Changes

Դեկամերոն

Ավելացվել է 10 140 բայտ, 09:35, 2 Փետրվարի 2016
/* ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ */
==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''===
''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսին մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը'' Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․ —Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։ Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։  ==='''ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ'''=== ''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը''
54
edits