Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 41 018 բայտ, 19:41, 6 Մարտի 2016
/* Գլուխ յոթերորդ */
Հենց այդ նույն երեկո ես դարձա երկու արկղ հարթավայրային գեղեցկագույն մողեսների՝ սցինկների երջանիկ տերը, իսկ Բաֆուտի Քերծեները, բաֆուտցիների բազմությամբ շրջապատված՝ գարեջուր էին խմում ու հիացած ունկնդիրներին գունեղ նկարագրում էին որսի բոլոր մանրամասնությունները, դե, իհարկե, զարդարելով պատմությունը ամեն տեսակ հորինվածքներով։ Ես նստել էի պատշգամբում և նույնպես լսում էի ու միաժամանակ գրություն էի գրում մոտակա դեղատանը՝ խնդրելով ինձ ուղարկել բորաթթու։ Անկասկած, այն դեռ ինձ շատ ու շատ պետք կգա։
 
 
==Գլուխ ութերորդ==
 
Կարծեցյալ կույր օձը
 
 
Մի քանի շաբաթ հետո ինձ համար ամեն տեսակ «որս» բերող բաֆուտցիների բուռն հոսանքը բարակեց, ցամաքեց, դարձավ առվակ։ Տեղի ունեցավ դա այն պատճառով, որ այդ ընթացքում ես ունեցա տեղի ամենատարածված կենդանիների բավականաչափ նմուշները, և այլևս դրանք չէի գնում։ Իմ ննջարանի կողքի պատշգամբը լեփ֊լեցուն էր ամեն տեսակ վանդակներով, որոնցում տեղավորված էին ամենաբազմազան կաթնասուններ, թռչուններ ու սողուններ, ուստի և օր ու գիշեր, ամբողջ առավոտները և գրեթե ամբողջ երեկոն ես նվիրում էի դրանց խնամելուն։ Մինչև կոկորդս խրված էի գործի մեջ, ձանձրանալու ժամանակ չկար․ հազիվ հասցնում էի մաքրել վանդակները և կերակրել գազաններին։ Իսկ դրանից բացի, առանց հոգնելու ուսումնասիրում էի իմ գերիների սովորությունները, ուսումնասիրում էի, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց գերությանն ու ինձ։ Բացի այդ, ես ուսումնասիրում, դիտում էի Բաֆուտի կյանքը։ Պատշգամբը, որտեղ զբաղվում էի իմ գազաններով, վեր էր բարձրանում ճանապարհի վրա, և այստեղից շատ լավ երևում էր բուն ճանապարհը, Ֆոնի պալատը և շրջապատի տները։ Բուգենվիլների գզգզված վարագույրների ետևից ես նայում էի, թե ինչ են անում Ֆոնի բազմաթիվ կանայք, ժառանգներն ու խորհրդականները։ Ինչպես են ճանապարհով գալիս ու գնում Բաֆուտի բնակիչները։ Իմ պատշգամից ես տեսնում էի շատ տեսարաններ, որ ներկայացվում էին ներքևում, և բավական էր ձեռքս մեկնեի հեռադիտակին, ու դերասանների դեմքերը կմոտենային ինձ այնքան, որ կարող էի տեսնել նրանց արտահայտության ամենափոքր փոփոխությունն իսկ։
 
Մի անգամ, երեկոյան, ես ճամփի վրա նկատեցի մի սլացիկ ու բարետես աղջկա․ նա գնում էր դանդաղ, հազիվ֊հազ շարժելով ոտքերը, ասես սպասում էր, թե հիմա ուր որ է մեկնումեկը նրան կհասնի։ Նա անցնում էր իմ պատշգամբի մոտով, և ես արդեն պատրաստվում էի կանչել նրան, երբ ժամանակին տեսա, որ նրան հևիհև հետևում է մի բարձրահասակ երիտասարդ՝ իսկական հսկա։ Նրա դեմքը ծռմռվել էր կատաղությունից։ Նա կտրուկ ինչ֊որ բան գոռաց, աղջիկը կանգ առավ, հետո շրջվեց դեպի նա։
 
Աղջկա դեմքը ասես դժգոհություն էր արտահայտում, և մի քիչ էլ հանդգնություն, դա ակնհայտորեն դուր չեկավ երիտասարդին։ Նա կանգնեց աղջկա դիմաց և բարձր, զայրացած խոսեց, կատաղորեն թափահարելով ձեռքերը․ թուխ դեմքի վրա փայլատակում էին աչքերը և ատամները։ Աղջիկը լուռ լսում էր, նրա շրթունքներին խաղում էր մի չար, հեգնական ժպիտ։
 
Այստեղ բեմի վրա հայտնվեց ևս մի գործող անձ․ ճամփի միջով շտապ֊շտապ վազում էր մի պառավ կին, նա բարձրաձայն հայհոյանքներ էր թափում և թափահարում էր բամբուկե երկար փայտը։ Պատանին նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց և շարունակում էր ինչ֊որ բան զայրացած բացատրել աղջկան, իսկ սա նրան պատասխանի չէր արժանացնում։ Պառավը ասես պարում էր նրանց շուրջը, թափահարում էր փայտը ու ականջ ծակող ձայնով ճչում, նրա թուլացած կնճռոտ կուրծքը ցնցվում էր ամեն մի շարժումից։ Որքան ուժեղ էր նա ղժղժում, այնքան ավելի բարձր էր գոռում երիտասարդը, և որքան նա ավելի բարձր էր գոռում, այնքան ավելի էր մռայլվում աղջկա դեմքը։ Հանկարծ պառավը հոլի նման պտտվեց մի ոտքի վրա, ինչպես դերվիշ, և փայտով ուժեղ խփեց երիտասարդի ուսերին։ Վերջինս ասես չզգաց էլ հարվածը, միայն մեկնեց երկար, մկանուտ ձեռքը, խլեց պառավից փայտը թռավ աղյուսե պատի վրայով և ընկավ Ֆոնի բակը։ Պառավը մի պահ կանգնած մնաց շշմած, հետո ցատկեց երիտասարդի վրա և կատաղած քացի տվեց նրա ետևին։ Ու նորից նա ոչ մի ուշադրություն չդարձրեց պառավին, շարունակելով գոռալ աղջկա վրա և կատաղաբար թափահարել ձեռքերը։ Եվ հանկարծ աղջիկը նրան ինչ֊որ բան պատասխանեց զայրացած և, խնամքով նշան բռնելով, թքեց ուղիղ նրա ոտքերի վրա։
 
Մինչ այդ երիտասարդը, երևի, մտադիր չէր ռազմական գործողություններ սկսել, և ես վճռեցի, որ նրա բանը վատ է, կանայք, երևում է, անազնիվ մեթոդներ են գործի դնում և դրա համար էլ հաղթում են։ Բայց ոտքին հասած թուքը համբերության բաժակը լցրեց․ վիրավորված դյուցազնը մի պահ բերանը բաց մնաց՝ նման դավաճանություն նա բնավ չէր սպասում, իսկ հետո մի թռիչքով, կատաղի ոռնոցով նետվեց աղջկա վրա․ բռնեց մի ձեռքով նրա կոկորդից, իսկ մյուսով սկսեց զրնգուն ապտակներ հասցնել։ Վերջապես նա մի կողմ հրեց աղջկան այնպիսի ուժով, որ սա ընկավ գետնին։ Իրադարձությունների այսպիսի ընթացքը այնպես ցնցեց պառավին, որ նա շրմփաց առվի մեջ և ընկավ այնպիսի մոլեգին հիստերիայի մեջ, որպիսին կյանքում չէի տեսել։ Նա գալարվում էր կողքից կողք, ափերով խփում շրթունքներին և այնպես երկարաձիգ ու աղիողորմ հեկեկում, որ արյունս սառչում էր երակներումս։ Ժամանակ առ ժամանակ ճչոցներն ընդհատվում էին սուր վնգոցով։ Իսկ աղջիկն ընկած էր ճանապարհի փոշու մեջ և դառնորեն լաց էր լինում։ Երիտասարդ դյուցազնը առաջվա պես ուշադրություն չէր դարձնում պառավի վրա, նա պպզել էր աղջկա կողքին և, հավանաբար, ինչ֊որ բան էր խնդրում նրան։ Մի քիչ հետո աղջիկը գլուխը բարձրացրեց ու թույլ ժպտաց․ այստեղ նա ոտքի ցատկեց, բռնեց աղջկա ձեռքից ու բարձրացրեց, և նրանք երկուսով ետ դարձան ճանապարհով, իսկ պառավը դեռ թավալվում էր իր առվի մեջ և բարձր ղժղժում։
 
Անկեղծորեն ասած, այս տեսարանն ինձ կարգին մտահոգեց։ Ինչ էր պատահել։ Գուցե այդ աղջիկը երիտասարդ դյուցազնի կի՞նն է։ Գուցե, նա անհավատարիմ էր գտնվել, և դյուցազնը այդ մասին իմացել էր։ Բայց, այդ դեպքում, ինչ գործ ուներ այստեղ պառավը։ Կամ էլ, երևի, ավելի ճշմարտանման բան՝ աղջիկն ու պառավը ցանկացել էին նրան կախարդե՞լ, իսկ նա այդ մասին իմացե՞լ էր։ Այո՛, կախարդանք, մտածում էի ես, թերևս գաղտնիքը դրանումն է։ Գեղեցկուհուն ձանձրացրել է իր երիտասարդ ամուսինը, և նա փորձել է նրան թունավորել, երևի, ճաշի մեջ է գցել ընձառյուծի մանր կտրտած բեղերը, իսկ դա նա ճարել է պառավից, պառավը, դա արդեն հաստատ, այստեղի հայտնի կախարդն է։ Բայց ամուսինը գլխի է ընկել, և ջահել կինը վազել է կախարդի մոտ, որ նա իրեն պաշտպանի։ Ամուսինը վազել է կնոջ ետևից, իսկ կախարդը (չէ՞ որ նա որոշ պարտականություններ ունի իր հաճախորդի նկատմամբ) վազել է նրանց երկուսի ետևից այն հույսով, որ մի կերպ կհաշտեցնի նրանց։ Դեռ նոր էի մշակել այս վերսիան և նրան տվել հոգեցունց ձև, որ կհամապատասխաներ «Ուայդ Ուորլ մեգեզին»֊ում տպելու համար, երբ հանկարծ տեսա Ջեյկոբին։ Նա կանգնել էր ներքևում և կանաչ պատնեշի ետևից նայում էր պառավին, որ դեռևս թավալվում էր առվի մեջ, արձակելով այնպիսի ճիչեր, որոնք ինձ հիշեցնում էին հնդկական ռեզերվացիան։
 
― Ջեյկո՜բ, ― բղավեցի ես, ― ի՞նչ է կատարվում այդտեղ։
 
Ջեյկոբը գլուխը բարձրացրեց և կոկորդային հռհռաց։
 
― Դա պառավը, սըր, նա այն աղջկա համար մամի է։ Այն ջահել աղջիկը, նա կին է այդ տղամարդու համար։ Այդ տղամարդը ամբողջ օրը գնում է որսի, իսկ երբ նա գա տուն, կինը չի պատրաստել նրա համար ոչ մի ուտելիք։ Իսկ նա խիստ սոված լինել և ուզեց ծեծել կինը, իսկ կինը փախչել, և նա էլ փախչել, ուզեց նրան ծեծել, իսկ պառավը նույնպես վազել, ուզեց ծեծել ամուսնուն։
 
Ի՜նչ դառը հիասթափություն։ Ես զգացի, որ Աֆրիկան, այդ վիթխարի, խորհրդավոր մայրցամաքը ինձ դավաճանեց։ Վհուկներով ու հրաշագործ խոտերով լի իմ հյութեղ սյուժեի փոխարեն, իմ առջև ներկայացավ ընտանեկան առօրյա մի վեճ՝ սովորական մասնակիցներով․ ծույլ կին, քաղցած ամուսին, չեփած ճաշ և զոքանչ, որը, ինչպես հատուկ է զոքանչներին, խցկվում է ուրիշի գործերի մեջ։ Ես նորից զբաղվեցի իմ գազանանոցով, բայց դեռ երկար ժամանակ չէի կարողանում ազատվել այն զգացումից, որ ինձ խաբել են։ Ամենից շատ ինձ վիրավորում էր զոքանչի մասին միտքը։
 
Այդ դեպքից շատ չանցած պատշգամբում և նրա շուրջը նորից իրարանցում սկսվեց, որի մեջ գլխավոր դերը խաղում էի ես, բայց միայն թե այնքան էլ շուտ չկարողացա ըստ արժանվույն գնահատել այդ միջադեպի ծիծաղելի կողմը։
 
Սքանչելի երեկո էր, և նեղլիկ, փափլիկ ամպերի երամները հավաքվել էին արևմուտքում, պարզ էր, որ մայրամուտը հոյակապ պետք է լիներ։ Ես հենց նոր էի խմել դժվար աշխատանքովս վաստակած մի բաժակ թեյը և մայրամուտի արևի ցոլքերի տակ նստել էի սանդուղքի վերին աստիճանին, փորձելով անհավատալիորեն հիմար սկյուռիկին սովորեցնել կաթը ծծել բամբակե տամպոնից, որ փաթաթված էր լուցկու ծայրին։ Մի վայրկյան ես ընդհատեցի այդ տանջալից աշխատանքը, բարձրացրի աչքերս և տեսա, որ ճանապարհով գալիս է մի գեր տարեց կին։ Նրա վրա կար միայն մի նեղ ազդրակապ, ատամների արանքում սեղմել էր երկար, բարակ սև ծխամորճ։ Կարճ խուզած սպիտակամազ գլխի վրա ցցված էր մի փոքրիկ կալեբաս։ Կինը կանգ առավ իմ աստիճանների մոտ, հանեց ծխամորճը և խնամքով կախեց հաստ մեջքի շուրջը կապած թոկից, հետո սկսեց բարձրանալ անվերջանալի աստիճաններով ինձ մոտ՝ պատշգամբ։
 
― Բարև մամի, ― ձայն տվի ես։
 
Կինը կանգ առավ և լայն ժպտաց ինձ։
 
― Բարև, մասա, ― արձագանքեց նա ու սկսեց դժվարությամբ շարժվել աստիճանից աստիճան, հոգնածությունից հազիվհազ շունչ քաշելով։ Վերջապես, նա հասավ ինձ, կալեբասը դրեց ոտքերիս մոտ և, փնչացնելով, հենվեց պատին իր ողջ ճարպոտ մարմնով։
 
― Հոգնե՞լ ես, մամի, ― հարցրի ես։
 
― Հա, մասա, ես շատ ճարպոտ դառել, ― բացատրեց նա։
 
― Ճարպո՞տ, ― վրա բերի ես զայրացած։ ― Ամենևին էլ ճարպոտ չես դու, մամի։ ― Դու իսկի էլ ինձանից ճարպոտ չես։
 
Հաստլիկը բարձր հռհռաց, և նրա հսկայական մարմինը ցնցվեց։
 
― Չէ, մասա, դու ինձ ծիծաղել։
 
― Ոչ, մամի, ես ճիշտ եմ ասում, դու դեռ շատ նիհարիկն ես։
 
Կինը հենվել էր պատին և ցնցվում էր ծիծաղից։ Այդ նա՞ է նիհարիկ։ Նրա ամբողջ վիթխարի մարմինը ճոճվում էր։ Վերջապես, նա մի քիչ հանգստացավ և մատով ցույց տվեց կալեբասը։
 
― Ես քեզ որս բերել, մասա։
 
― Իսկ ի՞նչ որս։
 
― Օձ, մասա։
 
Ես հանեցի խցանը և նայեցի կալեբասի մեջ։ Հատակին, օղակի պես ոլորվել էր բարակ ու շագանակագույն օձը, ութ դյույմ երկարությամբ։ Ես անմիջապես որոշեցի, որ դա կույր օձ է, անաչք օձի մի տեսակը, որն իր դարը ապրում է հողի մեջ մտած։ Կույր օձերը արտաքուստ հիշեցնում են անգլիական լորտուին և միանգամայն անվտանգ են։ Ես արդեն ունեի մի արկղ այդպիսի սողուններ։ Բայց ինձ այնպես դուր եկավ ուրախ հաստլիկը, որ չցանկացա նրան վշտացնել, հրաժարվելով նրա «որսից»։
 
― Ի՞նչ ես ուզում այդ որսի համար, մամի․․․ ― հարցրի ես։
 
― Ա՜, մասա, դու ինձ վճարել, ինչքան գիտես։
 
― Իսկ օձը վիրավոր չէ՞։
 
― Ո՛չ, մասա, նա առողջ։
 
Ես կալեբասը շուռ տվի գլուխն ի վայր, և օձն ընկավ ցեմենտե հարթ հատկի վրա։ Կինը՝ այդպիսի հաստլիկի համար զարմանալի արագությամբ, նետվեց պատշգամբի մյուս ծայրը։
 
― Նա քեզ կծել, մասա, ― նախազգուշացրեց նա։
 
Ջեյկոբը, որ եկավ նայելու, թե ինչ է այստեղ կատարվում, նրա վրա մոխրացնող հայացք գցեց։
 
― Դու միթե չգիտենալ, որ մասան չի վախենալ ոչ մի թույն, ― ասաց նա։ ― Մասա հատուկ դեղ ուներ, և այդպիսի օձը նրան չկծել։
 
― Ա՜, ա՜, այ թե ինչ, ― ասաց կինը։
 
Ես կռացա և վերցրի կույր օձին, պատրաստվելով ավելի լավ նայել և համոզվել, որ նա ողջ֊առողջ է։ Ես զգուշորեն նրան վերցրի երկու մատով, և նա փաթաթվեց իմ ցուցամատի շուրջը։ Նայեցի նրան և շատ զարմացա։ Ինձ էին նայում մի զույգ փայլուն աչքեր, իսկ չէ որ կույր օձը աչք չի ունենում։ Այդպիսի հայտնագործությունից ապշած և դեռևս հիմարի պես օձը ձեռքումս բռնած, դիմեցի Ջեյկոբին․
 
― Նայիր, Ջեյկոբ, այս օձը աչք ունի։
 
Եվ հանկարծ հասկացա, որ այսպես անհոգ ձեռքումս բռնել եմ ամենևին էլ ոչ անվնաս կույր օձի, այլ բոլորովին ինձ անծանոթ օձի և պատկերացում չունեմ, թե ինչի է նա ընդունակ։ Ես արդեն ուզում էի ձեռքս բացել և օձին գցել հատակին, բայց չհասցրի, նա սահուն շրջեց գլուխը և ատամը խրեց իմ բութ մատի փափուկ մսի մեջ։
 
Չեմ հիշում, որ երբևիցե այդպես ցնցված լինեմ։ Խայթոցն ըստ էության դատարկ բան էր, ընդամենը միայն գնդասեղի ծակոց, բայց անմիջապես սկսվեց թեթև այրոց, ինչպես մոծակի խայթոցից հետո։ Ես վայրկենաբար շպրտեցի օձին և ամբողջ ուժով սեղմեցի մատս, որ արյունը հոսի վերքից, ու մինչ սեղմում էի, միտքս եկան երեք հանգամանք․ առաջինը՝ Կամերունում չկա օձի խայթոցի դեմ որևէ շիճուկ, երկրորդ, մինչև մոտակա բժիշկը՝ ոչ պակաս երեսուն մղոն է, իսկ երրորդ, ես ոչինչ չունեմ նրա մոտ մեկնելու համար։ Այս մտքերը ամենևին էլ ինձ ուժ չտվին, և ես սկսեցի դաժանորեն ծծել արյունոտ վերքը, սեղմելով մատիս հիմքը որքան կարելի է ուժեղ։ Հետո նայեցի շուրջս և տեսա, որ Ջեյկոբն ինչ֊որ տեղ անհետացել է։ Ես պատրաստ էի գոռալ կատաղությունից, բայց հենց այդ ժամանակ նա վազելով վերադարձավ պատշգամբ՝ մի ձեռքին ածելի, մյուսում վիրակապ։ Տենդագին շտապողականությամբ սկսեցի նրան բացատրել, թե ինչ պետք է անի, և Ջեյկոբն ամբողջ ուժով ձգեց վիրակապը իմ մատի շուրջը և թաթից ներքև, իսկ հետո հարգանքով, գրեթե խոնարհվելով, տվեց ինձ ածելին։
 
Կյանքումս երբեք չէի պատկերացրել, թե որքան վճռականություն է պետք մարդուն, որ ածելիով կտրի իր ձեռքը և թե որքան սուր է այդ ածելին․ մի քանի տանջալից վայրկյան ես չէի համարձակվում վճռական քայլն անել, հետո ածելիով ուժեղ կտրեցի ձեռքս և, ինչպես պարզվեց, կտրեցի մատս վերքից կես դյույմի վրա, այսինքն՝ այնտեղ, ու բոլորովին չարժեր կտրել։
 
Ես փորձեցի մեկ անգամ ևս, մոտավորապես նույն հաջողությամբ, և մռայլ մտածեցի, որ եթե չմեռնեմ օձի խայթոցից, ապա ինձ այսպիսի «առաջին օգնություն» ցույց տալով, լիովին կարող եմ արյունաքամ լինել։ Ես սկսեցի զայրացած մտաբերել ժամանակին կարդացած բոլոր այն գրքերը, որտեղ ասվում էր, թե ինչ պետք է անել օձի խայթելու դեպքում։ Բոլոր այդ գրքերը, առանց բացառության, առաջարկում էին վերքի վրա կտրվածք անել նրա ամբողջ խորությամբ, որքան որ թունավոր ատամը խրվել է մարմնի մեջ։ Հանձնարարել դա շատ հեշտ է, բայց ա՛յ հաջողությամբ հետևել այդ խորհրդին, երբ կտրում ես սեփական մատդ, այնքան էլ հեշտ չէ։ Ես ամենևին էլ չէի ցանկանում կրկին ու կրկին կտրել ձեռքս այն հույսով, որ վաղ թե ուշ այնուամենայնիվ կընկնեմ վերքի վրա, իսկ դա նշանակում էր, որ մնում է վերջին, միակ ելքը․ ես խնամքով ածելին դրի խայթոցի տեղը և, ատամներս կրճտացնելով, սեղմեցի ու ուժեղ քաշեցի։ Այս անգամ ստացվեց ինչպես պետք էր, արյունը ցայտեց չորս կողմ։ Այժմ, հիշեցի ես, անհրաժեշտ է գործի դնել մանգանալուծույթը, և մի քանի բյուրեղ ցանել այրվող վերքի վրա ու ձեռքս կապել մաքուր թաշկինակով։ Այդ ընթացքում բազուկս և թևատակիս գեղձերն արդեն ուռել էին, մատներիս մեջ սուր ցավեր էին սկսվել, ասես կրակում էին, թեև դժվար է ասել, դա օձի խայթոցից էր, թե՞ իմ բուժումից։
 
― Մասա, գնա՞լ բժշկի, ― հարցրեց Ջեյկոբը, աչքը չկտրելով ձեռքիցս։
 
― Իսկ ինչպե՞ս գնամ բժշկի, ― նեղսրտաց ասացի ես։ ― Այստեղ մենք մեքենա չունենք։ Թե դու կարծում ես, որ ես կարող եմ նրա մոտ ոտքո՞վ գնալ։
 
― Մասա պետք է գնա Ֆոնի մոտ և խնդրել նրա ամենագնաց, ― առաջարկեց Ջեյկոբը։
 
― Ամենագնա՞ցը, ― հարցրի ես հուսադրված։ ― Իսկ Ֆոնն ունի՞ ամենագնաց։
 
― Այո՛, սըր։
 
― Դե գնա խնդրիր․․․ շուտ։
 
Ջեյկոբը ամբողջ ուժով սլացավ աստիճաններով ցած և վիթխարի բակով մեկ, իսկ ես ետ ու առաջ էի քայլում պատշգամբում։ Հանկարծ հիշեցի, որ իմ ննջարանում անգործության է մատնված մի շիշ չբացված ֆրանսիական կոնյակ, և շտապեցի այնտեղ։ Բայց չհասցրի մի ձեռքով դուրս քաշել խցանը, երբ անմիջապես հիշեցի, որ այն հարցին, թե ինչպես է ազդում սպիրտային խմիչքը օձից խայթված մարդու վրա ― բոլոր գրքերի հեղինակները միաձայն ու անառարկելիորեն պնդում են, որ ոչ մի դեպքում, օձի կծելուց հետո, չի կարելի խմել սպիրտային խմիչք, կարծեմ, ալկոհոլն առաջացնում է սրտխառնոց և օրգանիզմին պատճառում ամեն տեսակ այլ անախորժություններ։ Մի պահ մնացի շիշը ձեռքիս, իսկ հետո վճռեցի, դե եթե միևնույն է պիտի մեռնեմ, ապա ավելի լավ է մեռնեմ լավ տրամադրությամբ։ Ես բարձրացրի շիշը և մի լավ կում արեցի։ Այժմ տաքացած ու աշխուժացած, թեթև քայլերով դուրս եկա պատշգամբ, հետս վերցնելով շիշը։
 
Ներքևում, Ֆոնի բակով, շտապում էր մի մեծ բազմություն՝ Ջեյկոբի և իր իսկ՝ Ֆոնի գլխավորությամբ։ Նրանք բոլորն էլ վազում էին դեպի մեծ խրճիթը։ Ֆոնը բացեց դուռը, և ամբոխը լցվեց այնտեղ, շուտով մարդիկ հայտնվեցին նորից, իրենց առջևում հրելով խարխուլ, ծռմռված մի ավտոմոբիլ։ Ամբոխը հրում էր այն կամարի տակով դեպի ճանապարհը, և այնտեղ Ֆոնը նրանց թողեց ու արագ սկսեց բարձրանալ նշանավոր սանդուղքով ինձ մոտ, իսկ նրա հետևից կրնկակոխ վազում էր Ջեյկոբը։
 
― Բարեկամս, ― շնչակտուր ասաց Ֆոնը։ ― Վատ են գործեր։
 
― Այո՛, ճիշտ է, ― համաձայնեցի ես։
 
― Քո ծառան, նա ինձ ասել, որ դու այդպիսի խայթոցի համար եվրոպական դեղ չունենալ։ Դա ճի՞շտ է։
 
― Այո՛, ճիշտ է։ Գուցե բժշկի մոտ այդպիսի դեղ լինի, ես չգիտեմ։
 
― Աստված օգենլ, բժիշկը քեզ տալ այդ դեղ, ― բարեպաշտությամբ ասաց նա։
 
― Կխմե՞ս ինձ հետ․․․ ― հարցրի ես և թափահարեցի շիշը։
 
― Այո՛, այո՛, ― պայծառացավ Ֆոնը։ ― Մենք խմել։ Խմիչքը լավ դեղ դրա համար։
 
Ջեյկոբը բերեց բաժակները, և ես մեր երկուսի համար լիքը լցրի։ Հետո մենք մոտեցանք սանդուղքին և վերևից նայեցինք, թե ինչպես է ընթանում շտապ օգնության մեքենայի նախապատրաստությունը։
 
Մեքենան, երևի, խրճիթում մնացել էր մի ամբողջ հավիտենականություն, և նրա ամբողջ ներքին պարունակությունը ասես սեպվել, անշարժացել էր։ Վարորդը զգուշությամբ կախարդում էր․ շարժիչը մի քանի անգամ հազաց, հետո լռեց։ Հանդիսատեսների հոծ օղակն ավելի առաջ շարժվեց, բոլորը բղավում էին ամեն տեսակ խորհուրդներ և խրատներ, իսկ վարորդը գլուխը հանեց պատուհանից և մի լավ հայհոյեց։ Այսպես շարունակվեց բավական երկար ժամանակ, հետո վարորդը դուրս եկավ և բռնակով փորձեց աշխատեցնել շարժիչը, բայց շարժիչը նույնիսկ չփռշտաց էլ։ Վարորդին դա շուտով ձանձրացրեց, նա բռնակը տվեց խորհրդականներից մեկին, իսկ ինքը նստեց մեքենայի ոտնակին, հանգստանալու։ Խորհրդականը վեր քաշեց իր հագուստի փեշերը և սկսեց արիաբար մարտնչել, բայց նրան էլ չհաջողվեց կյանքի կոչել շարժիչին։
 
Հանդիսատեսները, ― դրանց թիվը արդեն հասել էր հիսունի, ― բոլորն էլ ուզում էին օգնել, այնպես որ խորհրդականը նրանց տվեց բռնակը և միացավ ոտնակի վրա նստած վարորդին։ Ամբոխի միջև սկիզբ առավ խայտառակ տուրուդմփոց, ամեն մեկը ցանկանում էր առաջինը փորձել բախտը, բոլորը գոռում էին, հրում, խլում իրար ձեռքից բռնակը։ Աղմուկը գրավեց Ֆոնի ուշադրությունը․ նա դատարկեց իր բաժակը և, զայրացած կնճռոտվելով, մոտեցավ պատշգամբի բազիրքին։ Այստեղ նա ցած թեքվեց և մի ահեղ հայացք նետեց ճամփի վրա։
 
― Հե՜յ, ― հանկարծ որոտաց նա։ ― Գործի գցել այդ մեքենա։
 
Ամբոխը լռեց, բոլորը գլուխները ուղղեցին պատշգամբի կողմը, իսկ վարորդն ու խորհրդականը վեր թռան ոտնակից և նետվեցին դեպի մեքենայի ռադիատորը, ցուցադրելով գործելու անհոգ ծարավ։ Ճիշտ է, նրանց բախտը չբերեց, երբ նրանք տեղ հասան, պարզվեց, որ բռնակն անհետացել է։ Ամբոխի մեջ նորից իրարանցում տիրեց, ամեն մեկը մեղադրում էր մնացած բոլորին, որ նրանք կորցրել են բռնակը։ Վերջապես բռնակը գտնվեց, և այս երկուսը նորից մի քանի անհաջող փորձ արին շարժիչն աշխատեցնելու։
 
Այդ ընթացքում ես ավելի ու ավելի վատ էի զգում, և արիությունը վերջապես ինձ դավաճանեց։ Ձեռքս ամբողջովին ուռել էր մինչև արմունկս, կարմրել էր և շատ էր ցավում։ Ուսիս մեջ նույնպես ասես մի բան կրակում էր, իսկ ձեռքս այնպես էր այրվում, ասես բռիս մեջ սեղմել էի շիկացած ածուխ։
 
Մինչև բժշկին հասնենք, կանցնի մեկ ժամից ոչ պակաս, մտածում էի ես, և եթե չհաջողվի մեքենան աշխատեցնել հենց հիմա, ապա մեկնելն արդեն անիմաստ կլինի։ Բայց այստեղ վարորդին լուսավորեց մի միտք։ Թող նրանք մեքենան հրեն։ Նա իր միտքը բացատրեց ամբոխին, և բոլորը բարձր ծափահարեցին ու բացականչեցին հիացմունքից։ Վարորդը մտավ մեքենայի մեջ, իսկ մնացածները խմբվեցին նրա ետևում ու սկսեցին հրել։ Տակտով տնքալով, նրանք մեքենան հրեցին դեպի ճանապարհը, հետո թեքվեցին ու ծածկվեցին տեսողությունից։
 
― Նա շուտով կբանի, ― ժպտաց Ֆոնը, փորձելով ինձ քաջալերել և նորից ինձ համար կոնյակ լցրեց։ ― Ու դու շուտով գնալ բժիշկ։
 
― Դու կարծո՞ւմ ես, որ այնուամենայնիվ կբանի՞։
 
― Այո՛, այո՛, բարեկամս, ― ասաց Ֆոնը։ Կարծես, նույնիսկ մի քիչ վիրավորվեց։ ― Դա իմ մեքենա, գերազանց մեքենա։ Նա կգնա քիչ ժամանակ, մի անհանգստացիր։
 
Շուտով մենք նորից հևոց լսեցինք, պատշգամբից ցած նայեցինք և տեսանք մեքենան․ նա երևաց անկյունից, այն դարձյալ հրում էին, կարծես Բաֆուտի ամբողջ բնակիչները։ Ամբոխը սահում էր դեպի մեզ, ինչպես խխունջ, և այն պահին, հենց որ մեքենան հասավ իմ սանդուղքի ներքևի աստիճանին, շարժիչը մի քանի անգամ փռշտաց ու հռնդաց, ամբոխը ճչաց հիացմունքից, և բոլորն սկսեցին ցատկոտել ու թռչկոտել ճամփի վրա։
 
― Ա՜յ, աշխատեց, ― հպարտ բացատրեց ինձ Ֆոնը, համենայն դեպս, եթե ես չհասկացա ընդհանուր ցնծության պատճառը։
 
Վարորդը ճարպկորեն մեքենան տարավ կամարի տակով դեպի բակը, թեքվեց ու նորից դուրս եկավ ճանապարհի վրա․ նա շարունակ անհամբեր ազդանշան էր տալիս և քիչ էր մնում անիվների տակ ճզմեր իր օգնականներին։ Մենք Ֆոնի հետ դատարկեցինք մեր բաժակները և յոթանասունհինգ աստիճաններով ցած իջանք։ Ներքևում Ֆոնն ինձ առավ իր գիրկը և տագնապալից նայեց դեմքիս։ Նա ակնհայտորեն ուզում էր ինչ֊որ խոսքեր ասել, որոնք ինձ աշխուժություն կհաղորդեին և կքաջալերեին բժշկի մոտ գնալու ճանապարհին։
 
― Բարեկամս, ― ասաց նա վերջապես։ ― Եթե դու մեռնել, ես քեզ շատ խղճալ։
 
Վախենալով, որ ձայնս կարող է մատնել իմ ապրումները, ես լուռ սեղմեցի նրա ձեռքը, հուսալով, որ դա բավական պերճախոս կերևա, և մտա մեքենան։ Այն անմիջապես շարժվեց՝ ցնցվելով և ցատկոտելով, իսկ Ֆոնը և նրա հպատակները մնացին ետևում՝ կարմիր փոշու ամպի մեջ։
 
Երեք քառորդ ժամ հետո մենք հասանք բժշկի տունը, և նրա արգելակները խլացուցիչ ղժղժացին։ Բժիշկը կանգնել էր գավթում և մռայլ նայում էր ծաղկաթմբին։ Երբ մեքենայից դուրս եկա, նա զարմացած աչքերը հառեց ինձ և եկավ ընդառաջ․ մոտենալով, նա ուշադիր նայեց դեմքիս։
 
― Ի՞նչն է ձեզ կծել, ― հարցրեց նա։
 
― Ինչի՞ց իմացաք, որ ինձ խայթել են, ― հարցրի ես, այդպիսի վայրկենական ախտորոշումից ապշած։
 
― Ձեր բիբերը խիստ մեծացել են, ― բացատրեց բժիշկը այն վարպետի գոհունակությամբ, որն արդեն իր գործի մեջ չի սխալվում։ ― Ի՞նչն է ձեզ կծել։
 
― Օձը։ Չգիտեմ ինչպիսին, բայց ցավը դժոխային է։ Դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ, թեև հազիվ թե դրանից օգուտ լինի։ Չէ՞ որ դուք, երևի, շիճուկ չե՞ք ունենա։
 
― Պատկերացրեք, ― ասաց նա ակնհայտ բավականությամբ, ― որքան էլ դա տարօրինակ լինի, ես մի քիչ բերել եմ, երբ վերջին անգամ արձակուրդ էի մեկնել։ Չգիտեմ ինչու, մտածեցի, որ կարող է պետք գալ։ Արդեն կես տարի է, ինչ ընկած է սառնարանում։
 
― Այ թե բախտս բերեց։
 
― Տուն մտեք, թանկագինս, մտեք։ Ինձ համար շատ հետաքրքիր է, կազդի արդյո՞ք այդ շիճուկը։
 
― Ինձ համար էլ, ― խոստովանեցի ես։
 
Մենք ներս մտանք, և ես նստեցի բազմոցին, իսկ բժիշկը և նրա կինը անմիջապես բերեցին սպիրտը, սրսկիչը և մնացած բաները, ինչ որ պահանջվում էր շիճուկի ներարկման համար։ Հետո բժիշկը երեք սրսկում արեց մատիս մեջ, որքան կարելի էր վերքին մոտ և էլի երկուսը արմունկիցս վեր։ Այս բոլորը ավելի ցավոտ էր, քան օձի խայթոցը։
 
― Մի քիչ անդուրեկա՞ն է, ― ուրախ֊ուրախ տեղեկացավ բժիշկը, հաշվելով զարկերակս։
 
― Ավելի վատ չէր կարող լինել, ― դառնությամբ ասացի ես։
 
― Լավ կլինի մի բաժակ վիսկի խմեք։
 
― Ես կարծում էի, որ նման դեպքում սպիրտային խմիչքները հակացուցված են։
 
― Ո՛չ, ո՛չ, դա չի վնասի, ― ասաց բժիշկը և լցրեց ինձ մի մեծ բաժակ։
 
Ես դեռ երբեք այսպիսի հաճույքով վիսկի չէի խմել։
 
― Իսկ այժմ, ― շարունակեց բժիշկը, ― դուք կմնաք ինձ մոտ գիշերելու, տանը ազատ սենյակ կա։ Հինգ րոպե հետո բարեհաճեք արդեն պառկել անկողնում։ Եթե ուզում եք, կարող եք լոգանք ընդունել։
 
― Իսկ չի կարելի, որ վերադառնամ Բաֆուտ, ― հարցրի ես։ ― Իմ կենդանիներն այնտեղ են, իսկ առանց ինձ, ըստ էության, ոչ ոք նրանց կարգին չի խնամի։
 
― Դուք հիմա ի վիճակի չեք Բաֆուտ վերադառնալու և խնամելու ձեր կենդանիներին, ― վճռականորեն ասաց բժիշկը։ ― Ոչ մի խոսք, անմիջապես անկողին։ Եթե ես տեսնեմ, որ դուք բավականաչափ լավացել եք, կմեկնեք վաղը առավոտյան։
 
Ի զարմանս իմ, ես քնեցի խոր քնով և երբ արթնացա հաջորդ առավոտյան, ինձ ուղղակի հիանալի էի զգում, թեև ձեռքս մինչև արմունկս ավելի էր ուռած ու ցավում էր։ Նախաճաշը ինձ մատուցեցին անկողնում, հետո եկավ բժիշկը։
 
― Ինչպե՞ս եք զգում, ― հարցրեց նա։
 
― Հիանալի։ Այնքան լավ, որ նույնիսկ սկսում եմ մտածել, թե գուցե օձը, այնուամենայնիվ, թունավոր չէր։
 
― Ոչ, նա շատ թունավոր էր։ Դուք ասում եք, որ նա ձեր մատի մեջ խրել է միայն մի ատամը, և դուք, երևի այնքան արագ եք ցած գցել նրան, որ չի հասցրել բաց թողնել ձեր մեջ իր թույնի ամբողջ պաշարը։ Եթե հասցներ, դուք այսքան շուտ չէիք լավանա։
 
― Իսկ ես կարո՞ղ եմ մեկնել Բաֆուտ։
 
― Թերևս կարելի է, եթե դուք զգում եք, որ կարող եք դիմանալ այդ ճանապարհորդությանը, թեև ձեր ձեռքը մի երկու օր էլ դեռ չի կարող ծառայել ձեզ ինչպես հարկն է։ Համենայն դեպս, եթե ձեզ կանհանգստացնի, եկեք ինձ մոտ։
 
Մտածելով իմ թանկագին գազանների մասին, որոնք չմաքրված ու չկերակրված սպասում են ինձ Բաֆուտում, ես այնպես էի շտապեցնում խեղճ վարորդին, որ մենք չտեսնված կարճ ժամանակում տուն հասանք։ Ճանապարհին կանգ առանք այն սանդուղքի մոտ, որ տանում էր իմ առանձնատունը, և այստեղ ես տեսա, որ ներքևի աստիճանին նստած է երեկվա հաստլիկը։
 
― Բարև, մամի, ― ասացի ես, դուրս գալով մեքենայից։
 
― Բարև, մասա, ― պատասխանեց նա, դժվարությամբ ոտքի ելավ և ճոճվելով եկավ ինձ ընդառաջ։
 
― Ի՞նչ ես ուզում, ― հարցրի ես։ Չէի համբերում, թե երբ պիտի հասնեմ գազաններիս։
 
― Մասա ամեն ինչ մոռանա՞լ, ― զարմացած հարցրեց կինը։
 
― Ի՞նչ եմ մոռացել, մամի։
 
― Է, մասա, ― հանդիմանեց նա, ― ախր ես այնպես հիանալի օձ բերել, մասան ինձ այդպես չվճարել։
 
Ադմին, Վստահելի
1876
edits