Changes
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
[[Պատկեր:ՊահԳլուխ1.png|300px|thumb|right]]
Երբ Բիլբո Պարկինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Նորգորդը Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։
Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, թե որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Պարկինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է, է՜հ, ոմանց բախտը բերում՝ ե՛ւ և՛ ծերությունն է կողքով անցնում, ե՛ւ և՛ փողերին թիվ ու համար չկա։
― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․
Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Քսակ-Պարկինսներից), և իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծանան։ մեծացան։
Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Քսակ-Պարկինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։ «Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է»։ Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։
Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։
Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշան իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Տուկն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։
Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:
Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Հանգիստ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Պարկուտում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Պարկուտի Զառիթափ-նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:
— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:
— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Պարկինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Պարկինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ տարած են:
— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Հավերժական Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:
— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Հավերժական Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք տարած են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Պարկինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Պարկինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:
— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել:
— Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր: Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար, որ Ֆրոդոն պարոն Պարկինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:
— Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ նավակը չի դիմացել:
— Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի ջրաղացպանը:
— Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛, կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է, ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի: Դե Քսակ-Պարկինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք վաղուցվանից աչք ունեն Պարկուտի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Պարկուտում աճուրդ էին հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ, ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, Քսակ-Պարկինսներն ավելի լավ է Պարկուտի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:
— Ասում են, Պարկուտի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:
— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանյձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշկերտ էր վերցրել: Օգնում էի, որ քշի հետաքրքրասերներին:
Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Նորգորդը դղրդացնելով կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետո գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու բարձրացան Բլուրի վրա։ Սայլին հրթիռներ էին բեռնված, դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Դա իհարկե, Գանդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գանդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում․ «Գանդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան դեմքով գիտեին, թեպետ Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։