Changes
Կատյան դեռ երբեք այսպիսի խոստովանություններ չէր արել Ալյոշային, և Ալյոշան զգաց, որ նա հիմա գտնվում է անտանելի տառապանքի այն աստիճանին, երբ ամենահպարտ սիրտն անգամ ցավատանջորեն խորտակում է իր հպարտությունը և ընկնում վշտից պարտված։ Օ՜, նրա այս ներկա տառապանքի մի ուրիշ ահավոր պատճառն էլ գիտեր Ալյոշան, թեև Կատյան դատից հետո թաքցրել էր այդ բանը նրանից, բայց Ալյոշայի համար, չգիտես ինչու, չափազանց ցավալի կլիներ, եթե Կատյան սիրտ աներ այնքա՜ն խոնարհվել, որ այդ պատճառի մասին էլ ի՛նքը սկսեր խոսել հիմա, այս րոպեիս։ Աղջիկը տառապում էր դատի ժամանակ իր արած «դավաճանության» համար, և Ալյոշան նախազգում էր, որ խիղճը նրան մղում է խոստովանելու իր հանցանքը, հենց Ալյոշայի առաջ խոստովանելու արցունքներով, ճիչերով, հիստերիկ ցնցումներով, հատակին ընկնելով։ Բայց Ալյոշան վախենում էր այդ բանից և ուզում էր խնայել տառապող աղջկան։ Դրանով ավելի էր դժվարանում այն հանձնարարությունը, որի համար եկել էր հիմա։ Նա նորից սկսեց խոսել Միտյայի մասին։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ, մի՛ վախենաք նրա համար,— սկսեց նորից Կատյան համառ ու կտրուկ մի շեշտով,— այդ ամբողջը րոպեի ազդեցությունն է նրա մեջ, գիտեմ նրան, շատ լավ գիտեմ նրա սիրտը։ Վստահ եղեք, նա կհամաձայնվի փախչել։ Մանավանդ որ՝ անմիջապես չի լինելու այդ բանը, դեռ ժամանակ կունենա որոշելու։ Իվան Ֆյոդորովիչը կառողջանա մինչ այդ և ինքը կկարգադրի ամեն ինչ, այնպես որ ես ոչ մի գործ չեմ ունենա դրա մեջ։ Մի՛ անհանգստանաք, կհամաձայնվի փախչել։ Եվ նա համաձայն է արդեն. կարո՞ղ է հրաժարվել այդ արարածից։ Իսկ այդ կնոջը չեն թողիթողնի, որ գնա Սիբիր՝ նրա մոտ, ուրեմն կարո՞ղ է նա չփախչել։ Ձեզնի՛ց է հատկապես վախենում, վախենում է, որ դուք բարոյակա՜ն կողմից հավանություն չեք տա փախուստին, բայց դուք պետք է վեհանձնորեն ''թույլատրեք'' նրան, եթե այնքա՜ն անհրաժեշտ է ձեր հավանությունը այս հարցում,— ավելացրեց Կատյան թունոտ։ Եվ լռեց մի րոպե, քմծիծաղ տվեց։
— Նա այնտեղ ինչ֊որ օրհնության մասին է խոսում, սկսեց նորից Կատյան,— այն խաչի մասին, որ պետք է կրի, խոսում է ինչ֊որ պարտականության մասին։ Հիշում եմ, Իվան Ֆյոդորովիչն այն ժամանակ շատ բաներ էր պատմում ինձ դրա շուրջը, և եթե իմանայիք, թե ինչպե՜ս էր խոսում,— հանկարծ անդիմադրելի մի զգացումով բացականչեց Կատյան,— եթե իմանայիք, թե նա ինչպե՜ս էր սիրում այդ թշվառականին, երբ նրա մասին պատմում էր ինձ, և հենց նույն րոպեին էլ ով գիտե ինչպե՜ս էր ատում նրան։ Իսկ ես, օ՜, ես գոռոզամիտ քմծիծաղո՜վ լսեցի նրա պատմածն ու արցունքները։ Օ՜, բիրտ արարած։ Ե՛ս եմ բիրտ արարածը, ե՜ս։ Ե՜ս եմ նրա հիվանդության պատճառը։ Իսկ մյուսը, դատապարտյալը... մի՞թե պատրաստ է նա տառապելու,— ջղայնորեն վերջացրեց Կատյան,— և կարո՞ղ է տառապել այդպիսի մարդը։ Նրա նմանները երբե՛ք չեն տառապում։