Changes

Դեռահասը

Ավելացվել է 894 349 բայտ, 17:42, 5 Փետրվարի 2016
/* Մասն երրորդ */
== Մասն երրորդ ==
 
=== Գլուխ առաջին ===
 
==== I ====
 
Հիմա՝ մի բոլորովին այլ բանի սասին։
 
Ես շարունակ ազդարարում եմ. «Այլ բանի մասին, այլ բանի մասին», իսկ ինքս անդադար շարունակում եմ գրել միայն իմ մասին։ Մինչդեռ ես արդեն հազար անգամ հայտարարել եմ, որ ամենևին էլ չեմ ուզում ինձ նկարագրել և հաստատապես չէի ուզում, երբ սկսում էի գրել նոթերս, ես շատ լավ եմ հասկանում, որ ես ամենևին էլ պետք չեմ ընթերցողիս։ Ես նկարագրում եմ և ուզում եմ նկարագրել ուրիշներին, և ոչ թե ինձ, իսկ եթե շարունակ ինքս եմ մեջտեղ ընկնում, ապա դա միայն մի տխուր սխալ է, որովհետև ոչ մի կերպ չի կարելի դրանից խուսափել, որքան էլ որ ես ուզենայի դա։ Եվ որ գլխավորն է, ինձ համար ցավալին այն է, որ այսպիսի կրքով նկարագրելով սեփական արկածներս, դրանով առիթ եմ տալիս մտածելու, թե հիմա էլ ես նույնն եմ, ինչ որ այն ժամանակ։ Ընթերցողները, սակայն, հիշում են, որ ես արդեն բազմիցս բացականչել եմ. «Օ՜, եթե հնարավոր լիներ վերափոխելու անցածը և բոլորովին նորն սկսելու»։ Չէի կարող այդպես բացականչել, եթե արմատապես փոխված և բոլորովին այլ մարդ դարձած չլինեի այժմ։ Դա չափազանց ակնհայտ է, և եթե որևէ մեկը կարողանար պատկերացնել, թե ինչպես են ձանձրացրել ինձ բոլոր այս ներողություններն ու նախաբանները, որոնք ամեն րոպե ստիպված եմ խոթել նոթերիս նույնիսկ ամենամիջին մասերը։
 
Գործի։
 
Իննօրյա ուշաթափությունից ես այն ժամանակ սթափվեցի վերածնված, բայց ոչ ուղղված, վերածնունդս, սակայն, հիմա էր, իհարկե եթե վերցնենք լայն իմաստով, և գուցե, եթե հիմա լիներ, ապա այդպես չէր լինի։ Միտքս, այսինքն զգացմունքս, կրկին կայանում էր միայն նրանում (ինչպես հազար անգամ առաջներում), որ հեռանամ սրանցից ընդմիշտ և արդեն անպայման հեռանամ և ոչ թե այնպես, ինչպես առաջներում, երբ հազար անգամ ինքս ինձ հանձնարարում էի այս թեման և ոչ մի կերպ չէի կարողանում կատարել։ Վրեժ լուծել ես չէի ուզում ոչ ոքից և դրանում երդվում եմ ազնիվ խոսքով, թեև վիրավորված էի բոլորից։ Ես պատրաստվում էի հեռանալ առանց նողկանքի, առանց անեծքի, բայց ուզում էի սեփական ուժ ունենալ և արդեն իսկական ուժ, որը կախված չլիներ սրանցից ոչ մեկից և ամբողջ աշխարհից, մինչդեռ քիչ էր մնում, որ հաշտվեի ամեն բանի հետ աշխարհում։ Գրի եմ առնում այն ժամանակվա այս անուրջս ոչ թե որպես միտք, այլ որպես այն ժամանակվա անդիմադրելի զգացողություն։ Ես այն դեռ չէի ուզում ձևակերպել, քանի դեռ անկողնում էի։ Հիվանդ և անզոր, պառկած Վերսիլովի սենյակում, որն ինձ էին հատկացրել, ես ցավով էի գիտակցում, թե անզորության ի՜նչ ստորին աստիճանի վրա եմ գտնվում, անկողնում ընկած էր ոչ թե մարդ, այլ ինչ-որ ծղոտի մի հատիկ, և ոչ միայն հիվանդության պատճառով, և որքա՜ն վիրավորական էր դա ինձ համար։ Եվ ահա իմ էության ամենախորունկ խորքերից ամբողջ ուժով սկսեց բարձրանալ բողոքը, և ես սկսեցի շնչասպառ լինել անսահմանորեն չափազանցված գոռոզության ու ընդվզման զգացումից։ Ես չեմ հիշում որևէ ժամանակահատված իմ ամբողջ կյանքում, երբ ես գոռոզ զգացումներով այնպես լցված լինեի, ինչպես իմ ապաքինության այն առաջին օրերին, այսինքն այն ժամանակ, երբ ծղոտի հատիկի պես անզոր ընկած էի անկողնում։
 
Բայց առայժմ ես լուռ էի և նույնիսկ որոշել էի ոչինչ չքննարկել։ Ես շարունակ նայում էի նրանց դեմքերին, աշխատելով գուշակել այն բոլորն, ինչ-որ ինձ հարկավոր էր։ Երևում էր, որ նրանք էլ չեն ուզում ոչ հարց ու փորձ անել, ոչ հետաքրքրություն ցուցաբերել, այլ խոսում են ինձ հետ միանգամայն կողմնակի բաների մասին։ Դա ինձ դուր էր գալիս և միևնույն ժամանակ վշտացնում էր ինձ. չեմ բացատրի այդ հակասությունը։ Լիզային ես ավելի հազվադեպ էի տեսնում, քան մայրիկին, թեև նա ամեն օր էր գալիս ինձ մոտ, նույնիսկ օրն երկու անգամ։ Նրանց խոսակցությունների պատառիկներից և նրանց ողջ տեսքից ես եզրակացրի, որ Լիզայի մոտ սաստիկ շատ մտահոգություններ են կուտակվել, և որ նա նույնիսկ հաճախ տանը չի լինում իր գործերի պատճառով, հենց միայն այդ մտքի մեջ, որ հնարավոր են «իր գործերը», կարծես ինչ-որ վիրավորական բան կար ինձ համար, ի դեպ, այդ բոլորը միայն հիվանդագին, զուտ բնախոսական զգացողություններ են, որոնք չարժե նկարագրել։ Տատյանա Պավլովնան էլ էր գալիս ինձ մոտ, համարյա թե ամեն օր, և թեև ամենևին էլ քնքուշ չէր ինձ հետ, բայց գոնե չէր անպատվում առաջվա պես, որը ծայրահեղորեն բարկացնում էր ինձ, այնպես որ ես ուղղակի ասացի նրան. «Դուք, Տատյանա Պավլովնա, չափազանց տաղտկալի եք, երբ չեք անպատվում»։ «Որ այդպես է, էլ չեմ գա քեզ մոտ»,― կարճ կտրեց նա ու գնաց։ Իսկ ես ուրախ էի, որ գոնե մեկին վռնդեցի։
 
Ամենից շատ ես մայրիկիս էի տանջում, և ամենից շատ նա էր ինձ գրգռում։ Ախորժակս սոսկալի բացվել էր, և ես շատ էի փնթփնթում, որ կերակուրն ուշանում է (իսկ այն երբեք չէր ուշանում)։ Մայրիկս չգիտեր, ինչպես ինձ գոհացներ։ Մի անգամ նա ինձ արգանակ բերեց և, ըստ սովորության, սկսեց ինձ կերակրել, իսկ ես շարունակ փնթփնթում էի ուտելիս։ Եվ հանկարծ սրտնեղեցի, որ փնթփնթում եմ. «Գուցե հենց միայն մայրիկիս եմ սիրում և հենց նրան էլ տանջում եմ»։ Բայց կատաղությունս չէր զսպվում, և ես կատաղությունից հանկարծ արտասվեցի, իսկ նա՝ խեղճը, կարծեց, թե ես սրտաշարժությունից արտասվեցի, խոնարհվեց ինձ վրա ու սկսեց համբուրել։ Ես ուժերս հավաքեցի ու մի կերպ դիմացա և իսկապես այն պահին ես ատում էի նրան։ Բայց մայրիկիս ես միշտ էի սիրում, այն ժամանակ էլ էի սիրում և ամենևին չէի ատում, իսկ եղել էր այն, ինչ միշտ է լինում, ում ավելի շատ ես սիրում, հենց առաջինը նրան ես վիրավորում։
 
Իսկ ատում էի այն առաջին օրերին միմիայն բժշկին։ Բժիշկն այդ ամբարտավան տեսքով երիտասարդ էր, խոսում էր կտրուկ և նույնիսկ անքաղաքավարի։ Կարծես նրանք բոլորը գիտության մեջ են և հենց երեկ ու հանկարծակի մի հատուկ բան են իմացել, մինչդեռ երեկ ոչ մի առանձին բան չի պատահել, բայց միշտ այդպես են «միջակությունն» ու «փողոցը»։ Երկար ժամանակ ես դիմանում էի, բայց վերջապես հանկարծ պայթեցի և մերոնց բոլորի ներկայությամբ հայտարարեցի նրան, որ նա իզուր է քարշ գալիս այստեղ, որ ես բոլորովին առանց նրա էլ կառողջանամ, որ նա, իրատեսի տեսք ունենալով, ամբողջովին համակված է նախապաշարումներով և չի հասկանում, որ բժշկությունը դեռ երբեք և ոչ ոքի չի բուժել, որ, վերջապես, ամենայն հավանականությամբ, նա գռեհկորեն անկիրթ է, «ինչպես այժմ մեզ մոտ բոլոր տեխնիկներն ու մասնագետները, որոնք վերջին ժամանակներս այդպես տնկել են իրենց քթերը»։ Բժիշկը շատ վիրավորվեց (հենց միայն դրանով ապացուցելով, թե ինքն ինչ է), սակայն շարունակեց այցելել։ Վերջապես ես հայտնեցի Վերսիլովին, որ եթե բժիշկը չդադարի մեզ մոտ գալուց, ապա ես նրան արդեն մի տասն անգամ ավելի տհաճ բաներ կասեմ։ Վերսիլովը նկատեց միայն, որ նույնիսկ երկու անգամ ավելի տհաճ բաներ չէր կարելի ասել համեմատած արդեն ասվածի հետ, էլ ուր մնաց թե տասն անգամ։ Ես ուրախ էի, որ նա նկատել էր դա։
 
Սակայն, համա թե սա մարդ է։ Ես Վերսիլովի մասին եմ խոսում։ Նա, հենց նա էր ամեն բանի պատճառը, և ի՞նչ, միմիայն նրա վրա ես այն ժամանակ չէի զայրանում։ Ինձ կաշառում էր ոչ միայն նրա վարվելաձևն ինձ հետ։ Ես կարծում եմ, որ մենք այն ժամանակ փոխադարձաբար զգացինք, որ պարտական ենք միմյանց շատ ու շատ բացատրությունների համար... և որ հենց այդ պատճառով ամենալավն այն է, որ երբեք չբացատրվես։ Չափազանց հաճելի է, երբ կյանքի նման իրադրություններում խելոք մարդու ես հանդիպում։ Իմ պատմության երկրորդ մասում, առաջ անցնելով, արդեն հադորդել եմ, որ նա շատ հստակ ու համառոտ հայտնեց բանտարկված իշխանի ինձ հասցեագրված նամակի, Զերշչիկովի՝ նրա իմ օգտին տրված բացատրության և այլ բաների մասին։ Քանի որ ես որոշել էի լռել, ապա ամենայն չորությամբ միայն երկու-երեք ամենահամառոտ հարցերը տվի նրան, նա այդ հարցերին պատասխանեց հստակ ու ճշգրիտ, բայց միանգամայն առանց ավելորդ բառերի և, որ ամենալավն էր, առանց ավելորդ զգացմունքների։ Հենց ավելորդ զգացմունքներից էր, որ ես այն ժամանակ վախենում էի։
 
Լամբերտի մասին ես լռում եմ, բայց ընթերցողն, իհարկե, կռահեց, որ նրա մասին ես շատ էի մտածում։ Զառանցելիս ես մի քանի անգամ խոսել էի Լամբերտի մասին, բայց, ուշքի գալով և ուշադիր շուրջս նայելով, շուտով հասկացա, որ Լամբերտի մասին ամեն բան գաղտնիք է մնացել և որ յուրայիններս, չբացառելով նաև Վերսիլովին, ոչինչ չգիտեն։ Այն ժամանակ ուրախացա, և վախս անցավ, բայց ես սխալվում էի, ինչպես ի զարմանս իմ, իմացա հետո, հիվանդությանս ժամանակ նա արդեն եկել էր, բայց Վերսիլովը թաքցրել էր դա ինձնից, և ես եկա այն եզրակացության, որ Լամբերտի համար ես արդեն հավիտենականության գիրկն եմ ընկել։ Այնուամենայնիվ ես հաճախ էի մտածում նրա մասին, և դա դեռ քիչ է. մտածում էի ոչ միայն առանց զզվանքի, ոչ միայն հետաքրքրությամբ, այլ նույնիսկ շահագրգռվածությամբ կարծես կանխազգալով ինչ-որ նոր, արդյունավետ մի բան, որ համապատասխանում էր իմ մեջ ծագող նոր զգացմունքներին ու ծրագրերին։ Սի խոսքով ես որոշեցի ամենից առաջ քննարկել Լամբերտին, հենց որ վճիռ ընդունեմ սկսել մտածել։ Մի տարօրինակություն նկատեմ, ես միանգամայն մոռացել էի, թե որտեղ է նա ապրում, և թե որ փողոցում էր այն ժամանակ այդ բոլորը կատարվում։ Սենյակը, Ալֆոնսինը, շնիկը, միջանցքը բոլորը միտքս էր մնացել, թեկուզ հենց հիմա կարող եմ նկարել, իսկ թե որտեղ էր այդ ամենը կատարվում, այսինքն՝ որ փողոցում և որ տանը, լրիվ մոռացել եմ։ Եվ որ ամենատարօրինակն էր, կռահեցի դա միայն իմ լիակատար գիտակցության երրորդ կամ չորրորդ օրը, երբ արդեն վաղուց միտքս զբաղեցրել էի Լամբերտով։
 
Այսպիսով, ահա թե որոնք էին իմ վերակենդանացմանը հաջորդող առաջին զգացումներս։ Ես նշեցի միայն ամենամակերեսայինները և ամենահավանականն է, որ չեմ կարողացել նշել գլխավորը։ Իսկապես, գուցեև, ամենագլխավորները հենց այն ժամանակ էլ սահմանվել են ու ձևակերպվել իմ սրտում, չէ՞ որ հենց միայն նրա համար չէի ես շարունակ սրտնեղում ու զայրանում, որ ինձ արգանակ չեն բերում։ Օ՜, ես հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ տխրում ու տրտմում երբեմն, այն րոպեներին հատկապես, երբ երկար ժամանակ մենակ էի մնում։ Իսկ նրանք, կարծես դիտավորյալ, շուտ հասկացան, որ ինձ համար ծանր է իրենց հետ և որ իրենց կարեկցանքը զայրացնում է ինձ, և սկսեցին, գնալով ավելի ու ավելի հաճախ ինծ մենակ թողնել, դյուրըմբռնողության ավելորդ նրբանկատություն։
 
==== II ====
 
Վերականգնված գիտակցությանս չորրորդ օրը, կեսօրվա ժամը երկուսից հետո, ես պառկած էի իմ անկողնում և ինձ մոտ ոչ ոք չկար։ Օրը պայծառ էր, և ես գիտեի, որ երեքից հետո, երբ արևը դեպի մայրամուտ կգնա, նրա կարմիր, թեք ճառագայթը ուղիղ կզարնվի իմ պատի անկյանը և պայծառ բծով կլուսավորի այդ տեղը։ Ես դա գիտեի նախորդ օրերի փորձով, և այն, որ դա անպայման տեղի կունենա մեկ ժամից, և որ գլխավորն է, ես դա գիտեի նախապես, ինչպես երկու անգամ երկուսը, կատաղության աստիճան զայրացնում էր ինձ։ Ջղացնցումով ես շրջվեցի ողջ մարմնով և հանկարծ խոր լռության մեջ պարզ լսեցի այս բառերը. «Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Հայր մեր, ողորմյա մեզ»։ Բառերն արտասանվեցին կիսաշշուկով, դրանց հետևեց ամբողջ կրծքով արտաբերված խոր թառանչը, և դրանից հետո ամեն բան նորից միանգամայն խաղաղվեց։ Ես արագ բարձրացրի գլուխս։
 
Ես դրանից առաջ էլ, այսինքն նախորդ օրը, և նույնիսկ դեռ նախանցյալ օրը, սկսել էի նկատել ինչ-որ առանձնահատուկ մի բան վարում գտնվող մեր այս երեք սենյակներում։ Դահլիճից այն կողմ գտնվող սենյակում, ուր նախկինում մայրիկն ու Լիզան էին տեղավորված, ըստ երևույթին, այժմ մի ուրիշ մարդ կար։ Արդեն քանիցս ինչ-որ ձայներ էի լսել թե ցերեկը, թե գիշերները, բայց միայն մի քանի ամենակարճ վայրկյանով և իսկույն էլ մի քանի ժամով լիակատար լռություն էր վերականգնվել, այնպես որ ես ուշադրություն անգամ չէի դարձնում դրան։ Նախորդ օրը մտքովս անցավ, թե Վերսիլովն է այնտեղ, մանավանդ, որ դրանից հետո շուտով նա ինձ մոտ մտավ, թեև ես գիտեի, ըստ որում հաստատ, հենց նրանց խոսակցություններից, որ Վերսիլովն իմ հիվանդության ընթացքում տեղափոխվել է ինչ-որ մի ուրիշ բնակարան, որտեղ և գիշերում է այժմ։ Իսկ մայրիկի ու Լիզայի մասին արդեն վաղուց էր ինձ հայտնի դարձել, որ նրանք միասին (հենց հանուն իմ հանգստության, կարծում էի ես) փոխադրվել էին վերև, իմ նախկին «դագաղը», և մի անգամ ինձ ու ինձ մտածեցի նույնիսկ. «Ինչպե՞ս են կարողացել երկուսով այնտեղ տեղավորվել»։ Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ նրանց նախկին սենյակում ինչ-որ մարդ է ապրում և որ այդ մարդն ամենևին էլ Վերսիլովը չէ։ Մի առանձին թեթևությամբ, որը ես չէի ենթադրում, թե կա իմ մեջ (երևակայելով մինչև այժմ, թե ես միանգամայն անուժ եմ), ոտքերս իջեցրի անկողնուց, խոթեցի հողաթափերիս մեջ, վրաս նետեցի կողքիս դրված գառնենու մոխրագույն խալաթը (որը Վերսիլովն էր զոհաբերել ինձ), և մեր հյուրասենյակի միջով դիմեցի դեպի մայրիկիս նախկին ննջասենյակը։ Այն, ինչ տեսա ես այնտեղ, բոլորովին շշմեցրեց ինձ, ոչ մի նման բան ես չէի էլ կարող ենթադրել և քար կտրած կանգնեցի շեմին։
 
Այնտեղ նստած էր ճեփ֊ճերմակ մազերով, երկար, սոսկալի սպիտակ մորուքով մի ծերունի, և պարզ էր, որ նա արդեն վաղուց է այդտեղ նստած։ Նա նստած էր ոչ թե անկողնու վրա, այլ մայրիկի աթոռակի, և միայն մեջքով հենվել էր մահճակալին։ Ի դեպ, նա այնքան ուղիղ էր պահում իրեն, որ, թվում էր, թե նրան ոչ մի հենարան էլ պետք չէ, թեև ակներև էր, որ հիվանդ է։ Շապկի վրայից նա հագել էր մորթե, երես քաշած, թեթև քուրք, ծնկները ծածկված էին մայրիկի շալով, իսկ ոտքերը հողաթափերով էին։ Նա, ինչպես կարելի էր գուշակել, բարձրահասակ էր, լայնաթիկունք, չնայած հիվանդությանը շատ առույգ, թեև մի քիչ գունատ ու նիհար, երկարավուն դեմքով, չափազանց փարթամ, բայց ոչ այնքան երկար մազերով, տարիքը, թվում էր, յոթանասունն անց։ Նրա կողքի փոքրիկ սեղանին, այնպես, որ ձեռքը հասներ, դրված էր երեք թե չորս գիրք ու արծաթե շրջանակով ակնոց։ Թեև մտքովս անգամ չէր անցնում, թե նրան կհանդիպեմ, իսկույն կռահեցի նրա ով լինելը, միայն թե դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, ինչպես էր նա այս բոլոր օրերին, համարյա իմ կողքիս, նստած եղել այնքան կամացուկ, որ ես մինչև այժմ ոչինչ չեմ լսել։
 
Ինձ տեսնելով՝ նա շարժում անգամ չարեց, միայն ակնդետ ու լուռ նայում էր ինձ, ինչպես և ես իրեն, միայն այն տարբերությամբ, որ ես նրան նայում էի անսահման զարմանքով, իսկ նա ինձ առանց ոչ մի զարմանքի։ Ընդհակառակը, լռության այդ հինգ կամ տասը վայրկյանում ինձ ամբողջովին, մինչև ամենավերջին գծիկը, կարծես զննելով՝ նա հանկարծ ժպտաց և նույնիսկ կամացուկ, անլսելի ծիծաղեց և, թեև ծիծաղը շուտ անցավ, նրա լուսավոր, ուրախ հետքը մնաց ծերունու երեսին և, որ գլխավորն է, նրա մեծ-մեծ չափազանց կապույտ, լուսաշող, բայց ծերությունից ուռած ու կախված կոպերով ու անհամար մանր կնճիռներով շրջապատված աչքերում։ Նրա այդ ծիծաղն ամենից շատ ազդեց ինձ վրա։
 
Ես կարծում եմ, որ երբ մարդը ծիծաղում է, ապա մեծ մասամբ զզվելի է դառնում նրան նայելը։ Մարդկանց ծիծաղի մեջ ամենից հաճախ ինչ-որ մի անվայելուչ բան է հայտնվում, կարծես ծիծաղողին ստորացնող մի բան, թեև ինքը ծիծաղողը, համարյա միշտ ոչինչ չգիտե իր գործած տպավորության մասին։ Ճիշտ այդպես էլ չգիտե, ինչպես ընդհանրապես բոլորն էլ չգիտեն, թե ինչ դեմք ունի քնած ժամանակ։ Մի քնածի դեմքը քնի մեջ էլ խելոք է լինում, իսկ մյուսինը, նույնիսկ խելոքինը, քնի մեջ շատ հիմար, ուրեմնև ծիծաղելի է դառնում։ Ես չգիտեմ, ինչու է այդպես լինում, ես միայն ուզում եմ ասել, որ ծիծաղողը, ինչպես և քնածը, մեծ մասամբ ոչինչ չգիտե իր դեմքի մասին։ Չափազանց շատերը բոլորովին ծիծաղել չգիտեն։ Սակայն այստեղ գիտենալու բան չկա. դա շնորհք է, և այն չես մշակի։ Մշակել կարող ես միայն նրանով, որ կվերադաստիարակես քեզ. կզարգացնես քեզ դեպի լավը և կհաղթահարես բնավորությանդ վատ բնազդները, այն ժամանակ նման մարդու ծիծաղն էլ միանգամայն, հնարավոր է, որ կարող է փոխվել դեպի լավը։ Մարդ կա, որ իր ծիծաղով լիովին մատնում է իրեն, և դուք հանկարծ իմանում եք նրա խորախոր գաղտնիքները։ Նույնիսկ անվիճելիորեն խելոք ծիծաղը երբեմն գարշելի է լինում։ Ծիծաղն ամենից առաջ անկեղծություն է պահանջում, իսկ ո՞ւր է մարդկանց անկեղծություն։ Ծիծաղն անչարություն է պահանջում, իսկ մարդիկ ամենից հաճախ չարությամբ են ծիծաղում։ Անկեղծ ու անչար ծիծաղն ուրախությունն է, իսկ մեր դարում ո՞ւր է մարդկանց մեջ ուրախություն և արդյո՞ք մարդիկ գիտեն ուրախանալ։ (Մեր դարի ուրախության մասին արտահայտությունը Վերսիլովի նկատողությունն է, և ես հիշել եմ այն)։ Մարդու ուրախությունը մարդուն ամենամատնող, ոտքով-գլխով մատնող հատկությունն է։ Լինում է բնավորություն, որը երկար ժամանակ չեք կարող ճանաչել, բայց բավական է, որ մարդը մի անգամ շատ անկեղծ ծիծաղի, և նրա ողջ բնավորությունը հանկարծ կհայտնվի ձեր ձեռքի ափում։ Միայն ամենաբարձր և ամենաերջանիկ զարգացման դեպքում մարդը կարողանում է ուրախանալ հաղորդակից կերպով, այսինքն անդիմադրելիորեն ու բարեհոգի։ Ես նրա մտավոր զարգացման մասին չեմ խոսում, այլ բնավորության, մարդու ամբողջականության մասին։ Այսպիսով. եթե ցանկանաք զննել մարդուն և ճանաչել նրա հոգին, ապա խորամուխ եղեք ոչ թե նրանում, թե ինչպես է մարդ լռում, կամ ինչպես է խոսում, կամ ինչպես է լալիս, կամ նույնիսկ ինչպես է հուզվում ազնվագույն գաղափարներից, այլ ավելի լավ է բռնեք այն պահը, երբ նա ծիծաղում է։ Լավ է ծիծաղում մարդը, ուրեմն լավ մարդ է։ Ըստ որում նկատեք բոլոր երանգները, օրինակ, պետք է որ մարդու ծիծաղը ոչ մի դեպքում ձեզ հիմար չթվա, որքան էլ որ նա ուրախ լինի և պարզսիրտ։ Հենց որ նկատեք հիմարավունության ամենաչնչին գիծը ծիծաղում, ուրեմն, անկասկած այդ մարդը սահմանափակ է, թեկուզ հենց շարունակ խելոք մտքեր սփռեր իր շուրջը։ Նույնիսկ եթե հիմար չէ նրա ծիծաղը, բայց ինքը մարդը, ծիծաղելիս, հանկարծ ինչ-որ պատճառով ծիծաղելի է դառնում ձեզ համար, նույնիսկ թեկուզ մի փոքր, ապա գիտցեք, որ այդ մարդու մեջ իսկական սեփական արժանապատվություն չկա, համենայն դեպս չկա լիովին։ Կամ, վերջապես, եթե ծիծաղն այդ թեկուզև հաղորդակցական է, բայց այնուամենայնիվ, չգիտես ինչու, ձեզ անվայելուչ կթվա, ապա գիտցեք, որ այդ մարդու խառնվածքն էլ ինչ-որ չափով անվայելուչ է, և ողջ ազնիվն ու վեհաշուքը, որ առաջ էիք նկատել նրա մեջ, կամ միտումնավոր, շինծու է, կամ անգիտակից ընդօրինակված, և որ այդ մարդը հետագայում անպայման կփոխվի դեպի վատը, կզբաղվի «շահավետով», իսկ ազնիվ գաղափարները, որպես երիտասարդության հափշտակություններ ու մոլորություններ, առանց ափսոսանքի մի կողմ կնետի։
 
Այս երկարաշունչ խոսքը ծիծաղի մասին ես այստեղ եմ տեղավորում որոշակի դիտավորությամբ, նույնիսկ զոհաբերելով պատմությանս ընթացքը, քանի որ դա համարում եմ կյանքիս ամենալուրջ եզրահանգումներից մեկը։ Եվ հատկապես հանձնարարում եմ դա այն հարսնացու-աղջիկներին, որոնք արդեն պատրաստ են ամուսնանալ իրենց ընտրյալի հետ, բայց դեռ շարունակում են տնտղել մտահոգ ու անվստահ և վերջնական որոշում չեն ընդունում։ Եվ թող չծիծաղեն խղճուկ դեռահասի վրա այն բանի համար, որ նա իր բարոյախոսություններով քիթը խոթում է ամուսնական գործի մեջ, որից ոչնչից ոչինչ չի հասկանում։ Բայց ես հասկանում եմ միայն այն, որ ծիծաղը հոգու ամենահաստատ փորձաքարն է։ Նայեցեք երեխաներին, որոշ երեխաներ կարողանում են ծիծաղել կատարելապես լավ և այդ պատճառով էլ նրանք գայթակղիչ են։ Արտասվող երեխան զզվելի է ինձ համար, իսկ ուրախացողն ու ծիծաղողը դրախտից շողարձակող ճառագայթ, հայտնություն ապագայից, երբ մարդը վերջապես կդառնա նույնքան մաքուր ու սրտաբաց, որքան երեխան։ Եվ ահա ինչ-որ մանկական և անհավանականության աստիճանի հրապուրիչ մի բան առկայծեց այդ ծերունու կարճատև ծիծաղում։ Ես իսկույն մոտեցա նրան։
 
==== III ====
 
― Նստիր, տեղավորվիր, ոտքերիդ մեջ, ով գիտի, դեռ ուժ չկա,― իր կողքին ինձ տեղ ցույց տալով ու նույն շողարձակող հայացքով երեսիս նայելով՝ սիրալիր հրավիրեց ինձ նա։ Ես նստեցի նրա կողքին ու ասացի.
 
― Ես ձեզ ճանաչում եմ, դուք Մակար Իվանովիչն եք։
 
― Ճիշտ է, սիրելիս։ Դե լավ է, որ վեր ես կացել։ Դու ջահել ես, քեզ համար ամեն բան հրաշալի է։ Ծերունին դեպի գերեզման է գնում, իսկ ջահելը պետք է ապրի ու ապրի։
 
― Դուք հիվա՞նդ եք։
 
― Հիվանդ եմ, բարեկամս, ավելի ոտքերս են հիվանդ։ Մինչև շեմը դեռ հասցրին, բայց հենց որ էստեղ նստեցի, տեղնուտեղն ուռեցին։ Սա անցած հինգշաբթի է սկսվել, հենց որ ջերմաստիճանն ընկավ (այսինքն սառնամանիքն սկսվեց)։ Մինչև հիմա, տեսնում ես, քսադեղ էի քսում ոտքերիս, նախանցյալ տարի բժիշկ Լիխտենը, Եդմունդ Կառլիչն էր Մոսկվայում դուրս գրել և օգնում էր էդ քսուքը ու լավ էլ օգնում էր. բայց հիմա արդեն էլ չի օգնում։ Եվ կուրծքս էլ է բռնվել։ Իսկ երեկվանից մեջքս էլ ոնց որ շներ են կրծում... Գիշերներն էլ չեմ քնում։
 
― Ինչպե՞ս է, որ ձեր մոտից ոչ մի ձայն չի լսվում,― ընդհատեցի նրան ես։ Նա նայեց ինձ կարծես ինչ-որ բան կշռադատելով։
 
― Մենակ թե մորդ չարթնացնես,― կարծես հանկարծ ինչ-որ բան մտաբերելով ավելացրեց նա։― Նա ամբողջ գիշեր էստեղ կողքիս, գործ է արել ու ճանճի պես կամաց, իսկ հիմա, գիտեմ, որ պառկել է։ Ախ, դառն է հիվանդ ծերունու կյանքը,― հառաչեց նա,― թվում է, թե ինչի՞ց է միայն հոգիդ կառչել, բայց մեկ է, մնում է կպած և կյանքի վրա ուրախանում, և թվում է, եթե ամբողջ կյանքդ նորից սկզբից սկսես, դրանից էլ, ով գիտե, չվախենար հոգիդ, թեև, գուցե հանցավոր է էդ միտքը։
 
― Ինչո՞ւ է հանցավոր։
 
― Երազ է էդ միտքը, իսկ ծերունին կյանքից պետք է բարեգեղ հեռանա։ Էդպես է, եթե դժգոհությամբ կամ տրտնջալից ես դիմավորում մահդ, ապա դա հենց մեծ մեղք է։ Բայց թե հոգևոր ուրախությամբ սիրել ես կյանքը, կարծում եմ, որ Աստված էլ դա կների, նույնիսկ ծերունու։ Մարդու համար դժվար է ամեն տեսակ մեղքը ճանաչել, իմանալ ինչն է հանցավոր, իսկ ինչը ոչ։ Էստեղ գաղտնիք կա, որ գերազանցում է մարդուս խելքի կարողությունը։ Իսկ ծերունին գոհ պետք է լինի ամեն ժամ, և պետք է մեռնի իր խելքի լիակատար ծաղկման վիճակում, երանելի ու բարեգեղ, լիացած ապրած օրերով, ախ քաշելով իր վերջին ժամին և, կյանքից հեռանալիս, ուրախանալով, ինչպես հասկը խրձին միանալիս և լրացնելով գաղտնիքը յուր։
 
― Դուք շարունակ ասում եք «գաղտնիքը», ի՞նչ բան է «լրացնելով գաղտնիքը յուր»,― հարցրի ես ու հայացք նետեցի դռանը։ Ես ուրախ էի, որ մենք մենակ էինք և որ մեր շուրջը անխախտ լռություն էր տիրում։ Մայրամուտից առաջ արևը վառ լուսավորում էր սենյակը։ Նա մի փոքր վերամբարձ էր խոսում ու ոչ ճշգրիտ, բայց շատ անկեղծ ու ինչ-որ խիստ հուզված, կարծես իսկապես էլ այդքան ուրախ էր իմ գալու համար։ Բայց ես նկատեցի նրանում անկասկած տենդագին վիճակ, և նույնիսկ խիստ տենդագին։ Ես էլ էի հիվանդ, ես էլ էի տենդով բռնված, այն րոպեից, ինչ մտել էի նրա մոտ։
 
― Ինչ է գաղտնի՞քը։ Ամեն բան գաղտնիք է, բարեկամս, ամեն բանում Աստծո գաղտնիքը կա։ Ամեն ծառում, ամեն ցողունի մեջ այդ նույն գաղտնիքը կա։ Պստիկ մի ծիտ է երգում, թե աստղերի մի ամբողջ բույլ է գիշերը երկնքում փայլում այդ նույն գաղտնիքն է, միևնույն գաղտնիքը։ Իսկ ամենամեծ գաղտնիքը էն է, թե մարդու հոգուն ինչ է սպասում այն աշխարհում։ Հենց էդպես, բարեկամս։
 
― Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքով... Ես, իհարկե, ոչ թե նրա համար, որ ձեզ գրգռեմ, և, հավատացեք, որ հավատում եմ Աստծուն, բայց այդ բոլոր գաղտնիքները վաղուց բացատրված են խելքով, իսկ ինչը դեռ բացատրված չէ, կբացատրվի ամբողջությամբ, միանգամայն հաստատ, և գուցե, ամենակարճ ժամանակամիջոցում։ Բուսականությունը միանգամայն հստակ գիտե, թե ինչպես է աճում ծառը, բնախոսն ու կազմախոսը գիտեն նույնիսկ, թե ինչու է երգում թռչունը կամ շուտով կիմանան, իսկ ինչ վերաբերում է աստղերին, ապա դրանք ոչ միայն բոլորը հաշվված են, այլև դրանց յուրաքանչյուր շարժումն է հաշվված րոպեների ճշգրտությամբ, այնպես որ նույնիսկ հազար տարի առաջ րոպե առ րոպե կարելի է կանխագուշակել որևէ մի գիսաստղի հայտնվելը... իսկ հիմա նույնիսկ ամենահեռավոր աստղի կազմությունն է հայտնի դարձել։ Վերցրեք մանրադիտակը (դա մեծացող ապակի է, որ առարկան մեծացնում է միլիոն անգամ) և զննեցեք նրանով մի կաթիլ ջուրը, և դուք այնտեղ կտեսնեք մի ամբողջ նոր աշխարհ, կենդանի էակների մի ամբողջ կյանք, միչդեռ դա էլ գաղտնիք էր, բայց չէ՞ որ պարզեցին։
 
― Լսել եմ դրա մասին, սիրելիս, շատ եմ լսել մարդկանցից։ Ի՜նչ խոսք, մեծ, փառավոր գործ է. Աստծո կամոք ամեն բան տրված է մարդուն, զուր չի Աստված կյանքի շունչ փչել նրա մեջ. «Ապրիր ու ճանաչիր»։
 
― Դե, դրանք հանրահայտ բաներ են։ Սակայն դուք գիտությանը թշնամի չե՞ք, կղերի կողմնակից չե՞ք։ Այսինքն չգիտեմ, կհասկանաք, արդյոք...
 
― Ոչ, սիրելիս, մանկուց հարգել եմ գիտությունը, և չնայած ինքս ուսյալ չեմ, բայց դրանից չեմ բողոքում, ինձ բաժին չի ընկել, որիշին է ընկել։ Դա գուցեև ավելի լավ է, որովհետև ամեն մեկին իրենն է բաժին ընկնում։ Դրա համար էլ, բարեկամս, ամեն մեկին չէ, որ գիտությունը օգտակար է։ Բոլորը չեն, որ զուսպ են, ամեն մեկն էլ ուզում է տիեզերքը զարմացնել, իսկ ես, միգուցե, բոլորից էլ ավելի, եթե շնորհք ունենայի։ Իսկ հիմա, ոչ մի շնորհք չունենալով, ինչպե՜ս կարող եմ ինձ ուրիշներից վեր դասել, երբ ինքս ոչինչ չգիտեմ։ Իսկ դու ջահել ես, միտքդ սուր, և բախտդ էլ էդպես է բերել, դու էլ սովորիր։ Ամեն բան ճանաչիր, որ եթե հանդիպես անաստվածի կամ կատակաբանի, կարողանաս պատասխան տալ նրան, և որ նա իր խենթ ու խելառ խոսքերով քեզ բառախեղդ չանի և քո տհաս մտքերը չխռովի։ Իսկ էդ ապակին ես դեռ վերջերս եմ տեսել։
 
Նա խոր շունչ քաշեց, հետո հառաչեց։ Որոշակիորեն ես նրան արտակարգ հաճույք պատճառեցի իմ գալով։ Հաղորդակցության ծարավը հիվանդագին էր։ Բացի այդ ես ամենևին չեմ սխալվի, պնդելով, որ նա երբեմն ինչ-որ նույնիսկ արտակարգ սիրով էր ինձ նայում, իր ձեռքի ափը նա փաղաքշաբար դնում էր իմ ձեռքին, շոյում էր ուսս... Դե, բայց լինում էին րոպեներ, որ, պետք է խոստովանել, կարծես, բոլորովին մոռանում էր իմ մասին, կարծես, մենակ է նստած ու թեև ջերմորեն շարունակում էր խոսել, բայց ոնց որ բաց տարածության մեջ խոսեր։
 
― Գեննադիի մենաստանում, բարեկամս,― շարունակեց նա,― մեծ խելքի տեր մի մարդ կա։ Ազնվական ծագում ունի, փոխգնդապետի աստիճան և շատ մեծ հարստություն։ Աշխարհիկ կյանքում ամուսնական պարտավորություն իր վրա վերցնել չուզեց, բայց արդեն տասներորդ տարին է, ինչ սիրելով խաղաղ ու լուռ հանգրվանները և իր զգացմունքները աշխարհիկ իրարանցումից հանդարտեցնելով, հեռացել է աշխարհիկ կյանքից։ Ճշտությամբ կատարում է վանքի ողջ կանոնադրությունը, բայց կուսակրոն ձեռնադրվել չի ուզում։ Եվ էնքա՜ն գիրք ունի, բարեկամս, որ ես իմ օրում էդքան գիրք չեմ տեսել ոչ ոքի մոտ, ինքն է ինձ ասել, որ ութ հազար ռուբլու են։ Անունը Պյոտր Վալերիանովիչ։ Շատ բան է ինձ սովորեցրել տարբեր ժամանակներ, իսկ ես շատ-շատ էի սիրում նրան լսել։ Մի անգամ ասացի նրան։ «Ինչպե՞ս է, որ դուք, պարոն, ձեր էդ մեծ խելքով, ապրելով արդեն տասը տարի վանական ապաշխարությամբ և սեփական կամքի լիակատար հրաժարումով, չեք ընդունում կուսակրոն ձեռնադրություն, որպեսզի էլ ավելի կատարյալ լինեք»։ Իսկ նա էս խոսքիս ինձ պատասխանեց. «Ի՜նչ ես, ծերուկ, խելքիս մասին խոսում, միգուցե հենց խելքս էլ ինձ գերել է և ոչ թե ես եմ նրան չափի-կապի բերել։ Եվ ի՜նչ ես իմ ապաշխարության մասին դատում, գուցե ես վաղուց եմ արդեն չափս կորցրել, կամ կամքիցս հրաժարվելու մասին ի՜նչ ես խոսում։ Հենց այս րոպեիս ես բոլոր փողերիցս կհրաժարվեմ, աստիճաններս էլ իսկույն կտամ և ասպետական ամբողջ դիրքս էլ իսկույն սեղանին կդնեմ, իսկ մի ծխամորճ ծխախոտից արդեն տասներորդ տարին է, ինչքան չարչարվում եմ, ձեռք քաշել չեմ կարողանում։ Դրանից հետո էլ ինչ վանական ինձնից և ի՜նչ կամքիցս հրաժարվելն ես իմ մեջ փառաբանում»։ Էն ժամանակ ես զարմացա նրա հնազանդության վրա։ Եվ եղավ էնպես, որ անցյալ ամառ, խոտհնձի պահին, նորից, Աստծո կամոք, էդ նույն վանքը եկա տեսնեմ նրա խցում հենց էս բանը մանրադիտակը, դրված, մեծ փողերով դուրս էր գրել արտասահմանից։ «Սպասիր, ծերուկ,― ասում է,― զարմանալի բան ցույց տամ քեզ, քանի որ սրանից դու երբեք չես տեսել։ Ջրի կաթիլը տեսնո՞ւմ ես, արցունքի պես մաքուր է, դե, ուրեմն, տես, թե ինչ կա դրա մեջ, և կտեսնես, որ ներքին բարդ կառուցվածքների մասնագետները շուտով Աստծո բոլոր գաղտնիքները կգտնեն ու ոչ մի հատ չեն թողնի ինձ ու քեզ»,― հենց էդպես էլ ասաց, լավ եմ հիշում։ Իսկ ես էդ մանրադիտակի մեջ դեռ երեսունհինգ տարի դրանից առաջ էի նայել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մալգասովի՝ մեր պարոնի, Անդրեյ Պետրովիչի մորական ազգականի մոտ, որից էլ, նրա մահից հետո կալվածքն անցավ Անդրեյ Պետրովիչին։ Պատկառելի պարոն էր, բարձրաստիճան գեներալ, մեծ էլ շնաորս էր պահում, և ես էլ շատ տարիներ նրա մոտ որպես որսապետ էի ծառայում։ Հենց էդ ժամանակ էլ նա դրեց էդ մանրադիտակը, որն էլ բերել էր հետն ու հրամայեց իր ագարակի թե արական, թե իգական սեռի բոլոր գյուղացիներին, մեկը մյուսի հետևից մոտենալ ու նայել, նա ցույց էլ էր տալիս լու և ոջիլ, և ասեղի ծայր ու մազի մի հատիկ, ու ջրի կաթիլ։ Ու համա թե իրարանցում սկսվեց, մոտենալ վախենում են, համ էլ պարոնից են վախենում. տաքարյուն էր։ Մի քանիսը նայել էլ չեն կարողանում, աչքերը կկոցում են, բայց ոչինչ չեն տեսնում, ուրիշները վախենում են ու գոռգոռում, իսկ գյուղի ավագը Սավին Մակալովը, աչքերը զույգ ձեռքերով փակել ու բղավում էր. «Ինչ ուզում եք, ինձ արեք չեմ գա»։ Շատ դատարկ, ծիծաղելի բաներ եղան։ Սակայն Պյոտր Վալերիանովիչին ես չխոստովանեցի, որ դրանից առաջ, երեսունհինգ տարուց էլ ավելի առաջ, էդ նույն հրաշքը տեսել եմ, որովհետև նկատեցի, որ իր մեծագույն հրճվանքից է մարդը ցույց տալիս և, ընդհակառակը, սկսեցի զարմանալ ու սարսափել։ Նա մի քիչ ժամանակ տրվեց ինձ ու հարցրեց. «Հը, հիմա ի՞նչ կասես, ծերուկ»։ Իսկ ես գլուխ տվեցի նրան ու ասացի. «Եվ ասաց Աստված, եղիցի լույս և եղև լույս», իսկ նա հանկարծ դրան ի պատասխան ասաց. «Իսկ չեղե՞լ խավար»։ Եվ էնքան տարօրինակ ասաց դա, նույնիսկ քթի տակ չծիծաղեց։ Շատ զարմացա նրա վրա ես էն ժամանակ, իսկ նա, կարծես, նույնիսկ բարկացավ ու լռեց։
 
― Ձեր Պյոտր Վալերիանովիչը պարզապես վանքում քելեխակեր է ուտում ու ծունր դնում, բայց Աստծուն չի հավատում, և դուք էլ հենց այդպիսի մի պահի եք նրան հանդիպել, ուրիշ ոչինչ,― ասացի ես,― և բացի այդ էլ բավական ծիծաղելի մարդ է. ախր նա, երևի, դրանից առաջ արդեն մի տասն անգամ մանրադիտակ տեսել էր, էլ ինչո՞ւ էր գժվում տասնմեկերորդ անգամ։ Ինչ-որ ջղային դյուրազգացություն է... որ վանքում է մշակել։
 
― Բարձր խելքի տեր ու մաքուր մարդ է,― ազդու արտասանեց ծերունին,― ոչ էլ անաստված է։ Գունդ-գունդ խելք ունի ու անհանգիստ սիրտ։ Դրա նման մարդիկ հիմա շատ են դուրս գալիս պարոնների և ուսյալների դասից։ Եվ ահա թե էլ ինչ կասեմ, մարդն ինքն է իրեն պատժում։ Իսկ դու անցիր նրանց կողքից ու նրանց մի ձանձրացրու, իսկ քուն մտնելուց առաջ հիշիր նրանց քո աղոթքներում, քանի որ դրա նմանները Աստված են փնտրում։ Աղոթք անո՞ւմ ես քնելուց առաջ։
 
― Ոչ, դատարկ ծիսականություն եմ համարում։ Սակայն պետք է ձեզ խոստովանեմ, որ ձեր Պյոտր Վալերիանովիչն ինձ դուր է գալիս, գոնե փալաս չէ, այլ այնուամենայնիվ մարդ է, որն ինչ-որ չափով նման է մեզ երկուսիս մոտ մի մարդու և որին երկուսս էլ լավ ենք ճանաչում։
 
Ծերունին իմ պատասխանի միայն առաջին նախադասությանը ուշադրություն դարձրեց։
 
― Իզուր չես աղոթում, բարեկամ, լավ է լինում, սիրտդ է ուրախանում, թե քուն մտնելիս, թե քնից վերկենալիս, թե գիշերը զարթնելիս։ Այ թե ինչ կասեմ քեզ։ Հենց էս ամռանը, հուլիսին, մենք շտապում էինք Աստվածամոր մենաստանը տոնի։ Քանի մոտենում էինք տեղին, էնքան շատ ժողովուրդ էր մեզ միանում և վերջում համարյա մի երկու հարյուր մարդ հավաքվեց, որոնք բոլորն էլ շտապում էին զույգ մեծ սքանչելագործներ Անիկիի ու Գրիգորիի միատեղված սուրբ մասունքները համբուրելու։ Գիշերեցինք, եղբայր, բաց դաշտում, և ես արթնացա վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, նույնիսկ արևը անտառի ետևից դեռ դուրս չէր եկել։ Խոնարհեցի գլուխս, սիրելիս, շուրջս նայեցի ու հառաչեցի ամեն տեղ չտեսնված-չլսված գեղեցկություն, ամեն ինչ խաղաղ, օդը թեթե, խոտ է աճում աճիր, Աստծո խոտ, ծիտն է երգում՝ երգիր Աստծո ծիտ, մանչուկն է կնոջ ձեռքին ճրրրում՝ Աստված քեզ հետ, փոքրիկ մարդ, աճիր բախտդ հետդ, մանկիկ։ Եվ կարծես առաջին անգամ կյանքումս այս բոլորը ինձ ու ինձ հասկացա։ Գլուխս դրի նորից ու էնքա՜ն թեթև քնեցի։ Լավ է էս աշխարհում, սիրելիս։ Եթե դրությունս թեթևանա, գարնանը նորից կգնամ թափառելու։ Իսկ էն, որ գաղտնիք է, դա նույնիսկ ավելի լավ է, վախենալի է սրտի համար ու հրաշալի, վախն էլ է սրտի ուրախության համար. «Ամեն բան քո մեջ է, Տեր Աստված, և ինքս էլ եմ քո մեջ, ընդունիր ինձ»։ Մի տրտնջա պատանյակ, էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է,― խանդաղատանքով ավելացրեց նա։
 
― «Էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է...»։ Սա ես կհիշեմ, այս բառերը։ Դուք սոսկալի անստույգ եք արտահայտվում, բայց ես հասկանում եմ... Ինձ զարմացնում է, որ դուք շատ ավելին գիտեք և հասկանում եք, քան կարող եք արտահայտել, միայն թե դուք կարծես տենդով եք բռնված...― նրա տենդագին աչքերին ու գունատված դեմքին նայելով բերանիցս թռցրի ես։ Բայց նա, կարծես, չլսեց էլ իմ ասածը։
 
― Արդյոք գիտե՞ս, սիրելի պատանյակ,― կարծես նախորդ խոսքը շարունակելով՝ սկսեց նորից նա,― արդյոք գիտե՞ս, որ մարդու հիշատակն էլ սահման ունի էս աշխարհում։ Մարդու հիշատակին միայն հարյուր տարի է սահման դրված։ Մահից հետո նրան դեռ կարող են հիշել նրա երեխաները, կամ թոռները, որոնք դեռ տեսել են նրա երեսը, իսկ հետո թեև կարող է շարունակվել նրա հիշատակը, բայց միայն բանավոր, մտավոր, քանի որ նրա կենդանի երեսը տեսնողներն էլ կանցնեն էս աշխարհից։ Եվ նրա գերեզմանի վրա խոտ կբուսնի գերեզմանոցում, կճաքի նրա վրայի սպիտակ քարը, և կմոռանան նրան բոլորը, և հենց իր ժառանգները կմոռանան, հետո կմոռանան նույնիսկ անունը նրա, քանի որ միայն քչերն են մնում մարդկանց հիշողության մեջ. թող մոռանան։ Եվ թող մոռանան, սիրելիներս, իսկ ես իմ գերեզմանից էլ սիրում եմ ձեզ։ Լսում եմ, մանուկներս, ձեր ուրախ ձայները, լսում քայլերը ձեր հարազատ ծնողների գերեզմաններին ծնողների օրը, ապրեցեք առայժմ արևի տակ, հրճվեցեք, իսկ ես Աստծուն կաղոթեմ ձեզ համար, կհայտնվեմ ձեր երազ-տեսիլքներում... միևնույն է մահից հետո էլ սերը կա...
 
Գլխավորն այն է, որ ես էլ, նրա պես, տենդով էի բռնված, փոխանակ հեռանայի, կամ համոզեի նրան հանգստանալ, իսկ գուցեև մահճակալին պառկեցնեի, քանի որ նա իսկապես, կարծես, զառանցում էր, ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը և, խոնարհվելով նրա վրա ու սեղմելով ձեռքը, հուզված շշուկով ու հոգումս հեղվող արտասուքներով ասացի.
 
― Ուրախ եմ, որ ձեզ տեսա։ Միգուցե ես ձեզ վաղուց էի սպասում։ Ես սրանցից ոչ մեկին չեմ սիրում, սրանք վայելչակերպ չեն... սրանց հետևից ես չեմ գնա, ես չգիտեմ, թե ուր կգնամ, ես ձեզ հետ կգամ...
 
Բայց, բարեբախտաբար, հանկարծ ներս մտավ մայրիկը, հակառակ դեպքում, չգիտեմ, թե ինչով կվերջացնեի։ Նա ներս մտավ հենց նոր արթնացած ու անհանգստացած դեմքով, դեղորայքի շշիկն ու ճաշի գդալը ձեռքին, մեզ տեսնելով նա բացականչեց.
 
― Էդպես էլ գիտեի։ Քինաքինայի դեղը ուշացրել եմ, ժամանակին չեմ տվել, դողէրոցքը բռնել է։ Քնով էի ընկել, Մակար Իվանովիչ, սիրելիս։
 
Ես վերկացա ու դուրս եկա։ Մայրիկը այնուամենայնիվ նրան դեղ տվեց ու անկողին պառկեցրեց։ Ես էլ պառկեցի իմ անկողնում, բայց չափազանց հուզված։ Ես վերադարձա մեծագույն հետաքրքրությամբ և ամբողջ էությամբ մտածում էի այդ հանդիպման մասին։ Ինչ էի սպասում այն ժամանակ ես այդ հանդիպումից՝ չգիտեմ։ Իհարկե, ես անկապ էի դատում և իմ ուղեղում ոչ թե մտքեր էին առկայծում, այլ միայն մտքի պատառիկներ։ Ես պառկած էի դեմքով դեպի պատը և հանկարծ անկյունում մայր մտնող արևի մի վառ, լուսավոր բիծ տեսա, հենց այն բիծը, որին այնպիսի անեծքով սպասում էի քիչ առաջ, և ահա հիշում եմ, ինչպես հոգիս, կարծես, խայտաց և ինչպես, կարծես, մի նոր լույս թափանցեց սիրտս։ Հիշում եմ այդ քաղցր պահը և չեմ ուզում մոռանալ։ Դա նոր հույսի ու նոր ուժի միայն մի պահ էր... Այն ժամանակ ես ապաքինվում էի, ուրեմն, նման պոռթկումները կարող էին իմ ներվերի վիճակի անխուսափելի արդյունքը լինել, բայց հենց այն նույն լուսավոր հույսին ես հիմա էլ հավատում եմ. ահա թե ինչը ես հիմա կուզեի գրի առնել ու լավ հիշել։ Իհարկե, ես այն ժամանակ էլ հաստատ գիտեի, որ չեմ գնա Մակար Իվանովիչի հետ ուխտագնացության և որ ինքս էլ չգիտեմ, թե ինչում է կայանում ինձ համակած այդ նոր ձգտումը, բայց մի խոսքով ես արդեն արտասանել էի, թեև տենդով բռնված. «Սրանց մեջ վայելչակերպություն չկա»։ «Իհարկե,― մտածում էի ես մոլուցքով բռնված,― այս րոպեից սկսած ես «վայելչակերպություն» եմ խնդրում, իսկ սրանց մեջ այն չկա, և դրա համար ես հեռանում եմ սրանցից»։
 
Ինչ-որ բան խշխշաց թիկունքումս, ես շրջվեցի, մայրիկս էր կանգնած, ինձ վրա խոնարհված և վեհերոտ հետաքրքրությամբ նայում էր աչքերիս։ Ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը։
 
― Այդ ինչո՞ւ, մայրիկ, դուք ինձ ոչինչ չեք ասել մեր թանկարժեք հյուրի մասին,― հարցրի հանկարծ ես, ինքս էլ համարյա չսպասելով, որ այդպես կասեմ։ Ողջ անհանգստությունը միանգամից անհետացավ նրա դեմքից և փոխարենը կարծես ուրախություն շողշողաց, բայց նա ինձ ոչինչ չպատասխանեց, բացի միայն մի խոսքից.
 
― Լիզային էլ մի մոռացիր, Լիզային, դու մոռացել ես Լիզային։
 
Նա արագ-արագ արտասանեց սա, շիկնելով, և ուզում էր փութկոտ հեռանալ, որովհետև ինքն էլ սոսկալի չէր սիրում զգացմունքների մասին երկարաբանել և այդ հարցում ճիշտ ինձ նման էր, այսինքն ամաչկոտ էր և առաքինի, դրան ավելացրած նաև այն, որ, իհարկե, չէր ուզենա ինձ հետ խոսակացություն սկսել Մակար Իվանովիչի մասին, բավական էր արդեն այն, ինչը մենք կարող էինք իրար ասել, հայացքներ փոխանակել։ Բայց ես, որ իսկապես ատում էի ամեն տեսակ ճոռոմաբանություններ զգացմունքների մասին, հենց ես ուժով պահեցի նրան, բռնելով ձեռքից, ես քաղցր նայում էի նրա աչքերին, քնքուշ ու կամացուկ ծիծաղում, իսկ մյուս ձեռքիս ափով շոյում էի նրա սիրելի դեմքը, նրա ներս ընկած այտերը։ Նա կռացավ և ճակատը հպեց իր ճակատին։
 
― Դեհ, Քրիստոսը քեզ հետ,― ասաց նա հանկարծ, խոնարհվելով և շողշողացող դեմքով,― առողջացիր։ Սա ես չեմ մոռանա։ Հիվանդ է նա, շատ հիվանդ... կյանքն ու մահը Աստծո ձեռքին է... Ախ, էն ի՜նչ ասացի, էդպիսի բան չի կարող լինել...
 
Նա դուրս եկավ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում ահ ու դողով և երկյուղածությամբ էր նա մեծարում իր օրինական ամուսին և ուխտագնաց Մակար Իվանովիչին, որ մեծահոգաբար և մեկ անգամ ընդմիշտ ներել էր նրան։
 
=== Գլուխ երկրորդ ===
 
==== I ====
 
Իսկ Լիզային ես չէի «մոռացել», մայրիկս սխալվում էր։ Զգայուն մայրը տեսնում էր, որ եղբոր ու քրոջ միջև կարծես ինչ-որ սառնություն կար. բայց բանը չսիրելու մեջ չէր, այլ ավելի շուտ խանդի։ Հետագան նկատի ունենալով՝ երկու խոսքով բացատրեմ։
 
Հենց իշխանի բանտարկության օրից սկսած՝ խեղճ Լիզայի պահվածքի մեջ ինչ-որ հանձնապաստան գոռոզություն, ինչ-որ անմատչելի մեծամտություն էր հայտնվել, որ համարյա անտանելի էր. բայց տանը բոլորն էլ հասկանում էին ճշմարտությունը և այն, թե ինչպես էր նա տառապում, իսկ եթե ես սկզբում նեղանում էի ու մռայլվում նրա մեզ հետ վարվելու ձևից, ապա միայն իմ մանրախնդիր դյուրագրգռության պատճառով, որը տասնապատիկ ուժեղացել էր հիվանդությանս հետևանքով, ահա թե ինչ եմ մտածում այդ մասին ես այժմ։ Իսկ Լիզային սիրելուց ես չէի դադարել ամենևին, այլ, ընդհակառակը, սիրում էի էլ ավելի, միայն թե չէի ուզում մոտենալ աառաջինը, հասկանալով, ի դեպ, որ նա ինքն էլ ոչ մի դեպքում չի մոտենա առաջինը։
 
Բանն այն է, որ իշխանի հետ կապված ամեն բան բացվելուն պես, նրա բանտարկությունից անմիջապես հետո, Լիզան շտապեց առաջին հերթին այնպիսի դիրք բռնել մեր և բոլոր մյուսների նկատմամբ, որ կարծես միտք անգամ չէր կարող հանդուրժել, թե իրեն կարելի է խղճալ կամ որևէ բանով մխիթարել, իսկ իշխանին արդարացնել։ Ընդհակառակը, աշխատելով ամենևին չբացատրվել և ոչ ոքի հետ չվիճել, նա կարծես շարունակ, ինչպես բարձրագույն հերոսությամբ, հպարտանում էր իր դժբախտ փեսացուի արարքով։ Նա կարծես ամեն րոպե ասում էր մեզ բոլորիս (կրկնում եմ, առանց բառ անգամ արտասանելու). «Ախր ձեզնից ոչ մեկն այդպես չի անի, ախր դուք ձեզ չեք մատնի հանուն պատվի ու պարտքի պահանջի, ախր ձեզնից ոչ մեկը չունի այդպիսի զգայուն ու անարատ խիղճ։ Իսկ ինչ վերաբերում է նրա արարքներին, ապա ո՞ւմ խղճի վրա վատ արարք չկա։ Միայն թե բոլորը դրանք թաքցնում են, իսկ այդ մարդը ցանկացավ ավելի շուտ կործանել իրեն, քան անարժան մնալ իր սեփական աչքում»։ Ահա թե ինչ էր արտահայտում, ըստ երևույթին, նրա յուրաքանչյուր շարժումը։ Չգիտեմ, բայց ես ճիշտ նույն կերպ կվարվեի, եթե նրա տեղը լինեի։ Չգիտեմ նաև. արդյո՞ք նույն մտքերն էին նրա հոգու խորքում, այսինքն ինքն իր հետ մտորելիս. կասկածում եմ, որ ոչ։ Իր բանականության մյուս, ավելի հստակ կեսով նա անպայման պետք է ըմբռներ իր «հերոսի» ողջ ոչնչությունը, քանի որ ո՞վ այժմ չի համաձայնի, թե այդ դժբախտ և նույնիսկ մեծահոգի մարդը իր տեսակի մեջ միևնույն ժամանակ ծայր աստիճանի չնչին մարդ էր։ Նույնիսկ նրա այդ գոռոզամտությունն ու մի տեսակ հարձակվողականությունը մեր բոլորիս նկատմամբ, նրա այդ շարունակական կասկածամտությունը, թե մենք այլ կարծիք ունենք իշխանի մասին, գուշակելու առիթ էին տալիս, թե Լիզայի սրտի խորքում նաև այլ դատողություն կարող էր կազմվել իր դժբախտ մտերմի մասին։ Սակայն իմ կողմից շտապում եմ ավելացնել, որ իմ կարծիքով Լիզան, թեև միայն կիսով չափ, բայց իրավացի էր. նրա համար նույնիսկ մեզնից շատ ավելի ներելի էր վերջնական եզրակացության մեջ տատանվելը։ Ես ինքս ամբողջ հոգով խոստովանում եմ, որ մինչև այժմ էլ, երբ ամեն բան արդեն անցած է, ամենևին չգիտեմ, ինչպես և ինչ վերջնական գնահատական տամ այդ դժբախտին, որն այդպիսի խնդիր տվեց մեզ լուծելու։
 
Այնուամենայնիվ Լիզայի պատճառով մեր տանը համարյա թե մի փոքրիկ դժոխք էր սկսվել։ Լիզան, որ այդքան ուժգին սիրում էր, պետք է որ խիստ տառապեր։ Համաձայն իր բնավորության՝ նա գերադասեց լուռ տառապել։ Նրա բնավորությունը նման էր իմ բնավորությանը, այսինքն տիրական էր և հպարտ, և ես միշտ կարծել եմ, և այն ժամանակ, և այժմ, որ նա սիրելի է իշխանին իր տիրական բնավորությունից, հենց այն պատճառով, որ իշխանը բնավորություն չուներ և որ հենց առաջին բառից ու ժամից նա միանգամայն ենթարկվել էր Լիզային։ Սա մի տեսակ ինքն իրեն, սրտում է կատարվում, առանց որևէ նախնական հաշվի, բայց այսպիսի սերը՝ ուժեղը թույլի նկատմամբ, երբեմն լինում է անհամեմատ ավելի ուժեղ ու տանջալից, քան հավասար բնավորությունների սերը, որովհետև ակամա քեզ վրա ես վերցնում քո թույլ մտերմի համար պատասխանատվությունը։ Ես, համենայն դեպս, այդպես եմ կարծում։ Հենց սկզբից մերոնք բոլորը Լիզային շրջապատեցին ամենաքնքուշ հոգատարությամբ, հատկապես մայրիկը, բայց նա չփափկեց, չարձագանքեց կարեկցանքին և, կարծես, մերժեց ամեն տեսակ օգնություն։ Սկզբում դեռ խոսում էր մայրիկի հետ, բայց օրեցօր խոսքի նկատմամբ դառնում էր ավելի ժլատ, կցկտուր և նույնիսկ չոր։ Սկզբում խորհրդակցում էր Վերսիլովի հետ, բայց շուտով որպես խորհրդատու և օգնական ընտրեց Վասինին, ինչպես զարմանքով իմացա ես հետո... Վասինի մոտ նա գնում էր ամեն օր, գնում էր նաև դատարանները, իշխանի պետերի մոտ, գնում էր փաստաբանների, դատախազի մոտ, ի վերջո նա ամբողջ օրերով տանը չէր լինում։ Անշուշտ, ամեն օր, մի երկու անգամ, այցելում էր և իշխանին, որը նստած էր բանտում, ազնվականների բաժանմունքում, բայց այդ տեսակցությունները, ինչպես լիովին համոզվեցի ես հետագայում, շատ տանջալից էին Լիզայի համար։ Հասկանալի է, ո՞ր երրորդ մարդը կարող է լիովին իմանալ երկու սիրահարների գործերը։ Բայց ինձ հայտնի է, որ իշխանն ամեն րոպե խորապես վիրավորում էր նրան և ինչո՞վ, օրինակ։ Տարօրինակ բան է. անդադար խանդով։ Սակայն դրա մասին հետագայում, բայց դրան մի միտք կավելացնեմ. դժվար է որոշել, թե նրանցից ով էր ում ավելի տանջում։ Մեր մեջ հպարտանալով իր հերոսով Լիզան, միգուցե, բոլորովին այլ կերպ էր վերաբերվում նրան երես առ երես, ինչը ես հաստատապես կասկածում եմ, համաձայն որոշ տվյալների, որոնց մասին, ի դեպ, նույնպես հետագայում։
 
Այսպիսով, ինչ վերաբերում է իմ հարաբերություններին ու զգացմունքներին Լիզայի նկատմամբ, ապա ինչը որ առերես էր, միայն շինծու, խանդից ելնող կեղծիք էր երկուսիս կողմից էլ, բայց երկուսս էլ երբեք իրար այնպես ուժգին չենք սիրել, ինչպես այդ ժամանակ։ Ավելացնեմ նաև, որ Մակար Իվանովիչի նկատմամբ, նրա մեր տանը հայտնվելուն պես, Լիզան առաջին զարմանքից ու հետաքրքրությունից հետո, չգիտես ինչու սկսեց արհամարհանքով, նույնիսկ գոռոզամտորեն վերաբերվել։ Նա մի տեսակ, կարծես, դիտավորյալ ամենաչնչին ուշադրությունն անգամ չէր դարձնում նրա վրա։
 
Խոսք տալով ինձ, որ «լռելու» եմ, ինչպես բացատրեցի նախորդ գլխում, ես. իհարկե, տեսականորեն, այսինքն իմ երազներում, ես միտք ունեի պահել խոսքը։ Օ՜, Վերսիլովի հետ ես, օրինակ, ավելի շատ կենդանաբանության կամ հռոմեական կայսրերի մասին կխոսեի, քան, ասենք, թե նրա կամ Վերսիլովի նրան գրած նամակի այն կարևորագույն տողի մասին, որտեղ նա հայտնում է, թե «փաստաթուղթը այրված չէ, կա և ի հայտ կգա»,― այն տողի, որի մասին ես անհապաղ սկսեցի նորից մտածել, հենց որ ուշքի եկա, և տենդից հետո գիտակցությունս վերականգնվեց։ Բայց ավա՜ղ, գործնականում հենց առաջին քայլերիցս, և համարյա մինչև քայլերս, ես կռահեցի, թե որքան դժվար է և նույնիսկ անհնարին նման կանխորոշումներում իրեն զսպելը։ Մակար Իվանովիչի հետ ծանոթությանս հենց հետևյալ օրը ես սոսկալի հուզմունք ապրեցի մի անսպասելի իրադարձությունից։
 
==== II ====
 
Հուզմունք ապրեցի ես Նաստասիա Եգորովնայի՝ հանգուցյալ Օլյայի մոր անսպասելի այցելությունից։ Մայրիկիցս ես արդեն լսել էի, որ նա մի երկու անգամ եղել է իմ հիվանդության ժամանակ և որ շատ է հետաքրքրվել իմ առողջությամբ։ Արդյոք, իսկապես ինձ համար է եկել այդ «բարի կինը», ինչպես նրա մասին միշտ արտահայտվում էր մայրիկս, թե ուղղակի այցելել է մայրիկիս համաձայն արդեն ընդունված կարգի, ես չհարցրի։ Տան անցուդարձի մասին մայրիկս սովորաբար միշտ պատմում էր ինձ, երբ արգանակը ձեռքին գալիս էր ինձ կերակրելու (երբ ես ինքս դեռ չէի կարող ուտել), որպեսզի զբաղեցնի ինձ. իսկ ես այդ ժամանակ համառորեն աշխատում էի ցույց տալ ամեն անգամ, որ այնքան էլ չեմ հետաքրքրվում բոլոր այդ տեղեկություններով և այդ պատճառով Նաստասիա Եգորովնայի մասին էլ ավելի մանրամասն հարց ու փորձ չարի, նույնիսկ բալորովին լուռ մնացի։
 
Ժամը տասնմեկին մոտ էր. ես հենց նոր ուզում էի վեր կենալ մահճակալից և անցնել բազկաթոռին սեղանի մոտ, երբ նա ներս մտավ։ Ես դիտավորյալ անկողնում մնացի։ Մայրիկս ինչ-որ բանով շատ զբաղված էր վերևում և ցած չիջավ նրա գալու պահին, այնպես որ մենք հանկարծ երկուսով եղանք սենյակում։ Նա նստեց իմ դիմաց, պատի մոտ դրված աթոռին, ժպտալով և առանց ոչ մի բառ արտասանելու։ Ես կանխազգացի, որ մնջախաղ ենք խաղալու և ընդհանրապես նրա գալն ինձ վրա ամենագրգռիչ տպավորությունը թողեց։ Ես նույնիսկ գլխի շարժումով չբարևեցի նրան և ուղիղ նայում էի նրա աչքերին, բայց նա էլ էր ուղիղ ինձ նայում։
 
― Ձեզ համար իշխանից հետո, երևի, մենակ ամբողջ բնակարանում, ձանձրալի՞ է,― կորցնելով համբերությունս հարցրի ես հանկարծ։
 
― Ոչ, ես հիմա էն բնակարանում չեմ։ Հիմա ես Աննա Անդրեևնայի պատճառով նրա երեխային եմ հետևում։
 
― Ո՞ւմ երեխային։
 
― Անդրեյ Պետրովիչի,― դռանը հայացք նետելով գաղտնապահական շշուկով արտասանեց նա։
 
― Բայց չէ՞ որ այնտեղ Տատյանա Պավլովնան է...
 
― Եվ Տատյանա Պավլովնան, և Աննա Անդրեևնան, երկուսն էլ Լիզավետա Մակարովնան էլ, ձեր մայրիկն էլ... բոլորը։ Բոլորն էլ հոգ են տանում։ Տատյանա Պավլովնան ու Աննա Անդրեևնան հիմա շատ մտերիմ են իրար հետ։
 
Նորություն։ Խոսելիս նա շատ աշխուժացավ։ Ես ատելությամբ նրան էի նայում։
 
― Դուք շատ աշխուժացել եք վերջին անգամ ինձ մոտ գալուց հետո։
 
― Օ, այո։
 
― Կարծես, հաստացել եք։
 
Նա տարօրինակ ինձ նայեց.
 
― Ես նրանց շատ սիրեցի, շատ։
 
― Այդ ո՞ւմ։
 
― Հենց Աննա Անդրեևնային։ Շատ։ Էնքան ազնվաբարո օրիորդ է, էն էլ ի՜նչ խելոք...
 
― Ահա թե ինչ։ Իսկ ի՞նչ է, ինչպե՞ս է նա։
 
― Նա շատ հանգիստ է, շատ։
 
― Նա միշտ էլ հանգիստ էր։
 
― Միշտ։
 
― Եթե դուք բամբասանքի եք եկել,― չդիմանալով, հանկարծ բղավեցի ես,― ապա իմացեք, որ ես ոչ մի բանի չեմ խառնվում, ես վճռել եմ թողնել... ամեն բան և ամենքին, ինձ համար միևնույն է, ես հեռանալու եմ...
 
Ես լռեցի, որովհետև ուշքի եկա։ Ինձ համար ստորացուցիչ էր իմ նոր նպատակները նրան, կարծես, բացատրելը։ Իսկ նա առանց զարմանքի ու հուզմունքի ականջ դրեց ինձ, բայց դրան նորից լռություն հետևեց։ Հանկարծ նա վեր կացավ տեղից, մոտեցավ դռանը ու դռնից նայեց հարևան սենյակ։ Համոզվելով, որ այնտեղ ոչ ոք չկա, և որ մենք մենակ ենք, նա հանգիստ վերադարձավ և նստեց նույն տեղը։
 
― Այդ մեկը լավ արիք,― հանկարծ ծիծաղեցի ես։
 
― Ձեր բնակարանը՝ չինովնիկների տանը, դուք ձեզ համար պահելո՞ւ եք,― մի փոքր դեպի ինձ թեքվելով ու ձայնը ցածրացնելով՝ հանկարծ հարցրեց նա, կարծես դա ամենագլխավոր հարցն էր, որի համար էլ հենց եկել էր։
 
― Բնակարա՞նս։ Չգիտեմ։ Գուցեև թողնեմ... Ի՞նչ իմանամ։
 
― Բայց տանտերերը ձեզ շատ են սպասում, չինովնիկը մեծ անհամբերությամբ է սպասում, նրա տիկինը նույնպես։ Անդրեյ Պետրովիչը նրանց վստահեցրեց, որ դուք հաստատ կվերադառնաք։
 
― Իսկ ձեր ինչի՞ն է դա պետք։
 
― Աննա Անդրեևնան էլ էր ուզում իմանալ, շատ գոհ էր, իմանալով, որ դուք մնում եք էնտեղ։
 
― Իսկ նա որտեղի՞ց այդքան հաստատ գիտե, թե ես անպայման կմնամ այն բնակարանում։
 
Ես ուզում էի ավելացնել. «Եվ նրա ինչի՞ն է դա պետք», բայց հպարտությունից զսպեցի ինձ ու հարցուփորձ չարի։
 
― Եվ պարոն Լամբերտն էլ նույնը նրան հաստատ հաղորդեց։
 
― Ի-ի-ի՞նչ։
 
― Պարոն Լամբերտը։ Նա Անդրեյ Պետրովիչին էլ վստահ հաստատում էր, որ դուք կմնաք և Աննա Անդրևենային էլ վստահեցրեց դրանում։
 
Ես ամբողջ մարմնովս կարծես ցնցվեցի։ Սա ի՜նչ հրաշք է։ Ուրեմն, Լամբերտն արդեն ճանաչում է Վերսիլովին, Լամբերտը թափանցել է Վերսիլովի մոտ, Լամբերտն ու Աննա Անդրևենան, նա թափանցել է նաև Աննա Անդրեևնայի մոտ։ Տաքություն տվեց վրաս, բայց ես լռեցի։ Հպարտության սոսկալի մի հորձանք լցվեց հոգիս, արդյո՞ք հպարտության, թե չգիտեմ ինչի հորձանք։ Բայց ես հանկարծ, կարծես, ասացի ինձ այն րոպեին. «Եթե բացատրություն ստանալու համար թեկուզ մի բառ հարցնեմ, ապա կրկին կխճճվեմ այդ աշխարհում և երբեք չեմ կարողանա ձեռք քաշել նրանից»։ Ատելություն բռնկվեց սրտումս։ Ամբողջ ուժովս որոշեցի լռել և պառկած էի անշարժ։ Նա էլ մի ամբողջ րոպե լուռ էր։
 
― Ինչպե՞ս է իշխան Նիկոլայ Իվանովիչը,― կարծես բանականությունս կորցրած հանկարծ հարցրի ես։ Բանն այն է, որ ես վճռականորեն հարցրի, որպեսզի թեման փոխեմ, և կրկին, պատահաբար, ամենակապիտալ հարցը տվեցի, ինքս, խելագարի պես, նորից վերադառնալով այն աշխարհը, որից այդպիսի ջղաձգությամբ հենց նոր որոշեցի փախչել։
 
― Ցարսկոյե սելոյում է։ Մի քիչ հիվանդացել էր, իսկ քաղաքում էդ հիմիկվա ջերմախտերն են սկսվել, բոլորն էլ խորհուրդ տվին լավ օդի համար Ցարսկոյե՝ իր էնտեղի սեփական տունը տեղափոխվել։
 
Ես չպատասխանեցի։
 
― Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը երեք օրը մեկ այցելում են նրան, միասին էլ գնում են։
 
Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը (այսինքն ''նա'') բարեկամուհիներ են։ Միասին են գնում։ Ես լուռ էի։
 
― Էնքա՜ն են մտերմացել, և Աննա Անդրեևնան էնքա՜ն լավ է Կատերինա Նիկոլաևնայի մասին խոսում...
 
Ես շարունակում էի լուռ մնալ։
 
― Իսկ Կատերինա Նիկոլաևնան նորից բարձր հասարակությամբ է «տարվել», տոն է տոնի հետևից, ինքն էլ փայլում է էնտեղ, ասում են նույնիսկ բոլոր պալատականներ են նրան սիրահարված... իսկ պարոն Բյորինգից լրիվ է հրաժարվել, և հարսանիք չի լինելու, բոլորն էլ դա են պնդում... իբր էն անգամվանից հետո։
 
Այսինքն՝ Վերսիլովի նամակից հետո։ Ես ամբողջ մարմնովս դողացի, բայց ոչ մի բառ չարտասանեցի։
 
― Աննա Անդրեևնան ո՜նց է ափսոսում իշխան Աերգեյ Պետրովիչին, և Կատերինա Նիկոլաևնան՝ նույնպես, և բոլորն էլ ասում են, որ նրան կարդարացնեն, իսկ էն մյուսին՝ Ստեբելկովին, կդատապարտեն...
 
Ես ատելությամբ նրան նայեցի։ Նա վեր կացավ տեղից ու հանկարծ խոնարհվեց ինձ վրա։
 
― Աննա Անդրեևնան հատկապես ապսպրեց իմանալ ձեր որպիսությունը,― արդեն լիակատար շշուկով արտասանեց նա,― և շատ պնդեց խնդրել ձեզ, որ այցելեք իրեն, հենց որ սկսեք դուրս գալ տանից։ Մնաք բարով։ Առողջացեք, իսկ ես հենց էդպես էլ կասեմ...
 
Նա գնաց։ Ես նստեցի մահճակալիս, սառը քրտինքը պատեց ճակատս, բայց ես վախ չէի զգում, ինձ համար անըմբռնելի ու այլանդակ լուրը Լամբերտի և նրա ոտնձգությունների մասին ամենևին, օրինակ, սարսափով չլցրեց հոգիս, դատելով այն միգուցե անգիտակցական վախով, որով թե հիվանդությանս ժամանակ, թե ապաքինմանս առաջին օրերին հիշում էի իմ՝ նրա հետ ունեցածս հանդիպման մասին այն գիշեր։ Ընդհակառակը, այն առաջին, աղոտ պահին, Նաստասիա Եգորովնայի գնալուց անմիջապես հետո, մահճակալին նստած, ես նույնիսկ կանգ չառա Լամբերտի վրա, բայց... ինձ ամենից ավելի գրավեց լուրը նրա մասին, Բյորինգի ու նրա հարաբերությունների խզման, նրա բարձրաշխարհիկ հասարակության մեջ ունեցած երջանկության. տոնախմբությունների, հաջողության, «փայլի» մասին։ «Փայլում է»,― հնչում էր ականջիս Նաստասիա Եգորովնայի խոսքը։ Եվ ես հանկարծ զգացի, որ չեմ կարող իմ ուժերով պոկվել այդ շրջապտույտից, թեև կարողացա ինձ զսպել, լռել ու Նաստասիա Եգորովնային նրա տարօրինակ պատմություններից հետո հարցուփորձ չանել։ Այդ կյանքի անսահման տենչը, ''նրանց'' կյանքը համակեց իմ ողջ հոգին և... ես ինչ-որ մի ուրիշ քաղցրաշունչ տենչ, որը ես զգում էի երջանկության, տանջալից ցավի աստիճան։ Իսկ մտքերս մի տեսակ խռնվում էին, բայց ես էի նրանց թույլ տալիս խռնվելու։ «Մտորելու ի՜նչ կա այստեղ»,― զգում էի ես։ «Սակայն նույնիսկ մայրիկս ինձնից թաքցրեց. որ Լամբերտը եկել է,― մտքի անկապ պատառիկներով մտածում էի ես,― Վերսիլովն է կարգադրել թաքցնել... Կմեռնեմ, բայց Վերսիլովից ոչինչ չեմ հարցնի Լամբերտի մասին»։― «Վերսիլովը,― կրկին առկայծեց գլխումս։― Վերսիլովն ու Լամբերտը, օ՜, որքան նորություններ ունեն նրանք։ Կեցցե Վերսիլովը։ Վախեցրեց գերմանացի Բյորինգին այն նամակով. Վերսիլովը զրպարտեց նրան la calomnie... il en reste toujours quelque chose<ref>Զրպարտություն... այնուամենայնիվ մի բան մնում է զրպարտությունից (ֆրանս.)։
</ref>, և բարձրաշխարհիկ գերմանացին վախեցավ խայտառակությունից, հա, հա, հա՜... Թող դաս լինի նրան»― «Լամբերտը... հո չի՞ սողոսկել նրա մոտ Լամբերտը։ Ինչու չէ։ Ինչո՞ւ «չկապվի» նա նաև Լամբերտի հետ։
 
Այստեղ ես հանկարծ դադարեցի մտածել այս անիմաստ բաների մասին և հուսահատված ընկա բարձիս վրա։ «Բայց դա չի լինելու»,― հանկարծակի վճռականությամբ բացականչեցի ես, վեր թռա անկողնուցս, հագա կոշիկներս, խալաթս և ուղիղ դիմեցի դեպի Մակար Իվանովիչի սենյակը, կարծես այնտեղ էր այս բոլոր կախարդանքների թոթափումը, փրկությունը, խարիսխը, որից կառչելով, ես հաստատ կանգնած կմնամ։ Եվ իսկապես, կարող է լինել, որ այդ միտքը ես այն ժամանակ կզգայի հոգուս ողջ զորությամբ, թե չէ, հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի այն ժամանակ այդպես անզուսպ ու հանկարծակի վեր թռչեի տեղիցս և հոգեկան այդպիսի վիճակով նետվեի Սակար Իվանովիչի մոտ։
 
==== III ====
 
Բայց Մակար Իվանովիչի մոտ, ինձ համար միանգամայն անսպասելի մարդկանց՝ մայրիկիս ու բժշկին, հանդիպեցի։ Քանի որ, չգիտես ինչու, այստեղ գալիս ես պատկերացնում էի, թե ծերունուն անպայման մենակ եմ գտնելու, ինչպես երեկ, ապա մի բութ շվարածությամբ կանգ առա շեմին։ Բայց չհասցրի խոժոռվել, երբ իմ հետևից իսկույն մտավ Վերսիլովը, իսկ նրա հետևից հանկարծ նաև Լիզան... Ուրեմն բոլորը ինչ-որ բանի համար հավաքվել էին Մակար Իվանովիչի մոտ և «հենց այն ժամանակ, երբ դա պետք չէր»։
 
― Եկել եմ ձեր առողջության մասին իմանալու,― ուղիղ Մակար Իվանովիչին մոտենալով ասացի ես։
 
― Շնորհակալ եմ, սիրելիս, սպասում էի քեզ, գիտեի, որ կգաս։ Գիշերը քո մասին էի մտածում։
 
Նա գուրգուրալից նայում էր ուղիղ աչքերիս և ես տեսնում էի, որ նա ինձ համարյա թե ամենից շատ է սիրում, իսկ ես ակամա իսկույն ևեթ նկատեցի, որ թեև նրա դեմքն ուրախ էր, բայց հիվանդությունն այնուամենայնիվ որոշակի հաջողությունների էր հասել գիշերվա ընթացքում։ Մինչ այդ բժիշկը հենց նոր հանգամանորեն քննել էր նրան։ Հետո ես իմացա, որ այդ բժիշկը (հենց այս երիտասարդը, որի հետ ես ընդհարվել էի և որը Մակար Իվանովիչի գալու օրից բուժում էր նրան) չափազանց ուշադիր էր բուժվողի նկատմամբ և (միայն թե չեմ կարողանում խոսել նրանց բժշկական լեզվով) զանազան հիվանդությունների մի ամբողջ բարդացում էր նկատում նրանում։ Մակար Իվանովիչը, ինչպես ես հենց առաջին հայացքից նկատեցի, ամենամտերմական բարեկամական հարաբերությունների մեջ էր նրա հետ. դա հենց իսկույն դուր չեկավ ինձ, սակայն ես էլ ինձ լավ չէի զգում այդ րոպեին։
 
― Իսկապես, Ալեքսանդր Սեմյոնովիչ, ինչպե՞ս է այսօր մեր սիրելի հիվանդը,― տեղեկացավ Վերսիլովը։ Եթե ես այդքան ցնցված չլինեի, ապա առաջին հերթին ինձ համար սոսկալի հետաքրքիր կլիներ հետևել նաև Վերսիլովի վերաբերմունքին այդ ծերունու նկատմամբ, որի մասին ես արդեն երեկ էի մտածում։ Այժմ ինձ ամենից շատ զարմացրեց Վերսիլովի դեմքի չափազանց մեղմ ու հաճելի արտահայտությունը, նրանում միանգամայն անկեղծ մի բան կար։ Ես մի անգամ, կարծեմ, արդեն նկատել եմ, որ Վերսիլովի դեմքը զարմանալի հոյակապ էր լինում, երբ նա թեկուզ մի փոքր ավելի բարեհոգի էր դառնում։
 
― Դե մենք շարունակ կռիվների մեջ ենք,― պատասխանեց բժիշկը։
 
― Մակար Իվանովիչի հե՞տ։ Չեմ հավատա, նրա հետ կռվել չի կարելի։
 
― Ախր, չի ենթարկվում։ Գիշերները չի քնում...
 
― Դե վերջ տուր, Ալեքսանդր Սեմյոնովիչ, հերիք է նախատես,― ծիծաղեց Մակար Իվանովիչը։― Հը, ի՞նչ եղավ, եղբայր Անդրեյ Պետրովիչ, ո՞նց վարվեցին մեր օրիորդի հետ։ Սա ամբողջ առավոտ տակնուվրա է լինում, անհանգստանում, մայրիկիս ցույց տալով, ավելացրեց նա։
 
― Ախ, Անդրեյ Պետրովիչ,― իսկապես արտակարգ անհանգստությամբ բացականչեց մայրիկս,― գոնե շուտ պատմիր, մի տանջիր, ի՞նչ պատիժ տվին խեղճին։
 
― Դատապարտեցին մեր օրիորդին։
 
― Ա՜խ,― բացականչեց մայրիկս։
 
― Բայց հո Սիբիր չաքսորեցին, հանգստացիր, ընդամենը տասնհինգ ռուբլի տուգանքի ենթարկեցին։ Ծիծաղելի բան դուրս եկավ։
 
Նա նստեց, նստեց նաև բժիշկը։ Նրանք խոսում էին Տատյանա Պավլովնայի մասին, իսկ ես դեռ ամենևին ոչինչ չգիտեի այդ պատմության մասին։ Ես նստած էի Մակար Իվանովիչի ձախ կողմում, իսկ Լիզան նստեց իմ դիմաց աջ կողմում։ Նա, ըստ երևույթին, ինչ-որ իր այսօր վրա հասած, վիշտն ուներ, որով էլ եկել էր մայրիկի մոտ, նրա դեմքի արտահայտությունն անհանգիստ ու գրգռված էր։ Այդ րոպեին մենք հայացքներ փոխանակեցինք, և ես հանկարծ մտածեցի. «Երկուսս էլ խայտառակված ենք, և ես պետք է առաջին քայլն անեմ դեպի նա»։ Սիրտս հանկարծ փափկեց նրա նկատմամբ։ Մինչ այդ Վերսիլովն սկսել էր պատմել առավոտյան արկածի մասին։
 
Բանն այն է, որ Տատյանա Պավլովնան այդ առավոտյան իր խոհարարուհու հետ հաշտարար դատարանում դատ ուներ։ Գործը ծայր աստիճան դատարկ մի բան էր, ես արդեն հիշատակել եմ այն, որ քինոտ չուխոնուհին երբեմն չարանալով, նույնիսկ շաբաթներով չէր խոսում ոչ մի բառ չպատասխանելով իր տիրուհու հարցերին, հիշատակել եմ նաև Տատյանա Պավլովնայի նրա նկատմամբ ունեցած թուլության մասին, որը նրա ամեն բանին դիմանում էր և ոչ մի դեպքում չէր ուզում մեկընդմիշտ դուրս վռնդել նրան։ Պառաված օրիորդների ու տիրուհիների այս բոլոր քմահաճություններն իմ աչքում ծայր աստիճան արհամարհանքի են արժանի, և ոչ թե ուշադրության և, եթե ես որոշեցի այս պատմության մասին հիշատակել այստեղ, միմիայն այն պատճառով, որ այս խոհարարուհուն վիճակված էր հետագայում, իմ պատմության հետագա ընթացքում որոշ նշանակալի ու ճակատագրական դեր խաղալ։ Եվ ահա վերջապես, համբերությունից դուրս գալով համառ չուխոնուհու վարքագծից, որն արդեն մի քանի օր ոչինչ չէր պատասխանում իրեն, Տատյանա Պալվլովնան հանկարծ խփել էր նրան, որը առաջներում երբեք չէր պատահել։ Չուխոնուհին այստեղ էլ ոչ մի ծպտուն անգամ չէր հանել, բայց նույն օրը հաղորդակցության մեջ էր մտել հետնամուտքի նույն սանդուղքի վարի մի անկյունում բնակվող պաշտոնաթող միչման Օսետրովի հետ, որը, գոյության պայքարով մղված, զբաղվում էր զանազան գործերով դեսուդեն գնալով, անշուշտ, նաև դատարաններում նման խնդիրների հարուցումով։ Բանն ավարտվել էր նրանով, որ Տատյանա Պավլովնային կանչել էին հաշտարար դատավորի մոտ, իսկ Վերսիլովը, չգիտես ինչու, ստիպված էր եղել դատաքննության ժամանակ ցուցմունք տալ որպես վկա։
 
Այս բոլորը Վերսիլովը պատմեց արտակարգ ուրախ ու զվարճալի, այնպես, որ նույնիսկ մայրիկս ծիծաղեց, նա դեմքերով ներկայացրեց և՛ Տատյանա Պավլովնային, և՛ միչմանին, և՛ խոհարարուհուն։ Խոհարարուհին հենց սկզբից հայտարարել էր դատարանին, որ ուզում է տուգանք ստանալ փողով, «թե չէ խանումիս որ նստեցնեն, ո՞ւմ համար պիտի ճաշ եփեմ»։ Դատավորի հարցերին Տատյանա Պավլովնան պատասխանել էր արտակարգ գոռոզամտությամբ, արժանավայել չհամարելով նույնիսկ արդարանալը, ընդհակառակը, խոսքն ավարտել էր «Խփել եմ և էլի եմ խփելու» նախադասությամբ, որի հետևանքով դատարանին տված հանդուգն պատասխանների համար անհապաղ տուգանվել էր երեք ռուբլով։ Միչմանը, որը մի լողլող ու նիհար երիտասարդ էր, ուզեցել էր երկարաշունչ ճառ ասել՝ ի պաշտպանություն իր հովանավորյալի, բայց խայտառակ կերպով շփոթվել էր ու ամբողջ դահլիճը ծիծաղեցրել։ Դատավարությունն շուտով ավարտվել էր, և Տատյանա Պավլովնային դատապարտել էին վիրավորված Մարյային վճարել տասնհինգ ռուբլի։ Սա էլ առանց հետաձգելու, իսկույն դրամապանակը հանել և ուզեցել էր վճարել փողը, ի դեպ, տեղնուտեղը հայտնվել էր միչմանը և ձեռքը պարզել էր փող ստանալու, բայց Տատյանա Պավլովնան համարյա հարվածով մի կողմ էր հրել նրա ձեռքը և դիմել Մարյային։ «Դե լավ, խանում, արժե՞ անհանգստանալ, հաշվիս ավելացրեք, իսկ սրա հաշիվը ես ինքս կփակեմ»։ «Մի տես, է, Մարյա, ի՜նչ լողլողին ես ճարել»,― միչմանին ցույց տվեց Տատյանա Պավլովնան, սոսկալի ուրախանալով, որ վերջապես Մարյան խոսեց։ «Ճիշտ որ լողլող է, խանում,― խորամանկորեն պատասխանեց Մարյան,― այսօր կողիկները ոլոռո՞վ եք պատվիրել, էն ժամանակ լավ չլսեցի, էստեղ էի շտապում»։― «Ախ, ոչ, կաղամբով, և տես, Մարյա, չվառես, խնդրեմ, ինչպես երեկ»։― «Չէ, էսօր հատուկ կաշխատեմ, տիրուհի, տվեք ձեր ձեռքը համբուրեմ»,― և ի նշան հաշտության, համբուրել էր տիրուհու ձեռքը։ Մի խոսքով զվարճացրել էր ողջ դահլիճը։
 
― Մի տես, թե ինչն է,― գլուխը տարուբերեց մայրիկս, չափազանց գոհ թե տեղեկությունից, թե Անդրեյ Պետրովիչի պատմելուց, բայց աչքի պոչով անհանգստացած հայացքներ էր նետում Լիզայի վրա։
 
― Իրասածի օրիորդ էր ամենաջահել ժամանակվանից,― քմծիծաղ տվեց Մակար Իվանովիչը։
 
― Մաղձ և անգործություն,― արձագանքեց բժիշկը։
 
― Այդ ե՞ս եմ իմասածի, այդ ե՞ս եմ մաղձն ու անգործությունը,― ներս մտավ հանկարծ Տատյանա Պավլովնան, ըստ երևույթին, չափազանց գոհ իրենից,― գոնե դու, Ալեքսանդր Սեմյոնովիչ, դատարկ բաներ չխոսես, դեռ տասը տարեկան հասակիցդ ինձ ճանաչում էիր, գիտեիր, թե ինչ անգործն եմ, իսկ մաղձից ինքդ ես ամբողջ տարին ինձ բուժում և բուժել չես կարողանում, այնպես որ ինքդ դրա համար ամաչիր։ Դեհ, բավական է ինձ ծաղրեք. շնորհակալ եմ, Անդրեյ Պետրովիչ, որ նեղություն քաշեցիր, դատարան եկար։ Իսկ դու ո՞նց ես, Մակարուշկա, հենց միայն քեզ տեսնելու եկա, ոչ թե սրան (նա ցույց տվեց ինձ, բայց իսկույն էլ բարեհաճորեն ձեռքով խփեց ուսիս. ես դեռ երբեք չէի տեսել նրան այդպիսի բարձր տրամադրությամբ)։
 
― Հը, ո՞նց է,― իր խոսքն ավարտեց նա՝ հանկարծ դառնալով բժշկին և մտահոգ խոժոռվելով։
 
― Տեսեք, չի ուզում անկողին մտնել, իսկ այսպես, նստած միայն հյուծում է իրեն։
 
― Դե, ես էսպես ուզում եմ մի քիչ նստեմ մարդկանց մեջ,― խնդրող, երեխայի դեմքով քրթմնջաց Մակար Իվանովիչը։
 
― Դե մենք հո սիրում ենք, շատ ենք սիրում խմբովին զրուցել, երբ մեր շուրջը հավաքվում են մարդիկ, ճանաչում եմ Մակարուշկային,― ասաց Տատյանա Պավլովնան։
 
― Համ էլ ի՜նչ ճարպիկն է,― բժշկին դիմելով նորից ժպտաց ծերունին,― ասելու բան չի. դու սպասիր, թող ասեմ, կպառկեմ, սիրելիս, լսեցի, իսկ մեր խոսքով դա, այ թե ինչ է. «Թե որ պառկես, ով գիտի, էլ վեր չես կենա».― այ թե ինչ է կանգնել թիկունքումս, բարեկամ։
 
― Հենց դա է, որ կա, այդպես էլ գիտեի, ժողովրդական նախապաշարմունքներ. «Թե որ պառկեմ, այսինքն մեկ էլ տեսար, էլ վեր չեմ կենա»,― ահա թե ինչից է շատ հաճախ վախենում ժողովուրդը և ավելի շուտ գերադասում են հիվանդությունը ոտքի վրա անցկացնել, քան թե հիվանդանոց պառկել։ Իսկ ձեզ, Մակար Իվանովիչ, ուղղակի կարոտն է խեղդում, ազատության մեկ էլ մեծ ճանապարհի կարոտը ― ահա և ձեր ողջ հիվանդությունը. երկար ժամանակ մի տեղում ապրելուց հետ եք սովորել։ Չէ՞ որ դուք, այսպես կոչված, ուխտագնաց եք, ճամփորդ։ Իսկ դե շրջմոլիկությունը մեր ժողովրդի մեջ համարյա կիրք է դառնում։ Դա ես շատ անգամ եմ նկատել ժողովրդի մեջ։ Մեր ժողովուրդն առավելապես թափառաշրջիկ է։
 
― Ուրեմն, Մակարը թափառաշրջի՞կ է քո կարծիքով,― նրա միտքը շարունակեց Տատյանա Պավլովնան։
 
― Օ՜, ես բոլորովին էլ այդ մտքով չեմ ասում, ես բառն օգտագործեցի նրա ընդհանուր իմաստով։ Դե, ասենք կրոնական թափառաշրջիկ, ասենք, բարեպաշտ, բայց այնուամենայնիվ, թափառաշրջիկ։ Լավ, պատկառելի իմաստով, բայց թափառաշրջիկ... Ես բժշկական տեսակետից...
 
― Հավատացնում եմ ձեզ,― հանկարծ բժշկին դիմեցի ես,― որ թափառաշրջիկներն ավելի շուտ մենք ենք՝ դուք, ես և բոլոր նրանք, ով այստեղ կա և ոչ թե այս ծերունին, որից մենք դեռ շատ բան ունենք սովորելու, որովհետև նա հաստատուն բան ունի կյանքում, իսկ մենք, որքանս որ այստեղ կանք, ոչ մի հաստատուն բան չունենք կյանքում... Թեև դա ձեր հասկանալու բանը չէ։
 
Ըստ երևույթին, ես դա խիստ արտասանեցի, բայց հենց դրա համար էլ եկել էի։ Իսկապես չգիտեմ, ինչու էի շարունակում նստած մնալ և կարծես ցնորված լինեի։
 
― Քեզ ի՞նչ պատահեց,― կասկածանքով ինձ նայեց Տատյանա Պավլովնան,― հը՞, ինչպես գտար սրան, Մակար Իվանովիչ,― մատով ինձ ցույց տվեց նա։
 
― Աստված օրհնի նրան, աչքաբաց է,― լուրջ տեսքով ասաց ծերունին, բայց «աչքաբաց» բառի վրա համարյա բոլորը ծիծաղեցին։ Ես մի կերպ դիմացա, բայց բոլորից ավելի ծիծաղում էր բժիշկը։ Բավական վատ էր այն, որ ես այն ժամանակ չգիտեի նրանց նախնական պայմանավորվածության մասին։ Վերսիլովը, բժիշկն ու Տատյանա Պավլովնան դեռ երեք օր դրանից առաջ պայմանավորվել էին ամեն կերպ շեղել մայրիկիս ուշադրությունը ամեն տեսակ վատ կանխազգացումներից ու վախերից Մակար Իվանովիչի առողջության նկատմամբ, որը շատ ավելի հիվանդ ու անհուսալի վիճակում էր, քան թե ես այն ժամանակ կարծում էի։ Ահա թե ինչու բոլորը կատակում էին ու աշխատում էին ծիծաղել։ Միայն բժիշկն էր հիմար և, բնականաբար, կատակել չգիտեր, հենց այդ պատճառով էլ հետո այդպես ստացվեց։ Եթե ես էլ իմանայի նրանց պայմանավորվածության մասին, չէի ասի այն, ինչը հետո դուրս եկավ։ Լիզան էլ ոչինչ չգիտեր։
 
Ես նստել էի ու ականջիս պոչով լսում էի. նրանք խոսում էին ու ծիծաղում, իսկ իմ գլխում Նաստասիա Եգորովնան էր իր տեղեկություններով, որոնցից ես չէի կարողանում ազատվել, ես շարունակ պատկերացնում էի, թե նա ինչպես է նստել ու նայում, հետո զգուշորեն վեր է կենում ու հայացք նետում կողքի սենյակին։ Վերջապես բոլորը հանկարծ ծիծաղեցին. Տատյանա Պավլովնան, ամենևին չգիտեմ, թե ինչ առիթով, հանկարծ բժշկին անաստված անվանեց. «Դե դուք, ողորմելի բժիշկներդ, բոլորդ էլ անաստվածներ եք...»։
 
― Մակար Իվանովիչ,― ամենահիմար կերպով ձևանալով, թե վիրավորված է ու դատաստան է փնտրում, բացականչեց բժիշկը,― անաստվա՞ծ եմ ես, թե ոչ։
 
― Էդ դո՞ւ ես անաստվածը։ Ո՜չ, դու անաստված չես,― սևեռուն նրան նայելով ծանրաբարո պատասխանեց ծերունին,― ոչ, փառք Աստծո,― գլուխը տարուբերեց նա,― դու ուրախ մարդ ես։
 
― Իսկ ով ուրախ է, նա արդեն անաստված չէ՞,― հեգնորեն նկատեց բժիշկը։
 
― Դա իր տեսակի մեջ միտք է,― նկատեց Վերսիլովը, բայց բոլորովին չծիծաղելով։
 
― Դա զորեղ միտք է,― բացականչեցի ես ակամա, ցնցված այդ գաղափարից։ Իսկ բժիշկը հարցական շուրջն էր նայում։
 
― Էդ գիտական մարդկանցից, հենց էդ պրոֆեսորներից (հավանաբար մինչ այդ ինչ-որ բան էին ասել պրոֆեսորների մասին),― հայացքը դեպի վար հառած սկսեց Մակար Իվանովիչը,― սկզբում համա թե վախենում էի. չէի համարձակվում նրանց առաջ ծպտուն հանել, քանի որ ամենից շատ զգուշանում էի անաստվածներից։ Հոգիս իմ մեջ, կարծում եմ, որ միակն է, եթե կորցնեմ, էլ ուրիշը չեմ կարողանա գտնել, դե, իսկ հետո սրտապնդվեցի. «Իսկ ի՞նչ է, մտածում եմ, հո աստվածներ չեն նրանք, այլ մեզ պես ստրկամիտ մարդիկ են։ Հետո հետաքրքրությունս էլ շատ մեծ էր. «Հո կիմանամ, թե ինչ բան է անաստվածը»։― Միայն թե հենց այդ հետաքրքրությունն էլ հետո անցավ, բարեկամ։
 
Նա լռեց, սակայն մտադրվելով շարունակել նույն այդ խաղաղ ու ծանրաբարո ժպիտով։ Կա մի պարզամտություն, որը ծաղրի ենթարկվելու կասկած չունենալով, վստահում է ամեն մեկին։ Նման մարդիկ միշտ սահմանափակ են լինում, քանի որ պատրաստ են առաջին պատահածի առջև բացել իրենց սրտի ամենանվիրականը։ Սակայն Մակար Իվանովիչի մեջ, ինձ թվում է, մի ուրիշ բան կար, և այդ ուրիշ բանն էր դրդում նրան խոսել և ոչ միայն պարզամտության անմեղությունը։ Կարծես պրոպագանդիստն էր վեր հառնում նրանում։ Ես հաճույքով որսացի նրա բժշկին, գուցե նաև Վերսիլովին ուղղված ինչ-որ, կարծես նույնիսկ խորամանկ, քմծիծաղը։ Խոսակցությունը, հավանաբար, շաբաթվա ընթացքում նրանց վարած նախկին վիճաբանությունների շարունակությունն էր. սակայն նրանում, դժբախտաբար, կրկին սպրդել էր հենց այն ճակատագրական բառը, որն այնպես լարել էր ինձ երեկ և հասցրել մի արարքի, որի համար մինչև օրս էլ ափսոսում եմ։
 
― Անաստված մարդուց,― սևեռուն շարունակեց ծերունին,― ես գուցե հիմա էլ կվախենամ, մենակ այ թե ինչ, Ալեքսանդր Սեմյոնովիչ, բարեկամս, անաստված մարդու ես ոչ մի անգամ չեմ էլ հանդիպել, այլ նրա տեղը հանդիպել եմ դատարկ դեսուդեն ընկնող մարդու ― այ թե ինչ անուն պետք է տալ դրան։ Ամեն տեսակ մարդ կա դրանց մեջ. գլխի էլ չես ընկնի, թե ինչ մարդիկ են դրանք, թե մեծ, թե փոքր, թե հիմար, թե ուսյալ, լինում են նույնիսկ ամենահասարակ դասի մարդիկ, և մեկ է դատարկ բաներ են։ Քանի որ կարդում են ու խոսում իրենց ամբողջ կյանքում, գրքի քաղցրությամբ հագենում, իսկ իրենք շարունակում են տարակուսանքի մեջ մնալ ու ոչինչ որոշել չեն կարողանում։ Մեկը կտոր-կտոր է լինում, ինքն իրեն էլ չի նկատում։ Մեկը քարից պինդ է կարծրացել, իսկ սրտում երազներ են թափառում, մյուսը՝ անզգա ու թեթևամիտ և հոգսն էն է, որ իր ծաղրն ու ծանակը անի։ Մեկը գրքերից մեն-մենակ ծաղիկներն է ընտրել, էն էլ մենակ իր կարծիքով, իսկ ինքը առանց կանխավ որոշում ընդունելու, հենց էնպես դես ու դեն է վազվզում։ Ահա թե ինչ կասեմ նորից, ձանձրույթը շատ է։ Փոքր մարդը համ կարիքի մեջ է, հաց չունի, երեխեքին պահելու ճար չունի, փուշ-փուշ խոտի վրա է քնում, իսկ սիրտը միշտ ուրախ է, թեթև, համ մեղք է գործում, համ կոպտում, բայց սիրտը միշտ թեթև է։ Իսկ մեծ մարդը համ չափից ավել խմում է, համ չափից ավել ուտում, ոսկու դեզի վրա նստում, իսկ սրտում շարունակ միայն ձանձրույթ է։ Մեկն էլ բոլոր գիտություններն է սովորել, բայց էլի ձանձրույթ է։ Կարծում եմ, որքան խելքն է ավելանում, այնքան էլ ձանձրույթը։ Էն էլ ասենք, սովորեցնում են էն օրվանից, ինչ աշխարհը գոյություն ունի, իսկ ի՞նչ բարի բան են սովորեցրել, որ աշխարհը ամենահրաշալի, ամենաուրախ և ամեն հրճվանքով լեցուն կացարան դառնա։ Մի բան էլ ասեմ, բարետեսություն չունեն, և չեն էլ ուզում ունենալ, բոլորը կործանվել են, և ամեն մեկն իր կործանումն է գովաբանում, իսկ միակ ճշմարտությանը դիմելը մտքովն էլ չի անցկացնում, իսկ առանց Աստծո ապրելը միայն տանջանք է։ Եվ դուրս է գալիս, որ ինչով պայծառանում ենք, հենց էն էլ նզովում ենք, առանց դա իմանալու։ Իսկ ի՞նչ օգուտ, մարդը չի կարող գոյություն ունենալ առանց երկրպագելու, չի դիմանա դրա նման մարդը, և ոչ մի մարդ չի դիմանա։ Եվ եթե Աստծուց հրաժարվի, ապա կուռք կպաշտի փայտե, ոսկե կամ մտովի կուռք։ Դրանք կռապաշտներ են և ոչ թե անաստվածներ, ահա թե ինչ անուն պետք է դրանց տալ։ Դե, իսկ ինչպե՞ս կարող է անաստված չլինել։ Կան էնպեսները, որ իսկապես անաստվածներ են, բայց դրանք շատ ավելի սոսկալի են, քան նրանք, քանի որ Աստծո անունը շրթներին են գալիս։ Շատ եմ լսել, բայց երբեք չեմ հանդիպել։ Կան, բարեկամ, էդպիսիները և, կարծում եմ, պետք է որ լինեն դրանք։
 
― Կան, Մակար Իվանովիչ,― հանկարծ հաստատեց Վերսիլովը։― Կան այդպիսիները և «պետք է որ լինեն դրանք»։
 
― Անպայման կան և «պետք է որ լինեն դրանք»,― անզուսպ և կրակոտ դուրս թռավ իմ բերանից, չգիտեմ ինչու, բայց ինձ հմայեց Վերսիլովի տոնը և կարծես գերեց «պետք է որ լինեն դրանք» խոսքի մեջ թաքնված ինչ-որ մի միտք։ Այս խոսակցությունն ինձ համար բոլորովին անսպասելի եղավ։ Բայց հենց այդ րոպեին, հանկարծ, նույնպես բոլորովին անսպասելի, մի բան պատահեց։
 
==== IV ====
 
Չափազանց պայծառ օր էր, սովորաբար, բժշկի կարգադրությամբ, Մակար Իվանովիչի լուսամուտի թանձր վարագույրը չէին բարձրացնում ամբողջ օրվա ընթացքում, բայց հիմա նրա լուսամուտին ոչ թե թանձր վարագույր էր, այլ՝ թեթև կիսավարագույր, այնպես որ լուսամուտի վերին մասը, այնուամենայնիվ, փակ չէր, որովհետև նախորդ թանձր վարագույրի դեպքում, բոլորովին արև չտեսնելով, ծերունին նեղվում էր։ Եվ այսպես, մենք նստած մնացինք մինչև այն ժամանակ, երբ արևի ճառագայթը հանկարծ ուղիղ Մակար Իվանովիչի դեմքին խփեց։ Խոսքով բռնված նա սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց մեքենայորեն, խոսելու ընթացքում մի քանի անգամ գլուխը մի կողմ թեքեց, որովհետև վառ ճառագայթը խիստ անհանգստացնում և գրգռում էր նրա հիվանդ աչքերը։ Նրա կողքին կանգնած մայրիկը արդեն մի քանի անգամ անհանգստությամբ նայել էր լուսամուտին. ուղղակի պետք էր մի բանով լրիվ ծածկել լուսամուտը, բայց, որպեսզի չխանգարի խոսակցությանը, մտքովն անց էր կացրել փորձել մի կողմ՝ դեպի աջ ձգել այն աթոռակը, որին նստած էր Մակար Իվանովիչը և ընդամենը երեք կամ ամենաշատը չորս վերշոկ պետք էր ձգել։ Նա արդեն մի քանի անգամ կռացել էր և ձեռքը աթոռակին գցել, բայց մի կողմ քաշել չէր կարող, աթոռակը, վրան նստած Մակար Իվանովիչի հետ, տեղից չէր շարժվում։ Զգալով նրա ջանքերը, բայց կրակոտ խոսքով բռնված, միանգամայն անգիտակից կերպով Մակար Իվանովիչը մի քանի անգամ փորձեց տեղից բարձրանալ։ Բայց ոտքերը նրան չէին հնազանդվում։ Սակայն մայրիկը, այնուամենայնիվ, շարունակում էր լարվել և քաշքշել աթոռակը, և այս բոլորը վերջապես սոսկալի զայրացրին Լիզային։ Միտքս մնացին նրա մի քանի բոցավառ, բարկացկոտ հայացքները, միայն թե առաջին պահին չգիտեի, ինչին վերագրեմ դրանք, դրան ավելացրած նաև այն, որ ինձ զբաղեցնում էր խոսակցությունը։ Եվ ահա հանկարծ կտրուկ լսվեց նրա համարյա բղավոցը Մակար Իվանովիչի վրա։
 
― Գոնե մի քիչ տեղից վեր կացեք,― տեսնում եք, ինչ դժվար է մայրիկի համար։
 
Ծերունին արագ նրան նայեց, միանգամից հասկացավ և իսկույն փութկոտ փորձեց տեղից վեր կենալ, բայց բան դուրս չեկավ, մի երկու վերշոկ տեղից բարձրացավ և կրկին ընկավ աթոռակին։
 
― Չեմ կարող, աղունիկս,― կարծես աղիողորմ պատասխանեց նա Լիզային՝ մի տեսակ կարծես հնազանդորեն նրան նայելով։
 
― Ամբողջ գրքեր պատմել կարող եք, իսկ տեղից շարժվելու ուժ չունե՞ք։
 
― Լիզա,― բղավեց նրա վրա Տատյանա Պավլովնան։ Մակար Իվանովիչը կրկին մի արտակարգ ճիգ գործեց։
 
― Հենակը վերցրեք, ձեր կողքին է, հենակով վեր կկենաք,― մի անգամ էլ կտրուկ ասաց Լիզան։
 
― Իսկապես որ,― ասաց ծերունին և իսկույն էլ փութկոտ ձեռքն առավ հենակը։
 
― Նրան ուղղակի պետք է բարձրացնել,― տեղից վեր կացավ Վերսիլովը, դեպի նա շարժվեց և բժիշկը, տեղից վեր թռավ նաև Տատյանա Պավլովնան. բայց նրանք չհասցրեցին անգամ մոտենալ, երբ Մակար Իվանովիչը ամբողջ ուժով հենվելով հենակին, հանկարծ տեղից բարձրացավ և, ուրախ ու հաղթական շուրջը նայելով, կանգնեց տեղում։
 
― Իսկապես էլ վեր կացա,― ուրախ քմծիծաղ տալով, համարյա հպարտությամբ արտասանեց նա,― շնորհակալություն քեզ, սիրելիս, խելք սովորեցրիր, իսկ ես կարծում էի, թե տոտիկներս արդեն բոլորովին չեն ծառայում ինձ...
 
Բայց երկար կանգնած չմնաց նա, չհասցրեց խոսքն ավարտել և հանկարծ նրա հենակը, որին հենվել էր մարմնի ողջ ծանրությամբ, մի տեսակ սահեց գորգի վրայով և, քանի որ «տոտիկները» համարյա բոլորովին չէին պահում նրան, բոյով մեկ փռվեց հատակին։ Հիշում եմ, որ համարյա սոսկալի էր այդ տեսնելը։ Բոլորը «ախ» արեցին և նետվեցին նրան բարձրացնելու, բայց, փառք Աստծո, ոչինչ չէր կոտրել, նա միայն ծանրորեն, թփփոցով, զույգ ծնկներով խփվել էր հատակին, բայց հասցրել էր, այնուամենայնիվ, առաջ մեկնել աջ ձեռքը և նրանով պահել իրեն։ Նրան բարձրացրին ու նստեցրին մահճակալին։ Նա խիստ գունատվել էր ոչ թե վախից, այլ ցնցումից։ (Բժիշկը բոլոր մյուս բաներից բացի նրա մոտ գտնում էր նաև սրտի հիվանդություն)։ Իսկ մայրս վախից կորցրել էր իրեն։ Եվ հանկարծ Մակար Իվանովիչը, դեռ գունատ, ցնցվող մարմնով և կարծես դեռ ուշքի չեկած, դարձավ Լիզային և համարյա քնքուշ, ցածր ձայնով ասաց նրան.
 
― Ոչ, սիրելիս, երևի իսկապես էլ տոտիկներս չեն պահում։
 
Չեմ կարող արտահայտել իմ այն ժամանակվա տպավորությունը։ Բանն այն է, որ խեղճ ծերունու խոսքում ամենաչնչին բողոք կամ հանդիմանություն անգամ չլսվեց, ընդհակառակը, ուղղակի երևում էր, որ նա հենց սկզբից բացարձակապես ոչ մի չարամտություն չէր նկատել Լիզայի խոսքերում, իսկ նրա կշտամբանքը իր հասցեին ընդունել էր որպես պատշաճը, այսինքն որ այդպես էլ պետք էր իրեն «նախատել» իր հանցանքի համար։ Այդ բոլորը սոսկալի ազդեց Լիզայի վրա։ Մակար Իվանովիչի ընկնելու րոպեին նա, ինչպես և բոլորը, վեր թռան տեղից և քարացած կանգնած էր, իհարկե, տառապելով, քանի որ ինքն էր այդ ամենի պատճառը, բայց լսելով ծերունու ասածը, հանկարծ, համարյա վայրկենապես շիկնեց ամոթից ու զղջանքից։
 
― Բավական է,― հանկարծ հրամայեց Տատյանա Պավլովնան,― ամեն բան խոսակցություններից է։ ժամանակն է, որ ամեն ոք իր գործով զբաղվի. ի՞նչ լավ բան կարող է լինել, եթե ինքը՝ բժիշկը անտեղի զրույց է սկսել։
 
― Ճիշտ է,― նրան միացավ Ալեքսանդր Սեմյոնովիչը, որը զբաղված էր հիվանդով,― ներեցեք, Տատյանա Պավլովնա, նրան հանգիստ է պետք։
 
Բայց Տատյանա Պավլովնան չէր լսում, նա մի կես րոպե լուռ ու սևեռուն Լիզային էր դիտում։
 
― Եկ այստեղ, Լիզա, և համբուրիր ինձ, պառավ հիմարիս, եթե միայն ուզում ես,― արտասանեց նա անսպասելի։
 
Եվ Լիզան համբուրեց նրան, չգիտեմ ինչի համար, բայց հենց այդպես էր պետք անել, այնպես որ քիչ մնաց, որ ինքս էլ նետվեի Տատյանա Պավլովնային համբուրելու։ Հենց այդպես էր պետք, ոչ թե նախատինքով ճնշել Լիզային, այլ ուրախությամբ և շնորհավորանքով դիմավորել նոր, հրաշալի զգացմունքը, որն անկասկած պետք է նրա մեջ ծլարձակեր։ Բայց, այդ բոլոր զգացմունքների փոխարեն, ես հանկարծ վեր կացա տեղիցս և, հատու արտաբերելով բառերը, սկսեցի.
 
― Մակար Իվանովիչ, դուք նորից գործածեցիք «վայելչատեսություն» բառը, իսկ ես հենց երեկ և բոլոր օրերը տանջվում էի այդ բառի հետ... և ողջ կյանքումս էլ տանջվել եմ, միայն թե առաջներում չգիտեի, թե ինչի համար։ Բառերի այդ զուգադիպությունը ես ճակատագրական եմ համարում, համարյա հրաշալի․․․ Հայտարարում եմ սա ձեր ներկայությամբ...
 
Բայց ինձ իսկույն կանգնեցրին։ Կրկնում եմ, ես չգիտեի նրանց պայմանավորվածությունը մայրիկի ու Մակար Իվանովիչի կապակցությամբ, իսկ ինձ, նախկին գործերով դատելով, իհարկե, համարում էին այդ տեսակ ամեն խայտառակության ընդունակ։
 
― Զսպել, զսպել դրան,― բոլորովին գազազեց Տատյանա Պավլովնան։ Մայրիկը սարսռաց։ Մակար Իվանովիչը, տեսնելով համընդհանուր սարսափը, ինքն էլ սարսափեց։
 
― Արկադի, վերջ տուր,― խստորեն բղավեց Վերսիլովը։
 
― Ինձ համար, պարոնայք,― էլ ավելի ձայնս բարձրացրի ես,― ինձ համար տեսնել ձեզ բոլորիդ այս մանկիկի կողքին (ես ցույց տվի Մակարին),― այլանդակություն է։ Այստեղ միայն մի սուրբ կա՝ մայրիկը, բայց նա էլ...
 
― Դուք նրան կվախեցնեք,― հաստատակամորեն ասաց բժիշկը։
 
― Ես գիտեմ, որ ես ամբողջ աշխարհի թշնամին եմ,― թոթովեցի ես (կամ սրա նման մի բան), բայց մի անգամ էլ շուրջս նայելով, ես մարտական տեսքով նայեցի Վերսիլովին։
 
― Արկադի,― բղավեց նա կրկին,― ճիշտ նույնպիսի տեսարան արդեն մի անգամ եղել է այստեղ մեր միջև։ Աղաչում եմ քեզ, զսպիր քեզ այժմ։― Չեմ կարող արտահայտել, թե ինչ զորեղ զգացմունքով նա արտասանեց դա։ Արտակարգ տխրություն, անկեղծ, լիակատար, արտահայտվեց նրա դիմագծերում։ Ամենազարմանալին այն էր, որ նա մեղավորի նման էր նայում, ես դատավորն էի, նա հանցագործը։ Այս բոլորը ծայրահեղ վիճակի հասցրին ինձ։
 
― Այո,― նրան ի պատասխան բղավեցի ես,― ճիշտ այսպիսի մի տեսարան արդեն եղել է, երբ ես թաղում էի Վերսիլովին և պոկում էի նրան իմ սրտից... Բայց հետո հետևեց հարությունը մեռյալներից, իսկ այժմ... այժմ արդեն առանց լուսաբացի, բայց... բայց դուք բոլորդ այստեղ կտեսնեք, թե ինչի եմ ընդունակ ես, նույնիսկ չեք էլ սպասում, թե ինչ կարող եմ ապացուցել ես։
 
Այս ասելով ես նետվեցի իմ սենյակը։ Վերսիլովը վազեց իմ ետևից...
 
==== V ====
 
Ինձ հետ հիվանդության կրկնություն տեղի ունեցավ, տենդի ուժեղագույն նոպա, իսկ գիշերը զառանցանք։ Բայց ոչ շարունակական զառանցանք, եղան անհամար երազներ, ամբողջ շարաններով և անչափ, որոնցից մի երազը կամ երազի մի հատվածը ես հիշեցի ամբողջ կյանքիս ընթացքում։ Հաղորդում եմ առանց բացատրությունների, դա կանխագուշակություն էր և չեմ կարող բաց թողնել։
 
Հանկարծ սրտի ինչ-որ մեծ ու հպարտ մտադրությամբ ես հայտնվեցի մի բարձր ու մեծ սենյակում, բայց ոչ Տատյանա Պավլովնայի մոտ. ես շատ լավ եմ հիշում սենյակը, դա նշում եմ, առաջ անցնելով։ Եվ թեև ես մենակ եմ, բայց անդադար զգում եմ, անհանգստությամբ ու տառապանքով, որ ես ամենևին էլ մենակ չեմ, որ ինձ սպասում են, և որ ինձնից ինչ-որ բան են սպասում։ Ինչ-որ տեղ դռների ետևում, նստած են մարդիկ և սպասում են այն բանին, ինչը ես անելու եմ։ Զգացողությունս անտանելի է։ «Օ՜, եթե միայն ես մենակ լինեի»։ Եվ հանկարծ ներս է մտնում ''նա''։ Նա վեհերոտ հայացքով է նայում, սոսկալի վախենում է, նա երկար նայում է իմ աչքերին։ ''Իմ ձեռքին փաստաթուղթն է''։ Նա ժպտում է, որպեսզի գերի ինձ, շողոքորթում է ինձ. ես ցավում եմ, բայց սկսում եմ զզվանք զգալ։ Հանկարծ նա դեմքը փակում է ձեռքերով։ Ես «փաստաթուղթը» նետում եմ սեղանին անասելի արհամարհանքով. «Մի խնդրեք, վերցրեք, ինձ ձեզնից ոչինչ պետք չէ։ Վրեժ եմ լուծում ձեզնից ինձ արհամարհանքով ստորացնելու համար»։ Ես դուրս եմ գալիս սենյակից, անսահման հպարտությունից շնչահեղձ։ Բայց դռների մեջ, խավարում, բռնում է ինձ Լամբերտը. «Հիմաղ, հիմաղ,― շշնջում է նա և ամբողջ ուժով ձեռքս բռնած աշխատում է ինձ պահել,― սա Վասիլևյան կղզում պետք է ազնավազարմ աղջիկների գիշերօթիկ դպրոց բաց անի» (NB այսինքն՝ որ կարողանա ապրել, եթե հայրը, իմանալով ինձնից փաստաթղթի մասին, զրկի նրան ժառանգությունից և դուրս անի տանից։ Ես Լամբերտի խոսքերը գրի եմ առնում տառացիորեն, ինչպես որ երազումս էր եղել)։
 
«Արկադի Մակարովիչը «վայելչատեսություն» է փնտրում»,― լսվում է Աննա Անդրեևնայի ձայնը ինչ-որ մոտերքում, հենց սանդուղքի վրա. բայց ոչ թե գովասանք, այլ անտանելի ծաղր հնչեց նրա խոսքում։ Ես սենյակ եմ վերադառնում Լամբերտի հետ։ Բայց, տեսնելով Լամբերտին ''նա'' հանկարծ սկսում է քրքջալ։ Իմ առաջին տպավորությունը սոսկալի վախն է, այնպիսի վախ, որ ես կանգ եմ առնում և չեմ ուզում մոտենալ։ Ես նայում եմ նրան ու չեմ հավատում, կարծես դեմքից նա հանկարծ հանել է դիմակը. նույն դիմագծերն են, բայց յուրաքանչյուր դիմագիծ կարծես այլափոխվել է. անսահման լկտիությամբ։ «Փրկագինը, տիրուհի, փրկագինը»,― բղավում է Լամբերտը, և նրանք երկուսով էլ ավելի են քրքջում, իսկ իմ սիրտը մարում է. «Օ՜, մի՞թե այս անամոթ կինն այն նույն կինն է, որի մի հայացքից միայն սիրտս այրվում էր առաքինությամբ»։
 
«Ահա թե ինչի են սրանք ընդունակ, այս գոռոզամիտները, իրենց բարձրաշխարհիկ հասարակության մեջ հանուն փողի,― բացականչում է Լամբերտը։ Բայց անամոթ կինը չի շփոթվում նույնիսկ դրանից, նա քրքջում է հենց այն բանի վրա, որ ես այդքան վախեցած եմ։ Օ՜, նա պատրաստ է փրկագին վճարելու, ես դա տեսնում եմ և... և ի՞նչ պատահեց ինձ։ Ես արդեն ոչ խղճահարություն եմ զգում, ոչ էլ նողկանք, ես դողում եմ, ինչպես երբեք չեմ դողացել... Ինձ մի նոր զգացում է համակում, անասելի մի զգացում, որի նմանը ես ամենևին երբեք չեմ ունեցել և ուժեղ, ինչպես ողջ աշխարհը... Օ՜, այժմ ես արդեն ոչ մի դեպքում ի զորու չեմ հեռանալու։ Ախ, ինչպե՜ս է ինձ դուր գալիս, որ դա այդքան անամոթաբար է։ Ես բռնում եմ նրա ձեռքերը, նրա ձեռքերի հպումը տանջալից ցնցում է ինձ, և ես մոտեցնում եմ իմ շրթունքները նրա լկտի, կաս-կարմիր, ծիծաղից դողացող և ինձ հրապուրող շրթունքներին։
 
Օ՜, թող կորչի այդ ստոր հիշողությունը։ Անիծյա՛լ երազ։ Երդվում եմ, որ մինչև այդ նողկալի երազը այդ խայտառակ մտքի նման որևէ բան նույնիսկ չի էլ անցել իմ գլխով։ Նույնիսկ դրա նման որևէ ակամա ցնորք չեմ ունեցել (թեև պահում էի «փաստաթուղթը» գրպանումս կարված և տարօրինակ քմծիծաղով երբեմն շոշափում էի գրպանս)։ Իսկ որտեղի՞ց հայտնվեց այդ բոլորը միանգամայն պատրաստ ձևով։ Դա նրանից է, որ իմ մեջ սարդի հոգի կար։ Դա նշանակում է, որ ամեն բան արդեն վաղուց ծագել էր և գտնվում էր իմ այլասերված սրտում, իմ ''ցանկության'' մեջ էր գտնվում, բայց սիրտս դեռ ամաչում էր հարթմնի արտահայտել և ուղեղս դեռ չէր հանդգնում դրա նման բան պատկերացնել գիտակցաբար։ Իսկ քնածս ժամանակ հոգիս ինքն էր ամեն ինչ պատկերացրել և ներկայացրել այն, ինչը կար սրտումս, կատարյալ ճշգրտությամբ և ամենալիակատար պատկերով և կանխագուշակման ձևով։ Եվ մի՞թե ես ''սա'' էի ուզում նրանց ''ապացուցել'' առավոտյան՝ դուրս վազելով Մակար Իվանովիչի սենյակից։ Բայց բավական է. մինչև ժամանակը չգա, ոչ մի խոսք այս մասին։ Իմ տեսած այդ երազը կյանքիս ամենատարօրինակ արկածներից մեկն է։
 
=== Գլուխ երրորդ ===
 
==== I ====
 
Երեք օրից ես վեր կացա առավոտյան անկողնուց և, ոտքի կանգնելով, զգացի, որ այլևս հիվանդ չեմ պառկի։ Ես լիովին զգացի ապաքինման մոտալուտությունը։ Բոլոր այս մանրամասնությունները, միգուցե, չարժեր գրի առնել, բայց այն ժամանակ եկան օրեր, որոնցում թեև ոչ մի առանձին բան տեղի չունեցավ, բայց դրանք բոլորն էլ մնացին իմ հիշողության մեջ որպես ուրախալի և հանգիստ օրեր, իսկ դա հազվագյուտ բան է իմ հիշողություններում։ Առայժմ հոգեկան վիճակս չեմ նկարագրի, եթե ընթերցողն իմանար, թե ինչում էր այն կայանում, ապա, իհարկե, չէր հավատա։ Ավելի լավ ամեն բան կբացատրվի հետո՝ փաստերով։ Իսկ առայժմ միայն մի բան կասեմ, թող ընթերցողը հիշի ''սարդի հոգին''։ Եվ դա այն մարդու մոտ, որն ուզում էր հեռանալ նրանցից և ամբողջ աշխարհից հանուն «վայելչատեսության»։ Վայելչատեսության ծարավն առավելագույն չափով էր, և դա անշուշտ այդպես էր, բայց թե ինչ ձևով այն կարող էր զուգորդվել այլ, Աստված գիտե, թե որ ծարավների հետ. ինձ համար գաղտնիք է։ Եվ միշտ էր գաղտնիք եղել, և ես հազար անգամ զարմացել եմ մարդու (և թվում է, թե առավելապես ռուս մարդու) այդ ընդունակության վրա։ Փայփայել իր հոգում ամենաբարձր իդեալն ամենամեծ ստորության կողքին, և այդ բոլորը միանգամայն անկեղծ։ Արդյոք դա ռուս մարդու հոգու առանձնահատուկ լայնությունն է, որը նրան հեռու կտանի, թե ուղղակի ստորություն է՝ ահա թե որն է հարցը։
 
Բայց թողնենք այդ։ Այսպես թե այնպես, բայց տիրեց անդորրություն։ Ես ուղղակի հասկացա, որ պետք է ապաքինվել, ինչ ուզում է լինի և որքան կարելի է շուտ, որպեսզի որքան կարելի է շուտ սկսել գործել և այդ պատճառով վճռեցի ապրել, հետևելով հիգիենային և լսելով բժշկին (ով ուզում է նա լինի), իսկ փոթորկուն մտադրությունները արտակարգ խելամտությամբ (լայնախոհության արդյունք) հետաձգեցի մինչև դուրս գալուս օրը) այսինքն՝ մինչև առողջանալս։ Ինչպե՜ս կարող էին զուգակցվել բոլոր խաղաղ տպավորությունները և անդորրի հաճույքները սրտի տանջալից քաղցր ու տագնապալի բաբախումների հետ մոտալուտ փոթոր-կուն վճիռների կանխազգացման պայմաններում, չգիտեմ, բայց ամեն բան կրկին վերագրում եմ «լայնախոհությանը»։ Բայց նախկինում վերջերս ունեցածս անհանգստությունն արդեն իմ մեջ չկար, ես որոշ ժամանակով ամեն բան հետաձգեցի, արդեն առանց դողալու ապագայի առջև, ինչպես դեռ վերջերս էի դողում, այլ իր միջոցների և ուժերի վրա վստահ հարուստի պես։ Բայց ինձ սպասող ճակատագրի ամբարտավանությունն ու մարտահրավերը գնալով ավելի ու ավելի էին ուժեղանում և մասամբ կարծում եմ, արդեն իրական ապաքինվելուց և արագ վերադարձող կենսական ուժերից։ Ահա վերջնական և նույնիսկ իրական ապաքինվելու հենց այս մի քանի օրը ես հիմա կատարյալ հաճույքով եմ հիշում։ Օ՜, նրանք ինձ ամեն բան ներեցին, այսինքն այն արարմունքը և հենց այն մարդիկ, որոնց ճակատներին ես ասացի, թե իրենք խայտառակ մարդիկ են։ Դա ես սիրում եմ մարդկանց մեջ, դրան ես անվանում եմ սրտի խելք, համենայն դեպս դա ինձ իսկույն գրավում է, իհարկե, որոշակի չափով։ Վերսիլովի հետ, օրինակ, մենք շարունակում էինք խոսել, ինչպես ամենալավ ծանոթներ, բայց մինչև որոշակի չափ. հենց որ մի քիչ չափազանց էր սրտալեզու, զսպում էինք մեզ, կարծես թեթևակի ամաչելով ինչ-որ բանի համար։ Դեպքեր կան, երբ հաղթողը չի կարող չամաչել հաղթվողից հենց այն բանի համար, որ հաղթել է նրան։ Հաղթողը, ըստ երևույթին, ես էի և ամաչում էի դրա համար։
 
Այն առավոտյան, այսինքն՝ երբ ես վեր կացա անկողնուց հիվանդությանս ախտադարձից հետո, նա եկավ ինձ մոտ, և ես այստեղ առաջին անգամ իմացա նրանից մայրիկիս ու Մակար Իվանովիչի կապակցությամբ այն ժամանակ տեղի ունեցած ընդհանուր համաձայնության մասին, ըստ որում նկատեց, որ թեև ծերունու դրությունը մի թեթև լավացել է, բայց բժիշկը նրա ապաքինվելու մասին ոչ մի երաշխիք չի տալիս։ Ես ի սրտե խոստացա նրան հետագայում ավելի զգույշ պահել ինձ։ Երբ Վերսիլովը հաղորդում էր ինձ այս բոլորը, ես առաջին անգամ այն ժամանակ հանկարծ նկատեցի, որ նա ինքն էլ արտակարգ անկեղծությամբ հետաքրքրված է այդ ծերունիով, այսինքն՝ շատ ավելի, քան ես կարող էի սպասել նրա նման մի մարդուց, որ նա դիտում է նրան որպես իր համար էլ հատուկ թանկ անձնավորություն, այլ ոչ թե միայն մայրիկի պատճառով։ Դա ինձ իսկույն հետաքրքրեց, համարյա զարմացրեց, և խոստովանում եմ. առանց Վերսիլովի ես շատ բան անուշադիր կթողնեի և չէի գնահատի այդ ծերունու մեջ, որը ամենահաստատուն և ամենաինքնատիպ հիշողություններից մեկն էր թողել իմ սրտում։
 
Վերսիլովը կարծես վախենում էր իմ վերաբերմունքից Մակար Իվանովիչի նկատմամբ, այսինքն՝ չէր վստահում ոչ իմ խելքին, ոչ էլ նրբազգացությանս և այդ պատճառով արտակարգ գոհ էր հետագայում, երբ տեսավ, որ ես էլ եմ կարողանում երբեմն հասկանալ, ինչպես պետք է վերաբերվել բոլորովին այլ հասկացությունների ու հայացքների տեր մարդուն, մի խոսքով կարողանում եմ լինել, երբ որ պետք է, և՛ զիջողամիտ, և՛ լայնախոհ։ Խոստովանում եմ նաև (կարծում եմ, առանց ինձ ստորացնելու), որ ժողովրդից ելած այս էակի մեջ ես գտա նաև ինչ-որ ինձ համար մի նոր բան որոշ զգացմունքների ու հայացքների տեսակետից, ինձ անհայտ բան, մի շատ ավելի պարզ և մխիթարական բան, քան ինքս էի հասկանում այդ բաները առաջներում։ Այդուհանդերձ, հնարավոր չէր երբեմն ուղղակի իրենից դուրս չգալ նրա որոշակի նախապաշարմունքներից, որոնց հավատում էր ամենավրդովեցուցիչ հանգստությամբ և անսասանությամբ։ Բայց այստեղ մեղավորը, իհարկե, միայն նրա անուսում լինելն էր, իսկ հոգին բավական լավ էր կազմակերպված և այնպես, որ այդ տեսակետից ես մարդկանց մեջ ավելի լավը դեռ չեմ հանդիպել։
 
==== II ====
 
Ամենից առաջ նրա մեջ գրավում էր, ինչպես վերևում նկատել եմ, նրա արտակարգ մաքրասիրությունը և ինքնահավանության իսպառ բացակայությունը. կանխազգացվում էր համարյա անմեղ մի սիրտ։ Կար սրտի «ուրախություն և այդ պատճառով նաև «բարետեսություն»։ «Ուրախություն» բառը նա շատ էր սիրում և հաճախ էր օգտագործում։ Ճիշտ է, երբեմն նրան համակում էր ինչ-որ հիվանդագին մի խանդավառություն, ինչ-որ, կարծես, զմայլանքի հիվանդագինություն, մասամբ, ենթադրում եմ նաև նրանցից, որ տենդը, իսկապես ասած, երբեք չէր լքում նրան այդ ամբողջ ժամանակ, բայց բարետեսությանը դա չէր խանգարում։ Կային նաև հակադրություններ, զարմանալի պարզամտության կողքին երբեմն ամենևին առանց նկատելու հեգնանքը (հաճախ ի տհաճություն ինձ) խաղաղ գոյակցում էր նրա մեջ նաև ինչ-որ մի խորամանկ նրբամտություն, ամենից հաճախ բանավիճական սխալներում։ Իսկ բանավեճ նա սիրում էր, բայց միայն երբեմն և յուրօրինակ ձևով։ Երևում էր, որ նա շատ էր ման եկել Ռուսաստանում, շատ բան լսել, բայց, կրկնում եմ, ամենից շատ սիրում էր սրտաշարժությունը, այդ պատճառով սիրում էր ամեն բան, որ բերում էր դրան և ինքն էլ սիրում էր սրտաշարժ բաներ պատմել։ Ընդհանրապես պատմել շատ էր սիրում։ Շատ բան եմ նրանից լսել և իր սեփական դեգերումների մասին, և զանազան առասպելներ ամենահնագույն «ճգնավորների» կյանքից։ Ինձ ծանոթ չեն դրանք, բայց, կարծում եմ, որ շատերն ինքն էր հորինում այս առասպելներից, մեծ մասամբ յուրացնելով հենց հասարակ ժողովրդի բանավոր պատմություններից։ Ուղղակի չէր կարելի այլ բան հանդուրժել։ Բայց ակնհայտ ձևափոխությունների կամ ուղղակի ստահոդ պատմությունների կողքին միշտ առկայծում էր ինչ-որ զարմանալի ամբողջական ժողովրդական զգացմունքով լի և մշտապես սրտաշարժ մի բան... Այս պատմություններից միտքս մնաց, օրինակ, մի երկար պատմություն. «Մարիամ Եգիպտացու կյանքը»։ Այս «կյանքի» մասին և դրա նման մյուսների մասին ես մինչ այդ համարյա ոչ մի գաղափար չունեի։ Ես ճիշտն եմ ասում, դա համարյա հնարավոր չէ լսել առանց արտասուքի և ոչ թե սրտառուչությունից, այլ ինչ-որ տարօրինակ մի հիացումից, մի արտակարգ և տաք բան էր զգացվում, ինչպես այն արևակեզ, առյուծներով լի ավազուտ-տափաստանը, որտեղ թափառում էր սրբուհին։ Ի դեպ, այդ մասին չեմ ուզում խոսել և բանիմաց էլ չեմ։
 
Սրտաշարժությունից բացի, նրա մեջ ինձ դուր էին գալիս նաև որոշ երբեմն արտակարգ ինքնատիպ հայացքներ դեռ միանգամայն վիճելի խնդիրների շուրջ ժամանակակից իրականության մեջ։ Պատմում էր մի անգամ, օրինակ, մի ոչ վաղուցվա պատմություն ծառայությունն ավարտած զինվորի մասին։ Նա համարյա այդ իրադարձության վկան էր եղել։ Վերադարձել էր զինվորը ծառայությունից հայրենիք, նորից գյուղացիների մոտ, և կյանքը գյուղացիների հետ նորից դուր չէր նկել նրան, և ինքն էլ դուր չէր եկել գյուղացիներին։ Մոլորվել էր մարդը, սկսել էր խմել և թալանել էր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին, հաստատ հանցանշաններ չկային, սակայն բռնել էին նրան, սկսել էին դատել։ Դատի ժամանակ դատապաշտպանը քիչ էր մնացել, որ արդարացնի նրան ― հանցանշաններ չկա և վերջ, մեկ էլ սա լսում-լսում է, հանկարծ վեր է կենում տեղից և ընդհատում դատապաշտպանին. «Ոչ, դու սպասիր հլա», և պատմում է «մինչև վերջին կետը», հանցանքը խոստովանեց, արտասվելով ու զղջալով։ Երդվյալ ատենակալները գնացին, փակվեցին, որպեսզի դատեն, մեկ էլ հանկարծ բոլորն էլ դուրս են գալիս. «Ոչ, հանցավոր չէ»։ Բոլորը բղավեցին, ուրախացան, իսկ զինվորը ոնց կանգնած էր, այնպես էլ տեղից չշարժվեց, կարծես սյունի էր վերածվել, ոչինչ չի հասկանում, ոչինչ չհասկացավ նաև նրանից, ինչը ասաց նրան դատարանի նախագահը, խրատելով և ազատ արձակելով։ Եվ նորից ազատության մեջ էր զինվորը, և ինքն իրեն չէր հավատում։ Նա թախծում էր. մտածմունքի մեջ ընկավ, ոչ ուտում էր, ոչ խմում, մարդկանց հետ չէր խոսում և հինգերորդ օրը կախվեց։ «Այ, այսպես է մեղքը հոգում ապրելը»,― եզրակացրեց Մակար Իվանովիչը։ Այս պատմությունը, իհարկե, դատարկ բան է և դրա նմաններն անթիվ-անհամար են այժմ լրագրերում, բայց ինձ դուր եկավ նրանում տոնը, իսկ ամենից ավելի առանձին բառեր՝ որոշակիորեն նոր իմաստով։ Խոսելով, օրինակ, այն մասին, վերադառնալով գյուղ, զինվորը դուր չի եկել գյուղացիներին, Մակար Իվանովիչն այսպես արտահայտվեց. «Իսկ զինվորը հայտնի է, թե ինչ է. զինվորը «''փչացրած գյուղացի» է''»։ Հետո խոսելով դատապաշտպանի մասին, որը քիչ էր մնում, որ շահեր գործը, նա նույնպես արտահայտվել էր. «Իսկ դատապաշտպանը հայտնի է, թե ինչ է, դատապաշտպանը «''վարձու խիղճ''» է»։ Այս երկու արտահայտություններն էլ նա արեց առանց աշխատելու դրանց վրա և իր համար աննկատելի, մինչդեռ այս երկու արտահայտության մեջ մի հատուկ ամբողջական հայեցողություն կա երկու առարկայի վրա էլ, և թեև, իհարկե, ոչ թե ամբողջ ժողովրդի, համենայն դեպս Մակար Իվանովիչի հայացքը կա, այն էլ սեփական, ոչ թե փոխառնված։ Այս կանխորոշումները ժողովրդի մեջ որոշ թեմաներով երբեմն արդարև հրաշալի են իրենց ինքնատիպությամբ։
 
― Իսկ ինչպե՞ս եք, Մակար Իվանովիչ, դիտում դուք ինքնասպանության մեղքը,― հարցրի ես նրան հենց նույն առիթով։
 
― Ինքնասպանությունը մարդկության ամենամեծ մեղքն է,― հառաչելով պատասխանեց նա,― բայց այս դեպքում միակ դատավորը Տերն ինքն է, քանի որ միայն նրան է հայտնի ամեն բան, ամեն սահման և ամեն չափանիշ։ Իսկ մենք անպայման պետք է աղոթենք նման մեղավորի համար։ Ամեն անգամ որ լսես էդպիսի մեղքի մասին, ապա քուն մտնելիս, աղոթիր էդ մեղավորի համար խանդաղատանքով, թեկուզ մի թառանչ արձակիր նրա մասին առ Աստված, նույնիսկ եթե ամենևին նրան ճանաչած էլ չլինես, ավելի ևս հասանելի կլինի աղոթքդ նրա համար։
 
― Բայց կօգնի՞, արդյոք, նրան իմ աղոթքը, եթե նա արդեն դատապարտված է։
 
― Իսկ ի՞նչ գիտես։ Շատ-շատերը չեն հավատում և դրանով մթագնում են անգիտակներին, իսկ դու մի լսիր նրանց, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ուր են գնում։ Աղոթքը դատապարտվածի համար դեռ ապրող մարդու կողմից իսկապես տեղ է հասնում։ Ուրեմն, ի՞նչ է էն մարդու վիճակը, որը բոլորովին ոչ ոք չունի, որ իր համար աղոթի։ Դրա համար, երբ քուն մտնելիս աղոթես, վերջում ավելացրու. «Ողորմյա, Տեր Հիսուս Քրիստոս, նրանց բոլորին, որ ոչ ոք չունեն, որ իրենց համար աղոթեն»։ Էս աղոթքն էլ ընդունելի է և հաճելի։ Նույնը և բոլոր մեղավորների, որոնք դեռ ողջ են. «Տեր, ինքդ նրանց ճակատագրերը որոշիր և փրկիր բոլոր զղջացողներին». էս էլ լավ աղոթք է։
 
Ես նրան խոստացա, որ կաղոթեմ, զգալով, որ այդ խոստումով արտակարգ հաճույք կպատճառեմ նրան։ Եվ իսկապես, ուրախություն փայլեց նրա դեմքին, բայց շտապում եմ ավելացնել, որ այսպիսի դեպքերում նա երբեք ինձ բարձրից չէր նայում, այսինքն, ինչպես ծերունին մի որևէ դեռահասի։ Ընդհակառակը, շատ հաճախ սիրում էր հենց ինձ լսել, նույնիսկ հափշտակությամբ էր լսում զանազան թեմաներով իմ զրույցները, համարելով, որ գործ ունի, թեև «պատանյակի» հետ, ինչպես սիրում էր արտահայտվել բարձր ոճով (նա շատ լավ գիտեր, որ պետք է ասել «պատանի» և ոչ թե «պատանյակ»), բայց հասկանալով միաժամանակ և այն, որ այդ «պատանյակը» անչափ բարձր է իրենից կրթությամբ։ Սիրում էր նա, օրինակ, շատ հաճախ խոսել անապատականության մասին, և «անապատը» շատ ավելի բարձր էր դնում, քան «թափառումները», ես տաք-տաք հակաճառում էի նրան, հենվելով այս մարդկանց եսասիրության վրա, որոնք թողնում են աշխարհիկ կյանքը և այն օգուտը, որը կարող էին բերել մարդկությանը, միայն իրենց փրկության եսասիրական գաղափարի համար։ Սկզբում նա չէր հասկանում, նույնիսկ կասկածում եմ, որ բոլորովին էլ չհասկացավ, բայց անապատը շատ էր պաշտպանում. «Սկզբում քեզ խղճում ես, իհարկե, (այսինքն երբ բնակություն ես հաստատում անապատում), իսկ հետո օր-օրի վրա ավելի ես ուրախանում, իսկ հետո տեսնում ես նաև Աստծուն»։ Այստեղ ես նրա առջև բացեցի աշխարհիկ կյանքում գիտնականի, բժշկի, կամ ընդհանրապես մարդկության բարեկամի օգտակար գործունեության պատկերը և իսկական խանդավառության հասցրի նրան, որովհետև ինքս էլ տաք-տաք էի խոսում, նա ամեն րոպե հավանություն էր տալիս իմ խոսքերին․ «Էդպես է, սիրելիս, էդպես,― խոր հառաչեց նա,― բայց շատե՞րն են էդպես, որ կդիմանան և զվարճալիքներով չեն տարվի։ Փողը թեև Աստված չէ, բայց այնուամենայնիվ կիսաստված է, մեծ գայթակղություն, էստեղ նաև կանանց սեռը կա, նաև ինքնահավանությունն ու նախանձը, էստեղ էլ հենց մեծ գործը կմոռանան և կզբաղվեն փոքրով։ Իսկ ի՞նչ է անապատում։ Անապատում մարդն ամրացնում է իրեն և նույնիսկ ամեն տեսակի սխրագործության պատրաստում։ Եվ ի՞նչ կա աշխարհիկ կյանքում,― արտակարգ զգացումնալից բացականչեց նա։― Միայն երազանք չէ՞։ Վերցրու մի քիչ ավազ և ցանիր քարի վրա. եթե դեղին ավազը քո էդ քարի վրա կծլարձակի, քո երազանքն էլ աշխարհում կկատարվի,― ահա թե մեզանում ինչպես է ասվում։ Այ, ինչպես է Քրիստոսի մոտ. «Գնա և բաժանիր հարստությունդ և դարձիր բոլորի ծառան»։ Եվ առաջվանից անհաշիվ անգամ ավելի հարուստ կլինես, քանզի ոչ թե ուտելիքով, ոչ թե թանկարժեք հագուստներով, ոչ թե հպարտությամբ և ոչ թե նախանձով երջանիկ կլինես, այլ անթիվ-անհամար անգամ բազմապատկված սիրով։ Արդեն ոչ թե մի փոքր հարստություն, ոչ թե հարյուր հազար, ոչ թե միլիոն ձեռք կբերես, այլ մի ամբողջ աշխարհ։ Էսօր անկուշտ հավաքում ենք և խելահեղությամբ վատնում, իսկ էն ժամանակ ոչ որբեր կլինեն, ոչ աղքատներ, քանզի բոլորն իմն են, բոլորը հարազատներս, բոլորին ձեռք եմ բերել, բոլորին գնել։ Էսօր հազվագյուտ բան չէ, որ ամենահարուստն ու ամենանշանավորն էլ անտարբեր է իր ապրելիք օրերի նկատմամբ և ինքն էլ չգիտի, թե ինչ զվարճալիք հորինի, իսկ էն ժամանակ օրերդ ու ժամերդ կարծես կբազմապատկվեն հազար անգամ, քանզի ոչ մի րոպե չես ուզենա կորցնել, այլ յուրաքանչյուրը կզգաս սրտիդ ուրախությամբ։ Էն ժամանակ և իմաստնություն ձեռք կբերես ոչ միայն գրքերից, այլ դեմ առ դեմ կկանգնես հենց Աստծո առաջ, և երկիրը կփայլի արևից վառ և չի լինի այլևս ոչ թախիծ, ոչ հառաչանք, այլ միայն միասնական անգին մի դրախտ կլինի...»։ Թվում է, թե հենց այս խանդավառ արարմունքներն էր արտակարգ կերպով սիրում Վերսիլովը։ Այդ անգամ նա հենց սենյակում էր։
 
― Մակար Իվանովիչ,― հանկարծ ընդհատեցի ես նրան, ինքս էլ անչափ տաքանալով (ես հիշում եմ այն երեկոն),― ախր, եթե այդպես է, դուք կոմունիզմ, վճռականորեն կոմունիզմ եք քարոզում։
 
Եվ քանի որ նա վճռականապես ոչինչ չգիտեր կոմունիստական ուսմունքի մասին և այդ բառն էլ առաջին անգամ լսեց, ես իսկույն սկսեցի պատմել նրան այն բոլորը, ինչ գիտեի այս թեմայով։ Խոստովանում եմ, որ քիչ բան գիտեի, այն էլ կցկտուր և հիմա էլքաջատեղյակ չեմ, բայց ինչ-որ գիտեի, պատմեցի մեծագույն տաքացածությամբ, չնայած ամեն բանին։ Մինչև օրս էլ բավականությամբ եմ հիշում այն արտակարգ տպավորությունը, որ թողեցի ես ծերունու վրա։ Դա նույնիսկ տպավորություն չէր, այլ ցնցում էր։ Ընդ որում՝ նա խիստ հետաքրքրվում էր պատմական մանրամասնություններով. «Որտե՞ղ, ինչպե՞ս։ Ո՞վ է սարքել։ Ո՞վ է ասել»։ Ի դեպ, ես նկատել էի, որ դա ընդհանրապես հասարակ ժողովրդի հատկությունն է. նա չէր բավարարվում ընդհանուր գաղափարով, իսկ եթե շատ հետաքրքրվի, ապա անպայման կսկսի պահանջել ամենահաստատուն և ամենաճշգրիտ մանրամասներ։ Ես հենց մանրամասների մեջ էի սայթաքում և քանի որ ներկա էր Վերսիլովը, մի քիչ ամաչում էի նրանից, և այդ պատճառով էլ ավելի էի տաքանում։ Վերջացավ նրանով, որ Մակար Իվանովիչը վերջում խանդաղատանքով ամեն բառի վրա միայն կրկնում էր «էդպես, էդպես», բայց, ըստ երևույթին, արդեն չհասկանալով և թելը կորցնելով։ Ես սրտնեղեցի, բայց Վերսիլովը հանկարծ ընդհատեց խոսակցությունը, վեր կացավ և հայտարարեց, որ քնելու ժամանակն է։ Մենք այդ ժամանակ բոլորս իրար գլխի էինք հավաքված, և արդեն ուշ էր։ Երբ նա մի քանի րոպեից մտավ իմ սենյակը, ես իսկույն հարցրի նրան, ինչպե՞ս է դիտում նա Մակար Իվանովիչին ընդհանրապես և ի՞նչ է մտածում նրա մասին։ Վերսիլովը ուրախ քմծիծաղ տվեց (բայց ամենևին էլ իմ կոմունիզմի մասին արածս սխալների վրա չէ, ընդհակառակը, դրանք նա չհիշատակեց էլ։ Նորից եմ կրկնում, նա վճռականորեն կարծես կպել էր Մակար Իվանովիչին և հաճախ էի ես նրա դեմքին որսում արտակարգ գրավիչ մի ժպիտ, երբ նա լսում էր ծերունուն։ Ի դեպ, ժպիտն այդ ամենևին չէր խանգարում քննադատությանը։
 
― Մակար Իվանովիչը նախ և առաջ ոչ թե գյուղացի է, այլ պարոնին սպասարկող, ագարակի կցաշենքում ապրող մարդ,― արտասանեց նա մեծ հաճույքով,― նախկին սպասավոր, նախկին ծառա, որը ծնվել է ծառա և ծառայից։ Սպասավորներն ու ծառաները առաջներում չափազանց շատ էին բաժանվում իրենց պարոնների մասնավոր հոգևոր և մտավոր կյանքից։ Նկատիր, որ Մակար Իվանովիչը մինչև օրս էլ ավելի պարոնների ու բարձր հասարակության կյանքի իրադարձություններով է հետաքրքրվում։ Դու դեռ չգիտես, թե ինչ աստիճանի է հետաքրքրվում նա վերջին ժամանակներս Ռուսաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններով։ Արդյոք գիտե՞ս, որ նա մեծագույն քաղաքագետ է։ Նրան մեղր մի կերցրու, այլ պատմիր, թե ով որտեղ է կռվում, և արդյո՞ք մենք կկռվենք։ Առաջներում նման խոսակցություններով ես նրան երանության էի հասցնում։ Գիտությունը շատ է հարգում և բոլոր գիտություններից ամենից շատ սիրում է աստղագիտությունը։ Այդ բոլորի հետ միասին իր մեջ այնքան անկախ մի բան է մշակել, որը նրանում այլևս ոչ մի դեպքում տեղից չես շարժի։ Համոզմունքները կան և հաստատուն, և բավական հստակ... և ճշմարիտ համոզմունքներ։ Բացարձակ տգիտության հետ մեկտեղ, նա ընդունակ էր հանկարծ զարմացնել անսպասելի ծանոթությամբ այնպիսի հասկացությունների հետ, որոնք նրանում չէիր էլ ենթադրում։ Հիացմունքով գովում է անապատը, բայց ոչ մի դեպքում ոչ անապատ կգնա, ոչ մենաստան, որովհետև ծայր աստիճանի «թափառաշրջիկ» է, ինչպես սիրով նրան անվանեց Ալեքսանդր Սեմյոնովիչը, որի վրա դու, իմիջիայլոց, իզուր բարկացած ես։ Էլ ինչ կարելի է ասել, վերջապես. մի քիչ արվեստագետ է, շատ սեփական բառեր ունի, բայց ունի նաև այնպիսիները, որ իրենը չեն։ Մի քանի քրոմներ, տրամաբանական վերապատմումով, երբեմն շատ վերացական են, սենտիմենտալ, բայց միանգամայն ժողովրդական պոռթկումներով կամ, ավելի լավ է ասել, հենց այն համաժողովրդական հիացումի պոռթկումներով, որն այդպես լայնորեն մտցնում է մեր ժողովուրդը իր կրոնական զգացման մեջ։ Նրա սրտաբացության և անչարության մասին բաց եմ թողնում, ես ու դու չենք, որ այդ թեմայով սկսենք...
 
==== III ====
 
Որպեսզի ավարտենք Մակար Իվանովիչի բնութագրումը, կհաղորդեմ նրա պատմություններից որևէ մեկը, ըստ էության արդեն անձնական կյանքից։ Այս պատմությունների բնույթը տարօրինակ էր, ավելի ճիշտն այն է, որ չկար նրանց մեջ ոչ մի ընդհանուր բնույթ, ոչ որևէ բարոյախոսություն, ոչ ընդհանուր ուղղվածություն կարելի էր քամել նրանցից, միայն թե բոլորն էլ քիչ թե շատ սրտաշարժ էին։ Բայց կային նաև ոչ սրտաշարժները, կային նույնիսկ բոլորովին ուրախները, կային նույնիսկ ծաղրալիները որոշ վանականների մասին անպարկեշտներից, այնպես որ պատմելով ուղղակի վնասում էր իր գաղափարին, որի մասին ես ասացի նրան, բայց նա չհասկացավ, թե ինչ էի ուզում ասել։ Երբեմն դժվար էր լինում հասկանալ, թե ինչն է նրան հրահրում պատմելու, այնպես որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում էի այդ շաղակրատության վրա և մասամբ վերագրում էի ծերությանն ու հիվանդագին վիճակին։
 
― Նա առաջվանը չէ,― մի անգամ շշնջաց ականջիս Վերսիլովը,― առաջներում նա ոչ բոլորովին էր այդպես։ Նա շուտով կմեռնի, ավելի շուտ, քան թե մենք կարծում ենք, և պետք է պատրաստ լինել դրան։
 
Ես մոռացա ասել, որ մեզ մոտ «երեկոների» պես մի բան էր սահմանվել։ Մայրիկից բացի, որը չէր հեռանում Մակար Իվանովիչից, երեկոները մշտապես նրա սենյակն էր գալիս Վերսիլովը. մշտապես գալիս էի ես, և ուրիշ տեղ էլ չունեի գնալու, վերջին օրերին համարյա միշտ գալիս էր Լիզան, թեև ուրիշներից ավելի ուշ, և միշտ համարյա լուռ էր նստում։ Լինում էր նաև Տատյանա Պավլովնան և, թեև հազվադեպ, լինում էր նաև բժիշկը։ Բժշկի հետ ես, հանկարծ այնպես ստացվեց, որ մտերմացա, ոչ շուտ, բայց համենայն դեպս, անցյալի արարմունքներն էլ չկային։ Ինձ դուր էին գալիս նրա, կարծես, հասարակությունը, որն ի վերջո տեսա նրանում և որոշ կապվածությունը մեր ընտանիքի հետ, այնպես որ կարողացա, վերջապես, ներել նրա բժշկագիտական գոռոզամտությունը և, բացի դրանից, սովորեցրի ձեռքերը լվանալ և եղունգները մաքրել, եթե նա ոչ մի դեպքում չէր կարող գոնե մաքուր սպիտակեղեն հագնել։ Ես ուղղակի բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ պճնամոլության համար չի արվում և ոչ էլ գեղարվեստականության համար, այլ որ մաքրասիրությունը բնականորեն մտնում է բժշկի մասնագիտության մեջ, և ապացուցեցի դա։ Մոտենում էր, վերջապես, իր խոհանոցից դռանը Լուկերիան և, դռների ետևում կանգնած, լսում էր, թե ինչ է պատմում Մակար Իվանովիչը։ Վերսիլովը մի անգամ ներս կանչեց նրան դռան ետևից և հրավիրեց մեզ հետ նստելու։ Ինձ դա դուր եկավ, բայց այդ անգամվանից հետո արդեն դադարեց դռներին մոտենալը։ Իր վարքագիծն ուներ։
 
Տեղադրում եմ պատմություններից մեկն առանց ընտրության, միայն մի պատճառով, որ այն ավելի լրիվ է մտքումս մնացել։ Սա մի պատմություն է մի վաճառականի մասին, և ես կարծում եմ, որ դրա նման պատմություններ մեր մեծ ու փոքր քաղաքներում հազարներով են պատահում. միայն թե կարողանաս տեսնել։ Ցանկացողները կարող են բաց թողնել այս պատմությունը, մանավանդ, որ պատմում եմ նրա ոճով։
 
==== IV ====
 
«Իսկ մեր Աֆիմևսկ քաղաքում հիմա կասեմ, թե ի՜նչ հրաշք կար։ Մի վաճառական կար մեզանում, Կոտոբոյնիկով էր կոչվում՝ Մաքսիմ Իվանովիչ, և ամբողջ շրջակայքում չկար մեկը, որ նրանից հարուստ լիներ։ Չթի գործարան կառուցեց և մի քանի հարյուր բանվոր էր պահում, և սկսեց իրեն անչափ երևակայել։ Եվ պետք է, որ էսպես ասած, նրա ձեռքի շարժումով արդեն ամեն բան շարժվեր, և քաղաքի գլխավորներն էլ ոչ մի բանում նրան չէին խոչընդոտում, և վանահայրն էր նրան առատաձեռնության համար շնորհակալություն հայտնում։ Վանքին մեծ գումարներ էր զոհաբերում, երբ որ մտքովն անց էր կենում, շատ էր իր հոգու համար մտմտում և հետագա կյանքի համար էլ քիչ չէր մտածում։ Այրի էր, երեխաներ էլ չուներ, կնոջ մասին խոսակցություն կար, որ դեռ ամուսնության առաջին տարում իբր ծեծամահ է արել նրան և որ երիտասարդ ժամանակվանից սիրում էր ձեռքերին ազատություն տալ, միայն թե դա դրանից շատ վաղուց է եղել, իսկ նոր ամուսնությամբ պարտավորություններ վերցնել վրան չէր ուզել։ Օղու նկատմամբ էլ թուլություն ուներ և ժամը որ հասնում էր, հարբած ու ադամամերկ վազում էր քաղաքով մեկ ու ոռնում, քաղաքը նշանավոր չէր, բայց միևնույն է, ամոթալի էր։ Իսկ երբ գինարբուքն անցնում էր, բարկացկոտ էր դառնում, և ինչ որ վճռեր, էդպես էլ լավ էր և ինչ որ հրամայեր, էդ էլ հրաշալի էր։ Իսկ ժողովուրդն էլ մոտավորապես էր հաշվում, իսկ ինքը հաշվիչը վերցնում էր, ակնոցը դնում. «Քեզ ինչքա՞ն եմ պարտք, Ֆոմա»։― «Ծննդյան տոներից փող չեմ վերցրել ձեզնից, Մաքսիմ Իվանովիչ, երեսունինը ռուբլի ձեզ մոտ ունեմ»։― «Համա թե փողեր են։ Դա քեզ համար շատ-շատ է։ Դու քաշովդ մեկ էդքան փող չարժես, քեզ չի էլ սազի, տասը ռուբլին կպահեմ, քսանինը ստացիր»։ Եվ մարդը լռում է. և ոչ մեկն էլ չի համարձակվում ծպտուն հանել, բոլորն էլ լռում են։
 
«Ես գիտեմ, ասում է, սրան ինչքան տամ։ Էստեղի ժողովրդի հետ ուրիշ կերպ չի կարելի։ Էստեղի ժողովուրդը փչացած Է, առանց ինձ սրանք բոլորը էստեղ սովից կմեռնեին, բոլորը, ինչքան որ կան էստեղ։ Համ էլ ասեմ, էստեղի ժողովուրդը գող է, ինչ որ տեսնի, իր կողմը կքաշի, ոչ մի տղամարդություն չկա նրանում։ Համ էլ հարբեցող է, հենց որ հաշիվը փակում են, իսկույն գինետուն է տանում և գինետանը նստում է մերկ, ոչ մի թել չի թողնում վրան, տկլոր դուրս է գալիս գինետնից։ Համ էլ սրիկա է, կնստի գինետան դիմաց մի քարի ու կսկսի կյանքից բողոքել. «Մայր իմ հարազատ, և ինչո՞ւ ինձ, դառը հարբեցողիս աշխարհ բերեցիր։ Ավելի լավ կլիներ, որ դու ինձ՝ դառը հարբեցողիս, տակդ խեղդեիր։ Մի՞թե սա մարդ է։ Սա գազան է և ոչ թե մարդ, սրան պետք է նախ կրթես, հետո նոր փող տաս։ Ես գիտեմ, թե երբ տամ»։
 
Այ էսպես էր խոսում Մաքսիմ Իվանովիչը Աֆիմևսկ քաղաքի ժողովրդի մասին, թեև վատ էր խոսում, բայց ճշմարտություն կար նրա ասածի մեջ. ժողովուրդն հեղհեղուկ էր, հետևողական չէր։
 
Էդ նույն քաղաքում ապրում էր մի ուրիշ վաճառական և էնտեղ էլ մեռավ. երիտասարդ մարդ էր և թեթևամիտ, վառվեց-մոխրացավ, ամբողջ կապիտալից էլ զրկվեց։ Վերջին տարում թպրտում էր, ինչպես ձուկն ավազի վրա, և որպես դաս նրա վարքի համար ծառայեց։ Մաքսիմ Իվանովիչի հետ շարունակ յոլա չէին գնում և ամեն բանում պարտք մնաց նրան։ Իր վերջին ժամին էլ դեռ անիծում էր Մաքսիմ Իվանովիչին։ Իրենից հետո դեռ երիտասարդ այրի թողեց հինգ զավակների հետ միասին։ Եվ միայնակ որբևերու համար ամուսնուց հետո անտուն-անտեր ծիծեռի պես մենակ մնալն էլ քիչ փորձություն չէր, էլ ուր մնաց հինգ մանր երեխաների հետ, որոնց կերակրելու հնարավորություն չուներ, վերջին ողորմելի ագարակն էլ՝ փայտաշեն տնակով, Մաքսիմ Իվանովիչը խլում էր պարտքի դիմաց։ Եվ մայրը բոլորին շարքով կանգնեցրեց ժամի դռանը։ Մեծ տղան ութ տարեկան էր, իսկ մյուսները մեկը մյուսից մեկ տարով փոքր աղջիկներ էին, մեծը չորս տարեկան էր, իսկ փոքրը գրկին, ծիծ էր ուտում։ Պատարագն ավարտվեց, Մաքսիմ Իվանովիչը դուրս եկավ և բոլոր երեխաները շարքով չոքեցին նրա առաջ (մայրն էր նախապես սովորեցրել) և թաթիկներն էլ իրենց առջև ափերով վեր մեկի պես պահած, ինքն էլ, հինգերորդ երեխան գրկին, նրանց հետևում, բոլորի ներկայությամբ մինչև գետին խոնարհվեց. «Հերացու, Մաքսիմ Իվանովիչ, խնայիր որբերին, վերջին թիքեն մի խլիր սրանցից, մի դուրս անի հարազատ բնից»։ Եվ բոլոր ներկաների աչքերը արցունքով լցվեցին ― այնքան լավ էր սովորեցրել մայրը երեխաներին։ Կարծում էր. «Մարդկանց մոտ գոռոզություն չի անի և կների, կտա տունը որբերին», միայն թե էդպես չստացվեց։ Կանգ առավ Մաքսիմ Իվանովիչը ու. «Դու, ասում է, ջահել որբևերի ես, մարդ ես ուզում և ոչ թե որբերիդ համար ես ողբում։ Հանգուցյալը հո մահվան մահճում էլ էր ինձ անիծում»,― շարունակեց ճանապարհը ու տունը չտվեց։ «Ինչո՞ւ պիտի դրանց հիմարությունները նմանակեմ (այսինքն խրախուսեմ), բարեգործություն որ անես, ավելի շատ կհայհոյեն, էս բոլորից օգուտը քիչ է, իսկ ասեկոսեները՝ շատ»։ Եվ իսկապես էլ ասեկոսեները շատ էին. ասում էին, իբր, էս այրու մոտ սրանից մի տասը տարի առաջ դեռ աղջիկ ժամանակ էր մարդ ուղարկում և մեծ փողեր զոհաբերում (շատ սիրուն էր, ախր), մոռանալով, որ էդ մեղքը միևնույն է, թե Աստծո տաճար քանդես, բայց էն ժամանակ ոչ մի բանի չհասավ։ Իսկ էդ այլանդակությունները քաղաքով և նույնիսկ ամբողջ նահանգով մեկ քիչ չէր կատարում, և էս բանում նույնիսկ ամեն չափն էր կորցրել։
 
Ողբաց մայրն իր ձագուկների հետ, բայց նա դուրս արեց տանից որբուկներին և ոչ միայն չարությունից, այլ մարդն ինքն էլ չի իմանում երբեմն, ինչ դրդապատճառով է իր ասածի վրա պինդ կանգնում։ Սկզբում մարդիկ օգնում էին, հետո գնաց գործի վարձվելու։ Բայց ֆաբրիկայից բացի մեզանում ի՞նչ տեղ կա փող վաստակելու, էստեղ հատակ կլվանա, էնտեղ բանջարանոցում քաղհան կանի, մի ուրիշ տեղ բաղնիքը կվառի, մեկ էլ երեխան գրկին կոռնա, իսկ չորս մյուս երեխաները փողոցում շապկանց վազվզում են։ Երբ ժամի դռանը ծնկի էր կանգնեցրել, ինչ-որ ոտնամաններ դեռ կային հագներին, ու վերարկուներ էլ, թեկուզ հնամաշ, ինչքան էլ որ չլիներ, վաճառականի զավակներ էին։ Իսկ հիմա ոտաբոբիկ էին վազվզում, երեխաների շորերը, հայտնի է, շուտ են քրքրվում։ Իսկ երեխաներին ինչ, արև լինի, արդեն կուրախանան, իրենց կործանումը չեն զգում, ոնց որ թռչնակներ, ձեններն էլ՝ հանց զանգակներ։ Այրին մտածում էր. «Ձմեռը որ գա, ո՞ւր պիտի տանեմ ձեզ, գոնե մինչև էդ Աստված ձեզ իր մոտ տանի»։ Բայց մինչև ձմեռ չհասավ։ Մեզանում մի հիվանդություն կա, երեխաների հազ, կապույտ հազ է կոչվում, որ մեկից մյուսին է անցնում։ Առաջինը մեռավ ծծկեր աղջնակը, իսկ նրանից հետո հիվանդացան մյուսները և չորս աղջնակին էլ, մեկին մյուսից հետո էդ նույն աշնանը թաղեց։ Մեկին, ճիշտ է, ձին փողոցում ջնջխեց։ Եվ ի՞նչ ես կարծում։ Թաղեց ու մղկտաց, անիծում էր, բայց երբ Աստված տարավ, ափսոսաց։ Մայրական սիրտ է։
 
Ողջ մնաց միայն ավագ որդին, և նրա վրա սկսեց դողալ։ Տղեկը թույլ էր, քնքուշ, սիրունիկ դեմքով, ոնց որ աղջիկ լիներ։ Մայրը սրան գործարան տարավ, կնքահոր մոտ, որը գործարանի կառավարիչն էր, իսկ ինքը դայակ վարձվեց մի աստիճանավորի տանը։ Մի օր տղեկը վազվզում է բակում, և հանկարծ երկձի կառքով բակ է մտնում Մաքսիմ Իվանովիչը, այն էլ խմած, իսկ տղեկը սանդուղքից սայթաքեց և ուղիղ նրան դիպավ, երբ նա կառքից իջնում էր, ու զույգ ձեռքերով փորը հրեց։ Բռնեց տղեկի մազերից ե աղաղակեց.
 
― Սա ո՞ւմն է։ Ճիպոտ։ Ծեծեք սրան,― ասում է,― իսկույն, իմ ներկայությամբ։
 
Տղեկը սառեց, սկսեցին ծեծել, բղավեց.
 
― Դեռ բղավում էլ ե՞ս։ էնքան ծեծեք մինչև որ դադարի բղավել։
 
Շատ ծեծեցին թե քիչ, չդադարեց բղավել, մինչև որ անկենդան, անշարժացավ։ Էստեղ դադարեցին ծեծել, վախեցան, տղեկը չի շնչում, ուշաթափ պառկած է։ Հետո ասում էին, որ շատ էլ չեն ծեծել, բայց երկչոտ էր շատ։ Մաքսիմ Իվանովիչն էլ, կարծես վախեցավ։
 
― Էս ո՞ւմ տղեկն է,― հարցրեց, ասացին,― սրան տեսեք,― արտասանեց,― տարեք մոր մոտ, իսկ ինչո՞ւ էր գործարանում քարշ գալիս։
 
Հետո երկու օր լուռ էր ու նորից հարցրեց.
 
― Իսկ տղեկն ի՞նչ եղավ։
 
Իսկ տղեկը վատ էր, հիվանդացել էր, մոր մոտ անկյունում պառկած էր, և պատահածի պատճառով մայրը թողել էր աշխատանքի տեղն աստիճանավորի մոտ, և հիվանդությունն էլ թոքերի բորբոքում էր։
 
― Սրան տեսեք,― արտասանեց,― և թվում է, թե ինչի՞ց։ Եթե նրան ուժեղ ծեծեին, միայն մի քիչ եռանդ բանացրին։ Ես բոլոր մյուսներին էլ էդպես ծեծել եմ տվել և անցել է առանց էդ դատարկ բաների։
 
Սպասում էր, որ մայրը կգնա բողոքելու ու մեծամտորեն լռում էր, բայց ուր էր թե, մայրը չհամարձակվեց բողոքել։ Նա իր կողմից մորը տասնհինգ ռուբլի ուղարկեց ու բուժակ իր կողմից և ոչ թե վախենալով հետևանքներից, այլ էնպես, մտքովն անցավ, իսկ հետո նրա ժամանակը եկավ, և նա մի երեք շաբաթով գինեմոլուցքով տառապեց։
 
Անցավ ձմեռը, և հենց Քրիստոսի հարության պայծառ կիրակի ամենահրաշալի օրով նորից հարցնում է Մաքսիմ Իվանովիչը.
 
― Իսկ էն տղեկն ի՞նչ եղավ։
 
Իսկ ամբողջ ձմեռ լուռ էր, չէր հարցնում։ Նրան ասում են.
 
― Առողջացավ, մոր մոտ է, իսկ սա օրավարձու աշխատանքի է գնում։
 
Եվ նույն օրը Մաքսիմ Իվանովիչը գնաց այրու մոտ, բայց տուն չմտավ, այլ նրան կանչեց դարպասի մոտ, իսկ ինքը մնաց կառքի մեջ նստած.
 
― Ահա թե ինչ,― ասում է,― ազնիվ այրի, ես ուզում եմ իսկական բարեգործ լինեմ քո տղայի համար և անսահման շնորհներ տրամադրեմ նրան, տղայիդ վերցնում եմ ինձ մոտ, հենց իմ տուն եմ տանում։ Եվ եթե մի քիչ ինձ գոհացնի, լավ գումար կկտակեմ իրեն, իսկ եթե լավ գոհացնի, ապա կարող եմ մահիցս հետո ամբողջ կարողությանս ժառանգ կարգեմ, ինչպես հարազատ որդուս, սակայն մի պայմանով, որ Ձերդ ողորմածությունը բացի մեծ տոներից, ուրիշ օրեր իմ տուն շնորհ չբերի։ Եթե համաձայն ես, վաղն առավոտյան բեր տղային, բավական է ինչքան ճան խաղաց։
 
Եվ, ասելով սա, գնաց, թողնելով մորը, կարծես խելագարված։ Լսեցին մարդիկ ու ասացին.
 
― Կմեծանա տղան, ինքը քեզ կկշտամբի, որ էդպես բախտից զրկել ես իրեն։
 
Ամբողջ գիշեր ողբաց որդու վրա, իսկ առավոտյան տարավ տվեց երեխային։ Իսկ տղեկը ոչ սաղ էր, ոչ մեռած։
 
Հագցրեց նրան Մաքսիմ Իվանովիչը, ինչպես պարոնորդու և ուսուցիչ վարձեց և հենց էդ ժամից գրքերն առաջը դրեց, և էնտեղ հասավ, որ աչք չէր կտրում նրանից, ոչ էլ թողնում էր, որ կողքից հեռանա։ Հանկարծ որ աչքը գրքից կտրում էր, նա արդեն բղավում էր.
 
― Գրքին նայի՛ր, սովորի՛ր, ես քեզ ուզում եմ մարդ դարձնեմ։
 
Իսկ տղեկը նվազ է, էն անգամվանից հետո, ծեծից հետո, սկսեց հազալ։
 
― Ինձ մոտ ամեն բան առատ չէ՞,― զարմանում է Մաքսիմ Իվանովիչը,― մոր մոտ բոբիկ էր վազում, հացի չոր կողերը ծամում, ինչո՞ւ է առաջվանից էլ ավելի նվազ։
 
Իսկ ուսուցիչն ասում է.
 
― Ամեն տղեկի պետք է նաև վազվզել, ոչ թե միայն սովորել, նրան անհրաժեշտ է զբոսանք։
 
Եվ իր ասածը հիմնավորեց։ Մաքսիմ Իվանովիչը մտածեց.
 
― Էդ դու ճիշտ ես ասում։
 
Իսկ էդ ուսուցիչը Պյոտր Ստեպանովիչն էր, Աստված հոգին լուսավորի, որը, կարծես, Աստծո խենթ լիներ, գուշակ, շատ էր խմում, նույնիսկ չափազանց շատ և էդ պատճառով նրան վաղուց բոլոր գործերից հանել էին և քաղաքում ապրում էր համարյա ողորմությամբ, իսկ մեծ խելքի տեր էր և հաստատուն գիտելիքներ ուներ։
 
― Ես էստեղ չպիտի լինեի,― ասում էր ինքն իր մասին,― ես համալսարանում պրոֆեսոր պետք է լինեի, իսկ էստեղ ես կեղտի մեջ եմ ընկղմված և «իրենք հագուստներն էլ են ինձնից գզվում»։ Նստեց Մաքսիմ Իվանովիչը և բղավում է տղային.
 
― Վազվզի՛ր։
 
Իսկ տղան, նրա առջև կանգնած, հազիվ է շնչում։ Եվ բանն էնտեղ հասավ, որ երեխան նրա ձենն անգամ չէր կարողանում տանել, ամբողջ մարմինը դող էր բռնում։ Իսկ Մաքսիմ Իվանովիչը հո ավելի էր զարմանում. «Սա էսպես ու էնպես է. ես սրան կեղտից հանել ու կիսամահուդ շորեր եմ հագցրել, հագին կտորե կիսասապոգներ, ասեղնագործած բլուզ է, գեներալի որդու պես եմ պահում, իսկ ինչո՞ւ իմ կողմը հակված չէ, ինչո՞ւ է գայլաձագի պես լռում»։ Թեկուզ ամենքը վաղուց՝ չէին զարմանում Մաքսիմ Իվանովիչի արարքների վրա, համա էս անգամ նորից զարմանք կտրեցին, էս մարդն ինչի՞ է դուրս եկել ինքն իրենից, կպել մի մատ երեխին, ձեռ չի քաշում։ «Թեկուզ մեռնեմ էլ, համա դրա էդ գեշ բնավորությունը պիտի արմատախի՜լ անեմ։ Դրա հերը, մահվան դուռը հասած, սուրբ հաղորդությունը հլա դեռ նոր ընդունած՝ անեծք թափեց վրաս, սա էլ հո՛րն է քաշել»։ Ախր ոչ մի անգամ ճիպոտով չէր դաղել (էն անգամից վախեցել էր աչքը)։ Վախ էր գցել երեխի սիրտը։ Առանց ճիպոտի էլ էր գցել։
 
Ու եղավ լինելիքը։ Մի անգամ, հենց որ ոտը քաշեց սենյակից, էս տղեն թողեց գիրքն ու թռավ աթոռին, դրանից առաջ էլ գնդակն էր շպրտել ամանեղենի պահարանի վրա, էնպես որ էդ գնդակը հենց որ ուզեց վերցնել, թևը դիպավ պահարանի վրա դրած ճենապակե լամպին, լամպն էլ ընկավ հատակին ու էնպես փշրվեց, որ շրխկոցն ու զրնգոցը բռնեց տունը. ապրանքն էլ հո՝ թանկարժեք, սաքսոնական շուշա։ Էդ ժամանակ Մաքսիմ Իվանովիչս երրորդ սենյակից լսեց ձեն-ձունն ու վայնասունը գցեց։ Երեխեն վախից թողեց ու փախավ ուր որ աչքը կտրում էր. վազեվազ անցավ սանդուղքով, հետո էլ այգու միջով ու դրանից հետո ցանկապատի դռնով դեպի գետափ։ Իսկ գետափի երկայնքով զբոսուղի է ձգվում, հնօրյա ուռիներ են կանգնած, քեֆ ու ուրախության տեղ է։ Հենց էդ տեղով էլ վազեց ջրի կողմը։ Մարդիկ տեսան, թե ոնց ձեռները թաթախեց ջրի մեջ հենց էն տեղում, որտեղ լաստանավն է կանգ առնում, համա ոնց որ թե վախեցավ ջրից, լռվեց մնաց տեղում։ Իսկ էնտեղ գետը լայն է, արագահոս, բարկասներ են անցնում-դառնում. դեմի ափին խանութներ են, հրապարակ. Աստծո տաճարն է շողշողում ոսկե գմբեթներով։ Ու հենց էդ րոպեին մի ափից վռազ մեկել ափն անցնել էր ուզում հետևակ գնդի գնդապետ Ֆերզինգի կինը։ Իր հետի աղջիկն էլ էր լրիվ երեխա ութ տարեկան, սպիտակ շոր հագած, գնում է, նայում է մեր տղին ու ծիծաղում է. ձեռին էլ գյուղական մի պստլիկ չոնթիկ կա, էդ չոնթիկի մեջն էլ ոզնի։ «Տեսեք, մայրիկ,― ասում է,― տեսեք, թե այն տղան ինչպե՜ս է նայում իմ ոզնուն»։― «Ոչ,― ասում է գնդապետի կինը,― տղան վախեցել է ինչ-որ բանից։ Ի՞նչն է ձեզ վախեցրել այդպես, լավ տղա»։ (Էդ մանր֊մունր բաների մասին հետո էին պատմում)։ «Ի՜նչ լավ էլ տղա է,― ասում է,― ի՜նչ էլ լավ է հագնված։ Տղա,― հարցնում է,― ո՞ւմ տղան եք դուք»։ Իսկ տղեն ոզնի տեսած չկար, մոտեցել ու մի գլուխ ոզնուն է նայում՝ մոռացած անգամ, թե ինչից է փախել, երեխեն մնում է երեխա։ «Այդ ի՞նչ է»,― հարցնում է։ «Սա,―ասում է աղջիկ-պարոնը,― մեր ոզնին է, քիչ առաջ մի գյուղացուց գնեցինք, անտառում էր գտել»։ «Ի՞նչ ոզնի»,― ասում է ու ծիծաղում։ Եվ սկսեց մատով բզբզել ոզնուն. ոզնին էլ էդ ժամանակ փշերն է տնկում, իսկ աղջիկն ուրախ է էդ տղին տեսնելու համար. «Տուն ենք տանում սրան,― ասում է,― ուզում ենք ընտելացնել»։ «Ա՜խ,― ասում է տղան,― ի՜նձ նվիրեք ձեր ոզնին»։ Եվ էնքան սրտաշարժ ձենով է խնդրում, ու խնդրանքը դեռ բերանում, մեկ էլ հանկարծ գլխավերևից Մաքսիմ Իվանովիչի գոռգոռոցը. «Հը՜ը-ը։ Այ թե որտեղ ես։ Բռնեք դրան» (Էնպես էր գազան կտրել, որ տնից առանց գլխարկի էր վազել բռնելու։ Տղեն հենց որ տեսավ, մեկեն ճչաց ու դեպի ջուրը, բռնցքած ափերը աջից ու ձախից սեղմեց կրծքին, նայեց երկինքն ի վեր (մարդիկ տեսել էին, տեսել) ու՝ չը-լըմփ։ Տեսնողները վայնասուն են գցել, իրենց ցած գցել լաստանավից, փորձել են բռնել, համա ջուրն արդեն տարած է եղել, գետն արագահոս էր. մինչև հանել էին, արդեն խեղդված էր եղել, մեռած։ Ախր կուրծքը թույլ-մույլ էր. չէր դիմացել ջրին, իր նման նվազը մի պուտ ջրում էլ կխեղդվի։ Էդ կողմերի մարդիկ չէին հիշում էդ տեսակ դեպք, որ էդքան պուճուր երեխեն ձեռ քաշած լինի կյանքից։ Շա՜տ մեղք բան էր։ Ու էն պստիկ հոգին էն աշխարհում ի՞նչ պատասխան պիտի տա Տեր Աստծուն։
 
Էն օրից Մաքսիմ Իվանովիչս հենց էդ բանի վրա էլ սկսեց միտք անել։ Ու փոխվեց մարդը։ Ցավ ու դարդի տեր դառավ։ Ուզեց իրեն տա խմելու, շատ խմեց, համա հետո ձեռ քաշեց, չէր օգնում։ Գործարան գնալ֊գալուց էլ ձեռ քաշեց, ոչ մեկի չէր լսում։ Որ մարդիկ իրեն բան էին ասում, սուս էր անում, հետո էլ սկսեց խոսել ինքն իր շվաքի հետ։ Վասկովի քաղաքամերձ գյուղը կրակ ընկավ, ինը տուն վառվեց. Մաքսիմ Իվանովիչս գնաց տեսնելու։ Վառված տների կենվորները լցվեցին գլխին, վայ-վույը գցեցին, օգնություն խոստացավ ու կարգադրություն արավ, իսկ հետո իր մոտ կանչեց կալվածի կառավարչին ու ամեն բան չեղյալ արավ. «Բանի նման չէ,― ասում է,― եղած-չեղածը դես ու դեն շաղ տալ», ոչ էլ ասաց, թե ինչու է միտքը փոխել։ «Թե որ Աստված զիս,― ասում է,― թողել է ի ոտնահարումն մարդկանց, որպես մի ճիվաղի, թող ուրեմն եղիցի կամքն Յուր։ Փառքն իմ,― ասում է,― եկավ ու անցավ քամու պես»։ Վանահերն անձամբ եկավ մոտը, սուրբ ծերունի էր, խստակյաց ու վանքում անկելանոց էր պահում, լքյալների կացարան։ «Ի՞նչ ես անում»,― ասում է խստաձայն։ «Ահա թե ինչ»,― վանահոր առաջ բաց արավ գիրքն ու մատնացույց արավ տեղը.
 
«Եվ ով որ գայթակղեցնե այս մանուկներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նրա պարանոցից էշի աղացքար կախ տան ու ծովի անդունդը ընկղմեն նրան» (Մատթ. 18,6)։
 
― Այո,― ասաց վանահերը,― անուղղակի է ասված, բայց դրան է վերաբերում։ Դժբախտություն է, երբ մարդս կորցնում է չափն իր. ինքն էլ է կորած։ Մեծամտել ես, որդյակ։
 
Իսկ Մաքսիմ իվանովիչս նստել է փետ կուլ տվածի նման։ Վանահերը աչքը չի կտրում նրա երեսից։
 
― Ականջ արա ու մտապահիր,― ասում է։― Ասված է. «Հուսալքյալի խոսքը քամին է տանում»։ Մտապահիր նաև՝ Աստծո հրեշտակներն անգամ կատարյալ չեն. լոկ Տերն մեր միածին Հիսուս Քրիստոսն է կատարյալ ու անբիծ, և հրեշտակները Նրան են ծառայում։ Չէ որ դու այդ մանկան մահը չէիր կամենում, լոկ անմտություն է եղել արարքդ։ Համա լսիր, թե ինչ կասեմ,― ասում է,― մինչև անգամ զարմանք է պատում ինձ. մի՞թե,― ասում է,― քիչ մարդ ես գցել դռնեդուռ, մի՞թե քչերին ես պղծել, կորստյան մատնել. ու այդ արարքներիցդ ամեն մեկը մի սպանություն է Տիրոջ առաջ։ Այդ մանկան մատաղ քույրերը չէի՞ն, արդյոք, որ դրանից առաջ չորսն էլ իրար հետևից հանգան աչքիդ առաջ։ Եվ ինչո՞ւ հանկարծ այս դեպքն է միմիայն ալեկոծել հոգիդ։ Չէ՞ որ նախորդ զոհերիցդ ոչ մեկի համար ոչ միայն չես վշտացել, այլև մոռացել ես իսպառ։ Ուրեմն, ինչո՞ւ սարսափեցիր լոկ այս մանկան մահվամբ, որում ավելի նվազ է մեղքդ, քան մահերում նախորդ։
 
― Երազ է գալիս,― կմկմաց Մաքսիմ Իվանովիչը։
 
― Ի՜նչ անենք։
 
Ու էլ ոչ մի խոստովանություն չարավ. նստած էր լուռումունջ։ Զարմանք կտրեց վանահերը ու էդպես զարմացած էլ թողեց գնաց, էլ անելիք չուներ սուս արած մարդու հետ։
 
Ու Մաքսիմ Իվանովիչս մարդ ճամփեց վարժապետ Պյոտր Ստեպանովիչին կանչելու, էն դեպքից դեսը չէին հանդիպել։
 
― Հիշո՞ւմ ես,― ասում է։
 
― Հիշում եմ,― ասում է։
 
― Դու էստեղ յուղաներկով գինետունը նկարներ էիր քսմսում,― ասում է,― արքեպիսկոպոսի նկարն էլ պատճենահանեցիր հետո։ Կարո՞ղ ես էդ ներկով մի բան նկարել ինձ համար։
 
― Ամեն բան գալիս է ձեռիցս,― ասում է,― ամեն բան կարող եմ, դրա եղածն ի՞նչ է, որ չանեմ։
 
― Շատ մեծ արա, ուրեմն, էդ նկարը ու դրա վրա նախևառաջ գետը նկարիր հա՛մ զառիթափ ափը, հա՛մ լաստը։ Էնպես արա, որ բոլորը լինեն նկարածիդ վրա, ով որ էնտեղ է եղել էն ժամանակ, հա՛մ գնդապետի կինը լինի, հա՛մ պուճուրիկ աղջիկն ու էն ոզնին։ Դիմացի ափն էլ նկարիր ոնց որ կա. հա՛մ եկեղեցին լինի, հա՛մ հրապարակը, հա՛մ խանութները, հա՛մ էլ էն տեղը, որտեղ կառապաններն են հավաքվում, ամեն բան էնպես արա ոնց որ կա։ Ու հենց էդ գետանցի մոտ նկարիր տղին՝ գետի վրա կախված զառիթափի գլխին, նույն տեղում, համ էլ անպայման էնպես արա, որ պստլիկ բռունցքներն էսպես սեղմած լինի ծիծիկներին։ Անպայման էդպես։ Ու տղի դիմաց, գետի մեկել ափին, եկեղեցու գլխավերևում մի էնպիսի երկինք բաց արա, որ լույսի մեջ ճախրող բոլոր հրեշտակները տղի կողմը թռչեն։ Գլուխ կբերե՞ս։
 
― Ամեն բան գլուխ կբերեմ։
 
― Ոչ թե քեզ նման մի Տրիֆոնի, կարող եմ մինչև անգամ աշխարհի ամենաանունով նկարողին դուրս գրել թեկուզ Լոնդոնից։ Երեխի երես-մերեսը հիշում ես։ Բան է, թե նման դուրս չգա, կամ քիչումիչ լինի նման, ուրեմն քեզ ընդամենը հիսուն ռուբլի կտամ, համա որ լրիվ նման եղավ, երկու հարյուր կտամ։ Միտդ պահիր, աչքերը երկնքի գույնի... Համ էլ ամենամեծ նկարը լինի էս մեր կողմերում։
 
Պատրաստություն տեսան. Պյոտր Ստեպանովիչն սկսեց նկարել ու մեկ էլ հանկարծ թողնում գալիս է.
 
― Չէ,― ասում է,― էդ ձևով նկարել չի լինի։
 
― Ինչո՞ւ,― ասում է։
 
― Քանզի էդ մեղսագործությունը մեղքերից ծանրագույնն է ինքնասպանությունն, ուրեմն, էդ տեսակ մեղք գործողին հրեշտակները ո՞նց կարող են դիմավորել։
 
― Չէ՞ որ մի մատ երեխա էր. իր արածը մեղադրելի չէ։
 
― Չէ. երեխա չէր, արդեն պատանյակ էր, ութ տարեկան էր, երբ էդ բանը եղավ։ Ինչ էլ որ լինի՝ որոշ պատասխան պիտի տա իր գործած մեղքի համար։
 
Մաքսիմ Իվանովիչս վախից չորացավ։
 
― Իսկ ես,― ասում է Պյոտր Ստեպանովիչը,― այ թե ի՛նչ հնար Եմ մտածել. պետք չի ոչ երկինք բացել, ոչ էլ հրեշտակներ խաղացնել, փոխարենը երկնքից լույսի շողք կիջացնեմ երեխի վրա. ամեն դեպքում սրանից մի բան դուրս կգա։
 
Էդպես էլ իջեցրին շողքը։ Ու հետագայում աչքովս տեսա էդ նկարը, էդ շողքն ու գետը, պատով մեկ էր նկարած լրիվ կապույտ, էն անուշ երեխեն թաթիկները ծիծիկներին սեղմած, ու՝ էն պուճուրիկ աղջիկ-պարոնն ու ոզնին. ամեն բան տեղը տեղին, համա էն ժամանակ Մաքսիմ Իվանովիչը մարդու բան չասեց էդ նկարի մասին, իր գրասենյակում էր պահում փակի տակ։ Կարգադրել էր, որ վռնդեն բոլորին, ովքեր քաղաքից թափվում գալիս էին տեսնելու։ Շատ ասեկոս եղավ։ Իսկ Պյոտր Իվանովիչը տվել անցել էր ինքն իրեն, ելման գետի նման դուրս էր թափվում ափերից։ «Հիմա,― ասում է,― ամեն բան կարող եմ։ Հիմա իմ տեղը,― ասում է,― Սանկտ Պետերբուրգի պալատն է որ կա»։ Դուրեկան մարդ էր, համա մեծարվելու համար ուշքը գնում էր։
 
Հենց էդ ժամանակ էլ վրա տվեց ճակատագիրը։ Հենց որ երկու հարյուր ռուբլին ստացավ, իրեն տվեց խմելու, ամենքի մոտ փողն էր ցույց տալիս, պարծենում, ու մեր չտեսներից մեկը սպանեց հարբած մարդուն, ում հետ որ խմել էր դրանից առաջ, ու թալանեց փողը, ամեն բան ջրի երես ելավ առավոտվա կողմը։
 
Ամեն բան վերջացավ էդպես ու դրանից դեսը էն կողմերում մի գլուխ մտաբերում են էդ բանը։ Ու մեկ էլ տեսան Մաքսիմ Իվանովիչս եկել է էն անմարդ կնոջ մոտ, որ վարձով էր կենում մի քաղքենուհու խրճիթում։ Էս անգամ արդեն քշեց մտավ բակ, կանգնեց էդ կնկա առաջ ու գլուխ տվեց։ Իսկ էդ կինը էն գլխից առողջություն չուներ, հազիվ էր շարժվում։ «Մայրի՛կ սիրասուն,― գոչեց,― ագնի՛վ կինարմատ, որ անմարդ ես, ամուսնացիր ինձ նման ճիվաղ մեկի հետ, թող ես էլ ապրեմ երկրի երեսին»։ Կինարմատը նայում է ոչ մեռած, ոչ թաղած։ «Համ էլ ուզում եմ,― ասում է,― մի տղա ծնվի, էդ կնշանակի, որ առաջվա էն տղեն ներել է մեզ՝ հա՛մ ինձ, հա՛մ քեզ։ Էն տղեն է էսպես պատվիրել ինձ»։ Տեսնում է կինարմատը, որ էս մարդու խելքը տեղը չէ, ոնց որ բուղը գլուխը տված լինի ու համբերությունը կորցրած։
 
― Դատարկ բան են,― պատասխանում է, նեղսրտությունն է ձեզ բերել դուռս։ Էդ նեղսրտության ձեռից եմ կորցրել ձագուկներիս։ Ես իսկի աչքով աչք չունեմ ձեզ տեսնելու, էլ ուր մնաց, թե էդ տեսակ հավիտենական տանջանք ընդունեմ։
 
Հեռացավ Մաքսիմ Իվանովիչը, համա տիտիկ չէր անում տեղը։ էդ զարմանք բանի վրա թնդաց քաղաքը։ Իսկ Մաքսիմ Իվանովիչս հարսնախոս ուղարկեց։ Գավառից վարձով բերեց երկու մորաքույր, որ քաղքենաց դասից էին։ Սրանք էնքան էլ մորաքույր չէին գալիս իրեն, համա էլի ազգական-մազգական էին, էդ տեսակ հարցում՝ պատվախնդիր, սրանք սկսեցին մտքափոխ անել էն անմարդ կնկան, ոտները կոխել էին մի ոտնամանի մեջ ու դուրս չէին գալիս խեղճի խրճիթից։ Քաղաքում ապրողներից էլ օժանդակ ուժեր ճամփեց այրու մոտ, վաճառականներից էլ, եկեղեցու ավագերեցի կնոջն էլ, վանքում ծառայող կնանիքից էլ. քաղաքով մեկ ելան գնացին, ամեն կողմից վրա տվեցին որբևայրի կնիկարմատին, համա սա բերանն էր խոռմռում. «Ուրիշ բան, թե որբուկներս ողջ լինեին, համա առանց իրենց ինչի՞ս է պետք։ Էն որբուկներիս աչքի առաջ ոնց ընդունեմ էդ մեղք բանը, բա որ երկնքից նայե՞ն»։ Վանահերն էլ էր տեղահան արված ու բերված, սա էլ մի կողմից էր քչփչում էդ կնկա ականջին. «Դու կարող ես,― ասում է,― մի նոր մարդու հարություն տալ նրա մեջ»։ Վախեցավ կինարմատը։ Իսկ մարդիկ զարմանք են կտրել էդ կնոջ վրա. «Քո արածը քո դուրը գալի՞ս է,― ասում են,― բախտն իր ոտով եկել չոքել է դռանդ, համա դու ձեռ ես քաշում էդ տեսակ բախտից»։ Էլի բան դուրս չեկավ։ Ու տեսեք, թե ինչով վերջիվերջո կակղեցրեց էդ կինարմատին. «Ինչ էլ ասեն հեչ. էն տղեն ոչ թե մատղաշ ինքնասպան է, այլ պատանյակ-ինքնասպան, էդ ապով էլ չի թույլատրվել, որ նա սուրբ հաղորդություն ընդունի, կնշանակի մեղքը վզին է մնացել, պատասխան պիտի տա էն հանդեն։ Թե որ ամուսնանաս հետս, մեծամեծ խոստում կտամ քեզ. մի մեծ տաճար կկառուցեմ իր հոգու փրկության համար»։ Էս խոսքին չհակառակվեց, տվեց համաձայնությունը։ էդպես էլ պսակվեցին։
 
Ու դա զարմանք էր ամենքի համար։ Առաջին օրից ի վեր ապրեցին մե՜ծ, ոչ թե կեղծավոր համերաշխությամբ, չար աչքից պահպանելով իրենց ամուսնությունը որպես մի մարմին ու մի հոգի։ Հենց նույն ձմեռը կինը հղիացավ ու նրանք ընկան Աստծո տաճարներն ու դողալ Տիրոջ զայրույթից։ Եղան երեք վանքում, գուշակություններ ականջեցին։
 
Մարդն էլ իր հերթին շինել տվեց խոստացած տաճարը, քաղաքում էլ՝ հիվանդանոց ու անկելանոց։ Փող առանձնացրեց որբերի ու այրիների համար։ Մտաբերեց ամենքին, ում նեղացրել էր, մեծապես հատուցել ցանկացավ. փող բաշխել սկսեց առանց հախ ու հաշվի, էնքան, որ կինն ու վանահերը բռնեցին ձեռը. «Բո՛լ է,― ասում են,― ինչ որ տվել ես»։ Հնազանդվեց Մաքսիմ Իվանովիչս. «Էն անգամ,― ասում է,― Ֆոմային խաբել եմ հաշվի մեջ»։ Ֆոմային հասանելիքը տվեց։ Ֆոման լաց եղավ մինչև անգամ. «Առանց էդ էլ,― ասում է,― գոհ ենք... ու հավիտենապես պարտք ենք աղոթելու Աստծուն»։ Ամենքն էլ էդպես սրտաշարժ էին և, ուրեմն, ճիշտ է ասված՝ մարդս լավ արարքով կապրի։ Էդ կողմերի մարդիկ բարեսիրտ էին։ Գործարանով կինը զբաղվել սկսեց ու էն տեսակ, որ մինչև օրս հիշում են։ Մարդը չէր թողել խմելը, համա կինը էդ օրերին սկսել էր հետևել նրան, համ էլ ապաքինել դեղ ու դարմանով։ Մարդու ասել-խոսելը կարգավորվեց, մինչև անգամ ձենը փոխվեց։ Անչափ խղճահարվող դարձավ, մինչև անգամ՝ անասունի հանդեպ, հենց որ պատուհանից տեսներ, թե գյուղացու մեկը ոնց է մտրակով անխնա դաղում ձիու գլուխը, տեղնուտեղը մարդ կուղարկեր մոտն ու դրա ձին կառներ կրկնակի գնով։ Ու արցունք թափելու շնորհ իջավ վրան, ով էլ որ խոսեր հետը, աչքերը լցվո՜ւմ էին։ Իսկ երբ կնոջ ժամանակը հասավ, երբ Աստված ի վերջո ընդունելի արավ նրանց աղոթքներն ու որդի տվեց, էդ օրվանից էլ հենց Մաքսիմ Իվանովիչս, առաջին անգամ էն դեպքից հետո, պայծառացավ, շա՜տ ողորմություն բաժանեց, շա՜տ պարտքեր ներեց, ամբողջ քաղաքը կանչեց կնունքին։ Կանչեց ու մեկել օրը, հենց որ գիշերն իջավ, դուրս ելավ տնից։ Կինը տեսնում է, որ մարդու հետ մի բան է պատահել, ու նրա մոտ է բերում նորածնին. «Ներել է մեզ պատանյակն,― ասում է,― ընդունելի է համարել մեր աղոթքը»։ Պիտի ասեմ, որ էդ մասին մի կլոր տարի չէին խոսում, գաղտնի էին պահում իրենց մեջ։ Եվ Մաքսիմ Իվանովիչը կնոջ երեսին նայեց մտամոլոր. «Իմաց կաց,― ասում է,― ամբողջ տարին երազ չէր գալիս, համա էս գիշեր նորից եկավ»։ «Էդ զարմանք խոսքից իմ սիրտն Էլ ահ ընկավ առաջին անգամ»,― հիշում Էր կինը հետագայում։
 
Եվ զուր տեղը չէր երազ եկել պատանյակը։ Հենց որ Մաքսիմ Իվանովիչն ասաց էդ բանը, համարյա թե նույն րոպեին եսիմ ինչ պատահեց նորածնին. սա հանկարծ հիվանդացավ։ Ութ օր հիվանդ էր մանկիկը. անդադրում աղոթում էր ու բժիշկ կանչում, համ էլ երկաթուղով ամենաառաջնագույն բժշկին բերել տվին Մոսկվայից։ Տեղ հասավ բժիշկը, բարկացավ. «Ես ամենաառաջնագույն բժիշկն եմ,― ասում է,― ինձ ամբողջ Մոսկվան է սպասում»։ Կաթիլներ գրեց ու մեկնեց հապշտապ։ Ութ հարյուր ռուբլի տարավ։ Իսկ երեխեն մեռավ իրիկնադեմին։
 
Եվ ի՞նչ եղավ դրանից դեսը։ Մաքսիմ Իվանովիչս իր ունեցվածքը գրել տվեց կնոջ անունով, նրան հանձնեց եղած-չեղած փողն ու փաստաթղթերը, ամեն բան գլուխ բերեց ճշտորեն ու օրինավոր, իսկ հետո կանգնեց կնոջ դեմ ու գլուխը մինչև գետին խոնարհեց. «Բաց թող ինձ,― ասում է,― իմ անգին կողակցուհի, թող՝ գնամ փրկեմ հոգիս, քանի դեռ կարելի է։ Թե որ ժամանակս զուր անցկացնեմ՝ առանց հոգուս օգուտ տալու, ապա էլ չեմ վերադառնա։ Կոպիտ ու դաժան եմ եղել ու շատ նեղություն եմ տվել, համա հույս ունեմ, որ Աստված անհատույց չի թողնի իմ ողբն ու առաջիկա դեգերումները, քանզի ամեն բանս էսպես թողնելն ու հեռանալը պակաս ծանր խաչ չէ, ոչ էլ պակաս վիշտ»։ Եվ կինը ընդունեց մարդու ասածը շատ արցունք թափելով. «Հիմա դու իմ միակն ես երկրի երեսին, էլ ո՞ւմ հույսին մնամ։ Իմ սիրտը սիրով է լցվել էս մի տարվա մեջ»։ Ու մի ամբողջ ամիս հորդորում էին քաղաքով մեկ ու փորձեցին զոռով պահել։ Համա չլսեց նրանց, գիշերով հեռացավ ծածուկ ու էդպես էլ չէր վերադառնում։ Համա լսում ենք մինչև օրս էլ, թե իրեն տվել է օտարության մեջ համբերությամբ թափառելուն, իսկ սիրասուն կնոջը լուր է ճամփում ամեն տարի...»։
 
=== Գլուխ չորրորդ ===
 
==== I ====
 
Այժմ կհասնեմ վերջնական աղետին, որով ավարտվում են նոթերս։ Բայց շարունակելու համար նախապես պետք է առաջ ընկնեմ ու բացատրեմ մի բան, ինչի մասին բնավ չգիտեի այն ժամանակ, երբ զբաղված էի իմ գործունեությամբ, և որի մասին իմացա ու պարզաբանեցի ինձ համար շատ ավելի ուշ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած էր։ Այլ կերպ չեմ կարող պարզ ասել, քանի որ ստիպված կլինեմ ամեն բան գրել հանելուկների ձևով։ Դրա համար էլ ուղղակի ու հասարակ պարզաբանում կանեմ, զոհելով, այսպես ասած, գեղարվեստականը, և կանեմ այնպես, որ իբր թե գրողը ես չեմ, իբր թե գրվել է առանց իմ սրտի մասնակցության, ինչպես entrefilet<ref>Նախաբան (ֆրանս.)։
</ref> լրագրերում։
 
Բանը նրանում է, որ մանկությանս ընկեր Լամբերտը շատ էլ լավ և ուղղակիորեն կարող է դասվել այն մանր-մունր խաբեբաների նողկալի հրոսակախմբերի կազմում, որոնք ոհմականում են հանուն այն բանի, ինչն այժմ անվանում են բանսարկություն և որի համար անվանում ու պատիժ են որոնում օրենսդրության մեջ։ Հրոսակախումբը, որի մասնակիցն էր նաև Լամբերտը, ձևավորվել էր դեռևս Մոսկվայում և արդեն բավականին չարաճճիություն արել այնտեղ (հետագայում հրոսակախումբը բացահայտվել էր մասնակիորեն)։ Այնուհետև լսեցի, որ Մոսկվայում գործել է մի արտակարգ փորձված ու ոչ տխմար տարեց ղեկավար։ Նրանք ավարառության էին չվում ամբողջ ոհմակով և փոքրաթիվ խմբակներով։ Ամենաաղտեղի և ամենամութ արարքների հետ միասին (որոնց մասին արդեն տեղեկատվություն էր հայտնվում լրագրերում) նաև բավականին բարդ ու նույնիսկ հնարամիտ գործեր էին կատարում իրենց շեֆի ղեկավարությամբ։ Այդ գործերից մի քանիսի մասին իմացա հետագայում, բայց չեմ հայտնի մանրամասները։ Կհիշատակեմ լոկ այն, որ նրանց հնարքների հիմնական բնույթն այն էր, թե ինչպես հոտոտեն որոշ մարդկանց գաղտնիքները, երբեմն էլ՝ ազնվագույն ու բավականին բարձրաստիճան մարդկանց, այնուհետև հայտնվում էին այդ մարդկանց մոտ և սպառնում, թե լույս աշխարհ կհանեն որոշ փաստաթղթեր (որպիսիք երբեմն էլ չէին լինում իրենց ձեռքին) և փոխհատուցման գումար էին պահանջում լռելու համար Բաներ կան, որոնք ոչ մեծսագործություն են, ոչ էլ հանցանք, բայց որոնց բացահայտումից կվախենա անգամ կարգին և անսասան մարդը։ Այդ հրոսակները զոռը տալիս էին հատկապես ընտանեկան գաղտնիքներին։ Ասելու համար, թե երբեմն որքան ճարպկորեն էր գործում նրանց շեֆը, մի քանի տողով և առանց որևէ մանրամասնության պատմեմ նրանց մի արարքի մասին։ Միանգամայն ազնիվ մի օջախում իսկապես ամոթալի բան պատահեց մի անգամ, հանրաճանաչ ու հարգված մարդամեկի կինը սիրային գաղտնի կապի մեջ մտավ մի երիտասարդ ու հարուստ սպայի հետ։ Հրոսակները դրա հոտն առան և այսպես վարվեցին. ուղղակի հայտարարեցին երիտասարդ սպային, թե տեղյակ կպահեն այդ կնոջ ամուսնուն։ Չնչին իսկ ապացույց չունեին, և երիտասարդ սպան էլ շատ լավ գիտեր դա, բայց հնարքի ամբողջ ճարպկությունն ու հաշվարկի ամբողջ հնարամտությունը տվյալ դեպքում կայանում էին լոկ այն հետևության մեջ, թե տեղեկություն ստացած ամուսինն առանց որևէ ապացույցի ևս անպայման կվազի ճիշտ այնպես ու կկատարի ճիշտ նույն քայլերը, որպիսիք կկատարեր ամենամաթեմատիկական ապացույցներն ունենալիս։ Տվյալ դեպքում նրանք հույսը դրել էին այդ մարդու բնավորությունը և նրա ընտանեկան հանգամանքները ճանաչելու վրա։ Կարևորն այն է, որ հրոսակախմբին մասնակցում էր նաև ամենավայելուչ շրջանակի պատկանող մի երիտասարդ, ում հաջողվել էր նախապես հայթայթել այդ անհրաժեշտ տվյալները։ Սիրեցյալից պատկառելի գումար պլոկեցին՝ նվազագույն իսկ վտանգի չենթարկելով իրենց, քանի որ տվյալ զոհն ինքն էր ձգտում կոծկել այդ գաղտնիքը։
 
Թեև Լամբերտը ևս մասնակցում էր այդ գործին, բայց անձամբ չէր անդամակցում առհասարակ տվյալ հրոսակախմբին, իսկ երբ այդ գործի համն առավ, սկսեց փորձի համար քիչ-քիչ ինքնուրույն գործ բռնել։ Նախապես ասեմ՝ այնքան էլ պիտանի չէր նման գործերում։ Լրիվ տխմար չէր, համ էլ հաշվենկատ, տաքարյուն էր ու, ավելին, դատարկամիտ կամ, ավելի ստույգ, միամիտ, այսինքն՝ ոչ մարդ էր ճանաչում, ոչ էլ հասարակությունը։ Զորօրինակ բոլորովին չէր հասկանում մոսկովյան այն շեֆի նշանակությունը և կարծում էր, թե նման գործեր կազմակերպելն ու ղեկավարելը շատ դյուրին է։ Վերջապես, կարծում էր, թե բոլորն էլ այնպիսի սրիկաներ են, ինչպիսին ինքն էր։ Կամ, զորօրինակ, լոկ մեկ անգամ երևակայելով, թե այսինչ մարդը վախենում է այսինչ ու այնինչ պատճառներով կամ պիտի որ վախենա, արդեն այլևս չէր կասկածում, որ տվյալ մարդը վախենում է անկասկած։ Չեմ կարող արտահայտել այդ բանը, հետագայում պարզից պարզ կպարզաբանեմ փաստերով, բայց, ըստ իս, նա բավականին կոշտ-կոպիտ էր զարգացած և ոչ միայն չէր հավատում այլևայլ բարի, ազնիվ զգացմունքների, այլև նույնիսկ, միգուցե գաղափար իսկ չուներ դրանց մասին։
 
Նա ժամանեց Պետերբուրգ, քանի որ վաղուց էր մտմտում Պետերբուրգի մասին որպես Մոսկվայից ավելի մեծ ասպարեզի, և մեկ էլ այն պատճառով, որ Մոսկվայում ինչ-որ տեղ ու ինչ-որ կերպ աննպաստ վիճակի մեջ էր հայտնվել, և ինչ-որ մեկը նրան էր որոնում վատթարագույն մտադրությամբ։ Ժամանելով Պետերբուրգ իսկույն կապ հաստատեց նախկին ընկերոջ հետ, բայց գործունեության ասպարեզը բավականին աղքատիկ երևաց աչքին, անելիքը՝ չնչին։ Ծանոթության շրջանակը հետագայում ընդլայնվեց, բայց ոչինչ չէր ձեռնարկվում։ «Այստեղ մարդիկ հեչ բան են, բոլորն էլ՝ գյադա-գյուդա»,― ասում էր ինձ հետագայում։ Եվ ահա մի գեղեցիկ օր, լուսադեմին հանկարծ գտնում է ինձ մի դարբասի մոտ սրթսրթալիս և, իր կարծիքով, ուղղակի ընկնում մի «բերքառատ գործի» հետքի վրա։
 
Պարզվեց, որ հույսը դրել է իմ այն զառանցանքի վրա, որ դուրս էի տվել պաղած մարմինս իր բնակարանում տաքացնելիս։ Օ՜հ, այն ժամանակ ասես իրոք զառանցանքի մեջ լինեի։ Բայց իմ բլբլոցից հստակ երևացել էր, որ այն ճակատագրական օրվա ընթացքում ստացածս վիրավորանքներից ամենից ավելի հիշել ու սրտումս պահել եմ Բյորինգից ու այն ''ուհուց'' ստացածներս, այլապես լոկ նրանց մասին չէի զառանցի Լամբերտի մոտ, այլ կզառանցեի նաև, զորօրինակ, Զերշչիկովի մասին, մինչդեռ լոկ առաջիններով եմ տարվել, ինչպես հետագայում իմացա Լամբերտից։ Դրա հետ մեկտեղ հիացած էի. այդ ահավոր առավոտյան և՛ Լամբերտին, և՛ Ալֆոնսինկային էի նայում որպես ինչ-որ ազատարարների ու փրկարարների։ Հետագայում, երբ սկսեցի ապաքինվել, դեռևս անկողնում պառկած, մտորում էի, թե ինչ կարող էր իմանալ Լամբերտն իմ զառանցանքից, և ինչ աստիճանի էի բացվել զառանցելիս, ապա բնավ իսկ կասկած չունեցա, որ այն ժամանակ նա կարող էր շատ բան իմանալ։ Օ՛հ, անշուշտ, դատելով ըստ խղճի խայթի, դեռևս այն ժամանակ էի կասկածում, թե պիտի որ շատ ավելորդ բան դուրս տված լինեի, բայց, կրկնում եմ, ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, թե՝ այդ աստիճանի։ Միաժամանակ հույս ու հենարանս այն հաշվարկն էր, թե այդ պահին ի վիճակի չէի լինի պարզ արտահայտել բառերը, ինչի մասին անսասան հուշ է մնացել, բայց, դրա հետ մեկտեղ, բանից պարզվեց, որ այն ժամանակ խոսել եմ առավել պարզ, քան ենթադրում էի հետո և հուսադրում ինձ։ Բայց կարևորն այն է, որ այդ ամենը ի հայտ եկավ լոկ հետագայում ու երկար ժամանակ անց և հենց դրանում էլ կայանում էր իմ ձախորդությունը։
 
Իմ զառանցանքից, բարբաջանքից ու հիացմունքից նա իմացել էր նախևառաջ համարյա բոլոր ազգանունները ճշգրտորեն և որոշ հասցեներ։ Երկրորդ հերթին՝ բավականին մոտավոր չափով այդ անձանց (ծեր իշխանի, Կատերինա Նիկոլաևնայի, Բյորինգի, Աննա Անդրեևնայի և նույնիսկ Վերսիլովի) նշանակության մասին, երրորդ հերթին՝ որ ես վիրավորված եմ և սպառնում եմ վրեժխնդիր լինել, և վերջապես, չորրորդ ու գլխավոր հերթին՝ որ կա մի այնպիսի փաստաթուղթ, խորհրդավոր ու թաքցրած մի այնպիսի նամակ, ինչը եթե ցույց տրվի կիսախելագար ծեր իշխանին, ապա վերջինս, կարդալով ու իմանալով, որ իր դուստրը նրան համարում է խելագար և արդեն «խորհրդակցել է իրավագետների հետ» առ այն, թե ինչ կերպով կարելի կլիներ գժանոց խցկել հորը,― ապա այդ ծեր իշխանը կամ կխելագարվի վերջնականապես, կամ աղջկան կվռնդի տնից ու կզրկի ժառանգությունից, կամ էլ կամուսնանա ոմն mademoiselle Վերսիլովայի հետ, որի հետ արդեն ուզում էր ամուսնանալ և ինչը թույլ չեն տալիս իրեն։ Մի խոսքով, Լամբերտը շատ բան էր իմացել, անկասկած, անչափ շատ բան էլ մնացել էր մութ, այնուամենայնիվ, այդ փորձառուն հուսալի հետքի վրա էր անակնկալի բերելու համար։ Երբ հետագայում ես փախա Ալֆոնսիկայից, այդ փորձառուն անհապաղ գտել էր իմ հասցեն (ամենահասարակ ձևով հասցեների սեղանից), այնուհետև հայթայթել էր անհրաժեշտ տեղեկությունները, որոնցից իմացել էր, որ հիշյալ անձինք բոլորը, ում մասին ցնդաբանել էի, իրոք, գոյություն ունեն։ Այնժամ նա ձեռնամուխ էր եղել առաջին քայլին։
 
Կարևորագույնն այն էր, որ գոյություն ուներ այդպիսի ''փաստաթուղթ'' և իմ տրամադրության տակ էր ու մեծ արժեք ուներ. Լամբերտը կասկած չուներ դրանում։ Այստեղ բաց եմ թողնում մի հանգամանք, որի մասին լավ կլինի խոսել հետագայում ու իր տեղում, բայց հիշատակեմ լոկ այն, որ այդ հանգամանքն ամենից ավելի կարևորագույն չափով ամրապնդեց Լամբերտի համոզմունքը փաստաթղթի գոյության իրողության և արժեքի վերաբերյալ։ Ճակատագրական էր այդ հանգամանքը, կանխավ նախազգուշացնում եմ. ոչ միայն այն ժամանակ, այլև նույնիսկ մինչև սույն պատմության ավարտը, երբ ամեն բան հանկարծ փլուզվեց ու պարզվեց ինքնին, պատկերացնել իսկ չէի կարող այդ բանը։ Եվ այսպես, համոզված լինելով կարևոր հանգամանքում, նրա առաջին քայլն այն եղավ, որ գնաց Աննա Անդրեևնայի մոտ։ Ընդսմին ինձ համար մինչև այժմ էլ անլուծելի է, թե ինչպե՞ս կարող էր Լամբերտը սոսնձվել մի այդպիսի վեհագույն անձնավորության, որպիսին Աննա Անդրեևնան էր։ Ճիշտ է, նա տեղեկություններ էր հայթայթել, բայց դա ինչ նշանակություն ուներ։ Ճիշտ է, նա հոյակապ էր հագնված, խոսում էր փարիզեցու ֆրանսերենով և ֆրանսիացու ազգանուն ուներ, բայց չէ՞ որ Աննա Անդրեևնան չէր կարող չնկատել այդ արտաքինի տակ թաքնված խաբեբային։ Թե՞ պիտի ենթադրենք, որ այն ժամանակ Աննա Անդրեևնային հենց այդպիսի մի խաբեբա էր հարկավոր։ Բայց մի՞թե այդպես է։
 
Բնավ չէի կարող իմանալ նրանց տեսակցության մանրամասները, բայց հետագայում շատ անգամ եմ պատկերացրել այդ տեսարանը։ Ամենից հավանականն այն է, որ Լամբերտը առաջին իսկ խոսքով ու շարժմունքով ձևացել է որպես իմ մանկության ընկերը, սիրելի ու կաթոգին ընկերոջ համար հոգի տվողը։ Եվ, անշուշտ, այդ առաջին իսկ տեսակցության ընթացքում կարողացել է շատ պարզ ակնարկել նաև այն, թե «փաստաթուղթ» կա ինձ մոտ, հասկացրել, որ դա գաղտնիք է, և որ ես պատրաստվում եմ այդ փաստաթղթի օգնությամբ վրեժ լուծել գեներալի հարսնացու Ախմակովայից և այլն, և այլն։ Կարևորն այն է, որ կարողացել է հնարավորին չափ ճշգրտորեն բացատրել Աննա Անդրեևնային այդ թղթի նշանակությունն ու արժեքը։ Ինչ վերաբերում է Անդրեևնային, ապա վերջինս գտնվել է այնպիսի վիճակում, որ չէր կարող չկառչել նման մի տեղեկության, չէր կարող չունկնդրել արտակարգ ուշադրությամբ և... չէր կարող չմոտենալ խայծին՝ «հանուն գոյության պայքարի»։ Այդ կնոջը հենց այդ ժամանակ զրկել էին փեսացուից, որին Ցարսկոյե էին տարել հսկողության տակ, համ էլ հենց իրեն էին պահում նույնպիսի վիճակում։ Եվ հանկարծ՝ մի այդպիսի հայտնություն, նման դեպքում ոչ թե լոկ կանացի քչփչոց կսկսվի ականջիդ տակ, ոչ թե արտասվաթոր տրտունջ ու բամբասանք, այլ նամակ կար մեջտեղը գրչագիր, այսինքն՝ մաթեմատիկական ապացույցը ծեր իշխանի դստեր և բոլոր նրանց նենգամտության, ովքեր փեսացուին առևանգում էին հարսնացուի մոտից, և ում, ուրեմն, հարկավոր էր փրկվել, թեկուզև փախուստով ու դարձյալ նրա՝ Աննա Անդրեևնայի մոտ վերադառնալ ու պսակվել հետը թեկուզ գիշերվա ժամը քսանչորսին, այլապես բռնությամբ կտանեին գժանոց։
 
Հնարավոր է և այն, որ Լամբերտը բնավ չի խորամանկել այդ հարսնացուի հետ զրուցելիս, նույնիսկ րոպեական խաղ չի ցուցադրել, այլ միանգամից թռցրել է բերանից. «Mademoiselle, կամ մնացեք պառաված կույս, կամ դարձեք իշխանուհի և միլիոնատիրուհի. ես այդ փաստաթուղթը կգողանամ այն դեռահասի մոտից և կհանձնեմ ձեզ... ձեզնից ստանալիք երեսուն հազարի պարտամուրհակի դիմաց»։ Կարծում եմ, որ հենց այդպես էլ եղել է։ Օ՛հ, այդ Լամբերտը բոլորին էլ համարում էր նույնպիսի ստահակներ, որպիսին ինքն էր. կրկնում եմ՝ նա ուներ ստահակի պարզամտություն, ստահակի միամտություն... Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ. միանգամայն հնարավոր է նաև, որ Աննա Անդրեևնան, նման մոտեցման դեպքում չի շփոթվել ոչ մի րոպե, այլ կարողացել է գերազանց կերպով զսպել իրեն և մինչև վերջ լսել բանսարկուին իր «լայնասրտության» պատճառով։ Ինքնին հասկանալի է, որ սկզբում փոքր-ինչ շիկնել է, իսկ հետո հավաքել ինքն իրեն ու լսել մինչև վերջ։ Եվ հենց որ պատկերացնում եմ այդ անմատչելի, հպարտ, իրոք արժանավոր ու խելացի աղջկան Լամբերտի հետ ձեռ-ձեռի տված, ապա... բանն էլ հենց այդ խելքն է։ Ռուսական խելքը, այդ չափ խելքը, այն էլ լայնարձակության սիրահար կնոջ խելքը, այն էլ այդպիսի պարագաներում։
 
Այժմ ամփոփեմ. հիվանդանալուց հետո ոտքի կանգնելուս օրվա մոտերքը Լամբերտը կանգ էր առել հետևյալ երկու պարագաների վրա (այժմ արդեն հաստատ գիտեմ դա), առաջին փաստաթղթի դիմաց Աննա Անդրեևնայից վերցնել երեսուն հազարից ոչ պակաս պարտամուրհակ և օգնել նրան ետ փախցնելու առևանգված իշխանին ու անսպասելիորեն ամուսնանալու հետը, մի խոսքով նման մի բան։ Դրա համար կազմված էր մի ամբողջ նախագիծ, սպասում էին լոկ իմ աջակցելուն, այսինքն հիշյալ փաստաթղթին։
 
Պարագա երկրորդ՝ դավաճանել Աննա Անդրեևնային, լքել նրան ու թուղթը ծախել մեկ այլ գեներալի հարսնացու հանդիսացող Ախմակովային, եթե դա ավելի շահավետ լինի։ Այդտեղ Բյորինգի հետ ևս սակարկելու հաշվարկ կար։ Բայց Լամբերտը դեռ չէր հայտնվել գեներալ Բյորինգի հարսնացուի մոտ. նոր էր հայտնաբերել վերջինիս հետքը։ Եվ դարձյալ ի նձ էր սպասում։
 
Օ՛հ, ես պե տք էի նրան, այսինքն ոչ թե ես, այլ՝ փաստաթուղթը։ Իմ վերաբերյալ ևս կրկնակի նպխագիծ էր կազմված նրա կողմից։ Առաջինը կայանում էր նրանում, որ եթե այլ կերպ գործը գլուխ չգա, ապա գործել ինձ հետ միասին և ինձ վերցնել որպես կիսով չափ փայատեր, նախապես ինձ իր հպատակը դարձնելով և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես։ Բայց երկրորդ նախագիծն ավելի ժպտուն ու խոստումնալից էր թվում նրան, դա կայանում էր նրանում, որ թոզ փչի աչքիս որպես մի մանչուկի, և մոտիցս թռցնի փաստաթուղթը կամ նույնիսկ պարզապես խլի զոռով։ Սույն տարբերակն ամենասիրվածն ու ամենափայփայվածն էր նրա անուրջներում։ Կրկնում եմ կար մի հանգամանք, որի շնորհիվ Լամբերտը չէր կասկածում երկրորդ նախագծի հաջողությանը, բայց, ինչպես ասացի, դա կբացատրեմ հետագայում։ Ինչևէ, նա ինձ էր սպասում դողէրոցքի հասնող անհամբերությամբ, ամեն բան բոլոր քայլերի և տարբերակներից որևէ մեկի ընտրությունը, կախում ուներ ինձնից։
 
Եվ պետք է արդարացի լինեմ նրա հանդեպ․ բավական ժամանակ (սկզբից մինչև վերջ) նա լավ էր պահում իրեն։ Հիվանդությանս օրերին չէր երևում մեր բնակարանում, լոկ մեկ անգամ էր եկել ու տեսնվել Վերսիլովի հետ, չէր անհանգստացնում ինձ, չէր ահաբեկում, մինչև ոտքի կանգնելուս օրն ու ժամը լիովին չեզոք տեսք էր տալիս իրեն։ Իսկ փաստաթուղթը կհանձնե՞մ, արդյոք, բովանդակությո՞ւնը կհայտնեմ իրեն, թե՞ կոչնչացնեմ, ապա այդ կապակցությամբ հանգիստ էր պահում իրեն։ Իր բնակարանում դուրս տվածս ցնդաբանությունից կարող էր եզրահանգում անել, թե ինքս որքան թանկ եմ գնահատում սույն գաղտնիքը և ինչպես եմ երկյուղում, որ հանկարծ մեկնումեկը չիմանա փաստաթղթի գոյության մասին։ Եվ որ ես ապաքինվելուս առաջին իսկ օրը կգնամ նախևառաջ իր մոտ, ապա դրանում ևս կասկած չուներ չնչին իսկ չափով, մասամբ նրա պատվերով էր մոտս գալիս Նաստասյա Եգորովնան, և Լամբերտը գիտեր, որ երկյուղս ու հետաքրքրասիրությունս արդեն բորբոքված են, որ չեմ կարողանա դիմադրել... Դրա հետ մեկտեղ ձեռք էր առել ամեն միջոց, կարող էր իմանալ նույնիսկ ոտքի կանգնելուս օրը, այնպես որ ոչ մի կերպ չէի կարողանա պրծնել իր ձեռից, եթե նույնիսկ ցանկանայի նման բան։
 
Բայց եթե Լամբերտն սպասում էր ինձ այդպիսի անհամբերությամբ, ապա առավել անհամբերությամբ սպասում էր Աննա Անդրեևնան։ Ուղղակի ասեմ՝ Լամբերտը կարող էր մասնակիորեն ճիշտ լինել, որ պատրաստվում է դավաճանելու նրան, և դրանում մեղավոր կլիներ վերջինս։ Թեև նրանք անկասկածելի փոխհամաձայնության էին եկել (չգիտեմ ինչ կերպ, բայց չեմ կասկածում դրան), այդուհանդերձ, Աննա Անդրեևնան մինչև վերջին րոպեն անկեղծ չէր վարվում Լամբերտի հետ։ Կոճակները չարձակեց մինչև վերջ։ Ակնարկեց ամեն ինչի համաձայն լինելը, բայց սոսկ ակնարկեց. միգուցե մինչև վերջ մանրամասնորեն լսեց նրա ծրագիրը, բայց հավանություն տվեց սոսկ լռությամբ։ Անհերքելի տվյալներ ունեմ նման եզրակացության հանգելու համար, իսկ այդ ամենի պատճառն այն է, որ Աննա Անդրեևնան ''սպասում էր ինձ''։ Ավելի լավ էր համարում գործ ունենալ ինձ հետ, քան ստահակ Լամբերտի. այս էր իմ անտարակուսելի փաստը։ Իսկ Աննա Անդրեևնայի սխալը կայանում էր նրանում, որ այդ բանը, ի վերջո, հասկացել էր նաև Լամբերտը։ Իսկ վերջինիս հասար խիստ անշահավետ կլիներ, եթե Աննա Անդրեևնան նրանից զարտուղի կերպով փաստաթուղթը կորզեր իմ մոտից և փոխհամաձայնության գար ինձ հետ։ Դրա հետ մեկտեղ Լամբերտն արդեն այն ժամանակ վստահ էր, որ իր «բռնած գործը» հաստատուն է։ Նրա փոխարեն մեկ ուրիշը կվախենար ու կշարունակեր կասկածել, բայց Լամբերտը ջահել էր, խիզախող, շահի ծարավից անհամբեր տոչորվող, լավ չէր ճանաչում մարդկանց և բոլորին անխտիր համարում էր ստահակ. այդպիսի արարածը չէր կարող տարակուսել, առավել ևս՝ այն բանից հետո, երբ արդեն Աննա Անդրեևնայից կորզել էր բոլոր կարևորագույն հավաստիացումները։
 
Վերջին ու կարևորագույն հանգամանքը համառոտ, մինչ այդ օրը որևէ բան գիտե՞ր, արդյոք, Վերսիլովը և դեռևս այն ժամանակ Լամբերտի հետ համագործակցո՞ւմ էր, արդյոք, ինչ-որ մեկ այլ նախագիծ կազմելու գործում։ Ոչ, ոչ և ոչ. ''այն ժամանակ'' դեռևս չէր համագործակցում, թեև ճակատագրական խոսքն արդեն ասված էր... Բայց բավ է, բավական է. չափից ավելի եմ առաջ ընկնում։
 
Իսկ ես ի՞նքս։ Գիտեի՞, արդյոք, որևէ բան և ի՞նչ գիտեի ոտքի կանգնելուցս առաջ։ Սկսելով այն entrefilet, ես տեղեկացրի, որ բան չգիտեի ոտքի կանգնելուցս առաջ, որ ամեն բան իմացա չափից ավելի ուշ և նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան արդեն կատարվել էր։ Դա ճիշտ է, բայց արդյո՞ք լիովին է այդպես։ Ո՛չ, ո՛չ լիովին, որոշ բան արդեն գիտեի անտարակույս, գիտեի նույնիսկ շատ բան, բայց ինչպե՞ս։ Թող ընթերցողը հիշի իմ ''Երազը''։ Եթե նման մի երազ կարող էր լինել ու դուրս պրծնել սրտիցս, ձևավորվել այդպես, ապա, ուրեմն, անչափ շատ բան չգիտեի, այլ ''կանխազգում էի'' այն բանից, որ այժմ բացատրեցի և որ, իրոք, լիովին իմացա լոկ այն ժամանակ, «երբ ամեն բան վերջացել էր»։ Իմանալը չգիտեի, բայց սիրտս մրճահարում էր կանխազգացումից, և չարքերն արդեն տիրացել էին իմ երազներին։ Եվ դեպի այդ մարդը՝ դեպի Վերսիլովն էի պոռթկում, լիովին իմանալով, թե ինչ մարդ է և կանխազգալով նույնիսկ մանրամասները։ Եվ ինչո՞ւ էի մղվում դեպի նա։ Պատկերացրեք, որ այս իսկ րոպեին, երբ գրում եմ, թվում է, թե արդեն այն ժամանակ ամենայն մանրամասնությամբ գիտեի դեպի նա ունեցած մղումի պատճառը, այն դեպքում, երբ իրականում դեռ չգիտեի ոչինչ։ Միգուցե ընթերցողը հասկանա այս բանը։ Իսկ այժմ՝ ի գո՛րծ և՝ փաստ առ փաստ։
 
==== II ====
 
Սկսվեց այն բանից, որ ոտքի կանգնելուցս դեռ երկու օր առաջ երեկոյան Լիզան տուն վերադարձավ լիովին տագնապահար եղած։ Անչափ վիրավորված էր, և իրոք որ մի անտանելի բան էր պատահել։
 
Արդեն հիշատակել եմ Վասինի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին։ Լիզան նրա մոտ էր գնացել ոչ միայն այն բանի համար, որ ցույց տա մեզ, թե մեր կարիքը չունի, այլև Վասինին իսկապես գնահատելու պատճառով։ Նրանց ծանոթությունն սկսվել էր դեռևս Լուգայից, և ինձ միշտ թվում էր, թե Վասինն անտարբեր չէ նրա հանդեպ։ Լիզան, լինելով իրեն այնպես ցնցած դժբախտության մեջ, բնականաբար, կցանկանար խորհուրդ լսել այդպիսի հաստատուն, հանգիստ, մշտապես վեհ խելքից, որպիսին ենթադրում էր Վասինի գլխում։ Դրա հետ մեկտեղ կանայք տղամարդու խելքը գնահատելու մեծ վարպետ չեն. իրենց դուր եկած տղամարդու բնավորության հակասականությունը հաճույքով համարում են ազդեցիկ դիտավորություն, եթե դա համահունչ է իրենց ցանկությանը։ Լիզան սիրում էր այն, որ Վասինը կարեկից է նրա վիճակին և, ինչպես թվացել էր հենց սկզբնապես, սիրում էր նաև այն, որ Վասինը կարեկցում է նաև Լիզայի փեսացու իշխանին։ Ընդսմին, գուշակելով իր հանդեպ Վասինի տածած զգացումները, Լիզան չէր կարող չգնահատել նրա համակրանքը հակառակորդի հանդեպ։ Իսկ իշխանը, որին Լիզան տեղեկացնում էր, թե երբեմն Վասինի մոտ է գնում խորհուրդ հարցնելու համար, այդ տեղեկությունն սկզբից ևեթ ընդունեց արտակարգ անհանգստությամբ, սկսեց խանդել։ Դա վիրավորական էր Լիզայի համար, այնպես որ արդեն դիտավորյալ էր շարունակում հարաբերություն ունենալ Վասինի հետ։ Իշխանը սսկվեց, բայց մռայլված էր։ Լիզան հետագայում անձամբ խոստովանեց ինձ (շատ ժամանակ անց), թե այն ժամանակ Վասինը շուտով դադարեց նույնիսկ դուր գալ իրեն, վերջինս հանգիստ էր, և հենց այդ հարատև անփոփոխ հանգստությունն էլ, որ սկզբնապես այնքան դուր էր գալիս, հետագայում բավականին անտանելի թվաց։ Թվում էր, թե Վասինը գործունյա մարդ է և, իրոք, արտաքուստ լավ թվացող մի քանի խորհուրդ էր տվել Լիզային, բայց դրանք բոլորն էլ, հակառակի պես, անիրագործելի դուրս եկան։ Վասինը երբեմն շատ վերամբարձ դատողություններ էր անում, բնավ չշփոթվելով Լիզայի առաջ, գնալով ավելի ու ավելի չշփոթվելով, ինչը Լիզան համարեց հարաճուն և ակամա անտարբերություն իր վիճակի հանդեպ։ Մի անգամ նա շնորհակալություն էր հայտնել Վասինին այն բանի համար, որ վերջինս, լինելով մեծ խելքի տեր, մշտապես բարեհաճ է իմ հանդեպ, հետս խոսում է հավասարի պես (այսինքն՝ իմ իսկ շնորհակալության խոսքն էր փոխանցել վերջինիս)։ Իսկ Վասինը պատասխանել էր.
 
― Դա այդպես չէ և ոչ էլ դա է պատճառը, այլ այն, որ ես որևէ տարբերություն չեմ տեսնում նրա և այլոց միջև, ես նրան չեմ համարում ոչ խելացիներից հիմար, ոչ էլ բարիներից չար։ Ամենքի հանդեպ միատեսակ եմ տրամադրված, քանզի իմ աչքում ամենքն էլ միատեսակ են։
 
― Ինչպե՞ս թե. մի՞թե տարբերություն չեք տեսնում։
 
― Օ՛հ, անշուշտ, ամենքն էլ ինչ-որ բանով տարբերվում են իրարից, սակայն իմ աչքում գոյություն չունի տարբերություն, քանզի ինձ չի հետաքրքրում մարդկանց տարբերությունը, ինձ համար բոլորն էլ մեկ են և ամեն բան մեկ է, այդ պատճառով էլ միատեսակ բարի եմ ամենքի հանդեպ։
 
― Եվ դա տաղտկալի չէ՞ ձեզ համար։
 
― Ոչ. միշտ գոհ եմ ինձնից։
 
― Եվ ոչինչ չե՞ք ցանկանում։
 
― Ինչպե՞ս չցանկանամ, սակայն ոչ այնքան։ Համարյա թե ոչնչի կարիք չունեմ, ոչ մի ավելորդ ռուբլու։ Ոսկե հագուստ հագնեմ թե մնամ այսպես, ինչպես որ կամ՝ մեկ է. ոսկե հագուստը բան չի ավելացնի Վասինին։ Պատճառները չեն գայթակղում ինձ. մի՞թե դիրքերն ու մեծարումները կարող են ունենալ այն տեղի արժեքը, որին արժանի եմ։
 
Լիզան իր պատվով էր երդվում, որ մի անգամ բառացիորեն է լսել այդ բանը։ Ինչևէ, այս դեպքում չի կարելի դատել այդպես, այլ պետք է իմանալ, թե ինչ պարագաներում է ասվել այդ բանը։
 
Հետզհետե Լիզան հանգեց այն եզրակացության, որ Վասինը իշխանի հանդեպ ևս ներողամիտ է միգուցե լոկ այն պատճառով, որ իր համար բոլորը համահավասար են և «տարբերություն գոյություն չունի», այլ ոչ թե՝ նրա հանդեպ համակրանքի թելադրանքով։ Բայց ի վերջո Վասինը, հավանաբար, սկսել էր կորցնել իր անտարբերությունը և իշխանի հանդեպ սկսել էր ոչ միայն դատապարտողի կեցվածք, այլև ատելությամբ լեցուն հեգնանք դրսևորել։ Այդ բանը զայրացրել էր Լիզային, բայց Վասինը տեղի չէր տվել։ Կարևորն այն է, որ նա միշտ էլ արտահայտվում էր մեղմ, նույնիսկ պարսավելիս չէր վրդովվում, պարզապես տրամաբանորեն ի դերև է հանում Լիզայի հերոսի (իշխանի) ոչնչությունը ոտից գլուխ և այդ տրամաբանության մեջ էլ հենց ամփոփվում էր ատելությամբ լեցուն հեգնանքը։ Ի վերջո Լիզայի առջև համարյա ուղղակիորեն ի դերև հանեց այդ հերոսի հանդեպ նրա սիրո ողջ «անմտությունը», այդ սիրո կամակոր բռնադատյալությունը. «Դուք մոլորված եք ձեր զգացմունքներում, իսկ եթե գեթ մեկ անգամ գիտակցել եք այդ մոլորությունը, ապա այն պետք է շտկեք անպայման»։
 
Դա եղել էր հենց այն օրը. Լիզան վրդովմունքով վեր էր կացել տեղից, որ հեռանա, իսկ ի՞նչ էր արել այդ խելացի մարդը և ի՞նչ կերպ էր ավարտել ասելիքը, իր ձեռքն էր առաջարկել Լիզային ամենաազնվագույն տեսքով և նույնիսկ զգացմունքով։ Լիզան տեղնուտեղը զրուցակցի երեսին ասել էր, որ նա հիմար է, ու դուրս էր եկել։
 
Առաջարկել դավաճանությո՜ւն դժբախտ մարդու հանդեպ, որովհետև այդ դժբախտն «արժանի չէ» Լիզային և, ամենակարևորը, իր ձեռքն առաջարկել այդ նույն դժբախտից հղիացած կնոջը,― ահա այդ մարդկանց խելքը։ Ես դա անվանում եմ ահավոր անջատվածություն, կյանքից կտրվածություն, որն առաջանում է չափ չունեցող ինքնասիրահարվածությունից։ Եվ ի լրումն այդ ամենի՝ Լիզան շատ հստակ տեսավ, որ այդ մարդը նույնիսկ հպարտ է իր արարքով, թեկուզև այն պատճառով, զորօրինակ, որ արդեն գիտե իր առջև կանգնած կնոջ հղիության մասին։ Լիզան վրդովմունքի արցունքով էր շտապել իշխանի մոտ, իսկ վերջինս, վերջինս պարզապես տվել անցել էր անգամ Վասինից. թվում է, թե Լիզայի պատմածը լսելով, իշխանը կարող էր համոզվել, որ խանդելու բան չկա դրա մեջ, բայց հենց այդ պահին էլ սույն մարդը թռցրել էր խելքը։ Ինչևէ, խանդոտները բոլորն էլ այդպիսի՜ն են։ Իշխանս ահավոր տեսարան էր սարքել և Լիզային վիրավորել այնպես, որ քիչ մնաց վերջինս խզեր բոլոր հարաբերությունները նրա հետ։
 
Այդուհանդերձ, Լիզան տուն եկավ իրեն զսպած. բայց չկարողացավ չխոստովանել մորս։ Օհ, այդ երեկո նրանք նորից մերվեցին առաջվա պես. սառույցը կոտրվել էր, երկուսն էլ, ինչ խոսք, կուշտ լաց եղան՝ իրենց սովորույթի համաձայն գրկախառը, և Լիզան, հավանաբար, հանգստացավ, թեև շատ մռայլ էր։ Երեկոյան Մակար Իվանովիչի սենյակում նստեց լուռումունջ, բայցև առանց սենյակը լքելու։ Շարունակ լսում էր, թե ինչ է ասում Մակար Իվանովիչը։ Աթոռի հետ կապված իրադեպից ասդին այդ մարդու հանդեպ դարձել էր արտակարգ և ինչ-որ հնազանդորեն հարգալից, թեև շարունակ լուռումունջ էր։
 
Բայց այս անգամ Մակար Իվանովիչն ինչ-որ անսպասելիորեն ու զարմանալիորեն շեղեց խոսակցությունը, նշեմ, որ առավոտյան Վերսիլովն ու բժիշկը շատ հոռետեսորեն էին խոսում նրա առողջության մասին։ Նշեմ նաև, որ մեր տանն արդեն մի քանի օր պատրաստվում էին նշելու մորս ծննդյան տարեդարձը, որ պիտի կայանար դրա հինգերորդ օրը և հաճախ էին խոսում այդ մասին։ Մակար Իվանովիչն այդ օրվա առթիվ չգիտես ինչու տրվեց հուշերի և մտաբերեց մորս մանկությունն ու այն ժամանակը, երբ վերջինս դեռևս «չէր կարողանում տոտիկ անել»։ «Գրկիցս չէր իջնում,― վերհիշում էր ծերուկը,― պատահում էր, որ տոտիկ անել էի սովորեցնում, կանգնեցնում էի անկյունում, մի երեք մետր հեռու, և կանչում էի մոտս, համա նա իմ կողմն էր ճոճվում սենյակով մեկ ու չէր վախենում, ծիծաղում էր. իսկ երբ ճոճավազքով հասնում էր մոտս, գրկում էր վիզս։ Հետո հեքիաթներ էի պատմում քեզ, Սոֆյա Անդրեևնա, շատ էիր սիրում հեքիաթ, երկու ժամի չափ կնստեր ծնկներիս, կլսեր։ Իսկ տնեցիք զարմանք էին կտրում. «Մի տես, ո՜նց է կապվել Մակարին»։ Ու մեկ էլ անտառ էի տանում քեզ, մորու թուփ գտնում, նստեցնում թփի մոտ, իսկ ինքս քեզ համար շվիներ էի կտրում ծառից։ Մի լավ ման էինք գալիս ու տուն դառնալիս գրկած էի բերում, քնած էր լինում մանկիկս։ Մի անգամ էլ վախեցավ գայլից, փախավ մոտս, դողում էր ոտից գլուխ, համա էնտեղ գայլ-մայլ էլ չկար»։
 
― Հիշում եմ,― ասաց մայրս։
 
― Մի՞թե հիշում ես։
 
― Շա՜տ բան եմ հիշում։ Հենց որ հիշել կարողացա, էն ժամանակից ձեր սերն ու հոգատարությունը տեսա իմ հանդեպ,― ասաց հուզաթաթավ ձայնով ու հանկարծ տեղովը մեկ կարմրատակեց.
 
Մակար Իվանովիչը սպասեց փոքր-ինչ։
 
― Ներող կացեք, երեխեք. գնամ։ Հիմա խոստովանելու ժամանակն է հասել, օր ծերության մխիթարված եմ դարդ ու ցավից, շնորհակալ եմ, սիրելիներս։
 
― Բավ է, Մակար Իվանովիչ, աղավնյակս,― գոչեց Վերսիլովը որոշ անհանգստությամբ,― քիչ առաջ բժիշկն ասաց ինձ, որ ձեր վիճակն անհամեմատ թեթևացել է...
 
Մայրս վախով էր լսում։
 
― Էհ, ի՜նչ արած,― ժպտաց Մակար Իվանովիչը,― ամեն բան գիտե քո այդ Ալեքսանդր Սեմյոնովիչը,― սրտամոտ մարդ է, համա դրանից մազ ավել չէ։ Թող բավ լինի, բարեկամներս, եթե կարծում եք մեռնելուց եմ վախենում։ Էս առավոտվա աղոթքից դեսը մի էդպիսի բան զգաց սիրտս՝ վայ թե դուրս չգամ աղոթատեղից։ Ինչ արած, թող փառավորվի անունն Աստծո, համա թե դեռ չեմ կշտացել ձեզ տեսնելուց։ Բազմաչարչար Հովբն էլ էր էդպես մխիթարվում իր նորահայտ մանկտիքով, համա մտահան չէր արել առաջվա երեխեքին և ո՜նց կարող էր մտահան անել, անհնա՜ր է էդ բանը։ Համա թե տարեցտարի տրտմությունն ասես մերվում է ուրախության հետ, դառնում լուսավոր տրտունջ։ Աշխարհիս բա՜նն է էդպես։ Երեխեքս, ուզեցի մի բան ասել ձեզ, աննշան մի բան,― շարունակում էր խաղալ, հրաշալի ժպիտը երեսին, ինչը երբեք չեմ մոռանա, և հանկարծ դիմեց ինձ,― իսկ ղու, սիրելիս, նախանձախնդիր եղիր սուրբ տաճարի հանդեպ, ու թե վրա հասնի ժամը, մեռիր հանուն իրեն, կաց, մի վախենա, չեմ ասում՝ հենց հիմա,― քմծիծաղեց։― Հիմա դու, միգուցե, չես էլ մտածում էդ մասին, միգուցե հետո մտածես։ Համա մի բան էլ ասեմ, թե որ մտադրվես բարի գործ անել, հանուն Աստծո արա, ոչ թե ուրիշների հետ չափվելու համար։ Գործին պինդ կպիր և ետ մի քաշվի փոքրոգությամբ, գործդ արա օրեցօր առանց գլուխդ կորցնելու, ահա թե ի՛նչ է պետք քեզ։ Մենակ թե սովորույթ արա՝ աղոթիր ամեն օր ու՝ առանց դեսուդեն ընկնելու։ Հենց էնպես եմ ասում, միգուցե տարբերես ժամանակին։ Ձեզ էլ, Անդրեյ Պետրովիչ, տեր իմ, ուզում էի բան ասել, համա Աստված առանց ինձ էլ կգտնի ձեր սրտի դուռը։ Համ էլ վաղո՜ւց չենք խոսել էդ մասին, էն ժամանակից, երբ էդ նետը խոցեց սիրտս։ Իսկ հիմա, հեռանալուս ժամանակ, մենակ հիշեցնում եմ... թե ինչ խոստացաք էն ժամանակ...
 
Վերջին բառերը մրմնջաց համարյա շշուկով, գլխահակ։
 
― Մակա՛ր Իվանովիչ,― գոչեց շվարած Վերսիլովը ոտքի կանգնելով։
 
― Լավ, լավ. մի շփոթվիր, տեր իմ,― հենց էնպես հիշեցրի... Աստծո առաջ ամենամեղավորն ինքս եմ։ Թեկուզ դուք իմ տերն էիք, դարձյալ չպիտի թուլակամ գտնվեի ձեր առաջ։ Էդ պատճառով էլ դու, Սոֆյա, շատ մի տակնուվրա արա հոգիդ, քանզի քո մեղքը լրիվ իմ վզին է. ինչ վերաբերում է անձամբ քեզ, էսպես եմ մտածում, որ էն ժամանակ հազիվ թե էնքան խելք ունենայիր, էդ նույն բանն էլ դուք, տեր իմ, իր հետ մեկտեղ,― ժպտաց ինչ-որ ցավից դողացող շուրթերով,― թեկուզ որ կարող էի էն ժամանակ խելքի բերել քեզ, կողակիցդ իմ, թեկուզ մտրակով խելքի բերել, համ էլ պարտավոր էի, համա խղճացի, է՜ն տեսակ ընկար ոտս ու ոչ մի բան չթաքցրիր... ոտներս էիր համբուրում։ Քեզ նախատելու համար չէ, որ մտաբերեցի էդ բանը, սիրեցյալդ իմ, մենակ Անդրեյ Պետրովիչին հիշեցնելու համար... քանզի ինքներդ, տեր իմ, ազնվականի խոստում տվեցիք թագուպսակով ավարտել ամեն բան... Երեխեքի ներկայությամբ եմ ասում, տեր իմ ― հայր...
 
Արտակարգ հուզված էր և այնպես էր նայում Վերսիլովին, կարծես թե իր ասածը հաստատող խոսք էր սպասում նրանից։ Կրկնում եմ՝ այդ ամենը այնքան անսպասելի էր, որ ես քարացել էի նստածս տեղում. Վերսիլովը ևս հուզված էր նրանից ոչ պակաս, լուռ մոտեցավ մորս և պինդ գրկեց նրան, այնուհետև մայրս նույնպես լուռումունջ մոտեցավ Մակար Իվանովիչին և խոնարհվեց նրա առաջ։
 
Մի խոսքով, ցնցող տեսարան ստացվեց. այդ անգամ սենյակում միայն յուրայիններս էինք, նույնիսկ Տատյանա Պավլովնան չկար։ Լիզան ամբողջովին ձգվել էր նստած տեղը և լուռ լսում էր. հանկարծ ոտքի ելավ ու ասաց անհողդողդ.
 
― Ինձ էլ օրհնեք, Մակար Իվանովիչ, մեծ տառապանքիս առթիվ։ Վաղը իմ ճակատագիրն է վճռվում հիմնովին... իսկ այսօր աղոթեք ինձ համար։
 
Եվ գնաց սենյակից։ Գիտեի, որ Մակար Իվանովիչն արդեն մորիցս ամեն բան իմացել է Լիզայի վերաբերյալ։ Այդ երեկո առաջին անգամն էի մորս ու Վերսիլովին տեսնում կողք-կողքի. մինչ այդ օրը այդ տղամարդու դիմաց տեսել էի լոկ նրա ստրկուհուն։ Անչափ քիչ բան գիտեի դեռևս նաև այդ մարդու մասին ու քիչ բան էի նկատել նրա պահվածքում, որին մինչ այդ դատապարտել էի, և իմ կացարանը գնացի շվարած։ Եվ պիտի որ հենց դրանից առաջ խտացած լինեին տարակուսանքներս այդ մարդու վերաբերյալ, դեռ երբեք նա աչքիս չէր երևացել այնքան խորհրդավոր ու անթափանցելի, որքան հենց այդ ժամանակ, գրածս պատմությունն էլ հենց այդ մասին է ամբողջովին ճիշտ իր ժամանակին։
 
«Սակայն պարզվում է,― մտածեցի այն ժամանակ անկողին մտնելիս,― որ այս մարդը,― «ազնվականի խոսք» է տվել, որ կպսակվի մորս հետ վերջինիս այրիանալու դեպքում։ Նա այդ մասին բան չասաց, երբ դրանից առաջ պատմում էր ինձ Մակար Իվանովիչի մասին»։
 
Հաջորդ օրը Լիզան տանը չէր առավոտից իրիկուն, իսկ բավականին ուշ վերադառնալուց հետո գնաց ուղիղ Մակար Իվանովիչի սենյակը։ Ուզեցի չմտնել, որ չխանգարեմ իրենց, բայց նկատելով, որ այնտեղ են նաև մայրս ու Վերսիլովը, մտա։ Լիզան նստել էր ծերուկի մոտ ու լալիս էր գլուխը նրա ուսին հակած, իսկ ծերուկը նրա գլուխն էր շոյում տխուր-տրտում։
 
Վերսիլովը բացատրեց ինձ (հետո, իմ սենյակում), թե փեսացու իշխանը պնդել է իր ուզածը և վճռել առաջին իսկ հնարավորության դեպքում, դատարանի վճռից առաջ, ամուսնանալ Լիզայի հետ։ Լիզայի համար դժվար էր եղել վճիռ կայացնելը, թեև այլևս իրավունք չուներ չկայացնելու։ Մի կողմից էլ Մակար Իվանովիչն էր «հրամայում», որ պսակվի։ Անշուշտ, այդ ամենը հետագայում ինքնին կանցներ կգնար, և Լիզան ինքն էլ, առանց տատանմունքի ու հրամանների, կուզենար պսակվել, բայց ներկա րոպեին այնքան վիրավորված էր իր սիրած տղամարդուց և այդ սիրո պատճառով այնպես նվաստացած էր ինքն իր աչքում, որ դժվարանում էր վճիռ կայացնել։ Վիրավորանքին ավելացել էր մի նոր հանգամանք ևս, որի գոյությունը մտքովս իսկ չէր անցնի։
 
― Լսե՞լ ես, որ Պետերբուրգից եկած այդ ջահելներին բոլորին կալանավորել են երեկ,― ավելացրեց հանկարծ Վերսիլովը։
 
― Ինչպե՞ս,― գոչեցի,― Դերգաչովին և՞ս։
 
― Այո. համ էլ Վասինին։
 
Ցնցված էի հատկապես Վասինի մասին լսելիս։
 
― Մի՞թե նա էլ է խառնված որևէ բանում։ Աստված իմ, ի՞նչ է լինելու նրանց հետ այժմ։ Հակառակի պես հենց այժմ, երբ Լիզան այնպես մեղադրեց Վասինին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է պատահել նրանց։ Ստեբելկովի սարքած բանը կլինի։ Երդվում եմ ձեզ Ստեբելկովի մատը խառն է դրանում։
 
― Թողնե՛նք,― ասաց Վերսիլովը՝ տարօրինակ հայացքով զննելով ինձ (այնպես, ինչպես նայում են խակ ու անհասկացող մարդուն),― ո՞վ գիտե, թե ինչ են արել և ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես են վարվելու նրանց հետ։ Ասելիքս դա չէր. լսել եմ՝ կուզենայիր վաղը դուրս գալ։ Չե՞ս անցնի իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ։
 
― Առաջին հերթին, խոստովանեմ, սակայն, որ դա շատ ծանր է ինձ համար։ Իսկ դուք որևէ բա՞ն ունեք նրան փոխանցելու։
 
― Ոչ։ Ինքս կտեսնվեմ հետը։ Լիզային եմ խղճում։ Եվ ի՞նչ խորհուրդ կարող է տալ նրան Մակար Իվանովիչը։ Ինքն էլ գլուխ չի հանում ոչ մարդկանցից, ոչ կյանքից։ Ահա թե ինչ, սիրելիս (վաղուց ի վեր չէր կոչել ինձ «սիրելիս»), այդ գործում խառն են... նաև որոշ ջահելներ... որոնցից մեկը քո նախկին ընկեր Լամբերտն է... Կարծում եմ, որ դրանք բոլորն էլ մեծ ստահակներ են... Քեզ նախազգուշացնելու համար եմ... Ինչևէ, այդ ամենը, անշուշտ, քո գիտենալու բանն է, և հասկանում եմ, որ իրավունք չունեմ...
 
― Անդրեյ Պետրովիչ,― բռնեցի նրա թևը՝ առանց մտածելու և համարյա թե ոգեշնչված, ինչպես որ հաճախ է պատահում հետս (այդ բանը կատարվում էր համարյա թե մթության մեջ),― Անդրեյ Պետրովիչ, ես լռում էի, չէ՞ որ դուք տեսնում էիք դա. մշտապես լռում էի մինչև այժմ, գիտե՞ք, թե ինչու։ Որպեսզի խուսափեմ ձեր գաղտնիքներից։ Ուղղակի վճռել էի՝ երբեք չիմանալ դրանց մասին։ Ես վախկոտ եմ. վախենում եմ, թե ձեր գաղտնիքները ձեզ լիովին պոկեն հանեն իմ սրտից, իսկ ես չեմ ուզում այդ բանը։ Իսկ քանի որ այդպես է, այլևս ինչո՞ւ դուք էլ ի մ գաղտնիքներն իմանաք։ Թող ձեզ համար նշանակություն չունենա, թե ուր եմ գնում։ Այնպես չէ՞։
 
― Ճիշտ ես, բայց այլևս ո՛չ մի բառ, աղաչում եմ,― մրմնջաց ու ելավ սենյակիցս։ Այդպիսով պատահաբար բացատրվեցինք աննշան չափով։ Բայց դրանով սոսկ սաստկացրեց հուզմունքս հաջորդ օրը կատարելիք մի նոր քայլիս կապակցությամբ, այնպես որ ամբողջ գիշերը մնացի անքուն, շարունակ արթնանալով, բայց ինքնազգացողությունս լավ էր։
 
==== III ====
 
Թեև հաջորդ օրը ժամը տասին ելա տնից, բայց ամեն կերպ ջանում էի հեռանալ ծածուկ, առանց հրաժեշտ տալու և բան ասելու, այսպես ասած ծլկեցի։ Չգիտեմ, թե ինչո՞ւ վարվեցի այդպես, բայց եթե նույնիսկ մայրս տեսներ տնից հեռանալս ու խոսեր հետս, ապա որևէ բան կասեի նրան։ Երբ հայտնվեցի դրսում և շնչեցի պաղ օդը, տեղնուտեղը ցնցվեցի մի ուժգին. համարյա կենդանական զգացողությունից, որը կանվանեի ''գիշատչական''։ Ինչո՞ւ էի գնում, ո՞ւր էի գնում։ Միանգամայն անորոշ էր, միաժամանակ նաև ''գիշատչական''։ Միաժամանակ նաև սարսափելի ու զվարճալի։
 
«Կեղտի մե՞ջ եմ թաթախվելու այսօր, թե՞ ոչ»,― մտմտում էի ջահելավարի, թեև շատ լավ գիտեի, որ այդ օրվա անելիք քայլս լինելու է վճռորոշ և անշտկելի ամբողջ կյանքիս համար։ Բայց պետք չէ խոսել հանելուկներով։
 
Գնացի ուղիղ իշխանի բանտը։ Արդեն երեք օր էր, ինչ մոտս էր Տատյանա Պավլովնայի գրությունը ուղղված վերակացուին, և վերջինս շատ լավ ընդունեց ինձ։ Չգիտեմ՝ լավ մարդ էր նա թե ոչ, և դա, կարծեմ, ավելորդ է, բայց իշխանի հետ ունենալիք տեսակցությունս նա թույլատրեց ու կազմակերպեց իր սենյակում՝ սիրալիր կերպով մեզ զիջելով այն։ Սենյակն այդ պետական կացարանում ապրող հանրահայտ չինովնիկի սովորական սենյակ էր. կարծում եմ, որ դա նկարագրելը ևս ավելորդ է։ Այդպիսով իշխանի հետ առանձնացանք։ Նա ինձ մոտ եկավ ինչ-որ կիսազինվորական զգեստ հագած, բայց սպիտակեղենը՝ մաքուր, պճնամոլի փողկապ կապած ու սանրված, դրա հետ մեկտեղ խիստ նիհարած ու դեղնած։ Այդ դեղնությունը նկատեցի նաև նրա աչքերում։ Մի խոսքով, այնպես էր կերպարանափոխվել, որ մնացի այլայլված։
 
― Որքա՜ն եք փոխվել,― գոչեցի։
 
― Ոչի՜նչ։ Նստեք, աղավնյակս,― կիսասեթևեթ մատնացույց արավ բազկաթոռը և ինքը նստեց դիմացս։― Անցնենք գլխավորին, տեսնում եք, էլի, սիրելիդ իմ Ալեքսեյ Մաքսիմովիչ...
 
― Արկադի,― ուղղեցի։
 
― Ի՞նչ։ Ախ հա՜, դե-դե, մեկ է։ Ախ, հա՜,― ըմբռնեց հանկարծ,― ներող կացեք, աղավնյակս, անցնենք գլխավորին...
 
Մի խոսքով, խիստ շտապում էր ինչ-որ բանի անցնելու համար։ Ամբողջովին տարված էր այդ ինչ-որ բանով, ինչ-որ գլխավոր բանով, որն ուզում էր ձևակերպել խոսքով և շարադրել ինձ համար։ Խոսում էր անչափ շատ ու հապճեպ, ճիգ ու տառապանքով բացատրելով ու ձեռները շարժելով, բայց առաջին րոպեներին բան չէի ըմբռնում։
 
― Կարճ ասած (դրանից առաջ արդեն տասն անգամ գործածել էր իր այդ «կարճ ասածը»),― կարճ ասած,― եզրափակեց,― Արկադի Մակարովիչ. եթե երեկվանից անհանգստացրել եմ ձեզ ու այնպես համառորեն կանչել Լիզայի միջոցով, ապա դա թեև հրդեհի պես անհետաձգելի է, բայց քանի որ վճիռը պետք է լինի էապես արտակարգ ու վերջնական, ապա մենք...
 
― Թույլ տվեք, իշխան,― ընդհատեցի,― երե՞կ եք կանչել։ Լիզան պարզապես ոչինչ չի ասել ինձ։
 
― Ինչպե՜ս թե,― գոռաց՝ հանկարծակի ու խիստ այլայլված, համարյա թե վախեցած։
 
― Բացարձակապես ոչինչ չի փոխանցել ինձ։ Երեկոյան եկավ անտրամադիր, չհասցրեց նույնիսկ բառ փոխանակել հետս։
 
Իշխանը վեր թռավ աթոռից։
 
― Մի՞թե ճիշտ եք ասում, Արկադի Մակարովիչ։ Այդ դեպքում դա... դա...
 
― Սակայն ի՞նչ մի արտառոց բան կա այդտեղ։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Նա պարզապես մտահան է արել կամ ինչ-որ բան...
 
Նստեց, բայց ասես փայտացում ստացավ։ Թվում էր, թե այդ լուրը, որ Լիզան ինձ չի հայտնել որևէ բան, պարզապես ճզմեց նրան։ Հանկարծ սկսեց խոսել նորից հապճեպ ու ձեռները թափահարել, բայց դարձյալ անչափ դժվար էր իր ասածն ըմբռնելը։
 
― Կացեք,― մրմնջաց հանկարծ, սսկվելով ու մատը տնկելով,― կացեք, դա... դա... եթե միայն չեմ սխալվում... դա կատակ-ս է,― քրթմնջաց, ժպտալով մոլագարի պես,― և կնշանակի, որ...
 
― Դա բացառապես ոչինչ չի նշանակում,― ընդհատեցի,― և չեմ հասկանում, թե ձեզ ինչո՞ւ է այդպես տանջում նման մի դատարկ հանգամանքը։ Ահ, իշխան, հիշում եք, անշուշտ, որ այն ժամանակվանից, այն գիշերից...
 
― Ի՞նչ գիշերից և ի՞նչ,― գոռաց կամակոր, դժգոհելով, որ ընդհատեցի։― Այն, որ Զերշչիկովի մոտ տեսնվեցինք վերջին անգամ, ձեր վերջին նամակից առաջ։ Այն ժամանակ ևս խիստ հուզված էիք, բայց այն ժամանակն ու այս պահն այնքա՜ն տարբեր են իրարից, որ նույնիսկ սարսափում եմ ձեզ նայելիս... Թե՞ չեք հիշում։
 
― Ախ, հա՜,― ասաց բարձրաշխարհիկ ձայնով և ասես անսպասելիորեն մտաբերելով մոռացածը,― ախ, հա՜։ Այն երեկո... Լսել եմ... Իսկ ինչպե՞ս է ձեր առողջությունն այն ամենից հետո, Արկադի Մակարովիչ... Այնուամենայնիվ, անցնենք գլխավորին։ Գիտե՞ք, արդյոք, որ ես երեք նպատակ եմ հետապնդում, առջևումս երեք խնդիր կա, և ես...
 
Սկսեց հապշտապ խոսել իր այդ «գլխավորի» մասին։ Ի վերջո ըմբռնեցի, որ դիմացս մի մարդ է, ում գլխին անպայման ու անմիջապես պետք է քացախով թրջած սրբիչ դրվի կամ արյուն բաց թողնվի երակից։ Նրա կցկտուր խոսքն, անշուշտ, շարունակ պտտվում էր դատավարության, դրա հնարավոր ելքի, նաև այն բանի շուրջ, որ գնդի հրամանատարն անձամբ է այցելել նրան ու հորդորել ինչ-որ տեղ ուղարկելիք նրա գրությունը չուղարկելու և մեկ էլ դատախազի կապակցությամբ. պտտվում էր այն բանի շուրջ, որ ազատազրկվելուց հետո նրան կաքսորեն Ռուսաստանի հյուսիսային լայնությունում կորած ինչ-որ տեղ, Տաշքենդում գաղութավորվելու և որևէ ծառայությամբ կրկին ազատություն ստանալու հնարավորության շուրջ, նաև այն բանի շուրջ, որ իր որդուն (առաջիկայում Լիզայից ծնվելիք որդուն) այս ու այն բաները կսովորեցնի «մի խուլ վայրում Արխանգելսկում, Խոլմոգորիում»։ «Արկադի Մակարովիչ, եթե ձեր կարծիքն իմանալ եմ ցանկացել, ապա, հավատացած եղեք, որ շատ թանկ եմ գնահատում զգացմունքը... Եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, Արկադի Մակարովիչ, սիրելիդ իմ, ախպերս, թե ի՜նչ է ինձ համար նշանակում Լիզան, թե ինչ է նշանակում ինձ հասար այստեղ, այժմ, մշտապե՛ս»,― գոչեց հանկարծ գլուխն առնելով ափերի մեջ։
 
― Սերգեյ Պետրովիչ, մի՞թե Լիզային պիտի կործանեք՝ տանելով ձեզ հետ։ Խոլմոգորի՜,― պոռթկացի անզուսպ։ Լիզայի վիճակն այս մոլագարի հետ՝ ամբողջ կյանքում,― ահա թե ինչ պատկերվեց գիտակցությանս մեջ առաջին անգամ։ Նա մի հայացք ձգեց վրաս, նորից ելավ ոտքի, շրջապտույտ գործեց տեղում ու կրկին նստեց՝ շարունակ բռնելով գլուխը։
 
― Երազումս մի գլուխ սարդեր եմ տեսնում,― մրմնջաց հանկարծ։
 
― Դուք շատ եք հուզված, իշխան, ձեզ խորհուրդ կտայի պառկել և անմիջապես բժիշկ կանչել։
 
― Ոչ, թույլ տվեք, դա հետո։ Ձեզ կանչել եմ գլխավորապես այն բանի համար, որ բացատրություն տամ պսակադրվելու կապակցությամբ։ Գիտե՞ք, պսակադրությունը կկատարվի հենց այստեղի եկեղեցում, արդեն պատվիրել եմ։ Ամեն բան փոխհամաձայնեցված է, և այստեղի իշխանավորները նույնիսկ խրախուսում են... Ինչ վերաբերում է Լիզային, ապա...
 
― Խղճացեք Լիզային, սիրելի իշխան,― գոչեցի,― մի տանջեք նրան գոնե այժմ, մի խանդեք։
 
― Ինչպես թե,― գոռաց շեշտակի ինձ նայելով դուրս պրծած աչքերով դեմքն աղավաղված անմիտ-հարցական ու լարված մի ժպիտով։ Երևում էր, որ «մի խանդեք» արտահայտությունը խոցել է նրան ինչ-որ պատճառով և այն էլ ահավոր կերպով։
 
― Ներեցեք, իշխան, ակամա ասացի։ Օ՛հ, իշխան, վերջերս ճանաչել եմ մի ծերունու անվանապես իմ հորը... Օ՛հ, եթե տեսնեիք նրան, դուք ավելի հանգիստ կը... Լիզան ևս շատ է գնահատում նրան։
 
― Ախ, հա՜, Լիզա՞ն... ախ, հա՜, դա ձեր հա՞յրն է։ Կամ... pardon, mon cher<ref>Ներիր, սիրելիս (ֆրանս.)։
</ref>։ Նման մի բան... Հիշում եմ... Լիզան ասում էր ինձ... ծերունի... Համոզված եմ, համոզված... Ես նույնպես ճանաչում էի մի ծերունու...Mais passons<ref>Բայց թողնենք այդ (ֆրանս.)։
</ref>։ Բայց կարևորն այն է, որ բացահայտվի տվյալ պահի ամբողջ իմաստը. հարկավոր է...
 
Ոտքի ելա, որ հեռանամ։ Ցավալի էր նրան նայելն անգամ։
 
― Չեմ հասկանում,― ասաց խստաձայն ու անհողդողդ տեսնելով, որ ուզում եմ գնալ։
 
― Ցավալի է ձեզ նայելը,― ասացի։
 
― Արկադի Մակարովիչ, մի բան էլ ասեմ, ևս մի բան,― բռնեց հանկարծ ուսերս միանգամայն այլ տեսքով ու շարժմունքով և նստեցրեց բազկաթոռին։ Դուք լսե՞լ եք ա՜յն մարդկանց մասին, հասկանո՞ւմ եք-թեքվեց ականջիս։
 
― Ախ, հա՜,― գոչեցի անզուսպ,― Դերգաչովե՞նց։ Այդ գործում, անշո՜ւշտ, խառն է Ստեբելկովի մատը։
 
― Այո, Ստեբելկովի՜ և... չգիտե՞ք...
 
Սսկվեց ու նորից վրաս հառեց դուրս պրծած աչքերն ու ձգված, աղավաղված, անմիտ-հարցական ժպիտը, որն ավելի էր երկարաձգվում լարվածությունից։ Դեմքն աստիճանաբար գունաթափվում էր։ Ասես ինչ-որ բան հանկարծ ցնցեց ինձ. հիշեցի Վերսիլովի երեկվա հայացքը, երբ հայտնում էր Վասինի կալանավորվելու մասին։
 
― Օ՛հ, մի՞թե,― գոչեցի անսպասելիորեն։
 
― Ինչպես տեսնում եք, Արկադի Սակարովիչ, ես հենց այդ կապակցությամբ եմ կանչել ձեզ, որ բացատրեմ... Ուզում էի...― շշնջաց հևասպառ։
 
― Դո՛ւք եք մատնել Վասինին,― գոռացի ես։
 
― Ոչ. իմացած եղեք, որ ձեռագիր գրություն կար այնտեղ։ Վասինը վերջին օրվա նախօրյակին Լիզային էր փոխանցել այդ գրությունը... պահելու համար։ Լիզան էլ թողեց մոտս, որ աչքի անցկացնեմ, իսկ հետո այնպես պատահեց, որ Վասինի հետ գժտվեցին հաջորդ օրը...
 
― Եվ դուք այդ գրությունը ներկայացրիք ըստ պատկանելույն։
 
― Արկադի Մակարովիչ, Արկադի Մակարովիչ։
 
― Եվ այդպե՜ս, դուք,― գոչեցի, ամեն մի բառը շեշտելով,― առանց այլևայլ նկատառումների, առա՜նց որևէ նպատակի, այլ միմիայն այն բանի համար, որ Վասինը ''ձեր ախոյանն է'', միմիայն խանդի դրդմամբ՝ ''Լիզային վստահված գիրը''... հանձնեցիք ո՞ւմ։ Ո՞ւմ։ Դատախազի՞ն։
 
Բայց նա չհասցրեց պատասխանել և հազիվ թե որևէ պատասխան տար. արձանի պես ցցվել էր առջևս այն նույն հիվանդագին ժպիտը դեմքին քարացած, հանկարծ բացվեց դուռն ու մտավ Լիզան։ Մեզ միասին տեսնելով համարյա նվաղեց։
 
― Այստե՞ղ ես։ Ուրեմն, այստե՞ղ ես,― գոչեց՝ հայացքը հանկարծ աղավաղելով ու թևս բռնելով,― ուրեմն... ''գիտե՞ս''։
 
Բայց հայացքումս արդեն ընթերցել էր, որ «գիտեմ»։ Անզուսպ թափով գրկեցի նրան պինդ-պինդ։ Եվ այդ րոպեին առաջին անգամ ըմբռնեի ամբողջ ուժգնությամբ, թե ինչպիսի՜ անելանելի, անհատնում ու անլույս վշտով է լցված նրա... կամավոր կերպով տառապանք որոնող կնոջ ճակատագիրը։
 
― Մի՞թե այժմ կարելի է խոսել իր հետ,― բաց թողեց ինձ հանկարծ։― Մի՞թե կարելի է լինել նրա հետ։ Ինչո՞ւ ես եկել։ Նայի՜ր նրան, տես։ Եվ մի՞թե կարելի է մեղադրել նրան։
 
Հայացքում անսահման տառապանք կար ու կարեկցանք, երբ այդպես գոչելով, մատնացույց էր անում դժբախտին։ Վերջինս նստել էր բազկաթոռին՝ գլուխն ափերի մեջ առած։ Լիզան ճիշտ էր. այդ մարդը ճերմակ տենդի մեջ էր և անպատասխանատու իր ասածի համար և այն էլ երևի թե երեք օր ի վեր էր արդեն դարձել անպատասխանատու։ Հենց նույն առավոտյան նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ իրիկնադեմին արդեն ուղեղի բորբոքում ուներ։
 
==== IV ====
 
Թողնելով իշխանին Լիզայի հետ ժամը չորսի մոտերքը՝ գնացի իմ նոր բնակարանը։ Մոռացա ասել, որ օրն անձրևային էր, մռայլ, վերջերս սկսված հալոցքի ու գոլ քամու մեջ սուզված, ինչն ընդունակ է քայքայելու անգամ փղի նյարդերը։ Տանտերն ուրախ դիմավորեց ինձ, ձեռուոտ ընկնելով ու դեսուդեն վազվզելով, ինչն ահավոր կերպով տանել չեմ կարողանում հատկապես նման պահերին։ Չորությամբ խույս տվեցի նրանից և մտա իմ սենյակը, բայց նա հետևեց ինձ ու թեև չհամարձակվեց հարցուփորձ անել, այնուամենայնիվ, հետաքրքրասիրությունն ուղղակի պեծկլտում էր աչքերում, ընդ որում, երեսիս էր նայում հետաքրքրվելու իրավունք ունեցողի պես։ Պետք է վայելչորեն խույս տայի հանուն իմ շահի։ Թեև անչափ պետք էր, որ իմանայի ինչ-որ բան (ու գիտեի, որ կիմանամ), այդուհանդերձ, անտանելի էր հարցուփորձ սկսելը։ Տեղեկացա սոսկ իր կնոջ առողջությանը և երկուսով գնացինք այդ կնոջ մոտ։ Թեև կինը բարյացակամորեն դիմավորեց ինձ, բայց խիստ գործնական ու չխոսկան տեսք ուներ, այդ հանգամանքը փոքր-ինչ խաղաղեցրեց ինձ։ Կարճ ասած՝ լիովին զարմանահրաշ բաներ իմացա այս անգամ։
 
Պարզ էր, որ Լամբերտն էր եկած եղել, հետո եկել էր ևս երկու անգամ ու «զննել բոլոր սենյակները», ասելով, թե, միգուցե, վարձի մեկնումեկը։ Նաստասյա Եգորովնան էլ էր եկած եղել մի քանի անգամ՝ Աստված գիտե, թե ինչի համար։ «Նա էլ էր շատ հետաքրքրվում»,― ավելացրեց տանտերը, բայց ես չսփոփեցի իրեն այն հարցով, թե ինչով էր հետաքրքրվում եկվորուհին։ Առհասարակ հարցեր չէի տալիս, լոկ ինքն էր խոսում, իսկ ես ձևացնում էի, թե ճամպրուկս ես քչփորում (որի մեջ համարյա թե բան էլ չէր մնացել)։ Բայց ամենից զայրացուցիչն այն էր, որ տանտերը ևս մտքին դրեց խորհրդավորություն խաղալ ու նկատելով, որ խուսափում եմ հարցուփորձից, նույնպես իր պարտքը համարեց խոսել կտրակցոն, համարյա թե հանելուկային ձևով։
 
― Մի աղջիկ պարոն էլ եկավ,― ավելացրեց տարօրինակ հայացք գցելով վրաս։
 
― Ի՞նչ աղջիկ-պարոն։
 
― Աննա Անդրեևնան. երկու անգամ եկավ, ծանոթացավ տիկնոջս հետ։ Շատ դուրեկան անձնավորություն է, շատ սիրելի։ Այդպիսի ծանոթությունը շա՜տ պետք է գնահատվի, Արկադի Մակարովիչ։― Եվ այդ ասելիս նույնիսկ քայլ արավ դեպի ինձ. շատ էր ուզում, որ գոնե մի բան կռահեմ իր ասածից։
 
― Մի՞թե երկու անգամ։
 
― Երկրորդ անգամ եղբայրիկի հետ էր եկել։
 
«Լամբերտի հետ»,― ակամա անցավ մտքովս։
 
― Ո՛չ, պարոնս, Լամբերտի հետ չէր,― գուշակեց իսկույն, ասես իր աչքերով հանդերձ ցատկեց հոգուս մեջ,― այլ իրենց եղբայրիկի, իսկականի, երիտասարդ պարոն Վերսիլովի հետ էր եկել։ Կարծես թե կամեր-յունկեր է, չէ՞։
 
Շատ էի շվարել, տանտերն ինձ էր նայում, անտանելի փաղաքուշ ժպտալով։
 
― Վայ, հա՜, մեկն էլ էր հարցնում ձեզ այն ֆրանսուհի մամզել Ալֆոնսինա դը Վերդենը։ Հա՜, ինչ լավ է երգում, համ էլ բանաստեղծություններ է ասմունքում հրաշալի։ Մի ժամանակ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ էր գալիս ծածուկ Ցարսկոյե. ասում էր մի հազվագյուտ, սևուկ, տեղովը մի բռնցքաչափ շնիկ կա, որ պիտի վաճառի իշխանին...
 
Խնդրեցի, որ մենակ թողնի ինձ պատճառ բռնելով գլխացավս։ Տանտերն ակնթարթորեն բավարարեց խնդրանքս նույնիսկ խոսքը չավարտած և ոչ միայն առանց նվազագույն նեղսրտուքի, այլև համարյա թե հաճույքով, ձեռը թափ տալով խորհրդավոր կերպով և ասես թե դրանով արտահայտվելով, թե «Հասկանում եմ-ս, հասկանում-ս», ու թեև բարձրաձայն չարտահայտեց այդ բանը, բայց սենյակից հեռացավ ոտնաթաթերի վրա դրանով հաճույք պատճառելով ինքն իրեն։ Աշխարհի երեսին կան տհաճ մարդիկ։
 
Նստել էի մենակ, ժամուկես մտորելով, այսինքն ոչ թե մտորելով, այլ մտքով ընկնելով։ Թեև շվարած էի, բայց ոչ զարմացած։ Նույնիսկ ավելի շշմեցուցիչ բանի էի սպասում։ «Միգուցե նրանք արդեն արել են նման բաներ»,― մտածեցի։ Հաստատապես ու վաղուց, դեռևս տանը, համոզված էի, որ նրանց մեքենան արդեն գործի է դրված ամբողջ թափով։ «Միայն ես եմ պակասում նրանց, ա՜յ թե ինչ»,― մտածեցի նորից ինչ-որ զայրալի ու դուրեկան ինքնաբավականությամբ։ Պարզից պարզ էր, որ նրանք ինձ էին սպասում մեծ լարվածությամբ և մտադիր էին ինչ-որ բան գլուխ բերել իմ բնակարանում։ «Չլինի՞ թե ծեր իշխանի հարսանիքը, արար աշխարհն է ընկել նրա հետևից։ Բայց թույլ կտա՞մ ես, պարոնայք, ահա թե ի՜նչ-ս»,― եզրափակեցի նորից ինքնաբավականությամբ։
 
«Եթե մի անգամ սկսեմ, իսկույն ջրապտույտի մեջ կքաշվեմ տաշեղի պես։ Բայց ազա՞տ եմ, արդյոք, այժմ, այս պահին, թե՞ արդեն ազատ չեմ։ Կարո՞ղ եմ դեռևս այս երեկո, վերադառնալով մորս մոտ, ասել ինքս ինձ, ինչպես այս բոլոր օրերին. «Ինքս եմ իմ գլխի տերը»։
 
Ահա իմ հարցերի հարցը, այսինքն՝ սրտիս տրոփը այն երեք ժամերի ընթացքում, որ անցկացրի իմ մահճանկյունում արմունկներով հենված ծնկներիս, իսկ ափերս նեցուկ անելով գլխիս։ Բայց չէ՞ որ գիտեի, արդեն գիտեի այդ ժամանակ, որ այս հարցերը բոլորն էլ միանգամայն անհեթեթ են, որ ինձ ձգում է միմիայն նա, միմիայն այդ ''ուհին''։ Վերջապես արտահայտվեցի ուղղակի ու գրչածայրով գրեցի թղթի վրա, քանզի այժմ, մեկ տարի անց, երբ գրում եմ այդ մասին, դարձյալ չգիտեմ, թե ինչ անուն տամ այն ժամանակվա զգացումիս։
 
Օհ, ես խղճում էի Լիզային, և սրտիս մեջ ամենաաներկդիմի մի ցավ կար։ Հանուն նրա զգացածս ցավի այդ զգացումը հենց միայն, թվում էր, կարող է խլացնել իմ մեջ բուն դրած ''գիշատչությունը'' (նորից եմ հիշատակում այդ բառը)։ Սակայն ինձ ձգում էր անսահման հետաքրքրասիրությունը և ինչ-որ երկյուղ ու դարձյալ ինչ-որ մի այլ զգացում, չգիտեմ ինչպիսի, բայց գիտեմ ու գիտեի նաև այն ժամանակ, որ դա բարի զգացում չէր։ Միգուցե ձգտում էի այն ուհու ոտքն ընկնել, կամ գուցե նրան ինչ-որ տառապանքների մեջ գցել ու դրանով «շտապ կերպով» ինչ-որ բան ապացուցել իրեն։ Լիզայի հանդեպ տածածս որևէ կարեկցանք ու ցավ այլևս չէր կարող զսպել ինձ, կանգնեցնել։ Եվ մի՞թե կարող էի վեր կենալ ու գնալ մերոնց տուն... Մակար Իվանովիչի մոտ։
 
«Իսկ մի՞թե չի կարելի գնալ նրանց մոտ, իմանալ ամեն բան ու հանկարծ մեկընդմիշտ հեռանալ իրենցից, անվնաս շրջանցելով բոլոր կախարդանքներն ու հրեշներին»։
 
Ժամը երեքին, սթափվելով ու գիտակցելով, որ ուշացել եմ, փութով դուրս ելա, կառք բռնեցի ու թռա Աննա Անդրեևնայի մոտ։
 
=== Գլուխ հինգերորդ ===
 
==== I ====
 
Հենց որ զեկուցեցին իմ մասին, Աննա Անդրեևնան թողեց իր կարն ու շտապ ելավ՝ դիմավորելու ինձ իր առաջին սենյակում, մի բան, որ չէր պատահել մինչ այդ։ Երկու ձեռն էլ մեկնեց ինձ և արագ, շիկնեց։ Լուռումունջ տարավ ինձ իր տեղը, նորից նստեց իր գործին, ինձ նստեցրեց մոտը, բայց չվերսկսեց կարը, այլ շարունակում էր միևնույն ջերմ կարեկցանքով դիտել ինձ ոչինչ չասելով։
 
― Դուք ինձ մոտ էիք ուղարկել Նաստասյա Եգորովնային,― սկսեցի ուղղակի, որոշ չափով նեղվելով կարեկից հայացքից, թեև դա հաճելի էր։
 
Խոսել սկսեց անսպասելիորեն՝ չպատասխանելով ասածիս.
 
― Ամեն բան լսել եմ, ամեն բան իմացել։ Այն ահավոր գիշերը... Օ՛հ, որքա՜ն պիտի որ տառապած լինեք։ Ճի՞շտ է, արդյոք, ստո՞ւյգ է, որ ձ՜եզ գտել են սառնամանիքի տակ, անզգայացած վիճակում։
 
― Այդ մասին ձեզ...― մրմնջացի շիկնելով,― Լամբերտն է...
 
― Նույն օրն ևեթ ամեն բան իմացա իրենից, բայց սպասում էի ձեր գալուն։ Օ՛հ, նա մոտս եկավ սարսափահար։ Ձեր բնակարանում... որտեղ հիվանդ պառկած եք եղել, թույլ չեն տվել, որ մտնի ձեզ մոտ... և տարօրինակ են դիմավորել... Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչպես է եղել, բայց նա ամեն բան պատմեց այն գիշերվա մասին, ասում էր, թե դուք, հազիվհազ ուշքի եկած, նույնիսկ հիշատակել եք իմ մասին և... ինձ նվիրված լինելու մասին։ Հուզվել էի արտասվելու աստիճան, Արկադի Մակարովիչ, և չգիտեմ նույնիսկ, թե ինչով եմ այդպիսի ջերմ կարեկցանք հարուցել ձեր սրտում և այն էլ՝ ձեր այն օրվա վիճակում։ Ասացեք պարոն Լամբերտը ձեր մանկության ընկե՞րն է։
 
― Այո, բայց այդ դեպքը... խոստովանում եմ անզգույշ գտնվեցի և, միգուցե, շատ ավելորդ բան ասացի իրեն։
 
― Օհ, այս սև, ահավոր բանսարկության մասին կիմանայի նաև առանց նրա տված տեղեկության։ Միշտ, մշտապես կանխազգում էի, որ նրանք ձեզ կհասցնեն այդ բանին։ Ասացեք ճի՞շտ է արդյոք, թե Բյորինգը ձեռք է բարձրացրել ձեզ վրա։
 
Խոսում էր այնպես, ասես միմիայն Բյորինգի ու ''իր'' պատճառով էի հայտնվել դարբասի տակ։ Բայց չէ՞ որ ինքը ճիշտ է, անցավ մտքովս, և ես պոռթկացի հանկարծ.
 
― Եթե ձեռք բարձրացներ վրաս, ապա անպատիժ չէր հեռանա, և ես այժմ չէի նստի ձեզ մոտ դեռևս վրեժ չլուծած,― պատասխանեցի տաքացած։ Կարևորն այն է, որ ինձ թվաց, թե այդ մադամն ուզում է բորբոքել ինձ, գրգռել որևէ մեկի դեմ (ի դեպ, հայտնի է, թե ում դեմ), այդուհանդերձ, տեղի տվեցի։
 
― Եթե ասում եք, թե կանխազգում էիք, որ ինձ կհասցնեն ''այդ բանին'', ապա Կատերինա Նիկոլաևնայի կողմից լոկ թյուրըմբռնում է եղել... թեև ճիշտ է նաև այն, որ նա իմ հանդեպ տածած բարի զգացմունքները չափազանց արագ փոխեց այդ թյուրըմբռնումով...
 
― Ճիշտ այդպես՝ չափազա՜նց արագ,― աջակցեց Աննա Անդրեևնան նույնիսկ ինչ-որ կարեկից հիացմունքով։ Օ՜հ, եթե իմանայի՜ք, թե այժմ ինչպիսի բանսարկություն են սկսել այնտեղ։ Արկադի Մակարովիչ, անշուշտ, այժմ դժվարությամբ կըմբռնեք իմ վիճակի նրբությունը,― ասաց կարմրելով ու գլխահակ։― Այն ժամանակից ի վեր, այն առավոտից, երբ ձեզ հետ տեսնվեցինք վերջին անգամ, ես այնպիսի քայլ արեցի, ինչը չի կարող հասկանալ ամեն ոք այնպես, ինչպես կհասկանա ձեզ նման չարատավորված մտքի տեր, սիրող, անաղարտ սիրտ ունեցող մարդը։ Բարեկամս, համոզված եղեք, որ ես ի վիճակի եմ գնահատելու ձեր նվիրվածությունն ինձ ու հավիտենական երախտագիտությամբ կհատուցեմ ձեզ։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ, անշուշտ, կուզենան քարկոծել ինձ և արդեն բարձրացրել են քարը։ Բայց եթե նույնիսկ նրանք ճիշտ լինեին իրենց զազրելի հայեցակետով հանդերձ, ապա նրանցից ո՞վ, ո՞ր մեկը կարող էր ու կհամարձակվեր անգամ այդ դեպքում դատապարտել ինձ։ Հորս կողմից լքված եմ մանկուց. մենք՝ Վերսիլովներս, ռուսական վաղեմի մեծ տոհմ ենք. մենք ըստ էության դատարկապորտ ենք, և ես այլոց ողորմած հացն եմ ուտում։ Բնական չէ՞, արդյոք, որ դիմել եմ այն մարդուն, ով դեռևս մանկուց է փոխարինել հորս, ում ողորմածությունն իմ հանդեպ տեսել եմ շատ տարիներ։ Նրա հանդեպ տածած զգացմունքներս տեսնում ու քննում է լոկ Աստվածն ինքը, և ես թույլ չեմ տա, որ աշխարհիկ դատ ու դատաստանի ենթարկեն ինձ արածս քայլի համար։ Իսկ այս դեպքում առավել ևս, երբ գործ ունենք նենգագույն, մռայլագույն բանսարկության հետ, երբ դյուրահավատ, մեծահոգի հորը կործանել է ուզում իր իսկ հարազատ դուստրը, ապա մի՞թե կարելի է հանդուրժել այդ բանը։ Ոչ. թող թեկուզ հեղինակությունս կործանեմ, բայց կփրկեմ նրան։ Պատրաստ եմ նրա դայակը դառնալուն, պահակը, աղախինը, բայց չեմ հանդուրժի բարձրաշխարհիկ սառնության, նողկալի հաշվարկների հաղթանակը։
 
Խոսում էր արտակարգ ոգեշնչումով, միգուցե՝ շինծու ոգեշնչումով, այդուհանդերձ սրտանց, քանզի երևում էր, թե որքան է ներքաշված այդ գործի մեջ։ Օ՜հ, ես զգում էի, որ նա կեղծում է (թեև՝ սրտանց, քանի որ ատել կարելի է նաև սրտանց), և նրա արածն այդ պահին անմտություն է, բայց զարմանալի մի բան, որ պատահում է կանանց հետ. առաքինության այդ տեսակը, այդ բարձրաշխարհիկ ձևեր թափելը, բարձրաշխարհիկ բարձունքի այդ անմատչելիության ու հպարտ առաքինության ցուցադրումները խելքս գլխիցս առան, և ես սկսեցի ամեն բանում համաձայնել իր հետ, այսինքն քանի դեռ նստած էի իր մոտ. համենայն դեպս չէի համարձակվում առարկել։ Օ՜հ, տղամարդը վճռականապես բարոյական ստրկության մեջ է կնոջ առջև, հատկապես բարեհոգի տղամարդը։ Այդպիսի կինը ցանկացած բանում կարող է համոզել բարեհոգի տղամարդուն։ «Աստվա՜ծ իմ, այս կինն ուր, Լամբե՜րտն ուր»,― մտածում էի՝ տարակուսանքով դիտելով նրան։ Ինչևէ, ասեմ ամեն բան. մինչև այժմ էլ չեմ կարողանում դատապարտել այդ կնոջը, նրա զգացմունքներն, իրավ, միայն Աստված կարող էր տեսնել, առավել ևս, որ մարդ արարածը շատ բարդ շինվածք է, ու երբեմն գլուխ չես հանում նրանից, առավել ևս որ այդ մարդ արարածը կինարմատ է։
 
― Աննա Անդրեևնա, հատկապես ի՞նչ եք ակնկալում ինձնից,― հարցրեցի, այդուհանդերձ, բավականին վճռականորեն։
 
― Ինչպե՞ս թե։ Ի՞նչ է նշանակում ձեր հարցը, Արկադի Մակարովիչ։
 
― Ամեն բանից երևում է... որ այլ նկատառումներով էիք...― բացատրում էի խճճվելով,― մարդ ուղարկել ինձ մոտ, ինչ-որ բան ակնկալելով ինձնից, հատկապես ի՞նչ։
 
Պատասխան չտալով հարցիս՝ ակնթարթորեն խոսել սկսեց միևնույն շտապողականությամբ ու ոգեշնչումով.
 
― Բայց ես չեմ կարող, չափազանց հպարտ եմ պարոն Լամբերտի նման մի անծանոթի հետ բացատրվելու և գործարքների մեջ մտնելու համար։ Ես սպասում էի ձեզ և ոչ թե Լամբերտին։ Արկադի Մակարովիչ, իմ վիճակը ծայրահե՜ղ է, ահավո՜ր։ Ամբողջովին տարված եմ ախոյանուհուս հետևելով և ստիպված խորամանկում եմ, իսկ դա ծանր է ինձ համար, անտանելի։ Նվաստանում եմ բանսարկուի աստիճանի և սպասում ձեզ որպես փրկչի։ Չի կարելի մեղադրել ինձ այն բանի համար, որ ագահորեն նայում եմ շուրջս գեթ մի բարեկամ գտնելու հույսով, և հետո անկարող էի չուրախանալ ինքնահայտ բարեկամով։ Նա, ով կարող էր նույնիսկ իր համար ծանր մի գիշերվա ընթացքում հիշել ինձ ու շարունակ կրկնել իմ անունը, անշուշտ, նվիրված է ինձ։ Շարունակ այդպես էի մտածում այս ընթացքում, այդ պատճառով էլ հույսս ձեզ վրա էի դնում։
 
Իմ աչքերի մեջ էր նայում անհամբեր հարցում արտահայտող հայացքով։ Ու նորից վճռականությունս չբավեց փոխելու նրա կարծիքը և ուղղակի բացատրելու, որ Լամբերտը խաբել է, որ այն գիշեր բնավ չեմ ասել Լամբերտին, թե այդքան շատ եմ նվիրված Աննա Անդրեևնւսյին և բնավ էլ «միայն նրա անունը» չէ, որ հիշել եմ «շարունակ»։ Այդպիսով իմ լռությամբ, ասես հաստատեցի Լամբերտի բստրոցը։ Օհ, չէ՜ որ այդ մադամը, համոզված եմ, շատ լավ էլ հասկանում էր, որ Լամբերտը ճոխացրել է եղածը և նույնիսկ պարզապես ճնշում է գործադրել Աննա Անդրեևնայի վրա, որպեսզի գեթ վայելուչ առիթ ունենա վերջինիս մոտ հայտնվելու և հետը հարաբերություններ սկսելու համար։ Ինչ վերաբերում է իմ ասածի ճշմարտությանն ու իմ նվիրվածությանը չկասկածողի հայացքով աչքերիս մեջ նայելուն, ապա, անշուշտ, գիտեր, որ ես, նրբանկատությանս և ջահելությանս բերումով, չեմ համարձակվի հրաժարվել իր հույսերն արդարացնելուց։ Ինչևէ, չգիտեմ ենթադրությունս ճի՞շտ է. թե՞ սխալ։ Միգուցե ահավոր փչացածի մեկն եմ։
 
― Եղբայրս պաշտպան կկանգնի ինձ,― հանկարծ ասաց Աննա Անդրեևնան տենդագին տեսնելով, որ չեմ ուզում պատասխանել։
 
― Ինձ ասացին, թե նրա հետ միասին եղել եք իմ բնակարանում,― քրթմնջացի այլայլված։
 
― Ախր տարաբախտ իշխան Նիկոլայ Իվանովիչն այդ բանսարկությունից փրկվելու ելք չունի կամ, ավելի ճիշտ, իր հարազատ դստրիկից փրկվելու ելք չունի։ Միակ ելքը ձեր, այսինքն միակ բարեկամի բնակարան տեղափոխվելն է. չէ՞ որ, այնուամենայնիվ, իրավունք ունի իր բարեկամը համարելու ձեզ... Եվ այդ դեպքում, եթե կամենաք որևէ բան անել ի օգուտ նրա, ապա արեք այդ բանը, եթե միայն կարող եք, եթե ունեք մեծահոգություն և համարձակություն... և, վերջապես, եթե իրոք ''կարող եք ինչ-որ բան անել''։ Օ՛հ, ոչ թե ի՛նձ համար, ոչ թե ի՛նձ, այլ տարաբախտ ծերունու, ձեզ անկեղծորեն սիրող այդ միակ մարդու համար, ով արդեն հոգով ու սրտով կապված է ձեզ հետ որպես իր որդու և մինչև այժմ էլ հալումաշ, է լինում ձեր կարոտից։ Իսկ ինձ համար ոչինչ չեմ ակնկալում նույնիսկ ձեզնից, քանի որ նույնիսկ հարազատ հայրս է այդպիսի նենգ ու չարամիտ խաղ սարքել գլխիս։
 
― Ինձ թվում է, թե Անդրեյ Պետրովիչը,― սկսեցի։
 
― Անդրեյ Պետրովիչը,― ընդհատեց, դառը քմծիծաղ տալով,― այն ժամանակ իմ ուղղակի հարցին պատասխանեց ազնիվ խոսքով, թե երբևէ աննշան իսկ մտադրություն չի ունեցել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ, ինչին հավատացի լիովին, կատարելով իմ քայլը, մինչդեռ այդ ընթացքում պարզվեց, որ նա հանգիստ է պահում իրեն լոկ մինչև այն պահը, երբ իր ուզած տեղեկությունը կստանա ոմն պարոն Բյորինգի վերաբերյալ։
 
― Այդպես չէ,― գոչեցի,― եղավ մի պահ, երբ քիչ մնաց, որ ինքս էլ հավատամ, թե նա սիրում է Կատերինա Նիկոլաևնային, բայց դա այդպես չէ... և հետո, եթե նույնիսկ այդպես լինի, ապա չէ՞ որ, ինչպես թվում է, այժմ նա արդեն կարող էր լիովին հանգիստ լինել... այդ պարոնի պաշտոնաթողության կապակցությամբ։
 
― Ո՞ր մի պարոնի։
 
― Բյորինգի։
 
― Իսկ ո՞վ է ձեզ ասել պաշտոնաթողության մասին։ Միգուցե երբևէ այդ պարոնն այնքան զորեղ չի եղել,― քմծիծաղեց թունոտ, թվաց նույնիսկ, թե ծաղրանքով նայեց վրաս։
 
― Նաստասյա Եգորովնան էր ասում ինձ,― քրթմնջացի այլայլված, ինչը չէի կարող քողարկել, և ինչը շատ լավ նկատվեց զրուցակցուհուս կողմից։
 
― Նաստասյա Եգորովնան շատ սիրելի անձնավորություն է և, անշուշտ, չեմ կարող արգելել, որ սիրի ինձ, բայց նա չունի որևէ միջոց իմանալու իրեն չվերաբերող բանի մասին։
 
Սիրտս նվաղեց, և եթե զրուցակցուհիս իմ վրդովմունքը բորբոքելու հույս ուներ, ապա այդ վրդովմունքն ուղղվել էր ոչ թե ''այն'' կնոջ, այլ առայժմ միմիայն իր՝ Աննա Անդրեևնայի դեմ։ Ես ոտքի ելա։
 
― Որպես ազնիվ մարդ պետք է զգուշացնեմ ձեզ, Աննա Անդրեևնա, որ իմ վերաբերյալ... ձեր ակնկալիքները... կարող են վերին աստիճանի զուր լինել...
 
― Ես սպասում եմ, որ դուք պաշտպան կկանգնեք ինձ,― երեսիս նայեց հաստատակամորեն,― ինձ ամենի կողմից լքվածիս... ձեր քրոջը, եթե այդպես եք ուզում, Արկադի Մակարովիչ։
 
Եվս մի ակնթարթ և նա լաց կլիներ։
 
― Դեհ, ավելի լավ է,― թոթովեցի անարտահայտելի ճնշվածությամբ,― չսպասեք, քանի որ «միգուցե», ոչինչ չստացվի։
 
― Ինչպե՞ս հասկանամ ձեր ասածը,― մրմնջաց ինչ-որ չափազանց երկյուղած։
 
― Հասկացեք այնպես, որ ես կթողնես ու կհեռանամ բոլորիցդ ու վերջ,― գոչեցի հանկարծ համարյա կատաղությամբ,― իսկ ''փաստաթուղթը'' կպատռեմ։ Մնաք բարյավ։
 
Գլուխ տվեցի և լուռ դուրս ելա, միաժամանակ համարյա թե սիրտ չանելով հայացք գցել նրա վրա, բայց դեռ չէի իջել սանդուղքով, երբ ինձ հասավ Նաստասյա Եգորովնան՝ փոստային մի թերթիկ ձեռին։ Ըմբռնել իսկ չեմ կարող, թե որտեղից հայտնվեց Նաստասյա Եգորովնան և որտեղ էր գտնվում այն ժամանակ, երբ զրուցում էի Աննա Անդրեևնայի հետ։ Բաց արեցի թերթիկը, դրա վրա հստակ ու պարզ գրված էր Լամբերտի հասցեն և, հավանաբար, պատրաստվել էր դեռևս մի քանի օր առաջ։ Հանկարծ հիշեցի, որ երբ Նաստասյա Եգորովնան ինձ մոտ էր, նրա մոտ թռցրել էի բերանիցս, թե՝ չգիտեմ Լամբերտի բնակավայրը, բայց այդ բանն ասել էի լոկ այն իմաստով, թե «չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ»։ Մինչդեռ նույն պահին արդեն գիտեի Լամբերտի հասցեն. Լիզան էր հայտնել, ում հատուկ մտադրությամբ էի խնդրել, որ իմանա հասցեների սեղանից։ Աննա Անդրեևնայի արարքը չափազանց վճռական թվաց ինձ, նույնիսկ անպատկառ, թեև հրաժարվել էի իրեն աջակցելուց, դարձյալ նա ինձ ուղարկում էր հենց Լամբերտի մոտ։ Չավազանց պարզ դարձավ, որ այդ կինն արդեն ամեն բան իմացել է փաստաթղթի վերաբերյալ և ումի՞ց, եթե ոչ Լամբերտից, ում մոտ էլ հենց ուղարկում էր ինձ համաձայնություն կնքելու համար։
 
«Դրանք բոլորը պարզապես կամազուրկ ու թուլամիտ տղա են համարում ինձ, ում հետ կարելի է վարվել ուզածի պես»,― մտածեցի զայրույթով։
 
==== II ====
 
Այնուամենայնիվ, գնացի Լամբերտի մոտ։ Այդ ժամանակ ուրիշ որտե՞ղ կարող էի գոհացում տալ հետաքրքրասիրությանս։ Պարզվեց, որ Լամբերտը շատ հեռու տեղ է բնակվում։ Ամառային այգու մոտի Կոսոյ նրբանցքում, ի դեպ նախկին հարկաբաժնում. սակայն այն ժամանակ, երբ փախչում էի իր մոտից, այնքան աչքաթող էի արել փողոցներն ու տարածքը, որ չորս օր առաջ, երբ Լիզայից ստացա նրա հասցեն, նույնիսկ զարմացա ու չհավատացի, թե այդտեղ է ապրում։ Դեռևս սանդուղքով բարձրանալիս երրորդ հարկում գտնվող այդ բնակարանի մուտքի դռան մոտ նկատեցի երկու երիտասարդի և մտածեցի, որ ինձնից առաջ են տվել զանգը և սպասում են դռան բացվելուն։ Մինչ բարձրանում էի, երկուսն էլ, մեջքով դեպի դուռը շրջված, ինձ էին նայում մանրազնին։ «Այստեղ շատ բնակվողներ կան, և սրանք, անշուշտ, ուրիշ կենվորների մոտ են եկել»,― մտւսխոժոռվեցի մոտենալով նրանց։ Շատ տհաճ կլիներ ինձ համար, եթե Լամբերտի մոտ ուրիշ մարդ տեսնեի։ Աշխատելով չնայել նրանց ձեռքս մեկնեցի դեպի զանգը։
 
― Աթանդե,― գոչեց մեկը։
 
― Կացեք, խնդրեմ, դեռևս պետք չէ զանգել,― զրնգուն ու փաղաքուշ ձայնով ծոր տվեց մյուսը։― Հենց որ ավարտենք, միասին կզանգենք, լա՞վ։
 
Անշարժացա։ Երկուսն էլ դեռևս շատ երիտասարդ էին քսան կամ քսանմեկ տարեկան, ինչ-որ տարօրինակ բանով էին զբաղված այդ դռան մոտ, և ես զարմանքով փորձում էի ըմբռնել այդ բանը։ Նա, ով գոչել էր «աթանդե», շատ լողլող, նիհարավուն ու հյուծված, բայց շատ ջլապինդ, բոյի համեմատ փոքր գլխով, արտասովոր, ինչ-որ խեղկատակային խոժոռ ու որոշ չափով չեչոտ, բայց ոչ այնքան տխմար ու նույնիսկ հաճելի դեմքով երիտասարդ էր։ Աչքերը նայում էին անչափ սևեռուն և ինչ-որ միանգամայն անհարկի ու ավելորդ վճռականությամբ։ Շատ վատ էր հագնված․ բամբակամեջ հին, բոյին անհարիր կարճլիկ, հավանաբար ուրիշի պատկանող, ջրարջենու փոքրիկ, մազաթափ օձիքով շինել, նողկալի, համարյա գեղջկական սապոգ ու խիստ ճմրթված, դեղնած շլյապա։ Ոտից գլուխ փնթի, անձեռնոց ձեռները կեղտոտ, իսկ երկար եղունգները կեղտից սևակնած։ Նրա ընկերը հակառակ տեսքն ուներ դատելով ըստ նրա աքիսենի թեթև մուշտակի, շքեղ շլյապայի և բարալիկ մատները պիրկ գրկած բաց գույնի նոր ձեռնոցների. սա իմ բոյին էր, բայց թարմ ու ջահել դեմքի անչափ սիրելի արտահայտությամբ։
 
Լողլողը քաշքշելով վրայից հանում էր կեղտափայլ, լիովին մաշված, համարյա թե ժապավեն դարձած փողկապը, իսկ սիրունատես տղան, գրպանից հանելով մի նոր, հենց նոր գնած փողկապ, կապում էր լողլողի վզին, որն իր այդ շատ երկարուկ վիզն էր ձգմգում հնազանդորեն ու խիստ լրջադեմ ուսերից վար առնելով շինելը։
 
― Չէ, այդ մեկը չի կարելի, քանի որ վերնաշապիկդ այդքան կեղտոտ է,― քրթմնջում էր փողկապը կապողը,― այն տպավորությունը չի թողնի, համ էլ, համ էլ ավելի կեղտոտ կերևաս։ Բա չասացի՞ քեզ, որ օձիք դնես։ Չեմ կարողանում... իսկ դուք չե՞ք կարող,― դիմեց հանկարծ ինձ։
 
― Ի՞նչ,― հարցրեցի։
 
― Այ, այս փողկապը կապել։ Գիտե՞ք, հարկավոր է այնպես անել, որ իր կեղտոտ վերնաշապիկը չերևա, թե չէ տպավորությունը լրիվ ջուրը կգնա։ Փողկապը հատուկ իր հասար հենց նոր գնեցի մի ռուբլով՝ վարսավիր Ֆիլիպի մոտից։
 
― Էդ է՞ն ռուբլին էր,― քրթմնջաց լողլողը։
 
― Այո, էն էր... հիմա մոտս ոչ մի կոպեկ։ Ուրեմն, չե՞ք կարող։ Որ այդպես է, պիտի դիմենք Ալֆոնսինկային։
 
― Լամբերտի՞ մոտ,― հանկարծ կտրուկ ինձ դիմեց լողլողը։
 
― Լամբերտի,― պատասխանեցի ոչ պակաս կտրուկ՝ նայելով նրա աչքերի մեջ։
 
― Dolgorowky՞,― հարցրեց նույն ձայնով ու ֆրանսերենի աղավաղված երանգով։
 
― Ոչ, Կորովկինը չե՛մ,― պատասխանեցի նմանապես կտրուկ, սխալ լսելով իր հարցը։
 
― Dolgorowky՞,― համարյա թե գոռալով կրկնեց լողլողը և ինձ վրա շարժվեց համարյա թե սպառնալի։ Նրա ընկերը քրքջաց։
 
― Ասում է Dolgorowky և ոչ թե Կորովկին,― բացատրեց վերջինս։― Գիտե՞ք, ֆրանսիացիք «Journal des Débat»-ում հաճախ են աղավաղում ռուսական ազգանունները...
 
― «Indépendance»-ում,― բառաչեց լողլողը։
 
― Թող լինի նաև «Indépendance»-n^։ Դոլգոռուկին, զորօրինակ, գրում են Dolgorowky, ինքս եմ կարդացել, իսկ Վ-ևը՝ միշտ Wallonieff։
 
― Doboyny,― գոռաց լողլողը։
 
― Հա, մի այդպիսի Doboyny էլ կա. ինքս եմ կարդացել, ու մենք ծիծաղում էինք երկուսով, մի ինչ-որ ռուս madame Doboyny՝ արտասահմանում... միայն թե գիտե՞ս ինչ. ո՞ւմ է պետք ամենքին հիշելը,― հանկարծ դեպի լողլողը շրջվեց նա։
 
― Ներեցեք, դուք պարոն Դոլգոռուկի՞ն եք։
 
― Այո, Դոլգոռուկին եմ, իսկ դուք որտեղի՞ց գիտեք։
 
Լողլողը հանկարծ ինչ-որ բան շշնջաց բարետես տղայի ականջին, սա խոժոռվեց ու ժխտական շարժում արավ, բայց լողլողը հանկարծ դիմեց ինձ.
 
― Monseigneur le prince, vous n’avez pas de rouble d’argent pour nous, pas deux, mais un seul, voulez-vous<ref>Իշխան, մի արծաթե ռուբլի չունե՞ք մեզ համար (ֆրանս.)։
</ref>։
 
― Համա թե զազրելի՜ն ես, հա՜,― գոռաց բարետեսը։
 
― Nous vous rendons<ref>Մենք ձեզ հավատարիմ ենք (ֆրանս.)։
</ref>,― եզրափակեց լողլողը՝ ֆրանսերեն բառերն աղավաղելով կոպտորեն ու ապաշնորհ կերպով։
 
― Գիտե՞ք, սա անպատկառ է,― քմծիծաղով ասաց ինձ բարետեսը,― և դուք կարծում եք, թե նա չի՞ կարողանում խոսել ֆրանսերեն։ Խոսում է փարիզեցու նման, համա ձեռ է առնում այն ռուսներին, ովքեր հասարակության մեջ շատ են ձևեր թափում ֆրանսերեն խոսելով, երբ այդ ձիրքը չունեն...
 
― Dans les wagons<ref>Վագոններում (ֆրանս.)։
</ref>,― բացատրեց լողլողը ֆրանսերեն։
 
― Այո, նաև վագոններում, ա՜հ, ի՜նչ ձանձրալի ես. այդտեղ ի՞նչ կա բացատրելու։ Համա թե հավես ունի հիմար ձևանալու։
 
Այդ ընթացքում հանեցի ռուբլին ու մեկնեցի լողլողին։
 
― Nous vous rendons,― քրթմնջաց ֆրանսերեն, գրպանը դրեց ռուբլին և, հանկարծ դեպի դուռը շրջվելով լիովին զուսպ ու լրջադեմ, սկսեց թակել իր կոպիտ ու հսկայական սապոգի քթով և, որ կարևորն է, առանց չնչին իսկ գրգռվածության։
 
― Ահ, նորի՜ց ես կռվելու Լամբերտի հետ,― անհանգստությամբ գոչեց բարետես տղան։― Ավելի լավ կլինի, որ դուք տաք զանգը։
 
Տվեցի զանգը, բայց լողլողը դարձյալ շարունակում էր մրճահարել սապոգով։
 
― Ah, sacre<ref>Ահ, սատանա՛ն տանի (ֆրանս.)։
</ref>,― դռան հետևից լսվեց հանկարծ Լամբերտի ձայնը, և նա արագ բաց արավ դուռը։
 
― Dites donc, voulez-vous que je vous casse la teAte, mon ami!<ref>Լսեք, բարեկամ, ձեր գլուխը քո՜ր է գալիս (ֆրանս.)։
</ref>,― գոռաց լողլողի երեսին։
 
― Mon ami, voila Dolgorowky, I’ autre mon ami<ref>Բարեկամս, ահա և իմ նոր բարեկամը' Դոլգոռուկին (ֆրանս.)։
</ref>,― արժնապատվությամբ ու լրջորեն ֆրանսերենեց լողլողը, սևեռուն նայելով չարությունից կարմրատակած Լամբերտին։ Վերջինս մեկեն կերպարանափոխվեց ինձ տեսնելուն պես։
 
― Այդ դո՜ւ ես, Արկադի։ Վերջապե՜ս։ Ուրեմն, առո՞ղջ ես, վերջապես ապաքինվեցի՞ր։
 
Բռնեց ափերս, սեղմեց պինդ-պինդ. մի խոսքով, այնպիսի անկեղծ հրճվանքով էր համակվել, որ ակնթարթորեն տրամադրությունս լավացավ և նույնիսկ սիրեցի նրան։
 
― Նախևառաջ՝ քեզ մոտ։
 
― Alphonsine,― գոռաց Լամբերտը։
 
Ալֆոնսինկան նույն ակնթարթին դուրս թռավ վարագույրի հետևից։
 
― Le voila<ref>Ահա՜ և նա (ֆրանս.)։
</ref>։
 
― C’ est lui!<ref>Նույն ինքը (ֆրանս.)։
</ref>,― բացականչեց Ալֆոնսինկան, ծափ զարկելով ու նորից բացելով թևերը, նետվեց գրկելու ինձ, սակայն Լամբերտը կանխեց.
 
― Նո-նո-նո, չշարժվես,― գոռաց վրան՝ ինչպես շնիկի զսպելիս։― Գիտե՞ս, Արկադի, մի քանի տղերքով որոշել ենք ճաշել թաթարների մոտ։ Այլևս բաց չեմ թողնի քեզ, արի մեզ հետ։ Կճաշենք, բոլորի վզակոթին տալով կվռնդեմ իսկույն, ու երկուսով մի կուշտ կզրուցենք։ Ներս եկ, ներս եկ։ Մի րոպեով, մենք էլ ենք հիմա դուրս գալու...
 
Մտա ու կանգ առա այն սենյակի կենտրոնում, շուրջս նայելով ու վերհիշելով։ Լամբերտը փութով հագնվում էր վարագույրի հետևում։ Լողլողն ու իր ընկերը նույնպես ներս եկան մեզնից հետո, ուշադրություն չդարձնելով Լամբերտի ասածի վրա։ Բոլորս կանգնած էինք։
 
― Mademoiselle Alphonsine, voulez-vous me baiser?<ref>Մադմուազել Ալֆոնսինա, ուզո՞ւմ եք համբուրել ինծ (ֆրանս.)։
</ref>,― բառաչեց լողլողը։
 
― Mademoiselle Alphonsine,― առաջանալ ուզեց բարետես տղան՝ մատնացույց անելով փողկապը, բայց օրիորդը կատաղությամբ վրա պրծավ երկուսին էլ։
 
― Ah, le petit vilain!<ref>Ահ, անճոռնի գյուղացի (ֆրանս.)։
</ref>,― գոռաց կրտսերի վրա,― ne m’approchez pas, ne me salissez pas, et vous, le grand dadais, je vous flanque à la porte tous les deux, savez-vous cela<ref>Չմոտենաք ինձ, չաղտոտեք, այլապես երկուսիդ էլ կվռնդեմ (ֆրանս.)։
</ref>!
 
Անտեսելով այն, որ օրիորդն ատելությամբ ու զզվանքով էր խուսափում իրենից, ասես իրոք վախենալով աղտոտվելուց (ինչը ոչ մի կերպ չէի ըմբռնում, քանի որ բարետես տղան լավիկն էր ու այնպես լավ հագնված, հատկապես՝ մուշտակը հանելուց հետո), բարետես տղան համառորեն սկսեց խնդրել, որ օրիորդը կապի լողլողի փողկապը, իսկ կապելուց առաջ այդ նույն վզին հարմարեցնի Լամբերտի մաքուր օձիքներից մեկը։ Այդ առաջարկից վրդովված օրիորդը քիչ մնաց նետվեր նրանց ծեծելու, սակայն ամեն բան լսած Լամբերտը գոռաց վարագույրի հետևից, որ օրիորդը չձգձգի և անի այն, ինչ խնդրում են, այլապես «ձեռ չեն քաշի»,― ավելացրեց, և Ալֆոնսինան ակնթարթորեն մի օձիք բերեց ու սկսեց կապել լողլողի փողկապը այլևս չխորշելով մազաչափ։ Մինչ Ալֆոնսինան կապում էր փողկապը, լողլողը ձգմգում էր վիզն այնպես, ինչպես դռան առջև կանգնած ժամանակ։
 
― Mademoiselle Alphonsine, avez-vous vendu votre bologne?<ref>Մադմուազել Ալֆոնսիսա, դուք ծախե՞լ եք ձեր բոլոնկան (աղավաղված ֆրանսերեն)։
</ref>,― հարցրեց նա։
 
― Qu’est que ca, ma bologne?<ref>Ի՞նչ է նշանակում բոլոնկա (ֆրանս.)։
</ref>։
 
Բարետես տղան բացատրեց, թե «բոլոնկա» նշանակում է բոլոնյան շնիկ։
 
― Tiens, quel est ce baragouin?<ref>Սա ի՜նչ սարսափելի ժարգոն է (ֆրանս.)։
</ref>։
 
― Je parle comme une dame russe sur les eaux minerales<ref>Ես խոսում եմ հանքային ջրերում գտնվող ռուսուհու լեզվով (ֆրանս.)։
</ref>,― շեշտեց le grand dadais<ref>Լողլող հիմարը (ֆրանս.)։
</ref>,― շարունակելով ձգմգել վիզը։
 
― Qu’est que ca qu’une dame russe sur les eaux minerales et... ou est donc votre jolie montre, que Lambert vous a donne<ref>Ի՞նչ է նշանակում հանքային ջրերում գտնվող ռուսուհի... և որտե՛ղ է այն գեղեցիկ ժամացույցը, որ նվիրել էր Ձեզ Լամբերտը (ֆրանս.)։
</ref>,― կրտսերին դիմեց հանկարծ։
 
― Ինչպե՜ս թե,― արձագանքեց զայրացած Լամբերտը վարագույրի հետևից,― նորի՞ց է չքացել ժամացույցը։
 
― Կերե՜լ ենք,― բառաչեց le grand dadais։
 
― Ութ ռուբլով ծախեցի,― պատասխանեց բարետես կրտսերը, արդարանալով անբարյացակամորեն,― ախր արծաթյա էր, ոսկեզօծած, իսկ դուք ասում էիք, թե ոսկյա է։ Այդպիսիք հիմա խանութում էլ ընդամենը տասնվեցով են դրված։
 
― Պետք է վերջ տալ այդ բանին,― շարունակեց ավելի զայրացած Լամբերտը։― Իմ ջահել բարեկամ, ես ձեզ համար հագուստ եմ գնում ու հրաշալի իրեր նվիրում ձեզ ո՛չ այն բանի համար, որ մսխեք ձեր լողլող ընկերոջ վրա... Իսկ այդ ի՞նչ փողկապ եք գնել։
 
― Սա՝ ընդամենը մի ռուբլով. փողը ձերը չէր։ Ինքը ոչ մի հատ փողկապ չուներ, համ էլ շլյապա պիտի առնվի իր համար։
 
― Անհեթեթությո՜ւն,― իսկապես որ չարացավ Լամբերտը,― ես իրեն հարկ եղածի չափ տվել էի նաև շլյապայի համար, իսկ նա տեղնուտեղը՝ ոստրեների՜ ու շամպայնի՜։ Հոտը փչում է վրայից, փնթիի մեկն է. չի կարելի տեղ տանել դրան։ Դրան ինչպե՞ս տանեմ ճաշկերույթի։
 
― Կառքով,― բառաչեց dadais։― Nous avons un ruble d’argent que nous avons preaté chez notre nouvel ami<ref>Մենք մի արծաթյա ռուբլիանոց ունենք, որ պարտք ենք արել մեր նոր բարեկամից (ֆրանս.)։
</ref>։
 
― Արկադի, դրանց բան չտա՛ս,― նորից գոռաց Լամբերտը։
 
― Թույլ տվեք, Լամբերտ. հենց հիմա ուղղակի պահանջում եմ, որ տասը ռուբլի տաք,― բարկացավ հանկարծ բարետես կրտսերն այնպես, որ նույնիսկ կարմրեց ամբողջովին ու դրա շնորհիվ կրկնակի դուրեկան տեսք ստացավ,― և երբեք չհամարձակվեք հիմար բաներ ասել, ինչպես որ այժմ ասացիք Դոլգոռուկիին։ Պահանջում եմ տասը ռուբլի, որպեսզի մեկն այժմ տամ Դոլգոռուկիին, իսկ մնացյալով իսկույն շլյապա գնեմ Անդրեևի համար, ինքներդ ականատես կլինեք, որ հենց այդպես էլ կանեմ։
 
Լամբերտը դուրս ելավ վարագույրի հետևից.
 
― Ահա ձեզ երեք հատ դեղին թղթադրամ, երեք ռուբլի և մինչև երեքշաբթի այլևս ոչի նչ, և չհամարձակվեն, ապա թե ոչ...
 
Le grand dadais տեղնուտեղը թռցրեց Փողը նրա ձեռից։
 
― Dolgorowky, ահա մեկ ռուբլին, nous vous rendons avec beaucoup de grâce<ref>Ձեզ ենք վերադարձնոմ մեծ երախտագիտությամբ (ֆրանս.)։
</ref>։ Գնանք, Պետյա,― գոչեց ընկերոջը և հետո հանկարծ, թղթադրամները բարձրացնելով, թափահարելով ու սևեռուն նայելով Լամբերտին, ոռնաց ուժգին,― Ohe, Lambert! ou est Lambert, as-tu vu Lambert<ref>Հեյ, Լամբե՜րտ, որտե՞ղ է Լամբերտը. չե՞ս տեսել Լամբերտին (ֆրանս.)։
</ref>։
 
― Չհամարձակվես, չհամարձակվես,― ճղղաց ահավոր կատաղած Լամբերտը. տեսնում էի, որ այդ ամենի մեջ ինչ-որ բան կար նախկինից, ինչը բոլորովին չգիտեի ու նայում էի զարմանքով։― Բայց լողլողը բնավ չվախեցավ Լամբերտի բարկությունից, հակառակը՝ ոռնաց ավելի ուժգին. «Ohe Lambert!», և այլն։ Այդ վայնասունի ուղեկցությամբ էլ ելան սենյակից։ Լամբերտն ուզեց հետապնդել նրանց, սակայն վերադարձավ։
 
― Է՛հ, շուտով ես դրանց կվռնդեմ՝ վզակոթերին տալով։ Ավելի թանկ են նստում վրաս, քան հատուցում են... Գնա՛նք, Արկադի։ Ուշացա։ Այնտեղ ինձ սպասում է մի... պետքական մարդ... Նմանապես անասունի մեկը։ Դրանք բոլորն էլ անասուն են։ Ան-պետք-ություն են, անպետքություն,― գոռաց կրկին և համարյա թե կրճտացրեց ատամները, բայց հանկարծ սթափվեց լիովին։
 
― Ուրախ եմ, որ եկար վերջապես։ Ալֆոնսի՛ն, տնից ո՛չ մի քայլ։ Գնանք։
 
Մուտքի մոտ սպասում էր նրա լիխաչ-վարգաձին՝ կառքին լծված։
 
Նստեցինք․ ամբողջ ճանապարհին նա չէր կարողանում ազատվել այն ջահելների հարուցած կատաղությունից ու հանգստանալ։ Ապշում էի, որ դա այդքան լուրջ է համարել, և մեկ էլ այն բանի համար, որ նրանք այդքան անհարգալից են վարվում Լամբերտի հետ, իսկ նա քիչ է մնում վախենա նրանցից։ Մանկուց ի վեր մեջս ներծծված հին տպավորության ազդեցության տակ շարունակ թվացել էր, թե բոլորը պիտի վախենան Լամբերտից, այնպես որ, չնայած անկախությանս, երևի թե այդ րոպեին վախենում էի Լամբերտից։
 
― Քեզ ասում եմ, որ այդ ամենը ահավոր աղտեղություն է,― չէր հանդարտվում Լամբերտը։― Հավատո՞ւմ ես այդ լողլող եղկելին երեք օր առաջ հոգիս հանում էր երևելի հասարակության մեջ։ Կանգնել էր դեմս ու գոռում էր. «Ohe, Lambert!»։ Երևելի հասարակության մեջ. բոլորը ծիծաղում էին ու գիտեին, որ դա ինձնից փող կորզելու համար է անում։ Պատկերացրու։ Տվեցի։ Օհ, դրանք տականք են։ Պատկերացրու՝ դա յունկեր է եղել մի գնդում և վռնդել են. պատկերացրու՝ կրթված է. պատկերացրու՝ լավ ընտանիքում է դաստիարակվել։ Միտքն աշխատում է. նա կարող է... Էհ, սատանան տանի։ Համ էլ ուժեղ է Երկուլի (Հերկուլեսի) պես։ Օգտակար է, բայց քիչ։ Եվ կարող ես տեսնել ձեռները չի լվանում։ Ես դրան երաշխավորեցի մի նշանավոր տիրուհու մոտ ծառայելու համար, բացատրելով, թե զղջում է և ուզում է ինքնասպան լինել խղճի խայթից, իսկ դա գնացել էր տիրուհու մոտ, նստել ու սկսել էր սուլել։ Իսկ մյուսը, որ բարետես է, գեներալի որդի է. ես դրան դատից եմ պրծացրել, ընտանիքն ամաչում էր դրա պահվածքից, փրկեցի դրան, իսկ ինքն ահա թե ինչպե՜ս է հատուցում։ Մարդ չե՜ն։ Ես դրանց վզակոթերին կտամ, վզակոթերի՜ն։
 
― Նրանք գիտեն իմ անունը, դո՞ւ ես ասել իմ մասին։
 
― Հիմարություն արեցի։ Խնդրում եմ նստիր ճաշկերույթի, պինդ կաց. «Այնտեղ է գալու մի ահավոր սրիկա ևս։ Այդ մեկն իսկապես որ ահավոր սրիկա է և ահավոր խարդախ, այստեղ բոլո՜րն են սրիկա, մի հատիկ ազնիվ մարդ չես գտնի այստեղ։ Հենց որ ավարտենք, այն ժամանակ... Ի՞նչ ես սիրում ուտել։ Լավ, միևնույն է. այնտեղ լավ են կերակրում։ Չանհանգստանաս, ե՛ս եմ վճարում։ Լավ է, որ լավ ես հագնված։ Կարող եմ փող տալ քեզ։ Միշտ էլ արի։ Պատկերացրու դրանց այնտեղ կերցնում-խմեցնում էի, ամեն օր կուլեբյակա։ Այն ժամացույցը, որ ծախել է, տվածս երկրորդ ժամացույցն էր։ Փոքր-մոքրը Տրիշատովն է. տեսար, թե Ալֆոնսինան ինչպես է խորշում անգամ երեսին նայելիս և արգելում է մոտենալ, և այդ նույն արարածը ռեստորանում, սպաների ներկայությամբ, հանկարծ «Մորակտցա՜ր եմ ուզում»։ Տվեցի մորակտցարը։ Համա վրեժխնդի՜ր կլինեմ։
 
― Հիշո՞ւմ ես, Լամբերտ, թե ինչպես էինք իրար հետ գինետուն գնում Մոսկվայում, ինչպես պատառաքաղով ծակեցիր ինձ այնտեղ, և մեկ էլ այն, որ դու այն ժամանակ հինգ հարյուր ռուբլի ունեիր։
 
― Այո, հիշում եմ։ Է՜հ, սատանան տանի, հիշո՜ւմ եմ։ Ես սիրում եմ քեզ... Հավատա։ Քեզ ոչ մեկը չի սիրում, համա ես սիրում եմ. միմիայն ես. հիշիր այս բանը... Այն չեչոտը, որ գալու է այնտեղ, խորամանկագույն ստահակ է. մի՛ պատասխանի նրան, եթե սկսի խոսել հետդ, իսկ եթե սկսի հարցեր տալ, անհեթեթ պատասխաններ տուր կամ լուռ մնա...
 
Այնուամենայնիվ, հուզվածության պատճառով ոչ մի բանի մասին հարցուփորձ չարավ ճանապարհին։ Ինձ համար նույնիսկ վիրավորական եղավ, որ նա այդքան վստահ է ինձ վրա և իմ կողմից անվստահություն չի կասկածում, թվում էր, թե նրան զբաղեցնում է այն տխմար միտքը, թե ինքը կհամարձակվի առաջվա նման հրամայել ինձ։ «Դրա հետ մեկտեղ նա ահավոր անգրագետն է»,― մտածեցի ռեստորան մտնելիս։
 
==== III ====
 
Այդ ռեստորանում՝ Մորսկոյում, եղել էի նաև առաջ՝ իմ զազրելի անկման ու փչացածության շրջանում, դրա պատճառով էլ տպավորությունս այդ սենյակ-սրահներից, սպասավորներից, ովքեր ուշադրություն էին դարձնում վրաս ու ճանաչում որպես ծանոթ հաճախորդի, ի վերջո տպավորությունս Լամբերտի բարեկամներից կազմված առեղծվածային սեղանակիցներից, ում շրջապատում հայտնվել էի անսպասելիորեն ու կարծես թե արդեն դրա անբաժանելի մասը դարձել, և, ամենակարևորը, այն աղոտ կանխազգացումից, թե կամովին գնում եմ ինչ-որ նողկալի բաների ընդառաջ և, անկասկած, կավարտեմ մի վատ արարքով, հենց այդ պատճառով Էլ վատ Էր տպավորությունս, և շուրջս տիրող անցուդարձն ասես խոցեց ինձ։ Եղավ մի պահ, որ քիչ մնաց հեռանայի, սակայն պահն այդ անցավ, ու ես մնացի։
 
«Չեչոտը», ումից այնպես վախենում էր Լամբերտը, ինձ համար անհայտ պատճառով, արդեն սպասում Էր մեզ։ Նա տխմար-գործնական տեսք ունեցող մարդկանցից Էր, որոնց տեսակն ատում եմ դեռևս մանկուց. քառասունհինգ տարեկան էր, միջին բոյի, մազերի մեջ ճերմակած թելիկներ, զզվելիորեն խնամքով սափրած երեսով ու կարճ խուզած, ուղիղ, ճերմակած այտամորուսները նրբերշիկի կտորների պես կպցրած անչափ տափակ ու չար երեսին։ Ինքնին հասկանալի է, որ նա տաղտկալի էր, լուրջ կերած, չխոսկան և, նմանատիպ մարդուկների սովորույթի համաձայն, նույնիսկ ամբարտավան չգիտես ինչու։ Նա ինձ զննեց շատ մեծ հետաքրքրասիրություն արտահայտող հայացքով ու չասաց որևէ բան, իսկ Լամբերտն այնքան տխմար էր, որ մեզ նստեցնելով միևնույն սեղանի մոտ, հարկ չհամարեց ծանոթացնել իրար հետ, և, ուրեմն, այդ մարդը կարող էր ինձ համարել Լամբերտին ուղեկցող բանսարկուներից մեկը։ Այդ երիտասարդներից (որ տեղ էին հասել համարյա թե մեզ հետ միաժամանակ) մեկնումեկի հետ ևս որևէ բան չխոսեց ամբողջ ճաշկերույթի ընթացքում, թեև երևում էր, որ ճանաչում է նրանց որոշ չափով։ Միայն Լամբերտի հետ էր խոսում ինչ-որ բանի մասին, այն էլ շշուկով, ավելի ստույգ՝ լոկ Լամբերտն էր խոսում, իսկ չեչոտը բավարարվում էր սոսկ կցկտուր, բարկացկոտ ու կտրական արտահայտություններ անելով։ Պահվածքը մեծամիտ էր, չարանենգ ու ծիծաղելի, մինչդեռ Լամբերտը, հակառակը, խիստ գրգռված էր և, հավանաբար, շարունակ հորդորում էր նրան, համոզելով, որ մասնակցի ինչ-որ գործարքի։ Մի անգամ ձեռս մեկնեցի դեպի կարմիր գինու շիշը, չեչոտը հանկարծ վերցրեց մեկ ուրիշը, որ խերեսով էր լցված, և մեկնեց ինձ, թեև մինչ այդ բառ անգամ փոխանակած չկար հետս։
 
― Փորձեք սա,― ասաց։ Այդ պահին գլխի ընկա, որ իմ մասին ամեն բան հայտնի է նրան՝ և՛ անունս, և՛ գլխովս անցած-դարձածը, միգուցե նաև այն, թե Լամբերտն ինչ հույսեր է կապել ինձ հետ։ Նորից դիվահար եղա այն մտքից, թե այդ մարդը կարող է ինձ համարել Լամբերտի ձեռի տակ ծառայողի մեկը, իսկ Լամբերտի դեմքին խիստ տխմար մի անհանգստություն հայտնվեց այն պահին, երբ չեչոտը նոր-նոր էր սկսում խոսել հետս։ Չեչոտը ևս նկատեց այդ անհանգստությունը և ծիծաղեց։ «Իրոք որ Լամբերտը կախում ունի բոլորից»,― մտածեցի այդ րոպեին ամբողջ հոգով ատելով նրան։ Այդպիսով, թեև մենք ճաշկերույթի ընթացքում շարունակ նստած մնացինք միևնույն սեղանի մոտ, բայց բաժանված էինք երկու խմբի։ Չեչոտն ու Լամբերտը՝ պատուհանին առավել մոտիկ, իրար դիմաց, իսկ ես՝ կեղտի մեջ կորած լողլողի կողքը, իմ դիմաց՝ Տրիշատովը։ Լամբերտը րոպեն մեկ շտապեցնում էր կերակրատեսակներ մատուցողին։ Երբ շամպայն մատուցեցին, նա հանկարծ դեպի ինձ մեկնեց իր գավաթը.
 
― Կենա՛ցդ, խփե՛նք,― ասաց ընդհատելով զրույցը չեչոտի հետ։
 
― Իսկ ինձ թույլ կտա՞ք գավաթս խփեմ ձեր գավաթին,― իր գավաթը սեղանի վրայով դեպի ինձ մեկնեց բարետես Տրիշատովը։ Շամպայնից առաջ նա ինչ-որ շատ մտահոգ էր ու լռակյաց։ Իսկ հիմարն այլևս բան չէր ասում, բայց շատ էր ուտում լուռումունջ։
 
― Հաճույքով,― պատասխանեցի Տրիշատովին։ Խփեցինք ու խմեցինք։
 
― Իսկ ես չեմ խմի ձեր կենացը,― հանկարծ իմ կողմը շրջվեց հիմարը,― ոչ այն պատճառով, թե ձեր մահն եմ ցանկանում, այլ այն պատճառով, որ դուք այսօր այլևս չխմեք այստեղ։― Ասաց մռայլորեն ու ծանրակշիռ։― Երեք գավաթը բավական է ձեզ։ Տեսնում եմ, որ շարունակ նայում եք անլվա բռունցքի՞ս,― շարունակեց՝ բռունցքը բարձրացնելով ու դնելով սեղանի վրա։― Ես սրան չեմ լվանում ու այդպես անլվա էլ Լամբերտին եմ տալիս վարձով՝ ուրիշների գլուխները ջարդելու համար այն հանգամանքներում, որոնք խիստ նրբին են Լամբերտի համար։― Այդ ասելիս հանկարծ բռունցքով այնպես ուժգին հարվածեց սեղանին, որ բոլոր ափսեներն ու գավաթները վեր թռան։ Մեզնից զատ այդ սրահում կային նաև չորս այլ սեղանների մոտ ճաշողներ, բոլորն էլ սպաներ և այլևայլ պարթև պարոններ։ Դա մոդայիկ ռեստորան էր. բոլորը մի պահ ընդհատեցին ասել-խոսելը և նայեցին դեպի մեր զբաղեցրած անկյունը. այո, երևում էր, որ վաղուց էինք ոմանց հետաքրքրասիրությունը շարժել մեր հանդեպ։ Լամբերտն ամբողջովին կարմրեց։
 
― Վա՛հ, նորի՜ց է սկսում։ Կարծեմ խնդրել էի, Նիկոլայ Սեմյոնովիչ, թե ինչպես պիտի պահեք ձեզ,― կատաղորեն շշնջաց Անդրեևի ականջին։ Վերջինս զննեց նրան երկարատև ու դանդաղասահ հայացքով.
 
― Ես չե՛մ ուզում, որ իմ նոր բարեկամ Dolgorowky-ն այսօր շատ խմի այստեղ։
 
Լամբերտն ավելի թունդ կարմրատակեց։
 
Չեչոտն ականջ էր դնում լուռ, բայց և նկատելի հաճույքով։ Ինձ համար անհայտ պատճառով նրան դուր եկավ Անդրեևի արարքը։ Միմիայն ես չէի հասկանում, թե ինչո՞ւ չպիտի խմեմ։
 
― Սրա ուզածը նորից փող կորզելն է։ Դուք կստանաք ևս յոթ ռուբլի, լսո՞ւմ եք, միայն թե թողեք հաց ուտենք, մի պախարակեք,― շշպռեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։
 
― Ահա՜,― հաղթականորեն բառաչեց լողլող տխմարը։ Այս գոչյունն արդեն լիովին հիացրեց չեչոտին, վերջինս սկսեց ծիծաղել չարագույժ։
 
― Լսիր, դու արդեն շա՜տ ես...― անհանգստությամբ ու տառապալի ձայնով դիտողություն արավ Տրիշատովն իր ընկերոջը, ցանկանալով, հավանաբար, զսպել նրան։ Անդրեևը լռեց, բայց ոչ երկարատև, այդպիսին չէր նրա հաշվարկը։ Մեզնից հինգ քայլ հեռու դրված սեղանի մոտ ճաշում էին երկու պարոն և աշխույժ զրուցում էին։ Երկուսն էլ անչափ նուրբ տեսք ունեին և միջին տարիքի էին։ Մեկը բարձրահասակ ու շատ հաստլիկ, մյուսը նույնպես շատ հաստլիկ, բայց ցածրահասակ։ Փարիզի ներկա իրադարձությունների մասին էին խոսում լեհերեն։ Լողլող տխմարը վաղուց ի վեր նրանց էր նայում ու ականջ դնում հետաքրքրասիրությամբ։ Հավանաբար նրան ծիծաղելի թվաց ցածրահասակ լեհն իր կարճլիկությամբ, և նա տեղնուտեղը ատեց նրան լյարդախտով տառապող մաղձոտ մարդկանց սովորույթով, ում մոտ նման մի բան հանկարծակի է կատարվում նույնիսկ առանց որևէ առիթի։ Հանկարծ կարճահասակ լեհն արտասանեց դեպուտատ Մադյե դը Մոնժոյի անունը, բայց ըստ շատ լեհերի սովորույթի արտասանեց լեհերեն, այսինքն՝ շեշտը դրեց նախավերջին վանկի վրա և ստացվեց ոչ թե Մադյե դը Մոնժո՛, այլ Մադյե դը Մո՛նժո։ Տխմարին էլ հենց դա էր պետք։ Նա կտրուկ շրջվեց դեպի լեհերը ու, ձգվելով գոռոզաբար, հատ-հատ ու բարձրաձայն գոչեց հանկարծ, ասես հարց տալով.
 
― Մադյե դը Մո՞նժո։
 
Լեհերը կատաղորեն շրջվեցին նրա կողմը։
 
― Ձեզ ի՞նչ է պետք,― ահեղաձայն ռուսերենով գոռաց բարձրահասակ ու հաղթանդամ լեհը։
 
Dadais-ը փոքր-ինչ դադար տվեց։
 
― Մադյե դը Մո՞նժո,― կրկնեց հանկարծ սրահով մեկ, որևէ բացատրություն չտալով, ճիշտ այնպես, ինչպես ճաշկերույթից առաջ էր տխմարաբար կրկնում ինձ դիմելիս Dolgorowky?
 
Լեհերը վեր թռան։ Լամբերտը դուրս պրծավ իր տեղից, ուզեց նետվել Անդրեևի վրա, բայց, մի կողմ թողնելով նրան, նետվեց լեհերի մոտ և սկսեց ներումն խնդրել նվաստաբար։
 
― Դրանք խեղկատակներ, պանե, դրանք՝ խեղկատակներ,― արհամարհանքով կրկնում էր կարճլիկ լեհը՝ զայրույթից ամբողջովին կարմրատակած հաստլիկ գազարի պես։― Շուտով անկարելի դառնա այստեղ գալ։
 
Սրահում մյուսներն էլ սկսեցին շարժվել տեղերից, լսվում էր քրթմնջոց, բայց ավելի շատ ծիծաղ։
 
― Դո՛ւրս եկեք... խնդրեմ... Գնա՛նք,― մրմնջում էր Լամբերտը գլուխը լիովին կորցրած, ճգնելով սրահից մի կերպ դուրս հանել Անդրեևին։ Քննախույզ դիտելով Լամբերտին ու կռահելով, որ այդքան բանից հետո վերջինս չի հրաժարվի փող տալուց, Անդրեևը համաձայնեց դուրս գնալու առաջարկին։ Հավանաբար մեկ անգամ չէր նման անամոթ արարքով փող կորզել Լամբերտից։ Տրիշատովը ևս ուզեց վազել նրանց հետևից, բայց նայեց ինձ ու մնաց նստած։
 
― Ա՜հ, ի՜նչ զազրելի է,― քրթմնջաց բարալիկ մատիկներով ծածկելով աչքերը։
 
― Շա՛տ է զազրելի-ս,― շշնջաց չեչոտն այս անգամ արդեն չարացած տեսքով։
 
Այդ ընթացքում Լամբերտը վերադարձավ համարյա լիովին գույնը գցած և, ինչ-որ կտրուկ շարժումներ անելով, սկսեց շշուկով խոսել չեչոտի հետ։ Վերջինս այդ ընթացքում կարգադրեց սպասյակին, որ սուրճ բերի, իսկ Լամբերտի ասածը լսում էր խորշանքով, երևի ուզում էր շուտափույթ հեռանալ։ Այնուամենայնիվ, եդած-չեղածը սոսկ հասարակ երեխայություն էր։ Տրիշատովը վերցրեց իր սուրճի գավաթը, տեղափոխվեց ու նստեց մոտս։
 
― Շատ եմ սիրում նրան,― սկսեց այնպիսի անմիջական տեսքով, ասես շարունակ այդ մասին էր խոսել հետս։― Չեք պատկերացնի, թե որքան դժբախտ է Անդրեևը։ Ուտել-խմելու վրա է մսխել քրոջ օժիտը և իրենց ունեցած-չունեցածը, երբ ծառայում էր, ու տեսնում եմ, որ այժմ տառապում է։ Իսկ չլվացվելը հուսահատությունից է։ Համ էլ ահավոր արտառոց մտքերով է տարված, հանկարծ կվերցնի ու կասի, թե ինքը համ ստոր է, համ էլ ազնիվ, և այդ ամենը մի հաշիվ է, կասի, տարբերություն չկա, ու պետք չէ որևէ բան անել, կասի, ոչ բարի, ոչ չար, կամ թե չէ՝ միևնույն է. կարելի է և բարի բան անել, և չար. ամենից լավն էն է, որ պառկես քեզ համար, ամսով չհանես հագուստդ, ուտես-խմես ու քնես, ուրիշ ոչ մի բան։ Բայց, հավատացեք, հենց այնպես կասի։ Եվ իմաց կացեք, ես նույնիսկ կարծում եմ, որ նա այս շիլաշփոթը սարքեց այն բանի համար, որ ուզեց լիովին կապը խզել Լամբերտի հետ։ Դեռևս երեկ էր խոսում այդ մասին։ Կհավատա՞ք, արդյոք, երբեմն գիշերով, կամ էլ երբ երկար ժամանակ նստած է լինում մենակ, սկսում է լաց լինել, ու գիտե՞ք, երբ լալիս է, ապա մի ուրիշ ձևով, ոչ մեկն այդպես չի լալիս, կողբա ահավոր ձևով, կողբա ու, գիտե՞ք, դա ավելի խղճալի է... Համ էլ այդքան աժդահա և ուժեղ, ու հանկարծ այնպե՜ս կողբա։ Շա՜տ մեղք է, ճի՞շտ է։ Ուզում եմ փրկել իրեն, իսկ ինքս այնքա՜ն զազրելի եմ, մի կորած-մոլորած տղա. դուք չեք հավատա։ Դոլգոռուկի, կթողե՞ք գամ ձեզ մոտ, եթե երբևէ ուզենամ գալ։
 
― Օ՜հ, եկեք, ես նույնիսկ սիրում եմ ձեզ։
 
― Բայց ինչի՞ համար։ Լավ, շնորհակալ եմ։ Լսեք, մի֊մի գավաթ էլ խմենք։ Ինչևէ, ի՞նչ եմ ասում, լավ կլինի, որ դուք չխմեք։ Նա ձեզ ճշմարիտն ասաց, որ չի կարելի այլևս խմել։― Հանկարծ աչքով արավ խորհրդավոր կերպով։― Իսկ ես, այնուամենայնիվ, խմեմ։ Այժմ ինձ համար այլևս նշանակություն չունի, իսկ ես, հավատո՞ւմ եք, ինձ զսպել չեմ կարողանում ոչ մի բանում։ Ասեք ինձ, որ այլևս անթույլատրելի է ռեստորաններում ուտել-խմելս, և ես համաձայն եմ ցանկացած այլ տեղ գնալ, միայն թե ուտեմ-խմեմ։ Օհ, մենք անկեղծորեն ուզում ենք ազնիվ լինել, հավատացնում եմ ձեզ, սակայն շարունակ հետաձգում ենք։
 
Իսկ տարիներն անցնում են տարիներր լավագույն։
 
Իսկ նա, շատ եմ վախենում, երևի կախվի։ Կգնա ու բան չի ասի մարդու։ Այդպիսին է։ Այժմ բոլորն են կախվում, ի՜նչ իմանանք, միգուցե մեզ նմանները շա՞տ են։ Զորօրինակ ես իսկի չեմ կարող ապրել առանց ավելորդ փողի։ Ավելորդ փողն ինձ համար ավելի կարևոր է, քան՝ անհրաժեշտը։ Լսեք, երաժշտություն սիրո՞ւմ եք. ինքս անչափ սիրում եմ։ Երբ որ գամ, մի բան կնվագեմ ձեզ համար։ Շատ լավ դաշնամուր եմ նվագում, երկար ժամանակ եմ սովորել։ Լրջորեն եմ սովորել։ Եթե օպերա ստեղծագործեի, ապա, իմաց կացեք, կվերցնեի «Ֆաուստի» սյուժեն։ Շատ եմ սիրում այդ թեման։ Երևակայությամբս շարունակ մի տեսարան եմ ստեղծում տաճարում։ Գոթական տաճար է ներսից. խմբերգեր, հիմներ, մուտք է գործում Գրեթխենը և, իմաց կացեք, խմբերգերը միջնադարյան են, տասներորդ դարն է հնչում։ Գրեթխենը թախծում է, սկզբում խաղաղ, բայց և ահավոր, տառապագին ռեչիտատիվ է, իսկ խմբերգերը թնդում են մռայլ, զուսպ, անկարեկից.
 
Dies irae, dies ilia!<ref>Օրն այս՝ օ՜րն է բարկության (լատ.)։
</ref>
 
Ու հանկարծ սատանայի ձայնը, սատանայի երգը։ Նա անտես է, լոկ երգն է լսվում հիմներին զուգահեռ, հիմների հետ միասին, համարյա թե համընկնում է դրանց հետ, իսկ իրականում միանգամայն այլ բան է. երգը երկարատև է, անդադրում, տենոր Է, անպայման տենոր։ Սկսվում Է հանդարտ, մեղմ. «Հիշո՞ւմ ես, Գրեթխեն, դու դեռևս անմեղ, դեռևս երեխա, այս տաճարն էիր գալիս ուղեկցությամբ մորդ ու աղոթք թոթովում գրքով այն վաղեմի»։ Ու երգն ավելի է ուժգնանում, հնչում ավելի կրքոտ, ավելի սրընթաց, ձայները բարձրանում են. դրանցում արցունք կա, թախիծ կա անդադրում, անելանելի և, վերջապես, հուսահատությո՜ւն. «Օ՜հ, այլևս չկա՜ թողություն, Գրեթխե՜ն. այլևս թողություն չես ստանա այստեղ»։ Գրեթխենն ուզում է աղոթել, սակայն կրծքից լոկ ճիչեր են պոռթկում, գիտե՞ք, այնպես են պոռթկում, երբ ասենք, արցունքից դողէրոցք է լինում կրծքում։ Իսկ սատանայի երգը չի լռում, ավելի խորն է մխրճվում հոգում սուր սայրի նման, ավելի բարձր է հնչում ու հանկարծ խզվում է համարյա ճիչով. «Վե րջ ամեն ինչին, անիծյա՜լ է վերջդ»։ Գրեթխենը փուլ է գալիս ծնկներին, ափերն իրար սեղմում, ու հենց այդ պահին է նրա աղոթքը կարճատև, կիսառեչիտատիվ, բայց անաղարտ, չհղկված, վերին աստիճանի միջնադարյան, չորս տող, ընդամենը չորս տող. Ստրադելան ունի մի քանի այդպիսի ձայնանիշ ու վերջին հնչյունի հետ՝ ուշագնացությո՜ւն։ Իրարանցում է։ Բարձրացնում են նրան, տանում, և այդ պահին հանկարծ մի ամպրոպաձայն խմբերգ։ Որպես ձայների հարված, ոգեշունչ, հաղթական, ճնշող խմբերգ՝ մեր Դորի-նո-սի-մա չին-մի-ի նման մի բան. այնպես, որ ամեն բան կորչի հիմն ի վեր. և ամեն բան վեր է ածվում ոգեշունչ, ցնծալի, համընդհանուր մի կանչի. «Hossanna!»<ref>«Օվսաննա» հնում փոխարինում էր «բռավո»֊ին (ծնթ. թարգմ.)։
</ref>, որպես համայն տիեզերքի հիացմունքի ճիչ։ Մինչդեռ նրան տանում են, և վարագույրն իջեցնելու պահն է։ Ոչ, գիտե՞ք, թե ի՛նչ կասեմ, եթե կարողանայի կանեի։ Սակայն այժմ անկարող եմ՝ որևէ բան անելու համար, սոսկ երազում եմ շարունակ։ Երազում եմ, շարունակ երազում, ամբողջ կյա նքս է դարձել երազանք. գիշերով էլ եմ երազում։ Ա՜խ, Դոլգոռուկի, կարդացե՞լ եք Դիքքենսի «Հնությանց տաղավարը»։
 
― Կարդացել եմ, հետո ի՞նչ։
 
― Հիշո՞ւմ եք... Կացեք, մի գավաթ էլ խմեմ, հիշո՞ւմ եք այն տեղը վերջում, երբ նրանք՝ այն խելագար ծերունին ու տասներեքամյա հմայիչ աղջնակը՝ թոռնուհին, իրենց աներևակայելի փախուստից ու դեգերումներից հետո, վերջապես ապաստան են գտնում Անգլիայի ծայրամասում գտնվող ինչ-որ անկյունում, ինչ-որ գոթական տաճարի մոտ, և աղջնակն այնտեղ ինչ-որ աշխատանք է ստանում, տաճարն է ցույց տալիս այցելուներին... Եվ ահա մի անգամ, երբ արեգակը մայր է մտնում ու տաճարի զավթում կանգնած, արեգակի վերջին ճառագայթներով ամբողջովին ողողված այդ երեխան մանկական զարմացկոտ հոգու խաղաղ ու մտասույզ հայեցումով նայում է մայր մտնող արեգակին որպես մի հրաշագործության, քանզի երկուսն էլ ասես հրաշագործություն լինեին, արեգակը որպես Աստծո մտքի, իսկ տաճարը մարդկայինի... ճիշտ չէ՞։ Օ՛հ, անկարող եմ արտահայտել այդ բանը, սակայն Աստված սիրում է լոկ երեխաների շուրթերից լսել այդպիսի մտքեր... Իսկ այդ պահին աղջկա մոտ սանդուղքի վրա, այն խելագար ծերունին է պապը, որ քարացած հայացքով նայում է թոռնուհուն... Գիտեք, այդտեղ՝ Դիքքենսի նկարագրած այդ տեսարանում, բացարձակապես չկա մի առանձին բան, բայց դա չեք մոռանա հավիտյանս, և այդ զգացումն Է մնացել ամբողջ Եվրոպայում. ինչո՞ւ։ Ահա թե ինչն է հրաշալին։ Դա է անաղարտությունը։ է-է, չգիտեմ, թե ինչ կա դրանում, սակայն հրաշալի է։ Գիմնազիայում մի գլուխ վեպեր էի կարդում։ Գիտե՞ք, քույր ունեմ գյուղում, ընդամենը մեկ տարով մեծ ինձնից... Օ՛հ, այժմ այնտեղ վաճառված է եղած-չեղածը, և բան չի մնացել գյուղից։ Նրա հետ նստել էինք հին լորենիների տակ ու այդ վեպն էինք կարդում, և արևն էլ մայր էր մտնում, ու հանկարծ վերջ տվինք կարդալուն ու ասացինք իրար, որ մենք նույնպես կլինենք բարի, նույնպես հրաշալի, այն ժամանակ պատրաստվում էի համալսարան ընդունվելու համար և... Ա՜խ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ամեն մեկս իր հուշերն ունի...
 
Եվ հանկարծ ուսիս խոնարհեց իր գեղեցիկ գլուխն ու լաց եղավ։ Շատ ու շատ խղճացի իրեն։ Ճիշտ է, գինի շատ էր խմել, բայց այնպես անկեղծորեն, այնպես եղբայրաբար էր խոսում հետս և այնպիսի զգացմունքով... Այդ պահին հանկարծ մի ճիչ լսվեց դրսից և ձեռքով ուժգին թակեցին մեր մոտի պատուհանը (այնտեղ առաջին հարկի պատուհանները միաշրջանակ են, մեծ, այնպես որ կարելի է թակել դրսից)։ Դա դուրս արված Անդրեևն էր։
 
― Ohe, Lambert! Où est Lambert? As-tu vu Lambert?,― լսվում էր նրա վայրիվերո գոռգոռոցը։
 
― Ահ, նա դեռ այստեղ է։ Ուրեմն, չի՞ հեռացել,― գոչեց իմ բարետես տղան, պոկվելով տեղից։
 
― Հաշիվը,― նետեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։ Նույնիսկ ձեռներն էին դողում չարությունից, երբ սկսեց վճարել, բայց չեչոտը թույլ չտվեց, որ իր փոխարեն ևս վճարի։
 
― Իսկ ինչո՞ւ,― զարմացավ Լամբերտը։― Չէ՞ որ ե՛ս եմ հրավիրել ձեզ, չէ՞ որ դուք ընդունեցիք հրավերը։
 
― Ոչ, թույլ տվեք,― իր դրամապանակը հանեց չեչոտը և, հաշվելով իր բաժինը, առանձին վճարեց։
 
― Նեղացնում եք, Աեմյոն Սիդորիչ։
 
― Այդպե՛ս եմ կամենում-ս,― կտրական պատասխան տվեց Աեմյոն Սիդորովիչը և, վերցնելով շլյապան, հրաժեշտ չտալով որևէ մեկին, մեն-մենակ դուրս ելավ։ Լամբերտը փողը նետեց սպասյակին և փութով վազեց հեռացողի հետևից, շփոթությունից մոռացության տալով նույնիսկ ինձ։ Ես ու Տրիշատովը դուրս ելանք բոլորից հետո։ Անդրեևը հեռագրասյան պես տնկվել էր ելքի դռան մոտ և Տրիշատովին էր սպասում։
 
― Ստահա՛կ,― չհամբերեց Լամբերտը։
 
― Դեհ, դեհ,― մռնչաց Անդրեևը և ձեռի մի շարժումով ցած գցեց Լամբերտի կլորիկ շլյապան, որը գլորվեց մայթով։ Նվաստացած Լամբերտը նետվեց բռնելու այն։
 
― Vingt cing roubles!<ref>Քսանհինգ ռուբլիանոց է (ֆրանս.)։
</ref>,― Անդրեևը Տրիշատովին ցույց տվեց մի թղթադրամ, որ Լամբերտից էր կորզել դրանից առաջ։
 
― Բավ է,― գոռաց Տրիշատովը։― Ի՜նչ ես մի գլուխ կռիվ գցում... Ինչի՞ համար ես պլոկել քսանհինգանոցը։ Նա ընդամենը յոթը պիտի տար։
 
― Ինչի համա՞ր։ Նա խոստացել էր, թե մենք առանձին կճաշենք, աթենացի կանանց հետ, համա կանանց փոխարեն չեչոտին մատուցեց, բացի դրանից ես կուշտ չկերա ու սառնամանիքի տակ փետացա տասնութ ռուբլու չափով։ Յոթն էլ պարտավոր էր տալ. ահա և քեզ քսանհինգ ռուբլի։
 
― Երկուսդ էլ չքվեք գրողի ծոցը,― աղաղակեց Լամբերտը,― երկուսիդ էլ կվռնդեմ ու կծալեմ...
 
― Լամբե՛րտ, ես վռնդում եմ ձեզ, ծալո՜ւմ,― գոռաց Անդրեևը։― Adieu, mon prince<ref>Մնաք բարյա՜վ, իշխան (ֆրանս.)։
</ref>,― շարունակեց ֆրանսերեն, դիմելով ինձ,― այլևս գինի չխմեք։ Պետյա, մարշ։ Ohe, Lambert! Ou est Lambert? As-tu vu Lambert?,― վերջին անգամ մռնչաց Լամբերտի երեսին՝ հեռանալով մեծ-մեծ քայլերով։
 
― Ուրեմն, կարելի՞ է գալ ձեզ մոտ,― թոթովեց Տրիշատովը, դիմելով ինձ, և շտապեց ընկերոջ հետևից։
 
Մնացինք ես ու Լամբերտը։
 
― Դե՛հ... գնա՜նք,― ծոր տվեց, ասես դժվարությամբ շնչելով և կարծես թե նույնիսկ խելքը թռցրածի պես։
 
― Ո՞ւր գնամ։ Ոչ մի տեղ չեմ գա քեզ հետ,― փութով գոռացի մարտահրավերի պես։
 
― Ինչպե՞ս թե,― վախից ցնցվեց նա՝ միանգամից սթափվելով։― Ախր ես սպասում էի, թե երբ ենք մնալու երկուսով։
 
― Համ էլ ո՞ւր պիտի գնանք։― Խոստովանեմ՝ գլուխս դժժում էր երեք գավաթ շամպայն և երկու ըմպանակ խերես խմելուց հետո։
 
― Այստե՛ղ, ահա այստե՛ղ, տեսնո՞ւմ ես։
 
― Այդ տեղի ճակատին, ինչպես տեսնում եմ, գրված է «Թարմ ոստրե»։ Ու գեշ հոտ է փչում այդ տեղից։
 
― Ճաշկերույթից հետո է թվում այդպես, սա Միլյուտինյան վաճառատունն է. չես ուզի ոստրե՝ չենք ուտի, շամպայն կտամ քեզ...
 
― Չե՛մ ուզում։ Ուզում ես հարբեցնե՜լ ինձ։
 
― Այդ նրա՜նք են լցրել ականջդ, ձե՜ռ են առել քեզ։ Դու էլ հավատացել ես սրիկաներին։
 
― Ո՛չ, Տրիշատովը սրիկա չէ։ Համ էլ կարող եմ առանց որևէ խորհրդի ևս զգույշ լինել, ահա թե ի նչ կասեմ։
 
― Ուրեմն, այդքան հաստատակա՞մն ես։
 
― Այո, ավելի, քան դու, քանի որ դու ստրկանում ես առաջին իսկ պատահածի առջև։ Պախարակեցի՜ր մեզ, հետին ծառայի պես ներողություն էիր հայցում լեհերից։ Երևում է, որ հաճախ ես ծեծ կերել գինետներում։
 
― Բայց չէ՞ որ մենք պետք է խոսեինք, հիմա՛ր,― գոռաց այնպիսի ատելախառն անզսպությամբ, որը համարյա թե նշանակում էր. «Դո՞ւ էլ ես թեքվում իրենց կողմը»։― Վախենո՞ւմ ես, ինչ է։ Դու իմ բարեկա՞մն ես, թե՞ ոչ։
 
― Քո բարեկամը չեմ, իսկ դու խաբեբա ես։ Գնանք զուտ այն բանի համար, որ չկարծես թե վախենում եմ քեզնից։ Ա՜հ, ինչ զազրելի հոտ է փչում, նեխա՜ծ պանրի հոտ։ Զզվելի է։
 
=== Գլուխ վեցերորդ ===
 
==== I ====
 
Նորից եմ խնդրում հիշեք, որ գլուխս դժժում էր որոշ չափով, այլապես ուրիշ կերպ կխոսեի ու կվարվեի։ Հիշյալ վաճառատան խորքի սենյակում իրոք որ հնարավոր էր ոստրե ուտել, և մենք նստեցինք անտանելի կեղտոտ սփռոցով ծածկված փոքրիկ սեղանի մոտ։ Լամբերտը շամպայն պահանջեց, ոսկեգույն պաղ խմիչքով լեցուն գավաթ հայտնվեց դեմս, որ ինձ էր նայում գայթակղիչ փայլով, սակայն ես վրդովված էի։
 
― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, ամենից շատ ինձ համար վիրավորական է այն, որ կարծում ես, թե այժմ էլ կարող ես ինձ ենթարկել կամքիդ, ինչպես Տուշարի մոտ ապրելիս, այն դեպքում, երբ ինքդ այստեղ ստրկանում ես ամենքի առաջ։
 
― Հիխմար։ Է՛հ, խմենք։
 
― Չես բարեհաճում նույնիսկ ձևացնել ինձ մոտ. գոնե թաքցնեիր, որ ուզում ես հարբեցնել ինձ։
 
― Ստում ես, համ էլ արդեն հարբած ես։ Հարկավոր է էլի խմել, և սիրտդ կբացվի։ Դե՛հ, վերցրո՛ւ գավաթդ, վերցրո՛ւ։
 
― Ի՞նչ ես վրա տալիս վերցրու հա վերցրու։ Ես կհեռանամ ու պրծավ գնաց։
 
Եվ իրոք ուզեցի վեր կենալ։ Նա խիստ բարկացավ։
 
― Տրիշատո՜վն է լցրել ականջդ, տեսա ոնց էիք քչփչում այնտեղ։ Կնշանակի հիխմար ես։ Ալֆոնսինան զզվում է անգամ նրա մոտենալուց... Նողկալի արարած է նա։ Կպատմեմ քեզ, թե ինչացու է։
 
― Արդեն ասել ես։ Սի գլուխ միայն Ալֆոնսինան հա Ալֆոնսինան. անչափ նեղմիտ ես։
 
― Նեղմի՞տ,― չէր հասկանում Լամբերտը։― Նրանք հիմա գնացած կլինեն չեչոտի մոտ։ Ահա թե ինչ։ Ահա թե ինչու վռնդեցի։ Անազնիվ են։ Այդ չեչոտը չարագործ է և կփչացնի նրանց։ Իսկ ես պահանջում էի, որ միշտ վայելուչ պահեն իրենց։
 
Նստեցի տեղս՝ ինքնաբերաբար վերցնելով գավաթը և կում անելով։
 
― Կրթությամբ անհամեմատ բարձր եմ քեզնից,― ասացի։ Բայց նա արդեն ուրախ էր, որ կրկին նստել էի տեղս, և անմիջապես լրացրեց գավաթիս պարունակությունը։
 
― Չէ՞ որ վախենում ես նրանցից,―շարունակում էի գրգռել նրան (և այդ ժամանակ ինքս իրենից ավելի զազրելի էի)։― Անդրեևը ցած գցեց գլխարկդ, իսկ դու դրա համար քսանհինգ ռուբլի տվեցիր իրեն։
 
― Տվեցի, համա տեղը կհանե՛մ։ Նրանք ապստամբում են, համա ես կոլորեմ վզերը...
 
― Չեչոտը շատ է անհանգստացնում քեզ։ Գիտե՞ս, ինձ թվում է, թե հիմա միայն ես եմ մնացել քո մերձավորներից։ Հիմա հույսդ միայն ինձ վրա ես դնում, չէ՞։
 
― Այո, Արկաշա, այդպես է. միայն դու մնացիր հավատարիմ բարեկամ, լա՛վ ասացիր դա,― թպպացրեց ուսիս։
 
Ինչպե՞ս վարվեի այդ կոշտուկոպիտ մարդու հետ. լիովին տգետ էր և հեգնանքն ընդունեց որպես խրախուսանք։
 
― Եթե բարի ընկեր լինեիր, Արկադի, կկարողանայիր ինձ ազատել վատ բաներից,― շարունակեց փաղաքշանքով նայելով վրաս։
 
― Ինչո՞վ կկարողանայի։
 
― Ինքդ գիտես ինչով։ Առանց ինձ ոնց որ հիխմար լինես և վայ թե հիխմար էլ մնաս, մինչդեռ ես քեզ երեսուն հազար կտայի, և մենք կկիսեինք, ու դու գիտես՝ ինչպես։ Լավ, ո՞վ ես դու. տե՛ս, ոչ մի բան չունես ոչ անուն, ոչ ազգանուն ու այդ վիճակումդ միանգամից այդքան մեծ պատառ. այդքան փող ունենալուց հետո կիմանաս, թե ինչպես սկսես գործունեություն ծավալել։
 
Պարզապես ապշած էի այդքան պարզունակ մոտեցումից։ Հաստատ ենթադրում էի, թե կսկսի խորամանկել, մինչդեռ նա սկսեց ուղղակի, տղայաբար՝ այդքան պարզունակ։ Վճռեցի մինչև վերջ լսել մեծահոգաբար և... ահավոր հետաքրքրասիրությունից դրդված։
 
― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, դու չես հասկանա այդ բանը, բայց ես կլսեմ, թե ինչ ես ասում, քանի որ մեծահոգի եմ,― հայտարարեցի հաստատակամորեն ու նորից կուլ տվեցի գավաթիս պարունակությունից։ Լամբերտը տեղնուտեղը լրացրեց պռնկեպռունկ։
 
― Ահա թե ինչ, Արկադի, եթե Բյորինգի նման մեկը համարձակվեր հայհոյել ինձ և խփել դամայի ներկայությամբ, ում պաշտում եմ, ապա չգիտեմ, թե ինչ կանեի։ Մինչդեռ դու կուլ տվեցիր այդպիսի անպատվությունը և ես զզվում եմ քեզնից, դու քը՛րջ ես։
 
― Ինչպե՜ս ես համարձակվում ասել, թե Բյորինգը հարվածել է ինձ,― գոռացի կարմրելով,― ավելի շուտ ես եմ հարվածել իրեն, ոչ թե նա ինձ։
 
― Ո՛չ. ինքն է հարվածել քեզ, և ոչ թե դու նրան։
 
― Բստրո՜ւմ ես. համ էլ նրա ոտն էի ճզմել։
 
― Բայց նա քեզ դեն շպրտեց ձեռքի հարվածով և կարգադրեց ծառաներին, որ քեզ տանեն քարշ տալով... Իսկ դաման նստած էր կառքում, նայում էր այնտեղից ու ծիծաղում քեզ վրա. գիտեր, որ հայր չունես ու կարելի է վիրավորել քեզ։
 
― Չգիտեմ, Լամբերտ, մենք տղայական խոսակցություն ենք վարում, որից ես ամաչում եմ։ Դու ուզում ես գրգռել ինձ, դրա համար էլ բերանդ շաղ ես տալիս այդպես կոշտուկոպիտ ու բացեիբաց, ինչպես մի ինչ-որ տասնվեց տարեկանի հետ խոսելիս։ Խոսքներդ մեկ եք արել Աննա Անդրեևնայի հետ,― գոռացի՝ չարությունից դողալով ու ինքնաբերաբար շամպայն կուլ տալով։
 
― Աննա Անդրեևնան աճպարար է։ Քեզ էլ կֆռռացնի, ինձ էլ, ամբողջ աշխարհն էլ։ Ես սպասում էի քո գալուն, քանի որ դու ավելի լավ գլուխ կհանես մյուս դամայից։
 
― Ո՞ր մեկից։
 
― Madam Ախմակովայից։ Ամեն բան գիտեմ։ Ինքդ ես ասել, որ նա վախենում է մոտդ գտնվող նամակից։
 
― Ո՞ր նամակից... բստրում ես,― քրթմնջում էի շվարած։― Դու տեսնվե՞լ ես իր հետ։
 
― Տեսնվել եմ։ Լավիկն է։ Très belle<ref>Շատ լավիկն է (ֆրանս․)։
</ref>, վատ ճաշակ չունես։
 
― Գիտեմ, թե ինչպես ես տեսնվել, չես համարձակվել անգամ խոսել հետը, և ես ուզում եմ, որ իր մասին ևս չհամարձակվես խոսել։
 
― Դեռ փոքր ես, իսկ նա ծիծաղում է վրադ, ահա թե ինչ։ Իր նման մի առաքինություն էլ Մոսկվայում ունեինք, ո՜նց էր ցցում քիթը, համա հենց որ սպառնացինք, թե ամեն բան ջրի երես կհանենք, սկսեց այնպես դողդողալ, տեղնուտեղը ենթարկվեց հլու հնազանդ, մենք էլ համ էն վերցրինք իրենից, համ էլ՝ էն. համ փողը, համ էլ՝ էն բանը, հասկանում ես, չէ՞։ Հիմա էլ սա է անմատչելի խաղում հասարակության աչքին, թուհ, չար սատանա, ո՜նց է ճախրում երկինքներում։ Համա որ տեսնեիր, թե էն Մոսկվայինին... Էն բանը... ի՜նչ տեսակ պուճախում արեցինք։ Դեռ խելքը գլխին չես տեսել կյանքը, այլապես կիմանայիր, թե ինչ տեսակ պուճախներից չեն խորշում դրանց նմանները...
 
― Մտածել եմ այդ մասին,― խեթեցի անզուսպ։
 
― Մինչև եղունգների ծայրը փչացած են դրանք, դեռ չգիտես, թե ինչի են ընդունակ։ Ալֆոնսինան ապրել է մի այդպիսի տան մեջ, այնպե՜ս էր զզվում։
 
― Մտածել եմ այդ մասին,― կրկնեցի։
 
― Համա երբ որ քեզ խփում են, դու խղճում ես...
 
― Դու սրիկա ես, Լամբերտ, անիծյալ ես,― գոռացի, հանկարծ կռահելով, թե խոսքն ո՜ւր է խփում, ու դողալով։― Ամեն բան տեսել եմ երազում, կանգնած էիր դու, մեկ էլ Աննա Անդրեևնան... Օ՜հ, անիծյալ։ Մի՞թե կարծում էիր, թե ես այդպիսի ստահակ եմ։ Չէ՞ որ երազում էի տեսնում այն պատճառով, քանի որ գիտեի՝ խոսք կբացես այդ մասին։ Եվ վերջապես, չի կարող պատահել, որ դու հենց այնպես խոսես իմ և այդ բաների մասին։
 
― Մի սրա՜ն տեսեք, ոնց է բարկանում,― ծըթծըթացրեց լեզվով, ծիծաղելով ու հրճվելով։― Լավ, Արկաշա, ախպերս, հիմա ես իմացա ամեն բան, ինչը որ պետք է ինձ։ Հենց դրա համար էի սպասում քեզ։ Լսիր, բանից պարզվում է, որ սիրում ես այդ դամային և ուզում ես վրեժ լուծել Բյորինգից. ահա թե ինչ պիտի իմանայի։ Միշտ հենց այդպես էլ կասկածում էի, երբ սպասում էի այստեղ՝ մոտս գալուդ։ Ceci pose, cela change la question<ref>Եթե բանն այդպես է, ապա գործելակերպը պետք է փոխենք (ֆրանս.)։
</ref>։― Եվ ավելի լավ, քանի որ նա էլ քեզ է սիրում։ Ուրեմն, ամուսնացիր անհապաղ, այդպես ավելի լավ կլինի։ Այլ կերպ չես էլ կարող վարվել, ոտդ ամենահուսալի ճանապարհի վրա է։ Իսկ հետո չմոռանաս, որ ինձ նման բարեկամ ունես, որին կարող ես նույնիսկ հեծնել ու քշել։ Հենց այդ բարեկամն էլ կաջակցի քեզ ու կամուսնացնի, Արկաշա, հողի տակից անգամ կճարեմ ամեն բան։ Իսկ հետագայում ընկերոջդ մի երեսուն հազար կնվիրես իր քաշած չարչարանքի դիմաց, հա՞։ Աջակցելը՝ կաջակցեմ, չկասկածես։ Նման բաների մեջ ամեն մի նրբություն գիտեմ, և օժիտն էլ անմնացորդ կտան քեզ, և դու մեծահարո՜ւստ մարդու գործունեություն։
 
Թեև գլուխս պտտվում էր, դարձյալ ապշանքով նայեցի Լամբերտին։ Նա լուրջ էր, սթափ, համ էլ սթափն ու անսթափը չէր կարևորը, այլ՝ այն, որ նա, ինչպես պարզ տեսնում էի, համոզված էր, թե հնարավոր է ամուսնացնել ինծ, և այդ մտահղացումն ընդունում էր հրճվանքով։ Միանգամայն հասկանալի պատճառով տեսնում էի նաև այն, որ նա որսում է ինձ որպես մի մանչուկի (երևի դրանից առաջ էլ էի տեսնում), սակայն ամուսնության վերաբերյալ միտքն այնպես շամփրեց ինձ, թեև զարմանում էի, թե Լամբերտն ինչպե՜ս կարող է հավատալ նման մի ցնորքի, այնպե՜ս շամփրեց, որ ամենայն ուժգնությամբ սկսեցի հավատալ դրան, միաժամանակ ոչ մի ակնթարթ չկորցնելով այն սթափ գիտակցությունը, որ նման բան, ինչ խոսք, ոչ մի կերպ չի կարող իրագործվել։ Այդ ամենը համատեղվեց ինչ-որ կերպ, այսինքն ամուսնանալուս հնարավորությունը և անհնարինությունը։
 
― Մի՞թե դա հնարավոր է,― թոթովեցի։
 
― Ինչո՞ւ չէ։ Փաստաթուղթը ցույց կտաս իրեն, ինքը կվախենա և կամուսնանա հետդ, որպեսզի չկորցնի այնքան փողը։
 
Վճռեցի չկասեցնել Լամբերտին իր ստորությունները շարադրելիս, քանի որ մի այնպիսի պարզամտությամբ էր դրանք փռում իմ առջև, որ չէր էլ կասկածում, թե կարող եմ հանկարծ վրդովվել, միաժամանակ ծամծմելով մզմզացի, թե չէի ուզենա ամուսնանալ ճնշում գործադրելու միջոցով։
 
― Ոչ մի կերպ չեմ ուզում ճնշում գործադրել։ Ինչպե՞ս ես կարողանում լինել այդքան ստոր, որ նման բան ես ենթադրում իմ վերաբերյալ։
 
― Էվոնա՜ն։ Չէ՞ որ նա իր ոտով կգա դուռդ, ոչ թե դու կգնաս իր դուռը, այլ ինքը քո. վախից կգա։ Համ էլ այն պատճառով կգա, որ սիրում է քեզ,― տեղը բերեց մոռացության տված ամենակարևոր բանը։
 
― Բստրո՜ւմ ես։ Ծիծաղում ես վրաս։ Ի՞նչ գիտես, թե սիրում է։
 
― Առանց այլևայլության։ Գիտեմ։ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Ես քեզ ասում եմ լրջորեն և զուտ ճշմարտությունը, որ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Եվ հետո, երբ գաս մոտս, կպատմեմ, ու կտեսնես, որ սիրում է։ Ալֆոնսինան եղել է Ցարսկոյում, նա էլ է իմացել այնտեղ...
 
― Ի՞նչ կարող էր իմանալ այնտեղ։
 
― Արի գնանք մոտս, թող ինքը պատմի քեզ, և դա հաճելի կլինի քեզ համար։ Ումի՞ց ես պակաս։ Գեղեցիկ ես, դաստիարակված...
 
― Այո, դաստիարակված եմ,― շշնջացի հազիվ շունչ առնելով։ Սիրտս թմբկարահում էր և, անշուշտ, դրա պատճառը միայն խմածս գինին չէր։
 
― Գեղեցիկ ես, լավ հագնված։
 
― Այո, լավ եմ հագնված։
 
― Եվ բարի ես...
 
― Այո, բարի եմ։
 
― Էլ ինչո՞ւ չպիտի համաձայն լինի։ Իսկ Բյորինգը, առանց օժիտացու փողի չի ամուսնանալու հետը, իսկ դու կարող ես Էվոնային զրկել այդ օժիտացու փողից, նա էլ կվախենա, դու էլ կամուսնանաս ու հենց դրանով էլ քո հին վրեժը կլուծես Բյորինգից։ Չէ՞ որ ինքդ էիր ինձ ասում քո բերանով այն երեկո, սառնամանիքի տակ փայտանալուցդ հետո, թե էվոնան սիրում է քեզ։
 
― Մի՞թե ասել եմ նման բան։ Հավանաբար, չեմ ասել։
 
― Ո՜չ. հենց այդպե ս էլ ասացիր։
 
― Զառանցել եմ։ Հավանաբար, հենց այդ ժամանա՞կ եմ քեզ ասել փաստաթղթի մասին։
 
― Այո, ասացիր, թե մոտդ մի այդպիսի նամակ կա, ես էլ մտածեցի թե որ այդպիսի նամակ կա, էլ ինչո՞ւ է ձեռից բաց թողնում իր ոտով մոտը եկած բախտը։
 
― Ցնո՜րք ես դուրս տալիս, և ես բնավ էլ այնքան տխմար չեմ, որ հավատամ,― քրթմնջացի։― Նախևառաջ տարիքի տարբերությունը, իսկ երկրորդը՝ ես չունեմ որևէ ազգանուն։
 
― Մեկ է, կուզենա, չի կարողանա չուզել, երբ այդքան փող է կորցնելու, ես կդասավորեմ այդ գործը։ Համ էլ սիրում է քեզ։ Ինքդ էլ գիտես, որ ծեր իշխանը լավ է տրամադրված քո հանդեպ, գիտե՞ս, թե ինչ ծանոթություններ կարող ես հաստատել իշխան աներոջ հովանավորությամբ, իսկ ինչ վերաբերում է ազգանուն չունենալուդ, ապա ներկայումս մարդիկ նման բանի կարիք չունեն այլևս, փողը ձեռդ գցեցիր թե չէ, առաջ կգնաս, միշտ առաջ ու մի տասը տարուց հետո կդառնաս այնպիսի միլիոնատեր, որ ամբողջ Ոուսիան կճարճատի. այն ժամանակ այլևս ինչիդ է հարկավոր անունդ կամ ազգանունդ։ Ավստրիայում կարող ես բարոնի տիտղոս գնել։ Հենց որ ամուսնանաս, ամեն բան բուռդ հավաքիր։ Մի լավ ցույց տուր դրանց։ Եթե կինը սիրում է, ապա սիրում է նաև, որ իրեն պահեն բռի մեջ։ Կինը սիրում է, որ տղամարդը բնավորություն ցույց տա։ Իսկ դու, հենց որ նրան վախեցնես նամակով, ուրեմն, հենց այդ պահից, հենց դրանով էլ ցույց տված կլինես բնավորությունդ։ «Ահ,― կհառաչի հիացմունքով,― այդքան երիտասարդ է, համա բնավորություն ունի»։
 
Նստած էի խելքս թռցրածի պես։ Ոչ մեկի մոտ չէի նվաստանա այդքան տխմար խոսակցության աստիճանի։ Բայց այդ պահին ինչ-որ մի անուշ ծարավ էր մղում ինձ շարունակելու ունկնդրողի դերը։ Համ էլ Լամբերտն այնքան տխմար էր ու ստոր, որ անկարելի էր ամաչել նրանից։
 
― Ոչ, Լամբերտ, գիտե՞ս ինչ,― ասացի,― շատ անհեթեթ բան ես ասում, դրա համար էի ասում, որ ընկերներ ենք և իրարից ամաչելու բան չունենք, սակայն մեկ ուրիշի մոտ ոչ մի գնով չէի նվաստանա։ Եվ կարևորն այն է, թե ինչո՞ւ ես այդպես հաստատում, որ նա սիրում է ինձ։ Հենց նոր շատ լավ ասացիր կապիտալի մասին, բայց իմաց կաց, Լամբերտ, դու չես ճանաչում բարձրաշխարհիկ հասարակությունը, նրանց մոտ ամեն բան հիմնվում է ամենանահապետական, այսպես ասած՝ տոհմական հարաբերությունների վրա, այնպես որ այժմ, քանի դեռ Էվոնան ծանոթ չէ իմ վարքուբարքին և այն բանին, թե ինչի կարող եմ հասնել կյանքում, առայժմ ամոթալի կհամարի ինձ հետ ամուսնանալը։ Սակայն քեզնից չեմ թաքցնի, որ այս գործում իսկապես կա մի այնպիսի հանգամանք, որի վրա կարելի է հույս դնել։ Իմացած եղիր, որ նա կարող է ինձ հետ ամուսնանալ երախտագիտության դրդումով, քանի որ ես նրան ազատած կլինեմ մի անձնավորության ատելությունից։ Իսկ նա վախենում է այդ անձնավորությունից։
 
― Ահ, հո՞րդ մասին ես ասում։ Հայրդ շա՞տ է սիրում նրան, ինչ է,― ցնցվեց Լամբերտը մի արտասովոր հետաքրքրասիրությամբ։
 
― Օհ, ո՜չ,― գոռացի,― ինչ ահավորն ես և ինչքա՜ն տխմար, Լամբերտ։ Եթե Վերսիլովը սիրեր նրան, այդ դեպքում մի՞թե կարող էի նրա հետ ամուսնանալու ցանկություն ունենալ։ Ամեն դեպքում չէ՞ որ հայր ու որդու հարց է. չէ՞ որ ամոթալի բան կլիներ։ Վերսիլովը մորս է սիրում, մորս, և աչքովս եմ տեսել, թե ինչպես է գրկել մորս, առաջ ես էլ էի կարծում, թե նա Կատերինա Նիկոլաևնային է սիրում, բայց այժմ պարզ կերպով իմացա, որ նա Կատերինա Նիկոլաևնային միգուցե սիրել է ժամանակին, բայց այժմ վաղուց է ատում... և ուզում է վրեժխնդիր լինել, և Կատերինա Նիկոլաևնան էլ վախենում է, քանի որ, ասեմ քեզ, Լամբերտ, հայրս անչափ սարսափելի է դառնում, երբ վրեժխնդիր է լինում։ Դառնում է համարյա թե խելագար։ Երբ չարանում է, իրեն նետում է ուր որ պատահի։ Դա վաղեմի գերդաստանում ընդունված թշնամանքից է՝ հանուն ինչ-որ վեհ սկզբունքների։ Մեր ժամանակներում թքած ունեն ամեն մի համամարդկային սկզբունքի վրա, այժմ ոչ թե համամարդկայինն է կարևորվում, այլ՝ անձնականը։ Ահ, Լամբերտ, բան չես հասկանում։ Սարսափելի անգրագետն ես։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ծեծում ինձ։ Գիտե՞ս, որ այժմ ես քեզնից ուժեղ եմ։
 
― Գնանք մոտս, Արկաշա։ Նստենք ամբողջ իրիկուն ու մի շիշ էլ խմենք, իսկ Ալֆոնսինան կերգի կիթառ նվազելով։
 
― Ոչ, չեմ գա։ Լսիր, Լամբերտ, մի «գաղափար» ունեմ։ Եթե բանը գլուխ չգա ու չամուսնանամ, ապա կզբաղվեմ այդ գաղափարով, բայց դու ստոր արարած ես։ Կտամ քեզ երեսուն հազարը, թող այդպես լինի, համա ես քեզնից մաքուր եմ ու վեհ... Չէ՞ որ տեսնում եմ՝ ուզում ես խաբել ինձ ամեն կերպ։ Իսկ Էվոնայի մասին մտածել անգամ արգելում եմ քեզ. նա բարձր է ամենքից, և քո ծրագրերն այնպիսի ստորություն են, Լամբերտ, որ ես նույնիսկ ապշած եմ։ Ամուսնանալ ուզում եմ, դա այլ հարց է, բայց ինձ հարկավոր չէ կապիտալ, ատում եմ կապիտալը։ Եթե Էվոնան նույնիսկ ծնկաչոք մատուցի ինձ իր այդ կապիտալը, դարձյալ չեմ վերցնի... Իսկ ամուսնանալը, ամուսնանալն ա՜յլ բան է։ Գիտե՞ս, լավ ասացիր, թե պետք է բռի մեջ պահել։ Սիրե՜լ, ամբողջ կրքով սիրել, ամբողջ մեծահոգությամբ, որպիսին ունի տղամարդը և որպիսի բան չկա կնոջ մեջ, սիրել բայց և բռնանալ, լավ է... Քանի որ գիտե՞ս ինչ, Լամբերտ, կինը սիրո՜ւմ է բռնություն։ Ճանաչում ես կին արարածին, Լամբերտ։ Բայց մնացյալ ամեն բանում զարմանալի տխմար ես։ Եվ գիտե՞ս, Լամբերտ, այնքան էլ ստոր արարած չես, ինչպես թվում ես, հասարակ արարած ես։ Ես սիրում եմ քեզ։ Ա՛հ, Լամբերտ, ինչո՞ւ ես այդքան խաբեբա։ Այլապես այնքա՜ն ուրախ կապրեինք։ Գիտե՞ս, Տրիշատովը սիրելի արարած է։
 
Բոլոր այս անկապ արտահայտությունները բարբաջեցի արդեն դրսում։ Օ՛հ, այդ ամենը վերհիշում եմ մանրամասնորեն, որ ընթերցողը տեսնի, թե ամեն տեսակ հիացմունքով, բոլոր երդումներով ու վերածնվելու, ավելի վայելուչ դառնալու խոստումներով հանդերձ՝ կարող էի այն ժամանակ շատ հեշտությամբ խրվել այնպիսի՜ աղտեղության մեջ։ Եվ երդվում եմ՝ եթե լիովին համոզված չլինեի, որ այլևս այն չեմ, որ արդեն ինձ համար բնավորություն եմ ձևավորել առօրյա կյանքով, ապա այս բաները բնավ չէի խոստովանի ընթերցողին։
 
Վաճառատնից դուրս գալիս Լամբերտը պահում էր ինձ թեթևակի գրկած։ Հանկարծ նայեցի նրա երեսին ու հայացքում տեսա համարյա թե այն նույն սևեռուն, զննող, ահավոր ուշադիր և վերին աստիճանի սթափ արտահայտությունը, ինչպես այն առավոտյան էի տեսել, երբ սառած էի, և նա, ճիշտ այդպես ինձ գրկած դեպի կառքն էր տանում և ականջներով ու աչքերով լսում իմ անկապ բարբաջանքը։ Շուտ հարբող մարդիկ, երբ դեռ լիովին հարբած չեն, հանկարծ ունենում են միանգամայն սթափ պահեր։
 
― Ոչ մի կերպ չեմ գա մոտդ,― ասացի հաստատուն ու կապակցված, ծաղրանքով նայելով նրան և հեռու վանելով ինձնից։
 
― Լավ, վե՛րջ խմելուն, թեյ կպատվիրեմ Ալֆոնսինային. վե՛րջ։
 
Անչափ համոզված էր, թե չեմ պրծնի իր ձեռից, ինձ գրկել ու պահում էր հաճույքով, ինչպես մատղաշ մատաղացուի, քանի որ հարկավոր էի իրեն հենց այդ երեկո, հենց այդպիսի վիճակում։ Իսկ ինչո՞ւ պիտի հետո բացատրի այն բանը։
 
― Չե՛մ գա,― կրկնեցի։― Կառապա՜ն։
 
Հենց տեղնուտեղը մոտս հայտնվեց կառքը, և ես թռա դրա մեջ։
 
― Այդ ո՞ւր։ Ի՜նչ ես անում,― աղաղակեց Լամբերտը անսահման սարսափով, կառչելով մուշտակիցս։
 
― Չհամարձակվես գալ հետևիցս,― գոռացի։― Չհամարձակվե՛ս։― Հենց այդ պահին էլ կառքը շարժվեց, և մուշտակս դուրս պրծավ Լամբերտի ձեռքից։
 
― Միևնույն է, գալո՜ւ ես,― չարությամբ գոռաց թիկունքիցս։
 
― Ուզենամ՝ կգամ, կամքն իմն է,― գոռացի շրջվելով։
 
==== II ====
 
Ինչ խոսք, չհետապնդեց, քանի որ ուրիշ կառք չպատահեց նույն պահին, և ես հասցրի անհետանալ իր աչքից։ Գնացի մինչև Սենայա, այնտեղ իջա և բաց թողի կառքը։ Շատ էի ուզում քայլել։ Ոչ հոգնածություն էի զգում, ոչ էլ շատ հարբածություն, լիովին առույգ էի, առլեցուն ուժով, ամեն բան անելու ընդունակությամբ և անթիվ-անհամար հաճելի մտքերով։
 
Սիրտս տրոփում էր ուժգին և հաստատուն, լսում էի ամեն մի զարկը։ Եվ ամեն բան այնպես դուրեկան էր, այնպես թեթև։ Աննայի հաուպվախտի մոտով անցնելիս անչափ ուզեցի մոտենալ ժամապահին ու համբուրվել հետը։ Հալոցք էր, հրապարակը մթամած էր ու տամուկ հոտ էր արձակում, բայց այդ հրապարակը ևս շատ դուր եկավ ինձ։
 
«Այժմ՝ դեպի Օբուխովսկու պողոտան,― մտածեցի,― իսկ հետո կթեքվեմ ձախ ու կհասնեմ Սեմյոնովսկու զորագունդը և շրջերթ կկատարեմ, հրաշալի է, ամեն բան հրաշալի է։ Մուշտակս լրիվ արձակված է, և այս ինչպե՞ս է, որ չեն հանում վրայիցս, հապա որտե՞ղ են գողերը։ Ասում են Սենայում գողեր կան, թող մոտենան, միգուցե ինքս տամ մուշտակս։ Ինչի՜ս է պետք։ Մուշտակը սեփականություն է, La propriété c՝est le vol<ref>Իսկ սեփականությունը՝ կողոպուտ (ֆրանս.)։
</ref>։ Ինչպիսի՜ անհեթեթ ասացվածք։ Ինչևէ, ամեն բան ի՜նչ լավ է։ Լավ է, որ հալոցք է։ Ինչո՞ւ է սառնամանիք լինում։ Սառնամանիքը բոլորովին պետք չէ։ Անհեթեթություն բարբաջելն էլ է լավ։ Այն ի՞նչ ասացի Լամբերտին սկզբունքների վերաբերյալ։ Ասացի, որ այլևս ընդունելի չեն համամարդկային սկզբունքները, այլ՝ լոկ անձնականները։ Բստրեցի՜, գերագո՜ւյնս բստրեցի։ Դիտավորյալ հանուն պերճախոսության։ Փոքր-ինչ ամոթ է, բայց ոչինչ, կհարթեմ։ Պետք չէ ամաչել, Արկադի Մակարովիչ։ Դուք ինձ շա՜տ, նույնիսկ անչա՜փ շատ եք դուր գալիս, իմ երիտասարդ բարեկամ։ Ափսոս, որ ճստլիկ սուտասան եք... և... և... ա՜հ, հա ... էհ...
 
Հանկարծ կանգ առա, և սիրտս նորից հալվեց երանությունից։ «Աստված իմ։ Այն ի՞նչ ասաց նա։ Ասաց, թե Էվոնան սիրում է ինձ։ Օհ, խաբեբա է այդ Լամբերտը. շատ է բստրում, որպեսզի գնամ իր մոտ գիշերելու։ Գուցեև չէր բստրում։ Ասաց, թե Աննա Անդրեևնան էլ է այդ կարծիքին... Վահ։ Չէ՞ որ Նաստասյա Եգորովնան ևս կարող էր տեղեկություն հայթայթել Աննա Անդրեևնայի համար, այդ կինը թրև է գալիս ամենուր։ Եվ ինչո՞ւ չգնացի Լամբերտի մոտ. ամեն բան կիմանայի։ Հը՛մ, նա ծրագիր ունի, և ես նախազգում էի այդ ամենը ամենայն մանրամասնությամբ։ Երազ է։ Լայնաթափ է մտածված, պարոն Լամբերտ, միայն թե անմտություններ եք դուրս տալիս, այդպես չի լինի։ Գուցեև լինի՞։ Սի՞թե նա կարող է ամուսնացնել ինձ։ Գուցեև կարող է։ Նա պարզամիտ է և հավատում է։ Տխմար է ու համարձակ, ինչպես բոլոր բանսարկուները։ Տխմարության ու համարձակության գումարը մեծ ուժ է։ Բայց խոստովանեք, Արկադի Սակարովիչ, որ դուք վախենում էիք Լամբերտից։ Նրա ինչի՞ն են պետք ազնիվ մարդիկ։ Հենց այդպես լրջորեն էլ ասում է ո՛չ մի ազնիվ մարդ չկա այստեղ։ Իսկ դու ինքդ ո՞վ ես։ էհ, ես ինչ։ Մի՞թե ազնիվ մարդիկ պետք չեն ստորներին։ Խաբեության մեջ առավել են պիտանի, քան այլ գործում։ Հա-հա։ Մինչև այժմ միայն դուք չգիտեիք այդ բանը, Արկադի Մակարովիչ, ձեր լիակատար անաղարտությամբ հանդերձ։ Աստված իմ։ Բա որ հանկարծ իսկապես ամուսնացնի ինձ»։
 
Նորից կանգ առա։ Այժմ պետք է խոստովանեմ տխմար արարքս (քանի որ վաղուց է անցել գնացել), պետք է խոստովանեմ, որ դրանից առաջ էլ վաղուց ի վեր ուզում էի ամուսնանալ, այսինքն՝ ոչ միայն ուզում էի, և դա լինելու բան չէր (խոստովանեմ, որ առաջիկայում ևս լինելու բան չէ), այլ դրանից առաջ ևս վաղուց ի վեր ու շատ անգամ, այսինքն շատ ու շատ անգամ և ամեն անգամ գիշերը, հատկապես անկողին մտնելիս, երազում էի, թե ինչ լավ կլինի, որ ամուսնանամ։ Այդ ցանկությունը սկսվել էր դեռևս տասնվեց տարեկանիցս։ Գիմնազիայում մի ընկեր ունեի՝ Լավրովսկին, իմ հասակակիցն էր և շատ սիրելի, հանդարտաբարո, լավ տղա, մի խոսքով, այլևայլ բաներով աչքի չէր ընկնում։ Համարյա թե երբեք չէի խոսում իր հետ։ Մի անգամ պատահաբար նստած էինք երկուսով, և նա շատ մտազբաղ էր ու հանկարծ ասաց ինձ. «Ախ, Դոլգոռուկի, ի՞նչ եք կարծում հենց հիմա ամուսնանալու վերաբերյալ, իսկապես, էլ ե՞րբ պիտի ամուսնանանք, եթե ոչ հիմա, այժմ իսկը որ ժամանակն է և, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարելի»։ Եվ այնպես անկեղծորեն ասաց։ Եվ ես հանկարծ հոգով ու սրտով համամիտ եղա, քանի որ ինքս էլ էի անրջում նման մի բանի մասին։ Հետո մենք մի քանի օր անընդհատ հանդիպում էինք ու շարունակ խոսում այդ մասին։ Իսկ հետո, չգիտեմ ինչպես պատահեց, հանկարծ բաժանվեցինք և վերջ տվինք զրուցելուն։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցի երագել։ Այդ մասին, ինչ խոսք, չարժեր հիշել, բայց ուզեցի ցույց տալ, թե այդ բանը որքան վաղուց է սկսվել։
 
«Այս դեպքում սոսկ մի լուրջ առարկություն կա,― շարունակում էի երազել չընդհատելով քայլելս։― Օ՜հ, անշուշտ, մեր տարիքի չնչին տարբերությունը չի կարող արգելք լինել, բայց ահա թե ինչ։ Նա այնքան արիստոկրատ է, իսկ ես պարզապես Դոլգոռուկի։ Անչափ զազրելի է։ Հը՛մ։ Մորս հետ պսակադրվելիս Վերսիլովը մի՞թե չի կարող կառավարությունից թույլտվություն խնդրել ինձ օրինականորեն որդեգրելու համար... հանուն, այսպես ասած, հոր վաստակի, մատուցած ծառայությունների... Չէ՞ որ ինքը ծառայել է, ուրեմն, ունի վաստակ, հաշտարար միջնորդ է եղել... Օ՛հ, սատանան տանի, ի՜նչ նողկալի բան է»։
 
Անսպասելիորեն բացականչեցի այդ բանը և հանկարծ, արդեն երրորդ անգամ, կանգ առա, բայց արդեն ասես տեղումս ճզմվածի պես։ Նվաստացումի տանջալից զգացման գիտակցությունից, որ ես կարող էի ազգանունս փոխելու նվաստացուցիչ ցանկություն ունենալ, դավաճանություն թվաց մանկությանս հանդեպ, և այդ դավաճանությունը համարյա թե մի ակնթարթում ոչնչացրեց մինչ այդ ունեցածս լավ զգացումը, և զվարթությունս լիովին ցրիվ եկավ ծխի պես։ «Ո՛չ, այդ մասին երբևէ չեմ հայտնի որևէ մեկի,― մտածեցի՝ ահավոր կարմրելով,― այդքան նվաստանալու պատճառն այն է, որ ես... սիրահարված տխմար եմ։ Ոչ, եթե Լամբերտը ճիշտ է որևէ բանում, ապա լոկ այն բանում, որ այժմ այդ տխմարությունների կարիքը չկա, որ այժմ մեր դարաշրջանում, կարևորը մարդն ինքն է, իսկ հետո նրա ունեցած փողը։ Այսինքն ոչ թե փողը, այլ զորությունը։ Այդպիսի կապիտալով (զորությամբ) ես կնետվեմ «գաղափարիս» հորձանուտը, և մի տասը տարի հետո ողջ Ոուսիան կճարճատի իմ թափից, և ես կլուծեմ վրեժս։ Իսկ Էվոնայի հետ մուկ ու կատու խաղալու հարկ չկա. այդ հարցում էլ է Լամբերտը ճիշտ։ Կվախենա և հեշտությամբ կհամաձայնի ու կգա իր ոտքով։ «Չգիտե՜ս, դու չգիտես, թե ինչպիսի պուճախում էին անում այդ բանը»,― հիշեցի քիչ առաջ Լամբերտի ասածը։― Եվ դա այդպես է,― հաստատում էի ինքս,― Լամբերտը ճիշտ է ամեն բանում, հազար անգամ ճիշտ է ինձնից, նաև Վերսիլովից և այդ բոլոր իդեալիստներից։ Նա իրատես է։ Էվոնան կտեսնի, որ ես ինքնուրույն բնավորություն ունեմ և կասի. «Ահ, նա ինքնուրույն բնավորություն ունի»։ Լամբերտը ստոր է, և նրա ուզածն ինձնից երեսուն հազար պլոկելն է, այդուհանդերձ, նա իմ միակ բարեկամն է։ Այլ բարեկամություն չկա և չի կարող լինել, այդ ամենը հորինել են ոչ-գործնական մարդիկ։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ նվաստացնում Էվոնային. մի՞թե նվաստացնում եմ։ Բնավ։ Կանայք բոլորն են այդպիսին։ Մի՞թե լինում է ստորությունից զերծ կին։ Դրա համար էլ նրա գլխին տղամարդ է պետք, դրա համար էլ ստեղծված է որպես ենթակա արարած։ Կինը տեղովը արատ է ու գայթակղություն, իսկ տղամարդը ազնվություն ու մեծահոգություն։ Այդպես էլ կլինի հավիտյանս հավիտենից։ Իսկ այն, որ ուզում եմ գործի դնել «փաստաթուղթը», դա՝ հեչ։ Դա չի խանգարի ոչ ազնվությանը, ոչ էլ մեծահոգությանը։ Անաղարտ վիճակում գտնվող Շիլլերներ չեն լինում, հորինվածք են։ Ասված է՝ բան չկա որ աղտոտ է, եթե նպատակը հրաշալի է։ Հետագայում ջուրը կլվա կտանի, ամեն բան կհարթվի։ Իսկ առայժմ դա սոսկ լայնաթափություն է, դա սոսկ կյանքն է, սոսկ կենաց ճշմարտությունը, ահա թե ինչպե՜ս է կոչվում հիմա»։
 
Օհ, նորից կրկնեմ՝ թող ներեն ինձ, որ ամբողջությամբ մեջ եմ բերում այն ժամանակվա խմիչքահար զառանցանքս՝ ընդհուպ մինչև վերջին տողը։ Անշուշտ, դա այն ժամանակվա մտքերիս խտացումն է լոկ, բայց ինձ թվում է, թե հենց այս բառերով էլ բարբաջել եմ։ Պարտավոր էի մեջբերել դրանք, քանի որ նստել եմ գրելու ա՛յն նպատակով, որպեսզի քննեմ ինձ։ Իսկ ի՞նչս քննեմ, եթե ոչ դա։ Մի՞թե կյանքում ավելի լուրջ բան է լինում։ Չէ՞ որ խմիչքը արդարացում չէ։ In vino veritas<ref>Գինու մեջ է ճշմարտությունը (լատ.)։
</ref>։
 
Այսպես երագելով ու գլխովին ցնորքների մեջ սուզված՝ ոչ էլ նկատեցի, որ վերջապես հասել եմ մերոնց տան մոտ, այսինքն՝ մորս բնակարանի մոտ։ Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էի ներս մտել, բայց հենց որ ոտս դրեցի պստլիկ նախասրահը, միանգամից հասկացա, որ մեր ընտանիքում ինչ-որ արտասովոր բան է պատահել։ Սենյակներում խոսում էին բարձրաձայն, գոռգոռում, և լսվում էր մորս լացը։ Դռան մեջ քիչ մնաց ինձ վայր գցեր Լուկերյան, որ Մակար Իվանովիչի սենյակից սրընթաց վազում էր դեպի խոհանոց։ Ցած նետեցի մուշտակս և մտա Մակար Իվանովիչի սենյակը, քանի որ բոլորն այնտեղ էին խմբվել։
 
Այնտեղ կանգնած էին նաև Վերսիլովն ու մայրս։ Մայրս իրանով ընկած էր նրա գրկում, իսկ նա մորս պինդ-պինդ սեղմում էր իր սրտին։ Մակար Իվանովիչը, ըստ սովորույթի, նստած էր իր իշոտնուկին, բայց ինչ-որ ուժասպառ տեսք ուներ, այնպես որ Լիզան մեծ ճիգով էր պահում նրան նստած դիրքով ուսերից բռնած, որ չընկնի, պարզ երևում էր նույնիսկ, որ ծերունին շարունակ թեքվում է, որ ընկնի։ Թափով առաջացա, կռահեցի ու ցնցվեցի. Մակար Իվանովիչը մեռած էր։
 
Նոր էր մեռել, գալուցս ինչ-որ մի րոպե առաջ։ Տասը րոպե առաջ իրեն դեռևս զգացել էր այնպես, ինչպես միշտ։ Այդ ժամանակ նրա մոտ միայն Լիզան էր եղել, նստել էր մոտն ու պատմելիս էր եղել իր վշտի մասին, իսկ Մակար Իվանովիչը նախորդ օրվա պես շոյելիս էր եղել նրա գլուխը։ Հետո նա հանկարծ ցնցվել է ոտից գլուխ (Լիզան էր պատմում), ուզել է վեր կենալ նստած տեղից, ուզել է գոռալ և սկսել է լուռումունջ ընկնել ձախ կողմի վրա։ «Սրտի պայթյուն է»,― ասել է Վերսիլովը։ Լիզան ճչացել է տնով մեկ, և հենց այդ պահին էլ բոլորը հավաքվել են վազեվազ, և այդ ամենը իմ գալուց ինչ-որ մեկ րոպե առաջ։
 
― Արկադի,― ձայն տվեց Վերսիլովը,― իսկույն վազիր Տատյանա Պավլովնայի մոտ։ Նա պետք է անպայման այստեղ լինի։ Խնդրիր՝ անհապաղ։ Կառք բռնիր։ Շտապի՛ր, խնդրում եմ քեզ։
 
Լավ հիշում եմ, որ նրա աչքերը փայլում էին։ Երեսին չտեսա զուտ խղճահարություն արտահայտող որևէ բան, չտեսա արցունք, լոկ մայրս, Լիզան ու սեկ էլ Լուկերյան էին լալիս։ Հակառակը, հորս հայացքում ինչ-որ արտասովոր ոգեշնչում կար, համարյա թե հրճվանք և դա մտապահեցի։ Ու վազեցի Տատյանա Պավլովնային կանչելու։
 
Նախկինում գնալ-գալուցս հայտնի էր, որ ճամփան երկար չէ։ Կառք չբռնեցի, ամբողջ ճանապարհն անցա վազելով, առանց կանգ առնելու։ Մտովի ինչ-որ աղոտ և համարյա նույնիսկ հրճվալի բան էի զգում։ Հասկանում էի, որ ինչ-որ բախտորոշ բան է կատարվել։ Երբ Տատյանա Պավլովնայի դռան զանգը տվեցի, խմածությունս լիովին ցնդել էր, հետը տանելով բոլոր ապերախտ մտորումներս։
 
Դուռը բաց արավ չուխոնուհին. «Տանը չէ»,― և ուզում էր իսկույն փակել քթիս դեմ։
 
― Ինչպե՞ս թե տանը չէ,― նախասրահ ներխուժեցի զոռով,― չի կարող պատահել։ Մակար Իվանովիչը մահացել է։
 
― Ի-ի՜նչ,― լսվեց հանկարծ Տատյանա Պավլովնայի ճիչը հյուրասենյակի փակ դռան հետևից։
 
― Մեռա՜վ։ Մակար Իվանովիչը մեռա՜վ։ Անդրեյ Պետրովիչը խնդրում է, որ գաք անհապաղ։
 
― Քեզնից դուրս բաներ ես բստրում...
 
Սողնակը չխկաց, բայց դուռը հազիվ մի թզաչափ բացվեց. «Ասա ինչպե՞ս է եղել»։
 
― Ես էլ չգիտեմ, նոր էի տուն մտնում, նա արդեն մեռած էր։ Անդրեյ Պետրովիչի ասելով՝ սրտի պայթյուն է։
 
― Հիմա, այս րոպեին։ Վազիր, ասա կգամ, դեհ, շարժվի՛ր, է, գնա։ Էլ ի՞նչ ես փետացել։
 
Իսկ ես կիսաբաց դռան միջով պարզ տեսա, թե ինչպես մեկը հանկարծ դուրս ելավ Տատյանա Պավլովնայի մահճակալը քողարկող վարագույրի հետևից և կանգ առավ սենյակի խորքում՝ Տատյանա Պավլովնայի թիկունքում քողարկվելով։ Բնազդաբար կառչեցի դռան բռնակից և այլևս հնարավորություն չտվեցի, որ կողպեն։
 
― Արկադի Մակարովիչ, մի՞թե իրոք մահացել է,― լսվեց ծանոթ, մեղմ, սահուն ու արծաթահունչ մի ձայն, որից միանգամից դող ընկավ սիրտս, այդ ձայնի մեջ զգացվում էր կանչողի հոգին ալեկոծող ինչ-որ բան։
 
― Որ այդպես է,― նետեց հանկարծ Տատյանա Պավլովնան,― որ այդպես է, ձեր քարը ձեր գլուխը, ի՜նչ ուզում եք արե՛ք։ Հենց ձեր սրտով եղավ։
 
Տատյանա Պավլովնան դուրս վազեց սրընթաց՝ գլխին քաշելով գլխաշորը և ուսերին առնելով կարճ մուշտակը։
 
Մնացինք ես ու նա։ Կանգնել էր դեմս՝ ինչպես նախորդ տեսակցության ժամանակ, հայացքը լուսաշող և ձեռները ինձ մեկնած։ Ասես հնձեցին ինձ, և ես տառացիորեն ընկա նրա ոտների առջև։
 
==== III ====
 
Չգիտեմ ինչու, քիչ մնաց լաց լինեի, հիշում եմ, թե նա ինչպես նստեցրեց ինձ իր մոտ. հիշում եմ նաև, հիշողությանս անգին խորքերում մնացել է անջինջ, թե ինչպես էինք նստել կողք-կողքի՝ ափ ափի տված, ու խոսում էինք հապճեպ, նա հարցնում էր ծերունու և վերջինիս մահվան մասին, իսկ ես այդ մասին այնպես էի պատմում իրեն, որ կարելի էր կարծել, թե Մակար Իվանովիչի համար եմ լալիս, այն դեպքում, երբ դա կլիներ անհեթեթության գագաթնակետը, և գիտեմ, որ նա այդպիսի երեխայական թուլասրտություն չէր կարող գուշակել իմ մեջ։ Ի վերջո միանգամից սթափվեցի ու ամաչեցի։ Այժմ ենթադրում եմ, որ այն ժամանակ հրճվանքից էի լալիս, և կարծում եմ, որ նա շատ լավ ըմբռնեց այդ բանը, այնպես որ հանգիստ եմ այս հիշողության առթիվ։
 
Հանկարծ ինձ շատ տարօրինակ թվաց այն, որ նա շարունակ հարցուփորձ էր անում Մակար Իվանովիչի մասին։
 
― Մի՞թե ճանաչում էիք նրան,― հարցրի զարմանքով։
 
― Վաղուց։ Երբևէ չեմ տեսել, բայց իմ կյանքում նա էլ է դեր խաղացել։ Ժամանակին նրա մասին ինձ շատ բան էր հայտնել այն մարդը, ումից վախենում եմ։ Գիտեք, թե ում մասին է խոսքը։
 
― Այժմ ես գիտեմ լոկ այն, որ «այդ մարդը» ավելի մոտ էր ձեր հոգուն, քան այդ մասին արտահայտվում էիք առաջ,― ասացի, ինքս էլ չիմանալով, թե ինչ էի ուզում արտահայտել դրանով, այդուհանդերձ, ասացի նախատինքով և ամբողջովին մռայլվելով։
 
― Ասում եք՝ քիչ առաջ նա համբուրո՞ւմ էր ձեր մորը։ Անձա՞մբ տեսաք,― շարունակում էր հարցուփորձը՝ չլսելով ասածս։
 
― Այո, տեսել եմ և, հավատացեք, համբուրում էր վերին աստիճանի անկեղծ ու մեծահոգաբար,― հաստատեցի փութով տեսնելով զրուցակցուհուս ուրախությունը։
 
― Տա Աստված,― խաչակնքեց։― Այժմ նա ազատ է։ Այդ հրաշալի ծերուկը պարզապես կապանք էր նրա կյանքում։ Ծերուկի մահից հետո նրա սրտում հարություն կառնի պարտքի և... պատասխանատվության զգացումը, ինչպես որ արդեն հարություն էր առել մի անգամ։ Օ՛հ, նախևառաջ նա մեծահոգի է, կհանգստացնի ձեր մոր սիրտը, ում ամեն ինչից և ամենքից շատ է սիրում երկրագնդի երեսին, ինքը նույնպես կհանդարտվի վերջապես, փառք Աստծո, ժամանակն է։
 
― Ինքը շա՞տ թանկ է ձեզ համար։
 
― Այո, շատ է թանկ, թեև՝ ոչ այն իմաստով, ինչ իմաստով կցանկանար ինքը և ինչ իմաստով որ դուք եք հարցնում։
 
― Իսկ այժմ նրա՞ համար եք վախենում, թե՞ ձեզ,― հարցրեցի անսպասելիորեն։
 
― Է՜հ, դրանք խրթին հարցեր են, թողնենք դրանք։
 
― Անշուշտ, թողնենք, միայն թե ես միգուցե այնքան էլ շատ բան չգիտեի այդ մասին, բայց թող այդպես լինի, ճիշտ եք, այժմ, ամեն բան նորովի է արվում, և եթե մեկը հարություն է առել, ապա այդ մեկը նախևառաջ ես եմ։ Կատերինա Նիկոլաևնա, նվաստ մտքեր եմ ունեցել ձեր վերաբերյալ և մի ժամ առաջ երևի թե նաև գործով նվաստ քայլ կատարեցի ձեր հանդեպ, բայց իմաց կացեք, ահա, նստած եմ ձեզ մոտ և խղճի չնչին խայթ իսկ չեմ զգում։ Քանի որ այժմ արդեն չքացել է այն ամենը, ինչ նախկինին էր պատկանում, և այսուհետև ամեն բան կլինի նորովի, իսկ այն մարդուն, ով մի ժամ առաջ մտադիր էր ստոր քայլ անել ձեր հանդեպ, չեմ ճանաչում և ոչ էլ ուզում եմ ճանաչել։
 
― Սթափվեցեք,― ժպտաց,― ասես թե փոքր-ինչ զառանցելիս լինեք։
 
― Մի՞թե մարդ կարող է ինքն իր մասին դատել ձեր ներկայությամբ,―շարունակեցի,― լինի ազնիվ թե ստոր, միևնույն է, դուք անհասանելի եք արեգակի պես... Ասացեք՝ այդ ինչպե՞ս կարողացաք դուրս գալ ի տես ինձ այնքան բանից հետո, ինչ որ եղել է։ Եթե միայն իմանայիք, թե ինչ է կատարվել մի ժամ, ընդամենը մի ժամ առաջ։ Եվ ինչ երազ է իրականացել։
 
― Միգուցե գիտեմ ամեն բան,― ժպտաց մեղմորեն,― քիչ առաջ ուզում էիք վրեժ լուծել, երդվեցիք, որ կկործանեք ինձ և երևի սպանեիք կամ ծեծեիք այստեղ հանդիպած ամեն մեկին, ով կհամարձակվեր ձեր ներկայությամբ թեկուզ մի վատ արտահայտություն թույլ տալ իմ հասցեին։
 
Օ՜հ, նա ժպտում էր ու կատակում, բայց դրա պատճառն իր անսահման բարությունն էր, քանզի հոգին, ինչպես կռահեցի, լիք լցված էր իր հսկայական հոգսուցավով և այնպիսի ուժգին ու զորեղ տպավորությամբ, որ ինձ հետ խոսել ու իմ անմիտ, զայրացուցիչ հարցերին կարող էր պատասխանել լոկ այնպես, ինչպես պատասխանում են հարցուփորձով ծամոնի պես կպչող փոքրիկներին՝ նրանցից ազատվելու համար։ Այս բանն ըմբռնեցի անսպասելիորեն և ամաչեցի, բայց այլևս չէի կարող նահանջել։
 
― Ո՛չ,― գոռացի անզուսպ,― ոչ, ես չսպանեցի ձեր մասին գեշ բան ասողին, հակառակը խրախուսում էի նրան։
 
― Օ՛հ, ի սեր Աստծո, հարկավոր չէ, պետք չէ, չպատմեք ոչինչ,―հանկարծ ինձ մեկնեց ձեռը, որ կանխի և այն էլ՝ ինչ-որ տառապանքի արտահայտությամբ, բայց արդեն վեր էի թռել ու կանգնել իր դեմ, որ մինչև վերջ ասեմ մտքումս եղածը, և եթե ասեի, ապա չէր պատահի այն, ինչ պատահեց հետո, քանի որ ամեն բան երևի ավարտվեր նրանով, որ ամեն ինչ խոստովանեի ու իրեն հանձնեի փաստաթուղթը։ Բայց նա հանկարծ սկսեց ծիծաղել.
 
― Պետք չէ, պետք չէ, ո՛չ մի մանրամասնություն, տեղյակ եմ ձեր բոլոր զանցանքներին, գլուխս կտամ, թե դուք չեք ցանկացել ամուսնանալ ինծ հետ, դրա նման մի բան, և քիչ առաջ ձեր օգնականներից, դպրոցական ընկերներից մեկի հետ պայմանավորվում էիք այդ կապակցությամբ... Ահ, չէ՞ որ կռահեցի,― գոչեց՝ հայացքը լրջորեն սևեռելով դեմքիս։
 
― Ինչպե՞ս... ինչպե՞ս կարող էիք կռահել,― թոթովել սկսեցի տխմարի պես ահավոր ջախջախում կերած։
 
― Մի բան էլ ասեմ։ Բայց բավ է, բավ է. ներում եմ ձեզ, միայն թե վերջ տվեք ասեկոսեներին,― նորից թափ տվեց ձեռը, այս անգամ արդեն անթաքույց անհամբերությամբ։― Ես էլ եմ երազող և, եթե իմանայիք, թե երազանքներումս ինչպիսի՜ միջոցների եմ դիմում անզսպությանս րոպեներին։ Բավական է. դուք շարունակ շեղում եք ուշադրությունս։ Շատ ուրախ եմ, որ Տատյանա Պավլովնան գնաց, շատ էի ուզում տեսնել ձեզ, իսկ նրա ներկայությամբ անկարելի կլիներ այսպես խոսել։ Ինձ թվում է, թե մեղավոր եմ ձեր առջև այն բանում, ինչ որ պատահեց այն ժամանակ։ Այո։ Ճիշտ չէ՞։
 
― Դուք մեղավո՞ր։ Բայց այն ժամանակ ես դավաճանեցի ձեզ ''նրա'' առջև, և ի՜նչ կարող էիք մտածել իմ մասին։ Այդ մասին մտածել եմ շարունակ այս բոլոր օրերի ընթացքում, ամեն րոպե մտածել եմ ու վերապրել։ (Չէի խաբում նրան)։
 
― Զուր եք այդպես տանջել ձեզ. դեռևս այն ժամանակ ես շատ լավ հասկացա, թե ինչպես է եղել այդ ամենը, պարզապես նրա մոտ խոսք եք թռցրել ձեր բերանից, որ ինձ վրա սիրահարված լինելը ձեզ ուրախություն է պարգևում, որ ես... դեհ, որ ես չեմ առարկում։ Չէ որ քսան տարեկան էիք։ Չէ՞ որ ամենքից շատ իրեն եք սիրում աշխարհում, նրա մեջ եք որոնում բարեկամ, կատերալատիպ, այդպես չէ՞։ Չափից ավելի լավ հասկացա այդ բանը, բայց արդեն ուշ էր. օ՜հ, այո, ինքս էի մեղավոր այն ժամանակ, անմիջապես պիտի կանչեի ձեզ ինձ մոտ և հանգստացնեի, բայց վրդովված էի և պատվիրեցի ներս չթողնել ձեզ, այդ պատճառով էլ ստացվեց այն տեսարանը ելքի մոտ, իսկ հետո՝ այն գիշերը։ Գիտե՞ք, դրանից հետո ինքս էլ ձեզ նման երազում էի տեսնվել ծածուկ, բայց չգիտեի, թե ինչպես գլուխ բերեմ դա։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչի՞ց էի վախենում ավելի շատ։ Այն բանից, որ դուք հավատ կընծայեք իմ վերաբերյալ նրա ասեկոսեներին։
 
― Երբե՜ք,― գոռացի։
 
― Գնահատում եմ մեր նախորդ հանդիպումները, ինձ համար թանկ է ձեր մեջ տառապող պատանին և միգուցե նաև ձեր այդ անկեղծությունը... Չէ՞ որ ես գերլուրջ բնավորություն ունեմ։ Ամենալուրջ, մռայլագույն բնավորության տերն եմ բոլոր կանանց մեջ. իմացեք այդ բանը... հա-հա-հա։ Մենք դեռ շատ կխոսենք, իսկ այժմ փոքր-ինչ դուրս եմ եկել հունից, հուզված եմ և... կարծես թե հիստերիա ունեմ։ Բայց վերջապե՜ս, վերջապես նա կթողնի, որ ես էլ ապրեմ աշխարհի երեսին։
 
Այդ բացականչությունը պոռթկաց ակամա, տեղնուտեղը հասկացա, որ այդպես եղավ, և ուզեցի ավելի բորբոքել նրան, բայց սկսեցի դողալ ամբողջ մարմնով։
 
― Նա գիտե՜, որ ներել եմ իրեն,― գոչեց հանկարծ նորից, ասես դիմելով ինքն իրեն։
 
― Մի՞թե այն նամակի համար ևս կարողացաք ներել իրեն։ Եվ ինչպե՞ս կարող է իմանալ, որ ներել եք,― բացականչեցի, այլևս չկարողանալով զսպել ինձ։
 
― Ինչպես է իմացե՞լ։ Օ՜հ, նա գիտե,― շարունակում էր պատասխանել այնպիսի տեսքով, ասես իրոք մոռացել էր գոյությունս ու ինքն իր հետ էր խոսում։― Այժմ նա սթափվել է։ Եվ ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ներել եմ իրեն, երբ անգիր գիտե իմ հոգին։ Չէ՞ որ գիտե, որ ես որոշ չափով իր նման եմ։
 
― Դո՞ւք։
 
― Այո, և դա հայտնի է նրան։ Օ՛հ, ես կրքոտ չեմ. հանդարտ եմ, բայց ես էլ իր նման ուզում եմ, որ բոլորը լավը լինեն... Հո զուր տեղը չէր սիրում ինձ։
 
― Հապա ինչպե՞ս էր ասում, թե բոլոր արատները կան ձեր մեջ։― Միայն ասում էր՝ ուրիշ գաղտնիք ունի իր համար պահած։ Ճիշտ է, չէ՞, որ նա անչափ ծիծաղելի ձևով է գրել իր նամակը։
 
― Ծիծաղելի՞ (Վրաս ճիգ գործադրելով էի լսում նրան, կարծում եմ, որ նա իրոք որ կարծես թե հիստերիա ուներ և միգուցե բնավ ի նձ համար չէր արտահայտվում, այլ ինքն իր, այդուհանդերձ, չէի կարողանում զսպել ինձ, որ հարց չտամ)։
 
― Օհ, այո, ծիծաղելի է, և այնպե՜ս կծիծաղեի, եթե... եթե չվախենայի։ Ի դեպ, այնքան էլ վախկոտ չեմ, մտքներովդ չանցնի, սակայն այդ նամակի պատճառով չքնեցի այն գիշեր, այդ նամակն ասես գրված էր վարակված արյունով... և ի՞նչ է մնում անելու նման մի նամակից հետո։ Ես սիրում եմ կյանքը, անչափ վախենում եմ իմ կյանքի համար, անչափ փոքրոգի եմ այդ հարցում... Ահ, լսե՜ք,― շտկվեց հանկարծ թափով,― գնացեք նրա մոտ։ Այժմ նա մենակ է. չի կարող շարունակ մնալ այնտեղ և գուցե ինչ-որ տեղ է գնացել մենակ, գտեք նրան շտապ, անպայման վազեք նրա մոտ, ցույց տվեք, որ սիրասուն, բարի որդի եք՝ իմ ուսանողը, ում ես... Օ՛հ, Աստված երջանկություն տա ձեզ։ Ես ոչ ոքի չեմ սիրում, և դա լավ է, բայց բոլորին երջանկություն եմ ցանկանում, բոլորին և առաջին հերթին նրան, և թող նա իմանա այդ մասին... նույնիսկ անհապաղ, շատ հաճելի կլինի ինձ համար...
 
Ոտքի ելավ և հանկարծ անհետացավ վարագույրի հետևում, այդ պահին երեսին արցունք էր պսպղում (ծիծաղին հետևող հիստերիայի արցունք)։ Մնացի մենակ, հուզախռով ու շվար։ Հաստատապես չէի կարող որևէ բանի վերագրել նրա հուզմունքը, որպիսին տեսնել իսկ չէի ենթադրի երբևէ։ Ասես ինչ-որ բան էր կծկվել սրտումս։
 
Սպասեցի հինգ րոպե, հետո՝ տասը, խորունկ լռությունը ասես ցնցեց ինձ և սիրտ արեցի դուրս նայել դռնից ու ձայն տալ։ Իմ կանչի վրա հայտնվեց Մարյան և բացատրեց հանգստագույնս, թե Կատերինա Նիկոլաևնան վաղուց է զգեստափոխվել ու հեռացել հետնաելքով։
 
=== Գլուխ յոթերորդ ===
 
==== I ====
 
Միայն դա էր մնացել պակաս։ Վերցրի մուշտակս ու, քայլելու ընթացքում քաշելով ուսերիս, արագ հեռացա՝ մտորելով. «Նա պատվիրում էր, որ գնամ հորս մոտ, բայց որտե՞ղ գտնեմ նրան»։
 
Ամեն ինչի հետ միաժամանակ ինձ ապշեցրել էր նաև մի հարց. «Ինչո՞ւ է կարծում, թե այժմ ինչ-որ նոր բան է վրա հասել, և հայրս հանգիստ կթողնի նրան։ Երևի թե այն պատճառով, որ հայրս կպսակադրվի մորս հետ, բայց դա ի՞նչ կապ ունի իր հետ։ Միգուցե պարզապես ուրախ է, որ հայրս կպսակադրվի մորս հետ. թե՞ հակառակը, միգուցե դա իր դժբախտությունը լինի։ Այդ պատճառով է հիստերիայով բռնվել։ Ինչո՞ւ չեմ կարողանում կռահել այդ բանը»։
 
Այն ժամանակ գլխովս մի պահ անցած այդ երկրորդ միտքը բառացի եմ նշում՝ հիշելու համար, դա կարևոր է։ Այդ երեկոն ճակատագրական էր։ Այդպես է լինում, որ մարդ ակամա պիտի հավատա նախախնամությանը, մորս բնակարանի ուղղությամբ հարյուր քայլ դեռ չարած հանկարծ բախվեցի նրան, ում որոնում էի։ Նա բռնեց ուսս ու կանգնեցրեց ինձ։
 
― Դո՜ւ ես,― գոչեց երջանկաշող, միաժամանակ ասես անչափ զարմացած։― Պատկերացրու եղել եմ գնացածդ տեղում,― ասաց վրա տալով,― որոնել քեզ, հարցուփորձ արել, այժմ ամբողջ տիեզերքում գեթ դու ես ինձ հարկավոր։ Աստված գիտե, թե ինչեր էր դուրս տալիս չինովնիկդ, բայց դու չկայիր, և ես հեռացա, մոռանալով նույնիսկ խնդրել, որ հայտնեն քեզ, որ անհապաղ վազես մոտս, և ի՞նչ, այնուամենայնիվ, քայլում էի անսասան համոզմունքով, որ ճակատագիրը չի կարող քեզ ինձ մոտ չուղարկել անհապաղ, հենց հիմա, երբ ինձ պետք ես ամեն ինչից ավելի, և ահա, դուրս գալուս պես առաջինը հենց քեզ եմ հանդիպում։ Գնանք մոտս։ Երբևէ չես եղել իմ կացարանում...
 
Մի խոսքով, երկուսս էլ որոնել էինք իրար, և մեզնից յուրաքանչյուրի հետ ինչ-որ նույնանման բան էր կատարվում։ Գնացինք շատ արագ։ Գնալիս նա միայն մի քանի կարճառոտ արտահայտություն արավ այն մասին, թե մորս թողել է Տատյանա Պավլովնայի մոտ և այլն։ Ինձ տանում էր՝ ափս բռնած։ Իր կացարանը հեռու չէր և շուտով տեղ հասանք։ Իրոք որ երբևէ չէի եղել այդ կացարանում։ Դա երեք սենյականոց ոչ մեծ բնակարան էր, որ նա վարձել էր (կամ, ավելի ճիշտ, Տատյանա Պավլովնան էր վարձել) միմիայն այն «կրծքի երեխայի» համար։ Դրանից առաջ ևս այդ բնակարանը գտնվել էր Տատյանա Պավլովնայի տրամադրության տակ, և այդտեղ էր տեղավորվել դայակը երեխայի հետ (իսկ այդ ժամանակ նաև Նաստասյա Եգորովնան). Վերսիլովը ևս մշտապես իր սենյակն էր ունեցել այդտեղ, հատկապես՝ մուտքի մոտի առաջին սենյակը բավականին ընդարձակ և բավականին լավ ու փափուկ կահավորված գիր ու գրականությամբ զբաղվելու աշխատասենյակի նման։ Իսկապես որ, շատ գիրք կար սեղանին, պահարանում ու գրադարակներում (որպիսիք մորս բնակարանում համարյա բոլորովին չկային), կային գրոտած թղթեր, կապերով նամակներ, մի խոսքով, բնակարանը շեն տան տեսք ուներ, և գիտեմ, որ Վերսիլովը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր (թեև հազվադեպ) այդ բնակարանը և այնտեղ մնում նույնիսկ շաբաթներով։ Առաջին բանը, որ իր վրա գրավեց ուշադրությունս, գրասեղանի վերևում կախ տված, թանկարժեք փայտեղենից կերտված քանդակազարդ շրջանակի մեջ առնված լուսանկարն էր մորս դիմանկարը լուսանկարված, անշուշտ, արտասահմանում և, դատելով արտասովոր մեծությունից, շատ թանկարժեք իր էր։ Առաջ չգիտեի ու լսած չկայի այդ դիմանկարի մասին և, որ կարևորն է, ապշեցի դիմանկարի ու մորս արտակարգ, այսպես ասած հոգեհարազատ նմանությունից, ասես դա Արարչի ձեռքով պատկերված իսկական դիմանկար լիներ և ոչ թե մեխանիկական պատճենահանում լուսանկարելու միջոցով։ Մտնելուն պես կանգ առա ու կանգնած մնացի այդ դիմանկարի դեմ։
 
― Ճիշտ է, չէ՞, ճիշտ է, չէ՞,― փոքր-ինչ գլխավերևիցս վրա-վրա կրկնում էր Վերսիլովը։
 
Այսինքն «ճիշտ է, չէ՞, որ նման է»։ Ուսիս վրայով նայեցի իր դեմքին և ապշեցի հայացքի արտահայտությունից։ Դեմքը փոքր-ինչ գունատված էր, բայց հայացքը ջերմ էր, լարված ու փայլում էր ասես երջանկությունից և ուժերի հորդումից, այդպիսի արտահայտություն տեսած չկայի նրա հայացքում։
 
― Չգիտեի, որ այդքան սիրում եք մորս,― պոռթկացի հանկարծ՝ ինքս նույնպես արբած լինելով հիացմունքից։
 
Ժպտաց երանավետ, թեև այդ ժպիտի մեջ ինչ-որ տառապագին, ավելի ճիշտ ինչ-որ վերմարդկային բան արտահայտվեց... չեմ կարողանում արտահայտել այդ բանը, բայց վերին աստիճանի զարգացած մարդիկ, ինչպես թվում է, չեն կարող ունենալ հրճվագին ու հաղթականորեն երջանիկ հայացք։ Պատասխան չտալով ասածիս նա օղակներից հանեց դիմանկարը, մոտեցրեց իր դեմքին, համբուրեց, այնուհետև նորից կախեց պատին։
 
― Նկատի ունեցիր,― ասաց,― լուսանկարները հազվադեպ են ստացվում նման, և դա հասկանալի է. լուսանկարվողը, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը, խիստ հազվադեպ է նման լինում ինքն իրեն։ Լոկ հազվադեպ ակնթարթների ընթացքում է մարդկային դեմքն արտահայտում տվյալ մարդու էությունը, դրա գլխավոր, բնորոշ առանձնահատկությունը։ Մինչդեռ նկարիչն ուսումնասիրում է բնորդի դեմքը և որսում այդ բնորոշը, թեև դա, միգուցե, չի երևում նկարելու ընթացքում։ Մինչդեռ լուսանկարը մարդուն որսում է այնպես, ինչպես որ երևում է տվյալ պահին, և միանգամայն անհնարին է, որ Նապոլեոնը նման մի պահի երևար տխմարի տեսքով, իսկ Բիսմարկը՝ քնքշասիրտ։ Իսկ այստեղ, այս դիմանկարում արեգակն ասես դիտավորյալ Սոնյային բռնացրել է ամենագլխավոր ակնթարթում ամաչկոտ, սիրո մեջ հեզ և որոշ չափով վայրի, վախվորած առաքինության արտահայտությամբ։ Եվ որքա՜ն երջանիկ է եղել այն ժամանակ, երբ համզված է եղել վերջապես, որ ես անչափ ծարավի եմ իր դիմանկարն ունենալուն։ Այս լուսանկարը թեև այնքան էլ վաղուց չի արված, այդուհանդերձ, այն ժամանակ նա ավելի երիտասարդ էր, ավելի գրավիչ տեսք ուներ, թեև այն ժամանակ ևս այտերն արդեն թալկած էին այսօրվա պես, և ճակատին արդեն կային մանրիկ կնճիռներ ու հայացքի այդ վախվորած հեզությունը, որն ասես տարեցտարի ավելի է ուժգնանում։ Արդյոք հավատո՞ւմ ես, սիրելիս, ես նրան այլևս պատկերացնել իսկ չեմ կարող մեկ այլ հայացքով, բայց չէ՞ որ մի ժամանակ նա եղել է շատ ավելի երիտասարդ, ավելի դյութիչ։ Ռուս կանայք շուտ են թոշնում, նրանց գեղեցկությունը կբոցկլտա ակնթարթորեն ու կմարի, և դրա պատճառը լոկ ցեղային ֆիզիկական հատկանիշը չէ իրավամբ, պատճառը նախ այն է, որ նրանք կարողանում են սիրել ինքնամոռաց։ Եթե ռուս կինը սիրում է, ապա ամեն բան տալիս է միանգամից՝ և ակնթարթը, և ճակատագիրը, և ներկան, և ապագւսն. չի կարողանում ժլատություն անել, հոգեպահուստ պահել սիրո մեջ, և նրա գեղեցկությունն արագ անցնում է այն մարդու մեջ, ում սիրում է։ Այս թալկած այտերը նույնպես իմ մեջ անցած, իմ կարճատև զվարճությանը նվիրատրված գեղեցկության հետքն են։ Դու ուրա՞խ ես, որ ես սիրել եմ մորդ և նույնիսկ չէի՞ր հավատում, թե սիրել եմ նրան... Ահա, մեկ ուրիշ դիմանկար էլ կա այստեղ, սրան ևս նայիր։
 
Վերցրեց սեղանի վրայից ու տվեց ինձ։ Դա նույնպես լուսանկար էր անհամեմատ փոքրաչափ, բարալիկ, ձվաձև փայտակերտ շրջանակի մեջ առնված, աղջկա դեմք էր նիհարուկ ու թոքախտավոր և հրաշալի այդ ամենով հանդերձ, մտախոհ էր, միաժամանակ արտառոցության աստիճան մտազուրկ։ Դիմագծերը կանոնավոր էին, սերնդեսերունդ փափկասունացած, բայց հիվանդագին տպավորություն գործող, թվում էր, թե այդ արարածը հանկարծ տրվել է մի կաշկանդող, ուժից վեր ջանք պահանջող մտահղացման։
 
― Սա... սա այն աղջի՞կն է... նրա խորթ քույրի՞կը, որ մահացավ թոքախտից և... որի հետ դուք ուզել եք ամուսնանա՞լ,― մրմնջացի՝ որոշ չափով վհատված։
 
― Այո, ուզում էի ամուսնանալ, մահացավ թոքախտից, նրա խորթ քույրիկն է։ Գիտեի, որ տեղյակ ես... այդ բամբասանքներին։ Նման դեպքում, բամբասանքից զատ, ուրիշ բան հազիվ թե լսեիր։ Բարեկամս, թող այդ լուսանկարը։ Դա մի խեղճ խելագար էր և ոչ ավելին։
 
― Լիովի՞ն խելագար։
 
― Կամ ապուշ, ինչևէ, իմ կարծիքով երևի խելագար էր։ Երեխա ուներ իշխան Սերգեյ Պետրովիչից (խելագարության հետևանքով և ոչ թե սիրո հոդի վրա. դա իշխան Սերգեյ Պետրովիչի ստորագույն արարքներից մեկն էր), երեխան այժմ այստեղ է, այն սենյակում, և ես վաղուց էի ուզում ցույց տալ քեզ։ Իշխան Սերգեյ Պետրովիչը չհամարձակվեց գալ այստեղ և տեսնել երեխային։ Հենց այդ ժամանակ էլ մորդ թույլտվությամբ ուզեցի ամուսնանալ այդ... դժբախտի հետ...
 
― Մի՞թե հնարավոր է այդպիսի թույլտվություն,― վրա տվեցի տաքացած։
 
― Օհ, այո, նա թույլ տվեց, խանդում են այն դեպքում, երբ դիմացինը կին է լինում, իսկ դա կին չէր։
 
― Կին չէր ամենքի համար, բայց ոչ թե մորս,― գոռացի։― Կյանքումս չեմ հավատա, թե մայրս չի խանդել։
 
― Եվ ճիշտ ես։ Ես կռահեցի դա, երբ ամեն բան վերջացել էր, այսինքն երբ տվել էր թույլտվությունը։ Բայց թող դա։ Բանը չհարթվեց Լիդայի մահով, այո։ Ողջ էլ մնար չէր հարթվի, մինչև այժմ էլ չեմ թողնում, որ մայրդ մոտենա այդ երեխային։ Սա սոսկ մի պատահար է, դիպված։ Սիրելիդ իմ, վաղուց էի սպասում, որ քեզ տեսնեմ այստեղ։ Վաղուց էի երազում, գիտե՞ս, թե որքա՜ն վաղուց, թե ինչպես կհանդիպենք այստեղ, երկու տարի շարունակ երազում էի։
 
Ինձ նայեց անկեղծ, արդարամիտ հայացքով, որ լի էր սրտի ինքնամոռաց ջերմությամբ։ Բռնեցի իր ափը.
 
― Ինչո՞ւ էիք ձգձգում, ինչո՞ւ ավելի շուտ չէիք կանչում։ Եթե իմանայիք, թե ի՜նչ կլիներ... և ինչը չէր լինի, եթե ավելի շուտ կանչեիք ինձ...
 
Այդ պահին ներս բերին ինքնաեռը, իսկ Նաստասյա Եգորովնան հանկարծ բերեց քնած երեխային։
 
― Նայիր դրան,― ասաց Վերսիլովը,― ես սիրում եմ դրան, և դիտավորյալ պատվիրեցի, որ բերեն այժմ, որ դու տեսնես իրեն։ Լավ, նորից իր տեղը տարեք նրան, Նաստասյա Եգորովնա։ Նստիր ինքնաեռի մոտ։ Ուզում եմ երևակայել, թե ես ու դու այսպես ենք ապրել միշտ՝ միասին և ամեն երեկո հանդիպել ենք առանց բաժանվելու։ Թող՝ նայեմ երեսիդ, նստիր, այ այսպես, որ լավ տեսնեմ դեմքդ։ Ինչքա՜ն եմ սիրում քո դեմքը։ Ինչպե՜ս էի պատկերացնում դեմքդ դեռևս այն ժամանակ, երբ սպասում էի Մոսկվայից գալուդ։ Հարցնում ես ինչո՞ւ ավելի շուտ չէի կանչում մոտս։ Կաց. միգուցե այժմ դա էլ հասկանաս։
 
― Բայց մի՞թե հենց այդ ծերունու մահն է այժմ բաց արել ձեր լեզուն, տարօրինակ է...
 
Թեև այդպիսի բան էի ասում, բայց իր երեսին էի նայում սիրով։ Խոսում էինք բարեկամների պես՝ բառիս բարձրագույն և լիակատար իմաստով։ Նա ինձ բերել էր այդ տեղը, որ ինչ-որ բան բացահայտեր ինձ համար, պատմեր, արդարացներ իր արածը, մինչդեռ այդ ընթացքում, հատուկ բառեր ասելուց առաջ, ամեն բան արդեն բացատրվել ու արդարացվել էր ինքնին։ Այժմ ինչ էլ որ լսեի իր շուրթերից, միևնույն էր. արդյունքն արդեն ձեռք էր բերված, և երկուսս էլ երջանկության զգացումով էինք ըմբռնում այդ արդյունքն ու այդպիսի զգացումով էլ նայում էինք իրար։
 
― Ոչ թե այդ ծերունու մահը,― պատասխանեց,― ոչ միայն մահը, ուրիշ պատճառ էլ կա, որը համընկել է դրա հետ... Թող Աստված օրհնի ակնթարթն այս ու կյանքը մեր՝ այսուհետև ու երկար տարիներ։ Խոսենք, սիրելիդ իմ։ Ուզում եմ մի բանի մասին խոսել, բայց շարունակ տարածվում եմ, շեղվում, կողմնակի մանրամասնությունների մեջ ընկնում։ Միշտ այդպես է լինում, երբ սիրտը լցված է... Բայց խոսենք, ժամն է հասել, իսկ ես վաղուց եմ սիրահարված քեզ, տղաս...
 
Ետ ընկավ իր բազկաթոռի թիկնակին ու նորից ուշադիր զննեց ինձ։
 
― Ի՜նչ տարօրինակ է։ Ի՜նչ տարօրինակ է լսելը,― կրկնում էի հրճվանքի մեջ սուզված։ Եվ ահա, հիշում եմ, հանկարծ նրա դեմքին մի ակնթարթ հայտնվեց ու հարթվեց իր յուրահատուկ կնճիռը (մտահոգության), որն այնքան ծանոթ էր ինձ և ասես միաժամանակ արտահայտում էր և տրտմություն, և հեգնանք։ Հաղթահարեց ինքն իրեն և սկսեց, ասես որոշ չափով ճիգ գործադրելով իր վրա։
 
==== II ====
 
― Լսիր, Արկադի, եթե քեզ կանչեի ավելի շուտ, ապա ի՞նչ էի ասելու։ Այս հարցի մեջ է իմ պատասխանը։
 
― Այսինքն ուզում եք ասել, թե այժմ մորս ամուսինն եք ու իմ հայրը, մինչդեռ սրանից առաջ... Չէիք իմանա, թե այն ժամանակ ինչ էիք ասելու մեր սոցիալական վիճակի կապակցությամբ։ Այդպե՞ս է։
 
― Սիրելիս, ասելիքս չէի իմանա ոչ միայն այդ կապակցությամբ, այնժամ շատ բաների մասին ստիպված կլինեի լռել։ Նման պարագայում շատ բան նույնիսկ ծիծաղելի ու նվաստացուցիչ է այն առումով, որ նման է աճպարարության, այո, իսկական խեղկատակային աճպարարության։ Դեհ, ինչպե՞ս պիտի հասկանայինք իրար սրանից առաջ, այն դեպքում, երբ ինքս ինձ նոր եմ միայն հասկացել, այսօր, կեսօրվա ժամը հինգին, Մակար Իվանովիչի մեռնելուց ուղիղ երկու ժամ առաջ։ Տհաճ տարակուսանքո՞վ ես նայում երեսիս։ Չանհանգստանաս, կպարզաբանեմ փաստացի, բայց այն, ինչ ասացի, լիովին արդարացի է. ամբողջ կյանքս՝ որոնումների ու տարակուսանքների մեջ, և հանկարծ դրանց հանգուցալուծումը այսինչ ամսաթվին, կեսօրվա ժամը հինգի՜ն։ Նույնիսկ վիրավորական է, ճի՞շտ է։ Ոչ վաղ անցյալում իրոք կվիրավորվեի։
 
Լսում էի իսկապես հիվանդագին տարակուսանքով, խիստ ցայտուն էր երևում վերսիլովյան նախկին կնճիռը, ինչը չէի ցանկանա տեսնել այդ երեկո, նման բան լսելուցս հետո։ Հանկարծ գոչեցի.
 
― Աստված իմ։ Այսօր, ժամը հինգին... դուք ինչ-որ բա՞ն եք ստացել նրանից։
 
Նայեց սևեռուն և, հավանաբար, իմ բացակայությունի՞ց, գուցեև ասածս բառի՞ց «նրանից», ցնցված։
 
― Ամեն բան կիմանաս,― ասաց մտածկոտ ժպիտով,― ինչ-որ պետք է և, անշուշտ, բան չեմ թաքցնի, քանի որ չթաքցնելու նպատակով եմ բերել քեզ, բայց առայժմ հետաձգենք այդ ամենը։ Գիտե՞ս, բարեկամս, վաղուց գիտեի, որ մենք ունենք հայրերի ու միջավայրի անվայել պահվածքից վիրավորված երեխաներ, բայց... ներիր, սիրելիս, զարմանալի ցրվածություն է թափվել վրաս։ Ուզում էի արտահայտել լոկ այն միտքը, թե ինչպես եմ համարյա մշտապես քեզ համար վախեցել։ Միշտ պատկերացնում էի, որ դու մեկն ես այն փոքրիկ արարածներից, ովքեր գիտակցում են իրենց շնորհալիությունը և մենություն որոնում։ Ինքս էլ քեզ պես չեմ սիրել ընկերներ ունենալը։ Ի դժբախտություն իրենց՝ այդ արարածները թողնված են իրենց ուժերի և անուրջների հույսին՝ մեն-մենակ վայելուչ կյանքի հանդեպ իրենց չափազանց վաղաժամ ու համարյա վրիժառու, հատկապես «վրիժառու» ծարավի հետ։ Բայց բավական է, սիրելիս, դարձյալ շեղվեցի... Դեռևս քեզ սիրահարվելուցս առաջ արդեն պատկերացնում էի քեզ և մենությանդ մեջ վայրենացած քո երազանքները... Բայց բավական է, ի դեպ, մոռացա, թե ինչի մասին սկսեցի խոսել։ Ինչևէ, անհրաժեշտ է այդ մասին ևս ասել։ Իսկ առա՞ջ, ի՞նչ կարող էի ասել քեզ սրանից առաջ։ Այժմ տեսնում եմ երեսիս ուղղված հայացքդ, ու գիտեմ, որ նայողը իմ ''որդին'' է, մինչդեռ նույնիսկ երեկ չէի կարող հավատալ, թե երբևէ կարող եմ այսպես նստել ու խոսել իմ տղայի հետ։
 
― Այլևս երազելու և անրջելու կարիք չունեմ, միմիայն ձեզնով էլ եմ բավարարված այժմ,― մրմնջացի՝ հոգով ու սրտով նվիրվելով նրան։― Ես կհետևեմ ձեզ՝ ինչպես որ ցանկանաք։
 
― Կհետևե՞ս։ Բայց իմ դեգերումներն արդեն ավարտվեցին հենց այսօր. ուշացել ես, սիրելիդ իմ։ Վերջին արարի ավարտն է այսօր և վարագույրն իջնում է։ Շատ երկար տևեց այս վերջին արարը։ Սկսվել էր վաղուց, դեռևս այն ժամանակ, երբ վերջին անգամ էի վազում արտասահման։ Այն ժամանակ լքեցի ամեն բան և, իմացիր, սիրելիս, մորիցդ էլ բաժանվեցի ու նրան անձամբ հայտնեցի այդ մասին։ Դա նույնպես պիտի իմանաս։ Այն ժամանակ բացատրեցի մորդ, թե մեկնում եմ ընդմիշտ, թե այլևս չի տեսնի ինձ։ Ամենից վատն այն էր, որ մոռացա նույնիսկ փող թողնել իր համար։ Քո մասին ես չմտածեցի ոչ մի րոպե։ Մեկնեցի այնպես, սիրելիդ իմ, որ մնամ Եվրոպայում ու չվերադառնամ այլևս։ Մեկնեցի որպես տարագիր։
 
― Գերցենի՞ մոտ։ Արտասահմանյան քարոզչությանը մասնակցելո՞ւ։ Հավանաբար ամբողջ կյանքում ինչ-որ դավադրությա՞ն եք մասնակցել,― գոչեցի անզուսպ։
 
― Ո՜չ, բարեկամս, չեմ մասնակցել որևէ դավադրության։ Իսկ քո աչքերն սկսեցին նույնիսկ փայլակներ արձակել, սիրում եմ քո բացականչությունները, հոգիս։ Ո՜չ, այն ժամանակ մեկնեցի՝ հանկարծակի վրա տված թախիծից փախչելու համար։ Դա ռուս ազնվականի թախիծ էր. իրավամբ, չեմ կարողանում ավելի լավ արտահայտվել։ Ազնվականի թախիծ և ուրիշ՝ ոչինչ։
 
― Ճորտատիրական իրավո՞ւնքի... ժողովրդի ազատագրմա՞ն...― մրմնջալ սկսեցի՝ շնչակտուր լինելով։
 
― Ճորտատիրական իրավո՞ւնքը։ Կարծում ես, թե կարոտո՞ւմ էի ճորտատիրական կարգերին։ Տանել չէի՞ կարողանում ժողովրդի ազատագրումը։ Օհ, ոչ, բարեկամս, չէ՞ որ հենց ինքներս էինք ազատարարները։ Տարագրվեցի՝ առանց չարամտության։ Դրանից քիչ առաջ հաշտարար միջնորդ էի և ուժերս չէի խնայում, ջանում էի անաչառորեն, և ոչ էլ այն պատճառով մեկնեցի, որ քիչ հատուցում էի ստացել իմ լիբերալիզմի դիմաց։ Բոլորս էլ ոչինչ չստացանք այն ժամանակ, այսինքն՝ միմիայն ինձ նմանները։ Մեկնելիս ավելի շուտ հպարտ էի, քան թե հիասթափված և, հավատա, լիովին հեռու էի այն մտքից, թե ժամանակն է, որ կյանքս ավարտեմ կոշկակարի համեստ զբաղմունքով։ Je suis gentilhomme avant tout et je mourrai gentilhomme!<ref>Ամեն բանից առաջ ես ազնվական եմ և ազնվական էլ կմեռնեմ (ֆրանս.)։
</ref>։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Մեզ նմանները Ռուսաստանում, միգուցե մոտավորապես հազարն են. իսկապես, երևի ոչ ավելին։ Բայց չէ՞ որ այդքանն էլ է բավական, որպեսզի չմեռնի գաղափարը։ Մենք գաղափարակի՜ր ենք, սիրելիդ իմ։ Բարեկամս, ես խոսում եմ մի արտակարգ հույս ու հավատով, թե դու լիովին կհասկանաս այդ դատարկաբանությունը։ Ես քեզ կանչել եմ սրտիս քմահաճույքով. վաղուց էի երազում, թե ինչպես եմ խոսելու քեզ հետ նման բաների մասին... քե՛զ հետ, հատկապես քեզ հետ։ Ինչևէ... ինչևէ...
 
― Ո՛չ, շարունակեք,― գոչեցի,― նորից անկեղծություն եմ տեսնում ձեր հայացքում... Եվ ի՞նչ, Եվրոպան հարություն տվե՞ց ձեզ այն ժամանակ։ Եվ ի՞նչ է նշանակում ձեր «ազնվականի թախիծը»։ Ներեցեք, աղավնյակս, ես դեռ չեմ հասկանում։
 
― Հարություն տվե՞ց ինձ, արդյոք, Եվրոպան։ Բայց այն ժամանակ մեկնում էի նրան թաղելու համար։
 
― Թաղելո՞ւ,― կրկնեցի զարմանքով։
 
ժպտաց.
 
― Արկադի, բարեկամս, այժմ հոգիս գորովանքի մեջ է և ընդվզում է։ Երբևէ չեմ մոռանա այն ժամանակ Եվրոպայում ապրածս առաջին պահերը։ Դրանից առաջ էլ էի ապրել Եվրոպայում, բայց այն ժամանակն առանձնահատուկ էր, և այնտեղ մեկնել էի ոչ թե մռայլ թախիծից հալածյալ ու... մաշված մի այնպիսի սիրուց, ինչպես երկրորդ անգամ մեկնելիս։ Կպատմեմ այն ժամանակվա առաջին ապրումներիցս մեկի, երազներիցս մեկի, իսկական երազներիցս մեկի մասին։ Դա տեղի ունեցավ դեռևս Գերմանիայում։ Նոր էի մեկնել Դրեզդենից և ցրվածությանս պատճառով անցել էի այն կայարանից, որտեղից պետք է թեքեի ճանապարհս, և հայտնվեցի ուրիշ գծի վրա։ Ինձ անմիջապես իջեցրին, կեսօրվա ժամը երեքն էր. պարզ օր էր։ Դա գերմանական մի փոքրիկ ավան էր։ Ինձ ցույց տվեցին հյուրանոցը։ Հարկավոր էր սպասել, հաջորդ գնացքն անցնելու էր գիշերվա ժամը տասնմեկին։ Նույնիսկ գոհ էի այդ արկածիցս, քանի որ առանձնապես չէի շտապում։ Դեգերում էի, բարեկամս, դեգերում։ Պարզվեց, որ թեև փոքրիկ ու հետին կարգի, բայց գերմանացիների սովորույթի համաձայն ամբողջովին կանաչի մեջ կորած, ծաղկաթմբերով շրջապատված հյուրանոց եմ ընկել։ Մի նեղլիկ սենյակ էին հատկացրել ինձ և քանի որ անցած ամբողջ գիշերը ճանապարհին էի եղել, ապա քնեցի ճաշելուց հետո։
 
Ինձ համար լիովին անսպասելի մի երազ տեսա, քանի որ երբևէ չէի տեսել դրա նման երազ։ Դրեզդենի պատկերասրահում կա Կլոդ Լորենի արած նկարը, որն, ըստ քարտադարանի, կոչվում է «Ասիսը և Գալաթեան», չգիտեմ ինչու՝ ես դա միշտ անվանել եմ «Ոսկե դար»։ Դրանից առաջ էլ էի տեսել այդ նկարը, իսկ այդ ժամանակ, մեկնելուցս առաջ, մի անգամ էլ տեսա անցողիկ։ Հենց այդ նկարն էլ տեսա երազումս, բայց ոչ թե որպես նկար, այլ՝ որպես իրական մի եղելություն։ Ինչևէ, չգիտեմ, թե հատկապես ինչ էի տեսնում այդ երազում, տեսածս հիշյալ նկարում պատկերված կղզիախումբն էր, ընդ որում՝ ժամանակն, ասես թե, ետ էր գնացել երեք հազար տարով, երկնագույն փաղաքուշ ալյակներ, կղզիներ ու ժայռեր, ծաղկուն ծովափ, հեռուների հրաշք համայնապատկեր, մայր մտնող-կանչող արեգակ, բառերով հնարավոր չէ արտահայտել։ Եվրոպական մարդկությունը այդ տեղը հիշում է որպես իր օրրան, և այդ մասին մտածելիս սիրտս ասես հարազատի հանդեպ սիրով էր լցվում։ Այդ տեղն է եղել մարդկության երկրային դրախտը, աստվածներն այստեղ են իջել երկնային բարձունքներից, մտերմություն արել մարդկանց հետ... Օհ, հրաշալի մարդիկ են ապրել այնտեղ։ Նրանք քնում և արթնանում էին երջանիկ ու միամիտ, մարգագետիններն ու պուրակները զրնգում էին նրանց երգերից և ուրախ կանչերից, ուժերի անսպառ պաշար էր ծախսվում անաղարտ սիրո ու խնդության մեջ։ Արևն էր ողողում նրանց իր ջերմությամբ ու լույսով։ Նրանք հրճվում էին իրենց հրաշագեղ զավակներով։ Հրաշապատում երազ, մարդկության մեծագո՜ւյն մոլորություն։ Ոսկե դա՜ր բոլոր երազանքներից ամենաանհավանականը, հանուն որի, սակայն, մարդիկ տալիս էին իրենց ամբողջ կյանքն ու եռանդը, հանուն որի մարգարեներ էին մեռնում ու սպանվում, առանց որի չեն ուզում ապրել ժողովուրդները և չեն էլ կարող նույնիսկ մեռնել։ Այս զգացողությունն ասես լիովին ապրեցի այն երազում, ժայռերն ու ծովը, մայր մտնող արեգակի շեղճառագայթափնջերը, ամեն-ամեն բան ասես շարունակում էի տեսնել նաև արթնանալուցս հետո, անգամ արտասուքով բառացիորեն հեղեղված աչքերս բաց անելուց հետո։ Հիշում եմ, որ ուրախ էի։ Ինձ համար անհայտ երջանկության զգացում էր թրթռում սրտումս, հրճվագին ցավ պատճառելով. դա համամարդկային սեր էր։ Արդեն լիովին իրիկնամուտ էր, պատուհանի գոգին տեղավորված ծաղկաթփերի սաղարթի միջով շեղ ճառագայթների փունջ էր թափանցում փոքրիկ սենյակը լույսով ողողելով ինձ։ Եվ ահա, բարեկամս, և ահա, իրական էր դարձել եվրոպական մարդկության առաջի՜ն օրվա մայր մտնող արեգակը, որ տեսել էի երազում և այդ ժամին ինձ համար դարձել էր եվրոպական մարդկության վերջի՜ն օրվա մայր մտնող արեգակ։ Այն ժամանակ Եվրոպայի գլխին առանձնահատուկ ուժով էր հնչում ասես ինչ-որ մի հուղարկավորության ղողանջ։ Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ և ոչ էլ միայն Թյուիլրին, առանց այդ էլ գիտեի, որ վաղ թե ուշ ամեն բան կանհետանա, նաև Հին Եվրոպան, բայց ես, որպես ռուս եվրոպացի, չէի կարող նույնիսկ մտովի թույլ տալ այդ բանը։ Այո, նրանք այն ժամանակ դեռ նոր էին հրդեհել Թյուիլրին... Օ՜հ, չանհանգստանաս, ես գիտեի, որ դա «տրամաբանական» էր և շատ լավ եմ հասկանում ընթացիկ գաղափարի անկասելիությունը, բայց որպես ռուս մշակույթի բարձրագույն միտքը կրող, չէի կարող թույլ տալ այդ բանը, քանզի ռուսական բարձրագույն միտքը բոլոր գաղափարների համահաշտեցումն է։ Եվ այն ժամանակ ամբողջ աշխարհում ո՞վ կարող էր հասու լինել այդ մտքին, միայնակ էի իմ որոնումների մեջ։ Առանձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական մտքի։ Այնտեղ տեր ու տնօրեն էին ամբաստանությունն ու տրամաբանությունը. այնտեղ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի էր, գերմանացին՝ ընդամենը միայն գերմանացի և դա առավել ծայրահեղ լարվածությամբ, քան իրենց ամբողջ պատմության ընթացքում է եղել, կնշանակի՝ ֆրանսիացին երբևէ այնքան էլ վնաս չի տվել իր Ֆրանսիային, իսկ գերմանացին էլ՝ իր Գերմանիային, ինչպես հենց այդ ժամանակ։ Այդ ժամանակ Եվրոպայում չկար գեթ մեկ եվրոպացի։ Այն բոլոր նավթավառների կողքին ես միակն էի, որ կարող էի կանգնել իրենց դեմ ու ասել երեսներին, որ Թյուիլրին հրդեհելն իրենց սխալմունքն էր, և այն բոլոր պահպանողական-վրեժխնդիրների մեջ ևս միակն էի, որ կարող էի ասել իրենց՝ պահպանողականներին, թե՝ թեև Թյուիլրին այրելը հանցագործություն է, այդուհանդերձ նաև տրամաբանական է։ Եվ դա այն պատճառով, տղաս, որ այն ժամանակ, որպես ռուս, Եվրոպայում միայն ես էի ''միակ եվրոպացին''։ Անձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական հավաքական մտքի։ Դեգերումների ու որոնումների մեջ էի, բարեկամս, որոնումների և հաստատ գիտեի, որ պետք է լռեմ ու որոնեմ։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Տղաս, չեմ կարող չհարգել իմ ազնվական ծագումը։ Կարծես թե ծիծաղում ես։
 
― Չեմ ծիծաղում,― մրմնջացի՝ հուզված,― բնավ, դուք ցնցեցիք սիրտս ոսկե դարի ձեր տեսիլքով և, հավատացեք, որ սկսում եմ հասկանալ ձեզ։ Բայց առավելապես գոհ եմ այն բանի համար, որ այդպես հարգում եք ինքներդ ձեզ։ Շտապում եմ այդ մասին տեղյակ պահել ձեզ։ Երբևէ չէի սպասի նման բան լսել ձեզնից։
 
― Արդեն ասացի, որ սիրում եմ քո բացականչությունները, սիրելիս,― նորից ժպտաց մանկամիտ բացականչությանս վրա և, ոտքի կանգնելով, սկսեց քայլել սենյակով մեկ, ասես չնկատելով ու չզգալով իր շարժմունքը։ Ես էլ ոտքի ելա։ Նա շարունակում էր խոսել իր տարօրինակ լեզվով, բայց մտքի մեծագույն խորաթափանցությամբ։
 
==== III ====
 
― Այո, տղաս, կրկնում եմ չեմ կարող չհարգել իմ ազնվականությունը։ Դարերի ընթացքում մեզանում ստեղծվել է աշխարհում գոյություն չունեցող քաղաքակիրթ մարդու բարձրագույն տեսակ՝ համամարդկային ցավով տառապող տեսակը։ Այդ տեսակը զուտ ռուսական է, բայց քանի որ ծագում է ռուս ժողովրդի բարձրագույն քաղաքակիրթ շերտից, ապա, ուրեմն, ես այդ տեսակին պատկանելու պատիվն ունեմ։ Դրա մեջ է պահպանվում Ռուսիայի ապագան։ Միգուցե թվով ընդամենը հազարն ենք, միգուցե՝ ավելի շատ կամ քիչ, բայց ամբողջ Ռուսիան առայժմ ապրել է լոկ հանուն այն բանի, որ լույս աշխարհ բերի այդ հազարը։ Կասեն քի՜չ է, կընդվզեն, թե հազար մարդու համար այնքա՜ն դարեր են ծախսվել և այնքա՜ն միլիոն ժողովուրդ։ Ըստ իս՝ քիչ չէ։
 
Լսում էի լարված։ Ինձ մոտ սկսում էր ձևավորվել մի համոզմունք, ամբողջ կյանքի ուղղություն, որը շատ որոշակի էր դառնում այդ «հազար մարդու» շնորհիվ։ Զգում էի, որ նրա խանդավառությունն ինձ է փոխանցվում ինչ-որ արտաքին ցնցումներով։ Այդ ջերմաշունչ խոսքն ասում էր ինձ սիրելով հանդերձ, բայց այդպես խոսել սկսելու պատճառը դեռևս անհայտ էր մնում ինձ համար։
 
― Ես տարագրության մեջ էի, և այստեղ լքածս որևէ բան ափսոսանք չէր հարուցում։ Այստեղ ապրելու ընթացքում ուժերիս ներածին չափ ծառայել էի Ռուսիային. մեկնելուց հետո նույնպես շարունակում էի ծառայել առավել ընդգրկուն գաղափարով։ Եվ այդպես ծառայելով ավելի մեծ ծառայություն էի մատուցում նրան, քան կմատուցեի այն դեպքում, եթե մնայի ընդամենը միայն ռուս, նման այն բանին, որ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի է, գերմանացին ընդամենը միայն գերմանացի։ Եվրոպայում դեռևս չեն հասկանա այս բանը։ Եվրոպան ստեղծել է ֆրանսիացու, անգլիացու, գերմանացու ազնվաբարո տեսակներ, սակայն դեռևս պատկերացում իսկ չունի իր ապագա մարդու մասին։ Եվ երևում է, որ առայժմ ոչ էլ ցանկանում է ունենալ։ Եվ պատճառը հասկանալի է. նրանք ազատ չեն, իսկ մենք ազատ ենք։ Այն ժամանակ ամբողջ Եվրոպայում միակ ազատ մարդն էի իմ ռուսական թախիծով հանդերձ։
 
Բարեկամս, նկատի ունեցիր տարօրինակությունը․ ամեն մի ֆրանսիացի կարող է ծառայել ոչ միայն Ֆրանսիային, այլև՝ մարդկությանը, բայց լոկ այն պայմանով, որ կմնա առավելագույնս ֆրանսիացի, այդպես էլ անգլիացին ու գերմանացին։ Եվ միայն ռուսն է, նույնիսկ մեր օրերում, այսինքն շատ ավելի վաղ, քան կամփոփվի համընդհանուր արդյունքը, որ արդեն ի վիճակի է առավելագույնս ռուս լինել հատկապես այն դեպքում, երբ առավելագույնս եվրոպացի է։ Հենց սա է մեզ և մյուս ազգերին տարբերող առանձնահատկությունը։ Ֆրանսիայում ես ֆրանսիացի եմ, գերմանացու հետ՝ գերմանացի, հին հույնի հետ՝ հույն և հենց դրանով եմ առավելագույնս ռուս։ Այսպիսով, ես իսկական ռուսս, հենց դրանով եմ ծառայում Ռուսիային, քանզի ի ցույց եմ դնում նրա բարձրագույն միտքը։ Ես այդ մտքի պիոներն եմ։ Այն ժամանակ մեկնեցի որպես տարագիր, բայց մի՞թե լքեցի Ռուսիան։ Ոչ, շարունակում էի ծառայել նրան։ Թեկուզ ոչինչ չանեի Եվրոպայում, թեկուզ սոսկ որոնումների համար լինեի մեկնած (համ էլ գիտեի, որ սոսկ որոնումների համար եմ մեկնում), դարձյալ բավական էր և այն, որ մեկնում էի իմ մտքի և գիտակցության մղումով։ Ես հետս տարա իմ ռուսական թախիծը։ Օ՛հ, այն ժամանակ լոկ թափվող արյունը չէր ինձ այնպես վախեցրել և ոչ էլ նույնիսկ Թյուիլրին, այլ՝ այն ամենը, ինչը հետևելու էր դրանց։ Նրանք դատապարտված են դեռևս երկար կռվելու, քանի որ դեռևս չափից ավելի ֆրանսիացի ու չափից ավելի գերմանացի են և դեռ չեն ավարտել իրենց անելիքն այդ դերերում։ Իսկ մինչ այդ ափսոսում եմ, որ ավերածություն է կատարվում։ Ռուսի համար Եվրոպան նույնքան թանկ է, որքան Ոուսիան. այնտեղի ամեն մի քարը թանկ ու սիրելի է մեր սրտի համար։ Եվրոպան ևս Ռուսիայի պես հայրենիք է եղել մեզ համար։ Օ՜հ, նույնիսկ առավել։ Հնարավոր չէ ինձնից ավելի սիրել Ռուսիան, բայց երբևէ չեմ նախատել ինձ այն բանի համար, որ Վենետիկը, Հռոմը, նրանց գիտությունների և արվեստների գանձերն ու ամբողջ պատմությունն ավելի սիրելի են, քան Ռուսիան։ Օ՛հ, ռուսների համար թանկ են օտարների այդ հնադարյան քարերը, Աստծո արարած հին աշխարհի այդ հրաշալիքները, սուրբ հրաշագործությունների բեկորները, դրանք մեզ համար ավելի թանկ են, քան իրենց համար։ Նրանք այժմ տարված են ուրիշ մտքերով և ուրիշ զգացմունքներով, և այդ հնօրյա քարերն այլևս թանկ չեն նրանց համար... Պահպանողականն այնտեղ պայքարում է լոկ իր գոյությունը պահպանելու համար, նավթավառն էլ մի կտոր հաց ունենալու իրավունքի համար է իրեն գցում դեսուդեն, լոկ Ռուսիան է, որ ապրում է ոչ միայն հանուն իր գոյության, այլև հանուն մտքի և, համաձայնիր, բարեկամս, նշանակալից է այն փաստը, որ արդեն մեկ հազարամյակ է, ինչ Ռուսիան ապրում է բացարձակապես ոչ իր համար, այլ միմիայն Եվրոպայի։ Իսկ նրա՞նք։ Օ հ, նրանք դատապարտված են այն բանին, որ ավելի շուտ ահեղ չարչարանաց հուրը կընկնեն, քան թե երկնային արքայություն։
 
Խոստովանեմ, որ լսում էի մեծագույն տարակուսանքով, նույնիսկ իր խոսելակերպից էի վախենում, թեև չէի կարող ցնցված չլինել արտահայտած մտքերից։ Հիվանդագին վախ ունեի խաբված լինելու կեղծիքից։ Եվ հանկարծ խստորեն դիտողություն արեցի.
 
― Ասացիք հենց նոր՝ «երկնային արքայություն»։ Լսել էի, որ այնտեղ զբաղվել եք Աստծո քարոզչությա՞մբ, ճգնավորի քուրձ ու կապա՞նք կրել։
 
― Ձեռ քաշիր իմ կապանքից,― ժպտաց,― դա բոլորովին այլ բան է։ Այն ժամանակ դեռ չէի քարոզում, բայց նրանց Աստծու կարոտն էի քաշում, սա ճիշտ է։ Այն ժամանակ նրանք աթեիզմ էին հռչակել, այսինքն՝ անաստվածություն, և հռչակել էր նրանցից ընդամենը մի խումբ, բայց դա նշանակություն չուներ, դրանք պարզապես առաջին հեծյալներն էին, և դա դեպի իրականացումը տանող առաջին քայլն էր, և դա էր կարևորը։ Այդ դեպքում ևս դարձյալ մեջտեղ էր եկել նրանց տրամաբանությունը, բայց ամբողջ ձանձրույթն էլ հենց տրամաբանության մեջ է լինում միշտ։ Իմ անձնավորությամբ այլ քաղաքակրթություն էի ներկայացնում, և սիրտս չէր ընդունում նրանց հայեցակետը։ Դա տեղով ապերախտություն էր իրենց իսկ փայփայած գաղափարի հանդեպ, տանել չէի կարող նրանց սուլոցներն ու իրենց իսկ սրբության վրա նետած ցեխակտորները։ Ինձ խրտնեցնում էր նրանց երթի փինաչիությունը։ Ինչևէ, իրականությունը ի պատասխան այդպիսի երթերի, միշտ էլ սապոգն է բարձրացնում նույնիսկ, նույնիսկ դեպի կատարելությունն ուղղված ամենապայծառ ձգտումի դեպքում, և ես պետք է որ անպայման իմանայի այդ բանը, բայց, այդուհանդերձ, այլ տեսակի էի պատկանում, ազատ էի ընտրություն կատարելու հարցում, իսկ իրենք ոչ, և ես ողբում էի, իրենց վիճակն էի ողբում, վաղեմի գաղափարը և միգուցե իսկական արցունք էլ էի թափում առանց այլևայլ վերամբարձ խոսքերի։
 
― Այդքան ուժգի՞ն էիք հավատում Աստծուն,― հարցրեցի թերահավատ։
 
― Բարեկամս, այդ հարցը երևի ավելորդ է։ Ասենք թե այնքան էլ չէի հավատում, այդուհանդերձ, չէի կարող չթախծել հավատի գաղափարի կորստյան համար։ ժամանակ առ ժամանակ պատկերացնել իսկ չէի կարողանում, թե մարդն ինչպե՞ս կարող է ապրել առանց Աստծու և երբևէ հնարավո՞ր է, արդյոք, նման բան։ Սիրտս միշտ էլ վճռականորեն պնդում էր, որ անհնարին է, բայց մի որոշ ժամանակ, միգուցե, հնարավոր լինի... Կասկած իսկ չունեմ, որ երբևէ վրա կհասնի անաստվածության մի այդպիսի ժամանակահատված, բայց նման դեպքում միշտ էլ պատկերացրել եմ մի այլ տեսարան...
 
― Ինչպիսի՞։
 
Ճիշտ է, նա դեռևս դրանից առաջ էր հայտնել, թե երջանիկ է, և նրա խոսքի մեջ, անկասկած, շատ մեծ խանդավառություն կար, ու որպես այդպիսին էլ ընդունում եմ նրա ասածի մեծ մասը։ Ելնելով իր հանդեպ տածածս հարգանքից, անշուշտ, այժմ էլ չեմ համարձակվի թղթին հանձնել այն ամենը, ինչի մասին խոսում էինք, բայց նրա խոսքից կորզածս այն արտասովոր տեսարանի մի քանի պատառիկներ կմեջբերեմ այստեղ։ Կարևորն այն է, որ նախկինում ևս ինձ միշտ մտատանջում էր այդ «քուրձ ու կապանքը» և մշտապես ճգնում էի ըմբռնել դրա իմաստը, այդ պատճառով էլ հարցախեղդ էի անում։ Սրտումս ընդմիշտ տպավորվել են մի քանի ցնորական և անչափ արտառոց մտքեր, որ նա արտահայտում էր այն ժամանակ։
 
― Սիրելիդ իմ,― սկսեց մտասույզ ժպիտով,― պատկերացնում եմ, երբ կռիվն արդեն վերջացել է և պայքարը ննջել։ Անեծքներից, սուլոցներից ու ցեխի կտորներից հետո լռություն է տիրել, և մարդիկ մնացել են ''մենակ'' ինչպես որ ցանկանում էին. երբեմնի մեծ գաղափարը լքել է նրանց, ուժի և զորության մեծագույն ակունքը, որ մինչ այդ սնել ու ջերմացրել է նրանց, հեռանում է, մայր մտնում, ինչպես այն վեհաշուք ու կանչող արեգակը Կլոդ Լորենսի կտավում, թեև այդ կտավում ասես մարդկության վերջին օրն է մարում։ Եվ ահա, մարդիկ հանկարծ հասկացել են այնտեղ (Եվրոպայում), որ իրենք լիովին մենակ են մնացել և միանգամից մեծագույն որբություն են զգում։ Տղաս, սիրելիս, երբևէ չէի կարողացել պատկերացնել մարդկանց այդքան ապերախտ ու հիմարացած։ Որբացած մարդիկ պիտի որ անմիջապես մոտենան իրար, հպվեն միմյանց խտանան, առավել սիրելով մեկմեկու, պիտի ափ ափի տան, հասկանալով, որ իրենցից բացի այլևս ոչ ոք չունեն։ Պիտի որ անհետանար անմահության մեծ գաղափարը և պիտի որ հարկադրաբար փոխարինող գտնվեր դրան և անմահության հանդեպ սիրո երբեմնի անսպառ պաշարը բոլորի մոտ պիտի որ ուղղվեր դեպի բնությունը, աշխարհը, դեպի մարդիկ, դեպի խոտի ամեն մի շյուղը։ Մարդիկ պիտի որ անզսպորեն սիրահարվեին հողին ու կյանքին այն չափով, ինչ չափով որ աստիճանաբար պիտի գիտակցեին իրենց անցողիկությունը և վերջ ունենալը։ Պիտի որ սկսեին նկատել բնության մեջ ու բացահայտել այնպիսի երևույթներ ու առեղծվածներ, որպիսիք չէին էլ պատկերացնում առաջ, քանզի բնությանը պիտի նայեին նորովի՝ սիրուհու վրա սիրեցյալի ուղղած հայացքով։ Արթնանալուն պես նրանք պիտի որ շտապեին համբուրելու միմյանց, շտապեին սիրելու իրար, գիտակցելով, որ իրենց օրերը կարճ են, և այդ սերն է միակ բանը, որ մնալու է իրենց։ Պիտի որ աշխատեին և յուրաքանչյուրը պիտի որ իր ունեցած-չունեցածը տար ամենքին ու միայն դրանով լիներ երջանիկ։ Ամեն մի երեխա պիտի որ իմանար ու զգար, որ երկրագնդի երեսին գոյություն ունեցող ամեն ոք հայր ու մայր է իր համար, քույր ու եղբայր։ Ամեն ոք պիտի որ մտածեր. «Թող թեկուզ վաղվա օրը լինի իմ վերջին օրը, այնուամենայնիվ, իմ մեռնելուց հետո կմնան մյուսները, իսկ նրանցից հետո իրենց երեխաները»,― և այն միտքը, որ մնացողները ևս իրենց պես կսիրեն միմյանց ու կդողան մեկմեկու համար, պիտի որ փոխարինելու գար անդրշիրիմյան աշխարհում կրկին հանդիպելու հույսով մխիթարող նախկին գաղափարին։ Օհ, նրանք պիտի որ շտապեին սիրելու մեկմեկու և դրանով խլացնեին իրենց սրտում բույն դնող անցողիկության մեծագույն տրտմությունը։ Պիտի որ ապրեին հպարտ ու անվախ, բայց մեկմեկու հանդեպ լինեին հեզ ու խոնարհ, դողային ամեն մեկի կյանքի ու երջանկության համար։ Պիտի որ նուրբ ու քնքուշ դառնային իրար հանդեպ ու չամաչեին երեխաների պես միմյանց փաղաքշելուց, ինչպես որ ամաչում են այժմ։ Հանդիպելիս պիտի որ միմյանց նայեին խորունկ ու իմաստալի հայացքներով, և այդ հայացքներում պիտի որ սեր լիներ ու կարոտ...
 
― Սիրելիդ իմ,― խոսքն ընդհատեց հանկարծ, ժպտալով,― այդ ամենը ցնորք է, նույնիսկ ամենաանհավանական ցնորքը, բայց չափից ավելի հաճախակի եմ երևակայությամբ ստեղծել ինձ համար մի այդպիսի ցնորք, քանզի ամբողջ կյանքիս ընթացքում անկարող կլինեի ապրել առանց դրա և չմտածել այդ մասին։ Խոսքս չի վերաբերում իմ հավատքին, հավատքն իմ մեծ չէ, ես դեիստ եմ, փիլիսոփայող դեիստ, ինչպես մեր ամբողջ հազարը, այդպես է թվում ինձ, բայց... բայց նշանակալին այն է, որ պատկերացրածս տեսարանը միշտ ավարտում էի տեսիլքով ինչպես Հայնեի «Քրիստոսը Բալթիկ ծովի վրա»։ Չէի կարող յոլա գնալ առանց Քրիստոսի, վերջապես չէի կարող չերևակայել Նրան որբացած մարդկության մեջ։ Նա գալիս էր դեպի մարդիկ, գիրկը բաց անում նրանց առջև և ասում. «Ինչպե՞ս էիք կարողանում մոռանալ ձեր Տիրոջը»։ Եվ այդ պահին քողն ասես ընկնում էր բոլորի աչքերից, և ասես լսելի էր դառնում մեծն հիացումի հիմնը առ Հարությունն նորագույնս ու վերջինս...
 
Թողնենք սա, բարեկամս, իսկ իմ «քուրձն ու կապանքը» դատարկաբանություն է. չանհանգստանաս դրա համար։ Եվ հետո ահա թե ինչ. գիտես, որ լեզվից խեղճ եմ ու զգույշ, և եթե այժմ խոսքով ընկա, ապա դա... այլևայլ ապրումների և մեկ էլ այն պատճառով, որ քեզ հետ եմ խոսում, ուրիշ որևէ մեկի մոտ չէի տարվի այսպես։ Սա ավելացնում եմ քեզ հանգստացնելու համար։
 
Սակայն ես նույնիսկ երախտապարտ եմ. չկար ակնկալածս խաբեությունը, որից վախենում էի, և ես առանձնապես ուրախ էի այն բանի համար, որ արդեն պարզ դարձավ իր կարոտելն ու տառապելը, իսկապես և անկասկած սիրելը, և դա ամեն բանից թանկ էր ինձ համար։ Եվ ինքնամոռացի պես հայտնեցի իրեն այդ զգացումիս մասին։
 
― Բայց գիտե՞ք,― ավելացրի անսպասելիորեն,― այնուամենայնիվ, ինձ թվում է, թե ձեր ամբողջ թախիծով հանդերձ պիտի որ անչափ երջանիկ լինեիք այն ժամանակ։
 
Ծիծաղեց զվարթ։
 
― Դիտողություններդ առանձնապես դիպուկ են այսօր,― ասաց։― Այո, երջանիկ էի և մի՞թե կարող էի ապերջանիկ լինել այնպիսի թախիծով հանդերձ։ Սեր հազարից ավելի երջանիկ եվրոպական տարագիր ռուս գոյություն չունի։ Իրավ, առանց հեգնանքի եմ ասում այս բանը և դրանում շատ լուրջ բան կա։ Եվ իմ թախծին փոխարինող որևէ երջանկություն չէի ընդունի։ Այս իմաստով միշտ էլ երջանիկ եմ եղել ամբողջ կյանքումս, սիրելիդ իմ։ Եվ երջանկությունից էր, որ այն ժամանակ սիրեցի մորդ կյանքումս առաջին անգամվա սիրով։
 
― Ինչպե՞ս թե առաջին անգամվա։
 
― Հենց այդպես։ Դեգերելիս ու թախծելիս հանկարծ սիրեցի նրան, ինչպես չէի սիրել երբևէ որևէ մեկի, և մարդ ուղարկեցի, որ մոտս բերի մորդ։
 
― Օ՛հ, պատմեք այդ մասին, պատմեք մորս մասին։
 
― Հենց դրա համար եմ կանչել քեզ և գիտե՞ս,― ժպտաց զվարթ,― վախենում էի, թե հանուն Գերցենի կամ էլ հանուն ինչ-որ չնչին դավադրության ես ներել ինձ այն, որ ցավ եմ պատճառել մորդ...
 
=== Գլուխ ութերորդ ===
 
==== I ====
 
Քանի որ այդ ժամանակ խոսքով ընկանք և ամբողջ երեկո նստած մնացինք մինչև գիշեր, ապա չեմ մեջբերում ամբողջ զրույցը, այլ՝ լոկ այն, ինչը վերջապես հասանելի դարձրեց ինձ համար նրա կյանքի խորհրդավոր կողմերից մեկը։
 
Սկսեմ այն բանից, որ կասկած չունեմ մորս հանդեպ նրա սիրո հարցում, և եթե մեկնելուց առաջ «բաժանվել» էր ու լքել նրան, ապա, անշուշտ, այն պատճառով, որ չափից ավելի էր ընկած եղել թախծի ու դրա նման մի բանի մեջ, որպիսի բան, ի դեպ, ում հետ ասես որ չի պատահում աշխարհի երեսին, և ինչը բացատրելը դժվար է։ Ինչևէ, արտասահմանում բավականին երկար մնալուց հետո հանկարծ հեռակա կարգով նորից է սիրել մորս, այսինքն՝ մտովի, և մարդ է ուղարկել նրան բերելու համար։ Հավանաբար կասեն՝ «խելառությունն է բռնել», բայց ես ուրիշ բան կասեմ. ըստ իս նրա այդ արարքի մեջ եղել է այն ամենայն լրջությունը, որ կարող է լինել մարդկային կյանքում՝ չնայած անթաքույց ինքնաձաղկմանը, ինչը, թերևս, հնարավոր եմ համարում մասամբ։ Սակայն երդվում եմ, որ նրա եվրոպական թախիծը համարում եմ կասկածից դուրս և ոչ թե հավասար եմ դասում երկաթուղագծերի կառուցմանն ուղղված ժամանակակից որևէ կոնկրետ գործունեության հետ, այլ անհամեմատ ավելի բարձր։ Նրա սերը մարդկության հանդեպ, առանց այլևայլ աճպարարության, համարում եմ ամենաանկեղծ և ամենախորունկ զգացմունքը, իսկ նրա սերը մորս հանդեպ ինչ-որ անկասելի, միգուցե նաև ինչ-որ չափով ցնորական զգացմունք։ Արտասահմանում, «թախծի ու երջանկության» խառնարանում և, ավելացնեմ, խստագույն ճգնավորական մենության մեջ (այդ յուրահատուկ տեղեկությունը հետագայում ստացա Տատյանա Պավլովնայից) հանկարծ հիշել է մորս, հատկապես նրա «թալկած այտերը» և անհապաղ մարդ ուղարկել, որ նրան բերեն իր մոտ։
 
― Բարեկամս,― պոռթկաց,― հանկարծ գիտակցեցի, որ գաղափարին ծառայելս բնավ չի ազատում ինձ, որպես գիտակից-բարոյական էակի, կյանքիս ընթացքում գեթ մի մարդու գործնականում երջանիկ դարձնելու պարտքից։
 
― Մի՞թե պատճառը եղել է մի այդպիսի գրքային միտք,― հարցրի տարակուսանքով։
 
― Դա գրքային միտք չէ։ Բայց գուցեև այդպե՞ս է։ Սակայն ամեն բան այստեղ միաձուլված է. չէ՞ որ ես անկեղծորեն էի սիրում մորդ և ոչ թե՝ գրքային սիրով։ Եթե չսիրեի ասածիս պես, չէի տանի մոտս, այլ «կերջանկացնեի» պատահաբար հանդիպած մի գերմանուհու կամ գերմանացու, եթե արդեն մտահղացած չլինեի նման մի գաղափար։ Իսկ կյանքում գեթ մի արարածի ինչ-որ բանով անպայման և իրականում երջանկացնելու պարտավորությունը կպատգամեի ամեն մի զարգացած մարդու, ճիշտ այնպես, ինչպես գրել կտայի օրենքում կամ ամեն մի մուժիկի պարտավորությունը կհամարեի, որ իր կյանքում գեթ մի հատիկ ծառ տնկի՝ Ռուսիան անտառազրկումից փրկելու համար, ի դեպ, մի ծառը քիչ է. կարելի է հրաման արձակել, որ տարեկան մեկական ծառ տնկի յուրաքանչյուրը։ Բարձրագույն և զարգացած մարդը, հետևելով բարձրագույն մտքին, երբեմն լիովին կտրվում է առօրյայից, դառնում ծիծաղելի, քմահաճ ու սառը, ավելի պարզ ասեմ քեզ նույնիսկ տխմար ոչ միայն առօրյա կյանքում, այլև, ի վերջո, իր տեսություններում։ Այսպիսով՝ առօրյա կյանքով զբաղվելու և գեթ մի արարածի իսկապես երջանկացնելու պարտավորությունը կկարգավորեր ամեն բան և կյանքի թարմ լիցք կտար բարերարին։ Որպես տեսություն, դա շատ ծիծաղելի է, բայց եթե ընդունվեր առօրյայում ու դառնար սովորույթ, ապա բնավ չէր թվա տխմարություն։ Ինքս իմ վրա եմ զգացել այդ բանը, դեռ նոր էի սկսում զարգացնել նորագույն կտակարանիս վերաբերյալ գաղափարը և սկզբում, ինչ խոսք, կատակով, երբ հանկարծ ամբողջ ուժգնությամբ զգացի մորդ հանդեպ իմ մեջ թաքնված սերը։ Մինչ այդ բնավ չէի գիտակցում, թե սիրում եմ նրան։ Քանի դեռ ապրում էինք իրար հետ, նա լոկ սփոփանք էր ինձ համար, քանի դեռ սիրունատես էր, իսկ հետո կամակորում էի։ Միայն Գերմանիայում եղածս ժամանակ հասկացա հանկարծ, որ սիրում եմ մորդ։ Սկսվեց նրա թալկած այտերից, որոնք չէի կարողանում հիշել առանց սրտի ցավի, երբեմն էլ նույնիսկ մտաբերել առանց ցավի։ Բառացիորեն իսկական, ֆիզիկական ցավի։ Սիրելիդ իմ, կան հիվանդագին հուշեր, որ իսկական ցավ են պատճառում. ամեն մեկս ունի նման հուշեր, սակայն մարդիկ մոռանում են դրանք, իսկ հետո, երբ պատահաբար վերհիշում են դրանց ինչ-որ պատառիկն անգամ, այլևս կտրվել չեն կարողանում դրանից։ Ես սկսեցի վերհիշել Սոնյայի հետ ապրածս կյանքի հազարավոր մանրամասներ. ի վերջո դրանք իրենք իրենց էին մտաբերվում ու վրա տալիս խումբ-խումբ ու քիչ մնաց, որ տանջահար անեն ինձ, քանի դեռ սպասում էի մորդ գալուն։ Ամենից ավելի տանջվում էի իմ առջև իր նվաստանալը հիշելիս և մեկ էլ այն մտքից, որ նա շարունակ իրեն ցած էր դասում ինձնից բոլոր հարաբերություններում, պատկերացրու, անգամ ֆիզիկական առումով։ Նա ամաչում էր ու կարմրում, երբ նայում էի իր ափերին ու մատներին, որոնք բնավ արիստոկրատական չեն։ Եվ ոչ միայն իր մատներից ու ափերից, իր ամեն ինչից էր ամաչում, թեև ես սիրում էի իր գեղեցկությունը։ Միշտ էլ վայրենության աստիճանի ամաչկոտ էր իմ ներկայությամբ, բայց վատն այն էր, որ այդ ամաչկոտության մեջ մշտապես ինչ-որ վախ էր ի հայտ գալիս։ Մի խոսքով, իմ համեմատությամբ իրեն համարում էր ոչնչության պես մի բան կամ նույնիսկ՝ այնպիսի արարած, որի ներկայությունն իսկ իմ կողքին անվայելուչ է։ Ճիշտն ասած, սկզբնական շրջանում կարծում էի, թե նա դեռևս իր տերն է համարում ինձ (ճորտատերը), և դա է իր մշտական երկյուղի պատճառը, բայց բնավ այդպես չէր իրողությունը։ Այդուհանդերձ, երդվում եմ, նա ի վիճակի է առավել, քան մեկ ուրիշը, հասկանալու իմ թերությունները, և հետո, կյանքումս հանդիպած չկամ այդպիսի զգայուն սիրտ ու կռահող միտք ունեցող մեկ այլ կնոջ։ Օ՛հ, որքան դժբախտ էր նա այն ժամանակ, երբ պահանջեցի, որ զուգվի-զարդարվի, թեև առանց դրա էլ շատ սիրունատես էր։ Այդ պահին նրա և ինքնասիրությունն էր գլուխ բարձրացնում, և էլի ինչ-որ վիրավորված զգացում. հասկանում էր, որ երբևէ չի դառնա տիրուհի, որ լոկ ծիծաղելի կերևա ուրիշի զգեստի մեջ։ Որպես կին չէր ուզում ծիծաղելի երևալ հագուստ-կապուստով և հասկանում էր, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա իր հագուստ-կապուստը, մի բան, որ երբևէ չեն հասկանա հարյուրավոր ու հարյուր հազարավոր կանայք, ում ուզածը միմիայն մոդայով հագնվելն է։ Նա վախենում էր, որ կարող է ծաղր առաջացնել իմ հայացքում. ահա թե ինչումն էր բանը։ Իսկ ավելի հաճախ ու առավել տխրությամբ վերհիշում էի նրա խորապես զարմացած հայացքները, որպիսիք հաճախ էի որսացել ինձ վրա միասին ապրելու ընթացքում, դրանցում արտահայտվում էր իր ճակատագրի ու գալիքի անթերի գիտակցումը, այնպես որ նույնիսկ նեղվում էի այդ հայացքներից, թեև, խոստովանեմ, նման դեպքերում խոսակցություն չէի սկսում իր հետ և նկատածս անտեսում էի իմ բարձունքից։ Բայց, գիտե՞ս, ախր ոչ միշտ է նա եղել այդպես վախվորած ու վայրենի, ինչպես այժմ, այժմ էլ է պատահում, որ ուրախանալիս սիրունատես է դառնում, ինչպես քսան տարեկանում էր, իսկ այն ժամանակ իր ջահելության մղումով երբեմն շատ էր սիրում խոսել դեսից-դենից ու ծիծաղել, ինչ խոսք, միմիայն յուրայինների՝ ճորտ աղջիկների և այլ կենվորուհիների շրջանում, և ինչպե՜ս էր ցնցվում, երբ անսպասելիորեն բռնացնում էի ծիծաղելիս, ի՜նչ արագ էր կարմրում և ինչ ահով էր նայում ինձ։ Մի անգամ էլ, արտասահման մեկնելուցս ոչ շատ առաջ, այսինքն համարյա թե իրենից բաժանվելուս նախօրյակին, մտա իր սենյակը և իրեն բռնացրի այնտեղ առանց որևէ զբաղմունքի, սեղանի մոտ նստած, արմունկով դրան հենված ու մտքերի մեջ խորասուզված։ Համարյա թե չէր պատահել, որ այդպես անգործ նստեր երբևէ։ Այդ ժամանակ արդեն վաղուց էի վերջ տվել իրեն փաղաքշելուն։ Ինձ հաջողվեց մոտենալ շատ կամացուկ, ոտնաթաթերիս վրա և անսպասելիորեն գրկել ու համբուրել նրան... Ոտքի թռավ, և բնավ չեմ մոռանա նրա հայացքում բռնկվող ցնծությունը, երջանկությունը և դրանք հանկարծ լիովին փոխարինվեցին ակնթարթորեն վրա տված կարմրությամբ, և նրա աչքերը փայլատակեցին։ Գիտե՞ս, թե ինչ կարդացի այդ հայացքում։ «Տվածդ ընդամենը ողորմությո՜ւն է»։ Լաց եղավ հիստերիայով բռնվածի պես, պատճառ բռնելով, թե իբր վախեցրի իրեն, և ես նույնպես տարվեցի մտքերով։ Առհասարակ այսպիսի հուշերը շատ ծանր են, բարեկամս։ Դա նույնն է, ինչպես որ մեծ արվեստագետների պոեմներում են պատահում հիվանդագին տեսարաններ, որոնք հետագա ամբողջ կյանքի ընթացքում ցավով են հիշվում, զորօրինակ Շեքսպիրի Օթելլոյի վերջին մենախոսությունը, կամ ծնկաչոք Եվգենին Տատյանայի առջև, կամ Վիկտոր Հյուգոյի «Miserables» փախստական տաժանակրի հանդիպումը փոքրիկ աղջնակի հետ՝ ջրհորի մոտ. այդ բանը մեկընդմիշտ է թափանցում սրտի մեջ ու հարատև վերք դառնում այնտեղ։ Օ՛հ, ինչպե՜ս էի սպասում Սոնյային և ինչպե՜ս էի ուզում հնարավորին չափ շուտ գրկել նրան։
 
Տենդագին անհամբերությամբ մտորում էի կյանքս նորացնելու ծրագրի մասին, երազում էի աստիճանաբար, խիստ հետևողական ջանադրությամբ նրա հոգուց արմատախիլ անել երկյուղը իմ հանդեպ, բացատրել իր արժեքը և այն ամենը, ինչով ինքը նույնիսկ բարձր է ինձնից։ Օ՛հ. դեռևս այն ժամանակ էլ շատ լավ գիտեի, որ մորդ սիրել էի սկսում լոկ այն ժամանակ, երբ բաժանվում էինք, և միշտ էլ անսպասելիորեն սառչում էի իր հանդեպ, երբ նորից էինք միացած լինում, սակայն հիշյալ դեպքում պատճառն ուրիշ էր. ժամանակն էլ էր ուրիշ։
 
Զարմացած էի. «Իսկ ''մյո՞ւս կինը''»,― անցավ մտքովս։
 
― Եվ այն ժամանակ ինչպե՞ս հանդիպեցիք մորս հետ,― հարցրի զգուշորեն։
 
― Այն ժամանա՞կ։ Բոլորովին էլ չենք հանդիպել այն ժամանակ։ Նա հազիվ մինչև Քյոնիքսբերգ էր հասել ու այնտեղ էլ մնացել էր, իսկ ես Ռեյնում էի։ Չմեկնեցի իր մոտ. պատվիրեցի, որ մնա այնտեղ ու սպասի։ Տեսնվեցինք շատ ավելի ուշ, այն ժամանակ, երբ մեկնեցի իր մոտ, որ ամուսնանալու թույլտվություն խնդրեմ...
 
==== II ====
 
Այստեղ արդեն կհայտնեմ բանի էությունը, այսինքն` լոկ այն, ինչը կարողացել եմ յուրացնել, համ էլ նա սկսել էր անկապ-անկապ հայտնել այդ մասին։ Նրա խոսքը հանկարծ տասնապատիկ ավելի անկապ դարձավ, երբ հասավ այդ տեղին։
 
Նա Կատերինա Նիկոլաևնային հանդիպել էր անսպասելիորեն, հենց այն պահին, երբ սպասում էր մորս, սպասումի ամենաանհամբեր պահին։ Նրանք բոլորն էլ այն ժամանակ Ռեյնում էին և բոլորն էլ բուժվում էին հանքային ջրերում։ Կատերինա Նիկոլաևնայի ամուսինը համարյա թե մեռնում էր արդեն, համենայն դեպս, արդեն դատապարտված էր բժիշկների կանխատեսմամբ։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շշմեցրել էր նրան, ասես կախարդել ինչ-որ բանով։ Դա ճակատագիր էր։ Կարևորն այն է, որ վերհիշելով ու գրի առնելով այժմ, չեմ հիշում «սեր» բառը և մեկ էլ այն, թե Վերսիլովը «սիրահարված» է եղել։ Հիշում եմ «ճակատագիր» բառը։
 
Եվ դա, անշուշտ, ճակատագրի բերումով էր եղել։ Վերսիլովը ''չէր ցանկացել'' այդպիսի հանդիպում, «չէր ցանկացել սիրել»։ Չգիտեմ՝ կկարողանա՞մ հստակ շարադրել այդ բանը, նրա հոգին, սակայն, վրդովված էր, որ իր հետ կարող էր նման բան պատահել։ Ասել է թե այն ամենը, ինչը որ ազատ էր նրա մեջ, միանգամից ոչնչացել էր ի դեմս այդ հանդիպման, և նա առհավետ գամվել էր մի կնոջ, ով ոչ մի առնչություն չէր ունեցել իր հետ։ Նա չէր ցանկանում կրքի պարտագրած այդ ստրկությունը։ Այժմ ուղղակի ասեմ Կատերինա Նիկոլաևնան բարձրաշխարհիկ կնոջ հազվադեպ նմուշ է, որպիսին այդ հասարակության մեջ միգուցե բոլորովին չի լինում։ Նա վերին աստիճանի հասարակ և ուղղամիտ կնոջ նմուշ է։ Լսել եմ, ավելի ճիշտ հաստատ գիտեմ, որ այդ կինը հենց այն դեպքում էր անկասելի լինում, երբ հայտնվում էր այդ հասարակության մեջ (հաճախ էլ լիովին դուրս էր գալիս այդ պատյանից)։ Պարզ է, որ Վերսիլովը առաջին իսկ հանդիպման ժամանակ չէր հավատացել, թե այդ կինը հենց այդպիսին է. հավատացել էր հակառակ պատկերացմանը, որ այդ կինը ձևացող է ու ճիզվիտ։ Առաջ անցնելով մեջբերեմ Կատերինա Նիկոլաևնայի կարծիքը նրա մասին, նա պնդում էր, որ Վերսիլովը չէր էլ կարող նրա մասին մտածել այլ կերպ, «քանի որ իդեալիստը, ճակատը խփելով իրականությանը, միշտ և ամենից առաջ հակված է ենթադրելու ամենայն աղտեղություն»։ Չգիտեմ՝ արդարացի է նման կարծիքն իդեալիստների վերաբերյալ, թե ոչ, բայց Վերսիլովի վերաբերյալ արդարացի էր։ Թերևս այստեղ միջանկյալ կարգով գրի առնեմ նաև իմ կարծիքը, որ անցել է մտքովս Վերսիլովին ունկնդրելիս. մտքովս անցավ, թե նա մորս ավելի շուտ սիրել է այսպես ասած հումանիստական ու համամարդկային, քան թե սովորական սիրով, որով առհասարակ սիրում են կանանց և, հազիվհազ հանդիպած մի կնոջ սիրել է այդ սովորական սիրով ու տեղնուտեղն էլ չի ցանկացել նման սեր. ամենից հավանական պատճառը երևի անսովորությունն է եղել։ Ինչևէ, գուցե սա ճշմարիտ կարծիք չէ. այդպիսի կարծիք, ինչ խոսք, չեմ հայտնել Վերսիլովին։ Դա աննրբանկատություն կլիներ, համ էլ, երդվում եմ, նա այնպիսի վիճակում էր, որ հարկավոր էր խնայել նրան, հուզված էր, պատմելիս երբեմն ընդհատում էր խոսքը և լռում մի քանի րոպե, քայլելով սենյակում՝ հայացքում ինչ-որ մի չարագուշակ արտահայտություն։
 
Այն ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շատ արագ էր թափանցել նրա գաղտնիքի մեջ։ Օ՛հ, գուցե թե հենց այդ նպատակով էր սկսել կոտրատվել Վերսիլովի մոտ. նման դեպքերում նույնիսկ ամենապայծառ կանայք են դինում ստորության, և դա անում են իրենց անհաղթահարելի բնազդով։ Նրանց միջև ամեն բան վերջացել էր դաժանացնող բաժանումով, և Վերսիլովը կարծես թե ուզել էր սպանել այդ կնոջը, ահաբեկել էր ու երևի թե կսպաներ, «բայց ամեն բան հանկարծ փոխվել էր ատելության»։ Հետո սկսվել էր մի արտասովոր շրջան. Վերսիլովը հանկարծ համակվել էր մի արտասովոր մտքով, պետք է իրեն տանջեր խստակյացությամբ, «այն խստակյացությամբ, որ կիրառում են մենակյացները, դու խստագույն ապրելակերպով աստիճանաբար հաղթահարում ես ցանկություններդ, սկսելով ամենամանր ու ծիծաղելի բաներից, ավարտելով կամքիդ լիակատար տիրապետումով և դառնում ես ազատ»։ Նա ավելացրեց, որ մենակյացների մոտ այդ դրվածքը միանգամայն լուրջ է, քանզի հազարամյա փորձությամբ հասցվել է գիտության աստիճանի։ Բայց ամենանշանակալին այն է, որ «խստակյացության» գաղափարով այն ժամանակ տարվել էր ոչ այն բանի համար, որ ազատվի Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ ունեցած կրքից, այլ ամենալիագույն համոզվածության թելադրանքով, թե ինքը ոչ միայն այլևս չի սիրում այդ կնոջը, այլև նույնիսկ ատում է վերին աստիճանի։ Այնպես էր հավատացել այդ կնոջ հանդեպ իր կարծեցյալ ատելությանը, որ հանկարծ նույնիսկ մտադրվել էր սիրահարված երևալ նրա խորթ քույրիկի վրա և ամուսնանալ վերջինիս հետ, ում խաբել էր իշխան Սերգեյ Պետրովիչը։ Եվ Վերսիլովը անկասելիորեն սիրահարեցրել էր իրեն, լիովին համոզելով այն խեղճ ապուշիկին ու նրա կյանքի վերջին ամիսները շռայլ երջանկությամբ ողողելով իր սիրով։ Հապա ինչո՞ւ Վերսիլովն այդ ժամանակ այդ հիվանդ կնոջ փոխարեն չհիշեց մորս, որ շարունակ սպասում էր Քյոնիքսբերգում. ինձ համար մութ է մնացել այս հարցը... Մորս նա մոռացել էր անսպասելիորեն ու լիովին, նույնիսկ ապրելու փող չէր ուղարկել նրան, այնպես որ մորս այն ժամանակ փրկել էր Տատյանա Պավլովնան, և այդքան բանից հետո նույն մարդը հանկարծ վեր էր կացել ու գնացել մորս մոտ «խնդրելու նրա թույլտվությունը», որ ամուսնանա մի հիվանդ կնոջ հետ, այն պատրվակով, թե «այդպիսի հարսնացուն կին չէ»։ Օհ, այս ամենը երևի թե սոսկ մի «գրքային մարդու» դիմանկար է, ինչպես որ ժամանակին արտահայտվել է Կատերինա Նիկոլաևնան, բայցևայնպես, ինչո՞ւ այդ «թղթե մարդիկ» (եթե իրոք թղթե են), ընդունակ են այդուհանդերձ տառապելու իսկապես և հասնելու այդպիսի ողբերգության։ Ի դեպ, այն ժամանակ, այն երեկոյի ընթացքում այլ կերպ էի մտածում և ցնցվեցի մի մտքից.
 
― Ձեր ողջ զարգացումն ու հոգին ձեռք եք բերել ամբողջ կյանքի ընթացքում պայքարելով ու տառապելով, մինչդեռ Կատերինա Նիկոլաևնան իր ողջ կատարելությունը ձեռք է բերել ձրի։ Դրանում անհավասարություն կա... Այդ կինն անտանելի է դրանով։― Այդ ամենը ասացի ոչ այն բանի համար, որ սիրաշահեմ հորս, այլ՝ այն պատճառով, որ տաքացած էի ու զայրացած։
 
― Կատարելությո՞ւն։ Նրա՞ կատարելությունը։ Բայց նա ոչ մի կատարելություն չունի, նույնիսկ մի անպիտան կին է... Բայց պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները։
 
― Ինչո՞ւ է պարտավոր։
 
― Քանի որ նման հմայք ունեցողը պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները,― գոռաց չարագույժ։
 
― Ամենից տխուրն այն է, որ այժմ էլ եք այդպես տանջահար,― չկարողացա զսպել մտքումս եղածը։
 
― Ա՞յժմ։ Տանջահա՞ր,― կրկնեց իմ բառերը կանգ առնելով դեմս ինչ-որ տարակուսանքով։ Եվ հանկարծ հայացքը լուսավորվեց մեղմ, երկարատև ու մտախոհ ժպիտով, բարձրացրեց մատը, ասես մտորելով։ Հետո արդեն լիովին սթափվեց, սեղանի վրայից վերցրեց բացված նամակը և նետեց իմ առջև.
 
― Վերցրու, կարդա։ Անպայման պիտի իմանաս ամեն բան... և ինչու հնարավորություն տվեցիր, որ այսքան քրքրեի այդ հնացած աղտեղությունը... Դրանով լոկ պղծեցի ու չարացրի սիրտս...
 
Չեմ կարող արտահայտել զարմանքս։ Նամակն այն կնոջից էր՝ Կատերինա Նիկոլաևնայից ուղղված Վերսիլովին. այդ օրն էր ստացել, մոտավորապես ժամը հինգին։ Կարդացի համարյա թե դողալով հուզմունքից։ Նամակը մեծ չէր, բայց գրված էր այնպես պարզ ու շիտակ, որ կարդալիք ասես տեսնում էի հեղինակին ու լսում նրա բառերը։ Վերին աստիճանի ճշմարտությամբ (այդ պատճառով էլ՝ համարյա հուզիչ կերպով) իր վախն էր խոստովանում Վերսիլովին, իսկ այնուհետև պարզապես աղաչում. «Հանգիստ թողեք ինձ»։ Վերջաբանում էլ տեղեկացնում էր, թե այժմ արդեն վերջնական վճիռ է ընդունել, որ կամուսնանա Բյորինգի հետ։ Մինչ այդ Կատերինա Նիկոլաևնան նամակ գրած չկար Վերսիլովին։ Եվ կարդալուց հետո, ահա թե ինչ չհասկացա այդ նամակի կապակցությամբ Վերսիլովի տված մեկնաբանությունից, որ կատարեց այդ պահին։
 
Դեռևս նոր է կարդացած եղել այդ նամակը, երբ նկատել է, որ իր մեջ հանկարծ ինչ-որ անսպասելի երևույթ է կատարվում, կարդալուց հետո, առաջին անգամ այդ ճակատագրական երկու տարիների ընթացքում, ատելության նշույլ իսկ չէր զգացել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ և չէր ունեցել չնչին իսկ ցնցում, որպիսին ունեցել էր վերջերս, երբ Բյորինգի մասին սոսկ լուրն իսկ առնելիս «թռցրել էր խելքը»։ «Այս անգամ հակառակը. սրտանց օրհնություն հղեցի Կատերինա Նիկոլաևնային»,― մրմնջաց խորին զգացմունքով։ Այդ բառերը լսեցի հիացմունքով։ Կնշանակի այս մարդու կրքերը, տառապանքը լիովին հօդս են ցնդել միանգամից, ինքնաբերաբար՝ որպես երազ, որպես երկտարյա կախարդանք։ Ու դրանից անմիջապես հետո դեռևս լիովին ուշքի չեկած, շտապել է մորս մոտ և ի՜նչ, մտել է հենց այն պահին, երբ մայրս արդեն ''ազատված'' է եղել մինչ այդ իրեն կաշկանդող կապանքից (Մակար Իվանովիչի գոյությունից), քանի որ արդեն մահացած էր կապանք-ծերունին, ով իր մահից առաջ Վերսիլովին է կտակել մորս։ Ահա, հենց այդ երկու դեպքերի համընկնելու պատճառով էլ հենց ցնցվել է Վերսիլովի հոգին։ Որոշ ժամանակ անց վազել է ինձ գտնելու, և ես երբևէ չեմ մոռանա, որ այդպիսի հանկարծահաս միտք է ունեցել իմ վերաբերյալ։
 
Ոչ էլ միասին անցկացրած երեկոյի վերջաբանը կմոռանամ։ Այդ մարդը հանկարծ նորից կերպարանափոխվեց ամբողջովին։ Նստել էինք մինչև կեսգիշեր։ Այն մասին, թե ինչպես ներգործեց ինձ վրա իր տված «տեղեկությունը», կպատմեմ հետագայում, իր տեղում, իսկ այժմ՝ ընդամենը մի համառոտ ու եզրափակիչ խոսք Վերսիլովի մասին։ Այժմ, երբ մտորում եմ այն երեկոյի մասին, նոր եմ միայն ըմբռնում, որ այն ժամանակ ինձ համար ամենից հաճելին նրա զսպվածությունն էր, ճշմարիտ անկեղծությունը մի տղայի առջև, որպիսին ես էի։ «Դա մի մոլուցք էր, բայց դա նույնպես թող օրհնյա՜լ լինի,― գոչեց։― Առանց այդ կուրության սրտումս առհավետ ու ամբողջովին դժվար թե գտնեի իմ միակ թագուհուն, իմ տառապյալին՝ քո մորը»։ Սրտից հորդացող այդ բառերը նշում եմ առանձնահատուկ կերպով՝ հետագայի համար։ Բայց դեռևս այն ժամանակ նա կարողացավ պարտության մատնել ու գրավել իմ հոգին։
 
Հիշում եմ, որ զրույցի վերջում անչափ ուրախ էինք։ Իր պատվերով շամպայն բերեցին, և մենք խմեցինք մորս ու «ապագայի» կենացը։ Օ՛հ, նա այնքան լի էր կյանքով և այնպես էր ուզում ապրել։ Եվ սրտներս ուրախացել էր ոչ թե գինուց, ընդամենը երկուական գավաթ էինք խմել։ Չգիտեմ ինչու, բայց վերջում արդեն մեր ծիծաղը դարձել էր անզսպելի։ Արդեն խոսում էինք լիովին կողմնակի բաների մասին, սկսեց զվարճալի բաներ պատմել ինձ, ես էլ իրեն։ Եվ մեր ծիծաղն ու զվարճությունը վերին աստիճանի անչար էին ու ոչ ծիծաղելի, բայց մենք ուրախ էինք։ Շարունակ չէր ուզում ազատ արձակել ինձ. «Նստիր, մի քիչ էլ նստիր»,― կրկնում էր, և ես մնում էի նստած։ Նույնիսկ դուրս ելավ ինձ ճանապարհելիս. հմայիչ իրիկուն էր. թեթևակի սառնամանիք էր անում։
 
― Ասացեք՝ պատասխան արդեն ուղարկե՞լ եք նրան,― հարցրի հանկարծ, միանգամայն ինքնաբերաբար, երբ ճամփաբաժնում վերջին անգամ էի սեղմում իր ափը։
 
― Դեռ չեմ ուղարկել, և դա նշանակություն չունի։ Վաղն էլ եկ մոտս, ավելի շուտ եկ... Մի բան էլ ասեմ, լիովին հրաժարվիր Լամբերտի հետ առնչվելուց, իսկ «փաստաթուղթը» պատռիր և՝ հնարավորին չափ շուտ։ Մնաս բարյա՛վ։
 
Այդ ասելուց հետո հեռացավ միանգամից, իսկ ես մնացել էի տեղումս կանգնած և այնպես շվարած, որ չհամարձակվեցի ետ կանչել նրան։ «Փաստաթուղթ» արտահայտությունը ցնցել էր ինձ արտակարգ ուժով, ումի՞ց կարող էր իմացած լինել, այն էլ՝ այդպիսի ճշգրիտ արտահայտությամբ, եթե ոչ Լամբերտից։ Տուն գնացի մեծագույն շփոթմունքի մեջ։ Եվ հետո, ինչպես կարող էր պատահել, առկայծեց մտքումս, որ այդ «երկամյա կախարդանքը» ցնդած լիներ ցնորքի պես։
 
=== Գլուխ իններորդ ===
 
==== I ====
 
Բայց առավոտյան արթնացա թարմ և հոգով կայտառացած։ Նույնիսկ ի սրտե և ակամա նախատեցի ինձ այն անհամեստության ու կարծես թե մեծամտության համար, որոնցով ունկնդրել էի, ինչպես հիշում էի, նրա «խոստովանության» որոշ մասերը։ Եթե այդ «խոստովանությունը» նույնիսկ անկապ էր որոշ չափով, եթե բացահայտումներից մի քանիսը նույնիսկ խելահեղություն էին որոշ չափով ու կցկտուր, ապա մի՞թե նա պատրաստվել էր հռետորական ճառ ճառելու, երեկ, երբ իր մոտ էր կանչում ինձ։ Այն բանով, որ նա այդ պահին դիմեց ինձ՝ որպես իր միակ բարեկամին, դրանով պարզապես պատիվ արավ ինձ և ես երբևէ չեմ մոռանա դա։ Հակառակը, նրա խոստովանությունը «հուզիչ» էր, որքան էլ որ ծաղրեն ինձ այս արտահայտության համար, և եթե նրա խոսքի մեջ երբեմն հնչում էր ինչ-որ անպարկեշտ կամ նույնիսկ ծիծաղելի բան, ապա ես չափից ավելի լայնսիրտ էի, որ չարգելեի ռոմանտիզմը առանց, ի դեպ, իդեալն ապականելու։ Կարևորն այն է, որ ես վերջապես հասու եղա այդ մարդուն ճանաչելուն և որոշ չափով նույնիսկ ափսոսում էի ու նեղվում, որ այդ բանն ստացվել է այդպես հեշտ ու հասարակ կերպով, միշտ էլ ի խորոց սրտի այդ մարդուն դնում էի մի արտակարգ ամպեղեն բարձունքի վրա և անպայման ամպեղեն զգեստներ էի հագցնում իր ճակատագրին, այդ պատճառով էլ, բնականաբար, ցանկացել էի մինչ այդ, որ հրաշագործ արկղիկը բացվեր հնարավորին չափ հրաշքի ձևով։ Ինչևէ. Վերսիլովի և ''այն կնոջ'' հանդիպման և իր երկամյա տառապանքների մեջ ուրիշ բարդություններ ևս կային. «Նա չի ցանկացել կյանքի քմահաճ հարկադրանքը, նա կարիք է ունեցել ազատության և ոչ թե ստրկության՝ կյանքի առջև, ճակատագրի պարտագրած այդ ստրկության թելադրանքով ստիպված կլիներ անարգանք հասցնել մորս, որ մնացել էր Քյոնիքսբերգում նստած»... այսուհանդերձ այս մարդուն համարում էի քարոզիչ, նա ոսկե դարն էր փայփայում իր սրտում և գիտեր, թե ինչ ապագա է ունենալու անաստվածությունը։ Եվ ահա, հանդիպումն այդ կնոջ հետ փլուզեց ամեն բան և աղավաղեց։ Օհ, ես չէի դավաճանել մորս, բայցևայնպես, անցել էի այս մարդու կողմը։ Զորօրինակ՝ մտորում էի, թե մայրս բնավ չի խախտի նրա ճակատագիրը. չէր խախտի նաև իր ամուսնությունը մորս հետ։ Սա հասկանալի էր. սա բոլորովին այնպիսի բան չէր, ինչպիսին եղել էր հանդիպումն ''այն կնոջ'' հետ։ Ճիշտ է, մայրս վերջնական հանգստություն չէր պարգևի Վերսիլովին, բայց հենց դրանով էլ լավ կլիներ ամեն բան. այսպիսի մարդկանց մասին պետք է ուրի՛շ կերպ դատել, և նրանց կյանքը թող այդպիսին լինի առհավետ, և դա բոլորովին էլ անվայելուչ չի լինի, անվայելուչն այն կլինի, եթե նրանք առհասարակ հանդարտվեն կամ նմանվեն միջակ մարդկանց։ Ազնվականության վերաբերյալ նրա գովեստի բառերը՝ «Je mourrai gentilhomme»<ref>Ես կմեռնեմ որպես ազնվական (ֆրանս.)։
</ref>,― չնչին իսկ չափով չէին զայրացնում ինձ. դրանց օգնությամբ ես իմաստավորում էի, թե ինչպիսի ազնվական է նա. դա մարդու այն տեսակն է, ով տալիս է ամեն ինչ ու դառնում «գաղափարների համակեցություն» և համաշխարհային քաղաքացիություն քարոզող ռուսական մտքի ավետաբերը։ Թեկուզև անմտություն էր այդ ամենը, այսինքն «գաղափարների համակեցությունը» (և իրոք անիմաստ է), այնուամենայնիվ, դրանում գոնե այն լավ բանը կար, որ նա ամբողջ կյանքում խոնարհվել էր գաղափարի, այլ ոչ թե տխմար ոսկե հորթուկի առջև։ Աստված իմ։ Եվ մի՜թե ես էլ, իմ «գաղափարը» հղանալիս, խոնարհվում էի ոսկե հորթուկի առջև, մի՜թե փող ունենալու համար էի հղանում այն ժամանակ։ Երդվում եմ, որ հարյուր միլիոն ունենալու դեպքում անգամ, մի հատիկ աթոռ ու բազմոց իսկ չէի թավշապատի ինձ համար, կուտեի այս նույն մի ափսե մսապուրը, որ ուտում եմ այժմ։
 
Հագնվում էի և անհամբեր շտապում նրա մոտ։ Ավելացնեմ՝ հանգիստ էի «փաստաթղթի» վերաբերյալ նրա երեկվա ասածի կապակցությամբ, հնգապատիկ ավելի հանգիստ երեկվա համեմատ։ Առաջին հերթին իր հետ բացատրվելու հույսով, երկրորդ հերթին պարզելու համար, թե ինչպե՞ս է Լամբերտը թափանցել Վերսիլովի մոտ և ինչի՞ մասին է խոսել հետը։ Սակայն ուրախությանս հիմնական պատճառն այն զգացողությունս էր, այն միտքը, թե Վերսիլովն այլևս «չի սիրում ''այն կնոջը''», դրանում համոզված էի անչափ ու զգում էի, թե ինչ-որ մեկն ասես սիրտս ազատել է ահավոր բեռից։ Հիշում եմ այդ ժամանակ մտքովս անցած կռահումս նույնիսկ. նրա զգացմունքներում կատարված ամենաարմատական փոփոխության և դեպի առողջ դատողությունը նրա մոտալուտ ու վերջնական վերադարձի պատճառը Բյորինգի գոյության մասին լուրն առնելիս իր այն կատաղի բռնկման տգեղությունն ու անմտությունն են եղել ու մեկ էլ այն վիրավորական նամակն ուղարկելը, այդ ծայրահեղ քայլն էլ հենց կարող էր ծառայել որպես արմատական փոփոխության մարգարեություն ու նախակարապետ։ Ատածում էի, որ այդ բանը պիտի որ կատարված լիներ այնպես, ինչպես լինում է հիվանդանալու դեպքում, և նա ի վերջո պիտի որ հանգեր միանգամայն հակադիր հայեցակետի, որ այդ ամենը բժշկության առօրյայում պատահող սովորական մի դեպք է և՝ ոչ ավելին։ Այս միտքը երջանակցնում էր ինձ։
 
«Եվ թող ''այն կինը'' ուզածի պես ամուսնանա իր Բյորինգի հետ, միայն թե այս մարդը իմ հայրը, բարեկամը, այլևս չսիրի այդ կնոջը»,― գոչում էի մտովի։ Ի դեպ, դրանում կար նաև իմ զգացմունքների որոշ գաղտնիությունը, որոնց մասին, սակայն, չեմ ցանկանում շատ տարածվել այս նոթերիս մեջ։
 
Եղածն էլ է բավական։ Իսկ այժմ, առանց այլևայլ խորհրդածությունների, փոխանցեմ հետագա ամբողջ սարսափն ու փաստերի նենգափոխումը։
 
==== II ====
 
Ժամը տասին, երբ նոր էի պատրաստվում մեկնելու (պարզ է, որ՝ հորս մոտ) հայտնվեց Նաստասյա Եգորովնան։ Ուրախությամբ հարցրի. «Երևի ի՞ր մոտից ես գալիս»,― և լսեցի վրդովմունքով, թե բոլորովին էլ ոչ իր մոտից, այլ՝ Աննա Անդրեևնայի, և որ ինքը՝ Նաստասյա Եգորովնան, դեռևս լուսադեմին է գնացած եղել բնակարանից։
 
― Ո՞ր բնակարանից։
 
― Երեկվա այն նույն բնակարանից։ Չէ՞ որ երեկվա բնակարանը հատկացված է մանկիկին. այժմ իմ անունով է վարձված, մինչդեռ վարձը Տատյանա Պավլովնան է վճարում։
 
― Ինչ որ է, նշանակություն չունի ինձ համար,― ընդհատեցի վրդովմունքով։― Իսկ նա գոնե տա՞նն է։ Տեղում կգտնե՞մ իրեն։
 
Ի զարմանս ինձ լսեցի, որ հայրս Նաստասյա Եգորովնայից ավելի վաղ է դուրս եկել բնակարանից, ինքը՝ «լուսադեմին», իսկ հայրս՝ ավելի վաղ։
 
― Եվ դեռ չի՞ վերադարձել։
 
― Ոչ-ս, հազիվ թե վերադարձած լինի, համ էլ միգուցե ընդմիշտ չվերադառնա,― քրթմնջաց, կողքանց ինձ նայելով իր ծակող ու զգուշավոր աչքով ճիշտ այնպես, ինչպես նայել էր նկարագրածս այն այցելության ժամանակ, երբ պառկած էի հիվանդ։ Սիրտս պայթում էր, որ այս դեպքում ևս ի հայտ էին գալիս նրանց ինչ-որ գաղտնիքներն ու անմտությունները, և որ այդ մարդիկ չէին կարողանում յոլա գնալ առանց գաղտնիքների և անմտությունների։
 
― Ինչո՞ւ ասացիք միգուցե չվերադառնա։ Ինչը՞ նկատի ունեիք։ Նա պարզապես գնացել է մորս մոտ ու՝ վերջ։― Չը-չգիտեմ-ս։
 
― Իսկ դուք ինչո՞ւ բարեհաճեցիք գալ մոտս։
 
Հայտնեց, որ այժմ այստեղ է ուղարկված Աննա Անդրեևնայի կողմից, և որ ուղարկողն ինձ կանչում է ու սպասում անպայմանորեն հենց հիմա, այլապես «ուշ կլինի»։ Ինձ համբերությունից հանեց այդ նոր խորհրդավոր արտահայտությունը։
 
― Ինչո՞ւ՝ ուշ։ Չեմ կամենում գնալ և չեմ գնա։ Թույլ չեմ տա, որ կրկին հպատակ դարձնեն ինձ։ Թքած ունեմ Լամբերտի վրա. այդպես էլ հաղորդեք ձեզ ուղարկողին, և եթե Աննա Անդրեևնան ինձ մոտ առաքի նաև իր Լամբերտին, ապա կվռնդեմ վզակոթին տալով, այդպես էլ հաղորդեք ձեր տիրուհուն։
 
Նաստասյա Եգորովնան անչափ վախեցավ։
 
― Ահ, ոչ-ս,― քայլ արավ դեպի ինձ,― մի կերպ զսպեք ձեր անհամբերությունը։ Բանն այս դեպքում շատ կարևոր է. ձեզ համար նույնպես կարևոր է. Անդրեյ Պետրովիչի համար էլ, դեռ մայրիկի համար էլ, ամենքի համար էլ... Իսկույն գնացեք Աննա Անդրեևնայի մոտ, քանի որ իրենք այլևս չեն կարող սպասել... այս մեկն արդեն պատվովս եմ հաստատում... Հետո նոր կընդունեք ձեր վճիռն այս կամ այն հարցում։
 
Նրան էի նայում ապշանքով ու խորշանքով։
 
― Անհեթեթություն է. բան դուրս չի գա, չե՛մ գնա,― գոռացի կամակոր ու չարախինդ,― այսուհետև ամեն բան նորովի է լինելու, մի՞թե կարող եք հասկանալ այդ բանը։ Գնաք բարյա՜վ, Նաստասյա Եգորովնա. դիտմամբ չեմ գնա, դիտմամբ չեմ հարցուփորձի ձեզ։ Դուք սոսկ հանում եք ինձ հունից։ Չեմ կարող խորամուխ լինել ձեր առեղծվածների մեջ։
 
Բայց քանի որ նա չէր հեռանում և շարունակում էր մնալ կանգնած, ապա վերցրի մուշտակս ու գլխարկս և ինքս դուրս ելա՝ նրան թողնելով սենյակի մեջտեղում։ Իսկ սենյակումս չկային նամակներ ու թղթեր, համ էլ դրանից առաջ ես սենյակս չէի կողպում հեռանալիս։ Բայց դեռ չէի հասել ելքի դռան մոտ, երբ սանդուղքով ցած վազեց տանտերը Պյոտր Իպպոլիտովիչը համազգեստով և առանց գլխարկի։
 
― Արկադի Աակարովիչ, Արկադի Մակարովի՛չ։
 
― Ի՞նչ եք ուզում։
 
― Որևէ կարգադրություն չե՞ք անում գնալուց առաջ։
 
― Ոչ մի։
 
Նայեց ծակող հայացքով և անթաքույց անհանգստությամբ։
 
― Զորօրինակ բնակարանի վերաբերյա՞լ։
 
― Ի՞նչ կա բնակարանի վերաբերյալ։ Չէ՞ որ վարձը ժամանակին եմ տվել։
 
― Ոչ-ս. փողի մասին չէ խոսքս,― ժպտաց երկարաձիգ ժպիտով՝ հայացքով շարունակելով մեջս թափանցելու ճիգը։
 
― Ի՞նչ է պատահել ամենքիդ հետ,― գոռացի ի վերջո՝ համարյա լիովին գազազած։ Մի հարցնող լինի, թե դուք ինչու եք ձեռուոտ ընկել։
 
Սպասեց ևս մի քանի վայրկյան, ասես ինչ-որ բան ակնկալելով ինձնից։
 
― Լավ, ուրեմն, հետո կկարգադրեք... թե որ հիմա տրամադրություն չունեք,― քրթմնջաց, ավելի երկարաձիգ քմծիծաղ տալով,― գնացեք-ս, ես էլ պաշտոնատեղս պիտի գնամ։
 
Դեպի իր սենյակը վազեց սանդուղքն ի վեր։ Անշուշտ, այդ ամենը խորհելու տեղիք էր տալիս։ Հատուկ նպատակով է, որ ոչ մի նվազագույն մասնիկ բաց չեմ թողնում այն մանրախնդիր անմտությունից, քանի որ հետագայում ամեն մի մասնիկ ծանրակշիռ մասը կազմեց այն ամբողջական բանսարկության փնջի, ինչում ընթերցողը կհամոզվի վերջապես։ Իսկ որ այն ժամանակ նրանք իսկապես էին հունից հանում ինձ, ապա դա ճշմարիտ է։ Այն պատճառով էի հուզված ու վրդովված, որ նրանց ասածների մեջ նորից էի լսում անցյալը հիշեցնող և ինձ ձանձրացրած բանսարկությունների և առեղծվածների քրթմնջոցը։ Բայց շարունակում եմ։
 
Պարզվեց, որ Վերսիլովը տանը չէ, որ իսկապես լուսադեմին է գնացել տնից։ «Անշուշտ՝ մորս մոտ»,― իմ կարծիքն էի պնդում համառորեն։ Դայակին, որ մի տխմար գեղջկուհի էր, հարցուփորձ չարեցի, իսկ բնակարանում ուրիշ մարդ չկար։ Վազեցի մորս մոտ ու, խոստովանեմ, այնքան անհանգիստ էի, որ կառք բռնեցի կեսճամփին։ ''Նա երեկ իրիկվանից չէր եղել մորս մոտ։'' Այստեղ էին լոկ Տատյանա Պավլովնան ու Լիզան։ Ներս մտնելուս պահին Լիզան պատրաստվում էր հեռանալու։
 
Երեքն էլ նստած էին վերևում իմ «դագաղում»։ Իսկ ցածում հյուրասրահում, Մակար Իվանովիչն էր պառկած սեղանի վրա. նրա սնարի մոտ կանգնած մի ծերունի աղոթագիրք էր կարդում միապաղաղ ձայնով։ Բուն արարողությանը վերաբերող որևէ բան չեմ նկարագրի այլևս, կնշեմ լոկ այն, որ արդեն պատրաստված ու սրահում դրված դագաղը հասարակներից չէր. երեսպատումը թեև սև էր, բայց՝ թավիշ, իսկ հանգուցյալի վրա փռված ծածկոցը՝ թանկարժեքներից, որի շքեղությունը չէր համապատասխանում այդ ծեր մարդուն ու նրա համոզմունքներին, սակայն այդպիսին էր եղել մորս անհողդողդ պահանջը՝ Տատյանա Պավլովնայի սերտ աջակցությամբ։
 
Պարզ է, որ չէի էլ սպասում, թե ուրախ կտեսնեմ նրանց, բայց հոգսով ու տագնապով շաղախված այն առանձնահատուկ ճնշող թախիծը, որ կարդացի նրանց աչքերում, ցնցեց ինձ մեկեն, և վայրկենապես ենթադրեցի, որ «այստեղ իրոք որ պատճառը լոկ հանգուցյալը չէ»։ Կրկնում եմ գերազանցապես մտապահեցի այդ հանգամանքը։
 
Չնայած այդ ամենին՝ քնքշորեն գրկեցի մորս և իսկույն հարցրի Վերսիլովի մասին։ Նույն վայրկյանին մորս հայացքում մի տագնապահար արտահայտություն հայտնվեց։ Հապշտապ հիշեցրի, որ Վերսիլովի հետ եմ անցկացրել անցած ամբողջ երեկոն մինչև կեսգիշեր, որ նա, այսօր լուսադեմից հեռացել է տնից ու չի վերադարձել, այն դեպքում, երբ երեկ, բաժանվելիս, հրավիրեց, որ այսօր իր մոտ գնամ հնարավորին չափ վաղաժամ։ Մայրս պատասխան չտվեց, իսկ Տատյանա Պավլովնան, հարմար րոպե որսալով, սպառնաց ինձ մատով։
 
― Մնաս բարյավ, եղբայր,― միտքս ընդհատեց հանկարծ Լիզան՝ արագ հեռանալով սենյակից։ Ինչ խոսք, շտապ հասա իրեն, բայց նա կանգ առավ ելքի դռան մոտ հասնելուց հետո միայն։
 
― Այդպես էլ կարծում էի, որ մտքովդ կանցնի գալ հետևիցս,― մրմնջաց հապճեպ շշուկով։
 
― Ի՞նչ է պատահել այստեղ, Լիզա։
 
― Ինքս էլ չգիտեմ, բայց շատ բան է պատահել։ Երևի՝ «հավերժական պատմության» հանգուցալուծումը։ Նա չէր գալիս, իսկ մերոնք ինչ-որ տեղեկություններ են ստացել իր մասին։ Մի անհանգստանա, չեն պատմի քեզ, ոչ էլ հարցեր տուր, եթե խելք ունես, մայրիկը մեռած է թաղած չէ։ Ինքս էլ հարցուփորձ չարեցի։ Մնաս բարյավ։
 
Բաց արավ դուռը։
 
― Իսկ ինքդ ասելիք չունե՞ս, Լիզա,― նախասրահ խուժեցի իր հետևից։ Նրա հուսահատ և ահավոր չափով անկենդան հայացքը խոցեց սիրտս։ Ոչ այն է թե չարությամբ էր նայում, ոչ այն է անողոք, ժպտաց մաղձոտ ու թափ տվեց ձեռը։
 
― Եթե մահանա, փառք կտամ Աստծուն,― նետեց սանդուղքով իջնելիս ու հեռացավ։ Իր ասածը վերաբերում էր իշխան Սերգեյ Պետրովիչին, իսկ վերջինս այդ ժամանակ պառկած էր դողէրոցքի մեջ ու գիտակցությունը կորցրած։ «Հավերժական պատմություն»։ «Այդ ի՞նչ հավերժական պատմություն է»,― մտածեցի որպես մարտահրավեր և հանկարծ ուզեցի անպայման պատմել նրանց հորս երեկվա խոստովանությունից ստացածս տպավորության մասին և հենց բուն խոստովանությունը։ «Այժմ իրենք ինչ-որ վատ կարծիք ունեն նրա մասին, ուրեմն, թող իմանան ամեն բան»,― անցավ մտքովս։
 
Հիշում եմ, որ կարողացա շատ ճարպկորեն սկսել ասելիքս։ Ակնթարթորեն խիստ մեծ հետաքրքրասիրություն բռնկվեց նրանց հայացքներում։ Եվ Տատյանա Պավլովնան այս անգամ աչքերը մեխեց երեսիս, բայց մայրս ավելի զուսպ էր. հայացքը շատ սթափ էր, բայց թեթև, հրաշալի, թեև անհունորեն անհուսալի մի ժպիտ դողաց երեսին և չանհետացավ խոսելուս սկզբից մինչև վերջը։ Ինչ խոսք, հաջողակ էր խոսքս, թեև գիտեի, որ ասածս համարյա թե անհասկանալի է իրենց համար։ Ի զարմանս ինձ Տատյանա Պավլովնան այս անգամ բծախնդրություն չէր ցուցաբերում, չէր ստիպում ճշգրտումներ անել, չէր կառչում խոսքիս այս կամ այն մանրուքից, ինչպես վարվում էր սովորաբար, երբ խոսում էի որևէ բանի մասին։ Միայն շուրթերն էր սեղմում հազվադեպ և աչքերը կկոցում, ասես ջանք գործադրելով, որ ըմբռնի լսածը։ Երբեմն ինձ թվում էր, թե նրանք ըմբռնում են ամեն ինչ, սակայն նման բան համարյա թե լինել չէր կարող։ Զորօրինակ՝ խոսում էի Վերսիլովի համոզմունքների մասին, մորս հանդեպ նրա տածած սիրո և այն մասին, թե ինչպես էր համբուրում դիմանկարը... Այդ մասին լսելիս նրանք հայացքներ էին փոխանակում արագ ու անխոս, մայրս լիովին կարմրատակել էր։ Այնուհետև... այնուհետև, ինչ խոսք, ''մորս ներկայությամբ'' չէի կարող շոշափել ասելիքիս կարևոր մասը, այսինքն՝ մինչև ''այն կնոջ'' հետ Վերսիլովի հանդիպումն ընկած շրջանը և դրա հետ առնչվող բոլոր այլևայլ մանրամասները, առանձնապես՝ ''այն կնոջ'' նամակը և Վերսիլովի բարոյական «հարությունը» այդ նամակից հետո, ամենակարևորը հենց դա էր, այնպես որ Վերսիլովի երեկվա ապրումները, որոնցով ուզում էի ուրախացնել մորս, բնականաբար մնացին անըմբռնելի, անշուշտ, ոչ իմ մեղքով, քանի որ ես շատ տեղը տեղին պատմեցի այն ամենը, ինչ կարելի էր պատմել։ Ավարտելիս մնացել էի տարակուսած, նրանց լռության վերջը չէր երևում, և ինձ համար ծանր էր իրենց հետ այդպես լուռումունջ նստելը։
 
― Այժմ արդեն անպայման վերադարձած կլինի, երևի նստել է իմ սենյակում և սպասում է,― ասացի ու ոտքի ելա, որ գնամ։
 
― Գնա, գնա,― աջակցեց Տատյանա Պավլովնան հաստատ համոզմունքով։
 
― Իսկ ցածում եղե՞լ ես,― հրաժեշտի պահին հարցրեց մայրս կիսաշշուկով։
 
― Եղել եմ, խոնարհվել իր սնարին և աղոթել իր համար։ Ի՜նչ հանգիստ ու վայելչատես է նա, մայրիկ։ Շնորհակալություն, որ խնայողություն չեք արել իր դագաղը պատրաստել տալիս և զարդարելիս։ Դա ինձ անտեղի թվաց սկզբում, բայց տեղնուտեղը մտածեցի, որ ինքս էլ նույն կերպ կվարվեի։
 
― Իսկ վաղը կգա՞ս եկեղեցի,― հարցրեց, և շուրթերը դողացին։
 
― Ի՞նչ եք ասում, մայրիկ,― զարմացա,― այսօր էլ կգամ՝ հոգեհանգստին. և նորից կգամ, և... համ էլ վաղը ձեր ծննդյան օրն է, մայրիկ, սիրելի բարեկամ։ Նա ընդամենը երե՜ք օր պակաս ապրեց։
 
Դուրս ելա հիվանդագին տարակուսանքով հասակված․ ինչպե՞ս կարելի է նման հարց տալ կգա՞ս եկեղեցում հոգեհանգիստ կատարելու ժամանակ, թե՞ չեմ գա։ Եվ եթե ի՜մ մասին են մտածում այդպես, ապա ինչ կմտածեն Վերսիլովի մասին։
 
Գիտեի, որ Տատյանա Պավլովնան կվազի հետևիցս, դրա համար էլ կանգ առա ելքի դռան մոտ, իսկ նա, տեղ հասնելով, ինձ հրեց դեպի արտասանդղակը, ինքը նույնպես դուրս ելավ ու հետևից ծածկեց դուռը։
 
― Տատյանա Պավլովնա, բանից պարզվում է, որ դուք Անդրեյ Պետրովիչի վերադառնալուն չե՞ք սպասում ոչ այսօր, ո՜չ էլ վաղը։ Ես տագնապած եմ...
 
― Լռի՛ր։ Շատ պե՜տքս է քո տագնապը։ Ասա ի՞նչ էիր ուզում ասել այնտեղ ու կիսատ թողիր, երբ պատմում էիր երեկվա բանդագուշանքի մասին։
 
Հարկ չհամարեցի թաքցնել և համարյա թե զայրացած էի Վերսիլովի վարքագծից, ամեն բան շարադրեցի Կատերինա Նիկոլաևնայի երեկվա նամակի ու Վերսիլովի վրա դրա գործած ազդեցության մասին, այսինքն դեպի նոր կյանք հարություն առնելու մասին։ Ի զարմանս ինձ նամակի փաստն ինքնին անակնկալի չբերեց Տատյանա Պավլովնային, և ես կռահեցի, որ նա արդեն գիտե այդ մասին։
 
― Վայթե՝ հորինո՞ւմ ես։
 
― Չեմ հորինում։
 
― Տես, է՜,― ժպտաց թունալի, ասես խորհրդածելով,― հարություն է առել։ Նրանից սպասելու բան չէ։ Իսկ լուսանկարը համբուրելը ճի՞շտ է։
 
― Ճիշտ է, Տատյանա Պավլովնա։
 
― Սրտա՞նց էր համբուրում, ձևեր չէ՞ր թափում։
 
― Ձևե՞ր։ Մի՞թե նա երբևէ ձևեր է թափել։ Անհարմար է, Տատյանա Պավլովնա, կոպիտ է ձեր հոգին, կանացի հոգի է։
 
Ասացի բարկացած, բայց նա ասես թե չէր լսում ինձ. ինչ-որ բանի մասին էր շարունակում խորհել, թեև սանդղակի վրա շատ ցուրտ էր։ Ես մուշտակով էի, իսկ նա լոկ թեթև հագուստով։
 
― Մի հանձնարարություն կտայի քեզ, համա ափսոս որ շատ անխելք ես,― քրթմնջաց արգահատանքով և ասես նեղսրտությամբ։― Լսիր, իսկույն գնա Աննա Անդրեևնայի մոտ ու տես, թե ինչ է կատարվում այնտեղ... Վայ, չէ, չէ, մի գնա. ավանակ եղել ես, ավանակ էլ կմնաս։ Դե, շարժվիր, է, մարշ, ի՞նչ ես տնկվել մնացել փայտի պես։
 
― Չե՛մ գնա Աննա Անդրեևնայի մոտ։ Ինքն էր մարդ ուղարկել հետևիցս։
 
― Ի՞նքը։ Նաստասյա Եգորովնայի՞ն,― արագորեն շրջվեց դեպի ինձ. արդեն ուզում էր հեռանալ և կիսաբաց էր արել դուռը, բայց նորից ծածկեց։
 
― Ոչ մի դեպքում չեմ գնա Աննա Անդրեևնայի մոտ,― կրկնեցի չարագույն հաճույքով,― չեմ գնա, քանի որ ավանակ անվանեցիք ինձ հենց նոր, այն դեպքում, երբ դեռ երբեք այսքան խելամիտ չէի գտնվել, ինչպես այսօր։ Տեսնում եմ ձեր բռնած բոլոր գործերը ինչպես ափիս մեջ, և Աննա Անդրեևնայի մոտ չե՛մ գնա ոչ մի դեպքում։
 
― Այդպե՜ս էլ գիտեի,― գոչեց, բայց դարձյալ ոչ թե իմ խոսքի, այլ իր խոհերի ազդեցության տակ։― Հիմա նրան լրիվ կապանքների մեջ կառնեն ու կճզմեն մեռյալ հանգույցով։
 
― Աննա Անդրեևնայի՞ն։
 
― Անխե՛լք։
 
― Հապա ո՞ւմ մասին եք ասում։ Միգուցե Կատերինա Նիկոլաևնայի՞։ Ի՞նչ մեռյալ հանգույց։― Անչափ վախեցած էի։ Ինչ-որ մշուշապատ, բայց և ահավոր մի միտք կտրեց անցավ հոգուս միջով։ Տատյանա Պավլովնան երեսիս նայեց թափանցող հայացքով։
 
― Իսկ ինչո՞ւ ես խառնվել իրար,― հարցրեց անսպասելիորեն։― Ի՞նչ կապ ունես այդ գործի հետ։ Քո մասին էլ եմ լսել որոշ բաներ, տես, հա՜։
 
― Լսեք, Տատյանա Պավլովնա, ես ձեզ մի ահավոր գաղտնիք կհայտնեմ, բայց՝ ոչ հիմա, դրա ժամանակը չէ. կասեմ վաղը, երբ մենակ կլինենք, բայց դուք էլ ձեր հերթին ասացեք ամբողջ ճշմարտությունը, այդ ի՞նչ մեռյալ հանգույցի մասին է խոսքը... քանի որ ես դողում եմ ոտից գլուխ...
 
― Ա՜հ, թքա՛ծ դողալուդ վրա,― գոռաց։― Այդ ի՞նչ գաղտնիք ես պատմելու վաղը։ Չլինի՞ թե իսկապես բան-ման գիտես,― երեսիս կառչեց հարցախույզ հայացքով։ Ինքդ չէի՞ր այն ժամանակ երդվողը, թե վառել ես Կրաֆտի տված նամակը։
 
― Կրկնում եմ, Տատյանա Պավլովնա, չտանջեք ինձ,― շարունակում էի պնդել իմը, չպատասխանելով իր հարցին, քանի որ համբերությունս սպառվել էր,― տեսեք, հա՜, Տատյանա Պավլովնա, կարող է ավելի վատ բան պատահել այն պատճառով, որ ինձնից թաքցնում եք այն. ինչը որ գիտեք... չէ՞ որ նա երեկ լրիվ էր հարություն առել, լիովի՜ն։
 
― Էհ, չքվի՛ր աչքիցս, խեղկատակ։ Վայ թե ինքդ էլ ես սիրահարված ճնճղուկի պես. հայր ու որդի նո՜ւյն ուհուն։ Թո՛ւհ, անկարգնե՛ր։
 
Չքացավ զայրույթով շմփացնելով դուռը։ Նրա վերջին բառերի անպարկեշտությունից լիովին կատաղած, անպարկեշտություն, որին ընդունակ է միայն կին արարածը, փողոց վազեցի խորապես վիրավորված։ Բայց չեմ նկարագրի հեղհեղուկ ապրումներս, ինչպես արդեն խոստացել էի. կշարունակեմ լոկ փաստեր շարադրել, որոնք էլ հենց ամեն բան կվճռեն այսուհետև։ Ինչ խոսք, անցողակի կրկին վազեցի Վերսիլովի կացարանը, և դայակը նորից ասաց, թե նա դեռևս չի վերադարձել տուն։
 
― Ոչ էլ կգա՞։
 
― Աստված գիտե դրանց գալն ու չգալը։
 
==== III ====
 
Փաստերով, փաստերով... Արդյոք ընթերցողը որևէ բան ընկալո՞ւմ է։ Հիշում եմ, թե այդ ժամանակ փաստերն ինչպես էին ճնշում ինձ և հնարավորություն չէին տալիս, որ իմաստավորեի տեսածս ու լսածս, այնպես որ այդ օրվա վերջում լիովին կորցրել էի գլուխս։ Այդ պատճառով էլ առաջ եմ ընկնում երկու-երեք բան նախապես ասելով։
 
Բոլոր տառապանքներիս ակունքը նույնն էր. եթե Վերսիլովը երեկ հարություն է առել ու վերջ տվել ''Կատերինա Նիկոլաևնային'' սիրելուն, ապա այդ դեպքում որտե՞ղ պետք է լիներ այսօր։ Պատասխանը՝ ամենից առաջ ինձ մոտ, ում հետ գրկախառնվում էր երեկ, ինձնից հետո անհապաղ մորս մոտ, ում դիմանկարը համբուրում էր երեկ։ Եվ ահա, այս երկու բնականոն քայլերի փոխարեն «լուսադեմից» տանը չէ և չքվել է ինչ-որ տեղ, իսկ Նաստասյա Եգորովնան կմկմում է ինչ-որ պատճառով, թե՝ «հազիվ թե վերադառնա»։ Դա քիչ է կարծես, մյուս կողմից էլ Լիզային է հավատացրել ինչ-որ «հավերժական պատմության» հանգուցալուծման և այն բանի կապակցությամբ, թե մայրս որոշ տեղեկություն ունի իր մասին, իսկ ավելի ուշ այդ բոլորին ավելացել է նաև այն, թե ում որ պետք է անկասկած գիտեն Կատերինա Նիկոլաևնայի գրած նամակի մասին (ինքս էլ եմ նկատել այդ բանը), և, այդուհանդերձ, չեն հավատում նրա «հարությանը ի նոր կյանք», թեև մինչև վերջ ուշադրությամբ ունկնդրեցին ասածս։ Մայրս մեռած է թաղած չէ, իսկ Տատյանա Պավլովնան չարախնդությամբ սրախոսում է «հարության» առթիվ։ Բայց եթե այդ ամենը այդպես է, ինչպես իրենք են կարծում, ապա ուրեմն, գիշերվա ընթացքում Վերսիլովի հետ ինչ-որ մի նոր հեղաբեկում է կատարվել, նորից ճգնաժամ է սկսվել և դա երեկվա հիացմունքից, գորովանքից ու ոգեշնչումից հետո։ Կնշանակի, որ այդ «հարությունը» պայթել է փքած փուչիկի պես, և նա, միգուցե, նորից է վազվզում նույն մոլեգնությամբ, ինչպես Բյորինգի գոյության մասին լուրն ստանալուց հետո։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու մորս հետ, ինձ հետ, բոլորիս հետ և... և, վերջապես, ի՞նչ է լինելու Կատերինա Նիկոլաևնայի հետ։ Այն ի՞նչ «մեռյալ հանգույցի» մասին էր բարբաջում Տատյանա Պավլովնան ինձ Աննա Անդրեևնայի մոտ ուղարկելու փորձ անելիս։ Կնշանակի, որ այդ «մեռյալ հանգույցը» հենց այնտեղ է Աննա Անդրեևնայի մոտ։ Իսկ ինչո՞ւ Աննա Անդրեևնայի մոտ։ Անշուշտ, կվազեմ այնտեղ, այն ժամանակ սոսկ դիտավորյալ, վրդովմունքիս թելադրանքով ասացի, թե չեմ գնա. այժմ կվազեմ։ Իսկ այն ի՞նչ էր ասում Տատյանա Պավլովնան «փաստաթղթի» վերաբերյալ։ Եվ մի՞թե Վերսիլովը չէր ասում ինձ երեկ. «Այրիր փաստաթուղթը»։
 
Ահա թե ինչպիսին էին մտքերս, ահա թե ի՛նչն էր ճզմում ինձ մեռյալ հանգույցի պես, բայց կարևորն այն է, որ ինձ հարկավոր էր Վերսիլովը։ Իր հետ իսկույն կվճռեի ամեն բան. զգում էի, որ երկու բառով կհասկանանք իրար։ Կբռնեմ նրա ափերը, կսեղմեմ, ջերմ խոսքեր կգտնեմ սրտումս,― երազում էի անկասելիորեն։ Օհ, ես կհպատակեցնեմ այդ խելահեղությունը... Բայց որտե՞ղ է նա։ Որտե՞ղ է։ Ու հենց այդ րոպեի՞ն պիտի լույս ընկներ Լամբերտը, երբ այնքա՜ն բորբոքված էի։ Մի քանի քայլ էր մնացել մինչև կացարանիս հասնելը, երբ հանկարծ հանդիպեցի Լամբերտին. տեսնելով ինձ, ուրախության աղաղակ արձակեց և բռնեց թևս.
 
― Արդեն եղգոխտ անգամ եմ գալիս մոտդ... Enfin!<ref>Վերջապես (ֆրանս․)։
</ref> մանկի՜կս։ Գնանք նախաճաշելու։
 
― Կա ց։ Եղե՞լ ես իմ կացարանում։ Անդրեյ Պետրովիչն այնտեղ չէ՞ր։
 
― Մարդ չկա այնտեղ։ Բոլորին էլ կորցրու։ Հիխմար ես։ Երեկ հարբած էիր, զայրացած, իսկ ես կարևոր բան ունեմ ասելու, այսօր հրաշալի բաներ եմ լսել այն մասին, ինչի մասին խոսում էինք երեկ...
 
― Լամբերտ,― ընդհատեցի՝ շնչակտուր լինելով և չշտապելով, նաև որոշ չափով ելույթ ունեցողի կեցվածք ընդունելով ինքնաբերաբար,― եթե քեզ տեսնվելիս կանգ եմ առել, ապա միմիայն այն նպատակով, որ առհավետ վերջ տամ քեզ հետ առնչվելուս։ Երեկ արդեն ասել եմ քեզ, բայց դու շարունակում ես չհասկացողի տեղ դնել քեզ։ Երեխա ես ու տխմար որպես ֆրանսիացի։ Շարունակում ես կարծել, թե մնում ես այն, ինչպես Տուշարի մոտ ապրելիս էիր պահում քեզ, և քո կարծիքով ես էլ նույն անխելքն եմ, ինչպես Տուշարի մոտ էի երևում աչքիդ... Բայց ես այնքան էլ անխելք չեմ, ինչպես թվացել եմ Տուշարի մոտ ապրելիս... Երեկ ես հարբած էի, բայց ոչ թե գինուց, քանի որ առանց դրա էլ բորբոքված էի, իսկ եթե քաջալերում էի ցնդաբանություններդ, ապա՝ այն պատճառով, որ խորամանկում էի, իսկ դու հրճվանքի մեջ էիր ընկել ու ցնդաբանում էիր։ Իմացիր, որ այն ուհու հետ ամուսնանալս այնպիսի անհեթեթություն է, որին հավատ չի ընծայի նույնիսկ նախապատրաստական դասարանի գիմնազիստը։ Մի՞թե կարելի է կարծել, թե ես հավատացի քեզ. մինչդեռ դու հավատացիր։ Այն պատճառով, որ բարձրաշխարհիկ հասարակության մեջ ընդունված մարդ չես ու չգիտես, թե ինչը ինչպես է արվում սույն բարձրաշխարհիկում։ Այնտեղ ամեն բան այդքան պարզունակ չի արվում, և ոչ էլ հնարավոր է, որ այդ դաման հենց այնպես վերցնի ու ամուսնանա... այժմ պարզ ասեմ, թե ուզածդ ի՞նչ է. ուզում ես մի անկյուն հրապուրել ինձ, խմեցնել, որ փաստաթուղթը հանձնեմ քեզ ու մասնակից դառնամ Կատերինա Նիկոլաևնայի դեմ հյուսածդ խարդավանքին։ Անհեթեթություն է. երբեք չեմ գա քեզ հետ և իմացիր նաև, որ վաղը կամ մյուս օրը այդ թուղթը կլինի Կատերինա Նիկոլաևնայի մոտ, քանի որ նրան է պատկանում, քանի որ ինքն է գրել այդ թուղթը, և ես անձամբ կհանձնեմ իրեն և, եթե ուզում ես իմանալ, թե որտե՞ղ, ապա իմացիր իր ծանոթուհի Տատյանա Պավլովնայի բնակարանում, Տատյանա Պավլովնայի ներկայությամբ. կհանձնեմ և իրենից ոչինչ չեմ վերցնի այդ փաստաթղթի դիմաց... Իսկ այժմ ընդմիշտ մարշ ինձնից հեռու, այլապես, Լամբերտ... այլապես այնքան էլ կիրթ չեմ վարվի հետդ...
 
Ավարտելով ասելիքս դողում էի մանրիկ ցնցումներով։ Կյանքում ամենաեղկելի սովորույթը, որ ամեն բան ձախողում է ամեն դեպքում, դա... սեթևեթելն է։ Սատանան դրդեց ինձ այն աստիճան տաքանալ նրա առջև, որ խոսքս ավարտելիս և բառերն ու ձայնս հաճույքով շեշտելիս չափից ավելի բորբոքվեցի և վերցրի ու իր բուռը խոթեցի մանրամասնություններ այն մասին, թե տվյալ փաստաթուղթը կհանձնեմ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ու վերջինիս բնակարանում։ Բայց այդ ժամանակ այնպե՜ս էի ուզում շշմեցնել Լամբերտին։ Երբ այդպես պարզ ու շիտակ շաղ տվեցի փաստաթղթի մասին ու հանկարծ տեսա նրա տխմար տագնապը, հանկարծ ուզեցի ավելի ուժգին ճզմել նրան մանրամասների հստակությամբ։ Եվ այդ պարծենկոտ ու կանացի ափեղցփեղությունս էլ հենց հետագայում պատճառ դարձավ ահավոր դժբախտությունների, քանի որ այդ մանրակրկիտ տեղեկությունը Տատյանա Պավլովնայի ու նրա բնակարանի վերաբերյալ տեղնուտեղը հիմնավորապես դարան մտավ Լամբերտի մտքում, ինչպես որ պատահում է ճղճիմ գործարքներով զբաղվող խարդախների հետ. մեծ ու կարևոր գործում նրանք ոչնչություն են և ոչինչ չեն հասկանում, բայց այսպիսի ճղճիմ մանրուքների հանդեպ հոտառություն ունեն։ Եթե ծպտուն չհանեի Տատյանա Պավլովնայի մասին, ապա մեծ դժբախտություն չէր պատահի։ Ինչևէ, մինչև վերջ լսելուց հետո Լամբերտը խիստ այլայլվեց։
 
― Լսիր,― քրթմնջաց,― Ալֆոնսինան... Ալֆոնսինան կերգի... Ալֆոնսինան եղել է ''այդ կնոջ'' մոտ. լսիր, ես նամակ ունեմ, համարյա թե նամակի նման մի բան, որտեղ Ախմակովան խոսում է քո մասին, չեչոտն է հայթայթել ինձ համար, հիշո՞ւմ ես չեչոտին, այ, կտեսնես հիմա, հիմա կտեսնես իրեն, գնա՛նք...
 
― Ստո՛ւմ ես, ցույց տուր նամակը։
 
― Տանն է, Ալֆոնսինայի մոտ. գնանք։
 
Անշուշտ, փչում էր, զառանցում, վախից դողալով, որ հանկարծ չփախչեմ իր մոտից, և ես հանկարծ լքեցի նրան փողոցում, և երբ ուզեց հետևել ինձ, կանգ առա ու սպառնացի բռունցքով։ Բայց նա արդեն կանգ էր առել մտամոլոր և թողեց, որ հեռանամ, միգուցե նոր ծրագիր էր որոճում մտովի, մինչդեռ ինձ համար դրանով չավարտվեցին անակնկալներն ու հանդիպումները... Եվ հենց որ հիշում եմ այդ ձախորդ օրը ծայրեծայր, միշտ էլ թվում է, թե այդ բոլոր անակնկալներն ու ձախորդություններն ասես իրոք խոսքը մեկ էին արել և այդպես միանգամից գլխիս էին թափվում ինչ-որ մի անիծյալ առատության եղջյուրից։ Հազիվ էի բաց արել բնակարանիս դուռը, երբ դեռևս նախասրահում բախվեցի մի բարձրահասակ, երկարավուն ու տռուզ դեմքով, երևելի ու «շքեղ» արտաքինով, հրաշալի մուշտակ հագած երիտասարդի։ Նրա քթին լոռնետ կար և ինձ տեսնելուն պես ցած բերեց լոռնետը (երևի բարեկրթությունից) և, վայելչագեղ շարժումով փոքր-ինչ բարձրացնելով շլյապան, բայց և կանգ չառնելով, փայլատակող ժպիտն ինձ ուղղելով, քրթմնջաց «Ha, bonsoir»<ref>Բարի երեկո (ֆրանս.)։
</ref> և մոտովս անցավ դեպի արտաքին սանդղակը։ Իսկույն ճանաչեցինք իրար, թեև նրան կյանքումս ընդամենը մի անգամ էի անցողակի տեսել Մոսկվայում։ Դա Աննա Անդրեևնայի եղբայրն էր՝ կամեր յունկերը, երիտասարդ Վերսիլովը, ուրեմն և համարյա եղբայրս։ Նրան ուղեկցում էր տանտիրուհին (տանտերը դեռ չէր վերադարձել ծառայության տեղից)։ Երբ երիտասարդը դուրս ելավ, ես տեղնուտեղը գրոհեցի տանտիրուհու վրա.
 
― Ի՞նչ էր անում այստեղ։ Մտե՞լ է իմ սենյակը։
 
― Բոլորովին էլ չի մտել ձեր սենյակը։ Նա ինձ մոտ էր եկել...― վրա տվեց արագ ու չոր և շրջվեց դեպի իր սենյակը։
 
― Ո՛չ,― գոռացի,― անկարելի է այսպես, բարեհաճեցեք պատասխանել, թե ինչո՞ւ էր եկել։
 
― Ա՛հ, Աստվա՜ծ իմ, ուրեմն պետք է ձեզ պատմե՞մ ամեն բան, թե մարդիկ ինչու են գալիս-գնում։ Կարծում եմ, որ մենք էլ մեր բանուգործը կարող ենք ունենալ։ Միգուցե այդ երիտասարդն ուզում էր փող պարտք անել. հասցե՞ էր հարցնում։ Միգուցե դեռևս անցած այցելության ժամանա՞կ էի խոստացել իրեն...
 
― Ե՞րբ է եղել այդ անցած այցելությունը։
 
― Ա՜հ, Աստված իմ, չէ՞ որ առաջին անգամը չէ, որ գալիս է...
 
Հեռացավ։ Կարևորը այն տպավորությունս էր, որ այդ մարդիկ միանգամից փոխել էին իրենց վերաբերմունքն իմ հանդեպ, խոսելու եղանակը, սկսել էին կոպիտ խոսել հետս։ Պարզ է, որ դա էլ էր առեղծված, առեղծվածները կուտակվում էին ժամ առ ժամ, ամեն քայլափոխիս։ Առաջին անգամ երիտասարդ Վերսիլովը եկել էր քրոջ՝ Աննա Անդրեևնայի հետ, երբ ես հիվանդ էի. շատ լավ եմ հիշում դա, ինչպես նաև այն, որ Աննա Անդրեևնան դեռևս անցած օրը, ի գիտություն ինձ, մի զարմանալի արտահայտություն էր թռցրել բերանից, թե միգուցե ծեր իշխանը հանգրվանի իմ բնակարանում... Բայց այդ ամենն այնքան կցկտուր էր ու խառնաշփոթ, որ համարյա թե խոսք չգտա ասելու այդ կապակցությամբ։ Ճակատիս հարվածելով ու նույնիսկ չնստելով փոքր-ինչ հանգիստ առնելու համար, վազեցի Աննա Անդրեևնայի մոտ. նա տանը չէր. դռնապանն ասաց, թե «մեկնել են Ցարսկոյե, կլինեն միայն վաղը, միգուցե այս ժամի մոտերքը»։
 
«Մեկնել է Ցարսկոյե, ինչ խոսք՝ ծեր իշխանի մոտ, իսկ իր եղբայրն իմ բնակարանն է խուզարկում։ Ո՜չ, չի լինի այդ բանը,― կրճտացրի ատամներս,― իսկ եթե այստեղ իսկապես ինչ-որ մեռյալ հանգույց կա, ապա ես կպաշտպանեմ այդ «խեղճ կնոջը»։
 
Աննա Անդրեևնայի բնակարանից դուրս գալուց հետո չվերադարձա տուն, քանի որ բորբոքված գլխումս հանկարծ առկայծեց վերհուշը գինետան վերաբերյալ, որտեղ այցելելու սովորույթ ուներ Անդրեյ Պետրովիչն իր մռայլ ժամերին։ Ուրախանալով այս հայտնագործությամբ՝ ակնթարթորեն վազեցի այնտեղ, արդեն ժամը չորսն էր և մթնշաղ էր իջնում։ Գինետանը ինձ ասացին, թե նա եղել է այդտեղ. «Մնացին մի փոքր ու հեռացան, միգուցե նորից գան»։ Հանկարծ ցանկացա անպայման սպասել նրա վերադառնալուն և պատվիրեցի, որ ուտելիք տան ինձ. այնուամենայնիվ, հույս էր հայտնվել։
 
Ճաշեցի, կերա ավելին, քան պատվիրել էի, որ ավելի երկար մնալու իրավունք ունենայի և մնացի, կարծեմ, չորս ժամ։ Չեմ նկարագրում թախիծն ու տենդագին անհամբերությունս, ամեն բան ներսումս ցնցվում էր ու դոդում։ Այդ երգեհո՜նը, այդ այցելունե՜րը, օ՜հ, այդ ամբողջ ձանձրույթը ցավագնորեն դաջվում էր հոգուս մեջ երևի առհավետ։ Չեմ նկարագրում նաև գլխումս խլրտացող մտքերը, որ աշնան չոր տերևների երամի պես խռնվում էին ասես վրա տվող պտտահողմից, իրավ, ինչ-որ բանով նման էր դրան և, խոստովանեմ, զգում էի, որ գիտակցությունս մերթ ընդ մերթ դավաճանում է ինձ։
 
Բայց ինձ ցավագին տանջողը (անշուշտ, անցողակի, կողքանց, բուն տառապանքիս առընթեր) մի անխուսափելի, աշնան ճանճի նման աներես ու թունավորող ապրում էր, որի մասին չես մտածում, բայց պտտվում է շուրջդ, խանգարում ու հանկարծ խայթում անչափ ցավագին։ Դա լոկ մի վերհուշ էր, պատահար, որի մասին դեռ չեմ պատմել որևէ մեկին։ Եվ հարկավոր է այդ մասին ևս պատմել որևէ տեղ. ահա թե ինչի մասին է խոսքս։
 
==== IV ====
 
Երբ Մոսկվայում արդեն վճռված էր, որ մեկնելու եմ Պետերբուրգ, ապա Նիկոլայ Սեմյոնովիչի միջոցով հայտնել էին ինձ, որ սպասեմ մեկնելուս համար ուղարկվելիք փողին։ Թե ով էր ուղարկելու, այդ մասին չէի հարցնում, գիտեի, որ Վերսիլովից եմ ստանալու և քանի որ այն ժամանակ օր ու գիշեր սրտի թրթիռով ու մեծամիտ ծրագրերով երազում էի Վերսիլովի հետ հանդիպելուս մասին, ապա նույնիսկ Մարյա Իվանովնայի հետ զրուցելիս խուսափում էի Վերսիլովի մասին խոսելուց։ Ի դեպ, հիշեցնեմ, որ մեկնելու համար անհրաժեշտ գումար ինձ մոտ էլ կար, այնուամենայնիվ վճռեցի, որ սպասեմ, իմիջիայլոց, ենթադրում էի, թե փողը կստանամ փոստի միջոցով։
 
Տուն դառնալով մի անգամ Նիկոլայ Սեմյոնովիչը հանկարծ հայտնեց ինձ (իր սովորույթի համաձայն՝ հակիրճ ու չընդարձակվելով), որ հաջորդ օրը առավոտյան ժամը տասնմեկին գնամ Մյասնիցկայա, իշխան Վ․-սկու տուն, և որ Պետերբուրգից եկած կամեր յունկեր Վերսիլովը Վերսիլովի որդին, որ հանգրվանել է լիցեյի իր ընկեր իշխան Վ․֊սկու մոտ, այնտեղ ինձ կհանձնի մեկնելուս համար ուղարկված գումարը։ Թվում էր, թե դա հասարակ մի արարողություն է. Անդրեյ Պետրովիչը, անշուշտ, կարող էր այդպիսի հանձնարարություն տալ իր որդուն՝ փոստով առաքելու փոխարեն, բայց այդ լուրն ինձ ճնշեց ու անհանգստացրեց ինչ-որ անբնական ձևով։ Կասկած չկար, որ Վերսիլովն այդպիսով ցանկացել էր իմ հանդիպումն իր որդու իմ եղբոր հետ. դրանով ևս ուրվագծվում էին ապրումներն ու մտադրություններն այն մարդու, ում մասին երազում էի, սակայն իմ առջև հառնում էր մի հսկայական հարց՝ ինչպե՞ս եմ ինձ պահելու և ինչպե՞ս եմ վարվելու այդ հույժ անսպասելի հանդիպման ընթացքում, և իմ արժանապատվությունը չի՞ տուժի ինչ-որ կերպ։
 
Հաջորդ օրը, ուղիղ ժամը տասնմեկին, հայտնվեցի ամուրի իշխան Վ-սկու շքեղ կահավորված, շքեղազգեստ սպասավորներ ունեցող բնակարանում։ Կանգ առա նախասրահում։ Խորքի սենյակներից այստեղ էին հասնում բարձրաձայն խոսակցություն ու ծիծաղ, հյուրընկալված կամեր յունկերից բացի իշխանը ուրիշ այցելուներ էլ ուներ։ Կարգադրեցի սպասավորին, որ զեկուցի ժամանելուս մասին և այդ բանը արեցի, կարծեմ, որոշ չափով ճոխացրած արժանապատվությամբ, ամեն դեպքում սպասավորը զեկուցելու գնալիս վրաս նայեց տարօրինակ, ինձ թվաց նույնիսկ ոչ այնքան հարգալից հայացքով, ինչպես որ վայել էր այդ պահին։ Ի զարմանս ինձ նա ինչ-որ երկար էր զեկուցում, մոտ հինգ րոպե, իսկ այդ ընթացքում այնտեղ հնչում էին նույն ծիծաղն ու նույնպիսի խոսակցության պատառիկներ։
 
Ինչ խոսք, սպասում էի ոտքի վրա, շատ լավ գիտակցելով, որ ինձ, «որպես այդպիսի մի պարոնի» վայել չէ և ոչ էլ կարելի է նստել նախասրահում, որը սպասավորների տեղն էր։ Իսկ ինքս իմ կամքով, առանց հրավերի, ոչ մի դեպքում չէի ուզում քայլ անել դեպի հյուրասրահը, պատճառը գուցե արժանապատվությանս զգացումն էր, նրբին զգացումը, բայց այդպես էր պետք։ Ի զարմանս ինձ մնացյալ սպասավորները (երկուսը) համարձակվեցին նստել իմ ներկայությամբ։ Երեսս շրջեցի, որ չտեսնեմ իրենց արարքը, սկսեցի դողալ ամբողջ մարմնով և, ակամա շրջվելով ու քայլ անելով դեպի սպասավորներից մեկը, ''կարգադրեցի'', որ «անհապաղ» գնա ու զեկուցի մի անգամ ևս։ Չնայած հայացքիս խստությանն ու արտակարգ բորբոքվածությանս այդ սպասավորը ալարկոտ հայացք գցեց վրաս, ոտքի չկանգնեց, և նրա փոխարեն պատասխանեց մյուսը.
 
― Կարող եք չանհանգստանալ, զեկուցված է։
 
Վճռեցի սպասել ընդամենը մեկ րոպե ևս կամ, հարկ եղած դեպքում, րոպեից էլ պակաս, իսկ հետո՝ ''անպայման հեռանալ''։ Կարևոն այն է, որ հագնված էի խիստ վայելուչ, հագուստս ու վերարկուս նոր էին, իսկ սպիտակեղենս՝ միանգամից թարմ, ինչի համար Մարյա Իվանովնան անձամբ էր հոգացել հատուկ այդ այցելության առթիվ։ Իսկ այդ սպասավորների վերաբերյալ բավականին ուշ և արդեն միայն Պետերբուրգում իմացա ''հաստատ'', որ նրանք կրտսեր Վերսիլովի հետ եկած ծառայի միջոցով դեռևս նախօրյակին են իմացել, թե՝ «գալու է մի կողմնակի եղբայր և ուսանողի մեկը»։ Այժմ արդեն հաստատ գիտեմ դա։
 
Րոպեն անցավ։ Զարմանալի զգացում ես ունենում, երբ վճիռ ես ընդունում ու վճռականություն չես ցուցաբերում։ «Հեռանա՞լ, թե՞ ոչ»,― կրկնում էի վայրկյանը մեկ՝ համարյա դողէրոցքի մեջ. հանկարծ երևաց զեկուցելու գնացած սպասավորը, ափին, մատների արանքներում թրթռում էին չորս կարմիր թղթադրամ` քառասուն ռուբլի։
 
― Ահա-ս, բարեհաճեցեք ստանալ քառասուն ռուբլին։
 
Բռնկվեցի, դա այնպիսի՜ վիրավորանք էր։ Անցած ամբողջ գիշերվա ընթացքում երազել էի երկու եղբայրների միջև Վերսիլովի կազմակերպած այդ հանդիպման մասին, ամբողջ գիշեր անրջել էի տենդի մեջ, թե ինչպես եմ պահելու ինձ, որ չնվաստանամ ու չնվաստացնեմ գաղափարների այն ամբողջ շարանը, որոնց կյանքի էի կոչել իմ մենության մեջ և որոնցով կարող էի հպարտանալ ցանկացած միջավայրում։ Երազել էի, թե որքա՜ն շնորհապարտ կերևամ, հպարտ ու խոհուն՝ իշխան Վ-սկու շրջապատում ու դրա շնորհիվ միանգամից մուտք կգործեմ այդ բարձր հասարակության մեջ. օ՜հ, ես չեմ խնայի ինձ և թող կատարվի՜ այդ բանը, թող կատարվի, և այնպիսի՜ մանրամասնությամբ պիտի գրի առնվի այդ կատարվելիքը։ Ու հանկարծ՝ քառասուն ռուբլի՝ սպասավորի ձեռքով նախասրահում, այն էլ՝ տասը րոպե սպասելուց հետո, այն էլ ուղղակի սպասավորի մատների արանքից և ոչ թե սկուտեղով, ծրարով։
 
Այնպես գոռացի սպասավորի վրա, որ ցնցվեց և ընկրկեց ճոճվելով, կարգադրեցի, որ փողն անհապաղ ետ տանի, որ «պարոնը անձամբ բերի գումարը», մի խոսքով՝ հրամանս, անշուշտ, կցկտուր ստացվեց և, ինչ խոսք, անհասկանալի՝ սպասավորի համար, սակայն այնպես գոռացի, որ նա գնաց։ Ավելացնեմ այն, որ հյուրասրահում եղածները կարծես թե լսեցին գոռոցս, և խոսակցությունն ու ծիծաղը լռեցին միանգամից։
 
Համարյա նույն պահին լսեցի վեհաշուք, անշտապ ու կամացուկ քայլերի ձայն, և աչքիս առջև հայտնվեց մի բարձրահասակ երիտասարդ մարդու գեղեցիկ կերպարանք (այն ժամանակ ավելի գունատ ու նիհարավուն երևաց, քան հիշյալ վերջին օրվա հանդիպման ժամանակ) նախասրահ բերող դռան մեջ մի արշինաչափ հեռու կանգնելով շեմից։ Հագին մետաքսյա հրաշալի կարմիր խալաթ էր, կոշիկներ, քթին՝ լոռնետ։ Լուռումունջ ինձ վրա ուղղեց լոռնետը և սկսեց դիտել ուշադիր։ Ես գազանի կատաղությամբ քայլ արեցի իր կողմը և կանգ առա մարտահրավեր նետողի կեցվածքով շեշտակի նայելով իր աչքերի մեջ։ Բայց նա ինձ դիտեց սոսկ մի պահ, գեթ տասը վայրկյան, հանկարծ շատ աննշմարելի մի ժպիտ խաղաց շուրթերին, բայց այդ ժպիտն անչափ զայրացուցիչ էր հատկապես այդ աննշմարելիությամբ, և այդպես ժպտացողը հանկարծ շրջվեց ու նորից գնաց խորքի սենյակները նույնքան դանդաղ ու սահուն, ինչպես որ եկել էր։ Օհ, վիրավորանք հասցնելու այդ վարպետները դեռևս մանկուց, դեռևս իրենց գերդաստաններում են սերտում վիրավորելու արվեստը իրենց մայրերի օգնությամբ։ Անշուշտ, այլայլվեցի... Օհ, ինչո՞ւ այլայլվեցի այն ժամանակ։
 
Համարյա թե նույն վայրկրանին երևաց նույն սպասավորը նույն թղթադրամները մատների արանքներում։
 
― Բարեհաճեցեք ընդունել, Պետերբուրգից են ուղարկել ձեզ համար, իսկ անձամբ ձեզ չեն կարող ընդունել. «Մի ուրիշ անգամ, թերևս, ստացվի որևէ կերպ, երբ ավելի ազատ կլինեն»։― Զգացի, որ վերջին բառերն արդեն սպասավորն էր ավելացնում իր կողմից։ Բայց այլայլվածությունս դեռևս շարունակվում էր, և ես ընդունեցի փողն ու դեպի ելքի դուռը գնացի. հենց այլայլվածությանս պատճառով էլ ընդունեցի, քանի որ չպետք է ընդունեի, սակայն սպասավորը, արդեն ինձ գրգռելու ցանկությամբ, մի իսկական սպասավորական արարք թույլ տվեց իրեն, հանկարծ թափով բաց արավ դուռն իմ առջև և, կրնկի վրա բաց պահելով այն, բարբաջեց շեշտված հարգանքով, երբ դուրս էի անցնում իր կողքով.
 
― Համմեցե՜ք֊ս։
 
― Սրիկա՜,― ոռնացի իր վրա և հանկարծ բարձրացրի բռունցքս, բայց վրա չբերեցի մռութին,― քո տերն էլ է սրիկա։ Այդպես էլ զեկուցի՛ր անհապաղ,― ավելացրի և արագ անցա սանդղակով։
 
― Չհամարձակվեք այդպես։ Թե որ անհապաղ զեկուցեմ պարոնիս, նույն րոպեին գրությունով ձեզ կուղեկցեն տեղամաս։ Համ էլ չհամարձակվեք ձեռք բարձրացնել...
 
Իջնում էի սանդուղքով։ Դա շքամուտքի սանդուղքն էր ամբողջովին բաց և վերևից կարելի էր լիովին տեսնել ինձ, քանի դեռ իջնում էի կարմիր ուղեգորգի վրայով։ Երեք սպասավորն էլ դուրս էին եկել և շարվել սանդղահարթակի բազրիքի մոտ։ Անշուշտ, վճռել էի այլևս բան չասել, այլևս անկարելի էր նախատել սպասավորներին։ Քայլերս չարագացնելով և, կարծեմ, նույնիսկ դանդաղեցնելով, իջա մինչև սանդուղքի վերջը։
 
Օ՛հ, թող որ լինեն այնպիսի փիլիսոփայողներ (և համոթ իրենց), որ կասեն, թե դրանք բոլորը դատարկ բան են, կաթնակերի մեկի բորբոքվածությո՜ւն է, թող ասեն, բայց ինձ համար դա վերք էր, վերք, որ չի ապաքինվել մինչև օրս, նույնիսկ մինչև այս րոպեն, երբ գրում եմ այդ մասին և երբ ամեն բան վերջացած է ու նույնիսկ վրեժը լուծված։ Օ՛հ, երդվում եմ, հիշաչար չեմ և ոչ էլ վրիժառու։ Անկասկած, միշտ էլ, նույնիսկ մինչև հիվանդանալս, ցանկացել եմ վրեժխնդիր լինել, երբ ինձ վիրավորել են, բայց, երդվում եմ, վրեժն անգամ ցանկանում եմ լուծել մեծահոգաբար։ Թող ես հատուցեմ մեծահոգությամբ, բայց այնպես, որ այդ պարոնը զգա դա, որ հասկանա, և ես լուծված կհամարեմ վրեժս։ Ի դեպ, ավելացնեմ, որ թեև վրիժառու չեմ, բայց հիշաչար եմ իմ մեծահոգությամբ հանդերձ, նման բան պատահո՞ւմ է այլոց հետ։ Իսկ այն ժամանակ, օ՛հ, այն ժամանակ իր մոտ էի գնացել բարի մտադրությամբ, միգուցե ծիծաղելի, բայց ի՜նչ արած, ավելի լավ է, որ մարդ մեծահոգի լինի ու ծիծաղելի, քան թե ոչ ծիծաղելի, բայց ստոր՝ առօրեական միջակություններին վայել։ «Եղբորս» հետ ունեցածս այդ հանդիպման մասին սիրտս բաց էի արել ոմանց մոտ, նույնիսկ Մարյա Իվանովնայի, նույնիսկ Լիզայի (Պետերբուրգում). այդ հանդիպումը նույնն էր, ինչ ամոթալի ապտակ ստանալը։ Եվ ահա, հանկարծ հանդիպում է նույն պարոնը, ում հետ հանդիպելուն ամենից քիչ էի սպասում, ժպտում է երեսիս, հանում շլյապան և ասում միանգամայն մտերմաբար. «Բարի երեկո»։ Անշուշտ, մտածելու բան էր... Բայց վերքս բացվել էր։
 
==== V ====
 
Չորս ժամից ավել գինետանը նստելուց հետո հանկարծ դուրս վազեցի խելահեղի պես․ պարզ է, որ կրկին դեպի Վերսիլովի կացարանը և, ինչ խոսք, նորից չբռնացրի տանը, բոլորովին չէր եկել տուն, դայակը տխրամած էր և հանկարծ խնդրեց, որ իր մոտ ուղարկեմ Նաստասյա Եգորովնային. օհ, կարծես թե ուրիշ բան ու գործ չունեի։ Վազեցի նաև մորս մոտ, բայց ներս չմտա, այլ Լուկերյային կանչեցի նախասրահ, նրանից իմացա, որ Վերսիլովը այս տանն էլ չի եղել, և Լիզան նույնպես տանը չէ։ Տեսա, որ Լուկերյան էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան հարցնել և, միգուցե, նաև ինչ-որ բան պատվիրել ինձ, բայց մի՞թե իրոք ուրիշ հոգս ու ցավ չունեի։ Մնում էր վերջին հույսը, որ Վերսիլովը եղած կլինի իմ վարձու կացարանում, բայց արդեն դրան էլ չէի հավատում։
 
Նախապես ասել եմ, որ արդեն կորցնում էի բանականությունս։ Եվ հանկարծ իմ սենյակում բռնացրի Ալֆոնսինկային՝ տանտիրոջ հետ։ Ճիշտ է, նրանք դուրս էին գալիս սենյակիցս, և Պյոտր Իպպոլիտովիչի ձեռին մոմ կար։
 
― Սա ի՜նչ բան է,― գոռացի տանտիրոջ վրա համարյա մտագարի պես,― ինչպե՞ս եք համարձակվում իմ սենյակը մտցնել այս խարդախ կնոջը։
 
― Tiens,― բացականչեց Ալֆոնսինկան,― et les amis<ref>Ահա դուք, իսկ ո՛ւր ես ձեր բարեկամները (ֆրանս.)։
</ref>։
 
― Դո՜ւրս,― աղաղակեցի։
 
― Mais cest un ours!<ref>Բայց նա իսկական արջ է (ֆրանս.)։
</ref>,― դեպի միջանցք թռավ Ալֆոնսինկան՝ վախեցած ձևանալով և վայրկենապես չքանալով տանտիրուհու սենյակում։ Պյոտր Իպոլիտովիչը, մոմը դեռևս ձեռին, ինձ մոտեցավ խստադեմ։
 
― Թույլ տվեք դիտողություն անել, Արկադի Մակարովիչ. դուք չափից ավելի բորբոքվեցիք, որքան էլ որ հարգենք ձեզ, այնուամենայնիվ, պիտի նկատենք, որ Ալֆոնսինան խարդախ չէ, այլ՝ միանգամայն հակառակը, նա հյուր է և այն էլ ոչ ձեր հյուրը, այլ իմ տիկնոջ, ում հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ ծանոթ են փոխադարձաբար։
 
― Իսկ ինչպե՞ս եք համարձակվել իմ սենյակը մտցնել նրան,― կրկնեցի բռնելով գլուխս, որ հանկարծ ցավել սկսեց համարյա ահավոր կերպով։
 
― Պատահաբար-ս ստացվեց։ Ես մտնում էի, որ փակեմ օդանցքը, որ ինքս էի բաց թողել մաքուր օդի համար, և քանի որ այդ պահին Ալֆոնսինա Կարլովնայի հետ շարունակում էինք մեր սկսած զրույցը, ապա նա նույնպես մտավ ձեր սենյակը միմիայն այն պատճառով, որ շարունակում էր ուղեկցել ինձ ու մասնակցել զրույցին։
 
― Ճիշտ չէ, Ալֆոնսինկան լրտես է, Լամբերտն էլ է լրտես։ Միգուցե դուք նույնպես լրտես եք։ Իսկ Ալֆոնսինկան իմ մոտից որևէ բան թռցնելու է եկել։
 
― Ինչպես որ կբարեհաճեք։ Այսօր բարեհաճում եք մի բան ասել, վաղը ուրիշ բան։ Մինչդեռ իմ բնակարանը վարձով եմ տվել որոշ ժամանակով. իսկ ես ու տիկինս կտեղափոխվենք մառան, այնպես որ Ալֆոնսինա Կարլովնան ճիշտ այնպիսի կենվոր է, որպիսին դուք-ս եք։
 
― Բնակարանը Լամբերտի՞ն եք տվել վարձով,― գոռացի ահաբեկված։
 
― Ոչ-ս, Լւսմբերտին չեմ տվել,― ժպտաց իր երկարաձիգ ժպիտով, որում, ի դեպ, առավոտվա տարակուսանքին փոխարինում էր արդեն ինքնավստահությունը,― կարծում եմ, որ ինքներդ կբարեհաճեք իմանալ, թե ում եմ տվել, սակայն, հանուն ցույց տալու, ցույց եք տալիս, թե իբր չգիտեք, դրա պատճառով էլ զայրանում եք։ Բարի գիշեր-ս։
 
― Այո, թողեք, հանգիստ թողեք ինձ,― թափահարեցի ձեռներս, հազիվ զսպելով լացս, այնպես որ նա հանկարծ զարմանքով նայեց երեսիս, սակայն գնաց։ Տեղը գցեցի դուռը ներսից փակող կեռիկը և, երեսս բարձի մեջ թաղած, ձգվեցի մահճակալիս։ Ու այդպես էլ անցավ ինձ համար ահավոր այդ օրը՝ ճակատագրական վերջին երեք օրերից մեկը, որոնցով ավարտվում են նոթերս։
 
=== Գլուխ տասներորդ ===
 
==== I ====
 
Դարձյալ առաջ անցնելով դեպքերի ընթացքից, հարկ եմ համարում նախապես բացատրել ընթերցողին գոնե որոշ բան, քանզի տփալ դեպքում այս պատմության տրամաբանական ընթացքին այնքան պատահականություններ են խառնվել, որ առանց նախնական բացատրության դժվար կլինի ըմբռնել դրանք։ Տփալ դեպքում, խոսքը վերաբերում է հենց այն «մեռյալ հանգույցին», որի մասին բերանից թռցրել էր Տատյանա Պավլովնան։ Հանգույցի էությունն այն է, որ Աննա Անդրեևնան համարձակվել է վերջապես դիմելու վտանգավոր քայլի, որպիսին միայն հնարավոր է պատկերացնել նրա վիճակում գտնվողի կողմից։ Իրոք որ թունդ բնավորություն ունի։ Թեև ժամանակին ծեր իշխանը առևանգվել ու տարվել էր Ցարսկոյե Սելո, այնպես որ Աննա Անդրեևնայի հետ նրա պսակվելու լուրը չէր կարող տարածվել բարձրաշխարհիկ հասարակության մեջ և խլացվել էր ժամանակին, այսպես ասած սաղմնավորման պահին, այդուհանդերձ, թույլ ծերունին, ում հետ կարող էին վարվել ուզածի պես, ոչ մի դեպքում չէր համաձայնի հրաժարվելու իր մտադրությունից ու դավաճանելու Աննա Անդրևենային, ով հանդիսանում էր պսակվելու առաջարկի հեղինակը։ Այդ հարցում ծեր իշխանը ասպետ էր, այնպես որ ցանկացած պահին կարող էր ոտքի կանգնել և անզսպելի ուժով ձեռնամուխ լինել այդ առաջարկի իրականացմանը, որպիսի բան շատ լավ էլ կարող է պատահել հատկապես թույլ բնավորություն ունեցողների հետ, քանզի նրանք ունենում են բնավորության այնպիսի սահմանագիծ, մինչև որը չի կարելի հասցնել նրանց։ Դրա հետ միաժամանակ նա լիովին գիտակցում էր Աննա Անդրեևնայի վիճակի անկայունությունը, ում հարգում էր անչափ, գիտակցում էր նաև նրա վերաբերյալ հասարակության մեջ՝ բամբասանքների, ծաղրուծանակի, աննպաստ կարծիքի տարածման հնարավորությունը։ երան զգաստացնում ու զսպում էր առայժմ լոկ այն հանգամանը, որ Կատերինա Նիկոլաևնան մինչ այդ նրա ներկայությամբ ոչ խոսքով, ոչ ակնարկով երբևէ թույլ չէր տվել իրեն վատաբանելու իմաստով ծպտուն հանելու Աննա Անդրևենայի հասցեին կամ նրա հետ պսակվելու իշխանի ցանկությանը հակադիր որևէ բան հորինելու։ Հակառակը, անչափ սրտաբացություն և ուշադրություն էր ցուցաբերում իր հոր հարսնացուի հանդեպ։ Այսպիսով, Աննա Անդրեևնան դրված էր չափազանց երերուն վիճակում, կանացի հոտառությամբ նրբորեն զգալով, որ Կատերինա Նիկոլաևնայի վերաբերյալ չնչին իսկ չարախոսելու դեպքում կվիրավորի իշխանի ամենանուրբ զգացմունքները և իր հանդեպ անվստահություն ու նույնիսկ, թերևս, վրդովմունք կհարուցի ծերունու սրտում, քանի որ իշխանը թալկանում էր նաև Կատերինա Նիկոլաևնայի առջև, իսկ այժմ առավել ևս, քան միշտ ու հատկապես այն պատճառով, որ Կատերինա Նիկոլաևնան շատ բարեհոգաբար ու հարգանոք էր թույլ տալիս այդ պսակադրությունը։ Այսպիսով, առայժմ հենց այս հողի վրա էլ ընթանում էր բախումը, մրցակցուհիները երկուսն էլ ասես մրցում էին իրենց նրբանկատությամբ ու համբերությամբ և իշխանն ի վերջո արդեն չգիտեր, թե նրանցից որի” պահվածքով ավելի զմայլվի և բոլոր թույլ, բայց և նուրբ սիրտ ունեցողների պես, ավարտեց այն բանով, որ սկսեց տառապել և ամեն բանում մեղադրել ինքն իրեն միմիայն։ Նրա կսկիծը, ասում են, հասավ հիվանդության աստիճանի, նյարդերն իրոք քայքայվեցին և, Ցարսկոյեում ապաքինվելու փոխարեն, արդեն պատրաստ էր անկողին ընկնելու։
 
Այստեղ միջանկյալ կարգով նշեմ այն մասին, ինչը ինձ համար հայտնի դարձավ երկար ժամանակ անցնելուց հետո միայն, իբր թե Բյորինգն ուղղակի առաջարկած է եղել Կատերինա Նիկոլաևնային, որ ծերունուն տեղափոխի արտասահման, այդ կապակցությամբ վերջինիս համաձայնությունը կորզելով որևէ խաբուսիկ հնարքով, այդ ընթացքում բարձրաշխարհիկ հասարակությունում թեթևակի շշուկ բաց թողնելով, թե ծերունին լիովին թռցրել է խելքը, իսկ արտասահմանում արդեն այդ բանը հաստատող վկայագրեր ձեռք կբերի բժիշկներից։ Բայց հենց այդ քայլին էլ ոչ մի կերպ չհամաձայնեց Կատերինա Նիկոլաևնան. համենայն դեպս, այդպես էին պնդում հետագայում։ Իբր թե նա զայրույթով է մերժել այդ ծրագիրը։ Այդ ամենը լոկ կողմնակի խոսք ու շշուկ է, բայց ես հավատում եմ դրան։
 
Եվ ահա, երբ բանը հասել է վերջին անելանելիությանը, հանկարծ Աննա Անդրեևնան Լամբերտի շնորհիվ իմացել է, թե գոյություն ունի մի այնպիսի նամակ, ըստ որի դուստրն արդեն խորհրդակցել է իրավագետի հետ, թե ինչպես կարելի է հորը հայտարարել խելագար։ Նրա վրիժառու և սնապարծ միտքը վերին աստիճանի բորբոքվել է այդ լուրից։ Մտաբերելով դրանից առաջ ինձ հետ ունեցած զրույցները և քննելով բազում մանր հանգամանքներ, այլևս չի կարողացել կասկածել ստացած տեղեկության հավաստիությանը։ Հենց նույն պահին ևեթ այդ հաստատակամ, անսասան կնոջ սրտում անկասելիորեն հասունացել է հարվածելու ծրագիրը։ Օրագրի էությունն այն էր, որ անսպասելիորեն, առանց այլևայլ ձևականությունների ու չարախոսությունների, ամեն բան միանգամից հայտներ իշխանին, ահաբեկեր նրան, ցնցեր, ցույց տար, որ նրան գժանոցն է սպասում անխուսափելիորեն, և եթե ծերունին չհավատար, ընդդիմանար ու վրդովվեր, ապա ցույց տար նրա դստրիկի նամակը, այն է՝ «քանզի խելագար հայտարարելու մտադրություն է եղել, ապա այժմ առավել ևս կլինի՝ պսակադրությանը խանգարելու համար»։ Այնուհետև պիտի վերցներ մահվան դուռը հասած ծերունուն ու տեղափոխեր Պետերբուրգ՝ ''ուղիղ իմ բնակարանը''։
 
Դա ահավոր խիզախում էր, բայց Աննա Անդրեևնան հանկարծահաս հույսը դրել էր իր հզորության վրա։ Մի պահ շեղվելով պատմության ընթացքից, խիստ առաջ ընկնելով, հայտնեմ, որ նա հուսախաբ չեղավ մտադրած հարվածի ազդեցության հարցում, ավելին, ազդեցությունը գերազանցեց նրա բոլոր սպասումներին։ Այդ նամակի մասին տեղեկությունը երևի մի քանի անգամ ավելի ուժգին ազդեց իշխանի վրա, քան կարող էր ենթադրել հարվածողը և բոլորս։ Մինչ այդ չգիտեի, թե իշխանը հիշյալ նամակի մասին իմացել է ավելի շուտ, բայց բոլոր թուլակամ ու հնազանդ մարդկանց սովորույթով չի հավատացել լուրերին և կամքի ամբողջ ուժով թափ է տվել ձեռքը, որ հանգիստ մնա, ավելին, մեղադրել է ինքն իրեն իր ապերախտ դյուրահավատության առումով։ Ավելացնեմ, որ նամակի վկայակոչումը Կատերինա Նիկոլաևնայի վրա ևս ազդել էր անհամեմատ ավելի ուժգին, քան սպասուն էի այն ժամանակ... Մի խոսքով, այդ թուղթն ավելի կարևորվեց, քան ենթադրում էի ես նույն թուղթը գրպանում կրողս։ Բայց այս անգամ շատ առաջ ընկա։
 
Այնուամենայնիվ, մի հարցնող լինի, թե ինչո՞ւ հատկապես իմ կացարանն են բերում ծերունուն։ Ինչո՞ւ իշխան մարդուն խցկել այդ նեղլիկ պուճախները և վախեցնել խղճուկ պայմաններով։ Եթե հնարավոր չէր տանել իր սեփական տունը (քանի որ այնտեղ կարող էին միանգամից ամեն բան տակնուվրա անել), ապա ինչո՞ւ չտանել մի «հարուստ» ու առանձնահատուկ բնակարան, ինչպես առաջարկել էր Լամբերտը։ Բայց հենց դրանում էլ կայանում էր Աննա Անդրեևնայի այդ արտառոց քայլի ամբողջ համարձակությունը։
 
Կարևորն այն էր, որ ժամանելուն պես իշխանին ցուց տրվեր փաստաթուղթը, մինչդեռ ես ոչ մի դեպքում չէի հանձնի այն։ Եվ քանի որ այլևս անկարելի կլիներ ժամանակ կորցնել, ապա Աննա Անդրեևնան, հույսը դնելով իր զորության վրա, պիտի գործի անցներ նաև առանց փաստաթղթի, բայց այնպես, որ իշխանին հասցնեին ուղիղ ինձ մոտ. բայց ինչո՞ւ։ Հենց այն բանի համար, որ այդ քայլով միանգամից նեղը գցեին նաև ինձ, առածի լեզվով ասած՝ մի գնդակով երկու նապաստակ խփեին։ Այդ դաման հաշվարկել էր, որ ինձ վրա ևս ազդի անսպասելի հարվածով, ցնցումով։ Իր կարծիքով՝ ծերունուն իմ կացարանում տեսնելով, նրա ահաբեկվածությունը, անօգնականությունը տեսնելով և լսելով նրանց երկուստեք խնդրանքը, կհանձնվեմ ու կհանձնեմ փաստաթուղթը։ Խոստովանում եմ հաշվարկը հնարամիտ էր ու խելացի, հոգեբանական էր, ավելին, քիչ մնաց, որ պսակվեր հաջողությամբ... իսկ ինչ վերաբերում է ծեր իշխանին, ապա Աննա Անդրեևնան նրան գրավել էր ու ստիպել հավատ ընծայելու իր խոսքին այն բանի շնորհիվ, որ պարզապես հայտնել էր, թե նրան տեղափոխում է ''ինձ մոտ''։ Այդ մասին իմացա հետագայում։ Իշխանն այն աստիճան էր սիրում ու հարգում ինձ, որ սոսկ լուրն այն մասին, թե փաստաթուղթն ինձ մոտ է, նրա հեզ սրտում կոչնչացներ փաստի հավաստիության վերաբերյալ վերջին կասկածները։
 
Նշեմ նաև, որ Աննա Անդրեևնան ոչ մի րոպե չէր կասկածել, թե փաստաթուղթը դեռևս ինձ մոտ է և դեռ բաց չեմ թողել ձեռիցս։ Կարևորն այն է, որ նա թյուր կարծիք ուներ իմ բնավորության մասին և անպատկառորեն հույսը դրել էր իմ անմեղության, պարզասրտության և դյուրազգացության վրա, մյուս կողմից էլ ենթադրել էր, թե ես, եթե նույնիսկ վճռեմ նամակը հանձնել Կատերինա Նիկոլաևնային, ապա դա տեղի կունենա ոչ այլ կերպ, քան առանձնահատուկ պայմաններում և շտապել էր կանխարգելել իր հանկարծահաս գրոհով ու հարվածով։
 
Եվ, վերջապես, այդ հարցերում նրան վստահություն էր ներշնչել Լամբերտը։ Արդեն ասել եմ, որ Լամբերտի վիճակն այդ ժամանակ ամենաճգնաժամայինն էր. այդ դավաճանը կաշվից դուրս էր գալիս, որ յուղի գլուխս և ինձ անջատի Աննա Անդրեևնայից, որպեսզի Վերսիլովի հետ միասին փաստաթուղթը վաճառի Ախմակովային, ինչը, չգիտեմ, թե ինչու, ավելի շահավետ էր թվացել նրան։ Բայց քանի որ մինչև վերջին րոպեն ես չէի հանձնում փաստաթուղթը, ապա նախապես Լամբերտը վճռել էր այդպիսի ծայրահեղ դեպքում համագործակցել նույնիսկ Աննա Անդրեևնայի հետ, որ լիովին չզրկվի շահից, այդ պատճառով էլ կաշվից դուրս էր գալիս մինչև վերջին ժամը, որ նրա աչքը մտնի որևէ ծառայություն մատուցելով, և գիտեմ, որ նույնիսկ առաջարկել էր քահանա բերել անհրաժեշտության դեպքում (ինձ համոզելու և փաստաթուղթը կորզելու համար)... Բայց Աննա Անդրեևնան արհամարհական քմծիծաղով խնդրել էր, որ չհիշատակի այդ մասին։ Լամբերտը նրա աչքին թվացել էր ահավոր բռի և լիակատար զզվանք էր հարուցել, սակայն զգուշավորության թելադրանքով, այնուամենայնիվ ընդունել էր Լամբերտի ծառայությունները, որոնք իրականանում էին, զորօրինակ, լրտեսության մեջ։ Ի դեպ, մինչև օրս էլ հաստատ չգիտեմ նրանք կաշառե՞լ էին իմ տանտեր Պյոտր Իպպոլիտովիչին, թե՞ ոչ, և վերջինս իր մատուցած ծառայության համար գոնե որևէ բան ստացե՞լ էր նրանցից, թե՞ պարզապես հաճույքի համար էր ներքաշվել դավադիրների գործունեության մեջ. այսպես թե այնպես, հաստատ գիտեմ, որ ինքն էլ էր լրտեսում ինձ, իր կինն էլ։
 
Այժմ ընթերցողը կհասկանա, թե ինչու ես, նախազգուշացված լինելով հանդերձ, բնավ չէի կարող կանխագուշակել, թե վաղը կամ մյուս օրը ծեր իշխանին կգտնեմ իմ կացարանում և վերոհիշյալ հանգամանքներում։ Բացի այդ չէի կարող այդ աստիճանի անպատկառություն սպասել Աննա Անդրեևնայի կողմից։ Խոսքով կարելի է ասել ու ակնարկել ամեն բան, բայց վճռել, գործի անցնել ու իսկապե՞ս կատարել մտադրածը,― դրա համար, պետք է ասեմ ձեզ, ուրիշ բնավորություն է պետք։
 
==== II ====
 
Շարունակում եմ։
 
Առավոտյան արթնացա ուշ, թեև քնել էի արտասովոր խորը և առանց երազների, ինչը մտաբերում եմ զարմանքով, և այսպես, արթնանալով, զգացի, որ տրամադրությունս աշխույժ է, ասես չէր էլ եղել երեկվա ամբողջ օրը։ Վճռեցի, որ չեմ գնա մորս մոտ, այլ կգնամ ուղղակի գերեզմանատան եկեղեցին, որ հուղարկավորումից հետո վերադառնամ մորս տունը ու իր մոտից չհեռանամ ամբողջ օրը։ Հաստատ համոզված էի, որ այդ օրը վաղ թե ուշ Վերսիլովին անպայման կհանդիպեմ մորս բնակարանում։
 
Եվ Ալֆոնսինկան, և տանտերը վաղուց ի վեր տանը չէին։ Չէի ուզում տանտիրուհուն հարցնել այդ մասին և հետո վճռել էի վերջ տալ նրանց հետ առնչվելուն և հնարավորին չափ շուտ տեղափոխվել այդ բնակարանից, այդ պատճառով էլ դուռը նորից փակեցի ներսից, հենց որ սուրճ բերեցին ինձ համար։ Բայց հանկարծ թակեցին դուռս, ի զարմանս ինձ` եկողը Տրիշատովն էր։
 
Իսկույն բաց արի դուռը և ուրախությամբ ներս հրավիրեցի, բայց նա չէր ուզում մտնել։
 
― Միայն մի բան ասեմ հենց շեմի վրա... թե՞ պիտի ներս գամ. թվում է, թե այստեղ պետք է շշուկով խոսենք, այնուամենայնիվ, չեմ նստի ձեզ մոտ։ Նայում եք զազրելի վերակուի՞ս. սա այն պատճառով եմ վերցրել, որ Լամբերտը խլել է մուշտակս։
 
Իրոք որ ձեռից գնացած, հնամաշ ու իր հագով խիստ կարճ էր վերարկուն։ Կանգնել էր դեմս ինչ-որ պատճառով մռայլ ու տխուր, ձեռները գրպանները խոթած ու շլյապան գլխից հանած։
 
― Չէ, չեմ նստի։ Լսեք, Դոլգոռուկի, որևէ մանրամասնություն չգիտեմ, համա տեղյակ եմ, որ Լամբերտը շուտափույթ և անխուսափելի ինչ-որ դավադրություն է պատրաստում ձեր դեմ, և դա հաստատ է։ Դրա համար էլ զգույշ եղեք։ Չեչոտն է բերանից թռցրել ինձ մոտ. հիշո՞ւմ եք չեչոտին։ Համա չասաց, թե ինչումն է բանը, այնպես որ չեմ կարող ավելին ասել։ Եկա, որ նախազգուշացնեմ։ Մնաք բարյավ։
 
― Նստեք, սիրելի Տրիշատով, նստեք, թեև տեղ եմ շտապում, բայց այնպես ուրախ եմ ձեզ տեսնելու համար...― ասացի համարյա գոռալով։
 
― Չե՛մ նստի, չէ, համա ինձ ուրախությամբ ընդունելը միշտ կհիշեմ։ Էհ, Դոլգոռուկի, ձեզնից պահեմ, Աստծուց ի՜նչ պահեմ, գիտակցաբար, իմ հոժար կամքով եմ համաձայն եղել ամեն տեսակ զազրելի արարքների և մի այնպիսի ստորություն անելու, որ նույնիսկ ամաչում եմ արտահայտել ձեր ներկայությամբ։ Հիմա մենք կենում ենք չեչոտի կացարանում... Մնաք բարյավ։ Արժանի չեմ ձեզ մոտ նստելուն։
 
― Վե՛րջ տուր, սիրելի Տիշատով...
 
― Չէ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ես ամենքի մոտ էլ համարձակ եմ և այսուհետև կսկսեմ քեֆ անել։ Շուտով ինձ համար ավելի լավ մուշտակ կկարեն, վարգաձիեր լծած կառք կնստեմ տեղ գնալիս։ Բայց կհիշեմ, ի գիտություն ինձ, որ ձեզ մոտ, այնուամենայնիվ, չնստեցի, քանի որ ինքս եմ ինձ այդպես դատապարտել, քանի որ ստոր եմ ձեր առաջ։ Այնուամենայնիվ, հաճույքով կհիշեմ այս բանը, երբ տրվեմ անազնիվ զվարճությունների։ Մնաք բարյա՜վ, դե՛հ, մնաք բարյավ, ափս էլ չեմ տա ձեզ. չէ՞ որ նույնիսկ Ալֆոնսինկան է խուսափում իմ ափից։ Եվ խնդրում եմ, որ չգաք հետևիցս, իմ կացարանը նույնպես չգաք, պայմանագրով գործարքի մեջ ենք։
 
Տարօրինակ տղան շրջվեց ու գնաց։ Նրանով զբաղվելու ժամանակ չունեի, բայց վճռեցի առաջիկայում անպայման գտնել, հենց որ մեր գործերը կարգավորեմ։
 
Չեմ նկարագրի նաև այդ ամբողջ առավոտը, թեև կարելի է շատ բան վերհիշել։ Վերսիլովը չերևաց գերեզմանատան եկեղեցում և հուղարկավորման ընթացքում, բայց մինչ այդ էլ կարելի էր կռահել մերոնց հայացքներից, որ ոչ էլ սպասում էին նրան եկեղեցու արարողության ժամանակ։ Մայրս ակնածանքով աղոթում էր և, ինչպես երևում էր, լիովին տարված էր աղոթքով։ Դագաղի մոտ միայն Տատյանա Պավլովնան ու Լիզան էին։ Սակայն ոչինչ չեմ նկարագրի, ոչինչ։ Հուղարկավորումից հետո բոլորս տուն վերադարձանք ու սեղան նստեցինք, և նորից իրենց տեսքից եզրակացրի, որ ոչ էլ այդ պահին էին սպասում Վերսիլովի գալուն։ Երբ ելանք սեղանի մոտից, մոտեցա մորս, գրկեցի ջերմորեն և շնորհավորեցի իր ծննդյան օրվա առթիվ, ինձնից հետո նույն բանն արավ նաև Լիզան։
 
― Լսիր, եղբայր,― ծածուկ շշնջաց դրանից հետո,― իրենք սպասում են նրա գալուն։
 
― Գուշակում եմ Լիզա, տեսնում եմ։
 
― Երևի գա։
 
Ուրեմն, ճշգրիտ տեղեկություն ունեն, մտածեցի, բայց հարց չտվեցի։ Թեև չեմ նկարագրում ապրումներս, բայց այդ առեղծվածը, առույգությունիցս անկախ, հանկարծ նորից քարի պես ծանրացավ սրտիս։ Բոլորս նստեցինք հյուրասրահի կլոր սեղանի շուրջ մորս դիմաց։ Օհ, այդ ժամանակ որքա՜ն հաճելի էր նրա մոտ լինելն ու երեսին նայելը։ Մայրս հանկարծ խնդրեց, որ մի բան կարդամ Աստվածաշնչից։ Մի գլուխ կարդացի Ղուկասի ավետարանից։ Մայրս ոչ լալիս էր, ոչ էլ այնքան տխուր էր, բայց նրա հայացքը դեռ երբեք չէր թվացել այդքան ոգեղեն իմաստով լեցուն։ Այդ խաղաղ հայացքում շողում էր մի խոհ, բայց չէի կարողանում նկատել, թե ինչ-որ բանի է սպասում տագնապով։ Զրույցը չէր լռում, շատ բան վերհիշեցինք հանգուցյալի վերաբերյալ, նրա մասին շատ պատմեց նաև Տատյանա Պավլովնան, այնպիսի բաներ, որ առաջ չգիտեի։ Առհասարակ, եթե գրի առնվեր, ապա շատ հետաքրքիր բաներ կգտնվեին։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի ամենօրյա տեսքն էր փոխվել, շատ մեղմ էր, փաղաքուշ, և, որ գլխավորն է, շատ հանգիստ էր, թեև շատ էր խոսում, որ զբաղեցնի մորս։ Շատ լավ մտապահել եմ մի մանրուք, մայրս նստած էր բազմոցին, իսկ բազմոցից ձախ, կլոր ու հատուկ սեղանիկի վրա դրված էր մի հին սրբապատկեր առանց մակադրվագումների չհաշված երկու սրբերի գլուխների «լուսապսակները», սրբապատկերը դրված էր այնպես, ասես ինչ-որ նպատակով էր մեջտեղ հանվել։ Մակար Իվանովիչին էր պատկանում, գիտեի այդ բանը, գիտեի նաև, որ հանգուցյալը երբեք չէր բաժանվել այդ պատկերից և դա համարում էր հրաշագործ։ Տատյանա Պավլովնան մի քանի անգամ նայեց սրբապատկերին։
 
― Լսիր, Սոնյա,― ասաց, անսպասելիորեն փոխելով խոսակցությունը,― ավելի լավ չի՞ լինի, որ չմնա աթոռին, այլ դրվի սեղանի վրա, հենվի պատին ու դեմը կանթեղ վառվի։
 
― Չէ,― ասաց մայրս,― ավելի լավ է, որ մնա ինչպես որ կա։
 
― Ճիշտ որ։ Այլապես կարող է չափից ավելի հանդիսավոր երևալ...
 
Բան չհասկացա այդ պահին, բայց գիտեի, որ Մակար Իվանովիչը վաղուց ի վեր, առօրյա խոսք ու զրույցի ընթացքում, Անդրեյ Պետրովիչին էր կտակել այդ սրբապատկերը, և մայրս պատրաստվում էր նրան հանձնել դա։
 
Արդեն ժամը հինգն էր, մեր զրույցը շարունակվում էր, և հանկարծ ցնցում նկատեցի մորս երեսին, նա արագ շրջեց երեսը և սկսեց ականջ դնել ինչ-որ բանի, թեև Տատյանա Պավլովնան շարունակում էր սկսած խոսքը ոչինչ չնկատելով։ Իսկույն նայեցի դռան կողմը և մեկ վայրկյան անց տեսա դրա մեջ հայտնվող Անդրեյ Պետրովիչին։ Ներս էր եկել ոչ թե սանդղամուտքով, այլ հետնաբակով, անցել խոհանոցով ու միջանցքով, և բոլորիս մեջ միայն մայրս էր լսել նրա քայլերի ձայնը։ Այժմ նկարագրեմ հետագա խելահեղ տեսարանն ամբողջովին, շարժում առ շարժում, բառ առ բառ. կարճատև էր դա։
 
Նախևառաջ չնչին իսկ փոփոխություն չնկատեցի հորս հայացքում, համենայն դեպս՝ առաջին հայացքից։ Հագնված էր ինչպես միշտ, այսինքն՝ համարյա թե պճնամոլի պես։ Ձեռքին ոչ մեծ, բայց թարմ ծաղիկներից կազմված թանկարժեք փունջ կար։ Մոտեցավ ու, ժպտալով, մորս մեկնեց ծաղկեփունջը, վերջինս թեթևակի նայեց վախվորած տարակուսանքով, բայց ընդունեց փունջը, և կարմրությունը թեթևակի աշխուժացրեց նրա գունատ այտերը, իսկ աչքերում ուրախություն փայլփլեց։
 
― Գիտեի, որ այդպես կընդունես, Սոնյա,― մրմնջաց Վերսիլովը։ Քանի որ իր մտնելու պահին բոլորս ոտքի էինք կանգնել, ապա նա, մոտենալով սեղանին, վերցրեց Լիզայի բազկաթոռը, որ դրված էր մորս մոտ, և նստեց, չնկատելով, որ ուրիշի տեղն է զբաղեցնում։ Այսպիսով նա հայտնվեց այն նույն սեղանիկի մոտ, որի վրա դրված էր սրբապատկերը։
 
― Բարև, ամենքիդ։ Սոնյա, ուզեցի, այդ ծաղկեփունջը բերել անպայման այսօր քո ծննդյան օրը, այդ պատճառով էլ չերևացի հուղարկավորության ընթացքում, որ հանգուցյալի մոտ չգայի ծաղկեփնջով, համ էլ գիտեի, որ ինքդ նույնպես ինձ չէիր սպասում թաղման տեղում։ Ծերուկը, հարկավ, չի բարկանա այս ծաղիկների պատճառով, քանի որ ինքը մեզ ուրախություն էր պատգամում, ճիշտ չէ՞։ Կարծում եմ, որ նա այս սենյակում է, ինչ-որ տեղ։
 
Մայրս Վերսիլովին նայեց տարօրինակ հայացքով, Տատյանա Պավլովնային ասես ցնցեցին.
 
― Այդ ո՞վ է այստեղ։
 
― Հանգուցյալը։ Թողնե՛նք դա։ Գիտեք, որ հրաշքներին կիսատ-պռատ հավատացողն ավելի է հակված սնոտիապաշտության... Բայց ավելի լավ կլինի, որ ծաղկեփնջի մասին խոսեմ, թե ինչպես տեղ հասցրի։ Ճանապարհին մի քանի անգամ ուզեցի նետել ձյան մեջ ու տրորել ոտքիս տակ։
 
Մայրս ցնցվեց։
 
― Շատ էի ուզում։ Սոնյա, խղճա ինձ ու իմ խեղճ գլուխը։ Իսկ նետելը այն պատճառով էի ուզում, որ շատ էր գեղեցիկ։ Իրերի մեջ ուրիշ ի՞նչն է ծաղկից ավելի գեղեցիկ։ Բերում եմ այս փունջը, իսկ շուրջս ձյուն ու սառնամանիք է։ Մեր սառնամանի՜քն ուր, ծաղիկնե՜րն ուր. ինչպիսի՜ հակադրություն։ Ի դեպ, ասելիքս դա չէ. պարզապես ուզում էի տրորել ծաղկեփունջը, քանի որ շա՜տ լավն էր։ Սոնյա, թեև ես նորից եմ անհետանալու, բայց կվերադառնամ շատ շուտով, քանի որ, կարծես թե կվախենամ, հապա էլ ո՞վ պիտի ապաքինի իմ վախը. Սոնյայի նման հրեշտակ ուրիշ որտե՞ղ գտնեմ։ Այս ի՞նչ սրբապատկեր է։ Հա, հիշեցի, հանգուցյալինն է. իր տոհմականն է, պապականը, ամբողջ կյանքում չէր բաժանվում սրանից, գիտեմ, հիշում եմ, որ ինձ է կտակել, լավ եմ հիշում... և, կարծեմ, հերձվածողական է... հապա, նայեմ։
 
Վերցրեց սրբապատկերը, մոտեցրեց մոմի լույսին և զննեց ուշադիր, բայց մի քանի վայրկյան բռնելուց հետո դրեց սեղանին իր առջև։ Ապշած էի. նրա այդ տարօրինակ խոսքերն այնքան անսպասելի էին, որ դեռևս չէի կարողանում իմաստավորել։ Հիշում եմ լոկ այն, որ հիվանդագին երկյուղ էր թափանցում սիրտս։ Մորս տագնապը փոխվում էր այլայլմունքի ու կարեկցանքի. հանձինս այդ մարդու նախևառաջ տեսնում էր մի դժբախտ ա-րարածի. բայց չէ որ նախկինում էր պատահել, որ այդ մարդը խոսել էր այդպես տարօրինակ։ Լիզան հանկարծ գունաթափվեց և գլխի տարօրինակ շարժումով ցույց տվեց Վերսիլովի պահվածքը։ Իսկ ամենքից ավելի տագնապած էր Տատյանա Պավլովնան։
 
― Ախր այդ ի՞նչ է պատահել ձեզ, Անդրեյ Պետրովիչ, աղավնյակս,― մրմնջաց զգուշորեն։
 
― Իրավ, չգիտեմ, սիրելի Տատյանա Պավլովնա, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Կարող եք չանհանգստանալ, ուշքս դեռ տեղն է, հիշում եմ, որ դուք Տատյանա Պավլովնան եք և սիրելի եք։ Սակայն ես մի րոպեով եմ մտել այստեղ, ուզում էի մի լավ բան ասել Սոնյային և որոնում եմ մի այնպիսի բառ, որը չեմ կարողանում արտահայտել, թեև սիրտս լիքն է ինչ-որ տարօրինակ բառերով։ Գիտե՞ք, թվում է, թե երկատվում եմ ոտից գլուխ,― բոլորիս երեսներին նայեց անչափ լուրջ հայացքով և ամենաանկեղծ մտերմությամբ։― Իրավ, երկատվում եմ մտովի և ահավոր վախ եմ զգում դրանից։ Ոնց որ թե ձեր կողքին կանգնած լինի ձեր կրկնակը, ձեր խելքը տեղն է, իսկ նա ուզում է անպայման մի անմիտ բան անել ձեզ հետ ու երբեմն էլ իր արածը կարող է անչափ ծիծաղելի լինել, և հանկարծ նկատում եք, որ այդ ծիծաղելի բանը դուք ինքներդ եք ուզում անել և, Աստված գիտե, թե ինչու եք ուզում, այսինքն չուզենալով եք ուզում, ամբողջ ուժով ուզենալուն դիմադրելով եք ուզում։ Ժամանակին մի ծանոթ բժիշկ ունեի, որ եկեղեցում, իր հոր հոգեհանգստի արարողության ժամանակ հանկարծ սկսեց սուլել։ Հարկավ, այսօր վախենում էի գալ հուղարկավորության, քանի որ գլխումս ինչ-որ տեղից հայտնված հաստատ համոզվածություն բույն դրեց, թե ես էլ հանկարծ կսկսեմ սուլել կամ ծիծաղել, ինչպես այն դժբախտ բժիշկը, որի վերջը շատ վատ եղավ... Ու, իրավ, չգիտեմ, թե ինչու այսօր մի գլուխ այդ բժիշկն է մտքումս, այնպես է խցկվել մտքիս մեջ, որ չեմ կարողանում ազատվել։ Գիտե՞ս, Սոնյա, ահա, ես նորից վերցրի սրբապատկերը (վերցրեց ու սկսեց շուռումուռ տալ դիտելով) և հիմա, հենց այս վայրկյանին ահավոր կերպով ուզում եմ սա խփել վառարանի հենց այս անկյունին։ Համոզված եմ, որ միանգամից կկոտրվի, կկիսվի մեջտեղից, այնուամենայնիվ, ուզում եմ ջարդել...
 
Դրանից առաջ, երբ Տատյանա Պավլովնան գոռաց. «Տեղը դիր սրբապատկերը»,― ապա գոռալիս Վերսիլովի ձեռքից խլել էր ու պահել իր մոտ, Անդրեյ Պետրովիչը, իր վերջին խոսքն ասելիս, ոտքի թռավ սրընթաց, սրբապատկերը ակնթարթորեն թռցրեց Տատյանա Պավլովնայի մոտից և, կատաղորեն բարձրացնելով, ամբողջ ուժով հարվածեց հախճաղյուսե վառարանի անկյունին։ Սրբապատկերն ուղիղ երկու կտոր եղավ... Անդրեյ Պետրովիչը հանկարծ շրջվեց դեպի մեր կողմը, և նրա գունաթափ երեսը հանկարծ կարմրեց ամբողջովին, համարյա բոսորացավ, և դեմքի ամեն մի մասնիկն սկսեց դողդողալ ու ցնցվել.
 
― Այլաբանություն չհամարես սա, Սոնյա, ես ոչ թե Մակարի ժառանգությունը ջարդեցի, այլ հենց այնպես, այս սրբապատկերը ջարդելու համար... Իսկ քեզ մոտ, ինչ էլ որ լինի, կվերադառնամ որպես իմ վերջին հրեշտակի մոտ։ Համ էլ եթե կուզես, համարիր թեկուզ այլաբանություն, չէ՞ որ դա անպայման այդպես է եղել...
 
Եվ հանկարծ դուրս գնաց արագ, դարձյալ՝ խոհանոցով, որտեղ մուշտակն ու գլխարկն էր թողել։ Մանրամասնորեն չեմ նկարագրում, թե ինչ կատարվեց մորս հետ. նա մահու չափ վախեցել էր ու կանգնել ափերն իրար հպած գլխավերևում և հանկարծ ճչաց Անդրեյ Պետրովիչի հետևից.
 
― Անդրե՜յ Պետրովիչ, գոնե հրաժե՛շտ տալու համար դարձեք, սիրելիս։
 
― Կվերադառնա՜, Սոնյա, կվերադառնա։ Սի անհանգստանա,― գոռաց Տատյանա Պավլովնան, ամբողջովին դողալով գազանային չարության բռնկումից։― Հապա չլսեցի՞ր, խոստացավ, որ կվերադառնա, բաց թող երանություն որոնողին, թող մի անգամ էլ որոնի։ Կծերանա, էլ ո՞վ պիտի տիրություն անի նրան՝ ձեռ ու ոտից ընկածին, բացի քեզնից պառաված դայակից։ Հենց այդպես էլ կհայտարարի աշխարհով մեկ ու չի ամաչի...
 
Ինչ վերաբերում է մեզ, ապա Լիզան ուշակորույս էր։ Ես ուզեցի վազել Անդրեյ Պետրովիչի հետևից, բայց նետվեցի մորս մոտ։ Գրկեցի ու պահեցի գրկիս մեջ։ Լուկերյան վազեվազ մի բաժակ ջուր հասցրեց Լիզային։ Իսկ մայրս սթափվեց շուտով, ափերով ծածկեց երեսն ու լաց եղավ։
 
― Սակայն... սակայն հասի՛ր իր հետևից,― գոռաց Տատյանա Պավլովնան ամբողջ ուժով, ասես նոր միայն սթափվելով։― Վազի՛ր... վազի՛ր... հասիր, ո՛չ մի քայլ հետ մի մնա իրենից, վազի՛ր, վազի՛ր,― ցնցեց ինձ ամբողջ ուժով, որ պոկի մորս գրկից,― ա՛հ, մնում է, որ ե՛ս վազեմ։
 
― Վա՛յ, Արկաշա՜,― գոռաց նաև մայրս,― վազի՛ր իր հետևից։
 
Գլխակորույս դուրս վազեցին խոհանոցով ու հետնաբակով, բայց Անդրեյ Պետրովիչը չէր երևում ոչ մի տեղ. հեռու խավարում անցորդներ էին խլրտում մայթերին, վազելով հասա, նայեցի յուրաքանչյուրի երեսին ու շարունակեցի վազել առաջ։ Այդպես վազեցի մինչև ճամփաբաժանը։
 
«Խելագարների վրա չեն բարկանում,― առկայծեց հանկարծ մտքումս,― մինչդեռ Տատյանա Պավլովնան գազան էր կտրել չարությունից, կնշանակի Անդրեյ Պետրովիչը բնավ էլ չի խելագարվել»... Օ՛հ, ինձ շարունակ թվում էր, թե դա ''այլաբանություն'' էր, և նա անպայման ուզում էր ինչ-որ բանի վերջը տալ, ինչպես որ այդ սրբապատկերի վերջը տվեց՝ ի ցույց ամենքիս՝ մորս, բոլորիս, բայց իր «կրկնակն» էլ էր, անկասկած, իր հետ այդ պահին, դրանում որևէ կասկած չկար...
 
==== III ====
 
Սակայն նա չէր երևում, և ես այլևս վազվզելու տեղ չունեի, դժվար էր պատկերացնել, թե հեշտ ու հանգիստ քաշվել է իր կացարանը։ Հանկարծ մի միտք փայլատակեց գլխումս, և գլխակորույս վազեցի Աննա Անդրեևնայի մոտ։
 
Վերջինս արդեն վերեդարձել էր և ինձ իսկույն ներս թողեցին։ Մտա հնարավորին չափ զուսպ։ Առանց նստելու՝ մինագամից պատմեցի քիչ առաջ կատարված տեսարանի, այիսնքն՝ «կրկնակ»-ի մասին։ Երբևէ չեմ մոռանա ու չեմ ների Աննա Անդրեևնային այն ագահ, բայց և անգթորեն հանգիստ ու ինքնաբավ հետաքրքրասիրության համար, որով լսեց՝ նմանապես առանց նստելու։
 
― Որտե՞ղ է նա։ Գուցե գիտե՞ք,― ամփոփեցի ասածս։― Երեկ Տատյանա Պավլովնան ձեզ մոտ էր ուղարկում ինձ...
 
― Ձեզ կանչել էի դեռևս երեկ։ Երեկ նա Ցարսկոյեում էր, ինձ մոտ։ Իսկ այժմ (նայեց ժամացույցին) ժամը յոթն է... Ուրեմն գուցե իր կացարանում է։
 
― Տեսնում եմ, որ ամեն բան գիտեք, ուրեմն, խոսեք, խոսեք,― գոչեցի։
 
― Շատ բան գիտեմ, բայց ոչ ամեն բան։ Անշուշտ, ձեզնից թաքցնելու բան չունեմ...― չափեց ինձ տարօրինակ հայացքով, ժպտալով և ասես մտորելով։― Ի պատասխան Կատերինա Նիկոլաևնայի նամակի՝ Անդրեյ Պետրովիչը երեկ ձևականորեն ամուսնանալու առաջարկ արավ նրան։
 
― Ճիշտ չէ՛,― չռեցի աչքերս։
 
― Անդրեյ Պետրովիչի պատասխան նամակը իմ ձեռքով է անցել, ինքս եմ տարել հանձնելու Կատերինա Նիկոլաևնային կնքած ծրարով։ Այս անգամ Անդրեյ Պետրովիչը վարվեց ասպետաբար և ոչինչ չթաքցրեց ինձնից։
 
― Ոչինչ չեմ հասկանում, Աննա Անդրեևնա։
 
― Անշուշտ, դժվար է հասկանալ, սակայն այս դեպքում Անդրեյ Պետրովիչը վարվեց խաղամոլի պես, սեղանին գցելով վերջին տասնոցը, իսկ գրպանում պահելով լիցքավորված ատրճանակը,― ահա նրա արած առաջարկի էությունը։ Տասը հնարավորից իննի դեպքում Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը։ Բայց առաջարկողը, այնուամենայնիվ, հույս ունի մեկ տասներորդի վրա և, խոստովանում եմ, դա շատ հետաքրքիր է, ըստ իս, ինչևէ... այս դեպքում գուցե տեղի է ունեցել մոլեգնության բռնկում, գուցեև «կրկնակն» է միջամտել, ինչպես որ այնքան դիպուկ արտահայտվեցիք քիչ առաջ։
 
― Եվ դուք ծիծաղո՞ւմ եք։ Եվ մի՞թե կարող եմ հավատալ, թե նամակը փոխանցվել է ձեր միջոցով։ Չէ՞ որ դուք Կատերինա Նիկոլաևնայի հոր հարսնացուն եք։ Խնայեք ինձ, Աննա Անդրեևնա։
 
― Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ իմ ճակատագիրը զոհեմ հանուն իր երջանկության, ի դեպ, չէր խնդրում այնպես, ինչպես հարկն է. այդ բանը կատարվեց բավականին լուռումունջ, ամեն բան կարդացի իր աչքերի մեջ։ Ահ, Աստված իմ, ուրիշ էլ ինչ է պետք։ Չէ՞ որ նա ժամանակին Քյոնիքսբերգում գտնվող ձեր մայրիկի մոտ էր մեկնել նրանից թույլտվություն խնդրելու, որ ամուսնանա մադամ Ախմակովայի խորթ քույրիկի հետ։ Չէ՞ որ դա լիովին համընկնում է այն բանի հետ, որ երեկ էլ ինձ ընտրեր՝ որպես իր հավատարմատարի և գաղտնի խորհրդականի։
 
Աննա Անադրեևնան գունատված էր որոշ չափով։ Բայց նրա անհանգստությունը սոսկ ուժ էր տալիս իր ոչնչացնող ծաղրին։ Օ՛հ, շա՜տ բան ներեցի նրան այդ րոպեին, երբ աստիճանաբար իմաստավորեցի կատարվածը։ Մտորում էի մի րոպեի չափ. նա սպասում էր լուռումունջ։
 
― Գիտե՞ք ինչ,― քմծիծաղեցի հանկարծ,― դուք նամակը փոխանցել եք այն պատճառով, որ այդ քայլի մեջ ձեզ որևէ վտանգ չի սպառնացել, քանի որ այդ ամուսնությունը լինելու բան չէ, բայց չէ՞ որ Անդրեյ Պետրովիչը... ի վերջո, նաև՝ Կատերինա Նիկոլաևնա՞ն... Պարզ է, որ Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը, և այդ դեպքում... ի՞նչ կարող է պատահել այդ դեպքում։ Որտե՞ղ է նա այժմ, Աննա Անդրեևնա,― գոռացի։― Այժմ ամեն րոպեն թանկ է, ամեն րոպե կարող է դժբախտություն պատահել։
 
― Նա իր մյուս բնակարանում է, արդեն ասել եմ ձեզ։ Կատերինա Նիկոլաևնային հասցեագրած իր երեկվա նամակում, որ ինքս փոխանցեցի, Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ Կատերինա Նիկոլաևնան ''անպայման'' տեսակցության գա նշածս բնակարանում՝ այսօր, ուղիղ երեկոյան ժամը յոթին։ Կատերինա Նիկոլաևնան համաձայնություն է տվել։
 
― Գալ նրա բնակարա՞նը։ Ինչպե՞ս կարելի է։
 
― Ի՞նչ կա որ, այդ բնակարանը պատկանում է Նաստասյա Եգորովնային, երկուսն էլ շատ հեշտ ու հանգիստ կարող են ներկայանալ որպես տանտիրուհու հյուրեր...
 
― Բայց Կատերինա Նիկոլաևնան վախենու՜մ է նրանից... Անդրեյ Պետրովիչը կարող է սպանե՜լ նրան։
 
Աննա Անդրեևնան լոկ ժպտաց։
 
― Չնայած իր տագնապին, որ ինքս էլ եմ նկատել, Կատերինա Նիկոլաևնան միշտ էլ, դեռևս շատ վաղուց ի վեր, որոշ ակնածանք ու զմայլանք է տածում Անդրեյ Պետրովիչի վարվեցողության ու մտքի հանդեպ։ Այս անգամ Կատերինա Նիկոլաևնան վստահել է նրան, որպեսզի մեկընդմիշտ լուծի իրենց հարաբերությունների հարցը։ Իսկ Անդրեյ Պետրովիչն իր նամակում հանդիսավորագույնս և ասպետագույնս խոստացել է, որ իրենից վախենալու հարկ չկա... Մի խոսքով, ես չեմ հասկանում նամակում եղած արտահայտությունները, սակայն Կատերինա Նիկոլաևնան վստահել է... այսպես ասած հանուն վերջին փորձության... և, այսպես ասած, պատասխանելով հերոսաբար։ Գուցե այս դեպքում երկկողմանի ասպետական մրցապայքար է տեղի ունենում։
 
― Հապա կրկնա՜կը, կրկնա՜կը,― գոչեցի։― Ախր նա խելագարվա՜ծ է։
 
― Երեկ, երբ խոստանում էր գալ առաջարկվող տեսակցության վայրը, Կատերինա Նիկոլաևնան, հավանաբար, չէր ենթադրում նման պատահարի հնարավորություն։
 
Հանկարծ շրջվեցի ու վազեցի... Նրա մոտ, նրա՜նց։ Սակայն դեռևս նախասրահից վերադարձա մի վայրկյանով։
 
― Միգուցե դուք հենց այդ բա՞նն եք ցանկանում, որ Անդրեյ Պետրովիչը սպանի՞ նրան,― գոռացի ու դուրս վազեցի։
 
Թեև դողում էի մոլագարի պես, այնուամենայնիվ հիշյալ բնակարանը մտա կամացուկ, խոհանոցի կողմից և շշուկով խնդրեցի, որ մոտս կանչեն Նաստասյա Եգորովնային, բայց նա ինքը իսկույն ելավ ընդառաջ և ահավոր հարցական հայացքն անխոս մխրճեց աչքերիս մեջ։
 
― Նրանք-u տանը չեն-ս։
 
Բայց ես հապշտապ շշուկով ուղղակի ու ճշգրիտ շարադրեցի, որ ամեն բան իմացել եմ Աննա Անդրեևնայից ու հենց իր մոտից եմ գալիս այժմ...
 
― Որտե՞ղ են, Նաստասյա Եգորովնա։
 
― Սրահում են-ս, սեղանի մոտ, որտեղ դուք էիք նստած Անդրեյ Պետրովիչի հետ...
 
― Նաստասյա Եգորովնա, թողեք ներս անցնեմ։
 
― Ինչպե՞ս կարելի է-ս։
 
― Ոչ թե իրենց մոտ, այլ կողքի սենյակը։ Նաստասյա Եգորովնա, Աննա Անդրեևնան անձամբ է ցանկանում, որ այդպես վարվեմ, եթե չցանկանար, չէր ասի ինձ, որ այստեղ են։ Նրանք չեն իմանա այստեղ լինելս... Ինքն է ցանկացել այսպես...
 
― Իսկ եթե չի ցանկացե՞լ,― թափանցող հայացքը երեսիցս չէր կտրում Նաստասյա Եգորովնան։
 
― Նաստասյա Եգորովնա, ես չեմ մոռանում ձեր Օլյային, ներս թողեք ինձ։
 
Հանկարծ նրա շուրթերն ու կզակն սկսեցին ցնցվել.
 
― Աղավնյա՜կս... լավ, Օլյայիս խաթեր... զգացմունքիդ խաթեր... Չլքես Աննա Անդրեևնային, աղավնյա կս։ Չես լքի, չէ՞, չե՞ս լքի։
 
― Չե՜մ լքի։
 
― Մեծ խոստում տուր ինձ, որ քեզ չես գցի իրենց մոտ. եթե կողքի սենյակում թաքցնեմ քեզ, հո չե՞ս գոռա։
 
― Պատվովս եմ երդվում, Նաստասյա Եգորովնա։
 
Բռնեց սերթուկիս փեշից, ինձ խցկեց մի մթին սենյակ, որը կից էր մյուսի հետ, հազիվ լսելի քայլերով դեպի դուռը տարավ գորգի վրայով, կանգնեցրեց փակ վարագույրի մոտ և, բարձրացնելով վարագույրի փոքր ճոթը, մատնացույց արավ մյուս սենյակում գտնվող զույգին։
 
Ինքը գնաց, ես մնացի։ Պարզ է, որ պիտի մնայի։ Հասկանում էի, որ արածս լրտեսություն է, որ գաղտնաբար ունկնդրում եմ այլոց գաղտնիքը, բայց մնացի տեղումս։ Հապա ինչպե՞ս չմնայի, չէ՞ որ առջևումս «կրկնակն» էր։ Չէ՞ որ նա իմ աչքի առաջ արդեն ջարդել էր սրբապատկերը։
 
==== IV ====
 
Նրանք նստել էին իրար դիմաց, նույն սեղանի մոտ, որտեղ երեկ ես ու Անդրեյ Պետրովիչը խմում էինք իր «հարության» կենացը, կարողանում էի լիովին տեսնել նրանց դեմքերը։ Կատերինա Նիկոլաևնան հասարակ սև շոր էր հագել, հրաշալի տեսք ուներ և հանգիստ էր թվում՝ ինչպես միշտ։ Խոսում էր Անդրեյ Պետրովիչը, իսկ զրուցակցուհին լսում էր արտակարգ ու կանխագուշակող ուշադրությամբ։ Միգուցե որոշ հեզություն էր նկատվում Կատերինա Նիկոլաևնայի պահվածքում։ Մինչդեռ Անդրեյ Պետրովիչն անչափ բորբոքված էր։ Մոտեցել էի այն պահին, երբ զրույցն արդեն ընթացքի մեջ էր, այդ պատճառով էլ որոշ ժամանակ բան չէի հասկանում լսածիցս։ Հիշում եմ, որ Կատերինա Նիկոլաևնան հարցրեց հանկարծ.
 
― Եվ դրա պատճառը ե՞ս էի։
 
― Ոչ, ես էի պատճառը,― պատասխանեց զրուցակիցը,― դուք լոկ անմեղ մեղավոր եք։ Գիտե՞ք, որ լինում են նաև անմեղ մեղավորներ։ Դրանք ամենաաններելի մեղսագործներն են և համարյա թե միշտ էլ պատժվում են,― ավելացրեց, ծիծաղելով տարօրինակ կերպով։― Իսկ ես մի պահ իրոք որ մտածեցի, թե ձեզ մոռացել եմ լիովին և ծիծաղում էի իմ անմիտ կրքի վրա... բայց դուք գիտեք դա։ Իսկ ես ի՞նչ գործ ունեմ այն մարդու հետ, ում հետ ամուսնանում եք։ Երեկ առաջարկություն արեցի ձեզ. ներող եղեք դրա համար, դա անմտություն է, թեև բնավ հնարավոր չէ փոխարինել այլ բանով... ուրիշ ի՞նչ կարող էի անել բացի այդ անմտությունից։ Չգիտեմ...
 
Այդ խոսքի վրա ծիծաղեց գլուխը կորցրածի պես, անսպասելիորեն զրուցակցուհու վրա հառելով հայացքը, իսկ մինչ այդ խոսելիս նայում էր ուրիշ կողմ։ Եթե ես լինեի նրա զրուցակցուհու տեղը, կվախենայի այդ ծիծաղից. այդպիսի զգացում ունեցա։ Նա հանկարծ ոտքի ելավ։
 
― Ասացեք ինչպե՞ս համարձակվեցիք գալ այստեղ,― հարցրեց, ասես հիշելով ասելիքը։― Իմ հրավերն ու նամակը ոտից գլուխ անմտություն են... Կացեք, ես թերևս կարող եմ գուշակել, թե ինչպես է ստւսցվել, որ վճռել եք գալ, բայց կարևորն այն հարցն է, թե ինչո՞ւ եկաք։
 
― Ձեզ տեսնելու համար,― մրմնջաց Կատերինա Նիկոլաևնան զրուցակցին նայելով վախվորած զգուշավորությամբ։ Երկուսն էլ լռեցին կես րոպեի չափ։ Վերսիլովը նորից նստեց աթոռին և սկսեց խոսել հեզ, բայց հուզախռով, համարյա թե գողացող ձայնով.
 
― Անչափ վաղուց չեմ տեսել ձեզ, Կատերինա Նիկոլաևնա, այնքան վաղուց, որ արդեն համարյա թե հնարավոր էլ չէի համարում, թե երբևէ կարող եմ այսպես նստել ձեզ մոտ, նայել ձեր երեսին ու լսել ձեր ձայնը... Երկու տարի չենք տեսել իրար, չենք խոսել։ Մտքովս իսկ չէր անցնում, թե կխոսեմ ձեզ հետ։ Է՜հ, ի՜նչ արած, անցածը ետ չես բերի, իսկ այն, ինչ կա այժմ, վաղը կանհետանա ծխի պես, ի՜նչ արած։ Ես համաձայն եմ արածս առաջարկությանը, քանի որ դրան փոխարինող բան չունեմ, և այժմ մի հեռացեք ձեռնունայն թողնելով մուրացողիս,― ավելացրեց համարյա աղերսանքով,― քանի որ արդեն ողորմություն եք արել մոտս գալով, ապա մի հեռացեք ձեռնունայն թողնելով ողորմացյալին, պատասխանեք մի հարցի։
 
― Ի՞նչ հարց Է։
 
― ՉԷ՞ որ մենք այլևս չենք տեսնի իրար և... ինչպե՞ս կվերաբերվեք դրան։ Մեկընդմիշտ ասացեք ճշմարտությունը ի պատասխան հարցիս, որպիսին չէին տա խելքը գլխին մարդիկ, գեթ սիրե՞լ եք ինձ երբևէ, թե՞... սխալվել եմ։
 
Կատերինա Նիկոլաևնան կարմրատակեց։
 
― Սիրել եմ,― մրմնջաց։
 
Հենց այդպիսի պատասխան էլ սպասում էի նրանից, օ՛հ, ճշմարտախոս կին, օ՛հ, անկեղծ, օ՛հ, ազնվագույն։
 
― Իսկ ա՞յժմ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը։
 
― Այժմ չեմ սիրում։
 
― Եվ ծիծաղո՞ւմ եք։
 
― Ոչ, ակամա ժպտացի այն պատճառով, քանի որ գիտեի, որ կհարցնեք «Իսկ ա՞յժմ»։ Դրա համար էլ ժպտացի... քանի որ երբ մի բան ես կռահում, միշտ էլ քմծիծաղդ գալիս է...
 
Դա նույնիսկ տարօրինակ էր ինձ համար. Կատերինա Նիկոլաևնային երբեք չէի տեսել այդքան զգուշավոր, նույնիսկ համարյա թե վախվորած ու այդպես այլայլված։ Անդրեյ Պետրովիչն աչքերով խժռում էր նրան։
 
― Գիտեմ, որ չեք սիրում ինձ... և... բոլորովի՞ն չեք սիրում։
 
― Միգուցե բոլորովին։ Չեմ սիրում ձեզ,― ավելացրեց հաստատուն և առանց ժպիտի, առանց կարմրելու։― Այո, սիրում էի ձեզ, բայց՝ ոչ երկարատև։ Այն ժամանակ շատ շուտ վերջ տվեցի սիրելուն...
 
― Գիտեմ, գիտեմ, տեսաք, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես որ պետք էր ձեզ, բայց... ի՞նչ է պետք ձեզ։ Մի անգամ ևս բացատրեք այդ բանը...
 
― Մի՞թե երբևէ արդեն բացատրել եմ ձեզ։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ես շատ սովորական, հանգիստ կին եմ, սիրում եմ... սիրում եմ կենսուրախ մարդկանց։
 
― Կենսուրա՞խ։
 
― Տեսնո՞ւմ եք, որ ձեզ հետ նույնիսկ խոսել չեմ կարողանում։ Թվում է, որ եթե դուք կարողանայիք ավելի քիչ սիրել ինձ, ապա այդ դեպքում կսիրեի ձեզ,― նորից ժպտաց վախվորած, ամենաիսկական անկեղծությունը փայլատակեց նրա պատասխանի մեջ, և մի՞թե չկարողացավ գիտակցել, որ իր պատասխանը հանդիսանում է իրենց փոխհարաբերությունների լուծումը պարունակող վերջնական բանաձևը։ Օ՜հ, Վերսիլովը պիտի որ շատ լավ հասկանար այդ հանգամանքը։ Բայց նա իր զրուցակցուհուն էր նայում լուռ և տարօրինակ ժպտալով։
 
― Բյորինգը կենսուրա՞խ մարդ է,― հարցրեց։
 
― Նա բոլորովին չպիտի որ անհանգստացնի ձեզ իր գոյությամբ,― պատասխանեց Կատերինա Նիկոլաևնան շտապողականությամբ։― Ես նրա հետ ամուսնանում եմ լոկ հանուն այն բանի, որ իր հետ ավելի հանգիստ կզգամ ինձ։ Եվ հոգեպես խաղաղ։
 
― Ասում են, թե դուք նորի՞ց եք սիրահարվել բարձրաշխարհիկ հասարակությանը։
 
― Ոչ թե հասարակությանը։ Գիտեմ, որ մեր հասարակության մեջ նույնպես տիրում է այն անկարգությունը, որ կա ամենուր, սակայն ձևերը դեռևս գեղեցիկ են երևում արտաքուստ, այնպես որ, եթե ապրելը պիտի նշանակի տեսածի կողքով անցնել, ապա ավելի լավ է ապրել այս հասարակության մեջ, քան թե ուրիշ տեղ։
 
― Ակսել եմ ավելի հաճախ լսել «անկարգություն» բառը, այն ժամանակ դուք վախեցաք իմ անկարգությունի՞ց քուրձ ու կապանքի՞ց, գաղափարների՞ց, անմտությունների՞ց։
 
― Ո՛չ, բնավ։
 
― Հապա՞։ Ի սե՜ր Աստծո, ամեն բան ասացեք բացեիբաց...
 
― Ինչ կա որ, բացեիբաց էլ կասեմ, քանի որ ձեզ համարում եմ մեծագույն խելքի տեր... Իմ աչքին միշտ էլ ինչ-որ ծիծաղելի բան է երևացել ձեր պահվածքում։
 
Այդ ասելիս հանկարծ նորից կարմրատակեց, ասես գիտակցելով, որ արտակարգ անզգուշություն է թույլ տվել։
 
― Այ, հենց դրա համար, ինչ որ ասացիք, կարող ես շատ բան ներել ձեզ,― քրթմնջաց Վերսիլովը տարօրինակ ձայնով։
 
― Դեռ չեմ ավարտել ասելիքս,― իրար անցավ Կատերինա Նիկոլաևնան, ամբողջովին կարմրելով,― ծիծաղելին ե՛ս եմ... թեկուզ այն պատճառով, որ անխելքի պես եմ խոսում ձեզ հետ։
 
― Ո՛չ, դուք ծիծաղելի չեք, այլ սոսկ բարձրաշխարհիկ մի անպատկառ կին,― գունատվեց անչափ։― Քիչ առաջ ես նույնպես չավարտեցի ասելիքս, երբ հարցնում էի, թե ինչու եք եկել։ Ուզո՞ւմ եք, որ ավարտեմ։ Գոյություն ունի մի նամակ, մի փաստաթուղթ, և դուք ահավոր կերպով վախենում եք դրանից, քանի որ ձեր հայրը, եթե այդ նամակն ընկնի իր մոտ, կարող է անիծել ձեզ, քանի դեռ ապրում է, և իր կտակով կարող է օրինականորեն զրկել ձեզ ժառանգությունից։ Այդ նամակից եք վախենում, այդ նամակը կորզելու համար եք եկել,― քրթմնջաց՝ համարյա լիովին դողալով և ատամներն իրար խփելով։ Զրուցակցուհին լսում էր ձանձրույթով ու հայացքի հիվնադագին արտահայտությամբ։
 
― Գիտեմ, որ կարող եք մեծ անախորժություն պատճառել ինձ,― կմկմաց, ասես, իրենից հեռու վանելով զրուցակցի ասածը,― բայց ես եկել եմ ոչ այնքան այն նպատակով, որ համոզեմ ձեզ չհետապնդել ինձ, որքան ձեզ տեսնելու համար։ Նույնիսկ վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ... Հանդիպեցի ու, ցավոք, տեսնում եմ, որ ճիշտ այնպիսին եք, որպիսին նախկինում էիք,― ավելացրեց հանկարծ, ասես կլանված ինչ-որ արտասովոր ու վճռական մտորումով և նույնիսկ ինչ-որ տարօրինակ ու հանկարծահայտ զգացմունքով։
 
― Իսկ դուք հույս ունեիք, թե այլ կերպ կերևամ ձեր աչքին։ Եվ դա ձեր անպատկառության վերաբերյալ իմ նամակից հետո՞։ Ասացեք դուք այստեղ գալու ընթացքում վախ չունեի՞ք բնավ։
 
― Եկա այն պատճառով, որ առաջ սիրում էի ձեզ, բայց իմացեք, խնդրում եմ, քանի դեռ միասին ենք, մի ահաբեկեք ինձ որևէ բանով, մի հիշեցրեք իմ այլևայլ մտադրությունների ու ապրումների մասին։ Եթե կարողանայիք ինձ հետ զրուցել լիովին այլ բաների մասին, ես շատ ուրախ կլինեի։ Սպառնալիքները թող մնան հետագայի համար, իսկ այժմ կցանկանայի ուրիշ բան... Հարկավ, ես եկա, որ մի պահ տեսնեմ ձեզ ու լսեմ։ Լավ, իսկ եթե չեք կարող տանել ինձ, ապա ուղղակի սպանեք, միայն թե մի սպառնացեք և ինքներդ ձեզ մի՝ տանջեք իմ աչքի առաջ,― ամփոփեց Կատերինա Նիկոլաևնան, զրուցակցին նայելով տարօրինակ սպասում արտահայտող հայացքով, ասես իրոք ենթադրում էր, թե այդ զրուցակիցը կարող է սպանել նրան։ Վերսիլովը ոտքի ելավ և, տենդահար հայացքով նայելով զրուցակցուհուն, ասաց հաստատուն ձայնով.
 
― Դուք այստեղից կգնաք՝ առանց չնչին իսկ վիրավորանք ստանալու։
 
― Ախ, հա՜, ձեր ազնիվ խո՜սքը,― ժպտաց Կատերինա Նիկոլաևնան։
 
― Ո՛չ միայն այդ պատճառով, որ նամակում ազնիվ խոսք է տրված, այլ այն, որ ես այդպես եմ ուզում և ամբողջ գիշեր մտածելու եմ ձեր մասին...
 
― Ձեզ տանջելո՞վ...
 
― Երբ մենակ եմ լինում, միշտ էլ երևակայությամբ պատկերացնում եմ ձեզ ինձ մոտ։ Բան ու գործս միմիայն ձեր ստվերի հետ խոսելս է լինում։ Երբ քաշվում եմ ետնախորշերն ու որջերը, անմիջապես դուք եք հառնում դեմս որպես դրանց հակապատկերը։ Բայց միշտ ծաղրում եք ինձ, ինչպես այժմ...― ասաց ինքն իրեն կորցրածի պես։
 
― Երբեք չեմ ծիծաղել ձեզ վրա, երբեք,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան հուզախռով ձայնով և մեծագույն կարեկցանքով, որը արտահայտվեց նաև իր հայացքում։― Եթե եկել եմ, ապա ուժերիս ներածին չափ ջանացել եմ այնպես գալ, որ ձեզ համար բնավ վիրավորական չլինի,― ավելացրեց։― Եկել եմ, որ ասեմ, որ համարյա թե սիրում եմ ձեզ... Ներեցեք, միգուցե այնպես չասացի, ինչպես որ հարկն է։
 
Վերսիլովը ծիծաղեց.
 
― Ինչո՞ւ չեք կարողանում ձևանալ։ Ինչո՞ւ եք այդքան պարզամիտ, ինչո՞ւ նման չեք բոլորին... Լավ, ինչպե՞ս են խոսում մարդու հետ, որին վռնդում են. «Համարյա թե սիրում եմ ձեզ», հա՞։
 
― Պարզապես չկարողացա ճիշտ արտահայտվել,― վրա բերեց Կատերինա Նիկոլաևնան,― այնպես չստացվեց, ինչպես որ հարկն է. պատճառն այն է, որ ձեր ներկայությամբ միշտ էլ ամաչել եմ ու չեմ կարողացել խոսել մեր առաջին հանդիպումից ի վեր։ Իսկ եթե հարկ եղածի պես չասացի բառերը, որ «համարյա թե սիրում եմ ձեզ», ապա չէ՞ որ մտքումս հենց այդպես էլ կար, ահա թե ինչու ասացի այդպես, թեև իրոք որ ես ձեզ այնպիսի... ասենք, ընդհանուր սիրով եմ սիրում, որով ամենքին են սիրում և որը միշտ էլ կարելի է խոստովանել առանց ամաչելու...
 
Վերսիլովը լսում էր լուռ, տենդահար հայացքը չկտրելով զրուցակցուհու երեսից։
 
― Անշուշտ, ես նեղություն եմ պատճառում ձեզ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը ասես իրենից դուրս եկածի պես։― Դա երևի այն է, ինչը կոչում են կիրք... Մի բան գիտեմ, որ ձեզ հետ ես վերջացած մարդ եմ, առանց ձեզ նույնպես։ Ձեզ հետ, թե առանց ձեզ միևնույն է, ուր էլ որ լինեք, միշտ ինձ հետ եք։ Մեկ էլ այն գիտեմ, որ կարող եմ շատ ատել ձեզ, ավելի շատ, քան սիրել... Ինչևէ, վաղուց է, որ ոչ մի բանի մասին չեմ մտածում, ոչ մի բան նշանակություն չունի ինձ համար։ Միայն ափսոսում եմ, որ սիրել եմ այնպիսի մեկին, որպիսին դուք եք...
 
Նրա ձայնը խզվում էր. խոսքը շարունակում էր ասես շնչակտուր լինելով։
 
― Ձեր ուզածն ի՞նչ է,― ժպտաց Վերսիլովը խիստ գունատված։― Ձեզ վայրենությո՞ւն է թվում խոսելակերպս, կարծում եմ, որ ես կկարողանայի երեսուն տարի մի ոտի վրա կանգնել սյունակյացի պես, եթե իմանայի, որ դա ձեզ հաճույք կպարգևի... Տեսնում եմ, որ խղճում եք ինձ. ձեր հայացքն ասում է. «Ես կսիրեի ձեզ, եթե կարողանայի, բայց չեմ կարող»... Այո՞։ Ոչինչ, ես հպարտ չեմ։ Պատրաստ եմ մուրացկանի պես ձեզնից ընդունելու ցանկացած ողորմությունը, լսո՞ւմ եք, ցանկացածը... Մուրացկանի ինչի՞ն է հարկավոր հպարտությունը։
 
Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ և մոտեցավ նրան։
 
― Բարեկամս,― ասաց ափը հպելով նրա ուսին, հայացքում անարտահայտելի ապրում,― անկարող եմ այդպիսի բառեր լսել։ Ամբողջ կյանքումս մտածելու եմ ձեր մասին՝ որպես ամենաթանկ մարդու, որպես մեծագույն սրտի, որպես ամենայն ինչից ամենասրբագույնի, որին կարող եմ հարգել ու սիրել։ Հասկացեք, Անդրեյ Պետրովիչ, չէ՞ որ ինչ-որ բանի համար եմ եկել այժմ, սիրելիս, սիրելի և նախկինում, և այժմ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էիք ցնցում միտքս մեր առաջին հանդիպումների ժամանակ։ Ուրեմն, բաժանվենք որպես բարեկամներ, և ամբողջ կյանքումս դուք կլինեք իմ լրջագույն, ամենասիրելի մտածմունքի առարկան։
 
― «Բաժանվենք և այնժամ կսիրեմ ձեզ», կսիրեմ, միայն թե բաժանվենք։ Լսեք,― ասաց լիովին գունատված Վերսիլովը,― մի ողորմություն ևս բաշխեք ինձ չսիրեք ինձ, չապրեք ինձ հետ, չհանդիպեք ինձ հետ երբեք, եթե թույլ տաք, կդառնամ ձեր ստրուկը և միայն թե... ''միայն թե չամուսնանաք որևէ մեկի հետ''։
 
Սիրտս կծկվեց ցավագին, երբ լսեցի այդ բառերը։ Այդ պարզունակ ու նվաստացուցիչ խնդրանքն առավել խղճալի, առավել սրտախոց էր հատկապես այն պատճառով, որ այդպես մերկ էր և անհնարին։ Այո, ինչ խոսք, նա ողորմություն էր խնդրում։ Մի՞թե նրա մտքով կարող էր անցնել, թե ողորմացողը համաձայն կլինի։ Ինչևէ, նա նվաստանում էր փորձության ենթարկվելու աստիճան, մուրալու փորձ էր անում։ Հոգու անկման այդ ամենավերջին աստիճանը տեսնելն իսկ անտանելի էր։ Կատերինա Նիկոլաևնայի դեմքը հանկարծ աղավաղվեց լիովին ասես ցավից, բայց մինչ նա կհասցներ խոսել, Վերսիլովը ոտքի ելավ։
 
― Ես ձեզ ''բնաջինջ'' կանեմ,― մռնչաց տարօրինակ, աղավաղված, ոչ իր ձայնով։
 
Եվ Կատերինա Նիկոլաևնան նույնպես տարօրինակ պատասխան տվեց բոլորովին ոչ իր ձայնով.
 
― Եթե ողորմամ ձեզ, դրա համար դուք ավելի խիստ վրեժ կլուծեք ինձնից, քան սպառնում եք այժմ, քանի որ երբեք չեք մոռանա, թե ինչպիսի մուրացիկի տեսքով էիք կանգնել իմ առջև... Անկարո՜ղ եմ սպառնալիք լսել ձեզնից,― ամփոփեց վրդովմունքով, համարյա թե մարտահրավեր նետող հայացքով նայելով Վերսիլովին։
 
― «Սպառնալիք ձեզնից», այսինքն՝ մի այսպիսի մուրացիկից։ Կատակեցի,― ավելացրեց ցածրաձայն, ժպտալով։― Ես չեմ վնասի ձեզ, չվախենաք, գնացեք... և կաշխատեմ ամեն կերպ ուղարկել այն փաստաթուղթը, միայն թե գնացեք, գնացեք։ Գրածս նամակն անմտություն էր, իսկ դուք արձագանքեցիք այդ անմտությանը և եկաք, դրանով մենք ոչ ոքի ենք այս մրցապայքարում։ Այս դռնով գնացեք,― մատնացույց արավ մյուս դուռը (Կատերինա Նիկոլաևնան ուզում էր հեռանալ այն դռնով, որի վարագույրի հետևում կանգնած էի)։
 
― Ներեցեք ինձ, եթե կարող եք,― դռան մեջ կանգ առավ Կատերինա Նիկոլաևնան։
 
― Լավ, իսկ հնարավոր չէ՞, որ երբևէ հանդիպենք մտերիմների պես և այս տեսարանը հիշենք պայծառ ծիծաղով,― մրմնջաց Վերսիլովը, բայց նրա դեմքը դողում էր ամբողջովին, ինչպես լինում է խելահեղության բռնկման պահին...
 
― Օ՛հ, տա Աստվա՜ծ,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան ափերն իրար հպելով աղոթողի պես, բայց վախվորած հայացքով նայելով Վերսիլովի երեսին և ասես կռահելով, թե ինչ է ուզում ասել նա։
 
― Գնացեք։ Երկուսս էլ խելքի ծով ենք։ Սակայն դուք... Օ՛հ, դուք ի՛մ ձուլվածքի արարած եք, ես խելագար նամակ էի գրել ձեզ, իսկ դուք համաձայնեցիք գալ, որ ասեք, թե «համարյա սիրում» եք ինձ։ Ո՛չ, ես և դուք միևնույն խելահեղության հորձանքով ենք քշվում։ Միշտ այդպես խելահեղ եղեք, չփոխվեք, և մենք կհանդիպենք մտերիմների պես, գուշակում եմ մարգարեաբար, երդվում եմ։
 
― Եվ այդ ժամանակ ես անպայման կսիրեմ ձեզ, քանի որ այժմ էլ եմ զգում այդ սերը,― չհամբերեց Կատերինա Նիկոլաևնայի մեջ բորբոքված կին արարածը և այս վերջին բառերը պոռթկացին ուղղակի շեմի վրայից։ Եվ գնաց։
 
Ես շտապ և անաղմուկ մտա խոհանոց և, համարյա թե չնայելով ինձ սպասող Նաստասյա Եգորովնայի վրա, անցա հետնամուտքի սանդուղքով ու բակով և փողոց ելա։
 
Սակայն հազիվ հասցրի միայն տեսնել, թե Կատերինա Նիկոլաևնան ինչպես մտավ իրեն սպասող կառքը։ Եվ վազեցի փողոցով։
 
=== Գլուխ տասնմեկերորդ ===
 
==== I ====
 
Վազեցի Լամբերտի մոտ։ Օ՛հ, այնպե՜ս չէի ցանկանում տրամաբանական տեսք տալ արարքներիս և առողջ դատողության գեթ նշույլ գտնել դրանց մեջ այդ երեկո և այդ ամբողջ գիշերը և նույնիսկ այժմ, երբ արդեն կարող եմ գիտակցել դրանք, ոչ մի կերպ չեմ կարողանում այդ արարքներս պատկերացնել անհրաժեշտ ու հստակ կապակցվածությամբ։ Այդ ժամանակ շարժիչ ուժը ապրումն էր կամ, ավելի ճիշտ, ապրումների մի ամբողջ հեղեղ, որի հորձանքում, բնականաբար, պիտի մոլորվեի։ Ճիշտ է, գոյություն ուներ կարևորագույն մի զգացում, որը ճնշում էր ինձ և իշխում մնացած բոլոր զգացումներիս վրա, բայց... խոստովանե՞մ, արդյոք, դա։ Առավելևս, որ համոզված չեմ...
 
Վազեվազ մտա Լամբերտի կացարանը, բնականաբար, գլուխս կորցրածի պես։ Քիչ մնաց վախեցնեի նրան էլ, Ալֆոնսինկային էլ։ Միշտ նկատել էի, որ նույնիսկ ամենամոլորյալ, ամենակորած ֆրանսիացիները տնային կենցաղում խիստ հակված են բուրժուական որոշ կարգուկանոնի, մեկընդմիշտ օրինականացված ապրելակերպի ամենապարզ առօրեական-ավանդական դրվածքի պահպանման։ Ինչևէ, Լամբերտն իսկույն գլխի ընկավ, որ բան է պատահել և հրճվեց, ինձ տեսնելով իր բնակարանում, որտեղ կարող էր վերջապես ''հպատակեցնել'' ինձ։ Իսկ նա օրնիբուն միմիայն այդ մասին էր մտածում, այդ բոլոր օրերի ընթացքում։ Օհ, որքա՜ն անհրաժեշտ էի նրան։ Եվ ահա, երբ նա կորցրել էր ամեն հույս, հանկարծ հայտնվում եմ ինքս իմ ոտքով և այդպիսի խելահեղ վիճակում, որպիսին էլ հենց պետք էր նրան։
 
― Լամբե՛րտ,― գոռացի,― գինի՛, խմե՜նք, գժվե՜նք։ Ալֆոնսինա, որտե՞ղ է ձեր կիթառը։
 
Ավելորդ եմ համարում այդ տեսարանի նկարագրությունը։ Խմեցինք և նրան պատմեցի ամեն ինչ։ Լսում էր ագահաբար։ Առաջարկեցի դավադրություն կազմակերպել իմ իսկ նախաձեռնությամբ, հրդե՜հ։ Նախ և առաջ Կատերինիա Նիկոլաևնային հրավիրել նամակով...
 
― Կարելի է,― խրախուսում էր Լամբերտը որսալով իմ ամեն մի բառը։
 
Երկրորդ հերթին՝ որպես համոզիչ ապացույց, այդ նամակով ուղարկում ենք իր «փաստաթղթի» լրիվ պատճենը, որ ուղղակի տեսնի չենք խաբում իրեն։
 
― Այդպե՜ս էլ պետք է, այդպե՛ս էլ հարկավոր է,― քաջալերում էր Լամբերտը, շարունակ հայացքներ փոխանակելով Ալֆոնսինկայի հետ։
 
Երրորդ հերթին՝ հրավիրում է անձամբ Լամբերտը որպես թե Մոսկվայից ժամանած մի անծանոթ, իսկ ես կբերեմ Վերսիլովին...
 
― Վերսիլովին ևս կարելի է,― խրախուսում էր Լամբերտը։
 
― Պե՛տք է և ոչ թե կարելի,― գոռացի,― անհրաժեշտ է։ Հենց իր համար է արվում ամեն բան,― բացատրեցի, մեծ կումերով կուլ տալով բաժակիս պարունակությունից։ (Երեքս էլ խմում էինք, բայց թվում է, թե շշում եղած ամբողջ շամպայնը մենակ խմեցի, թվում է նաև, որ նրանք ձևացնում էին, թե խմում են)։― Ես ու Վերսիլովը կնստենք կից սենյակում (հարկավոր է մի սենյակ ևս հայթայթել, Լամբերտ), և երբ Կատերինա Նիկոլաևնան համաձայնի ամեն մի պայմանի և փողով փրկագնելուն, և ''ուրիշ'' փրկագին տալուն, քանի որ դրանց նմանները բոլորն էլ տականք են, այնժամ ասպարեզում կհայտնվենք ես ու Վերսիլովը և այդ մադամին դիմակազերծ կանենք իր գարշելի արարքով հանդերձ, իսկ Վերսիլովը, տեսնելով այդ գարշելիությունը, միանգամից կբուժվի և այդ մադամին կվռնդի աքացու հարվածով։ Բայց այնտեղ պետք է բերվի նաև Բյորինիգը, որպեսզի նա ևս տեսնի իր հարսնացուի արարքները,― ավելացրի մոլուցքի մեջ ընկածի պես։
 
― Ո՛չ,― առարկել ուզեց Լամբերտը,― Բյորինգին պետք չէ բերել։
 
― Պետք է, պե՛տք է,― աղաղակեցի,― դու բան չես հասկանում, Լամբերտ, քանի որ տխմա՛ր ես։ Հակառակը, թող այդ խայտառակությունը տարածվի բարձր հասարակությունով մեկ. դրանով վրեժ կլուծենք և բարձրաշխարհիկ հասարակությունից, և Կատերինա Նիկոլաևնայից։ Եվ թող պատժվի այդ մադամը։ Նա քեզ մուրհակ կտա, Լամբերտ, պարտավորագի՜ր... Ինձ փող պետք չէ, կթքեմ այդ փողի վրա, իսկ դու կկռանաս ու լրիվ կվերցնես քեզ, գրպանդ կդնես թքիս հետ միասին, բայց հո ես խորտակած կլինեմ այդ կնոջը դրանով։
 
― Հա՛, հա՛,― շարունակում էր քաջալերել Լամբերտը,― հա՛, դու՛... հենց այդպե՛ս...― Եվ շարունակում էր հայացքներ փոխանակել Ալֆոնսինկայի հետ։
 
― Լամբերտ, այդ կինը շա՜տ-շատ է թալկանում Վերսիլովի առջև, հենց նոր եմ համոզվել դրանում,― բլբլում էի անկապ։
 
― Լավ է, որ ամեն բան խուզարկել ես, երբեք չէի ենթադրի, թե այդքան հաջողակ լրտես կարող ես լինել և այդքա՜ն խելք կունենաս,― բարբաջեց շողոմ, որպեսզի սիրաշահի ինձ։
 
― Ցնդաբանու՜մ ես, ֆրանսիացի, ես լրտես չեմ, բայց խելք շա՜տ ունեմ։ Գիտե՞ս, Լամբերտ, ախր այդ կինը սիրու՜մ է Վերսիլովին,― շարունակեցի ջանալով ամեն ինչ ասել մինչև վերջ։― Բայց չի ամուսնանա նրա հետ, քանի որ Բյորինգը գվարդիակա՜ն է, իսկ Վերսիլովը լոկ բարեհոգի մարդ և մարդկության բարեկամ ու ոչ մի մազ ավելի։ Օ՛հ, այդ մադամը զգում է նրա կրքոտությունը և հաճույք է զգում դրանից, կոտրատվում է, հմայում, բայց չի ամուսնանա հետը։ Դա կի՜ն է, օձ։ Ամեն մի կին օձ է, ամեն մի օձ՜ կին։ Պետք է բուժենք այդ մարդուն, պիտի պոկենք նրա աչքերը ծածկող շղարշը, թող տեսնի, թե ինչպիսի՜ն է այդ մադամը և բուժվի։ Ես կբերեմ նրան այստեղ, Լամբերտ։
 
― Այդպե ս էլ պետք է,― շարունակում էր խրախուսել Լամբերտը։
 
Կարևորն այն է, որ նա վախվխում էր, թե որևէ բանով կարող էր հանկարծ զայրացնել ինձ և ճգնում էր, որ հանկարծ չհակառակի։ Եվ դա այնքան կոշտուկոպիտ ու բռի էր անում, որ նկատում էի նունյիսկ այդպիսի վիճակում։ Սակայն ես այլևս չէի կարող ձեռք քաշել մտադրությունիցս, մի գլուխ խմում էի ու խոսում և անչափ ուզում էի մինչև վերջ հասցնել ասելիքս։ Երբ Լամբերտը գնաց մի նոր շիշ բերելու, Ալֆոնսինկան իսպանական մեղեդի նվագեց կիթառով, քիչ մնաց լաց լինեի։
 
― Արդյոք ամեն բան հասկանալի՞ է, Լամբերտ,― գոռում էի խորապես հուզված։― Անպայման պիտի փրկենք մարդուն, քանի որ նրա չորս կողմը... կախարդա նք է։ Եթե այդ մադամն ամուսնանա Վերսիլովի հետ, ապա վերջինս առաջին իսկ գիշերից հետո, հենց նույն առավոտյան աքացիով կվռնդի նրան... քանի որ այդպես է լինում նման դեպքերում։ Քանի որ այդպիսի շինծու, վայրիվերո սերը գործում է որպես մոլուցքի բռնկում, որպես մեռյալ հանգույց, որպես հիվանդություն և հենց որ հասնում է հագեցման, շղարշն իսկույն ընկնում է, և ի հայտ Է գալիս հակառակ զգացմունքը՝ խորշանքն ու ատելությունը, ճզմելու, բնաջնջելու ցանկությունը։ Աբիսողոմի պատմությունը լսե՞լ ես, Լամբերտ, կարդացե՞լ ես։
 
― ՉԷ, չեմ հիշում, վե՞պ Է։
 
― Օ՛հ, դու ոչինչ չգիտես, Լամբերտ։ Անչափ տգետ ես, անչափ... բայց ես թքած ունեմ։ Ամեն բան միևնույն է։ Օ՛հ, նա սիրում է մորս, համբուրում էր մորս նկարը, այդ մյուս կնոջը նա կվռնդի հաջորդ առավոտյան իսկ, և ինքը կվերադառնա մորս մոտ, բայց արդեն ուշ կլինի, դրա համար էլ պիտի փրկենք նրան այժմ...
 
Ի վերջո սկսեցի դառնագին լաց լինել, բայց դեռ շարունակում էի խոսել և անչափ շատ խմել։ Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ երեկոյի ընթացքում Լամբերտը գեթ մի անգամ չհարցրեց «փաստաթղթի» մասին, թե որտե՞ղ Է այն։ Որպեսզի ցույց տայի իրեն, դնեի սեղանի վրա։ Դավադրության համար պայմանավորվելուց հետո ի՞նչ մի զարմանալի բան կլիներ, եթե հարցներ այդ թղթի մասին։ Մի հանգամանք ևս. մենք սոսկ ասում էինք, թե ինչ է պետք անել և որ անպայման կանենք «այդ բանը», բայց այն մասին, թե որտե՞ղ ենք անելու, ինչպե՞ս, ե՞րբ, ոչ մի բառ չէինք ասել։ Նա շարունակ քաջալերում էր ինձ ու հայացքներ փոխանակում Ալֆոնսինկայի հետ, ուրիշ ոչինչ։ Ինչ խոսք, այդ ժամանակ ի վիճակի չէի որևէ բան ըմբռնելու, այդուհանդերձ, ամեն բան մտապահվել է։
 
Ավարտեցի այն բանով, որ քնեցի նրա բազմոցին առանց հանվելու։ Քնով ընկա շատ երկար և արթնացա շատ ուշ։ Հիշում եմ, որ արթնանալուց հետո մի քանի րոպե շշմածի պես շարունակում էի պառկած մնալ, աշխատելով գիտակցել ու հիշել հետս կատարվածը, միաժամանակ ձևացնելով, թե քնած եմ դեռևս։ Բայց Լամբերտն արդեն չէր երևում սենյակում, տեղ էր գնացել։ Արդեն ժամը տասն էր. վառարանը ճարճատում էր ճիշտ այն ժամանակվա պես, երբ առաջին անգամն էի հայտնվել Լամբերտի կացարանում։ Սակայն այժմ ինձ հսկում էր վարագույրի հետևում թաքնված Ալֆոնսինկան. իսկույն նկատեցի դա, քանի որ նա երկու անգամ ծիկրակեց իր թաքստոցից, բայց ամեն անգամ հասցնում էի փակել աչքերս ու ձևացնել, թե քնած ես դեռևս։ Այդպես էի վարվում այն պատճառով, որ ընկճված էի և պետք է իմաստավորեի իմ վիճակը։ Սարսափով էի զգում գիշերվա ընթացքում Լամբերտի մոտ խոստովանություն անելուս, նրա հետ պայման կապելուս, սխալմամբ նրա մոտ վազելուս ողջ անմտությունն ու գարշելիությունը։ Բայց, փա՜ռք Աստծո, փաստաթուղթը դեռևս մնում էր մոտս, դրված էր կողքի գրպանում, գրպանի բերանն էլ կարված էր. շոշափեցի ու համոզվեցի, որ իր տեղում է։ Ուրեմն, մնում է վեր թռչել այժմ ևեթ ու փախչել, իսկ հետո Լամբերտից ամաչելու բան չկար, նա արժանի չէր դրան։
 
Բայց ինքս ինձնից էի ամաչում։ Ինքս էի իմ դատավորը և, օ՚հ, Աստված իմ, ի՜նչ էր կատարվում իմ հոգում։ Բայց չեմ նկարագրի այդ դժոխային, անտանելի ապրումներս, որ առաջանում էին արարքիս աղտեղիությունն ու գարշելիությունը գիտակցելուց։ Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ արարքս, քանի որ դրա ժամանակն է։ Նոթերումս պետք է նշվի դա։ Եվ այսպես, թող հայտնի լինի, որ ես ուզում էի անձամբ վկա լինել այն տեսարանին, որտեղ պախարակվող Կատերինա Նիկոլաևնան պիտի այս կամ այն կերպ փրկագին տար Լամբերտին (օ՛հ, ինչ ստորություն իմ կողմից), վկա լինել ոչ թե այն բանի համար, որ փրկեի խելահեղ Վերսիլովն և նրան վերադարձնեի մորս մոտ, այլ այն բանի համար, որ... միգուցե ինքս էլ էի սիրահարված Կատերինա Նիկոլաևնային ու խանդում էի։ Ո՞ւմ հանդեպ, Բյորինգի՞, Վերսիլովի՞։ Բոլորի՞, ում այդ կինը տեսնելու է պարահանդեսներում և ում հետ խոսելու է, այն դեպքում, երբ ես ամոթից քաշված եմ լինելու մի անկյուն... Օհ, այլանդակությու՜ն։
 
Մի խոսքով, չգիտեմ, թե ում հանդեպ էի խանդում, բայց և զգում էի ու համոզվում անցած երեկոյի ընթացքում, որպես երկու անգամ երկու, որ այդ կինը կորած է ինձ համար, որ նա կվանի ինձ և կծաղրի սեթևեթանքս ու անմտությունս։ Ինքը ճշմարտասեր է և ազնիվ, իսկ ես փաստաթղթերով զինված լրտես եմ։
 
Այդ ամենը վաղուց ի վեր պահում էի սրտիս խորքում, իսկ այժմ ժամանակն է, որ ամփոփեմ հետևանքը։ Ի դեպ, ասեմ վերջին անգամ, որ երևի կիսով չափ կամ գուցե յոթանասուն տոկոսով ճիշտ չե՞մ արտահայտվել ինքս իմ մասին։ Այն գիշերը ես խելահեղորեն ատում էի Կատերինա Նիկոլաևնային, իսկ հետո՝ մոլեգնության հասած հարբածի ատելությամբ։ Արդեն ասել եմ, որ դա տպավորությունների և ապրումների քաոս էր, որից գլուխ չէի հանում։ Այդուհանդերձ, հարկավոր էր արտահայտել այդ տպավորությունները, քանի որ դրանց գոնե մի մասն անհիմն չէր։ Ամեն ինչ կարգավորելու անզուսպ մտադրությամբ և անզուսպ խորշանքով հանկարծ վեր թռա բազմոցից, բայց հազիվ էի վեր թռել, երբ նույն պահին իր թաքստոցից դուրս պրծավ Ալֆոնսինկան։ Վերցրի մուշտակս ու գլխարկս և պատվիրեցի նրան, որ հայտնի Լամբերտին, թե երեկ զառանցանքի մեջ եմ եղել ու զրպարտել եմ Կատերինա Նիկոլաևնային, թե դիտավորյալ եմ կատակել, և Լամբերտը երբեք չպետք է համարձակվի գալ մոտս... Այս ամենը բարբաջեցի մի կերպ, գլխառադ անելով, հապճեպորեն ու ֆրանսերեն և, ինչ խոսք, անչափ անհասկանալի շուտասելուկով, բայց, ի զարմանս ինձ, Ալֆոնսինկան շատ լավ ըմբռնեց ամեն բան, իսկ զարմանալին այն է, որ ըմբռնելով հանդերձ ուրախացավ։
 
― Oui, oui,― խրախուսում էր նա ինձ,― c’est une honte! Une dame... Oh, vous êtes généreux, vous! Soyez tranquille, je ferai voir raison à Lambert...<ref>Այո, այո․․․ դա խայտառակություն է։ Տիկնոջը... Օ, դուք որքան մեծահոգի եք։ Չանհանգստանաք. Ես խելքի՜ կբերեմ Լամբերտին... (ֆրանս.)։
</ref>
 
Այդ րոպեին, տեսնելով ֆրանսուհու և, թերևս, նաև Լամբերտի տրամադրության հետ կատարված այդ անսպասելի շրջադարձը, պետք է որ քարանայի տարակուսանքից։ Այդուհանդերձ, լուռ դուրս ելա, հոգիս պղտորված էր և վատ էի գիտակցում, թե ինչն ինչոց է։ Օ՛հ, հետագայում քննարկեցի ամեն բան, բայց արդեն ուշ էր։ Ինչպիսի՜ դժոխային խառնաշփոթ ստացվեց։ Այստեղ կանգ կառնեմ և նախապես լրիվ կբացատրեմ այդ խառնաշփոթը, քանի որ այլ կերպ ընթերցողը չի կարողանա ընկալել եղելությունը։
 
Բանն այն է, որ դեռևս Լամբերտի հետ ունեցածս առաջին հանդիպման ժամանակ, երբ ցրտահարվելուց հետո տաքանում էի իր բնակարանում, տխմարի պես թռցրել էի բերանիցս, որ չարագուշակ փաստաթուղթը գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված։ Այն օրը որոշ ժամանակ քնել էի իր բազմոցին և հենց այդ ժամանակ էլ Լամբերտն անհապաղ շոշափել էր գրպանս ու համոզվել, որ բերանը կարած գրպանիս մեջ իրոք թուղթ կա։ Դրանից հետո մի քանի անգամ ևս ստուգել էր, որ թուղթը դեռ իր տեղում է, համոզվել էր, զորօրինակ, նաև թաթարների մոտ ճաշելիս, երբ խուզարկողի պես էր գրկել իրանս։ Ի վերջո գիտակցելով այդ թղթի կարևորությունը, կազմել էր իր հատուկ ծրագիրը, որի գոյության մասին չէի էլ ենթադրի։ Տխմարի պես շարունակ ենթադրում էի, թե համառորեն իր կացարանն է հրավիրում այն նպատակով, որպեսզի համագործակցեմ իր հետ, այլ ոչ թե գործենք առանձին-առանձին։ Ավա՜ղ, միանգամայն այլ նպատակով էր հրավիրում ու կանչում։ Որպեսզի մահու չափ խմեցնի, և, երբ փռվեմ ու խռմփամ ուշակորույս, քանդի գրպանիս կարն ու տիրանա փաստաթղթին։ Հենց այդպես էլ վարվել էին վերջին գիշերվա ընթացքում։ Ալֆոնսինկան էր քանդել գրպանս։ Հանելով նամակը՝ ''նրա գրածը''՝ իմ մոսկովյան փաստաթուղթը, նրանք նույն չափի փոստային մի թուղթ էին դրել տեղը և նորից կարել այնպես, որ չկարողանայի նկատել փոփոխությունը։ Հենց Ալֆոնսիկան էլ կարել էր։ Մինչդեռ ես համարյա թե օր ու կես, համարյա մինչև վերջին պահը կարծում էի, թե այդ գաղտնիքի միակ տնօրենն եմ, և Կատերինա Նիկոլաևնայի բախտը բռիս մեջ է։
 
Եվ վերջին բանը, ամեն բանի, մյուս բոլոր դժբախտությունների պատճառը փաստաթղթի հենց այդ կողոպուտը եղավ։
 
==== II ====
 
Վրա են հասել նոթերիս պարունակած պատմության վերջին օրերը, արդեն վերջի ծայրամասին եմ հասել։
 
Կարծեմ մոտավորապես ժամը տասնմեկն անց կեսը կլիներ, երբ վարձու կացարանս հասա՝ արտակարգ բորբոքված, ցրված, բայցև՝ անելիքս վերջնականապես վճռած։ Չէի շտապում, արդեն գիտեի, թե ինչն ինչպես եմ անելու։ Եվ հազիվ էի ոտս դրել միջանցքը, երբ նույն ակնթարթին զգացի, որ մի նոր դժբախտություն է պատահել, և անելիքս՝ արտակարգ բարդացել. Ցարսկոյե Սելոյից հենց նոր բերված ծեր իշխանը գտնվում էր այդ բնակարանում, իսկ իր հետ նաև՝ Աննա Անդրեևնան։ Իշխանին տեղավորել էին ոչ թե իմ սենյակում, այլ տանտիրոջ մյուս երկու օթարաններում իմ կողքին։ Պարզվեց, որ այդ սենյակները որոշ չափով նորոգել էին ու հարդարել, ի դեպ, թեթևակի կարգով։ Տանտերն իր կնոջ հետ տեղափոխվել էր կամակոր չեչոտի զբաղեցրած խուցը, ում մասին արդեն հիշատակել եմ, իսկ չեչոտ կենվորին ինչ-որ տեղ էին խցկել՝ իր կամքին հակառակ։
 
Ինձ դիմավորեց նույն ակնթարթին սենյակս խուժած տանտերը։ Այնպիսի վճռական հայացքով էր նայում ինձ, ինչպես երեկ, բայց ավելի բորբոքուն վիճակում էր, այսպես ասած իրադարձությունների կիզակետում։ Չխոսեցի հետը, քաշվեցի մի անկյուն ու կանգ առա մի րոպե գլուխս ափերիս մեջ առած։ Սկզբում իրեն թվաց, թե «հանդես եմ գալիս», բայց այլևս չդիմացավ և ասաց վախվորած.
 
― Բա՞ն է պատահել։ Ես էլ ձեզ էի սպասում, որ հարցնեմ,― ավելացրեց, տեսնելով, որ չեմ պատասխանում,― արդյոք չե՞ք կամենա բաց թողնել այս դուռը, որ անմիջական կապ ունենաք իշխանի օթարանների հետ... քան թե միջանցքով գնաք գաք։― Մատնացույց էր անում մշտապես փակ պահվող դուռը։
 
― Ահա թե ինչ, Պյոտր Իպպոլիտովիչ,― ասացի խստությամբ,― խոնարհաբար խնդրում եմ, որ գնաք և այստեղ հրավիրեք Աննա Անդրեևնային, որպեսզի բանակցություններ վարեմ իր հետ։ Նրանք վաղո՞ւց են այստեղ։
 
― Մի ժամ կլինի։
 
― Ուրեմն, գնացեք։
 
Գնաց ու տարօրինակ պատասխան բերեց. Աննա Անդրեևնան և իշխան Նիկոլայ Իվանովիչը անհամբեր սպասում են, որ ինքս գնամ իրենց մոտ. կնշանակի Աննա Անդրեևնան չի բարեհաճել գալ։ Մաքրեցի ու կարգի բերեցի գիշերվա ընթացքում ճմրթված սերթուկս, լվացվեցի, սանրվեցի, բոլորովին չշտապելով ու գիտակցելով, թե որքան զգույշ պիտի լինեմ, և ուղղվեցի ծերունու մոտ։
 
Իշխանը նստած էր կլոր սեղանի հետևում դրված բազմոցին, իսկ Աննա Անդրեևնան մյուս անկյունում, սփռոցով ծածկված մեկ այլ սեղանի մոտ, որի վրա եռում էր տանտիրոջ աննախադեպ փայլեցրած ինքնաեռը, թեյ էր պատրաստում։ Մտնելիս դեմքիս վրա դեռ պահպանվել էր խիստ արտահայտությունը, և ծերուկը, ակնթարթորեն նկատելով դա, ցնցվեց տեղում և, երեսի ժպիտը փոխվեց երկյուղի, բայց ես չդիմացա, ծիծաղեցի ու գիրկս բաց արեցի իր դեմ։
 
Ինչ խոսք, տեղնուտեղը գլխի ընկա, թե ում հետ գործ ունեմ։ Նախևառաջ ինձ համար պարզ դարձավ, ինչպես երկու անգամ երկու, որ մեր բաժանման ընթացքում նրանք այդ ծեր, համարյա թե դեռևս առույգ, գիտակից, ուրույն բնավորություն ունեցող մարդուն դարձրել են ինչ-որ մումիա, կատարյալ երեխա վախվորած ու անվստահ։ Ավելացնեմ, որ նա լիովին տեղյակ էր, թե ինչ նպատակով են իրեն բերել այստեղ, և ամեն բան կատարվել էր այնպես, ինչպես բացատրեցի այն ժամանակ, երբ առաջ էի ընկնում դեպքերի ընթացքից։ Նրան մի հարվածով շշմեցրել էին, կոտրել, ընկճել իր դստեր դավաճանության ու գժանոցի վերաբերյալ տեղեկությամբ։ Եվ նա թույլ էր տվել, որ տեղափոխեն իրեն՝ սարսափից հազիվ թե գիտակցելով իր արածը։ Նրան ասել էին, թե ե ս եմ այդ գաղտնիքի վրա իշխողը և ինձ մոտ է վերջնական հանգուցալուծման բանալին։ Նախապես ասեմ, որ ծեր իշխանը հենց այդ հանգուցալուծումից ու բանալուց էր վախեցել ավելի շատ։ Եվ սպասում էր, թե հենց հանգուցալուծողի անողոք մտադրությամբ եմ մտնում իր մոտ՝ հայացքումս դատավճիռ ու ձեռքիս փաստաթուղթ և անչափ ուրախացավ, որ ես առայժմ պատրաստ եմ ծիծաղելու և ասել֊խոսելու այլ բաների մասին։ Գրկախառնվելիս լաց եղավ։ Խոստովանեմ, որ մի կաթիլ արցունք էլ իմ աչքից ընկավ, ու հանկարծ անչափ խղճալի նրան... Ալֆոնսինկայի պստլիկ շնիկն իրեն ճղում էր բոժոժիկների բարալիկ ծլնգոցների նմանվող կլանչյունով և ուզում էր պոկվել բազմոցի վրայից, որ հարձակվի վրաս։ Իշխանն այդ ճստլիկից այլևս չէր բաժանվում ձեռք բերելու օրից ի վեր և նույնիսկ իր անկողնում էր քնեցնում։
 
― Օհ, ji disais qu’il a du coeur<ref>Ես ասում էի, չէ՛, որ նա մեծահոգի պատանի է (ֆրանս.)։
</ref>,― կրկնում էր հրճվագին, ինձ վրա հրավիրելով Աննա Անդրեևնայի ուշադրությունը։
 
― Ի՜նչ լավ եք կազդուրվել, իշխա՛ն,― շեշտեցի։― Ի՜նչ հոյակապ, թարմ, առողջ տեսք ունեք։― Ավաղ, ամեն բան հակառակն էր. դա մի մումիա էր, մարդաչիր. իրեն սիրտ տալու համար էի բարբաջում այդպես։
 
― N’est-ce pas, n’est-ce pas?<ref>Իսկապե՜ս, իսկապե՜ս (ֆրանս.)։
</ref>,― կրկնում էր նա հրճվագին։― Օ՛հ, ես հրաշալի կազդուրված եմ։
 
― Այնուամենայնիվ, խմեք ձեր թեյը և եթե ինձ էլ տաք, հաճույքով կխմեմ ձեզ հետ։
 
― Եվ հրաշալի կլինի։ «Խմենք ու վայելենք...» կամ ուրիշ ի՞նչ կերպ է ասված բանաստեղծության մեջ։ Աննա Անդրեևնա, թեյ տվեք նրան, il prend toujours par les sentiments<ref>Նա միշտ էլ գրավիչ է իր զգացմունքներով (ֆրանս.)։
</ref>, թեյ տվեք մեզ, սիրելիս։
 
Աննա Անդրեևնան մատուցեց թեյը և հանկարծ ինձ դիմեց չափազանց հանդիսավոր։
 
― Արկադի Աակարովիչ, երկուսս էլ՝ ես և իմ բարերար իշխան Նիկոլայ Իվանովիչը, ապաստանել ենք ձեզ մոտ։ Կարծում եմ, որ մենք իսկապես եկել ենք ձեզ մոտ, միմիայն ձեզ մոտ և երկուսս էլ փրկության ապաստան ենք խնդրում ձեզնից։ Հիշեք, որ այս սուրբ, ազնվազարմ ու վիրավորված մարդու ճակատագիրն ամբողջությամբ ձեր ձեռքում է... Մենք սպասում ենք ձեր ճշմարտասեր սրտի վճռին։
 
Եվ չկարողացավ ավարտել, սարսափահար եղած իշխանը համարյա դողդողաց վախից.
 
― Apres, après, n’est-ce pas? Chèere amile<ref>Հետո, հետո, այնպես չէ՞, սիրելի բարեկամ (ֆրանս.)։
</ref>։
 
Չեմ կարող արտահայտել, թե որքան տհաճ ներգործություն ունեցավ Աննա Անդրեևնայի արարքն ինձ վրա։ Պատասխան չտվեցի և բավարարվեցի լոկ սառն ու պատշաճ խոնարհում անելով, այնուհետև նստեցի սեղանի մոտ և սկսեցի խոսել այլևայլ բաների մասին, նույնիսկ անմտություններ բարբաջել, սրամտելով ու ծիծաղելով... Ինչպես երևում էր, ծերունին գոհ էր իմ պահվածքից և հրճվագին ուրախության մեջ էր։ Բայց այդ հրճվագին ուրախությունը, այնուամենայնիվ, ինչ-որ անկայուն էր և ակնթարթորեն կարող էր փոխվել լիակատար ընկճվածության, դա պարզ երևում էր առաջին իսկ հայացքից։
 
― Cher enfant, լսել եմ, որ հիվանդ ես եղել... Ա՛հ, ներիր ինձ. լսել եմ, թե շարունակ զբաղված ես եղել ոգեկոչությա՞մբ։
 
― Մտքովս իսկ չի անցել,― ժպտացի։
 
― Ո՞չ։ Իսկ ո՞վ էր ինձ ասում ոգե-կո-չության մասին։
 
― Մեր այս չինովնիկը՝ Պյոտր Իպպոլիտովիչն էր ասում քիչ առաջ,― բացատրեց Աննա Անդրեևնան։― Շատ կատակասեր մարդ է, շատ անեկդոտներ գիտե, ուզո՞ւմ եք կանչեմ իրեն։
 
― Oui, oui, il est charmant<ref>Այո, այո, նա շատ սիրելի է (ֆրանս.)։
</ref>, շատ հաճելի անեկդոտներ գիտե, բայց ավելի լավ կլինի, որ հետո կանչենք,― շարունակեց ռուսերեն։― Կանչենք և շատ բան կպատմի, mais après։ Պատկերացրու քիչ առաջ սեղան էին գցում, իսկ նա ասում էր համարձակ, համարձակ, մի վախեցեք, չի թռչի տեղից, մենք ոգեկոչողներ չենք։ Մի՞թե ոգեկոչողների մոտ սեղանները թռչում են։
 
― Ճիշտն ասած չգիտեմ, ասում են, թե իբր սեղանի չորս ոտն էլ կտրվում են հատակից։
 
― Mais cest terrible ce que tu dis<ref>Բայց այն ինչ ասում ես, սարսափելի է (ֆրանս.)։
</ref>,― վախով իշխանը նայեց երեսիս։
 
― Օ՛հ, չանհանգստանաք, չէ՞ որ դա անհեթեթություն է։
 
― Ես էլ եմ այդպես ասում։ Նաստասյա Ստեպանովնա Սալոմեևան... ճանաչում ես նրան, չէ՞... ա՛խ, հա՜, չես ճանաչում... պատկերացրու նա էլ է հավատում ոգեկոչության և, պատկերացրեք, սիրելի մանկիկ,― շրջվեց դեպի Աննա Անդրեևնան,― ես ասում եմ նրան ախր նախարարություններում ևս կան սեղաններ, և դրանց վրա ութական զույգ չինովնիկական ձեռքեր են դրվում, որոնք շարունակ թուղթ են գրոտում, հապա ինչպե՞ս է լինում, որ այդ սեղանները չեն ճախրում։ Երևակայիր, որ հանկարծ ճախրեն, սեղանների խռովություն ֆինանսների կամ էլ ժողովրդական լուսավորության նախարարությունում, մենակ դա է մնացել պակաս։
 
― Ի՜նչ համով֊հոտով բաներ եք ասում առաջվա նման, իշխա՛ն,― գոչեցի աշխատելով ծիծաղել սրտանց։
 
― N’est-ce pas? je ne parle pas trop, mais je dis bien.<ref>Խոսում եմ քիչ, բայց՝ համով-հոտով, այնպես չէ՞ (ֆրանս.)։
</ref>
 
― Գնաս բերես Պյոտր Իպպոլիտովիչին,― տեղից ելավ Աննա Անդրեևնան։ Գոհունակություն էր շողում հայացքում, ուրախացել էր, որ փաղաքուշ եմ վարվում իշխանի հետ։ Բայց հենց որ դուրս ելավ, նույն ակնթարթին ծերունու դեմքի արտահայտությունը փոխվեց հանկարծ։ Արագ նայեց դեպի դուռը, դիտեց շուրջբոլորը և իմ կողմը թեքվելով բազմոցի վրայից, շշնջաց վախվորած.
 
― Cher ami! Օ՜հ, եթե միայն կարողանայի երկուսին միասին տեսնել այստեղ։ Օ՛հ, cher enfant!
 
― Հանգստացեք, իշխան...
 
― Այո, այո, բայց... մենք կհաշտեցնենք նրանց, n’est-ce pas? Եղած-չեղածը մի դատարկ ու չնչին վեճ է երկու կնոջ միջև, այնպես չէ՞։ Հույսս միմիայն դու ես... Ես ու դու կկարգավորենք այդ ամենը, և սա ի՜նչ տարօրինակ բնակարան է,― շուրջն էր նայում համարյա ահով,― և գիտե՞ս, որ այս տան տերը... այնպիսի դեմք ունի... Ասա՝ նա վտանգավոր չէ՞...
 
― Տանտե՞րը։ Օ՛հ, ոչ, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել։
 
― C’est ca<ref>Իրավ (ֆրանս.)։
</ref>, ավելի լավ։ Il semble qu’il est beAte, ce gentilhomme<ref>Այդ պարոնը, կարծես թե, տխմարի մեկն է (ֆրանս.)։
</ref>. Cher enfant, հանու՜ն Քրիստոսի չասես Աննա Անդրեևնային, որ ես այստեղ վախենում եմ ամեն բանից, ոտքս այստեղ դնելու պահին գովաբանել եմ այստեղ եղած-չեղածը. նույնիսկ տանտիրոջն եմ գովաբանել։ Լսիր, դու գիտե՞ս ֆոն Զոնի<ref>1869 թ. Մոսկվայում սպանել ու թալան ել էին չինովնիկ Ֆոն Ձոնին, դիակը խցկել արկղի մեջ և ապրանքատար վագոնով ուղարկել պատահական ուղղությամբ (ծնթ. թարգմ.)։
</ref> վերաբերյալ պատմությունը, հիշո՞ւմ ես։
 
― Եվ ի՞նչ։
 
― Rien, rien du tout... Mais je suis libre ici, n’est-ce pas?<ref>Առանձնապես՝ ոչինչ․․․ Բայց այստեղ ես ազատ եմ, այնպես չէ՞ (ֆրանս․)։
</ref> Ի՞նչ ես կարծում, այստեղ ինձ հետ չի՞ կարող պատահել... նման մի բան։
 
― Ողորմա՜ծ եղեք, աղավնյակս... չէ՞ որ ես երաշխավորում եմ ձեր ապահովության համար։
 
― Mon ami! Mon enfant!― գոչեց հանկարծ, ափերն իրար բերելով և այլևս չքողարկելով իր տագնապը,― եթե իրավ ինչ-որ բան կա մոտդ... ինչ-որ փաստաթուղթ... մի խոսքով, եթե ինձ ասելու բան ունես, ապա չասես, ի սեր Աստծո, ոչ մի բան չասես, ավելի լավ կանես, որ առհասարակ չասես... հնարավորին չափ երկար ժամանակ չասես...
 
Ուզում էր նետվել գիրկս, արցունքը հոսում էր այտերով, չեմ կարող արտահայտել, թե սիրտս ինչպես կծկվեց, խեղճ ծերունին նման էր մի անճարակ, թույլ, վախվորած երեխայի, որին հարազատ բնից առևանգել են ինչ-որ գնչուներ ու տւսրել օտար մարդկանց մոտ։ Բայց գրկախառնվելու հնարավորություն չտվեցին մեզ, դուռը բացվեց, և մտավ Աննա Անդրեևնան, բայց ոչ թե տանտիրոջ, այլ՝ իր եղբոր կամեր յունկերի հետ։ Այդ նորությունը շշմեցրեց ինձ, ոտքի ելա և ուղղվեցի դեպի դուռը։
 
― Արկադի Աակարովիչ,― ասաց Աննա Անդրեևնան այնպես բարձրաձայն, որ պիտի կանգ առնեի ակամա,― թույլ տվեք՝ ծանոթացնեմ ձեզ։
 
― ''Չափից ավելի'' եմ ծանոթ ձեր եղբայրիկի հետ,― նետեցի կտրուկ, ընդգծելով հատկապես «չափից ավելին»։
 
― Ահ, ահավոր սխալմունք է եղել,― ծամծմել սկսեց երիտասարդը, արտակարգ սանձարձակորեն մոտենալով ինձ և պինդ բռնելով ափս, որն ի վիճակի չէի ետ քաշել,― և ես այնպես մեղավոր եմ, սիրելի Անդ... Անդրեյ Մակարովիչ, ամեն բանում մեղավորը իմ Ստեպանն էր, այնքան տխմարաբար զեկուցեց այն ժամանակ, որ ես օտարի տեղ դրեցի ձեզ... դա Մոսկվայում էր,― բացատրեց քրոջը,― հետագայում ամեն կերպ ձգտում էի ձեզ մոտ, որ գտնեի ու բացատրություն տայի, սակայն հիվանդացա, ահա, հարցրեք քրոջս...― Cher prinse, nous devons etre amis meme par droit de naissance...<ref>Թանկագին իշխան, մենք պետք է բարեկամանանք ձեզ հետ, թեկուզ հենց միայն մեզնից յուրաքանչյուրի տոհմական ծագման շնորհիվ...(ֆրանս.)։
</ref>
 
Եվ այդ սանձակոտոր երիտասարդը համարձակվեց նույնիսկ մի թևով գրկել իմ ուսը, ինչը արդեն չափը կորցնելու գագաթնակետն էր։ Հետ քաշվեցի և, որքան էլ որ շշմած էի, այնուամենայնիվ, վճռեցի շտապ հեռանալ առանց որևէ բան ասելու։ Մտնելով իմ սենյակը նստեցի մահճակալին հուզախռով ու մտամոլոր։ Այդ երկերեսանությունը խեղդում էր ինձ, բայց հո չէի՞ կարող ուղղակի հնձել ու ոչնչացնել Աննա Անդրեևնային։ Հանկարծ զգացի, որ նա էլ է թանկ ինձ համար, և իր վիճակն էլ է ահավոր։
 
==== III ====
 
Սպասածիս պես՝ ինքը եկավ մոտս, մենակ թողնելով իշխանին ու եղբորը, որ սկսել էր պատմել բարձրաշխարհիկ թարմագույն ու նորագույն ասեկոսեներ, որով արդեն գրավել ու զվարճացրել էր տպավորվող ծերուկին։ Մահճակալից ելա լուռումունջ՝ Աննա Անդրեևնային նայելով հարցական հայացքով։
 
― Արկադի Մակարովիչ, ես ձեզ ասացի ամեն բան,― սկսեց ուղղակի,― մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։
 
― Բայց չէ՞ որ ես էլ նախազգուշացրել էի, որ չես կարող... Ամենասուրբ պարտւսվորություններս խանգարում են, որ կատարեմ այնպիսի քայլ, ինչի վրա հույս եք դրել։
 
― Այո՞։ Դա՞ է ձեր պատասխանը։ Թող որ ես կործանվեմ, իսկ ծերունի՞ն։ Չէ որ նա խելքը կթռցնի մինչև երեկո, ի՞նչ շահ ունեք դրանից։
 
― Ո՛չ, նա խելքը կթռցնի միայն այն դեպքում, եթե ցույց տամ իր դստեր նամակը, որում վերջինս խորհրդակցում է իրավագետի հետ, թե ի՞նչ հնարքով խելագար հայտարարի հորը,― գոչեցի տենդագին։― Ահա, թե ինչին չի դիմանա ծեր մարդը։ Իմացած եղեք, որ նա արդեն ասել է ինձ, թե չի հավատում այդպիսի նամակի գոյության։
 
Փոքր-ինչ բստրեցի, թե ինչ էր ասել իշխանը, բայց դա անհրաժեշտ էր։
 
― Արդեն ասե՞լ է։ Այդպե ս էլ կարծում էի։ Այդ դեպքում կորած եմ, մինչ այդ նա լալագին աղաչում էր, որ տուն տանենք իրեն։
 
― Հայտնեք ինձ, թե ո՞րն է ձեր ծրագրի էությունը,― հարցրեցի պահանջկոտ։
 
Նա կարմրեց, այսպես ասած խոցված ինքնասիրությունից, բայց հաղթահարեց հուզմունքը.
 
― Եթե նրա դստեր նամակը մեզ մոտ լինի, մենք կարդարանանք հասարակության աչքին, անմիջապես մարդ կուղարկեմ իշխան Վ-ի և Բորիս Միխայլովիչ Պելիշչևի մոտ, որ իր մանկության ընկերներն են, երկուսն էլ հեղինակավոր և ազդեցիկ անձնավորություն են հասարակության մեջ, և գիտեմ, որ դեռևս երկու տարի առաջ վրդովմունքով են վերաբերվել նրա անողոք ու ագահ դստեր որոշ արարքներին։ Իմ խնդրանքով նրանք, անշուշտ, կհաշտեցնեն հորն ու աղջկան և կպնդեմ, որ այդպես վարվեն, և չէ՞ որ դրանով իրավիճակը կփոխվի լիովին։ Դրանից բացի այդ դեպքում իմ ազգական Ֆանարիոտովները ևս, ինչպես սպասում եմ, իմ իրավունքները պաշտպանելու վճռականություն կցուցաբերեն։ Բայց ինձ համար առաջնայինը իշխանի երջանկությունն է, թող հասկանա վերջապես ու գնահատի, թե ո՞վ է իսկապես նվիրված իրեն։ Արկադի Մակարովիչ, ինչ խոսք, ամենից ավելի հույս ունեմ ձեր ազդեցության վրա, դուք շատ եք սիրում նրան... Եվ հետո, ուրիշ էլ ո՞վ է նրան սիրում բացի երկուսիցս։ Վերջին օրերի ընթացքում իշխանը շարունակ ձեր մասին էր խոսում, կարոտում էր ձեզ... դուք նրա «երիտասարդ բարեկամն» եք... Ինքնին հասկանալի է, որ դրանից հետո իմ երախտագիտությունը ձեր հանդեպ սահման չի ունենա...
 
Դա արդեն ինձ պարգևատրելու խոստում էր, միգուցե փողով։
 
Կտրուկ ընդհատեցի.
 
― Ինչ էլ որ ասեք, չեմ կարող,― ասացի, երեսին նայելով անսասան վճռականություն արտահայտող հայացքով,― կարող եմ փոխհատուցել ձեզ սոսկ նույնպիսի անկեղծությամբ և բացատրել իմ վերջնական վճիռը, ամենակարճ ժամկետում այդ ճակատագրական նամակը առձեռն կհանձնեմ Կատերինա Նիկոլաևնային, բայց այն նպատակով, որ պատահարների այս ամբողջ խառնիճաղանջից խառնակչություն չսարքի և նախապես խոսք տա, որ չի խաթարելու ձեր երջանկությունը։ Ահա այն ամենը, ինչ ի վիճակի եմ անելու։
 
― Անկարելի է,― մրմնջաց ամբողջովին կարմրելով։ Զրուցակցուհիս զայրացած էր լոկ այն մտքից, որ պիտի հույսը դնի Կատերինա Նիկոլաևնայի ''խղճահարվելու'' վրա։
 
― Ես չե մ փոխի իմ վճիռը, Աննա Անդրեևնա։
 
― Միգուցե փոխեք։
 
― Դիմեք Լամբերտին։
 
― Դուք չգիտեք, Արկադի Մակարովիչ, չգիտեք, թե ինչպիսի դժբախտություններ կարող են ծագել ձեր համառությունից,― ասաց խիստ ու անողոք։
 
― Դա անկասկած է, որ դժբախտություններ կծագեն... գլուխս պտտվում է։ Բա՛վ է, ինչքան գլուխ դրեցի ձեզ հետ, վճռել եմ ու վերջ։ Միայն թե, ի սեր Աստծո, խնդրում եմ՝ ձեր եղբորը չբերեք ինձ մոտ։
 
― Բայց նա ցանկանում է շտկել...
 
― Շտկելու բան չկա, կարիք չունեմ, չեմ ուզում, չե՜մ ուզում,― գոչում էի գլուխս բռնած։ (Օ՛հ, երևի այդ ժամանակ շատ մեծամտորեն վարվեցի Աննա Անդրեևնայի հետ)։― Սակայն ասացեք, որտե՞ղ է գիշերելու իշխանն այսօր։ Մի՞թե այստեղ։
 
― Գիշերելու է այստեղ, ձեզ մոտ և ձեզ հետ։
 
― Մինչև իրիկուն ես կտեղափոխվեմ ուրիշ բնակարան։
 
Եվ այդ անողոք հայտարարությունից հետո վերցրի գլխարկս ու սկսեցի հագնել մուշտակս։ Աննա Անդրեևնան դիտում էր լուռ ու խստահայաց։ Ես խղճում էի նրան, օհ, խղճում էի այդ հպարտ աղջկան։ Բայց դուրս վազեցի՝ չասելով նրան ոչ մի հուսադրող խոսք։
 
==== IV ====
 
Կջանամ կրճատել։ Վճիռս անփոփոխ էր և գնացի ուղիղ Տատյանա Պավլովնայի մոտ։ Ավաղ, մեծ դժբախտություն կկանխվեր, եթե այդ ժամանակ տանը գտնեի նրան, հակառակի պես ձախորդությունն այդ օրը առանձնահատուկ համառությամբ էր հետապնդում ինձ։ Ինչ խոսք, մորս բնակարանն էլ մտա՝ նախևառաջ խեղճին այցելած լինելու համար միայն, երկրորդ հերթին՝ հուսալով, թե այնտեղ կհանդիպեմ Տատյանա Պավլովնային, բայց նա այնտեղ էլ չէր, այնտեղից հենց նոր էր գնացել, իսկ մայրս հիվանդ պառկած էր, և մոտը միայն Լիզան էր մնացել։ Լիզան խնդրեց, որ չմտնեմ մորս սենյակը և չարթնացնեմ նրան. «Ամբողջ գիշերը չի քնել, տանջվել է։ Փառք Աստծո, որ գոնե հիմա քնեց»։ Գրկեցի Լիզային և համառոտակի ասացի այն մասին, թե ինչ ահավոր ու ճակատագրական վճիռ եմ ընդունել և այժմ ի կատար կածեմ դա։ Լսեց առանց էական ուշադրության, ինչպես որ լսում են սովորական բարբաջանքը։ Օ՛հ, մերոնք այդ ժամանակ արդեն սովոր էին իմ «վերջնական վճիռներին» և դրանց փոքրոգի փոփոխմանը։ Բայց այժմ... այժմ բանն ուրիշ է։ Ինչևէ, մտա ջրանցքի վրայի գինետունը և նստեցի, որ ժամանակն անցնի ու հետո հաստատ կարողանամ տանը բռնացնել Տատյանա Պավլովնային։ Ի դեպ, բացատրեմ, թե ինչու էի հանկարծ զգացել այդ կնոջ կարիքը։ Բանն այն է, որ ուզում էի անհապաղ նրան ուղարկել Կատերինա Նիկոլաևնայի մոտ, որպեսզի վերջինս գար Տատյանա Պավլովնայի բնակարանը և այնտեղ, տանտիրուհուս ներկայությամբ, վերադարձնեի փաստաթուղթը՝ մեկընդմիշտ պարզաբանելով ամեն բան։ Մի խոսքով, ցանկանում էի լոկ պատշաճ կերպով արդարացնել ինձ։ Սույն հարցը լուծելուց հետո, պիտի անպայման ու հաստատակամորեն որոշ բան ասեմ նաև Աննա Անդրեևնայի վերաբերյալ և, եթե հնարավոր լինի, վերցնեմ Կատերինա Նիկոլաևնային ու Տատյանա Պավլովնային (որպես վկայի) և տանեմ իմ կացարանը, այսինքն իշխանի մոտ, թշնամացած կանանց հաշտեցնեմ այնտեղ և դրանով հարություն պարգևեմ ծերունուն և... և... մի խոսքով... համենայն դեպս, այդ խառնաշփոթի պահին, հենց նույն օրը բոլորին երջանկացնեմ այնպես, որ մնային միայն Վերսիլովն ու մայրս։ Չէի կարող կասկածել բռնածս գործի հաջողությանը, նամակը վերադարձնելու համար շնորհապարտ Կատերինա Նիկոլաևնան, ումից ոչինչ չէի խնդրի լավությանս դիմաց, չէր կարողանա մերժել իմ նոր խնդրանքը (մորս և Վերսիլովի միությունը չխաթարելու առումով)։ Ավաղ, շարունակում էի երևակայել, թե Փաստաթղթի տերն ու տնօրենն եմ։ Օհ, ի՜նչ հիմար ու նվաստ վիճակում էի գտնվում չիմանալով այդ մասին։
 
Մթնշաղն արդեն թանձրանում էր, ժամը չորսը կլիներ, երբ նորից գնացի Տատյանա Պավլովնայի բնակատեղին։ Մարյան կոպտորեն ասաց, թե՝ չի եկել։ Այժմ շատ լավ հիշում եմ Մարյայի խեթ հայացքը, այն ժամանակ, բնականաբար, չէի կարողանում որևէ բան գլխի ընկնել։ Տատյանա Պավլովնայի բնակարանից վրդովված ու վհատված ելնելիս, երբ իջնում էի սանդուղքով, հակառակի պես հանկարծ մի ուրիշ միտք խցկվեց գլուխս, հիշեցի խեղճ իշխանին, ով դրանից առաջ գիրկն էր բաց արել իմ դեմ, և ցավագնորեն նախատեցի ինձ, որ լքել էի ծերունուն երևի թե զուտ նեղսրտուքիս պատճառով։ Անհանգստությամբ էի պատկերացնում, որ նրանց մոտ կարող էր նույնիսկ շատ վատ բան պատահել իմ բացակայության ընթացքում, և շտապեցի այնտեղ։
 
Դրանից առաջ իմ սենյակից վրդովմունքով հեռացած Աննա Անդրեևնան դեռևս չէր կորցրել ոգու արիությունը։ Հարկ եմ համարում հայտնել, որ նա դեռևս առավոտյան էր մարդ ուղարկել Լամբերտի մոտ, հետո նորից էր ուղարկել, և քանի որ Լամբերտն այդպես էլ չէր հայտնվել իր կացարանում, ապա ի վերջո որոնումների էր ուղարկել իր եղբորը։ Տեսնելով իմ ընդդիմությունը, խեղճը հույսի վերջին թելը կապել էր Լամբերտի և ինձ վրա վերջինիս ունեցած կարծեցյալ ազդեցության հետ։ Նա անհամբերությամբ էր սպասում Լամբերտին և ապշում, որ իրենից ձեռ չքաշող, շարունակ շուրջը պտտվող այդ մարդը հանկարծ վերջնականապես լքել է ու անհետացել։ Ավաղ, Աննա Անդրեևնայի մտքով իսկ չէր անցնի, որ փաստաթղթի միակ տնօրինողը դարձած Լամբերտը միանգամայն ուրիշ վճիռ է ընդունել, և, ինչ խոսք, այդ պատճառով է անհետացել ու թաքնվել։ Այսպիսով, աճող տագնապից հանգիստը կորցրած Աննա Անդրեևնան անկարող էր զբաղեցնել ծերունուն, իսկ այդ ընթացքում վերջինիս տագնապն աճել էր սպառնալի չափով։ Ծերունին վախվորած ու տարօրինակ հարցեր էր տալիս, սկսել էր նույնիսկ կասկածանքով նայել իր հարսնացուին ու մի քանի անգամ էլ թնկթնկացել էր։ Երիտասարդ Վերսիլովը երկար չէր մնացել նրա մոտ։ Նրա հեռանալուց հետո Աննա Անդրեևնան վերջապես ներս էր բերել Պյոտր Իպպոլիտովիչին, որի վրա մեծ հույս ուներ, բայց այդ մարդը բոլորովին դուր չէր եկել ծերունուն, նույնիսկ նրա զզվանքն էր հարուցել։ Առհասարակ իշխանն սկսել էր ավելի ու ավելի ուժգնացող անվստահությամբ ու կասկածանքով նայել այդ մարդուն։ Իսկ տանտերը, ասես դիտավորյալ, նորից էր սկսել գլուխ տանել ոգեկոչության և ինչ-որ աճպարարությունների մասին բարբաջելով, որոնք իբր թե իր աչքով էր տեսել հատուկ ներկայացումների ընթացքում, զորօրինակ թե ինչպես էր մի աճպարար ամբողջ հասարակության աչքի առաջ կտրում մարդկանց գլուխները, այնպես որ արյունը հոսում էր, ու բոլորն էլ տեսնում էին այդ բանը, իսկ հետո կտրած գլուխները նորից դնում էր վզերի վրա ու կպցնում ամենքի աչքի առաջ և, իբր թե, այդ ամենը տեղի է ունեցել հիսունինը թվականին։ Իշխանն այնպես էր վախեցել ու դրա հետ միաժամանակ, չգիտես ինչու, այնպես էր զայրացել, որ Աննա Անդրեևնան ստիպված էր եղել անհապաղ հեռացնել պատմողին։ Բարեբախտաբար, այդ պահին տեղ էր հասել ճաշը, որ հատուկ նպատակով պատրաստված էր մոտակայքում (Լամբերտի և Ալֆոնսինկայի պատվերով) դեգերող մի հրաշալի ֆրանսիացի խոհարարի մոտ, որ ապրում էր առանց մշտական գործատեղի և տեղ էր ո-րոնում որևէ արիստոկրատի տան մեջ կամ որևէ ակումբում։ Շամպայնով զարդարված ճաշկերույթն անչափ ուրախացրեց ծերունուն. շատ ուտում էր ու շատ էլ կատակում։ Ճաշելուց հետո, ինչ խոսք, լխկեց և ուզեց քնել և քանի որ ճաշելուց հետո միշտ էլ քնում էր, ապա Աննա Անդրեևնան այս անգամ ևս վաղօրոք նախապատրաստել էր նրա անկողինը։ Քուն մտնելիս նույնպես նա շարունակ համբուրել էր Աննա Անդրեևնայի ձեռները, ասել, թե հարսնացուն իր դրախտն է, հույսը, հուրի փերին, «ոսկե ծաղիկը», մի խոսքով, խորացել ամենաարևելյան արտահայտությունների մեջ։ Ի վերջո, քուն էր մտել, և հենց այդ պահին էլ վերադարձա կացարանս։
 
Աննա Անդրեևնան շտապ մտավ ինձ մոտ, ափերն իրար հպեց իմ առջև (աղոթողի պես) և ասաց. «Արդեն ոչ թե ինձ, այլ իշխանի համար եմ աղաչում, որ չհեռանաք, և երբ իշխանն արթնանա, մտնեք իր մոտ։ Առանց ձեզ նա կկործանվի, նյարդային հարված կստանա, վախենամ մինչև գիշերն էլ չդիմանա...»։ Ավելացրեց նաև, որ ինքը բացակայելու կարիք ունի «միգուցե նույնիսկ երկու ժամով, կնշանակի ձեր հույսին եմ թողնում իշխանին»։ Ջերմորեն խոստացա, որ կմնամ մինչև իրիկուն, և երբ իշխանն արթնանա, ամեն ջանք կգործադրեմ իրեն զբաղեցնելու համար։
 
― Իսկ ես իմ պա րտքը կկատարեմ,― եզրափակեց եռանդուն։ Եվ գնաց։ Առաջ ընկնելով, ավելացնեմ՝ գնաց, որ անձամբ որոնի Լամբերտին, նա էր իր հույսի վերջին թելը, որոնելիս նաև այցելել էր եղբորն ու Ֆանարիոտով ազգականներին, հասկանալի է, թե ինչպիսի հոգեկան վիճակում կլիներ վերադառնալիս։
 
Իշխանն արթնացավ նրա գնալուց մեկ ժամ անց։ Պատի հետևից լսեցի նրա տնքոցը և իսկույն շտապեցի մոտը, նստած էր մահճակալին խալաթը հագին, ինքն իր ծերությունից, միակ լամպի աղոտ լույսից և օտար սենյակից այնպես զարհուրած, որ մտնելուս պես ցնցվեց, վեր թռավ ու ճչաց։ Նետվեցի իր մոտ, և երբ տեսավ, որ մտնողը ես եմ, սկսեց գիրկն առնել ինձ արտասուք հեղելով։
 
― Իսկ ինձ ասացին, թե տեղափոխվել ես ուրիշ բնակարան, վախեցել ես ու փախել։
 
― Ո՞վ կարող էր ասել այդ բանը։
 
― Ո՞վ կարող էր։ Գիտե՞ս, միգուցե ինքս եմ հորինել, գուցեև մեկնումեկն է ասել։ Պատկերացրու երազ էի տեսնում հենց նոր, ներս է գալիս մի մորուքավոր ծերունի ջարդած, երկու կտոր արած սրբապատկերը ձեռքին ու հանկարծ ասում է.«Քո կյանքն էլ է ջարդվելու այսպես»։
 
― Ահ, Աստված իմ, գուցե լսե՞լ եք մեկնումեկից, որ երեկ Վերսիլովը սրբապատկեր է ջարդել։
 
― Ճիշտ է, չէ՞։ Լսել եմ, լսել։ Սրանից առաջ էր ասել Նաստասյա Եգորովնան, դեռևս առավոտյան, երբ այստեղ էր տեղափոխում իմ ճամպրուկն ու շնիկը։
 
― Հենց դրա ազդեցության տակ եք երազ տեսել քիչ առաջ։
 
― Դա նշանակություն չունի։ Եվ պատկերացրու՝ այդ ծերունին շարունակ սպառնում էր ինձ մատը թափ տալով վրաս։ Իսկ Աննա Անդրեևնան որտե՞ղ է։
 
― Շուտով կվերադառնա։
 
― Որտեղի՞ց։ Նա՞ էլ է հեռացել,― գոչեց ցավագին։
 
― Չի հեռացել, շուտով այստեղ կլինի և խնդրեց, որ նստեմ ձեզ մոտ մինչև իր գալը։
 
― Oui, կլինի։ Եվ այդպես էլ մեր Անդրեյ Պետրովիչը թռցրել է խելքը, այն էլ «շատ անսպասելիորեն ու շատ ճարպկորեն»։ Ես միշտ նախազգուշացնում էի նրան, որ իր վերջը վատ կլինի։ Կա՛ց, բարեկամս...
 
Հանկարծ բռնեց սերթուկիս փեշից և իր կողմը քաշեց ինձ։
 
― Քիչ առաջ տանտերը,― սկսեց շշուկով,― հանկարծ լուսանկարներ բերեց, կանանց այլանդակ լուսանկարներ, բոլորը մերկ, արևելյան զանազան կեցվածքներով ու դրանք հանկարծ ցույց տվեց ինձ մի ապակու միջով... Գիտե՞ս ինչ, ստիպված էի գովաբանել, մի կերպ հաղթահարելով զզվանքս, բայց այդպիսի բաներ իսկապես որ եղել են, այն թշվառի մոտ բերում էին դուրս ընկած կանանց, որպեսզի հետո ավելի հեշտությամբ հարբեցնեին նրան...
 
― Դարձյալ ֆոն Զոնի մասին եք խոսում։ Բա՛վ է, իշխան։ Այս տան տերը տխմար է և ուրիշ ոչինչ։
 
― Տխմար է ու վերջ, C’est mon opinion!<ref>Ահա իմ կարծիքը ևս (ֆրանս.)։
</ref> Բարեկամս, եթե կարող ես, փրկիր ինձ այս տեղից,― հանկարծ ափերն իրար հպեց իմ առջև։
 
― Ամեն բան կանեմ, իշխան, ինչ որ կարող եմ։ Լիովին ձեր տրամադրության տակ եմ, համբերություն, սիրելի իշխան, միգուցե ամեն բան կարգավորեմ։
 
― N’est-ce pas? Կվերցնենք ու կփախչենք, իսկ ճամպրուկը կթողնենք աչքներին թոզ փչելու համար, այնպես որ կկարծեն, թե վերադառնալու ենք։
 
― Ո՞ւր փախչենք։ Իսկ Աննա Անդրեևնա՞ն։
 
― Ոչ, ոչ, Աննա Անդրեևնայի հետ միասին...Օհ, mon cher, գլխումս խառնաշփոթ է։ Կաց, ահա այդ ճամփորդական պայուսակում, աջ կողմում Կատյայի դիմանկարն է, երեկ եմ դրել ծածուկ, որ Աննա Անդրեևնան ու մեկ էլ այդ Նաստասյա Եգորովնան չտեսնեն, հանիր, ի սեր Աստծո, շուտ արա, զգու՜յշ, տես որ հանկարծ չբռնացնեն... Իսկ չի՞ կարելի, արդյոք, դուռը փակել կեռիկով։
 
Ճամփորդական պայուսակում իրոք որ գտա Կատերինա Նիկոլաևնայի լուսանկարչական դիմանկարը ձվաձև շրջանակի մեջ։ Իշխանը վերցրեց, մոտեցրեց լույսին, և հանկարծ արտասուք հոսեց դեղնած, նիհարուկ այտերով։
 
― C’est un ange, c’est un ange du ciel!<ref>Նա հրեշտակ է, երկնային հրեշտակ (ֆրանս․)։
</ref>,― բացականչեց նա։― Ամբողջ կյանքումս մեղավոր եմ եղել իր առջև... և ահա, այժմ նույնպես։ Cher enfant, չեմ հավատում ոչ մի բանի, ոչ մի։ Ասա ինձ, բարեկամս մի՞թե կարելի է պատկերացնել, թե ուզում են գժանոց խցկել ինձ։ Ji dis des choses charmantes et tout le monde rit...<ref>Ես հրաշալի բաներ եմ ասում-խոսում, և բոլորը ծիծաղում են, ուրախանում (ֆրանս.)։
</ref> ու մեկ էլ հանկարծ գժանոց հենց այդ նույն մարդուն ինձ։
 
― Այդպիսի մտադրություն չի եղել,― գոռացի։― Դա սխալմունք է։ Ինձ ծանոթ են ձեր դստեր զգացմունքները։
 
― Դու նույնպե՞ս ծանոթ ես իր զգացմունքներին։ Լավ, ուրեմն, հրաշալի է։ Բարեկամս, դու հարությու՜ն տվեցիր ինձ։ Հապա ինչո՞ւ էին ականջս լցնում՝ քո մասին չարախոսելով։ Բարեկամս, կանչիր Կատյային և, թող նրանք երկուսով իրար համբուրեն իմ ներկայությամբ, և ես նրանց տանեմ տուն, իսկ այս տանտիրոջը կվռնդե՜նք։
 
Ոտքի ելավ, ափերը հպեց իրար և ծնկի եկավ իմ դեմ։
 
― Cher,― շշնջաց արդեն խելացնոր սարսափով, ոտից գլուխ դողալով տերևի պես,― բարեկամս, ասա ինձ ամբողջ ճշմարտությունը, այսուհետև ո՞ւր են խցկելու ինձ։
 
― Աստված իմ,― գոռացի, ոտքի հանելով նրան ու նստեցնելով մահճակալին,― ախր դուք նույնիսկ ի՜նձ չեք հավատում, կարծում եք, թե ե՞ս էլ եմ մասնակցում դավադրությանը։ Ախր ես թույլ չեմ տա ոչ մեկին, որ այստեղ մատով իսկ դիպչեն ձեզ։
 
― C’est ça, թույլ չտա՛ս,― կերկերաց պինդ բռնելով արմունկներս և շարունակելով դողալ։― Չտաս ինձ ոչ մեկի ձեռքը և ոչ մի դեպքում սուտ սրտահովարանք չանես ինձ... քանի որ... մի՞թե ինձ կտեղափոխեն այստեղից։ Լսիր այդ տանտերը՝ Իպպոլիտը կամ ինչպե՞ս է անունը... հո բժիշկ չէ՞։
 
― Ի՞նչ բժիշկ։
 
― Սա... այս տեղը, այս սենյակը հո գժանոց չէ՞։
 
Հենց այդ պահին էլ հանկարծ բացվեց դուռը, և մտավ Աննա Անդրեևնան։ Հնարավոր է, որ ականջ էր դրել դռան հետևից և, այլևս չհամբերելով, բաց արել անչափ անսպասելիորեն, և իշխանը, որ ցնցվում էր ամեն մի շրշյունից, ճչաց ու բարձին նետվեց երեսնիվայր։ Ի վերջո ջղացնցման նման մի բան կատարվեց հետը, որն ավարտվեց արցունք հեղելով։
 
― Ահա՝ ձեր բռնած գործի հետևանքը,― նետեցի ատամներիս արանքից, մատնացույց անելով ծերունուն։
 
― Ոչ, դա ձեր բռնած գործի հետևանքն է,― կտրուկ բարձրացրեց ձայնը։― Արկադի Մակարովիչ, վերջին անգամ եմ դիմում ձեզ, ուզո՞ւմ եք բացահայտել անպաշտպան ծերունու դեմ լարված դժոխային դավադրությունը և զոհել ձեր «խելահեղ ու մանկամիտ սիրային անուրջները», որպեսզի փրկեք ձեր ''հարազատ'' քրոջը։
 
― Բոլորիդ էլ կփրկեմ, բայց այնպես, ինչպես սրանից առաջ էի ասում ձեզ։ Նորից պիտի վազեմ մի տեղ, գուցե մի ժամ հետո այստեղ գա նաև Կատերինա Նիկոլաևնան։ Բոլորիդ կհաշտեցնեմ, և բոլորդ էլ երջանիկ կլինեք,― գոչեցի համարյա ոգեշնչումով։
 
― Բեր նրան, այստեղ բեր,― թպրտաց իշխանը։― Տարեք ինձ նրա մոտ, Կատյայի՜ն եմ ուզում, ուզում եմ տեսնե՜լ Կատյային և օրհնե՜լ նրան,― գոչում էր՝ թևերը կարկառած և անկողնուց պոկվելու պոռթկումով։
 
― Տեսնո՞ւմ եք,― դիմեցի Աննա Անդրեևնային, նրա ուշադրությունը հրավիրելով ծերունու վրա,― լսո՞ւմ եք, թե ինչ է ասում, այսուհետև այլևս ոչ մի «փաստաթուղթ» չի օգնի ձեզ։
 
― Տեսնում եմ, սակայն փաստաթուղթը դեռևս կարող է օգնել, որ արդարանամ հասարակության առջև, մինչդեռ այժմ պախարակված եմ։ Բավական է, իմ խիղճը մաքուր է։ Ինձ լքել են բոլորը, նույնիսկ՝ հարազատ եղբայրս, որ վախեցավ ձախողվելուց... Բայց ես կկատարեմ իմ պարտքը և կմնամ այս դժբախտի մոտ՝ որպես դայա՜կ, որպես հիվանդապահուհի՜, աղախի՜ն։
 
Այլևս չէի կարող ժամանակ կորցնել և դուրս վազեցի։
 
― Կվերադառնամ մեկ ժամ անց և կվերադառնամ ո՛չ մենակ,― գոռացի շեմի վրայից։
 
=== Գլուխ տասներկուերորդ ===
 
==== I ====
 
Վերջապես բռնացրի Տատյանա Պավլովնային։ Միանգամից շարադրեցի ամեն բան և փաստաթղթի, և մնացյալ բաների մասին<code>ընդհուպ մինչև նվազագույն մանրուքը, թե ի՜նչ էր կատարվում այդ պահին մեր զբաղեցրած բնակարանում։ Թեև ինքն էլ էր շատ լավ հասկանում այդ իրարանցումը, սակայն շարադրանքս, կարծես, տասը րոպե ժամանակ խլեց։ Միայն ես էի խոսում, ասում ամբողջ ճշմարտությունը և չէի ամաչում։ Նա լուռումունջ նստած էր իր աթոռին</code> ձեռագործի շյուղի նման ձիգ, շուրթերը սեղմած, աչքերը չկտրելով երեսիցս և լսելով լարված։ Բայց երբ ավարտեցի, հանկարծ այնպիսի թափով վեր թռավ տեղից, որ ես էլ վեր թռա։
 
― Ախ, փսլնքո'տ։ Ուրեմն, այդ նամակն իսկապես գրպանումդ է եղել, և գրպանիդ բերանն էլ անխիղճ Մարյա Իվանովնա՜ն է կարած եղել։ Ախ, անկարգ սրիկա, ուրեմն սրտեր գրավելո՞ւ, բարձրաշխարհիկ հասարակությունը քեզ ենթարկելո՞ւ, ապօրինի զավակ լինելուդ վրեժը Սատանա Իվանովիչից լուծելո՞ւ համար էիր այստեղ գալիս Պետերբուրգից։
 
― Տատյանա Պավլովնա՜,― գոռացի ''ես'',― չհամարձակվեք անպատվել։ Միգուցե ինքնե՞րդ եք սկզբից ևեթ անպատվելով ու նախատելով պատճառ դարձել, որ սիրտս դաժանացել է։ Այո, ես ապօրինի որդի եմ և գուցե իսկապես ուզում էի վրեժ լուծել դրա համար գուցեև ինչ-որ մի Սատանա Իվանովիչից, քանի որ սատանան անգամ այս դեպքում չի գտնի իսկական մեղավորին, բայց վերհիշեք այն, որ ես հրաժարվեցի համագործակցել իսկական սրիկաների հետ և հաղթահարեցի իմ կրքերը։ Ես այդ փաստաթուղթը լուռումունջ կդնեմ իր առջև և կհեռանամ՝ չսպասելով նույնիսկ նրա որևէ խոսքին, ինքներդ վկա կլինեք դրան։
 
― Տուր, հենց հիմա սեղանին դիր նամակը։ Վայ թե խաբո՞ւմ ես։
 
― Գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված, Մարյա Իվանովնան է կարել իր ձեռքով, իսկ Պետերբուրգ գալուցս հետո, երբ կարեցին այս սերթուկս, իմ ձեռքով եմ հանել հնի գրպանից, դրել նորի գրպանը և իմ ձեռով կարել, ահա, այստեղ է, չեմ խաբում, կարող եք շոշափել։
 
― Հանի՛ր, տուր այստեղ,― ձայնը գլուխն էր գցել Տատյանա Պավլովնան։
 
― Ոչ մի դեպքում֊ս, կրկնում եմ՝ կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի առջև ու կհեռանամ, չսպասելով անգամ մի բառի, սակայն հարկավոր է, որ նա տեսնի իր աչքով և իմանա, որ այդ ես ինքս եմ կամովին, առանց ստիպելու և առանց պարգևի սպասելու, հանձնում նամակը։
 
― Նորի՞ց ես ուզում աչքը մտնել։ Սիրահարված ես, լակոտ։
 
― Ինչքան ուզում եք, աղտեղություն դուրս տվեք, թող թեկուզ վաստակած լինեմ այդպիսի նախատինք, մեկ է, չեմ նեղանա։ Օ՜հ, թող չնչին մանչուկ թվամ իր աչքին, ով դարանակալել է ու դավ նյութել, բայց միաժամանակ թող հասկանա, որ ես հաղթահարել եմ ինքս ինձ և իր երջանկությունը վե՛ր դասել ամեն բանից։ Ոչի՜նչ, Տատյանա Պավլովնա, ոչինչ։ Թող որ սա ասպարեզ մտնելու առաջին քայլս լինի, այնուամենայնիվ, լավ, ազնվաբարո վերջ ունեցավ այդ քայլը։ Հետո ի՜նչ, որ սիրել եմ նրան,― շարունակում էի ոգեշնչված ու աչքերս փայլեցնելով,― չեմ ամաչում դրա համար, մայրս երկնային հրեշտակ է, իսկ Կատերինա Նիկոլաևնան՝ երկրային թագուհի։ Վերսիլովը կվերադառնա մորս մոտ, իսկ ես մորիցս ամաչելու պատճառ չունեմ, չէ՞ որ լսում էի, թե Վերսիլովի հետ ինչի՝ մասին էր խոսում այն ժամանակ, երբ կանգնած էի վարագույրի հետևում։ Օ՛հ, երեքս էլ «կրակն ենք ընկել միևնույն խելահեղության ձեռքը»։ Դա Անդրեյ Պետրովիչի խոսքն է։ Համ էլ գիտե՞ք, որ այստեղ խելահեղներս երեքից շատ ենք։ Վիզս կտրել կտամ, եթե դուք չորրորդը չեք։ Ուզո՞ւմ եք ասեմ, վիզս կտրել կտամ, եթե համոզված չլինեմ, որ դուք ինքներդ էլ ամբողջ կյանքում սիրահարված եք եղել Անդրեյ Պետրովիչին, գուցեև այժմ էլ եք շարունակում...
 
Կրկնում եմ՝ ոգեշնչված էի ու ողողված ինչ-որ երջանկության զգացումով, բայց չհասցրի ավարտել ասելիքս, Տատյանա Պավլովնան հանկարծ ինչ-որ գերբնական արագությամբ բռնեց մազերս և երկու անգամ դեպի ցած ճոճեց ինծ... հետո հանկարծ բաց թողեց, քաշվեց մի կողմ, դեմքը շրջեց դեպի անկյունը և երեսը ծածկեց թաշկինակով։
 
― Լակո՛տ։ Այլևս չհամարձակվես նման բան ասել,― մրմնջում էր՝ արտասվելով։
 
Դա այնպես անսպասելի էր, որ մնացել էի շշմած։ Կանգնել ու նայում էի նրան, չիմանալով հետագա անելիքս։
 
― Թո՛ւհ, հիմա՛ր։ Ե՛կ մոտս, համբուրի՛ր անխելքիս,― կերկերում էր՝ լալով ու ծիծաղելով,― և չհամարձակվես, այլևս չհամարձակվես կրկնել ինձ մոտ... Իսկ ես սիրում եմ և ամբողջ կյանքումս սիրել եմ... քեզ նման հիմարին...
 
Համբուրեցի։ Միջանկյալ ասեմ՝ դրանից հետո մինչև այժմ բարեկամացել ենք ես ու Տատյանա Պավլովնան։
 
― Ա՛խ, հա՜։ Այս ի՜նչ եմ անում,― գոչեց հանկարծ, ապտակելով իր ճակատին,― ի՜նչ ես ասում, ծեր իշխանը ձեր բնակարանո՞ւմ է։ Մի՞թե ճիշտ է։
 
― Հավատացեք։
 
― Ախ, Աստվա՜ծ իմ։ Օհ, սիրտս խառնում է,― մոլորվածի պես սկսեց պտտվել սենյակով մեկ։― Եվ նրանք այնտեղ տեր ու տնօրեն են նրա գլխին։ Համա թե Աննա Անդրեևնա է, հա՜։ Համա թե մենակյացուհի է, հա՜։ Իսկ այն մյո՞ւսը այն Միլիտրիսա՞ն, ոչ մի բանի տեղյակ չէ՞։
 
― Ի՞նչ Միլիտրիսա։
 
― Ասածդ երկրային թագուհին՝ կատարելատիպը։ Վայ, հապա ի՞նչ ենք անելու հիմա։
 
― Տատյանա Պավլովնա,― գոռացի սթափվելով,― անմտություն էինք բարբաջում, իսկ գլխավորը մոռացե՜լ էինք, եկել եմ Կատերինա Նիկոլաևնային տանելու, և բոլորը ինձ են սպասում այնտեղ։
 
Եվ բացատրեցի, որ փաստաթուղթը կտամ լոկ այն պայմանով, եթե Կատերինա Նիկոլաևնան խոստանա, որ կհաշտվի Աննա Անդրեևնայի հետ և համաձայն կլինի նրա պսակվելուն...
 
― Հրաշալի՜ է,― ընդհատեց Տատյանա Պավլովնան,― ինքս էլ եմ նույն բանը հարյուր անգամ կրկնել իր մոտ։ Չէ՞ որ ծերունին չի ապրի մինչև պսակվելը, մեկ է որ չի լինելու այդ պսակադրությունը, իսկ եթե կտակով Աննային նույնպես բաժին հանի, ապա այդ բաժինը ևս գրանցված ու թողնված կլինի...
 
― Մի՞թե Կատերինա Նիկոլաևնայի համար լոկ փողն է ափսոս։
 
― Ո՛չ, նա միշտ էլ վախենում էր, թե այդ փաստաթուղթը Աննայի մոտ է, ես նույնպես։ Դրա համար էլ մենք հսկում էինք Աննային, չէ՞ որ դուստրը չէր ուզում ցնցել ծերունի հորը, մինչդեռ գերմանացի Բյորինգի աչքը փողի վրա էր։
 
― Եվ դրանից հետո այդ դուստրը կարող է ամուսնանա՞լ Բյորինգի հետ։
 
― Ի՜նչ կարող ես անել անխելք կնոջ հետ, ասված է՝ անխելք եղել է, անխելք էլ կմնա մինչև վերջ։ Հույս ունի, թե գերմանացին իր նման կնոջը հանգիստ կպահի՝ ուրիշ տղամարդկանց համեմատ. «Չէ՞ որ պիտի ամուսնանամ մեկնումեկի հետ,― ասում է։― Մինչդեռ իր հետ առավել հանգիստ կլինեմ», շա՜տ լավ, դեռ կտեսնե՜նք, թե ոնց է լինելու հանգիստ։ Հետո գլխին կտա, բայց արդեն ուշ կլինի։
 
― Հապա ինչո՞ւ եք թույլ տալիս։ Չէ՞ որ սիրում եք իրեն, չէ՞ որ երեսին եք ասել, թե սիրահարված եք իրեն՝ Կատյային։
 
― Սիրահարված եմ, համ էլ նրան ավելի եմ սիրում, քան թե բոլորիդ միասին վերցրած, բայց դա նշանակություն չունի, նա խելք չունի, անխելքի մեկն է։
 
― Որ այդպես է, այժմ վազեք նրան կանչելու, և մենք ամեն բան կվճռենք ու իրեն կտանենք հոր մոտ։
 
― Վա՛յ, չի կարելի, անխելք տղա, չի՜ կարելի։ Ախ, ի՜նչ անենք։ Ախ, զզվելս գալիս է,― իրար անցավ նորից, վերցնելով, սակայն, շալը։― Է-էհ, գոնե մի չորս ժամ առաջ եկած լինեիր, իսկ հիմա ժամը ութն է, իսկ Կատյան քիչ առաջ է ճաշելու գնացել Պելիշչևի հետ, հետո էլ օպերա պիտի գնա նրա հետ։
 
― Աստվա՜ծ իմ, մի՞թե չի կարելի վազել օպերա... բայց՝ ոչ, չի՜ կարելի։ Հապա ի՜նչ է կատարվելու հիմա ծերունու հետ։ Ախր նա կմահանա՜ այս գիշեր։
 
― Լսի՛ր, մի գնա այնտեղ, գնա մորդ մոտ, գիշերիր այնտեղ, իսկ վաղը շատ շուտ...
 
― Ոչ, ինչ էլ որ լինի, չեմ լքի ծերունուն։
 
― Ոչ էլ լքիր, լավ ես մտածել։ Իսկ ես, գիտե՞ս... հապա վազեմ Կատյայի բնակարանը և գրություն թողնեմ այնտեղ... Գիտե՞ս, մեր բառ ու բանով կգրեմ (նա կհասկանա), որ Փաստաթուղթը մեզ մոտ է, համ էլ որ ինքը վաղը առավոտյան ճիշտ ժամը տասին ինձ մոտ լինի։ Միանգամից ամեն բան կկարգավորենք այստեղ։ Իսկ դու վազիր այնտեղ ու ինչքան կարող ես խելքիդ զոռ տուր, հանգստացրու ծերունուն, պառկեցրու, մեկ էլ տեսար դիմացավ գոնե մինչև առավոտ։ Աննային էլ չվախեցնես, ախր իրեն էլ եմ սիրում, դու արդարացի չես վարվում իր հետ, քանի որ չես կարողանում գլուխ հանել այս գործից, Աննան նեղացած է, մանկուց է նեղացած, օ՛հ, ոնց եք բոլորդ միանգամից լցվել գլխիս ու արևիս։ Համ էլ չմոռանաս, իմ անունից ասա իրեն, որ ես էլ եմ խառնվել այդ գործին իմ հոժար կամքով ու ամբողջ սրտով, ու թող ինքը հանգիստ մնա, իր ինքնասիրությունը չի տուժի... Ախր այս վերջին օրերի ընթացքում լրիվ խռովել էինք իրարից, էլ խոսք չմնաց, որ չթափենք իրար գլխի։ Լա՛վ, վազիր... հապա մի կաց, հապա, մի անգամ էլ ցույց տուր գրպանդ... տեսնեմ ճի՞շտ է։ Օ՜յ, մի՞թե իրոք ճիշտ է։ Այդ նամակը թող ինձ մոտ գոնե այս գիշեր, ինչի՞դ է պետք, որ մնա գրպանումդ։ Թող, չեմ ուտի։ Ախր մեկ էլ տեսար կորցրիր գիշերով... կարծիքդ փոխեցիր, չէ՞։
 
― Երբեք,― գոչեցի։― Ահա, շոշափեք, տեսեք, բայց թողնելը չեմ թողնի ձեզ մոտ։
 
― Տեսնում եմ, որ թուղթ է,― շոշափեց մատներով։― Է-էհ, լավ, լավ, գնա՛, իսկ ես միգուցե թատրոն մտնեմ Կատյային տեսնելու համար, լավ ասացիր։ Դեհ, վազիր, է՛, վազիր։
 
― Կացեք, Տատյանա Պավլովնա, իսկ մայրս ինչպե՞ս է։
 
― Ողջ է։
 
― Իսկ Անդրեյ Պետրովի՞չը։
 
Թափ տվեց ձեռը.
 
― Ուշքի կգա։
 
Վազեցի առույգացած, հավասարակշռված, թեև ամեն բան չէր հաջողվել այնպես, ինչպես սպասում էի։ Ավա՜ղ, ճակատագիրն այլ վճիռ էր կայացրել, և ա՜յլ բան էր սպասում ինձ. իսկապես որ ճակատագիր կա աշխարհի երեսին։
 
==== II ====
 
Դեռևս սանդուղքի վրայից լսեցի բնակարանից եկող աղմուկը, և պարզվեց, որ դուռը բաց է։ Միջանցքում շքազգեստավոր մի սպասյակ էր կանգնած։ Ինչ-որ բանից խիստ վախեցած Պյոտր Իպպոլիտովիչը և իր կինը նույնպես միջանցքում էին գտնվում և սպասում էին ինչ-որ բանի։ Իշխանի սենյակը տանող դուռը բաց էր, և այնտեղից լսվում էր մի ամպրոպային ձայն, որն իսկույն ճանաչեցի, Բյորինգի ձայնն էր։ Դեռ երկու քայլ չէի հասցրել անել, երբ հանկարծ տեսա, որ արտասվող ու դողդողացող իշխանին միջանցք են դուրս բերում Բյորինգը և իր ուղեկիցը բարոն Ռ․֊ն, այն մարդը, ով Վերսիլովի մոտ էր եկել բանակցություններ վարելու համար։ Իշխանը հեկեկում էր բարձրաձայն, գրկում ու համբուրում Բյորինգին։ Իսկ Բյորինգը գոռում էր Աննա Անդրեևնայի վրա, որ նույնպես միջանցք էր ուզում դուրս գալ իշխանի հետ, Բյորինգն սպառնում էր Աննա Անդրևենային և, կարծեմ, ոտները գետնին էր խփում, մի խոսքով, բացահայտում էր կոշտուկոպիտ գերմանացու իր հռչակը՝ չնայած իր ողջ «բարձրաշխարհիկությանը»։ Հետագայում պարզվեց, որ այդ պահին նրա գլուխն էր մտել այն միտքը, թե Աննա Անդրեևնան մեղավոր է նույնիսկ քրեական համարվող ինչ-որ արարքով և պետք է անպայման պատասխան տա դատարանի առջև։ Բանի էությունը չիմանալու պատճառով ուռճացրել էր եղածը կամ չեղածը, ինչպես որ շատերն են ուռճացնում, դրա համար էլ արդեն գտնում էր, որ ինքն այլևս կարիք չունի բարձրաշխարհիկ վարվելակերպի ձևականությունների հետևից ընկնելու։ Հատկանշականն այն է, որ նա չէր հասցրել խորամուխ լինել եղածի կամ չեղածի էության մեջ. հետագայում պարզվեց, որ նրան ինչ-որ բան էին հայտնել անանուն գրությամբ (որի մասին կհիշատակեմ հետագայում) և նա վրա էր պրծել կատաղած պարոնի այն վիճակով հանդերձ, որպիսի վիճակում գտնվելիս նրա ազգությանը պատկանող ամենախորաթափանց խելքի տեր մարդիկ անգամ երբեմն պատրաստ են կռվշտելու փինաչիների պես։ Աննա Անդրեևնան այդ հախուռն գրոհը դիմագրավել էր ըստ արժանվույն, բայց ես չէի հասցրել ականատես լինել այդ անցած տեսարանին։ Տեսա լոկ այն, որ ծերունուն միջանցք հանելուց հետո Բյորինգը վերջինիս թողեց հանկարծ բարոն Ռ․-ի թևերին հենված և, թափով շրջվելով դեպի Աննա Անդրեևնան, գոռաց երեսին, հավանաբար, ի պատասխան վերջինիս կողմից արված ինչ-որ դիտողության.
 
― Դուք խառնակիչ եք։ Ձեզ նրա փողն է պետք։ Այս րոպեին դուք ձեզ դիմակազերծ արեցիք և պատասխան կտաք դատարանում...
 
― Այդ դուք եք շահագործում դժբախտ հիվանդին և խելագարության եք հասցրել նրան... իսկ ինձ վրա գոռում եք այն պատճառով, որ կին եմ ու պաշտպան չունեմ...
 
― Ախ, այդպե՜ս, դուք՝ իր հարսնացուն, հարսնացու՜ն,― քրքջաց Բյորինգը խելահեղ ու չարագույժ։
 
― Բարոն, բարոն... Chère enfant, je vous aime<ref>Սիրելի երեխաներ, ես սիրու՜մ եմ ձեզ (ֆրանս.)։
</ref>,― թնկթնկում էր իշխանը՝ թևերը կարկառելով դեպի Աննա Անդրեևնան։
 
― Գնացեք, իշխան, գնացեք, ձեր դեմ դա՜վ էր նյութված, գուցեև ձեր կյանքի դեմ,― գոռաց Բյորինգը։
 
― Oui, oui, je comprends, j’ai compris au commencement...<ref>Այո, այո, հասկանում եմ, կռահեցի միանգամի՜ց... (ֆրանս.)։
</ref>
 
― Իշխա ն,― ձայնը բարձրացնել ուզեց Աննա Անդրեևնան,― դուք վիրավորու՜մ եք ինձ և թույլ եք տալիս, որ ուրիշները ևս վիրավորեն։
 
― Հեռու՜,― գոռաց հանկարծ Բյորինգը։
 
Դա արդեն անտանելի էր ինձ համար։
 
― Սրիկա՜,― գոռացի Բյորինգի երեսին։― Աննա Անդրեևնա, ե՛ս եմ ձեր պաշտպանը։
 
Այստեղ չեմ սկսի նկարագրել և ոչ էլ կարող եմ մանրամասնորեն վերհիշել տեղի ունեցածը։ Ստացվեց ահավոր ու նվաստացուցիչ մի տեսարան, իսկ ես կարծես կորցրեցի բանականությունս։ Կարծեմ՝ ցատկեցի ու հարվածեցի Բյորինգին, համենայն դեպս, հրեցի թափով։ Իսկ ինքը ուժգին հարված հասցրեց գլխիս, այնպես որ տապալվեցի։ Ուշքի գալով՝ աստիճաններով ցած վազեցի նրա հետևից, հիշում եմ, որ քթիցս արյուն էր հոսում։ Շքամուտքի մոտ կառք էր սպասում, և մինչ նրանք իշխանին տեղավորում էին դրա մեջ, մոտ վազեցի և, ուշադրություն չդարձնելով ինձ մի կողմ հրող սպասավորի վրա, նորից նետվեցի դեպի Բյորինգը։ Չեմ հիշում, թե այդ պահին որտեղից հայտնվեց ոստիկանությունը։ Բյորինգը բռնեց վզակոթիցս և ահեղաձայն հրամայեց քաղաքապահ ոստիկանին, որ տեղամաս տանի ինձ։ Գոռում էի, թե Բյորինգը ևս պիտի գա հետս, որպեսզի միասին կազմենք արձանագրությունը, որ չեն համարձակվի կալանավորել ինձ ու տանել համարյա թե բնակարանիս միջից... Բայց քանի որ քաշքշոցը տեղի էր ունենում փողոցում և ոչ թե բնակարանիս ներսում, և քանի որ ես գոռգոռում էի, հայհոյում, կռիվ անում հարբածի պես, և քանի որ Բյորինգն իր ազդեցիկ համազգեստով էր, այդ պատճառով էլ քաղաքապահ ոստիկանը կալանավորեց ինձ։ Բայց այդ պահին ես ընկա լիակատար խելահեղության մեջ և, ամբողջ ուժով դիմադրելով, կարծես հարվածեցի նաև քաղաքապահ ոստիկանին։ Հիշում եմ, որ մի ոստիկանը դարձավ երկու, և նրանք տարան ինձ։ Հազիվհազ եմ հիշում, թե ինչպես ինձ հասցրին ծխախոտի ծխով ու հոտով, նստած ու կանգնած, սպասող ու գրոտող մարդկանց հոծ խմբով լի մի սենյակ, այստեղ ես շարունակում էի գոռգոռալ և արձանագրություն պահանջել։ Բայց բանն արդեն լոկ արձանագրությամբ չէր ավարտվելու, քանի որ այն բարդացրել էի իմ աղմուկ-աղաղակով և ոստիկանական իշխանության դեմ ըմբոստանալով։ Համ էլ տեսքս արդեն բանի նման չէր։ Ինչ-որ մեկը հանկարծ ահեղաձայն գոռաց վրաս։ Քաղաքապահ ոստիկանն իր հերթին ինձ մեղադրում էր կռիվ գցելու մեջ, պատմում էր ինչ-որ գնդապետի մասին...
 
― Ի՞նչ է ազգանունդ,― ձայն տվեց ինչ-որ մեկը։
 
― Դոլգոռուկի՜,― մռնչացի։
 
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
 
Ինձ կորցրած պատասխանեցի ինչ-որ գարշելի հայհոյանքով, իսկ հետո... հիշում եմ, որ հետո ինձ քարշ տվեցին մի մթին խցիկ «սթափվելու համար»։ Օ՛հ, չեմ բողոքում։ Միանգամայն վերջերս հասարակություն կոչեցյալ ամբողջ խառնամբոխը լրագրերում կարդում էր մի պարոնի բողոքագիրը, ով մի ամբողջ գիշեր նստած էր եղել սթափարան կոչեցյալ մի այսպիսի նեղվածքում՝ որպես կալանավոր, թեև նա, կարծեմ, մեղք չէր ունեցել, մինչդեռ ես մեղապարտ էի։ Փլվեցի թախտամածին, անզգայի նման քնեցի երկու անծանոթների հարևանությամբ։ Գլուխս ցավում էր, քունքերումս թմբկահարություն էր, սիրտս խփում էր ուժգին։ Պիտի որ կորցրած լինեի ուշքս և, կարծեմ, զառանցեի։ Հիշում եմ լոկ այն, որ արթնացա կեսգիշերին ու նստեցի թախտամածին։ Լիովին մտաբերեցի և իմաստավորեցի եղած-չեղածը և, արմունկներս ծնկներիս արանքը խցկելով և գլուխս ափերիս մեջ առնելով, սուզվեցի խորունկ մտորումների մեջ։
 
Օ՜հ, չեմ նկարագրի ապրումներս, համ էլ ժամանակ չունեմ, բայց և այնպես, կնշեմ գեթ մի բան. երևի թե երբեք հոգեպես չէի ապրել այնպիսի ուրախալի պահեր, որպիսիք ունեցա այդ կեսգիշերային մտորումներիս ընթացքում, թախտամածին ծվարած կալանավորի վիճակում։ Այդ բանը կարող է տարօրինակ թվալ ընթերցողին, թվալ թուղթ մրոտողի բարբաջանք, ինքնատիպությամբ փայլելու մարմաջ, այդուհանդերձ, ամեն բան եղել է այնպես, ինչպես որ գրում եմ։ Դա մեկն էր այն պահերից, որպիսիք պատահում են գուցե թե ամենքի հետ, բայց լոկ մեկ անգամ են լինում կյանքում։ Նման պահին մարդիկ վճռում են իրենց ճակատագիրը, ճշտում հայեցակետը և մեկընդմիշտ ասում իրենց. «Ահա թե որտեղ է ճշմարտությունը և ահա թե ինչպես պետք է գնալ այդ ճշմարտությանը հասնելու համար»։ Այո, այդ պահերը իմ հոգու լույսն էին։ Ամբարտավան Բյորինգից ստացած վիրավորանքից ու վաղն ևեթ բարձրաշխարհիկ այն կնոջից ևս վիրավորանք ստանալու սպասումից տառապողս շատ լավ գիտեի, որ կարող եմ ահավոր կերպով վրեժ լուծել նրանցից, այդուհանդերձ, վճռեցի, որ վրեժ չեմ լուծի։ Չնայած վրեժխնդրության գայթակղությանը վճռեցի, որ ի հայտ չեմ բերի փաստաթուղթը, հայտնի չեմ դարձնի արար աշխարհին (ինչպես որ պտտվում էր մտքումս դրանից առաջ), կրկնեցի ինքս ինձ համար, որ վաղն ևեթ հիշյալ նամակը կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի սեղանին և, եթե պատահի այդպես, շնորհակալության փոխարեն հետս կտանեմ նույնիսկ նրա արհամարհական քմծիծաղը, այդուհանդերձ գոհ կլինեմ արածիս և անծպտուն ու ընդմիշտ կհեռանամ իրենից... Ինչևէ, չարժե տարածվել։ Իսկ այն մասին, թե վաղը ինչ էր պատահելու հետս այդտեղ, թե ինչպես են ինձ կանգնեցնելու կալանատան վերադասի առջև և ինչպես են վարվելու հետս,― այդ մասին մտածելն անգամ չքացել էր գլխիցս։ Ամենայն ջերմեռանդությամբ խաչակնքեցի, պառկեցի թախտամածին ու քնեցի մանկան ջինջ քնով։
 
Արթնացա ուշ, երբ լույսն արդեն լիովին բացվել էր։ Մենակ էի մնացել սթափարանում։ Լուռ նստեցի և սպասեցի, երկար սպասեցի, մոտ մեկ ժամ, մեկ էլ հանկարծ կանչեցին ինձ։ Կարող եմ սուզվել ավելի խորը մանրամասնությունների մեջ, բայց չարժե, քանի որ այժմ դրանք կողմնակի բաներ են, կարևորն այն է, որ ավարտին հասցնեմ հիմնական ասելիքս։ Նշեմ լոկ այն, որ ի մեծագույն զարմանս ինձ անսպասելի մեղմությամբ վարվեցին հետս, ինչ-որ հարցեր տվեցին և անմիջապես թույլատրեցին, որ գնամ իմ բանին։ Դուրս ելա լուռ և նրանց հայացքներում հաճույքով նույնիսկ որոշ զմայլանք կարդացի իմ հանդեպ որպես մի մարդու, ով կարողացել է նույնիսկ նման պայմաններում չկորցնել իր արժանապատվությունը։ Եթե նկատած չլինեի այդ բանը, չէի գրի դրա մասին։ Ելքի դռան մոտ ինձ էր սպասում Տատյանա Պավլովնան։ Համառոտակի ասեմ, թե ինչպես եղավ, որ այդպես հեշտ պրծա այդ անգամ։
 
Վաղ առավոտյան, երևի թե դեռևս ժամը ութին, Տատյանա Պավլովնան վազել էր իմ բնակատեղը, այսինքն Պյոտր Իպպոլիտովիչի տունը, հույս ունենալով, թե այնտեղ կբռնացնի իշխանին, և իմացել էր անցած իրիկվա սարսափելի դեպքերի մասին, հատկապես կալանավորվելուս մասին։ Ակնթարթորեն վազել էր Կատերինա Նիկոլաևնայի մոտ (ով դեռևս երեկ էր հանդիպում ունեցել սեփական բնակարանը տարված հոր հետ, երբ վերադառնալիս էր եղել թատրոնից), արթնացրել էր նրան, սարսափահար արել ու պահանջել, որ անհապաղ ազատել տան ինձ։ Նրանից գրություն էր վերցրել և անմիջապես թռել Բյորինգի մոտ և սրանից էլ մի ուրիշ գրություն պահանջել ուղղված «ուր որ հարկն է», որպեսզի անձամբ Բյորինգի թախանձագին խնդրանոք ազատ արձակեն ինձ որպես «թյուրիմացաբար կալանավորված մարդու»։ Հենց այդ գրությամբ էլ եկել էր ոստիկանական տեղամաս, և նրա խնդրանքը հարգվել էր։
 
==== III ====
 
Այսուհետև շարունակում եմ շարադրել գլխավորը։
 
Պինդ բռնելով ինձ՝ Տատյանա Պավլովնան կառք նստեցրեց ու տարավ իր բնակարանը, հրամայեց, որ անհապաղ բերեն ինքնաեռը, անձամբ լվաց ու մաքրեց ինձ իր խոհանոցում։ Խոհանոցում էլ հենց ասաց բարձրաձայն, թե ժամը տասնմեկն անց կեսին իր մոտ է ժամանելու անձամբ Կատերինա Նիկոլաևնան, ինչպես որ պայմանավորված են եղել դրանից առաջ՝ ինձ հետ տեսակցելու նպատակով։ Հենց այդ պահին էլ Մարյան ծածուկ ականջ էր դրել մեր խոսակցությանը։ Մի քանի րոպե անց նա մատուցեց ինքնաեռը, իսկ ևս երկու րոպե անց, երբ Տատյանա Պավլովնան անսպասելիորեն կանչեց Մարյային, վերջինս չպատասխանեց, պարզվեց, որ ինչ-որ տեղ է գնացել։ Խնդրում եմ ընթերցողին, որ հատուկ կերպով նշի այս հանգամանքը, այսինքն՝ աչքի առաջ ունենա, կարծեմ՝ դա տեղի ունեցավ ինն անց քառասունհինգ րոպեին։ Թեև Տատյանա Պավլովնան բարկացավ, որ սպասուհին անհետացել է առանց թույլտվության, բայց կարծեց, թե վերջինս խանութ է գնացել և ժամանակավորապես մտահան արեց այդ հանգամանքը։ Համ էլ դրանով զբաղվելու ժամանակ չունեինք, անդադար խոսում էինք, քանի որ ասել-խոսելիքը շատ էր, այնպես, որ զորօրինակ, համարյա թե բոլորովին ուշադրություն չդարձրի Մարյայի չքվելու վրա. խնդրում եմ ընթերցողին, որ այս հանգամանքը ևս մտապահի։
 
Ինքնին հասկանալի է, որ ես ասես մոլուցքի մեջ լինեի, ապրումներս էի արտահայտում և, որ գլխավորն է, սպասում էինք Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն, և այն մտքից, թե մեկ ժամ անց, վերջապես, կտեսնեմ իրեն և այն էլ կյանքիս այդ խիստ վճռական պահին, սարսռում էի ու դողում։ Ի վերջո, երբ արդեն երկու գավաթ թեյ էի խմել, Տատյանա Պավլովնան հանկարծ ոտքի ելավ, սեղանի վրայից վերցրեց մկրատը և ասաց.
 
― Այս կողմն արա գրպանդ, հարկավոր է հանել նամակը, իր ներկայությամբ հո չե՞նք սկսելու քանդրտել գրպանդ։
 
― Այո, իհարկե,― գոչեցի և արձակեցի սերթուկս։
 
― Այս ինչ խառնիխուռն կար ու բլանդ է։ Ո՞վ է կարել։
 
― Ինքս, Տատյանա Պավլովնա, ե՛ս։
 
― Երևում է, որ ինքդ ես կարել։ Ըհը, սա՜ էլ՝ նամակը...
 
Հանեցինք ծրարը։ Նույն հին ծրարն էր, բայց մեջը փոստային մի դատարկ թերթիկ էր խցկած։
 
― Սա ի՞նչ բան է...― գոռաց Տատյանա Պավլովնան, շուռումուռ տալով թուղթը։― Ի՞նչ է պատահել քեզ։
 
Բայց ես կանգնել ու մնացել էի լռված անլեզու, գունաթափ... ու հանկարծ ուժասպառ փլվեցի աթոռին, իրավ, հազիվհազ խույս տվեցի ուշագնացությունից։
 
― Սա ի՜նչ նորություն է,― աղաղակեց Տատյանա Պավլովնան։― Իսկ ո՞ւր է ասածդ նամակը։
 
― Լամբե՜րտը,― վեր թռա հանկարծ, կռահելով ու ճակատիս զարկելով։
 
Շտապ ու շնչակտուր ամեն բան բացատրեցի Տատյանա Պավլովնային և Լամբերտի մոտ անցկացրածս գիշերվա, և մեր այն ժամանակվա նյութած դավադրության մասին, ի դեպ, վերջինիս մասին դեռևս անցած օրն էի խոստովանել իրեն։
 
― Գողացել են, գողացե՜լ,― գոռում էի՜ ոտներս հատակին տալով ու մազերս քաշքշելով։
 
― Դժբախտությու՜ն է,― սթափվեց Տատյանա Պավլովնան՜ ըմբռնելով եղելությունը։― ժամը քանի՞սն է։
 
Մոտավորապես տասնմեկն էր։
 
― Էհ, Մարյան էլ չքվել է հակառակի պես... Մարյա, Մարյա՛։
 
― Ի՞նչ եք ուզում, տիրուհիս,― արձագանքեց հանկարծ Մարյան խոհանոցից։
 
― Այստե՞ղ ես։ Հապա ի՞նչ ենք անելու հիմա։ Վազեմ իր մոտ... Վա՛յ ես քո դանդալոշ ինչն եմ ասել։
 
― Իսկ ես՝ Լամբերտի մոտ,― աղաղակեցի,― ու կխեղդեմ նրան, թե որ պետք լինի։
 
― Տիրուհի՜,― ճվվաց հանկարծ Սարյան խոհանոցից,― էստեղ մի կին կա, շա՜տ է ուզում ձեզ...
 
Բայց նրա ճիչը դեռ չէր մարել, երբ «այդ կինը» ճիչ ու գոռոց արձակելով, սրընթաց ներխուժեց խոհանոցից։
 
Ալֆոնսինկան էր։ Մանրամասնորեն չեմ նկարագրի այդ տեսարանը, դա ոտից գլուխ շինծու էր, խաբեություն, և Ալֆոնսինկան անթերի կատարեց իր դերը։ Սկսեց զղջման ողբով ու խելահեղ շարժմունքով ճտվտալ (ինչ խոսք ֆրանսերեն), թե ժամանակին ինքն է անձամբ քանդել գրպանս ու հանել նամակը, որն այժմ Լամբերտի մոտ է, և Լամբերտն «այդ ավազակի» հետ cet homme noir<ref>Այդ սև մարդու (ֆրանս.)։
</ref> միասին ուզում են հրավերքի անվան տակ իրենց ծուղակը գցել Madame la ge'nerale<ref>Մադամ գեներալուհուն (ֆրանս.)։
</ref> ու գնդակահարել նրան տեղնուտեղը հենց հիմա, մի ժամ հետո... և ինքն այդ մասին իմացել է հենց իրենցից ու անչափ վախեցել, քանի որ ատրճանակ է տեսել նրանց մոտ, le pistolet, ու վազել է այստեղ, որ տանի մեզ, որ օգնենք, կանխենք... Cet homme noir...
 
Մի խոսքով, նրա հայտնածը լիովին ճշմարիտ էր, Ալֆոնսինկայի տված բացատրությունների անկապությունը նույնիսկ ավելի անկասկածելի էր դարձնում այդ ճշմարտությունը։
 
― Ի՞նչ homme noir,― ճչաց Տատյանա Պավլովնան։
 
― Tien, j’ai oublie son nom... Un homme affreux... Tien, Versiloff<ref>Ախ, մոռացա, ի՛նչ էր անունը... Սարսափելի մարդ է... Հա՜, Վերսիլո՜վ է... (ֆրանս.)։
</ref>.
 
― Վերսիլո՜վ, չի՛ կարող պատահել,― վայնասունեց Տատյանա Պավլովնան։― Դեհ, ասա, մերիկս, խոսի՜ր, վեր վեր մի թռի ու ձեռներդ էլ հանգիստ պահիր, մարդավայել ասա ի՞նչ են ուզում անել այնտեղ։ Պարզ խոսիր, այ մեր, այ քուր, պա՛րզ, ո՞նց վերցնեմ ու հավատամ, թե ուզում են գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։
 
«Մերիկի» պարզ խոսելը հետևյալն էր (NB. ամեն բան սուտ էր). Versiloff-ը նստելու է ծածկած դռան հետևը, իսկ Լամբերտը, հենց որ Կատերինա Նիկոլաևնան մտնի, ցույց կտա cette lettre<ref>Նամակը (ֆրանս.)։
</ref>, և այդ պահին Վերսիլովը դուրս կցատկի և նրանք... նրան։ Օհ, ils feront leur vengeance!<ref>Օյ, վրեժ կլուծեն (ֆրանս.)։
</ref> Ինքը Ալֆոնսինկան, վախենում է դժբախտությունից, քանի որ անձամբ մասնակից է եղել դավադրությանը, իսկ a cette dame la generale, անպայման գալու է «հիմա, հենց հիմա», քանի որ նամակի պատճենը ուղարկել են իրեն, և նա իսկույն կտեսնի, որ իր գրած նամակն իրոք նրանց ձեռքին է, ու կգա, իսկ պատճենին կից գրությունը Լամբերտն է գրել, իսկ Կատերինա Նիկոլաևնան տեղեկություն չունի Վերսիլովի ներկայության մասին, իսկ Լամբերտը ներկայացել է որպես թե Մոսկվայից ժամանած, մոսկվացի մի տիկնոջ (NB. Մարյա Իվանովնայի) կողմից լիազորված անծանոթ մարդ։
 
― Վայ, զզվանքս գալիս է։ Սիրտս խառնում է,― գոչեց Տատյանա Պավլովնան։
 
― Sauvez-la, sauvez-la<ref>Փրկեցե՜ք խեղճ կնոջը, փրկեցե՜ք (ֆրանս.)։
</ref>,― վայնասունը գցել էր Ալֆոնսինկան։
 
Այդ խելահեղ տեղեկատվության մեջ անշուշտ, աչքի էր զարնում ինչ-որ անհեթեթություն, բայց այդ մասին խորհելու ժամանակ չկար, քանի որ ըստ էության ամեն բան ճշմարտանման էր։ Կարելի էր նաև ենթադրել և այն էլ՝ մեծագույն հավանականությամբ, թե Լամբերտի հրավերը ստանալուն պես Կատերինա Նիկոլաևնան սկզբում կայցելի մեզ՝ Տատյանա Պավլովնայի բնակարանում, որ բացատրի իրադրությունը, բայց այդ այցելությունը կարող էր նաև տեղի չունենալ, և նա կգնար ուղիղ դեպի իր համար նախապատրաստված ծուղակը, իսկ այդ դեպքում կորա՜ծ էր։ Դժվար էր հավատ ընծայել նաև այն բանին, թե Կատերինա Նիկոլաևնան առաջին իսկ հրավերքով միանգամից կնետվի ինչ-որ անծանոթ Լամբերտի մոտ, բայց այդ բանը ևս կարող էր տեղի ունենալ որևէ հանգամանքի բերումով, զորօրինակ տեսնելով պատճենը և համոզվելով, որ իր գրած նամակն իսկապես այդ անծանոթի մոտ է և դարձյալ նույն դժբախտությու՜նը։ Կարևորն այն էր, որ արդեն ժամանակի նշույլ իսկ չունեինք խորհրդածելու համար։
 
― Իսկ Վերսիլովը կմորթի՜ նրան,― գոռացի։― Եթե նվաստացել է մինչև Լամբերտի հետ գործակցելու աստիճան, ապա կմորթի Կատերինա Նիկոլաևնային։ Դարձյալ կրկնակն է հայտնվել։
 
― Ախ, այդ «կրկնակը»,― մատներն էր կոտրատում Տատյանա Պավլովնան։― Էլ ի՜նչ ենք վեր ընկել,― վճռեց հանկարծ,― վերցրու գլխարկդ, մուշտակդ և ինձ հետ՝ մարշ։ Տար մեզ, մերիկս, ուղիղ իրենց մոտ տար։ Վա՜յ, հեռու է։ Մարյա, Մարյա՛, եթե Կատերինա Նիկոլաևնան գա, ասա, որ հիմա կդառնամ, թող նստի ու սպասի ինձ, իսկ եթե չի ուզենա սպասել, ապա դուռը կողպիր վրան ու զոռով պահիր։ Ասա, որ ես եմ հրամայել այդպես։ Մարյա, թե որ լավ կատարես պարտականությունդ, հարյուր ռուբլի կստանաս։
 
Ցած վազեցինք արտաքին սանդուղքով։ Անկասկած, ավելի լավ բան մտածել հնարավոր չէր, քանի որ դժբախտության հիմնական բույնը Լամբերտի բնակարանն էր, իսկ եթե Կատերինա Նիկոլաևնան գար Տատյանա Պավլովնայի տունը, ապա Մարյան այս կամ այն կերպ կկարողանար այնտեղ պահել նրան։ Այդուհանդերձ, Տատյանա Պավլովնան հանկարծ Փոխեց իր վճիռը, երբ կառքն արդեն կանչված էր.
 
― Դու գնա Ալֆոնիսինկայի հետ,― կարգադրեց ինձ,― ու եթե պետք լինի, մեռի՛ր այնտեղ, հասկանո՞ւմ ես։ Հիմա ես էլ կգամ քո հետևից, բայց նախ փորձեմ վազել Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը, միգուցե հասցնեմ մինչև իր դուրս գալը, քանի որ, ինչ ուզում ես ասա, ինձ կասկածելի է թվում այս հանելուկը։
 
Եվ թռավ դեպի Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը։ Իսկ ես ու Ալֆոնսինկան մեկնեցինք Լամբերտի կացարանի ուղղությամբ։ Շտապեցնում էի կառապանին և սրընթաց արշավի ընթացքում հասցնում էի հարցուփորձել Ալֆոնսինկային, բայց վերջինս գլուխն ազատում էր ավելի շատ անկապ բացականչություններով, իսկ վերջում նաև արցունքով։ Բայց Տեր Աստվածը բոլորիս պահպանում էր ու փրկեց այն պահին, երբ ամեն բան արդեն մազից էր կախված։ Ճամփի քառորդ մասը հազիվ էինք անցել, երբ լսեցի, որ թիկունքից ինձ են կանչում գոռալով։ Ետ նայեցի, մի ուրիշ կառքով մեզ էր մոտենում Տրիշատովը։
 
― Այդ ո՞ւր,― գոռում էր տագնապահար,― և այն էլ դրա, այդ Ալֆոնսինկայի՜ հետ։
 
― Տրիշատո՛վ,― գոռացի,― ճիշտ էիք ասում, դժբախտությու՜ն է, գնում եմ սրիկա Լամբերտի մոտ։ Գնանք միասին, ավելի լավ կլինի, որ շատվո՜ր լինենք։
 
― Ե՛տ դարձեք, հենց հիմա դարձեք,― շարունակում էր գոռգոռալ Տրիշատովը,― Լամբերտը խաբո՜ւմ է, Ալֆոնսինկան է՜լ է խաբում։ Ինձ չեչոտն է ուղարկել, նրանք Լամբերտի բնակարանում են, հենց նոր հանդիպեցի Վերսիլովին ու Լամբերտին, գնացին Տատյանա Պավլովնայի՜ բնակարանը... հիմա արդեն այնտե՜ղ են...
 
Կանգնեցրի մեր կառքն ու ցատկեցի Տրիշատովի մոտ։ Մինչև այժմ չեմ ըմբռնում, թե ինչպես կարողացա ընդունել այդ անսպասելի վճիռը, բայց այդպես եղավ, հանկարծ հավատացի Տրիշատովին ու հանկարծ էլ վճռեցի։ Ալֆոնսինկան անտանելի վայնասուն գցեց, բայց մենք լքեցինք նրան և չգիտեմ նույնիսկ, թե նա ինչ արեց դրանից հետո, կառքով հետևեց մե՞զ, թե՞ մեկնեց իր կացարանը, այդպես էլ չտեսա նրան այլևս։
 
Կառքում Տրիշատովը, շնչակտուր լինելով, մի կերպ հայտնեց ինձ, թե գոյություն ունի մի նոր նենգություն, թե Լամբերտը նախապես համաձայնության էր եկել չեչոտի հետ, բայց չեչոտը վերջին պահին դավաճանել է նրան և ուղարկել է Տրիշատովին տեղյակ պահելու Տատյանա Պավլովնային, որպեսզի վերջինս չհավատա Լամբերտին և Ալֆոնսինկային։ Տրիշատովն ավելացրեց, թե ավելին չգիտե,քանի որ չեչոտը դրանից ավելին չի ասել, քանի որ չի հասցրել, քանի որ ինչ-որ տեղ էր շտապում, և ամեն բան կատարվել է հապճեպորեն։ «Տեսա, որ սխալ ուղղությամբ եք գնում,― շարունակում էր Տրիշատովը,― դրա համար էլ ընկա ձեր հետևից»։ Պարզ էր, որ չեչոտը ևս տեղյակ է ամեն բանին, դրա համար էլ Տրիշատովին ուղարկել էր ուղիղ Տատյանա Պավլովնայի բնակարանը, սակայն դա նույնպես հանելուկ էր։
 
Բայց որպեսզի չխճողվենք, աղետը նկարագրելուց առաջ բացատրեմ ներկայիս իրադրությունը և մի անգամ էլ, արդեն վերջին անգամ, առաջ ընկնեմ իրադարձությունների ընթացքից։
 
==== IV ====
 
Նամակն իմ գրպանից գողանալուց հետո Լամբերտն անմիջապես կապ է հաստատել Վերսիլովի հետ։ Այն մասին, թե Վերսիլովն ինչպես կարող էր միանալ Լամբերտին, առայժմ չեմ էլ խոսի, այդ մասին հետո, այդ պահին կարևորը «կրակն» էր։ Բայց միանալով Վերսիլովի հետ, Լամբերտն աշխատել էր ավելի ճարպկորեն ծուղակը գցել Կատերինա Նիկոլաևնային. Լամբերտի հետ խորհրդակցելիս Վերսիլովն ուղղակի պնդել էր, թե Կատերինա Նիկոլաևնան չի գա ուղարկվելիք հրավերքով։ Բայց Լամբերտն իր հերթին վաղօրոք Տատյանա Պավլովնայի բնակարանում ու դրա շուրջը լրտեսություն էր կազմակերպել այն պահից հետո, երբ երեք օր առաջ երեկոյան, հանդիպել էի նրան փողոցում ու, հոխորտալով, ելույթ ունեցել, թե նամակը Կատերինա Նիկոլաևնային կվերադարձնեմ Տատյանա Պավլովնայի բնակարանում և տանտիրուհու ներկայությամբ,― հենց այդ պահից էլ կազմակերպվել էր լրտեսությունը, այդ ծառայության մեջ ներքաշելով հատկապես այդ նպատակով կաշառված Մարյային։ Լամբերտն սկզբում քսան ռուբլի էր տվել Մարյային, իսկ հետո, մի օր անց, երբ փաստաթղթի գողությունն արդեն կատարված էր, երկրորդ անգամ էր այցելել Մարյային ու հիմնավոր պայման կապել հետը և անելիք ծառայության դիմաց խոստացել ևս երկու հարյուր ռուբլի։ Ահա թե ինչու Մարյան այդ օրը, հենց որ խոհանոցից ականջ դրեց ու լսեց, թե Կատերինա Նիկոլաևնան տասնմեկնանց կեսին լինելու է Տատյանա Պավլովնայի բնակարանում, որտեղ լինելու եմ նաև ես. անմիջապես դուրս էր վազել ու կառքով սուրացել Լամբերտի մոտ, որ հայտնի այդ նոր տեղեկությունը։ Հենց դրանում էր պայմանով նախատեսված ծառայության էությունը։ Այդ պահին Լամբերտի մոտ էր եղել նաև Վերսիլովը։ Վերջինս էլ ակնթարթորեն հղացել էր դժոխային հնարքը։ Ասում են, թե առանձին պահերի ընթացքում խելագարները ավելի խորամանկ են լինում, քան թե խելքը գլխին համարվողները։
 
Հնարքի էությունն այն էր, որպեսզի որևէ կերպ ինձ ու Տատյանա Պավլովնային անպայման դուրս բերեին վերջինիս բնակարանից թեկուզ քառորդ ժամով, բայց՝ անպայման Կատերինա Նիկոլաևնայի գալուց անմիջապես առաջ։ Որպեսզի հետո սպասեին դրսում, և հենց որ ես ու Տատյանա Պավլովնան դուրս գայինք, իրենք անմիջապես իրենց գցեին տուն, որի դուռը նրանց առջև բաց էր անելու Մարյան, ու դրանից հետո սպասեին Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն։ Իսկ Ալֆոնսինկան այդ ընթացքում ամեն գնով պետք է մեզ պահեր հնարավորին չափ տնից հեռու։ Իսկ Կատերինա Նիկոլաևնան, իր խոստման համաձայն, պետք է ժամաներ տասնմեկնանց կեսին, այսինքն երկիցս շուտ, քան մենք կհասցնեինք վերադառնալ։ (Ինքնին հասկանալի է, որ Կատերինա Նիկոլաևնան այլևս հրավեր չէր ստացել Լամբերտից. Ալֆոնսինկան անխղճորեն խաբել էր մեզ. հենց դա էր Վերսիլովի հղացած դժոխային խաղն իր մանրամասնությամբ հանդերձ, իսկ Ալֆոնսինկան վախեցած դավաճանուհու դեր էր խաղացել)։ Ինչ խոսք, նրանք վտանգավոր խաղ էին հնարել, բայց ճիշտ էին կշռադատել, «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դեռևս ոչ մի բան կորած չի լինի, քանի որ փաստաթուղթը ձեռքի տակ է և կգործադրվի»։ Բայց խաղն ստացվեց և չէր էլ կարող չստացվել, քանի որ ես ու Տատյանա Պավլովնան չէինք կարող անտեսել տագնապալի հայտարարությունը և չվազել նրա ասած տեղը հենց թեկուզ այն ենթադրության թելադրանքով, որ «իր ասածը կարող է ճիշտ լինել»։ Կրկնում եմ կշռադատելու ժամանակ չկար։
 
==== V ====
 
Տրիշատովի հետ վազեվազ մտանք խոհանոց ու Մարյային գտանք սարսափահար վիճակում։ Ցնցված էր այն պատճառով, որ երբ ներս էր թողել Լամբերտին ու Վերսիլովին, վերջինիս ձեռքին ատրճանակ էր տեսել։ Թեև փող էր վերցրել իրենց կապած պայմանի համաձայն, բայց ատրճանակը չէր մտնում այդ պայմանի մեջ։ Նա այլայլված էր և հենց որ տեսավ ինձ, իսկույն վրա տվեց.
 
― Գեներալուհին է ժամանել, համա իրենց մոտ ատրճանակ կա։
 
― Տրիշատով, դուք մնացեք այս խոհանոցում,― կարգադրեցի,― և հենց որ ձայն տամ, անհապաղ հասեք օգնության։
 
Մարյան իմ առջև բաց արավ դեպի միջանցք տանող դուռը, և ես սահեցի Տատյանա Պավլովնայի ննջարանը այն խցիկը, որտեղ հազիվ տեղավորվել էր միայն նրա մահճակալը և որտեղից մի անգամ արդեն ականջ էի դրել մյուս սենյակում տեղի ունեցող զրույցին։ Նստեցի մահճակալին և իսկույն մի ճեղքիկ գտա դռան վարագույրի ճոթերի արանքում։ Մյուս սենյակում արդեն բարձրաձայն խոսում էին և աղմկում, նշեմ, որ Կատերինա Նիկոլաևնան դավադիրներից ուղիղ մեկ րոպե առաջ էր ներս մտել։ Խոսակցությունն ու աղմուկը լսել էի դեռևս խոհանոցով անցնելիս։ Աղմկողը Լամբերտն էր։ Կատերինա Նիկոլաևնան նստած էր բազմոցին, իսկ Լամբերտը կանգնած էր նրա դեմ ու գոռգոռում էր տխմարի պես։ Այժմ գիտեմ, թե ինչու էր համբերությունից դուրս եկել այդպես տխմարաբար, շտապում էր ու վախենում, թե կարող են հանկարծ բռնացնել իրենց, հետո կասեմ, թե հատկապես ումից և ինչից էր վախենում։ Այդ պահին նամակն իր ձեռքին էր։ Իսկ Վերսիլովն այդ սենյակում չէր. նախապատրաստվեցի, որ վտանգի դեպքում առաջ նետվեմ։ Փոխանցեմ լոկ նրանց խոսակցության բովանդակությունը, միգուցե շատ բան լավ չեմ մտապահել, այդ պահին անչափ հուզված էի. լսածս մանրամասնորեն մտապահելը հնարավոր չէր։
 
― Այս նամակը ես գնահատում եմ երեսուն հազար ռուբլի, իսկ դուք զարմանում եք։ Հարյուր հազար արժե, բայց ես ընդամենը երեսուն եմ ուզում,― հոխորտում էր Լամբերտը բարձրաձայն և անչափ բորբոքված։
 
Թեև Կատերինա Նիկոլաևնան տագնապած էր երևում, սակայն Լամբերտի երեսին էր նայում արհամարհանքախառը զարմանքով։
 
― Տեսնում եմ, որ այստեղ ինչ-որ ծուղակ է կազմակերպված, և ոչինչ չեմ հասկանում,― ասաց,― բայց եթե նամակն իրոք ձեր մոտ է...
 
― Ահա նամակը, ինքներդ եք տեսնում։ Մի՞թե ձեր գրածը չէ։ Եվ ընդամենը երեսուն հազարի պարտավորագիր ու ոչ մի կոպեկ պակաս։
 
― Ես փող չունեմ։
 
― Պարտամուրհակ գրեք, ահա թուղթը։ Հետո կգնաք ու կհայթայթեք փողը, իսկ ես կսպասեմ, բայց՝ մեկ շաբաթից ոչ ավել։ Փողը կբերեք, պարտավորագիրը կվերադարձնեմ և այդ ժամանակ նամակն էլ կվերադարձնեմ ձեզ։
 
― Շատ տարօրինակ եք խոսում ինձ հետ։ Սխալվում եք։ Եթե գնամ ու բողոքեմ, այսօր ևեթ այդ նամակը կխլեն ձեր ձեռքից։
 
― Ո՞ւմ բողոքեք։ Հա՜-հա՜-հա՜։ Իսկ ասեկո՞սը, իսկ եթե այս նամակը ցույց տանք իշխանին։ Որտե՞ղ են խլելու։ Ես այս փաստաթուղթը չեմ պահի ինձ մոտ։ Իշխանին ցույց կտամ երրորդ անձնավորության ձեռքով։ Չհամառեք, տիրուհիս, շնորհակալ եղեք, որ շատ մեծ գումար չեմ պահանջում, մեկ ուրիշը, բացի գումարից, ուրիշ տեսակ հատուցում ևս կպահանջեր... գիտեք, թե ինչպիսի՜ հատուցում, որից չի հրաժարվի ոչ մի սիրունիկ կին, երբ նեղն ընկած լինի, ինչպես որ, ահա... Հե-հե-հե ։ Vous eAtes belle, vous<ref>Գեղեցկուհի եք (ֆրանս.)։
</ref>։
 
Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ կտրուկ, լիովին կարմրատակեց ու թքեց դիմացինի երեսին։ Հետո արագ շարժվեց դեպի դուռը։ Հենց այդ պահին էլ տխսար Լամբերտը հանեց ատրճանակը։ Նա սահմանափակ տխմարի կուրությամբ վստահ էր եղել փաստաթղթի ունենալիք ազդեցության վրա, այսինքն նկատի չէր առել հատկապես այն հանգամանքը, թե ում հետ գործ ունի, հատկապես այն պատճառով, ինչպես արդեն ասել եմ, որ ամենքին համարում էր իր նման ստոր։ Խոսակցության սկզբից ևեթ իր ցուցաբերած բռիությամբ զայրացրել էր Կատերինա Նիկոլաևնային այն դեպքում, երբ վերջինս հազիվ թե հրաժարվեր գործարքը փողով վճռելուց։
 
― Չշարժվե՜լ,― աղաղակեց թքից գազազած Լամբերը, կոպտորեն կառչելով Կատերինա Նիկոլաևնայի ուսից և ցույց տալով ատրճանակը լոկ վախեցնելու համար։
 
Կատերինա Նիկոլաևնան ճչաց ու նստեց բազմոցին։ Ես ներխուժեցի այնտեղ, բայց հենց նույն ակնթարթին միջանցքի հետ կապող դռնից ներխուժեց նաև Վերսիլովը։ (Նա կանգնել էր այդ դռան հետևում և սպասել)։ Չհասցրի աչքս իսկ թարթել, երբ նա հասցրեց ատրճանակը խլել Լամբերտից ու դրանով հարվածել նրա գլխին։ Լամբերտը ճոճվեց և ընկավ անզգա, արյունը գլխից ցայտեց գորգի վրա։
 
Իսկ Կատերինա Նիկոլաևնան, տեսնելով Վերսիլովին, հանկարծ գունատվեց, մի քանի վայրկյան նրան էր նայում անշարժ, անարտահայտելի սարսափով և հանկարծ ուշակորույս եղավ։ Վերսիլովը նետվեց նրա մոտ։ Այդ տեսարանն ասես աչքիս առաջ լինի այժմ։ Հիշում եմ, թե ինչպիսի սարսափով էի նայում Վերսիլովի կարմրատակած, համարյա վառվող դեմքին ու արյունով լի աչքերին։ Կարծում եմ, որ թեև նկատել էր իմ ներկայությունը, բայց ասես թե չէր ճանաչել։ Բռնեց ուշակորույս Կատերինա Նիկոլաևնային, աներևակայելի ուժով բարձրացրեց իր թևերի վրա, ինչպես մի փետուրի, և սկսեց ման տալ սենյակով մեկ, ինչպես որ քնած երեխային են ման ածում։ Սենյակը շատ նեղլիկ էր, բայց նա հածում էր մի անկյունից մյուսը, հավանաբար չգիտակցելով, թե ինչու է այդպես վարվում։ Մի պահ ասես կորցրել էր բանականությունը։ Շարունակ նայում էր նրա երեսին։ Ես այս ու այն կողմ էի մղվում իր հետևից և հիմնականում վախենում էի ատրճանակից, որ այդպես էլ պահել էր աջ ձեռքում ու մոռացել դրա գոյությունը փողը շատ մոտիկ պահելով Կատերինա Նիկոլաևնայի գլխին։ Սկզբում նա ինձ մի կողմ հրեց արմունկով, հետո ոտքով։ Ուզում էի կանչել Տրիշատովին, բայց վախենում էի, որ դրանով ավելի կբորբոքեմ խելակորույս մարդուն։ Վերջիվերջո մի կողմ քաշեցի մահճակալը քողարկող վարագույրը և խնդրեցի, որ պառկեցնի Կատերինա Նիկոլաևնային։ Մոտեցավ ու պառկեցրեց, իսկ ինքը կանգնեց նրա սնարի մոտ, մի րոպեի չափ սևեռուն նայեց երեսին ու, կռանալով, հանկարծ երկու անգամ համբուրեց նրա գունաթափ շուրթերը։ Օ՛հ, վերջապես հասկացա, որ նա լիովին թռցրել է խելքը։ Հանկարծ բարձրացրեց ատրճանակը, որ հարվածի դրա կոթով, բայց, ասես կռահելով, թե ինչ է պետք անել, ատրճանակի փողն ուղղեց պառկածի դեմքին։ Ակնթարթորեն ամբողջ ուժով կառչեցի նրա թևից և գոռալով կանչեցի Տրիշատովին։ Հիշում եմ, որ ես ու Վերսիլովը գոտեմարտի մեջ մտանք իրար հետ, բայց նա հասցրեց ազատել թևը և կրակել իր վրա։ Ուզում էր Կատերինա Նիկոլաևնային գնդակահարել, հետո նոր իրեն։ Բայց քանի որ խանգարեցի, ապա ատրճանակի փողը դեմ արավ իր սրտին, հասցրեցի դեպի վեր մղել նրա թևը, և գնդակը խրվեց իր ուսի մեջ։ Այդ ակնթարթին էլ հենց ճչալով ներխուժեց Տատյանա Պավլովնան, իսկ Վերսիլովն արդեն անզգա ընկած էր գորգի վրա, Լամբերտի կողքին։
 
==== Գլուխ տասներեքերորդ։ Եզրափակում ====
 
==== I ====
 
Այդ տեսարանից անցել է համարյա կես տարի, և շատ ջրեր են հոսել այդ ժամանակից ի վեր, շատ արմատական փոփոխություններ են կատարվել, իսկ ինձ համար վաղուց սկսվել էր մի նոր կյանք... Բայց ժամանակն է, որ ընթերցողին ազատ արձակեմ։
 
Համենայն դեպս, և այն ժամանակ, և դրանից շատ անց ինձ համար առաջնային էր այն հարցը, թե Վերսիլովն ինչպե՞ս էր կարողացել հանցավոր կապի մեջ մտնել Լամբերտի նման մարդու հետ, և ի՞նչ նպատակ ուներ այն ժամանակ։ Աստիճանաբար հանգեցի որոշ պարզաբանման, ըստ իս այն պահերին, այսինքն ամբողջ վերջին օրվա և դրա նախօրյակի ընթացքում, Վերսիլովը հազիվ թե որւեէ կայուն ցանկություն դրսևորեր, և կարծեմ, այդ պահերին նույնիսկ չէր էլ կշռադատում իր արարքները, այլ ընկած էր ինչ-որ ապրումների հողմապտույտի մեջ։ Ի դեպ, իսկական խելացնորություն հնարավոր չեմ էլ համարում, առավելևս որ նա այժմ նույնպես բոլորովին խելացնոր չէ։ Բայց «կրկնակը» հնարավոր եմ համարում` առանց կասկածի։ Իսկ ի՞նչ բան է «կրկնակը»։ Համենայն դեպս, ըստ բժշկագիտական մի ծավալուն հետազոտության, որը հետագայում կարդացի հատուկ այս նպատակով, «կրկնակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեկան վիճակի լուրջ խախտման առաջին փուլի արտահայտություն, ինչը կարող է շատ վատ վախճանի հասցնել։ Եվ հետո Վերսիլովն ինքն էլ մորս մոտ կատարված տեսարանից է (սրբապատկերը ջարդելուց) հետո բացատրում էր մեզ շատ անկեղծորեն ու խելամտորեն, որ հիշյալ պահին իր զգացմունքներն ու կամքը «երկատված» էին։ Այդուհանդերձ, կրկնում եմ, որ մորս սենյակում կատարվածն անվիճելիորեն կապված էր «կրկնակ» հոգեվիճակի ի հայտ գալու հետ, բայց այդ տեսարանից հետո թվում էր, թե այդ դեպքում գործ ունեինք չարախինդ այլաբանության հետ, այսինքն այն սենյակում ներկա գտնվող կանանց սպասումների հանդեպ որոշ ատելության, նրանց իրավունքների և կշռադատելու ունակության հանդեպ որոշ չարության հետ, թվում էր, թե «կրկնակը» լոկ պատրանք էր արդարացնելու համար չարախինդ այլաբանությամբ կատարած իր արարքը, թե դրանով ուզում էր ասել ներկա գտնվող կանանց. «Ձեր սպասումներն ու հույսերը ևս կփշրվեն այսպես»։ Մի խոսքով, եթե կար «կրկնակ», ապա դրա հետ միաժամանակ գործում էր նաև մոլեգնած կամակորությունը... Բայց դա լոկ իմ ենթադրությունն է, իսկ հարցի հավաստի լուծումն իսկապես դժվար է։
 
Ճիշտ է, թեև Վերսիլովը երկրպագում էր Կատերինա Նիկոլաևնային, բայց իր հոգու խորքում միշտ էլ արմատակալում էր հստակ ու խորունկ թերահավատությունը այդ կնոջ բարոյական արժանիքների հանդեպ։ Այն հաստատուն կարծիքն ունեմ, որ Վերսիլովը դռան հետևում դարանակալելիս հենց այդպիսի զգացումով էր սպասում, թե Կատերինա Նիկոլաևնան կնվաստանա Լամբերտի առջև։ Բայց ուզո՞ւմ էր, արդյոք, այդ նվաստացումը, թեկուզև սպասելիս լիներ դրան։ Այնուամենայնիվ, կրկնում եմ, որ նա հաստատապես ոչինչ չէր ուզում և ոչ էլ մտածում էր այդ մասին։ Պարզապես ուզում էր այնտեղ լինել, հետո դուրս պրծնել իր թաքստոցից, ինչ-որ բան ասել Կատերինա Նիկոլաևնային, գուցեև վիրավորանք հասցնել, գուցեև սպանել... Ամեն ինչ կարող էր պատահել այդ պահին, բայց երբ այնտեղ էր գալիս Լամբերտի հետ, դեռևս չգիտեր, թե ինչ է պատահելու։ Ավելացնեմ, որ ատրճանակը պատկանում էր Լամբերտին, իսկ Վերսիլովը եկել էր անզեն։ Սակայն տեսնելով Կատերինա Նիկոլաևնայի հպարտ արժանապատվությունը և, ամենակարևորը, այլևս չտանելով Լամբերտի ստորությունը, որ Ապառնում էր անպաշտպան կնոջը, տեղնուտեղը կորցրեց բանականությունը և դուրս թռավ։ Այդ պահին արդյոք ուզո՞ւմ էր գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։ Ըստ իս ինքն էլ չգիտեր, բայց անպայման կգնդակահարեր, եթե մի կողմ չհրեի իր ձեռքը։
 
Պարզվեց, որ Վերսիլովի վերքը մահացու չէ և ապաքինվեց, բայց նա երկար պառկեց, ինչ խոսք մորս սենյակում։ Այժմ, երբ գրում եմ այս տողերը, գարուն է, մայիսի կեսը, օրը հրաշալի է, և մեր պատուհանները բաց են։ Մայրս նստած է Վերսիլովի մոտ, նա շոյում է մորս այտերն ու մազերը և խանդաղատանքով նայում նրա աչքերի մեջ։ Օ՜հ, դա նախկին Վերսիլովի կեսն է միայն, նա այլև չի հեռանում մորս մոտից և այլևս չի էլ հեռանա։ Նույնիսկ «արտասվելու շնորհ» է իջել վրան, ինչպես որ արտահայտվում էր անմոռանալի Մակար Իվանովիչը վաճառականի մասին արած պատմության մեջ. ինչևէ, ինձ թվում է, որ Վերսիլովը երկար կապրի։ Մեզ հետ այժմ լիովին սրտաբաց և անկեղծ է վարվում երեխայի պես, ի դեպ, չկորցնելով ոչ չափի զգացումը, ոչ էլ զսպվածությունը և ավելորդ բան չասելով։ Նրա խելքն ու բարոյական կերտվածքը լիովին նույնն են մնացել, թեև այն ամենը, ինչ կատարյալ էր իր մեջ, ավելի արտահայտիչ են դարձել։ Ուղղակի ասեմ, որ երբևէ չեմ սիրել նրան այնպես, ինչպես այժմ, և ափսոսում եմ, որ իր մասին ավելի շատ պատմելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ պատշաճ տեղ։ Ի դեպ, պատմեմ ոչ այնքան վաղուցվա մի զվարճալի անցք (իսկ այդպիսիք շատ են), մեծ պասից առաջ նա արդեն լիովին ապաքինվել էր և ապաքինվելու վեցերորդ շաբաթվա ընթացքում հայտարարեց, որ ծոմ է պահելու։ Կարծեմ երեսուն տարի, թե դրանից էլ ավել, ծոմ չէր պահել։ Մայրս ուրախացել էր. տնեցիք սկսեցին պասավուր կերակուրներ պատրաստել, որոնք, ի միջի այլոց շատ թանկ էին նստում մեզ վրա և շատ մեծ հմտություն պահանջում։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերի ընթացքում կից սենյակից լսում էի, թե Վերսիլովն ինչպես է երգում ինքն իր համար. «Փեսացո՜ւն է գալիս մեր», և հիանում էի երգի եղանակով ու բառերով։ Այդ երկու օրերի ընթացքում հրաշալի բաներ էր պատմում կրոնի մասին, իսկ չորեքշաբթի օրը հանկարծ վերջ տվեց ծոմ պահելուն։ Զայրացել էր ինչ-որ բանից, ինչպես ինքն էր արտահայտվում ծիծաղով, ինչ-որ «զվարճալի հակասականությունից»։ Քահանայի պահվածքի ու վերջինիս մոտ տիրող իրադրության մեջ ինչ-որ տհաճ բան էր նկատել, նոր էր վերադառնում քահանայի մոտից, երբ հանկարծ ասաց մեղմ ժպիտով. «Բարեկամներս, ես շատ եմ սիրում Աստծուն, բայց տանել չեմ կարողանում այս արարողությունը»։ Նույն օրն ևեթ ճաշին ռոսբիֆ մատուցեցին նրան։ Բայց գիտեմ, որ մայրս այժմ էլ է հաճախակի նստում նրա մոտ և մեղմ ժպտալով ու մեղմ ձայնով սկսում խոսել հետը կողմնակի բաների մասին, մայրս անսպասելիորեն ինչ-որ համարձակ է դարձել իր ներկայությամբ, բայց չգիտեմ, թե նրա հետ ինչպես է կատարվել այդ փոփոխությունը։ Նստում է Վերսիլովի մոտ ու խոսում հետը, ավելի հաճախ շշուկով։ Վերսիլովը լսում է ժպտերես, շոյում մորս մազերը, համբուրում ձեռները և հայացքում լիառատ երջանկություն է ճառագում։ Երբեմն էլ մոլեգնելու, համարյա հիստերիայի մեջ ընկնելու պահեր է ունենում։ Վերցնում է մորս դիմանկարը, որը համբուրում էր մի ժամանակ, դիտում է արցունքն աչքերում, համբուրում, վերհիշում, իր մոտ կանչում բոլորիս, բայց այդ պահերին քիչ է խոսում... Կատերինա Նիկոլաևնային ասես մոռացել է իսպառ և անունն անգամ չի տվել գեթ մեկ անգամ։ Մորս հետ պսակադրվելու մասին ևս չի խոսել երբևէ։ Ամռանը ուզում էին նրան տանել արտասահման, բայց Տատյանա Պավլովնան պնդեց, որ չտանեն, ինքը ևս չէր ցանկանում գնալ։ Վճռեցին, որ ամառը կանցկացնեն Պետերբուրգի նահանգի ինչ-որ գյուղում գտնվող ամառանոցում։ Ի դեպ, առայժմ բոլորս ապրում ենք Տատյանա Պավլովնայի միջոցներով։ Մի բան էլ ավելացնեմ, անչափ ցավում եմ, որ այս նոթերը գրելիս հաճախ եմ անհարգալից ու մեծամտորեն արտահայտվել Վերսիլովի մասին։ Բայց գրելիս չափից ավելի էի ինձ երևակայում այնպիսին, որպիսին լինում էի նկարագրածս ամեն մի րոպեի ընթացքում, իսկ նոթերս ավարտելիս, վերջին տողը գրելիս հանկարծ զգացի, որ ինքս ինձ վերադաստիարակել եմ հատկապես վերհիշելու և վերհիշածը գրի առնելու շնորհիվ։ Գրի առածս շատ բաներից, հատկապես որոշ էջերից ու արտահայտություններից հրաժարվում եմ, բայց ոչ մի բառ անգամ չեմ շտկի ու ջնջի։
 
Ասացի, թե նա մի բառ անգամ չէր ասում Կատերինա Նիկոլաևնայի մասին, և կարծում եմ, որ իսպառ ապաքինվել է նաև այդ կնոջ հետ կապված հիշողությունից։ Կատերինա Նիկոլաևնայի մասին երբեմն խոսում ենք միայն ես ու Տատյանա Պավլովնան, այն էլ ծածուկ։ Կատերինա Նիկոլաևնան այժմ արտասահմանում է, իր մեկնելուց առաջ տեսնվեցի հետը և մի քանի անգամ եղա իր բնակարանում։ Արտասահման մեկնելուց հետո արդեն մի քանի նամակ է ուղարկել ինձ, և ես պատասխանել եմ դրանց։ Բայց հրաժեշտից առաջ տեղի ունեցած զրույցների ու պայմանավորվածությունների, ինչպես նաև իր գրած նամակների բովանդակության մասին կլռեմ, դա արդեն այլ պատմություն է և դրա մեծ մասը երևի հյուսվի ապագայում։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի հետ զրուցելիս ծպտուն չեմ հանում այդ բաների մասին և բավական է։ Ավելացնեմ միայն, որ Կատերինա Նիկոլաևնան ամուսնացած չէ և ճանապարհորդում է Պելիշչևների հետ։ Հայրը մահացել է, և Կատերինա Նիկոլաևնան այժմ ամենահարուստն է չամուսնացած կանանց շրջանում։ Այս պահին Փարիզում է։ Բյորինգի հետ կապը խզելը կատարվեց արագ և ասես ինքնաբերաբար, այսինքն վերին աստիճանի բնականոն ընթացքով։ Ի դեպ, պատմեմ այդ մասին։
 
Այն ահավոր տեսարանի օրվա առավոտյան չեչոտը, որի նոր կացարանն էին տեղափոխվել Տրիշատովն ու իր լողլող ընկերը, հասցրել էր Բյորինգին տեղեկացնել կատարվելիք չարագործության մասին։ Այդ բանը տեղի էր ունեցել հետևյալ կերպ, վերջիվերջո Լամբերտը կարողացել էր համոզել չեչոտին, որ մասնակցի դավադրությանը, և փաստաթղթին տիրանալուց հետո հայտնել էր նրան իրենց բռնած գործի բոլոր հանգամանքները, իսկ այնուհետև, ծրագրով նախատեսված գործողության վճռական պահին, այսինքն՝ այն պահին, երբ Վերսիլովը հղացել էր Տատյանա Պավլովնային ու ինձ թյուրիմացության մեջ գցելու հնարքը, չեչոտը, նրանցից ավելի խելամիտ գտնվելով և քրեական հանցագործության հոտ առնելով նրանց մտադրությունից, գերադասել էր դավաճանել Լամբերտին։ Իսկ ավելի կարևորն այն է, որ նա Բյորինգի երախտապարտությունը բարձր էր դասել Վերսիլովի խելահեղությունից վարակված ապաշնորհ ու տաքգլուխ Լամբերտի ցնորական ծրագրից։ Այդ ամենի մասին հետագայում իմացա Տրիշատովից։ Ի դեպ, չգիտեմ ու չեմ հասկանում Լամբերտի վերաբերմունքը չեչոտի հանդեպ ու մեկ էլ այն, թե ինչու Լամբերտը չէր կարող յոլա գնալ առանց նրա աջակցության։ Բայց առավել հետաքրքրաշարժն ինձ համար այն հարցն էր, թե Լամբերտի ինչի՞ն էր պետք Վերսիլովը, երբ փաստաթուղթն արդեն իր ձեռքում էր ու կարող էր լիովին յոլա գնալ առանց նրա օգնության։ Այժմ արդեն ինձ համար պարզ է նաև այս հարցի պատասխանը. Վերսիլովը պետք էր նրան նախևառաջ հանգամանքներից լավ գլուխ հանելու առումով և մեկ էլ, որը ամենակարևորն է, այն նպատակով, որ դավադրության ձախողման ու ձախորդության դեպքում կարելի կլիներ պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նրա վրա։ Եվ քանի որ Վերսիլովին ոչ էլ սպասվելիք փողն էր հե-տաքրքրում, այդ պատճառով էլ Լամբերտն ավելորդ չհամարեց նրա ա-ջակցությունը։ Իսկ Բյորինգն այն ժամանակ ուշացումով էր հասել դեպքի վայրը, կրակոցից մեկ ժամ անց, երբ Տատյանա Պավլովնայի բնակարանը ներսից արդեն լիովին ուրիշ տեսք էր ստացել։ Նկատի ունեմ այն, որ երբ արնաշաղախ Վերսիլովը տապալվեց գորգի վրա, դրանից հինգ րոպե անց ոտքի ելավ Լամբերտը, ում համարում էինք սպանված։ Ելավ, զարմանքով նայեց շուրջը, հանկարծ ակնթարթորեն ըմբռնեց կատարվածը և անխոս քաշվեց խոհանոց, այնտեղ հագավ իր մուշտակն ու չքացավ առհավետ։ «Փաստաթուղթը» թողել էր սեղանի վրա։ Հետո լսեցի, որ նա չի էլ հիվանդացել, սոսկ աննշան ցավեր է ունեցել, պարզապես արյուն կորցրած ու շշմած է եղել ատրճանակի հարվածից, այլևս ի վիճակի չլինելով ավելի ծանր ձախորդության դուռը հասնելու համար։ Թոհուբոհի ընթացքում Տրիշատովը հասցրել էր բժիշկ բերել, բայց մինչև վերջինիս տեղ հասնելը, ուշքի էր եկել նաև Վերսիլովը, իսկ Վերսիլովի վեր կենալուց առաջ Տատյանա Պավլովնան ուշքի էր բերել նաև Կատերինա Նիկոլաևնային և տուն տարել։ Այսպիսով, երբ Բյորինգը ներս խուժեց, Տատյանա Պավլովնայի բնակարանում էինք գտնվում միայն ես, բժիշկը, վիրավոր Վերսիլովը և մայրս, որ դեռ հիվանդ էր, բայց տեղ էր հասել Տրիշատովի կանչով ու շվարած մնացել։ Բյորինգը տարակուսանքով նայեց բոլորիս և իմանալով, որ Կատերինա Նիկոլաևնան տուն է գնացել, անհապաղ մեկնեց այնտեղ՝ ոչինչ չասելով մեզ։ Այլայլված էր. պարզ տեսնում էր, որ նման դեպքից հետո աղմուկն ու բամբասանքի տարածումն անխուսափելի են։ Սակայն մեծ իրարանցում տեղի չունեցավ, այլ սոսկ շշուկներ տարածվեցին։ Չհաջողվեց կոծկել կրակոցը, բայց հիմնական անցուդարձն իր հիմնական էությամբ հանդերձ մնաց համարյա թե անհայտ. հետաքննությունը բացահայտեց լոկ այն, թե սիրահարված և այն էլ ընտանիքավոր ու համարյա հիսուն տարեկան ոմն Վ․-ն կրքից խելքը թռցրած վիճակում, մեծագույն հարգանքի արժանի և այդ կրքոտ սիրո զգացումները բոլորովին չկիսող մի տիկնոջ մոտ խոստովանություն անելիս խելացնորության է հասել առաքինի տիկնոջ անտարբերության պատճառով ու կրակել ինքն իր վրա։ Ուրիշ ոչինչ չսպրդեց դեպի լույս աշխարհ, և լուրը այդպիսի ձևակերպմամբ էլ լրագրերի էջերին հասավ շշուկների միջոցով առանց հատուկ անունների, սոսկ ազգանունների սկզբնատառերով։ Համենայն դեպս, գիտեմ, որ, զորօրինակ, Լամբերտին բոլորովին չեն անհանգստացրել օրինականության պահապանները։ Իսկ Բյորինգն անհանգստացել էր իրողությունն իմանալուց հետո։ Հակառակի պես կարողացել էր իմանալ նաև, որ աղետից դեռևս երկու օր առաջ Կատերինա Նիկոլաևնան ու սիրահարված Վերսիլովը տեսակցել են երես առ երես։ Դա էլ հենց պայթեցրել էր Բյորինգին, և նա բավականին անզգուշորեն թույլ էր տվել իրեն, որ դիտողություն անի Կատերինա Նիկոլաևնային, թե այլևս չի զարմանա, եթե դրանից հետո ևս այդպիսի ցնորական դեպքեր պատահեն իր հարսնացուի հետ։ Կատերինա Նիկոլաևնան տեղնուտեղը հրաժարական էր տվել՝ առանց բարկանալու և տատանվելու։ Ծխաքուլայի պես ցնդել էր նրա նախապաշարմունքն այդ մարդու հետ ամուսնանալու խելամտության հաշվով։ Միգուցե դրանից առաջ էր զննել այդ մարդուն, միգուցե նրա հայացքներն ու զգացմունքներն էին փոխվել ապրած ցնցումներից հետո։ Այստեղ էլ եմ լռում։ Սոսկ ավելացնում եմ, որ ականջիս հասավ, թե Լամբերտը ծլկել է Մոսկվա և այնտեղ բռնվել ինչ-որ բանում։ Իսկ Տրիշատովին վաղուց չեմ տեսել, համարյա թե այն ժամանակից ի վեր բաց եմ թողել տեսադաշտիցս և այժմ զուր բան է նրա հետքը որոնելը։ Նա չքացել է իր ընկերոջ հետ այն բանից հետո, երբ այդ ընկերը՝ «le grand dadais»<ref>«Լողլող հիմարը» (ֆրանս.)։
</ref>֊ը գնդակահարեց ինքն իրեն։
 
==== II ====
 
Իշխան Նիկոլայ Իվանովիչի մահվան մասին հիշատակել եմ։ Այդ բարի, համակրելի ծերունին կաթվածից մահացավ վերոհիշյալ իրարանցումից հետո, ի դեպ, դրանից մի ամիս անց, գիշերով, իր անկողնում։ Այն օրից ի վեր, երբ ապաստանել էր իմ բնակարանում, այլևս չտեսա նրան։ Պատմում էին, թե վերջին ամսվա ընթացքում ավելի խելամիտ էր դարձել, նույնիսկ ավելի հավաքված, այլևս չէր վախենում, չէր լալիս և այդ ընթացքում ոչ մի բան չէր ասել Աննա Անդրեևնայի վերաբերյալ։ Իր սերն ամբողջովին տվել էր հարազատ աղջկան։ Հոր մահից մի շաբաթ առաջ Կատերինա Նիկոլաևնան մի անգամ առաջարկել էր, որ իշխանը իր մոտ կանչի ինձ հենց այնպես ժամանակ անցկացնելու համար, բայց ծերունին կիտել էր նոթերը, այս փաստը հայտնում եմ առանց այլևայլ բացատրությունների։ Պարզվեց, որ իշխանի կալվածը բարվոք վիճակում է և, բացի այդ, բավականին գումար ունի։ Ըստ իշխանի թողած կտակի այդ գումարի երրորդ մասը ստիպված եղան բաժանել նրա երաշխավորած անթիվ սանուհիների միջև, բայց ամենքին անչափ տարօրինակ էր թվացել այն հանգամանքը, որ Աննա Անդրեևնան նույնիսկ հիշատակված չէր եղել այդ կտակում, նրա անունը բաց էր թողնված։ Սակայն մի բան գիտեմ որպես հավաստի փաստ, մահանալուց մի քանի օր առաջ, իր մոտ կանչելով դստերը և իր բարեկամներին Պելիշչևին և իշխան Վ․-ին, ծեր իշխանը նրանց ներկայությամբ պատվիրել էր Կատերինա Նիկոլաևնային, որ իր մոտալուտ մահվան դեպքում այդ գումարից պետք է անպայման վաթսուն հազար ռուբլի բաժին հանվի Աննա Անդրեևնայի համար։ Իր կամքն արտահայտել էր հստակ, պարզ ու հակիրճ, թույլ չտալով որևէ ախուվախոտ բացականչություն, որևէ պարզաբանում, իշխանի մահից հետո, երբ իրադրությունը հանդարտված էր եղել, Կատերինա Նիկոլաևնան իր հավատարմատարի միջոցով տեղեկացրել էր Աննա Անդրեևնային, թե վերջինս ցանկացած պահին կարող է ստանալ իր վաթսուն հազար ռուբլին, բայց Աննա Անդրեևնան չոր-չոր, առանց ավելորդաբանելու մերժել էր այդ առաջարկը, հրաժարվել փողն ստանալուց՝ չնայած բազում հավաստիացումներին, թե իշխանն է կամեցել այդպես։ Այդ փողն այժմ էլ է մնացել իր տեղում, սպասելով ժառանգորդուհուն. Կատերինա Նիկոլնաևնան այժմ էլ է դեռ հույս տածում, թե ժառանգորդուհին կփոխի իր վճիռը, բայց նման բան տեղի չի ունենա, և ես համոզված եմ դրանում, քանի որ այժմ Աննա Անդրեևնայի մտերիմներից մեկն եմ։ Նրա հրաժարվելը որոշ աղմուկ առաջացրեց, և մարդիկ սկսեցին բամբասանք հյուսել դրա շուրջը։ Աննա Անդրեևնայի մորաքույրը՝ տիկին Ֆանարիոտովան, որ սկզբում խիստ վրդովված էր եղել զարմուհու և ծեր իշխանի գժտությունից, հանկարծ փոխել էր իր տրամադրությունն ու կարծիքը, և երբ զարմուհին հրաժարվել էր կտակված փողից, հանդիսավորապես իր հարգանաց հավաստիքն էր հայտնել նրան։ Մինչդեռ եղբայրը վիճել էր քրոջ (Աննա Անդրեևնայի) հետ այդ առթիվ ու գժտվել ընդմիշտ։ Թեև հաճախ եմ լինում Աննա Անդրեևնայի մոտ, բայց չէի ասի, թե մենք չափից ավելի մտերմացել ենք և բոլորովին չենք հիշում անցած գնացածը, նա շատ սրտանց է ընդունում ինձ իր բնակարանում, բայց հետս զրուցելիս անջատվածի պես է պահում իրեն։ Ի դեպ, կտրականապես հայտնել է ինձ, թե մենաստան կմտնի, վերջերս է հայտնել այդ մասին, բայց ես համոզված չեմ դրանում և իր ասածը համարում եմ լոկ դժբախտության մեջ ընկած մարդու հուսահատության արտահայտություն։
 
Բայց դժբախտություն, իսկական դժբախտության մասին խոսելու եմ սրանից հետո, հատկապես Լիզա քրոջս բախտի առթիվ։ Այս դեպքում արդեն գործ ունենք իսկական դժբախտության հետ, և ի՜նչ են իրենցից ներկայացնում իմ ձախորդությունները նրա ճակատագրի համեմատությամբ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխան Սերգեյ Պետրովիչը չապաքինվեց ու, չդիմանալով մինչև իր դատի օրը, իշխան Նիկոլայ Իվանովիչի մահանալուց առաջ, վախճանվեց հիվանդանոցում։ Լիզան մնաց մենակ՝ առաջիկայում ծնվելիք իր զավակի հետ։ Նա լացուկոծ չէր անում և արտաքուստ նույնիսկ հանգիստ էր երևում, դարձել էր հեզ ու խոնարհ, սրտի երբեմնի ջերմությունն ասես գերեզման էր իջել իր իսկ ներսում։ Հլու֊հնազանդ օգնում էր մայրիկին, խնամում հիվանդ Անդրեյ Պետրովիչին, բայց դարձել էր նաև ահավոր չխոսկան. ոչ մեկի ու ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում, ասես թե ոչ մի բան որևէ նշանակություն չուներ իր համար, ասես ամեն ինչի ու ամենքի կողքով էր անցնում։ Երբ Վերսիլովի վիճակը թեթևացավ (այսինքն՝ երբ նրա վերքն ապաքինվեց), Լիզան սկսեց շատ քնել։ Փորձում էի գրքեր բերել նրան զբաղեցնելու համար, բայց չէր կարդում բերածս, սկսեց խիստ նիհարել։ Չէի համարձակվում նրան սփոփելու փորձ անել, թեև հաճախ էի մոտենում այդ մտադրությամբ, երբեմն էլ չէի կարողանում նույնիսկ մոտենալ, չէի կարողանում նույնիսկ ասելու բան գտնել։ Այդպես էլ շարունակվում էր մինչև վերջին ահավոր դեպքը, նա ընկել էր ոչ այնքան բարձր տեղից մեր սանդուղքի ընդամենը երեք աստիճան բարձրությունից, բայց վիժել էր և համարյա ամբողջ ձմռան ընթացքում վատառողջ էր։ Այժմ արդեն վեր է կացել անկողնուց, բայց առողջությունը խաթարված է երկար ժամանակով։ Առաջվա պես լուռ ու մտահոգ է մեր ներկայությամբ, բայց մայրիկի հետ սկսել է խոսել քիչ-քիչ։ Վերջին օրերին գարնանային արևոտ եղանակ է, և ես մտովի վերհիշում էի անցած աշնան այն արևոտ առավոտը, երբ Լիզայի հետ քայլում էինք փողոցով՝ երկուսս էլ ուրախ ու հուսավառ, իրար հանդեպ սիրով լի։ Ավաղ, ինչպե՜ս հանկարծ ամեն բան փոխվեց այն օրից ի վեր։ Ինձ համար չէ տրտունջս, ինձ համար նոր կյանք է սկսվել, իսկ քո՞ւյրս։ Նրա ապագան անորոշությամբ է պարուրված, իսկ ներկայումս նրան նայել չեմ կարողանում առանց ցավի։
 
Այնուամենայնիվ, երեք շաբաթ առաջ Վասինի վերաբերյալ հաղորդածս տեղեկությամբ կարողացա տեղաշարժել Լիզայի անտարբերության սառույցը։ Վասինը վերջապես ազատ է արձակվել։ Ասում են, թե այդ խելամիտ մարդը շատ ճշգրիտ ցուցմունք է տվել ու շատ հետաքրքրաշարժ հայտարարություններ արել, որոնք լիովին արդարացրել են նրան այն մարդկանց առջև, ում կամքից կախում է ունեցել նրա բախտը։ Իսկ նրա կասկածահարույց գիրն ընդամենը ֆրանսերենից թարգմանված մի նյութ է եղել, որ լոկ իր համար է արել, որպեսզի հետագայում դրա հիման վրա օգտակար հոդված կազմի ամսագրի համար։ Այժմ նա մեկնել է ...յան նահանգը, իսկ նրա խորթ հայր Ստեբելկովը մինչև օրս էլ շարունակում է նստած մնալ բանտում մի գործի կապակցությամբ, գործ, որը ըստ ինձ հասած տեղեկության, գնալով ավելի ու ավելի է ուռճանում ու բարդանում։ Վասինի վերաբերյալ հաղորդածս սույն լուրը Լիզան մինչև վերջ լսեց տարօրինակ ժպիտով ու նույնիսկ նշեց, թե այդ մարդու հետ կատարվածն անպայման հենց այդպես էլ պիտի լիներ։ Սակայն, ինչպես երևաց, գոհ էր, անշուշտ, այն պատճառով, որ հանգուցյալ իշխան Սերգեյ Պետրովիչի միջամտությունը չէր վնասել Վասինին։ Իսկ Դերգաչովի և այլոց մասին հաղորդելիք չունեմ այս պահին։
 
Ավարտեցի։ Միգուցե ընթերցողներից մեկնումեկը կուզենա իմանալ, թե՝ հապա ո՞ւր կորավ մտահղացածս «գաղափարը» և ի՞նչ է իրենից ներկայացնում իմ նոր կյանքը, որի մասին այնքան հանելուկային ձևով էի արտահայտվում։ Բայց այս նոր կյանքը, իմ առջև բացված այս նոր ուղին էլ հենց հանդիսանում է հղացածս «գաղափարը», ճիշտ այնպես, ինչպես որ կար, բայց լիովին այլ տեսք ունի, այնպիսի տեսք, որ հնարավոր չէ նույնիսկ ճանաչել։ Բայց դա ամբողջությամբ այլևս չի կարող տեղ գտնել ներկա «Նոթերիս» մեջ, քանի որ լիովին այլ բան է։ Հին կյանքս լիովին հեռացել է ինձնից, իսկ նորը հազիվհազ է սկսվում։ Այդուհանդերձ, ավելացնեմ մի անհրաժեշտ հանգամանք, իմ անկեղծ ու սիրելի բարեկամ Տատյանա Պավլովնան համարյա թե ամեն օր հոգիս հանում է իր հորդորներով, որ անպայման ու հնարավորին չափ շուտ ընդունվեմ համալսարան. «Նախ ավարտիր, հետո նոր գյուտեր հնարիր. առայժմ ուսումդ գլուխ բեր»։ Խոստովանանք լինի՝ մտորում եմ իր տված խրատի վրա, բայց բացարձակապես չգիտեմ, թե ինչպես ի կատար ածեմ դա։ Ի դեպ, առարկեցի նրան, թե այժմ այլևս սովորելու իրավունք չունեմ, քանի որ պետք է աշխատեմ, որ պահեմ մորս ու Լիզային, բայց Տատյանա Պավլովնան իր փողն է առաջարկում դրա համար ու համոզում, թե համալսարանում սովորելուս ընթացքում ինքը միշտ էլ կարող է հայթայթել անհրաժեշտ գումարներ։ Վերջիվերջո վճռեցի դիմել մարդամեկին ու նրա կարծիքը հարցնել այդ կապակցությամբ։ Ծանրութեթև անելով ինչացու լինելս՝ այդ մարդուն ընտրեցի բծախնդիր ու քննադատական լույսի տակ նրան դիտարկելուց հետո։ Դա Նիկոլայ Սեմյոնովիչն է՝ Մոսկվայի նախկին դաստիարակս՝ Մարյա Իվանովնայի ամուսինը։ Ընտրեցի ոչ այնքան ինչ-որ մեկի խորհուրդն ստանլու համար, այլ պարզապես անսպասելինորեն ցանկացա լսել լիովին կողմնակի և որոշ չափով նույնիսկ սառնարյուն եսամոլի համբավ ունեցող, բայց և անվիճելիորեն խելամիտ մարդու կարծիքը։ «Նոթերիս» ձեռագիրն ամբողջությամբ ուղարկեցի իրեն, խնդրելով գաղտնի պահել, քանի որ դեռևս ցույց չէի տվել որևէ մեկին, հատկապես Տատյանա Պավլովնային։ Երկու շաբաթ անց ձեռագիրս վերադարձավ բավականին երկարաշունչ մի նամակի հետ։ Այդ նամակից ներկայացնում եմ լոկ մի քանի հատված, որոնցում ի հայտ եմ բերել իմ տեսակետներին համընկնող ու դրանք պարզաբանող մի ընդհանուր հայեցակետ։ Ահավասիկ այդ կարծիքը։
 
==== III ====
 
«... Անմոռանալի Արկադի Մակարովիչ, դուք վաղուց ի վեր չեք կարողացել ձեր ժամանակավոր հանգիստն օգտագործել այնպես, ինչպես այժմ, գրելով ձեր այս «Նոթերը»։ Դուք ձեզ, այսպես ասած, խելամիտ հաշվետվություն եք տվել կյանքի ասպարեզում կատարած ձեր առաջին, փոթորկուն ու համարձակ քայլերի մասին։ Հաստատապես հավատացած եմ, որ այս շարադրանքով դուք իսկապես կարող էիք մեծապես «վերադաստիարակել ձեզ»։ Հարկավ, իմ կողմից թույլ չեմ տա չնչին իսկ քննադատական դիտողություններ, թեև ամեն մի էջը խորհելու տեղիք է տալիս... զորօրինակ վերին աստիճանի հատկանշական է այն հանգամանքը, որ դուք այդքան երկարատև ու այդպիսի համառությամբ ձեզ մոտ եք պահել «փաստաթուղթը»։ Բայց սա լոկ մեկն է այն հարյուրավոր դիտողություններից, որ թույլ եմ տվել ինձ։ Նմանապես անչափ գնահատում եմ նաև այն հանգամանքը, որ վճռել եք, անշուշտ, ինձ, միմիայն ինձ հայտնել «ձեր հղացած գաղափարի գաղտնիքը», ինչպես որ արտահայտվել եք անձամբ։ Բայց ի պատասխան հատկապես այդ գաղափարի վերաբերյալ կարծիքս հայտնելու ձեր խնդրանքին պետք է վճռականապես ասեմ նախևառաջ, որ այդ կարծիքը չի տեղավորվի որևէ նամակում, իսկ երկրորդ հերթին` ինքս պատրաստ չեմ պատասխանելու և նախ պետք է մտովի յուրացնեմ այդ գաղափարը։ Նշեմ լոկ այն տպավորությունս, որ ձեր «գաղափարը» աչքի է ընկնում ինքնատիպությամբ, այն դեպքում, երբ ընթացիկ սերնդի երիտասարդները մեծավ մասամբ նետվում են ոչ թե իրենց հղացած, այլ նախապես պատրաստի գաղափարների հետևից, և նրանց մտավոր պաշարը խիստ աղքատիկ է, հաճախ նաև՝ վտանգավոր։ Ձեր «գաղափարը» գոնե ժամանակավորապես փրկել է ձեզ, զորօրինակ պ.պ. Դերգաչովի և ընկ. գաղափարներից, որոնք, անկասկած, այնքան էլ ինքնատիպ չեն, ինչպես ձերը։ Ի վերջո վերին աստիճանի համամիտ եմ մեծարգո Տատյանա Պավլովնայի կարծիքին, ում թեև ճանաչել եմ անձամբ, բայց մինչև այժմ ի վիճակի չեմ եղել գնահատելու ըստ արժանվույն։ Համալսարան ընդունվելու վերաբերյալ նրա հայտնած միտքը վերին աստիճանի օգտավետ է ձեզ համար։ Գիտությունը և կյանքը երեք-չորս տարում անպայման ավելի լայնորեն կբացահայտեն ձեր մտքի ու ձգտումների հորիզոնները, իսկ եթե համալսարանն ավարտելուց հետո նորից ցանկանաք դիմել ձեր «գաղափարին», ապա ոչինչ չի խանգարի դրան։
 
Այժմ թույլ տվեք անձամբ իմ կողմից և արդեն առանց ձեր խնդրանքի՝ անկեղծորեն շարադրեմ որոշ մտքեր ու տպավորություններ, որ ծագել են գլխումս ու հոգուս մեջ ձեր արտասովոր նոթերն ընթերցելիս։ Այո, համաձայն եմ Անդրեյ Պետրովիչի հետ, որ իսկապես կարելի էր անհանգստանալ անձամբ ձեզ և ձեր մեկուսացած պատանեկության համար։ Եվ քիչ չեն ձեզ նման պատանիները և նրանց ունակությունները նույնպես սպառնում են զարգանալ վտանգավոր ուղղությամբ, կամ դեպի մոլչալինյան ստորաքարշությունը, կամ էլ դեպի անկարգությունը հակված ծածկամիտ ցանկասիրությունը։ Բայց անկարգության հակումը մեծավ մասամբ ծագում է, միգուցե, կարգուկանոնի և «բարեկերպության» (ձեր արտահայտությունն եմ օգտագործում) չարտահայտված ծարավի՞ց։ Պատանեկությունն ինքնին անմեղ է հենց այն պատճառով, որ պատանեկություն է։ Միգուցե խելահեղության այդ վաղաժամ պոռթկումների մեջ է ամփոփված կարգուկանոնի այդ ծարավն ու ճշմարտության այդ որոնումը և ո՞վ է մեղավոր, որ ժամանակակից երիտասարդներից ոմանք այդ ճշմարտությունն ու բարեկեցությունը տեսնում են այնպիսի անմիտ ու ծիծաղելի բաներում, որ հավատալդ չի գալիս, թե ինչպես կարող էին հավատ ընծայել նման բաներին։ Ի դեպ, նշեմ, որ նախկինում, ոչ այնքան հեռավոր անցյալում, ընդամենը մի սերունդ առաջ, այդ պատանիների համար կարելի էր այնքան էլ չափսոսալ, քանզի այն ժամանակ նրանք իրենց որոնումներն ավարտում էին նրանով, որ շատ շուտով մեծ հաջողությամբ հակվում էին դեպի մեր մշակութային բարձրագույն խավը և լուծվում նրա մեջ։ Եվ եթե, զորօրինակ, ճանապարհի սկզբում գիտակցում էին իրենց քայլերի անկարգությունն ու անպատշաճությունը, տոհմական ազնվագույն ավանդույթների և գեղեցիկ ու կատարյալ դրվածքի բացակայությունը հենց իրենց ընտանեկան նիստուկացում, ապա այդ գիտակցությունից նույնիսկ ավելի լավ էին զգում, քանզի գիտակցելուց հետո ձգտում էին դեպի բացակայող արժեքները և դրանով իսկ սովորում գնահատել դրանք։ Այժմ պայմաններն արդեն որոշ չափով այլ են, ասել է թե՝ հակվելու տեղ չկա։ Պարզաբանեմ համեմատությամբ կամ նմանաբանությամբ։ Եթե ես լինեի ռուս վիպասան և ունենայի տաղանդ, ապա անպայման իմ հերոսներին կվերցնեի ռուս տոհմական ազնվականության միջավայրից, քանզի միմիայն քաղաքակիրթ ռուս մարդկանց այդ տեսակի մեջ է հնարավոր գտնել թեկուզ արտաքուստ գեղեցիկ երևացող կարգ ու կանոն ու զգացմունք, որոնք այնքան անհրաժեշտ են վեպում ընթերցողի վրա գեղեցիկ ազդեցություն գործելու համար։ Այս միտքն արտահայտելիս բնավ չեմ կատակում, թեև ինքս բոլորովին ազնվազարմ չեմ, մի բան, որը, ի դեպ, ձեզ հայտնի է։ Ժամանակին Պուշկինը իր վեպերի համար սյուժեներ էր նշում «Ռուս գերդաստանի ավանդույթներ»-ում և, հավատացած եղեք, որ հենց այդտեղ է ամենայն գեղեցիկը, ինչ ունեցել ենք մինչև օրս։ Համենայն դեպս, այդտեղ է մեր ունեցած-չունեցած կատարելագույնը։ Ասում եմ ոչ այն նպատակով, թե անպայմանորեն համամիտ եմ այդ գեղեցկության իրողությանն ու ճշմարտացիությանը, բայց այնտեղ, զորօրինակ, արդեն կար պատվի ու պարտքի կատարյալ դրսևորում, ինչը ոչ միայն ավարտուն ձև չի ստացել, այլև սաղմնավորված իսկ չէ Ռուսիայի մեկ այլ շրջանում բացի ազնվականության միջավայրից։ Ասում եմ որպես էությամբ հանգիստ մարդ և հանգստություն որոնող։
 
Լա՞վ է, արդյոք, այնտեղ այդ պարտքն ու պատիվը և ստո՞ւյգ են արդյոք, դրանք,― սա այլ հարց է, բայց ինձ համար կարևորագույնը հատկապես ձևի ավարտուն կատարելությունն է և, թերևս, նաև կարգուկանոնը, այն էլ ոչ թե վերուստ նախասահմանվածը, այլ ապրելու ընթացքում ինքնուրույնաբար ձեռք բերածը։ Տե՜ր Աստված, ախր ամեն ինչից առավել մեզ անհրաժեշտ է կարգուկանոնը և այն էլ մեր սեփական կարգուկանոնը։ Դրա մեջ է հույսը և, այսպես ասած, հոգու հանգստությունը, վերջիվերջո անհրաժեշտ է մի կառուցված-կազմակերպված ապրելակերպ և ոչ թե այս հավերժական գլխացավանքը ամենուր թռչող տաշեղները, աղբն ու կեղտը, որոնցից բան չի ստացվում արդեն երկու հարյուր տարի։
 
Ինձ չմեղադրեք սլավոնամոլության մեջ. հենց այնպես արտահայտվեցի մարդախույս լինելուս պատճառով, քանզի շատ է ծանր սրտիս բեռը։ Ներկայումս, ոչ վաղուց ի վեր, մեզ մոտ վերը նկարագրածիս լիովին հակառակ ինչ-որ բան է կատարվում։ Արդեն ոչ թե կեղտն է կպչում մեր վերին խավին, այլ հակառակը, մարդկանց գեղեցիկ տեսակից հրճվալից շտապողականությամբ պոկվում են նրա առանձին տաշեղներն ու կտորները և խռնվում անկարգ ու քինախնդիր խառնակույտի մեջ։ Եվ բացառիկ չեն դեպքերը, երբ երեկվա քաղաքակիրթ գերդաստանների նահապետներն ու հայրերն անգամ արդեն ծաղրում են այն ամենը, ինչին իրենց զավակները դեռևս կցանկանային հավատալ։ Կարծես թե դա քիչ է, հմայվածի պես նույնիսկ չեն թաքցնում զավակներից գեղեցիկը պահպանող թոկից միանգամից պրծածի ուրախությունը, թե այժմ կարող են պատվազրկելու և անարգելու ամեն ինչ և ամենքին, և անարգելու այդ ուրախությունն ամեհի չափով են ի հայտ բերում ինչ-որ տեղից։ Խոսքս ոչ թե ճշմարիտ առաջադիմականների մասին է, սիրելի Արկադի Մակարովիչ, այլ լոկ այն խաժամուժի, որն անթիվ է և որի մասին ասված է ֆրանսերեն. «Grattez le russe et vous verrez le tartare»<ref>«Քերեք ռուսի մաշկը, և ձեր աչքի առջև կհայտնվի թաթարը» (ֆրանս.)։
</ref>։ Եվ հավատացած եղեք, ճշմարիտ հանդուրժողականները (լիբերալները) մարդկության ճշմարիտ ու մեծահոգի այդ բարեկամները, այնքան էլ շատ չեն մեզանում, ինչպես որ թվացել է մեզ։
 
Բայց այս ամենը փիլիսոփայություն է. վերադառնանք մեր երևակայած վիպասանի մոտ։ Այս պայմաններում մեր վիպասանի վիճակը միանգամայն որոշակի է. նա չի կարող գրել այնպես, ինչպես որ գրվում են, ասենք, պատմական վեպերը, քանզի մեր ժամանակներում այլևս գոյություն չունի այն գեղեցիկ տեսակը, իսկ եթե սպրդել են մնացորդներ, ապա, ըստ ներկայումս տիրող ինչ-ինչ կարծիքների, այդ մնացորդներն իրենց վարքուբարքում չեն պահպանել գեղեցկության նշաններն անգամ։ Օ՛հ, պատմական ժանրի վեպում դեռևս կարելի է նկարագրել անչափ հաճելի և ուրախալի մանրուքներ։ Կարելի է նույնիսկ այնպես գրավել ընթերցողին, որ նա պատմականի նկարագրությունն ընդունի որպես ներկայումս դեռևս հնարավոր իրողություն։ Մեծ տաղանդի առկայության դեպքում այդպիսի ստեղծագործությունը կպատկանի ոչ այնքան ռուս գրականությանը, որքան ռուսական պատմությանը։ Դա ռուսականի պատրանքի գեղարվեստորեն կատարյալ նկարագիրը կլինի, որն իրականության տեսք կունենա, քանի որ դեռևս չեն կռահի, որ դա պատրանք է։ Այն հերոսների թոռը, ովքեր կլինեն հիշյալ նկարագրությունում, որն իր հերթին կներկայացնի միջին կամ բարձր քաղաքակիրթ ոլորտի ռուս գերդաստան, իր նախնյաց հետնորդն հանդիսացոդ այդ թոռնիկը, իր այժմյան աշխարհայացքով հանդերձ, այլևս չի կարոդ ներկայացվել այլ կերպ, քան որպես որոշ չափով մարդախույս, մեկուսացած և անպայման թախծոտ։ Նույնիսկ պետք է, որ երևա ինչ-որ խենթավուն, որին ընթերցողը առաջին իսկ հայացքից կարողանա ճանաչել որպես ռազմի դաշտից հենց նոր իջածի, և համոզվել, որ նա տանուլ է տվել այդ դաշտում։ Ավելի հետագայում կանհետանա նաև այդ մարդախույս թոռը, ի հայտ կգան դեռևս անհայտ նոր դեմքեր ու կհայտնվի մի նոր պատրանք, բայց ինչպիսի՞ դեմքեր։ Եթե այդ դեմքերը գեղեցիկ չլինեն, ապա անհնարին կդառնա ռուս վեպի հետագա գոյությունը։ Բայց ավաղ, տեսնես միայն վեպի՞ գոյությունը կդառնա անհնարին։
 
Հեռվում փնտրելու փոխարեն դառնամ մեր այս ձեռագրին։ Նայեցեք, զորօրինակ, պարոն Վերսիլովի երկու գերդաստաններին (այս դեպքում, թույլ տվեք լիովին անկեղծ արտահայտվեմ)։ Նախևառաջ չեմ ծավալվի Անդրեյ Պետրովիչի անձը բնութագրելիս, այդուհանդերձ, նա այդ գերդաստաններից մեկի հինմադիր-նահապետն է։ Հնագույն ազնվազարմ տոհմից սերված ազնվական է և միաժամանակ՝ Փարիզի կոմունար։ Ճշմարիտ պոետ է և սիրում է Ռուսիան՝ միաժամանակ լիովին ժխտելով այն։ Չունի որևէ դավանանք, բայց համարյա թե պատրաստ է մեռնելու հանուն ինչ-որ բանի, ինչի անունն անգամ տալ չի կարող, բայց և կրքոտությամբ հավատում է դրան ռուս պատմության պետերբուրգյան շրջանի եվրոպականացած ռուս քաղաքակրթողների մեծամասնության օրինակով։ Բայց բավ է խոսեմ նրա անձի մասին, ահա և նրա հիմնադրած գերդաստանը, իր մյուս որդու մասին չեմ ուզում խոսել, այդ որդին արժանի չէ նման պատվի։ Ովքեր աչք ունեն, նախապես տեսնում են, թե մինչև ուր կարող են հասնել նման դուրսպրծուկները, և, ի դեպ, ուրիշներին ևս քարշ տալով իրենց հետ։ Բայց ահա Վերսիլովի դուստրը՝ Աննա Անդրեևնան. ինչո՞ւ չի կարելի ասել, որ այս կույսն իսկապես որ ուրույն բնավորություն է։ Դեմքը՝ մայրապետ Միտրոֆանյայի (աշխարհիկ անունով Պրասկովյա Ռոզենի, որ դատարանով մեղադրվել է մեծ գումար պարունակող պարտամուրհակների կեղծման մեջ) ամբողջ մարմնի չափ. ինչ խոսք, սրանով չեմ կանխագուշակում որևէ քրեական արարք, ինչը իսկապես որ անարդարացի կլիներ իմ կողմից։ Արկադի Մակարովիչ, այժմ ասացեք ինձ, որ սույն գերդաստանը պատմական երևույթ է, և հոգիս կփառավորվի։ Բայց առավել արդարացի չի՞ լինի այն հետևությունը, որ արդեն շատ ու շատ այդպիսի, անկասկած տոհմիկ ռուս գերդաստաններ անզսպելի թափով ու հոծ զանգվածներով վեր են ածվում ''պատահաբար հայտնված'' գերդաստանների և իրենց նմանների հետ խռնվում համընդհանուր անկարգության ու քաոսի մեջ։ Պատահաբար հայտնված գերդաստանի այդ տեսակն եք դուք մասնավորապես ի ցույց դրել ձեր ձեռագրում։ Այո, Արկադի Մակարովիչ, դուք ''պատահաբար հայտնված գերդաստանի անդամ եք''՝ ի հակադրություն ոչ վաղ անցյալի մեր տոհմիկ տեսակների, ում մանկությունն ու պատանեկությունը տարբերվում էին ձերից։
 
Խոստովանանք լինի՝ չէի ցանկանա հեղինակը լինել պատահաբար հայտնված գերդաստանից սերված հերոսի մասին պատմող վեպի։ Անշնորհակալ աշխատանք է և զուրկ գեղեցիկ դրսևորումներից։ Եվ հետո, այդպիսի կերպարները մնայուն չեն և այդ պատճառով էլ չեն կարող լինել գեղարվեստորեն կատարյալ։ Հնարավոր կլինեն լուրջ սխալներ, չափազանցումներ, բացթողումներ։ Ամեն դեպքում հարկ կլինի անչափ շատ ընկնել մտացածին բաների հետևից։ Այդուհանդերձ ի՞նչ անի այն գրողը, որ չի ցանկանում գրել միմիայն պատմական ժանրի գործեր և ընթացիկ իրականության կարոտով է տառապում։ Հորինել ու... սխալվել։
 
Սակայն ձեր «Նոթերի» նման գրվածքները միգուցե որպես նյութ ծառայեն գալիք գեղարվեստական ստեղծագործության, գալիք նկարագրության համար որպես արդեն անցյալ դարձած անկարգ ժամանակաշրջանը պատկերող նյութ։ Օ՛հ, երբ որ անցնի գնա օրվա հրատապությունն, ու գա գալիքը, այնժամ այդ գալիքի արվեստարարը գեղեցիկ ձևեր կգտնի նույնիսկ անցած անկարգությունն ու քաոսը նկարագրելիս։ Հենց այն ժամանակ էլ պիտանի կդառնան այսպիսի «Նոթերը» և նյութ կմատակարարեն, եթե միայն անկեղծ լինեն իրենց քաոսայնությամբ ու պատահականությամբ հանդերձ... Գոնե փրկված կլինեն որոշ ստույգ հատկանիշներ, որպեսզի դրանց շնորհիվ հնարավոր լինի գուշակել, թե ի՛նչ կարող էր քողարկված լինել այդ պղտոր ժամանակաշրջանում ապրող դեռահասի հոգում. սա այնքան էլ անկարևոր հետևություն չէ, քանզի դեռահասներով է ստեղծվում սերունդը...»։
 
'''Վերջ'''
 
----
<references />