Այդ օրվանից նրանք սնվում էին միայն մանր գազանիկներով, հրաժարվելով ամեն տեսակ իսկական գորտային կերից, ինչպիսին են, օրինակ, մորեխներն ու ալրաորդերը։ Իհարկե, չի կարելի պատկերացնել, որ ազատության մեջ նրանք բացառապես սնվում էին մկներով, ավելի շուտ մկները նրանց հիշեցնում են իրենց սովոր կերը։ Բայց թե դա ի՞նչ կեր է, մինչև օրս մնում է չլուծված գաղտնիք։
==Գլուխ վեցերորդ==
Օձերն ու շիլինգները
Խոտահավաքի տոնին Ֆոնի արտասանած ճառն ունեցավ զարմանալի և անմիջական ազդեցություն։ Հաջորդ օրը, ջանալով ազատվել գլխացավից, որով ինձ պարգևատրեցին Ֆոնի հետ խմելն ու դրան հաջորդող գորտերի որսը, ես պառկեցի մոտ երկու ժամ և մի քիչ քնեցի։ Հետո արթնացա և որոշեցի թեյ խմել (թերևս դա ինձ թարմացներ)․ մի կերպ վեր կացա մահճակալից ու քարշ եկա դեպի դուռը․ մտադրվելով պատշգամից գոռալ ցած, խոհանոց, որ թեյ բերեն։ Ես բացեցի դուռը և քարացա տարակուսանքից՝ արդյո՞ք դա երազ չէր։ Պատշգամբը լցված էր ամենաբազմազան պարկերով, արմավենու տերևներից պատրաստված զամբյուղներով ու կալեբասներով, և դրանք բոլորն էլ կամացուկ ցնցվում էին ու շարժվում․ բացի այդ, պատին հենված էին հինգ հատ երկար բամբուկե ձողեր, իսկ նրանց ծայրերին գալարվում էին պարաններով կապված կատաղի օձերը։ Այդ պահին իմ պատշգամբը ամենից շատ հիշեցնում էր տեղաբնակների շուկան․ սանդուղքի վերին աստիճանին պպզել էր Ջեյկոբը և դժգոհ նայում էր ինձ․
― Մասան արթնանալ, ― մռայլված ասաց նա, ― ինչո՞ւ մասան արթնանալ։
― Իսկ այդ ի՞նչ է այստեղ, ― հարցրի ես, ձեռքով ցույց տալով պարկերի և զամբյուղների կույտը։
― Որս, ― եղավ կարճ պատասխանը։
Ես զննեցի ձողերը․ հուսալի՞ են արդյոք կապված օձերը։
― Իսկ ով է այսքան որս բերել, ― հարցրի ես, փոքր֊ինչ ապշած այդպիսի առատությունից։
― Այս այդ մարդիկ բերեց, ― կարճ ու հասկանալի պատասխանեց Ջեյկոբը, ձեռքով ցույց տալով դեպի ետ, սանդուղքի կողմը։
Ես մոտեցա այն տեղին, ուր նա նստած էր, և տեսա, որ բոլոր յոթանասունհինգ աստիճաններն էլ, որոնք տանում էին դեպի իմ առանձնատունը, և դեռ ճանապարհի ոչ փոքր մասն էլ լեփ֊լեցուն են բաֆուտցիների խայտաբղետ ամբոխով, երկու սեռի և ամեն տարիքի։ Նրանք կլինեին մոտ հարյուր հիսուն հոգի, և բոլորն էլ նայում էին ինձ անշարժ, զարմանալիորեն լուռ ու խաղաղ։ Որպես կանոն, բավական է որ հինգ վեց աֆրիկացիներ հավաքվեն միասին, և նրանք ավելի մեծ աղմուկ կբարձրացնեն, քան աշխարհիս մի որևէ ուրիշ ժողովուրդ, իսկ հիմա այնպես էր թվում, որ այդ հսկայական բազմությունը կազմված էր միայն ու միայն խուլ ու համրերից։ Այնքան որ նրանք լուռ էին։ Այդ հակաբնական լռությունից ես նույնիսկ սարսափեցի։
― Ի՞նչ է նրանց պատահել, ― հարցրի ես Ջեյկոբին։
― Սը՞ր։
― Ինչո՞ւ են նրանք բոլորը լռում։
― Հա՜, ― վերջապես Ջեյկոբը հասկացավ, թե ինչ եմ նրանից ուզում։
― Ես նրանց ասել, որ մասա քնել։
Սա բազմաթիվ դեպքերից առաջինն էր, երբ ես համոզվեցի, թե որքան քաղաքավարի ու բարեկիրթ են Բաֆուտի մարդիկ։
Պարզվում է, որ նրանք այստեղ, կիզիչ արևի տակ, սպասել են գրեթե երկու ժամ, զսպելով իրենց բնական, ծայրաստիճան աշխուժությունը, որ չխանգարեն իմ քունը։
― Իսկ ինչու դու ինձ ավելի շուտ չարթնացրիր, ― հանդիմանեցի ես Ջեյկոբին, ― մի՞թե դու չգիտես, որ որսի համար լավ չէ այդքան երկար սպասելը։
― Այո, սըր։ Ներեցեք, սըր։
― Դե լավ, արի տեսնենք, թե ինչ են նրանք բերել։
Ես վերցրի ամենամոտիկ զամբյուղը և նայեցի ներսը, այնտեղ կային հինգ մկներ՝ բաց դեղնավուն մորթով, ճերմակափոր ու երկար պոչով։ Ես զամբյուղը տվի Ջեյկոբին, նա տարավ սանդուղքի առաջին աստիճանի մոտ և բարձրացրեց գլխից վեր։
― Ո՞վ բերել այս որս, ― բղավեց նա։
― Այդ ես բերել, ―ծակող ձայնով արձագանքեց մի պառավ կին։ Նա դժվարությամբ անցավ ամբոխի միջով, բարձրացավ պատշգամբ, մոլեգին սակարկեց ինձ հետ մի հինգ րոպե, հետո բռունցքի մեջ սեղմեց դրամը և սկսեց ճանապարհ բացել դեպի ցած։
Հաջորդ զամբյուղի մեջ նստել էին երկու փոքրիկ, հիանալի բվեճներ։ Նրանց փետուրները բծավոր էին, սև ու մոխրագույն, իսկ աչքերը բոլորված էին միանգամայն սպիտակ շրջանակներով՝ երիզված նուրբ սև գույնով։ Թվում էր, թե նրանք հագել են եղջերյա մեծ ակնոցներ։ Ինձ տեսնելով, նրանք կտուցները չրխկացրին և երկար թարթիչները իջեցրին կատաղի ու ոսկեգույն աչքերի վրա։ Ես փորձեցի նրանց հանել զամբյուղից, բայց այստեղ նրանք բարձր ճիչերով շրջվեցին մեջքների վրա և հսկայական ճանկերը ցցեցին առաջ։ Ըստ էության դրանք ոչ թե բվեճներ էին, այլ նրանց ձագերը, տեղ֊տեղ նրանց վրայից դեռ չէր թափվել աղվամազը, որը բամբակ էր հիշեցնում, և թվում էր, թե նրանք ընկել էին առատ ձյունի տակ։ Ամբողջ կյանքումս ես չեմ կարողացել անտարբեր նայել բվերին, իսկ այս երկու պստիկները ուղղակի սքանչելի էին։ Դրանք սպիտակադեմ քնկոտներ էին, ես դեռ այդպիսիք երբեք չէի ունեցել և, իհարկե, չէի կարող դրանց չգնել։
Իմ հաջորդ գնումը սկյուռիկ էր, որի պատճառով մեծ իրարանցում սկսվեց։ Նա նստել էր արմավենու տերևներից հյուսված զամբյուղի մեջ, և հազիվ էի ես նայել նրան, երբ սկյուռը գնդակի նման դուրս թռավ, կծեց ձեռքս և պատշգամբով մի կողմ նետվեց։ Ջեյկոբը վազեց նրա ետևից և արդեն հասնում էր փախստականին, բայց հանկարծ սկյուռը խաբս տվեց և աստիճաններով սլացավ ցած, հմտորեն խուսանավելով տասնյակ զույգ սև ոտքերի արանքում։ Աննկարագրելի աղմուկ֊աղաղակ բարձրացավ․ նրանք, ովքեր կանգնած էին վերին աստիճանների վրա, վեր թռան, զգալով գազանիկին իրենց ոտքերի տակ, կորցրին հավասարակշռությունը և ընկան նրանց վրա, ովքեր կանգնած էին ներքևում։ Սրանք իրենց հերթին ընկան մյուսների վրա, ովքեր կանգնած էին ավելի ներքևում, իսկ սրանք արդեն գլորվեցին ցած, ինչպես խոտը գերանդու տակ։ Մի քանի վայրկյանում սանդուղքը լցվեց իրար խառնված, շարժվող մարմիններով, այս ու այնտեղ դուրս էին ցցվում ոտք ու ձեռք, տնկվելով ամենաանհավանական անկյունների տակ։
Ես համոզված էի, որ այս մարդկային հեղեղը կճզմի չարաբաստիկ սկյուռին, բայց ի զարմանս իմ, նա հայտնվեց սանդուղքի ամենավերջին աստիճանին, ողջ ու առողջ, անվնաս, երկու անգամ պոչը թափահարեց և կայտառ քայլով ճամփա ընկավ, իր հետևում թոնելով մի պատկեր, որ հիշեցնում էր Օդեսայում աստիճանների վրա տեղի ունեցած ջարդը՝ « Պոտյոմկին զրահանավը» ֆիլմից, միայն նեգրական տարբերակով։ Իսկ ես, սանդուղքի վերին աստիճանին կանգնած, կատաղությունից ինձ ուտում էի և իզուր փորձում էի ճեղքել սև մարմինների բազմությունը․ ախր սկյուռը հազվագյուտ տեսակի էր, և չէր կարելի նրան ձեռքից բաց թողնել։ Աստիճանների մեջտեղում ինչ֊որ մեկը դիպավ ոտքիս, և ես փլվեցի մեծ ու փափուկ մարմնի վրա, դատելով մի քանի մանրամասներից, որոնք ես կարողացա տեսնել, մարմինը կանացի էր։ Մեծ դժվարությամբ կարողացա ոտքի կանգնել, հուսահատ նայեցի ցած, ճանապարհին, և՛ օ՜, ուրախություն, այնտեղով մեր կողմն էին գալիս երկու տասնյակ երիտասարդ բաֆուտցիներ։ Նրանք նկատեցին սկյուռին և քարացած կանգ առան, իսկ սկյուռը, տեսնելով նրանց, նստեց և սկսեց կասկածամտորեն հոտոտել օդը։
― Է՜յ, ― գոռացի ես, ― դուք, այնտեղ, ճանապարհի վրա․․․ բռնեցեք այդ սկյուռին։
Երիտասարդները ցած դրին իրենց կապոցները և վճռականորեն շարժվեցին դեպի սկյուռը, բայց նա մի հայացք գցեց դրանց կողմը, շրջվեց ու ծլկեց։ Նրանք վազեցին սկյուռի հետևից, և յուրաքանչյուրը, երևի, որոշել էր, թե հենց ինքը պետք է բռնի փախստականին։ Սկյուռը փախչում էր ամբողջ ուժով, բայց ո՞նց կարող էր նա փախչել այդպիսի երկարաոտն հետապնդողներից։ Նրանք վազում էին միացյալ խմբով, ուս֊ուսի, նրանց դեմքերը խիստ էին ու վճռական։ Շուտով նրանք հավասարվեցին սկյուռին, և այստեղ նրանք, ի սարսափ իմ, բոլորը միանգամից հարձակվեցին թանկարժեք որսի վրա, ու նորից սկյուռն անհետացավ օրորվող սև մարմինների կույտի մեջ։ «Դե, հիմա արդեն խեղճին անպայման կտրորեն», ― մտածեցի ես, սակայն սկյուռը չափազանց կենսունակ գտնվեց։ Երբ «կույտը» ճամփի վրա փոքր֊ինչ ուշքի եկավ, մի տղա վեր կացավ, վզից բռնած վեր բարձրացրեց բարձր ճղճղացող ու շնչահեղձ լինող սկյուռին։
― Մասա՜, ― բղավեց նա և լայն ժպտաց։ ― Ես նրան բռնել։
Ես պարկը ցած նետեցի, որ գազանիկին մտցնի այնտեղ, հետո բոլորը, ովքեր կանգնած էին աստիճանների վրա, սկսեցին ձեռքից֊ձեռք փոխանցել սկյուռիկին, և վերջապես նա հասավ ինձ․ ես շտապեցի գերյալին դնել պարկի մեջ՝ արագ զննեցի նրան և համոզվեցի, որ բոլորովին չի տուժել, միայն տրամադրությունն էր փչացել։ Դա մի սևականջ սկյուռ էր, թերևս, ամենագեղեցիկը կամերունյան բոլոր սկյուռներից։ Նրա մեջքը մուգ ձիթապտղի գույն ուներ, իսկ փորը՝ վառ նարնջա֊դեղին։ Կողքերից, ուսերից մինչև հետույքը, ձգվում էր սպիտակ բծերի շղթայիկը, իսկ ականջները բոլորագծված էին սև մազափնջով, և գազանիկի տեսքն այնպիսին էր, ասես երբեք ականջները չէր լվանում։ Բայց, իհարկե, ամենագեղեցիկն այդ փափուկ մարմնի մեջ՝ երկար ու արտակարգ շքեղ պոչն էր, որը վերևից կանաչա֊շագանակագույն էր, գծավոր, իսկ հակառակ կողմը՝ վառ նարնջագույն էր, ուղղակի կրակի գույն։ Երբ սկյուռը հայտնվեց վանդակում, նա երկու անգամ ինձ վրա թափահարեց իր շլացուցիչ պոչը, հետո նստեց ու զբաղվեց մի անհետաձգելի գործով՝ սկսեց խժռել մանգոյի պտուղը, որ ես դրել էի նրա համար։ Ես հաճույքով էի նայում նրան ու մտածում․ ի՜նչ երջանկություն է, որ նա հրաշքով կենդանի մնաց այդ ամբողջ իրարանցման մեջ, և ինչ լավ է, որ ես այնուամենայնիվ նորից տիրացա նրան։ Եթե ես այն ժամանակ իմանայի, թե դեռ որքա՜ն հոգսեր է ինձ պատճառելու, հազիվ թե այդքան ուրախանայի։
Հետո ես նորից զբաղվեցի ամենատարբեր պարկերով ու զամբյուղներով, որոնցով լեփ֊լեցուն էր պատշգամբը, և ձեռքս վերցրի առաջին պատահած, բավական մեծ կալեբասը։ Ինչպես միշտ, նրա բերանը փակված էր ամուր փաթաթած կանաչ տերևների փնջով, ես հանեցի խցանը և նայեցի ներս, բայց կալեբասը բավական մեծ էր, և ես ոչինչ չտեսա նրա մութ հատկին։ Ես այն տարա սանդուղքի գլուխը և բարձր պահեցի․
― Ո՞ւր է այն մարդը, որը բերել է այս կալեբասը, ― հարցրի ես։
― Ես այստեղ եմ, սըր, ― լսվեց բացականչությունը սանդուղքի մի ինչ֊որ մասից։
Ինձ միշտ զարմացրել է, որ աֆրիկացիները կարողանում են իրենց կալեբասը տարբերել հարյուրավոր այլ կալեբասների մեջ։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում դրանց տարբերությունն զգալ։ Մի՞թե միայն չափերի մեջ էր գաղտնիքը․ բայց յուրաքանչյուր աֆրիկացի վայրկենաբար կճանաչի իր ամանը և մեկ ուրիշի հետ չի շփոթի։
― Իսկ ի՞նչ որս ունես դու այնտեղ, ― հարցրեցի ես, պահելով կալեբասի բկի շուրջը փաթաթված թոկից և դանդաղ ճոճելով այն։
― Օձ, սըր, ― եղավ պատասխանը, և ես անմիջապես կանաչ խցանը մտցրի նորից տեղը։
― Իսկ ինչ օձ է, բարեկամս։
― Հերա, սըր։
Ես նայեցի տեղական անունների իմ ցուցակը, գտա, որ դա նշանակում է «անտառային կանաչ իժ»։ Այս գեղեցիկ օձերը լայնորեն տարածված են Բաֆուտում, ես արդեն դրանցից մի քանի հատ ունեի։ Նրանց երկարությունը տասնութական դյույմ էր, գույները՝ գեղեցիկ, մեջքը արտակարգ վառ, կանաչ, ինչպես խոտը, փորը՝ դեղնա֊ծիրանավուն, իսկ կողքերից՝ լայն ու սպիտակ զոլեր։ Ես կալեբասը տարա այնտեղ, ուր դրված էր մի տափակ արկղ, որը վերևից ծածկված էր թանզիֆով (այնտեղ ապրում էին մյուս իժերը), որ նորեկին էլ գցեմ նրանց մոտ։ Պետք է ասել, որ օձին կալեբասից վանդակի մեջ գցելը բարդ գործ չէ, եթե, իհարկե, պահպանեք երկու֊երեք հասարակ կանոններ։ Առաջինը, համոզվիր, որ վանդակի բոլոր բնակիչները գտնվում են դռնակից հեռու։ Ես այդ արեցի։ Երկրորդը․ նախքան օձին կալեբասից դուրս բերելը, պարզիր՝ մենա՞կ է նա այնտեղ։
Ահա այս էր, որ ես չարեցի։
Ես բացեցի վանդակի դռնակը, հանեցի կալեբասի խցանը և սկսեցի զգուշորեն թափահարել այն․ երբեմն օձին թափահարելով կալեբասից հանելը շատ երկար է տևում։ Պատահում է, որ նա կծկվում ու սեղմվում է ամանի պատին, և այնժամ նրան տեղից շարժելը շատ է դժվարանում։ Իմ ետևում կանգնած էր Ջեյկոբը և ծանր շնչում էր ուղղակի ծոծրակիս վրա․ իսկ նրա հետևում հոծ պատի նման խռնվել էին աֆրիկացիները և, բերանները բացած, հետևում էին իմ յուրաքանչյուր շարժմանը։ Ես ավելի ամուր թափահարեցի կալեբասը, դարձյալ ոչինչ չստացվեց։ Կյանքումս չէի տեսել այնպիսի իժ, որն այդքան ամուր կառչած լիներ իր բանտին։ Վերջապես զայրացա, ամբողջ ուժով թափահարեցի կալեբասը, և նա անմիջապես երկու կես եղավ։ Վանդակի վրա սարսափելի հարվածով թափվեց խճճված մի կծիկ՝ կես դյուժին մեծ և ուժեղ կատաղի օձեր։
Նրանք այնպիսի ամուր և հսկայական կծիկ էին կազմել, որ չէին մտնում վանդակի մեջ վերին անցքից, այլ խրվել մնացել էին։ Եվ ես չկարողացա դուռը փակել։ Հետո արտակարգ նազանքով, որը ես չհասցրի գնահատել ըստ արժանվույն (դրա ժամանակը չունեի), նրանք իրարից անջատվեցին և վճռականորեն սողացին դռնակի եզրով դեպի հատակը։ Այստեղ իժերը կիսաշրջան կազմեցին, ինչպես զինվերներ, որոնք սպասում էին միայն հարձակման հրամանի, և շարժվեցին մեզ վրա։ Ջեյկոբն ու բաֆուտցիները, որ խռնվել էին նրա հետևում, մի ակնթարթում անհետացան, ասես կախարդական գավազանի շարժումով։ Եվ դժվար էր դրա համար նրանց մեղադրել, չէ՞ որ նրանք բոլորը բոկոտն էին։ Բայց իմ հագուստը ևս ոչ մի կերպ պիտանի չէր այն բանի համար, որ սիրաբանեի իժերի հետ։ Եվ դեռ ավելին, իմ միակ զենքը կոտրված կալեբասի երկու կեսերն էին՝ ոչ այնքան հարմար զենք օձերի հետ վարվելու համար։ Դրա համար էլ ես պատշգամբը թողեցի նրանց տրամադրության տակ և նետվեցի դեպի ննջարանս։ Այնտեղ մի փայտ գտա և վերադարձա պատշգամբ։ Այժմ օձերը սողացել էին չորս կողմը, և հիմա արդեն դժվար չէր մեկ֊մեկ նրանց քշել անկյունը, ամեն մեկին փայտով սեղմել հատակին և հետո արդեն բռնել։ Մեկը մյուսի հետևից ես նրանց հավաքեցի վանդակի մեջ և, թեթևացած շունչ քաշելով, ծածկեցի ու փակեցի դռնակը։ Բաֆուտցիները նորից հայտնվեցին պատշգամբում նույնքան անսպասելի, ինչպես որ անհետացել էին, նրանք բոլորը շատախոսում էին, ծիծաղում և շրխկացնում մատները, պատմելով իրար, թե ինչ սարսափելի վտանգ էր իրենց սպառնում։ Ես խստորեն նայեցի նրան, ով բերել էր օձերին։
― Դու, ― ասացի ես, ― ինչու ինձ չասացիր, որ կալեբասում այսքան շատ օձ կա։
― Ո՜ւխ, ― զարմացավ նա, ― ես բոլորն ասել, մասա, ես ասել մասա, ես ասել, որ այնտեղ ներսում օձ։
― Օձ, այո՛, մեկ օձ։ Բայց դու չասացիր, որ այնտեղ վեց օձ կա։
― Ես ասել մասա, այնտեղ ներսում օձ կա, ― զայրացած կրկնեց նա։
― Չէ՞ որ ես հարցրի, թե ինչ որս ես դու բերել, ― համբերատարությամբ բացատրեցի ես, ― և դու ասացիր «օձ», դու չասացիր «վեց օձ»։ Ես որտեղից իմանամ, թե քանիսն են այնտեղ։ Դու, երևի, կարծում ես, թե ես կախարդ եմ ու հենց որ նայեմ կալեբասի մեջ, իսկույն կտեսնեմ, թե դու քանի օձ ես բերել։
― Հիմար մարդ, ― իր խոսքն ասաց Ջեյկոբը։ ― Այ մի ժամանակ օձը կծել մասա և մասա մեռնել։ Ու դու այն ժամանակ ի՞նչ անել, հա՞։
Այստեղ ես հարձակվեցի Ջեյկոբի վրա։
― Բայց չէ՞ որ դու էլ էիր փայլում քո բացակայությամբ, որքան ես նկատեցի, օ, ազնի՜վ ասպետ։
― Այո, սըր, ― ժպիտից փայլելով, պատասխանեց Ջեյկոբը։
Արդեն ուշ գիշեր էր, երբ ես վճարեցի վերջին որսորդին և, վերջապես, մենակ մնացի աներևակայելիորեն խայտաբղետ կենդանիների հավաքածուն ձեռքիս։ Մինչև գիշերվա երեքը նրանց տեղավորում էի վանդակներում, և դեռ այդքանից հետո էլ հինգ հատ մեծ առնետ մնացին անտուն, իսկ ես պահեստում չունեի և ոչ մի արկղ, որ պիտանի լիներ վանդակի համար։ Կամա թե ակամա ստիպված էի նրանց թողնել ուղղակի իմ ննջարանի հատակի վրա, և այստեղ նրանք անցկացրեցին ամբողջ գիշերը, ջանալով կրծել սեղանի ոտքը։
Առավոտյան վեր կացա, մաքրեցի վանդակները, կերակրեցի իմ արդեն բավական պատկառելի գազանանոցը և մտածեցի, որ այսօր երևի նոր բնակիչներ չեմ ստանա, բայց սխալվեցի։ Բաֆուտցիները, երևի, իրենց ամբողջ հոգին դրել էին այն խնդրի կատարման համար, որ նրանց առջև դրել էր Ֆոնը․ որքան հնարավոր է շատ ու տարբեր գազաններ բերել ինձ․ առավոտյան ժամը 10֊ին ճանապարհը և սանդուղքի բոլոր յոթանասունհինգ աստիճանները սևին էին տալիս, այնքան մարդ էր հավաքվել։ Ի՜նչ կարող էի անել, ստիպված էի նորից գնելու ամեն տեսակ կենդանիներ։ Ցերեկվա ժամը մեկին պարզվեց, որ կենդանիների հոսքը դեռ շատ պիտի տևի, իսկ փայտի ու արկղների պաշարներս՝ վերջացել էին․ ստիպված եղա վարձել մի խումբ տղաների ու նրանց հանձնարարեցի վազել Բաֆուտով մեկ ու ամեն տեսակ տախտակներ գնել արկղների համար, ինչ որ աչքերն ընկնի։ Դրա համար ստիպված եղա չլսված փողեր վճարել՝ աֆրիկացիների մոտ ցանկացած ամանը, լինի դա շիշ, թե հին թիթեղե տուփ, թե արկղ, գնահատվում էին գրեթե ոսկու պես։
Ցերեկվա ժամը չորսին ես և իմ օգնականները բոլորովին հալից ընկանք, մեզ կծել էին տարբեր տեղերից այնքան բազմատեսակ գազաններ ու գազանիկներ, որ մենք արդեն դադարեցինք նկատել նոր խայթոցները։ Իմ առանձնատունը լեփ֊լեցուն էր ամեն տեսակ արարածներով, դրանք ծվծվում ու գռմռում, թխթխկացնում ու որոտում էին իրենց կալեբասների մեջ, զամբյուղներում ու պարկերում, իսկ մենք այդ ընթացքում տենդագին շտապողականությամբ նրանց համար վանդակներ էինք մեխում։ Մի խոսքով, դա այն օրերից մեկն էր, որպիսիք ավելի լավ է մոռանալ։ Կեսգիշերի մոտ մենք այնքան էինք տանջվել, որ հազիվ էինք կանգնում ոտքի վրա, աչքներս փակվում էին, իսկ առջևում դեռ տասնյակ արկղներ պիտի մեխեինք։ Մի մեծ թեյնիկ թեյը՝ մեջը առատորեն վիսկի լցրած, փոքր֊ինչ կայտառացրեց մեզ, ու տենդագին ոգևորությամբ շարունակեցինք մեր գործը, և վերջապես, գիշերվա երեքի կեսին, խփեցինք վերջին մեխը և իր տեղը դրեցինք վերջին գազանիկին։ Ես մտա անկողին և սարսափով հիշեցի, որ առավոտյան պետք է արթնանամ ժամը 6-ին, այլապես չեմ հասցնի մաքրել վանդակները և կերակրել գազաններին, նախքան իմ գլխին կթափվեն նորերը։
Հաջորդ օրը, եթե կարելի է այդպես ասել, թերևս, նախորդից ավելի դժվարին օր էր, որովհետև բաֆուտցիները ավելի շուտ եկան, քան ես կարողացա կարգի բերել իմ գազանանոցը։ Պատկերացրեք այսպիսի մի տեսարան․ ես աշխատում եմ արագ մաքրել վանդակները և կերակրել մի քանի տասնյակ կենդանիների, իսկ մի երեք տասնյակ գազանիկներ այդ միջոցին առանց օդի խեղդվում են ինչ֊որ կեղտոտ պարկի կամ կալեբասի մեջ և ուշադրություն են պահանջում․ ակամա կսկսես հուզվել։ Ես խեթ֊խեթ նայեցի պատշգամբում անընդհատ աճող կալեբասների ու զամբյուղների կույտին, և ինձ թվաց, թե վանդակների քանակը, որոնք դեռ պետք է կերակրեի, անընդհատ ավելանում էր, աճում․․․ Վերջապես ես հասկացա, թե ինչ զգացած կլիներ Հերկուլեսը, երբ առաջին անգամ տեսավ ավգյան ախոռները։
Աշխատանքս ավարտելով, ես չսկսեցի անմիջապես նոր կենդանիներ գնել, այլ նախ բարձրացա սանդուղքի վերին աստիճանին և խոսքս ուղղեցի, բոլոր բաֆուտցիներին։ Վերջին երկու օրում ինձ համար շատ որս եք բերել, ամենատարբեր կազմվածքի չափի ու տեսակի, ― ասացի ես։ Սա ապացուցում է, որ բաֆուտցիները, անկասկած, լավագույնն են բոլոր որսորդներից, որոնց ինձ հաջողվել է հանդիպել, և ես նրանց սրտանց շնորհակալ եմ։ Սակայն, ― շարունակեցի ես, ― ամեն ինչ սահման ունի, նրանք երևի, իրենք էլ չեն հասկանում, որ ես չեմ կարող անվերջ որս գնել, ես դրանց այլևս չգիտեմ ինչ անեմ։ Ուստի, շատ ուրախ կլինեմ, եթե նրանք մի քանի օր, ասենք, մի երեք օր, որս չանեն, իսկ ես այդ ընթացքում մի քանի արկղ էլ կմեխեմ և կեր կճարեմ կենդանիների համար։ Ինչ իմաստ ունի կենդանիներ գնելը, ― նկատեցի ես, ― եթե դրանք պետք է ոչնչանան այն պատճառով, որ նրանց չենք կարող տեղավորել, դա կլինի անտեղի փող ծախսել։ Պետք է ասել, որ աֆրիկացիները շատ գործնական մարդիկ են, և իմ այդ խոսքերից ամբոխն ասես ալեկոծվեց, բոլորը գլխով արին, և լսվեց համերաշխ «Ա՜, ա՜, ա՜»֊ն։ Այժմ, երբ նրանք ամեն ինչ հասկացան, ինձ (ինչպես ես հույս ունեի) թեկուզ երեք օր դադար կտան, ես գնեցի բոլոր կենդանիներին, որ բերել էին, և սկսեցի վանդակներ պատրաստել։
Ժամը չորսին վերջացրի վանդակներ պատրաստելը, և կարելի էր հանգստանալ, մի բաժակ թեյ խմել։ Հենվեցի պատշգամբի բազիրքին և հենց այդ պահին, ներքևում, կարմիր աղյուսե կամարի տակ դուռը բացվեց և հայտնվեց Ֆոնը։ Լայն քայլերով, նա հսկայական բակով ուղղվեց իմ կողմը, նրա հագուստը ծփում ու խշխշում էր քայլելիս։ Ֆոնը մտահոգ խոժոռված էր և ինչ֊որ բան էր փնթփնթում քթի տակ։ Անկասկած, նա ինձ այցելության էր գալիս, ու ես աստիճաններով իջա նրան ընդառաջ։
― Ես քեզ տեսա, բարեկամս, ― ասացի ես հարգալից։
― Բարեկա՜մս, ― բացականչեց Ֆոնը տիրանալով ձեռքիս և հուզված նայելով դեմքիս։ ― Մի մարդ ինձ ասաց, որ դու էլ չգնել որս, դա ճի՞շտ է։
― Ո՛չ, այդպես չէ, ― պատասխանեցի ես։
― Ա՜, լավ, ― ասաց նա թեթևացած։ ― Պատահում է, որ ես վախենալ, հանկարծ դու գնել արդեն շատ որս և շուտով թողնել ինձ։
― Ո՛չ, ո՛չ, ― առարկեցի ես և բացատրեցի։ ― Բաֆուտի մարդիկ շատ լավ որսորդներ են, և նրանք ինձ այնքան որս են բերել, որ իմ վանդակներն այլևս չեն բավականացնում։ Դե ես էլ բոլորին ասացի, թող երեք օր դադարեն որս անել․ և ես այդ ընթացքում վանդակներ կսարքեմ նոր որսի համար։
― Հը՜մ, ես հասկանալ, ― ասաց Ֆոնը, սիրալիր ժպտալով, ― իսկ ես մտածել, թե դու շուտով գնալ մեզանից։
― Ո՛չ, ես առայժմ մտադիր չեմ մեկնել Բաֆուտից։
Ֆոնը կասկածանքով նայեց շուրջը (հո մոտերքում կողմնակի մարդ չկա), հետո քնքշությամբ մի ձեռքով գրկեց ուսս և քարշ տվեց դեպի ճանապարհը։
― Բարեկամս, ― ասաց նա խռպոտ շշուկով, ― ես քեզ որս գտնել։ Այո՛, հիանալի որս, դու այդպիսին երբեք չունենաս։
― Իսկ դա ինչ որս է, ― հետաքրքրվեցի ես։
― Այսպիսի որսը քեզ շատ դուր գա, ― չափից դուրս համոզիչ բացատրեց Ֆոնը։ ― Հիմա մենք կգնանք և նրան բռնել, հա՞։
― Իսկ դու դեռ չե՞ս որսացել։
― Ոչ, բարեկամս, բայց ես գիտենալ, թե որ կողմում է նա թաքնվում։
― Լավ․ կգնանք նրան կփնտրենք հենց հիմա, հա՞։
Ֆոնն անհամբերությամբ ինձ տարավ ամբողջ բակի միջով, հետո նեղ անցումների լաբիրինթոսով, և, վերջապես, մենք հայտնվեցինք մի փոքրիկ խրճիթի առջև։
― Դու ինձ այստեղ սպասել քիչ ժամանակ, բարեկամս, ես շուտով կգա, ― ասաց ուղեկիցս և մխրճվեց խրճիթի խավարում։
Ես սպասում էի դրսում և չէի հասկանում, թե այդ ուր գնաց նա և ինչ որս է ինձ համար հնարել։ Նրա տեսքն այնքան խորհրդավոր էր, որ հետաքրքրասիրությունից այրվում էի։
Շուտով նա նորից հայտնվեց․ և ես նրան անմիջապես չճանաչեցի։ Բաֆուտի Ֆոնը հանել էր իր բոլոր հագուստները, նույնիսկ գլխարկը և սանդալները, նրա վրա ոչինչ չկար, բացի փոքրիկ անբասիր սպիտակ ազդրակապից։ Ձեռքում բռնել էր երկար, բարակ տեգ․ նրա սլացիկ, մկանուտ մարմինը փայլում էր օծայուղից, ոտքերը բոբիկ էին։ Ֆոնը մոտեցավ ինձ, պտտելով տեգը, ինչպես իսկական որսորդ և բավականությունից փայլեց, երբ որ տեսավ, թե ինչպես եմ ես զարմացել։
― Դու քեզ ստացավ ևս մեկ որսորդ, ― ծիծաղելով բացատրեց նա։ ― Հիմա ինձ էլ կարելի է կոչել Բաֆուտի Քերծե, չէ՞։
Ես համոզված եմ, որ այս որսորդը ամենալավը կլինի, ― ասացի ես և ժպտացի նրան։
― Ես լավ որս անել, ― ասաց Ֆոնը։ ― Իմ մարդիկ գուցե մտածել, որ ես արդեն շատ ծեր, պիտանի չեմ որսի համար։ Միայն, բարեկամս, եթե մարդ հավատարիմ աչք ունի, հավատարիմ քիթ և հավատարիմ հոգի, նա երբեք այնպես ծեր չդառնալ, որ որսի չգնալ, այդպես չէ՞։
― Դու ճիշտ ես ասում, բարեկամս, ― հաստատեցի ես։ Ֆոնը ինձ դուրս բերեց գավթից, և մենք գնացինք մոտ կես մղոն ճանապարհով, հետո մայիսի դաշտերի միջով թեքվեցինք մի արահետ։ Ֆոնը քայլում էր արագ, պտտում էր տեգը և քթի տակ ինչ֊որ երգ մռմռում։ Ժամանակ առ ժամանակ նա շրջվում էր իմ կողմը, և նրա դեմքը ճառագում էր ուրախ, պայծառ, բոլորովին տղայական ժպիտով։ Շուտով հրաժեշտ տվինք դաշտերին, անցանք մութ, խորհրդավոր տերևների շրշյունով լի միմբոյի արմավենիների պուրակի միջով և սկսեցինք բարձրանալ բլուրի ոսկեզօծ լանջերով։ Երբ մենք հասանք գագաթին, Ֆոնը կանգ առավ, թափով տեգը խրեց հողի մեջ, ձեռքերը խաչեց կրծքին և նայեց շուրջը։ Ես մի փոքր ավելի շուտ էի կանգնել, չհասած գագաթին՝ նկատել էի ինչ֊որ խեցիների, շատ նուրբ գույներով։ Իսկ երբ բարձրացա Ֆոնի մոտ, նա կանգնել էր անշարժ ու հմայվածի պես նայում էր ցած, ոչինչ չնկատելով շուրջը։
Վերջապես նա խոր շունչ քաշեց, շրջվեց դեպի ինձ և, ժպտալով, ձեռքերը լայն տարածեց․
― Ահա իմ երկիր, ― ասաց նա։ ― Շատ գեղեցիկ այս երկիր։
Ես գլխով արի՝ ի նշան համաձայնության, և մենք մի քանի րոպե լուռ հիանում էինք մեր հայացքի առջև բացված լայնարձակությամբ։ Ներքևում փռված էր փոքրիկ դաշտերի խճանկարը՝ կանաչ, արծաթե, բաց֊շագանակագույն, այս ու այնտեղ երևում էին միմբոյի արմավենու պուրակները․ երբեմն էլ կարմրին էին տալիս ժանգա֊կարմիր հողի նոր փորված պատառիկները։ Այս անկյունը, որի վրա աշխատել էին մարդկային ձեռքերը, ասես վառ ու խայտաբղետ թաշկինակ լիներ, որ փռել էին այստեղ ու մոռացել, իսկ ամեն կողմից քարացած օվկիանոսի ալիքների նման կախվել էին լեռները, մայր մտնող արևը ոսկեզօծել էր կատարները, իսկ հարթավայրերի վրա ստվերներ էր գցել։ Ֆոնը դանդաղ դիտում էր շուրջը, և նրա դեմքն արտահայտում էր ինչ֊որ տարօրինակ քնքշության ու մանկական հրճվանքի մի խառնուրդ։ Նա կրկին հոգոց հանեց, խորը, անկեղծ բավականությամբ։
― Գեղեցի՜կ է, ― մրմնջաց նա։ Հետո դուրս քաշեց իր տեգը հողից և տարավ ինձ ցած, մի նոր հարթավայր, շարունակելով կամաց երգել քթի տակ։
Ոչ շատ խոր, հարթ հովիտը ամբողջովին լցված էր ցածրիկ, վտիտ ծառերով, որոնց բարձրությունը չէր անցնում տասը ոտնաչափից։ Ծառերի մի մասը չէր երևում․ նրանք պարուրված էին պատատուկների լայն թիկնոցով և նմանվում էին թրթռացող տերևների և փղոսկրի նման դեղնավուն ծաղիկներով ծածկված գետնահակ աշտարակների։
Հովիտն ասես ներծծել էր իր մեջ ամբողջ երկարատև օրվա արևի լույսը, և տաք օդը այստեղ հագեցած էր ծաղիկների ու տերևների քաղցր բույրով։ Ծաղիկների վրա վխտում էին ու քնաթաթախ, բեկբեկուն բզզում հազարավոր մեղուներ։ Ինչ֊որ մի փոքրիկ թռչնակ զրնգուն երգում էր իր ուրախ երգը ու հանկարծ լռում։ Այժմ արդեն լուռ էր, միայն լսվում էր մեղուների աղոտ բզզոցը, երբ նրանք կույտերով խմբվում էին ծառերի շուրջը կամ մտնում գալարախոտի թավշե միջուկի մեջ։ Ֆոնը մի րոպե նայեց ծառերին, հետո խոտի վրայով զգույշ շարժվեց դեպի ավելի հարմար դիտակետ, որտեղից, գալարախոտի խիտ ցանցի միջից, այնուամենայնիվ կարելի էր տեսնել ծառերը։
― Դե հենց այստեղ մենք կտեսնենք որս, ― շշնջաց նա և ցույց տվեց ծառը։ ― Մենք հիմա նստել և սպասել մի քիչ ժամանակ։
Նա պպզեց և քարացավ, հանգստանալով, ես նստեցի նրա կողքին։ Սկզբում իմ ուշադրությունը միանման գրավում էին և՛ անտառը, և՛ իմ ուղեկիցը։ Բայց ծառերի մեջ չէր նկատվում և ոչ մի կենդանի արարած, ու ես սկսեցի նայել Ֆոնին։ Նա նստել էր անշարժ, հսկայական ձեռքում սեղմելով տեգը, որի մի ծայրը խրել էր գետնի մեջ․ նրա դեմքին կարդացվում էր անհանգիստ սպասումը, ինչպես երեխան թատրոնում սպասում է, թե երբ է բարձրանալու վարագույրը։ Երբ նա Բաֆուտում դուրս եկավ այն փոքրիկ ու մութ խրճիթից, թվաց, թե այնտեղ թողել էր ոչ միայն իր հագուստները և արքայական զարդերը, այլև իր արքայական կեցվածքը, առանց որի ես առաջ նրան չէի կարող պատկերացնել։ Իսկ այստեղ, իմ կողքին, այս լուռ, տաք հովտում, տեգը ձեռքին, ինձ մոտ նստած էր ընդամենը մի որսորդ ևս։ Նրա փայլուն ու սև աչքերն անթարթ հետևում էին ծառերին, հետապնդելով գազանին, որը ուր որ է պիտի երևար։ Բայց որքան շատ էի նրան նայում, այնքան պարզ էի հասկանում՝ ո՛չ, նա սոսկ սովորական որսորդ չէ, նա ինչ֊որ բանով տարբերվում է մյուսներից, բայց թե ինչո՞վ ― ես դա անմիջապես չհասկացա։ Հետո գլխի ընկա, որ ամեն մի սովորական որսորդ կնստեր ճիշտ այսպես, համբերատար սպասելով գազանին, բայց կերևար, որ նա ձանձրանում է․ չէ՞ որ նա բազմիցս նստել է այսպես, որսը նրա համար մի արտակարգ բան չէր։ Իսկ Ֆոնի աչքերը փայլում էին, մեծ բերանը շոյում էր մի թեթև ժպիտ․ դե, իհարկե, նա ամբողջ հոգով երանության մեջ էր։ Ու ես մտածում էի․ երևի մի անգամ չէ, որ միապետին ձանձրացնում էին նրա պատվական խորհրդականներն ու շողոքորթ հպատակները․ շքեղ հագուստների մեջ հանկարծ նա շոգում էր ու ծանրանում և զգում էր, որ սրածայր կոշիկներն անխղճաբար սեղմում ու ճնշում են ոտքերը։ Եվ այն ժամանակ նա, հավանաբար, անհաղթահարելիորեն ցանկանում է բոբիկ ոտքերով շոշափել, զգալ փափուկ, կարմիր հողը, քամուն տալ մերկ մարմինը, ահա այդժամ նա ծածուկ գնում է փոքրիկ խրճիթը, հագնում որսորդի զգեստ, ելնում սարերը, թափահարելով տեգն ու երգելով իր երգը, իսկ լեռան գագաթներին կանգ է առնում ու զմայլվում այն սքանչելի երկրով, որն ինքն է կառավարում։ Ես հիշեցի նրա ասած բառերը․ «Եթե մարդ ունի հավատարիմ աչք, հավատարիմ քիթ, հավատարիմ հոգի, նա երբեք չի լինի շատ ծեր, որ որսի չգնա»։ Այո, մտածեցի ես, դե, իհարկե, Ֆոնն էլ է դրանցից։ Բայց Ֆոնն այստեղ ընդհատեց իմ խորհրդածությունները իր խառնվածքի մասին, թեքվեց դեպի ինձ, բռնեց ձեռքս և ցուցամատով ցույց տվեց ծառը։
― Այ, նրանք եկել, ― շշնջաց նա, ամբողջովին ժպիտով ողողված։
Ես նայեցի այնտեղ, ուր նա ցույց տվեց, և սկզբում ոչինչ տեսա, բացի նույն խճճված ճյուղերի ոստայնից։ Իսկ հետո ինչ֊որ բան շարժվեց, և ես տեսա այն գազանիկին, որին սպասում էինք։ Նա ցատկոտում էր խճճված ճյուղերի մեջ փափուկ, եթերային նազանքով, ինչպես փետուր։ Երբ նա մոտեցավ մեզ, պարզվեց, որ ես հենց այդպես էի իմ երևակայության մեջ պատկերացնում էլֆին, նուրբ կանաչա֊մոխրագույն մորթի, երկար, ճկուն ու աղվամազիկ պոչ։ Վարդագույն ձեռքերը փոքր֊ինչ մեծ են մարմնի համեմատ, մատներն արտակարգ երկար են ու նիհար։ Ականջները շատ մեծ են և թվում են կիսաթափանցիկ, այնքան բարակ է դրանց մաշկը․ այդ ականջներն ասես ապրում են իրենց առանձին կյանքով, մերթ բացվում են հովհարի նման և ամուր սեղմվում գլխին, մերթ սրված ցցվում՝ ուղիղ, ինչպես գունատ ջրաշուշաններ։ Դեմքի կեսը բռնած՝ մեծ ու սև աչքեր, որոնց կնախանձեր անգամ ամենաինքնահավան բվեճը։ Դեռ ավելին, այդ գազանիկը կարողանում է, ճիշտ բվեճի նման, գլուխը շրջել ետ և տեսնել իր սեփական մեջքը։ Նա վազեց բարակ ճյուղի ծայրը (որը գրեթե թեքվեց նրա ծանրության տակ) ու նստեց այնտեղ իր երկար, ճկուն մատներով կառչելով ծառի կեղևից․ նա հսկայական աչքերով դիտում էր շուրջը և կամացուկ ինչ֊որ բան շշնջում։ Ես գիտեի, որ դա գալագո է, փոքրիկ աղվեսակապիկ, բայց ավելի շատ կարելի էր հավատալ, որ այդ արարածը դուրս է թռել մանկական կախարդական հեքիաթի էջերից։
Գալագոն նստել էր ճյուղին և մտածկոտ ծվծվում էր, երևի, մի րոպե, բայց հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի զարմանալի բան։ Հանկարծ, օ՜ հրաշք, նրանք հայտնվեցին բոլոր ծառերի վրա։ Այստեղ կային բոլոր չափերի ու տարիքի գալագոներ, ամենափոքրիկներից սկսած, ընկույզից մի քիչ մեծ, մինչև չափահասները, որոնք հեշտությամբ կարող էին տեղավորվել սովորական բաժակի մեջ։ Նրանք ցատկոտում էին ճյուղից ճյուղ, կառչում տերևներից ու չորուկներից իրենց մարմնից մեծ երկար ու խոշոր ձեռքերով, քնքշորեն ինչ֊որ բան փսփսում իրար ու աշխարհին նայում քերովբեների լայն բացված ու անմեղ աչքերով։ Փոքրիկները, որոնք, թվում է, թե հենց միայն կլոր աչքերից էին բաղկացած, չէին հեռանում ծնողներից․ երբեմն նրանք նստում էին ետին թաթերի վրա և փոքրիկ, չռած մատներով վարդագույն ձեռքերը բարձրացնում էին վեր, ասես սարսափում էին, տերևների արանքից տեսնելով այսքան արատավոր աշխարհը։
Ես տեսա, թե ինչպես մի այդպիսի ձագուկ հանկարծ մի մեծ, մսեղ մորեխ նկատեց հենց այն նույն ճյուղի վրա, որին նստել էր ինքը։ Արդեն մթնում էր։ Միջատն արդեն շշմել էր ննջելուց և անմիջապես չնկատեց վտանգը։ Եվ չհասցրեց նա տեղից շարժվել, երբ պստլիկ գալագոն սահեց ճյուղի վրայով ու ամուր բռնեց մորեխին փորի մեջտեղից։ Մորեխն անմիջապես արթնացավ և վճռեց, որ ժամանակն է մի բան ձեռնարկել։ Դա մի խոշոր միջատ էր, իր մեծությամբ նա գրեթե չէր զիջում գալագոյին․ բացի այդ, մորեխի ետին ոտքերը երկար էին և ուժեղ, ու նա սկսեց կատաղի պաշտպանվել։ Այդ կռվից ուղղակի հնարավոր չէր աչք կտրել, գալագոն ամբողջ ուժով սեղմում էր մորեխին իր երկար մատներով և փորձում էր կծել նրան, բայց ամեն մի նոր փորձի ժամանակ մորեխը կատաղաբար հարվածում էր նրան իր ետևի ոտիկներով, և հակառակորդը կորցնում էր հավասարակշռությունը, սայթաքում էր ճյուղից ու կախվում, կառչելով թաթերով։ Այսպես կրկնվեց մի քանի անգամ, և ես մտածում էի, որ գալագոն ունի կպչուն ներբաններ։ Եվ նույնիսկ գլխիվայր կախված ու կատաղի հարվածներ ստանալով փորին, գալագոն դեռ հասցնում էր նայել իր կլոր աչիկներով, դարձյալ այն նույն մանկական միամիտ արտահայտությամբ։ Այս ճակատամարտն ավարտվեց միանգամայն անսպասելիորեն, երբ գալագոն մի անգամ ևս գլխիվայր կախվեց, մորեխը նրան ավելի ուժեղ խփեց, գալագոյի ետևի թաթերը, այնուամենայնիվ պոկվեցին ճյուղից, և հակառակորդները միասին ցած թռան տերևների արանքից։ Մինչև գետինը մնացել էր շատ քիչ, և այստեղ միայն գալագոն բացեց իր ձեռքը (նա շարունակում էր մորեխին ամուր պահել մեջքից) և, թրջելու միջոցին փորձված մարզիկի ճարպկությամբ, բռնեց մոտակա ճյուղից։ Նա անմիջապես ձգվեց, նստեց ճյուղին և կծեց մորեխի գլուխը, մորեխը դեռ չէր հասցրել խելքի գալ թռիչքից հետո, որ կարողանար շարունակել պայքարը։ Գալագոն ակնհայտ բավականությամբ սկսեց ծամել, ձեռքից բաց չթողնելով գլխատված միջատին, որը դեռ շարունակում էր ջղաձգորեն ցնցել ոտքերը։ Հետո գլուխը թեքեց մի կողմ և սկսեց նայել թպրտացող մարմնին, հիացմունքից ու հուզմունքից ճղճղալով։ Երբ միջատը դադարեց շարժվել, և նրա ետևի մեծ ոտքերը ձգվեցին ու սառեցին, գալագոն իրար հետևից դրանք պոկեց ու կերավ։ Այդ պահին նա ծիծաղելիորեն նման էր պստլիկ ծերուկ շատակերի, որը ճաշակում է հսկա թռչնի ոտքը։
Շուտով հովիտը լցվեց ստվերներով, և գալագոներն այլևս չէին երևում տերևների մեջ, թեև դեռ մեզ էին հասնում նրանց նուրբ ծլվլոցները։ Մենք վեր կացանք, ուռած ոտքներս ուղղեիցնք և նորից սկսեցինք բարձրանալ բլրի լանջն ի վեր։ Վերևում Ֆոնը կանգ առավ և երջանիկ ժպիտով նայեց ներքևում փռված անտառին․
― Ահա ինչ որս, ― քթի տակ ծիծաղեց նա։ ― Ես նրան ուժեղ շատ սիրել։ Նա միշտ ինձ ծիծաղեցրել, ես շատ ծիծաղել։
― Այո՛, դա հրաշալի որս է, ― պատասխանեցի ես, ― նրա անունն ի՞նչ է ձեզ մոտ, Բաֆուտում։
― Բաֆուտում մենք նրան անվանել շիլինգ, ― ասաց Ֆոնը։
― Իսկ ինչպես ես կարծում, իմ որսորդները կարղ են դրանցից որսալ, թեկուզ մի զույգ։
― Հենց վաղը դրանցից դու մի զույգ կստանաս, ― խոստացավ Ֆոնը, բայց ոչ մի կերպ չուզեց ինձ ասել, թե ինչպես պիտի որսան աղվեսակապիկներին, և ո՞վ պետք է դա անի։ Մենք վերադարձանք Բաֆուտ արդեն աղջամուղջին։ Ֆոնը հագնվեց և իր սովորական ներկայանալի տեսքով հայտնվեց ինձ մոտ՝ խմելու։ Երբ մենք բարի գիշեր մաղթեցինք, ես նրան հիշեցրի, որ խոստացել է ինձ համար մի քանի գալագո ձեռք բերել։
― Այո՛, բարեկամս, ես չմոռանալ, ― ասաց Ֆոնը։ ― Ես ճարեմ քեզ համար մի քանի շիլինգ։
Անցավ չորս օր, և ես արդեն սկսեցի մտածել, որ կամ Ֆոնը մոռացել է իր խոստումը, կամ էլ գալագոյին որսալը ավելի դժվար է, քան թվում է։ Իսկ հինգերորդ օրը, երբ ինձ թեյ էին մատուցում, ես թեյի սկուտեղի վրա տեսա ռաֆիայի խայտաբղետ թելերից պատրաստված փոքրիկ զամբյուղ։ Բացեցի կափարիչը և քնկոտ նայեցի նրա մեջ․ այնտեղից խեղճ ու հարցական ինձ էին նայում չորս զույգ փայլուն ու միամիտ հսկայական աչքեր։
Դա Ֆոնի նվերն էր՝ շիլինգներով լի զամբյուղ։