Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 44 746 բայտ, 19:14, 9 Մարտի 2016
/* Գլուխ ութերորդ */
― Է, մասա, ― հանդիմանեց նա, ― ախր ես այնպես հիանալի օձ բերել, մասան ինձ այդպես չվճարել։
 
 
==Գլուխ իններորդ==
 
Ֆոնը և ոսկեգույն կատուն
 
 
Բաֆուտում իմ մնալը հետզհետե մոտենում էր իր վերջին։ Ես հավաքել էի ամեն տեսակ կենդանի արարածներ, և ժամանակն էր այդ կենդանի ավարը տանել հիմնական ճամբարը, ուր նրանց նորից պիտի տեղավորեի վանդակներում և նախապատրաստեի Անգլիա ճանապարհորդելուն։ Ես բնավ ուրախ չէի, երբ հայտնեցի բոլոր որսորդներին, որ մեկ շաբաթ հետո մեկնում եմ, թե չէ նրանք կշարունակեն գազաններ բերել իմ մեկնելուց հետո էլ։ Բեռնատար մեքենա պատվիրեցի և Սմիթին նամակ ուղարկեցի այն մասին, որ մենք գալիս ենք։ Երբ Ֆոնը այդ նորությունը լսեց, սլացավ ինձ մոտ, ձեռքում սեղմած մի շիշ ջին, և սկսեց եռանդագին համոզել ինձ, որ մի քիչ էլ մնամ։ Ես նրան բացատրեցի, որ ինքս էլ կցանկանայի Բաֆուտում ավելի երկար մնալ, բայց ոչ մի կերպ չեմ կարող, վերադարձի տոմսերը պատվիրված են նախապես, ուրեմն, իմ ամբողջ գազանանոցը պետք է պատրաստ լինի ճանապարհ ընկնելու նշանակված օրը։ Ամենափոքրիկ հապաղման դեպքում մենք բաց կթողնենք շոգենավը, իսկ մի ուրիշը կարող է չլինել մեկ֊երկու ամիս, և այդքան մնալու համար իմ դրամը պարզապես չի բավականացնի։
 
Ա՜, բարեկամս, ես շատ ափսոսալ, որ դու մեկնել, ― ասաց Ֆոնը ու բաժակը ջին լցրեց այնպես, ասես անվերջանալի աղբյուրից էր լցնում։
 
― Ես էլ եմ ափսոսում, ― միանգամայն անկեղծ ասացի ես, ― բայց ոչ մի կերպ չեմ կարող ավելի շատ մնալ Բաֆուտում։
 
― Դու չմոռանալ Բաֆուտը, ― ասաց Ֆոնը և վրաս ուղղեց ցուցամատը։ ― Դու լավ հիշել Բաֆուտը։ Չէ՞ որ այստեղ շատ հիանալի որս բռնել, մի՞թե այդպես չէ։
 
― Այդպես է, ― պատասխանեցի ես և մատով ցույց տվի վանդակները, որ դրված էին իրար վրա մի քանի հարկով։ Բաֆուտում ես շատ որս հավաքեցի։
 
Ֆոնը բարեհաճորեն գլխով արեց։ Հետո թեքվեց առաջ և ամուր սեղմեց ձեռքս։
 
― Երբ դու հասնել քո երկիր, երբեմն դու պատմել քո մարդկանց, որ Բաֆուտի Ֆոնը քո բարեկամ, նա շատ ջանք թափել, որ դու ունենաս հիանալի որս, հա՞։
 
― Ամեն ինչ նրանց կպատմեմ, ― խոստացա ես, ― կպատմեմ, որ Բաֆուտի Ֆոնը հիանալի որսորդ է, ամենալավ որսորդը Կամերունում։
 
― Հիանալի՜, հիանալի՜, ― ուրախացավ Ֆոնը։
 
― Միայն մի որս այստեղ այդպես էլ չճարեցի, ― ասացի ես։ ― Եվ շատ եմ ցավում։
 
― Իսկ դա ի՞նչ որս, բարեկամս, ― ասաց Ֆոնը, հուզված թեքվելով դեպի ինձ։
 
― Դե, այսպիսի մեծ, անտառային կատու, որի մորթը ոսկու նման է, իսկ փորի վրա՝ զոլեր։ Ես քեզ ցույց եմ տվել նրա լուսանկարը, հիշո՞ւմ ես։
 
― Հա, այն ո՞րս, ― ասաց Ֆոնը։ ― Դու ճիշտ ասել։ Այդ որս դու դեռ չբռնել։
 
Նա խորասուզվեց մռայլ լռության մեջ, հոնքերը կիտած նայելով ջինի շշին։ Թերևս, ես բավական անտակտ գտնվեցի, հիշեցնելով նրան այդ մասին։ Իսկ ես այստեղ չէի բռնել ոսկեգույն կատու, կատուների ընտանիքի ամենափոքր, բայց ամենագեղեցիկ ներկայացուցչին, որ տարածված է Աֆրիկայի այս մասում։ Ես գիտեի, որ Բաֆուտի շրջակայքում էլ քիչ չեն դրանք, բայց որսորդներն այս կենդանուն վերաբերում էին ավելի պատկառանքով, քան ասենք, ընձառյուծին կամ էլ սերվալին, թեև այդ երկուսն էլ խոշոր են ոսկեգույն կատվից։ Ոսկեգույն կատվի լուսանկարը շատ անգամ եմ ցույց տվել Բաֆուտի Քերծեներին, բայց նրանք միայն ճպպացնում էին լեզվով, գլուխներն օրորում ու հավատացնում ինձ, որ նրան որսալը չափազանց դժվար է, որ նա «շատ կատաղի է» և «շատ խորամանկ»։ Ես մեծ գումարներ էի առաջարկում ոչ թե կատվին որսալու համար, այլ նույնիսկ նրա համար, որ ինձ ասեն միայն, թե որտեղ կարելի է նրան գտնել և՝ բոլորը ապարդյուն։ Երբ մինչև մեկնելս մնացել էր մեկ շաբաթից էլ պակաս, ես հաշտվեցի այն մտքի հետ, որ ոսկեգույն կատու ձեռք չեմ բերելու։
 
Ֆոնն ընկղմվեց բազմոցի մեջ, նրա աչքերը փայլում էին, շրթունքներին խաղում էր վարակիչ ժպիտ։
 
― Ես ճարել քեզ այդ որս, ― ասաց նա և գոռոզամտորեն գլխով արեց։
 
― Բայց, բարեկամս, հինգ օր հետո ես մեկնում եմ Բաֆուտից։ Էլ ինչպե՞ս կհասցնես որսալ հինգ օրում։
 
― Ես այն որսալ, ― վճռականորեն ասաց Ֆոնը։ ― Դու սպասել քիչ ժամանակ և տեսնել ինքդ։ Ես կճարեմ քեզ համար այդ որս։
 
Ֆոնը չցանկացավ ինձ ասել, թե ինչպես է մտադիր իրականացնել այդ հրաշքը, բայց նա այնպես ինքնավստահ էր, որ ես ակամա մտածեցի, թե իսկապես կկարողանա ձեռք բերել ինձ համար այդ հազվագյուտ գազանին։ Սակայն արդեն բացվել էր իմ վերջին օրվա առավոտը Բաֆուտում, բայց ոսկեգույն կատվի մասին խոսք անգամ չկար, և ես կորցրել էի ամեն մի հույս։ Երևում է, Ֆոնը տաքացած խոսք տվեց, որը կատարելը նրա ուժերից վեր էր։
 
Օրը մռայլ էր, ամպոտ․ չէ՞ որ վերևում, լեռներում, անձրևային սեզոնը սկսվում էր ավելի շուտ, քան հարթավայրերում։ Երկնքով մեկ ցած էին կախվել մութ ու գորշ ամպերը, մանր անձրև էր մաղում, երբեմն հեռավոր լեռնաշղթաներից լսվում էր ամպրոպի որոտը․ այդ ամենից ես ավելի էի մռայլվում, առանց այն էլ տխուր էի, ախր բոլորովին չէի ուզում մեկնել Բաֆուտից։ Ես ամբողջ հոգով սիրեցի այդ հարթավայրերն ու այնտեղ ապրող մարդկանց։ Ես անկեղծորեն կապվել էի Ֆոնի հետ, նույնիսկ հիանում էի նրանով և անկեղծորեն տխրում էի հենց միայն այն մտքից, որ պետք է բաժանվեմ նրանից, չէ՞ որ մենք միասին փառահեղ ու ուրախ էինք անցկացնում ժամանակը։
 
Ցերեկվա մոտավորապես ժամը չորսին մանր մաղող անձրևը վերածվեց հորդ հեղեղի․ դա ակնհայտորեն երկար էր տևելու․ անձրևը երկինքը փակել էր ջրի հոծ վարագույրի նման, թակում ու որոտում էր առանձնատան տանիքին, մոտակա արմավենիների լայն տերևներին․ Ֆոնի ընդարձակ բակի պինդ տրորված կարմիր հողը վեր էր ածվել արնակարմիր հեղուկ կավի փայլուն ծովի, որ ծփում էր վերևից թափվող բյուրավոր կաթիլներից։ Ես մաքրեցի բոլոր վանդակները, կերակրեցի բոլոր գազաններին և այժմ շրջում էի պատշգամբի մի ծայրից մյուսը, նայելով, թե ինչպես է անձրևը թակում աղյուսե պատը և անողոքաբար ցնցում բուգենվիլեյների մուգ֊կարմիր ծաղիկները։ Իմ բոլոր իրերն արդեն կապված էին, վանդակները պատրաստ, մնում էր միայն դրանք դարսել մեքենայի մեջ։ Ես ինձ համար ոչ մի զբաղմունք չէի կարող հորինել, իսկ քայլել սառը անձրևի տակ՝ չէի ցանկանում։
 
Պատահմամբ ցած նայեցի ― այնտեղ, ճանապարհին հայտնվեց մեծ պարկ շալակած մի մարդ, նա փորձում էր վազել, բայց ոտքերը սահում ու սայթաքում էին կավի վրա․ «Գուցե նա ինձ համար մի ինչ֊որ հազվագյուտ ո՞րս է բերում և գուցե ինձ մի փոքր կուրախացնի», ― ինքս ինձ հույս տվի և սկսեցի անհամբեր հետևել նրա մոտենալուն, բայց ցավով նկատեցի, որ պարկով մարդը թեքվեց կամարի տակ, չլմփացրեց հսկայական բակի միջով և անհետացավ երկրորդ կամարի տակ գտնվող դռան ետևում, որ տանում էր դեպի Ֆոնի ապարանքը։ Շուտով, այն բանից հետո, երբ նա անհետացավ տեսողությունից, Ֆոնի առանձնատան մոտ բարձր աղմուկ լսվեց, բայց մի քանի րոպե հետո ամեն ինչ լռեց, ու նորից ես լսեցի միայն անձրևի աղմուկը։ Ապա մեն֊մենակ թեյ խմեցի, հետո կերակրեցի բվերին և գազանանոցի մյուս գիշերային բնակիչներին։ Նրանք, թվում էր, մի քիչ զարմացան, չէ՞ որ երբեք այդքան վաղ չէի կերակրել, բայց ես գիտեի, որ շուտով գալու է Ֆոնը, որ ինձ հետ անցկացնի հրաժեշտի երեկոն, և ես ցանկանում էի մինչև նրա գալն ավարտել այդ գործը։
 
Այդ ընթացքում, մինչև ես վերջացրի իմ բոլոր գործերը, անձրևը հանդարտվեց ու հազիվ մաղում էր, ասես օդում մշուշ էր կախված, իսկ գորշ, արագ սահող ցածր ամպերի մեջ հայտնվեցին ճեղքեր, ու նրանց արանքից փայլում էր նուրբ֊կապույտ թափանցիկ երկինքը։ Դեռ մեկ ժամ էլ չէր անցել, երբ ամպերը բոլորովին ցրվեցին, և պարզ ու մաքուր երկինքը ծայրեծայր լցվեց մայրամուտի արևի լույսով։ Ֆոնի տան մոտ ինչ֊որ տեղ զարկեց փոքրիկ թմբուկը․ թմբուկի ձայնը հետզհետե ուժեղանում էր։ Բացվեց կամարի տակի դուռը, և բակի միջով շարժվեց մի ոչ մեծ թափոր։ Այն գլխավորում էր Ֆոնը՝ հագած իր ամենավեհաշուք կարմրա֊սպիտակ հագուստները․ նա զգույշ շրջանցում էր արևից փայլատակող ջրափոսերը։ Նրա ետևից գալիս էր այն նույն մարդը, որին ես տեսա անձրևի տակ․ նա շալակել էր այն նույն պարկը։ Այնուհետև գալիս էին չորս խորհրդականները, իսկ թափորը եզրափակում էր սպիտակ հագուստով և փոքրիկ գլխարկով մի տղա, հենց նա էլ շատ հանդիսավոր տեսքով թմբկահարում էր։
 
Հավանաբար, Ֆոնը գալիս էր ինձ մոտ հրաժեշտի հանդիսավոր այցով։ Ես սանդուղքով իջա նրան ընդառաջ։ Նա կանգնեց իմ դիմաց, ձեռքերը դրեց ուսերիս և անսովոր խստությամբ նայեց դեմքիս։
 
― Բարեկամս, ― դանդաղ, պատկառազդու տոնով արտասանեց նա։ ― Ես մի բան ունել քեզ համար։
 
― Իսկ ի՞նչ է դա, ― հարցրի ես։
 
Ֆոնը արքայական շարժումով ետ գցեց իր երկար թևքերը և ցույց տվեց պարկով մարդուն։
 
― Անտառային կատու, ― հայտարարեց նա։
 
Մի պահ ես կանգ առա ապշած, հարցական նայեցի նրան և հանկարծ հիշեցի, թե ինչ էր նա խոստացել ձեռք բերել ինձ համար։
 
― Անտառային կատո՞ւ։ Հենց այն, ինչ ես այնպես շա՞տ էի ուզում ունենալ, ― նորից հարցրի ես, չհամարձակվելով հավատալ երջանկությանս։
 
Ֆոնը գլխով արեց։ Նրա դեմքն արտահայտում էր լավ աշխատած մարդու հանգիստ բավարարվածություն։
 
― Ապա մի տվեք տեսնեմ, ― շնչահեղձ լինելով հուզմունքից, ասացի ես, ― շուտ բացեք պարկը։
 
Պարկով մարդը իր բեռը դրեց գետնին, իմ առջև, և ես բոլորովին մոռանալով, որ ի պատիվ Ֆոնի հագել էի մաքուր անդրավարտիք, ծունկի իջա հենց ցեխի մեջ և սկսեցի արագ արագ քանդել պարկի ամուր պարանը։ Ֆոնը կանգնել էր կողքիս և ժպտում էր՝ բերանը բացած մինչև ականջները, իսկական բարի Սանտա֊Կլաուս։ Պարկի բերանի մոտ թաց պարանը ամուր ձգվել էր, ես քաշում ու ձգում էի այն, և այստեղ պարկից լսվեց ահավոր, կատաղի կաղկանձ, ոռնոցն սկսվեց ինչպես դղրդացող տնքոց և, շարունակ ուժգնանալով, պոռթկաց ականջ ծակող մի այնպիսի ուժով և այնքան չարագուշակ, որ մաշկիս վրայով սարսուռ անցավ։ Որսորդը, խորհրդականները և թմբկահար տղան իսկույն մի քանի քայլ ետ թռան։
 
― Զգույշ, մասա, ― նախազգուշացրեց ինձ որսորդը, ― դա վտանգավոր որս։ Նա շատ անգամ ուժեղ։
 
― Իսկ դու կապե՞լ ես նրա ոտքերը, ― հարցրի ես։
 
Որսորդը գլխով արեց։
 
Ես քանդեցի պարանի վերջին հանգույցը, դանդաղ բացեցի պարկը և ներս նայեցի։
 
Ինձ վրա կատաղի աչքերը փայլեցրեց այնպիսի մի գեղեցիկ գազան, որ ես հառաչեցի։ Նրա բուրդը կարճ էր, մետաքսե, հյութեղ ոսկե֊շագանակագույն՝ վայրի մեղրի գույնի։ Զայրույթից կատուն սրածայր ականջները ամուր սեղմել էր գլխին, և վերին շրթունքը ցցել էր այնպես, որ այն ամբողջովին կնճռոտվել էր, մերկացնելով կաթնա֊ճերմակ ատամները և վարդագույն լնդերը։ Բայց ամենաապշեցուցիչն աչքերն էին․ մեծ, ոսկեզօծ դեմքի վրա փոքր֊ինչ շեղ, նրանք գամվել էին ինձ վրա մի չտեսնված սառը մոլուցքով, և ես մտածեցի, ի՜նչ բախտ է, որ նրա ոտքերը կապված են։ Կանաչ աչքերը նման էին սառցի տակ գտնվող տերևների և փայլում էին՝ ինչպես փայլատը մայրամուտի արևի ցոլքերի մեջ։ Մի պահ մենք լուռ նայում էինք իրար, հետո ոսկեգույն կատուն ավելի ամուր սեղմեց ատամները, բացեց երախը և արձակեց ուժեղ ու ահուսարսափ առաջացնող ոռնոց։ Ես արագ կապեցի պարկը․ ով գիտե, արդյո՞ք ամուր են կապված ոտքերը։ Իսկ աչքերից դատելով, նա ինձ հետ այնքան էլ քնքուշ չի վարվի, եթե կարողանա դուրս պրծնել պարկից։
 
― Դուր գալի՞ս, ― հարցրեց Ֆոնը։
 
― Այն էլ ո՜նց։ Ուղղակի բառեր չկան ասելու, թե ոնց է դուր գալիս, ― պատասխանեցի ես։
 
Մենք թանկարժեք պարկը տարանք պատշգամբ, և ես ամենամեծ վանդակի բնակչին շտապ տեղավորեցի մի ուրիշ տեղ։ Հետո մենք կապկված ոսկեգույն կատվին պարկից զգուշորեն թափ տվինք վանդակի մեջ և ամուր ծածկեցինք ու փակեցինք դռնակը։ Կատուն պառկել էր կողքի վրա, մռնչում ու ֆշշացնում էր, բայց տեղից շարժվել չէր կարողանում, նրա առջևի և ետևի թաթերը ամուր կապված էին իրար, երևի ռաֆիի թելի պարանով։ Ես փայտի ծայրին դանակ կապեցի, մտցրի վանդակի ճաղերից ներս և այդ ձևով ինձ հաջողվեց սղոցել պարանը․ հենց որ այն ընկավ, կատուն վայրկենապես, մի սահուն շարժումով ոտքի ցատկեց, թռավ ճաղի վրա, դուրս հանեց ոսկեգույն հաստ թաթը և թափահարեց, նշան բռնելով իմ դեմքին։
 
Ես հազիվ հասցրի ետ ցատկել։
 
― Օհո՜, ― ծիծաղեց Ֆոնը։ ― Նա շատ չար, այդ որս։
 
― Կարող է մարդուն պատառոտել շատ կարճ ժամանակ, ― հաստատեց որսորդը։
 
― Նա շատ ուժեղ, ― համաձայնվեց Ֆոնն ու գլխով արեց, ― նա շատ ուժ ունի ոտքերում։ ― Դու լավ հետևել նրան, իմ բարեկամ, թե չէ նա քեզ վիրավորել։
 
Ես խոհանոց ուղարկեցի ճուտ բերելու, և երբ հենց նոր մորթած ու դեռևս տաք ճտին բերեցին, ես թափահարեցի նրան վանդակի ճաղերի մոտ։ Նորից սրընթաց դուրս նետվեց ոսկեգույն թաթը, սպիտակ ճանկերը խրվեցին որսի մեջ և բռնեցին ճտին, սեղմելով նրան ճաղերին։ Այժմ կատուն ամբողջովին ձգվեց, բռնեց ճտի վզից և մի ուժեղ ճիգով նրան քաշեց վանդակի մեջ․ ճաղերի արանքից թռան փետուրները, ու ոսկեգույն կատուն սկսեց խժռել անկենդան թռչնին։ Ես արժանապատվորեն վանդակը ծածկեցի պարկով, և մենք գերյալին թողեցինք, որ քեֆ անի։
 
― Ինչպե՞ս բռնեցիր նրան, ― հարցրի որսորդին։
 
― Վերջինս քմծիծաղ տվեց և շփոթված մի ոտքից մյուսին հենվեց։
 
― Ինչ է, դու չլսել, ― հարցրեց Ֆոնը։ ― Ինչ է, դու լեզու չունենալ։
 
― Մասա, ― սկսեց որսորդը ու քորեց փորը։ ― Ֆոն ինձ ասել, մասա շատ ուզել այդպիսի որս, ու ես երեք օր գնալ որսի, նա փնտրել։ Ես գնալ, գնալ, շատ հոգնել, իսկ որս չտեսնել։ Իսկ երեկ, երբ երեկո էր, այս անտառի կատուն գալիս կամաց֊կամաց իմ բակ և մորթել երեք հավ։ Առավոտյան ես տեսնել նրա հետքեր ցեխի մեջ և նորից գնալ որսի։ Շատ ու շատ հեռու նրա ետևից գնալ, մասա, և այ մի մեծ բլրի վրա ես նրան տեսնել։
 
Ֆոնը շարժվեց իր բազկաթոռի մեջ և նայում էր որսորդին զննող հայացքով։
 
― Դու ճի՞շտ ասել, ― խիստ հարցրեց նա։
 
― Այո, մասա, ― պատասխանեց որսորդը։ ― Ես ասել բոլորը ճիշտ։
 
― Լավ, ― ասաց Ֆոնը։
 
― Դե, ես տեսնել այդ անտառի կատուն, ― շարունակեց որսորդը, ― նա գնում էր այն մեծ սար, նա գնում էր այնպես տեղ, ուր շատ ուժեղ քարեր կան։ Նա գնալ հողի անցքի մեջ։ Ես այդ անցք լավ նայել, բայց մարդն այնտեղ չմտնի, անցք շատ նեղ է։ Դե ես նորից հետ գնալ իմ տունը, վերցնել լավ շներ, ցանց ու գնալ հետ նույն տեղը։ Ես ցանցը դնել անցքի դիմաց և վառել փոքրիկ կրակ, և ծուխը մղել անցքի մեջ։
 
Նա մի պահ լռեց, շրխկացրեց մատները և նույնիսկ վեր թռավ մի ոտքի վրա։
 
― Ախ, այդ որս, նա շատ ուժեղ է կատաղի։ Հենց որ զգաց ծուխ հոտ, այնպես շատ սկսեց մռնչալ ու մռնչալ։ Իսկ շունը, նրանք վախենալ և բոլորը փախչել։ Կարճ ժամանակ ես լսել որս շարունակ մռնչում է ու մռնչում, և ես կամաց կամաց ետ գնալ, նրան նայել։ Ա՜խ, մասա։ Այդ որս նա վազել ուղիղ ցանցը, և ցանցը նրան ամուր պահել։ Հենց որ տեսա, ես արդեն չվախենալ, ես մոտեցա և նրա ոտքը կապել պարանով, և այ նրան բերել մասայի համար։
 
Որսորդն ավարտեց իր պատմությունը և հուզված նայեց իմ երեսին, ձեռքում պտտելով կարճ տեգը։
 
― Բարեկամս, ― ասացի ես նրան, ― ես գտնում եմ, որ դու գերազանց որսորդ ես, և ես լավ կվճարեմ քեզ այս որսի համար։
 
― Այո՛, այդպես, այդպես, ― համաձայնվեց Ֆոնը և վսեմաբար ձեռքով արեց։ ― Այդ մարդ քեզ համար լավ որս անել։
 
Ես որսորդին բավականաչափ դրամ տվեցի, լրացուցիչ նվիրեցի մի քանի տուփ սիգարեթ, և նա ինձնից հեռացավ հիացած․ դեռ երկար, մինչ նա իջնում էր սանդուղքով, ես լսում էի, թե ինչպես է նորից ու նորից բացականչում․ «Շնորհակալությո՜ւն մասա, շնորհակալություն»։ Հետո ես դարձա Ֆոնի կողմը․ նա նստել էր բազկաթոռին հենված և աչքը չէր կտրում ինձանից, երևում էր՝ շատ գոհ էր իրենից։
 
― Բարեկամս, շատ շնորհակալ եմ քեզանից այն ամենի համար, ինչ դու արեցիր, ― ասացի նրան։
 
― Ոչ, ոչ, բարեկամս, սա միայն փոքրիկ դատարկ բան։ Վատ կլիներ, եթե դու Բաֆուտից մեկնել, չստանալով ամբողջ որս, որ դու ուզել։ Ես շա՜տ֊շա՜տ ափսոսալ։ Բայց երբ դու նայել այս ամբողջ հիանալի որսին, դու հիշել Բաֆուտը, ճի՞շտ է։
 
― Այո՛, ճիշտ է, ― ասացի ես։ ― Իսկ հիմա, բարեկամս, արի խմենք։
 
― Հիանալի՜, հիանալի՜, ― ասաց Ֆոնը։
 
Ասես ուզենալով մեզ վարձատրել մռայլ օրվա դիմաց, մայրամուտը փայլում էր այնպիսի գեղեցկությամբ, որի նմանը ես երբեք չէի տեսել։ Արևը մտել էր գունատ, երկարավուն ամպերի ցանցի ետևը, և նրանք սկզբում սպիտակից դառնում էին փղոսկրե֊վարդագույն, հետո լցվում մորենու գույնով ու երիզվում էին ոսկեգույնով։ Ինքը երկինքը ողողված էր նրբին կապույտով ու կանաչով, տեղ֊տեղ փոքր֊ինչ ոսկեգույն էր, և մինչ օրը կմթներ, ավելի ու ավելի պայծառ էին վառվում թրթռացող աստղերը։ Շուտով դուրս եկավ նաև լուսինը, սկզբում՝ արնակարմիր, հետո աստիճանաբար դեղնեց և, վերջապես, բարձրանալով վեր, դարձավ արծաթե և ամբողջ աշխարհը վերածեց ածխասև ստվերներով սառը արծաթի։
 
Մենք Ֆոնի հետ մինչև ուշ գիշեր նստել էինք լուսնի աղոտ լույսի տակ և խմում էինք։ Վերջապես նա շրջվեց դեպի ինձ և ցույց տվեց իր առանձնատունը։
 
― Ես կարծում եմ, դու գուցե սիրել պարել, ― ասաց նա։ ― Եվ ես նրանց ասել երաժշտություն անեն։ Դու ուզել, որ մենք պարել, քանի դեռ դու չմեկնել, ճի՞շտ է։
 
― Այո՛, սիրում եմ պարել, ― պատասխանեցի ես։
 
Ֆոնը երերալով ոտքի ելավ և, պատշգամբի բազիրքից թեքվելով այնպես, որ թվում էր, թե հիմա ուր որ է ցած կընկնի, հրաման գոռաց ինչ֊որ մեկին, որ սպասում էր ներքևում։ Մի քանի րոպե հետո բակով մեկ շարժվեցին բազմաթիվ կրակներ, ճամփի վրա, ներքևում, հավաքվեց Ֆոնի կանանցից կազմված նվագախումբը և սկսեց նվագել։ Շատ շուտով կանանց միացան նաև ուրիշ երաժիշտներ, այդ թվում՝ գրեթե բոլոր խորհրդականները։ Ֆոնը մի քիչ երաժշտություն լսեց, ժպտալով և տակտի հետ շարժելով ձեռքերը, հետո վեր կացավ ու ձեռքը մեկնեց ինձ։
 
― Գնանք, ― ասաց նա։ ― Մենք պետք է պարել, այո՞։
 
― Հիանալի, հիանալի, ― նմանակեցի նրան, և նա ծիծաղից թուլացավ։
 
Մենք անցանք լուսնի լույսով ողողված պատշգամբով դեպի սանդուղքը․ այստեղ Ֆոնը իր երկար ձեռքով գրկեց ուսս, մասամբ բարեկամական զգացմունքից, մասամբ էլ նրա համար, որ չընկնի, և մենք աստիճաններով շարժվեցինք ցած։ Կես ճանապարհին իմ ուղեկիցը կանգ առավ ու մի քիչ պարեց նվագի տակ, նրա ոտքերը խճճվում էին լայն հագուստների մեջ, և եթե նա այդքան ամուր բռնած չլիներ ինձնից, անպայման աստիճաններով կգլորվեր ուղիղ ճանապարհի վրա։ Բայց նա պինդ էր բռնել, ուստի և մենք մի րոպե միայն ուժեղ օրորվեցինք ու ցնցվեցինք, բայց այնուամենայնիվ մեզ հաջողվեց ոտքի վրա կանգնել ու չկորցնել հավասարակշռությունը վերջնականապես․ ներքևում կանգնած կանայք, խորհրդականներն ու ժառանգները բարձր տնքացին սարսափից և ասես քարացան, տեսնելով իրենց տեր֊տիրակալին այդպիսի վտանգավոր դրության մեջ։ Նվագախումբը նույնիսկ դադարեց նվագը։
 
― Երաժշտությո՜ւն, երաժշտությո՜ւն, ― գոռում էր Ֆոնը, մինչ մենք նրա հետ օրորվում էինք սանդուղքի վրա։ ― Ինչո՞ւ դուք այլևս չնվագել։
 
Նվագախումբը նորից նվագեց, մենք նորից գտանք հավասարակշռությունը և, արդեն չերերալով, առանց արկածների իջանք մնացած աստիճանները։ Ֆոնի տրամադրությունը գերազանց էր, և նա որոշեց բռնել ձեռքս ու պարելով անցնել ինձ հետ ամբողջ բակի միջով։ Մենք նրա հետ շրմփացնում էինք ջրափոսերի միջով, իսկ նվագախումբը հետևում էր մեզ և նվագում, թեև նվագողների շունչն արդեն կտրվում էր։ Երբ մենք հասանք պարերի տանը, Ֆոնը նստեց իր գահավորակին հանգստանալու, իսկ պալատականները սկսեցին նրա առջև պարել։ Հետո երբ պարը փոքր֊ինչ դադարեց, ես Ֆոնին խնդրեցի նվագախմբին մոտ կանչել, ուզում էի տեսնել նրանց գործիքները։ Երաժիշտները մոտեցան և կանգ առան պատվանդանի առջև, ուր մենք նստել էինք, ես բոլոր գործիքները հերթով փորձեցի, և ինձ ցույց տվին, թե ինչպես պետք է նվագել յուրաքանչյուրը։ Ի զարմանս բոլորի (ես ինքս էլ շատ զարմացա), ինձ հաջողվեց բամբուկե սրինգի վրա ճիշտ նվագել «Քեմպբելները գալիս են» երգի առաջին երկու տակտը։ Ֆոնը այնպիսի հիացմունքի մեջ ընկավ, որ ստիպեց ինձ այդ քաջագործությունը կրկնել էլի մի քանի անգամ, և անձամբ նվագակցեց ինձ մի մեծ թմբուկով, իսկ խորհրդականներից մեկն էլ միացավ նրան մի ինչ֊որ տարօրինակ գործիքով, որը հնչում էր նավի ազդանշանի նման։ Իհարկե, մեր նվագը այնքան էլ ներդաշնակ չէր հնչում, բայց փոխարենը՝ մենք շատ ջանք էինք թափում և նվագում էինք մեծ զգացմունքով։ Հետո նույնը կրկնեցինք սկզբից, որովհետև Ֆոնը ցանկացավ լսել, թե դա ինչպես կհնչի ամբողջ նվագախմբի հետ։ Ընդհանրապես վատ չէր հնչում, որովհետև բոլոր սխալ հնչյունների մեծ մասը, որ արձակում էի սրնգով, ամբողջովին խլանում էր թմբուկներից։
 
Երբ այդ երգի բոլոր երաժշտական հնարավորությունները սպառված էին, Ֆոնը ուղարկեց մի նոր շիշ բերելու․ մենք ավելի հարմար նստեցինք և սկսեցինք դիտել պարերը։ Սակայն անգործությունը շուտով ձանձրացրեց Ֆոնին։ Մեկ ժամ էլ չանցած, նա սկսեց անհանգստանալ իր գահի վրա և մռայլ նայել նվագախմբին։ Նա լիքը լցրեց մեր բաժակները, հենվեց գահավորակի թիկունքին և մռայլ դիմեց պարողներին։
 
― Այդ պարը, դա լավը չէ, ― հայտարարեց նա վերջապես։
 
― Գերազանց է, ― առարկեցի ես, ― ի՞նչը քեզ դուր չի գալիս։
 
― Շատ ուժեղ դանդաղ է, ― պարզաբանեց Ֆոնը, թեքվեց իմ կողմը և զինաթափ եղած ժպտաց։ ― Ուզո՞ւմ ես մենք պարել քո հատուկ պարը։
 
― Հատուկ պա՞րը, ― հարցրի ես, գինու գոլորշիներից մթագնած ուղեղս դանդաղ էր աշխատում։ ― Այդ ի՞նչ պար է։
 
― Մեկ, երկու, երեք, ցատկ։ Մեկ, երկու, երեք, ցատկ, ― երգեց Ֆոնը։
 
― Հա՜, այ թե ինչի մասին ես խոսում։ Այո, արի պարենք, եթե ուզում ես։
 
― Ես շատ ուզում ես, ― հաստատ ասաց Ֆոնը։
 
Նա ինձ դուրս բերեց հրապարակի մեջտեղը և ամուր գրկեց մեջքս, իսկ մյուսները, ուրախ շատախոսելով և հաճույքից քթի տակ ծիծաղելով, շարք կանգնեցին մեր ետևից․ ես ցանկացա պարի մեջ թեկուզ մի փոքր փոփոխություն մտցնել, մեկից վերցրի սրինգը, բարձր ու սխալ սկսեցի փչել և բոլոր պարողներին մի ինչ֊որ վայրի թափով ետևիցս տարա պարահրապարակով մեկ, Ֆոնի կանանց խրճիթների մոտով։ Շատ տաք գիշեր էր, և այդպիսի ուրախությունից կես ժամ հետո ամբողջովին շնչահեղձ եղա։ Քրտինքը վրայովս հոսում էր գետի նման։ Վերջապես մենք կանգ առանք հանգստանալու և սովորականի նման՝ խմելու։ Սակայն իմ կոնգան շատ էր դուր եկել Ֆոնին։ Նա նստել էր իր գահին, աչքերը փայլում էին, ոտքերը խփում էին տակտով, և տրվելով հիշողություններին, նա կամացուկ մրմնջում էր պարեղանակը և վատ թաքցրած անհամբերությամբ սպասում, մինչև ես խելքի գամ ու նորից սկսեմ։ Ես վճռեցի, որ հարկավոր է ինչ֊որ ձևով շեղել նրան այդ մտքից, այսպիսի հեղձուցիչ գիշերին կոնգան չափազանց շատ ջանքեր է պահանջում, և, բացի այդ, վերջին շրջանն անելու ժամանակ ես շատ ուժեղ դիպա դռանը ու քերծեցի ոտքիս մաշկը։ Ուստի մտածում էի, թե ինչ ուրիշ պար նրան սովորեցնեմ, որն ավելի քիչ ջանքեր պահանջի և նվագախումբն էլ կարողանա արագ սովորել եղանակը։ Վերջապես, ես գտա համապատասխան պարը, նորից խնդրեցի ինձ տալ սրինգը և մի քանի րոպե փորձեցի։ Հետո դարձա դեպի Ֆոնը․ նա այդ ընթացքում հետաքրքրությամբ հետևում էր ինձ։
 
― Եթե դու նվագախմբին կարգադրես սովորել այս հատուկ երաժշտությունը, ես քեզ կսովորեցնեմ ևս մի եվրոպական պար, ― ասացի ես։
 
― Հիանալի՜ է, հիանալի՜, ― պատասխանեց Ֆոնը։ Նրա աչքերը փայլում էին, նա շրջվեց և բարձր հրամայեց նվագախմբին լռել, հետո նրանց ստիպեց կանգնել մեր պատվանդանի մոտ, մինչև ես կնվագեի անհրաժեշտ եղանակը։ Երաժիշտները, ի զարմանս իմ, արագ յուրացրին մեղեդին և նույնիսկ զարդարեցին այն սեփական վարիացիաներով։ Ֆոնը հիացած՝ ոտքով խփում էր տակտը։
 
― Այո, հիանալի այդ երաժշտություն, ― ասաց նա։ ― Այժմ դու ցույց տալ ինձ նոր պարը, այո՞։
 
Ես նայեցի շուրջս և ընտրեցի մի ջահել աղջկա, որը, ես դա արդեն վաղուց էի նկատել, շատ շուտ գլխի ընկնող էր երևում․ ես սեղմեցի նրան ինձ, որքան թույլ էր տալիս քաղաքավարությունը (նրա վրա փաստորեն ոչ մի հագուստ չկար) և սլացա հրապարակով, ուրախ պարելով պոլկա։ Պարընկերս, մի պահ շփոթվելուց հետո, սքանչելի կերպով հարմարվեց իմ քայլերին, և մենք շատ սիրուն թռչում ու ցատկոտում էինք «պարասրահով» մեկ։ Ցանկանալով ցույց տալ, որ նոր պարը իրեն դուր է գալիս, Ֆոնը ծափ տվեց, և անմիջապես բոլոր ներկա գտնվողները միացան նրան․ սկզբում լսվում էին ամենասովորական, իրար հետ չհամընկնող ծափեր, բայց չէ՞ որ դրանք աֆրիկացիներ էին․ նրանք շուտով պարի ռիթմի մեջ մտան, և այժմ արդեն ծափահարում էին ճիշտ տակտով։ Ես ու աղջնակը հինգ անգամ պտտվեցինք հրապարակով և այստեղ կամա թե ակամա ստիպված եղանք կանգ առնել։ Շունչներս կտրվում էր արդեն։ Երբ մոտեցա իմ տեղին, Ֆոնը ինձ մեկնեց բերնեբերան լցված վիսկու բաժակը, իսկ երբ նստեցի, խփեց մեջքիս։
 
― Հիանալի՜ պար, ― ասաց նա։
 
Ես գլխով համաձայնության նշան արի և մի շնչով դատարկեցի բաժակս։ Չհասցրի այն ցած դնել, երբ Ֆոնը բռնեց ձեռքիցս և քաշեց ետ դեպի պարասրահ։
 
― Գնանք, ― բարձրաձայն խնդրեց նա։ ― Սովորեցրու ինձ այդ պար։
 
Գրկելով իրար, մենք պոլկա պարելով պտտվեցինք հրապարակի շուրջը, բայց այնքան էլ լավ չստացվեց, որովհետև պարընկերոջս լայն հագուստները փաթաթվում էին ոտքերիս շուրջը, և մենք հանկարծ կանգ էինք առնում ոտքներս կապածի նման։ Ամեն անգամ ստիպված էինք համբերատար կանգնել ու սպասել, մինչև խորհրդականների ամբոխը մեզ իրարից բաժանի, հետո նորից սկսում էինք պարել․ մեկ, երկու, երեք, ցատկ, և կանգ էինք առնում անկյունում, ամուր իրար կապված, ինչպես երկու սյուն, որ հանդեսի համար փաթաթված են միևնույն ժապավենով։
 
Հանկարծ ես նայեցի ժամացույցիս և սարսափած տեսա, որ արդեն գիշերվա ժամը երեքն է։ Որքան էլ դա ցավալի էր, բայց ստիպված էի հրաժեշտ տալ Ֆոնին ու գնալ քնելու։ Ֆոնն ու նրա հպատակները ինձ ճանապարհեցին մինչև մեծ գավիթը, և ես այնտեղ նրանցից բաժանվեցի, բարձրացա սանդուղքով վեր ու ցած նայեցի։ Առկայծող լապտերների լույսի տակ նրանք բոլորը պոլկա էին պարում։ Ամենակենտրոնում թռչկոտում ու ցատկում էր Ֆոնը՝ բոլորովին մենակ․ նա տեսավ ինձ, թափահարեց երկար ձեռքը և բղավեց․ «Բարի՜ գիշեր, բարեկամս, բարի գիշեր»։ Ես ի պատասխան ձեռքով արի և երանությամբ անկողին մտա։
 
Հաջորդ առավոտ, ութն անց կես բեռնատարը եկավ, և մենք իմ ամբողջ գազանանոցը բարձեցինք նրա մեջ։ Ինձ հրաժեշտ տալու և ճանապարհելու էին եկել անթիվ անհամար բաֆուտցիներ։ Նրանք եկել էին դեռ լույսը չբացված, իսկ հիմա շարվել էին ճանապարհի երկայնքով և աշխույժ զրուցում էին, սպասում էին, թե երբ պիտի ճանապարհ ընկնեմ։ Վերջապես բարձեցին վերջին արկղը, և այստեղ թմբուկները, սրինգները և շրխկանները ազդարարեցին այն մասին, որ ինձ հրաժեշտ տալու համար ժամանեց Ֆոնը։ Նա հագնվել էր այնպես, ինչպես իմ գալու օրը, երբ տեսա նրան առաջին անգամ․ նա հագել էր սպիտակաթույր, առանց որևէ զարդարանքների հագուստ, և կարմիր գինու գույնի գլխարկ։ Եվ ուղեկցում էր նրան մի շքեղ շքախումբ՝ խորհրդականները հագել էին շլացուցիչ վառ հագուստներ։ Ֆոնը մոտեցավ, գրկեց ինձ և, բաց չթողնելով ձեռքս, հակիրճ ճառով դիմեց բաֆուտցիներին։ Երբ նա լռեց, ողջ ամբոխը միաբերան բացականչեց․ «Ա՜, ա՜, ա՜, ա՜» և միահամուռ ծափահարեց։ Ֆոնը շրջվեց իմ կողմը և բարձր ձայնով ասաց․
 
― Իմ ժողովուրդ շատ ուժեղ ափսոսալ, որ դու հեռանալ Բաֆուտից։ Այս բոլոր մարդիկ, նրանք հիշել քեզ, և դու էլ չմոռանալ, Բաֆուտը, այո՞։
 
― Ես երբեք չեմ մոռանա Բաֆուտը, ― պատասխանեցի ես ի սրտե ջանալով բարձր գոռալով խլացնել ուժեղ ծափահարությունները։
 
― Լավ, ― բավարարված ասաց Ֆոնը, հետո ամուր սեղմեց ձեռքս իր ափի մեջ և թափահարեց։ ― Բարեկամս, ես քեզ միշտ տեսնել իմ աչքերի առաջ։ Ես երբեք չմոռանալ, ինչ երջանիկ ժամանակ մենք անցկացնել միասին։ Տա աստված, որ դու բարեհաջող տեղ հասնել քո երկիր։ Գնալ լավ, գնալ լավ։
 
Բեռնատարը շարժվեց, և ծափահարությունները ուժգնացան, նրանք լսվում էին ավելի ու ավելի ընդհատուն, և շուտով արդեն թվում էր, թե այդ անձրևի կաթիլներն են թակում թիթեղե տանիքը։ Մենք դանդաղ շարժվում էինք խորդուբորդ ճանապարհով, ահա և վերջապես ոլորանը, այստեղ ես ետ նայեցի և տեսա, որ ճանապարհի ամբողջ երկայնքով ձգվել է մերկ սև մարմինների հոծ պատ․ օդում երևում էին ծափահարող սև ձեռքերը, փայլատակում սպիտակատամ ժպիտներ, իսկ այդ կենդանի ծառուղու վերջում կանգնած էր կուրացուցիչ սպիտակ հագուստով բարձրահասակ մարդը։ Ահա նա բարձրացրեց երկար ձեռքը, վերջին անգամ հրաժեշտ տվեց, բեռնատար մեքենան թեքվեց և սլացավ գյուղամիջյան կարմիր ճանապարհով, որն անցնում էր արևից փայլատակող ոսկեգույն բլուրների միջով։
Ադմին, Վստահելի
1876
edits