսք ասելու...
 
Նա մտախոհ նայեց Սոնյային ու հանկարծ նկատեց, որ ինքը նստած է, իսկ Սոնյան կանգնել է իր առջև։
 
— Ինչո՞ւ եք կանգնել, նստեցեք,— հանկարծ ասաց նա փոխված, մեղմ ու փաղաքուշ ձայնով։
 
Սոնյան նստեց։ Ռասկոլնիկովը մի րոպեի չափ սիրալիր և համարյա կարեկցաբար նայեց նրան։
 
— Որքա՞ն նիհար եք դուք, այդքան էլ վտիտ ձե՞ռք, բոլորովին թափանցիկ է։ Մատներդ կարծես մեռելի մատներ լինեն։
 
Ռասկոլնիկովը վերցրեց Սոնյայի ձեռքը։ Սոնյան թույլ ժպտաց։
 
— Ես միշտ էլ այսպես եմ եղել,— ասաց նա։
 
— Ձեր տանն է՞լ այդպես էիք։
 
— Այո։
 
— Դե իհարկե,— կտրուկ ասաց Ռասկոլնիկովը, ու հանկարծ դեմքի արտահայտությունը և ձայնի հնչյունը դարձյալ փոխվեցին։ Նա մի անգամ էլ նայեց շուրջը։
 
— Այս սենյակը դուք Կապերնաումովի՞ց եք վարձել։
 
— Այո։
 
— Նրանք այնտե՞ղ են, դռան ետևո՞ւմ։
 
— Այո․․․ նրանք էլ այսպիսի մի սենյակում են ապրում։
 
— Բոլորը մի սենյակո՞ւմ։
 
— Մի սենյակում։
 
— Եթե ես ձեր սենյակում ապրեի, գիշերները կվախենայի,— մռայլ ասաց Ռասկոլնիկովը։
 
— Տանտերերը շատ լավն են, շատ սիրալիր,— պատասխանեց կարծես դեռ ուշքի չեկած և տարակուսանքg չփարատած Սոնյան,— այս ամբողջ կահույքը և ամեն ինչ․․․ տանտիրոջն է։ Նրանք շատ բարի են, երեխաները հաճախ ինձ մոտ են գալիս․․․
 
— Այդ թլվատնե՞րը։
 
— Այո․․․ Տանտերը կակազում է ու կաղ է։ Կինն էլ․․․ ոչ թե կակազում է, այլ կարծես խոսքերը պարզ չի արտասանում։ Նա շատ բարի է։ Տանտերը կալվածատիրոջ նախկին սպասավոր է։ Յոթ երեխա ունեն․․․ միայն մեծն է կակազում, իսկ մյուսները ուղղակի հիվանդ են, չեն կակազում․․․ Իսկ դուք նրանց մասին որտեղի՞ց եք տեղեկացել,— մի փոքր զարմացած ավելացրեց Սոնյան։
 
— Ամեն ինչ ձեր հայրն էր ինձ պատմել։ Ձեր մասին էլ էր մանրամասն պատմել... Նա պատմել էր, թե ինչպես դուք ժամը վեցին գնացել էիք տանից ու իննին վերադարձել, թե ինչպես Կատերինա Իվանովնան ծունկ էր չոքել ձեր անկողնու մոտ։
 
Սոնյան շփոթվեց։
 
— Ես նրան կարծես այսօր տեսա,— անվճռականորեն շշնջաց նա։
 
— Ո՞ւմ։
 
— Հորս։ Կլիներ ժամը տասը, քայլում էի փողոցով ու մեկ էլ տեսնեմ նա կարծես գնում է իմ առջևից։ Իրոք, կարծես թե նա էր։ Ես ուզում էի անցնել Կատերինա Իվանովնայի մոտ
 
— Դուք մա՞ն էիք գալիս։
 
— Այո,— կտրուկ շշնջաց Աոնյան՝ դարձյալ շփոթվելով ու կիտելով հոնքերը։
 
— Կատերինա Իվանովնան ձեզ հո չէ՞ր ծեծում հորդ մոտ։
 
— Օ, ոչ, ոչ, ի՞նչ եք ասում,— Սոնյան նույնիսկ ինչ֊որ վախով նայեց Ռասկոլնիկովին։
 
— Դոկք սիրո՞ւմ եք նրան։
 
— Նրա՞ն, ինչպե՛ս չէ, է՛,— տխուր ձայնով ձոր ավեց Սոնյան՝ հանկարծ տանջալից ծալիչով ձեռքերը։— Ախ, եթե դուք... ճանաչեի՛ք նրան։ Նա հո բոլորովին երեխա է․․․ Վշտից ուղղակի թռցրել է խելքը... Իսկ առաջ որքա՜ն խելացի էր նա, որքա՜ն մեծահոգի․․․ որքա՜ն բարի։ Ա՛խ․․․ դուք ոչինչ, ոչինչ չգիտեք։
 
Սոնյան այդ աաաց կարծես հուսալքված, հուզվելով ու տանջվելով, մորմոքալով։ Նրա գունատ այտերը կարծես շիկնեցին, աչքերում տառապանք արտահայտվեց։ Երևում էր, որ նրան սարսափելի շատ էին հուզել, որ նա շատ էր ուզում ինչ֊որ միտք արտահայտել, ասել, պաշտպանել մորը։ Եթե կարելի է այսպես արտահայտվել հանկարծ մի ինչ֊որ ''անհագ'' կարեկցություն պատկերացավ նրա բոլոր դիմագծերում։
 
— Հո չէ՜ր ծեծում։ Ախր ինչե՞ր եք ասում։ Տեր աստված, ախր ի՞նչ ծեծ։ Թեկուզ և ծեծեր, հետո՞ ինչ։ Դե ի՞նչ կա որ։ Դուք ոչինչ, ոչինչ չգիտեք... Նա այնպես դժբա՛խտ է, ա՛խ, որքա՜ն դժբախտ է։ Ու հիվանդ է... Նա արդարություն է փնտրում... Նա մաքուր է։ Նա հավատում է, որ ամենուրեք արդարություն պետք է լինի, և այդ է պահանջում... թեկուզ և տանջեք նրան, անարդարություն չի թույլ տա։ Նա չի հասկանում, թե մարդկանց մեջ ինչպես կարող է արդարություն չլինել, ու հուզվում է... Երեխա է, երեխա ... Նա արդարամիտ է, արդարամիտ։
 
— Դուք ի՞նչ եք անելու։
 
Սոնյան հարցական նայեց հյուրին։
 
— Նրանք հո ձեր խնամքին են մնացել։ Ասենք առաջ էլ բոլոր հոգսերը ձեզ վրա էին, հանգուցյալն էլ ձեզ մոտ էր գալիս խմիչքի փող խնդրելու։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու։
 
— Չգիտեմ,— տխուր ասաց Սոնյան։
 
— Նրանք այնտե՞ղ կմնան։
 
— Չգիտեմ։ Նրանք պետք է որ մնան այն բնակարանում, սակայն տանտիրուհին այսօր ասել է, որ համաձայն չէ, իսկ Կատերինա Իվանովնան ասում է, որ ինքն էլ ոչ մի րոպե չի մնա։
 
— Ինչո՞ւ է նա այդպես խիզախում։ Ձեզ վրա՞ է հույս դնում։
 
— Ախ, ոչ, այդպես մի խոսեք․․․ մենք միասին ենք ապրում,— հանկարծ նարից հուզվեց և նույնիսկ ջղայնացավ Սոնյան, ճիշտ այնպես, ինչպես կբարկանար դեղձանիկը կամ ուրիշ որևէ փոքր թռչուն։— Ախր ի՞նչ անի նա, ի՞նչ անի,— տաքանալով և հուզվելով հարցնում էր Սոնյան։— Այսօր նա որքա՜ն, որքա՜ն լացեց։ Նա կորցնում է խելքը, դուք այդ չե՞ք նկատել։ Ցնորվում է. մերթ երեխայի պես անհանգստանում է, թե արդյո՞ք վաղը ամեն ինչ կարգին կլինի, ուտելեղեն կլինի... մերթ հուսալքվում է, արյուն է թքում, լաց է լինում, հանկարծ սկսում է գլուխը խփել պատին, ասես բոլորովին խելքը կորցրած։ Հետո էլի սփոփվում է, հույս է դնում ձեր վրա, ասում է, որ դուք հիմա իր օգնականն եք, որ ինքը որևէ տեղից փոխարինաբար մի քիչ փող կվերցնի, ինձ հետ կգնա իրենց քաղաքը, ազնվական աղջիկների համար պանսիոն կհիմնի, ինձ կվերցնի իբրև վերակացուհի, ու մեզ համար բոլորովին նոր, հիանալի կյանք կսկսվի, ու համբուրում է ինձ, գրկում, մխիթարում, ու այնպե՜ս է հավատում, այնպե՜ս է հավատում ֆանտազիաներին։ Եվ մի՞թե կարելի է նրան հակաճառել։ Այսօր ամբողջ օրը լվացք է անում, մաքրում, նորոգում հագուստը, իր թույլ ձեռքերով տաշտը տարավ սենյակ, շնչասպառ եղավ, այնպես էլ ընկավ անկողնուն։ Առավոտն էլ ես ու նա գնացինք խանութները, Պոլեչկայի ու Լենայի համար քոշեր գնելու, որովհետև նրանց ոտնամանները բոլորովին քրքրվել են, բայց մեր փողը չբավականացավ, շատ էր պակաս, իսկ նա հիանալի կոշիկներ էր ընտրում, որովհետև ճաշակ ունի, դուք չգիտեք... փողը պակասելու պատճառով լաց եղավ հենց խանութում, վաճառականների ներկայությամբ... Ախ՛, որքա՜ն ցավալի էր այդ տեսներ։
 
— Հասկանալի է, որ դուք... այդպես եք ապրում,— դառն քմծիծաղով ասաց Ռասկոլնիկովը։
 
— Իսկ դուք մի՞թե չեք խղճում, չե՞ք խղճում,— դարձյալ հուզվեց Սոնյան,— չէ որ դուք, դեռ ոչինչ չտեսած, ձեր վերջին փողը տվիք, ես այդ գիտեմ։ Իսկ եթե դուք տեսած լինեի՜ք․ օ, տեր աստված, քանի՜-քանի անգամ եմ ես նրան լացացրել, այն էլ դեռ անցյալ շաբաթ, այն էլ հորս մահից ընդամենը մի շաբաթ առաջ։ Ես դաժանորեն եմ վարվել։ Եվ քանի՜֊քանի անգամ եմ այդ արել։ Ախ՛, ինչպիսի՜ ցավով էի այսօր ամբողջ օրը հիշում այդ ամենը։
 
Սոնյան նույնիսկ հեծկլտում էր հուշերի պատճաոած ցավից։
 
— Այդ դո՞ւք եք դաժանորեն վարվել։
 
— Այո, ես, ես,— լալով շարունակեց Սոնյան։— Մի անգամ գալիս եմ տուն, ու հանգուցյալ հայրս ասում է՝ «Ահա այս գիրքը կարդա ինձ համար, Սոնյա, գլուխս մի քիչ ցավում է, կարդա...»,— ինչ֊որ գիրք կար նրա ձեռքին, Անդրեյ Սեմյոնիչից, Լեբեզյատնիկովից էր վերցրել, նա այստեղ է ապրում, միշտ ծիծաղաշարժ գրքեր էր ճարում։ Ես ասում եմ՝ «պետք է գնամ», այնպես էլ չուզեցի կարդալ, նրանց մոտ գնացել էի գլխավորապես Կատերինա Իվանովնային օձիքներ ցույց տալու համար. Լիզավետան, այն առևտրական կինը, էժան գնով օձիքներ ու թևնոցներ էր բերել ինձ համար, լավն էին, նոր, նախշավոր։ Շատ դուր եկան Կատերինա Իվանովնային, նա հագավ, նայեց հայելուն, նրան շատ, շատ դուր եկան․ «Նվիրիր ինձ, Սոնյա, խնդրում եմ»։ Այդպես էլ ասաց՝ ''խնդրում եմ'', շատ էր ուզում։ Դե ո՞նց հագներ․ այնպես, էլի, առաջվա երջանիկ ժամանակն էր հիշում, նայում է հայելուն, հաճույքով նայում, իսկ հագին կարգին շոր էլ չկա, քանի՜֊քանի տարի է, որ չունի շրջազգեստներ, ոչ մի իր չունի. ու երբեք ոչ ոքից ոչինչ չի խնդրի. հպարտ է, ավելի շուտ կտա իր վերջին ունեցածը, բայց այս անգամ խնդրեց, շատ էին դուր եկել նրան։ Ես ափսոսեցի, չտվի. «Ձեր ինչի՞ն է պետք, Կատերինա Իվանովնա»,— ասում եմ նրան։ Այդպես էլ ասում եմ՝ ձեր ինչի՞ն է պետք, հարկավոր չէր այդ ասել նրան։ Նա այնպես տխուր նայեց ինձ, այնպես վա՛տ եղավ, որ ես մերժել էի, ուղղակի ցավալի էր այդ տեսնել... Ես տեսա, որ նա տխրեց ոչ թե օձիքները չստանալու, այլ իմ մերժման պատճառով։ Ախ, թվում է, որ հիմա բոլորովին այլ կերպ կվարվեի, բոլորովին ձեռք կքաշեի առաջվա այդ բոլոր խոսքերից... Էհ, ինչ ասեմ... չէ՞ որ ձեզ համար միևնույն է։
 
— Այդ առևտրական Լիզավետային դուք ճանաչո՞ւմ էիք։
 
— Այո... Դուք է՞լ էիք ճանաչում,— մի փոքր զարմացած հարցրեց Սոնյան։
 
— Կատերինա Իվանովնան ծանր հիվանդ է թոքախտով, նա շուտով կմեռնի,— ասաց Ռասկոլնիկովը մի փոքր լռելուց հետո, չպատասխանելով հարցին։
 
— Օ, ոչ, ոչ, ոչ։— Սոնյան անգիտակցական շարժումով բռնեց նրա երկու ձեռքից, ասես աղերսելով, որ այդ չլինի,
 
— Չէ՞ որ ավելի լավ է մեռնի։
 
— Ոչ, լավ չէ, լավ չէ, ամենևին էլ լավ չէ,— վախեցած ու անգիտակցաբար կրկնում էր Սոնյան։
 
— Հապա երեխանե՞րը։ Դուք նրանց ո՞ւր եք տանելու, եթե ոչ ձեզ մոտ։
 
— Էհ, չգիտեմ...— համարյա հուսաբեկ գոչեց Սոնյան ու գլուխն առավ ձեռքերի մեջ։ Երևում էր, որ այդ միտքը շատ և շատ անգամ էր զբաղեցրել Սոնյային, որ Ռասկոլնիկովը դրանով մի ավելորդ անգամ էր վախեցնում նրան։
 
— Հա՛, իսկ եթե դուք այժմ, Կատերինա Իվանովնայի կենդանության ժամանակ, հիվանդանաք, և ձեզ հիվանդանոց տանեն, այդ դեպքում ի՞նչ կլինի,— անողորմաբար շարունակում էր Ռասկոլնիկովն իր հարցերը։
 
― Ախ, ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում։ Այդ չի կարող լինել։— Սոնյայի դեմքը ծռմռվեց սարսափելի վախից։
 
— Ինչպե՞ս թե չի կարող լինել,— դաժան քմծիծաղով շարունակեց Ռասկոլնիկովը,— դուք հո ապահովագրված չե՞ք։ Այն ժամանակ ի՞նչ կլինի երեխաների վիճակը. բոլորը խմբով կգնան փողոց, մայրը կհազա ու ողորմություն կխնդրի, գլուխը որևէ տեղ կխփի պատին, ինչպես արել է այսօր, իսկ երեխաները լաց կլինեն... Մեկ էլ տեսար ընկավ, կտանեն ոստիկանատուն, հիվանդանոց, կմեռնի, իսկ երեխաները...
 
— Օ, ոչ․․․ աստված այդ չի թույլ տա,— վերջապես, դուրս թռավ Սոնյայի ճնշված կրծքից։ Նա լսում էր, աղերսանքով նայում Ռասկոլնիկովին, համր խնդրանքով ձեռքերը ծալած, կարծես թե ամեն ինչ կախված էր հենց նրանից։
 
Ռասկոլնիկովը վեր կացավ ու սկսեց քայլել սենյակով մեկ։ Անցավ մոտ մի րոպե։ Սոնյան կանգնել էր ձեռքերն ու գլուխը կախած, սարսափելի վշտացած։
 
— Իսկ հնարավոր չէ՞ փող ետ գցել, պահել սև օրվա համար,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ հանկարծ կանգ առնելով նրա առջև։
 
— Ոչ,— շշնջաց Սոնյան։
 
— Դե իհարկե, ոչ։ Բայց փորձե՞լ եք,— համարյա ծաղրանքով ավելացրեց Ռասկոլնիկովը։
 
— Փորձել եմ։
 
— Ոչ բան չի դուրս եկել։ Դե իհարկե։ Այլ կերպ չէր լինի։
 
Եվ նա դարձյալ քայլեց սենյակով մեկ։ Էլի մոտ մի րոպե անցավ։
 
— Ամեն օր փող չե՞ք ստանում։
 
Սոնյան առաջվանից էլ ավելի շփոթվեց, նրա դեմքը դարձյալ շիկնեց։
 
— Ոչ,— տանջալից ջանքով շշնջաց նա։
 
— Երևի Պոլեչկային էլ նույնպիսի վիճակ է սպասում,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը։
 
— Ոչ, ոչ, այդ անկարելի է,— հուսաբեկ, բարձրաձայն ճչաց Սոնյան, կարծես հանկարծ դանակով վիրավորեցին նրան։— Աստված այդպիսի սարսափ չի թույլ տա։
 
— Ուրիշների նկատմամբ հո թույլ է տալիս։
 
― Ոչ, ոչ։ Նրան աստված կպաշտպանի, աստված․․․— կրկնում էր Սոնյան ինքն իրեն կորցրած։
 
— Գուցե և աստված ամենևին էլ չկա,— նույնիսկ ինչ-որ չարախնդությամբ պատասխանեց Ռասկոլնիկովը, ծիծաղեց ու նայեց նրան։
 
Սոնյայի դեմքը հանկարծ սարսափելի փոխվեց, դեմքով մեկ ջղացնցումներ սահեցին։ Նա անասելի կշտամբանքով նայեց Ռասկոլնիկովին, ուզեց ինչ-որ բան ասել, բայց լեզուն չէր շարժվում։ Նա հանկարծ ձեռքերով ծածկեց դեմքը և դառը, դառը հեկեկաց։
 
— Դուք ասում եք, թե Կաաերինա Իվանովնան խելքը թռցնում է. դուք ինքներդ եք խելքդ թռցնում,— կարճ լռությունից հետո ասաց Ռասկոլնիկովը։
 
Անցավ հինգ րոպե։ Նա էլի ետ ու առաջ էր քայլում, լուռ էր ու չէր նայում Սոնյային։ Վերջապես, մոտեցավ նրան. իր աչքերը փայլում էին։ Ձեռքերը դրեց Սոնյայի ուսերին և ուղիղ նայեց նրա լացակումած դեմքին։ Իր հայացքը անսիրալիր էր, բորբոք, սուր, շրթունքները սաստիկ ցնցվում էին... Հանկարծ նա ամբողջ մարմնով արագ կռացավ, ու կռթնելով հատակին, համբուրեց Սոնյայի ոտքը։ Սոնյան սարսափահար ետ ցատկեց նրանից, ինչպես խելագարից։ Եվ իսկապես, Ռասկոլնիկովը բոլորովին խելագարվածի պես էր նայում։
 
— Այդ ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում, չոքել իմ առջև՞,— սփրթնելով քրթմնջաց Սոնյան, և նրա սիրտը հանկարծ ցավագին, ցավագին կծկվեց։
 
Ռասկոլնիկովը իսկույն վեր կացավ։
 
— Ես երկրպագեցի ոչ թե քեզ, այլ մարդկային ամբողջ տառապանքին,— մի տեսակ օտարոտի ասաց նա ու մոտեցավ լուսամուտին։— Լսիր,— մի րոպե հետո ետ դառնալով ավելացրեց նա,— ժամ առաջ ես մի մարդու ասացի, որ նա միայն քո ճկույթն էլ չարժե... որ այսօր ես պատիվ արեցի իմ քրոջը՝ քեզ նստեցնելով նրա կողքին։ Նա քո հասցեին վիրավորական խոսք էր թույլ տվել։
 
— Ախ, այդ ի՛նչ եք ասել նրան, այն էլ ձեր քրոջ ներկայությա՞մբ,— վախվխելով ճչաց Սոնյան,— նստել ինձ հետ, պատի՜վ անել․ բայց չէ՞ ոբ ես... պատվազուրկ եմ․․․ Ա՜խ, այդ ինչե՜ր եք ասել։
 
— Քո մասին այդ ասելով, ես նկատի եմ ունեցել ոչ թե պատվազրկությունը և մեղսագործությունը, այլ քո մեծ տառապանքը։ Որ դու մեծ մեղք գործող ես, այդ դեռ ոչինչ,― համարյա ցնծությամբ ավելացրեց Ռասկոլնիկովը,― բայց դու առավելապես նրանով ես մեղսագործ, որ ''իզուր տեղը'' մեռցրել ու դավաճանել ես ինքդ քեզ։ Եվ մի՞թե դա սարսափելի չէ։ Մի՞թե սարսափելի չէ, որ դու ապրում ես այդ կեղտի մեջ, որը դու ատում ես, ու միևնույն ժամանակ ինքդ էլ գիտես (բավական է միայն բացել աչքերդ), որ դրանով դու ոչ ոքի չես օգնում և ոչ ոքի ոչ մի բանից չես փրկում։ Եվ վերջապես, ասա ինձ,— համարյա մոլեգնաբար գոչեց Ռասկոլնիկովը,— այդ խայտառակությունը և ստորությունը քո մեշ ինչպե՞ս են համատեղվում մյուս, հակադիր և սուրբ զգացումների հետ։ Չէ՞ որ ավելի արդարացի, հազար անգամ ավելի արդարացի ու խելացի կլիներ ուղղակի ջուրն ընկնել ու վերջ տալ այդ ամենին։
 
— Հապա նրանց բանն ինչպե՞ս կլինի,— թույլ հարցրեց Սոնյան՝ տանջալից նայելով Ռասկոլնիկովին, բայց դրա հետ մեկտեղ կարծես թե բնավ չզարմանալով նրա առաջարկի վրա։ Ռասկոլնիկովը տարօրինակ նայեց նրան։
 
Նա ամեն ինչ կարդաց Սոնյայի հենց միայն մեկ հայացքում։ Ուրեմն Սոնյան իրոք ունեցել է այդ միտքը։ Գուցե նա շատ անգամ և լրջորեն, հուսաբեկ մտածել է, թե ինչպես միանգամից վերջ տա իր կյանքին, և այնքան լրջորեն, որ հիմա գրեթե չզարմացավ իր, Ռասկոլնիկովի առաջարկի վրա։ Նույնիսկ չնկատեց իր, Ռասկոլնիկովի, խոսքերի դաժանությունը (իհարկե, նա չնկատեց նաև Ռասկոլնիկովի կշտամբանքների և իր խայտառակության նկատմամբ նրա առանձնահատուկ հայացքի իմաստը, և դա տեսնում էր Ռասկոլնիկովը)։ Բայց Ռասկոլնիկովը լիովին հասկացավ, թե ինչպիսի հրեշավոր ցավ պատճառելու չափ և արդեն վաղուց Սոնյային հոշոտում էր նրա անպատիվ ու խայտառակ դրության վերաբերյալ միտքը։ Արդյոք ի՞նչը, ի՞նչը կարող էր մինչև հիմա կասեցնել Սոնյայի վճռականությունը՝ միանգամից իր կյանքին վերջ տալու, մտածում էր Ռասկոլնիկովը։ Եվ միայն այստեղ նա լիովին հասկացավ, թե Սոնյայի համար ինչ էին ներկայացնում այն խղճալի, փոքրիկ, որբ երեխաները և այն ողորմելի, կիսախելագար, թոքախտավոր և գլուխը պատին խփող Կատերինա Իվանովնան։
 
Բայց և այնպես Ռասկոլնիկովի համար դարձյալ պարզ էր, որ Սոնյան իր բնավորությամբ և այնուամենայնիվ իր ստացած զարգացմամբ ոչ մի դեպքում չէր կարող մնալ այդպիսի վիճակում։ Ռասկոլնիկովին զբաղեցնում էր այն հարցը, թե ինչո՞ւ Սոնյան այդքան երկար կարողացել էր մնալ նման վիճակում և չէր խելագարվել, եթե սիրտ չէր արել ջուրն ընկնել։ Ռասկոլնիկովը, իհարկե, հասկանում էր, որ Սոնյայի դրությունը պատահական երևույթ է հասարակության մեջ, թեև դժբախտաբար եզակի ու բացառիկ երևույթ չէ։ Բայց հենց այդ պատահականությունը, այդ որոշ զարգացումը և նրա ամբողջ նախընթաց կյանքը կարծես թե կարող էին նրան միանգամից սպանել այդ գարշելի ճանապարհին հենց առաջին քայլն անելիս։ Ի՞նչն էր նրան զորավիգ լինում։ Իհարկե, ոչ անառակությունը։ Այդ ամբողջ խայտառակությունը ակներևաբար միայն մեխանիկորեն էր շոշափում նրան. իսկական անառակությունը դեռ բոլորովին չէր թափանցել նրա սիրտը, Ռասկոլնիկովը այդ տեսնում էր հարթմնի վիճակում. Սոնյան կանգնած էր նրա առաջ․․․
 
«Նրա առջև կա երեք ճանապարհ,— մտածում էր Ռասկոլնիկովը,— նետվել ջրանցքը, ընկնել գժանոց կամ․․․ կամ, վերջապես, անձնատուր լինել անառակության, որը շշմեցնում է միտքը և քարացնում սիրտը»։ Վերջին միտքը առավելապես գարշելի էր Ռասկոլնիկովի համար, բայց նա արդեն հոռետես էր, երիտասարդ էր, վերացականորեն դատող, ուրեմն և դաժան, ուստի և չէր կարող չհավատալ, որ վերջին ելքը, այսինքն՝ անառակությունը առավելապես հավանական էր։
 
Բայց մի՞թե դա ճշմարիտ է,— մտածում էր նա,— մի՞թե այդ արարածը, որ դեռ պահպանել է հոգու մաքրությունը, ի վերջո գիտակցաբար կնետվի այդ նողկալի, գարշահոտ անդունդը։ Մի՞թե այդ արդեն սկսվել է և մի՞թե նա մինչև այժմ կարող էր դա հանդուրժել այն պատճառով, որ անբարոյականությունն արդեն նրան գարշելի չի թվում։ Ոչ, ոչ, այդ չի կարող լինել,— բացականչում էր նա, ինչպես քիչ առաջ Սոնյան,— ոչ, ջրանցք նետվելուց մինչև այժմ նրան փրկել է մեղսագործության միտքը, փրկել են նաև ''նրանք, այն խեղճերը''... Իսկ եթե նա մինչև այժմ դեռ չի խելագարվել․․․ բայց ո՞վ ասաց, թե նա արդեն չի խելագարվել։ Մի՞թե նա առողջ դատողություն է անում, մի՞թե կարելի է այնպես խոսել, ինչպես նա։ Մի՞թե առողջամիտ մարդը կարող է այնպիսի դատողություններ անել, ինչպես նա։ Մի՞թե կարելի է այդպես նստել կործանման, ուղղակի գարշահոտ անդունդի եզրին, դեպի ուր արդեն քաշում են նրան, ու անուշադիր լինել, փակել ականջները, երբ իր մոտ խոսում են վտանգի մասին։ Նա հրաշքի՞ է սպասում, ինչ է։ Հավանորեն այդպես է։ Մի՞թե սրանք բոլորը խելագարության նշաններ չեն»։
 
Ռասկոլնիկովը համառորեն հանգեց այդ մտքին։ Այդ ելքը նրան նույնիսկ ավելի էր դուր գալիս, քան ուրիշ որևէ ելք։ Նա սկսեց ակնապիշ նայել Սոնյային։
 
— Դու շա՞տ ես աղոթում աստծուն, Սոնյա,— հարցրեց նա։
 
Սոնյան լռում էր, Ռասկոլնիկովը կանգնել էր նրա կողքին և պատասխանի էր սպասում։
 
— Առանց աստծու ես ի՞նչ կլինեի որ,— արագ, կտրուկ շշնջաց Սոնյան, հանկարծ հարևանցիորեն նայեց նրան առկայծող աչքերով և ամուր սեղմեց նրա ձեռքը։
 
«Հենց այդպես է որ կա»,— մտածեց Ռասկոլնիկովը։
 
— Իսկ աստված դրա համար քեզ ի՞նչ է տալիս,― հարցրեց նա՝ շարունակելով խոսք քաշել։
 
Սոնյան երկար լռեց, կարծես չէր կարողանում պատասխանել։ Նրա թույլ կուրծքը ամբողջովին երերվում էր հուզմունքից։
 
― Լռեցեք, հարցեր մի տվեք։ Չարժե ձեզ պատասխանել․․․— գոչեց նա հանկարծ՝ խստորեն ու բարկացկոտ նայելով Ռասկոլնիկովին։
 
«Այդպես է որ կա, այդպես է»,— մտքում համառորեն կրկնում էր Ռասկոլնիկովը։
 
— Ամեն ինչ տալիս է,— արագ շշնջաց Սոնյան՝ նորից կիտելով հոնքերը։
 
«Ահա և ելքը, ահա և ելքի բացատրությանը»,— մտքում եզրակացրեց Ռասկոլնիկովը՝ ագահ հետաքրքրությամբ զննելով նրան։
 
Նա մի նոր, տարօրինակ, գրեթե հիվանդագին զգացումով էր զննում այդ գունատ, նիհար, անկանոն և անկյունավոր դեմքը, այդ հեզաբարո, կապույտ աչքերը, որոնք կարող էին այդպես ճառագայթել, այդպիսի խստաբարո, բուռն զգացմունք արտահայտել։ Նույնպիսի զգացումով էր նա դիտում զայրույթից ու բարկությունից ցնցվող այդ փոքրիկ մարմինը, և այդ ամենը նրան ավելի ու ավելի տարօրինակ, համարյա անհնարին էր թվում։ «Պակասամիտ է, պակասամիտ»,— կրկնում էր նա մտքում։
 
Կոմոդի վրա ինչ-որ գիրք էր դրված։ Յուրաքանչյուր անգամ ետ ու առաջ անցնելիս՝ Ռասկոլնիկովը նկատում էր այն ու մեկ էլ վերցրեց և նայեց։ Դա նոր Կտակարանն էր, ռուսերեն թարգմանությամբ։ Գիրքը հին էր, մաշված, կաշվե կազմով։
 
— Սա որտեղի՞ց է,— գոչեց նա ամբողջ սենյակով մեկ։ Սոնյան կանգնած էր նույն տեղում, սեղանից երեք քայլ հեռու։
 
— Բերել են ինձ համար,— պատասխանեց նա կարծես դժկամորեն և առանց Ռասկոլնիկովին նայելու։
 
— Ո՞վ է բերել։
 
— Լիզավետան բերեց, ես էի խնդրել։
 
«Լիզավետա՜ան։ Տարօրինա՛կ է»,— մտածեց Ռասկոլնիկովը։ Յուրաքանչյուր րոպե նրա համար ամեն ինչ ավելի ու ավելի տարօրինակ ու խորհրդավոր էր դառնում Սոնյայի մոտ։ Նա գիրքը տարավ դեպի մոմը ու սկսեց թերթել։
 
— Ո՞ր էջերում է գրված աղքատ Ղազարոսի մասին,— հանկարծ հարցրեց նա։
 
Սոնյան համառորեն նայում էր հատակին ու չէր պատասխանում։ Սեղանից նա մի քիչ կողքի էր կանգնած։
 
— Ղազարոսի հարության մասին որտե՞ղ է գրված, գտիր, Սոնյա։
 
Սոնյան շեղակի նայեց նրան։
 
— Այդտեղ մի նայեք․․․ չորրորդ Ավետարանումն է․․․― խստորեն շշնջաց նա՝ չմոտենալով Ոասկոլնիկովին։
 
— Գտիր և կարդա ինձ համար,— ասաց Ռասկոլնիկովը, նստեց, հենվեց սեղանին, գլուխը դրեց ձեռքին ու մռայլ հայացքը մի կողմ դարձրեց՝ պատրաստվելով լսելու։
 
«Մի երեք շաբաթից հետո, դեպի յոթերորդ վերստը, շնորհ արեք։ Երևի ես ինքս էլ կլինեմ այնտեղ, եթե բանը ավելի վատ չլինի»,— քթի տակ փնթփնթում էր նա։
 
Անվստահությամբ լսելով Ռասկոլնիկովի տարօրինակ ցանկությունը, Սոնյան անվճռականորեն մոտեցավ սեղանին։ Այնուամենայնիվ վերցրեց դիրքը։
 
— Մի՞թե դուք չեք կարդացել,— հարցրեց նա ու սեղանի հակադիր կողմից աչքի տակով նայեց Ռասկոլնիկովին։ Նրա ձայնը հետզհետե ավելի խիստ էր հնչում։
 
— Վաղուց․․․ երբ սովորում էի։ Կարդա։
 
— Իսկ եկեղեցում չե՞ք լսել։
 
— Ես․․․ չէի գնում։ Իսկ դու հաճա՞խ ես գնում։
 
— Ո-ո՛չ,— շշնջաց Սոնյան։
 
Ռասկոլնիկովը քմծիծաղեց։
 
— Հասկանում եմ... Ուրեմն վաղը հորդ թաղելու է՞լ չես գնում։
 
— Կգնամ։ Ես անցյալ շաբաթ էլ էի գնացել․․․ հոգեհանգիստ կատարեցի։
 
— Ո՞ւմ հիշատակին։
 
— Լիզավետայի։ Նրան սպանել էին կացնով։
 
Ռասկոլնիկովի ջղերն ավելի ու ավելի էին գրգռվում։
 
Գլուխը սկսում էր պտտվել։
 
— Դու և Լիզավետան մտերի՞մ էիք։
 
— Այո... նա լավն էր․․․ ուշ-ուշ էր գալիս... չէր կարող հաճախ գալ։ Ես ու նա կարդում էինք և... խոսում։ Նա աստծուն է տեսնում։
 
Ռասկոլնիկովի համար տարօրինակ էին հնչում այդ գրքային բառերը, ու էլի նորություն— ինչ֊որ խորհրդավոր հանդիպումներ Լիզավետայի հետ, ու երկուսն էլ կրոնախև։
 
«Այստեղ ինքս էլ կրոնախև կդառնամ, վարակիչ է,— մտածեց Ռասկոլնիկովը։— Կարդա,— հանկարծ կտրուկ ու ջղայնոտ գոչեց նա»։
 
Սոնյան դեռ էլի տատանվում էր։ Նրա սիրտը խփում էր։ Նա չէր համարձակվում կարդալ Ռասկոլնիկովի համար։ Վերջինս համարյա տանջվելով էր նայում «դժբախտ խելագարին»։
 
— Ձեր ինչի՞ն է պետք, դուք հո չեք հավատում...— կամացուկ և ասես շնչասպառ լինելով, շշնջաց Սոնյան։
 
— Կարդա, ես այդպես եմ ուզում,— պնդում էր Ռասկոլնիկովը,— Լիզավետայի համար հո կարդո՞ւմ էիր։
 
Սոնյան բացեց գիրքը ու գտավ կարդալու տեղը։ Նրա ձեռքերը դողում էին, ձայնը կերկերում էր։ Երկու անգամ փորձեց սկսել, բայց չէր կարողանում արտասանել առաջին վանկը։
 
«Բիթանացի ոմն Ղազարոս հիվանդ էր»...— վերջապես, արտասանեց նա ջանք թափելով, սակայն հանկարծ երրորդ խոսքի վրա ձայնը զնգաց ու խզվեց, ինչպես չափից դուրս ձգված լար։ Շունչը կտրվեց, կուրծքը ծանրացավ։
 
Ռասկոլնիկովը մասամբ հասկանում էր, թե ինչու Սոնյան սիրտ չէր անում կարդալ, ու որքան շատ էր այդ հասկանում, այնքան ավելի կոպտաբար ու ջղայնորեն էր ստիպում կարդալ։ Նա շատ լավ էր հասկանում, թե հիմա Սոնյայի համար որքան ծանր էր ցույց տալ ու երևան հանել այն ամենը, ինչ որ ''իրենն'' էր։ Նա հասկացավ, որ այդ զգացումները գուցե իրոք կազմում էին Սոնյայի այժմյան և արդեն վաղուցվա ''գաղտնիքը'', գուցե այդպես էր եղել դեռ պատանեկությունից, դեռ ընտանիքում, դժբախտ հոր և վշտից խելագարված խորթ մոր կողքին, սովալլուկ երեխաների, այլանդակ ճղճղոցների ու նախատինքների առկայությամբ։ Բայց միևնույն ժամանակ նա իմացավ, հաստատ իմացավ, որ Սոնյան, այժմ սկսելով ընթերցումը, թեպետև վշտանում էր ու սարսափելի վախենում ինչ֊որ բանից, բայց դրա հետ մեկ տեղ ինքն էլ էր ուզում կարդալ, չնայած իր վշտանալուն և վախին, կարդալ հենց ''նրա'' համար, որպեսզի նա լսեր, այն էլ անպայման ''հիմա'' էչ որ հետո լինի»...
 
Ռասկոլնիկովը այդ կարդաց նրա աչքերում, հասկացավ նրա հրճվագին հուզմունքից... Սոնյան հաղթահարեց իր երկչոտությունը, խեղդեց կոկորդի ջղաձգությունը, որից ձայնը խզվել էր ընթերցման սկզբում, ու շարունակեց կարդալ Հովհաննու ավետարանի տասնմեկերորդ գլուխը։ Այդպես նա կարդաց մինչև 19-րդ տունը.
 
«Եվ հրեաներից շատերը եկան Մարթայի ու Մարիամի մոտ, մխիթարելու նրանց եղբոր մահվան առիթով։ Լսելով, որ գալիս է Հիսուսը, Մարթան գնաց նրան ընդառաջ. իսկ մարիամը նստած էր տանը։ Այնժամ Մարթան ասաց Հիսուսին՝ Տեր իմ, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես աստծուց, աստված կտա քեզ»։
 
Սոնյան այստեղ կանգ առավ նորից՝ ամոթխածությամբ նախազգալով, որ իր ձայնը դարձյալ կդողա ու կկտրվի․․․
 
«Հիսուսը նրան ասում է՝ եղբայրդ հարություն կառնի։ Մարթան ասաց նրան՝ գիտեմ, որ հարություն կառնի կիրակի, վերջին օրը։ Հիսուսը նրան ասաց՝ ''Ես եմ հարությունը և կյանքը''․ ինձ հավատացողը եթե մեռնի էլ, կկենդանանա։ Եվ ամեն մի ապրող ու ինձ հավատացող չի մեռնի առհավետ։ Հավատո՞ւմ ես սույնին․ Մարթան ասում է նրան․
 
(ու կարծես ցավագին շունչ առնելով, Սոնյան շարունակեց լարված և բառ առ բառ կարդալ)․
 
Այդպես, տեր իմ։ Ես հավատում եմ, որ դու Քրիստոսն ես, աստծու որդին, աշխարհ եկած»։
 
Սոնյան կանգ առավ, աչքերը արագ հառեց ''նրան'' բայց իսկույն ուժ արեց ու շարունակեց կարդալ։ Ռասկոլնիկովը լսում էր անշարժ նստած, առանց նրա կողմը շուռ գալու, հենվելով սեղանին ու նայելով մի կողմ։ Կարդացին մինչև 32֊րդ տունը։
 
«Իսկ Մարիամը գալով այնտեղ, ուր Հիսուսն էր, ու տեսնելով նրան, ընկավ նրա ոտքերը ու ասաց նրան՝ Տեր իմ, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսը տեսնելով լացող Մարիամին ու նրա հետ եկած լացող հրեաներին, ինքն էլ սգաց ոգով և հուզվեց։ Ու ասաց՝ որտե՞ղ են թաղել նրան։ Նրան ասում են՝ Տեր, գնա և տես։ Հիսուսը արտասվեց։ Այնժամ հրեաները ասացին՝ տես, որքան սիրում էր նրան։ Իսկ նրանցից ոմանք ասացին՝ սա, որ բացեց կույրի աչքերը, արդյոք չէ՞ր կարող այնպես անել, որ նա չմեռներ»։
 
Ռասկոլնիկովը շուռ եկավ դեպի Սոնյան և հուզմունքով նայեց նրան, այո, այդպես է որ կա. Սոնյան արդեն ամբողջովին դողում էր, սաստիկ, իսկական տենդով էր բռնված, Ռասկոլնիկովը այդ սպասում էր։ Սոնյան մոտենում էր մեծագույն ու չլսված հրաշքի վերաբերյալ խոսքերին ու համակվում վեհ ցնծության զգացումով։ Նրա ձայնը զնգում էր ինչպես մետաղ, ցնծություն ու բերկրանք արտահայտում և ուժգնանում։ Տողերը իրար էին խառնվում, որովհետև նրա աչքերը մթնում էին, բայց նա անգիր գիտեր իր կարդացածը։ Կարդալով վերջին տան խոսքերը՝ «սա, որ բացեց կույրի աչքերը, արդյոք չէ՞ր կարող այնպես անել, որ նա չմեռներ»,— Սոնյան ցածրացրեց ձայնը, ջերմորեն ու խանդավառությամբ հաղորդեց չհավատացող, կույր հրեաների կասկածը, կշտամբանքը և լուտանքը, հրեաների, որոնք հիմա, մի րոպե չանցած, ասես կայծակնահար եղած, կընկնեն, կսկսեն հեկեկալ ու կհավատան... «''Սա էլ, սա'' նույնպես կուրացած է և չհավատացող, սա էլ հիմա կլսի ու նույնպես կհավատա, այո, այո, իսկույն, հենց հիմա»,— երազում էր Սոնյան ու դողում բերկրալի սպասումից։
 
«Իսկ Հիսուսը դարձյալ ներքուստ սգալով, գալիս է դեպի գերեզմանը։ Այդ մի անձավ էր և դրա վրա քար էր դրված։ Հիսուսը ասում է՝ «Վերցրեք քարը»։ Մեռյալի քույր Մարթան ասում է՝ «Տեր իմ, արդեն հոտել է. քանզի ''չորս'' օր է, որ նա գերեզմանումն է»։
 
Սոնյան թունդ շեշտեց ''չորս'' բառը։
 
«Հիսուսը նրան ասում է՝ ես հո քեզ ասացի, որ եթե հավատաս, կտեսնես աստծու փառքը։ Եվ այսպես, քարը վերցրին անձավից, ուր գտնվում էր մեռյալը։ Հիսուսը աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց՝ «Հայր, շնորհակալ եմ քեզնից, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ դու միշտ կլսես ինձ. բայց սույնը ասացի այստեղ կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատա, որ դու ես ինձ ուղարկել»։ Սույնը ասելով, բարձրաձայն կանչեց՝ «Ղազարե՛, դուրս եկ»։ ''Ու մեռյալը դուրս եկավ'',—
 
(Սոնյան կարդաց բարձրաձայն ու ցնծագին, դողալով ու սարսռելով, կարծես ինքն իր աչքով տեսավ)
 
ձեռքերը և ոտքերը թաղման խանձարուրով փաթաթված․ երեսը թաշկինակով կապված։ Հիսուսը նրանց աաում է՝ «արձակեցեք կապերը, և թող գնա»։
 
«''Այնժամ հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամի մոտ և տեսել, թե ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան''»։
 
Սոնյան այնուհետև չկարդաց և չէր էլ կարող կարդալ, ծածկեց գիրքը և արագ վեր կացավ աթոռից։
 
— Բոլորը Ղազարոսի հարության մասին է,— կտրուկ ու խստորեն շշնջաց նա ու կանգնեց անշարժ, մի կողմ դարձած, չհամարձակվելով և կարծես ամաչելով նայել Ռասկոլնիկովին։ Նրա տենդային դողը դեռ շարունակվում էր։ Ծուռտիկ մոմակալի վրա արդեն վաղուց մարմրում էր մոմի մնացորդը՝ այդ աղքատիկ սենյակում աղոտ լուսավորելով մարդասպանին ու անառակ կնոջը, որոնք տարօրինակ կերպով տարվել էին հավերժական գրքի ընթերցմամբ։ Անցավ ավելի քան հինգ րոպե։
 
— Ես եկել եմ մի գործի մասին խոսելու,— բարձրաձայն և հոնքերը կիտելով, հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, վեր կացավ ու մոտեցավ Սոնյային։ Սա աչքերը լուռ հառեց նրան։ Ռասկոլնիկովի հայացքը խիստ մռայլ էր և ինչ-որ տարօրինակ վճռականություն էր արտահայտում։
 
— Ես այսօր թողի հարազատներիս, մորս և քրոջս,— ասաց նա։— Ես էլ չեմ գնա նրանց մոտ։ Նրանցից բոլորովին անջատվել եմ։
 
— Ինչո՞ւ,— հարցրեց ապշած Սոնյան։ Ռասկոլնիկովի մոր և քրոջ հետ եղած հանդիպումը արտասովոր, թեպետև անարոշ տպավորություն էր թողել նրա վրա։ Նա գրեթե սարսափով լսեց այդ պառակտման լուրը։
 
— Ես հիմա միայն քեզ ունեմ,— ավելացրեց Ռասկոլնիկովը։— Գնանք միասին... Ես եկել եմ քեզ մոտ։ Երկուսս էլ դժբախտներ ենք, ուրեմն միասին գնանք։
 
Ռասկոլնիկովի աչքերը փայլում էին։ «Կարծես կիսախելագար լինի», իր հերթին մտածեց Սոնյան։
 
— Ո՞ւր գնանք,— վախեցած հարցրեց նա և ակամայից մի քայլ ետ քաշվեց։
 
— Ես ի՞նչ իմանամ։ Գիտեմ միայն, հաստատ գիտեմ, որ գնալու ենք մի ճանապարհով, մեր նպատակը մեկ է։
 
Սոնյան նայում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։ Նա միայն այն էր հասկանում, որ իր խոսակիցը սարսափելի, անչափ դժբախտ է։
 
— Նրանցից ոչ ոք ոչինչ չի հասկանա, եթե դու նրանց բան ասես, իսկ ես հասկացել եմ,— շարունակեց Ռասկոլնիկովը։— Դու ինձ հարկավոր ես, դրա համար էլ ես քեզ մոտ եմ եկել։
 
— Չեմ հասկանում,— շշնջաց Սոնյան։
 
— Հետո կհասկանաս։ Մի՞թե դու նույնպիսի բան չես արել։ Դու էլ ես ամեն ինչ խախտել... կարողացել ես խախտել։ Դու քո դեմ ձեռք ես բարձրացրել, կործանել... ''քո կյանքը'' (այդ միևնույն է)։ Դու կարող էիր ապրել անբասիր ու խելացիորեն, բայց ամեն ինչ կվերջացնես Սեննայա հրապարակում... բայց դու չես կարող դիմանալ, ու երբ ''մենակ'' մնաս, կխելագարվես, ինչպես նաև ես։ Դու հիմա էլ խելակորույս ես. հետևաբար մենք պետք է գնանք միասին, մեկ ճանապարհով։ Գնա՛նք։
 
— Ինչո՞ւ, ինչո՞ւ եք դուք այդ ասում,— վրա բերեց Սոնյան՝ նրա խոսքերից տարօրինակ ու տագնապալից հուզված։
 
— Ինչո՞ւ։ Որովհետև այսպես չի կարելի մնալ, այ թե ինչու։ Հարկավոր է, վերջապես, լրջորեն և ուղիղ դատել և ոչ թե երեխայի պես լաց լինել և ճչալ, թե աստված թույլ չի տա։ Ի՞նչ կլինի, եթե իրոք քեզ վաղը հիվանդանոց տանեն։ Մայրդ խելակորույս է և թոքախտավոր, շուտով կմեռնի, հապա երեխանե՞րը։ Մի՞թե Պոլեչկան չի կործանվի։ Մի՞թե դու այստեղ, այս ու այն անկյունում չես տեսել երեխաներ, որոնց մայրերը ուղարկում են ողորմոլթյուն խնդրելու։ Ես իմանում էի, թե այդ մայրերը որտեղ և ինչպիսի պայմաններում են ապրում։ Այնտեղ երեխաները չեն կարող մնալ իբրև երեխաներ։ Այնտեղ յոթ տարեկանը անառակ է և գող։ Բայց չէ՞ որ երեխաները Քրիստոսի կերպարն են. «Նոցա է արքայությունը երկնից»։ Նա պատվիրել է հարգել ու սիրել երեխաներին, նրանք մարդկության ապագան են։
 
— Հապա ի՞նչ անել, ի՞նչ անել,— հիստերիկ լացով, ձեռքերը շփելով կրկնում էր Սոնյան։
 
— Ինչ անե՞լ։ Առմիշտ ջախջախել ինչ որ պետք է ջախջախվի, պրծավ-գնաց, չխուսափել տանջանքից։ Ի՞նչ, չե՞ս հասկանում։ Հետո կհասկանաս... Ազատություն և իշխանություն, գլխավորը՝ իշխանություն բոլոր երկյուղած արարածների և ամբողջ մրջնանոցի վրա... Ահա նպատակը։ Սա հիշիր։ Սա իմ խորհուրդն է քեզ։ Գուցե ես քեզ հետ վերջին անգամն եմ խոսում։ Եթե վաղը չգամ, ինքդ կլսես ամեն ինչ, ու այն ժամանակ հիշիր այս խոսքերը։ Դրանց նշանակությունը գուցե և հասկանաս երբևէ, հետո, տարիներ անց, կյանքիդ ընթացքում։ Իսկ եթե վաղը գամ, քեզ կասեմ, թե ով է սպանել Լիզավետային։ Մնաս բարով։
 
Սոնյան ամբողջ մարմնով ցնցվեց վախից։
 
— Մի՞թե դուք դիտեք, թե ով է սպանել,— սարսափահար հարցրեց նա ու ապշած նայեց Ռասկոլնիկովին։
 
— Գիտեմ և կասեմ... միայն, միայն քեզ։ Դրա համար ես քեզ եմ ընտրել։ Ես կգամ ոչ թե քեզնից ներողություն խնդրելու, այլ ուղղակի այդ ասելու։ Ես քեզ դրա համար ընտրել էի վաղուց, ես այդ մտածել էի դեռ այն ժամանակ, երբ հայրդ խոսում էր քո մասին, ու երբ Լիզավետան կենդանի էր։ Մնաս բարով։ Ձեռք մի տա։ Վաղը։
 
Ռասկոլնիկովը գնաց։ Սոնյան նրա ետևից նայում էր այնպես, ինչպես նայում են խելագարվածին, բայց նա ինքն էլ ասես թռցրել էր խելքը և այդ զգում էր։ Նրա գլուխը պատվում էր։
 
*Տեր աստված, նա գիտե, թե ով է սպանել Լիզավեատային։ Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը։ Դա սարսափելի է»։ Բայց միևնույն ժամանակ ոչ մի կերպ, ոչ մի կերպ նրա մտքով չէր անցնում ''այդ բանը''... «Օ, երևի նա սոսկալի դժբախտ է... Նա թողել է մորն ու քրոջը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է եղել։ Նա ի՞նչ մտադրություններ ունի։ Ի՞նչ էր ասում իրեն, Սոնյային։ Համբուրեց իր ոտքը և ասաց (այո, նա այդ պարզ ասաց)... որ առանց իրեն էլ չի կարող ապրել... օ, տեր աստված»։
 
Սոնյան ամբողջ գիշերն անցկացրեց տենդի ու զառանցանքի մեջ։ Երբեմն նա վեր էր թռչում, լալիս էր, հեծկլտում, մերթ էլի տենդային քուն էր մտնում ու երազում տեսնում էր Պոլեչկային, Կատերինա Իվանովնային, Լիզավետային, ավետարանի ընթերցումը և նրան․․․ նրան իր գունատ դեմքով, վառ աչքերով․․․ Նա համբուրում է իր, Սոնյայի ոտքերը, լալիս է․․․ օ, տեր աստված։
 
Աջ կողմի դռան ետևում, հենց այն դռան ետևում, որը Սոնյայի բնակարանը բաժանում էր Հերտրուդա Կառլովնա Ռեսսլիխի բնակարանից, կար միջանկյալ մի սենյակ, որը վաղուց դատարկ էր, պատկանում էր տիկին Ռեսսլիխի բնակարանին և նրա կողմից վարձով էր տրվում, որի մասին պիտակներ էին կպցրած դարպասին և թղթի կտորներ՝ ջրանցքի կողմը նայող պատուհանների ապակիներին։ Սոնյան վաղուց սովոր էր այդ սենյակը անբնակ համարել։ Այնինչ այդ ամբողջ ժամանակ դատարկ սենյակի դռան ետևում կանգնած էր պարոն Սվիդրիգայլովը ու ծածուկ ականջ էր դնում։ Երբ Ռասկոլնիկովը գնաց, Սվիդրիգայլովը մի քիչ կանգնեց, մտածեց, ոտքերի մատների վրա անցավ իր սենյակը, որը կից էր դատարկ սենյակին, վերցրեց մի աթոռ և կամացուկ տարավ ու դրեց Սոնյայի սենյակը տանող դռան մոտ։ Խոսակցությունը նրան հետաքրքիր ու նշանակալից էր թվացել և շա՛տ, շա՛տ էր դուր եկել, այնքան էր դուր եկել, որ նա դատարկ սենյակի դռան մատ աթոռ դրեց, որպեսզի հետագայում, օրինակ, թեկուզ վաղը, չմատնվեր նորից մի ամբողջ ժամ կանգնած լինելու անախորժության, այլ ավելի հարմարավետ տեղավորվեր, որպեսզի բոլոր տեսակետներից լիակատար հաճույք ստանար։
== V ==
Վստահելի
1318
edits