Changes

Չիպոլինոյի արկածները

Ավելացվել է 12 085 բայտ, 19:38, 15 Փետրվարի 2016
/* Գլուխ քսանմեկերորդ */
Ուղիղ ժամը յոթին հարձակումն սկսվեց։
 
 
==Գլուխ քսաներկուերորդ==
 
Այն մասին, թե ինչպես բարոնը անկախ իր կամքից քսան գեներալ սպանեց
 
 
Ստրատեգիական պլանի առաջին մասը հետևյալն էր ասում, խուզարկուի շունն օգտվելով կոմսուհիների շան հետ ունեցած իր բարեկամությունից, պետք է համոզեր նրան, որ սա այգու դարբասները բացեր։ Այստեղից պետք է այգի ներխուժեր սինյոր Մաղդանոսի հեծյալ էսկադրոնը։
 
Սակայն պլանի այդ մասը ձախողվեց, քանի որ այգու դարբասը բնավ էլ փակ չէր։ Դարբասի մոտ ձգված կանգնել էր Մաստինոն և պոչով պատվի էր առնում։
 
Խուզարկուի շունը վախեցած ետ դարձավ և զեկուցեց այդ տարօրինակ իրադրության մասին։
 
― Հենց այստեղ է թաղված շան գլուխը, ― ասաց միստր Գազարոն, օգտագործելով արտասահմանյան զինվորական խորհրդատուների մեջ շատ տարածված այս արտահայտությունը։
 
― Փա՛ստ է, փա՛ստ։ Հենց այստեղ է թաղված, ― իր տիրոջ ասածը հաստատեց շունը։
 
― Այդ ի՞նչ շան գլուխ է և որտե՞ղ է թաղված, ― հարցրեց իշխանը։
 
― Ձերդ մեծություն, այստեղ շունը գործ չունի։ Եթե խռովարարները դարբասը բաց են թողել, նշանակում է մեզ համար ինչ֊որ ծուղակ են պատրաստել։
 
― Այդ դեպքում եկեք այգի մտնենք հետևի դռնով, ― առաջարկեց իշխանը։
 
― Բայց հետևի դուռն էլ բաց է։
 
Լիմոնի բանակի զինվորները լուրջ մտատանջության մեջ ընկան։ Ավելի ճիշտ՝ չգիտեին, թե ինչ մտածեն։ Իսկ իշխանին այս պատերազմն արդեն սկսեց ձանձրացնել։
 
― Ինչ֊որ շատ է երկարում, ― գանգատվեց նա ասպետ Պոմիդորին։ ― Այսքան էլ ձգձգվող ու դժվար պատերա՞զմ։ Եթե սկզբից իմանայի, թե այսպես կլիներ, այս պատերազմը չէի էլ սկսի։
 
Գործն արագացնելու համար իշխանը որոշեց անձամբ մասնակցել գործողություններին։ Նա իր քառասուն գեներալներին շարք կանգնեցրեց և հրամայեց․
 
― Զգա՜ստ․․․
 
Քառասուն գեներալներն էլ տեղում քարացան։
 
― Քայլով֊մա՛րշ։ Մե՛կ, ե՛րկու, մե՛կ֊ե՛րկու։
 
Հերոսական ջոկատը այգու դարբասից մտավ ներս և քայլեց դեպի ամրոցը, որը, ինչպես գիտեք, գտնվում էր փոքրիկ բլրի գագաթին։ Վերելքը իշխանին շատ դժվար թվաց։ Նա սկսեց շնչահատվել, քրտնել և որոշեց հրամանատարությունը հանձնել առաջին կարգի մի Լիմոնի ու ետ դառնալ։
 
― Շարունակեցեք հարձակվել, ― ասաց նա, ― ես գնում եմ ընդհանուր գրոհի պլանը մշակելու․ իմ անձնական մասնակցության շնորհիվ պաշտպանության առաջին գիծը գրավված է։ Ձեզ եմ հանձնարարում ամրոցի գրավումը։
 
Առաջին կարգի Լիմոնը պատիվ տվեց իշխանին և հրամանատարությունը ստանձնեց։ Հինգ մետր գնալով, նա հինգ րոպեով հանգիստ տվեց ջոկատին։ Այնտեղից մինչև ամրոց ընդամենը մի հարյուր քայլ էր մնում, և հրամանատարն արդեն պատրաստվում էր տալ վերջին գրոհի հրամանը, երբ հանկարծ մի սարսափելի թնդյուն լսվեց, և բլրի գագաթից դեպի իշխանները սլացավ մի չտեսնված մեծությամբ արկ։ Քառասուն գեներալն էլ, չսպասելով առաջին կարգի Լիմոնի հրամանին, միանգամից շուռ եկան և ինչքան կարող էին՝ արագ նետվեցին ցած։ Սակայն արագությամբ նրանք չէին կարող համեմատվել խորհրդավոր արկի հետ, որը մի քանի վայրկյանում հասավ նրանց և մի երկու տասնյակ գեներալ հասած սալորի նման ճզմելով, գլորվեց մինչև դարբասն ու դուրս եկավ։ Ճանապարհին նա ջնջեց սինյոր Մաղդանոսի հեծելազորն ու շուռ տվեց կոմսուհիներ Բալերի կառքը։
 
Երբ արկը վերջապես կանգ առավ, բոլորը տեսան, որ դա ո՛չ մագնիսային ական է, ո՛չ էլ դինամիտով լցված տակառ, այլ դժբախտ բարոն Նարինջը։
 
― Թանկագին ազգականս, այդ դո՞ւք եք, ― շուռ եկած կառքից դուրս գալով, ճչաց կոմսուհի Ավագը։
 
Կոմսուհին ամբողջովին փոշոտված էր, մազերը գզգզված էին և երեսին թանձր մուր էր քսված։
 
― Ես պատիվ չունեմ ձեզ ճանաչելու, սինյորա։ Ես Աֆրիկայում երբեք չեմ եղել, ― քրթմնջաց բարոնը։
 
― Բայց այդ ե՛ս եմ, կոմսուհի Ավագը։
 
― Օ՜, երկինք, ի՞նչ է փչել ձեր խելքին, որ այդպես մրոտվել եք։
 
― Սա ստրատեգիական նշանակություն ունի․․․ ավելի լավ է ասեք, թե այդ ինչպես փուլ եկաք մեզ վրա։
 
Ես եկա ձեզ օգնության։ Ճիշտ է, մի քիչ տարօրինակ ձևով, բայց ուրիշ ճար չունեի։ Ես ամբողջ գիշեր աշխատում էի դուրս պրծնել գինու մառանից, որտեղ այդ ավազակները փակել էին ինձ։ Կարո՞ղ եք պատկերացնել, ստիպված էի մառանի դուռը ատամներով կրծել։
 
― Օ՜, այո՛, դուք կարող եք կրծել նույնիսկ կես տասնյակ տակառների տախտակները, ― փնթփնթաց սինյոր Պոմիդորը, որը դեռ սարսափից դողում էր։
 
― Մառանից դուրս գալով, բլրից ուղղակի ցած գլորվեցի և կարծեմ ճանապարհին ճզմեցի նեգրերի մի ամբողջ ջոկատ, որն, անշուշտ, օգնության էր գնում այն ավազակներին, որոնք խլել են ձեր ամրոցը։
 
Երբ կոմսուհի Ավագը ազգականին բացատրեց, որ դրանք բոլորովին էլ նեգրեր չեն եղել, այլ քառասուն լիմոն գեներալ, խեղճ բարոնը շատ հուզվեց, բայց էլի հոգու խորքում հպարտանում էր իր ծանրությամբ և ուժով։ Իշխան Լիմոնն այդ րոպեին իր վրանում լոգանք էր ընդունում։ Իմանալով իր առաջապահ զորամասերի կործանման մասին, նա սկզբում կարծեց, թե թշնամին անսպասելիորեն դուրս է եկել ամրոցից և գրոհով ցրել ջոկատը։ Երբ նորին մեծությանը զեկուցեցին, թե մեղավորը եղել է ամենաբարի մտադրություններ ունեցող իր դաշնակիցը, նա կատաղեց։
 
― Ես ոչ մի դաշնակից էլ չունեմ։ Ես պատերազմներ մղում եմ ինքս ինձ և իմ խելքով, ― ասաց նա վրդովմունքով։ Եվ հավաքելով մնացած զորքը՝ գեներալներին, զինվորներին և օժանդակ կազմին, ընդամենը երեսուն մարդ, նա մի ճառ արտասանեց, որ ավարտեց հետևյալ խոսքերով․
 
― Աստված, փրկիր ինձ իմ բարեկամներից, իսկ թշնամիներից ես ինքս մի կերպ կազատվեմ։
 
Իշխան Լիմոնը փաստորեն իրավացի էր։ Իշխանների բարեկամները միշտ էլ թշնամիներից վտանգավոր են լինում, և իշխաններին մնում է միայն մխիթարվել հնացած, մաշված ու բավական անհաջող առածներով։
 
Ուղիղ քառորդ ժամ հետո, Լիմոնը ոտքի ելավ ու հրամայեց նոր գրոհ սկսել։ Տասը հոգի վայրենի աղաղակներով վազեցին դեպի բլրի գագաթը, որպեսզի գոնե պաշարման մեջ գտնվողների երեխաներին ու կանանց փախցնեն։ Գրոհողներին սիրալիր ընդունեցին։ Ես կասեի՝ շատ սիրալիր ընդունեցին։ Չիպոլինոն հրշեջ պոմպեր էր հարմարեցրել գինու ամենամեծ տակառներին։ Հենց որ Լիմոնները բավականաչափ մոտեցան, նա հրամայեց․
 
― Գինով՝ թշնամուն խփի՛ր։
 
(Օրենքով պիտի հրամայեր «կրա՛կ», բայց նրա տրամադրության տակ միայն պոմպեր կային, որոնցով կրակը հանգցնում են և ոչ թե վառում)։
 
Բուրավետ, հարբեցնող կարմիր հեղուկով ողողեցին պաշարողներին։ Գինին լցվում էր նրանց աչքերը, բերանը, քիթը և ականջները։ Լիմոնուկները անպայման կխեղդվեին կամ ուշագնաց լինելու չափ կհարբեին, եթե ժամանակին չնահանջեին։ Ոմանք սողալով, ոմանք վազելով, փախչում էին գինու հետապնդող շիթերից։
 
Երբ հասան բլրի ստորոտը, նրանց մեջ ոչ մի զգաստ Լիմոն չկար։ Այս բանը շատ զայրացրեց կոմսուհիներին։
 
Կարող եք պատկերացնել, թե ինչպես էր իշխան Լիմոնը կատաղել։
 
― Խայտառակություն է, ձեզ բոլորիդ հարկավոր է փայտով ծեծել։ Մի՞թե կարելի է սոված փորով կարմիր գինի խմել։ Կարգին մարդիկ այդպես չեն վարվում։ Տեսնո՞ւմ եք, էլի տասը հոգի շարքից դուրս եկան։
 
Եվ իրոք, Լիմոնի բանակից տասը ռազմիկ մեկը մյուսի հետևից ընկան նորին մեծության ոտների մոտ և իսկույն, ասես ըստ հրամանի, խռմփացրին։
 
Դրությունը քանի գնում տագնապալից ու վտանգավոր էր դառնում։
 
Սինյոր Պոմիդորը մազերն էր փետում և խնդրում միստր Գազարոյին։
 
― Դե մի խորհուրդ տվեք վերջապես, չէ՞ որ արտասահմանյան զինվորական խորհրդատու եք, սատանան ձեզ տանի։
 
Իսկ ամրոցում, հասկանալի է, այդ րոպեին ցնծություն էր տիրում։
 
Թշնամու կեսը շարքից հանված էր։ Շուտո՛վ, շուտո՛վ այնտեղ, ցածում, դարբասի երկու կարմիր սյուների մեջտեղում սպիտակ դրոշակ կծածանվի։
Ադմին, Վստահելի
1876
edits