Changes

Դեռահասը

Ավելացվել է 152 877 բայտ, 10:23, 23 Հունվարի 2016
=== Գլուխ չորրորդ ===
'''I'''
 
Կրաֆտն առաջներում ինչ-որ տեղ ծառայում էր և միաժամանակ օգնում էր հանգուցյալ Անդրոնիկովին որոշ մասնավոր գործերի վարման հարցում, դրա համար վարձատրություն ստանալով նրանից, որոնցով իր ծառայությունից դուրս Անդրոնիկովը զբաղվում էր շարունակաբար։ Ինձ համար կարևոր էր արդեն այն, որ Կրաֆտին, Անդրոնիկովի հետ ունեցած առանձին մտերմության շնորհիվ, շատ բան կարող էր հայտնի լինել այն բոլորից, որ այնքան հետաքրքրում էր ինձ։ Բայց ես իմացել եմ Մարիա Իվանովնայից, Նիկոլայ Սեմյոնովիչի կնոջից, որի տանը գիմնազիա հաճախելիս ապրել եմ այնքան տարի, և որը Անդրոնիկովի հարազատ եղբոր դուստրն էր, սանուհին ու սիրելին, թե Կրաֆտին նույնիսկ «հանձնարարված է» մի բան հաղորդել ինձ։ Եվ արդեն մի ամբողջ ամիս ես նրան էի սպասում։
 
Նա ապրում էր բոլորովին առանձին, երկսենյականոց փոքրիկ բնակարանում, իսկ ներկա պահին, հենց նոր վերադարձած լինելով, նույնիսկ աղախին չուներ։ Ճամպուկը թեև բաց էր, բայց իրերը տեղավորած չէին, այլ նետած էին աթոռներին, իսկ բազմոցի առջև, սեղանին, դարսված էին պայուսակ, ճամփորդական տուփ, ատրճանակ և այլն։ Ներս մտնելիս Կրաֆտը չափազանց մտազբաղ էր և, կարծես, բոլորովին մոռացել էր իմ մասին։ Միգուցե նա չէր էլ նկատել, որ ես չեմ խոսել իր հետ ճանապարհին։ Նա իսկույն սկսեց ինչ-որ բան փնտրել, բայց, հարևանցիորեն աչք գցելով հայելուն, կանգ առավ և մի ամբողջ րոպե սևեռուն զննեց իր դեմքը։ Ես թեև նկատեցի այդ հատկությունը (իսկ հետագայում ավելի մանրամասն բոլորը հիշեցի), բայց չափազանց շփոթված էի ու տխուր։ Ես ի վիճակի չէի կենտրոնանալու։ Մի պահ հանկարծ նույնիսկ ուզեցի վեր կենալ ու հեռանալ և այդպես ընդմիշտ թողնել բոլոր գործերը։ Եվ ի՞նչ էին իսկապես այդ բոլոր գործերը։ Արդյո՞ք միայն արհեստականորեն վրաս վերցրած հոգս չէին։ Ես հուսահատվում էի, որ եռանդս, միգուցե, ծախսում եմ անարժան ու չնչին բաների վրա՝ միայն դյուրազգացությունից դրդված, մինչդեռ առջևը եռանդագին խնդիր ունեի լուծելու։ Այնինչ լուրջ գործի անընդունակությունս պարզորոշ ուրվագծվում էր, և դրա հավաստումն էր Դերգաչովի տանը պատահածը։
 
― Կրաֆտ, դուք նրանց մոտ էլի՞ եք գնալու,― հանկարծ հարցրի ես նրան։
 
Նա, կարծես լավ չհասկանալով ինձ, դանդաղ դեպի ինձ շրջվեց։ Ես նստեցի աթոռին։
 
― Ներեցեք նրանց,― հանկարծ ասաց Կրաֆտը։
 
Ինձ, իհարկե, թվաց, թե դա ծաղր է, բայց, սևեռուն նրան նայելով, նրա դեմքին այնքան տարօրինակ և նույնիսկ զարմանալի միամտություն տեսա, որ նույնիսկ ինքս զարմացա, ինչպես է, որ նա այդքան լուրջ խնդրեց ինձ «ներել» նրանց։ Նա աթոռ բերեց ու նստեց իմ կողքին։
 
― Ինքս գիտեմ, որ ես, միգուցե, ամեն տեսակ ինքնասիրությունների մի խառնարան եմ,― սկսեցի ես,― բայց ներողություն չեմ խնդրում։
 
― Եվ մարդ էլ չկա, որից խնդրեք,― արտասանեց նա կամաց ու լուրջ։ Նա շարունակ կամաց ու շատ դանդաղ էր խոսում։
 
― Թող ես մեղավոր լինեմ ինքս իմ առջև... Ես սիրում եմ մեղավոր լինել իմ առջև... Կրաֆտ, ներեցեք, որ ես ստում եմ ձեզ մոտ։ Ասացեք, մի՞թե դուք էլ եք այդ խմբակում։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ հարցնել։
 
― Նրանք ոչ ուրիշներից խելոք են, ոչ էլ հիմար, նրանք բոլորի պես ցնորված են։
 
― Մի՞թե բոլորը ցնորված են,― ակամա հետաքրքրությամբ նրա կողմը շրջվեցի ես։
 
― Լավագույն մարդիկ այժմ բոլորն են ցնորված։ Լավ քեֆ է անում միայն միջակությունն ու ապաշնորհությունը... Սակայն այդ բոլորը չարժե։
 
Խոսելիս նա մի տեսակ տարածության մեջ էր նայում, սկսում էր նախադասություններն ու ընդհատում։ Հատկապես զարմացնում էր ինչ֊որ մի հուսահատություն նրա ձայնում։
 
― Մի՞թե Վասինն էլ է նրանց հետ։ Վասինը խելք ունի, Վասինը բարոյական գաղափար ունի,― բղավեցի ես։
 
― Բարոյական գաղափարներ հիմա բոլորովին չկան, հանկարծ դուրս եկավ, որ ոչ մի հատ չկա և, որ գլխավորն է, տպավորությունն այնպես է, կարծես, երբեք էլ չեն եղել։
 
― Առաջ չկայի՞ն։
 
― Ավելի լավ է թողնենք դա,― բացահայտ հոգնությամբ արտասանեց նա։
 
Ինձ հուզեց նրա վշտաբեկ լրջությունը։ Եսասիրությունիցս ամաչելով՝ ես սկսեցի ընդօրինակել նրա տրամադրությունը։
 
― Մեր ժամանակները,― մի-երկու րոպե լռելուց հետո, հայացքը շարունակ դատարկ տարածությանն ուղղած սկսեց նա,― մեր ժամանակները ոսկի միջինության ու անզգայության, չգիտության, ծուլության, կրքի, գործի անընդունակության և ամեն պատրաստ բանի պահանջի ժամանակներ են։ Ոչ ոք մտքերի մեջ չի խորանում, հազվագյուտ մարդ կարող է իր համար գաղափար քամել։
 
Նա նորից ընդհատեց իր խոսքն ու որոշ ժամանակ լռեց, ես լսում էի։
 
― Հիմա անտառահատում են Ռուսաստանը, աղքատացնում հողը, տափաստան են դարձնում ու պատրաստում ղալմուխների համար։ Եթե հուսով լի մարդ հանդես գա ու մի ծառ տնկի, բոլորը կծաղրեն. «Մի՞թե դու այնքան կապրես, որ դրան մեծացած տեսնես»։ Իսկ մյուս կողմից բարի ցանկացողները խոսում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո։ Իրար կապող գաղափարը բոլորովին է անհետացել։ Բոլորը կարծես իջևանատանը լինեն ու վաղը պատրաստվում են հեռանալ Ռուսաստանից. բոլորն ապրում են միայն մտահոգված, որ իրենք բավարարված լինեն...
 
― Թույլ տվեք, Կրաֆտ, դուք ասացիք. «Անհանգստանում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո»։ Իսկ ձեր հուսահատությունը... Ռուսաստանի ճակատագրի համար... Մի՞թե նույն տիպի մտահոգություն չէ։
 
― Դա... դա ամենակենսական հարցն է, որ կա հիմա,― գրգռված ասաց նա և արագ վերկացավ տեղից։
 
― Ախ, հա՜։ Ես բոլորովին մոռացա,― տարակուսած ինձ նայելով ու բոլորովին ուրիշ ձայնով հանկարծ ասաց նա,― ես ձեզ գործով կանչեցի, այնինչ... Աստված սիրեք, ներեցեք։
 
Նա կարծես հանկարծ սթափվեց ինչ-որ երազից ու համարյա շփոթվեց, հետո սեղանին դրված պայուսակից մի նամակ հանեց ու մեկնեց ինձ։
 
― Ահա թե ինչ ունեմ ձեզ հանձնելու։ Սա որոշ կարևորություն ունեցող փաստաթուղթ է,― ամենագործնական տեսքով և ուշադրությամբ սկսեց նա։
 
Դեռ երկար ժամանակ դրանից հետո, այս դեպքը հիշելիս ինձ զարմացնում էր նրա ընդունակությունը (իր համար այդպիսի մի ժամի այդքան սրտառուչ ուշադրությամբ վերաբերվել ուրիշի գործին, այդքան հանգիստ ու հաստատամտորեն պատմել այն։
 
― Սա հենց այն Ստոլբեևի նամակն է, որի մահից հետո նրա կտակի պատճառով Վերսիլովի գործը ծագեց Սոկոլսկի իշխանների հետ։ Գործն այդ այժմ վճռվում է դատարանում և, երևի, կվճռվի հօգուտ Վերսիլովի, օրենքը նրա կողմն է։ Մինչդեռ երկու տարի առաջ գրված այս մասնավոր նամակում, կտակողն ինքը շարադրում է իր իսկական կամքը կամ, ավելի ճիշտ, ցանկությունը և շարադրում է ավելի շուտ իշխանների, քան Վերսիլովի օգտին։ Համենայն դեպս, այն կետերը, որոնց վրա հենվում են Սոկոլսկի իշխանները կտակը վիճարկելիս, ուժեղ օժանդակություն են ստանում այս նամակում։ Վերսիլովի հակառակորդները շատ բան կտային այդ փաստաթղթերի համար, որը, թերևս, վճռական իրավաբանական նշանակություն չունի։ Ալեքսեյ Նիկանորովիչը (Անդրոնիկովը), որը Վերսիլովի գործով էր զբաղվում, այս նամակը պահում էր իր մոտ և մահից քիչ առաջ տվել էր ինձ «պահպանելու» հանձնարարությամբ․ միգուցե մահը կանխազգալով, վախենում էր իր թղթերի համար։ Այժմ Ալեքսեյ Նիկանորովիչի մտադրությունների մասին այս դեպքում դատել չեմ ուզում և, խոստովանում եմ, նրա մահից հետո որոշ ճնշող անվճռականություն էր ինձ պաշարել. ի՞նչ անեմ այս փաստաթուղթը, հատկապես նկատի ունենալով այս գործի մոտալուտ վճիռը դատարանում։ Բայց Մարիա Իվանովնան, որին Ալեքսեյ Նիկանորովիչը կյանքի օրոք, կարծեմ, շատ էր վստահում, դուրս բերեց ինձ դժվար կացությունից, նա ինձ գրեց երեք շաբաթ առաջ, վճռականորեն, որ ես փաստաթուղթը հանձնեմ հենց ձեզ, և որ դա, ''կարծեմ'' (նրա արտահայտությամբ) կհամընկներ նաև Անդրոնիկովի կամքին։ Այսպիսով, ահա փաստաթուղթը, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ այն հանձնել ձեզ։
 
― Լսեցեք,― այսպիսի անսպասելի նորությունից շվարած ասացի ես,― իսկ ես հիմա ի՞նչ պիտի անեմ այդ նամակը։ Ինչպե՞ս վարվեմ։
 
― Դա արդեն ձեր կամքն է։
 
― Անհնարին է, ես սոսկալի կաշկանդված եմ, ինքներդ դատեք։ Վերսիլովն այնպե՜ս էր սպասում այդ ժառանգությանը... և, գիտե՞ք, առանց այդ օգնության նա կկործանվի, և հանկարծ գոյություն ունի այդպիսի մի փաստաթուղթ։
 
― Այն գոյություն ունի միայն այստեղ, այս սենյակում։
 
― Մի՞թե այդպես է,― ուշադիր նրան նայեցի ես։
 
― Եթե այս դեպքում դուք չեք գտնում, թե ինչպես վարվեք, էլ ի՞նչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ։
 
― Բայց իշխան Սոկոլսկուն էլ հանձնել չեմ կարող, ես կսպանեմ Վերսիլովի բոլոր հույսերը և, բացի այդ, դավաճան դուրս կգամ նրա նկատմամբ... Մյուս կողմից, Վերսիլովին հաձնելով, ես աղքատության գիրկն եմ նետում անմեղներին, իսկ Վերսիլովին, այնուամենայնիվ, անելանելի դրության մեջ դնում․ նրան մնում է կամ հրաժարվել ժառանգությունից, կամ գող դառնալ։
 
― Դուք շատ եք չափազանցնում գործի նշանակությունը։
 
― Ասացեք ինձ մի բան, արդյո՞ք այս փաստաթուղթը վճռական, վերջնական բնույթ ունի։
 
― Ոչ, չունի։ Ես մեծ իրավաբան չեմ։ Հակառակ կողմի փաստաբանը, անշուշտ, կիմանար, թե ինչպես օգտվի այս փաստաթղթից և նրանից ամբողջ օգուտը կքաղեր, բայց Ալեքսեյ Նիկանորովիչը հաստատապես գտնում էր, որ այս նամակը, ներկայացնելու դեպքում, առանձին իրավաբանական նշանակություն չէր ունենա, այնպես որ Վերսիլովի գործն այնուամենայնիվ կարող էր շահել։ Ավելի շուտ այս փաստաթուղթը, այսպես ասած, խղճի գործ է ներկայացնում...
 
― Հենց դա էլ ամենակարևորն է,― ընդհատեցի նրան ես,― հենց այդ պատճառով էլ Վերսիլովը անելանելի դրության մեջ կլինի։
 
― Սակայն նա կարող է ոչնչացնել փաստաթուղթը և այն ժամանակ, ընդհակառակը, ամեն տեսակ վտանգից արդեն իրեն կազատի։
 
― Դուք առանձին հիմք ունե՞ք նրա մասին այդպես մտածելու, Կրաֆտ։ Ահա թե ինչ եմ ուզում իմանալ ես, հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։
 
― Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, նրա տեղը լինելով, այդպես կվարվեր։
 
― Դուք ինքնե՞րդ էլ այդպես կվարվեիք։
 
― Ես ժառանգություն չեմ ստանում և այդ պատճառով իմ մասին չգիտեմ։
 
― Դե լավ,― նամակը գրպանս խոթելով՝ ասացի ես։ Հիմա այդ գործն առայժմ ավարտված է։ Լսեցեք, Կրաֆտ։ Մարիա Իվանովնան, հավատացնում եմ ձեզ, որը շատ բան է ինձ հաղորդել, ասել է ինձ, որ դուք և միայն ու միայն դուք կարող եք պատմել ճշմարտությունը Էմսում տարի ու կես առաջ Վերսիլովի ու Ախմակովների միջև կատարվածի մասին։ Ես ձեզ ինչպես արևի էի սպասում, որը լուսավորելու է ամեն ինչ ինձ համար։ Դուք չգիտեք իմ դրությունը, Կրաֆտ։ Աղաչում եմ ձեզ, ասեք ողջ ճշմարտությունը։ Ես հենց ուզում եմ իմանալ, թե ինչ մարդ է նա, իսկ հիմա, հիմա ավելի քան երբևէ դա պետք է։
 
― Ես զարմանում եմ, ինչու Մարիա Իվանովնան ինքը չի հաղորդել ձեզ ամեն բան, նա կարող է բոլորը լսած լինել հանգուցյալ Անդրոնիկովից և, անշուշտ, լսել է և գիտե, միգուցե, ինձնից էլ շատ։
 
― Այդ գործում Անդրոնիկովն ինքը շփոթվում էր, այդպես է ասում Մարիա Իվանովնան։ Այդ գործը, թվում է, թե ոչ ոք չի կարող պարզաբանել։ Այստեղ սատանան անգամ ոտքը կկոտրի։ Իսկ ես գիտեմ, որ դուք ինքներդ այն ժամանակ եղել եք Էմսում...
 
― Բոլոր դեպքերին ես չեմ հասցրել ներկա լինել, բայց ինչ որ գիտեմ, թերևս, սիրով կպատմեմ, միայն թե, արդյո՞ք, կբավարարեմ ձեզ։
 
'''II'''
 
Բառացի պատմությունը այստեղ չեմ բերում, այլ միայն նրա համառոտ էությունը։
 
Տարի ու կես առաջ Վերսիլովը, ծեր իշխան Սոկոլսկու միջոցով Ախմակովների ընտանիքի բարեկամը դառնալով (այն ժամանակ բոլորը արտասահմանում՝ Էմսում էին գտնվում), խոր տպավորություն էր թողել, նախ, հենց իր Ախմակովի վրա, որը գեներալ էր և ոչ այնքան ծեր մարդ, բայց երեք տարվա ամուսնության ընթացքում թղթախաղում տանուլ էր տվել իր կնոջ՝ Կատերինա Իվանովնայի ամբողջ հարուստ օժիտը և անզուսպ կյանքի հետևանքով արդեն կաթված էր ստացել։ Դրանից նա ուշքի էր եկել և ապաքինվում էր արտասահմանում, իսկ Էմսում ապրում էր հանուն իր առաջին ամուսնությունից ունեցած դստեր։ Սա տասնյոթամյա հիվանդոտ մի աղջիկ էր, որ տառապում էր բարակացավով և, ասում են, օժտված էր արտակարգ գեղեցկությամբ և, միաժամանակ, նաև երևակայությամբ։ Օժիտ չուներ, հույս էին դրել, ըստ սովորության, ծեր իշխանի վրա։ Ասում են, Կատերինա Նիկոլաևնան բարի խորթ մայր էր։ Բայց աղջիկը, չգիտես ինչու, առանձնապես կապվել էր Վերսիլովի հետ։ Այն ժամանակ նա, Կրաֆտի արտահայտությամբ «ինչ-որ մոլի մի բան» էր քարոզում, ինչ-որ նոր կյանք, ըստ Անդրոնիկովի տարօրինակ, գուցեև ծաղրական արտահայտության, «բարձր իմաստի կրոնական տրամադրության էր», որի մասին հաղորդել էին ինձ։ Բայց ուշագրավ է, որ շուտով նրան բոլորը ատեցին։ Գեներալը նույնիսկ վախենում էր նրանից. Կրաֆտն ամենևին չի հերքում այն լուրը, որ Վերսիլովը հասցրել է հիվանդ ամուսնու ուղեղում հաստատել այն միտքը, թե Կատերինա Նիկոլաևնան անտարբեր չէ երիտասարդ իշխան Սոկոլսկու նկատմամբ (որն այն ժամանակ Էմսից Փարիզ էր գնացել)։ Եվ դա արել է ոչ թե ուղղակի, այլ «ըստ իր սովորության» չարախոսությամբ, զրպարտությամբ և այլևայլ ծուռումուռ ճանապարհներով, «որի մեծագույն վարպետն էր նա», ինչպես արտահայտվեց Կրաֆտը։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ Կրաֆտը նրան համարում էր և ուզում էր համարել, ավելի շուտ խարդախ և ի բնե խառնակիչ, քան իսկապես ինչ-որ բարձրագույն կամ գոնե ինքնօրինակ բանով տոգորված մարդ։ Իսկ ես Կրաֆտից անկախ գիտեի, որ Վերսիլովը, սկզբում արտակարգ ազդեցություն ունենալով Կատերինա Նիկոլաևնայի վրա, կամաց-կամաց հասել էր հարաբերությունների խզման։ Ինչում էր կայանում այդ ամբողջ խաղը, ես Կրաֆտից էլ չկարողացա իմանալ, բայց փոխադարձ ատելության գոյությունը, որ ծագել էր նրանց միջև բարեկամությունից հետո, բոլորն էին հաստատում։ Հետո մի տարօրինակ իրադարձություն էլ էր տեղի ունեցել. Կատերինա Իվանովնայի հիվանդոտ խորթ դուտրը, ըստ երևույթին, սիրահարվել էր Վերսիլովին, կամ նրա ինչ-որ հատկությունից ազդվել, կամ նրա խոսակցությունից բոցավառվել կամ մի ուրիշ բան, որի մասին ես ոչինչ չգիտեմ, բայց հայտնի է, որ Վերսիլովը մի ժամանակ ամբողջ օրեր էր անցկացնում այդ աղջկա կողքին։ Վերջացել էր նրանով, որ օրիորդը հանկարծ հայտնել էր հորը, թե ուզում է ամուսնանալ Վերսիլովի հետ։ Որ իսկապես այդպես էր եղել, բոլորն են հաստատում և Կրաֆտը, և Անդրոնիկովը, և Մարիա Իվանովնան, և նույնիսկ մի անգամ իմ ներկայությամբ այդ մասին բերնից մի բան թռցրեց Տատյանա Պավլովնան։ Պնդում էին նաև, որ ոչ միայն Վերսիլովն ինքն էլ էր ուզում, այլ նույնիսկ համառորեն ձգտում էր աղջկա հետ այդ ամուսնությանը և որ այդ երկու տարատեսակ էակների՝ ծերի ու մանկահասակի համաձայնությունը երկուստեք է եղել։ Բայց հորն այդ միտքը վախեցրել էր. նա հետզհետե սառելով Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ, որին առաջ շատ էր սիրում, սկսել էր, հատկապես կաթվածից հետո, պաշտել իր դստերը։ Սակայն այդպիսի ամուսնության հնարավորության ամենակատարի հակառակորդը հենց ինքը Կատերինա Նիկոլաևնան դուրս եկավ։ Տեղի ունեցան չափազանց շատ ընտանեկան ինչ-որ գաղտնի, արտակարգ տհաճ բախումներ, վեճեր, դառնություններ, մի խոսքով ամեն տեսակ գարշանքներ։ Վերջապես հայրը, տեսնելով սիրահարված ու Վերսիլովի կողմից «մոլեռանդացված» (Կրաֆտի արտահայտությամբ) աղջկա համառությունը, սկսեց տեղի տալ։ Բայց Կատերինա Նիկոլաևնան անողոք ատելությամբ շարունակում էր ըմբոստանալ։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է խառնաշփոթը, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Սակայն ահա Կրաֆտի տվյալների հիման վրա կատարած ուղղակի կռահումը, բայց, այնուամենայնիվ, միայն կռահումը։
 
Վերսիլովն, իբր, հասցրել էր ''իր ձևով'', նրբորեն և անդիմադրելիորեն, ներշնչել դեռատի աղջկան, որ Կատերինա Նիկոլաևնան այն պատճառով չի համաձայնում իրենց ամուսնությանը, որ ինքն է սիրահարված Վերսիլովին և արդեն վաղուց տանջում է իր խանդով, հետապնդում, խարդավանում է, նրան արդեն խոստովանել է իր սերը և հիմա պատրաստ է վառել նրան, որովհետև նա ուրիշին է սիրել, մի խոսքով, դրա նման մի բան։ Ամենավատն այստեղ այն է, որ նա, իբր, այդ մասին «ակնարկել է» նաև հորը, «անհավատարիմ կնոջ ամուսնուն, բացատրելով, որ իշխանը միայն զվարճալիք է եղել նրա համար։ Հասկանալի է, որ ընտանիքում մի կատարյալ դժոխք է սկսվել։ Ուրիշ տարբերակներով, Կատերինա Նիկոլաևնան սոսկալի սիրում էր իր խորթ աղջկան և հիմա, զրպարտված լինելով նրա առաջ, հուսահատված էր, էլ չենք խոսում հիվանդ ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Եվ ի՞նչ, սրա կողքին գոյություն ունի մի ուրիշ տարբերակ, որին, ի ցավ ինձ, միանգամայն հավատում էր և Կրաֆտը, և որին հավատում էի նաև ինքս (այդ բոլորի մասին ես արդեն լսել էի)։ Պնդում էին (Անդրոնիկովն, ասում են, լսել է հենց Կատերինա Նիկոլաևնայից), որ ընդհակառակը, Վերսիլովը դեռ առաջներում, այսինքն՝ մինչև երիտասարդ օրիորդի նկատմամբ զգացմունքներ տածելը, իր սերն է առաջարկել Կատերինա Նիկոլաևնային. որ սա, նրա բարեկամուհին լինելով, և որոշ ժամանակ նույնիսկ նրանով խանդավառված լինելով, սակայն շարունակաբար չհավատալով ու հակաճառելով նրան, Վերսիլովի այս խոստովանությունն ընդունել է արտակարգ ատելությամբ և թունոտ ծաղրել է նրան։ Իսկ դուրս է արել Վերսիլովին իր մոտից փաստորեն այն պատճառով, որ սա ուղղակի առաջարկել է նրան իր կինը դառնալ, հաշվի առնելով ամուսնու ենթադրվող երկրորդ մոտալուտ կաթվածը։ Այսպիսով, Կատերինա Նիկոլաևնան պետք է մի առանձին ատելություն զգար Վերսիլովի նկատմամբ, տեսնելով հետագայում, թե ինչպես է նա արդեն այդքան բացեիբաց իր խորթ դստեր ձեռքը փնտրում։ Այս բոլորն ինձ հաղորդելիս Մոսկվայում, Մարիա Իվանովնան հավատում էր և՛ այս, և՛ այն տարբերակին, այսինքն բոլորին միասին, նա հենց պնդում էր, որ այս բոլորը կարող էր տեղի ունենալ միաժամանակ, որ սա la haine dans l’amour<ref>Սիրո մեջ ատելություն (ֆրանս.)։</ref>-ի երկուստեք վիրավորված սիրային հպարտության պես մի բան է, և այլն, և այլն։ Մի խոսքով, ինչ-որ նրբագույն ռոմանտիկ խառնաշփոթի պես մի բան, որն արժանի չէ յուրաքանչյուր լրջախոհ և առողջամիտ մարդու ուշադրության, և որին խառնված է նաև ստորություն։ Բայց Մարիա Իվանովնան ինքն էլ մանուկ հասակից տոգորված էր վեպերով և կարդում էր դրանք օր ու գիշեր, չնայած իր հրաշալի բնավորությանը։ Ի վերջո հանդես եկավ Վերսիլովի բացահայտ ստորությունը, ստախոսությունն ու ինտրիգները, սև ու գարշելի մի բան, առավել ևս, որ բանն իսկապես ողբերգությամբ ավարտվեց, խեղճ, հուզավառ աղջիկը թունավորվեց, ասում են, ֆոսֆորի լուցկիներով, ի դեպ, ես մինչև այժմ էլ չգիտեմ, արդյոք ճի՞շտ է այդ վերջին լուրը, համենայն դեպս այն ամեն կերպ աշխատեցին կոծկել։ Օրիորդը ընդամենը երկու շաբաթ հիվանդ պառկեց ու վախճանվեց։ Այսպիսով, լուցկիները կասկածի տակ մնացին, թեև Կրաֆտը դրան էլ էր հաստատ հավատում։ Դրանից հետո շուտով վախճանվեց նաև օրիորդի հայրը, ասում են, վշտից, որը և հարուցել էր երկրորդ կաթվածը, սակայն ոչ ավելի վաղ, քան երեք ամսից։ Բայց օրիորդի թաղումից հետո Փարիզից Էմս վերադարձած երիտասարդ իշխան Սոկոլսկին հասարակավ ապտակել էր Վերսիլովին զբոսայգում, և սա մարտահրավերով չէր պատասխանել նրան, ընդհակառակը, հենց մյուս օրը զբոսավայր էր ներկայացել, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հենց այստեղ էլ բոլորը երես էին դարձրել նրանից, և Պետերբուրգում նույնպես։ Վերսիլովը թեև շարունակել էր որոշ ծանոթություններ, բայց բոլորովին այլ շրջաններում։ Նրա բարձրաշխարհիկ բոլոր ծանոթները մեղադրեցին նրան, թեև ի դեպ, շատ քչերը գիտեին բոլոր մանրամասնությունները, միայն որոշ բան գիտեին երիտասարդ օրիորդի ռոմանտիկ մահվան և ապտակի մասին։ Հնարավորին չափ լիակատար տեղեկություններ ունեին միայն երկու-երեք հոգի, ամենից ավելի գիտեր հանգուցյալ Անդրոնիկովը, որն արդեն վաղուց մի դեպքի կապակցությամբ գործնական հարաբերություններ ուներ Ախմակովների և հատկապես Կատերինա Նիկոլաևայի հետ։ Բայց նա այդ բոլորը գաղտնիք էր պահում նույնիսկ իր ընտանիքից և միայն մի որոշ բան հայտնել էր Կրաֆտին ու Մարիա Իվանովնային, այն էլ անհրաժեշտությունից դրդված։
 
― Հիմա գլխավորն այստեղ մի փաստաթուղթ է,― ավարտեց Կրաֆտը,― որից սոսկալի վախենում է տիկին Ախմակովան։
 
Եվ ահա թե ինչ հաղորդեց նա նաև այդ մասին։
 
Կատերինա Նիկոլաևնան, երբ հայրը՝ ծեր իշխանը, արտասահմանում արդեն ապաքինվում էր իր նոպայից, անզգուշություն էր ունեցել խիստ գաղտնի մի չափազանց վարկաբեկիչ նամակ գրելու Անդրոնիկովին (Կատերինա Նիկոլաևնան միանգամայն վստահում էր նրան)։ Այն ժամանակ ապաքինվող իշխանի բնավորության մեջ, ասում են, իսկապես փող ծախսելու, համարյա շաղ տալու հակում է ի հայտ եկել, արտասահմանում նա սկսել է միանգամայն անհարկավոր, բայց արժեքավոր իրեր գեղանկարներ, վազեր գնել, մեծ-մեծ գումարներ, Աստված գիտե, թե ինչին, նույնիսկ այնտեղի տարբեր հիմնարկություններին տալ ու նվիրաբերել։ Հսկայական մի գումարով քիչ մնաց, որ ռուս բարձրաշխարհիկ մսխող մեկից առանց տեսնելու քայքայված ու դատավեճերով ծանրաբեռնված կալվածք գնի, ի վերջո, կարծես, իսկապես սկսեց ամուսնության մասին երագել։ Եվ ահա, այս բոլորի հետևանքով Կատերինա Նիկոլաևնան, որ հոր կողքից չէր հեռանում նրա հիվանդության ժամանակ, Անդրոնիկովին, որպես իրավաբանի ու «հին բարեկամի» ուղղել էր մի հարց. «Արդյոք հնարավոր կլինի, ըստ օրենքի, իշխանին խնամակալության կարոտ կամ անիրավունակի պես մի բան հայտարարել, և եթե այո, ապա ինչպես հարմար կլինի այդ անել առանց աղմուկի, որպեսզի ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն և որպեսզի միաժամանակ խնայվեն հոր զգացմունքները և այլն, և այլն»։ Անդրոնիկովն, ասում են. հենց այն ժամանակ խելքի է բերել նրան ու խորհուրդ չի տվել այդպես վարվել, իսկ հետագայում, երբ իշխանը միանգամայն առողջացել էր, այլևս հնարավոր չէր վերադառնալ այդ մտքին, բայց նամակը Անդրոնիկովի մոտ մնաց։ Եվ ահա մեռնում է Անդրոնիկովը։ Կատերինա Նիկոլաևնան իսկույն հիշում է նամակի մասին, եթե այն հայտնաբերվեր հանգուցյալի թղթերի մեջ և ընկներ ծեր իշխանի ձեռքը, սա անկասկած ընդմիշտ դուրս կաներ, կզրկեր ժառանգությունից և իր կյանքի օրոք ոչ մի կոպեկ չէր տա նրան։ Այն միտքը, որ հարազատ դուստրը չի հավատում իր խելամտությանը և նույնիսկ ուզեցել է խելագար հայտարարել իրեն, գազան կդարձներ այս գառնուկին։ Իսկ դուստրը, այրիանալով, խաղամոլ ամուսնու շնորհիվ առանց ապրուստի որևէ միջոցի էր մնացել ու հույսը միայն հոր վրա էր դրել, նա մեծ հույս ուներ, որ նոր օժիտ կստանա հորից, նույնքան հարուստ, որքան առաջինն էր։
 
Այդ նամակի ճակատագրի մասին Կրաֆտը շատ քիչ բան գիտեր, բայց նկատեց, որ Անդրոնիկովը «երբեք չէր պատռում պետքական թղթերը» և, բացի այդ, թեև լայն մտքի տեր, այլ նաև «լայն խղճի» տեր մարդ էր։ Ես նույնիսկ զարմացա այն ժամանակ Անդրոնիկովին այնքան սիրող ու հարգող Կրաֆտի հայացքի այդքան արտակարգ ինքնուրույնության վրա։ Բայց Կրաֆտը այնուամենայնիվ համոզված էր, որ վարկաբեկիչ փաստաթուղթն, իբր, ընկել է Վերսիլովի ձեռքը՝ Անդրոնիկովի այրու ու դուստրերի հետ նրա ունեցած մտերմության շնորհիվ, արդեն հայտնի էր, որ նրանք իսկույն և պատրաստակամությամբ Վերսիլովին էին տրամադրել հանգուցյալից հետո մնացած բոլոր թղթերը։ Նա գիտեր նաև, որ Կատերինա Նիկոլաևնային էլ արդեն հայտնի է, թե նամակը Վերսիլովի մոտ է և թե նա հենց դրանից էլ վախենում է, կարծելով, թե Վերսիլովը նամակը ձեռքին իսկույն կգնա ծեր իշխանի մոտ, թե վերադառնալով արտասահմանից, Կատերինա Նիկոլաևնան արդեն փնտրել է նամակը Պետերբուրգում, եղել է Անդրոնիկովների մոտ և հիմա շարունակում է որոնել, քանի որ նա, այնուամենայնիվ, դեռ հույս ուներ, թե նամակը, միգուցե, Վերսիլովի մոտ չէ և, ի վերջո, թե նա Մոսկվա էլ գնացել է միմիայն այս նույն նպատակով և այնտեղ աղաչել է Մարիա Իվանովնային փնտրել այն թղթերի մեջ, որոնք պահպանվել են նրա մոտ։ Մարիա Իվանովնայի գոյության ու նրա հարաբերությունների մասին հանգուցյալ Անդրոնիկովի նկատմամբ նա իմացել է բոլորովին վերջերս, արդեն վերադառնալով Պետերբուրգ։
 
― Դուք կարծում եք, թե նա չի՞ գտել նամակը Մարիա Իվանովնայի մոտ,― ուրիշ բան մտածելով՝ հարցրի ես։
 
― Եթե Մարիա Իվանովնան գաղտնիքը չի հայտնել նույնիսկ ձեզ, ապա, միգուցե, նրա մոտ ոչինչ էլ չկա։
 
― Ուրեմն, դուք կարծում եք, որ փաստաթուղթը Վերսիլովի մո՞տ է։
 
― Դա ամենահավանականն է։ Սակայն չգիտեմ, ամեն բան կարող է լինել,― նկատելի հոգնածությամբ արտասանեց նա։
 
Ես հարցուփորձս դադարեցրի, և ի՞նչ իմաստ ուներ շարունակելը։ Չնայած ողջ այս անվայել խառնաշփոթին, ամենագլխավորն ինձ համար պարզվեց, այն ամենը, ինչից ես վախենում էի, հաստատվեց։
 
― Այս բոլորը կարծես երազ ու զառանցանք լինի,― խոր վշտով ասացի ես ու գլխարկս վերցրի։
 
― Ձեզ համար շա՞տ թանկ է այդ մարդը,― ասաց Կրաֆտը նկատելի և ուժգին կարեկցանքով, որ ես կարդացի նրա դեմքին այդ պահին։
 
― Ես հենց այդպես էլ կանխազգում էի,― ասացի ես,― որ ձեզնից, այնուամենայնիվ, ամեն բան լիովին չեմ իմանա։ Միակ հույսը մնում է Ախմակովան՝ հենց նրա վրա էլ հույս ունեի։ Միգուցե գնամ նրա մոտ, գուցեև չգնամ։
 
Կրաֆտը որոշ տարակուսանքով ինձ նայեց։
 
― Մնաք բարով, Կրաֆտ։ Ի՞նչ կարիք կա խցկվելու մարդկանց մեջ, որոնք ձեզ չեն ուզում։ Ավելի լավ չէ՞ բոլոր կապերը խզել, հը՞։
 
― Իսկ հետո ո՞ւր,― մի տեսակ խիստ ու հայացքը գետնին հառած հարցրեց նա։
 
― Ինքդ քո մեջ, ինքդ քո մեջ։ Ամեն բան խզել և ամփոփվել ինքդ քո մեջ։
 
― Ամե՞րիկա։
 
― Ամե՛րիկա։ Քո մեջ, միայն ինքդ քո մեջ։ Ահա թե որն է «իմ գաղափարը», Կրաֆտ,― ասացի ես ոգևորված։
 
Նա մի տեսակ հետաքրքրությամբ ինձ նայեց։
 
― Իսկ դուք ունե՞ք այդ տեղը՝ «քո մեջը»։
 
― Ունեմ։ Ցը տեսություն, Կրաֆտ, շնորհակալ եմ ձեզնից և ափսոսում եմ, որ նեղություն պատճառեցի ձեզ։ Եթե ես ձեր տեղը լինեի, երբ ինքներդ այդպիսի Ռուսաստան ունեք ձեր գլխում, գրողի ծոցը կուղարկեի բոլորին, կորեք, ինտրիգներ սարքեք և իրար մեջ գզվռտեք. ի՜նչ իմ գործն է։
 
― Մի քիչ էլ մնացեք,― արդեն մինչև դրսի դուռն ուղեկցելով ինձ՝ ասաց նա հանկարծ։
 
Ես մի քիչ զարմացա, վերադարձա ու նորից նստեցի։ Կրաֆտը դիմացս նստեց։ Մենք ինչ-որ ժպիտներ փոխանակեցինք, այս բոլորը, կարծես հիմա, տեսնում եմ աչքիս առաջ։ Շատ լավ եմ հիշում, որ ես մի տեսակ զարմացած էի նրա վրա։
 
― Ձեր մեջ, Կրաֆտ, ինձ դուր է գալիս այն, որ դուք այդքան քաղաքավարի մարդ եք,― ասացի ես հանկարծ։
 
― Հա՞։
 
― Ես դա ասում եմ, որովհետև ինքս հազվադեպ եմ կարողանում քաղաքավարի լինել, թեև ուզում եմ կարողանալ... Ի՜նչ արած, միգուցե ավելի լավ է, որ մարդիկ վիրավորում են քեզ. համենայն դեպս ազատում են իրենց սիրելու դժբախտությունից։
 
― Օրվա ո՞ր ժամն եք ամենից ավելի սիրում,― ըստ երևույթին, ինձ ականջ չդնելով, հարցրեց նա։
 
― Որ ժա՞մը։ Չգիտեմ։ Մայրամուտ չեմ սիրում։
 
― Հա՞,― մի առանձին հետաքրքրությամբ արտասանեց նա, բայց իսկույն էլ մտածմունքի մեջ ընկավ։
 
― Դուք կրկին տե՞ղ եք գնում։
 
― Այո... Գնում եմ։
 
― Շուտո՞վ։
 
― Շուտով։
 
― Մի՞թե Վիլնո հասնելու համար ատրճանակ է պետք,― առանց որևէ հետին մտքի, նույնիսկ առանց ոչ մի մտքի հարցրի ես։ Հարցրի, որովհետև աչքովս ընկավ ատրճանակը, իսկ ես նեղվում էի՝ չիմանալով ինչի մասին խոսեմ։
 
Նա շրջվեց և սևեռուն նայեց ատրճանակին։
 
― Ոչ, հենց այնպես, սովորությանս համաձայն։
 
― Եթե ես ատրճանակ ունենայի, փականքի տակ կպահեի։ Գիտե՞ք, Աստված վկա, գայթակղիչ է։ Միգուցե ես չես հավատում ինքնասպանության համաճարակին, բայց եթե սա տնկված Է աչքիդ առաջ, իսկապես, լինում են րոպեներ, որ կարող Է գայթակղել։
 
― Մի խոսեք դրա մասին,― ասաց նա և հանկարծ վերկացավ աթոռից։
 
― Իմ մասին չեմ ասում,― ավելացրի ես, նույնպես վերկենալով,― ես դա գործի չեմ գնի։ Թեկուզ երեք կյանք տաք ինձ, միևնույն Է, քիչ կլինի։
 
― Որքան կարող եք, շատ ապրեք,― կարծես դուրս թռավ նրա բերանից։
 
Նա ցրված ժպտաց և, տարօրինակ կերպով ուղղակի նախասենյակ գնաց, կարծես ինքն ինձ դուրս տանելով, իհարկե, չնկատելով, թե ինչ Է անում։
 
― Ամենայն հաջողություն եմ ձեզ ցանկանում, Կրաֆտ,― արդեն սանդղահարթակ դուրս գալով՝ ասացի ես։
 
― Դա, թերևս,― հաստատորեն պատասխանեց նա։
 
― Ցտեսություն։
 
― Դա Էլ, թերևս։
 
Ես հիշում եմ ինձ ուղղված նրա վերջին հայացքը։
 
'''III'''
 
Այսպիսով, ահա այն մարդը, որի համար այնքան տարի բաբախել Էր իմ սիրտը։ Եվ ի՞նչ Էի սպասում ես Կրաֆտից, նրա ի՞նչ նոր տեղեկություններին։
 
Կրաֆտի տնից դուրս գալով՝ ես ուժեղ քաղց զգացի, արդեն երեկոյանում Էր, իսկ ես չէի ճաշել։ Հենց այստեղ, Պետերբուրգյան կողմում, Մեծ պողոտայի վրա գտնվող մի փոքրիկ պանդոկ մտա այն մտքով, որ մի քսան և ոչ ավելի, քան քսանհինգ կոպեկ ծախսեմ։ Դրանից ավելի ես այն ժամանակ երբեք թույլ չէի տա ինձ։ Ես ինձ համար արգանակ վերցրի և, հիշում եմ, ուտելուց հետո, պատուհանի մոտ նստեցի՝ դուրս նայելու, սենյակում շատ մարդ կար. վառված յուղի, պանդոկի անձեռոցիկների ու ծխախոտի հոտ էր գալիս։ Գարշելի էր։ Իմ գլխավերևում կտուցն իր վանդակի հատակին էր կտկտացնում անձայն սոխակը, մռայլ ու մտախոհ։ Հարևան բիլիարդանոցում աղմկում էին, բայց ես նստել էի և ուժգին տարվել իմ մտքերով։ Մայրամուտը (ինչո՞ւ Կրաֆտը զարմացավ, որ ես մայրամուտ չեմ սիրում) բոլորովին անհամապատասխան, նոր ու անսպասելի զգացումներ էր ինձ ներշնչել։ Իմ աչքին շարունակ մորս հանդարտ հայացքն էր երևում, նրա սիրասուն աչքերը, որոնք ահա արդեն մեկ ամիս է, ինչ այնքան վեհերոտ հետևում են ինձ։ Վերջին ժամանակներս ես տանը, հատկապես մորս, շատ էի կոպտում, ուզում էի Վերսիլովին կոպտել, բայց, չհամարձակվելով նրան, իմ ստոր սովորության համաձայն տանջում էի մորս։ Նույնիսկ իսպառ վախեցրել էի, հաճախ Անդրեյ Պետրովիչի ներս մտնելիս վախենալով իմ որևէ անշնորհք արարքից, նա այնպիսի աղերսալից հայացքով էր ինձ նայում... Շատ տարօրինակ էր այն, որ հիմա, պանդոկում, առաջին անգամ գլխի ընկա, թե Վերսիլովն ինձ ''դու'' է ասում, իսկ մայրս՝ ''դուք''։ Դրա վրա ես առաջ էլ էի զարմանում և ոչ հօգուտ մորս, իսկ այժմ մի առանձնապես հասկացա, և տարօրինակ մտքերը, մեկը մյուսի հետևից, շարունակաբար մտնում էին գլուխս։ Ես երկար ժամանակ, մինչև ամենալիակատար մթնշաղ, մնացի տեղումս նստած։ Մտածում էի նաև քրոջս մասին...
 
Պահն ինծ համար ճակատագրական էր։ Ինչ ուզում է լինի, պետք էր սիրտ անել։ Մի՞թե ես ընդունակ չեմ հանդգնելու։ Ի՞նչ դժվար բան կա նրանում, որ խզեմ հարաբերություններս, եթե իրենք էլ ինձ չեն ուզում։ Մայրս ու քո՞ւյրս։ Բայց չէ՞ որ նրանց ես ոչ մի դեպքում չեմ լքի, ինչ ընթացք էլ որ ստանա գործը։
 
Ճշմարիտ է, որ այս մարդու հայտնվելն իմ կյանքում, այսինքն այն վայրկենական պահը դեռ առաջին մանկությանս օրերին, այն ճակատագրական խթանն էր, որից սկսվել է իմ գիտակցությունը։ Եթե չհանդիպեր նա ինձ այն ժամանակ, խելքս, մտքերիս կառուցվածքը, ճակատագիրս երևի այլ կերպ կլինեին, չնայած նույնիսկ ճակատագրի ինձ համար նախանշած այն խառնվածքին, որից ես այնուամենայնիվ չէի կարող խուսափել։
 
Բայց, ախր, պարզվում էր, որ այդ մարդը միայն իմ երազանքն է, մանուկ հասակից եկող երազանքը։ Ես ինքս եմ նրան որպես այդպիսին հորինել, իսկ իրականում բոլորովին ուրիշը, իմ երևակայությունից այդքան ցած ընկածը դուրս եկավ։ Ես եկել եմ մաքուր մարդու և ոչ թե սրա մոտ։ Եվ ինչո՞ւ ես սիրահարվեցի նրան մեկընդմիշտ այն չնչին պահին, հենց տեսա նրան մի օր, դեռ երեխա ժամանակ։ Այդ «ընդմիշտը» պետք է չքանա։ Երբևէ, եթե տեղ գտնվի, ես կնկարագրեմ մեր այդ առաջին հանդիպումը, դա մի դատարկ անեկդոտ է, որից ամենևին ոչինչ դուրս չի գալիս։ Բայց ինձ մոտ մի ամբողջ բուրգ ստացվեց։ Այդ բուրգը ես սկսեցի դեռ մանկական վերմակի տակ, երբ քուն մտնելիս կարող էի լալ ու երազել, ինչի՞ մասին, ինքս էլ չգիտեմ։ Այն մասին, որ ինձ լքե՞լ են։ Այն մասին, որ ինձ տանջո՞ւմ են։ Բայց ինձ միայն մի քիչ են տանջել, միայն երկու տարի, Տուշարի պանսիոնում, ուր այն ժամանակ նա ինձ խցկեց ու ընդմիշտ հեռացավ։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի տանջել։ Նույնիսկ ընդհակառակը, ես ինքս եմ հպարտությամբ նայել ընկերներիս։ Եվ ես տանել անգամ չեմ կարող ինքն իրեն ողբացող այդ որբությունը։ Չկա ոչինչ ավելի նողկալի, քան երբ որբերը, ապօրինածինները, այդ բոլոր դուրս նետվածներն ու ընդհանրապես ողջ այդ անպետքությունը, որոնց նկատմամբ ես ամենևին ոչ մի խղճահարություն չեմ զգում, հանկարծ հանդիսավոր կերպով կանգնեցվում են հասարակության առաջ և սկսում են ողբագին, բայց խրատական ողբալ։ «Տեսեք, այսինքն, թե ինչպես են մեզ հետ վարվել»։ Ես կծեծեի այդ որբերին։ Եվ այդ գարշելի բյուրոկրատներից ոչ մեկը չի հասկանում, որ որբի համար տասն անգամ ավել ազնիվ կլիներ լռելը, գանգատի ''չարժանացնելը'' և ոչ թե ոռնալը։ Իսկ եթե սկսել են արժանացնելը, ապա հենց այդպես էլ քեզ՝ սիրո զավակիդ, պետք է։ Ահա իմ միտքը»։
 
Բայց այն չէ ծիծաղելին, ինչի մասին երազում էի առաջներում «վերմակիս տակ», այլ այն, որ այստեղ էլ եկել եմ նորից նրա, նորից իմ կողմից հորինված մարդու համար համարյա մոռանալով իմ գլխավոր նպատակները։ Ես եկել եմ օգնելու նրան կործանելու զրպարտությունը, ջախջախելու նրա թշնամիներին։ Այն փաստաթուղթը, որի մասին խոսում էր Կրաֆտը, այդ կնոջ Անդրոնիկովին գրած այն նամակը, որից այդպես վախենում է նա, որը կարող է խորտակել նրա բախտը ու աղքատության գիրկը նետել նրան և որը նրա ենթադրությամբ Վերսիլովի մոտ է գտնվում, նամակն այն ոչ թե Վերսիլովի մոտ է գտնվում, այլ ինձ մոտ ու կարված է կողագրպանումս։ Ես ինքս եմ կարել, և ամբողջ աշխարհում դեռ ոչ ոք չգիտե այդ մասին։ Այն, որ ռոմանտիկ Մարիա Իվանովնան, որի մոտ փաստաթուղթը գտնվում էր «ի պահպանություն», անհրաժեշտ համարեց ինձ հանձնել այն և ուրիշ ոչ ոքի, միայն նրա կարծիքն ու նրա կամքն էր, և ես պարտավոր չեմ դա բացատրելու, միգուցե, երբևէ, պատեհ առիթով կպատմեմ դա, բայց այդքան անսպասելի զինված՝ ես չէի կարող չգայթակղվել Պետերբուրգ ժամանելու ցանկությամբ։ Իհարկե, ես մտադիր էի օգնել այդ մարդուն ոչ այլ կերպ, քան գաղտնի, առանց ինձ ցույց տալու և տաքանալու, առանց նրա գովաբանություններին ու գրկախառնություններին սպասելու։ Եվ երբեք, երբեք ես չէի ''արժանացնի'' նրան որևէ հանդիմանության։ Եվ մի՞թե նրա մեղքն է, որ ես սիրահարվել եմ նրան ու նրանից ֆանտաստիկ իդեալ ստեղծել ինձ համար։ Միգուցե ես նույնիսկ ամենևին չեմ էլ սիրել նրան։ Նրա ինքնօրինակ միտքը, նրա հետաքրքիր բնավորությունը, նրա ինչ-որ ինտրիգներն ու արկածները և այն, որ նրա կողքին էր մայրս այս բոլորը, թվում է, թե արդեն չէր կարող ետ պահել ինձ. արդեն բավական էր այն, որ իմ ֆանտաստիկ տիկնիկը կոտրված էր և որ ես այլևս չեմ կարող սիրել նրան։ Այսպիսով, ի՞նչն էր ետ պահում ինձ, ի՞նչն էր ինձ խոչընդոտում, ահա թե որն էր հարցը։ Վերջին հաշվով ստացվում էր, որ միայն ես եմ հիմար, էլ ուրիշ ոչ ոք։
 
Բայց ազնվություն պահանջելով ուրիշներից՝ ազնիվ կլինեմ և ինքս, ես պետք է խոստովանեմ որ գրպանումս կարված փաստաթուղթը ոչ միայն կրքոտ ցանկություն էր առաջացնում իմ մեջ՝ օգնության թռչելու Վերսիլովին։ Այժմ դա ինձ համար չափազանց պարզ է, թեև այն ժամանակ էլ ես արդեն կարմրում էի այդ մտքից։ Իմ աչքին երևում էր կինը, բարձրաշխարհիկ հասարակության հպարտ մի էակ, որի հետ ես կհանդիպեմ երես առ երես, նա կարհամարհի ինձ, կծիծաղի վրաս, ինչպես մի մկան, կասկած անգամ չունենալով, որ ես իր ճակատագրի տիրակալն եմ։ Այդ միտքն արբեցնում էր ինձ դեռ Մոսկվայում և հատկապես գնացքում, երբ ես գալիս էի այստեղ, սա ես արդեն խոստովանել եմ վերում։ Այո, ես ատում էի այդ կնոջը, բայց արդեն սիրում էի որպես իմ զոհի, և այդ բոլորը ճշմարիտ է, այղ բոլորը իրական։ Բայց սա այնպիսի մի երեխայություն էր, որ ես նույնիսկ նման մեկից, ինչպիսին ես եմ, չէի սպասի։ Ես նկարագրում էի իմ այն ժամանակվա զգացմունքները, այսինքն այն, ինչ գլուխս էր գալիս այն ժամանակ, երբ նստած էի պանդոկում, սոխակի վանդակի տակ և երբ որոշեցի հենց նույն երեկոյան խզել կապերս նրանց հետ անխուսափելիորեն։ Այն կնոջ հետ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման միտքը հանկարծ ամոթի շիկնանքով բռնկեց դեմքս։ Անպատիվ հանդիպում։ Անպատիվ ու հիմար, չնչին մի տպավորություն և, որ գլխավորն է, այն ամենահիմնովին կերպով ապացուցեց իմ անընդունակությունը գործում։ Այդ տպավորությունը ապացուցեց միայն այն, մտածում էի ես այն ժամանակ, որ ես ի վիճակի չեմ դիմանալու նույնիսկ ամենահիմար հրապուրանքներին, մինչդեռ հենց նոր ինքս ասացի Կրաֆտին, որ ես «իմ տեղն» ունեմ, իմ գործը և եթե երեք կյանք էլ ունենայի, այդ դեպքում էլ դրանք քիչ կլինեին ինձ համար։ Եվ հպարտորեն ասացի դա։ Այն, որ ես մի կողմ եմ թողել իմ գաղափարը և Վերսիլովի գործի մեջ քաշվել, դեռ կարելի է ինչ-որ կերպ ներել, բայց այն, որ ես զարմացած նապաստակի պես մի կողմից մյուսն են նետվում և արդեն յուրաքանչյուր դատարկ բանի մեջ թաղվում, դրանում, իհարկե, միայն իմ հիմարությունն է մեղավոր։ Ո՞ր սատանան դրդեց ինձ գնալ Դերգաչովի մոտ և մեջտեղ ընկնել իմ հիմարություններով, վաղուց գիտենալով, որ ոչինչ չեմ կարողանա խելոք ու հստակ պատմել և որ ինձ համար ամենաշահեկանը լռելն է։ Եվ ինչ-որ մի Վասին խրատում է ինձ, թե ես դեռ «հիսուն տարվա կյանք ունեմ առջևումս և, ուրեմն, վշտանալու բան չունեմ»։ Նրա առարկությունը հրաշալի է, համաձայն եմ, և պատիվ է բերում նրա անվիճելի խելքին, հրաշալի է արդեն նրանով, որ ամենապարզն է, իսկ ամենապարզը հասկացվում է միշտ միայն ամենավերջում, երբ փորձված է արդեն բոլորը, ինչն ավելի խրթին է կամ ավելի հիմար, բայց այդ առարկությունը ես ինքս էլ գիտեի և Վասինից էլ առաջ այդ միտքը ես խորապես ապրելով եմ հասկացել երեք տարուց քիչ ավելի առաջ և նույնիսկ ավելին, մասամբ հենց դրանում էլ կայանում է «իմ գաղափարը»։ Ահա թե ինչ էի մտածում ես այն ժամանակ պանդոկում։
 
Գարշելի զգացում էր ինձ համակել, երբ քայլելուց ու մտքերից հոգնած, երեկոյան ժամը յոթից հետո հասա Սեմյոնովյան գունդ։ Արդեն բոլորովին մթնել էր, և եղանակը փոխվում էր. չոր էր, բայց թիկունքումս բարձրանում էր պետերբուրգյան նողկալի, սուր ու խոցող քամին և փոշով ու ավազով լցնում օդը։ Աշխատանքից ու գործատեղերից իրենց պուճախները փութկոտ վերադարձող հասարակ ժողովրդի որքա՜ն մռայլ դեմքեր։ Յուրաքանչյուրն իր մռայլ հոգսն ունի դեմքին և ոչ մի, միգուցե, ընդհանուր, համամիավորող միտք այդ ամբոխում։ Կրաֆտն իրավացի է։ Բոլորն առանձին-առանձին են։ Ես հանդիպեցի մի փոքրիկ տղեկի, այնքան փոքրիկ, որ տարօրինակ էր, թե ինչպես կարող էր նա մենակ հայտնվել փողոցում այդ ժամին․ թվում էր, թե նա կորցրել է ճանապարհը, մի կնիկ մի պահ, կարծես, կանգ առավ նրան լսելու, բայց ոչինչ չհասկացավ, թևերը տարածեց ու մենակ թողնելով նրան մթնում՝ շարունակեց ճանապարհը։ Տանը մոտենալով՝ ես վճռեցի, որ այլևս երբեք չեմ գնա Վասինի մոտ։ Սանդուղքով բարձրանալիս ես սոսկալի ուզում էի մերոնց մենակ գտնել տանը, առանց Վերսիլովի, որպեսզի մինչև նրա գալը հասցնեի ասել մի բարի խոսք մորս, կամ սիրելի քրոջս, որին մի ամբողջ ամսվա ընթացքում համարյա ոչ մի առանձին բան չէի ասել։ Այդպես էլ եղավ, նա տանը չէր...
 
'''IV'''
 
Եվ ի դեպ, «Նոր դեմք» ասպարեզ հանելով «Նոթերումս» (այսինքն ես խոսում եմ Վերսիլովի մասին), համառոտ կբերեմ նրա ծառայության ցուցակը, որը, թերևս, ոչ մի նշանակություն չունի։ Սա անում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի ընթերցողին և որովհետև չեմ կանխատեսում, թե ուր կարող եմ խցկել այս ցուցակը պատմությանս հետագա ընթացքում։ Նա սովորել է համալսարանում, բայց հետո մտել է գվարդիա, հեծյալ գունդ։ Ամուսնացել է Ֆանարիոտովայի հետ և ծառայությունը թողել։ Արտասահման է գնացել և, վերադառնալով, ապրել Մոսկվայում բարձրաշխարհիկ զվարճություններով։ Կնոջ մահից հետո եկել է գյուղ, այստեղ՝ մորս հետ կապված միջադեպը։ Հետո երկար ապրել է ինչ-որ տեղ հարավում։ Եվրոպայի հետ պատերազմի ժամանակ նորից զինվորական ծառայության է մտել, բայց Ղրիմ չի ընկել և այդ ամբողջ ժամանակ գործողությունների մեջ չի եղել։ Պատերազմը վերջանալուց հետո պաշտոնաթող լինելով, գնացել է արտասահման և նույնիսկ մորս հետ, որին, ի դեպ, թողել է Քյոնիքսբերգում։ Խեղճը գլուխը տարուբերելով ու մի տեսակ սարսափով էր երբեմն պատմում, թե ինչպես է ամբողջ վեց ամիս մեն-մենակ, փոքրիկ աղջնակի հետ, առանց լեզու իմանալու, կարծես անտառում, իսկ վերջում նաև առանց փողի ապրել։ Այն ժամանակ նրան բերելու էր եկել Տատյանա Պավլովնան և հետ էր բերել Նիժեգորոդյան նահանգում գտնվող ինչ-որ տեղ։ Հետո Վերսիլովը գործի էր մտել որպես առաջին հավաքագրման հաշտարար միջնորդ և, ասում են, հրաշալի էր կատարում իր գործը, բայց շուտով թողել էր այդ և սկսել Պետերբուրգում զանազան, մասնավոր, քաղաքացիական հայցեր վարելով զբաղվել։ Անդրոնիկովը մշտապես բարձր էր գնահատում նրա ընդունակությունները, շատ էր հարգում նրան և միայն ասում էր, թե չի հասկանում նրա բնավորությունը։ Հետո Վերսիլովն այդ էլ թողեց և նորից գնաց արտասահման և արդեն երկար ժամանակով, մի քանի տարով։ Դրանից հետո սկսվեցին առանձնապես մտերմական հարաբերությունները ծեր իշխան Սոկոլսկու հետ։ Այս ամբողջ ժամանակ նրա դրամական միջոցները երկու-երեք անգամ փոփոխվել են արմատապես, մեկ լիովին ընկել է աղքատության գիրկը, մեկ հանկարծ նորից հարստացել ու վեր բարձրացել։
 
Սակայն, այժմ, նոթերս մինչև այս կետը հասցնելով, համարձակվում եմ պատմել նաև «իմ գաղափարի» մասին։ Առաջին անգամ նրա ծագումից հետո կնկարագրես այն բառերով։ Ես համարձակվում եմ, այսպես ասած, բանալ այն ընթերցողիս առաջ, նաև հետագա պատմությանս հստակության համար։ Եվ ոչ միայն ընթերցողը, այլև ես ինքս, հեղինակողս, սկսում եմ մոլորվել քայլերս բացատրելու դժվարության մեջ, առանց բացատրելու, թե ինչն է տարել ու մղել ինձ այդ քայլերը կատարելուն։ Այդ «լռության տրվելու կեցվածքով» ես իմ անկարողության հետևանքով, նորից ընկա վիպասանների «գեղեցկախոսությունների» մեջ, որոնք ինքս եմ ծաղրել վերում։ Ներս մտնելով պետերբուրգյան վեպիս դռնից, նրանում ունեցած իմ բոլոր ամոթալի արկածներով, ես անհրաժեշտ եմ համարում այս առաջաբանը։ Բայց ոչ թե «գեղեցկախոսություններն» են գայթակղել ինձ լռելու մինչ այժմ, այլև գործի էությունը, այսինքն գործի դժվարությունը, նույնիսկ այժմ, երբ արդեն անցել է ողջ անցյալը, ես անհաղթահարելի դժվարություն եմ զգում այդ «միտքը» պատմելիս։ Բացի այդ, ես, անշուշտ, պետք է շարադրեմ այն նրա այն իր ժամանակվա տեսքով, այսինքն՝ ինչպես է այն ծագել ու մտահղացվել իմ կողմից այն ժամանակ և ոչ թե հիմա, իսկ դա արդեն մի նոր դժվարություն է։ Որոշ բաներ համարյա անհնարին է պատմել։ Հենց այն գաղափարները, որոնք ամենից պարզն են, ամենից հստակը, հենց դրանք էլ դժվար է հասկանալ։ Եթե Կոլումբոսը Ամերիկան հայտնագործելուց առաջ սկսեր պատմել իր միտքն ուրիշներին, ես համոզված եմ, որ նրան չափազանց երկար ժամանակ չէին հասկանա։ Եվ չէ՞ որ չէին էլ հասկանում։ Այս ասելով՝ ես ամենևին միտք չունեմ ինձ Կոլումբոսի հետ հավասարեցնելու և եթե մեկն այդ եզրակացության գա, կամաչի և ուրիշ ոչինչ։
=== Գլուխ հինգերորդ ===
'''I'''
 
Իմ մտահղացումը Ոոտշիլդ դառնալն է։ Ընթերցողիս ես հանգստության ու լրջմտության եմ հրավիրում։
 
Ես կրկնում եմ, իմ մտահղացումը Ռոտշիլդ դառնալն է, այնքան հարուստ դառնալը, որքան Ռոտշիլդն է. ոչ թե ուղղակի հարուստ, այլ հենց որքան Ռոտշիլդն է։ Ինչու, ինչի համար, ինչ ուղղակի նպատակներ եմ հետապնդում. այդ մասին՝ հետո։ Սկզբում նախ կապացուցեմ, որ իմ նպատակին հասնելն ապահովված է մաթեմատիկորեն։
 
Շատ պարզ բան է, ողջ գաղտնիքը երկու բառի մեջ է. ''համառություն'' և ''անընդմեջություն''։
 
― Լսել ենք,― կասեն ինձ,― նորություն չէ։ Գերմանիայում յուրաքանչյուր ֆատեր դա է կրկնում իր երեխաներին, մինչդեռ ձեր Ռոտշիլդը (այսինքն հանգուցյալ Ջեմս Ռոտշիլդը, փարիզեցին, ես նրա մասին եմ խոսում) միայն մեկն էր, իսկ ֆատերները՝ միլիոն։
 
Ես կպատասխանեի.
 
― Դուք հավատացնում եք, որ լսել եք, մինչդեռ ոչինչ էլ չեք լսել։ Ճիշտ է, մի բանում դուք էլ եք արդար, եթե ես ասացի, թե դա «շատ հասարակ» գործ է, ապա մոռացա ավելացնել, թե նաև շատ դժվար գործ է։ Աշխարհի բոլոր կրոններն ու բոլոր բարոյականությունները մի բանի են հանգում. «Պետք է առաքինություն սիրել և խուսափել արատներից»։ Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի պարզ լինել։ Հապա որևէ առաքինի բան արեք և ձեր գոնե մեկ արատից խուսափեք, հապա փորձեք, հը՞։ Այդպես էլ այս դեպքում է։
 
Ահա թե ինչու ձեր անթիվ-անհամար ֆատերները անթիվ-անհամար դարերի ընթացքում կարող են կրկնել ողջ գաղտնիքը կազմող այս զարմանալի երկու բառը, մինչդեռ Ռոտշիլդը մնում է մեկը։ Ուրեմն, այդպես է, բայց այդպես չէ, և ֆատերները բոլորովին այն միտքը չեն կրկնում։ Համառության ու անընդմեջության մասին նրանք էլ են, անշուշտ, լսել։ Բայց իմ նպատակին հասնելու համար ոչ ֆատերային համառությունը և ոչ ֆատերային անընդմեջություն են հարկավոր։
 
Հենց միայն այն բանը, որ նա ֆատեր է (ես միայն գերմանացիների մասին չեմ ասում), որ նա ընտանիք ունի, ապրում է բոլորի պես, ծախսեր ունի բոլորի պես, պարտականություններ՝ բոլորի պես, այստեղ Ռոտշիլդ չես դառնա, այլ միայն չափավոր մարդ կդառնաս։ Իսկ ես չափազանց հստակ եմ հասկանում, որ Ոոտշիլդ դառնալով, կամ նույնիսկ միայն Ռոտշիլդ դառնալ ցանկանալով, բայց ոչ թե ֆատերավարի, այլ լրջորեն, ես արդեն դրանով դուրս եմ գալիս հասարակությունից։
 
Մի քանի տարի առաջ ես լրագրում կարդացել եմ, որ Վոլգայի վրա, շոգենավերից մեկի վրա, մեռել էր բոլորին այնտեղ հայտնի ցնցոտիներով ման եկող, ողորմություն խնդրող մի մուրացկան։ Մահից հետո նրա ցնցոտիների մեջ կարված մոտ երեք հազար ռուբլու արժողությամբ թղթադրամներ էին գտել։ Օրերս ես նորից կարդացի ազնվական ծագում ունեցող մի մուրացկանի մասին, որ ման էր գալիս պանդոկներում ու ձեռք մեկնում մարդկանց։ Նրան բանտարկել էին ու մոտը մոտ հինգ հազար ռուբլի գտել։ Այստեղից ճիշտ երկու եզրակացություն կա. առաջինը կուտակելու ''համառությունը'', նույնիսկ կոպեկանոց գումարներով, հետագայում հսկայական արդյունքներ է տալիս (ժամանակն այստեղ ոչինչ չի նշանակում) և երկրորդ որ հարստանալու ամենապարզամիտ ձևը, սակայն միայն ''անընդմեջ'', հաջողությամբ ապահովված է մաթեմատիկորեն։
 
Մինչդեռ կան, միգուցե, շատ պատկառելի, խելոք ու չափավոր մարդիկ, որոնք սակայն (որքան էլ ջանք են թափում) չունեն ոչ երեք, ոչ էլ հինգ հազար և որոնք, սակայն, սոսկալի կուզենային դրանք ունենալ։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը պարզ է. որովհետև նրանցից ոչ մեկը, չնայած իրենց ողջ ցանկությանը, այնուամենայնիվ, այդ աստիճան չի ''ուզում'', որպեսզի, օրինակ, եթե ուրիշ ոչ մի կերպ չի կարելի հարստանալ, նույնիսկ մուրացկան դառնա և այն աստիճան համառ չէ, որպեսզի նույնիսկ մուրացկան դառնալով, առաջին ստացած կոպեկները չծախսի ավելորդ մի կտորի վրա իր կամ իր ընտանիքի համար։ Մինչդեռ կուտակման այս ձևի դեպքում, այսինքն՝ մուրացկանության դեպքում, այդպիսի փողեր դիզելու համար պետք է սնվել աղ ու հացով և ուրիշ ոչինչ, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Այդպես են, երևի, արել և վերոհիշյալ երկու մուրացկանը, այսինքն՝ միայն հաց են կերել և համարյա թե բաց երկնքի տակ ապրել։ Կասկած չկա, որ նրանք Ռոտշիլդ դառնալու մտադրություն չեն ունեցել, սրանք միայն Գարպագոնների ու Պլյուշկինների զտարյուն տեսակն են եղել, ոչ ավելին, սակայն նաև գիտակցական հարստացման դեպքում արդեն միանգամայն այլ ձևով, բայց Ռոտշիլդ դառնալու նպատակով, պահանջվելու է ոչ պակաս ցանկություն և կամքի ուժ, քան ունեցել են այս երկու մուրացկանը։ Ֆատերն այդպիսի ուժ չի հայտնաբերի։ Ուժերը բազմատեսակ են աշխարհում, հատկապես կամքի ու ցանկության ուժերը։ Կա ջրի եռման ջերմաստիճան և կա երկաթի կարմիր շիկացման ջերմաստիճան։
 
Այստեղ նույն վանքն է, մենակյացության նույն սխրագործությունները։ Այստեղ զգացմունքն է և ոչ գաղափարը։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք բարոյականություն է, արդյո՞ք այլանդակություն չէ կոպիտ գործվածքի տձև շոր հագնելը, ողջ կյանքի ընթացքում սև հաց ուտելը ու վրադ այդպիսի հսկայական փողեր կրելը։ Այս հարցերի մասին հետո, իսկ հիմա միայն նպատակիս հասնելու հնարավորության մասին։
 
Երբ ես հորինեցի «իմ միտքը» (իսկ այն հենց կարմիր շիկացման մեջ է կայանում), սկսեցի փորձել ինձ, արդյոք ընդունակ եմ վանքի ու մենակյացության։ Այդ նպատակով ամբողջ առաջին ամիսը ես հաց կերա ու ջուր խմեցի։ Սև հաց ծախսվում էր ոչ ավելի, քան երկու ու կես ֆունտ օրական։ Որպեսզի դա կատարեի, պետք է խաբեի խելամիտ Նիկոլայ Սեմյոնովիչին ու ինձ բարի կամեցող Մարիա Իվանովնային։ Ի դառնություն Մարիա Իվանովնայի և ի որոշակի վարանումն չափազանց նրբակիրթ Նիկոլայ Սեմյոնովիչի, ես պնդեցի, որ ճաշս սենյակս բերեն։ Այստեղ ես ուղղակի ոչնչացնում էի այն. արգանակը պատուհանից եղինջի վրա կամ մի ուրիշ տեղ էի թափում, տավարի մսի կտորը կամ պատուհանից նետում էի շանը, կամ թղթի մեջ փաթաթելով, դնում էի գրպանս ու հետո տանից դուրս բերում, այդպես էլ մյուս բոլոր բաները։ Եթե հացը ճաշի հետ երկու ու կես ֆունտից շատ ավելի պակաս էին մատուցում, ծածուկ ինքս էի հավելյալ հաց գնում։ Այդ ամիսը ես դիմացա, միգուցե միայն մի քիչ ստամոքսս փչացրի, բայց հետևյալ ամսից ես հացին ավելացրի նաև արգանակ, իսկ առավոտյան ու երեկոյան մի-մի բաժակ թեյ և, հավատացնում եմ ձեզ, որ այդպես միանգամայն ողջ֊առողջ ու գոհ, իսկ բարոյապես՝ հափշտակված ու շարունակական ծածուկ հիացումով, անցկացրի մի ամբողջ տարի։ Ես ոչ միայն չէի մտածում ուտելիքների մասին, այլև ուղղակի ոգևորված էի։ Տարին ավարտվելուն պես, համոզվելով, որ ի վիճակի եմ դիմանալու ինչ պասի որ ասես, ես սկսեցի ուտել, ինչպես մյուսները և նրանց հետ միասին, ճաշելուն անցա։ Չբավարարվելով այս փորձով՝ ես կատարեցի նաև երկրորդը. Նիկոլայ Սեմյոնովիչին վճարվող իմ օրապահիկից բացի, որպես գրպանի փող ինձ հասնում էր ամսական հինգ ռուբլի։ Ես վճռեցի դրա միայն կեսը ծախսել։ Դա շատ ծանր փորձություն էր, բայց երկու տարուց մի քիչ ավելի անց, Պետերբուրգ գալով, այլ փողերից բացի, միայն այդ խնայողությունից գոյացած յոթանասուն ռուբլի կար գրպանումս։ Այդ երկու փորձի արդյունքն ինձ համար հսկայական էր. ես հաստատապես իմացա, որ կարող եմ այնքան ցանկանալ, որ կհասնեմ նպատակիս և հենց դրանում է կայանում «միտքս», մնացյալը՝ բոլորը դատարկ բաներ են։
 
'''II'''
 
Սակայն քննենք նաև դատարկ բաները։
 
Ես նկարագրեցի իմ երկու փորձը. Պետերբուրգում, ինչպես արդեն հայտնի է, ես կատարեցի երրորդը, գնացի աճուրդ ու մի հարվածով յոթ ռուբլի իննսունհինգ կոպեկ շահեցի։ Իհարկե, դա իսկական փորձ չէր, այլ հենց այնպես, միայն խաղ, զվարճալիք, ուզեցի մի րոպե հափշտակել ապագայից ու փորձել, թե ինչպես եմ ման գալու ու գործելու։ Իսկ ընդհանրապես իսկական գործ ձեռնարկելը ես հետաձգել էի հենց սկզբից՝ Մոսկվայում, մինչև այն ժամանակ, երբ լիովին ազատ կլինեմ, ես չափազանց լավ էի հասկանում, որ ես, օրինակ, պետք է նախ գիմնազիան ավարտեմ։ (Համալսարանն, ինչպես արդեն հայտնի է, ես զոհաբերել եմ)։ Անշուշտ, ես գալիս էի Պետերբուրգ թաքնված զայրույթով, նոր էի հանձնել գիմնազիայի ավարտական քննություններս ու առաջին անգամ ազատ դարձել և հանկարծ տեսել, որ Վերսիլովի գործերը նորից են անհայտ ժամկետով ինձ շեղում գործս սկսելուց։ Սակայն, թեև զայրույթով, ես քայլում էի, այնուամենայնիվ, նպատակիս համար միանգամայն հանգիստ։
 
Ճիշտ է, ես գործնականը չգիտեի, բայց երեք տարի շարունակ մտմտում էի ու կասկած ունենալ չէի կարող։ Ես հազար անգամ պատկերացրել էի, թե ինչպես կսկսեմ։ Կարծես երկնքից առաքված, ես հանկարծ հայտնվում եմ մեր երկու մայրաքաղաքներից մեկում (սկզբի համար ընտրել եմ մեր մայրաքաղաքները և հատկապես Պետերբուրգը, որին, որոշ հաշիվներով, առավելություն եմ տվել) և այսպես՝ ես առաքված եմ երկնքից, բայց միանգամայն ազատ եմ, ոչ ոքից կախում չունեմ, առողջ եմ և նախնական շրջանառության մեջ դնելու դրամագլխի համար գրպանումս թաքցրած հարյուր ռուբլի ունեմ։ Առանց հարյուր ռուբլու հնարավոր չէ սկսել, քանի որ արդեն չափազանց երկար ժամկետով կհեռանար հաջողության ամենաառաջին ժամանակաշրջանը։ Բացի հարյուր ռուբլուց, ինչպես արդեն հայտնի է, ես ունեմ արիություն, համառություն, անընդմեջություն, լիակատար մեկուսացում և գաղտնիություն։ Մեկուսացումը գլխավորն է. ես մինչև ամենավերջին րոպեն սոսկալի չեմ սիրում ոչ մի հարաբերություն ու գործակցություն մարդկանց հետ. ընդհանրապես ասած, «գաղափարիս» իրականացումը սկսել ես որոշել էի անպայման մենակ, դա որպես sine qua<ref>Պարտադիր պայման (լատ.)։</ref>։ Ինձ համար ծանր են մարդիկ, և հոգով ես հանգիստ չէի լինի, իսկ անհանգստությունը կխանգարեր նպատակիս։ Եվ ընդհանրապես մինչև այժմ, ողջ կյանքիս ընթացքում, բոլոր երազանքներումս այն մասին, թե ինչպես եմ վարվելու մարդկանց հետ մշտապես շատ խելոք էր ստացվում, իսկ ամենաչնչին չափով գործնականում՝ մշտապես շատ հիմար։ Ես դա խոստովանում եմ զայրույթով ու անկեղծորեն, որ միշտ մատնել եմ ինձ խոսելով և շտապել եմ, հենց այդ պատճառով էլ որոշել եմ կրճատել մարդկանց։ Շահույթում՝ անկախություն, ոգու հանգստություն, նպատակի հստակություն։
 
Չնայած պետերբուրգյան սոսկալի գներին, ես մեկընդմիշտ սահմանել էի, որ տասնհինգ կոպեկից ավելի ուտելիքիս վրա չեմ ծախսի և գիտեի, որ խոստումս կկատարեմ։ Ուտելիքիս մասին այդ հարցը ես երկար ու հանգամանորեն էի կշռադատել, սահմանել էի, օրինակ, որ երբեմն երկու օր իրար ետևից միայն հաց ու աղ, միայն այնպես, որ երրորդ օրը ծախսեմ երկու օրում արածս խնայողությունը, ինձ թվում էր, որ դա ավելի շահեկան կլինի առողջությանս համար, քան մշտական հավասար պասը նվազագույն տասնհինգ կոպեկով։ Հետո, ապրուստիս համար ինձ մի անկյուն էր պետք, բառացիորեն անկյուն, միայն որպեսզի քնեմ գիշերը կամ արդեն չափազանց անձրևոտ օրը պատսպարվեմ։ Ապրել որոշել էի փողոցում, և կարիքի դեպքում պատրաստ էի գիշերել գիշերօթևաններում, որտեղ քնելու տեղից բացի մի կտոր հաց ու մի բաժակ թեյ են տալիս։ Օ՜, ես չափազանց լավ կկարողանայի թաքցնել իմ փողերը, որպեսզի անկյունումս կամ օթևանում չգողանային դրանք ինձնից և նույնիսկ չլրտեսեն, երդվում եմ։ «Ինձնից գողանան, հա՞։ Ես, ախր, վախենում եմ, որ ինքս ուրիշից չգողանամ»,― մի անգամ լսել եմ փողոցում այս զվարթ խոսքը մի ստահակից։ Իհարկե, իմ նկատմամբ ես այս խոսքից կիրառում եմ միայն զգուշությունն ու խորամանկությունը, իսկ գողություն անելու միտք չունեմ։ Բացի դրանից, դեռ Մոսկվայում, միգուցե «մտքիս» ամենաառաջին օրից, վճռեցի, որ ոչ վաշխառու, ոչ էլ գրավառու չեմ դառնա, դրա համար ջհուդներ կան և ռուսներից էլ նրանք, ով ոչ խելք ունի, ոչ բնավորություն։ Գրավն ու տոկոսը հասարակ մարդկանց գործ է։
 
Ինչ վերաբերում է հագուստիս, որոշեցի երկու կոստյում ունենալ, մեկն ամենօրյա, մյուսը՝ օրինավոր։ Մի անգամ ձեռք բերելով, ես վստահ էի, որ երկար կհագնեմ, երկու ու կես տարի ես հատկապես սովորել եմ շոր հագնել և նույնիսկ մի գյուտ եմ արել, որպեսզի հագուստը միշտ նոր լինի ու չմաշվի, պետք է որքան կարելի է հաճախ, օրը հինգ-վեց անգամ մաքրել խոզանակով։ Մահուդը խոզանակից չի վախենում, հաստատապես եմ ասում, այլ փոշուց ու կեղտից է վախենում։ Փոշին նույն քարերն են, եթե նայենք մանրադիտակով, իսկ խոզանակը, որքան էլ ամուր, համարյա նույն բուրդն է։ Հավասարապես սովորեցի նաև կոշիկ հագնել, գաղտնիքն այն է, որ պետք է ոտքը զգուշությամբ, ամբողջ ներբանով միանգամից, և որքան կարելի է հազվադեպ կողքի թեքելով, գետին դնել։ Դրան սովորել կարելի է երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո բանն անգիտակից կերպով առաջ կգնա։ Այս ձևով կոշիկները հագնվում են, միջին հաշվով, ժամանակի մեկ-երրորդ չափով ավելի։ Երկու տարվա փորձս է ցույց տվել։
 
Հետո սկսվում է արդեն ինքը գործունեությունը։
 
Ես ելնում էի հետևյալ դատողությունից, ես հարյուր ռուբլի ունեմ։ Իսկ Պետերբուրգում այնքան աճուրդներ, մեծաքանակ ծախծախումներ, հնոտիաշուկաներում մանր խանութներ ու կարիքավոր մարդիկ կան, որ անհնարին է, այսքանով մի բան գնելով չվաճառել այն քիչ ավելի թանկ գնով։ Ալբոմի համար երկու ռուբլի հինգ կոպեկ ծախսած դրամագլխով ես շահեցի յոթ ռուբլի իննսուհինգ կոպեկ։ Այդ հսկայական շահույթը ձեռք էր բերվել առանց ռիսկի, ես աչքերից էի տեսնում, որ գնորդը ձեռք չի քաշի։ Իհարկե, ես շատ լավ եմ հասկանում, որ դա միայն մի դեպք է, բայց ես հենց նման դեպքեր եմ որոնում, դրա համար էլ վճռել եմ ապրել փողոցում։ Թող այդ դեպքերը նույնիսկ չափազանց հազվագյուտ լինեն, միևնույն է, իմ գլխավոր կանոնն է լինելու ոչ մի բան վտանգի չենթարկել և երկրորդը ամեն օր անպայման գոնե որևէ բան իմ ապրուստի վրա ծախսված նվազագույնից ավելի շահել, որպեսզի ոչ մի օր կուտակումը չընդհատվի։
 
Ինձ կասեն, այդ բոլորը երազանք է, դուք փողոցը չեք ճանաչում և հենց առաջին քայլից ձեզ կխաբեն։ Բայց ես կամք ու բնավորություն ունեմ, իսկ փողոցի գիտությունը գիտություն է և ինչպես յուրաքանչյուր ուրիշ գիտություն, տրվում է համառությանը, ուշադրությանը և ընդունակություններին։ Գիմնազիայում մինչև յոթերորդ դասարանը ես առաջիններից մեկն էի, շատ լավ էի մաթեմատիկայից։ Դե, մի՞թե կարելի է մինչև այդպիսի, կուռքի աստիճանի, երկինք հասցնել փորձն ու փողոցի գիտությունը, որպեսզի անպայման անհաջողություն գուշակել։ Դա մշտապես միայն նրանք են ասում, ովքեր երբեք ոչ մի փորձ ոչ մի բանում չեն արել, ոչ մի կյանք չեն սկսել և պատրաստ բանի վրա գորշ կյանք են վարել։ «Մեկը քիթը ջարդել է, ուրեմն անպայման մյուսն էլ կջարդի»։ Ոչ, չեմ ջարդի։ Ես բնավորություն ունեմ և ուշադիր լինելու դեպքում ես ամեն բան կսովորեմ։ Կա՞, արդյոք, հնարավորություն պատկերացնելու, որ անդադար համառության դեպքում, անդադար աչալուրջ հայացքի դեպքում և անդադար կշռադատելու ու հաշվետեսության դեպքում, անսահման գործունեության ու վազվռտուքի դեպքում դուք չեք հասնի վերջապես այն գիտելիքին, թե ինչպես ամեն օր մի ավելորդ քսան կոպեկ վաստակեք։
 
Գլխավորն այն է, որ ես որոշել եմ երբեք չխփել շահույթի առավելագույնին, այլ միշտ հանգիստ լինել։ Իսկ հետագայում, մի-երկու հազար վաստակելուց հետո ես, իհարկե, ակամա էլ դուրս կգայի միջնորդությունից ու փողոցի վերավաճառողի դրությունից։ Ինձ, իհարկե, դեռ չափազանց քիչ են հայտնի բորսան, արժեթղթերը, բանկիրական գործը և շատ ուրիշ բաներ։ Բայց դրա փոխարեն հինգ մատիս պես ինձ հայտնի է, որ բոլոր այդ բորսաներն ու բանկիրությունները ես կիմանամ ու կուսումնասիրեմ իր ժամանակին, ինչպես ուրիշ ոչ մեկը, և որ այդ գիտությունը կհայտնվի միանգամայն հասարակ կերպով միայն այն պատճառով, որ բանն արդեն դրան կհասնի։ Ի՞նչ է, դրա համար շա՞տ խելք է պետք։ Դա ի՞նչ Սողոմոնի իմաստնություն է որ։ Միայն թե բնավորություն լինի, հմտությունը, ճարպկությունը, գիտությունը իրենք իրենց կհայտնվեն։ Միայն թե չդադարի «ցանկանալը»։
 
Գլխավորը վտանգի չենթարկվել, իսկ դա հնարավոր է հենց միայն բնավորություն ունենալու դեպքում։ Հենց վերջերս, արդեն իմ գալուց հետո, Պե-տերբուրգում երկաթուղային արժեթղթերի մի բաժանորդագրություն եղավ, նրանք, ում հաջողվել էր բաժանորդագրվել, շատ էին շահել։ Որոշ ժամանակ արժեթղթերը գնալով ավելի էին արժեքավորվում։ Եվ ահա հանկարծ բաժանորդագրվել չհասցրածը կամ ագահը, տեսնելով ձեռքիս արժեթղթերը, կառաջարկեր իրեն վաճառել դրանք ինչ-որ տոկոս շահույթով։ Եվ ինչ, ես անպայման և իսկույն կվաճառեի դրանք։ Ինձ վրա, իհարկե, կսկսեին ծիծաղել, այսինքն՝ եթե սպասեիք, տասն անգամ ավելի կվերցնեիք։ Այդպես է, բայց իմ շահույթը ավելի հաստատուն է արդեն նրանով, որ գրպանումս է, իսկ ձերը դեռ սավառնում է։ Կասեն, թե այդպես շատ չես շահի, ներեցեք, հենց այստեղ է ծեր սխալը, մեր այդ բոլոր Կոկորևների, Պոլյակովների, Գուբոնինների սխալը։ Իմացեք ճշմարտությունը․ անընդմեջությունն ու համառությունը հարստանալու և, որ գլխավորն է, կուտակման գործում զորեղ է մոնումենտալ շահերից, նույնիսկ եթե հարյուրից հարյուր տոկոս լինի այն։
 
Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ Փարիզ է ժամանել Լոու ազգանունով մեկը և սկզբունքորեն մի հանճարեղ նախագիծ ծեռնարկել (որը հետագայում իսկապես սոսկալի ծևով պայթել է)։ Ողջ Փարիզը հուզվել էր. Լոուի արժեթղթերը, իրար հրմշտելով, ծեռքից ձեռք էին խլում։ Այն տունը, որտեղ բացված էր բաժանորդագրությունը, կարծես պարկից փող էր թափվում ամբողջ Փարիզից, բայց տունն էլ արդեն բավական չէր. հասարակությունը խռնվում էր փողոցում ամեն տեսակ խավերի, կարողությունների, տարիքների մարդիկ, բուրժուաներ, ազնվականներ, սրանց զավակները, կոմսուհիներ, մարքիզուհիներ, հասարակաց կանայք բոլորը համախմբվել էին որպես կատաղած շան կծածների մի կատաղի, կիսախելագար ամբոխ, աստիճանակարգերը, ազնվատոհմության ու հպարտության նախապաշարմունքները, նույնիսկ պատիվն ու բարի անունը՝ ամեն բան տրորվել էր միևնույն ցեխում, ամեն բան զոհաբերում էին (նույնիսկ կանայք) մի քանի արժեթուղթ ձեռք բերելու համար։ Վերջապես բաժանորդագրությունը դուրս եկավ փողոց, բայց գրելու տեղ չկար։ Այստեղ մի սապատավորի առաջարկեցին մի որոշ ժամանակով, սապատը զիջել որպես սեղան արժեթղթեր բաժանորդագրելու համար։ Սապատավորը համաձայնեց. կարելի է պատկերացնել, թե ի՜նչ գնով։ Որոշ ժամանակ (շատ քիչ) անց ողջը սնանկացավ, ողջը պայթեց, ամբողջ գաղափարը գրողի ծոցն անցավ, և արժեթղթերը իսպառ կորցրին իրենց գինը։ Իսկ ո՞վ շահեց։ Միայն սապատավորը և հենց այն պատճառով, որ ոչ չթե արժեթղթեր էր վերցնում, այլ կանխիկ լուիդորներ։ Ուրեմն, ես հենց այն սապատավորն եմ։ Չէ՞ որ հենց ես ուժ ունեցա չուտելու և կոպեկներով յոթանասուներկու ռուբլի խնայելու, կունենամ և այնքան, որ բոլորին համակած տենդախտի մրրիկում զսպեմ ինձ և հաստատուն դրամը գերադասեմ մեծ փողերից։ Ես մանրախնդիր եմ միայն մանր բաներում, բայց մեծ գործում՝ ոչ։ Փոքր համբերության համար հաճախ բնավորությունս չէր բավականացնում, նույնիսկ «մտքիս» ծնվելուց հետո, իսկ մեծ համբերության համար՝ միշտ կբավականացնի։ Երբ առավոտյան ծառայության գնալուցս առաջ, մայրս արդեն սառած սուրճ էր ինձ մատուցում, ես բարկանում ու կոպտում էի նրան, մինչդեռ ես այն մարդն էի, որ միայն հացով ու ջրով էի ապրել մի ամբողջ ամիս։
 
Մի խոսքով, չհարստանալ, չսովորել, թե ինչպես հարստանալ անբնական կլիներ։ Անբնական է նաև, անընդմեջ ու համաչափ կուտակման դեպքում, անընդմեջ, ուշադիր դիտելու և սթափ մտքի, չափավորության, տնտեսելու դեպքում շարունակաբար աճող եռանդի դեպքում, կրկնում եմ, անբնական կլիներ միլիոնատեր չդառնալը։ Ինչո՞վ է վաստակել մուրացկանն իր փողերը, եթե ոչ բնավորության մոլեռանդությամբ ու համառությամբ։ Մի՞թե ես մուրացկանից վատ եմ։ «Եվ վերջապես, թող ես ոչնչի չհասնեմ, թող հաշիվներս սխալ լինեն, թող սնանկանամ ու կործանվեմ, միևնույն է գնում եմ։ Գնում եմ, որովհետև այդպես եմ ուզում»։ Ահա թե ինչ էի ասում դեռ Մոսկվայում։
 
Ինձ կասեն, թե այստեղ ոչ մի «միտք» և ամենևին ոչ մի նոր բան չկա։ Իսկ ես կասեմ, և արդեն վերջին անգամ, որ այստեղ անհաշիվ շատ միտք կա և անսահման շատ նոր բան։
 
Օ՜, չէ՞ որ ես կանխազգում էի, որքան տրիվիալ կլինեն բոլոր առարկությունները և որքան տրիվիալ կլինեմ ես ինքս «միտքս» շարադրելիս։ Դե, ի՞նչ արտահայտեցի ես։ Մի հարյուրերորդականն էլ չարտահայտեցի, ես զգում եմ, որ մանրախնդիր, գռեհիկ, մակերեսային և նույնիսկ մի տեսակ, կարծես, իմ տարիքից էլ փոքրի միտք դուրս եկավ։
 
'''III'''
 
Մնում են «ինչի համար» և «ինչու», «բարոյական բան է, թե ոչ» և ուրիշ հարցեր․ սրանց ես խոստացել եմ պատասխանել։
 
Ես տխրում եմ, որ իսկույն հիասթափեցնելու եմ ընթերցողիս, տխրում եմ, բայց և ուրախանում։ Թող իմանան, որ իմ «մտքի» նպատակներում «վրիժառության» ամենևին ոչ մի զգացմունք, ոչ մի բայրոնյան բան. ո՛չ անեծք, ո՛չ սրբության գանգատ, ո՛չ անօրինածինության արտասուք, ոչինչ, ոչինչ չկա։ Մի խոսքով, ռոմանտիկ տիկինը, եթե նրա ձեռքն ընկնեին նոթերս, իսկույն քիթը կկախեր։ Իմ «մտքի» ողջ նպատակը մեկուսացումն է։
 
― Բայց մեկուսացման կարելի է հասնել ամենևին առանց Ռոտշիլդ դառնալու մտքից փքվելու։ Ի՞նչ գործ ունի այստեղ Ռոտշիլդը։
 
― Հենց այն գործը, որ բացի մեկուսացումից ինձ նաև հզորություն է պետք։ Նախաբան կբերեմ, միգուցե, ընթերցողը կսարսափի իմ խոստովանության անկեղծությունից և միամտորեն հարց կտա իրեն, ինչպե՞ս է, որ հեղինակը չի շիկնել։ Կպատասխանեմ, քո հրատարակման համար չեմ գրում, իսկ ընթերցող, հավանաբար, կունենամ մի տասը տարի հետո, երբ ամեն բան արդեն այն աստիճան որոշակի կդառնա, կանցնի ու կապացուցվի, որ շիկնելու կարիք այլևս չի լինի։ Այդ պատճառով էլ, եթե նոթերումս երբեմն դիմում եմ ընթերցողիս, ապա դա միայն հնարանք է։ Ընթերցողս երևակայական դեմք է։
 
Ոչ, ապօրինածնությունը չէ, որով ծաղրում էին ինձ Տուշարի մոտ, ոչ էլ մանկությանս տխուր տարիները, վրիժառությունը չէ, ոչ էլ բողոքի իրավունքը, որ սկիզբ են դրել իմ «մտքին»։ Ամեն բանի մեղքն իմ բնավորությունն է։ Կարծում եմ, որ տասներկու տարեկան հասակիցս, այսինքն համարյա կանոնավոր գիտակցությանս ծագումից սկսած, ես սկսել եմ չսիրել մարդկանց։ Ոչ թե չսիրել, այլ մի տեսակ ծանր տանելի էին դարձել նրանք ինձ համար։ Երբեմն մաքուր զգացմունքներիս րոպեներին, ինքս էի չափազանց տխրում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ամեն բան արտահայտել նույնիսկ ամենամոտ մարդկանց, այսինքն կարող էի, բայց չէի ուզում, չգիտես ինչու, ինձ զսպում էի, տխրում էի, որ չվստահող եմ, մռայլ ու անմարդամոտ։ Եվս մի բան, արդեն վաղուց, համարյա մանկությունիցս, իմ մեջ մի գիծ եմ նկատել, որ չափազանց հաճախ եմ մեղադրում, չափազանց հակված եմ մեղադրելու ուրիշներին, բայց այդ հակվածությանը շատ հաճախ անհապաղ հետևում էր մի ուրիշ միտք, որն արդեն չափազանց ծանր էր ինձ համար. «Արդյոք ես ինքս չե՞մ մեղավոր նրանց փոխարեն»։ Եվ որքա՜ն հաճախ մեղադրել եմ ինձ անտեղի։ Որպեսզի նման հարցեր չվճռեմ, ես, բնականաբար, մեկուսացում եմ փնտրել։ Դրան ավելացրած նաև այն, որ որքան էլ աշխատել եմ, ոչինչ չեմ գտել մարդկային հասարակության մեջ, իսկ ես աշխատել եմ գտնել, համենայն դեպս իմ բոլոր հասակակիցները, բոլոր ընկերներս, մինչև վերջինը, բոլորը, իրենց մտքերով ինձնից ցած էին դուրս գալիս, ոչ մի բացառություն չեմ հիշում։
 
Այո, ես մռայլ եմ, անդադար պարփակվում եմ իմ մեջ։ Ես հաճախ ուզում եմ դուրս գալ հասարակությունից։ Միգուցե, ես նույնիսկ բարեգործություն անեմ մարդկանց, սակայն հաճախ ամենաչնչին պատճառն անգամ չեմ տեսնում նրանց համար բարին գործելու։ Եվ մարդիկ ամենևին էլ այդքան հրաշալի չեն, որ այդպես հոգանք նրանց մասին։ Ինչո՞ւ նրանք չեն մոտենում անկեղծ և ուղիղ և ինչու պետք է անպայման հենց ես առաջինը նրանց քիթը մտնեմ,― ահա թե ինչ էի ես ինձ հարցնում։ Ես շնորհակալ արարած եմ և հարյուրավոր տխմարություններով եմ ապացուցել դա։ Ես մի ակնթարթում անկեղծությամբ կպատասխանեի անկեղծին և իսկույն կսկսեի սիրել նրան։ Հենց այդպես էլ անում էի։ Բայց նրանք բոլորն էլ իսկույն խաբում էին ինձ և, ծաղրելով, ինձնից խորթանում։ Ամենաբացսիրտը բոլորից Լամբերտն էր, որը մանուկ հասակումս շատ էր ինձ ծեծում, բայց սա էլ միայն անսքող ստահակ էր ու ավազակ, և այստեղ էլ նրա անսքողությունը միայն հիմարությունից էր բխում։ Ահա մտքերս, երբ եկա Պետերբուրգ։
 
Դերգաչովի մոտից դուրս գալով (որի մոտ, Աստված գիտե, թե ինչու էի խցկվել)՝ ես մոտեցա Վասինին և, ոգևորության մղումով, գովաբանեցի նրան։ Եվ ի՞նչ։ Հենց նույն երեկոյան ես արդեն զգացի, որ շատ ավելի քիչ եմ նրան սիրում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նրան գովաբանելով, դրանով էլ ստորացրի ինձ նրա առաջ։ Մինչդեռ, թվում է, թե հակառակը պիտի լինի, մարդն այնքան արդարադատ ու մեծահոգի է, որ հատուցանում է ուրիշին, նույնիսկ ի վնաս իրեն, նման մարդն իր սեփական արժանապատվությամբ հազիվ թե բարձր չէ յուրաքանչյուրից։ Եվ ի՞նչ, ես դա հասկանում էի և այնուամենայնիվ ավելի քիչ էի սիրում Վասինին, նույնիսկ շատ ավելի քիչ. դիտավորյալ այնպիսի օրինակ եմ վերցնում, որ արդեն հայտնի է ընթերցողին։ Նույնիսկ Կրաֆտին էի դառն ու թթու զգացմունքով հիշում այն բանի համար, որ սա ինքն ինձ նախասենյակ դուրս բերեց, այսպես շարունակվեց մինչև մյուս օրը, երբ Կրաֆտի վերաբերյալ ամեն բան լիովին պարզվեց և նրանից նեղանալ այլևս չէր կարելի։ Գիմնազիայի ամենացածր դասարաններից սկսած, հենց որ ընկերներիցս մեկը մի քիչ ինձնից առաջ էր ընկնում ուսման կամ սրամիտ պատասխանների մեջ, կամ ֆիզիկական ուժով, ես իսկույն դադարում էի նրա հետ շփվել ու խոսել։ Ոչ թե որովհետև նրան ատում էի կամ անհաջողություն ցանկանում, ուղղակի երես էի դարձնում նրանից, որովհետև բնավորությունս է այդպիսին։
 
Այո, ես ձգտում էի հզորության ողջ կյանքիս ընթացքում, հզորության և մեկուսացման։ Այդ մասին էի երազում նույնիսկ այն տարիքում, երբ արդեն վճռականորեն ամեն մեկը երեսիս կծիծաղեր, եթե հասկանար, թե ինչ կա գանգիս տակ։ Ահա թե ինչու ես այդքան սիրել եմ գաղտնիքը։ Այո, ես երագել եմ ամբողջ ուժովս և այնքան, որ խոսելու ժամանակ չեմ ունեցել, դրանից եզրակացրել են, որ ես անմարդամոտ եմ, իսկ ցրվածությունիցս էլ ավելի վատ եզրակացությունների են եկել իմ մասին, թեև վարդագույն այտերս դրա հակառակն էին ապացուցում։
 
Առանձնապես երջանիկ էի լինում, երբ քնելու պառկելով և վերմակով ծածկվելով, սկսում էի արդեն մենակ, ամենալիակատար մեկուսացման մեջ, առանց շուրջս քայլող մարդկանց և առանց նրանց ամենաչնչին ծպտունի, վերստեղծել կյանքը մի այլ ձևով։ Ամենակատաղի երազկոտությունն է ուղեկցել ինձ ընդհուպ մինչև «մտքիս» գյուտը, երբ բոլոր երազանքներս հիմար լինելուց միանգամից դարձան խելամիտ և վեպի անրջային ձևից անցան իրականության դատողական ձևին։
 
Ամեն բան միաձուլվեց մի նպատակի մեջ։ Դրանք, ի դեպ, առաջ էլ այնքան հիմար չէին, թեև անթիվ-անհամար էին ու հազար-հազարավոր։ Բայց դրանց մեջ կային սիրելիներս... Ի դեպ, հո չեմ մեջբերելու դրանք այստեղ։
 
Հզորությո՜ւն։ Ես համոզված եմ, որ շատ-շատերի ծիծաղը շատ կգար, եթե իմանային, թե նման «հեչ բանը» ձեռք է մեկնում հզորության։ Բայց ես էլ ավելի կզարմացնեմ. միգուցե իմ ամենաառաջին երազանքներից սկսած, այսինքն՝ համարյա թե հենց մանկությունիցս, ես այլ կերպ չէի կարողանում պատկերացնել ինձ, քան առաջին տեղում՝ կյանքի բոլոր շրջապտույտներում և մշտապես կավելացնեմ տարօրինակ մի խոստովանություն. միգուցե, դա շարունակվում է դեռ մինչև օրս։ Ի դեպ նկատեմ, որ ներողություն չեմ խնդրում։
 
Հենց դա է իմ «միտքը», հենց դա է և նրա ուժը, որ փողն է այն միակ ճանապարհը, որն ''առաջին տեղին'' է հասցնում նույնիսկ ոչնչությանը։ Միգուցե, ես ոչնչություն չեմ, բայց ես, օրինակ, հայելուն նայելով գիտեմ, որ արտաքինս ինձ վնասում է, որովհետե դեմքս սովորական է։ Բայց եթե ես Ռոտշիլդի պես հարուստ լինեի, ով պիտի դեմքս բանի տեղ դներ, և արդյո՞ք հազարավոր կանայք հենց առաջին սուլոցովս վրա չէին տա ինձ իրենց գեղեցկությամբ հանդերձ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանք, միանգամայն անկեղծորեն ինձ ի վերջո գեղեցիկ կհամարեն։ Միգուցե, ես խելոք եմ։ Բայց եթե նույնիսկ յոթ թզաչափ էլ ճակատ ունենայի, հասարակության մեջ անպայման, հենց իսկույն կգտնվի մեկը, որն ութ թզաչափ ճակատ ունի, և ես կորած եմ։ Մինչդեռ, եթե ես Ռոտշիլդը լինեի, մի՞թե այդ խելքի տոպրակը, թեկուզ և ութ թզաչափ ճակատով, որևէ արժեք կարող էր ունենալ իմ կողքին։ Նրան իսկի խոսել էլ չէին թողնի իմ կողքին։ Միգուցե, ես սրամիտ եմ. բայց ահա կողքիս են Թալեյրանը, Պիրոնը, և ես խավարում եմ, իսկ եթե ես համարյա թե Ռոտշիլդ եմ, ո՞ւր մնաց Պիրոնը, գուցեև, ո՞ւր մնաց նաև Թալեյրանը։ Փողն, իհարկե, բռնակալական հզորություն է, բայց միաժամանակ նաև բարձրագույն հավասարություն, և դրանում է նրա գլխավոր ուժը։ Փողը հավասարեցնում է բոլոր անհավասարությունները։ Այս բոլորը ես վճռել եմ դեռ Մոսկվայում։
 
Այս մտքի մեջ դուք, իհարկե, միայն ամբարտավանություն, բռնություն, տաղանդների նկատմամբ ոչնչության հաղթանակ կտեսնեք։ Համաձայն եմ, որ միտքն այս հանդուգն միտք է (դրա համար էլ քաղցր է)։ Բայց թեկուզ և այդպես, դուք կարծում եք, թե այն ժամանակ ես հզորության էի ձգտում, որ անպայման ճզմե՞մ, վրիժառո՞ւ լինեմ։ Բանն էլ հենց այդ է, որ այդպես կվարվեր միջակությունը։ Դա դեռ քիչ է, ես վստահ եմ, որ այդքան բարձրացած հազարավոր տաղանդներ ու խելքի տոպրակներ, եթե հանկարծ նրանց վրա թափեին Ռոտշիլդի միլիոնները, տեղնուտեղը չէին դիմանա ու որպես ամենագռեհիկ միջակություն կվարվեին և բոլորից շատ կճզմեին։ Իմ միտքը դա չէ։ Ես փողից չեմ վախենում, այն ինձ չի ճզմի և ճզմել չի ստիպի։
 
Ինձ փող պետք չէ, կամ, ավելի լավ է ասել, փողը չէ, որ ինձ պետք է, նույնիսկ հզորություն պետք չէ. ինձ պետք է միայն այն, որը ձեռք է բերվում հզորությամբ և որը ոչ մի կերպ չի կարելի ձեռք բերել առանց հզորության, դա մեկուսացումն է և ուժի հանդարտ գիտակցությունը։ Ապա ազատության ամենակատարյալ սահմանումը, որի համար այդպես չարչարվում է աշխարհը։ Ազատությո՜ւն։ Ես գրեցի վերջապես այդ մեծագույն բառը... Այո, ուժի մեկուսի գիտակցությունը հրապուրիչ է ու հրաշալի։ Ես ուժ ունեմ և հանգիստ եմ։ Շանթն ու որոտը Յուպիտերի ձեռքին են, և ինչ, նա հանգիստ է. հաճա՞խ է լսվում, որ նա որոտում է։ Հիմարին կթվա, թե նա քնած է։ Իսկ եթե Յուպիտերի տեղը մի գրող կամ գյուղացի մի հիմար կնիկ նստեցնես մի որոտ, մի որոտ կտեղա, ի՜նչ կկատարվի։
 
Եթե միայն ես հզորություն ունենայի, դատում էի ես, ինձ ամենևին պետք էլ չի գա այն. հավատացնում եմ, որ ինքս, իմ կամքով, ամենուրեք վերջին տեղը կգրավեի։ Եթե ես Ռոտշիլդը լինեի, ես հնամաշ վերարկուով ու անձրևանոցով ման կգայի։ Ի՜նչ պետքս է, թե հրում են ինձ փողոցում, թե ստիպված եմ թռչկոտելով վազել ցեխի միջով, որպեսզի կառապաններն ինձ կառքի տակ չգցեն։ Այն գիտակցությունը, որ ես ինքը՝ Ռոտշիլդն եմ, նույնիսկ կզվարճացներ ինձ այդ րոպեին։ Ես գիտեմ, որ կարող եմ այնպիսի ճաշ ունենալ, ինչպես ոչ ոք չունի, և աշխարհի առաջին խոհարարն ունենալ, ինձ համար բավական է, որ ես այդ գիտեմ։ Ես մի կտոր հաց ու խոզապուխտ կուտեմ և կուշտ կլինեմ իմ գիտակցությամբ։ Նույնիսկ հիմա եմ ես այդպես կարծում։
 
Ոչ թե ես կաշխատեմ արիստոկրատիայի մեջ մտնել, այլ արիստոկրատիան կաշխատի ինձ քսվել, ոչ թե ես կվազեմ կանանց հետևից, այլ նրանք ջրի պես կծփան շուրջս, առաջարկելով ինձ այն ամենը, որ կարող է առաջարկել կինը։ «Լպիրշները» կվազեն ինձ մոտ փող ուզելու, իսկ խելոքներին կգրավի հետաքրքրությունը տարօրինակ, հպարտ, իր մեջ պարփակված և ամեն ինչի նկատմամբ անտարբեր արարածի նկատմամբ։ Ես սիրալիր կլինեմ և սրանց, և նրանց հետ և, միգուցե, փող կտամ նրանց, բայց ինքս նրանցից ոչինչ չեմ վերցնի։ Հետաքրքրությունը կիրք է ծնում, միգուցե, ես հենց կիրք կներշնչեմ։ Նրանք ձեռնունայն, միայն գուցե նվերներով կհեռանան, հավատացնում եմ ձեզ։ Ես միայն կրկնակի հետաքրքիր կդառնամ նրանց համար։
 
... ինձ բավական է<br />Այս գիտակցությունը։
 
Տարօրինակն այն է, որ այս պատկերով (ի դեպ, ճշմարտացի) ես գայթակղվում էի դեռ տասնյոթ տարեկան ժամանակս։
 
Ես ոչ ոքի չեմ ուզում ճզմել ու տանջել և չեմ էլ վարվելու այդպես, բայց գիտեմ, որ եթե ուզենամ կործանել այսինչ մարդուն՝ իմ թշնամուն, ապա ոչ ոք դրանում ինձ արգելք չէր հանդիսանալու, այլ բոլորը հաճոյակատար պիտի լինեին և սա էլ է բավական։ Ես ոչ ոքից անգամ վրեժ չէի լուծի։ Ես միշտ զարմացել եմ, ինչպե՜ս կարող էր Ջեմս Ռոտշիլդը համաձայնել բարոն դառնալ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, եթե նա առանց այն էլ բոլորից բարձրն է աշխարհում։ «Օ՜, թող նեղացնի ինձ այդ հանդուգն գեներալը կայարանում, ուր երկուսս էլ ձիերի ենք սպասում։ Եթե նա իմանար, թե ով եմ ես, ինքը կվազեր ձիերին լծելու և դուրս կթռչեր ինձ իմ համեստ տարանտասը նստեցնելու։ Գրել են, որ մի օտարերկրացի կոմս, թե բարոն Վիեննայի մի երկաթուղում այնտեղացի մի բանկիրի կոշիկներն է հագցրել հասարակության առաջ, իսկ սա այնքան սովոր է ե-ղել, որ թույլ է տվել։ Օ՜, թող, թող այդ սոսկալի գեղեցկուհին (հենց սոսկալի, կան այդպիսիները), այդ փարթամ ու անվանի արիստոկրատուհու դուստրը, պատահաբար հանդիպելով ինձ շոգենավի վրա կամ մի ուրիշ տեղ, աչքի պոչով ինձ նայի ու, քիթը տնկելով, արհամարհանքով զարմանա, ինչպե՞ս է համարձակվել ընկնել առաջին տեղը, իր կողքին, գիրքը կամ լրագիրը ձեռքին այս համեստ ու ողորմելի մարդուկը։ Բայց եթե նա միայն իմանար, թե ո՜վ է նստած իր կողքին։ Եվ նա կիմանա, կիմանա ու ինքը կնստի իմ կողքին, հնազանդ, վեհերոտ, փաղաքուշ, փնտրելով հայացքս, ուրախացած իմ ժպիտից...»։ Ես դիտավորյալ եմ մեջբերում այս վաղեմի պատկերները, որպեսզի ավելի վառ արտահայտեմ միտքս, բայց պատկերները դժգույն են և, միգուցե, տրիվիալ։ Միայն իրականությունն է ամեն բան արդարացնում։
 
Կասես հիմարություն է այդպես ապրելը, ինչո՞ւ հյուրանոց չունենալ, հյուրերի առաջ դռները բաց տուն չունենալ, հասարակություն չհավաքել, ազդեցություն չունենալ, չամուսնանալ։ Բայց ի՞նչ կդառնա այն ժամանակ Ռոտշիլդը։ Նա կդառնա բոլորի նման։ «Մտքի» ողջ հմայքը, նրա բարոյական ողջ ուժը կանհետանա։ Ես դեռ մանուկ հասակումս եմ անգիր սովորել Պուշկինի «Ժլատ ասպետի» մենախոսությունը․ գաղափարի տեսակետից Պուշկինը դրանից բարձր ոչինչ չի ստեղծել։ Նույն կարծիքին եմ ես նաև այժմ։
 
«Բայց ձեր իդեալը չափազանց ստոր է,― կասեն ինձ արհամարհանքով,― փող, հարստություն։ Ուրիշ բան է հանրային օգուտը, մարդասիրական սխրագործությունները»։
 
Բայց ո՞վ և ի՞նչ գիտե, թե ինչպես կօգտագործեի ես իմ հարստությունը։ Ինչո՞վ է անբարոյական և ինչո՞վ է ստոր այն, որ ջհուդների, վնասակար և կեղտոտ բազմաթիվ ձեռքերից այդ միլիոնները հոսեն աշխարհը սևեռուն զննող սթափ և հաստատակամ սքեմավորի ձեռքերի մեջ։ Ընդհանրապես ապագայի մասին այս բոլոր երազանքները բոլոր այս գուշակությունները, այս բոլորը այժմ դեռ կարծես վեպ լինեն, և ես, միգուցե, իզուր եմ գրի առնում, ավելի լավ է թող մնար գանգիս տակ. գիտեմ նաև, որ այս տողերը, միգուցե, ոչ ոք էլ չի կարդալու, բայց եթե որևէ մեկը կարդար, կհավատա՞ր, արդյոք, որ միգուցե չդիմանայի էլ Ոոտշիլդի միլիոններին։ Ոչ թե որովհետև դրանք կճզմեին ինձ, այլ բոլորովին ուրիշ հակառակ իմաստով։ Իմ երազանքներում ես արդեն քանիցս բռնել եմ այն պահը ապագայում, երբ գիտակցությունս չափազանց բավարարված կլինի, իսկ հզորությունս չափազանց քիչ կթվա։ Այն ժամանակ (ոչ թե ձանձրույթից, ոչ էլ աննպատակ կարոտից, այլ այն բանից, որ անսահման կցանկանամ ավելին) բոլոր միլիոններս ես կտամ մարդկանց, թող հասարակությունը բաժանի իմ ողջ հարստությունը, իսկ ես, ես նորից կխառնվեմ ոչնչությանը։ Միգուցե, դառնամ այն աղքատը, որ մեռել էր շոգենավի վրա, միայն այն տարբերությամբ, որ իմ ցնցոտիների մեջ ոչ մի կարած բան չեն գտնի։ Միայն այն գիտակցությունը, որ իմ ձեռքին միլիոններ են եղել, և ես ագռավի պես ցեխի մեջ եմ նետել դրանք, կսներ ինձ իմ անապատում։ Ես հիմա էլ եմ պատրաստ այդպես մտածել։ Այո, իմ «միտքը» այն ամրոցն է, որում ես մշտապես և համենայն դեպս կարող եմ թաքնվել բոլոր մարդկանցից, թեկուզև որպես շոգենավի վրա մեռած մուրացկան։ Ահա իմ պոեմը։ Եվ իմացեք, որ ինձ հենց իմ արատավոր կամքն է պետք ամբողջությամբ, միայն որպեսզի ''ինքս ինձ'' ապացուցեմ, թե ես ի վիճակի եմ նրանից հրաժարվելու։
 
Անշուշտ, ինձ կառարկեն, թե դա արդեն բանաստեղծություն է, և որ ես երբեք բաց չեմ թողնի միլիոնները, եթե դրանք ձեռքս ընկնեն և սարատոփան մուրացկան չեմ դառնա։ Գուցեև բաց չթողնեմ, ես միայն մտքիս իդեալը նկարագրեցի։ Բայց կավելացնեմ արդեն լրջորեն, եթե հարստություն կուտակելիս ես այնպիսի գումարի հասնեի, ինչպիսին Ռոտշիլդինն է, ապա իսկապես դա կարող էր ավարտվել նրանով, որ ես այն կնետեի հասարակությանը։ (Ի դեպ, ռոտշիլդյան գումարից առաջ դժվար կլիներ դա ի կատար ածել)։ Եվ կեսը չէի տա, որովհետև այդ դեպքում միայն ստորություն կստացվեր, ես միայն կրկնակի աղքատ կդառնայի և ուրիշ ոչինչ, այլ հենց բոլորը, մինչև վերջին կոպեկը՜ բոլորը, որովհետև աղքատ դառնալով, ես հանկարծ կրկնակի հարուստ կդառնայի Ռոտշիլդից։ Եթե սա չհասկանան, ես մեղավոր չեմ, չեմ բացատրելու։
 
«Ձեռնածություն, ոչնչության ու անզորության պոեզիա,― կվճռեն մարդիկ,― անտաղանդության ու միջակության հաղթանակ»։ Այո, խոստովանում եմ, որ սա մասամբ և անտաղանդության, և միջակության հաղթանակ է, բայց հազիվ թե անզորության։ Ինձ սոսկալի դուր էր գալիս ներկայացնել մի արարածի, հենց անտաղանդ ու միջակ մի արարածի, որ կանգնած է աշխարհի առջև և ժպտադեմ ասում է նրան, դուք Գալիլեյներ ու Կոպեռնիկոսներ եք, Կարլ Մեծեր ու Նապոլեոններ եք, դուք Պուշկիններ ու Շեքսպիրներ եք, դուք ֆելդմարշալներ ու հոֆմարշալներ եք, իսկ ես՝ անտաղանդությունս ու ապօրինածնությունս, այնուամենայնիվ, վեր եմ ձեզնից, քանի որ ինքներդ եք դրան ենթարկվել։ Խոստովանում եմ, այս երևակայությունը ես այնպիսի ծայրահեղության էի հասցնում, որ հերքում էի նույնիսկ կրթությունը։ Ինձ թվում էր, թե ավելի գեղեցիկ կլինի, եթե մարդն այդ նույնիսկ կեղտոտ, անկիրթ լինի։ Այդ, արդեն չափազանցված իղձն այն ժամանակ ազդեց նույնիսկ իմ հաջողության վրա գիմնազիայի յոթերորդ դասարանում, հենց մոլեռանդությունից ես դադարեցի սովորել, առանց կրթության, իբր, գեղեցկություն էր ավելանում իմ իդեալին։ Հիմա ես փոխել եմ համոզմունքս այս կետում. կրթությունը չի խանգարի։
 
Պարոնայք, մի՞թե մտքի անկախությունը, թեկուզ ամենաչնչին անկախությունը, այդքան ծանր է ձեզ համար։ Երանելի է նա, ով գեղեցկության իդեալ ունի, թեկուզ և սխալ իդեալ։ Բայց իմ իդեալին ես հավատում եմ։ Ես միայն այնպես չշարադրեցի այն, անշնորհք, տարրական ձևով շարադրեցի։ Տասը տարի հետո, իհարկե, ավելի լավ կշարադրեի։ Իսկ սա կպահեմ ինձ հիշատակ։
 
'''IV'''
 
Ես ավարտեցի «միտքս»։ Եթե գռեհիկ, մակերեսորեն նկարագրեցի, մեղավոր եմ ես և ոչ թե «միտքս»։ Ես արդեն նախազգուշացրել եմ, որ պարզագույն մտքերը ամենադժվարն են հասկացվում, հիմա կավելացնեմ, որ նաև ավելի դժվար են շարադրվում, առավել ևս, որ «միտքս» դեռ նախնական ձևով եմ նկարագրել։ Մտքերի համար կա նաև հետադարձ օրենք. գռեհիկ, շուտափույթ մտքերը արտակարգ արագ են հասկացվում և անպայման ողջ ամբոխի, ողջ փողոցի կողմից, դա դեռ քիչ է, հանճարագույն և մեծագույն են համարվում, բայց միայն իրենց հայտնվելու օրը։ Էժանագինը հաստատուն չէ։ Արագ հասկացվելը միայն հասկացության գռեհկության նշանն է։ Բիսմարկի միտքը մի ակնթարթում հանճարեղ դարձավ, իսկ ինքը Բիսմարկը՝ հանճար, բայց հենց այդ արագությունն է կասկածելին. Բիսմարկին ես սպասելու եմ տասը տարի հետո, և այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կմնա նրա մտքից և, միգուցե, հենց իրենից, պարոն կանցլերից։ Այս ծայրաստիճան կողմնակի և գործին անհամապատասխան նկատառումը ես մեջ եմ բերում, իհարկե, ոչ թե համեմատության համար, այլ նույնպես հիշատակի։ (Բացատրություններ արդեն չափազանց գռեհիկ ընթերցողի համար)։
 
Իսկ հիմա երկու անեկդոտ կպատմեմ, որպեսզի դրանով իսպառ ավարտեմ «միտքս» և այնպես անեմ, որ այն այլևս ոչնչով չխանգարի պատմությանս։
 
Ամռանը, հուլիսին, Պետերբուրգ գալուցս երկու ամիս առաջ, երբ ես արդեն միանգամայն ազատ էի, Մարիա Իվանովնան խնդրեց ինձ գնալ Երրորդության արվարձանը այնտեղ բնակվող մի պառավ օրիորդի մոտ այստեղ մանրամասն հիշատակվելու համար միանգամայն անհետաքրքիր մի հանձնարարությամբ։ Նույն օրն էլ վերադառնալով, վագոնում ես մի բավական լավ, բայց անմաքուր հագնված, բշտիկածածկ դեմքով, կեղտագույն-թուխ, քնձռոտ երիտասարդի նկատեցի։ Սա աչքի էր ընկնում նրանով, որ յուրաքանչյուր կայարանում ու կիսակայարանում անպայման դուրս էր գալիս վագոնից և օղի խմում։ Ճանապարհի վերջում նրա շուրջը մի ուրախ, սակայն միանգամայն վատաբարո ընկերախումբ կազմվեց։ Մի վաճառական, նույնպես մի քիչ հարբած, հատկապես էր հիանում երիտասարդի անդադար խմելու ու սթափ մնալու ընդունակությամբ։ Շատ գոհ էր նաև սոսկալի շատախոս և սոսկալի հիմար, գերմանական ձևով հագնված մի տղա, որից շատ վատ հոտ էր գալիս և որը, ինչպես հետո իմացա սպասավոր էր. սա նույնիսկ ընկերացել էր խմող երիտասարդի հետ և գնացքի ամեն կանգառին տեղից հանում էր նրան «Հիմա օղի խմելու ժամանակն է» հրավերով և, իրար գրկած, դուրս էին գալիս միասին։ Խմող երիտասարդը համարյա ոչ մի խոսք չէր ասում, իսկ զրուցակիցները գնալով ավելի ու ավելի էին հավաքվում նրա շուրջը, նա միայն լսում էր բոլորին, փսլնքոտ քռքռոցով քմծիծաղ էր տալիս անդադար և ժամանակ առ ժամանակ, բայց միշտ անսպասելի, «տյուր-լյուր, լյու»-ի պես մի ձայն հանում, ըստ որում, մի տեսակ չափազանց ծիծաղաշարժ մատը մոտեցնում էր քթին։ Հենց սա էլ ուրախացնում էր և՛ վաճառականին, և՛ սպասավորին, և՛ բոլորին, և՛ սրանք չափազանց բարձր ու սանձարձակ ծիծաղում էին։ Հասկանալի չէ, թե ինչի՞ վրա են երբեմն ծիծաղում մարդիկ։ Ես էլ մոտեցա, չեմ հասկանում, թե ինչու այս երիտասարդը, կարծես, ինձ էլ դուր եկավ, միգուցե հանրաճանաչ և պաշտոնական ձևամոլական պատշաճությունների չափազանց վառ խախտումով, մի խոսքով, ես չկարողացա ճանաչել հիմարին, սակայն իսկույն էլ մտերմացա նրա հետ ''դու''-ով խոսելու աստիճանի և, վագոնից դուրս գալիս, իմացա նրանից, որ երեկոյան ժամը ութից հետո նա Տվերսկոյ բուլվար է գալու։ Պարզվեց, որ նախկին ուսանող է։ Ես եկա բուլվար, և ահա թե ինչ սովորեցրեց ինձ նա. մենք երկուսով ման էինք գալիս բոլոր բուլվարներով և քիչ հետո հենց բուլվարով անցնող օրինավոր կին էինք նկատում, բայց այնպես, որ շուրջբոլորը մարդ չլինի, իսկույն ևեթ ընկնում էինք նրա հետևից։ Առանց նրա հետ բառ անգամ խոսելու, իսկույն տեղավորվում էինք նա մի կողմից, ես մյուս և ամենահանգիստ տեսքով, կարծես բոլորովին չնկատելով նրան, ամենաանպարկեշտ զրույց էինք սկսում իրար միջև։ Ամենաանխռով տեսքով և կարծես հենց այդպես էլ պետք էր, մենք իրերն իրենց սեփական անուններով էինք կոչում և այնպիսի մանրամասների մեջ էինք մտնում զանազան պղծություններ ու կեղտոտություններ բացատրելիս, որ ամենաանառակ մարդու ամենաապականված երևակայությունը չէր կարող այն հորինել։ (Այդ բոլոր գիտելիքները ես, իհարկե, դեռ դպրոցում էի ձեռք բերել, նույնիսկ մինչև գիմնազիա, բայց միայն բառերը, ոչ թե գործը)։ Կինը շատ էր վախենում, շտապում էր շուտ հեռանալ, բայց մենք էլ էինք արագացնում մեր քայլերը և շարունակում էինք մերը։ Զոհն, իհարկե, ոչինչ չուներ անելու, հո չէ՞ր գոռալու. վկաներ չկային և, բացի այդ, մի տեսակ տարօրինակ էր բողոքելը։ Այս զվարճություններով անցավ մի ութ օր, չես հասկանում, ինչպե՞ս կարոդ էր դա ինձ դուր գալ և դուր էլ չէր գալիս, այլ հենց այնպես։ Սկզբում դա ինձ ինքնօրինակ էր թվում, սովորական, պաշտոնական պայմաններից կարծես դուրս եկող մի բան. դրան ավելացրած նաև, որ ես տանել չէի կարողանում կանանց։ Մի անգամ ես հաղորդեցի ուսանողին, որ ժան ժակ Ռուսսոն իր «Խոստովանության» մեջ պատմում է, որ ինքը, արդեն պատանեկան տարիքում, սիրում էր, մերկացնելով, պատի ետևից զգուշորեն ցուցադրել մարմնի սովորաբար փակ պահվող մասերը և այդ տեսքով սպասում էր անցուդարձ անող կանանց։ Ուսանողն ինձ պատասխանեց իր «տյուր-լյուր-լյու»-ով։ Ես նկատել էի, որ նա սոսկալի տգետ է և զարմանալիորեն քիչ բանով է հետաքրքրվում։ Ոչ մի թաքնված միտք չուներ, որ ես հուսով էի նրա մեջ գտնել։ Ինքնօրինակության փոխարեն ես միայն ճնշող միօրինակություն գտա։ Ես, գնալով, ավելի ու ավելի չէի սիրում նրան։ Վերջապես ամեն բան միանգամայն անսպասելի վերջացավ, մի անգամ մենք, արդեն լիակատար խավարում, հետապնդեցինք բուլվարով արագ ու վեհերոտ անցնող շատ երիտասարդ, միգուցե միայն տասնվեցը լրացած կամ ավելի փոքր, շատ մաքուր ու համեստ հագնված, միգուցե իր աշխատանքով ապրող և գործից տուն, ծերացած մոր, երեխատեր խեղճ այրու մոտ վերադարձող աղջկա, սակայն կարիք չկա դյուրազգացության գիրկն ընկնելու։ Աղջնակը մի որոշ ժամանակ լսում էր և, գլուխը խոնարհած ու շղարշով դեմքը ծածկած, վախվխելով ու դողդողալով, շտապ-շտապ քայլում էր առաջ, բայց հանկարծ կանգ առավ, շղարշը ետ նետեց իր, որքան հիշում եմ, շատ սիրունատես, բայց նիհարավուն դեմքից և փայլատակող աչքերով բղավեց մեզ.
 
― Ախ, ի՜նչ սրիկաներ եք դուք։
 
Գուցե այստեղ նա արտասվեր, բայց ուրիշ բան կատարվեց, ձեռքը բարձրացրեց և իր փոքրիկ, նիհար ձեռքով ուսանողին այնպիսի մի ապտակ տվեց, որից ճարպիկը, միգուցե, երբեք տրված չէր եղել։ Ուղղակի շառաչեց։ Ուսանողը հայհոյեց և այն է, ուզում էր հարձակվել, բայց ես ետ պահեցի, և աղջնակը հասցրեց փախչել։ Մնալով մենակ, մենք իսկույն կռվեցինք, ես ասացի նրան այն ամենը, որ այդ ամբողջ ժամանակում կուտակվել էր նրա դեմ իմ սրտում, ասացի նրան, որ նա միայն ողորմելի մի ապաշնորհություն ու միջակություն է և որ նրանում երբեք մտքի ամենաչնչին նշույլ անգամ չի եղել։ Նա հայհոյեց ինձ... (Մի անգամ ես նրան պատմել էի իմ ապօրինածնության մասին) հետո մենք թքեցինք իրար վրա, և այդ օրվանից ես նրան այլևս չեմ տեսել։ Այդ երեկո ես շատ էի սրտնեղում, հետևյալ օրը ոչ այնքան շատ, երրորդ օրը բոլորովին մոռացա։ Եվ ինչ, թեպետ հետագայում հիշում էի երբեմն այն աղջնակին, բայց միայն պատահաբար և հարևանցիորեն։ Միայն գալով Պետերբուրգ, մի երկու շաբաթ անց, ես հանկարծ հիշեցի այդ ողջ տեսարանը, հիշեցի և հանկարծ այնպես ամաչեցի, որ բառացիորեն ամոթի արտասուքները հոսեցին այտերս ի վար։ Ես տանջվեցի ամբողջ երեկո, ամբողջ գիշեր, մասամբ տանջվում եմ և այժմ։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդքան ցած ու այդքան խայտառակ ընկնել և, որ գլխավորն է, մոռանալ այդ դեպքը, չամաչել դրանից, չզղջալ։ Միայն այժմ ես իմաստավորեցի, թե ինչումն էր բանը, մեղավորը «միտքս» էր։ Կարճ ասած ես ուղիղ եզրակացնում եմ, թե մտքումդ անշարժ մշտական, ուժեղ մի բան ունենալով, որով զբաղված ես սոսկալի, կարծես դրանով ողջ աշխարհից դեպի անապատ ես հեռանում, և այն բոլորը, որ կատարվում է, անցնում է միայն գլխավորի կողքից հարևանցի։ Նույնիսկ տպավորությունները սխալ են ընդունվում։ Եվ բացի դրանից, գլխավորն այն է, որ միշտ պատրվակ ունես։ Որքա՜ն եմ տանջել մորս այդ ժամանակի ընթացքում, որքա՜ն ամոթալի լքել քրոջս, «էհ, ես «միտք» ունեմ, իսկ ողջ մնացյալը մանրուք է»,― ահա թե ինչ էի. կարծես, ասում ինձ։ Ինձ էլ էին վիրավորում, և վիրավորում էին ցավոտ, ես հեռանում էի վիրավորված և հետո հանկարծ ասում էի ինքս ինձ. «էհ, ստոր եմ ես, բայց այնուամենայնիվ «միտք» ունեմ, և նրանք չգիտեն այդ մասին»։ «Միտքը» մխիթարում էր խայտառակության և ոչնչության մեջ, բայց իմ բոլոր ստորություններն էլ, կարծես, թաքնվում էին մտքիս տակ. միտքս, այսպես ասած, ամեն բան թեթևացնում էր, բայց և ամեն բան պարուրում էր իմ առջև, սակայն իրերի ու դեպքերի նման անհստակ հասկացությունը, իհարկե, կարող է վնասել նույնիսկ հենց իրեն՝ «մտքին», չխոսելով այլ բաների մասին։
 
Հիմա մյուս անեկդոտը։
 
Անցյալ տարվա ապրիլի մեկը Մարիա Իվանովնայի անվանակոչության օրն էր։ Երեկոյան շատ քիչ, ուղղակի մի երկու հյուր եկավ։ Հանկարծ շնչակտուր ներս է մտնում Ագրաֆենան և հայտարարում, որ խոհանոցի առջև գտնվող հաշտում մի ծծկեր ընկեցիկ է ճչում և որ ինքը չգիտե, թե ինչ անի։ Տեղեկությունը բոլորին հուզեց, բոլորը գնացին ու տեսան մի կողով, իսկ կողովում երեք կամ չորս շաբաթական, ճչացող աղջնակին։ Ես վերցրի կողովը, տարա խոհանոց և իսկույն երկծալ մի գրություն գտա. «Սիրելի բարերարներ, բարյացակամ օգնություն ցուցաբերեք Արինա մկրտված աղջնակին, իսկ մենք նրա հետ մեկտեղ մշտապես մեր արտասուքները կհղենք ներկային հանուն ձեր բարօրության, և շնորհավորում ենք ձեզ ձեր անվանակոչության առթիվ, ձեզ անհայտ մարդիկ»։ Այստեղ իմ կողմից այնքան հարգված Նիկոլայ Սեմյոնովիչը շատ վշտացրեց ինձ. նա շատ լուրջ արտահայտություն տվեց իր դեմքին և վճռեց անհապաղ որբանոց ուղարկել աղջնակին։ Ես շատ տխրեցի։ Նրանք չափազանց խնայողաբար էին ապրում, բայց զավակներ չունեին, և Նիկոլայ Սեմյոնովիչը դրա համար միշտ ուրախ էր։ Ես խնամքով հանեցի Արինոչկային կողովից և ուսերից բռնած վեր բարձրացրի, կողովից մի տեսակ թթու-կծու հոտ էր գալիս, որ սովորաբար գալիս է երկար չլողացրած ծծկեր երեխայից։ Վիճելով Նիկոլայ Սեմյոնովիչի հետ, ես հանկարծ հայտարարեցի նրան, որ աղջնակին իմ հաշվին եմ վերցնում։ Սա, չնայած իր ողջ մեղմությանը, որոշակի խստությամբ սկսեց առարկել ինձ և, թեև կատակով ավարտեց, բայց իր մտադրությունը որբանոցի կապակցությամբ լիովին ուժի մեջ թողեց։ Սակայն ստացվեց իմ ուզածով, նույն բակում, բայց ուրիշ կցաշենքում շատ աղքատ, տարեց ու խմող մի ատաղձագործ էր ապրում, բայց նրա դեռ բավական երիտասարդ և շատ առողջ կինը նոր էր կորցրել իր ծծկեր և, որ գլխավորն է, ութ տարվա անպտուղ ամուսնական կյանքից հետո ծնված միակ երեխային, նույնպես աղջիկ և բախտի տարօրինակ բերումով, նույնպես Արինոչկա։ Ասում եմ բախտի բերումով, որովհետև երբ մենք վիճում էինք խոհանոցում, այդ կինը, դեպքի մասին լսելով, վազեց-եկավ տեսնելու և, իմանալով, որ սա էլ է Արինոչկա, սաստիկ հուզվեց։ Նրա կաթը դեռ հետ չէր գնացել, նա բացեց կուրծքը և երեխայի բերանը դրեց։ Ես կպա նրան ու սկսեցի խնդրել, որ իր տուն տանի՝ ասելով, որ ես ամեն ամիս կվճարեմ իրեն։ Նա վախենում էր՝ թույլ կտա՞ արդյոք ամուսինը, բայց մի գիշերով վերցրեց։ Առավոտյան ամուսինը թույլ տվեց ամիսը ութ ռուբլով, և ես տեղնուտեղը առաջիկա ամսի համար վճարեցի գումարը նախապես, որը նա իսկույն էլ տվեց խմիչքի։ Նիկոլայ Սեմյոնովիչը, շարունակելով տարօրինակ ժպտալ, համաձայնեց երաշխավորել ինձ համար ատաղձագործի մոտ, որ ամիսը ութ ռուբլի գումարը անշեղորեն կմուծվի իմ կողմից։ Ես ուզում էի Նիկոլայ Սեմյոնովիչին ապահովելու համար նրան տալ իմ վաթսուն ռուբլին, բայց նա չվերցրեց, ի դեպ, նա գիտեր, որ ես փող ունեմ, և հավատում էր ինձ։ Նրա այս նրբանկատությամբ մեր րոպեական գժտությունը հարթվեց։ Մարիա Իվանովնան ոչինչ չէր ասում, բայց զարմանում էր, թե ինչպես եմ այդպիսի հոգս ինձ վրա վերցնում։ Հատկապես գնահատեցի ես նրանց նրբանկատությունը այն բանում, որ երկուսն էլ ոչ մի ամենաչնչին կատակն անգամ թույլ չտվեցին իրենց իմ նկատմամբ, այլ, ընդհակառակը, սկսեցին գործին այնքան լրջորեն վերաբերվել, որքան որ հարկն էր։ Ամեն օր, օրը երեք անգամ, ես վազում էի Դարյա Ռոդիվոնովնայի մոտ, իսկ մեկ շաբաթ անց, մի երեք ռուբլի էլ նվիրեցի նրան անձամբ նրա բուռը դնելով ամուսնուց գաղտնի։ Մի երեք ռուբլով էլ վերմակ ու բարուրաշորեր գնեցի։ Բայց տասը օրից Րինոչկան հանկարծ հիվանդացավ։ Ես իսկույն բժիշկ բերեցի, սա ինչ-որ դեղորայք դուրս գրեց, և մենք ամբողջ գիշեր չարչարվեցինք, տհաճ դեղերով տանջելով պստիկին, իսկ հետևյալ օրը բժիշկն ասաց, թե արդեն ուշ է և իմ թախանձանքներին (ի դեպ, կարծեմ, նախատինքներին) ազնիվ խուսափողականությամբ արտասանեց. «Ես աստված չեմ»։ Աղջնակի լեզուն, շրթունքները և ամբողջ բերանը ինչ-որ մանր ու սպիտակ բշտիկներով պատվեցին, և իր մեծ-մեծ սև աչուկներն ինձ վրա հառած, կարծես ամեն բան արդեն հասկանում էր, երեկոյան նա վախճանվեց։ Չեմ հասկանում, ինչպե՞ս մտքովս չանցավ նրա մեռած կերպարանքը լուսանկարել։ Կհավատա՞ս արդյոք, որ ես ոչ թե լալիս էի, այլ ուղղակի ոռնում էի այդ երեկո, որ առաջներում երբեք ինձ թույլ չեմ տվել և Մարիա Իվանովնան ստիպված էր մխիթարել ինձ և էլի ծաղրի առանց ոչ մի նշույլ ոչ նրա, ոչ էլ Նիկոլայ Սեմյոնովիչի կողմից։ Հենց ատաղձագործն էլ փոքրիկ մի դագաղ շինեց, Մարիա Իվանովնան բոլորածալով զարդարեց ու մի սիրունիկ, փոքրիկ բարձ դրեց, իսկ ես ծաղիկ գնեցի ու մանկիկի վրա շաղ տվեցի, այդպես էլ տարան իմ խեղճ ցողիկին, որին, կհավատա՞ն արդյոք, մինչև օրս չեմ կարողանում մոռանալ։ Սակայն որոշ ժամանակ անց այս ողջ, համարյա հանկարծակի իրադարձությունը ստիպեց ինձ խորապես խորհրդածել։ Իհարկե, Րինոչկան ինձ վրա թանկ չնստեց (բոլորը միասին, դագաղով, թաղումով, բժշկով, ծաղիկով և Դարյա Ռոդիվոնովնային վճարելով ― երեսուն ռուբլի)։ Այդ գումարը, Պետերբուրգ մեկնելիս, ես վերաշահեցի մեկնումի համար Վերսիլովի ինձ ուղարկած քառասուն ռուբլով և մեկնելուցս առաջ որոշ իրերի վաճառքով, այնպես որ իմ ամբողջ «դրամագլուխը» մնաց անձեռնմխելի։ «Բայց,― մտածեցի ես,― եթե այսպես աջ ու ձախ շեղվեմ, ապա հեռու չեմ գնա»։ Ուսանողի հետ ունեցածս պատմությունից դուրս էր գալիս, որ «միտքս» կարող է տանել մինչև տպավորությունների անորոշություն և հեռացնել ընթացիկ իրականությունից։ Րինոչկայի պատմությունից հակառակն էր դուրս գալիս, որ ոչ մի «միտք» ի զորու չէ հրապուրելու (գոնե ինձ) այն աստիճան, որպեսզի հանկարծ կանգ չառնեմ որևէ ճնշող փաստի առաջ և չզոհեմ դրան միանգամից այն բոլորը, որ տարիների աշխատանքով արդեն արել եմ «մտքիս» համար։ Եվ, այնուամենայնիվ, երկու եզրակացությունս էլ ճիշտ էին։
=== Գլուխ վեցերորդ ===