Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 50 701 բայտ, 09:25, 12 Մարտի 2016
/* Գլուխ իններորդ */
Բեռնատարը շարժվեց, և ծափահարությունները ուժգնացան, նրանք լսվում էին ավելի ու ավելի ընդհատուն, և շուտով արդեն թվում էր, թե այդ անձրևի կաթիլներն են թակում թիթեղե տանիքը։ Մենք դանդաղ շարժվում էինք խորդուբորդ ճանապարհով, ահա և վերջապես ոլորանը, այստեղ ես ետ նայեցի և տեսա, որ ճանապարհի ամբողջ երկայնքով ձգվել է մերկ սև մարմինների հոծ պատ․ օդում երևում էին ծափահարող սև ձեռքերը, փայլատակում սպիտակատամ ժպիտներ, իսկ այդ կենդանի ծառուղու վերջում կանգնած էր կուրացուցիչ սպիտակ հագուստով բարձրահասակ մարդը։ Ահա նա բարձրացրեց երկար ձեռքը, վերջին անգամ հրաժեշտ տվեց, բեռնատար մեքենան թեքվեց և սլացավ գյուղամիջյան կարմիր ճանապարհով, որն անցնում էր արևից փայլատակող ոսկեգույն բլուրների միջով։
 
 
==Գլուխ տասներորդ==
 
Կենդանաբանական այգին բրեզենտի տակ
 
 
Գազաններ հավաքողը ամենից հաճախ իր խնամակալների վարքն ու բարքը իմանում է ճանապարհորդության վերջում, և դա ցավալի է։ Սկզբում, մոտավորապես չորս ամիս, կենդանիները թվում են ընդամենը միայն իրենց տեսակի «նմուշներ»․ չէ՞ որ հավաքողը ժամանակ չունի այնպես ուշադիր ուսումնասիրել, որ նրանք, վերջապես, իր աչքում ձեռք բերեն իրենց անհատականությունը։ Ամենից առաջ պետք է հոգ տանել որսած կենդանիներին ինչպես հարկն է տեղավորելու, կերակրելու, մաքուր պահելու մասին, և դրանից ավելին չես էլ հասցնում, որովհետև ամբողջ մնացած ժամանակի ընթացքում ամեն կերպ աշխատում ես լրացնել գազանանոցը։ Սակայն, այնուամենայնիվ, ճանապարհորդության վերջում գազանանոցը սովորաբար այնպես է աճում, որ հավաքողը որսի գնալու ժամանակ էլ չի ունենում, բավական շատ չարչարանք ու խնամք են պահանջում այն կենդանիները, որոնց ինքն արդեն որսացել է։ Եվ վրա է հասնում այնպիսի մի շրջան, երբ մնում է հույսը դնել միայն տեղացի որսորդների վրա․ գուցե քեզ համար որսա՞ն մի ինչ֊որ նոր գազան, դրա փոխարեն, այժմ դու չես բաժանվում գազանանոցից և հնարավորություն ունես ավելի լավ ճանաչելու քո գերիներին։ Հենց այսպիսի դրության մեջ էլ ես գտնվում էի, երբ վերադարձա Բաֆուտից։ Մեր գլխավոր ճամբարում հավաքվել էին ոչ միայն հարթավայրային կենդանիներ․ մինչ ես որս էի անում լեռներում, Սմիթը անխոնջ կերպով հավաքում էր տեղական անտառներում ապրող զանազան կենդանիների։ Մեր վրանի լայն ու ընդարձակ բրեզենտե տանիքի տակ հավաքվել էին ամենաբազմազան և բազմաթիվ այնքան գազաններ, որ կարելի էր մի ոչ մեծ կենդանաբանական այգի ստեղծել։
 
― Այսպիսով, վերադառնալով Կրոս գետի ափի տոթ և խոնավությամբ հագեցած մեր գլխավոր ճամբարը, ես առաջին անգամ սկսեցի մոտիկից ծանոթանալ հարթավայրային մի քանի գերիների հետ։ Վերցնենք թեկուզ հենց ղամաններին։
 
Քանի դեռ ես նրանց չէի բերել գլխավոր ճամբարը, ինձ թվում էր, թե նրանք բավական ձանձրալի կենդանիներ են և հայտնի են միայն իրենց ազգակիցներով։ Առաջին իսկ հայացքից դամանին կարելի է դնել սովորական կրծողի տեղ, և դա միանգամայն ներելի է, իսկ եթե դուք տեսնեք, թե ինչպես են նրանք ծամում տերևները, կամ կրծում ինչ֊որ մի ծառի հյութեղ կեղևը, թերևս, կմտածեք, թե նրանք ճագարների ցեղակիցն են։ Եվ շատ խիստ կսխալվեք, որովհետև դամանի ամենամոտիկ ցեղակիցը, որքան էլ տարօրինակ թվա, ամենևին էլ ճագարը չէ, այլ փիղը։ Եվ իսկապես, ոսկորների կազմությամբ և անատոմիական այլ հատկանիշներով դամանն ավելի մոտ է փղին և ռնգեղջյուրին։ Լսելով նման հայտարարությունը, մարդիկ ակամա մտածում են․ հո խելքները չե՞ն թռցրել այդ կենդանաբանները։ Չէ՞ որ դամանը այնքան է նման փղին, որքան փիղը կոլիբրիին։ Եվ սակայն ազգակցությունն ավելի պարզ է դառնում, երբ ուշադիր եք նայում այդ կենդանու անատոմիայի բարդ առանձնահատկություններին և ատամների կազմությանը։ Ահա, անկեղծորեն ասած, և այն ամենը, ինչ ես մինչ այժմ գիտեի դամանի մասին։
 
Երբ մենք հասանք գլխավոր ճամբարը, պառավ էգ դամանին (նրան, որ կծել էր Բաֆուտի Քերծեներից մեկին) և նրա երկու հաստլիկ ձագերին փոքր վանդակից տեղափոխեցինք մի ուրիշ, շատ ավելի ընդարձակ վանդակ, այստեղ նրանք կարող էին ազատ շրջել և ունեին նույնիսկ իրենց սեփական ննջարանը, ուր կարող էին առանձնանալ, եթե տրամադրություն չունենային շփվելու մարդկանց հետ։ Եվ ահա ուսումնասիրելով նրանց վարքն այս վանդակում, ես մի քանի առանձնահատկություններ տեսա, որ առաջ չէի նկատել։ Սկսենք նրանից, որ դամանները, բանից պարզվում է, ունեն այսպես կոչված զուգարանային սովորույթներ, այլ կերպ ասած, նրանք իրենց աղիները դատարկում են միշտ վանդակի միևնույն անկյունում։ Մինչ այդ ես նույնիսկ չէի կասկածում, թե օրնիբուն աշխատող կենդանահավաքի համար ինչպիսի թեթևություն կլինի նրա գազանների մաքրասիրությունը։ Հենց որ ես հասկացա, թե ինչ է նշանակում կղկղանքի կոկիկ կույտը, որ հայտնաբերում էի ամեն առավոտ միևնույն անկյունում, ես աշխատեցի հեշտացնել դամանների վանդակը մաքրելու գործը ու նրանց մոտ դրեցի մի փոքրիկ կլոր թիթեղի տուփ։ Բայց ցավոք սրտի, հենց հաջորդ առավոտյան տեսա, որ դամանները արհամարհանքով մերժել են իմ պարգևը․ նրանք թիթեղի տուփը քշել էին մի կողմ և հանգիստ արել էին իրենց ուզած վանդակի հատակին, ինչպես միշտ։ Այդ նույն երեկոյան ես նորից այնտեղ դրի թիթեղե տուփը, բայց այս անգամ տուփի մեջ դրի մի քիչ այն բանից, ինչ առավոտյան գտել էի հատակի վրա։ Առավոտյան հիացմունքով համոզվեցի, որ թիթեղե տուփը լիքն էր, իսկ վանդակը անբասիր մաքուր։ Այժմ արդեն դամանների վանդակի մաքրելը ինձնից պահանջում էր միայն դատարկել թիթեղե տուփը, լվալ ու դնել տեղը։ Եվ դամանների վանդակը մաքրելը դարձավ իսկական բավականություն։
 
Բոլորովին ուրիշ սովորություններ ունեն պարկավոր առնետները․ փոքրիկ կատվի չափ այս կրծողները մեր գազանանոցում ապրում էին դամանների ընտանիքի հարևանությամբ։ Այս առնետները պատկանում են կենդանիների բավական անդուրեկան խմբին, որոնք չեն ուզում (կամ չե՞ն կարողանում) դատարկել իրենց աղիները այլ կերպ, քան ջրում, և ըստ որում նախընտրում են հոսող ջուրը։ Ազատության մեջ նրանց համար, հավանաբար, այդ նպատակին են ծառայում գետակները․ ջուրը կղկղանքը քշում է և պարարտացնում ափին աճած մի ինչ֊որ բույս։ Սակայն վանդակի մեջ ես չէի կարող իմ պարկավոր առնետներին գետակ տրամադրել, և նրանք ստիպված էին բավարարվել եղածով՝ ջրամանով։ Այնքան էլ հաճելի չէ վանդակի մեջ դնել մաքուր արցունքի նման վճիտ ջրով անոթ, և հինգ րոպե հետո տեսնել, որ այն լիքն է հեղուկ կղկղանքով։ Դա բավական մեծ հոգս էր, չէ՞ որ շոգին կենդանիներին միշտ պետք է խմելու ջրի թարմ պաշար, իսկ առնետները կեղտոտում են այն, չհասցնելով խմել։ Ես շատ փորձեցի նրանց ետ վարժեցնել այդ չարաբաստիկ սովորությունից, բայց ապարդյուն, ի վերջո ստիպված եղա նրանց համար իբրև զուգարան դնել մի մեծ անոթ և տալ ավելի շատ հյութալի մրգեր, այն հույսով, որ մրգերը կհագեցնեն նրանց ծարավը։
 
Բայց վերադառնանք դամաններին․ Բաֆուտում ես պատկերացնում էի, որ այս տխուր, անհաշտ կենդանիները իրենց ամբողջ կյանքում միայն նրանով են զբաղվում, որ նստում ու ծամում են տերևները և ապակե աչքերով բութ֊բութ նայում մի կետի։ Իսկ գլխավոր ճամբարում հասկացա, որ խիստ սխալվել եմ։ Երբ դամանը շատ լավ տրամադրության մեջ է լինում, նա կարող է ուրախ խաղալ գառնուկի պես։ Երեկոները, երբ վանդակը ողողվում էր արևի լույսով, պառավ էգը տեղավորվում էր վանդակի հատակին՝ վեհորեն, պատկառելի, իսկ և իսկ Լոնդոնի Տրաֆալգար֊պուրակի առյուծի նման և դանդաղ ծամում էր սպանաղի նուրբ փունջը կամ կասավայի տերևները, իսկ փոքրիկները խայտում էին շուրջը։ Նրանց խաղերը չարաճճի էին ու աղմկոտ։ Վազում էին իրար ետևից ամբողջ վանդակով մեկ, երբեմն, ի մեծ զարմանս իմ, վազում էին փայտե հարթ պատի վրայով մինչև տանիք և միայն այնտեղից, ամենավերին մասից, ընկնում հատակին։
 
Երբ ձանձրանում էին այդ կրկեսային տրյուկներից, նրանք իրենց պատկառելի, հաստլիկ մորը դնում էին ամրոցի տեղ։ Մեկը բարձրանում էր մոր մեջքին, իսկ մյուսը հարձակվում էր նրա վրա և փորձում նրան այնտեղից ցած գցել։ Երբեմն էլ երկուսը միասին հայտնվում էին մոր մեջքին և կատաղի կռվում իրար հետ, իսկ մայրը հանգիստ պառկում էր անշարժ, մտազբաղ նայում էր հեռուն և չէր դադարում ծամել։ Ես հաճույքով էի դիտում այդ խաղերը․ միայն մի բան էր տհաճ․ սիրունիկ ձագուկները երբեմն այնքան էին տարվում, որ խաղում էին մինչև ուշ գիշեր, հատկապես եթե գիշերը լինում էր լուսնկա։ Իսկ երբ երկու փոքրիկ դամանները վազում էին վանդակի մի ծայրից մյուսը, այնպիսի աղմուկ են բարձրացնում, ասես կռվում են երկու ջահել որձ ձիեր, և քնել բոլորովին հնարավոր չէր։ Ես նստում էի անկողնուս մեջ և սարսափազդու ձայնով գոռում նրանց վրա․ «Հե՜յ, լռեցե՛ք»։ Եվ, պատկերացրեք, դամանները մի կես ժամ լռում էին․․․ Լավ է, եթե այդ ընթացքում հասցնես քնել, չէ՞ որ կես ժամ հետո ամեն ինչ կսկսվի նորից, նորից տախտակների վրա կթխթխկան կճղակները, կզրնգա մետաղալարը և կլսվի չափազանց երգեցիկ մի զրնգոց՝ դա կճղակների հարվածից շուռ կգան ճաշի թասերը։ Այո, ի՜նչ֊ի՜նչ, բայց երբեք չես ասի, որ դամանները ձանձրալի են։
 
Էլի մի գազանիկ դրսևորեց իր ողջ գեղեցկությամբ, երբ մենք հասանք գլխավոր ճամբար։ Սևականջ սկյուռը, այն նույն սկյուռը, որն ահավոր իրարանցում գցեց Բաֆուտի իմ աստիճանների վրա։ Այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ աստիճանների վրայի իրարանցումը միայն մի փոքրիկ պատառիկն է այն ամենի, ինչի ընդունակ է այս անհանգիստ արարածը, եթե տրամադրությունը տեղն է։ Կարելի էր կարծել, որ այս գազանիկի ամենասիրած խաղը փախչելն է, իր հետևից տանելով հետապնդողների ամբոխին։ Սկյուռիկը, ինչպես ես արդեն ասացի, դեռևս շատ փոքրիկ էր․ ընկնելով իմ գազանանոցը, նա շատ շուտով դարձավ զարմանալիորեն ձեռնասուն։ Ես նրան վերցնում էի ձեռքս, նստեցնում էի ուսիս, և նա ամենևին էլ չէր բողոքում։ Նստում էր ուղիղ և հետազոտում ականջս, հուսալով, որ այնտեղ իր համար կաղին կամ մի ուրիշ համեղ բան եմ թաքցրել։ Եթե շուրջը լինում էին չորս մարդուց ոչ ավել, նա իրեն պահում էր չափազանց արժանապատվությամբ, բայց ամբոխի տեսքը իսկույն նրա մեջ առաջացնում էր փախչելու և իր հետևից հետապնդողներին տանելու դիվային ցանկություն։ Սկզբում ես կարծում էի, որ մարդկանց բազմությունն անհանգստացնում ու վախեցնում է նրան, և նա իսկապես ուզում է փախչել։ Բայց շուտով համոզվեցի, որ բնավ էլ այդպես չի։ Երբ նրա ետևից վազում էին և չէին կարողանում հասնել, սկյուռիկը կանգ էր առնում, նստում ետևի թաթերի վրա ու սպասում, թե երբ պիտի հետապնդողները մոտենան։ Շատ զվարճալի էր, երբ սկզբում մենք փոքրիկ չարաճճիին անվանում էինք «Հոգյակ» (նրա հնազանդության և լավ բնավորության համար), և միայն հետո մեզ համար պարզ դարձավ նրա ամբողջ խարդավանքը։ Առաջին հետապնդումը հոգյակը կազմակերպեց գլխավոր ճամբար գնալուց երեք օր հետո։
 
Ճամբարի ջրի ամբողջ պաշարը պահում էինք բենզինի երկու հսկայական բաքերի մեջ, որոնք դրված էին խոհանոցի մոտ։ Ամեն օր տեղական բանտի բանտարկյալները դրանք լցնում էին թարմ ջրով։ Բանտարկյալները ուրախ տղաներ էին՝ սպիտակ մաքուր բլուզներով և շորտերով։ Ամեն առավոտ նրանք բարձրանում էին բլուրն ի վեր, դեպի մեր ճամբարը, իրենց ածիլած գլուխների վրա դրած բերելով բերնեբերան ջրով լցված նավթի բիդոնները։ Նրանց հետևից միշտ քայլում էր բաց֊շագանակագույն շքեղ համազգեստով բանտապահը, նրա պղնձե կոճակները փայլփլում էին արևի տակ, իսկ քայլելիս նա եռանդուն թափահարում էր կարճ մահակը, և առաջին իսկ հայացքից պարզ էր, որ նրա հետ կատակ չես անի։ Բանտարկյալները (այստեղ հավաքված էին ամեն տեսակ հանցագործներ, մանր գողերից մինչև մարդասպաններ) հաճույքով կատարում էին իրենց ձանձրալի պարտականությունը, և եթե նրանց բարևում էիր, ապա ուղղակի փայլում էին ուրախությունից։ Շաբաթը մեկ անգամ ես նրանց սիգարեթ էի տալիս, և բանտապահը (որն այդ ժամանակ ինձ հետ խմում էր մի բաժակ գարեջուր) նրանց թույլ էր տալիս շրջել ճամբարում և դիտել գազաններին։ Դա, իհարկե, հաճելի բազմազանություն էր այդ մարդկանց անուրախ կյանքում, և նրանք խմբվում էին կապիկների վանդակի շուրջը ու արտասվելու չափ հռհռում նրանց չարությունների վրա, կամ էլ նայում էին օձերով լի արկղի մեջ և սարսռում սարսափից։
 
Այն առավոտ, որի մասին ուզում եմ ձեզ պատմել, ես գնում էի կերակրելու Հոգյակին, և հենց այդ ժամանակ հայտնվեցին բանտարկյալները։ Շարքով անցան իմ մոտով․ քրտնքից փայլող նրանց դեմքերին խաղում էր սիրալիր ժպիտը, և յուրաքանչյուրը բարեհոգաբար ասում էր․ «Բարև, մասա, մենք արդեն եկել․․․ մենք մասա համար ջուր բերել․․․ Ողջույն մասա․․․» և նման այլ բաներ։ Բանտապահը հին զինվորի նման ինձ պատիվ տվեց և անմիջապես էլ տղայավարի ծիծաղեց քթի տակ։ Մինչ նրանք ջուրը դատարկում էին նավթի բիդոններից, ես սկյուռիկին հանեցի վանդակից, նստեցի ձեռքիս մեջ և մի կտոր շաքար տվի։ Նա շաքարը խլեց, նայեց չորս կողմը և խոհանոցի մոտ տեսավ մի խումբ բանտարկյալների։ Նրանք շաղակրատում էին իմ օգնականների հետ և անվայել կատակներ անում։ Սկյուռիկը համոզվեց, որ մարդիկ բավական շատ են, կարելի է մի լավ վազքի մրցում սարքել․․․ Եվ նա ավելի ամուր սեղմեց ատամների տակ շաքարը, թեթև թռավ ձեռքիցս ու, մեծ֊մեծ ցատկելով, սլացավ ճամբարով, իսկ պոչը ծածանվում էր ետևից, ինչպես բոցը՝ քամուց։ Ես վազեցի նրա ետևից, բայց չհասցրի տասը քայլ էլ վազել, երբ Հոգյակն արդեն անհետացավ մեր ճամբարը երիզող խիտ թփուտների հետևում։ Ամեն ինչ վերջացավ, մտածեցի ես։ Այլևս նրան չեմ տեսնի։ Եվ այնպես հուսահատ գոռացի, որ բոլորն իրենց գործերը թողեցին ու ամբողջ ուժով նետվեցին դեպի ինձ։
 
― Սկյուռը փախա՜վ, ― գոռացի ես բանտարկյալներին, ― հինգ շիլինգ կվճարեմ, ով նրան բռնի։
 
Եվ այստեղ տեղի ունեցավ մի այնպիսի բան, ինչ ես բնավ չէի սպասում․ բանտարկյալները ցած գցեցին իրենց նավթի բիդոնները և նետվեցին թփերի մեջ, իսկ նրանց հետքերով, դեն նետելով մահակն ու գլխարկը, որ ոչինչ չխանգարի վազելուն, սլացավ նրանց պահակը։ Իմ օգնականները միացան հետապնդողներին, և ամբողջ բազմությունը ճայթյունով մտավ ջարդվող թփերի արանքը խարդախ հոգյակին որոնելու։ Ճամբարի ամբողջ շրջապատը ջանասիրությամբ տակնուվրա արին, բայց ոչ մի տեղ սկյուռիկի հետքը չնկատեցին։
 
Եվ հանկարծ նրան գտան․ նա նստել էր մի թփի ճյուղին, հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչպես են շուրջը մարդիկ իրար անցել և հանգիստ ուտում էր իր շաքարը։ Տեսնելով, որ իրեն նկատեցին, նա ցած թռավ, վազեց ամբողջ ճամբարով մեկ և մտավ արահետը, որ տանում էր դեպի բլուրը, իսկ նրա ետևից սլանում էր շնչահեղձ բազմությունը՝ բանտապահը, բանտարկյալները և իմ օգնականները։ Շուտով նրանք բոլորն էլ չէին երևում, և ճամբարի վրա իջավ խաղաղություն, բայց դա երկար չտևեց։ Մի քանի րոպե հետո Հոգյակը նորից հայտնվեց բլրի գագաթին, ցատկոտելով եկավ ճամբար, թռավ վրանի վրայով, մտավ իր վանդակը և, անմեղ տեսքով, սկսեց կրծել շաքարեղենը։ Կես ժամ անց ճամբար խուժեցին բանտարկյալները, բանտապահը և իմ օգնականները, բոլորն էլ քրտնքի մեջ կորած, հազիվ քարշ տալով ոտքերը և զեկուցեցին, որ որսն այնուամենայնիվ իրենցից փախավ և հիմա, երևի, թաքնվել է անտառի թավուտում։ Երբ ես նրանց ցույց տվի սկյուռիկին (նա արդեն կերել էր շաքարեղենը և հիմա խաղաղ քնած էր) և պատմեցի, թե ինչպես է նա վերադարձել, բոլորի բերանները բաց մնացին զարմանքից։ Իսկ հետո, որպես Աֆրիկայի իսկական զավակներ, նրանք իրավամբ գնահատեցին տեղի ունեցածի ողջ զավեշտականությունը, ծիծաղից թավալվում էին ամբողջ ճամբարով մեկ, բարձր քրքջում, խփում իրենց ազդրերին և նույնիսկ ծիծաղելուց լաց էին լինում։ Բանտապահն այնպես էր ծիծաղում, որ ընկել էր բանտարկյալներից մեկի վզովը և բարձր հռհռում էր։
 
Դրանից հետո բանտապահն ու բանտարկյալները ամեն օր մի նվեր էին բերում գազանիկին, որը նրանց ստիպեց այդպես արագ վազել և «այդպես հիմարացնել իրենց»։ Երբեմն դա լինում էր շաքարեղենի մի կտոր կամ մի բուռ գետնաընկույզ, երբեմն կասսավա կամ հացի կտոր։ Ինչ էլ որ դա լիներ, Հոգյակը նստում էր վանդակի եզրին և ընդունում նվերը, գռմռալով գոհունակությունից, իսկ բանտարկյալները հավաքվում էին վանդակի շուրջ և պատմում իրար կամ ինչ֊որ նորեկի, որն այդ մասին ոչինչ չէր լսել, թե ինչպես են նրանք վազել սկյուռիկի ետևից։ Եվ սա այն բազմաթիվ դեպքերից առաջինն էր, երբ Հոգյակը սարսափելի իրարանցում էր գցում մեր ճամբարում։
 
Բազմաթիվ ու բազմատեսակ կենդանիների (որոնց մեզ բերում էին, քանի դեռ գտնվում էինք գլխավոր ճամբարում) մոտավորապես մեկ հինգերորդը կազմում էին ձագուկները ու թեև դրանք բոլորն էլ հմայիչ արարածներ էին, նրանց պատճառով մեր հոգսերն ավելանում էին․ չէ՞ որ կենդանական աշխարհում փոքրիկները պահանջում են նույնպիսի խնամք ու հոգս, ինչպես և մարդկային երեխան։ Մենք բոլորս շատ էինք կապվել այդ փոքրիկների հետ, բայց առանձնապես լավն էին ու միաժամանակ մեզ ավելի շատ էին չարչարում երեք փոքրիկներ, որոնց մենք «ավազակներ» անվանեցինք։ Դրանք կուզիմանզայի՝ այս անտառներում շատ տարածված վիվեռայի տեսակներից մեկի, ձագերն էին։ Չափահաս առանձյակը մոտավորապես ծովախոզուկի չափ է, նրա մորթին խիտ է, կոշտ, դարչնագույն, պոչը՝ փափկամազ, դնչիկը՝ երկար ու սուր, շարժուն ու վարդագույն քթիկով ու կլոր, ուռուցիկ աչքերով, որոնք շատ նման էին կոշիկի կոճակի։ Երբ «ավազակները» եկան մեզ մոտ, փոքրիկ առնետի չափ էին, և նրանց աչքերը դեռ նոր էին բացվել։ Նրանց մորթին վառ էր՝ դեղնավուն և մարմնի վրա ցցված էր կույտերով ու փնջերով, այնպես որ գազանիկները նմանվում էին խոզուկի։ Նրանց մարմնի ամենաաչքի ընկնող մասը քիթն էր՝ երկար, բաց֊վարդագույն և այնքան ճկուն, որ գազանիկները դրանք շրջում էին մի կողմից մյուսը, ինչպես փոքրիկ կնճիթ։ Սկզբում ստիպված էինք նրանց կերակրել կալցիումի, ձկան յուղի և կաթի խառնուրդով, իսկ դա հեշտ գործ չէր․ ոչ մի ուրիշ գազանիկ այդքան շատ կաթ չէր խմում, և նրանց կերակրելը այնքանով էր դժվար, որ չափից դուրս փոքր էին, որպեսզի, ինչպես մնացած բոլորը, կարողանային ուտել շշից։ Ուստի ստիպված էինք բամբակը փաթաթել փայտիկի վրա, մտցնել կաթի մեջ և տալ նրանց ծծելու։
 
Սկզբում ամեն ինչ շատ լավ էր գնում, բայց հենց որ երևացին նրանց սուր ատամիկները, նոր հոգսեր սկսվեցին։ Ագահությունից նրանք կառչում էին բամբակին բուլդոգի նման և բաց չէին թողնում, ու ես չէի կարողանում բամբակե տամպոնը նորից կաթի մեջ ընկղմել։ Հաճախ նրանք այնպես էին ատամները խրում բամբակի տամպոնի մեջ, որ տամպոնը սահում էր փայտի վրայից, և նրանք անմիջապես փորձում էին այն կուլ տալ։ Ստիպված էի լինում մատս մտցնել նրան կոկորդը և տամպոնը հանել, երբ այն գրեթե արդեն անհետացած էր լինում կոկորդի խորքում, միայն այդ ձևով էի կարողանում նրանց փրկել, որ չխեղդվեն։ Բայց հենց որ մատս մտցնում էի նրանց կոկորդը, գազանիկները փսխում էին, իսկ երբ նրանք սիրտ են թափում, ուրեմն, նորից մնում են քաղցած, ու դե բարի եղիր ամեն ինչ սկսել նորից։ Նա, ով հպարտանում է իր համբերատարությամբ, ես խորհուրդ կտայի փորձել իրեն՝ թող շշից կերակրի կուզիմանզայի ձագուկներին։
 
Երբ «ավազակների» ատամները վերջնականապես դուրս եկան, և նրանք սկսեցին լավ քայլել, մի անհագ հետաքրքրասիրություն համակեց նրանց․ շարունակ փորձում էին քիթները խոթել ուրիշի գործերի մեջ։ Ապրում էին նրանք այսպես կոչված «մանկական բաժնում», որը զամբյուղների մի հավաքածու էր, այդտեղ մենք հավաքել էինք բոլոր ձագուկներին։ Նրանց զամբյուղները գտնվում էին մեր երկու մահճակալների միջև, այնպես որ գիշերն էլ շատ հարմար էր փոքրիկներին կերակրելը։ Մեր «ավազակների» զամբյուղի կափարիչը ամուր չէր փակվում, և նրանք շատ շուտով սովորեցին այն բացել։ Ու դուրս էին գալիս զամբյուղից և ուղղվում ճամբարում շրջելու։ Դա մեզ շատ էր անհանգստացնում, որովհետև «ավազակները» բոլորովին չէին վախենում և նույն անհոգությամբ կարող էին քիթները խոթել ուր ուզես․ և՛ կապիկների վանդակը, և՛ օձերի արկղները։ Նրանք կյանքում միայն ու միայն մեկ հոգս ունեին՝ սնունդ որոնել, և կծում էին ամեն բան, ինչ պատահում էր ճանապարհին՝ հանկա՞րծ ու համեղ բան լինի։
 
Այդ ժամանակ մենք ունեինք գվերեցա կապիկ, չափահաս մի էգ, զարմանալի երկար, թավ ու սև֊սպիտակ մետաքսե մորթով և երկար, փափուկ, փետուրանման, նույնպես սև ու սպիտակ պոչով, որով կապիկն, ինչպես երևում էր, շատ էր հպարտանում, նա միշտ աշխատում էր այն մաքուր պահել և լիզում էր փայլեցնելու աստիճան։ Մի անգամ «ավազակները» փախել էին «մանկական բաժնից» և մոտեցել կապիկների վանդակներին՝ հանկարծ ու մի համեղ բան գտնեն այստեղ։ Գվերեցան հարմարավետ նստել էր, հենվելով պատին, արևի լոգանք էր ընդունում, իսկ նրա գեղեցիկ ու երկար պոչը դուրս էր եկել ձողերի միջից ու կախվել գետնին։ «Ավազակներից» մեկը ինչ֊որ տարօրինակ խայտաբղետ բան նկատեց և, երևում է, պատկերացրեց, որ այն ոչ մեկին չի պատկանում, այլ գոյություն ունի ինքն իրեն, ուստի և վրա պրծավ պոչին ու սուր ատամները խրեց նրա մեջ, որ ստուգի՝ հո ուտելու բան չի՞ դա։ Մնացած երկուսը տեսան, որ նա ինչ֊որ բան է գտել, և վայրկենապես իրենք էլ կպան պոչից։ Դժբախտ կապիկը կատաղությունից ու սարսափից բարձր ճչաց և վանդակի ձողերով վեր սլացավ մինչ առաստաղի տակ, բայց թափ տալ իրենից «ավազակներին»՝ նրան չհաջողվեց․ նրանք ամուր էին կառչել, պոկել հնարավոր չէր, և որքան վեր էր բարձրանում կապիկը, այնքան ավելի վեր էին բարձրանում նրա հետ «ավազակները»։ Երբ կապիկի վայնասունի վրա ես մոտ վազեցի, գազանիկները կախվել էին հատակից մի ոտնաչափ բարձրության վրա, դանդաղ օրորվում էին ու մռնչում սեղմած ատամենրի արանքից։ Մի քանի րոպե ես ամեն կերպ համոզում էի նրանց բաց թողնել պոչը, բայց դա ինձ հաջողվեց միայն այն բանից հետո, երբ սիգարեթի ծուխը բաց թողեցի ուղիղ նրանց քթի մեջ, և նրանք հազացին։
 
Երբ «ավազակները այնքան մեծացան, որ իրենց սեփական վանդակն ստացան, նրանց կերակրելը ոչ միայն դժվարացավ, այլև դարձավ վտանգավոր աշխատանք։ Հենց վրա էր հասնում ուտելու ժամանակը, նրանք սկսում էին սարսափելի անհանգստանալ և ատամները խրում էին ամեն բանի մեջ, ինչ կարելի էր ուտել, այնպես որ ստիպված էինք խիստ զգույշ լինել, թե չէ նրանք ձեռքներս կծոտում էին։ Ամեն մի առողջ դատող գազան սպասում է, թե երբ պիտի ուտելիքով լիքը թասը դնեն իր վանդակը, իսկ սրանք թռչում էին բացած դռնից ուղիղ թասի վրա, ձեռքներիցս ցած գցում այն և բոլորը միասին ընկնում գետնին, կատաղորեն գռմռալով զայրույթից ու հուսահատությունից։
 
Վերջում ես ձանձրացա նայել, թե այդ շեկ հրթիռները ինչպես են վանդակից դուրս թռչում, հենց որ ուզում եմ նրանց կերակրել, և մի նոր պլան մտածեցի։ Կերակրելու ժամանակ մենք վանդակին էինք մոտենում երկու հոգով, և «ավազակները» վայրկենապես բարձր վնգոցով նետվում էին ճաշերի վրա, հուզմունքից նրանց աչքերը ուղղակի դուրս էին գալիս տեղից։ Այնժամ մեզանից մեկը ձևացնում էր, թե բացում է «ննջարանի դռնակը», և «ավազակները», համոզված լինելով, որ ուտելիքը դնում են այնտեղ, նետվում էին «ննջարան», իրար հրմշտելով, և ամեն մեկը ջանում էր ներս խուժել առաջինը։ Մինչ նրանք իրար խռնված խցկվում էին «ննջարան»,մեզ մնում էր ընդամենը երկու րոպե (նրանք իսկույն զգում էին խաբեությունը), և այդ ընթացքում պետք է հասցնեինք բացել վանդակի դուռը, այնտեղ դնել կերը, ձեռքներս դուրս հանել և դռնակը փակել։ Եթե ես դա շատ արագ չէի անում կամ ինչ֊որ անզգույշ շարժումով որևէ բան ցած էի գցում ու աղմուկով գրավում նրանց ուշադրությունը, «ավազակները» իսկույն դուրս էին թռչում «ննջարանից»․ վնգոցով ու ծվծվոցով շուռ էին տալիս թասը և սկսում կծոտել ամեն ինչ՝ և ուտելիքը, և իմ ձեռքը։ Այս բոլորը բավական ազդում էր ներվերիս վրա։
 
Մոտավորապես այդ նույն ժամանակ մեզ մոտ բերեցին գեղեցիկ ու շատ յուրօրինակ ևս երկու ձագուկների։ Դրանք ողկույզականջ խոզի խոճկորներ էին, և ինչպես կուզիմանզաները, նույնպես բոլորովին նման չէին իրենց ծնողներին։ Չափահաս ողկույզականջ խոզը, թերևս, իր գույներով ամենահրապուրիչն է և, անկասկած, ամենագեղեցիկը խոզերի ընտանիքի մեջ։ Նրա մազը վառ էր, ժանգանարնջագույն, իսկ դնչի շուրջը՝ գրեթե շագանակագույն ցան։ Մեծ ականջները ավարտվում են արտասովոր, մատիտների նման սրածայր սպիտակավուն մազիկներով, իսկ մեջքին ցցված էր նույնպիսի սպիտակ բաշ։ Երկու փոքրիկները, ինչպես և մյուս խոզուկները, զոլավոր էին, հիմնական գույնը՝ մուգ֊շագանակագույն, գրեթե սև, իսկ դնչից մինչև պոչը ձգվում էին մանանեխի գույնի վառ դեղին գծեր։ Այս գունավորումը նրանց նմանեցնում էր ավելի շուտ հաստլիկ իշամեղուների, քան խոզուկների։
 
Արու խոճկորը առաջինը ժամանեց ճամբար, նա որբացած նստել էր զամբյուղի մեջ, որը գլխին դրած բերեց սևամորթ որսորդը։ Խոզուկն ակնհայտորեն մի լավ բաժին տաք կաթի կարիք ուներ, և հենց որ նրա գինը վճարեցի որսորդին, արագ պատրաստեցի շիշը և փոքրիկին նստեցրի ծնկիս։ Խոզուկը չինական մոպսի չափ էր, և ինչպես շատ շուտով համոզվեցի՝ ուներ նաև սուր ժանիքներ ու կճղակներ։ Նա դեռ երբեք չէր տեսել կաթով շիշ և անմիջապես բավական կասկածանքով վերաբերվեց նրան։ Երբ ես նրան դրի ծնկներիս ու փորձեցի ծծակը մտցնել բերանը, նա ատամները կրճտացրեց և ճղճղաց, պատառոտեց անդրավարտիքս և աշխատեց փոքրիկ ժանիքները խրել մարմնիս մեջ։ Դեռ հինգ րոպե էլ չէր անցել, երբ մեր երկուսի տեսքն այնպիսին էր, ասես կաթի լոգանք էինք ընդունել, բայց և ոչ մի կաթիլ կաթ չէր ընկել խոճկորի բերանը։ Վերջում ես ստիպված եղա նրան սեղմել ծնկներիս մեջ, մի ձեռքով բացել բերանը, իսկ մյուսով այնտեղ մտցնել ծծակը։ Հազիվ էին կաթի առաջին կաթիլներն ընկել նրա բերանը, որ խոճկորը դադարեց դուրս պրծնել ձեռքիցս և ճղճղալ, իսկ մեկ րոպե հետո ամբողջ ուժով ծծեց կաթը։ Դրանից հետո նա այլևս ոչ մի հոգս չպատճառեց ինձ։ Մի երկու օր հետո նա բոլորովին դադարեց ինձնից վախենալ, և հենց որ մոտենում էի վանդակին, վազում էր ձողերի մոտ և ուրախությունից ճղճղում ու խռխռում, հետո թավալվում էր մեջքի վրա և մոտեցնում ինձ հաստլիկ փորը, որ քորեմ։
 
Երկրորդ խոճկորին՝ էգին, ճամբար բերեցին առաջինից մեկ շաբաթ հետո․ ճանապարհին նա այնքան բարձր էր արտահայտում իր դժգոհությունը, որ մենք նրան լսում էինք որսորդի երևալուց դեռ շատ առաջ։ Նա գրեթե երկու անգամ խոշոր էր արուից։ Եվ ես որոշեցի սկզբնական շրջանում նրանց տեղավորել տարբեր վանդակներում, որ նա չծեծի փոքրիկին։ Բայց երբ նրան տեղավորեցի արուի կողքի վանդակում, նրանք երկուսն էլ այնքան ուրախացան իրարով, այնպես էին նետվում իրենց բաժանող ձողերի վրա, այնպես էին ճղճղում ու իրար քսվում դնչիկներով, որ ես միտքս փոխեցի՝ նրանց միանգամայն կարելի էր դնել միևնույն վանդակի մեջ։ Երբ որ նրանք հայտնվեցին միևնույն վանդակում, փոքրիկ արուն վազեց էգի մոտ, քթով հոտոտեց օդը և զգուշորեն հրեց նրա կողքը․ էգը փնչացրեց ու փախավ վանդակի մյուս ծայրը։ Արուն վազեց նրա ետևից, և նրանք երկար ժամանակ վազում էին, շրջաններ կազմում, կտրուկ շրջվում, թեքվում այնպես արագ, որ զարմանալի էր այսպիսի հաստլիկ կենդանիների համար։ Վերջապես խոզուկները մի կուշտ վազվզեցին, լիուլի արտահայտելով իրենց համակած հիացմունքը, խոր մխրճվեցին բանանի չոր տերևների կույտի մեջ ու քնեցին։ Քնեցին այնպիսի խռմփոցով, որ ասես մեղվի պարս էր բզզում ամառվա գիշերին։
 
Էգ խոզուկը մի քիչ ավելի մեծ էր և շուտով սովորեց կաթը ուտել մանր կտրտած բանջարեղենի ու մրգի հետ միասին։ Ես նրանց մեկական շիշ կաթ էի տալիս, իսկ հետո վանդակի մեջ դնում էի նաև այդ խառնուրդով լցված թաս, և էգ խոզուկը ամբողջ առավոտն անց էր կացնում քիթը ուտելիքի մեջ խրած, գոհունակությամբ չփչփացնելով, խռխռացնելով և երբեմն էլ երազկոտ հառաչելով։ Փոքրիկ արուն չէր հասկանում, թե ինչով է նա զբաղված, բայց շատ էր վիրավորվում, որ իրեն արհամարհում են։ Մոտենում էր ու էգին հրում դնչիկով, կամ էլ կծում նրա ոտքը։ Վերջապես դա էգին ձանձրացնում էր, և նա փոքրիկի վրա էր նետվում կատաղի խռխռոցով ու քշում հեռու։ Խոզուկը մեկ փորձում էր պարզել, թե այդ ինչն է հատկապես էգին գրավում այս թասի մեջ, բայց կտրտված մրգերը նրան ամենևին չէին հուզում, և նա մռայլ հեռանում էր ու նստում անկյունում, միայնակ ու տխուր, մինչև որ ընկերուհին լպստում էր թասը։ Բայց մի անգամ նա վճռեց, որ վատ չի լինի, եթե ինքն էլ ինչ֊որ բան ուտի, և ուղղակի սկսեց ծծել ընկերուհու երկար պոչը։ Նա երևի պատկերացնում էր, որ եթե այդպես երկար շարունակի և ջանք չխնայի, վերջ ի վերջո այս ծծակից էլ կաթ կհանի։ Դրանից հետո շատ անգամ եմ տեսել այդ պատկերը, էգ խոզուկը քիթը խրել է ուտելիքով լիքը թասի մեջ, իսկ արու խոզուկը, հույսով լի, ծծում է նրա պոչը։ Դա էգին բնավ չէր անհանգստացնում, բայց արուն այնպիսի եռանդով էր շարունակում իր գործը, որ շուտով էգի պոչը մազաթափ եղավ, և ես ստիպված եղա նրանց տեղավորել տարբեր վանդակներում, որ պոչը նորից մազակալի։ Ես նրանց իրար մոտ էի թողնում օրական միայն երկու անգամ, որ մի քիչ խաղան ու ուրախանան։
 
Ճամբարում տխրելու ժամանակ չէր լինում, չէ որ մենք պետք է խնամեինք մոտ հիսուն կենդանիների։ Չորս կողմից մեզ շրջապատում էին ամեն տեսակի և չափի կենդանիներ՝ անտառային գորտերից սկսած մինչև բվեճը և վիշապ օձերից մինչև կապիկը։ Ցերեկվա և գիշերվա բոլոր ժամերին օդում դզզում էր բազմաձայն անլռելի խմբերգը, որի մեջ ձուլվում էին ցածր և տարօրինակ քրթմնջոց, ձայներ, խելահեղ ճիչեր, շիմպանզեի քրքջոց, պարկամկան անվերջանալի ճանկռտոց, որը հավատացած էր, թե այնուամենայնիվ ինքը կարող է կրծել թիթեղե թասը, որով իրեն ուտելիք են տալիս։ Օրվա ցանկացած ժամին կարելի էր որևէ գործ գտնել, կամ գրի առնել որևէ նոր դիտում։ Ստորև ես մեջբերումներ եմ անում մեկ շաբաթվա ընթացքում օրագրումս գրված նմուշներից։ Դրանից պարզ կդառնա, թե որքան շատ էին մանր, բայց հուզիչ կամ պարզապես գրավիչ դեպքերը, որոնք արժե նշել։
 
 
«Ստեյնջերի սկյուռի ջահել էգի աչքերը փոխել են իրենց գույնը․ առաջ շատ գեղեցիկ երկնա֊կապույտ էին, բայց դարձան մոխրագույն, պողպատի նման։ Եթե գիշերն անհանգստացնես սկյուռին, նա այնպիսի ձայներ կհանի, որոնք կնմանվեն լարովի խաղալիք գնացքի անիվների ձայնին, երբ գնացքը վերցնում են ռելսի վրայից․․․ Անտառային օձերից մեկը աշխարհ բերեց տասնմեկ օձիկների։ Նրանց երկարությունը յոթական դյույմ էր, երկնա֊մոխրագույն ֆոնի վրա խաչաձևվում են մուգ, մոխրա֊գորշ զոլեր, իրենց գույներով ձագուկները շատ տարբեր են ու նման չեն վառ֊կանաչ և սպիտակավուն իրենց մորը։ Երբ նրանց ծնվելուց անցել էր ընդամենը մեկ֊երկու ժամ, նրանք կատաղած նետվեցին վանդակի մեջ մտցրած փայտի վրա․․․ Անտառային մեծ կանաչ գորտերն անձրևից առաջ դանդաղ թիկ֊թակ են անում ժամացույցի պես, բայց հենց որ մոտենաս վանդակին, նրանք կլռեն և էլ չեն տկտկա մինչև հաջորդ անձրևի գալը․․․ Ես նկատել եմ, որ գալագոները սիրում են այս տեղերում աճող փոքրիկ ծաղիկները․ նրանք մի ձեռքում բռնում են ծաղիկը, իսկ մյուսով պոկում թերթիկները և մտցնում բերանը, իսկ հետո մնացածով խաղում են ինչպես փետրագնդակով․ հսկայական աչքերը չռվում են, ու նրանց տեսքը շատ ծիծաղելի է․․․
 
Ոսկեգույն կատուն պաշտում է աղացած ուղեղ ու լյարդ ձվի հետ խառնած․ ո՜ւմ մտքով կանցներ․ մի նայեք, թե ինչ աներևակայելի ճաշակ ունեն որոշ գազաններ։ Պանգոլինները ոչ մի դեպքում չեն ուզի ձվի ու կաթի խառնուրդը, իսկ երբ այն քաղցրացնես, ապա ուղղակի շուռ կտան թասը՝ այնքան որ դա տհաճ է։ Կրիլանները գերադասում են չմաքրած բանանները, նրանք բանանն ուտում են ամբողջությամբ, իսկ կեղևը, ինչպես երևում է, նրանց պահպանում է լուծից։ Շատ հասած մրգից կապիկների մոտ առաջանում է ստամոքսի խանգարում, հատկապես շիմպանզեի մոտ՝ ուղղակի սարսափելի է։ Իսկ կրիլանները ուտում են, և շատ մեծ բավականությամբ, ուղղակի փտած մրգեր (միայն թե կեղևով) և ոչ մի վնաս նրանց չի հասնում։ Ճահճային մանգուստաների մոտ այծի միս շատ ուտելուց, չգիտես ինչու, առաջանում է թութք․ տաք ձկան յուղով և շատ թեթև սեղմումով դժվար չէ անմիջապես գործը գլուխ բերել, բայց կենդանիները շատ ուժ են կորցնում, և այստեղ օգնում է մի կաթիլ վիսկին՝ մի ճաշի գդալ ջրով։
 
Ահա և այսպիսի մանրուքներից էր կազմված կյանքը գլխավոր ճամբարում, բայց այս մանրուքները շարունակ զբաղեցնում էին մեզ, և օրերն այնքան հագեցած էին, այնքան գեղեցիկ ու հարուստ, որ թռչում էին աննկատ։ Ուստի երբ մի շատ դուրեկան, բայց ոչ այնքան խելացի երիտասարդ, տեսնելով մեր գազանանոցը, ինձ ասաց․ «Մի՞թե դուք ոչ մի անգամ չե՞ք խփել թեկուզ մեկ կապկի գլխին։ Իմ կարծիքով, եթե այ այսպես, առավոտից մինչև գիշեր այս գազանի մոտ լինեմ, ձանձրույթից շունչս կփչեմ», ես բավական ոչ սիրալիր պատասխանեցի նրան։
Ադմին, Վստահելի
1876
edits