Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 47 155 բայտ, 20:54, 2 Մարտի 2016
/* Գլուխ չորրորդ */
Ջեյկոբը արագ նետվեց մյուսների ետևից՝ իր որսորդական հանդերձանքը որոնելու։ Կես ժամ չանցած, իմ քնաթաթախ ջոկատն արդեն հավաքված էր, և մենք ցողածածկ ճանապարհով առաջ շարժվեցինք մազոտ գորտերին որոնելու։
 
 
==Գլուխ հինգերորդ==
 
Մազոտ գորտերի որսը
 
 
Մենք գնում էինք աստղերի աղոտ լույսի տակ, փոշոտ ճանապարհով, իսկ մեր երկու կողմերում փայլփլում էր ցողից ծանրացած խոտը։ Լուսին չկար, և այստեղ մեր բախտը բերեց․ երբ գիշերը որս ես անում լապտերի լույսի տակ, լուսինը չի օգնում, այլ միայն խանգարում է․ նա տարօրինակ ստվերներ է գցում, որոնց մեջ հեշտությամբ կարող է թաքնվել քո որսը․ բացի այդ, լուսնի լույսը թուլացնում է լապտերի լույսը։
 
Որսորդների փոքրիկ խումբը քայլում էր առջևից․ նրանց քունը լրիվ փախել էր, բոլորն աշխույժ էին ու անհամբեր, իսկ իմ օգնականները, որոնց ես շատ շռայլորեն էի վարձատրում, քարշ էին գալիս ետևից, անընդհատ հորանջում էին և հազիվ էին շարժում ոտքերը։ Միայն Ջեյկոբն էր գնում իմ կողքից, երևի նա մտածում էր՝ քանի որ չհաջողվեց գլուխն ազատել այս որսից, ապա ավելի լավ է կարգին գործ անել։ Ժամանակ առ ժամանակ, երբ ետևում լսվում էր բարձր հորանջոց, նա դժգոհ հայացք էր գցում ու ծաղրալից փնչացնում։
 
― Այդ մարդիկ դրանք ուժ չունեն, ― ասում էր նա արհամարհանքով։
 
― Երևի նրանք պարզապես մոռացել են, որ ես հինգ շիլինգ եմ վճարում յուրաքանչյուր գորտի համար, ― պատասխանեցի ես բարձր ու հստակ։
 
Գիշերային մթության մեջ իմ ձայնը տարածվեց հեռու, և հանկարծ հորանջներն ու ոտքերի քստքստոցներն անմիջապես դադարեցին՝ ինչպես հրամանով։ Մեր երթը եզրափակող խումբը անմիջապես արթնացավ։ Ամեն մի գորտի համար հինգ շիլինգը՝ կատակ բան չէր։
 
― Ես մոռացել չեմ, ― խորամանկ ժպտալով ասաց Ջեյկոբը։
 
― Դրանում ես չէի էլ կասկածում, ― խիստ պատասխանեցի ես, ― չէ՞ որ դու հազվադեպ անսկզբունք, արևմտաաֆրիկյան Շեյլոկ ես։
 
― Այո, սըր, ― շատ հանգիստ համաձայնվեց Ջեյկոբը։
 
― Շփոթեցնել նրան պարզապես անհնարին էր, եթե նույնիսկ չէր էլ հասկանում իմ խոսքերը, միևնույն է, համենայն դեպս, անպայման համաձայնվում էր ինձ հետ։
 
Մենք անցանք ևս մեկուկես մղոն ճանապարհ, և այստեղ որսորդները մտան բարձր խոտերի մեջ ընկած նեղ արահետը․ ցողապատ արահետը սայթաքուն էր, և ամենաանհավանական զիգզագներով բարձրանում էր բլրակի լանջն ի վեր։ Մեր շուրջը, բարձր խոտերի խճճված խոնավ թավուտում, ամեն կողմից կռկռում էին փոքրիկ գորտերն ու ճռճռում էին ծղրիդները, ասես տակտով խփում էին միլիոնավոր գաճաճային ժամանակաչափեր․ ահա հենց արահետի կողքով երերուն գալարապտույտով վեր սուրաց մի մեծ գունատ թիթեռ։ Նա անընդհատ վեր էր բարձրանում, հանկարծ ստվերի միջից, սրընթաց և ուղիղ, ինչպես նետ, թռավ այծկիթը, չխկացրեց կտուցը, և թիթեռն անհետացավ։ Թռչունը թեքվեց և լանջն ի վար թռավ այնպես անձայն, ինչպես հայտնվել էր։ Վերջապես, մենք հասանք բլրի գագաթը, և այստեղ որսորդներն ինձ հայտնեցին, թե գետակը, որի մասին նրանք ասում էին, գտնվում է հովտի մեջ, ուղիղ մեր դիմաց։ Իրականում դա հովիտ էլ չէր, այլ երկու հարթ, կլորավուն սարերի միջև ընկած խոր ու նեղ, ստվերաշատ կիրճ։ Գետի գալարապտույտ հունը իսկույն աչքի էր զարնում․ գետը երիզված էր ցածրիկ ծառերի ու թփերի մուգ ծոպքերով։ Երբ մենք իջանք հովտի կիսախավարը, մեզ հասավ ջրի աղմուկը․ այն կարկաչում և զարնվում էր հունի մեջ թափված գլաժայռերին, և արահետն իսկույն թրջվեց, ոտքերի տակ զզվելիորեն չպչպաց կպչուն կավը։ Մենք զգուշորեն սահում էինք ցեխի միջով, ոտքերս սայթաքում էին, իսկ ցեխը տհաճ ճլմփում էր և ջանում էր իր կպչուն ճանկերից բաց չթողնել մեր կոշիկները։
 
Գետակը շտապ վազում էր հովտով, գլորվում նրա բազմաթիվ լայն, խճապատ ելուստներից, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում էր մոտ ութ ոտնաչափ բարձրության ջրվեժով․ այստեղ գետակը կազմում էր մի փայլող ու հղկված ջրի սյուն և թափվում կլոր լճակը, որն ասես ժայռերի մեջ փորված թաս լիներ։ Այստեղ ջուրը կատաղի պտտվում էր արծաթե կոհակների լուսապսակում, հետո քարե բեկորների միջով ուղղվում դեպի մի նոր ջրվեժ։ Երկար խոտերը կռացել էին գետակի վրա, ինչպես հեքիաթային գազանի չսանրած ոսկե բաշ, իսկ խոնավ ու փայլուն քարերի միջև, որ ծածկված էին թավշյա կանաչ գորգով, բարձրանում էին նուրբ ժանյականման ձարխոտերը և ուրիշ բարալիկ բույսեր։ Ափերին զգույշ, ոտքերի ծայրերի վրա շարժվում էին վարդագույն ու մուգ֊շագանակագույն փոքրիկ խեցգետինները․ նրանք այստեղ անթիվ֊անհամար էին․ երբ մենք գրպանի փոքրիկ լապտերիկների լույսը գցում էինք նրանց վրա, խեցգետինները սպառնագին բարձրացնում էին իրենց չանչերը և էլ ավելի զգուշությամբ ետ֊ետ գնում իրենց որջերը, որ փորել էին կարմիր կավի մեջ։ Մենք գնում էինք բարձր խոտերի միջով, մեր ոտքերի տակից շարունակ դուրս էին թռչում փոքրիկ սպիտակ թիթեռնիկներ և ձյունե ամպերի նման մղվում գետակի մյուս կողմը։ Մենք պպզեցինք գետի ափին, որ ծխենք և քննարկենք մեր գործողությունների կարգը։ Որսորդները բացատրեցին, որ գորտերին ավելի լավ է որոնել փոքրիկ ջրվեժների ակունքներում, բայց կարեի է գտնել նաև քարերի տակ, այն տեղերում, ուր ջուրը շատ խորը չի։ Ես որոշեցի, որ մենք իրար ետևից գետակի լայնքով շարժվենք դեպի վեր, հոսանքի հակառակ ուղղությամբ, շրջելով յուրաքանչյուր քարը, որը կարելի էր բարձրացնել ու նայելով ամեն մի փոսի մեջ, ամեն մի ճեղք, ուր կարող էր մտնել մազոտ գորտը։ Այդպես էլ արինք և ամբողջ մեկ ժամ բարձրացանք բլրով դեպի գետակի ակունքը, շրմփացնելով ծանծաղ սառցաջրերի մեջ, սայթաքելով թաց քարերի վրա ու լապտերիկներով լուսավորելով յուրաքանչյուր կասկածելի անկյուն, անսահման զգուշությամբ շուռ տալով ամեն մի կասկածելի քար։
 
Քարերի արանքում լիքը խեցգետիններ կային, նրանք չանչերով չխկացնում էին ու փախչում մեզնից ամբողջ ուժով․ խոտի պես վառ կանաչ, երկարավուն մարմիններով գորտերը գնդակի նման թռչում էին ջրի մեջ, ուժգին շրմփում ու վախեցնում էին մեզ․ իսկ շուրջը շարունակ սահում էր մանր թիթեռնիկների երերուն ամպիկը։ Փոքրիկ չղջիկները մերթ հայտնվում էին լապտերիկների լույսի տակ, մերթ անհետանում, միայն մազոտ գորտերի հետքն անգամ չկար։ Մենք գրեթե չէինք խոսում․ լռության մեջ հազար ձայներով մրմնջում, թոթովում և խոխոջում է գետակը, վազելով իր հունով․ թավ խոտի մեջ ճռճռում են ծղրիդները, երբեմն հուզված ճչում է լապտերիկներից վախեցած մի թռչուն և հետո լսվում է նաև խլթխլթոց, կլման ձայն, և ապա բարձր ճոփյուն, երբ մեզանից որևէ մեկը խոր տեղում շրջում է քարը։ Մի անգամ, երբ մենք հաղթահարում էինք ոչ բարձր, զառիթափի ժայռը, որից թռթռացող ժանյակի շղարշի պես կախված էր ջրվեժը, հանկարծ բարձր մի ճիչ լսվեց և ինչ֊որ բան աղմուկով շրմփաց ջրի մեջ։ Մենք լապտերներով շտապ լուսավորեցինք ջրվեժի հիմքը և պարզեցինք, որ Ջեյկոբը (նա վերջինը բարձրացավ ժայռի վրա) տրորել է լորտուին, որն օղակաձև գալարվել էր փոսի մեջ։ Վախից նա փորձել էր ցատկել վեր, բայց փորձը չէր հաջովել, որովհետև այդ պահին հազիվ էր իրեն պահել թեքության վրա՝ մի կերպ սեղմվելով ժայռին, գետնից հինգ ոտնաչափ բարձր։ Ջեյկոբն, այնուամենայնիվ, ընկավ ջրվեժի տակի լճակը և այնտեղից դուրս եկավ ողջ ու անվնաս, միայն թե թրջվել էր ոտքից գլուխ, ու ատամները զնգզնգում էին․ ջուրը սառույցի նման սառն էր։ Արևելքում սև ամպը դանդաղորեն գունատվում, դառնում էր բաց կանաչավուն, այգաբացը մոտենում էր, իսկ մենք դեռ շարունակում էինք փնտրել անորսալի երկկենցաղին։ Որսորդները բոլորովին հուսահատվել էին, անկեղծորեն վշտացած մեր անհաջողությունից և ցավով բացատրում էին, որ հենց լուսանա, չարժե, անօգուտ է որոնումները շարունակել, որովհետև այդ ժամանակ արդեն ոչ մի գորտ լույս աշխարհ դուրս չի գա։ Ուրեմն, մեզ մնում էր ընդամենը երկու ժամ, և այդ ընթացքում հարկավոր է նրան գտնել, ու բռնել․ այսպիսով, մենք շարունակեցինք մեր ճանապարհը գետն ի վեր, բայց ես համոզված էի, որ այսօր մեր բախտը չի բերի, այլևս ոչինչ դուրս չի գա։ Վերջապես, թրջված, սառած ու հուսահատված, մենք դուրս եկանք լայն ու հարթ հովիտը․ այստեղ բազմաթիվ հսկայական գլաքարեր կային, և գետակը օձի նման գալարվելով անցնում էր նրանց միջով։ Տեղ֊տեղ քարերի միջև գոյանում էին բավական խոր խաղաղ լճակներ, տեղանքն այստեղ հարթ էր, հոսանքը դանդաղ, հանգիստ, և գետը հոսում էր առաջվանից գրեթե երկու անգամ լայն հունով։ Գլաքարերը ցրված էին ինչպես պատահի, երբեմն թեքված էին ամենաանհավանական անկյունների տակ, ճիշտ և ճիշտ հնադարյան վիթխարի գերեզմանաքարերի նման ու բոլորովին սև էին աստղային երկնքի տակ։ Դրանք բոլորն էլ պատված էին թավ մամուռով և վայրի գալարախոտերով։
 
Մենք արդեն համարյա անցել էինք այդ հովտի կեսը, և ես որոշեցի հանգստանալ ու ծխել։ Մոտեցա մի փոքրիկ լճակի, որը սև հայելու նման փռվել էր բարձր քարերի շրջանակի մեջ, ընտրեցի հարթ ու ավելի չոր քար, նստեցի, հանգցրի լապտերիկը և պատրաստվեցի վայելել սիգարեթի հաճույքը։ Իմ ուղեկիցների լապտերիկները առկայծում ու փայլատակում էին քարերի մեջ։ Նրանք գնում էին հովտով, շրմփալով ջրի մեջ, և շուտով նրանց քայլերը խլացան գիշերային բազմաթիվ ձայների մեջ։ Ես ծխեցի սիգարեթը և դեն նետեցի մնացորդը․ օդում աղեղ կազմելով, այն բոցեղեն լուսատուի պես ընկավ ջուրը, թշշաց ու մարեց։ Եվ գրեթե հենց այդ վայրկյանին ինչ֊որ բան բարձր շրմփոցով թռավ լճակի մեջ, և հարթ ու սև ջուրը ծփաց արծաթե կոհակներով։ Ես իսկույն վառեցի լապտերիկը և լուսավորեցի ջրի մակերևույթը, բայց ոչինչ չտեսա։ Այնժամ ես լուսավորեցի այդ փոքրիկ լճակի մամռապատ քարերը։ Հենց ուղիղ իմ կողքին, մեծ գլաքարի եզրին նստել էր մեծ, դարչնագույն, պսպղուն գորտ և նրա հաստլիկ ազդրերն ու կողերը ծածկված էին ինչ֊որ խճճված զանգվածով, որ շատ նման էր մազի։
 
Ես քարացա և չհամարձակվեցի նույնիսկ շունչ քաշել, քանի որ գորտը տեղավորվել էր հենց լճակի վրա կախված քարի եզրին․ նա նստել էր կասկածելի զգուշությամբ և պատրաստ էր ամեն վայրկյան պոկվել քարից ու ցած թռչել։ Եթե նրան վախեցնեինք, նա քարից կթռչեր ուղիղ սև ջրի մեջ, և գնա ու նրան փնտրի։ Նրան էլ չես բռնի․․․ Հինգ րոպե ես մնացի անշարժ, ինչպես եղած քարերը, ու մազոտ գորտն աստիճանաբար վարժվեց լապտերի լույսին, և, երևում է, փոքր֊ինչ հանգստացավ։ Մեկ անգամ, նա, ճիշտ է, շարժվեց, թարթեց իր խոնավ աչքերը, և ես սարսափով մտածեցի․ վերջ, հիմա ցած կթռչի։ Բայց գորտը պարզապես ավելի հարմար տեղավորվեց քարի վրա, և ես թեթևացած շունչ քաշեցի։
 
Այդ ընթացքում արագորեն մտածեցի գործողության պլանը․ նախ պետք է լապտերիկը խորամանկորեն աջ ձեռքից փոխադրել ձախը, այնպես որ գորտը ոչինչ չզգա։ Հետո ես կսկսեմ շատ դանդաղ և աննկատելիորեն թեքվել դեպի առաջ այնքան ժամանակ, մինչև ձեռքս բավական կմոտենա նրա ճարպոտ մարմնին, և այնժամ կփորձեմ վայրկենաբար բռնել թանկարժեք որսը։ Մինչ լապտերիկը տարա մի ձեռքիցս մյուսը, կարգին հուզվեցի, որովհետև գորտն անթարթ հետևում էր իմ շարժումներին տագնապալի ու կասկածելի հայացքով․ բայց ահա լապտերիկն արդեն ձախ ձեռքումս է։ Մի քանի րոպե ես նորից քարացա․ թող նա հանգստանա․ հետո մատներս շերեփի նման ծալեցի և դանդաղ, որոշակի զգուշությամբ սկսեցի ձեռքս մոտեցնել գորտին։ Մոտիկ, ավելի մոտիկ․․․ դյույմ առ դյույմ․․․ և ահա արդեն ձեռքս կախվել է ուղղակի գորտի վրա։ Ես խոր շունչ քաշեցի և վճռեցի՝ բռնի՛ր․ հազիվ էր ձեռքս ցած իջել, երբ գորտը ցատկեց՝ բայց փոքր֊ինչ ուշացավ, և ես, այնուամենայնիվ, կարողացա մատներով բռնել նրա ետևի թաթը։ Սակայն գորտը բնավ էլ չէր պատրաստվում հրաժարվել ազատությունից․ նա սարսափելի վայնասուն գցեց և սկսեց հուսահատ աքացի տալ մյուս, ետին թաթով, ճանկռոտելով ձեռքիս ափը։ Ձեռքս այնպես էր ցավում, ասես մաշկս պոկում էին ասեղներով, և ձեռքիս խոր ճանկռվածքներ առաջացան, որոնք արագ կարմրեցին, լցվեցին արյունով։ Այս անսպասելի մարտականությունը այն արարածի, որին միանգամայն անվնաս էի համարում, այնպես շշմեցրեց ինձ, որ ակամա թուլացրի ձեռքս։ Այստեղ գորտը նորից ինձ թաթով խփեց, ձգվեց, թաց թաթը դուրս սահեց մատներիցս, ներքևում բարձր շրմփոց լսվեց, և ջրի երեսով անցավ արծաթե ծփանքը։ Մազոտ գորտը ծլկեց։
 
Թե ինչ զգացի այդ պահին՝ բառերով հաղորդել հնարավոր չէ․ գունեղ ու ողբերգական ընդարձակ հավաքածուն, որ հավաքել էի ամբողջ կյանքիս ընթացքում, չափազանց դժգույն էր ու անկարող նկարագրել այս աղետը։ Ես փորձեցի որևէ կերպ արտահայտել իմ զգացմունքները․․․ բայց ինչպե՞ս․․․ ես ոչ մի հարմար, թունդ խոսք ճգտա։ Դե արի ու դիմացիր․․․ Ես այնքան երկար էի սպասել, ես գրեթե հավատացել էի նրանց, ովքեր պնդում էին, թե մազոտ գորտեր ընդհանրապես չկան բնության մեջ, հետո ապարդյուն որոնումների այսքան ժամ կորցրի և, վերջապես, հանդիպեցի նրա հետ դեմ առ դեմ, արդեն համարյա բռնել էի ձեռքումս, և հետո․․․ Եվ հետո իմ սեփական հիմարության պատճառով նրան բաց թողեցի։ Էլ ոչինչ անել չէի կարող ու մագլցեցի բարձր քարի վրա, որ տեսնեմ, թե ուր են իմ որսորդները․ ինձնից չորս մղոն հեռու առկայծում էին լապտերիկների ցոլքերը, և ես ձայն տվի նրանց այն երկարաձիգ ու սուր կանչով, որով նրանք կանչում էին իրար։ Նրանք արձագանքեցին, և ես էլ գոռացի, որ շտապ գան ինձ մոտ։ Ես գտել եմ այն որսը, որին փնտրում էինք։ Հետո քարից ցած իջա և ուշադիր զննեցի լճակը։ Նրա երկարությունը տասը ոտնաչափ կլիներ, իսկ լայնքը՝ մոտ հինգ ոտնաչափ (ամենալայն մասում)։ Ջուրը լցվում ու այնտեղից թափվում էր քարերի միջով անցնող երկու նեղ ջրանցքների արանքով, և ես մտածեցի․ բավական է միայն փակել այդ ջրանցքը, և եթե գորտը շարունակում է այնտեղ մնալ, ապա միանգամայն հնարավոր է նրան բռնել։ Մոտեցան շտապելուց շնչահեղձ եղած որսորդները, ես ամեն ինչ պատմեցի նրանց, ու նրանք սկսեցին մատները շրխկացնել ու տնքալ զայրույթից, որ գորտն այնուամենայնիվ փախել է։
 
Ինչևիցե, մենք աշխատանքի անցանք և շուտով լերկ քարերի կույտով փակեցինք ելքի ու մուտքի ջրանցքները։ Հետո երկու որսորդ բարձրացան գլաքարի վրա և լապտերներն ուղղեցին ջրին, որ մենք լավ տեսնենք, ես լճակի խորությունը չափեցի թիթեռորսիչի բռնակով, և պարզվեց, որ այնտեղ երկու ոտնաչափ ջուր կա։ Գետակի հունը ծածկված էր մանր քարերի հետ խառնված խոշոր ավազով․ այստեղ գորտը կարող էր իր համար բավական շատ թաքնվելու տեղ գտնել։ Հետո մենք Ջեյկոբի և էլի երկու որսորդների հետ լրիվ մերկացանք և մտանք սառցանման ջրի մեջ․ ես ու Ջեյկոբը լճակի մի ծայրում, իսկ այն երկուսը՝ մյուս։ Դանդաղ շարժվում էինք իրար ընդառաջ, որ միանանք լճակի կենտրոնում, երեք տակ կռացած, մատներով շոշափելով յուրաքանչյուր փոս, շրջելով ամեն մի քար։ Շուտով մենք հասանք մեջտեղը, և այստեղ որսորդներից մեկը խանդավառված ճչաց․ նա ջրի տակ ինչ֊որ բան բռնեց, ըստ որում քիչ էր մնում կորցներ հավասարակշռությունը և երեսնիվայր շրմփար ջրի մեջ։
 
― Ի՞նչ ես բռնել, ի՞նչ, ― հուզված բղավեցինք բոլորս միասին։
 
― Ա՛յ, նա, գորտը, ― կարկամեց որսորդը, ― բայց նա փախել։
 
― Իսկ ինչ է, դու ձեռքեր չունե՞ս, ― զայրացած տեղեկացավ Ջեյկոբը, ցրտից ատամները զնգզնգացնելով։
 
― Նա վազել ուղիղ մասայի մոտ։
 
Եվ այդ պահին իմ բոբիկ ոտքերի մոտ ինչ֊որ բան շարժվեց․ ես կռացա և սկսեցի արագ փնտրել ջրի մեջ։ Հենց այդ պահին Ջեյկոբը վայրի գոռաց ու սուզվեց ջրի տակ, իսկ մյուս որսորդը հուսահատ փորձում էր ինչ֊որ բան բռնել իմ ոտքերի տակ։ Մատներս կպան հաստ ու ողորկ մարմնի, որն արագ մտնում էր ավազի մեջ, հենց ուղղակի իմ ոտքերի տակ․ ես նրան բռնեցի, նույն այդ պահին Ջեյկոբը դուրս թռավ ջրից, նա թքում, շնչահեղձ էր լինում, բայց հանդիսավոր թափահարում էր ձեռքը, որի մեջ սեղմված էր հաստլիկ գորտը։ Ջրի միջով շրմփացնելով, նա գալիս էր իմ կողմը, շտապելով ցույց տալ ինձ իր որսը․ բայց երբ մոտեցավ, ես արդեն ուղիղ կանգնել էի, ու ձեռքիս մեջ նույնպես կար ինչ֊որ կենադնի բան։ Ես արագ նայեցի, թե ինչ եմ բռնել, տեսա հաստ թաթերը, որ ծածկված էին ինչ֊որ թավ մազանման բանով։ Այո՛, ես մազոտ գորտ էի բռնել։ Այստեղ ես նայեցի Ջեյկոբի հաղթավարին, և նրա գերին ճիշտ և ճիշտ իմ գերու նման էր։ Մենք իրար շնորհավորեցինք, երկու գորտերն էլ զգուշորեն տեղավորեցինք փափուկ կտորից կարված խոր պարկի մեջ և ամուր կապեցինք։ Նոր էինք հասցրել այս բոլորը կատարել, երբ որսորդը, որն ապարդյուն խառնշտում էր իր ոտքերի տակ, ուրախությունից բղավեց, ուղղվեց և օդի մեջ թափահարեց ևս մի մազոտ գորտ, որին նա հաջողացրել էր բռնել թաթից։
 
Ոգևորված հաջողությունից, արդեն ցուրտ չզգալով, մենք նորից ջուրը մտանք և խնամքով զննեցինք ամբողջ լճակը, բայց այլևս գորտ չգտանք։ Այժմ արդեն արևելքում երկնքի եզրը կապտել էր, բաց երկնագույնի վրա ոսկեզօծ ցոլքեր էին ընկնում, ավելի ու ավելի վեր էին բարձրանում զմրուխտե֊ոսկեգույն ցոլքերը, և մեր գլխավերևում առկայծում ու մարում էին վերջին աստղերը։ Պարզ է, որ որսի ժամն անցնում էր, բայց ես շատ գոհ էի․ շատ հաջող որս էինք արել։ Աֆրիկացիները պպզել էին չոր քարերի վրա, նրանք ծիծաղում էին, շատախոսում, ծխում էին իմ տված սիգարեթները։ Ես մի կերպ սրբվեցի թաշկինակով և հագա ցողից ամբողջովին թրջված հագուստներս։ Գլուխս ուղղակի պայթում էր՝ մասամբ այսքան հուզվելուց, բայց հիմնականում Ֆոնի հետ խմելուց։ Ասենք, հիմա ես թքել էի և սառն ու թաց հագուստի, և գլխացավի վրա․ ես տոնում էի իմ հաղթանակը։ Գորտերով պարկը իջեցրի ջրի մեջ և այդպես պահեցի այնքան ժամանակ, մինչև որ լավ թրջվեց ու սառեց․ հետո փաթաթեցի թաց խոտով ու դրի զամբյուղի մեջ։
 
Երբ հասանք բլրի գագաթը, արևն արդեն բարձրացել էր հեռավոր լեռների վրա ու աշխարհը լցրել ոսկեզօծ փխրուն լույսով։ Բարձր խոտը խոնարհվել էր ցողի ծանրությունից, հազարավոր մանրագույն սարդիկներ ոստայն էին հյուսել ցողունների միջև․ նրանց ցանցերը գիշերվանից խլել էին ցողի հարուստ որսը, և մանր կաթիլներն արևի ճառագայթների տակ առկայծում էին սպիտակ ու սառցա֊երկնագույն ալմաստի փայլով։ Մեր ոտքերի տակից տասնյակներով դուրս էին թռչում խոշոր մորեխներ ու սլանում խոտի վրայով, խշխշացնելով ու փայլեցնելով վառ֊կարմիր թևերը, իսկ մեծ քարի հովանու տակ աճած բաց դեղին խոլորձների կղզյակի վերևում մետաղե֊երկնագույն երանգով բզզում էր արջի նման բրդոտ հաստ իշամեղուների երգչախումբը։ Թարմ ու զով օդը ամբողջովին ներծծված էր ծաղիկների ու խոտի, հողի ու ցողի բույրով։ Որսորդները երջանիկ էին գիշերվա հաջող որսի համար, մի երգ էին սկսել և դանդաղ, իրար ետևից գնում էին արահետով․ դա բաֆուտյան մի ուրախ երգ էր, և նրանք երգում էին տաքացած ու տարված, շուտով սկսեցին երգել նաև Ֆոնի տնեցիք, իսկ Ջեյկոբը նվագակցում էր թրխկացնելով թիթեղե տուփին, որ նախատեսված էր «որսի համար»։ Այսպես մենք դոփում էինք դեպի թավուտ, բարձր երգելով, իսկ Ջեյկոբն ավելի ու ավելի բարդ ռիթմեր էր խփում իր «թմբուկով»։
 
Երբ մենք տուն հասանք, ես առաջին հերթին, գտա մի թիթեղե բանկա գերյալներիս համար․ բանկան լցրի թարմ ջրով , հատակին դրեցի մի քանի քար, որ գորտերը թաքնվելու տեղ ունենան։ Այս բանկայի մեջ տեղավորեցի երկուսին, իսկ երրորդին նստեցրի մուրաբայի ապակե մեծ բանկայի մեջ։ Նախաճաշի ժամանակ այդ բանկան դրեցի սեղանի վրա, իմ դիմաց, և ամեն մի պատառը կուլ տալուց առաջ հիանում էի իմ գերյալով, սիրահարված աչքերս չկտրելով նրանից։
 
Գորտերի ցեղի համար իմ մազոտ գորտը իսկական հսկա էր․ եթե նա լավ հավաքի թաթերն իր տակ, ապա իսկ և իսկ կտեղավորվի ափսեի մեջ և ամբողջովին կզբաղեցնի այն։ Նրա գլուխը լայն է և բավական հարթ, աչքերը՝ խիստ դուրս պրծած, իսկ բերանը՝ արտակարգ լայն։ Վերևից գորտի մեջքը մուգ շոկոլադի գույն ունի, տեղ֊տեղ սփռված է ավելի մուգ շագանակագույն գրեթե սևին տվող անորոշ ցան, փորը սպիտակ է, իսկ ամենաներքևում՝ փոքր֊ինչ վարդագույն, և ետին թաթերը նույնպես ներսի կողմից վարդագույն են։ Աչքերը շատ մեծ են, ածխի նման սև, ոսկեգույն կետերի նուրբ նախշով։ Այս գորտի ամենազարմանալի հատկանիշը մազերն են, որ աճում են նրա մարմնի երկու կողմերում և ազդրերին։ Այստեղ մազերը սև են, խիտ և երկու դյույմ երկարություն ունեն։ Այս պճնանքը ըստ էության ամենևին էլ մազեր չեն, դրանք մաշկի երկարացած ապաճումներ են, որոնք, եթե մոտիկից դիտելու լինենք, հիշեցնում են ծովային անեմոնի շոշափուկները․ իսկ անուշադիր նայելու դեպքում կարելի է հավատալ, որ գորտի մարմնի ետին կեսը ծածկված է խիտ մազերի շերտով։ Ջրի մեջ մազերը ցից֊ցից կանգնում են և լողում, ինչպես ջրիմուռներ, հենց այդ ժամանակ էլ դրանք ամենից լավ են երևում, իսկ երբ գորտերը գտնվում են ցամաքում, դրանք կախ են ընկնում և թվում են սառած թելերի խճճված զանգված։
 
Այն ժամանակից ի վեր, երբ առաջին անգամ հայտնաբերվել է մազոտ գորտը, գիտնականները շարունակ վիճում էին, թե վերջ ի վերջո ինչի է ծառայում գորտի այդ անսովոր գզգզված պճնանքը, իսկ այժմ, թվում է, թե գիտնականները եկել են այն միասնական կարծիքի՝ մազերը օգնում են շնչառությանը։ Բոլորն գորտերն այս կամ այն չափով շնչում են մաշկով, այլ խոսքով, մաշկն իր մեջ թթվածին է հավաքում ջրից։ Այդպիսով, գորտը ունի, այսպես ասած, շնչառական երկու ապարատ․ մաշկը և թոքերը։ Ուստի երբ գորտը շնչում է մաշկով, նա կարող է շատ երկար ժամանակ մնալ ջրի տակ։ Իսկ մազոտ գորտի բազմաթիվ բարակ մաշկային ապաճումները զգալիորեն մեծացնում են մաշկի մակերեսը և դրանով իսկ շատ են օգնում շնչառությանը։ Սկզբում գիտնականները խիստ կասկածում էին այդ մազիկների նման նշանակությանը, քանի որ դրանք գոյություն ունեն միայն արուների մոտ։ Այս տեսակի էգերի մաշկը նույնպես հարթ է, ինչպես մնացած բոլոր գորտերինը։ Ուստի և, կարող է թվալ, թե այդ մազերը ծառայում են միայն իբրև զարդ, և ոչ մի օգուտ էլ չեն տալիս, չէ՞ որ ուղղակի ծիծաղելի է ենթադրել, իբր արուի շնչառությունն այնքան կարճատև է, որ առանց մազերի նա յոլա գնալ չի կարող, իսկ անմազ էգին օդը բավականացնում է, դեռ մի բան էլ ավելի։ Սակայն ասքան տարօրինակ հակասությունը շուտով բացատրվեց․ բանից դուրս է գալիս, որ արուներն իրենց ամբողջ կյանքն անց են կացնում ջրում, այն դեպքում, երբ էգերը տարվա մեծ մասն անց են կացնում ցամաքում և ջուրն են մտնում միայն սերնդի շարունակության համար։ Այսպիսով, գաղտնիքը բացվեց․ էգը մեծ մասամբ ցամաքում է լինում և շնչում է թոքերով, իսկ արուին՝ իր ստորջրյա բնակավայրում մազերը շատ անհրաժեշտ են, նա գրեթե ափ դուրս չի գալիս։
 
Մազոտ գորտը մի հետաքրքիր առանձնահատկություն ևս ունի․ նրա ետին թաթերի մսեղ մատները ունեն երկար, սպիտակ, կիսաթափանցիկ եղունգներ․ ցանկության դեպքում գորտը դուրս է հանում այդ եղունգները, իսկ երբ դրա կարիքն այլևս չկա, ներս է տանում՝ ինչպես կատուն իր ճանկերը։ Ես սեփական փորձից համոզվեցի, որ գորտի եղունգները շատ սուր են, և նա դրանք օգտագործում է իբրև զենք։ Դրա պերճախոս վկայությունն իմ ձեռքերի ճանկռվածքներն են։ Կարծում եմ, որ գորտի եղունգները երկու նշանակություն ունեն․ առաջինը, պաշտպանության միջոց են, իսկ երկրորդը՝ դրանով հեշտ է կառչել արագընթաց գետակների լերկ պատերից, ուր ապրում են այդ երկկենցաղները։ Ամեն անգամ, երբ մենք որսում էինք մազոտ գորտերին, նրանք կատաղորեն քացի֊քացի էին տալիս ետևի թաթերով և դուրս էին հանում իրենց եղունգները։ Միաժամանակ գորտերն արձակում էին տարօրինակ սուր ձայներ, որ նման էր խոզի ինքնաբավ մռթմռթոցի և բռնված մկան խղճալի ծվծվոցի․ ի դեպ այդ ձայնը զարմանալիորեն բարձր է և եթե անսպասելի է, կարող է վախեցնել։
 
Իմ մազոտ գորտերը շատ հարմար տեղավորվել էին իրենց թիթեղե մեծ բանկայի մեջ, իսկ գիշերային բազմաթիվ արշավներից հետո ես ձեռք բերի էլի մի քանիսին։ Այժմ ես ունեի յոթ գորտ, և բոլորն էլ արու, ճոխ մազածածկույթով։ Մի քանի ամիս շարունակ ամեն տեղ փնտրում էի, աշխատելով նրանց համար էգ գտնել, բայց՝ անհաջող։ Եվ ահա մեկ անգամ իմ պատշգամբում հայտնվեց մի շատ սիրալիր, մոտ 95 տարեկան պառավ կին, երկու կալեբասներով․ մեկի մեջ նստել էին խլուրդներ, իսկ մյուսում մազոտ գորտի մի մեծ էգ։ Այս էգը այդպես էլ մնաց միակը, մեկ ուրիշը ինձ չհաջողվեց ձեռք բերել, և բնական է, որ ես նրա հետ վարվում էի հատուկ խնամքով ու հոգատարությամբ։
 
Արտաքուստ էգը քիչ էր տարբերվում արուից․ գուցե միայն նրա մաշկն ավելի չոր էր ու կոշտ, իսկ գույները ավելի վառ՝ աղյուսագույն֊կարմիր, դարչնավուն ցանցերով։ Նա իրեն հիանալի էր զգում յոթ կավալերների մեջ և նույնիսկ անցավ ընկերովի ստորջրյա ապրելակերպին։ Ամբողջ օրերով գորտերը պառկում էին ջրի մեջ, գրեթե ամբողջովին ջրով ծածկված, պատրաստ իջնելու թիթեղե բանկայի հատակը, եթե հանկարծ մեկն ու մեկը փորձեր մոտենալ նրանց։ Սակայն գիշերները նրանք համարձակություն էին ստանում բարձրանում էին քարերի վրա, որ հատուկ նրանց համար էի դրել, և նստում էին այնտեղ բերանները բաց, նայելով իրար անարտահայտիչ դեմքերով։ Ամբողջ ժամանակ, քանի դեռ մենք գտնվում էինք Աֆրիկայում և Անգլիա մեկնելու ճանապարհին (իսկ դա շատ երկար ճանապարհ էր), գորտերը համառորեն հրաժարվում էին ուտելուց, չնայած ես նրանց հրապուրում էի ամենահամեղ պատառներով։ Բայց նրանք բոլորն էլ չափազանց գեր էին, ուստի և նրանց երկարատև պաս պահելը ինձ այնքան էլ չէր հուզում․ չէ՞ որ սողուններն ու երկկենցաղները կարող են երկար ժամանակ յոլա գնալ առանց ուտելու և դրանից ամենևին չեն տուժում։
 
Երբ հասավ Բաֆուտից մեր գլխավոր ճամբարը մեկնելու ժամանակը, իսկ այնտեղից էլ՝ ծովափ, ես գորտերին տեղավորեցի մի ոչ շատ խոր տախտակե արկղի մեջ, որի հատակին փռված էին բանանի թաց տերևներ։ Արկղը չէր կարելի շատ խոր պատրաստել։ Ինչ֊որ բանից վախենալով, գորտերը կարող էին ցատկոտել արկղի մեջ և իրենց նուրբ քթերը վնասել փայտե կափարիչին զարկելով։ Փոքր արկղի մեջ այդպիսի վտանգ նրանց չէր սպառնում։ Բաֆուտից մեկնելու ճանապարհին գորտերը ինձ բավական հոգս և մի քանի տագնապալի րոպեներ պատճառեցին։ Բարձր լեռներում օդը սառն է, դուրեկան, բայց երբ իջնում ես անտառապատ հարթավայրը, այնպիսի զգացողություն ես ունենում, ասես ընկնում ես թուրքական բաղնիք, և այս փոփոխությունը այնքան էլ գորտերի սրտովը չէր։
 
Լեռներից ցած իջնելու ճանապարհին, դադարներից մեկի ժամանակ, ես բացեցի արկղը և սարսափեցի։ Իմ բոլոր մազոտ գորտերը փռվել էին հատակին՝ նվաղած ու թուլացած, առանց կյանքի որևէ նշանի։ Ես խելագարի պես նետվեցի մոտակա բացատը և արկղը մտցրի գետի մեջ։ Սառը ջուրը աստիճանաբար կենդանացրեց չորս գորտերին, իսկ մյուս երեքն այնքան վատ էին զգում, որ նրանց այլևս չհաջողվեց փրկել։ Շուտով նրանք հոգիները փչեցին։ Այպիսով, ինձ մնացին երեք արու և մեկ էգ։ Եվ մնացած ճանապարհի ընթացքում ես ստիպված էի ամեն երկու֊երեք մղոնից հետո կանգնեցել բեռնատարը և գորտերի արկղը ընկղմել գետի մեջ, որպեսզի աշխուժացնեմ նրա բնակիչներին։ Միայն այս եղանակով կարողացա նրանց կենդանի հասցնել մեր գլխավոր ճամբարը։ Բայց երբ մենք տեղ հասանք, ես ստիպված եղա գլուխս կոտրել մի նոր անսպասելի խնդրի վրա։ Մազոտ գորտերը չէին կարողացել բարձր թռչել արկղի մեջ, ուստի և չէին ջարդել քթները, բայց փոխարենը նրանք փորձել էին մտնել արկղի անկյունները և այդպիսով հաջողացրել էին քերծել իրենց քթի ու շրթունքների ամբողջ մաշկը։ Սա մի իսկական դժբախտություն էր․ երբ գորտի քթի նուրբ մաշկը վնասվում է, այդ տեղում շատ շուտով առաջանում է վտանգավոր վերք, նա քայքայում է չորս կողմի մաշկը, ինչպես չարորակ խոց, և երբեմն քայքայում է ամբողջ քիթն ու վերին շուրթը։ Ստիպված եղանք նոր արկղ պատրաստել իմ մազոտ գերյալների համար։ Այս արկղը խոր չէր, բայց ներսի կողմից ամբողջությամբ պատեցի փափուկ կտորով, որի տակից բամբակ փռեցի։ Ստացվեց կատաղի խելագարների պալատի նման մի բան։ Այստեղ իմ մազոտ գորտերը իրենց զգում էին ինչպես տանը։ Այժմ նրանք կարող էին սրտներն ուզածի չափ ցատկել դեպի առաստաղը կամ էլ մխրճվել արկղի հատակը, չվնասելով մաշկը։ Ես նրանց պահում էի սովորականից ավելի պակաս խոնավության պայմաններում, և այս եղանակով ինձ հաջողվեց բուժել նրանց քերծված քթերը, բայց այնուամենայնիվ մաշկի վրա մնացին հազիվ նկատելի՝ սպիտակ սպիներ։
 
Երբ մենք, վերջապես, լքեցինք գլխավոր ճամբարը և ուղևորվեցինք ծովեզր, ուր ես պետք է նավ նստեի, այդ ճանապարհորդությունն իսկական մղձավանջ դուրս եկավ։ Աներևակայելի շոգ էր, և մազոտ գորտերով արկղը շատ արագ չորանում էր։ Ես փորձեցի այն պահել ջրով լի դույլի մեջ։ Բայց տեղի ճանապարհներն այնքան վատն էին, որ չէինք հասցնում կես մղոն էլ գնալ, երբ դույլի ամբողջ ջուրը թափվում էր մեքենայի ցնցումներից․ մնում էր միակ միջոցը․ մոտավորապես ամեն մի կես ժամը մեկ անգամ կանգնեցնել բեռնատար մեքենան որևէ աղբյուրի մոտ և մազոտ գորտերով արկղը մի լավ ջրել։ Սակայն, չնայած մեր բոլոր ջանքերին, մի գորտ ևս զոհվեց․ և նավի տախտակամածը բարձրացան միայն երեք մազոտ գորտ։ Ծովային սառը քամին շուտով կենդանացրեց նրանց, և գորտերն ասես շունչ առան, թեև շատ էին նիհարել իրենց կամավոր պասից։ Պաս պահեցին նրանք մինչև Անգլիա և էլի մի որոշ ժամանակ, երբ նրանց արդեն տեղավորեցինք Լոնդոնի կենդանաբանական այգում, սողունների բաժանմունքում։ Այնտեղի խնամակալը, ինչպես և ես՝ մինչ այդ, փորձեց նրանց հրապուրել ամեն տեսակ համեղ պատառներով, բայց գորտերը համառորեն շարունակում էին հրաժարվել ուտելուց։ Վերջապես մի անգամ նա վճռեց փորձել մի վերջին միջոցը։ Գորտերի վանդակը մտցրեց սպիտակ մկների, ավելի ճիշտ՝ նորածին վարդագույն մկնիկների, և, ի զարմանս նրա, գորտերը վրա տվին նրանց և վայրկենապես խժռեցին, ասես նորածին մկնիկները միշտ եղել էին նրանց սիրած կերակուրը։
 
Այդ օրվանից նրանք սնվում էին միայն մանր գազանիկներով, հրաժարվելով ամեն տեսակ իսկական գորտային կերից, ինչպիսին են, օրինակ, մորեխներն ու ալրաորդերը։ Իհարկե, չի կարելի պատկերացնել, որ ազատության մեջ նրանք բացառապես սնվում էին մկներով, ավելի շուտ մկները նրանց հիշեցնում են իրենց սովոր կերը։ Բայց թե դա ի՞նչ կեր է, մինչև օրս մնում է չլուծված գաղտնիք։
Ադմին, Վստահելի
1876
edits